Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ / ՀՅՈՒՐԱՆՈՑ «ՄԻԼԱ»
Ավարտելով «Հյուրանոց Միլա» պարադոքսալ պիեսը՝ մտածեցի, իսկ կա՞ այդ ռեժիսորը:
Ո՞ւր է նա:
Գործող անձինք
ՄԻԼԱ — մարմնեղ կին է, մինչև 35 տարեկան
ԱՆՆԱ — փոքրամարմին կին է, մինչև 22 տարեկան
ԱՐԱՄ — Աննայի ամուսինը, 25 տարեկան
ԱՐԱՄ 2
ԱՌԱՋԻՆ ՊԱՏԿԵՐ
Գյուղական երկհարկանի հյուրանոց՝ «Միլա»»: Բեմում մեծ խոհանոց է: Աստիճանները տանում են երկրորդ հարկ: Միլան աստիճաններն է լվանում: Ներս են մտնում Աննան և Արամը: Նրանք չեն նկատում Միլային, նայում են չորս կողմը:
ԱՆՆԱ — Աո՜ւ, ո՞վ կա այստեղ, մարդ չկա՞: Կուզեի երկուսով լինեինք ու այս տունը մերը լիներ: Տեսա՞ր, ինչ դիրք ուներ՝ լիճ է ու տուն, չորս կողմը՝ ոչ մի բնակավայր: Այստեղ մենք կարող ենք հանգստանալ:
ԱՐԱՄ — Այո՛, այստեղ կարելի է քաղաքակրթությունից կտրվել:
Աստիճանների ետևից երևում է Միլան: Թեթև վերնաշապիկ է հագել, ընդգծվում է կուրծքը, բարձրացրել է կիսաշրջազգեստը, երևում են ազդրերը: Ջրով ամանը դնում է հատակին, մի պահ նայում է նրանց ու շարունակում լվանալ աստիճանները:
ԱՐԱՄ — Ներեցեք, դո՞ւք եք հյուրանոցի տիրուհին:
ՄԻԼԱ — Տունը չի վաճառվում:
ԱՐԱՄ — Մեզ սենյակ է հարկավոր:
ՄԻԼԱ — Քանի՞ օրով:
ԱՐԱՄ — Մինչև ձանձրանանք, չէ՞, սիրելի՛ս:
ԱՆՆԱ — Հյուրանոցն ինձ դուր է գալիս, լիճն էլ այնքան թափանցիկ է, այնքան զուլալ:
ՄԻԼԱ — Սխալվում եք, տիկի՛ն, գիշերը փոթորիկ էր, զուլալ չէր կարող լինել:
ԱՆՆԱ — Ես տեսա նրան, նկատի ունեմ լիճը:
ՄԻԼԱ — Նա էլ ձե՞զ տեսավ: Բավական է սխալ քայլ անեիք՝ վիշապի նման կուլ կտար:
ԱՆՆԱ — Ինչո՞ւ ձեզ կուլ չի տվել:
ՄԻԼԱ — Որովհետև ես ուժեղ եմ: Նա էլ ինձ ծառայում է: Լվացք եմ անում, ձուկ եմ բռնում, խեցգետին որսում, իսկ քեզ՝ թուլակազմ աղջիկ, խորհուրդ կտայի հանգստանայիր սարերում: Այնտեղ ծովը ձեզ չի հասնի:
ԱՆՆԱ — Ո՞վ ասաց, որ ես թուլակազմ եմ:
ՄԻԼԱ — Աչքեր ունեմ:
ԱՆՆԱ — Ուզում ես ինձ կո՞ւլ տալ:
ՄԻԼԱ — (հռհռում է): Դուք ինձ զվարճացրիք, վաղուց այսպես չէի ծիծաղել:
ԱՆՆԱ — Ես ծիծաղելի բա՞ն ասացի:
ՄԻԼԱ — Չէ՛, մադա՛մ, դուք այդ շնորհքը չունեք:
ԱՆՆԱ — Ինչո՞ւ ծիծաղեցիք:
ՄԻԼԱ — Ես իմ տանը ինչ ուզում, այն էլ անում եմ:
Դադար:
ԱՐԱՄ — Մենք կարող ենք գնալ ուրիշ հյուրանոց:
ՄԻԼԱ — Մյուս հյուրանոցը հարևան գյուղում է, տասը կիլոմետր է հեռու: Քո փոքրիկ ոտքերը չեն դիմանա:
ԱՆՆԱ — Նա ուզում է ինձ հունից հանել:
ԱՐԱՄ — Հանգստացի՛ր:
ԱՆՆԱ — Մենք մեքենա ունենք:
ՄԻԼԱ — Քաղաքի աղջիկը հո ոտքով չի քայլելու… Ուզում էի առաջարկել իմ էշը: Դու էշ հեծած կա՞ս… Բայց ամուսին ունես:
ԱՐԱՄ — Մենք նրան դուր չեկանք, արի գնանք:
ԱՆՆԱ — Մենք կմնանք այստեղ:
ԱՐԱՄ — Տասը կիլոմետրը հինգ րոպեի ճանապարհ է:
ԱՆՆԱ — Այս հյուրանոցը նախատեսված է հենց մեզ համար: Ինձ դուր է գալիս այս պառավը:
ՄԻԼԱ — Դու ի՞նձ ես ասում պառավ… (Իրար են նայում:) Ես պառավի նմա՞ն եմ, քեզ հայելիով նայե՞լ ես: Քո տափակ դոշով միայն ամուսնուդ կզարմացնես: Հիմա իմ կրծքերին նայի՛ր, միանգամից տասը լակոտ կկերակրեմ: Հը՞, լեզուդ կապ ընկավ:
ԱՆՆԱ — Ես չեմ ուզում քեզ պատասխանել: Այդքան ցած չեմ իջնի: Սիրելի՛ս, պայուսակները ներս բեր:
ԱՐԱՄ — Մենք չե՞նք գնում:
ԱՆՆԱ — Ո՛չ, այս իրավիճակը հետաքրքիր է և ցավեցնող:
ԱՐԱՄ — Բայց ես կուզեի հանգիստ, խաղաղ կյանք:
ԱՆՆԱ — Կարող ես գնալ, իսկ ես կմնամ:
ԱՐԱՄ — Աննա…
ԱՆՆԱ — Ո՛չ:
ԱՐԱՄ — Քեզ դո՞ւր է գալիս այս իրավիճակը:
ԱՆՆԱ — Ցնցող է, իսկ դու նույնիսկ չփորձեցիր ինձ պաշտպանել:
ԱՐԱՄ — Չեմ հասկանում, ի՞նչ պիտի անեի:
ՄԻԼԱ — Հիմա ի՞նչ, մնո՞ւմ եք, թե՞ գնում:
ԱՆՆԱ — Դու ուզում ես, որ գնա՞նք, թե՞ մնանք:
ՄԻԼԱ — Ես հոգնել եմ, ուզում եմ հանգստանալ:
ԱՆՆԱ — Խե՛ղճ կին:
ՄԻԼԱ — Ամբողջ օրը հատակն եմ լվացել: Դու կարո՞ղ ես հատակ լվանալ կռացած ու սառը ջրով:
ԱՆՆԱ — Ես կվարձեմ հատակը լվացող կին: Ես այդ հնարավորությունն ունեմ:
ՄԻԼԱ — Իսկ գիշերներն ամուսնուդ կողքին ո՞վ է քնում:
ԱՆՆԱ — Բնական է՝ ես:
ՄԻԼԱ — Ինչո՞ւ ես քեզ նեղություն պատճառում: Ինձ վարձիր, նրան մի լավ թափ կտամ: Պլորները պինդ են, չէ՞:
ԱՐԱՄ — Լսեք, վե՛րջ տվեք: Դուք բոլոր սահմաններն անցաք:
ՄԻԼԱ — Ամաչկոտ տղա է, ոնց է կարմրել, երևում է, իսկական կին չի տեսել:
ԱՆՆԱ — Իսկ ես ո՞վ եմ:
ՄԻԼԱ — Դու… Ավելի լավ է չասեմ, կտխրես:
ԱՐԱՄ — Նա տխրելու պատճառ չունի:
ՄԻԼԱ — Ասպետը պաշտպանում է սրտի տիրուհուն: Չկերանք, քեզ լինի:
ԱՐԱՄ — Մենք կարող ենք մեր հանգիստն անցկացնել մեկ այլ հյուրանոցում: Հույս ունեմ, տիրուհին ավելի բարեհաճ կլինի:
ԱՆՆԱ — Մենք մնալու ենք:
ԱՐԱՄ — Այս հյուրանոցն ինձ դուր չեկավ: Ես այստեղ հանգիստ չեմ զգում, կարծես ասեղների վրա լինեմ:
ՄԻԼԱ — Դուք ոչ մի տեղ էլ հանգիստ չեք լինի, այդ ես եմ ասում:
ԱՐԱՄ — Ինչո՞ւ, ինչո՞ւ եք այդպես մտածում: Ո՞վ է ձեզ թույլ տվել: Աննա՛, խնդրում եմ, ինչո՞ւ մնալ մի հյուրանոցում, որտեղ քեզ չեն ընդունում:
Դադար:
ՄԻԼԱ — Ձեր սենյակը երկրորդ հարկում է, չե՞ք ուզում տեսնել:
ԱՆՆԱ — Գնա՛ պայուսակների ետևից, մենք մնալու ենք:
Արամը դուրս է գնում:
ՄԻԼԱ — Չփորձե՛ս կեղտոտ կոշիկներով ներս մտնել, նոր եմ լվացել:
ԱՆՆԱ — Իսկ ո՞նց գնամ:
ՄԻԼԱ — Կրկնակոշիկ հագիր, դռան տակ է:
Դադար:
ԱՆՆԱ — Նա ինձ սիրում է, ես էլ իրեն եմ սիրում: Շարունակե՞մ:
ՄԻԼԱ — Էլ ինչո՞ւ մնացիր:
ԱՆՆԱ — Կյանքը խաղ է, ուզում եմ խաղալ:
ՄԻԼԱ — Դու սկսեցիր:
ԱՆՆԱ — Կտեսնենք՝ ինչ կստացվի, հետաքրքիր է:
ՄԻԼԱ — Մի՛ գնա ի փորձություն: Եթե երջանիկ ես, վերցրու տղային ու հեռացի՛ր:
ԱՆՆԱ — Հյուրանոցն ինձ դուր է գալիս, դու էլ հետաքրքիր կին ես: Թեև կրծքերդ մեծ են, բայց ուղեղ ունես: Կպցրեցիր:
ՄԻԼԱ — Քո մասին դա չէի ասի:
ԱՆՆԱ — Այս ի՞նչ արյան հետքեր են:
ՄԻԼԱ — Արյուն է, վախեցա՞ր, բայց ուզում ես չափվել ինձ հետ: (Ծիծաղում է:) Կացնով հավի գլուխը թռցրեցի, ձեռքիցս թռավ, սկսեց թփրտալ իր արյան մեջ:
ԱՆՆԱ — Հետաքրքիր էր…
ՄԻԼԱ — Ամբողջ տունը արյունոտեց, ստիպված եղա ամբողջ տունը լվանալ: Ուզո՞ւմ ես տեսնել, կարող եմ կազմակերպել, բայց դու պիտի մաքրես արյունը:
ԱՆՆԱ — Չէ՛:
ՄԻԼԱ — Ինձ համար դժվար չէ նույնիսկ ոչխար մորթելը: Եթե սիրտդ գառան միս է ուզում, կարող եմ մորթել աչքիդ առաջ:
ԱՆՆԱ — Իսկ մարդ չե՞ս մորթի:
ՄԻԼԱ — Մարդ չեմ փորձել, առիթ չի եղել… Մազերդ խառնվել են, արի ուղղեմ:
ԱՆՆԱ — Հեռո՛ւ տար ձեռքերդ: Չեմ ուզում՝ ինձ դիպչես:
ՄԻԼԱ — Քեզ երեխայի պես մի պահիր, ես չեմ թողնի՝ ամուսինդ այս տեսքով տեսնի: (Սկսում է սանրել:) Խնամված մազեր ունես: Վարսավիրի մոտ հաճա՞խ ես լինում:
ԱՆՆԱ — Ամեն օր:
ՄԻԼԱ — Ստում ես… բայց դեմ չեմ, որ ստես: Ուզում ես ինձ զարմացնե՞լ: Իսկ ես չեմ հիշում, երբ եմ վարսավիրի մոտ եղել: Մտնում եմ ծով, սառը ջրով լվանում եմ մարմինս ու մազերս, հետո պառկում արևի տակ: Մեր արևն էլ խիղճ չունի, կես ժամ պառկես՝ կմոխրացնի:
ԱՆՆԱ — Քո վրայից չի երևում:
ՄԻԼԱ — Դե, ես թրծված եմ, իսկ դու չփորձես արևի լոգանք ընդունել, կայրվես, ստիպված կլինեմ կովի մեզ քսել այրված տեղերը: Հիմա ավելի լավ տեսք ունես: Պահպանիր արևից:
ԱՆՆԱ — Կաշխատե՞ս… քաղաքում:
ՄԻԼԱ — Ուրիշի ձեռքի տա՞կ, չէ, շնորհակալ եմ: Ահա՛ և սիրեկանդ:
Ճամպրուկները ձեռքին ներս է մտնում Արամը:
ԱՐԱՄ — Որտե՞ղ է մեր սենյակը:
ՄԻԼԱ — Բարձրացիր աստիճաններով, ձախ կողմի սենյակը ձերն է:
ԱՐԱՄ — Դու պարտավոր ես ինքդ ցույց տալ տեղը:
ՄԻԼԱ — Խնդրեմ: Կարող ես մի պայուսակն ինձ տալ:
ԱՐԱՄ — Չէ՛, առաջ անցիր:
ՄԻԼԱ — Ճիշտ չես անում, կնոջը պիտի իր տեղը ցույց տաս, հակառակ դեպքում կնստի գլխիդ: Գնացինք, սիրունս, ինչ էլ փափուկ մազեր ունես:
ԱՐԱՄ — Լսե՛ք…
ՄԻԼԱ — Դու իմ մասին վատը մի՛ մտածիր: Ես համեստ կին եմ, իմ հաճախորդներն ինձնից գոհ են հեռացել… եթե հոռացել են…
ԱՐԱՄ — Ի՞նչ է դա նշանակում:
Միլան ծիծաղում է: Մթություն:
ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Երեքով ընթրում են:
ԱՆՆԱ — Այստեղ ձանձրալի է:
ԱՐԱՄ — Գյուղ է:
ԱՆՆԱ — Հետո՛ ինչ: Գյուղն էլ պիտի ունենա իր հետաքրքրությունները: Անմարդաբնակ կղզում չենք:
ՄԻԼԱ — Առավոտյան կարող եք ծովով հիանալ:
ԱՐԱՄ — Աննան սիրում է շատ քնել:
ՄԻԼԱ — Իսկ դու սիրում ես արևածագը տեսնել, բայց վախենում ես նրան արթնացնել: Տղա՛, նա քեզ վրա իշխանություն ունի:
ԱՆՆԱ — Մենք կարող ենք արևածագը դիտել, երբ ցանկանանք:
ՄԻԼԱ — Արևածագը կարող եք տեսնել միայն առավոտյան, երբ մադամը ցանկանա քնից արթնանալ:
ԱՆՆԱ — Ես գերադասում եմ երեկոյան քայլել:
ՄԻԼԱ — Երեկոյան արևածագը չեք տեսնի:
ԱՆՆԱ — Կտեսնենք մայրամուտը: Ես սիրում եմ քայլել:
ՄԻԼԱ — Այս եղանակին վտանգավոր է: Կմրսես, թոքերի բորբոքում կստանաս: Այստեղ օդը շատ սուր է ու սառը:
ԱՆՆԱ — Հեռուստացույց ունե՞ք:
ՄԻԼԱ — Ո՛չ, իմ հյուրերն ուզում են լրիվ կտրվել աշխարհից:
ԱՆՆԱ — Նրանք հիմար են: Ինչպե՞ս կարելի է քաղաքակրթությունից առանձնանալ: Բայց ո՞ւմ եմ ասում, կներեք:
ՄԻԼԱ — Ճիշտ է, իմ հյուրանոցը նույնիսկ աստղ չունի, բայց ես այստեղ եմ ծնվել: Գիշերը, երբ տաք է լինում, նստում եմ լճի ափին ու լսում եմ, ինչպես է երգում: Հետո նա ինձ ասում է՝ մենք մի կաթիլ ենք, նույն հողի ծնունդ: Մենք իրար սովորել ենք: Դու էլ կսովորես ինձ:
ԱՆՆԱ — Երբե՛ք: Դու ինձ պիտի սովորես: Ես քեզ վճարում եմ:
ՄԻԼԱ — Ես այս տան տիրուհին եմ:
ԱՆՆԱ — Ես վճարում եմ, որ ինձ ծառայես: Հարցեր կա՞ն:
ՄԻԼԱ — Չեմ ուզում անիմաստ վիճել: Ժամանակը ցույց կտա:
ԱՐԱՄ — Այո՛, դուք ճիշտ եք: Դա միշտ է այդպես, ժամանակն է հաղթում:
ՄԻԼԱ — Կարծես թե համակերպվել ես, տղա՛: (Դադար:) Թե՞յ կուզեք, թե՞ սուրճ:
ԱՐԱՄ — Սուրճ:
ԱՆՆԱ — Ո՛չ, թեյ: Երեկոյան սուրճ խմենք, ամբողջ գիշեր չենք քնի:
ՄԻԼԱ — (երգում է): Եկ այս գիշեր չքնենք մինչև լույս…
ԱՆՆԱ — Դա ի՞նչ է նշանակում:
ՄԻԼԱ — Դա նշանակում է, տիկի՛ն, որ ջահելները ոչ թե քնում են, այլ սեքս են անում:
ԱՆՆԱ — Ես այսօր հոգնած եմ, ուզում եմ քնել:
ՄԻԼԱ — Ամուսնուդ ո՞ւմ ես թողնում:
ԱՆՆԱ — Նա էլ է հոգնած, կքնի իմ կողքին:
ՄԻԼԱ — Ամուսնուդ պիտի բավարարես, նոր քնես:
ԱՐԱՄ — Վե՛րջ տվեք, մենք չենք ուզում այդ հարցերը ձեզ հետ քննարկել:
ՄԻԼԱ — Խուճապի մի՛ մատնվեք, կյանք է՝ կանցնի: Հիմա սո՞ւրճ, թե՞ թեյ:
ԱՐԱՄ — Մենք ո՛չ սուրճ ենք ուզում, ո՛չ թեյ: Մեր քնելու ժամանակն է:
ՄԻԼԱ — Այս ժամին քնեք, շատ կտանջվեք: Խնձորի օղի ունեմ, 70 աստիճան, մի բաժակ խմում ես, մարմինդ քրտնում է: Խմեք ու քնեք: (Գնում է օղի բերելու:)
ԱՐԱՄ — Գյուղացի կին է, մեզ նման մարդկանց հետ շփվել չգիտի:
ԱՆՆԱ — Գազանի հայացք ունի, նայում է մեզ, կարծես մերկացնի:
ԱՐԱՄ — Նա իմ ճաշակով չի:
ԱՆՆԱ — Գիտեմ, սիրելի՛ս: Նա մարմնականն է գերագնահատում: Նա այնպես է շարժվում, այնպես է ցուցադրում իր բարեմասնությունները, իսկ դու ձևացնում ես, թե չես նկատում:
ԱՐԱՄ — Ես չեմ նայում նրան:
ԱՆՆԱ — Սիրելի՛ս, չփորձես սիրաբանել, վրայիցդ թրիքի հոտ կգա:
ԱՐԱՄ — Գուցե ինչ-որ նկատառումներ ունի, բայց մի՞թե ինձ թույլ կտամ: Խնդրում եմ, խանդի տեսարաններ չսարքես, հիմար իրավիճակի մեջ կհայտնվենք:
ԱՆՆԱ — Գիշերն ուզո՞ւմ ես մերձենանք:
ԱՐԱՄ — Եթե դու ցանկանում ես:
ԱՆՆԱ — Ինքդ որոշիր:
ԱՐԱՄ — Գալիս է, մեր սենյակում կխոսենք:
Ներս է մտնում Միլան, օղու շիշը և բաժակները դնում է սեղանին:
ՄԻԼԱ — Դու օղի խմել գիտե՞ս… Դժվար թե փորձած լինես:
ԱՆՆԱ — Ես ներքնաշորերս գնում եմ «Օմեգսիդ» բրենդային խանութում: Գիտե՞ս, ինչ բան է բրենդային խանութ: Այդ խանութը մասնագիտացած է ներքնաշորերի վաճառքով: Քաղաքի ամենաթանկ խանութն է:
ՄԻԼԱ — Հոտ քաշիր, աչքերդ մշուշվեցին: Մենք մի խանութ ունենք՝ հացից մինչև վարտիք այդտեղից ենք գնում: Չեմ կարծում՝ հագածդ վարտիքն ավելի լավն է:
ԱՆՆԱ — Իմս ֆիրմա է:
ՄԻԼԱ — Սա էլ իմ ֆիրման է: Կխմե՞ս, թե՞ ամուսնուդ հետ խմեմ:
ԱՆՆԱ — Լցրո՛ւ:
ՄԻԼԱ — Միանգամից կուլ կտաք, բերանի մեջ չպահեք, կայրի: Մեկ, երկու, երեք, գնացինք: (Խմում են, Աննան ընկնում է սեղանին:) Հիմա կարող եք հանգիստ քնել: Օգնե՞մ, թե՞ մենակ կարող ես գլուխ հանել:
ԱՐԱՄ — Չէ, ես կտանեմ:
ՄԻԼԱ — Բարի գիշեր, գնամ փայտ կոտրեմ:
Մթություն:
ԵՐՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Աննան քնած է: Ներս է մտնում Միլան, բացում է պահարանը, նայում Աննայի իրերին: Աննան բացում է աչքերը, տեսածին չի հավատում:
ՄԻԼԱ — Աչքերդ բացեցի՞ր, մադա՛մ:
ԱՆՆԱ — Գող, դու գող ես:
ՄԻԼԱ — Մի անգամ էլ ասես, չես արթնանա:
ԱՆՆԱ — Դու իմ զգեստներն ես քրքրում:
ՄԻԼԱ — Իսկապե՞ս:
ԱՆՆԱ — Ի՞նչ ես ուզում:
ՄԻԼԱ — Ինչպե՞ս ես հագնում այս վարտիքը:
ԱՆՆԱ — Ինձ դուր է գալիս՝ հագնում եմ:
ՄԻԼԱ — Ձմռանն այստեղ ցուրտ է, բուք, օրերով չեմ կարողանում տնից դուրս գալ:
ԱՆՆԱ — Ներքնաշորերս տեղը դի՛ր:
ՄԻԼԱ — Վարտիքը նրա համար է, որ տաք պահի ունեցածդ:
ԱՆՆԱ — Առանց հարցնելու վերցնելու իրավունք չունես:
ՄԻԼԱ — Իսկ ես կվերցնեմ:
ԱՆՆԱ — Իսկ ես կմերժեմ:
ՄԻԼԱ — Իսկ ես կվերցնեմ առանց հարցնելու: Ի՞նչ պիտի անես, սպանելո՞ւ ես:
ԱՆՆԱ — Չեմ թողնի վերցնես:
ՄԻԼԱ — Դե՛, փորձի՛ր խանգարել: (Աննան թռչում է Միլայի շալակը, պայքարում է:) Մի վարտիքի համար քեզ կոտորում ես:
ԱՆՆԱ — Դու գող ես, գող:
ՄԻԼԱ — Ես չեմ գողանում, վերցնում եմ:
ԱՆՆԱ — Առանց իմ թույլտվության:
ՄԻԼԱ — Լավ եմ անում:
ԱՆՆԱ — Ոստիկանություն կկանչեմ:
ՄԻԼԱ — Քո գործն է: Դե՛, վե՛րջ տուր հիմարությանդ: (Հրում է մահճակալի վրա:) Իսկական լաչառ կնկա նման ես կռվում, հետո էլ ասում ես՝ ինտելիգենտ ես, ֆո՛ւ:
ԱՆՆԱ — Արա՜մ… որտե՞ղ է Արամը:
ՄԻԼԱ — Ի՞նձ ես հարցնում… Ե՞ս պիտի իմանամ քո ամուսնու տեղը: Գիշերը փախել է:
ԱՆՆԱ — Չեմ իմացել՝ ինչպես է գնացել:
ՄԻԼԱ — Հաճա՞խ է ծոցիցդ փախչում: Ես թույլ չէի տա:
ԱՆՆԱ — Ես նրան վստահում եմ:
ՄԻԼԱ — Էլ ինչո՞ւ ես ուզում իմանալ տեղը:
ԱՆՆԱ — Լճի մոտ է:
ՄԻԼԱ — Առավոտ կանուխ ինձ համար փայտ ջարդեց, հետո միասին թոռով ձուկ բռնեցինք, հետո երգեցինք: Իսկ դու քնած էիր:
ԱՆՆԱ — Ես արթնացել եմ:
ՄԻԼԱ — Երևի արդեն քաղցած ես: Կերակրեմ, սիրո՛ւնս, հետո էլի կքնես, իսկ մենք նավակով կգնանք զբոսնելու:
ԱՆՆԱ — Տարօրինակ է, նա ինձ թողնելու է մենակ, որ քեզ հետ զբոսնի լճի վրա:
ՄԻԼԱ — Նա պինդ տղա է, սպորտով է զբաղվել:
ԱՆՆԱ — Դա է՞լ է պատմել: Էլ բան չի՞ պատմել:
ՄԻԼԱ — Իսկ ի՞նչ էիր ուզում, որ պատմի:
ԱՆՆԱ — Մեր համատեղ կյանքից:
ՄԻԼԱ — Ձե՞րն է համատեղ կյանք: Նա առավոտյան վեցին է արթնանում, իսկ դու՝ կեսօրին: Նա գնում է աշխատանքի ու վերադառնում, իսկ դու ամբողջ օրը ոչինչ չես անում՝ գլուխդ ցավում է, ճնշումդ է բարձրացել, հոգնած ես:
ԱՆՆԱ — Եթե բարձրացել է ու գլուխս ցավում է…
ՄԻԼԱ — Դու պատկերացում չունես կյանքի մասին:
ԱՆՆԱ — Իսկ չի՞ պատմել՝ որտեղ է աշխատում:
ՄԻԼԱ — Կպատմի մի օր մի այլ վայրում, երբ միասին կլինենք:
ԱՆՆԱ — Նա քեզ հետ զբոսանքի էլ չի գնա:
ՄԻԼԱ — Այդքան ինքնավստահ մի՛ եղիր:
ԱՆՆԱ — Ես չեմ կասկածում իմ ուժերին: Նա կնստի իմ կողքին ու միասին կդիտենք մայրամուտը:
Դադար:
ՄԻԼԱ — Այս վարտիքն ինձ դուր եկավ: Ուզում եմ մի քանի օր քաղաքացի լինել: Կվերադարձնեմ, եթե ուզես… Իսկ հիմա փակի՛ր աչքերդ ու ասա. սա երազ է… (Գոռում է:) Սա երազ է:
ԱՆՆԱ — Սա երազ է:
ՄԻԼԱ — Այո՛, երազ է: Կյանքն էլ է երազ և մի օր այն կլցվի ծերությամբ ու դու միայն կհիշես, թե ինչքան շատ ես քնել: Սա ի՞նչ արժի:
ԱՆՆԱ — Ես վարտիքս չեմ վաճառում:
ՄԻԼԱ — Դու շատ ունես, մեկը վաճառի՛ր:
ԱՆՆԱ — Ոչ մի դեպքում:
ՄԻԼԱ — Վաճառել ես… Առավոտից այդ բազարն ենք անում և դու ասացիր՝ վաճառում եմ: Դու ասացիր, որովհետև անելանելի վիճակում ես: Միակ ելքը վաճառելն է:
ԱՆՆԱ — Վաճառում եմ:
ՄԻԼԱ — Ինչքանո՞վ:
ԱՆՆԱ — Դեռ չեմ որոշել:
ՄԻԼԱ — Հագած շորերն էժան են լինում:
ԱՆՆԱ — Այ թե դուրս ընկածի մեկն ես: Հագած ներքնաշոր ես հագնում:
ՄԻԼԱ — Ասա՛ ինձ, Արամին վաղո՞ւց ես ճանաչում:
ԱՆՆԱ — Փոքր հասակից: Նույն դպրոցում ենք սովորել:
ՄԻԼԱ — Որբ տղային ճանկդ ես գցել:
ԱՆՆԱ — Ա՞յդ էլ գիտես: Իսկ դուք պառկա՞ծ էիք զրուցում:
ՄԻԼԱ — Պառկա՞ծ, չէ: Մենք կոշիկները հանել, մտել էինք ջուրը, որ ձկները հավաքենք, բայց խեցգետին գտանք: Այս տարի խեցգետինը շատացել է: Ընկնես ձեռքները, մեկ րոպեում գանգամաշկդ կհանեն: Վարտիքիդ փոխարեն խաշած խեցգետին կտամ, մի շիշ էլ գարեջուր:
ՉՈՐՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Արամն ու Աննան սենյակում են:
ԱՆՆԱ — Նրան բռնեցրի գողություն անելիս, իսկ նա նույնիսկ չկարմրեց:
ԱՐԱՄ — Նրան ասացի՛ր՝ գողություն ես անում:
ԱՆՆԱ — Նրան ասացի՝ դու գող ես:
ԱՐԱՄ — Եվ նա չվիրավորվե՞ց:
ԱՆՆԱ — Այդպիսի կանայք չեն ամաչում:
ԱՐԱՄ — Ի՞նչ էր ուզում գողանալ:
ԱՆՆԱ — Ներքնաշորերս թափել էր մահճակալին, վարտիքներս էր հերթով նայում: Հետո մեկը վերցրեց ու տարավ:
ԱՐԱՄ — Գողությունը գաղտնի են անում: Իմ կարծիքով, դա գողություն չի: Ուղղակի ուզում էր քո վարտիքներից մեկն իրեն վերցնել:
ԱՆՆԱ — Բայց նա առանց հարցնելու վերցրեց:
ԱՐԱՄ — Այո՛, դա վատ սովորություն է: Գյուղացի կին է: Ես կզգուշացնեմ:
ԱՆՆԱ — Հարցը վարտիքը չէ: Նա բռնեց կոկորդս, ուզում էր ինձ խեղդել: Ես ամբողջ ուժով պայքարում էի, օգնություն կանչում:
ԱՐԱՄ — Իսկ ես այդ պահին որտե՞ղ էի:
ԱՆՆԱ — Դու այդ պահին որտե՞ղ էիր:
ԱՐԱՄ — Գնացել էի արևածագը դիտելու… Հրաշք առավոտ էր: Լիճը փայլում էր հայելու նման: Մի երկու ճայեր էլ թռչում էին, հիասքանչ էր… Ախ, հա, դու պիտի ուժեղ բղավեիր, հնարավոր է՝ լսեի, գայի օգնության:
ԱՆՆԱ — Նա իրեն ուժեղ կնոջ տեղ է դրել, բայց այդպես չէ: Ես նիհար եմ, բայց մկանուտ: Ես կարողացա ետ տանել նրա մատներն իմ կոկորդից, բռնեցի նրա մազերը:
ԱՐԱՄ — Եվ ինչքա՞ն տևեց ձեր մենամարտը:
ԱՆՆԱ — Ինչ է, պիտի ժամացույցի՞ն նայեի: Նա հեռացավ ծիծաղելով, իսկ ես ուժասպառ ընկա ցած: Մարմինս ցավում է:
ԱՐԱՄ — Դե լավ, մոռացի՛ր: Կարևորը, որ ողջ ես:
ԱՆՆԱ — Ինձ հետ այդպիսի բան չէր եղել: Ես կռվում էի կնոջ հետ, բռնել էի նրա կոկորդից, ուզում էի արյունը խմել… Հա՛, հա՛, ես պատրաստ էի մինչև վերջ գնալ:
ԱՐԱՄ — Այն էլ վարտիքի համար:
ԱՆՆԱ — Ես ինձ վրա զարմացած եմ: Ի՞նչ էր մտել մեջս, մի՞թե նրան չէի ճանաչում:
ԱՐԱՄ — Նվիրիր նրան մի քանի վարտիք: Կվերադառնանք տուն, նորը կգնես:
ԱՆՆԱ — Ի՞նչ… Նա հագնի իմ վարտիքն ու ցուցադրի որոշ անձա՞նց:
ԱՐԱՄ — Ո՞ւմ, սիրելի՛ս:
ԱՆՆԱ — Պլշած աչքերի համար, սիրելի՛ս:
ԱՐԱՄ — Իմ աչքերը միայն քեզ են նայում, ես քեզ եմ տեսնում, բայց հարցն այդ չէ: Երբ առավոտյան գնացի լիճը տեսնելու, նա այգում աշխատում էր: Նա ինձ իր ձևով համոզեց աշխատել այգում: Բահը տվեց ձեռքս ու հրամայեց փորել հողը:
ԱՆՆԱ — Ինչո՞ւ էիր հող փորում:
ԱՐԱՄ — Ծառ պիտի տնկեինք:
ԱՆՆԱ — Դու նրա համար ծա՞ռ ես տնկել:
ԱՐԱՄ — Պատկերացնո՞ւմ ես, չկարողացա մերժել: Հողը չոր էր, դժվարությամբ էի փորում:
ԱՆՆԱ — Դու նրան չասասի՞ր, որ հող փորելը գյուղացու գործ է:
ԱՐԱՄ — Այո՛, ասացի, ցույց տվեցի ձեռքերս, կաշին պլոկվել էր: Նա ծիծաղում էր: Իմ կարծիքով, իմ վրա էր ծիծաղում:
ԱՆՆԱ — Մենք եկել ենք այստեղ հանգստանալու: Ինչո՞ւ թույլ տվեցիր, որ քեզ վրա իշխի:
ԱՐԱՄ — Նա ինձնից լավ էր հող փորում, շարժումները թեթև էին, իսկ մարմինը երբ լարվում էր, մկանները թրթռում էին:
ԱՆՆԱ — Դու նայում էիր, ինչպես են մկաններն ուռչո՞ւմ:
ԱՐԱՄ — Այո՛, նայում էի հմայված, նախակնոջ տպավորություն էր թողնում: Իհարկե, հմայքը երկար չտևեց: Նրան հարցրի՝ քո աչքերը կապույտ էին, ինչո՞ւ են հիմա կարմրել, նա ասաց՝ արևը դուրս է եկել, հողը տաքացել է: Ես ուզում էի իմաստավորել միտքը, բայց գերադասեցի շարունակել հողը փորել:
ԱՆՆԱ — Հետո ի՞նչ եղավ:
ԱՐԱՄ — Նա հանեց կոշիկներն ու մտավ լիճը: Սկսեց ոտքերը լվանալ, մեծ ու հաստ ոտքեր ուներ, պինդ եզան ոտքեր, որ կարող է գութանը մեջքին կապել ու քաշել:
ԱՆՆԱ — Նրա ոտքերն անճոռնի՞ էին:
ԱՐԱՄ — Մենք նստեցինք ափին ու նայում էինք լճին: Առաջին անգամ էի ինձ զգում բնության գրկում և որ նրա մի մասնիկն եմ: Ես ամբողջ թոքերով սառը օդ էի շնչում ու մտածում էի, ինչքա՜ն լավ է այստեղ ապրելը:
ԱՆՆԱ — Անտանելի է:
ԱՐԱՄ — Մենք բավական ժամանակ մտերմաբար զրուցում էինք, չնկատեցի՝ ինչպես արևը զենիթում կանգնեց:
ԱՆՆԱ — Եվ միշտ իրար էիք նայում:
ԱՐԱՄ — Նա իմ կողքից չէր հեռանում: Ես էլ մտա ջուրը: Հետո նա իր սրբիչով սրբեց մեջքս: Մենք միասին էինք:
ԱՆՆԱ — Այդ դեպքում ինչպե՞ս հայտնվեց իմ սենյակում:
ԱՐԱՄ — Զարմացա, երբ լսեցի: Մարդը միաժամանակ չի կարող լինել տարբեր տեղերում:
ԱՆՆԱ — Կարծում ես հորինո՞ւմ եմ, իսկ այս շագանակագույն մազե՞րը, որ մնացել են բռանս մեջ:
ԱՐԱՄ — Քո մազերն էլ են շագանակագույն:
ԱՆՆԱ — Այո՛, շագանակագույն են, բայց իմ մազերը չեն: Տեսնո՞ւմ ես, մազերս ինչպես են փայլում, որովհետև խնամված են, իսկ սրանից գոմի հոտ է գալիս:
ԱՐԱՄ — Ես ոչինչ չասացի:
Դադար:
ԱՆՆԱ — Ես գեղեցի՞կ եմ:
ԱՐԱՄ — Իհարկե գեղեցիկ ես:
ԱՆՆԱ — Իմ ոտքերը փո՞քր են:
ԱՐԱՄ — Ինձ դուր է գալիս, երբ կինը փոքր ոտքեր ունի:
ԱՆՆԱ — Իսկ մեծ ոտքերը, հաստ ազդրերը գրգռիչ են: Այդ ի՞նչ ես նայում: Նա՞ է:
ԱՐԱՄ — Կոպիտ ուժ կա մեջը, տիրական… Նայիր, ոնց է ձեռքերով տրորում շորերը, ուղղակի սպանում է: Վա՛յ նրան, ով կընկնի ձեռքը:
ԱՆՆԱ — Եթե ձիու նման խրխնջար, չէի զարմանա:
ԱՐԱՄ — Բնությունը նրան ամեն ինչ տվել է, իսկական կին է… Քեզ ի՞նչ պատահեց: Ես նրան նայում եմ որպես ստեղծագործություն, ուրիշ ոչինչ:
ԱՆՆԱ — Հանգի՛ստ թող ինձ… Ես կռիվ եմ տալիս ամբողջ ուժով, պայքարում եմ մեզ համար… Ես զգում եմ, ինչպես է նա ուզում քեզ տիրել:
ԱՐԱՄ — Ի՞նձ տիրի, դա բացառվում է: Ես միայն քեզ եմ ուզում:
ԱՆՆԱ — Դու չես հասկանում, ես կռվում էի մինչև վերջին շունչս:
ԱՐԱՄ — Դու ուժասպառ ես եղել: Հասկանում եմ, նրան դիմադրելը հեշտ գործ չէ:
ԱՆՆԱ — Միշտ այնպիսի զգացողություն ունեմ, որ նա կանգնած է մեր ետևում, հետևում է մեր ամեն քայլին: Ես խուճապի մեջ եմ, չգիտեմ՝ ինչ ձեռնարկեմ: Ես չեմ ընդունում կնոջ այդպիսի վարքագիծը: Դա անբարոյականություն է:
ԱՐԱՄ — Քո՝ ապրելու փիլիսոփայությունը բախվել է ժայռին: Ընդունիր նրան, ինչպես որ կա, կյանքը կընթանա իր հունով:
ԱՆՆԱ — Մենք պիտի միասին լինենք: Մենք վճարել ենք տան համար և նա պարտավոր է ծառայել մեզ:
ԱՐԱՄ — Չգիտեմ: Ամեն ինչ փողի ես վերածում, բայց իրականում այդ ամենն ուրիշ տեսք ունի: Պիտի կարողանաս նրան այլ կերպ վերաբերվել:
ԱՆՆԱ — Դու նրան պաշտպանում ես, իսկ ե՞ս, ես որտե՞ղ եմ:
ԱՐԱՄ — Արի գրկեմ քեզ:
Գրկախառնվում են:
ԱՆՆԱ — Նայի՛ր, եղունգներիս տակ սևացել է:
ԱՐԱՄ — Հո՞ղ ես մշակել:
ԱՆՆԱ — Նրա արյունն է: Երբեք հող չեմ մշակի ու ինձանից հողի հոտ չի գա: Օգնի՛ր կտրեմ եղունգներս:
ԱՐԱՄ — Դու չե՞ս ուզում գնալ վարսավիրանոց:
ԱՆՆԱ — Որտեղ մեր շորերը լվանալուց եղունգներս կխանգարեն: (Կտրում է:) Ահա և վերջ:
ԱՐԱՄ — Դու նմանվում ես նրա՞ն:
ԱՆՆԱ — Ես գյուղում եմ ապրում:
ԱՐԱՄ — Փորձիր ասել, որ նա է թելադրում իր պայմանները:
ԱՆՆԱ — Դու տեսե՞լ ես, հավին ինչպես է սպանում, բռնում է վզից ու պոկում: Արյունը թափվում է վրան: Նա արյան կարիք ունի:
ԱՐԱՄ — Կզգուշացնեմ, որ մենք իր եփած ապուրը չենք ուտի:
ԱՆՆԱ — Որ քաղցից հյուծվե՞նք: Որ մեռնենք, դեմքի միմիկան էլ չի փոխի, կնայի մեզ ու կժպտա: Տեսե՞լ ես, նրա ժպիտն այնպես չէ:
ԱՐԱՄ — Հիշեցնում է կատվի ու մկան խաղը:
ԱՆՆԱ — Հա՛, նա մեզ մկան տեղ է դրել:
Դադար:
ԱՐԱՄ — Անձրև է գալիս, բայց նա դրսում աշխատում է: Նայիր, ուսին դրած պարկն ինչքան թեթև է տանում, իսկ ես նույնիսկ փորձ չարեցի…
ԱՆՆԱ — Նա ուզում էր, որ դո՞ւ տանես:
ԱՐԱՄ — Հա, բայց ես չմոտեցա, շրջանցեցի ու տուն եկա:
ԱՆՆԱ — Նա տեսավ քո վախն ու մտքում ժպտաց:
ԱՐԱՄ — Հիմա էլ երկու պարկ է միանգամից տանում: Հետաքրքիր է:
ԱՆՆԱ — Ի՞նչն է հետաքրքիր:
ԱՐԱՄ — Հիմար միտք անցավ մտքովս… աննշան միտք:
ԱՆՆԱ — Մենք խոստացել ենք իրար չստել… խոսի՛ր:
ԱՐԱՄ — Դե՛, մտածեցի՝ նա ինչպիսի՞ն կլինի անկողնում:
ԱՆՆԱ — Ես քեզ չե՞մ բավարարում:
ԱՐԱՄ — Դու մի պարկ էլ չես կարող քարշ տալ:
ԱՆՆԱ — Դրա համա՞ր ես նրա չորս կողմը պտտվում:
ԱՐԱՄ — Դու չափն անցար:
ԱՆՆԱ — Ո՛չ, ասա…
ԱՐԱՄ — Խանդում ես: Մենք կարող ենք հենց հիմա գնալ: Կազատվենք այս վիճակից:
ԱՆՆԱ — Ի՞նչ վիճակ:
ԱՐԱՄ — Անընդհատ գրգռված ենք ու վախի մեջ:
ԱՆՆԱ — Փորձություն է:
ԱՐԱՄ — Ի՞նչ փորձություն:
ԱՆՆԱ — Եթե դավաճանելու ես, ապա ինչո՞ւ ոչ այսօր:
ԱՐԱՄ — Այսօր տրամադրություն չունեմ:
ԱՆՆԱ — Իսկ վաղը կունենա՞ս:
ԱՐԱՄ — Դրա համա՞ր ես ուզում մնալ:
Դադար:
ԱՆՆԱ — Ես քաղցած եմ, գնանք նրա եփած ապուրն ուտենք:
ԱՐԱՄ — Եթե շատ ես ուզում, գնանք: Ես էլ եմ քաղցած:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Նստած են: Միլան կարտոֆիլ է կճպում: Արամը նրան է նայում: Միլան քթի տակ ծիծաղում է և այնպես է անում, որ ազդրերը երևան: Արամը վատ է զգում:
ԱՐԱՄ — Տոթ է, շունչս կտրվում է:
ՄԻԼԱ — Դու շարունակ տնտղում ես ինձ:
ԱՐԱՄ — Ինքդ ես ոտքերդ չռել:
ՄԻԼԱ — Տեսնում եմ, հետաքրքրվում ես իմ ազդրերով:
ԱՐԱՄ — Չե՞ս կարող ոտքերդ փակել:
ՄԻԼԱ — Եթե չես ուզում, մի՛ նայիր, քեզ ստիպող չկա:
ԱՐԱՄ — Չեմ կասկածում, որ դիտմամբ ես բացել:
ՄԻԼԱ — Ես կարտոշկա եմ կճպում, այս դիրքով հարմար է: Կարող ես միանալ ինձ:
ԱՐԱՄ — Կարտոֆիլ կճպե՞մ:
ՄԻԼԱ — Դիպա՞ ինքնասիրությանդ:
Դադար:
ԱՐԱՄ — Ծանր ազդրեր ունես:
ՄԻԼԱ — Գյուղացի կին եմ, եզան նման քարշ եմ տալիս օրվա գործերը: Ոտքերս պիտի պինդ լինեն, կռնակս՝ ուժեղ, որ պարկը դնեմ ուսիս ու տանեմ: Իսկ դու փախար:
ԱՐԱՄ — Ես չեմ եկել այստեղ, որ պարկեր կրեմ, դա իմ ուժերից վեր է:
ՄԻԼԱ — Գիտեմ: Դու մի փախցրու հայացքդ: Ուր էլ որ նայում ես, ինձ ես փնտրում:
ԱՐԱՄ — Մագնիսի նման ձգում ես, անիծյա՛լ պառավ:
ՄԻԼԱ — Ե՞ս եմ պառավը: Արի ինձ ձեռք տուր ու համեմատի՛ր քո մորեխիկի հետ: Հը՛մ, ծիծաղեցի՞ր: Դու նրա վրա ես պառկում: Ախր, կջարդես խեղճ աղջկա ողնաշարը:
ԱՐԱՄ — Ես շատ նուրբ եմ նրան մոտենում:
ՄԻԼԱ — Եթե մտնենք անկողին, ինձ ի՞նչ կանեիր:
ԱՐԱՄ — Ես… քեզ չորս տակ շուռ կտայի, անասունի նման:
ՄԻԼԱ — Կրքոտ տղամարդ ես երևում, բայց անկողնում ես եմ կինը, ինքս եմ որոշում՝ ինչ անել և ինչպես, հասկացա՞ր:
ԱՐԱՄ — Չէ՛:
ՄԻԼԱ — Փորձի՛ր ու կհամոզվես:
ԱՐԱՄ — Հիմա՞:
ՄԻԼԱ — Պահը մի՛ կորցրու… դե՛, մի՛ դողա:
ԱՐԱՄ — Ես քեզ համար չեմ եկել:
ՄԻԼԱ — Իսկ ո՞ւմ համար… Այն պատրանքների՞, որ հետապնդում են քեզ: Չե՞ս ուզում ազատվել:
ԱՐԱՄ — Ես չեմ կարող դավաճանել:
ՄԻԼԱ — Ի՜նչ դավաճանություն, ո՞ւմ ես դավաճանում, նրա՞ն: Իսկ ինքը քո մասին ի՞նչ է մտածում… հիասթափվեցի: Քեզ տղամարդու պես պահիր:
ԱՐԱՄ — Աննան քեզանից գեղեցիկ է:
ՄԻԼԱ — Բայց ես եմ իսկական կինը:
ԱՐԱՄ — Աննան շատ գեղեցիկ է… մենք ամուսիններ ենք: Ես չեմ ուզում հրաժարվել այն ամենից, ինչ ունենք: Իսկ քեզ հետ ընդհանուր ոչինչ չունեմ: Մենք խոսելու նյութ էլ չունենք:
ՄԻԼԱ — Դու քեզ հայելիով նայե՞լ ես, վերնաշապիկդ արդուկված չէ:
ԱՐԱՄ — Նա ասաց՝ արդուկ չկա:
ՄԻԼԱ — Ինձ մի՛ զայրացրու… իսկ շալվարդ ցեխոտված է:
ԱՐԱՄ — (փորձում է ինքն իրեն նայել, շփոթված է): Ճիշտն ասած, չեմ նկատել:
ՄԻԼԱ — Իսկական կինը գիտի՝ ամուսնուն ոնց պահի… մաքուր հագցնի, վերնաշապիկը արդուկի, իսկ իրիկունը…
ԱՐԱՄ — Իրիկունը ի՞նչ:
ՄԻԼԱ — Մի տակառ գինի դնեն սեղանին, խմեն ու մտնեն ննջարան:
ԱՐԱՄ — Ես գինի չեմ խմում:
ՄԻԼԱ — Դու դժբախտ մարդ ես, ամբողջ կյանքում տանջվելու ես նրա ձեռքում:
ԱՐԱՄ — Նա իմ կինն է, ես նրան սիրում եմ, հասկացի՛ր, սիրում եմ:
ՄԻԼԱ — Բայց հայացքով շոյում ես իմ ազդրերը:
ԱՐԱՄ — Դա ուրիշ հարց է:
ՄԻԼԱ — Ասա, որ ինձ ես տենչում, որ իմ մարմինը քեզ խելագարեցնում է:
ԱՐԱՄ — Ֆիզիկական բավարարվածությունը ոչինչ է, պահի ցանկություն: Հետո չեմ ասի՝ այս ում հետ եմ գիշերը պառկել, մութ էր, չտեսա:
ՄԻԼԱ — Չեմ թողնի՝ մտածես, քեզ կխեղդեմ իմ կրծքերի մեջ: Ախր, շատ համեղ տեսք ունես:
ԱՐԱՄ — Կանգ առ, կի՛ն, մտածիր, ինչ ես անում: Ես ինձ զսպել կարող եմ և նույնը խորհուրդ եմ տալիս քեզ… Ջուր խմիր, կօգնի: Ինչ խոսում էինք, մոռացիր: Մեր ճանապարհները տարբեր են: (Ուզում է դուրս գալ:)
ՄԻԼԱ — Անձրև է գալիս:
ԱՐԱՄ — Ավելի լավ, ուշքի կգամ, կնայեմ ալեկոծ լճին:
ՄԻԼԱ — Ես նրան ծով եմ ասում:
ԱՐԱՄ — Ծով լինելու համար պիտի մեծ լինի:
ՄԻԼԱ — Նա շատ մեծ է, նա աշխարհի ամենամեծ ծովն է: Պետք է զգաս մեծությունը:
Դադար:
ԱՐԱՄ — Ինչո՞ւ ես այսքան վաղ արթնացել:
ՄԻԼԱ — Որպեսզի ճաշին ձեզ կերակրեմ: Ես բամբակի մեջ չեմ ապրում: Մենակ ապրելը դժվար է: Դու ուժեղ տղա ես, կարող ես ինձ օգնել: Դե՛, գործ ինչքան ասես կա:
ԱՐԱՄ — Ես գնում եմ քնելու:
ՄԻԼԱ — Վախենում ես, հանկարծ կինդ կտեսնի՞:
ԱՐԱՄ — Ես ոչ մեկից չեմ վախենում:
ՄԻԼԱ — (ուզում է բռնել Արամին): Այդպես էլ գիտեի, սիրո՛ւնս: Չփորձես փախչել, ծիծաղի առարկա կդառնաս:
ԱՐԱՄ — Ո՞վ է ծիծաղելու:
ՄԻԼԱ — Ես, սիրո՛ւնս: Այնպես կծիծաղեմ, որ ամբողջ կյանքում ինձ կհիշես:
ԱՐԱՄ — Լսի՛ր, ես սիրում եմ իմ կնոջը:
ՄԻԼԱ — Այո՛, փոքրի՛կս, դեմ չեմ լինի, որ մեկ-մեկ նրա մոտ գնաս:
ԱՐԱՄ — Աննան այն աղջիկն է, ում համար տանջվել եմ, ժամերով կանգնել եմ համալսարանի դիմաց, որ իրեն տեսնեմ: Հիմա, երբ մենք երջանիկ ենք, հանկարծ ինչ-որ մի…
ՄԻԼԱ — Ես բոզ չեմ:
ԱՐԱՄ — Ես չասացի, որ բոզ ես:
ՄԻԼԱ — Դա ուզեցիր ասել:
ԱՐԱՄ — Ների՛ր, պատահաբար ստացվեց:
ՄԻԼԱ — Դու փոքրիկ տղա ես ու չգիտես՝ ինչ ես ուզում:
ԱՐԱՄ — Ուզում եմ, որ մեզ հանգիստ թողնես: Գնա, քո թրիքը թխի:
ՄԻԼԱ — Ուզում ես ինձ վիրավորե՞լ: Հաշվիր, հասար քո նպատակին: Նեղացա, բավարարվա՞ծ ես: Կաթ կուզե՞ս, նոր եմ կովը կթել:
ԱՐԱՄ — Ինձ հետ վարվում ես, ինչպես երեխայի:
ՄԻԼԱ — Իսկ դու քեզ տղամարդու պես պահիր:
ԱՐԱՄ — Ես չգիտեմ, ինչ պիտի անեմ:
ՄԻԼԱ — Բավարարի՛ր կնոջը, հիմա՛ր:
Դադար, իրար են նայում:
ԱՐԱՄ — Երբ գնամ տուն, չեմ ուզում, որ դու լքված լինես: Չեմ ուզում քեզ ցավ պատճառել:
ՄԻԼԱ — Դու հիմա ես ինձ ցավ պատճառում: Նա քեզ համար մի երեխա չի կարողանում բերել: Ես քեզ չորս տղա կբերեմ:
ԱՐԱՄ — Ես չեմ ուզում երեխաներ ունենալ քեզանից: Ես չեմ կարող հանգիստ ապրել, երբ մտածեմ՝ ինչ-որ գյուղում երեխաներ ունեմ, որբ երեխաներ:
ՄԻԼԱ — Հեռու չես ապրում, մեքենա ունես, կգաս ինձ մոտ: Հավանաբար չես վերադառնա:
ԱՐԱՄ — Ո՛չ:
ՄԻԼԱ — Դժվարն ինձ հետ մեկ անգամ պառկելն է, ամբողջ կյանքում կհիշես:
ԱՐԱՄ — Երբե՛ք, ես չեմ ուզում ոչինչ հիշել:
ՄԻԼԱ — Գնա՛ կնոջդ մոտ, իսկ ես կծիծաղեմ:
ԱՐԱՄ — Ծիծաղիր ինչքան ուզում ես:
Միլան ծիծաղում է, Արամը բարձրանում է աստիճաններով:
ՎԵՑԵՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Միլան ու Աննան իրար են նայում:
ԱՆՆԱ — Այսպես երկար չի կարող շարունակվել: (Միլան ժպտում է:) Ես քեզանից չեմ վախենում:
ՄԻԼԱ — Գիշերը ծովում երեք հոգի են խեղդվել: Դիակները փնտրում են:
ԱՆՆԱ — Ուզում ես նյարդերիս հետ խաղա՞լ: Ես կդիմանամ:
ՄԻԼԱ — Նրանց չեն գտնի: Հիմա խեցգետինները նրանց հոշոտած կլինեն: Մեկ ժամվա ընթացքում միայն ոսկորները կմնա:
ԱՆՆԱ — Դու ինձ չես կարող լիճը գցել, ես շատ զգույշ եմ:
ՄԻԼԱ — Դու ինձ չես խանգարում… սուրճ կխմե՞ս:
ԱՆՆԱ — Քո մտքինը միայն մի բան է… բայց դա անասնական ցանկություն է:
ՄԻԼԱ — Բայց կանայք էլ նույն անասունն են՝ իշխեն ամուսիններին, փեշի տակ պահեն:
ԱՆՆԱ — Ես ու Արամն ամուսիններ ենք:
ՄԻԼԱ — Ստրկացրել ես խեղճ տղային: Ի՞նչ ես ընկել ետևից, բացի՛ր բուռդ, թող օդ շնչի:
ԱՆՆԱ — Նա ինձ հետ երջանիկ է: Տեսե՞լ ես, ինչպես է արթնանում:
ՄԻԼԱ — Ինչո՞ւ ես շտապում, կգա ժամանակը, կտեսնեմ:
ԱՆՆԱ — Հեռո՛ւ, կի՛ն, մենք տարբեր մարդիկ ենք, սիրում ենք դասական երաժշտություն, գրքեր ենք կարդում: Մեր կյանքը լի է բարձր արժեքներով:
ՄԻԼԱ — Ես պինդ կին եմ, գիտեմ՝ իմ ուզածն ինչ է:
ԱՆՆԱ — Դու չես պատկերացնում իրականությունը:
ՄԻԼԱ — Դուք իմ հյուրանոցում եք և վճարում եք ամեն օրվա համար: Եթե ասես՝ ստում ես, ես էլ կասեմ, որ կույր ես: Ամուսինը գիտի՝ ում համար է գլուխը կորցրել: Ես նրան կտամ այն, ինչ դու չես կարողանում տալ:
ԱՆՆԱ — Նա իրավունք չունի ինձ լքել:
ՄԻԼԱ — Պայմանագի՞ր եք կնքել, դավաճանության դեպքում մեծ գումար ես կորզելո՞ւ: Ֆո՛ւ, այս քաղաքացիները չգիտեն, ոնց պահեն իրենց ամուսիններին: Ես մտածում էի՝ նոր ես ձվից դուրս եկել:
ԱՆՆԱ — Մենք այդպիսին ենք, սիրում ենք օրենքներով ապրել:
ՄԻԼԱ — Տղամարդուն սրտով են սիրում, մադա՛մ:
ԱՆՆԱ — Նա քեզ հետ պառկե՞լ է:
ՄԻԼԱ — Նա ինձ հետ կպառկի, երբ ես ցանկանամ:
ԱՆՆԱ — Դու խորամանկ ու վտանգավոր կենդանի ես:
ՄԻԼԱ — Խորհուրդ կտամ ամուսնուդ թողնես ինձ մոտ, իսկ դու գնաս քո քաղաքը:
ԱՆՆԱ — Դա շատ պարզունակ լուծում կլինի:
ՄԻԼԱ — Ավելի լավ, միշտ աչքերիս առջև կլինես: Կարծում ես, չե՞մ հասկանում, ինչ է կատարվում քեզ հետ: Դու նրա հետ պառկում ես, բայց հեշտանք չես ապրում, մեղադրում ես նրան, մեղադրում ես քեզ և այդպես պիտի շարունակես ամբողջ կյանքում: Դու քեզ հարմար զուգընկեր գտի՛ր:
ԱՆՆԱ — Ախր քո ի՞նչ գործն է, թե մենք անկողնում ինչ ենք անում:
ՄԻԼԱ — Ամուսինդ ապուշի մեկն է, որ այդքան համբերել է, բայց մի օր նա քեզ տնից դուրս կհանի:
ԱՆՆԱ — Ուրեմն լսի՛ր ինձ, մենք իրար սիրում ենք և անկողնում անում ենք, ինչ սրտներս ուզում է: Մեկս մյուսիս չենք նվաստացնում:
ՄԻԼԱ — Դու միայն ձևացնում ես, թե գոհ ես: Կեղծիքը հոտ ունի:
ԱՆՆԱ — Ես քեզ կսպանեմ: (Ձեռքին երևում է ժանգոտ դանակ:)
ՄԻԼԱ — Այդ դանակը որտեղի՞ց ես գտել, կարծում էի՝ կորցրել եմ: Սրանո՞վ ես ինձ սպանելու: (Ձեռքից վերցնում է դանակը:) Այս դանակով կարո՞ղ ես հավ մորթել, ասա՝ հա՛, ու դանակը կտամ քեզ:
ԱՆՆԱ — Չէ՛:
ՄԻԼԱ — Մինչև մարդ սպանելը հավ մորթել սովորի՛ր: Մյուս անգամ չփորձես ինձ վրա դանակ բարձրացնել: Հավի նման վիզդ կոլորեմ:
ԱՆՆԱ — Արամին կասես, որ լճի ափին եմ:
ՄԻԼԱ — Զգույշ կլինես, քարերը մամռակալած են, կսայթաքես: (Ներս է մտնում Արամը:) Ահա և Արամը: Ինքդ ասա:
ԱՆՆԱ — Ես գնում եմ օդ շնչելու: (Դուրս է գնում:)
ԱՐԱՄ — Մենք պիտի խոսենք:
ՄԻԼԱ — Փոքրի՛կս, մենք խոսելու բա՞ն ունենք:
ԱՐԱՄ — Ես չգիտեմ, ինչ է կատարվում ինձ հետ: Հենց քեզ տեսնում եմ, ոտքերս քարանում են, օդը նեխում է, շնչահեղձ եմ լինում:
ՄԻԼԱ — Ե՞ս եմ մեղավորը: Փոքրի՛կս, ինձ ո՞ւմ տեղն ես դրել:
ԱՐԱՄ — Ես փոքրիկ չեմ: Ես չեմ կարող քո փոքրիկը լինել: Դու ինձ դեմ ես տվել պատին: Կրքից ու ատելությունից ամբողջ գիշեր չեմ քնում:
ՄԻԼԱ — Կնոջդ գրկում իմ մասի՞ն ես մտածում: Խեղճ տղա՛, նրա գրկում ինձ ես պատկերացնում:
ԱՐԱՄ — Եվ ամբողջ մանրամասնությամբ… ես բութ եմ ու անհասկացող: Ես ոչինչ չեմ անում, որ ազատվեմ քո իշխանությունից, բայց ես պարտավոր եմ…
ՄԻԼԱ — Դու ուզում ես թակարդից դո՞ւրս պրծնել:
ԱՐԱՄ — Մինչ այստեղ գալը կարծում էի, մեր հարաբերությունները նորմալ են, մենք անում ենք, ինչ կարողանում ենք ու քնում: Բայց հենց քեզ տեսա, կարծես ծառս եղան բոլոր ցանկություններս… Ամբողջ օրն անհանգիստ եմ, գրգռված ու շփոթված, բայց ես չեմ ուզում կնոջս դավաճանել:
ՄԻԼԱ — Իսկ ի՞նչ ես ուզում:
ԱՐԱՄ — Ես ուզում եմ քո մարմինը, բայց ոչ քեզ:
ՄԻԼԱ — Գնա՛…
ԱՐԱՄ- Քեզ վիրավորեցի, բայց ավելի շատ ես ինձ եմ վիրավորում: Հասկացի՛ր, իմ մեջ բացի ցանկությունից ոչինչ չկա: Մենք իրար չենք սիրում ու չենք տառապում:
ՄԻԼԱ — Ես քեզ դուր չե՞մ գալիս:
ԱՐԱՄ — Միայն մերկ տեսքով:
ՄԻԼԱ — Ուզում ես, որ մերկանա՞մ: Քեզ համար կանեմ, Աննան մեզ կների:
ԱՐԱՄ — Կվճարեմ:
ՄԻԼԱ — Հիմարություն ես դուրս տալիս:
ԱՐԱՄ — Այդպես հանգիստ կլինեմ: Տան վարձը վճարում եմ, մերկությանդ համար էլ կվճարեմ, որպես տուրիստ:
ՄԻԼԱ — Դու չես ուզում պատասխանատվություն կրել:
ԱՐԱՄ — Երբե՛ք:
ՄԻԼԱ — Երբ ինձ հետ պառկես, կմոռանաս կնոջդ ու մնացած բոլոր կանանց, որոնց երբևէ տեսել ես: Սեր ասածը հենց այն է, ինչն ուզում ես անել: Ամբողջ մարմնով ցանկություններդ ես բավարարում ու խոնջացած քնում:
ԱՐԱՄ — Իսկ առավոտյա՞ն:
ՄԻԼԱ — Կարող ենք դա անել նաև առավոտյան:
ԱՐԱՄ — Եվ ամբողջ կյանքո՞ւմ:
ՄԻԼԱ — Կիմանաս, որ տղամարդ ես, իսկ կնոջդ մոտ նույնիսկ դա չես զգում:
ԱՐԱՄ — Ես քո ուզած տղամա՞րդն եմ: Ինչո՞վ եմ արժանացել քո ուշադրությանը:
ՄԻԼԱ — Որովհետև դու միակ տղամարդն ես…
ԱՐԱՄ — Գյուղում արժանի մեկը չկա՞:
ՄԻԼԱ — Նրանք բռի են, ոչինչ չեն տալիս ոռնոցից բացի:
ԱՐԱՄ — Կարծում ես, ես ավելի լա՞վն եմ:
ՄԻԼԱ — Ես եմ բռի ու քեզ դուր եմ գալիս: Միջիս գազանը կծում է մարմինս, ես կարող եմ ոռնալ:
ԱՐԱՄ — Վե՛րջ տուր, ինքս ավելին չեմ, քեզ հետ ինքս եմ նվաստանում, իսկ եթե չբավարարեմ քո երևակայությունը, պատկերացնում եմ, ոնց ես չարախնդալու:
ՄԻԼԱ — Ես ոչինչ չեմ ասի, ես միայն կլսեմ, ինչ ասում էիր՝ այնքա՜ն զգացմունքային էին:
ԱՐԱՄ — Ակա՞նջ ես դրել, բայց այդ բառերը քեզ չեմ ասի, որովհետև կեղծ կհնչի:
ՄԻԼԱ — Գիշերները մերկ եմ քնում, ոչ մի շորի կտոր վրաս, իսկ երբ տունը տաք է լինում, վերմակ էլ չեմ գցում: Գիշերը կգա՞ս մոտս, թե՞ կվախենաս կնոջիցդ:
ԱՐԱՄ — Լսի՛ր, դու ապրում ես այստեղ, իսկ ես որոշ ժամանակից հետո վերադառնալու եմ քաղաք՝ իմ սովոր կյանքին: Կինս ինձ համար ճաշ է եփում, իսկ ես գարեջուր եմ խմում: Խմում եմ շատ դանդաղ, որ վայելեմ: Հա՛, մոռացա ֆուտբոլի մասին, ես սիրում եմ ֆուտբոլ նայել ու գարեջուր խմել:
Դադար:
ՄԻԼԱ — Նա լողալ գիտի՞:
ԱՐԱՄ — Ո՛չ:
ՄԻԼԱ — Երկուսս էլ նույն բանի մասին ենք մտածում:
ԱՐԱՄ — Ես ոչինչ չեմ մտածում:
ՄԻԼԱ — Որ նա կարող է ընկնել լիճը:
ԱՐԱՄ — Հետո ի՞նչ:
ՄԻԼԱ — Դու չե՞ս ուզում, որ նա լիճն ընկնի, այն խորն է:
ԱՐԱՄ — Խելքդ թռցրե՞լ ես: Դու չես հասկանում, ինչ ես ասում:
ՄԻԼԱ — Եթե նա խեղդվի, մենք կմնանք երկուսով, կանենք, ինչ ուզում ենք:
ԱՐԱՄ — Ես թույլ չեմ տա, որ նրան խեղդես:
ՄԻԼԱ — Նա՞ է ասել, այ թե հոտառություն ունի: Դու այդպես էլ տղամարդ չդարձար: Ամբողջ կյանքում կմնաս կնոջդ կրունկների տակ, փեշը բռնած ման կգաս:
ԱՐԱՄ — Երբեմն ցանկություններս ինձ իշխում են, բայց ես ունեմ սահման, որը չեմ անցնում: Մենք ընդհանուր ոչինչ չունենք, ես սիրում եմ նրան ու մենք երջանիկ ենք:
ՄԻԼԱ — Մի քանի անգամ ասա, որ չմոռանաս:
ԱՐԱՄ — Ես սիրում եմ և երջանիկ եմ:
ՄԻԼԱ — Դու վերադարձար այն վիճակին, երբ վախեցած ներս մտար հյուրանոց:
ԱՐԱՄ — Ես ինչո՞ւ էի վախեցած:
ՄԻԼԱ — Դու տեսար ինձ, ցնցվեցիր:
ԱՐԱՄ — Ես ցնցվեցի, երբ տեսա՝ ինչքան վուլգար դիրքով էիր կանգնած:
ՄԻԼԱ — Դու տեսար այն կնոջը, ում ամբողջ կյանքում տենչում էիր:
ԱՐԱՄ — Ես մտածեցի՝ մի՞թե այսպիսի կին էլ է լինում: Մեջս ցանկություն առաջացավ քեզ սպանել:
ՄԻԼԱ — Ես տեսա, ինչպես կինդ ձգվեց, շուրթերը կախ ընկան: Նա այնքան տգեղ էր այդ պահին, որ ծիծաղս եկավ: Ես ծիծաղեցի մտքում, ասացի՝ ահա երկու աղավնյակներ, որ իրար չեն տեսնում, ահա այն տղամարդը, որի հայացքը մխրճվեց ազդրերիս արանքը, սուր ասեղի նման ծակեց: Այդ պահը ես ապրեցի: Հետո մենք միասին ժպտացինք, դու ինձ դուր եկար:
ԱՐԱՄ — Կորի՛ր գրողի ծոցը: Դու ամեն ինչ թարս ես հասկանում:
ՄԻԼԱ — Կինդ դրսում քեզ է սպասում, գնա նրա մոտ:
ՅՈԹԵՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Արամն ու Աննան իրենց սենյակում են:
ԱՆՆԱ — Ո՞ւր էիր:
ԱՐԱՄ — Քայլեցի լճի ափով, ցուրտ էր, վերադարձա: Չե՞ս լողացել:
ԱՆՆԱ — Ինչի՞ համար:
ԱՐԱՄ — Ամեն անգամ նույն բառերը, չե՞ս հոգնել կրկնվելուց:
ԱՆՆԱ — Ես երբեք չեմ հոգնում:
ԱՐԱՄ — Ուզո՞ւմ ես քնել:
ԱՆՆԱ — Իսկ դու չե՞ս ուզում:
ԱՐԱՄ — Կարծում էի, միասին երկար գիշեր կանցկացնենք, բայց տեսնում եմ, տրամադրություն չունես, ինչպես միշտ:
ԱՆՆԱ — Չեմ հասկանում, ուզածդ ի՞նչ է:
ԱՐԱՄ — Ոչինչ, բարի գիշեր:
Դադար:
ԱՆՆԱ — Ուզում եմ ծխել:
ԱՐԱՄ — Լավ, առաջին անգամ եմ լսում, որ ծխում ես:
ԱՆՆԱ — Միլան ծխում է, ես ինչո՞ւ չծխեմ:
ԱՐԱՄ — Միլան առողջ թոքեր ունի:
ԱՆՆԱ — Մի՞թե երբևէ բողոքել եմ թոքերից:
ԱՐԱՄ — Երբեք նրա հետ քեզ մի՛ համեմատիր:
ԱՆՆԱ — Քո աչքերում միայն Միլան է:
ԱՐԱՄ — Բայց տեսնում եմ քեզ: Կանխամտածված ես անում, որ գժտվենք, հետո ասես՝ դու էիր մեղավոր: Քնի՛ր, քեզ չեմ ստիպում: Ես գիրք կկարդամ, թե՞ ուզում ես, որ լույսը հանգցնեմ:
ԱՆՆԱ — Ծխախոտ տուր:
Արամը հյուրասիրում է, Աննան ծխում է:
ԱՐԱՄ — Ուրեմն սա առաջին անգամը չէ… Մենք երդվել էինք իրարից ոչինչ չթաքցնել:
ԱՆՆԱ — Աննշան բան է, դրա համար չարժե վիճել: (Դադար:) Դու ազնի՞վ ես իմ հանդեպ, ասա, միևնույն է, ես զգում եմ:
ԱՐԱՄ — Ես թաքցնելու բան չունեմ… Քո հանդեպ ազնիվ եմ:
ԱՆՆԱ — Հենց Միլային ես տեսնում, սկսում ես անճարակ շարժումներ անել, ձգվում ես, աչքերդ մշուշոտվում են, համբուրում ես ինձ, կարծես նրան համբուրես:
ԱՐԱՄ — Նա հենց ինձ տեսնում է, ժպտում է գիշատիչի պես: Ես անհարմար եմ զգում, չգիտեմ՝ ինչ անել:
ԱՆՆԱ — Ուզում եմ, որ դու նրան չզգաս: Անցնես կողքով, ոչ թե չտեսնելու տաս, այլ չտեսնես: Նա գոյություն չունի մեզ համար:
ԱՐԱՄ — Անհնար է նրան անտեսել:
ԱՆՆԱ — Նա կեղտոտ ու փնթի գեղջուկ է: Մենք պետք է վերևից նայենք նրան:
ԱՐԱՄ — Մեր ցանկությունը քիչ է: Նա այնքան անկաշկանդ է, իրերին վերաբերում է իր ուզածի պես: Նա չի էլ նկատի մեր կեցվածքը, կսկսի ծիծաղել մեր վրա:
ԱՆՆԱ — Ժամանակն է, որ կանգ առնենք ու լուրջ մտածենք մեր մասին: Մենք խրվում ենք կեղտի մեջ: Նա մեզ կլանում է, ինչպես ճահիճ:
ԱՐԱՄ — Առավոտյան հավաքենք մեր իրերն ու փախչենք:
ԱՆՆԱ — Կարծում ես, դա հարցի լուծո՞ւմ է: Ումի՞ց ենք փախչում:
ԱՐԱՄ — Բնական է՝ Միլայից:
ԱՆՆԱ — Ես այդ կարծիքին չեմ: Դու շատ ես փոխվել:
ԱՐԱՄ — Ինչպես և դու:
ԱՆՆԱ — Երբ ինձ հպվում ես, ոչինչ չեմ զգում: Մենք օտարացել ենք:
ԱՐԱՄ — Այ քեզ նորություն, բարկացած ես, դրա համա՞ր ես ասում:
ԱՆՆԱ — Դու ինձ հասցրել ես խելագարության ու ոչինչ չես անում:
ԱՐԱՄ — Աննա՛, ասա՛, ի՞նչ անեմ:
ԱՆՆԱ — Սիրտս կանգնում է, երբ մտածում եմ՝ ինչքան ես փոխվել:
ԱՐԱՄ — Աննա՛, մենք ամուսիններ ենք, իրարից երբեք չենք հեռանա: Երբ հասնենք տուն, նրան կմոռանանք ու ամեն ինչ իր տեղը կընկնի:
ԱՆՆԱ — Կարծո՞ւմ ես, որ այդպես կլինի:
ԱՐԱՄ — Վստահ եմ, սա փորձություն է, ուրիշ ոչինչ: Կյանքում ամեն ինչ պատահում է: Կարևորը, որ մենք իրար սիրենք: Ես քեզ սիրում եմ: Ասա, որ դու էլ ինձ ես սիրում:
ԱՆՆԱ — Ես էլ քեզ եմ սիրում:
Լսվում է Միլայի ծիծաղը, գայլերի ոռնոց, աղաղակներ, տնքոց:
ԱՐԱՄ — Տե՛ր Աստված, սա ի՞նչ է, ի՞նչ է կատարվում ներքևում:
ԱՆՆԱ — Նա բացել է ազդրերը, գայլերը ոռնում են:
ԱՐԱՄ — Դու նրան անասունի տեղ ես դնում:
ԱՆՆԱ — Իսկ նա անասունից չի տարբերվում:
ԱՐԱՄ — Այս գզվռտոցից կարելի է խելագարվել:
ԱՆՆԱ — Փակի՛ր ականջներդ ու քնիր, ես էլ կփակեմ:
Փակում են ականջները, իրար նայում:
ԱՐԱՄ — Նա այստեղ է, ես լսում եմ նրա տնքոցն ու ոռնոցը: Ես ոչինչ չեմ կարողանում անել: Ուզում եմ տեսնել:
ԱՆՆԱ — Գայլերը քեզ կուտեն:
ԱՐԱՄ — Ես ուզում եմ նրա հետ խոսել:
ԱՆՆԱ — Ինչի՞ մասին:
ԱՐԱՄ — Մենք եկել ենք այստեղ հանգստանալու և ոչ թե ներկա լինելու նրա սեքսուալ կատաղությանը:
ԱՆՆԱ — Ուրեմն գնանք միասին:
ԱՐԱՄ — Այդ տեսարանը քեզ համար չէ: Դու բամբակի մեջ ես մեծացել:
ԱՆՆԱ — Ճիշտ ես, բայց ինչքան էլ թաքնվեմ բամբակի մեջ, կյանքից չեմ փախչի: Գնանք, տեսնենք, այդ քածն այնտեղ ինչ է անում:
ԱՐԱՄ — Իսկապե՞ս ուզում ես տեսնել:
ԱՆՆԱ — Իսկ դո՞ւ… Դաժան առերեսում կլինի, բայց ստիպված ենք դիմանալ:
ԱՐԱՄ — Հանգստացի՛ր, մենք միասին ենք:
Դանդաղ ու վախեցած աստիճաններով իջնում են:
ԱՆՆԱ — Կարող է հարձակվել, զգուշացիր՝ չկծի:
ԱՐԱՄ — Ուզո՞ւմ ես ետ դառնանք:
ԱՆՆԱ — Դժվարն անցել ենք, խոհանոցից դանակներ վերցրու:
ԱՐԱՄ — (երկու դանակ է վերցնում և օղու շիշ): Մի կում արա, կօգնի:
ԱՆՆԱ — (խմում է): Սիրելի՛ս, մենք կարող ենք պաշտպանվել: (Ժպտում են:) Բայց մինչև ներս մտնելը ասա, ինձ սիրո՞ւմ ես:
ԱՐԱՄ — Իհարկե սիրում եմ: Մենք եկեղեցում երդում ենք տվել:
ԱՆՆԱ — Արի՛ աղոթենք:
ՄԻԼԱ — (դուրս է գալիս սենյակից): Ձեր փոխարեն աղոթել եմ: Գիշերվա կեսին թև-թևի տված եկել եք ինձ տեսությա՞ն:
ԱՐԱՄ — Գայլերի ոռնոց լսեցինք:
ՄԻԼԱ — Հա, գայլերը ոռնում են: Գցե՛ք դանակները, ձեզ կվնասեք… իսկ հիմա մոտեցե՛ք ինձ: Ինչո՞ւ եք եկել: Տղա՛, քունդ չի՞ տանում, կինդ չի՞ ուզում քեզ տաքացնել:
ԱՆՆԱ — Մենք չենք ուզում լսել գայլերի ոռնոցը:
ՄԻԼԱ — Նա քո գրկում, ինչո՞ւ պիտի գայլերի ոռնոց լսեք: Գրողը ձեզ տանի, ի՞նչ է կատարվում ձեզ հետ: Ինչո՞ւ անկողնում չեք:
ԱՆՆԱ — Իսկ քեզ հետ ի՞նչ է կատարվում:
ՄԻԼԱ — Ուզո՞ւմ եք տեսնել, ազդրերս ոնց են կծոտել:
ԱՐԱՄ — Նրանք այնտեղ են՝ քո սենյակո՞ւմ:
ՄԻԼԱ — Կատաղած պտույտ են գալիս:
ԱՐԱՄ — Ինչո՞ւ են ոռնում, սովա՞ծ են:
ԱՆՆԱ — Բերանը միս գցիր:
ՄԻԼԱ — Նրանց դժվար է բավարարել, կատաղած են: (Ծիծաղում է:) Աստված իմ, ինչքան անմեղսունակ եք, ձեզ կուսանոց պիտի տանել: Երևի չեք զգացել, թե ինչպես էի ճչում ու գայլի պես ոռնում… Դուք հիվանդ եք, ախր առանց կրքի կյանքը ոչինչ է… Ես ձեզ կբուժեմ: Ես տղամարդ եմ ուզում, եթե նույնիսկ դա դու ես ու կինդ էլ հետդ է: (Բռնում է կոկորդից:) Դու այս տան միակ տղամարդն ես, գնացինք:
ԱՆՆԱ — Արա՛մ, այս կինը հրեշ է:
ՄԻԼԱ — (ծիծաղում է): Նայի՛ր ինձ, հրեշի նմա՞ն եմ: Քեզ այնպես թափ կտամ, որ կընկնես դրախտ:
ԱՆՆԱ — Արա՛մ, կանգ առ:
ԱՐԱՄ — Ես չեմ կարողանում դիմադրել:
ԱՆՆԱ — Նա ուզում է մեր ընտանիքը կործանել: Բաց թող նրան:
ՄԻԼԱ — (բռնում է Աննայի կոկորդից): Փոքրի՛կ, եթե փորձես խանգարել, երկուսիդ էլ ձկների բաժին կդարձնեմ:
ԱՆՆԱ — Ես մինչև վերջ կկռվեմ իմ ընտանիքի համար:
ՄԻԼԱ — Իսկ դու ինչո՞ւ չես կռվում:
ԱՐԱՄ — Խեղդեցիր, բա՛ց թող:
ՄԻԼԱ — Տիկի՛ն, ես նրա կարիքն ունեմ: Նա կգա ինձ հետ, դա որոշված է:
ԱՆՆԱ — Գնա հանգստացրու այդ քածին:
ԱՐԱՄ — Դու ուզում ես, որ գնամ նրա մո՞տ:
ԱՆՆԱ — Ինքդ որոշիր, դու ես տղամարդը:
ԱՐԱՄ — Աննա՛, ուշադրություն դարձրու այն փաստի վրա, որ ինքնակամ չեմ գնում:
ԱՆՆԱ — Թուլամորթ:
ՄԻԼԱ — Մի՛ անհանգստացիր, առավոտյան բաց կթողնեմ:
ԱՆՆԱ — Ես չեմ վախենում, նա կվերադառնա ինձ մոտ:
ՄԻԼԱ — Կեղծ ինքնավստահություն… Ես մտադիր չեմ նրան ընդմիշտ պահել մոտս: Առավոտյան կգա քեզնից ներողություն խնդրելու… Գնացինք, փոքրի՛կս, խոստանում եմ սեքսուալ հրավառություն: Ուզո՞ւմ ես հաժեշտ տալ: Լավ, քեզ կսպասեմ իմ սենյակում… Երկար չպահես սիրեկանիս: (Մտնում է իր սենյակ:)
ԱՆՆԱ — Գնո՞ւմ ես:
ԱՐԱՄ — Իսկ ուրիշ ճանապարհ կա՞: Քեզ ասում էի՝ արի փախչենք, չհամաձայնվեցիր:
ԱՆՆԱ — Արի հիմա փախչենք:
ԱՐԱՄ — Ուշ է, գիշերվա կեսին գայլերը մեզ կուտեն:
ԱՆՆԱ — Աստված ձեզ կպատժի:
ՄԻԼԱ — (դուռը բացում է): Դե՛, երեխանե՛ր, բավական է ինչքան լաց եղաք: Առաջ անցի՛ր:
ԱՆՆԱ — Ես պիտի ներկա լինեմ… նա իմ ամուսինն է, պայմանը դա է:
ՄԻԼԱ — Լսո՞ւմ ես, ինչ է ասում, իսկական սիրող կին է:
ԱՐԱՄ — Ես չեմ կարող նրա ներկայությամբ…
ՄԻԼԱ — Օ՜, դու չգիտես՝ ում գիրկն ես ընկնելու: Գնանք, իմ փոքրիկ ցլիկ, քո փոխարեն ամեն ինչ կանեմ:
Մտնում են Միլայի սենյակը:
ՈՒԹԵՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Արամը պառկած դեռ չի զգում, որ ոտքերն ու ձեռքերը կապված են:
ԱՐԱՄ — Իսկական երկրաշարժ էր, մինչև հիմա չեմ կարողանում ուշքի գալ: Դեռ չէինք մտել սենյակ, միանգամից մերկացավ: Նրա մարմնեղ մարմնից հրե ծուխ էր դուրս գալիս, շիկացած գոլորշին երեսս դաղեց… Երբ ուզեցի ձեռք տալ նրա մերկ մարմնին, վագրի նման ետ ցատկեց, փախավ, որ աքլորն ընկնի ետևից, հետո սկսվեց խաղը կրքի ու ցոփության մեջ: Ես սկսեցի ոռնալ, կաղկանձել շան պես: Դա պայքար էր էգի ու որձի միջև: Ոչ մի բառ, ոչ մի սիրային զեղում, բոլոր բառերն անիմաստ էին, միայն կիրք ու պայթյուն: Կարծես առաջին անգամ էի կնոջ հետ պառկում: (Դադար:) Իսկ նա վարագույրի ետևից նայում էր մեզ: Ոչ մի խղճմտանք, մեղավորն ինքն էր: Որքան էլ արտառոց թվա, կարծես նրան դուր էր գալիս մեր խաղը: (Դադար:) Ինչո՞ւ է ձեռքերս ու ոտքերս կապել, վրեժխնդիր է ուզում լինել… Չէ, գլուխս կորցրել եմ, չգիտեմ՝ ինչ պիտի անեմ:
ԱՆՆԱ — (վարագույրի ետևում թաքնված): Ես վարագույրի ետևից նայում էի… Նա երբեք ինձ հետ այդպես չի խաղացել, նրա աչքերն այդպես չեն փայլել: Նա ցավից ոռնում էր ու չախկալի նման ծիծաղում… և առանց բառերի, առանց զգացմունքների, անասունի նման… (Վարագույրի ետևից դուրս է գալիս:) Քեզ երբեք չեմ ների:
ԱՐԱՄ — Սիրելի՛ս, ինչո՞ւ ես ձեռքերս ու ոտքերս կապել, ինչո՞ւ են աչքերդ կարմրած, լաց ես եղել… Դրա համար արժե՞ նյարդերդ քայքայել:
ԱՆՆԱ — Ինձ դավաճանեցիր աչքիս առաջ:
ԱՐԱՄ — Ինքդ ցանկացար:
ԱՆՆԱ — Դու ուզեցիր, որ ես ներկա լինեմ…
ԱՐԱՄ — Աննա՛, ների՛ր ինձ, ես քեզ սիրում եմ:
ԱՆՆԱ — Իսկապե՞ս, ինձ խոստացել էիր երբեք չխաբել: Խոստովանի՛ր, նա ինձ հաղթեց:
ԱՐԱՄ — Ես զգացի իրական պայթյուն:
ԱՆՆԱ — Ես ոչ մի պայթյուն էլ չտեսա:
ԱՐԱՄ — Ես բարձրացա հրաբխի գագաթն ու գահավիժեցի:
ԱՆՆԱ — Դու անդունդի խորքում ես, կեղտի ու բորբոսի մեջ, քեզանից հոտ է գալիս: Ես քեզ կլվանամ սառը ջրով: (Սկսում է շորով սրբել:)
ԱՐԱՄ — Վե՛րջ տուր, ինձ խուտուտ ես տալիս, ես չեմ ուզում ծիծաղել: Երդվում եմ էլ երբեք նրան չմոտենալ: Իսկ ճիշտը այն կլինի, որ հագնվենք ու հեռանանք: Այո՛, հենց հիմա:
ԱՆՆԱ — Դու ինձ ցավ պատճառեցիր, վիրավորեցիր մինչև սրտիս խորքը:
ԱՐԱՄ — Հիշո՞ւմ ես, մինչ այստեղ գալը մենք երջանիկ էինք:
ԱՆՆԱ — Դու ինձ խոստացար հավերժ սեր: Հավերժ բառը քեզ ոչինչ չի՞ ասում: Ես քեզ հավատացի: Այնքան վստահ էի, որ միասին ենք ծերանալու:
ԱՐԱՄ — Դե՛ բավական է ինձ սրբես, արդեն մաքուր եմ:
ԱՆՆԱ — Ճիշտ է, ժամանակն է, որ քեզ պատժեմ: (Հանում է մի մեծ մկրատ ու սկսում է չխչխկացնել:)
ԱՐԱՄ — Այդ ի՞նչ է:
ԱՆՆԱ — Միլան սրանով է իր ցլերին կրտում: Դու էլ իմ ցուլն ես:
ԱՐԱՄ — Ուշքի արի, ինչպե՞ս ենք երեխաներ ունենալու:
ԱՆՆԱ — Դու երեխաներ չէիր ուզում:
ԱՐԱՄ — Հիմա ուզում եմ: Տասը երեխա մեր չորս կողմը պար կբռնեն, իսկ մենք նրանց համար նվերներ կգնենք: Հիշո՞ւմ ես, քեզ համար ուշքս գնում էր, ուզում էի ինքնասպան լինել:
ԱՆՆԱ — Շատ ուշ հիշեցիր:
ԱՐԱՄ — Սիրելի՛ս, մենք նորից կսկսենք:
ԱՆՆԱ — Մի չնչին հաճույքի համար ինձ նվաստացրիր…
ԱՐԱՄ — Մենք ամուսիններ ենք, եկեղեցում երդում ենք տվել: Այդքան դաժան մի՛ եղիր: Մենք իրար սիրում ենք:
ԱՆՆԱ — Ես սա կկտրեմ և կպահեմ ի հիշատակ մեր կործանված սիրո, իմ կարծիքով դա արդարացի է:
Ներս է մտնում Միլան:
ՄԻԼԱ — Կտրի՛ր, փոքրիկս, նա դրան արժանի է: Կանայք պիտի պաշտպանեն իրենց պատիվը: Ուզո՞ւմ ես, ես կտրեմ, ես շատ հմուտ եմ այդ գործում:
ԱՆՆԱ — Ո՛չ, ես ինքս, նա իմ ամուսինն է:
ԱՐԱՄ — (գոռում է): Ո՛չ… (Արթնանում է:) Գրողը տանի ձեզ, երազում էլ հանգիստ չեն տալիս: Ոչ մի վայրկյան հապաղել չի կարելի: (Գոռում է:) Աննա՛, ո՞ւր են կոշիկներս, պատրաստվիր, գնում ենք: Այս դժոխքը մեզ համար չէ:
ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
ԱՌԱՋԻՆ ՊԱՏԿԵՐ
Ճաշասրահում Արամն ու Աննան թուղթ են խաղում: Նրանք ինչ-որ չափով մեծացել են: Արամը փնթփնթան է դարձել: Աննան զվարթ է, կարծես մեկին է սպասում: Միլան աշխատում է: Ներս է մտնում Արամ 2-ը:
ԱՐԱՄ 2 — Բարև ձեզ, կենվոր չե՞ք ընդունի:
ՄԻԼԱ — Մենա՞կ ես:
ԱՐԱՄ 2 — Մենակ եմ և ոչ մի մարդ ինձ հետ:
ԱՐԱՄ — Մենակ ես և ի՞նչ գործ ունես այս ծուղակում, մենք մի կերպ ենք յոլա գնում: Դու կդառնաս երրորդը: Եվս մեկ խանգարող, ես եկել եմ հանգստանալու մենության մեջ, և վերջ, դա է իմ ասածը:
ԱՐԱՄ 2 — Տասը օր կմնամ, եթե պայմաններն ինձ դուր գան:
ՄԻԼԱ — Պայմանը մեկն է, ժամանակին պիտի վճարես, ես էլ ժամանակին կկերակրեմ, նախաճաշը ժամը իննին է:
ԱՐԱՄ 2 — Միանգամից վճարե՞մ, թե՞ ամեն երեկո:
ՄԻԼԱ — Իսկ դու ինչպե՞ս ես ուզում:
ԱՐԱՄ 2 — Ամեն երեկո:
ՄԻԼԱ — Լավ, հաճախորդի ցանկությունն օրենք է:
ԱՐԱՄ — Իսկ մեզնից ամբողջ գումարը վերցրեց:
ԱՐԱՄ 2 — (մոտենում է Աննային ու Արամին): Բարի ախորժակ, ինչպե՞ս են կերակրում այստեղ:
ԱՐԱՄ — Դու եկել ես սնվելու համա՞ր, թե՞ թարմ օդ շնչելու:
ԱՐԱՄ 2 — Քաղաքում շնչել չէր լինում:
ԱՐԱՄ — Տեսնո՞ւմ ես, ուրեմն շնչիր ու արտաշնչիր:
ԱՐԱՄ 2 — Լավ կերակուրը չի խանգարի:
ԱՆՆԱ — Հավի գլուխը պոկում է, եփում է ու հրամցնում մեզ:
ՄԻԼԱ — Դե ինչ, մնո՞ւմ ես, թե՞ գնում, մոտակա գյուղում հյուրանոց կա:
ԱՐԱՄ 2 — Չէ, մնում եմ, այստեղ ինձ դուր է գալիս:
ՄԻԼԱ — Կուտես, ինչ իրենք են ուտում:
ԱՆՆԱ — Կարող ես միանալ մեզ:
ԱՐԱՄ — Այս մսի կտորի անունը հավի բուդ է, իմն է: Դու կարող ես մեղրահաց ուտել:
ՄԻԼԱ — Տղա՛, անունդ ի՞նչ է:
ԱՐԱՄ 2 — Արամ:
ՄԻԼԱ — Մենք մի Արամ ունենք, իսկ նա Աննան է, ես քեզ կանվանեմ Արամ երկրորդ:
ԱՐԱՄ — Չե՞ս կարող անունդ փոխել: Թեկուզ Գարսեն եղիր, բայց ո՛չ Արամ: Երկու Արամ մի հյուրանոցում շատ է:
ԱՐԱՄ 2 — Չեմ կարող, փոքրուց ինձ Արամ են ասել, նաև անձնագրումս են նշել: Դու փոխիր:
ԱՐԱՄ — Անպատկառ, միևնույն է, հավի բուդը քեզ չեմ թողնի:
Դադար:
ԱՐԱՄ 2 — Հեռվից տեսա մեկուսի հյուրանոցը, ինքս ինձ հարցրի՝ իսկ ո՞վ կլինի տան տիրուհին: Դուք գերազանցեցիք իմ սպասելիքը՝ ես տեսա գեղեցիկ կնոջ:
ՄԻԼԱ — Արա՛մ, ինչո՞ւ ես ժպտում:
ԱՐԱՄ — Նա գերազանցեց բոլորին: Զգույշ, տղա՛, լիճը մոտ է:
ԱՐԱՄ 2 — Ես լողալ գիտեմ:
ՄԻԼԱ — Դե ինչ, բարի գալուստ «Միլա» հյուրատուն: Ծանոթացիր հյուրերի հետ՝ Աննա, Արամ, նրանք երջանիկ ամուսիններ են: Իմ եփած հավի ապուրն էլ նրանց դուր է գալիս, այդպես չէ՞:
ԱՐԱՄ — Դե, ո՞վ է գլխից ձեռ քաշել, որ ասի՝ ոչ:
Ծիծաղում են:
ԱՐԱՄ 2 — Տիկի՛ն, կարծես ձեզ տեսել եմ:
ԱՐԱՄ — Հիմա էլ կնոջս ես տեսել, իսկ ինձ չե՞ս տեսել:
ԱՐԱՄ 2 — Պատիվ չեմ ունեցել:
ԱՆՆԱ — Իսկ որտե՞ղ ենք հանդիպել:
ԱՐԱՄ 2 — Մի՞թե ինձ մոռացել եք:
ԱՐԱՄ — Տիկի՛ն, ինչո՞ւ եք մոռացել խեղճ տղային:
ԱՆՆԱ — Արա՛մ, մեզ հանգիստ թող: (Արամ 2-ին.) Զարմանալի է, հանկարծ տեսնում ես մի մարդու, ում հանդիպել ես անցյալում, բայց ոչինչ չես հիշում:
ԱՐԱՄ 2 — Մենք լավ հիշողություններ ունենք, տիկի՛ն:
ԱՆՆԱ — Լա՞վ հիշողություններ:
ԱՐԱՄ 2 — Ես ուզում էի ինքնասպան լինել ձեզ համար:
ԱՐԱՄ — Իսկ ինչո՞ւ ես ողջ մնացել: Լավ կանեիր՝ ինքնասպան լինեիր և ձեզ տեսնելու պատիվը չէինք ունենա:
ԱՐԱՄ 2 — Պատահականությունը խանգարեց:
ԱՐԱՄ — Իսկ ես ինչո՞ւ ձեզ չեմ հիշում:
ԱՐԱՄ 2 — Եթե ձեզ համար ուզենայի ինքնասպան լինել, կհիշեիք:
ԱՐԱՄ — Սրամիտ է ու գռեհիկ, իսկը քուչի տղա: Մի հարց և վերջ՝ ի՞նչը ձեզ խանգարեց:
ԱՐԱՄ 2 — Մայրս, պարո՛ն: Նա ինձ շատ էր սիրում:
ՄԻԼԱ — Արամ երկրորդ, քո սենյակը վերևում է: Աննա, սիրելի՛ս, օգնիր նրան սենյակը գտնի, ձեր սենյակի կողքին է: Իսկ մենք գնանք ձուկ բռնելու:
ԱՐԱՄ — Տառեխը բռնված է, ցանցը կամաց-կամաց փաթաթվում է ոտքերին:
ԱՆՆԱ — Սիրելի՛ս, դու գնա, ձուկ բռնիր, հետո մենք կմիանանք ձեզ, կտեսնենք՝ քանի ձուկ եք բռնել:
ԱՐԱՄ — Քանի որ չեք մեռել, կնոջս վստահում եմ ձեզ, պաշտպանե՛ք թափթփուկներից:
ԱՐԱՄ 2 — Հաճույքով:
ԱՐԱՄ — (Միլային): Հանկարծ ավազի միջից մի սունկ հայտնվեց: Նայիր, Աննան ինչքան է հիացած:
ՄԻԼԱ — Գնացե՛ք, պարո՛ն, Աննան ձեզ սենյակի տեղը ցույց կտա: (Աննան և Արամ 2-ը բարձրանում են:) Ի՞նչ ես կպել նրանց, վաղեմի ծանոթները ուզում են մի քիչ զրուցել:
ԱՐԱՄ — Նրանք ի՞նչ հիշողություններ ունեն:
ՄԻԼԱ — Ի՞նձ ես հարցնում:
ԱՐԱՄ — Նա պատահաբար եկավ «Միլա» հյուրատուն, պատահաբար հանդիպեց կնոջս ու պարզվեց՝ վաղեմի ծանոթներ են, ջերմ հիշողություններ ունեն, ինչքա՜ն ջերմ… Ի՞նչ է կատարվում, չորս կողմս խարդավանք կա, քթով եմ զգում: (Միլային.) Նրա հետ կապ ունե՞ս:
ՄԻԼԱ — Նրան առաջին անգամ եմ տեսնում: Գնանք ձուկ բռնելու:
ԱՐԱՄ — Ո՛չ: (Դադար:) Տեսա˚ր, ոնց կնոջս ձեռքիցս տարավ: (Ծափ է տալիս:) Կար, հիմա չկա:
ՄԻԼԱ — Դե ի՞նչ ես բորբոքվել, դու ազատություն ստացար, հիմա կարող ենք առանց քաշվելու մեր ուզածն անել:
ԱՐԱՄ — Միլա՛, դու չես կարող տեղավորվել այն պատկերների մեջ, որն ունի Աննան:
ՄԻԼԱ — Երբեք չեմ ցանկացել լինել Աննա, դու պիտի տեսնես Միլային, ում ականջին քաղցր խոսքեր էիր փսփսում գիշերը:
ԱՐԱՄ — Հա՛, դու անգերազանցելի ես անկողնում, ինձ տղամարդ դարձրիր, բայց…
ՄԻԼԱ — Նորից կասկածա՞նք մտավ մեջդ:
ԱՐԱՄ — Ինձ թվում է, ես չեմ կարող նրան լքել:
ՄԻԼԱ — Եկ իրերն իրենց անունով կոչենք՝ նա է ուզում քեզ լքել:
ԱՐԱՄ — Նա՞ է քեզ ասել:
ՄԻԼԱ — Կանայք իրար շուտ են հասկանում: Եթե կույր չլինեիր, կտեսնեիր Աննայի շողշողուն դեմքը:
ԱՐԱՄ — Ուզում է վրեժխնդի՞ր լինել:
ՄԻԼԱ — Կարծում էի, արդեն տղամարդ ես, բայց սովորելու դեռ շատ բան ունես:
ԱՐԱՄ — Ուշացան, ի՞նչ են անում այնտեղ:
ՄԻԼԱ — Մի՛ նվաստացիր:
ԱՐԱՄ — Չիմանա՞մ, ինչ են անում, մենք դեռ ամուսիններ ենք:
ՄԻԼԱ — Բարձրացիր ու տես, իսկ ես գնամ ընթրիք պատրաստեմ:
ԱՐԱՄ — Բերանիս մեջ արյան համ եմ զգում: Միանգամից փոխվեց, աչքերս ծանրացան, խավար է տիրում: Ի՞նչ պիտի անեմ հիմա, վաղը, մյուս օրը: Էլ չեմ տեսնելու նրա ժպիտը, էլ չեմ լսելու նրա բառերը: Կարծես մեկը մեջքիս խփեց, թրատեց, մասերի բաժանեց, շնչել չեմ կարողանում, օգնեցեք: Ինչո՞ւ եմ ցածրաձայն ասում, որ ոչ ոք չլսի ու չտեսնի իմ տառապանքները: Ես մենակ եմ, ես կին չունեմ: Միլան կին չէ, Միլան էգ է… նա կործանեց ընտանիքս: (Աստիճաններով իջնում է Աննան:) Ո՞վ էր նա, սիրելի՛ս:
ԱՆՆԱ — Ասում էր, որ սովորել ենք նույն համալսարանում:
ԱՐԱՄ — Այսքան ժամանակ դա՞ էր ասում:
ԱՆՆԱ — Ասում էր, որ իմ պատճառով ուզեցել է ինքնասպան լինել, շատ հետաքրքիր էր պատմում տառապանքների մասին, իսկ ես ոչինչ չգիտեի:
ԱՐԱՄ — Ես էլ այն ժամանակ գլուխս կորցրել էի:
ԱՆՆԱ — Բայց ինքնասպան չեղար:
ԱՐԱՄ — Ահա թե ուր է տանում սրիկան: Եվ դու հավատացիր:
ԱՆՆԱ — Արա՛մ, այդպես մի՛ նայիր, աչքերդ արյունակալել են: Խանդո՞ւմ ես: Ծիծաղելի է, մի՞թե ինձ թույլ կտամ այդքան ցած ընկնել:
ԱՐԱՄ — Ես դժբախտ եմ, զգում եմ, ինչպես ես աստիճանաբար հեռանում ինձնից: Դու չե՞ս զգում, որ այս տանը մեր հանդեպ դավադրություն կա, գրկիր ինձ, ամեն վայրկյանը հաշվի մեջ է: Չեմ ուզում տեսնեն՝ ինչքան եմ շփոթված:
Գրկախառնվում են:
ԱՆՆԱ — Խեղդեցիր, սիրելի՛ս:
ԱՐԱՄ — Ինձ մենակ չես թողնի, չէ˚:
ԱՆՆԱ — Ուշքի արի, ոչինչ էլ չկա, բաց թող ինձ:
ԱՐԱՄ — Արի պարենք:
ԱՆՆԱ — Երաժշտություն չեմ լսում:
ԱՐԱՄ — Սիրահարներն առանց երաժշտության են պարում: Տո՛ւր ձեռքդ, պարենք, երաժշտությունը կլսվի: (Պարում են, լսվում է մեղմ երաժշտություն:) Դու իմն ես, մենք ամուսիններ ենք: Սիրելի՛ս, մենք լա՞վ ամուսիններ ենք:
ԱՆՆԱ — Իմ նկատմամբ ազնիվ չես:
ԱՐԱՄ — Բայց քեզ չեմ դավաճանել:
ԱՆՆԱ — Հատկապես այն օրը Միլայի գրկում:
ԱՐԱՄ — Ես քո մասին էի մտածում, սիրելի՛ս:
ԱՆՆԱ — Ես էլ քո մասին կմտածեմ, երբ ցանկանամ որևէ մեկի հետ պառկել:
ԱՐԱՄ — Ուրեմն իմ կասկածները ճի՞շտ են:
ԱՆՆԱ — Ի՞նչ կասկածներ:
ԱՐԱՄ — Ուզում ես ինձ դավաճանել:
ԱՆՆԱ — Եթե ցանկանամ մեկի հետ պառկել, առաջինը դու կիմանաս:
ԱՐԱՄ — Բայց դա անարդարացի է, ես զոհ էի, իսկ դու ինքնակամ ես գնում: Դրանից հետո կարո՞ղ ենք իրար երեսի նայել, ի՞նչ ենք իրար ասելու:
ԱՆՆԱ — Ոչինչ:
ԱՐԱՄ — Չե՞ս վախենում, որ կբարկանամ:
ԱՆՆԱ — Միայն փորձիր ձեռքդ բարձրացնել…
Դադար, գալիս է Արամ 2-ը:
ԱՐԱՄ 2 — Ես էլ եմ սիրում առանց երաժշտության պարել:
ԱՐԱՄ — Մենք չենք պարում:
ԱՐԱՄ 2 — Դուք պարում եք:
ԱՐԱՄ — Լավ կանես ակնոց դնես:
ԱՐԱՄ 2 — Կույր չեմ, տեսա՝ պարում եք: Ընտանեկան միություն:
ԱՐԱՄ — Հեռու իմ ընտանիքից, հակառակ դեպքում…
ԱՐԱՄ 2 — Ես հմուտ եմ ձեռնամարտում:
ԱՐԱՄ — Ես էլ եմ ժամանակին պարապել:
ԱՐԱՄ 2 — Աննա՛, խոստացար զբոսնել ինձ հետ:
ԱՐԱՄ — Աննան ամուսին ունի: Դու ինձնից պիտի թույլտվություն խնդրես:
ԱՐԱՄ 2 — Մենք վերևում պայմանավորվեցինք: Չեմ հասկանում, ի՛նչն է խանգարում:
ԱՐԱՄ — Համալսարանում բոլո՞ր տղաներն են աներես, թե՞ միայն դուք:
ԱՐԱՄ 2 — Ինձ վիրավորում եք, բայց քեզ ներում եմ: Մենք գնալու ենք զբոսնելու:
ԱՐԱՄ — Նա չի գա:
ԱՆՆԱ — Վե՛րջ տվեք, ինքս կորոշեմ:
ԱՐԱՄ — Դու Աննայի համա՞ր ես եկել, նա՞ է քեզ հրավիրել:
ԱՐԱՄ 2 — Ո՛չ: Առավոտյան արթնացա, ինձ ասացի՝ իսկ ինչո՞ւ չգնալ հանգստանալու, համ էլ ծանոթ կանանց կհանդիպեմ:
ԱՐԱՄ — Ուրեմն դու գիտեիր, որ Աննան այստեղ է, եկար նրան տեսնելու:
ԱՐԱՄ 2 — Ես շատ կանանց գիտեմ, հիմնականում նրանք մենակ են հյուրանոց գալիս՝ զվարճանալու համար: Դե, բնական պահանջ է, ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք ուզում են թարմ օդ շնչել: Պախարակելի բան չկա:
ԱՐԱՄ — Ամուսնացա՞ծ ես:
ԱՐԱՄ 2 — Իմ վերաբերմունքը կանանց նկատմամբ ասպետական է՝ բավարարել նրանց ցանկությունները: Դեմ չէի լինի, եթե կինս էլ մի քիչ զվարճանար:
ԱՐԱՄ — Ստում ես:
ԱՐԱՄ 2 — Մավրը խոսեց, իսկ ինքդ երբևէ չե՞ս դավաճանել: Եթե ասես ոչ, կասեմ, որ ստում ես:
ԱՆՆԱ — Նա իմ աչքի առաջ է դավաճանել:
ԱՐԱՄ — Հասկացիր, այս հղփացած լակոտը չի ընդունում ամուսնական հավատարմությունը: Նրա նպատակն է ամուսիններին ծաղրել ու ամեն տեղ պարծենալ:
ԱՆՆԱ — Պարո՛ն, մենք ընդամենը ընկերներ ենք:
ԱՐԱՄ — Նա ցանց է գործում, որ ընկնես ծուղակը, հետո քեզանից փող կպլոկի:
ԱՐԱՄ 2 — Նա կատակում է:
ԱՐԱՄ — Ո՞վ ես դու, վիժվածք:
Ներս է մտնում Միլան:
ՄԻԼԱ — Ես թույլ չեմ տա իմ հյուրանոցում անախորժություններ լինեն: Մի՛ մոռացեք, որ տասը օր իրար հետ եք սնվելու նույն սեղանից: Եթե փորձեք իրար փոր թափել, կբռնեմ ձեր սմբակներից ու մի լավ թափ կտամ: Դա քեզ է վերաբերվում, փոքրիկս, ես կարող եմ ասածս իրագործել:
ԱՐԱՄ 2 — Տիկի՛ն, առյուծի կա՞թ ես խմել:
ՄԻԼԱ — Ես ամեն օր եմ խմում, ուզո՞ւմ ես, քեզ էլ տամ:
ԱՐԱՄ 2 — Կյանքումս չեմ խմել:
ՄԻԼԱ — Լավ: (Դարակից հանում է օղու շիշը:) 80 աստիճան է, տեսնեմ կդիմանա՞ս:
ԱՐԱՄ 2 — Սա՞ է առյուծի կաթը:
ՄԻԼԱ — Հենց խմում են, դառնում են առյուծ:
ԱՐԱՄ 2 — Ես չեմ խմի:
ՄԻԼԱ — Կխմես, բոլորը պիտի խմեն: Այսօր առյուծների խրախճանք է լինելու: (Ծիծաղում է:)
ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Արամը ծերացել, կծկվել է ինքն իր մեջ: Ներս է մտնում Միլան:
ՄԻԼԱ — Այդ ինչ օրն ես ընկել, ի՛նչ է կատարվում քեզ հետ, Արա՛մ:
ԱՐԱՄ — Գիշերը փոթորիկ էր, մի երկու բաժակ օղի խմեցի ու լսում էի, քամին ոնց է ոռնում, անտանելի էր:
ՄԻԼԱ — Ամեն օր հարբում ես, էլ խմիչք չեմ տա:
ԱՐԱՄ — Կարծում ես, ուզում եմ խմե՞լ, բայց էլ չեմ դիմանում, ուղեղս ճարճատում է, կայծեր է տալիս: Կարծես հիվանդ լինեմ:
ՄԻԼԱ — Դու հիվանդ ես, այդքան խանդոտ չեն լինի:
ԱՐԱՄ — Աննան շատ է փոխվել: Երբ նայում եմ նրան, ամեն անգամ նոր բան եմ հայտնաբերում… նա գեղեցիկ է, նա հմայիչ է, խելացի: Կարծես նրան առաջին անգամ եմ տեսնում: Տեսե՞լ ես Աննային:
ՄԻԼԱ — Չէ:
ԱՐԱՄ — Ինչո՞ւ ես ստում:
ՄԻԼԱ — Ամբողջ օրը իրար հետ են:
ԱՐԱՄ — Սիրավե՞պ է:
ՄԻԼԱ — Կամ անցյալի հիշողություն:
ԱՐԱՄ — Կարծում ես, անցյալում ճանաչե՞լ են:
ՄԻԼԱ — Չեմ կասկածում, հենց այնպես ինքնասպան չեն լինում:
ԱՐԱՄ — Ճիշտ է, այդ մասին ասաց, բայց մտածեցի, թե ուզում է ծաղրել ինձ, չէ՞ որ ես էլ եմ նույն ցանկությունն ունեցել:
ՄԻԼԱ — Հիմա էլ ուշ չի:
ԱՐԱՄ — Ծաղրո՞ւմ ես, իսկ ես չգիտեմ՝ ինչ անեմ, նույնիսկ նկատողություն չեմ կարողանում անել, վախենում եմ մտածի՝ խանդում եմ:
ՄԻԼԱ — Չե՞ս խանդում:
ԱՐԱՄ — Խանդում եմ, բայց նա չպիտի իմանա, չեմ ուզում՝ խղճա: Որ հիշում եմ՝ Աննան ինչպես էր ինձ խանդում, այնպես ագրեսիվ էր, կարծում էի՝ նույն կրքոտությամբ էլ սիրում է: Հիմա հարց է առաջանում՝ նա երբևէ ինձ սիրե՞լ է:
ՄԻԼԱ — Լսիր, մեր մոտ ամուսինը կնոջը մի լավ քոթակում է, ասում է՝ մտի՛ր այն ծակը ու չփորձես քիթդ դուրս հանել, հարցը լուծվում է:
ԱՐԱՄ — Ձե՞ռք բարձրացնեմ Աննայի վրա… հնարավոր չէ:
ՄԻԼԱ — Ուրեմն վերցրու կնոջդ ու փախիր:
ԱՐԱՄ — Կարծում ես, չե՞մ ուզում, բայց նա չի գա: Քանի օր է՝ նրան խնդրում եմ, բայց չի գալիս:
ՄԻԼԱ — Պառկել ես կրունկների տակ, փորձիր լուծել խնդիրներդ տղամարդու նման: Ուզո՞ւմ ես՝ քեզ տանեմ լողացնեմ, կթարմանաս:
ԱՐԱՄ — Վերջ տուր, Միլա՛, ընտանիքս քայքայվում է, կգա ժամանակ, որ օտարներ կդառնանք:
ՄԻԼԱ — Դուք արդեն օտարներ եք: Գիտե՞ս, երբ կնոջը վիրավորում ես, մտածում ես, որ ժամանակը սպեղանի կլինի: Հենց դրանում դուք սխալվում եք, նա վիրավորանքը երբեք չի մոռանում:
ԱՐԱՄ — Նրան երբեք չեմ վիրավորել, մտքովս չանցավ, որ կվիրավորվի, ի վերջո նա համաձայնվել էր:
ՄԻԼԱ — Ես լինեի նրա փոխարեն, հիմա դու խեցգետինների բաժին կերակուր կլինեիր: Դու ավելի շուտ քեզ ես սիրում:
ԱՐԱՄ — Իմ կյանքն առանց նրա չեմ պատկերացնում:
ՄԻԼԱ — Նա քո սեփականությունը չէ, փորձիր համակերպվել կորստին:
ԱՐԱՄ — Նա կհամարձակվի՞ կնոջս ձեռք տալ:
ՄԻԼԱ — Ինչո՞ւ չէ, գրգռիչ քամակ ունի:
ԱՐԱՄ — Եվ կանի, ինչ ե՞ս եմ մտածում:
ՄԻԼԱ — Եթե սղամարդ է, որսը ձեռքից բաց չի թողնի:
ԱՐԱՄ — Եվ կասի այն բառերը, որ ե՞ս եմ ասում:
ՄԻԼԱ — Դե՛, բոլոր տղամարդիկ այդ բառերը բարուրից գիտեն: Ես քեզ սիրում եմ, ես առանց քեզ կյանք չունեմ… չհաշված դպրոցում սովորած մի քանի գործողություններ, բայց ի վերջո նրանք կին սիրել չեն սովորեցնում:
ԱՐԱՄ — Նրան կսպանեմ:
ՄԻԼԱ — Ուզում ես կնո՞ջդ սպանել:
ԱՐԱՄ — Ո՛չ, Արամ 2-ին:
ՄԻԼԱ — Արամ երկրորդը մեղավոր չի: Եթե կինդ համաձայն չլինի, նա չի կարող ձեռք տալ: Նույնիսկ բռնաբարությունն է կատարվում կնոջ համաձայնությամբ:
ԱՐԱՄ — Չէ՛, նա պիտի մեռնի:
ՄԻԼԱ — Այնքան նման ես նրան:
ԱՐԱՄ — Մենք նմա՞ն ենք, ծիծաղս եկավ: Ես նման լինեմ այդ ստահակի՞ն:
ՄԻԼԱ — Երկուսիցդ մեկը խանդի տեսարաններ է սարքում, որ պահի իր կնոջը, մյուսն ամեն ինչ անում է, որ հասնի նպատակին:
ԱՐԱՄ — Դա նշանակում է, մենք նմա՞ն ենք:
ՄԻԼԱ — Ուզում էի ասել՝ մեկդ լրացնում է մյուսին:
ԱՐԱՄ — Դա չի նշանակում, որ նման ենք:
ՄԻԼԱ — Դա նշանակում է, որ դուք իրար կսպանեք:
ԱՐԱՄ — Ուրեմն առաջինը ես պիտի լինեմ:
ՄԻԼԱ — Հավ մորթած կա՞ս:
ԱՐԱՄ — Չեմ փորձել:
ՄԻԼԱ — Ուրեմն սկսենք հավից: Մարդ սպանելն ավելի դժվար է:
ԱՐԱՄ — Եվ ի՞նչ զգացողություն ես ապրում:
ՄԻԼԱ — Այդ մասին չեմ մտածում:
ԵՐՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Բեմը բաժանված է երկու մասի՝ ձախում Արամն ու Աննան են, մյուսում՝ Միլան ու Արամ 2-ը: Լույսը վառվում է ձախ մասում:
ԱՐԱՄ — Տարօրինակ է, կարծես խավար լինի, քեզ չեմ տեսնում:
ԱՆՆԱ — Իսկ ես տեսնում եմ, դու կանգնած ես իմ դիմաց:
ԱՐԱՄ — Ես կանգնա՞ծ եմ… Իսկապես, կարող ենք նստել:
ԱՆՆԱ — Ո՛չ, ես ուզում եմ կանգնած խոսենք:
Դադար:
ԱՐԱՄ — Ո՞ւր էիր առավոտյան, ցերեկը, երեկոյան:
ԱՆՆԱ — Արամի հետ զբոսնում էինք:
ԱՐԱՄ — Ի՞նձ հետ:
ԱՆՆԱ — Այս տանը ևս մեկ Արամ կա:
ԱՐԱՄ — Բայց այդ Արամը քո ամուսինը չէ:
ԱՆՆԱ — Գիտեմ:
Դադար, կանգնած նայում են իրար: Վառվում է աջ մասի լույսը:
ՄԻԼԱ — Քեզ դուր չե՞մ գալիս:
ԱՐԱՄ 2 — Դու իմ ուզած կանանցից չես:
ՄԻԼԱ — Նրա մեջ ի՞նչ ես գտել:
ԱՐԱՄ 2 — Նա շատ հաճելի կին է:
ՄԻԼԱ — Ապրե՞լ ես հետը:
ԱՐԱՄ 2 — Դա մեր անձնական գործն է: Գիտեմ, որ գյուղացի կանայք սիրում են փորփրել ուրիշի կյանքը: Դա ինձ դուր չի գալիս:
ՄԻԼԱ — Եթե ինձ հետ պառկեիր, կտեսնեիր իրական կին:
ԱՐԱՄ 2 — Դու տձև էգ կին ես, իսկ ես մարդ եմ ուզում:
ՄԻԼԱ — Ես էգ կին եմ և կարողանում եմ տղամարդուն հասցնել բարձրակետին:
ԱՐԱՄ 2 — Գերադասում եմ ինքս կնոջը հասցնել դրան:
ՄԻԼԱ — Զարմացած եմ ընտրությանդ վրա:
ԱՐԱՄ 2 — Իզուր:
Խավարում է բեմի աջ մասը, երևում են Արամն ու Աննան:
ԱՐԱՄ — Արդեն երկու օր է՝ կանգնած խոսում ենք:
ԱՆՆԱ — Իսկ ինձ թվաց՝ ընդամենը երեք րոպե է:
ԱՐԱՄ — Ի՞նչ որոշում ենք կայացնելու:
ԱՆՆԱ — Իսկ դու ի՞նչ ես ուզում:
ԱՐԱՄ — Ի՞նձ ես հարցնում, արի գնանք:
ԱՆՆԱ — Ո՛չ, այստեղ ինձ լավ եմ զգում:
ԱՐԱՄ — Վրեժխնդրությունդ չե՞ս բավարարել:
ԱՆՆԱ — Ումի՞ց:
ԱՐԱՄ — Ինձնից: Միշտ քեզ անհասկացողի տեղ ես դնում: Այն անիծյալ գիշերվանից հետո քեզ տարօրինակ ես պահում, իսկ այդ սրիկայի երևալուց հետո քեզ կորցրել ես: (Թափահարում է նրան:) Ուշքի արի:
ԱՆՆԱ — Մի դիպչիր ինձ, էլ քեզ չեմ պատկանում:
ԱՐԱՄ — Ի՞նչ: (Բռնում է կոկորդից:)
ԱՆՆԱ — Ինչո՞ւ կանգնեցիր, շարունակիր:
ԱՐԱՄ — Գիտես, որ չեմ կարող:
ԱՆՆԱ — Իսկ ես կարող եմ:
Մթություն: Երևում են Միլան և Արամ 2-ը:
ՄԻԼԱ — Միակ տղամարդն ես, որը հրաժարվում է ինձնից:
ԱՐԱՄ 2 — Ես նրան եմ սիրում: Կիրքն առանց սիրո նման է մեխանիկական շարժումների:
ՄԻԼԱ — Եթե ինձ գրկես, կհասկանաս, որ կյանքը ես եմ: Դե՛, երկար մի մտածիր:
ԱՐԱՄ 2 — Գնա գրողի ծոցը, քեզ համար չեմ եկել:
ՄԻԼԱ — Եթե ինձ մերժես, քեզ վրա թանկ կնստի:
ԱՐԱՄ 2 — Վերցրու օրավարձդ ու ինձ մենակ թող:
ՄԻԼԱ — Այս տանը ես եմ որոշողը: (Դադար:) Երկու օր է՝ սենյակից դուրս չեն գալիս, քեզ դա չի՞ անհանգստացնում:
ԱՐԱՄ 2 — Նրանք որոշում են կայացնելու:
ՄԻԼԱ — Իսկապե՞ս: Ահա և նրանք: (Գալիս են Աննան և Արամը:) Ի՞նչ որոշեցիր, տղա:
ԱՐԱՄ — Գնանք հավ մորթելու, ուզում եմ հավի միս ուտել:
ՄԻԼԱ — Իսկ դուք հավի միս չե՞ք ուզում ուտել;
ԱՆՆԱ — Չէ, մենք կուշտ ենք:
Դադար:
ՄԻԼԱ — Գնանք, մի չար աքլոր ունեմ, եթե կարողանաս բռնել ու մորթել, ուրեմն տղամարդ ես:
ՉՈՐՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Բեմում Միլան և Արամն են:
ԱՐԱՄ — Քեզ փող կտամ, ուզո՞ւմ ես, մեքենաս նվիրեմ, սա էլ գրավ՝ ամուսնական մատանիս:
ՄԻԼԱ — Քո փոխարեն մա՞րդ սպանեմ:
ԱՐԱՄ — Դու կարող ես սպանել, ես նույնիսկ հավ չկարողացա մորթել:
ՄԻԼԱ — Ուզում ես ձեռքերդ մաքո՞ւր մնան:
ԱՐԱՄ — Ես չեմ կարող մարդ սպանել, ձեռքերս դողում են:
ՄԻԼԱ — Ճիշտ է անում կինդ, որ հեռանում է:
ԱՐԱՄ — Չէ, ինչ ասացի, մոռանանք, ես բարձրանում եմ իմ սենյակ, էլ դուրս չեմ գա:
ՄԻԼԱ — Կնոջդ նվիրում ես նրա՞ն:
ԱՐԱՄ — Թող ինքը որոշի, հոգնել եմ, դժվարությամբ եմ տանում մարմինս, ես գոյություն չունեմ: (Բարձրանում է աստիճաններով:)
ՄԻԼԱ — Վախկոտ:
ԱՐԱՄ — Դու ճանաչեցիր ինձ:
ՄԻԼԱ — Քո առաջարկն ուժի մե՞ջ է:
ԱՐԱՄ — Ես ոչինչ չեմ առաջարկել:
ՄԻԼԱ — Այ թե սրիկան ես, բայց ես ընդունում եմ… Ես թույլ չեմ տա, որ ցնորվես:
Ներս են մտնում Աննան և Արամ 2-ը:
ԱՐԱՄ 2 — Զբոսնելուց հետո ախորժակս բացվել է: Ի՞նչ ենք ուտելու ճաշին:
ՄԻԼԱ — Գնալու եմ ձուկ բռնելու, կգա՞ս ինձ հետ:
ԱՐԱՄ 2 — Հաճույքով:
ԱՆՆԱ — Մի՛ գնա:
ԱՐԱՄ 2 — Ինչո՞ւ, առաջին անգամ եմ ցանցով ձուկ բռնելու:
ԱՆՆԱ — Ինձ դուր չի գալիս, որ նրա հետ ես գնալու:
ԱՐԱՄ 2 — Խանդո՞ւմ ես: (Շշուկով:) Նա իմ ճաշակով չէ, մի՛ վախեցիր, շուտ կգամ:
ՄԻԼԱ — Գալի՞ս ես, թե՞ չէ:
ԱՐԱՄ 2 — Գալիս եմ, գնամ շորերս փոխեմ: (Բարձրանում է վերև:)
ԱՆՆԱ — Ո՞ւր է Արամը:
ՄԻԼԱ — Փակվեց իր սենյակում, ասաց, որ էլ չի իջնի ներքև:
ԱՆՆԱ — Հիմար, իսկը երեխա է, չգիտեմ՝ ինչպես վարվեմ:
ՄԻԼԱ — Շնորհավորում եմ, տիկի՛ն, հասար քո նպատակին:
ԱՆՆԱ — Ի՞նչ նպատակ:
ՄԻԼԱ — Գերադասեցիր ազատությունը, ինչպես ես: Ի՞նչ ես անելու նրա հետ:
ԱՆՆԱ — Կփորձեմ խոսել հետը, բացատրեմ, թե ինչ կատարվեց ինձ հետ, որ ես փոխվել եմ, էլ այն Աննան չեմ:
ՄԻԼԱ — Կասես ու կհեռանա՞ս, դժբախտաբար նա քեզ սիրում է:
ԱՆՆԱ — Ես էլ նրան եմ սիրում, բայց չեմ կարող աչքերին նայել:
ՄԻԼԱ — Ամաչո՞ւմ ես:
ԱՆՆԱ — Ես ամաչելու բան չունեմ, էլ հոգիս նրանը չէ: Արամ 2-ի հետ ներդաշնակ ենք: Նա այնքան ուշադիր է իմ նկատմամբ, ունի այն, ինչ պատկերացրել եմ իմ ուզած տղամարդու մեջ:
ՄԻԼԱ — Երջանիկ երազներ:
ԱՆՆԱ — Վաղը կորոշվի ամեն ինչ:
ՄԻԼԱ — Սպասում եմ՝ Արամն ուշքի գա, իսկ ձեզ դուրս կվռնդեմ իմ հյուրանոցից: Վերջապես մենք մենակ կլինենք ու կքայլենք մերկ, ինչպես դրախտում:
ԱՆՆԱ — Ես դա թույլ չեմ տա:
Միլան ծիծաղում է:
ԱՐԱՄ 2 — (իջնում է աստիճաններով): Ես պատրաստ եմ:
ՄԻԼԱ — Գնանք, փոքրիկս, ծովը մեզ է սպասում:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Միլան գործ է անում: Ներս է մտնում Աննան:
ԱՆՆԱ — Ո՞ւր է Արամը, նրան չեմ գտնում:
ՄԻԼԱ — Ամուսինդ իր սենյակում է:
ԱՆՆԱ — Նկատի ունեմ Արամ երկրորդին:
ՄԻԼԱ — Ես մի Արամ գիտեմ: Իմ տանն ուրիշ Արամ չի եղել, ես ուրիշ Արամ չեմ ճանաչում:
ԱՆՆԱ — Նա ձկնորսությունից չվերադարձա՞վ:
ՄԻԼԱ — Ասացի՝ Արամը վերևում է:
ԱՆՆԱ — Դու նրան խեղդեցիր, ինչի՞ համար: Մենք որոշել էինք հեռանալ ու ձեզ չէինք խանգարի: Ուզում եմ լճափ գնալ:
ՄԻԼԱ — Փոթորիկ է, վտանգավոր է լճին մոտենալ, կսայթաքես, կընկնես լիճը, փրկող չի լինի: Ամուսնուդ կանչիր, շուտով ձուկը պատրաստ կլինի:
ԱՆՆԱ — Ինքդ կանչիր:
ՄԻԼԱ — Նա քո ամուսինն է… չեմ ուզում ձեռքից բռնել, իջեցնել ցած:
ԱՆՆԱ — Քաղցած է, թող իջնի ցած:
ՄԻԼԱ — Դու ինչո՞ւ ես նրա հետ ապրում:
ԱՆՆԱ — Բա ո՞ւմ հետ ապրեմ:
ՄԻԼԱ — Դուրս արի գյուղամեջ, չես հասցնի աչքերդ ճպճպացնել՝ մեկի գրկից կընկնես մյուսի գիրկը:
ԱՆՆԱ — Չեմ ուզում քեզ նմանվել: Լսո՞ւմ ես, գայլերը ոռնում են:
ՄԻԼԱ — Ինձ մոտ են գալիս:
ԱՆՆԱ — Նրանց հետ սիրախա՞ղ ես անելու:
ՄԻԼԱ — Կռվելու եմ կնկա պես, որ հաճույք ստանամ:
ԱՆՆԱ — Ես էլ կարող եմ հաճույք ստանալ:
ՄԻԼԱ — Չես կարող, դու կորցրել ես քո ժամանակը, քո մեջ հոգի չկա:
ԱՆՆԱ — Նրանք ինձ չեն ճանաչում:
ՄԻԼԱ — Գայլերը քեզ կհոշոտեն, նրանք չմահավան չեն: Գնա քո սենյակ, ուզում եմ մենակ մնալ:
ԱՆՆԱ — Սուրճ չե՞ս ուզում խմել:
ՄԻԼԱ — Դու ինձ համար սո՞ւրճ ես ուզում եփել:
ԱՆՆԱ — Ուզում եմ ցույց տալ, որ ես էլ կարող եմ սուրճ եփել:
ՄԻԼԱ — Ամուսնուդ համար եփիր:
ԱՆՆԱ — Նրա համար ամեն օր էի եփում:
ՄԻԼԱ — Հավանո՞ւմ էր:
ԱՆՆԱ — Նա միայն իմ եփած սուրճն էր խմում:
ՄԻԼԱ — Ուզում ես ինձ համա՞ր եփել, զարմանալի է:
ԱՆՆԱ — Ուզում եմ, որ ինձ գովես, արտակարգ համով սուրճ է ստացվում, չես փոշմանի:
ՄԻԼԱ — Եփիր, եթե այդքան ցանկանում ես:
ԱՆՆԱ — (սուրճ է եփում): Սկզբից ջուրը եռացնում եմ:
ՄԻԼԱ — Չէի լսել, որ ջուրը եռացնում են, հետո սուրճ լցնում:
ԱՆՆԱ — Համբերիր, շաքարավազ եմ լցնում ու սուրճ, խառնում եմ երկու, երեք անգամ և պատրաստ է, խմիր, անուշ լինի:
ՄԻԼԱ — Դու չե՞ս խմում:
ԱՆՆԱ — Ինձ համար առանձին կեփեմ:
ՄԻԼԱ — (խմում է): Տարօրինակ համ ունի: (Շարունակում է խմել:)
ԱՆՆԱ — Ուզո՞ւմ ես, բախտդ էլ գուշակեմ:
ՄԻԼԱ — Լավ չեմ զգում, ի՞նչ է կատարվում ինձ հետ:
ԱՆՆԱ — Ի՞նչ կարծիքի ես, մկներին ինչո՞վ են սատկացնում:
ՄԻԼԱ — Մկնդեղով… եթե ողջ մնամ, քեզ ծովը կգցեմ, խեցգետիններին կեր: (Ընկնում է հատակին:)
ԱՆՆԱ — (նայում է բաժակը): Երկար ճանապարհ ես գնալու, ճանապարհին կտանջվես, բայց հետո հոգումդ խաղաղություն կտիրի: Կգա մեկը, ձեռքդ բռնած կտանի դժոխք, ինչին որ արժանի ես: (Միլան մահանում է:) Այսօր խեցգետիններն ինձ շնորհակալություն կհայտնեն: (Քարշ տալով տանում է Միլային:)
ՎԵՑԵՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Աննան և Արամը առաջին հարկում են: Երկուսն էլ ծերացել են:
ԱՆՆԱ — Արա՛մ, բացի՛ր դուռը, մենք այն տարիքում չենք, որ իրարից խռովենք:
ԱՐԱՄ — Ուզում եմ արցունքներս սրբել:
ԱՆՆԱ — Փոքրի՛կս, ինչո՞ւ ես լաց լինում, հիվա՞նդ ես:
ԱՐԱՄ — Ծերացել եմ, դժվարությամբ եմ քայլում:
ԱՆՆԱ — Ոչինչ, մա՛նչս, շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի, դուրս արի, պիտի ճաշենք:
ԱՐԱՄ — Քաղցած չեմ:
ԱՆՆԱ — Ոչինչ, սիրելի՛ս, մի թաքնվիր ինձնից:
ԱՐԱՄ — Կարծես ամեն ինչ կորցրել եմ, հիշում եմ, լացս գալիս է:
ԱՆՆԱ — Շատ ես մենակ մնում, ուղեղդ լցնում տարբեր հիշողություններով:
ԱՐԱՄ — Բայց մենք հիշելու բան ունենք, այնպես չէ՞:
ԱՆՆԱ — Ունենք, մեր ամեն մի օրը հիշողություն է:
ԱՐԱՄ — Մենք որտե՞ղ ենք:
ԱՆՆԱ — «Միլա» հյուրանոցում:
ԱՐԱՄ — Ես կուզեի ծովի ափին լինել, հինգաստղանի հյուրանոցում: Ֆրակ կհագնեի, ձեռնափայտ կվերցնեի, իսկ ձեռնոցներս սպիտակ պիտի լինեին:
ԱՆՆԱ — Իսկ ես կհագնեի ոսկեգույն շրջազգեստս, որն այդպես էլ չհագա:
ԱՐԱՄ — Ինչո՞ւ մնացինք այստեղ, ինչո՞ւ չգնացինք ծովափնյա քաղաք:
ԱՆՆԱ — Չգիտեմ, փոքրիկս, այդ մասին չեմ ուզում մտածել:
ԱՐԱՄ — Ուզում եմ՝ վերադառնանք այնտեղ, երբ որոշել էինք հանգստանալ հինգաստղանի հյուրանոցում, բայց լռվեցինք այստեղ:
ԱՆՆԱ — Ճանապարհ չկա, փոքրի՛կս:
ԱՐԱՄ — Իսկ ես ուզում եմ, ես տանել չեմ կարողանում «Միլա» հյուրանոցը: Ես ուզում եմ, որ մեր երազանքն իրականանա:
Դադար:
ԱՆՆԱ — Գնանք, թեյը պատրաստ է:
ԱՐԱՄ — Հավի մսով ապուր չե՞ս եփել:
ԱՆՆԱ — Թեյ խմելն ավելի հեշտ է, չես գիրանա:
ԱՐԱՄ — Բայց ես թեյով չեմ կշտանում:
ԱՆՆԱ — Ոչինչ, փոքրի՛կս, կարևորն առողջությունն է:
Նստում են թեյ խմելու:
ԱՐԱՄ — Առավոտյան գնացել էի լճափ, ջուրը կանաչ գույն էր ստացել: Ես նրան չճանաչեցի, նա էլ ինձ չճանաչեց: Զգացի՝ ինչքան եմ փոխվել, և այդ ամենը քո շնորհիվ, սիրելի՛ս:
ԱՆՆԱ — Իմ սերը քեզ փոխեց:
ԱՐԱՄ — Մենք իրար շատ էինք սիրում: (Սկսում է հազալ:) Սիրտս ծովում է, շնչել դժվարանում եմ: (Դեղ է խմում:) Հիմա լավ եմ: (Դադար:) Քայլում էի լճի ափով, ուզում էի քայլել, միայն քայլել, հետո մտածեցի՝ մինչև ո՞ւր կհասնեմ, կարո՞ղ եմ վերադառնալ, թե՞ կմնամ անմարդաբնակ գյուղում, որտեղ գայլերն են ոռնում: Շուռ եկա, խարխափելով էի գալիս, արդեն հույսս կտրել էի:
ԱՆՆԱ — Դու կվերադառնայիր ինձ մոտ, մեր սերը չէր թողնի, որ կորչես:
ԱՐԱՄ — Ես էլ այդպես մտածեցի, բայց կարող էի կորչել:
ԱՆՆԱ — Չէիր կորչի:
ԱՐԱՄ — Բայց հնարավոր էր:
ԱՆՆԱ — Անհնար էր:
ԱՐԱՄ — Դու հաղթական տեսք ունես:
ԱՆՆԱ — Քո շնորհիվ, սիրելի՛ս:
ԱՐԱՄ — Բայց ինչո՞ւմ ես դու ինձ հաղթել:
ԱՆՆԱ — Մենք միասին ենք հաղթել:
ԱՐԱՄ — Ո՞ւմ ենք հաղթել, սա՞ ինչ հիմարություն է:
ԱՆՆԱ — Խնդրում եմ, էլի չսկսես:
ԱՐԱՄ — Ամբողջ կյանքում վիճել ենք:
ԱՆՆԱ — Խոստացիր, որ էլ չենք վիճելու:
ԱՐԱՄ — Ինչի՞ մասին էինք վիճում:
ԱՆՆԱ — Վիճում էինք վիճելու համար:
ԱՐԱՄ — Բայց արժե՞ վիճել վիճելու համար:
ԱՆՆԱ — Այն ժամանակ երիտասարդ էինք, կյանքի ծայրը չէր երևում:
ԱՐԱՄ — Հիմա երևում է: (Դադար:) Երբ Միլան կար, ես ավելի առնական էի:
ԱՆՆԱ — Իսկ ես կարծես ասեղների վրա լինեի նստած:
ԱՐԱՄ — Ասեղները քամակդ ծակո՞ւմ էին:
ԱՆՆԱ — Վերք էին առաջացրել:
ԱՐԱՄ — Իսկ Արամ 2-ը, մի տղա կար, հիշո՞ւմ ես:
ԱՆՆԱ — Ինչո՞ւ ես հիշեցնում:
ԱՐԱՄ — Նրա հետ պառկե՞լ էիր:
ԱՆՆԱ — Մեկ անգամ էլ ասես, չեմ ների:
ԱՐԱՄ — Դու ցանկացար նրա հետ պառկել, իսկ նա հրաժարվեց:
ԱՆՆԱ — Միայն ցանկանայի՝ կողքիցս չէր պոկվի:
ԱՐԱՄ — Ես խանդում էի, արդեն քանի տարի է՝ չեմ մոռանում:
ԱՆՆԱ — Իսկ ես ծիծաղում էի, քանի տարի է՝ ծիծաղում եմ:
ԱՐԱՄ — Ամբողջ կյանքում ուզեցի վրեժխնդիր լինել, չստացվեց:
ԱՆՆԱ — Իսկ ինձ մոտ ստացվեց:
ԱՐԱՄ — Ի՞նչը ստացվեց: Ի՞նչ ես ուզում դրանով ասել:
ԱՆՆԱ — Մենք խոստացել էինք երբեք չվիճել:
Դադար:
ԱՐԱՄ — Երբ Միլան և Արամ 2-ը կային, նկատի ունեմ՝ մեր կողքին ապրում էին, կյանքն ավելի հետաքրքիր էր, գայլերը ոռնում էին, վախենում էինք մեկմեկու համար: Հիմա ամբողջ օրն ի՞նչ ենք անելու:
ԱՆՆԱ — Դուռակ կխաղանք, անվտանգ խաղ է, էլ չես ցանկանա լաց լինել:
ԱՐԱՄ — Լավ, սկսենք, առաջինը ես եմ բաժանելու: