Նեդա ՆԵԺԴԱՆԱ / «ՄԻԱՅՆՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ»
Նեդա ՆԵԺԴԱՆԱՅԻ «ՄԻԱՅՆՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» տրագիֆարսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2010 թ., թիվ 22-23-ում
ՆեդաՆԵԺԴԱՆԱ
ՄԻԱՅՆՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
(տրագիֆարս 13 աստիճաններով, մեկ դադարով ու մեկ անկումով)
Գործող անձինք
ՄԱՐԴԻԿ
ՆԱ — դեռևս երիտասարդ
ՆԵ — մոտավորապես այնպիսին, ինչպիսին ՆԱ է
ԿԱՏՈՒՆԵՐ
առանց կատվային հատկանիշների
ԿԱՏՈՒ — սևազգեստ տղամարդ
ԿԱՏՎԻԿ — սպիտակազգեստ կին
ՄԱՐՄԻՆ — լռակյաց մեկը
Երբ գործում են Կատուները, Մարդիկ քարանում են »ստոպ կադրում«, իսկ երբ գործում են Մարդիկ, Կատուները թաքնվում են:
Առաջին գործողություն
1 աստիճան
Բեմը շենքի տանիք է, որի մի կողմում ցածրիկ ճաղաշար է: Բեմեզրին մոտ` փոքրիկ խուց, որտեղ կարելի է թաքնվել: Խցի վրա ալեհավաք է դրված: Խորքում ելքն է: Մայիսի վերջերն է, երբ ցերեկը տաք է, իսկ գիշերը` ցրտոտ: Աստղերի, լիալուսնի, պատուհանների ու լապտերների թույլ լույս: Բեմ են սողոսկում Կատուները: Զննում են տանիքը:
ԿԱՏՈՒ — Ոչ ոք չկա… կարծես թե: Հը, ո՞նց է քեզ համար:
ԿԱՏՎԻԿ — Ոչինչ էնպես…
ԿԱՏՈՒ — Սուպեր-պո՞ւպեր…
ԿԱՏՎԻԿ — Սուպեր` այո, բայց ոչ` պուպեր: Կիսապուպեր, անգամ` քառորդ պուպեր…
ԿԱՏՈՒ — Հիմա ի՞նչ, մնո՞ւմ ենք, թե՞ շարունակում ենք փնտրել:
ԿԱՏՎԻԿ — Օ˜յ, էլ չեմ կարող, ինչքա՞ն կարելի է… այսպես գիշերն էլ կանցնի: Մենք տոնելո՞ւ ենք, թե՞ մագլցելու ենք ջրհորդաններով:
ԿԱՏՈՒ — Կարո՞ղ է` ես դեմ եմ, սիրելիս: Նստիր…
ԿԱՏՎԻԿ — (նստում է բեմեզրին): Լուսինը դեռ երևում է: Իսկ որ մտավ ամպի տակ, հաշվիր` տոնից կատվի պոչ էլ չի մնա:
ԿԱՏՈՒ — Ո՞ր կատվի:
ԿԱՏՎԻԿ — Կարևոր չէ: Ցանկացած կատվի: Էլ ի՞նչ լիալուսնի տոն առանց լուսնի:
ԿԱՏՈՒ — Ինչո՞ւ ես հուզվում, սիրելիս: Լուսինը ամպի տակ էլ լուսին է: Կարևորը իմանաս, որ լիալուսին է, որ նա կա…
ԿԱՏՎԻԿ — Դա ինձ քիչ է: Ես ուզում եմ տեսնել, զգալ…
ԿԱՏՈՒ — Չէ, ես գիտեի, որ զգացմունքային ես, բայց ա՞յդ աստիճան…
ԿԱՏՎԻԿ — Այն եմ, ինչ կամ… Ինչ-որ ուշանում է մեր Ռուդիկը:
ԿԱՏՈՒ — Դե, նա խոստացել է թթվասեր բերել… պիժոնի մեկը…
ԿԱՏՎԻԿ — (քնքշորեն): Հեչ էլ պիժոն չէ, նա խիզախ է: Ոչ թե ոմանց նման… Եվ, ընդհանրապես, ի՞նչ տոն առանց համեղ բանի:
ԿԱՏՈՒ — Ուզում եմ տեսնել, թե ոնց է հայտնվելու տուփը ատամների արանքում սեղմած:
ԿԱՏՎԻԿ — Մե˜ծ բան է, պստիկներիս այդպես եմ քարշ տվել, ու ոչինչ… Լսիր, բայց ո՞նց է մեզ գտնելու:
ԿԱՏՈՒ — Ճիշտ նկատեցիր, սիրելիս, պետք է »նշել« տարածքը:
ԿԱՏՎԻԿ- Բռ-ռ-ռ… Գոնե այն անկյունը գնա:
ԿԱՏՈՒ — Ի˜նչ քնքույշն ենք, ի˜նչ նրբազգաց…
Կատուն գնում է տանիքի մյուս անկյունը, շրջվում ու »նշում« է տարածքը: Այդ պահին խորքից հայտնվում է երկար անձրևանոցով տղամարդը, ուսից կախված է պայուսակ: ՆԱ է: Քարշ է տալիս ինչ—որ ՄԱՐՄԻՆ: Բերում է բեմեզր, շպրտում հատակին: Շունչը ետ է բերում: Ուշադրություն չի դարձնում Կատուներին: Կատվիկը վազում է Կատվի մոտ:
ԿԱՏՎԻԿ — Սո՛ւս… տեսա՞ր:
ԿԱՏՈՒ — Ըհը: Հենց էնպես չի հայտնվել…
ԿԱՏՎԻԿ — Գուցե մի քիչ ֆռֆռա ու չքվի՞:
ԿԱՏՈՒ — Հազիվ թե…
ՆԱ զննում է շուրջը, հանում է լապտերիկը, մոտենում խցին, հետո` տանիքի եզրին, լուսավորում ու սուլում է: Պահում է լապտերիկը, բռնում է ՄԱՐՄՆԻ ոտքից ու քարշ տալիս խցի ետևը, այնտեղից ՄԱՐՄԻՆԸ մի քիչ երևում է: ՆԱ տեղավորվում է խցի մոտ:
ԿԱՏՈՒ — Կարող ես ինձ չհավատալ, բայց սա շուտ գնացողը չէ:
ԿԱՏՎԻԿ — Հավատում եմ:
ԿԱՏՈՒ — Ուրեմն ի՞նչ, մե՞նք ենք ցրվում:
ԿԱՏՎԻԿ — Հեչ էլ… Շատ պե՛տքս է: Ես ոչ մի տեղ էլ չեմ գնա:
Այդ պահին բեմի խորքում հայտնվում է կինը: ՆԵՆ է: Երկար, գեղեցիկ զգեստով է, շատ տխուր է: Զննում է շուրջը: ՆԱ թաքնվում է խցի ետևում, ինչ—որ սարք է հանում գրպանից, տեղադրում խցի վրա, հետո հանում է բջջային հեռախոսը, համար է հավաքում, կամաց խոսում է:
ԿԱՏՈՒ — Ըհը, հիմա էլ ինչ-որ նանարիկ հայտնվեց: Կարո՞ղ է, ժամադրվել են:
ԿԱՏՎԻԿ — Դժվար… տղամարդը թաքնվեց, չէ՞: Գրազ եմ գալիս, որ այդ կնոջ մասին է ասում հեռախոսով: Հետաքրքիր է, թե` ինչ…
ԿԱՏՈՒ — Գուցե առայժմ մենք է՞լ թաքնվենք:
ԿԱՏՎԻԿ — Ինչի՞ էդքան վախկոտ ես:
ԿԱՏՈՒ — Ես վախկոտ չեմ, ես զգույշ եմ:
ԿԱՏՎԻԿ — Ուզում եմ տեսնել` ինչ է լինելու…
ԿԱՏՈՒ — Քեզ պե՞տք է… մյուս կողմից կնայես: Գնացինք… շառից հեռու…
Կատուն Կատվիկին մի կողմ է տանում, թաքնվում են: ՆԱ պահում է հեռախոսը, հետևում է ՆԵ—ին, որը քայլում է տանիքի եզրով, նայում ներքև: Ահա հասավ պարսպի մոտ, որից այն կողմ անկումն է:
Երկրորդ աստիճան
Նեն հմայվածի պես նայում է ներքև: Ինչ—որ բան է հանում, շպրտում »անդունդը«, հաշվում է վայրկյանները, մինչև լսում է թխկոցը: Մի քանի քայլ հեռու կանգնած` Նա հետևում է կնոջը: Նեն չի նկատում (կամ իբր չի նկատում) Նրան, մի ոտքը դնում է պարսպից դուրս: Նա առաջ է գալիս:
ՆԱ — Լուսինը նման է հուսահատ արևի…
ՆԵ — (վախեցած շրջվում է): Ի՞նչ…
ՆԱ — (մոտենում է): Ասում եմ, այսօր լիալուսին է… Նման է արևին, միայն շատ տանջահար տեսք ունի… այդպես չէ՞:
ՆԵ — (մի քայլ ետ է գնում): Չգիտեմ…
ՆԱ — (մի քայլ առաջ է գալիս): Իսկ գիտե՞ք, որ լիալուսինը կանչում է լուսնոտներին: Պատահաբար լուսնոտ չե՞ք:
ՆԵ — Պատահաբար` ոչ: (Նահանջում է):
ՆԱ — Այդ դեպքում ամեն ինչ պարզ է…
ՆԵ — Ի՞նչն է ձեզ պարզ:
ՆԱ — Ներեցք, որ խառնվում եմ ձեր գործերին, բայց դուք անհաջող տեղ եք ընտրել:
ՆԵ — Ի՞նչ…
ՆԱ — Տեղն անհաջող է: Նայեք, այնտեղ աղբարկղներն են ու ամեն տեղակ զիբիլ… էսթետիկ չէ…
Նեն շրջվում, գնում է մյուս կողմը: Նա հետևում է Նեին:
ՆԱ — Այստեղ ավելի վատ է` մանկական հրապարակ: Պատկերացնո՞ւմ եք, վաղը նրանք ինչ կտեսնեն: Երեխայի հոգին այնքան խոցվող է… ինչո՞ւ նրանց այդպիսի տրավմայի ենթարկել: (Նեն քայլ է անում): Չանե՛ք այդ բանը:
ՆԵ — (չշջվելով): Որտեղի՞ց գիտեք, թե ինչ եմ ուզում անել:
ՆԱ — Ձեր աչքերից եմ տեսնում…
ՆԵ — Ճիշտ չէ: Աչքերս չեք տեսնում, թիկունքով եմ կանգնած:
ՆԱ — (մոտենալով): Հետո՞ ինչ, ես զգում եմ… Խոշոր աչքեր` հուսահատված… Դուք նայում եք սև անդունդին… Նա քաշում է ձեզ… (Ավելի է մոտենում):
ՆԵ — (ընկրկելով): Չմոտենա՛ք:
ՆԱ — Ինչո՞ւ: Ես կարող եմ կանգնել` ուր ուզեմ: Այստեղ… (Եվս մի քայլ): Կամ այստեղ… (Նեն ընկրկում է): Գուցե ես էլ ձեզ պես ուզում եմ տանիքից ցած նետվել:
ՆԵ — (նայում է նրան): Դուք` ոչ:
ՆԱ — Ինչո՞ւ` ոչ:
ՆԵ — Ձեզ նման չէ:
ՆԱ — Որտեղի՞ց գիտեք` ինչն է ինձ նման:
ՆԵ — Ես լսում եմ ձեր ձայնը:
ՆԱ — Եվ ի՞նչ ձայն ունեմ ես…
ՆԵ — Հեգնական:
ՆԱ — Եթե ձեզ հանդիպեի փողոցում, մտքովս չէր անցնի… Թեև մի ժամանակ ես էլ էի մտածում, որ դա լավագույն ելքն է: Թռչում ես թռչունի պես, մի ակնթարթ` ու վերջ: Շատ հեշտ է` ոչ ատրճանակ, ոչ պարան, թույն… Պարզապես քայլ պատուհանից:
ՆԵ — Ինչո՞ւ այդ քայլը չարեցիք:
ՆԱ — Առաջին հարկում եմ ապրում: Դուք է՞լ նույն պրոբլեմն ունեք: Առաջին հարկո՞ւմ եք ապրում:
ՆԵ — Երկրորդ: Բայց հարցը դա չէ…
ՆԱ — Հասկանում եմ, տանիքից ավել հարմար է, հատկապես, եթե զգեստդ երկար է…
ՆԵ — Զգեստը ի՞նչ կապ ունի:
ՆԱ — Իրոք որ, կարևորը` տանիքից հնարավորությունը մեծ է… Ինչքան չլինի` իններորդ հարկ է: Բայց դուք մի բան հաշվի չեք առել:
ՆԵ — Ի՞նչը հատկապես:
ՆԱ — Պատկերացնո՞ւմ եք, ինչ տեսք կունենաք հետո:
ՆԵ — (կտրուկ շրջվում է): Ինձ համար մեկ է:
ՆԱ — Ճիշտ չէ: Դուք երեկոյան գեղեցիկ զգեստ եք հագել, ի դեպ, ձեզ շատ է սազում: Կոշիկներն էլ բարձրակրունկ են: Երևի սպիտակեղենն էլ զգեստին համապատասխան… հա՞:
ՆԵ — Սա արդեն լկտիություն է:
ՆԱ — Ձեր ռեակցիայից հասկացա, որ սպիտակեղենը նույնպես օ քեյ է: Իսկ հիմա պատկերացրեք` դուք ներքևում: Ինչ կողմով ու ինչ դիրքով վայրէջք կկատարեք` Աստծուն է միայն հայտնի… Փեշը կարող է բացվել… պատկերացրի՞ք: Ցնցո՛ղ պատկեր… Հոլլիվուդը դեմը հեչ բան է: Ու հանկարծ անհաջող ընտրված սպիտակեղենը փչացնում է էսթետիկան…
ՆԵ — Ծաղրո՞ւմ եք:
ՆԱ — Վիավորվեցի՞ք: Իզուր: Ձեր մասին եմ մտածում:
ՆԵ — Շատ իզուր: Փոքրիկ խնդրանք ունեմ…
ՆԱ — Հուսով եմ, փողի հետ չի կապված:
ՆԵ — Ոչ: Կարո՞ղ եք հեռու գնալ… ինձնից հեռու:
ՆԱ — Իսկ ինչո՞վ եմ ձեզ խանգարում:
ՆԵ — Ես ոչինչ չեմ կարող անել, երբ կանգնած եք շնչիս վրա… Ինձ հանգի՛ստ թողեք:
ՆԱ — Հավերժական հանգստի մասի՞ն է խոսքը:
ՆԵ — Առայժմ` ժամանակավոր:
ՆԱ — Կներեք, բայց ես էլ փոքրիկ խնդրանք ունեմ:
ՆԵ — Դրանից հետո ինձ հանգիստ կթողնե՞ք:
ՆԱ — Կթողնեմ: Եվ ինչո՞ւ եք այդպես նյարդայնանում: Ինչ-որ բա՞ն է պատահել:
ՆԵ — Ոչ, ամեն ինչ ավելի քան լավ է:
ՆԱ — Այսինքն, դուք երջանիկ մարդ եք:
ՆԵ — (կատաղած): Բա ո˜նց, անափ երջանկությունից եմ տանիքից նետվելու:
ՆԱ — Իսկ գիտե՞ք, որ չարանալը ձեզ սազում է: Ձեզ չե՞ն ասել, որ դուք շատ գեղեցիկ եք:
ՆԵ — Իհարկե, ասել են, շատ անգամներ: Իսկ դուք կարծեցիք, որ առաջի՞նն եք:
ՆԱ ճ — Ոչ, բայց, հավանաբար, վերջինն եմ:
ՆԵ — Հետո՞ ինչ…
ՆԱ — Ինձ ցույց չէի՞ք տա ելքը:
ՆԵ — (շփոթված): Ուզում եք գնա՞լ:
ՆԱ — Դա չէ՞ր ձեր ուզածը:
ՆԵ — (ներքև ցույց տալով): Ելքը ձեր դիմացն է:
ՆԱ — Խոնարհաբար շնորհակալ եմ, բայց միայն ձեզնից հետո…
ՆԵ — Գիտեք, հիմա հաճույքով հերթս կզիջեի: Անգամ կարող եմ օգնել ու ձեռքս թափ տալ որպես հրաժեշտի նշան…
ՆԱ — Ոչ, ոչ, ի՞նչ եք ասում, ջենթլմենը միշտ կնոջը ճամփա է տալիս:
ՆԵ — Այդ դո՞ւք եք ջենթլմենը: Կյանքումս այսքան անտաշ մեկին չեմ տեսել:
ՆԱ — (շեշտված հեգնական խոնարհումով): Տիկին, այդքան բարի չե՞ք գտնվի, ցույց չե՞ք տա ճանապարհը, որը էքստերիերից տանում է ինտերիեր, այսինքն` հենց այնտեղ, որը հասարակ մահկանացուների լեզվով կոչվում է ելք: Դե, այս տոնը ձեղ բավարարո՞ւմ է:
ՆԵ — Եվ այդ աբրակադաբրայով ուզում եք ապացուցել, ոչ ջենթլմե՞ն եք:
ՆԱ — Ե՞ս… ամենևին: Ընդամենը ուզում եմ, որ ցույց տաք ելքը կամ գոնե սանդուղքը, իսկ հետո թռեք` ուր ուզում եք:
ՆԵ — Ահա ելքը: (Ցույց է տալիս): Մի՞թե չեք տեսնում:
ՆԱ — Ուրեմն ուղեկցեք ինձ, խնդրում եմ… գուցե երկնային գրասենյակում դա հաշվի կառնեն:
ՆԵ — Դե լավ…
ՆԱ — Զգո՛ւյշ…
Նեն կտրուկ շարժում է անում ու ընկնում տանիքի վրա: Ձեռքից բաց է թողնում պայուսակը, որը բացվում է, այնտեղից ինչ—որ բան է դուրս թափվում:
Երրորդ աստիճան
Նա հասնում, օգնում է Նեին բարձրանալ:
ՆԵ — Ախ˜…
ՆԱ — Ի՞նչ է…
ՆԵ — Ոտքս:
ՆԱ — Պետք է շփել… որտե՞ղ է ցավում: (Սկսում է շփել վնասված ոտքը):
ՆԵ — (ճչում է): Ձեռք չտա՛ք:
ՆԱ — Ցավը կթեթևանա…
ՆԵ — Ոչ, այդպես ավելի վատ է…
ՆԱ — Ոնց կուզեք: Ի վերջո, ինչո՞ւ անհանգստանալ մի ոտքի համար, երբ մյուսով, ինքներդ եք հասկանում, թե որտեղ եք: Միայն չգիտեմ` աջով, թե ձախով… Ձեր ա՞ջն է ցավում, թե՞ ձախը:
ՆԵ — Հերիք չէ ոտքս ջարդեցիք, հիմա էլ սրամտում եք:
ՆԱ — Չգոռացի՞ »Զգույշ«:
ՆԵ — Բա ո˜նց… ձեր գոռոցից ականջներս բռնվեց, ոտքերս թուլացան…
ՆԱ — Տես, է՛, ինչ ձայն ունեմ… ոտքերը թուլացան: Պարզապես այդ ոտքերի տակ չէիք նայում, դրա համար էլ… Իսկ ես ձեզ համար քավության նոխազ եմ:
ՆԵ — Ավելի լավ է` օգնեք:
ՆԱ — Հենց նոր չէի՞ փորձում օգնել:
ՆԵ — Ոտքս բուժել է պետք, ոչ թե տեղից պոկել… Օ˜յ, ոնց որ արյուն է…
ՆԱ — Ձեզ մոտ սպիրտ կա՞:
ՆԵ — Ինչի՞ տեղ եք ինձ դրել: Ես հարբեցող չեմ…
ՆԱ — Նկատի ունեի օծանելիք կամ դեզադոր…
ՆԵ — Պայուսակիս մեջ օծանելք կա… Իսկ ո՞ւր է պայուսակս: Ո՞ւր եք գցել պայուսակս:
Փնտրում են: Առաջինը Նա է տեսնում:
ՆԱ — Ո՞վ է գցել… ինքն իրեն ընկել է:
ՆԵ — Գրողը տանի, եղածը դուրս է թափվել: Ձեր պատճառով:
ՆԱ — Սպասեք, ես կօգնեմ… (Ընթացքում, ծաղրով): Մի տեղ կարդացել եմ, որ կոկիկ կին է նա, ով կարող է ամեն պահի պայուսակի եղածը դատարկել սեղանին:
ՆԵ — Պետք չէ ձեր օգնելը, ես ինքս… Թե չէ հետո փնտրի` որը որտեղ է խցկած:
ՆԱ — Խնդրեմ… (Թաքցնում է բանալին): Սա՞ էր ձեր փնտրածը: (Ցույց է տալիս օծանելիքի սրվակը):
ՆԵ — Հա:
ՆԱ — Ցույց տվեք, որտեղ է ձեր… վերքը:
ՆԵ — (ցույց է տալիս): Ահա… իսկ դա ուժե՞ղ կվառի… (Նա օծանելիքը ցփնում է վերքին): Վա˜յ…
ՆԱ — Հանգի՛ստ… (Փչում է վերքի վրա): Ոնց որ երեխա… Դուք տիկնիկ պիտի խաղաք, ոչ թե տանիքից թռչեք:
ՆԵ — Շնորհակալություն, որ հիշեցրիք: (Փորձում է բարձրանալ տեղից, ընկնում է): Հիմա ելքին չեմ հասնի, ու մեղավորը դուք եք: Այնպես որ, բարով մնաք…
ՆԱ — Ինչո՞ւ չեք հասնի:
ՆԵ — Բա ո՞տքս…
ՆԱ — Ոչինչ, մի կերպ քարշ կտաք:
ՆԵ — Մտքո՛վս էլ չի անցնի: Նույնիսկ չերազեք: Ոտքս վնասված է: Հո ձեռքերի վրա չե՞ք տանելու…
ՆԱ — Դրանից էլ հեշտ բա՞ն… (Գրկում է, Նեն դիմադրում է):
ՆԵ — Ի՞նչ եք անում… տեղը դրեք, շուտ:
ՆԱ — Չէ, դուք սրան նայեք. ձեռքերի վրա եմ տանում, իսկ նա փրփրում է… Ավելի լավ է, ցույց տվեք, թե ուր գնամ:
ՆԵ — Արդեն ցույց եմ տվել` այն կողմ:
ՆԱ — Այ, սա հասկացանք… (Ուժահատ): Ի դեպ, ինչքա՞ն է ձեր քաշը:
ՆԵ — Ձեզ չի՞ թվում, որ հարցն աննրբանկատ է:
ՆԱ — Ուզում էի ձեզ համեմատել ծանրաձողիս հետ: Ծանրաձողը հիսուն կիլոգրամ է, իսկ դո՞ւք:
ՆԵ — Համեմատությունը տեղին չէ:
ՆԱ — Այսինքն, դուք ավելի ծա՞նր եք:
ՆԵ — Ես ձեզ համար ծանրաձող չեմ:
ՆԱ — Ցավոք սրտի… Ծանրաձողն ավելի հեշտ է տանելը… (Մոտենում է դռանը, Նեին հենում պատին): Ձեր թույլտվությամբ ձեզ մի քիչ հենեմ… (Նեն ճոճվում է): Միայն չընկնեք: (Հրում է դուռը): Ու ո՞նց պիտի սա բանամ:
ՆԵ — Բռնակը ինչի՞ համար է:
ՆԱ — (փորձում է): Փակ է:
ՆԵ — Սպասեք… (Հրում է դուռը` ապարդյուն): Մի՞թե դուռը որ փակեցի` կողպվել է…
ՆԱ — Իսկ բանալի ունե՞ք:
ՆԵ — Ունեմ… դռնապանից եմ վերցրել… (Փնտրում է պայուսակում): Չկա: Բնակարանիս բանալին կա, փոստինը կա, իսկ դա…
ՆԱ — Գուցե եղածը դուրս թափեք ու նորի՞ց նայեք:
ՆԵ — Իսկ դուք ամե՞ն ինչ լցրիք պայուսակի մեջ:
ՆԱ — Ես` ի՞նչ… չէ՞ որ ինձ չթողեցիք… (Նմանակելով): »Ես ի˜նքս, ես ի˜նքս…«
ՆԵ — Այդպես էլ գիտեի, որ ուշադիր չէիք փնտրի:
ՆԱ — Ե՞ս… Իսկ իմ կարծիքով, դուք էիք անուշադիր: Ասենք, մենք կարող ենք նորից փնտրել, գուցե աչքից վրիպել է: Միայն թե էլ ձեզ չեմ գրկի: Ինքներդ կքայլեք:
ՆԵ — Ու կքայլեմ: Ի դեպ, քիչ մնաց` խեղդեիք ձեր թաթերով… (Վերադառնում են):
ՆԱ — Իհարկե, սև երախտամոռությունից բացի ինչ-որ բան ձեզնից ակնկալելն անիմաստ է:
ՆԵ — Ձեզնից` նույնպես…
ՆԱ — Ավելի լավ է` փնտրենք:
Նրանք փնտրում են: Հայտնվում են Կատուները: Երկուսը նրանց չեն լսում ու ուշադրության չեն արժանացնում:
ԿԱՏՈՒ — Տարօրինակ զույգ է: Տղամարդը ոնց որ ֆռռացնում է…
ԿԱՏՎԻԿ — Ճիշտ որ… Իսկ կինը ուզում է տանիքից ընկնել… չէ, դու պատկերացնո՞ւմ ես:
ԿԱՏՈՒ — Է, հետո՞ ինչ:
ԿԱՏՎԻԿ — Բայց նա գաղափար չունի, թե ինչպես է դա արվում:
ԿԱՏՈՒ — Ես էլ չորրորդ հարկից ընկա` ոչինչ, մի շաբաթ պառկեցի ու` առա՛ջ…
ԿԱՏՎԻԿ — Մե˜ծ բան է… չորրորդ հարկից ցանկացած ապուշն էլ կթռնի… Իսկ Ռուդիկը վեցերորդից է ընկել ու` ոչ մի քերծվածք:
ԿԱՏՈՒ — Կարևոր չէ` որ հարկից ես ընկնում, կարևորը` ինչպես ես տեղ հասնում:
ԿԱՏՎԻԿ — Դա ճիշտ նկատեցիր: Իսկ, ընդհանրապես, նրանք պատկերացում անգամ չունեն, թե ինչ է ընկնելը:
ԿԱՏՈՒ — Վայրենի ժողովուրդ են… Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե որտե՞ղ է Ռուդիկն իր թթվասերով հանդերձ:
ԿԱՏՎԻԿ — Բա որ մի տեղից վայր գլորված լինի՞:
ԿԱՏՈՒ — Չէ հա… նա բոլոր ջրհորդանները անգիր գիտի: Էնքան է իջել ու բարձրացել…
ԿԱՏՎԻԿ — Մի բան է մենակ իջնել-բարձրանալը, լրիվ այլ բան է թթվասերով… արդեն հուզվում եմ: Էս մեկն էլ նյարդերիս վրա ազդում է իր գնալ-գալով… Բայց և այնպես հետաքրքիր է, թե ինչ է ուզում կնոջից:
ԿԱՏՈՒ — Ի˜նչ մի գաղտնիք է` համառ տղամարդը ի՞նչ պիտի ուզենա սիրունիկ կնոջից:
ԿԱՏՎԻԿ — Էդ դու ես միայն մի բանի մասին մտածում: Հավատացած եմ, այստեղ ամեն ինչ բարդ է… Ու հետո, նա կնոջը դուր չի գալիս:
ԿԱՏՈՒ — Երկու ձկան պոչ եմ դնում մեկի դիմաց, որ տղամարդը նրան կհամոզի:
ԿԱՏՎԻԿ — Կկրվես…
Նորից թաքնվում են:
Չորրորդ աստիճան
Նեն գնում է դեպի խուցը, նկատում է Մարմինը, ճչում է:
ՆԱ — Ի՞նչ պատահեց:
ՆԵ — Այստեղ եկեք…
ՆԱ — (մոտենալով Նեին): Բանալին ոչ մի տեղ չկա… Ինչո՞ւ եք գոռում, ուրվակա՞ն տեսաք:
ՆԵ — Չգիտեմ… (Վախեցած, կամաց): Սա ո՞վ է:
ՆԱ — Այսպե ˜ս… սա՞ ինչ բան է… ոտքեր… ձեռքեր… Արտաքուստ մարդու է նման: Եվ ավելի շատ տղամարդու, քան կնոջ, թեև ամեն ինչ կարող է պատահել…
ՆԵ — Ո՞ղջ է:
ՆԱ — Իսկ ինչո՞ւ եք ինձ հարցնում: Զարկերակը ստուգեք` կիմանաք:
ՆԵ — Օյ, ոչ… վախենում եմ: Գուցե դուք, հը՞… Լավ-վատ` տղամարդ եք, ու համարձակ… հուսով եմ:
ՆԱ — Հենց նոր անտաշի մեկն էի, հիմա` համարձակ… ի՛նչ սրընթաց փոփոխություն:
ՆԵ — Դե, ներեք ինձ… մի վիրավորվեք…
ՆԱ — Լավ, այդ դեպքում հեռու քաշվեք, եթե այդքան վախկոտն եք: (Նեն կողմ է քաշվում, Նա զննում է Մարմինը, մոտենում Նեին): Հիմա բավական տհաճ բան ձեզ կասեմ, միայն չհուզվեք: (Կամաց): Ոնց որ թե դիակ է…
ՆԵ — Մամա՛… (Շրջվում է, կասկածով): Իսկապե՞ս:
ՆԱ — Համենայնդեպս, կյանքի նշան ցույց չտվեց:
ՆԵ — Ո՞նց է այստեղ հայտնվել:
ՆԱ — Ինչո՞ւ եք ինձ հարցնում: Ինչ է, դիակների տեղեկատու բյուրո՞ եմ:
ՆԵ — (ընկրկելով, կամաց): Դո՞ւք եք նրան… սպանել:
ՆԱ — (վրա տալով): Ե՞ս… Ինչո՞ւ ես:
ՆԵ — Բա ո՞վ:
ՆԱ — Ի՞նչ իմանամ: Ձեզ համար մարդասպանների տեղեկատու բյուրո՞ եմ:
ՆԵ — Չմոտենա՛ք:
ՆԱ — Թույ տվեք, մի՞թե մարդասպանի նման եմ: (Ուզում է մոտենալ):
ՆԵ — Տեղից չշարժվե՛ք…
ՆԱ — Է, հետո՞…
ՆԵ — Ինչպե՞ս կապացուցեք, որ մարդասպան չեք:
ՆԱ — Իսկ ինչո՞ւ պիտի ապացուցեմ: Անմեղության կանխավարկածն ինչի՞ համար է: Եվ ինչի՞ց եք վախենում, չէ՞ որ հինգ րոպեից դուք էլ դիակ կդառնաք…
ՆԵ — Ինձ է՞լ եք ուզում…
ՆԱ — (վրա տալով): Ե՞ս` ձե՞զ… Ինչի՞ համար: Ուզում էիք, չէ՞, տանիքից թռչել, դրա համար էլ ասացի հինգ րոպեի մասին:
ՆԵ — Ես չեմ ուզում վերջին րոպեներս անցկացնել դիակի ու մարդասպանի ընկերակցությամբ:
ՆԱ — Ես մարդապան չեմ, քանի՞ անգամ կրկնեմ:
ՆԵ — Բա ի՞նչ եք անումայստեղ… գիշերով, տանիքին… հը՞:
ՆԱ — Ե՞ս… հենց այնպես… ալեհավաքն եմ վերանորոգում:
ՆԵ — Գիշերո՞վ:
ՆԱ — Իսկ ինչո՞ւ ոչ: Մարդ պիտի հանգստանա աշխատանքային օրվա վերջում, բայց հեռուստացույցը չի աշխատում: Աղետ…
ՆԵ — Իսկ դուք չե՞ք հանգստանում աշխատանքային օրվա վերջում:
ՆԱ — Իմը գիշերային հերթափոխ է: Ի դեպ, ալեհավաքի վերանորոգելու լավագույն ժամանակը գիշերն է: Ցերեկը արևը կուրացնում է, ճանճերը զզվեցնում են, ագռավներն էլ ականջիդ տակ կռավում են…
ՆԵ — Ուրեմն, ագռավնե՞րն են ձեզ խանգարում:
ՆԱ — Բա ո՞նց, նրանք խախտում են էլեկտրամագնիսական դաշտը, լրացուցիչ ձայնային ֆոն են ստեղծում…
ՆԵ — (հեգնական): Պարզ է: Ու դուք վերանորոգում եք լիակատար մթության մե՞ջ:
ՆԱ — Վարպետը առանց տեսնելու էլ իր գործը գիտե: Ալեհավաքը պիտի զգաս, ոնց որ կնոջը` շոշափելով, նրա հոտով…
ՆԵ — Համով…
ՆԱ — Համով… Չէ, համով պետք չէ: Ու հետո, ես լապտերիկ ունեմ: Իսկ, ընդհանրապես, սա ի՞նչ հարցաքննություն է: Ալիքները մի խառնեք, դուք ավելի նման եք մարդասպանի:
ՆԵ — Ե՞ս… ինչո՞ւ հանկարծ ես:
ՆԱ — Իսկ ինչո՞ւ էիք ուզում տանիքից թռչել, հը՞:
ՆԵ — Ձեր գործը չէ: Եվ ի՞նչ կապ կա դրա ու դիակի միջև:
ՆԱ — Շատ պարզ` պատահաբար սպանել եք տղային, պահի տակ կամ խանդից: Ու բանտ չընկնելու համար որոշել եք տանիքից նետվել:
ՆԵ — Զառանցանք:
ՆԱ — Ինչո՞ւ… շատ էլ տրամաբանական է: Բա ինչո՞ւ եք ուզում ինքնասպան լինել:
ՆԵ — Միևնույն է, չեք հասկանա:
ՆԱ — Դե, այդքան էլ ապուշ չեմ: Գուցե այդպիսին թվում եմ լուսնի լույսի տակ, բայց ցերեկով ավելի խելացի տեսք ունեմ: Ազնվորեն: Ու որպես խելացի մարդ, օգտվում եմ տրամաբանությունից` եթե այստեղ մեզնից բացի ոչ ոք չկա, ուրեմն, մարդասպանը դուք եք: Դուք ունեիք հնարավորություն, ժամանակ նույնպես…
ՆԵ — Իսկ պատճա՞ռ…
ՆԱ — Ի՞նչ իմանամ: Դե, գուցե դժբախտը մի երկու անգամ ձախ է գնացել, իսկ դուք, կանայք, այնքան տաքարյուն եք…
ՆԵ — Ես նրան առաջին անգամ եմ տեսնում:
ՆԱ — Մեկ էլ ասեք, որ պատահաբար եք հայտնվել տանիքին:
ՆԵ — Տանիքին` չէ… պատահաբար չէ…
ՆԱ — Իսկ սպանել եք պատահաբար:
ՆԵ — Քանի՞ անգամ ասեմ` չեմ սպանել նրան:
ՆԱ — Բայց դիակն այստեղ է, չէ՞:
ՆԵ — Ուրեմն, դուք եք նրան սպանել:
ՆԱ — Եթե ես սպանեի, նրան կհիշեի… ոչ, հաստատ ես չեմ…
ՆԵ — Ես էլ չեմ: Հաստատ: Տեսնում եք, չէ՞, ոչնչով ձեզ օգնել չեմ կարող… այնպես որ, հանգիստ թողեք ինձ…
ՆԱ — Բայց ես չեմ կարող այստեղից գնալ… Հասկացեք, ինչ ահավոր իրավիճակում եմ հայտնվել` տանիքին, թարմ դիակի հետ…
ՆԵ — Իսկ որտեղի՞ց գիտեք, որ թարմ է:
ՆԱ — Իսկ դո՞ւք որտեղից գիտեք, որ թարմ չէ: Ասենք, դա կարևոր չէ: Կարևորն այն է, որ այստեղ փակված եմ ձեր շնորհիվ: Ու եթե որևէ մեկը հայտնվի, առաջին կասկածյալը ես կլինեմ, որովհետև դուք արդեն ներքևում կլինեք: Իսկ գուցե ուզում եք գրությո՞ւն թողնել` այսպես ու այսպես, խոստովանում եմ, սպանել եմ, սատանան դրդեց: Դրանից հետո թռեք` ուր ուզում եք, վերև, ներքև…
ՆԵ — Բայց ես չեմ սպանել:
ՆԱ — Ենթադրենք, որ այդպես է: Այդ դեպքում գրությունը թողեք… համենայնդեպս: Դրանով նաև ձեր ինքնասպանությունը բացատրություն կստանա, որ դուք խելահեղ հիստերիկ չեք: Դուք այն աշխարհ եք գնում բանտ չնստելու համար:
ՆԵ — Ես խելահեղ հիստերիկ չեմ ու կարող եմ ինքնասպան եղած հարգարժան մարդկանց բազմաթիվ օրինակներ բերել:
ՆԱ — Ես էլ գիտեմ. Մայակովսկին, օրինակ…. Բայց բոլորը գրություն են թողել: Իսկ դո՞ւք…
ՆԵ — Ոչ:
ՆԱ — Այնինչ դա ինքնասպանական հատուկ էթիկետ է: Բա որ ձեր մահն էլ իմ վզին փաթաթե՞ն: Դուք վկա եք, դրա համար էլ ձեզ վերացրել եմ… Կամ հակառակը, ձեզ տանիքից շպրտել եմ, իսկ նա վկա էր… Մի խոսքով, վերջս եկել է:
ՆԵ — Ոչ մի բան էլ չեմ գրի: Թող մտածեն, ինչ ուզում են: Ինձ համար մեկ է: (Մոտենում է բեմեզրին): Մնաք բարով…
ՆԱ — Բայց ինձ համար մեկ չէ: Ոչ մի տեղ էլ չեք գնա, դուք իմ վկան եք:
ՆԵ — Ի՞նչ… Ես ոչինչ չեմ տեսել: Ինքներդ գլուխ հանեք ձեր դիակների հետ…
ՆԱ — Ինչո՞ւ` իմ: Նույն չափով նա ձերն է:
ՆԵ — Ինձ հանգիստ թողեք:
ՆԱ — Հույս չունենաք: Ուզում եք ինձ թողնել ու ծլկե՞լ… Չէ, հիմա որ ձեզ հաստատ բաց չեմ թողնի:
ՆԵ — Հետաքրքիր է, ինչպե՞ս եք ինձ պահելու:
ՆԱ — Շատ հեշտ: (Մարտական դիրք ընդունելով): Պատահաբար ձյուդո կամ սամբո չե՞ք պարապել:
ՆԵ — Ոչ:
ՆԱ — Իսկ ես պարապել եմ:
ՆԵ — Դուք կարծում եք, որ ձեզ հետ կկռվե՞մ:
ՆԱ — Խորհուրդ չէի տա: Ես կանանց հետ չեմ կռվում, բայց…
ՆԵ — Դե, իհարկե, դա այնքան ասպետավարի է, այնքան տղամարդուն վայել` հարձակվել անպաշտպան կնոջ վրա: Մոլագա՛ր:
ՆԱ — Էդ ե՞ս եմ մոլագարը: (Անցնում է հարձակման, Նեն նահանջում է):
ՆԵ — Միայն փորձեք մատով կպչել, կգոռամ…
ՆԱ — Գոռացեք ինչքան ուզում եք… ձեզ մոլագար ցույց կտամ…
Նա կանգնում է Նեի դիմաց: Դադար: Նա անսպասելի համբուրում է Նեի շուրթերը: Նեն ընկրկում է և ապտակում:
Հինգերորդ աստիճան
Նա շփում է այտը:
ՆԱ — Հետո էլ ասում է` թույլ, անպաշտպան, ու նաև վիրավոր…
ՆԵ — Ներեցեք… բայց դուք ստիպեցիք…
Դադար: Նա նայում է Նեին: Նեն շրջվում է:
ՆԱ — Լսեք, եթե հաստատ եք որոշել, մի գիշերը ոչինչ չի փոխի: Պարզապես մի գիշեր…
ՆԵ — Ուրեմն ճի՞շտ մոլագար եք:
ՆԱ — Դա նկատի չունեի…
ՆԵ — Համբույրն է՞լ նկատի չունեիք:
ՆԱ — Բա դա համբո՞ւյր էր… պահի տակ ստացվեց… Նայեք, ինչ լավ է` աստղեր, լռություն…
ՆԵ — (ջղային): Ապուշ լիալուսինն էլ կախվել է ապուշ երկնակամարում, իսկ կողքը կախվել է…
ՆԱ — Ով և ինչ է կախված, կարևոր չէ: Պարզապես ընկերակցեք ինձ մի գիշեր:
ՆԵ — Խոստանո՞ւմ եք, որ հետո չեք խանգարի:
ՆԱ — Խոստանում եմ: Անգամ կարող եմ հուշել, թե որտեղից ցած նետվեք:
ՆԵ — Բայց ես չեմ ուզում ամբողջ գիշերը սառչել այստեղ:
ՆԱ — Կարող եմ զոհաբերել անձրևանոցս… (Հանում է անձրևանոցը):
ՆԵ — Պետք չէ:
ՆԱ — (նրա ուսերին գցելով): Պետք է, էն էլ ոնց է պետք… չեմ ուզում, որ մինչև առավոտ վերածվեք սառցալուլայի… Թեև դա էլ իրավիճակի լուծում է:
ՆԵ — Մինչև առավո՞տ… Ինչ, է, ամբողջ գիշեր ցցվելու եք այստե՞ղ: Ուրիշ ելք փնտրեք: Գուցե հրշեջ սանդուղք կա…
ՆԱ — Եթե ինձ հետ փնտրեք…
Քայլում են տանիքի եզրով: Նա հանում է լապտերիկը:
ՆԱ — Լուսավորեք, իսկ ես կնայեմ: (Նեն լուսավորում է): Տեսնո՞ւմ եք, այստեղից էլ անհարմար է ընկնելը` գարաժներ են: Կընկնեք գարաժի վրա ու երկար ժամանակ ընկած կմնաք:
ՆԵ — Կարծում եք, չե՞ն նկատի:
ՆԱ — Ավելի լավ է ռիսկի չդիմեք: Իսկ այստեղ հաստատ չի կարելի` ճյուղերի մեջ կխճճվեք… Անհարմար տանիք եք ընտրել:
ՆԵ — Չեմ ընտրել:
ՆԱ — Շատ իզուր… (Վերև է նայում): Կարծես կաթում է…
ՆԵ — Ես ոչինչ չեմ զգում… o˜յ…
ՆԱ — Դուք է՞լ թրջվեցիք: Լիակատար երջանկության համար միայն անձրևն էր պակասում: Ի դեպ, հովանոց ունե՞ք:
ՆԵ — Դե, իհարկե, ինքնասպանի համար ամենապետքական իրը հովանոցն է…
ՆԱ — Ափսոս: Ես էլ չունեմ: Իսկ անձրևը սաստկանում է:
Քամու և անձրևի աղմուկ:
ՆԵ — Շուտ արեք, գտեք ձեր ապուշ սանդուղքը:
ՆԱ — Սանդուղքը մեզնից չեն փախչի: (Անձրևն ուժգնանում է): Վազենք այնտեղ: (Բռնում է Նեի ձեռքն ու տանում դեպի խուցը: Թաքնվում են … տակ):
ՆԱ — Իմիջիայլոց, ի՞նչ է ձեր անունը:
ՆԵ — Ձեր ինչի՞ն է պետք:
ՆԱ — Հասկանում եմ, օրինավոր կանայք անծանոթների հետ չեն ծանոթանում, այն էլ` տանիքին, այն էլ` գիշերը, բայց եթե այդպես է ստացվել ու մենք հանգամանքների գերին ենք…
ՆԵ — Ինչպես ուզում եք, անվանեք:
ՆԱ — Լավ, կասեմ Վիկա:
ՆԵ — Ոչ, միայն ոչ Վիկա:
ՆԱ — Ինչո՞ւ:
ՆԵ — Տհաճ զգացողություն է առաջացնում…
ՆԱ — Այդ դեպքում գուցե Պրոնյա՞…
ՆԵ — Ձեռ եք առնո՞ւմ:
ՆԱ — Հին անունները ձեզ դուր չեն գալիս: Իսկ ի՞նչ կասեք Լիլիանայի մասին:
ՆԵ — Չարժե:
ՆԱ — Օ քեյ, կմեծարեմ »տիկին Ինկոգնիտո«, ես էլ ձեզ համար կլինեմ »պարոն Անհայտ«: Ո՞նց է:
ՆԵ — Ինձ համար մեկ է:
Դադար: Նա նայում է երկինք: Նեն գրկել է ծնկները:
ՆԱ — Գուցե փորձես պատմել, թե ինչ է պատահել: Երբեմն պատահական մեկին պիտի պատմես դարդերդ:
ՆԵ — Ու դուք հերոսաբար ձեր թեկնածությունն եք առաջարկում:
ՆԱ — Իսկ դուք սովորաբար մրցույթո՞վ եք ընտրում թեկնածուին:
ՆԵ — Ինձ խոստովանասնդուկ պետք չէ: Դուք չեք ասում, չէ՞, թե ինչ եք անում այստեղ:
ՆԱ — Ինչո՞ւ չեմ ասում… արդեն ասել եմ` ալեհավաքն եմ վերանորոգում:
ՆԵ — Ուրեմն համարեք, որ ես էլ եմ ալեհավաքի պատճառով այստեղ հայտնվել:
ՆԱ — Չհասկացա…
ՆԵ — Չհասկանալու ի՞նչ կա, իմ ալեհավաքն էլ չէր աշխատում, իսկ առանց հեռուստացույցի ես կյանք չունեմ: Հեռուստազոմբի եմ:
ՆԱ — Կարծում եք, այն աշխարհում հեռուստացույցերն ավելի լա՞վ են աշխատում:
ՆԵ — Չգիտեմ, այնտեղ դեռ չեմ եղել:
ՆԱ — Լրիվ աբսուրդ է:
ՆԵ — Իսկ ձեր վարկածը աբսուրդ չէ՞:
ՆԱ — Մեկով մե՞կ:
ՆԵ — Ես ձեզ հետ չեմ խաղում:
ՆԱ — Եթե չեք ուզում խոսել, կարող ենք լռել: Դա էլ պետք է երբեմն… բայց լռելը խոսելուց դժվար է: Ավելի բարդ է: Ամեն մեկի հետ չի ստացվում: Ուզո՞ւմ եք` փորձենք:
ՆԵ — Չէ… ես ուզում եմ, որ վերջապես պրծնի այս անիծված անձրևը…
Կայծակ, որոտ:
ՆԱ — Զգույշ արտահայտվեք, տիկին Ինկոգնիտո: Չի կարելի այդպես խոսել անձրևի մասին, թե չէ, տեսնում եք, ոնց է ջղայնանում: Մեկ էլ տեսար` Զևսը կամ Պերունը շանթահարեց…
ՆԵ — Հրաշալի կլիներ…
Լռում են: Կուլիսներից ծիկրակում են Կատուները:
ԿԱՏՎԻԿ — (մրսած է): էս էլ քո ամպերը…
ԿԱՏՈՒ — Ինչքան որ իմն են, նույնքան էլ քոնն են… Ես չեմ քշել-բերել…
ԿԱՏՎԻԿ — Դու չէիր ասո՞ւմ` ինչ տարբերություն… ամպ կա, չկա… Տանե՛լ չեմ կարող անձրև:
ԿԱՏՈՒ — Այնպես ես խոսում, կարծես ես եմ անձրև պատվիրել:
ԿԱՏՎԻԿ — Պատկերացնո՞ւմ ես տեսքս, երբ չլմփացնեմ ջրափոսերում… բռռռ…
ԿԱՏՈՒ — Գուցե միանա՞նք էդ երկուսին:
ԿԱՏՎԻԿ — Ոչ մի դեպքում:
ԿԱՏՈՒ — Այնտեղ չոր է:
ԿԱՏՎԻԿ — Բայց վտանգավոր է:
ԿԱՏՈՒ — (երզակոտ): Հանկարծ ու մի բան տան… երշիկ կամ ճարպ…
ԿԱՏՎԻԿ — Բա ո˜նց… վզակոթի՛դ կտան: Երկուսն էլ ոնց որ ասեղների վրա լինեն: Անգամ այստեղից եմ զգում նյարդային լարումը: Տագնապի հոտը: Դու չե՞ս զգում:
ԿԱՏՈՒ — (օդը հոտոտելով): Ես զգում եմ նրանց գրգռվածությունը…
ԿԱՏՎԻԿ — Առավել ևս… Եթե դու պատին դեմ տայիր մի լկստվածի, իսկ քեզ ինչ-որ տիպ խանգարեր, ի՞նչ կանեիր…
ԿԱՏՈՒ — Մռութը կճղեի… (Դադար): Իսկ տագնապը քեզնից է գալիս, սիրելիս:
ԿԱՏՎԻԿ — Հնարավոր է… անհանգիստ եմ Ռուդիկի համար… որտե՞ղ է քարշ գալիս:
ԿԱՏՈՒ — Գուցե մեկին է պատին դեմ տվել…
ԿԱՏՎԻԿ — Գոնե երբեմն ուրիշ բանի մասին մտածո՞ւմ ես:
ԿԱՏՈՒ — Խանդո՞ւմ ես:
ԿԱՏՎԻԿ — Չէ հա… վախենում եմ, մի բան պատահած չլինի… Գուցե գնաս, նայե՞ս…
ԿԱՏՈՒ — Որտե՞ղ… Ո՞ւր գնամ: Ասա` իմանամ:
ԿԱՏՎԻԿ — Ես… չգիտեմ:
ԿԱՏՈՒ — Ուրեմն իրար մի խառնվի:
ԿԱՏՎԻԿ — Դե լավ, գոնե պտտվենք տանիքի վրա, նայենք…
ԿԱՏՈՒ — Բա անձրև՞ը…
ԿԱՏՎԻԿ — Միևնույն է, արդեն թրջվել ենք: Գնացինք:
Կատվիկը գնում է բեմի խորքը: Կատուն ծույլ հետևում է նրան: Անհետանում են:
Վեցերորդ աստիճան
ՆԵ — Եթե ոչ ես եմ սպանել, ոչ էլ դուք, բա ո՞վ է մարդասպանը: Որտե՞ղ է նա:
ՆԱ — Ի՞նչ իմանամ, ձեր մարդասպանի պահա՞կն եմ:
ՆԵ — Գուցե թաքնվե՞լ է այստեղ:
ՆԱ — Որտե՞ղ…
ՆԵ — Չգիտեմ… Ինչ-որ տեղ…
ՆԱ — Նա ձեր ինչի՞ն է պետք:
ՆԵ — Նա կարող է վերացնել անցանկալի վկաներին: Այսինքն` ինձ կամ ձեզ:
ՆԱ — Հետո՞ ինչ… Ձեր փոխարեն կանի ձեր գործը:
ՆԵ — Միևնույն է, վախենալու է…
ՆԱ — Լավ, եթե խելոք կմնաք, կպտտվեմ տանիքի շուրջը: Խոստանո՞ւմ եք տեղից չշարժվել:
ՆԵ — Հա… (Նա գնում է): Սպասեք:
ՆԱ — Ի՞նչ պատահեց:
ՆԵ — Իսկ եթե… քանի դեռ այնտեղ եք, նա այստեղ գա՞:
ՆԱ — (վերադառնում է): Լավ, ձեզ սուլիչ կտամ: (Տալիս է): Հենց մեկին տեսնեք` սուլեք, կհասնեմ:
ՆԵ — Լավ:
Նա գնում է, Նեն շուրջն է նայում ու սուլում: Նա վազելով գալիս է:
ՆԱ — Ի՞նչ է… ո՞ւր է…
ՆԵ — Չգիտեմ: (Ցույց տալով Մարմինը): Ոնց որ թե շարժվեց:
ՆԱ — (զննում է): Երևի քամին է:
ՆԵ — Իսկ դո՞ւք…
ՆԱ — Այնտեղ ոչ ոք չկա: Այնպես որ, կարող եք թուլանալ:
ՆԵ — Այսինքն, կարո՞ղ ենք շարունակել սանդուղքի որոնումը:
ՆԱ — Ես հիշեցի, որ այս տիպի շենքերը հրշեջ սանդուղք չունեն:
ՆԵ — Ճիշտն ասած, ես չեմ հասկանում, թե իմ ներկայությունը ինչո՞վ է ձեզ փրկում:
ՆԵ — Ո՞նց թե` ինչով: Դուք իմ վկան եք:
ՆԵ — Ո՛չ մի դեպքում: Եթե ձեզ հետ մնամ, մեզ կարող են հանցակիցներ համարել:
ՆԵ — Իսկ ի՞նչ եք առաջարկում:
ՆԵ — Գուցե բեմականացնենք նրա ինքնասպանությո՞ւնը… տանիքից շպրտե՞նք:
ՆԱ — Ըհը, նա պառկած է ներքևում, իսկ մենք վերևում` պատրաստի հանցագործներ… (Դադար):
ՆԵ — Եթե ատրճանակ ունենայինք, ձեռքի մեջ կդնեինք ու քունքին կկրակեինք… քննիչները կտեսնեն անցքը գլխի մեջ: Իսկ մինչև բացահայտեն, թե ինչից է մեռել… Բայց մենք ատրճանակ չունենք:
ՆԱ — Այդ դուք չունեք: (Հանում է ատրճանակը):
ՆԵ — Իսկակա՞ն է:
ՆԱ — Չէ, խաղալիք… (Կատակով նշան է բռնում): Բա-բա՛խ…
ՆԵ — Ձեր ինչի՞ն է պետք:
ՆԱ — Ինքնապաշտպանության համար:
ՆԵ — Լիցքավորվա՞ծ է:
ՆԱ — Հա, ինչ կա որ…
ՆԵ — Կարելի՞ է նայել: Խնդրում եմ:
ՆԱ — Չէ, չի կարելի: Անհավասարակշիռ կանանց զենք չեմ տալիս:
ՆԵ — Իսկապե՞ս նրան չեք սպանել: Միք վախենա, ձեզ չեմ մատնի:
ՆԱ — Ես չեմ սպանել:
ՆԵ — Ափսոս… ինձ համար ավելի լավ կլիներ, եթե սպանած լինեիք:
ՆԱ — Այսի՞նքն…
ՆԵ — Այսինքն` այդ գործում փորձված եք… Հասկանո՞ւմ եք, դժվար է այդ քայլին դիմելը: Եթե մահից հետո ինչ-որ բան կա… Իսկ ինքնասպանությունը մեղք է համարվում…
ՆԱ — Բայց ինչո՞ւ պիտի ես սպանեմ:
ՆԵ — Դուք կփրկեք իմ հոգին, եթե այն կա:
ՆԱ — Թե այդքան թունդ հավատացյալ եք, ո՞ր սատանայի համար եք ուզում ցած թռչել:
ՆԵ — Ես ի՞նչ հավատացյալ… վախկոտի մեկն եմ: Կուզենայի քիլլեր վարձել, բայց որտեղի՞ց գտնեմ: Նրանք թերթերում կամ ինտերնետում գովազդ չեն տալիս, թեև դա հիմա շատ ընդունված մասնագիտություն է:
ՆԱ — Ուրեմն, ձեզ քիլլե՞ր է պետք:
ՆԵ — Ինձ պետք է մեկը, ով լավ տիրապետում է զենքին:
ՆԱ — Իսկ գիտե՞ք, որ նրա աշխատանքը շատ թանկ արժե:
ՆԵ — Իհարկե, գիտեմ:
ՆԱ — (հեգնանքով): Ու ո՞նց եք պատրաստվում վճարել, տիկին Ինկոգնիտո, ոսկո՞վ, թե՞ ադամանդներով:
ՆԵ — Ցավոք… մի ոսկե շղթայիկ ունեմ, ահա… (Ցույց է տալիս վզից կախված շղթան): Բայց բնակարանովս կվճարեմ: Մեկ սենյականոց լավ բնակարան ունեմ, արևկողմ, մեծ խոհանոց…
ՆԱ — Իսկ միջա՞նցքը…
ՆԵ — Միջանցքը նեղ է, բայց լոգարանն ու զուգարանը առանձին են:
ՆԱ — Դա արդեն ուրիշ բան… Բայց կտակը պետք է ձևակերպել նոտարի մոտ:
ՆԵ — Իսկ եթե գրե՞մ… ստորագրությամբ, ամսաթվով: Կարծեմ, դա անցնում է… վերջին կամքս…
ՆԱ — Որպեսզի սպանության միջոցին ավելանա նաև պատճա՞ռը: Խոնարհաբար շնորհակալ եմ:
ՆԵ — Իսկ դուք մտածեք, բնակարանները փողոցում թափված չեն:
ՆԱ — Գայթակղիչ է… Բայց դա պիտի չպիտի արվի այստեղ ու հիմա: Պիտի լավ մտածվի, կասկածները վերացվի…
ՆԵ — Այսինքն, համաձա՞յն եք:
ՆԱ — Դեռ բան չասի… Բայց ես պիտի իմանամ, որ կյանքից հեռանալու համար լուրջ պատճառ ունեք:
ՆԵ — Ձեր ինչի՞ն է պետք:
ՆԱ — Եթե ուրիշ ելք չունեք` այդ բարի գործը կանեմ: Հակառակ դեպքում… Մի խոսքով, ես պիտի իմանամ:
ՆԵ — Այդ դեպքում կհամաձայնվե՞ք:
ՆԱ — Եթե համոզեցուցիչ լինի…
ՆԵ — Լավ, կփորձեմ: Բայց դուք էլ կպատմեք, թե ինչ եք անում այստեղ:
ՆԱ — Ձե՞ր ինչին է պետք:
ՆԵ — Երբ մերկանում ես, նույնը սպասում ես դիմացինից: Հագնված մարդկանց մեջ մերկանալը տհաճ է: Դե ի՞նչ…
ՆԱ — Համաձայն եմ: Բայց առաջինը դուք եք:
ՆԱ — Լավ… (Դադար):
Յոթերորդ աստիճան
ՆԱ — Էս ոնց եք դողում:
ՆԵ — Ցուրտ է:
ՆԱ — Հիմա կխմեք, կտաքանաք: (Հանում է թերմոսը, լցնում է): Խմեք:
ՆԵ — Ի՞նչ է:
ՆԱ — Ցիանիդ չէ, ոչ էլ մկնդեղ… Թե՞ դա վատ լուր է ձեզ համար: Ներեցեք, թանկագինս, բայց թույն չեմ պահում: Ունեցածս սա է:
ՆԵ — (նստում է կողքին, վերցնում է բաժակը): Չասացիք` ինչ է:
ՆԱ — Ձեզ կտաքացնի:
ՆԵ — (կում է անում ու խեղդվում): Բայց սա օղի է…
ՆԱ — Ինքնաթոր օղի:
ՆԵ — Հեռու տարեք այդ զզվանքը…
ՆԱ — Սա զզվանք չէ, այլ շատ կարգին խմիչք: Միայն չասեք, որ չտաքացրեց:
ՆԵ — Մի քիչ… Իսկ ինչո՞ւ թերմոսում, կոնսպիրացիայի համա՞ր:
ՆԱ — Ի՞նչ կոնսպիրացիա…
ՆԵ — Դե… գուցե ձեր կնոջից եք թաքցնում:
ՆԱ — (ծիծաղում է): Դե չէ… որ պաղ մնա, տանել չեն կարող տաք խմիչք:
ՆԵ — Պարզ է… (Ծիծաղում է): Ինքնաթոր օղի, այն էլ թերմոսից, դեռ խմած չկայի:
ՆԱ — Տեսնո՞ւմ եք, կյանքում ինչքան բան դեռ չեք փորձել, իսկ պատրաստվում եք… աստված գիտե, թե ուր… Բա ինչո՞ւ եք պատրաստվում մեկնել այնտեղ:
ՆԵ — Պարզապես… չեմ ուզում ապրել: Կյանքում ուրախություն չկա:
ՆԱ — Դրանք խոսքեր են, դուք ինձ փաստեր տվեք` մասնագիտություն, աշխատանք, ընտանեկան դրություն… Ի՞նչ է պատահել: Ազգականների մա՞հ, տո՞ւնն է քանդվել, թե՞ տանիքն է փլվել: Աշխատա՞նք չկա: Սովից ուռչո՞ւմ եք: Դե, ի՞նչ…
ՆԵ — Ազգականներս ողջ են, տունս տեղում է, աշխատանք կա… բայց ավելի լավ կլիներ, եթե չլիներ:
ՆԱ — Շեֆդ սադի՞ստ է:
ՆԵ — Չէ-է…
ՆԱ — Սեքսուալ մոլագա՞ր է:
ՆԵ — Իմ ղեկավարը կին է:
ՆԱ — Ուրեմն կին մոլագար է:
ՆԵ — Ոչ, պատկանում է սեքսուալ մեծամասնությանը:
ՆԱ — Դա դեռ հարց է, թե հիմա ով է մեծամասնություն և ով` փոքրամասնություն:
ՆԵ — Ես մասնագիտությամբ չեմ աշխատում: Պատմաբան եմ… Մանկությանս տարիներին պատմական վեպեր շատ եմ կարդացել: Ուզում էի նոր քաղաքակրթություններ հայտնաբերել, իսկ երբ առաջին անգամ մասնակցեցի հնագիտական արշավին, ռոմանտիկան ցնդեց: Սարսափ էր: Ստիպված էիր հողը փորել, քուջուջ անել կեղտի ու քտած ոսկորների մեջ: Գումարած շոգն ու փոշին, ոչ մի հարմարություն… Հիմար, բթացնող աշխատանք: Եվ այն վայրերում, որտեղ եթե հետաքրքիր ինչ-որ բան կար, վաղուց էր գտնվել, ինձնից առաջ: Ու ես հրաժեշտ տվեցի հնագիտությանը:
ՆԱ — Այսինքն, տիկինը սև աշխատանք չի սիրում: Իսկ դասավանդել չե՞ք փորձել:
ՆԵ — Փորձել եմ: Մի օր դիմացա: Այնպիսի խնամքով էի պատրաստվել դասին, երկար պատմում էի… Իսկ երբ նստեցի աթոռին, պարզվեց, որ վրան սոսնձ էին քսել: Ինչպես հասկանում եք, աթոռը մի տեղիդ կպած քայլելը այնքան էլ հարմար չէ, հատկապես ուսուցչանոցում: Ես փորձեցի պոկել…
ՆԱ — Դա ձեզ չհաջողվեց:
ՆԵ — Ինչո՞ւ… հաջողվեց: Բայց սոսինձը զգեստիս կտորից ամուր էր…
ՆԱ — (ծիծաղում է): Պատկերացնում եմ, ինչ տեսարան էր…
ՆԵ — Այդ պահին ծիծաղս չէր գալիս: Երբ պարզեցի, թե ով էր արել, սոսինձը լցրի նրա գլխին: Ու դիմում գրեցի… աշխատանքից ազատվելու մասին:
ՆԱ — Ու փառք Աստծո: Ինչպե՞ս կարելի է այսպիսի անհավասարակշիռ անձանց երեխա վստահել: Հետո՞…
ՆԵ — Հետո պատմության թանգարանում էքսկուրսիավար էի:
ՆԱ — (ծաղրով): Հրաշալի՛ է: Ազնիվ առաքելությո՛ւն: Լուսավորությո՛ւն:
ՆԵ — Ծաղրո՞ւմ եք… Ամեն օր թութակ պես նույն տեքստն ես կրկնում, որը ոչ մեկը չի հիշելու ու ոչ մեկին պետք չէ: Ինձ սկսեց թվալ, որ ես էլ եմ վերածվում թանգարանային ցուցանմուշի: Բա խղճուկ աշխատավարձը… Զզվեցրել է անվերջ աղքատությունը, զուգագուլպաներ կարելը: Նվաստացուցիչ է:
ՆԱ — (հեգնական պաթոսով): Մատիկներս հոգնել են, աչուկներս փակվում են, Աստված, ինչքա՞ն համբերեմ, լուսաբացից կեսգիշեր ասեղով կարեմ… Ձեր տառապանքը պարզապես ծիծաղելի է:
ՆԵ — Դուք փաստեր էիք ուզում, չէ՞…
ՆԱ — Ըհը, զուգագուլպա… Պատկերացնում եմ ձեր փեշի կարճությունը:
ՆԵ — Ես երկար զգեստներ եմ սիրում:
ՆԱ — Սիրելիս, երկարի տակ գուլպա չի երևում: Իսկ եթե երևում է, ապա միայն նրանց, ովքեր թավալվում են ջրափոսում կամ վերանորոգում են կոյուղու հորը: Այդքան կարևո՞ր է նրանց կարծիքը:
ՆԵ — Դուք անտանելի եք:
ՆԱ — Իսկ դուք` անհամոզիչ: Հիմա՞ ինչով եք զբաղված:
ՆԵ — Հոգիների վերաբնակեցմամբ:
ՆԱ — Հետաքրքիր է… Ինդուի՞զմ:
ՆԵ — Չէ հա… ես զբաղվում եմ հոգիների վերաբնակեցմամբ, բայց մարմինների հետ միասին: Աշխատում եմ անշարժ գույքի գործակալությունում: Օպերատոր: Ականջներս ուռչում են հեռախոսից: Տանը հեռախոսն անջատում եմ: Անգամ ծանոթներս զանգում են այն ժամանակ, երբ պետք է ինչ-որ բան վաճառել կամ գնել: Առաջ չէի նկատում, թե ինչքան մարդ է դժգոհ իր ապրած տեղից: Շատերին թվում է` կփոխես տեղդ, ու ամեն ինչ կփոխվի: Այնինչ ուրիշ բան պիտի փոխել, չէ՞ որ ինքդ քեզնից չես փախչի: Ես վճարովի հիշողության մաքրում կկազմակերպեի: Մի քիչ մաքրեցիր գլուխդ, և արդեն ավելի թեթև կապրես:
ՆԱ — Այդ աշխատանքն է՞լ դուր չի գալիս:
ՆԵ — Ատում եմ այդ աշխատանքը:
ՆԱ — Բայց աշխատանքից բացի այնքան հետաքրքիր բան կա` գրքեր, ֆիլմեր, թատրոն…
ՆԵ — Այո.. Եվ այդ ամենը կատարվում է ոչ ինձ հետ: Ինչ-որ տեղ, ինչ-որ մեկի հետ…
ՆԱ — Մի՞թե ձեզ հետ ոչինչ չի պատահել: Երբեք չեմ հավատա:
ՆԵ — Պատահել է… Չգիտեմ, եթե դա պատմվի, գուցե առանձնապես ոչինչ չկա…
ՆԱ — Իսկ դուք փորձեք:
ՆԵ — Ես սիրահարվեցի: Երբեք այդպես լավ չէի ինձ զգացել: Անգամ նրա ներկայությունից, ձայնից, հոգոցից, ժպիտից… Նրա ձեռքի հպումից գահավիժում էի արբեցնող անդունդը… Ամեն ինչ ուրիշ էր` նրա հոտով, համով… Սկսեցի նկատել աշխարհը` ձայները, առարկաները, ամեն ինչ դարձել էր անսովոր, քաղցր, արբեցնող: Նա երաժշտություն էր գրում: Գեղեցիկ երաժշտություն… Լսեք: (Երգում է մեղեդի): Տա-տա-տա-տա-տա-տա-տա…
ՆԱ — Իմ կարծիքով, դա Մոցարտ է:
ՆԵ — Հա՞… Գուցե ինչ-որ բան եմ շփոթել, ասենք, դա կարևոր չէ: Կարևորն այն էր, որ սիրում էի:
ՆԱ — Իսկ նա՞:
ՆԵ — Ասում էր, որ սիրում է: Իսկ ես մեկ հավատում էի, մեկ չէի հավատում: (Դադար):
ՆԱ — Ուրի՞շը հայտնվեց:
ՆԵ — Ի՞նչ իմացաք: (Նա թոթվում է ուսերը): Հասկանում եմ, տափակ պատմություն է… Ես տեսա այդ մյուսին: Գոնե գեղեցկուհի լիներ, թե չէ` հենց այնպես… գռեհիկ քաղքենուհի: Սկսվեցին անվերջ ստեր, վիրավորանքներ, դատարկ խոստումներ, լռություն առանց պատճառի… Տառապում էի առանց նրան, տառապում էի նրա ամեն մի հպումից: Ես դժոխք ընկա: Իսկական դժոխք, որտեղից ելք չկա: Ասացի, որ այլևս չեմ կարող… Ու նա գնաց: Նրա մոտ: Իսկ այսօր փողոցում տեսա երկուսին: Նա նայեց ինձ ու ինչ-որ բան ասաց այդ մյուսի ականջին, ու նա ծիծաղեց: Այնպես զզվեցի, ինչպես կզզվես ուրիշի կեղտոտ գդալից: Բայց ուրիշ բան ինձ սպանեց… ես նրան չարխափան հուլունք էի նվիրել… հուլունքը այդ մյուսի վրա էր, ասես էժան զարդ լիներ: Դաժան է, դա շատ դաժան է: Ինչո՞ւ ապրել դժոխքում:
ՆԱ — Կլինին նոր սեր:
ՆԵ — Էլ չեմ հավատում: Սերը մեռել է: Իսկ կյանքս դատարկ է ու անգույն… Տառապանք է ապրելը: (Նկատելով նրա ժպիտը): Ինչո՞ւ եք ժպտում: Իրո՞ք ծիծաղելի է:
ՆԱ — Ոչ, ոչ… ուրախանում եմ: Ես կարծում էի, այդպիսի կանայք էլ չկան…
ՆԵ — Ինչպիսի՞` միամի՞տ, հիմա՞ր… Դե, ուրեմն, լավ նայեք: Շուտով սա էլ չի մնա:
ՆԱ — Ոչ, անհաշվենկատ: Ժամանակակից կանայք այնքան ցինիկ ու իրատես են: Ասենք, սիրային հարաբերությունները… Տղամարդիկ դրան պարզ են վերաբերվում` ինքնին դա լավ բան է: Իսկ կինը ենթագիտակցորեն ապասում է ինչ-որ վճարի, եթե ոչ ուղղակի, գումարային, ապա գոնե նվերի, ծաղկի տեսքով, իսկ հետո նաև հարսանիքի…
ՆԵ — Դուք ամեն ինչ գլխիվայր եք շրջում: Կինը տղամարդուց ուշադրություն է սպասում… որպես նշան, որ նա սիրում է, ոչ թե օգտագործում կնոջը որպես մսի կտոր սովը արագ հագեցնելու համար:
ՆԱ — Իմ կարծիքով, եթե կինը չհասկացավ, որ իրեն սիրում են այն պահին, երբ նրան իսկապես սիրում են, ապա ոչ մի նշան չի օգնի… Դա արդեն սեր չէ, այլ նմանակում, տուրք ավանդույթին, ոչ ավելի…
ՆԵ — Երբեմն ինձ թվում է, որ կինն ու տղամարդը ծնվում են տարբեր մոլորակներում ու խոսուոմ տարբեր լեզուներով, եթե անգամ բառերը նույնն են…
ՆԱ — Հնարավոր է: Իսկ դուք ինձ համար հայտնություն եք: Ես մտածում էի, որ սիրուց մեռնող կանայք վերացել են, մամոնտների պես:
ՆԵ — Մամոնտները ցրտից են վերացել:
ՆԱ — Ես էլ դա եմ ասում` ցրտից: Այդ կանայք հոգու ցրտին չեն դիմանում: Նրան ինքնասպան են եղել, դրա համար էլ սերունդ չեն թողել ու վերացել են:
ՆԵ — Ուրեմն, ձեր կարծիքով, ես դինոզավրի պես մի բա՞ն եմ:
ՆԱ — Դուք հրաշք եք: Բայց իմ բախտից, այդպիսի կինը ուրիշին է սիրում:
ՆԵ — Արդեն չեմ սիրում: Հիմա ի՞նչ, կրակո՞ւմ եք, թե՞ չէ:
ՆԱ — Կրակե՞լ… ո՞ւր:
ՆԵ — Ո՞նց թե` ուր: Այստեղ: (Ցույց է տալիս սիրտը):
ՆԱ — Հա… մոռացել էի: Չէ, դուք ինձ չհամոզեցիք:
ՆԵ — Ինչո՞ւ:
ՆԱ — Դուք ձեր մահով ուզում եք նրան ցավ պատճատել: Բայց դա ձեզ չի հաջողվի:
ՆԵ — Ինչո՞ւ:
ՆԱ — Որովհետև նա ձեզ չի սիրում: Նրա համար մեկ է` կապրեք, թե կմեռնեք: Այ, եթե մեռներ նա, ում մոտ որ գնացել է… Գուցե այդ դեպքում ազդվեր…
ՆԵ — Ինձ դուր եկավ ձեր միտքը:
ՆԱ — Ի՞նչ միտք… Դուք ուզում եք նրա՞ն…
ՆԵ — Ոչ թե ես, այլ դուք: Դուք զենք ունեք և փորձ: Ես կարող եմ օգնել, ասենք, պահակ կանգնել:
ՆԱ — Ի՞նչ պահակ… Նա ձեր ախոյանն է ու ձեր պրոբլեմը:
ՆԵ — Դուք վճարի մասի՞ն եք անհանգստանում: Չմտածեք, ես ամառանոց ունեմ, քաղաքից քսան կիլոմետր է հեռու, ճիշտ է, հարմարությունները դրսում են, բայց կողքը անտառ կա ու լիճ…
ՆԱ — Ինչի՞ս է պետք ձեր ավերակ ամառանոցը: Հանգստացեք…
ՆԵ — Հեչ էլ ավերակ չէ: Իսկ եթե ամառանոց չեք ուզում, կարելի է վաճառել:
ՆԱ — Ես ավելի լավ առաջարկություն ունեմ…
ՆԵ — Նրա՞ն սպանել… Բայց էլ ուրիշ անշարժ գույք չունեմ: Ոչ մի քառակուսի մետր: Թեև նրա համար միայն շնաբուն կտայի:
ՆԱ — Ոչ, սպասեք ձեր սպանություններով ու քառակուսի մետրերով… Պատրաստի ահաբեկչուհի է… Նստեք: (Նեն նստում է Նրա կողքին: Դադար): Գուցե անցնենք դու-ի՞:
ՆԵ — Ձեր առաջարկությունը կարելի է լսել միայն դու-ո՞վ:
ՆԱ — Միայն:
ՆԵ — Կարելի է և դու-ով:
Դադար:
Ութերորդ աստիճան
ՆԱ — Ո՞նց սկսեմ, նախաբանո՞վ, թե՞ միանգամից:
ՆԵ — Առանց նախաբանի յոլա կգնամ:
Նա — Լավ: (Դադար): Արի իրար սիրենք:
ՆԵ — (հոգոց է հանում, դադար): Տեսքս այդքան սարսափելի՞ է…
ՆԱ — Ինչո՞ւ սարսափելի, ընդհակառակը…
ՆԵ — Որ ինձ կարելի է առաջարկել հենց այնպես, փողոցում…
ՆԱ — Տանիքի վրա: Մենք տանիքին ենք:
ՆԵ — Առավել ևս…
ՆԱ — Քեզ տե՞ղը դուր չի գալիս: Իմ կարծիքով, օրիգինալ է…
ՆԵ — Չէ, տեղը շատ լավն է… Բայց այդպես չի կարելի: Մենք անգամ ծանոթ չենք…
ՆԱ — Ես փորձեցի ծանոթանալ, բայց դու չուզեցիր: Կարող եմ ներկայանալ…
ՆԵ — Չարժե: Իսկապե՞ս չես հասկանում, որ դա վիրավորական է:
ՆԱ — Ի՞նչն է վիրավորական, որ ինձ դո՞ւր ես գալիս:
ՆԵ — Միամիտ տղամարդիկ կան, որոնք կարծում են, թե կանանց բոլոր պրոբլեմները սեքսի պակասից են: Կամ նրա բացակայությունից:
ՆԱ — Այդպիսի բան չեմ ասել… թեև դրանում ինչ-որ բան կա:
ՆԵ — Եթե ամեն ինչ այդքան պարզ լիներ…
ՆԱ — Իսկ դա պարզ է… Դու քեզ ազատ թող… փորձիր:
ՆԵ — Այնքան հեշտ ես ասում, ասես առաջարկում ես ծխել:
ՆԱ — Բայց ես ժամանակ չունեմ… Իսկ եթե առավոտյան քեզ ցած գցվե՞ս…
ՆԵ — Գուցե ավելի շուտ…
ՆԱ — Տեսնո՞ւմ ես: Ընտրության տեղ չես թողնում: Ստիպված եմ առաջին փուլից ցատկել երրորդը` բաց թողնելով երկրորդը: Եթե ամեն ինչ նորմալ լիներ, քեզ սրճարան կհրավիրեի, կհաճոյախոսեի, ծաղիկներ կնվիրեի…
ՆԵ — (հեգնանքով): Ջենթլմենի հավաքածու` ծաղիկներ, շամպայն, թեթև երաժշտություն…
ՆԱ — Հասկացա, որ վարդեր չես սիրում:
ՆԵ — Չեմ սիրում:
ՆԱ — Փորձեմ գուշակել, ինչ ծաղիկ ես սիրում… Թրաշուշան` ոչ… հերբերա` նույնպես… մեխակ` դժվար թե… երևի հիացինտ:
ՆԵ — Ինչպե՞ս գուշակեցիր:
ՆԱ — Չգիտեմ… Քեզ է նման: Ոչ թե ծաղիկը, այլ հոտը…
ՆԵ — Կարող ես պատկերավո՞ր խոսել: Մտքովս չէր անցնի…
ՆԱ — Ինձ չես ճանաչում: Ես նույնիս բանաստեղծություններ գիտեմ: Կարդա՞մ:
ՆԵ — Տանել չեմ կարող վատ բանաստեղծություն: Կսպանեի դրանք գրողին…
ՆԱ — Օհո˜… Իսկ դրանք կարդացողի՞ն:
ՆԵ — Ոչ:
ՆԱ — Արդեն լավ է… հանկարծ ու քեզ դուր գան:
ՆԵ — Կասկածում եմ: Բայց դու կարող ես փորձել:
Նա կանգնում է, նյարդային քայլում: Վերջապես կանգ է առնում:
ՆԱ — Լույսը մնաց սահմանին:
Նրան կհետևեն գիշերները:
Ու ցանկությունը կմեռնի:
Կկորչի ճանապարհը
Երկնային քաղաքի ու
Ճերմակ հարթավայրերի մեջ,
Որտեղ արեգակ պետք չէ.
Միայն մի լիալուսին: (Դադար):
ՆԵ — Դո՞ւ ես գրել:
ՆԱ — Չէ… Իմը չէի համարձակվի կարդալ: Ուզում ես սպանե՞լ հեղինակին:
ՆԵ — Չէ…
ՆԱ — Ուրեմն, դուր եկավ:
ՆԵ — Գլուխգործոց չէ, բայց ինչ-ոչ բան կա… ո՞ւմն է…
ՆԱ — Կա այդպիսի մի բանաստեղծ` Նեդա Նեժդանա:
ՆԵ — Ո՞ղջ է:
ՆԱ — Ոնց որ թե… չգիտեմ: Իրեն չեմ ճանաչում:
ՆԵ — Կուզենայի ծանոթանալ…
ՆԱ — Ինչ չեմ կարող` չեմ կարող, ուրիշ բան խնդրիր:
ՆԵ — Իսկ ի՞նչ ես կարող…
ՆԱ — Երաժշտություն կլսե՞ս:
ՆԵ — Երաժշտությո՞ւն… Որտեղի՞ց:
ՆԱ — Իսկ ես կախարդական փայտիկ ունեմ: Սպասիր… (Պայուսակում փնտրում, գտնում է փայտիկը, թափահարում է): Կռիբլե, կռաբլե, բումց… (Հնչում է մեղեդին):
ՆԵ — (փորձում է տեսնել, ինչ կա Նրա պայուսակում): Խաբեբայի մեկն ես, փլեյերը թաքցել ես, հա՞…
ՆԱ — Իսկ գեղեցիկ տիկինը կպարի՞ խաբեբայի հետ:
ՆԵ — Քեզ հետ չեմ ուզում…
ՆԱ — Ինձնից բացի այստեղ միայն այն տիպն է: (Ցույց է տալիս Մարմինը): Ու քո աչքերից տեսնում եմ, որ ուզում ես ինձ հետ, ոչ թե նրա…
ՆԵ — Այստեղ մութ է ու դու չես կարող տեսնել…
ՆԱ — Իսկ քո աչքերը փայլում են կատվի աչքերի պես… Գնացինք:
ՆԵ — Դու մոռացար ցաված ոտքիս մասին:
ՆԱ — Բրեյք-դանսից ազատվում ես: Կպարենք շատ դանդաղ ու զգույշ: Ես քեզ կպահեմ, որտեղ հնարավոր է: Անգամ կարող եմ կաղալ, որպես համերաշխության նշան: Ուզո՞ւմ ես;
ՆԵ — Չեմ ուզում:
ՆԱ — Ուրեմն յոլա կգնանք առանց կաղալու: Գնանք, թե չէ երաժշտությունը ավարտվում է: (Քաշում է Նեի ձեռքից, դանդաղ պարում են):
ՆԵ — Ինչ տարօրինակ է:
ՆԱ — Լավ է, որ տարօրինակ է… Դու ինձ դուր ես գալիս, տիկին Ինկոգնիտո: Վախենամ, որ սկսում եմ սիրահարվել քեզ:
ՆԵ — Եվ ինչի՞ց ես վախենում:
ՆԱ — Չեմ ուզում քեզ կորցնել:
Պարում են: Երաժշտությունը ընդհատվում է: Նա նետվում է դեպի պայուսակը:
ՆԵ — (պահելով Նրան): Պետք չէ: (Գնում, նստում է):
ՆԱ — Ոնց կուզես… Տուր ձեռքդ:
ՆԵ — Ինչի՞:
ՆԱ — Կարող եմ գուշակել:
ՆԵ — Իսկապե՞ս:
ՆԱ — (նայում է ափի մեջ): Կյանքիդ գիծը շատ երկար է: Քիչ է մնում` մյուս կողմն անցնի: Իսկ սա սիրո գիծն է: Տեսնո՞ւմ ես, ինչ երկար է… Ու լիքը երեխաներ… Այս բոլոր գծիկները երեխաներ են:
ՆԵ — (ձեռքը ետ քաշելով): Ստախոսի մեկն ես:
ՆԱ — Խաբեբա՞ եմ, թե՞ ստախոս, վերջապես կողմնորոշվիր:
ՆԵ — Եվ խաբեբա ես, և ստախոս:
ՆԱ — Բախտդ բերում է նոր ծանոթներիդ հարցում: Մի փախցրու ձեռքդ, խնդրում եմ… (Բռնում է Նեի ձեռքը, համբուրում է, կամաց): Երբ ուզենաս, կարող ես ասել, ու ես կանգ կառնեմ… Լսո՞ւմ ես: Խոստանում եմ, որ կանգ կառնեմ, հենց որ ասես… Մի վախենա… Ամեն ինչ լավ կլինի…
Նա շոյում, գուրգուրում է Նեին, հետո գրկում ու տանում է բեմի խորքը:
Հայտնվում են Կատուները:
ԿԱՏՈՒ – Տեսա՞ր, հասավ ուզածին, իսկ դու չէիր հավատում:
ԿԱՏՎԻԿ — Վերջ տուր:
ԿԱՏՈՒ — Մտքովս չի անցնում… Իսկ դու կրվեցիր: Ստանանք ձուկը:
ԿԱՏՎԻԿ — Արդեն ձո՞ւկ դարձավ, քիչ առաջ միայն պոչն էր: Ու հետո, ես գրազ չեմ եկել:
ԿԱՏՈՒ — Դու »չէ« չասիր: Ավելին. ասացիր` »Դու կկրվես«…
ԿԱՏՎԻԿ — Դա դեռ չի նշանակում, որ ինչ-որ բան կլինի… նրանց միջև… Նեն ուրիշի մասին է մտածում:
ԿԱՏՈՒ — Եթե կասկածում ես, կարող ենք գնալ ու նայել:
ԿԱՏՎԻԿ — Ա˜յ թե լկտին ես… Մտքովս էլ չի անցնում նայել:
ԿԱՏՈՒ — Վախենում ես, որ գրազը կշահե՞մ:
ԿԱՏՎԻԿ — Ինձ համար լրիվ մեկ է` կշահես, թե չէ: Իսկ գաղտնի հետևելը կեղտոտ բան է:
ԿԱՏՈՒ — Ի˜նչ նրբազգացն ենք…
ԿԱՏՎԻԿ — Ու հետո, մի՞թե դա ապացույց է: Դա պարզապես հուսահատություն է… Միայնության պատրանք…
ԿԱՏՈՒ — Հնարավոր է: Բայց և այնպես…
ԿԱՏՎԻԿ — Գիտես, ես խղճում եմ մարդկանց:
ԿԱՏՈՒ — Էդ ինչո՞ւ:
ԿԱՏՎԻԿ — Երբ պիտի սիրես ոչ թե ժամանակ առ ժամանակ, ոնց որ մենք, այլ ամեն օր… ցանկությունից կարելի է խփնվել:
ԿԱՏՈՒ — Քո կարծիքով, սերը խելահեղությո՞ւն է:
ԿԱՏՎԻԿ — Չգիտեմ: Հիմա ես գժվում եմ սպասելուց: Եթե Ռուդիկը չերևա` ինքս կցատկեմ այս անիծված տանիքից:
ԿԱՏՈՒ — (հոգոց հանելով): Ինձ երբեք այդպես չես սպասել:
ԿԱՏՎԻԿ — Երբեք… Ինչ ճիշտ է` ճիշտ է:
Դուրս են գնում բեմից:
Դադար: Այստեղ, անհրաժեշտության դեպքում, կարող է լինել ընդմիջում: Ամեն տեսարանին պիտի հաջորդի դադար ու խավար: Այն, ինչ կատարվեց մարդկանց միջև, ցանկալի է, որ մնա հարցական:
Երկրորդ գործողություն
Իններորդ աստիճան
Խցի ետևից, ուսերին անձրևանոցը գցած բեմեզր է գալիս Նեն: Նեին հետևում է Նա: Նեն կանգնում է բեմեզրին ու թեքվելով` ուսումնասիրում է հատակը:
ՆԱ — Ի՞նչ ես անում:
ՆԵ — Բանալին եմ փնտրում… Ո՞ւր կարող է ընկած լինել:
ՆԱ — Լուսավորե՞մ:
ՆԵ — Հա: (Նա հանում է լապտերիկը): Այնպես ես հարցնում, ասես ինձ համար եմ բանալին փնտրում:
ՆԱ — Չլինի՞ ինձ համար է այս իրարանցումը: (Լույսի շողը գցում է Նեի վրա): Ինձնից ազատվե՞լ ես ուզում:
ՆԵ — (խուսափելով լույսից): Դու էր ուզում, չէ՞, այստեղից գնալ:
ՆԱ — Քիչ առաջ ուզում էի, հիմա… Ես ուզում եմ, որ այդ բանալին երկուսիս պետք լինի:
ՆԵ — (հեգնանքով): Լո՞ւրջ… Այդ դեպքում փնտրիր, ինչո՞ւ ես ցցվել-մնացել:
Փնտրում են: Նա` չկամ: Հետո Նա նստում է բեմեզրին:
ՆԵ — Միստիկա է… լավ, ո՞ւր կարող էր կորչել:
ՆԱ — Ոչ մի միստիկա, պարզապես ցած է գլորվել:
ՆԵ — (նստում է կողքին): Եվ ի՞նչ ես առաջարկում անել:
ՆԱ — Տարօրինակ ռեակցիա ունես… դրանից հետո մի՞շտ ես ինչ-որ բան փնտրում:
ՆԵ — Չէ, այսպես ինձ հետ առաջին անգամ է: Եվ, ընդհանրապես, ես շոկի մեջ եմ:
ՆԱ — Ինձնի՞ց:
ՆԵ — Ինձնից: Անծանոթ տղամարդ… անգամ չծանոթացանք…
ՆԱ — Հիմա կարող ենք ծանոթանալ:
ՆԵ — Իսկ ի՞նչ կփոխվի: Միևնույն է, քո մասին ես ոչինչ չգիտեմ:
ՆԱ — Ու դու ուզում ես իմանա՞լ իմ մասին:
ՆԵ — Վերջին անգամ ե՞րբ ես եղել կնոջ հետ:
ՆԱ — Համա թե հարցեր ես տալիս:
ՆԵ — Վաղո՞ւց:
ՆԱ — Ինչո՞ւ այդպես որոշեցիր:
ՆԵ — Պարզապես դու մի տեսակ… դա չեմ կարող բացատրել… այդպես զգացի…
ՆԱ — Ինչ-որ բան քեզ դուր չեկա՞վ:
ՆԵ — Չէ, ընդհակառակը…
ՆԱ — Այդ դեպքում գուցե յոլա գնանք առանց հարցերի՞:
ՆԵ — Մի հարց էլ… Ամուսնացա՞ծ ես:
ՆԱ — Հիմա` չէ:
ՆԵ — Բաժանվե՞լ եք:
ՆԱ — Հա:
ՆԵ — Դու դավաճանե՞լ ես նրան: Թե՞ ինքը` քեզ…
ՆԱ — Ուրիշ բան էր… Մարդիկ ապրում են, փոխվում են… Ես տարված էի իմ աշխատանքով, նա ինձ օրերով չէր տեսնում, մենք օտարանում էինք: Իսկ հետո ես մոռացա նրա ծննդյան օրը: Նա շատ վիրավորվեց:
ՆԵ — Ես կարծում եմ…
ՆԱ — Երեկոյան եկա, իսկ սեղանին գրություն էր… նա իրերը հավաքել ու գնացել էր:
ՆԵ — Չփորձեցի՞ր վերադարձնել:
ՆԱ — Փորձեցի, բայց նա նույնիսկ խոսել չուզեց…
ՆԵ — Ու դրանից հետո…
ՆԱ — Լսիր, փոքրիկս, արի փակենք թեման: Հիմա մենք երկուսով ենք: Մենք ենք ու երկինքը: Քեզ հետ ինձ լավ եմ զգում: Երկնքի հետ էլ: Մեր ինչի՞ն են պետք անցյալի ուրվականները:
Դադար:
ՆԵ — Ինձ համար մտերմությունը անկեղծությունն է, բաց լինելը… Իսկ դու մի տեսակ փակ ես… Ես քեզ չեմ հասկանում: Ասա, ինչո՞ւ ես այստեղ: Ինչո՞ւ ինձ պահեցիր, չթողեցիր… Ինչո՞ւ…
ՆԱ — Արդեն ասել եմ…
ՆԵ — Ես քեզ չեմ հավատում:
ՆԱ — Հորինել ես քեզ համար, աստված գիտե, ինչեր…
ՆԵ — Մի խնդրանք ունեմ… տուր ատրճանակը: Խնդրում եմ:
ՆԱ — Ինչի՞դ է պետք:
ՆԵ — Պարզապես նայեմ:
ՆԱ — Առանց սուիցիդի՞:
ՆԵ — Առանց: Խոստանում եմ: Չե՞ս վստահում:
ՆԱ — Լավ, վերցրու, միայն զգույշ… լիցքավորված է:
Նա հանում է ատրճանակը, Նեն զննում է այն:
Նորից հայտնվում են Կատուները:
ԿԱՏՎԻԿ — (ներքև է նայում): Նայիր, այնտեղ… ի՞նչ բիծ է: Հո Ռուդիկը չէ՞…
ԿԱՏՈՒ — Ավելի լավ է, նայիր, թե սրանք ինչ են անում…
ԿԱՏՎԻԿ — Ինչ է՞ որ…
ԿԱՏՈՒ — Սըս… (Մի կողմ է տանում): Նրա ձեռքին ատրճանակ կա:
ԿԱՏՎԻԿ — Ոչ թե նրա, այլ Նեի…
ԿԱՏՈՒ — Ավելի վատ: Նեն կատաղածի մեկն է… Բոլոր կնիկներն էլ նույնն են, սկզբում` »հա«, հետո…
ԿԱՏՎԻԿ — Իսկ տղամարդիկ խարդախ են` սիրուն բառեր են ասում սիրո մասին, իսկ գրպանում պատրաստ պահում են ատրճանակը:
ԿԱՏՈՒ — Դու գիտես օրենքը. եթե բեմում ատրճանակ է կախված, անպայման պիտի կրակի:
ԿԱՏՎԻԿ — Նախ, ոչ թե ատրճանակ, այլ զենք: Իսկ երկրորդը` Նեն կրակել չգիտի:
ԿԱՏՈՒ — Ավելի վատ: Բա որ հիմար-հիմար հուպ տա ձգանին ու մեզ կպնի՞… Թռանք, շառից հեռու:
ԿԱՏՎԻԿ — Տեղիցս էլ չեմ շարժվի, ես Ռուդիկին եմ սպասելու:
ԿԱՏՈՒ — Նայիր, է, ոնց են փայլում Նեի աչքերը, մտքին մի բան կա…
ԿԱՏՈՒ — Նա անկեղծ չէ, զգում եմ: Ես տանել չեմ կարող ստախոսներին:
ԿԱՏՈՒ — Դե լավ, գոնե թաքնվենք խցի ետևում: Շարժվիր, սիրելիս: (Կատվիկին քարշ է տալիս բեմի խորքը):
ԿԱՏՎԻԿ — (համառում է): Հիմա կսկսվի ամենահետաքրքիրը…
ԿԱՏՈՒ — Ամենահետաքրքիրը ողջ ու առողջ մնալն է: (Ուժով տանում է իր հետ):
Տասներորդ աստիճան
ՆԵ — Ի˜նչ պաղ է… Ես ուզում էի հիշեցնել մեր պայմանի մասին:
ՆԱ — Ի՞նչ պայմանի…
ՆԵ — Դու խոստացար պատմել, թե ինչ ես անում այստեղ: Գաղտնիքը գաղտնիքի դիմաց: Անկեղծությունը` անկեղծության:
Նեն մի քայլ ետ է գնում, իբր կատակով, ատրճանակը ուղղում է Նրա վրա:
ՆԱ — Վատ կատակ է… Տուր այստեղ:
ՆԵ — Չեմ տա:
ՆԱ — Մի հիմարանա, փոքրիկս, նա կարող է կրակել… պատահաբար: (Մի քայլ է անում դեպի Նեն):
ՆԵ — Չմոտենա՛ս… ատրճանակը լիցքավորված է:
ՆԱ — Հո չե՞ս կրակելու:
ՆԵ — Ուրեմն տեղիցդ չշարժվես: Խնդրում եմ…
ՆԱ — Լավ, քո ասածն է… Է, հետո՞, ամբողջ գիշերը այսպես ցցված ենք մնալո՞ւ: Սիրուն միզանսցեն է: Հատկապես դիակի ֆոնի վրա:
ՆԵ — Մի շեղվի… Ի՞նչ ես անում այստեղ:
ՆԱ — Հավատա, ոչ մի կրիմինալ չկա, պարզապես… մի քիչ բարդ է բացատրելը:
Քայլ է անում, Նեն ընկրկում, առաջ է պահում ատրճանակը:
ՆԵ — Չմոտենաս: Հետո՞…
ՆԱ — Լավ… Ես լուսնոտ եմ, գիշերները թափառում եմ…
ՆԵ — Բա ինչո՞ւ պիժամայով չես… անձրևանոց ես հագել:
ՆԱ — Ինչ կա՞ որ… գուցե անձրևանոցով եմ քնել… հարբած քնել եմ…
ՆԵ — Ճիշտ չէ, ինչքան փիղն է պարուհի, այնքան էլ դու` լուսնոտ: Ու կարգին խմել էլ չես կարող:
ՆԱ — Դե լավ… կնոջ մոտ էի: Անունը չեմ ասի: Հայտնվեց ամուսինը, իսկ նա խուճապից խելքը թռցրեց: Հո պահարանի մեջ չէի՞ թաքնվելու… Ես էլ ջրհորդանով պատուհանից բարձրացա տանիք:
ՆԵ — Բայց նոր չասացի՞ր, որ վաղուց կնոջ հետ չես եղել:
ՆԱ — Է հա, ոչինչ էլ չեղավ… չհասցրինք: Ստացվում է, տուժել եմ ոչ մի բանի համար:
ՆԵ — Իսկ թերմոսը այդ կի՞նը քեզ տվեց, ճանապարհի համար:
ՆԱ — Թերմո՞սն ինչ կապ ունի…
ՆԵ — Ես էլ դա եմ ասում: Թերմոսը պատմածիդ հակասում է… Ատրճանակն էլ տվեց, որ ամուսնուն թխկացնես:
ՆԱ — Ատրճանակը իմն է:
ՆԵ — Բա ինչո՞ւ զինված, բայց փախար անզեն ամուսնուց:
ՆԱ — Որտեղի՞ց գիտես, որ նա անզեն էր:
ՆԵ — Կալաշնիկովի ավտոմատո՞վ էր զինված: Իսկ գուցե ռո՞ւմբ ուներ… քիմիական զե՞նք…
ՆԱ — Քո կարծիքով, ահաբեկի՞չ էր… սովորական ծառայող է:
ՆԵ — Ուրեմն, դանակ ուներ: (Դադար): Թե՞ մկրա՞տ: (Դադար): Մո՞ւրճ…
ՆԱ — Ձե՞ռ ես առնում:
ՆԵ — Փորձում եմ հիմնավորել քո վարկածը: Այդ դեպքում ինչի՞ց վախեցար…
ՆԱ — Հեչ էլ չեմ վախեցել… չէի ուզում վարկաբեկել այդ կնոջը:
ՆԵ — Ի˜նչ ազնիվ հոգի, տուժել է տիկնոջ պատվի համար:
ՆԱ — Ինչ է, չի՞ կարելի:
ՆԵ — Էժանագին մելոդրամատիկ կոմեդիաներ շատ ես նայել:
ՆԱ — Կոմեդիան մելոդրամատիկ լինո՞ւմ է:
ՆԵ — Ես էլ դա եմ ասում…
ՆԱ — Ինչո՞ւ ինձ չես հավատում:
ՆԵ — Դու ինքդ քեզ լսիր: Կարգին հորինել չեն կարող, թույլ երևակայություն ունես:
ՆԱ — Դուրըդ չի գալիս` ինքդ հորինիր: Եթե դեռ չես հորինել:
ՆԵ — Ճիշտն ասած, կարծում էի, որ գող ես:
ՆԱ — Խոնարհաբար շնորհակալ եմ, բայց այդպիսի բարձր կոչման արժանի չեմ:
ՆԵ — Վիրավորեցի՞:
ՆԱ — Իսկ ի՞նչ ես կարծում:
ՆԵ — Ներիր… Բա ինչո՞ւ ես այդ հիմարությունը դուրս տալիս:
ՆԱ — Էլ ոչինչ չեմ ասի: Ինձ դուր չի գալիս խոսել զենքի տակ:
ՆԵ — Պարտիզանի պես լռելո՞ւ ես: (Դադար): Լավ, վերցրու ատրճանակդ:
Նա լուռ վերցնում, պահում է զենքը: Խոժոռվում է:
ՆԵ — Հիմա կպատմե՞ս… (Նստում է կողքը, մեղմ): Դե, խնդրում եմ, պատմիր..
ՆԱ — Վախենամ` ճիշտն որ պատմեմ, չես հավատա:
ՆԵ — Իսկ դու փորձիր:
ՆԱ — ՉԹՕ-ի պատճառով են այստեղ:
ՆԵ — Հերթական հեքիա՞թը…
ՆԱ — Ես տեսել եմ, օրը ցերեկով:
ՆԵ — Իսկական այլմոլորակայինների ափսե՞:
ՆԱ — Չէ, ափսեի նման չէր:
ՆԵ — Բաժա՞կ էր: Թե՞ կաթսա:
ՆԱ — Իզուր ես ծաղրում: Մետաղական փայլով ցիլինդր էր: Նա մեկ կախվում էր օդում, մեկ արագ շարժվում… մի տեղում անհետանում էր, մեկ այլ տեղում` հայտնվում:
ՆԵ — Բայց ապացուցել են, չէ՞, որ դրանք մթնոլորտային երևույթներ են:
ՆԱ — Ո՞վ է ապացուցել: Ի՞նչ երևույթներ են…
ՆԵ — Չգիտեմ` ով… Բայց չէ՞ որ չի ապացուցված, որ դա գոյություն ունի…
ՆԱ — Ապացուցված չէ՞… Հարյուրավոր վկաներ կան, լուսանկարներ, տեսանյութեր, սարքերի ցուցանիշներ, տիեզերագնացների պատմածներ… աշխարհի տարբեր անկյուններում: Բայց այդ ամենը անտեսվում է: Տաբու է: Իսկ դրանք տեսնողներին գժի տեղ են դնում…
ՆԵ — Ինչո՞ւ:
ՆԱ — Դա ուրիշ հարց է: Երևի ինչ-որ մեկին դա ձեռնտու է:
ՆԵ — Իսկ ինչո՞ւ այդ ափսեների միջինները չեն փորձում կապի մեջ մտնել մեզ հետ:
ՆԱ — Փորձել են: Ուրիշ հարց է, թե դա ինչ ավարտ է ունեցել:
ՆԵ — Իսկ քեզ հե՞տ…
ՆԱ — Եթե նկատի ունես, որ մեկը դուրս է եկել այդտեղից ու ձեռքով բարևել` չէ, այդպիս բան չկա: Բայց կապ եղել է: Միայն թե` մտովի…
ՆԵ — Հեռազգացությո՞ւն…
ՆԱ — Մենք` մարդիկ, ամեն օր կապի մեջ ենք իրար հետ, և ի՞նչ գիտենք միմյանց մասին: Ինչ-որ կեղծ, խեղված տվյալներ: Իսկ ի՞նչ կա մեր մտքում: Այդ դեպքում ո՞րն է իսկական կապը:
ՆԵ — Դու նրանց հետ կապի մե՞ջ ես:
ՆԱ — Բացատրելը բարդ է… Ամեն ինչ սկսվեց, երբ առաջին անգամ տեսա նրանց: Երբ նայում էի այդ փոքրիկ ցիլինդրին, գլխումս ուրիշ մտքեր հայտնվեցին: Անսպասելի ու օտար: Ասես ոչ մի տեղից… Մտքեր բաների մասին, որոնք ես չէի կարող իմանալ: Որ այդ ցիլինդրի մեջ ոչ մի այլմոլորակային չկա: Որ դա զուգահեռ քաղաքակրթություն է ու նրանք նվաճել են ոչ միայն տարածությունը, այլև ժամանակը: Ես հասկացա, որ մեր գլխավոր դժբախտությունն այն է, որ մենք աշխարհը յուրացնում ենք միայն տարածության մեջ: Մենք չենք հասկանում ժամանակը: Մենք ինչ-որ բան ենք ծրագրում ու ապրում ենք պատրանքով, որ դա կկատարվի: Իսկ կատարվում է մի ուրիշ բան: Աղետներ, հիվանդություններ, պատերազմներ… Մենք ապրում ենք, ասես կույր կատվի ձագեր ենք ապագայի լիակատար խավարի մեջ: Իրադարձությունների տրամաբանությունը հաճախ անհասանելի է թվում: Ու դա կոտրում է մեզ, հասցնում հուսահատության: Այդ կուրության մեջ մենք վիրավորում ենք իրար, ինքներս մեզ… Ու միայն հետո, երբ հետ ենք նայում, սկսում ենք հասկանալ օրինաչափությունը, ի հայտէ գալիս հստակ գիծը…
ՆԵ — Բայց կան մարդիկ, ովքեր տեսնում են ապագան:
ՆԱ — Երբեմն տեսնում են: Բայց դա ասես լինի կայծակ ու էլեկտրականություն լարերի մեջ: Հասկանո՞ւմ ես տարբերությունը: Մենք գիտենք ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի օրենքները, բայց չգիտենք սեփական ճակատագրի օրենքները:
ՆԵ — Իսկ պատմությո՞ւնը, սոցիոլոգիա՞ն, աստղագիտությո՞ւնը…
ՆԱ — Այն չեն: Պիտի իմանալ պատահականության օրենքները: Ժամանակի օրենքները:
ՆԵ — Ուզում ես ասել, որ դու բացահայտե՞լ ես:
ՆԱ — Ոչ, ես պարզապես հասկացա, որ արժե դրանք բացահայտել: Պատահականությունը չիմացությունից ծնված առասպել է: Իսկ Նրանք` ցիլինդրի այդ Ուրիշները, գիտեն:
ՆԵ — Այդ մտքերը այդ ժամանա՞կ հայտնվեցին քո գլխում:
ՆԱ — Սկզբում: Հետո տարօրինակ երազներ տեսա: Տեղեր ու դեպքեր, որոնք տեսած չէի կարող լինել: Հասկացա, որ նրանք այդպես են հաղորդակցվում ինձ հետ… Գուցե ես ընտրված եմ, որպեսզի մարդկանց հայտնեմ նոր գիտելիքները, նրանց դուրս բերեմ կուրության ու անուժության անապատից: Իսկ այսօր նորից տարօրինակ երազ տեսա` այս տանիքը, ՉԹՕ-ն, լույսի շողը… Դու ինձ հավատո՞ւմ ես:
ՆԵ — Ներիր… Ես սխալվեցի, դու ունես երևակայություն: Լավ ես հորինում, բայց անհավատալի…
ՆԱ — (դադարից հետո): Ես էլ սխալվեցի քո հաշվով… մտածեցի` ուրիշ ես: Որ կարող ես հասկանալ…
ՆԵ — Ինձ համար մտերմությունը անկեղծությունն է:
ՆԱ — Իսկ ինձ համար` վստահությունը:
ՆԵ — Քեզնից վստահություն չտեսա: Միայն սուտ:
ՆԱ — Քո պրոբլեմն այն է, որ ոչ մեկի չես հավատում:
Նեն գնում, նստում է տանիքի եզրին: Նա մնում է խցի մոտ: Երկնքում լուսավոր բիծ է հայտնվում. Նեն տեսնում է, իսկ Նա` ոչ:
Տասնմեկերորդ աստիճան
ՆԵ — Դա ի՞նչ է… (Ցույց է տալիս): Նայիր, այնտեղ…
ՆԱ — Արդեն ասացի` տեղեկատու բյուրո չեմ:
ՄԵ — Տարօրինակ ցիլինդր է… Պատահաբար քո ՉԹՕ-ն չէ՞:
ՆԱ — Վերջ տուր…
ՆԵ — Ես լուրջ… դե, ինքդ նայիր…
ՆԱ — (նայում է, ապշահար): Ինքն է: Լսո՞ւմ ես, ինքն է:
ՆԵ — Սուպեր…
ՉԹՕ—ն ավելի պայծառ է լուսավորվում:
ՆԱ — Հիմա հավատո՞ւմ ես:
ՆԵ — Շատ տարօրինակ է… օյ, շարժվում է: Տեսա՞ր:
ՆԱ — Տեսա: Ոնց որ թե մոտենում է:
ՆԵ — Ուռ-ռա˜…
Նեն սկսում է վազել բեմում, թռչկոտել: Նա ակնդետ հետևում է լույսին:
ՆԵ — (կանգ է առնում): Քո ետևի՞ց են եկել: (Դադար): Մտովի խոսո՞ւմ ես նրանց հետ, հա՞: (Դադար): Ասա, ինձ էլ վերցնեն, լսո՞ւմ ես: Կարող են, չէ՞…
ՆԱ — Չգիտեմ:
ՆԵ — Իսկ գուցե մեզ չեն տեսնում: Այստեղ մութ է: Ո՞ւր է լապտերիկը: (Միացնում է, թռչկոտում ու պարում է լապտերիկով): Ի՞նչ ես կանգնել, ազդանշան տուր… Գուցե ինչ-որ նշաններ, ես չգիտեմ…
ՆԱ — Ես էլ չգիտեմ:
ՆԵ — Դե, մի բան արա…
Նա վերցնում է լապտերիկը, ինչ—որ գծեր է գծում:
ՆԵ — Նորից է շարժվում, տեսա՞ր:
Նա ծուռ գծեր է գծում լապտերիկով, դա նման է շամանական պարի:
Բեմում հայտնվում են Կատուները:
ԿԱՏՎԻԿ — (ցույց տալով երկինքը): Տեսնո՞ւմ ես… տեսնո՞ւմ ես, այնտեղ, երկնքում…
ԿԱՏՈՒ — Ասենք, տեսնում եմ… ՉԹՕ է…
ԿԱՏՎԻԿ — Այնպես հանգիստ ես խոսում, կարծես ձկան պոչ լինի:
ԿԱՏՈՒ — Ձկան պոչի համար ավելի կուրախանայի:
ԿԱՏՎԻԿ — Եվ ինչի՞ մասին ես մտածում:
ԿԱՏՈՒ — Իսկ ինչի՞ մասին պիտի մտածեմ:
ԿԱՏՎԻԿ — Իսկ եթե այդ ՉԹՕ-ն մեր Ռուդիկին է չանթե՞լ:
ԿԱՏՈՒ — Դե ինչ, ցավալի է…
ԿԱՏՎԻԿ — Այդքա՞նը կարող ես ասել:
ԿԱՏՈՒ — Ցավալի է, որ թթվասերն էլ են տարել:
ԿԱՏՎԻԿ — Դու պարզապես անտանելի ես:
ԿԱՏՈՒ — Դու չէի՞ր ասում, որ առանց թթվասեր ինչ տոն…
ԿԱՏՎԻԿ — Զզվեցրիր քո թթվասերով:
ԿԱՏՈՒ — Իսկ դու զզվեցրիր քո Ռուդիկով: Ման գալուդ դեռ կես ամիս կա, ի՞նչ ես քեզ պատեպատ տալիս:
ԿԱՏՎԻԿ — Քո խելքի բանը չէ:
ԿԱՏՈՒ — Վե՛րջ, ձեր տոնը, ա՛յ, էստեղս է… (Ցույց է տալիս կոկորդը): Ես իջա: (Գնում է):
ԿԱՏՎԻԿ — Սպասիր… մենակ չեմ ուզում մնալ: (Վազում է նրա ետևից):
Կինը պայուսակից հանում է ատրճանակը: Կրակում է օդ:
ՆԱ — Ի՞նչ ես անում… տուր այստեղ:
ՆԵ — Ախր, օդ կրակեցի… որ լսեն… որ մենք այստեղ ենք…
ՆԱ — (խլելով ատրճանակը): Ուզում ես մտածեն, որ մենք կատաղած մոլագարնե՞ր ենք:
ՆԵ — Ես… որ ձայնը լսեն…
ՆԱ — Նրանք ոչինչ էլ չեն լսի:
ՆԵ — Ուրեմն, չեն էլ տեսնի… այսքան տարածությունից:
ՆԱ — Ի՞նչ իմանաս… կարող է, ուժեղ օպտiկա ունեն:
ՆԵ — Ի դեպ, քեզ մոտ տեսա… (Հանում է հեռադիտակը, մոտեցնում աչքերին):
ՆԱ — (գոռում է): Տեղը դիր… շո՛ւտ:
ՆԵ — Բայց ես ոչինչ չեմ անում…
Նա վագրի պես նետվում, ուզում է Նեի ձեռքից խլել հեռադիտակը, Նեն չի տալիս:
ՆԵ — Ես միայն նայեմ… քեզ ի՞նչ եղավ…
ՆԱ — Կկուրանաս:
ՆԵ — Ի՞նչ… (Ձեռքից բաց է թողնում հեռադիտակը, որը ցած է գլորվում: Նա բռնում, թաքցնում է):
ՆԱ — Հեռադիտակով կամ աստղադիտակով նայողները կուրացել են: Դու էլ կարող ես… օպտիկան կիզակետում է լույսը…
ՆԵ — Ինչո՞ւ չզգուշացրիր:
ՆԱ — (գրկում է): Ներիր, այնպես վախեցա քեզ համար…
Լույսի բիծն անհետանում է:
ՆԵ — Լսիր, իսկ ո՞ւր կորավ…
ՆԱ — Նա կարող է անհետանալ ու հայտնվել ուրիշ տեղում: Դա անհետանալ չէ, այլ մեծ արագություն:
ՆԵ — Նորից կհայտնվի, չէ՞…
ՆԱ — Հնարավոր է:
ՆԵ — Արի փնտրենք:
Քայլում են տանիքում: Նա վերադառնում է` գլուխը բռնած: Նեն մոտենում է:
ՆԵ — Քեզ ի՞նչ եղավ:
ՆԱ — Նրանք էլ չեն հայտնվի:
ՆԵ — Ինչո՞ւ:
ՆԱ — Ես ամեն ինչ հասկացա: Ոչ մեկը ոչ մեկին իր հետ տանելու միտք չուներ: Նրանք պարզապես օգտագործել են ինձ, ճագարի պես: Ես նրանց պետք չեմ:
ՆԵ — Սպասիր, գուցե դեռ կվերադառնան:
ՆԱ — Չէ… սա վերջն է…
ՆԵ — Բայց դու երազում ազդանշան ես ստացել: Ու նրան թռել-եկել են: Նրանք հենց քեզ են ընտրել…
ՆԱ — Գուցե ուզում էին ստուգել, թե ինչպես կարձագանքեմ հեռազգացության ազդանշանին… Իսկ ես հորինեցի, չգիտեմ, թե ինչ, ինձ ընտրյալ պատկերացրի, համարյա մարգարե… Ապուշ: Ապուշի կտոր…
ՆԵ — Գուցե ես եմ մեղավոր… թռչկոտում էի աննորմալի պես, կրակում…
ՆԱ — Դու լուրջ մտածում ես, որ նրանք վախեցան մի ախմախ ատրճանակի՞ց: Դու մեղք չունես: Պարզապես ես սխալվեցի… նրանք գնացին… (Մոտենում է տանիքի եզրին):
ՆԵ — Ի՞նչ ես ուզում անել: Հե˜յ…
ՆԱ — Կարծում ես, ինքնասպանության միտքը վարակի՞չ է: Փոխանցվում է օդ-կաթիլային ճանապարհո՞վ:
ՆԵ — Չէ, լուրջ, մտքինդ ի՞նչ է:
ՆԱ — Մի վախենա, չեմ թռչի: Ընդամենը երկու տարվա սպասումներս ցնդեցին: Ու հիմա դատարկություն է: Ոնց որ այս տանիքի եզրն է…
ՆԵ — Պատմիր, ես կփորձեմ հասկանալ:
ՆԱ — Հասկանո՞ւմ ես, ես մշակել եմ արագության տեսություն: Թե ինչպես են շարժվում այդ ՉԹՕ-ները:
ՆԵ — Դու գիտնակա՞ն ես:
ՆԱ — Այդպես էլ կարելի է ասել: Ես փորձարկել եմ այդ տեսությունը, հոդվածներ եմ գրել, գրանտի համար դիմել եմ` ներկայացնելով բոլոր հաշվարկները, բայց ինստիտուտում, որտեղ աշխատում էի, լուրջ չընդունեցին, սկսեցին ձեռ առնել…
ՆԵ — Ապացուցել չէի՞ր կարող…
ՆԱ — Միայն բանաձևի մակարդակում: Իսկ պետք են փաստական ապացույցներ: Տեսությունը հաստատելու համար լաբորատորիա է պետք, հատուկ սարքեր, հետազոտություններ… Մի խոսքով` միջոցներ:
ՆԵ — Դու պիտի բացահայտես այդ գաղտնիքը, այդ դեպքում կկարողանաս նրանց հետ խոսել, ինչպես հավասարը հավասարի հետ:
ՆԱ — Էլ ոչինչ չեմ բացահայտի…
ՆԵ — Եթե ուզում ես, ես կօգնեմ… եթե, իհարկե… եթե քեզ պետք եմ…
ՆԱ — Դու ինձ շատ պետք ես:
ՆԵ — Գիտես, արդեն չեմ ուզում ցած նետվել: Ես ուզում եմ բացահայտել այդ գաղտնիքը: Քեզ հետ:
ՆԱ — Իսկ եթե հիասթափվես ինձնի՞ց…
ՆԵ — Ես քեզ հավատում եմ: Դու հանձնվելու իրավունք չունես, լսո՞ւմ ես…
ՆԱ — Քեզնից իսկական դեկաբրիստի կին կստացվեր… Դու լավն ես, շատ լավն ես, հատկապես երբ տանիքից ցած չես թռչում: Ես ինձ շատ վատ եմ զգում…
ՆԵ — Գուցե օղի՞ տամ:
ՆԱ — Չէ, նստիր կողքս: (Դադար):
Տասներկուերորդ աստիճան
ՆԵ — Լսիր, մտքովս ինչ անցավ… Իսկ եթե նա ո՞ղջ է… Պարզապես գիտակցությունն է կորցրել կամ կոմայի մեջ է: Մեկ էլ տեսար` կարողացանք նրան փրկել:
ՆԱ — Նա չէր շնչում: Հաստատ:
ՆԵ — Եթե չնչին հույս կա` պիտի փորձել… գնացինք:
ՆԱ — Իզուր բան է…
Նրանք մոտենում են, նա շրջում է Մարմինը, Նեն լապտերիկով լուսավորում է:
ՆԵ — Ինձ թվում է, մարդ էլ չէ: (Թեքվում է վրան): Բայց սա մանեքեն է:
ՆԱ — Արժանին պիտի մատուցել` շատ լավ է սարքված:
ՆԵ — Տեր Աստված, ի˜նչ ապուշն ենք… մանեքենին մարդու տեղ դնել… Լսիր, հիմա մենք ազատ ենք:
ՆԱ — Ինչի՞ց:
ՆԵ — Ո՞նց թե` ինչից. դիակից: Բանտարկվելուց: Հիմար կասկածներից: Միայն թե ո՞նց այստեղից դուրս գանք:
ՆԱ — Մի բան կմտածենք… մինչև լույսը բացվի:
ՆԵ — Սպասել լույսը բացվելո՞ւն… Դե, այդ մեկը` չէ… (Դադար: Նեն նյարդային քայլում է): Գտա՛: Արի մի բան վառենք: Մեկնումեկը հրշեջներին կկանչի` մեզ էլ կիջեցնեն:
ՆԱ — Այստեղ ի՞նչ կարելի է վառել:
ՆԵ — (շուրջը նայելով): Դե… թեկուզ այս մանեքենը:
ՆԱ — Չէ, մեղքս գալիս է: Լավ գործ է…
ՆԵ — Պիտի ընտրենք:
ՆԱ — Սպասիր, այնտեղ հին փալասների, լրագրերի կույտ տեսա, դա էլ կվառենք… (Այդ ամենը բերում է, Նեն լուսավորում է): Իսկ մանեքենին մի կողմ տանենք… դու էլ հեռու գնա: (Փորձում է կրակ վառել, չի ստացվում): Չի ուզում վառվել… (Վառում է): Օգնության չգան էլ` գոնե կտաքանանք:
ՆԵ — Այդպեսի տոն կա` կրակի վրայով թռնում են…
ՆԱ — Ըհը… նաև ծաղկեպսակներ են շպրտում…
ՆԵ — Ծաղկեպսակի համար բուսականությունը քիչ է, ավելի ճիշտ, չկա: Գուցե կրակի վրայո՞վ թռնենք: Ասում են, կարելի է չար ոգիներից մաքրվել:
ՆԱ — Հավատում ես չար ոգիների՞ն:
ՆԵ — Հավատում եմ կրակին:
ՆԱ — Այդ դեպքում պետք է թափ առնել… Տուր ձեռքդ:
Տասներեքերորդ աստիճան
ՁԱՅՆ — (կանացի, սուր, հնչում է բարձրախոսից): Ուշադրությո՛ւն… Հանգցրե՛ք կրակը: Վե՛րջ տվեք, շո՛ւտ: Անվտանգության կանոններով կրակը արգելված է: Ինչո՞ւ մինչև հիմա միջոցներ ձեռք չեն առնված:
ՆԵ — Սա ի՞նչ է:
Խցից ջուր է թափվում կրակի վրա: Նա ու Նեն թրջված ետ են ցատկում: Դուռը փակվում է:
ՆԱ — Իրոք որ, մաքրվեցինք…
ՆԵ — (մոտենում, փորձում է բացել դուռը` փակ է): Որտեղի՞ց այդ ձայնը…
Դադար: Նեն ակնդետ նայում է: Նա փախցում է հայացքը: Հեռուստատեսային տաղավարին բնորոշ ձայն:
ՁԱՅՆ — Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնում ենք, որ դուք դիտում էիք »Սուիցիդի վերջին հերոսը« ռեալ-շոուն:
ՆԵ — Ռեալ-շոո՞ւ… մեզ նկարահանո՞ւմ էին… Լսո՞ւմ ես: (Նետվում է դեպի խուցը): Այս ամենը նկարում էին… Հիմա կջարդե՛մ ձեր տեսախցիկները, ժապավեններն էլ կճղե՛մ… Չե՛մ թողնի, որ եթեր գնա…
ՆԱ — Վերջ տուր… ի՞նչ ես անում…
ՁԱՅՆ — Փրկարարը հաղթեց մահվան մենամարտում ու կստանա վաստակած պարգևը` տաս հազար: Շնորհավորե՛ք հաղթողին:
Ծափահարություններ: Նա փախցնում է հայացքը Նեից:
ՆԱ — Ա˜յ քեզ ապուշներ: Տեր Աստված, ի˜նչ ապուշ են այդ ձայնային ռեժիսորները…
ՆԵ — Ուրեմն, դու ամեն ինչ գիտեի՞ր… Գիտեիր, որ շոո՞ւ է… Ինչո՞ւ ինձ չասացիր:
ՆԱ — Ես չէի կարող… խաղի պայմանն է…
ՆԵ — Խաղի՞: Քո կարծիքով, սա խա՞ղ է: Ուրեմն, դու խաղո՞ւմ էիր:
ՆԱ — Սկզբում` հա… հետո ամեն ինչ լրջացավ:
ՆԵ — Ի˜նչ ստորություն… Տեր Աստված, ի˜նչ ստորություն: Կանգնեցրո՛ւ դրանց: Դու գիտե՞ս` ինչպես դրանց կանգնեցնել…
ՆԱ — Անհնար է: Երևի ինչ-որ հատվածներ գնացել են եթեր:
ՆԵ — Սրիկա՛… գոնե հասկանո՞ւմ ես, որ ստորություն ես արել:
ՆԱ — Ես ոչ մի վատ բան չեմ արել, հակառակը…
ՆԱ — Դու ինձ ծաղրի ենթարկեցիր… փրկարար է հայտնվել: Եվ ինչքա՞ն են վճարելու այդ շուոի համար:
ՆԱ — Լսեցիր, ինչո՞ւ ես հարցնում:
ՆԵ — Այո, մեր օրերում երեսուն արծաթով հուդաները չեն աշխատում: Գները բարձրացել են: Իսկ ինչի՞ համար պիտի վճարեին… որ ես ցած չընկնեի՞:
ՆԱ — Հա: Բայց ոչ թե ուժով… դո՛ւ պիտի այդպես որոշեիր:
ՆԵ — Դաժան է:
ՆԱ — Ինչո՞ւ: Ի՞նչ վատ է, որ նորից ուզում ես ապրել:
ՆԵ — Դու ինձ հույս տվեցիր, բայց, պարզվեց, կեղծ է… Սարսափելի է:
ՆԱ — Լսիր ինձ, խնդրում եմ… ես այս քայլին գնացել եմ ապագա լաբորատորիայիս համար: Ինձ շատ է պետք այդ փողը: Ես ուզում եմ ապացուցել իմ տեսությունը…
ՆԵ — Ավելի լավ է, քիլլեր դառնայիր: Ավելի ազնիվ է…
ՆԱ — Երբ համաձայնվեցի, քեզ չէի ճանաչում: Չգիտեի, որ դու այդքան… զարմանալի ես… Ու սա ճակատագրի նվերն է, որ քեզ հանդիպեցի, ճիշտ եմ ասում:
ՆԵ — Պաթոսդ թող տեսախցիկների համար… Դա արել ես փողի համար… զզվո՛ւմ եմ քեզնից: Անգամ կողքիդ կանգնելը զզվելի է… Բայց ոչինչ չի ստացվի, դու այդ փողերը չե՛ս ստանա: Ես հիմա ինձ կգցեմ…
ՆԱ — Աննորմա՞լ ես, մեռնելու ես, ինչ է, թե փողը չստանա՞մ:
ՆԵ — Ես ուզում եմ այստեղ սուիցիդալ շոու ցույց տալ: Կարող ես սուլել քո օպերատորներին, թող տեսախցիկները միացնեն: Նրանց ցնցող տեսարան է սպասում:
ՆԱ — Ուզո՞ւմ ես, հրաժարվեմ փողից… կամ քեզ նվիրեմ…
ՆԵ — (ընկրկելով): Դու պարտվեցիր:
ՆԱ — Դու ինձ շատ ես պետք:
ՆԵ — Ոչ մի բառիդ չեմ հավատում:
ՆԱ — Ի՞նչ անեմ, որ հավատաս: (Նա կանգնած է Նեի ու բեմեզրի միջև):
ՆԵ — Արդեն ոչինչ: Ուշ է:
ՆԱ — Ուրեմն, միասին կընկնենք: Եթե քեզ հետ թռնեմ, կհավատա՞ս:
ՆԵ — Որ ջարդվենք, ինչի՞դ է պետք իմ հավատը:
ՆԱ — Հույս ունեմ, որ չենք ջարդվի: Օդապարիկով կթռնենք:
ՆԵ — Բայց ես չեմ կարող…
ՆԱ — Երբևէ պիտի սկսես: Սպասիր, ես հիմա… (Պայուսակից հանում է օդապարիկը):
ՆԵ — Բայց մի օդապարիկ է:
ՆԱ — Ոչինչ, երկուսիս կպահի: Այդքան ծանր չենք… Պահիր լապտերը… լուսավորիր, խնդրում եմ:
ՆԵ — Իսկ եթե չբացվի՞:
ՆԱ — Միշտ երազել եմ թռչել… Մի վախենա, կբացվի: Դու ինձ հավատո՞ւմ ես:
ՆԵ — Չգիտեմ:
ՆԱ — Վերջին անգամ եմ հարցնում` հավատո՞ւմ ես:
ՆԵ — Ես ուզում եմ քեզ հավատալ, միայն… եթե սա ինքնասպանություն դառնա՞:
ՆԱ — Կդառնա մեր միայնության ինքնասպանությունը: Հասկանո՞ւմ ես:
ՆԵ — Հասկանում եմ:
ՆԱ — (օդապարիկը հարմարեցնում է երկուսի վրա, կանգնում են տանիքի եզրին): Չվախենաս, ամեն ինչ լավ կլինի: Հաշվում եմ մինչև երեքը, ու թռչում ենք: Եղա՞վ:
ՆԵ — Հա:
ՆԱ — Մեկ, երկու, երեք…
Անկում: Խավար:
Կատուների ձայնը:
ԿԱՏՎԻԿ — Ախր, նրանք չեն կարող թռչել: Թաթերի վրա պիտի իջնել, բարձիկների…
ԿԱՏՈՒ — Մարդիկ երբեք չեն կարող ընկնել: Բայց կարող են թռչել: Երբեմն:
ԿԱՏՎԻԿ — Գուցե հիմա այդ »երբե՞մն« է:
ԿԱՏՈՒ — Գուցե…
Լուսավորվում է: Բեմում միայն մանեքենն է: Մթնում է: