Դավիթ ԽԱՉԻՅԱՆ / ՍԱՐԴԱՐԱՊԱՏ 2028

ՆԱԽԱԽՈՍՔ

«Ով որ ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, լավ կլիներ, որ գայթակղեցնողի վզից մի մեծ երկանաքար կախվեր և նետվեր ծովի խորքը՝ ընկղմվելու համար: Վա՜յ աշխարհին, քանի որ գայթակղություններն անպակաս են այնտեղ: Գայթակղություններ անպայման պիտի պատահեն, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով ուրիշները գայթակղության մեջ կընկնեն: Եթե քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր ու դե՛ն նետիր այն, որովհետև ավելի լավ է մեկ ձեռքով կամ կաղ մտնել կյանք, քան երկու ձեռք և երկու ոտք ունենալ և ընկնել հավիտենական կրակի մեջ։ Եվ եթե քո աչքն է գայթակղեցնում քեզ, հանի՛ր և դե՛ն նետիր այն. ավելի լավ է միակնանի մտնել կյանք, քան երկու աչք ունենալ և ընկնել գեհենի կրակի մեջ»։ (Մատթեոս, 18)

Երևի սրանով ամեն ինչ ասված է: Հիսուսից լավ մենք, հաստատ, չենք ասի: Ափսոս, որ լսողները քիչ են, շատ քիչ:

Դավիթ ԽԱՉԻՅԱՆ

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ 2028

Տրագիկոմեդիա՝ մեկ արարով

Գործող անձինք

ՈՒՍՈՒՑԻՉ

ԱՇԱԿԵՐՏՆԵՐ Ա, Բ, Գ, Դ և այլն

Դեկոր: Դասարան հիշեցնող բեմ է՝ աջ և ձախ կողմերից տասնյակ ցաքուցրիվ աթոռներով (ոչ մի դեպքում՝ շարքերով դասավորված): Հանդիսատեսին հանդիպակաց պատի վրա Հայաստանի քարտեզն է: Քիչ այն կողմ Արարատի պարզունակ նկար է՝ բարդու ծառերով և կռունկներով: Հնչում է զանգը: Աղմուկով ու անկանոն ընթացքով ներս են մտնում աշակերտներն ու տեղավորվում աթոռներին: Բոլորը խայտաբղետ հագուստով են, խառնիխուռն սանրվածքով և անբռնազբոսիկ շարժուձևով: Իրար հետ անգլերեն են խոսում: Քիչ անց ներս է մտնում ուսուցիչը՝ ձեռքին ցուցափայտ, տեղ է զբաղեցնում բեմի կենտրոնում: Տեսնելով, որ աշակերտները չեն լռում, ցուցափայտով թխթխկացնում է պատին: Աշակերտների շաղակրատանքը մասամբ ընդհատվում է:

ՈՒՍՈՒՑԻՉ – պիտով): Բարև բոլորիդ: Հուսամ, լավ եք: Սկսենք մեր դասը:

ԱՇԱԿԵՐՏՆԵՐ – (անհաղորդ ձայներով): Բարև, պարոն: Լավ ենք: (Ոմանք հանում են ականջակալները, մյուսները մնում են իրենց հեռախոսների էկրաններին գամված:)

ՈՒՍՈՒՑԻՉ – Խնդրում եմ, բոլորդ ոտքի կանգնեք «Հայր մերն» արտասանելու համար:

Աշակերտներն անհավես ոտքի են ելնում ու անտարբեր հայացքները հառելով առաստաղին՝ իրարից առաջ ու ետ ընկնելով արտասանում են աղոթքը:

ԱՇԱԿԵՐՏՆԵՐ — Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո… Եկեսցէ արքայություն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի։ Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր։ Եւ թող մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց։ Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա զմեզ ի չարէ։ Զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս: Ամէն:

Բոլորը կրկին փռվում են աթոռներին: Ուսուցիչն սկսում է դասը:

ՈՒՍՈՒՑԻՉ — Կեցցե՛ք: Նախ` մի լավ լուր ունեմ հայտնելու: Քանի որ մեր վարժարանի աշակերտների մեծամասնությունը հայաստանցիներ են, դպրոցի հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել դասերն այսուհետև անցկացնել արևելահայերենով:

ԱՇԱԿԵՐՏՆԵՐ – (կեղծավոր ուրախությամբ և անհաղորդ): Wow! Cool! Great!

ՈՒՍՈՒՑԻՉ – OK, guys! Այժմ անցնենք մեր բուն դասին: Այսօր պիտի ուսումնասիրենք հայ ժողովրդի մայիսյան հերոսամարտերը և, մասնավորապես, Սարդարապատի ճակատամարտը: Խոսքը 1918 թ. մայիսի մասին է: Վստահ եմ, որ առիթ ունեցել եք լսելու հայ ժողովուրդի և բանակի այս մեծ հերոսությունների մասին:

ԱՇԱԿԵՐՏՆԵՐ – (անթաքույց ձանձրույթով): Այո, այո, լսել ենք…

ՈՒՍՈՒՑԻՉ – Շատ լավ: Հիմա մեզ ո՞վ կասի՝ ե՞րբ է տեղի ունեցել Սարդարապատի հերոսական ճակատամարտը:

ԱՇԱԿԵՐՏ Ա – (տեղից՝ հեռախոսի մեջ նայելով): 1918 թ. մայիսին, պարոն:

ՈՒՍՈՒՑԻՉ – (ոգևորված): Կեցցե՛ս, տղաս: Մեզ համար շատ կարևոր է, որ լավ իմանանք մեր պատմությունը: Այդ դժնի օրերին, ցեղասպանությունից ընդամենը երեք տարի անց, ողջ հայ ժողովուրդը կարողացավ համախմբվել և արժանի հարված տալ թուրք հրոսակներին, որոնք ցանկանում էին երկրորդ ցեղասպանությունը գործել և իսպառ վերացնել Հայաստանն ու ողջ մնացած հայությունը: Իսկ ո՞վ կարող է ասել, ի՞նչ պատմական երևույթ հաջորդեց Սարդարապատի հերոսամարտին:

ԱՇԱԿԵՐՏ Գ – (հեռախոսի մեջ նայելով): Հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը:

ՈՒՍՈՒՑԻՉ — Այո, դու էլ կեցցե՛ս: Մեր շատ սիրելի Պարույր Սևակն այս պատմական իրադարձության մասին բանաստեղծություն է գրել, որը հետագայում երգ է դարձել: Ովքեր գիտեն՝ թող երգեն ինձ հետ: Մյուսները թող ուշադիր լսեն և սովորեն:

Ուսուցիչը ցած է դնում ցուցափայտը և երգում: Մի քանիսն անվստահ ձայնակցում են:

ՈՒՍՈՒՑԻՉ – (երգում է).

Երբ չի մնում ելք ու ճար,

Խենթերն են գտնում հնար,

Այսպես ծագեց, արեգակեց

Սարդարապատի մարտը մեծ:

Զանգեր, ղողանջեք,

Սրբազան քաջերին կանչեք

Այս արդար պատից:

Սերունդներ, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից:

ԱՇԱԿԵՐՏ Ե – Սերունդներ, դուք ձեզ ճանաչեք Կիմ Քարդաշյանից…

ՈՒՍՈՒՑԻՉ – (բարկացած): Չի՛ կարելի… Դա սրբապղծություն է:

ԱՇԱԿԵՐՏ Ե – Sorry…

Լռություն է տիրում: Մի մասն իր հեռախոսի մեջ է, տղաներից մեկը կողքի աղջկան անգլերեն ինչ-որ բան է բացատրում:

ՈՒՍՈՒՑԻՉ – (մոտենում է քարտեզին և ցուցափայտով ցույց տալիս): Ժամանակին մեր Հայրենիքի սահմանները ծովից ծով էին: Բայց, ավա՜ղ, մենք՝ հայերս, մեր պատմական հայրենիքն ավելի ենք սիրում, քան իրական հայրենիքը, որի համար պետք է սովորել, աշխատել և պայքարել ամեն օր: Եվ, ի վերջո, սիրում ենք արտագաղթել: Որը՝ Ամերիկա, որը՝ Եվրոպա… Շատերը՝ Ռուսաստան… Անգամ Ավստրալիա գնացողներ եղան:

ԱՇԱԿԵՐՏ Դ – Australia is cool!

ՈՒՍՈՒՑԻՉ – (աշակերտներից մեկին): Այ, օրինակ, ձեր ընտանիքն ինչո՞ւ  արտագաղթեց Ամերիկա:

ԱՇԱԿԵՐՏ Բ – Ծնողներս ասում են, որ Հայաստանի մեջ լավ աշխատանք չկար:  Շատ դրամ չէին կարողանում վաստակել: Ասում են, որ մեր ապագայի համար են եկել: Որ լավ կրթություն ստանանք և կարողանանք լավ տեղ գրավել կյանքում:

ՈՒՍՈՒՑԻՉ – (ժպիտով): Բայց խոստովանեք, որ այնքան էլ լավ չեք սովորում, չէ՞:

ԱՇԱԿԵՐՏ Բ – (արդարացող տոնով): Ես փորձում եմ, պարոն:

ՈՒՍՈՒՑԻՉ – (մեկ ուրիշին): Իսկ ձե՞ր ընտանիքն ինչու արտագաղթեց Հայաստանից:

ԱՇԱԿԵՐՏ Գ – Հայրս չուզեց, որ ես ու եղբայրս հայկական բանակում ծառայենք: Ասաց` թող ուրիշները գնան, իրենց կյանքի երկու տարին անիմաստ վատնեն:

ՈՒՍՈՒՑԻՉ – Բայց եղբայրդ կարծեմ հիմա Միջին Արևելքում է ծառայում, չէ՞:

ԱՇԱԿԵՐՏ Գ – Այո, ծառայում է: Ամերիկյան բանակի սերժանտ է: Արդեն երեք տարի եղավ:

ՈՒՍՈՒՑԻՉ – Կեցցե՛ քո եղբայրը: (Փոքր դադար տալով:) Իսկ ո՞վ է ցանկանում, որ Հայաստանն էլ հզոր և մարտունակ բանակ ունենա: Ամերիկայի կամ Իսրայելի բանակի պես: Հապա՞…

Բոլորը ձեռք են բարձրացնում: Ոմանք անգամ երկու ձեռքն են բարձրացնում:

ՈՒՍՈՒՑԻՉ – (հիացմունքով և հուզված): Կեցցե՛ք, զավակներս, ամենդ կեցցե՛ք… (Փոքր դադար է տալիս:) Իսկ հիմա ասեք՝ ո՞վ է պատրաստ գնալ և ծառայել հայոց բանակում:

Միայն Աշակերտ Բ-ն է վախվորած ձեռք բարձրացնում, բայց տեսնելով, որ ինքը մենակ է, իջեցնում է ձեռքը:

ՈՒՍՈՒՑԻՉ – (հիասթափված նայում է աշակերտներին): Ահավասիկ… Մենք ուզում ենք հզոր բանակ ունենալ, բայց որևէ մեկս չենք ցանկանում այդ բանակում ծառայել:

Լռություն: Մի մասը Ուսուցչին է նայում, մյուսներն՝ իրենց հեռախոսներին: Մեկն էլ քնած տեղում խռռացնում է: Բոլորը ծիծաղում են, քնած տղան արթնանում է ու զարմանքով չորս դին նայում՝ չհասկանալով, թե ինչ է կատարվում:

ՈՒՍՈՒՑԻՉ – (մոտենալով քնատ տղային՝ շոյում է նրա մազերը): Տանը կքնես: Իսկ գիտե՞ք, որ Իսրայելի բանակում աղջիկները ևս ծառայում են:

ԱՇԱԿԵՐՏՆԵՐ – Այո, այո… Տեսել ենք:

ՈՒՍՈՒՑԻՉ – (զարմացած): Տեսե՞լ եք:

ԱՇԱԿԵՐՏՆԵՐ – Համացանցում:

ՈՒՍՈՒՑԻՉ – Ա՜… Համացանցում: Հիմա հասկացա: Իսկ մեր աղջիկները պատրա՞ստ են ծառայել հայկական բանակում:

ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ Ա – Հայ աղջկան սազական չէ բանակ գնալը: Հայ աղջիկը օջախի ծուխն է:

ՈՒՍՈՒՑԻՉ – Լա՛վ ասացիր: Կեցցե՛ս: Ինչպես քո մայրիկը, չէ՞:

ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ Ա – Իմ մայրիկը հիմա առանձին է ապրում: Ասաց՝ ես չեմ ծնվել հավերժ ու անվճար ծառա լինելու համար: Հիմա Լաս Վեգասում է: Կարծեմ կազինոյում է աշխատում կամ նման մի տեղ: Գրեթե կապ չունենք հետը:

ՈՒՍՈՒՑԻՉ – Պարզ է…

ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ Ա – Ամերիկան ազատ երկիր է: Մարդիկ պետք է ազատ լինեն:

ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ Բ – Մորաքրոջս ընտանիքն Իսրայելում է ապրում: Երկու աղջիկ ունի:

ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ Ա – Ծառայո՞ւմ են:

ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ Բ – Այո, իհարկե: Յուրաքանչյուրը՝ երկու տարի:

ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ Ա – Oh my God…

ՈՒՍՈՒՑԻՉ – Լա՜վ ես ասում… (Փոխելով թեման դիմում է Աշակերտուհի Բ-ին:) Իսկ դո՞ւք:

ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ Բ – Ես՝ ի՞նչ:

ՈՒՍՈՒՑԻՉ – Դո՞ւք ինչու եկաք Ամերիկա:

ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ Բ – Ես միշտ երազում էի ծովի ափին ապրել…

ԱՇԱԿԵՐՏ Բ – (հեգնախառն ժպիտով): Բայց Արիզոնայում ես ապրում:

ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ Բ – Այո, Ֆենիքսում:

ԱՇԱԿԵՐՏ Ա – Անապատի խորքում… Քանի՞ անգամ ես ծով գնացել:

ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ Բ – Երկու… Երկո՞ւ… Չէ, մեկ անգամ: Բայց եկող տարի պիտի կրկին գնամ:

ՈՒՍՈՒՑԻՉ – (երազկոտ): Ծովը հրաշալի բան է, ինձ էլ է հանգստացնում:

ԱՇԱԿԵՐՏ Գ – Իսկ դուք, Պարոն, քանի՞ անգամ եք ծով գնացել:

ՈՒՍՈՒՑԻՉ – (փորձելով հիշել): Գնացել եմ… Աստված հիշողություն տա… Բայց հաստատ գնացել եմ: Հիշում եմ՝ շատ համեղ մեքսիկական ճաշարան մտանք… Անմահական կերակուր էր… Թեև մեր տոլմային չի հասնի:

ԱՇԱԿԵՐՏ – Իսկ ծովը մտա՞ք:

ՈՒՍՈՒՑԻՉ – Ծովը չմտա: Այդ ժամանակ արգելված էր: Ես հարգում եմ օրենքը:

ԱՇԱԿԵՐՏ Գ – Մենք էլ ենք հարգում: Դրա համար էլ հեռացանք Հայաստանից, քանի որ օրենք կոչվածը Հայաստանում չկա: Ես իրավաբան պիտի դառնամ և պաշտպանեմ օրենքը:

ՈՒՍՈՒՑԻՉ – Հրաշալի բան ես ասում: Հայաստանում էլ է պետք պաշտպանել օրենքը:

ԱՇԱԿԵՐՏ Գ – Երբ Հայաստանն օրենքի երկիր դառնա՝ այն ժամանակ մտադիր եմ վերադառնալ Հայաստան և իրավաբանությամբ զբաղվել: Թեև այստեղ էլ շատ գործ կա՝ հայ փախստականների հարցերն արդեն իսկ բավական են, որ ամբողջ կյանքդ օր ու գիշեր աշխատես:

ՈՒՍՈՒՑԻՉ – Կեցցե՛ս: Պետք է օգնել մեր հայրենակիցներին: (Դիմում է մեկ ուրիշին:) Իսկ դո՞ւ ինչ կասես:

ԱՇԱԿԵՐՏ Դ – Ծնողներս ասում են, որ Հայաստանում ապագա չկար: Եկանք Ամերիկա, որ մեր ապագան ապահովենք: Իսկ երբ Հայաստանը լավ երկիր դառնա` բոլորս կվերադառնանք:

ԱՇԱԿԵՐՏ Ե – Իմ զարմիկն էլ Գերմանիա գնաց, որ երաժշտական ուսում ստանա:

ՈՒՍՈՒՑԻՉ – Բայց Երևանում Կոմիտասի անվան հրաշալի երաժշտանոց կա, չէ՞:

ԱՇԱԿԵՐՏ Ե – Կա, բայց… Գերմանիան Գերմանիա է:

ՈՒՍՈՒՑԻՉ – Հիմա վստահաբար հանրահայտ երաժիշտ է:

ԱՇԱԿԵՐՏ Ե – Առայժմ դպրոցում է աշխատում, գիշերային պահակ: Բայց հետագայում պիտի անհատական համերգներով հանդես գա:

ՈՒՍՈՒՑԻՉ – Իսկ Հայաստանում ի՞նչ էր անում:

ԱՇԱԿԵՐՏ Ե – Այնտեղ էլ երաժշտական դպրոցում էր աշխատում: Ջութակի դասատու էր:

ՈՒՍՈՒՑԻՉ – Երևի անոթի էր…

ԱՇԱԿԵՐՏ Ե – Ոչ, լավ էլ ապրում էր: Կողքից մասնավոր դասեր էր տալիս: Լավ մեքենա էր քշում:

ՈՒՍՈՒՑԻՉ – Նորմալ է: Վստահ եմ՝ հիմա ավելի լավ է ապրում Գերմանիայում: Իր առանձնատունն ունի:

ԱՇԱԿԵՐՏ Ե – Առայժմ մի սենյակում մի քանի ընկերով են մնում, որ վարձը քիչ տան, բայց ապագայում երևի կունենա իր տունը:

ՈՒՍՈՒՑԻՉ – Առաջն Աստված: Աշակերտներ, երաժշտությունը մեր մշակույթի կարևորագույն բաղադրիչն է: Շատ կարևոր է, որ մեր Կոմիտասին աշխարհով մեկ ճանաչեն: Եվ որ Նարեկացի կարդան… Աշխարհը պիտի իմանա մեր մասին: Իսկ դուք Նարեկ կարդո՞ւմ եք:

Բոլորը լուռ են:

ՈՒՍՈՒՑԻՉ – Պետք է կարդալ: Իսկ Կոմիտաս լսո՞ւմ եք:

ԱՇԱԿԵՐՏ Գ – Այո, տատիկս «Կռունկ» երգն է երգում ու լաց է լինում: Մենք էլ ստիպված լսում ենք:

ՈՒՍՈՒՑԻՉ – Տխուր երգ է… (Դիմում է մեկ ուրիշին:) Դո՞ւ ինչ կասես: Դո՞ւք ինչու եկաք Ամերիկա:

ԱՇԱԿԵՐՏ Զ – (զարմացած): Բա մնայինք՝ ի՞նչ անեինք:

ՈՒՍՈՒՑԻՉ – Իսկ այստեղ ի՞նչ եք անում:

ԱՇԱԿԵՐՏ Զ – Ոչինչ… Ապրում ենք… Մեր տատիկը կառավարությունից նպաստ է ստանում:

ԱՇԱԿԵՐՏ Բ – (չարախինդ): Եթե ոչինչ չեք անում՝ մնայիք Հայաստանում: Այնտեղ ոչինչ չանեիք…

ԱՇԱԿԵՐՏ Զ – Չգիտեմ… Իմ զարմիկն էլ որոշեց Ֆրանսիա տեղափոխվել: Առայժմ փախստականների ճամբարում են ապրում, բայց շուտով կառավարությունը պիտի բնակարան հատկացնի և ամսական նպաստ: Տղա զավակ ունի: Ֆրանսիայում է ծնվել:

ԱՇԱԿԵՐՏ Բ – Si bon! Ընտանիքով ճամբարո՞ւմ են ապրում:

ԱՇԱԿԵՐՏ Զ – Ժամանակավորապես:

ԱՇԱԿԵՐՏ Բ – Քանի՞ տարի եղավ:

ԱՇԱԿԵՐՏ Զ — Հինգ տարի…

ԱՇԱԿԵՐՏ Բ – Chapeau bas!

ՈՍՈՒՑԻՉ – Երևի Հայաստանում տուն չուներ, հա՞…

ԱՇԱԿԵՐՏ Զ – (հիացմունքով): Այն էլ ի՜նչ տուն՝ երեք հարկանի, հսկա այգով և սեփական լողավազանով: Վաճառեց ու մեկնեց: Հանուն իր երեխաների:

ՈՒՍՈՒՑԻՉ – Պարզ է…

ԱՇԱԿԵՐՏ Ե – Զարմիկս պատմում է, թե ինչ հրաշալի է երկիր է իր Հայրենիքը:

ՈՒՍՈՒՑԻՉ – (զարմացած): Հայաստա՞նը:

ԱՇԱԿԵՐՏ Զ – Չէ՜ մի՝ Հայաստանը: Գերմա՛նիան: Ամենուր մաքրությո՜ւն: Փոքր քաղաքներում փողոցներն ու մայթերն անգամ օճառով են լվանում:

ՈՒՍՈՒՑԻՉ – (անկեղծ զարմանքով): Զարմի՞կդ է լվանում:

ԱՇԱԿԵՐՏ Զ – Չէ՜ մի՝ զարմիկս: Արաբները, թուրքերը, գերմանացիները:

ՈՒՍՈՒՑԻՉ – Իսկ զարմիկդ չի՞ լվանա:

ԱՇԱԿԵՐՏ Զ – Եթե պետք լինի՝ կարող է և լվանալ: Ես էլ երևի կլվանայի, եթե պետք լիներ:

ԱՇԱԿԵՐՏ Բ – Իսկ Հայաստանում կլվանա՞յիր:

ԱՇԱԿԵՐՏ Զ – (զզվանքով): Երբե՛ք: Այդ էր պակաս: Հայաստանը աղբի երկիր է: Ամենուր աղբ է:

ԱՇԱԿԵՐՏ Բ – (հեգնանքով): Հաստատ թուրքն էր թափել:

ԱՇԱԿԵՐՏ Զ – Չգիտեմ՝ ով էր թափել, բայց հայրիկս ասում է, որ շատը հենց այդ աղբի համար հեռացավ: Թքեց ու հեռացավ:

ԱՇԱԿԵՐՏ Ա – Որտե՞ղ թքեց:

ԱՇԱԿԵՐՏ Զ – Օդակայանում: Թքեց ու ասաց՝ պրծանք այս զզվելի երկրից:

ՈՒՍՈՒՑԻՉ – Ինչո՞ւ զզվելի:

ԱՇԱԿԵՐՏ Զ – Որովհետև ամենուր աղբ է:

ՈՒՍՈՒՑԻՉ – Քեզ մի խնդրանք ունեմ: Տանը հայրկիդ հարցնես՝ ինքը քանի՞ անգամ է աղբ հավաքել Հայաստանում:

ԱՇԱԿԵՐՏ Զ – Հարցնելու կարիք չունեմ: Հայրիկս իր արժանապատվության դեմ երբեք ոչինչ չի անի:

ՈՒՍՈՒՑԻՉ – Իսկ հիմա որտե՞ղ եք ապրում:

ԱՇԱԿԵՐՏ Զ – Դաունթաուն:

ՈՒՍՈՒՑԻՉ – Մաքո՞ւր է:

ԱՇԱԿԵՐՏ Զ – Ոչինչ…

ՈՒՍՈՒՑԻՉ – Իսկ հայրիկդ հիմա ի՞նչ պաշտոն ունի:

ԱՇԱԿԵՐՏ Զ – Աղբի մեքենայի վրա է աշխատում:

Աշակերտները ծիծաղում են:

ՈՒՍՈՒՑԻՉ – Ծիծաղելու բան չկա: Հաց վաստակելու համար ամեն աշխատաք էլ լավ է: Պետք է հպարտանալ աշխատանքով: Բայց եկեք շարունակել խոսել հեռանալու մասին: (Մեկ այլ աշակերտի:) Իսկ դո՞ւք ինչու եկաք Ամերիկա:

ԱՇԱԿԵՐՏ Է – Դե, բոլորը եկան՝ մենք էլ եկանք:

ՈՒՍՈՒՑԻՉ – Հենց այդպե՞ս… Ինչ-որ բան կա, որ չես ասում:

ԱՇԱԿԵՐՏ Է – Իմ հայրը Հայաստանում արձակագիր էր և playwright… Հայերեն չգիտեմ ինչպես են ասում:

ՈՒՍՈՒՑԻՉ – Թատերագիր:

ԱՇԱԿԵՐՏ Է – Այո, թատերագիր էր, պիեսներ էր գրում: Բայց նրան ոչ տպագրում էին, ոչ էլ բեմադրում:

ՈՒՍՈՒՑԻՉ – Բայց ես հիշում եմ: Ինչ-որ բան կարդացել եմ…

ԱՇԱԿԵՐՏ Է – Դե, մի քանի բան տպագրել են…

ՈՒՍՈՒՑԻՉ – Իսկ այստե՞ղ:

ԱՇԱԿԵՐՏ Է – (չարախնդորեն ծիծաղում է): Այստե՞ղ… Քալիֆորնիայում մեկուկես միլիոն մարդ այդ գործի վրա է: Բոլորը փորձում են մտնել թատրոն ու Հոլիվուդ… Անհույս բան է:

ՈՒՍՈՒՑԻՉ – Ուրեմն հայրդ այլևս չի՞ գրում:

ԱՇԱԿԵՐՏ Է – Կարծեմ՝ չի գրում: Աշխատել է պետք, տուն պահել: Լույսը չբացված գնում է, մութն ընկնելուց հետո գալիս: Գրեթե չեմ տեսնում նրան:

ՈՒՍՈՒՑԻՉ – (կիսաձայն): Ավա՜ղ ամենալավերը եկան, ովքեր պիտի երկիրը երկիր սարքեին:

ԱՇԱԿԵՐՏ Է – Բայց գալ տարի որոշել ենք Պատմական Հայաստան այցելել ընտանիքով՝ Երևան, Սևան, Գառնի-Գեղարդ… Մի լա՜վ հայկական խորոված ու մրգեր կուտենք: Ասում են՝ հիմա Հայաստանում շատ լավ հոթելներ կան:

ԱՇԱԿԵՐՏՆԵՐ – Oh, cool!

ՈՒՍՈՒՑԻՉ – Լավ բան եք մտածել: Պետք է պարբերաբար այցելել մեր պատմական հայրենիքը, որպեսզի կապը չկտրվի: Եվ չմոռանաք Վեհափառի հետ նկարվել:

ԱՇԱԿԵՐՏ Է – Անպայման: Ընտանեկան ալբոմի համար:

ՈՒՍՈՒՑԻՉ – Դա շատ կարևոր է: Եվ Սարդարապատ կայցելեք: Հետո մեզ կպատմես:

ԱՇԱԿԵՐՏ Է – Այո, Սարդարապատ: Այնտեղ, որ ցուլերն են, չէ՞:

ԱՇԱԿԵՐՏ Ե – Chicago Bulls!

ՈՒՍՈՒՑԻՉ – (հանդիմանությամբ): Մի՛ հեգնեք: Սարդարապատը մեր սրբավայրն է:

ԱՇԱԿԵՐՏ Ե – Sorry…

ԱՇԱԿԵՐՏ Է – Ես սիրում եմ ճամփորդել: Մանկուց երազել եմ ճամփորդելու մասին:

ՈՒՍՈԻՑԻՉ – Շա՞տ տեղերում եք եղել ընտանիքով:

ԱՇԱԿԵՐՏ Է – Այո, անցյալ տարի Հավայան կղզիներ գնացինք: Շատ լավ էր…

ՈՒՍՈՒՑԻՉ – Իսկ ուրի՞շ:

ԱՇԱԿԵՐՏ Է – Առայժմ միայն դա: Բայց ես սիրում եմ ճամփորդել…

ՈՒՍՈՒՑԻՉ – Ճամփորդելը լավ բան է… Լավ, աշակերտներ, դասին քիչ ժամանակ մնաց: Հիմա…

ԱՇԱԿԵՐՏ Ա – (ընդհատելով): Իսկ դո՞ւք, պարոն:

ՈՒՍՈՒՑԻՉ – (զարմացած): Ես՝ ի՞նչ:

ԱՇԱԿԵՐՏ Ա – Դուք ինչո՞ւ թողեցիք Հայաստանն ու եկաք Ամերիկա:

Ուսուցիչը լռում է: Մոտենում է Արարատների նկարին, մի քանի վայրկյան նայում:

ՈՒՍՈՒՑԻՉ – (շրջվում է դեպի աշակերտները): Ինչպե՞ս պիտի ուսուցիչ աշխատեի, եթե աշակերտ չէր մնացել… (Կարճ դադար:) Եվ որևէ մեկը չի՛ կարող ինձ մեղադրել: Բայց ես այստեղ էլ մեծ գործ եմ անում իմ Հայրենիքի համար: Մենք ամիսը երկու անգամ հանդիպում ենք և կարևոր հարցեր քննարկում: Հայաստանի խնդիրների ուսումնասիրության կենտրոն ենք ստեղծել: Շուտով ճաշկերույթ պիտի կազմակերպենք՝ մասնակցության վճարով: Իսկ ապրիլի 24-ին, եթե հիշում եք, բողոքի ցույց կազմակերպեցինք: Գործերը շատ են, քանի որ…

ԱՇԱԿԵՐՏ Ա – (ընդհատելով): Քանի որ դուք էլ նախընտրեցիք թողնել ու հեռանալ:

ՈՒՍՈՒՑԻՉ – (խիստ տոնով): Այդպես չի՛ կարելի ասել: (Պաթոսով:) Դուք չեք հասկանում… Սիրտս Հայաստա՜ն է գոռում… Ամեն օր ու ամեն ժամ… Մի օր մենք անպայման կվերադառնանք: Համաձա՞յն եք:

ԱՇԱԿԵՐՏՆԵՐ – (անտարբեր և անհաղորդ): Այո, այո…

ԱՇԱԿԵՐՏ Բ – Բայց մեր հայրենիքն այլևս չկա: Օտարներն են հիմա այնտեղ ապրում: Եվ ո՞վ է մեղավորը:

ԱՇԱԿԵՐՏ Ա – Թո՛ւրքը…

ԱՇԱԿԵՐՏ Գ – Ռո՛ւսը…

ԱՇԱԿԵՐՏ Դ – Հրեա՛ն…

ԱՇԱԿԵՐՏ Ե – Ամերիկացինե՛րը…

ԱՇԱԿԵՐՏ Զ – Անգլիացինե՛րը…

ԱՇԱԿԵՐՏ ՈՒՀԻ Ա – Ջորջ Սորո՛սը…

ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ Բ – Մասոննե՛րը…

Մի քանի վայրկյան լռություն է տիրում:

ԱՇԱԿԵՐՏ Բ – (քիչ անվստահ ձայնով): Իսկ միգուցե մե՞նք:

ԱՇԱԿԵՐՏՆԵՐ – (ձեռ առնելու տոնով): Մե՞նք… Չէ մի չէ՝ Ջորջ Ուաշինգթընը:

ԱՇԱԿԵՐՏ Բ – Մի պահ մտածեք: Մենք մեր Հայրենիքը թողեցինք օտարներին: Մեր Հայրենիքն այլևս չկա: Նույնն է, թե հիվանդ մորդ լքես ու ասես՝ երբ առողջանաս՝ կվերադառնամ: Կամ էլ՝ այրվող տունդ թողնես ու գնաս… Գիտե՞ք ինչ: Ես կվերադառնամ Հայաստան ու կմնամ: Երբ տասնութս լրանա:

ԱՇԱԿԵՐՏՆԵՐ – Wow! Cool! Ի՞նչ պիտի անես Հայաստանում:

ԱՇԱԿԵՐՏ Բ – Կապրեմ:

ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ Ա – Good luck! Քեզ այցելության կգանք: Միասին խորոված կուտենք: Հյուր կընդունե՞ս:

ԱՇԱԿԵՐՏ Զ – Դուք ձեր Հայրենիք իբրև հյո՞ւր եք գնում:

ԱՇԱԿԵՐՏ Բ – Ցավն էլ հենց այդ է, որ մեր Հայրենիքում մենք իբրև հյուր էինք ապրում՝ ամեն պահի պատրաստ հեռանալու: Ասես՝ հանրակացարանում…

ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ Ա – Իմ Հայրենիքն Ամերիկան է: Հայաստանը իմ պատմական Հայրենիքն է, որը, կարծեմ, արդեն չկա…

ՈՒՍՈՒՑԻՉ – Մեր հայրենիքը կա՛: Եղել է, կա և կլինի:

ԱՇԱԿԵՐՏ Ե – Yeap, Little Armenia in California!

ՈՒՍՈՒՑԻՉ – (հանդիմանությամբ նայելով Աշակերտ Ե-ին): Մի օր, երբ մեր երկիրը  նորմալ երկիր դառնա, բոլորով կվերադառնանք և կշենացնենք մեր երկիրը: Մեզ պես նվիրյալների ձեռքով:

ԱՇԱԿԵՐՏ Բ – Չի՛ դառնա:

ԱՇԱԿԵՐՏՆԵՐ – Ինչո՞ւ:

ԱՇԱԿԵՐՏ Բ – Ինքն իրեն երբեք երկիրը երկիր չի դառնում: Պապիկս է ասել:

ԱՇԱԿԵՐՏՆԵՐ – (ծիծաղելով): Պապիկիդ ասա, թող քեզ դինոզավրերի մասին պատմի:

ՈՒՍՈՒՑԻՉ – (ցուցափայտով թխթխկացնում է՝ լռություն պահանջելով): Ինչպե՞ս Կիլիկիան գրավեցինք և նոր Հայրենիք կերտեցինք:

ԱՇԱԿԵՐՏ Բ – Հայաստանից փախանք ու Կիլիկիայում Նոր Հայաստան շինեցինք՝ Արմենիա անունով: Հետո այնտեղից էլ փախանք:

ՈՒՍՈՒՑԻՉ – Չփախանք… Պատմական հանգամանքները դրդեցին… Բայց մենք շեղվեցինք: Գրեք տնային առաջադրանքը:

Աշակերտները հանում են նոթատետրերն ու գրիչները:

ՈՒՍՈՒՑԻՉ — Ամսաթիվը չմոռանաք: 2028 թվական, մայիսի 28: Լոս Անջելես: (Նայում է աշակերտների գրածներին:) Այո, այդպես: Բայց հայերեն գրեք:

ԱՇԱԿԵՐՏ Գ – (կատակի տալով): Միգուցե՝ լատիներե՞ն գրենք, պարոն: Լատիներենն էլ է մեռած լեզու: Գրելն էլ ավելի հարմար է՝ անգլերենի տառերով:

ՈՒՍՈՒՑԻՉ – Միա՛յն հայերեն: Մենք պիտի պահպանենք մեր ազգային մշակույթը: Եվ այսպես՝ տնային առաջադրանք: Գրել շարադրություն. «Ինչպես շենացնենք մեր Հայրենիքը» թեմայով: (Նայում է աշակերտներից մեկի տետրի մեջ:) Հայրենիք բառը՝ մեծատառով գրեք: Այո, այդպես… Իսկ մյուս դասին միասին կքննարկենք ձեր շարադրությունները: Եվ երկրորդը: Բոլորդ պետք է Արարատը նկարեք: Դա էլ կբերեք, որ միասին նայենք: Հետո կկախեք ձեր սենյակներում, որ չմոռանաք Հայաստանը…

ԱՇԱԿԵՐՏ Ե – (ընդհատելով Ուսուցչին): Կներեք, պարոն, բայց զանգն արդեն հնչել է:

ՈՒՍՈՒՑԻՉ – Լավ: Կարող եք գնալ: Բոլորիդ լավ հանգստյան օր եմ մաղթում:

Աշակերտները բարձրանում են տեղերից և, մեկ-երկու աթոռ շրջելով, դուրս են գալիս:

ԱՇԱԿԵՐՏ Զ – (հեռախոսով): Hi, babe! School is over today. See you in an hour. Great! Take care.

Բոլորը դուրս են գալիս: Ուսուցիչը մնում է մենակ: Մոտենում է Արարատների նկարին, նայում, ապա ծնկի է իջնում, կախում գլուխը և հոնգուր-հոնգուր լաց լինում` մեջքով դեպի հանդիսատեսը… Հնչում է «Սարդարապատ» երգը:

Օգոստոս 2022 թ.

Երևան

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։