Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ / ՊԱՏԱՀԱՐ
(Դրամա մեկ գործողությամբ)
Գործող անձինք
ԼՈՒՍԻՆԵ
ՍԱՀԱԿ
ՏԱՐՈՆ
ԼԻԼԻ
ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ
Գյուղական տուն, գիշեր, Լուսինե, Սահակ:
ԼՈՒՍԻՆԵ — (հորանջելով): Չքնե՞նք:
ՍԱՀԱԿ — (ինչ-որ հաշվարկներ է անում հեռախոսի մեջ): Կքնենք, քնելը խնդիր չի… Ոնց գցում-բռնում եմ` էլի ծերը ծերին չի հասնում: Էդ ի՞նչ պիտի տա մեր ծիրանի այգին, որ բանկի վարկը փակենք ու մի բան էլ ապրելու փող մնա, էլ չեմ ասում` ուրիշ բաներ… Լուսինե, իրիկվա ջուրը տվե՞լ ենք այգուն:
ԼՈՒՍԻՆԵ — Տվել ենք, ամեն ինչ արել ենք, դու մի անհանգստացիր, ցոգոլը լիքն ա ճյուղերին, էս տարի լավ բերք կհավաքենք, էն Տարիելը Վրաստանից կգա` թանկ կառնի, կտանի, նա լավ գիտի մեր ծիրանի հարգը:
ՍԱՀԱԿ — Ասա` կարկուտ չխփի:
ԼՈՒՍԻՆԵ — Չի խփի, անցյալ տարի խփեց, հո ամեն տարի չի՞ խփելու:
ՍԱՀԱԿ — Ինչի՞ որ:
ԼՈՒՍԻՆԵ — Դե, Աստված կխնայի:
ՍԱՀԱԿ — Է՛, եթե հույսներս մնաց աստծուն, կորած ենք:
ԼՈՒՍԻՆԵ — Ինչ անհավատ բաներ ես խոսում էս ուշ գիշերով: (Շան ոռնոցին.) Ըհը, Բողարն էլ բողոքեց: Գել չմտնի՞ բակը, գիտես, չէ՞, ինչքան գել ա հայտնվել էս մոտիկ սարերում:
ՍԱՀԱԿ — Շատացել են անտերները, բայց գելի ոռնոց չէր: Լսի, Լուսո, մտածում եմ…
ԼՈՒՍԻՆԵ — Հը՞:
ՍԱՀԱԿ — Էս միտքը գլխիցս դուրս չի գալիս…
ԼՈՒՍԻՆԵ — Դե ասա, թող դուրս գա:
ՍԱՀԱԿ — Մտածում եմ, կարող ա՞ աշխարհը մեզ ա խաբում, մենք էլ` ինքներս մեզ, ու էդպես շարունակվելու է, միշտ, ամեն տարի, ամեն տարի ասելու ենք` ծիրանը, պոմիդորը, սածիլը, խոտը, անասունը, բանը, ասելու ենք` ոչինչ, էս տարի չեղավ, մյուս տարի անպայման կլինի, տեղը կհանենք, ու էսպես տարիները անցնելու են, մենք ծերանալու ենք պարտքերի տակ կռացած, ու մեր երազանքներից ոչ մեկը չի իրագործվելու:
ԼՈՒՍԻՆԵ — Դե չէ, Սահակ… Այսինքն, չգիտեմ… Բայց դե, չէ… Էդքան հոռետես մի եղիր, հեն ա, Հրաչոն ո՞նց ա ոտի կանգնել, էս նույն մեր գյուղում, նույն հողի վրա:
ՍԱՀԱԿ — Հրաչոն գյուղապետի ախպոր տղեն ա:
ԼՈՒՍԻՆԵ — Դե, կարող ա դու էլ գյուղապետ դառնաս մի օր:
ՍԱՀԱԿ — Ոնց որ ձեռ առնես: Լսի, բայց ոնց ա, է՛, որ մարդիկ ոչ ծառ ու անասուն են խնամում, ոչ հող են փորում, չգիտես էլ` ինչ են անում, ու ամեն բան ունեն: Երևի արդարությունից, ազնվությունից, ուրիշ մեծ-մեծ բաներից չեն խոսում, պարզապես ձեռն ընկածը տանում են:
ԼՈՒՍԻՆԵ — Աշխարհի չափ հին պատմություն է, Սահակ ջան, միշտ էդպես է եղել ու կա, ոմանք գողացել են, թալանել, մյուսները պոմիդոր են աճեցրել կամ բեռնակրություն արել, նույնիսկ ծիծաղելի է սրա մասին խոսելը: Դու գողություն, թալան անել կարո՞ղ ես:
ՍԱՀԱԿ — Չէ:
ԼՈՒՍԻՆԵ — Ես էլ չեմ կարող: Ուրեմն արի քնենք, առավոտ վաղ ենք արթնանալու, հազար գործ ունենք, մերը գործն ա: Արի, թող մռայլ մտքերը, կհարստանանք, այ կտեսնես:
ՍԱՀԱԿ — Ինչի՞, որովհետև ով շուտ ա արթնանում, նրան աստված տալիս ա՞:
ԼՈՒՍԻՆԵ — Ես երեկ լավ երազ եմ տեսել, մի լավ բան լինելու է:
Մեքենայի ուժգնացող հռնդյուն, ապա հարվածի ձայն, տունը ցնցվում է:
ՍԱՀԱԿ — Էս էլ լավ բանը:
ԼՈՒՍԻՆԵ — Էս ի՞նչ էր, Սահակ, երկրաշա՞րժ:
ՍԱՀԱԿ — Երկրաշարժի նման չէր:
Սահակն ու Լուսինեն դուրս են վազում: Ետ են գալիս, նրանց հետ` Տարոնն ու Լիլին, որոնք խմած են:
ԼԻԼԻ — Վայ, էս ի՞նչ կայֆ տուն ա, էստեղ մարդ ա ապրո՞ւմ:
ՏԱՐՈՆ — Հես ա, էս մեր տուժված ախպերն ու քուրը ապրում են: (Լուսինեին և Սահակին.) Չվախեք, խփել եմ` լավ եմ արել:
ՍԱՀԱԿ — Ոնց թե` լավ եմ արել, տունը քանդեցիր…
ՏԱՐՈՆ — Ասում եմ լավ եմ արել` ուրեմն լավ եմ արել, դեպք ա` պատահել ա, ի՞նչ եք խառնվել իրար: Ես կփոխհատուցեմ, չվախեք: Դե նստեք, ի՞նչ եք կանգնել-մնացել, տուններդ հյուր ա եկել, մի հատ ժպտացեք գոնե:
ՍԱՀԱԿ — Հա, բայց ո՞նց եղավ, էս եքա տունը չտեսա՞ք:
ԼԻԼԻ — Է՜, խամ ես Տարոնին, թե չէ էդ հարցը չէիր տա, տղա ջան: Էդպես բաներ ա արե՞լ, նա որ խմած ա` աստված հեռու տանի, չի քշում, է՛, օդերով թռցնում ա ավտոն, մեռնեմ իրա դուխին, իսկական կասկադյոր:
ՏԱՐՈՆ — Խեղճ Ռենջ Ռովերիս քիթմռութը ջարդեցի, մի փեշ փող կնստի: Այ մարդ, տունն է՞լ ճամփին էսքան մոտիկ սարքեն, քիչ ա մնում դնեմ` ե՛ս փոխհատուցում պահանջեմ:
ԼՈՒՍԻՆԵ — Տունը չլիներ` ձորն էիք գլորվելու:
ՏԱՐՈՆ — Շնորհակալ ենք, փրկեցիք մեր մատաղ կյանքերը: (Համբուրում է Լուսինեի այտը:)
ՍԱՀԱԿ — Ի՛…
ՏԱՐՈՆ — Երախտագիտության ձև ա, մի հուզվի վռազ:
ԼԻԼԻ — Հա, շնորհակալ ենք: (Համբուրում է Սահակին:)
ՏԱՐՈՆ — Էս անգամ ի՛ չասիր, մեր ախպեր, վայ թե դուրդ եկավ:
ԼԻԼԻ — Սաղ էն աֆերիստ աղվեսն էր մեղավոր:
ՏԱՐՈՆ — Հա էլի, պոչն առած վազում էր ճամփով: Տենաս սաղ մնա՞ց անտերը: Ընկել էր լուսերիս դեմը` վազում էր, ես էլ ասի` ճխլեմ լկտիին, բայց ինքը ոնց որ թե թռավ, իսկ մենք մտանք ձեր տուն: Բարև ձեզ: Հաշվեք` հյուր ենք եկել: Չծանոթանա՞նք: Էս թիթիզիկը Լիլին ա, ես էլ Տարոնն եմ:
ՍԱՀԱԿ — Սահակ:
ԼՈՒՍԻՆԵ — Լուսինե:
ՏԱՐՈՆ — Լուսինե ջան, Սահակ ախպեր, էդ մի երկու փետի-մետի համար դարդ մի արեք, մի հինգ հարուր դոլար տամ` հերիք ա՞:
ՍԱՀԱԿ — Չգիտեմ, առավոտ լուսով կնայենք, կհաշվենք:
ՏԱՐՈՆ — Լավ, հազար տվի, գոհ ե՞ս… Տեսնում եմ, որ գոհ ես: Տունը հեչ, ախպերս, քուրս, տունը ի՞նչ, ավտոս լրիվ ճմռթվել ա, գերանը մտել ա կապոտի մեջ, դու ասա` մատորին բան էղած չլնի… Առավոտ կարա՞նք տրակտոր բերենք, քաշի-հանի:
ՍԱՀԱԿ — Կարանք:
ԼԻԼԻ — Մոտիկ հյուրանոց կա՞:
ԼՈՒՍԻՆԵ — Չէ, մարզկենտրոնում է հյուրանոցը, մի քսան կիլոմետր:
ՏԱՐՈՆ — Ավտո չունե՞ք:
ՍԱՀԱԿ — Չէ:
ՏԱՐՈՆ — Ձի էլ չունե՞ք: (Լիլիի ծիծաղին:) Չխնդաս, ջահել վախտ ձիարշավարան եմ հաճախել, նստացնեմ թամբին` թռցնեմ ղաչաղի պես:
ՍԱՀԱԿ — Ձի էլ չունենք:
ՏԱՐՈՆ — Ուրեմն մնացինք ձեր տանը:
ԼԻԼԻ — Շատ էլ էկզոտիկ ա, ես ու դու էն թախտին կքնենք, կարպետի վրա, լավ էլ չոր տեղ ա, դու չոր տեղին սիրում ես…
ԼՈՒՍԻՆԵ — Մարագ էլ ունենք, խոտի դեզերի վրա կուզե՞ք քնեք, ավելի էկզոտիկ կլինի:
ՏԱՐՈՆ — Չէ, էդ չեղավ:
ԼԻԼԻ — Ինչի՞, Տարոն, չոր խոտի հոտը կարող ա շատ էլ լավ կայֆ տա:
ՏԱՐՈՆ — Այ մարդ, մուկ-բան կլինի, հավես չկա, ես մկներից վախում եմ, առյուծից չեմ վախում, բայց մկից վախում եմ, այսինքն` չեմ վախում, զզվում եմ: Բայց դե հիմա դեռ ժամանակը չի քնելուց խոսելու, կոկորդս չորացել է… Տնական արաղ չունե՞ք:
ՍԱՀԱԿ — Չէ, ծիրանից մի քիչ քաշել էինք անցյալ տարի, էն էլ պրծել ա, վերջի հարուրը երեկ խմեցի:
ՏԱՐՈՆ — Հայ գյուղացու տանն է՞լ խմիչք չլինի:
ԼԻԼԻ — Գինի էլ չունե՞ք:
ԼՈՒՍԻՆԵ — Չեմ հասկանում, խմելու համար ջարդեցի՞ք մեր ցանկապատն ու պատշգամբը:
ՏԱՐՈՆ — Չկարծեք խմելու գերի ենք կամ ալկոհոլիկ, ռեստորանում լավ քեֆ արինք Լիլիիս հետ, բայց հիմա տեսնում եմ, որ շտապեցինք դուրս գալ, կիսատ մնաց ոնց որ, լրացնենք, հը՞, ժողովուրդ: Այ մարդ, դե մի սևեռվեք, ասեցի` կսարքեմ ձեր պատ-մատը, հնից լավ կլինի: Հը՞…
ՍԱՀԱԿ — Ձեր ավտոյում չունե՞ք:
ՏԱՐՈՆ — (ծաղրով): Ունենք, բայց պահել ենք նեղ օրվա: Լավ, էս գյուղում խանութ չկա՞:
ԼՈՒՍԻՆԵ — Զաքարի խանո՞ւթը:
ՏԱՐՈՆ — Չգիտեմ, Զաքար է, Սեթո է, Համո է, ինձ համար մեկ է, գնացինք:
ՍԱՀԱԿ — Բայց էս ժամին փակ ա:
ՏԱՐՈՆ — Է բացենք:
ՍԱՀԱԿ — Զաքարը քնած կլինի:
ՏԱՐՈՆ — Է արթնացնենք:
ՍԱՀԱԿ — Սարթ մարդ ա, կարող ա քֆուր տա:
ՏԱՐՈՆ — Քնահարամ անելու համար էլ առանձին կվճարենք, չմտածես: Գնացինք, Սահակ ախպեր:
ՍԱՀԱԿ — Գնանք, ինչ արած:
ՏԱՐՈՆ — Ուտելու ինչ ունեք՝ հանեք, դրեք սեղանին, մինչև գանք:
ԼՈՒՍԻՆԵ — Էս ինչի՞ եք հրամաններ տալիս, պարոն:
ԼԻԼԻ — Բնավորությունն ա էդպես, մի նեղանա: Տարո՛ն, շամպայն էլ կբերես, հա՞, ապելսին, շոկոլադ, մեկ էլ թե անանաս էղավ…
ՏԱՐՈՆ — Ահաաա՜: (Լուսինեին.) Ձե՞զ ինչ բերեմ:
ԼՈՒՍԻՆԵ — Ամուսնուս:
ՏԱՐՈՆ — Պահ, էդքան իրար սիրում եք, հա՞: Լավ, կտեսնենք: (Սահակին.) Գնացինք, բախտավոր:
Տարոնն ու Սահակը դուրս են գալիս:
ԼԻԼԻ — Մի բան հարցնեմ, էլի, ոնց որ կինը` կնոջը, բայց չնեղանաս:
ԼՈՒՍԻՆԵ — Հարցրու:
ԼԻԼԻ — Էստեղ ո՞նց եք ապրում ախր, սիրուն կին եք, մաշկի խնամք ա, լոգանք ա, լվացք ա… (Մոծակին ձեռքից քշելով:) Ըհը, կծում են, հեսա կկարմրի-կուռի:
ԼՈՒՍԻՆԵ — Չշարժվեք:
ԼԻԼԻ — Ինչի՞:
ԼՈՒՍԻՆԵ — Կարիճ:
ԼԻԼԻ — Վայ, մամա ջան…
ԼՈՒՍԻՆԵ — (պոկելով բզեզին Լիլիի ոտքից): Կատակեցի, բզեզ է, մենք կարիճ չունենք: Ըհը՛: (Բզեզին մոտեցնելով:)
ԼԻԼԻ — Հեռու տար:
ԼՈՒՍԻՆԵ — Էսպես էլ ապրում ենք:
ԼԻԼԻ — Դժվար չի՞ կնոջ համար: Տղամարդը հեչ, տղամարդը անասունի պես բան ա, ուր էլ դնես` կապրի:
ԼՈՒՍԻՆԵ — Հեշտ չի, բայց դե ինչ արած: Ձեր քաղաքն էլ իր թերություններն ունի, աղմուկ, ծուխ, խառնաշփոթ… Էստեղ հանգիստ է:
ԼԻԼԻ — Ամենից հանգիստը դագաղի մեջ ա: Վայ, կներես:
ԼՈՒՍԻՆԵ — Մի բան էլ ես հարցնեմ: Ո՞նց եղավ, որ եկաք, եկաք ու ուղիղ մեր տուն մտաք ձեր մեքենայով. երևի ընթացքի ժամանակ համբուրվում էիք, չէ՞, ճիշտն ասա:
ԼԻԼԻ — Չէ, ի՞նչ համբուրվել, համբուրվելն էնտեղ էր, հյուրանոցում: Տարոնը հեռախոսով նամակ էր գրում, աչքը ճամփից կտրեց:
ԼՈՒՍԻՆԵ — Պարզ է: Բա ասում էիք` աղվես…
ԼԻԼԻ — Ասել ե՞նք… Հա, ճիշտ ա, սկզբում աղվեսն էր, հետո նամակը… Թե՞ սկզբում նամակն էր… Բայց դուք մի անհանգստացեք, Տարոնը մի բան էլ ավել կտա:
ԼՈՒՍԻՆԵ — Երեխա ունե՞ք:
ԼԻԼԻ — Կարծեցիք, թե նրա կի՞նն եմ: Չէ: Բայց ինձ շատ ա սիրում, էսօր ասեց` վախ, մեռնեմ ճերմակ ծիծիկներիդ, ոնց եմ քեզ սիրում, Լիլիկս, ու կծեց… Էստեղ… Հա, սիրում ա, փող ա տալիս… Էդպես մի նայի, քուրիկ ջան, ամեն մարդ իրա ապրելու ձևն ա գտնում, ես ուրիշ ձև չունեմ: Ես չեմ կարող խրճիթում ապրեմ քո պես: Ճիշտ ա, ես էլ մայրաքաղաքացի չեմ, Չարենցավանից եմ, բայց Երևանը քաշեց-տարավ: Ոնց որ վիշապ լինի Երևանը, հիպնոսում, տանում ա: Բայց լավ վիշապ ա, անփոխարինելի: Չէ, երևի կարամ փոխարինեմ, բայց, ասենք, Մոսկվայով, Փարիզով, Նյու Յորքով…
ԼՈՒՍԻՆԵ — Եղել ե՞ս:
ԼԻԼԻ — Միայն Մոսկվայում: Բայց Տարոնը խոստացել ա Դուբայ տանի:
ԼՈՒՍԻՆԵ — Իսկ ծնողնե՞րդ:
ԼԻԼԻ — Ծնողներս՝ ի՞նչ, իրենց համար յոլա են գնում, մեկ-մեկ ես եմ փող տալիս, մեկ-մեկ իրենք են աշխատում:
ԼՈՒՍԻՆԵ — Սեղանը մնաց: Ես տամ, դու դիր…
Լուսինեն պահարանից կերակուր է տալիս, Լիլին դնում է սեղանին:
ԼԻԼԻ — Ահագին էլ ուտելիք կա, ի՞նչ եք դժգոհում:
ԼՈՒՍԻՆԵ — Բայց ե՞րբ եմ դժգոհել: Գյուղի տուն է, ոնց էլ լինի` ուտելիք կճարվի, հեչ որ չէ` լավաշ-պանիրը կա ու կա: Իսկ մենք ղաուրմա էլ ունենք, թթու, ըհը, կարմիր բիբար էլ կա, բադրջանի խավիար…
ԼԻԼԻ — Դրանք բոտուլիզմի բուն են, ես չեմ ուտի:
ԼՈՒՍԻՆԵ — Ես ամբողջ ձմեռ կերել եմ, բան չի եղել, էնպես որ` փորձված է, կարող ես հանգիստ ուտել: Կամ էլ մի կեր, քո գործն է:
ԼԻԼԻ — (ձեռքը քսելով Լուսինեի ուսին): Ինչ լավ մաշկ ունես, ինչ էլ լավ հոտ ա գալիս… (Համբուրում է Լուսինեի ուսը:)
ԼՈՒՍԻՆԵ — Մաշկ է, էլի…
ԼԻԼԻ — Դու բան չես հասկանում… (Գրկում է Լուսինեին:)
ԼՈՒՍԻՆԵ — Ի՞նչ ես անում…
ԼԻԼԻ — Մի շփոթվի էդպես, քույրիկիս պես պաչում եմ, ի՞նչ վատ ա, քույրիկիս հիշեցի, քեզ պես սիրուն աղջիկ ա… չէ, դու ավելի սիրուն ես:
Գալիս են Սահակն ու Տարոնը՝ մթերապարկով:
ՏԱՐՈՆ — Հալալ ա Զաքարին, ամեն բան ուներ, մի քիչ մրթմռթաց, որ զարթնացրինք, բայց հենց փողի ծերը տեսավ` քնելը մոռացավ: Անանաս չուներ, Լիլո:
ՍԱՀԱԿ — Ոնց էլ ուտում եք էդ բեջուրա միրգը, ոնց որ խիարին շաքար ու ադեկալոն ցանես` ուտես: Խմիչքը շատ առանք, էսքանը խմել չի լինի, մեղք ենք:
ՏԱՐՈՆ — Չենք խմի` կմնա, ինչ ես իրար խառնվել, կարող ա էս քանի օրս մի հատ էլ մխրճվենք ձեր տուն, հը՞:
ՍԱՀԱԿ — Համեցեք:
ՏԱՐՈՆ — Հա, բերեք ընտանիքներով բարեկամանանք:
ԼՈՒՍԻՆԵ — Դեռ մի էս առաջին այցելության տակից դուրս գանք…
ՏԱՐՈՆ — Այ մարդ, դե ասեցի` դուս կգանք, էլի, էս ինչ մարդ եք… (Գրպանից հանելով, հաշվելով փողը, մեկնելով Սահակին:) Ըհը, հազար դոլար, պրծա՞նք: (Ետ բերելով փողը:) Չէ, մի րոպե, ձեր օջախում շեֆը ոնց որ ինքն ա: Վերցրու, քուր ջան:
ԼՈՒՍԻՆԵ — Իրեն տվեք:
ՏԱՐՈՆ — Վերցրու, ախպերս: Արա, դե մեկն ու մեկդ վերցրեք, մնաց ձեռիս՝ կփոշմանեմ, հա: (Փողը Լուսինեին մեկնելով:) Առ, քուրս, դու պահի, տղամարդիկ լավ փող պահող չեն, կտա խմելուն, աղջկեքին… Հանաք արի, քթներդ վռազ մի ծռեք: Ուֆ, շատ դժվար ա, երբ մարդիկ հումորից խեղճ են լինում: Դե լավ, տեսնում եմ` դեռ պատրաստ չեք փող վերցնելու, հետո կտամ: (Փողը գրպանն է տանում, դարձյալ դուրս բերում:) Մի հուզվեք, տալիս եմ, ըհը՛… (Տալիս է Լուսինեին:) Չնստե՞նք արդեն, շատ խոսեցինք: Ինչ էլ լավ սեղան են գցել աղջիկներս…
ԼԻԼԻ — Շամպայնը բացեք, ծարավ մեռա:
ՏԱՐՈՆ — (օղին բացելով): Սահակ ախպեր, բաց շամպայնը:
Սահակը անհաջող փորձում է բացել շամպայնը:
ԼԻԼԻ — Կյանքում շամպայն խմած չկա՞ս… Տուր էստեղ, է՛:
ՍԱՀԱԿ — Մի րոպե… Ըհը, ոնց որ էղավ: (Շամպայնը ժայթքում է աղմուկով:) Էս խմիչքը էնքան էլ չեմ սիրում…
ԼԻԼԻ — Շամպայնը ինձ նման ա, մի անգամ որ սիրեցիր, հա սիրելու ես: Լցրու:
ՏԱՐՈՆ — Դե, խմենք էսօրվա համար, էս հաջող օրվա կենացը:
ԼՈՒՍԻՆԵ — Չեմ հասկանում, մեքենան ջարդել եք, մեր ցանկապատ-պատշգամբը ջարդել եք ու ասում եք` օրը հաջող է: Սրա հաջողը ո՞րն է:
ՏԱՐՈՆ — Մեքենան կսարքվի, տունն էլ կսարքվի, կարևորը մարդն ա, մեզ բան չի էղել, ողջ-առողջ նստած` խմում ենք: Պատկերացնո՞ւմ եք, ավտոն ավելի ուժեղ խփեի, կամ ձեզ ճխլեի, կամ էլ ես ջարդուխուրդ լինեի… Չէ, փառք աստծուն, ամեն բան լավ էղավ: Համ էլ ծանոթացանք, իմ նման ընկեր ունեցաք, քիչ ա՞… (Սահակին.) Ինչ սիրուն կին ունես, Սահակ ախպեր:
ԼՈՒՍԻՆԵ — Շնորհակալ եմ:
ՍԱՀԱԿ — Հա, չեմ դժգոհում, տգեղ չի:
ՏԱՐՈՆ — Պա՛հ, տգեղ չի… էդ ի՞նչ գեղջկական մեծամտություն ա: Ոչ թե տգեղ չի, այլ չնաշխարհիկ ա, դու պիտի երջանիկ լինես, մոմ վառես, որ էս էծ ու ոչխարի, քար ու հողի, ցեխի, աթարի մեջ քեզ էս տեսակ մարգարիտ ա բաժին հասել:
ՍԱՀԱԿ — Մենք ոչխար չունենք:
ՏԱՐՈՆ — Լուրջ ես ասո՞ւմ, կներես, մեծապես սխալվեցի:
ԼԻԼԻ — (Սահակին): Մի կոմպլիմենտ էլ դու ինձ արա, էլի:
ՍԱՀԱԿ — Դե… Պարտադիր ա՞:
ԼԻԼԻ — Հա հենց, արժանի չե՞մ:
ՍԱՀԱԿ — Դե… Էն, էլի, որ ասեցիր…
ԼԻԼԻ — Ո՞րը:
ՍԱՀԱԿ — Շամպայնի նման ես…
ԼԻԼԻ — Էդքանին էլ շնորհակալ ենք:
ՏԱՐՈՆ — Ժողովուրդ, բա ձեր երեխաներն ո՞ւր են, զոքանչանոց եք ուղարկե՞լ:
ԼՈՒՍԻՆԵ — Չունենք երեխա:
ԼԻԼԻ — Չի ստացվո՞ւմ:
ՍԱՀԱԿ — Շատ լավ էլ ստացվում ա, բայց չենք շտապում, ֆինանսական դժվարություններ ունենք:
ՏԱՐՈՆ — Էլ ոնց կլիներ:
ՍԱՀԱԿ — Մի հատ կարգին ոտի կանգնենք՝ նոր:
ՏԱՐՈՆ — Խեղճ երեխա, ձեր ոտի կանգնելուն սպասի, կարող ա էդպես էլ լույս աշխարհ չգա: Լավ, էդպես մի հուզվեք, կատակեցի: Համ էլ ի՞նչ իմանաք, կարող ա մեր ոտով ձեր տուն մեծ բախտ ա մտել:
ԼԻԼԻ — Էլի ի՞նչ անցկացրիր մտքովդ:
ՏԱՐՈՆ — Հեչ, էնպես… Դե խմեցինք, էս օրվա համար, էս հրաշալի գիշերվա համար, մեր ծանոթության համար, չքնաղ տանտիրուհու համար:
Խմում են:
ՏԱՐՈՆ — Երաժշտությունից-բանից ի՞նչ ունեք, միացրեք, էս լռությունը վրես ազդում ա:
ՍԱՀԱԿ — Չունենք:
ԼԻԼԻ — Հեռուստացույց էլ չունե՞ք:
ՍԱՀԱԿ — Չէ: Մենք դրա ժամանակը չունենք, ամբողջ օրը գործի մեջ ենք, գիշերվա կողմը հոգնած գալիս ենք, հազիվ մեզ գցում անկողին:
ՏԱՐՈՆ — Գցում ու քնում… Բա իրար չեք սիրո՞ւմ հեչ:
ՍԱՀԱԿ — Դե, պատահում է:
ՏԱՐՈՆ — Երևի` ձմեռով, երբ գործ չկա:
ԼՈՒՍԻՆԵ — Գործ ձմեռով էլ կա, ինչքան ասես:
ԼԻԼԻ — Ձեր վիճակը վիճակ չի, բա որ մարդ ռեգուլյար սեքս չունենա, էլ ինչի՞ համար ա աշխատում:
ՏԱՐՈՆ — Բայց ճիշտ ա ասում, իմ արև:
ԼՈՒՍԻՆԵ — Եկեք փակենք էս անհարկի խոսակցությունը:
ՏԱՐՈՆ — Կարմրեց մեր քույրիկը… Ինչ էլ սազում ա…
ՍԱՀԱԿ — Ես միշտ մտածում եմ…
ՏԱՐՈՆ — Չէ հա:
ՍԱՀԱԿ — Մտածում եմ…
ՏԱՐՈՆ — Ապա, ապա, համարձակ…
ՍԱՀԱԿ — Մտածում եմ, ո՞նց ա, որ փողը ոմանց սիրում ա, կպնում ա, ոմանց էլ` չէ, չէ ու չէ, կուզե՞ս…
ՏԱՐՈՆ — Քամակով բոմբ գցի, չէ՞:
ՍԱՀԱԿ — Թեկուզ: Ինչ ուզում ես արա, գիշեր-ցերեկ աշխատի, քեզ պատեպատ տուր, քո ասածի պես` բոմբ գցի, չի կպնում, իսկ մի ուրիշը ձեռքերը գրպանները` պարապ-սարապ զվռնում ա, բայց փողը ճանճի պես գալիս` կպնում ա իրան:
ՏԱՐՈՆ — Չլինի՞ ինձ ես ակնարկում:
ՍԱՀԱԿ — Ի՞նչ իմանամ, ես քեզ չեմ ճանաչում:
ՏԱՐՈՆ — Էս միամիտ մարդը կարծում ա, թե փողը աշխատելով ա:
ԼՈՒՍԻՆԵ — Բա ինչո՞վ, գողանալո՞վ:
ՏԱՐՈՆ — Ոչ էլ էդ: Էստեղ մեծ խորհրդավորություն կա, միստիկա: Փողը ի վերուստ է, փողը հենց էնպես արժեքավոր թուղթ չի, որ մարդն ա մոգոնել, փողը ի վերուստ է ստեղծվել մարդու համար: Ու որպեսզի փողը քեզ սիրի, նախ դու պիտի իրան սիրես, շատ պիտի սիրես, մի այլ ձևի պիտի սիրես, հասկանո՞ւմ եք: Դա ձեր իմացած սերը չի, ուրիշ տեսակի սեր ա, խոսքերով չեմ էլ կարա բացատրեմ, դա զգալ ա պետք, կարամ մենակ ասեմ, որ փողը պիտի սիրես քո քուր ու ախպորից, ծնողից առավել, քո սեփական անձից առավել, թե ուզում եք իմանալ` ձեր տեր աստծուց էլ առավել: Հա, ի՞նչ, աստծուց ի՞նչ խեր եք տեսել էսքան ժամանակ, ինչ խեր կա` փողից ա: Ու երբ փողն իմ ասածի պես կարենաք սիրեք, ինքն էլ ձեզ կսիրի պատասխան սիրով ու որտեղ էլ լինեք, ինչ էլ անեք` կգա, կկպնի, կգուրգուրի ձեզ: Այ էսպես, հարգելի սեղանակիցներ:
ԼՈՒՍԻՆԵ — Հետաքրքիր տեսություն է:
ՏԱՐՈՆ — Հա, բա ո՞նց: Խմենք փողի կենացը, իրա ոգին հիմա էստեղ ֆռֆռում ա օդի մեջ, նայում ա, տեսնի՝ ո՞րս ենք արժանի իր սիրուն: Խմեք, մի խորշեք, էդ քաղքենիությանը վերջ տվեք, խմեք` արժանի եղեք իրեն, թե չէ լրիվ կնեղանա ձեզնից, էլ ոչ տրակտոր կառնեք, ոչ պարարտանյութ, ոչ սերմ ու անասուն, հա, մեկ էլ էն բանից… խոտհնձիչ: Պատկերացնո՞ւմ եք, էս նույնը արած լինեի մի քրջոտ ժիգուլիով, ինքս էլ` աղքատ-անփող, հիմա ո՞վ էր ձեր տան վնասը փոխհատուցելու, ո՞նց… Ինչ լավ ա, որ ես եմ, ու ես փող ունեմ: Իմ հերն ու իմ պապն իմ պես սիրել են փողը, էսի ժառանգական ա, ինձնից էլ կանցնի իմ տղուն, թոռանս:
ԼՈՒՍԻՆԵ — Ստացվում է, որ ում մոտ ժառանգական չի, էդպես էլ մնալու է անփող, հա՞:
ՏԱՐՈՆ — Ցավոք` այո: Բայց էստեղ մի բայց կա. մի անգամ մեկը պիտի ռիսկ անի ու սիրի փողը իրենից ու իր աստծուց առավել, փողի համար անձնազոհության պիտի գնա:
ՍԱՀԱԿ — Այսինքն…
ՏԱՐՈՆ — Քարվան կտրի, բանկ թալանի, ունեցողից խլի ու նման բաներ… Ու որ արեց, էդ արարքը կտպվի իր գենոմի մեջ, կդառնա ժառանգաբար փոխանցվող:
ԼՈՒՍԻՆԵ — Դուք ոչ միայն փողի, այլև գենետիկայի մեծ մասնագետ եք, ինչպես տեսնում եմ:
ՏԱՐՈՆ — Իզուր եք ձեռ առնում, իմ տաղանդները շատ են:
ԼԻԼԻ — Հանճարները:
ՏԱՐՈՆ — Ըհը: Որ լավ ծանոթանանք, դեռ շատ եմ զարմացնելու ձեզ: Փողի կենացը:
Խմում են:
ՏԱՐՈՆ — Ըհը, սիրո առաջին քայլը դեպի փողը կատարվեց, անցնենք առաջ: (Լիլիին.) Աղջի, հեռախոսդ քոքի, պարենք, էս լռությունը ներվերիս վրա ազդում ա:
Լիլին հեռախոսով երաժշտություն է միացնում, պարում են:
ԼԻԼԻ — Վայ, էլ չեմ դիմանում, շամպայնը էսպես ա, հենց խմում եմ, փուչիկս պայթացնում ա: Ո՞ւր ա…
ԼՈՒՍԻՆԵ — Դրսում:
ԼԻԼԻ — Ներսում չունե՞ք:
ԼՈՒՍԻՆԵ — Չէ:
ՏԱՐՈՆ — Դրսում ռոմանտիկ ա, աստղերի տակ, ծառի քոքին:
ՍԱՀԱԿ — Ինչի՞ ծառի քոքին, կարգին փետից զուգարան եմ սարքել, պինդ:
ՏԱՐՈՆ — Դե ուղեկցիր գեղեցկուհուն, ջենթլմեն:
ԼԻԼԻ — Գնացինք, շուտ:
Լիլին ու Սահակը դուրս են գալիս:
ՏԱՐՈՆ — Գիտե՞ք, ես շատ կին եմ տեսել, ավելի ճիշտ` համտեսել… Դե, մի մեղադրեք, ջահել տղա եմ, կյանքը գնում է, ետ չես պահի, ինչո՞ւ ոչ…
ԼՈՒՍԻՆԵ — Ձեր գործն է, բան չասացի, ինչո՞ւ եք արդարանում:
ՏԱՐՈՆ — Ձեր պահվածքից է, էնքան խիստ տեսք ունեք, որ մարդ անկախ իրենից սկսում է արդարանալ: Նայում եմ ձեր աչքերին ու զղջում եմ, որ խոսեցի:
ԼՈՒՍԻՆԵ — Առանց աչքերիս նայելու խոսեք:
ՏԱՐՈՆ — Չէ, հենց կնայեմ ու կխոսեմ: Որտե՞ղ կանգ առա:
ԼՈՒՍԻՆԵ — Որ շատ կին եք համտեսել, գլուխ էիք գովում:
ՏԱՐՈՆ — Այո: Բայց ձեզ նման կին չեմ հանդիպել, սպասեք, մի ընդհատեք, թողեք ավարտեմ: Ձեր հմայքը ուրիշ ա, ձեր հմայքը նման ա տատիս թխած փրփուր լավաշին, քաղցր գաթային…
ԼՈՒՍԻՆԵ — Մի խոսքով, ես նման եմ ձեր տատիկին:
ՏԱՐՈՆ — Մի ծաղրեք: Ասենք, ինչո՞ւ ոչ, գուցե նման եք, ես նրան ջահել չեմ տեսել, ասում են՝ գեղեցկուհի էր: Բայց իմ համեմատությունը ուրիշ զուգահեռով էր, ուզում էի մաքրության, բնականության հետ համեմատել: Իսկ երբ պատկերացնում եմ, թե այդ ամենի տակ ինչ վայրի կիրք է թաքնված, շունչս կտրվում է, գլուխս պտտվում, աչքերիս դեմ մթնում…
ԼՈՒՍԻՆԵ — Չափն անցաք:
ՏԱՐՈՆ — Դեռ չեմ էլ հասել չափին, Լուսինե, ու չեմ էլ հասնի, դուք անչափելի եք, անկեղծ եմ ասում, հավատացեք: Ի՞նչ ունեմ կեղծելու, կնոջ պակա՞ս… Փառք աստծու, հրեն, Լիլին, գեղեցկուհի չի՞:
ԼՈՒՍԻՆԵ — Գեղեցիկ է:
ՏԱՐՈՆ — Բայց էդպես լիլիներ շատ կան, ինչքան ուզեմ, օրական կարող եմ փոխել: Իսկ դուք ուրիշ եք, բացառիկ, ոնց որ էգ հովազ:
ԼՈՒՍԻՆԵ — Ինչ որ եմ, իմ ամուսնունն եմ:
ՏԱՐՈՆ — Վախ, էդ իզուր ասեցիր, լրիվ վատացրեց:
ԼՈՒՍԻՆԵ — Վերջ տվեք: Փառք Աստծու, վաղը կգնաք` ու էլ երբեք չենք հանդիպի:
ՏԱՐՈՆ — Է՜ ոչ, ինձնից էդպես հեշտ չեք պրծնի, իմ սիրտը որ մի բանի կպավ…
ԼՈՒՍԻՆԵ — Հուսով եմ` կատակում եք:
ՏԱՐՈՆ — Չէ, ի՞նչ կատակ, սա շատ լուրջ է, չեք էլ պատկերացնում` ինչքան լուրջ: Ահա, մերոնք եկան ղունղունալով, ինչ էլ սազում են իրար:
Գալիս են Լիլին ու Սահակը:
ՏԱՐՈՆ — Շատ ուշացաք, կարող ա՞ ձեզ լավ չեք պահել:
ԼԻԼԻ — Ուֆ, սայթաքեցի, քիչ մնաց ընկնեի կեղտերի մեջ, լավ ա Սահակը հասցրեց` բռնեց:
ՏԱՐՈՆ — Որ հասցրեց, դա լավ ա: Բայց չհասկացա, դուռը բաց էիր թողե՞լ:
ԼԻԼԻ — Իբր փակ կա՞ որ…
ՍԱՀԱԿ — Փակ կա, ինքը պարզապես չգտավ, կողքից ա, ծռած մեխ ա, մի քիչ դժվար ա փակվում, բայց կա:
ՏԱՐՈՆ — Պարզ ա, սիրով գնացիք, սիրով եկաք:
ԼԻԼԻ — Խանդո՞ւմ ես:
ՏԱՐՈՆ — Էն էլ ոնց: Նստեք, նստեք խմենք, մի հատ էլ խմենք մեր ծանոթության համար, էս անակնկալ գիշերվա համար, որը կամաց-կամաց ավելի ու ավելի հետաքրքիր ա դառնում ոնց որ: Ողջ լինենք, դիմանանք կյանքի գայթակղություններին, այսինքն` ինչի՞ դիմանանք որ, ընդառաջ գնանք, վայելենք, թե չէ էս կյանքն էլ ո՞ւմ ա պետք:
ԼԻԼԻ — Մտքինդ ասա:
ՏԱՐՈՆ — Խմենք, ասեմ:
Խմում են:
ՏԱՐՈՆ — Ասում եմ` դուք որ էդքան սիրով գնում եք, չիշիկ եք անում, գալիս եք…
ՍԱՀԱԿ — Ի՛…
ՏԱՐՈՆ — Սպասի, մի բորբոքվի վռազ, էդ համբերությամբ ո՞նց ես պոմիդոր, խիար աճացնում, այ ախպեր, չեմ հասկանում: Ասում եմ, որ էդքան իրար հավանում եք, ես մի հետաքրքիր առաջարկ ունեմ առաջիկա գիշերվա համար:
ԼԻԼԻ — Ես ոնց որ թե կռահում եմ:
ՏԱՐՈՆ — Ու դեմ չես, չէ՞:
ԼԻԼԻ — Ոնց ասես, քո խոսքը, չէ, քո փողը օրենք ա:
ՏԱՐՈՆ — Ըհը, երկու հոգի համաձայն են, մնում են մյուս երկուսը:
ԼՈՒՍԻՆԵ — Պարզ խոսեք:
ՏԱՐՈՆ — Խոսում եմ, էլի, խոսելն էլ ո՞նց ա լինում, դուք էլ եք անհամբեր ձեր ամուսնու պես, Լուսինե: Ասում եմ… Ուշադիր լսեք ու միանգամից չբորբոքվեք, մի հատ լավ գցեք-բռնեք… Ասում եմ` փոխվենք զույգերով, Սահակը` Լիլիի հետ, ես էլ դե` ինչ մնաց:
Լուսինեն ապտակում է, անմիջապես էլ Սահակն է հարվածում Տարոնի դեմքին:
ՏԱՐՈՆ — Էսպես միանգամի՞ց, էսքան սիրով ու կրքո՞վ, չէի սպասում…
ԼԻԼԻ — Վախ, էս ոնց ուռեց վռազ, էս ի՞նչ արիք, վայրենիներ: Տուր պաչեմ, անցնի:
ՏԱՐՈՆ — (Լիլիին վանելով): Սպասի: (Սահակին.) Լավ բան չարիր, ախպերս, հայ գյուղացին իրա հյուրին չի խփի, տաբուն անցար: Դու հասկանո՞ւմ ես, որ սա առանց պատասխանի չեմ թողնի, հո հենց էնպես անտեր աչք չի՞, ով հասնի` խփի: Ձեռս քարի տակ չի, Սահակ, կարամ, օրինակ, հենց էստեղ գյուլլեմ, կարամ վաղը մարդ ուղարկեմ` տնով-տեղով, գոմով-անասունով վառեն-կորցնեն: Կարամ նույնիսկ գնամ դատաբժշկականի մոտ, գործ բացել տամ վրեդ, տանեն, տարիներով փակեն ճաղերի ետևում…
ԼՈՒՍԻՆԵ — Մի հատ խփելու համա՞ր:
ՏԱՐՈՆ — Այո, աղջիկ ջան, փողին մուննաթ, էնքան ծանոթ դատավոր ունեմ… Բայց գիտե՞ք, էսքան հնարավորություններիցս որը կընտրեմ… Ոչ մեկը: Ես կներեմ ձեզ, հա, ես բարի եմ, ներում եմ, ախպեր, գնացեք` հանգիստ ապրեք, իմ նման բարի մարդու եք հանդիպել: Բայց էն իմ առաջարկությունը մնում ա ուժի մեջ, խփելը պատասխան չէր, ավելին` թուլության նշան էր:
ՍԱՀԱԿ — Հավաքվեք ու գնացեք մեր տնից:
ԼԻԼԻ — Ո՞ւր, Սահակ, էս ուշ ժամին, գայլերը կուտեն մեզ, դու խիղճ ունե՞ս:
ՍԱՀԱԿ — Դու կարող ես մնալ…
ՏԱՐՈՆ — Այ թե ինչ, Լիլիին ուզում ես պահես, հա՞: Իմ Լիլին նրա դուրը եկել է: Դե որ էդպես է, չեմ հասկանում` ի՞նչ եք քաղքենիություն անում, քաղաքակիրթ աշխարհում ընդունված բան է, սովորական բան, զույգերը, որպեսզի իրար չհոգնացնեն, որպեսզի բնազդները թարմացնեն, մեկ-մեկ փոխվում են, ի՞նչ մի սարսափելի բան կա, մի քիչ ազատ նայեք կյանքին, էլի, քսանմեկերորդ դարն ա:
ԼՈՒՍԻՆԵ — Դուք ինձ դուր չեք գալիս, պարոն, էս փաստարկը հերիք է՞:
ՏԱՐՈՆ — Ինչ ասեմ, լուրջ փաստարկ է ոնց որ: Բայց Լիլին ձեր ամուսնուն դուր է գալիս, հանուն սիրելի ամուսնու` գնացեք էդ քայլին, թող նա իրեն լավ զգա: Ձեր ամուսինը չի՞, ձեր հարազատը չի՞…
ՍԱՀԱԿ — Ինձ իմ կինն ա դուր գալիս, ու վերջ էս խոսակցությանը:
ՏԱՐՈՆ — Հազար դոլար տվեցի էն գերան-մերանին, մի երկու էդքան էլ կտամ… Հը՞… Լավ, երեք էդքան… Չէ՞…
ՍԱՀԱԿ — Ես իմ կնոջը չեմ ծախում:
ՏԱՐՈՆ — Չասեցի` ծախել, ապրանք է, ինչ է… (Լուսինեին.) Ինչ տգեղ է արտահայտվում ձեր ամուսինը: Ծախել: Ստրկատիրության դաժան ժամանակներն անդարձ անցել են, տղա ջան: Հինգ… Չէ, տասը հազար դոլար: Հենց հիմա էլ կտամ, ավտոյի սեյֆում ա: Մի րոպե, էլի միանգամից վրա չտաք, տուժված մարդ եմ, մտածեք` նոր: Իսկ ես ու Լիլին դուրս գանք: (Լիլիին.) Զուգարանի տեղն իմացար, չէ՞, աղջիկ ջան: Մենք ձեզ մի քանի րոպեով լքենք, կներեք:
Տարոնն ու Լիլին դուրս են գալիս:
ՍԱՀԱԿ — Հանգիստ ապրում էինք, էս մի երկու ժամվա մեջ էս ի՞նչ կատարվեց…
ԼՈՒՍԻՆԵ — Տասը հազարի մասին ե՞ս խոսում:
ՍԱՀԱԿ — Էս ամեն ինչի: Լսել էի, որ կյանքը անակնկալներ մատուցելու բնավորություն ունի, բայց անձամբ ինձ չէր մատուցել. ըհը՛: Տասը հազար դոլար մենակ կինոներում եմ տեսել, էն էլ երևի կեղծ փողեր են, կինոյում նկարելու համար: Սրանն էլ կեղծ չլինի՞:
ԼՈՒՍԻՆԵ — Լինի, չլինի` մեզ ի՞նչ, իրա փողերն են:
ՍԱՀԱԿ — Հա, էլի, չենք տեսել, չենք էլ տեսնի, թքած: Բայց եքա փող ա, չէ՞: Մարդ ունենա, վարկը փակի, էն Հուսիկի օպելը առնի` ապրանք տանի քաղաք` բաժանի խանութներին, հետո գա, փողերը հավաքի… Չէ, էնպես եմ ասում, Լուսո ջան, ասենք թե մի օր, մի ինչ-որ տեղից գտնենք, ասենք թե ժառանգություն ստանանք:
ԼՈՒՍԻՆԵ — Մեզ ո՞վ ա ժառանգություն թողնելու, Սահակ, մեզ ժառանգություն թողնողը հաստատ պարտքեր ա թողնելու:
ՍԱՀԱԿ — Ճիշտ որ…
ԼՈՒՍԻՆԵ — Ես միշտ երազել եմ` էս մեր ճանապարհի վրա տուն սարքենք, մի պստիկ պանդոկ բացենք` ազգային խոհանոցով, թոնիրով… Հենց տեղում թխվի, եփվի, այցելուի աչքի առաջ, ես ու դու էլ, ազգային տարազներով, մատուցենք: Որ տեղն իմացան, սովորեցին` հաստատ կգան, տուրիզմը հիմա զարգանում ա:
ՍԱՀԱԿ — Հա, կաշխատեր: Միսը` մերը, կաթն ու մածունը` մերը, բանջարեղենը` մերը, էկոլոգիապես անարատ, համով, գնացող-էկողը հաստատ կուզի մտնի, հաց ուտի, մի երկու աշխատող էլ կվերցնեինք… Լավ, է՛, խորացանք, չկա` չկա, հաշվենք` չի էլ եղել, էլի ես ու դու, մեր պրոբլեմները, կապրենք, մինչև հիմա ո՞նց ենք ապրել:
ԼՈՒՍԻՆԵ — Վատ, վատ ենք ապրել, Սահակ:
ՍԱՀԱԿ — Հա դե, բայց ի՞նչ արած:
ԼՈՒՍԻՆԵ — Հեչ: Էն լպստածն ասում ա` էս ո՞նց ես ապրում էսպես, քսանմեկերորդ դարում:
ՍԱՀԱԿ — Կասի, երես առած աղջիկ ա, դրա նման մեկը մեր գյուղում էլ կար, հիշո՞ւմ ես, Նոյեմը, փախավ քաղաք, հետո էլ իմացա` Թուրքիայա գնացել, փող աշխատելու: Սրա վերջն էլ ա Թուրքիան:
ԼՈՒՍԻՆԵ — Լավ, արի փակենք էս պարապ խոսակցությունը:
ՍԱՀԱԿ — Փակ ա: Հիմա ի՞նչ ես ասում, ես դրա վզին մի հատ էլ չտա՞մ` տնից հանեմ:
ԼՈՒՍԻՆԵ — Ոնց կուզես, տան տղամարդը դու ես:
ՍԱՀԱԿ — Բայց շառ ա, տեսա՞ր ինչ էր ասում` դատարան, բան… Մենակ բանտ նստելն էր պակաս մեզ:
ԼՈՒՍԻՆԵ — Աստված ոչ անի: Համ էլ մեղք են, ո՞ւր գնան էս գիշերով, մեզ չի սազի, հայ քրիստոնյայի տուն ա:
ՍԱՀԱԿ — Դե, աղջիկը չէ, աղջիկը մեղք ա, տուժված աղջիկ ա, թող մնա, բայց էն լպիրշը թող ռադ լինի` իրա ավտոյի մեջ քնի:
ԼՈՒՍԻՆԵ — Լսի, Սահակ, անկեղծ, դուրդ գալիս ա՞ Լիլին:
ՍԱՀԱԿ — Չէ հա, դու էլ… Աղջիկ ա, էլի… Հա, էլի որ վատը չի, բայց դե ի՞նչ կապ ունի, քիչ սիրուն աղջիկ կա՞ էս աշխարհում:
Լուսինեն ծիծաղում է:
ՍԱՀԱԿ — Ինչի՞ ես ծիծաղում:
ԼՈՒՍԻՆԵ — Հեչ, դու էլ գիտես:
ՍԱՀԱԿ — Չէ, չգիտեմ, ասա:
ԼՈՒՍԻՆԵ — Գիտես:
Գալիս են Տարոնն ու Լիլին:
ՏԱՐՈՆ — Ըհը… (Հազար դոլար հանելով գրպանից:) Էս ձեզ, ձեր ծախսերին, կարգին սարքեք, քծիպություն չանեք, անունն էլ դրեք Տարոնի անվան շքամուտք:
ՍԱՀԱԿ — (փողը վերցնում է, ձեռքին անվճռական պահում): Ոնց որ տվել էիր… (Լուսինեին.) Չէ՞…
ԼՈՒՍԻՆԵ — Հա, տվել եք:
ՏԱՐՈՆ — Հա՞…
ԼԻԼԻ — Տվել ես, ես վկա եմ:
ՏԱՐՈՆ — Այ քեզ բան… Դե լավ, որ մտքովս անցել ա, մի հատ էլ վերցրեք, շքեղ կսարքեք, կամ էլ ինձնից ձեզ նվեր կառնեք:
ԼՈՒՍԻՆԵ — Պետք չի, շնորհակալ ենք: (Ամուսնու ձեռքից վերցնում է փողը, տալիս Տարոնին:)
ՏԱՐՈՆ — (վերցնում է): Ըհը, տեսա՞ք, փողն իրա թևով եկել-կպել էր, դուք հրաժարվեցիք ինքնակամ, բա էլ ինքը ձեզ ո՞նց սիրի: (Սահակին.) Բայց դու ոնց որ տվայտվում էիր, ախպերս, դու կամաց-կամաց մոտենում ես փողին: Բերեք շամպայն խմենք, շամպայնը թարմացնում ա: Լցրու, Սահակ: Հանձինս քեզ` բոլոր ազնիվ մարդկանց կենացը, այսինքն` ոչ մեկի, էդպես մարդ չկա, սարքել են, որ տատանումների չափը չափեն, խմենք էդ սարքածի կենացը, մի օր գուցե իրականանա: (Ծիծաղում է:)
Խմում են:
ՏԱՐՈՆ — (հազալով): Բկիս մնաց: Լսեք, դրսում մի հատ միտք առաջացավ, ձեր զուգարանը տեղով մտքի ստիմուլ ա: Մտածեցի` էս ձեր տան դեմը որ մի հատ կաֆե սարքեք, գիտե՞ք ոնց կաշխատի, վանք գնացող-եկող տուրիստները` լիքը, մի քիչ վանքից հեռու է, բայց դե տուրիստական կազմակերպությունների հետ որ լեզու գտնեք, շահագրգռեք՝ կբերեն:
ՍԱՀԱԿ — Կաշխատեր, հա: Լուսոյիս երազանքն ա:
ՏԱՐՈՆ — Կեցցե Լուսինեն, բիզնեսի մտածողություն ունի: Ազգային ձևով ամեն բան սարքվի, թախտերով, կարպետներով, բալիշներով, դուդուկ-քամանչայով… Ես լավ բիզնես ունեմ, թե չէ էստեղ մի տուն կառնեի, կսարքեի:
ՍԱՀԱԿ — Ի՞նչ բիզնես ա որ:
ՏԱՐՈՆ — Ինչ ասես, ունիվերսալ, որ պահին ինչը ձեռնտու եղավ, էն էլ անում եմ: Համ էլ ասեմ` որ գնաս, դու էլ անե՞ս: Կատակ արի, դու դա անել չես կարող, ինչքան էլ պատմեմ, էնպես որ արի չպատմեմ իզուր: Արի գնանք ծխենք դրսում, սիգարետ առանք, չէ՞, ոնց որ…
ՍԱՀԱԿ — Հա, առել ենք:
Սահակն ու Տարոնը դուրս են գալիս ծխելու:
ԼՈՒՍԻՆԵ — Դու չե՞ս ծխում:
ԼԻԼԻ — Ծխում եմ, բայց հիմա չեմ ուզում: (Ուշադիր նայելով Լուսինեին:) Չեմ հասկանում:
ԼՈՒՍԻՆԵ — Ես էլ:
ԼԻԼԻ — Տղամարդիկ թեև անասուն են, բայց իրանց հասկանալը միշտ չի, որ հեշտ ա: Էդքան փող երևի աշխարհի գեղեցկության մրցույթի հաղթողին կարելի է տալ: Դրանք կոտոշները որ տնկեցին… հատկապես` Տարոնը: Օգտվի, էլի, տասը հազար դոլար ես իսկի մի տարում չեմ աշխատի, ի՞նչ ես կողի ընկել, մի անգամ ա` տուր-պրծի: Ասեմ որպես գաղտնիք` մի մեծ բան չի, էնպես, խուտուտ ա տալու` գնա, իրա մեծ-մեծ խոսալուն մի նայի:
ԼՈՒՍԻՆԵ — Լսի, Լիլի…
ԼԻԼԻ — (ընդհատելով): Բարոյական ճառ չկարդաս, քուր, մեկ ա` չեմ հասկանա, ես դրա վրայով վաղուց անցել եմ, սուտ բան ա, թույլերն են մոգոնել, որ ուժեղներին դեմ անելու գոնե ինչ-որ բան ունենան: Տասը հազար, մի թափից, պատկերացնո՞ւմ ես, քո էդ խեղճը մինչև կյանքի վերջը խոտ հնձի, կով կթի, էդքան փող չի ունենա: Չէ, վատ տղա չի, դրա մասին չի խոսքը, բայց դե… Դու ինձ հասկանում ես: Հենց իրա համար էլ լավ կլինի, ինչքան հոգսից կազատվի, մի հատ պատկերացրու: Ես քեզ կօգնեմ:
ԼՈՒՍԻՆԵ — Պետք չի ինձ օգնել, դու քե՛զ օգնի…
ԼԻԼԻ — Մի կատաղի, Լուսինե ջան, հանգիստ: Չնայած` էդ կատաղելդ լավ նշան ա: (Շոյում է Լուսինեի մազերը:) Ինչ լավ հոտ ա գալիս քեզնից:
ԼՈՒՍԻՆԵ — Խոտն ա, խոտից ա… (Հեկեկում է:)
ԼԻԼԻ — Դե, քեզ մի տանջի, սիրուն ջան, էղածը մի բան չի: (Գրկում է, համբուրում:)
Լսվում են ներս եկող տղամարդկանց ձայները:
ԼԻԼԻ — Գալիս են:
Լուսինեն կարգի է բերում իրեն:
ՏԱՐՈՆ — Մի հատ էլ չխմե՞նք: (Լցնում է շամպայնը:) Էս ձեր հրաշալի հյուրասիրության համար, ձեր բարի վերաբերմունքի համար. այ մարդ, տունը քանդողի նկատմամբ է՞լ էսքան բարություն… Ճիշտ ա, մի երկու հատ զարկեցիք քիթ-բերնիս, բայց ոչինչ, ես չեմ նեղանում, ձեր կենացը:
Խմում են: Տարոնը աննկատ աչքով է անում Լիլիին:
ԼԻԼԻ — Էլի փուչիկս պայթացնում ա էս շամպայնը:
ՏԱՐՈՆ — Վայ, մեռնեմ էն նուրբիկ փուչիկիդ:
ԼԻԼԻ — Քեզ ինչ կա… (Սահակին.) Չես ուղեկցի՞, կյանք, անտեր շներ կան, վրա կտան, կուտեն, մեղք կլինեմ հոգուդ վրա:
ՍԱՀԱԿ — Գնանք, հա, լիքը շուն կա էս կողմերը: (Լուսինեին.) Մենք գնանք…
ԼՈՒՍԻՆԵ — Գնացեք: Սահա՛կ… Լավ, ոչինչ, գնացեք:
Լիլին և Սահակը դուրս են գալիս:
ՏԱՐՈՆ — Ռեպ սիրո՞ւմ ես, Լուսինե… Ափսոս, չկա, ավտոյի մեջ ա, միացնեինք, լսեինք… Բայց ե՛ս կարամ քեզ համար երգեմ, իմ գրածն ա, երգե՞մ… «Ես քեզանից գերված, կույր-կույր գալիս եմ քո ետևից, դու ինձ տանում ես կործանման, չգիտեմ` ետ կգա՞մ նորից, դու խիղճ չունես, դու անաստված ես, այ դաժան աղջիկ, բայց ես մեռնում եմ քեզ համար, ես մեռնում եմ քեզ համար, ես մեռնում եմ քեզ համար…»:
ԼՈՒՍԻՆԵ — (ընդհատում է): Չեմ սիրում ռեպ, ու դու էլ մի երգի, հա՞:
ՏԱՐՈՆ — Լավ, չես ուզում՝ չեմ երգի: Մի հատ ծխեմ:
ԼՈՒՍԻՆԵ — Մի ծխի, ես ծխի հոտը չեմ տանում, կամ էլ գնա` դրսում ծխի:
ՏԱՐՈՆ — Չէ, էլ չեմ ուզում, անցավ, սիրտս ուրիշ բան ա ուզում, շատ ա ուզում:
ԼՈՒՍԻՆԵ — Դրանք գալու միտք չունե՞ն:
ՏԱՐՈՆ — Դժվար գան: Ո՞ր տղամարդը կդիմանա Լիլիի հմայքներին, եթե տղամարդ ա, իհարկե, քոնը տղամարդ ա, չէ՞:
ԼՈՒՍԻՆԵ — Տղամարդ ա:
ՏԱՐՈՆ — Ուրեմն չի դիմանա: Լիլին, գիտե՞ս, ոնց ա խելքամաղ անում, մտցնում ծոցը, պատմե՞մ…
ԼՈՒՍԻՆԵ — Պետք չի:
ՏԱՐՈՆ — Իսկական կին ա, ամեն բան գիտի իրա ասպարեզից, մատդ շարժես` ինքը հասկանում ա ուզածդ: Դրա համար էլ իրեք հարուր դոլար եմ տալիս մի օրվա համար: Բայց կա մարդամեկը, ում տասը հազար եմ տալիս առանց ափսոսալու, ուրախությամբ եմ տալիս, մի բան էլ ինքս եմ խնդրում-աղաչում, ընդամենը մի գիշերվա համար, էն էլ` կարճ գիշեր, կեսն արդեն կերել ենք:
ԼՈՒՍԻՆԵ — Բայց ինչի՞դ ա, պարզապես հակառակության ես ընկել, պատիվդ գետնով տալ չես ուզում:
ՏԱՐՈՆ — Չէ, այ մարդ, է, ինչ պատիվ, պատվի խաթր ես էդքան փող ծախսողը չեմ, պատվով լիներ` հիմա փողի տեր չէի լինի: Չէ: Ես ռոմանտիկ տղա եմ, դու ինձ չես ճանաչում, ես շատ ռոմանտիկ տղա եմ, ես որ սիրեցի` վերջ, մեռնելով էլ լինի` կհասնեմ: Հա, ի՞նչ անենք, ես էլ էդ տեսակ եմ, սիրեք ինձ` ոնց կամ, ես էլ ձեզ կսիրեմ՝ ոնց կամ: Կյանք ա, անցնում ա, թռնում ա, հետո կզղջանք՝ ուշ կլինի:
ԼՈՒՍԻՆԵ — Ինչի, մեռնո՞ւմ ես, ծանր հիվա՞նդ ես:
ՏԱՐՈՆ — Բայց ինչ անդիմադրելի ես, երբ էդպես չարանում ես, աչուկներդ պլպլում են չարությունից, ուզո՞ւմ ես՝ ես մեռնեմ… Մեռնե՞մ ոտքերիդ տակ… (Հանելով ատրճանակը գրպանից:) Կրակեմ գլխիս ու արնաշաղախ ընկնեմ էդ սիրուն ոտքերիդ տակ… Ի՞նչ ես էդպես նայում, կարծում ես չեմ անի՞:
ԼՈՒՍԻՆԵ — Ի՞նչ իմանամ, գժի նման ես, արիր` արիր:
ՏԱՐՈՆ — Կանեմ, չկասկածես: (Գրպանից հանում է փողի տրցակը, ատրճանակի հետ դնում սեղանին:)
ԼՈՒՍԻՆԵ — Բայց քո նմանները իրանց չեն սպանի, ավելի շուտ` ուրիշներին կսպանեն:
ՏԱՐՈՆ — Երկուսն էլ կարող եմ, ինձ էլ, ուրիշներին էլ: Բայց ասեմ` իմ հարցով էնքան էլ չեմ շտապում, հլա դեռ ջահել եմ, ափսոս եմ, հլա դեռ շանսերս շատ են:
ԼՈՒՍԻՆԵ — Լսի, գուցե ամուսնանա՞ս:
ՏԱՐՈՆ — Ինչի՞, լավ էլ ամուսնացած եմ, երկու երեխա ունեմ, երկու տղա: Բայց դա ի՞նչ կարևոր ա, հո չե՞նք ամուսնանում, որ ամուսնության գերին դառնանք, հո կյանքը ամուսնությունով կանգ չի՞ առնում: (Տեսնելով, որ Լուսինեն ժամացույցին է նայում:) Համոզվեցի՞ր, որ չեն գալու, Լիլին նրան մարագ տարավ, հիմա խոտերի մեջ տնքալով թավալ են տալիս: Ասե՞մ, Լիլին ոնց ա տնքում, թեև նկատել եմ` մեկ-մեկ դերասանություն ա անում, բայց լավ ա անում շան աղջիկը…
Տարոնը փնտրում է լույսի անջատիչը, գտնում` անջատում է լույսը:
ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ
Նույն տունը: Լուսինեն հագնվում է: Գալիս է Սահակը:
ՍԱՀԱԿ — Տրակտորը բերին տղերքը: Բարի առավոտ:
ԼՈՒՍԻՆԵ — Բարև: (Երկուսով նայում են սեղանին դրված փողին, Լուսինեն գլխի շարժումով ցույց է տալիս:) Վերցրու, պահի:
ՍԱՀԱԿ — Քաշին դրանց ավտոն, մատոռն աշխատեց, պատկերացնո՞ւմ ես, շիթը, կռիլոն էր ծռվել, դզմզեցինք, գնաց: (Փողի մասին:) Դո՛ւ պահի, դու էս քունջուպուճախը ինձնից լավ գիտես:
ԼՈՒՍԻՆԵ — Քունջուպուճախով չի, սաղ կյանքդ քունջուպուճախով ես ուղղորդվել, այ սարեցի, բանկ պիտի տարվի, էսքան փողը տանը չեն պահի:
ՍԱՀԱԿ — Դե, կտանենք իրար հետ, էլի:
ԼՈՒՍԻՆԵ — (դառը քմծիծաղով): Լավ աշխատեցինք էս գիշեր:
ՍԱՀԱԿ — Դե լավ, դու էլ… Պատահեց, լինում է… Սենց բանե՞ր են լինում աշխարհում ամեն օր:
ԼՈՒՍԻՆԵ — Էդ քեզ Լիլին է ասե՞լ:
ՍԱՀԱԿ — Չէ, Տարոնը: Դե հիմա հո մեզ չե՞նք սպանելու…
ԼՈՒՍԻՆԵ — Չէ:
ՍԱՀԱԿ — Պիտի մոռանանք, հանենք մեր գլխից:
ԼՈՒՍԻՆԵ — Վախենամ` չկարենանք, Սահակ, ոնց էլ լինի` ժամանակ առ ժամանակ դուրս է գալու…
ՍԱՀԱԿ — Պիտի աշխատենք, ինչ եղել` եղել է, սատանեն մեզ հյուր եկավ էս գիշեր, ու պարզվեց` ինքը մեզնից ուժեղ էր:
ԼՈՒՍԻՆԵ — Ես կարծում եմ, սատանեն մեր մեջ ա միշտ, իրան առիթ էր պետք, էս գիշեր առիթ եկավ մեր տուն, ու մենք բաց չթողինք էդ առիթը:
ՍԱՀԱԿ — Լուսո, արի մոռանանք, հա՞, էս պահից մոռանանք` էլ չխոսենք էդ մասին:
ԼՈՒՍԻՆԵ — Փորձենք:
ՍԱՀԱԿ — Թուղթ ու գրիչ բեր` հաշվարկ անենք, թվերը լավ են մոռացնում մնացած ամեն բան: Ուրեմս էսպես` հազարը վարկն ենք մարում… Դու գրի, գրի… Երկու հազար տալիս ենք` Հուսիկի ավտոն ենք առնում, որ լավ բազառ անենք` մի հինգ հարուր էլ գուցե գցենք, կարգին պինդ ավտոյա, ահագին մեզ քոմագ կլինի: Որ մի պուճուր տրակտոր էլ կարենանք առնենք, էլ դեմներս խաղ չի լինի, կդառնանք իսկական ֆերմեր:
ԼՈՒՍԻՆԵ — Թունաքիմիկատները, պարարտանյութը, անասունների կերը…
ՍԱՀԱԿ — Հա, գրի, հիմա հաշվեմ` գրի:
ԼՈՒՍԻՆԵ — Սահակ, բայց իմ ուշքումիտքը ճամփի վրա պանդոկ սարքելն ա, արի դու սկզբից դրա հաշվարկներն արա:
ՍԱՀԱԿ — Դե, էն, ինչ որ հաշվեցինք` անհրաժեշտ բաներ են, բայց մի վեց-յոթ հազար կմնա, կարծում եմ` հերիք ա, քարը, բանը կառնենք` ինքներս կսարքենք:
ԼՈՒՍԻՆԵ — Բա որ չհերիքե՞ց:
ՍԱՀԱԿ — Դե…
Ուժեղ դղրդյուն, տունը ցնցվում է:
ԼՈՒՍԻՆԵ — (սարսափած): Նորի՞ց…
Դարձյալ դղրդյուն:
ՍԱՀԱԿ — Չէ, էս ավտոյի խփած չի, էս ինչ-որ ուրիշ բան ա…