ԵՐԿՈՒՍՈՎ, ԲԱՅՑ ՄԻԱՅՆԱԿ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ
Ռադիոպիես
ՍՈՆԱ — 16 տարեկան
ՏԻԳՐԱՆ — 42 տարեկան
ՏՂԱՄԱՐԴՈՒ ձայնը — Ինչպե՞ս առաջին անգամ հայտնվեցի այդ այգում… Չեմ հիշում ու դժվար հիշեմ: Ինչպես չեմ կարող հիշել այն օրը, երբ տեսա, որ լքված եմ, մի կողմ քշված, երբ զգացի, որ ավելորդ եմ… Մի տեսակ աննկատելի սկսվեց և ավարտին հասավ այդ օտարացումը, թեև շուրջս կատարվող փոփոխությունները ավելի քան սրընթաց ու շոշափելի էին: Նոր կյանք էր սկսվում նոր օրենքներով, նոր խաղ` նոր կանոններով: Ես չկարողացա, դուրս մղվեցի… ու մի օր էլ ինձ գտա այդ այգում, այդ նստարանին նստած: Արագ բարեկամացանք՝ ես, այգին, նստարանը: Կյանքը դարձել էր օտար մոլորակ, կամ էլ ես` այլմոլորակային: Եվ, ո՞վ գիտե, մինչև ուր կհասնեի իմ միայնության հետ, եթե այդ օրը նա չմտներ այգի, չնստեր կողքի նստարանին, չմոտենար ինձ, կամ ես այդ օրը այգում չլինեի: Ասենք, վերջին տարբերակը քիչ հավանական էր:
Նա վազելով, ասես հետապնդում էին, հասավ ինձնից քիչ հեռու գտնվող նստարանին, հանկարծակիի եկած մեխվեց տեղում, շուրջը նայեց… Զարմացած տեսք ուներ՝ ինչպե՞ս հայտնվեց այստեղ: Բայց զարմանքը կարճ տևեց. նստեց, պարզ է, գնալու տեղ չուներ: Ոտքը գցեց ոտքին, դեմքին համառ արտահայտություն հայտնվեց, ասես ասում էր. «Ինձ ոչ ոք չի հետաքրքրում, ինձ չխանգարե՛ք»: Թերթ էի կարդում, նրա հայտնվելուց հետո ուշադրությունս կիսվեց, դա բնական էր. այդ ժամին ես միշտ մենակ էի: Բայց քիչ անց համարյա մոռացա նրա ներկայության մասին: Այդ օրերին խուսափում էի մարդկանցից և հեշտությամբ էի անջրպետվում նրանցից… Չնկատեցի, թե ինչպես մոտեցավ:
ՍՈՆԱ — (կեղծ հազում է, բայց արձագանք չկա: Մի անգամ էլ է փորձում: Ապարդյուն): Լսեք… Լը-սե՛ք… Չե՞ք լսում:
ՏԻԳՐԱՆ — Դեռ չեմ խլացել, բայց գոռոցը վատ եմ լսում:
ՍՈՆԱ — Ես գոռացի՞… Երևի: Բայց արդեն մի ժամ է՝ ձեզ եմ դիմում:
ՏԻԳՐԱՆ — Մեկ րոպե:
ՍՈՆԱ — Ի՞նչ:
ՏԻԳՐԱՆ — Ինձ ես դիմում ոչ թե մեկ ժամ, այլ մեկ րոպե: Հիմա արդեն՝ երկու:
ՍՈՆԱ — Դե, ես… այսպես ասած, պայմանական…
ՏԻԳՐԱՆ — Արդեն երկուս ու կես րոպե:
ՍՈՆԱ — Ի՞նչ եք րոպեները հաշվում… Ծխախոտ ունե՞ք:
ՏԻԳՐԱՆ — Դաստիարակված մարդիկ նախ բարևում են: Եթե բարևելու սովորություն չունեն, գոնե ներողություն են խնդրում և նոր միայն հայտնում իրենց խնդրանքը: Խնդրա՛նքը, ինչը նշանակում է, որ քո խոսքի մեջ անպաման պիտի լինի «խնդրում եմ» բայը:
ՍՈՆԱ — Պարզվում է՝ անդաստիարակի մեկն եմ:
ՏԻԳՐԱՆ — Հակառակը չեմ պնդի: Դե՞…
ՍՈՆԱ — Ի՞նչ՝ դե…
ՏԻԳՐԱՆ — Նախ՝ բարևել, հետո՝ ներողություն խնդրել, հետո՝ «խնդրում եմ» բայը չմոռանալ:
ՏՂԱՄԱՐԴՈՒ ձայնը — Շրջվեց, վերադարձավ իր տեղը: Ինչո՞ւ վիրավորեցի, չգիտեմ: Գուցե գիտեի… հիմա չեմ հիշում: Աչքի ծայրով տեսա, որ փորձում է անտարբեր տեսք ընդունել, դա այնքա՛ն ծիծաղելի էր ու հուզիչ միաժամանակ: Ինչի՞ց կամ ումի՞ց էր փախել ու հայտնվել այգում: Հանկարծ զգացի իրավիճակի ողջ անհեթեթությունը՝ կարծես հետևում էի նրան: Թաքնվեցի փրկարար թերթի ետևում, մինչև այդ տարօրինակ աղջնակը հեռանար. նա այգում երկար մնացողը չէ: Բայց…
ՍՈՆԱ — (մոտենալով): Բարև ձեզ, ներեցեք, խնդրում եմ: (Տիգրանը չի արձագանքում🙂 Բարև ձեզ, ներեցեք, խնդրում եմ: (Երկրորդ անգամ նրա ձայնը հնչում է կասկածելի քաղցրությամբ🙂 Ծխախոտ ունե՞ք:
ՏԻԳՐԱՆ — Ծխախո՞տ… Այո:
ՍՈՆԱ — Մի հատիկ ծխախոտ եմ խնդրում:
ՏԻԳՐԱՆ — Ծխելը վնաս է առողջությանը:
ՍՈՆԱ — Կե՛ղծ բարեպաշտ:
ՏԻԳՐԱՆ — Ընդամենը հիշեցնում եմ առողջապահության նախարարության զգուշացումը:
ՍՈՆԱ — Ո՞վ է ձեզ էդ իրավունքը տվել… Քաղաքավարության կանոննե՜րն է սովորեցնում… Տեսե՛ք, տեսե՛ք, նրան հուզում է իմ առողջական վիճակը… Ու ձեր ծխախոտն էլ ձե՛զ մնա…
ՏԻԳՐԱՆ — Երևում է, որ հուզված ես, բայց… գլուխդ չի՞ ցավում:
ՍՈՆԱ — Պիտի ցավի՞:
ՏԻԳՐԱՆ — Հուզված վիճակում մազերդ անխնա քաշքշելու սովորություն ունես, բայց երբ հուզմունքդ անցնի, գլխացավ կսկսվի: Ի դեպ, սանրվելն էլ չէր վնասի:
ՍՈՆԱ — Իմիջիայլոց, սանրվածքս նորաձևության վերջին ճիչն է: Ու չհամարձակվե՛ք էդպես նայել ինձ:
ՏԻԳՐԱՆ — Ինչպե՞ս:
ՍՈՆԱ — Կարծես ես չկամ:
ՏԻԳՐԱՆ — Լավ, ուրիշ կողմ կնայեմ: Ուրեմն, ծխում ես:
ՍՈՆԱ — Ոչ… այո… Արդեն՝ այո: Վերջապես տալո՞ւ եք էդ տխմար ծխախոտը:
ՏԻԳՐԱՆ — Խնդրա՞նք է, թե՞ պահանջ:
ՍՈՆԱ — Ախր, իմ տխմար խնդրանքն ինչո՞ւ եք լրջացնում: Ձեզնից բացի այգում ուրիշ մարդ չկա…
ՏԻԳՐԱՆ — Իրոք որ, միայն ես եմ: Ուրեմն, ստիպված եմ…
ՍՈՆԱ — Ի՜նչ էժանագին ողբերգություն:
ՏԻԳՐԱՆ — Կարծում ես, մերձավորին առաջին ծխախոտ տալը աստվածահաճո գո՞րծ է:
ՍՈՆԱ — Դուք… հավատացյա՞լ եք:
ՏԻԳՐԱՆ — Պարզապես ամեն անգամ խոտոր ճամփա բռնած մարդ տեսնելիս Բարձրյալին եմ հիշում:
ՍՈՆԱ — Հիմա կգնամ ու անկյունի կրպակից հազա՛ր տուփ ծխախոտ կգնեմ: Ձեզ էլ կազատեմ խղճի խայթից:
ՏԻԳՐԱՆ — (անխռով): Ծխախո՞տ էիր խնդրում:
ՍՈՆԱ — Դե… գիտե՞ք ինչ… Կորե՛ք գրողի ծոցը:
ԱՂՋԿԱ ձայնը — Ես խցանի պես դուրս թռա այգուց: Երկու րոպե չանցած՝ մի թաղամաս կտրել—անցել էի, այդ թափով որ վազեի` կես ժամից քաղաքից շատ հեռու կլինեի: Բայց… կրպակից մի տուփ սիգարետ գնեցի, լուցկի չվերցրի այն պարզ պատճառով, որ նրա հետ նորից խոսելու ծանրակշիռ պատճառ ունենայի: Ու վերադարձա այգի:
ՍՈՆԱ — Ներեցեք, որ ընդհատում եմ ձեր ընթեցումը… ծխախոտ ունեմ, բայց լուցկի կրպակում չկար: Խնդրում եմ, լուցկի չէի՞ք տա: Իսկ ծխելն իմ առողջությանը վնաս չէ, ես կարող եմ բժշկից տեղեկանք բերել:
ՏԻԳՐԱՆ — Քաղաքավարության կանոնները կասկածելի արագությամբ ես յուրացնել, բայց խղճի խայթից ինձ չազատեցիր: (Մեկնելով վառիչը🙂 Վերցրու:
ՍՈՆԱ — Գուցե դո՞ւք վառեք ծխախոտը:
ՏԻԳՐԱՆ — Ինչքան շուտ սովորես ինքնուրույնության, այնքան լավ` քեզ համար:
ՍՈՆԱ — Շնորհակալություն:
ՏԻԳՐԱՆ — Խնդրեմ: Իսկ ծխել, միևնույն է, չի կարելի: Դու դեռ փոքր ես:
ՍՈՆԱ — Փո՜քր: (Քմծիծաղով🙂 17 տարեկան եմ:
ՏԻԳՐԱՆ — Նույնիսկ 17: Արդե՞ն, թե՞ շուտով:
ՍՈՆԱ — Շուտո՛վ: Բայց քարոզ չկարդաք: Միևնույն է, չի ազդի:
ՏԻԳՐԱՆ — Քարոզ կարդալու միտք չունեմ: Վառիչը տվեցի՞` տվեցի՛, հիմա կարո՞ղ ես ինձ հանգիստ թողնել:
ՍՈՆԱ — Կարող եմ:
ՏԻԳՐԱՆ — Եվ ասա հասցեն:
ՍՈՆԱ — Ի՞նչ հասցե:
ՏԻԳՐԱՆ — Քիչ առաջ ինձ գրողի ծոցն ուղարկեցիր: Դա որտե՞ղ է:
ԱՂՋԿԱ ձայնը — Ես շրջվեցի հեռանալու լավագույն մտադրությամբ, փոխարենը վերադարձա ու նստեցի նրա կողքը:
ՍՈՆԱ — Մի քանի տարի առաջ զարմիկս մի դաշտամուկ նվիրեց: Ինչքան ես էի հիացել նրանով, էդքան նա էր տխրել՝ ինձ տեսնելով: Փորձեցի շոյել դնչիկը, նա էլ փորձեց կծել մատս: Հետո փքվեց ու կոշիկի տուփի մեջ կուչ եկավ: Երկու օր ոչինչ չկերավ, միայն ջուր էր խմում ու դժգոհ նայում տնեցիներին, իսկ ինձ տեսնելիս փքվում էր ու ատամներն էր ցույց տալիս:
ՏԻԳՐԱՆ — (դադարից հետո, տեսնելով, որ Սոնան շարունակելու միտք չունի): Հետո՞:
ՍՈՆԱ — Հետո զարմիկս նրան տարավ: Անպիտանի մռութից ի՜նչ երանություն էր կաթում, ես էլ չարացա ու մի հատ շրմփացրի… դաստիարակչական նպատակով:
ՏԻԳՐԱՆ — (դադարից հետո): Հետո՞:
ՍՈՆԱ — Նա էլ մատս կծեց: Եվ իրարից գոհ՝ բաժանվեցինք: Ընդմի՛շտ:
ՏԻԳՐԱՆ — Իսկ ոմանք ասում են, թե դաշտամկները շատ անհասկացող են:
ՍՈՆԱ — Հասկանալու ի՞նչ կա: Դուք շատ նման եք նրան:
ՏԻԳՐԱՆ — Դե, իհարկե… փքված տեսքո՜վ, դժգոհ հայացքո՜վ…
ՍՈՆԱ — … ու սուր ատամներո՛վ:
ՏԻԳՐԱՆ — Քո սուր լեզվից հետո:
ՍՈՆԱ — Սկսվե՜ց… Քիչ հետո էլ կասեք, որ շատախոսների թագուհին եմ:
ՏԻԳՐԱՆ — Թագուհին` ո՜ւր, դու` ո՜ւր… Ընդամենը սկսնակ արքայադուստր ես:
ՍՈՆԱ — Էդ հիմա եք ասում: Կես ժամ չանցած կվերականգնեք թագուհու կարգավիճակը:
ՏԻԳՐԱՆ — Պատրաստվում ես կես ժամ խոսե՞լ:
ՍՈՆԱ — (մարտահրավերով): Ինչո՞ւ կես ժամ, ինչքա՛ն ուզեմ:
ՏԻԳՐԱՆ — Համոզվա՞ծ ես, որ լսող կլինի:
ՍՈՆԱ — Դո՛ւք: Պարապ նստել եք, չգիտեք, օրը ոնց մեռցնեք: Հայտնվեցի ես ու խախտեցի ձեր միօրինակ գրաֆիկը: Էնպես որ, շնորհակալություն հայտնելու ճիշտ ժամանակն է:
ՏԻԳՐԱՆ — (իբր վախեցած): Դեռ շնորհակալությո՞ւն պիտի հայտնեմ:
ՍՈՆԱ — (իբր զարմացած): Ես ձեզ խանգարո՞ւմ եմ:
ՏԻԳՐԱՆ — Ես կարդում էի:
ՍՈՆԱ — Մե՜ծ բան է: Դուք գործնական մարդ չեք: Ժամը չէի՞ք ասի:
ՏԻԳՐԱՆ — Երկուսը չկա:
ՍՈՆԱ — (հաղթական): Ահա՛: Գործնական տղամարդը էդպես չի վերաբերվում ժամանակին:
ՏԻԳՐԱՆ — Իսկ ինչպե՞ս պիտի վերաբերվի: Գուցե բացատրե՞ս:
ՍՈՆԱ — (կարճ երկմտանքից հետո): Դե… հիմա ո՞վ է էդպես անփույթ վերաբերվում ժամանակին: (Նմանակելով🙂 Երկուսը չկա՜… Իսկական տղամարդու ամեն րոպեն հաշված է: Հիմա օրվա էն ժամն է, երբ գործը եռում է՝ գործարքներ, պայմանագրեր, խոշոր գումարներ են շրջանառության մեջ դրվում, շահում կամ տանուլ են տալիս: Իսկ դուք ապուշ թերթերը շարել եք նստարանին ու կարդո՜ւմ եք: Ո՜ւր էր, թե միայն կարդայիք: Ինձ պեսներին քաղաքավարության ձրի դասեր եք տալիս: Իսկ սիգարետի տուփին գրված կեղծավոր նախազգուշացումը ձեր հայտնագործությունը չէ՞:
ՏԻԳՐԱՆ — (իբր մեկուսի): Դեռ 17-ը չի լրացել, և արդեն այսքան…
ՍՈՆԱ — (կռվարար): Ի՞նչ… այսքան՝ ի՞նչ:
ՏԻԳՐԱՆ — Ամբարտավա՛ն:
ՍՈՆԱ — Ահա… ասացիք: Եվ ինչո՞ւ: Որովհետև լսեցիք էն, ինչից սարսափում եք:
ՏԻԳՐԱՆ — Դո՞ւ պիտի ասես մի բան, որը կարող է վախեցնել ինձ:
ՍՈՆԱ — Ե՛ս: Միայն, զգուշացնում եմ, կռիվ չսարքեք:
ՏԻԳՐԱՆ — Այդ հետո կտեսնենք: Շարունակիր:
ՍՈՆԱ — Շարունակեմ: Մեր օրերի մարդ չեք: Չէի պնդի, որ ընդհանրապես չեք աշխատում, բայց այդ աշխատանքից ոչ դուք եք գոհ, ոչ էլ` աշխատանքը: Եվ իրարից փախչում եք: Բայց ո՞ւր: Տո՞ւն… Դուռը կբացի դժգոհ դեմքով, մաշված խալաթով կինդ ու երեսիդ կշպրտի մաշված բառերի հեղեղ: Ի դեպ, նա վերջին անգամ ե՞րբ է ասել. «Սիրելի՜ս»: Չպատասխանեք, վաղո՛ւց չի ասել: Երեխաներն էլ ուրախ չեն դիմավորում՝ հազար հոգս ունեն, իսկ հայրիկը օգնել չի կարող…
ՏԻԳՐԱՆ — Գուցե շո՞ւնչ քաշես:
ՍՈՆԱ — (ավելի դաժանանալով): Դուք նույնիսկ սիրուհի չունեք: Որտեղի՞ց: Սիրուհի պահելու համար… (Դադար: Ցուցադրական նրան զննելով🙂 Գիտե՞ք, ձեր արտաքինը վատը չէ, հետաքրքիր դեմք ունեք, անգամ ջղայնացած, բայց… Հասկանո՞ւմ եք, դա շատ քիչ է, համարյա ոչինչ: Որովհետև սիրուհուն պիտի երես տաս՝ ծաղիկ, ֆրանսիական օծանելիք… Պետք է սրճարան, բար հրավիրել, հետո… Հետո ինչ-որ տեղ տանել: Իսկ դուք մեքենա չունեք: Ունե՞ք… Իհարկե, չէ: Ուրեմն ի՞նչ կարող եք նրան առաջարկել՝ էս այգին ու փոշոտ թերթե՞րը: Ասվածը բերենք ընդհանուր հայտարարի: Աշխատանք՝ չկա: Ընտանիք՝ համարյա չկա: Սիրուհի չկա ու չի լինի: Էս տխուր արդյունքից հետո ի՞նչ եք պատրաստվում անել… (Վախեցած🙂 Լսեք, ի՞նչ եք անում: Ինչո՞ւ եք ոլորում թերթերը… Բա դեմքը… ոնց է կատաղել… Չբարձրանա՛ք տեղից, լսո՞ւմ եք, չմոտենա՛ք ինձ… Ուզում եք խփե՞լ… Նկատի ունեցեք, ես դաստիարակության ենթակա չեմ… Մեղավո՞ր եմ, որ դուք անհաջողակ եք…
ՏԻԳՐԱՆ — Լսի՛ր, լակո՛տ, լռելո՞ւ ես…
ՍՈՆԱ — (կամաց): Թողեք, խնդրում եմ: Խնդրում եմ… (Անսպասելի ճչում է🙂 Թո՛ղ, չհամարձակվես խփել, լսո՞ւմ ես… (Կամաց🙂 Այսօր երկրորդ մարդն եք, որ ապտակեց ինձ:
ՏԻԳՐԱՆ — Ես քեզ չապտակեցի:
ՍՈՆԱ — Իզուր: Եթե ձեռքը պարզվել է, ճիշտը հարվածելն է, ի՞նչն է ձեզ պահում… (Զուսպ🙂 Ներեք, խնդրում եմ: (Դուրս է վազում🙂
ՏՂԱՄԱՐԴՈՒ ձայնը — Նա դուրս վազեց: Այգին միանգամից դատարկվեց: Հասկացա, որ այգում մնալ չեմ կարող: Ու հեռացա:
ԱՂՋԿԱ ձայնը — Երկար թափառեցի փողոցներում, մտա պատահական մի սրճարան, բայց գիտեի, որ պիտի վերադառնամ: Նրա լռությունը, սառն ու անտարբեր ձայնը, հեգնանքն ու խղճահարություն առաջացնող համակերպվածությունը ինձ ձգում էին այգի: Վերադարձա, իսկ նա չկար: Անակնկալի եկա, չգիտեմ ինչու՝ համոզված էի, որ այդտեղ է: Նստարանին մոռացված թերթերը տեսա: Վերցրի մեկն ու սկսեցի սպասել, իսկ երբ նա երևաց, թաքնվեցի թերթի ետևում, իբր կարդում եմ: Ինձ տեսնելով՝ շփոթվեց: Երկմտում էր՝ թողնի—գնա՞, թե՞ մոտենա: Մոտեցավ:
ՏԻԳՐԱՆ — Միայն չասես, որ ինձ չես նկատել:
ՍՈՆԱ — Ասացե՛ք խնդրեմ… վաղո՜ւց չենք տեսնվել:
ՏԻԳՐԱՆ — Ես ներողություն եմ խնդրում:
ՍՈՆԱ — (շփոթված): Իսկապե՞ս ներողություն եք խնդրում:
ՏԻԳՐԱՆ — Այո, իսկապես: Չգիտեմ, ինչ պատահեց ինձ հետ: (Չոր🙂 Ներողություն խնդրեցի՞, հիմա ազատիր նստարանը:
ՍՈՆԱ — Ինչո՞ւ:
ՏԻԳՐԱՆ — Որովհետև սա իմ տեղն է: Վկա էլ ունեմ՝ թերթերը:
ՍՈՆԱ — Ինձ էստեղ դուր է գալիս:
ՏԻԳՐԱՆ — Խելոք աղջիկ եղիր, գնա այստեղից: Եվ ինչքան հեռու` այնքան լավ:
ՍՈՆԱ — Ի՞նձ համար:
ՏԻԳՐԱՆ — Ի՛նձ համար: Եթե մի քիչ էլ շարունակվի այս տխմար խոսակցությունը, նորից ինձ կկորցնեմ:
ՍՈՆԱ — (ինքնագոհ): Մայրս էլ է ասում, որ ամենահավասարակշռված մարդուն անգամ կարող եմ կատաղեցնել: Մայրս երբե՛ք չի սխալվում: Չէ՛, մի անգամ սխալվել է: Վկան…
ՏԻԳՐԱՆ — Դո՛ւ:
ՍՈՆԱ — Նախ՝ ոչ թե դու, այլ դուք: Հետո՝ ոչ թե ես, այլ տատս: Գիտեմ, հիմա ձեր թերթի ետևում հետաքրքրությունից պայթում եք՝ տա՞տս էստեղ ինչ գործ ունի:
ՏԻԳՐԱՆ — Պայթո՛ւմ եմ:
ՍՈՆԱ — (գոհունակ): Հարգում եմ անկեղծ մարդկանց, որքան էլ նրանք կեղծեն: Իսկ տատիս սխալն էն էր, որ կարողացավ համոզել մորս, ու ես ստիպված աշխարհ եկա: Այսպես ասած՝ որպես պարտադրված փաստ: Միայն չասեք, թե հիմա չեք մտածում. «Էս գիժը որտեղի՞ց եկավ»:
ՏԻԳՐԱՆ — Իսկապես, որտեղի՞ց…
ՍՈՆԱ — Տնից: Գիտե՞ք, ինչ է տունը: Աշխարհի չորս անկյունները բերում-միացնում են մի բուռ տարածության վրա, տանիքով փակում են, որ երկինքը չերևա, դռներ են դնում, որ քամին չխաղա, հետո օրեր, ամիսներ ու տարիներ իրեր են առնում, խցկում մինչև վերջին անկյունը և էդ ամենին տալիս են մի կարճ անուն՝ տուն: Էդ տնից եմ եկել: Միայն չասեք, որ տուն գնալուս ժամանակն է:
ՏԻԳՐԱՆ — Գիտե՞ս, ո՛րն է տատիդ սխալը:
ՍՈՆԱ — Գիտեմ: Երբ փոքր էի, քիչ է անկյուն կանգնեցրել: Իսկ գուցե հակառակը՝ շատ խի՞ստ է եղել:
ՏԻԳՐԱՆ — Հասկանում եմ նրան:
ՍՈՆԱ — Մնում էր՝ տատիս հասկանայիք: (Կամաց🙂 Քնելուց առաջ հեքիաթ էր պատմում: Իմ մասին: Որ երբ մեծանամ, կդառնամ աշխարհի ամենագեղեցիկ ու բարի աղջիկը:
ՏԻԳՐԱՆ — Բայց տեսնելով, որ գեղեցիկ ու բարի աղջկա փոխարեն ով է մեծանում` խեղճ կինը չդիմացավ, ու նրա սիրտը…
ՍՈՆԱ — (վեր է թռչում): Լսեք, դո՛ւք… ինչո՞ւ այդքան չար եք:
ՏԻԳՐԱՆ — Տե՜ր Աստված, ի՛նչ փորձանք է: Ի՞նչ ես ուզում ինձնից: Ներողություն խնդրեցի՞` խնդրեցի՛: Շատախոսությունդ լսեցի՞` լսեցի՛: Հանգի՛ստ թող ինձ: Այգին՝ մեծ, նստարան՝ ինչքան ուզես: Հեռու գնա ինձնից, հա՞:
ՍՈՆԱ — Չէ, իսկապես… չեմ ուզում ձեզ ներվայնացնել, բայց… Ես մնալու եմ էստե՛ղ: Ու չհամարձակվե՛ք գոռալ, խրատել կամ վիզս ոլորել: Չի՛ օգնի: Միայն չասեք, որ չեք ուզում հարցնել՝ ինչո՛ւ:
ՏԻԳՐԱՆ — Ինչո՞ւ:
ՍՈՆԱ — Դուք ինձ դուր եք գալիս:
Լռություն:
ՍՈՆԱ — (մեղավոր): Դա չպիտի ասեի:
ՏԻԳՐԱՆ — Իսկ դու ոչինչ էլ չասացիր:
ՍՈՆԱ — Հա՞… Ճիշտ է, ինչ ասի՞ որ… Ու հիմա կարող եմ խնդրել, որ մնամ: Ու դուք մերժել չեք կարող:
ՏԻԳՐԱՆ — Դե ինչ, շարունակենք մեր զրույցը… Տեսնենք՝ ինչ կստացվի: Քո ասած «հիմար» թերթերից մեկում գրված է աֆրիկյան մի ցեղի հետաքրքիր, ես կասեի՝ հրաշալի սովորության մասին: Նրանք շատախոսներին գցում են մութ սենյակ ու մի ամիս պահում միայն հաց ու ջրով: Բայց դա՛ չէ պատիժը: Մի ամիս նրանք որևէ մեկի հետ մի բառ անգամ փոխանակել չեն կարող: Լավ են մտածել, չէ՞:
ՍՈՆԱ — Ու դուք կարծում եք, էդ մի ամիսը շատախոսին կուղղի՞: Չհավատա՛ք: Նա ավելի շատ կխոսի, որովհետև էդքան լռածը պիտի փոխհատուցի:
ՏԻԳՐԱՆ — Հենց դա է քո և աֆրիկացի շատախոսի տարբերությունը:
ՍՈՆԱ — Բա՞… աֆրիկացիների դաստիարակչական մեթոդն ինձ համար չէ:
ՏԻԳՐԱՆ — Գիտեմ: Բայց դու զգուշացված ես: Էլ ձայնդ չլսեմ:
Լռություն: Տիգրանը կարդում է:
ՍՈՆԱ — Եթե չխոսեմ՝ կպայթեմ:
ՏԻԳՐԱՆ — Չես պայթի:
ՍՈՆԱ — Կպայթե՛մ:
ՏԻԳՐԱՆ — Չե՛ս պայթի:
ՍՈՆԱ — Ասացի՝ կպայթե՛մ:
ՏԻԳՐԱՆ — Պայթի՛ր:
ՍՈՆԱ — Հիմա: Ահա… ահա՛, քո հիմար թերթերը… այ, էսպե՛ս կտոր-կտոր կանեմ ու… ու կշպրտեմ գրողի ծո՛ցը: (Թերթերը պատառոտելուց ու շպրտելուց հետո, շատ հանգիստ🙂 Պայթեցի:
ՏԻԳՐԱՆ — Հիմա հերթը իմն է:
ՍՈՆԱ — Պետք չէ: Էլի՞ սկսեցիք թերթը ոլորել… հանգիստ թողեք թերթը, բոլոր հոդվածները չեք կարդացել… Ու ո՞նց եք ձեզ թույլ տալիս վիճել ինձ պես դեղնակտուցի հետ: Ծեր մարդ եք, քանի ժամ է՝ ձեզ դիմում եմ «դուք»-ով, թեև դա ոչ մի տպավորություն չի գործում…
ՏԻԳՐԱՆ — (դատապարտվածի ձայնով): Ի՞նչ անեմ…
ՍՈՆԱ — Եկեք լռենք… Չէ, լռել չի ստացվի: Եկեք խոսենք:
ՏԻԳՐԱՆ — Ինչի՜ մասին:
ՍՈՆԱ — Ինչի մասին կուզեք: Խոսողը դուք եք:
ՏԻԳՐԱՆ — Դե ինչ, կպատմեմ աֆրիկյան մի այլ ցեղի սովորության մասին…
ՍՈՆԱ — …Նրանք սուտ պատմություններ հորինող սպիտակամորթի գանգամաշկն են հանում:
ՏԻԳՐԱՆ — Լսիր, երևի սովա՞ծ ես, գնա տուն, գոնե ճաշ կուտես:
ՍՈՆԱ — Քիչ առաջ սրճարանում հինգ կարկանդակ կերա: Գուցե դո՞ւք եք սոված… Ես էլի ունեմ…
ՏԻԳՐԱՆ — Համա՜ռն ես:
ՍՈՆԱ — Հա, ես թույլ մարդ եմ:
ՏԻԳՐԱՆ — Շա՜տ:
ՍՈՆԱ — Ի՞նչ եք հեգնում: Շատ կուզեի ուժեղ լինել… Այ, հենց հիմա վեր կենայի ու գնայի: Բայց… չեմ կարող:
ՏԻԳՐԱՆ — Ինչո՞ւ:
ՍՈՆԱ — Որովհետև չեմ ուզում: Գուցե իսկապե՞ս պետք է գնալ, անգամ ցտեսություն չասել: Էդ դեպքում բարեպաշտ մայրիկները հոտնկայս կծափահարեին ինձ… Իսկ ինչո՞ւ կծափահարեին:
ՏԻԳՐԱՆ — Որովհետև դաստիարակված, բարեկիրթ աղջիկն իր ներկայությունը չպիտի պարտադրի անծանոթին, նրան չխանգարի, հիմար խոսակցությունով գլուխը չտանի… վերջապես, հավասարակշռությունից չհանի:
ՍՈՆԱ — Ցնցո՛ղ քարոզ, շնորհավորում եմ: Գիտե՞ք, ինչքան հեշտ է, երբ անգիր ես անում ընդունված կանոններն ու բարեխիղճ կատարում ես դրանք… գլխացավանք չկա, կա լավ կարծիք քո մասին: Բայց չէ՞ որ ավելի դժվար է դուրս գալ էդ կանոնների բութ շրջանակից և ինքնուրույն քայլ անել՝ թեկուզ ոտք կամ ձեռք ջարդելու վտանգով… Չէ՞ որ ձեզ դուր է գալիս էս հանդիպումը, հիմար խոսակցությունը, անգամ կռիվը: Գիտե՛մ, որ դուր է գալիս, թե չէ վաղո՜ւց էիք փախել էստեղից: Բայց… ինձ քշում եք, կարծես աներես ճանճ լինեմ, իսկ մտքում ասում եք՝ «Մի՛ գնա»:
ՏԻԳՐԱՆ — (իբր` ինքն իրեն): Շատախոսությունը ի՞նչ, անմեղ բան է: Այ, երբ դրան ավելանում է չպատճառաբանված երևակայությո՜ւնը…
ՍՈՆԱ — (իբր` չլսելով, համառ): Մեկը՝ դուք: Ձեզ բանտարկել եք բութ շրջանակի մեջ ու պտտվում եք ու պտտվում: Դեռ չե՞ք հոգնել: (Չոր🙂 Թույլ մարդ եք:
ՏԻԳՐԱՆ — Ոչ գործնականին ավելացավ թույլը:
ՍՈՆԱ — Մեղավո՞ր եմ, որ ճշմարտություն է: Ինչի՞ց եք վախենում, անկեղծությունի՞ց:
ՏԻԳՐԱՆ — Երբ առաջին անգամ այդ բառը լսեցի, դու դեռ գոյություն չունեիր:
ՍՈՆԱ — Դա ոչինչ չի նշանակում: Որովհետև հիմա ես գիտեմ էդ բառը, իսկ դուք վաղուց եք մոռացել նրա մասին:
ՏԻԳՐԱՆ — (կեղծ սպառնալիքով): Ձեռքերս քոր են գալիս… Թերթերն ո՞ւր են:
ՍՈՆԱ — Դե, եթե չեք մոռացել, ապացուցեք: Ինչպե՞ս… Վռնդե՛ք ինձ: Բայց իսկապես, առանց կեղծելու, որ ես հավատամ ու փախչեմ: Դե՞…
ՏԻԳՐԱՆ — Ի՞նչ պիտի անեմ. դեմքիս կատաղի արտահայտությո՞ւն տամ, սառը զե՞նք գործադրեմ, սպառնա՞մ…
ՍՈՆԱ — Ընդամենը մեկ բառ. «Գնա՛»:
Դադար: Սոնան բարձրանում է տեղից:
ՏԻԳՐԱՆ — Չգնա՛ս: (Սոնան մի քայլ է անում🙂 Ասացի՝ վերադարձիր:
ՍՈՆԱ — Ի՜նչ լավ է, որ չվախեցաք: (Նստելով, չարաճճի🙂 Դժվա՞ր է անկեղծ լինել:
ՏԻԳՐԱՆ — Պարզվում է՝ այնքան էլ չէ:
ՍՈՆԱ — Այո, երկրորդական հարցերում հեշտ է: Ինչո՞ւ եք էդպես նայում:
ՏԻԳՐԱՆ — Փորձում եմ հիշել՝ ինչպե՞ս սկսվեց այս օրը:
ՍՈՆԱ — Եվ ինչպե՞ս…
ՏԻԳՐԱՆ — Հիշեմ էլ՝ չեմ ասի… Իմ աղջիկը մի քիչ է քեզնից մեծ:
ՍՈՆԱ — Հետո՞ ինչ: Եթե ձեր աղջիկը մի քիչ մեծ է ինձնից, ուրեմն բոլոր անծանոթ աղջիկների գլխին պետք է քարոզ կարդալ ու դիմել դու-ո՞վ:
ՏԻԳՐԱՆ — Լավ, դիմեմ դուք-ով: Եղա՞վ:
ՍՈՆԱ — (զղջումով): Դիմեք, ինչպես ուզում եք: Ես… հենց էնպես ասացի:
ՏԻԳՐԱՆ — Այսպես ասած՝ պայմանական, հա՞…
Ծիծաղում են:
ՍՈՆԱ — Ինչո՞ւ այգում մարդ չկա:
ՏԻԳՐԱՆ – Հա, ուրախ տեղ չէ, բայց մի երկու մշտական այցելու կա: Երբեմն մի ծեր կին է գալիս իր կատվի հետ ու նստում, ա՜յ, այն անկյունի նստարանին: Կատվին գրկից բաց չի թողնում, իսկ կատուն համառում է, փորձում է ազատվել տիրուհու ձեռքերից: Բայց… տատիկը խորամանկ է, հենց զգում է, որ կատուն փախչելու է, պայուսակից ինչ-որ բան է հանում ու խոթում կատվի բերանը: Մի անգամ հարցրի… Գիտե՞ս, ինչու հարցրի:
ՍՈՆԱ — Ինչո՞ւ:
ՏԻԳՐԱՆ — Ցանկացա իմանալ, թե ինչով կարելի է քեզ կապել, չթողնել, որ հեռանա… գոնե կատվին: Պարզվեց՝ մարմելադով: Անգամ կատվի պես անկախ արարածն անզոր է քաղցրի դեմ:
ՍՈՆԱ — Ուզում եք ասել՝ խղճո՞ւմ եք կատվին:
ՏԻԳՐԱՆ — Ուզում եմ ասել՝ զզվո՛ւմ եմ քաղցրից: Խղճում եմ տատիկին: Նա պիտի ամեն րոպե ուշքը վրան պահի ու ձեռքի տակ մշտապես մարմելադ ունենա: Կարծում ես, հե՞շտ է կողքիդ պահել երերուն մեկին ու դրանից անհուսալի դժբախտ չլինել ամեն րոպե, անընդհատ…
ՍՈՆԱ — Մե՜ղք է տատիկը:
ՏԻԳՐԱՆ — Մեղք է մարմելադը: Ուրիշի անհաստատ երջանկության համար ինքն է զոհ գնում:
ՍՈՆԱ — Ի՜նչ հետաքրքիր եք խոսում:
ՏԻԳՐԱՆ — Չէ մի… Գիտե՞ս, ինչն է հետաքրքիր՝ այդ կատուն մուկ բռնելը չի՞ մոռացել:
ՍՈՆԱ — Կամ էլ տանիքներին թափառելը:
Ծիծաղում են:
ՏԻԳՐԱՆ — Պետք է ընտրել. կամ քաղցրը, կամ մնացածը… Տնի՞ց ես փախել:
ՍՈՆԱ — Ինքս ինձնից:
ՏԻԳՐԱՆ — Հիմա տնեցիք քեզ են փնտրում:
ՍՈՆԱ — Ասացի՝ չեմ փախել: Փախստականի տե՞սք ունեմ:
ՏԻԳՐԱՆ — Ավելի շատ՝ հալածվածի:
ՍՈՆԱ — Սխալվում եք: Ես կարող եմ ինձ եմ պաշտպանել: Եվ, հետո, իմ նմաններին չեն հալածում:
ՏԻԳՐԱՆ — Ամեն ինչ առջևում է:
ՍՈՆԱ — Հալածա՞նքը:
ՏԻԳՐԱՆ — Նաև ինքնապաշտպանությունը:
ՍՈՆԱ — Ամե՛ն ինչ գիտեք: Ինձ եք ասում, բայց դո՛ւք եք փախել տնից:
ՏԻԳՐԱՆ — Արդեն ասել ես, ամենասկզբում:
ՍՈՆԱ — Ով էլ լիներ՝ կասեր: Դուք շատ մենակի տեսք ունեիք:
ՏԻԳՐԱՆ — (հեգնանքով): Բոլոր մարդիկ մենակ են, ու ոչ միայն տեսքով: Նրանք իրոք մենակ են: Չգիտեիր՝ իմացիր:
ՍՈՆԱ — Դեռ վերջերս համոզված էի, որ մարդիկ լավն են ու սիրում էի բոլորին՝ մերոնց, հարևաններին, ընկերներիս, անգամ տնային լիազորին, որ, մեր մեջ ասած, հե՛չ սիրելու բան չէ… Հետո… եղավ էդ երեկոն: Մորաքրոջս տղան ինստիտուտ էր ընդունվել: Պատրաստվում էինք գնալ շնորհավորելու: Իմ սենյակում էի, լսեցի մորս ձայնը՝ կշտամբում էր հորս, որ նա անհաջողակի մեկն է, իսկ քրոջ ամուսինը թեև սրիկա է, բայց կարողանում է ապրել, անգամ որդուն՝ անհուսալի ապուշին, կարողացավ ուսանող դարձնել: Հայրս էլ հակահարված տվեց, թե՝ դա քենու շնորհքն է, որն առևտրով է զբաղվում ու ոչ թե մորս պես թուղթ է մրոտում դպրոցում: Հետո… հայրս խանդավառ շնորհավորում էր սրիկային, մայրս համբուրեց անհուսալի ապուշին: Քաշվել էի անկյուն ու կարծես առաջին անգամ էի տեսնում ինձ շրջապատող մարդկանց: Լարվածությունից նյարդերս էնպես էին սրվել, որ սկսեցի զգալ կեղծիքի հոտը: Հասկանո՞ւմ եք, նրանցից ոչ մեկն անկեղծ չէր, խաղում էին բոլորը, ու բոլորն էլ գիտեին, որ խաղում են: (Դադար🙂 Գուցե մարդիկ մենակ են, որովհետև կեղծո՞ւմ են:
ՏԻԳՐԱՆ — Ծխախոտ տա՞մ:
ՍՈՆԱ — Չի օգնի: Էդ երեկոյից հետո անընդհատ մրսում եմ:
ՏԻԳՐԱՆ — Կանցնի:
ՍՈՆԱ — Դա էլ գիտեք: Իսկ ե՞րբ կանցնի, գիտե՞ք:
ՏԻԳՐԱՆ — Երբ դու էլ համակերպվես կեղծիքին:
ՍՈՆԱ — Բայց ես չեմ ուզում, հասկանո՞ւմ եք, չեմ ուզում համակերպվել:
ՏԻԳՐԱՆ — Ասացե՜ք, խնդրեմ, նա չի ուզում համակերպվել:
ՍՈՆԱ — Եվ չե՛մ համակերպվի: Ի՞նչ եք ժպտում: Ա՜… դուք դա էլ գիտեք ու շատ հեշտ կարող եք գուշակել իմ կյանքը՝ անցյալով, ներկայով, ապագայով:
ՏԻԳՐԱՆ — Քո 17 տարիները շատ վտանգավոր են այդպիսի փորձի համար:
ՍՈՆԱ — Ուրեմն` գիտե՛ք: Բա ինչո՞ւ չեք ասում: Ես կռիվ չեմ սարքի ձեզ պես… Դե՞…
ՏԻԳՐԱՆ — Լավ, լսիր: Ինչո՞ւ ես այստեղ: Հիմա օրվա այն ժամն է, երբ պիտի նստած լինեիր սրճարանում մի…
ՍՈՆԱ — …Դեղնակտուցի հետ:
ՏԻԳՐԱՆ — Լավ է ասված: Ու պիտի լսեիր նրա ցնդաբանությունները:
ՍՈՆԱ — Նա երբե՛ք չի ցնդաբանում: Նա դատողություննե՜ր է անում:
ՏԻԳՐԱՆ — Տարբերություն չկա: Բայց դու այնտեղ պիտի լինեիր… Վիճել եք:
ՍՈՆԱ — (լռում է):
ՏԻԳՐԱՆ — Կռվել եք:
ՍՈՆԱ — (լռում է):
ՏԻԳՐԱՆ — Բաժանվել եք… մինչև հերթական հաշտությունը:
ՍՈՆԱ — Տեսա՞ք, քանի անգամ սխալվեցիք:
ՏԻԳՐԱՆ — Հակառակվելդ բռնել է, ինչ էլ ասեմ՝ ասելու ես՝ ոչ: Լավ, ի՞նչ է եղել:
ՍՈՆԱ — Չգիտեմ:
ՏԻԳՐԱՆ — Վատ չէ, ուրեմն ավելի արագ կհաշտվեք:
ՍՈՆԱ — Նա… սրիկա է:
ՏԻԳՐԱՆ — Իսկ դո՞ւ:
ՍՈՆԱ — Հիմար:
ՏԻԳՐԱՆ — Արդեն լավ է: Իսկ ո՞վ է երրորդը:
ՍՈՆԱ — Չկա:
ՏԻԳՐԱՆ — Հապա՞…
ՍՈՆԱ — Ի՞նչ եք կպել ձեր հիմար հարցերով… Ես էլ խոնահ պատասխանում եմ….
ՏԻԳՐԱՆ — …Հիմարի պես:
ՍՈՆԱ — (ծիծաղում է, հետո միանգամից լրջանում): Ուզում եք հասկացնել, որ եղածը մեծ բան չէ՞:
ՏԻԳՐԱՆ — Շատ կարևոր է, ավելի կկարևորվի տարիներ հետո: Բաժակի մեջ փոթորիկ սարքողը միշտ չէ, որ թոշակի անցած նավաստի է: (Այլ տոնով🙂 Գուցե հիմա քեզ է փնտրում:
ՍՈՆԱ — Մենք խոսում էինք պատասխանատվության և անհրաժեշտության մասին: Դատարկ մտքեր… Ու նա շատ հանգիստ հայտարարեց, որ եթե հանգամանքները պահանջեն, կարող է հրաժարվել մեր սիրուց: Ես կատակի տվեցի՝ հանուն ինչի՞: Նա մե՜ղմ ժպտաց. «Հանուն կարիերայի, ապագայի…»:
ՏԻԳՐԱՆ — Պարզվում է, բարձր թեմաներ են շոշափվում սրճարաններում:
ՍՈՆԱ — Հազար տարի էլ անցնի, խելքը գլխին մխիթարող չեք դառնա:
ՏԻԳՐԱՆ — Ի՞նչ արեցիր դու:
ՍՈՆԱ — Սուրճը տեղափոխեցի նրա պիջակի վրա և հույս հայտնեցի, որ իմ անհրաժեշտ քայլը նրա ապագային չի սպառնա:
ՏԻԳՐԱՆ — Այդքան քի՞չ:
ՍՈՆԱ — Իհարկե, ո՛չ: Աղամանն էլ դատարկեցի սուրճի վրա: Կարիերայի պատվին:
ՏԻԳՐԱՆ — Այդքանը բավական է:
ՍՈՆԱ — Դուք ինձ թերագնահատում եք:
ՏԻԳՐԱՆ — Ինչպե՜ս գլխի չընկա՝ պաղպաղակը…
ՍՈՆԱ — Կեցցե՛ք: Հետո հայտնվեցի էստեղ:
ՏԻԳՐԱՆ — Քիչ առաջ ասացիր, որ չես ուզում համակերպվել կեղծիքին: Բայց այս դեպքում քո… դեղնակտուցն անկեղծ էր:
ՍՈՆԱ — Հա՞… ուրեմն դա անկեղծ ստորություն է:
ՏԻԳՐԱՆ — Գուցե կատակո՞ւմ էր:
ՍՈՆԱ — Նա շա՜տ հանգիստ ժպտում էր… Դե լավ, կանցնի:
ՏԻԳՐԱՆ — Չի անցնի:
ՍՈՆԱ — Քիչ առաջ չասացի՞ք…
ՏԻԳՐԱՆ — Չի անցնի: Ինչքան մոռանաս, այնքան կհիշես:
ՍՈՆԱ — Չեմ հիշի: Ես կկարողանամ, այ, կտեսնեք, վաղն արդեն ոչինչ չեմ հիշի, ոչի՛նչ… Ախր, ես առաջվանը չեմ լինի, բա որ հանկարծ չարանա՞մ… Գիտե՞ք, ինչքան եմ վախենում չարանալուց: Ճիշտն ասած, դուք ինձնից պակաս շատախոսը չեք, բայց ճիշտ ժամանակին կարողանում եք լռել… Դե, խորհուրդ տվեք, ի՞նչ անեմ:
ՏԻԳՐԱՆ — Նայո՞ւմ ես երկնքում սավառնող թռչուններին:
ՍՈՆԱ — Մտքովս չի անցել:
ՏԻԳՐԱՆ — Նայիր: Նրանց միջից ընտրիր մեկին ու հայացքդ չհեռացնես նրանից:
ՍՈՆԱ — Եվ ի՞նչ:
ՏԻԳՐԱՆ — Ոչինչ: Բայց երբեմն, երբ շատ ես մրսում, օգնում է: Կամ էլ արև ես նկարում: Երբ փոքր էի, միայն արև էի նկարում: Մայրս համոզում էր ուրիշ բան նկարել՝ տուն, ծաղիկ, ինքնաթիռ… Ինչ նկարում են բոլոր երեխաները: Երկու օրից դեղին մատիտը մաշվում-գնում էր, մնացած մատիտները մնում էին չսրված: Մայրս անզոր բարկանում էր, որովհետև չէր հասկանում ինձ, կամ չէր կարող օգնել: Մի օր նա արգելեց նկարել, թաքցրեց մատիտները… Դաժա՞ն վարվեց: Մի ժամանակ համոզված էի, որ այո, բայց հիմա…
ՍՈՆԱ — Ո՞չ:
ՏԻԳՐԱՆ — Գուցե ստիպված էր:
ՍՈՆԱ — Այսի՞նքն…
ՏԻԳՐԱՆ — Հայր չունեի, մայրս իրեն մեղավոր էր զգում: Երևի այդ օրը հասկացավ, որ արևը իմ բողոքն ու պահանջն է: Իսկ քանի որ անզոր էր, դաժանացավ, արգելեց…
ՍՈՆԱ — Ու դուք ենթարկվեցի՞ք:
ՏԻԳՐԱՆ — Դպրոցում, նկարչության դասին փորձեցի վերադարձնել իմ արևը: Ամբողջ դասին նկարեցի: Մի հրաշք արև ստացվեց: Ես շշմել էի, երջանիկ էի, որ այդպիսի արև ունեմ… Ուսուցչուհին հանդիմանեց. նա հանձնարարել էր քառակուսիներ նկարել, իսկ ես թուղթը դեղին գույնով էի քսմսել…
ՍՈՆԱ — Էլ արև չնկարեցի՞ք:
ՏԻԳՐԱՆ — Ընդհակառակը, ամեն օր, բայց՝ մտքում: Ե՛վ մայրս էր իրավացի, և՛ ուսուցչուհիս. քո արևը ուրիշին չպիտի ցույց տաս: Պիտի պահես քո մեջ:
ՍՈՆԱ — Դա էնքան էլ դժվար չէ: Դժվարը արևը ունենալն է:
ՏԻԳՐԱՆ — Անունդ ի՞նչ է:
ՍՈՆԱ — Չգիտեմ: Չէ, ոչ թե չգիտեմ… Անունս Սոնա է, բայց դա իմ անունը չէ: Չե՞ք ծիծաղում… Ուրեմն շարունակեմ: Ես զգում եմ, որ ուրիշ անուն պիտի ունենայի… Մայրս իզուր չի ասում, որ իմ տարօրինակությունները չափից դուրս շատ են մի մարդու համար, եթե անգամ էդ մարդը ես եմ:
ՏԻԳՐԱՆ — Դու… որտեղի՞ց եկար:
ՍՈՆԱ — Այգու դռնից:
ՏԻԳՐԱՆ — Դու կգտնես քո անունը: Կամ կգտնի այն մեկը, ով կհասկանա քեզ:
ՍՈՆԱ — Ինչ անսպասելի են ձեր բառերը:
ՏԻԳՐԱՆ — Որովհետև ասում եմ, ինչ չպիտի ասեի:
ՍՈՆԱ — Եթե երբևէ ամուսնանամ, նա ձեզ նման կլինի:
ՏԻԳՐԱՆ — Իսկ քեզ նման տարօրինակ աղջիկները ամուսնանո՞ւմ են:
ՍՈՆԱ — Չե՞ն ամուսնանում:
ՏԻԳՐԱՆ — Իրական լինելու համար շատ ես… անսպասելի:
ՍՈՆԱ — (կեղծ հառաչելով): Ահա, մայրս մի համախոհ էլ գտավ:
ՏԻԳՐԱՆ — Դու ամառն ես ծնվել:
ՍՈՆԱ — Ինչի՞ց իմացաք:
ՏԻԳՐԱՆ — Այլ կերպ լինել չէր կարող: (Փորձելով հարթեցնել անսպասելի անկեղծությունը🙂 Իսկ երբ վիրավորում են, գլխապատառ այգի չպիտի վազես ու պատահական մեկից ծխախոտ չխնդրես…
ՍՈՆԱ — …Աներեսաբար:
ՏԻԳՐԱՆ — Այո՛:
ՍՈՆԱ — Էլի չարացաք:
ՏԻԳՐԱՆ — Արդեն ասել ես: Իսկ դու բարի մարդ շա՞տ ես տեսել: Չասես՝ մայրդ: Նա մայր է և ինչ էլ անի՝ արդեն բարի է… քե՛զ համար: Իսկ պարզապես բարի մարդ շա՞տ ես տեսել:
ՍՈՆԱ — Իհարկե: Մեկը՝ դուք: Էստեղ նստած կլինեի՞, եթե բարի չլինեիք:
ՏԻԳՐԱՆ — Քեզ հետ վիճելն անհնար է:
ՍՈՆԱ — Ուրեմն չվիճենք: Այսինքն՝ ժամանակավոր զինադադար:
Լռություն:
ՏԻԳՐԱՆ — Հաճախ եմ գալիս այստեղ: Դու ճիշտ ես, այս օրերի մարդ չեմ: Պիտի լինեի ավելի ձեռներեց, ճարպիկ, օգտվեի ինչ-ինչ հնարավորություններից, բայց… չեմ կարող: Իմ առավելությունն այն էր, որ շուտ հասկացա, որ չեմ կարող: Թեև ոմանք կնախընտրեին, որ չհասկանայի, այդքան հեշտ տեղի չտայի: Ես էլ այստեղ թաքնվում եմ հիմար ու փոշոտ թերթերով: Հիմա մի ծիծաղելի բան պիտի ասեմ… Նաև սպասում եմ` հանկարծ ինչ-որ մեկը մոտենա, նստի կողքիս, գուցե խոսենք, գուցե լռենք…
ՍՈՆԱ — Բայց երբ այդ ինչ-որ մեկը մոտենում է…
ՏԻԳՐԱՆ — Նկատի ունեմ… նորմալ մեկին: Եթե կարող ես` լռիր: Գուցե այդ ինչ-որ մեկը հարցնի՝ ինչպե՞ս ես… Հասկանո՞ւմ ես:
ՍՈՆԱ — Չէ, չեմ հասկանում ու երբեք չեմ հասկանա: Տեսե՛ք, տեսե՛ք, նա վիրավորված է, նա ինքնակամ թողել է բեմն ու քաշվել փոշոտ կուլիսները: Էդքան հեշտ կարելի՞ է պարտվել: Դուք վախկո՛տ եք… Ախր, դուք… էնքան լավն եք, բարի, խելացի, ձեզ կարող են սիրահարվել աշխարհի բոլոր աղջիկները: Դե լավ, նրանց մի մասը: Բայց դա էլ քիչ չէ: Իսկ դուք… Չէ՞ որ դուք շատ պետք եք… թեկուզ ձեր աղջկան: Գնացեք էստեղից, խնդրում եմ… ու էլ չգաք… Չե՞ք ուզում էլի դաստիարակել… Ահա՛ թերթը:
ՏԻԳՐԱՆ — Դեռ ժամանակ կա: Ուրեմն, ասում ես… Նորի՞ց սկսել ամեն ինչ:
ՍՈՆԱ — Ինչո՞ւ նորից: Տունն իր տեղում է, աշխատանքը՝ նույնպես, և երկու տեղում էլ ձեզ սպասում են:
ՏԻԳՐԱՆ — Քո վստահությունից մի քիչ ես ունենայի:
ՍՈՆԱ — Խնդրեմ, երբ կարիքն զգաք, հիշեք ինձ: Նորից ավել-պակաս խոսեցի:
ՏԻԳՐԱՆ — Այս բառերը մի օր պիտի լսեի: Լավ է, որ դու ասացիր: Իսկ որպես սկիզբ… կոչնչացնեմ այս թերթերը:
ՍՈՆԱ — Ես էլ… Ինձ էլ տվեք, ես թերթերի լավագույն ոչնչացնողն եմ: (Ծիծաղում են, պատառոտում թերթերը🙂 Գիտե՞ք, ես շատ եմ սիրում քայլել անձրևի տակ: Ինչո՞ւ մարդիկ վախենում են թրջվելուց: Հենց առաջին կաթիլն ընկնում է գետնին, բոլորը խուճապահար փախչում են ծածկի տակ: Մի՞թե միայն թրջվելուց են վախենում:
ՏԻԳՐԱՆ — Ինչքան հասկացա, դու քո բացատրությունն ունես:
ՍՈՆԱ — Նրանք բացահայտվելուց են վախենում: Ինչո՞ւ եք ծիծաղում: Ուշադրություն դարձրե՞լ եք` ինչպես են մարդիկ իրենց պահում փողոցում: Բոլորը շտապում են, հոգնած են ու չարացած, անգամ իրար պես են ծիծաղում, որ փտած ատամները չերևան:
ՏԻԳՐԱՆ — Չարախոսում ես:
ՍՈՆԱ — Իսկ եթե մնան անձրևի տակ, կդառնան՝ ինչ իրականում են: Անձրևը միայն անձրև չէ, նա երկնքից է իջնում, ու նրան ուղարկողը բարի ու մաքուր ուժ է:
ՏԻԳՐԱՆ — Ֆիզիկայի իմացությունդ՝ երկուս:
ՍՈՆԱ — Ֆիզիկան ի՞նչ գործ ունի էստեղ: Ես գիտեմ, որ անձրևը հատուկ է ուղարկվում մեզ: Եթե մարդիկ չվախենային նրանից, ո՜նց կփոխվեին:
ՏԻԳՐԱՆ — Սարսափելի կլիներ: Անձրևանոցների տակ գոնե միանման են երևում, իսկ քո ասածով՝ այդքան մարդ, ու բոլորն առանց դիմակների: Չե՞ս վախենում:
ՍՈՆԱ — Ինչո՞ւ պիտի վախենամ: Գոնե մի անգամ ամեն ինչ կլինի առանց կեղծիքի:
ՏԻԳՐԱՆ — Երբեք չեմ եղել ու երբեք չեմ լինի քեզ պես: (Դադարից հետո🙂 Այսօրվանից անձրևից չեմ փախչի, կքայլեմ նրա տակ ու… կհիշեմ քեզ:
ՍՈՆԱ — Իսկ եմ կնայեմ երկնքում սավառնող թռչուններին: Ձեր անունն ի՞նչ է:
ՏԻԳՐԱՆ — Տիգրան:
ՍՈՆԱ — Այ, դուք ու ձեր անունը գտել եք իրար… Եվ որտեղի՞ց հայտնվեցիք:
ՏԻԳՐԱՆ — Նստած այստեղ… քեզ էի սպասում:
ՍՈՆԱ — Մի քանի ժամ է անցել, իսկ թվում է՝ հազար տարի է՝ գիտենք իրար:
ՏԻԳՐԱՆ — Տանը քեզ են սպասում:
ՍՈՆԱ — Պետք է գնալ:
ՏԻԳՐԱՆ — Պե՛տք է:
ՏՂԱՄԱՐԴՈՒ ձայնը — Իհարկե, նա պիտի գնար: Բայց մենք երկարաձգում էինք բաժանումը: Նստել էր` ձեռքերը գրպանում, ոտքը ոտքին գցած, մազերն աներևակայելի համաչափությամբ գզգզված: Անծանոթ, տարօրինակ մի աղջիկ, որն ապրում է իմ կողքին, բայց այլ ժամանակի մեջ և ուրիշ աշխարհում: Նա ճակատագրի ուղարկած պարզ, անհրաժեշտ պատահականությունն էր, որն ինձ ստիպեց սթափվել ու մտածել, որ քանի կյանքը չի հրաժարվել քեզանից, քո հրաժարվելն ամենամեծ սխալն է:
ԱՂՋԿԱ ձայնը — Իհարկե, վաղուց գնալու ժամանակն էր, բայց ես մի՜ քիչ էլ այգում մնալու իրավունք ունեի: Չգիտեմ, մեկ էլ կգա՞մ այստեղ: Դժվար: Ու նա էլ չի գա, հաստատ գիտեմ: Նստել է՝ մոխրացող սիգարետի մասին մոռացած, հայացքն ինչ—որ տեղ, օտարված և անտարբեր: Ես նրան երբե՛ք չեմ հասկանա, բայց չէ՞ որ հասկանալուց բացի ուրիշ բան էլ կա… Գուցե այլևս չհանդիպենք, բայց մի լավ բան մնաց այս օրից, ու դեռ ինչքան եմ հիշելու էս այգին, նստարանն ու նրան: Եվ դա ինձ կօգնի, անպայման կօգնի: Չէ՞ որ ամեն ինչ առջևում է:
Լռություն:
ՏԻԳՐԱՆ — Դու հրաշալի աղջիկ ես, Սոնա, թեև դեռ չես գտել քո անունն ու քեզ: Դու նման ես ճակատագրի ու միշտ կմնաս այդպիսին՝ անսպասելի ու տարօրինակ: Այս բառերը գուցե ոչ մեկն այլևս քեզ չասի, դու լավ հիշիր: Նրանք քեզ շատ կօգնեն: Իսկ հիմա գնա տուն: Ու հաճախ ժպտա: Երբ ժպտում ես, աչքերդ դառնում են երկնքում սավառնող թռչուններ:
ՍՈՆԱ — Ես ուզում եմ մնալ:
ՏԻԳՐԱՆ — Քո գնալու ժամանակն է:
Աղջիկը բարձրանում է, ուղղվում դեպի ելքը:
ՏԻԳՐԱՆ — Արևի՛կ: Քո անունը Արևիկ է:
ՏՂԱՄԱՐԴՈՒ ձայնը — Նա առանց ետ նայելու դուրս վազեց: Ես հրաժեշտ տվեցի կյանքիս ամենադժվար օրերի հանգրվանին ու հեռացա` այգում թողնելով մի անավարտ հեքիաթ և ավարտված մի պատմություն: