Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ/ ՀՐԱՇՔԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Պիես՝ հեքիաթ-մյուզիքլ, մեկ գործողությամբ
Գործող անձինք
ԱՍՏՂԻԿ
ԱՂԱՎՆԻ
ԱՌՅՈՒԾ
ԹԻԹԵՌ
ՄԱՅՄՈՒՆ
ՄՍՏՈ
ԱԶՐԱՅԵԼ
ՄԿՆԵՐ
Դահլիճի լույսերը մարելուն պես թափառիկ կայծեր են հայտնվում:
Հեռվից լսվում է Աստղիկի երգը:
ԱՍՏՂԻԿ — Աստղաշատ, անհուն երկինքը թողած,
Իջնում եմ, ահա, հյուր եմ գալիս ձեզ,
Թե երազ ունեք ձեր մտքում պահած,
Ես կիրագործեմ երազանքը ձեր:
Բացվում է վարագույրը, կայծերը տեղափոխվում են բեմ: Անտառի ամայի բացատ է:
ԱՍՏՂԻԿ — (երգելով մտնում է):
Մութ տիեզերքում հավերժ առկայծել,
Լսել եմ հազար տենչանք ու բաղձանք,
Ահա, եկել եմ, որ դուք համոզվեք,
Չի կորչում կյանքում իղձ ու երազանք:
(Զարմացած շուրջն է նայում): Ահա, եկել եմ… ահա, եկել եմ… բայց ոչ ոք չկա… ամայություն է… ծառերն ու թփերը չորացել են… Որտե՞ղ է անտառը… ախր, ես երազանքներ էի լսում, բարի երազանքներ… Ո՞ւր են երազողները, խոտերը, ծաղիկները, թռչունները, կենդանիները, թիթեռնիկները, մեղուները: Չկան: Ոչինչ չկա… ոչ ոք չկա… (Հեռվից լացի ձայն է լսվում: Լարվում է:) Կարծես մեկն արտասվում է… Հա, էլի, լաց է լինում: Ուրեմն վատ բան է պատահել, նրան օգնել է պետք: Հե՜յ, ո՞վ է լաց լինում, որտե՞ղ ես… Աո՜ւ: Ես Աստղիկն եմ, երկնքի ամենափայլուն աստղը, որտե՞ղ ես, ինչո՞ւ ես արտասվում… (Դուրս է ելնում՝ փնտրելու:) Աո՜ւ…
Մտնում է արտասվող Աղավնին:
ԱՂԱՎՆԻ — Ա՜յ-այ, ա՜յ-այ, ա՛յ-ա՛յ, ա՜յ… (Կծկվում, նստում է հատակին:) Ես դժբա՜խտ եմ… դժբա՜խտ եմ… Ա՜յ-այ, ա՜յ-այ, ա՛յ-ա՛յ, ա՜յ…
ԱՍՏՂԻԿ — Աո՜ւ… որտե՞ղ ես… (Մտնում է:)
ԱՂԱՎՆԻ — Ա՜յ-այ, ա՜յ-այ, ա՛յ-ա՛յ, ա՜յ…
ԱՍՏՂԻԿ — Աղավնի՞… ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես արտասվում:
ԱՂԱՎՆԻ — Ես դժբա՜խտ եմ… դժբա՜խտ եմ… Ա՜յ-այ, ա՜յ-այ, ա՛յ-ա՛յ, ա՜յ…
ԱՍՏՂԻԿ — Մի արտասվիր, ես քեզ կօգնեմ, միայն ասա, թե ի՞նչ է պատահել:
ԱՂԱՎՆԻ — (հայացքը վեր հառելով): Ահա, նայիր:
ԱՍՏՂԻԿ — (վերև է նայում): Նայեցի: Հետո՞:
ԱՂԱՎՆԻ — Ոչինչ չնկատեցի՞ր:
ԱՍՏՂԻԿ — Սովորական երկինք է:
ԱՂԱՎՆԻ — Սովորական երկինք չէ: Ուշադիր նայիր:
ԱՍՏՂԻԿ — (կրկին նայում է): Նայում եմ: Երկինք է, հեռվում փոքրիկ ամպիկ կա:
ԱՂԱՎՆԻ — Իսկ արևը տեսա՞ր… արևը:
ԱՍՏՂԻԿ — Տեսա… արև է:
ԱՂԱՎՆԻ — Կենտրոնո՞մ է, թե՞ թեքվել է դեպի արևմուտք:
ԱՍՏՂԻԿ — (նորից վերև է նայում): Մի փոքր թեքվել է:
ԱՂԱՎՆԻ — Ա՜յ-այ, ա՜յ-այ, ա՛յ-ա՛յ, ա՜յ…
ԱՍՏՂԻԿ — Աղավնի, սիրելիս, կեսօրից հետո արևը թեքվում է դեպի արևմուտք, արտասովոր բան չկա, ինչո՞ւ ես արտասվում:
ԱՂԱՎՆԻ — (հուսահատ): Նա ետ չի գա:
ԱՍՏՂԻԿ — Կգա, ո՞նց չի գա: Առավոտյան արևը նորից կբարձրանա արևելքից:
ԱՂԱՎՆԻ — Վստա՞հ ես:
ԱՍՏՂԻԿ — Հարյուր տոկոսով:
ԱՂԱՎՆԻ — Իսկ ես հույս չունեմ:
ԱՍՏՂԻԿ — Այ քեզ բան… Նորությո՞ւն է, ինչ է, արևն ամեն օր ծագում է, իսկ երեկոյան մայր է մտնում… Ծագում-մայր է մտնում, ծագում-մայր է մտնում:
ԱՂԱՎՆԻ — Ես կորցրել եմ հույսս և նրա հետ անհետացան իմ թևերը:
ԱՍՏՂԻԿ — Չի կարող պատահել:
ԱՂԱՎՆԻ — Պատահել է, ես անվերադարձ կորցրել եմ հույսս և սավառնել չեմ կարողանում… Ա՜յ-այ, ա՜յ-այ, ա՛յ-ա՛յ, ա՜յ…
ԱՍՏՂԻԿ — Անհնար է, որ Աղավնին կորցնի հույսը: Չէ՞ որ հենց դու հույս բերեցիր մարդկությանը: Հիշո՞ւմ ես լեգենդը: Ջրհեղեղից հետո, երբ Նոյ Նահապետը քեզ բաց թողեց Մասիս լեռան վրա կանգ առած տապանից, դու վերադարձար կանաչ ծիլը կտուցիդ՝ ավետելով, որ ջրհեղեղն ավարտվել է: Դու կյանքի հույս բերեցիր մարդկանց: Դու ինքդ հույսի խորհրդանիշ ես և անհնար է, որ կորցնես հույսդ:
ԱՂԱՎՆԻ — Հնարավոր է: Ահա, ես կորցրի… Նա միշտ ինձ հետ էր, բայց կորցրի… Ես հույս չունեմ, որ վաղը արևոտ օր կլինի, հույս չունե՜մ, որ կսավառնե՜մ…
ԱՍՏՂԻԿ — Բայց այդ ինչպե՞ս եղավ, որ հույսդ կորցրիր:
ԱՂԱՎՆԻ — Ճնճղուկները գողացան: Համոզված եմ, նրանք են տարել իմ հույսը:
ԱՍՏՂԻԿ — Ամեն ճնճղուկ իր հույսն ունի, ինչո՞ւ պետք նրանք քո հույսը տանեին:
ԱՂԱՎՆԻ — Ես ճախրում էի երկնքում և հանկարծ նկատեցի, որ մեր բացատում մի բուռ սերմ է շաղ տված: Իջա և սկսեցի կտցել: Աներես ճնճղուկները հայտնվեցին: Ես նրանց վռնդեցի, իսկ այդ գող ճնճղուկները…
ԱՍՏՂԻԿ — Սպասիր, վրա մի տուր: Ուրեմն դու արգելե՞լ ես ճնճղուկներին քեզ հետ կուտ ուտել:
ԱՂԱՎՆԻ — Ե՛ս էի գտել, նրանց ի՞նչ… Դա իմն էր: Ու մեկ էլ տեսնեմ՝ բացատը ամայացավ, թռչունները վերացան, իսկ արևը… ա՜յ, ա՜յ-այ, ա՜յ-այ, ա՜յ… Արևն էլ ետ չի գա, մթության մեջ մենք բոլորս սառույց կդառնանք…
ԱՍՏՂԻԿ — Ահա թե ինչպես է եղել…
ԱՂԱՎՆԻ — Այո, նրանք գողացան իմ հույսը և անտառը վերացավ:
ԱՍՏՂԻԿ — Ոչ, Աղավնի: Նրանք ոչինչ չեն գողացել, նույնիսկ մի հատիկ սերմ չեն տարել: Դու ագահություն ես արել և կորցրել ես քո բարությունը: Այդ պատճառով թռչուններն ու հույսը լքել են քեզ, և դու կորցրել ես ճախրելու ունակությունը:
ԱՂԱՎՆԻ — Ա՜յ-այ, ա՜յ-այ, ա՛յ-ա՛յ, ա՜յ…
ԱՌՅՈՒԾ — (ձայնը՝ հեռվից): Օգնեցե՜ք… (Մկներից հետապնդվելով լեղապատառ մտնում և դուրս է փախչում): Փրկեցե՜ք…
ԱՍՏՂԻԿ — Այդ ո՞վ էր:
ԱՂԱՎՆԻ — Առյուծը:
ԱՍՏՂԻԿ — Գազանների արքան մկներից վախենո՞ւմ է:
ԱՂԱՎՆԻ — Երևի նա էլ է հույսն է կորցրել:
Խուճապահար մտնում է Առյուծը:
ԱՌՅՈՒԾ — (թաքնվում է չորացած ծառի ետևում): Օգնեցեք, խնդրո՜ւմ եմ, նրանք ինձ կհոշոտեն:
ԱՍՏՂԻԿ — (հետապնդող մկներին սաստելով): Սպասե՛ք, կա՛նգ առեք: (Մկները կանգնում, հառվում են նրան:)
ՄՍՏՈ — Ասա, միայն թե շուտ ասա, մենք սոված ենք և ուտել ենք ուզում:
ՄԿՆԵՐ — (ցատկոտելով): Մենք սոված ենք, մենք սոված ենք, մենք սոված ենք:
ԱՍՏՂԻԿ — Բայց մուկը չի կարող առյուծ ուտել:
ՄՍՏՈ — Կարող է, եթե հավատացած է, որ կարող է:
ՄԿՆԵՐ — (ցատկոտելով): Կարող է, եթե հավատացած է, որ կարող է:
ԱՍՏՂԻԿ — Անմտություն է, ո՞վ է ձեզ այդպես հավատացրել:
ՄՍՏՈ — Կապիկը: Հիմա նա է մեր արքան:
ՄԿՆԵՐ — Նա է, նա է, նա է:
ԱՌՅՈՒԾ — Օգնեցեք ինձ, խնդրո՜ւմ եմ…
ԱՂԱՎՆԻ — Ա՜յ-այ, ա՜յ-այ, ա՛յ-ա՛յ, ա՜յ…
ԱՍՏՂԻԿ — Բայց Առյուծը զորեղ է ձեզանից:
ՄՍՏՈ — Նա զորեղ չէ, գոռոզ է, նա արհամարհում է բոլորիս:
ՄԿՆԵՐ — (ցատկոտելով): Նա գոռոզ է, նա արհամարհում է բոլորիս:
ՄՍՏՈ — Նա մեծամտացավ և կորցրեց հավատը: Նա հիմա վախկոտի մեկն է:
ՄԿՆԵՐ — Վախկոտի մեկն է, վախկոտի մեկն է, վախկոտի մեկն է:
ՄՍՏՈ — Նրա պատճառով անտառը խռովեց, կենդանիները փախան, նա արքա չէ:
ՄՍՏՈ — Մեր արքան Մայմունն է:
ՄԿՆԵՐ — Մայմունն է, Մայմունն է, Մայմունն է:
Վերևից, թռիչքով, հայտնվում է Մայմունը:
ՄԱՅՄՈՒՆ — (գլուխկոնծի է տալիս): Ո՞վ ասաց՝ Մայմուն, ո՞վ ասաց՝ Մայմուն, Մայմունը ես եմ: Մայմունը ես եմ: Ես եմ, ես եմ, ես եմ… ո՞վ ասաց՝ Մայմուն: (Երաժշտություն: Երգում է:)
Ես կապիկն եմ անտառի,
Ճարպիկ եմ և քաջարի,
Ուրախ եմ ես, միշտ՝ անհոգ,
Չունեմ ոչ մի, ոչ մի հոգս:
ՄԿՆԵՐ — (շողոքորթ):
Նա է արքան անտառի,
Կապիկը մեր քաջարի:
ՄԱՅՄՈՒՆ — Ամեն մեկը այս կյանքում,
Միայն մեկ կյանք է ապրում,
Մեկը արջ է, մեկը՝ ձուկ,
Մեկը՝ առյուծ, մեկը՝ մուկ:
ՄԿՆԵՐ — (շողոքորթ):
Նա է արքան անտառի,
Կապիկը մեր քաջարի:
ՄԱՅՄՈՒՆ — Իսկ ես կապրեմ ոնց կուզեմ,
Ինչի՞ս է պետք՝ երազեմ,
Իմ տաղանդով տնազի,
Ինչ էլ անեմ՝ կսազի:
ՄԿՆԵՐ — (շողոքորթ):
Նա է արքան անտառի,
Կապիկը մեր քաջարի:
ՄԱՅՄՈՒՆ — Ուզեմ՝ վագր կդառնամ,
Ուզեմ՝ հովազ, կամ փասիան:
Կամ խորամանկ մի աղվես,
Ես կապիկն եմ, yes!, yes!, yes!
ՄԿՆԵՐ — (շողոքորթ):
Նա է արքան անտառի,
Կապիկը մեր քաջարի:
ԱՍՏՂԻԿ — Կապիկ, նախ բարևել է պետք:
ՄԱՅՄՈՒՆ — Օ՜-հո՞… հյուր ունե՞նք: Սպասիր, սպասիր, դու այն Աստղիկը չե՞ս, որ փայլփլում է երկնքում:
ԱՍՏՂԻԿ — Այո, ես Աստղիկն եմ, քիչ առաջ իջա երկնքից:
ՄԱՅՄՈՒՆ — Մե՜ծ բան՝ քիչ առաջ է իջել երկնքից:
ՄՍՏՈ — Մե՜ծ բան՝ քիչ առաջ է իջել:
ՄԿՆԵՐ — (ծաղրանքով): Մե՜ծ բան, մե՜ծ բան, մե՜ծ բան:
ԱՍՏՂԻԿ — Բայց չէ՞ որ դուք էիք երազանքներ շշնջում և խնդրում, որ կատարեմ: Ես ձեր ցանկությամբ եկա:
ՄԱՅՄՈՒՆ — Անձամբ՝ ես ոչ մի երազանք չունեմ, երբեք երկնքին չեմ նայել: Մստո, դու երկնքին նայե՞լ ես:
ՄՍՏՈ — Երկի՞նք, դա ի՞նչ բան է: Եթե նեխած պանիր է, կերել եմ:
ՄԿՆԵՐ — Կերել ենք, կերել ենք:
ԱՍՏՂԻԿ — Չէ, ի՞նչ պանիր: Երկինքը աստղերի և արևի տունն է, հավատի, հույսի և սիրո տունը:
ՄՍՏՈ — Այդ ի՞նչ տուն է, որ պանիր չկա: Ծիծաղելի բաներ ես ասում: Անձամբ ես երբեք երկնքին չեմ նայել:
ՄԿՆԵՐ — Չենք նայել, չենք նայել, չենք նայել:
ՄԱՅՄՈՒՆ — Լսեցի՞ր, կայծիկ-պայծիկ, մեզ համար երկինքը եղած-չեղած մի հաշիվ է:
ԱՍՏՂԻԿ — Գուցե հենց այդ պատճառո՞վ է անտառն ամայացել:
ՄԱՅՄՈՒՆ — Չէ՜ մի: Դժգույն, տխուր անտառ էր: Նա խելքի եկավ, հասկացավ մե՜ծ ճշմարտությունը: Ո՞ւմն են պետք այդ հույսն ու հավատը, սերը: Վե՛-րա՛-ցա՛ն, լրի՜վ վերացան: Վրա հասավ կապիկների դարը: Կեցցե՛ն կապիկները: Նրանց ոչ հույս է պետք, ոչ՝ հավատ, ոչ՝ խելք: Պե՞տք է՝ խելքով կձևանանք, պե՞տք չի՝ հիմար լինելը կա ու կա: Այդպես հեշտ է ապրելը:
ՄՍՏՈ — Այո, այդպես հեշտ է ապրելը:
ՄԿՆԵՐ — Հեշտ է, հեշտ է, հեշտ է:
ՄԱՅՄՈՒՆ — Այնպես որ, իզուր ես եկել: Կարող ես ետ գնալ, մենք քո կարիքը չունենք:
ՄՍՏՈ — Մենք քո կարիքը չունենք:
ՄԿՆԵՐ — Ետ գնա, ետ գնա, ետ գնա:
ՄԱՅՄՈՒՆ — Առյուծին էլ քեզ հետ տար, նա արդեն արքա չէ:
ՄԿՆԵՐ — Արքա չէ, արքա չէ, արքա չէ:
ՄՍՏՈ — Նա ընդամենը կապիկություն է անում՝ իբր արքա է:
ՄԱՅՄՈՒՆ — Համոզվեցի՞ր, կայծիկ-պայծիկ, որ փոխվել է դարը: Հիմա ես եմ գազանների թագավորը՝ կապիկ Մայմունս, և օրինակ եմ ծառայում բոլորին:
ԱՍՏՂԻԿ — (զարմացած): Կապիկությա՞մբ ես օրինակ ես ծառայում…
ՄԱՅՄՈՒՆ — Հենց՝ կապիկությամբ: Գիտե՞ս, թե քանի՜-քանիսն են ինձ նմանվել՝ մրջյունները, թռչունները, աղվեսները, գայլերն ու նապաստակները, քիչ առաջ լսեցիր, որ նույնիսկ գազանների արքա Առյուծն է կապիկություն անում:
ՄԿՆԵՐ — (ցատկոտելով): Նախկին արքան, նախկին արքան:
ՄԱՅՄՈՒՆ — Ճիշտ որ… մոռացել էի:
ԱՍՏՂԻԿ — Քո կարծիքով արքան կապի՞կ է:
ՄԱՅՄՈՒՆ — Եթե կապիկություն է անում՝ կապիկ է:
ԱՍՏՂԻԿ — Մկներն ուզում են ուտել նրան, որովհետև կապիկություն է անում: Ուրեմն, քեզ էլ կուտե՞ն:
ՄԱՅՄՈՒՆ — Ո՞ւմ, ի՞նձ… Թող հալա փորձեն: (Շրջվելով մկների կողմը, մատները մագիլների պես պարզում, առյուծի պես սպառնալից մռնչում է:)
ՄԿՆԵՐ — (խուճապահար): Ծլկե՜նք, փրկվե՜նք… (Դուրս են փախչում:)
ԱՍՏՂԻԿ — (Առյուծին): Տեսա՞ր, արքա, կապիկը քեզ նման մռնչաց, և մկները սարսափահար փախան, իսկ դո՞ւ:
ԱՌՅՈՒԾ — Ես… ես չեմ կարող: Ես իմ ուժին վստահ չեմ… Ես կորցրել եմ հավատս… Դրանից հետո անտառը ամայացավ, ես չեմ հավատում, որ հզոր եմ, արքա եմ:
ԱՂԱՎՆԻ — Իսկ ես հույսս եմ կորցրել ու թևերս…
ԱՌՅՈՒԾ — Ա՜խ-ա՛խ, ա՜խ-ա՛խ…
ԱՂԱՎՆԻ — Ա՜յ-այ, ա՜յ-այ, ա՛յ-ա՛յ, ա՜յ…
ՄԱՅՄՈՒՆ — Ով փնտրում է, նա գտնում է… (Տեղում պտտվում է:) Փնտրեմ-գտնեմ, փնտրեմ-գտնեմ… (Իր պոչը բռնելով:) Ահա, գտա:
ԱՌՅՈՒԾ — Ի՞նչ գտար:
ՄԱՅՄՈՒՆ — Քո հավատը գտա:
ԱՌՅՈՒԾ — Դա իմ հավատը չէ, դա քո պոչն է…
ՄԱՅՄՈՒՆ — (պոչը զննելով): Ճիշտ որ… շփոթեցի… Մի հուսահատվիր, նախկին արքա, դու կորցրել ես հավատդ, բայց արծվի պես սրատես ես դարձել, ո՜նց էլ նկատեցիր, որ սա իմ պոչն է…
ԱՍՏՂԻԿ – Դե, բավական է կապիկություն անես: Նրանց դժբախտություն է պատահել, իսկ դո՞ւ…
ՄԱՅՄՈՒՆ — Լավ, լավ, հասկացա: Եթե դժբախտություն է պատահել, ուրեմն հարկավոր է լաց լինել: (Աչքերը տրորելով կեղծ արտասվում է:) Ո՜ւյ, ո՜ւյ, ո՜ւյ…
ԱՍՏՂԻԿ — Ասացի՝ վերջ տուր կապիկությանդ, ոչ թե արտասվել է պետք, այլ մտածել, թե ինչպե՞ս օգնենք նրանց:
ՄԱՅՄՈՒՆ — Լավ, հիմա կմտածեմ, հիմա կմտածեմ… (Մտածողի դիրք է ընդունում:) Կմտածեմ, կմտածեմ, կմտածեմ…
Երգելով մտնում է Թիթեռը:
ԹԻԹԵՌ — Ես թիթեռ եմ նախշուն, թեթև,
Թռվռում եմ և պարում,
Բայց որքան էլ չարչարվում եմ,
Ծաղկից մեղր չեմ քամում:
Թիթեռ, թիթեռ թռվռան,
Իզուր դու մի թռվռա:
(Հրճվանքով): Ա՛հ, վերջապե՜ս… վերջապես գտա՜, գտա՜…
ԱՂԱՎՆԻ — Դու էլ էի՞ր հույսդ կորցրել:
ԱՌՅՈՒԾ — Հավա՞տդ ես կորցրել:
ԹԻԹԵՌ — Ընդհակառակը, ես գտել եմ:
ՄԱՅՄՈՒՆ — Նա գտել է, նա գտել է, նա՝ գտեեեեեեեե՜լ է…
ԱՂԱՎՆԻ — Երանի՜ քեզ:
ՄԱՅՄՈՒՆ — Իսկ ի՞նչ ես գտել, ի՛նչ-ի՛նչ-ի՛նչ, ի՞նչ ես գտել:
ԹԻԹԵՌ — Այն տեղը, որտեղ հիմա կանգնած եմ: Սա հրաշալի տեղ է:
ԱՂԱՎՆԻ — Ի՞նչ հրաշալի, բացատն ամայացավ, երբ ես կորցրեցի հույսս:
ԱՌՅՈՒԾ — Խիտ անտառը ամայացավ, երբ ես կորցրեցի հավատս:
ԹԻԹԵՌ — Բայց չէ՞ որ այստեղ ոչ մի ծաղիկ չկա և դա հրաշալի է:
ԱՍՏՂԻԿ — Այ քեզ բա՜ն: Թիթեռնիկ, դու ծաղիկ չե՞ս սիրում:
ԹԻԹԵՌՆԻԿ — Չեմ սիրում: Նրա ծաղկափոշուց մեղուն մեղր է ստանում, իսկ ես՝ ոչ մի բան… Ես էլ եմ ծաղկից-ծաղիկ թռչում, ես էլ փոքրիկ կնճիթ ունեմ, բայց իմ վերցրած նեկտարից մեղր չի լինում, ինչու՞: Ծաղիկը անտարբեր է իմ նկատմամբ, ես ինչո՞ւ նրան սիրեմ:
ԱՍՏՂԻԿ — Ուրեմն դու նախանձում ես մեղվին և դրա համար ատում ես ծաղիկների՞ն:
ԹԻԹԵՌ — Հենց այդպես:
ԱՍՏՂԻԿ — Թիթեռնիկ, եթե դու չես կարողանում մեղր պատրաստել, ծաղիկը մեղք չունի: Քո նախանձի պատճառով կորցրել ես սերդ, ծաղիկները վերացան և առանց սիրո դու կկործանվես:
ԹԻԹԵՌ — Պա՜հ, չէ մի՝ կկործանվեմ: Շատ լավ էլ թռչկոտում եմ, համարյա կապիկի պես:
ՄԱՅՄՈՒՆ — Ապրե՛ս: Միշտ ինձ նմանվիր:
ԹԻԹԵՌ — Միայն թե սոված եմ, շա՜տ եմ սոված:
ԱՌՅՈՒԾ — Ես էլ եմ սոված:
ԱՂԱՎՆԻ — Ես էլ:
ՄԱՅՄՈՒՆ — Ուշադրությո՛ւն, ուշադրությո՛ւն: Ես, որպես գազանների արքա, պարտավոր եմ հոգատար լինել իմ հպատակների նկատմամբ: Եթե սոված եք, ես ինքնազոհության եմ գնում՝ համեցեք, իմ պոչը կերեք: (Թիթեռին.) Ի՞նչ ես սառել, արի, նստիր պոչիս վրա ու կեր: Բայց ես ընդամենը մեկ պոչ ունեմ, բոլորիդ չի կշտացնի:
ԱՌՅՈՒԾ — Ա՜խ-ա՛խ, ա՜խ-ա՛խ…
ԱՂԱՎՆԻ — Ա՜յ-այ, ա՜յ-այ, ա՛յ-ա՛յ, ա՜յ…
ԱՍՏՂԻԿ — Այս կապիկը ձեզ ծաղրում է, իսկ դուք նրան հավատո՞ւմ եք:
ՄԱՅՄՈՒՆ — (գլուխկոնծի տալով): Ճիշտ է, ծաղրում եմ, ծաղրում եմ, ծաղրում եմ:
ԱՍՏՂԻԿ — Դա իսկական ընկերություն չի, Մայմուն:
ՄԱՅՄՈՒՆ — Բա ո՞րն է իսկակա՜ն, ամենաիսկակա՜ն, ամենա-ամենա-իսկակաաա՜ն ընկերությունը:
ԱՍՏՂԻԿ — Իսկական ընկերությունն այն է, երբ նեղության մեջ հայտնված ընկերոջդ օգնում ես:
ՄԱՅՄՈՒՆ — Պա՜խ, նրանք ինձ ի՞նչ ընկեր: Մեկն իր գոռոզության պատճառով հավատը կորցրեց, մյուսն այնքան նախանձեց, որ սերը կորցրեց, երրորդն ագահություն արավ՝ հույսը կորցրեց:
ԱՍՏՂԻԿ — Իսկ դո՞ւ: Դու ինչո՞ւ թույլ տվիր, որ քո ընկերները սխալվեն: Ժամանակին զգուշացնեիր նրանց, հորդորեիր, որ չգոռոզանան, չնախանձեն, ագահություն չանեն:
ՄԱՅՄՈՒՆ — Ես ընկերներ չունեմ և չեմ էլ ուզում ունենալ:
ԱՍՏՂԻԿ — Եթե ընկեր չունես, կարեկցել չգիտես, ուրեմն՝ կորիր այստեղից, մենք քեզ հետ չենք ուզում խոսել:
ՄԱՅՄՈՒՆ — Կփոշմանես, պայծիկ-կայծիկ, մի մոռացիր, որ հիմա ես եմ անտառի արքան:
ԱՍՏՂԻԿ — Քեզ նման անտարբերների ու կապիկների պատճառով անտառն ու դաշտերն ամայացել են, իսկ դու գլուխ ես գովում, կապիկի մեկը: Գնա՛ այստեղից:
ՄԱՅՄՈՒՆ — (չարախինդ): Լա՜վ, դու դեռ վա՛յ-վա՛յ կանես, խոստանում եմ քեզ: (Գլուխկոնծի տալով դուրս է գնում:)
ԱՌՅՈՒԾ — Ա՜խ-ա՛խ, ա՜խ-ա՛խ…
ԱՂԱՎՆԻ — Ա՜յ-այ, ա՜յ-այ, ա՛յ-ա՛յ, ա՜յ…
ԹԻԹԵՌ — Վո՜ւյ-վո՜ւյ-վո՜ւյ…
Երաժշտություն:
ԱՍՏՂԻԿ — (երգում է):
Ինչ էլ որ պատահի կյանքում,
Հույսերով ու սիրով ապրեք,
Հավատը պահպանեք սրտում,
Եվ դուք անպայման կհաղթեք:
ԱՌՅՈՒԾ — Ա՜խ-ա՛խ-ա՜խ…
ԹԻԹԵՌ — Վո՜ւյ-վո՜ւյ-վո՜ւյ…
ԱՂԱՎՆԻ — Ա՜յ-ա՜յ-ա՜յ…
ԱՍՏՂԻԿ — Միշտ բարի եղեք ու համեստ,
Մի եղեք ժլատ ու չկամ,
Լավ գործը չի կորչում անհետ,
Երազեք, ես ձեզ հյուր կգամ:
ԱՌՅՈՒԾ — Ա՜խ-ա՛խ-ա՜խ…
ԹԻԹԵՌ — Վո՜ւյ-վո՜ւյ-վո՜ւյ…
ԱՂԱՎՆԻ — Ա՜յ-ա՜յ-ա՜յ…
ԱՍՏՂԻԿ — Բարեկամներ, նվնվալ պետք չէ, ավելի լավ է գնանք, փնտրենք ձեր հույսը, հավատն ու սերը:
ԱՌՅՈՒԾ — Ես չեմ հավատում, որ կգտնենք, բայց կգամ քեզ հետ, որ մկներն ինձ չհոշոտեն:
ԱՂԱՎՆԻ — Ես հույս չունեմ, որ կգտնենք, բայց կգամ քեզ հետ, որ աներես ճնճղուկներն իմ կուտից չուտեն:
ԹԻԹԵՌ — Ես չեմ սիրում ոչ մեկին, բայց կգամ քեզ հետ, որովհետև մյուսներն էլ են գալիս:
ԱՍՏՂԻԿ — Ախ, որքա՜ն եք դուք փոխվել… Բայց ի՞նչ արած, ես պարտավոր եմ ձեզ օգնել: Եկեք միասին ձայն տանք՝ հո՜ւյս, հավա ՜տ, սե՜ր, և փնտրենք նրանց: Իմ ետևից: Ետ չմնաք: (Դուրս ելնելով:) Հո՜ւյս, հավա ՜տ, սե՜ր, հո՜ւյս, հավա՜տ, սե՜ր…
ԱՌՅՈՒԾ — Ա՜խ-ա՛խ-ա՜խ…
ԹԻԹԵՌ — Վո՜ւյ-վո՜ւյ-վո՜ւյ…
ԱՂԱՎՆԻ — Ա՜յ-ա՜յ-ա՜յ…
Դուրս են գնում:
Կարճ դադար:
Երաժշտություն: Երգելով մտնում են մկները՝ Մստոյի գլխավորությամբ:
ՄԿՆԵՐ — Մենք կրծող ենք մեր դասով,
Կրծմրծում ենք հավեսով,
Տարածում ախտ ու վարակ,
ՄՍՏՈ — Եվ նույնիսկ՝ համաճարա՜կ:
ՄԿՆԵՐ — Ապրում ենք մենք խորշերում,
Առանց աղբից խորշելու,
Աղբը աղբյուրն է կյանքի,
ՄՍՏՈ — Ով հավան չի, թող ճաքի՜:
ՄԿՆԵՐ — Մեզ ի՞նչ՝ ո՞վ է թագավոր,
Ուրա՞խ է, թե՞ սգավոր,
Բոլորի վրա՝ թքած,
ՄՍՏՈ — Մերը՝ պանի՜րն է նեխած…
(Կանգնում, հոտոտում է): Սպասե՛ք: Մենք արդեն տեղ ենք հասել: Այստեղ, մոտակայքում է ապրում Ազրայելը:
ՄԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ — Իսկ նրա տանը պանիր կա՞:
ՄԿՆԵՐ — Պանի՛ր, պանի՛ր, պանի՛ր:
ՄՍՏՈ — Ի՞նչ պանիր, դմբոնե՛ր: Մոռացա՞ք, ինչի համար ենք եկել: Մենք նրան պետք է համոզենք, որ գազանների արքան մուկը լինի և ոչ թե կապիկը: Հարմար առիթ է թագավոր դառնալու:
ՄԿՆԵՐ — Հարմար է, հարմար է, հարմար է:
ՄՍՏՈ — Ազրայելը երեք գլուխ ունի: Նա մի գլխով կուլ է տվել հավատը, մյուսով՝ հույսը, իսկ երրորդ գլխով հոշոտել է սերը: Երկիրն ամայացավ, իսկ Մայմունը առաջ ընկավ ու նրան համոզեց, որ ինքը դառնա թագավոր: Մենք պետք է ուղղենք այդ սխալը:
ՄԿՆԵՐ — Ուղղենք, ուղղենք, ուղղենք:
ՄՍՏՈ — Ո՞վ չգիտի, որ ամայի երկրում միայն մկներն են վխտում ու տիրություն անում:
ՄԿՆԵՐ — Ո՞վ չգիտի, ո՞վ չգիտի, ո՞վ չգիտի:
ՄՍՏՈ — Մի՞թե թագավոր լինել մենք չենք կարող:
ՄԿՆԵՐ — Չենք կարող, չենք կարող, չենք կարող:
ՄՍՏՈ — Ձայներդ կտրեք, անհասկացողնե՛ր: Ուշադիր լսեք, թե ինչ եմ ասում: Նորից եմ հարցնում՝ մի՞թե մենք չենք կարող թագավոր լինել: (Մկները չգիտեն՝ ինչ ասեն:) Կարո՛ղ ենք:
ՄԿՆԵՐ — Կարող ենք, կարող ենք, կարող ենք:
ՄՍՏՈ — Կեցցեք, իմ քաջեր: Իսկ հիմա թաքնվեք, մինչև Ազրայելի գալը:
ՄԿՆԵՐ — (թաքնվելով): Թաքնվենք, թաքնվենք, թաքնվենք:
Մտնում է եռագլուխ Ազրայելը՝ շողոքորթ շարժուձևով Մայմունի հետ:
ՄԱՅՄՈՒՆ — Քոռանա՜ն աչքերս, սիրելի Ազրայել, գլխիս տեր, մի գահ էլ չկա, որ բազմես: Կուզե՞ս, կռանամ՝ մեջքիս նստիր:
ԱԶԱՐԱՅԵԼ — Նստել չեմ ուզում, Մայմուն, վատ կանխազգացում ունեմ:
ՄԱՅՄՈՒՆ — Դա նրանից է, որ այդ կայծիկ-պայծիկը երկնքից իջել է և ուզում է վերադարձնել հույսը, հավատն ու սերը: Նրա հախից գալ է պետք:
ԱԶՐԱՅԵԼ — Վերադրձնե՞լ… Հա՜-հա՜-հա՜-հա՜… Ես դրանք արդեն կուլ եմ տվել, ինչպե՞ս կվերադարձնի:
Առաջին գլուխ — Շա՜տ, շա՜տ համեղ հավատ էր:
Երկրորդ գլուխ — Շա՜տ, շա՜տ համեղ հույս էր:
Երրորդ գլուխ — Շա՜տ, շա՜տ համեղ սեր էր:
ՄԱՅՄՈՒՆ — Անո՜ւշ, անո՜ւշ, անո՜ւշ լինի:
ԱԶՐԱՅԵԼ — Վատ չէր լինի, եթե Աստղիկ էլ կուլ տայի:
Առաջին գլուխ — Ես հաճույքո՜վ կուլ կտայի:
Երկրորդ գլուխ — Չէ, ես եմ ուզում կուլ տալ:
Երրորդ գլուխ — Ոչ մի դեպքում, այդ Աստղիկին ես եմ կուլ տալու:
ՄԱՅՄՈՒՆ — Անո՜ւշ, անո՜ւշ, անո՜ւշ լինի:
ԱԶՐԱՅԵԼ — Մայմուն, որպեսզի ասածդ կատարվի, գնա և այդ Աստղիկին մի հնարքով մոտս բեր:
Առաջին գլուխ — Ինձ մոտ կբերես:
Երկրորդ գլուխ — Չէ, ինձ մոտ կբերես:
Երրորդ գլուխ — Ոչ մի դեպքում, ինձ մոտ կբերես:
ՄԱՅՄՈՒՆ — Հիմա, գլխիս տեր, հենց հիմա գնամ ու բերեմ: (Դուրս ելնելով:) Կայծիկ-պայծի՜կ, որտե՞ղ ես… Կայծիկ-պայծիկ, դուրս արի, քեզ տամ կորեկ ու գարի: Կայծիկ-պայծիկ, դուրս արի… (Դուրս է գնում:)
Թաքստոցից դուրս է ելնում Մստոն:
ՄՍՏՈ — (ետուառաջ քայլող Ազրայելի առաջն ընկնելով, ռեվերանսով): Ողջո՜ւյն համաշխարհային տիրակալին: (Ազրայելը, մտքերով տարված, նրան չի նկատում և քիչ է մնում՝ կոխկրտի: Խույս է տալիս՝ ավելի բարձր:) Ողջո՜ւյն համաշխարհային հզոր, մեծահզոր և հզորավոր տիրակալին: (Ազրայելը չի նկատում: Կողմ թեքվելով սուլում է, մկները ներս են խուժում:) Կտրիճներ, իմ ձայնը նա չի լսում, օգնեք նրան մոտենամ:
ՄԿՆԵՐ — Օգնե՛նք, օգնե՛նք, օգնե՛նք: Բայց ինչպե՞ս:
ՄՍՏՈ — Պատկերացրեք, թե նա նեխած պանիր է, ինձ առաջ մղեք, որ հասնեմ նրան, ցած բերեմ, ուտենք:
ՄԿՆԵՐ — Ուտե՛նք, ուտե՛նք, ուտե՛նք… (Աստիճանահարթակի պես կռանում են:) Ցած բեր, ցած բեր ուտենք:
ՄՍՏՈ — (բարձրանում է մկների վրա): Ողջո՜ւյն տիրակալին:
ԱԶՐԱՅԵԼ — Բարո՜վ եկար, կայծիկ-պայծիկ, ես քեզ էի սպասում, որ ջերմորեն դիմավորեմ:
ՄՍՏՈ — Ջերմորե՞ն… շնորհակալ եմ, մե՜ծ տիրակալ:
ԱԶԱՐԱՅԵԼ — Շա՜տ ջերմորեն, իմ փորի մեջ շա՜տ տաքուկ է: (Երեք գլուխներով, երախները բաց, հարձակվում է մկների վրա:)
ՄԿՆԵՐ — (խուճապահար): Օգնեցե՜ք…
ԱԶՐԱՅԵԼ — (ուղղվելով, գոհունակ): Շա՜տ համեղ էին այս կայծիկները:
Առաջին գլուխ — Ես մեկ կայծիկ-պայծիկ կուլ տվեցի:
Երկրորդ գլուխ — Ես էլ մեկ կայծիկ-պայծիկ կուլ տվեցի:
Երրորդ գլուխ — Ես էլ մեկը կուլ տվեցի, բայց… կարծես թե չորս կայծիկ էին, չորրորդն ո՞ւր է:
Երկրորդ գլուխ — Չորրորդն ո՞ւր է: (Առաջին գլխին.) Չլինի՞ դու ես կուլ տվել ու ձայն չես հանում:
Առաջին գլուխ — Ես…ես նրան դեռ կուլ չեմ տվել, կոկորդումս է մնացել ու ճղճղում է, գլուխս ցավեցրեց:
Երաժշտություն:
ԱԶՐԱՅԵԼ — (երգում է):
Ես հրեշն եմ աշխարհի,
Կուլ կտամ՝ ով պատահի,
Չեմ սիրում ոչ մի բարիք,
Տարածում եմ արհավիրք:
Ահ, Ազրայել, Ազրայել:
Չար գործերն են քեզ վայել:
Ի՞նչ հույս, ի՞նչ սեր, ի՞նչ հավատ,
Սուտ բաներ են հնարված,
Ճիշտը մեկն է առերես,
Եվ այդ ճիշտը՝ ե՛ս եմ, ե՜ս:
Ահ, Ազրայել, Ազրայել:
Չար գործերն են քեզ վայել: (Կողքի ընկնելով՝ քնում է:)
Լսվում են մոտեցողների ձայները:
ԱՍՏՂԻԿ — Հո՜ւյս, հավա ՜տ, սե՜ր, հո՜ւյս, հավա՜տ, սե՜ր…
ԱՌՅՈՒԾ — Ա՜խ-ա՛խ-ա՜խ…
ԹԻԹԵՌ — Վո՜ւյ-վո՜ւյ-վո՜ւյ…
ԱՂԱՎՆԻ — Ա՜յ-ա՜յ-ա՜յ…
Ետքայլերով մտնում է Մայմունը՝ մոտեցողներին ձայն տալով:
ՄԱՅՄՈՒՆ — (ձայնը փոխած): Մենք այստե՜ղ ենք… մենք այստե՜ղ ենք… օգնեցե՜ք… (Ընդհարվում է Ազրայելին ու վայր ընկնում:)
ԱԶՐԱՅԵԼ — (արթնանալով): Ո՞վ համարձակվեց ինձ արթնացնել:
ՄԱՅՄՈՒՆ — (վախեցած ոտքի ելնելով): Այդ ես եմ, ես եմ՝ Մայմունը… Գլխիս տեր, ես խաբելով քեզ մոտ եմ բերում երկնքից ընկած Աստղիկին և նրա բարեկամներին… Ուր-որ է այստեղ կլինեն:
ԱԶՐԱՅԵԼ- Ինչե՜ր ես հնարում, Մայմուն, ես այդ կայծիկ-պայծիկին քիչ առաջ եմ կուլ տվել… շա՜տ համեղ էր:
Առաջին գլուխ — Շա՜տ համեղ էր:
Երկրորդ գլուխ — Շա՜տ, շատ համեղ էր:
Երրորդ գլուխ — Ոչ մի դեպքում, իմ կերածն ավելի համեղ էր:
ՄԱՅՄՈՒՆ — Չի կարող պատահել, երևի ուրիշ բան ես կուլ տվել:
ԱԶՐԱՅԵԼ — Ուրիշ՝ ի՞նչ… չորս կողմն ամայություն է, քո կարծիքով, ես ամայությո՞ւն եմ կուլ տվել:
ՄԱՅՄՈՒՆ — Չգիտեմ, ես ամայություն կերած չկամ:
Լսվում են մոտեցողների ձայները:
ԱՍՏՂԻԿ — Հո՜ւյս, հավա ՜տ, սե՜ր, հո՜ւյս, հավա՜տ, սե՜ր…
ԱՌՅՈՒԾ — Ա՜խ-ա՛խ-ա՜խ…
ԹԻԹԵՌ — Վո՜ւյ-վո՜ւյ-վո՜ւյ…
ԱՂԱՎՆԻ — Ա՜յ-ա՜յ-ա՜յ…
ՄԱՅՄՈՒՆ — (մոտեցողներին): Մենք այստե՜ղ ենք… այստե՜ղ ենք… օգնեցե՜ք… (Ազրայելին.) Լսեցի՞ր, նրանք մոտենում են, մոտենում են, մոտենուուո՜ւմ են: Ուր-որ է կհայտնվեն: Ահա… (Մտնում է Աստղիկը, նրա ետևից՝ Առյուծը, Աղավնին, Թիթեռը: Ծաղրալի ռեվերանսով:) Բարո՜վ եկար, կայծիկ-պայծիկ, ճամփին չմրսեցի՞ր:
ԱԶՐԱՅԵԼ – Ես նրան տաքո՜ւկ տեղ կուղարկեմ:
Առաջին գլուխ — Ամենատաքուկը իմ փորիկն է:
Երկրորդ գլուխ — Չէ, իմ փորիկն է:
Երրորդ գլուխ — Ոչ մի դեպքում, ի՜մ, ի՛մ փորիկն է:
ԱՍՏՂԻԿ — (շվարած): Դուք… դու ո՞վ ես:
ՄԱՅՄՈՒՆ — Նա աշխարհի ամենահզո՜ր տիրակալն է՝ Ազրայելը: Նա է այս վախկոտ-գոռոզ Առյուծի փոխարեն ինձ անտառի արքա օծել:
ԱՍՏՂԻԿ — Բայց անտառը չկա, ամայություն է: Ուրեմն դու ամայության արքա ես, կապիկ:
ՄԱՅՄՈՒՆ — (Ազրայելին): Էս ի՞նչ է ասում: Գլխիս տեր, նա վիրավորում է քեզ:
ԱԶՐԱՅԵԼ — Հը՜մմմ… Թող ներողություն խնդրի և ես նրան կներեմ: Միանգամից կուլ չեմ տա, աստիճանաբար կուտեմ:
ԱՌՅՈՒԾ — Ա՜խ-ա՛խ-ա՜խ, մեր Աստղիկը…
ԹԻԹԵՌ — Վո՜ւյ-վո՜ւյ-վո՜ւյ, մեր Աստղիկը…
ԱՂԱՎՆԻ — Ա՜յ-ա՜յ-ա՜յ, մեր Աստղիկը…
ԱՍՏՂԻԿ — Ես քեզնից չեմ վախենում, անկուշտ հրեշ:
ԱԶՐԱՅԵԼ — (խորամանկելով): Համմե՞…լավ չլսեցի:
ԱՍՏՂԻԿ-(բարձրաձայն): Ես քեզնից չեմ վախենո՜ւմ:
ԱԶՐԱՅԵԼ- Ա՜խ, ծերացել եմ… վեց ականջս էլ ծանր են լսում: Համմե՞…
ԱՍՏՂԻԿ — (մոտենալով՝ ավելի բարձրաձայն): Դու անկուշտ վիշապ ես, չար վիշապ, ես քեզնից չեմ վախենում:
ԱԶՐԱՅԵԼ — (խոնարհվում է): Խնդրում եմ, ականջիս ասա, որ լսեմ:
ՄԱՅՄՈՒՆ — (Աստղիկին): Ավելի մոտեցիր, մի վախենա, դա նրա ամենաբարի՜ ականջն է:
ԱՍՏՂԻԿ — (մոտենում, ձգվում է ականջին): Ես քեզնից չեմ վախենո՜ւմ:
ԱԶՐԱՅԵԼ — (ճանկում է նրան): Ահա՜, բռնվեցի՞ր…
Առաջին գլուխ — Ես, ես բռնեցի նրան, ես եմ կուլ տալու:
Երկրորդ գլուխ — Չէ, ես եմ կուլ տալու, տուր այստեղ (խլում է:)
Երրորդ գլուխ — Ոչ մի դեպքում, տուր ինձ, ես եմ կուլ տալու (խլում է:)
Երաժշտություն:
ԱԶՐԱՅԵԼ — Քեֆ ենք անո՜ւմ… (Մաքառող Աստղիկին ձեռքից-ձեռք գցելով՝ երգում է:)
Առաջին գլուխ — Ինչ ասես որ չեմ կերել,
Քաղցր, թթու կամ անհամ,
Բայց դեռ Աստղիկ չեմ կերել,
Բախտս բերեց այս անգամ:
ՄԱՅՄՈՒՆ — Շնորհավո՜ր, շնորհավո՜ր, բարեկամ:
ԱՌՅՈՒԾ — Ա՜խ, Աստղիկ ջան…
ԹԻԹԵՌ — Վո՜ւյ, Աստղիկ ջան…
ԱՂԱՎՆԻ — Ա՜յ-ա՜յ-ա՜յ…
ԱՍՏՂԻԿ — Բարեկամներ, ի՞նչ եք ախուվախ անում, օգնեցե՜ք ինձ:
ԱԶՐԱՅԵԼ — Քեֆ ենք անո՜ւմ…
Երկրորդ գլուխ — Անալի՞ ես, քեզ աղ կանեմ,
Թե՝ փոշո՞տ ես, կլվամ,
Ժանիքներս հիմա սրեմ,
Եվ քեզ կուտեմ, հա՛մ-հա՛մ-հա՛մ:
ՄԱՅՄՈՒՆ — Շնորհավո՜ր, շնորհավո՜ր, բարեկամ:
ԱՌՅՈՒԾ — Ա՜խ, Աստղիկ ջան…
ԹԻԹԵՌ — Վո՜ւյ, Աստղիկ ջան …
ԱՂԱՎՆԻ — Ա՜յ-ա՜յ-ա՜յ…
ԱՍՏՂԻԿ — Բարեկամներ, ի՞նչ եք ախուվախ անում, օգնեցե՜ք ինձ:
ԱԶՐԱՅԵԼ- Քեֆ ենք անո՜ւմ…
Երրորդ գլուխ — Խաբեցի քեզ, թե ես ծեր եմ,
Խուլ եմ, տկար, անատամ,
Քարից անգամ ես կծել եմ,
Հիմա քո վայն էլ կտամ:
ՄԱՅՄՈՒՆ — Շնորհավո՜ր, շնորհավո՜ր, բարեկամ:
ԱՌՅՈՒԾ — Ա՜խ, Աստղիկ ջան…
ԹԻԹԵՌ — Վո՜ւյ, Աստղիկ ջան…
ԱՂԱՎՆԻ — Ա՜յ-ա՜յ-ա՜յ…
ԱՍՏՂԻԿ -Առյուծ՜, Աղավնի՜, Թիթեռնիկ, փրկե՜ք ինձ:
ԱՌՅՈՒԾ, ԱՂԱՎՆԻ, ԹԻԹԵՌ — Մի՞թե դու չես կարողանում ազատվել:
ԱՍՏՂԻԿ — Աղավնի, ավետաբեր թռչուն, ինձ հուսադրիր, ասա՛, ասա, որ կազատվեմ…
ԱՂԱՎՆԻ — (անհանգիստ շարժումներ է անում ): Ախր… ախր, ես անհույս եմ… ես…
ԱԶՐԱՅԵԼ — Շա՜տ համեղ նախաճաշ ես երևու՜մ…
ԱՍՏՂԻԿ — Աղավնի՜, օգնի՜ր ինձ:
ԱՂԱՎՆԻ — (ճիգ գործադրելով վճռական է դառնում): Դու կազատվես, Աստղիկ, ես հույս ունեմ, որ կազատվես, հույս ունե՜մ…
ԱԶՐԱՅԵԼ — Ա-ա՜խ… (Գլուխներից մեկը ջղաձգվում ու անշնչացած կախվում է:)
ՄԱՅՄՈՒՆ — Օ-հո՞… Գլուխը սատկեց…
ԱՍՏՂԻԿ — Տեսա՞ք, որ հույսը ետ եկավ… սիրելի Թիթեռ, ասա, ասա՛, որ ինձ սիրում ես…
ԹԻԹԵՌ — Ախր… ախր, ես… ես սեր չունեմ… իսկ առանց իմ սիրելու չե՞ս կարող ազատվել:
ԱՍՏՂԻԿ — Ո՞ւմն է պետք իմ ապրելը, եթե ինձ չեն սիրելու, եթե ես ոչ մեկիդ չեմ սիրելու: Ավելի լավ է վիշապն ինձ կուլ տա:
ԹԻԹԵՌ — Ո՜չ… ես քեզ սիրում եմ, Աստղիկ, սիրո՜ւմ եմ:
ԱԶՐԱՅԵԼ — Ա-ա՜խ… (Գլուխներից երկրորդը ջղաձգվում ու անշնչացած կախվում է:)
ՄԱՅՄՈՒՆ — Օ-հո՞… երկրորդ գլուխն էլ սատկեց…
ԱԶՐԱՅԵԼ — Մայմուն, ի՛նչ ես ցցվել, դուրս քշիր դրանց: Չե՞ս տեսնում, հույսն ու սերը դուրս թռան իմ փորից ու վերադարձան նրանց մոտ:
ՄԱՅՄՈՒՆ — Ե՞ս… ես ի՞նչ կարող եմ անել, երբ նրանք աներեսի մեկն են:
Աներես, աներես,
Ոչ մի փափագ չունեմ ես,
Գլխիս տեր, ինձ կներե՜ս… (Գլուխկոնծի տալով դուրս է գնում:)
ԱԶՐԱՅԵԼ — Ապերա՜խտ, դավաճա՜ն… Իմ խելքն ասա, որ քեզ արքա կարգեցի, կապիկից ի՞նչ թագավոր… Բայց մեկ է, ես թույլ չեմ տա հավատն ազատվի, թույլ չեմ տա՜… Ես կհոշոտեմ քեզ, պայծիկ-կայծիկ: (Երախը լայն բացած հակվում է Աստղիկի վրա:) Կհոշոտե՜մ…
ԱՍՏՂԻԿ — (խույս տալով, ճգնում է դուրս պրծնել): Օգնի՛ր ինձ, Առյուծ, չէ՞ որ դու հզոր ես, փրկի՜ր ինձ…
ԱՌՅՈՒԾ — Ա՜խ, ախ… իսկ դու չե՞ս կարող ազատվել: Ես չեմ հավատում, որ հզոր եմ…
ԱՍՏՂԻԿ — Թիթեռն ու Աղավնին իրենց հույսով ու սիրով օգնեցին ինձ, քեզ էլ կօգնեն, դու հավատա քո ուժին, փրկի՜ր ինձ:
ԱՌՅՈՒԾ — (Աղավնուն): Դու կօգնե՞ս ինձ:
ԱՂԱՎՆԻ — Իհարկե, ես հույս ունեմ, որ դու հզոր ես, հույս ունե՜մ:
ԱՌՅՈՒԾ — (Թիթեռին): Իսկ դու կօգնե՞ս ինձ:
ԹԻԹԵՌ — Անպայմա՛ն: Ես քեզ սիրում եմ, արքա, սիրում եմ, որովհետև դու հզոր ես, հավատա՛:
ԱՌՅՈՒԾ — (թափահարում է բաշն ու մռնչում): Բա՜ց թող Աստղիկին, Ազրայել, եթե չես ուզում, քեզ ոչնչացնեմ:
ԱԶՐԱՅԵԼ — Դո՞ւ… Դու մկնիկից էլ վախկոտ ես, դու ո՞վ ես, որ ինձ հաղթես:
ԱՌՅՈՒԾ — Ես վախկոտ էի, քանի դեռ գոռոզ էի և մեծամիտ: Ես հասկացա սխալս, զղջացի: Բաց թող Աստղիկին, վերջին անգամ եմ զգուշացնում:
ԱԶՐԱՅԵԼ — Դե՝ փըղկ, վախկոտի մեկը: Այս պայծիկ-կայծիկին ես կտանեմ և իմ որջում կուտեմ: (Շրջվում, ուզում է գնալ:)
ԱՂԱՎՆԻ — Աստղիկ, սիրելիս, հույսդ չկտրե՜ս: (Հարձակվում է Ազրայելի վրա:)
ԹԻԹԵՌ — (հարձակվելով): Սերդ պահապանիր, Աստղի՜կ…
ԱՌՅՈՒԾ — Ես հավատում եմ իմ ուժի՜ն: (Մռնչալով հարձակվում է:)
Մարտի տեսարան: Ազրայելը տապալվում է:
ԱԶՐԱՅԵԼ — Ա՛խ, Ազրայե՜լ, Ազրայե՜լ, սատկում ես դու անվայել… (Անշնչանում է:)
ԱՍՏՂԻԿ — (ազատվելով վիշապից, գրկախառտնվում է): Շնորհակալություն, շնորհակալություն, բարեկամներ:
Ներս են խուժում մկներն ու խուճապահար վազվզում:
ՄԿՆԵՐ — Փրկվե՜ք, ծլկե՜ք, թաքնվե՜ք…
ԱՍՏՂԻԿ — Ի՞նչ է պատահել, մկնիկներ, այդ ումի՞ց եք փախչում:
ՄՍՏՈ — Ա… Ա… Ազրայել վիշապից, նա մեզ կուլ էր տվել ու մենք շոգից խեղդվում էինք:
ՄԿՆԵՐ — (դողալով): Խեղդվում էինք, խեղդվում էինք, խեղդվում էինք:
ԱՍՏՂԻԿ — Բայց դուք դողացնում եք: Շոգից դողո՞ւմ են:
ՄՍՏՈ — Մ-մենք վ-վախից ենք դ-դողո՜ւմ…
ՄԿՆԵՐ — Վ-վախից, վ-վախից, վ-վախից:
ՄՍՏՈ — Մ-մենք հ-հույս չ-չունեինք, թե կ-կազատվենք:
ՄԿՆԵՐ — Չ-չունեինք, չ-չունեինք, չ-չունեինք:
ՄՍՏՈ — Մ-մենք նրան չ-չենք ս-սիրում:
ՄԿՆԵՐ — Չ-չենք, չ-չենք, չ-չենք…
ԱՍՏՂԻԿ — Սթափվեք և հանգստացեք, մկնիկներ, Վիշապին հաղթեցին Առյուծը, Աղավնին և Թիթեռնիկը: Հույսը, սերը, հավատը ետ են եկել: Տեսեք, Ազրայելն անշնչացած, ընկած է:
ՄՍՏՈ — Այ քեզ հրա՜շք…
ՄԿՆԵՐ — Հրա՜շք, հրա՜շք, հրա՜շք…
ԱՌՅՈՒԾ — (ծանրաքայլ առաջանում է): Հրաշքով թշնամին չի պարտվում, բարեկամներ: Հաղթելու համար հարկավոր է, որ հավատաս քո զորեղ ուժին:
ԱՂԱՎՆԻ — (առաջանալով): Հաղթելու կամք և հույս ունենաս:
ԹԻԹԵՌ — (առաջանալով): Եվ սիրես, շա՜տ սիրես քո ընկերներին:
ԱՍՏՂԻԿ — Կեցցեք, բարեկամներ: Այ, հիմա ես կարող եմ իրականացնել ձեր երազանքները, չէ՞ որ երկնքից դրա համար իջա:
ԱՌՅՈՒԾ — Ես երազում եմ, որ անտառը վերադառնա և կենդանիները դարձյալ ապրեն անտառում:
ԱՂԱՎՆԻ — Ես երազում եմ, որ վերադառնան թռչունները, չմարի նրանց հույսը և բոլորը ճախրեն կապուտակ երկնքում:
ԹԻԹԵՌ — Ես երազում եմ, որ վերադառնան ծաղիկները, մեղուները, մրջյունները, բոլոր-բոլորը և մենք համերաշխ ու սիրով ապրենք:
ՄՍՏՈ — Եվ ամեն մեկը զբաղվի իր գործով:
ՄԿՆԵՐ — Ի՛ր, ի՛ր, ի՛ր գործով, ի՛ր գործով:
ԱՍՏՂԻԿ — Թող կատարվի՜ հրաշքը: (Մոգական շարժումներ է անում:) Թող իրականանան ձեր երազանքները՝ հույսով, հավատով և սիրով:
ԲՈԼՈՐԸ — Հույս, հավատ, սեր… հույս, հավատ, սեր…
Դահլիճում և բեմում՝ գունախաղ, բազմաթիվ կայծիկներ են հայտնվում:
ԱՂԱՎՆԻ — Նայեք, բարեկամնե՜ր, անտառը վերադառնո՜ւմ է:
Երաժշտություն:
Ծառերի չոր սաղարթները վերափոխվում են փարթամ անտառի, կանաչ խոտերն ու բազմերանգ ծաղիկներն արագորեն ընձյուղվում են, հեռվում թռիչքներով սուրում են եղնիկները, անցնում է արջը, գայլը, աղվեսը, թռչկոտում են մեղուները, երկնքում թևածում են թռչունները:
Վերևից, թռիչքով, հայտնվում է Մայմունը:
ՄԱՅՄՈՒՆ — Այնուամենայնիվ, բարեկամներ, ինչպես ասում էր իմ նախա-նախա-նախապապ Մայմուն առաջին կապիկը՝ մեր ցեղի համար ծառից-ծառ թռչելն ավելի հարմար է, քան չոր գետնի վրա թռչկոտելը:
ԱՍՏՂԻԿ — Մայմո՞ւն… որտեղի՞ց հատնվեցիր:
ՄԱՅՄՈՒՆ — Երկնքից… չէ, գետնի տակից… չէ, կարծեմ՝ օվկիանոսից…
ԱՍՏՂԻԿ — Էլի՞ կապիկություն ես անում:
ՄԱՅՄՈՒՆ — Բա ի՞նչ անեմ, քիչ առաջ դուք էիք ասում՝ ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով: Ես կապիկ եմ, կապիկություն եմ անում: Տնազ եմ անում սրան-նրան, նրան-սրան, սրան-նրան, նրան-սրան:
ԱՂԱՎՆԻ — Դու վիշապի հետ էիր բարեկամություն անում, ամոթ քեզ:
ՄԱՅՄՈՒՆ — Ի՜նչ բարեկամություն… Նա ինձ ասաց՝ արքայի տնազն արա, ես էլ արեցի… Ես իմ գործով եմ զբաղվել, կապիկություն եմ արել: Կուզե՞ս, Աստղիկի տնազն էլ անեմ: (Կրկնօրինակելով երգում է).
Աստղաշատ, անհուն երկինքը թողած,
Իջնում եմ, ահա, հյուր եմ գալիս ձեզ,
Թե երազ ունեք ձեր մտքում պահած,
Ես կիրագործեմ երազանքը ձեր:
Սա էլ Թիթեռնիկն է.
Ես թիթեռ եմ նախշուն, թեթև,
Թռվռում եմ ու պարում,
Բայց որքան էլ չարչարվում եմ,
Ծաղկից մեղր չեմ քամում:
Իսկ սա՝ անտառի արքա Առյուծն է: (Ահարկու մռնչում է:) Մըռհը՜մմմ…
Բոլորը ծիծաղում են:
ԱՍՏՂԻԿ — Դու լավ կապիկ ես, խոսք չկա: Բայց խոստացիր, որ այսուհետ չար տնազներ չես անի, չես վիրավորի անտառի բնակիչներին, այլ անմեղ կատակներով կուրախացնես բոլորին:
ՄԱՅՄՈՒՆ — Դա ես կարող եմ: (Գլուխկոնծի է տալիս:) Կարող եմ, կարող եմ, կարող եմ: Խոստանո՜ւմ եմ:
ԱՍՏՂԻԿ — Իսկ դուք, մկնիկներ, խոստացեք, որ ամեն մի պատահած կապիկի արքայի տեղ չեք դնի:
ՄՍՏՈ — Խոստանում եմ, խոստանում:
ՄԿՆԵՐ — Խոստանում ենք, խոստանում:
ԱՍՏՂԻԿ — Դե, սիրելի բարեկամներ, իմ գնալու ժամն է: Հազարավոր երազանքներ են կուտակվել երկնքում: Գնամ, որ բոլորի բարի երազանքները իրականացնեմ:
Երաժշտություն: Երգում են.
Հրաշքներ ունի ամեն մի անտառ,
Սիրով, հավատով, հույսով ոսկեզօծ,
Եղևնին ծառ է, նաև՝ տոնածառ,
Փչակը՝ փեթակ, կոճղը՝ մրջնանոց:
Կրկներգ.
Հույսով, հավատով և սիրով,
Հրաշքները մեր պահպանենք ,
Որ մեր երազները բոլոր,
Բոցկլտան, երբեք չմարեն:
Շաղը աստղիկ է, ծաղիկը՝զանգակ,
Լազուր երկինքը՝ տանիք է պայծառ,
Առուն երգիչ է, ինչպես մի սոխակ,
Քամին հովիկ է և զեփյուռ կայտառ:
Կրկներգ.
Հույսով, հավատով և սիրով,
Հրաշքները մեր պահպանենք,
Որ մեր երազները բոլոր,
Բոցկլտան, երբեք չմարեն:
Սա մեր երկիրն է, մեր հայրենիքն է,
Մենք չունենք ուրիշ ոչ մի երազանք,
Քան խախաղ ու ջինջ կապույտ երկինքն է,
Հույսով, հավատով, սիրով զորանանք:
Կրկներգ.
Հույսով, հավատով և սիրով,
Հրաշքները մեր պահպանենք,
Որ մեր երազները բոլոր,
Բոցկլտան, երբեք չմարեն:
Վարագույր