ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ / Անահիտ ԱՐՓԵՆ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ
Անահիտ ԱՐՓԵՆ
ԿԱՑԱՐԱՆ
Տեսարան առաջին․
կին և պոետ
ՊՈԵՏ – Կուզե՞ք զրուցենք:
ԿԻՆ — Ասելիք չունեմ:
ՊՈԵՏ — Ժամանակն անցնի:
ԿԻՆ — Արդեն անցել է:
ՊՈԵՏ — Կարծում եք՝ չի՞ գա:
ԿԻՆ – Կարծեմ՝ չի եկել:
ՊՈԵՏ — Մի՛ շտապեք գնալ:
ԿԻՆ – Դուք ի՞նչ կապ ունեք:
ՊՈԵՏ — Չգիտեմ, թե` ինչ:
Կապեր չեմ սիրում:
Քմծիծա՞ղ տվիք:
Հեգնելու բա՞ն կա:
ԿԻՆ – Կապեր չեք սիրում, բայց կապ եք ստեղծում:
ՊՈԵՏ — Նկատի ունեք ձեզ հետ խոսե՞լս:
ԿԻՆ – Հա, երևի դա:
ՊՈԵՏ — Տխուր եք: Ինչո՞ւ:
ԿԻՆ – Պատճառներ շատ կան:
ՊՈԵՏ — Չեմ ուզում` տխրեք:
ԿԻՆ – Դե հանգիստ թողեք:
ՊՈԵՏ — Էդ դուք ինձ թողեք… որ հանգիստ մնամ:
Երկու ժամ այստեղ թող չնստեիք, չէի նկատի:
ԿԻՆ – Օ՜, Տեր իմ Աստված:
ՊՈԵՏ -… Գժերն ինձնից միշտ անպակաս են, հա՞… Աստծուց գործ չունես:
ԿԻՆ – Ինչե՞ր եք ասում:
ՊՈԵՏ — Ի՞նչ պիտի ասեմ:
Լավ չսպասեցիք, և նա էլ չեկավ:
Համաձայն չե՞ք, չէ՞… Ներեցե՛ք:
Նորից ասեմ ասածս:
Մարդու եք սպասում, հասկացանք, պա՛րզ է…
Սպասի՛ր, մի՛ գնա:
…Իսկ նա չի եկել:
Սպասում էիք, չէ՞:
Ո՞ւմ էիք սպասում:
ԿԻՆ – Ձեզ էի սպասում:
Համոզիչ չէ՞ր, չէ՞: Ներեցեք:
Նորից ասեմ ասածս:
Սպասում էի` ոչ, դա իմ գործն է, հա՞:
Հիմա ես արդեն գնալ եմ ուզում:
Կարելի է, չէ՞:
ՊՈԵՏ — Եվ Դուք հաճա՞խ եք ինձ այստեղ սպասո՞ւմ…
ԿԻՆ – Ոչ այնքան հաճախ, որ արդեն փորձեք
անգիր անել ինձ ու ճամփաս փակեք:
ՊՈԵՏ — Ուրիշի գլխում միշտ թափառում են խարխափող մտքեր:
Ի՞նչ գույն եք սիրում:
ԿԻՆ – Իսկ դո՞ւք:
ՊՈԵՏ — Թափանցիկ:
ԿԻՆ – Իսկ ծաղիկների՞ց…
ՊՈԵՏ — …ժպտացողներին:
ԿԻՆ – Ծառերի համար մի բան էլ ասեք:
ՊՈԵՏ — Բարդի եմ սիրում:
ԿԻՆ – Սլացողների՛ն:
ՊՈԵՏ — Սլացողին` հա՛, հեռացողին` ո՛չ:
Ներկայանամ ձեզ: Պոետ եմ, երգիչ:
ԿԻՆ – Պոե՜տ եք, երգի՞չ:
ՊՈԵՏ — Իսկ ձեզ թվաց, թե…
ԿԻՆ – Գիտե՞ք…
ՊՈԵՏ — …Չգիտեմ: Ոչինչ չգիտեմ:
ԿԻՆ – Դե որ այդպես է…
ՊՈԵՏ — …ասեք, իմանամ:
ԿԻՆ – Երևի պետք չէ:
ՊՈԵՏ — Ներեցեք… եթե ես ձեզ հոգնեցրի:
ԿԻՆ – Ա-ա-ա-ա-ա՜․․․
ՊՈԵՏ – Ուզում եք ասել, որ չեք նեղացել․․․
ԿԻՆ – Գուցե վատ չեղավ, որ հանդիպեցինք,
բայց ես ոչինչ էլ չեմ ուզում ասել:
ՊՈԵՏ — Իսկ ես կասեի` շատ էլ լավ եղավ,
որ հանդիպեցինք: Ես և… աչքերդ:
ԿԻՆ – Եվ դուք սիրեցիք դրանք` աչքե՛րս:
ՊՈԵՏ — Աչքերդ` այո՛:
ԿԻՆ – Իսկ այդ ի՞նչը` ոչ:
ՊՈԵՏ — Եվ մնացածը… աչքերից հետո՛: (Հեռանում է:)
ԿԻՆ — (շփոթված՝ ինքն իրեն): Օ՜ֆ, այ քեզ կրակ:
Տեսարան երկրորդ
կին, ընկեր, պոետ
ԸՆԿԵՐ — (մոտենալով կնոջը): Ո՞վ էր…
ԿԻՆ — (պարելով): Չգիտեմ: Անսովոր էր բայց… խելացի էր՝ ճի՛շտ:
Ընկերը չի արձագանքում կնոջ նազանքին:
ՊՈԵՏ — (անսպասելի հայտնվելով): Ես անկեղծ եմ միշտ:
ԿԻՆ — (ընկերոջը՝ պարելով): Ձևացնում է…
ՊՈԵՏ — Ո՛չ: Ես կարիք չունեմ կեղծելու ոչինչ:
ԸՆԿԵՐ – Ո՞վ է սա, ասա՛…
ՊՈԵՏ — Չգիտի՝ ով եմ: Շուտով կիմանա:
Խելացի կին է, մի քիչ անսովոր…
ԿԻՆ — (ընկերոջը): Խորամանկ է ու… ձևերը գիտի:
ՊՈԵՏ — Գուցեև՝ այո, գուցե` բնավ ոչ:
ԿԻՆ – Բացի այդ, զուսպ է պոետի համար:
Ընկերը կնոջը մի կողմ է տանում:
ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ — Ի՞նչ է, վատ է, հա՞:
ԿՆՈՋ ՁԱՅՆԸ – Չէ, վատ չի, բայց ես ինչպե՞ս իմանամ,
թե ինչ մարդ ես դու:
ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ — Ինչ էլ որ լինեմ, հենց ճանաչեցիր,
էլ չես ուզենա կրկին ինձ տեսնել:
ԿՆՈՋ ՁԱՅՆԸ – Էլ ի՞նչ ճանաչեմ, պոետ չե՞ս, երգի՜չ:
ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ — Պոետ եմ, երգիչ` դժվար կլինի:
ԿՆՈՋ ՁԱՅՆԸ – Իսկ ո՞վ է ասել` հեշտ պիտի լինի:
Քո սրաթափանց հայացքը արդեն…
ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ — …շատ բան է ասում քո խոժոռ դեմքի՞ն:
ԿՆՈՋ ՁԱՅՆԸ — Այո: Ես գիտեմ, որ գեղեցիկ չեմ:
ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ — Եվ ոչ էլ տգեղ: Այդ էլ գիտես, չէ՞:
ԿՆՈՋ ՁԱՅՆԸ – Իհարկե գիտեմ:
ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ — Խենթ ես դու հաստատ:
ԿՆՈՋ ՁԱՅՆԸ – Շատերը այստեղ…
ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ — (ցանկանալով հեռանալ): Չեմ սիրում սրանց`
սարսափահար են, իբր «խղճացող»,
բայց ահաբեկված՝ իրենց իսկ բախտից
ու շուտ խեղճացող:
ԿՆՈՋ ՁԱՅՆԸ — (տատանվելով): Օ՜, Տեր իմ Աստված, բայց ես եմ այդպես…
ԸՆԿԵՐ – Ինչո՞ւ կանգ առար, չե՞ս ուզում գնանք:
ԿԻՆ – Ներիր, հոգնեցի: (Պոետին՝ տագնապած:)
Սպասեք, խնդրում եմ: Դեռ մի՛ գնացեք:
ՊՈԵՏ — (զգույշ): Հանգիստ չեք ինչ-որ…
Կարո՞ղ եմ հարցնել… Ինչի՞ն եք նայում…
Գալի՞ս եք, թե՞` ոչ: Բան չեմ հասկանում:
ԿԻՆ — (մոտենալով): Դուք հաղթեցիք ինձ:
ՊՈԵՏ — Ես չէի մրցում:
ԿԻՆ – Դուք… (պարային շարժումներ անելով) չե՞ք վախենում:
Պոետը ակամա բռնում է կնոջ ձեռքը և պարեցնում նրան:
ՊՈԵՏ – Ինչի՞ց: Չգիտեմ: Չէ՛, չե՛մ վախենում:
ԿԻՆ – Ես վախենում եմ: Եվ` ամեն ինչից:
ԸՆԿԵՐ – Նորից ի՞նչ եղավ: (Պոետին.) Դու ո՞վ ես, տղա՛:
ՊՈԵՏ — Ես ո՞վ եմ… (կատակի տալով) ահա՛:
Սրանք հագուստ են, իսկ սրանք` կոշիկ:
Աչքե՛ր, քի՛թ, բերա՛ն, ականջնե՞ր… փոքրի՜կ:
Հասակս վատ չէ, տեսքս տհաճ չէ, կասեի` դեռ թարմ:
Ուժս կպատի շատ երկար պարել:
Խոչընդո՞տ… չկա:
Հը՞, առաջ գնա՞նք:
Լա՜վ, ի՞նչ եք կանգնել… գոնե ժպտացեք:
Ահա՛, ա՛յ այդպես: Չշարժվե՛ք:
(Իբր լուսանկարում է:) Օ՜-պա՜: Լավ ժպիտ ունեք:
Ազատ եք արդեն, կարող եք գնալ:
ԿԻՆ – Ես հարցեր ունեմ…
ՊՈԵՏ – Կպատասխանեմ:
ԿԻՆ – Պարել չուզեցիք:
ՊՈԵՏ – Դիմակահանդես-մարդահանդեսի՞ն…
(Դադար:) Ի՞նչ բերեմ` խմեք:
ԿԻՆ – Չգիտեմ, թե ինչ:
ՊՈԵՏ – (ակնարկելով հանդիսատես բազմությունը):
Սրանք անհաջող խմիչք են, հաստատ:
Հիշե՛ք, չնայե՛ք, չժպտա՛ք դրանց:
ԿԻՆ – Ես հասկանում եմ, երեխա հո չե՞մ:
Չգիտեմ նույնիսկ, թե ձեզ ինչ ասեմ:
ՊՈԵՏ – Մի՛ վիրավորվեք:
(Գնալով:) Ասածս հիշեք և սրանց երբեք դուք «այո» չասեք:
ԸՆԿԵՐ — (կնոջը): Ջանի՛կս… Արի՛:
ԿԻՆ – Ներիր: Ո՞վ ես դու:
ԸՆԿԵՐ – Աղոթած մի էշ, որ երջանիկ է քեզ հետ, բայց հիմա՛ր:
ԿԻՆ – Անկեղծ էր: Ապրե՛ս: Բայց․․․ մի քիչ սպասիր:
ՊՈԵՏ — (կնոջը ըմպելիք տալով): Թույլ տուր ուղեկցեմ` ուր որ կամենաս:
ԿԻՆ – Մենք… ո՞ւր ենք գնում:
ԸՆԿԵՐ — (կիսաշշուկ): Մենք՝ ո՞վ, ա՛յ աղջիկ:
ՊՈԵՏ — (կնոջը): Շատ գեղեցիկ ես պարում դու, գիտե՞ս:
ԿԻՆ — Այո՜, սիրում եմ … (Ընկերոջը.) Ինձ դու չես ասել…
ԸՆԿԵՐ – Ասելիք չունեմ, հետո կխոսենք: Հիմա եկ գնա՛նք:
ԿԻՆ – Չեմ կարող ես գալ:
ԸՆԿԵՐ – Դե բարով մնաս:
ԿԻՆ- Չես էլ պայքարում ինձ համար՝
թողնում, գնում ես, լքում…
Գնա՛, հեռացի՛ր:
ԸՆԿԵՐ – Ես քեզ ինչ տվի, կռիվ սարքեցիր:
Լավ կյանք չես ուզում՝ հետաքրքի՜ր չի…
Ինքդ ես բռնել պայքարի ճամփան, ինքդ էլ անցի՛ր: (Հեռանում է:)
Տեսարան երրորդ
կին և պոետ
ԿԻՆ — (Պոետին): Ներեցեք, կարծեմ մեզ ընդհատեցին…
Ի՞նչ էիք ասում… որ…
հիմար բան է հանդուրժել կողքիդ
անսիրտ, չար մարդո՞ւ… օտար մի հոգո՞ւ․․․
ՊՈԵՏ — Ե՞ս եմ դա ասում:
Ներեցեք, օրիո՛րդ, դուք չե՞ք շփոթում…
չէ՞ որ ես միայն…
ԿԻՆ – Դուք ի՞նչ: Դուք միայն…
ՊՈԵՏ – Փորձեցի լռել ես համեստորեն:
ԿԻՆ – Դո՞ւք: Համեստորե՞ն:
ՊՈԵՏ – Համեստ չէ՞ր արդյոք իմ վարքագիծը:
ԿԻՆ – Պոե՛տը` համե՜ստ: Մեծամիտ են միշտ ու նաև` անգործ:
ՊՈԵՏ – Մեր գործն ուրիշ է:
ԿԻՆ – Գործը միշտ գործ է:
ՊՈԵՏ – Տեսնում եմ` գիտեք, թե ինչը ինչ է:
ԿԻՆ – Գնո՞ւմ եք, ի՜նչ է:
ՊՈԵՏ – Ոչ թե գնում եմ, այլև` չեմ գալիս:
ԿԻՆ – Նեղացրի ձեզ, հա՞… Արդեն մթնում է:
ՊՈԵՏ – Ես կուղեկցեմ տուն, ասել եմ արդեն:
Բայց պիտի ընտրեք:
ԿԻՆ – Ախ, դա շատ բարդ է:
ՊՈԵՏ – Բարդ է, թե բարդ չէ, դու պիտի զգաս,
թե ի՛նչ ես ուզում և ընտրես հենց այդ:
Ու՝ որ իմանաս, թե ո՜ւր ես գնում:
Իսկ հետո կընտրես` ում հետ ես գնում:
ԿԻՆ – Ցավեցնում ես, թո՜ղ…
Անհարմար է, թո՛ղ, մարդիկ են նայում…
ՊՈԵՏ – Մարդի՞կ… ո՞ւր են, որ…
ԿԻՆ – Չգիտեմ` ուր են, բայց… կան: Ամենո՛ւր:
ՊՈԵՏ – Դիմակահանդես-ցուցահանդեսում:
Չէ, մարդիկ չկան… ու չեն էլ լինի:
ԿԻՆ – Եղել են, թո՛ղ, կան…
Բոլորն էլ մարդ են ու կմոտենան:
ՊՈԵՏ – Լավ, ե՛կ մի քիչ քեզ մարդիկ ես ցույց տամ:
Էհե՜յ, դո՛ւք, մարդի՛կ…
Կարոտել են ձեզ: Դե եկե՜ք, գրկե՜ք:
(Կնոջն հրում է դեպի բազմությունը:)
Մարդ է, մա՛րդ, գրկե՛ք:
Ա՛յ մարդիկ, օգնեք, գետնից բարձրացրեք:
(Կնոջը.) Նայի՛ր, լա՛վ նայիր այս խաժամուժին.
շուտ ծակն են մտնում, երբ թվում է,
թե պիտի մոտենան, իրենց մարդ զգան…
Հարցնեն, աղջիկ ջան, բա՞ն է պատահել,
ի՞նչ է պատահել, մի բանով օգնենք…
(Դադարից հետո:) Առանց ամբոխի երևի ապրես:
Ուզես, թե չուզես:
Ցավո՞ւմ է սիրտդ, դու էլ ցավ քաշիր ու դու մարդ մնա:
ԿԻՆ – Դե նայի՛ր, եկան:
ՊՈԵՏ — (նրան բարձրացնելով): Ներկայացում են եկել, որ նայեն,
ոչ թե` քեզ օգնեն:
ԿԻՆ – Օգնե՜ք մեզ, մարդի՛կ, շատ եմ խնդրում ձեզ, լավն եք, ես գիտեմ:
ՊՈԵՏ – Օգնեե՜ք մեզ, մարդի՜կ, շատ են խնդրում ձեզ:
ԿԻՆ – Մարդիկ, ա՛յ մարդիկ…
ՊՈԵՏ – Ծպտուն չեն հանում, ուր մնաց` օգնեն:
ԿԻՆ – Թո՛ղ, մի՛ ստորացրու: Փորձադաշտ չեմ, ա՜խ… Դու դաժան ես, չա՛ր:
ՊՈԵՏ – Հանդարտվիր, վե՛րջ տուր:
ԿԻՆ – Ես ատում եմ քեզ: Թո՜ղ, ատում եմ, թո՛ղ:
ՊՈԵՏ – Դաժան եմ, այո՛: Բայց ոչ` անարդար:
ԿԻՆ – Թո՛ղ, ասում եմ քեզ:
ՊՈԵՏ – Թողնում եմ, ընտրի՛ր` ինձ կամ նրանց. վե՛րջ:
ԿԻՆ – Ընտրելու համար պիտի հասկանամ:
ՊՈԵՏ – Սրանց գիտես, չէ՞:
ԿԻՆ – Հա, գիտե՛մ, գիտե՛մ:
ՊՈԵՏ – Ինձ էլ իմացիր:
ԿԻՆ – Դու էլ ես մարդ: Ի՞նչ…
ՊՈԵՏ – …և պոետ, երգիչ:
ԿԻՆ – Եվ պոետ, երգի՜չ…
ՊՈԵՏ – Լավ, արի՛ գնանք:
ԿԻՆ – Ո՞ւր գամ, չեմ ուզում: Ատում եմ… մարդկանց: Ես ատում եմ ձեզ:
ՊՈԵՏ – Լավ, հանգըստացիր:
ԿԻՆ – Ես չեմ հասկանում, թե ինչ եմ ուզում, ու ոչ էլ գիտեմ, թե ինչ եմ ըզգում:
ՊՈԵՏ – Շը՜շշ… գնանք, գնա՜նք:
ԿԻՆ – Գիտեմ, կատես ինձ:
ՊՈԵՏ – Ատե՞մ քեզ: Ինչո՞ւ:
ԿԻՆ – Ես եմ մեղավոր:
ՊՈԵՏ – Անմեղ մարդ չկա:
Պոետը սկսում է գրել, ստեղծագործել… Որոշ ժամանակ անց:
ԿԻՆ – Սոված մեռար, դեռ շա՞տ ունես:
ՊՈԵՏ — (գրելը չընդհատելով): Բան չմնաց: Ի՞նչ ես եփել:
ԿԻՆ – Հիշո՞ւմ ես, որ…
ՊՈԵՏ – Այո՛, այո՛, հիշում եմ դեռ…
Այդ օրվանից միասին ենք,
շբայց թե ինչո՞ւ չե՜նք բաժանվում…
ԿԻՆ – Ես քեզ ուրիշ բան եմ ասում:
ՊՈԵՏ – Տեր իմ Աստված, ինչպե՛ս է, որ չենք բաժանվում:
Ալարո՞ւմ ենք:
ԿԻՆ – Ո՞ւր ես գնում, հաց չե՞ս ուտում:
ՊՈԵՏ — (ժեստերով բացատրում է):
ԿԻՆ — (սեղան գցելով): Դեռ կարող ենք մենք բաժանվել:
ՊՈԵՏ – Ուշ է արդեն և շատ է ուշ` սիրում եմ քեզ:
ԿԻՆ – Ո՞ւշ ես գալու:
ՊՈԵՏ – Դեռ չգիտեմ:
ԿԻՆ – Քեզ կուլ կտան:
ՊՈԵՏ – Կարևոր չէ` քո գիրկը կա:
ԿԻՆ – Էլ չե՞ս գնում:
ՊՈԵՏ — (սիրելով): Սո՛ւս, կգնամ… թող սիրեմ քեզ:
Գնացքների ու ինքնաթիռների ձայները խառնվում են: Պոետն ու Կինը լուռ են:
ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ – Մնա, մի՛ գնա:
ԿՆՈՋ ՁԱՅՆԸ – Մի՛ թող, որ գնամ:
ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ – Ասա` չեմ գնում:
ԿՆՈՋ ՁԱՅՆԸ – Ասա` մի՛ գնա:
ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ – Մնա, մի՛ գնա:
ԿՆՈՋ ՁԱՅՆԸ – Տեր Աստված, խոսի՛ր…
ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ – Դե մի բան ասա՛:
ԿՆՈՋ ՁԱՅՆԸ – Գնում եմ…
ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ – Մնա՛: Մնա՛, մի՛ գնա… Գնում ես` գնա…
ԿՆՈՋ ՁԱՅՆԸ – Գնում եմ…
ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ — Գնա՛:
ԿՆՈՋ ՁԱՅՆԸ — Գնացի…
ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ — Գնաց…
Տեսարան չորրորդ
պոետ, ընկեր, սպասուհի, սրճարանատեր
ՊՈԵՏ – Գինի բերեք:
Դադար:
ԸՆԿԵՐ – Քեզ է՞լ լքեց… Ինձնից տարար, որ վայելե՞ս:
ՊՈԵՏ – Ես չեմ տարել քեզնից ոչինչ:
ԸՆԿԵՐ – Դե լա՜վ, լիքը աղջիկներ կան, որ քեֆ քաշես: Կուզե՞ս բերեմ:
Պոետը խեթում է, բայց ոչինչ չի ասում:
ԸՆԿԵՐ – Լավ, լավ, արի գործից խոսենք:
ՊՈԵՏ – Քեզ հետ ի՞նչ գործ ես կունենամ:
ԸՆԿԵՐ – Չմտածես, հիմա կասեմ:
(Դրամապանակ հանելով:) Ինչպես բոլորը… նույնն էլ դու արա:
ՊՈԵՏ – (կիթառը դնում է սեղանին): Իմ իմացածը սա է, հասկացա՞ր:
ԸՆԿԵՐ — Էլի կերգես` բիզնեսից հետո:
ՊՈԵՏ – Երգն ո՜ւր, բիզնեսն ո՜ւր… Չէ, չէ, էդ ես չեմ:
ԸՆԿԵՐ – Հո չե՞ս մնալու շարքային երգիչ:
ՊՈԵՏ – Երգիչներին շարք չըպիտի լինի՝ զորանոց չի քեզ:
ԸՆԿԵՐ – Պիտի՜, չըպիտի՛: Դու տես, թե ինչ կա՛:
ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ – Խորոված, քյաբաբ, ապխտած երշիկ…
ՊՈԵՏ – Վա՞տ եք լսում, թե՞ վատ եք հասկանում, գինի ուզեցի:
ԸՆԿԵՐ — Դրեք, թող մնան:
ՍՊԱՍՈՒՀԻ — Ահա ձեզ գինի, համեցեք, պարոն:
ՊՈԵՏ – Տո ձեր գինին էլ չեմ ուզում արդեն:
ՍՊԱՍՈՒՀԻ – Մեր գործն է այդպես, դե մի՛ նեղացեք:
ՊՈԵՏ – Ուրիշ գործ չկա՞:
ՍՊԱՍՈՒՀԻ – Կա, շատ գործեր կան: Բայց սա էլ վատ չէ:
ՊՈԵՏ – Ասում է` վատ չէ:
Ինչի՞ է նման. գինի եմ ուզում, տալիս եք քյաբաբ:
ՍՊԱՍՈՒՀԻ –Նա ասաց, որ մեծ երգիչ եք… Հարկավ…
ՊՈԵՏ – Թե մեծ երգիչ եմ, մարդո՛ւ տեղ դրեք…
Իսկ ձեր քծնանքից զայրույթս չանցավ…
ՍՊԱՍՈՒՀԻ – Ինչո՞ւ չեք ուզում հանդարտվել մի քիչ:
ՊՈԵՏ – Չգիտեմ ոչինչ:
(Մատները սահեցնում է կիթառի լարերով:) Դուք շատ բարի եք:
ՍՊԱՍՈՒՀԻ – Նա էլ է բարի:
ՊՈԵՏ – Քո հանդեպ` գուցե: Իսկ ինձ զայրացրեց:
ՍՊԱՍՈՒՀԻ – Դե լավ, ներեցեք:
ՊՈԵՏ – Կա՛ց դեռ, մի՛ գնա: Գուցե և ճիշտ ես…
Ինչո՞ւ եմ կոպիտ:
Դու էլ… հաճախորդ պիտի շատացնես…
Կխմե՞ս ինձ հետ:
ՍՊԱՍՈՒՀԻ – Չեմ հրաժարվի:
ՊՈԵՏ – Դու ի՞նչ ես խմում, հենց դրանից բեր:
ՍՊԱՍՈՒՀԻ — (կոկտեյլ սարքելով): Վաղորդյան ցողեր, փոքրիկ թիթեռներ,
շատ, շատ ծաղիկներ ու նաև` ձիեր…
ՊՈԵՏ – Սիրուն աղջիկը սազում է ձիուն:
ՍՊԱՍՈՒՀԻ – Կամ նա` աղջկան:
ՊՈԵՏ – Դու ո՞վ ես, պոռնի՞կ, թե՞ փիլիսոփա:
ՍՊԱՍՈՒՀԻ – Ձեզ համար… Ասենք` ով ինչ կամենա:
ՊՈԵՏ — (մտադրվելով նվագակցել): Քո հեքիաթն ասա:
ՍՊԱՍՈՒՀԻ – Պատմելու բան չի, դժվար էր…
ՊՈԵՏ – …դըժ… (երգեցիկ)… վար: Հետո՞:
Ի՞նչ եղավ… Դե լավ, մի՛ պատմիր, եթե չես ուզում:
ՍՊԱՍՈՒՀԻ — (սեղանը սրբելով): Շատ էի սիրում, բայց նա ինձ լքեց:
ՊՈԵՏ – Ինչո՞ւ թույլ տվիր, որ նա քեզ լքի:
ՍՊԱՍՈՒՀԻ – Այնքան չսիրեց, որ չհեռանար:
ՊՈԵՏ – Թող չթողնեիր, որ նա հեռանար:
Դո՛ւ ես մեղավոր, եթե լքվել ես:
ՍՊԱՍՈՒՀԻ – Շատ հեշտ եք ասում:
ՊՈԵՏ – Ոչ, հեշտ չեմ ասում, գիտեմ` դա ինչ է:
Այդ ցավը գիտեմ:
(Դադար:) Դեռ չե՞ս մոռացել:
ՍՊԱՍՈՒՀԻ – Արդեն չգիտեմ:
ՊՈԵՏ – Դեռ չես մոռացել: Չես էլ մոռանա: Գալի՞ս է այստեղ:
ՍՊԱՍՈՒՀԻ – Չէ: Աստված չանի…
ՊՈԵՏ – Դո՞ւ էլ ասացիր` ազատ ես, գնա, եթե կարող ես առանց ինձ ապրել:
ՍՊԱՍՈՒՀԻ – Հա, նման բաներ:
ՊՈԵՏ – Չափսոսաս երբեք ոչնչի համար:
ՍՊԱՍՈՒՀԻ – Այդպես է, քանզի ուրիշ ճար չկա:
ՊՈԵՏ – Տարբերությունը այնքան էլ մեծ չի:
ՍՊԱՍՈՒՀԻ – Ներեցեք, պարոն, ես պետք է գնամ:
ՊՈԵՏ – Այո, իհարկե, շնորհակալությո՛ւն:
ԸՆԿԵՐ – Հը՞, ի՞նչ ես ասում:
ՊՈԵՏ – Կերդ կեր, ջանը՜մ:
ԸՆԿԵՐ – Անտաշ եկել ես, անտաշ կգնաս:
ՊՈԵՏ – Իսկ դու ուտելուց էն կողմ չտեսար:
ԸՆԿԵՐ – Բայց ուրիշները խնդրում են, գիտե՞ս:
ՊՈԵՏ – Գիտեմ, նրանց տար: Իսկ ինձ հանգիստ թող:
ԸՆԿԵՐ — (ծամելով): Արի ինձ լսի ու քո շնորհքը ոտի տակ մի տուր:
ՊՈԵՏ – Սրտիս հետ գնա՜: Ծախվել չեմ կարող:
ԸՆԿԵՐ – Ուրեմն կյանքում բանի չես հասնի:
ՊՈԵՏ – Նորությո՜ւն ասիր:
Տեսարան հինգերորդ
պոետ, սպասուհի, ընկեր և կին
Պոետը հանկարծ նկատում է իրեն նայող Կնոջը: Նրանց հայացքները հանդիպում են:
ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ – Գնացիր, եկա՞ր:
ԿՆՈՋ ՁԱՅՆԸ — Գնացի, եկա: Եկա, ետ եկա:
ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ – Բարև, ինչպե՞ս ես:
ԿՆՈՋ ՁԱՅՆԸ – Տեսա քեզ, գտա՜:
ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ – Վերջապես եկար:
ՊՈԵՏ (բարձրաձայն): Գնացիր, եկար:
Գնացիր եկա՞ր:
Ի՞նչ կա: Դե պատմիր:
Ի՞նչ բարձրություններ ոտքի տակ տվիր:
Մինչև ո՞ւր հասար:
Հետո ի՞նչ եղավ:
(Լռություն:) Ոչինչ մի՛ պատմիր…
Փուչ է աշխարհը: Փուչ չի՞ այս կյանքը:
Ունա՛յն է, ունա՛յն:
(Գինովցած:) Տակը ի՞նչ մնաց. սերն` ինքը Աստված:
(Գոռալով:) Հիմքերի հիմքը…
(Շշուկով:) Իսկ քեզ սիրեցի՞ն:
ԿԻՆ — Այո՛, սիրեցին:
ՊՈԵՏ – Նույնն ես մնացել:
ԿԻՆ – Չէ՜, շատ եմ փոխվել: (Հոգնած:) Ամեն ինչ փոխվեց:
ՊՈԵՏ – Հասկացա՞ր արդյոք, որ ուր էլ գնաս,
քեզնից չես փախչի:
Քանզի տանում ես դու քեզ
միշտ քեզ հետ պոչիցդ կախած:
ԿԻՆ – Ցավոք այդպես է:
ՊՈԵՏ – Սերդ իմ հանդեպ գալի՞ս էր քեզ հետ:
ԿԻՆ – Ուր գնում էի:
ՊՈԵՏ – Ցավակցում եմ քեզ խորապես, Հոգի՛ս:
ԿԻՆ — Արի տուն գնանք:
ՊՈԵՏ – (շատ կտրուկ): Դա անցյալում էր:
ԿԻՆ — Դու ասում էիր, որ անցյալ չկա:
ՊՈԵՏ – Զղջո՞ւմ է խոսքդ:
ԿԻՆ – Չգիտեմ` ինչ է:
ՊՈԵՏ – Նույնն ես մնացել:
ԿԻՆ – Չգիտեմ, գուցե՛:
ՊՈԵՏ – Էլի՞` չգիտեմ:
(Արդեն լրիվ հարբած:) Չգիտեմ չկա, չպիտի՛ լինի:
Զղջում էլ չկա:
Բայց: Պիտի՛ լինի:
Խաղ է աջ ու ձախ, իսկ ես` ապաշնորհ,
խեղճ խեղկատակս խաղալ չգիտեմ:
Կյանքըս էլ անցավ, չըսովորեցի:
Խաղալով հասանք անխաղ փուչ կյանքի,
բայց այդպես կորցրինք մի թանկ բան կյանքից`
խաղը հիրավի:
Ո՛չ վերջ կա, ո՛չ` սկիզբ, կամ էլ վերջից է սկսվում (գայթելով) ամեն ինչ:
ԿԻՆ — (ակամա բռնելով): Ամեն ինչ ունի շարունակություն:
ՊՈԵՏ – Հա՛: Բայց` ինչպիսի՞:
Մեր կյանքը… ասես մի չքնաղ… ը… ջադո՛ւ…
(կնոջ շուրջն արտասանելով).
…Եվ կյանքը, ինչպես մի չքնաղ ջադու,
Սպիտակաձեռնոց ճիվաղ է անհուն,
Որ գործ է անում ածխահորի տակ,
Իսկ փոսն այդ, ավա՜ղ, սին է, անհատակ:
Արդ կյանքը՝ ասես մի չքնաղ ջադու,
Զոհաբերության լայն հրապարակ,
Եսապաշտության տոնահանդես է
Ու լլկանքների օվկիանոս տտիպ:
Խղճահարելու շինծու կեցվածքով
Կրքախաղերի դիրիժոր վայրի,
Բռնաբարողի իշխանության տակ
Ստրկաառագաստ է անքակտելի:
Կեղծիքի անհագ մահիճ զարդարուն,
Դահճի կացնի սայր` սիրուն, շողշողուն,
Ցավ ու վշտի մեջ քարացող արցունք,
Ճղճիմ սրտերից գահավեժ բարձունք:
Քաղցրահամ պտո՞ւղ` քաղցըդ սաստկացնող,
Մեղրածոր գինի, բայց վայրագացնող:
Թե սիրո կրակ` բաժանման մոխիր,
Թե տաքուկ օջախ՝ ախ, հոգու զնդան:
Ե՛վ թատերաբեմ, և՛ դավի կուլիս.
Եվ մեղսաթաթախ ու մաքրամաքուր
Հոգիների ցուցք, մարդու փորձարան,
Տա-ժա-նա-վա՛յրը մեծ դատաստանի,
Անվերջ մեղսատեղ, հավերժ քավարան…
Այս կյանքը, ինչպես մի չքնաղ ջադու,
Գայթակղությամբ լի խեղվածք է մաքուր,
Բայց երբ հոգի է նրա մեջ գցվում,
Քնքուշ թերթերով լոտոս է ծնում`
Էություն անբիծ ու ճերմակաթույր,
Որ թոթափելով ախտերը մոլոր
Ու սրբանալով` մաքրում է կյանքը,
Ներելի դարձնում մեղքի զնդանը:
(հուսահատ)
Ահա մեր կյանքը`մի չքնա՜ղ… ջադո՛ւ:
ԿԻՆ – Շատ ես տառապել, ես հասկանում եմ:
ՊՈԵՏ – Դու չե՞ս տառապում:
ԿԻՆ – Կարևոր չի դա:
ՊՈԵՏ — (լացակումած): Ինչո՞ւ ետ եկար: (Խմիչք է փնտրում:)
ԿԻՆ – Միայն քեզ համար:
ԸՆԿԵՐ — (վերջապես ուտելն ավարտելով, չվճարելով): Դե, ես գնացի:
Իսկ դու մտածիր, փորդ չի ծակի:
ՊՈԵՏ – Ինձ համար չարժեր…
ԿԻՆ – Չգիտեմ: Գուցե: Բայց անկարող եմ առանց քեզ ապրել:
ՊՈԵՏ — (գլուխն առած ափերի մեջ` արտասվում է):
ԿԻՆ – Չես ներում դեռ ինձ:
ՊՈԵՏ – Ես հիմա այն չեմ… Կարգին գո՜րծ չունեմ…
Քիչ անց:
ՊՈԵՏ — Ի՞նչ կուզես անեմ:
ԿԻՆ – Ինչ հարմար գտնես:
ՊՈԵՏ – Բայց ես երգիչ եմ…
ԿԻՆ – Ու նաև` պոետ:
ՊՈԵՏ – Առաջարկում են… (Գրպաններում ինչ-որ բան փնտրելով:) Սիրունացել ես:
ԿԻՆ – Չես ներում դու ինձ:
ՊՈԵՏ – Ես ո՞վ եմ, ախր` ներեմ, չներեմ:
Ի՞նչ ներել, ի՞նչ բան: Ներման հարց չկա:
ԿԻՆ — Արի տուն գնանք:
ՊՈԵՏ — (խմելով): Հիմա կգնանք:
ԿԻՆ — (դիմելով սրճարանատիրոջը): Կարո՞ղ եմ խնդրել ձեզ արդյոք, պարոն,
որ տաքսի կանչեք և ճամպրուկներս…
ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Հիմա կտանեն:
Սրճարանատերը հեռանում է, սպասուհին փորձում է վերցնել շիշը և նույնպես գնալ, պոետը ետ է պահում, իր գրպաններն է քրքրում: Կինը փորձում է նրա փոխարեն վճարել:
ՊՈԵՏ — (կնոջը սաստելով): Դու գնացիր, որ գտնես ինքդ քեզ ու կապիտալդ:
ԿԻՆ — Ապրելու միջոց:
ՊՈԵՏ – Ապրուստի միջոց: (Վերհիշելով:)
Եվ ուզում էիր վայելել կյանքը, քանի պառավ չես:
Կինը լռում է:
ՊՈԵՏ – Գտար, ետ եկար…
Թե չէ չէիր գա, ես քեզ լավ գիտեմ:
(Վճարելով:) Ուրեմն ես էլ… Դե ո՞նց քեզ ասեմ…
Առաջարկում են եկամուտով գործ:
Ինչ որ ուզենաս, հաստատ կլինի.
ոսկի, բաց ճամփա, ճոխ-ճոխ… ուտելիք:
Պարահանդեսներ, ընդունելություն,
առատ նվերներ, փափկասուն կենցաղ:
Հասարակություն քո շուրջը վխտող,
աջ ու ձախ քծնող ու քեզ նախանձող…
ԿԻՆ — Դրանց համար ես քե՛զ մոտ չէի գա:
ՊՈԵՏ – Դե որ այդպես է, վերցրու… (Վերջապես փնտրածը գտնելով և տալով կնոջը:) Սա կարդա: (Սպասուհուն գրկելով:)
Միակ բանն է, որ կստանաս ինձնից…
Տե՛ս` չեմ թաքցրել քեզնից ես ոչինչ:
ԿԻՆ – Վաղուց ես գրել, բայց չես ուղարկել:
ՊՈԵՏ — (սպասուհուն համբուրելով): Վախեցա` հանկարծ ու չհավանես:
ԿԻՆ – Չմահավան չեմ:
ՊՈԵՏ – Բայց խիստ աչք ունես: Իսկ այդտեղ ամբողջ հոգիս է դրված:
ԿԻՆ – Քո ամբողջ հոգին… ինձ ես նվիրել` դե տուր, տանում եմ:
ՊՈԵՏ – Ես քեզ քիչ էի, հոգի՞ս ես տանում:
Սպասուհին հեռանում է:
ԿԻՆ — (կիթառը վերցնելով): Հանում եմ, տանում:
ՊՈԵՏ — (մոտենալով կնոջը): Դու տուն ես գնում… Ինձ հետ միասին: