Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ/ ՀՐԵՇՏԱԿ` ՑՊԱՀԱՆՋ

Խաղ երկու գործողությամբ

Գործող անձինք

ՀՐԵՇՏԱԿ

ՁԱՅՆ

ԱՐԱՄՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ`

ՏԱՏ – Լևոնի մայրը

ԼԵՎՈՆ 

ԱՆԱՀԻՏ – Լևոնի կինը

ՎԱՀԵ – նրանց որդին, 20 տարեկան

ՆԱՐԵ – նրանց աղջիկը, 15 տարեկան

ՏԵՍԱՐԱՆ 1

Բեմի անկյունում, կիսախավարի մեջ, Հրեշտակը վրայից գցում է սպիտակ խիտոնը, իսկ երբ մոդայիկ, մեծ պայուսակից սկսում է հանել ինչ-որ իրեր, անկյունը լուսավորվում է: Հագնված է խիպստեր ոճով, իսկ  կեպին նրան չարաճճի դեռահասի տեսք է տալիս: Պայուսակից հանում է արևային ակնոց, հեռախոս: Ակնոցը հարմարեցնում է կեպիին, միացնում է հեռախոսը: Միանում է կապը:

ՁԱՅՆ — (հեռավոր աղմուկի միջից): Ըհը-ըհը… լսվո՞ւմ է… ոնց որ կապ կա… թե՞ չկա…

ՀՐԵՇՏԱԿ – Ալո… լսվո՞ւմ է… 

ՁԱՅՆ — (ավելի հստակ): Արդեն` այո:

ՀՐԵՇՏԱԿ – Ուրեմն, կարող ենք լայվվել:

ՁԱՅՆ – Ինչ անե՞լ…

ՀՐԵՇՏԱԿ – Լայվվել: Անգլերեն live բառից է՝ երևի ես եմ հորինել: Լավ է, չէ՞, կարճ ու հասկանալի: 

ՁԱՅՆ – Նայած ում համար… Այստեղից այդտեղ ամեն ինչ ուրիշ է երևում:

ՀՐԵՇՏԱԿ – Այնքան ուրիշ, որ նույնիսկ դուք չեք կարող պատկերացնել:

ՁԱՅՆ – Այդ մեկը` չեղա՜վ: Շատ ոգևորվեցիր, թեև… ես ոչինչ չեմ բացառում: Բայց` չշեղվենք: Առաջադրանքը պա՞րզ է:

ՀՐԵՇՏԱԿ – Ավելի քան: Նույնիսկ կարող եմ ասել, որ պարզունակ է:

ՁԱՅՆ – Հապշտապ եզրակացություն պետք չէ անել:

ՀՐԵՇՏԱԿ – Ամենևի՛ն: Նախորդ անգամ մի ամբողջ մայրաքաղաքի պրոբլեմ էր, իսկ այս անգամ` ընդամենը ընտանիք է, և նկատի ունեցեք, փոքրիկ ընտանիք է:

ՁԱՅՆ – Երբեմն ընտանիքն ավելի լուրջ խնդիր է ունենում, քան մի ամբողջ մայրաքաղաքը:

ՀՐԵՇՏԱԿ – Ձեր մոտի՞ց է այդպես երևում:

ՁԱՅՆ – Ի՞նչ ասեմ, վաղուց այդ կողմերում չեմ եղել… դրա համար էլ չեմ փորձի հակաճառել: 

Աղմուկ՝ որ երկրային:

ՁԱՅՆ — Այդ ի՞նչ է:

ՀՐԵՇՏԱԿ – Կապը թուլանում է:

ՁԱՅՆ – Ուրեմն` մեր ժամանակն սպառվեց: Դե ինչ, քեզ հաջողություն, իմ փոքրիկ հրեշտակ:

ՀՐԵՇՏԱԿ – Մինչև շնորհակալություն հայտնելը մի բան էլ էի ուզում ճշտել. Եթե ես… (Այդ պահին կապն անջատվում է: Համակերպված հոգոցով:) Ահա, ինչպես միշտ` ամենաանհարմար պահին կապն անջատվեց:  Ու հարցս նորից մնաց անպատասխան:

Հոռախոսի էկրանին ինչ-որ բան է փնտրում-ճշտում: Եվ ինչ ասում է, ասածը հայտնվում է կամ վարագույրի, կամ նույնիսկ առաստաղի վրա, ասես դա էկրանը լինի:

ՀՐԵՇՏԱԿ – Հասցեն… այսպես… Առանձնատուն է… (Էկրանին առանձնատուն է:) Լավ է, տանե՛լ չեմ կարող իրար վրա շարված հարկերը: Տան առջև` փոքրիկ այգի… (Էկրանին վարդի թփեր են:) Վարդեր են… այ, եթե մանուշակի էլ լինի… Աշխարհում ամենից լավ բուրում են մանուշակները: (Էկրանին մանուշակի թմբեր են:) Yes! Հիմա` ընտանիքի անդամները… այսպես, այսպես… (Էկրանին Նարեն է:) Իրոք, լավիկն է… (Էկրանին Վահեն է:) Ապագա բժիշկը… (Էկրանին Լևոնն է:) Դժվար մարդ է… Նրանից պիտի աշխատեմ հեռու մնալ… (Էկրանին Անահիտն է:) Այ, նրա հետ ամեն ինչ հեշտ կլինի… (Էկրանին Տատիկն է:) Սիրում է թերթ կարդալ, ինչ թերթ ուզում է` լինի… Լավ, հիմա արագ անցնենք մնացած տվյալներին… (Էկրանին տեքստեր են սրընթաց անցնում:) Ծննդյան օրերը… ընտանեկան հավաքներ… Չի կարող պատահել, ինչպե՞ս կարող է այսօր ոչինչ չլինել… Սովորական օ՞ր է… Բայց ինձ ասացին, որ ընտանեկան ինչ-որ բան կար… իրադարձություն… Ոչի՛նչ չեմ հասկանում:

Փորձում է  live մտնել՝ ապարդյուն:

ՀՐԵՇՏԱԿ – Դե, միացիր, խնդրո՜ւմ եմ… Չէ, չի լինում… (Վերև է նայում: Համակերպված:)  Ստիպված ես պիտի մի բան մտածեմ: Պարզվում է, վերևում էլ կարող են խաթարումներ լինել ու նույնիսկ՝ սխալվել:

Նորից է մտնում հեռախոսի մեջ, սրընթաց գնացող տեքստի մեջ հասցնում է ինչ-որ բան նկատել: Անսպասելի ուրախացած ճչում է:

ՀՐԵՇՏԱԿ – Գտա՛: (Վերև նայելով:) Չէ, այնտեղ երբե՛ք չեն սխալվում, աչքիցս էր վրիպել:

Հեռախոսը «վիրավորված մրթմռթում» է:

ՀՐԵՇՏԱԿ – Ներեցեք, խնդրում եմ:

Հեռախոսը համարյա թե ծիծաղում է:

ՀՐԵՇՏԱԿ – Դե ինչ, անցնեմ գործի:

Սպիտակ խիտոնը թողնում է անկյունում, մի անգամ էլ իրեն կարգի է բերում ու ծանր պայուսակը քարշ տալով մտնում է վարագույրից ներս: 

ՏԵՍԱՐԱՆ 2

Վարագույրը բացվում է: Ընդարձակ հյուրասենյակ է, որտեղ հավաքվում է Արամյանների ընտանիքը: Բեմի կենտրոնում սեղանն է: Մի քանի դուռ կա` խոհանոց, ննջարաններ, խորքում` մեջտեղում` պատշգամբ տանող: Հյուրասենյակում մի քանի հարմարավետ անկյուններ կան, որտեղ ժամանակ առ ժամանակ առանձնանում են ընտանիքի անդամները:

Վարագույրը բացվելու պահին Անահիտը սպասքադրում է սեղանը: Խոհանոցից ուտեստեղեն է բերում: Ներս է գալիս Լևոնը: Մի հայացք գցելով սեղանին` մոտենում է պատշգամբ տանող դուռ-պատուհանին, դուրս է նայում ավելի շատ` չխոսելու համար: Զանգում է բջջայինը, Անահիտը վերցնում է հեռախոսը:

ԱՆԱՀԻՏ – Վահե՞… բայց դու արդեն տանը պիտի լինեիր: Ի՞նչ… Ի՞նչ է նշանակում ` չեմ գալիս: Առանց այդ էլ համարյա իրար չենք տեսնում, այս մի օրն է մնացել… Լավ, լավ, էլի չեմ սկսում… Միայն հիշեցնում եմ: Հայրդ տանն է: Նարեն էլ քիչ առաջ եկավ… Ես քո սիրտը չունեմ, տասը րոպեից տանը լինես: Ապրե՛ս: (Դնում է հեռախոսը, նայում ամուսնուն: Նա չի արձագանքում:) Չե՞ս կարծում, որ այս խոսքերը դու պիտի ասեիր նրան: 

ԼԵՎՈՆ – (առանց շրջվելու): Ասում են լսողին:

ԱՆԱՀԻՏ – Վերջին անգամ ե՞րբ ես փորձել ասել:

ԼԵՎՈՆ – Էլի չսկսես:

ԱՆԱՀԻՏ – Հենց նոր այդ խոսքերը տղադ ասաց: (Նմանակելով:) «Մամ, էլի սկսեցի՞ր»:  Հետաքրքիր է, ումի՞ց է սովորել:

Լևոնը չի պատասխանում: Անահիտը գնում է խոհանոց:

Գալիս է Նարեն, մի տեսակ վերացած նայում է շուրջը, գնում, թրմփոցով ընկնում է բազմոցին, հայացքը հառում է առաստաղին: Անահիտը մատուցարանի վրա բաժակներ է բերում, շարում սեղանին, սրբիչը ցուցադրական դնում է բաժակների կողքն ու արտահայտիչ նայում դստերը: Նարեն չտեսնելու է տալիս մոր դեմարշը, խորացած զննում է եղունգները:

ԼԵՎՈՆ — (այդպես էլ չշրջվելով, բայց ոչինչ չի վրիպել նրա աչքից): Ես սկսում եմ զղջալ, որ քեզ հեքիաթ չեմ պատմել, երբ փոքր էիր:

ՆԱՐԵ – Մաման և՛ իր բաժին, և՛ քո բաժին բոլոր հեքիաթները պատմել է, դարդ չանես:

ԼԵՎՈՆ – Չէ, մի հեքիաթ անպայման պիտի պատմած լինեի, ընդ որում, նույն հեքիաթը ամեն օր` քնելուցդ առաջ:

ՆԱՐԵ – Հետաքրքիր է, այդ ո՞ր հեքիաթն է… Մամ, կարո՞ղ ես գուշակել:

ԱՆԱՀԻՏ – Համենայնդեպս, Կիկոսը չէ:

ՆԱՐԵ – Գուցե Կարմիր գլխա՞րկը:

ԼԵՎՈՆ – Անբան Հուռին:

Ծանր լռություն է տիրում:

ԱՆԱՀԻՏ — (փորձելով մեղմել իրավիճակը): Իսկ ինձ թվաց` Մոխրոտը պիտի լիներ:

ՆԱՐԵ — (թունոտ քաղցրությամբ): Դե, ինչպե՞ս կարող էր, մամ… Մոխրոտը եփող-թափող, լվացող-մաքրող տնարար աղջիկ էր, իսկ Հուռին…

ԼԵՎՈՆ – Դու ես, որ կաս:

ՆԱՐԵ – Պապ, օֆիսում պրոբլեմնե՞ր ունես:

ԼԵՎՈՆ – Ես ամեն ինչ էլ ունեմ: Իսկ դու խիղճ չունես: Մայրդ աշխատանքից նոր է եկել, շունչը կտրված` սեղան է գցում, իսկ դու…

ՆԱՐԵ – Իսկ գուցե իմ օրն է՞լ ծանր է եղել: Ընդունիր, որ այդպես կարող է լինել… տեսականորեն:

ԼԵՎՈՆ – Շաբաթ օրո՞վ… Դու այսօր դասի էլ չես գնացել:

ԱՆԱՀԻՏ – Վերջ տվեք, սեղան պիտի նստենք: Ես ամեն ինչ կանեմ, լավ էլ կհասցնեմ, միայն թե ձեր լեզվակռվով ախորժակ չփակեք:

Լևոնը դուրս է գալիս այգի: Անահիտը հանդիմանանքով նայում է Նարեին, գնում է խոհանոց:

Մենակ մնալով, Նարեն հաճույքով ձգվում է, հիանում է վերև բարձրացրած ոտքերով, մի քանի մարզական շարժում է անում, բարձրանում է տեղից, գնում-հենվում է պատին, ձեռքը ստամոքսին սեղմած: Զանգում է նրա բջջայինը:

ՆԱՐԵ – Հուռին լսում է… Թումանյանի… Գայ, մի լարվի, դա ուրիշ պատմություն է… Ո՞նց պիտի լինեմ` պայթած… Չէ, ո՞ւր եմ գալիս, մոռացա՞ր, մեր շաբաթօրյակն է… Ի՞նչ ես ծիծաղում, ընտանեկան ճաշ` բոլորիս պարտադիր ներկայությամբ: Լսիր, աղջիկ ջան, ինձ որ մնա, ես կիրակի լուսադեմին ակումբից տուն կգամ, բայց դու հորս լավ ես ճանաչում, չէ՞… Գնացեք առանց ինձ: Ոչինչ, Գոռը մի կերպ կդիմանա բացակայությանս ու կմխիթարվի… Ակումբում ինչն է շա՞տ` մխիթարողը: Իսկ ես ինձ կզոհեմ ընտանեկան ադաթին… Մինչև ե՞րբ… Երբ մի օր կգժվեմ ու կամուսնանամ: Ուրիշ միջոց չկա: Կարճ կապիր… Հա, էլի պատին եմ կպել… ուտելուց առաջ ծեփվում ես պատին` կերածդ չի հավաքվում գոտկատեղիդ շրջանում: Բա՞… (Անջատում է հեռախոսը, աչքերը փակ, հատուկ շնչառությամբ ձեռքով սեղմում ու բաց է թողնում ստամոքսը:)

Այս գործի վրա նրան բռնեցնում է Վահեն: Նա ներս մտնելուն պես գնահատում է իրավիճակը, զգույշ մոտենում է քրոջը, սեղանի վրայից նախապես վերցնելով սրբիչը: Հերթական սեղմում վարժության պահին սրբիչը գցում է քրոջ դեմքին ու փորձում կապել գլխի շուրջը:

ՆԱՐԵ — (իզուր փորձելով ազատվել): Արա, դեբի՞լ ես… Սիրտս որ պայթի՞… Թո՛ղ, հիմարի մեկը… Պապային կասեմ… Մազե՜րս… նոր եմ ֆենել: Վահե տղա, բաց թող, ասում եմ, թե չէ… (Ճչում է:) Ա-ա-ա՜…

Խոհանոցից դուրս է թռչում Անահիտը, այգուց գալիս է Լևոնը: Կանգնած նայում են, թե Վահեն ինչպես է մումիայի պես փաթաթում Նարեի գլուխը: Գործն ավարտելով` բռնում է հակառակվող քրոջ ձեռքերն ու հիանում է արածով: 

ՎԱՀԵ – Հայկական մումիա` երրորդ կարգի այրվածքով, բաց կոտրվածքով, նախաինսուլտային վիճակով… ու կատաղած: Պա-պա-պա-բա՛մ…

ՆԱՐԵ — (այդ ընթացքում փորձում է գոնե քացի տալ, բառերը հստակ չեն լսվում): Դեբիլի մեկը… գիշերը ֆորմալին եմ լցնելու բերանդ` միանգամից մումիա դառնաս-պրծնես…

Լևոնն սկսում է ծափահարել: Վահեն, իրեն չկորցնելով, արտիստիկ խոնարհվում է, ինչի հետևանքով Նարեի ձեռքերն ազատվում են: Մի կերպ սրբիչը քանդելով, կատաղած ֆուրիայի նման հարձակվում է եղբոր վրա, որը հասցնում է թաքնվել մոր թիկունքում: 

ՎԱՀԵ – Մամ, փրկիր, որ կծեց` ես էլ վամպիր կդառնամ…

ՆԱՐԵ – Վրադ խաբար չկա, թե հիմա ինչ կդառնաս…

ԱՆԱՀԻՏ — (իզուր փորձելով անջատել նրանց): Էլի գժվեցի՞ք… ձեզ հավաքե՛ք: Հասուն մարդ եք, մեկդ քսան տարեկան, մյուսդ` տասնհինգ, բայց երկուսիդ հավաքական խելքը յոթ տարեկանի է:

Քույր ու եղբայր այդ ընթացքում փորձում են. մեկը` բռնել, մյուսը` փախչել:

ԱՆԱՀԻՏ – Վահե, ո՞ւմ եմ ասում… Նարե, վե՛րջ տուր… (Տեսնելով, որ բանի տեղ դնող չկա` բարձր:) Զգա՛ստ:

Անսպասելիությունից երկուսը քարանում են:

ՎԱՀԵ — (մոր թիկունքից նայելով): Մա՞մ, դու էի՞ր…

ՆԱՐԵ — (օգտվելով պահից, կառչում է եղբոր մազերից): Ապրես, մամ, սրա հախից միայն այսպես կգաս:  

ԼԵՎՈՆ — (չկարողանալով թաքցնել ծաղրը): Ոնց որ պաշտոնաթող գեներալի այրի լինես:

ԱՆԱՀԻՏ – Եթե դու հրաժարվում ես օգտվել քո հայրական իրավունքներից, ստիպված ես նմանվում եմ գեներալի այրու:

Նրանց սառնությունը սթափեցնում է ջահելներին, նրանք տարբեր կողմեր են քաշվում:

ԱՆԱՀԻՏ — (փորձելով մեղմել իրավիճակը): Բայց քանի դեռ ընդամենը տնտեսագետի կին եմ` պիտի համակերպվեք խնդրանք-հրամանիս` հանդարտվեք, հիմա տատին էլ կգա, ու սեղան կնստենք:

ԼԵՎՈՆ – Երբեմն ինձ թվում է, որ այս սեղանի շուրջը նստած մենք ոչ թե ճաշ ենք ուտում, այլ իրար…

ՎԱՀԵ – Միս:

ՆԱՐԵ – Ներվեր…

ԼԵՎՈՆ – Կյա՛նք: Իրար կյանք ենք ուտում:

Լռության մեջ ներս է գալիս Տատը` ձեռնափայտով: 

ՏԱՏ — (սխալ մեկնաբանելով լռությունը): Ինչ լա՜վ եք իրար գլխի հավաքվել: Հոգիս փառավորվեց: Ինչպե՞ս եք, ջահելներս:

Չորսն էլ նեղ են զգում իրենց` անկեղծ լինել չեն կարող, կեղծել` նույնպես: 

ՎԱՀԵ – Ահելացած: Իսկ դու ո՞նց ես, տատ ջան:

ՏԱՏ – Ջահելացած:

Բոլորը թեթևացած շունչ են քաշում, շտապում են նստել սեղանի շուրջը: Լևոնը աթոռը առաջ քաշում, նստեցնում է մորը` ավելի շատ որպես պարտականություն: Մայրը փորձում է նրա ձեռքը մի քիչ երկար պահել իր ձեռքի մեջ, բայց Լևոնը, ակամա կոպտությամբ, քաշում է ձեռքը, գնում-նստում իր տեղը:

Բոլորը նստած նայում են իրենց ափսեներին: Պատի ժամացույցը խփում է հինգ անգամ: Վերջին զանգից հետո լռությունը խախտում է Լևոնը:

ԼԵՎՈՆ – Դե, տիկինս, այսօ՞ր ինչ ենք ուտելու:

ԱՆԱՀԻՏ — (շատ կամաց): Իրար: (Տեսնելով սկեսրոջ զարմացած հայացքը, ավելի բարձր:) Դոլմա:

ԼԵՎՈՆ – Վահե, գինի լցրու:

Վահեն լցնում է հորը` լիքը բաժակ, իրեն, մորն ու տատին` կիսով չափ, Նարեին` մի քանի կաթիլ:

ԼԵՎՈՆ – Դե… մեր կենացը:

Լուռ ուտում են:

ԱՆԱՀԻՏ – Նարե, կարգին հաց կեր:

ՎԱՀԵ – Օրիգինալ չես, մամ ջան: Մեր գեղեցկուհին արդեն երկու տարի է` հաց չի ուտում:

ՆԱՐԵ – Դու քեզ նայիր, արդեն փորիկ ունես:

ՎԱՀԵ – Բուժման պրոցեսին փորիկը չի խանգարում:

Լևոնը ծանր նայում է երկուսին: Ժամանակավոր լռություն է տիրում:

ՎԱՀԵ – Տատ, ի՞նչ են գրում թերթերը:

ՏԱՏ – Ինչ պատահի:

ՎԱհե – Ու դու էդ պատահածից ոչ մի տող բաց չես թողնում: Չե՞ս զզվել:

ՏԱՏ – Չեմ զզվել: Հոգնել եմ:

ՎԱՀԵ – Ի՛…

ՏԱՏ – Սովետի օրոք հանելուկ լուծելու պես բան էր թերթ կարդալը` տողատակերի մեջ էինք կարդում իրականությունը: Բա բազմակետե՜րը… Երբեմն այդ երեք կետերն ավելի շատ բան էին ասում, քան ամբողջ էջը: Բայց հիմա…

ՎԱՀԵ — Նույն չէ՞…

ՏԱՏ – Ինչքան անհավատալու բան են գրում, պարզվում է` ճիշտ է:

ՆԱՐԵ – Իսկ հավատալո՞ւնը…

ՏԱՏ – Հավատ չի մնացել, հավատալու բա՞ն կմնա…

ԱՆԱՀԻՏ – Մամ ջան, ինչքա՞ն խնդրեմ, որ գոնե ճաշելիս քաղաքականությունից չխոսենք:

ՏԱՏ – Ես մեղավոր չեմ, որ ամենասովորական բաների մասին խոսելն այսօր դարձել է քաղաքականություն:

ԼԵՎՈՆ – Դրա համար էլ ճիշտը չխոսելն է:

ԱՆԱՀԻՏ – Ու մինչև ե՞րբ… (Նրա խոսքի ենթատեքստը ուղղված է Լևոնին:)

ԼԵՎՈՆ — (ի պատասխան նրա ենթատեքստին): Ավելի լավ է` երբեք: Թե չէ, մեկ էլ տեսար, խոսենք, ու դրանից հետո էլ խոսելու բան չենք ունենա:

ՏԱՏ — (բազմանշանակ նայում է նրանց): Ավելի լավ է` թերթ կարդացեք:

ՆԱՐԵ – Տատ, ոնց որ մեր դասատուն լինես: (Նմանակելով:) «Գիրք չեք կարդում, թերթ կարդացեք, գոնե վերջին էջի խաչբառը… որ տառերը չմոռանաք»: Յա՛խկ:

ԱՆԱՀԻՏ – Բացականչությունդ վերաբերվում էր խաչբառի՞ն:

ՆԱՐԵ — (մարտահրավերով): Նաև մեր տան գրադարանին:

ԱՆԱՀԻՏ — (չկարողանալով իրեն զսպել, պատառաքաղն աղմուկով դնում է սեղանին): Ես փորձել եմ համակերպվել, որ կյանքդ նվիրելու ես ուրիշների հագուստները ցուցադրելուն, բայց նույնիսկ գլամուրային մոդելի գլխում գոնե մի երկու խելացի միտք պիտի լինի, որոնք այդ մոդելի աչքերին ինչ-որ իմաստ կտան:

ՆԱՐԵ – Մամ, մոդելին այնպիսի մեյքապ են անում, որ իմաստավորված աչքերի կարիք չի լինում:

ԱՆԱՀԻՏ – Բայց դա քեզ իրավունք չի՛ տալիս… Այդ գրքերը դո՞ւ ես հավաքել, որ այդքան հեշտ ծաղրում ես:

ԼԵՎՈՆ — (թունոտ): Աղջիկս, հույս չունենաս, Հուռիին ծաղրել չես կարող… Իսկ հիմա, կարծում եմ, ճիշտ ժամանակն է, որ մորդ ինչ-որ բան ասես:

ՆԱՐԵ – (համառ շեշտով): Ներողություն են խնդրում, երբ հավատացած են, որ սխալ են: Ի՞նչ եք թարս նայում, այսօր ո՞վ է գիրք կարդում, շատ-շատ` ինտերնետից են օգտվում:

ՎԱՀԵ – Քույրիկս, թեման փակիր, օրիգինալ չես: Քեզնից առաջ Ռեյ Բրեդբերի անունով գրողը արդեն գրել է:

ՏԱՏ – Ինչ էլ ասեք, գիրք այրելն անհնար է:

ԼԵՎՈՆ – Էլ չենք ասում թերթերի մասին:

ՎԱՀԵ — (փորձելով փոխել թեման): Դե լավ, հիմա էլ ինձ լսեք: Այսօր դիմում գրեցի: Ուսումս կշարունակեմ Գերմանիայում:

Բոլորը մի պահ քարանում են, հետո, ասես հրամանով, շարունակում ուտել:

ՎԱՀԵ – Պա, ասելու բան չունե՞ս:

ԼԵՎՈՆ – Անիմաստ է:

ՎԱՀԵ – Դե ինչ, այդքանի համար էլ շնորհակալ եմ:

ԱՆԱՀԻՏ – Վերջը որոշեցիր:

ՆԱՐԵ – Շատ էլ ճի՛շտ արեց: Ես էլ եմ գնալու:

ԱՆԱՀԻՏ – Ինձ սպանում է, թե ինչ հեշտ եք ասում այդ բառը` գնալու եմ:

ՎԱՀԵ – Մամ, ամբողջ աշխարհը ճամպրուկն առած մի երկրից մյուսն է գնում:

ՏԱՏ – Գաղթո՛ւմ: Ճիշտ բառը ամեն ինչ իր տեղն է դնում: 

ԼԵՎՈՆ – Հիմա այդ բառն էլ է իմաստը կորցրել: Էլ չեմ ասում ուրիշ բառերի մասին:

ՎԱՀԵ – Էլի՜ սկսվեց:

ՆԱՐԵ – Տո՜ւն, հայրենի՜ք…

ՏԱՏ — (տեսնելով, թե ինչպես լարվեց Լևոնը): Մեզ բնակարան էր հասնում, բայց ես ու պապդ որոշեցինք սեփական տուն կառուցել, որ…

Բոլորը միաժամանակ:

ԱՆԱՀԻՏ – Մամ, էլի՞…

ԼԵՎՈՆ – Վերջ տուր, հա՞…

ՎԱՀԵ – Հասա՜նք…

ՆԱՐԵ – Ու անցա՜նք…

ՏԱՏ — (ներքուստ կծկվելով): Ու թեման փակեցինք: (Փորձում է կատակել:) Այս նախադասությունը վերջին անգամ ե՞րբ ասացի…

ԲՈԼՈՐԸ միասին – Անցած շաբաթ…

ՎԱՀԵ – Այս նույն ժամին:

Փորձում են ծիծաղել, շինծու է ստացվում: Տատը ինչքան փորձում է թաքցնել վիրավորանքը, այնքան ավելի է հուզվում:

ԼԵՎՈՆ — (առաջին անգամ ուղիղ նայելով տնեցիներին): Ինչքան գնում, ավելի եմ համոզվում, որ միասին ճաշելն էլ կորցրել է իր իմաստը:

ՎԱՀԵ – Պա՞…

ԼԵՎՈՆ – Այդպես չէ՞…

ԱՆԱՀԻՏ – Տնաշեն, էս մի օրն է, որ նորմալ տեսնում ենք իրար…

ՆԱՐԵ – Անգամ փորձում ենք խոսել…

ՎԱՀԵ – Իսկ փորձը փորձանք չէ:

ԼԵՎՈՆ — (Անահիտին): Լսում ես, չէ՞… Նրանք ոչ մեր խոսքի կարիքն ունեն, ոչ էլ խորհրդի: Հիմա՞ էլ կասես, որ այս թատրոնը մեզ պետք է:

ՎԱՀԵ – Պետք չէ: Ավելին` ավելորդ է: (Կանխելով մորը:) Չէ, մամ, թող ասեմ, ինչ մտածում եմ: Ես փոքրուց սիրել եմ մեր այս շաբաթօրյա ճաշը: Պապիկը` նստած իր տեղում… հիմա   հայրս է նստում: Տատս գնում-գալիս էր խոհանոց: Մաման աշխատում էր բոլոր համեղ կտորները մեզ ուտեցնել… Դուք խոսում էիք, մենք լսում էինք… մեկ-մեկ էլ մենք էինք խոսում: Բայց լարվածություն չկար, այնպես հանգիստ էինք բորորս… Մի տեսակ, ո՞նց ասեմ, որ հասկանաք…

ՆԱՐԵ – Հա, առաջ ուրիշ էր… ուրախ էր, ծիծաղում էինք… Դոլման էլ ուրիշ էր…

ԱՆԱՀԻՏ — (չի կարողանում թաքցնել վիրավորանքը): Հա, պապիկը նստում էր սեղանի գլխավերևում, տատիկն էլ բերում էր դոլման… Կարծում եք, չգիտե՞մ, որ այդպես էլ դոլմա եփել չսովորեցի:

ՏԱՏ – Չէ, աղջիկս, քո եփած դոլման իմինից պակասը չէ: Այս սեղանի շուրջը ուրիշ բան է պակասում… 

ՎԱՀԵ – Գրականության մեջ սա կոչվում է հայրերի ու որդիների կռիվ:

ԼԵՎՈՆ – Ինչո՞ւ այդ կռիվը չկար իմ ու հորս միջև:

ՎԱՀԵ — Ո՞վ ասաց… գուցե մոռացել ես:

ՆԱՐԵ – Պապ, ժամանակները փոխվել են… Շատ են փոխվել:

ԱՆԱՀԻՏ – Ես ամեն ինչ անում եմ, որ մեր տանը ոչինչ չփոխվի… Կարծում եք, հե՞շտ է… Դպրոցից շնչակտուր շուկա, խանութներ, գլխապատառ խոհանոց եմ ընկնում… Բայց երբեք չեմ դժգոհել, մտածել եմ` այսպես պետք է: Ընտանիք ենք, չէ՞, վերջապես… 

ԼԵՎՈՆ – Կարծես հոգեհանգիստ լինի:

ՎԱՀԵ – Վերջերս ոնց որ վզիցս քաշեն, բերեն, էստեղ նստեցնեն, բայց որ դու ես ասում` հոգեհանգի՞ստ է…

ՏԱՏ — (հազիվ պահելով հուզմունքը): Կյանքում ամեն ինչ փոխվում է: Աշոտն ու ես այս տան մեջ հիմք դրեցինք շաբաթ օրվա ճաշին, բայց ժամանակն իրենն է անում… Ես հասկանում եմ, որ ինձ համար եք փորձում շարունակել մեր տան ավանդույթը, բայց… երևի ամեն ընտանիք իր կյանքով պիտի ապրի: (Կամաց:) Գոնե Աշոտը չտեսավ… (Բարձրացնում է բաժակը:) Եկեք խմենք այս օրվա կենացը: Սրանից հետո շաբաթը մնացած օրերից ոչնչով չի տարբերվի ու ամեն մեկը ինքը կորոշի` ինչպես անցկացնել այդ օրը: (Նայելով որդուն:) Այդպես չէ՞, տղաս:

ԼԵՎՈՆ — (հայացքը փախցնելով): Այդպես է: Իմաստուն մայր ունենալն էլ մի բան չէ:

ՆԱՐԵ – Yes! Կհասցնեմ միանալ մերոնց: Ակումբում ինձ են սպասում:

ՎԱՀԵ – Եվ ի՞նչ եք գտել էդ լոֆթում:

ՆԱՐԵ – Որ գաս` կիմանաս: Մամ, ես գնամ…

ԱՆԱՀԻՏ – Ափսեդ կմաքրես ու հետո կգնաս:

Նարեն արագ կուլ է տալիս ափսեի մեջ մնացածը: Վահեն հեռախոսով sms է գրում: Լևոնը գնում է պատշգամբ, այնտեղ հեռախոսով ինչ-որ մեկի հետ է խոսում, իսկ հետո գնում է այգու խորքը: Անահիտը փորձում է նրան չնայել: Տատը հետևում է այդ ամենին ու աչքի առաջ կծկվում-փոքրանում է:

ՏԵՍԱՐԱՆ 3

Դռան զանգ: Նարեն ու Վահեն հայացքներով մենամարտում են` ով է դուռը բացելու: Մոր հայացքից ազդված` Վահեն գնում է նախասենյակ: Բացվող դռան ձայն և… ներս է ընկնում Հրեշտակը: Մի ձեռքում տորթի տուփն է, մյուսում` պայուսակը: Նրա ետևից ներս մտած Վահեն զարմացած զննում է նրան: Լևոնից բացի, որն այգում է, բոլորը սպասողական-զարմացած նայում են նրան: Լայն ժպտալով` աղջիկն էլ զննում է ներկաներին: 

ՎԱՀԵ – (մոտենալով` ականջի տակ կեղծ հազում է): Ըհը-ըհը…

ՀՐԵՇՏԱԿ – (խեթ նայելով): Սուտ հազ:

ՎԱՀԵ – (ավելի կեղծ է հազում):

ՀՐԵՇՏԱԿ – Հիմա իսկապես կհազաս:

Վահեին հազի նոպա է բռնում:

ՀՐԵՇՏԱԿ – (մի քանի վայրկյանից հետո): Ստո՛պ: (Վահեի հազը կտրվում է:) Սրանից հետո  դերասանություն չես անի: Ու լավ կանես, եթե օգնես: Չե՞ս տեսնում, ձեռքիցս ընկնում է:

Վահեն հազիվ է կարողանում «փրկել» տուփը:

ՀՐԵՇՏԱԿ – Ապրե՛ս: Թե չէ` ըհը-ըհը… (Բոլորին.) Արդեն հասկացաք, որ այս տորթը ձեզ համար է:

ՆԱՐԵ – (իբր` զարմացած): Ինձ համար է՞լ…

ՀՐԵՇՏԱԿ – Մի պստիկ կտորը ոչինչ չի անի: (Դավադիր:) Փոխարենը ձեզ կասեմ հոլիվուդյան վերջին դիետայի գաղտնիքը:

Վահեն տորթը դնում է սեղանին: 

ՀՐԵՇՏԱԿ – Ոչ: Դեռ ժամանակը չէ: (Ի պատասխան Անահիտի հայացքին:) Իտալական սալաթը դեռ չեք կերել, այդպես չէ՞…

ԱՆԱՀԻՏ – Վա՜յ, սալաթն եմ մոռացել… (Ուզում է գնալ խոհանոց:) 

ՀՐԵՇՏԱԿ – (իբր` ինքն իրեն): Տորթն էլ կարելի է սառնարան դնել…

Անակնկալի եկած Անահիտը վերցնում է տուփն ու գնում խոհանոց:

ՏԱՏ – (սևեռուն նայելով հրեշտակին): Աղջիկ ջան, դու որտեղի՞ց հայտնվեցիր:  

ՀՐԵՇՏԱԿ – Ի՜նչ ճիշտ նկատեցիք` ես իսկապես հայտնվեցի:

ՎԱՀԵ – (թունոտ): Չհայտնվեց: Եկավ: Դռնով: (Հրեշտակին.) Ո՞ր սերվիզից ես:

ՀՐԵՇՏԱԿ – (Վահեին՝ իբր զարմանքով): Մենք ծանոթնե՞ր ենք…

ՎԱՀԵ – Այսի՞նքն…

ՀՐԵՇՏԱԿ – Ես ինչքան գիտեմ, Երկիր մոլորակի վրա անծանոթ մարդիկ իրար դուք-ով են դիմում:

ՆԱՐԵ – (եղբորը խայթելու առիթը բաց չթողնելով): Նա ապագա բժիշկ է ու բոլորը, իրենից բացի, պոտենցիալ հիվանդներ են, որոնց հետ քաղաքավարություն խաղալու հե՛չ կարիք չկա:

ՀՐԵՇՏԱԿ – Ահա՜ թե ինչ… (Վահեին` թունոտ:) Ես երբե՛ք ձեր հիվանդը չեմ լինի: Այնպես որ, բարի եղեք ու անցեք դուք-ի:

ՎԱՀԵ – Դուք-ի անցնելու համար պիտի խոսեմ… Գնացի լռելու: (Ցուցադրաբար գնում-նստում է անկյուներից մեկի բազմոցին:)

ՆԱՐԵ – (Վահեին): Ապերիկս, մի հիվանդ կորցրիր: (Հրեշտակին.) Ի՞նչ եք կանգնել դռան մոտ, առաջ եկեք:

ԱՆԱՀԻՏ – (ներս գալով): Ո՞վ է պատվիրել տորթը:

Բոլորը նայում են իրար, ու քանի որ ոչ մեկը չէ՝ միաժամանակ նայում են այգու կողմը:

ԱՆԱՀԻՏ – (մեկնաբանելով նրանց հայացքը՝ ինքն էլ է նայում դեպի այգին): Լևո՞նը… մի՞թե… (Հրեշտակին.) Ինչ-որ թո՞ւղթ եմ ստորագրելու:

ՀՐԵՇՏԱԿ – Բայց ինչի՞…

ԱՆԱՀԻՏ – Դե, սա առաքում է, չէ՞… Գուցե նաև պիտի վճարե՞մ:

ՀՐԵՇՏԱԿ – Ոչ, ոչ, ոչ մի վճարել: Ու ստացականի կարիք էլ չկա: Սա մեր ֆիրմայի անակնկալն է ձեզ:

ԱՆԱՀԻՏ – Ֆիրմայի՞… ի՞նչ առիթով… և ինչո՞ւ` մեզ:

Հրեշտակն ուսից իջեցնում է պայուսակը` ցույց տալով, որ շատ է հոգնել:

ՏԱՏ – Անահիտ, հարցերը հետո… աղջկան հրավիրիր սեղանի մոտ:  

ՀՐԵՇՏԱԿ – (ուրախացած): Վա՜յ, վերջապես… Ինչ ներս եմ մտել` այս բառերին էի սպասում:

Պայուսակը քարշ տալով բերում, խցկում է Լևոնի աթոռի տակ, նստում աթոռին: Հարմարվում է տեղում, գլխից հանում է կեպին, խոթում է պայուսակի մեջ: Ուղղում է մազերը, վերջապես հանդարտվում ու արտահայտիչ նայում Լևոնի կեղտոտ սպասքին: Հետո տեղից թռչում է, ափսե, պատառաքաղ-դանակ ու բաժակ տանում է խոհանոց:

ՎԱՀԵ – (սուլելով): Է՞ս ով է…

ԱՆԱՀԻՏ – Հիմա կիմանանք: (Գնում է խոհանոց:)

ՏԵՍԱՐԱՆ 4

Լուսավորվում է խոհանոցը: Հյուրասենյակը խավարի մեջ է: Հրեշտակն սպասողական նայում է խոհանոցի դռանը: Ներս է գալիս Անահիտը:

ՀՐԵՇՏԱԿ – (չզարմանալով Անահիտի հայտնվելուց): Գիտեի, որ դուք կգաք… Հասկանո՞ւմ եք, ես չեմ ուզում, որ նրանք իմանան…

ԱՆԱՀԻՏ – Ի՞նչ իմանան:

ՀՐԵՇՏԱԿ – Ես Սոնայի աղջիկն եմ:

ԱՆԱՀԻՏ – (փորձելով մտաբերել): Սոնայի՞…

ՀՐԵՇՏԱԿ – Ձեր համակուրսեցին… 

ԱՆԱՀԻՏ – (անկեղծ ուրախացած): Ախ, Սոնայի… Բայց նա վաղուց Հայաստանում չէ:

ՀՐԵՇՏԱԿ – Այո: Ես տուրիստ եմ եկել… Մաման տվեց ձեր հասցեն, ասաց` Երևանում ինչ էլ փոխված լինի` Անահիտենց հասցեն անփոփոխ է: Մաման, ինչպես միշտ, չի սխալվում:

ԱՆԱՀԻՏ – Նո՞ր եք եկել:

ՀՐԵՇՏԱԿ – Չէ, մի ամիս է` այստեղ եմ: Գիշերը թռչում եմ… 

ԱՆԱՀԻՏ – Բայց պատմածիդ մեջ ի՞նչ կա, որ չեք ուզում՝ մերոնք իմանան:

ՀՐԵՇՏԱԿ – Ոչ մի բան էլ չկա… Պարզապես այս մի ամսում միշտ նույն հարցերն են տալիս` փոխվե՞լ է Երևանը, ինչպե՞ս է այնտեղ, հո չե՞նք զղջում կամ, ինչքա՜ն երջանիկ ենք, որ գնացել ենք Լոս… Անկեղծ ասած` հոգնել եմ: Դրա համար էլ… Մեկ էլ տեսար` նորից նույն հարցուփորձը… Իսկ ես եկել եմ, որ մամայիս խնդրանքը կատարեմ, ու վերջ:

ԱՆԱՀԻՏ – Մի քիչ տարօրինակ է, բայց… ինչպես կուզեք: Սոնան ինչպե՞ս է…

Մնջախաղ` Հրեշտակը ոտով-ձեռքով ինչ-որ բան է ոգևորված պատմում, խոհանոցն աստիճանաբար մթնում է, լուսավորվում է հյուրասենյակը:

ՆԱՐԵ – Կարո՞ղ է` ափսեներն է լվանում:

ՎԱՀԵ – Լսիր, քեզ համար աշխարհի ամենամեծ պատիժը ափսե լվանա՞լն է:

ՆԱՐԵ – (առաջ պարզելով ձեռքերը): Ե՞րբ պիտի հասկանաս, որ մատները հատուկ խնամք են պահանջում:

ՎԱՀԵ – Տատ, խոսիր, է՜…

ՏԱՏ – Ինչ ասեմ… 

ՎԱՀԵ – Օրինակ, կուզեի՞ր, որ սրա պես մեկին հարս բերեի:

ՆԱՐԵ – Տատը քեզ այդ հարցը չի տա:

ՎԱՀԵ – Ի՞նչ գիտես:

ՆԱՐԵ – Տատը` այստեղ, դու` Գերմանիայում… Ուզում ես չուկչայի հետ ամուսնացիր, մե՞զ ինչ: (Տեսնելով, որ տատը իր մտքերի հետ է:) Ճիշտ չե՞մ ասում… տա՜տ, չե՞ս լսում:

ՏԱՏ — Այս աղջկա դեմքը ձեզ ծանոթ չէ՞:  

ՆԱՐԵ – Առաջին անգամ եմ տեսնում:

ՎԱՀԵ – Ֆիրմայի առաքիչ է… Կարող է, մի տեղ տեսած լինես… կամ չլինես:

ՏԱՏ – Ինչո՞ւ է ինձ թվում, որ նրան տեսել եմ:  

ՎԱՀԵ – Տատ, հիմա աղջիկները այնպես են ներկվում-սարքվում, որ բոլորը մի դեմքանի են: Օրինակ` թոռդ: Իրեն լրիվ համապատասխանեցրել է մոդելային ստանդարտին:

ՆԱՐԵ – Էլի՞ սկսեցիր… Դու, ավելի լավ է, մտածիր, որ գնաս, քո Անին ի՞նչ պիտի անի առանց քեզ:

ՎԱՀԵ – (սպառնալի): Եթե հիմա բերանդ չփակես…

Գալիս են Անահիտն ու Նարեն:

ԱՆԱՀԻՏ – (բերում է սալաթը): Չէ, թող չփակի, որովհետև իտալական սալաթը պիտի ուտի: (Նարեին.) Մի վախենա, միայն բանջարեղեն է, առանց մայոնեզի: (Իրեն հետևող Հրեշտակին:) Նստիր, աղջիկս, դու էլ անպայման պիտի փորձես: Դոլման` չէ, բայց սալաթ սարքել կարող եմ:

ՎԱՀԵ – Մա՞մ… (Բազմանշանակ, կամաց:) Իմացա՞ր…

ԱՆԱՀԻՏ – Վահե, նա մեր հյուրն է: Առանց մեկնաբանության: Ու սալաթ վերցրու:

ՎԱՀԵ – Ես էլ սալաթից եմ հրաժարվում` առանց մեկնաբանության: (Ցուցադրաբար ելնում է տեղից, քրոջ կողքով անցնելիս:) Մի անգամ էլ Անիի անունը տվել ես… (Գնում, նստում է անկյունի բազմոցին, հեռախոսով sms է գրում:)

ՀՐԵՇՏԱԿ – (ի պատասխան Տատի սևեռուն հայացքի): Դուք իսկապես առաջին անգամ եք ինձ տեսնում:

ՏԱՏ – Իսկապե՞ս…  

ՀՐԵՇՏԱԿ – Այո: (Թեման փոխելու համար:) Դուք շատ նման եք իմ տատին: Միայն մի տարբերությամբ` թերթ կարդալու փոխարեն նա ամբողջ օրը գործում է, իրեն որ մնա` ոտից-գլուխ նրա գործած շորերը պիտի հագնեմ: Բայց, ինչպես տեսնում եք, բավարարվել եմ միայն վզնոցով: 

ՏԱՏ — (կասկածով): Որտեղի՞ց գիտես, որ ամբողջ օրը թերթ եմ կարդում:

ՀՐԵՇՏԱԿ — (իբր ինչ-որ բան հիշելով): Վա՜յ… ոնց էի մոռացել… (Մտնում է պայուսակը, հանում է բջջայինը, փորձում է խոսել` չի ստացվում: Մտահոգ նայում է էկրանին:) Էլի էկրանը սևացավ… (Նարեին.) Սրանից գլուխ հանո՞ւմ ես: 

ՆԱՐԵ – Միայն զանգելով: (Հեռվից զննելով ապարատը:) Ո՞ր դարի հեռախոս է:

ՀՐԵՇՏԱԿ – (իբր նեղ զգալով): Դե հա… հնացած մոդել է… Հետաքրքիր է, ձեր եղբայրը մարդկանց բանի տեղ չդնելուց բացի ուրիշ բանի ընդունա՞կ է:

ՆԱՐԵ – Իսկ դուք ստուգեք:

ՀՐԵՇՏԱԿ – Եվ կստուգենք: (Գնում է Վահեի մոտ:)

ՏԵՍԱՐԱՆ 5

Նույն կերպ անկյունը լուսավորվում է, հյուրասենյակը` մթնում: Նարեն գալիս, նստում է Վահեի կողքը:

ՀՐԵՇՏԱԿ – Ինձ չէի՞ք օգնի:

ՎԱՀԵ – Իսկ քիչ առաջ ո՞վ էր հայտարարում, որ երբեք իմ օգնության կարիքը չի ունենա:

ՀՐԵՇՏԱԿ – Էլի որ` հույս չունենաք: (Տալով հեռախոսը:) Հիվանդը սա է:

ՎԱՀԵ – (վերցնելով` սուլում է): Էս ի՞նչ քարե դար է…

ՀՐԵՇՏԱԿ – Հետո՞ ինչ… Ամեն ինչ արտաքինով եք գնահատում: Իսկ գուցե սա շատ թանկ նվեր է: Ամենաթանկ մարդուց մնացած հիշատակ:

ՎԱՀԵ – Այդ մասին չէի մտածել, ներեք ինձ… Դատելով տեսքից` նվերն ստացել եք մի հազար տարի առաջ: (Զննելով ապարատը, ավելի կամաց:) Իսկ հիմա ասացեք, թե ով եք ու ինչ եք անում մեր տանը:

ՀՐԵՇՏԱԿ – Չասացի՞, որ…

ՎԱՀԵ – Չէ: Հիմա կասեք:

ՀՐԵՇՏԱԿ – (անմիջական-մտերմիկ): Այդպես էլ գիտեի, որ չես հավատա… Ապրե՛ս: Ուրեմն, չեմ սխալվել: Մենք լավ ծանոթներ ենք:

ՎԱՀԵ – Նույնի՞սկ… իսկ որտեղի՞ց:

ՀՐԵՇՏԱԿ – Ֆեյսբուքից:

ՎԱՀԵ – (ուշադիր նայելով): Իսկ ավելի կոնկրե՞տ…

ՀՐԵՇՏԱԿ – Օմեգան եմ:

ՎԱՀԵ – Լո՞ւրջ… 

ՀՐԵՇՏԱԿ – Ըհը, չե՞ս հավատում:

ՎԱՀԵ – (կարճ մտորելուց հետո): Վերջին անգամ ինչի՞ մասին ենք խոսել: 

ՀՐԵՇՏԱԿ – Ի՜նչ անհավատն ես: Լավ, լավ, ասեմ: (Մի շնչով:) Քննարկել ենք գլոբալ տաքացման պայմաններում մարդկային օրգանիզմի հարմարվողականության հնարավորությունները… Ֆո՛ւհ…

ՎԱՀԵ – (մեղմացած, բայց բառերը շեշտելով): Դեռև՛ս անհայտ հնարավորությունները:

ՀՐԵՇՏԱԿ – Ճիշտ է: Դեռև՛ս: Որովհետև այդ անհայտը դու ես բացահայտելու: 

Ծիծաղում են: Սառույցը հալվում է:

ՎԱՀԵ – Եկել ես, որ զրո՞ւյցը շարունակենք: 

ՀՐԵՇՏԱԿ – Դե, չէ… Դու հետաքրքիր զրուցակից ես, ես էլ որոշեցի քեզ տեսնել իրականում: Բայց քանի որ քույրիկդ աշխարհի բացբերանն է ու հենց իմանա` ով եմ, միանգամից կզանգի Անիին…

ՎԱՀԵ – Նարեն դա հաստա՛տ կանի:

ՀՐԵՇՏԱԿ – Դրա համար էլ որոշեցի այսպես… ծպտված: Մի քիչ հետո ես կգնամ: Ու սրանից հետո կխոսենք որպես իրական մարդիկ: Գիտես, արդեն հոգնել եմ այդ վիրտուալ իրականությունից: (Դավադիր ժպտում են:) Իբր` հեռախոսս սարքեցիր: 

ՎԱՀԵ – (անսպասելի մտքից՝ զգուշավոր): Բայց, սպասիր, Անիի մասի՞ն որտեղից գիտես…

ՀՐԵՇՏԱԿ — (խուսափելով պատասխանից, բարձաձայն:) Շնորհակալ եմ, թե չէ հույսս կորցրել էի: (Գալիս է լուսավորվող հյուրասենյակը: Նստածներին:) Մարդ` չգիտեմ, բայց հեռախոս լա՜վ էլ բուժում է: (Համար հավաքելով:) Ալո… (Բոլորին.) Կներեք… (Ցածրաձայն խոսելով` գնում է մութ անկյունը:)    

ՆԱՐԵ – (մոտեցող Վահեին): Ի՞նչ էիք այդպես քննարկում:

ՎԱՀԵ – Քե՞զ ինչ:

ՆԱՐԵ – Չե՞ս կարծում, որ մի քիչ երկար նստեց քո կողքին: Եթե ինչ-որ մեկն իմանա, որ ոմանք փսփսում ու խնդմնդում են անծանոթ աղջկա հետ… (Կանխելով եղբոր պոռթկումը:) Վե՛րջ, էլ չեմ շարունակում: Նաև հաշվի առ, որ Անիիդ անունը չասացի: (Բարձրանում է տեղից:)

ՏԱՏ – Այդ ո՞ւր:  

ՆԱՐԵ – Հետաքրքիր է, այսքան երկար ի՞նչ է խոսում… և ում հետ:

Մոտենում է Հրեշտակին, անկյունը լուսավորվում է, հյուրասենյակը` մթնում:

ՏԵՍԱՐԱՆ 6

Նարեն մոտենում, լսում է րեշտակին, որն իբր չի նկատում Նարեին: 

ՀՐԵՇՏԱԿ – (լսափողի մեջ): …չեմ կարծում, որ երկար կտևի: ենց հիմա կխոսեմ նրա հետ ու համապատասխան եզրակացությունը կներկայացնեմ ձեզ: Առայժմ: (Անջատում է հեռախոսը և իբր նոր տեսնում Նարեին:) Իսկ ուրիշի խոսակցությունը լսել կարելի՞ է:

ՆԱՐԵ – Կարելի է, եթե ուզում ես իմանալ, թե ինչ շպիոնական խաղեր ես այստեղ խաղում:

ՀՐԵՇՏԱԿ – Դա ի՞նչ բառ է՝ շպիոն… հայերե՞ն է:

ՆԱՐԵ – Մի ցրի: Շատ լավ էլ հասկանում ես ասածս: Լսիր, փոքրիկս, դու ո՞վ ես:

ՀՐԵՇՏԱԿ – (միանգամից լրջանում, նույնիսկ տարիքով ավելի մեծ է երևում): Մեկ ամիս առաջ ձեր ռեզյումեն ու լուսանկարներն ուղարկել եք մեզ: (Գրպանից հանում, նրան է մեկնում այցեքարտ:)

ՆԱՐԵ – (զննելով այցեքարտը, շփոթահար): Այո, բայց…

ՀՐԵՇՏԱԿ – Ոչ մի բայց: Ձեր տվյալները հուսադրող են: Իսկ հիմա համոզվեցի, որ ձեր գրածն ու լուսանկարները համապատասխանում են իրականությանը:

ՆԱՐԵ – (չկարողանալով իրեն զսպել): Ո՛ւխ… Yes!

ՀՐԵՇՏԱԿ – Շուտ եք ոգևորվում: Դեռ անչափահաս եք, իսկ ֆիրման պիտի վստահ լինի, որ դուք գիտակցված եք ընտրել մասնագիտությունը:

ՆԱՐԵ – Ժամանակները փոխվել են, իսկ ես տասնհինգ տարեկան եմ ու միանգամայն պատասխանատու սեփական արարքներիս համար:

ՀՐԵՇՏԱԿ – Տես, է՛, ինչ գրագետ շարադրված մտքեր… Բա ինչո՞ւ եք ծաղրում ձեր գրադարանը: (Զգալով, որ սխալ թույլ տվեց, սկսում է կեղծ հազալ:)

ՆԱՐԵ – Սուտ հազ:

ՀՐԵՇՏԱԿ – Ֆարինգիտ: Բայց դա չէ հիմա կարևորը: (Նարեն դեռ կասկածով զննում է նրան:) Ի՞նչ եք նայում, այսօր ջահելների մի մասը լուրջ չի ընդունում գիրքն ու գրադարանը: (Վերջին փորձն է անում:) Վերջին սոցիոլոգիական հարցումն էլ դա է ցույց տվել:

ՆԱՐԵ – Այ, սոցիոլոգների պահով` համոզեցիք: 

ՀՐԵՇՏԱԿ – Ուրեմն, վերադառնանք մեր խնդրին: Նախ տեղյակ պահեմ, որ սա մեր գործելակերպն է` տեղում տեսնել, ծանոթանալ թեկնածուի հետ: Ինչո՞ւ չէ, նաև ընտանիքի կարծիքն իմանալ: (Դավադիր:) Ի՞նչ եք կարծում, եթե ձերոնց ասեի, թե ով եմ` կօգնե՞ր ձեր գործին: 

ՆԱՐԵ – Հաստատ կխանգարեր:

ՀՐԵՇՏԱԿ – Դրա համար էլ այս ծիծաղելի ներկայացումը սարքեցի, որ կասկածի տեղիք չտամ: Այնպես որ, շպիոնական խաղերի մասին մոռացեք:

ՆԱՐԵ – Մոռացա:

ՀՐԵՇՏԱԿ – Ուրեմն, գնանք, սալաթ ուտենք:

Միասին գալիս են հյուրասենյակ: Նստում են ու սինխրոն ծամում են սալաթը: Այնպիսի համերաշխությամբ, որ ներկաները չեն կարող թաքցնել իրենց զարմանքը:

ՎԱՀԵ – Այս ի՞նչ համերաշխ սալաթաջարդ է:

ՆԱՐԵ – Հենց նոր այնպիսի մի դիետայի մասին իմացա, որ սալաթ չէ` տորթ էլ կուտեմ: (Մի պահ մտածելուց հետո:) Բայց շատ փոքրիկ կտոր:

Լևոնը մտնում է այն պահին, երբ Վահեն Հրեշտակի բաժակը գինի է լցնում, Անահիտը պանիր է դնում նրա ափսեի մեջ, իսկ Նարեն մեկնում է սոուսի ափսեն: Տատը գորովանքի ժպիտով հետևում է այս իրարանցմանը:

ԼԵՎՈՆ – Սա… ո՞վ է:

Բոլորը շփոթվում են` ինչ ասեն:

ՎԱՀԵ – Դե… ո՞նց թե` ով է: Ի՛նքն է:

ԼԵՎՈՆ – Ինքը… Իսկ ինքն ի՞նչ է անում այստեղ:

ՆԱՐԵ – Սալաթ է ուտում: Ինձ հետ:

ԼԵՎՈՆ – Լավ, որտեղի՞ց եկավ այս սալաթակերը:

ԱՆԱՀԻՏ – Չեկավ: Հայտնվեց:

ԼԵՎՈՆ – Հայտնվեց ու նստեց սալաթ ուտելո՞ւ:  

ՏԱՏ – Հյուրը Աստծունն է, տղա՛ս:

ԲՈԼՈՐԸ ՄԻԱՍԻՆ – Բա՞…

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

ՏԵՍԱՐԱՆ 1

Նույն հյուրասենյակը: Կիսահավաք սեղան: Նարեն ու Հրեշտակը ծույլ-ծույլ քչփորում են ափսեների մեջ մնացած սալաթը: Անահիտը բերում է մատուցարանը, ուզում է բաժակները վրան դնել:

ՀՐԵՇՏԱԿ – Տիկին Անահիտ, թողեք, մենք կհավաքենք:

ԱՆԱՀԻՏ – Մե՞նք…

ՀՐԵՇՏԱԿ – Ե՛ս:

ՆԱՐԵ – Մեկ էլ տեսար` ես էլ հասա նրան օգնության:

ԱՆԱՀԻՏ – Պարզվում է` հրաշքներ դեռ պատահում են: (Զանգում է հեռախոսը:) Այո՞… Դո՞ւք եք: Այո, ես եմ Գոռին ասել, որ զանգեք: Ուզում էի իմանալ, դուք տեղյա՞կ եք, թե կիսամյակը ինչպես է փակելու ձեր տղան… (Խոսելով գնում է սենյակ:)

ՆԱՐԵ – Վե՛րջ, աշխարհը մոռացավ, հիմա նրա համար կարևոր են ծույլիկ Գոռն ու նրա պրոբլեմները:

ՀՐԵՇՏԱԿ – Իսկ ես միշտ երազել եմ, որ մայրս ուսուցչուհի լիներ:

ՆԱՐԵ – Իսկ նա ի՞նչ է:

ՀՐԵՇՏԱԿ – (նեղ զգալով): Դե, ինչպես ասեմ… Ավելի լավ է, վերադառնանք մեր խոսակցությանը: Ռեզյումեիդ մեջ գրված է, որ հրաշալի պարում ես, սպորտով ես զբաղվում… 

ՆԱՐԵ – Նաև յոգայով:

ՀՐԵՇՏԱԿ – Հրաշալի է: (Մտնում է պայուսակի մեջ, ինչ-որ թղթեր է հանում, նայում:) Նաև գրված է, որ մինչև տասներեք տարեկան շատ ես սիրել խնամել կենդանիների… նույնիսկ բուժել ես: 

ՆԱՐԵ – Ռեզյումեիս մեջ այդպիսի բան չկա:

ՀՐԵՇՏԱԿ – Համոզվա՞ծ ես: Իսկ ե՞ս որտեղից գիտեմ:

ՆԱՐԵ – Ի՞նչ իմանամ…

ՀՐԵՇՏԱԿ – Հասկանո՞ւմ ես, մեր ֆիրման մեծ հեղինակություն է վայելում, հանրաճանաչ մոդելներ է պատրաստում-սարքում-ստեղծում: Այո, մենք դա կարող ենք: Բայց միայն մի դեպքում: Եթե թեկնածուն ուրիշ երազանք չունի: Կամ չի ունեցել:

ՆԱՐԵ – Չեմ հասկանում:

ՀՐԵՇՏԱԿ – Մոդել` նշանակում է մտածել միայն քո մասին: Քո արտաքինը, քո չափսերը, քո ավելորդ գրամները, մամայիդ եփած ու քո չկերած համով ճաշերը…

ՆԱՐԵ – Բայց փոխարենը` միշտ լուսարձակների տակ, նորաձև, թանկարժեք զգեստներով, լրագրողների ուշադրության կենտրոնում:

ՀՐԵՇՏԱԿ – Ես կհավատայի քեզ, եթե…

ՆԱՐԵ – Ի՞նչ` եթե: Կարո՞ղ է` նորից ռեզյումեն հիշես:

ՀՐԵՇՏԱԿ – Իսկ դու, կարո՞ղ է, հիշես Բոնյային:

ՆԱՐԵ – Բոնյայի՞ն… Նրա՞ն որտեղից գիտես:

ՀՐԵՇՏԱԿ – Մեքենան խփել էր, թաթը ճզմվել էր: Ո՜նց էր կլանչում, ձայնը գցել էր բակով մեկ: Գրկեցիր, վազելով տարար բուժակի մոտ: Հետո քանի շաբաթ վիրակապում էիր, խնամում…

ՆԱՐԵ – Բայց քեզ ո՞վ ասաց: 

ՀՐԵՇՏԱԿ – Ինքը:

ՆԱՐԵ – Լսիր, դու…

ՀՐԵՇՏԱԿ – Չեմ ցնդել: Մի մոռանա, ամենահեղինակավոր ֆիրմայի ներկայացուցիչն եմ: Դրա համար էլ գիտեմ, որ ձեր թաղում ինչքան անտեր ու տերով շուն, կատու կա` սիրում է քեզ: Ճիշտ է, երկու տարի է` նրանց մոռացել ես, բայց նրանք քեզ հիշում են: Դեռ հիշում են:

ՆԱՐԵ – Դա է՞լ իրենք են ասել:

ՀՐԵՇՏԱԿ – Բա ո՞նց…

ՆԱՐԵ – Էլ ի՞նչ են ասել:

ՀՐԵՇՏԱԿ – Որ սպասում են, մինչև հիշողությունդ տեղը գա:

ՆԱՐԵ – Կատակում ես, չէ՞… դե, ասա, որ լուրջ չես ասում:

ՀՐԵՇՏԱԿ – (ծիծաղելով): Դե, իհարկե, կատակում եմ: Իսկ դու հավատացի՞ր… Լավ, մոռացիր, բան էր` ասացինք, ծիծաղեցինք, ու անցավ: Ինչ վերաբերում է քո նամակին… Կարծում եմ, մեր պատասխանը դրական կլինի: Պարզապես մի քիչ կփոխենք քեզ… Մազերիդ գույնը… դեմքդ թեթև կոռեկցիայի կենթարկենք… մի երկու կիլոգրամ էլ կնիհարես… Հա, տորթը չուտես, նույնիսկ մի փշուր: Մնացածը` տիպ-տոպ է, ու շուտով բոլորը կխոսեն թոփ-մոդել Նարեի… Չէ, Նարեն չեղավ… (Գնահատող զննելով աղջկան:) Մի հարմար անուն կգտնենք: Թե չէ Նարեն շատ… մի խոսքով, էն չի:

Տեղից բարձրանում, ափսեները դնում է մատուցարանի վրա, գնում է խոհանոց: Նարեն նրան հայացքով ուղեկցում է, մտախոհ զննում է եղունգները /դա նրա սիրած զբաղմունքն է/, համար է հավաքում:

ՆԱՐԵ – (լսափողի մեջ): Թե իմանաս` ի՜նչ եմ ասելու… Չէ, շատ բան չեմ կարող ասել, բայց կարևորը կասեմ… Շուտով դու կիմանաս մոդելային բիզնեսի նոր աստղի անունը… (Խոսելով գնում է իր սենյակը:)

ՏԵՍԱՐԱՆ 2

Գալիս է Հրեշտակը, բաժակներն է շարում մատուցարանի վրա: Մտնում է Վահեն:

ՎԱՀԵ – (սուլում է): Վիրտուալ աշխարհից ինչպիսի՜ անցում դեպի իրական կյանք` կեղտոտ բաժակների տեսքով:  

ՀՐԵՇՏԱԿ – Ինչո՞ւ ես ծաղրում… Իսկապես, օրվա մի մասը ֆեյսբուքում եմ, բայց մնացած ժամանակ սովորական աղջիկ եմ, ինչպես բոլորը:

ՎԱՀԵ – Միայն չասես` Նարեի պես: Ինչ գլուխը մտավ մոդել դառնալը` լրիվ փոխվեց, մի տեսակ հեռացավ մեզնից… Եվ, ընդհանրապես, ի՞նչ է կատարվում ձեր գլխում, այդ փայլուն շորերը ի՞նչ են անում ձեզ հետ:

ՀՐԵՇՏԱԿ – Դե, բոլոր աղջիկները չէ, որ երազում են մոդել դառնալ:

ՎԱՀԵ – Ես դրա դեմ բան չունեմ, մասնագիտություն է, ոչ ավելի ու ոչ պակաս մյուսներից: Բայց քրոջս չեմ կարող ներել, որ կարդալը թողեց:

ՀՐԵՇՏԱԿ – Իսկ դու կարդալ սիրո՛ւմ ես:

ՎԱՀԵ – Այնքան չեմ սիրում, ինչքան գիտեմ, որ պետք է կարդամ: Բժշկի մասնագիտությունը սովորում են ամբողջ կյանքի ընթացքում:

ՀՐԵՇՏԱԿ – Քեզ այսպիսին էլ պատկերացնում էի: Թե չէ ՖԲ-ում հիմնականում տափակ տղաներ են` տափակ սրամտություններով:

ՎԱՀԵ – Նույնն էլ ես կարող եմ ասել` տափակ աղջիկներ` տափակ ամբիցիաներով:

Ծիծաղում են:

ՀՐԵՇՏԱԿ – Գիտես, եթե հանկարծ հիվանդանայի` անպայման քեզ կդիմեի: Ճիշտ է, առայժմ պիտի սպասեմ, մինչև դիպլոմ ստանաս:

ՎԱՀԵ – Իզուր չսպասես:

ՀՐԵՇՏԱԿ – Պահ, ի՞նչ ես քեզ ձև տալիս:

ՎԱՀԵ – Ձև չեմ տալիս, պարզապես այստեղ չեմ լինի:

ՀՐԵՇՏԱԿ – Այսի՞նքն…

ՎԱՀԵ – Ուրիշ երկրում կլինեմ: Ու կբուժեմ ուրիշ հիվանդների:

ՀՐԵՇՏԱԿ – Ուրեմն ճիշտ է, որ դիմել ես գրին քարտի համար:

ՎԱՀԵ – Որտեղի՞ց գիտես:

ՀՐԵՇՏԱԿ – (իրեն չկորցնելով): Դու չէի՞ր գրել:

ՎԱՀԵ – Հաստատ չեմ գրել:

ՀՐԵՇՏԱԿ – Դե, կոնկրետ չես գրել, բայց ընթացքում, մեկ-մեկ դժգոհում էիր… մի անգամ էլ գրեցիր, որ այստեղ ապագա չես տեսնում:

ՎԱՀԵ – Հա՞ որ…

ՀՐԵՇՏԱԿ – Հաստա՛տ: Դե, գիտես, երբ ոգևորվում ես, չես էլ զգում` ինչ գրեցիր:

ՎԱՀԵ – Հնարավոր է…

ՀՐԵՇՏԱԿ – Ուրեմն, հաստատ որոշել ես:

ՎԱՀԵ – Որոշումս բեկման ենթակա չէ:

ՀՐԵՇՏԱԿ – Մի տեսակ… տխրեցի:

ՎԱՀԵ – Բայց ինչի՞… Ինտերնետը որ կա, տարածությունը նույնիսկ երկրորդական հանգամանք չի: Այնպես որ, կեցցե՛ ինտերնետը:

ՀՐԵՇՏԱԿ – Եռակի վիվա՛տ: Իրոք որ, ի՞նչ կփոխվի, եթե ես գրեմ Երևանից, դու պատասխանես` Աստված գիտե` որտեղից: Լավ է, գոնե հասցրի քեզ տեսնել քո հարազատ միջավայրում:

ՎԱՀԵ – Եվ ինչպիսի՞ն է տպավորությունդ:

ՀՐԵՇՏԱԿ – Հրաշալի: Ինչ լավն են ձերոնք… բա այգին… Գիտե՞ս, սկզբում միայն վարդերը տեսա, բայց հետո, պարզվեց, որ մանուշակ էլ ունեք: Ես մանուշակ շատ եմ սիրում:

ՎԱՀԵ – Ի՞նչ մանուշակ: Մենք մանուշակ չունենք:

ՀՐԵՇՏԱԿ – Ո՞նց թե` չունեք: Պատի տակ… խնձորենուց մի քիչ ձախ:

ՎԱՀԵ – Լսիր, այդ ե՞րբ հասցրիր այգին հետախուզել:

ՀՐԵՇՏԱԿ – (իրեն չկորցնելով): Մի քիչ առաջ… դու այստեղ չէիր: Չես հավատում` արի գնանք, ստուգենք:

Դուրս են վազում, վերադառնում են, Հրեշտակի ձեռքում մանուշակի փոքրիկ փունջ է:

ՎԱՀԵ – Բայց դե՜մք ես: Մեր այգին է, բայց դու ես մանուշակ գտնում: Չէ, իրոք վերջն ես:

ՀՐԵՇՏԱԿ – (փնջով հիանալով): Գիտե՞ս, ինչ հրաշք է, երբ տուն ունես, և այդ տունը ոչ միայն քոնն է, այլ քո ծնողներինը, նրանց ծնողներինը… Ես միշտ երազել եմ ապրել այսպիսի տան մեջ, որ ընկերներիս ցույց տամ ու ասեմ` այս պարիսպը իմ պապն է շարել, այս խնձորենին հայրս է տնկել` իմ ծննդյան օրը: Իսկ մայրս հրաշք մանուշակներ կարող է աճեցնել: Իսկ երբ հերթը ինձ հասնի, ես եմ պատասխանատու այդ պարիսպի, խնձորենու, մանուշակների համար… (Սթափվելով:) Էշ-էշ դուրս եմ տալիս, դու էլ լուրջ լսում ես: 

ՎԱՀԵ – Չգիտես ինչու` ծիծաղել չեմ ուզում:

ՀՐԵՇՏԱԿ – Ինչո՞ւ… Հենց դու պիտի ծիծաղես, որովհետև ասածներս սենտիմենտալ հիմարություն են ու քեզ հետ կապ չունեն: Դու գնալու ես, և այս ամենը քեզ համար ոչինչ չի նշանակում, այդպես չէ՞:

ՎԱՀԵ – Ի՞նչ ես ուզում ասել:

ՀՐԵՇՏԱԿ – Ոչինչ: Ներիր, ոգևորվեցի… ավել-պակաս դուրս եմ տալիս: Ավելի լավ է` ուրիշ բանի մասին խոսենք:

ՎԱՀԵ – (ինքնահեգնանքով): Էքստրեմալ վիճակում մարդկային օրգանիզմի հարմարվողականության մասի՞ն:

ՆԱՐԵ – Թեկուզ:

ՎԱՀԵ – Իսկ գուցե խոսենք այն մասին, թե ե՞ս ինչպես կհարմարվեմ: Բայց ոչ թե գլոբալ տաքացմանը, այլ օտարությանը: (Դուրս է գնում:)

ՀՐԵՇՏԱԿ – Ահա և խոսեցինք: (Պայուսակից ապակե անոթ է հանում, խնամքով մի քանի մանուշակ դնում է մեջը, պահում պայուսակում:)

ՏԵՍԱՐԱՆ 3

Ներս է գալիս Անահիտը:

ԱՆԱՀԻՏ – Վահեն գլխապատառ ո՞ւր գնաց… Բա՞ն է պատահել:

ՀՐԵՇՏԱԿ – Պատահել է: (Նրան մեկնելով մնացած մանուշակները:) Հազար տարի է` մանուշակ էի փնտրում: Ձեր աճեցրածն է, չէ՞:

ԱՆԱՀԻՏ – Սիրում եմ մանուշակ: Ի տարբերություն վարդերի, որոնք ամբողջ այգին իրենցով են արել, մանուշակներս իրենց անկյունից դուրս չեն գալիս:

ՀՐԵՇՏԱԿ – Մարդկանց նման են: Մտնում են իրենց անկյունն ու դուրս չեն գալիս:

ԱՆԱՀԻՏ – Ամեն մարդ չէ… Մարդ կա` վարդի նման ամբողջ տարածքն է գրավում:

ՀՐԵՇՏԱԿ – Իսկ մանուշակին պիտի փնտրես, որ գտնես: (Չարաճճի անմիջականությամբ:) Բայց էս ի՜նչ լուրջ թեմաների մասին ենք խոսում:

ԱՆԱՀԻՏ – Հետաքրքիր է, որ այդքան լուրջ թեմաների մասին կարողացա խոսել քեզ հետ:

ՀՐԵՇՏԱԿ – Ինչո՞ւ մարդիկ չեն կարող իրար հետ խոսել: Նկատի ունեմ` մտերիմ, հարազատ մարդիկ: Գիտե՞ք, ամեն անգամ զարմանում եմ` ախր, մարդկանց է տրված անկեղծ լինելու պարգևը: Դա իրոք պարգև է, հավատացեք ինձ, իսկ դուք դա չեք գնահատում: Գիտե՞ք, ինչ երջանկություն է, երբ քո ամենահարազատ մարդու հետ կարող ես անկեղծ լինել:

ԱՆԱՀԻՏ – Որքան էլ տարօրինակ հնչի` երբեմն հենց ամենամտերիմ մարդու հետ անկեղծ լինելն է դժվար:

ՀՐԵՇՏԱԿ – Չեմ հասկանում… Մի՞թե դժվար է մոտենալ նրան ու հարցնել. «Սիրելիս…» (Այլ տոնով:) Վերջին անգամ ձեր ամուսնուն ե՞րբ եք այդպես դիմել: 

ԱՆԱՀԻՏ – Որ ասեմ` չեմ հիշո՞ւմ…

ՀՐԵՇՏԱԿ – Իսկ դուք ասեք: Հենց այսօր: Հիմա: Մոտեցեք ու ասեք. «Սիրելիս, ես տեսնում եմ, որ մտահոգ ես, գիշերները չես քնում, խուսափում ես մեզնից… Բայց եթե ինձ չասես` ո՞ւմ ես ասելու: Թեև ասել պետք չէ, առանց քո ասելու էլ գիտեմ: Ուրեմն իմացիր` աշխատանք կորցնելը կյանք կորցնել չէ…»:

ԱՆԱՀԻՏ – Ի՞նչ…

ՀՐԵՇՏԱԿ – (իբր շփոթված): Ոչինչ… Էշ-էշ դուրս եմ տալիս: Մամաս էլ է ասում, որ հենց ոգևորվում եմ, երևակայությունս ելնում, ինձ ուտում է…

ԱՆԱՀԻՏ – Աղջիկս, դու ինչ-որ բա՞ն գիտես:

ՀՐԵՇՏԱԿ – Ոչինչ էլ չգիտեմ, ազնիվ խոսք… Եվ ի՞նչ կարող եմ իմանալ, քիչ առաջ եմ եկել, քիչ հետո էլ գնալու եմ:

ԱՆԱՀԻՏ – (ինքն իրեն): Ախր, զգում էի, որ մի բան այն չէ, բայց…

ՀՐԵՇՏԱԿ – Ես միշտ զարմանում եմ, թե մարդիկ ինչքան բառեր են հորինել, որոնց ճշգրիտ թիվը ոչ ոք չգիտի: Իսկ գիտե՞ք, թե ում է հաջողվում այդքան բառերի միջից գտնել ամենակարևոր բառերը, որպեսզի ասի ինչ-որ մեկին օգնելու կամ փրկելու համար: Այ, հիմա ինչ-որ ասացի` ամեն ինչ է` էշությունից բացի: 

ԱՆԱՀԻՏ – Նախանձեցի Սոնային` ի՜նչ աղջիկ է մեծացրել: (Ինչ-որ բան որոշելով:) Հիմա կգամ: (Արագ դուրս է գնում:)

ՀՐԵՇՏԱԿ – (նրա ետևից): Եթե չեմ սխալվում, Սոնան երկու տղա ունի և ոչ մի աղջիկ: (Մտնում է պայուսակի մեջ, ինչ-որ թղթեր է հանում, մոտենում է Տատի դռանը:) Տատի՛կ…

ՏԵՍԱՐԱՆ 4

Իր սենյակից դուրս է գալիս Տատը:

ՏԱՏ – (մոտենում, զննում է Հրեշտակին): Չէ, ինչ ուզում ես` ասա, քո դեմքն ինձ ծանոթ է:

ՀՐԵՇՏԱԿ – Ինչպես ասաց Վահեն` ժամանակակից աղջիկներն իրար նման են. կեցցե՛ վիզաժիստներն ու ամենակարող կոսմետիկան:

ՏԱՏ – Հարցն էլ այն է, որ դու բոլորից տարբերվում ես: Գուցե այդ պատճառո՞վ է դեմքդ ծանոթ թվում: Եթե 21-րդ դարում չապրեի` կասեի, որ հրեշտակի դեմք ունես:

ՀՐԵՇՏԱԿ – Հենց 21-րդ դարում ոչինչ բացառել չի կարելի: Անգամ հրեշտակներին: Բայց դրա համար ձեզ չկանչեցի… (Պարզելով թղթերը:) Ես աշխատում եմ քաղաքային արխիվում: Հիսուն տարին մեկ որոշ փաստաթղթեր ենթակա են ոչնչացման: Այսօր հերթական ցանկն էի ստուգում ու… մեկ էլ այս թղթերը… (Ցույց տալով:) Նայեք, տեսնո՞ւմ եք… տարեթիվը… ամիսը… օրը… և հասցեն: 

ՏԱՏ – Այսինքն… սա ի՞նչ է:

ՀՐԵՇՏԱԿ – Այսինքն` հիսուն տարի առաջ, հենց այս օրը, հաստատված նախագծի համաձայն, այս տան հիմքն է գցվել: Փաստորեն, այսօր հոբելյանական տարեթիվ է` ձեր տան ծննդյան օրն է: Ու տորթն էլ հենց այս առիթով է:

Տատն ու Հրեշտակը խոսելով գնում, նստում են անկյունի բազմոցին:

ՏԵՍԱՐԱՆ 5 

Ներս են գալիս Անահիտն ու Լևոնը:

ԱՆԱՀԻՏ – (շարունակում է դրսի խոսակցությունը): …լավ, ինչքա՞ն կարելի է լռել:

ԼԵՎՈՆ – Ասելու բան չունեմ:

ԱՆԱՀԻՏ – Ինչո՞ւ ես ինձ վիրավորում:

ԼԵՎՈՆ – Ի՞նչ… Ցանկացած մեղադրանք կարող ես ինձ ներկայացնել` այդ մեկից բացի: Ես քեզ վիրավորե՞մ…

ԱՆԱՀԻՏ – Այո, դու ինձ վիրավորում ես: Քո լռությամբ: Ինձ չվստահելով քո հոգսը: Եվ այդպես` արդեն երկու ամիս:

ԼԵՎՈՆ – Լավ էլ նկատել ես, որ… երկու ամիս է:

ԱՆԱՀԻՏ – Լևոն, սիրելիս…

ԼԵՎՈՆ – Ի՞նչ…

ԱՆԱՀԻՏ – Սիրելիս: Ներիր, որ չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ քեզ այդպես դիմել:

ԼԵՎՈՆ – Քեզ ի՞նչ է պատահել:

ԱՆԱՀԻՏ – Ոչինչ: Ընդամենը ուզում եմ ասել, որ աշխատանք կորցնելը կյանք կորցնել չէ:

ԼԵՎՈՆ – (միանգամից կոտրվելով): Դու… ինչպե՞ս իմացար:

ԱՆԱՀԻՏ – Ես ավելի շուտ պիտի իմանայի: 

ԼԵՎՈՆ – (վերջապես կարողանում է խոսել` լռության պատնեշը փլվել է): Այս տարիքում… երբ երեխաներին ոտքի կանգնեցնելու հարց կա… Ու գիտե՞ս, ինչն է վիրավորականը, որ նրանք հաշվի չառան ո՛չ տարիների փորձս, ո՛չ նվիրված աշխատանքս: Դա էր նրանց շնորհակալությունը` երեք ամիս առաջ տեղյակ պահեցին, որ իմ կարիքն այլևս չունեն…

ԱՆԱՀԻՏ – Պարզվում է, աշխարհում անթիվ բառեր կան ու այդքանի մեջ պիտի կարողանաս գտնել ամենակարևորը: Քիչ առաջ ես գտա այդ բառերը: Սիրելիս, ես քո կողքին եմ և ամեն ինչ լավ կլինի: Հավատա ինձ…

Լևոնը դեռ փորձում է մնալ իր հպարտ միայնության մեջ, բայց… նրանք գրկախառնվում են:

ՀՐԵՇՏԱԿ – (հայտնվելով տորթը ձեռքին): Ուռա՜… (Շփոթահար զույգին:) Դուք շարունակեք, մինչև մյուսները գան: 

Տորթը դնում է սեղանին, բենգալյան կրակ-մոմն ամրացնում է վրան: Մատուցարանը գոնգի վերածած` երեք անգամ հարվածում է: Ձայնից տարբեր կողմերից գալիս են Նարեն, Վահեն ու տատը: Անահիտն ու Լևոնը թեև էլ գրկախառնված չեն, բայց նրանց վերականգնված մտերմությունը ավելի քան տեսանելի է: 

Իրարանցման մեջ Հրեշտակը ծանր թվացող պայուսակն անասելի թեթևությամբ բարձրացնում, գցում է ուսին և աննկատ դուրս է գնում:

ՏԵՍԱՐԱՆ 6

ՎԱՀԵ – Էս ի՞նչ դղրդոց է… 

ՆԱՐԵ – Կարո՞ղ է` Բիգ Բենը մեր տուն է տեղափոխվել…

ՏԱՏ – Ջահելներս, հապա մի նայեք, թե ի՛նչ եմ ձեզ ցույց տալու:

Բոլորը շրջապատում են նրան:

ԼԵՎՈՆ – Տես, է՛, հիսուն տարի… Ո՜նց է անցնում ժամանակը:

ՆԱՐԵ – Տատ, միշտ մտածել եմ` ախր, ինչի՞ ես այդքան թուղթ հավաքում-պահում: Բայց հիմա պիտի խոստովանեմ, որ էս մի թուղթը վերջն էր:

ՏԱՏ – Տատ, հասկացա՞ր, որ թոռնիկդ վերջապես խոստովանեց, որ մազերը երկար են, իսկ խելքը` չկա:

ՆԱՐԵ – Էլի՞ սկսեցիր… Չես թողնում` մի բառ ասեմ, ի՞նչ անենք, որ…

ԱՆԱՀԻՏ – Լռեք, հա՞… Մամ, այս ինչ անակնկալ էիր պատրաստել: Սա առանց խմելու չի լինի:

ԼԵՎՈՆ – Իսկ ես կարծում եմ, որ ոչ խմելու առիթ կա, ոչ էլ ուրախանալու:

ԱՆԱՀԻՏ – (կիսաձայն): Էլի ի՞նչ պատահեց:

ԼԵՎՈՆ – Հայրս այս տունը թողել է ինձ, իսկ ես ո՞ւմ եմ թողնում: (Մորը.) Հասկանում եմ, դու փորձում ես փրկել մեր տունը, ընտանիքը, բայց ամեն ինչ վերջացած է: Այս տունը շարունակություն չունի: Դա է պատճառը, որ ավելորդ դարձավ նաև մեր ընտանիքի ավանդական շաբաթօրյա ճաշը: Մամ ջան, վերցրու այս թուղթն ու պահիր, ինչպես պահել էիր մինչև այսօր: Անահիտ, սիրելիս, դու ճիշտ ես ասում` աշխատանք կորցնելը կյանք կորցնել չէ: Բայց երբ հայրական տունն է կորչում… 

ՎԱՀԵ – Պա, սպասիր, ի՞նչ ես ճնշում… Հա, մեր տանն այդպես է ընդունված` մեծերդ ինչ ասում եք` մենք լսում ենք: Լուռ: Շատ-շատ` քթի տակ փնթփնթում ենք: Բայց հիմա պիտի ասեմ: Այս ամենի մեղավորը դու ես: Հա, դո՛ւ… Այդպես մի նայիր: Դո՛ւ պիտի ինձ ցույց տայիր պապի ձեռքով շարված պարիսպը, իսկ երբ քար ընկներ այդ պարսպից, պիտի ստիպեիր, որ ե՛ս այդ քարը տեղը դնեի: Երբ տնկում էիր խնձորի ծառը, նրա բերքը ե՛ս պիտի հավաքեի: Իսկ դու, մամ ջան, քո սիրելի մանուշակները չպիտի թաքցնեիր պատերի տակ, մեկ-մեկ պիտի բերեիր ու դնեիր սեղանին: 

ՆԱՐԵ – Ի՞նչ ես ասում, չեմ հասկանում…

ՎԱՀԵ – Դժվար հասկանաս, որովհետև հիմա մեղադրում եմ ծնողներիս, որ չեն փորձել ինձ տեր դարձնել այդ ամենին:

ՏԱՏ – Վահե ջան, առաջին անգամ նմանվեցիր պապիդ:

ԼԵՎՈՆ – Ափսոս, որ ուշացած է: Գրին քարտն աշխարհը իրենով են արել: (Անահիտին.) Աղջիկդ էլ շուտով կգնա, ու finita la comedia:

ՆԱՐԵ – Ի՜նչ հեշտ եք ինձ ցրում:

ԱՆԱՀԻՏ – Մե՞նք…

ՆԱՐԵ – Հա, դուք: Դու, պապան, տատիկը… 

ԼԵՎՈՆ – Եվ ինչպես ենք քեզ… ինչ ասացի՞ր… ցրում:

ՆԱՐԵ – Ձեր լռությամբ: Ձեր կարծիքով` սրամիտ նկատողություններով: Քարոզներով: Բայց ինչո՞ւ ոչ մեկիդ մտքով չանցավ ասել, որ Բոնյան ինձ սիրում է:

ՎԱՀԵ – Ով-ո՞վ…

ԱՆԱՀԻՏ – Մեր թաղի շներից է:

ՆԱՐԵ – Հա, Բոնյան, ու ոչ միայն Բոնյան, թաղի բոլոր շներն ու կատուներն են ինձ սիրում: (Վահեն փռթկացնում է:) Ի՞նչ ես խրխնջում:

ՎԱՀԵ – Որտեղի՞ց քեզ այդ արժեքավոր ինֆորմացիան:

ՆԱՐԵ – Իրենք են ասել: Ձեր հույսին որ մնամ, հաստա՛տ մոդել կդառնամ, բայց, փառք Աստծո, որ կենդանիները դեռ խոսելը չեն մոռացել:

Վահեն ձեռքը դնում է քրոջ ճակատին ու այրվածի պես ետ է քաշում: 

ՆԱՐԵ – Ձե՛ռքդ… 

ՎԱՀԵ – Հիմա ո՞նց հասկանանք… միտքդ փոխե՞լ ես:

ՆԱՐԵ – Ոչ: Պարզապես դեռ ոչինչ չեմ որոշել: Ու եթե հիմա այսպես խոսում եմ, դա դեռ չի նշանակում, որ ամբողջ կյանքում կենդանիներ եմ բուժելու, բայց որոշում ընդունելուց առաջ մի լավ կմտածեմ:

ՎԱՀԵ – Հրա՛շք է… Քույրիկս խոստանում է մտածել:

ԱՆԱՀԻՏ – Նարե ջան, առաջին անգամ նմանվեցիր տատիդ:

ՏԱՏ – Անահիտ ջան, ինչ լավ է, որ տարին մի անգամ ես հիշեցնում հարս լինելդ:

Ծիծաղում են:

ՏԱՏ – Ինչ ուզում եք` ասեք, բայց մեր տան հիսունամյակը անպայման պիտի նշենք: Տորթով: (Շուրջը նայելով:) Իսկ ո՞ւր է…

Բոլորը նայում են շուրջը, փնտրում են Հրեշտակին:

ՏԱՏ – Բայց ո՞ւր է…

ԼԵՎՈՆ – Ո՞վ:

Բոլորը շփոթված լռում են:

ՎԱՀԵ – Դե… ինքը:

ԼԵՎՈՆ – Գուցե ասեք նրա անո՞ւնը: (Լռություն:) Եվս մի հարց. ո՞ւր կորավ ձեր այդ… ինքը:

ԱՆԱՀԻՏ – Որտեղից որ հայտնվել էր:

ԼԵՎՈՆ – Հայտնվում են ոգիները, ուրվականները, հրեշտակները…

ՏԱՏ – Հա, էլի՛, հրեշտակները…

Նայում են իրար:

ԼԵՎՈՆ – Եվ ո՞վ էր ձեր այդ հրեշտակը:

ԱՆԱՀԻՏ – Սոնայի աղջիկը…

ՎԱՀԵ – Օմեգան… 

ՆԱՐԵ – Մոդելային գործակալության ներկայացուցիչը…

ՏԱՏ – Քաղաքապետարանի արխիվարիուսը…

Համր տեսարան:

ԼԵՎՈՆ – Հետաքրքիր է, այսքանից հետո ի՞նչ համ կունենա նրա բերած տորթը:

ՆԱՐԵ – (մատով համտեսելով կրեմը): Ինքն է… (Տեսնելով տնեցիների հայացքները:) Այսինքն` շատ համեղ տորթ է: (Մի մեծ կտոր կրեմ է կուլ տալիս:)

ՎԱՀԵ – Ու չե՞ս վախենում կալորիաներից:

ՆԱՐԵ – Չես հասկանա:

ՎԱՀԵ – Պա՛հ, իսկ դու փորձիր բացատրել:

ՆԱՐԵ – Փորձեմ: Հասկանո՞ւմ ես, ես ուզում եմ ուտել մամայի եփած համով ճաշերը: Բոլո՛րը:

ԼԵՎՈՆ – Վահե, այգու նստարանը ներկել է պետք:

ՎԱՀԵ – Ոչ միայն նստարանը: Ծառերն էլ դեղել է պետք…

Աշխույժ ինչ-որ բան են քննարկում, հյուրասենյակը մթնում է:

ՏԵՍԱՐԱՆ 7

Լուսավորվում է 1-ին տեսարանի անկյունը:

ՀՐԵՇՏԱԿ – (սկայպով): Ամեն ինչ տիպ-տոպ է:

ՁԱՅՆ – Ի՞նչ…

ՀՐԵՇՏԱԿ – (իրեն ուղղելով): Այսինքն, առաջադրանքը կատարված է:

ՁԱՅՆ – Մինիմո՞ւմ, թե՞ մաքսիմում չափով:

ՀՐԵՇՏԱԿ – Վիրավորո՜ւմ եք: Ի վերջո, երեկվա պրոֆեսիոնալը չեմ:

ՁԱՅՆ – Դե, փառք Աստծո:

ՀՐԵՇՏԱԿ – Այո, փա՛ռք Ձեզ:

ՁԱՅՆ – Եթե էլ ասելիք չունես…

ՀՐԵՇՏԱԿ – Ասելիք` ոչ, բայց… Չգիտեմ` կարելի՜ էր, չէ՜ր կարելի…

ՁԱՅՆ – Էլի ինքնագլուխ բա՞ն ես արել:

ՀՐԵՇՏԱԿ – Դե… մի քանի մանուշակ եմ հետս վերցրել: Այնտեղ կարո՞ղ եմ աճեցնել: 

ՁԱՅՆ – Փորձիր: Մեկ էլ տեսար` ստացվեց:

ՀՐԵՇՏԱԿ – (քիթը վեր քաշելով): Իսկ տորթից, ինչպես միշտ, ինձ բաժին չհասավ:

ՁԱՅՆ – Հույսդ չկորցնես:

ՀՐԵՇՏԱԿ – Լսում եմ` հույսս չկորցնել: Նոր առաջադրանք կա՞:

ՁԱՅՆ – Կա: Բայց վաղը: Այսօր ազատ ես:

ՀՐԵՇՏԱԿ – Ուռա՜… Ներեցեք: Մինչև վաղը:

ՁԱՅՆ – Մինչև վաղը, իմ փոքրիկ հրեշտակ:

ՀՐԵՇՏԱԿ – (հեռախոսով համար է հավաքում): Ալո… որտե՞ղ եք… Լոֆթո՞ւմ… Սպասեք, ես էլ եմ գալիս: Չէ, այսօր ազատ եմ, մինչև լուսաբաց կտժժանք… Հա, գիտեմ, որ կոստյումներով է… Ես իմով կգամ: Դե, հենց հիմա գալիս եմ:

Հագնում է սպիտակ խիտոնը, երբ շրջվում է` թիկունքին փոքրիկ ճերմակ թևեր են: 

ՀՐԵՇՏԱԿ – (պայուսակից հանելով մանուշակներով լի անոթը): Իսկ այնտեղ իմ մանուշակները անպայման կաճեն: Անպայմա՛ ն…

Մտնում է վարագույրից ներս:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։