Լիլիթ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Ես հիմա թատրոնի ու կինոյի ինստիտուտում եմ, այսինքն՝ պետք է մի պահ փորձեմ մոռանալ իմ տրամադրությունը, անքուն գիշերները, բոլոր հիմնավորված ու անհիմն տագնապները, անսահման հուսահատությունը… ու հիշեմ, որ ուսանողների մեջ եմ, որոնք եկել են սովորելու, որոնք վստահ են, որ բեմ են դուրս գալու, ֆիլմ են նկարելու, և որ ամենակարևորը՝ հաջողություն են ունենալու: 

Ներկայի մասին չեմ ուզում խոսել, որովհետև 22 թիվը անորոշ էր ու անհասկանալի ամեն առումով: Եվ ընդհանուր, բավական ոչ լուսավոր համապատկերում վտանգված էին նաև բուհերը. մեր ինստիտուտն, օրինակ, միացնում էին մի այլ բուհի, հետո չէին միացնում, հետո նորից միացնում էին… Դե փառք Աստծո, չմիացանք ոչ մեկին, գոնե առայժմ (ու տա Աստված, որ մեր իշխանությունները փորձեն միավորել ժողովրդին, ոչ թե բուհերը): 

Ինչպիսին կուզեմ լինի մեր թատրոնը 2023 -ին և հետո: Նախ՝ հրաշք եմ ուզում, որ ցավն ու կորուստները դառնան հիշողություն… իհարկե, դեռ բաց վերք կլինի, միայն տարիները սպի կդարձնեն, բայց գոնե հույս ծնվի: Ուզում եմ, որ մեր դրամատուրգները գրեն մեր ցավի մասին, մեր անցած տառապանքի մասին, կորուստների ու հիշողության մասին, բայց նաև անպայման հավատ լինի, իսկ նոր սկսվող կյանքը՝ մխիթարություն: Կուզեմ, որ մեր բեմերում շատ խաղան մեր դրամատուրգների գործերը, որովհետև դա կլինի մերը, մեր տեսակը, մեր ցավը, մեր հոգսն ու մեր ուրախությունը: Կուզեմ, որ մեր բեմը պատմի մեր մասին, որովհետև մենք շատ ենք հեռացել մեզանից: Կուզեմ, որ իմ ուսանողները դառնան ճիշտ մտավորական, լավ ռեժիսոր ու դերասան, նաև անպայման մեր հողի վրա ամուր կանգնած լավ մարդ: Ի դեպ, ասեմ, որ մեր ուսանողները բոլորովին վերջերս խաղում էին Չարենց, հետաքրքիր կոլաժ էր: Ու չափազանց խոսուն էր տեքստը, դեմքերը, շարժումները, բոլորն ասես մի մարդ էին, մի նպատակի շուրջ: Մոսկվայում թատերարվեստի պետական ինստիտուտի փառատոնին 15 րոպե ծափահարել են մերոնց, անկախ նրանից, որ լեզուն հայերեն էր: Ասել է թե՝ ազգայինը բնավ չի խանգարում իրական արվեստի գործ ստեղծելուն:

Իմ կարծիքով թատրոնն առհասարակ համառ է, կանգուն է, չի հիասթափվում, շարժվում է, փնտրում է… Թատրոնը չհոգնող գոյություն է, որ տեղավորվել է դարերի մեջ ու մնալու է որպես մշտական բնակիչ: Ուզում եմ, որ գալիք տարիներին լուսավոր ու խաղաղ լինի մեր թատրոնի ճանապարհը, որ մեր բեմը մեծություններ բացահայտի, որ այսօրվա ուսանողները ազգային ու համամարդկային ավանդույթներով հարուստ մեր թատրոնի հուսալի ապագայի հիմքը գցեն:

Բարի, հուսադրող ու խաղաղ տարի գա… մեղք ենք:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։