ԹԱՏԵՐԱԿԱՆ ՏՈՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«ՆՈՐ ՀԱՐԹԱԿ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՅԻ ՀԱՄԱՐ
Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրիի և Ագարակի մշակույթի կենտրոններում նախաամանորյա տոնական տրամադրություն էր՝ դեկտեմբերի 28-ին և 29-ին «ԱՍՔ» մանկապատանեկան թատերական ստուդիայի սաները, յուրատիպ ձևավորում ստացած բեմում, ներկայացրին ժամանակակից դրամատուրգ Էդգար ԹԱԹԻԿՅԱՆԻ «ՁՆԵՄԱՐԴԸ» (պիեսը տեղադրված է tatron-drama.am կայքի «ՆՈՐ ՀԱՐԹԱԿ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՅԻ ՀԱՄԱՐ» բաժնում):
Բեմը վերածվել էր տոնական տուփի, որտեղ յուրաքանչյուր գույն ու դետալ իր տեղում էր, փոխադրաձ լրացնում էին միմյանց։ Հանդիսատեսի համակրանքն անմիջապես գրավեցին փոքրիկ դերակատարներն իրենց անմիջական խաղով: Անդրանիկ Հովսեփյանը (Շուն), Վիկտորյա Ավագյանը (Ձնեմարդ), Դավիթ Համբարձումյանը (Պստո), Մարիամ Օհանյանը (Եղո), Մարիամ Զաքարյանը (Կղո) բեմում կարողացան ստեղծել հեքիաթային անկրկնելի մթնոլորտ, և ծավալվող գործողությունները դահլիճը պահեցին լարված սպասման և անընդմեջ ապրումակցման մեջ:
Փոքրիկ հանդիսատեսների համար ստեղծվել էր հեքիաթային աշխարհ՝ չորս տոնածառեր-երեխաները լցնում էին բեմն իրենց գունագեղությամբ՝ «կենդանի-ծառեր», որոնք վրա ամրացված պարանները բքի տեսարանում պլաստիկ լուծումներով կարողացան ստեղծել սառնաշունչ ձմռան ավելի քան շոշափելի ներկայությունը։ Տեսարանն ամբողջացնում էր բեմում տեղացող «ձյունը»…
Որպես երաժշտական ձևավորման գնահատական նշենք այն իրողությունը, որ դահլիճից դուրս գալուց հետո շատերը շարունակում էին երգել հնչած մեղեդիները:
«Ձնեմարդը» ներկայացումը տոնական նվեր էր համայնքի երեխաներին, բայց միաժամանակ թատերական յուրօրինակ երևույթ՝ որպես հավաստում համայնքի մշակութային կյանքի նոր վերընթացի:
Բեմադրությունը, նկարչական և երաժշտական ձևավորումը՝ Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Պարային լուծումները՝ Ելենա ՔԱՌՅԱՆԻ
Զգեստների նկարիչ՝ Գոհար ԱԹՈՅԱՆ
ՀԳ Այս հեքիաթ գուցե չկայանար, եթե չլիներ Մեղրիի համայնքապետարանի աջակցությունը: