ԱՐՔԱՆ ԵՎ ՀԵՐՈՍՆԵՐԸ / Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ԱՐՔԱՆ ԵՎ ՀԵՐՈՍՆԵՐԸ

(գերիրական դրամա 5 արարով)

Գործող անձինք

Արքա Մաքրին Թեյ                                    

Խորհրդական Շամիր                              

Ծրագրավորող Սոս Զովյան                   

Գրող Փանուկ Գոյան                              

Նախարար Բեյ Լաթիմ                            

Արքայի եղբայր Սամիր                           

Պահնորդ                                                                                       

Համակարգչային աշխատակիցներ                                                         

ՖԱՈՒՍՏ

ՀԱՄԼԵՏ

ԴՈՆ ԺՈՒԱՆ

ՈԴԻՍԵՎՍ

ԴՈՆ ԿԻԽՈՏ

ԱՆՆԱ ԿԱՐԵՆԻՆԱ

ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ

ՆԱՎԱՊԵՏ

ԱՐԱՐ ԱՌԱՋԻՆ

Արքան իր ընդարձակ ու շքեղ առանձնասենյակում «երկխոսում» է թութակի հետ:

ԱՐՔԱ — Դու բոլորից լավ ես կրկնում ինձ, Թութո… Իմ կամքն անթերի կրկնում ես… Հա, իմ լավագույն կամակատարն ես, բայց՝ անշահասեր, մաքրասիրտ. պաշտոնդ կբարձրացնեմ շուտով, դու շատ ավելին արժես, քան ինձ ծառայող էդ շողոքորթների ու խարդախների բանակը, որ ինձ պաշարած է պահում գիշեր ու զօր… Դե, Թութո, ասա. (վանկատելով) «Գե-նե-րալ-ներդ տգետ ու վախ-կոտ են»: (Թութակը կրկնում է🙂 Ապրես, Թութո: Իսկ հիմա ասա. (վանկատելով) «Նա-խա-րար-ներդ գող ու կա-շա-ռա-կեր են»: (Թութակը կրկնում է🙂 Ապրես, ապրես, իմ ճշմարտախոս ընկեր… Իսկ հիմա, Թութո, ասա. «Եղ-բայր-ներդ ըն-չա-քաղց ու նենգ են»: (Թութակը կրկնում է🙂 Ապրես, իմ ազնիվ բարեկամ… Իսկ հիմա ասա.«Ար-քա-յա-կինն ու ար-քա-յա-դուստ-րերը… ա-նա-ռակ են»: (Թութակը փորձում է կրկնել, չի հաջողվում🙂 Ի՞նչ, համամիտ չե՞ս ինձ հետ, Թութո… Քո սեփական կարծի՞քն էիր ուզում ասել, թե՞ պարզապես ծանրագույն ճշմարտությունները քո ուժերից վեր է հաստատելը, հը՞, Թութո… Լավ, չեմ ստիպում, որ հստակ դիրքորոշում հայտնես. գուցե խտացնում եմ գույները, իրավունք ունես ինձ հետ չհամաձայնվելու: Բայց նկատի ունեցիր, իմ ազնիվ բարեկամ, ես էդ կանանց, նաև ինձ շրջապատող որկրամոլների, սինլքորների և քսու քամելիոնների ոհմակին լավ եմ ճանաչում… Չես պատկերացնում, Թութո, թե որքան տխուր ու տաղտկալի է նման միջավայրում ապրելն ու թագավորելը. ես ամեն օր գոյության պայքար եմ մղում…

Ներս է մտնում Խորհրդական Շամիրը:

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Ներեցեք, արքա, պետք է տեղյակ պահեմ ձեր այսօրվա հանդիպումների ժամանակացույցի մասին:

ԱՐՔԱ — Դե, Շամիր, ի՞նչ օր ես նախատեսել ինձ համար:

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Ժամը 12-ին ձեզ կայցելի Մեծ Բրիտանիայի դեսպանը:

ԱՐՔԱ — (ջղային): Բայց ես նրան ընդունել եմ ընդամենը մեկ շաբաթ առաջ… Ի՞նչ է ուզում էդ պարարտ… (Զսպելով իրեն, ավելի հանգիստ տոնով🙂 Լավ, թող գա, գիտեմ՝ ինչ է ուզում, բայց չի ստանա. նա կարծում է, թե կարող է ճնշում գործադրել ինձ վրա… Նրանց ապրանքների վրա դրված բարձր մաքսատուրքը կպահպանենք, չէ՞, Շամիր:

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Անշուշտ, արքա… Ժամը 13-ին ընդունելության կգա Պակիստանի արտգործնախարարը:

ԱՐՔԱ — Օ՜ֆ… ո՜նց եմ գարշում էդ կարգի լպրծուններից… Նրանք շարունակ քծնում ու սպառնում են… Եվ ինչո՞ւ է թվում էդ պակիստանցուն, թե կրոնը բավարար հող է՝ միասին կեղտոտ գործեր անելու համար: Ես դա կասեմ նրան, ճակատին կասեմ, որ իրեն հավաքի ու չփորձի մեզ պարզամիտ երեխաների տեղ դնել: Թող իմանա պակիստանցին, որ Քամարի արքա Մաքրին Թեյը չի մասնակցում կեղտոտ խաղերի… Հաջորդը, Շամիր:

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Ժամը 14-ին հանդիպում ունեք հրեական համայնքի ներկայացուցիչների հետ:

ԱՐՔԱ — Այո, ես խոստացել եմ ունկնդրել նրանց. տեսնենք՝ ինչ խնդիրներով են մտահոգ… Հրեաների հետ պետք է շատ խելամիտ վարվենք, թե չէ Աստծո անեծքը կիջնի մեզ վրա:

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Այո… Դուք, Ձերդ գերազանցություն, ցանկություն եք հայտնել այսօր ներկա գտնվել նորագույն տեխնոլոգիաների ազգային կենտրոնի բացմանը. դա տեղի կունենա ժամը 16-ին, որից հետո կարող եք գնալ ձեր եղբայր Ռոշանի աղջկա հարսանիքին:

ԱՐՔԱ — Ա՜, հարսանիք էլ ունենք, ես մոռացել էի… Նվերները պատրա՞ստ են…

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Այո, արքա:

ԱՐՔԱ — Նվերները ուղարկեք, ես հավանաբար չգնամ, ավելի կարևոր գործեր ունեմ… ոչ պաշտոնական:

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Ռոշանը ձեր եղբայրների մեջ թերևս ամենագնահատելի մարդն է, նա շատ կնեղանա ձեզնից, արքա:

ԱՐՔԱ — Թող նեղանա… Թող հասկանա, որ չի կարելի արքա եղբորը զրպարտել:

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Նա շատ է զղջացել դրա համար, ներում է խնդրել ձեզնից:

ԱՐՔԱ — Իմ զայրույթը դեռ չի անցել… Լավ, վերջացրի՞նք, Շամիր:

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Ձեզ հետ շտապ տեսակցել է ուզում ներքին անվտանգության նախարար Բեյ Լաթիմը: Նա ձեր ընդունարանի նախասրահում սպասում է:

ԱՐՔԱ — Ասա, թող ներս գա: (Խորհրդականը դուրս է գնում: Թութակին🙂 Թութո, ասա. «Բեյ Լա-թի-մը կույր ու խառ-նա-կիչ էե: (Թութակը կրկնում է: Այդ պահին ներս է մտնում Բեյ Լաթիմը, լսում թութակի ասածը, նեղացածի տեսք ընդունելով՝ կանգնում է արքայի առաջ🙂  Նույնիսկ չես ողջունում արքայիդ, Լաթիմ… Ի՞նչ է պատահել…

ՆԱԽԱՐԱՐ Աստված ձեզ պահապան… հազար ողջույն, արքա: Եկա ձեզ հայտնելու, որ ձեր կրտսեր եղբայր Սամիրը իր մերձավոր ընկերների շրջապատում երեկ հայտարարել է, որ շուտով գահը ժառանգելու է ձեզնից…

ԱՐՔԱ — (զայրացած): Էլի նույն բանը… երևի հարբած է եղել, այո՞…

ՆԱԽԱՐԱՐ — Այո, արքա… Կամ խմած է ձևանում:

ԱՐՔԱ — Իմ անունից հրահանգիր Սամիրին, որ այլևս հարբեցողությամբ չզբաղվի ու նման երեկույթներ չկազմակերպի, տեսնենք՝ այդուհետ իրեն ոնց  կպահի: Եթե շարունակի կրկնել իր ցնորական գահատենչությունը… նրա հարցը կլուծեմ… իմ այս ձեռքով: (Թափահարում է բռունցքը🙂

ՆԱԽԱՐԱՐ — Լավ, Սամիրին կփոխանցեմ ձեր հրահանգը, կհետևենք նրան:

ԱՐՔԱ — Բարի, ուրի՞շ…

ՆԱԽԱՐԱՐ — Ձերդ գերազանցություն, ինչպե՞ս վարվենք ապստամբների այն խմբի հետ, որ արդեն երեք տարի բանտում է առանց դատ ու դատաստանի… Դուք խոստացել եք այս օրերին անդրադառնալ նրանց հարցին, միջազգային հանրությունը շարունակում է հարձակումներ գործել մեզ վրա այդ կապակցությամբ:

ԱՐՔԱ — Ազատ արձակեք նրանց և… արտաքսեք երկրից: Ապստամբությունը շատ վատ տարբերակ է երկրում բարեփոխումներ անելու համար: Պետք է քայլ առ քայլ առաջ գնալ, ոչ թե ինքնակործան ոստյուններ գործել… Արտաքսեք նրանց, հետագայում գուցե նրանց ներում շնորհենք:

ՆԱԽԱՐԱՐ — Հեռատես որոշում է, արքա: Հիմա կգնամ ու համապատսխան կարգադրություններ կանեմ… Ես վերջացրի, թույլ տվեք գնալ:

ԱՐՔԱ — Կարող ես գնալ, Լաթիմ… Եվ միշտ այնպես գործիր, որ արտառոց նոր հարցերի մեջ չխրվենք:

ՆԱԽԱՐԱՐ — Հրամանդ, արքա: (Թեթևակի խոնարհվում, հեռանում է🙂

ԱՐՔԱ — Լսեցի՞ր, Թութո, իմ կրտսեր եղբայր Սամիրը տենչում է իմ գահը… Ասա. «Սա-մի-րը տխ-մար ու սրի-կա էե: (Թութակը կրկնում է🙂 Ապրես, Թութո… Գիտե՞ս՝ Սամիրը իմ կրտսեր եղբայրն է, ես նրան սիրում եմ, բայց նա… տխմար ու սրիկա է… Ի՞նչ անեմ, Թութո… (Թութակը կրկնում է. «Ի՞նչ անեմե🙂 Հա՜, դու էլ չգիտես պատասխանը, բարեկամս… Լավ, ուրեմն ամեն ինչ թողնենք՝ ինչպես կա. թող Սամիրը մնա տխմար ու սրիկա… ու թող մնա իմ եղբայրը: (Դադար🙂  Որքա՜ն գարշելի ու տաղտկալի է էս ամենը, Տեր աստված… Ո՜նց եմ հոգնել ամենքից… էդ խարդախներից ու թափթփուկներից… տականքներից… Նրանցից գարշահոտ ձանձրույթի ամպեր են արտազատվում: Ես երազում եմ նոր շրջապատ ունենալ, շփվել ու ընկերանալ նոր, աննման մարդկանց հետ… մաքուր, գեղեցիկ, վեհանձն, համակրելի ու խանդավառող արարածների հետ… Կարոտ եմ այնպիսի մարդկանց, որոնց ներսից ասես արև է ճառագում կամ… լուսին է ելնում… թեկուզեւ փոքրիկ աստղեր դուրս գան… Որտե՞ղ են նրանք… Շրջապատիս մարդիկ ինձ շուտով ներքուստ կայլանդակեն վերջնականապես, ապա և կկործանեն ֆիզիկապես: Ինձ պետք են անհատներ, որ կներշնչեն ու կօգնեն՝ նոր հայացքով նայել աշխարհին ու մարդկանց, նրանց հետ ընդհանուր… հաճելի լեզու գտնելու կարողություն կարթնացնեն իմ մեջ… ինձ, Աստծո հաճությամբ, կարժանացնեն վերածնվելու շնորհին… Օգնեն, որ ես անսայթաք ու բարեհաջող իշխեմ… Այդպիսի մարդիկ պետք է որ լինեն, չէ՞, Թութո… (Դադար🙂 Լռում ես, իմ լավ բարեկամ: Քո լռությունն անհամաձայնություն է ինձ հետ, գիտեմ, բայց դա չի նշանակում, թե ճշմարիտը դու ես: Իմ երազանքի մարդիկ ինչ-որ տեղ հաստատ կան, Թութո… նրանց գտնել է պետք… կամ՝ ստեղծել: Թե չէ՝ մահացու ձանձրախտն է համակել ինձ… այն արդեն քայքայում է իմ ներսը. դրան երկար դիմակայել չեմ կարող: Ես ընդամենը մարդ արարած եմ, թեև հսկայական իշխանություն ու հարստություն ունեմ… Ոչինչ չարժեն այդ իշխանությունն ու հարստությունը հոգու հարմարավետության ու իսկական բերկրանքի հետ, Թութո… (Դադար🙂  Շամի՜ր…

Շտապ ներս է մտնում Խորհրդական Շամիրը:

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Այո, արքա, լսում եմ…

ԱՐՔԱ — Ինձ մահացու ձանձրախտն է հետապնդում, Շամիր, պետք է մի ելք գտնել…

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Հա, գիտեմ, արքա, էդ մասին մի երկու անգամ արդեն խոստովանել եք… (Դադար🙂 Ուզո՞ւմ եք՝ էն ծրագրավորողին կանչեմ, նա ուզում էր ձեր միտքն ու հոգին զվարթացնող, հետաքրքիր ու նշանակալից մի բան առաջարկել… Դուք հետաձգեցիք նրա հետ հանդիպումը:

ԱՐՔԱՆ — Էն հայի մասի՞ն է խոսքը, որ համակարգչային ընկերություն է հիմնել որդիներիս համար…

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Այո, Ձերդ գերազանցություն. նա տասնյակ նոր ու չլսված ծրագրեր է ստեղծել, նաև հմուտ ձեռներեց է… Որդիներդ էլ կարող են հաստատել:

ԱՐՔԱ — Լավ… վաղը առավոտյան էդ ծրագրավորողին կանչիր ին ձ մոտ… Չէ, ես կգնամ նրա աշխատավայրը, անակնկալ կմատուցեմ:

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Ուրեմն վաղվա ձեր առաջին հանդիպումը նախատեսենք… ժամը 11-ին… Հարմա՞ր է, արքա…

ԱՐՔԱ — Հարմար է, Շամիր… Ազատ ես: (Խորհրդականը դուրս է գնում🙂 Թութո, ասա.«Խոր-հր-դա-կան Շա-միրըե… չէ, նրան խնայենք… Նա իմ ընկերն է ուսանողական տարիներից, լավ ու ազնիվ ընկեր է… Դու հանգստացիր, Թութո՝ իմ հլու ու ճշմարտախոս կամակատար, իսկ ես տեսնեմ՝ էս պահին ոնց է գվվում աշխարհը… (Մոտենում է համակարգչին, թռուցիկ ծանոթանում համացանցային լրահոսին🙂 Ահա թե ի՜նչ… Հը՜մ… Ինչպիսի՜ հիմարություն… Այ քեզ ստահակներ… Դե զզվեցի… կորեք ձեր էդ ստոր խարդավանքներով: (Վեր է կենում, նայում ձեռքի ժամացույցին🙂 Մինչև բրիտանացի դեսպանի հետ հանդիպումը դեռ 35 րոպե ունեմ: (Հանում է հագի վերին շորերը, կանգնում գլխիվայր🙂 Թութո, դու էլ յոգա պարապիր… փորձիր գլխիվայր կանգնել, էսպես ուրիշ կերպ ես տեսնում մարդկանց ու աշխարհը…

ԱՐԱՐ ԵՐԿՐՈՐԴ

Համակարգչային ընկերության սրահում Ծրագրավորող Սոս Զովյանը և 4-5 աշխատակից՝ մոնիտորների առջև նստած, սուզվել են գործի մեջ: Ներս է մտնում Արքան՝ Խորհրդականի և Գրողի ուղեկցությամբ: Նրանք կանգ են առնում սրահի կենտրոնում:

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Ահա, Ձերդ գերազանցություն, հայ ծրագրավորող Սոս Զովյանը… (Վերջինս լսելով իր անունը՝ նայում և փութով կանգնում է: Մյուս աշխատակիցները նույնպես արագ ոտքի են ելնում🙂

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ — Ներեցեք… Ձերդ գերազանցություն… Չնկատեցինք՝ ինչպես մտաք մեզ մոտ…

ԱՐՔԱ — Մի անհանգստացեք… Արքայի այցերը երբեմն այսպես պետք է աննկատ լինեն: (Մոտենում է Ծրագրավորողին, ձեռքով բարևում: Վերջինս թեթևակի խոնարհվում է, աշխատակիցները՝ նույնպես🙂 Դե, ինչպե՞ս է իմ հայ բարեկամը…

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ — Շնորհակալ եմ, Ձերդ գերազանցություն, աշխատում ենք նոր ծրագրերի վրա: Ձեր որդիները բոլոր պայմանները ստեղծել են արդյունավետ աշխատանքի համար:

ԱՐՔԱ — Այս ընկերությունում ունե՞ս փայաբաժին…

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ — Ոչ, արքա, այստեղ վարձու մասնագետ եմ… Բարձր աշխատավարձ եմ ստանում, շնորհակալ եմ:

ԱՐՔԱ — Որդուս՝ Զուրաբին կասեմ, որ քեզ էլ մշտական փայաբաԺին հատկացնի: Կարծում եմ՝ դու արժանի ես դրան:

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ — Շնորհակալ եմ, Ձերդ գերազանցություն:

ԱՐՔԱ — Ձեր անձնակազմը… որակապես ու քանակապես բավարարու՞մ է գաղափարներդ իրագործելու համար…

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ — Առայժմ՝ այո, Ձերդ գերազանցություն:

ԱՐՔԱ — Երբ նոր մասնագետներ պետք լինեն, չքաշվես, ասա այդ մասին տղաներին կամ՝ ինձ:

ԾՐԱԳԱՐԱՎՈՐՈՂ — Շնորհակալ եմ, Ձերդ գերազանցություն:

ԱՐՔԱ — Իսկ հիմա, բարեկամս, անդրադառնանք այն ծրագրին, որ ուզում էիր ինձ ներկայացնել ամիսներ առաջ…

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ — Այո-այո, Ձերդ գերազանցություն, հիանալի հիշում եմ, սպասում էի, թե երբ կցանկանաք տեսնել… դեռ ոչ ոքի չեմ ցուցադրել:

ԱՐՔԱ — Հիմա, պարոն Սոս, կարո՞ղ ես քո այդ ծրագրի… շնորհանդեսն անել մեզ համար…

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ — Իհարկե, արքա… Ուզում եք բոլորի մասնակցությա՞մբ ներկայացնեմ ծագիրը…

ԱՐՔԱ — Իսկ ինչո՞ւ ոչ… որևէ գաղտնիք կա՞… պետական, ռազմական, առևտրային…

ԾՐԱԳԱՐԱՎՈՐՈՂ — Ոչ, Ձերդ գերազանցություն: Պարզապես կարծում էի, թե ծրագիրը միայն ձեզ պետք է մատուցվի:

ԱՐՔԱ — Ոչինչ, թող քո և իմ գործընկերները նույնպես տեղյակ լինեն:

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ — Շատ լավ… Հիմա, խնդրում եմ՝ նստեք… (Աթոռներ են հրամցնում Արքային ու նրա երկու ուղեկիցներին: Ծրագրավորողը զբաղեցնում է իր տեղը:)  Սկսեցինք… Ծրագիրը կոչվում է «Գրական հերոսները և մենքե: Ես ստեղծել եմ հանրահայտ գրական կերպարներից յոթի հոլոգրամներն ու հիմա հերթով նրանց կներկայացնեմ. նրանք կարող են խոսել… պատմել իրենց մասին, անգամ պատասխանել ձեր որոշ հարցերի… Առայժմ՝ այդքանը:  Այսպիսով՝ առաջին կերպար՝ Դոն Կիխոտ… (Ցույց է տրվում Դոն Կիխոտի հոլոգրամը🙂

ԱՐՔԱ — Դոն Կիխո՞տ…

ԳՐՈՂ- Այո, Ձերդ գերազանցություն… Իսպանացի գրող Սերվանտեսի ստեղծած հերոսն է… շա՜տ զվարճալի կերպար է:

Դոն Կիխոտի հոլոգրամ Բարև ձեզ… Ես Լամանչեցի հիդալգո Դոն Կիխոտն եմ… Հիսուն տարեկան եմ… Ունեմ մի զրահ, ծեր ու լղար ձի, անունը՝ Ռոսինանտ… Շատ ասպետական վեպեր եմ կարդացել և դրանց շշմեցնող ազդեցության տակ դարձել եմ թափառական ասպետ: Իմ երևակայության մեջ պատկերվում են մարտեր, արկածներ, ասպետական սխրագործություններ… Ես չեմ ցանկանում նկատել, որ ժամանակները փոխվել են և այլևս չկան թափառական ասպետներ… Պանդոկը ինձ թվում է դղյակ, հողմաղացները՝ հսկա հրեշներ, ոչխարի հոտը՝ հակառակորդի զորք, թեթևաբարո կանայք՝ ազնվազարմ օրիորդներ…

ԱՐՔԱ — Ա՜յ քեզ խելառ… Բայց իրոք շատ զվարճալին է…

Դոն Կիխոտի հոլոգրամ Ես փորձում եմ պաշտպանել ճնշվածներին, երկրի երեսից վերացնել բռնությունն ու անարդարությունը…

ԱՐՔԱ — Ահա թե ի՜նչ…

Դոն Կիխոտի հոլոգրամ Բայց ես իմ պայքարի մեջ միշտ անհաջողության եմ մատնվում, ծաղրուծանակի ենթարկվում, սակայն երբեք չեմ հրաժարվում իմ նպատակներից, չեմ հուսահատվում:

ԱՐՔԱ — Այ թե համառ խենթն է այս Դոն Կիխոտը…

Դոն Կիխոտի հոլոգրամ Հա, չմոռանամ ասել, որ իմ սրտի տիրուհին է Ալդոնսա Լորենսոն, բայց ես նրան անվանում եմ Տոբոսի Դուլսինեա: Իսկ իմ զինակից ընկերն է Սանչո Պանսան. նա միշտ ավանակով է շրջում… հա-հա-հա…

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ — Համառոտ՝ այսքանը Դոն Կիխոտից: (Անջատում է հոլոգրամը🙂 Ձերդ գերազանցություն, կցանկանայի՞ք, որ նա մեկ-մեկ ընկերակցեր ձեզ…

ԱՐՔԱ — Անշուշտ, պարոն Սոս… Դոն Կիխոտի հետ չես ձանձրանա… կարծում եմ:

ԳՐՈՂ — Այո, Արքա, նա անչափ հետաքրքիր արարած է, նրա հետ կարելի է անմոռանալի օրեր անցկացնել:

ԱՐՔԱ — Այդպես էլ կանենք… Հաջորդը:

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ — Հաջորդը… Ֆաուստն է… (Ցույց է տալիս Ֆաուստի հոլոգրամը🙂

ԳՐՈՂ — Պարոն Զովյան, իսկ ո՞ւմ ստեղծած Ֆաուստն եք մեզ մատուցում:

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ — Գյոթեի Ֆաուստի հիման վրա եմ նրա հոլոգրամը պատրաստել:

ԳՐՈՂ — Արքա, այս Ֆաուստի հեղինակը գերմանացի գրող Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն է: Շատ գրողներ են անդրադարձել Ֆաուստի կերպարին, սակայն Գյոթեի ստեղծած կերպարը ամենահաջողվածն ու ամենագրավիչն է: Նա երկար տարիներ է աշխատել այդ գրքի վրա, բայց այդպես էլ լիովին չի ավարտել…

ԱՐՔԱ — Տեսնո՞ւմ եք, ինչ բանիմաց խորհրդական ունեմ… Ապրեք, Փանուկ Գոյան:

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ — Հիմա Ֆաուստը հակիրճ կներկայացնի իրեն…

Ֆաուստի հոլոգրամ Բարև ձեզ, Ձերդ գերազանցություն և ներկաներ…Իմ կերպարի հիմքում ընկած է գերմանացի գիտնական, բժիշկ ու գրբաց Ֆաուստի մասին լեգենդը: Ես՝ որպես գիտնական, մեծ հաջողությունների եմ հասել, սակայն մշտապես դժգոհ եմ իմ կյանքից, ինձ ոչինչ չի գոհացնում ու բավարարում…

ԱՐՔԱ — Այս մարդը բնույթով նման է ինձ:

Ֆաուստի հոլոգրամ Ի վերջո ես դաշինք եմ կնքել սատանայի հետ… իմ հոգին փոխանակել եմ անսահման գիտելիքի հետ:

ԱՐՔԱ — Հանուն ինչի՞…

Ֆաուստի հոլոգրամ Որպեսզի անսպառ լինի իմ մեջ գործունեության ոգին… Ես խռովահույզ, բուռն հանճար եմ, ով իր կյանքը նվիրաբերել է գիտությանը, իմ համբավը տարածվել է աշխարհով մեկ… Երկիր մոլորակի տարբեր ծագերից բազմաթիվ աշակերտներ են գալիս ինձ մոտ ուսում առնելու: Բայց ես գիտեմ, թե որքան չնչին են իմ գիտելիքները բնության չբացահայտված գաղտնիքների համեմատ…

ԱՐՔԱ — Այո, աշխարհը դեռ լիքն է գաղտնիքներով…

Ֆաուստի հոլոգրամ — Ես ուզում եմ վերափոխել աշխարհը, իմանալ տիեզերքի օրենքները, գտնել դրանք վերափոխելու ուղիները, քանի որ այս ողորմելի աշխարհը ես համարում եմ արհամարհանքի արժանի իրողություն…

ԱՐՔԱ — Ինչպիսի՜ ճշմարիտ ու զորեղ խոսքեր…

Ֆաուստի հոլոգրամ Ինձ չեն հրապուրում ոսկին ու փառքը, իշխանությունն ու երկրային վայելքները: Իմ ձգտումներն անչափ մեծ են, բարձր ու վեհ, համամարդկային: Ես մարդկանց համար որոնում եմ գեղեցիկն ու կատարյալը, ուզում եմ դրախտ կառուցել երկրի վրա…

ԱՐՔԱ — Հետաքրքի՜ր է… Շատ ուժեղ տիպ է երևում…

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ — Ֆաուստից առայժմ այսքանը… (Անջատում է հոլոգրամը🙂

ԱՐՔԱ — Սպասեք, պարոն Սոս, թող այդ Ֆաուստը մի քանի խելոք դատողություններ ևս անի, ուզում եմ տեսնել, թե նա ինչպես է մտածում…

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ — Սիրով, Ձերդ գերազանցություն: (Միացնում է Ֆաուստի հոլոգրամը🙂 Ֆաուստ, մի քիչ խոսիր մարդկանցից ու կյանքից…

Ֆաուստի հոլոգրամ Խնդրեմ…

Գործն այսօրվա մի թող վաղվան,

Զուր մի կորցրեք և ոչ մի օր,

Մարդն ինչ գտնի հնարավոր,

Պիտի որսա հաստատակամ:

Այնուհետեւ ոչ մի անգամ

Բաց չի թողնի գտածը նա,

Եվ գործն առաջ միշտ կընթանա

(Դադար🙂

Չեն էլ հասկանում մարդիկ ապիկար,

Առանց քրտինքի՝ չիք երջանկություն,

Թե ունենան էլ իմաստության քար,

Զուր է, չեն դառնա նրանք իմաստուն

ԱՐՔԱ — Նա կասկածում է իմ իմաստության վրա…

Ֆաուստի հոլոգրամ Կասկածն անգղ է՝ կյանք հոշոտող

Ամբոխն ինչքան էլ լինի վատ,

Մարդը դարձյալ մարդով է մարդ:

ԱՐՔԱ — Լավ, հերիք է… Անշուշտ, շատ խելացին է այդ Ֆաուստը:

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ – (անջատելով Ֆաուստի հոլոգրամը): Ձերդ գերազանցություն, Ֆաուստը ձեզ համար գրավի՞չ կերպար է…

ԱՐՔԱ — Իհարկե… Նա էլ կընկերակցի ինձ… անհրաժեշտության դեպքում…

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ — Բարի, անցնենք հաջորդին… Ոդիսևս: (Միացնում է հոլոգրամը🙂

ԳՐՈՂ — (Արքային): Հունական Իթակե կղզու արքան էր…

ԱՐՔԱ — Ոդիսևսը արքա՞ էր…

ԳՐՈՂ — Այո, Ձերդ գերազանցություն… Նրան փայլուն ձևով գրական կերպավորում է տվել հույն մեծ բանաստեղծ Հոմերոսը… Նրա վիպերգությունն այդպես էլ կոչվում է՝ «Ոդիսական»: Այն գրվել է մթա. 8-ր դարում:

Ոդիսևսի հոլոգրամ Բարև ձեզ, տիարք… Ես Լաերտի որդին եմ, մասնակցել եմ Տրոյական պատերազմին… Հոմերոսը չլիներ՝ մարդիկ վաղուց մոռացել էին այդ սխրալից ու քաջահանդես պատերազմը… Այնքան էլ համամիտ չեմ, բայց ես սերունդներին ներկայանում եմ որպես խորամանկության ու հնարամտության մարմնացում… Ես թեև կապ ունեմ աստվածների հետ, բայց ավելի շատ կապեր ունեմ մարդկանց հետ…

ԳՐՈՂ — Եվ կանանց հետ, արքա… Ոդիսևսի կյանքում կանայք ճակատագրական դեր են խաղացել:

ԱՐՔԱ — Կնամո՞լ է…

ԳՐՈՂ — Չէի ասի… ավելի շատ կնամեծար է… Գիտի, թե կնոջը ինչպես պետք է սիրել…

ԱՐՔԱ — Կարգին տղամարդ է:

Ոդիսևսի հոլոգրամ Իմ տղամարդկության վրա թող ոչ ոք չկասկածի, վկա՝ աստվածներն ու պատմությունը… Տրոյական պատերազմից հետո ես տասներկու տարի թափառումների մեջ եղա. ոմանք կարծում են, թե դիտավորյալ եմ արկածներ փնտրել տունդարձիս, որ ուշ վերադառնամ կնոջս՝ Պենելոպայի մոտ, ինչ է թե՝ մեր սրտերը սառել են միմյանց հանդեպ… Դա ճիշտ չէ: Ես պարզապես դժվարությունների ու փորձությունների մարդ եմ, ինձ չեմ դավաճանել երբևէ, չեմ դավաճանել նաև ինձ սիրողներին… Պենելոպան ինձ միշտ սիրել է, ես էլ՝ նրան:

ԱՐՔԱ — (Գրողին): Պենելոպան նրա օրինական կի՞նն է…

ԳՐՈՂ — Այո, արքա:

ԱՐՔԱ — Եվ օրինական կնոջը սիրե՞լ է անվերապահ… անգամ թափառումների երկար տարիների՞ն…

ԳՐՈՂ — Այո, արքա:

Արքան զարմացական գլուխն օրորում է:

Ոդիսևսի հոլոգրամ Ես Կալիպսոյի գրկում անգամ տենչում էի Պենելոպային…

ԱՐՔԱ — Միասեր մարդ է երևում Ոդիսևսը. հազվագյուտ մարդկային հատկանիշ…

ԳՐՈՂ — Դոն Ժուանի ուղիղ հակապատկերն է…

ԱՐՔԱ — Դոն Ժուանն ո՞վ է…

ԳՐՈՂ — Նույնպես շատ ուշագրավ գրական հերոս է… Բազմաթիվ կանանց ու գրող-հեղինակների է հրապուրել… Կարծում եմ՝ Դոն Ժուանն էլ կա այս ծրագրում…

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ — (անջատելով հոլոգրամը, Գրողին): Այո, կա… Ձերդ գերազանցություն, Ոդիսևսը ձեզ հետաքրքրե՞ց, նա ձեզ կարո՞ղ է ընկերակցել…

ԱՐՔԱ — Անպայման… Նա շատ ուշագրավ բաներ կունենա ինձ պատմելու…

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ — Բարի… Հիմա՝ հաջորդը:

Ներս է մտնում Պահնորդը և Արքային փոխանցում ձեռքի հեռախոսը:

ՊԱՀՆՈՐԴ — (Արքայի ականջին): Ձերդ գերազանցություն, գեներալ Բենինն է հատուկ ծառայությունից, ասում է՝ հրատապ է…

Արքան վերցնում է հեռախոսը, հեռանում սրահի անկյունը: Ներկաները կանգնում են: Արքայի հեռախոսազրույցը գրեթե չի լսվում. միայն մի պահ բարձր հնչում է «ահաբեկչությո՞ւն» բառը: Հետո Արքան հեռախոսը փոխանցում է պահնորդին:

ԱՐՔԱ — Ներեցեք, պարոն Սոս, ես պետք է շտապ հեռանամ, անհետաձգելի գործ բացվեց: Քո ծրագիրը կշարունակենք դիտել առաջիկա որևէ օր: Բայց նախապես ասեմ, որ մտահղացումդ արտակարգ ու փայլուն է… Ես գրականության գիտակ չեմ, վերջին գեղարվեստական գիրքը կարդացել եմ… (Նայում է Խորհրդականին🙂

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — …մոտ երեսուն տարի առաջ… համալսարանի առաջին կուրսում… Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարն» էր:

ԱՐՔԱ — Այո… գիտակ չեմ, սակայն համոզված նշում եմ, որ քո… հոլոգրամյան հերոսները բավական արտասովոր ու տպավորիչ մարդիկ են, նրանց հետ կարելի է կարգին ընկերանալ… առավել ևս, եթե…

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ — Եթե նրանց նաև մարմնավորենք…

ԱՐՔԱ — Ապրես, կռահեցիր, բայց երևի շատ առաջ սլացա մտովի…

ԳՐՈՂ — Ձերդ գերազանցություն, այնքան սրընթաց է մեր կյանքը վերափոխվում, որ չգիտես, թե վաղը ինչ նոր ու անհավատալի բաներ կմատուցեն մեզ… Բայց կարևորն այն է, որ մենք շարունակում ենք երազել մարդկային կատարյալ ու հրաշալի օրինակների մասին: Նրանք մեզ ներշնչում ու հուսադրում են: Այդպիսին են քիչ առաջ մեզ ներկայացված գրական հերոսները, նրանց նման մարդիկ հազիվ թե գտնվեն արդի աշխարհում…

ԱՐՔԱ — Իսկ գարշելի ու մերժելի մարդիկ… հակահերոսներ՝ որքան ասես կան մեր շուրջ. էլ դավադիրներ ու ահաբեկիչներ, էլ խավարամիտներ ու դավաճաններ, գողեր ու կաշառակերներ, այլասերվածներ, անհոգիներ, մարդասպաններ, մոլագարներ… Նրանք ամեն օր իրենց տխեղծ վարքով ապացուցում են, թե ինչպիսին չպետք է լինի մարդ արարածը: (Դադար🙂 Դե լավ, տխուր նոտայով հրաժեշտ չտամ ձեզ. մենք, պարոն Սոս, կարծում եմ՝ հաճախ ենք հանդիպելու քեզ հետ… Լավ տրամադրություն եմ մաղթում բոլորիդ, իսկ ինձ դեռ ծանր օր է սպասվում… Հաջողություններ բոլորիդ, ցտեսություն:

ՆԵՐԿԱՆԵՐ — Ցտեսություն, Ձերդ գերազանցություն:

Արքան արագաքայլ դուրս Է գնում, նրա հետ նաև Խորհրդականը, Գրողը և Պահնորդը: Նրանց ուղեկցում է Ծրագրավորողը, ապա վերադառնում է իր տեղը, սրահում գտնվողները շարունակում են աշխատել:

ԱՐԱՐ ԵՐՐՈՐԴ

Արքան փակ աչքերով պառկած է բազմոցին: Ներս է մտնում Խորհրդականը:

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — (ցածրաձայն): Մաքրին…

ԱՐՔԱ — Այո…

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Քնա՞ծ եք…

ԱՐՔԱ — (բացելով աչքերը, նստելով տեղում): Ուր էր թե կարողանայի քնել էս ժամին, Շամիր… դարձյալ խորը մելամաղձի ու ընկճախտի մեջ եմ, չգիտեմ՝ երբ կհաղթահարեմ էս անտանելի վիճակը… կամ ընդհանրապես կհաղթահարե՞մ…

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Այո, դուք կարող եք այդ ծանր զգացողություններից ձերբազատվել… Ես լավ լուր ունեմ:

ԱՐՔԱ — (կանգնելով): Վաղուց լավ լուրերով չես գալիս ինձ մոտ, Շամիր, հատկապես էն ահաբեկչությունից հետո… Իմ հեռավոր երկու ազգականին սպանելն ազդանշան եղավ, որ ինձ համար երկար շարունակվելու են տխրամած ու գաղջ օրերը… Արդեն մեկ տարի ես շանթահարվածի պես եմ… Ասա, ի՞նչ կա…

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Ձեր պատվիրած ծրագիրը հաջողությամբ իրագործել են.,.

ԱՐՔԱ — Ի՞նչ ծրագիր… հիշեցրու, մոռացել եմ…

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Գրական էն հերոսների մարմնավորումների նախագիծը… Նախանշվածից շատ ավելի փող ծախսվեց, ավելի քան 50 միլիոն դոլար, բայց ի վերջո ստացվել է:

ԱՐՔԱ — Ոչինչ, իմ անձնական հաշիվներից կփակեք ծախսերը:

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Էն հայ ծրագրավորողի գլխավորությամբ աշխատանքային խումբը, կարելի է ասել, իսկական հրաշք է գործել. եթե տեսնեիք այդ… գրեթե լիովին կենդանի մարդակերպ արարածներին… Միայն չափազանց սուր ու գիտուն աչքը կարող է զանազանել, որ նրանք արհեստական են… Հոյակապ են աշխատել տղերքը, նրանք լրացուցիչ վարձատրության են արժանի, արքա…

ԱՐՔԱ — Սպասիր, ինքս կգնահատեմ նրանց աշխատանքը… Ե՞րբ կարող եմ տեսնել… իմ նոր ընկերներին…

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Հենց հիմա նրանք իրենց արարիչ Ծրագրավորողի հետ նախասրահում սպասում են ձեր հրավերին…

ԱՐՔԱ — Արդեն այստե՞՜ղ են… Ներս կանչիր, արագ: 

Խորհրդականը գնում, վերադառնում է Ծրագրավորողի, Գրողի, Դոն Կիխոտի, Ֆաուստի, Ոդիսևսի, Դոն Ժուանի, Համլետի, Աննա Կարենինայի, Փոքրիկ Իշխանի հետ: Գրական հերոսների արտաքինը և շարժումները մի փոքր ռոբոտանման են:

ԱՐՔԱ — Օհո՜… ինչպիսի հրաշալի խումբ է… ծանոթ դեմքերով…

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ — Բարև ձեզ, Ձերդ գերազանցություն:

ԱՐՔԱ — Ուրախ եմ, պարոն Սոս, որ պատվերս կատարել եք… Իրո՞ք հաջողությամբ…(Խուզարկու, բայց և բարեհաճ հայացքով նայում է Հերոսներին🙂

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ — Այո, Ձերդ գերազանցություն, ինքներդ հիմա կհամոզվեք… Մենք մարմնավորել ենք յոթ գրական հերոսի՝ արհեստական բանականությամբ, բնութագրական խառնվածքով ու կերպարանքով… Նրանք գիտեն խոսել, դատել ու բնավորություն բանեցնել իրենց կերպարին հատուկ տիրույթում: Փորձարկումների ժամանակ շեղումներ չեն եղել:

ԳՐՈՂ — Իմ առաջարկությամբ կերպարների որոշ բացասական գծեր չեն ներմուծվել ծրագիր…

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ — Այո… Որպեսզի, արքա, շարունակ դրական էներգետիկ դաշտում գտնվեք:

ԱՐՔԱ — Այսինքն՝ նրանք կատարյալ դրական մարդի՞կ են…

ԳՐՈՂ — Չէի ասի, Ձերդ գերազանցություն… Նրանք նախևառաջ մարդկային լավագույն որակներին հետամուտ անհատներ են և շատ վառ խառնվածք ունեն… Նրանց հետ չեք ձանձրանա, շատ նոր բան կսովորեք:

ԱՐՔԱ — Լավ… Հիմա կարո՞ղ եմ ավելի մոտիկից ծանոթանալ նրանց հետ…

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ — Իհարկե, Ձերդ գերազանցություն, դրա համար ենք եկել:

ԱՐՔԱ — Բարի… Սկսենք տիկնոջից:

Ծրագրավորողը Աննա Կարենինային ուղեկցում է Արքայի մոտ:

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ — Ձերդ գերազանցություն, Աննա Կարենինան է…

ԿԱՐԵՆԻՆԱ — Ողջույն, արքա… Ինձ կերտել է ռուս գրող Լեւ Տոլստոյը: Ես սրտի ու ճակատագրի ձայնին հավատացող կին եմ… Դուք ամուսնացա՞ծ եք, Ձերդ գերազանցություն…

ԱՐՔԱ — Կնոջս անունը Սինա է: Ունեմ երեք որդի, երկու դուստր, երեք թոռնիկ… Իսկ դուք ուրիշ ի՞նչ գծերով եք նշանավոր… Միակ կինն եք այս խմբի մեջ, երևի շատ եք յուրահատուկ…

ԿԱՐԵՆԻՆԱ — Անշուշտ, յուրահատուկ եմ, արքա… Բայց կանացի գաղտնիքները հեշտությամբ չեն շռայլվում: Միայն կասեմ, որ ես գիտեմ՝ ինչ է իրական երջանկությունը և ինչ է դժբախտությունը… Արքա, բոլոր երջանիկ մարդիկ նման են իրար, յուրաքանչյուր դժբախտ՝ դժբախտ է յուրովի:

ԱՐՔԱ — Ես դժբախտ եմ, Աննա… Ես մեռնում եմ ձանձրախտից, ինձ հալածում են մարդկային ոչնչությունները… Չգիտեմ՝ որտեղ է ելքը…

ԿԱՐԵՆԻՆԱ — Մարդուն միշտ կարելի է փրկել, բայց փրկում են նրան, ով չի ուզում կորչել:

ԱՐՔԱ — Խելացի կին եք երևում, Աննա Կարենինա: Կարծում եմ՝ ձեզ հետ դեռ շատ շփումներ կունենանք… (Ծրագրավորողին.)  Խնդրեմ, հաջորդին ներկայացրեք:

Ծրագրավորողը Արքայի մոտ է բերում Համլետին:

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ — Ձերդ գերազանցություն, Համլետն է… ամենանշանավոր գրական հերոսներից մեկը աշխարհում:

ԱՐՔԱ — Լսել եմ նրա մասին, հայտնի անուն է:

ՀԱՄԼԵՏ — Ճիշտ եք, արքա… Ով մի փոքր նեղության մեջ է հայտնվում, իմ խոսքերն է կրկնում՝ լինե՞լ, թե՞ չլինել… առանց հասկանալու դրանց խորիմաստ ու ստույգ հարցադրումը… Հա, հիշեցնեմ, որ ինձ կերտել է անգլիացի թատերգու Վիլյամ Շեքսպիրը:

ԱՐՔԱ — Ասում են՝ պալատական կյանքը լավ գիտես, Համլետ…

ՀԱՄԼԵՏ — Գիտեմ հինգ մատիս պես… Պալատում միշտ խարդավանքն է իշխում… Այնտեղ հաճախ են տեղավորվում առաջնակարգ սրիկաները:

ԱՐՔԱ — Ինչպես մեզ մոտ…

ՀԱՄԼԵՏ — Թագավորը թիվ մեկ թիրախն է իր երկրում, իսկ երբ թիրախ ես, կասկածում ես ամեն ինչի վրա. անգամ աստղերին ես կասկածում, լուսնին, արևին, ճշմարտության վրա ես կասկածում, սիրո վրա… Երևի այդ ամենը արդեն զգացել եք ձեր մաշկի վրա, արքա…

ԱՐՔԱ — Ցավոք, այո… Եվ այդ ամենն է նաև պատճառը իմ այս անբուժելի թվացող տաղտկահարության ու ընկճախտի:

ՀԱՄԼԵՏ — Երբ ուրիշներին լավ ճանաչես, արքա, կճանաչես նաև քեզ… ու մեկ-մեկ խորշանք կզգաս ինքդ քեզնից… Եվ գիտե՞ս՝ ինչու, արքա…

ԱՐՔԱ — Ինչո՞ւ…

ՀԱՄԼԵՏ — Որովհետև մարդկային կյանքը թունավորված է եսապաշտությամբ: Որովհետև ժամանակն իր շավղից դուրս է սայթաքել, և ոչ ոք այն ուղղել չի կարող:

ԱՐՔԱ — Դու մտադիր ես նման տխրապատիր խոսքերո՞վ փարատել իմ սևակնած անձկությունը…

ՀԱՄԼԵՏ — Իմ ամենամեծ ծառայությունը թերևս այն կլինի, արքա, որ ձեզ ցույց տամ, թե պալատում ինչպես են խմորվում դավադրությունները, ինչպես կարելի է խույս տալ յուրայինների ագրեսիայից…

ԱՐՔԱ — Ուրեմն՝ դու այդ ասպարեզում լավ խորհրդական կլինես ինձ համար, Համլետ… (Ծրագրավորողին.) Հաջորդը…

Ծրագրավորողը Դոն Ժուանին բերում Է Արքայի մոտ:

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ — Ահա և Դոն Ժուանը, Ձերդ գերազանցություն… Նրա անունը հիշատակել ենք դեռ հոլոգրամների ցուցադրության ժամանակ:

ԳՐՈՂ — Ձերդ գերազանցություն, Դոն Ժուանը շատ ինտրիգասերն է, բայց բարեմիտ ինտրիգասեր է:

ԴՈՆ ԺՈՒԱՆ — Բարով տեսանք, արքա: Ինձ շատերն են մշակել ու կերպավորել, սակայն հիմա այստեղ ներկա եմ անգլիացի պոետ Ջորջ Գորդոն Բայրոնի… հավաստագրով:

ԱՐՔԱ — Դուք ինչո՞վ եք այդպես առանձնահատուկ, որ շատ գրողներ են ցանկացել ձեզ իրենց երկերի հերոս դարձնել…

ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ես կանանց գիտակ եմ, լավ եմ ճանաչում նրանց հոգին ու մարմինը, ազատամիտ եմ ու ռոմանտիկ, միշտ փնտրում եմ գեղեցկությունը՝ արտաքին ու ներքին… Հուսով եմ՝ ձեր պալատում չեմ ձանձրանա… Կին աշխատակիցներ շա՞տ ունեք այստեղ, արքա…

ԱՐՔԱ — Շատ չեն, Դոն Ժուան, և բոլորն էլ գտնվում են իմ հոգածության ներքո, որպեսզի չբռնանան նրանց վրա: Մեր տղամարդիկ երբեմն անհարկի կրքոտ են, իսկ մեր կանայք՝ ավելորդ նրբազգաց:

ԴՈՆ ԺՈՒԱՆ — Սիրում եմ նրբազգաց ու առաքինի կանանց. նրանց վրա, ինչպես ասում են՝ սիրային շատ էներգիա ես ծախսում: Որքան շատ էներգիա, այնքան շատ սեր:

ԱՐՔԱ — Քեզ կնոջ մարմի՞նն է նախևառաջ հրապուրում… Այսինքն՝ սեքսի համա՞ր ես պայքարում…

ԴՈՆ ԺՈՒԱՆ — Օ՜ ոչ, արքա, դա վարկաբեկիչ վարք կլիներ ինձ համար. ես դեպի կնոջ մարմինն եմ շարժվում նրա հոգու միջով… Կնոջը սիրտն է առաջնորդում, նա հազար տենչ ունի սրտում: Հաճախ հենց կանայք են իմ գլուխը տանում… Ես ջենթլմեն եմ, արքա, ինձ սիրային զարտուղի ու էժանագին ուղիները չեն գրավում:

ԱՐՔԱ — Դու շա՞տ կանանց ես սիրել մինչև հիմա…

ԴՈՆ ԺՈՒԱՆ — Օ՜ շատ, արքա… Հրաշալի կանայք այնքան շատ կան կյանքում… Նրանց մեծարել է պետք սիրով:

ԱՐՔԱ — Լավ, դեռ կունկնդրեմ քո սիրո դասերը… (Ծրագրավորողին.) Հաջորդը:

Ծրագրավորողը Արքայի մոտ է տանում Փոքրիկ Իշխանին:

ԱՐՔԱ — Եվ ո՞վ է մեր այս փոքրիկ ընկերը…

ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ — Ես Փոքրիկ Իշխանն եմ, Ձերդ պայծառափայլություն… Բարև ձեզ:

ԱՐՔԱ — Օհո՜… պայծառափայլություն… Վաղուց ինձ ոչ ոք այդպես չի դիմել… Շնորհակալ եմ, Փոքրիկ…

ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ — Չարժե, Ձերդ պայծառափայլություն… Ես ֆրանսիացի գրող Անտուան Սենտ Էքզյուպերիի կերտած հերոսն եմ… Անկեղծ ասած՝ ողջ աշխարհում ինձ շատ-շատերն են սիրում, չգիտեմ՝ ինչու այդքան շատ… Ես պարզապես մի երազկոտ ու բարի տղա եմ, ուրիշ ոչինչ:

ԱՐՔԱ — Երևի շատ ես երազկոտ, շատ ես բարի, իսկ դրանք բացառիկ մարդկային հատկանիշներ են… Դու է՞լ ես պաղպաղակ շատ սիրում… մյուս երեխաների պես…

ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ — Առանձնապես ոչ, ես ուրիշ հետաքրքրություններ ունեմ, դրանք կարող են ձեզ անիմաստ ու ծիծաղելի թվալ, բայց եթե անգամ ծիծաղեք, ձեզնից չեմ նեղանա:

ԱՐՔԱ — Ինչո՞ւ… Երեխաները սիրում են նեղանալ:

ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ — Երևի ես բացառություն եմ: Երեխաները պետք է ներողամիտ լինեն մեծահասակների հանդեպ. նրանք հաճախ են սխալներ գործում:

ԱՐՔԱ — (ծիծաղում է): Բայց դե հիանալի ասացիր, Փոքրիկ Իշխան… Ուրեմն քեզ հետ հարաբերվելիս ես վախ չունենա՞մ, թե կարող ես ինձնից նեղանալ…

ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ — Ոչ:

ԱՐՔԱ — Հիանալի՜ է…

ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ — Չնայած հենց նոր ծիծաղեցիք, տեսնում եմ, որ շատ տխուր արքա եք…

ԱՐՔԱ — Ճիշտ եք նկատել, Փոքրիկ:          

ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ — Երբ շատ տխուր եմ լինում, նայում եմ, թե արևը ինչպես է մայր մտնում…

ԱՐՔԱ Այսօր երեկոյան միասին կգնանք արևամուտը նայելու. լա՞վ, Փոքրիկ…

ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ — Համաձայն եմ, և այդ ժամանակ ձեզ կասեմ, թե ինչպես ամեն մարդ պետք է իր աստղը գտնի…

ԱՐՔԱ — Պայմանավորվեցինք, Փոքրիկ Իշխան: (Ծրագրավորողին.) Հաջորդը… Սպասիր… Բայց չէ՞ որ արդեն ճանաչում եմ մյուսներին… հոլոգրամներից… Ահա՝ Դոն Կիխոտն է, Ֆաուստը, Ոդիսեւսը… (Մոտենում, բարևում է🙂 Նրանց մասին վերջին ժամանակներս հաճախ եմ մտածել. նրանք շատ ուժեղ և իմաստուն արարածներ են, մյուսները՝ նույնպես… Շատ տպավորված եմ, պարոն Սոս. ձեր աշխատանքային թիմը հոյակապ գործ է կատարել, դուք մեծ պարգեւավճար կստանաք… Բայց կարո՞ղ ես ասել… հարցս վերաբերում է նաևւ գրող Փանուկ Գոյանին… մեր հիասքանչ հերոսները իրենց ինչպե՞ս են զգում կողք-կողքի, նրանք համատեղելի՞ են մի խմբի մեջ, ունա՞կ են, այսպես ասած՝ թիմային գործողությունների…

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ — Կարծում եմ՝ այո, Ձերդ գերազանցություն… Նրանք ասես նույն ուղու ճամփորդներն են…

ԳՐՈՂ — Ձերդ գերազանցություն, նրանց միջև հոգեւոր կապ գոյություն ունի: Նրանց նախամայրը նույնն է՝ Բարություն-Գեղեցկություն անվամբ: Նրանք փոխլրացնում են միմյանց, հարկ եղած դեպքում հասնում են մեկմեկու:

ԱՐՔԱ — Իսկ տիկին Աննա Կարենինան միայնակ չի՞ զգա տղամարդկանց շրջապատում…

ԿԱՐԵՆԻՆԱ — Շոյված եմ, արքա, ձեր հոգատար հարցից. անհոգ եղեք, ես լավ ընկերախմբում եմ, այստեղ ինձ ոչ ոք չի նեղի… Կարծում եմ՝ նույնիսկ Դոն Ժուանը եղբայրաբար կվերաբերվի ինձ… Չէ՞, Դոն…

ԴՈՆ ԺՈՒԱՆ — Անհանգստանալու ոչինչ չունեք, տիկին Աննա: Ես ոչ մի ոտնձգություն չեմ անի ձեր հանդեպ, ընկերական ազնիվ վերաբերմունք կցուցաբերեմ… Դե, ճիշտն ասած՝ կնոջ հանդեպ եղբայրական զգացում դրսևորելն ինձ համար դեռևս անհասկանալի երևույթ է…

ԱՐՔԱ — Դա էլ դու կսովորես, Դոն ժուան:

ԴՈՆ ԺՈՒԱՆ — Կփորձեմ, արքա:

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Նրանք իսկական ասպետներ են, Ձերդ գերազանցություն, իրենց խոսքի տերը… Նրանք կարծես թե այստեղ համախմբվել են կամովին, մի ներքին ձայնով, հատուկ առաքելություն իրականացնելու նպատակով… Սա էլ իմ տպավորությունն է, արքա:

ՖԱՈՒՍՏ — Անգամ երբ մենք հեռու էինք իրարից ու կարծես շփումներ չկային մեր միջև, մենք, միևնույն է, հեռակա կարգով միասնաբար կատարել ենք նույն գործը՝ քննել ենք աշխարհի ու մարդու բանը, օգնել ազատազրկվածին ու խավարի մեջ թաղվածին, սատարել իմացությունն ու վեհանձնությունը… Մենք միասին ու առանձին-առանձին քարոզում ենք, որ պետք է հավատալ կյանքին ու մարդուն, կյանքը մեզ սովորեցնում է բոլոր իմաստուններից ու գրքերից առավել համոզիչ կերպով:

ՈԴԻՍԵՎՍ — Արքա, մեր այս մեծապատիվ խումբը կարող է ցույց տալ, թե միասին ինչպես պետք Է հաղթահարել խոչընդոտներն ու վերահաս դժվարությունները, ինչպես պետք Է տոկալ ու հավատալ, որ կգա նաև վերադարձի ու վերածնության ժամանակը… Մենք այսպես կողք-կողքի յուրովի երջանիկ ու արդարացված ենք զգում… Մի՞թե այդպես չէ, ընկերներ…

ՀԵՐՈՍՆԵՐ — Այդպես է, այդպես…

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Արքա, դուք միայն ասեք, թե ովքեր են ձեր ախոյանները, ոււ մենք միասնաբար նրանց հախիցը կգանք: Վկա՝ իմ սուրը: (Հանում է սուրը՝ ասես պատրաստվելով մենամարտի: Բոլորը ծիծաղում են🙂

ՖԱՈՒՍՏ — Պայմանավորվենք, որ բոլոր հարցերը կլուծենք առանց սրի, Դոն Կիխոտ: Արյամբ լուծված հարցերը նոր խնդիրներ են ծնում…

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Համամիտ եմ, եղբայր Ֆաուստ, իմ սուր միտքն էլ հերիք է: (Մյուսները թույլ ծիծաղում են🙂

ԱՐՔԱ — Լավ, այսպես ծիծաղով ու խաղաղասիրաբար էլ կգործենք հետագայում… Սիրելի հերոսներ, ես շատ մեծ հույսեր եմ կապում ձեզ հետ, ուզում եմ հավատալ, որ ինձ հուսախաբ չեք անի: Մենք կփորձենք ձեր տեսակի լույսով ու ներըմբռնողությամբ փոքր-ինչ բարեփոխել իմ հոգեկան ու մտավոր կացությունը, նաև՝ մեր միջավայրը, մեր ժամանակը… Աստված մեզ հետ…Խորհրդական, իմ անունից կարգադրիր արարողապետին, որ այսօր երեկոյան գեղեցիկ երեկույթ կազմակերպի ի պատիվ մեր Հերոսների: Հրավիրեք նաև իմ զավակներին ու եղբայրներին… Թող ներկա գտնվեն նաև ձեր երեխաները, Խորհրդական, Փանուկ Գոյան ու պարոն Սոս… Իսկ հիմա գնացեք: Կհանդիպենք երեկոյան… Շամիր, ասա, որ Հերոսներին տեղավորեն իմ հարկաբաժնի սենյակներում… Թող նրանք ինձ մոտիկ գտնվեն:

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Լավ, արքա:

Բոլորը դուրս են գնում: Արքան մոտենում է հեռախոսին, կարճ համար հավաքում:

ԱՐՔԱ — Լաթիմ, բռնեցի՞ք էն կապավոր ստահակին… Լավ, ինքս նրան առաջինը կհարցաքննեմ…(Լսափողը ցած է դնում🙂 Ինչո՞ւ են էդ օտարերկրացի սրիկաները կարծում, թե Քամարում կարող են մարդասպանների ու ահաբեկիչների որջ հիմնել ու մնալ աննկատ… Մի՞թե նրանց թվում է, թե Մաքրին Թեյը կույր ու խելապակաս է, կամ՝ մեռած է… Էս երկրի պատվի ու ապահովության համար, նախ, ես եմ պատասխանատու, ես… Աստված չանի՝ պարզվի, որ եղբայրներս կամ իմ կառավարության անդամներից մեկը կապված է նրանց հետ. նման տականքներին ինքս մահապատժի կենթարկեմ… Աստված չանի…

ԱՐԱՐ ՉՈՐՐՈՐԴ

Իր առանձնասենյակում Խորհրդականը մտահոգ ետ ու առաջ է քայլում, մերթընդմերթ մոտենում է հեռախոսին ու զանգում, բայց պատասխան չստանալով՝ շարունակում է քայլել: Թափով ներս է մտնում Արքայի կրտսեր եղբայր Սամիրը:

ՍԱՄԻՐ — Նորություն չկա՞, Շամիր…

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Ոչ, զանգերիս չի պատասխանում… հեռախոսն անջատել է:

ՍԱՄԻՐ — Գոնե գիտե՞ս՝ որտեղ է նա… ինչ է անում…

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Ասել է, որ մի ամսով ուզում է առանձնանալ Բահամյան կղզիներում…

ՍԱՄԻՐ — Նա այնտեղ չէ, ես մարդ եմ ուղարկել՝ «սանրել» են էդ կղզիները… Իսկ ովքե՞ր են նրա ուղեկիցները… Ջահել կանա՞նց է վերցրել հետը…

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Չէ, մեկնել է էն… գրական հերոսների հետ… Դուք գիտեք նրանց մասին… Հա, իր հետ տարել է նաև Ծրագրավորողին, գրող Գոյանին ու թութակին:

ՍԱՄԻՐ — Այ թե ի՜նչ… Արքան խելքը տվել է էդ արհեստական մարդկանց… էդ ռոբոտներին, իսկ մեզ բանի տեղ չի դնում… Իսկ էդ Ծրագրավորողի ու Գրողի ընտանիքներից հետաքրքրվե՞լ եք, գուցե նրանք կապվել են հարազատների հետ…

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Նրանք ընտանիքներ չունեն, միայնակ են ապրում… կարծում եմ, դեռևս տագնապ բարձրացնելու կարիք չկա, արքան պարզապես միառժամանակ կտրվել է… ճղճիմ միջավայրից, ուզում է վերգտնել իր հոգեկան հավասարակշռությունը, խանդավառվել, լուսավորվել…

ՍԱՄԻՐ — Խանդավառվե՜լ… լուսավորվե՜լ… Մենք էլ մնանք էսպես ճնշված ու խավարի մեջ, հա՞…

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Ուրիշ տեղեկություն չունեմ:

ՍԱՄԻՐ – (հեգնանքով): Անգամ քեզ չի իրազեկում իր քայլերի մասին… Նրա աջ ձեռքն ես իբր, նրա ամենավստահելի մա՜րդը…

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Նա շուտով կապի մեջ կմտնի… կվերադառնա…

ՍԱՄԻՐ — Դրանք քո բարի ցանկություններն են, Շամիր… հասկանում եմ քեզ… Իսկ եթե նրան բա՞ն է պատահել… արտակարգ մի բան, ասենք՝ մահափորձ… առևանգում… պատանդառություն… Չէ՜, էդ դեպքում մեզ որևէ տեղեկություն հասած կլիներ, մեր հատուկ ծառայություններն արդեն երկու ամիս ապարդյուն փորձում են գտնել նրա հետքերը… 

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Արքան այնքան անճարակ չէ, որ չկարողանա պաշտպանել իրեն: Նա մի որոշ ժամանակով հանգստի ու լիցքավորվելու կարիք ունի… Կտեսնեք՝ շուտով կվերադառնա եռանդով ու լավատեսությամբ լի:

ՍԱՄԻՐ — Ես քո լավատեսությունը չեմ կիսում, Շամիր, դու միայն քո ծառայական ու ընկերական բնազդով, միակողմանիորեն պաշտպանում ես նրան: Հասկացիր՝ նա արհամարհում է մեզ… Ասա՝ ինչպե՞ս է հնարավոր երեք ամիս բացակայել երկրից ու գաղտնի պահել գտնվելու վայրը… Երեք ամիս չկա՜ արքան… Դա խայտառակում է իրեն ու երկիրը:

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Արքան շատ է սիրում իր երկիրն ու ժողովրդին:

ՍԱՄԻՐ — Հիմա քո խոսքերը ոչինչ չարժեն, Շամիր, իրավիճակը այլ բան է ցույց տալիս: (Դադար🙂  Իմ կարծիքով՝ նա փախել է Քամարից… մեզնից… բոլորից…  Իսկ Քամարում կենսական ու հրատապ շատ խնդիրներ են կուտակվել… Առանց արքայի միջամտության դրանք ավելի են բարդանում… Եթե առաջիկայում էլ շարունակի բացակայել, ստիպված կլինենք արմատական որոշում կայացնել…

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — (տագնապած): Ի՞նչ արմատական որոշում…

ՍԱՄԻՐ — Անվտանգության խորհուրդը նրան գահաթող կհայտարարի և արքա կհռչակվեմ ես… Ես եմ, չէ՞, գահաժառանգը… Ես պետք է, չէ՞, մտածեմ ներկա անորոշ ու մտահոգիչ կացությունից ելք գտնելու մասին… այն էլ՝ օրինական ճանապարհով: Անարքա երկիրը մատնվում է քաոսի… չեմ կարող թույլ տալ: Ես անձնական նկրտումներով չեմ առաջնորդվում, հավատա:

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Անվտանգության խորհրդի բոլոր անդամները համաձա՞յն են ձեր տեսակետին…

ՍԱՄԻՐ — Այո… բացառությամբ խորհրդարանի խոսնակ Արդուն Լեյքի… Դե նա ավելորդ դեմոկրատ ու մաքրինական է ուզում երևալ:

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Բայց արքան ողջ է, օրենքը թույլ չի տալիս նրան գահաթող հայտարարել առանց իր ցանկության:

ՍԱՄԻՐ — Բայց անգամ չգիտես՝ արքան ո՞ղջ է, թե՞ ոչ…

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Մի՞թե կարծում եք, որ նրան կարող են…

ՍԱՄԻՐ — Ես իրավունք չունեմ որևէ բան բացառել… Եվ հետո՝ եթե արքան անհետանում է, դա հավասարազոր է մահացած լինելուն. ահա օրինական հիմքը, որով կառաջնորդվի անվտանգության խորհուրդը որոշում կայացնելիս: (Դադար🙂  Չկարծես, Շամիր, թե արագորեն ուզում եմ օգտվել իրավիճակից ու գահը վերցնել. ես իմ ավագ եղբայր Մաքրինին… արքային շատ եմ սիրում, թեև մեկ-մեկ խաղացել եմ նրա պատվի ու հոգու հետ… Դե, չարաճճիություններ են՝ կրտսեր եղբորը հատուկ… Ինձ իսկապես մտահոգում է ներկա իրավիճակը… երկիրը կառավարելիությունից կարող է դուրս գալ, դրանից կօգտվեն մեր ներքին ու արտաքին թշնամիները. չի կարելի նման բան թույլ տալ, Մաքրինը դրա համար ճակատս չի պաչի… Այո, գիտեմ՝ այս երկիրը նրա համար թանկ է, բայց ինչո՞ւ հիմա այն բարձիթողի է նրա կողմից… Եվ մյուս ցավալի հանգամանքը. ինչո՞ւ է նա ինձ, քեզ, մյուս յուրայիններին… ամենքիս թողել անգիտության մեջ, արհամարհել բոլորիս… Կարող էր, չէ՞, իր մտադրությունների մասին տեղյակ պահել մեզ… Ինձ մեծ ցավ է պատճառում նրա շեշտված արհամարհանքը… Խելքը տվել է ինչ-որ արհեստական գրքային հերոսների… Ինչ-որ ռոբոտների թակարդում է հայտնվել…

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Նա կվերադառնա…

ՍԱՄԻՐ — Դու միայն հույսեր ես փայփայում, Շամիր, փուչ հույսեր… կեղծ ու անօգուտ՝ արքայի նախասիրած էն հերոսների պես: Ես ճանաչում եմ իմ եղբորը. նա իր վճիռն արդեն կայացրել է: Մենք էլ կկայացնենք մեր վճիռը… (Արագ դուրս է գալիս🙂

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ Տեր Աստված, մի՞թե հանուն իշխանության կարելի է այսքան անզգամ լինել… Նա չգիտե նույնիսկ՝ եղբայրը ո՞ղջ է, թե՞ ոչ, բայց գահի խնդիրն է սրընթաց լուծում… (Տագնապած🙂  Իսկ եթե գիտե՞… (Զանգում է, լսվում է օպերատորի ձայնը՝ «գիծն անջատված է»: Ցած է դնում լսափողը, մտախոհ փլվում բազկաթոռին🙂

ԱՐԱՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Զբոսանավի տախտակամած. այստեղ են Արքան, Ծրագրավորողը, Գրողը եւ յոթ Հերոսները: Հաճելի երաժշտություն ծփացող ծովի ֆոնին: Առանձին սեղանի վրա դրված են գինու, հյութի շշեր, մրգեղեն, խորտիկներ: Դոն ժուանը թևանցուկ շրջում է Աննա Կարենինայի հետ: Ֆաուստը ինչոր բան է պարզաբանում Գրողին: Ծրագրավորողը իր մասնագիտության վերաբերյալ բացատրություններ է տալիս Ոդիսևսին: Դոն Կիխոտը հպարտ քայլելով՝ զվարճալի ինչոր բան է պատմում Փոքրիկ Իշխանին՝ նրա ձեռքը բռնած: Բոլորի մոտ իշխում է լավ տրամադրություն, բացառությամբ Արքայի ու Համլետի, որոնք լարված երկխոսում են բեմի առաջնամասում:

ՀԱՄԼԵՏ — Ոչ-ոչ, արքա, պետք չէ գնալ նման քայլի… քեզ չեն հասկանա ու գնահատի… Կկարծեն, վախկոտ դասալիք ես…

ԱՐՔԱ — Ե՞ս եմ դասալիք… Բայց ես խիզախ մարդու համբավ ունեմ իմ երկրում, երբեք չեմ երկնչել դժվար կացությունից. բոլորը գիտեն այդ մասին, հազարավորները կարող են վկայել… Երբ երկու տարի առաջ ահաբեկիչները գրավել էին մեր մայրաքաղաքի տեխնոլոգիական համալսարանի մասնաշենքերից մեկը, ես եմ միայնակ մտել այնտեղ ու բանակցել նրանց հետ… Մեր բոլոր պատանդներին ազատել ենք, հարյուր հոգուց ավելի… երկուսը զոհվեցին միայն, իսկ այդ ահաբեկիչների մեծ մասին, նրանք տասներեք հոգի էին, ես եմ ոչնչացրել իմ ինքնաձիգով… Չէ՜, ինձնից դասալիք ու վախկոտ ոչ ոք չի կարող սարքել:

ՀԱՄԼԵՏ — Մյուս անցանակալի հանգամանքն այն է, արքա, որ ձեր հրաժարականը կարող են շատերը մեկնաբանել որպես դավադրություն ձեր գահաժառանգ եղբոր կողմից… Մարդիկ կարծելու են, թե նա է ստիպել ձեզ հրաժարվելու գահից՝ պատճառաբանելով ձեր չհայտարարված ու երկար արձակուրդը…

ԱՐՔԱ — Ես չեմ թողնի, որ կրտսեր եղբորս վրա նման կասկած ընկնի… Շուտով նա է լինելու արքա, չի կարելի թույլ տալ, որ երկրի նոր առաջնորդը ընկալվի որպես դավադիր ու հեղաշրջող. նա այդպես շատ խոցելի կլինի: Ես մանրամասնորեն այնպես կներկայացնեմ իմ հրաժարականի շարժառիթներն ու դրդապատճառները, որ մանուկն անգամ հասկանա՝ ոչ ոք դավադրություն չի կազմակերպել իմ դեմ, ես իմ հոժար կամքով եմ թողնում գահը:

ՀԱՄԼԵՏ — Արքա, ամեն ինչ անցողիկ է՝ գահը, թագավորությունը, իշխանությունը, աստիճանը, պարտավորությունը, ստորությունը, դավաճանությունը… սերը, երջանկությունը… Այդ ամենին փոխարինելու են գալիս նոր կրքեր ու մոլություններ: Ցանկալի չէ, որ դուք գործեք ինչ-որ անսանձ կրքի ուժով, հետո, երբ կիրքն անցնի, զղջաք ձեր արարքի համար…

ԱՐՔԱ — Ես կրքով չեմ առաջնորդվում, Համլետ, այլ՝ անկեղծ զգացմունքով ու հավատամքով: Չեմ պատկերացնում, թե ինչը կարող է պատճառ դառնալ ափսոսանքի ու ինքնամեղադրանքի… Չեմ զղջա: Ես ուզում եմ ապրել որպես մարդ անհատ՝ իմ անձնական հետաքրքրություններով ու հոգու կանչերով. չեմ ուզում շարունակ խաղալ մի դեր, այն էլ՝ արքայի, որն աստիճանաբար, օր-օրի ոչնչացնում է իմ բուն էությունը… Ես ուզում եմ վերածնել ու պահպանել իմ այն բնատուր կերպարը, որ սաստիկ աղարտվել է իմ արքայավարության անցած տասնհինգ տարիներին. ես դարձել եմ խստաբարո ու կասկածամիտ, ինքնամփոփ ու ջղային… Ես հաճախ որոշումներ եմ կայացնում, որոնք շատ հեռու են անվիճելիորեն իրավացի ու հիմնավոր լինելուց: Ինձ սկսել են հետապնդել տարբեր վախեր ու սարսափներ… Չես հավատա՝ այս զբոսանավի վրա անգամ ինձ դեռևս հանգիստ չեմ զգում. թվում է՝ ուր որ է կխորասուզվենք… Իսկ նախկինում, մինչև իշխանության անցնելս, նման վախեր չունեի: Ձեր՝ Հերոսներիդ շնորհիվ հիմա անհամեմատ ինձ լավ եմ զգում, ասես հարազատների, հոգեկիցների միջավայրում եմ… Միասին անցկացրած այս երեքուկես ամիսը ուղղակի իդիլիա են…

ՀԱՄԼԵՏ — Շնորհակալ ենք, արքա… Գրող Գոյանը գուցե՞ մի գիրք գրի ձեր մասին, և ձեր կերպարն էլ դառնա մերի նման վառ ու հիշարժան… Ես կխոսեմ այդ մասին Գրողի հետ:

ԱՐՔԱ — Չէ-չէ, պետք չէ, նման կերպարները պատվերով չեն ստեղծվում, թող ամեն ինչ իր բնական հունով ընթանա…

ՀԱՄԼԵՏ — Կարո՞ղ ենք ենթադրել, որ ձեզ, ենթագիտակցորեն, խորը փառասիրությունն է առաջ մղում. կարծես թե քողարկված փափագ ունեք՝ համալրելու մեր՝ Հերոսներիս շարքերը:

ԱՐՔԱ — Կտրականապես ոչ, Համլետ:

Արքային ու Համլետին են մոտենում Դոն Կիխոտն ու Փոքրիկ Իշխանը:

ԴՈՆ ԿԻԽՈՏ Ներեցեք, որ ընդհատում ենք ձեր զրույցը. ես ու Փոքրիկ Իշխանը, արքա, որոշեցինք ձեզ դիմել մի հույժ կարեւոր հարցով…

ԱՐՔԱ — Խնդրեմ, սիրելի ասպետ… Ձեր ցանկությունը կլինի նաև իմ ցանկությունը:

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Արքա, կարո՞ղ եք հրամայել, որ մեր նավ բերեն իմ Ռոսինանտ ձին…

ԱՐՔԱ — Իսկ ձին ի՞նչ պիտի անեք նավի վրա…

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Իմ Ռոսինանտը այս զարմանահրաշ միջավայրում, ծովի մեղմանուշ ծփանքի տակ թևեր կառնի, նա Պեգաս կդառնա, ու մենք Փոքրիկ Իշխանի հետ կթռչենք նրա սիրելի մոլորակներից մեկը:

ԱՐՔԱ — Դա ճի՞շտ է, Փոքրիկ Իշխան:

ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ — Այո, Ձերդ պայծառափայլություն, մենք Դոն Կիխոտի հետ ցանկանում ենք թռչել Խոսող թիթեռների մոլորակ, ուզում ենք նրանց հյուր կանչել մեզ մոտ…

ԱՐՔԱ — Բարի, Ռոսինանտը շուտով կլինի այստեղ… ու դուք ձեր փափագը կիրագործեք: Հետո մեզ էլ կտանեք Խոսող թիթեռների մոլորակ, չէ՞…

ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ — Իհարկե, Ձերդ պայծառափայլություն:

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Կեցցե մեր բարեսիրտ արքան: Գնացինք, Փոքրիկ Իշխան: (Նրանք  հեռանում են: Արքան ու Համլետը մեղմ ծիծաղում են🙂

ՀԱՄԼԵՏ — Ամենահետաքրքիր ու համակրելի զույգն է մեր խմբում… Ո՜նց գտան իրար…

ԱՐՔԱ — Այո՜… Հա, շարունակեմ միտքս. Համլետ, ուզում եմ ապրել այնպես, ինչպես ձեզնից յուրաքանչյուրը՝ սեփական շիտակ ու առինքնող կերպարի սահմաններում: Ես էլ առաքինի ու գեղեցիկ գծեր շատ ունեի. ընկերասեր էի, մարդամոտ, գթառատ ու բարեվարք. գիտե՞ս՝ ինչքան բարեգործություններ էի անում մինչեւ արքա դառնալս. հայրս ինձ նախատում էր դրա համար, ասում էր՝ մի շռայլիր մեր հարստությունը, քեզ, միևնույն է, ի սրտե երախտահատույց չեն լինի: Բայց ես ուրիշների երախտապարտության համար չէի անում նվիրատվություններս, այլ իմ հոգեկան հաճույքի ու մարդկային նկարագրիս հավատարիմ լինելու համար:

ՀԱՄԼԵՏ — Մեկ է, որքան էլ փորձես լինել զգաստ՝ ինչպես սառույց, մաքուր՝ ինչպես ձյուն, անարատ՝ ինչպես բյուրեղ, դարձյալ զերծ չես մնա զրպարտությունից:

 ԱՐՔԱ — Իրավ… Հաճախ շշուկներ էի լսում, թե այլոց ընդամենը փշրանքներ եմ նետում թալանով տիրացած հարստությունից: Դրանից շատ էի նեղսրտում, չհասկացվածությունն ինձ մեծ ցավ է պատճառում: Գուցե այդ պատճառով իմ բարեսիրությունը հաճախ գաղտնի եմ պահել: Թագավորական տարիներին այնքան եմ փոխել կարծիքս բարեվարքության վերաբերյալ, որ ինձ հիմա կարելի է ծայրահեղ հոռետես… համարել, մինչդեռ ես մաքուր ընծայաբերողի երջանկությունն եմ ունեցել… Ես ուզում եմ գտնել իմ նախկին «ես»-ը, ապրել նրա ճշմարիտ օրենքներով ու լույսով: Կարծում ես՝ պակա՞ս քաջություն, խելք ու կամք է պետք նման ձեռնարկի հաջողությունն ապահովելու համար. դա արքա լինելուց շատ ավելի դժվար գործ է, Համլետ:

ՀԱՄԼԵՏ — Գիտեմ… Պիտի ասեմ, Մաքրին Թեյ, որ դուք անզուգական արքա եք. իմ՝ համլետյան ժամանակներում չկային նման տիրակալներ: Ես հիացած եմ ձեր գաղափարով. ուշադրություն մի դարձրեք, թե քիչ առաջ ինչպես էի կասկածի տակ առնում ձեր մտահղացման իրավացիությունն ու նպատակահարմարությունը… Ուզում էի ձեր հաստատակամության սահմանները ստուգել: Դուք գիտակցում եք ձեր արարքի վեհությունը, միաժամանակ կանխատեսում եք այն խոր չըմբռնողությունը, որով շամփրելու են ձեզ շատ-շատերը՝ ձեր գերդաստանից, յուրայիններից, հայրենակիցիներից, աշխարհից…

ԱՐՔԱ — Բայց ես… այդ չըմբռնողների վրա, ներեցեք, թքած ունեմ:

ՀԱՄԼԵՏ — (ծիծաղելով): Դուք գիտեք նաև՝ երբ և ում վրա թքել… Դա մեծ արվեստ է:

ԱՐՔԱ — Ոչ ոք ամենքից սիրված, հասկացված ու գնահատված չէ: Յուրաքանչյուրն ունի ընդդիմախոսների իր բազմությունը՝ մեծ թե փոքր: Ես շատ ընդդիմադիրներ ունեմ՝ քաղաքական, տնտեսական, ներազգային, միջազգային, գերդաստանային… կառավարական… Իմ կառավարությունում այլախոհներ կան, որոնց հսկողության տակ պահելն ամեն արքայի գործ չէ: Իմ կրտսեր եղբայր Սարիմը՝ թագաժառանգը, տնտեսական զարգացման նախարարը… իմ ամենահզոր ընդդիմախոսն է: Նա ազնիվ է իր մղումներում ու տեսակետներում, սակայն երբեմն ծայրահեղությունների է հասցնում սովորական մի հարց կամ…  կեղծ ու հիմար լուրեր է տարածում գինովցած ժամանակ: Ես նրան արգելել եմ ալկոհոլային խմիչքներ օգտագործել, բայց հիմա չգիտեմ, թե ինչպես է հետևում իմ հրահանգին… Երեքուկես ամսվա ընթացքում շատ բան կարող է փոխվել… Երևի շատ է նեղացել, որ այսքան ժամանակ չեմ կապվել նրա հետ… Կարծում եմ՝ ժամանակն է նրան տեղյակ պահել իմ որոշման մասին: (Հանում է հեռախոսը, որ զանգի🙂

ՀԱՄԼԵՏ — Իսկ համոզվա՞ծ եք, որ նրանք ձեզ արդեն գահընկեց չեն արել… հեռակա կարգով:

ԱՐՔԱ — (անակնկալի եկած): Ի՜՞նչ… Դա հնարավոր չէ՜…

ՀԱՄԼԵՏ — Ամեն ինչ հնարավոր է, արքա: Հեղաշրջումները՝ բռնի, կոպիտ, փափուկ, թավշյա, անգամ՝ եղբայրական… պատմության սովորական երևույթներից են: Դրանք միշտ էլ սև մրուր են թողնում բյուրավոր մարդկանց սրտերում, կամ՝ ոգեշնչում են բյուրավորներին: Ես ձեզ տեղյակ պահեցի իմ կանխազգացման մասին… Բառերս թեև թռչում են վերև, սակայն մտքերս մնում են ներքևում… Ծանր մտքերը թևավոր չեն դառնում:

Ինքնաձիգի կրակոցներ են լսվում, գնդակներ են սուրում ներկաների գլխավերևով: Համլետը մարմնով ծածկում է Արքային, նույնն են անում Ոդիսևսն ու Դոն Կիխոտը, նրանց հետևում են մյուս Հերոսները՝ Արքային առնում են խիտ օղակի մեջ: Վերջում Արքային պաշտպանելու են գալիս Գրողն ու Ծրագրավորողը, որոնք սկզբում վախեցած կուչ էին եկել: Կարենինան ակամա փարվում է Դոն Ժուանին, իսկ Փոքրիկ Իշխանը՝ Աննա Կարենինային: Կրակոցները դադարում են:

ՈԴԻՍԵՎՍ — Նայեք, նայեք՝ էն նավակից էին կրակում… հիմա սրընթաց հեռանում է… (Ցույց է տալիս հեռուն: Բոլորը նայում են Ոդիսևսի մատնանշած ուղղությամբ🙂

ՀԱՄԼԵՏ — Այո՜… Ցավոք, նրանց ետևից չենք կարող հասնել… Էդ ստահակները ճողոպրեցին վերջին նապաստակների պես:

ԿԱՐԵՆԻՆԱ — (բաց թողնելով Դոն Ժուանին): Էս ի՞նչ զուլում էր… Մեզ ուզում էին սպանե՞լ… ինչո՞ւ…

ԴՈՆ ԺՈՒԱՆ – Ո՞ւմ ենք չարիք գործել, որ մեր մահն են տենչում…

ԱՐՔԱ — Հանգստացեք, խնդրում եմ… Նրանց թիրախը ես էի… Նրանք ինձ էին ուզում սպանել… (Դուրս է գալիս «օղակումից»🙂

ՁԱՅՆԵՐ – Ինչո՞ւ… Ինչպե՞ս թե…

ԱՐՔԱ — Սա արդեն չորրորդ մահափորձն է իմ դեմ… Ես կպարզեմ, թե ովքեր են էդ ստահակներն ու կազմակերպիչները… ու կպատժեմ նրանց խստորեն: (Դադար🙂 Հո շատ չվախեցա՞ք…

ՁԱՅՆԵՐ — Ոչ-ոչ, արքա…

ՖԱՈՒՍՏ — Մենք ի՞նչ… մենք անմահ ենք, չէ՞… Եթե անգամ մեզ շարքից հանեն, մեր արարիչ Ծրագրավորողը նորից կարող է մեզ վերստեղծել: Քեզ համար էինք մտահոգ, արքա…

ՈԴԻՍԵՎՍ — Մենք թույլ չենք տա, որ ձեր կյանքի վրա որևէ մեկը բռնանա, արքա… Մենք կհաղթենք ստահակների դեմ պայքարում:

ԱՐՔԱ — Դուք անձնազոհ արարածներ եք… Դուք կրկնակի հերոսներ եք… Գրողն ու Ծրագրավորողն էլ իրենց վտանգեցին հանուն ինձ. խիստ զգացված եմ: Անչափ երախտապարտ եմ բոլորիդ… Խնդրում եմ՝ մոռացեք այս տխուր միջադեպն ու վայելեք ծովի բուրմունքն ու միմյանց ընկերակցությունը…

ԿԱՐԵՆԻԱՆ — (Փոքրիկ Իշխանին): Գնանք, փոքրիկս… (Նրանց են միանում Դոն Ժուանը և Դոն Կիխոտը🙂

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ — (Գրողին): Թափ տվեք ձեր տաբատը, պարոն Գոյան… Գնանք…

Բոլորը անցնում են նախկին զբաղմունքին, ասես ոչինչ չէր պատահել: Արքան ու Համլետը շարունակում են ընդհատված զրույցը:

ՀԱՄԼԵՏ — Այս միջադեպը հուշում է, որ ձեր չարակամները հանգիստ չունեն: Ինձ թվում է, որ կրակողները ուզում էին ահաբեկել ձեզ… միայն… սպանելու հանձնառություն չունեին:

ԱՐՔԱ — Ինձ էլ է այդպես թվում:

ՀԱՄԼԵՏ — Իմ կարծիքով՝ կատարվածը առնչվում է խմորվող հեղաշրջման հետ:

ԱՐՔԱ — Իսկապե՞ս… Հեղաշրջման միտքն ուզում եմ հեռու վանել ինձնից… Չէի ցանկանա, որ իմ եղբայրը կամ մեկ ուրիշը իրեն այդ աստիճան ստորացներ…

ՀԱՄԼԵՏ — Արքա, դուք գիտեք, թե իշխանության փիլիսոփայությունն որքան խուլ է բարոյախոսության առջև… և մարդկությունը հաշտվել է դրա հետ:

ԱՐՔԱ — Այո, ցավոք… Ինչևէ, զանգեմ Սարիմին… Ես արդեն վերջնական վճիռս կայացրել եմ:

ՀԱՄԼԵՏ — Սպասեք, արքա, կարծում եմ՝ նախ, հարկ է տեղյակ պահել մեր հասարակությանը: Նրանք արժանի են, որ առաջինն իրենք իմանան ձեր… ճակատագրական որոշման մասին:

ԱՐՔԱ — Համաձայն եմ: Բարեկամնե՜ր… խնդրում եմ՝ մոտեցեք մեզ, կարևոր նորություն ունեմ հայտնելու ձեզ:

Ներկաները հավաքվում են Արքայի մոտ:

ԴՈՆ ԺՈՒԱՆ — Կարծես թե արքան մեզ նոր անակնկալ ունի մատուցելու…

ԿԱՐԵՆԻՆԱ — Նրա դեմքը լարված է, Ժուան, նայիր… Սիրտս վկայում է, որ արքան ինչ-որ ծանրագույն խոհի ազդեցության տակ է…

ԱՐՔԱ Երեքուկես ամիս մտորելուց հետո… բոլոր մանրամասները կշռադատելուց հետո… հենց նոր վերջնականապես վճռեցի, որ հրաժարավում եմ Քամարի արքայի գահից:

ՆԵՐԿԱՆԵՐ — Ի՞նչ… ինչպե՞ս թե… ինչո՞ւ…

ԱՐՔԱ — Դրդապատճառները զուտ մարդկային են… Ես մահու չափ հոգնել ու ձանձրացել եմ մարդկանց ագահությունից, ստորությունից, դավաճանությունից, երեսպաշտությունից, կաշառասունությունից, փոքրոգությունից, մորթապաշտությունից, նենգությունից, այլասերվածությունից, անգթությունից… և մյուս այն բոլոր արատներից, որոնցով թաթախված են ինձ հետ գործակցող… սպասարկող… ենթակա ու անեթակա մարդիկ: Իշխանությունը դաժան ու անխնա փորձաքար է նրանց համար, ովքեր գայթակղություն են ունեցել մտնելու իշխողների ու կառավարիչների վերնախավ: Ես թույլ մարդ չեմ, ինձ ոչ մի գահ ու իշխանություն չի կարող այլասերել այն աստիճան, որ մոռանամ իմ մարդկային բարի ու լուսավոր ակունքները. ես որոշել եմ տիրություն անել այդ ակունքներին և… ընկերակցել ձեզ ցմահ, որպես ձեր անշահախնդիր ու նվիրյալ ընկեր: (Քար լռություն🙂  Դե, ի՞նչ կասեք, հավանություն տալի՞ս եք իմ որոշմանը…

ԳՐՈՂ – (դժվարությամբ արտաբերելով բառերը): Ձերդ գերազանցություն… ի՞նչ է պատահել, ինչո՞ւ եք հրաժարվում գահից… Քամարը ձեզ նման արքայի կարիք ունի՝ խելոք, բանիմաց, մարդասեր, հեռատես… նորի զգացողությամբ տոգորված…

ԱՐՔԱ — Գահը ժառանգելու է իմ կրտսեր եղբայր Սարիմը, դա գիտես, Փանուկ Գոյան: Մենք նրան կօգնենք, որ նա էլ հետամուտ լինի այն արժանիքներին, որ դուք նշեցիք: Ես արքայական ձանձրախտից ու խորշանքից մեռնում եմ: Մի՞թե կցանկանայիք, որ վաղաժամ լքեմ այս սքանչելի աշխարհը:

ԳՐՈՂ — Ոչ-ոչ, արքա…

Ներկաներից ոմանք ձայնակցում են Գրողին:

ԱՐՔԱ — Այդ դեպքում, պարոն Գոյան, պատրաստվեք ինձ համար գրելու հրաժարականի… հրաժեշտի խոսք, այնպիսին, որ մեծ տպավորություն թողնի ամենքի վրա, որ ունկնդիրները ցանկանան ոչ միայն լսել, այլև կրկին կարդալ, որպես խոստովանության բարձր նմուշ… որպես ընտիր գեղարվեստին համարժեք տեքստ: Եվ թող ձեզ օգնի այդ գործում դոկտոր Ֆաուստը… Կարո՞ղ եք, դոկտոր Ֆաուստ…

ՖԱՈՒՍՏ – Ինչո՞ւ չէ… Կարող ենք գրել այնպիսի խոսք, որ մյուս երկրների արքաները ևս ցանկանան գահաթող լինել:

ԱՐՔԱ — Մյուսներին հանգիստ թողնենք, դա իրենց գործն է: Պատրաստեք սևագիրը քիչ առաջ հնչեցրած իմ նկատառումների հիման վրա, երեկոյան կմիանամ ձեզ, և միասին կսրբագրենք վերջնական տարբերակը: Ես ուզում եմ իմ հրաժարականի մասին հայտարարել վաղը, կհասցնե՞ք…

ԳՐՈՂ ԵՎ ՖԱՈՒՍՏ — Այո… այո…

ԱՐՔԱ — Շատ լավ:

ՖԱՈՒՍՏ — Բայց ասեք ճշմարիտը, արքա. ձեզ ստիպե՞լ են հրաժարվել գահից… Պարտադրե՞լ են, որ, այսպես ասած՝ կամավոր հրաժարականով հեռանաք արքայական պալատից…Մեր և ձեր օրերում իշխանափոխությունը հաճախ մնում է մութ պատմություն, մշուշոտ մոտիվներով պարուրված… 

ՈԴԻՍԵՎՍ — Դա ձեր հակառակորդների գո՞րծն է, արքա… Գուցե՞ քիչ առաջվա մահափորձի ազդեցությամբ եք նման վճռի հանգել:

ԱՐՔԱ — Ոչ մի նման բան, սիրելի Ֆաուստ և Ոդիսևս: Ինձ ոչ ոք չի պարտադրել: Ես մահափորձերից չեմ վախենում, իմունիտետ ունեմ: Սա իմ որոշումն է, բացարձակապես իմը… Քամարում անակնկալի են գալու՝ իմանալով իմ անսպասելի քայլը: Ես այնպիսի թույլ արքա չեմ, որ որևէ մեկը, որևէ ուժ հանդգնի ինձ հեռացնել գահից. անգամ իմ երկար բացակայությունից հետո նրանք դա չեն հանդգնի:

ԴՈՆ ԺՈՒԱՆ — Արքա, մարդիկ շատ են փոխվում տիրակալի բացակայության ժամանակ, շատ պտուտակներ այլ կերպ են պտտվում… Բայց ինձ ուրիշ հարց է հետաքրքրում. ասեք անկեղծորեն, խնդրում եմ՝ կանայք դե՞ր են խաղացել ձեր որոշման մեջ… Գուցե՞ նրանք են ձեզ բնազդորեն կամ ենթագիտակցորեն հասցրել այդ որոշմանը:

ԱՐՔԱ — Միակ կինը, որ կարող է ինչ-որ բացասական դերակատարություն ունենալ իմ հետագա ճակատագրի հարցում, իմ օրինական կինն է՝ Սինան, իմ հինգ զավակների մայրը: Բայց նա վաղուց լուռումունջ իր կյանքով է ապրում, գրեթե չի խառնվում պալատական անցուդարձին: Նա միայն երբեմն բռնկումներ է ունենում… խանդից…

ԿԱՐԵՆԻՆԱ — Ինչպես ցանկացած օրինավոր ու ազնիվ կին:

ԱՐՔԱ — Այո… Սինային հպարտություն է տալիս իմ արքայական տիտղոսը, նա երբեք չի ցանկանա, որ ես հրաժարվեմ գահից: Ոչ, Դոն Ժուան, կանայք այս հարցում դերակատարություն չունեն:

ՖԱՈՒՍՏ — Արքա, իսկ դուք գործե՞լ եք այնպիսի արարք, որի համար խղճի խայթ եք զգում և հիմա որոշել եք ձերբազատվել դրանից հրաժարականի գնով:

ԱՐՔԱ — Ոչ, խորամիտ Ֆաուստ. կարծում եմ՝ չկա մի բան, որ կարելի է իմ աչքը խոթել դրա հեղինակը՝  նախաձեռնողը լինելու համար: Ես միշտ հետևել եմ, որ խիղճս չտանջի, դրա համար իմ կարգադրությունների ու հրամանների մեծ մասը կոշտ չեն եղել, ինձ նույնիսկ մեղադրում են ավելորդ փափկությանս համար:

ՖԱՈՒՍՏ — Իսկ ձեր զավակնե՞րը… Հնարավո՞ր է, որ նրանցից մեկնումեկը արքայական նկրտումներ ունի…

ԱՐՔԱ — Օ՜, ոչ, դոկտոր Ֆաուստ… Իմ երեք որդիները գիտեն, որ գահաժառանգը կրտսեր եղբարս է, ուստի նրանք այս հարցում առանձին շահագրգռություն չեն կարող ցուցաբերել, եթե անգամ ցանկանան:

ՈԴԻՍԵՎՍ — Իսկ ձեր եղբայրնե՞րը… Գուցե նրանց միջև են տարաձայնություններ խորացել կամ… գաղտնի համաձայնություն է կայացել, և նրանք որոշել են իրենց նպատակին հասնել արտակարգ միջոցներով: Ես գիտեմ, թե գահը ինչպես է գրգռում յուրայիններին:

ԱՐՔԱ — Չեմ կարծում… ավելի շուտ համոզված եմ, որ իմ հինգ եղբայրները դավադրություն չեն ձեռնարկի իմ դեմ: Նրանք ընդհանրապես միասնաբար ոչինչ չեն կարող անել… ցավոք… Տեսնում եմ՝ դուք շատ կասկածներ ունեք. հիմա կզանգեմ կրտսեր եղբորս՝ Սամիրին, կիմանամ կացությունը և նրան կհայտնեմ իմ որոշման մասին: Ինքներդ կհամոզվեք, որ ոչ մի արգահատելի բան տեղի չի ունեցել իմ դեմ նրանց կողմից… (Զանգում է🙂 Սամի՞ր… ես եմ… Ո՞նց ես… Բոլորդ ողջ-առո՞ղջ եք… Ներիր, որ էսքան ժամանակ չեմ կապվել քեզ հետ… Հա, Խաղաղ օվկիանոսում նավարկում ենք… շուտով Սիդնեյ կհասնենք… Ինձ մոտ ամեն ինչ լավ է… Ես կարևոր որոշում եմ կայացրել, զանգել եմ՝ քեզ տեղեկացնեմ… Քամարում առաջինը դու կիմանաս էդ մասին… Ի՞նչ… Ի՜՞նչ… Ականաջներիս չեմ հավատում… Ճշմարի՞տ ես ասում, թե՞ հերթական չարաճճիությունդ է… Ե՞րբ եք ինձ գահաթող արել… (Լսելով պատասխանը՝ գունատվումմռայլվում է🙂  Դու… դու… Ես… ես… (Երկար դադար: Ապա հեռախոսը նետում է ծովը🙂

ՆԵՐԿԱՆԵՐ — Ի՞նչ եղավ… արքա… ի՞նչ է ասում…

ԱՐՔԱ Ասում է, որ մեկ շաբաթ առաջ ինձ գահաթող են արել… երկարատև… անհարգալից բացակայությանս համար… որ գահաթող են արել՝ պետության շահերից ելնելով…

ՖԱՈՒՍՏ — Իր շահերից ելնելով…

Արքան հեռանում է տախտակամածի անկյունը, ուր դրված է թութակի վանդակը:

ԱՐՔԱ — Թութո, ասա. «Սա-մի-րը իս-կա-կան տա-կանք էե… (Թութակը կրկնում է🙂 Ապրես… (Վերադառնում է Հերոսների մոտ🙂

ԱՐՔԱ — Ներեցեք… ձեզ մենակ թողի…

ՈԴԻՍԵՎՍ — Արքա, նրանք ձեզ զրկեցին գահից… վերջին առնետների պես:

ԴՈՆ ԺՈՒԱՆ — Դա հեղաշրջո՞ւմ է…

ԱՐՔԱ — Ի՞նչ կարող եմ ասել…

ՀԱՄԼԵՏ – Ձևով շատ մոտ է հեղաշրջմանը… Բայց և վերապահումներ պետք է անել կատարվածին քաղաքական նման գնահատական տալու համար: Եթե անգամ հեղաշրջում է, ապա դրա ակամա հիմնական նախաձեռնողը… արքա Մաքրին Թեյն է…

ԱՐՔԱ — Արդեն… նախկին արքա… Ներեցեք, որ կամենում էի այլ բան ապացուցել ձեզ… Դավադիրներ… այո, միշտ էլ գտնվում են յուրայինների մեջ… (Քմծիծաղով🙂  Որքա՜ն ողորմելի ու քստմնելի են մարդիկ…

ՀԱՄԼԵՏ — Արքա, գուցե՞ փոխեք ձեր որոշումը… Քամարում ձեր յուրայիններն ու հարազատները տմարդություն են հանդես բերել, նրանք չսպասեցին, որ կամավոր հրաժարվեք գահից… ձեզ հարմար պահի: Դուք հիմա գահընկեց արվածի վիճակում եք, կարող եք վերականգնել ձեր իրավունքները և նորից անել այն, ինչ կամենում եք…

ԱՐՔԱ — Օ՜ ոչ, ես չեմ ուզում խրվել գահի համար գզվռտոցի մեջ… Ինձ չեն հասկանա իմ հայրենակիցները… Թող ինձ դատողները հաշիվ տան իրենց խղճի ու Աստծո առաջ…

ԿԱՐԵՆԻՆԱ — Արքա, հիմա շատ խոցված ու վիրավորված եք, տեսնում ենք դա… Պետք է դիմանալ… Մենք կսփոփենք ձեզ:

ԱՐՔԱ — Երախտապարտ եմ ձեզ, տիկին Աննա, երախտապարտ եմ բոլորիդ… Բայց խնդրում եմ՝ եկեք չկենտրոնանք իմ զգացողությունների ու իմ դեմ գործած տմարդության վրա, ինչպես Համլետն է ասում… Նայենք առաջ: Հիմա ինձ հուզող գլխավոր հարցն այն է, թե կնվազի՞ իմ հանդեպ ձեր հարգանքը գահաթողությունից… գահընկեց լինելուց հետո…

ՁԱՅՆԵՐ — Ոչ-ոչ, արքա, ի՞նչ եք ասում…

ԿԱՐԵՆԻՆԱ — Հավանական է՝ քեզ ավելի սիրենք… Իսկ սերը, պարոնայք, չափազանց շատ բան է նշանակում, անհամեմատ ավելի շատ, քան դուք կարող եք հասկանալ: Եվ հետո, արքա, ձեր արածն իսկական խենթություն է, նաև դրա համար ձեզ կսիրենք, որովհետև ամեն խելոք բան այնպես ձանձրալի է… Իսկ դուք ձանձրախտից եք փախչում, չէ՞…

ԱՐՔԱ — Այո, սիրելի Աննա…

ՈԴԻՍԵՎՍ — Տրոյական պատերազմից հետո, տունդարձի երկար տարիներին առանձնապես չէի հիշում իմ արքա լինելը, մի սովորական ռազմիկի պես էի ապրում այդ ընթացքում… Այնպես որ, Մաքրին Թեյ, դուք արագ կվարժվեք ձեր նոր… շարքային քաղաքացու կարգավիճակին, ձեզ այդ հարցում օգտակար կլինեմ:

ԱՐՔԱ — Շնորհակալ եմ, Ոդիսևս, քո ընկերության կարիքը հավանաբար շատ զգամ…

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Բայց այսուհետ ո՞վ կլինի մեր արքան… Կյանքը առանց արքաների ինչ-որ չեմ պատկերացնում…

ԱՐՔԱ (ծիծաղելով🙂 Դուք կլինեք մեր արքան, Դոն Կիխոտ… Արքան մեռավ, կեցցե նոր արքան… Համաձա՞յն եք…

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Պետք է մտածեմ…

ԱՐՔԱ — Ավելին ասեմ, ասպետ. ես կլինեմ քո Սանչո Պանսան, հը՞…

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Պետք է մտածեմ… ասացի… Ես դեռ չգիտեմ՝ Դոն Կիխոտ լինե՞լն է ավելի լավ, թե՞ արքա լինելը…

ԱՐՔԱ — Դե լավ, մտածիր:

ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ — Ձերդ պայծառափայլություն, դուք մեր արքան կմնաք ընդմիշտ:  Մենք, Դոն Կիխոտի հետ, շուտով նրա Ռոսինանտ ձիով… Պեգասով նոր մոլորակներ կհայտնաբերենք ու դրանցից մեկը կկոչենք ձեր անունով:

ԱՐՔԱ — Շնորհակալ եմ, Փոքրիկ… Իսկ ի՞նչ կասի մեր մեծաշնորհ Ծրագրավորողը, նա այսքան ժամանակ լուռ էր: Երևի նրան հնարավորություն չտվեցինք արտահայտվելու: Ասա, իմ հայ բարեկամ, կշարունակե՞ս համագործակցել մեզ հետ, թե՞ դու միայն արքաների ու նրա մերձավորների պատվերներն ես կատարում:

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ — Ի՞՜նչ եք ասում, Ձերդ գերազանցություն… Դուք ինձ համար կշարունակեք արքա մնալ, ես սիրով կկատարեմ ձեր բոլոր պատվերները:

ԱՐՔԱ — Շնորհակալ եմ, պարոն Սոս, որ վերաբերմունքի փոփոխության խնդիր չունես: Բայց պիտի ասեմ, որ այսուհետ քո ընկերն ու բարեկամը կլինեմ հիմնավորապես, առանց արքայական կոչման ու ձևականությունների. հարկ է լինելու հարմարվել նոր իրավիճակին:

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ — Կհարմարվեմ, արքա… Իմ գործի կապակցությամբ ասեմ, որ շուտով կավարտենք նոր կերպարների՝ Շվեյկի, Քվազիմոդոյի, Քաջ Նազարի, Ջուլիետայի ու Շահրեզադեի մարմնավորումները… Ներեցեք, արքա, որ հարցնում եմ. միջոցները կբավարարե՞ն, որ շարունակենք այս նախագծի աշխատանքները: Ստեղծված կերպարների պահպանությունը նույնպես շատ ծախսատար է: Մենք ձեզ հետ խոսել ենք նաև այլ նախագծերի մասին՝ առավել մասշտաբային ու աննախադեպ…

ԱՐՔԱ — Միջոցների առնչությամբ անհոգ մնա, դրանք դեռ լիուլի կբավարարեն շատ նախագծերի: Իմ անձնական ֆինանսական մեծ կարողությունները այսուհետ կտրամադրեմ նման ծրագրերի:

ՀԱՄԼԵՏ — Իսկ ձեր եղբայր նոր արքան չի՞ բռնագրավի ձեր կարողությունները…

ԱՐՔԱ — Այդ մեկը հաստատ չի կարող անել. կա բանկային անձեռնմխելության արգելք:

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ — Ուրեմն՝ մենք նոր հորիզոններ կնվաճենք նոր տեխնոլոգիաների ասպարեզում:

ԱՐՔԱ — Այո, եթե կամենում ես, նոր նախագծերի մի մասը կարող ես իրագործել քո հայրենիքում, ես կսատարեմ քեզ նաև այդ ուղղությամբ: Հայրենիքի համար միշտ պետք է հոգ տանել, թե չէ վերածվում ես անանուն թափառականի, ավար ես դառնում մեծ հափշտակիչների ու ավազակների ձեռքին:

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ — Շնորհակալ եմ, արքա… Իմ գործընկերները Հայաստանից վերջերս առաջարկել են համատեղ մի ծրագիր ստեղծել, որը մեր հայրենակիցների համար չափազանց կարևոր է լինելու պաշտպանական ու անվտանգային նկատառումներով. շատ կուզենայի այդ նախագիծը իրագործված տեսնել:

ԱՐՔԱ — Դու խնդիր չունես, պարոն Սոս, երբ կարիք լինի, մեկնիր երկիրդ, աշխատիր նաև այնտեղ, դու իմ… մեր պատանդը չես… Հիմա իսկ կարող ես մեկնել, դու ազատ մարդ ես:

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ — Շնորհակալ եմ, արքա:

ԱՐՔԱ — Նույնը վերաբերում է նաև գրող Փանուկ Գոյանին: Մեծաշնորհ Գրող, չմոռանաք, որ ազատ անհատ եք, եթե անգամ ինձ մոտ գտնվում եք ծառայության մեջ: Երբ կամենաք, կարող եք լքել մեր նավը և միանալ մեզ ձեր ուզած պահին և ուզած ժամկետով… Մենք դեռ երկա՜ր ենք նավարկելու համաշխարհային օվկիանոսով, շա՜տ երկար…

ԳՐՈՂ — Շնորհակալ եմ, արքա:

ԱՐՔԱ — Նավապե՜տ…

Հայտնվում է Նավապետը:

ՆԱՎԱՊԵՏ — Այո, Ձերդ գերազանցություն…

ԱՐՔԱ — Նավի ուղղությունը փոխեք դեպի Բալի կղզի:

ՆԱՎԱՊԵՏ — Լսում եմ: (Դուրս է գալիս🙂

ԱՐՔԱ — Մի քանի օր լավ ժամանակ կանցկացնենք Բալի կղզում… կնշենք իմ գահաթողությունը: Հետո պարոնայք Փանուկն ու Սոսը կարող են հեռանալ իրենց գործերով… միառժամանակ, իսկ մենք Հերոսների հետ կշարունակենք մեր անվերջանալի ու հեքիաթային ճամփորդությունը:

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Ուռա՜… Ռոսինա՜նտս, արքա, Ռոսինանտս չմոռանա՜ք…

ՈԴԻՍԵՎՍ — Վաղուց այսպիսի ճամփորդություն չեմ ունեցել… Պենելոպան այս անգամ երևի ավելի երկար սպասի ինձ:

ՖԱՈՒՍՏ — Ուրեմն՝ նոր աշխարհներ կճանաչենք… նաև՝ մարդկային հոգու նոր աշխարհներ…

Պատրանք է ունայն կարճ կյանքը երկրի,

Երկինքն է միայն օրրանն իղձերի:

Այստեղ ենք հասնում մեր երազածին,

Մեզ վեր է հանում հավերժ կանացին

(Դոն Ժուանին). Սովորիր, եղբայր…

ԴՈՆ ԺՈՒԱՆ — Դոկտոր Ֆաուստ, կնոջ հանդեպ սիրո մեջ սիրում եմ ազատությունը, ես երբեք չեմ համաձայնի սիրտս չորս պատի մեջ փակել: Ես ճամփորդում եմ, որ կանանց միջոցով ճանաչեմ ու վայելեմ աշխարհը:

ԱՐՔԱ — Որքան հասկանում եմ՝ կանայք ձեզ գործունյա են դարձնում, այո՞, Դոն Ժուան:

ԴՈՆ ԺՈՒԱՆ — Անշուշտ, արքա. գործերն են որոշում, ոչ թե խոսքերը…

ՀԱՄԼԵՏ — Շնորհակալ լինենք մեր գահընկեց… գահաթող արքային, որ մեզ նոր եզերքներում հնչեղ կերպարների, պայծառամիտ մարդկանց հետ ընկերանալու հնարավորություն տվեց: Մաքրին Թեյը իմաստուն ու մեծահոգի մարդ է. մեր գոհաբանությամբ պատվենք նրան մեր նորովի լինելության համար:

ՆԵՐԿԱՆԵՐ — Շնորհակալ ենք, արքա… (Մոտենում, սեղանից բաժակներ են վերցնում, զարկում իրար🙂

ԱՐՔԱ — Ձեր հանճարեղ էության կենացը, ընկերներ…

ՖԱՈՒՍՏ — Ձեր կենացը, արքա, ձեր լուսաշող դեմքի կենացը, դուք ձեր պայծառությունն անհատական վարքագծով ապացուցեցիք. վարքը հայելի է, որի մեջ յուրաքանչյուրն իր դեմքն ու հոգին է ցուցանում:

Բոլորը խմումդատարկում են բաժակները:

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Փոքրիկ Իշխա՞ն… դու արդեն գինի՞ ես խմում… Դեռ վաղ չէ՞…

ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ — Դոն Կիխոտ, ես հյութ խմեցի, բայց նա էլ է գինովցնում այսօր… Ուզում ես թռչե՜լ… թռչել դեպի անանուն աստղերը…

Թեթևակի ճոճվելով՝ Փոքրիկ Իշխանը շարժվում է դեպի բեմի առաջնամաս: Արքան ու Դոն Կիխոտը հետևում են նրան, ապահովության համար երկու կողմից առնում իրենց թևերի տակ: Մյուսները միանում են նրանց և միասին տարվում ծփացող ծովի ու հորիզոնի հմայուն տեսարանով:

ՖԱՈՒՍՏ — (շշնջում է ականջին): Արքա, այնուհանդերձ հիշեք, որ դուք ժամանակավորապես եք փրկված: Չէ՞ որ մենք՝ Հերոսներս, արհեստական արարածներ ենք: Ձեզ իսկական մարդիկ են պետք, իսկական…

ԱՐՔԱ — Գիտեմ… Բայց այդ հոգսը թող մնա հետագային… Դեռ վայելելու շատ բան ունենք…

                                                                                                                 ապրիլ, 2019

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։