Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ / Սոնորիայի հրաշքը

   Ամանորյա հեքիաթ-պիես չորս պատկերով      

Գործող անձինք

ՍՈՆՈՐՍոնորիայի թագավոր

ԳԱՄՄԱՍոնորիայի թագուհի

ՄԱԺՈՐարքայազն

ՄԻՆՈՐարքայազն

ՏՈՆԻԿԱարքայադուստր

ԱՆՏՐԱԿՏվհուկ

ՖԱԼՇթզուկ

ՁՄԵՌ ՊԱՊ

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ

Ցանկալի է, որ «Փաթիլը», «Արթնացեք հնչյուններ», «Նոր տարի» երգերի տեքստերը տոմսերի հետ բաշխվեն հանդիսատեսին, որպեսզի ներկայացման ընթացքում ձայնակցեն երգերին: Հակառակ դեպքում պիեսից հանել է պետք հերոսներին ձայնակցելու, ներկայացմանը մասնակցություն բերելու առաջարկի տեքստերը:

ԱՌԱՋԻՆ ՊԱՏԿԵՐ

Բեմը ներկայացնում է հեքիաթային, բայց լքված ու ամայի       միջավայր և դժվար է որոշել՝ ձմեռային եղևնիների բացա՞տ է, թե՞ սարդոստայնով պատված թագավորանիստ դահլիճ:

Եղևնիները հար և նման են մեկը մյուսին և կարծես զարդարանքներ ունեն:

Այս ու այնտեղ երաժշտական տարբեր գործիքներ, անկյունում՝ դաշնամուր, կենտրոնում՝ Սոնորի գահը:

Երաժշտություն: Մտնում է Ֆալշը, երգով՝ հանդիսատեսին:

ՖԱԼՇԵկել եք, եկել եք, եկել եք,

       Եկել եք հրաշք նայելու,

       Տղերք, միամիտ չլինեք,

       Հրաշքներ էլ չեն լինելու:

          Իմ ճիշտը աշխարհի սուտն է,

          Իմ սուտը՝ աշխարհի ճիշտը,

          Ով ասի, որ դա սուտ է,

          Կլինի նրա վերջին ճիչը:    

(Վայելքով բազմում է գահին): Է՜, աշխարհ, աշխարհ, ոչ ու փուչ աշխարհ… (Հանդիսատեսին.) Երեխեք ջան, ձեր բախտը չբերեց, ուշացաք: (Չորս կողմը ցույց տալով): Էս ամեն ինչը, որ տեսնում եք, արդեն ֆալշ է, կեղծ ֆալշ, որովհետև ես ինքս Ֆալշն եմ, կթողնե՞մ, որ մի բան արդար մնա: Էն առաջ էր, որ ճո՜խ, ուրա՜խ հանդես-մանդես էր լինում: Հիմի բոլորին բռնել, լցրել ենք բանտը, էնպես որ իզուր եք եկել, գնացեք տուն: Վա՞յ, ո՞ւմ եմ ասում… Հանդես չի լինելու, գնացե՛ք… (Ձյուն է տեղում): Ըհը, ձյունն էլ վրա տվեց… (Սրսռում է): Բը՜ռռ… գնամ, վրաս մի շոր գցեմ… Դուք էլ իզուր եք նստել… քիչ հետո էստեղ դատ-դատաստան է լինելու, մինչև 16 տարեկաններին նայելը արգելվում է… Գնացեք տուն, հեռուստացույցը միացրեք, մուլտիկ նայեք… (Տատանվում է, ապա՝ վճռում): Դե լավ, որ հասել եք էստեղ, երգս մինչև վերջ համար երգեմ ու գնացեք տուն: (Երաժշտություն):

     — Ես Ֆալշն եմ, ֆալշերի ֆալշը,

       Բլեֆն եմ, բլեֆի բլեֆ,

       Կեփեմ ես ուզածիդ ճաշը,

       Չկա ինձ համար ուրիշ ձև:

          Իմ ճիշտը աշխարհի սուտն է,

          Իմ սուտը՝ աշխարհի ճիշտը,

          Ով ասի, որ դա սուտ է,

          Կլինի նրա վերջին ճիչը:

Մտնում եմ, շեղում իմ ֆալշով,

Ամեն ինչ Ժանգի պես մաշում,

Հա՛հա՛հա՜իմ ֆալշ հրաշքով,

Գարունը դարձնում եմ աշուն:

Իմ ճիշտը աշխարհի սուտն է,

          Իմ սուտը աշխարհի ճիշտը,

          Ով ասի, որ դա սուտ է,

          Կլինի նրա վերջին ճիչը:

Դե՝ պը՛րծ, հաջող ձեզ: (Դուրս է գնում):

Առատ ձյուն է տեղում: Փաթիլների ճախրանքով գոյանում է Ձյունանուշիկը:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ (իր հայտնվելուց գոհ՝ չորս կողմն է նայում): Ա՛հ, ի՜նչ լավ է: Ես նորից ծնվեցի: (Հրճվում է): Ես նորից ծնվեցի՜… (Ունկնդրում է իր ձայնի արձագանքը: Տարակուսած): Այս ի՞նչ զարմանահրաշ վայրում հայտնվեցի: (Նկատում է հանդիսատեսին): Երեխանե՜ր… Այստեղ երեխաներ կան: (Ուրախ առաջանում է): Բարև ձեզ, երեխաներ… Ինչ լավ է, որ դուք այստեղ եք: Ես Ձյունանուշիկն եմ, Ձմեռ Պապի անբաժան ուղեկցուհին: Գիտեք, դեռ երբեք ես չեմ հայտնվել այսպիսի տարօրինակ բացատում: (Զարմացած շուրջն է նայում): Կարծես ոչ թե բացատ է, այլ պալատ… Կարծես ոչ թե պալատ է, այլ բացատ… (Հանդիսատեսին.) Իսկ Ձմեռ Պապը դեռ չի՞ եկել… Ա՜յ քեզ բան… Հիմա ի՞նչ անենք… Առանց նրա ես… Ես չգիտեմ, թե ի՞նչ պետք է անել: Սովորաբար մենք միասին ենք այցելում Ամանորի հանդեսներին: Իսկ այս անգամ… (Մի լավ բան անելու ցանկությամբ): Ուզո՞ւմ եք, ձեզ համար նվագեմ… Գուցե երգե՞մ… (Շվարում է): Չգիտեմ, թե որն է ճիշտը: (Մոտենում է դաշնամուրին):  Ի՜նչ փոշոտ է: Երևի տարիներով չեն նվագել: (ճռինչով բացում է կափարիչը, հարվածում ստեղներից մեկին):

ՍՈՆՈՐ(հնչյունից անմիջապես հետո): Ես այստեղ եմ, տեր իմ: (Գլխահակ առաջանում է):

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ(վախեցած ընկրկում է): Ո՞վ… Այդ ո՞վ է…

ՍԵՆՈՐ(հայացքը չբարձրացնելով): Ես՝ Սոնորիայի Սոնոր թագավորս: (Խոնարհվում է): Փա՜ռք Անտրակտին: Ի՞նչ կհրամայեք:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Հրամայե՞լ… Ինչո՞ւ համար…

ՍՈՆՈՐ(ծնկի է իջնում, աղերսանքով): Հրամայե՛ք, խնդրում եմ, հրամայե՜ք և ես կկատարեմ: Միայն թե մի տանջեք իմ Տոնիկային, մի տանջեք, տիրակալ:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Բայց… Բայց ես չեմ ճանաչում նրան և… ինչո՞ւ պիտի տանջեմ… Ես… Ես ի՞նչ տիրակալ…

ՍՈՆՈՐ(բարձրացնում է հայացքը՝ անակնկալի եկած): Դուք… դուք ո՞վ եք:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Ես Ձյունանուշիկն եմ:

ՍՈՆՈՐ(թախծոտ ժպտում է): Ձյունանուշի՜կ… Մի՞թե արդեն տարեմուտ է:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Իհարկե: Շուտով: Չգիտեի՞ք, ինչ է:

ՍՈՆՈՐ — Իմ Տոնիկան շատ էր սիրում Ամանորի հանդեսը: (Սրբում է արցունքները):

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Չեմ հասկանում: Ի՞նչ է պատահել:

ՍՈՆՈՐ(ցուցամատը հպում է շուրթին): Կամա՜ց, կամաց խոսիր, աղջիկս, զգույշ… Նա կարող է ամեն պահի հայտնվել:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Ո՞վ, Տոնիկա՞ն:

ՍՈՆՈՐ — Ա՜խ, ո՞ւր է, թե նա գար… Անտրա՛կտը, վհուկ Անտրակտը՝ Ֆալշի հետ:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ(փորձում է հիշել):  Անտրա՞կտ… վհո՞ւկ… Ես շատ հեքիաթներում եմ եղել, բայց այդպիսի վհուկի անուն լսած չկամ:

ՍՈՆՈՐ — Փախի՛ր, աղջիկս, գնա այս անիծված երկրից: Քո բախտը բերել է, որ չես հանդիպել նրանց:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Իսկ ինչո՞ւ պիտի վախենամ նրանցից: Ո՛չ ես, ոչ էլ Ձմեռ Պապը դեռ ոչ մի հրեշից չենք փախել:

ՍՈՆՈՐ — Օ՜, նա բոլորովին ուրիշ է, իզուր ես համառում և իզուր ինձ կանչեցիր այստեղ:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Ես Ձեզ չկանչեցի, դուք ինքներդ եկաք ու այնպիսի տարօրինակ անուններ եք ասում…

ՍՈՆՈՐ — Լսիր ուրեմն: Ես հիմա քեզ ամեն ինչ կբացատրեմ: Բնության մեջ գոյություն ունեն բազմաթիվ հնչյուններ, ճի՞շտ է:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Ճիշտ է:

ՍՈՆՈՐ — Սակայն դրանցից երաժշտության մեջ օգտագործվում են միայն այն հնչյունները, որոնք պիտանի են երաժշտական մտքեր արտահայտելու համար: Իսկ դրանք շատ քիչ են, աղջիկս, հազիվ մի հարյուր հնչյուն: Ես Սոնորիայի թագավոր Սոնորն եմ՝ հնչյունը…

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ(կռահում է): Ուրեմն… Ուրեմն դուք հայտնվեցիք, երբ ես հարվածեցի դաշնամուրի ստեղնի՞ն:

ՍՈՆՈՐ — Այո, այլապես չէի գա:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Իսկ ի՞նչ բան է «Սոնորիա»:

ՍՈՆՈՐ – Օ՜, դա իմ տիրապետությունն էր, իմ դրախտային երկիրը, որտեղ ապրում և մարդկանց ծառայում էին երաժշտական բոլոր հնչյունները: (Սրբում է արցունքները):

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Իսկ ինչո՞ւ եք նրանց մասին անցած ժամանակով և այդպես վշտագին պատմում: Մի՞թե նրանք էլ չկան:

ՍՈՆՈՐ(հոգոցով): Եվ կան, և չկան, աղջիկս, ինչպես՝ ես:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ(ոգևորվում է): Մի տխրեք, հնչյունների թագավոր: Հիմա ես կնվագեմ այս գործիքներով և նրանք կհայտնվեն այնպես, ինչպես դուք եկաք…

ՍՈՆՈՐ — Օ՜ ո՛չ, ո՛չ աղջիկս, պետք չէ: Եթե Անտրակտը հայտնվի և տեսնի, որ առանց իր հրամանի մենք համարձակվել ենք նույնիսկ շշնջալ, կսպանի մեզ և իմ խեղճ Տոնիկային… (Հուզվում է):

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Տոնիկայի՞ն…

ՍՈՆՈՐ — Այո, իմ սիրասուն աղջկան: Անտրակտը նրան պատանդ է պահում,  չգիտենք, թե նա որտեղ է: Ապրում էինք մենք հաշտ ու խաղաղ և մեր ուժն ու հզորությունը մեր բարեկամության, համերաշխության մեջ էր: Բայց ահա… (Արտասվում է):

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Մի հուզվիր, արքա, պատմիր, գուցե մի հնար գտնենք: Հետո՞, ապրում էիք հզոր ու խաղաղ, հետո ի՞նչ պատահեց, ո՞րն է ձեր դժբախտության պատճառը:

ՍՈՆՈՐ — Պատճառը ներքին անհաշտությունն էր: Ես և Գամման՝ իմ թագուհին, երկու զավակ ունենք՝ մշտուրախ Մաժորը և տխրադալուկ Մինորը: Մի անգամ, նոր տարվա գալու կապակցությամբ, նրանք գժտվեցին: Մինորն ասում էր, որ նոր տարվա գալով մեզանից հավերժ հեռանում է հին տարին և պնդում էր, որ պետք է սուգ լինի: Մաժորն առարկում էր՝ ասելով, որ Տարեմուտը ուրախ տոն է, հարկավոր է հանդես կազմակերպել:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Հետո՞…

ՍՈՆՈՐ — Հետո այն, որ մեզ հյուր եկավ չար ու նենգավոր Ֆալշը: Նա բարեկամ ձևանալով հյուրընկալվեց իմ պալատում և իմանալով եղբայրների վեճը, ավելի հրահրեց նրանց միմյանց դեմ:Տարեմուտի գիշերը եղբայրասպան պատերազմ սկսվեց: Օգտվելով դրանից՝ Անտրակտը հարձակվեց մեզ վրա: Սոնորիան պարտվեց: Անտրակտը որպես ավար վերցրեց թագավորությանս խորհրդանիշը՝ իմ  բարձրությունը նշող Սոլի բանալին, հափշտակեց կոմերտոնը, և մենք լարից ընկանք: Իսկ Տոնիկային տարավ որպես պատանդ:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ(վրդովմունքով): Մի՞թե չեք կարողանում միանալ, պայքարել, հաղթել այդ Անտրակտին:

ԳԱՄՄԱ — Օ՜, քանի դեռ Ֆալշը մեր մեջ է, դա անհնար է:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Ես… Ես չգիտեմ, թե ինչպես օգնեմ ձեզ: Այ, եթե Ձմեռ Պապը լիներ այստեղ…

ՍՈՆՈՐ(հուսահատ): Մեզ այլևս ոչինչ չի օգնի, աղջիկս: Մենք դատապարտված ենք հավիտենական լռության:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Այդպես լինել չի կարող, արքա: Եթե Սոնորիան կործանվի, աշխարհը կզրկվի երաժշտական հնչյուններից: Այ, կգա Ձմեռ պապն ու կօգնի ձեզ:

ՍՈՆՈՐ — Էհ, դուք դեռ չեք ճանաչում Անտրակտին: Ավելի լավ է երգիր ինձ համար, աղջիկս, ես վաղուց, շատ վաղուց չեմ լսել առանց ֆալշի երաժշտություն: Երգիր, խնդրում եմ, քանի դեռ չի եկել հրեշը:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ(տխրում է): Լավ: (Երգում է):

  Տխուր է նոր տարին առանց Ձմեռ Պապի,

  Փաթիլներ, փաթիլներ, որտե՞ղ է նա,

  Ուրիշ ո՞վ մեզ հրաշք հեքիաթներ կպատմի

  Փաթիլներ, փաթիլներ, որտե՞ղ է նա:

     Սավառնեք, փաթիլներ, սավառնեք երկնքում,

     Մի՞թե դուք, փաթիլներ, նրան չեք կարոտում:

  Տարին մեկ անգամ է գալիս նա մեզ այցի,

  Փաթիլներ, փաթիլներ, որտե՞ղ է նա,

  Մի՞թե այս նոր տարին այսպես տխուր կանցնի,

  Փաթիլներ, փաթիլներ, որտե՞ղ է նա:

     Սավառնեք փաթիլներ, սավառնեք երկնքում,

     Մի՞թե դուք, փաթիլներ, նրան չեք կարոտում

(Չարագույժ, ահագնացող աղմուկը խլացնում է երգը): Սա ի՞նչ ձայն է, ի՞նչ աղմուկ է…

ՍՈՆՈՐ(սարսափած): Այդ նա է… Անտրակտն է՝ Ֆալշի հետ: Փախիր, աղջիկս,

փախիր, սիրելիս: Օ՜, եթե հանկարծ նա տեսնի ինձ և քեզ, եթե հանկարծ իմանա,

որ ձայն եմ հանել առանց իր հրամանի, եթե իմանա, որ այստեղ թևածել է իսկական

մի երգ՝ վա՜յ մեզ… փախիր, շուտ, փախիր… գոնե թաքնվիր…

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Լավ, արքա, հանգստացիր, ես կթաքնվեմ… ահա, թաքնվում եմ: (Թաքնվում է):

ՍՈՆՈՐ(սարսափից խուճապահար):  Ես… ես չկամ… Ես չեմ եղել… Ես չե-չե՜մ եղե-ե՜-ե՜լ… (Փախչում է):

Հևասպառ մտնում են Անտրակտն ու Ֆալշը՝ մտրակը ձեռքին:

ՖԱԼՇ(շուրջը նայելով, կեղծավոր):  Տեսնո՞ւմ ես, շեֆինյա ջան, որ ոչ ոք չկա:

ԱՆՏՐԱԿՏ — Հիմարություններ դուրս մի տուր, Ֆալշ: Ես զգացի, որ նեղվում եմ, քրտնում… Հավատացած եմ, որ այդ Սոնորը կամ Գամման հանդգնել են շարժվել տեղից, ձայն հանել: (Բազմում է գահին):

ՖԱԼՇ — Անհնար է, մինչև որ այս գործիքներին ձեռք չտան:

ԱՆԻՏՐԱԿՏ — Ուրեմն՝ ձեռք տվող է եղել:

ՖԱԼՇ — Չէ, հաստատ թվացել է: Ես հենց հիմա կկանչեմ նրանց, թող զվարճացնեն քեզ: (Թմբուկին հարվածներ է տեղում, որից Անտրակտը կնճռոտվում ու նեղվում է): Հե՜յ, Սոնոր, Գամմա, Մաժոր, Մինոր, եկեք այստեղ, շուտ եկեք… Արա՛գ, արա՛գ:

Մտնում են Սոնորը, Գամման, Մաժորը, Մինորը և գլխահակ ծնկի են իջնում:

ՖԱԼՇ(ծաղրանքով): Ինչպե՞ս է տրամադրությունդ, արքայազն Մինոր:

ՄԻՆՈՐ(ուրախ ժպտում է): Անչա՜փ ուրախ եմ ձեզ տեսնելու ողջ և առողջ:

ՖԱԼՇ — Իսկ ինչպե՞ս է Մաժորի տրամադրությունը:

ՄԱԺՈՐ(վշտագին): Ես տխուր եմ, որ չեմ կարող ամեն վայրկյան ծառայել ձեզ:

ՖԱԼՇ(պարծենկոտ):  Տեսնո՞ւմ ես, շեֆինյա, Մաժորը՝ տխուր է, Մինորը՝ ուրախ: Ամեն ինչ օ՛ֆալշ է, այսինքն՝ օ՛քեյ…

ԱՆՏՐԱԿՏ(տհաճությամբ): Դու ինչ որ բա՞ն ես ուզում ասել, Սոնոր:

ՍՈՆՈՐ — Այո, տիրակալ, եթե թույլատրես:

ԱՆՏՐԱԿՏ — Խոսիր, խղճուկ:

ՍՈՆՈՐ — Տիրակալ, աղաչում եմ, հրամայիր ինչ կուզես: Մենք կկատարենք քո բոլոր ցանկությունները: Միայն թե բաց թող Տոնիկային, մի տանջիր նրան:

ԱՆՏՐԱԿՏ — Հիմա՜ր հնչյուն, միակ ծառայությունը, որ կարող է մատուցել ինձ քո պիղծ գերդաստանը՝ սսկվել, լռելն է: Իսկ գուցե քո պառավը դե՞մ է ինձ ծառայելուն:

ԳԱՄՄԱ — Օ՜, ո՛չ, տիրակալ… Միայն բաց թող աղջկան, ազատ արձակիր Տոնիկային կամ մեզ միասին բանտարկիր լռության զնդանում:

ԱՆՏՐԱԿՏ — Իսկ քո որդինե՞րը, պառավ թագուհի:

ԳԱՄՄԱ — Նրանք հնազանդ են քեզ:

ԱՆՏՐԱԿՏ(ոտքի է ելնում):  Ստում ես, ջադու: Քո որդիները չկարողացան հնազանդ լինել նույնիսկ քեզ, ուր մնաց, թե ի՞նձ հնազանդ լինեն: Ես կհամրացնեի ձեզ, բայց Ֆալշը խնդրել է քիչ զվարճանալ, այլապես դուք ձեր ողջ տոհմով վաղուց էիք համրացել ու քարացել:

ՖԱԼՇ(կեղծավոր խոնարհվում է): Մեռնեմ ջանի՜դ…

ԱՆՏՐԱԿՏ – Իսկ Տոնիկան վաղուց մոռացել է ձեզ: Երախտապարտ լինելու փոխարեն, որ ձեր աղջկան պահում եմ պալատական բոլոր շքեղություններով, դուք վիրավորում եք ինձ, ասելով, թե տանջում եմ նրան:

ՍՈՆՈՐ և ԳԱՄՄԱ — Փա՜ռք, Անտրակտին:

ՖԱԼՇ – Վա՞յ… բա շեֆինյային ըտենց ե՞ն պատիվ տալի… (Շաչեցնում է մտրակը): Ոտքի՛, արագ, ոտքի՛: (Սոնորի ընտանիքը շտապում է կատարել հրամանը):  Իսկ հիմա… (Կեղծ հուզվում է): Փառաբանե՜նք մեր տիրուհուն, իմ սրտի հատոր Անտրակտինային… Նրա պատվին թող հնչի իմ ստեղծագործությունը՝ «Անտրակտի օրհներգը»: Պատրա՛ստ: Ի՜: (Մտրակով չափ է տալիս):

Սոնորի ընտանիքը ֆալշով երգում է:

   Փառքդ շատ, փառքդ շատ, փառք քեզ Անտրակտ,

   Երջանիկ մեր կյանքի ապավեն,

   Օրերը անցնում են աննկատ,

   Եղիր դու մեր տերը առհավետ:

   Փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք Անտրակտին,

   Բարերար արքային մեր հզոր,

   Փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք Անտրակտին:

   Աշխարհի ծագերում բոլոր:

ԱՆՏՐԱԿՏ(նեղվում է): Լը՜-ռե՛ք: Տանել չեմ կարողանում և ոչ մի ձայն: Չքվե՛ք այստեղից:

Սոնորի ընտանիքը վախվորած, ետքայլ հեռանում է:

ՖԱԼՇ — Շեֆինյա ջա՜ն…

ԱՆՏԱՐԿՏ(ծաղրանքով): Էլի՞ ֆալշդ բռնեց…

ՖԱԼՇ — Հա, Էլի բռնեց… Ցավդ տանեմ, բա ե՞րբ ենք ամուսնանալու:

ԱՆՏԱՐԿՏ — Դու քո ասածին հավատո՞ւմ ես…

ՖԱԼՇ — Իմ ասածի՞ն… ըմմ… մեկ-մեկ հավատում եմ:

ԱՆՏԱՐԿՏ — Ախր ես էդ մեկ-մեկին էլ չեմ հավատում:

Երաժշտություն: Երգում են:

ՖԱԼՇՇեֆինյա, իմ կյանք, մի շտապիր,

       Լսիր աղաչանքս վերջին,

       Ծեծիր ինձ, թեկուզ ապտակիր,

       Ա՜խ, մի դիր փականք իմ սրտին:

          Ճշտով, ճշտով սիրում եմ քեզ,

          Իմ թանկ, իմ անգին, իմ հրեշտակ:

ԱՆՏԱՐԿՏՎերջ տուր, խորամանկ աղվես:

ՖԱԼՇԱխ, կմեռնեմ ես անհիշատակ:

ԱՆՏԱՐԿՏՖալշիկ, խորամանկ խաբեբա,

               Քո խոսքին ես չեմ հավատում,

          Ինձ համար աշխարհում դեռ չկա,

          Ոչ սեր, ոչ երազ, ոչ խնդում:

              Ճշտով, ճշտով ասում եմ քեզ,

              Ապուշ ես, տգեղ ես, անճոռնի:

ՖԱԼՇԱխ, կմեռնեմ ու դու տխրե՜ս

ԱՆՏԱՐԿՏՍտախոս, պարծենկոտ, աներես:

ՖԱԼՇ Շեֆինյա, դու արև, ես՝ երկինք,

ԱՆՏԱՐԿՏՖալշիկ, դու կրակ, ես ջուր,

ՖԱԼՇԳոնե մեկ անգամ տուր պաչիկ,

ԱՆՏԱՐԿՏՄի տանջիր ուղեղդ, իզուր:

Երգելով դուրս են գնում:

Կարճ դադար:

Թաքստոցից դուրս է գալիս Ձյունանուշիկը:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ(վհատված, տխուր առաջանում, նստում է): Ինչպիսի՜ ծաղր ու տանջանք, այն էլ երաժշտական այն հնչյուններին, որոնք միշտ ուրախացրել են մեզ… (Հեկեկում է):  Իսկ ես ոչնչով չեմ կարող օգնել նրանց: Ախ, Ձմեռ Պապ, որտե՞ղ ես, գոնե դու գայիր… Ի՞նչ անեմ, ինչո՞վ օգնեմ… Գուցե ընդառաջ գնա՞մ, շտապեցնեմ… (Թմբիր է իջնում վրան): Սիրելի՜, սիրելի Ձմեռ Պապ… (Պառկում է, ափերը դնում գլխի տակ): Դեռ երբեք այսքան տխուր չեմ եղել… (Քնում է):

Գունախաղ, Ձյունանուշիկը երազում հայտնվում է  է Ձմեռ պապը:

ՁՄԵՌ ՊԱՊ — Կանչեցի՞ր ինձ, Ձյունանուշիկ:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ(նստում է):  Դու եկա՞ր, եկա՞ր արդեն, Ձմեռ պապ:

ՁՄԵՌ ՊԱՊ — Ոչ, աղջիկս, դու ինձ տեսնում ես երազում: Ես քեզնից շա՜տ ու շատ հեռու եմ: Փաթիլներն ինձ լուր բերին, որ կանչում ես ինձ, ես էլ՝ երազ եկա: Ի՞նչ է պատահել, աղջիկս:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Ախ, սիրելի Ձմեռ պապ: Հնչյունների երկրում քար լռություն է: Սոնորիայում գլուխ է բարձրացրել հրեշ Անտրակտը:

ՁՄԵՌ ՊԱՊ — Ահա թե ինչ… Ուրեմն կատարվել է այն, ինչը սպառնում էր այդ երկրին՝ ներքին գժտությունների պատճառով:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Ձմեռ պապ, ես չեմ ցանկանում դառնալ Անտրակտի գերին: Ես վախենում եմ նրանից:

ՁՄԵՌ ՊԱՊ – Մի վախեցիր, աղջիկս: Անտրակտը քարացրել է ամեն շարժում, որ հանկարծ հնչյունները չծնվեն: Մենք պետք է օգնենք սոնորցիներին:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Բայց ինչպե՞ս, Ձմեռ պապ, ինչպե՞ս…

ՁՄԵՌ ՊԱՊ — Լսիր ինձ, աղջիկս, ուշադիր լսիր: Սոնորիան պետք է փրկեն իրենք՝ սոնորցիները՝ Մաժորն ու Մինորը:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Բայց նրանք չգիտեն, թե ինչ անեն՝ աղերսելուց ու խնդրելուց բացի:

ՁՄԵՌ ՊԱՊ — Հիշիր, աղջիկս, ազատությունը չի տրվում նրանց, ովքեր նվաստացած խնդրում են: Այն ձեռք է բերվում պայքարով: Վարվիր այսպես. երգիր մի ուրախ երգ և դուրս բեր Մաժորին: Նա իր հետ դուրս կբերի նաև եղբորը: Եթե նրանք չեն կորցրել արիությունը, թող պայքարեն իրենց իրավունքների համար: Հաշտեցրու նրանց: Հայտնիր նրանց, որ Տոնիկան բանտված է Մեռյալ ծովի հատակում, ուր հավիտենական լռություն և անկենդանություն է տիրում: Նա այդտեղ է պահում նաև Սոլի բանալին: Անտրակտը ծովում հայտնվում է հսկա սարդի տեսքով: Երկրի վրա սոնորցիները չեն կարող հաղթել Անտրակտին, մանվանդ, որ նրանց մեջ է Ֆալշը:Իսկ ծովի հատակում իսկական դյուցազնը կարող է հաղթել սարդին:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Ես այդ բոլորը կհաղորդեմ նրանց, անպայման կհաղորդեմ:

ՁՄԵՌ ՊԱՊ — Զգույշ եղիր, աղջիկս: Հիշիր, որ եթե Անտրակտը հաղթի, մոլորակը կթաղվի ծանր, մեռելային լռության մեջ:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Ձմեռ պապ, միայն խնդրում եմ, դու շուտ արի:

ՁՄԵՌ ՊԱՊ — Ձմեռ պապը, Ձյունանուշիկ, չի կարող շուտ կամ ուշ գալ: Նա գալիս է ճիշտ ժամանակին: Իսկ հիմա քնիր, աղջիկս, քնիր, որ ես կարողանամ հեռանալ: Չէ՞ որ ես երազ եմ եկել քեզ: Երբ հեռանամ, այն ժամանակ էլ կարթնանաս:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Լավ, Ձմեռ պապ, լավ: (Դարձյալ պառկում է): Ցտեսություն, Ձմեռ պապ:

ՁՄԵՌ ՊԱՊ(հեռանալով): Ցտեսությո՜ւն, Ձյունանուշի՜կ, չմոռանաս խորհուրդներս, ցտեսությո՜ւն:

Մթնեցում, լուսավորված է միայն Ձյունանուշիկը:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ(արթնանում, նստում է տեղում): Շնորհակալություն, սիրելի՜, սիրելի Ձմեռ պապ: Ես կվարվեմ այնպես, ինչպես դու ասացիր:

Լուսավորվում է:Նրա թիկունքում կանգնած է չարադեմ Անտրակտը:

ԱՆՏՐԱԿՏ(դաժան քմծիծաղով): Սխալվում ես, սառցե աղջիկ, դու կվարվես այնպես, ինչպես ե՜ս կցանկանամ:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ(վախեցած շրջվում է): Ահ, դուք… դուք…

ԱՆՏՐԱԿՏ — Հա՜, հա՛, հա՛, հա՜: Այո, այդ ես եմ՝ Անտրակտը: Հե՜յ, Ֆա՜լշ, այստեղ արի:

ՖԱԼՇ(մտնում, կեղծավոր խոնարհվում է):  Այստեղ եմ, շեֆինյա ջա՜ն:

ԱՆՏՐԱԿՏ — Նայիր, մենք հյուր ունենք:

ՖԱԼՇ – Վա՞յ… Սա ո՞վ է:

ԱՆՏՐԱԿՏ — Ձմեռ Պապ կոչեցյալին ուղեկցող աղջիկը: Իսկ դու ասում էիր՝ ոչ ոք չի կարող այստեղ լինել:

ՖԱԼՇ(Ձյունանուշիկին): Դու որտեղի՞ց լույս ընկար…

ԱՆՏՐԱԿՏ — Հիմար ես դու, Ֆալշ, հիմա՜ր… Իմ նախազգացումն ինձ երբեք չի խաբել: Այս ձյունե աղջիկը թաքնվել էր պալատում:

ՖԱԼՇ — Լո՞ւրջ… Ո՞նց թաքնվեց, որ չեմ նկատել:

ԱՆՏՐԱԿՏ — Նայիր շուրջդ, արտակարգ ոչինչ չե՞ս տեսնում:

ՖԱԼՇ(զննում է շուրջը): Չէ-է՛…

ԱՆՏՐԱԿՏ — Ապո՛ւշ:

ՖԱԼՇ(նորից է զննում): Հորս արև՝ չէ:

ԱՆՏՐԱԿՏ — Կրկնակի ապուշ:

ՖԱԼՇ(նորից է զննում): Մորս արև՝ չէ:

ԱՆՏՐԱԿՏ – Հիմա՛ր:

ՖԱԼՇ(նորից է զննում): Քեռուս արև՝ չէ:

ԱՆՏՐԱԿՏ – Վերջ տուր ծամածռվելուդ, գնա և փակիր դաշնամուրի կափարիչը: Այս աղջիկը դաշնամուրի օգնությամբ զնդանից դուրս էր բերել Սոնորին, բայց մեր գալով շփոթվել, թաքնվել էր՝ բաց թողնելով կափարիչը:

ՖԱԼՇ(շտապում է փակել կափարիչը): Մեռնեմ խելքիդ, շեֆինյա ջա՜ն, էս ինչքա՜ն ես խելքով…

ԱՆՏՐԱԿՏ — Մի կեղծավորիր, Ֆա՛լշ, ես էլ հո հնչյուն չե՞մ, որ կարողանաս ազդել իմ վրա:

ՖԱԼՇ — Մորս արև…

ԱՆՏՐԱԿՏ — Վերջ տուր…

ՖԱԼՇ — Քեռուս արև…

ԱՆՏՐԱԿՏ — Ասացի՝ վերջ տուր: Գնա և կապիր այս ձյունե աղջկան եղևնու ծառից: Նա այն փարոսն է, որ այստեղ է բերելու Ձմեռ Պապին:

ՖԱԼՇ — Հենց հիմա կապեմ, մեռնեմ կյանքիդ: (Բռնելով Ձյունանուշիկի ձեռքերից, նրան քարշ է տալիս դեպի մոտակա ծառը, երկար մտրակով սկսում է կապել):

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Բա՛ց թողեք ինձ, բա՛ց թողեք…

ՖԱԼՇ — Էս ինչ էլ սառն է… շաքար ավելացնենք, պաղպաղակ կդառնա…

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Գռեհիկ, դավաճան…

ՖԱԼՇ – Շոկոլադ ավելացնենք՝ պլոմբիր կդառնա: Շեֆինյա ջան, դու պլոմբիր սիրում ես, չէ՞:

ԱՆՏՐԱԿՏ – Ո՛չ մի պաղպաղակ: Նրա կողքին կկապենք Ձմեռ Պապին, երկուսին էլ ծառի հետ կվառենք և կունենանք իմ սրտի ուզած հուրհրացող տոնածառ…հա՛-հա՛-հա՛-հա՜…

ՖԱԼՇ(ձգելով Ձյունանուշիկի կապերը): Շեֆինյա ջան, բեր շաքար ավելացնենք, գոնե կեսն ուտենք, էլի՜… Բա նոր տարուն մի քաղցր բան չուտե՞նք…

ԱՆՏՐԱԿՏ — Բա ասում էիր՝ քեզ համար ամենաքաղցրը ես ե՞մ… կեղծավոր ֆալշ ես դու, Ֆալշ, քո ոչ մի խոսքին հավատալ չի լինում: Գնացինք, իմ ճաշելու ժամն է:

ՖԱԼՇ — Ձյունանուշի՜կ, չաո՜, մենք շուտով կվերադառնա՜նք: (Գնում են):

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ(փորձում է ազատվել կապանքներից): Ախ, դու զզվելի, գարշելի արարած… (Հոգնում է ապարդյուն ճիգ գործադրելուց): Միևնույն է, կգա Ձմեռ Պապը, նա շատ գաղտնիքներ գիտի, կգա ու կազատի ինձ, կազատի ամբողջ Սոնորիան… Գոնե հասցրած լինեի մի ուրախ բան նվագել, զնդանից դուրս բերել Մաժորին ու հայտնել գաղտնիքը… (Աշխուժանում է): Սպասիր, սպասիր… Ձմեռ Պապն ասաց, որ ես ուրախ երգ երգեմ, նա չասած, որ նվագեմ… (Վճռում է): Շատ լավ: Հիմա ուրախ երգ կերգեմ: (Փորձում է ուրախ երգել): Շաղի՜կ, շողի՜կ, շողշողո՜ւն, փոքրիկ կլոր փողփողո՜ւն… (Հուսահատվում է): Չէ, չի ստացվում: Ուրախ չի ստացվում: Հարկավոր է չընկճվել: Բարեկամներ, ինձ հետ երգեք փաթիլի երգը, չէ՞ որ երգի տեքստը ձեր մոտ կա… Դե, ձեզ տեսնեմ, ծափ զարկեք ու երգենք միասին: (Երգում է):

     Շաղիկ, շողիկ, շողշողուն,

     Փոքրիկ, կլոր փողփողուն,

     Ես փաթիլն եմ երկնահաս,

     Օրորվում եմ հեզանազ:

          Նազնազ,

          Նազնազ,

     Ցած եմ իջնում հեզանազ:

Արևն իմ մեջ բազմագույն,

     Ցոլցոլում է, պեծպեծում,

     Անցորդ, զգույշ դու անցիր,

     Սայթաքուն եմ, իմացիր:

          Նազնազ,

          Նազնազ,

     Ցած եմ իջնում հեզանազ:

Զարմացած մտնում է Մաժորը, նրա ետևից՝ Մինորը:

ՄԱԺՈՐ — Ինձ թվո՞ւմ է, թե՞ իրոք ուրախ երաժշտություն եմ լսում… Երա՞զ է, թե՞ իրականություն:

ՄԻՆՈՐ — Էլի՞ ուրախություն… քո հնարքնե՞րն են, Մաժոր… (Մերկացնում է սուրը): Պաշտպանվի՛ր, դավաճան:

ՄԱԺՈՐ — Դո՛ւ ես դավաճանը, քո պատճառով մենք կործանվեցինք… (Սուսերամարտ):

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Ի՞նչ եք անո՜ւմ, դե վերջ տվե՜ք: Մաժո՜ր, արքայա՛զն, եկ այստե՜ղ…

ՄԱԺՈՐ — Այդ ո՞վ է… (Նայում է ձայնի կողմը): Աղջիկ է… կապկպված… Սա երևի Ֆալշի խաղերն է…

ՄԻՆՈՐ (վախեցած ետ է քաշվում՝ սուրն արագորեն պատյանը դնելով): Ֆալշի՞… Մի՞թե նա այստեղ է… Ես ուրա՜խ եմ, Ֆալշ… (Կեղծ ժպտում է): Տես, ես անչափ ուրախ եմ:

ՄԱԺՈՐ – Իսկ ես տխուր եմ, Ֆալշ, շա՜տ եմ տխուր:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ – Ի՞նչ Ֆալշ, ի՞նչ բան… Մի՛ վախեցեք: Մաժոր, մոտ արի, ազատիր ինձ կապանքներից…

ՄԱԺՈՐ(վախվորած): Չէ, Ֆալշ, ես տխուր եմ, շա՜տ տխուր…

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ – Մինոր, գուցե դո՞ւ համարձակվես: Ազատիր ինձ կապանքներից:

ՄԻՆՈՐ(վախվորած): Չէ, Ֆալշ, ես ուրախ եմ, շա՜տ ուրախ…

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Այ քեզ հիմարներ: Ես Ձյունանուշիկն եմ, մի՞թե ինձ չճանաչեցիք… Անտրակտն ու Ֆալշը գնացել են ճաշելու: Նրանք այստեղ չեն, մի վախեցեք: Չե՞ք հավատում, երեխաներին հարցրեք: Այդ մենք ձեզ ազատեցինք զնդանից, երգեցինք և ազատեցինք: Երեխաներ, ճի՞շտ է, թե՞ ոչ:

ՄԱԺՈՐ — Չէ, չեք համոզի… Ֆալշը երեխաներին էլ է կախարդել… Այդպես չէ՞, երեխաներ… (Երեխաների պատասխանից հետո): Հավատս չի գալիս, մի՞թե դա ճիշտ է… (Հրճվագին): Ես երջանի՜կ եմ…Գնանք, եղբայր, ազատենք մեր Ձյունանուշիկին: (Շտապում են կապանքներից  ազատել Ձյունանուշիկին):

ՄԻՆՈՐ — Ձյունանուշիկ, իսկ ո՞ւր է Ձմեռ Պապը, մի՞թե դարձյալ նոր տարի է… Իսկ ո՞ւր կորավ հրեշը…

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Քանդեք կապերս, ժամանակ չկա… Ճանապարհին կպատմեմ: Դուք միայն ասեք, գիտե՞ք՝ որտեղ է Մեռյալ ծովը:

ՄԻՆՈՐ — Իհարկե գիտեմ: Բայց այնտեղ պետք չէ գնալ, վտանգավոր է:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Ընդհակառակը, պետք է: Անտրակտն այնտեղ է բանտել Տոնիկային և Սոլի բանալին:

ՄԱԺՈՐ — Չէ, ի՞նչ ես ասում, Տոնիկան ապրում է նրա պալատում, շքեղության մեջ:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Ախ, Մաժոր… և ինչո՞ւ է ուրախությունն այսքան միամիտ… Գնացինք, ճանապարհին կպատմեմ ճշմարտությունը… (Բռնում է Մաժորի ձեռքից, շտապում են առաջ, բայց, հիշելով, կանգնում, շրջվում է): Շնորհակալություն, երեխաներ, որ օգնեցիք մեզ: Մենք դեռ կգանք: Հաջողություն ցանկացեք մեզ… (Գնում են):

Ներս են մտնում հևասպառ Անտրակտն ու Ֆալշը:

ԱՆՏՐԱԿՏ(նկատելով, որ Ձյունանուշիկը չկա):  Այդ ի՞նչ ես արել, Ֆալշ, քեզ չասացի՞, որ Ձյունանուշիկը պաղպաղակ չէ, չուտես:

ՖԱԼՇ — Մորս, հորս, քեռուս արև, ես նրան չեմ կերել:

ԱՆՏՐԱԿՏ — Ա՛խ, անիծվա՜ծ, ուրեմն փախել է:

ՖԱԼՇ(շփոթմունքից չիմանալով՝ ինչ ասել): Փախե՞լ է…

ԱՆՏՐԱԿՏ(վերցնելով մտրակը):  Փախել է, ապուշ, փախել է… Ինչպե՞ս էիր կապել, որ նա կարողացել է արձակել կապերը… (Մտրակում է Ֆալշին):

ՖԱԼՇ(ցավագին ճչում է): Վա՜խ… մամա ջա՜ն… (Հարվածը կրկնվում է): Վա՜խ, պապա ջան… Վա՜խ, քեռի ջան…

ԱՆՏՐԱԿՏ — Հետապնդիր նրան, շուտ հետապնդիր ու բեր… Առանց նրա չվերադառնաս…

ՖԱԼՇ — Ա՛խ, Ձյունանուշ… (Վերցնում է գետնին ընկած մտրակը): Ա՛խ, ձյունի ծնունդ… (Վազքով դուրս է գնում):

ԱՆՏՐԱԿՏ(ձեռքերը կարկառում է վեր): Օ՜, Անտրակտաստեղծ ամայություն, ես հավերժական իշխանություն կտամ քեզ այս երկրի վրա, ես ամայի Լուսին կդարձնեմ այս մոլորակը, միայն օգնիր ինձ բռնելու այդ սառցե աղջկան… Ես կքարացնեմ բոլորին՝ Սոնորից մինչև Ֆալշը, կքարացնեմ ամեն մի կենդանություն, կկանգնեցնեմ գետերն ու քամիները և միանձնյա կիշխեմ այս մոլորակի վրա, որի անունը կլինի ոչ թե Երկիր, այլ Անտրակտիդա՜… (Հնչում է երաժշտությունը, Անտրակտը երգում է):

     Լռությո՛ւն, լռությո՛ւն, լռությո՛ւն,

     Կանգ առեք, համրացեք: Դադար:

     Թող լինի ամենուր խլություն,

     Քարացեք գետեր ու անտառ:

          Անտրա՛կտ: Չլսեմ, չզգամ,

          Զզվելի ձայներ անհարգի,

          Բողբոջի պայթյունը անգամ,

          Թող լինի առանց սոսափի:

        Փայտացեք, լեզուներ բարբառող,

     Չորացեք, կոկորդներ զզվելի,

     Այսուհետ ոչ ոք էլ չի կարող,

     Շշնջալ կամ երգել լսելի:

          Անտրա՛կտ: Չլսեմ, չզգամ,

          Զզվելի ձայներ անհարգի,

          Բողբոջի պայթյունը անգամ,

          Թող լինի առանց սոսափի:

          (Ձեռքերը կարկառում է վեր): Անտրա՜կտ…

ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ

Դանդաղ լուսավորվում է: Բեմը փակված է քարակոփ պատով, որի վրա գրված է՝ ԱՆՏՐԱԿՏ:

Նախաբեմ են մտնում Ձյունանուշը, Մաժորը, Մինորը:                                          

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Ես հոգնեցի… Տղաներ, ե՞րբ կհասնեք Մեռյալ ծովին: (Հոգնած նստում է):

ՄԱԺՈՐ — Գլուխ չեմ հանում… Մենք վաղուց տեղ հասած պիտի լինեինք: Պտտվում ենք, պտտվում՝ նույն պատն է… (Նստում է):  Ոչ մի դուռ, ոչ մի դարպաս:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Գուցե մոլորվե՞լ ենք:

ՄԻՆՈՐ — Չէ՜, ի՞նչ ես ասում, ես լավ հիշում եմ: Միայն թե նախկինում այս պատը կարծես թե չկար…

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Պատը չկա՞ր: (Շրջվում, նայում է պատին): Բա ինչո՞ւ չէիք շուտ ասում: Իսկ ինձ թվում էր, թե մոլորվել ենք կամ մուտքն ենք փնտրում: Հապա մի նայեք, թե ի՞նչ է գրված այս քարակոփ պարսպի վրա: Նայե՛ք, նայեք:

ՄԱԺՈՐ(շրջվում է, հայացքը բարձրացնում, կարդում է): Ան-տրակտ:  Անտրա՞կտ: (Հուսահատ):  Վերջ, հրեշը փակել է մեր ճանապարհը:

ՄԻՆՈՐ — Իմ խե՜ղճ քույրիկ, իմ տարաբախտ Տոնիկա… Ես քեզ այլևս երբեք չեմ տեսնի…

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ(բարկացած ոտքի է կանգնում): Ձեզ ո՞վ է իրավունք տվել հուսահատվելու: Ձեզ ո՞վ է իրավունք տվել չհավատալու ձեր ուժերին: (Խիստ հրամայում է): Հապա՝ զգա՛ստ, շո՛ւտ: Զգա՛ստ, ասում եմ:

ՄԻՆՈՐ և ՄԱԺՈՐ(քրթմնջալով):  Ի՞նչ պատահեց քեզ… ի՞նչ արեցինք, որ… (Զգաստ դիրք են ընդունում):

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Այդ երբվանի՞ց է ձեր հոգում բույն դրել հնազանդվելու, վախենալու, օտարների առջև ցածր ու նվաստ զգալու ախտը: Ամո՛թ: Մի՞թե մոռացել եք, թե ո՛ւմ որդիներն եք դուք, մի՞թե մոռացել եք, թե ո՛րն է Անտրակտի դեմ Սոնորիայի ուժը: Հապա, առանց Ֆալշի… (Մարտահրավեր նետելով պատին): Դո՜, ռե՜, մի՜, ֆա՜, սո՜լ, լյա՜, սի՜, դո՜… կրկնե՛ք, դե՞, կրկնեք, ասում եմ… դո՜…

ՄԻՆՈՐ և ՄԱԺՈՐ — (համարձակվելով, դողդոջ ձայնով): Դո՜, ռե՜, մի՜, ֆա՜, սո՜լ, լյա՜, սի՜, դո՜…

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ Ապրեք, նորի՛ց:

ՄԻՆՈՐ և ՄԱԺՈՐ — (ավելի սրտապնդված): Դո՜, ռե՜, մի՜, ֆա՜, սո՜լ, լյա՜, սի՜, դո՜:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ(միանում է նրանց): Դո՜, սի՜, լյա՜, սո՜լ, ֆա՜, մի՜, ռե՜, դո՜:

Պարիսպը ցնցվում, տարուբերվում, ճեղք է տալիս:

Հևիհիև հայտնվում է Ֆալշը:

ՖԱԼՇ(տեսնելով ճեղքվող պարիսպը՝ ընկրկում է): Չհասցրեցի՜… (Թաքնվում է):

ՄԱԺՈՐ — Սա… Սա հրաշք է… մուտք է բացվում:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Հրաշքներ չեն լինում, Մաժո՛ր, անցիր, անցի՛ր պարիսպը:

ՄԻՆՈՐ(նայում է ճեղքից ներս): Օ՜, ինչ մութ է… ծովը սևակնել է, ասես ձյութից լինի…

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ(վարսերից մի փաթիլ է հանում):  Վերցրու փաթիլը, արքայազն, այն կլուսավորի քո ճանապարհը:

ՄԻՆՈՐ(վերցնում է փաթիլը, որն սկսում է առկայծել): Շնորհակալություն, Ձյունանուշիկ… Սպասիր մեզ այստեղ, մենք կվերադառնանք:

ՄԱԺՈՐ — Երդվում ենք, կհաղթենք այդ ճիվաղին ու կվերադառնանք: (Փաթիլը վեր պարզած, լուսավորվելով ճանապարհը մտնում են պարսպից ներս): Ցտեսությո՜ւն, Ձյունանուշի՜կ, սպասիր մե՜զ…

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Ցտեսություն, Մաժո՜ր: Ես սպասում եմ ձեր հաղթական վերադարձի՜ն:

ՖԱԼՇ(դուրս է գալիս թաքստոցից, ծաղրանքով): Բարև, Ձյունանուշիկ, իսկ իմ հաղթական վերադարձին չէի՞ր սպասում:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ(կտրուկ շրջվում է: Ատելությամբ): Ստոր թզուկ, հետապնդո՞ւմ ես մեզ: Քո մտքով չի էլ անցնում, որ շուտով Սարդ դարձած տիրակալդ այլևս չի լինի:

ՖԱԼՇ(զարմանքով):  Սա՞րդ… Ինչեր ես դուրս տալիս, չեմ հասկանում… Ինչո՞ւ պիտի Անտրակտը սարդ դառնա… Ուրեմն ես սարդի հետ էի՞ ամուսնանալու.. Փչո՜ց է:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Սա՛րդ, սա՛րդ: Դու նույնիսկ չգիտես, որ քո Անտրակտը իր ծովի հատակում ընդամենը մի խղճուկ Սարդ է: (Սպառնալից քայլում է դեպի Ֆալշը):

ՖԱԼՇ(Ձյունանուշիկի հարձակվելուց և նրա խոսքերից շփոթվում է):  Սպասիր… Կանգ առ… Դե կանգնիր, ասում եմ, թող մտածեմ… Սա՞րդ… Հը՞, ավելի լավ, թող սարդին սպանեն: (Հրճվանքով): Ավելի՜ լավ: Ես էլ Ձյունանուշիկի հետ կամուսնանամ:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ(կեղծ հրճվանքով): Ի՜նչ հրաշալի միտք ասացիր…

ՖԱԼՇ(լուրջ ընդունելով): Ճի՞շտ…

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Իհարկե, մոտ արի, գրկեմ քեզ, իմ սիրելի՜ Ֆալշ… (Գրկաբաց մոտեցող Ֆալշի վրա փաթիլներ է լցնում): Ահա քեզ՝ մեր հարսանիքի ձյունե ծաղիկները…

ՖԱԼՇ(քարացած մեխվում է տեղում): Վա՞յ… վայ-վայ-վա՞յ… Սառչում եմ… Սառույց եմ դառնում… Բը-բը-բը…

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Ի՞նչ է, չե՞ս դիմանում իմ սիրուն… Պլոմբի՞ր էիր ուզում, երազանքդ կատարվեց, դարձար պլոմբիր, միայն թե շա՜տ ես անհամ:

ՖԱԼՇ – Օգնեցե՜ք… (Ոտքերը չկարողանալով ծալել՝ թռչկոտում է, տապալվում ու գլորվելով դուրս գնում): Օգնեցե՜ք

ԵՐՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ

ՄԵռյալ ծովի կիսամութ հատակը՝ պատված խառնիճաղանջ սարդոստայնով, որի կենտրոնում Սոլի բանալին է, իսկ ոստայնի մեջ՝ տանջահար Տոնիկան:

ՄԻՆՈՐ և ՄԱԺՈՐ (հեռվից): Տոնիկա՜, Տոնիկա՜, որտե՞ղ ես…

ՏՈՆԻԿԱ(ճիգով):  Մաժո՜ր… եղբա՜յրս: Մի՞թե հրեշը ձեզ էլ չխնայեց ու բանտեց այս դժոխքում…

ՄԻՆՈՐ — Տոնիկա՜, որտե՞ղ ես, քույրի՜կս…

ՏՈՆԻԿԱ — Այստեղ եմ, Մինո՜ր, այստե՛ղ ե՜մ…

ՄԱԺՈՐՏոնիկա՜, սիրելի՜ս, մենք կփրկենք քեզ, համբերի՜ր…

ՄԻՆՈՐ — Գալի՜ս ենք, Տոնիկա՜, մոտենո՜ւմ ենք, համբերի՜ր…

ՏՈՆԻԿԱ — Ահ, մի շարժվեք, եղբայրներ, կընկնեք սարդոստայնի մե՜ջ… (Ճիգով շրջվում է, նկատում սարդոստյանների արանքներից զգուշորեն մոտեցող եղբայրներին): Կանգնե՛ք, կանգնե՛ք, ասում եմ: Անտրակտն է հյուսել այդ սարդոստայնը, որ բոլոր շարժումները կասեցնի, բանտարկի շարժվողին…

Չարագույժ քամու ոռնոցՀայտնվում է հսկա Սարդը:

ՏՈՆԻԿԱ — Զգույշ, եղբայր, սա՜րդը… Անտրակտն է սարդի կերպարանքով, զգո՜ւյշ…

ԱՆՏՐԱԿՏ(բոլոր ոտքերը առաջ ու ետ ծալելով, ահարկու): Ահա թե ո՜վ է համարձակվել խախտել իմ Մեռյալ ծովի անդորրը… Հա՛, հա՛, հա՛, հա՜… (Հարձակվում է):

ՄԱԺՈՐ(սուրը պատյանից հանելով՝ պաշտպանվում է): Ես քեզնից չեմ վախենում, Անտրակտ, որովհետև դու մի խղճուկ սարդ ես:

ՄԻՆՈՐ — Առա՜ջ, Մաժոր, մենք կհաղթենք այս հրեշին… (Հարձակվում է):

ԱՆՏՐԱԿՏ — Դեռ կտեսնե՜նք:

ՏՈՆԻԿԱ — Խնայիր, Անտրա՜կտ, խնայի՛ր եղբայրներիս:

ՄԻՆՈՐ — Զգո՜ւյշ, Մաժոր, չընկնես սարդոստայնի մեջ: Առաջ, եղբա՜յր:

Մարտ: Մաժորին հաջողվում է կտրել սարդի ոտքերից մեկը:

ԱՆՏՐԱԿՏ — Ա՛խ, դու, Սոնորի ծնունդ, ես քեզ կխեղդեմ իմ մյուս ճանկերով…

ՄԱԺՈՐ — Մենք կկտրենք քո բոլոր ճանկերը, հրե՛շ…

ԱՆՏՐԱԿՏ — Դուք հավիտյա՜ն կլռեք ու կհամրանա՜ք…

ՏՈՆԻԿԱ — Խնայի՜ր, Անտրակտ… Խնդրում եմ, խնայի՜ր…

Պայքար: Եղբայրները սրով խոյահարում են հրեշին:

ԱՆՏՐԱԿՏ (ճոճվելով): Ա՜հ… Ա՜-ահ… Ա-ա-ա՜հ… (Տապալվում, մի կերպ բարձրացնում է գլուխը): Ա՜-ն-տր-ա՜կտ… (Անշնչանում է):

Գունախաղ: Ծովն ալիքվում, կենդանանում է:

ՄԱԺՈՐ(հրճվագին): Տոնիկա՜, Անտրակտը չկա՜, Անտրակտը չկա՜ա…

ՄԻՆՈՐ — Մենք հաղթեցի՜նք Անտրակտին:

ՉՈՐՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ

Առաջին պատկերի տեսարանն է:

Հուսահատ, տխուր նստած են Սոնորը և Գամման:

ՍՈՆՈՐ(ոտքի է կանգնում): Վերջ, թագուհի: Մեր երեխաները զոհվեցին, մեր թագավորությունը կործանվեց և մենք դատապարտված ենք հավերժական լռության:

ԳԱՄՄԱ — Արքա, մի՞թե ոչ մի հույս չկա…

ՍՈՆՈՐ — Ավա՜ղ, չկա…

Հեռվից լսվում է Տոնիկայի ձայնը:

ՏՈՆԻԿԱ — Հայրի՜կ, մայրի՜կ…

ՍՈՆՈՐ — Մի՞թե Տոնիկան է, Գամմա, թե՞ ինձ թվաց:

ՄԱԺՈՐ — Հայրի՜կ, Մայրի՜կ, մենք հաղթեցինք հրեշի՜ն, վերադառնո՜ւմ ե՜նք…

ԳԱՄՄԱ(հուզված ոտքի է կանգնում): Զավակներս… իմ զավակները…

Մտնում են Մաժորը, Մինորը, Տոնիկան և Ձյունանուշը՝ Սոլի բանալին ձեռքին:

ՏՈՆԻԿԱ — Հարազատներս… (Գրկախառնվում են):

ՄԻՆՈՐ — Ներիր ինձ, քույրիկս: Ես մեղավոր եմ քո առջև: (Բոլորին): Ներեցեք ինձ:

ՄԱԺՈՐ — Ես էլ մեղավոր եմ: Մենք բոլորս մեղավոր ենք Սոնորիայի գժտության մեջ:

ՖԱԼՇ(թաքստոցից դուրս գալով, ծաղրում է): Ինձ է՜լ ներեցեք, բարեկամնե՜ր, ներեցեք, խնդրո՜ւմ եմ… (Բոլորը երկյուղած ընկրկում են: Տիրաբար բազմում է Սոնորի գահին): Դե բավական եղավ: Մի քիչ երես առաք և՝ վե՛րջ: Այս պահից Սոնորիան իմ հպատակն է:

ՍՈՆՈՐ — Նորից դո՞ւ, Ֆալշ:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Դուք այս Ֆալշուկի՞ց եք վախենում: (Ֆալշին.) Հապա դուրս կորիր այստեղից, կեղծավո՛ր ստախոս:

ՖԱԼՇ — Չեղա՜վ, չեղա՜վ, խնդրում եմ ինձ հետ կես տոն ցածր խոսել:

ՄԻՆՈՐ — Մենք քեզ հետ չենք ուզում նույնիսկ խոսել, Ֆա՛լշ:

ՖԱԼՇ — Ոչինչ չես կարող անել, տխրադալո՛ւկ բարեկամ: Ձեր գործիքները լարից ընկել են: Ուզեք, թե չուզեք, կենթարկվեք ինձ: Եվ այսպես, հրաման առաջին. նոր տարվա օրը հայտարարում եմ սգի օր…

Լսվում է Ձմեռ Պապի ձայնը:

ՁՄԵՌ ՊԱՊ — Ձյունանուշի՜կ… Ձյունանուշի՜կ, աղջիկս, որտե՞ղ ե՜ս…

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ(հրճվանքով):  Ձմեռ պապը… Նա եկա՜վ, եկա՜վ… Այստե՜ղ եմ, Ձմեռ Պապ, այստե՜ղ եմ…

Ֆալշը, տագնապով, մոգական շարժումներ է անում:

ՁՄԵՌ ՊԱՊ(ձայնը քիչ հեռվից է գալիս): Ձյունանուշի՜կ, որտեղ ե՜ս…

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Մոտեցիր ձայնիս ուղղությա՜մբ, այստեղ ե՜մ, այստե՜ղ…

Ֆալշը ավելի եռանդուն է շարժումներ անում:

ՁՄԵՌ ՊԱՊ(ավելի հեռվից): Ձյունանուշի՜կ, է՛-հե՜-հե՜-հե՜յ…

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ(նկատում է Ֆալշի շարժումները): Թզուկի մեկը, այդ դո՞ւ ես իմ ձայնի ուղղությունը փոխում և հեռացնում Ձմեռ Պապին… լա՜վ… Ձմեռ Պա՜պ, իմ ձայնի հակառակ ուղղությամբ արի, Ձմեռ Պա՜պ…

ՁՄԵՌ ՊԱՊ(շատ հեռվից, հազիվ լսելի): Ձյունանո՜ւշ…

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ(հանդիսատեսին):  Երեխաներ, դարձյալ դուք եք օգնելու մեզ, ուրիշ հնար չկա… հապա, միասին՝ կանչենք Ձմեռ Պապին… Ձը-մեռ պա-պիկ, Ձը-մեռ պա-պիկ…

ՁՄԵՌ ՊԱՊ(մոտեցող ձայնով): Գալի՜ս եմ, գալի՜ս…

ՖԱԼՇ(խուճապահար վազում է բեմառաջ, փորձում է լռեցնել երեխաներին): Ձայներդ… ձայներդ կտրեք, լռեք, լռե՛ք ասում եմ… Տո, ձեր ինչ գործն է… Մի խառնվեք մեծերի գործին, լռե՛ք…

Մտնում է Ձմեռ Պապը:

ՁՄԵՌ ՊԱՊ — Օ՜, բարեկամներ, վերջապես տեղ հասա… (Ողջագուրվում է ներկաների հետ):

ՖԱԼՇ(հեգնանքով): Ձմեռ Պապ… Մե՜ծ բան: Թող մասնակցի իմ հանդեսին: Միասին կարտասվենք նոր տարվա առթիվ: (Բազմում է գահին):

ՁՄԵՌ ՊԱՊ — Բարեկամներ, տեսնում եմ, որ հաղթել եք Անտրակտին, բայց ինչո՞ւ եք տխուր, որտե՞ղ է ձեր տոնածառը:

ՖԱԼՇ(արհամարհանքով): Նրանք կատարում են իմ հրամանը, պապիկ: Սոնորիայում իմ հրամանով պաշտոնական սուգ է հայտարարված և խնդրում եմ ենթարկվել իմ երկրի կարգ ու կանոնին:

ՁՄԵՌ ՊԱՊ — Ո՞վ է այս թզուկը, չեմ հասկանում:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Սա Ֆալշն է, Անտրակտի զինակիցը: Նրա ներկայությամբ երաժշտական բոլոր գործիքները լարից ընկնում են ու ֆալշ են նվագում:

ՁՄԵՌ ՊԱՊ — Ահա թե ինչպիսին ես դու, Ֆալշ, կեղծ արարած:

ՖԱԼՇ — Շնորհակալություն հաճոյախոսության համար:

ՁՄԵՌ ՊԱՊ — Այս կեղծիքը պետք է դուրս քշել Սոնորիայից, բարեկամներ:

ՖԱԼՇ(ծաղրում է):  Կցանկանայի իմանալ, թե ինչպե՞ս:

ՁՄԵՌ ՊԱՊ — Շատ հասարակ ձևով: Տոնիկա, որտե՞ղ է կամերտոնը:

ՖԱԼՇ -Կախված է ծառից: Բայց ո՞ր ծառից, դա կարող էր ասել միայն Անտրակտը, որն, ավա՜ղ… ճիշտ ժամանակին հեռացավ մեզանից:

ՁՄԵՌ ՊԱՊ — Ի՞նչ է ասում այս թզուկը, չեմ հասկանում:

ՏՈՆԻԿԱ — Ձմեռ պապ, թանկագինս, Անտրակտը կեղծ եղևնիներ է տնկել և մենք չենք կարողանում գտնել մեր եղևնին:

ՁՄԵՌ ՊԱՊ — Սոնոր, վերցրու սոլի բանալին և մոտ արի, մենք միասին կգտնենք իսկական եղևնին: (Սոնորի հետ մոտենում է եղևնիներից մեկին, հպում է սոլի բանալին եղևնուն: Ծառը թեթևակի առկայծում է և մարում): Սա Անտրակտի կեղծ տոնածառն է: (Շարունակում է բանալին հպել մյուս ծառերին): Սա էլսա էլ է կեղծ

ՖԱԼՇ(անհանգստացած): Ի՞նչ է անում այս ծերուկը, չեմ հասկանում: Հե՜յ, Ձմեռ Պապ, վերջ տուր, անօգուտ է իսկական ծառ փնտրել, այստեղ իսկական եղևնի չկա, բոլորը ֆալշ են, իմն են, ի՜մը:

Սոլի բանալու հպումից եղևնիներից մեկը առկայծում է, լուսավորվում և հառնում է որպես զարդարված տոնածառ:

ՏՈՆԻԿԱ(հրճվանքով): Մեր տոնածա՜ռը, իմ զարդարած տոնածա՜ռը…

ՖԱԼՇ — Ինչ ապուշն եմ ես… Ինչ հիմարն եմ ես… Ինչպես գլխի չեմ ընկել մինչև հիմա…

(Խփում է գլխին): Ախ, Ֆա՜լշ, Ֆա՜լշ…

ՁՄԵՌ ՊԱՊ — Տոնիկա, աղջիկս… հենց սա է քո զարդարած տոնածառը: Մոտեցիր,

գտիր քո կամերտոնը:

ՖԱԼՇ(վազքով մոտենում, ծնկում է Տոնիկայի դիմաց): Չգնա՜ս… Տոնիկա, սիրելիս,

եղևնու փշերը մատներդ կծակեն, մի գնա… եղիր իմ թագուհին, իմ շեֆինյան, մենք

միասին կտիրենք Սոնորիան, Տոնիկա՜…

ՏՈՆԻԿԱ — Կորիր աչքիցս, թզուկ: (Մոտենում է տոնածառին, վերցնում է կամերտոնը): Գտա՜, ահա իմ կոմերտոնը:

ՁՄԵՌ ՊԱՊ — Տոնիկա, աղջիկս, վերցրու Սոլի բանալին և տեղադրիր հնգագծի վրա:

Իսկ դու, Սոնոր, նստիր գահիդ: (Հանդիսավոր): Եվ այսպես… Ուշադրություն,

բարեկամներ, երաժշտական հնչյուններն արդեն վերականգնվում են: (Կամերտոնով

փորձարկում է, հնչում է երաժշտությունը):

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ(առաջանալով երգում է):

              Արթնացեք, արթնացեք, զրնգուն,

              Հնչյուններ ու ձայներ աշխարհի,

              Ձեզանով է մեր կյանքը խնդուն,

               Ձեզանով է մեր վիշտը մարդկային:

ԲՈԼՈՐԸ՝ ԲԱՑԻ ՖԱԼՇԻՑԴո՜, ռե՜, մի՜, ֆա՜, սո՜լ, լյա՜, սի՜, դո՜,

  Դո՜, սի՜, լյա՜, սո՜լ, ֆա՜, մի՜, ռե՜, դո՜:

Ֆալշն, ամեն մի հնչյունից ցավ զգալով, կուչուհուպ է գալիս, գալարվում:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿԱռանց ձայն չկա հույզ, չկա հույս,

              Առանց երգ չկա վիշտ ու հրճվանք,

              Առանց խոսք աշխարհն է անուս,

              Խավար է, անդորր է, անկյանք:

ԲՈԼՈՐԸ՝ ԲԱՑԻ ՖԱԼՇԻՑԴո՜, ռե՜, մի՜, ֆա՜, սո՜լ, լյա՜, սի՜, դո՜,

  Դո՜, սի՜, լյա՜, սո՜լ, ֆա՜, մի՜, ռե՜, դո՜:

ՖԱԼՇ — Ա՛յ… ա-ա՜յ… օ՛յ… օ-օ՜յ… հերիք է, չեմ դիմանում… չեմ դիմանո՜ւմ… (Սարսափահար իջնում է բեմից ու դահլիճով դուրս փախչում):

ՁՄԵՌ ՊԱՊ(հանդիսատեսին): Շնորհակալություն ձեզ, բարեկամներ, կեցցե՛ք, որ

օգնեցիք մեզ կեղծ ֆալշից ազատվել: Կեղծավորությունը, ստախոսությունը,

անհաշտությունը դժբախտություն են բերում: Հարկավոր է ազնիվ և

սիրով ապրել: Իսկ հիմա եկել է նոր տարին դիմավորելու ժամանակը: Խնդրենք

Սոնոր թագավորին, որ նա ղեկավարի մեր երգի կատարումը: Իսկ դուք,

սիրելի փոքրիկներ, փորձեք մեզ հետ երգել, չէ՞ որ երգի տեքստը ձեզ մոտ կա:

Սոնորը, դիրիժորական փայտիկով, գրավում է իր տեղը: Բոլորը կատարում են «Նոր

տարի» երգը:

          Երբ անտառը կանաչ,

          Ներկվեց ճերմակ ձյունով,

          Տոնածառը ճանաչ

          Փայլեց հազար գույնով:

               Նոր տարին է գալիս,

               Մեծանում ենք տարով,

               Հեքիաթները նորից

               Հյուր են գալիս սիրով:

Ծնվում են նոր հույսեր,

          Նոր մաղթանք ու բարիք,

          Մոռանում ենք հոգսեր,

          Մոռանում ենք տարիք:

              Նոր տարին է գալիս,

              Մեծանում ենք տարով,

              Հեքիաթները նորից,

              Հյուր են գալիս սիրով:

          Երազները թովիչ,

          Նա է միշտ մեզ բերել,

          Ու բարձի տակ նորից

          Փնտրում ենք մենք նվեր:   

               Նոր տարին է գալիս,

              Մեծանում ենք տարով,

              Հեքիաթները նորից,

              Հյուր են գալիս սիրով:

Լսվում են ժամացույցի ղողանջները:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Գալի՜ս է, Նոր տարին գալիս է՜:

ՁՄԵՌ ՊԱՊ — Շնորհավո՛ր նոր տարի:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ (ծափահարում, խրախուսում է հանդիսատեսին, որ միասին

ասեն): Շը-նոր-հա- վոր… շը-նոր-հա-վոր… Ձմեռ պապիկ, ես մի խնդրանք ունեմ:

ՁՄԵՌ ՊԱՊԱսա, աղջիկս, լսում եմ:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Մեր փոքրիկ բարեկամները շատ օգնեցին ինձ: Նրանք ինձ հետ

երգեցին «Փաթիլի» երգը, ազատեցին Մաժորին և Մինորին…

ՄԱԺՈՐ — Ճի՞շտ, շնորհակալություն, բարեկամներ, շնորհակալություն:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — …Նրանց օգնությամբ դու գտար Սոնորիան և ինձ:

ՁՄԵՌ ՊԱՊ — Ինչ ես ասո՜ւմ… Ես էլ տարակուսում էի, թե այս ինչ ուժգին ձայներ են

լսվում անտառում, կանչում են ինձ: Շնորհակալություն, իմ բալիկներ,

շնորհակալություն:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — …Նրանց օգնությամբ մենք արթնացրինք հնչյունները «Արթնացեք

հնչյուններ զրնգուն» երգով: Հետո լսեցիք, չէ՞, որ նրանք մեզ ձայնակցում էին «Նոր

տարի» երգով:

ՁՄԵՌ ՊԱՊ — Իհարկե, լսեցի: Ճիշտ է, անհամարձակ էին երգում, բայց փորձում էին:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ – Որովհետև նրանք դեռ ծանոթ չէին երաժշտությանը: Բայց

կսովորեն, համոզված եմ, անպայման կսովորեն: (Հանդիսատեսին.) Այդպես չէ՞,

երեխաներ… Ձմեռ Պապ, թույլ տուր, խնդրում եմ, որ նրանք էլ բարձրանան բեմ,

արտասանեն, երգեն, պարեն մեզ հետ… Ձմեռ Պապ, կարելի՞ է:

ՁՄԵՌ ՊԱՊ — Դե իհարկե, Ձյունանուշիկ, իհարկե կարելի է:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ(ծափ է զարկում): Ինչ լա՜վ է: Երեխաներ, ովքեր ցանկանում են,

եկեք մեզ մոտ, բարձրացեք բեմ, միասին պարենք:

Սոնորցիները ուրախ, տոնական պար են նվագում: Ձյունանուշը օգնում է

ցանկացողներին՝ բեմ բարձրանալ: Բոլորը պարում են:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։