Հասան ԲԱՍԹԱՆԻ/ՍԻՐԱՈՂԲ
Հասան ԲԱՍԹԱՆԻԻ «ՍԻՐԱՈՂԲ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2010 թ., թիվ 22-23-ում
ՀԱՍԱՆ ԲԱՍԹԱՆԻ
ՍԻՐԱՈՂԲ
Գործող անձինք
ԱՅՅԱՐ
ԶՈՐԱՎԱՐ
Կիսախավար գետնախորշ, պատերին գամված մեխերից կախված են շղթաներ£ Պատի ճեղքը գետնախորշի լույսի միակ աղբյուրն է£ Աջ կողմում` փայտե ծանր դուռ, կողքին` դռնակ£ Բեմի երկու կողմերում` փայտե եռոտանիներ խոշտանգումների համար£ Բեմի կենտրոնում` արնոտ կոճղ£
Այյարը շղթայված է£ Խոշտանգումներից նրա հագուստը քրքրվել է£
ԱՅՅԱՐ — (թվացյալ անձի): Օ՜հ, Փերիզադ, ես էն գլխից իմացա, որ քո սիրո կապանքներից ինձ ազատում չկա… Ու այս որոգայթը… Ո՛չ, փրկություն չեմ խնդրում, քանզի այս գետնախորշից դուրս հազար նետ ու նիզակի թիրախ եմ դառնալու… (Դադար): Երանի ինչ-որ բան ասած լինեի քեզ£
Չոր ճռռոցով բացվում է գետնախորշի դուռը£ Հաղթանդամ ու խոժոռադեմ Զորավարը, մտրակը ձեռքին, հայտնվում է դռան շեմին£
ԶՈՐԱՎԱՐ — Ո՞ւմ հետ էիր քչփչում£ (Ոտքով խփում է, դուռը շրխկոցով փակվում է£) Մինչև ո՞ւր ես տանելու այս խաղը£ (Մտրակի կոթով բանտարկյալի գլուխը վեր է բարձրացնում£) Չե՞ս լսել` ինչ բերեցի ինձ վրա մռնչացող առյուծի գլխին… Նա իմ ախոյանը չէր, Այյար… (Մտրակում է): Մի քիչ անկեղծ լինենք… Այդ ո՞ր ճանապարհով էիր մտնում դղյակ£ Այդ ի՞նչ թակարդ էիր լարել արքայադստեր համար£ (Դադար): Ականջներդ փակե՞լ ես£ (Բանտարկյալը քմծիծաղ է տալիս£ Նա մտրակում է£) Արքան կնքել է քո մահվան հրամանագիրը£ Ասա, որ մտահոգ ես, խոսի՛ր, ասա՛ ամեն ինչ, մահդ հեշտացրու… Դուրըս չի գալիս լռությունդ£ Աղաղակիր, մռնչա… Գնա՛, ընկի՛ր ոտքերը, աղերսի՛ր£
ԱՅՅԱՐ — Ինձ ինչո՞ւ չեք սպանում£
ԶՈՐԱՎԱՐ — Ոչ պակաս, քան հարյուր անգամ£
ԱՅՅԱՐ — (քմծիծաղով): Զո՜ւր ջանքեր…
ԶՈՐԱՎԱՐ — (զայրացած մտրակում է): Բաց լեզուդ, խոսիր…
ԱՅՅԱՐ — Չի բացվում, Զորավար, վասն սիրո£
ԶՈՐԱՎԱՐ — Արքայադստեր ձեռքը այնպիսի պատվական մարդիկ են խնդրում… Ազնվական մարդիկ են խնդրում… ազնվական մարդիկ: Իսկ դու` թափառաշրջիկ թշվառական, դու ո՞վ ես£
ԱՅՅԱՐ — Սիրուց…
ԶՈՐԱՎԱՐ — Այդքա՞նը… ուրիշ ի՞նչ…
ԱՅՅԱՐ — Սիրուց զարկված£
ԶՈՐԱՎԱՐ — Ձե՞ռ ես առել ինձ, տականք… Իսկ ինչպե՞ս ես կախարդել նրան£
ԱՅՅԱՐ — Այնպես, որ չի կարող ազդել ձեր խարդավանքը£
ԶՈՐԱՎԱՐ — (գոռում է): Նա ուրիշին է սիրում, սրիկա՛£
ԱՅՅԱՐ — Սրիկան ես չեմ£
ԶՈՐԱՎԱՐ — Ինչո՞ւ ես այդպես համառում£
ԱՅՅԱՐ — Նա ինձ գերել է£
ԶՈՐԱՎԱՐ — Բայց նա քեզ ատում է£
ԱՅՅԱՐ — Մի՞թե դա չէիք ուզում£
ԶՈՐԱՎԱՐ — Որքան որ քո մահն եմ ուզում£
ԱՅՅԱՐ — Ապա ինչո՞ւ ես հապաղում, Զորավար£ Ծաղրո՞ւմ ես ինձ…
ԶՈՐԱՎԱՐ — Ասա, ի՞նչ ես արել նրա հետ£
ԱՅՅԱՐ — Ի՞նչ ասեմ£ Ինչ արել է` նա է արել£
ԶՈՐԱՎԱՐ — (կատաղած): Ինձ հետ անկեղծ եղիր£ Այյար… նա սիրում է քեզ£
ԱՅՅԱՐ — Սա էլ մի նոր սադրանք…
ԶՈՐԱՎԱՐ — Ես քեզ կարող եմ սպանել£
ԱՅՅԱՐ — Բա ինչո՞ւ ես փրփրում£
ԶՈՐԱՎԱՐ — Երանի քո սրտակիցը չլիներ£
ԱՅՅԱՐ — Ուրեմն, ի՞նչ է քո ուզածը£
ԶՈՐԱՎԱՐ — Ես ուրիշ ելք չունեմ…
ԱՅՅԱՐ — Գիտեմ£
ԶՈՐԱՎԱՐ — Ասա, որ խաբեություն ես արել£
ԱՅՅԱՐ — Նրա՞ սրտի հետ£
ԶՈՐԱՎԱՐ — Ոչ£ Նրա հարստության ու փառքի համար£
ԱՅՅԱՐ — Դատարկ խոսքեր են£
ԶՈՐԱՎԱՐ — Ո՞ւր է տանելու այս սերը£
ԱՅՅԱՐ — Մինչև բաժանություն£
ԶՈՐԱՎԱՐ — Այս ցնորամտությունը քեզ ո՞ւր է տանելու£ Ազատիր քեզ այս կապանքից£ Ասա, որ դա ավազակի հնարք է, և ուրիշ ոչինչ£
ԱՅՅԱՐ — Այդպես չի եղել£
ԶՈՐԱՎԱՐ — Արքայի դեմ քինախնդիր ես եղել…
ԱՅՅԱՐ — Դա անպատվություն կլինի£
ԶՈՐԱՎԱՐ — Ասա, որ սադրել ես£
ԱՅՅԱՐ — Չեմ արել…
ԶՈՐԱՎԱՐ — (անել վիճակում): Ի՞նչ անեմ քեզ հետ… (Ուզում է մտրակել, բայց հրաժարվում է): Երանի չէր իմացել, որ կալանված ես£ (Սուսերով հարվածում է թվացյալ մեկին£ Մեկուսի£) Օ՜, սեր… ո՞վ է քո ախոյանը և որն է քեզ հաղթելու գաղտնիքը: Հիմա ի՞նչ անեմ… (Դադար): Սիրասպանությո՞ւն… (Դադար): Լսիր, Այյար, ես ոխ չունեմ, ինքս էլ ատում եմ այս խաղը…
ԱՅՅԱՐ — (ծիծաղելով): Ի՞նչ պատահեց քեզ, մի նոր նենգությո՞ւն ես որոճում£
ԶՈՐԱՎԱՐ — Ես արքայից հրաման ունեմ ու պիտի կատարեմ£
ԱՅՅԱՐ — Նոր բան ես ասում£
ԶՈՐԱՎԱՐ — Ինձ մտահոգում է քո վիճակը£
ԱՅՅԱՐ — Դա էլ հզորների հին խաղերից է£
ԶՈՐԱՎԱՐ — Ի՞նչ ասեմ, որ հավատաս ինձ£
ԱՅՅԱՐ — Ճշմարտությունը:
ԶՈՐԱՎԱՐ — Ճշմարիտն եմ ասում քեզ£
ԱՅՅԱՐ — Եվ անկե՞ղծ սրտով£
ԶՈՐԱՎԱՐ — Ամենայն սիրով£
ԱՅՅԱՐ — Կասկածս փարատիր, ապացուցիր անկեղծությունդ£ Մի բան ասա…
ԶՈՐԱՎԱՐ — Ի՞նչ…
ԱՅՅԱՐ — Փերիզադի մասին£ (Դադար): Նրանից պատմիր, եթե անկեղծ է սիրտդ ու ճշմարիտն է ասում լեզուդ£
ԶՈՐԱՎԱՐ — (մտախոհ): Բայց դրանից քեզ ի՞նչ օգուտ, երբ կյանքդ մազից է կախված£ Ես խորհում եմ ելք գտնելու մասին, իսկ դու ի՞նչ ես հարցնում£
ԱՅՅԱՐ — Եթե ասածդ չապացուցես, քեզ չեմ հավատա£
ԶՈՐԱՎԱՐ — Ցնդե՞լ ես, ինչ է… Դու նրան կսպանե՞ս£
ԱՅՅԱՐ — (շփոթված): Պարզ խոսիր ինձ հետ£
ԶՈՐԱՎԱՐ — Դառը բաներ պիտի պատմեմ Փերիզադից£
ԱՅՅԱՐ — Փերիզադի՞ց… Ի՞նչ է պատահել նրան, ասա ինձ, Զորավար£
ԶՈՐԱՎԱՐ — Մի պայմանով միայն£
ԱՅՅԱՐ — Ինչ էլ որ լինի…
ԶՈՐԱՎԱՐ — Խոստումդ չե՞ս դրժի£
ԱՅՅԱՐ — Խոստումնադրուժ երբեք չեմ եղել£
ԶՈՐԱՎԱՐ — Նախ պայմանավորվենք£
ԱՅՅԱՐ — Եվ հազար երդումով…
ԶՈՐԱՎԱՐ — Արքայադուստրը քո ազատությունը խնդրեց£
ԱՅՅԱՐ — Օ՜, սիրտս փոթորկեցիր…
ԶՈՐԱՎԱՐ — Բայց արքան զայրացած վրա բերեց. «Սպանե՛լ նրան»£
ԱՅՅԱՐ — Երանի խնդրած չլիներ£
ԶՈՐԱՎԱՐ — Իսկ նա հոր ոտքերն ընկավ£
ԱՅՅԱՐ — Այդ ի՞նչ ցավ տվիր ինձ£
ԶՈՐԱՎԱՐ — (Փերիզադի դերում): «Արձակե՛ք նրան, երդվում եմ, կմոռանամ, որ այս աշխարհում նա գոյություն է ունեցել»£
ԱՅՅԱՐ — Վա՜յ ինձ…
ԶՈՐԱՎԱՐ — Եվ արքան գոռաց. «Մոխրի տակ անթեղված կրակ է, սպանե՛լ նրան»£
ԱՅՅԱՐ — Սպանե՛ք ինձ…
ԶՈՐԱՎԱՐ — Արքայադուստրը լաց եղավ£
ԱՅՅԱՐ — Այրվում եմ…
ԶՈՐԱՎԱՐ — (Փերիզադի դերում): «Ձեր արածը մեծահոգություն չէ£ Նա է իմ թակարդն ընկել£ Ես եմ նրա սիրո պատճառը եղել£ Նրան ինձ տվեք, ես նրան սիրում եմ»£
ԱՅՅԱՐ — Ես քո սիրույն արժանի չեմ£
ԶՈՐԱՎԱՐ — Եվ արքան աղաղակեց. «Արքաներ ու այյարնե՞ր… Օ՜, ինչ խայտառակությո՜ւն… էլ ի՞նչ կմնա արքայությունից… սպանե՛ք, երկուսին էլ սպանե՛ք»:
ԱՅՅԱՐ — (հախուռն): Սո՛ւտ է… սո՛ւտ…
ԶՈՐԱՎԱՐ — Այսպես որ դու ես վարվում, վերահաս հրամանագիրը չի ուշանա£
ԱՅՅԱՐ — Բայց ո՞ր մեղքիս համար£
ԶՈՐԱՎԱՐ — Նա էլ նույնն ասաց, բայց արքան մռնչաց առյուծի պես. «Սա գողունի արարք է£ Այդ խաղին վարժ են նրանք£ Նրանք սիրուց են խոսում ու սիրահարությունից£ Նրանք կողոպտիչներ են…»:
ԱՅՅԱՐ — Բայց ես նրան մի բառ անգամ չեմ ասել…
ԶՈՐԱՎԱՐ — (Փերիզադի դերում): «Նա ինձ ոչինչ չի ասել»£ (Արքայի դերում): «Սա էլ մի նոր խարդավանք է, սպանե՛ք նրան»£ (Փերիզադի դերում): «Ես ի՛նձ կսպանեմ»£
ԱՅՅԱՐ — Օ՜, ոչ…
ԶՈՐԱՎԱՐ — Նա իրեն կսպանի£ (Արքայի դերում): «Ես արգելք չեմ դառնա£ Ավելի խայտառակը Այյարին սիրահարվելն է»:
ԱՅՅԱՐ — Օ՜ մայր իմ, ինչո՞ւ ինձ սիրել սովորեցրիր£
ԶՈՐԱՎԱՐ — Քո արածը արքաների հանդեպ ատելության ու ոխի նշան չէ՞… Ասա, որ նենգություն ես արել, գողության ես գնացել…
ԱՅՅԱՐ — Քո արածն է նենգություն£
ԶՈՐԱՎԱՐ — Ես ձեր փրկությունն եմ ցանկանում£
ԱՅՅԱՐ — Դրանից քեզ ի՞նչ օգուտ, Զորավար, կատարիր տիրոջդ կամքն ու հրամանը£
ԶՈՐԱՎԱՐ — Հերիք է այսքան անհեթեթություն, նրան կսպանես£ Ինձ էլ սպանել կտաս: (Դադար): Քեզ վաղուց պիտի սպանած լինեին, ես դիմադրեցի£
ԱՅՅԱՐ — (հեգնական) Հը… իսկ այս խոսքերդ ի՞նչ պայմանի ու երդման կարիք ունեին£
ԶՈՐԱՎԱՐ — Եթե չհավատաս, ոչինչ չի փոխվի, բայց քո մահով… Արքայադուստրն ասաց… (Արքայադստեր դերում): «Նա իմ սիրո որսն է£ Եթե գայլակերպ ավազակ է և սերը` պատրվակ, հանուն ինձ նրան ազատեք, քանզի նրա մահով, սիրո փոխարեն, քենն ու ոխը գլուխ կբարձրացնեն»£
ԱՅՅԱՐ — (գոռում է): Այդպես չի՛ եղել£
ԶՈՐԱՎԱՐ — (մտախոհ քայլում է): Օ՜, դու Ահրաման, ինչո՞ւ ես լռել£ Մի կեղծիք հորինիր, մի կեղծիք, որ ոչնչացնի այս սերը… Կեղծիք… սիրուց` կեղծիք£ (Այյարին.) Քանի օր է` փորձում եմ, որ նահանջես ու քեզ փրկես£ Դա անում եմ ցավով, վախով, մահվան գնով… բայց դու չես նահանջում£ Բոլոր խոսքերը սուտ են թվում, ու դու չես ստում, որ նրան փրկե՞ս£ Ինձ պես զորավարի ախոյանը մի խեղճ ու կրակ սիրահար է… (Հայացքը փախցնելով նրանից): Հիմա կասեմ, գաղտնիքը կասեմ, միայն հիշիր խոստումներդ, հիշիր մեր պայմանը… Ես… ես նրան սիրում եմ£
ԱՅՅԱՐ — Սա էլ մի նոր սուտ է£
ԶՈՐԱՎԱՐ — Դու իմ սիրո ախոյանն ես, Այյար£
ԱՅՅԱՐ — Սա էլ մի նոր հնարք է£
ԶՈՐԱՎԱՐ — Ինչո՞ւ չես հավատում£
ԱՅՅԱՐ — Քեզ հավատալը դժվար է£
ԶՈՐԱՎԱՐ — Ինձ պարտվելու կոչ ես անում, և ոչ` մարտի: Խայտառակությո՛ւն… Ես նրա սիրուց խայտառակվել եմ…
ԱՅՅԱՐ — Այսքա՜ն նենգություն…
ԶՈՐԱՎԱՐ — Ճշմարիտ եմ ասում, հավատա… Հասկանո՞ւմ ես` ինչ ասել է սիրահարի կսկիծ£
ԱՅՅԱՐ — (խուսափուկ): Էլ ոչ մի բառ չեմ ուզում լսել£
ԶՈՐԱՎԱՐ — Այդ կսկիծը ինձ տանջում է£ Ու դու ես պատճառը£
ԱՅՅԱՐ — Ասա, որ սա խաղ է… խաբեություն£
ԶՈՐԱՎԱՐ — Նրան վստահել էին ինձ, ու ես նրա պահապանն էի£ Ինձ հետ սառն էր վարվում£ Սիրտս որ բացեցի՝ ոչինչ չասաց, վրաս խնդաց ու փախավ եղնիկի պես: Հետո սիրուց խոսեցի, տարիների երազանքիս մասին պատմեցի նրան… Նա էլ ինձ սիրեց, դարձա նրա սիրելին ու նրա սերը վայելեցի£
ԱՅՅԱՐ — (խոցված մռնչալով): Այս սուտն այլևս տանել չեմ կարող£
ԶՈՐԱՎԱՐ — (չոքում, բռունցքով խփում է հատակին): Ա՜յ, ինչ սեր է…
ԱՅՅԱՐ — (խենթի պես): Վեր կաց, Զորավար£ Ինչո՞ւ ես խաբում, մտրակիր ինձ (մտրակը տալիս է նրան), բայց այսպես մի տանջիր… մտրակիդ լեզուն ավելի քաղցր է, ավելի իրական: Մտրակի՛ր… (անօգ, անճար) մտրակի՛ր ինձ… ԶՈՐԱՎԱՐ — Սիրո մարտադաշտում ես ո՞ւմ մտրակեմ£
ԱՅՅԱՐ — (գալարվում է հոգու ցավից): Ի՞նչ ես անում ինձ հետ£
ԶՈՐԱՎԱՐ — Դու ի՞նչ արիր ինձ հետ£
ԱՅՅԱՐ — Վա՜յ ինձ, եթե ասածներդ ճշմարիտ լինեն£
ԶՈՐԱՎԱՐ — Դու նրան հափշտակեցիր ինձնից£ Նրա սիրտը քեզ համար է բաբախում£ Ես ի՞նչ կարող եմ անել£ Ես սիրո խաղը տանուլ տվի, Այյար, ու դու հաղթեցիր£ (Այյարին ազատում է շղթաներից): Գնա՛£ Հիմա որ իմ ամեն ինչը խլեցիր£ Կյանքդ փրկիր, հեռացիր… Թող ես մնամ£ Գնա, Այյար… թող ես մնամ ու իմ սիրո ողբը£ (Գոռում է): Գնա՛…
ԱՅՅԱՐ — Ո՞ւր գնամ£ Պարիսպներից դուրս ի՞նչ է սպասում ինձ, եթե ոչ` հազար մերկացված սրեր£ Ինչո՞ւ ինձ ազատեցիր շղթաներից… Այս ի՞նչ սրտամաշ ցավ է, երանի խոսքերդ ատելության ու զայրույթի զառանցանք լինեին£ (Հուզված): Զորավա՛ր, ես երբեք չեմ մտել դղյակ£ Պատշգամբում եմ տեսել նրան£ Մազերն էր սանրում£ Ու ես հմայվեցի նրա գեղեցկությամբ£ Տեղումս գամվեցի, ինչպես որսը` թակարդում£ Նայեց ինձ, անընկեր Այյարիս վրա£ Մարմնովս դող անցավ, մի բան իմ մեջ փլվեց… անընկեր էի, ընկերս դարձավ… Ու մոռացա այյարությունս… նրա սերը հաղթեց ինձ£ Ցերեկները աչքս պահեցի պատշգամբին ու գիշերները թափառեցի մոլորված… Մարդկանց բերանն ընկա, այյարների աչքից… Ասե՞մ, թե սիրտս որքան է խոցված… (Ուրիշ մեկի դերում): «Հե՜յ, Այյար, այդպե՞ս ես ուզում մաքրվել հոգով»: (Ծաղրով): Չալմայով ծերուկն ասաց. «Իմացիր, որ դրան հասնելու համար յոթը հանգրվան պիտի անցնես£ Որոնում, իմաստություն, սեր, սիրերգություն, աստվածասիրություն, չքավորություն ու գոհունակություն£ Դու հիմա ո՞ր հանգրվանում ես թափառում»£ (Իր դերում): Ես այն ծերուկին չհասկացա, Զորավար£ Բայց ես լավ էի հասկանում նրանց, ովքեր իմ լեզվով էին խոսում£ (Պառավ կնոջ դերում): «Էհե՜յ, երիտասարդ, ամեն առավոտ ի՞նչ ես փնտրում այս պարսպի տակ£ Ես հասունացած աղջիկներ ունեմ, քո արարքով նրանց անունները լեզուների տակ կգցես»£ Մի անցվոր ասաց. «Այյար է ձևանում ու սեր է խոստանում… Ամո՛թ քեզ, որ նրանց պատվի հետ ես խաղում, ուզում էիր նրանց պատվազրկե՞լ…»: Մի հարբած խուլիգան ասաց. «Հե՜յ, թափառաշրջիկ, քեզ ասում եմ, հեռո՛ւ մնա այդ պատշգամբից, նա իմ որսն է»£ Այյարներից մեկն ասաց. «Այյար ու սե՞ր… Դև, քո արածով քամուն կտաս մեր օրենքը… Մոռացիր նրան£ Նա քեզ կախարդել է£ Որոգայթ է լարել, որպեսզի նրան ասես այյարների գաղտնիքը£ Զգուշացիր, կեղծիք է»: Մի այլ չարախոս ասաց. «Գիշերը կիսվել է, ու դու դեռ աղոթո՞ւմ ես»£ (Չարախնդում է, իր դերում): Բոլորը վրաս ծիծաղում էին, երեխաները քարկոծում էին£ Պատվազուրկ դարձա այյարների մոտ… Ի՞նչ ասեմ, Զորավար, ի՞նչ ասեմ, թե ոնց էի ինձ խարանում£
ԶՈՐԱՎԱՐ — Որքան ցավոտ… (Դադար): Իսկ Փերիզա՞դը£
ԱՅՅԱՐ — Փերիզադը… Ինչպես արեգակը պատշգամբում` տեսնում էր բոլորին և լուռ էր… Մինչև այն գիշերը, երբ լուսինը բոլորեց, ու նա երևաց պատշգամբում£ Այդ գիշեր ինձ համար երկու լուսին էին փայլում ինչպես արեգակ… Նրա դեմքին ժպիտ երևաց£ Սերս փոխվեց խելագարության£ Շառագունեց որպես կարմիր բողբոջ ու այրեց ինձ£ Եթե սիրում ես, ինձ կհասկանաս£ Գիտեի, ես գիտեի, որ Այյարի և արքայադստեր միությունն անհնար է£ Ելք էի փնտրում£ Պիտի փախցնել, ուրիշ ելք չկա… Գիշերով պատշգամբի տակ պարան նետեցի և Փերիզադի ընդունելության նշանը տեսնելով՝ կախվեցի պատից… Ա՜խ… (Թվում է` բարձր տեղից ընկնում է: Ողբաձայն): Ես տեսա, որ Փերիզադը փետեց մազերն ու լաց եղավ…
ԶՈՐԱՎԱՐ — Նա պատռեց քո մահվան հրամանագիրը, խնդրեց ազատել քեզ… Արքան ականջիս շշնջաց. «Վաքավ, եթե սեր է, թող ոչ ոք չիմանա, որպեսզի խայտառակություն չլինի£ Իսկ եթե… այյարություն է, կամ գողություն, թող խոստովանի, հետո արձակիր իրեն, որ չվտանգվի կյանքը իմ դստեր»£ «Արքա,- աղաչեցի նրան:- Այս վշտին չի դիմանա արքայադուստրը£ Ասեք` փախուստի դիմեց ու անհետացավ անթիվ-անհամար ծառաների ու պահակների աչքի առաջ»: (Արքայի դերում): «Տարածեք, իբր խոստովանեց, որ գող է, այյարություն էր…»: (Իր դերում): «Մեզ չի հավատա»£ (Արքայի դերում): «Ժամանակ կանցնի, կլացի, կմոռանա»£ (Իր դերում): «Չի՛ դիմանա»£ (Արքայի դերում): «Կանեք, ինչ ես ասացի»£ (Իր դերում, տրտմած): Ես հիմա քո մահվան սուրհանդակն եմ, և նրա սերը խափանում է քինախնդրությունս£ Ես քեզ չեմ ուզում սպանել, փախիր ու ապրիր£
ԱՅՅԱՐ — Այդ ո՞ր սիրահարն է, որ կփախչի, բացի սերը կեղծողից, որը կեղծում է նաև այյարությունը, թեկուզ խփված հազար նետերից£
ԶՈՐԱՎԱՐ — Քո մահով ես ատելի կդառնամ արքայադստերը£ Ինձ համար ավելի տանելի է արքայի թուրը, քան նրա դստեր ատելությունը£ Փախիր, ու թող նա իմանա, որ ես պատրաստ եմ մեռնել, քան սպանել: Փախիր…
ԱՅՅԱՐ — (անճարակ): Ո՞ւր փախչեմ, դու լավ գիտես, որ մահապարտ եմ£
ԶՈՐԱՎԱՐ — Եթե փախչել չես կարող, ինչո՞ւ ես մահովդ նրան իր սիրո սգվորը դարձնում:
ԱՅՅԱՐ — Ուրիշ ի՞նչ կարող եմ անել£
ԶՈՐԱՎԱՐ — Եթե իրոք սիրում ես, թող նա շարունակի ապրել£
ԱՅՅԱՐ — Ասա, ի՞նչ անեմ£
ԶՈՐԱՎԱՐ — Երդվո՞ւմ ես կատարել խորհուրդս£
ԱՅՅԱՐ — Եթե դա ելք է, երդվում եմ հազար երդումով, այյարների պատվով£
ԶՈՐԱՎԱՐ — Սուտ ասա ու նրան փրկիր£
ԱՅՅԱՐ — Բայց ինչպե՞ս…
ԶՈՐԱՎԱՐ — Զղջալով ու ներում հայցելով£ Ժամանակ կանցնի, ու երբ խաղաղվի, նրան կասեմ ճշմարտությունը, թե Այյարը ինչեր արեց իր փրկության համար£
ԱՅՅԱՐ — Հիմա ի՞նչ ասեմ£
ԶՈՐԱՎԱՐ — Ասա, որ այս ամենը գողության համար է եղել£ Ասա` սերը խաբկանք է եղել£
ԱՅՅԱՐ — (ցավոտ): Ատելությամբ կլցվի…
ԶՈՐԱՎԱՐ — Հանուն սիրո ուզում ես, որ նա սպանվի՞£ Ամեն հնարք քեզ համար դառնում է անհնար£ Թող երեքս էլ պարտվենք ու սուտը մեզ բաժին դառնա£ Ես` իբրև մի զորավար, որ անկարող եղա պահպանել արքայադստերը, դու` որպես մի գող այյար, և Փարիզադը` որպես սիրո պատիժ£ Ինչպե՞ս ես արդարացնում այս կորուստը, Այյար…
ԱՅՅԱՐ — Վա՜յ նրան, ով փախչելու ելք չունի… (Գլուխը խփում է պատին, լռություն):
ԶՈՐԱՎԱՐ — Քո կսկիծը սպանեց իմ սերը նրա սրտում£
ԱՅՅԱՐ — Ես գողության էի եկել, իսկ սերը սուտ էր, խենթությունը` միջոց£ Ինձ գայթակղել էին արծաթն ու ոսկին: (Վայր է ընկնում):
ԶՈՐԱՎԱՐ — Քո վեհանձնությամբ ստիպում ես, որ այյարների ոտքը պագնեմ… ո՞ւր են նրանք, որ տեսնեն…
ԱՅՅԱՐ — Ասեք, որ գող եմ, ավազակ…
ԶՈՐԱՎԱՐ — Ինձ չի հավատա… Ինձ կկոչի ստահակ, խաբեբա…
ԱՅՅԱՐ — Ում կուզեք` բերեք£ Ես ինքս կասեմ£
ԶՈՐԱՎԱՐ — (խցից դուրս կանչում է): Արքայադստերն ասեք, որ խոստովանեց£ Թող շտապի ու անձամբ լսի£ Շտապե՛ք£
ԱՅՅԱՐ — Ստում են նրանք£ Սերը սուգ են դարձնում£ Սուտ են խոսում, Փերիզադ£ Կեղծ ու պատիր են և ուզում են, որ ոչ ոք այլևս չհիշի ճշմարտությունն ու սիրո դավանանքը, որ ամեն ինչ մոռացվի… Սուտ են խոսում, Փերիզադ, քանզի վախենում են, որ մարդիկ իրար կսիրեն£ Ուզում են` խարդախները գահակալեն, ու սերը քենով սպանեն… Ո՞վ է ասել, որ մենք ազատ ենք մեր ընտրության մեջ£ Սուտ են խոսում, Փերիզադ£ Սուտ են ասում անընկեր այյարների մասին£ Նզովյալ լինի այն լեզուն, որ չասաց ճշմարիտը, և այն միտքը, որ ապականվեց ստով, և այն դավանանքը, որ սուտը ծնեց, և այն կյանքը, որ չնվիրաբերվեց քեզ… Հիմա ո՞վ եմ ես ու ո՞րն է սերն անբասիր, երբ ես դարձել եմ ստահակ… Այսուհետ նա կհավատա՞ սիրույն, իրական սիրույն… Երանի ինձ սպանեն սիրո մեղքի համար… Օ՜, Փերիզադ, քեզ ի՞նչ ասեմ սիրո մասին, երբ ուզում են վասն սիրո կյանքդ խլել£ Գիտեմ, որ նա սուտ է ասում, բայց վախենում եմ, որ նրա խոսքերի թեկուզ մեկ հազարերորդը ճիշտ լինի, ու ես ակամա դառնամ նրա դահիճը£ Մեռի՛ր, Այյար, եթե նրան ամեն ինչից ավելի ես սիրում£ Մեռի՛ր…
Դուռը բացվում է, թավշյա շղարշը ներս սահելով` քամու հետ խաղ է բռնում:
ԱՅՅԱՐ — Կարմիր վարդի բույր եմ առնում£ Մի՛ մոտենա, սիրտս կդադարի բաբախելուց£ (Դադար): Թող քամին Փերիզադի բույրը բերի£ (Դադար): Տեսնո՞ւմ ես, ինձ ազատել են շղթաներից, բայց ոչ իբրև խոստովանության պարգև, այլ որպես ավազակության հատուցում£ Ա՜խ, Փերիզադ£ Այդ ինչո՞ւ ես սիրով նայում ինձ, ինչո՞ւ ես սիրով նայում ինձ, ինչո՞ւ ես այրում արցունքներիդ կրակով£ Ինձնից երես դարձրու£ Երդվում եմ, մայրս ինձ չի սովորեցրել արհամարհել սերը… Իսկ հայրս ինձ ոչինչ չի պատմել ավազակության ու սիրո գողության հնարքների մասին, և այդ խաղի մեջ ես պարտվեցի£
ԶՈՐԱՎԱՐ — (խաղաղ տոնով): Այյար, մենք պայման էին կապել…
ԱՅՅԱՐ — Ո՜վ դու կին, քեզ ծառայելն անգամ ինձ համար վեհություն է£ Բայց չեմ կարող քեզ հետ լինել£ Մոռացիր ինձ, խաբեբա ավազակիս£ (Գոռում է): Այս ցավն ինձ սպանում է, Զորավա՛ր£ (Փերիզադին.) Մի՛ մոտենա, ոչինչ չկա նրանից բացի, ինչ լսեցիր£ Ճշմարիտն ու կեղծիքը աներևույթ են, ու դու չես հասկանում` որն է սուտը£ Ես ավազակ եմ այյարի տեսքով£ Սերը դարձրի միջոց ու եղա խարդախ ու ստահակ£ Ես միայն քո հարստությունն էի ուզում£ (Վերնաշապիկը պատռում է): Դաշույնդ խրիր սրտիս մեջ, որ այլևս չբաբախի£ Քեզ փրկիր, ես գող եմ, ավազա՛կ եմ, ավազա՜կ…
Մետաքսե շղարշն անհետանում է £ Այյարը ծնկի իջած լաց է լինում£
ԶՈՐԱՎԱՐ — (հաղթական): Այյարներին վայել գործ արեցիր£ Փրկեցիր դստերը արքայի… Ահավասիկ հրամանագիրը արքայի£ (Բարձրաձայն): Կախե՛ք ստահակ ու ավազակ Այյարին£
Պարսկերենից թարգմանեց՝
Անդրանիկ ԽԵՉՈԻՄՅԱՆ
Պիեսի թարգմանությանը մեծապես օժանդակել է իրանահայ մշակութային գործիչ, բանաստեղծ, թարգմանիչ, Իրանի հայկական ռադիոժամի փոխտնօրեն Տիգրան Պողոսյանը, ում թարգմանիչն իր շնորհակալությունն է հայտնում£