ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՍՏՐՈՒԿ ԹԱԳԱՎՈՐԸ / ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
Անդերսենի «Թագավորի նորաձև զգեստը» հեքիաթի մոտիվով
Պիես 2 մասից
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ
Թագավոր
Թագուհի
Մեծ Վեզիր
Զորավար
1-ին նաժիշտ
2-րդ նաժիշտ
Դատավոր
Դատախազ
Սնեկապետ
Ծաղրածու
Քիսաչի
Եղունգ կտրող
Դերձակ
Տղա
Պալատականներ, զինվորներ
Երեխաներ, ժողովուրդ
Արքունիքը ուշի—ուշով սպասում է թագավորի և թագուհու արթնանալուն,
նաժիշտները փսփսում են:
1-ին նաժիշտ — Ախր արքան երեկ քնելուց առաջ երկու անգամ բարձր փռշտաց, չլինի՞ մրսել է:
2-րդ նաժիշտ — Ախչի, ի՞նչ մրսել ամառվա շոգին, նա վախենում է պատշգամբում նստել, քամի կդիպչի:
1-ին նաժիշտ — Հա, բայց թագուհին զով է սիրում և միշտ բաց է թողնում պատշգամբի դուռը:
2-րդ նաժիշտ — Թագավորն էլ մեկ-մեկ իբր քոթակում է նրան ու կսմթում նիհար․․․
1-ին նաժիշտ — Սո՜ւս, զորավարն եկավ:
Զորավար (թեքվելով Մեծ վեզիրի ականջին) — Լավ լուր եմ բերել թագավորին․ գիշերը մեր նոր զենքի՝ Լուսնի արհեստական խավարման միջոցով խուճապ ենք առաջացրել թշնամու բանակում:
Մեծ վեզիր — Սպասենք զարթնի Նորին մեծությունը, լվացվի, ատամները մաքրի, լոգանք ընդունի, նոր զգեստը հագնի ու դուրս գա սրահ, և մենք կզեկուցենք:
Զորավար — Ո՛չ, մենք չէ, ես եմ զեկուցելու, դա ռազմավարական գաղտնիք է:
Մեծ վեզիր — Դա գաղտնիք լինելու համար ուշացել է, մեր ավելի մեծ թշնամին Արևի արհեստական խավարման գյուտն են արդեն իրագործել:
Զորավար — Թագավորը գիտի՞ այդ մասին:
Մեծ վեզիր — Այո՛, գիշերը ես եմ տեղեկացրել և երևի դա է պատճառը, որ լավ չի քնել և հիմա է քնել:
Զորավար — Դուք ինձ շրջանցել եք և խափանել արքայի հանգիստը, քունը, ես այդպես չեմ թողնի, ոչ ոք իրավունք չունի զինվորական գաղտնիքն ինձնից շուտ հայտնի թագավորին ու ժողովրդին:
Մեծ վեզիր (խնդալով) — Մինչև ասում ենք թագավորին՝ ամբողջ ժողովուրդն արդեն իմանում է, հարցնենք 1-ին նաժիշտին:
Զորավար (դժգոհ) — Հարցնենք, բայց գրազ գանք, եթե չիմանա, դու ինձ երեք պարսատիկ կառնես, եթե իմանա՝ ես քեզ ուռու ճյուղերից չորս նետ-աղեղ:
Մեծ վեզիր — Համաձայն եմ, հե՜յ, 1-ին նաժիշտ, մեր թշնամին գիտի՞ Արևի արհեստական խավարման մասին, հը՞:
1-ին նաժիշտ (զարմացած) — Ո՞վ չգիտի, որ․․․ Վերջերս ասում են գրիպի համաճարակն էլ Չինաստանի կամ Ամերիկայի զենքն է, էլ ուր մնաց Արևի խավարումը:
Զորավար — Փոխվել է աշխարհը, լրտեսները մոծակի պես վխտում են մեզանում, այ դա քո գործն է, Մեծ վեզիր:
Մեծ վեզիր — Նախ դու կառնես իմ չորս նետ-աղեղը և ապա քեզ կրվածի պես պահիր, նախկին կրտսեր սերժանտ:
Զորավար (բռնելով Մեծ վեզիրի դոշից) — Տո՛, վեզիր-մեզիր, չափդ անցար․․․
1-ին և 2-րդ նաժիշտները վախից ճչում են, հարայ-հրոց գցում, վրա են հասնում պալատականները: Բացվում է թագավորական ննջարանի դուռը և աչքերը ճմռելով դուրս է գալիս Թագավորը: Սրահը սսկվում է:
Թագավոր — Ի՞նչ է պատահել, նախ մոռացել եք բարի լույս ասել, ձեզ կարգին պահել, բաղնիքը պատրաստել, սաունան տաքացնել, լողավազանը մաքրել ու քիսաչիներին հրավիրել, դուք վժվժում եք, ի՞նչ է, պատերա՞զմ է սկսվել:
Զորավար — Թույլ տվեք բարի լույս ցանկանալ և ապա զեկուցել՝ պատերազմը վախենում է մոտենալ մեր սահմաններին, մեր վերջին զե․․․
Թագավոր — Էդ Լուսնի խավարումը պարզվեց արհեստական չէ, բնական է, և ձեր գյուտը խաբեբայություն է․․․ Կախել Զորավարին Լուսնի շողերից:
Մեծ վեզիր — Ճիշտ այդպես, կախել բնական Լուսնի բնական շողերից:
Թագավոր — Արագ, քանի թշնամին չի մոտեցել փրկելու մեր իրենց գործակալ զորավարին: Հա, Վեզիր, չեկա՞ն քիսաչիները, վարսավիրնե՞րը, թագուհու եղունգ կտրողները, նորաձևության դերձակները․․․
Մեծ վեզիր (վախեցած, շշուկով) — Դեռ ոչ, ճանապարհին են:
Թագավոր — Քեզ էլ կախել Արևի արհեստական խավարման շողերից: Այո՛, պարզվեց գիշերը, որ դա էլ է բնական, այդքան գումար ծախսեցինք լրտեսներ պահելու վրա, բոլորը՝ իզուր:
Պալատականները միահամուռ հավանություն են տալիս՝ ճչալով՝ ճիշտ է թագավորի որոշումը, մեզ ո՛չ զորավար է պետք, ո՛չ մեծ ու փոքր վեզիր:
Զինվորները պարսատիկներով և նետ ու աղեղներով զինված տանում են
Զորավարին ու Մեծ վեզիրին:
Թագավոր — Առայժմ, պակա, հաջող, ցե, բայ, գնամ Թագուհուն քնից հանեմ, պատրաստվենք լվացվելու, լոգանքի և այլ մանր-մունր արդ ու զարդի: Նաժիշտեր, կտեղեկացնեք, երբ քիսաչիները գան, երբ սաունան պատրաստ լինի, երբ լողավազանը հա՛մ տաք, հա՛մ սառը ջուր ունենա, թռեք:
Թագավորի ապարանքի մոտ հավաքվել են երեխաներ, նրանք երգում են․
Բացեք դարպասները,
Վարդավառն է եկել,
Ջան ծաղիկ, ջան, ջան,
Մեր թագավորն ու թագուհին
Մեր երգերից արթնացան:
Ջան ծաղիկ, ջան, ջան:
Թագուհի — Էս ի՞նչ անպատկառություն է: Չեն թողնում քնենք էս ճնճղուկները:
Թագավոր — Ոնց որ երեխեք են, երգում են՝ Վարդավառ:
Թագուհի — Հա՞, ճիշտ են ասում՝ վարդը առ, դու ինձ քանի ամիս է ծաղիկ չես նվիրել, հե՜յ նաժիշտներ, բացեք դարպասները:
Արքունիք են մտնում ծաղիկներով, ծաղկեպսակներով և ջրով լի կուժերով, թասերով երեխաները: Թագուհին և թագավորը գիշերազգեստներով դիմավորում են ննջարանի առջև:
Պարմանի — Վարդավառ է, վարդավառ,
Մեր թագավոր, էս վարդն առ
Ու նվիրիր թագուհուն:
Թագավորը ժպտալով վերցնում է վարդը ու նվիրում թագուհուն:
Մի այլ պարմանի — Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Մեր թագավորին երգ ու ձայն,
Վարդավառի զվարթ տոն,
Ջրոցի է, անձրև ու թոն:
Երեխաները հանկարծակի իրենց թասերով և կուլաներով ջրում են
թագավորին ու թագուհուն:
Թագուհի (ճչալով) — Վա՜յ մամա ջան:
Երեխաներ (երգելով) — Ջան ծաղիկ, ջան, ջան:
Թագավոր (երեսի ջուրը սրբելով) — Թումբանս թրջվեց, չկարծեն․․․
Երեխաներ — Այ վարդավառ, վարդավառ,
Մեր թագավորին թումբան առ:
Թագավոր — Հե‘յ, նաժիշտներ, զինվորներ, քշեք էս անպատկառներին:
Թագուհի — Լավ է՝ քսված չէի, նոր շորերս հագած չէի, թե չէ․․․
Սրահից և ապարանքից դուրս քշվող երեխեքի երգն է լսվում՝
Վարդավառ է պալատում,
Ա՜խ, մեզ նվեր չտվին,
Դեռ մի բան էլ՝ ծեծ ենք ուտում,
Ջան ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն:
Սրահում շատ անհարմար վիճակ է, դեռ ոչ ոք չէր տեսել թրջված թագավոր և թագուհի: Նրանք չգիտեն ծիծաղե՞ն, թե՞ զայրանան: Պալատականներն էլ նայում են նրանց և կրկնում նրանց անորոշ վիճակը:
Թագավոր (դեպի ննջարան ուղղվելով) — Գնանք փոխվենք, թրջված մուկ դառանք:
Թագուհի — Թրջված հավերի տոն է․․․ Էս ժողովուրդը ինչ ասես կհորինի, մենակ վերևներին վիրավորի:
Խոսում են ննջարանում, բայց նրանց ձայնը լսում են պալատականներն ու հանդիսատեսները: Պալատականները ուշի-ուշով, դիմախաղով վերարտադրում են արքայական զույգի վեճը: Դա շատ ծիծաղելի, միաժամանակ տխուր պատկեր է:
Թագավոր — Էդ վերևներից ոմանք իրենց աթոռներից չկպնեն, որ չտարբերես՝ աթո՞ռ են, թե՞ մարդ: Ուրիշ է գահը՝ մի հոգի աստվածային ընտրյալ է, հետո գահը աթոռ չէ, ոչ էլ իշոտնուկ:
Թագուհի — Էս թրջված հալներիս ընչի՞ էշերին հիշեցիր:
Թագավոր — Իշոտնուկն էլ աթոռ է, երկար աթոռ, բա քո իշխանական դասի ուսուցչուհին քեզ չի՞ բացատրել․․․ համա թե անգրագետն ես:
Թագուհի — Ձենդ կտրի, թե չէ կասեմ, որ Արևի խավարումը չես ջոկում Լուսնի խավարումից և էն Զորավարին ու Մեծ Վեզիրին իզուր կախաղան հանեցիր, հորդ պես բռնակալ ես, հիմա էլ կանանց իրավունքներն ես ոտնահարում, ես կբողոքեմ․․․
Թագավոր — Ո՞ւմ:
Թագուհի — Երեխեքին, կգան ու էլի կջրեն քեզ:
Պալատական սրահում միայն պալատականներն են մնում, որոնք իրենց առավոտյան քծնանքի ծեսն են բարձրաձայնում: Նրանք երեք հոգի են, բայց բազմաթիվ մարդկանց ձայներ են հնչում:
1-ին պալատական — Տեսա՞ք ի՜նչ արծաթազօծ ցող էր թագուհին:
2-րդ պալատական — Ոսկեփայլ ադամանդ էր թագավորը:
3-րդ պալատական — Այդքան մաքուր լինում են հնդկական լոտոսները:
1-ին պալատական — Թույլ տվեք փաստենք՝ շատ համարձակ են մեր երեխաները:
2-րդ պալատական — Չկարծեք, թե ջրոցին բեմադրված էր, իսկական էր:
3-րդ պալատական — Մեր թագավորությունում ամենաթանկը՝ մանուկներին:
1-ին պալատական — Թանկից էժան չկա:
2-րդ պալատական — Չկարծեք ուրիշ բան՝ երեխեքինը թանկ՝ մեծերից:
3-րդ պալատական — Թողեք մեր երեխեքը հպարտանան:
1-ին պալատական — Իսկ ինչո՞ւ ուշացավ կատվի մլավոցը:
2-րդ պալատական — Դա թագավորի գյուտն է՝ պալատում ոչ մի կատու, միայն նրանց ձայնագրությունը:
3-րդ պալատական — Չկան մկներ և առնետներ պալատում:
1-ին պալատական — Մենք երեխաների զվարթ ծիծաղը վաճառում ենք մռայլ ծերերին, մռթոշ տիկիններին և․․․
2-րդ պալատական — Երեխաներին նեղացրած բանտարկված ծնողներին:
Դրսից լսվում են՝
Ջան ծաղիկ, ջան, ջան․․․
Ազատեք մեր մամաներին ու պապաներին․․․
Նրանց կարոտել ենք․․․
3-րդ պալատական — Պետք է օրենքը պաշտպանի փոքրերին մեծերից, մեծերին՝ փոքրերից:
1-ին պալատական — Մենք քիչ երեխա ենք ունենում, որ լավ պահենք, կրթենք․․․
2-րդ պալատական — Մեր հարևանները շատ երեխա են ունենում, որ վատ պահեն:
3-րդ պալատական — Չկրթեն, միայն պարսատիկներով ծիտ ու մեզ զարկեն:
1-ին պալատական — Ամոթ: Մեր թագուհին չի ծնում, որ․․․
2-րդ պալատական — Քո ի՞նչ գործն է, երևի ֆիգուրա է պահում:
3-րդ պալատական — Լսո՞ւմ եք կատվի մլավոցը:
2-րդ պալատական — Թույլ է:
1-ին պալատական — Թագուհին չի սիրում, որ կատվի պոչը դիպչի նրա փեշին:
2-րդ պալատական — Այ սա մլավոց է (ականջը սրած լսում է):
3-րդ պալատական — Ասես երաժշտություն:
1-ին պալատական — Այ քեզ՝ գյուտ․․․
1-ին նաժիշտը հայտնեց և հայտարարեց․
1-ին նաժիշտ — Եկել են քիսաչիները, վարսավիրները, եղունգ կտրողները, զգեստ կարողները․․․
Ննջարանից դուրս եկան Թագավորն ու Թագուհին:
Թագավոր — Սկզբից բաղնի՞ք, թե՞ սաունա, լողավազ՞ն, թե՞ լվացարան:
Թագուհի — Նախ թրջված շորերը հանենք,այ ձերդ թրջվածություն:
Թագավոր — Էնքան ես խոսում, մոռացանք փոխվել:
Թագուհի — Ինչո՞ւ փոխվենք, երբ հիմա պիտի հանենք բաղնիքում:
Թագավոր — Ես կարծում եմ՝ սաունայում․․․
Թագուհի — Սիրտս նվաղում է շոգ տեղերից․․․
Թագավոր — Ուրեմն՝ լողավազան:
Թագուհի — Ո՛չ, բաղնիք, համ էլ ոտ-ոտի կխաղանք:
Թագավոր — Այ, լավ ասիր, քանի օր է չենք խաղացել:
Թագուհի — Քիսաչիները գան, պռտեն մեր մեջքը:
Թագավոր — Սկզբից՝ եղունգ կտրողները:
Թագուհի — Ո՛չ, քիսաչիները:
Թագավոր — Վարսավիրները․․․
Թագուհի — Ո՛չ, քիսաչիները, առավոտից ներվերս ուտում ես:
Թագավոր — Սիրելի պալատականներ, չկարծեք ես Թագուհու կրունկի տակ եմ, բայց մեկ-մեկ պիտի համաձայնվեմ, ախր նա նուրբ ջղեր ունի և․․․ անուշ լեզու:
Պալատականներ (միաձայն) — Այո՜, այո՜․․․
Լսվում է՝ Ջան ծաղիկ, ջան, ջան․․․
Մյաո՜ւ, մյաո՜ւ․․․
Մամա՜, պապա՜․․․
Թագավորական բաղնիքում դրված է մի լայն փայտե տաշտ: Նրանից թեթև գոլորշի է բարձրանում: Նրա մեջ են մտնում կիսամերկ Թագուհին ու Թագավորը, նստում են տաշտի մեջ:
Թագուհի — Ախ, ի՜նչ հաճելի է:Ասես նավ նստեցի:
Թագավոր — Ասես նոր ծնվեցի:
Թագուհի — Հիշո՞ւմ ես, երբ նոր էինք ծանոթացել, ոտքներս կախում էինք առվակի մեջ ու երազում Նիագարայի ջրվեժը:
Թագավոր — Էդ որտե՞ղ է:
Թագուհի — Ծերացել ես, դու ես ինձ ասել:
Թագավոր — Հորինել եմ:
Թագուհի — Դե, դու Նյուտոնն ես:
Թագավոր — Էդ ո՞վ է:
Թագուհի — Դու ես ինձ ասել, թե քո դասատուն է եղել:
Թագավոր — Ավելի լավ է ոտ-ոտի խաղանք․․․ Համա թե բլթբլթացնում ես:
Ոտքերով ջուրը բլթբլթացնում են, ո՞վ ավելի շատ ջուր կցփնի մյուսի վրա:
Ծիծաղում են ու մրցում:
Թագուհի — Գոնե հիշո՞ւմ ես, որ այսօր Վարդավառ է:Եվ իմ ․․․
Թագավոր — Մոռացել էի, ինչո՞ւ հիշեցրիր էն լակոտների արածը: Շան լակոտները լրիվ շորերս թրջեցին, նոփ-նոր զգեստս փալասի վերածվեց, ի՞նչ եմ ցույց տալու էսօր: Խայտառակվեցի:
Թագուհի — Դարդ մի՛ արա՝
Թագավոր ես, թագավոր,
Թագը գլխին, գահը տակին,
Բախտավոր:
Թագավոր — Ասում ես՝ մի դուռ կբացվի, հա՞:
Թագուհի — Լսել եմ, մի նոր դերձակ, ավելի ճիշտ, երկու դերձակ են ի հայտ եկել, տարօրինակ, չտեսնված, մոդայիկ․․․
Թագավոր — Հե‘յ, նաժիշտներ, թագուհու ասած դերձակներին շտապ կանչեք արքունիք:
Թագուհի — Շատ են լկստվել, օրենքը խստացնել է պետք:
Թագավոր — Ծնողներին ազատել, ուսուցիչներին բռնել:
Ներս է մտնում գլխավոր քիսաչին և խոնարհվում է:
Քիսաչի — Խնդրում եմ ասեք, առաջինը ում մեջքը քիսայեմ:
Թագուհի — Ես արդեն պատրաստ եմ:
Թագավոր — Հետո՝ իմը: Թագուհի, մի՛ բլթբլթացրու, արդեն խաղն ավարտված է:
Թագուհի — Քիսաչի, քիսաչի, մեջքս թեթև արևահարվել է, կամաց քիսայի:
Քիսաչի — Սա Տաիլանդում կոչվում է մասաժ, և այնտեղ հասնում են տուրիստները, հատուկ․․․
Թագուհի — Նուրբ պռտեք, ասում եք՝ մասաժ, բայց սա բռի պռտոց է:
Քիսաչի — Կներեք, Թագուհի, տայերը խորհուրդ են տալիս․․․
Թագուհի — Լավ, լավ, պարանոցս նուրբ մասաժի:
Քիսաչի — Տայերե՞ն:
Թագուհի — Հայերե՞ն:
Քիսաչի — Չէ, տայերեն:
Թագուհի — Այ նոր վիզս հասկացավ, թե ինչու են գնում Տաիլանդ:
Թագավոր — Հա, մյուս ամառ կգնանք, Թագուհի ջան:
Լսվում է՝ Ջան ծաղիկ, ջան, ջան․․․
Թագուհի — Դե, քո ասածը Արթուր թագավորի ասածն է:
Թագավոր — Դա ո՞վ է:
Թագուհի — Ըտենց մեկը եղել է:
Թագավոր — Դու ճանաչե՞լ ես:
Քիսաչի — Ձերդ մեծություն, նա շատ վաղուց է եղել:
Թագավոր — Իրեն տայերե՞ն, թե՞ հայերեն են քիսայել:
Քիսաչի — Ձերդ մեծություն, դուք միշտ տեղին եք կատակում:
Թագավոր — Իսկ հիմա քո հունարը իմ մեջքի վրա գործադրի:
Թագուհի — Ապրես, քիսաչի, քեզ գովելը ամոթ չի:
Քիսաչի — Շնորհակալ եմ, դուք շատ բարի եք:
Թագավոր — Երեկ որսի եմ գնացել, մեջքս սառել է, մի լավ քսի:
Թագուհի — Երբ պրծնի, թող եղունգ կտրողը գա:
Թագավոր — Անմիջապես: Լավ է, քիսաչի, այդպես նաև՝ վիզս, մի քիչ վերև, մի քիչ ներքև, վերև, ներքև, այ էդպես, լավ է, լավ է, քիչ է մնում քնեմ: Որ չքնեմ, գնա, քիսաչի, եղունգ կտրողին կանչի:
Ներս է մտնում եղունգ կտրող տիկինը, բարևում և խոնարհաբար մոտենում թագուհուն, որն արդեն ոտքերը դրել էր տաշտի եզրին:
Թագուհի — Կարծես լավ երկարել են:
Տիկին — Ոչ երկար, ոչ՝ կարճ, գեղեցիկ են:
Թագուհի — Երեկ փասիանի փետուրով եմ մաքրել:
Տիկին — Չէր խանգարի հապալասի հյութով թրջած մետաքսով 5 րոպե շոյել:
Թագուհի — Ես լսել էի՝ ելակի հյութով․․․
Տիկին — Դա միայն չորեքշաբթի օրերը:
Թագուհի — Արդեն կտրեցի՞ք:
Տիկին — Թույլ տվեք ձեր եղունգները վերցնել որպես նվեր:
Թագուհի — Այո, նրանք ոսկեզօծ են:
Տիկին — Ես ոսկու համար չեմ ասում:
Թագուհի — Գիտեմ, որ դու ինձ շատ ես սիրում:
Տիկին — Ես դրանցից թևնոց եմ սարքում, ինչպես փղի ոսկորներից:
Թագուհի — Շատ շնորհակալ եմ հաճոյախոսության համար:
Թագավոր — Երբևէ փիղ տեսե՞լ եք, տիկին:
Տիկին — Ոչ, թագավորն ապրած կենա, նրա ոսկորն էլ չեմ տեսել:
Թագավոր — Որ գնամ Հնդկաստան, մի փիղ եմ բերելու, մեր դղյակում գազանանոց բացեմ:
Տիկին — Երեխեքը կուրախանան:
Թագավոր — Իմ եղունգներն էլ կտրի, բթինը շատ է երկարել:
Տիկին — Ահա անցնեմ Ձեր բութին, իսկապես առյուծի ոտնաթաթ է Ձեր․․․
Թագավոր — Երեկ արջ եմ խփել:
Տիկին — Երևում է Ձեր եղունգներից, լարվել են ու կեռվել:
Թագավոր — Ինչպես արծվի ճանկ:
Տիկին — Համարյա, կտրելուց հետո կքսեմ ընկույզի յուղ, թող փափկեն:
Թագուհի — Ինձ էլ կթողնեք ընկույզի յուղ, դիմահարդարս ասում է՝ կնճիռներ է վերացնում:
Տիկին — Յուղը շատ օգտակար է․․․ Ավարտեցի: Հաջողություն, մինչև գալող շաբաթ:
Թագուհի — Շատ կիրթ տիկին է:
Թագավոր -Ոչ միայն, կարելի է և պարուհի կարգել:
Թագուհի — Չլինի՞ եղունգդ չվերցրեց, նեղացար:
Թագավոր — Չէ հա․․․Իմ եղունգը հովազի ժանիք է, տանում է, ի՞նչ անի:
Թագուհի — Այսօր հոգնեցինք, թող վարսավիրը վաղը գա:
Թագավոր — Կամքը քոնն է: Երկար մազը քոնն է:
Թագուհի — Իսկ հիմա գնանք լողավազան:
Թագավոր — Զգույշ կլողանաս, չխեղդվես, անցած անգամ հազիվ փրկեցի՝ քաշելով մազերիցդ:
Թագուհի — Սպասիր, մենք դերձակ ենք կանչել, արտառոց զգեստ է բերելու: Լավ է այստեղ փորձենք, հետո գնանք լողավազան: Նաժիշտ, ներս հրավիրիր դերձակին:
Բաղնիք են մտնում երիտասարդ դերձակներ, խոնարհաբար ողջունում են: Նրանք խիստ ամաչկոտ են:
Դերձակ — Ես ամաչկոտ եմ, բայց ոչ այնքան, որ զգեստ չհորինեմ կիսամերկ մարդկանց համար, իսկ մերկ մարդկանց համար այնպիսի մի զգեստ եմ փչում, ստեղծում, տեղը տեղին հարմարեցնում, որ ով զարմանա, ուրեմն վաղուց հեռացել է կյանքից․․․ Ամենախելոք մարդու համար, որ խելոք մարդիկ միայն տեսնեն, մեկ է, հիմարները տեսնեն-չտեսնեն՝ բան չեն հասկանում, ճաշակից, մոդայից զրո են:
Թագավոր — Այ տղա, կարճ կապի, ժամանակը քիչ է, լիքը գործ ունեմ:
Թագուհի — Ի՜նչ հետաքրքիր է ներկայացնում զգեստը, որը չի երևում, երևի նոր է կարելու:
Դերձակ — Ոչ թե կարելու, այլ Աստծուց մեզ փոխանցված շնչով փչելու, արարելու և այդ հրաշքով արքունիքը զարդարելու, բայց միայն արքունիքը, դա հասարակ աչքի համար չէ, դա դրսի, քամու կամ․․․
Թագավոր — Այ տղա, քեզ չասացի՞ կարճ կապի, ողջ թագավորության գործերը ականջները սրած՝ ինձ են սպասում:
Թագուհի — Էն Մեծ վեզիրին էլ կախեցիր, գոնե Զորավարին թողներիր, սահմանները հսկեր:
Թագավոր — Թող մեկը Արևից, մյուսը՝ Լուսնից, նրանց շողերից կախված հսկեն, ես նորերին կնշանակեմ, հենց հիմա՝ քո հորոխպերը՝ Մեծ վեզիր, իմ քեռու տղեն՝ Զորավար:
Թագուհի — Հանճարեղ գյուտ, բա ասում ես Նյուտոնին չես ճանաչում, քիչ է մնում ասես․․․
Դերձակ — Նյուտոնը իմ պապու պապի, պապու պապի․․․
Թագավոր — Ինչ չաչանակն ես, տղա, ո՞ւր է զգեստը:
Դերձակ — Ահա: (Ցույց է տալիս՝ իր օգնականի ձեռքում պահած օճառաջրով լցված ամանը և ձեռքի մեջ հազիվ երևացող կանաչ եղեգի կարճ կտրած փողը):
Թագուհի — Դա՞ է:
Դերձակ — Սրանով: Արագ պետք է աշխատել, քանի օդը խաղաղ է:
Դերձակի օգնական — Ահա և եղևնու հոտով անուշաբույր, ոսկեճաճանչ, ոսկեժպիտ փրփուր:
Թագավոր — Ձե՞ռ եք առնում, ա՛յ կաչաղակներ, Թագուհին օճառով՝ զգե՞ստ, դե․․․
Դերձակ — Դուք կանգնեք, և ես ձեզ կզուգեմ աշխարհի չտեսնված, չլսված, ծիածանափայլ զգեստով: Սա զգեստ է միայն խելացի մարդկանց համար և տեսնում են միայն խելացի մարդիկ․․․ Դե լավ է, կանգնեցիք, շատ էլ հրաշալի զույգ եք, մի բարձի ծերանաք․․․ Առաջինը հագցնենք Թագուհուն:
Թագուհին ձգված կեցվածքով սպասում է և կիսաարհամարհական ժպտում: Թագավորն էլ կանգնած, մի հոնքը բարձրացրած սպասում է՝ ոչ մի բանի չհավատալու վճիռով: Դերձակը կանաչ եղեգան փողը մտցնում է օճառաջրի մեջ և դնում շրթունքների միջև ու սկսում փչել: Դուրս են թռչում սկզբից փոքրիկ, ապա միջին չափի, հետո խոշոր ծիածանափայլ, թափանցիկ, փրփուրե փուչիկներ, գնդեր ու վերև բարձրանալուց հետո իջնում և շարվում են թագուհու մերկ ուսերին, մեջքին:
Դերձակ — Տիրուհի, դուք, ինչքան տեսել եմ, լայն շրջազգեստ եք սիրում:
Թագուհի (փրփուրներին նայելով) — Ճիշտ այդպես, վրան էլ՝ մարգարիտներ, չէր խանգարի՝ նաև լուսնաքար:
Դերձակ — Մեկ րոպե համբերեք և Ձեր ցանկությունը կկատարվի:
Թագուհի (մեկ րոպե անց) — Երազային է, հեքիաթային է և թեթև, ասես հով եմ հագել և զով:
Թագավոր — Հետաքրքիր է․․․
1-ին նաժիշտ — Զարմանալի է:
2-րդ նաժիշտ (ներս մտնելով) — Օհ, այս ինչ հեքիաթ է: Ես էլ կուզեի:
1-ին նաժիշտ (շշնջալով) — Ախչի, ձենդ կտրի, ձեր ախոռում չես:
Թագուհի — Ե՛վ լուսնաքար եմ տեսնում, և՛ մարգարիտ:
Թագավոր — Իսկը՝ ջրահարս․․․ Եվ սա՝ առանց այլևայլության:
Դերձակ — Միայն կխնդրեմ՝ դուք քայլեք զգույշ, Ձեզ քամի չդիպչի, միայն արքունական օդ և ոչ մի չար աչք:
Թագուհի — Մեզ բոլորը սիրում են:
Թագավոր — Չսիրողների աչքերը փակ են:
Դերձակ — Թող գնահատեն պալատականները:
Պալատականները, երբ տեսնում են Թագուհուն, ոմանք ուշաթափ են լինում հրճվանքից, ոմանք սուտ ճչում են՝ «Հրա՜շք․․․», ոմանք Թագուհու մերկությունը չտեսնելու տալով, գոչում են «Մահացու հարված է, չտեսնված, ամպեղեն, օդեղեն»․․․ Պատկերացրեք այս բոլորը միաժամանակ: Հանդիսատեսը խլանում է ու մտքում տարբերակում ամեն մի պալատականի կարծիքը:
Թագավոր (բղավելով) — Վերջ տվեք ժխորին, չտեսներ: (Դառնալով Դերձակին)․ Հիմա ինձ հագցրու:
Դերձակ — Լուսնաքար լինի՞, թե՞ ոչ:
Թագավոր — Այ տղա, ես հո կի՞ն չեմ, միայն արծաթե կոճակներ:
Դերձակ — Եղավ: Իսկ ծիածանափա՞յլ:
Թագավոր — Դա միայն վերաշապիկի օձիքին և դոշին:
Դերձակ — Ճիշտ այդպես, զգեստն էլ՝ ծնկից վերև:
Թագավոր — Այո, երևում է շուտ գլխի ընկնող ես:
Դերձակ — Մինչև Դուք նայեք պատուհանից դուրս և հետո թագուհու շողշողացող աչքերին՝ զգեստը պատրաստ կլինի:
Թագավոր — Վահ, էդ կանաչ խողովակը կախարդակա՞ն է, այ տղա, արդեն պատրաստ է կարծես: Այսպես էլ պատկերացնում էի:
Թագուհի — Երբևէ այսքան թռչող արագիլի չես նմանվել:
Թագավոր — Ես կասեի՝ կարապ:
1-ին նաժիշտ — Հազարան բլբուլ:
2-րդ նաժիշտ — Սինամ հավք:
Պալատականներ — Երազում տեսած երազ:
— Ջրում արտացոլված հեքիաթ:
— Չտեսնված տեսիլք:
— Այր ու կին մի փրփրամարմին:
— Երևում է ու չի երևում:
— Թափանցիկ է ու անթափանց
— Չնաշխարհիկ․․․
Ներս է մտնում թագավորի Ծաղրածուն:
Ծաղրածու — Մինչ դուք զբաղված եք սովորական կախարդանքը անսովորի տեղ դնելով, հրաշալի աչքակապությամբ, դրսում, դղյակի մոտ հավաքվել է ժողովուրդը և սպասում է Թագավորի տոնական վարդավառյան ուղերձին, ճառին:
Թագավոր — Ի՞նչ, օճառի՞ն․․․
Ծաղրածու — Ո՛չ, թագավորն ապրած կենա, ճառին:
Թագավոր — Այսպե՞ս, այս նոր զգեստո՞վ, հանպատրաստի՞ց:
Ծաղրածու — Կուզե՞ք մի քանի տող գրեմ կամ դղյակի պատշգամբում հուշեմ:
Թագուհի — Ո՛չ, նա մեզ ծաղրուծանակի կենթարկի:
Թագավոր — Ծաղրածու, քո հուշածը գլխիդ կպնի, քեզ համար կրկես եմ սարքելու՝ առյուծներ վարժեցնես և փիղ:
Ծաղրածու — Ժողովուրդն անհամբեր և սարսափելի սիրով սպասում է, պետք չէ տոնը հարամել:
Թագավոր — Վերջում՝ գինի:
Ծաղրածու — Սկզբում՝ ջրոցի, հետո՝ գինի, հետո․․․
Թագավոր — Հետո՝ լռություն:
Ծաղրածու — Դա Շեքսպիրն է ասել:
Թագավոր — Այ տղա, էլի սուտ-մուտ անուններով ինձ անգրագետի տեղ դրիր:
Թագուհի — Էդ մեկը ճիշտ է ասում, նրա անունը ես էլ եմ լսել:
Ծաղրածու— Ավելի լավ է ճշմարտությունն ասել որպես սուտ, քան սուտն՝ իբրև ճշմարտություն:
Թագավոր — Որ այդպես է, գնանք պատշգամբ, ողջունենք մեր վարդավառյան ժողովրդին, նա արժանի է ջրվելու: Հա, մոռացա դերձակին վճարել, մարգարիտներով, լուսնաքարերով և ոսկեփայլով, նաև՝ արծաթե կոճակներով:
Գլխավոր պալատական — Անմիջապես:
Մինչև թագավորն ու թագուհին պատշգամբ դուրս կգան, դերձակը մի խուրջինի մեջ է լցնում իր կիսաթանկարժեք քարերը, ոսկեզօծ շղթաներն ու արծաթե կոճակները և օգնականի հետ անհայտանում են փրփուրե պղպջակի պես: Գլխավոր պալատականը դուրս է գալիս պատշգամբ և հայտարարում․
Գլխավոր պալատական — Ժողովուրդ, ուշադրություն, դիմավորեք երկնքից նոր իջած ամպեղեն թագավորին:
Թագավորը հանդիսավոր ելնում է պատշգամբ: Նրա և թագուհու վրայի պզպջակները ցնդում են:
Թագավոր — Ողջո՛ւյն, Վարդավառ: Այս տոնի առթիվ նոր զգեստով եմ ելել՝ ձեզ ուրախացնելու ու իմ և թագուհու լուսափրփուր․․․
Ժողովուրդը ցնծում է, բացականչություններով․ «Կեցցե Թագավորը, կեցցե Թագուհին, շորասազ, կոշիկասազ, մի լուսափրփուրի ծերանաք»:
Հնչում են ծնծղաներ, թառերր, փողային երաժշտական գործիքներ և լսվում է երեխաների երգը՝ Ջան ծաղիկ, ջան, ջան․․․
Քամուց փրփուրե զգեստն ամբողջապես չքանում է, փնկում: Կերպափոխությունը չի ընկալվում ծափ-ծիծաղի միջոցում:
Ժողովրդի միջից ճչում են․ «Թագավորը սկզբից երկնային էր, հետո լուսեղեն, հողեղեն»:
Ամբոխի միջից մի մանուկ ձեռքը զարմանքից տանում է բերանի մոտ ու ճչում․
Մանուկ — Հեյ, երեխեք, հեյ, մեծեր, ա՛յ մարդիկ, հո՞ քոռ չեք, Թագավորն ու Թագուհին, ամոթ է ասել՝ չփլախ են:
Ամբոխը ձև է տալիս, թե չի լսում, կողքից մի երկու մարդ, որպեսզի չկարծեն,
թե իրենք են ճչացողը, բշտում են մանուկին․
— Այ տղա, չափդ ճանաչիր,
— Նրանք մաքուր սրտով են ելել ժողովրդի առջև:
— Մենք մեր մեծավորներին չենք սիրում, էլի:
— Էս փիչխեն ո՞վ է:
— Բայց ոնց որ իրականում․․․
— Մի ոստիկան չկա՞․․․
2-րդ մաս
Հնչում են ծնծղաներ, եղեգան փողեր, ջրի թասերն են զնգզնգում: Թագավորը հրամայում է գինի բաժանել և վարդեր: Աղմուկ, աղաղակ, Թագավորը չքանում է դռան ետևը, ճիչեր, խառնակություն, փախչում են վախկոտները, գալիս են երկու նիզակակիր զինվոր և տղային հրելով տանում ամբոխի միջով: Մարդիկ կարկամել են:
Տղային մտցնում են դղյակի լայն դարպասից ներս:
Հսկա դահլիճ է, երկու կողմերում շարված են զինվորներ, դատավորներ, դատախազներ:
Տղան կանգնում է դահլիճի մեջտեղում:
Դատավոր -Ա՛յ փսլնքոտ, ո՞վ քեզ ասաց գոռաս:
Տղա — Ես, ես․․․
Դատավոր — Չի կարող պատահել այդպես, դու մենակ չէիր, քո ետևում ո՞վ կար:
Տղա — Ետևում՝ չգիտեմ, բայց կողքիս շուն կար:
Դատախազ — Նա է հուշել, ասացի, չէ՞, շներին մի թողեք հրապարակ, շտապ գտնել, բերել:
Մի վայրկյան անց բերում են շանը:
Դատավոր — Ա՛յ տղա, սա՞ էր:
Տղա — Սա չէր կարող հուշել, սա դնչկալ ունի:
Դատախազ — Ուրեմն տեր ունի, տիրոջը բերել:
Շուն (հասկացնում է թաթերով ու վիզը ծռելով) — Ես անտեր շուն եմ այլևս, այս առավոտ տերս վռնդեց, դնչկալն էլ չհանեց, ասաց՝ գնա, սատկի:
Դատավոր — Ի՜նչ էլ լավ է հասկացնում՝ անտեր շուն եմ, քեզ ո՞վ կպահեր, քոսոտ, դուրս տանել:
Շանը դուրս են տանում:
Դատավոր — Չհանեք դնչկալը, թող սատկի, հետևեք քաղաքից դուրս սատկի:
Դատախազ — Ա՛յ լակոտ, շունը չէր, բա ո՞վ հաչեց:
Տղա — Ոչ մեկը:
Դատավոր — Ո՞վ էր մյուս կողքիդ:
Տղա — Կատու, մի սև, փրչոտ կատու:
Դատավոր — Ձե՞ռ ես առնում, ականջը քաշեք, թող խելքի գա:
Զինվորներից երկուսը մոտենում են, քաշում տղայի ականջը:
Տղա — Վա՜յ մամա ջան, ես մեղավոր չեմ:
Դատավոր — Բա ո՞վ է մեղավոր, ճիշտն ասա, քեզ բաց կթողնենք:
Տղա — Ես, ես եմ ասել, ճիշտ եմ ասում, հորս արև:
Դատավոր — Ո՞վ է հայրդ:
Տղա — Նա մեռել է:
Դատավոր — Ո՞վ է մայրդ:
Տղա — Նա հիվանդ է:
Դատավոր — Ասա անտեր շուն ես, դնչկալ էլ չունի շան լակոտը, բա ո՞վ հաչեց, այ շան տղա:
Տղա — Հանկարծ ասի, չեմ մտածել, ես չեմ սովորում, դպրոց չեմ գնում:
Դատախազ — Սրա թաղայինն է մեղավոր, ո՞վ է ձեր ոստիկանության տեսուչը:
Տղա — Չեմ ճանաչում, չեմ տեսել:
Դատավոր — Ա՛յ լակոտ, դու մեզ կսպանես քո պատասխաններով, նորից քաշեք ականջը:
Զինվորները քաշում են ականջը, ոչ այն, որ մի քիչ առաջ էին քաշել:
Դատավոր — Նույնը քաշեք, թող խոստովանի:
Զինվոր — Երկուսն էլ քաշում ենք:
Տղա — Վա՜խ, վա՜խ, ցավում է, թողեք:
Դատավոր — Բա թագավորի ինքնասիրությունը չի՞ ցավում, չփլախ է՝ գոռում էիր, բա արքան չփլախ կլինի, այ սատանա, գոնե մերկ ասեիր:
Դատախազ — Գոնե տկլոր ասեիր:
Սենեկապետ — Գոնե անշոր ասեիր:
Փոքր վեզիր — Գոնե, գոնե․․․ լեզուս չի պտտվում, ո՞նց կարելի է թագավորին չփլախ ասել, լրիվ կորցրել են խիղճը:
Դատավոր — Տղա, վերջին անգամ եմ հարցնում, չպատասխանես, մեր ուզածը չասես՝ բանտ, հասկացա՞ր:
Տղա (գլուխը կախ) — Հա՛:
Դատախազ — Հա չի, այո ասա, անկիրթ, բռի:
Դատավոր — Դե‘ ասա, ո՞վ հուշեց թագավորին վիրավորես:
Տղա — Հանկարծ, ներքին ձայնս:
Դատավոր — Պա՜հ, պա՜հ, ներքին ձայն, չէ մի չէ՝ ժողովրդի ձայն, իբր հալ կա վրեդ, որ ներքին ձայն էլ ունենաս, շա՛ն լակոտ:
Դատախազ — Երևի՞ գետինը մտավ, կենտրոնացիր ու ասա:
Տղա — Երևի առաջին անգամ էի լսում նրան:
Սենեկապետ — Էլ չլսես, դա շատ վտանգավոր Է:
Դատավոր — Ինչպե՞ս վարվենք:
Դատախազ — Դատենք առանձին-առանձին, տղային՝ չորս տարի, ներքին ձայնին՝ վեց:
Դատավոր — Քիչ է՝ չորս, ցմահ, քիչ է՝ վեց, ցմահ:
Դատախազ — Խիստ է, բայց տեղին:
Սենեկապետ — Գուցե մի քիչ իջեցնե՞նք:
Փոքր վեզիր — Ո՛չ, ո՛չ, թող հասկանա, որ չփլախ բառը հանրության մեջ չեն գոռում, դա շատ գավառական արտահայտություն է:
Դատավոր — Գրգռեց ամբոխին, լսեցի՞ք, ոմանք էլ կրկնում էին՝ ճիշտ է, չփլախ է:
Դատախազ — Դուք էլ կրկնեցիք:
Փոքր վեզիր — Ճիշտ է:
Դատավոր (վեզիրին) — Ձեր խոսքում դուք էլ կրկնեցիք, բայց հավելեցիք, որ գավառական արտահայտություն է:
Դատախազ — Միայն ես խուսափեցի այդ զզվելի բառից, դուք՝ դատավոր, և դուք վեզիր, ասացիք այդ բառը, դա ձեզ չի սազում:
Դատավոր — Լեզվի սայթաքում էր, էլ չեմ ասի, կներեք:
Փոքր վեզիր — Հարգելի դատախազ, հաշվի առնելով իր տարիքը, ներեք, էլ չեմ ասի:
Դատախազ — Թող թագավորը ների, ես կզեկուցեմ նրան:
Դատավոր — Վա՜յ մամա ջան, ինձ կկախի:
Փոքր վեզիր — Վա՜յ հորս արև չհասկացա ոնց ասի, ների դատախազ:
Դատախազ — Թող թագավորը ների:
Այդ պահին ներս է մտնում թագավորը, բազմում է գահին:
Թագավոր — Այս ի՞նչ իրարանցում է:
Դատախազ — Ձերդ մեծություն, դատավորը ձեր մասին կրկնեց չփլախ բառը:
Դատավոր (ընկավ հատակին) — Վա՜յ, վա՜յ, մեռա․․․
Դատախազ — Նույնը կրկնեց վեզիրը:
Փոքր վեզիր (ընկնելով հատակին) — Ներիր, մեռա, սիրտս․․․
Թագավոր — Այդպես էլ գիտեի, նրանք վաղուց էին մտածում, որ չփլախ եմ, իա՜, ես էլ կրկնեցի, վայ, սիրտս, վայ, մեռա․․․
Ընկավ հատակին, վրա հասան թիկնապահները, սենեկապետն ու թևերն ընկած հանեցին ոտի:
Թագավոր — Սուտմեռուկ դրի, դրանց ոտի հանեք:
Սենեկապետ (մոտենալով դատավորին, հետո՝ վեզիրին) — Նրանք այլևս անշունչ են:
Թագավոր — Ո՞վ էր ասում բռի բառեր ասեն արքունիքում, մեր լեզուն արքայական է, լավ իմացեք, խրճիթների լեզուն չբերեք արքունիք, հասկացա՞ք, բութեր, տարեք մեռածներին:
Դուրս են տանում դատավորին ու վեզիրին:
Թագավոր — Ո՞վ է այս տղան:
Դատախազ — Սա այն լակոտն է, որ ամբոխի միջից գոռաց անվայելուչ, խրճիթային բառը, արտահայտությունը:
Թագավոր — Հա՜, դո՞ւ ես, այ տղա, ի՞նչ իմացար, որ ես․․․ էլի էի կրկնելու զզվելի բառը, որ ես մերկ եմ, բայց չէ՞ որ ասացի, այն էլ դղյակի պատշգամբից, որ Չինումաչինից են բերել նոր զգեստս, ասա, ի՞նչ իմացար:
Տղա — Ես չէի, ներքին ձայնս էր, առաջին անգամ եկավ ու իմ տեղն ասաց, ես չէի ուզում, ինչքան հիշում եմ, միտք չունեի ասել, հանկարծ եղավ:
Թագավոր — Այդպես հանկարծ թագավորություն են կործանում, հանկարծ դատավոր է մեռնում, վեզիր է սրտաճաք լինում, բա՛, էդ հանկարծը շատ վտանգավոր է:
Դրսից լսվում է ամբոխի ձայնը — Ազատեք երեխային, նա անչափահաս է, ազատեք երեխային:
Թագավոր — Ի՞նչ ձայն է:
Դատախազ — Ժողովրդի ձայնն է երևում:
Թագավոր — Ներքի՞ն, թե՞ արտաքին:
Դատախազ — Պիտի քննեմ, վկաներ կանչեմ, գործ սարքեմ, Ձերդ մեծություն, պիտի դատեմ:
Թագավոր — Էլ ի՞նչ դատախազ, որ չդատի, մի դատիր, որ չդատվես, հիշո՞ւմ ես:
Դատախազ — Այս անիմաստությունն ականջիս մեջ է:
Թագավոր — Իսկ իմաստություննե՞րը:
Դատախազ — Ձեր խոսքերը միշտ ականջիս մեջ են, Ձեր խրատները, Ձեր խորհուրդները:
Գնալով բարձր է ժողովուրդը գոռում՝ ազատել, ազատել:
Թագավոր — Ամբոխը գնալով ժողովուրդ է դառնում, ազատություն են գոռում, տո էս մի մատ երեխուն ո՞վ է դատում, որ ազատություն են գոռում:
Դատախազ — Դատավորը:
Թագավոր — Բայց նա անշնչացավ, ո՞նց կդատի:
Դատախազ — Արդեն դատել է՝ ցմահ, ներքին ձայնին էլ՝ մահ:
Թագավոր — Իսկ դո՞ւ ինչ առաջարկեցիր:
Դատախազ — Տղային՝ չորս, ներքին ձայնին՝ վեց տարի:
Թագավոր — Համա թե ցնդել եք, (պաուզա) ես կատակ արեցի, դուրս եկա պատշգամբ, ստուգելու, ո՞վ կասի ճշմարտությունը, այս տղան ասաց, իսկ դուք՝ դատ, դատաստան, չե՞ք հիշում ինչ օր է:
Սենեկապետ — Վա՜յ, թագուհու ծննդյան օրն է, երանելի օր է:
Դատախազ — Ամոթ ինձ, մոռացել եմ առավոտյան, կհիշեմ երեկոյան, կինս մեծ նվեր է պատրաստել, հիշեցի, հիշեցի:
Նազիր — Հիմա հասկացանք, որ մեր մեծը, մեր պաշտելին, ժողովրդին ուրախացնելու համար է դուրս եկել պատշգամբ, նա գինի է խոստացել ժողովրդին, քեֆ, ուրախություն, հանուն թագուհու ծննդյան օրվա:
Թագավոր — Տղային պիտի պարգևատրել թագավորության մեծ շքանշանով, կատարեք հրամանս, դուրս գանք պատշգամբ և ժողովրդի աչքի առջև կպցնեմ շքանշանը:
Մինչ պատշգամբ ելնելը, հասցնում են շքանշանը:
Լսվում է ժողովրդի ձայնը՝ ազատել տղային:
Թագավորն ու տղան ելնում են պատշգամբ: Նրանց ետևում ծաղրածուն է և թագուհին:
ժողովուրդը լռում է:
Թագավոր — Սիրելի՛ ժողովուրդ, այս տղան բոլորիցս առավել ճշմարտախոս է, ամոթ չլինի մեջբերեմ ծաղրածուիս խոսքը․ «Ավելի լավ է սուտն ասել որպես ճշմարտություն, քան ճշմարտությունն՝ իբրև սուտ» …
Ծաղրածու (թագուհու անկանջին բոլորին լսելի) -Թագավորն էլի խառնեց ճիշտն ու սուտը:
Թագավոր— տղան տեսավ իմ մերկությունը և բարձրաձայնեց՝ կեցցե‘: Նրան արժանացրել եմ մեծ շքանշանի: Ասեմ, որ այսօր Թագուհու ծննդյան օրն և այդ պատճառով էի փորձել ձեզ զվարճացնել, ինչպես խոստացել եմ, գինին կլինի:
Ժողովուրդը ցնծա՛ց՝ կեցցե՜ թագավորը, թագուհին:
Թագավոր — Բերեք շքանշանը: Հա, իմ գրպանում է, հիմա կպցնեմ տղայի, այս ճշմարտախոս տղայի կրծքին (փորձում է):
Տղա — Վա՜յ մամա ջան, դոշս ցավեց, ասեղը ծակեց:
Թագավոր — Վա՜յ, ա՛յ տղա, դո՞ւ էլ ես մերկ, համարյա չփլախ, այ քեզ ֆոկուս:
Տղա — Տկլոր եմ, թագավորն ապրած կենա:
Ժողովուրդ — Տղան մերկ է, չփլախ է, տկլոր է, շոր հագցրեք, հետո մեդալ կպցրեք, կոշիկ հագցրեք, տղան բոբիկ է, չփլախ է:
Թագավոր — Հագցրեք տղային:
Նաժիշտներն արագ հագցնում են: Թագավորը կպցնում է շքանշանը:
Թագավոր — Տեսա՞ք, ես էլ եմ ճշմարտախոս, ես առաջինն ասացի, տղա, մերկ ես, չփլախ ես, տկլոր ես:
Ժողովուրդ — Այո, մենք մերկ ենք, տկլոր, չփլախ, կեցցե տղան, կեցցե տղան:
Երեկոյան գինի տրվեց ժողովրդին, տղան խմեց առաջին անգամ, գոչելով․
Տղա — Կեցցե‘ ժողովուրդը:
Բոլորը գոչում են՝ Կեցցե՛ ժողովուրդը: