Դավիթ ԽԱՉԻՅԱՆ /ԴԱՇՆԱՄՈՒՐԸ

(Երջանիկ լինելու բանաձևը)

Գրեթե պիես՝ լոկ 1 արարով

Գործող անձինք

ՏՂԱՄԱՐԴ

ԿԻՆ

ԱՆՁԱՅՆ ՄԻՄՈՍ

Սովորական սենյակ է: Ձախ անկյունում՝ հնամենի դաշնամուր: Տղամարդը, դաշնամուրին կռթնած, նոտաներ է ծնգացնում: Ավելի շատ մտքերի հետ է, քան փորձում է նվագել: Բեմի մյուս կողմում պահարան է: Պատին՝ էժանագին մի նկար երկնաքերերի տեսարանով: Երկու աթոռ: Մի հնամենի հեռախոս: Վերևում սովորական լամպ է: Արագ և գործնական քայլերով ներս է մտնում ԿԻՆԸ և, առանց ամուսնու կողմը նայելու, ինչ-որ բան է փնտրում պահարանում:

ԿԻՆ – Աաաա, նվագում ես…

ՏՂԱՄԱՐԴ – (նկատելով կնոջը): Ոչ, չեմ նվագում…

ԿԻՆ – Դե չխանգարեմ, նվագիր…

ՏՂԱՄԱՐԴ – Ասացի՝ չեմ նվագում:

ԿԻՆ – Սիրում եմ, երբ նվագում ես…

Տղամարդը զարմացած նայում է կնոջը, սակայն ոչինչ չի ասում:

ԿԻՆ – Հաճույքով մի հին տանգո կլսեի:

ՏՂԱՄԱՐԴ – Չեմ ուզում նվագել:

ԿԻՆ – Կրկին խոսում ես ինքդ քեզ հետ… Վերջը լավ լինի:

ՏՂԱՄԱՐԴ – Սրանից լավ էլ ո՞ւր:

ԿԻՆ – Լավ կլինի, սիրելիս, լավ կլինի: Միայն թե դու հավատա և վստահիր ինձ:

ՏՂԱՄԱՐԴ – Իսկ դու ինձ հավատում և վստահո՞ւմ ես:

ԿԻՆ – Ես քեզ սիրում եմ:

ՏՂԱՄԱՐԴ – Հմմ… Գիտե՞ս, այս գիշեր զարմանալի երազ եմ տեսել: Կուզե՞ս պատմեմ:

ԿԻՆ – Հետո: Հիմա կարևոր գործ ունեմ: Չես տեսնո՞ւմ՝ փոշիներն եմ սրբում:

ՏՂԱՄԱՐԴ – (համակերպված): Լավ: (Շարունակում է մի մատով նվագել:)

ԿԻՆ – Սիրում եմ, երբ նվագում ես: Տունը լցվում է կյանքով ու… այդ բառը մոռացա… Բանաստեղծական…

ՏՂԱՄԱՐԴ – Շնչով:

ԿԻՆ – Ոչ… Ասացի՝ բանաստեղծական: Ըըըը… «Գ» տառով է սկսվում…

ՏՂԱՄԱՐԴ – «Գ» տառո՞վ… Գեղգեղանքո՞վ:

ԿԻՆ – Դու այստեղ աղավնի՞ ես տեսնում: Բաց աչքերդ: Ես չեմ տեսնում: Ոչ, ուրիշ բառ է:

ՏՂԱՄԱՐԴ – Գորովանքո՞վ:

ԿԻՆ – Ուֆֆ: Բնավ երևակայություն չունես: Բանաստեղծական, «Գ» տառով…

ՏՂԱՄԱՐԴ – Գեղեցկությա՞մբ:

ԿԻՆ – Գոնե մի՛ խառնիր մտքերս… Ո՛չ:

ՏՂԱՄԱՐԴ – Գունագեղությա՞մբ:

ԿԻՆ – Ո՛չ: Մի վայրկյան լռիր, խնդրում եմ: Լեզվիս ծայրին է: Ըըը… Հիշեցի՛:   Երանությամբ:

ՏՂԱՄԱՐԴ – (զարմացած): Բայց այդ բառը Գ-ով չի սկսվում: Եվ անգամ Գ չի պարունակում:

ԿԻՆ – Դա էական չէ: Կարող էիր և կռահել:

ՏՂԱՄԱՐԴ – (անկարող): Երևի թե կարող էի…

ԿԻՆ — Լսիր, տես ինչ մտածեցիր: Դաշնամուրը չծախե՞նք վերջապես: Ահագին տեղ կազատվի:

ՏՂԱՄԱՐԴ – Տեղն ին՞չիդ է պետք:

ԿԻՆ – Ո՞նց թե: Կարելի է մի փոքրիկ սեղանիկ գնել ու մի հրաշալի պահարան դնել: Արդեն գիտեմ՝ որտեղից: Եվ, վերջապես, իմ օժիտի ամբողջ սպասքը սիրո՜ւն կդասավորեմ դրա մեջ:

ՏՂԱՄԱՐԴ – Ինչի՞ համար:

ԿԻՆ – Ո՞նց թե՝ ինչի համար: Սիրուն կդասավորեմ… Կնայենք ու կհիանանք… Գեղեցիկ բաժակներով սուրճ կխմենք: Կյանքն անմիջապես կփոխվի: Այ, կտեսնես: Դու միայն թե վստահիր ինձ: Ախր կյանքն այնքա՜ն հրաշալի է…

ՏՂԱՄԱՐԴ – Հըմմ…

ԿԻՆ – Իսկ հետո ինձ համար մի սիրուն գործ կնվագես, և տունը կլցվի… էլի մոռացա այդ բառը… Մի խոսքով՝ բանաստեղծական ինչ-որ բանով: Լսիր, սուրճ չես ուզում, չէ՞:

ՏՂԱՄԱՐԴ – Հաճույքով կխմեի:

ԿԻՆ – (խուսանավելով): Դե, որ չես ուզում…

ՏՂԱՄԱՐԴ – (դադարում է ծնգացնել ու զարմացած նայում է կնոջը): Մի րոպե: Ինչպե՞ս պիտի նվագեմ, եթե դաշնամուրն ուզում ես վաճառել:

ԿԻՆ – (բնավ անակնկալի չգալով և շարունակելով քչփորել պահարանում): Ոչ թե ես եմ ուզում, այլ կուզեի, ու մենք միասին ուզեինք: Կարևոր որոշումներն ամուսինները պետք է միասին կայացնեն՝ կնոջ ցանկությամբ, իհարկե:

ՏՂԱՄԱՐԴ – Հըմմ…

ԿԻՆ – Բացի այդ, դու բացարձակ ռոմանտիկա չունես: (Պաթոսով:) Երաժշտությունը մարդու մեջ պիտի լինի: Պարտադիր չէ, որ տանը դաշնամուր լինի և այդքան օգտակար ծավալ զբաղեցնի:

Լույսն ընկնում է բեմի անկյունին՝ այնտեղից ծիկրակում է միմոսը: Ցուցամատով ցույց տալիս կնոջը, ապա մատը պտտում քունքի մոտ՝ հասկացնելով, թե հիմար բան է ասում: Լույսը մարում է և միմոսն անհետանում է:

ԿԻՆ – Այ, տեսնո՞ւմ ես, այսքան օգտակար ծավալ դարձել է փոշու և կեղտի բուն: Իսկ ո՞ւր մնաց առողջ կենցաղը, ո՞ւր մնաց էկոլոգիան…

ՏՂԱՄԱՐԴ – (ձեռքով չափելով դաշնամուրը): Կես մետրը մեկ ու ութսունի վրա… Մոտավորապես… Զրո ամբողջ ինը քառակուսի մետր:

ԿԻՆ – Ահա, փաստորեն ես ճիշտ էի: Ինչքա՞ն՝ ասացիր:

ՏՂԱՄԱՐԴ – Զրո ամբողջ ինը քառակուսի մետր:

ԿԻՆ – Ըհը, ինը քառակուսի մետր: Համարյա տասը: Մի ամբողջ սենյակ: Մինչդեռ ինչքա՜ն օգտակար բաներ կարելի էր դնել այդ տասը քառակուսու վրա: Քո բախտը բերել է, սիրելիս, որ ես համեստ եմ և քչով բավարարվող:

Բեմի անկյունում դարձյալ հայտնվում է միմոսը և փորը բռնած անձայն քրքջում: Ապա կրկին ետ է քաշվում ու չքվում:

ՏՂԱՄԱՐԴ – (նախ զարմացած, ապա հեգնանքով): Հա՜, գիտեմ…

ԿԻՆ – Գիտե՞ս, ինչ անցավ մտքովս:

ՏՂԱՄԱՐԴ – Ի՞նչ:

ԿԻՆ – Բանաստեղծական մի բան:

ՏՂԱՄԱՐԴ – Իրո՞ք:

ԿԻՆ – Այո: Կարևորը, որ դու ինձ սիրես և վստահես: Հա, ինչ էի ասում՝ այդ տասը քառակուսի մետրի վրա անգամ կարելի է գորգ փռել և պարել: (Երազանքով:) Իսկ հետո դու ինձ ծաղիկներ կնվիրես… Ինչքա՜ն ժամանակ է, որ ծաղիկներ չես նվիրել…

ՏՂԱՄԱՐԴ – Անցած ուրբաթ օրը չնվիրեցի՞: Մոռացե՞լ ես արդեն:

ԿԻՆ – Պետք չէ հաշվել, այլ պետք է սիրով ու սրտանց նվիրել… Ամեն ինչ թվերի ես վերածում ու հաշիվների… Ասում ես՝ քանի՞ մետր էր… Բնավ ռոմանտիկա չունես… Բացի այդ, եթե անկեղծ լինենք, ի՞նչ ծաղիկներ էին որ… Ընդամենը տասնմեկ վարդ…

Բեմի հետնամասում հայտնվում է միմոսը՝ աթոռը ձեռքին:

ՏՂԱՄԱՐԴ – Անգամ հաշվել ես: Եվ ո՞վ է սիրում ամեն ինչ թվերի վերածել:

ԿԻՆ – Դու: Եվ խնդրում եմ քեզ, մի՛ փշրիր ռոմանտիկ հոգեվիճակս: Ես այնքան եմ սիրում, երբ նվագում ես ինձ համար: Մտքով արդեն թռչում եմ այնտեղ… (Մի պահ լռում է՝ երազանքներին տարված ու պատի նկարին նայելով:) Հա՛, իսկ գորգի վրա կարելի է մի գեղեցիկ սեղանիկ դնել, վրան՝ չինական ծաղկաման, իսկ ծաղկամանի մեջ՝ վարդեր… Իսկ դու կնվագես…

ՏՂԱՄԱՐԴ – (մի քանի նոտա է ծնգացնում): Ինչպե՞ս նվագեմ առանց դաշնամուր:

ԿԻՆ – (հիասթափված): Վերջնականորեն ուզում ես փչացնել տրամադրությունս: Քեզ արդեն ասացի, որ կարևորը հոգու նվագն է: Մի պահ պատկերացրու՝ գորգ, սեղանիկ, վարդերով ծաղկաման, իսկ լուսամուտից երևում են հոգեթով երկնաքերերը… (Հիացմունքով ձեռքը մեկնում է դեպի պատին կախված նկարը:)

ՏՂԱՄԱՐԴ – (քմծիծաղով): Հոգեթով երկնաքերեր…

ԿԻՆ – (մի քիչ այլայլված, ապա՝ արհարմարհանքով): Այո, իսկ ինչո՞ւ՝ ոչ: Թե՞ դարձյալ երազում ես գյուղի տան մասին:

ՏՂԱՄԱՐԴ – Ե՞րբ եմ երազել գյուղի մասին:

ԿԻՆ – Դե, մտքիդ միշտ էլ դա է: Բոլոր ամուսնացած տղամարդկանց երազանքը մեկն է՝ հայտնվել անմարդաբնակ մի կղզում: Բայց ոչինչ: Կարևորը՝ դու վստահիր և հավատա ինձ: Եվ ամեն ինչ լավ կլինի:

Տղամարդը դաշնամուրին կռթնած շարունակում է ծնգացնել: Միմոսն աթոռն անձայն իջեցնում է, նստում ու ցուցադրական զարմանքով նայում ամուսիններին:

ԿԻՆ – Սիրում եմ, երբ նվագում ես: Հոգիս և տունը լցվում են բանաստեղծական շնչով ու էլի մի բանով, որի անունը լեզվիս ծայրին է…

ՏՂԱՄԱՐԴ – Հոգեպարար տվայտանքով…

ԿԻՆ – Ի՞նչ… Հա՜, միգուցե… Բայց ես ավելի քնքուշ մի բան էի պատկերացնում: Ամեն ինչ փչացնում ես: Բայց դե, ամեն մեկին տրված չէ ռոմանտիկ ներաշխարհ ունենալ… Տասնմեկ վարդ, այն էլ՝ կարմիր… Է՜հ… (Երազանքով:) Գորգը, սեղանիկը, վարդերը, երկնաքերերը…

Տանգոյի հնչյուններ են լսվում: Միմոսն ընդառաջ գալիս, մի փոքր պարում է կնոջ հետ, ապա զգուշորեն համբուրում նրա ձեռքը և կրկին վերադառնում ու նստում իր աթոռին:

ՏՂԱՄԱՐԴ – (դադարելով նվագել և ծածկելով դաշնամուրը): Լա՛վ, համոզեցի՛ր: Վաճառի՛ր:

ԿԻՆ – (զարմացած դադարում է տնտղել պահարանի պարունակությունը): Ի՞նչը վաճառեմ:

ՏՂԱՄԱՐԴ – Ի՞նչը՝ դաշնամուրը:

ԿԻՆ – Ի՞նչ դաշնամուր:

ՏՂԱՄԱՐԴ – (մի քիչ զայրացած): Այս դաշնամուրը:

ԿԻՆ – (զարմացած և այլայլված): Ինչպե՞ս թե՝ վաճառեմ: Այլևս չե՞ս ուզում նվագել ինձ համար: Դու ինձ այլևս չես սիրում, հա՞: Ասա ինձ, խնդրում եմ, այլևս չե՞ս սիրում:

ՏՂԱՄԱՐԴ – Սիրում եմ, սիրում…

ԿԻՆ – (մոտենում, փարվում է ամուսնուն): Սիրելիդ իմ… Ես այնքան եմ սիրում, երբ դու ինձ սիրում ես և ռոմանտիկ բաներ խոստանում:

ՏՂԱՄԱՐԴ – Ի՞նչ ռոմանտիկ բան եմ խոստացել:

ԿԻՆ – Արդեն մոռացա՞ր: Ա՜հ, ինչ դժբախտ եմ ես: Ո՞ւր է ռոմանտիկան… Ո՞ւր են երազանքները… Ամեն ինչ հօդս ցնդեց… Իսկ գո՞րգը, ծաղկամա՞նը, վարդե՞րը…

ՏՂԱՄԱՐԴ – Կստանաս: Ամեն ինչ կստանաս:

ԿԻՆ – Միայն մի բան խոստացիր ինձ:

ՏՂԱՄԱՐԴ – Ի՞նչ խոստանամ:

ԿԻՆ – Չէ, նախ խոստացիր:

ՏՂԱՄԱՐԴ – կամ): Լավ, խոստանում եմ:

ԿԻն – Ապրես: Ես գիտեի, որ սիրում ես ինձ: Ուրեմն՝ այդպես էլ կանենք:

ՏՂԱՄԱՐԴ – Ի՞նչ կանենք:

ԿԻն – Ինչ խոստացել ես:

ՏՂԱՄԱՐԴ – Իսկ ի՞նչ եմ խոստացել:

ԿԻՆ – Ռոմանտիկ կյանք…

ՏՂԱՄԱՐԴ – Գորգ, սեղանիկ, ծաղկաման, վարդեր…

ԿԻՆ – (հիացած նայելով ամուսնուն): Այո, այո… Գորգ, սեղանիկ, ծաղկաման, վարդեր, բայց ոչ տասնմեկ հատ: Եվ, իհարկե, երկնաքերեր… Այլ ոչ թե գյուղական տուն:

ՏՂԱՄԱՐԴ – Ահ, նորից… Ի՞նչ գյուղական տուն:

ԿԻՆ – Դու ամեն ինչ մոռանում ես: Բայց դա ոչինչ: Ես գիտեմ՝ տարիքային է: Իրականում դու մեղք չունես:

ՏՂԱՄԱՐԴ – Ես ոչինչ չեմ մոռանում: Եվ տարիքս էլ… Դե տարիք է, էլի:

Լռություն: Կինն անտրամադիր ու մտածկոտ շարունակում է տնտղել պահարանի պարունակությունը:

ԿԻՆ – (ուրախացած): Հիշեցի:

ՏՂԱՄԱՐԴ – Ի՞նչ հիշեցիր:

ԿԻՆ – Այդ բառը:

ՏՂԱՄԱՐԴ – Ո՞ր բառը:

ԿԻՆ – Այդ միակ ռոմանտիկ բառը:

ՏՂԱՄԱՐԴ – Դե ասա:

ԿԻՆ – (բանաստեղծական հիացմունքով): Հոգեպարար տվայտանքով…

ՏՂԱՄԱՐԴ – Պարզ է…

ԿԻՆ – Իսկ դու ուզում ես ազատվել դաշնամուրից…

Միմոսը փակում է աչքերը: Տղամարդը նստում է ու մի մատով մի քանի նոտա ծնգացնում:

ԿԻՆ – Պատկերացնո՞ւմ ես՝ տասը քառակուսի մետր կորած տարածք: Դա նույնն է, ինչ կյանքիդ լավագույն տասը տարիներն անիմաստ կորցնես: Իհարկե, մենք կարող ենք մեզ այդպիսի շռայլություն թույլ տալ, իսկ այ, առողջ հասարակությունում (ցույց է տալիս պատի նկարը) մարդիկ հաշվել գիտեն և անիմաստ չեն վատնում փողը: Տասը քառակուսի մետր: Պատկերացնո՞ւմ ես: Համարյա՝ քսան:

ՏՂԱՄԱՐԴ – (դադարելով նվագել և շրջվելով կնոջ կողմը): Քսա՞ն:

ԿԻՆ – Ի՞նչը՝ քսան:

ՏՂԱՄԱՐԴ – Դու ասացիր՝ քսան:

ԿԻՆ – Այո, իհարկե, քսան: Ես վերջերս դեռ քսան տարեկան էի: Իսկ հիմա արդեն… Բայց դա էական չէ:

ՏՂԱՄԱՐԴ – Համարյա երեսուն:

ԿԻՆ – Այո, դու ճիշտ ես: Համարյա երեսուն:

ՏՂԱՄԱՐԴ – (քմծիծաղով): Երբ մեր աղջիկն արդեն տասնութ տարեկան է:

ԿԻՆ – Ես քեզ խնդրում եմ, մի փչացրու ռոմատիկան և… և…

ՏՂԱՄԱՐԴ – Ռոմանտիկ տրամադրությունը:

ԿԻն – Այո, մոտավորապես, թեև կարող էիր ավելի քնքուշ արտահայտվել:

ՏՂԱՄԱՐԴ – Քնքո՞ւշ: Հասկացա՝ գորգ, ծաղիկներ, ջութակ…

Միմոսը կանգնում և երևակայական ջութակ է նվագում:

ԿԻՆ – (հիացմունքով): Այո, ջութակ… (Լրջանալով:) Մի րոպե, ի՞նչ ջութակ:

ՏՂԱՄԱՐԴ – Քնքուշ և ռոմանտիկ մի ջութակ…

ԿԻՆ – Խնդրում եմ քեզ. ցած իջիր ամպերից:

Հեռախոսազանգ:

ՏՂԱՄԱՐԴ – Հեռախոսը:

ԿԻՆ – (հեռախոսը փնտրելով): Խուլ չեմ:

ՏՂԱՄԱՐԴ – Դե վերցրու:

ԿԻՆ – Վերցրնում եմ:

Կինը վերջապես գտնում է հեռախոսը:

ԿԻՆ – Այո, լսում եմ: Այո… Ոչ, սա Ջրմուղը չէ: Եվ ոչ էլ Էլեկտրական ցանցերը: Ավելին ասեմ, սա անգամ գրադարանը չէ… Ձեզ չեմ վիրավորում, ճշմարտությունն եմ ասում: Այո, այո… Այլևս այստեղ չզանգեք: Բայց մի րոպե: Ալո, լսո՞ւմ եք: Մենք վաճառում ենք մեր դաշնամուրը: Այո, լավն է: Նվագում է: Մակնիշը չգիտեմ: (Կիսաձայն դիմելով ամուսնուն:) Մակնիշն ի՞նչ է: Մի խոսքով, հրաշալի դաշանամուր է, գրեթե տասը քառակուսի մետր տարածք է զբաղեցնում: Այո, համարյա քսան… Ի՞նչ, մասերի բաժանված: Ի՞նչ մասեր… Դուք ցնդել եք, տիկին: Այլևս այստեղ չզանգեք: Ավելի լավ է Ջրմուղ զանգեք: (Զայրացած անջատում է, դիմում ամուսնուն:) Մարդիկ բնավ ռոմանտիկա չունեն: Դու ճիշտ ես:

ՏՂԱՄԱՐԴ – Իրո՞ք: Ո՞ր հարցում:

ԿԻՆ – Դաշնամուրը պետք է վաճառել:

ՏՂԱՄԱՐԴ – (ժպտալով): Բայց այդ դեպքում չեմ կարողանա նվագել քեզ համար:

ԿԻՆ – Ոչինչ: Այսքան տարի դիմացել եմ, էլի կդիմանամ: Ի դեպ, վաղուց էի ուզում քեզ հարցնել՝ սուրճ չես ուզում, չէ՞:

Միմոսն ախորժակով լպստում է շուրթերը և սուրճ խմելու ժեստ անում:

ՏՂԱՄԱՐԴ – Հաճույքով կխմեի:

ԿԻն – Դե, որ չես ուզում՝ չեմ կարող պարտադրել: (Երազանքով:) Բայց մի պահ պատկերացրու՝ գորգ, սեղանիկ, ռոմանտիկ երաժշտություն, իսկ լուսամուտից անդին հոգեպարար ռոմանտիկա…

ՏՂԱՄԱՐԴ — Այսինքն՝ երկնաքերեր:

ԿԻՆ – Ի՞նչ ես մի գլուխ՝ երկնաքեր, հա երկնաքեր… Դու չես հասկանում, դա ռոմանտիկա է… Այն բառը մոռացա:

ՏՂԱՄԱՐԴ – Հոգեպարար:

ԿԻՆ – Այո, հոգեպարար: Եվ պետք չէ հեգնել:

ՏՂԱՄԱՐԴ – Մտքովս անգամ չի անցել:

ԿԻՆ – Ոչինչ, հետո կանցնի, իսկ ես կողքիդ չեմ լինի, որ նեղանամ:

ՏՂԱՄԱՐԴ – Հըմմ…

Միմոսը զարմացած ժեստ է անում ու երկու ձեռքով փակում բերանը:

ԿԻՆ – Կարևորը, որ դու ինձ հավատաս և վստահես: Ես երբեք սխալ բան չեմ ասում:

ՏՂԱՄԱՐԴ – Ես քեզ հավատում եմ, վստահում և սիրում:

ԿԻՆ – Մի՛ խառնիր ալիքները, խնդրում եմ: Ես լուրջ եմ խոսում:

ՏՂԱՄԱՐԴ – Պատկերացրու՝ ես էլ:

ԿԻՆ – Պարզապես պետք է մի քիչ էլ դիմանալ: Վերջապես կտեղափոխվենք այս բնակարանից և կտրվենք ռոմանտիկ կյանքին: Հոգնել եմ չոր ու ցամաք ապրելուց:

Տղամարդը հայացք է նետում պատի նկարին, սակայն ոչինչ չի ասում:

ԿԻՆ – Հասկանում եմ քեզ: Դու էլ ես հոգնել այս ամենից:

ՏՂԱՄԱՐԴ – Ինչի՞ց:

ԿԻՆ – Այս չոր ու ցամաք կյանքից: Այս դաշնամուրից, այս փոշուց և անհարկի զանգերից:

ՏՂԱՄԱՐԴ – Փոշո՞ւց:

ԿԻՆ – Փոշուց:

ՏՂԱՄԱՐԴ – (հարցական): Փոշո՛ւց:

ԿԻՆ – Այո, փոշուց: Գիտեմ, որ շատ ես հոգնել: Ոչինչ, կգնանք և այդ ամենը կդառնա դժնի մի երազ: Կպատմենք ջրին ու կմոռանանք:

ՏՂԱՄԱՐԴ – Ջրին այստեղ էլ կարող ենք պատմել: Ի դեպ, երազս չպատմեցի…

ԿԻՆ – Մի՛ հեգնիր, խնդրում եմ: Ես լուրջ եմ խոսում: Եվ մի՛ համեմատիր այստեղի ջուրը այնտեղի ջրի հետ:

ՏՂԱՄԱՐԴ – Ես երևի լռեմ:

Միմոսը վեր պարզած բթամատով ողջունում է տղամարդուն:

ԿԻՆ – Դու միշտ լռում ես ամենաճակատագրական պահերին: Թողնում ես, որ ես կատարեմ կարևոր քայլերը: Բայց ի՞նչ կարող եմ ասել, երբ ռոմանտիկա չկա…

ՏՂԱՄԱՐԴ – Չկա…

ԿԻՆ – Չկա ու չկա… Ո՞վ է տեսել՝ տասնմեկ վարդ… Այն էլ չեմ հիշում՝ երբ:

ՏՂԱՄԱՐԴ – Անցած ուրբաթ:

ԿԻՆ – Ամեն ինչ հաշվում ես: Ասես հաշվիչ լինես: Իսկ ինձ սիրող ամուսին է պետք, ոչ թե հաշվիչ:

ՏՂԱՄԱՐԴ – Ես քեզ սիրում եմ:

Միմոսը շիկնում և ամաչում է՝ ձեռքերով փակելով աչքերը:

ԿԻՆ – Այո: Ճիշտ ես անում: Կարևորը՝ պիտի վստահես և հավատաս ինձ: Օքե՞յ:

ՏՂԱՄԱՐԴ – (ժպտալով): Օքեյ:

ԿԻՆ – Տես, ինչ լավ է, երբ ռոմանտիկ տրամադրությունն է տիրում տանը: Իրար «Օքեյ» ասում, «Օքեյ» լսում ենք: Այ, այսպիսի պիտի լինի իդեալական ընտանիքը: Առաջարկում եմ պատին մեծ տառերով գրել «ՕՔԵՅ»: Եվ վերջում մի մեծ բացականչական նշան դնել:

Միմոսը երևակայական վրձինով պատին գրում է «ՕՔԵՅ»: Տղամարդն ու կինը ուշադիր հետևում են նրա շարժումներին:

ԿԻն – Տես, ինչ լավ է: Ես գիտեմ, թե որն է լինելու իմ առաջին գործը, երբ հասնենք այնտեղ:

ՏՂԱՄԱՐԴ – (մի նոտա սեղմելով): Ո՞րը:

Միմոսը նստած տեղում երևակայական դաշնամուր է նվագում:

ԿԻՆ – Փորձիր կռահել: Երեք փորձ ունես:

ՏՂԱՄԱՐԴ – Դաշնամուր գնել և փորձել այն վաճառել:

Միմոսը կանգնում է և ծալում մի մատը:

ԿԻՆ – (ջղայնացած): Մի՛ հեգնիր, փլիզ:

ՏՂԱՄԱՐԴ – Օհո, կենացները քաղցրացան:

ԿԻՆ – Դեռ երկու փորձ ունես: Դե ասա՛:

ՏՂԱՄԱՐԴ – Կբացես պատուհանը և կշնչես երկնաքերերի մաքուր օդը:

Միմոսը ծալում է երկրորդ մատը:

ԿԻՆ – Ասացի՝ մի՛ հեգնիր: Վերջին փորձդ է:

ՏՂԱՄԱՐԴ – Հանձնվում եմ: Ասա՛:

Միմոսը դժկամությամբ ծալում է երրորդ մատը, նստում ու ականջ դնում կնոջը:

ԿԻՆ – Լավ, բայց նախ ասա, որ վստահում ես ինձ:

ՏՂԱՄԱՐԴ – Վստահում եմ:

ԿԻՆ – Նաև ասա, որ հավատում ես ինձ:

ՏՂԱՄԱՐԴ – Հավատում եմ:

ԿԻՆ – Իսկ սիրե՞լը: Դու ինձ այլևս չե՞ս սիրում:

ՏՂԱՄԱՐԴ – Սիրում եմ:

ԿԻՆ – (ժպիտով): Եվ ո՞վ էր ասում, թե կարմիր կովն իր կաշին չի փոխում:

ՏՂԱՄԱՐԴ – Ո՞վ էր ասում:

ԿԻն – Դա էական չէ: Սա հաճոյախոսություն էր: Գոնե գնահատիր:

ՏՂԱՄԱՐԴ – Կարմիր կովը… Հաճոյախոսությո՜ւն… Լավ, գնահատում եմ: Դե ասա՛:

ԿԻՆ – Լավ չես գնահատում…

ՏՂԱՄԱՐԴ — Լավ եմ գնահատում: Ասա՛:

ԿԻՆ – Դե, մի հատ էլ պաչիկ: Բայց ռոմանտիկ, խնդրում եմ: Ավելի լավ է՝ համբույր:

Ամուսինը թեքվում է դեպի կինը, որ համբուրի շուրթերը: Միմոսն ամոթխած փակում է աչքերը:

ԿԻՆ – (բարկացած ընկրկում է): Ոչ, ո՛չ շուրթերս: Ռոմանտիկան մի՛ փչացրու: Խնդրում եմ: Այտս կամ էլ պարանոցս…

Ամուսինը զգուշորեն համբուրում է կնոջ այտը: Միմոսը կիսաբաց է անում մի աչքն ու ամոթխած կրկին փակում:

ԿԻՆ – Այո, հիմա ճիշտ է: Զգացի՞ր:

ՏՂԱՄԱՐԴ – Ի՞նչը:

ԿԻՆ – Ինչ հակառոմատիկ ես…

ՏՂԱՄԱՐԴ – Բայց ի՞նչ պիտի զգայի:

ԿԻՆ – Օծանելիքիս բույրը:

ՏՂԱՄԱՐԴ – Ախ, հա, իհարկե… Զմայլելի բույր է:

ԿԻՆ – Զմայլելի… Իսկ վերջին անգամ ե՞րբ ես ինձ օծանելիք նվիրել:

ՏՂԱՄԱՐԴ – Երկու ամիս առաջ: Քո տարեդարձին:

ԿԻՆ – Անգամ չես հիշում:

ՏՂԱՄԱՐԴ – Հիշում եմ: Ասացի՝ երկու ամիս առաջ քո տարեդարձին:

ԿԻՆ – Այդպես չեն հիշում:

ՏՂԱՄԱՐԴ – Իսկ ինչպե՞ս են հիշում:

ԿԻՆ – Պետք է ռոմանտիկ ձևով հիշել, որ… որ… այն բառը մոռացա:

ՏՂԱՄԱՐԴ – Հոգեպարար:

ԿԻՆ – Այո, որ հոգեպարար… հոգեպարար…

ՏՂԱՄԱՐԴ – Ի՞նչ:

ԿԻՆ – Մի լավ բառ էլ կպցրու: Հոգեպարարին: Որ լավ զուգորդություն լինի:

ՏՂԱՄԱՐԴ – Տրամադրություն:

ԿԻն – Մի՛ փչացրու: Ուրիշ:

ՏՂԱՄԱՐԴ – Զմայլք:

ԿԻՆ – Ուրիշ:

ՏՂԱՄԱՐԴ – Երջանկություն:

ԿԻՆ – Ուֆֆ… Ուրիշ: Մի լա՜վ գոյական: Ածական արդեն ունենք:

ՏՂԱՄԱՐԴ – Գոյական… գոյական…

Միմոսը փորձում է հուշարարի պես հուշել, բայց անձայն:

ՏՂԱՄԱՐԴ – Մտքիս ոչինչ չի գալիս:

ԿԻՆ – Ինչ մեղկ եմ ես… Ոչ մի ռոմանտիկա, ոչ մի սեր…

ՏՂԱՄԱՐԴ – Ես քեզ սիրում եմ:

ԿԻՆ – Սերը բառերով չէ, այլ սրտով…

ՏՂԱՄԱՐԴ – Հըմմ…

ԿԻՆ – (անսպասելի հրճվանքով): Հիշեցի:

Միմոսը տեղում ուրախ պա է անում:

ՏՂԱՄԱՐԴ – Ե՞վ…

ԿԻՆ – (երազկոտ): Քնքշություն…

ՏՂԱՄԱՐԴ – Քնքշությո՞ւն…

ԿԻՆ – Ոչ թե քնքշություն, այլ քնքշությո՜ւն: «Քնքշություն» բառը պետք է քնքուշ արտաբերել:

ՏՂԱՄԱՐԴ – Հըմմ… (Մի քանի նոտա է վերցնում դաշնամուրի վրա:)

Միմոսը հիասթափված կախում է գլուխը:

ԿԻՆ — (երազկոտ): Հոգեպարար քնքշություն… (Հայացքն ուղղում է պատի նկարին:)

ՏՂԱՄԱՐԴ – (նկատելով կնոջ հայացքը): Դե ասա, ի՞նչ ես գրելու պատին:

ԿԻՆ – (զարմացած): Ի՞նչ պատ:

ՏՂԱՄԱՐԴ – Մեր նոր տան նոր պատին:

ԿԻՆ – Հաա… Դե մի բան կգրեմ, էլի…

ՏՂԱՄԱՐԴ – Չե՞ս ասում:

ԿԻՆ – Տրամադրությունս փչացրեցիր և դեռ ուզում ես, որ խոսեմ:

ՏՂԱՄԱՐԴ – Լավ:

ԿԻՆ – Ուրեմն լավ, հա՞: Այդքանը, հա՞: (Շինծու տխրությամբ տնտղում է պահարանը:) Իսկ կախարդական բա՞ռը:

ՏՂԱՄԱՐԴ – Խնդրում եմ, ասա:

ԿԻն – (ուրախացած): Այ, դա ուրիշ բան: Ուրեմն՝ կվերցնեմ մի մեծ վրձին…

Միմոսը երևակայորեն անում է կնոջ ասածը:

ԿԻՆ – Մի մե՜ծ վրձին… Կթաթախեմ կարմիր ներկի մեջ… Չէ, երևի կանաչ: Կամ էլ կապույտ: Իսկ ինչո՞ւ ոչ նարնջագույն…

Միմոսը խառնվում է իրար և տարակուսած շարժում ձեռքերը:

ԿԻՆ – Ի՞նչ կարծիքի ես:

ՏՂԱՄԱՐԴ – Բոլորն էլ լավ գույներ են:

ԿԻՆ – Այդպես էլ գիտեի:

ՏՂԱՄԱՐԴ – Ի՞նչ գիտեիր:

ԿԻՆ – Որ քո սեփական կարծիքը չունես:

ՏՂԱՄԱՐԴ – Մանուշակագույն:

ԿԻՆ – Ի՞նչը՝ մանուշակագույն:

ՏՂԱՄԱՐԴ – Մանուշակագույնով գրիր:

ԿԻՆ – Ես քեզ խնդրում եմ: Միայն թե ոչ մանուշակագույն:

ՏՂԱՄԱՐԴ – Ինչո՞ւ ոչ մանուշակագույն:

ԿԻՆ – Ես զզվում եմ մանուշակագույնից:

ՏՂԱՄԱՐԴ – Չգիտեի…Երբվանի՞ց:

ԿԻՆ – Կարող էիր և կռահել:

ՏՂԱՄԱՐԴ – Ինչպե՞ս պիտի կռահեի

ԿԻՆ – Այն օրը, տարիներ առաջ, երբ ինձ տասնմեկ թե տասներեք մանուշակագույն վարդ նվիրեցիր…

ՏՂԱՄԱՐԴ – Անցած ուրբաթ էր: Տասնմեկ կարմիր վարդ:

ԿԻՆ – Հա՞… (Տարակուսած:) Այնքան հազվադեպ ես նվիրում, որ մոռանում եմ… Դա սխալ է:

ՏՂԱՄԱՐԴ – Ի՞նչն է սխալ:

ԿԻՆ – Երբ քո սեփական կարծիքը չունես: Գիտե՞ս, ինչ է սիրում կինը:

ՏՂԱՄԱՐԴ – Գիտեմ՝ վարդեր, քնքշություն և ռոմանտիկա:

ԿԻն – Սխալվում ես, սիրելիս: Կինը սիրում է, երբ տղամարդը տղամարդ է: Ով ասում է իր խոսքը, և կինը հնազանդվում է նրան:

ՏՂԱՄԱՐԴ – Իրո՞ք:

ԿԻՆ – Հաստատ:

ՏՂԱՄԱՐԴ – Վերցրու կապույտ ներկը և գրիր՝ «Օքեյ»:

ԿԻՆ – (սեթևեթանքով): Հո-հո… Չհամարձակվե՛ս ինձ հրամայել: Թեև ո՞ւմ եմ ասում… Այ, երբ տեղափոխվենք նոր տուն, ցանկալի է՝ նոր քաղաքում… Այնտեղ լրիվ ուրիշ կերպ կլինի: Այնտեղ տղամարդիկ, հաստատ, ավելի բարեկիրթ են և ռոմոնտիկ… Եվ բոլորը, պատկերացնո՞ւմ ես, բոլորն անխտիր անգլերեն են խոսում: Կամ էլ՝ ֆրանսերեն: Տես, մենք ասում ենք «դաշնամուր»: Իսկ նրանք (հիացմունքով) «դաշն-ամուղ…»:

ՏՂԱՄԱՐԴ – (քմծիծաղով): Ըհը, դաշնամո՜ւղ, միզամո՜ւղ…

ԿԻՆ – Սրամիտ չէր: Այս գյուղական օդը լրիվ փչացրել է մեր տղամարդկանց:

ՏՂԱՄԱՐԴ – Բայց մենք քաղաքում ենք, միլիոնանոց քաղաքում: Եվ մեր լեզուն ուրիշ է: Անգլերենից վատը չէ: Ֆրանսերենից էլ: Մարդիկ էլ… Դե մարդիկ են: Ամեն տեղ էլ մարդիկ նույնն են:

ԿԻՆ – (անթաքույց զզվանքով): Ըհը, տեսնում եմ: Դու կարող ես միլիոնանոց քաղաքում ապրել, բայց օդը, միևնույն է, գյուղական է: Քաղաքը պիտի ռոմանտիկ լինի: (Ցույց է տալիս պատի նկարը:) Տես՝ երկնաքերեր, տաքսիների ծուխ, Բրոդվեյ, հոգեպարար… հոգեպարար… Մի լավ բառ ասա, որ ավելացնեմ այս ածականին:

ՏՂԱՄԱՐԴ – Քնքշություն:

ԿԻՆ – Չէ, ուրիշ բառ է սազում: Ասա՛, ինձ մի՛ տանջիր: Ինչքա՜ն ես սիրում ինձ տանջել…

Միմոսը մտածող մարդու կեցվածք է ընդունում՝ ծանրացած գլխով:

ՏՂԱՄԱՐԴ – Անդորր:

ԿԻՆ – Ուֆֆ… Ախր ինչպե՞ս կարող է երկնաքերերի քաղաքում հոգեսպան անդորր լինել:

ՏՂԱՄԱՐԴ – Ոչ թե հոգեսպան, այլ հոգեպարար: Հոգեպարար անդորր… Շատ լավ է հնչում:

ԿԻն – Չհամոզեցիր: Դարձյալ ստիպված եմ հույսս միայն ինձ վրա դնել: (Ծոր տալով:) Հոգեպարար… հոգեպարար… (Մի պահ լռում է՝ ուշադիր մի կետի նայելով:) Գտա՛:

ՏՂԱՄԱՐԴ – Ասա:

ԿԻՆ – Հոգեպարարություն:

Միմոսը մի պահ ապշած նայում է, ապա ուժասպառ փռվում աթոռին:

ՏՂԱՄԱՐԴ – Հոգեպարարություն… (Մոտենում է պատուհանին:) Ժամանակին այստեղ աղյուսից սարքած բարձր ծխնելույզ կար: Հիշում եմ, երեխա ժամանակ նայում էի ու հիանում երկինք բարձրացող ծխի քուլաներով:

ԿԻՆ – Երանելի հոգեպարար ժամանակներ…

ՏՂԱՄԱՐԴ – Հիրավի: Մանկությունը միշտ էլ հոգեպարար է:

ԿԻՆ — Սիրում եմ ծուխը: Ինչ-որ միստիկ և հոգեպարար բան կա ծխի քուլաների մեջ:

ՏՂԱՄԱՐԴ – Միգուցե…

ԿԻՆ – Գոնե ծխեիր… Սուրճի հետ կվայելեինք ծխի քուլաները:

ՏՂԱՄԱՐԴ – Բայց դու ցանկացար, որ թողնեմ ծխելը:

ԿԻՆ – Կարող էիր և մերժել կամ ժամանակ առ ժամանակ մի հատ ծխեիր…

ՏՂԱՄԱՐԴ – Հիմա ծխե՞մ:

ԿԻՆ – Ոչ: Ոչ մի դեպքում: Դա իմ ասելով չպետք է լինի, այլ հոգե… հոգե…

ՏՂԱՄԱՐԴ – Հոգեբուխ:

ԿԻՆ – Հոգեբո՞ւխ:

ՏՂԱՄԱՐԴ – Հոգեբուխ:

ԿԻՆ — (հանկարծակի պաթոսով): Լսիր՝ հոգեպարար հոգեպարարություն… Ահա, իմ երազների բարձրակետը: Ես իմ հոգեպարար երկնաքերերով և անուշ ծխի քաղաքն եմ ուզում: Ասա, որ լավ է:

ՏՂԱՄԱՐԴ – Հրաշալի է:

ԿԻՆ – Ռոմանտի՞կ է:

ՏՂԱՄԱՐԴ – Բանաստեղծական է:

ԿԻՆ – Դե ասա, որ ինձ սիրում ես:

ՏՂԱՄԱՐԴ – (հայացքը պատուհանից շրջելով դեպի կինը): Իհարկե, ես քեզ սիրում եմ:

ԿԻն – Ասա, որ ես խելացի եմ և տաղանդավոր:

ՏՂԱՄԱՐԴ – Դու խելացի ես և աննման: (Մոտենում է կնոջը և փորձում համբուրել, բայց վերջինս խույս է տալիս:)

ԿԻՆ – Չեմ հավատում: Սրտին չես խաբի:

ՏՂԱՄԱՐԴ – Ես չեմ խաբում:

ԿԻՆ – Գիտեմ: Դու անգամ սուտ խոսել չես կարողանում… Իսկ ինձ դա այնքա՜ն անհրաժեշտ էր հիմա:

ՏՂԱՄԱՐԴ – Սուտ լսե՞լը: Բայց ես չեմ ուզում քեզ խաբել: Դրա կարիքը չունեմ:

ԿԻՆ – Բոլոր տղամարդիկ էլ ունեն: Եվ մի՛ երևակայիր քեզ: Դու Բրոդվեյում չես:

ՏՂԱՄԱՐԴ – Ի՞նչ կապ ունի Բրոդվեյը:

ԿԻՆ – Ունի՛: Դու ավելի լավ է լռի՛ր, լսի՛ր ինձ և վստահի՛ր: Ուրեմն, կտեղափոխվենք մի մեծ բնակարան, մի լավ դաշնամուր կգնենք, որ նվագես ինձ համար: Դու նվագել գիտե՞ս:

ՏՂԱՄԱՐԴ – Գիտեմ: (Մոտենում է դաշնամուրին և կանգնած դիրքում մի քանի նոտա է ծնգացնում:)

ԿԻն – Լավ: Ուրեմն, մի դաշնամուր կգնենք: Հետո, հնարավորինս արագ կվաճառենք, որ տեղ ազատվի: Իսկ այդ ազատված տեղում, այդ տասը քառակուսու վրա մի հրաշալի գորգ կփռենք, մի սեղանիկ կդնենք, վրան՝ չինական ճենապակուց ծաղկաման, իսկ ծաղկամանի մեջ՝ վարդեր…

ՏՂԱՄԱՐԴ – Միանգամից ասա՝ քանի հատ և ինչ գույնի:

ԿԻՆ – Դա կապ չունի: Կարևորը վերաբերմունքն է և սերը: Թեկուզ 33 վարդ, շատ պետք չէ:

ՏՂԱՄԱՐԴ – Երեսուներեք վարդ… Հըմմ… Երևի սովորական ծաղկամանով չպրծնենք:

ԿԻՆ – Ես կոնկրետ թիվ չեմ ասում: Եթե 33-ը դժվար է, կարող ես 55 հատ գնել: Ես աչքածակ չեմ: Միայն թե, խնդրում եմ, ոչ վարդագույն: Երկու տարի առաջ, կարծեմ անցած ուրբաթ, զազրելի երկնագույն թե վարդագույն վարդեր էիր նվիրել: Մի կերպ զսպեցի ինձ, որ լաց չլինեմ: Դու անգամ չգիտես, որ ես նուրբ հոգի ունեմ:

ՏՂԱՄԱՐԴ – (գորովանքով): Գիտեմ, սիրելիս, գիտեմ:

ԿԻՆ – Դե ուրեմն՝ ինձ մի հակաճառիր:

ՏՂԱՄԱՐԴ – Չեմ էլ մտածում:

ԿԻն – Այ, դա վատ է:

ՏՂԱՄԱՐԴ – Ի՞նչն է վատ:

ԿԻն – Որ չես մտածում: Ինչպես ասել է… չգիտեմ ով՝ Ճիշտ գաղափարները միայն առողջ քննարկման միջոցով են լույս աշխարհ գալիս: (Տղամարդը փորձում է ինչ-որ բան ասել, բայց կինն արագ ավելացնում է:) Հատկապես, եթե անտեղի տեղն ինձ չես հակաճառում: Ես նուրբ հոգի ունեմ, ինձ չի կարելի նյարդայնանալ: Ախ, ի՜նչ հաճույքով կպարեի…

Տանգոյի մեղեդի է հնչում: Միմոսը մոտենում կնոջը և հրավիրում պարի: Մի երկու պտույտ են անում: Միմոսը վերադառնում է իր անկյունը՝ հեռվից օդային համբույր ուղարկելով, իսկ կինը նստում է իր աթոռին:

Հեռախոսազանգ:

ՏՂԱՄԱՐԴ – Հեռախոսը:

ԿԻՆ – Լսում եմ:

ՏՂԱՄԱՐԴ – Դե վերցրու:

ԿԻՆ – Վերցրնում եմ:

Կինը շեղ հայացք է նետում ամուսնուն և ցուցադրական դանդաղկոտությամբ վերցնում ընկալուչը:

ԿԻՆ – Այո, այո… համարյա: Ա՜, դարձյալ դուք եք: Վաճառում էինք, բայց այս պահին մտմտում ենք: Այո, քսան քառակուսի մետր: Բարվոք վիճակում: Գի՞նը… Տարօրինակ հարց եք տալիս: Դաշնամուրն անգին է, սիրելիս: Այո, հրաշալի փայտ է: Այո, կարող եք որպես վառելանյութ օգտագործել: Մետաղական մասե՞րը: Այո, կան: Ոսկի էլ կլինի: Այո… Եվ այլևս այստեղ չզանգեք, այլապես ես կբողոքեմ Ջրմուղին: Տիկին, ես չեմ գոռում, թեև մեծ ցանկություն ունեմ գոռալու: Այո, դիմանում եմ և ձեզ էլ խորհուրդ եմ տալիս դիմանալ: Պատկերացրեք, որ Բրոդվեյում եք: Բրոդ-վեյ-ում: Մի խոսքով, սա ձեզ համար թատրոն չէ, և ես ձեզ համար Սարոյանը չեմ: Սա իրական բնակարան է: Հաջողություն: (Զայրացած դնում է ընկալուչը:)

ԿԻՆ – Այս ի՜նչ մարդիկ են:

Կարճատև լռություն:

ՏՂԱՄԱՐԴ – Հա, մոռացա քեզ երազս պատմել: Այս գիշեր մի զարմանալի երազ եմ տեսել:

ԿԻՆ – (շրջվում, ուշադիր նայում ամուսնուն): Հապա, հապա… Դաշնամո՞ւրն էինք վաճառել:

ՏՂԱՄԱՐԴ – Սպասիր, պատմում եմ: Ուրեմն՝ տաք ու արևաշող առավոտ էր: Արթնացա, հաճույքով ճմլկոտեցի և…

ԿԻՆ – (աճապարանքով): Եվ վաճառեցիր դաշանամուրը:

ՏՂԱՄԱՐԴ – Սպասիր, խնդրում եմ: Արթնացա, և դու ինձ ոչ թե սուրճ առաջարկեցիր, այլ հրավիրեցիր տանգո պարելու: Հետո այդպես պտտվելով դուրս եկանք դռնից: Եվ, պատկերացնո՞ւմ ես, աստիճանավանդակի վրա…

Տանգոյի մեղմ նվագ: Միմոսն ինքն իր հետ տանգո է պարում:

ԿԻՆ – (անհամբեր): Աստիճանավանդակի վրա դաշնամուրի վաճառքի հայտարարությունն էր փակցված:

ՏՂԱՄԱՐԴ – Սպասիր, էլի… Աստիճանավանդակի վրա մեր աղջիկը մի գեղեցկատես երիտասարդի հետ տանգո էր պարում: Այդպես պարելով իջնում էինք վար, ու բոլոր հարկերում հարևանները տանգո էին պարում: Բակում ևս բոլորը տանգո էին պարում՝ անցորդները, բակի տղաներն ու աղջիկները, անգամ անտուն մարդիկ: Ու հանկարծ նկատում ենք, որ…

ԿԻՆ – (մի քիչ տարակուսանքով): Որ տանգո պարողները եկել են մեր դաշնամուրը տանելու:

ՏՂԱՄԱՐԴ – Ոչ, նկատում ենք, որ ողջ քաղաքն է պարում՝ մայթերին ու փողոցներում, բակերում ու անգամ տանիքներին: Իսկ մարդկանցից հորդում են սերն ու երջանկությունը: Անգամ թափառական շներն ու կատուներն են տանգոյի ռիթմի մեջ վազվզում: Հետո ես ու դու թևեր առանք, աղավնիների պես բարձրացանք երկինք ու վերևից ըմբոշխնում էինք պարող քաղաքի պատկերները:

Տղամարդը հիացած կանգ է առնում՝ ժպիտը երեսին:

ԿԻՆ – (ափսոսանքով շրջվելով դեպի պահարանը): Ափսո՜ս…

ՏՂԱՄԱՐԴ – (տարակուսանքով): Ի՞նչը ափսոս:

ԿԻՆ – Ընդհանրապես: Կարող էիր ավելի լավ բան տեսնել:

ՏՂԱՄԱՐԴ – Դրանից էլ լավ բա՞ն:

ԿԻՆ – Այո… Բայց դե ոչինչ: Երբ չկա ռոմանտիկա… Էլ ի՞նչ սպասես ցամաք ու չոր տղամարդուց:

ՏՂԱՄԱՐԴ – Սրանից էլ ռոմանտիկ երա՞զ:

ԿԻՆ – (ամանեղենը տնտղելով): Լավ, ոչինչ: Մյուս անգամ:

Կարճատև դադար: Միմոսը հոգնած նստում է իր աթոռին, գլուխն առնում ձեռքերի մեջ:

ՏՂԱՄԱՐԴ – Քեզ հրավիրե՞մ պարի:

ԿԻՆ – Պարի՞: Դու պարել գիտե՞ս:

ՏՂԱՄԱՐԴ – Կփորձեմ:

ԿԻՆ – Սպասիր: Ես հասկացա:

ՏՂԱՄԱՐԴ – Ի՞նչ հասկացար:

ԿԻՆ – Թե ինչից են մեր բոլոր դժբախտությունները:

ՏՂԱՄԱՐԴ – Մի՞թե մենք դժբախտ ենք, սիրելիս:

ԿԻՆ – Դե, մի քիչ: Մի՛ ընդհատիր, թո՛ղ խոսքս ավարտեմ:

ՏՂԱՄԱՐԴ – Լավ:

ԿԻՆ – Ուրեմն ուշադի՛ր լսիր և չընդհատե՛ս: Ես գտնում եմ, որ մեր բոլոր դժբախտությունների պատճառն այս դաշնամուրն է: Հիմա դաշնամուր ունենալն այլևս նորաձև չէ:

ՏՂԱՄԱՐԴ – Նորաձև՞: Ի՞նչ կապ ունի նորաձևությունը դաշնամուրի հետ կամ դաշնամուրը նորաձևության հետ:

ԿԻՆ – Սխալվո՛ւմ ես: Ունի: Կյանքում պետք է առաջ նայել, և չկառչել նահապետական անցյալից:

ՏՂԱՄԱՐԴ – Ի՞նչ նկատի ունես: Ի՞նչ նահապատեական անցյալ:

ԿԻՆ – Այո, նահապետական անցյալ: Քանի՞ տարեկան է այս դաշնամուրը:

ՏՂԱՄԱՐԴ – Դե, մոտ քառասուն տարի այս տանն է: Ծնողներս գնեցին, երբ փոքրիկ տղա էի: Դրանից առաջ՝ չգիտեմ ում տունն է զարդարել:

ԿԻՆ – Այ, շատ լավ ասացիր՝ զար-դա-րել: Միանգամայն անիմաստ զարդ է: Ես կասեի՝ պարզազարդ:

ՏՂԱՄԱՐԴ – Ես պատկերավոր ասացի: Դաշնամուրը զարդ չէ: Եվ ոչ էլ՝ պարզազարդ:

ԿԻՆ – Այ, շա՜տ լավ ասացիր՝ դաշնամուրը զարդ չէ: Ուստի անիմաստ է այն պահել և ամեն օր փոշին սրբել: Նորմալ մարդիկ հիմա ամեն գնով ազատվում են նմանատիպ հնոտիքից: Անգամ նվիրում են:

ՏՂԱՄԱՐԴ – Դաշնամուրն ուրախություն է, սիրելիս:

ԿԻՆ – Համաձայն եմ: Երբ տեղափոխվենք, առաջին հերթին մի դաշնամուր կգնենք: Կդնենք սենյակի անկյունում: Ու անմիջապես հայտարարություն կտանք, որ վաճառվում է:

ՏՂԱՄԱՐԴ – (հազիվ նշմարելի հեգնանքով): Եվ կուրախանանք, չէ՞:

ԿԻՆ – Իհարկե, կուրախանանք: Այդ փողով կանաչ ներկ կգնենք ու սպիտակ պատի վրա կգրենք «Օքեյ»: Իսկ մեր աղջկա սենյակում նույնը կապույտ ներկով կգրենք: Համաձա՞յն ես: Օքե՞յ:

ՏՂԱՄԱՐԴ — Այո, սիրելիս: Օ՜քեյ: Միայն թե քո սրտով լինի:

ԿԻՆ – Վստահ եմ, որ դրանից հետո ամեն ինչ լավ կգնա: Անգամ կարող ենք երկրորդ երեխայի մասին մտածել…

ՏՂԱՄԱՐԴ – Դու լու՞րջ ես ասում: (Մոտենում, փորձում է համբուրել կնոջը:)Սիրելի՜դ իմ…

ԿԻՆ – (խույս տալով): Ասացի՝ մտածել: Չասացի՝ անել: Դրանք տարբեր բաներ են: Իսկ քո մտքին միայն… չասեմ ինչն է:

ՏՂԱՄԱՐԴ – Պարզ է: (Վերադառնում է պատուհանի մոտ:)

ԿԻՆ – Իհարկե պարզ է: Ի վերջո, ի՞նչ է պետք կնոջը երջանիկ լինելու համար՝ երկնաքերեր, մեքենաների ծուխ, մի սպիտակ պատ, որի վրա կարելի է մեծ տառերով գրել «Օքեյ», վաճառքի ենթակա մի դաշնամուր և ռոմանտիկ ամուսին:

ՏՂԱՄԱՐԴ – (հեգնանքով, որը կինը չի նկատում): Նաև տասը մետր ազատ տարածք՝ գորգի, ծաղկամանի և վարդերի համար:

ԿԻՆ – Այո… Սիրում եմ, երբ համաձայնում ես ինձ հետ: (Կարճատև դադարից հետո:) Սիրտս սուրճ ուզեց:

ՏՂԱՄԱՐԴ – Իմն էլ:

ԿԻՆ – (ուշադրություն չդարձնելով և քաղցրաձայն): Դե, որ չես ուզում՝ չեմ կարող պարտադրել… Իսկ դու չե՞ս ուզում ինձ համար նվագել:

ՏՂԱՄԱՐԴ – Իհարկե, ուզում եմ:

ԿԻՆ – Ես սիրում եմ, երբ ինձ համար նվագում ես: Այդ հոգեպարար… հոգեպարար… երգը:

ՏՂԱՄԱՐԴ – Սիրո տանգոն:

ԿԻՆ – Սիրո տանգոն:

ՏՂԱՄԱՐԴ – Ես քեզ սիրում եմ:

ԿԻՆ – Սերը բառերով չէ, այլ սրտով: Եթե սիրում ես՝ տղամարդու քայլ արա:

Միմոսը հեռվից վեր պարզած բութ մատով տղամարդուն խրախուսում է:

ՏՂԱՄԱՐԴ – Թույլ տվեք ձեզ հրավիրել պարի: (Կնոջը հրավիրում է պարի: Հնչում է հնամենի տանգո: Մի քանի պտույտ են անում և նստում:)

ԿԻն – Գործս մնաց: (Մոտենում է պահարանին, տնտղում է սպասքեղենը:)

Տղամարդը մի քանի նոտա է ծնգացնում:

ԿԻՆ – Գիտե՞ս ինչ:

ՏՂԱՄԱՐԴ – (շրջվելով դեպի կինը): Ի՞նչ:

ԿԻՆ – Գիտեմ, որ կոտրում եմ սիրտդ, բայց արի չվաճառենք դաշնամուրը: Եթե վաճառենք,կկորցնենք երազելու հնարավորությունը: Մի պահ պատկերացրու, որ դաշնամուրը չկա: Ի՞նչ պիտի անենք: Իսկ այսպես կարող ենք միշտ էլ երազել դրա մասին:

ՏՂԱՄԱՐԴ – Ինչի՞ մասին:

ԿԻՆ – Տասը քառակուսի մետրի, գորգի և չինական ծաղկամանի: Քանի դեռ դաշնամուրը կա՝ մենք կարող ենք երազել, իսկ դու երբեմն կնվագես ինձ համար: Ես սիրում եմ, երբ դու նվագում ես:

ՏՂԱՄԱՐԴ – (մի պահ մտածելով): Արի գիտե՞ս ինչ անենք:

ԿԻՆ – (հիասթափված): Մտքիդ միայն դա է: Մեր աղջիկը շուտով կգա: Իսկ ես, եթե նկատում ես, կարևոր գործ եմ անում:

ՏՂԱՄԱՐԴ – Սպասիր, դա նկատի չունեի:

ԿԻՆ – (հետաքրքրասիրությամբ շրջվելով դեպի ամուսինը): Հա՞: Դե ասա, համբերությունս մի շահագործիր:

ՏՂԱՄԱՐԴ – Արի ոչ մի տեղ էլ չգնանք: Այս նկարը կկախենք պատուհանին և կերևակայենք, թե երկնաքերերով ենք շրջապատված: Մի բան կվառենք և կպատկերացնենք, թե մեքենաների ծուխն է:

ԿԻՆ – (զարմացած նայելով ամուսնուն): Իսկ հոգեպարար ռոմանտիկա՞ն:

ՏՂԱՄԱՐԴ – Դա էլ է հեշտ: Ես քեզ համար դաշնամուր կնվագեմ:

ԿԻՆ – (անկեղծորեն զարմացած): Դու նվագել գիտե՞ս:

ՏՂԱՄԱՐԴ – Ես կփորձեմ:

ԿԻՆ – Ախ, սիրելիս: Ասես սրտիցս ջուր խմեցիր… Ախր, ինձ այնքան քիչ բան է պետք երջանիկ լինելու համար… Դու գիտես, թե ինչ: Եվ մի քիչ ռոմանտիկա… Հիմա, մի րոպե: Զանգեմ մեր աղջկան: (Զանգում է🙂 Ահ, դո՞ւ ես: Բարև: Մեկ րոպե ունե՞ս: Լավ, քեզ մի կարևոր բան ասեմ և գլուխդ չտանեմ: Ես կարողացա համոզել հայրիկիդ, որ ոչ մի տեղ էլ չգնանք: Այո, մնում ենք մեր սիրելի և քաղցր տանը: Դաշնամո՞ւրը: Դաշնամուրը կպահենք: Հայրիկդ խոստացել է նվագել մեզ համար: Այսքանը: Ի՞նչ, շուտով կգա՞ս: Այսքան շո՞ւտ: Դե լավ, սպասում ենք: Ի՞նչ: Միայն գինի: Մենք ամեն ինչ էլ ունենք, աղջիկս: Այո, պարզապես երևի չէինք տեսնում: Լավ, սպասում ենք: Այո, վաճառքի հայտարարությունը հանիր: Չաո, բամբինո:

Խոսակցության ընթացքում միմոսը դանդաղ մոտենում է դաշնամուրին, նստում և երևակայում, թե նվագում է: Դարձյալ լսվում են տանգոյի հնչյունները: Տղամարդը մոտենում է կնոջը և գրկում նրան՝ նայելով աչքերի մեջ:

ԿԻՆ – Իսկ դու ինձ վարդեր կնվիրե՞ս:

ՏՂԱՄԱՐԴ – Ամեն ուրբաթ:

ԿԻՆ – (սիրագորով երազանքով): Տասնմեկ հատ… Մանուշակագույն…

ՏՂԱՄԱՐԴ – Սիրելիս, ես քեզ աշխարհի բոլոր վարդերը կնվիրեմ:

Ամուսինները պարում են: Բեմի լույսերը դանդաղ մարում են:

(Վարագույր)

19 հունվարի 2022 թ.

Երևան

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։