Գագիկ ՂԱԶԱՐԷ / «ԲԱՌԵՐ ԸՆԴԴԵՄ ԲԱՌԵՐԻ ԿԱՄ ԲՈՐԵՆԻՆԵՐ»
Գագիկ ՂԱԶԱՐԷԻ «ԲԱՌԵՐ ԸՆԴԴԵՄ ԲԱՌԵՐԻ ԿԱՄ ԲՈՐԵՆԻՆԵՐ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2009 թ., թիվ 18-19-ում
Ուրեմն, իմ կենսագրությունը պետք է կարդալ Երևան քաղաքի փոշոտ փողոցների քրտինքում` ամռանը, տրտմության ու թախծի գրկում` աշնանը, մառախուղի ու մշուշի ներսում` ձմռանն ու գարնանը` ծիրանենու ծաղկող բողբոջների սպիտակ թերթիկներում: Ես ամեն օրն եմ, որ ծնվում ու մարում է երկնքում պտտվող սպիտակ շրջանի հետ:
Ես կարող էի գրել մի պատմություն, որտեղ երևար զզվանքը, որն զգում եմ ամենատարրական հարաբերություններում, շատ սովորական, շատ առօրեական խնդիրների շուրջ, բայց ինքս ինձ պարտադրում եմ գրել ճիշտ հակառակը:
Այսինքն, ես ինձ թույլ չեմ տալիս գրել վատ բաների մասին, չնայած, ի՞նչ է նշանակում վատ կամ լավ` չեմ հասկանում… Ես ինձանից պահանջում եմ զզվելի բաները թողնել լուսանցքներում և հիշել ու մտապահել բացառապես դրականը, բարին, որի կարիքն ինձ շրջապատող աշխարհն այսօր անչափելի փափագներով ունի:
Ես գիտեմ, ես դա շատ լավ գիտեմ: Բայց զգում եմ, որ պարտավոր եմ խոսել այդ նույն զզվելիի մասին, որտեղ ես եմ, որտեղ բոլորս ենք, որտեղ նրանք են` ում մենք հիշում ենք և ովքեր, հնարավոր է, մեզ են հիշելու: Միայն ու, հատկապես, միակ հույսով, որ այդ անտանելի զզվելին երբևէ հաղթահարվի:
Ես գրում կամ ապրում եմ, որովհետև սիրում եմ, անմնացորդ սիրում եմ իմ սարսափելի ու զզվելի իրականությունը, իմ տունը, իմ բակը, իմ փողոցը, իմ գյուղը, իմ քաղաքը, ամբողջ իմը, իմ նվաստացած ու համրախոս, ապշալլուկ հայրենիքը: Իմ թանկն ու անբեկելին:
Գագիկ ՂԱԶԱՐԷ
ԲԱՌԵՐ ԸՆԴԴԵՄ ԲԱՌԵՐԻ
ԿԱՄ ԲՈՐԵՆԻՆԵՐ
(մեկ գործողությամբ իրապատում—անհեթհեթություն)
Գործող անձինք
ԵՐԿՈՒ ԸՆԿԵՐ
Բացօթյա սրճարան կամ որևէ հանրային տարածք, որտեղ հնարավոր են սեղանները: Նրանք նստած են սեղանի շուրջ: Սեղանին` ափսեի մեջ, խնձոր կամ այլ պտուղներ: Պատվիրված հեղուկ` ջուր կամ հյութ: Երկու սրճարանային գավաթ: Նրանց ձեռքին` սովորական ճամփորդական դանակներ: Խնձորը մաքրում են, ուտում: Ետնաբեմում ու նախաբեմում հնարավոր է բեմադրել երկխոսությունից դուրս` երևակայական ամեն ինչ` ըստ բեմադրիչի:
Ա. — Ասում ես` ինչ ասե՞ց:
Բ. — Հեչ բան:
Ա. — Ոչ մի բան չասե՞ց:
Բ. — Չէ… Նստեց, նստեց ու գնաց:
Ա. — Բա ինչի՞ էր եկել:
Բ. — Չհասկացա:
Ա. — Բայց մի բան կար, չէ՞, որ եկել էր:
Բ. — Երևի կար, երևի չկար, չգիտեմ:
Ա. — Փոխվե՞լ էր, թե՞ նույնն էր:
Բ. — Ոչ մի բան:
Ա. — Իսկ դե՞մքը, հայա՞ցքը:
Բ. — Չէ, նույնն էր: Ոչ մի նորություն:
Ա. — Չի՞ ծերացել:
Բ. — Չէ, հակառակը, անցյալի համեմատ ավելի թարմ էր:
Ա. — Տարօրինակ է, վտանգավոր:
Բ. — Շատ տարօրինակ ու շատ վտանգավոր:
…………
Բ. — Բա ի՞նչ ենք անելու:
Ա. — Չգիտեմ, խելքս բան չի կտրում:
Բ. — Երևի պիտի սպասենք:
Ա. — Երևի… Մինչև… Տեսնենք` ինչ լուր կգա:
Բ. — Փախչելու տեղ չկա: Ո՞ւր գնանք:
Ա. — Հա, էդ փաստ է:
Բ. — Ոչ մի ազատ տեղ, ուր գնաս` իրենք են:
Ա. — Ի՞նչ անես:
Բ. — Փախչելու տեղ չկա:
…………..
Ա. — (խաղում են սագերը, գայլը և սագերի մայրը): Սագեր, սագեր տուն եկեք:
Բ. — Ինչի՞ համար:
Ա. — Գայլը սարի ետևն է:
Բ. — Մեզ ի՞նչ կանի:
Ա. — Ձեզ կուտի:
Բ. — Սև, սպիտակ, մոխրագույն, դե, շուտ վազեք, դեպի տուն: (Վազքի ընթացքում գայլը փորձում է բռնել սագերից գոնե մեկին:)
……………
Ա. — Թերթ չկա, հեռուստացույցը ժամով է, աշխարհից լրիվ կտրված ենք:
Բ. — Շախմատ, հը, կարոտեցի: Ի՞նչ լավ խաղ էր: Չնայած, մեր ժամանակ լույս չկար: (Ծոցագրպանից հանում է ծալած թերթեր🙂
Ա. — Ի՞նչ կա:
Բ. — Մի հատ Հանրապետություն, մի հատ Իրավունք, մի հատ խաչբառ, ու էլի մի երկու հատ զիբիլ…
Ա. — Էդ ե՞րբ հասցրեցիր… (Բացում է թերթերը, հընթացս կարդում🙂
Բ. — Հին, ճմռթված թերթեր են, կարդացած կլինես: Մի հինգ տարի առաջ եմ առել: Ժամանակ առ ժամանակ ծոցագրպանիցս հանում եմ, մի քիչ ճմռթում ու նորից տեղը դնում:
Ա. — Աչքիս` նասկիս ծակվել ա:
Բ. — Կամ քրտնել ես, կամ կոշիկդ ա մաշվել:
Ա. — Կոշիկն ի՞նչ կապ ունի:
Բ. — Մաշվելուց մեխերը դուրս են գալիս:
Ա. — Չէ, ամեն ինչ տեղն ա: Գոնե գիտե՞ս` մեջն ինչ կա:
Բ. — Լրիվ, բառ առ բառ անգիր գիտեմ: Ուրեմն, նասկիդ ա մաշվել:
Ա. — Էրեկ լողացանք, չէ՞, ոնց որ էրեկ էր: Չեմ հասկանում: Կարդալու բան կա՞:
Բ. — Կարդացել եմ, բայց որ ասեմ, թե կյանքս ավելի ա լավացել, սուտ կլինի:
Ա. — Ոչ մի հին ու ոչ մի նոր բան: Անիմաստ բառեր:
Բ. — Զարմանալի բան ա, հինգ տարվա մեջ, մենակ մի անգամ, ճամփորդության ժամանակ դրանց կարիքը զգացի: Էն էլ Իրավունքի տոնական համարի ներդիրը լրիվ հերիքեց: Օգտագործել չի լինում:
Ա. — Ամեն ինչ անիմաստ է, ամեն ինչ անօգուտ: (Ասես թերթ է կարդում🙂
Բ. — Բառեր, որոնցից ոչինչ ու ոչ ոք կախված չէ:
Ա. — Բառեր ընդդեմ բառերի: (Ասես թերթ է կարդում🙂
Բ. — Բորենիներ…
…………
Ա. — Աչքիս` նասկիս ծակվել ա:
Բ. — Կամ քրտնել ես, կամ կոշիկդ ա մաշվել:
Ա. — Կոշիկն ի՞նչ կապ ունի:
Բ. — Մաշվելուց մեխերը դուրս են գալիս:
Ա. — Չէ, ամեն ինչ տեղն ա: Գոնե գիտե՞ս` մեջն ինչ կա:
Բ. — Լրիվ, բառ առ բառ անգիր գիտեմ: Ուրեմն, նասկիդ ա մաշվել:
Ա. — Էրեկ լողացանք, չէ՞, ոնց որ էրեկ էր: Չեմ հասկանում: Կարդալու բան կա՞… Քեզ ի՞նչ եղավ:
Բ. — Սպասի… Ինձ թվաց, թե էս պահը եղել ա:
Ա. — Էդպես լինում ա: Էդ նորմալ ա: Կարող ա, անցյալ կյանքում հանդիպել ենք:
Բ. — Հլը նայի, է՛, բառը լեզվիս ծերին էր: Ինձանից շատ կապրես:
Ա. — Բա-ռա-պա-շար:
Բ. — Խնձոր կեր:
Ա. — Էսօրվա խնձորն իրոք լավն ա: Բառախաղ:
Բ. — Ոչինչը չի կործանվում, ոչինչը կատարելագործվում է: Երրորդ էջի հոդվածի վերնագիրն ա:
Ա. — Բա-ռա-ցույց:
Բ. — Դարվինի տեսությունը մարդուն վերածեց ընչաքաղց սպառողի: Նույնի` վերևից հինգերորդ պարբերության բնաբան:
Ա. — Բա-ռա-հա-վաք:
Բ. — Վերջին հաշվով, կենդանու ամենակարևոր բնազդը սովի զգացումն է:
Ա. — Բա-ռա-կեր ու խում: Բառակերուխում:
Բ. – Խնձորից սիրտս խառնում ա: Շատ կերանք:
Ա. — Համաշխարհային շուկայում նավթի գնի աճը գուժում է ապրանքների գնի կտրուկ բարձրացում: Այդ հարվածը իրենց կաշվի վրա, որպես կանոն, առաջինը կզգան ոչ թե աշխարհի տերերը, այլ գավառներում մոռացված անանունները: Սոմալիում մարդկային կյանքի մեկ օրվա գինը մեկ բաժակ ցորենի շիլան է:
Բ. — Փորձը ցույց է տալիս, որ թերթերն առավել պիտանի են հատկապես լրատվության ոլորտից դուրս հանգամանքներում, կենցաղում և ուրիշ, այլևայլ պարագաներում:
Ա. — Այլևայլ, այսինքն` ի՞նչ:
Բ. — Հենց էն, ինչը մտքովդ անցավ: Էս վերջերս թափառում էի Թուրքական անապատում, հանկարծ նախապատմական փորցավ զգացի: Փառք աստծո, բարեխիղճ թուրք զինվորները մոտակայքում մի հարմար գոմ ճարեցին: Արագ ներս մտա, ու մենակ լսեիր, թե ինչ վայնասուն բարձրացրի: Չես պատկերացնի: Գոմում լսում էի շրջակա քոչվորների երջանիկ ծիծաղը: Հետո բացեցի Իրավունքն ու… Գոմի դռնից էնպիսի թեթևությամբ դուրս եկա, ոնց որ երազում լինեի: Չես պատկերացնի, թե ի՛նչ երջանիկ էի:
Ա. — Շատ ուտելն էլ մի բան չի:
Բ. — Քեզ մի բան ասեմ, հին, ճմռթված թերթն ավելի լավ ա օգտագործվում: Նորը որոշ դիմադրողականություն ունի, ոնց որ անսանձ ձին: Պիտի ժամանակ ծախսես, մինչև փափկի ու խոնարհ հարսի պես ծառայի:
Ա. — Էսօրվա խնձորն, իրոք, լավն ա: Բառախաղ:
Բ. — Ոչինչը չի կործանվում, ոչինչը կատարելագործվում է: Երրորդ էջի հոդվածի վերնագիրն ա:
Ա. — Բառացույց:
Բ. — Դարվինի տեսությունը մարդուն վերածեց ընչաքաղց սպառողի: Նույնի` վերևից հինգերորդ պարբերության բնաբան:
Ա. — Բառահավաք:
Բ. — Վերջին հաշվով, կենդանու ամենակարևոր բնազդը սովի զգացումն է:
Ա. — Բառակերուխում: Բառակերուխում:
Բ. — Խնձորից սիրտս խառնում ա: Շատ կերանք:
Ա. — Շատ ուտելն էլ մի բան չի:
Բ. — Էս անտեր աշխարհն արդեն հինգ հազար տարի ա` անհանգիստ ա: Ուտես, չուտես` մի հաշիվ ա, չես իմանա, թե որտեղ կզարթնես:
Ա. — Հա՞, էդ փաստ ա:
Բ. — Ոչ մի ազատ տեղ, ուր գնաս` իրենք են:
Ա. — Ի՞նչ անես:
Բ. — Փախչելու տեղ չկա:
…………..
Ա. — Սագեր, սագեր տուն եկեք:
Բ. — Ինչի՞ համար:
Ա. — Գայլը սարի ետևն է:
Բ. — Մեզ ի՞նչ կանի:
Ա. — Ձեզ կուտի:
Բ. — Սև, սպիտակ, մոխրագույն, դե, շուտ վազեք դեպի տուն:
……………
Ա. — Թերթ չկա, հեռուստացույցը ժամով ա, աշխարհից լրիվ կտրված ենք:
Բ. — Շախմատ, հը, կարոտեցի: Ի՞նչ լավ խաղ էր: Չնայած, մեր ժամանակ լույս չկար: (Բնազդորեն ձեռքը տանում է ծոցագրպանը, բայց ընկերը կանխում է🙂
Ա. — Սպասի, սպասի… Ինձ թվաց, թե էս պահը եղել ա:
Բ. — Էդպես լինում ա: Էդ նորմալ ա: (Խոսում է մտացրիվ, իմիջիայլոց🙂
Ա. — Վա՜յ, քո՛ւ, ինձնից երկար կապրես, բառը լեզվիս ծերին էր:
Բ. — Ոտքդ ի՞նչ եղավ:
Ա. — Ի՞նչ ոտք:
Բ. — Չասեցի՞ր, թե ոտքիդ թաթն ուռել ա:
Ա. — Թաթը չի ուռել, նասկիս ա ծակվել:
Բ. — Կոշիկդ ա մաշվել:
Ա. — Կոշիկն ի՞նչ կապ ունի:
Բ. — Մաշվելուց մեխերը դուրս են գալիս:
Ա. — Չէ, ամեն ինչ տեղն ա:
Բ. — Ուրեմն, նասկիդ ա մաշվել:
Ա. — Էրեկ, լողանալուց հետո փոխեցի: Մի օրում մաշվե՞ց:
Բ. — Աչքիս` էս անասունները մեզ հետ ինչ-որ բան անում են, գլխի չենք ընկնում:
Ա. — Խնձորի մեջ երկաթը շատ ա, չէ՞:
Բ. — Հա, բայց էդ ի՞նչ պիտի անի մեզ:
Ա. — Ես շատ գիտեմ, ուղղակի մտքովս անցավ:
Բ. — Չնայած, հնարավոր ա: Քանի՞ օր ա` էստեղ ենք:
Ա. — Չեմ հիշում:
Բ. — Լավ բան ասեցիր, գիտե՞ս, մինչև ե՞րբ պիտի խնձոր ուտենք:
Ա. — Շատ ուտելն էլ մի բան չի:
Բ. — Ես քեզ մի բան ասեմ` հին, ճմռթված թերթն ավելի լավ ա օգտագործվում: Նորը որոշ դիմադրողականություն ունի, ոնց որ անսանձ ձին: Պիտի ժամանակ ծախսես, մինչև փափկի ու խոնարհ հարսի պես ծառայի:
Ա. — Էսօրվա խնձորն, իրոք, լավն ա: Բառախաղ:
Բ. — Լավ բան ասեցիր, գիտե՞ս, մինչև ե՞րբ պիտի խնձոր ուտենք:
Ա. — Չեմ հիշում:
Բ. — Պիտի շփվես, պիտի թերթը ծալես, ծալմլես, ճմռթես… Էնպես, որ ծոցագրպանումդ ավելորդ քաշ, անհարմարություն չզգաս: Երբեմն մոռանաս, պատահաբար հիշես: Ու նորից ծալես, ծալմլես, ճմռթես ու տեղը դնես, որ դառնա քոնը, որ սովորի քեզ: Դու էլ` իրեն: Հետո, մի օր, մեկ էլ տեսար` ու պետք եկավ, կօգտագործես: Համ դու քեզ լավ կզգաս, համ էլ նա իրեն, որ վերջապես շփվեցիք:
Ա. — Էրեկ, լողանալուց հետո փոխեցի: Մի օրում մաշվե՞ց:
Բ. — Չնայած, հնարավոր ա: Քանի՞ օր ա` էստեղ ենք:
Ա. — Կոշիկն ի՞նչ կապ ունի:
Բ. — Ճիշտը էն կլինի, որ բոլոր դեպքերի համար նախապես պատրաստ լինես:
Ա. — Ինչի՞ համար:
Բ. — Գայլը սարի ետևն է:
Ա. — (մասնակիցներն ընտրում են գույներ ու երևակայական տուն): Տուկ-տուկ:
Բ. — Ո՞վ է:
Ա. — Մի ոտանի սև սատանան:
Բ. — Ի՞նչ ես ուզում:
Ա. — Գույներ:
Բ. — Ի՞նչ գույն:
Ա. — Կարմիր, կապույտ, նարնջագույն:
Բ. — Գույները դուրս են գալիս ու աշխատում իրենց տուն մտնել: Իսկ Սատանան աշխատում է բռնել նրանց: Բռնված գույները խաղից դուրս են գալիս:
Ա. — Ուզո՞ւմ ես, քեզ համար կարդամ:
Բ. — Առաջին կամ վերջին էջերից:
Ա. — Գովա՞զդ:
Բ. — Ինչ պատահի:
Ա. — (Թերթ է կարդում: ՑԱՆԿԱԼԻ Է, որ խաղի ժամանակ օգտագործվեն հատվածներ ներկայացման օրվա մամուլից: Դադար🙂
Բ. — Մտածում եմ` կարող ա՞ ճիշտ չարեցինք:
Ա. — Այսինքն` սխալվեցի՞նք, հա՞:
Բ. — Կամ ինչ-որ բան էնպես չարեցինք:
Ա. — Բայց նա եկել էր, չէ՞:
Բ. — Հա, եկել էր:
Ա. — Դու անձամբ տեսել ես, չէ՞:
Բ. — Հա, ոնց որ միշտ. նստեց — նստեց, ոչ մի բան չասեց ու գնաց:
Ա. — Ուրեմն, մի բան կա, չէ՞: Մի նվնվա, էղածն էղել ա:
Բ. — Չնայած, լավ արեցինք: Դրանց տե՛ղն էր, հլը մի բան էլ քիչ էր:
Ա. — Խնձոր կեր: Էսօրվա խնձորը լավն ա: Շարունակե՞մ:
Բ. — Շարունակի…
Ա. — (թերթ է կարդում, դադար): Բայց լավ պայթեց:
Բ. — Մեր դեմից մի տղա էր գնում, հիշո՞ւմ ես:
Ա. — Շատ էին:
Բ. — Չէ, մեկը կար, որ գոռում էր. (շշուկով, երգեցիկ) «Ա-ԶԱ-ՏՈՒ-ԹՅՈՒՆ»: Հիշո՞ւմ ես:
Ա. — Չէ, ես մութն եմ հիշում ու կրակոցները:
Բ. — Իսկ ես` տղայի ձայնը: Մի տեսակ, մեխվել ա ուղեղիս մեջ:
Ա. — Ինչի՞:
Բ. — Գիժ էր, խելագար, ավելի դիպուկ` լավ իմաստով, անասուն:
Ա. — Ինչի՞:
Բ. — Ձայնը կտրվել էր, բայց էլի ոռնում էր. (շշուկով, երգեցիկ) «Ա-ԶԱ-ՏՈՒ-ԹՅՈՒՆ»: Եթե բերանին չնայեիր` չէիր հասկանա, թե ուզածն ինչ ա: Ինչ-որ խռպոտ այլանդակություն էր դուրս տալիս: Զզվելի տեսք ուներ:
Ա. — Դրա համար էլ հիշում ես:
Բ. — Երևի… Վիզը մի տեսակ անբնական ուռել էր ու կարմրել: Ներվից երակները պայթում էին: Զգացվում էր, որ անկեղծորեն հավատում ա, թե կործանումը փրկության միակ ճանապարհն ա: Ես ոչ մի օր էդպես չեմ մտածել:
Ա. — Չափից ավելի հավատը տհասության նշան է:
………………….
Ա. — Հը՞:
Բ. — Չէ, ոչ մի բան:
Ա. — Ի՞նչ, ի՞նչ ես նայում: Ի՞նչ կա:
Բ. — Ինչ ասեցի՞ր:
Ա. — Ինչը որ լսեցիր, էն էլ ասեցի:
Բ. — Չէ, մի քիչ առաջ ի՞նչ ասեցիր:
Ա. — Ասեցի, որ էս ամեն ինչը ոնց որ թե…
Բ. — Չէ, էդ չէ:
Ա. — Ասեցի` «Տուկ-տուկ»:
Բ. — Էդ էլ` չէ, վերջում:
Ա. — Կարմիր, կապույտ, նարնջագույն:
Բ. — Վա՜յ, քո՛ւ, էդ ի՞նչ տհաս հիշողություն ունես:
Ա. – Ո՞րը…
Բ. — Հավատի մասին:
Ա. — Չափից ավելի հավատը տհասության նշան է:
Բ. — Չափից ավելի հավատը տհասության նշան է: Չափից ավելի հավատ… Չափից ավելի… Հավատը տհասության նշան է: Չափից ավելի հավատը տհասության նշան է: Լավ ա հնչում: Չափից ավելի… Վաղո՞ւց ես մտածել:
Ա. — Չէ, մի քիչ առաջ: Լավ ասեցի, չէ՞:
Բ. — Չափից ավելի հավատը տհասության նշան է: Չէ, ոնց նայում եմ` քո միտքը չի, ինչ-որ տեղից թռցրել ես:
Ա. — Էհե՜յ, ես էլ գիտեմ` լուրջ մարդու հետ եմ ընկերություն անում: Դու հիմար ես:
Բ. — Ինչի՞:
Ա. — Խնձոր կեր, տխմա՛ր:
Բ. — Վիրավորում ես:
Ա. — Որովհետև արժանի ես: Քանի՞ անգամ եմ քեզ խաբել:
Բ. — Չեմ հիշում:
Ա. — Եթե չես հիշում, ուրեմն չես բացառում: Ու եթե չհիշելով` չես բացառում, ուրեմն կրկնակի հիմար, քառակի տխմար ու ապուշ ես:
Բ. — Եթե չես հավատում, ուրեմն ապո՞ւշ ես:
Ա. — Ինչի՞ն չես հավատում:
Բ. — Որ էդ միտքը քոնն ա:
Ա. — Բա ո՞ւմն ա:
Բ. — Չգիտեմ:
Ա. — Ուրեմն, իմն ա:
Բ. — Դժվար:
Ա. — Եթե չգիտես, թե ումն ա, ուրեմն իմն ա, որովհետև ինձանից ես լսել: Ինչի՞ ես կասկածում:
Բ. — Հնարավոր չի՞, որ ուրիշի միտքը հանդիպի քեզ, ու քեզ թվա, թե միտքը քոնն ա: Ինձ պատահել ա:
Ա. — Սա էդ դեպքը չի:
Բ. — Ինչի՞:
Ա. — Որովհետև ես քո ընկերն եմ, հիմա՛ր, ու դու պարտավոր ես ինձ հավատալ: Եթե ասում եմ` հենց նոր մտածեցի, ուրեմն հենց նոր մտածեցի: (Թերթ է կարդում: Դադար🙂
...
Բ. — Չափից ավելի հավատը տհասության նշան է:
Ա. — (թերթ է կարդում, դադար): Հիշեցի:
Բ. — Էն տղայի՞ն:
Ա. — Հա, դու ճիշտ ես, լավ իմաստով` անասուն էր:
Բ. — Իրոք… Ի՜նչ ահավոր հիշողություն ունենք, չէ՞:
Ա. — Հա, էլ մի՛ ասա: Տեղով Սոդոմ Գոմոր:
Բ. — Դժվար է ապրել արյունոտ հուշերով:
Ա. — Սարսափելի դժվար:
Բ. — Անտանելի դառն ու ցավոտ:
Ա. — Բայց վատ խնձոր չի: Կարո՞ղ ա, մեջը ինչ-որ բան են սրսկել: (Թերթ է կարդում, դադար🙂 Դու հավատո՞ւմ ես:
Բ. — Հավատում եմ, հանաք չեմ անում:
Ա. — Չէ, ինձ չէ: (Նայում է շուրջն ու շշուկով հարցնում🙂 Դու հավատո՞ւմ ես:
Բ. — Ո՞ւմ:
Ա. — Նրան:
Բ. — Նրա՞ն…
Ա. — Ազատությանը:
Բ. — …..
Ա. — Բայց նա եկել էր, չէ՞:
Բ. — Հա, եկել էր:
Ա. — Դու անձամբ տեսել ես, չէ՞:
Բ. — Հա, ոնց որ միշտ, ես տեսել եմ: Ոչ մի բան չասեց ու գնաց:
Ա. — Որ չէիր հավատում, ի՞նչ գործ ունեիր էնտեղ:
Բ. — Չափից ավելի հավատը տհասության նշան է:
Ա. — Չէ, լո՞ւրջ:
Բ. — Ինչ ասեցի՞ր:
Ա. — Ինչը որ լսեցիր, էն էլ ասեցի:
Բ. — Չէ, մի քիչ առաջ ի՞նչ ասեցիր:
Ա. — Ասեցի, որ էս ամեն ինչը ոնց որ թե էլի կրկնվել ա:
Բ. — Չէ, էդ չէ:
Ա. — Ասեցի` «Տուկ-տուկ»:
Բ. — Էդ էլ` չէ, վերջում:
Ա. — Կարմիր, կապույտ, նարնջագույն:
Բ. — Գույները դուրս են գալիս ու աշխատում իրենց տուն մտնել: Իսկ Սատանան աշխատում է բռնել նրանց: Բռնված գույները խաղից դուրս են գալիս: Ի՞նչ ես ուզում:
Ա. — Դու էդպես էլ DVD-ն չտեսար, չէ՞:
Բ. — Բայց ի՞նչ պարտադիր էր, որ տեսնեի:
Ա. — Որ տեսնեիր, կհասկանայիր` ինչից եմ խոսում:
Բ. — Դու հասկացել ես, հերիք չի՞:
Ա. — Չէ, ինձ հերիք չի:
Բ. — Լավ, էլի, հավես չունեմ` DVD, VCD: Էդ DVD-ն քեզ նմանների համար էին ստեղծել, որ ապուշի նման ձեռից-ձեռ պաս տաք:
Ա. — Հենց էդ, բայց մի ճշտումով. որ ինձ նման ապուշները լուսավորվեն:
Բ. — Բա ո՜նց, բա ո՜նց: Ինձ մի խառնի քեզ նման ապուշներին:
Ա. — Շատ խելոքն ես, գիտե՞ս: Էնքան խելք ունես, որ մեկ-մեկ խելքդ գլխիցդ առաջ ա վազում:
Բ. — Ասե՞մ, ինչ եմ մտածում քո էդ DVD-ի մասին:
Ա. — Ասա:
Բ. — Ոչ մի բան:
Ա. — Հետո՞:
Բ. — Հետո՞: Հետո գլուխ գովացեք, որ ինչ-որ DVD ունեք: Հետո պարզեք, որ էդ DVD-ից բոլորը վաղուց ունեն: Հետո ճշտեք, թե էդ հենց էն DVD-ն ա, որ դուք ունեք, թե ուրիշ` սխալ DVD ա: Ով ինչ ա տեսել: Ճիշտ ա տեսե՞լ, թե՞ չէ: Թե՞ իրան թվացել ա, թե ճիշտ ա տեսել: Հետո ճշտեք, որ իրականում ճիշտը էն չի, ինչը ինքը տեսել ա: Ճիշտը տեսածի ճիշտ հակառակն ա: Ինչը լիքը մարդիկ տեսել են ու հիմա ուզում են, որ չտեսածներն էլ տեսնեն: Լուսավորվեն: Սիրտս խառնում ա նախիրի շուխուռից: Նախրորդն էլ, ճոպանը ձեռքին, հետևում ա նախիրի բառաչին ու իրան լավ ա զգում: DVD-ն չեմ տեսել, չեմ էլ ուզում տեսնեմ:
Ա. — Արա, գործիդ անունը պահակությունը չի՞: Ինչքան քեզ հիշում եմ` նստած ես: Քամակդ աթոռիդ պահակն ա, աթոռդ էլ` քամակիդ: Դու գիտե՞ս, թե վերևներում ո՛վ ո՛ւմ բարեկամն ա, հը՞, որ էդպես մեծ-մեծ բլբլում ես:
Բ. — Նախ, ես պահակ չեմ, հոտապահ շուն եմ, ու իմ գործի անունը հենց էն ա` ինչը որ ես եմ: Երկրորդ. ի՞նչ պարտադիր ա, որ ես իմանամ, թե վերևներում ո՛վ ո՛ւմ բարեկամն ա: Երրորդ. կրկնում եմ, DVD-ն չեմ տեսել, չեմ էլ ուզում տեսնեմ:
Ա. — Բայց եթե չտեսնես` չես իմանա:
Բ. — Ինչը՞ չեմ իմանա:
Ա. — Ամեն ինչը:
Բ. — Ամեն ինչը` ինչը՞:
Ա. — Օրինակ` ինչի՞ դու կրթություն չունես, ինչի՞ ա հերդ անհաջողակ, մերդ` դժբախտ, ընտանիքդ` թափառական… և այլն, և այլն, և այլն: Քո բառերն եմ կրկնում:
Բ. — Իմ կյանքը, կարո՞ղ ա, կապ ունի, բայց իմ բառերը էդ DVD-ի հետ ոչ մի կապ չունեն:
Ա. — Որ տեսնես` կտեսնես, որ ինչ-որ կապ կա:
Բ. — Իմ բառերը էդ DVD-ի հետ ոչ մի կապ չունեն: Հոգիս մի կրծի, թող հանգիստ նստեմ:
Ա. — Անկապ նստելուց չձանձրացա՞ր: Դրանից բան չի փոխվում: Շատ-շատ` ծափ տան, ու վերջ: Ավելի լավ չի՞` խոսենք: Գոնե խոսենք:
Բ. — Մինչև քո DVD-ն շատ էլ լավ էր անցնում: Մենք խոսում էինք քո մաշված կոշիկներից, իսկ մարդիկ հանգիստ լսում էին, որովհետև ամռանը տաք է, օդը` շիկացած, իսկ երկնքից կրակ է թափվում… Արի խոսենք, բայց մի քիչ հանգիստ բաներից, լա՞վ:
Ա. — DVD-ն թեմա չի՞:
Բ. — Չէ:
Ա. — Ինչի՞, օրինակ` ես ուզում եմ հասկանամ, թե դրա ներսը ինչ կա:
Բ. — Հիմա, էս րոպեիս, ես թքած ունեմ ներսի էլ, դրսի էլ վրա: Իմ բանին չի ոչ ներսը, ոչ էլ դուրսը: Համ էլ, չե՞ս տեսնում, նյարդերս իրար են գալիս, ուղղակի էդ անունը մի տուր:
Ա. — Ինչի՞… Ոչ տեսել ես, ոչ գիտես` մեջն ինչ կա: Ինչի՞ ես վատանում:
Բ. — Ընկեր ջան, չգիտեմ, չեմ կարա բացատրեմ, ուղղակի զզվում եմ, ու էդքանը: Պա՞րզ ա:
Ա. — Լավ: Էլ չեմ խոսա: Վե՛րջ: Խնձոր ուտենք: Էսօր տոն ա, էսօր խնձոր ունենք: Հաստատ մեջը քիմիա են ավելացրել: Կե՛ր:
Խնձոր են ուտում:
Բ. — Ուղղակի… Ինձ թվում ա, թե ուզում են ինձ ստիպեն, որ ես ընդունեմ, թե ես ոչխար եմ: Ես շատ մեծ համբերություն ունեմ, լռում եմ, շարունակում եմ լռել: Ընդունակ եմ երկար, շատ երկար լռել: Ու լռում եմ: Լռում: Հանգիստ լռում եմ: Բայց լռելուց ներսս մի անսահման ոռնոց ա լցվում, ու սկսում եմ վախենալ: Վախենում եմ, թե չեմ դիմանա էդ ճնշմանն ու հանկարծ, էն անասուն տղայի նման, փակ երախս կարող ա բացվի, ու բառերն իրենք իրենց դուրս պրծնեն.
— Ոչխարը դո՛ւք եք, դո՜ւք… Ձեր շնագայլերն ու մանկլավիկները: Ձեր որկրամոլ քարշը ծանրացնող գծուծ ու շողոքորթ միաբջիջների նախիրը: Ձեր էղածն ու չեղածը: Ձեր մորթապաշտ երազանքները: Ձեր ամեն ինչը տեղով բառաչ է ու բառաչում է… (Շարունակում է շնչահատ🙂 Ձեր տիրոջ մերը: Ձեր տիրոջ մերը: Ձեր տիրոջ մերը, ինձ հանգիստ թողեք:
…………
Մի պահ ուժգին, ապա հանդարտ լսվում է խափանված ռադիոհաղորդակցությանը բնորոշ հնչյունների խզզոց: Անհետանում է:
…
Սկզբում խոսում են շշուկով, ապա աստիճանաբար գալիս են բնականոն նախընթաց խոսքին:
Ա. -Նրանց պետք չի, երբեք էլ պետք չի եղել, որ մենք իրավունք ունենանք ինչ-որ բան մտածել, ինչ-որ բան ասել:
Բ. — Նրանց համար մենք անուղեղ, անհոգի մսագունդ ենք:
Ա. — Ես անձնագրիս համարն եմ, սոցքարտիս թիվը, բնակարանիս հասցեն, հարկային ու բանկային հաշվի կոդը, հեռախոսիս համարը:
Բ. — Ես այնինչ համարի տակ հաշվառված պահեստային զինծառայողն եմ: Ինձ կցված հրազենի համարանիշի կրողը:
Ա. — Նրանց համար ես ինքնություն չունեմ, ես ինքս ինձ չեմ պատկանում: Ես այն չեմ, ինչ ես գիտեմ:
Բ. — Ես նրանց հարկատուների հաշվեկշռի մեջ եմ: Ես ապրում եմ հանուն հարկերի:
Ա. — Ես ունեմ մի քիթ, ոչ թե ութ հազար, ու ես վատ եմ շնչում: Մի օր իմ քիթը կկտրեն, որովհետև իմ քիթը չունի բժշկական ապահովագրություն: Որովհետև ես ունեմ այնքան իրավունք, որքան` ոչ մի իրավունք չունեմ:
Բ. — Նրանք ինձ տվել են երկու ականջ` խոնարհաբար լսելու ու իմ հասանելիք ճորտությունն անելու համար: Հավակնել ուրիշ բանի, մտածել` հիմարություն է, ցմահ գլխացավանք, որովհետև խստիվ արգելվում է: Մնում է միայն երազել, էն էլ` շշուկով, անաղմուկ, սուսուփուս:
Ա. -Անընդհատ լսել բառեր:
Բ. — Կոչեր:
Ա. — Ստեր:
Բ. — Կոչեր:
Ա. — Լսել ստեր:
Բ. — Իմաստազուրկ ստեր:
Ա. — Ես չեմ հասկանում` չգիտե՞ն, որ չենք հավատում: Էլ ինչի՞ են ստում:
Բ. — Այլևայլ, այսինքն` ի՞նչ:
Ա. — Բառեր, որոնցից ոչինչ ու ոչ ոք կախված չէ:
Բ. — Բառեր ընդդեմ բառերի:
Ա. — Խնձոր կեր:
Բ. — Վերջին հաշվով, կենդանու ամենակարևոր բնազդը սովի զգացումն է:
Ա. — Բառակերուխում:
Բ. — Շատ ուտելն էլ մի բան չի:
Ա. — Ոչինչը չի կործանվում, ոչինչը կատարելագործվում է:
Բ. — Բառացույց:
Ա. — Խնձորից սիրտս խառնում ա: Շատ կերանք:
Բ. — Բառահավաք:
Ա. — Ես չեմ հասկանում` չգիտե՞ն, որ չենք հավատում: Էլ ինչի՞ են ստում:
Բ. — Ձեզ կուտի:
Ա. — Հա՞, էդ փաստ ա:
Բ. — Բայց ինչ լավ բան էր հավատալը, չէ՞… Ափսոս, ո՞նց սպանեցին:
Ա. — Հոգնեցի:
Բ. -Նրանք ինձ ստիպում են հիշել, որ հինգ հազար տարի առաջ` քարանձավում, ավելի վատ չէր, քան հիմա: Իսկ ես չեմ ուզում մտածել քարանձավի մասին:
Ա. -Գժվելու բան ա, չէ՞:
Բ. -Գժվելու բան ա:
Ա. — Սագեր, սագեր տուն եկեք:
Բ. — Ինչի՞ համար:
Ա. — Գայլը սարի ետևն է:
Բ. — Մեզ ի՞նչ կանի:
Ա. — Ձեզ կուտի:
Բ. — Սև, սպիտակ, մոխրագույն, դե, շուտ վազեք դեպի տուն:
………………………………..
Բ. — Հանգիստ: Լռություն: Անդորր: Ի՞նչ լավ բառեր են, չէ՞: Անդորր: Անդորր: Անդորր… Երեխա ժամանակից չեմ սիրել աղմուկը: Սիրել եմ մաքուր, անաղարտ ձայներ: Առանց ներվի, նյարդի, առանց կռվի ու ավելորդ խելոքության: Որ շատ են խոսում ու շատերն են խոսում` ինձ համար էդ արդեն վատ ա: Գլուխս սկսում ա պտտվել: Սիրտս սկսում ա խառնել: Գազազում եմ: Քիչ ա մնում` հարձակվեմ պատահած ոչխարի վրա ու առանց փորոտիքը հանելու, առանց եփելու, ալանի հոշոտեմ: Անգամ ստամոքսում չմարսած խոտը կարող ա լափեմ ու հանգիստ մարսեմ: Գիտե՛ս, ես աղ ու հացով, եփած եմ սիրում: Ուտելուց առաջ էլ` մի բաժակ օղի: Հասկանում ես, չէ՞, ինչ եմ ուզում ասեմ:
Ա. — Օղի, աղ ու հաց, հը՞… Հասկանում եմ… Շախմատ, ի՛նչ լավ խաղ էր: Չնայած, մեր ժամանակ լույս չկար ու ցուրտ էր, բայց ի՞նչ տաք հուշեր ունենք… Չէ՞, ախպերս… Օղի, աղ ու հաց… Օղի, աղ ու հաց… Օղի, աղ ու հաց… Էս խնձորից, քիչ ա մնում, հոգիս դուրս տամ, հաստա՛տ մեջը մի քաք սրսկել են… Աղ ու հաց… Թքա՛ծ DVD-ի վրա: Օղի, աղ ու հաց… Թքա՛ծ DVD-ի վրա, ախպերս… Ես ոչխար չեմ… Օղի, աղ ու հաց… Չէ՞, ախպերս…
Բ. -Կարևորը մեր ընկերությունն ա:
Ա. — Մենք պիտի իրար քիպ բռնենք:
Բ. -Չթողնենք, որ թերթերը մեզ հոշոտեն:
Ա. — Հա, մենք պիտի զգույշ լինենք:
Բ. -Թքա՛ծ DVD-ի վրա:
Ա. — Թքա՛ծ DVD-ի վրա:
Բ. -Թքա՛ծ DVD-ի վրա:
Ա. — Թքա՛ծ DVD-ի վրա:
Բ. -Թքա՛ծ DVD-ի վրա:
Ա. — Թքա՛ծ DVD-ի վրա:
Բ. — Թո՛ւ քեզ, DVD:
Ա. — Թո՛ւ:
Բ. -Թո՛ւ:
Ա. — Թո՛ւ:
Բ. -Թո՛ւ:
…………………….
Ա. — Սագեր, սագեր տուն եկեք:
Բ. — Սագեր, սագեր տուն եկեք:
Ա. — Ինչի՞ համար:
Բ. — Ինչի համա՞ր:
Ա. — Գայլը սարի ետևն է:
Բ. — Գա՛յլը սարի ետևն է:
Ա. — Մեզ ի՞նչ կանի:
Բ. — Ձեզ ինչ կանի՞:
Ա. — Ձեզ կուտի:
Բ. — Մեզ կուտի՞:
Ա. — Սև, սպիտակ, մոխրագույն, դե, շուտ վազեք դեպի տուն:
Բ. — Դե, շուտ վազեք դեպի տուն` սև, սպիտակ, մոխրագույն:
…………………….
Ա. — Տուկ-տուկ:
Բ. — Ո՞վ է:
Ա. — Մի ոտանի սև սատանան:
Բ. — Ի՞նչ ես ուզում:
Ա. — Գույներ:
Բ. — Ի՞նչ գույն:
Ա. — Կարմիր, կապույտ, նարնջագույն:
Բ. — Գույները դուրս են գալիս ու աշխատում իրենց տուն մտնել: Իսկ սատանան աշխատում է բռնել նրանց: Բռնված գույները խաղից դուրս են գալիս:
Սկսում են խաղալ գույների խաղը, աստիճանաբար ստեղծվում է աշխույժ իրարանցում: Բռնողը չկա, դրանք գույներն են: Գույները կարող են ավելանալ` ըստ բեմադրիչի բեմադրամտահղացման: Խաղի մեջ կարելի է ներգրավել հանդիսատեսին:
Ա. — DVD-ի վրա տուուուուուոու…
Բ. -Տուուուուուուոուուուոու… DVD-ի վրա…
Ոգևորվում են, սկսում են աղմկել: Նրանց ձայներին հակադիր, անընդհատ ուժեղանալով, լսվում է խոտանված ռադիոհաղորդակցության հնչյունների խզզոց: Մի հուժկու մետաղային կռինչ, որին հընթացս բեմը խավարում է:
ԿԱՆԱՑԻ ՄԵՂՄ ՁԱՅՆ — Համար 205468-րդ և 457391-րդ ազատազրկվածներ, խնդրում ենք պահպանել կալանավայրի երկտեղ բանտախցում խաղաղ գոյակցության կանոնները: Զգուշացնում ենք, դուք խանգարում եք հարևան խցերում իրենց կալանքը պատշաճ կարգով իրականացնող ազատազրկվածների անդորրը: Հիշեցնում ենք, կալանավայրի կանոնադրության ներքին բաժնի երրորդ կարգի բանտախցերի ծառայություններից օգտվելու` 2, 7, 45/7, 48, 55, 85, 459, 828/5 և ազատազրկվածների կողմից պատշաճ վարքագծի պահպանման մասին կանոնակարգի 3/3 պայմանագրային կետերով ձեր աղմուկն արգելվում է:
Հիշեցնում ենք, համաձայն կալանավայրերի շահագործման մասին սահմանադրական իրավունքի առաջին կետի, դուք` իրավունքից զրկված լինելու պատճառով, իրավունք չունեք: Զգուշացնում ենք, իրավունք չունենալու հրահանգին անհապաղ չենթարկվելու պարագայում կալանավայրի աշխատակազմը ամբողջ պատասխանատվությունը թողնելով կարգազանց ազատազրկվածների վրա, պարտավոր է դիմել կանոնադրությամբ նախատեսված պատժիչ գործողությունների: Հրահանգում ենք, դուք իրավունք չունեք, դադարեցրեք աղմուկը: Կանոնադրության համաձայն, կրկնում ենք, դուք իրավունք չունեք, դադարեցրեք աղմուկը:
Բեմում մի ակնթարթ վառվում են կարմիր լույսերն ու մարում են: Ազատազրկվածները լուռ կանգնած են:
ԿԱՆԱՑԻ ՄԵՂՄ ՁԱՅՆ — (քիչ անց): Հարգելի թիվ 205468-րդ և 457391-րդ ազատազրկվածներ: Կալանավայրի աշխատակազմը շնորհակալություն է հայտնում ձեզ սահմանադրական իրավունքի առաջին կետից բխող, իրավունք չունենալու հրահանգին ձեր ինքնանվեր հնազանդության համար: Սակայն, հաշվի առնելով հանգամանքը, որ դուք նախապես խախտել եք վերը թվարկած կանոնադրական կարգը, կալանավայրի աշխատակազմը, բոլոր դեպքերում, ամբողջ պատասխանատվությունը թողնելով ձեր վրա` սեփական նախընտրությամբ կկիրառի պատժիչ գործողություններ:
Լսվում է ուժգին ձայնային խզզոց: Բեմի լույսերն վառվում ու մարում են: Լսվում են ազատազրկվածների ցավագին աղաղակները: Քիչ անց պատժիչ գործողությունը ավարտվում է: Խավարի մեջ լսվում է ազատազրկվածների հևքը:
-Թքած ոտքերիս վրա: Ես քարշ եմ գալիս:
— Թքած աչքերիս վրա: Ես չեմ տեսնում:
-Թքած ատամներիս վրա, որ չունեմ:
— Թքած մատներիս վրա, որ կախ են ընկել:
— Թքած մարմնիս վրա, որ էլ իմը չէ:
-Թքած կրծքիս վրա: Ես վատ եմ շնչում:
-Թքած սրտիս վրա, արագ վազում է:
— Թքած հոգուս վրա, ցավից նվվում է:
— Թքած տան վրա, որ էլ չեմ զգում:
-Թքած ինձ վրա, որ էլ չկամ:
— Թքած, թքած, թքած…
— Թքած ամեն ինչի վրա:
-Թքած, թքած, թքած…
— Թքած…
-Ախր, մենք բան չենք ուզում ձեզանից: Ոչ մի բան:
— Ոչ մի բան:
— Ոչ մի բան:
— Ոչ մի բան:
— Վերջապես մի օր կհասկանա՞ք, որ մենք ձեզանից, մեր ունեցածից ավելի, ոչ մի բան, ոչ մի բան չենք ուզում:
— Ոչ մի բան:
— Բորենինեեեեեեերրր…
Նորից լսվում է ուժգին ձայնային խզզոցը: Համապատասխանաբար բեմի լույսերն սկսում են տատանվել` վառվել ու մարել: Բանտախցում ազատազրկվածները մարմնական ցնցումների ու վայունի մեջ են: Ապա` լռություն: Որոշ դադարից հետո բեմը լուսավորվում է, կրկնվում է ներկայացման սկզբի բեմիրավիճակը նույն հանդարտ անհոգությամբ, սակայն այս անգամ Ա—ն ու Բ—ն ուրիշներն են: