Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ / ԿՈՒԶԻԿԸ

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ «ԿՈՒԶԻԿԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2011 թ., թիվ 26-27-ում

Ես զտարյուն դրամատուրգ եմ և սիրում եմ թատրոնը: Պարոնա’յք, պիեսները որքան հեռու լինեն ռեալիզմից  ու նատուրալիզմից, այնքան կմոտենան իրական արվեստին: Ավելին, ես պահանջում եմ բացել նոր ուղիներ ժամանակակից դրամատուրգիայի համար ու նոր ձևի մեջ տեղավորել հերոսներին, որ գրված ստեղծագործությունից նավթալինի հոտ չգա: 

Գագիկ Կարապետյան

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԿՈՒԶԻԿԸ

Գործող անձինք

ՄԱՐԻԱՄ

ԳԵՎՈՐԳ

ԴԱՎԻԹ

ԱՎՈ

ԿՈՒԶԻԿ

ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Առաջին տեսարան

Բեմի ձախ կողմում հյուրասենյակն է, աջում` խոհանոցը: Տղամարդը հյուրասենյակում քայլում է կամ ականջը հպում պատին` լսում է: Խոհանոցում կինն է, նա վախեցած նայում է «այնտեղ»:

ՄԱՐԻԱՄ — Նա շարժվում է: Ես զգում եմ նրա ամեն մի շարժումը: (Թաքնվում է սեղանի ետևում): Գարշելի անասուն, ի՞նչ ես ուզում ինձանից… Նա գալիս է իմ կողմը, էլ չեմ դիմանում, շունչս կտրվում է, այսպես ապրելն անհնար է: Ինչի՞ եմ սպասում…

ԳԵՎՈՐԳ — Մի ժամ է` անշարժ կանգնած եմ, չեմ շնչում, կոպերս չեմ թարթում, ոտքերս էլ թմրել են: Կողքից նայողը կկարծի` հոգեկան եմ: Ուզում եմ լսել, թե այնտեղ ինչ է կատարվում: Ամուսինն եմ, չէ՞…

ՄԱՐԻԱՄ — Նա փորսող է տալիս… դանդաղ, դժվարությամբ հաղթահարելով ամեն մի թիզը: (Թաքնվում է սառնարանի ետևում): Կանգ առ, քեզնից քրտնքի ու արյան հոտ է գալիս: Ես վախենում եմ: (Նայում է «այնտեղ»): Նրա բոսորագույն աչքերն ինձ են նայում: Ինչո՞ւ մեկ աչքը բաց է, մյուսը` փակ, ի՞նչ է ուզում դրանով ասել:

ԳԵՎՈՐԳ — Աչքերս հոգնեցին: Ամբողջ օրը խոհանոցից դուրս չի գալիս, ի՞նչ է մտածում, անցած կյա՞նքն է հիշում, այդ անիծյալ օրը… Չէ, խելքը թռցրել է: Որոշում կայացնելու ժամանակն է: Բայց` ոչ այսօր: (Դադար): Դու նրան սիրո՞ւմ ես… ինչ հիմար հարց է: Ես պարզ մարդ եմ, ուզում եմ, որ կինս էլ սովորական լինի, մյուսների նման: (Դադար): Արդեն յոթն է, շուտով կգան, ու կյանքի ձանձրույթը կլցնենք թղթախաղով: (Դադար): Գաղափար չունեմ, թե ինչ է անում այնտեղ: (Ծխում է):

ՄԱՐԻԱՄ — Նա կհասնի: Գիտեմ` կհասնի, քանի որ նրան տեսնում եմ: Նա «այնտեղ է»: Ինչքան մոտ է, այնքան էլ` հեռու, մեր միջև ճահիճ կա: Նա սողալով կանցնի ճահիճն ու կմոտենա ինձ: Կբռնի ձեռքս: (Ձեռքը թաքցնում է): Կբռնի մարմինս… հետո ի՞նչ է լինելու: (Այլ տեղ է թաքնվում): Բացեց մյուս աչքը` արյուն է կաթում. ճահիճը լցվեց արյունով: Զզվում եմ, երբ արնակալած աչքերով ինձ է նայում: (Ելնում է թաքստոցից, վերցնում է դանակը): Հեռացի՛ր: (Հուսահատ): Տեր Աստված, ես խելագար չեմ:

ԳԵՎՈՐԳ — Առավոտ աչքերս չբացած` Ավոն ու Դավիթը խաշ բերեցին: Խաշ շատ եմ սիրում, նրանք գիտեին, անակնկալ արեցին: Հաճելի էր: Կերանք տրաքվելու աստիճան: Հետո սուրճ խմեցինք ու սկսեցինք ծխել: (Ծխում է): Հաճելի է կուշտ փորով ծխել: Ես սիրում եմ կուշտ ուտել ու թուղթ խաղալ: Իսկ նա ամեն ինչ փչացնում է: Հիմա ի՞նչ է անում այնտեղ…

ՄԱՐԻԱՄ — Երբ հասնի ինձ, ի՞նչ եմ անելու, այդ մտքից սիրտս կանգնում է: (Գոռում է): Ես թույլ չեմ տա, լսո՞ւմ ես, թույլ չեմ տա` տիրանաս ինձ: (Դադար): Առաջին իսկ գիշերն զգացի, որ ինձ չի սիրելու: Ամուսինս: (Դադար): Նա տրվեց թղթախաղին, իսկ ես տեսա նրան: Նա «այնտեղ» է:

ԳԵՎՈՐԳ — Ուտելուց հետո սկսեցինք թուղթ խաղալ: Պրեֆերանս: Հետո անցանք պոկերի: Խաղում էինք, օղի խմում ու բխկում: Խաշը ծանր ուտելիք է… Նա չմոտեցավ սեղանին, ափսեները դրեց ու մտավ բույնը` խոհանոց: (Ժպտում է): Ամբողջ օրն այնտեղ է: Ի՞նչ է անում այնտեղ, ի՞նչ է փնտրում: Նա խանգարում է իմ խաղին:

ՄԱՐԻԱՄ — Ուտելուց հետո սկսեցին թուղթ խաղալ: Չգիտեմ` ինչ խաղ է: Հայրս կորցրեց ունեցվածքն ու ինքնասպան եղավ: Մայրս բոլորին պատմում էր, որ անհույս սիրուց է, ուզում էր արդարացնել նրան… Երբ նա խաղում է, անընդհատ ջուր է խմում, ես գիտեմ` ինչու է չորանում բերանը` վախից ու ագահությունից: Փախա խոհանոց, ինձ ստիպեցի, որ չորձկամ, որ չճչամ: Նրանց ծխի ու բորբոսի հոտը ռունգերիս մեջ է:

ԳԵՎՈՐԳ — Տանուլ տվեցի, հետո պարտք ուզեցի, նրանք փող տվեցին, իսկ ես` պարտամուրհակ: Վերադառնան` խաղը կշարունակենք, ու ետ կբերեմ կորցրածս:

ՄԱՐԻԱՄ — Չեմ ուզում նրանց տեսնել… էլ չեմ դիմանում:

ԳԵՎՈՐԳ — Վաղուց պիտի բաժանվեինք: Առաջին օրվանից հասկացա, որ իմը չէ:

ՄԱՐԻԱՄ — Հոգնել եմ, անընդհատ լաց եմ լինում, հուսահատությունից ինձ կորցրել եմ:

ԳԵՎՈՐԳ — Ե՞րբ են նրանք գալու, գլուխս սկսեց ցավել:

Լարված նայում են «այնտեղ»:

Երկրորդ տեսարան

Դռան զանգ: Գևորգը բացում է դուռը: Ներս են մտնում Դավիթն ու Ավոն:

ԳԵՎՈՐԳ — Մտածում էի, էլ չեք գա:

ԴԱՎԻԹ — Կներես, մի քիչ ուշացանք:

ԱՎՈ —   Ես անընդհատ հիշեցնում էի, որ մեզ սպասում են:

ԳԵՎՈՐԳ — Ես սպասում էի, չորս անգամ փորձեցի զանգել, չկարողացա, սպասելուց հոգնեցի, գլուխս ցավում է:

ԴԱՎԻԹ — Ուզո՞ւմ ես` գնանք:

ԳԵՎՈՐԳ — Նայած, թե ինչքան եք տարվելու:

ԱՎՈ —    Ուրեմն սկսեցինք:

Գալիս է Մարիամը:

ԳԵՎՈՐԳ — (Մարիամին): Մենք շարունակելու ենք խաղը:

ՄԱՐԻԱՄ — Արդեն ուշ է:

ԳԵՎՈՐԳ — Ոչինչ, վաղը կիրակի է… Գուցե քնե՞ս, մենք չենք խանգարի, կամաց կխոսենք: Եթե քունդ չի տանում` նստիր ու խաղին նայիր: (Կինը նստում է, մյուսներին): Նա խաղից հասկանում է, հայրը հայտնի խաղացող էր: Ես չեմ կարող համեմատվել… Այնքան խաղաց, մինչև… հին պատմություն է: Սկսեցինք:

Ավոն խաղաթուղթ է բաժանում:

ԳԵՎՈՐԳ — Հազար դրամ:

ԴԱՎԻԹ — Կրկնապատկում եմ:

ԱՎՈ —   Ես հնգապատկում եմ:

ԳԵՎՈՐԳ — Տասնապատկում եմ:

ԴԱՎԻԹ — Ես` պաս:

ԱՎՈ —   Ընդունում եմ, բաց թղթերը:

ԳԵՎՈՐԳ — Երեք տղա:

ԱՎՈ —   Տարար: Բաժանիր: (Թղթերը գցում է հատակին, կռանում, վերցնում է):

ԴԱՎԻԹ — Ինչո՞ւ ես ներվայնացել:

ԱՎՈ —    Ամեն ինչ նորմալ է:

ԳԵՎՈՐԳ — Սիրելիս, գնա քնիր:

ՄԱՐԻԱՄ — Երբ տանը օտար մարդ կա, քնել չեմ կարող:

ԳԵՎՈՐԳ — Այստեղ օտարներ չկան, մենք մոտիկ ընկերներ ենք:

ՄԱՐԻԱՄ — Արդեն կեսգիշեր է:

ԴԱՎԻԹ — Տիկինը ճիշտ է, տուն գնալու ժամանակն է:

ԱՎՈ —    Նոր էինք տաքացել: (Դադար): Այսօր ցրտեց:

ԳԵՎՈՐԳ — Նստեք: (Կնոջը.) Սիրելիս, դու մեզ խանգարում ես: Գնա ննջարան, ինձ մի սպասիր:

ՄԱՐԻԱՄ — Ես չեմ կարող քնել:

ԳԵՎՈՐԳ — Գնա ննջարան, պառկիր ու մի՛ քնիր:

ՄԱՐԻԱՄ — Իմ քունը տանում է:

Հյուրերը ոտքի են կանգնում: Լույսը բոսորագույն է: Չորսով կանգնած են դեմ դիմաց:

Կինը — Ես ձեզ խանգարո՞ւմ եմ:                

I տ. —    Նա մեզ խանգարո՞ւմ է:                 

II տ. —   Նա խանգարում է:              

III տ. — Ես գիտեմ:     (Դադար):                              

Կինը — Ես չեմ ուզում, որ դուք խաղաք:

I տ. —    Նա դեմ է:

II տ. —   Մենք իզուր եկանք:

III տ. — Դեռ կտեսնենք: (Դադար):

Կինը — Ես թույլ կին եմ:                              

I տ. —    Նա մեզ հիմարացնում է:              

II տ. —   Ուշադրություն մի՛ դարձրու:       

III տ. — Դա իմ գործն է: (Դադար):                          

Կինը — Ես էլ չեմ կարող:

I տ. —    Ինչքա՞ն պիտի այսպես կանգնենք:

II տ. —   Այ թե ծիծաղելի վիճակ է:

III տ. — Նստեք: (Դադար):

Սովորական լույս է: Դավիթն ու Ավոն նստած են:

ԳԵՎՈՐԳ — Գնա խոհանոց, մի՛ խանգարիր: (Կինը գնում է):

ԱՎՈ — Խաղից հաճույք չեմ ստանում, երբ նա այստեղ է:

ԴԱՎԻԹ — Ինչո՞ւ եք վիճել:

ԳԵՎՈՐԳ — Նրա հետ վիճելն անհնար է, նայում է քեզ ու չի տեսնում: Երբ հեռանում է, նույնիսկ դեմքի գույնն է փոխվում: Ավելի է սպիտակում, ինչպես թուղթը:

ԴԱՎԻԹ — Լավ համեմատություն չէր, թուղթը տարբեր գույնի է լինում:

ԳԵՎՈՐԳ — Ես ասում եմ` նմանվում է սպիտակ թղթի: Իսկ մարմինը թղթի նման ծալվում է, ասես ուզում է թռչել ու եթե չբռնես` կգնա:

ԴԱՎԻԹ — Նրան հարցրե՞լ ես` ուր է գնում:

ԳԵՎՈՐԳ — Նա գնում է «այնտեղ»:

ԴԱՎԻԹ — Այնտեղ: (Դադար): Որտե՞ղ:

ԱՎՈ —    Կնոջը բռիդ մեջ պիտի պահես, որ չկարողանա շնչել: Խաղալո՞ւ ենք, թե՞ ոչ:

ԴԱՎԻԹ — Կանայք այս տարիքում իրենց կորցնում են:

ԳԵՎՈՐԳ — Նա ինձ ոչինչ չի ասում:

ԴԱՎԻԹ — Դա պիտի հասկանաս:

ԱՎՈ —    Չլինի՞ սիրահարվել է:

ԴԱՎԻԹ — Հիմարություն դուրս մի տուր:

ԳԵՎՈՐԳ — Տարօրինակությունները նրա մոտ ստացվում են:

ԴԱՎԻԹ — Կանայք տարօրինակություններ անել գիտեն:

ԱՎՈ —   Ուրեմն` փողն է պակաս: (Դադար): Սկսում եմ հազար դրամից:

ԳԵՎՈՐԳ — Ես անընդհատ մտածում եմ նրա մասին, դրա համար էլ տարվում եմ:

ԱՎՈ —    Էդ մեկը ճիշտ է:

ԳԵՎՈՐԳ — Դու ինձ փող կտա՞ս:

ԱՎՈ —    Առավոտյան երեք անգամ ստացական ես գրել:

ԳԵՎՈՐԳ — Մի վախենա, մինչև վերջին կոպեկը կվճարեմ:

ԴԱՎԻԹ — Բավական է, այսօր շատ ես տարվել:

ԱՎՈ — Ինչքա՞ն ես ուզում:

ԳԵՎՈՐԳ — Երկու միլիոն:

ԱՎՈ —    Տալիս եմ վերջին անգամ;

ԴԱՎԻԹ — Չտաս:

ԱՎՈ —   Ընկերս կմտածի, թե ժլատ եմ: (Փողն է հաշվում):

ԳԵՎՈՐԳ — Սրտանց ես տալիս, չէ՞:

ԱՎՈ —    Շատ սրամիտ է, չմոռանաս ստացական գրել:

ԳԵՎՈՐԳ — Խաղի վերջում կհաշվենք: (Դադար):

ԴԱՎԻԹ — Գլուխս սկսեց ցավել, գնամ, թարմ օդ շնչեմ: (Ոտքի է կանգնում):

ԱՎՈ —    Չուշանաս, շատ բան կկորցնես:

ԳԵՎՈՐԳ — Կնոջս ասա` սուրճ դնի:

Դավիթը գնում է:

Երրորդ տեսարան

Հյուրասենյակը մթնում է, լուսավորվում է խոհանոցը, Մարիամն այնտեղ է: Ներս է մտնում Դավիթը:

ԴԱՎԻԹ — Բարև: Խանգարեցի՞ ձեր մենությունը: Կներեք: Խաղից գլուխս ցավեց, թույլ տվեք լուսամուտը բանալ:

ՄԱՐԻԱՄ — Բացեք:

ԴԱՎԻԹ — Շնորհակալություն: (Բացում է լուսամուտը): Խաղաղ երեկո է:

ՄԱՐԻԱՄ — Արդեն կեսգիշեր է:

ԴԱՎԻԹ — Այնքան շուտ անցավ օրը` չնկատեցինք: Դեմքիցդ երևում է, որ լարված ես: Բայց չէ՞ որ մենք ամուսնուդ ընկերներն ենք, օտար չենք: Մենք սիրում ենք Գևորգին, նա լավ տղա է, ընկերասեր, հյուրասեր… (Դադար): Գևորգը խնդրեց, որ սուրճ դնեմ, դուք էլ ուզո՞ւմ եք:

ՄԱՐԻԱՄ — Ես կդնեմ:

ԴԱՎԻԹ — Ոչ, սիրում եմ ինքս… միայն իմ եփածն եմ հավանում:

ՄԱՐԻԱՄ — Առավոտյան ես էի սուրճ եփել:

ԴԱՎԻԹ — Դե… հո չէի՞ ասի` կներեք, ձեր եփած սուրճն անհամ է… կարող էիք վրդովվել: ՄԱՐԻԱՄ — Շաքարավազն ու սուրճը պահարանում են:

ԴԱՎԻԹ — Ձեզ համար սուրճ դնե՞մ:

ՄԱՐԻԱՄ — Գիշերը սուրճ չեմ խմում:

Դավիթը սուրճ է եփում:

ԴԱՎԻԹ — Մենք դառը սուրճ ենք խմում, դուք` քաղցր: Ձեզ համար կեփեմ, հետո` մեզ…

ՄԱՐԻԱՄ — Ես ասացի…

ԴԱՎԻԹ — Դա՛ռն եք խմում: Ո՞չ: Մի գդալ շաքարը բավակա՞ն է, ուզո՞ւմ եք` երկուսը լցնեմ… Լավ, երկուսուկես գդալ, որ քաղցր աչքով մեզ նայեք: Երբ տանտիրուհին քաղցր աչքով է նայում, ուզում ես սիրտդ բացել նրա առջև: Նայի՛ր, ինչ գեղեցիկ սիրտ է… (Ցույց է տալիս): Նա շարունակում է թկթկալ, զգույշ, կարող է նեղանալ:

ՄԱՐԻԱՄ — Ես քաղցր աչքով չեմ նայում:

ԴԱՎԻԹ — Բայց ցանկություն ունեք: Դուք այնքա՜ն մեծահոգի եք:

Լույսը դժգունում է, ներս է մտնում Կուզիկը:

 Կուզիկ — Տվեք ձեր սիրտը:             

Դավիթ — Ի՞մ սիրտը:                         

Կին —     Քո սիրտը: (Դադար):                      

Կուզիկ — Ես այն կդնեմ սառնարանը:

Դավիթ — Իմ սիրտը սառնարանո՞ւմ…

Կին —     Ի՞մ սառնարանում: (Դադար):

Կուզիկ — Որ չհոտի:              

Դավիթ — Ես չեմ հավատում:                       

Կին —     Դու չե՞ս հավատում: (Դադար):                

Կուզիկ — Որ սառուցապատի:         

Դավիթ — Ի՞մ սիրտը: 

Կին — Հասկացա՞ր ինձ: (Դադար):

Դավիթ — Ոչ:

Կուզիկ — Խեղճ տղա: (Վերցնում է սիրտը, դնում սառնարան):

Կին —     Նա սիրում է խաղալ:

Կուզիկը հեռանում է: Սովորական լույս է:

ԴԱՎԻԹ — Օրը չորս բաժակ սուրճ եմ խմում: (Նայում է սառնարանին):

ՄԱՐԻԱՄ — Ի՞նչ:

ԴԱՎԻԹ — Կարո՞ղ եմ բանալ սառնարանը:

ՄԱՐԻԱՄ — Խնդրեմ: (Դադար):

ԴԱՎԻԹ — Հիմարություն է: (Ծիծաղում է):

ՄԱՐԻԱՄ — Բաց, տես, այնտեղ ի՞նչ կա: (Դադար):

ԴԱՎԻԹ — Ամուսինդ վատ է խաղում:

ՄԱՐԻԱՄ — Դուք էլ օգտվում եք:

ԴԱՎԻԹ — Նա ինձ չի լսում:

ՄԱՐԻԱՄ — Ստում ես: Բա՛ց սառնարանը… (Դադար):

ԴԱՎԻԹ — Նա ասում է, որ ձեզ հետ չի քնում:

ՄԱՐԻԱՄ — Մենք նույն մահճակալին ենք քնում:

ԴԱՎԻԹ — Իմպոտենտ է:

ՄԱՐԻԱՄ — Ոչ: (Դադար): Նա է ասե՞լ…

ԴԱՎԻԹ — Հա… ասում է, որ դուք «այնտեղ» եք, ամբողջ օրը դուրս չեք գալիս: Ի՞նչ է նշանակում այնտեղ լինել:

ՄԱՐԻԱՄ — Սուրճդ եփիր:

ԴԱՎԻԹ — Ես պաղ եմ խմում:

ՄԱՐԻԱՄ — Սրճեփը չես դրել կրակի վրա:

ԴԱՎԻԹ — Իսկապես… հիմա կդնեմ: Լուցկին կվառեմ, գազի ծորակը կբացեմ… (Ուզում է վառել, չի ստացվում):

ՄԱՐԻԱՄ — Զգույշ, կպայթեցի:

ԴԱՎԻԹ — Կօգնե՞ք` սուրճ եփեմ: (Դադար):

ՄԱՐԻԱՄ — Ինչո՞ւ չես բացում սառնարանը:

ԴԱՎԻԹ — Ուզում ես ասել` կուզիկը…

ՄԱՐԻԱՄ — Ի՞նչ կուզիկ, այս տանը կուզի՞կ ես տեսնում: Ոչ ես, ոչ էլ Գևորգը կուզիկի նման չենք: Իսկ դո՞ւ:

ԴԱՎԻԹ — Ե՞ս: Ուզում եք ասել, որ ե՞ս եմ կուզիկը: Բայց իմ հասակը 1մ 60 սանտիմետրից ավելի է: Ավոն… Ավո՛ն է կուզիկը, բայց դա հնարավոր չէ:

ՄԱՐԻԱՄ — Քեզ չեմ հասկանում:

ԴԱՎԻԹ — Ես ինքս ինձ չեմ հասկանում: (Դադար):

ՄԱՐԻԱՄ — Սրճեփը դիր գազի վրա:

ԴԱՎԻԹ — Ե՞ս դնեմ:

ՄԱՐԻԱՄ — Ծա՞նր է:

ԴԱՎԻԹ — Չէ, դժվար չէ, նայեք, դնում եմ: (Չի շարժվում):

ՄԱՐԻԱՄ — Դու սրճեփը չես դրել կրակի վրա:

ԴԱՎԻԹ — Իսկապե՞ս… զարմանալի է: Հիմա կդնեմ, գազի ծորակը կբացեմ ու լուցկի կվառեմ: (Չի շարժվում):

ՄԱՐԻԱՄ — Զգո՛ւյշ… կպայթեցնես տունը, փակիր ծորակը:

ԴԱՎԻԹ — Վախեցրիք… Կօգնե՞ք, ես սուրճ եփել չգիտեմ:

ՄԱՐԻԱՄ — Անճարակ… Ինչո՞ւ չես բացում սառնարանի դուռը: Նայում ես, բայց չես բացում: (Բացում է սառնարանի դուռը): Տես, սիրտ է, շուկայից եմ գնել, դեռ տաք է, բաբախում է, բայց շուտով կսառցակալի: Երբ մարդ կորցնում է սիրտը…

ԴԱՎԻԹ — Ուզում եք ասել` կուզիկը…

ՄԱՐԻԱՄ — Ի՞նչ կուզիկ, այս տանը կուզիկ տեսնո՞ւմ ես: Ոչ ես, ոչ էլ Գևորգը կուզիկ չենք: Իսկ դո՞ւ:

ԴԱՎԻԹ — Ե՞ս… ուզում եք ասել, որ ե՞ս եմ կուզիկը, բայց իմ հասակը 1մ 70 սանտիմետրից ավելի է:

ՄԱՐԻԱՄ — Սրճեփը դիր գազի վրա:

ԴԱՎԻԹ — Ե՞ս դնեմ:

ՄԱՐԻԱՄ — Ծա՞նր է:

ԴԱՎԻԹ — Չէ, դժվար չէ, սրճեփը դնում եմ գազի վրա… գրողը տանի, այ թե գործ է, ճակատս քրտնեց:

ՄԱՐԻԱՄ — Իսկ հիմա գազի ծորակը բաց:

ԴԱՎԻԹ — Չէ, չեմ կարող:

ՄԱՐԻԱՄ — Լավ, ես կեփեմ: (Ինքն է եփում):

ԴԱՎԻԹ — (ծիծաղում է): Ձեզ հետ դժվար է:

ՄԱՐԻԱՄ — Քո ճանաչած կանանց նման չե՞մ:

ԴԱՎԻԹ — Փառք Աստծո, որ ոչ… Կգժվեի:

ՄԱՐԻԱՄ — Իսկ դու ուշադիր նայիր շուրջդ:

ԴԱՎԻԹ — Երկրորդ անգամ թակարդը չեմ ընկնի:

ՄԱՐԻԱՄ — Սովորեցի՞ր սուրճ եփել:

ԴԱՎԻԹ — Ոչ: Բայց կուզենայի հասկանալ, թե ինչ է նշանակում «այնտեղ» լինել:

ՄԱՐԻԱՄ — «Այնտեղ» դիմացդ է, ի՞նչ ես տեսնում:

ԴԱՎԻԹ — Ձեզ, իսկ ետևում` պատն ու կախիչ: Կախիչից կախված է… ոչինչ էլ կախված չէ: (Դադար): Ամուսինդ քո մասին է մտածում, դրա համար էլ տարվում է:

ՄԱՐԻԱՄ — Մյուս անգամ տնից կգնամ, որ ազատ զգաք:

ԴԱՎԻԹ — Դուք տարբեր եք: Ձեզ նման կանայք ամբողջ կյանքում մենակ են ապրում:

ՄԱՐԻԱՄ — Սուրճը պատրաստ է:

ԴԱՎԻԹ — Իզուր եք մեզ անտեսում: Ամուսինդ իրեն կորցրել է, խղճուկ տեսք ունի: Երբ կինը տղամարդու գրկում չէ, այլ ինչ-որ տեղ` այդ ընտանիքը երկար կյանք չունի: Նա քեզ հետ չի քնում, որովհետև մենք ենք նրան խորհուրդ տվել:

ՄԱՐԻԱՄ — Դուք ինձ ձանձրացրիք:

ԴԱՎԻԹ — Զգուշացե՛ք, տիկի՛ն:

ՄԱՐԻԱՄ — Ումի՞ց, ամուսնուս հարգարժան ընկերների՞ց: Որոնք ամեն օր իրար ականջ մտած  փսփսում են:

ԴԱՎԻԹ — Վախեցեք ինքներդ ձեզնից:

ՄԱՐԻԱՄ — Հեռացե՛ք:

Դավիթը սուրճը տանում է:

ՄԱՐԻԱՄ — Հինգ տարվա ամուլ ամուսնությունը իր վախճանն ունի:

Չորրորդ տեսարան

Հյուրասենյակը թույլ լուսավորված է: Ավոն ու Դավիթը խաղում են, Գևորգը մտովի ոտքի է կանգնում, ականջը հպում է պատին:

ԳԵՎՈՐԳ — Նա մենակ է, իր ցնորքների մեջ, ես այնտեղ չկամ, ես զգում եմ իմ բացակայությունը, ես նրան չեմ կարողանում օգնել: «Մարիամ, դու գիտես` ինչ ես ուզում: Համբուրիր ինձ… թող ես քեզ համբուրեմ, մի թող ինձ մենակ»: Մարիամն ասաց` այդ ես չեմ: Ի՞նչ էր ուզում դրանով ասել: (Քայլում է):Դավիթն ասաց` քո սենյակում կուզիկ է տեսել: Ծիծաղեցի: Ես գիտեմ, դու ոնց ես կարողանում մարդկանց մոլորեցնել: Դու բացել ես սառնարանը, ցույց ես տվել սիրտն ու ասել ես, որ դա մարդու սիրտ է: Ես հռհռացի… Այդ սիրտը ես եմ գնել, ոչխարի սիրտ է, չէ, խոզի էր, որովհետև խոզինը էժան էր: Գնեցի քեզ զվարճացնելու համար: Ես պիտի կիսեի սիրտն ու ցույց տայի փականները: Դու ասում էիր, որ սիրտդ ծակում է: Ուզում ցույց տալ, թե արյունը ինչպես է շրջապտույտ կատարում փականներով: Ավտոմեքենայի շարժիչն ու մարդու սիրտը նույն մեխանիկական շարժումն են կատարում: Գուցե այս խաղը մեզ օգներ ու մենք նայեինք իրար որպես մեքենաներ: (Ծիծաղում է): Այ թե բան մտածեցի…

ԱՎՈ —    Ի՞նչ ես քնել, խաղա:

ԳԵՎՈՐԳ — Դնում եմ մեկ միլիոն:

ԴԱՎԻԹ — Ես` պաս:

ԱՎՈ —    Ափսոսում եմ, բայց ռիսկի չեմ դիմի: (Թղթերը ցած է դնում):

ԳԵՎՈՐԳ — Նայեք, ոչինչ չունեմ, դատարկ փամփուշտով էլ կարելի է կրակել:

ԴԱՎԻԹ — Ամեն անգամ բախտդ չի բերի:

ԳԵՎՈՐԳ — Կյանքն էլ է խաղ, մի օր տանում ես, մի օր էլ` տարվում:

ԴԱՎԻԹ — Կինդ մեղադրում է, որ քեզ խաղի մեջ ենք քաշել:

ԳԵՎՈՐԳ — Իզուր ես նրա հետ երկար խոսել:

ԴԱՎԻԹ — Գնա, նրան ասա, որ մենք քեզ չենք ստիպում:

ԱՎՈ —    Որ այդպես է, էլ չենք խաղա:

ԳԵՎՈՐԳ — Ես եմ ուզում խաղալ, հասկացա՞ք, արգելում եմ նրա հետ խոսել:

ԱՎՈ —   Այ, սա տղամարդու խոսք է: Կնոջը լսես` օղի էլ չես խմի:

ԴԱՎԻԹ — Ասածս էն է, մեր ախպեր, որ կինդ կնեղանա, մենք էլ սևերես կմնանք:

ԳԵՎՈՐԳ — Նրա կարծիքն այդքան կարևո՞ր է: Դուք ուզում եք, որ նրան կանչեմ այստե՞ղ: Ի՞նչ եք ուզում լսել… այդքան թույլ մա՞րդ եմ: Ի՞նչ է անում այնտեղ… (Դավիթին.) Կարո՞ղ ես ասել, ի՞նչ էիք անում խոհանոցում:

ԴԱՎԻԹ — Մեզ համար ուզում էի սուրճ դնել, չկարողացա… սա իմ ուզած սուրճը չէ:

ԱՎՈ —   Ճիշտ է, համ չունի:

ԴԱՎԻԹ — Ես չկարողացա իմ ուզած սուրճը եփել: Ամեն օր եփում եմ, բայց ձեր խոհանոցում չկարողացա:

ԳԵՎՈՐԳ — Դա քեզ համար կարևո՞ր է:

ԱՎՈ —    Խաղը ծանրանում է, օդն էլ թանձրանում, քիչ ծխեք, ու բավական է նրա մասին խոսեք: Դավիթ, փող դիր: Ես ուզում եմ խաղալ:

ԴԱՎԻԹ — Երեսուն հազար:

ԳԵՎՈՐԳ — Ոչ ոք չի կարող ստիպել, որ խաղը կիսատ թողնեմ, ես դնում եմ ամբողջը:

ԴԱՎԻԹ — Այդպես չեն խաղում:

ԳԵՎՈՐԳ — Իսկ ես խաղում եմ: Հը, թղթերդ գցո՞ւմ եք:

ԴԱՎԻԹ — Ես քեզ զգուշացրի: Նայիր` մեկ տուզ, երկու տուզ, երեք տուզ, տարա: (Փողերը հավաքում է): Այդպես խաղաս` տունդ էլ կկորցնես:

ԳԵՎՈՐԳ — Աչք ես դրել տանս վրա՞, քամակդ կտեսնես` տունս չես տեսնի:

ԴԱՎԻԹ — Հանգստացիր, ոչ ոք տունդ չի ուզում, ես միայն խորհուրդ եմ տալիս:

ԳԵՎՈՐԳ — Գիտե՞ս` ուր մտցրու քո խորհուրդը…

ԴԱՎԻԹ — Ո՞ւր: (Դադար):

ԱՎՈ — Լսեք, մենք եկել ենք խաղալու:

ԴԱՎԻԹ — Ասա, ո՞ւր մտցնեմ…

ԱՎՈ —   Ես ասե՞մ…

ԴԱՎԻԹ — Չէ, թող ինքն ասի:

ԱՎՈ —   Ի՞նչ ես տղային նեղացնում: (Դադար): Խաղում ենք:

ԳԵՎՈՐԳ — Ինձ փող տվեք:

ԴԱՎԻԹ — Չունես` մի խաղա:

ԱՎՈ —    Իսկ ես փափուկ սիրտ ունեմ, ինչքան էլ ուզես` կտամ:

ԳԵՎՈՐԳ — Երեք միլիոն:

ԱՎՈ —   Տվեցի: Դու էլ ստացական գրիր: (Գևորգը գրում է): Քո ստացականները սրտիս մոտ եմ պահում: (Դնում է վերնաշապիկի գրպանը): Ինչի՞ տխրեցիր:

ԳԵՎՈՐԳ — Էս տունը քրոջս էր, գնաց Դոնի Ռոստով, ամեն շաբաթ նամակ էր գրում, թե` հիվանդ եմ, փող չունեմ, տունը վաճառի: Ես էլ նամակներին չէի պատասխանում: Քաղցկեղով հիվանդ էր, մեռավ, տունը մնաց ինձ: Սրտիս դարդ է մնացել: Չհամարձակվե՛ք տան անունը տալ:

ԴԱՎԻԹ — Դուք խաղացեք, ես թարմ օդ շնչեմ:

ԳԵՎՈՐԳ — Ոչ մեկդ տեղից չի շարժվի: Բաժանի՛ր:

Խաղում է Գևորգը, տանում է:

ԱՎՈ —   Այս անգամ տարար, էլ ի՞նչ ես կպել բախտի կոկորդից:

ԳԵՎՈՐԳ — Մի երկու անգամ էլ այսպես տանեմ` պարտքերս կփակեմ:

ԱՎՈ —    Թույլ տուր գնամ, պիպի անեմ:

ԳԵՎՈՐԳ — Լսեք, դուք ինձ ո՞ւմ տեղն եք դրել:

Ավոն դուրս է գնում: Դավիթն ու Գևորգը խաղում են: Մթնում է: Լուսավորվում է խոհանոցը: Ներս է մտնում Ավոն: Կինը հարցական նրան է նայում:

ԱՎՈ —   Զուգարանակոնքը չի աշխատում: Ես էլ վերցրի ջրամանն ու դատարկեցի, հետո հասկացա` սխալվել եմ, ջուրը չէր գալիս:

ՄԱՐԻԱՄ — Կեղտոտ ձեռքերով մտել ես խոհանոց:

ԱՎՈ —   Իմ ձեռքերը միշտ մաքուր են: Որտեղ աշխատում եմ` տերն ափսոսում է ձեռնոց տալ, մուրը մտել է մաշկիս մեջ, ինչքան լվանում եմ` չի մաքրվում: Կինս մրոտ ձեռքերիս չի նայում, նրան ավելի շատ ուրիշ բան է հետաքրքրում: (Ծիծաղում է): Կանայք միայն դա են ուզում տեսնել:

ՄԱՐԻԱՄ — Հեռացի՛ր:

ԱՎՈ —   Աչքերիցդ կրակ է թափվում, որ ուժ ունենայիր, տղամարդու ուժ` կոկորդս կբռնեիր: (Դադար): Ամուսինդ ասում է` հաճախ ես բացակայում, ո՞ւմ մոտ ես գնում… Ես լինեի` չէի դիմանա: Այդպես մի նայիր, կհալվեմ: Կատակեցի, ես պինդ տղամարդ եմ, եթե կասկածներ ունես… ասա:

ՄԱՐԻԱՄ — Դուք ընկերներ եք:

ԱՎՈ —   Ինչ-որ չեմ հիշում, որ նա իմ ընկերն է:

ՄԱՐԻԱՄ — Իսկ ինչո՞ւ ես նրա տանը:

ԱՎՈ —   Խաղալու համար այստեղ հարմար է, տունն էլ դուր է գալիս, քաղաքի կենտրոնում, լուսավոր, ճիշտ է, վերանորոգված չէ, բայց ոչինչ: (Դադար): Երբ այս տունը իմը դառնա, կվերանորոգեմ, իմ «կեղտոտ» ձեռքերից ամեն ինչ գալիս է: (Դադար): Ամուսինդ դանդաղ խրվում է պարտքերի մեջ: Կարծում ես, դա քեզ չի՞ վերաբերում: Հույս ունեմ, որ ամուսնուդ փափլիկ ձեռքը կբռնես ու կհեռանաս:

ՄԱՐԻԱՄ — Տունը քեզ չեմ տա:

ԱՎՈ — Դե, դե, այդքան վստահ մի ասա:

ՄԱՐԻԱՄ — Կրակին կտամ, բայց քեզ չեմ տա:

ԱՎՈ —   Իսկ ամուսնուդ պարտքը ո՞նց ես փակելու:

ՄԱՐԻԱՄ — Ինքն է պարտք` ինքն էլ կվճարի: (Դադար):

ԱՎՈ —   Այ թե կին ես, վայրի ձիու պես ծառս ես լինում, իսկ ես գիտեմ` նրան ոնց են հնազանդեցնում: Պարանը գցում եմ վիզն ու քաշում, մինչև կինն ընկնում է ոտքերիս տակ ու թողություն է խնդրում: Ես էլ մեծահոգաբար ներում եմ: (Բռնում է կնոջ դեմքը): Դե, փոքրիկս, հանգստացիր, պապան իր գործը դեռ չի սկսել…

ՄԱՐԻԱՄ — Կգոռամ:

ԱՎՈ —   Դե, դե, ինձ մի զայրացրու:

ՄԱՐԻԱՄ — (վերցնում է դանակը): Ես կարող եմ ինձ պաշտպանել:

ԱՎՈ —   Դու կարո՞ղ ես մարդ սպանել:

ՄԱՐԻԱՄ — Հեռացիր, խնդրում եմ:

ԱՎՈ —    Հեռանա՞մ… ինչո՞ւ:

Լույսը մարում է:

Հինգերորդ տեսարան

Կինը մաքրում է հյուրասենյակը: Գևորգն անտարբեր նրան է նայում:

ԳԵՎՈՐԳ — Տարօրինակ է: Տարօրինակ է, որ դու այստեղ ես:

ՄԱՐԻԱՄ — Ես սրբում եմ հատակը, որ քեզ լավ զգաս:

ԳԵՎՈՐԳ — Մի գոռա… երեկ շատ խմեցի, գլուխս պայթում է, բայց լսողությունս տեղն է:

ՄԱՐԻԱՄ — Ես չեմ գոռում:

ԳԵՎՈՐԳ — Ոչ, գոռացիր: Հատակն ես մաքրում, բա էլ ո՞վ պիտի մաքրի:

ՄԱՐԻԱՄ — Դա իմ պարտականությունն է:

ԳԵՎՈՐԳ — Մի բաժակ օղի բեր: Դու ինձ չես հասկանում, շուտով ընկերներս գալու են: Ես պիտի սթափ ուղեղ ունենամ:

ՄԱՐԻԱՄ — Նրանք ծիծաղում են… ասում են` խաղալ չգիտես:

ԳԵՎՈՐԳ — Դեռ կտեսնենք` ով ում վրա կծիծաղի:

Մարիամը օղին ու բաժակը դնում է սեղանին:

ՄԱՐԻԱՄ — Ձեռքերդ դողում են:

ԳԵՎՈՐԳ — Լցրու: Օղին լցրու բաժակը: (Մարիամը լցնելուց թափում է): Տեր Աստված, մի բաժակ օղի լցնել չես կարող: Ձեռքիցդ ոչինչ չի գալիս, բայց ամբողջ օրը խոհանոցում ես, ընկերներս մտածում են` իսկական տնտեսուհի ես: (Խմում է): Միայն ես գիտեմ, որ ինձ հետ չես քնում: Ճիշտ է, մարմինդ ինձ քսվում է, բայց դու չկաս, անկողնում ինձ հետ չես, ո՞ւր ես, որտե՞ղ ես թրև գալիս, ո՞ւմ ես երազում: Կարծես երազախաբ լինենք, ամեն մեկս` մեզ համար: Ես չեմ կարողանում քեզ փաղաքշել, քաղցր բառեր ասել…

ՄԱՐԻԱՄ — Իզուր ես էներգիադ ինձ վրա ծախսում:

ԳԵՎՈՐԳ — Քո կյանքում ուրիշն է հայտնվել:

ՄԱՐԻԱՄ — Կարո՞ղ եմ գնալ խոհանոց:

ԳԵՎՈՐԳ — Ոչ:

ՄԱՐԻԱՄ — Ո՞չ:

ԳԵՎՈՐԳ — Նստիր, ուշադիր լսիր ինձ: Երեկ շատ խաղացի, ազարտի մեջ էի, սկզբում տանում էի, հետո սկսեցի տարվել:

ՄԱՐԻԱՄ — Ինչո՞ւ ես ինձ ասում:

ԳԵՎՈՐԳ — Դու իմ կինն ես… Մեծ գումար պարտք մնացի:

ՄԱՐԻԱՄ — Ինչո՞վ կարող եմ քեզ օգնել, ես փող չունեմ:

ԳԵՎՈՐԳ — Ամբողջ օրը մտածում եմ, թե ինչպես եմ փակելու: Ուզում եմ` դու խաղաս:

ՄԱՐԻԱՄ — Ե՞ս խաղամ… քո փոխարե՞ն:

ԳԵՎՈՐԳ — Գուցե քո բախտը բերի:

ՄԱՐԻԱՄ — Ես խաղալ չգիտեմ:

ԳԵՎՈՐԳ — Դժվար չէ, շատ արագ կսովորեցնեմ:

ՄԱՐԻԱՄ — Ես չեմ ուզում խաղալ: Դու էլ մի խաղա, պարտքդ քիչ-քիչ կփակես, չէ՞ որ ընկերներ եք:

ԳԵՎՈՐԳ — Նրանք ի՞նչ ընկեր… (Դադար): Ո՞ւր ես նայում, կարծես գազան տեսած լինես: Արի գրկեմ, մի սրթսրթա, ես քո կողքին եմ: Ես քեզ կպաշտպանեմ:

ՄԱՐԻԱՄ — Նա գազան չէ, գազան չէ… մի խաղա, խնդրում եմ:

ԳԵՎՈՐԳ — Զանգեմ շտապ օգնություն, նրանք քեզ խելքի կբերեն:

ՄԱՐԻԱՄ — Դու ինձ չես հասկանում:

ԳԵՎՈՐԳ — Այսօր ավելի կարևոր խնդիրներ ունեմ: Ուզո՞ւմ ես պառկել:

ՄԱՐԻԱՄ — Ես արդեն լավ եմ: Մի խաղա, նրանք քեզ խաբում են:

ԳԵՎՈՐԳ — Ինձ ոչ ոք չի կարող խաբել: Նույնիսկ դու: (Դադար): Նորից նայում ես այնտեղ:

ՄԱՐԻԱՄ — Մեխից կախված իմ մարմինը ճոճվում է թիկ-թակ, թիկ-թակ… ծիծաղելի է, չէ՞:

ԳԵՎՈՐԳ — Ոչ:

ՄԱՐԻԱՄ — Իսկ ես ուզում եմ ծիծաղել: (Ծիծաղում է, հետո լալիս): Ես մեղավոր չեմ, որ  անկողնում ինձ չես զգում:

ԳԵՎՈՐԳ — Գիտեմ: Ուզո՞ւմ ես, գնանք թատրոն:

ՄԱՐԻԱՄ — Դու ամեն անգամ խոստանում ես:

ԳԵՎՈՐԳ — Երբ այս պատմությունից դուրս գամ, անպայման կգնանք թատրոն:

ՄԱՐԻԱՄ — Դու չես կարող նրանց հաղթել:

ԳԵՎՈՐԳ — Նայիր… (Խաղաթղթերը բաժանում է երեք տեղ): Ի՞նչ է իմ մոտինը: (Բացում է): Երեք տուզ, իսկ նրա՞նցը… Երեք արքա ու երեք աղջիկ: Ես մեծ գումար եմ դնում, նրանք էլ մտածում են, որ իրենց խաղաթղթերը մեծ են, դնում են ամբողջն ու տարվում: Հետո ես ասում եմ` արդեն ուշ է, չէ, դու ես ասում… նրանք գլխիկոր թողնում-գնում են:

Գևորգը շարունակում է խաղաթղթերով փորձեր անել, կինը քայլում է սենյակում:

ԳԵՎՈՐԳ — Ի՞նչ ես մտածում:

ՄԱՐԻԱՄ — Այս վիճակից դուրս գալու ելք եմ փնտրում:

ԳԵՎՈՐԳ — Խաղաթղթերն իմ ձեռքում են, քեզ մոտ ոչինչ չկա:

ՄԱՐԻԱՄ — Դու միայն ինձ կարող ես հաղթել:

Դռան զանգ:

ԳԵՎՈՐԳ — Սիրելիս, բաց դուռը:

Մարիամը գնում է խոհանոց:

Վեցերորդ տեսարան

Ներս են մտնում Ավոն ու Դավիթը, օղու շիշը դնում են սեղանին:

ԴԱՎԻԹ — Դուռը բաց էր, ոչ ոք մեզ չդիմավորեց:

ԳԵՎՈՐԳ — Կինս է դուռը բաց թողել:

ԴԱՎԻԹ — Ինչո՞ւ դուռը դու չբացեցիր, արժանի չե՞նք հարգանքի:

ԳԵՎՈՐԳ — Ի՞նչ ես ուզում ասել:

ԴԱՎԻԹ — Հարազատ ընկերներին հարգանքով են վերաբերվում: Պատահական մարդ չենք, դիմավորեիր, դռան մոտ շիշը ձեռքներիցս վերցնեիր… Իսկ դու նստած նայում ես մեզ: Մենք նմա՞ն ենք անկոչ հյուրի:

ԳԵՎՈՐԳ — Իմ վերաբերմունքը միշտ նույնն է եղել:

ԴԱՎԻԹ — Այսինքն` դու մեզ չես հարգում… Հարգո՞ւմ ես, թե՞ ոչ:

ԳԵՎՈՐԳ — Ես պիտի մտածեմ:

ԴԱՎԻԹ — Նա ուզում է մտածել:

ԱՎՈ —   Բայց մտածելու ի՞նչ կա, ասա «այո», ու վերջ:

ԳԵՎՈՐԳ — Այո:

ԴԱՎԻԹ — Պատկերացնում եմ` ոնց կուզեիր մեզ թրխկացնել: Դեմքիցդ երևում է: Ուզո՞ւմ ես թրխկացնել, թե՞ չէ:

ԱՎՈ —    Հանգիստ թող տղային, չե՞ս տեսնում` խաղաթղթերն է խառնում:

ԳԵՎՈՐԳ — Ես խաղաթղթերն եմ խառնում, որ ժամանակ չկորցնենք:

ԱՎՈ —    Ճիշտ է ասում, բայց մինչև սկսելը լավ կլինի` մի բաժակ օղի խմենք:

ԳԵՎՈՐԳ — Մարիամ, բաժակները բեր:

ԱՎՈ —    Հը՞, պատրա՞ստ ես թրխկացնել: (Ծիծաղում է):

ԳԵՎՈՐԳ — Այսօր վճռական եմ տրամադրված:

ԴԱՎԻԹ — Երեկվա օրը չընկնե՞ս:

ԳԵՎՈՐԳ — Եկեք մի պարտիա խաղանք, մինչև բաժակները բերի: (Սկսում է բաժանել):

ԱՎՈ —   Դո՞ւ ես բաժանում:

ԳԵՎՈՐԳ — Հարցեր կա՞ն:

ԴԱՎԻԹ — Չէ, բաժանիր: Մեզնից մեկը պիտի բաժանի, չէ՞:

Գևորգը բաժանում է: Ավոն ու Դավիթը իրար են նայում, ժպտում են: Վերցնում են թղթերը, իրար են նայում, ժպտում են:

ԱՎՈ —    Գրազ կգամ, քո մոտ երեք տուզ է:

ԳԵՎՈՐԳ — Պայծառատե՞ս ես:

ԱՎՈ —    Չէ, բայց մատից հոտ եմ քաշում: Հազար դրամ եմ դնում ու բացում:

ԳԵՎՈՐԳ — Մինչև մենք չխաղանք, չես կարող բացել:

ԴԱՎԻԹ — Ես` պաս:

ԳԵՎՈՐԳ — Ես դնում եմ ամբողջը:

ԱՎՈ —    Ես էլ` պաս: Տես, չորս արքա ունեմ, բայց գցում եմ:

ԴԱՎԻԹ — Ես` երեք աղջիկ… ցույց չե՞ս տա` ինչ ունես:

ԳԵՎՈՐԳ — Չէ: Խաղայիք` ես էլ կբացեի:

ԴԱՎԻԹ — Ուզում ենք տեսնել` ինչ ունես:

ԳԵՎՈՐԳ — (իր խաղաթղթերը խառնում է մյուսներին): Արդեն չեմ հիշում: Ի՞նչ կա, իմ ազնվությանը կասկածո՞ւմ եք:

ԴԱՎԻԹ — Ես քեզ հավատում եմ:

ԱՎՈ —    Ես էլ եմ հավատում, բայց հիմա ես եմ բաժանելու:

ԳԵՎՈՐԳ — Ով հաղթում է, նա էլ բաժանում է:

ԴԱՎԻԹ — Ի՞նչ կարևոր է` ով է բաժանում, վստահում ենք իրար, չէ՞… Մենք ընկերներ ենք:

ԱՎՈ — Բաժակներն այդպես էլ չբերեց:

ԳԵՎՈՐԳ — Մարիամ…

ԴԱՎԻԹ — Մի անհանգստացրու տիկնոջը, ես կբերեմ: (Դուրս է գնում):

ԱՎՈ —   (խառնելով խաղաթղթերը): Հին պարտքդ ե՞րբ ես փակելու:

ԳԵՎՈՐԳ — Մի անհանգստացիր, կփակեմ:

ԱՎՈ —   Չեմ անհանգստանում, բայց չեմ էլ կարող սպասել: Ուզում եմ մատներով շոշափել փողերս:

ԳԵՎՈՐԳ — Խաղից հետո կփակեմ:

ԱՎՈ —    Կփակե՞ս:

ԳԵՎՈՐԳ — Կփակեմ:

ԱՎՈ —    Տղամարդու խո՞սք:

ԳԵՎՈՐԳ — Ես այսօր փողերդ կրելու եմ:

ԱՎՈ — Իսկ եթե չկարողացար, ապա…

ԳԵՎՈՐԳ — Ապա` ի՞նչ:

ԱՎՈ —    Ինքդ մտածիր հետևանքների մասին:

ԳԵՎՈՐԳ — Սպառնո՞ւմ ես: Բայց չէ՞ որ ընկերներ ենք:

ԱՎՈ —    Փողի դեպքում ի՞նչ ընկեր…

Լույսը խամրում է:

Յոթերորդ տեսարան

Խոհանոցի լույսը մոխրագույն է: Ներս է մտնում Դավիթը, զարմացած նայում է շուրջը: Մարիամը մերկ է, համակարգիչի վրա տեքստ է հավաքում: Կուզիկը քայլում է ու թելադրում:

Կուզիկ — … երկու երրորդը մարդ է, մեկ երրորդը` անասուն, երբ գումարում ենք… Ի դեպ, գումարելիների տեղերը փոխելիս, միևնույն է, ստանում ենք մեկ: Մեկ մարմին, մեկ հոգի: Տեսնո՞ւմ ես, Աստված ինչքան բարյացակամ է: (Մարիամին.) Դանդաղ ես տեքստը հավաքում, բայց որ սկսել ենք` պիտի վերջացնենք: (Մոտենում է Դավիթին): Երիտասարդ, մենք ծանոթնե՞ր ենք: (Դավիթը ապշած նայում է կնոջը): Ինչո՞ւ ապշած ես, տղա, արտասովոր բա՞ն ես տեսել:Կինը մե՞րկ է: Հարգելիս, մարդիկ մերկ են ծնվում: Նույնիսկ քեզ նման տհասները կոշիկով չեն ծնվում: Հետո են կոշիկ գնում: Ես մի հարուստ մարդու գիտեմ, ունի երեսուն զույգ կոշիկ: Ամեն օր մի զույգն է հագնում, բայց, միևնույն է, նա էլ է մերկ ծնվել: (Մարիամին.) Ինչի՞ վրա կանգնեցինք, տիկին… Գրողը տանի, մտքիս թելը կտրվեց: (Նայում է Դավիթին): Անհույս է: (Մարիամին.) Կգամ վաղը, գործից հետո, փափլիկս: (Կսմթում է կնոջն ու անհետանում):

Խոհանոցի լույսը պայծառանում է: Կինը մերկ չէ:

ԴԱՎԻԹ — Նա ձեզ ասաց «փափլիկս»:

ՄԱՐԻԱՄ — Ի՞նչ ասացիր:

ԴԱՎԻԹ — Կուզիկն ասաց` «փափլիկս»:

ՄԱՐԻԱՄ — Ի՞նչ կուզիկ:

ԴԱՎԻԹ — Նա այստեղ էր… ծոր տալով ասաց «փափլիկս»: Նա թելադրում էր, դուք գրում էիք:

ՄԱՐԻԱՄ — Ջերմո՞ւմ ես:

ԴԱՎԻԹ — Դուք մերկ էիք… գեղեցիկ կուրծք ունեք: Ես ձեզ մերկ տեսա:

ՄԱՐԻԱՄ — Ամեն մարդ տեսնում է այն, ինչ ուզում է տեսնել: Ինչո՞ւ ես եկել:

ԴԱՎԻԹ — Բաժակ տանեմ, մոռացաք բերել:

ՄԱՐԻԱՄ — Ինձնից ոչ ոք բաժակ չի ուզել:

ԴԱՎԻԹ — Մի օր որ այս տանը մնամ` կնմանվեմ ձեզ:

ՄԱՐԻԱՄ — Բաժակները վերցրու ու գնա:

Դավիթը շփոթված շուրջն է նայում:

ԴԱՎԻԹ — Կարծում եք, խելքս թռցրե՞լ եմ… ես տեսա կուզիկին, նա թելադրում էր, իսկ դուք մերկ, այո, մերկ էիք… Թույլ տվեք միացնեմ համակարգիչը:

ՄԱՐԻԱՄ — Խորհուրդ չէի տա:

ԴԱՎԻԹ — Համենայնդեպս, ես պիտի հասկանամ:

Դավիթը նստում է համակարգչի առաջ: Լույսը խամրում է, ներս է մտնում կուզիկը:

Կուզիկ — Բարև, հարգելիս:

Դավիթ — Բարև:

Կուզիկ — Պոռնոսա՞յթ ես նայում:

Դավիթ — Քեզ եմ փնտրում:

Կուզիկ — Համակարգիչո՞վ: Հարգելիս, սխալ ուղու վրա ես: Խոսիր, փափլի՛կս:

Դավիթ — Դու ասացիր «փափլիկս»:

Կուզիկ — Իմ փաղաքշական խոսքն է, քեզ դո՞ւր եկավ:

Դավիթ — Ուրեմն, ես գիժ չեմ, դու այստեղ էիր, տիկինը մերկ էր: (Շրջվում է, տեսնում է կնոջը մերկ): Սա խաբկանք չէ:

Կուզիկ — Դու էլ ես մերկ:

Դավիթ — (տեսնում է, որ մերկ է): Չէ, ես խելագար եմ: Մենք ո՞ւր ենք ընկել, դու ո՞վ ես:

Կուզիկ — Աղավնյակս, մենք կհանդիպենք, շատ շուտով կհանդիպենք: Իսկ հիմա աչքերդ փակիր ու հաշվիր մինչև տասը: Դու հաշվել գիտե՞ս:

Դավիթ — Գիտեմ:

Կուզիկ — Դե, սկսիր:

Դավիթ — Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տաս:

Կուզիկն անհետանում է: Լույսը պայծառանում է: Դավիթը աչքերը բացում է, ինքն ու Մարիամը հագնված են:

ԴԱՎԻԹ — Դժվար է սովորել այս կյանքին:

ՄԱՐԻԱՄ — Ի՞նչ կյանք… ես հոգնել եմ:

ԴԱՎԻԹ — Ձեր ամուսինը ասում էր, որ ֆանտազյոր եք` չէինք հավատում: Դուք ձեզ չեք թողնում ապրել սովորական կյանքով:

ՄԱՐԻԱՄ — Ժամանակը սպառվեց:

ԴԱՎԻԹ — Մեկ-մեկ ինձ էլ է թվում, որ այլմոլորակայինները մեր մեջ են մտնում ու փորձեր են անում մեր նյարդերի վրա: Գրողը տանի, ո՞վ էր այդ կուզիկը:

ՄԱՐԻԱՄ — Այնտեղ քեզ են սպասում: Շատ մի խմիր, անգամ քեզ վնասակար է:

ԴԱՎԻԹ — Ընդունում եմ իմ պարտությունը, ձեզ հասկանալը ուժերիցս վեր է: Եթե այս ամենը նրանց պատմեմ` ինձ գժի տեղ կդնեն: Կներեք, որ երկար չեմ կարող ձեզ հետ խոսել, նրանք անհամբեր ինձ են սպասում:

ՄԱՐԻԱՄ — Նրանք շարունակում են խաղը:

ԴԱՎԻԹ — Ավոն ուզում է տիրանալ այս տանը, ամուսինդ էլ մաս-մաս տարվում է: Մտածիր` որտեղ ես ապրելու, որ նեղն ընկնես` դիմիր ինձ, կօգնեմ: (Գնում է):

ՄԱՐԻԱՄ — Դու ինձ լսո՞ւմ ես: (Լսվում է հառաչանք): Դու ինձ տեսնում ես, օգնիր ինձ: Նա այնտեղ է, սենյակում, ուղեղը մթագնել է, աչքերը չեն տեսնում, հուսահատությունից լեզուն է ծամում, իսկ գիշատիչը քարշ է տալիս ճահիճ: Նա  շուտով կխեղդվի, ինձ էլ իր հետ կտանի: Չէ՞ որ մեր ձեռքերը կապված են անքակտելի կապով: (Քայլում է): Ա՜… ես ճչում եմ վախից ու հուսահատությունից: Հիմար, հիմար, հիմար… (Դադար): Վաղը լինելու է այսօր, իսկ այսօր` վաղը: Մենք դոփելու ենք տեղում, ուշանալու ենք ժամանակից: Բանկի տոկոսները մեզ ճզմելու են գետնին: Ծերանալու ենք ու… (Ընկնում է, ջղաձգվում): Օդ տվեք, օդ, շնչահեղձ եմ լինում…

Ութերորդ տեսարան

Հյուրասենյակում Ավոն, Դավիթը և Գևորգը լարված խաղում են:

ԱՎՈ —    Տարվեցիր… (Փողերն է հավաքում):

ԳԵՎՈՐԳ — Այսօր խաղս չի ստացվում:

ԱՎՈ —    Պարտքով փող չե՞ս ուզում:

ԳԵՎՈՐԳ — Չէ, ուշ է, վաղը աշխատանքի ենք:

ԱՎՈ —    Մենք դեռ կարգին չենք տաքացել:

ԳԵՎՈՐԳ — Քունս տանում է:

ԴԱՎԻԹ — Դու վստա՞հ ես, որ պիտի վերջացնենք:

ԳԵՎՈՐԳ — Կինս ինձ է սպասում: (Ոտքի է կանգնում):

ԱՎՈ —    Նստիր: Մինչև բերանիս մեջ պղնձի համ չեմ զգում` չեմ հանգստանում: Ամեն ինչ փչացրիր: (Խաղաթղթերը պատռում է):

ԴԱՎԻԹ — Ե՞րբ ես պարտքդ տալու:

ԳԵՎՈՐԳ — Վաղը:

ԴԱՎԻԹ — Մեզ հիմա է փողը պետք:

ԱՎՈ —    (Գևորգին): Օղի լցրու: (Գևորգը լցնում է, Ավոն խմում է): Այդպես չենք պայմանավորվել: Առավոտյան տղամարդու խոսք տվեցիր:

ԳԵՎՈՐԳ — Չեմ կարող տալ, տանը փող չկա:

ԱՎՈ —    Ի՞նձ ինչ, չխոստանայիր: Փչացար:

ԴԱՎԻԹ — Բանկում փող ունես, կսպասենք, մինչև լույսը բացվի:

ԱՎՈ —    Հիասթափվեցի: Քեզ նման տղային գիտե՞ս` ինչ են անում…

ԳԵՎՈՐԳ — Վաղը փող կճարեմ:

ԴԱՎԻԹ — Նախօրոք պիտի մտածեիր:

ԱՎՈ —    Կնոջդ կանչիր:

ԳԵՎՈՐԳ — Նրան մի խառնիր:

ԱՎՈ —    Քո պարտքը նաև նրանն է:

ԴԱՎԻԹ — Ես կկանչեմ:

ԳԵՎՈՐԳ — Մի գնա, նա ոչ մի կապ չունի:

ԱՎՈ — Նստիր: Իսկ դու գնա: (Դավիթը գնում է): Ոսկեղեն չունե՞ս:

ԳԵՎՈՐԳ — Ես քեզ փող չեմ տա:

ԱՎՈ —    Ազնիվ պիոներական խո՞սք… (Ծիծաղում է): Օղի լցրու:

ԳԵՎՈՐԳ — Ես չեմ խմում: Ինքդ լցրու:

ԱՎՈ —    Դու չհասկացա՞ր` ինչ ասացի…

ԳԵՎՈՐԳ — Տուն գնալուդ ժամանակն է:

ԱՎՈ —    Ես իմ տանն եմ:

ԳԵՎՈՐԳ — (ոտքի է կանգնում): Գնա, հակառակ դեպքում…

ԱՎՈ —    Ի՞նչ… Այդ մեկը պիտի չասեիր:

Մթնում է, բայց երևում է` ինչպես են կռվում: Ավոն կապկպում է Գևորգին, գցում սեղանի վրա, նստում ու ծխում է:

Իններորդ տեսարան

Խոհանոցում Մարիամը նստած նայում է մի կետի: Ներս է մտնում Դավիթը:

ԴԱՎԻԹ — Հըմ… (Մարիամը նրան է նայում): Ամուսինդ տարվեց: (Դադար): Ինչ գալիս եմ այստեղ, կոշիկներս մաքրում եմ, վերնաշապիկս փոխում եմ, տաբատս արդուկում եմ… որովհետև կյանքն այստեղ ուրիշ է: Սկսել եմ ինձ հարցեր տալ. ինչո՞ւ եմ ապրում, կյանքի իմաստը ո՞րն է: Այս կյանքն ինձ բավարարում է: (Դադար): Երբ մտնում եմ խոհանոց, տեսնում եմ ձեզ, նույնիսկ կուզիկը ինձ համար դառնում է իրական: Ծիծաղելի է, չէ՞: Դուք միշտ լռում եք, դա ինձ նյարդայնացնում է: Ես ուզում եմ ձեզ հետ անկեղծ խոսել: Չի ստացվում: (Դադար): Ավոն բռնել է Գևորգի կոկորդից ու մինչև փողը չվերցնի` տնից դուրս չի գա: Դուք ինձ հասկանո՞ւմ եք: Դուք ինձ տեսնո՞ւմ եք… Ավոն կպառկի ձեր մահճակալին առանց կոշիկները հանելու: Հետո ես կպառկեմ: Դա ընդունված ձև է, մինչև փողը չստանանք` այդպես պառկած կմնանք ձեր մահճակալին: Մեր կեղտոտ կոշիկները կմաքրենք ձեր սպիտակ սավանով:

ՄԱՐԻԱՄ — Ձեզանից սպասելի է: Ուրի՞շ:

ԴԱՎԻԹ — Ավոն կատակներ չի սիրում: Նա հարցի լուծման մի ձև էլ գիտի, դանակը դնում է կոկորդին ու… Իհարկե, դա ծայրահեղ դեպքում:

ՄԱՐԻԱՄ — Ես ոստիկանություն կկանչեմ:

ԴԱՎԻԹ — Չէինք ուզենա, որ գործն անլուծելի դառնա:

ՄԱՐԻԱՄ — Իսկ ես կզանգեմ: (Վերցնում է լսափողը): Անջատված է: (Դավիթը ժպտում է, կինը նայում է շուրջը):

ԴԱՎԻԹ — Սա՞ եք փնտրում: (Ցույց է տալիս բջջային հեռախոսը):

ՄԱՐԻԱՄ — Ի՞նչ է սա նշանակում:

ԴԱՎԻԹ — Մի փորձեք Ավոյի համբերությունը, ես նրան լավ գիտեմ… Դուք անհուսալի վիճակում եք: Գուցե ուրիշ առաջա՞րկ ունեք: Ամեն առաջարկ իր գինն ունի:

Լույսը խամրում է, ներս է մտնում կուզիկը:

Կուզիկ — Ինձ հետ խաղացեք:

Դավիթ — Մինչև Գևորգը փող չվճարի…

Կուզիկ — Ես կվճարեմ, փափլիկս, դու դեմ չե՞ս, որ քեզ ասում եմ փափլիկ: Գուցե ուզում ես սապատի՞ս ձեռք տալ: Ասում են` ով իմ սապատին ձեռք է տալիս, խաղում հաջողակ է դառնում: Դե, մի վախենա, ձեռք տուր:

Դավիթ — Ավոն ուզում է տիկնոջը տեսնել:

Կուզիկ — Ասում ես` այլ աշխարհ գոյություն չունի, դե, մի վախենա…

Դավիթ — Ավոն տիկնոջն է սպասում:

Կուզիկ — Ափսոս, որ դեռ քո ժամանակը չի եկել, մի մտածիր, շուտով կտեսնվենք:  

Գնում է: Լույսը խամրում է:

Տասներորդ տեսարան

Հյուրասենյակը: Գևորգը կապկպված պառկած է սեղանին: Ավոն ծխում է:

ԱՎՈ —    Ծխել ուզո՞ւմ ես: (Ծխախոտը մոտեցնում է նրա շուրթերին):Չմտածես, որ ես եմ քո թշնամին, իրար հետ հաց ենք կերել… Խաղալ որ չգիտես, ինչո՞ւ խաղացիր: (Ծխախոտը մոտեցնում է նրա շուրթերին): Ես տարվեի` դու ինձ կպառկեցնեիր սեղանին: Ոչ մի աղերս էլ չէր օգնի:

ԳԵՎՈՐԳ — Ես չէի անի:

ԱՎՈ —    Վերջ տուր, քեզ լավ գիտեմ: Էլի ուզո՞ւմ ես ծխել: (Դադար): Ես վարձով եմ ապրում, երեխաներս մեծանում են, ուզում են իրենց տունն ունենալ, դժվար տարիներ են: Պարտքիդ փոխարեն գուցե տունդ վերցնեմ:

ԳԵՎՈՐԳ — Իմ տունը թանկ արժե:

ԱՎՈ —    Ամեն մարդ իր ունեցվածքն ուզում է թանկ վաճառել: Օղորմածիկ պապս էծ տարավ շուկա, ձիու գին ուզեց, բայց նրան տվեցին մի սագի գին: Այնպես որ, գինը ես եմ որոշում:

Ներս են մտնում Դավիթն ու Մարիամը:

ԴԱՎԻԹ — Այնքան էլ հաճելի տեսարան չէ:

ԱՎՈ — Ուրիշ ճար չունեի, ասում է` «պարտքդ չեմ տա»:

ՄԱՐԻԱՄ — Իրավունք չունեք մարդուն կապկպել իր տան մեջ:

ԴԱՎԻԹ — Գուցե արձակե՞ս:

ԱՎՈ —    Չէ: Եթե պարտքը չվճարեք, փորոտիքը դուրս կթափեմ:

ՄԱՐԻԱՄ — Ուզում ես նրան սպանե՞լ, ե՞րբ:

ԱՎՈ —    Հիմա: Ձեզնից է կախված:

ՄԱՐԻԱՄ — Նրա կյանքը ինձ նվիրեք:

ԴԱՎԻԹ — Մենք կարող ենք առատաձեռն լինել:

ԱՎՈ —    Ոչ: Ես փողը քամուն չեմ տալիս:

ՄԱՐԻԱՄ — Ժամանակ տվեք:

ԴԱՎԻԹ — Երեք օրից կարո՞ղ եք վճարել:

ՄԱՐԻԱՄ — Կվճարենք:

ԱՎՈ —    Հակառակ դեպքում տունը իմն է:

ԳԵՎՈՐԳ — Ոչ: (Ավոն մոտենում է նրան): Երեք օրը բավական է:

ԱՎՈ —   Երեք օրից կգանք:

ԴԱՎԻԹ — Երեք օր և ոչ մի վայրկյան ավելի: Ցտեսություն տիկին: (Գևորգին.) Շնորհակալություն հայտնիր կնոջդ:

Դուրս են գնում:

Տասնմեկերորդ տեսարան

Գևորգը դեռ սեղանի վրա է: Մարիամը նստած է:

ԳԵՎՈՐԳ — Արձակիր կապերս… ո՞ւմ հետ եմ: (Դադար): Ես տարվել եմ, ես էլ կվճարեմ:

ՄԱՐԻԱՄ — Քաղցա՞ծ ես:

ԳԵՎՈՐԳ — Հա: Արձակիր կապերս:

ՄԱՐԻԱՄ — Դու սիրում ես կաղամբով դոլմա: Չէ, դու սիրում ես բրնձով շիլա… Չէ, կիսաեփ միս: Ես կկերակրեմ, որ ուժ հավաքես:

ԳԵՎՈՐԳ — Ես գիտեմ` ինչ պիտի անեմ:

ՄԱՐԻԱՄ — Դու գիտե՞ս… խաղալու ես:

ԳԵՎՈՐԳ — Փակելու միակ միջոցը խաղալն է:

ՄԱՐԻԱՄ — Վաճառիր տունը: Վարձով կապրենք:

ԳԵՎՈՐԳ — Ոչ, սա քրոջս տունն է, միակ հիշատակը:

ՄԱՐԻԱՄ — Դու պիտի ուտես, որ դիմանաս:

ԳԵՎՈՐԳ — Խաղաթղթերի վրա ասեղով նշան կանեմ:

ՄԱՐԻԱՄ — Չեմ կարող քեզ սոված տեսնել: Դու պիտի լավ սնվես: Ես այսպես չեմ կարող… մահը գերադասելի է:

ԳԵՎՈՐԳ — Կապերս արձակիր ու մեռիր: (Մարիամն արձակում է: Գևորգը թևերն է մերսում): Սրիկան ուժեղ էր կապել: Ինչո՞ւ ես այդպես նայում:

ՄԱՐԻԱՄ — Քո աչքերը դատարկ են: Ես չեմ կարող քեզ փրկել:

ԳԵՎՈՐԳ — Քո օգնության կարիքը չունեմ:

ՄԱՐԻԱՄ — Գիտեմ: (Երերում, ընկնում է աթոռին):

ԳԵՎՈՐԳ — Քեզ ի՞նչ եղավ:

ՄԱՐԻԱՄ — Ես չեմ տեսնում:

ԳԵՎՈՐԳ — Նայիր ձեռքիս, ես շարժում եմ:

ՄԱՐԻԱՄ — Ես քեզ չեմ տեսնում:

ԳԵՎՈՐԳ — Իմ աչքերը քո աչքերի դիմացն է:

ՄԱՐԻԱՄ — Ես քեզ չեմ տեսնում:

ԳԵՎՈՐԳ — Ես քեզ գրկել եմ:

ՄԱՐԻԱՄ — Ես քեզ չեմ զգում, ես քեզ չեմ զգում, ես կույր եմ:

Լույսը մարում է:    

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Առաջին տեսարան

Երեք օր անց: Մարիամը խոհանոցում է:

ՄԱՐԻԱՄ — Պղպեղ, լոլիկ ու կաղամբ: (Դադար): Չէ՞ որ նա մեռել է, էլ ի՞նչ են ուզում ինձնից: Նրանք պահանջում են հուշեր գրել, ամփոփել ապրած օրերը: Ի՞նչ են հասկանում ապրած օրեր ասելով: Կարծում են, ճանաչում եմ նրան: Հիմարություն: Ես ինձ չեմ ճանաչում: Նայեք իմ դեմքին… մարմինս, ձեռքերս, մատներս այնքան օտար են, որ նրանց չեմ զգում… Առաջին անգամ շուկայում տեսա նրան: Շուկան այնքան մեծ էր, իսկ ես քսան տարեկան էի, անմեղ աղջիկ, ու փնտրում էի նրան` միակին: Նրան գտա դդումի ու կաղամբի կողքին` անտարբեր ծամոն էր որոճում: Ասացի` ահա իմ սիրելին, մոտեցա ու համբուրեցի: Ինձ այնքան քաղցր բառեր ասաց, որ  համաձայնեցի գնալ իրենց տուն: Տունը շուկայի մոտ էր, թթու դրած վարունգի հոտ էր գալիս: Մենք երկուսով էինք, ինձ այդպես թվաց, նա վրնջում էր հովատակի նման, իսկ ես սարսռում էի երանությունից: Մենք համբուրվում էինք, հետո ասացի` ուշ է, տուն գնալու ժամանակն է, բայց երևաց քույրը, նայեց ինձ ու ասաց` տիրի՛ր նրան: Ես չհասցրի ճչալ: «Տիրի՛ր նրան». այդ բառերը մինչև հիմա ծակում են կողերս: (Դադար, քայլում է): Պղպեղ, լոլիկ ու կաղամբ, էլ ի՞նչ եմ մոռացել: (Հեռախոսազանգ): Այո, լսում եմ: Տիկին, ամբողջ օրը այդ մասին եմ մտածում: Դուք վստա՞հ եք, որ ես պիտի գրեմ: Այո, մենք ապրել ենք միասին, այո, կենակցել ենք տասը տարի, անընդմեջ, ոչ մի օր բաց չենք թողել: Բայց ես նրան չեմ ճանաչում: Նա գիտի միայն գոյատևել… Այո, գոյատևման բնազդը նրա մոտ ուժեղ է: Ի՞նչ: Այնքան անպարկեշտ հարց տվեցիք, դեմքս քրտնեց: Վերջ, ոչնչով չեմ կարող ձեզ օգնել: (Լսափողը դնում է):

Ներս է մտնում Գևորգը:

ԳԵՎՈՐԳ — Բժիշկն ասաց, որ նյարդային ցնցումից է: Անքնությունն ինձ տանջում է: Մի տուփ քնաբեր եմ գնել:

ՄԱՐԻԱՄ — Այսօր երրորդ օրն է:

ԳԵՎՈՐԳ — Գիտեմ: Մի վախենա, ամեն ինչ կկարգավորեմ:

ՄԱՐԻԱՄ — Դու ոչինչ չես տեսնում:

ԳԵՎՈՐԳ — Այսօր վերջին անգամ կխաղանք:

ՄԱՐԻԱՄ — Այդպե՞ս ես կարգավորելու… ճնշումս բարձրացավ:

ԳԵՎՈՐԳ — Գնա ննջասենյակ, պառկիր մեր մահճակալին:

ՄԱՐԻԱՄ — Նրանք ցեխոտ կոշիկներով մտել են մեր անկողինը: Այդ մահճակալը մերը չէ:

ԳԵՎՈՐԳ — Ես թույլ չեմ տա… նրանք չեն համարձակվի:

ՄԱՐԻԱՄ — «Մարդը ծնվեց` ես թեքվում եմ ձախ: Մարդը մեռավ` ես թեքվում եմ աջ»: Դոնի Ռոստովում մի կին կար, որ քեզ ճանաչում էր:

ԳԵՎՈՐԳ — Քրոջս մասին ես ասում: Նա մեռել է:

ՄԱՐԻԱՄ — Հիշում եմ, երբ ինձ տիրացար… քույրդ ասաց` այսպես անպատվված ո՞ւր ես գնում, մնա:

ԳԵՎՈՐԳ — Նա ինձ շատ էր սիրում:

ՄԱՐԻԱՄ — Պառավը մեռավ առանց իմ միջնորդության:

ԳԵՎՈՐԳ — Նա պառավ չէր, ութ տարի էր ինձնից մեծ: Չամուսնացած կանայք շուտ են ծերանում:

ՄԱՐԻԱՄ — Միակն էր, որ քեզ ճանաչում էր, նա կարող էր քեզ փրկել:

ԳԵՎՈՐԳ — Քույրս երեք ամիս ընկած էր հիվանդանոցում, չկարողացա օգնել:

ՄԱՐԻԱՄ — Այս շարժումները ինձ վնաս են, ականջներիս խշշոցն ավելացավ:

ԳԵՎՈՐԳ — Ուզում ես պառկել հյուրասենյակո՞ւմ:

ՄԱՐԻԱՄ — Նրանց հոտն այնտեղ է, սրտխառնոց է առաջացնում:

Հեռախոսազանգ: Գևորգը վերցնում է լսափողը:

ԳԵՎՈՐԳ — Ալո… որտեղի՞ց: Խմբագրությունից քեզ են հարցնում:

ՄԱՐԻԱՄ — Լսում եմ: Դեռ չեմ ավարտել: Տիկին, կարծում եք, հե՞շտ է մարդուն ճանաչել… առավել ևս, նրա մասին հիշողություն գրել: Դա անհնար է, ամեն ինչ ջնջվել է, նույնիսկ դիմագծերն ինձ ոչինչ չեն ասում: Հիմար իրավիճակ է: Ձևեր չեմ թափում, խնդրում եմ, էլ չզանգեք: (Լսափողը դնում է): Մարդը դեռ չի մեռել, բայց նրան մոռացել են: Այդպես հնարավո՞ր է:

ԳԵՎՈՐԳ — Դու հուշե՞ր ես գրում: Ո՞ւմ մասին:

ՄԱՐԻԱՄ — Նրանց: Նրանք տասը տարվա ամուսիններ են, բայց կինը չի հիշում, իսկ խմբագրությունը պահանջում է հաշվետվություն: Կինը կարո՞ղ է գրել մի մարդու մասին, ում չի հիշում:

ԳԵՎՈՐԳ — Ամուսինը մահացա՞ծ է:

ՄԱՐԻԱՄ — Ոչ: Գոյատևում է: Ինչպես բոլորը:

ԳԵՎՈՐԳ — Իմ մասին ի՞նչ ես հիշում:

ՄԱՐԻԱՄ — Առաջին օրը:

ԳԵՎՈՐԳ — Անիծյալ լինես, ի՞նչ ես ուզում ինձնից:

ՄԱՐԻԱՄ — Ոչինչ: Արագիլի նման կանգնած եմ մեկ ոտքի վրա ու սպասում եմ:

ԳԵՎՈՐԳ — Գնում եմ շուկա, ի՞նչ գնեմ:

ՄԱՐԻԱՄ — Գնայիր քրոջդ մոտ, նա քեզ կանչում էր, իսկ դու մնացիր, խեղճ տղա… ո՞նց ես դիմացել:

ԳԵՎՈՐԳ — Մի կերպ: Լոլիկ, բիբար, կաղամբ… չմոռանամ հաց գնել: (Նայում են իրար): Այստեղ խեղդոց է, գնամ թարմ օդ շնչեմ:

ՄԱՐԻԱՄ — Եթե նրանք գան` ես կհեռանամ:

ԳԵՎՈՐԳ — Չմոռանաս բանալին դնել փալասի տակ: (Դուրս է գնում):

ՄԱՐԻԱՄ — Նա այդպես էլ ինձ չճանաչեց: Հետաքրքիր է, նա ի՞նչ կգրեր իմ մասին: (Զանգում է): Ալո, ես եմ, ուզում եմ ձեզ հայտնել… ի՞նչ, արդեն տպագրե՞լ եք: Չի կարելի մարդկանց խաբել: Ես ձեզ դատի կտամ…

Երկրորդ տեսարան

Դռան զանգ: Մարիամը դուռը բացում է: Ներս են մտնում Ավոն ու Դավիթը:

ՄԱՐԻԱՄ — Նա տանը չէ:

ԴԱՎԻԹ — Ոչինչ, կպառկենք մահճակալին, մինչև գա:

ԱՎՈ —    Հոգնած մեռնում ենք:

ՄԱՐԻԱՄ — Ես թույլ չեմ տալիս:

ԴԱՎԻԹ — Երրորդ օրը լրացավ, փողերը պատրաստե՞լ ես:

ՄԱՐԻԱՄ — Դա ինձ չի վերաբերում:

ԴԱՎԻԹ — Իսկ մենք քեզ վստահեցինք:

ԱՎՈ —    Տիկին, ժամանակն է, որ լուրջ խոսենք: Գևորգը պարտք է քսան հազար դոլար, այս տունը կիսով չափ մերն է:

ՄԱՐԻԱՄ — Ձեզ տուն չեմ տա:

ԱՎՈ —    Ուրեմն, տուր փողը:

ՄԱՐԻԱՄ — Ես այդ փողը չեմ տեսել, մոլախաղով տարված գումարն անօրինական է:

ԴԱՎԻԹ — Իսկ ո՞վ է ասում, որ թղթախաղով ենք տարել: (Հանում է թուղթը): Քսան հազար դոլարանոց մուրհակ է: Ամուսնուդ ստորագրությամբ ու նոտարով հաստատված: Ամեն ինչ օրինական է:

ԱՎՈ —    Որտե՞ղ է ամուսինդ:

ՄԱՐԻԱՄ — Գնացել է շուկա: Մինչև տան մնացած մասը կտանեք` ես դոլմա կեփեմ, որ ձեզ կշտացնեմ:

ԴԱՎԻԹ — Իզուր եք կշտամբում, քանի անգամ զգուշացրի, բայց մեզ չլսեց: 

ԱՎՈ —    Մենք նրան չենք ստիպել:

ՄԱՐԻԱՄ — Այո, չպիտի խաղար:

Ներս է մտնում Գևորգը:

ԳԵՎՈՐԳ — Սիրելիս, լոլիկ չկար, միայն պղպեղ ու կաղամբ եմ գնել: Մեզ համար դոլմա եփիր:

Կինը գնում է խոհանոց:

ԱՎՈ —    Պարտքդ փակո՞ւմ ես:

ԳԵՎՈՐԳ — Տունդս գնահատեք:

ԱՎՈ —    Քառասուն հազար, կեսը տարել եմ, մնացել է մյուս կեսը:

ԳԵՎՈՐԳ — Էժան ես գնահատում:

ԱՎՈ —    Ուրեմն, վաճառիր…

ԳԵՎՈՐԳ — Լավ: Այս տնից կա՛մ մենք դուրս կգանք, կա՛մ դուք:

ԱՎՈ —    Կտեսնենք:

Լույսը խամրում է, նրանք սկսում են խաղալ:

Երրորդ տեսարան

Խոհանոցի լույսը պայծառանում է, երևում է Մարիամը: Վախեցած նայում է «այնտեղ»:

ՄԱՐԻԱՄ — Նա խաղում է իմ տան վրա: Ես հույս ունեի, որ ընտանիք կունենամ: (Ծխում է): Այստեղ չի կարելի ծխել, սա խոհանոց է… (Ծխում է): Տանել չեմ կարող ծխի հոտը: (Ծխում է): Էլ չեմ դիմանում, ուզում եմ ոռնալ չարությունից: Չեմ ուզում տեսնել նրանց հաղթանակած մռութները:

Ներս է մտնում Գևորգը:

ԳԵՎՈՐԳ — Ի՞նչ է պատահել, երեսիդ գույն չկա: Ի՞նչ ես ծխում… «Մալբորո», թունդ է: Քեզ թույլը կտամ:

ՄԱՐԻԱՄ — Տարվեցիր:

ԳԵՎՈՐԳ — Ոչ:

ՄԱՐԻԱՄ — Ստում ես, նայիր աչքերիս:

ԳԵՎՈՐԳ — Հենց մուրհակը ձեռքս ընկնի, էլ չեմ խաղա:

ՄԱՐԻԱՄ — Կխաղաս: Էլ չեմ դիմանում, ես գնում եմ «այնտեղ»:

ԳԵՎՈՐԳ — Մի գնա, դեռ ամեն ինչ կորած չէ:

ՄԱՐԻԱՄ — Ինչո՞ւ ես եկել:

ԳԵՎՈՐԳ — Խնդրում եմ, մեզ համար սուրճ դիր:

ՄԱՐԻԱՄ — Դու թողնում ես, որ քեզ տանեն:

ԳԵՎՈՐԳ — Ինձ հաջողություն ցանկացիր:

ՄԱՐԻԱՄ — Ցանկանում եմ հաջողություն, ցանկանում եմ հաղթանակ, ցանկանում եմ տեսնել նրանց հիասթափված մռութները… իսկ քեզ կդիմավորեմ արծաթե դափնիով:

ԳԵՎՈՐԳ — Շնորհակալություն:

ՄԱՐԻԱՄ — Ստում ես, դու պարտվել ես հենց այն օրը, երբ ձեռքդ վերցրիր խաղաթղթերը: Անդունդից փախչել չես կարող:

ԳԵՎՈՐԳ — Կարծում էի` ինձ սիրում ես:

ՄԱՐԻԱՄ — Բայց դու ամուսնացած ես… Գնա, սուրճը կդնեմ: (Գևորգը գնում է): Ժամանակն է, որ այս հիմար պատմությունը վերջանա: Ոչինչ չունեմ կորցնելու: (Դարակից հանում է թույնի սրվակը): Սա գնեցի, երբ ինքնասպան էի ուզում լինել: Տասը տարի առաջ, առաջին օրը, երբ նա ինձ տիրացավ: (Սրվակը պահում է լույսի տակ): Ինչ գեղեցիկ գույն ունի, ո՞վ կմտածի, որ մի կաթիլն էլ բավական է… մեռնելու համար: (Նայում է շուրջը): Մի վայրկյանից էլ չեմ տեսնի, մի վայրկյանից կլինեմ դիակ: Սգո հանդիսականները` երկու ընկեր ու մի քանի հարևան, կթաղեն ու կասեն` «Ինչ հիմար էր նա»: Հիմար… Դեռ ժամանակը չէ, չեմ ուզում պարտված հեռանալ, ես նրանց կոկորդին կանգնած ոսկոր եմ:

Գլխիկոր ներս է մտնում Գևորգը:

ԳԵՎՈՐԳ — Ուզում եմ քեզ համբուրել, խնդրում եմ, մի մերժիր: (Համբուրում է): Կարծում եմ, առաջին օրը մենք վատ բան չենք արել:

ՄԱՐԻԱՄ — Տունը տանուլ ես տվել: Հիմա ինչի՞ վրա ես խաղում:

ԳԵՎՈՐԳ — Դու որ թաքնվում ես «այնտեղ»` քո պատյանում, կարողանո՞ւմ ես թռչել:

ՄԱՐԻԱՄ — Թռչե՞լ:

ԳԵՎՈՐԳ — Հա, իմ վրայով: Ես այնտեղ չկամ, դու համարձակ որոշումներ ես կայացնում, օրինակ, մտածում ես, որ կարող ես տան տղամարդու վրայով թռչել: (Դադար): Ես փորձում եմ պատյանը բացել, բայց դու չես թողնում և անընդհատ հիշեցնում ես առաջին օրը: (Կինը ծխում է): Մի՛ ծխիր, դու ծխել չգիտես, ամբողջ կյանքում չես ծխել: Ուզում ես ինձ զարմացնե՞լ: (Կինը ծխախոտը հանգցնում է): Երբ առաջին օրը համբուրվում էինք, ես կին չէի տեսել, խակ էի, բայց ցույց չէի տալիս: Մենք կարող էինք երկար պաչպչվել ու բաժանվել: Ես մտածում էի, որ հաջորդ օրը գնալու ենք կինո: Մթի մեջ համբուրվելու: Բայց քույրս ներս մտավ ու ասաց. «Տիրի՛ր նրան»: Այդ բառերն իմ ուղեղում այնպիսի խառնաշփոթ առաջացրին, որ պարկի նման ընկա ցած: Դու կարող էիր գնալ:

ՄԱՐԻԱՄ — Եթե քույրդ չլիներ…

ԳԵՎՈՐԳ — Եթե կինը չցանկանա, ոչինչ չէ լինի:

ՄԱՐԻԱՄ — Ստո՛ւմ ես:

ԳԵՎՈՐԳ — Աղջիկները շուտ են հասունանում: Այն, ինչ դու արեցիր, իմ պատկերացումից վեր էր:

ՄԱՐԻԱՄ — Դո՜ւ, դո՛ւ…

ԳԵՎՈՐԳ — Լռի՛ր: Դու ամաչում ես այդ օրվա համար: Ես երբեք քեզ չեմ մեղադրել: Այդ օրն էր, որ զգացել եմ քեզ: Մենք երջանիկ էինք, քո դեմքից հանգստություն էր ճառագում:

ՄԱՐԻԱՄ — Հիմա ինչի՞ վրա ես խաղում:

ԳԵՎՈՐԳ — Ես դեռ չեմ զգացել պղնձի համը: Սպասում եմ…

ՄԱՐԻԱՄ — Ինչի՞:

ԳԵՎՈՐԳ — Մենք դառը սուրճ ենք ուզում: (Դուրս է գնում):

ՄԱՐԻԱՄ — Առաջին օրն ինձ նայեց հույսով, ես բավարարեցի նրա սպասումները: Հետո ամեն օր ինձ նայում էր որպես պոռնիկի: (Սուրճ է եփում): Հիմա ո՞ւմ վրա է խաղում: Հիմա ո՞ւմ վրա է խաղում, եթե ոչ` պոռնիկի: (Ճչում է, դանակով խփում է կաղամբին): Ստացի՛ր, ստացի՛ր, կավա՛տ: (Կաղամբից արյուն է հոսում):

——- — Մարիամ, ես եկա: (Մարիամը հուսահատ ճչում է): Ես քեզ համար եմ եկել: Մարիամ գնալու ուրիշ տեղ չունե՞ս:

ՄԱՐԻԱՄ — Ամբողջ կյանքում կռվեցի ինքս ինձ հետ, ես ուզում էի կին դառնալ, երեխա ունենալ…

——— — Մարիամ, մենք երեխա կունենանք, դա կլինի մեր ոճրի արդյունքը, դու չես զղջա:

ՄԱՐԻԱՄ — Թող ինձ, թույլ տուր մի վայրկյան շունչ քաշեմ: Այս ի՞նչ եմ անում, մեղքի տակ ընկա:

——— — Արի գիրկս, մենք կդառնանք մեկ մարմին, քո մեղքը կլինի մերը, ես քեզ  չեմ դավաճանի:

ՄԱՐԻԱՄ — Ես զգում եմ քեզ, արյունս հոսում է, մարմինս այրվում է ցանկությունից, տիրի՛ր ինձ, ես քոնն եմ:

Մթություն:

Չորրորդ տեսարան

Մութ է: Ճռռոցով բացվում է դուռը: Աստիճանաբար բեմը լուսավորվում է սառը լույսով: Ներս են մտնում Դավիթը, Ավոն ու Գևորգը: Նրանք վախեցած նայում են շուրջը:

ԴԱՎԻԹ — Նա այստեղ չէ՞:

ԱՎՈ —    Այստե՞ղ չէ:

ԳԵՎՈՐԳ — Այնտեղ է:

ԴԱՎԻԹ — Մենք որտե՞ղ ենք:

ԱՎՈ —    Որտե՞ղ ենք:

ԳԵՎՈՐԳ — Տանը չենք:

ԴԱՎԻԹ — Ո՞ւր ենք գնում:

ԱՎՈ —    Ո՞ւր:

ԳԵՎՈՐԳ — Մեզ տանում են:

Սուլելով ներս է մտնում կուզիկը, խաղաթղթերն է խառնում:

ԿՈՒԶԻԿ — Արդեն եկա՞ք: Ձեզ ասացի, որ շուտով հանդիպելու ենք: Ես խոսքիս տերն եմ: Հը, չխաղա՞նք:

ԴԱՎԻԹ, ԱՎՈ, ԳԵՎՈՐԳ — Խաղանք: Բայց ինչի՞ վրա ենք խաղալու:

ԿՈՒԶԻԿ — Դուք հոգի ունեք, չէ՞, էլ ի՞նչ եք ապուշ կտրած նայում: Դրեք սեղանին ու սկսեք խաղալ: Ես երբեք չեմ պարտվում:

Խաղում են:

You may also like...

Թողնել պատասխան