Արմեն ՍԱՆԹՐՈՍՅԱՆ/ՓՈՔՐԻԿ ԱՅԳԵՊԱՆԸ

ԶԱՆԳԱԿԱԾԱՂԻԿ

Վա՜յ… Լույսը վաղուց է բացվել,

Իսկ ես քնած եմ մնացել,

Ինչո՞ւ եք այդպես նայում,

Ի՞նչ է, ինձ չե՞ք ճանաչում։

Զանգակածաղիկ են ինձ կոչում.

Քույրիկներիս հետ բազում

Ապրում եմ այս պարտեզում։

Հովիկն է մեզ օրոր ասում

Եվ զեփյուռն է հյուսում հեքիաթ՝

Այնքա՜ն դյութիչ, այնքա՜ն չքնաղ։

Ա՜խ, ինչպե՜ս է պարտեզը մեր

Վառ գույներով շողին տալիս։

Հյուր են գալիս թիթեռ, զատիկ,

Մեղու, բզեզ…

Սկսվում է հրաշալի տոնահանդես։

Վա՜յ, ես այստեղ խոսքով ընկա,

Ասելիքս շուտ մոռացա։

Քնած են դեռ ծաղիկները,

Իմ սիրասուն քույրիկները,

Բայց դե, ժամն է արթնանալու,

Վառ արևին ողջույն տալու…

Զը՜նգ, զը՜նգ, զը՜նգ, զը՜նգ,

Քույր ծաղիկներ, շուտ արթնացեք,

Որ ողջունենք մայր արևին,

Մեր կենարար բարեկամին։

ՄԱՆՈՒՇԱԿ

(արթնանալով)

Հեզ մանուշակն եմ, աչիկով կապույտ,

Մի քիչ փոքրիկ եմ, մի քիչ՝ ամաչկոտ,

Մեր Սևանից եմ իմ գույնը առել

Եվ սիրելի եմ ամենքին դարձել։

ԶԱՆԳԱԿԱԾԱՂԻԿ

Ախ, մանուշակ մեր սիրուն,

Այնքան անուշ ես բուրում,

Թերթերդ նուրբ՝ թավշի պես,

Կարոտում են մարդիկ քեզ։

ՄԵԽԱԿ

(արթնանալով)

Ես մեխակն եմ վառվռուն,

Ունեմ հազար ու մի գույն,

Քույրիկներիս հետ բազում

Ապրում եմ այս պարտեզում։

ԶԱՆԳԱԿԱԾԱՂԻԿ

Մեխակ, մեխակ, մեջքդ՝ բարակ,

Թերթիկներդ՝ մետաքսակար,

Քո գույներով ասես լինես

Այգուն իջած

Ծիածանի յոթկապ կամար։

ՎԱՐԴ

Իսկ ես վարդն եմ մայիսյան։

ԶԱՆԳԱԿԱԾԱՂԻԿ

Զուր չես սիրուն վարդենի,

Ծաղիկների թագուհին,

Եվ հպարտ ես, և դյութիչ,

Ախ, որքա՜ն ես հմայիչ։

ՄԱՆՈՒՇԱԿ

Զանգակներով արծաթազօծ

Շաղ ես տալիս անուշ զնգոց,

Հավատա մեր խոսքին անկեղծ՝

Սիրում ենք քեզ,

Մեր գեղանի քույր բանաստեղծ։

ՎԱՐԴ

Հրաշք երազ տեսա ես…

Հեռու, հեռու մի պարտեզից

Մի սոխակ էր հյուր եկել ինձ

Եվ երգում էր ինձ համար,

Ա՜խ, ինչպես էր երգում նա՝

Դայլայլից այդ արբեցա…

ԶԱՆԳԱԿԱԾԱՂԻԿ

Մի տխրիր, մեր վարդենի,

Ասպետդ քեզ կայցելի,

Ու դեռ կերգի քեզ համար

Օր ու գիշեր անդադար։

Դե, իսկ հիմա նայիր, տե՛ս,

Պայծառ արևը ծագեց։

ԾԱՂԻԿՆԵՐ

Բարի լո՜ւյս, արև՛…

ԱՐԵՎ

Բարին բոլորիդ, զավակներս,

Օրը լինի թող բարի,

Թող ամեն ինչ լցվի լույսով

Եվ չխամրող վառ հույսով։

ԾԱՂԻԿՆԵՐ

Շնորհակալ ենք, արեգա՛կ։

ԱՐԵՎ

Տեսեք, գալիս է, ահա,

Մեր սիրելի բարեկամը՝

Ոսկեծամիկ այգեպանը։

ԱՂՋԻԿ

Բարի լույս, իմ սիրելիներ,

Պատմեք, ինչպե՞ս քնեցիք,

Չմրսեցի՞ք գիշերը,

Չնեղացրի՞ն փշերը,

Չվախեցրե՞ց չար քամին,

Չդիպա՞վ ձեր թերթերին:

ՎԱՐԴ

Ոչ, այգեպան մեր փոքրիկ,

Չմրսեցինք գիշերը,

ՄԵԽԱԿ

Չնեղացրին փշերը,

ՄԱՆՈՒՇԱԿ

Չվախեցրեց չար քամին,

ԶԱՆԳԱԿԱԾԱՂԻԿ

Չդիպավ մեր թերթերին:

ՄԱՆՈՒՇԱԿ

Ծանոթացիր, տիրուհիս,

Սա դստրիկն է իմ փոքրիկ,

Նոր է կոկոնից ելել,

Աշխարհը դեռ չի տեսել,

Նա իր անմեղ աչիկով

Քեզ ողջույններ է բերել:

ԱՂՋԻԿ

Մեր նորելուկ մանուշակ,

Բարի լինի ծնունդդ,

Սա է հիմա քո տունը:

ՄԱՆՈՒՇԱԿ

Տիրուհի՛,

Պահել եմ ես քեզ համար

Մարգարտյա մի ցողիկ,

Վերցրու, փոքրիկ այգեպան,

Վերցրու և դիր վարսերիդ:

ՄԵԽԱԿ

Իսկ սա՝ նվեր ինձանից…

Երեք թերթիկ իմ ծաղկից:

Մեկը հույս է բարեբեր,

Մեկը՝ հավատ,

Մեկը՝ սեր:

ԱՂՋԻԿ

Շնորհակալ եմ անչափ ես,

Նվերներն այս թանկարժեք

Կպահեմ աչքի լույսի պես:

ԶԱՆԳԱԿԱԾԱՂԻԿ

Ահա եկան մեղուները

Աշխատասեր ու ժրաջան,

ՄԵԽԱԿ

Ընկերները մեր անբաժան,

ՎԱՐԴ

Ընկերները անդավաճան։

ԱՂՋԻԿ

Պարտեզր մեր խինդով լցվեց,

Ցնծությունը նորից հորդեց։

1-ին ՄԵՂՈՒ

Նրբաթերթիկ ծաղիկներ,

Երկար ճամփա ենք անցել,

Եկել ենք, ձեզ հետ խաղանք,

Ու ձեր բույրով արբենանք։

2-րդ ՄԵՂՈՒ

Բերել ենք ձեզ

Սար ու դաշտի ծաղիկներից,

Ձեր հարազատ քույրիկներից

Բյուր ողջույններ։

3-րդ ՄԵՂՈՒ

Շատ են տխրում առանց ձեզ,

Ափսոսում են, որ թև չունեն՝ թռչեն-գան,

Ու միասին շուրջպար բռնեն, ուրախանան։

ԱՂՋԻԿ

Դուք՝ մեղուներ ոսկետոտիկ,

Կլոր-մլոր, ոսկեգնդիկ,

Ժրաջան ու ոսկեթևիկ,

Ուրախ ենք, որ հյուր եք եկել,

Մեր քույրերից ողջույն բերել։

Դե, իսկ հիմա

Երգը երգենք դաշտ ու սարի…

Երգենք երգը՝ հովից հյուսված,

Արշալույսի շաղով ցողված։

ՓՈՔՐԻԿ ՄԱՆՈՒՇԱԿ

Վա՜յ, մայրիկ ջան, նայիր, տե՛ս,

Այս ի՞նչ հրաշք կատարվեց.

Այդ բզբզան հատիկները

Թռչկոտում են դես ու դեն։

ՄԱՅՐ ՄԱՆՈՒՇԱԿ

Հատիկներ չեն դրանք, դստրիկ,

ԶԱՆԳԱԿԱԾԱՂԻԿ

Մեղուներ են ժիր ու պստիկ,

ՄԵԽԱԿ

Մեր նեկտարից մեղր են քամում,

ՎԱՐԴ

Խելոք, բարի մանուկներին նվեր տանում։

1-ին ՄԵՂՈՒ

Արդեն ուշ է, պիտի գնանք,

Գործեր ունենք կիսատ թողած։

ՎԱՐԴ

Գնաք բարով, նորից կգաք,

ԶԱՆԳԱԿԱԾԱՂԻԿ

Մեր տան ճամփան չմոռանաք։

ՄԵԽԱԿ

Վա՜յ…

ՎԱՐԴ

Մեխակ, քեզ ի՞նչ պատահեց։

ՄԵԽԱԿ

Ինչ-որ մեկը ինձ ծակեց։

ԶԱՆԳԱԿԱԾԱՂԻԿ

Վա՜յ, ինձ էլ ծակեց։

ՄԱՆՈՒՇԱԿ

Ո՞վ է տանջում այսպես մեզ…

ՓՈՒՇ

Հա-հա-հա-հա…

Ես եմ, ես եմ՝ այգու նուշը,

Ձեր բոլորիդ շատ սիրելի

Պարոն փուշը։

ՎԱՐԴ

Մեր տիրուհին

Քեզ պոկել էր արմատից,

Ինչպե՞ս ծլեցիր նորից։

ՓՈՒՇ

Ձեր տիրուհին դեռ կզղջա, շա՛տ կզղջա…

Իմ բարեկամ անապատի տաք քամին

Ինձ գլորեց, նորից բերեց ձեր այգին,

Ու իմացեք, ականջներիդ արեք օղ՝

Պարոն փուշն եմ՝ այգի, պարտեզ գարդարող։

ՄԵԽԱԿ

Այսինքն՝ դո՞ւ…

ՓՈՒՇ

Այո, ե՛ս։

Ու լավ կանես՝ ականջիդ բամբակը հանես.

Մեխակ-մեխակ, ճանճի պահակ։

ՄԵԽԱԿ

Ձայնդ կտրիր, ա՛յ ապիկար։

ՓՈՒՇ

Փուշն եմ, փուշն եմ փշեղեն,

Կոծոծներս՝ ոսկեղեն,

Իմն է, իմն է այս այգին,

Ինձնից բացի՝ ոչ մեկի՛ն։

Հենց մոտենաք՝ կկառչեմ,

Սուր ճանկերով կճանկռեմ,

Թող բոլորն այդ իմանան,

Եվ ինձ խոնարհ գլուխ տան։

ԾԱՂԻԿՆԵՐ

Դե շո՛ւտ, իսկո՛ւյն կորիր դուրս։

ՓՈՒՇ

Ի՞նձ եք ասում. «Կորիր դուրս»…

Հապա լռե՛ք, սուս ու փո՛ւս։

Կծակռտեմ բոլորին,

Կհանեմ ես ձեր հոգին։

Հրամանս է՝ այսուհետ

Արքայափուշ ինձ կոչեք։

ՄԱՆՈՒՇԱԿ

Լսում ենք, պարոն արքայափո՜ւշ…

ՄԵԽԱԿ

Խոնարհվում ենք քո առաջ

Մեծապատիվ պարոն ապո՛ւշ։

ՓՈՒՇ

Ախ, ծաղրում եք դուք ինձ, հա՞…

ԶԱՆԳԱԿԱԾԱՂԻԿ

Այս ի՞նչ ձայն է, ո՞վ է խոսում,

Ինչ-որ տեղից ձայն եմ լսում,

Բայց չեմ տեսնում, ո՞ւր է նա,

Մի մեծախոս անպիտան է, կա-չկա՜։

ՓՈՒՇ

Ախ, ինձ այդպես վիրավորե՞ս…

Մի հատ փչեմ, էս պարտեզից դուրս կթռչես։

ՎԱՐԴ

Եվ ինչպե՞ս է հողը ծնում քեզպեսին,

Տեսնես, այդ ե՞րբ օրը կգա,

Եվ աշխարհից

Փուշ ու տատասկ կվերանա:

ՓՈՒՇ

Վարդ կոչվածը լավ իմանա՝

Ինչ էլ լինի, այս աշխարհից

Փուշ ու տատասկ չի՛ վերանա։

ՓՈՔՐԻԿ ՄԱՆՈՒՇԱԿ

Վախենում եմ ես, մայրիկ…

ՄԱՅՐ ՄԱՆՈՒՇԱԿ

Դստրիկս, մի՛ վախենա,

Մեր սիրելի տիրուհին

Հիմա օգնության կգա։

ՓՈՒՇ

Հե՜յ, ծաղիկներ, անպիտաններ,

Ձեզ կարծում եք պետքակա՞ն,

Գրավել եք պարտեզը,

Ա՛յ, չորանա ձեզ պեսը։

Դե, շո՛ւտ, ելե՛ք,

Իմ պարտեզից իսկույն կորեք։

Մեծ պլաններ ունեմ ես,

Կանչելու եմ ընկերներիս՝

Փուշ ու տատասկ, կոծոծներիս,

Ազգով-տակով,

Հեռու-մոտիկ ազգականով…

Դե, մի խոսքով, ցեղով մենք

Պիտի այստեղ բնակվենք։

Հենց որ ցեղս այստեղ գա՝

Իմ պարտեզը

Դրախտվա՛յր կդառնա։

ՄԵԽԱԿ

Մենք այստեղից ոչ մի տեղ էլ չե՛նք գնա,

ԶԱՆԳԱԿԱԾԱՂԻԿ

Սա մեր տո՛ւնն է,

ՎԱՐԴ

Թող ամեն փուշ

Այդ պարզ բանը հասկանա։

ՓՈՒՇ

Անապատի տաք քամի,

Գալո՞ւ ես դու վերջապես,

Որ ընկերոջդ օգնես։

ՔԱՄԻ

Զուր ես գոռում դու այդպես,

Շատ վաղուց եմ այստեղ ես,

Ես ամեն ինչ լսեցի,

Ասածներիդ հավանություն տվեցի։

ՓՈՒՇ

Դե, ուրեմն, ախպո՛ր պես,

Սրանց հարցը կլուծես։

ԶԱՆԳԱԿԱԾԱՂԻԿ

Ահա գալիս է փոքրիկ այգեպանը,

Մեր բոլորի պահապանն ու օգնականը։

ՓՈՒՇ

Ո՜նց եմ պայթում ես նրանից,

Մի տեղ պահվեմ,

Շուտ թաքնվեմ նրա աչքից։

ԱՂՋԻԿ

Ահա, ահա, եկա ես,

Իմ ծաղիկներ ժպտերես…

Ի՞նչ է եղել ծաղիկներիս,

Իմ անուշիկ քույրիկներին,

Ինչո՞ւ հանկարծ տխրեցիք,

Գլխիկներդ կախեցիք,

Ինչ-որ բա՞ն է պատահել,

Այդ ո՞վ է ձեզ վշտացրել։

ՎԱՐԴ

Փուշն է նորից ներս մտել,

ԶԱՆԳԱԿԱԾԱՂԻԿ

Ու փորձում է վախեցնել,

ՄԱՆՈՒՇԱԿ

Հետո կանչեց անապատի տաք քամուն,

Որ մեր այգին տա քամուն։

ԱՂՋԻԿ

Իսկ որտե՞ղ է հիմա նա։

ՄԱՆՈՒՇԱԿ

Ո՞վ կիմանա…

ՄԵԽԱԿ

Գուցե շուտով երևա։

ՓՈՔՐԻԿ ՄԱՆՈՒՇԱԿ

Վախենում եմ, տիրուհի՛։

ԱՂՋԻԿ

Մի՛ վախենա, իմ փոքրիկ,

Շատ բարի է անապատի տաք քամին,

Գթասիրտ է, այնքան հեզ,

Չի նեղացնի երբեք ձեզ։

Իսկ այդ փշին աներես

Ես չեմ թողնի, որ գա ներս։

ՔԱՄԻ

Ստորացնել ինձ այդպե՞ս,

Վիրավորել մի շան պե՞ս…

Ինձ անվանել հլու, հե՞զ…

Ինձ անվանել շատ բարի՞…

Անարգանքն այդ չե՛մ տանի։ Ո՜ւ…

ԱՂՋԻԿ

Ասա, ո՞վ ես,

Ոչ մի անգամ չեմ տեսել քեզ։

ՔԱՄԻ

Անապատի տաք քամին եմ,

Կործանարար չար խորշակն եմ։

Ատում եմ ես բարությունը,

Ու պաշտում եմ չարությունը,

Չեմ սիրում կարգ ու կանոն,

Գեղեցկություն և անդորր,

Շուրջս ծաղիկ, թուփ, թե ծառ՝

Պիտի լինի տապալված։

ԱՂՋԻԿ

Այդ ինչպե՞ս…

ՔԱՄԻ

Հիմա նայիր, կտեսնես։

Ուժեղ քամի է սկսվում։

ՎԱՐԴ

Օգնեցե՜ք, թերթիկներս պոկվեցին…

ՄԵԽԱԿ

Ցողուններս կոտրատվո՜ւմ են…

ՓՈՔՐԻԿ ՄԱՆՈՒՇԱԿ

Մայրիկ, մայրիկ, ես խեղդվում եմ…

Ես ապրել եմ ուզում,

Ես արև եմ ուզում…

ՄԱՆՈՒՇԱԿ

Փոքրիկ տիրուհի՛,

Գոնե դստրիկիս փրկիր։

ԱՂՋԻԿ

Հիմա, հիմա…

ՔԱՄԻ

Հա՛-հա՛-հա՛-հա՛…

ԶԱՆԳԱԿԱԾԱՂԻԿ

Մնաս բարով, իմ սիրուն պարտեզ, մնաք բարով,

սիրելի քույրիկներ, մնաս բարով, տիրուհի։

Քամին ինձ քշում է, տանում հեռու, էլ չենք տեսնի իրար…

ՔԱՄԻ

Հա՛-հա՛-հա՛…

Փո՛ւշ, փո՛ւշ, որտե՞ղ ես։

ՓՈՒՇ

Ես այստեղ եմ,

Հրամանիդ միշտ պատրաստ եմ։

ՔԱՄԻ

Հրամայում եմ՝

Սրանց ճամփան ամուր փակես,

Այս պարտեզի ավերումին

Թող որ դառնան ականատես։

ՓՈՒՇ

Այնպես փակեմ, որ չփախչեն,

Այստեղ մնան,

Եվ այստեղ էլ սատկեն, կորչեն։

ԱՂՋԻԿ

Ի՞նչ ես անում, քամի՛,

Մի՞թե կարելի է ոչնչացնել գեղեցկությունը։

ՔԱՄԻ

Իզուր չփորձես նրանց պաշտպանել,

Ես այնքան հզոր եմ, որ կարող եմ քեզ էլ

Փետուրի նման թռցնել… հա՛-հա՛-հա՛…

ՓՈՒՇ

Կորի՛ր այստեղից, այգեպա՛ն… հո՛-հո՛-հո՜…

ԱՂՋԻԿ

Ծիծաղո՞ւմ եք… իզուր,

Ես նրանց մենակ չեմ թողնի։

Արև, արև, հզոր արև,

Ի՞նչ ես մտել ամպի ետև,

Դե շո՛ւտ, դո՛ւրս եկ ամպի տակից,

Փրկիր մեզ այս արհավիրքից։

ՔԱՄԻ

Ե՛ս եմ հզոր ամենքից,

Եվ անհատակ անդունդներից,

Ժայռ ու ծերպի մութ ճեղքերից,

Փչակներից մամռակալած,

Ամպն եմ քշել մթագնած։

Անապատի ավազն եմ ես երկինք հանել

Ու նրանով արեգակի դեմքը փակել։

Շղթայել եմ նրան ես,

Ինչպե՞ս պիտի օգնի քեզ։

Ես իմ գործը ավարտեցի,

Իմ փուշ ընկեր,

Քո խնդրանքը կատարեցի՝

Այս պարտեզը ավերեցի։

Կանչիր այստեղ

Տատասկներիդ ու փշերիդ,

Հեռու-մոտիկ կոծոծներիդ,

Թող քեֆ քաշեն ու բազմանան,

Իսկ ես գնամ, հանգստանամ։

ՓՈՒՇ

Լսե՛ք, փշեր ու տատասկներ,

Իմ քաջարի ավազակներ,

Մի լավ սրեք ձեր փշերը,

Ամուր ու սուր մագիլները,

Ամեն կողմից վրա տվեք,

Այս պարտեզի տերը դարձեք։

1-ին ՓՈՒՇ

Եկանք, եկանք անապատից,

2-րդ ՓՈՒՇ

Եկանք չոլից ու ղռից,

3-րդ ՓՈՒՇ

Որ տեր դառնանք ու վայելենք,

ՓՇԵՐ

Ամբողջ այգին փշով պատենք:

ՓՈՒՇ

Դե, ձեզ տեսնեմ, ախպե՛ր տղերք,

Էս պարտեզի հերն անիծեք,

Ամեն թիզ հող քրքրեցեք,

Ինչ-որ ճանկեք՝ վայելեցեք։

Ինչ կա՝ տվեք ոտնատակ,

Եվ պարտեզն այս դարձրեք մի չոր անապատ։

1-ին ՓՈՒՇ

Էդ հեչ ասելու բան չէ,

2-րդ ՓՈՒՇ

Հո առաջին անգամ չէ՞,

3-րդ ՓՈՒՇ

Սկսնա՞կ ենք մենք, ինչի՞,

1-ին ՓՈՒՇ

Սովորեցնել մի՛ փորձի:

ՓՇԵՐ

Մենք գայլերն ենք էդ գործի:

1-ին ՓՈՒՇ

Խոր արմատներ կգցենք,

2-րդ ՓՈՒՇ

Կոծոծ ու փուշ կսրենք,

ՓՇԵՐ

Դե, թող մեկը փորձի գա ներս,

Ու մեզ ասի՝

Աչքիդ վերև ունք կա, գիտե՞ս:

1-ին ՓՈՒՇ

Զրկել ենք մեզ այս լեն ու բոլ առատ կյանքից,

Ու կպել ենք չոր ու ցամաք անապատից։

2-րդ ՓՈՒՇ

Թե որ այսպես մենք վայելենք առժամանակ,

Գուցե մի օր վարդ էլ դառնանք։

3-րդ ՓՈՒՇ

Հորս արև, այդ ի՞նչ ասիր,

Ուրեմն ես այդ օրն ընկնեմ,

Որ գամ, վարդի՞ն հավասարվեմ։

2-րդ ՓՈՒՇ

Դե լա՜վ, խոսք էր՝ ասինք-անցավ,

Հո իսկական վարդ չդարձա՞նք։

1-ին ՓՈՒՇ

Ճիշտ է, մեր դեմ խաղ չկա,

Բայց մի փոքրիկ վտանգ կա.

Բա որ հանկարծ բահը գա՞…

3-րդ ՓՈՒՇ

Ո՞վ գա, բա՞հը, գլուխկա՞խը,

Խեղճ ու կրակ այդ ախմա՞խը…

2-րդ ՓՈՒՇ

Բահը մեռավ, բահը չկա՛,

Նա մեր ուժին կդիմանա՞:

1-ին ՓՈՒՇ

Ինչ էլ լինի՝ չմոռանանք,

Բահը՝ բահ է, պետք է մի քիչ զգուշանանք:

ՓՈՒՇ

Հանգի՜ստ…

Մեր մեծ ախպոր սիրտը դող է,

Բայց իմ խելքը անտակ ծով է։

Հիմա ականջդ լավ սրի,

Ցույց եմ տալիս քեզ ճիշտ ուղի։

Հենց երևա դրա կոթը այլանդակ,

Իսկույն անցեք ընդհատակ,

Ու թաքնվեք մի տաք տեղ,

Դրանից էլ բուժիչ դե՞ղ։

Ու հենց անցնի վտանգը,

Մեր քաջ, անհաղթ բանակը

Զինվորներով քաջարի

Նորից կելնի արշավի։

2-րդ ՓՈՒՇ

Ճիշտ է, ախպեր, խելքդ ծով է,

Բայց մեզ համար

Քո ասածը անսովոր է։

Փուշ ու տատասկ դառնան բանա՞կ,

Տո, էլ ի՞նչ վախ, ի՞նչ ընդհատակ։

3-րդ ՓՈՒՇ

Թե մեզնից մեկը փախչի,

Թող բահին քեռի կանչի։

ՓՈՒՇ

Զինվորներ իմ քաջարի,

Բահը ձեր ցավը տանի,

Հիմա մի պար կբռնենք,

Այնպե՛ս պարենք՝

Այգին թնդա,

Ու մեր ահից

Բահ կամ քլունգ մոտիկ չգա։

Պարում են։

ԲԱՀ

Ախ, դուք փշեր, վայրենիներ,

Դուք ուզում եք ինձնից փախչե՞լ,

Սուր փշերը ձեր ազատե՞լ։

Ձեզ հայտնի չէ՞ բահի ուժը,

Փուշն է նրա աչքի փուշը։

Իմ սուր սայրով կթրատեմ,

Փուշ ու տատասկ աղցան կանեմ։

Դուք չգիտե՞ք՝ բահն եմ, բա՛հը,

Փուշ-տատասկի հոգեառը։

ՓՈՒՇ

Տղերք, փախանք, շո՛ւտ, պալո՛ւնդրա.

Այստեղ էլ մեզ հարգող չկա,

Էլ ի՞նչ պարտեզ, ի՞նչ ընդհատակ.

Նորից փախչենք մենք անապատ

Փախչում են։

ԱՂՋԻԿ

Այստե՞ղ ես, իմ լավ բարեկամ,

Նայի՛ր, այստեղ ի՛նչ եղավ,

Պարտեզն իմ ամայացավ։

Ծաղիկներս պոկվեցին,

Հեռու-հեռու գնացին,

Ու հիմա օտար հողում

Իրենց չար բախտն են ողբում։

Նրանք չկան, էլ չկան,

Աստված գիտե՝ ո՛ւր կորան։

ԲԱՀ

Լսիր, թե քեզ ի նչ կասեմ.

Ես այս կյանքում շատ եմ տեսել դժվարություն,

Շատ եմ տեսել ես չարություն,

Փուշ-տատասկից այնքան հող եմ ազատել,

Պետք չէ երբեք հուսահատվել,

Ձեռքը ծալել, մի կողմ քաշվել…

Դե հերի՛ք է, լաց մի լինի,

Վեր կաց ու շուտ գործի անցի։

Տաք խորշակը ոչնչացրեց թերթիկ, ցողուն,

Ծաղիկներին քշեց հեռու,

Բայց արմատը մնաց հողում։

Ե՛լ, փխրեցրո՛ւ մեր մայր հողը,

Փայլի նորից արևի շողը,

Ու կբացեմ նոր առու,

Ջուրը կգա կենսատու,

Արմատը կյանք կառնի հողից՝

Դրախտային մեր պարտեզը

Կծաղկի նորից։

ԱՂՋԻԿ

Տե՛ս, մեր պարտեզը կենդանացավ,

Ու նրա հետ

Ողջ աշխարհը պայծառացավ։

ԾԱՂԻԿՆԵՐ

Մեր հեքիաթը ավարտեցինք,

Իսկ դուք, անշուշտ, սովորեցիք,

Ու հասկացաք, որ հեքիաթում

Որն է չարը, որը՝ բարին։

Դուք՝ ծաղիկներ պարտեզների,

Դուք՝ հույս ու լույս մայրիկների,

Թե մեծանաք խելոք, բարի,

Ձեզ չի հաղթի ոչ մի քամի։

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։