«ՇՂԹԱ» / Նարեկ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Սա ստեղծագործություն է երկու իրար շղթայված հոգիների մասին, ովքեր ունեն նույն ցավը, նույն ճակատագիրը, բայց տարբեր մոտեցումներ այդ ցավի ու ճակատագրի հանդեպ։ Սա պիես է, որը տառապանքի միջոցով բացահայտում է մարմիններն ու դրանցում ապրող հոգիները, լույսի տակ դնում կին-տղամարդ հարաբերությունների բոլոր մութ ու անթափանց կողմերը, այդ թվում՝ հոգեբանական բարդույթները։ 

Դրամա մեկ գործողությամբ

Գուցե չենք կարող վաճառել մեզ համար ամենաարժեքավորը, 

բայց անփութորեն վաճառում ենք այն ամենն, 

ինչն ամենաարժեքավորը դարձնում է պիտանի․․․

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՔ

ՌՈԲԵՐՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ – 36 տարեկան, վիրաբույժ

ԱՆՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ – 34 տարեկան, հոգեբան

ՍԿԻԶԲ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ձայներ

ԱՆՆԱ — Սկզբում վերադարձանք տուն։ 

ՌՈԲԵՐՏ — Դա սկիզբը չէ, բայց խնդիր չկա։

ԱՆՆԱ — Ես էի վարում մեքենան։

ՌՈԲԵՐՏ — Սկզբում նրա հետ վերադարձա տուն։

ԱՆՆԱ — Թշնամանք չկա։

ՌՈԲԵՐՏ — Նույն մեքենայով եկանք, բայց միասին չվերադարձանք։ 

ԱՆՆԱ — Ընդհանրապես ոչինչ չկա։

ՌՈԲԵՐՏ — Նա առանձին եկավ, ես՝ առավել ևս։

ԱՆՆԱ — Բառ անգամ չեմ խոսել։

ՌՈԲԵՐՏ — Տպավորություն էր՝ կսպանի ինձ։

ԱՆՆԱ — Ես նրան խղճում եմ։

ՌՈԲԵՐՏ — Ինձ ոչ ոք իրավունք չունի խղճալու։

ԱՆՆԱ — Ընտանիքի տականքները դրսում միշտ էլ հրեշտակի տեսք ունեն։ 

ՌՈԲԵՐՏ — Մեղք չունեմ։

ԱՆՆԱ — Ոչ, չեմ սիրում։

ՌՈԲԵՐՏ — Դե հա, ինքը միայն բույս է սիրում։

ԱՆՆԱ — Ես չեմ խոսելու, թող ինքը պատմի։

ՌՈԲԵՐՏ — Ընդամենը հինգ րոպե եմ ուշացել։

ԱՆՆԱ — Մեղավորները պիտի խոսեն։

ՌՈԲԵՐՏ — Չէ, չեմ խոսելու։

ԱՆՆԱ — Երբ ուշանում ես, պիտի արդարանաս։

ՌՈԲԵՐՏ — Ո՞ւմ առաջ։

ԱՆՆԱ — Գոնե ինքդ` քո։

ՌՈԲԵՐՏ — Չեմ ուզում։

ԱՆՆԱ — Միայն սկիզբ է մնացել։

ՌՈԲԵՐՏ — Իմ ու նրա սկիզբը վաղուց էր ու գեղեցիկ։ 

ԱՆՆԱ — Գուցե, չեմ հիշում։

ՌՈԲԵՐՏ — Բայց հիմա գեղեցիկի մասին մտածելու ժամանակը չէ։ Կարելի է, ասենք, անձրևի մասին մտածել։ Զզվում եմ անձրևից։

Լսվում է անձրևի ձայն։

ՍԵԱՆՍ 1-ԻՆ

ՑԱՍՈՒՄ

Ներս են գալիս Ռոբերտն ու Աննան՝ տոնական հագնված։ Աննան երեկոյան զգեստով է, չափավոր շպարված, Ռոբերտը՝ սև կոստյումով, սպիտակ վերնաշապիկով և մի փոքր գինովցած։ Տան կահույքը ծածկված է ցելոֆանով։ Խոհանոցի սեղանին դրված են ծրարներ։ Տղամարդը հանում է պիջակն ու պառկում բազմոցին, իսկ կինը, կոշիկները դնելով միջանցքում, գնում է խոհանոց։

ՌՈԲԵՐՏ — Սառը ջուր տուր։ Չնայած, ավելի լավ է լիմոնի աղով սոդայաջուր։

ԱՆՆԱ — Հյուրասենյակի կենտրոնում հետ չտաս։ Վաղն ամբողջ տնից շան հոտ է գալու։

ՌՈԲԵՐՏ — Հետո ի՞նչ, մաքուր ստամոքսահյութ է՝ առանց քիմիական հավելումների։ Խաբեցի, կոլա էլ եմ խմել։ 

ԱՆՆԱ — Վերնաշապիկիդ վրա լաքա կա։

ՌՈԲԵՐՏ — Շնորհավորում եմ։ Հյուրերի յոթանասուն տոկոսը հաստատ նկատել է սա ու հիմա վստահ է, որ դու պարզապես փնթի ես։

ԱՆՆԱ — Այսինքն, քո վերնաշապիկն է լաքայոտ, իսկ փնթին ե՞ս եմ։

ՌՈԲԵՐՏ — Հա։ Ալարել ես նորմալ լվանալ։

ԱՆՆԱ — Ես նորմալ լվացել եմ, դու ես ուտելիքը կրծքավանդակով կերել։

ԱՆՆԱ — Բայց ես ինքս կարդացի SMS-ները։ Թևատակերը քրտնած են, ուրեմն լարված է։

ՌՈԲԵՐՏ — Իսկ գուցե ոչինչ էլ չգիտի, ու ես անիմաստ լարվում եմ։

ԱՆՆԱ — Չէ, բայց ինքս կարդացի․․․

ՌՈԲԵՐՏ — Թող իմանա։ Առաջին անգամ նրա առաջ մեղավոր եմ, բայց կանցնի, ուղղակի լռել է պետք։ Չէ, բայց ինչո՞ւ եմ մեղավոր։

ԱՆՆԱ — Սիրտս կանգնում է։

ՌՈԲԵՐՏ — Էս լռությունից ուղեղս մրմռաց։

ԱՆՆԱ — Իսկ եթե գնա՞մ․․․

ՌՈԲԵՐՏ — Ո՞ւր։

ԱՆՆԱ — Ի՞նչ։

ՌՈԲԵՐՏ — Ասում եմ՝ ո՞ւր գնաս։

ԱՆՆԱ — Քնելու։

Ռոբերտն իրեն վատ էզգում, օդը կարծես չի հերիքում։ Ձեռքով փակում է բերանն ու վազում զուգարան։ Մի քանի վայրկյան հետո սփրթնած վերադառնում է խոհանոց։

ՌՈԲԵՐՏ — Գնում եմ դեղատուն։ Քեզ ի՞նչ բերեմ։

ԱՆՆԱ — Բոլոր դեղերդ տանն են։

ՌՈԲԵՐՏ — Ժամկետանց կլինեն։

ԱՆՆԱ — Ժամկետանց չեն։

ՌՈԲԵՐՏ — Ասում եմ՝ ժամկետանց են։

ԱՆՆԱ — Ժամկետանց չեն։

ՌՈԲԵՐՏ — Ինձ համար ժամկետանց են։

ԱՆՆԱ — Կներես, չգիտեի, որ հիմա երկու հազար քսանութ թվականն է։ (Դադար։) Իսկ ինչո՞ւ ես քեզ վատ զգում, ինչ-որ բան էն չէ՞։

ՌՈԲԵՐՏ — Ո՞ւմ մեքենան կոտրեին՝ իրեն լավ զգար։ Էդ հայելու գինը գիտե՞ս։

ԱՆՆԱ — Թեման փոխում է։

ՌՈԲԵՐՏ — Երևի մտածեց՝թեման փոխում եմ։

Աննան վերցնում է սեղանին դրված ծրարները։

ԱՆՆԱ — Իսկ տուգանքներիդ գինը գիտե՞ս։

ՌՈԲԵՐՏ — Վերջացրի՞ր, կարո՞ղ եմ գնալ։

ԱՆՆԱ — Արդեն չի էլ հետաքրքրո՞ւմ՝ ինչի համար եստուգանվել։

ՌՈԲԵՐՏ — Ոնց որ տանը մնացած արագաչափ լինես։ 

ԱՆՆԱ — Քաղաքի կարմիր լույսերն ես հարբած հաշվել։Մի օր էլի բախտներս չի բերելու։

ՌՈԲԵՐՏ — Ի՛մ բախտը։ Եթե ինձ ինչ-որ բան լինի, քո բախտը դրանից հաստատ չի տուժելու։ Ընդհակառակը, գուցե բացվի։ (Դադար:) Դե լավ, կինս ես, ուրիշ մարդ չես, արի բացատրեմ։ Բոլորիս կյանքը կազինոյի պես է։ Կոճակի մի հարվածով all-in ես անում ու դուրս գալիս տնից․ կամ կհասնես աշխատանքի, կամ մի ինչ-որ հարբած ոչխար վրայովդ կանցնի։

ԱՆՆԱ — Ու դու ընտրեցիր հարբած ոչխարի կարգավիճակը։

ՌՈԲԵՐՏ — Մյուս կողմը միշտ տուժած է, իսկ տուժածները վատ տեսք ունեն, տպավորություն է, որ փոքրացել են ու նվաստացել։ Ես էդ վիճակում էլ երբեք չեմ լինելու։ 

ԱՆՆԱ — Էդքան վստահ մի եղիր։ 

ՌՈԲԵՐՏ — Անցանք։ Օրը լավ ենք սկսել, լավ էլ պիտի ավարտենք։ 

ԱՆՆԱ — Քեզ հույս տուր։

ՌՈԲԵՐՏ — Կանացի խրտնածությունդ գլուխ է բարձրացրել, կռի՞վ ես ուզում սարքել։

ԱՆՆԱ — Հասկանում եմ, որ քեզ մոտ զայրույթի փուլն է, բայց․․․

ՌՈԲԵՐՏ — Բայց հոգեբանական սեանսներդ մտցրու այցելուներիդ քամակը՝ բառ առ բառ։ Նրանք դրանից հաճույք են ստանում. տղա թե աղջիկ՝ էական չէ։ Ի տարբերություն նրանց, ես չեմ սիրում, որ քամակս ինչ-որ բան են մտցնում, մանավանդ, եթե մտցնելու փորձ անողը դու ես։

ԱՆՆԱ — Փորձել ես, դուրդ չի՞ եկել։

ՌՈԲԵՐՏ — Որ աթոռով խփեմ գլխիդ, դուրդ կգա՞, թե՞ ավելի ծանր բան վերցնեմ։

ԱՆՆԱ — Քեզ որ հարցնում են իմ մասնագիտության մասին, ի՞նչ ես ասում։

ՌՈԲԵՐՏ — Ասում եմ՝ ոռի բան է։ Հիմարություն։

ԱՆՆԱ — Ու դու, լինելով բժիշկ, էդպե՞ս ես մտածում։

ՌՈԲԵՐՏ — Համառորեն չեղածից կռիվ ես ուզում սարքել։ Դրա համար էլ է տաղանդ պետք էլի։ Մի տեսակ դուրս սկսում ես գալ, գիտե՞ս։ Գրգռվեցի։

ԱՆՆԱ — Ոչնչով չեմ կարող օգնել, միակ հույսդ դու ես։ Չնայած քո պարագայում ոնց որ էդքան էլ հուսահատ չես։

ՌՈԲԵՐՏ — Պահո՜։ Աննա՞։ Դու խանդել էլ գիտե՞ս։ Հիշե՞լ ես, որ կինս ես։

ԱՆՆԱ — Ես հիշում եմ, դու ես մոռանում։

ՌՈԲԵՐՏ — Որ հիշեիր, գոնե հետս ամիսը մեկ կքնեիր։

ԱՆՆԱ — Էս կյանքը միայն սեքսի մասին չէ։

ՌՈԲԵՐՏ — Բա ինչի՞ մասին է, հը՞ն։ Մեկ-մեկ էդ հոգեբանության գրքերից դուրս արի, որ հասկանաս՝ էս կյանքն ինչի մասին է։ 

ԱՆՆԱ — Ինչի՞ մասին է, Ռոբ։ (Ռոբերտը չի պատասխանում, նորից գնում է հյուրասենյակ, պառկում բազմոցին ու ձեռքով փակում է աչքերը:) Հարբած մեքենա վարելո՞ւ։

ՌՈԲԵՐՏ — Հա։ Մազից կախված լինելու մասին է։ Եթե թույլ տայիր էսօր մեքենան ես վարեի, գուցե մեր կյանքը լրիվ ուրիշ ընթացք ստանար, հայելիս էլ տեղում լիներ։ Պատուհան բացիր, լավ չեմ զգում։

ԱՆՆԱ — Քո կյանքի հետ արա էն, ինչ ուզում ես։

ՌՈԲԵՐՏ — Պատուհան բացիր։

ԱՆՆԱ — Իմ կյանքի տերը ես եմ։ Ուղղակի ասում եմ, որ տուգանքներ ունես, ուրիշ ոչինչ։ 

ՌՈԲԵՐՏ — Շունչս կտրվում է։

Ռոբերտը բացում է տան դուռը, վառում բոլոր լույսերն ու գնում խոհանոց։

ԱՆՆԱ — Վարորդականիցդ զրկվելու ես կամ մի ուրիշ ընտանիքի դժբախտության պատճառ դառնաս։

ՌՈԲԵՐՏ — Իսկ էն հարբած բոզի տղեն մեքենա նստելուց առաջ մտածե՞ց, որ իմ ընտանիքի դժբախտության պատճառն է դառնալու․․․

ԱՆՆԱ Դե, էս կյանքը մազից կախված լինելու մասին է, հարբած վարեց մեքենան, որ իր կյանքն էլ լրիվ ուրիշ ընթացք ստանա: Մազերդ քիչ-քիչ սպիտակում են, դու դեռ տասնութ տարեկան լակոտի հաճույքներ ես անում։

ՌՈԲԵՐՏ Ե՞րբ ես ձենդ կտրելու։

ԱՆՆԱ Իր հաճույքը վաճառեց մեզ ու փոխարենը․․․

ՌՈԲԵՐՏ — (գոռալով): Փոխարենը հիմա ազատության մեջ է։ 

Աննան քարացած նայում է Ռոբերտին։ Ռոբերտը սկսում է թեթևակի դողալ, ստուգում է գրպանները, փորձում ծխախոտ գտնել։

ԱՆՆԱ — Ստացվում է՝ մեղավոր չէր, հա՞։

ՌՈԲԵՐՏ — Չգիտեմ։

ԱՆՆԱ — Ստացվում է՝ կարող եմ մեքենայով մարդկանց վրայով անցնել ու հանգիստ շարունակել ապրե՞լ։

ՌՈԲԵՐՏ — Չդատապարտվելը դեռ չի նշանակում հանգիստ ապրել։

ԱՆՆԱ — Իսկ ի՞նչ է նշանակում։

ՌՈԲԵՐՏ — Միևնույն է՝ Ադամն արդեն չկա։ 

Դադար:

ԱՆՆԱ — Վե՞րջ։ Համակերպվում ենք, անցնում առա՞ջ։

ՌՈԲԵՐՏ – Էս մի տարի է՝ ի՞նչ էինք անում։ (Աննան չի պատասխանում:) Փողոցում տեսախցիկներ չկան։ Ըստ վկաների՝ մեկ այլ մեքենա է առաջինը հարվածել, որից հետո Ադամն ընկել է սրա մեքենայի վրա։ 

ԱՆՆԱ — Սուս մնա։

ՌՈԲԵՐՏ — Ոչ ոք չի ֆիքսել հարվածող ավտոյի համարանիշը։ Բայց կգտնեն երևի, հեռու չի փախչի։

ԱՆՆԱ — Երևի՞։

ՌՈԲԵՐՏ — Ու մի բան էլ՝ դատարանն է որոշել, որ մեղավոր չէ։ Չգիտեմ՝ ով է դատավորը, բայց հաստատ ես չեմ, էլ վրաս չգոռաս։ Արդեն մի ամիս է ազատ են արձակել։ Նրա տղան Ադամի տարիքին է։ Հենց հիմա հիվանդանոցում պառկած պայքարում է, որ ապրի։ Ասեմ ավելին՝ ես էլ անձամբ վիրահատել եմ սիրտը։ Մեկ տարի հետո առաջին անգամ ձեռքերս չդողացին ու կարողացա։ Երբ հայրն իմացավ, որ ես եմ վիրահատելու, պահանջում էր, որ ուրիշ բժիշկ կանչեն։ 

ԱՆՆԱ — Երեխան կապրի՞։

Դադար:

ՌՈԲԵՐՏ — Քեզ համար նվեր ունեմ։

ԱՆՆԱ — Երեխան կապրի՞։ (Դադար:) Ամեն ինչ մի օր ետ է գալիս, ուզես, թե չուզես՝ բումերանգի պես։

ՌՈԲԵՐՏ — Էլ նման բան կյանքում չասես։ 

ԱՆՆԱ — Ինչո՞ւ։ Վախենում ես՝ Աստված նեղանա՞։

ՌՈԲԵՐՏ — Բա որ նեղանա։ (Դադար:) Մի քանի տարի առաջ, երբ չկարողացա չորս տարեկան երեխայի կյանքը փրկել, մայրը նույն բանն ասաց ինձ։ (Դադար:) Քեզ համար նվեր ունեմ։

ԱՆՆԱ — Ի՞նչ ես արել։

ՌՈԲԵՐՏ — Կնոջս համար նվեր եմ գնել։

ԱՆՆԱ — Գոնե ազնվություն ունենա ու ինքն ասի։

ՌՈԲԵՐՏ — Հաստատ գիտի։ Հազիվ ամեն ինչ կարգավորվում էր։

ԱՆՆԱ — Ուղղակի՞։

ՌՈԲԵՐՏ — Ուղղակի։

ԱՆՆԱ — Առանց ինչ-որ առիթի։

ՌՈԲԵՐՏ — Առանց ինչ-որ առիթի։ Ամենուր տրամաբանություն մի փնտրիր․ դրանք միայն հոգեբանության անիմաստ հեքիաթներում են։ 

ԱՆՆԱ — Դե, հիմա արի, ինձ հեքիաթից վերադարձրու իրականություն ու ասա՝ ինչ ես արել։

ՌՈԲԵՐՏ — (ծիծաղելով): Կրկնում եմ՝ քեզ համար նվեր եմ առել։ 

ԱՆՆԱ — Ռոբերտ, ես բացարձակ հումոր չեմ անում, ինձ ի՞նչ ունես ասելու։

ՌՈԲԵՐՏ — Մի փչացրու պահը, կլինի՞, ուղղակի բացիր տուփը։ (Աննան բացում է տուփը:) Հիշում եմ՝ ոնց էիր տխրել, որ Ադամը կորցրել էր շղթադ։ Որոշեցի նորը պատվիրել։ Թող օգնեմ։

ԱՆՆԱ — Հիմա չէ։

ՌՈԲԵՐՏ — Ինչո՞ւ։

ԱՆՆԱ — Ռոբ, ինձ ի՞նչ ունես ասելու։

ՌՈԲԵՐՏ — Ուզում եմ՝ կապես։

ԱՆՆԱ — Չեմ ուզում։

ՌՈԲԵՐՏ — Ինձ թվում էր՝ կուրախանաս։

ԱՆՆԱ — Քեզ թվում էր։

ՌՈԲԵՐՏ — Պիտի նորից սկսենք կամ գոնե փորձենք։

Ռոբերտը կապում է շղթան ու սկսում համբուրել կնոջը։ Աննան փորձում  է խուսափել։

ԱՆՆԱ — Բաց թող։

ՌՈԲԵՐՏ — Լռիր։

ԱՆՆԱ — Ռոբ, մի արա։ Թող, Ռոբերտ։ Հեռու գնա։ (Հրում է Ռոբերտին:) Ասացի՝ թող։

ՌՈԲԵՐՏ — Ոնց կուզես։

ՍԵԱՆՍ 2-ՐԴ

ԱՌԵՎՏՈՒՐ

Երկու ժամ անց Աննան տնային շորերով նորից խոհանոցում է։

Ռոբերտը դուրս է գալիս, սկսում թակել հարևանի դուռը։ Աննան հանում է շղթան, դնում տուփի մեջ։

ՌՈԲԵՐՏ — Էրի՜կ։ Քնելու ժամանակը չէ, արի, խմելու բան ունեմ։

ԱՆՆԱ — Ի՞նչ ես անում։

ՌՈԲԵՐՏ — Լսի՜ր, ժամը դեռ երկուսն է, իսկ դու արդեն մրփե՞լ ես։

ԱՆՆԱ — Ռոբերտ։

ՌՈԲԵՐՏ — Ի՞նչ։

ԱՆՆԱ — Նրանք տանը չեն, ներս արի։ Բոլոր հարևաններին արթնացրիր։

ՌՈԲԵՐՏ – Բա ո՞ւր են։

ԱՆՆԱ — Լիզան երեխայի հետ գնացել է ծնողների տուն, իսկ Էրիկը երևի փաբերից մեկում հարբում է։

ՌՈԲԵՐՏ — Նորից կռվե՞լ են։ Հիմա՞ ինչն է պատճառը…(Լիզային նմանակելով:) «Ինչո՞ւ է Էրիկը զուգարանում մնում երեք րոպեից ավելի։ Հաստատ դավաճանում է ինձ իր աջ ձեռքի հետ»։ 

ԱՆՆԱ — Կռվել են, որովհետև առավոտյան Էրիկը պատահաբար սուրճը թափել է խոհանոցի հատակին ։Պատկերացնո՞ւմ ես՝ օրական քանի անգամ պիտի կռվեինք։

ՌՈԲԵՐՏ — Գուցե ես հատո՞ւկ եմ անում, որ կռվենք։

ԱՆՆԱ — Ուրեմն ուղեղիդ հետ մի բան էն չէ։

ՌՈԲԵՐՏ — Ինձ պարզապես հետաքրքրում է՝ երբ կինն անիմաստ կռվում է ամուսնու հետ, հետո խիղճը չի՞ տանջում։

ԱՆՆԱ — Ես երբեք անիմաստ չեմ կռվում։

ՌՈԲԵՐՏ — Չհարցրի՝ «դու անիմաստ կռվո՞ւմ ես», ասացի՝ «երբ կանայք կռվում են, հետո խիղճը չի՞ տանջում»։ Կախարդական բառը «խիղճն» էր։ Հենց սա է քո մեծագույն խնդիրը։ Դու երբեք իմ ասածը չես ուզում ընկալել։

ԱՆՆԱ — Ի՞նչ ես առաջարկում, ամեն առավոտ պահարանս բացեմ, ողբամ, որ հագնելու բան չունեմ ու կռվե՞մ հետդ։

ՌՈԲԵՐՏ — Գոնե։ Գոնե ինչ-որ մթնոլորտ լինի էս մեռած տանը։

ԱՆՆԱ — Ես երբեք անիմաստ չեմ կռվում։ Հարցիդ հիմքը դա էր, ես էլ հիմնավոր պատասխան եմ տալիս։ Ի տարբերություն քեզ՝ յուրաքանչյուր հարցի ավելի խորն եմ նայում ու չեմ վաճառում տունը կես գնով։

ՌՈԲԵՐՏ — Չգիտեի, որ իմ տան վաճառքի գինն էլ պիտի քեզ հետ ճշտեի։

ԱՆՆԱ — Հենց հերթը հասավ վաճառելուն, դարձավ միայն քոնը։ Իսկ նստել, քննարկել, որոշել, կարծիք լսել, հաշվի առնել չկա՞։

ՌՈԲԵՐՏ — Երբ խորհրդիդ կարիքն ունենամ, կհարցնեմ։

ԱՆՆԱ — Էս հարցում չունեի՞ր։

ՌՈԲԵՐՏ — Ոչ ոք չէր ուզում գնել էս գրողի տարած տունը։

ԱՆՆԱ — Ինչո՞ւ։

ՌՈԲԵՐՏ — Չգիտեմ։ Չեմ հասկանում։ Մի տարի է՝ փորձում էի գոնե նորմալ գնով վաճառել, բայց տարբերակ չկար։

ԱՆՆԱ — Ուրեմն լավ չէիր փորձում։

ՌՈԲԵՐՏ — Իսկ դու ավելի լավ տարբերակ առաջարկիր։

ԱՆՆԱ  —Տեսա՞ր, որ իմ կարծիքը, միևնույն է, քեզ պետք է։

ՌՈԲԵՐՏ — (հեգնանքով): Հա, սխալվել եմ, հիմա ուշադիր լսում եմ, ասա։ 

ԱՆՆԱ — Արդեն ուշ է։ Դու հոգեբանորեն պատրաստ չես իմ ասածն ընկալել։ 

ՌՈԲԵՐՏ —  Տիկին հոգեբան, եկեք ձեզ մի ամսվա փող տամ, բայց սուս մնացեք, կարող եմ հավելավճար էլ տալ, որ հանկարծ երազի մեջ էլ չխոսեք։ Ամեն ինչ փորձել եմ, ոչ մի ուրիշ խելամիտ տարբերակ չկա։ Քաղաքում կարծես քաոս լինի։ Բոլոր գործակալները շոկի մեջ են, որ էս տունը ոչ ոք չի ուզում գնել։

ԱՆՆԱ — Մենք քաղաքի կենտրոնում ենք ապրում, ո՞նց կարելի է դա հաշվի չառնել ու վաճառել ծայրամասի տան գնից ցածր գնով։

ՌՈԲԵՐՏ — Դու էիր ասում, որ վատն է։

ԱՆՆԱ — Բայց կենտրոնում է, չէ՞։

ՌՈԲԵՐՏ — Քանի՞ կոպեկ արժե դա, եթե քեզ էստեղ լավ չես զգում։ Մարդիկ մտնում էին տեսնելու ու խեղդվում էին, և դա ոչ մի կապ չուներ պատերի գույնի հետ, որոնք դու նախկինում շաբաթը մեկ փոխում էիր։ 

Ռոբերտը վերցնում է հեռախոսն ու պառկում բազմոցին։

ԱՆՆԱ — Ո՞ւմ ես զանգում։

ՌՈԲԵՐՏ — Էրիկին:

ԱՆՆԱ — Ինչո՞ւ։

ՌՈԲԵՐՏ — Եթե չես մոռացել, նա ընկերս է։

ԱՆՆԱ — Տնից դուրս վազելու առի՞թ գտար։

ՌՈԲԵՐՏ — Մամ, լավ էլի, շուտ կգամ։

ԱՆՆԱ — Ցինիկ։

ՌՈԲԵՐՏ — Իսկ տանն ինձ ինչ-որ պահող բա՞ն կա։

ԱՆՆԱ — Միայն ես, ուրիշ ոչինչ։

ՌՈԲԵՐՏ — Դու, որ սեքսից հենց նոր էնպես հրաժարվեցիր, կարծես մահապատժի էի տանում։

ԱՆՆԱ — Ու քանի որ կինդ քեզ չտվեց, պիտի զանգես Էրիկի՞ն։ Մտածում ես՝ խմած է, հետո չի՞ հիշի։

ՌՈԲԵՐՏ — Չես հավատա, բայց ինձ միայն կանայք են դուր գալիս։ Այ, իսկ քեզ հետ կապված սկսում եմ լուրջ կասկածներ ունենալ, որ տղամարդիկ քեզ ընդհանրապես հետաքրքրում են։

ԱՆՆԱ — Սխալվում ես, պարզապես դու ես տհաճ։

ՌՈԲԵՐՏ — Ու երբվանի՞ց։

ԱՆՆԱ — Իսկ դու մոտավորապես գուշակիր։

Լռություն։

ՌՈԲԵՐՏ — Շարունակում ես քանդել ամեն ինչ։ 

ԱՆՆԱ — Ե՞ս։

ՌՈԲԵՐՏ — (գոռալով): Չէ, ես։

Ռոբերտը փորձում է զանգել Էրիկին։ Էրիկն անջատում է։

ԱՆՆԱ — Երևի մի քիչ դժվար է փաբի զուգարանում միաժամանակ հետ տալն ու խոսելը։

ՌՈԲԵՐՏ — Հիմա էլ տան զուգարանին է դավաճանում փաբի զուգարանի հետ։ Այ քեզ բոզարած հայվան։

ԱՆՆԱ — Ինչ-որ շատ ես դավաճանելու մասին խոսում։

Զանգ Ռոբերտին: Նա մի պահ քարանում է, հետո նայում Աննային։

ՌՈԲԵՐՏ — Ալո։ (Դադար:) Խնդիր չկա, քնած չէինք: (Դադար:) Դուռը բացող չեղավ, չեմ կարծում տանը լինի։ Իրականում, ես ուզում էի նրան փնտրել, բայց հարգարժան կինս թույլ չի տալիս տնից դուրս գալ, վախենում է, որ ինձ կբռնաբարեն։ (Դադար:) Ինչո՞ւ։ Իրեն լավ չի զգում, հետո։

Աննան վերցնում է հեռախոսը, բարձրախոս միացնում ու դնում սեղանին։

ԱՆՆԱ — Հա, Լիզ։

ԼԻԶԱ — Էրիկը զանգերիս չի պատասխանում։ 

ԱՆՆԱ — Ռոբին էլ չպատասխանեց։

ԼԻԶԱ — Ես նրա հետ շատ շտապ պիտի խոսեմ, էլ չեմ դիմանում։ 

ՌՈԲԵՐՏ — Դե բա ում ամուսինը գետնին սուրճ թափեր, կինը դիմանար։

Աննան անջատում է բարձրախոսը։

ԱՆՆԱ — Ինչի՞ն չես դիմանում։

ՌՈԲԵՐՏ — Քեզ ինչ՝ ինչին չի դիմանում։ Քիթդ մի խոթիր։

ԱՆՆԱ — Լի՞զ։

ՌՈԲԵՐՏ — Ուղղակի ուզում եմ, որ մենք էլ չկռվենք, հոգնել եմ։ Ժամանակին նա էնքան հոգատար էր, ուշադիր, հասկացող։

ԱՆՆԱ —Կլինի՞ չցինիկանաս։

ՌՈԲԵՐՏ — Խնդիր չկա, շարունակեք Էրիկին թաղել։

ԱՆՆԱ — Լիզա, տուն արի։ (Դադար:) Դե ի՞նչ ասեմ, ուրեմն հարմարվիր էն մտքի հետ, որ ամուսինդ հիմա փաբի զուգարանակոնքն է լպստում։

ՌՈԲԵՐՏ — Բրավո, հոգեբան ես՝ էլ դու սուս։

ԱՆՆԱ — Լիզ, պառկիր, հանգստացիր, վաղը կխոսենք։ (Դադար:) Հա, Ռոբին կասեմ՝ կգտնի, տուն կբերի։

ՌՈԲԵՐՏ — Իբր Ռոբը չէր ուզում փնտրեր, դու պիտի ասեիր։ Էս էլ մարդկանց աչքին բարձրանալու նոր տարբերակ է։

Աննան անջատում է։

ԱՆՆԱ — Էդպես էլ չհասկացա՝ ինչո՞ւ ես Լիզայի համարը հեռախոսիդ մեջ գրանցել «Դիալիզ»։

ՌՈԲԵՐՏ — Զուտ մասնագիտական հումոր հասկացողների համար։ Բայց քանի որ դու ու հումորն իրար տանել չեք կարողանում․․․

ԱՆՆԱ — Բրավո։ Երևակայությունդ նոր բարձունքներ է նվաճում, բժիշկ։

ՌՈԲԵՐՏ — Գիտե՞ս՝ ինչն է ինձ ամենաշատը հունից հանում։

ԱՆՆԱ — Ի՞նչը։

ՌՈԲԵՐՏ — Որ քեզ դնում ես հանճարեղ հոգեբանի տեղ ու սկսում հանդարտ ձայնով խոսել, իբր դու ամեն ինչ հանգիստ ու առանց հիստերիայի ես ընդունում։

ԱՆՆԱ — Էն եմ, ինչ կամ։

ՌՈԲԵՐՏ — Քեզ հետ ապրելուց ավելի անհետաքրքիր բան մեկ քո մասնագիտությունն է, մեկ էլ քեզ հետ սեքսը։

ԱՆՆԱ — Կներես, որ պոռնիկի մասնագիտությունը չընտրեցի, ամեն երեկո քեզ զվարճացնեի։ (Ռոբերտը սկսում է ծիծաղել:) Հոգեբանության մեջ կա պաշտպանողական մեխանիզմ ասվածը, որը ժամանակ առ ժամանակ ծիծաղով է արտահայտվում։

ՌՈԲԵՐՏ — Հիվանդը դու ես։

ԱՆՆԱ — Հա, հա, խնդիր չկա, ես հիվանդ եմ։

ՌՈԲԵՐՏ — Ու ո՞նց են քո նմանին դեռ հանդուրժում։

ԱՆՆԱ — Ճիշտ ես, պիտի մի տարի առաջ ձեռքիցս բռնեին ու դուրս շպրտեին։ Դու էիր գնացել, չէ՞, ու խնդրել։ Ու քանի որ հանրահայտ բժիշկ Ռոբերտ Գաբրիելյանն ես․․․

ՌՈԲԵՐՏ — Մեկ-մեկ դու գնա հոգեբանի մոտ։ Թե չէ հայելու առաջ կանգնում ես, ինքդ քեզ համոզում, որ շիզոֆրենիկ չես ու շարունակում ճակատագրեր կործանել։

ԱՆՆԱ — Եթե կարծում ես, որ ինձ մոտ շիզոֆրենիա է, ուրեմն էդպես էլ կա։ Դու իմ ամուսինն ես, ով ինձ իր հինգ մատի պես գիտի։

ՌՈԲԵՐՏ — (գոռալով): Դե հերիք եղավ։ Ի՞նչ ես ուզում։ 

ԱՆՆԱ — Քեզնից՝ հաստատ ոչ մի բան։ Էն, ինչ քոնն էր, դու մի տարի առաջ կորցրել ես։

Ռոբերտը նկատում է, որ սեղանին դրված համակարգիչը չկա։

ՌՈԲԵՐՏ — Համակարգիչս որտե՞ղ է։ (Աննան լռում է:) Հարց տվեցի։

ԱՆՆԱ — Չասացի՞ր՝ «մի խոսիր», ես էլ չեմ խոսում։

ՌՈԲԵՐՏ — (նյարդայնացած): Համակարգիչս որտե՞ղ է։ 

ԱՆՆԱ — Վաճառել եմ։ 

ՌՈԲԵՐՏ — (սարսափելի զայրացած): Ո՞վ էր քեզ թույլ տվել։ 

ԱՆՆԱ — Փոշու բուն էր։ 

ՌՈԲԵՐՏ — (գոռալով): Հազարումի կարևոր ֆայլեր կային։ Ադամի բոլոր նկարներն ու տեսանյութերն էդտեղ էի պահել, հիվա՜նդ։ Տուր դրանց համարը։ 

ԱՆՆԱ — Հանգստացիր։

ՌՈԲԵՐՏ — Չէ, չի կարելի էս աստիճան հոգեկան հիվանդ լինել, հերիք եղավ, էլի՛, զզվեցի։ Եթե հանկարծ չկարողացա ֆայլերը ետ բերել, վիզդ կտրելու եմ։ Ամեն ինչ էդտեղ էի հավաքել, բոլոր հիշողությունները։ Տուր դրանց համարը։ (Զայրույթից իր առջև դրված սպասքը ջարդուփշուր անելով։)

ԱՆՆԱ — Ֆայլերը տեղափոխել եմ համակարգչիս մեջ։ Գումարն էլ դարակում է։

Ռոբերտը փոքր-ինչ հանգստանում է։

ՌՈԲԵՐՏ — Ու ինչքանո՞վ ես վաճառել։

ԱՆՆԱ — Հարյուր հազար դրամով։

ՌՈԲԵՐՏ — Համարյա նվիրել ես։ Իսկ նստել, քննարկել, կարծիք լսել, հաշվի առնել չկա՞։

ԱՆՆԱ — Դեռ մի բան էլ շատ են տվել։

ՌՈԲԵՐՏ — Փաստորեն, էս տանն ամեն ինչ արժեզրկվում է։

ԱՆՆԱ — Դա քո համակարգիչն էր, խնդիրը քո մեջ փնտրիր։ 

ՌՈԲԵՐՏ — Ինչ խելացի ես, է՜, բոլոր պատասխաններն ունես։ 

ԱՆՆԱ — Հա, բայց կռվելու տրամադրություն չունեմ։

ՌՈԲԵՐՏ — Ինչպես միշտ կշռադատված ես, հասկացող ու ամեն ինչ ընկալող։ Գիտես` երբ լռել ու տրամադրություն չունենալ։ Դե, ուրիշ ես, էլի։

Ռոբերտը վերցնում է հեռախոսն ու բարձր ձայնով սկսում մանկական շոու նայել։

ԱՆՆԱ — Անջատիր էդ հիմար երգը։

ՌՈԲԵՐՏ — Սոված եմ։

ԱՆՆԱ — Ինչ-որ բան պատվիրիր։

ՌՈԲԵՐՏ — Չէ, ուզում եմ դու սարքես։

ԱՆՆԱ — Անջատիր էս հիմար երգը։

ՌՈԲԵՐՏ — Ի՞նչ կապ ունի երգը, ասացի՝ «ուզում եմ դու սարքես»։

ԱՆՆԱ — Մենք հինգ ժամ անդադար ինչ ասես լսել ենք, ես էլ ուզում եմ հանգստանալ։

ՌՈԲԵՐՏ — Իսկ ես ուզում եմ լսել։

ԱՆՆԱ — Իսկ ես ուզում եմ հանգստանալ։

ՌՈԲԵՐՏ — Գնա, սենյակում հանգստացիր։

ԱՆՆԱ — Էստեղ եմ ուզում հանգստանալ, սա իմ խոհանոցն է։

ՌՈԲԵՐՏ — Դե, եթե քո խոհանոցն է, ուրեմն ուտելու բան սարքիր։

Աննան վերցնում է հեռախոսը, անջատում երաժշտությունն ու վերադարձնում Ռոբերտին։

ԱՆՆԱ — Ձայները մինչև հիմա գլխումս են։

ՌՈԲԵՐՏ — Երևակայական ընկերների՞դ։ 

ԱՆՆԱ — Երեխաների։

ՌՈԲԵՐՏ — Նրանք պարզապես ուրախանում էին։

ԱՆՆԱ — Ճչում էին ու անկանոն շարժումներ անում։ Մի պահ ինձ թվաց՝ տղայի վիզը կկոտրվի, էնպես էր գլուխը թափահարում։ 

ՌՈԲԵՐՏ — Ուզում եմ խմել։ Որտե՞ղ են խմիչքները։

Ռոբերտը վերցնում է սեղանի համարյա դատարկ գինու շիշն ու սկսում հենց շշից խմել։

ԱՆՆԱ — Կուզե՞ս գինով կաթիլային միացրու, էլ չչարչարվես։

ՌՈԲԵՐՏ — Էսօր թուլանալու օր էինք, չէ՞, հայտարարել, ուրեմն արի թուլանանք։

ԱՆՆԱ — Թուլանալու համար մի ամբողջ հարսանիք կար։

ՌՈԲԵՐՏ — Էնտեղ չէի ուզում։

ԱՆՆԱ — Որովհետև մնացած հյուրերը․․․

ՌՈԲԵՐՏ — Ինձ չեն հետաքրքրում հյուրերը։

ԱՆՆԱ — Չէ, բայց վախենում էիր, որ կմտածեն՝ «վեց տարեկան տղան նոր է․․․»

ՌՈԲԵՐՏ — Ասացի՝ մյուսների կարծիքն ինձ չի հետաքրքրում։ Որտե՞ղ էին, երբ ինձնից միայն մոխիր էր մնացել։ 

ԱՆՆԱ — Նրանք պարտավոր չեն քեզ հետ ցավդ կիսել։ 

ՌՈԲԵՐՏ — Հարազատդ պարտավոր չէ՞։

ԱՆՆԱ — Ոչ մեկ, բացի ինձնից։

ՌՈԲԵՐՏ — Դու իրո՞ք էդպես ես մտածում։

ԱՆՆԱ — Էդպես եմ մտածում, որովհետև էդպես է։

ՌՈԲԵՐՏ — Ու ո՞վ է եղել էդ պիղծ «փիլիսոփայության» հեղինակը։ Կյուբլեր Ռոսսի գրքում ես կարդացել, հա՞։ Ո՞վ է էդ հոտած իրականությունը հորինել ու օրինաչափ դարձրել բոլորիս համար։ Հաստ քամակդ բազմոցից չես կտրում, որ գնաս ընկերոջդ կողքին լինես, որ եղբորդ սփոփես։ Չէ՜, ի՞նչ կարիք կա, երեկոյան կարելի է ուղղակի համացանցում թերթել սրա-նրա տկլոր նկարները, հետո կնոջդ կողքին պառկել, նրանից թաքուն ձվերիդ հետ խաղալ ու քնել։ Իհարկե, հեշտ է։ Չնայած՝ նույնիսկ դու կողքիս չես եղել, ինչի՞ մասին է խոսքը։

ԱՆՆԱ — Ու դա հիմա դո՞ւ ես ասում։

ՌՈԲԵՐՏ — Հա, ես եմ ասում։

ԱՆՆԱ — Մի առաջարկ ունեմ՝ արի արժեհամակարգերի հեղափոխությունը վաղն արա, հիմա մարդիկ քնած են։ Մի ներքաշիր ուրիշներին քո քանդված կյանք։ Կրկնում եմ՝ ոչ ոք պարտավոր չէ ցավդ կիսել։

ՌՈԲԵՐՏ — Ուրեմն ես էլ պարտավոր չեմ մտածել՝ ինչն է քեզ դուր գալիս, իսկ ինչը՝ ոչ։ (Աննան մոտենում է ու վերցնում գինին:) Տուն մտնելու առաջին վայրկյանից ինչ-որ բան ես ուզում ասել։

ԱՆՆԱ — Պետք չէ վաղը շուտ արթնանալ, ես տաքսիով կգնամ։

ՌՈԲԵՐՏ — Մի փոխիր թեման։ Դու ժպիտի մի ձև ունես, որ երբ հայտնվում է դեմքիդ, նշանակում է՝ տարերային աղետ է սպասվում։ Ամբողջ հարսանիքի ընթացքում էդ ժպիտով էիր։ 

ԱՆՆԱ — Քեզ չէին խնդրել՝ ուրիշի երեխային գրկել  ու սեղանի մոտ մանկական շոու ծրագիր կազմակերպել։ Կարծես հարազատ երեխադ լիներ։

ՌՈԲԵՐՏ — Ի՞նչ էիր ուզում անեի, հրեի մի կո՞ղմ։

ԱՆՆԱ — Հա, հենց դա էի ուզում։

ՌՈԲԵՐՏ — Նա ընդամենը երեխա էր։

ԱՆՆԱ — Իսկ ես ընդամենը քեզ հետ եկել էի ու չէի ուզում մտածել դրա մասին։ Էգոիզմդ սահմաններ չունի։ 

Ռոբերտը մոտենում է, նստում սեղանի մոտ։

ՌՈԲԵՐՏ — Այսինքն՝ որոշել ես անպայման պատերազմ հրահրել։ Խնդիր չկա։ Սկսիր։

ԱՆՆԱ — Ուզում եմ խոսել Ադամի մասին։

ՌՈԲԵՐՏ — Իսկ ես չեմ ուզում քննարկել Ադամի թեման։

ԱՆՆԱ — Նրանից հետո մենք չենք խոսում, ու ես անգամ գաղափար չունեմ, թե քո ներսում ինչ է կատար․․․

ՌՈԲԵՐՏ — Դու շատ լավ գիտես՝ իմ ներսում ինչ է կատարվում։ Հետո՞։

ԱՆՆԱ — Ուզում եմ մեկի հետ խոսել, իսկ դու․․․

ՌՈԲԵՐՏ — Իսկ ես չեմ ուզում էդ թեման քննարկել, քանի որ երբ ինձ պետք էիր, չկայիր։ Հետո՞։

ԱՆՆԱ — Խոսքը Ադամի մասին է։

ՌՈԲԵՐՏ — Ադամի անունն էլ չտաս։

ԱՆՆԱ — Արդեն մեկ տարի է նրան անընդհատ երազում եմ տեսնում։ 

ՌՈԲԵՐՏ — Ես ավելի լավ վիճակում չեմ։ Նա իմ կյանքի իմաստն էր։

ԱՆՆԱ — Բայց դա չխանգարեց․․․

Դադար։

ՌՈԲԵՐՏ — Ինչի՞ն։

ԱՆՆԱ — Ինձ էլ քեզ հետ հարսանիք քարշ տալուն։

ՌՈԲԵՐՏ — Ի՞նչ ես առաջարկում, փակվենք տանն ու իրար երեսի՞ նայենք։ Ամուսնանում էր եղբայրս։ Տպավորություն է, որ ցավը միայն քոնն է, որ միայն դու ես տառապում, հիշում նրան, երազիդ տեսնում։ 

ԱՆՆԱ — (քթի տակ): Էդպես էլ կա։

ՌՈԲԵՐՏ — Բարձր խոսիր։

ԱՆՆԱ — Զգացե՞լ ես, որ ինձ էլ չես խանդում։

ՌՈԲԵՐՏ — Դու առիթ չես տալիս։

ԱՆՆԱ — Տղամարդուն առի՞թ է պետք կնոջը խանդելու համար։

ՌՈԲԵՐՏ — Ադեկվատ տղամարդուն՝ այո։

ՌՈԲԵՐՏ — Իսկ ադեկվատ տղամարդը, կին ունենալով, ուրիշից երեխա՞ է ունենում։

Լռություն:

ՌՈԲԵՐՏ — Հանգստացա՞նք․․․

ԱՆՆԱ — Ես քո կինն եմ, ով գիտի, որ դու ուրիշից երեխա ունես։ 

ՌՈԲԵՐՏ — Ե՞վ։

ԱՆՆԱ — Հեռախոսդ տուր, տաքսի եմ կանչում։

ՌՈԲԵՐՏ — Ոչ մի տեղ էլ չես գնալու։

ԱՆՆԱ — Հեռախոսդ տուր, տաքսի կանչեմ։

ՌՈԲԵՐՏ — Աննա, ես կբացատրեմ։

ԱՆՆԱ — Ի՞նչ բացատրես։ Ես շատ լավ գիտեմ՝ երեխա ունենալու համար տղամարդն ու կինն ինչ են անում։ Ադամը մի տարի է՝ չկա, իսկ դու արդեն հասցրել ես մեկին գտնել  ու ներքին օրգաններն էնպես իրարով տալ, որ արդեն երեխա՞ ունեք։ Ու դու իբր դե՞մ ես էս փտած իրականությանը։ Դու որդուդ գերեզմանին էիր գնում, հետո վազում մի լրբի հետ անկողնում թավալվելու։

Ռոբերտը ապտակում է Աննային։

ՌՈԲԵՐՏ — Ադամի անունն էլ չտաս։ Նրան ինձնից շատ չես սիրել։

ԱՆՆԱ — Ես ինձնից ծնված երեխային՝ մեր երեխային վստահել էի քեզ։ Ու, առհասարակ, ես քեզ վստահել էի ամեն ինչում։ (Լռություն:) Երեխադ տղա՞ է։

ՌՈԲԵՐՏ — Հա։

ԱՆՆԱ — Անունն ի՞նչ է։ (Ռոբերտը լռում է:) Անունն ի՞նչ է, Ռոբերտ։ (Ռոբերտը նորից չի պատասխանում:) Խոսի՜ր։ Անունն ի՞նչ ես դրել։

Ռոբերտը դուրս է գալիս տնից։ Աննան լվանում է դեմքը, հետո գնում խոհանոց, փորձում խոր շունչ քաշելով հանգստանալ, ջուր խմել։ Լսվում է տան քաղաքային հեռախոսի զանգի ձայնը։ Աննան չի պատասխանում։

ԱՆՆԱՅԻ ՄԱՅՐ — (ձայնային հաղորդագրություն): Ան, ո՞նց ես։ Ուզում էի իմանալ՝ արդեն տա՞նն եք։ Լավ, երևի դեռ չեք վերադարձել։ Հուսով եմ՝ ամեն ինչ կարգին է։ Շատ ուշ էր, բայց այլ տարբերակ չկար․ զանգեցի Լիզային, ասաց՝ քաղաքում չէ։Գիտեմ, որ Ռոբերտը քաղաքայինից չի օգտվում, դրա համար եմ հանգիստ խոսում։ Տոմսն ամրագրել եմ չորեքշաբթի օրվա համար, ավելի շուտ հնարավոր չեղավ։ Խնդրում եմ, քեզ լավ նայիր, մի մոռացիր, որ հղիության նախնական շրջանն ամենավտանգավորն է։ Նոր հեռախոս եմ գնել ու համարդ վերականգնել։ Վաղուց կյանք վերադառնալու ժամանակն է, թանկագինս։ Սիրում եմ քեզ։ Խնդրում եմ, զանգիր, երբ լսես սա, շա՜տ անհանգիստ եմ։

Աննան թուլացած ընկնում է հատակին։ Ռոբերտը վերադառնում է տուն ու գտնում կնոջն այդ վիճակում։ Սովորականի պես միանգամից առաջին օգնություն է ցույց տալիս, գրկում է Աննային ու սկսում հանգստացնել։

ՌՈԲԵՐՏ — Վերջ, վերջ։ Ինձ նայիր, խորը շունչ քաշիր, այ էդպես, հիմա նորից, մի անգամ էլ։ (Օգնում է, որ կինը նստի աթոռին:) Դեղդ էլի չես խմել, չէ՞։

ԱՆՆԱ — Պետք չէ։ Ջուր տուր։

ՌՈԲԵՐՏ — Պիտի խմես։

ԱՆՆԱ — Չէ, չի կարելի, ջուր եմ ուզում։

ՌՈԲԵՐՏ — Ո՞նց չի կարելի, արի գնանք սենյակ։

ԱՆՆԱ — Ուզում եմ էստեղ մնալ։

ՌՈԲԵՐՏ — Ուրեմն ծածկոց բերեմ։

ԱՆՆԱ — Չէ, մնա։ Չգնաս։

Ռոբերտը պիջակը հանում է ու գցում կնոջ թիկունքին։ Զանգ Ռոբերտին։ Երկար սպասելուց զանգն ընդհատվում է։ Նորից զանգ։ Ռոբերտը պատասխանում է։

ՌՈԲԵՐՏ — Ալո։

ՀԵՐԹԱՊԱՀ ԲՈՒԺՔՈՒՅՐ – Ներեցեք, բժիշկ, երևի արթնացրի ձեզ։

ՌՈԲԵՐՏ — Չէ։

ՀԵՐԹԱՊԱՀ ԲՈՒԺՔՈՒՅՐ — Ասացիք՝ զանգեմ, երեխայի մասին տեղեկություն տամ։

ՌՈԲԵՐՏ — Ո՞նց է վիճակը, քնե՞ց։

ՀԵՐԹԱՊԱՀ ԲՈՒԺՔՈՒՅՐ — Չէ, շատ անհանգիստ է, լացում է։

ՌՈԲԵՐՏ — Մի քիչ էլ սպասեք, եթե զգաք՝ չի քնում, հանգստացնող ներարկեք։

ՀԵՐԹԱՊԱՀ ԲՈՒԺՔՈՒՅՐ – Շատ լավ։ Մորը հազիվ ենք համոզել, որ հինգերորդում պառկի, մի քիչ հանգստանա՝ ճնշումն էր շատ բարձր, իսկ հայրն անդադար ուզում է երեխայի մոտ մտնել, բայց դե վերակենդանացման բաժանմունք չեմ կարող թողնել։

Դադար։

ՌՈԲԵՐՏ — Թույլ տուր տեսնի տղային, բայց շատ կարճ ժամանակով։

ՀԵՐԹԱՊԱՀ ԲՈՒԺՔՈՒՅՐ — Լավ։

ՌՈԲԵՐՏ — Ուշադիր կլինես։ Քնած չեմ, կզանգես, եթե բարդություններ առաջանան։

ՀԵՐԹԱՊԱՀ ԲՈՒԺՔՈՒՅՐ — Անպայման։ 

Ռոբերտն անջատում է հեռախոսը։

ՌՈԲԵՐՏ — Հիմա ի՞նչ ենք անելու։ (Աննան չի խոսում:) Նստելու ենք ու չխոսե՞նք։

ԱՆՆԱ — Ի՞նչ խոսեմ քեզ հետ։

ՌՈԲԵՐՏ — Ինչ կուզես։

ԱՆՆԱ — Չգիտեմ՝ ինչ եմ ուզում։

ՌՈԲԵՐՏ — Հիմա ինձնից ավելի շատ ես զզվում, չէ՞։

ԱՆՆԱ — Զզվելու շատն ու քիչը ո՞րն է։ Կամ զզվում ես, կամ՝ ոչ։

ՌՈԲԵՐՏ — Սիրելու պես։

ԱՆՆԱ — Անընդհատ ինձ թվում է՝ ավելի վատ լինել չի կարող։

ՌՈԲԵՐՏ — Մենք ե՞րբ սկսեցինք իրար չսիրել։

ԱՆՆԱ — Դու սկսեցիր։

ՌՈԲԵՐՏ — Դու էլ շարունակեցիր։

Դադար։

ԱՆՆԱ — Երբ ինձ մոտ ամուսիններ են գալիս ու կինը խոսում է դավաճանության թեմայով, տղամարդը փորձում է թաքցնել ժպիտը՝ հստակ ցույց տալով, որ դա անարժեք բան է․ ի՞նչ է եղել որ, դավաճանել է ու վերջ։ Նրանց բոլորի ներսում հպարտություն կա։ Առևտրականներ եք դուք՝ բոլորդ։ Կնոջը դավաճանելը վաճառում եք ընկերներին։ Կարելի է, չէ՞, ենթադրել, որ մի օր էլ ընկերոջը կդավաճանեք։ Ի՜նչ ուժեղ տղերք եք, է՜։ Դուք օտար կանանց հետ սեքսից հաճույք ստանալու համար չէ, որ քնում եք, այլ նրա համար, որ հետո ասեք՝ դուք դեմք եք։ Ես, չգիտեմ ինչու, համոզված էի, որ դու դավաճան չես, ինչո՞ւ դավաճանեցիր։

ՌՈԲԵՐՏ — Չէի մտածում, ուղղակի վայելում էի քո տված ազատությունը։ 

ԱՆՆԱ — Այսինքն, ես եմ մեղավոր։

ՌՈԲԵՐՏ — Մեղավոր ու անմեղ փնտրելու կարիք չկա։ Կյանքում բաներ կան, որ անում ես առանց մտածելու։ 

ԱՆՆԱ — Ուզում եմ պատճառն իմանալ։

ՌՈԲԵՐՏ — Դուք էլ պակաս առևտրականներ չեք։ Ամուսնուն եք վաճառում ձեր բոլոր չստացված երազանքներն ու կրքերը՝ առանց գիտակցելու, որ մենք հրաշագործ չենք։ Հենց դրանից եք գժվում, որ փոխադարձը շատ քիչ եք ստանում, որովհետև չգիտեք՝ ինչ պահանջել ու ոնց։ Ես տուն եմ մտնում, ու դու թքած ունես՝ օրս ոնց է անցել։ Իմ ձեռքերում մի օրվա մեջ չորս մարդ է մահանում, որոնցից մեկը չորս տարեկան երեխա է, իսկ դու ինձ գրկելու փոխարեն սկսում ես քո հոգեբանության դասերը։ Ես էլ եմ մարդ, Աննա, մսից ու արյունից։ Միշտ արել եմ ամեն ինչ, որ դու ու Ադամը ոչ մի բանի կարիք չունենաք։ Իսկ որպես պատասխան ստացել եմ քո անբնական ժպիտն ու ոչինչ չասող հայացքը։ Բացիր մեր էս-էմ-էսներն ու կարդա իմ ու քո վերջին վեց տարվա խոսակցությունը՝ գումար, գումար, գումար, խանութ, առևտուր, էլի գումար, էլի խանութ, մանկապարտեզի վարձ, էլի առևտուր։

ԱՆՆԱ — Իսկ էդ կինը քեզնից ոչինչ չէ՞ր պահանջում․․․

ՌՈԲԵՐՏ — Աստված իմ․․․

ԱՆՆԱ — Ե՞րբ ես հասկանալու, որ դու պատասխանատու ես քո արարքների համար։ Հինգ տարեկան երեխա չես․․․

ՌՈԲԵՐՏ — Իսկ ես ժամանակ առ ժամանակ ուզում եմ լինել էդ հինգ տարեկան երեխան։

ԱՆՆԱ — Չլինելդ ես արդարացնում։

ՌՈԲԵՐՏ — Ես ընդամենը հինգ րոպե չեմ եղել․․․ Ընդամենը հինգ րոպե եմ ուշացել։ Մեքենայի մեջ նստած՝ կրկնում էի բոլոր բառերը, որոնք պիտի քեզ ասեի։ Ես ընդամենը հինգ րոպե եմ ուշացել։ Տեսա դպրոցի մոտ հավաքված մարդկանց, ու ուղեղս մթագնեց։ Վախից ոտքերս թուլացել էին, չէի կարողանում մեքենայից իջնել։ Ես ընդամենը հինգ րոպե էի ուշացել, իսկ ուսուցչուհին մտածելով, որ սովորականի պես բակում կանգնած եմ, Ադամին հանգիստ թույլ էր տվել իջնել։

ԱՆՆԱ — Ու դու ո՞նց ես էս մեղքով շարունակում ապրել։

ՌՈԲԵՐՏ — Ի՞նչ։

ԱՆՆԱ — Ո՞նց ես էս մեղքով շարունակում ապրել։

ՌՈԲԵՐՏ — Փաստորեն քո նման կանայք են տղամարդկանց ինքնասպանության դրդում։

ԱՆՆԱ — Ո՞նց էիր էս ամեն ինչը մտքումդ՝ էսօր ուրիշ երեխայի գրկել ու ծիծաղում, նայում հյուրերին ու ժպտում։ (Դադար:) Ադամից հետո ինձ չասացիր մյուս երեխայիդ մասին, որովհետև խղճո՞ւմ էիր։

ՌՈԲԵՐՏ — Հա։ 

ԱՆՆԱ — Իսկ երբ էդ կնոջ հետ էիր, չէի՞ր  խղճում։

ՌՈԲԵՐՏ — Չէ, բայց չէի կարողանում աչքերիդ նայել։ Հետո դա էլ անցավ։

ԱՆՆԱ — Դու չասացիր՝ տղայիդ անունն ինչ է։

ՌՈԲԵՐՏ — Ուզում ես իմանա՞լ։

ԱՆՆԱ — Հա։

ՌՈԲԵՐՏ — Ադամ չէ։(Դադար:)  Նա ծնվել է Ադամի մահանալուց մի քանի ամիս հետո։ Նայում է աչքերիս ու ժպտում, կարծես փորձում է համոզել, որ իրեն ոչնչում չմեղադրեմ, մենակ չթողնեմ, որ սիրեմ էնպես, ինչպես Ադամիս եմ սիրում։ 

ԱՆՆԱ — Ո՞վ է էդ կինը, Ռոբ։

ՌՈԲԵՐՏ — Կարևոր չէ։

ԱՆՆԱ — Ես ճանաչում  եմ  նրան։

ՌՈԲԵՐՏ — Չէ։

ԱՆՆԱ — Ստում ես։

ՌՈԲԵՐՏ — Միևնույն է՝ երբեք չես ներելու, խաբելու իմաստը ո՞րն է։

ԱՆՆԱ — Ես ներել չգիտեմ, իմ ԴՆԹ-ում դա չկա։ Դու կներեի՞ր։

ՌՈԲԵՐՏ — Ամեն ինչ կարելի է ներել․․․

ԱՆՆԱ — Բայց ոչ ամենքին։ 

ՌՈԲԵՐՏ — Հայրդ ինչո՞ւ մորդ լքեց։

Լռություն:

ԱՆՆԱ — Դու էդպես էլ չկարողացար հասկանալ, թե ինչու եմ էս գրողի տարած տանը խեղդվում։ Միջանցքում դրված կոշիկները, պատերին խզբզած պատկերները, տան ամեն անկյունում դրված խաղալիքի մնացորդներն ինձ հոշոտում են։ Ներել չի ստացվում։ Երդվում եմ՝ չգիտեմ ում՝ գուցե ի՞նձ, քե՞զ, Աստծո՞ւն, եթե նա ընդհանրապես գոյություն ունի, բայց ներել չեմ կարողանում։ Իսկ հիմա դու ինձ ստիպում ես, որ ատեմ քեզ, տալիս ես պատճառ վերջապես նշանակետ գտնելու ու էնպես հարվածելու, որ սիրտս պայթի։ Հիմա հասկացա՞ր՝ ինչու հայրս մորս լքեց։ Որովհետև մայրս էլ չկարողացավ ներել նրան։ Չներեց ստի ու ստորացումների համար։ Հայրս լքեց մորս, ոչ թե հակառակը․․․ Ամեն անգամ, երբ ալկոհոլը թողնում էր ազդեցությունը, նա ծնկի էր գալիս ու ներողություն խնդրում։ Նման տղամարդուն ներել հնարավոր չէր, բայց անհնար էր նաև լքելը։ Մայրս պայքարեց, որ բուժվի։ Բուժվեց։ Մի քանի ամիս հետո հայրս լքեց մորս։ Հիմա հասկացա՞ր՝ ինչու․ չէր կարողանում նայել էն կնոջ աչքերին, որի առաջ օղու շշի պատճառով ծնկի էր եկել։ Իսկ դո՞ւ ինչից պիտի բուժվես։

ՌՈԲԵՐՏ — Ուզում ես լքե՞մ քեզ։

ԱՆՆԱ — Մենք նույն շղթայով ենք կապված։ Ես մտածում էի՝ սերն է, բայց հիմա հասկանում եմ, որ ուղղակի ընդհանուր ցավ ունենք, որը սիրուց ուժեղ է։ Ես չեմ կարողանում քեզ հենց հիմա գրողի ծոցն ուղարկել, որովհետև գիտեմ, որ կյանքում ոչ ոք քեզ պես չի կարող ցավս կիսել, ինչպես ոչ ոք քեզ պես ինձ չէր սիրում։ 

ՌՈԲԵՐՏ — Ոչ սերն էր, ոչ էլ ցավն է․ Ադամը։ Նրանից հետո շղթան կտրվեց, ու մենք միասին էլ անելիք չունենք։ Պարզվեց՝ մենք իրար կորցրել ենք Ադամի ծնվելուց հետո։ Նրա մահը քիչ էր մնում մեզ կրկին միավորեր ու հիմա էլ․․․

Ռոբերտը վառում է սիգարետը։

ԱՆՆԱ — Դրսում ծխիր։ Էդ հոտը տհաճ է։

Ռոբերտը դուրս է գնում:

Լսվում է տան քաղաքային հեռախոսի զանգի ձայնը։ Աննան չի պատասխանում։

ԱՆՆԱՅԻ ՄԱՅՐ — (ձայնային հաղորդագրություն): Ան, խնդրում եմ, եթե տանն ես, պատասխանիր, սարսափելի անհանգիստ եմ, սիրտս պայթում է։ Աննա՜։ Հասկանում եմ՝ ուրիշ տարբերակ չկա, բայց պիտի սպասես, ընդամենը երկու օր ու վերջ։ Կգաս ինձ մոտ, ու ամեն ինչ կկարգավորվի։ Հիմա միայն քո մասին չէ, որ պիտի մտածես։ Խնդրում եմ՝ Ռոբին ասա հղիությանդ մասին։ Ան, չգիտեմ՝ ինչ ես որոշել, բայց ես քո փոխարեն կասեի։

Աննան մոտենում է, վերցնում հեռախոսը։

ԱՆՆԱ — Հա, մամ։ (Դադար:) Չէ, ուղղակի նոր ենք եկել տուն։ (Դադար:) Չգիտեմ։ (Դադար: Ներս է գալիս Ռոբերտը:) Գնամ քնելու, վաղը կխոսենք, լա՞վ։

Աննան անջատում է հեռախոսը։

ՌՈԲԵՐՏ – Մայրդ համարս մոռացել է, հա՞։ Ինչո՞ւ ինձ չի զանգում։

ԱՆՆԱ — Ինչի՞ց եզրակացրիր, որ նա էր։

ՌՈԲԵՐՏ — Որովհետև մեր քաղաքային համարը փոխել ենք ու նոր համարը միայն մայրդ ու Լիզան գիտեն։ Չնայած երևի ամեն ինչ արդեն պատմել ես, չէ՞։ Նա էլ խորհուրդ է տվել չհետևել իր օրինակին, թքել ինձ պես դավաճանի վրա ու հեռանալ։

ԱՆՆԱ — Հենց էդպես էլ ասաց։

ՌՈԲԵՐՏ — Ի՜նչ խոսք, խելացի կին է։ Մեկ-մեկ լսիր նրա խորհուրդները։ (Արկղերից մեկից խմիչք է վերցնում, բացում ու սկսում խմել։ Զանգ Ռոբերտին:) Որտե՞ղ ես, Էրիկ։

ԷՐԻԿ — Ռոբ, ուղղակի չէի կարողանում զանգիդ մատս սեղմեի խոսեի, տարօրինակ աղմուկ էր, ինչ-որ հիմար երգ ու մի մարդ գետնին քնել էր, երևի ես էի։

ՌՈԲԵՐՏ — Հիմա որտե՞ղ ես։

ԷՐԻԿ — Գնում եմ Լիզայի մոտ։

ՌՈԲԵՐՏ — Տեղդ ասա, գամ հետևիցդ։

ԷՐԻԿ — Չէ՜, տաքսու վարորդն ինձ կտանի, ես էլ փող կտամ, հիմա առանց փողի ո՞վ է ում օգնում։ Մենակ երևի դու ինձ, Ռոբ։

ՌՈԲԵՐՏ — Հեռախոսը տուր տաքսիստին։

ԷՐԻԿ — Չէ՜, չխոսկանի մեկն է, ինչ հարցնում եմ, չի պատասխանում։ Ռո՜բ, դու ընկերս ես, չէ՞։

Դադար։

ՌՈԲԵՐՏ — Հա, բա ոնց։

ԷՐԻԿ — Բայց լուրջ, էլի, հումոր չեմ անում։

ՌՈԲԵՐՏ — Հա Էր, ես էլ հումոր չեմ անում։

ԷՐԻԿ — Ռո՜բ, կարոտել եմ Լիզին, գիտե՞ս։ Մի ամբողջ օր չեմ տեսել։ Հա՜, շատ ենք կռվում, բայց սիրում եմ էդ կիսախելագարին։ Ոնց որ դու ես Աննային սիրում, չէ՞, Ռոբ։

ՌՈԲԵՐՏ — Անպայման։

ԷՐԻԿ — Էս վերջերս շատ եք կռվում հիմար ու անիմաստ բաների համար, բայց դու Աննային սիրում ես, չէ՞, Ռոբ։ Ես ախր գիտեմ, որ սիրում ես։ Դու լավ ընկեր ես։ Աննայի համար էլ ես, չէ՞, լավ ընկեր։ Ես քեզ հաճախ չեմ ասում սա, բայց դու լավ ընկեր ես, Ռոբ։ Ես քեզ ինձնից շատ եմ վստահում։ Աննային կբարևես, ասա՝ ես լավ եմ, թող Լիզիս հետ խոսի մինչև տեղ հասնեմ։ Ապուշ բանի համար կռվեց, գնաց․․․

Էրիկն անջատում է։

ՌՈԲԵՐՏ — Կասե՞ս՝ ինչ ես հասկանում դավաճանություն ասելով։

ԱՆՆԱ — Մեծ տղա ես, պիտի որ իմանաս։

ՌՈԲԵՐՏ — Որ ուրիշ կնոջ հետ սե՞քս եմ արել, թե՞ որ սեքսի ժամանակ պահպանակ չեմ ունեցել։ (Աննան լռում է։) Որ սեքսի ժամանակ դու մտքիս չե՞ս եղել, թե՞ որ մտքիս ես եղել ու չեմ դադարել։ Քեզ համար ի՞նչ է դավաճանությունը։ Արժեքն եմ ուզում հասկանալ։ (Մոտենում է կնոջը։)

ԱՆՆԱ — Դավաճանությունն առհասարա՞կ, թե՞ քո դավաճանությունը։ Դրանք ծայրահեղ տարբեր են։

ՌՈԲԵՐՏ — Ու ո՞րն է տարբերությունը։

ԱՆՆԱ — Երբ քեզ տեսնում եմ, աղջնակի պես ուզում եմ թևիդ տակ մտնել։ Երբ ասում ես «ես ու կինս», մարմինս փշաքաղվում է։ Էնքան ծանրակշիռ է էդ «կին» բառը, չափազանց ծանր, որ տանես։ Հիմա ո՞րն է տարբերությունը ինչ-որ մի կնոջ ու քո կնոջ։ Հենց կարողանաս դա հասկանալ, կհասկանաս նաև դավաճանության ու քո դավաճանության տարբերությունը։ Մի կողմ անցիր։

ՌՈԲԵՐՏ — Եթե հիմա ասեմ, որ էդ կնոջ հետ քնելուց հաճույք չեմ ստացել ու երազել եմ, որ նրա փոխարեն դու լինեիր, էլի դավաճանությո՞ւն կհամարվի արարքս։

ԱՆՆԱ — Վերջացրու, զզվելի ես։

ՌՈԲԵՐՏ — Խելացի կին ես, ով բոլոր հարցերը շատ խորն է վերլուծում։ Ուրեմն արի վերլուծենք։ Ինձ սահման տուր, որը հատելուց հետո իմ արարքը դավաճանություն պիտի համարվի։ 

ԱՆՆԱ — Ես քեզ վերաբերող ոչ մի սահման չունեմ։

ՌՈԲԵՐՏ — Անինքնասե՞ր ես։

ԱՆՆԱ — Չէ։

ՌՈԲԵՐՏ — Ուրեմն ո՞նց կարող ես սահման չունենալ։ Էդ կնոջն էն օրն եմ գցել, որ հաճույքից ոտքերը դողում էին, բայց ընթացքում ես հաճույք չէի ստանում, իսկ հետո չէի ուզում անգամ դիպչել նրան։ Հիմա՝ հարց, ես քեզ դավաճանե՞լ եմ։

ԱՆՆԱ — Սահման դու պիտի ունենաս, խոսքը քո խղճի մասին է։ Ինձ ի՞նչ։ Իմ սահմանը ես հստակ գիտեմ։

ՌՈԲԵՐՏ — Ուրեմն քոնն ասա։

ԱՆՆԱ — Դժվար է ընկալել մի տղամարդու, ով իր կնոջ սահմանները չգիտի։

ՌՈԲԵՐՏ — Մի փիլիսոփայիր։ Ինձ ներելո՞ւ ես։

ԱՆՆԱ — Ինչի՞ համար։

ՌՈԲԵՐՏ — Որ դավաճանել եմ քեզ։

ԱՆՆԱ — Ի՞նչ։

ՌՈԲԵՐՏ — Որ դավաճանել եմ քեզ։

ԱՆՆԱ — Մի անգամ էլ ասա։

ՌՈԲԵՐՏ — Դավաճանել եմ քեզ, կներե՞ս։

ԱՆՆԱ — Գուցե։

Դադար:

ՌՈԲԵՐՏ — Դե հիմա դու պիտի ներողություն խնդրես։ Ժամանակն է։

ԱՆՆԱ — Ինչի՞ համար։

ՌՈԲԵՐՏ — Մոռացել ես։ Ոչինչ, կհիշեցնեմ։ Չստացվի էնպես, որ հետո հորդ նման ես էլ ինձ մեղավոր զգամ ու բաժանվեմ քեզնից։

ԱՆՆԱ — Ինչի՞ համար պիտի ներողություն խնդրեմ։

ՌՈԲԵՐՏ — Շատ լավ գիտես, ուղղակի ասա «կներես» ու վերջ տանք էս ամեն ինչին, էս ծանր ու վատ գիշերին ու անցած գնացածին։

ԱՆՆԱ — Պատճառ չունեմ նման բան ասելու։

ՌՈԲԵՐՏ — Ասա «կներես» ու գնանք հանգիստ ապրելու։

ԱՆՆԱ — Բայց ինչի՞ համար։

ՌՈԲԵՐՏ — Չեմ ուզում էդ թեմայով խոսել, ասա «կներես» ու անցնեք առաջ։

ԱՆՆԱ — Չէ։

ՌՈԲԵՐՏ — Ասա «կներես»։ Հա, հրամայիր ինձ, որ ներեմ քեզ, ասա։

ԱՆՆԱ — Չէ։

ՌՈԲԵՐՏ — (գոռալով): Ասա 

ԱՆՆԱ — Քեզ էնպես ես պահում, կարծես ես եմ մեղավոր, որ դու սեռաքաղց ես։

ՌՈԲԵՐՏ — Հայրս միշտ ասում էր․ «Ընտանիքում կատարվող ամեն երևույթի մեղավորը կինն է։ Ու եթե անգամ մեղավոր չէ, հենց դրանում է նրա մեղքը»։

ԱՆՆԱ — Ես ընդամենը մի քանի շաբաթով էի գնացել։

ՌՈԲԵՐՏ — Երկու ամսով։ Ադամն օր ու գիշեր քո անունն էր տալիս ու լաց լինում։

ԱՆՆԱ — Ռոբ, խիղճ ունեցիր։

ՌՈԲԵՐՏ — Դու խղճից մի խոսիր։

ԱՆՆԱ — Գնացել էի վերապատրաստման։

ՌՈԲԵՐՏ – Մորդ տա՞նն էիր վերապատրաստվում։

ԱՆՆԱ —Ես նույն քաղաքում էի, որտեղ և մայրս, հիմարություն կլիներ հյուրանոցում մնալը։

ՌՈԲԵՐՏ — Հիմարություն էր քո գնալը։ Ոչ մի վերապատրաստում էլ չկար։

ԱՆՆԱ — Ինձնից լավ գիտես, որ կար։

ՌՈԲԵՐՏ — Երևի զանգել էին, ճշտել՝ մայրդ որ քաղաքում է, որ հենց էնտեղ էլ գնաս, հա՞։

ԱՆՆԱ — Դա պատահականություն էր։

ՌՈԲԵՐՏ — Պատահական ոչ մի բան չի լինում, մի ստիր։ Ուղղակի ինձնից քաղաքակիրթ ձևով բաժանվելու ուժ չգտար քո մեջ։ Քեզ համար էնտեղ երևի հարմար տարբերակ էր գտել։ Որդուդ հետ երեք-չորս օրը մեկ էիր խոսում, էն էլ մի քանի րոպեով։ Իսկ վերջին շաբաթվա ընթացքում մի անգամ գոնե չէիր զանգել նրան։ Ադամը հեռախոսս ձեռքից վայր չէր դնում, թույլ չէր տալիս, որ գնամ աշխատանքի, որովհետև հնարավոր էր՝ զանգեիր ու հեռախոսն իր մոտ չլիներ։ Կարոտից նիհարել էր, ոչինչ չէր ուտում։ Ու հիմա քեզ իրավունք ես վերապահում հարց տալ, թե ինչո՞ւ եմ քեզ դավաճանել։ Դավաճանում են կողակցին, իսկ ես մենակ էի։

ԱՆՆԱ — Իսկ ես մենակ չէի՞։ Իբր միասին էինք ապրում, բայց քեզ տեսնում էի բացառապես հատուկ առիթներով։ Եղբորիցդ էի իմանում, որ երկրում չես, հետո իմանում էի, որ վերադարձել ես։ Դու մեկ ամսից ավելի տանը չես գիշերել։ Հետս խոսում էիր կտրուկ, առանց մանրամասների։ Ու ինձ պիտի հիմա համոզես, որ քեզ հետաքրքրո՞ւմ էր Ադամը։ Հավատա՝ միայնակ ու լքված կնոջից վտանգավոր ոչինչ չկա աշխարհում, բայց ես ինձ երբեք քո պատճառով չէի վարկաբեկի։

ՌՈԲԵՐՏ — Անիմաստ է քո նմանին ինչ-որ բան բացատրելը։

ԱՆՆԱ — Քեզ խնդրեցի թույլ տալ, որ Ադամին հետս տանեմ։ Երևի հենց դա էր սխալս, պիտի չհարցնեի։

ՌՈԲԵՐՏ — Այ, էդ ժամանակ քեզ ու մորդ նույն տեղում կթաղեի։

ԱՆՆԱ — Հերիք է նրան խառնես էս պատմությանը։ Ես Ադամի հետ ամեն օր խոսում էի Լիզայի հեռախոսով։

ՌՈԲԵՐՏ — Որովհետև Լիզան էդ ժամանակ որդուդ համար ավելի շատ մայր էր, քան դու։ 

ԱՆՆԱ — Դու ինքդ չթողեցիր, որ Ադամին հետս տանեմ։

ՌՈԲԵՐՏ — Ինչո՞ւ էիր ուզում տանել։

ԱՆՆԱ — Որ մայրս տեսնի նրան։

ՌՈԲԵՐՏ — Ստում ես։

ԱՆՆԱ — Հա, կներես, իրոք ստեցի․․․ որ դու նրան հանկարծ դպրոցում չմոռանաս։

Ռոբերտն արագ մոտենում է, բռնում Աննայի կոկորդից ու սեղմում պատին։

ՌՈԲԵՐՏ — Դե հիմա ճիշտն ասա, ինչո՞ւ էիր ինձ ստիպում, որ հավատարմագիր տամ երեխայի համար։ Հը՞ն, ասա։ Ուզում էիր գնալ ու էլ ետ չգալ, չէ՞։ Մորդ պլանն էր։ Ուղեղդ կերել էր ու իր ճակատագրին էր ուզում արժանացնել։

ԱՆՆԱ — Թող։

ՌՈԲԵՐՏ — Վեց տարեկան տղայիդ թողեցիր ու գնացիր ուրիշ երկիր էն մտքով, որ պիտի հետո պահանջես նրան, իսկ ես խելոք քեզ հանձնեմ: (Բաց է թողնում Աննային:) Եթե Ադամի դեպքը չլիներ, ես կասկածում եմ, որ կվերադառնայիր։ Հենց էդ ժամանակ էիր արդեն որոշել լքել ինձ, զրկել որդուցս։

ԱՆՆԱ — Եթե նման բան որոշած լինեի, հաստատ կանեի ու հիմա տղաս կողքիս կլիներ։

ՌՈԲԵՐՏ — Որտե՞ղ էիր, որ նրան գրկած գոռալով վազում էի հիվանդանոց, ինձ պատեպատ էի տալիս ու փորձում դողացող ձեռքերով վիրահատել սեփական որդուս։ Վերապատրաստվում էիր, հա՞։ Դու ուղղակի պատրաստվում էիր քանդել տունս զուտ նրա համար, որ տհաս մայրդ համոզել էր՝ ինձ հետ ապագա չունես, որ ապագան Գերմանիայում է։

ԱՆՆԱ — Ասում եմ, չէ՞, որ առևտրական ես։ Անգամ որդուդ հիվանդանոց տանելն ես վաճառում վրաս։ Դու ամեն ինչն ես ինձ վրա վաճառել։ Տեր լինելուց սկսած ամեն մի նախադասությունը։ Ես քեզ համար ընկեր եմ եղել։

ՌՈԲԵՐՏ — Իսկ ես ուզում էի, որ կողքիս կին լիներ, ընկերներ շատ ունեմ։ Կին, ով ժամանակ առ ժամանակ կմոռանար զարթուցիչ միացնել ու քնած կմնար, ով կգիտակցեր, որ անկողնում մեկ-մեկ կարելի է նաև խաբել, որովհետև միշտ չէ, որ ամեն ինչ համընկնում է։ Ուզում էի՝ դռան մոտ թողնեիր էդ հոգեբանի կեցվածքն ու տուն մտնեիր որպես կրքոտ կին, ով կարող է նաև նյարդայնանալ, երբ դրսում անձրև է, ով կարող է ժամանակ առ ժամանակ ամուսնուն չհասկանալ, ոչ թե տղամարդու սթրեսի հիման վրա ուսանողներին դասեր տալ։ Ուզում էի գոռալ ու չսպասել, որ կընկալես ու դրան բացատրություն կգտես։ Ադամի ծնվելուց հետո դարձար անտանելի ճշգրիտ, անզգացմունք իմ հանդեպ։ Առավոտից երեկո միայն Ադամ էիր ասում ու երեխայի պես տարօրինակ ձայներ հանում նրա հետ շփվելիս։ Իսկ ե՞ս, որտե՞ղ մնացի ես։ Որտե՞ղ մնաց էն Աննան, ով մինչև ամուսնանալն ինձ կյանք էր նվիրում իր կենսուրախությամբ։ Որտե՞ղ։ Ամեն ինչ հաշվարկի էիր վերածել, ամեն ինչ ճշգրիտ էր ու բացատրված, արդարացված։ Ես մեկ ամիս տուն չէի գալիս, դու դա հասկանում էիր, ես քեզ վիրավորում էի՝ հասկանում էիր, նվաստացնում էի ամենավերջին ձևով՝ հասկանում էիր, իսկ հիմա՞ ինչու չես հասկանում, ի՞նչ փոխվեց։ Որովհետև Ադամն էլ չկա։ Ես երեխա ունեմ ուրիշ կնոջից, ինչո՞ւ չես դա էլ հասկանում ու ըմբռնում։ Իմ ամենաերանելի գիշերն է սա, ես ուզում էի, որ ինձ չհասկանայիր ու մենք կռվեինք։ Ու հա, հիմա աննորմալի պես ուզում եմ քեզ անկողին քարշ տալ ու էնպես սեքս անել, որ երկուսս էլ հաճույքից մեռնենք։

ԱՆՆԱ — Ես Ադամից առաջ երեք անգամ հուսախաբվել եմ։

ՌՈԲԵՐՏ — Դու չէ, մենք։

ԱՆՆԱ — Դու բժիշկ ես, դու քո ներսում հույս չես պահում, միշտ կամ դիմացինին ես տալիս կամ ակնհայտ վառում։ 

ՌՈԲԵՐՏ — Քեզ երբ իմ մասնագիտության մասին են հարցնում, ի՞նչ ես ասում։

ԱՆՆԱ — Ասում եմ, որ հրաշալի հայր է։ Ուղղակի էն ժամանակ վախեցար։ Ինձ ամեն րոպե դավաճանում էիր ու մտածում, որ նույնը ես կանեմ։ Դրա համար էլ չթողեցիր Ադամին հետս տանել։ Իսկ եթե տանեի, հիմա ամեն կիրակի չէիր գնա ու մինչև առավոտ պառկեիր սառը հողին․․․

Ինչի՞ մասին ենք մենք հիմա խոսում։ Գնա՜։ Երբ դու ինձ մոտ ես, ես զզվելի մարդ եմ դառնում, գնա՜։ Դու ինձ հակացուցված ես, վերջապես հասկացիր դա ու տղամարդկություն ունեցիր, լքիր ինձ։ Ես չեմ կարողանում նույնը քեզ հետ անել, գոնե դու արա դա ու ազատիր մեզ էս տանջանքից։ (Շա՜տ հանգիստ:)

ՍԵԱՆՍ 3-ՐԴ

ԴԵՊՐԵՍԻԱ

Ռոբերտն ու Աննան նստած են հատակին։

ՌՈԲԵՐՏ — Ինչո՞ւ չես կարողանում լքել ինձ։

ԱՆՆԱ – Եթե լքեմ, կկորցնեմ որդուս հետ կապող միակ շղթան։ Ամեն անգամ քեզ տեսնելիս կիսվում եմ, բաժանվում մասերի ու ուզում լցվել գրպաններիդ մեջ, որ ինձ ամենուր հետդ տանես։ Երբ տանը մենակ եմ լինում, ժամերն եմ հաշվում, թե երբ ես վերադառնալու ու դռան զանգի ձայնը լսելուն պես խաղաղվում եմ, լուռ նայում՝ ինչպես ես կոշիկներդ հանում ու ոտնաթաթերիդ հետ միաժամանակ սառը հատակին եմ հպվում, զգում եմ օծանելիքիդ հոտն ու տարօրինակ հանգստություն է վրաս իջնում։ Բոլորը մահացած իրերի են վերածվել, իսկ դու միակ կենդանի ապացույցն ես, որ ես դեռ ողջ եմ։

ՌՈԲԵՐՏ — Ես էլ եմ մահացած։

ԱՆՆԱ — Ուրեմն միասին ենք մահացել։ Կամ դու ես ինձ սպանել, կամ ես քեզ, հետո՝ ինքներս մեզ։

ՌՈԲԵՐՏ — Մենք միասին դժբախտ ենք։

ԱՆՆԱ — Բայց առանց իրար դա էլ չունենք։ Քեզ հետ դժբախտությունը գերադասել եմ առանց քեզ երջանկությունից։ Իսկ դու ինձ անինքնասեր ես համարում, որ բացակա լինելդ երբեք չեմ վաճառել վրադ։ Ես մեռնելու աստիճան սիրել եմ քեզ։ Դու դրսում էիր, Ռոբ, դեռ չէիր մեծացել ու տուն վերադարձել, ինչի՞ համար կռիվ տայի։ Չեմ ուզում ոչ մի ճշմարտություն, եթե դա պիտի քեզ ինձնից հեռու պահի։ 

ՌՈԲԵՐՏ — Էսօր ասացիր այն ամենն, ինչ ութ տարի թաքցրել էիր։

ԱՆՆԱ — Որովհետև էսօր առաջին անգամ տանն էիր, երբ խոսում էի քեզ հետ։ Վախենում էիր, որ չեմ լինի, երջանկության գիշեր է, չէ՞։ (Զանգ Ռոբերտին:) Մի պատասխանիր։ 

ՌՈԲԵՐՏ — Ան, երևի հիվանդանոցից է։

ԱՆՆԱ — Ինչո՞ւ ես դու վիրահատել էդ երեխային։

ՌՈԲԵՐՏ — Որովհետև բժիշկ եմ, ոչ թե դատավոր։

ԱՆՆԱ — Որդուդ վերջին անգամ ե՞րբ ես տեսել։

ՌՈԲԵՐՏ — Երեկ։

ԱՆՆԱ — Ո՞վ է էդ կինը, Ռոբ։

ՌՈԲԵՐՏ — Հիմա էլ էական չէ։ Ուզում եմ փախչենք էս քաղաքից առանց ինչ-որ մեկին ինչ-որ բան ասելու, հեռու մի տեղ թաքնվենք, որ մեզ ոչ ոք չգտնի։ Երկու կիսախելագար խոսում են չգիտես ինչի մասին։

ԱՆՆԱ — Գոնե մեր խելագարությունը թող կես չլինի։

Զանգ տան հեռախոսին։ Պատասխանող չկա։

ԼԻԶԱ — (ձայնային հաղորդագրություն): Ան, Լիզան է։ Ռոբին ասա, որ անալիզի պատասխանը ստացել եմ։ Երեխան իրենից չէ, կարող է հանգիստ ապրել։ Հա, մի բան էլ՝ փոխանցիր, որ ատում եմ նրան։ Հուսով եմ՝ մի օր ինձ կներես։

ՎԵՐՋ

2022 թ.

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։