ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ/ԽԱՎԱՐԻ ՈՒ ԼՈՒՅՍԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Տիկնիկային պիես` 5 Պատկերով
Գործող անձինք
ԱՌՆԵՏ
ԽԼՈՒՐԴ
ՄՈՒԿ 1
ՄՈՒԿ 2
ՄՈՒԿ 3
ՄՈՒԿ 4
ԿՐԻԱ
ՍԱՐԴ
ՊԱՏԿԵՐ 1
Ստորգետնյա թագավորություն: Նստած են չորս մուկ: Ամեն մեկը զբաղված է իր գործով: Մկները երգում են:
Թե հայտնվի մեր կույր արքա խլուրդը,
Քամուն կտա մեր բուրդը…
Լսվում են ոտնաձայներ:
ԱՌՆԵՏ — (մտնելով բեմ): Ոտքի՛, թագավորն է գալիս:
Մկները վայ-վույով բարձրանում են: Մտնում է Խլուրդը, բազմում գահին: Մկները խոնարհվում են: Առնետը կանգնած է Խլուրդի կողքին:
ԽԼՈՒՐԴ — Ինձ առնետն ասաց, որ ուրիշ թագավորություններում գիշերվան հաջորդում է ցերեկը: Դա ճի՞շտ է:
ՄԿՆԵՐ. 1, 2, 3, 4 – (միասին): Ճի՛շտ է, արքա՛, և դա անվերջ կրկնվում է:
ԽԼՈՒՐԴ — Ես պահանջում եմ, որ իմ թագավորությունում էլ լույս լինի: Թե չէ՝ անվերջ խավա՜ր, խավա՜ր… հոգնել եմ արդեն:
ՄՈՒԿ 1 — Թագավորն ապրած կենա, բայց գետնի տակ ինչպե՞ս կարող է ցերեկ լինել: Դա լինելու բան չէ:
ԽԼՈՒՐԳ — (գոռում է): Հրամայո՛ւմ եմ այդ հանդուգն մկանը գցել զնդան:
Առնետը քաշքշելով տանում է Մուկ 1-ին:
ՄՈՒԿ 1 — (փնթփնթալով): Առանց այդ էլ զնդանում ենք, էլի՜: Այստեղ անընդհատ մութ է, խավար, ուտելիքի պաշարն էլ սպառվելու վրա է: Զնդանն ուրիշ ինչպե՞ս կլինի:
ԽԼՈՒՐԴ – Հրամայո՛ւմ եմ այնպես անեք, որ մինչև աքլորականչ իմ թագավորությունում էլ լուսավոր լինի:
Խլուրդը գնում է, Առնետը՝ նրա հետևից:
ՄՈՒԿ 2 — Ի՞նչ ենք անելու, եղբայրնե՛ր: Լսվա՞ծ բան է, որ հողի տակ լուսավոր լինի:
ՄՈՒԿ 3 — Գոնե մեր ավագ եղբայրը կալանավորված չլիներ: Քիչ թե շատ՝ նա աշխարհ տեսած է: Մի բան կմտածեր:
ՄՈՒԿ 4 — Եկեք Ճստոյին ազատենք:
ՄԿՆԵՐ. 2, 3, 4 — Եկե՛ք, եկեք ազատե՛նք Ճստոյին:
ՊԱՏԿԵՐ 2
Բեմը լուսավորված է: Անկյունում կրիայի տունն է: Պատուհանի մոտ կրիան է՝ ակնոցով: Մկները մոտենում են տանը:
ՄՈՒԿ 2 – Լավ ազատեցինք Ճստոյին: Այդ կույր խելագարը, ով գիտի, որքա՞ն կպահեր խցում:
ՄՈՒԿ 3 — Այդ զառամյալը երևի արդեն մոռացել է, որ Ճստոյին զնդան է գցել:
ՄՈՒԿ 4 — Միայն թե առնետը չհիշեցնի…
ՄՈՒԿ 2 — Ճստո՛, Ճստո՛, այն ի՞նչ տուն է: (Ցույց է տալիս Կրիայի տունը:)
ՄՈՒԿ 1 — Հենց դա էլ իմ ասած Կրիայի տունն է:
ՄՈՒԿ 2 — Իսկ Կրիան գիտի՞այն, ինչ հարցնելու ենք:
ՄՈՒԿ 1 — Այս Կրիան իմաստուն է, ամեն ինչ գիտի: Նրան ճանաչել ու նրանից խորհուրդ են հարցրել մեր պապը, մեր պապի պապի պապը:
ՄՈՒԿ 4 — Ինչո՞ւ, Կրիան քանի՞ տարեկան է որ…
ՄՈՒԿ 1 — Մի հարյուր տարեկան կլինի, եթե ոչ՝ ավելի:
ՄՈՒԿ 3 — Պահո՜, հարյուր տարեկան: Մի դրան տես, է՜:
Մոտենում են Կրիայի տանը:
ՄԿՆԵՐ. 1, 2, 3, 4 – (միասին): Կրիա՛, Կրիա՛, դուրս կգա՞ս մի պահ:
ԿՐԻԱ — Իսկ դուք այդքան կապրե՞ք, մինչև ձեզ մոտենամ:
ՄՈՒԿ 3 — Այսի՞նքն…
ՄՈՒԿ 1 — Նա շատ դանդաղ է շարժվում:
ՄՈՒԿ 2 — Դանդաղ է շարժվում և դեռ իմաստո՞ւն է:
ՄՈՒԿ 1 — Բոլոր իմաստուններն էլ դանդաղ են շարժվում:
ՄՈՒԿ 2 — Բայց իսկապե՞ս իմաստուն է:
ՄՈՒԿ 1 — Նա այս աշխարհում ամեն ինչ տեսել է…
ՄՈՒԿ 3 — Ամեն ինչ տեսե՜լ է, պահո՜…
ԿՐԻԱ — (մոտենալով մկներին): Ասե՛ք, ի՞նչ է եղել, ինչո՞ւ եք այդպես վախվորած: Կատո՞ւ է հայտվել ձեր ճանապարհին:
ՄՈՒԿ 1 — Չէ՛, ի՞նչ կատու:
ՄԿԿՆԵՐ. 2, 3, 4 – Կատո՞ւ, կատո՞ւ, որտե՞ղ է… (Խառնվում են իրար:)
ՄՈՒԿ 1 — Չէ՛, չէ՛, փառք Աստծո, կատու չկա… դեռևս… բայց մեկ ուրիշ կրակի մեջ ենք հայտնվել:
ՄԿՆԵՐ. 2, 3,4 — Կրա՞կ, կրա՞կ, ի՞նչ կրակ…
ԿՐԻԱ — Լռե՛ք, տեսնեմ՝ ի՞նչ է եղել:
ՄՈՒԿ 1 — Մեր արքա Խլուրդը խելքը լրիվ թռցրել է: Հրամայել է՝ այնպես անենք, որ իր թագավորությունում լույս լինի:
ԿՐԻԱ — Խավարի թագավորությունում՝ լո՞ւյս…
ՄՈՒԿ 1 — Հա՛, ու մինչև աքլորականչ:
ԿՐԻԱ — Գետնի տակ… գետնի տակ… լույս… սպասի՛ր, կարծես գլխի եմ ընկնում: Պետք է հավաքել աստղերի ժպիտը և իջեցնել ձեր թագավորություն:
ՄԿՆԵՐ. 1, 2, 3, 4 — Աստղերի ժպի՜տը… բայց ինչպե՞ս:
ԿՐԻԱ — Բանն էլ հենց այդ է: Մի՛ խանգարեք, թողեք՝ մտածեմ: Ըըըըը՜…
ՄՈՒԿ 3 — Կրիան մտածում է…
ԿՐԻԱ — Պետք է երկնքից իջեցնել ամենասիրված աստղը և տանել ձեր թագավորություն: Մյուս աստղերի ժպիտները նրա ետևից կգան…անպայման կգան և ձեր մռայլ թագավորությունը կլուսավորվի:
ՄՈՒԿ 1 — Շնորհակալ ենք, իմաստո՛ւն Կրիա, շնորհակալ ենք: Ցտեսությո՜ւն:
ԿՐԻԱ — Գնացեք բարով, խե՛ղճ մկներ: Կատուն ձեզ համար քիչ էր, հիմա էլ՝ խլուրդը:
Մկները հեռանում են:
ՄՈՒԿ 4 — Բայց ի՜նչ իմաստուն կրիա էր: Տեսա՞ք, ինչպես գտավ ելքը:
ՄՈՒԿ 3 — Աստղերի ժպիտը… ամենասիրված աստղը… բայց ինչպե՞ս իջեցնենք:
ՄՈՒԿ 1 — Հա՛, ինչպե՞ս իջեցնենք: Կամ ինչպե՞ս իմանանք՝ ո՞րն է ամենասիրված աստղը:
ՄԿՆԵՐ. 2, 3, 4 — Ես չգիտեմ… ես չգիտեմ…
ՄՈՒԿ 1 — Եկեք դարձյալ գնանք՝ Կրիային հարցնենք:
Վերադառնում են:
ՄՈՒԿ 1 — Կրիա՛, Կրիա՛, մենք չգիտենք՝ ո՛րն է ամենասիրված աստղը, և ինչպե՛ս կարող ենք այն իջեցնել: Խնդրում ենք, ասա՛ մեզ…
ԿՐԻԱ — Դուք այնքան արագ գնացիք, որ ես չհասցրի անգամ բերանս բացել: Դե հիմա լավ լսեք. ամենասիրվածը ամենապայծառ աստղն է: Գիշերով նայեք երկնքին, և այն կերևա:
ՄՈՒԿ 1 — Իսկ ինչպե՞ս իջեցնենք ամենապայծառ աստղը:
ԿՐԻԱ — Դրա համար պետք է ունենալ ամենաերկար կարթը:
ՄՈՒԿ 2 — Հասկացանք, ամենաերկար կարթը: Գնանք:
ՄՈՒԿ 1 — Սպասե՛ք, սպասե՛ք, իսկ որտեղի՞ց գտնենք ամենաերկար կարթը:
ՄԿՆԵՐ. 2, 3, 4 — Ճի՛շտ է, ճի՛շտ է, որտեղի՞ց գտնենք ամենաերկար կարթը:
ԿՐԻԱ — Ա՛յ, այդ հարցում ես չեմ կարող ձեզ օգնել: Պետք է դիմեք վարպետ Սարդին:
ՄԿՆԵՐ. 2, 3, 4 — Սարդին… վարպետ Սարդին… գնացինք:
ՄՈԻԿ 1 — Շնորհակալ ենք, բարի՛ Կրիա: Դու մեզ շատ-շատ օգնեցիր:
ԿՐԻԱ — Հաջողություն ձեզ, խե՛ղճ մկներ… Ես միշտ պատրաստ եմ ձեզ օգնելու:
ՊԱՏԿԵՐ 3
Սարդը պատի մի անկյունում գորգ է գործում՝ քթի տակ երգելով.
Տա-նայ-նի-նար, տա-նայ-նի-նար,
Գորգս՝ չքնաղ, բոյս՝ չինար…
ՄՈՒԿ 1 — Վարպե՛տ Սարդ, վարպե՛տ:
ՍԱՐԴ — Ինչ-որ մեկն ի՞նձ է դիմում, ի՞նչ կա:
ՄԿՆԵՐ. 2, 3, 4 — Վարպե՛տ Սարդ, վարպե՛տ Սարդ…
ՍԱՐԴ — Հա՛, երևի իմ արվեստի երկրպագուներից են: Սրանցից չեմ կարող գլուխս ազատել:
ՄԿՆԵՐ. 2, 3, 4 — Չէ՛, չէ՛…
ՄՈՒԿ 1 — Հա՛, հա՛… քո արվեստի երկրպագուներն ենք: Եկել ենք գորգով հիանալու և քեզանից ինքնագիր խնդրելու:
ՍԱՐԴ — Ինքնագի՜ր… կտամ, իհա՛րկե:
ՄԿՆԵՐ. 2, 3, 4 — Բայց մի բան էլ պետք է տաս…
ՄՈՒԿ 1 -…Խնդրո՜ւմ ենք:
ՍԱՐԴ — Ի՞նչ է ձեր ուզածը, ասեք՝ տեսնեմ:
ՄԿՆԵՐ. 2, 3, 4 — Մեզ պետք է աշխարհի ամենաերկար կարթը:
ՄՈՒԿ 1 — Վարպե՛տ Սարդ, ասում են՝ ով պատրաստի աշխարհի ամենաերկար կարթը, նա կհռչակվի վարպետաց վարպետ:
ՍԱՐԴ — Դե ես… Կարող եմ պատրաստել, իհարկե, բայց… ժամանակ չունեմ: Չնայած եթե ժամանակ ունենայի էլ, ինձ համապատասխան նյութեր պետք կգային:
ՄՈՒԿ 1 — Ի՞նչ նյութեր, ասա՛, մե՛ծ վարպետ, մենք կճարենք:
ՍԱՐԴ — Ինձ պետք կգա շատ ալյուր և ձու: Մե՜ծ, մե՜ծ ձու:
ՄՈՒԿ 1 — Սիրելի՛ վարպետ, մենք հիմա կբերենք, բայց ամենաերկար կարթը պետք է պատրաստ լինի մինչև աքլորականչ:
ՍԱՐԴ — Եթե իմ ասած նյութերը լինեն, ես ավելի շուտ էլ կպատրաստեմ ձեր ուզած կարթը:
ՄՈՒԿ 1 — Շնորհակա՛լ ենք, թանկագի՛ն վարպետ: Մենք քիչ հետո կվերադառնանք:
Բեմի մի կողմից մկները դուրս են գալիս, մյուս կողմից նորից հայտնվում՝ մի մեծ ձու գլորելով և մեկական կարաս՝ ձեռքերին:
ՄՈՒԿ 4 — Այս կրիայի ձուն ի՜նչ էլ ծանր է, սրանից ծանր ու մեծ ձու աշխարհում չկա:
ՄՈՒԿ 3 — Իմ կարասն էլ է շատ մեծ ու ամբողջովին լցված է ալյուրով: Օ՜ֆ, հազիվ եմ տանում:
ՄՈՒԿ 2 — Իմ կարասն էլ է շատ ծանր, ո՜ւֆ:
ՄՈՒԿ 1 — Հերի՛ք է թնկթնկաք՝ ծա՜նր է, ծա՜նր է: Ի՞նչ անենք: Իմն էլ է ծանր: Բայց հիշե՛ք, թե ինչի համար ենք տանջվում:
ՄՈՒԿ 2 — Ճիշտ որ… ա՛յ, հիմա հեչ ծանր էլ չէ:
ՄՈՒԿ 3 — Իմն էլ…
ՄՈՒԿ 4 — Իմն էլ…
Հասնում են Սարդին, թողնում են բերածներն ու դուրս գալիս բեմից:
ՊԱՏԿԵՐ 4
Գիշերային աստղազարդ երկինք, լուսնից քիչ հեռու՝ մի մեծ ու պայծառ աստղ: Մկները կարթով փորձում են բռնել այդ աստղը:
ՄՈԻԿ 2 — Ի՛նձ տվեք կարթը: Ես հիմա կբռնեմ աստղը:
Փորձում է, փորձում՝ չի ստացվում:
ՄՈՒԿ 3 — Հիմա էլ իմ հերթն է: Հապա մի տեսեք ի՜նչ աստղ որսացող եմ:
Փորձում է՝ չի ստացվում:
ՄՈՒԿ 4 — Ես հաստատ կբռնեմ այդ հանդուգն աստղին, սպասեք…
Այս անգամ էլ չի ստացվում:
ՄՈՒԿ 1 — Հիմա ի՛նձ տվեք կարթը, տեսնեմ՝ կկարողանա՞մ:
Փորձում է և կարողանում է բռնել աստղը: Բեմը մթնում է: Լսվում է մկների ձայնը:
ՄՈՒԿ 2 — Ինձ շատ քիչ էր մնացել, որ բռնեի աստղին:
ՄՈՒԿ 3 — Ինձ ավելի քիչ էր մնացել…
ՄՈՒԿ 4 — Ինձ ամենաքիչն էր մնացել…
ՄՈՒԿ 1 — Լռե՛ք և ինձ լսե՛ք: Ում ինչքան էր մնացել՝ կարևոր չէ, կարևորը, որ մենք բռնեցինք աստղին: Հիմա պետք է մինչև աքլորականչ հասնենք մեր թագավորություն, իսկ դա մթնով բավականին դժվար գործ է: Եկեք բոլորս միասին ամուր բռնենք աստղից ու վազենք:
Բեմում՝ տատանվող լույսերի էֆեկտ:
ՊԱՏԿԵՐ 5
Դարձյալ ստորգետնյա թագավորությունն է: Խավար է: Մկները բերում են աստղը, և բեմը աստիճանաբար լուսավորվում է: Լսվում են աքաղաղի կանչն ու ոտնաձայներ:
ԱՌՆԵՏ — (մտնելով բեմ): Ոտքի՛, թագավորն է գա… իյա՜, ի՜նչ լուսավոր է…
Մտնում է Խլուրդը:
ԽԼՈՒՐԴ — Ի՞նչ լուսավոր: Այստեղ ոչ մի լույս էլ չկա:
ՄԿՆԵՐ. 1, 2, 3, 4 — Ինչպե՞ս թե չկա:
ԽԼՈՒՐԴ — Չկա՛ էլի, չը՜-կա՛: Ես ոչ մի լույս չեմ տեսնում:
ՄԿՆԵՐ. 2, 3, 4 — Թագավորը կո՜ւյր է: Թագավորը կո՜ւյր է:
ՄՈՒԿ 1 — Կամ էլ ստախոս է: Կամ երկուսն էլ՝ միասին: Իսկ կույր և ստախոս թագավորն ո՞ւմ է պետք:
ՄԿՆԵՐ. 2, 3, 4 — Պետք է նրան հեռացնել… Պետք է քշե՜լ թագավորին:
ՄՈՒԿ 1 — Այո՛, մեր լուսավոր թագավորությունը նրա տեղը չէ: Առնետին էլ պետք է քշել: Հերիք է, որքան առնետություն արեց:
Մկները քշում են Խլուրդին ու Առնետին: Ներս է մտնում Կրիան:
ԿՐԻԱ — Օ՜ֆ, հազիվ հասա ձեր ետևից: Ձուն ձեզ տալուց հետո շարժվեցի դեպի խավարի թագավորություն: Եկա՜, եկա՜, վերջապես հասա: Ի՜նչ արագ են շարժվում այս երիտասարդները: Իսկ ի՞նչ էր կատարվում այստեղ, ի՞նչ ձայներ էին գալիս:
ՄՈՒԿ 2 — Մենք քշեցինք խավարի թագավոր Խլուրդին և իր նազիր Առնետին:
ԿՐԻԱ — Իսկ հիմա ո՞վ է ձեր թագավորը:
ՄՈՒԿ 3 — Վա՜յ, ճիշտ որ, մենք թագավոր չունենք:
ՄՈՒԿ 4 — Բայց այդպես չի լինում, չէ՞, Կրիա՛:
ԿՐԻԱ — Իհարկե, չի լինում: Ձեզանից մեկը պետք է դառնա թագավոր: Եվ ես գիտեմ, թե ով է արժանի: Իսկ դուք կարո՞ղ եք ասել՝ ո՛վ է լինելու այս լուսավոր թագավորության թագավորը:
Մկները մտածում են:
ԿՐԻԱ — (դիմելով դահլիճին): Երեխանե՛ր, իսկ գուցե դուք օգնեք մկներին և ասեք, թե ով է ամենախելացին, ամենաճշմարտախոսը, ամենահնարամիտն ու ամենաքաղաքավարին…
ԵՐԵԽԱՆԵՐ — …………………..
ՄԿՆԵՐ — Ճստո՛ն, իհարկե, ճստո՛ն:
Կրիան թագը դնում է Ճստոյի գլխին, սկսում են պարել գոռալ՝ «Կեցցե՜ Ճստոն, կեցցե՜ մեր թագավորը…»: