Դավիթ ԽԱՉԻՅԱՆ / ԱՆՁՐԵՎԻՆ ՍՊԱՍԵԼՈՎ

Գրեթե տրագիկոմեդիա՝ 1 արարով

Գործող անձինք

ՏՂԱՄԱՐԴ

ԿԻՆ

ԱՆԾԱՆՈԹ

Շատ սովորական սենյակ է՝ պարզագույն կահավորմամբ: Մեծ պատուհանից դուրս քաղաքի պատկերներն են՝ շենքեր և ամպամած երկինք: Վերևից կախված պարզ լամպը լուսավորում է սենյակը: Կենտրոնում՝ մի քանի փայտե աթոռ և փոքրիկ սեղան: Պատին՝ նկար ու ժամացույց: Սենյակում Տղամարդն ու Կինն են միայն: Տղամարդը պատուհանից դուրս է նայում: Կինը նստած ինչ-որ բան է կարդում: Պարբերաբար ամպի որոտն է լսվում:

ՏՂԱՄԱՐԴ – (մտածկոտ): Անձրև է գալու: Ամպը գոռում է: (Շրջվելով դեպի Կինը:) Անձրև է գալու:

ԿԻՆ – Գարուն է: Պիտի գա:

ՏՂԱՄԱՐԴ – Հա՜, լավ կլիներ… Սիրում եմ անձրևը: Գալիս է ու լվանում քաղաքը:

ԿԻՆ – Ամբողջ օրն անձրևին ես սպասում:

ՏՂԱՄԱՐԴ – Ի՞նչ անեմ: Սիրում եմ անձրևը ու կարոտում:

ԿԻՆ – Քո սպասելուց բան կփոխվի՞: Կգա անձրևը կամ չի գա՝ քեզնից կախված չէ:

ՏՂԱՄԱՐԴ – Կարծո՞ւմ ես:

ԿԻՆ – Վստահ եմ: Մի գիրք կարդա, հեռուստացույց նայիր:

ՏՂԱՄԱՐԴ – Չեմ ուզում: Հոգնել ու ձանձրացել եմ գրքերից էլ, հեռուստացույցից էլ: Կուզեի դուրս գալ ու քայլել անձրևի տակ…

ԿԻՆ – Կհիվանդանաս:

ՏՂԱՄԱՐԴ – Չեմ հիվանդանա:

ԿԻՆ – Անհույս ռոմանտիկ… Կարող էիր նաև ասել, որ կաթիլների արանքով կքայլես:

ՏՂԱՄԱՐԴ – (նստելով աթոռներից մեկին): Չէ, չեմ ուզում արանքով: Ուզում եմ թրջվել: Ուզում եմ, որ անձրևն ինձ մաքրի: Դու էլ կգաս ինձ հետ: Միասին կթափառենք անձրևի տակ: Հետո վազելով մի սրճարան կմտնենք, կխառնվենք մարդկանց, տաք սուրճ կպատվիրենք ու պատուհանից դուրս կնայենք՝ ապակին լվացող կաթիլների միջով: Ես սիրում եմ այդպես նստել մթնշաղին ու լուսացույցի կանաչ, դեղին ու կարմիր լույսերի տակ մարդկանց ստվերներին հետևել:

ԿԻՆ – Կուզե՞ս սուրճ դնեմ: Վայելիր ու պատուհանից դուրս նայիր:

ՏՂԱՄԱՐԴ – Սո՞ւրճ: Չգիտեմ: Ասում ես՝ սո՞ւրճ:

ԿԻՆ – Ըհը, սուրճ:

ՏՂԱՄԱՐԴ – Սուրճ… (Մտածկոտ:) Չէ, երևի չեմ ուզում: Այսինքն՝ ուզում եմ, բայց ոչ այստեղ, այլ մի փոքրիկ ու տաք սրճարանում:

ԿԻՆ – Պարզ է: Ոչինչ չի փոխվում:

ՏՂԱՄԱՐԴ – Իսկ ի՞նչ պիտի փոխվեր:

ԿԻՆ – Հազար անգամ խոսել ենք դրա մասին: Ես երևի գիրքս կարդամ:

ՏՂԱՄԱՐԴ – Կարդա… Ես կսպասեմ անձրևին:

ԿԻՆ – Հուսամ, շուտ կանցնի:

ՏՂԱՄԱՐԴ – (դարձյալ շրջվելով դեպի Կինը): Ի՞նչը շուտ կանցնի:

ԿԻՆ – Այս կիրակի օրը:

ՏՂԱՄԱՐԴ – Դու չե՞ս սիրում կիրակին:

ԿԻՆ – Սիրում եմ, երբ ինձ հետ ես:

ՏՂԱՄԱՐԴ – (զարմացած): Իսկ ո՞ւմ հետ եմ, եթե ոչ քո:

ԿԻՆ – Անձրևի և քո մտքերի:

ՏՂԱՄԱՐԴ – Ի՞նչ անեմ: Սիրում եմ անձրևը… Իսկ գուցե դո՞ւ էլ սիրես անձրևը:

ԿԻՆ – Ես սիրում եմ անձրևը: Ես չեմ սիրում քո սպասումները: Պարտադիր չէ կանգնել պատուհանի մոտ և ֆիզիկապես սպասել ամբողջ կիրակի օրը: Ասացի քեզ՝ անձրևը կգա անկախ քո սպասումից: Կամ էլ չի գա… Դա մեր ձեռքին չէ:

ՏՂԱՄԱՐԴ – Բայց ես սիրում եմ սպասել: Սպասե՜լ ու հուսա՜լ: Պատկերացնո՞ւմ ես՝ անձրևից հետո մի գեղեցիկ ծաղիկ դուրս կգա ու զարմացած կնայի աշխարհին:

ԿԻՆ – Այս պատուհանգոգին մի գեղեցիկ ծաղիկ կսազեր՝ վարդ կամ մանուշակ:

ՏՂԱՄԱՐԴ – Կարելի է երազել դրա մասին:

ԿԻՆ – (հեգնանքով): Երազե՜լ…

ՏՂԱՄԱՐԴ – Այո, երազել: Հիշո՞ւմ ես, տարիներ առաջ մի այսպիսի երեկո ես սպասում էի քեզ: Փողոցում՝ ժամացույցի տակ: (Ձեռքով ցույց է տալիս պատից կախված ժամացույցը:) Կարծեմ անձրև էր մաղում: Իսկ ես սպասում էի քեզ: Եվ անգամ վստահ չէի, որ դու կգաս:

ԿԻՆ – (ժպտալով): Իսկ ես եկա՝ փոքրիկ ուշացումով:

ՏՂԱՄԱՐԴ – (ինքն էլ է ժպտում): Փոքրի՜կ… Ընդամենը կես ժամ: Բայց գիտե՞ս ինչն էր հաճելի:

ԿԻՆ – Ի՞նչը:

ՏՂԱՄԱՐԴ – Քեզ սպասելը:

ԿԻՆ – Ավելի՞ն, քան իմ հայտնվե՞լը:

ՏՂԱՄԱՐԴ – Այո, ինձ ճիշտ հասկացիր: Սպասումն ավելի կարևոր է, քան այն, ինչին սպասում ես: Ես վայելում էի ամեն վայրկյանը՝ քանի դեռ սպասում էի քեզ: Եվ ամեն մի վայրկյանը մոտեցնում էր քո գալու պահը: Անգամ հասցրեցի ոտքի վրա մի եռատող մոգոնել: Հիշո՞ւմ ես:

ԿԻՆ – Հիշեցրու:

ՏՂԱՄԱՐԴ — Կաթիլն անձրևի՝ համբույրիս պես տաք` շուրթերիդ վրա…

ԿԻՆ – Ռոմանտի՜կ…

ՏՂԱՄԱՐԴ — Գիտե՞ս, դա ինչի է նման:

ԿԻՆ – Ի՞նչը:

ՏՂԱՄԱՐԴ – Սպասումը:

ԿԻՆ – Ինչի՞ է նման:

ՏՂԱՄԱՐԴ – Լեռները բարձրանալու պես մի բան է: Ոչ թե գագաթին հասնելն է կարևոր, այլ ամեն մի քայլը, որը քեզ մոտեցնում է գագաթին: Հենց դա է սպասման վայելքը:

ԿԻՆ – Այսինքն՝ տխրեցիր, երբ ես վերջապես եկա:

ՏՂԱՄԱՐԴ – Շատ ուրախացա: Բայց հարցն այդ չէ: Ես սիրում էի քեզ սպասել: Եվ սիրում եմ անձրևին սպասել՝ իմանալով, որ նա գալու է: Պատկերացրու՝ դուրս կգանք, իրար ձեռք բռնած կթափառենք անձրևի տակ: Հետո վազելով մի սրճարան կմտնենք ու տաք սուրճ կպատվիրենք:

ԿԻՆ – Ես հասկացա:

ՏՂԱՄԱՐԴ – Ի՞նչ հասկացար:

ԿԻՆ – Դու ավելի շատ ոչ թե սուրճն ես սիրում, այլ սուրճին սպասելը:

ՏՂԱՄԱՐԴ – (ժպտալով): Այ հիմա հասկացար:

ԿԻՆ – Միշտ էլ հասկացել եմ: Բայց գիտե՞ս որն է քո դժբախտությունը:

ՏՂԱՄԱՐԴ – (հետաքրքրված): Ո՞րը:

ԿԻՆ – Դե՜, գագաթների պահով:

ՏՂԱՄԱՐԴ – Ո՞րը:

ԿԻՆ – Այն, որ բոլոր գագաթներին հաջորդում է վայրէջքը:

ՏՂԱՄԱՐԴ – (մտածկոտ): Ճիշտ ես, բայց դա իմ դժբախտությունը չէ: Դա գիտական փաստ է, որի դեմ ոչինչ անել չես կարող:

ԿԻՆ – Կարող ես տառապել ինքդ քո մեջ:

ՏՂԱՄԱՐԴ – Մի՛ հեգնիր, խնդրում եմ: Վայրէջքը պետք է, որ հանգստանաս ու շունչ քաշես: Ու պատրաստվես նոր բարձունքներ հաղթահարելուն:

ԿԻՆ – Ու սպասե՜ս…

ՏՂԱՄԱՐԴ – Այո, սպասես: Սպասես նոր հրաշքին: Սպասես անձրևին: Հետո վայելես անձրևը: Թափառես նրա տակ ու թրջվես: Վազելով հասնես մի տաքուկ սրճարան ու սուրճ պատվիրես:

ԿԻՆ – Ու սպասես սուրճին:

ՏՂԱՄԱՐԴ – Ու սպասես սուրճին:

ԿԻՆ – Ես դա չեմ հասկանում: Ինչո՞ւ սպասել, եթե կարելի է ցանկացած պահի սուրճ խմել: Ինչո՞ւ ես կյանքիդ ժամերը սպառում սպասելու վրա: Ինչո՞ւ չես ապրում այսօր, հիմա:

ՏՂԱՄԱՐԴ – Ես ապրում եմ: Ահավասիկ՝ քո կողքին, մեր փոքրիկ սենյակում:

ԿԻՆ – Մեր փոքրիկ սենյակում… Իսկ ուշք ու միտքդ պատուհանից դուրս է՝ անձրևին սպասելով:

ՏՂԱՄԱՐԴ – Երևի… Ես սիրում եմ սպասել: Քեզ արդեն բացատրեցի:

ԿԻՆ – Բացատրեցիր: Արդեն քանի՜ տարի է՝ բացատրում ես:

ՏՂԱՄԱՐԴ – Մենք նույն բանն ենք ասում, բայց տարբեր լեզուներով: Պատկերացնո՞ւմ ես՝ բոլոր մարդիկ նույն լեզվով խոսեին: Ի՜նչ տաղտկալի կլիներ:

ԿԻՆ – (քմծիծաղով): Հասկացա: Հիմա էլ բառարանին ես սպասելու:

ՏՂԱՄԱՐԴ – (ինքն էլ է ծիծաղում): Բառարանի՜ն… Չէ, ես անձրևին եմ սպասում:

Դռան թակոց:

ՏՂԱՄԱՐԴ – (բարձրաձայն): Մտե՛ք:

ԿԻՆ – (բարձրաձայն): Տանը մարդ չկա:

Դուռը բացվում է, ներս է մտնում Անծանոթը:

ԱՆԾԱՆՈԹ – Թույլ կտա՞ք:

ԿԻՆ – Ո՛չ:

ՏՂԱՄԱՐԴ – (Կնոջ վերաբերմունքից շփոթված): Իհարկե, համեցեք:

ԱՆԾԱՆՈԹ – Շնորհակալ եմ: Ի՜նչ լավ է ձեզ մոտ: Տաքուկ, հանգիստ… Երանություն:

ԿԻՆ – Իսկ դուք ո՞վ եք:

ԱՆԾԱՆՈԹ – Ինքս էլ չգիտեմ:

ՏՂԱՄԱՐԴ – Անուն չունե՞ք:

ԱՆԾԱՆՈԹ – Պատկերացնո՞ւմ եք՝ չունեմ: Մի ժամանակ, կարծեմ, ունեի: Բայց դա վաղուց էր: Մոռացել եմ:

ՏՂԱՄԱՐԴ – Հմմ… Ախր այդպես ինչպե՞ս կլինի:

ԱՆԾԱՆՈԹ – Կլինի, լավ էլ կլինի: Բայց դա իմ մեղքը չէ: Ինչ-որ մեկը պիտի անունս տա, որ հիշեմ ու չմոռանամ: Բայց այս քաղաքում բոլորը մոռացել են իմ անունը:

ՏՂԱՄԱՐԴ – Կարող եք ինքներդ ձեզ մի նոր անուն հնարել:

ԱՆԾԱՆՈԹ – Անիմաստ է:

ԿԻՆ – Կարող եք ուրիշ քաղաք գնալ:

ԱՆԾԱՆՈԹ – Ինչի՞ համար: Բոլոր քաղաքները նույնն են:

ԿԻՆ – Արդյո՞ք…

ՏՂԱՄԱՐԴ – Որ ինչ-որ մեկը հիշեցնի ձեր անունը:

ԱՆԾԱՆՈԹ – Ես պայմանականությունների կարիք չունեմ:

ԿԻՆ – Մարդու անունը պայմանականությո՞ւն է:

ԱՆԾԱՆՈԹ – Իհարկե:

ԿԻՆ – Դե լավ, շնորհակալություն դասախոսության համար: Ձեզ հրաշալի օր ենք մաղթում: Ցտեսություն և ամենայն բարիք:

ԱՆԾԱՆՈԹ – (ուշադրություն չդարձնելով Կնոջ բառերին): Ես էլ եմ շատ ուրախ ձեզ տեսնելու համար:

ՏՂԱՄԱՐԴ – Ասում եք՝ դուք ինչո՞ւ եք ուրախ:

ԱՆԾԱՆՈԹ – Որովհետև այսօր քիչ մարդ կտեսնես, որոնք սիրում են սպասել:

ՏՂԱՄԱՐԴ – (երազկոտ): Այո՜, ես սիրում եմ սպասել:

ԿԻՆ – (Անծանոթին): Բայց ոչ ձեզ:

ԱՆԾԱՆՈԹ – Միգուցե և ինձ…

ՏՂԱՄԱՐԴ – Ես անձրևին եմ սպասում… Կարոտել եմ:

ԿԻՆ – (Անծանոթին՝ թեթև հեգնանքով): Գուցե ձեր անունը Անձրև՞ է: Սփոփեք իմ ամուսնուն:

ԱՆԾԱՆՈԹ – Գուցե… Ես իրոք չեմ հիշում… Անգամ չեմ հիշում, թե ինչ է կոչվում մոռանալը:

ԿԻՆ – Ամնեզիա:

ԱՆԾԱՆՈԹ – Դե ո՜չ… Ամնեզիան կնոջ անուն է: Կարծեմ ժամանակին այդ անունով մի սիրուհի ունեի… Աստված հիշողություն տա… Չէ, չեմ հիշում:

ԿԻՆ – Պարզ է:

ԱՆԾԱՆՈԹ – Ինձ սուրճ չե՞ք առաջարկում:

ՏՂԱՄԱՐԴ – (խառնվելով): Այո, իհարկե… Սիրելիս, որտե՞ղ է մեր սուրճը: Որտե՞ղ են բաժակները:

ԿԻՆ – (կտրուկ): Ո՛չ: Կարծեմ դուք արդեն մոռացել եք, թե ինչ է սուրճը:

ԱՆԾԱՆՈԹ – Ափսոս…

ԿԻՆ – Ափսոս:

ՏՂԱՄԱՐԴ – Ափսոս…

Մի պահ լռություն է տիրում: Անծանոթն էլ է նստում՝ Կնոջ անբարեհամբույր հայացքի ներքո:

ՏՂԱՄԱՐԴ – Դուք դրսերից եք գալիս: Ի՞նչ կա-չկա:

ԱՆԾԱՆՈԹ – Չգիտեմ:

ՏՂԱՄԱՐԴ – Իսկ անձրև՞ը… Անձրև կգա՞ այս երեկո:

ԱՆԾԱՆՈԹ – Դժվար հարց է: Իսկ ձեր ինչի՞ն է պետք անձրևը:

ՏՂԱՄԱՐԴ – Ես սիրում եմ անձրևը:

ԿԻՆ – Ոչ, դու ավելի շատ անձրևին սպասելն ես սիրում, քան անձրևը:

ԱՆԾԱՆՈԹ – Դա էլ է լավ: Սպասումից է սկսվում ամեն բան: Սպասումից, ցանկություններից և երազանքից:

ԿԻՆ – Չգիտեմ: Ես վախենում եմ ցանկություններից ու երազանքներից:

ԱՆԾԱՆՈԹ – Ինչո՞ւ…

ԿԻՆ – Դրանք իրականանալու հակում ունեն:

ԱՆԾԱՆՈԹ – Դրանի՞ց էլ լավ բան:

ԿԻՆ – Չգիտեմ: Չեմ ուզում: Թող ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա:

ՏՂԱՄԱՐԴ – Իսկ ես փոփոխոթյուններ եմ սիրում… Անձրև, սուրճ, տաքուկ սրճարան…

ԿԻՆ – Մի՞թե դրանք փոփոխություններ են: Ամեն օր էլ նույն բանն ես ուզում:

ՏՂԱՄԱՐԴ – Բայց դրանք լավ բաներ են: Դրանք գույն և բովանդակություն են բերում մեր կյանքին:

Անծանոթը մոտենում է Տղամարդուն և ջերմորեն սեղմում նրա ձեռքը:

ՏՂԱՄԱՐԴ – Ինչի՞ համար եք սեղմում ձեռքս:

ԱՆԾԱՆՈԹ – Հրաշալի բառերի: Վաղուց նման լավ միտք չէի լսել:

ԿԻՆ – (Տղամարդուն): Նա քեզ հեգնում է:

ՏՂԱՄԱՐԴ – (Անծանոթին): Դուք ինձ հեգնո՞ւմ եք:

ԱՆԾԱՆՈԹ – Բնավ: Մտքո՜վս անգամ չի անցել: Ինձ իսկապես դուր եկավ գույնի և բովանդակության մասին ձեր դիտողությունը: Բրավո՛: Գիտե՞ք, ինչ եմ առաջարկում:

ՏՂԱՄԱՐԴ, ԿԻՆ – Ի՞նչ եք առաջարկում:

ԱՆԾԱՆՈԹ – Մի գեղեցիկ ծաղիկ դրեք ձեր սենյակում: Այ, այս պատուհանագոգին: (Մոտենում է պատուհանին:) Մանուշակի կամ վարդի մի գեղեցիկ թուփ…

ՏՂԱՄԱՐԴ – Լավ միտք է:

ԿԻՆ – Մանուշա՞կ, վա՞րդ…

ԱՆԾԱՆՈԹ – Չէ՞ որ դուք երազում եք ծաղիկների մասին:

ԿԻՆ – Ծաղիկների մասին…

ՏՂԱՄԱՐԴ – Ես երազում եմ:

ԿԻՆ – (Տղամարդուն): Շարունակիր երազել: Դա հրաշալի ես անում:

ԱՆԾԱՆՈԹ – Իսկ միգուցե երազելու փոխարեն իրակա՞ն ծաղիկ պահեք: Շա՜տ կսազի այս պատուհանագոգին: Այս տեղը կարծես հատուկ դատարկ է մնացել նրա համար:

ԿԻՆ – Էլ ի՞նչ փայլուն մտքեր ունեք:

ԱՆԾԱՆՈԹ – Դե՜… Կարող եք այս նկարը գլխիվայր կախել: (Մոտենում է պատի նկարին և փորձում շրջել🙂

ԿԻՆ – (նստած տեղից կտրուկ բարձրանալով): Չհամարձակվե՛ք ձեռք տալ նկարին:

Անծանոթը վախվորած ետ է քաշվում: Կինը մի պահ Անծանոթին է նայում, ապա Տղամարդուն:

ԿԻՆ – Ես գնացի: (Վերցնում է վերարկուն և դուրս է գալիս:)

ՏՂԱՄԱՐԴ – (Կնոջ ետևից): Այդ ո՞ւր:

ԱՆԾԱՆՈԹ – Ո՞ւր գնաց:

ՏՂԱՄԱՐԴ – Չգիտեմ: Միգուցե՝ սուրճ բերելու:

ԱՆԾԱՆՈԹ – Լա՜վ կլիներ… Բայց քանի դեռ չի բերել, կարող ենք երազել սուրճի մասին:

ՏՂԱՄԱՐԴ – Լավ միտք է:

ԱՆԾԱՆՈԹ – Այո: Կարծեմ դուք էիք ասում, չէ՞, որ սպասումը իրականությունից ավելի լավ է:

ՏՂԱՄԱՐԴ – Այո, կարող ես սպասել անգամ անհնարինին… Ի դեպ, քաղաքից եք գալիս: Ի՞նչ կա քաղաքում: Մի քիչ պատմեք:

ԱՆԾԱՆՈԹ – Դե, նույն քաղաքն է: Ի՞նչ պիտի լինի՝ մարդիկ, մեքենաներ, շենքեր, թափառական շներ, անգամ առնետներ… Հավատացեք, ոչինչ չի փոխվել:

ՏՂԱՄԱՐԴ – Հենց դա է ինձ վախեցնում:

ԱՆԾԱՆՈԹ – Ի՞նչը: Առնետնե՞րը, թե՞ շները:

ՏՂԱՄԱՐԴ – Ոչ, ոչ… Այն, որ ոչինչ չի փոխվում: Դժոխքի պես…

ԱՆԾԱՆՈԹ – Ես չգիտեմ… Մի՞թե դժոխքում ոչինչ չի փոխվում:

ՏՂԱՄԱՐԴ – Ես էլ չգիտեմ: Կարծում եմ՝ դժոխքը հենց դրանով է դժոխք, որ այնտեղ ոչինչ չի փախվում: Իսկ դուք ի՞նչ կասեք: Փոխվո՞ւմ է:

ԱՆԾԱՆՈԹ – Չէ՜, ավելի լավ է դո՛ւք ասեք:

ՏՂԱՄԱՐԴ – Ինչպե՞ս ասեմ, եթե այնտեղ երբեք չեմ եղել:

ԱՆԾԱՆՈԹ – (զարմացած): Չե՞ք եղել:

ՏՂԱՄԱՐԴ – Չեմ եղել: Այսինքն՝ առայժմ չեմ եղել:

ԱՆԾԱՆՈԹ – Տարօրինակ է… Հապա դուրս նայեք պատուհանից:

Տղամարդը մոտենում է պատուհանին, դուրս է նայում և զարմացած շրջվում դեպի Անծանոթը:

ՏՂԱՄԱՐԴ – Ե՞վ…

ԱՆԾԱՆՈԹ – Ի՞նչը՝ և… Տեսեք՝ մարդիկ, մեքենաներ, շենքեր, թափառական շներ և անգամ առնետներ… Դժոխային պատկերներ են…

ՏՂԱՄԱՐԴ – Դժոխային…

ԱՆԾԱՆՈԹ – Եվ դրան ավելացրեք ձեր սպասումը… Իսկական դժոխք է: Տեսեք, այդ տրտում մարդիկ՝ ամեն մեկն իր հոգսի տակ կռացած, այդ խունացած և տխուր շենքերը, այդ երկաթի կտորները, որ փոխարինել են տաք ու վսեմ ձիերին, այդ խեղճ ու անոթի շները… Էլ չեմ խոսում առնետների մասին… Եվ բոլորը սպասում են, սպասում… Երևի միայն կճղակավոր սատանաներն են պակասում, որ պատկերը լիարժեք դառնա: Բայց դա շա՜տ ակնհայտ կլիներ:

ՏՂԱՄԱՐԴ – Ի՞նչը ակնհայտ կլիներ:

ԱՆԾԱՆՈԹ – Սատանաներն իրենց կճղակներով և կրակի վրա դրած հսկա կաթսաներով: Չէ՞ որ դա կարող ենք պատկերացնել կամ, եթե կուզեք, երազել դրա մասին…

ՏՂԱՄԱՐԴ – Երազե՜լ… Երազե՞լ…

ԱՆԾԱՆՈԹ – Ըհը, երազել: Ի՞նչ կա ավելի հաճելի, քան երազելը և պատկերացնելը: Ձեր բառերն են, չէ՞:

ՏՂԱՄԱՐԴ – Այո, թեև այնքան էլ դա նկատի չունեի… Ասում եք՝ քաղաքը դժոխքի պես է, հա՞:

ԱՆԾԱՆՈԹ – Նման է: Ես այդպես եմ զգում…

ՏՂԱՄԱՐԴ – Երանի անձրև գար ու մաքրեր այդ ամբողջը:

ԱՆԾԱՆՈԹ – Մարդկա՞նց: Շենքե՞րը: Մեքենանե՞րը: Թե՞ շներին և առնետներին:

ՏՂԱՄԱՐԴ – Ամեն ինչ: Անգամ մեզ ու մեր սին սպասումները:

ԱՆԾԱՆՈԹ – Երանի՜…

ՏՂԱՄԱՐԴ – Ու քաղաքը դրախտի պես դառնար…

ԱՆԾԱՆՈԹ – Դրախտի՞:

ՏՂԱՄԱՐԴ – Դրախտի: Երևի այնտեղ լավ է:

ԱՆԾԱՆՈԹ – Իհարկե, լավ է:

ՏՂԱՄԱՐԴ – (ոգևորված): Դուք այնտեղ եղե՞լ եք:

ԱՆԾԱՆՈԹ – Իհարկե եղել եմ: Ամեն օր էլ այնտեղ եմ:

ՏՂԱՄԱՐԴ – Չեմ հասկանում… Ինչպե՞ս…

ԱՆԾԱՆՈԹ – Դե, դա շատ պարզ է: Հապա, կրկին մոտեցեք պատուհանին: Տեսեք՝ մարդիկ, մեքենաներ, շենքեր, թափառական շներ, անգամ առնետներ…

ՏՂԱՄԱՐԴ – Առնետնե՞ր…

ԱՆԾԱՆՈԹ – Այո, այո, առնետներ:  Տեսեք՝ մարդիկ, որ իրենց երազանքների մեջ են… Մեքենաներ, որ երազում են անձրևի մասին, որը վերջապես կլվանա իրենց այս փոշուց… Շենքերը, որ երազում են իրենց գրկում փայփայել այս սիրասուն մարդկանց… Այս հրաշալի շներն ու առնետները, որ մեզ կապում են բնության հետ ու հիշեցնում, որ մենք մարդ ենք: Ես վստահ եմ՝ սա է դրախտը: Անգամ մենք՝ այս տաքուկ բնակարանում նստած ու քաղցր զրույցի բռնված… Եվ սպասումներով լի… Որ անձրև կգա…

ՏՂԱՄԱՐԴ – Անձրև՜…

ԱՆԾԱՆՈԹ – Կամ էլ ձեր կինը վերջապես տաք սուրճ կբերի… Հիրավի դրախտային վիճակ է: Պարզապես պետք է տեսնել և գնահատել այս ամենը: Երբ սպասումն ավելի կարևոր է, քան բուն իրականությունը:

ՏՂԱՄԱՐԴ – Երևի կբերի… Ես ինքս սպասում եմ:

ԱՆԾԱՆՈԹ – Որքա՜ն հաճելի է լավ բանի սպասելը:

ՏՂԱՄԱՐԴ – (ուրախացած): Վերջապես մեկը հասկացավ ինձ: Ասում եմ՝ սպասման ապրումները հաճախ ավելի քաղցր են, քան այն, ինչին սպասում ես:

ԱՆԾԱՆՈԹ – Հասկանում եմ: Ինչպես մի գավաթ տաք ու անուշաբույր սուրճին սպասելը:

ՏՂԱՄԱՐԴ – Այո՜, այո՜… Հասկանում եք ինձ, չէ՞:

ԱՆԾԱՆՈԹ – Լիովին հասկանում եմ: Ամեն օր հենց դա եմ տեսնում քավարանում:

ՏՂԱՄԱՐԴ – (զարմանքով): Քավարանո՞ւմ: Դուք քավարա՞նն էլ եք տեսել:

ԱՆԾԱՆՈԹ – Ամեն օր եմ տեսնում:

ՏՂԱՄԱՐԴ – Ինչպե՞ս: Որտե՞ղ:

ԱՆԾԱՆՈԹ – Նույն տեղում: (Ձեռքով ցույց է տալիս պատուհանը:)

ՏՂԱՄԱՐԴ – Քաղաքո՞ւմ:

ԱՆԾԱՆՈԹ – Քաղաքում:

ՏՂԱՄԱՐԴ – Մե՞ր քաղաքում:

ԱՆԾԱՆՈԹ – Մեր քաղաքում:

Տղամարդը մոտենում է պատուհանին:

ՏՂԱՄԱՐԴ – Քաղաքը… Շենքերը, մեքենաները, մարդիկ, շները…

ԱՆԾԱՆՈԹ – Առնետներին չմոռանաք:

ՏՂԱՄԱՐԴ – Իհարկե, առնետները… Եվ սա՞ է քավարանը:

ԱՆԾԱՆՈԹ – Իհարկե, սա է: Ուշադի՛ր նայեք: Բոլորը սպասման մեջ են: Շենքերը սպասում են իրենց բնակիչներին: Մեքենաները սպասում են իրենց հաճախորդներին: Մարդիկ սպասում են անձրևին: Շները սպասում են բարեգութ ու սրտացավ անցորդին: Առնետները սպասում են, որ մեկի բերանից մի կտոր հաց կընկնի փոշոտ մայթերին: Բոլորը սպասում են: Գիտե՞ք, ինչ կարևոր է այդ սպասումը: Ամենակարևոր բանն է:

ՏՂԱՄԱՐԴ – Ես էլ եմ սպասում… անձրևին… Ես այնքան եմ կարոտել նրան:

ԱՆԾԱՆՈԹ – Ըհը, գիտեմ… Ձեզ համար դա ինքնամաքրում է:

ՏՂԱՄԱՐԴ – Ինչպես շենքերի, փողոցների, մայթերի, անցորդների, շների ու առնետների համար:

ԱՆԾԱՆՈԹ – Այո՜, արդեն հասկացաք: Իսկ ի՞նչ է քավարանը, եթե ոչ ինքնամաքրում:

ՏՂԱՄԱՐԴ – Ի՜նչ ճիշտ եք… Ամեն օր նայում եմ պատուհանից դուրս, բայց այդ տարրական բանը չէի նկատել:

ԱՆԾԱՆՈԹ – Դե հա, բայց նայելը քիչ է:

ՏՂԱՄԱՐԴ – Քի՞չ է:

ԱՆԾԱՆՈԹ – Քիչ է:

ՏՂԱՄԱՐԴ – Իսկ ուրիշ ի՞նչ է պետք:

ԱՆԾԱՆՈԹ – Պետք է տեսնել:

ՏՂԱՄԱՐԴ – (մտածկոտ): Պետք է տեսնել… Ես այնքա՜ն եմ ուզում տեսնել անձրևը: Տեսնել ու զգալ:

ԱՆԾԱՆՈԹ – Բոլոր զգայարաններո՞վ:

ՏՂԱՄԱՐԴ – Այո, բոլոր զգայարաններով: Լսել անձրևի ձայնը, տեսնել կաթիլները, շոշափել դրանք իմ երեսին ու ձեռքերին… Լեզվով զգալ դրանց համը… Հոտ քաշել ու չհագենալ այդ հոտից…

ԱՆԾԱՆՈԹ – Բայց մի՞թե անձրևի կաթիլները հոտ ունեն:

ՏՂԱՄԱՐԴ – Չունե՞ն:

ԱՆԾԱՆՈԹ – Չգիտեմ: Ես երբեք չեմ զգացել:

ՏՂԱՄԱՐԴ – Մի՞թե երբեք անձրևից հետո փողոցում չեք քայլել: Մի՞թե չեք ըմբոշխնել այդ հոտը:

ԱՆԾԱՆՈԹ – Հա՜, իհարկե: Կարծես հասկացա, թե ինչ եք ցանկանում ասել: Բայց դա, սիրելիս, անձրևի հոտը չէ:

ՏՂԱՄԱՐԴ – Անձրևի հոտը չէ՞:

ԱՆԾԱՆՈԹ – Դա փոշու և աղբի հոտն է, որ անձրևը մաքրում է քաղաքից:

ՏՂԱՄԱՐԴ – Ամեն դեպքում՝ սիրում եմ:

ԱՆԾԱՆՈԹ – Դուք, ուրեմն, սիրում եք փոշու և աղբի հոտը: Դրանք տարբեր բաներ են: Համենայնդեպս, ես այդպես եմ կարծում:

ՏՂԱՄԱՐԴ – Այս հսկա քավարան-քաղաքի հոտը:

ԱՆԾԱՆՈԹ – Նաև դժոխքի:

ՏՂԱՄԱՐԴ – Նաև դժոխքի:

ԱՆԾԱՆՈԹ – Նաև դրախտի:

ՏՂԱՄԱՐԴ – Նաև դրախտի: Ամեն ինչ խառնվել է իրար այս մեծ քաղաքում՝ դժոխքը, քավարանը, դրախտը…

ԱՆԾԱՆՈԹ – Իհարկե, կախված նրանից, թե առավոտյան որ ոտքի վրա եք զարթնել՝ ա՞ջ, թե՞ ձախ: Կամ էլ՝ մեջքի վրա… Դա պետք է ձեր կնոջից պարզել:

Անսպասելի ներս է մտնում Կինը՝ ձեռքին ինչ-որ փաթեթ: Շեղ հայացք է նետում Անծանոթին: Տղամարդիկ հետաքրքությամբ նրա ձեռքի փաթեթին են նայում:

ԿԻՆ – Ա՜, դուք դեռ այստե՞ղ եք: (Փաթեթը դնում է սեղանին:)

ԱՆԾԱՆՈԹ – Մենք մեր մտերմիկ զրույցն էինք վայելում:

ԿԻՆ – Անհո՜ւյս ռոմանտիկներ… Իսկ ես հասցրի գնալ ծաղիկների մոտակա խանութը:

ՏՂԱՄԱՐԴ – Ծաղիկների խանո՞ւթը: Ախր դա երեք թաղամաս հեռու է:

ԿԻՆ – Այո, հեռու է:

ՏՂԱՄԱՐԴ – Դե ասա՝ ի՞նչ տեսար քաղաքում:

ԿԻՆ – Քաղաքո՞ւմ: Իսկ ի՞նչ պիտի տեսնեի՝ տխուր շենքեր, շտապող մարդիկ, փոշոտ մեքենաներ, նիհարած թափառական շներ… Անգամ առնետներ տեսա՝ քաղցած ու զզվելի:

ՏՂԱՄԱՐԴ – Իսկ անձրև դեռ չկա՞ր:

ԿԻՆ – Դեռ չկար: Դու շարունակիր սպասել: Միգուցե և գա: Գարուն է: Գարնանը անձրևներ գալիս են:

ԱՆԾԱՆՈԹ – Կներեք, իսկ ի՞նչ է ձեր այդ գեղեցիկ փաթեթի մեջ: Մի՞թե անմահական սուրճ՝ տաք և բուրավետ: Ես կարծես դրա հոտն եմ առնում:

ԿԻՆ – (բացելով փաթեթը): Ձեր քիթը խաբում է ձեզ, պարոն, իսկ սուրճ կարող էիք և ինքներդ դնել: Երկու առողջ տղամարդ սպասում են, որ մի թույլ կին սուրճ դնի… Օ՜ ժամանակ, օ՜ բարքեր… Իսկ ես կարծում էի, թե կանանց շահագործելու դժնի ժամանակներն անցյալում են:

ՏՂԱՄԱՐԴ – Իսկ մենք այնքա՜ն էինք սպասում սուրճին… (Խանդաղատանքով:) Նրա համը լրիվ այլ է, երբ կինն է դնում՝ սիրով ու…

ԱՆԾԱՆՈԹ – Սիրով և նվիրումով:

ՏՂԱՄԱՐԴ – Սիրով և նվիրումով:

ԱՆԾԱՆՈԹ – Երկու ձեռքով համաձայն եմ:

ԿԻՆ – Կարող էիք ձեր երկու ձեռքով և մե՜ծ նվիրումով սուրճ եփել և մի բաժակ էլ ինձ համար դնել: (Շրջվելով դեպի Տղամարդը:) Շոկոլադով:

ՏՂԱՄԱՐԴ – Կարող էինք, իհարկե… Բայց մեր մտքով չանցավ:

ԿԻՆ – (հեգնանքով): Հասկանում եմ, դուք սպասումների ու երազանքների մեջ էիք:

ՏՂԱՄԱՐԴ – Ես սիրում եմ սպասել: Քեզ, սուրճին, անձրևին…

ԱՆԾԱՆՈԹ – Բայց ի՞նչ է ձեր այդ գեղեցիկ փաթեթի մեջ: Ես մեռնում եմ անհամբերությունից:

ԿԻՆ – Անհամբերությունի՞ց: Սպասել սիրող մարդիկ պիտի որ ավելի համբերատար լինեն: (Բացում է փաթեթը՝ մի փոքրիկ ծաղկաման հանում:) Ահավասիկ՝ փոքրիկ, բայց չքնաղ մի ծաղկաման:

Տղամարդն ու Անծանոթը մոտենում են և ուշադիր նայում ծաղկամանին:

ԿԻՆ – Ես այնքա՜ն էի ուզում ծաղիկ ունենալ:

ՏՂԱՄԱՐԴ – Եվ փոխարենը ծաղկաման ունեցար:

ԿԻՆ – Բայց ես այնքա՜ն էի ուզում, որ դու ինձ նվիրես:

ՏՂԱՄԱՐԴ – Կարևորն արդյունքն է, սիրելիս: Ահավասիկ, դու ունես, ավելի ճիշտ՝ մենք ունենք այս գեղեցիկ ծաղկամանը:

ԱՆԾԱՆՈԹ – Այո, մենք ստանում ենք այն, ինչ ուզում ենք:

ՏՂԱՄԱՐԴ – Ես անձրև եմ ուզում…

ԿԻՆ – Միգուցե, չգիտեմ… Ես վաղուց էի ուզում, բայց համբերությունս այսօր հատավ: Եվ, հիրավի, ստացա այն, ինչ ուզում էի:

ԱՆԾԱՆՈԹ – Այո, այո: Ստացաք այն, ինչ ուզում ենք… (Շրջվելով դեպի հանդիսատեսը և բազմանշանակ ժպտալով:) Այլ ոչ թե այն, ինչը ձեզ պետք էր:

ԿԻՆ – (տարակուսած նայելով Անծանոթին): Այս ծաղկամանն ինձ պետք էր:

ԱՆԾԱՆՈԹ – Բան չասացի: (Աչքով տալով դահլիճին:) Մտքերիս հետ էի:

ԿԻՆ – (զբաղված ծաղկամանով): Ուրեմն՝ բարի եղեք ձեր մտքերն անձայն արտահայտել:

ԱՆԾԱՆՈԹ – (զինվորականի պես պատիվ բռնելով): Լսո՛ւմ եմ և ենթարկվում:

ԿԻՆ – (հիանալով ծաղկամանով): Իսկ ծաղիկ հետո կգնեմ: (Նայում է Տղամարդուն:) Կամ նվեր կստանամ: Ամեն դեպքում, հաճելի է ապրել այդ սպասումով:

ՏՂԱՄԱՐԴ – (Անծանոթին): Ասացիք՝ ստանում ես այն, ինչին սպասո՞ւմ ես:

ԱՆԾԱՆՈԹ – Հաստատ:

ՏՂԱՄԱՐԴ – Ուրեմն՝ ես էլ անձրև կստանամ:

ԱՆԾԱՆՈԹ – Իհարկե կստանաք, եթե շատ եք ուզում: Բայց արդյո՞ք անձրևը ձեզ պետք է:

ՏՂԱՄԱՐԴ – Իհարկե, պետք է: Նա կմաքրի այս ժանտահոտ քաղաքը, շենքերը, տանիքները, մեքենաներն ու մարդկանց, անգամ՝ շներին ու այդ անիծյալ… Անունը մոռացա…

ԱՆԾԱՆՈԹ – Առնետների՞ն:

ՏՂԱՄԱՐԴ – Այո, առնետներին էլ:

ԱՆԾԱՆՈԹ – Բայց ինչո՞ւ են առնետներն անիծյալ: Նրանք էլ են Աստծո զավակներ:

ԿԻՆ – Զզվում եմ առնետներից: Երանի այն քաղաքին, որտեղ առնետներ չկան:

ԱՆԾԱՆՈԹ – Ամեն տեղ էլ կան:

ՏՂԱՄԱՐԴ – Այո: Հետաքրքիր է, որտեղի՞ց են մեր քաղաքում առնետները:

ԱՆԾԱՆՈԹ – Հուսամ, դա հռետորական հարց է: Չէ՞:

ՏՂԱՄԱՐԴ – Ոչ, բնավ: Ինձ միշտ էլ հետաքրքրել է դա:

ԿԻՆ – (հետաքրքրասիրությամբ): Ինձ էլ:

Անծանոթը դանդաղ քայլում է դռան կողմը: Տղամարդն ու Կինը հայացքով նրան են հետևում:

ԱՆԾԱՆՈԹ – Ես երևի գնամ…

ՏՂԱՄԱՐԴ, ԿԻՆ – Բայց ո՞ւր եք գնալու:

ԱՆԾԱՆՈԹ – Ուր որ քաղաքն ինձ կտանի: Բայց ի՜նչ արագ թռան հաճելի րոպեները: Դուք աննման զրուցակիցներ եք: Երկուսդ էլ:

ՏՂԱՄԱՐԴ – Բայց չասացիք, թե ինչ եք ուզում:

ԱՆԾԱՆՈԹ – Մի շա՜տ փոքրիկ բանի՝ մի գավաթ տաք և բուրավետ սուրճի: Կամ գուցե դա մեծ բան է: Չգիտեմ: Ամեն ինչ կախվախ է նրանից, թե որ ոտքի վրա ես զարթնել՝ աջ, ձախ, թե փորի: Գնամ: Այս հսկա քաղաքում հաստատ կա մեկը, ով սպասում է ինձ, որ սուրճ հյուրասիրի:

ԿԻՆ – Իսկ առնետնե՞րը: Որտեղի՞ց են առնետները մեր քաղաքում:

ԱՆԾԱՆՈԹ – (ձեռքը թափ տալով): Լավ եղեք: Գնացի…

Անծանոթը դուրս է գալիս: Տղամարդն ու Կինը մի պահ նայում են նրա հետևից: Կինը նստում է հանդիպակաց աթոռին, Տղամարդը մոտենում է պատուհանին:

ՏՂԱՄԱՐԴ – (մտածկոտ): Անձրև է գալու: Ամպը գոռում է: (Շրջվելով դեպի Կինը:) Անձրև է գալու:

ԿԻՆ – Գարուն է: Պիտի գա:

ՏՂԱՄԱՐԴ – Հա՜, լավ կլիներ… Սիրում եմ անձրևը: Գալիս է ու լվանում քաղաքը:

ԿԻՆ – Ամբողջ օրն անձրևին ես սպասում:

ՏՂԱՄԱՐԴ – Ի՞նչ անեմ: Սիրում եմ անձրևը ու կարոտում:

ԿԻՆ – Քո սպասելուց բան կփոխվի՞: Կգա անձրևը կամ չի գա՝ քեզնից կախված չէ:

ՏՂԱՄԱՐԴ – Կարծո՞ւմ ես:

ԿԻՆ – Վստահ եմ: Կիրակի օրերը սպանում ենք քեզ: Մի բանով զբաղվիր՝ հեռուստացույց կամ գիրք:

ՏՂԱՄԱՐԴ – Ես զբաղվում եմ:

ԿԻՆ – Սպասո՜ւմ ես…

ՏՂԱՄԱՐԴ – Սպասում եմ: Այս կիրակի օրերն ասես մյուս օրերի երազը լինեն: Ինչ անում ես մյուս օրերին՝ գումարվում ու դառնում են կիրակի, բայց երազի ձևով:

ԿԻՆ – (հեգնանքով): Փիլիսոփա՜…

ՏՂԱՄԱՐԴ – Երևի: Իսկ ո՞վ փիլիսոփա չէ: Անգամ այս շենքերը, մեքենաները, մարդիկ, շներն ու առնետները… Բոլորս էլ փիլիսոփա ենք:

ԿԻՆ – Ախր, ափսոս է կյանքդ… Այդքան սպասելու փոխարեն մի բան արա՝ գիրք կարդա, սուրճ եփիր… Եթե դրանք սրտովդ չեն՝ բացառության կարգով թույլ կտամ, որ նկարը շրջես: Գոնե ինչ-որ փոփոխոթյուն կլինի:

Տղամարդը մոտենում է նկարին, սակայն ձեռք չի տալիս, ուշադիր նայում է նկարին:

ԿԻՆ – Գիրք կարդա:

ՏՂԱՄԱՐԴ – (շարունակելով զննել նկարը): Չեմ ուզում: Գրքերում նորություն չկա: Բոլոր գրքերի թեման նույնն է՝ շենքեր, փողոցներ, մարդիկ, շներ և առնետներ: Ինձ դա հետաքրքիր չէ:

ԿԻՆ – Հմմ…

ՏՂԱՄԱՐԴ – (վերջապես շրջվելով դեպի Կինը): Իսկ մի՞թե սպասելը գործ չէ: Սպասելն ու երազելը:

ԿԻՆ – Կյանքդ սպասելու վրա է անցնում:

ՏՂԱՄԱՐԴ – (տխուր ժպտալով): Կյա՜նքը… Մեր կյանքն ընդամենը մեր մանկության երազներն են, որ իրականություն են դարձել: Երբեմն՝ բարի, երբեմն՝ անբացատրելի… Ինչ երազել ենք, այն էլ ստացել ենք: Այս շենքերը, մեքենաները, փոշին ու առնետները…

ԿԻՆ – Դու շենքե՞ր ես երազել:

ՏՂԱՄԱՐԴ – Իհարկե: Գեղեցիկ շենքեր, որոնք իրենց ծոցում կպատսպարեն մարդկանց:

ԿԻՆ – Եվ դու մեքենաների մասի՞ն ես երազել:

ՏՂԱՄԱՐԴ – Իհարկե, երազել եմ: Որ մեքենաները մարդկանց առավոտյան տանեն աշխատանքի, երեկոյան հասցնեն տուն, իսկ կիրակի օրերը ընտանիքին տանեն քաղաքից դուրս՝ բնության գիրկը:

ԿԻՆ – Անհույս կիրակին սպանելու համար…

ՏՂԱՄԱՐԴ – Միգուցե:

ԿԻՆ – Եվ դու նաև փոշու և շների մասին ես երազել…

ՏՂԱՄԱՐԴ – Ես սիրում եմ շներին:

ԿԻՆ – Միայն տարածության վրա: Չցանկացար, որ տանը գոնե մի շունիկ ունենայինք:

ՏՂԱՄԱՐԴ – Ի՞նչ պիտի աներ շունիկը այս չորս բետոնե պատերի մեջ… Ես չցանկացա, որ տանջվի իր երազանքներից:

ԿԻՆ – Շան երազանքերի՞ց:

ՏՂԱՄԱՐԴ – Շան երազանքներից: Տնային բոլոր շներն էլ մի երազանք ունեն՝ գնալ փողոց ու խառնվել մյուս շներին: Իսկ փոշին… Դե փոշին էլ երևի պիտի լինի, որ անձրևը լվանա:

ԿԻՆ – Հմմ… Բայց մի՞թե դու առնետներ էլ ես երազել:

ՏՂԱՄԱՐԴ – Երևի… Միգուցե և երազել եմ: Չեմ հիշում: Հա՛, հիշեցի: Երազե՛լ եմ: Երազել եմ, որ նրանք շատ լինեն, իսկ ես՝ հեքիաթի հերոսի նման, իմ սրնգով նրանց մոլորեցնեմ ու խեղդեմ լճակի ջրերում:

ԿԻՆ – Իսկ ավելի լավ չէ՞ ոչ առնետներ երազել ու ոչ էլ հետո մտածել դրանց խեղդելու մասին:

ՏՂԱՄԱՐԴ – Իդեալական ոչինչ չկա այս կյանքում, սիրելիս:

ԿԻՆ – Երբեմն ինձ թվում է, քեզ բնավ չեմ ճանաչում, չնայած այսքան տարի միասին ենք ապրում:

ՏՂԱՄԱՐԴ – Իսկ ինչո՞ւ ես ուզում ինձ ճանաչել: Պարզապես վայելիր իմ ներկայությունը:

ԿԻՆ – Քո ներկայությունն ինձ համար այնքա՜ն հարաբերական է: Մտքերով միշտ էլ ուրիշ տեղ ես՝ քո երազների մեջ:

ՏՂԱՄԱՐԴ – Իմ երազներն իմ ազատությունն են: Այնտեղ ես ազատ եմ և երջանիկ:

ԿԻՆ – Իսկ հնարավո՞ր չէ այստեղ, այս կյանքում, այս քաղաքում, այս տանը երջանիկ լինել: Մի՞թե անընդհատ պետք է սպասել ու երազել: Ինչո՞ւ չես կարող հիանալ այս իրական… (մի քիչ այլայլված) ծաղկամանով, այլ երազում ես հեռավոր ծաղկաստանների մասին: Դրա համար եմ ասում՝ ես քեզ չեմ ճանաչում:

ՏՂԱՄԱՐԴ – Ճանաչել մարդուն՝ նշանակում է իմանալ նրա երազանքները: Դու գիտես իմ երազանքները, չէ՞:

ԿԻՆ – Կարծում եմ՝ գիտեմ: Հատկապես, որ դրանք երբեք չեն փոխվում:

ՏՂԱՄԱՐԴ – Ուրեմն՝ դու ճանաչում ես ինձ:

ԿԻՆ – Դե՜, որ ասում ես…

Դռան թակոց:

ՏՂԱՄԱՐԴ – (բարձրաձայն): Մտե՛ք:

ԿԻՆ – (բարձրաձայն): Տանը մարդ չկա:

Դուռը բացվում է, դարձյալ ներս է մտնում Անծանոթը:

ԱՆԾԱՆՈԹ – Թույլ կտա՞ք:

ԿԻՆ – Ո՛չ:

ՏՂԱՄԱՐԴ – (Կնոջ վերաբերմունքից շփոթված): Իհարկե, համեցեք:

ԱՆԾԱՆՈԹ – Շնորհակալ եմ: Ի՜նչ լավ է ձեզ մոտ: Տաքուկ, հանգիստ… Երանություն:

ԿԻՆ – Իսկ դուք ո՞վ եք:

ԱՆԾԱՆՈԹ – Ինքս էլ չգիտեմ:

ՏՂԱՄԱՐԴ – Անուն չունե՞ք:

ԱՆԾԱՆՈԹ – Պատկերացնո՞ւմ եք՝ չունեմ: Մի ժամանակ, կարծեմ, ունեի: Բայց դա վաղուց էր: Մոռացել եմ:

ՏՂԱՄԱՐԴ – Հմմ… Ախր այդպես ինչպե՞ս կլինի:

ԱՆԾԱՆՈԹ – Կլինի, լավ էլ կլինի: Բայց դա իմ մեղքը չէ: Ինչ-որ մեկը պիտի անունս տա, որ հիշեմ ու չմոռանամ: Բայց այս քաղաքում բոլորը մոռացել են իմ անունը:

ԿԻՆ – Կարող եք ուրիշ քաղաք գնալ:

ԱՆԾԱՆՈԹ – Անիմաստ զբաղմունք է: Բոլոր քաղաքներն էլ նույնն են:

ԿԻՆ – Բոլոր քաղաքներում եղե՞լ եք:

ԱՆԾԱՆՈԹ – Մի՞թե ապուրի համն իմանալու համար պետք է ամբողջ ապուրն ուտել: Մի գդալն էլ բավական է, որ հասկանաս համը:

ՏՂԱՄԱՐԴ – Բոլոր քաղաքները նո՞ւյնն են:

ԱՆԾԱՆՈԹ – Բացարձակապես նույնն են՝ շենքեր, մարդիկ, մեքենաներ, փոշի, թափառական շներ ու առնետներ: Միգուցե շենքերը մի քիչ տարբեր են, մեքենաներն են մի քիչ ուրիշ, փոշին է ավել կամ պակաս, շներն ու առնետներն էլ կարող են մի քիչ տարբերվել: Բայց դրանից էությունը չի փոխվում՝ ամենուր նույն բանն է:

ՏՂԱՄԱՐԴ – Մարդի՞կ էլ են նույնը: Մարդիկ…

ԱՆԾԱՆՈԹ – Հավատացեք ինձ՝ մարդիկ էլ: Մի մասը երազում է, իսկ մյուսները փորձում են այսօրվա օրով ապրել, թեև հոգու խորքում նրանք էլ են երազում:

ՏՂԱՄԱՐԴ – Ինչի՞ մասին են երազում մարդիկ:

ԱՆԾԱՆՈԹ – Մարդիկ բոլոր ժամանակներում էլ նույն բանի մասին են երազում:

ԿԻՆ – Երևակայության պակաս կա:

ՏՂԱՄԱՐԴ – (ասես չլսելով Կնոջը՝ մեկ-երկու քայլ է անում դեպի Անծանոթը): Դե ասեք՝ ինչի՞ մասին են երազում մարդիկ:

ԱՆԾԱՆՈԹ – (վերջապես նստելով աթոռներից մեկին): Իսկ դուք չգիտե՞ք: Թե՞ ցանկանում եք ինքնահաստատվել:

ՏՂԱՄԱՐԴ, ԿԻՆ – Ասե՛ք, ասե՛ք…

ԱՆԾԱՆՈԹ – Լա՜վ… Մարդիկ հիմնականում երազում են անձրևի և ծաղիկի մասին…

ՏՂԱՄԱՐԴ – Անձրևի՜… Ես այդպես էլ գիտեի:

ԿԻՆ – Ծաղիկի՜, ես այդպես էլ գիտեի…

ԱՆԾԱՆՈԹ – Դե, դա հիմնական թեման է: Դրանից զատ նաև ուրիշ մանր-մունր բաների մասին են երազում: Տղամարդիկ՝ անմարդաբնակ մի կղզու, կանայք՝ ինքս էլ չգիտեմ ինչպես ասեմ…

ԿԻՆ – Բառերով ասեք:

ԱՆԾԱՆՈԹ – Հա՜, կանայք երազում են տղամարդու մասին, որն անմարդաբնակ կղզու մասին չի երազում: Բայց, ինչպես ասացի ձեզ, դրանք երկրորդական բաներ են՝ հիմնականում անիրականանալի: Հիմնական թեման նույնն է. տղամարդիկ՝ ծաղիկ, կանայք՝ անձրև:

ՏՂԱՄԱՐԴ – (շփոթված): Ծաղի՞կ:

ԿԻՆ – (շփոթված): Անձրև՞:

ԱՆԾԱՆՈԹ – (շփոթված): Ա՜խ, ներեցեք, հակառակն էի ուզում ասել: Լեզվի սայթաքում…

Տղամարդը մոտենում է պատուհանին և դուրս նայում:

ՏՂԱՄԱՐԴ – Անձրև է գալու:

ԿԻՆ – Գարուն է: Պիտի գա:

ՏՂԱՄԱՐԴ – Հա՜, լավ կլիներ… Սիրում եմ անձրևը: Գալիս է ու լվանում քաղաքը: Բայց, երևի, երազելը քիչ է: (Հարցական հայացքով շրջվում է դեպի Անծանոթը:) Միգուցե պետք է աղոթե՞լ…

ԿԻՆ – Տեր իմ Աստվա՜ծ, մեզ միայն աղոթելն էր պակաս…

ԱՆԾԱՆՈԹ – Թատրոններից մեկում մի խենթ հուշարարի հանդիպեցի: (Ձեռքով ցույց է տալիս դահլիճը:) Գիտե՞ք, ինձ ինչ ասաց:

ՏՂԱՄԱՐԴ – Ի՞նչ ասաց:

ԿԻՆ – Ի՞նչ ասաց:

ԱՆԾԱՆՈԹ – Ասաց՝ երբ աղոթում ես անձրևի համար, չմոռանաս վերցնել հովանոցդ:

ԿԻՆ – Հիրավի, որ խենթ…

ԱՆԾԱՆՈԹ – Մի բան էլ ասաց այդ խենթ հուշարարը: (Հայացքով տնտղում է դահլիճը, բայց աչքերը ոչ մեկի վրա չեն կանգնում:)

ՏՂԱՄԱՐԴ, ԿԻՆ – Ի՞նչ ասաց:

ԱՆԾԱՆՈԹ – Ասաց՝ երբ աղոթում ես անձրևի համար, պատրաստվիր քայլել ջրոփոսերի միջով:

ՏՂԱՄԱՐԴ – Հիրավի, որ խենթ…

ԿԻՆ – Խենթ որ խենթ…

ԱՆԾԱՆՈԹ – Երևի անձրևը խենթերի խենթությունն էլ կմաքրի-կտանի:

Ամպի հեռավոր որոտն է լսվում:

ՏՂԱՄԱՐԴ – Իսկ անձրևը չի գալիս: Ես շուտով կգամ: (Դուրս է գալիս սենյակից:)

ԿԻՆ – (Տղամարդու հետևից): Այդ ո՞ւր…

ԱՆԾԱՆՈԹ – (Կնոջը): Դուք սուրճի մասին ինչ-որ բա՞ն էիք ասում:

ԿԻՆ – Մտքովս անգամ չի անցել:

ԱՆԾԱՆՈԹ – Ափսոս… Երևի ծերանում եմ: Արդեն ականջիս ձայներ են հասնում:

ԿԻՆ – Կարևորը՝ լավ ձայներ հասնեն:

ԱՆԾԱՆՈԹ – (ցույց տալով դռան կողմը): Իսկ նա ո՞ւր գնաց:

ԿԻՆ – Չգիտեմ: Միգուցե՝ սուրճ բերելու:

ԱՆԾԱՆՈԹ – Լա՜վ կլիներ… Բայց քանի դեռ չի բերել, կարող ենք երազել սուրճի մասին:

ԿԻՆ – Լավ միտք է:

ԱՆԾԱՆՈԹ – Այո: Կարծեմ դուք էիք ասում, չէ՞, որ սպասումն իրականությունից ավելի լավ է:

ԿԻՆ – Երևի: Արդեն ինքս էլ եմ գալիս այդ մտքին: Եթե այս ծաղկամանի մեջ ծաղիկ լիներ՝ սպասման հրաշքը կվերանար: Իսկ այսպես՝ առանց ծաղիկ, ես կարող եմ սպասել ու երազել… Ո՞վ գիտե, գուցե նա գնաց, որ ինձ համար ծաղիկ բերի: Քանի դեռ չի բերել՝ ես կարող եմ մտովի ըմբոշխնել այդ պահը:

ԱՆԾԱՆՈԹ – Սպասման հրաշքը:

ԿԻՆ – Ա՜խ, ինչ լավ ասացիք: Այո, սպասման հրաշքը: (Ցույց տալով դուռը:) Գիտե՞ք, իրականում նա շատ լավ մարդ է՝ բարի և անշառ: Եվ, որ կարևորն է, սիրում է երազել: Ես երբեմն թեթևակի խայթում եմ նրան… Դե, գիտեք, կինը պիտի մի քիչ խայթի, որ տղամարդը զգոն լինի:

ԱՆԾԱՆՈԹ – (ծիծաղելով): Հա՜, գիտեմ: Բոլոր քաղաքներում հենց միայն դա եմ տեսնում:

ԿԻՆ – Միայն դա՞:

ԱՆԾԱՆՈԹ – Դե, եթե անկեղծ լինեմ, երբեմն էլ տղամարդիկ են խայթում կանանց: Երևի նորմալ է:

ԿԻՆ – Նորմալ է, բայց ոչ արդարացի:

ԱՆԾԱՆՈԹ – Արդարություն: Լավ բառ է: Ընդամենը մի բառ, որը ևս սպասումի պես է: Սպասում ես արդարությանը, սպասում ես անձրևին, սպասում ես ծաղիկին, բայց դրանք չկան ու չկան…

ԿԻՆ – Չգիտեմ: Բայց խոստովանեք, որ սպասման մեջ էլ քաղցր բան կա: Ես չգիտեմ, թե ինչ ծաղիկ են ինձ համար բերելու: Եթե իմանամ, ապա կկորչի անակնկալի բերկրանքը: Մի քանի օրից այն կդառնա առօրեական, իսկ հետո կմոռացվի: (Ձեռքով ցույց է տալիս պատը:) Ինչպես այս նկարը կամ այս ժամացույցը: Իսկ հիմա, քանի դեռ ծաղիկը չկա, ամեն վայրկյան կարող եմ սպասել ու երազել:

ԱՆԾԱՆՈԹ – Ինչպես անձրևին:

ԿԻՆ – Այո, ինչպես անձրևին: (Մոտենում է պատուհանին՞) Թող գա անձրևն ու մաքրի քաղաքի փոշին: Թող մաքրի մարդկանց, շենքերը, տանիքները, թափառական շներին ու անգամ առնետներին: Թող քշի-տանի քաղաքի վրայից այս անվերջ տխրությունը: (Գլուխը հենում է պատուհանի ապակուն:)

ԱՆԾԱՆՈԹ – Դուք հոգնել եք:

ԿԻՆ – Ես հոգնել եմ: Ես հոգնել եմ սպասելուց: Ես ուզում եմ ապրել այսօր ու հիմա: Ուզում եմ վազել դուրս ու գոռալ այս գորշ քաղաքի վրա: Ուզում եմ նայել մշտապես շտապող անցորդների աչքերին ու ասել՝ մարդի՜կ, ախր ինչի՞ն եք սպասում: Ապրե՜ք, սիրե՜ք ու սիրվե՜ք… Դեռ տեղ-տեղ մնացած ու ասֆալտով չխեղդված հողի մեջ ծաղիկներ ցանեք ու խնդրեք երկնքին, որ անձրև ուղարկի: Եվ մի՛ լքեք այս քաղաքը՝ մի այլ, ավելի լավ քաղաք գտնելու հույսով:

ԱՆԾԱՆՈԹ – Հատկապես, որ բոլոր քաղաքները նույնն են: Քաղաքը մարդիկ են քաղաք դարձնում: Իմ բառերը չեն: Հուշարարն է ասում: (Ձեռքով ցույց է տալիս դահլիճը:)

ԿԻՆ — (հուզված աչքերն է սրբում): Ես այնքա՜ն եմ հոգնել սպասելուց:

Անծանոթը մոտենում, նրան իր թաշկինակն առաջարկում: Կինը նստում է աթոռին ու սրբում աչքերը: Անծանոթը պատուհանից դուրս է նայում:

ԱՆԾԱՆՈԹ – Անձրև է գալու: Ժամանակն է: Երևի աղոթողները շատ են:

ԿԻՆ – (լացակումած): Այո, գարուն է: Պիտի գա:

ԱՆԾԱՆՈԹ – Եվ քաղաքը վերջապես կլվացվի ու շունչ կքաշի:

ԿԻՆ – Ես հասկացա, թե որտեղից են առնետները մեր քաղաքում: Դրանց մենք ենք բազմացնում: Այն քաղաքում, ուր ծաղիկներ չկան, առնետներն են շատանալու: Եվ հողը, որի մեջ ծաղիկ տնկելու փոխարեն աղբ է թափվում, հավիտյան անիծյալ է լինելու: Դա վերջն է, հասկանո՞ւմ եք, դա վերջն է…

Անծանոթը շրջվում է դեպի Կինը և ուշադիր նայում նրան:

ԱՆԾԱՆՈԹ – Միայն վերջին հասնելով՝ կարող ես հասկանալ, թե ինչ կա դրանից անդին: Հուսամ, որ դուք իրոք հասել եք վերջին:

Անսպասելի ներս է մտնում Տղամարդը՝ ձեռքին ինչ-որ փաթեթ: Անծանոթն ու Կինը հետաքրքությամբ փաթեթին են նայում:

ՏՂԱՄԱՐԴ – Ա՜, դուք դեռ այստե՞ղ եք: (Փաթեթը դնում է սեղանին:)

ԱՆԾԱՆՈԹ – Մենք մեր մտերմիկ զրույցն էինք վայելում:

ՏՂԱՄԱՐԴ – Անհո՜ւյս ռոմանտիկներ… Իսկ ես հասցրեցի գնալ մոտակա խանութը: Բարեբախտաբար անձրև դեռ չի գալիս: Բախտս բերեց:

ԿԻՆ – Բայց դու էիր ուզում քայլել անձրևի տակ ու թրջվել:

ՏՂԱՄԱՐԴ – Ես երազում էի դրա մասին, բայց իրականում դա վտանգավոր է. կարելի է հեշտությամբ թոքերի բորբոքում սատանալ:

ԱՆԾԱՆՈԹ – Ամեն ինչ երազանքից է սկսվում:

ՏՂԱՄԱՐԴ – Երկու ձեռքով համաձայն եմ: Բայց, հավատացեք, երբեք չեմ երազել թոքերի բորբոքում ստանալ:

ԱՆԾԱՆՈԹ – Հմմ…

ԿԻՆ – Դե ասա՝ ի՞նչ տեսար քաղաքում:

ՏՂԱՄԱՐԴ – Քաղաքո՞ւմ: Իսկ ի՞նչ պիտի տեսնեի՝ տխուր շենքեր, շտապող մարդիկ, փոշոտ մեքենաներ, նիհարած թափառական շներ… Անգամ առնետներ տեսա՝ քաղցած ու զզվելի:

ԿԻՆ – Իսկ անձրև, ասացիր, դեռ չկա՞ր:

ՏՂԱՄԱՐԴ – Դեռ չկար: Բայց կգա: Գարուն է: Գարունն անձրևների ժամանակն է:

ԱՆԾԱՆՈԹ – Կներեք, իսկ ի՞նչ է ձեր այդ գեղեցիկ փաթեթի մեջ: Մի՞թե անմահական սուրճ՝ տաք և բուրավետ: Ես կարծես դրա հոտն եմ առնում:

ՏՂԱՄԱՐԴ – (բացելով փաթեթը): Դեռ ոչ: Ձեր քիթը խաբում է ձեզ, պարոն: Սրանք սուրճի հրաշալի բաժակներ են: Տեսեք, ի՜նչ գեղեցիկ են… Մի օր մենք այս բաժակներով սուրճ կխմենք: Կարևորը, որ բաժակներ արդեն ունենք: (Դատարկ բաժակները շարում է սեղանին:)

ԿԻՆ – Իսկ հետո, միգուցե, սուրճ կխմենք…

ԱՆԾԱՆՈԹ – Իսկ այդ «հետոն» ե՞րբ է:

ԿԻՆ – Մի գեղեցիկ օր…

ԱՆԾԱՆՈԹ – Սրանից էլ գեղեցիկ օ՞ր…

ԿԻՆ – Մի՛ փչացրեք սպասման ռոմանտիկան:

ԱՆԾԱՆՈԹ – (անհամբեր): Սուրճ կլինի՞: Ես սպասե՞մ:

ՏՂԱՄԱՐԴ – Հույսով ու սիրով միասին կսպասենք:

ԿԻՆ – Իսկ մենք այնքա՜ն էինք սպասում, որ դու սուրճ կբերես…

ՏՂԱՄԱՐԴ – Այո, հրաշալի բան է սպասումը…

ԱՆԾԱՆՈԹ — (ձեռքը թափ տալով): Դե, ինչ ասեմ՝ լավ եղեք: Ես գնամ… Հովանոցը չմոռանաք…

ԿԻՆ – Սպասեք, գուցե սո՞ւրճ խմենք…

ՏՂԱՄԱՐԴ – Ի՞նչ հովանոց:

Անծանոթը մի պահ նայում է Կնոջն ու Տղամարդուն, հետո դահլիճին ու առանց պատասխանելու դուրս է գալիս: Տղամարդն ու Կինը մի պահ նայում են նրա ետևից: Հետո Կինը նստում է հանդիպակաց աթոռին, իսկ Տղամարդը մոտենում է պատուհանին: Լսվում է երկնքի որոտի ձայնը:

ՏՂԱՄԱՐԴ – (մտածկոտ): Անձրև է գալու: Ամպը գոռում է: (Շրջվելով դեպի կինը:) Անձրև է գալու:

ԿԻՆ – Գարուն է: Պիտի գա:

ՏՂԱՄԱՐԴ – Հա՜, լավ կլիներ… Սիրում եմ անձրևը: Գալիս է ու լվանում քաղաքը:

ԿԻՆ – Մեր քաղաքը…

Երկուսն էլ նստում են իրենց աթոռներին: ՄԻ պահ լռություն է տիրում, և այդ պահին լսվում է երկիքի պայթունը, որին հետևում է հորդառատ անձրևի տեղատարափի ձայնը: Երկուսով նայում են պատուհանին:

ԿԻՆ – Անձրևը…

ՏՂԱՄԱՐԴ – Անձրևը… Ինչքա՜ն էինք սպասում այս անձրևին…

ԿԻՆ – (քիչ տարակուսած): Ահա… Ինչ-որ բան պիտի անեինք, չէ՞:

ՏՂԱՄԱՐԴ – (նայում է շուրջը, հայացքը կանգնում է սեղանին ու բաժակներին): Հիշեցի: Սուրճ պիտի խմեինք:

ԿԻՆ – Այո, այո… Ես կդնեմ: Քեզ շաքարո՞վ:

ՏՂԱՄԱՐԴ – Այո, մի քիչ… Շնորհակալ եմ:

Կինը պատրաստվում է դուրս գալ սենյակից:

ՏՂԱՄԱՐԴ – (կանչելով կնոջ ետևից): Է՜, սպասիր…

ԿԻՆ – (շրջվելով): Ի՞նչ:

ՏՂԱՄԱՐԴ – Հովանոցը չմոռանա՜ս:

Կինը մի պահ չհասկանալով նայում է Տղամարդուն, ապա դուրս է գալիս: Տղամարդն էլ նայում է նրա ետևից, ապա կրկին շրջվում դեպի պատուհանը: Դրսում մոլեգնում է անձրևը:

07 փետրվարի 2022 թ.

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։