Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ/ ԱՅՆ, ՈՐ ՉԿԱՐ

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

ԱՅՆ, ՈՐ ՉԿԱՐ

Եռագրություն

ՔԱՂԱՔ

Երկրորդ պիես 

Գործող անձինք

ՔԱՐՏՈՒՂԱՐ

ՀԱՑԹՈՒԽ

ԿԻՆ

ԶԱՆԳԱՀԱՐ

ԽԵՆԹՈՒԿ

ՀՆԱՎԱՃԱՌ

ՊԱՐՈՒՀԻ

ՀԱՐԲԵՑՈՂ

ԱՂՋՆԱԿ

ԾԱՌԱ — ՕՏԱՐԱԿԱՆ

ԳՐԱԳԻՐ 

Ուր որ է` լույսը կբացվի: Փողոց է` հազիվ նշմարվող տների ուրվագծով: Հեռվում փակ դարպասներն են:

Տեսարան. Քարտուղար, Հացթուխ:

Քարտուղարը գրպանից հանում է թաշկինակը, խնամքով մաքրում է ձեռքերը` 

ամեն մատն առանձին ու մանրակրկիտ: Այնքան է տարված, որ չի նկատում 

կողքին հայտնված Հացթուխին:

ՀԱՑԹՈՒԽ — Էլի՞ անքնությունդ բռնել է;

ՔԱՐՏՈՒՂԱՐ — (հանկարծակիի եկած, թաշկինակը խոթում է գրպանը): Էլի՞ քեզ հանդիպեցի:

ՀԱՑԹՈՒԽ — Իսկ ո՛ւմ էիր հանդիպելու, այս ժամին միայն ես եմ արթուն: Երբ բոլորն արթնանան, ես կքնեմ: Ասում եմ` էլի՞ անքնություն ունես;

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Նման մի բան: Ասացի` մի քիչ քայլեմ, գուցե քունս տանի:

ՀԱՑԹՈՒԽ — Դա էլ բացատրություն է: Ինչպես քեզ միշտ հանդիպելը այս փողոցում:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Մի տեղ պիտի հանդիպեիր:

ՀԱՑԹՈՒԽ — Հա, բայց միայն այս փողոցն է վերջանում դարպասներով:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Քո փուռն էլ հեռու է այստեղից, բայց քեզ միայն այստեղ եմ հանդիպում:  

ՀԱՑԹՈՒԽ — Մի տեղ պիտի հանդիպեիր, չէ՞:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Դա ոչինչ չի նշանակում: Այսօրվա հացը լա՞վն է:

ՀԱՑԹՈՒԽ — Կուտես` կիմանաս: 

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Դու լավ հաց ես թխում: 

ՀԱՑԹՈՒԽ — Թեև հացթուխ չեմ:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Ու մի օր վերցրիր ու դարձար հաց թխո՞ղ:

ՀԱՑԹՈՒԽ – Քաղաքի հացթուխը առաջին հեռացողներից էր: Երբ անցնում էր մեր փողոցով, ուշադիր նայեց ինձ: Մինչև հիմա հիշում եմ հայացքը… մեկ էլ ձեռքը, որն անընդհատ սրտին էր ձգվում… գուցե սիրտը ցավո՞ւմ էր: Նրա գնալուց հետո քաղաքը մնաց առանց հացի: Վերին Ատյանը հացթուխի տեղի համար մրցույթ հայտարարեց: Ցանկացողներ չեղան: Ցուցակներ կազմեցին` բնակիչները հերթով պետք է հաց թխեին: Ու մի ժամանակ քաղաքը զզվեց անեկ, անեփ, վառված հացից: Հերթը ինձ հասավ: Հագա ճերմակ խալաթն ու մոտեցա խմորի տաշտին: Ինձնից ի՞նչ հացթուխ, մտածեցի` մի երկու գունդ կգցեմ փուռն ու կգնամ իմ գործին: Այդպես էլ կլիներ, եթե չհիշեի հացթուխի հայացքն ու ձեռքը: Առաջին գունդն էի հունցում. հանկարծ խմորն սկսեց ձեռքերիս մեջ տրոփել, կարծես սիրտ լիներ: Երկրորդ գունդը, երրորդը, մնացածները… մինչև խմորը պրծավ: Փուռը չտված` արդեն գիտեի, որ լավ հաց է լինելու: Այդ պահին էլ մոռացա նախկին մասնագիտությունս:   

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Ու մինչև հիմա գնդերը տրոփո՞ւմ են ձեռքերիդ մեջ:

ՀԱՑԹՈՒԽ — Հա: Թեև մեկ-մեկ…

ՔԱՐՏՈՒՂԱՐ — (զգուշավոր-ցածրաձայն): Այդ մեկ-մեկը պիտի լինի:

ՀԱՑԹՈՒԽ – (բարձր-պոռթկուն): Չպիտի՛ լինի: Խմորը զարկերակ ունի: Իսկ երկար գիշերները նրան կաթվածահար են անում: 

ՔԱՐՏՈՒՂԱՐ — (համառ): Քաղաքում գիշերները միշտ նույնն են:

ՀԱՑԹՈՒԽ – (առավել համառ): Երբ գիշերը կորցնում է իրեն, խմորը զարկերակն է կորցնում: Այս գիշերը սովորականից երկար տևեց: 

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Սովորական գիշեր էր, այսօրվա հացն էլ սովորական համ կունենա:

ՀԱՑԹՈՒԽ — (համոզված): Սովորականից երկար էր: (Թշնամանքով:) Թաշկինակն ինչո՞ւ թաքցրիր, շպրտիր առուն: Քիչ առաջ դրանո՞վ չէիր փորձում մաքրվել արծաթավուն փոշուց:  

ՔԱՐՏՈՒՂԱՐ — (ֆշշալով): Քեզ ասում եմ…

ՀԱՑԹՈՒԽ — Լավ, ասենք, հիմա հիշում եմ առաջին հեռացողի հայացքը, բայց մի օր կարող եմ մոռանալ, չէ՞:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — (լպիրշ): Չե՛ս մոռանա: Մոռանալու համար լավ հիշողություն պիտի ունենաս:

ՀԱՑԹՈՒԽ — Հենց հիշեմ` ով էի նախկինում, նրա հայացքը կմոռանամ:

ՔԱՐՏՈՒՂԱՐ – Չե՛ս հիշի: Հիշելու համար մոռանալ պիտի կարողանաս: (Տիրական:) Սովորական գիշեր էր: Կրկնիր:

ՀԱՑԹՈՒԽ — Կրկնեցի:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Գնա, քնիր: Քաղաքին հացթուխ է պետք:

ՀԱՑԹՈՒԽ — (արձագանքի պես): Հացթուխին քաղաք է պետք:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — (գրպանից հանում է թաշկինակը, խնամքով մաքրում մատները և թաշկինակը խոթում է Հացթուխի գրպանը): Կգցես առուն: Ձեռքերդ էլ կլվանաս: (Ձեռքերը դնում է գրպանները, կեղծ սուլելով հեռանում է:)

ՀԱՑԹՈՒԽ — Գիտե՞ս, մոտս ինչքան թաշկինակ է հավաքվել: Քո՛ թաշկինակները:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — (առանց շրջվելու շպրտում է): Երկար գիշերների չափ: Իսկ դու պահիր դրանք: Կարող է պետք գան:

ՀԱՑԹՈՒԽ — (քմծիծաղով): Ի՞նձ, թե՞ քեզ:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Զարկերակը կորցրած խմորին: 

Տեսարան. Փողոց: Տան կողքի նստարանին նստած Կինը երկար գոտի է հյուսում:

ԿԻՆ — (կիսաձայն): Տեսնես ինչ գույն կունենա այս գոտին, եթե մտքերս գույն տային թելերին: Հազար գույն կունենար… Իսկ սա անգույն բան է: Բուրդ ծախող գյուղացին ասաց, որ սրանից մանած թելը լավ ներկ է բռնում: Թե այդ ստախոսը ձեռքս կընկնի՜… Կստիպեմ, որ ինքն այս թելը ներկի: Թե չէ` ինչ ներկի մեջ ասես այս անիծված կծիկը չգցեցի: Է՞… Հորս ցա՛վը: Նույն անգույն թելն է: (Սթափվելով:) Էլի՞ սկսեցի ինձուինձ խոսել: Տեր Աստված, գթա: Կարո՞ղ է` գժվել եմ… Չէ, եթե կասկածում եմ, ուրեմն դեռ չեմ գժվել: Ուրեմն` հիշեմ, որ անընդհատ պիտի կասկածեմ…

Տեսարան. Կին, Զանգահար:

ԶԱՆԳԱՀԱՐ — Ուզածդ բերել եմ: Ասացին` լավ ներկ է, լավ էլ գույն է բռնում:

ԿԻՆ — Ապրես, դու էլ չլինես` կորած եմ: Ճիշտ է, այն անգամվա ներկն էլ բանի նման չէր, բայց…  

ԶԱՆԳԱՀԱՐ — Չհոգնեցի՞ր: Ինչ հիշում եմ, այս գոտին հյուսում ես, հետո քանդում ես, նորից ես հյուսում, նորից ես քանդում… Չհոգնեցի՞ր…

ԿԻՆ — Ամեն թել իր ներկն ունի… մենք ենք, որ չենք գտնում: 

ԶԱՆԳԱՀԱՐ — Չգիտեմ, խելքս չի հասնում ասածիդ: Իմը` ներկ բերելն է: (Փոխված ձայնով:) Ձեռքիս ափերն սկսում են այրվել:

ԿԻՆ — (աչքի տակով նայում, բայց շարունակում է հյուսել): Երեկ գիշեր անմարս բան ես կերել:

ԶԱՆԳԱՀԱՐ — Ցամաք հացը երբվանի՞ց անմարս դարձավ:

ԿԻՆ — Գիշերը լավ չես քնել:

ԶԱՆԳԱՀԱՐ — Քեզ գուշակի տեղ մի դիր:

ԿԻՆ — (տեղից ելնում, համարյա ճանկում է Զանգահարի ձեռքերը: Համոզելով.): Ափերդ չեն այրվում:

ԶԱՆԳԱՀԱՐ — (անճարակ): Հա, եթե քամու դեմ պահեմ…

ԿԻՆ – Չի՛ օգնի: Ափերդ չեն այրվում:

ԶԱՆԳԱՀԱՐ — Հա… Ջրի մեջ որ դնեմ…

ԿԻՆ – Չի՛ օգնի: Ափերդ չեն այրվում:

ԶԱՆԳԱՀԱՐ — (համակերպված): Ափերս չեն այրվում:

ԿԻՆ — (ակնդետ նայելով նրան): Ի՜նչ հաճույքով կկտրեի ձեռքերդ: Մինչև դաստակներդ: Կկտրեի դանդաղ, երկարաձգելով տանջանքդ: Հետո վերքերդ կթաթախեի տաք մոխիրի մեջ, որ ցավից բառաչես:

ԶԱՆԳԱՀԱՐ — (զգույշ ազատում է ձեռքերը, շոյում Կնոջ դեմքը): Իսկ ո՞ւմ ձեռքերն են քեզ սիրելու:

ԿԻՆ — (բեկված ձայնով): Խնդրում եմ, այսօր տնից դուրս մի գա:  

ԶԱՆԳԱՀԱՐ — Կեսօրին ո՞վ պիտի խփի քաղաքապետարանի զանգերը:

ԿԻՆ — (գոռում է): Գրողի ծո՛ցը զանգերը: (Շշուկով:) Դու գիտես, որ կեսօրին…

ԶԱՆԳԱՀԱՐ — (ափով փակում է Կնոջ բերանը): Դեռ ոչինչ պարզ չէ:

ԿԻՆ — Խնդրում եմ, մի գնա, այս գիշերը շատ երկար էր: 

ԶԱՆԳԱՀԱՐ — Քեզ թվացել է: Իմ գրկում էիր, մոռացե՞լ ես…

ԿԻՆ – Դո՛ւ իմ գրկում էիր, բայց գիշերը երկար էր:

ԶԱՆԳԱՀԱՐ — Քեզ թվացել է: Գիշերը ինչ խոսքեր էի շշնջում` մոռացե՞լ ես: 

ԿԻՆ — Երբեք այդպես չեմ սիրել քեզ, բայց գիշերը շատ երկար էր: (Ծանր քայլերով նստում, սկսում է քանդել գոտին: )

Զանգահարը զննում է ձեռքերը: Լռում են:

Տեսարան. Նրանք և Խենթուկը:

ԽԵՆԹՈՒԿ — (ինքն իրեն): Հետո էլ ասում են` ծիծաղելի չէ: Ի՞նչ ծիծաղել, նրանք անգամ տխրելը փողով են դարձրել: (Մոտենալով Կնոջը:) Գոտին ինձ համա՞ր է: Իհարկե, ինձ համար է: Որովհետև ձեզ հյուսած գոտի է պետք, ինձ` քանդած: Հենց վերջին օղակը քանդես` տուր ինձ: 

ԶԱՆԳԱՀԱՐ — Քանդած գոտի՞ն:

ԽԵՆԹՈՒԿ – Շա՜տ է խելքդ հասնում: Քանդած գոտիով հնարավո՞ր է չկախվել: Բա՞, եղբայր… (Կնոջ ձեռքից վերցնում է կծիկն ու ինքն է թելը կծկում:) Ինձ նմանները կախվում են ամեն օր: Ձեր նմանները` երբեք, շատ-շատ` մեկ անգամ: Ձեր այդ մեկ անգամը տեսնում են բոլորը, մեր ամեն օրվա կախվելը չի տեսնում ոչ ոք:

ԿԻՆ — (խլելով կծիկը): Ինչ նորություն կա քաղաքում:

ԽԵՆԹՈՒԿ — (ետ է վերցնում կծիկը): Թաղում կար: Հեռուներից էիր բերել: Ըըը… Որոնողին: Հի-հի-հի… Իրեն չէ, ինչ-որ բան, եթե իրենից ինչ-որ բանը մնացել էր:   

ԶԱՆԳԱՀԱՐ — Ինչի՞, դագաղը դատա՞րկ էր:

ԽԵՆԹՈՒԿ — Եթե մեջը դիակ կա, դագաղը լի՞քն է:

ԿԻՆ — Մեծ-մեծ ես բրդում, մի մեռնող էլ դու ես:

ԽԵՆԹՈՒԿ — Հա, բայց թաղվելու միտք չունեմ: Ամեն օր կախվողը դագաղի կարիք չունի: 

ԿԻՆ — (խլելով կծիկը): Նորություններ պատմիր: Կյանքդ ոչ մեկին չի հետաքրքրում:

ԽԵՆԹՈՒԿ — Կծիկը տուր` պատմեմ: (Կծիկն ստանալով, գոհ շարունակում է:) Ոչ մեկը նրան չէր հիշում: Անգամ` ես: Հեռագիրը որ եկավ` զարմացանք` ո՞վ է: Ծառայողը տակնուվրա արեց արխիվն ու հայտնաբերեց, որ եղել է քաղաքում մեկը, ում հետո Որոնող են անվանել: 

ԶԱՆԳԱՀԱՐ — (ասես իր այրվող ձեռքերին է պատմում): Մեկ տարեկանում որբացել էր, հորեղբայրն էր պահում: Տասնվեցը չէր լրացել` մահացավ հորեղբայրն ու մեծ ժառանգություն թողեց նրան: Մի քանի օր անց նա գնաց քաղաքից: Ասում էին` իր հետ վերցրել էր մի ճաքած հայելի: Ուրիշ ոչինչ:  

ԽԵՆԹՈՒԿ – Լա՜վ էլ գիտես նրա պատմությունը:  Էլ ի՞նչ էինք կպել Ծառայողից, գայինք քեզ մոտ, էլի: Վերջը. երեկ այդ Որոնողի թաղումն էր: 

ԿԻՆ — (ինքն իրեն): Ամբողջ հարստությունը ծախսեց ճամփաների վրա: Որոնում էր…

ԽԵՆԹՈՒԿ — Ի՞նչ էր որոնածը, որ չէր գտնում:

ԶԱՆԳԱՀԱՐ — Գտնում էր: Ամեն երկրում, պատահած ճանապարհի սկզբում:

ԽԵՆԹՈՒԿ — Ի՞նչ էր փնտրում:

ԿԻՆ — Արև էր փնտրածը: Անընդհատ արև, միայն արև: Ցուրտը բնավորվել էր նրա մեջ, անընդհատ մրսում էր: Ու գնում էր արևի ետևից: Միայն ամռան արևն էր նրան ջերմացնում: Հատուկ ծառա ուներ, ով ամիսներ առաջ ծրագրում էր` երբ, որ երկրում կլիներ ամռան արևը:

ԽԵՆԹՈՒԿ — Կուզենայի այդ ծառայի տեղը լինել:

ԶԱՆԳԱՀԱՐ — Ամեն օր կախվելուց դժվար բան էլ կա` ամեն օր ամռան արև ապահովելը:

ԿԻՆ — (անհաղորդ նրանց): Տղայի համար բոլոր երկրներն ու երկինքները նույնն էին` նա գնում էր իր արևի ետևից:

ԽԵՆԹՈՒԿ — Ու նրա ճանապարհը ոչ մի անգամ մեր քաղաքով չանցա՞վ:

ԶԱՆԳԱՀԱՐ – Նրա գալուց առաջ, ամեն անգամ, նախօրեին եղանակը փոխվում էր, ու Ծառան վերջին պահին փոխում էր երթուղին: Մի անգամ միայն նա շրջահայաց չգտնվեց, ու քիչ մնաց` Որոնողը հայտնվեր աշնան մեջ: Մեր քաղաքն այդ օրվանից ջնջվեց նրա երթուղուց:   

ԿԻՆ — Նրա մտքով չէր անցնում, որ արևից բացի ինչ-որ բան կարող էր ջերմացնել իրեն:

ԽԵՆԹՈՒԿ – Չէի ուզենա նրա տեղում լինել:

ԶԱՆԳԱՀԱՐ — Դրա համար էլ նա երեկ թաղվեց, իսկ դու այսօր խենթություններ ես դուրս տալիս:

ԿԻՆ — (անհաղորդ): Մահը ճիշտ ժամանակին հասավ, նրա հարստությունից ոչինչ չէր մնացել: Վերջին մի քանի ոսկին տվեց Ծառային ու խնդրեց իրեն թաղել` որտեղ պատահի: Միայն թե ամռան արև լինի: Ամռան մի գիշեր Որոնողը մահացավ: Առավոտյան քաղաքում ձյուն եկավ: Ոչ ոք չգիտեր, թե երբ կհալվի անսպասելի ձյունը: Ծառան նրա դագաղը տեղափոխեց այլ երկիր, ուր ամառ էր: Տեղ հասան գիշերով, առավոտյան պղտոր անձրև եկավ ու ոչ ոք չգիտեր, թե երբ այն կդադարի: Այդպես սկսվեց Ծառայի ու դագաղի ճամփորդությունը: Ուր գնում էին` արևը մեռնում էր: Դագաղն սկսեց եղյամով ծածկվել, հետո սառցակալեց: Որոնողի մեջ ապրող ցուրտը իր հաղթանակն էր տոնում:  

ԽԵՆԹՈՒԿ — Մի կողմից ձեռնտու է` սառույցը դիակը լավ է պահում:

ԿԻՆ — (չլսելով): Ծառան վաղուց էր ծախսել ոսկիները, ինքն էլ հյուծվել, կմախք էր դարձել: Բայց փնտրում էր այն վերջին արևը, որ խոստացել էր Որոնողին: Մի օր, կայարաններից մեկում, հուսահատ նստել էր դագաղի կողքին, երբ ծաղկավաճառ մի կին մի ծաղիկ դրեց դագաղի վրա: Սառույցն սկսեց հալվել: Ուախությունից իրեն կորցրած Ծառան աղաչեց կնոջն ասել, թե որտեղից էր այդ ծաղիկը: Կինը տվեց մեր քաղաքի անունը: (Դադար: Սթափվելով:) Էլի՞ ինձուինձ խոսում էի: Գժվե՞լ եմ… Չէ, որ գժված լինեի, չէի կասկածի: Ուրեմն` անընդհատ կասկածեմ… (Նրա խոսքն աստիճանաբար վերածվում է անկապ շշուկի:)

Դադար:

ԶԱՆԳԱՀԱՐ — Երեկ շատ շոգ էր, անգամ հուլիսին արևն այդպես չէր այրի:

ԽԵՆԹՈՒԿ — (կծիկը մի կողմ շպրտելով պոռթկում է): Ատում եմ, ատում եմ, ա-տում-եմ… Այդ Որոնող կոչվածը հրաժարվել էր քաղաքից, բայց երբ եկավ հատուցման ժամը, երբ քաղաքը պիտի պատժեր նրան… Բայց մենք անհիշաչա՜ր ենք, ներո՜ղ ենք… Մենք նրան կտա՛նք վերջին արևը: Զզվո՛ւմ եմ արհամարհվածի մեծահոգությունից: Քաղաքն ընդունեց Որոնողի՞ն… Չէ մի` Որոնող: Քաղաքի բաժինը սառցակալած դագաղն էր, նա այլ բանի արժանի չէր:  

ԶԱՆԳԱՀԱՐ — Մերը` ամռան արևն ապահովելն էր: 

ԽԵՆԹՈՒԿ — Երկար գիշերների հաշվի՞ն:

ԿԻՆ — Լռի’ր:

ԽԵՆԹՈՒԿ — Երեկվա արևն ուրիշ էր, ընդամենը մեկին էր ուզում ջերմացնել: Միայն մեկին, հասկանո՞ւմ եք: 

ԿԻՆ — (կծիկը տալիս է Խենթուկին): Դու կծկիր, ուր որ է` թելը կվերջանա: Ինչո՞ւ ես նախանձում նրան:

ԽԵՆԹՈՒԿ — Մեռնողին նախանձո՞ւմ են:

ԿԻՆ — Երեկ ամռան արև պիտի լիներ, հակառակ դեպքում… Առանց այդ էլ դարպասները միայն դուրս են բացվում:

ԽԵՆԹՈՒԿ — Բայց ներս բացվեցին դագաղի առջև:

ԿԻՆ — Դա էլ վերադարձ է: Թեկուզ երկար գիշերների հաշվին:

ԽԵՆԹՈՒԿ — (մոլեգնած): Այս գիշեր նրա գերեզմանը տակնուվրա կանեմ, որ հետքն անգամ չմնա: 

ԶԱՆԳԱՀԱՐ — Գերեզմանի շուրջը թափթփված մնաց: Բահը ներսում է: Գնա, վերցրու ու կարգի բեր:

ԽԵՆԹՈՒԿ — (կոտրված): Ինչո՞ւ եք ուզում, որ ձեզ նմանվեմ:

ԶԱՆԳԱՀԱՐ — Բոլոր գնացողները նման են իրար: Բոլոր մնացողները նման են իրար: Չգիտեի՞ր:

ԽԵՆԹՈՒԿ — (անհոգություն խաղալով): Ասենք, իմ ի՞նչ գործն է: Ձեզ կարողացել եմ համոզել, որ Խենթուկ եմ: Մնում է` ինձ համոզեմ…

ԶԱՆԳԱՀԱՐ — Դու մոտիկ էիր կանգնած դագաղին: Ի՞նչ էր շշնջում Ծառան:

ԽԵՆԹՈՒԿ — Չհասկացա:

ԿԻՆ — Ես գիտեմ:

ԽԵՆԹՈՒԿ — Բայց դու այնտեղ չէիր: 

ԿԻՆ — Նա կրկնում էր. «Արևը չէր սիրում նրան»:

Խենթուկը կծիկը տալիս է Կնոջը, գլխահակ հեռանում է:

ԿԻՆ — Կլինի՞ մի օր, որ այս կծիկը կտոր-կտոր անեմ ու շպրտեմ:

ԶԱՆԳԱՀԱՐ — Այս անգամ ներկը կապույտ է:

ԿԻՆ — Մեկ էլ տեսար` ներկվեց… Ներս գնանք, ձեռքերդ կդնեմ ներկի մեջ, այրոցը կանցնի:

ԶԱՆԳԱՀԱՐ — (շշուկով): Ի՞նչ ես կարծում, Վերադարձողը քաղաքո՞ւմ է:

ԿԻՆ — Մինչև կեսօր համբերիր…

ԶԱՆԳԱՀԱՐ – Համբերե՜մ… Պարանները մաշվել են:

ԿԻՆ — Ի-ի՞նչ…

ԶԱՆԳԱՀԱՐ — Զանգերի պարանները մաշվել են:

Տեսարան. Նրանք և Քարտուղար:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Բարի լույս: Զանգահար, պարանները մաշվել են:

ԶԱՆԳԱՀԱՐ — Ի-ի՞նչ…

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Ինչո՞ւ չես դիմում Վերին Ատյանին` նորը ստանաս:

ԶԱՆԳԱՀԱՐ — (թաքնված ատելությամբ): Քո ի՞նչ գործն է:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Սխալվում ես: Կարծում ես չգիտե՞մ, որ մաշված պարաններով զանգերի ղողանջն ուրիշ է: 

ԶԱՆԳԱՀԱՐ — Գիշերը երկար էր: (Մատնացույց անելով դռան շեմին անշարժացած Կնոջը:) Բայց նա ասում է, որ ես սխալվում եմ` ընդամենը թվացել է: Եթե թվացել է, ուրեմն պարանները չէին կարող մաշվել: 

ՔԱՐՏՈՒՂԱՐ — (սպառնագին): Ասում եմ` մաշվել են:

ԶԱՆԳԱՀԱՐ — (խաղաղված): Ուրեմն` գիշերը երկար էր:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Ասում եմ` սովորական գիշեր էր:

ԶԱՆԳԱՀԱՐ — (ավելի խաղաղ): Ուրեմն` պարանները նոր են:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Ուզածդ ի՞նչ է:

ԶԱՆԳԱՀԱՐ — Էլ պարանները չեմ փոխի:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Նրանց հետ կգլորվես ներքև: Կեսօրին լինես քաղաքապետարանում:

ԿԻՆ — Նա այսօր տնից դուրս չի գա: 

ԶԱՆԳԱՀԱՐ — Ես այսօր տնից դուրս չեմ գա:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Եթե անգամ Վերադարձողը քաղաքո՞ւմ է: (Մաքրում է ձեռքերը, կծիկը խոթում Զանգահարի ձեռքն ու կեղծ սուլելով հեռանում է:)

Տեսարան. Հնավաճառի կրպակը: Սենյակի խորքից դուրս է գալիս Հնավաճառը, 

ձեռքում` ճաքած հայելի:

ՀՆԱՎԱՃԱՌ — …Հարկավոր է միայն տաքացնել: Շրջանակը պղնձից է, բայց լավ դրվագված է: Տաս-տասնհինգ տարին մեկ այսպիսի իրերի պահանջարկ է զգացվում շուկայում: Ու լավ գնով վաճառվում է: Պիտի կարողանաս սպասել: Միայն ճիշտ սպասումն է որոշում ամեն ինչի գինը: (Զննելով հայելին:) Շատ չի վնասվել, եղյամը որ հալվի, լավ արտացոլք կունենա: (Բերանի գոլորշիով փորձում է հալեցնել եղյամը:) Տես, է՛, եղյամն ավելի խտացավ: Արև է պետք: Հակառակի պես արևն էլ փախել է քաղաքից:

Տեսարան. Նա և Պարուհին:

ՀՆԱՎԱՃԱՌ — (առանց նրա կողմը նայելու): Իզուր ես եկել: Ասացի, չէ՞, քո փնտրած ապրանքը դեռ մի ժամանակ չի լինի:

ՊԱՐՈՒՀԻ — Առանց նայելու ինչպե՞ս ես իմանում` ով եկավ:

ՀՆԱՎԱՃԱՌ — Ականջներն ինչի՞ համար են:

ՊԱՐՈՒՀԻ — Լսելու:

ՀՆԱՎԱՃԱՌ — Ես էլ լսում եմ:

ՊԱՐՈՒՀԻ — Գինի ունե՞ս: (Պարային շարժումներ է անում:)

ՀՆԱՎԱՃԱՌ — (աչքի տակով նայելով): Էլի գիշերը պարե՞լ ես:

ՊԱՐՈՒՀԻ — (շարժումները դառնում են դյութիչ): Պարել եմ:

ՀՆԱՎԱՃԱՌ — Էլի այնտե՞ղ:

ՊԱՐՈՒՀԻ — (սկսում է գալարվել): Այնտե’ղ:

ՀՆԱՎԱՃԱՌ — (չոր): Այնտեղ էլ գինին խմեիր:

ՊԱՐՈՒՀԻ — (թևերն անզոր կախվում են, խամաճիկի է նմանվում): Չսկսես… Գինիդ էլ քեզ մնա: (Դադարից հետո:) Ձեռքինդ ի՞նչ է:

ՀՆԱՎԱՃԱՌ — Հայելի:

ՊԱՐՈՒՀԻ — Որոնողի՞նն է:

ՀՆԱՎԱՃԱՌ – Է՛ր: Հիմա իմն է: Ծառան բերեց: Ասաց` Որոնողի վերջին կամքն է եղել, ու ինձ հանձնեց… ժամանակավոր: Եղյամը հալեցնեմ, կդնեմ դարակին, որ սպասի:

ՊԱՐՈՒՀԻ — Տուր տեսնեմ:

ՀՆԱՎԱՃԱՌ — (կոպիտ): Հեռո՛ւ… Գինին պահարանում է: (Պարուհին երկու բաժակ գինի է լցնում, մեկը տալիս նրան:) Դրսում ի՞նչ եղանակ է:

ՊԱՐՈՒՀԻ — Ամպամած:

ՀՆԱՎԱՃԱՌ – ԻսկեԵրեկ ի՜նչ փոթորիկ էր: Գարնան կեսին բուք ու բորան: 

ՊԱՐՈՒՀԻ — Որտե՞ղ էր բուք ու բորան: 

ՀՆԱՎԱՃԱՌ — Քաղաքում:  

ՊԱՐՈՒՀԻ — Իսկ գերեզմանատանը ամռան արև էր: Այնքան արև, որ հուղարկավորողները սկզբում հանեցին գլխարկները, ապա վերարկուները, հետո` ինչ հնարավոր էր, իսկ արևն ավելի էր բորբոքվում: Մարդիկ նախ արևահարվեցին, հետո դեմքների կաշին պլոկվեց: Իսկ ես մրսում էի: Չիմացա` ինչու հայտնվեցի այնտեղ, անհամբեր սպասում էի ավարտին: Ու հանկարծ… Գինի լցրու: Հանկարծ հասկացա, որ գիտեմ, ինչ էր նա որոնում: Կարող ես ծաղրել, ծեր խաբեբա, բայց նա ինձ էր փնտրում: Ես երջանիկ կլինեի նրա հետ: Ու նա էր մեղավոր, որ իմ առաջին տղամարդը պատահական մեկն էր, մնացածները` նրա շարունակությունը… Որ չծնված իմ փոքրիկը գնաց թափառելու ճահճե մարգագետիններում… Որ գիշերները պարում եմ Վերին Ատյանի համար… Ես մաշված, ծերացող Պարուհի եմ, ու մեղավորը Որոնողն էր, որ Սիրող կին չդարձա: Ես ատեցի նրան, բայց երբ դագաղն իջեցրին փոսը, արդեն ներել էի… Արտասվեցի: Իմ չծնված փոքրիկից հետո չէի լացել: Այդ պահին դագաղի սառույցը  հալվեց:         

ՀՆԱՎԱՃԱՌ — (դադարից հետո): Վերցրու: Քո փնտրածն էր:

ՊԱՐՈՒՀԻ — (վերցնելով հայելին): Երկար գիշերներին կնայեմ ու կտեսնեմ, թե դեմքիս վրա ինչպես են գծվում աշխարհի բոլոր ճանապարհները: Հիմա արդեն կնճիռներից չեմ վախենա: (Դանդաղ քայլում է դեպի դուռը:) Դժվար մեկ էլ գամ: Բարով մնաս: իսկ դու կեսօրից հետո խանութդ փակիր: Երբ խավարում է լինում, կենդանիների աչքերը կապում են, որ չխենթանան:  

ՀՆԱՎԱՃԱՌ — Կենդանինե՞րը: 

ՊԱՐՈՒՀԻ — Մարդիկ: (Դուրս է գնում:)

ՀՆԱՎԱՃԱՌ — Իսկ ես մտածում էի, թե հայելին դեռ պահունի ժամանակ ունի: (Նայելով դարակներին:) Այստեղ բոլոր իրերը տեր ունեն` մեռած ու դեռ ապրող: Ապրողները չեն սիրում այստեղ գալ, կարծես չգիտեն, որ միևնույն է, մի օր գալու են ինձ մոտ: (Սկսում է փայլեցնել դարակները:) 

Տեսարան. Հնավաճառ և Հարբեցող:

ՀԱՐԲԵՑՈՂ — (ներս խուժելով): Եկե՞լ է:

ՀՆԱՎԱՃԱՌ — (անվրդով): Բերել են:

ՀԱՐԲԵՑՈՂ — Այսի՞նքն…

ՀՆԱՎԱՃԱՌ — Դագաղի մեջ:

ՀԱՐԲԵՑՈՂ — (շշուկով): Վերադարձողի՞ն:

ՀՆԱՎԱՃԱՌ — Որոնողին:

ՀԱՐԲԵՑՈՂ – Թյո՜ւ, թշվառական շան որդի, կաթվածահար էիր անելու: 

ՀՆԱՎԱՃԱՌ — Օրգանիզմիդ ալկոհոլը կաթվածին հակաթույն է:

ՀԱՐԲԵՑՈՂ – Այս փտած դարակների մեջ ապրողի հումորն էլ այդքան պիտի լինի: 

ՀՆԱՎԱՃԱՌ — (խորամանկ): Ի՞նչ իմանաս` ինչ է պահված նրանց մեջ: Վերջին անգամ ե՞րբ ես քաղաք եկել, մի ամիս կլինի՞:

ՀԱՐԲԵՑՈՂ — Տասը տարի առաջ:

ՀՆԱՎԱՃԱՌ – Ինչպե՜ս է անցնում ժամանակը:

ՀԱՐԲԵՑՈՂ — Մեռած իրերի հետ ապրելը մի դրական կողմ պիտի ունենա, չէ՞:

ՀՆԱՎԱՃԱՌ — Ո՞ւմ ես փնտրում քաղաքում:

ՀԱՐԲԵՑՈՂ — Հանդիպելու եմ մեկի հետ, մտածեցի` գուցե այստեղո՞վ է անցել:

ՀՆԱՎԱՃԱՌ — Չէ, այդ մեկը այստեղով չի անցել: Հարբե՞լ ես անցած գիշեր: 

ՀԱՐԲԵՑՈՂ — Սովորականի պես:

ՀՆԱՎԱՃԱՌ — Երկար գիշերները չե՞ն կրկնապատկում բաժակների քանակը:

ՀԱՐԲԵՑՈՂ — Երկար գիշե՞ր… Վաղուց այդպիսի գիշեր չի եղել: Դե լավ, քեզ չզբաղեցնեմ: Գուցե պարապուտների թաղամասում նրան գտնեմ: 

ՀՆԱՎԱՃԱՌ — Հարբեցող… Ներիր, անունդ մոռացել եմ: Ինչո՞ւ ես փնտրում նրան:

ՀԱՐԲԵՑՈՂ — Պանդոկում բան էր մոռացել, ասացի` վերադարձնեմ:

ՀՆԱՎԱՃԱՌ — (անթաքույց հեգնանքով): Ու դրա համար տասը տարի, հինգ ամիս ու տասնյոթ օրվա բացակայությունից հետո քաղա՞ք եկար: Չե՞ս կարծում, որ երկար բացակայությունից հետո հայտնությունդ ավելի լուրջ պատճառ պիտի ունենար: Քաղաքն սպասում էր, թե ինչ առիթով կխախտես սահմանագիծը: Իսկ դու` ինչ-որ մե՜կը… ինչ-որ բան մոռացե՜լ է…   

ՀԱՐԲԵՑՈՂ — (պարտված): Վերադարձողը քաղաքում պիտի լինի:

ՀՆԱՎԱՃԱՌ — Համոզվա՞ծ ես, որ քսակը նրանն է: 

ՀԱՐԲԵՑՈՂ — Ճանապարհի բոլոր քսակները նման են իրար:

ՀՆԱՎԱՃԱՌ — (հեգնանքով): Կարծո՞ւմ ես… Գնա կողքի սենյակը, հատակից մինչև առաստաղ քսակներ են, ու բոլորը` տարբեր:

ՀԱՐԲԵՑՈՂ — Սա նրա՛ քսակն է:

ՀՆԱՎԱՃԱՌ — Տա Աստված: Բայց Զանգահարի ափերն արդեն այրվում են:

ՀԱՐԲԵՑՈՂ — Որովհետև չգիտե, որ Վերադարձողը քաղաքում է:

ՀՆԱՎԱՃԱՌ — Իսկ պարանները մաշվել են… ուրե՞մն…

ՀԱՐԲԵՑՈՂ — (գլխահակ): Որովհետև գիշերը երկար էր:

ՀՆԱՎԱՃԱՌ — Այ, հիմա կարող ես գնալ: Ինչ ասվելու էր` ասվեց: 

ՀԱՐԲԵՑՈՂ — Չէ, մի բան մնաց չասված: Փակ դարակիդ մեջ ինձ սպասում են:

ՀՆԱՎԱՃԱՌ — Դու ինչ-որ բան շփոթել ես: Քեզ սպասող չկա: 

ՀԱՐԲԵՑՈՂ — Ես եմ սպասում նրան, ես եմ եկել նրա ետևից:

ՀՆԱՎԱՃԱՌ — Գժվեցի՞ր… Մինչև հիմա ապրողները չեն գալիս նրանց ետևից…

ՀԱՐԲԵՑՈՂ — Ինձ չի հետաքրքրում` ինչ է եղել մինչև հիմա: Ես եմ սպասում: Իմ վերջին օրվան: Կվերադառնամ երկու ժամից: 

Շեմի մոտ բախվում է ներս մտնող Քարտուղարի հետ:

Տեսարան. Նրանք և Քարտուղար:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — (Հարբեցողին): Այսօր քո վերջին օ՞րն է:

ՀՆԱՎԱՃԱՌ – Ո՛չ:

ՀԱՐԲԵՑՈՂ – Այո՛: 

ՔԱՐՏՈՒՂԱՐ — (Հարբեցողի թիկունքին): Պարապուտի թաղամաս իզուր մի գնա: Նա այնտեղ չէ:

Հարբեցողը դուռն ուժեղ շրխկացնում է:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Էս էլ` արածդ լավության գինը: Զգուշացնում ես, որ իզուր ժամանակ չկորցնի, իսկ նա դուռն է քթիդ խփում: Հնավաճառ, քո գինու նման քաղաքում չկա: Շատ հին է, հա՞; 

ՀՆԱՎԱՃԱՌ — Երեկվա գինի է: Ընդամենը ներս է քաշել այս իրերի հիշողությունը:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Հայելու համար եմ եկել:

ՀՆԱՎԱՃԱՌ — Ուշացել ես:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Պարուհուն ես տվել: Է՜հ, դու… Կնոջը հայելի տալն առնվազն աննրբանկատություն է:

ՀՆԱՎԱՃԱՌ — Կնոջը հայելի պիտի տաս: Միայն հայելին է նրան հաշտեցնում ծերության հետ:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Քեզ հետ վիճելն անիմաստ է: (Փոխված ձայնով:) Աղջկա իրերն եմ բերել:

ՀՆԱՎԱՃԱՌ — Ինչպե՞ս… Նրա վերջին օրը փակ դարակում է:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Նա ծառին ձուլվեց:

ՀՆԱՎԱՃԱՌ — Առաջին անգամը չէ:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Բայց վերջինն էր:

ՀՆԱՎԱՃԱՌ — (թվում է` հիմա կապտակի Քարտուղարին, բայց շրջվում է դեպի դարակը): Իրերը շա՞տ են:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Չէ, փայտե արկղ է` մեջը թելեր, հուլունքներ, ինչ-որ զիզի-պիզի… 

ՀՆԱՎԱՃԱՌ — Ի՞նչ է մտածում այս ամենի մասին Վերին Ատյանը:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Վերին Ատյանը ինչո՞ւ պիտի մտածի:

ՀՆԱՎԱՃԱՌ — Ինչպես թե… Նրա քաղաքն է, նրա բնակիչներն են` Աղջիկը, Հարբեցողը, Վերադարձողը, Հացթուխը… Ես, դու: Քաղաքինն ենք, չէ՞:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Հա:

ՀՆԱՎԱՃԱՌ — Իսկ Վերին Ատյանը ո՞ւմն է:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Վերին Ատյանը ինքն իր համար է: Նա ընդհանուր ոչինչ չունի քաղաքի հետ: Վաղո՜ւց… Հրամաններ է արձակում, արգելում է կամ թույլ է տալիս… երկար գիշերներն այրում է գինարբուքի մեջ: Ինձնից լավ գիտես` Պարուհին ինչպես է մխիթարում նրան… (Հիստերիկ ճչում է:) Հանգի՛ստ թողեք Վերին Ատյանին, նա վաղուց է հրաժարվել բոլորից: 

ՀՆԱՎԱՃԱՌ — (հազիվ լսելի): Կեսօրից առաջ խանութս կփակեմ: 

ՔԱՐՏՈՒՂԱՐ — (հանդարտված): Ահա, մեկն էլ… Զանգահարը հայտարարում է, որ պարանները չի փոխելու, դու այստեղ ես ըմբոստանում… Վե՛րջ տվեք: Ինչ լինելու է` կլինի: Իսկ դուք ապրեք այնպես, ինչպես ապրում եք: Խանութդ չի փակվի, քաղաքապետարանի զանգերն էլ ժամանակին կհնչեն:

ՀՆԱՎԱՃԱՌ — Դարակները լեփ-լեցուն են: Աղջկա իրերը մի կերպ կխցկեմ, իսկ վա՞ղը… Ես կփակեմ այս անիծյալ կրպակը:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Փակելու համար բանալի պիտի ունենաս, իսկ քաղաքում բանալի չկա: Դարպասի կողքի դռնակը զմռսելուց հետո բոլոր բանալիները կորան:  

ՀՆԱՎԱՃԱՌ — Բայց դարպասի կողպեքը մնաց:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Պիտի մնար: Պարուհին չտարա՞վ հայելին, ուրեմն տեղ ազատվեց: 

ՀՆԱՎԱՃԱՌ — Վերջին տարիներին դա առաջին դեպքն էր: 

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Որովհետև վերջին տարիներին դարպասներն առաջին անգամ բացվեցին դիմավորելու համար: 

ՀՆԱՎԱՃԱՌ — Բացվեցին դագաղի առջև: 

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Դա էլ կարող էր չլինել: Հա, զգուշացնեմ՝ դարակներիդ մեջ մի տեղ էլ գտիր:

ՀՆԱՎԱՃԱՌ – Ի՞նչ…

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Զանգահարը չի փոխի պարանները:

ՀՆԱՎԱՃԱՌ — (մոտենում է փակ դարակին, շոյում նրա փայլուն փայտը): Այստեղ քաղաքի բնակիչների Վերջին Օրն է, ու նրանք ապրել են իրենց համար ու հանգիստ սպասել այդ Օրվա հայտնությանը: Իսկ հիմա իրենք են գալիս Օրվա ետևից: Նշանակում է, քաղաքը դատապարտվա՞ծ է: 

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Ամենևին: Ընդամենը շարունակվում է քաղաքի դատապարտվածությունը:

ՀՆԱՎԱՃԱՌ — Կեսօրից հետո խանութը չեմ փակի:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Ինչո՞ւ:

ՀՆԱՎԱՃԱՌ — Շարունակության համար:

Տեսարան. Հրապարակում Աղջնակն է:

Նա շփոթահար շուրջն է նայում: Անկյունից դուրս է սահում Ծառան:  

ԱՂՋՆԱԿ — (հույսով): Գուցե դո՞ւք ինձ օգնեք:

ԾԱՌԱ — Ոչ միայն այս քաղաքում, ամբողջ աշխարհում օգնության կարիք ամենաշատը ես ունեմ: Բայց, պարզվում է, ինձնից էլ կարելի է օգնություն ակնկալել:  

ԱՂՋՆԱԿ — Դուք Աղջկան չե՞ք տեսել:

ԾԱՌԱ — Դու ո՞վ ես:

ԱՂՋՆԱԿ — Աղջնակը:

ԾԱՌԱ — Տարբե՞ր են` աղջիկ, աղջնակ… 

ԱՂՋՆԱԿ — Փոքրատառով` ոչ, իսկ մեծատառով մեր անուններն են:

ԾԱՌԱ — Քաղաք եմ ասել` անուն ունեք ու չունեք: Ո՞նց եք այդ շիլաշփոթից գլուխ հանում:

ԱՂՋՆԱԿ — (վիրավորված): Մեր գործն է: Ես պատասխանի եմ սպասում:

ԾԱՌԱ — Ի՞նչ էր անունդ… Հա, Աղջնակ: Քո Աղջկան չեմ տեսել: (Դավադիր:) Գիշերը գնացել է, հա՞… թաքուն: Գիշերն արագ անցավ, իսկ նա քնել-մնացել է սիրածի գրկում…

ԱՂՋՆԱԿ — (մեղմ): Դու այստեղ օտարական ես, գնա այստեղից: 

ԾԱՌԱ — Իսկ եթե այստեղ ինձ դո՞ւր է գալիս:

ԱՂՋՆԱԿ — Որքան շուտ գնաս, այնքան կշահես;

ԾԱՌԱ — Որոշողը դո՞ւ ես:

ԱՂՋՆԱԿ — Որոշողը վայրահաչդ է:

ԾԱՌԱ — Դե լավ, ներիր: Բայց եթե Աղջիկն էլ քեզ նման գեղեցկուհի է, դժվար սխալված լինեմ:  

ԱՂՋՆԱԿ — (առաջ գալով): Գուցե լռե՞ս:

ԾԱՌԱ — Ոչ միայն կլռեմ, այլև շատ արագ ձեր կենդանի մեռելանոցից կփախչեմ…

Տեսարան. Նրանք և Խենթուկ:

ԽԵՆԹՈՒԿ — (մոտենալով նրանց): Ինչո՞ւ ես փախչում… մեր քաղաքը դուրըդ չեկա՞վ:

ԾԱՌԱ — Ինչո՞ւ պիտի դուրըս գար: Անուններդ` սատանան գլուխ չի հանի, դեմքերդ` միանման: Ու բոլորդ` ցնդած: Ում տեսել եմ` սրտաճաք սպասում է կեսօրին: Փառք Աստծո, կայարանը հեռու չէ: Ձեր մոռացված քաղաքի հետ կորե՛ք գրողի ծոցը: (Հեռանում է ետ-ետ նայելով:)

ԽԵՆԹՈՒԿ — Օտարական, չե՞ս մտածում, որ կարող ես մեր քաղաքի բնակիչը դառնալ:

ԾԱՌԱ — Ե՞ս…

ԽԵՆԹՈՒԿ — (դավադիր): Անունդ հիշո՞ւմ ես:

ԾԱՌԱ — Անո՞ւնս… անունս… Գժվեցի՞, անունս մոռացել եմ: Անունս…

ԱՂՋՆԱԿ — Նրա անունը Օտարական է: 

ԽԵՆԹՈՒԿ – (Ծառային՝ խղճահարությամբ): Հիմա կարող ես գնալ կայարան: Բայց վաղը կեսօրին պիտի հնչեն քաղաքապետարանի զանգերը:

ԾԱՌԱ — Հետո՞ ինչ:

ԽԵՆԹՈՒԿ — Ոչինչ: Քաղաքին Զանգահար է պետք:

Ծառան սարսափահար փախչում է:

ԱՂՋՆԱԿ — Աղջիկը մինչև հիմա չկա:

ԽԵՆԹՈՒԿ — (խուսափուկ): Գուցե դեռ կվերադառնա…

ԱՂՋՆԱԿ — Ո՞ւր է, չգիտե՞ս:

ԽԵՆԹՈՒԿ — (ինչ-որ բան որոշելով` անկեղծանում է): Գիտեմ, իսկ քեզ պետք չէ իմանալ: Այդ ամենից հեռու մնա: Դու ջահել ես, գեղեցիկ, քո գիշերները հրաշք պիտի լինեն, ոչ թե սպասում: Ոչ մեկին հարցեր չտաս, գնա, տանդ դուռ-լուսամուտ լայն բաց, սենյակներն օդափոխիր ու սկսիր օժիտի ժանյակներ հյուսել: 

ԱՂՋՆԱԿ — Ով այս բանն ասեր` կծաղրեի, բայց Խենթուկին կլսեմ: Գնամ, օժիտի ժանյակ հյուսեմ: (Գնում է, կեսճամփա վերադառնում է:) Այդքանը որ գիտես, ասա, ինչպե՞ս գտնեմ արքայազնին:

ԽԵՆԹՈՒԿ — Քաղաքում քի՞չ մարդ կա:

ԱՂՋՆԱԿ — Մարդ կա, իսկ արքայա՞զն:

ԽԵՆԹՈՒԿ — Դա կարևո՞ր է:

ԱՂՋՆԱԿ — Իհարկե: Խելոք ես, Խենթուկ, բայց այդ պարզ բանը չես հասկանում: Ոչ մի քաղաքում արքայազն չկա, բայց կա քաղաք բերող ճանապարհ: Արքայազները գալիս են այդ ճանապարհով: Մոռացե՞լ ես, դարպասներից այն կողմ ճամփան միայն տանում է: Իսկ եկող չկա: Խենթուկ, սիրելիս, Աղջիկն էլ սկզբում օժիտի ժանյակ էր հյուսում: Հետո այդ ժանյակները վերածվեցին քսակների: Դե լավ, մի վշտանա, չգիտեմ` ինչու եմ այս ամենն ասում… Գնամ տուն: Դո՞ւ ինչ ես անելու: 

ԽԵՆԹՈՒԿ — Պանդոկից ոչ հեռու մի ծառ կա: Կեսօրից առաջ կնստեմ կողքին ու կսպասեմ, մինչև ամեն ինչ ավարտվի:

ԱՂՋՆԱԿ — (հեռանալով): Շտապիր, կեսօրին քիչ ժամանակ է մնացել: 

ԽԵՆԹՈՒԿ — Այո, ժամանակին կես օր է մնացել:

Տեսարան. Խենթուկ, Կին:

ԿԻՆ — (շնչասպառ): Զանգահարին չե՞ս տեսել:

ԽԵՆԹՈՒԿ — Տնից դուրս չէր գալու, չէ՞… 

ԿԻՆ — Վարագույրները պինդ փակել էի, նրա այրվող ափերը դրել էի կապույտ ներկի մեջ: Ինչպես էի քնել, չգիտեմ: Արթնացա` չկար: Վարագույրները բաց էին, իսկ ներկը ափսեի մեջ չորացել- ճաքճքել էր: Խենթուկ, սիրտս վատ բան է վկայում, գտիր Զանգահարին:  

ԽԵՆԹՈՒԿ — Նա կարող է լինել միայն քաղաքապետարանում: 

ԿԻՆ — Ես գիտեմ, բայց դու գտիր նրան:

ԽԵՆԹՈՒԿ — Ի՞նչ ես իրար անցել: Կեսօրից հետո տուն կգա:

ԿԻՆ — Չի գա: Բայց նա անպայման պիտի իմանա, որ կծիկը ներկվել է:

ԽԵՆԹՈՒԿ — Չէ մի… Ի՞նչ գույն: 

ԿԻՆ — Չգիտեմ… Հազար գույն:

ԽԵՆԹՈՒԿ — Ի՞նչ ներկ էր:

ԿԻՆ — Ներկ չէր: Քարտուղարը ձեռքերը սրբեց կծիկով:

ԽԵՆԹՈՒԿ — Դա ինչ որ բան նշանակո՞ւմ է:

ԿԻՆ — Այլևս ոչինչ չի նշանակում, բայց Զանգահարը այդ մասին պիտի իմանա… Մինչև պարաններից կախվելը:

Տեսարան. Քարտուղար, Գրագիր: Դուրս են գալիս քաղաքապետարանից:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Հրամանի տեքստը գիտես, էլ չթելադրեմ: Չմոռանաս Վերին Ատյանի ստորագրությունը դնել: 

ԳՐԱԳԻՐ — (մշտապես թերահավատ): Ո՜վ է նայողը:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — (խիստ): Նշանակություն չունի: Ամեն ինչ օրենքով պիտի լինի:

ԳՐԱԳԻՐ — Երբ խոսքը ստորագրության մասին է:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Կարևորը ստորագրությունն է:

ԳՐԱԳԻՐ — Իսկ օրե՞նքը:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Օրենքը ստորագրության համար է, ե՞րբ պիտի այդ հասարակ բանը հասկանաս: Հատուկ հրամանը օրենքին ծանրակշիռ տեսք է տալիս: 

ԳՐԱԳԻՐ – Չէ՜ մի… Քաղաքը զզվում է հատուկ հրամանից:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Չի զզվում, սարսափում է: Տարբերությունը ե՞րբ պիտի հասկանաս: 

ԳՐԱԳԻՐ — Երբ հատուկ հրաման այլևս չի լինի:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Ասածիդ հավատացի՞ր:

ԳՐԱԳԻՐ — Գոնե մեկը պիտի հավատա:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Չէ, եղբայր, դա քո բանը չէ: Դու խտացված թերահավատություն ես:

ԳՐԱԳԻՐ — Հավատի կերակուրը թերահավատությունն է, այդ պարզ բանը ե՞րբ պիտի հասկանաս:

ՔԱՐՏՈՒՂԱՐ – Հա՜… Դու է՞լ ես սպասում Վերադարձողին:

ԳՐԱԳԻՐ — Չեմ սպասում: Ես հավատում եմ: 

ՔԱՐՏՈՒՂԱՐ — (ուշադիր նայում է): Այո՜… 

ԳՐԱԳԻՐ — Ի՞նչ ես նայում, նո՞ր տեսար:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Խենթուկը Զանգահարին փոխարինող գտավ: Իսկ ես մտածում էի, որ Հարբեցողի տեղը պանդոկում դատարկ կմնա:

ԳՐԱԳԻՐ — Հարբեցողը պանդոկը լքի՞… անհնար է: Ճիշտ է, քաղաքում նրան տեսնող է եղել, բայց դա ոչինչ չի նշանակում:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — (հաշտ): Իհարկե, ոչինչ չի նշանակում: Ես հիմա հանգիստ եմ` Հարբեցողի բաժակը դատարկ չի մնա:  

Տեսարան. Նրանք և Հացթուխ:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — (տեսնելով անցնող Հացթուխին): Ա՜յ նորություն… այս ժամին քնած չե՞ս:

ՀԱՑԹՈՒԽ — Իմացա, որ Հարբեցողը քաղաք է եկել: Էլ քնե՞լ կլինի: Բայց ուր ասես եղա, ոչ մի տեղ չկա:

ԳՐԱԳԻՐ — (մելամաղձոտ): Ուշացել ես: Նրա երկու ժամն արդեն լրացել է: 

ՔԱՐՏՈՒՂԱՐ — (Հացթուխին` քինոտ): Փչիր, բայց չափավոր: Հարբեցողի՜ն ես փնտրում… Գուցե փնտրվողի անունը Վերադարձո՞ղ է:  

ՀԱՑԹՈՒԽ — Ասենք` հա: Քե՞զ ինչ:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Ոչինչ: (Գրագրին.) Հատուկ հրամանը բազմացնելու ժամանակն է:

ՀԱՑԹՈՒԽ – Ո՛չ, չե՛ս համարձակվի: Այս անգամ արդեն չես համարձակվի: Հատուկ հրաման չի լինելու:

ԳՐԱԳԻՐ — (Հացթուխին): Ինչո՞ւ ես այդքան վստահ: Պատրաստի հրամանը ձեռքի տակ ունենալը չի վնասի:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Բա ասում էիր` հավատում եմ:

ԳՐԱԳԻՐ — Ես հավատում եմ, Հացթուխը վստահ է: Այդ պարզ տարբերությունը ե՞րբ պիտի հասկանաս:

ՔԱՐՏՈՒՂԱՐ – Լռի;ր, դու էիր պակաս…     

ՀԱՑԹՈՒԽ — Քեզ ասում եմ` հրաման չի լինելու:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Դու Վերադարձողին տեսե՞լ ես:

ՀԱՑԹՈՒԽ — Անպայման պիտի տեսնեի՞:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Իհարկե, ոչ: Բայց եթե Վերադարձողը քաղաքում չէ, հատուկ հրամանն էլ չլինի, հասկանո՞ւմ ես, թե ինչ է սպասում քաղաքին:

ՀԱՑԹՈՒԽ — Չեմ էլ ուզում հասկանալ: Ես մի բան գիտեմ` հրաման չի՛ լինելու:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — (Հացթուխին): Գնա, քնի: Վաղը քաղաքը քեզնից հաց կպահանջի: Գնա: 

ՀԱՑԹՈՒԽ — (կոտրված): Հարբեցողին որ տեսնեք, ասեք` գա մեր տուն: Լավ օղի ունեմ, վաղուց կարգին չեմ խմել: 

ԳՐԱԳԻՐ — Ես քիչ հետո կգամ, մի լավ կխմենք:

Հացթուխը հեռանում է:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Հրամանը բազմացնել, փակցնել կենտ տների պատերին: Խանութի դռները բաց պահել: Կենդանիների աչքերը սև լաթով կապել:

ԳՐԱԳԻՐ — Իսկ եթե Վերադարձողը քաղաքո՞ւմ է:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — Հիմա է՞լ ես հավատում ասածիդ:

ԳՐԱԳԻՐ — Մտքում ասվածն ու բարձրաձայն արտասանվածը նույնը չեն: Այդ պարզ բանը ե՞րբ ես հասկանալու:

ՔԱՐՏՈՒՂԱՐ — (ֆշշացնելով): Հարբեցո’ղ…

Տեսարան. Դարպասների մոտ Խենթուկն է:

ԽԵՆԹՈՒԿ — Կեսօրին քիչ մնաց: Ծառը շատ մենակ է: Գնամ, նստեմ նրա խիտ սաղարթի տակ, գրկեմ բունն ու բառեր շշնջամ: Նա սպասեց, իսկ ճանապարհը արքայազն չբերեց: Նա վերջապես խաղաղվեց, և դեղնած ժանյակներն այլևս նրան չեն խեղդի իրենց օղակներով: Քիչ հետո ժամանակը կխավարի, հետո խելագար արագությամբ կսլանա առաջ: Բայց դա ինձ վերաբերում: Ես գիտեմ, որ լինելու եմ ծառի կողքին: Քաղաքում էլ ամեն մեկը գիտե իր անելիքը: Երևի այդ գաղտնիքն է, որ պահում է քաղաքը մինչև հիմա: Պահում է, թեկուզ… դարպասներով:

Մոտենում է զմռսված դռնակին, ուսով հրում, փորձում է բացել: Ոչինչ չի ստացվում: 

Մաքրում է ուսի փոշին, ծուռ ժպիտը դեմքին ու կեղծ սուլելով դուրս է գալիս դարպասներից:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։