Նվարդ ԴՈՒԴՈՒԿՉՅԱՆ / ՊԱՐԶԱՊԵՍ ԿԻՆ
Գործող անձիք
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ – դերասանուհի
ՌԵԺԻՍՈՐ — Ձայն
Բեմում կախված են զգեստներ: Մեծ հանդերձարանի տպավորություն է: Կա նաև երկու աթոռ՝ վրան թղթեր, մոմ, կրակայրիչ, գրիչ, սև մարկեր: Հատակին նստած Լիլիթը երաժշտության հետ սկսում է մաքրել հատակը ու միայն հետո հասկանում ենք, որ հեռախոսի զանգի ձայնն էր երաժշտության փոխարեն։
Տեսարան 1
ԼԻԼԻԹ — Էս հեռախոսի զանգը պետք ա փոխել: (Վերցնելով հեռախոսը:) Ալո՛… հա, տատի… հա, դեռ չեմ վերջացրել… հա, որովհետև քո շատ սիրելի դերասանները հատակին ծամոն են մոռացել, կասես թող գան տանեն։
(Հեռախոսն անջատելով, դահլիճին:) Հա, ի՞նչ, էնպես եք նայում, ոնց որ երիտասարդ աղջիկը մաքրուհի չի կարող լինել: Բա դժվար ա, աշխատանք գտնել դժվար ա, էս վերջերս Հայաստանում Ֆրեյդ կարդացողները շատացել են: Ոչ թե լավ ապրանքով են գայթակղում, այլ էդ ապրանքը վաճառողով: Ուր գնում ես, գրված ա՝ «պահանջվում են բարետես արտաքինով աղջիկներ» (նայում է իրեն), դե, ոնց հասկանում եք, դրա համար մի քիչ պստիկոտ եմ, ինձ ավելի շատ ուզում են սիրեն, քան ուզում են… Էդ ինձ մի հատ օծանելիքի խանութի տնօրեն ասեց: Ասում ա՝ էնպիսի վաճառողուհի ենք ման գալիս, որ տղամարդիկ մտնեն խանութ ու էդ օծանելիքի հոտերը համ էլ տեսնեն: Հասկացա՞ք, կարմիր լապտերների հոտն էր ուզում: Հետո էդ գայթակղելը, չգիտեմ, պետք ա արյանդ մեջ լինի, ես մի քանի անգամ փորձել եմ, բայց չի ստացվել: Օրինակ՝ շրթունք կծելը (ցույց է տալիս), մի տեսակ եսի՞մ, սուտ բան ա, իբր՝ ի՞նչ, իբր՝ ուտեմ քեզ, էն էլ հայ տղուն, կհասկանամ բելառուս կամ շվեդ տղու ուզես ուտես, նրանք բոյով, սպիտակ, առանց մազ: Բայց փաբում ա՛յ, սենց պարող հայ տղուն, էն որ չես հասկանում՝ թրաշը որտեղ ա վերջանում ու Աստծուց տրված կրծքի մազերը որտեղից ա սկսում, իրան ո՞նց սենց անես: Կամ հատակից, որ բան են վերցնում (ցույց է տալով), սա հատուկ վարժություն ա, բոլոր մկաններդ աշխատում են, ականջիդ բլթակն էլ ա լարվում։ Ես արդեն 25 տարեկան եմ, ես հիմա առավոտյան տեղերից նույնիսկ զգույշ եմ վեր կենում, որ գլուխս չպտտվի: Ես էս շարժումը իմ կյանքում ընդամենը մի անգամ կարող եմ անել, էն էլ նոր արեցի: Դե լավ, հիմա նենց չլինի՝ բողոքում եմ, չէ, ուղղակի նախանձում եմ: Հիմա ինչ որ մեկը էնտեղ շրթունքներ ա կրծում, կքանիստ ա անում, իսկ ես էստեղ հատակն եմ մաքրում:
Չնայած ասում են՝ նույնիսկ մաքրություն անելու համար կյանք ա պետք ապրել, առհասարակ իմ տարիքի աղջիկներին միշտ ասում են՝ դեռ երիտասարդ ենք, կապրենք՝ կիմանանք… Էդ իմանալու գործընթացը ե՞րբ ա սկսվում. մանկապարտեզից գնում ես դպրոց, ասում են՝ էս ձեր համար մանկապարտեզ չի, սովորում ես, հետո գնում ես ինստիտուտ, ասում են՝ մոռացեք դպրոցը, սա ինստիտուտ ա, դրան ես սովորում, հետո աշխատանքի ես ընդունվում, ասում են՝ էս ձեր համար ինստիտուտի խաղ ու պարը չի, էլ չասեմ, որ ամուսնանում գնում ես ամուսնուդ տուն, ասում են՝ հիմա էս ա քո տունը, էս ադաթներին պետք ա սովորես: Վախենում եմ գնամ էն աշխարհ, ասեն՝ Հուդան ճիշտ էր, դուք սխալվեցիք: Մի խոսքով, հա, եկել եմ տատիկիս օգնեմ, դրա համար էլ մաքրություն եմ անում: Վատառողջ ա,- որ ասում եմ՝ վատառողջ ա, էդ տղամարդկանց 37 աստիճան տաքությունը չի, եթե ինքը իր ա կամքով ընդունել ա, որ վատառողջ ա, էդ նշանակում ա, որ էս քանի օրը կարող ա հրաժեշտ տանք, դրա համար էստեղ եմ, որ օգնեմ, էն էլ միայն ավլելով, որովհետև տատին ինձ ու առհասարակ ոչ մեկին չի վստահում դերասանների սենյակների մաքրության հարցում, դե, կատակ բան չի 50 տարի աշխատել թատրոնում, սկզբում որպես տնօրենի օգնական, հետո, երբ արդեն տարիքն առել էր ու արդեն ուզում էին սիրել, ոչ թե ուզում էին… սկսեց զբաղվել էն… դե, էն՝ չգիտեմ… չգիտեմ ինչով… դե, էդ էն ա, որ բեմի վրա ինչ իր կար՝ տատին էր դնում… Չգիտեմ՝ խնձոր, ատրճանակ, բաժակ, վարագույր, վատ դերասան, իսկ հետո որ արդեն հոգնում էր շատ վազվզելուց, ինքնակամ գնաց ու տնօրենին խնդրեց, որ զբաղվի մաքրությամբ, բայց ետնաբեմի, որ իր սիրելի դերասաններին մոտ լինի… Զարմանալի ա, չէ՞… Ինքը էդքան հստակ գիտեր իր կյանքի ճանապարհը, իսկ ես…
Վերևից լսվում է Ռեժիսորի ձայնը:
Տեսարան 2
ՁԱՅՆ — Բարև ձեզ, ներկայացեք:
ԼԻԼԻԹ — Բարև ձեզ, Լիլիթ:
ՁԱՅՆ — Շատ լավ, Լիլիթ, մենք ժամանակ չունենք, էսօր դեռ երկար օր ենք ունենալու, էդտեղ՝ ետևում հագուստներ կան, կարող եք օգտվել, աթոռին էլ տեքստեր կան, առաջինը վերցրեք, սկսենք:
ԼԻԼԻԹ — Բայց ես …
ՁԱՅՆ — Լիլիթ ջան, կրկնում եմ, եկեք ժամանակ չկորցնենք:
ԼԻԼԻԹ — Խնդրում եմ մի րոպե…
ՁԱՅՆ — Սկսեք առաջին տեքստից:
ԼԻԼԻԹ — Բայց ես հատակն էի մաքրում:
ՁԱՅՆ — Էդ թատերականի էտյուդները մոռացեք, սա թատրոն ա:
ԼԻԼԻԹ — Ըհն, ասում էի, չէ՞: Լավ, էս ամեն ինչը հաստատ ավելի հետաքրքիր ա քան մաքրությունը… (Կարդում է:) ժաննա դը Արկ…
ՁԱՅՆ — Կարդացեք տեքստը ինչպես զգում եք… (Լիլիթը մոմ է վերցնում, վառում է:) Էդ մոմը ինչի՞ վերցրիք:
ԼԻԼԻԹ – Դե… իբր վառվում ա, էլի:
ՁԱՅՆ — Լավ, սկսեք:
ԼԻԼԻԹ — Ես չեմ ուզում ապրել ձեր այդ ժամանակը… Ես չեմ ուզում ապրել ձեր այդ ժամանակը… Աստված իմ, երբ այդ բոլոր քահանաները խոսում էին միաժամանակ և ամեն ինչ խառնում էին իրենց բառերով։ (Ծիծաղում է քթի տակ:)
ՁԱՅՆ – Ի՞նչ եք ծիծաղում:
ԼԻԼԻԹ — Չէ, չէ, ուղղակի բան հիշեցի: (Կարդում է:) Բայց երբ դուք լռում եք,– և այդ մասին ինձ իմաց եք տվել նորին Վեհանձնություն սուրբ Միքայելի միջոցով,- դա լինում է այն պահին, երբ ամենաշատն եք վստահում։ Դա այն պահն է, երբ թույլ եք տալիս, որ մենք ավարտն իրացնենք բոլորովին միայնակ… և ես իրացնում եմ ավարտը… (Առանց կարդալու:) Կներեք, մամայիս ճանաչո՞ւմ եք:
ՁԱՅՆ — Ոչ:
ԼԻԼԻԹ — Լավ: (Կարդալով:) Ես ձեզ եմ տալիս Ժաննային նման ինքն իրեն և մեկ անգամ ընդմիշտ։ Ես հրաժարվում եմ …
Էս Ժաննա դը Արկը չի, էս մամաս ա: Մամայիս արև, մամաս ա: Մի հատ զգացեք, զգացեք էս տողերի մեջ ոնց ա իրան զոհում… (Կարդալով մամայի նման:) Ես չեմ ուզում ապրել ձեր այդ ժամանակը… Ես չեմ ուզում ապրել ձեր այդ ժամանակը… Էս գիտե՞ք երբ ա, էն, որ մի կերպ մտել ա ինստագրամ ու նոր ֆոտոշուտդ տեսել ա: Ես էլ ասում եմ՝ մամաս ո՞ւմ ա նման, Ժաննա դը Արկն ա, նույն հորից են: Տեսեք, Ժաննա դը Արկին վառել են, իսկ մամաս, իրա ասելով, իմ ու քրոջս ձեռքը էս 30 տարի ա վառվում ա ու չի էլ մոխրանում՝ մեզանից պրծնի: Ժաննան 13 տարեկանից սկսել ա ձայն էր լսել (ձայնի նման)՝ ազատագրի՛ր Ֆրանսիան, ազատագրի՛ր Ֆրանսիան, մամաս 13 տարեկանից սկսել ա ձայներ լսել (ձայնի նման)՝ գետի՛նը մտնես, տնաքա՛նդ, ոչ էրնեկ քո մարդուն, տանողիդ տո՛ւնը մնաս: Ու երկուսն էլ Միքայելի ձայնն են լսել. մեկը՝ հրեշտակապետի, մյուսը՝ միլպետի, պապիս գյուղում միլպետ էր: Ասում են՝ վառվելուց հետո Ժաննա դը Արկի սիրտը չի այրվել, մամայիս սրտին էլ բան չի կարող լինել, որովհետև (խաթետիկ) մոր սիրտ ա, հայ մոր սիրտ ա: Ժաննա դը Արկը մինչև կյանքի վերջ կույս ա եղել, մաման էլ որ իրանց սերնդի պատմություններով փորձում ա մեզ դաստիարակի, ինձ թվում ա՝ իրանց սերունդը մինչև հիմա էլ կույս ա, մենք էլ սուրբ հոգուց ենք ծնվել: (Հեռախոսազանգ) Ըհն, խնդրե՛մ, սրբերի անունը տուր, մեղքերդ վերցրու ձեռքդ։ Հա, մամ… հա, կերել եմ, մամ, մի քանի օրվա տեղ եմ կերել, հա… տատին էլ ա կերել… հա, շուտ կգանք, հա… չենք չափչփի, մամ, եթե մի քիչ էլ շարունակես՝ կարողա փոշմանեմ, որ Բելլը հեռախոս ա ստեղծել, չէ՛, մամ, պարսիկ շունը չէ, Ալեքսանդր Բելլը, ոչ էլ ռուս շուն ա, ու վերջ տուր էդ ռասիզմիդ… (Հեռախոսն անջատում է:)
Ճիշտ են ասում, էլի, բոլոր մամաները մինչև մամա դառնալը անցնում են նույնականացման կետով՝ բոլորին նույն կնիքը խփում են ու ասում են՝ բարի ճանապարհ դեպի երկար ու ձիգ անքուն գիշերներով կյանք: Ես գիտեմ, էդ մի տեղ ա, որ մամաները գնում են մայրության պետական քննության:
Խաղում է թե՛ քննություն վերցնողի, թե՛ մոր կերպարները:
— Բարև ձեզ, դուք պատրա՞ստ եք մայրական քննությանը:
— Բարև, մեծ մայր, այո, պատրաստ եմ:
— Առաջին հարցը. պատկերացրեք՝ ձեր երեխան փողոցում ընկել է, ձեր գործողությունները:
— (Հիստերիկ): Տո անշնորհք, մի հատ վեր կաց, վեր կաց մի հատ… (ապտակում է) ձենդ կտրի, էս ա գնանք տուն, հորդ ասելու եմ, քեզ ոտքերի տակ առնի, սաղ շորերդ արուն արեցիր, այ փնթի:
— Գերազանց: Լավ, պատկերացնենք՝ ձեր երեխան ձեր սիրած բաժակը կոտրել է, ձեր գործողությունները:
— Ոչինչ, չարը խափանվեց (կողքի), Լուսո, գիտե՞ս, էս բաժակից վեց հատ ունեինք, ուղղակի մեկը էս անդաստիարակը կոտրեց:
— Շատ լավ, և վերջին հարցը: Ձեր երեխան ձեզ հակաճառում է, բայց արդեն շատ մեծ է ծեծելու համար, ձեր գործողությունները:
— (Դադար, սկսում է լացելով խոսել): Ուրեմն սե՞նց ես հարգում մորդ, քո միակ մորը: Բա Մարգոյի էրեխեն իրա մորը կհակաճառե՞ր: Որտե՞ղ ա սենց բան տեսնված, երեսուն տարեկան էրեխեն մոր վրա ձայն բարձրացնի: Փոքր ժամանակ, որ մի քանի ծեծ ավել տված լինեի, սենց չէիր մեծանա: Դու որ հիմա ինձ հակաճառում ես, վաղը մյուս օր ծերանոց էլ կտանես, դե ես ո՞վ եմ, դրսի շուն: Որ շատ ջղայնացած լինեմ, վերջում կարող եմ ավելացնել՝ վա՛յ, գերեզման դնեմ քեզ, բայց դա խորհուրդ է տրվում ասել ֆորս-մաժոռային իրավիճակներում:
Ու նկատե՞լ եք, մամաները մի տեսակ սիրով են կարողանում էդ անեծքները տան, էն, որ բովանդակությունը շատ վատն ա, բայց մինչև հասնում ա քեզ՝ իրա ուժը կորցնում ա: Հիմա մոդայա, չէ՞, էդ ատելության խոսքից վիրավորվել ու դատի տալը: Եթե ես իմ մամային ամեն ատելության խոսքից հետո դատի տայի, խեղճ մորս հիմա վաղուց պատի տակ գնդակահարել էին կամ այրել… Թաղեմ քեզ, գետինը մտնես, հողերս գլխիդ, միշտ որ ասում էր՝ հողերս գլխիդ, ասում էի՝ արևմտյան հողե՞րը, թե՞ արևելյան, որովհետև եթե արևմտյան՝ պետք ա մտածեմ՝ էդքան քրդի հարցը ոնց եմ լուծելու:
Բայց մեկ ա, շատ եմ սիրում էն սերնդի մամաներին՝ ամեն ինչին ուշադիր, ամեն ինչին կասկածանքով մոտեցող, դե, իրանք մեղավոր չեն: Իրանք էն սերունդն են, որ ոչ Սովետական Միության Սոչին ու Ադլերը տեսան, ոչ էլ մեր նման ազատ ու անկախ հայրենիքում ծնվեցին, կորուսյալ սերունդն են, չէ՛, էդ էն ամերիկյան գրողների ասած կորուսյալը չի, էս ես եմ հորինել, որովհետև էս սերունդը ծնվեց պատմության վերջին արտաշունչի ժամանակ, չինացիներն էլ էդ առիթով անեծք ունեն՝ ՛՛Ապրես փոփոխությունների դարաշրջանում՛՛:
Իրանք մանկությունից էնքան շատ բան են տեսել, որ մեծացել են արդեն կին դարձած, դրա համար էլ նմանեցնում եմ Ժաննային, որովհետև ինքն էլ էությամբ կին էր։ Մամաս մի տարում կորցրեց և՛ երեխա, և՛ ամուսին… Հասկանո՞ւմ եք, էդ Աստված ա թույլ տվել, չէ՞, ոնց թույլ ա տվել, որ Ժաննան չունենա ոչ մի բան, որի համար կյանքը սիրի, ու միակը, որ լինի որպես հույս ապագայի, էդ լինի հայրենիքը: Մամայիս համար էլ էդ հայրենիքը ես ու քույրս էինք, և ի տարբերություն Ժաննայի, որ վառվեց, տանջվեց, բայց գնաց իր հոր մոտ, մամաս վառվում ա շատ երկար ու դանդաղ կրակին, ու մամաս մենակ չի, Ժաննա դը Արկ մամաները մեր երկրում մի ամբողջ սերունդ են։
Տեսարան 3
ՁԱՅՆ — Աղջիկ ջան, էս ինչքա՞ն ես խոսում: Հաջորդ տեքստը կարդալուց, խնդրում եմ, մոռանաս անձնական ամեն ինչ լավ:
ԼԻԼԻԹ – Հա, լավ… (Վերցնում է թուղթը:) «Ռոմեո Ջուլիետ» Օ՜, սկսե՞մ…
ՁԱՅՆ – Այո:
ԼԻԼԻԹ — Օ՜ Ռոմեո, Ռոմեո… (Վերև) Իսկ դո՞ւք Ռոմեոն կկարդաք:
ՁԱՅՆ — Ոչ, դա էլ դուք կարդացեք:
ԼԻԼԻԹ – Հա, ժամանակակից եք դարձնում, էլի: Հիմա ամեն ինչ ունիսեքս ա, պատճառ չկա՝ Ռոմեո-Ջուլիետն էլ ունիսեքս չլինի: Կամ չէ, ստացվում ա՝ եվրոպական բարձր արժեքների կրող հասարակ երեխայի մոնոլոգ ա՝ համ Ռոմեոն ա ինքը, համ Ջուլիետը:
ՁԱՅՆ — Շարունակեք:
ԼԻԼԻԹ — Օ, Ռոմեո, Ռոմեո… Բայց ինչ-որ երաժշտություն ա պակասում: Կարո՞ղա մի բան միացնեք: (Միանում է ժամանակակից ռոմանտիկ երաժշտություն, սկսում է խաղալ:) Շատ լավ ա, շատ ժամանակակից ա։ Ուրեմն՝ սվիտրի թևերը էսպես բռնած նստած եմ պատուհանի գոգին ու նայում եմ անձրևի կաթիլերին, էդ կաթիլները նկարել եմ, գցել եմ ինստագրամ, որ բոլորը տեսնեն, որ անձրև ա գալիս, որովհետև կարող ա մարդիկ չեն տեսնում, էլի: Օ, Ռոմեո, Ռոմեո, ինչո՞ւ ես Ռոմեո: Ուրացիր հորդ, ժխտիր անունդ: Եթե կամք չունես, ուխտիր ինձ սիրել, և կդադարեմ Կապուլետ լինել: (Դուրս գալով կերպարից և տրամադրվելով, որ խաղա Ռոմեո:) Այ, տեսեք, կինը ընդհանրապես չի փոխվել։ Ինձ թվում է՝ Եվան էլ Ադամին ա էսպես համոզել, որ խնձորն ուտի: Օ, Ադամ, Ադամ, ինչո՞ւ ես Ադամ, ուրացիր հորդ, ժխտիր անունդ: Եթե կամք չունես, ուխտիր խնձոր ուտել, և կդադարեմ տկլոր լինել: Բայց խելացի աղջիկ ա Ջուլիետը՝ տեսեք, ասում ա՝ ՛՛Ուրացիր հորդ՛՛, չի ասում՝ ուրացիր մորդ, որովհետև գիտի՝ մայրը տղամարդու համար սրբություն ա: Ու Ռոմեոն… (Խաղալով:) Լսեմ ավելի՞ն, թե՞ պատասխան տամ: (Կերպարից դուրս:) Էստեղ ամեն ինչ նորմալ ա, սա բավականին ժամանակակից ա: Սա, գիտե՞ք, որն ա, էն, որ sms ա գալիս, էկրանիդ վրա ես կարդում, չես բացում նայես, որ չտեսնի, որ մեջն ես: (Շարունակում է Ջուլիետի կերպարով:) Ի՞նչ է Մոնտեգյուն: Ոչ ձեռք է, ոչ ոտք, ոչ բազուկ, ոչ դեմք, ոչ էլ մի այլ մաս մարդուն պատկանող: Առ ուրիշ անուն: Ի՞նչ կա անվան մեջ: (Կերպարի մեջ) Այն ծաղիկը, որին վարդ ենք անվանում, մի այլ անունով դարձյալ կարձակեր նույնչափ անուշ բույր: Նետիր անունդ, դրա փոխարեն, որ քո մասը չէ, առ ինձ ծայրեծայր: (Կերպարից դուրս:) Ի՞նչ ա ասում Ռոմեոն: (Ռոմեոյի կերպարով:) Քեզ հավատում եմ: Ինձ սիրածդ գոչիր, և ես նորից կլինեմ մկրտված: Էլ այսուհետև ես Ռոմեո չեմ: (Կերպարից դուրս: Երաժշտությունը նույնպես անջատվում է:) Վերջ, էստեղ կարելի ա պիեսը ավարտել, դասական տղամարդ, կնոջ անուն լսեց, անուն, հեր, մեր՝ ամեն ինչ ուրացավ: Ոնց որ Ռոմեոն Հայ տղամարդ լինի, իսկ Ջուլիետը՝ Ռուս աղջիկ: Ո՞նց կարող են տղամարդիկ դարերով խաբվել կնոջ էս ասածներին, ախր, ինչ ուզում եք կարդացեք, երբ տղամարդը լսում ա կնոջը՝ վերջը միշտ վատ ա լինում: Պատմության ցանկացած դժբախտություն սկսվում ա դրանից: Խնձորը, Տրոյական պատերազմը, Ռոմեոն, մեր հարևան Ռուբեն ձյաձան ու Գայան տոտան 1986 թվականին (խաղալով) Ռուբեն, արի այս ամառ Չեռնոբիլում հանգստանանք, առ ինձ ծայրեծայր:
ՁԱՅՆ — Խնդրում եմ, տեքստը շարունակեք:
ԼԻԼԻԹ – Վայ, կներեք, մոռացել էի ձեր մասին:
ՁԱՅՆ — Շարունակեք:
ԼԻԼԻԹ — Չէ, չեմ ուզում: Եթե Ռոմեո չեք կարդում, չեմ ուզում: Ախր, առանց Ռոմեոյի Ջուլիետինը սիրո պատմություն չի, դա շարքային երիտասարդի կամակորություն ա: Չի լսում մեծերին, սիրահարվում ա վատ ընտանիքից տղայի, վերջում էլ մեռնում ա: Սա պետք ա տամ՝ քուրս կարդա: Սենց որ նայում եմ՝ նույն ճանապարհով գնում ա: Չէ, տասներեք տարեկան չի, այսինքն՝ ոչ ոք չի դատվի, բայց դե մաման էդ տղուն հավան չի:
Էն օրը գնացի տուն, տեսնեմ՝ քույրս, լացակումած, սենյակում նստած դեղերն ա փորփրում: Ասում եմ՝ ի՞նչ ա եղել: Ասում ա… (Ցույց տալով` լացելով, անհասկանալի բառեր:) Գնացի մամայի սենյակ, տեսնեմ՝ մկրատով երակների հետ ա խաղում: Ասում եմ՝ ի՞նչ ա եղել: Ասում ա… (Ցույց տալով՝ լացելով, անհասկանալի բառեր:) Զանգեցի քրոջս հավանած տղային ասում եմ ի՞նչ ա եղել: Ասում ա (Գրեթե նույն ձև ցույց տալով`անհասկանալի բառեր:) Ինքը չէր լացում, ուղղակի սենց ա խոսում: Ասում ա՝ քրոջդ հետ պետք ա կինո գնայինք, բայց մամադ արգելել ա տնից դուրս գա: Ասում եմ՝ մամ, ինչի՞ ես արգելել, ասում ա՝ որովհետև շորերը չի լվացել, ասում եմ՝ Աննա, ինչի՞ շորերը չես լվացել ասում ա՝ որովհետև պատրաստվում էի հանդիպման: Ա դե լավ, էլի, թողեք, թողեք ես իմ կեղտոտ շորերը կլվանամ՝ դու գնա հանդիպման, դու էլ, չգիտեմ, գնա զանգի մորքուրներին, ասա, թե ինչքան տառապած ես, վա՜յ:
Էդպես ա, ես մեր տան հաշտարարն եմ, ես դեմ եմ, երբ սիրո հանդեպ բռնանում են, ես մտածում եմ, որ եթե վատ տղայա, քույրս ինքը դա մի քանի հանդիպում հետո կհասկանա, մյուս կողմից էլ՝ էնքան սիրահարված ա, վախենում եմ մի օր սենյակի դուռը բացեմ, տեսնեմ՝ պատուհանին կանգնած ասում ա՝… Նետիր անունդ, Բագրատ, դրա փոխարե , որ քո մասը չէ, առ ինձ ծայրեծայր: (Ցույց տալով ներքև:) Էլի սենյակը ինձ կմնա, բայց դե մեղք ա, քույրս ա: Ինքն էլ էդպիսին ա՝ ռոմանտիկ…
Տեսարան 5
Բա չէ, ինձ նման:
ՁԱՅՆ – Ինչի՞ դուք ռոմանտիկ չեք
ԼԻԼԻԹ — Չէ հա, ռոմանտիկ, ես ագրեսիվ եմ… Ես ավելի Կարմենն եմ:
ՁԱՅՆ — (քմծիծաղով) Փաստորեն ձեզ Կարմենի հետ եք նույնացնում։
ԼԻԼԻԹ — Այո, էսպես փոքր-մոքր մի նայեք, է՛, որ կարմիր եմ հագնում բավականին սեքսուալ եմ: Ափսոս, ձեզ չեմ տեսնում թե չէ կգայթակղեի: (Կծում է շրթունքը:)
Վերցնում է շորերի միջից կարմիր թաշկինակ, սկսում է պարել ՛՛Կարմենի՛՛ երաժշտության տակ:
ՁԱՅՆ — Ապրեք, գրեթե գայթակղել էիք, բայց Կարմենը միայն սեքսուալության խորհուրդը չի կրում:
ԼԻԼԻԹ — Ես էլ լիքը ուրիշ խորհուրդներ եմ կրում:
Նախ եկեք սկսենք հայրենիքից: Կարմենը Բասկերի երկրից էր: Այսինքն՝ Տորք Անգեղի ցեղից, ես էլ արյանս մեջ ախլաքալաքցու գեներ ունեմ: Օրենքով դա արդեն ձեզ պետք ա բավարարեր, բայց եկեք շարունակենք: Ես էլ, ինչպես Կարմենը, կանանց հետ չեմ սիրում շփվել, ճիշտ ա, ոչ ոքի չեմ դանակահարել, բայց եթե իմանաք՝ մտքիս մեջ քանի կին եմ տանջամահ արել, վա՜յ մե դեդա, սերիական մարդասպան: Ես էլ Կարմենի պես կարողանում եմ անդադար խոսել: Օրինակ՝ իմ առաջին սերը ինձ ռադիոյի նման միացնում էր ու հանգիստ վայելում էս կյանքը, որովհետև իրան մենակ ես էի հույս տալիս, իրա մոտ կյանքի էն տղայական փուլն էր: Էն, որ տղաները նիհարում են, դառնում են կուզիկ, հավաքվում են սուրճի ապարատի մոտ ու լունգո խմելով խոսում են շատ լուրջ թեմաներից, օրինակ, որ իրանք ուզում են գողական դառնան ու ինչ-որ լուրջ թեմաների մեջ էն աղջկա պահով, էն, որ դասարանի 11 տղայից 10-ը իրան են սիրում, էն մեկն էլ դոձիկա… էդ առաջին սերս էլ թեմաների մեջ էր աղջկա պահով… դե, իմ չէ… ես իրա ընգերն էի… Բայց մի օր չդիմացա, ասեցի՝ «Լյով, ես քեզ սիրում եմ»… Ես էլ քեզ ընգեր, ի՞նչ ա եղել… Ասեցի՝ չէ, ես քեզ որպես ընգեր չեմ, է՜, սիրում… Կյանքիս հաջորդ դեպրեսիայի հոտն էի առնում, իսկ ես շուն եմ և թևակոխեցի դեպերսիայի շրջանը, բայց էս անգամ ինքս ինձ ասեցի՝ մի հատ հավաքի, հա՞, քեզ, ի՞նչ անենք, որ դեռահաս տղայից ոչ մի բանով չես տարբերվում, դու էլ ես նիհար, մի քիչ կուզիկ, ու դու էլ դեպրեսիայի մեջ ես տղու պատճառով, ոչինչ, քեզ պետք ա ուղղել մեջքդ առանց ոչ մի քաղաքական կոնտեքստի ու կպնել… ու մի քիչ չաղանալ… Հա, ու մեկ էլ փոխել հագուստդ, վերջապես հանի հագիցդ տատիկիդ նվիրած 4-րդ դասարանի շորտիկն ու դարձիր կին: Ու կամաց-կամաց իմ աղջկական հոտերը սկսեցին աշխատել…
(Կանանց պես խոսելով): Լսիր, եթե ես քեզ ասում եմ՝ չէ, էդ դեռ չի նշանակում, որ ես քեզ ասում եմ, էդ նշանակում ա՝ կարող ա, որովհետև կարողան վերջանում ա՝ ա տառով, իսկ եթե էդ ա-յին ավելացնես յ, հետո ավելացնես ո, կդառնա այո, ուրեմն իմ չեն կարողա և այո ա, իսկ երբ ես քեզ ասում եմ՝ ոչ, էդ նշանակում ա՝ չէ, բայց համ էլ ինքը ամեն պահի կարող ա փոխվի, այո դառնա, բայց երբ ես քեզ ասում եմ՝ չէ շշաձև է-ով, էդ նշանակում ա՝ չէ, որովհետև դայա իմ էությունը՝ է տառը, եսիմ է՜…
Հետո ես ու Կարմենը կոնտրաբանդայով էլ էինք իրար նման: Ես, օրինակ, զբաղվում էի մանկական միջոցառումների ժամանակ տորթի մարցիպանի կոնտրաբանդայով: Գողանում էի՝ ուտում էի: Ես չէի գողանում՝ միկի-մաուսը կամ դինոզավրը կամ էդ պահն ինչ-ինչ կերպար հագած էի լինում՝ իրանք: 15 տարեկանից մանկական սրճարաններում խաղավար էի աշխատում: Բոլոր միլիարդատերերը մի օր անցել են էս ճամփով, ամեն օր ես ինձ էս հույսն էի տալիս ու գնում գործի: 15 տարեկան, 1 ու 60 բոյով հագնում էի 30 կգ 2 մետրանոց արջն ու գնում իմ տարիքի աղջիկներին ուրախացնելու: Արջի աչքի միջից նայում էի էդ աղջիկներին ու ինքս ինձ ասում էի՝ ոչինչ, հո իրանք միլիարդատեր չե՞ն դառնալու։ Ես էնքան երկար եմ խաղավար աշխատել, որ էն երեխեքը, ում ծնունդին ես գնացել էի վեց տարեկանում, գնացել էի նաև վերջին զանգին ու բանակի քեֆին, իրանք արդեն մեծանում ու ամուսնանում էին, իսկ ես մնում էի էլի նույն հասակով ու նույն տարիքով: Էդ միջոցառումներից մեկի ժամանակ հանդիպեցի նրան… Իմ Խոսեին, իմ տորեադորին, էդ օրվա հոբելյար 8-ամյա ապագա տիեզերագնաց Ռոբերտիկին, կամ ավելի շուտ՝ Ռոբերտոյին: Մեջտեղում կանգնած, քաղցր բամբակը ձեռքին ինձ աչքով ա տալիս ու ցույց տալիս ատրակցիոնների կողմը, որ փախնենք, իսպանացու Վամոս հայացքով նայում ա ինձ ու սպասում պատասխանիս: Գնացի Ռոբերտիկիս մոտ, գլուխը բարձրացրեց վերև ու բամբակ ուտելով հստակ ասեց՝ «Դու ինձ դուր ես գալիս, ու ես ուզում եմ քեզ տանեմ մեր տուն»,- չեք պատկերացնում, թե էդ ժամանակ էդ իմ կես հասակն ունեցող երեխան ինչ կարևոր տեքստ ասեց ինձ։ Էդ օրը երևի ես էդ բոլոր մարդկանց մեջ ամենաշատ կարիքն ունեի, որ մեկը ինձ այ տենց մաքուր սիրեր ու ուզենար տանել իրանց տուն։ Ես չհասցրի պատասխանեմ Ռոբերտիկին, որովհետև Ռոբերտիկը արել էր տակը, ու կիսուրս եկավ տարավ՝ փոխի: Բայց ես իմ Ռոբերտիկին հաստատ կպատասխանեի Կարմենի պես, ես սիրում եմ բոլորին և միաժամանակ ոչ ոքի, որովհետև ես ազատ եմ, ես ազատ եմ, ինչպես Կարմենը: Որովհետև ես մտածում եմ, որ սերը պետք ա տանջի, որ հետո ուրախությունը կարողանաս վայելել: Ու պետք ա դրամատիկ լիներ էդ պահը, որ ինքն էլ տեղ ունենար տղերքի մոտ տանջված խոսակցություններ ունենալ, ես էլ մի քանի գիշեր առիթ ունենայի լացելու: Երևի կնոջ միտքը ինքնահրկիզվել և կողքիններին վառելն ա, ի՞նչ եք մտածում:
Տեսարան 6
ՁԱՅՆ — Չգիտեմ, ես նույնիսկ մինչև հիմա մորս չեմ հասկացել, 35 տարի ա նույն տանիքի տակ եմ ապրում, ուր մնաց ուրիշ կանանց հասկանամ:
ԼԻԼԻԹ — Ուրիշ կանայք չկան, տանջելու մեթոդներն են պարզապես տարբեր:
ՁԱՅՆ – Իմիջայլոց, բարդ կանանց մասին՝ էդտեղ Մեդեայի տեքստ կա, վերցրեք, ծանոթացեք:
ԼԻԼԻԹ — Ես միշտ ասել եմ՝ չիմացությունը ամոթ բան չի:
ՁԱՅՆ — Դա ի՞նչ կապ ուներ:
ԼԻԼԻԹ — Չգիտեմ Մեդեան ով ա: Որ կանացի հոգեբանությունը ասեք՝ փորձեմ մի բան անել։
ՁԱՅՆ — Մեդեան հունական կախարդուհի ա՝ Յասոնի կինը, ով սպանում ա իրա երեխեքին ու պապի՝ Հելիոսի նվիրած կախարդական կառքով թռչում-հեռանում է ու հետը տանում երեխեքի դին:
Հա, ինքը մեր բակում ա ապրում՝ Մարգո տոտան… Դե, երեխեքին չի սպանել, ես իրա բոլոր հղիությունները տեսել եմ, բոլորից հետո-ի արդյունքներն էլ դեռ կան, չնայած մի անգամ փորը ուռած էր, բայց ասեց՝ չաղացել եմ, էդ պետք ա ստուգեք: Բայց եթե լսեք՝ ինչ ձայներ էր գալիս իրանց տանից սեպտեմբերը սկսելվուց հետո, կարծում եմ, գոնե բռնություն էդ էրեխեքը տեսել են: Հետո Մարգո տոտան էլ ա կախարդուհի, ավելին ասեմ, Մարգո տոտան ինքը պաշտամունք ա, տոտա չի՝ տոտեմ ա, մեր բակի լիքը մամաներ էրեխեքին ժամանակին Մարգո տոտայով են վախացրել: Դասերդ արա՝ թե չէ Մարգո տոտային կկանչեմ, կգա էդ Ի տառի մասնիկով քեզ կճիպոտի: Օրինակ՝ երբ գալիս էր սուրճ խմելու, տունը պետք ա էնքան մաքուր լիներ որ Մարգո տոտան գոհ մնար, բայց համ էլ Մարգո տոտայի տնից մաքուր չլիներ: Հետո պետք ա քաղցրը սեղանին լիներ՝ ծծովի կոնֆետներից մինչև խռթխռթան կառամելները, չգիտես՝ Մարգոն էդ օրը ինչ տրամադրություն կունենա: Պետք ա պատրաստ լինեիր ամեն ֆորս մաժոռային իրավիճակի, որովհետև եթե Մարգոն քո տնից դուրս եկավ ու դժգոհ մնաց՝ վերջ, ավես, ֆինիշ, կանեց սվետա… Հարևանների բյուրոյում դու խայտառակվել ես, ես չգիտեմ, թե ո՞վ և ինչո՞ւ հենց Մարգոյին ընտրեց հարևանների բյուրոյի նախագահ, բայց որ մեզ բոլորիս գցել էր կրակը՝ էդ հաստատ, բայց անկեղծ պիտի լինեմ, Մարգո տոտայի հետ երեկոյան սուրճ խմելը… էդ արդեն արարողություն էր, էդ էնքան հետաքրքիր էր, որ մաման մեզ թողնում էր՝ սուրճ խմեինք… «Ճանապարհ եմ տեսնում, սպիտակ-սպիտակ, աչք կա, քոռանամ ես, երեխու վրա աչք կա, վաղը կգաք մեր տուն, արճիճ թափեմ, իա՜, էս ի՞նչ Վ տառ ա, հը՞ն, սիրահարվել ես, Անահիտ, աղջիկդ ամուսնանում ա»: Մարգո տոտա, սուս մնա, վա՜յ, սպասի մի հատ, ես իմանամ՝ էդ ինչ Վ տառ ա, նոր ասա… Հետո Մարգո տոտան իրա կախարդությունը վերցնում էր ու Մեդեայի հայացքի տակ գնում երեխեքի հետ դասերը պարապելու ու նորից մենք լսում էինք մայրական բոլոր անեծքները, որ հիմնականում ուղղված էին հենց իր հասցեին՝ սև օր տեսնի քեզ լույս աշխարհ բերողը, Աստված կյանքս առնի՝ պրծնեմ քեզանից… Հետո Մարգո տոտայի ու Մեդեայի սիրո ընտրությունն էլ ա նույնը՝ Վանիկ ձյաձյան ու Յասոնը… Վանիկ ձյայան էլ գնաց մի երեք տարի խոպան, ու հետո որ ետ եկավ, Մարգոն արդեն գիտեր, որ Վանիկը էնտեղ երկրորդ կին ունի, ու որովհետև ամուսնուն սիրում էր, ամբողջ հիստերիան ուղարկում էր դեպի երեխեքն ու Վանիկին էլ պատժելու համար ասել էր՝ քեզ պատիժ՝ ինձ մատով չես կպնի, մինչև խելքդ գլուխդ չհավաքես… Ես որ երեխա էի ու էդ տեսակ բաներից էդքան գլուխ չէի հանում, հասկանում էի, որ Վանիկ ձյաձան արդեն պրինցիպիալնի խելքը գլուխը չի հավաքի: Փոխարենը Վանիկ ձյաձան Նատաշին կանչեց Հայաստան, ու սկսվեց Մարգո-Վանիկ-Նատաշա հեռուստանովելը՝ անսպասելի շրջադարձերով, մոգական գաղտնիքներով և կրիմինալ նյուանսներով… Էդ ավելի վատ էր, քան երկրների միջև ցանկացած սառը պատերազմ: Հարևանությունը բաժանվել էր երեք մասի, գյուղի հարբեցողներն ու Լյուբա տատին Վանիկի կողմից էին, կանացի սեռը՝ ներառյալ գյուղի տեխնիկ Միսակը, Մարգոյի կողմից էին, իսկ Նատաշայի կողմից էին տղամարդկանց ու մանավանդ երիտասարդ տղաների մի ամբողջ բանակ որովհետև ռսի կնիկն ուրիշ ա։ Մի օր Նատաշան՝ գրքերից կարդալով հայ կնոջ ներողամտության և սիրո մասին, ճամպրուկը թևի տակ եկավ Մարգոենց տուն…
- Մարգո, բառև, յա Նատաշան եմ, գիտես երևի ով եմ, կնեռես ինձ, եռկուսս էլ կինիկ ենք, արի քառը պեշիցդ թափում ա ապրենք ոչ ես ջահել ա ոչ դու:
Եվ ներողամիտ ու սիրող հայ կինը վերցրեց բրդի ճիպոտն ու սկսեց սիրել Նատշային: (Ցույց տալով Մարգոյին՝ Նատաշայի ետևից վազելիս:)
- Դու մի հա դրան նայում ա որ ինձ պառավ ա ասում, արի ասեմ:
- Մառգո դու խայ կինիկ ես դու բառի ա դե վեռջացրու, ես քեզ քուռիկ կլինեմ, կապրենք…
- Դու իմ էշի քուռիկն ես լինելու արի ասեմ:
- Մառգո քուռիկ ջան ախր ես էլ նույն քո վիճակում ա:
Եվ, իհարկե, գրքերը չեն խաբում: Հայ կինը քուրիկ եղավ Նատաշային, մեկ-մեկ ասում էր՝ քո համար լավ մարդ եմ գտնելու, ամուսնացնեմ, էս Վանիկը քեզ արժանի չի։ Մարգոյի կախարդական կառքն էլ իրականում բարությունն էր:
Հեռախոսազանգ:
Տեսարան 7
Ալո՛… հա, տատի… Չէ, գործ եմ անում… Հա, հա, մի քանի րոպեից կվերջացնեմ: Կներեք, տատիկս էր: Հիմա երևի կմտածի՝ էս աղջիկը անգամ էս պահին ոչ մի բանով չօգնեց: Տատիկս էս թատրոնին էնքան նվիրված ա, ոնց որ երկրորդ սերը լինի:
ՁԱՅՆ — Ձեր տատիկն էստեղ ա աշխատո՞ւմ:
ԼԻԼԻԹ — Այո, Նարգիզը:
ՁԱՅՆ — Հա, շատ լավ կին ա: Իսկ իրան ո՞ր կերպարի հետ կհամեմատեք:
ԼԻԼԻԹ – (նայում է թղթերի մեջ): Չէ, տատիկս էստեղ չկա: Տատիկս գրքերում չկա, որովհետև պապիկս իրեն թաքուն էր պահում: Իսկ երբ պապիկս մահացավ ու տատիկիս աշխարհը տեսավ, էլ պոետներ չկային, որ տատիկիս գովեին: Չնայած պապիկիս խստությանը, տատիկս, միևնույնն ա, ահավոր սիրում էր պապիկիս, անգամ ծեծը տատիկիս չէր խանգարում մնալ իր հետ: Ինձ ասում էր, որ իրական սերը էդ ա՝ որ երբեք ու ոչ մի պարագայում դու դռան կողմը չես նայում, իսկ հայ կինը էդ էն կինն ա, որ էդ ծեծից հետո հաց ա պատրաստում ու մոռանում էդ: Ափսոս, որ տատիկս էդ ժամանակվա սերն ա տեսել… Ու ափսոս, որ պապիկս չի իմացել որ սիրելուց չեն ծեծում… Տատիկս պատերազմից հետո ա եկել Հայաստան, որովհետև իրա պապան առաջին համաշխարհայինի ժամանակ կորցրել ա ընտանիքն ու երբ Հունաստանի մանկատանն ա եղել, սիրահարվել ա իր գործատուի աղջկան, հետո ամուսնացել հետն ու եկել Հայաստան, և ունեցել վեց երեխա։ Հանգիստ կարող էին ընտանեկան էպոս ունենալ։ Ու քանի որ տատիկս միշտ սիրել ա թատրոնը, ինքը միանգամից ընդունվել ա մի թատերական խմբակ ու էդպես հայտնվել թատրոնում, դե, ամուսինը խաղալ չի թողել, բայց թատրոնում աշխատել թողել ա, ու պապիկիս մահից հետո տատիկիս միակ մխիթարանքը դարձավ թատրոնն ու թատրոնի պահակ Միշա ձյաձյան, ում հետ քննարկում էին բոլոր ներկայացումները, թատրոնի էքսպերտների նման բոլոր դերասանների լավ ու վատ դերերի մասին գիտեին, խոսում էին, խոսում, վերջում կռվում իրար հետ ու մի անգամ էլ տատիկս նեղացել էր Միշա ձյաձյաից. ասում էինք՝ տատ, ի՞նչ ա եղել՝ ասում էր՝ ի՞նչ պիտի լինի, մի անգամ չասեց՝ սուրճը ինքը բերի: Միշա ձյաձյան, որ արդեն մեր էլ հետ էր, մոտիկ իմացել էր պատճառն ու ծաղիկներով ու սուրճով գնացել էր տատիկիս մոտ, հիմա, երբ Միշա ձյաձյան արդեն ավելի լավ տեղում ա, տատիկս ընկճվել ա՝ ոնց որ իրան կյանքին կապող էլի մի թել կտրել են, ամեն շաբաթ գնում ա Միշա ձյաձյայի մոտ, պատմում ա ամեն ինչի մասին ու գալիս ա տուն: Տատիկս երևի շատ բարի ա ու ոնց որ ասում են դրամատուրգները՝ թափանցիկ ա գրքի հերոս լինելու համար: Բայց իմ գրքում իմ հերոսն ա, դրա համար էլ եկել եմ, որ իրեն օգնեմ, ամեն ինչում փորձում եմ օգնեմ, որ հերթական բարի մարդը էս աշխարհից նեղացած չգնա:
ՁԱՅն – Լավ, երևի ավարտենք արդեն, ուշ ա: Էդտեղ թուղթ կա, գրեք ձեր անուն-ազգանունն ու հեռախոսի համարը:
ԼԻԼԻԹ — Անուն ազգանո՞ւնս: Ճիշտն ասած, էսքան անկեղծանալուց հետո էլ չգիտեմ՝ ինչ գրեմ, չգիտեմ, չգիտեմ՝ ո՞վ եմ…
Որովհետև կորել եմ, էն որ ասում էի՝ կորուսյալ սերունդ, էդ իրականում մենք ենք, ու ես էդ կորուսյալ սերնդի առաջատար դիրքերում եմ, ոչ մի բանի վրա չկենտրոնացած, ոչ մի բանի մասին մինչև վերջ երկար չմտածող, թվում ա, թե ամեն ինչ իսկապես իմ մի ականջից մտնում ու մյուսից դուրս ա գալիս, թռնում ա դեպի հեռու, բայց ես էդ գիտեմ ինչից ա… որովհետև…
Պարզվում ա, որ ամենահեշտ դարում մարդն ավելի բարդ ա ամեն ինչ ապրում: Պարզվում ա, երբ մարդու համար ստեղծվեց հեռախոս, որպեսզի ինքը չկորցնի իր կարևոր մարդկանց, ինքը կորցրեց էդ մարդկանց անունները, պարզվում ա, երբ մարդն ունեցավ հնարավորություն ամեն պահի նոր ընկերներ ձեռքբերելու, ինքն իր տան մեջ մնաց մենակ, բոլորովին մենակ, երբ ստեղծվեց լվացքի մեքենա, մարդը այլևս չգրկեց հագուստը, որ սիրելիի հոտն առնի, ու մեզ ոչ ոք չսովորեցրեց ապրել, մեզ սովորեցրին ամեն մի մանրուք, բայց ոչ՝ լինել երջանիկ, լինել ներդաշնակ… Ու մեզ ոչ ոք այ էսպես չկանգնեցրեց, ոնց դուք, ու փորձության չենթարկեց, մեզ ասացին, որ մենք սխալվելու իրավունք չունենք, որովհետև փոքր ենք, որովհետև պետք է ուրիշի սխալի վրա սովորենք ու, ցավոք, բոլոր սխալվողները վաղուց մեծացել էին։ Իսկ մեզ մնացել էր նորից պատմությունը։ Դրա համար էլ չգիտեմ՝ ո՞վ եմ՝ Ջուլիետ, Կարմեն, Մարգո, Նարգիզ…
Առաջին մարդը որ խախտեց անդորրը, կինն էր, խախտե՞ց, թե՞ որոշեց մտածել, թե՞ որոշեց ստեղծել, թե՞ որոշեց ապրել ու լինել մահկանացու: Առաջին մարդը, որ փոխեց աշխարհը, դա կինն էր: Հազարամյակների ընթացքում եթե անգամ անհավատներ են եղել, միևնույն է, եկել են կանայք ապացուցելու համար, որ ամեն ինչում պետք է փնտրել կնոջը:
Ես որ չգիտեմ, թե ով եմ և ուր եմ գնում, հիմա հաստատ գիտեմ, էն, ինչ էդքան գրքերում կարդացել էի, պետք ա իմ կողքին փնտրեի, որովհետև ես չեմ գնահատել ոչ Մարգո տոտային, ոչ տատիկիս, ոչ քրոջս, ոչ մամայիս, ես անգամ չեմ գնահատել ինձ ու էն տեղը որտեղ ես ծնվել եմ… Ամեն ինչ սկսվում է նրանից, որ մենք չենք կարևորում էն մարմինը, որ տրված ա մեզ: Կարող եմ մի վերջին անգամ խաղալ… խաղալ կին… իսկական կին… ով չի վախենում ճանաչել ինքն իրեն, ով Ժաննա դը Արկն ա, ով Աննա Կարենինան ա, ով Ջուլիետն ա, Անուշը, Նորան, Բորջան, Կլեոպատրան, մայր ա, քույր ա, տատիկ ա, սիրուհի ա, սուրբ ա ոնց Մայր Թերեզան, խենթ ա ոնց Պիաֆը, ու կա ոնց Եվան… Ես ուզում եմ լինել կին… պարզ, առանց վախերի, ազատագրված ու հանգիստ, պարզ ու բաց տիեզերքի առաջ, որովհետև աշխարհի մեծագույն բարիքը նվիրված ա հենց ինձ… Նոր կյանք ստեղծել…պարզապես ստեղծել…
Թղթի վրա գրում է ՊԱՐԶԱՊԵՍ ԿԻՆ և հեռանում:
ՁԱՅՆ – (ետևից ձայն տալով): Լիլիթ, Լիլիթ: Վերջ, լավ, ավարտեցինք: Այ, սրա համար էլ Լիլիթներին չեմ սիրում:
Այ սենց էնքան են խոսել ու բողոքել, որ նույնիսկ Աստված որոշեց երկրորդին ստեղծել:
Վերջ