Դավիթ ԽԱՉԻՅԱՆ
Մեր մոլորակը մեկ պտույտ էլ արեց Արեգակի շուրջը: Արեգակի և տիեզերքի համար դա մի ակնթարթ է, իսկ մեզ համար՝ երկար ու ամենահակասական ապրումներով լի 365 օր կամ 8760 ժամ կամ էլ միլիոնավոր րոպեներ…
Եկեք միասին այնպես անենք, որ եկող տարին բոլորիս համար ավելի լավը լինի, քան անցնողը: Դա, հիրավի, միայն միասին կարող ենք անել:
Ուստի մաղթում եմ.
Հայ ընթերցողներին՝ շատ կարդալ: Եվ առաջին հերթին կարդալ հայ արձակագրին, դրամատուրգին, բանաստեղծին ու հրապարակախոսին, քանի որ վերջիններիս ցավն ու խոսքը բոլորինս է:
Հայ դրամատուրգներին՝ լավ գործեր գրել և շատ ընթերցողներ ունենալ: Որ հայ ընթերցողը առաջին հերթին կարդա հայ դրամատուրգի գործերը, քանի որ այդ գործերում բոլորիս ցավն ու ուրախությունն է պարփակված:
Հայ բեմադրիչներին՝ ավելի շատ բեմադրել հայ դրամատուրգների գործերը, որոնք մեր կյանքի արտացոլումն են: Եթե մենք մեզ չօգնենք, օտարը մեզ, հաստատ, չի օգնելու:
Հայ հանդիսատեսին՝ ավելի հաճախ այցելել թատրոն ու մոխրագույն մայթից բարձրանալ լուսավոր բեմի մակարդակին: Չէ՞ որ բեմն ու խորանը նույն բարձրության վրա են, ուստի, գրեթե, նույն բանն են:
Բոլորիս՝ սիրել, հուսալ, հավատալ, ապրել և ապրեցնել: