Արմեն ԱՎԱՆԵՍՅԱՆ/«ՀԱՅ» ԹԱՏՐՈՆԻ ՄԵԿ ՇԱԲԱԹԸ»
Արմեն ԱՎԱՆԵՍՅԱՆԻ «ՀԱՅ» ԹԱՏՐՈՆԻ ՄԵԿ ՇԱԲԱԹԸ» հոդվածը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2008 թ., թիվ 14-15-ում
2008 թվականի մարտի 10-17-ը «թատերական շաբաթի» տեսքով ներկայացվեցին նախորդ տարվա լավագույն ներկայացումները…
…P.Տ Փաստորեն, 2007 թվականի հայ թատրոնի լավագույն ներկայացումները հիմնականում դասական և արտասահմանյան հեղինակների ստեղծագործությունների բեմականացումներն են: Ի դեպ, դրանց մոտ կեսը նույնիսկ դրամատուրգիական երկեր չեն:
Իսկ այսօր հայ դրամատուրգիա կա և չի զիջում այսօրվա հայ թատրոնի որակին: Ստացվում է, թատրոնը կտրված է ազգային գրականությունից և, մասնավորապես, դրամատուրգիայից: Այս պայմաններում թատրոնի զարգացում ակնկալելը անտրամաբանական կլինի: Ռեժիսորն ու դրամատուրգը պիտի աշխատեն միմյանց հետ, որպեսզի առաջխաղացում լինի… Մեկ շաբաթով լավագույն ներկայացումները ներկայացնելը և, մանավանդ, ամեն ներկայացումից հետո քննարկումները շատ կարևոր քայլեր են հայ թատերական կյանքում, և ցանկալի է, որ ավանդական դառնան:
Գ. Սունդուկյանի անվան պետական ազգային ակադեմիական թատրոն
«ՄԵՐ ԾՆՈՂՆԵՐԻ ՆԵՎՐՈԶՆԵՐԸ»
Բեմադրիչ՝ Սուրեն Շահվերդյան
«Մեր ծնողների նևրոզները» դրամայի վերնագրից արդեն երևում է, որ այն ավանդական դրամային ոչ բնորոշ ենթադրելի հղացք ու գաղափարական բովանդակային առանցք ունի: Հեղինակն է երիտասարդ շվեդ դրամատուրգ Լուկաս Բերֆուսը: Այն, որ ժամանակակից հեղինակի (թեկուզ ոչ հայ) ստեղծագործություն է բեմ բարձրանում, այս բեմադրության շահեկան կողմերից է: Ժամանակակից գրողն ավելի է մոտ կանգնած մեր այսօրվա իրականությանը, և շատ կարևոր ու արդիական խնդիրների շուրջ նրա խոսքը, երբ հնչում է բեմից, արդեն իսկ դառնում է մեր իրականության գեղարվեստական արձագանքը:
«Մեր ծնողների նևրոզները» ծանրանում է բոլոր ժամանակների համար կարևոր՝ որդի-ծնող հարաբերություններին և առավել ընդգծված ցուցանում է ոչ թե ծնողի, այլ երեխայի դրաման, նրա հոգում կատարվող տեղաշարժերն ու ճակատագիրը: Դորան ծնողների միակ դուստրն է և ապրում է բույսի կյանքով: Նա այնքան է նյարդերը հանգստացնող դեղեր ու հակադեպրեսանտներ ընդունել, որ զրկվել է զգացողություններից ու սեփական կյանքի տնօրինումից: Սակայն մի օր հանգամանքները դասավորվում են այնպես, որ նա հրաժարվում է այդ դեղերից, կարծես թե գտնում իր կենսականությունն ու սիրում օծանելիքի վաճառքով զբաղվող մի «շքեղ» տղամարդու, նրա հետ ապրում ակտիվ սեռական կյանքով: Ինչ է լինում այս ամենի վերջը…
Բնազդների գիրկն ընկած Դորան հղիանում է, կորցնում իր երեխային, հայտնվում մի տեսակ անասնային վիճակում և մերժվում և՛ հասարակության և նույնիսկ իր հարազատների կողմից, մնում է որբ ու միայնակ ցուրտ անձրևի տակ… Գործողությունները կատարվում են գրեթե դատարկ բեմում, ուստի այսպիսի ներկայացման մեջ դերասանական խաղը խիստ կարևոր է: Տեսարանների փոփոխությունները, իրադրությունների ու իրավիճակների կատարսիսները արտահայտվում են լույս ու մութի և բեմի ետնամասում կանգնած դերասանների տեղափոխություններով: Սա ռեժիսորական հեշտ, բայց պրակտիկ լուծում է:
Էրոտիկ տեսարանները բավականին բաց ու գեղեցիկ էին բեմադրված, խոսքում գերիշխում էր ցնորամտությունն ու էրոսը:
Այնուամենայնիվ, դրամայի թեմատիկ-գաղափարական հանգուցալուծումը մռայլ էր ու դաժան: Սրբապղծության թեման զուգակցվել էր բնազանցական վիճակների հետ և տեսարանների էր վերածել նևրոզն ու անասնացումը: Ֆինալը Դորայի ֆիզիկական կործանումն էր, որը նաև միջավայրի բարոյալքման խորհուրդն ուներ: Այդ միջավայրը ստեղծեց Դորայի ճակատագիրը և կործանեց մի անմեղ հոգի:
Ներկայացման ավարտը անձրևի տեսարանն է. Դորան միայնակ կանգնած է անձրևի տակ, նրա շուրջն են խմբված ծանոթ-հարազատները: Նա լուռ օգնություն է խնդրում, սակայն ոչ ոք տեղ չի տալիս Դորային իր անձրևանոցի ներքո: Սա, թերևս, սյուրռեալիստական լուծում է. Դորան միակ անկեղծ ու անդիմակ անձնավորությունն է այդ միջավայրում, ուստի նրան ոչ ոք չի հանդուրժի: Եվ աղջիկը կուլ է գնում դաժան իրականությանը, մնում լքյալ, ինչպիսին էր դեղահաբերն ընդունելու ժամանակ:
Գեղագիտության ազգային կենտրոն. Փոքր թատրոն
«ՕՖԵԼՅԱՅԻ ՍՏՎԵՐՆԵՐԻ ԹԱՏՐՈՆԸ»
Բեմադրիչ՝ Վահան Բադալյան
Երիտասարդ բեմադրիչ Վահան Բադալյանը «Օֆելյայի ստվերների թատրոնը» բեմադրելիս բազմաթիվ լուծումներից ընտրել էր դժվարագույնը և պատվով հաղթահարել դրանք:
«Օֆելյայի ստվերների թատրոնը» ժանրով լինելով հեքիաթ, Վահան Բադալյանի բեմադրությամբ ընդլայնել է իր ժանրային տարածությունը՝ ներառելով ֆիլմային-մուլտիպլիկացիոն (նկարն է խոսում, պտտվող անիվներով տեղում ընթացող ավտոմեքենա, նավակ, որը կարող է վերածվել աղջկա), մոգական (Օֆելյայի մահը), մնջախաղային (ստվերների վիզուալ խաղը), դրամատիկ տարազումներ:
Բնույթով մոնոդրամային այս ներկայացման միակ հերոսուհին ծեր տիկին, թատրոնի հուշարար Օֆելյան է, ով ողջ կյանքն ապրել է ստվերում, ասես, վերածվել է ստվերի: Նրա երազանքները անկատար են մնացել: Ճակատագրի բերումով հայտնվել է կյանքի լուսանցքում, մարդիկ անցնում են նրա կողքով ու չեն նկատում:
Այս միապաղաղ կյանքը հանկարծ վերածվում է մոգական իրականության: Օֆելյային հյուր են զալիս ստվերներ, և նա բոլորին ապաստան է տալիս իր հարկի տակ: Նա ստեղծում է իր իրականությունը և ստվերների հետ միասին ներկայացումներ կազմակերպում: Ներկայացման այս հատվածում հրաշալիորեն կիրառված է թատրոնը թատրոնում պիեսի կառուցման ժամանակակից կերպը: Սկսվում է արևելյան թատրոնից հայտնի ստվերների ներկայացումը: Ճերմակ պաստառե հարթ վարագույրի վրա ստվերները պարում են, խաղում Շեքսպիր, ապա ապրում, և նրանց կրքերն ու շահերը բախվում են միմյանց: Մի խոսքով, Օֆելյան ստեղծում է մի փոքրիկ աշխարհ, ուր տիրում է լույսը, քանզի առանց լույսի գոյություն չունի ստվերը: Այս ծերունական մոգական պատրանքները նախապատրաստում են կյանքից անդին հերոսուհու սահուն անցումը: Մահ այս ներկայացման մեջ գոյություն չունի, ինչպես բանաստեղծ Ռայներ Մարիա Ռիլկեի ստեղծագործություններում: Այնքան սահուն, գեղեցիկ ու ծիսական է ներկայացված կյանքի վարագույրից այն կողմ Օֆելյայի անցումը, որ հանդիսատեսն ակամա հաշտվում է մահվան բնական իրողության հետ: Մարդն իր ողջ կյանքում խուսափել է մահից, միշտ անհաշտ եղել մահվան առեղծվածի հետ, սակայն այս փոքրիկ ներկայացման մեջ բեմադրիչն այնպես է կառուցել կյանքն իր ողջ փիլիսոփայական ենթաշերտերով, որ ոչ միայն սովորական ու բնական է դառնում մահը, ինչպես շնչելը, այլև սիրելի, ինչպես սիրելը: Կյանքից անդին կա լույսերով ողողված մի իրականություն, և Օֆելյան ձուլվում է այդ իրականությանը:
Հատկանշական է, որ այսպիսի էֆեկտի բեմադրիչը հասել է պատանիների ջանքերով: Օֆելյայից զատ բեմի վրա միջավայր են ստեղծում պատանիները: Նրանք ստվերներ են, Օֆելյային շրջապատող մարդիկ և աստղեր կյանքից անդին գտնվող արքայությունում:
Ներկայացումը բեմադրվել է փոքրիկ բեմում, բայց բեմը կամաց-կամաց աչքիդ առջև շերտ առ շերտ բացվում է իր ողջ խորքով ու կարծես դառնում է մարդկային բազմաշերտ հոգու խորհուրդը:
Ներկայացումից հետո բավարարվածության զգացումն այնպիսին է, որ հանդիսատեսն ակամա ժպտում է: Սա թատրոնի հաջողության գրավական է:
Երևանի պետական կամերային թատրոն
«ՓՆՏՐՎՈՒՄ է ՏՂԱՄԱՐԴ»
Բեմադրիչ՝ Լուսինե Երնջակյան
Երևանի պետական կամերային թատրոնի բեմը խիստ մոտիկ է հանդիսատեսին, և սա պայմանավորում է բեմադրության ինտիմ հատկականություն: Պատահական չէ, որ հենց կին-տղամարդ հարաբերությունների շուրջ հյուսված «Փնտրվում է տղամարդ» ներկայացումն այս բեմում այն առավելությունն է ստանում, որ քնարական, ցածրաշշուկ ու հուզական տեքստը դերասան, դերասանուհին շատ բնական վիճակում կարող են արտահայտել, այնինչ Սունդուկյանի անվան պետական թատրոնի բեմից այդպիսի տեքստերը գոռոցի են վերածվում:
«Փնտրվում է տղամարդ» ներկայացումը սիրո մասին մի փոքրիկ պատմություն է: Հերոսները՝ միայնակ Բեատրիսն ու արկածախնդիր Ժանը, անընդհատ որոնումների մեջ են: Բեատրիսն այնքան է հոգնել միապաղաղ իրականությունից, որ տղամարդ փնտրելու հայտարարություն է տալիս: Սա նրա փախուստն է, որը դրսևորվում է իր հորինած հեքիաթում իր հորինած զգայություններն ապրելու ձևով: Եվ կյանքից դուրս մի խաղ է սկսվում Բեատրիսի համար: Ժանը մասնակից է դառնում նրա խաղին: Երկուսն էլ խաղում են սեր, միևնույն ժամանակ չպատկերացնելով, թե իրականում ինչ է ճշմարիտ սերը: Սակայն կյանքը թելադրում է իրենը, և ստեղծվում են անհեթեթ իրավիճակներ: Նախ Բեատրիսն է Ժանին անընդհատ վռնդելու փորձեր անում, ապա իրավիճակը կտրուկ փոխվում է, և Ժանն է անընդհատ դուրս փախչելու փորձեր անում: Կին-տղամարդ կրքերի բախումների հիման վրա հյուսվում է դրամատուրգիական շարժը, որը հանդիսատեսին անընդհատ նոր իրավիճակներ ու զգայություններ է մատուցում: Անհեթեթ իրավիճակներն իրենց հերթին հումորային իրադրություններ են ստեղծում, իսկ գործողություններին համահունչ-զուգահեռ հնչող ռոք երաժշտությունը ամբողջացնում է ներկայացման ներքին դինամիզմը:
Բնույթով խաղարկուն այս ներկայացման ավարտը իր վրա է կրում դրամատիզմի ողջ ծանրությունը: Բեատրիսը կարծես արդեն գտել է մենակ չլինելու բանալին և ամեն գնով փորձում է իր կողքին պահել Ժանին, սակայն Ժանը չցանկանալով (համառության պատճառով)՝ հեռանում է:
Երջանիկ ավարտը Բեատրիսի համար վերածվում է նոր սկզբի: Հերթական այցելուն է փոխարինում Ժանին, և հերոսուհուն սպասվում է դարձյալ փնտրելու, նորից գտնելու խաղ-իրականությունը… Եվ կյանքի կարուսելը շարունակում է պտտվել՝ անընդհատ իր ելակետին հասնելով: Սկիզբն ու ավարտը նույնանում են, սակայն յուրաքանչյուր սկիզբ նախորդ ավարտից իր հետ նոր ցավերի և նոր կորուստների հիշողություններ է բերում:
Էդգար Էլբակյանի թատրոն
«ՉԵ՞Ս ՊԱՐԻ ԻՆՁ ՀԵՏ»
Բեմադրիչ՝ Արմեն Էլբակյան
Հայազգի ամերիկացի գրող Վիլյամ Սարոյանի «Ձեր կյանքի ժամանակը», «Սովյալները» և «Ցուրտ օրը» ստեղծագործությունների համաձուլվածքի հիման վրա Արմեն Էլբակյանը ստեղծել է ուշագրավ մի ներկայացում, որում Աննա Էլբակյանի հետ միասին մարմնավորել են չորս հերոսների:
Գործողությունները ծավալվում են զուգահեռաբար՝ մարմնավաճառ Քիթիի և պատանի Թոմի շուրջ: Այս երկու իրարից տարբեր հերոսներին հրաշալի է մարմնավորել Աննա Էլբակյանը: Գրողի-հեղինակի կերպարը մարմնավորել է Արմեն Էլբակյանը: Մտավորական մարդն է Էլբակյանի հերոսը, ու թերևս ձայնի հատուկ խոպոտացումն էր, որ խանգարում էր դերասանին, մի տեսակ արհեստականացնում կերպարը:
Պոռնիկի՝ սիրո միջոցով մաքրագործումը այս ներկայացման գործողությունների տրամաբանական հանգուցալուծումն է:
Բարությամբ, սիրով և մարդկայնությամբ շնչող այս ներկայացման մեջ տեղի է ունենում նաև անսպասելի սպանություն: Սակայն սարոյանական՝ բարությամբ հագեցած տեքստում անգամ սպանությունը դաժան ու գազանաբարո չէ և մարդուն բնորոշ իրականություն է: Ուստի գրող-մտավորականը ոչ թե դատապարտում, այլ կարեկցում է մարդասպանին: Սա սարոյանական հումանիզմի բարձրագույն դրսևորում է:
Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն
«ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ԵՐԿՐԱԳՈՒՆԴ»
Բեմադրիչ՝ Նարինե Գրիգորյան
Ռուս բանաստեղծուհի Մարինա Ցվետաևայի «Վիպակ Սոնեչկայի մասին» ինքնակենսագրական պատումի բեմականացումը երիտասարդ Նարինե Գրիգորյանի համար, կարծում եմ, մեծ փորձություն է եղել: Բնույթով քնարական, տարածական հսկայական ընդգրկումներով այս բանաստեղծական պատումը տեղավորել փոքրիկ բեմի վրա՝ արդեն իսկ դժվարին խնդիր է: Ռուսական իրականությունը 20-րդ դարի 20-ականներին և ռուս մարդու հոգեբանությունը տեսանելի են այս ներկայացման մեջ: Սակայն ընդհանրացումը մեկն է. մեկ կնոջ՝ Սոնյայի բարդ ճակատագիրն ու մարդկային դրաման: Սոնեչկան իր դժվարին կյանքի ընթացքում հանդիպում է Ցվետաևա բանաստեղծուհուն և գտնում իր սերը Վոլոդյայի կերպով: Եվ երեքը միասին, հակառակ մարդկությանը, ստեղծում են իրենց մոլորակը, ուր գերիշխում է գեղեցիկը և մարդկային պարզ ու բարեհամբույր հարաբերությունները: Այդ աշխարհը ներկայացման մեջ երկնագույն գնդի տեսքով է: Բացի այդ գնդից, բեմում է նաև մեկ բազկաթոռ, ու էլ ոչինչ չկա: Սակայն այդ դատարկությունը այնպես է լցված պոեզիայով ու դերասանական ներշնչված խաղով, որ դատարկ տարածության զգացողություն չի առաջանում:
Մեկ կնոջ կյանքի պատմությունը իր սահուն հոգեբանական անցումներով, բանաստեղծական խոսքով, որը երբեմն հանդիսատեսի հետ գրեթե մտերմիկ զրույցի է վերածվում, այս ներկայացման կենսական միջուկն են: Պետք է նշել, որ հանդիսատեսի հետ այդ մտերմությունը ստեղծվում է ներկայացման հենց սկզբից, երբ դահլիճի շարքերը հայացքով զննելով՝ բեմ է բարձրանում Ցվետաևայի դերասանուհին:
Բեմադրության լեզուն ռուսերեն է, և միայն սա է, որ հայ թատրոնի հատկականությունից դուրս է: Սակայն, մյուս կողմից էլ, ռուսերենը հնարավորություն կտա ԱՊՀ երկրներում ներկայացնել այս ներկայացումը:
P.Տ
Փաստորեն, 2007 թվականի հայ թատրոնի լավագույն ներկայացումները հիմնականում դասական և արտասահմանյան հեղինակների ստեղծագործությունների բեմականացումներն են: Ի դեպ, դրանց մոտ կեսը նույնիսկ դրամատուրգիական երկեր չեն:
Իսկ այսօր հայ դրամատուրգիա կա և չի զիջում այսօրվա հայ թատրոնի որակին: Ստացվում է, թատրոնը կտրված է ազգային գրականությունից և, մասնավորապես, դրամատուրգիայից: Այս պայմաններում թատրոնի զարգացում ակնկալելը անտրամաբանական կլինի: Ռեժիսորն ու դրամատուրգը պիտի աշխատեն միմյանց հետ, որպեսզի առաջխաղացում լինի… Մեկ շաբաթով լավագույն ներկայացումները ներկայացնելը և, մանավանդ, ամեն ներկայացումից հետո քննարկումները շատ կարևոր քայլեր են հայ թատերական կյանքում, և ցանկալի է, որ ավանդական դառնան: