Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ / ԱԼԱ ԲԱԼԱ ՆԻՑԱ

(Ամանորյա ներկայացում)

Գործող անձինք

ԹԱԳԱՎՈՐ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՔՈՒՉԻ

ՓԻՍՈ

ԱՂՎԵՍ

ՓԱՆՈՍ

ԱՆՈՒՇ

ԿԻԿՈՍ

ՆԱԶԱՐ

ՈՒՍՏԻԱՆ

ՀՈՒՌԻ

ՈՐՍԿԱՆ

ԲԱՐԻԿԵՆԴԱՆ

ՁՄԵՌ ՊԱՊ

ՁՅՈՒՆԱՆՈՒՇ

Պալատի տեսարաններում գործող անձինք վերնազգեստ հագնելով ՝ փոխակերպավում են պալատականների:

Բեմում` հեքիաթային տաղավարներ: Դրանց մեջտեղում՝ խորքում, թագավորի գահանիստ պալատը՝ բարձրադիր գահով:

Ռեփ երաժշտության ներքո բացվում է վարագույրը, աջ ու ահյակից, հանդիսատեսին ողջունելով ու երգելով մտնում են բոլոր հերոսները:

ԲՈԼՈՐԸ

Ալա, բալա, նիցա,

դուս կաբանիցա,

հեյ գիդի բանչո,

փա-լան-չո,

չո՛, չո՛, չո՛,

դուս կապիտանչո:

ՀՈՒՌԻ

Շարունակվում է հեքիաթը, 

Որ ծանոթ է մեզ մանկուց,

Մեր տատիկի տատի տատն էլ 

Հեքիաթ է պատմել վաղուց:

ԲՈԼՈՐԸ

Ալա, բալա, նիցա,

դուս կաբանիցա:

ՓԱՆՈՍ

Մեկ լինում է, մեկ չի լինում,

Ժամանակով ու ժուկով,

Հեքիաթներն են այսպես ծնվում,

Մեզ զարդարում հրաշքով:

ԲՈԼՈՐԸ

Ալա, բալա, նիցա,

դուս կաբանիցա:

ՈՒՍՏԻԱՆ

«Նու պագադին» , Մաշան, Արջը,

Բարիկենդանն ու Հուռին

Քաջ Նազարի, Կիկոսի հետ,

Քաջ ծանոթ են բոլորին:

ԲՈԼՈՐԸ

Ալա, բալա, նիցա,

դուս կաբանիցա:

ԱՆՈՒՇ

Մեծ, թե փոքր, ծեր, թե ջահել,

Ժամանակով ու ժուկով,

Հեքիաթներով են մեծացել,

Հրաշքների պերճ շուքով:

ԲՈԼՈՐԸ

Ալա, բալա, նիցա,

դուս կաբանիցա:

ՆԱԶԱՐ

Հեքիաթները ամենուր են,

Թե գրքերում, թե կայքում,

Նույնիսկ այստեղ` մեր թատրոնում,

Մենք հեքիաթներ ենք լայքում:

ԲՈԼՈՐԸ

Ալա, բալա, նիցա,

դուս կաբանիցա:

ԲԱՐԵԿԵՆԴԱՆ

Չհասցրինք լավ ճանաչել

Կոկորդիլոս Գենային,

Հոլիվուդից եկան, լցվին

Միկկին, Մաուսն ու Ջերրին:

ԲՈԼՈՐԸ

Ալա, բալա, նիցա,

դուս կաբանիցա:

ՈԻՍՏԻԱՆ

Ինչե~ր ասես, որ չտեսանք,

Ռոբոտ, «Պումբա», ու Բեյբի…

ԱՆՈՒՇ

Հալալ չէ՞ր մեր «Շուն ու կատվին»,

Անգիր արինք մեր քեֆին:

ԲՈԼՈՐԸ

Ալա, բալա, նիցա,

դուս կաբանիցա:

ՀՈՒՌԻ

Սա էլ, ահա, մի հեքիաթ է,

Հեքիաթ` հեքիաթի մասին,

Ինչպես ուզենք` կպատմենք մենք,

Հորինելով մեր մասին:

ԲՈԼՈՐԸ

Ալա, բալա, նիցա,

դուս կաբանիցա:

ՓԱՆՈՍ

Մեկ լինում է~, մեկ չի լինո~ւմ`

Ժամանակո~վ ու ժուկո~վ…

ԱՆՈՒՇ

Վա~յ,  ուշացանք մեր հեքիաթից,

Գնանք ու հասնենք շուտով… 

Բոլորը դեպի աջ են գնում, իսկ Հուռին` ձախ:    

ՈՒՍՏԻԱՆ — (կանխում է Հուռիին): Աղջի Հուռի, էդ ո՞ւր ես գնում:

ՀՈՒՌԻ — Բա չասի՞նք, որ էս հեքիաթը մենք ենք հորինում: Գնում եմ թագավորի տղին ուզեմ, որ թագուհի դառնամ:

ՈՒՍՏԻԱՆ — Ետ արի, այ շաշ, դա ուրիշ հեքիաթ ա, մենք մեր հեքիաթն ունենք: 

Դուրս են գնում: Կարճ դադար:

Մտնում է Փիսոն՝ մորթե գդակը ձեռքին, կար անելով:

ՓԻՍՈ — Ես դերձակ եմ՝ ուստա Փիսոն,

Կար եմ անում ողջ տարին,

«Վարձը թանկ չէ, կանեմ կիսով»,-

Խաբում եմ ես բոլորին:

Միաո՜ւ, միաո՜ւ,

Խաբում եմ ես բոլորին:

Մտնում է զայրացած Քուչին:

ՔՈՒՉԻ — (անզուսպ գոռում է): Ուստեն ո՞ւր ա~, փափախս ո՞ւր ա~…

ՓԻՍՈ — Ցուրտը տարա՞վ, վահ, տնաշեն,

Չես թող անում մի շունչ քաշեմ,

Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ

Ցրցամ տվել, թե որ կարեմ:

ՔՈՒՉԻ — Փող եմ տվել՝ վախտին կարի,

Անց ա կացել հարյուր տարի,

«Գնա, Քուչի, վաղը արի»,

«Գնա, Քուչի, վաղը արի»…

Խոստանում ես ու չես կարում,

Գողանում ես ու թալանում…

ՓԻՍՈ — Գողը դու ես, այ քաչալ շուն,

Հալա ոնց ա վրաս հաչում…

ՔՈՒՉԻ — Քարշ կտամ քեզ Դիվանբաշուն…

ՓԻՍՈ — Հերիք հաչաս ավել-պակաս…

ՔՈՒՉԻ — Կսպանեմ քեզ՝ մորթիս չտաս: (Մահակը բարձրացնելով հարձակվում է:)

ՓԻՍՈ — Վա~յ, օգնեցե~ք, հասե~ք, փրկե~ք…

ՔՈՒՉԻ — (մահակով հարվածում է): Էս քեզ՝ մորթի, 

Էս քեզ՝ ցրցամ, էս՝ կարողչեք…

Մտնում է Նազարը:

ՆԱԶԱՐ — Գյադե՛ք, սպասեք, հալա՝ հո՛պ… Էս ի՞նչ ա, ի՞նչ եք իրարով խառնվել:

ՔՈՒՉԻ — Բա չե՞ս ասի, Նազար ախպեր, էս խորամանկ կատուն մորթիս վերցրեց, որ գդակ կարի գլխիս հարմար, խաբեց ու հարյուր տարուց ավելի ա՝ ոչ մորթին ա ետ տալիս, ոչ՝ գդակը:

ՓԻՍՈ — Միաո՜ւ… ախր, նոր եմ ցրցամ տվել, թե որ կարեմ…

ՆԱԶԱՐ — Հա՛յ-հա՜յ… Բա Նազարը մեռած է՞, որ դուք մորթու համար կռիվ տաք: (Փիսոյին.) Էդ մորթին դեսը տուր: (Վերցնում է:) Հիմա էս մորթին նվիրում եք ինձ, որ ոչ Փիսոյի մոտ մնա, ոչ Քուչիի, դուք էլ գնում եք ու հա՜շտ-խաղաղ ապրում եք:

ՓԻՍՈ — Ճիշտ որ…

ՔՈՒՉԻ — Ա՜յ խելքը… Իսկական Քաջ Նազար… 

ՆԱԶԱՐ — Առա՜ջ, իմ արդար ժողովուրդ, հետևեք ի՜նձ, իմ ետևի՜ց…

Դուրս են գնում:

Մտնում են Բարեկենդանն ու Հուռին:

ԲԱՐԵԿԵՆԴԱՆ – Որ ասում եմ՝ շաշ ես, շաշ ես, էլի~…

ՀՈՒՌԻ — Ի~, քու շաշ տունը ծակվի~… հալա ո՞վ ա ում շաշ ասում…

ԲԱՐԵԿԵՆԴԱՆ – Մի տարվա ապրուստն էտ ո՞ւր անծանոթ մարդու տվիր, այ շա~շ…

ՀՈՒՌԻ — Էնա ցեղովի շաշ եք ու շաշ… էն մարալ ձին ո՞ւմ թողիր, այ շա~շ…

ԲԱՐԵԿԵՆԴԱՆ – Ըստի են ասել. մորը տես՝ աղջկան ուզի… տեղովդ շաշ մերդ ես…

ՀՈՒՌԻ — Իմ շաշ խելքն ասա, որ եկա ու քու պես շաշին ուզեցի…

Մտնում է Նազարը:

ՆԱԶԱՐ — Գյադեք, էս ի՞նչ ա, ի՞նչ եք իրարով խառնվել:

ԲԱՐԵԿԵՆԴԱՆ — Բա չե՞ս ասիլ, Նազար ախպեր, բարեկենդանի համար յուղ ու բրինձ էի բերել տուն: Էս իմ շաշ կնիկը մի անծանոթ մարդու է տալիս դրանք, կարծելով, թե բարեկենդանն էդ մարդն ա…

ՀՈՒՌԻ — Բա չե՞ս ասի, Նազար ախպեր, էս իմ շաշ մարդը ձին նստած գնաց յուղն ու բրինձը ետ բերի, ձին էլ թողեց էդ մարդուն ու դատարկ ետ եկավ: Որ ասում եմ շաշ է, շաշ է, էլի՜…

ՆԱԶԱՐ — Հա՛յ-հա՜յ… Բա Նազարը մեռած է՞, որ թողնի ձեր ձին, յուղն ու բրինձը տանեն:

ԲԱՐԵԿԵՆԴԱՆ — Բա ո՞նց անենք, Նազար ախպեր:

ՆԱԶԱՐ — Հիմի կգնանք, ես էդ խաբեբայի գլուխը կթռցնեմ, յուղը, բրինձն ու ձին կվերցնեմ ինձ՝ որպես ձեզանից նվեր, դուք էլ հա՜շտ ու խաղաղ կապրեք:

ՀՈՒՌԻ — Ճիշտ որ…

ԲԱՐԵԿԵՆԴԱՆ — Ա՜յ, խելքը… Իսկական Քաջ Նազար… Դե գնանք, գնանք…

ՆԱԶԱՐ — Առա՜ջ, իմ խելացի  ժողովուրդ, իմ ետևի՜ց…

Դուրս են գնում:

Ողբալով մտնում են Անուշն ու Ուստիանը:

ԱՆՈՒՇ, ՈՒՍՏԻԱՆ – Վա~յ, Կիկոս ջա~ն, վայ, բալա ջան,

Վա~յ, Կիկոս ջա~ն, վայ, բալա ջան, 

Վա~յ, Կիկոս ջա~ն, վայ, բալա ջան…

Մտնում է Փանոսը:

ՓԱՆՈՍ — Էդ խի՞ ուշացաք, աղջի, էն ի՞նչ ա պատահել…

ԱՆՈՒՇ — Բա չես ասիլ, այ հե~ր,

Գնացի մարդի,

Ունեցա որդի,

Անունը Կիկոս,

Գլխարկը պոպոզ,

Վեր ելավ ծառին,

Ցած ընկավ քարին, 

Վա~յ, Կիկոս ջան, 

Վա~յ, բալա ջան…   

ՓԱՆՈՍ — Վա-ա-ա~յ, Կիկո-ո-ո~ս  ջա-ա-ա-ա~ն… 

Մտնում է Նազարը:

ՆԱԶԱՐ — Գյադեք, էս ի՞նչ ա, ի՞նչ եք իրարով խառնվել:

ԱՆՈՒՇ — Բա չե՞ս ասի, Նազար ախպեր,

Գնացի մարդի,

Ունեցա որդի,

Անունը Կիկոս,

Գլխարկը պոպոզ,

Վեր ելավ ծառին,

Ցած ընկավ քարին, 

Վա~յ, Կիկոս ջան, 

Վա~յ, բալա ջան…

ՈՒՍՏԻԱՆ — Վա-ա-ա~յ, Կիկո-ո-ո~ս  ջա-ա-ա-ա~ն…   

ՓԱՆՈՍ — Վա-ա-ա~յ, Կիկո-ո-ո~ս  ջա-ա-ա-ա~ն… 

ՆԱԶԱՐ — Հա՛յ-հա՜յ… Բա Նազարը մեռած է՞, որ թողնի Կիկոսը ծառից ցած ընկնի:

ՓԱՆՈՍ — Բա ո՞նց անենք, Նազար ախպեր:

 ՆԱԶԱՐ — Հիմի կգնանք, ես էդ ծառը քոքահան կանեմ, Կիկոսը կգա, կտեսնի, որ էլ ծառ-մառ չկա, չի բարձրանա, ցած չի ընկնի:

ՈՒՍՏԻԱՆ — Ճիշտ որ…

ՆԱԶԱՐ — Էն մոզին էլ, որ Կիկոսի հոգեհացի համար պիտի մորթեիք, ափսոս է, կնվիրեք ինձ, թող գա, իմ հանդերում իրա համար արածի: Արածացնելու համար վարձ չեմ ուզում, ախպեր, բաշխում եմ:

ՓԱՆՈՍ — Ա՜յ, խելքը… Իսկական Քաջ Նազար… Դե գնանք, գնանք, չուշանանք…

ՆԱԶԱՐ — Առա՜ջ, իմ խելացի ժողովուրդ, իմ ետևի՜ց…

Դուրս են գնում:

Մտնում են Կիկոսն ու մեղրի կճուճը շալակած Փիսոն:

ԿԻԿՈՍ — Մեղր եմ ծախո՜ւմ, քաղցր մե՜ղր,

Դեղին սերով, ոնց որ ե՜ղը,

Թե որ մի քիչ անես համտես,

Մատներդ էլ հետը կուտես:

Մտնում է Որսկանը՝ Քուչիի հետ:

ՈՐՍԿԱՆ — Մեղր ես ծախո՞ւմ, Կիկոս ախպեր,

Էդ կճուճդ հալա մոտ բեր:

ՔՈՒՉԻ — Խարդախ փիսոն մեղր է ծախո՞ւմ,

Դրանով ե՞ս հիմա խաբում:

ՓԻՍՈ — Ձայնդ կտրի, այ գիժ քաչալ,

Սկսեցիր էլի հաչա՞լ… (Հարձակվում են միմյանց վրա:)

ԿԻԿՈՍ — Խեղդե~ց, խեղդե~ց, վա~յ իմ կատուն,

Այ սատկես դու, շանորդու շուն: (Որսկանին.)

Դու առևտուր եկար անե՞ս, 

Թե՞ իմ կատվին տաս սպանես… (Ձեռնափայտով հարվածում է Քուչիին:)

Ա՛ռ քեզ, ա՛ռ քեզ, անխիղճ գազան,

Քեզ ծեծելն է միայն արժան… 

ՈՐՍԿԱՆ — Վա~յ, ձեզ մատաղ, ասլան շունս,

Իմ ապրուստս, տե~ղս, տու~նս,

Ոնց թե դու իմ շանը զարկե՞ս,

Դե զարկելը հիմի դու տես… (Մահակով հարվածում է Կիկոսի գլխին:)

ԿԻԿՈՍ — Սպանեցի~ն… հա~յ, օգնությո~ւն,

Հասե~ք, փրկեք ձեր գյուղացուն… 

Մտնում է Նազարը:

ՆԱԶԱՐ — Գյադեք, սպասեք, հալա՝ հո՛պ… Էս ի՞նչ ա, ի՞նչ եք իրարով խառնվել:

ՔՈՒՉԻ — Բա չե՞ս ասի, Նազար ախպեր, էս Կիկոսը իմ շանը մահակով քոթակում ա:

ԿԻԿՈՍ — Բա չե՞ս ասի, Նազար ախպեր, էս Որսկանի շունը հարձակվեց իմ կատվի վրա:

ՆԱԶԱՐ — Հա՛յ-հա՜յ… Բա Նազարը մեռած է՞, որ դուք կռիվ տաք: Ինչի՞ց ա ծագել վեճը:

ԲՈԼՈՐԸ — Մի կաթիլ մեղրից:

 ՆԱԶԱՐ — Հիմա էդ մեղրը ես կտանեմ, որ ոչ կաթա, ոչ էլ կռիվ ընկնի ձեր մեջ: Գնացեք, ախպեր, գնացեք,  հա՜շտ ու խաղաղ ապրեք:

ՓԻՍՈ — Ճիշտ որ…

ՔՈՒՉԻ — Ա՜յ, խելքը… Իսկական Քաջ Նազար… 

ՆԱԶԱՐ — Առա՜ջ, իմ քաղցր ժողովուրդ, հետևեք ի՜նձ, իմ ետևի՜ց…

Դուրս են գնում:

Կարճ դադար: Շեփորի ազդականչ: Ներս է մտնում թագավորը, բազմում գահին, նրա առջև խոնարհաբար կանգնում են պալատականները:

ԹԱԳԱՎՈՐ — Իմ սիրելի՜ կռվարար ժողովուրդ, քիչ առաջ ես անչափ ուրախ լուր ստացա, որ իմ երկրի հպատակները անհաշտ են միմյանց հետ: Իրար հետ կռվում են, միմյանց սպանում, ողբում և լաց են լինում: Իսկ Քաջ Նազարը բոլորին խաբում է ու տիրանում նրանց ունեցվածքին: Հրաշալի~ է: Եթե նրանք հաշտ ու խաղաղ ապրեն, միմյանց չխաբեն, ապա կմիավորվեն և կսկսեն իմ դեմ պայքարել:

ՊԱԼԱՏԱԿԱՆՆԵՐ — (խոնարհումով): Ճշմարիտ է, արքա:

ԹԱԳԱՎՈՐ — Ուրեմն, այսուհետ նույնպես, որքան կարող եք կոպտություն, թշնամություն, նախանձ ու թալան սերմանեք ժողովրդի մեջ, որպեսզի ոչ մի համերաշխություն ու սեր չլինի իմ երկրում:

ՊԱԼԱՏԱԿԱՆՆԵՐ — (խոնարհումով): Հրամանդ ի կատար, արքա…

— Կեցցե~ մեր իմաստուն թագավորը…

— Փա~ռք, հզոր տիրակալին…

Դրսից լսվում է մոտեցող Աղվեսի ձայնը:  

ԱՂՎԵՍ — Դժբախտությո~ւն… գո~ւյժ… (Վազքով մտնում, փռվում է Թագավորի ոտքերի մոտ:) Գույժ, արքա, դժբախտություն է կատարվել…

ԹԱԳԱՎՈՐ — Ի՞նչ է պատահել, Աղվես, խոսիր արագ, որպեսզի դժբախտության դեմն անմիջապես առնենք:

ԱՂՎԵՍ — Տեր Թագավոր, հենց նոր տեղեկացա, որ Հովհաննես անունով մի աղքատ կոշկակար ամեն օր հյուրեր է կանչում և ուրախ երգ ու պարով խնջույք է կազմակերպում: Նրանք սեր և համերաշխություն են տարածում ժողովրդի մեջ: Նույնիսկ Քաջ Նազարն է միացել նրանց և երդվել է, որ այլևս թալանով չի զբաղվելու:

ԹԱԳԱՎՈՐ — (ծառս է լինում): Ի-ի~-ի՞նչ… Բայց որտեղի՞ց աղքատին այդքան փող, որ նա ամեն օր խնջույք է կազմակերպում:

ԱՂՎԵՍ — Չգիտեմ, տեր իմ, ասում են՝ ամեն օր կենացներ է ասում սիրո և համերաշխության մասին ու երկրում սկսել են սիրով ու համերաշխ ապրել:

ՊԱԼԱՏԱԿԱՆՆԵՐ — Ինչպիսի~ համարձակություն…

— Ինչպիսի~ ըմբոստություն…

— Խայտառակությո~ւն…             

-Խիստ պատժել է պետք նրան…

ԹԱԳԱՎՈՐ — (սաստում է): Կա~-ցե՛ք: Այսօր իսկ ես անձամբ կգնամ և կստուգեմ այդ լուրը: Ծպտված, ճամփորդի զգեստով կգնամ, որ ինձ չճանաչեն: (Աղվեսին.) Առաջ ընկիր և ցույց տուր ինձ նրա տունը:

ԱՂՎԵՍ — Հրամանդ ի կատար, տեր թագավոր:

Թագավորն ու Աղվեսը դուրս են գնում:

Հնչում է ռեփը: Ներկաները ուրախ գոչյուններով մի կողմ են նետում պալատական զգեստները, ռեփ են երգում ՝ պարելով:

ԲՈԼՈՐԸ

Ալա, բալա, նիցա,

դուս կաբանիցա,

հեյ գիդի բանչո,

փա-լան-չո,

չո, չո, չո,

դուս կապիտանչո:

ՀՈՒՌԻ

Շարունակվում է հեքիաթը, 

Որ ծանոթ է մեզ մանկուց,

Մեր տատիկի տատի տատն էլ 

Հեքիաթ է պատմել վաղուց:

ԲՈԼՈՐԸ

Ալա, բալա, նիցա,

դուս կաբանիցա:

ՓԱՆՈՍ

Շուտով կգա Ձմեռ Պապը.

Ուրախություն կբերի,

Եվ ամենքս կասենք ուրախ՝

Շնորհավո՜ր նոր տարի:

ԲՈԼՈՐԸ

Ալա, բալա, նիցա,

դուս կաբանիցա:

ԱՆՈՒՇ

Մեծ, թե փոքր, ծեր, թե ջահել,

Ժամանակով ու ժուկով,

Ձմեռ Պապին են սպասել,

Ձյունանուշին մեծ շուքով:

ԲՈԼՈՐԸ

Ալա, բալա, նիցա,

դուս կաբանիցա:

ՓԱՆՈՍ

Մեկ լինում է, մեկ չի լինում`

Ժամանակով ու ժուկով,

Հեքիաթներն են այսպես ծնվում,

Մեզ զարդարում հրաշքով:

ԲՈԼՈՐԸ

Ալա, բալա, նիցա,

դուս կաբանիցա:

ՆԱԶԱՐ

Հեքիաթները ամենուր են,

Թե գրքերում, թե կայքում,

Նույնիսկ այստեղ` մեր թատրոնում,

Մենք հեքիաթներ ենք լայքում:

Բոլորը դեպի աջ են գնում, իսկ Հուռին` ձախ:    

ՈՒՍՏԻԱՆ — (կանխում է Հուռիին): Աղջի Հուռի, էդ ո՞ւր ես գնում:

ՀՈՒՌԻ — Բա չասի՞նք, որ էս հեքիաթը մենք ենք հորինում: Գնում եմ ծիածանի տակով անցնեմ, որ տղա դառնամ:

ՈՒՍՏԻԱՆ — Ետ արի, այ շաշ, դա ուրիշ հեքիաթ ա, մենք մեր հեքիաթն ունենք, բոլորս հրավիրված ենք կոշկակար Հովհաննեսի սիրո և համերաշխության քեֆին: (Դուրս են գնում:)

Մթնեցում: Պարեղանակ:

Հովհաննեսի տունը: Բացի Թագավորից ու Աղվեսից բոլորն այստեղ են, ուրախ պարում են:

Տանտերը նստած է կարպետի վրա` բարձին թիկնած, ձեռքին գինու գավ, խրախուսում է պարողներին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Այ ջան եմ ասե~լ… Ես ձեր ցավը տանեմ, ա´յ էդպես` սիրո~վ, համերա~շխ… 

Դռան ուժգին թակոց: Պարն ընդհատվում է:

ՀՈՒՌԻ — Տեսնես ո՞վ է` էս ուշ ժամին…

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Ով էլ որ լինի, հյուրը Աստծունն է, դուռը բացեք, ներս հրավիրեք:

Փանոսը շտապում է դուռը բացել: 

Մտնում է թիկնոցով, գլխանոցով քողարկված Թագավորը:

ԹԱԳԱՎՈՐ — Խաղաղություն ձեզ, ո~վ ուրախ մարդիկ, խեղճ, ճամփորդ մարդ եմ, թույլ կտա՞ք այս գիշեր ձեր հետ մնամ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Ա´յ բարով ես եկե~լ, ճամփորդ ախպեր: Հյուրն Աստծունն է: Համեցե~ք, համեցեք, մեզ հետ նստեք: Ճիշտ է, մենք էլ հարուստ չենք, բայց եղածով բավարարվում ենք: Համեցեք:  

ԹԱԳԱՎՈՐ — (տեղավորվում է տանտիրոջ կողքին): Անչափ շնորհակալ եմ ձեզանից… (Հովհաննեսին.) Անունդ ի՞նչ է, բարեկամ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Ես կոշկակար Հովհաննեսն եմ: Իրենք էլ իմ ամենօրյա հյուրերն են ու ընկերները՝ մեր Անուշը, Ուստիանը, Հուռին, Փանոսը, Կիկոսը, Նազարը, Որսկանն ու Բարեկենդանը, մեր քեռի Քուչին ու դերձակ Փիսոն… Հովհաննես Թումանյանի հեքիաթները կարդացած կլինես: Այ, նրա հեքիաթների բոլոր հերոսներն էստեղ են:

ԹԱԳԱՎՈՐ — Կարդացել եմ, ո՞նց չէ, կարդացել եմ: Երևի բոլորին քո ծննդյան օրը հրավիրել ես ու քեֆ ես անում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Չէ, ես ամեն օր եմ քեֆ անում, որովհետև Հովհաննես Թումանյանն ինքը էդպես է ցանկացել ու գրել է «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հեքիաթում: Բայց էս տարվա քեֆն առանձնահատուկ է, որովհետև նոր տարվա հանդեսին մեզ հյուր են գալու սիրո և համերաշխության Ձմեռ Պապն ու Ձյունանուշը, պիտի բոցկլտա սիրո և համերաշխության տոնածառը: Դե, մենք էլ սերն ու համերաշխությունն ենք շատացնում, որ արժանի լինենք հանդեսին:

ԹԱԳԱՎՈՐ — Ամոթ չլինի հարցնելը, Հովհաննես ախպեր, ի՞նչ արհեստի տեր ես, ինչքա՞ն փող ես աշխատում, որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Քեֆը շատ փողով չի լինում, ճամփորդ ախպեր: Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել: Ես մի հասարակ փինաչի եմ, չուստեր եմ կարկատում, օրը մի չնչին բան եմ վաստակում: Երեկոները բերում եմ, մի մասը ապրուստի եմ տալիս, մյուսով էլ նստում ենք, ուրախանում: Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ Աստված հասցնում է` ավելի լավ: Կարևորը, որ սեր ու համերաշխություն լինի, արդարություն լինի` տարին տարու վրա մեր աշխատանքով, արդար քրտինքով կապրե~նք, կհարստանանք, կզորանանք:

ԹԱԳԱՎՈՐ — Անպակաս լինի քո ուրախությունը, ո~վ Հովհաննես, բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարակ աղբյուրն էլ կտրի` ի՞նչ պիտի անես:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Ինչո՞ւ է կտրում, ճամփորդ ախպեր:

ԹԱԳԱՎՈՐ – Օրինակ՝ թագավոր է ու թագավորի քմահաճույք. հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչությունը չպիտի լինի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ – Է~հ, թագավորի դարդը կտրե՞լ է՝ ընկնի փինաչիների ետևից… կամ ի՞նչ են արել նրան փինաչիները: Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք: Իսկ հիմա շարունակենք մեր քեֆը: Աստված ողորմած է, քեֆ անողին քեֆ չի պակսիլ: 

Պարը վերսկսվում է, բոլորը շարունակում են պարել:

Մթնեցում:

Ուստա Փիսոյի արհեստանոցը: Փիսոն կար է անում: Մտնում է Քուչին:

ՔՈՒՉԻ — Ուստեն ո՞ւր ա~, փափախս ո՞ւր ա~…

ՓԻՍՈ — (սիրալիր): Ես էստեղ եմ, Քուչի աղա~,

Քեֆդ ինչ կուզի՝ էն էլ արա,

Կատարվել է մեծ փափագդ,

Տե՛ս, կարել եմ քո գդակը:

ՔՈՒՉԻ — (գդակը դնում է գլխին, գրպանից հայելի է հանում, զմայլվելով նայում է իրեն: Գոհունակ:) Ա՛յ, շա~տ ապրես, ուստա Փիսո,

Փափախ հո չի՞, քուրք ա կիսով,

Վարձդ էլ ասա՝ հանեմ ու տամ,

Չարչարանքիդ պարտք չմնամ:

ՓԻՍՈ — Ի՞նչ մեծ բան է, տո հեր օրհնած,

Եղած-չեղած` գդակի վարձ,

Փողի մասին ավելորդ ա,

Մեր մեջ խոսալն էլ ամոթ ա,

Գործ կունենաս` դու էլի բեր,

Իսկ փափախը` վերցրու նվեր…

Ներս է խուժում Աղվեսը` սուրը մերկացրած:

ԱՂՎԵՍ — Տեղից չշարժվե´ք… Ոչ մի ծպտո՛ւն… Սա ի՞նչ արհեստանոց է, ո՞ւմն է:

ՓԻՍՈ — Իմ արհեստանոցն է, աղա Աղվես… Դերձակ եմ, գդակ եմ կարում:

ԱՂՎԵՍ — Բախտդ բերեց, որ կոշկակար չես: Թագավորի հրամանով էսօրվանից արգելվում է կոշկակարությունը, չուստ կարելը: Ով չենթարկվի թագավորի հրամանին` գլուխը կտրելու ենք:

ՔՈՒՉԻ — Այ քեզ փորձա~նք… Բա մեր կոշկակար Հովհաննեսն ինչո՞վ է ապրելու:

 ԱՂՎԵՍ — (պարծենկոտ): Հովհաննեսի արհեստանոցը քիչ առաջ անձամբ ես փակեցի: Բիզը ձեռքից խլել եմ, վզակոթին տալով դուրս եմ արել ու արգելել իր արհեստով զբաղվել:

ՓԻՍՈ — Քոռանա~մ…

Մթնեցում:

Հնչում է ռեփը:

Լուսավորվում է: Հովհաննեսի տունը: 

Տանտերը նստած է կարպետի վրա` բարձին թիկնած, ձեռքին գինու գավ, խրախուսում է ռեփ պարող-երգողներին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Ա՛յ, ջան եմ ասե~լ… Ես ձեր ցավը տանեմ, ա´յ էդպես` սիրո~վ, համերա~շխ… 

ԲՈԼՈՐԸ

Ալա, բալա, նիցա,

դուս կաբանիցա,

հեյ գիդի բան-չո,

փա-լան-չո,

չո, չո, չո,

դուս կապիտանչո:

ՀՈՒՌԻ

Շարունակվում է հեքիաթը, 

Որ ծանոթ է մեզ մանկուց,

Մեր տատիկի տատի տատն էլ 

Հեքիաթ է պատմել վաղուց:

ԲՈԼՈՐԸ

Ալա, բալա, նիցա,

դուս կաբանիցա:

ՓԱՆՈՍ

Շուտով կգա Ձմեռ Պապը.

Ուրախություն կբերի,

Եվ ամենքս կասենք ուրախ՝

Շնորհավո՜ր նոր տարի:

ԲՈԼՈՐԸ

Ալա, բալա, նիցա,

դուս կաբանիցա:

ԱՆՈՒՇ

Մեծ, թե փոքր, ծեր, թե ջահել,

Ժամանակով ու ժուկով,

Ձմեռ Պապին են սպասել,

Ձյունանուշին մեծ շուքով:

ԲՈԼՈՐԸ

Ալա, բալա, նիցա,

դուս կաբանիցա:

ՓԱՆՈՍ

Մեկ լինում է, մեկ չի լինում`

Ժամանակով ու ժուկով,

Հեքիաթներն են այսպես ծնվում,

Մեզ զարդարում հրաշքով:

ԲՈԼՈՐԸ

Ալա, բալա, նիցա,

դուս կաբանիցա:

ՆԱԶԱՐ

Հեքիաթները ամենուր են,

Թե գրքերում, թե կայքում,

Նույնիսկ այստեղ` մեր թատրոնում,

Մենք հեքիաթներ ենք լայքում:

Դռան ուժգին թակոց: Պարն ընդհատվում է: 

Մտնում է թիկնոցով, գլխանոցով քողարկված Թագավորը:

ԹԱԳԱՎՈՐ — Խաղաղություն ձեզ, ո~վ ուրախ մարդիկ, դուք դեռ քե՞ֆ եք անում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Այ բարո~վ, հազար բարին, ճամփորդ ախպեր, համեցեք, նստիր քո տեղը: (Թագավորը նստում, վերցնում է տանտիրոջ մեկնած գավաթը:) Բա իմացա՞ր, ինչ պատահեց, ճամփորդ ախպեր:

ԹԱԳԱՎՈՐ — Վկա է Աստված, ոչինչ չգիտեմ, Հովհաննես եղբայր: Ի՞նչ է պատահել:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Հենց էն, ինչ դու գուշակեցիր երեկ իրիկուն: Էսօր թագավորը հրաման հանեց` մեր արհեստն արգելեց…

ԹԱԳԱՎՈՐ – Վա´հ, ի՞նչ ես ասում… Հապա ո՞րտեղից փող գտար, որ էս գիշեր էլ քեֆ սարքեցիր:
ՀՈՎՀԱՆՆԵՍ — Մի կավե կուժ եմ գտել, հիմի էլ ջուր եմ ծախում: Օրական ինչ աշխատում եմ` մի մասը տալիս եմ ապրուստի, մյուսով էլ դարձյալ քեֆ ենք անում:

ԹԱԳԱՎՈՐ — Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի` էն ժամանակ ի՞նչ ես անելու:
ՀՈՎՀԱՆՆԵՍ — Ջուր ծախելով թագավորին ի՞նչ վնաս ենք տալիս, որ արգելի: Եվ ինչո՞ւ էսօրվանից դարդ անեմ դրա համար: Երբ որ կարգելի, էն ժամանակ կմտածեմ: Մի՛ վախենա, բարեկամ, երբեք չի պակսի մի կտոր հաց ու մի անկյուն, որ ես էնտեղ ուրախանամ: Քեֆ անողին քեֆ չի պակսիլ: Կարևորը, որ սեր ու համերաշխություն լինի, արդարություն լինի` տարին տարու վրա մեր աշխատանքով, արդար քրտինքով կապրենք, կհարստանանք, կզորանանք:

ԹԱԳԱՎՈՐ — Անպակաս լինի ուրախությունը քո օջախից, Հովհաննես ախպեր: Ձեր կենացը: (Խմում է:)

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Դե, ձեզ մատաղ, էնպես պարենք, որ աշխարհը պռնկեպռունկ լցվի բարությամբ և ուրախությամբ: (Հնչում է ժողովրդական պարեղանակ, ձեռքերը տարածած միանում է պարողներին:) Ջան եմ ասե~լ…

Մթնեցում:

Բարեկենդանի տունը: Հուռին նստած իլիկ է պտտում և ինքնահնար երաժշտությամբ երգում: 

ՀՈՒՌԻ — Մանիր, մանիր, իմ իլիկ,

Թել տուր սիրուն, բարալիկ,

Գուլպա գործեմ նախշերով,

Բարիք լցվի աշխարհով… (Մեղավոր, թևաթափ մտնում է Բարեկենդանն ու գլխահակ կանգնում: Բարեսիրտ:) Էդ ինչի՞ քիթդ կախեցիր, այ մարդ:

ԲԱՐԵԿԵՆԴԱՆ — Որ հիշում եմ անցած օրվա մեր կռիվը, ամոթից գետինն եմ մտնում:

ՀՈՒՌԻ — Որ ասում եմ՝ շաշ ես, շաշ ես, էլի~… Բրնձի հերն էլ անիծած, յուղինն էլ, ձիունն էլ:

ԲԱՐԵԿԵՆԴԱՆ — Ախր… ափսոս էին, է՞…

ՀՈՒՌԻ — Քեզանից ու ինձանից էլ հո ափսոս չեն: Ջանդ սաղ ըլնի, կաշխատենք, ամեն բարիք էլ կստեղծենք: Լսեցի՞ր, ինչ ասաց կոշկակար Հովհաննեսը. «Կարևորը, որ սեր ու համերաշխություն լինի, արդարություն լինի»: Հրեն, Շունն ու Կատուն արդեն հաշտվել են, մենք ինչո՞ւ անընդհատ կռիվ տանք:

Դռան թակոց, ներս է մտնում խուրջինն ուսած Փանոսը:

ՓԱՆՈՍ — Բարրիգուն ձեզ:

ԲԱՐԵԿԵՆԴԱՆ — Վի´յ, սա իմ ձին տանող մարդն ա…

ՀՈՒՌԻ — Ի՞նչ ձի, այ մարդ, սա մեր եղն ու բրինձը տանող մարդն ա~:

ՓԱՆՈՍ — (խուրջինը ցած է բերում): Առեք, ախպեր, էս ձեր յուղը, էս էլ ձեր բրինձը: Ձին էլ, հրեն, դռանը կապած ա:

Դրսից լսվում է ձիու խրխնջոցն ու ձայնը. « Ըստի ե~մ, ըստի~, դռանը կապած  ե~մ…»:

ԲԱՐԵԿԵՆԴԱՆ — Ա´յ, հրաշքը~…

ՓԱՆՈՍ — Հրաշքները միայն հեքիաթներում են լինում, Բարիկենդան ախպեր: Իրական կյանքի հրաշքը էն սերն ու համերաշխությունն ա, որ մեր շնորհիվ արդեն հաստատվում է երկրում:

Ներս է խուժում Աղվեսը` սուրը ձեռքին:

ԱՂՎԵՍ — Կանգնեք, չշարժվեք: Էս ո՞ւմ խուրջինն է:

ՓԱՆՈՍ — Իմ խուրջինն ա, աղա Աղվես:

ԱՂՎԵՍ — Մեջինը կուլա հո չի՞… Ջուր ե՞ս ծախում:

ՓԱՆՈՍ — Չէ~, ի՞նչ ջուր, էս մարդկանց եղն ու բրինձն է, ետ եմ բերել, որ այսուհետ էլ կռիվ ու վեճ չլինի, սեր ու համերաշխություն տիրի մեր աշխարհում:

ԱՂՎԵՍ — Բախտդ բերեց, որ ջուր ծախող չես: Թագավորի հրամանով էսօրվանից արգելվում է ջուր ծախելը: Ով չենթարկվի թագավորի հրամանին` գլուխը կտրելու ենք:

ԲԱՐԵԿԵՆԴԱՆ — Այ քեզ փորձա~նք… Բա մեր Հովհաննեսն ինչո՞վ է ապրելու:

ԱՂՎԵՍ — (պարծենկոտ): Հովհաննեսի կուժը քիչ առաջ անձամբ ես ջարդեցի: Վզակոթին տալով ձեռքից խլել եմ ու տվել գետնովը:

ՀՈՒՌԻ — Քոռանա~մ…

Մթնեցում:

Հնչում է ժողովրդական պարեղանակ:

Լուսավորվում է: Հովհաննեսի տունը: 

Տանտերը նստած է կարպետի վրա` բարձին թիկնած, ձեռքին գինու գավ, խրախուսում է պարողներին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Ա՛յ, ջան եմ ասե~լ… Ես ձեր ցավը տանեմ, ա´յ էդպես` սիրո~վ, համերա~շխ… 

Դռան ուժգին թակոց: Պարն ընդհատվում է:

Մտնում է թիկնոցով, գլխանոցով քողարկված Թագավորը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Ա~, ճամփորդ ախպեր, համեցե~ք, համեցե~ք, նստիր քո տեղը, քեֆ անենք, ցերեկը երկարացնենք, գիշերը կարճացնենք: Ուրախանանք, ավելի լավ է ուրախանալ, քան տրտմել:

ԹԱԳԱՎՈՐ — (վերցնում է գինու գավը): Իհարկե, ուրախությունը ավելի լավ է: Ամենքս էլ մեռնելու ենք, ո°վ կարող է, թող ուրախանա: Բոլորիդ կենացը: (Խմում է:) Հովհաննես եղբայր, էսօր ի՞նչ լսեցի, ասում են՝ թագավորը արգելել է ջուր ծախելը, ճշմարի՞տ է արդյոք:

ՀՈՎՀԱՆՆԵՍ – Ինչպե~ս չէ, ինչպե~ս չէ, ամենքիս ջրի ամաններն էլ ոչնչացրին: Ախպեր, դու կատարյալ մարգարե ես եղել. ինչ ասում ես` մյուս օրը կատարվում է:

ԹԱԳԱՎՈՐ — Հապա ի՞նչպես է, որ դու դարձյալ քեֆ ես անում: Ո՞րտեղից ես գտել փողը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ – Երանի թե մարդու պակասը փողը լինի: Փողի գտնելը հեշտ է, ճամփորդ ախպեր: Գնացի մի գործատիրոջ մոտ, մշակ դարձա: Օրական մի բան է տալիս. բերում եմ, մի մասը ապրուստիս եմ անում, մյուսով շարունակում ենք մեր քեֆը: Բանը մարդու սիրտն է, ճամփորդ ախպեր, թե սեր ունեցար աշխարհի վրա, ոչ մի դժվարություն սարսափելի չէ:

ԹԱԳԱՎՈՐ — Ես իմ հոգին, արժե, որ էդ սրտով դու թագավորի պալատական լինեիր: 

ՀՈՎՀԱՆՆԵՍ – Վա´հ, քո ասածները կատարվում են ճշմարտությամբ, բա որ հանկարծ էս խոսքդ էլ կատարվի՞…

ԹԱԳԱՎՈՐ — Ինչո՞ւ չի կատարվի, աշխարհում անկարելի բան չկա:

ՀՈՎՀԱՆՆԵՍ – Դե որ էդպես է, եկեք շարունակենք մեր քեֆը, որ նոր տարուն Ձմեռ պապն էլ գա ու տեսնի, որ մենք սիրով և համերաշխությամբ ենք ապրում:

Պարեղանակ: Պարում են:

— Ջան եմ ասե՜լ…

— Տաշի՜…

— Ջան, ուրախությո՜ւն…

Մթնեցում:

Թագավորի պալատը: Մտնում է Աղվեսը, նրա ետևից՝ պալատական զգեստ հագած Հովհաննեսը, որ նեղվում է նոր հագուստի մեջ ու զարմացած չորս կողմն է նայում:

ԱՂՎԵՍ — Թագավորի հրամանով դու էսօրվանից պալատական պաշտոնյա ես:

ՀՈՎՀԱՆՆԵՍ – Ախր, ես ի՞նչ պալատական, աղա ջան… բաց թողեք գնամ իմ գործին…

ԱՂՎԵՍ — (խստորեն սաստում է): Ձենդ կտրի՛: Դա մեծ պատիվ է քեզ համար: Թագավորի հրամանն է, չկատարեցիր`գլուխդ կթռցնի: Առ, էս սուրն էլ կապի մեջքիդ ու հսկիր պալատը: (Իր սուրն արձակում, տալիս է Հովհաննեսին:) Ոչ մի անծանոթ մարդու ներս չթողնես: Դու էստեղի պալատական ցերեկային պահակն ես, մինչև ուշ երեկո ժամապահություն պիտի անես ու ոչ մի քայլ չհեռանաս: Հասկացա՞ր:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — (տխուր, հոգոցով): Հասկացա: (Աղվեսը դուրս է գնում: Հովհաննեսը կապում է սուրը, զննում է պալատը, ապա, ձանձրացած, մեկ աջ ու ձախ է քայլում, մեկ կանգնում՝ հենվում է աջ կամ ձախ ոտքին, ապա պատյանից հանում է սուրը, զննում է:) Վահ, ձեզ մատաղ, իսկական պողպատից է… Էնքան էլ սուր է էս անտերը… Այ, եթե սրանից իմ հարևան մսավաճառ Հարութն ունենար… Անցած օրը դժգոհում էր, որ դանակը մաշվել է: Է՜հ, միսն ո՞ւմ են տալի, սուր դանակն՝ ո՜ւմ, պաշտոնն՝ ում: Դրա համար էլ աշխարհում չարն ու բարին խառնվել են իրար:

Մթնեցում:

Հնչում է ռեփը:

Լուսավորվում է: Հովհաննեսի տունը: Ռեփ:

ԲՈԼՈՐԸ

Ալա, բալա, նիցա,

դուս կաբանիցա,

հեյ գիդի բան-չո,

փա-լան-չո,

չո, չո, չո,

դուս կապիտանչո:

ՀՈՒՌԻ

Շարունակվում է հեքիաթը, 

Որ ծանոթ է մեզ մանկուց,

Մեր տատիկի տատի տատն էլ 

Հեքիաթ է պատմել վաղուց:

ԲՈԼՈՐԸ

Ալա, բալա, նիցա,

դուս կաբանիցա:

ՓԱՆՈՍ

Մեկ լինում է, մեկ չի լինում`

Ժամանակով ու ժուկով,

Հեքիաթներն են այսպես ծնվում,

Մեզ զարդարում հրաշքով:

ԲՈԼՈՐԸ

Ալա, բալա, նիցա,

դուս կաբանիցա:

ԱՆՈՒՇ

Մեծ, թե փոքր, ծեր, թե ջահել,

Ժամանակով ու ժուկով,

Հեքիաթներով են մեծացել,

Հրաշքների պերճ շուքով:

ԲՈԼՈՐԸ

Ալա, բալա, նիցա,

դուս կաբանիցա:

ՆԱԶԱՐ

Հեքիաթները ամենուր են,

Թե գրքերում, թե կայքում,

Նույնիսկ այստեղ` մեր թատրոնում,

Մենք հեքիաթներ ենք լայքում:

Մտնում է Հովհաննեսը՝ գինու կուլան ձեռքին:

ԲՈԼՈՐԸ — Հովհաննեսը եկա՜վ, Հովհաննեսը՜…

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Արդեն հավաքվել ե՞ք: Դե տեղավորվեք, նստեք, մեր քեֆը սկսենք:

Դռան ուժգին թակոց: Մտնում է թիկնոցով, գլխանոցով քողարկված Թագավորը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Արի~, արի, ճամփորդ ախպեր, քո տունը չքանդվի, արի, է՞… Բա չե՞ս ասի, երեկվա խոսքդ էլ կատարվեց, թագավորն ինձ պալատում պաշտոն է տվել:

ԹԱԳԱՎՈՐ — (տեղավորվելով): Օ~, ի՞նչ ես ասում…

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Աստված վկա:

ԹԱԳԱՎՈՐ — Եվ երևի շատ փող է տվել…

ՀՈՎՀԱՆՆԵՍ – Չէ~, ի՞նչ փող. մի գրոշ չտվին: Դատարկ տուն ուղարկեցին:

ԹԱԳԱՎՈՐ — Հապա որտեղի՞ց ես փող գտել, որ դարձյալ քեֆ ես անում: 

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Նստիր, ասեմ որտեղից: Մի թուր են կապել մեջքիս: Իրիկունը տուն գալիս մտածեցի` հո ես մարդ չե՞մ սպանելու: Տարա, պողպատի շեղբը ծախեցի ու էդ փողով հիմա քեֆ ենք անելու: Լավ եմ արել, չէ՞, ավելի լավ է ուրախություն ունենալ, քան մարդ սպանելու թուր:

ԹԱԳԱՎՈՐ – (սրտանց ծիծաղում է): Հա~, հա~, հա~… Լավ անելը` լավ ես արել, բայց եթե էգուց թագավորը քեզ հրամայի, թե` կտրի էս հանցավորի գլուխը` ի՞նչ ես անելու:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — (անհանգստացած): Բերանդ բարի բաց արա, այ չարագուշակ ճամփորդ, հակառակի նման ինչ էլ ասում ես, կատարվում է: Չես կարո՞ղ մի լավ բան ասել…

ԹԱԳԱՎՈՐ – Դե, ես ինչ մտածում` էն եմ ասում, բայց հո չե՞մ ուզենա հենց այդպես լինի… Իմ լսելով, թագավորը խիստ ատում է համերաշխությունն էլ, սերն էլ… Նրանից ամեն վատ բան սպասելի է:

ՓԱՆՈՍ — Չի հասցնի:

ԹԱԳԱՎՈՐ — Ի՞նչը չի հասցնի:

ՓԱՆՈՍ — Չի հասցնի մեր Հովհաննեսին նեղություն տա, որովհետև վաղը նոր տարի է, Ձմեռ պապն ու Ձյունանուշիկն են գալու, բոցկլտալու է սիրո և համերաշխության տոնածառը: Ձմեռ Պապը չի թողնի, որ Թագավորը նեղացնի մեզ:

ԹԱԳԱՎՈՐ — (մտախոհ): Ասում ես՝ Ձմեռ Պապը վաղն է գալի՞ս… ո՞ր ճամփով է գալու:

ՓԱՆՈՍ — Սարերով ու ձորերով, անտառներով ու դաշտերով:

ԹԱԳԱՎՈՐ — Ո՞նց թե… (Ցասկոտ ոտքի է ելնում:) Ո՞վ է նրան իրավունք տվել առանց իմ հրամանի երկիր մտնի: Անմիջապես ձերբակալել է պետք նրանց ու շղթայակապ  մութ զնդանը գցել: 

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Այ ճամփորդ ախպեր, դու հո թագավոր չե՞ս, որ այդպիսի խոսքեր ես ասում:

ԹԱԳԱՎՈՐ — (սթափվում է): Ըըըմ… Ուզում էի ասել… ուզում էի ասել, բա որ թագավորն իմանա ու այդպիսի հրաման արձակի, ի՞նչ ենք անելու… Ախր սերն ու համերաշխությունը կվերանա երկրից…

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Հա՜… Ես էլ զարմացա… Բայց դու բերանդ  բարի բաց արա, հակառակի պես ինչ ասում ես՝ կատարվում է:

 ԹԱԳԱՎՈՐ — Ներող եղեք, Հովհաննես եղբայր, բայց հո չե՞մ ուզենա հենց այդպես լինի… Ես գնամ… գնամ, քանի դեռ էլի վատ բաներ չեմ ասել… (Թիկնոցով փաթաթվելով շտապ դուրս է գնում:)

Բոլորը մտախոհ լռում են:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Բարեկամներ, կասկած ընկավ սիրտս: Այս մարդն ամենևին էլ խեղճ ճանապարհորդ չէր: Նա կամ ինքը թագավորն է, կամ թագավորի լրտեսը: Նրանք թակարդ կլարեն Ձմեռ Պապի ճանապարհին:

ՓԱՆՈՍ — (ոտքի ելնելով, գդակը դնում է, գլխահակ): Ժողովուրդ ջան, էս ամեն ձախորդությունն իմ պատճառով եղավ… Ճիշտն էն կլինի, որ ես գնամ…

ՀՈՒՌԻ — Բայց դու ի՞նչ վատ բան ես արել, այ մարդ:

ՓԱՆՈՍ — Բա իմ անունը Ձախորդ Փանոս չի՞… Որտեղ ես կամ՝ ձախորդությունն անպակաս ա: Ես հեռանում եմ, որ ձեզ փորձանքի մեջ չգցեմ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Սպասիր, Փանոս: Քո պատճառով ոչ մեկը փորձանքի չի եկել: Էդ դու ես քո միամտությամբ փորձանքի մեջ ընկնում: Թումանյանը հենց այդպես է նկարագրել, այնպես որ, քո մասին նոր հեքիաթ մի հնարիր…

Դռան թակոց: Հևասպառ ներս է ընկնում Աղվեսը: 

ԲՈԼՈՐԸ — (ընկրկելով): Աղվե՜սը… Թագավորի Աղվե՜սը…

ՀՈՎՀԱՆՆԵՍ — (առաջանում է): Պարոն Աղվես, իմ բարեկամները ոչ մի մեղք չեն գործել, այդ ես եմ ամեն օր քեֆ-ուրախություն կազմակերպել: Ուրեմն միայն ինձ ձերբակալիր:

ԱՂՎԵՍ — Ի՜նչ ձերբակալել, ի՜նչ բան, ես փախել եմ թագավորի մոտից…

ՈՒՍՏԻԱՆ — Այ ֆողե՜մ ես քու գլուխը, էլի խորամանկություն ես անո՞ւմ… Հենց ե՛ս եմ սերն ու համերաշխությունը տարածել, ինձ ձերբակալիր:

ՈՐՍԿԱՆ — Էդ ի՞նչ ես ասում, է՞… (Աղվեսին.) Հենց ե՛ս եմ համերաշխություն տարածողը, ինձ ձերբակալիր:

ՆԱԶԱՐ — Գյադե՛ք, սպասեք, հալա՝ հո՛պ… էս ի՞նչ ա, ի՞նչ եք իրարով խառնվել: Էն որ Քաջ Նազարը մին զարկում, հազար սեր ու հինգ հազար համերաշխություն էր փռում, դուք որտե՞ղ էիք: Աղա Աղվես, գնացինք, էս պահից ես ձերբակալված եմ:

ԱՂՎԵՍ — (փլվում է ծնկներին): Բարեկամնե՜ր… բարեկամնե~ր, խնդրում եմ, հավատացեք ինձ, ես փախել եմ այդ դաժան ու չար մարդուց, ներեցեք իմ մեղքերը… (Ձեռքը ծոցը տանելով եղևնու մի ճյուղ է հանում:) Ահա, սա էլ՝ ապացույցը…

ՓԱՆՈՍ — Չհասկացանք, սովորական ճյուղ ա, էլի՜, դա ի՞նչ ապացույց:

ԱՂՎԵՍ — Ոչ, բարեկամներ, սա սովորական ճյուղ չէ, սա հրաշագործ է:

ՈՒՍՏԻԱՆ — Էլ հեքիաթ մի պատմի, մենք մեր հեքիաթն ունենք, քեզ ո՞վ ասավ, որ դա հրաշագործ ճյուղ ա:

ԱՂՎԵՍ — Ձյունանուշն ասաց, հենց նա էլ տվեց այս ճյուղը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Դու տեսել ես Ձյունանուշի՞ն:

ԱՂՎԵՍ — Մի՞թե դուք չգիտեք, որ Ձմեռ Պապի և Ձյունանուշի ճանապարհին Թագավորը թակարդ լարեց և նրանք հիմա շղթայակապ մութ զնդանում են…

ԱՆՈՒՇ — Վայ, իմ մինուճար Ձյունանուշիկ ջա՜ն…

ՈՒՍՏԻԱՆ — Վայ, սառույց արևիդ մեռնեմ, Ձյունանուշիկ ջա՜ն…

ՀՈՒՌԻ — Վայ, քո ցուրտ շնչին մատաղ, Ձյունանուշիկ ջա՜ն…

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Սպասեք բարեկամներ, սպասեք, ողբ ու կականի ժամանակը չէ: (Աղվեսին.) Ուրիշ ի՞նչ ասաց Ձյունանուշիկը:

ԱՂՎԵՍ — Ասաց, որ եղևնու ճյուղը վարպետ Հովհաննեսին հանձնեմ, ասաց, որ նա կգուշակի՝ ինչ պետք է անել:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — (ճյուղը վերցնելով զննում է): Իսկ այդ չարագործ թագավո՞րը… Ի՞նչ է պատրաստվում անել:

ԱՂՎԵՍ — Թագավորն իր չարությունից սկսել է ուռչել… Նրա փորն այնքան է ուռել, որ հազիվ է քայլում: Նա որոշել է Ձմեռ Պապին ու Ձյունանուշին վաղն իսկ գլխատել, որ նրանք չհասցնեն վառել սեր և համերաշխություն տարածող տոնածառի լույսերը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Բարեկամներ, կարծես թե գլխի եմ ընկնում, թե ինչ է մեզ հուշել Ձյունանուշը՝ այս հրաշագործ ճյուղով: Մոտեցեք, խորհրդակցենք, որոշենք մեր անելիքը:

Մթնեցում:

Լուսավորվում է:

Թագավորի պալատը: Պալատականները սպասում են թագավորին: Մի անկյունում, կարծես բոլորից անտեսված, ժամապահում է Հովհաննեսը: Փողերի ազդականչ: Մտնում է չափից դուրս փքված Թագավորը, մի կերպ բազմում է գահին: Պալատականները խոնարհվում են:

ԹԱԳԱՎՈՐ — Հարգարժան իշխաններ: Վերջին շրջանում իմ երկրում շատացել են հանցագործները: Մի քանիսը կոշկակարություն էին անում, մի քանիսն էլ համարձակվում էին Աստծո տված ջուրը վաճառել ժողովրդին: Իմ արքայական հրամանով այդ հանցագործները ստացել են իրենց արժանի պատիժը: Իսկ գլխավոր հանցագործներին՝ Ձմեռ Պապին ու Ձյունանուշին երեկ եմ ձերբակալել: Մենք թույլ չենք տա, որ մեր երկրում սեր ու համերաշխություն տիրի, հենց այս պահին նրանց պետք է գլխատել:

ՊԱԼԱՏԱԿԱՆՆԵՐ

— Պատժել հանցագործի՜ն…

— Գլխատել է պետք նրանց…

— Գլխատե՜լ, հենց հիմի թռցնել գլուխները…

ԹԱԳԱՎՈՐ — Հրամայում եմ առաջինը ներս բերել այդ սառցե աղջկան: (Բոլորը շրջվում են դեպի մուտքը: Նիզակներով զինված երկու պալատական ներս են բերում շղթայված Ձյունանուշին և ծնկի են բերում նրան:) Ահա, այս աղջիկն է, որ ծանր ու աններելի հանցագործություն է կատարում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — (առաջանում, խոնարհվում է): Թագավորն ապրած կենա, էս սիրուն աղջիկն, ախր, հանցագործ չի, մեր Ձյունանուշն ա… Նա եկել է, որ…

ԹԱԳԱՎՈՐ — Ձայնդ կտրի՛ր: Նա հենց հիմա պետք է գլխատվի: Հրամայում եմ, որ նրա գլուխը կտրես հենց ինքդ: Առաջ արի, հանիր թուրդ և կտրիր այս հանցագործ աղջկա գլուխը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ — (խոնարհվելով): Ապրած կենաս, մեծ թագավոր, ես իմ օրում մարդու գլուխ կտրած չկամ, չեմ կարող…

ԹԱԳԱՎՈՐ — Ինչպե՞ս ես համարձակվում չկատարել իմ հրամանը: Ես քեզ հրամայում մ` հենց այս պահին հանիր թուրդ ու կտրիր հանցագործի գլուխը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Թագավորն ապրած կենա, հրամանիդ խոնարհ եմ… միայն թե… ուղիղ երկու րոպեից Նոր տարի ա, եկեք թողնենք, որ Ձյունանուշը Ձմեռ Պապի հետ Նոր տարին անց կացնի ու ձեռաց կկտրեմ էս հանցագործի գլուխը:

ԹԱԳԱՎՈՐ – Ո՛չ: Նա չի տեսնելու Նոր տարին: Եթե նրանք մասնակցեն Ամանորի հանդեսին, իմ երկրում կտարածվի սերն ու համերաշխությունը և նրանց պատժել չեմ կարող:  Եթե դու մի վայրկյան էլ ուշացրիր, ապա քո գլուխը կտրել կտամ: Հրամայում եմ` հանիր թուրդ…

ՀՈՎՀԱՆՆԵՍ — (ճարահատ մոտենում է ծնկած Ձյունանուշին,, ձեռքերը տարածում է վեր): Տե~ր Աստված, արդարն ու մեղավորը դու գիտես: Եթե Ձյունանուշը մեղավոր է, ինձ ուժ տուր, որ մի զարկով թռցնեմ նրա գլուխը, իսկ եթե արդար է, թող իմ թուրը սովորական մի ճյուղ դառնա… (Պատյանից հանում է եղևնու ճյուղն ու պարզում` ի տես բոլորի:)

ՊԱԼԱՏԱԿԱՆՆԵՐ

— Թուրը ճյուղ դարձավ…

— Այ քեզ հրաշքը…

— Հրա~շք կատարվեց…

 — Չլսվա~ծ, չտեսնված բան…

ԹԱԳԱՎՈՐ — Ո՜չ, սա խաբեբայություն է՜… (Մի կերպ իջնելով գահից՝ ընդհուպ մոտենում է:) Բոլորի մոտ խոստովանիր, ավազակ, որ պողպատյա սուրը վաճառել ու տեղը հասարակ եղևնու ճյուղ ես դրել:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Հասարա՞կ, սա հրաշագործ ճյուղ է, թագավոր:

ԹԱԳԱՎՈՐ — Չհավատաք նրա՜ն… Եթե հրաշագործ ճյուղ է, մի հրաշք էլ ցույց տուր, ապա թե ոչ՝ քո գլուխն էլ կկտրեմ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Ինչո՞ւ մեկը, ես կարող եմ երկու հրաշք ցույց տալ: Ահա, նայեք: (Ճյուղը քսում է Ձյունանուշի շղթաներին: Գունախաղ, շղթաները պոկվելով ցած են ընկնում:)

ՊԱԼԱՏԱԿԱՆՆԵՐ

— Հրա՜շք կատարվեց, հրա՜շք…

— Այ քեզ հրաշքը…

— Չլսվա~ծ, չտեսնված բան…

ԹԱԳԱՎՈՐ — Կսպանե՜մ… (Սուրը մերկացնելով հարձակվում է Հովհաննեսի վրա:)

ՀՈՎՀԱՆՆԵՍ — (խուսափում է հարվածից): Դու հրաշքնե՞ր էիր ուզում, թագավոր: Այս էլ, ահա, երկրորդ հրաշքը: (Ճյուղով խոյահարում է նրա փորը:)

Թագավորի փորը մեծ թնդյունով պայթում է և նա տապալվում է գետնին:

ԹԱԳԱՎՈՐ — Ես մեռաաա՜… 

Հնչում է ռեփը: Ուրախ գոչյուններով, մի կողմ նետելով պալատական զգեստները,  հերոսները ռեփ են կատարում:

ԲՈԼՈՐԸ

Ալա, բալա, նիցա,

դուս կաբանիցա,

հեյ գիդի բան-չո,

փա-լան-չո,

չո, չո, չո,

դուս կապիտանչո:

ՀՈՒՌԻ

Շարունակվում է հեքիաթը, 

Որ ծանոթ է մեզ մանկուց,

Մեր տատիկի տատի տատն էլ 

Հեքիաթ է պատմել վաղուց:

ԲՈԼՈՐԸ

Ալա, բալա, նիցա,

դուս կաբանիցա:

ՓԱՆՈՍ

Մեկ լինում է, մեկ չի լինում`

Ժամանակով ու ժուկով,

Հեքիաթներն են այսպես ծնվում,

Մեզ զարդարում հրաշքով:

ԲՈԼՈՐԸ

Ալա, բալա, նիցա,

դուս կաբանիցա:

ԿԻԿՈՍ — Դեռ չի եղել մի նոր տարի,

Որ Ձմեռ Պապը չգա,

Մեր բարության, երջանկության

Այս հանդեսն էլ է վկա:

ՆԱԶԱՐ

Հեքիաթները ամենուր են,

Թե գրքերում, թե կայքում,

Նույնիսկ այստեղ` մեր թատրոնում,

Մենք հեքիաթներ ենք լայքում:

ՈՒՍՏԻԱՆ — (ընդհատում է երգը): Ժողովուրդ ջան, հալա կացեք: Բա առանց Ձմեռ Պապի քեֆ ե՞նք անում… Հեքիաթի էս մասը ինձ դուր չի գալի, փոխեք:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇ — Սիրելի Ուստիան, բարեկամներ, սիրելի երեխաներ, չէ՞ որ սա հեքիաթ է, իսկ հեքիաթում ամեն ինչ հնարավոր է, այնպես չէ՞… (Երեխաների պատասխանից հետո:) Բայց քանի որ մենք ուզում ենք բարությունն ու համերաշխությունը ոչ միայն հեքիաթներում լինի, այլև կյանքում, ուրեմն, պետք է… Ապա, գուշակեք, ի՞նչ պետք է անենք…

ԲՈԼՈՐԸ

Հրավիրենք Ձմեռ Պապին… Ձը-մեռ Պա-պի, Ձը-մեռ Պա-պի…

Զանգակների ղողանջով հմայիչ մեղեդի: Բոլորը զարմացած շուրջբոլորը նայելով փորձում են գուշակել, թե որտեղի՞ց է տարածվում կախարդական ղողանջը:

Մտնում է Ձմեռ Պապը:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇ — Ահա և նա՜, մեր սիրելի Ձմեռ Պա՜պը:

Իջնում է զարդարված, լուսեղեն տոնածառը, գույնզգույն փայլաթիթեղներ են տեղում:

ՁՄԵՌ ՊԱՊ — (Ձյունանուշի հետ առաջանում է): 

Ողջո՜ւյն ձեզ, ողջո՜ւյն, իմ լավ բալիկներ,

Մեծ ու փոքրիկներ Մայր Հայաստանի,

Թող այս նոր տարին օջախներում ձեր,

Համերաշխ սիրո վառ օրեր բերի:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇ — Սիրեցեք միմյանց, հարգեցեք միմյանց,

Սերն է աշխարհի լույսը ոգեղեն,

Ատեցեք չարը, վատն-անարդարը,

Հրճվանքով լցրեք երկիրը նորեն:

ՁՄԵՌ ՊԱՊ – Մենք հեռո՜ւ-հեռվից եկել ենք ձեզ հյուր,

Որ բարիք լցվի Հայոց աշխարհում,

Որ ձեր հոգու մեջ բոցկլտա լույս-հուր,

Եվ խաղաղ կյանքի բերկրանքը անհուն:

(Ձյունանուշի հետ՝ միասին:)

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ:

Հնչում է Ձմեռ Պապի և Ձյունանուշի երգը, որի կրկներգը կատարում են բոլորը: 

Այդուհետ՝ պարեղանակ: Բոլորը պարում են, բեմ են հրավիրվում նաև հանդիսատես երեխաները:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։