Արմեն ՍԱՆԹՐՈՍՅԱՆ / ԱՆԱՀԻՏ
(Ըստ Ղ. Աղայանի համանուն հեքիաթի)
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ
ԱՆԱՀԻՏ
ՎԱՉԱԳԱՆ
ՎԱՂԻՆԱԿ
ՀԵՂՆԱՐ
ՎԱՐԴԻԹԵՐ
ԱՐՔԱ
ՏԻՐԱՆ ԱՐՔՈՒՆԱՊԵՏ
ՏԵՐ-ՍԱՀԱԿ
ԱՐԲԱԿ
ԱՇԽԵՆ
ՆՈՅԵՄ
ԱՌԱՆ
ՎԱՃԱՌԱԿԱՆ
ՔՈՒՐՄ
ՔՐՄԱՊԵՏ
1-ԻՆ ՊԱՏՄՈՂ
2-ՐԴ ՊԱՏՄՈՂ
ՊԵՐՈԺՑԻՆԵՐ
ԶԻՆՎՈՐ
1-ԻՆ ՊԱՏՄՈՂ — Հեյ, ժողովուրդ հեռու ու մոտ,
Ահել, ջահել, ծեր ու մանուկ,
Հարս ու փեսա, քավոր, սանիկ,
Ի՞նչ եք նստել ծեր տներում,
Եկեք ու լուռ ականջ դրեք:
Անահիտ թագուհու հեքիաթը լսեք:
2-ՐԴ ՊԱՏՄՈՂ – Անահիտ՝ վեհ մի գեղեցկուհի,
Հմայք, կորով, միտք
Ու էլի քանի արժանիք ու ձիրք:
Ծով է իր խելքը, հասկացող, բարի,
Հմայքը նրա սրտեր կվառի:
1-ԻՆ ՊԱՏՄՈՂ — Գորգագործ է նա՝
Ճարտար մատներով հեքիաթ է հյուսում՝
Անտառ, դաշտ ու լեռ, թռչուն, կենդանի՝
Պատկերներ թովիչ հայոց աշխարհի:
2-ՐԴ ՊԱՏՄՈՂ — Իսկ քաջությունը ասելիք է մի,
Սրամարտի մեջ, ձիավարությամբ՝
Գերազանցում է անգամ այրերին:
Ելուզակներից, գել ու գազանից նա երկյուղ չունի:
1-ԻՆ ՊԱՏՄՈՂ — Դե, մնացածը մենք էլ չենք պատմի
Ինքներդ տեսեք, թե ինչպես, ինչու,
Աղջիկն այդ պայծառ, դուստրը՝ լեռների,
Դարձավ թագուհի:
Ուրախ ծիծաղով բեմ են գալիս Անահիտը, Հեղնարն ու Վարդիթերը:
ԱՆԱՀԻՏ — Ինչ ուրախ օր է այսօր, աղջիկներ,
Թևերս տարածել թռչել եմ ուզում:
ՀԵՂՆԱՐ — Ծառեր ու թփեր կանաչ են հագել,
Գարուն է եկել:
ՎԱՐԴԻԹԵՐ — Ծաղիկներն են հարսի պես զուգվել:
ԱՆԱՀԻՏ – Լսեք, թռչուններն ինչ քաղցր են երգում:
ՎԱՐԴԻԹԵՐ — Հարսանիքիս երգելու համար նրանց կկանչեմ:
Աղջիկները ծիծաղում են:
ՀԵՂՆԱՐ — Վայ, Վարդիթեր, լեզուդ մանում է ճախարակի պես
Ու հոգնել չունի:
ՎԱՐԴԻԹԵՐ — Ուշադիր եղեք, մանածս թելը հանկարծ չկտրի
Հենց լեզուս հոգնեց, էլ ինձ պետքը չի՝
Ջուրը կգցեմ:
Աղջիկները ծիծաղում են:
ՀԵՂՆԱՐ — Վարդիթեր, էն տղի պատմությունը պատմի,
Անահիտն էլ թող իմանա:
ՎԱՐԴԻԹԵՐ — Սպասեք կուժս ջրի տակ դնեմ, լցվի:
Գամ ու պատմեմ:
ԱՆԱՀԻՏ – Ի՞նչ պատմություն է:
ՀԵՂՆԱՐ — Որ լսես, ծիծաղից ուշքդ կգնա:
ՎԱՐԴԻԹԵՐ – Եկա: Ուրեմն էսպես:
Երեկ, տատիս հին գլխաշորը գլխիս
Կանգնած նայում եմ ծաղկած ծառերին,
Քթիս տակ կամաց աղոթք եմ ասում,
Որ առատ բերք տա Աստված բոլորին:
Մեկ էլ տեսնեմ մի լղար տղա,
Ոնց չոլի աղվես, աչքերը վրաս պլշեց՝
Ասեց. «Գտա, ո՞ւր ես:»
ՀԵՂՆԱՐ — Չէ, չէ, մենակ մի պատմի, ձևերն էլ արա:
Ես Վարդիթերն եմ, դու էլ էդ տղեն:
Դե, սկսեցինք:
(Իբր Վարդիթերն է):
«Այ տղա, ո՞վ եմ ես:»
ՎԱՐԴԻԹԵՐ – (Իբր տղան է):
Բախտագուշակ, մեռա ման գալով,
Էսքան վախտ ո՞ւր ես:
Եկել եմ քեզ մոտ, բախտս գուշակես:
ՀԵՂՆԱՐ – (Իբր Վարդիթերն է):
Հա ճիշտ ես եկել:
Փնտրածդ ես եմ:
ՎԱՐԴԻԹԵՐ – (Խոսում է որպես Վարդիթեր):
Հիմի էս խելապակասը ուրախությունից
Վեր-վեր է թռչում,
Հետո գրպանից մի կրծած խնձոր հանեց,
Ինձ տվեց:
(Իբր տղան է):
Էս խնձորը առ ու մեջը նայի,
Տես, Հնդստանի թագուհին ինձ ե՞րբ կսիրի:
(Որպես Վարդիթեր):
Տեսա էդ տղի ծալը պակաս է,
Խնձորը առա դես շուռ տվեցի, դեն շուռ տվեցի
Իբր նայում եմ, ասի:
ՀԵՂՆԱՐ — (Որպես Վարդիթեր):
Վեր կաց տուն գնա:
Հնդստանի թագուհին ձեր տանն է հիմա:
ՎԱՐԴԻԹԵՐ- (Որպես տղա):
Վազեմ, հասնեմ տուն, թագուհուս գրկեմ,
Մի հատ պինդ պաչեմ:
Ասեց ու վազեց:
ՀԵՂՆԱՐ — (Ծիծաղում է):
Վայ, Վարդիթեր, վայ, չմեռնես դու,
Տանողիդ տանը մնաս, ու էլ դուրս չգաս:
ՎԱՐԴԻԹԵՐ — Դու հանգիստ մնա,
Ես հենց տանողիս տունն էլ կմնամ:
ԱՆԱՀԻՏ — Լավ բան չես արել,
Ծաղրել ես տղին ու ձեռք ես առել:
ՎԱՐԴԻԹԵՐ – Է՜, դու էլ, Անահիտ…
Լավ բան չես արել, ծաղրել ես, ձեռ առել…
Կատակ եմ արել:
ԱՆԱՀԻՏ — Ախ, աղջիկներ, ինչքան լավ է ապրել աշխարհում,
Մեր չքնաղ երկրի մասնիկը լինել:
Ուզում եմ վազել, վազել դաշտերով,
Սարերից եկող պաղ օղը շնչել:
ՀԵՂՆԱՐ — Տանենք մեր պսակները,
Կախ տանք օրհնված ծառի ճյուղերից,
Թալիսման դառնան, չարը խափանեն,
Որ մեր երկիրը չտնքա ցավից:
ՀԵՂՆԱՐ – Տեսե՞ք, հայր սուրբն է գալիս:
ՎԱՐԴԻԹԵՐ — Բարով եկար, հայր սուրբ:
ՏԵՐ-ՍԱՀԱԿ — Բարին բոլորին:
ԱՆԱՀԻՏ — Օրհնիր մեզ, Տեր Սահակ:
ՏԵՐ-ՍԱՀԱԿ — Աստծո օրհնանքը ձեզ վրա լինի:
Անահիտ, դեռ շարունակո՞ւմ ես
Ուսանել հայ օրիորդներին գրերը հայոց:
Սուրբ Մեսրոպը անմար ջահ կախեց
Մեր արդար հողի երկնակամարում:
ԱՆԱՀԻՏ — Հայր սուրբ,
Քսան հայ օրիորդ ուշիմ, խելացի,
Եվ վարժ գրում են և վարժ էլ կարդում,
Ավետարանից՝ անգիրներ ասում:
Երդվել են իրենց նվիրել Աստծուն:
ՏԵՐ-ՍԱՀԱԿ — Աստվածահաճո գործ եք կատարում:
Մեր Տերը ձեր ճամփան լուսավոր կանի:
ԱՆԱՀԻՏ — Նա մեր հովիվն է,
Իսկ մենք էլ նրա հլու գառները:
ՏԵՐ-ՍԱՀԱԿ — Ես գնամ, Օհանը կանչել է նորից:
Տեսնեմ այս անգամ ինչ է պատւսհել: (Գնում է)
ՎԱՐԴԻԹԵՐ — Տեր Սասհակը կրակն է ընկել Օհանի ձեռը՝
Մեկ՝ տունս օրհնի, չար աչք չկպչի,
Մեկ՝ աղոթք ասա, որ կովս անփորձանք ծնի,
Մեկ էլ՝ աղոթի, որ աղջիկներս
Տանը չմնան, շուտ մարդի գնան:
Աղջիկները ծիծաղում են:
Մտնում են Վաչագանն ու Վաղինակը:
ՎԱՂԻՆԱԿ – Տեսնո՞ւմ ես, բախտը մեզ ոնց է ժպտում,
Այստեղ մեզ կարգին որս է սպասվում:
ՎԱՉԱԳԱՆ — Բարև, աղջիկներ:
ԱՆԱՀԻՏ — Հազար բարև ձեզ:
ՎԱՂԻՆԱԿ — Գնացողը ձեր քահանա՞ն էր:
ՀԵՂՆԱՐ — Մեր քահանան էր:
ՎԱՐԴԻԹԵՐ — Իսկ դուք ովքե՞ր եք:
ՎԱՂԻՆԱԿ — Որսորդներ ենք:
ՎԱՐԴԻԹԵՐ- Ի՞նչ է, ձեր կողմերում եղնիկներ չկա՞ն:
ՎԱՉԱԳԱՆ — Առաջին անգամ ենք մենք այստեղ լինում:
Որսը առատ է՝ եղնիկ, պախրային
Թիվ համրանք չկա:
ՎԱՐԴԻԹԵՐ — Պահ, պահ, պահ, պահ,
Ի՜նչ որս են արել:
Մեր անտառներում էլ որս չեն թողել,
Էլ եղնիկ, պախրա, էլ լոր ու կաքավ:
ՎԱՉԱԳԱՆ — Դուք մեզ ծաղրելու իրավունք ունեք:
Որսի հետևից այնքան վազեցինք,
Մի ամբողջ կապարճ նետ արձակեցինք՝
Բոլորը իզուր:
Ոչ մի նետ չդիպավ փախչող եղնիկին:
ՎԱՐԴԻԹԵՐ — Մեր եղնիկները հիմար չեն՝ կանգնեն սպասեն,
Թե երբ է նրանց նետը խոցելու:
ՎԱՉԱԳԱՆ — Շոգն էլ մի կողմից.
Հոգնած ենք սաստիկ ու քրտնամխած,
Մի թաս ջուր կտա՞ք:
Կժով ներս է մտնում Հեղնարը, կուժը մեկնում է Վաչագանին:
Անահիտը կուժը վերցնում է Հեղնարի ձեռքից ու մի կողմ է դնում:
ԱՆԱՀԻՏ — Համբերեք մի քիչ:
ՎԱՉԱԳԱՆ — Ինչ է, մի կում պաղ ջրի արժան չե՞ք գտնում:
ԱՆԱՀԻՏ – Ասացիք՝ մեզ մոտ երբեք չեք եղել,
Առաջին անգամն եք այստեղ ոտք գնում:
Եվ ի՞նչտեսաք ու ի՞նչ զգացիք:
ՎԱՉԱԳԱՆ — Տեսանք մենք այստեղ մի խաղաղ անկյուն,
Ուր ամեն մի մարդ իր գործը ունի,
Բանում են սիրով ու նվիրումով
Եվ երջանիկ են՝ այս է կարևոր:
ՎԱՂԻՆԱԿ — Տան երդիկներից ծուխ է բարձրանում,
Թխվող լավաշը այնպես է բուրում:
Հա, մի հավ էլ, ձայնը գլուխը գցած,
Ոնց էր կչկչում.
Մարդիկ չիմանա՞ն, որ ձու է ածում:
ՎԱՉԱԳԱՆ — Դե, ուշ է արդեն մենք պիտի գնանք:
Շնորհակալ ենք զրույցի համար:
ՎԱՂԻՆԱԿ — Ափսոս, շատ ափսոս, բայց պիտի գնանք:
ԱՆԱՀԻՏ — Սպասեք մի պահ, ջուր չխմեցիք:
Խմեք, մեր սառը ջուրը ձեզ անուշ լինի:
(Կժով ջուր է տալիս Վաչագանին):
ՎԱՉԱԳԱՆ — Շնորհակալ ենք: Բայց չհասկացանք՝
Երբ ջուր խնդրեցինք, ինչո՞ւ մերժեցիք:
ԱՆԱՀԻՏ — Ամեն ինչ պարզ էր ու հասկանալի:
Սարերից իջնող մեր ջուրը, եղբայր
Շատ-շատ է պաղ, իսկ դուք էլ՝ քրտնած:
ՎԱՉԱԳԱՆ — Հիմա հասկացա պատճառն արարքիդ:
Շնորհակալ ենք: Հոգածությունդ ես չեմ մոռանա:
Անունդ ի՞նչ է, գեղեցիկ աղջիկ:
ԱՆԱՀԻՏ — Անահիտ
ՎԱՉԱԳԱՆ — Անահիտ…Ա-նա-հի՞տ…
Կարծես զեփյուռի երգած սիրո երգ լինի:
Վաղինակ, գնանք:
ՎԱՂԻՆԱԿ – Գնալը՝ գնանք, բայց առանց որսի
Ինչպե՞ս տուն դառնանք:
ՀԵՂՆԱՐ — Որս անելուց բացի ուրիշ գործ չունե՞ք:
ՎԱՂԻՆԱԿ — Վայ, այս աղջիկը խոսել էլ գիտի:
Լսիր, ծիծեռնակ, մեր ճակատին այդպես է գրված՝
Որս անել միայն:
ԱՆԱՀԻՏ — Իսկ ես կարծում եմ՝
Հարուստ, թե աղքատ, ռամիկ, թե արքա,
Պիտի որևէ արհեստ իմանա:
Երիտասարդ եք, լավ կլինի որսի հետ մեկտեղ,
Որևէ արհեստի դուք տիրապետեք, մի օր պետք կգա:
ՎԱՂԻՆԱԿ — Արհեստ սովորել մեզ բնավ պետք չի,
Հենց այդ էր պակաս…
Վաչագան, վեր կաց, կավ հունցի, կուլա պատրաստի,
Չէ, գինու կարաս:
Չէ, չէ, գերանդին վերցրու, գնա խոտ հնձի:
ՎԱՉԱԳԱՆ — Սպասիր, Վաղինակ:
Արհեստ իմանա՞, բայց ինչի՞ համար:
ՎԱՐԴԻԹԵՐ — Արհեստը ազնիվ վաստակով օջախ է պահում:
Անահիտի հայրն է, բոլորիս այդպես խրատում:
ԱՆԱՀԻՏ — Կյանքում ամեն ինչ փոփոխական է,
Այսօր վերումն ես,
Վաղը կարող է գահավիժես վար,
Ամեն ինչ կորցնես ու ոչինչ դառնաս:
Հորս խոսքերն ինձ համար դարձնել են պատգամ:
ՎԱՉԱԳԱՆ — Իսկ հայրդ ո՞վ է,
Մի փիլիսոփա՞, թե՞ ուսյալ իշխան:
ՀԵՂՆԱՐ — Մեր փոքրիկ գյուղի նախրապանն է նա,
Անունը՝ Առան:
ՎԱՂԻՆԱԿ — Նախրապան է, սակայն խորհում է գիտունի նման:
ՎԱՉԱԳԱՆ – Իմաստությունը, եղբայր Վաղինակ,
Տրվում է վերուստ:
Ու չի հարցնում՝ նախրապան ես դու, իշխան, թե մի ծաղրածու:
ԱՆԱՀԻՏ — Եվ կյանքի փորձից
Տարիների հետ այն խորանում է ու մաքրագործվում:
Ավագներն էլ սերունդներին են դրանք կտակում:
ՎԱՉԱԳԱՆ — Երևում է՝ հորդ աղջիկն ես:
Որքան բան կա, Վաղինակ, որ մենք չգիտենք:
ՎԱՐԴԻԹԵՐ — Լսիր, քաջ տղա,
Մեր Անահիտին այդպես մի նայիր,
Աչքերդ պսպղում, պեծին են տալիս: ,
Թե լեզվիդ տակ բան կա թաքնված,
Մի պահիր, ասա:
Իսկ եթե չկա… Ջուրը խմեցի՞ք,
Դե, գնաք բարով:
Հա, ձեզ եմ ասում, լավ չհասկացա՞ք:
Անահիտ, ապա նայիր, էս խեղճ տղերքը
Մեր արևի տակ էնքան մնացին՝
Դարձել են չամիչ:
Աղջիկներ, եկեք սրանց վրա սառը ջուր շաղ տանք:
Թող կենղանան, իրենց տուն դառնան:
ՀԵՂՆԱՐ — Շաղ տանք, շաղ տանք…
ՏԵՐ-ՍԱՀԱԿ – (Մոտենալով).
Չհամարձակվեք, այ չաչանակներ, չհամարձակվեք:
Բարի գալուստ, արքայորդի, բարև, Վաղինակ:
ՎԱՐԴԻԹԵՐ – Արքայորդի՞… Վայ, հազար ամոթ…
Ներիր դու ինձ, արքայորդի:
Երկար լեզուս թող չորանար,
Փուշը ծակեր, ավել-պակաս չբլբլար
Ու կրակը չգցեր ինձ:
ՎԱՉԱԳԱՆ — Մի կարմրի, սիրուն աղջիկ,
Կատակդ սուր էր և տեղին ասված:
Բարև, Տեր-Սահակ: Վաղուց չենք տեսնվել:
Պալատ չե՞ս գալիս:
ՏԵՐ-ՍԱՀԱԿ — Իմ հոտին անտեր չեմ կարող թողնել:
Քահանա եմ ես, անելիք շատ կա:
Ինչպե՞ս են գործերդ Վաչագան, տղաս:
ՎԱՉԱԳԱՆ — Լավ, Փառք Աստծո:
ՏԵՐ-ՍԱՀԱԿ – Ի՞նչ էր պատահել սահմանի գլխին:
ՎԱՉԱԳԱՆ — Օտար երկրից մի խումբ խաժամուժ, բաշիբոզուկներ
Զենք ու զրահով փորձում էին նեղել մեր ժողովրդին:
Հայրս ուղարկեց, որ սանձեմ նրանց ու ետ շպրտեմ:
ՏԵՐ-ՍԱՀԱԿ — Քաջագործությանդ մասին են խոսում ամենուր:
Բազկիդ զորություն, Աստված քեզ պաշտպան:
ՎԱՉԱԳԱՆ — Շնորհակալ եմ:
Հանդիպման համար,
Ուրախ եմ, հայր սուրբ:
Աստծո ռազմիկն ես ու նրա ծառան:
Շարունակիր քո գործը արդար,
Տարածիր ամենուր սուրբ խոսքը Աստծո:
Աստված պահապան բոլոր, բոլորին:
ՏԵՐ-ՍԱՀԱԿ – Ամե՛ն:
ՎԱՉԱԳԱՆ — Վաղինակ, ժամն է բռնելու տունդարձի ճամփան:
ՎԱՂԻՆԱԿ — Անկեղծ որ ասեմ, գնալ չեմ ուզում:
Այստեղ լավ է, քան թե պալատում:
Բայց պիտի գնանք:
Աղջիկներ, շատ չվշտանաք,
Մենք էլի կգանք:
ՀԵՂՆԱՐ — Գնացեք բարով:
ՎԱՐԴԻԹԵՐ — Մեզ չմոռանաք:
ՏԵՐ-ՍԱՀԱԿ — Ես կուղեկցեմ ձեզ:
ՊԱԼԱՏ:
1-ԻՆ ՊԱՏՄՈՂ — Ինչ՞ է կատարվում Վաչագանի հետ,
Աչքերի առաջ միշտ նա էր կանգնած՝
Անահիտը վեհ, հպարտ, սլացիկ:
2-ՐԴ ՊԱՏՄՈՂ — Գիշերը անգամ նա հանգիստ չուներ,
Քունը չէր առնում իր գիրկը տաքուկ
Ու չէր ընկղմում երազների մեջ:
ՎԱՉԱԳԱՆ — Արփի շողի մեջ նա է երևում,
Հավքի դայլայլում իր ձայնն եմ լսում
Եվ մեղմ շշուկով խոսում նրա հետ:
Երկնային պարգև, դյութիչ Անահիտ,
Այսպես սիրավառ երբեք չեմ եղել:
Այս Վաղինակը ինչո՞ւ ուշացավ,
Խնդրեցի գնա՝ Անահիտի հետ խոսի,
Իսկույն ետ դառնա:
Նոյան ագռավի պես գնաց ու կորավ.
Այսքանից հետո կաթնեղբայր է դեռ:
Քո ճաշը կուտես, երբ որ ետ դառնաս:
ՎԱՂԻՆԱԿ — Նոյան ագռավը թռավ ու եկավ՝
Իր ճաշը ուտի:
ՎԱՉԱԳԱՆ — Եկար վերջապես:
Դե, խոսիր իսկույն, ի՞նչ լուր բերեցիր:
Թե՞ լուրդ գույժ է, հուսախաբ մերժում,
Լավ է չխոսես, համրացիր մնա,
Ես կհասկանամ:
Իսկ թե բերել ես լավ լուր, ավետիս,
Դարձիր պերճախոս,
Քաղցր խոսքերով ականջս շոյիր:
Դե ասա, խոսիր:
ՎԱՂԻՆԱԿ — Շուրջս նայելով քայլում եմ հանգիստ,
Մեկ էլ տեսնեմ՝ նա, թևերը բաց ու ոտաբոբիկ,
Մարգերն է ջրում:
ՎԱՉԱԳԱՆ — Անահիտը մարգերն էր ջրում…
Նա վաղորդյան ցողն է՝ կանաչ մարգերում:
ՎԱՂԻՆԱԿ — Ուզեցի խոսել, հանկարծ էն կողմից կովի չափ մի ղոչ,
Պոզերը տնկած, գալիս է վրաս:
Ասում եմ՝ ա՛յ ղոչ, քեզ կարգին պահի,
Արքայորդու կաթնեղբայրն եմ ես, տե՛ս, կփոշմանես:
Բայց կատաղած ղոչին բան կհասկացնե՞ս:
Գալիս է վրաս:
Ասի՝ Վաղինակ, ոնց որ տեսնում եմ, քո վերջը եկավ:
Լավ է, ղոչը խոտ տեսավ, ինձնից ձեռ քաշեց:
Նա էլ կանգնել ու ծիծաղում է վրաս:
Ծիծաղը, Վաչագան, կարծես առվակի քչքչոց լիներ:
ՎԱՉԱԳԱՆ — Ճիշտ ես Վաղինակ,
Նրա ծիծաղը կարծես առվի քչքչոց լինի:
ՎԱՂԻՆԱԿ – Ափսոս, նետ ու աղեղս հետս չէր,
Մի եղնիկ խփեի, երկու հատ վարազ՝
Վարդիթերս տեսներ, զարմանար,
Չծիծաղեր վրաս:
ՎԱՉԱԳԱՆ — Երկու հատ վարազ, որ Վարդիթերը
Տեսներ, զարմանար: Հա՞…
Երկու հատ վարազ ցույց կտամ հիմա:
ՎԱՂԻՆԱԿ — Լավ, լավ, լավ.
Սիրահարված մարդուց պիտի հեռու մնալ:
Դու այդտեղ կանգնի, իսկ ես էլ՝ այստեղ:
Դե, հիմա ասա, ինչի՞ մասին ես հարցնում, Վաչագան:
ՎԱՉԱԳԱՆ — Ու՞ր էի ուղարկել ես քեզ:
ՎԱՂԻՆԱԿ — Ախ, հա…
Անահիտի հետ անկեղծ խոսելու:
ՎԱՉԱԳԱՆ – Տեսա՞ր, խոսեցիր՞:
ՎԱՂԻՆԱԿ – Տեսա, խոսեցի…
ՎԱՉԱԳԱՆ – Ի՞նչ պատասխան ես բերել ինձ համար:
Նա քեզ ի՞նչ ասաց:
ՎԱՂԻՆԱԿ — Անահիտն ասաց՝
Քեզ շատ է սիրում
Ու կսիրի եթե անգամ իր հոր պես
Նախրապան լինես:
Ասաց ու կակաչի պես ալ կարմիր կտրեց:
ՎԱՉԱԳԱՆ — Վաղինակ եղբայր, այդքան քաղցր լուր
Դեռ չէի լսել:
Խավարը չքվեց, ամեն ինչ մեկեն վարդագույն դարձավ:
Ասում ես՝ կատաղած մի ղոչ ետևիցդ էր ընկե՞լ,
Այսպե՞ս…
(Իբր ղոչ սկսում է կատակով պոզահարելՎաղինակին):
ՎԱՂԻՆԱԿ – Հանգստացի, այ ղոչ,
Արքայորդու կաթնեղբայրն եմ ես,
Տես, չփոշմանես:
Մտնում են Արքան ու Արքունապետը:
ԱՐՔԱ — Ինչ է կատարվում:
ՎԱՂԻՆԱԿ — Ներիր մեզ, արքա:
ՎԱՉԱԳԱՆ — Կատակ է, հայրիկ, կատակ ենք անում:
Ներիր, հայր, չնկատեցինք, ինչպես ներս մտաք:
ԱՐՔԱ – Ի՞նչ կասես սրան, տեր Արքունապետ:
ՏԻՐԱՆ – Ի՞նչ ասեմ, Արքա,
Ոչ հոգս ունեն, ոչ էլ մտածմունք:
Ջահել են, արքա,
Երեխա դարձել ու խաղ են անում:
ՎԱՉԱԳԱՆ — Ներիր մեզ հայր, ուրախ եմ այսօր:
Ուրախ եմ անչափ:
ԱՐՔԱ — Ինձ նայիր, տղաս…
Աչքերիդ մտահոգությունն իրոք հալվել է
Ու երջանկության շողն է բոցկլտում:
Վաղինակ, որդիս, մենակ թող դու մեզ,
Որդուս հետ անկեղծ խոսել եմ ուզում:
ՎԱՂԻՆԱԿ — Լսում եմ, Արքա, և հնազանդվում:
ԱՐՔԱ — Ականջիս լուրեր են հասել, Վաչագան,
Որ որսի համար հաճախ ես լինում
Կաղնուտ գյուղակի մթին անտառում:
Ի՞նչ է, ուրիշ որսատեղ չկա՞:
ՎԱՉԱԳԱՆ — Այնտեղ առատ է որսը, հայր:
Եղնիկ, վարազներ, նույնիսկ արջ էլ կա:
ԱՐՔԱ — Միայն ո՞րս՝ լոկ արջ ու վարա՞զ,
Գուցե մի փերի՞ ծովից նոր ելած:
ՎԱՉԱԳԱՆ – Վաղինա՞կն է այդ բանը հայտնել:
ԱՐՔԱ — Ոչ:
ՏԻՐԱՆ — Իմ պարտքն է, արքայորդի,
Ինչ կատարվում է մեր տերության մեջ,
Իսկույն հաղորդել մեր տեր արքային:
Ես չեմ ների ինձ, թե թույլ տամ հանկարծ
Փոքրիկ վտանգն անգամ կողքովդ անցնի:
ՎԱՉԱԳԱՆ — Երբ ժամանակը գար, ինքս կասեի:
ԱՐՔԱ — Մի տաքանա, տղաս:
Տեր Արքունապետը իր արքունական պարտքն է կատարում:
Ես հասկանում եմ՝
Ժամանակը եկել է կեսիդ գտնելու:
Ընտրյալդ ո՞վ է:
ՎԱՉԱԳԱՆ — Կաղնուտ գյուղակի նախրապան Առանի դուստրը, հայր:
ԱՐՔԱ — Նախրապան՞…
Ես ճի՞շտ լսեցի, թե՞ միայն թվաց:
ՏԻՐԱՆ – Չթվաց, Արքա, այդպես է, որ կա:
ԱՐՔԱ — Թագաժառանգ ես, տղաս:
Իմ մահից հետո
Դու պիտի դառնաս տերը այս երկրի:
Ապրել եմ երկար,
Բայց դեռ չեմ լսել,
Որ ռամիկ աղջիկը դառնա թագուհի:
Քո ընտրյալը արքայական տոհմից պիտի լինի՝
Արքայադուստր կամ իշխանուհի:
Վրաց արքայի դուստր գեղանի
Արժանի է, որ քո կինը դառնա:
Օրհնանքս կտամ, ձեզ կպսակենք:
Երբ վրաց արքայի հետ խնամի դառնանք,
Դաշինք կկնքենք,
Պաշտպան կդառնանք մեկս մյուսիս,
Ոչ մի թշնամի չի համարձակվի
Մեր սահմաններին ծուռ աչքով նայել,
Մեզ նեղություն տալ:
Թե կուզես՝ խնդրենք Ռշտունյաց բդեշխի
Աղջկա ձեռքը:
Եվ գեղեցիկ է,շատ էլ խելացի:
Թե սրտովդ չի, հեռու չգնանք,
Արքունապետի դստրիկ Աշխենը՝
Մեր աչքի առաջ է նա հասակ առել,
Գեղեցիկ է, հեզ է ու բարի,
Խելացի է ու հայրենասեր:
ՏԻՐԱՆ — Մեծ պատիվ է, Տեր, իմ դստեր համար
Դառնալ թագուհին հայոց աշխարհի:
Ոչ, այդ մեծ պատվին նա արժանի չէ:
Սակայն, Տեր Արքա, թող կամքդ լինի:
Մնում է միայն ճոխ հարսանիքի օրը որոշենք:
Հուզվեցի, Արքա, երջանիկ լինեն:
ԱՐՔԱ – Սպասիր, տեսնենք որդիս ինչ կասի:
ՏԻՐԱՆ — Լսված բա՞ն է որդին դեմ գնա
Արքա հոր կամքին ու հրամանին:
ԱՐՔԱ – Սպասիր, Տեր Արքունապետ,
Դեռ մի շտապիր հարսանիք անել:
ՎԱՉԱԳԱՆ — Ներիր ինձ, հայր:
Առաջին անգամ պիտի կամքիդ հակառակ գնամ:
Եվ դու էլ ներիր, Տեր Արքունապետ,
Դստրիկիդ ձեռքը մերժելու համար:
Աշխենի հետ մանկուց եղել ենք ընկեր,
Ամբողջ կյանքում էլ ընկեր կմնանք:
Ում որ թվեցիր,
Արժանի են լինել թագուհին հայոց աշխարհի:
Բայց իմ ընտրյալը Անահիտն է լոկ
Եվ ուրիշ ոչ ոք:
Թե նա չլինի՝ կերթամ մենաստան,
Ճգնավոր դարձած ես օր ու գիշեր
Աղոթքս կուղղեմ դեպի վեր՝ Աստված,
Կխնդրեմ նրան՝ երջանկություն տա իմ Անահիտին:
Կամ կհրաժարվեմ գահից ու փառքից
Ու Անահիտի հետ մի խուլ անտառում
Միասին կապրենք փոքրիկ, աննշան համեստ հյուղակում:
ԱՐՔԱ — Խոսքերդ, Վաչագան, զարմացնում են ինձ:
Լա՞վ ես մտածել:
Արարքդ չդառնա ծաղրի առարկա:
Բազում իշխաններ, արքաներ հզոր
Վրադ չխնդան ու արհամարհեն
Լոկ նրա համար,
Որ հայոց գահին ռամիկն է բազմել:
ՎԱՉԱԳԱՆ — Հայր, ո՞րն է առավել գերադասելի՝
Կնության առնել մի իշխանուհու,
Չսիրել նրան ու դժբախտ լինե՞լ,
Թե՞ կողքիդ լինի մի սիրած էակ
Թեկուզ և ռամիկ,
Սակայն աշխարհի ամենաերջանիկ մարդը զգաս քեզ:
ԱՐՔԱ — Տեսնում եմ, իրոք սիրում ես նրան:
Երևի շատ է գեղեցիկ այդ Անահիտը,
Եվ խելացի է, և նաև համեստ,
Որ կարողացել է արքայական սիրտդ նվաճել:
ՎԱՉԱԳԱՆ — Չես սխալվում, հայր,
Եվ գեղեցիկ է, խելացի, համեստ:
Արքայորդուն և գահին հայոց՝ Անահիտն է պետք:
ԱՐՔԱ- Սիրո՞ւմ է նա քեզ:
ՎԱՉԱԳԱՆ — Վաղինակը հարցրել է նրան:
ԱԱ ԱՐՔԱ — Եվ ի՞նչ պատասխան…
ՎԱՉԱԳԱՆ — Ասել է՝ սիրում է, սիրում է և կսիրի միշտ,
Եթե անգամ հասարակ նախրապանն լինեմ իր հոր պես:
ԱՐՔԱ — Չնայած գոհ չեմ քո ընտրությունից
Եվ սրտովս չի, սակայն ինչ արած:
Սերը մեծ ուժ է,
Սիրո դեմ չկան անառիկ բերդեր:
Սիրո առջև թե գահ, թե արքայական փառք
Պատրաստ են գերված գլուխ խոնարհել:
Ես էլ, Վաչագան, սիրում էի մորդ հենց այդպես:
Ավաղ, նա շուտ լքեց մեզ, հեռացավ,
Երկնքի հրեշտակներին գնաց միացավ:
Տեսնում եմ, շատ ես սիրում քո Անահիտին,
Հանուն քո սիրո
Պատրաստ ես հրաժարվել գահից ու փառքից,
(Երկինք նայելով)
Սիրելի կինս, դու հավատարիմ իմ զինակիցս,
Գիտեմ, թագուհիս, նայում ես վերից…
Երջանկություն մաղթիր գավակիդ:
Պատրաստվեք հարսնախոսության…
ՎԱՉԱԳԱՆ — Շնորհակալ եմ, հայր,
(Վերև նայելով) Եվ քեզանից, մայր:
1-ԻՆ ՊԱՏՄՈՂ — Արքունիքում բոլորը իսկույն իրարով անցան
Արքունապետ, նաժիշտ, դրանիկ:
Հո կատակ բան չի տերության համար՝
Արքայորդին պիտի թագուհի ընտրի:
2-ՐԴ ՊԱՏՄՈՂ — Եվ պատրաստեցին նվերներ պես-պես
Թավիշ ու մետաքս, ատլաս ու բեհեզ,
Պերճ մատանիներ, զմրուխտ քարերով
Արծաթե գոտի՝
Վարպետաց ձեռքով նախշած նախշերով,
Մարգարտազարդ շքեղ ականջագինդեր,
Թագուհուն վայել թանկարժեք իրեր:
1-ԻՆ ՊԱՏՄՈՂ — Մեծ շքախմբով ելան գնացին,
Նախրապան Առանի դուռը բախեցին:
Նայեց Անահիտը ճոխ նվերներին,
Շնորհակալություն հայտնեց բոլորին,
Դարձավ արքայորդուն ու ասաց այսպես:
ԱՆԱՀԻՏԻ ՏԱՆԸ:
ԱՆԱՀԻՏ – Վաչագան, սիրելիս,
Ես սիրում եմ քեզ, սիրում եմ անչափ:
Քեզանից բացի, ուրիշ ոչ ոք չի կարող երբեք
Սիրտս նվաճել:
Սակայն, սիրելիս, հեղեղուկ է ամեն ինչ կյանքում
Եվ հավերժական ոչ մի բան չկա,
Չգիտես՝ կյանքը քեզ ուր կտանի,
Ինչ փորձություններով կանցնի քո ճամփան:
Շատ է պատահել, որ հզոր արքան
Դարձել է ստրուկ, դարձել է գերին օտար արքայի:
Անբավ հարստությունն էլ չի փրկել նրան,
Գահավիժել՝ դարձել է ոչինչ:
Թող Տեր Աստվածը
Ամեն փորձանքից հեռու պահի քեզ:
Սակայն ամեն մարղ, արքա թե ռամիկ
Պիտի լավին ու վատին միշտ պատրաստ լինի:
Ներիր Վաչագան,
Այսօր քեզ, սակայն, ես պիտի մերժեմ:
ՎԱՉԱԳԱՆ — Պիտի մերժես՞…
Հենց նոր ասացիր, որ սիրում ես ինձ:
ԱՆԱՀԻՏ — Ասացի, այո, կրկնում եմ նորից.
Սիրում եմ անչափ…
ՎԱՉԱԳԱՆ — Սիրում ես անչափ և…
ԱՆԱՀԻՏ — Թույլ տուր, սիրելիս, քեզ մի բան ասել:
ՎԱՉԱԳԱՆ — Ասա, Անահիտ, ասա, լսում եմ:
ԱՆԱՀԻՏ — Եթե արհեստը կորչի, վերանա,
Պալատիդ պատը ո՞վ պիտի շարի,
Կամ ո՞վ կհյուսի ծիրանիդ շքեղ,
Նիզակ ու վահան ո՞վ պիտի ձուլի
Կամ ո՞վ կարարի հացը թոնրի մեջ,
Կանաչ մարգերը ո՞վ պիտի ջրի:
Արհեստը պիտի աշխարհը պահի:
Երբ որնէ արհեստ սովորես,
Քո ձեռքի գործը ընծա ուղարկես,
Այդ օրվանից էլ քոնն եմ ես:
ՏԻՐԱՆ — Ինչ՞ է բարբաջում այս ռամիկուհին:
Արքայորդի և հանկարծ՝ արհեստ…
ՎԱՉԱԳԱՆ — Լռիր, Արքունապետ, չհամարձակվես:
ՏԻՐԱՆ – Ներիր, Վաչագան, ես դա հենց այնպես…
ՎԱՉԱԳԱՆ — Լռիր, ասացի, էլ ձայն չհանես:
ՏԻՐԱՆ — Լռում եմ և հնազանդվում:
ՎԱՉԱԳԱՆ — Իմաստուն են խոսքերդ, չքնաղ Անահիտ,
Վաղը մշուշոտ է, վաղը՝ անորոշ:
Անհայտության ստվերն է մեզ միշտ ուղեկից:
Մարդը մոլորված փնտրում է, փնտրում,
Սակայն չի գտնում:
Ահա, քո առաջ գլուխ խոնարհած
Իմ արքայական երդումն եմ տալիս
Արհեստ սովորել, դառնալ գորգագործ
Եվ որպես սիրույս մի վառ ապացույց,
Քո վեհ պատկերով շքեղ գորգ գործել:
Մնացեք բարով:
(Գնում են բոլորը)
ՏԻՐԱՆ — (Առանձին)
Մեկեն փուլ եկավ թե կարգ, թե օրենք,
Տիրության հիմքերը տակից ցնցվեցին,
Ինչ չէինք տեսել, այդ տեսանք արդեն՝
Արքայի որդին գեղջուկի առաջ
Գլուխ խոնարհեց: (Գնում է):
ՆՈՅԵՄ — Դաշտի լորի պես
Թռավ մեր ձեռքից բախտը, այ Առան…
Բան էր հորինել աղջիկդ, այ մարդ,
Արքայորդին պիտի արհեստ սովորի,
Լսող վրաներս պիտի ծիծաղի:
Արքայորդին մատը որ շարժի,
Աշխարհում ինչքան արհեստավոր կա,
Հասած թթի պես դեմը կթափվի:
ԱՌԱՆ — Քիչ խոսի, այ կին:
Դու էդ գործից բան չես հասկանում:
ՆՈՅԵՄ — Պահ, պահ, պահ, պահ,
Բան չես հասկանում, էլ ո՞նց կլինի:
Էստեղ ի՞նչ կա չհասկանալու՝
Արքայորդին բաղ ու բողչով վեր կենա
Հասրսնախոսության գա…
Ու քոռ ու փոշման ետ դառնա գնա:
Ախչի Անահիտ, էդ ինչ՞ արեցիր,
Բա արքայորդու հետ էդպես կխոսեն՞:
Այ Առան, խոսի, դե մի բան ասա:
ԱՌԱՆ — Ինչ՞պիտի ասեմ,
Անահիտը Վաչագանին լուսավոր ճամփա ցույց տվեց:
ՆՈՅԵՄ — Հա, Վաչագանն էլ սարերից իջած
Մի զըռ չոբան էր:
(Անահիտին) Հորդ կտորն ես է…
Համառ, քո ասածին,
Գոնե մի էսքան ինձ չքաշեցիր:
ԱՌԱՆ — Հերիք է խոսես, սուս մնա, Նոյեմ:
ՆՈՅԵՄ — Է, ճարս ի՞նչ, պիտի սուս մնամ:
Ես էլնոր շորեր հագա,
Ասի պալատ կգնամ, մի երգ կերգեմ,
Լսեն՝ զարմանան:
(Առանը և Անահիտ լիաթոք ծիծաղում են):
Կծիծաղեք, բա ի՞նչ:
Բախտը իր ոտով գա, դեմդ պար բռնի,
Փոխանակ ելնես հետը շուրջպարի,
Ասես, գնա՝ մի արի:
Էստեղ են ասել՝ «Մազը երկար, խելքը կարճ»:
Է, Նոյեմ, իզուր ես խոսում,
Գնա, լավաշդ թխի:
Առանը համբուրում է Անահիտի ճակատը, դուրս են գալիս:
1-ԻՆ ՊԱՏՄՈՂ — Հեռու-հեռավոր օտար ափերում
Մի հռչակավոր վարպետ էր ապրում,
Նրա գործած թե գորգ, թե դիպակ հրաշքներ էին,
Կարծես չեր դիպել ձեռքը մարդկային,
Կարծես երկնքից իջած մի բարի կախարդ
Արևի շողից հյուսել էր հեքիաթ:
Ծիածանն էլ կարծես,
Երկնակամարից ներում հայցելով,
Իջել հեքիաթին ու տոն էր դարձել:
2-ՐԴ ՊԱՏՄՈՂ — Պալատ բերեցին հմուտ վարպետին
Ու անցան գործի:
Արքայորդու աչքերից քուն, հանգիստ փախավ:
Ջանաց օրնիբուն, ջանաց ու տքնեց,
Անչափ գեղեցիկ մի խալի գործեց:
Ու երբ Վաչագանը գործը ավարտեց,
Չսպասեց անցնի օր ու կամ թեկուզ ժամ,
Վերցրեց գործածն ու ընծա բերեց:
1-ԻՆ ՊԱՏՄՈՂ — Նայեց Անահիտը՝
Գորգի վրայի պատկերն իր տեսավ,
Սևուկ աչքերը գետին խոնարհեց,
Ասաց ամոթխած:
ԱՆԱՀԻՏ — Իմ տեր, իմ արքա,
Քոնն եմ ես հիմա:
1-ԻՆ ՊԱՏՄՈՂ — Յոթ օր, յոթ գիշեր հարսանիք արին:
2-ՐԴ ՊԱՏՄՈՂ — Հայոց աշխարհը ցնծում էր ուրախ:
ՎԱՐԴԻԹԵՐ — Մեր փեսան է աջ ու խաչ,
Թիկնոցն է կարմիր կակաչ:
Մեր հարսիկն է աջ ու խաչ,
Հագածն է կարմիր-կակաչ:
ՀԵՂՆԱՐ — Անահիտ, ի՞նչ բերեմ քեզ նման,
Քո կանաչ արևի նման,
Արեգակը որ ծագի,
Քո պայծառ արևի նման:
2-ՐԴ ՊԱՏՄՈՂ — Վաչագան, ի՞նչ բերեմ քեզ նման,
Քո կարմիր արևի նման,
Բալասան ծաղիկ, որ ծաղկի
Քո պայծառ արևի նման:
ԲՈԼՈՐԸ — Ասեք, ի՞նչ բերենք ձեզ համար,
Ձեր կանաչ-կարմիր արևի համար:
Սուսամբար ծաղիկ թող ծաղկի,
Ձեր պայծառ արևի համար:
1-ԻՆ ՊԱՏՄՈՂ — Ու էսպես անցավ որոշ ժամանակ,
Հիվանդությունը պատեց արքային՝
Գցեց անկողին:
Ու երբ որ զգաց՝ մոտ է վախճանը,
Կանչեց որդուն ու նորահարսին,
Երջանիկ աչքերով ժպտաց երկուսին,
Պատգամեց հավերժ սիրել իրարու,
Կտակեց նրանց գահ, իշխանություն,
Ապա լուռ, հանգիստ կյանքից հեռացավ:
Վաչագանը նստեց հոր գահին,
Իսկ Անահիտը դարձավ թագուհի:
2-ՐԴ ՊԱՏՄՈՂ — Օրեր անցկացան ամիսներ, տարի…
Մի օր Վաչագանը Վաղինակին ասաց.
ՎԱՉԱԳԱՆ – Վաղինակ, եղբայր, զգեստափոխվիր,
Դարձիր շինական, շրջիր ողջ երկրում,
Հանդիպիր մարդկանց, խոսիր նրանց հետ:
Պետք է իմանանք, ինչպես են ապրում,
Ինչ հոգսեր ունեն, ինչից են դժգոհ:
Պետք է խիստ պատժել
Ամեն տեսակի անարդարություն:
2-ՐԴ ՊԱՏՄՈՂ — Վաղինակը ելավ ու գնաց:
Գնաց ու գնաց, հետքն էլ չմնաց:
Վաչագանն էլ նրա ետևից գնաց:
Գնաց, որ գտնի կաթնեղբորը իր:
Ու մինչև օրս ընկերներից զույգ,
Չկա ոչ մի լուր:
ՊԱԼԱՏ:
ԱՆԱՀԻՏ — Ինչ զարհուրելի երազ ես տեսա.
Անդունդի եզրին մի ժայռի վրա
Վաչագան արքան, ցնցոտի հագած,
Ընկած էր անշարժ:
Թևավոր մի օձ հսկա, վիթխարի
Եկավ փաթաթվեց իմ Վաչագանին
Ու նրան սեղմած օղակների մեջ,
Խեղդել սակավ:
Թափահարում էր ձեռքերն անզոր,
Ուզում ազատվել իր կապանքներից…
Բայց իզուր, իզուր:
Ու մեկ էլ հանկարծ,
Օձի երախից կրակ դուրս ժայթքեց,
Բացեց պողպատե թևերն ամեհի,
Առավ իր զոհին, բարձրացրեց երկինք
Ու անդունդ նետեց:
Իմ Վաչագանը փորձանքի մեջ է,
Բայց որտեղ՞, ինչպե՞ս…
Օ՜, տեր իմ աստված, դու փրկյա չարեն:
ԶԻՆՎՈՐ – Թագուհի, մի վաճառական է եկել,
Ապրանք է բերել, ուզում է տեսնես:
ԱՆԱՀԻՏ — Ոսկի տվեք դրան, ճանապարհ դրեք:
ԶԻՆՎՈՐ – Փորձեցինք, թագուհի,
Սակայն համառ է ավանակի պես:
Երկու ոտքը մի մաշիկի մեջ դրել,
Ուզում է անպայման ձեզ հետ հանդիպել:
Ասում է՝ մի գորգ է բերել,
Որի արժեքը միայն դու կհասկանաս:
ԱՆԱՀԻՏ — Գորգ՞… Ներս կանչիր իսկույն:
Մտնում է վաճառականը:
ՎԱՃԱՌԱԿԱՆ – О՜, իմ թագուհի, ապշած եմ անկեղծ…
Թույլ տուր ծունկի գալ պատկերիդ առջև:
Ասում էին, որ պիտի հանդիպեմ մի հրեշտակի,
Ծովի կապույտից ծնված մի ջրահարսի:
Ես շատ եմ լսել քո խելքի մասին:
Իմաստուն ես դու, խոհեմ, քաջարի:
Լավ ես հասկանում ու գնահատումը
Գործը արվեստի:
Ո՞վ կհասկանա ապրանքիս գինը քեզանից բացի:
ԱՆԱՀԻՏ — Մի երկարացրու:
Գովասանքներդ շաղ տուր հարճերիդ:
Ապրանքդ ցույց տուր:
ՎԱՃԱՌԱԿԱՆ — Հարճերիս՞…
Համեստ վաճառականին հարճեր որտեղի՞ց:
ԱՆԱՀԻՏ — Ապրանքդ ցույց տուր,
Կամ ներկայությունիցդ իսկույն ազատիր:
ՎԱՃԱՌԱԿԱՆ — Մի շտապիր, չքնաղ թագուհի,
Ցույց կտամ հիմի:
Վաճառական եմ եղել ողջ կյանքում,
Իմ ձեռքի տակով շատ բան է անցել.
Գավաթներ տարբեր՝ արծաթից, ոսկուց:
Պողպատյա թրեր՝ ադամանդակուռ պատյանների մեջ,
Իրենց ճոխությամբ շլացնող գորգեր՝
Պարսից աշխարհից:
Ու էլի շատ ու շատ թանկարժեք իրեր:
Բայց այսպիսի բան չեմ տեսել երբեք:
Բավական է ապրանքիս վրա մի հայացք գցես,
Կհամոզվես, մորուքս վկա, որ այն գին չունի:
Ահա տես, նայիր:
Ա՜, տեսնում եմ աչքերդ ինչպես փայլեցին…
Մեծ գին չեմ ուզի,
Ընդամենը չորս տաղանդ ոսկի:
ԱՆԱՀԻՏ — Այս վարպետին եմ ուզում ես տեսնել,
Նոր գորգ պատվիրել պալատի համար:
ՎԱՃԱՌԱԿԱՆ — Խելամիտ է ցանկությունդ, թագուհի,
Գովասանքների արժանի միայն:
Սակայն այս գորգը գործող վարպետին
Որտեղի՞ց գտնել:
Ո՞վ է իմանում, որտե՞ղ է հիմա,
Կամ ո՞ղջ է արդյոք:
ԱՆԱՀԻՏ – Որտեղի՞ց սա քեզ:
ՎԱՃԱՌԱԿԱՆ — Մի արաբից եմ ես այն ձեռք բերել,
Նա էլ գնել էր մի ծեր հրեայից,
Թե չեմ սխալվում, մեծ գումար տալով,
Նա էլ գնել էր ռաջա հնդիկից:
Իսկ նա թե ումից, ավաղ, չգիտեմ:
ԱՆԱՀԻՏ — Իրավ ես, այս գորգը իրոք գին չունի: Զինվո՛ր:
(Մտնում է զինվորը):
Զնդան նետեք սրան:
ՎԱՃԱՌԱԿԱՆ – Թագուհի, խեղճ վաճառականին նետել զնդան՞…
Ո՞ր մեղքիս համար:
ԱՆԱՀԻՏ — Որ մեղքիդ համա՞ր…
Այստեղ գրված է, որ մեղքիդ համար:
Մեղքերդ ծով են,
Թե չես ուզում կեղտոտ լաթի պես
Կախաղանի վրա ոտքերդ ճոճես,
Պիտի որ խոսես;
ՎԱՃԱՌԱԿԱՆ – Ի՞նչ պիտի խոսեմ, ոչինչ չգիտեմ:
ԱՆԱՀԻՏ — Կախաղան:
ՎԱՃԱՌԱԿԱՆ – Գթա, թագուհի, ամեն ինչ կասեմ:
ԱՆԱՀԻՏ – Խոսիր. նողկալի, որտեղի՞ց ես գալիս:
ՎԱՃԱՌԱԿԱՆ — Պերոժից:
ԱՆԱՀԻՏ – Պերոժո՞ւմ են սրանք պատրաստում:
ՎԱՃԱՌԱԿԱՆ — Այո, Պերոժում:
ԱՆԱՀԻՏ — Ասա ինձ, տականք, ինչո՞ւ Պերոժում:
ՎԱՃԱՌԱԿԱՆ — Երբ մի հմուտ վարպետ Պերոժ է գալիս,
Նրա ձեռք-ոտքին շղթա են դնում՝
Նետում զնդաններ, ստիպում բանել,
Վաճառքի համար ապրանք պատրաստել:
Վաճառքից ստացած հսկա գումարը
Մեծ քրմապետը գրպանն է դնում,
Մեզ փշրանք տալիս:
ԱՆԱՀԻՏ – Ինչպե՞ս եք իմանում՝ եկողը ով է:
ՎԱՃԱՌԱԿԱՆ — Մենք ամեն տեղ լրտեսներ ունենք,
Նրանք են հայտնում եկողը ով է, ինչի վարպետ է:
ԱՆԱՀԻՏ — Լա՜վ: (Կանչում է): Զինվոր,
Տար սրան ու նետիր զնդան:
ԶԻՆՎՈՐ — Լսում եմ, թագուհի:
ԱՆԱՀԻՏ — Զորապետներին էլ ասա իսկույն գան:
ԶԻՆՎՈՐ — Հրամանդ ի կատար:
Մտնում է Աշխենը:
ԱՇԽԵՆ — Բարև, Անահիտ:
ԱՆԱՀԻՏ — Բարև:
ԱՇԽԵՆ — Հուզված ես երևում, բան է պատահե՞լ:
ԱՆԱՀԻՏ — Պատահել է:
ԱՇԽԵՆ – Ի՞նչ: Ասա, շուտ ասա:
ԱՆԱՀԻՏ — Վաչագանից լուր եմ ստացել:
ԱՇԽԵՆ — Աստվածային լուր, ուրախ ավետիս:
Որտե՞ղ է հիմա:
ԱՆԱՀԻՏ – Պերոժում:
ԱՇԽԵՆ — Նա շուտո՞վ կգա:
ԱՆԱՀԻՏ — Սպասիր, վաղ է դեռ ուրախանալ:
Մտնում են Արբակը, Առանը, Տեր Սահակը և Արքունապետը:
ՏԻՐԱՆ — Արևշատություն թագուհուն հայոց:
ԱՐԲԱԿ – Կանչե՞լ ես, թագուհի:
ԱՆԱՀԻՏ — Կանչել եմ, նստեք:
Իսկ որտե՞ղ են Սմբատ և Աշոտ զորապետերը:
ԱՐԲԱԿ — Տանձուտի ձորում զինվորների հետ մարզվում են, թագուհի:
Թե պետք են՝ կանչենք:
ԱՆԱՀԻՏ — Թող մարզվեն: Պետք չէ խանգարել:
ՏԻՐԱՆ – Ինչո՞ւ ես կանչել, թագուհի:
ԱՆԱՀԻՏ — Հենց նոր արքայից լուր եմ ստացել:
ՏԻՐԱՆ – Վաչագանի՞ց:
ԱՆԱՀԻՏ — Ինչ է, Տեր Արքունապետ,
Նրանից բացի այլ արքա՞ ունես:
ՍԱՀԱԿ — Աստված աղաչանքս լսեց, օգնության եկավ:
Շնորհակալ եմ, տեր:
ԱՌԱՆ – Որտե՞ղ է փեսաս:
ԱՆԱՀԻՏ — Պերոժում:
ԱՌԱՆ – Ինչո՞ւ չի գալիս:
ԱՆԱՀԻՏ — Նրա ձեռք ու ոտք կապանքի մեջ են:
ԱՐԲԱԿ — Լուրը ո՞վ բերեց:
ԱՆԱՀԻՏ — Մի վաճառական:
Նա արքայի ձեռքով պատրաստված
Մի գորգ էր բերել վաճառքի համար:
Արքան նշագրերով հայտնում է ինձ…
Կարդամ՝ լսեցեք:
(Կարդում է). «Սիրելի Անահիտ, ես ընկել եմ դժոխքի մեջ:
Այդ գորգը բերողը նույն դժոխքի վերակացուներից է:
Ինձ հետ նաև Վաղինակը:
Դժոխքը գտնվում է Պերոժ քաղաքից դեպի արևելք՝
Մի պարսպապատ մեհյանի ստորգետնյա նկուղում:
Եթե շտապ օգնության չհասնեք՝ մենք կորած ենք…
Քո Վաչագան»:
ՏԻՐԱՆ — Վաճառականը որտե՞ղ է հիմա:
ԱՆԱՀԻՏ — Նետել եմ զնդան:
ՏԻՐԱՆ – Պահել զնդանո՞ւմ… Շատ մեղմ պատիժ է:
Կախաղանի օղակը մետաքսե քնքույշ համբույր է նրա կոկորդին:
Ոչ, պետք է անհապաղ նրան գլխատել,
Քառատել նրան,
Թեժ խարույկի վրա մարմինը այրել,
Որ մոխիր դառնա:
Հրաման տուր, թագուհի,
Անհապաղ գլխատել նրան:
ԱՆԱՀԻՏ — Քրիստոնյա ենք, ոչ թե բարբարոս:
Պետք է շուտափույթ փրկել արքային:
ԱՐԲԱԿ — Պատրաստ է զորքը քո հրամանին:
ԱՆԱՀԻՏ – Արբակ, դու կգլխավորես հայոց այրուձին…
ԱՐԲԱԿ — Լսում եմ, թագուհի:
ԱՆԱՀԻՏ — Սմբատ զորապետի հրամանատարությանն եմ
հանձնում նիզակավորներին:
Աղեղնավորներին՝ Աշոտ զորապետը մարտի կտանի:
Հայր, դու կապահովես սնունդը զորքի:
Իսկ դու, քույր Աշխեն,
Պիտի հոգ տանես վիրավորներին:
ԱՇԽԵՆ — Լսում եմ, թագուհի:
ՏԻՐԱՆ — Աղջիկս հոգ տանի վիրավորների՞ն…
Նա արժանի չէ վիրավորանքի:
ԱՆԱՀԻՏ — Ասացի արդեն, չեմ կրկնի նորից:
ՏԻՐԱՆ — Լավ: Թող այդպես լինի:
Իսկ ամբողջ զորքին Արքունապետը կտանի մարտի:
ԱՆԱՀԻՏ — Ոչ: Ամբողջ զորքին մարտի կտանի հայոց թագուհին,
Տեր Արքունապետ, դժգոհ ես էլի:
ՏԻՐԱՆ – Այո, դժգոհ եմ:
Կինը սուր վերցնի այրի փոխարեն
Ու ելնի մարտի՞:
Ի՞նչ կմտածի մեր նենգ թշնամին՝
Արդյոք չի՞ ասի՝
Այնքան անզոր է բանակը հայոց,
Որ կանայք են արդեն դուրս եկել կռվի:
Իսկ եթե հանկարծ քեզ հետ, թագուհի,
Մի բան պատահի՞:
ԱՆԱՀԻՏ — Թե տիրոջ կամքն է այդ,
Թող որ կատարվի:
Տիրան Արքունապետ և դու, տեր Սահակ,
Ձեզ եմ վստահում կարգ ու կանոնի
Պահպանումն այստեղ:
ՍԱՀԱԿ — Հնազանդ եմ կամքիդ, թագուհի:
Սակայն թույլ տուր, Անահիտ:
Երիտասարդությունս նորից ետ բերեմ,
Խաչի փոխարեն ոսոխի գլխին
Սուրս բարձրացնեմ:
ԱՆԱՀԻՏ — Տեր Սահակ հովիվն իր հոտը
Անտեր ու մոլոր չպետք է թողնի:
Պատրաստվեք, արևածագին ճամփա ենք ընկնում:
(Առանձին). Տեր Սահակ, մնա պալատում,
Հսկիր Տեր Արքունապետին:
Այդպես զարմացած մի նայիր, հայր սուրբ:
Վաղուց է սկսել կասկածն ինձ տանջել:
Քիչ էլ համբերենք, ժողովուրդը շատ լավ խոսք ունի՝
«Ասեղ պարկում երկար չես պահի»:
Տեր Սահակ, դե ուշքի արի:
Մեկնելուց առաջ օրհնիր մեզ, հայր սուրբ
ՏԵՐ-ՍԱՀԱԿ — Աստված պահապան լինի բոլորին:
Ձեր բազուկներին ուժ ու զորություն:
Գնում են:
ՏԻՐԱՆ — Ախ դու գեղջկուհի, գեղջուկի ծնունդ…
Լավ եմ հասկանում
Դեպի ուր է թռչում արձակած նետդ-
Ով է թիրախը թունավոր նետիդ:
Սակայն իմացիր, ինձ հեշտ չէ խոցել:
Փուլ արի, երկինք,
Եվ դու, արեգակ, խավարիր իսկույն:
Այն սքեմավոր սև սատանային
Պահակ կարգեց գլխիս,
Որ աչք, ականջ դարձած ստվերի նման հետապնդի ինձ:
Իշխանությունս ձեռքիս առավ,
Ձեռք ու ոտքերիս շղթաներ դրեց,
Դարձրեց մի ստրուկ,
Որ իր առջև չորեքթաթ սողա՞մ, ո՛չ…
Դո՛ւ, անարժան կի՛ն,
Իմ դստրիկիցս գահը գողացար,
Բազմեցիր գահին, թագուհի դարձար:
Չպիտի վայելես…
Համբերիր քիչ էլ, մոտ է վախճանդ…
Քիչ էլ, մոտ է վախճանդ:
Ես եմ ասում քեզ՝
Ամենակարող Արքունապետս:
Մտնում է Արբակը:
ԱՐԲԱԿ — Տեր Արքունապետ, Պերոժ մեկնելուց ահաջ
Իմ և Աշխենի հարսանյաց մասին ուզում եմ խոսել:
ՏԻՐԱՆ — Լավ է, որ եկար,
Հետո կխոսես, ժամը չէ հիմա:
ԱՐԲԱԿ — Կարծես հուզված եք, Տեր Արքունապետ:
ՏԻՐԱՆ — Հուզված եմ, իրոք, ճիշտ նկատեցիր:
Կխոսեմ, իսկ դու լուռ լսիր:
ԱՐԲԱԿ — Լսում եմ, Տեր Արքունապետ:
ՏԻՐԱՆ — Սարսափելի վտանգ է կախված մեր գլխին,
Արբակ որդիս:
ԱՐԲԱԿ – Այո, մեծ է վտանգը,
Փորձություններից ազատում չունենք:
ՏԻՐԱՆ — Ուրախ եմ, որ գիտակցում ես չափը վտանգի:
Դու, միայն դու կարող ես
Այդ մեծ վտանգից երկիրը փրկել:
ԱՐԲԱԿ — Կյանքս էլ չեմ խնայի փրկության համար:
ՏԻՐԱՆ — Հրաշալի խոսքեր… Սիրո՞ւմ ես աղջկաս:
ԱՐԲԱԿ — Դուք շատ լավ գիտեք իմ սիրո մասին:
Բազում անգամներ ապացուցել եմ թե նրան, թե ձեզ:
ՏԻՐԱՆ — Ուզում եմ նորից համոզվել, որ անկեղծ է սերդ,
Որ երջանկության անհատակ ծովում կլողա դուստրս:
ԱՐԲԱԿ — Տեր Արքունապետ,
Աշխենը թե ասի, հանուն մեր սիրո
Բարձր ժայռից նետվիր ցած՝ կնետվեմ:
Եթե ասի, հանուն մեր սիրո՝
Ալեկոծ ծովը լողալով անցիր,
Կասկած չտածեք՝ կանեմ:
Աշխենը թե ասի, մեր սիրո համար
Քաղցած առյուծի վանդակը մտիր՝ կմտնեմ:
ՏԻՐԱՆ — Դրանք խոսքեր են, ապացույց է պետք:
ԱՐԲԱԿ — Տեր Արքունապետ,
Ամենաերջանիկ մարդն ինձ կհամարեմ,
Երբ ձեր հայրական օրհնանքն շնորհեք:
ՏԻՐԱՆ — Կհավատամ ասած խոսքերիդ
Եվ հայրական օրհնանքս կտամ,
Երբ որ կատարես իմ ցանկությունը:
Անահիտը Վաչագանին փրկելու համար
Գնում է Պերոժ:
ԱՐԲԱԿ — Այո, արքայիս կյանքը փրկելու համար,
Պատրաստ եմ թագուհուս զորավիգ լինել:
ՏԻՐԱՆ — Անահիտը Պերոժ չպետք է գնա:
ԱՐԲԱԿ — Տեր Արքունապետ,
Եթե Անահիտը մի բան որոշեց,
Գետերն էլ թեկուզ հուներից դուրս գան,
Հնարավոր չէ նրան ետ պահել,
Նա պիտի գնա:
ՏԻՐԱՆ — Ինձ քաջ ծանոթ է նրա համառությունը:
Գնալ է ուզում՝ արգելք չենք լինի, թող գնա:
Սակայն Պերոժ չպետք է հասնի:
ԱՐԲԱԿ — Մշուշապատ են խոսքերդ, տեր Արքունապետ:
ՏԻՐԱՆ — Հիմա, հիմա կցրեմ աչքերիդ իջած սև վարագույրը:
Եթե Անահիտի նկատմամբ ունեցած քո նվիրումը
Փոքր ինչ մեղմես,
Արեգակի պես կփայլատակի խոսքիս իմաստը:
Անահիտը Պերոժ չպետք է հասնի:
Իսկ դրա համար շատ միջոցներ կան:
ԱՐԲԱԿ – Ի՞նչ միջոցներ են…
ՏԻՐԱՆ – Օրինակ՝ Պերոժ գնալիս
Դարանից հանկարծ արձակված մի նետ
Կարող է կտրել իր կյանքի թելը:
ԱՐԲԱԿ — Տեր Արքունապետ, այդ ի՞նչ ես ասում,
Նման ստորություն ոչ ոք չի անի:
ՏԻՐԱՆ — Եթե նման ստորություն ոչ ոք չի անի՝
Մնում է մեկը:
Այդ կլինես դու:
ԱՐԲԱԿ — Այդ ի՞նչ ես ասում, Տեր Արքունապետ:
ՏԻՐԱՆ — Հասկացիր, լսիր վերջապես,
Վաչագանը չկա ու չի լինելու:
Նա գնաց, կորավ անհայտության մեջ:
Լոկ Անահիտն է մեր ճամփին կանգնած:
Երբ մի թունավոր նետ,
Նրա կյանքին վերջակետ դնի՝ էլ ոչ մի արգելք:
Բաց է մեր ճամփան դեպի գահն հայոց:
Արբակ, տղաս, դուստրս գեղանի
Պետք է որ դառնա թագուհին հայոց:
Անահիտը նրանից գահը գողացավ:
Գահն աղջկաս էր միայն պատկանում:
Իսկ դու, տղաս,
Ուժեղ ես, խելոք, քաջ ու առնացի՝
Երբ որ ուսերիդ արքայական ծիրանին գցես
Եվ թագը դնես սիգապանծ գլխիդ,
Դառնաս հայոց աշխարհի հգոր գահակալ,
Մեր տիրությունը կծաղկի նորից,
Ռամկական ստորացումից կձերբազատվենք:
Թշնամիները՝ ով սուր էր բարձրացրել զարկելու համար,
Մերկացրած սրերը հնազանդությամբ պատյան կդնեն:
Քո ամեն խոսքը բոլորի համար կդառնա օրենք.
Հպարտ ճակատիդ այդ է դրոշմված:
Ես էլ համեստ Արքունապետ կմնամ, որդիս,
Ձեր երջանկությունը տեսնելով, հոգիս կավանդեմ:
ԱՐԲԱԿ — Դժվար ընտրության առջև կանգնեցրիր, Տեր Արքունապետ:
ՏԻՐԱՆ – Արբակ, երկմտելը վայելչ է քեզ նման այրին:
ԱՐԲԱԿ — Իսկ եթե… Իսկ եթե…
ՏԻՐԱՆ — Եթե չես ուզում Աշխենից զրկվել,
Հայրական օրհնանքս ես ուզում ստանալ՝
Համարձակ առա՛ջ:
Ավելորդ եմ համարում ասել,
Որ պիտի դառնաս ձկան պես համր,
Ասված խոսքերս գլխումդ պահես, ոչ՝ լեզվիդ վրա:
Լեզվի տակ փուշ, ոսկոր չկա,
Կարող է հանկարծ կապանքն արձակել
Ու խոսել, խոսել:
Մեր դաշինքի մասին
Դստրիկս անգամ պիտի չիմանա:
Արբակ, որդիս, առանց վարանման՝
Առաջ, դեպի գահ:
Գնում է: Արբակը մնում է մոլորված կանգնած: Գալիս է Աշխենը:
ԱՇԽԵՆ — Արբակ, հոգիս, տեսա՝
Զրուցում էիր դու հայրիկիս հետ:
Սիրտս, սիրելիս, ուժգին բաբախեց:
Անհամբեր եմ,
Սպասում էի՝ հայրս հեռանա,
Վազեմ, գամ հարցնեմ՝
Մեր ամուսնության օրը որոշվե՞ց:
Ինչ է, Արբակ, դու ինձ չե՞ս լսում.
Քեզ ի՞նչ պատահեց…
Աչքերումդ ոգևորության բոցը մոմի պես մարեց:
Հայրս ի՞նչասաց: Խոսիր վերջապես:
ԱՐԲԱԿ — Երանի չասեր…
ԱՇԽԵՆ – Տեսքդ, Արբակ, վախեցնում է ինձ,
Կարծես դժոխքից դուրս եկած լինես:
ԱՐԲԱԿ – Շա՞տ ես սիրում հորդ, Աշխեն…
Հիմար հարց տվի…
Ինչպե՞ս կարող է դուստրը հորը չսիրի:
Երջանկությանդ համար հայրդ պատրաստ է
Նույնիսկ…
ԱՇԽԵՆ – Ինչո՞ւ լռեցիր, նույնիսկ ի՞նչ…
ԱՐԲԱԿ — Պերոժ գնալու ճանապարհին,
Դարանից արձակված թունավոր մի նետ
Պետք է վերջ դնի թագուհու կյանքին:
ԱՇԽԵՆ — Ո՛չ:
ԱՐԲԱԿ — Նետ արձակողը պիտի լինեմ ես:
ԱՇԽԵՆ — Ո՜չ:
ԱՐԲԱԿ — Հայրդ պատվիրեց, այլապես…
ԱՇԽԵՆ — Այլապես ի՞նչ: Եվ դու այդ կանե՞ս…
ԱՐԲԱԿ — Այլապես… հավիտյան կկորցնեմ ես քեզ:
ԱՇԽԵՆ — Ոչ, չեմ հավատում:
Հայրս ողջ կյանքը ապրել է ազնիվ,
Արքայի համար եղել է զինակից ու խորհրդատու:
ԱՐԲԱԿ — Հայրդ ասում է՝
Անահիտը քեզնից հափշտակեց թագուհու թագը:
ԱՇԽԵՆ — Ոչ, ոչ, հազար անգամ, ոչ:
Արբակ, հոգուդ մեղք մի անի,
Հայրս չի կարող դավաճան լինել:
Անմիտ կատակ է ու զազրելի սուտ:
ԱՐԲԱԿ — Երդվում եմ, Աշխեն, մեր անկեղծ սիրով,
Դա ոչ կատակ է ոչ՝ զազրելի սուտ:
(Աշխենը հուզված կտրուկ շրջվում է, ուզում գնալ): Սպասիր, այդ ո՞ւր:
ԱՇԽԵՆ — Հորս մոտ:
ԱՐԲԱԿ – Ինչո՞ւ:
ԱՇԽԵՆ — Խոսելու հետը … Ես չեմ հավատում:
Ուզում եմ խոսքերն այդ նրանից լսել:
ԱՐԲԱԿ — Հարկ չկա:
ԱՇԽԵՆ — Այդպես ես կարծում: Բացատրիր, ինչո՞ւ:
ԱՐԲԱԿ — Հրամայեց այդ մասին անգամ քեզ չասել:
ԱՇԽԵՆ — Օ, ամենակարող Տեր, որքան դժբախտ եմ:
Հայրս՝ դավադիր, սիրած էակը՝ ոճրագործ:
Հեռացիր իսկույն…
Անունս անգամ չփորձես հիշել:
Ողջ կյանքդ ապրել
«Դավաճան հոր դուստր» խարանը վրադ:
Անտանելի է՝
Նման խարանով ապրել չեմ ուզում:
ԱՐԲԱԿ – Աշխեն, սիրելիս,
Ուսերիցս աշխարհի չափ ծանր բեռ ցած գցեցիր:
Սարսափում էի, որ դու էլ հորդ պահանջին
Կդառնաս հլու հնազանդ:
Իմացիր, սեր իմ,
Նման սրիկա, ստոր արարած
Չեմ եղել երբեք, և չեմ էլ լինի:
Նաև թույլ չեմ տա
Անվանդ վրա քեզ պախարակող
Մի սև բիծ մնա:
ԱՇԽԵՆ — Հավատում եմ… Բայց երդվիր…
ԱՐԲԱԿ — Երդվում եմ բոլոր սրբերով:
Իսկ հիմա՝ Պերոժ: (Գնում են):
Մտնում է Տիրանը:
ՏԻՐԱՆ — Պատրաստ եմ զորավիգ լինել թագուհուս…
Ստրկամիտ նողկանք, դու թշվառ համբակ:
Եվ դեռ ուզում ես աղջկաս ձեռքը ստանաս:
Կասկածը կրծում է հոգիս:
Համոզված չեմ Արբակ կոչվածը կամքս կատարի:
Պետք է շատ շտապ գտնել համարձակ, վստահելի մարդ,
Որ չերկմտի, առանց տատանման արձակի նետը:
Մտածիր, մտածիր, Տեր Արքունապետ…
Ո՞վ է այդ մարդը, որտեղի՞ց գտնես… Գտա՛:
Զնդանը նետված վաճառականը:
Պատեհ է ժամը, խավարն՝ օգնական:
Պալատում հիմա ոչ մեկը չկա:
Այդ սքեմավոր Սահակն է լոկ,
Նա էլ մի տեղ վեր ընկած խռմփացնում է
Երազների մեջ լող տալով:
Կարո՞ղ է արդյոք Արբակն ինձ մատնել…
Ոչ, վստահ եմ, նման բան չկա:
Երբ Անահիտը այն աշխարհ գնա,
Չքնաղ դստրիկս դառնա թագուհի,
Արբակ կոչվածն էլ գահին բարձրանա՝ ծպտուն չի հանի,
Ու չի սասանի իր բազմած գահը:
Հակառակ դեպքում՝
Մի բաժակ գինի, մի քանի կաթ թույն…
Եվ գնաս բարով, դժբախտ փեսացու:
Հե՜յ, զինվոր:
ԶԻՆՎՈՐ — Լսում եմ, Տեր,
ՏԻՐԱՆ — Այստեղ բեր բանտարկյալին:
ԶԻՆՎՈՐ — Հրամայված է բանտարկյալին խցից չհանել:
ՏԻՐԱՆ — Ո՞վ է տվել այդ հրամանը:
ԶԻՆՎՈՐ — Մեր թագուհին՝ Անահիտը, Տեր Արքունապետ:
ՏԻՐԱՆ – Լսիր, ապիկար, այս պալատում հրամաններ տալիս եմ
Լոկ ես՝ Արքունապետս:
Հրամայում եմ, կամքս կատարես:
ԶԻՆՎՈՐ — Լսում եմմ Տեր,
(Առանձին) Բանտարկյալին կբերեմ փութով,
Սակայն այդ մասին Տեր Սահակին
Պիտ տեղյակ պահեմ: (Գնում է):
ՏԻՐԱՆ — Անահիտն է հրաման տվել…
Խավարիր արև և դու, երկրագունդ, ընթացքդ սանձիր,
Բավ է պտտվես,
Դարերից եկող արքունական թե կարգ, թե օրենք
Մորթվեց, հոշոտվեց,
Եվ այդ ամենի պատճառն Անահիտ՝
Դու ես:
Դու՝ ռամկական քո օրենքներով,
Քարուքանդ արիր մեր տերությունը:
Երբ նա դեռ չկար,
Երբ ցնցոտիազարդ Անահիտ կոչված այդ ստահակը,
Ներս չէր սորացել ու զավթել գահը,
Ես էի պալատում տեր ու տիրական:
Իսկ հիմա, հիմա,
Երբ Անահիտ կա, ի՞նչ Արքունապետ,
Ո՞վ ես դու հիմա՝
Մի ստորացված, հրամայելու իրավունքից զուրկ
Անպատված մարդուկ:
Ոչինչ, հոգ չէ, համբերիր քիչ էլ:
Նորից ետ կգա այն ժամանակը,
Երբ դողում էր քեզնից ամբողջ երկիրն ու արքունիքը:
(Զինվորը ներս է բերում վաճառականին)
ՏԻՐԱՆ — Ագատ ես, զինվոր, իսկույն հեռացիր:
ԶԻՆՎՈՐ — Լսում եմ. Տեր:
ՏԻՐԱՆ — (Վաճառականին). Գարշելի սողուն,
Աչքերիս առջև մի ցցվիր այդպես:
Ծունկի՛, քոսոտ շուն:
Թե չունենայի ես քո կարիքը,
Ինչ մեծ հաճույքով դաշույնիս ծայրով
Այդ նենգ աչքերդ կքչփորեի,
Կփշրեի զազրելի գանգդ:
Մատնեցիր տիրոջդ, նողկալի հրեշ:
ՎԱՃԱՌԱԿԱՆ — Մեղավոր եմ, Տեր, բայց նաև անմեղ:
Ի՞նչ իմանայի՝ բերածս գորգը,
Թագուհուն գրված մի ծածկագիր է:
ՏԻՐԱՆ — Խոստանում եմ, հանցանքիդ մասին
Մեծ քրմապետը շուտով կիմանա,
Նրա ցասումից փրկություն չունես:
ՎԱՃԱՌԱԿԱՆ — Աղաչում եմ, Տեր,
Աղանդապետը ոչինչ չիմանա:
ՏԻՐԱՆ — Ապրել ես ուզո՞ւմ,
Թե՞ բանտախցիդ մամռոտած պատին
Գլուխդ շուտով ջախջախված գտնեն:
Կամ կախաղանին տարուբերվելով,
Գարշահոտ լեշդ ցիների համար դառնա կերակուր:
ՎԱՃԱՌԱԿԱՆ – Տեր, ես ոչ հիմար եմ, ոչ տկարամիտ:
Ապրելու համար ի՞նչ պիտի անեմ:
ՏԻՐԱՆ — Շուտ ես հասկանում: Դա գովելի է:
Լսիր ուշադիր, թագուհին զորքը հավաքած մեկնել է Պերոժ:
Գնաց, որ մեհյան ու բագին քարուքանդ անի
Ու ձեզ բոլորիդ բարձրացնի ցցի:
ՎԱՃԱՌԱԿԱՆ – Տեր, ո՞րն է իմ անելիքը:
ՏԻՐԱՆ — Իմ երիվարներից լավագույնին հեծած,
Առանց դադարի,առանց խնայելու թե ձիուն, թե քեզ
Թագուհուց առաջ պիտ Պերոժ հասնես:
Հայտնես մեծ քրմին՝ ինչ քեզ ասացի:
Սակայն, մինչ Պերոժ հասնելդ,
Մի խուլ անկյունից արձակված նետով
Անահիտի դին պիտ լեշակեր անգղներին
Կերակուր դարձնես:
ՎԱՃԱՌԱԿԱՆ — Օ, դա ես կանեմ մեծագույն սիրով:
ՏԻՐԱՆ — Նետ աղեղ գործածել գիտե՞ս:
ՎԱՃԱՌԱԿԱՆ — Նետ ու աղեղը իմ խաղալիքն է եղել դեռ մանկուց:
Սակայն այստեղից ինչպե՞ս դուրս ելնեմ
ՏԻՐԱՆ — Վերցրու դաշույնս, թաքցրու մի տեղ:
Բանտախուց տանող ճանապարհին
Քեգ ուղեկցողին կդաշունահարես
Եվ գաղտնի ելքով պալատից կելնես:
Դարպասների մոտ ձին սպասում է քեզ:
(Վաճառականը վերցնում է դաշույնը):
ՎԱՃԱՌԱԿԱՆ — Ասում ես՝ ուղեկցողին կդաշունահարես…
Ցանկությունդ թող լինի, Տեր:
(Դաշունահարում է Տիրանին):
Սատկիր, ծեր աղվես,
Գնա, դժոխքում ջախջախիր գանգս,
Դաշույնիդ ծայրով աչքս քչփորիր,
Աղանդապետին հայտնիր հանցանքս:
Դե, մեռիր, մեռիր…
Դիակը քարշ տալով հանում է բեմից: Մտնում է Տեր-Սահակը:
ՍԱՀԱԿ — Հանգիստ չէ հոգիս, տագնապ կա մեջս:
Անցել է արդեն երկար ժամանակ:
Իսկ Անահիտից չկա ոչ մի լուր:
Արդյոք անփորձանք հասա՞վ նա Պերոժ,
Թե՞…
Տեր Աստված,
Փրկիչը դու մեր ամենակարող,
Գութդ եմ հայցում՝
Խափանիր չարը դու նրա ճամփից,
Օգնիր, որ փրկի հայոց արքային,
Որ հայոց գահը թափուր չդառնա:
ԶԻՆՎՈՐ – (Ներս է բերում վաճառականին):
Տեր Սահակ, Տեր Սահակ…
ՍԱՀԱԿ – Ի՞նչ է պատահել, զինվոր:
(Տեսնելով վաճառականին):
Այս ստահակին ո՞վ է ազատել մթին զնդանից:
ԶԻՆՎՈՐ — Տեր Արքունապետը հրամայեց ինձ
Զնդանից հանել ու բերել իր մոտ:
Ի՞նչ եղավ հետո, ավաղ, չգիտեմ:
Նրան բռնեցի
Պալատի գաղտնի ելքից դուրս գալիս:
Փորձեց դաշույնով վերջ դնել կյանքիս,
Բայց չհաջողվեց:
Ահա դաշույնը:
ՍԱՀԱԿ — Սա Տեր Արքունապետի դաշույնն է:
Որտեղի՞ց այն քեզ:
ՎԱՃԱՌԱԿԱՆ — Նա ինքը տվեց:
ՍԱՀԱԿ — Տեր Արքունապե՞տը:
ՎԱՃԱՌԱԿԱՆ — Բա ուրիշ էլ ո՞վ:
Դաշույնը տվեց ու ասաց.
Բանտախուց տանող ճանապարհին
Քեզ ուղեկցողին կդաշունակահարես
Եվ գաղտնի ելքով պալատից կելնես:
ՍԱՀԱԿ – Լռի՛ր, զազրախոս,
Քանի թունոտ լեզուդ չեմ պոկել բնից:
Տեր Արքունապետը չէր կարող դավադիր լինել:
Տեր Արքունապետը որտե՞ղ է հիմա:
ՎԱՃԱՌԱԿԱՆ – Այնտեղ՝ երկնքում:
Ես նրան հենց այս դաշույնով
Դժոխք ճամփեցի:
ՍԱՀԱԿ — Ախ, դու նողկալի, ստոր արարած,
Կհրամայեմ հենց հիմա քեզ
Կախաղան հանեն:
ՎԱՃԱՌԱԿԱՆ — Սպասիր, մի շտապիր կախաղան հանել:
Ձեր թագուհին մեկնել է Պերոժ:
ՍԱՀԱԿ – Որտեղի՞ց գիտես: Ո՞վ է ասել քեզ:
ՎԱՃԱՌԱԿԱՆ -Արքունապետը…
Հրամայեց ինձ աշխետ նժույգով,
Մինչև նա կհասնի Պերոժ,
Քամուց էլ արագ հասնեմ ետևից,
Մի խուլ անկյունից արձակված
Թունավոր նետով,
Վերջ դնեմ կյանքին ձեր Անահիտի:
ՍԱՀԱԿ — Բարբաջանքներիդ համար իմ այս ձեռքերով
կխեղդեմ ես քեզ:
ՎԱՃԱՌԱԿԱՆ — Թող դժոխքի շիկացած կաթսայում
Այրվեմ, խորովվեմ, թե սուտ եմ ասում:
Գնա, գնա, քո աչքով տես:
Դարպասների մոտ թամբած աշխետ ձին
Սպասում է ինձ:
ՍԱՀԱԿ – Ստուգիր, զինվոր:
Կյանքը փրկելու համար
Չի՞ ստում արդյոք:
(Զինվորը գնում է):
ՎԱՃԱՌԱԿԱՆ — Սոսկալի մարդ էր ձեր Արքունապետը:
Դժոխքը անգամ չի հանդուրժի նրան:
Լավ էր, արժանի պատիժը նա իր ստացավ
Շատ լավ է ասված «Շանը՝ շան մահ»:
(Մտնում է զինվորը):
ՍԱՀԱԿ — Դե ասա, ասա, զինվոր, որ ստում է սա:
Ինչո՞ւ ես լռում:
ԶԻՆՎՈՐ — Չի ստում, դարպասների մոտ
Թամբած աշխետ ձին սպասում է նրան:
Նետերով լեցուն այս կապարճն էլ
Թամբից էր կախված:
ՍԱՀԱԿ – (Ստուգում է կապարճում եղած նետերը):
Այո, թունավորված են նետերը բոլոր:
ՎԱՃԱՌԱԿԱՆ — Այդքանից հետո էլի՞ ես ուզում
Կախաղանի օղակը հագցնել վզից,
Լեզուս պոկոտել, գցել շներին:
ՍԱՀԱԿ – (կողմ) Իրավ էր կասկածը մեր մայր թագուհու,
Երբ որ ասում էր.
«Ասեղը պարկում երկար չես պահի»:
ՎԱՃԱՌԱԿԱՆ — Դե ինչ, ազնիվ գործին պիտի հաջորդի
Ազնիվ պատասխան:
Խեղճ ու կրակ մի վաճառական
Թագուհուն փրկեց թունավոր նետից:
Խեղճ վաճառականին բարին հատուցեք,
Բաց թողեք, գնա:
ՍԱՀԱԿ – Զինվոր, զնդան նետիր սրան:
Անահիտ թագուհին թող վերադառնա,
Ինքը որոշի՝ ապրի՞ այս մարդը,
Թե՞ ելնի կախաղան:
(Զինվորը դուրս է տանում վաճառականին):
Պետք է անհապաղ սուրհանդակը ճանապարհ ընկնի ու հասնի Պերոժ:
Եղածի մասին հայտնի թագուհուն:
(Դուրս է գալիս):
1-ԻՆ ՊԱՏՄՈՂ — Անահիտը երբ հասավ Պերոժ,
Զորքը թողեց պարիսպների մոտ,
Իր հետ վերցնելով մի քանի մարդու
Առանց երկյուղի մուտք գործեց Պերոժ:
Հրաման տվեց պերոժցիներին
Հավաքվեն ու գան մեծ հրապարակ:
2-ՐԴ ՊԱՏՄՈՂ – Պերոժցիները՝ հրամանին հլու,
Իրենց խորշերից, սարսափից չռված խոշոր աչքերով,
Չորս կողմ նայելով, մոլոր, վշտահար
Դուրս եկան դանդաղ,
Թագուհու շուրջբոլոր շրջան կազմեցին:
Նայեց Անահիտը դժբախտ արարածներին
Հուզմունքից շփոթվեց մի պահ:
Արբակը քիչ առաջ եկավ,
Դարձավ ամբոխին՝ ասավ:
ԱՐԲԱԿ — Ձեզ հետ կխոսի հայոց թագուհին:
ԱՌԱՆ – Աղջիկս, շփոթմունքդ մի կողմ դիր, խոսիր:
ԱՆԱՀԻՏ – Բարեկամներս,
Եկել եմ այստեղ ձեզ հետ խոսելու:
Լուռ եք, պապանձված,
Վախից համրացած ծպտուն չեք հանում:
Սոսկալի է ձեր վիճակը, գիտեմ,
Ահաբեկված եք ու հուսահատված,
Եվ հույս, և հավատ մեռել են վաղուց:
Բավ է երկնչեք որսորդից փախչող եղնիկի նման:
Սրտում բուն դրած վախը խեղդեցեք
Եվ խոսեք ազատ:
1-ԻՆ ՊԵՐՈԺՑԻ — Խոսեք ազա՞տ…
Ինչո՞ւ ես, թագուհի, մեզ մահվան ղրկում:
Դու շուտով կերթաս,
Իսկ մենք դեռ այստեղ կյանք ենք մաշելու:
ԱՌԱՆ — Խոսեք աներկյուղ:
Թագուհին ուզում է ձեզ լսել:
2-ՐԴ ՊԵՐՈԺՑԻ — Ուզում եք՝ խոսենք, դե լավ, կխոսենք:
Ինչ լինելու է, թող որ կատարվի: »
Չկա ոչ օրենք, ոչ արդարություն Պերոժ քաղաքում:
Ոտնատակ արա, ճզմիր քեզպեսին,
Գռփիր, թալանիր ու առաջ գնա,
Խեղճ մարդու ձեռքից չոր հացը խլի ու մի կշտանա՝
Ահա քեզ օրենք ու արդարություն:
3-ՐԴ ՊԵՐՈԺՑԻ — Որքան շատ արցունք, որքան շատ կսկիծ,
Իշխանավորին՝ այնքան գոհություն:
Որքան շատ տանջանք ու դժբախտություն՝
Այնքան ցնծություն իշխանավորին:
Ահա քեզ օրենք ու արդարություն:
1-ԻՆ ՊԵՐՈԺՑԻ — Բանտախցերում էլ տեղ չմնաց:
Խեղճ ու անզորի արյունն են խմում:
2-ՐԴ ՊԵՐՈԺՑԻ — Փոշի դարձրեցին ամեն սրբություն,
Ճշմարիտ խոսքը չքվեց, վերացավ,
Քծնանքը դարձավ մեծ պահանջարկ ունեցող սնունդ:
Մահվան սարսափը դամոկլյան սրի պես
Կախվեց մեր գլխին:
Կախվեց ու մնաց:
3-ՐԴ ՊԵՐՈԺՑԻ — Ահա քեզ օրենք ու արդարություն Պերոժ քաղաքում:
1-ԻՆ ՊԵՐՈԺՑԻ — Աղանդավոր դևերն են քաղաքն հոշոտում…
Ամենազոր են նրանք, նենգ ու աներկյուղ,
Նաև անպատիժ:
Իսկ դու առանց զենք ու զորք վեր կացել եկել,
Այդ ոհմակի դեմ կռվե՞լ ես ուզում:
2-ՐԴ ՊԵՐՈԺՑԻ — Մի կտոր հաց են մեր առաջ գցում,
Որ ապրենք մի կերպ, սովից չսատկենք:
Դրանից էլ եթե մեզ զրկեն, վերջներս կգա:
Այնպես որ, թագուհի, թող մեզ ու գնա:
ԱՆԱՀԻՏ — Ասում եմ ցավով՝
Ստրուկ եք դարձել անարգի ձեռքին
Մոռացել եք, որ *
Մեր նախնիների ժառանգն եք հզոր,
Ձեր երակներում արյունն է հոսում,
Դյուցազուն արյունը հայկազյան ցեղի:
3-ՐԴ ՊԵՐՈԺՑԻ — Ինչ է, թագուհի, մե՞նք ենք հանցավոր,
Որ Պերոժում ամեն ինչ գլխիվայր շրջվել
Դարձել է քաոս:
Որտե՞ղ էիք դուք:
Ձեր պալատներում քնած եք հանգիստ:
Կամ որս եք անում, կամ էլ ճոխ խնջույք:
ԱՆԱՀԻՏ — Առաջին հերթին մեղադրում եմ ինձ,
Որ թույլ եմ տվել անարդարությունը
Սաստիկ վարարի, ափերից դուրս գա,
Ամեն մարդկային սրբի ու տանի:
Օրենքը դառնա անզոր նահատակ,
Անօրենը ձեր տառապանքով,
Իրեն արյունոտ բերանը մաքրի:
Եկել եմ սուր տամ ձեր ձեռքը,
Մի բռունցք դարձած ելնենք պայքարի, չարը կործանենք:
Պարիսպների մոտ զորքը կազմ պատրաստ
Մեզ է սպասում:
1-ԻՆ ՊԵՐՈԺՑԻ – Եղբայրներ, գալիս են նրանք,
Փախչենք, հեռանանք,
Այստեղ հավաքված հանկարծ չտեսնեն:
Չենթարկվենք մի նոր սպանդի:
ԱՆԱՀԻՏ — Մնացեք, ոչ ոք չգնա:
Նրանց հետ կխոսեմ ես:
Մտնում է քուրմը:
ՔՈՒՐՄ — Ճամփա բացեք, քաշվեք մի կողմ,
Մեծ քրմապետն է ձեզ այցի գալիս:
Մարդն՝ ազնվագույն…
Աղյուսներ շարեք իր ճամփի վրա,
Ոտքերը հանկարծ չդիպչեն հողին,
Որ չտրորի անզգուշորեն մրջյուն ու զեռուն,
Անմեղ կենդանուն չգրկի կյանքից:
Մտնում է Մեծ քուրմը:
ՔՐՄԱՊԵՏ — Ողջույն բոլորին:
Երջանիկ եմ տեսնել Պերոժ քաղաքում
Թագուհու նման հարգարժան հյուրին,
Ինչպես նաև ձեզ:
Ճամփից եք եկել,
Հոգնած կլինեք և նաև քաղցած:
Իմ կացատանը շատ մոտ է, այստեղ:
Եկեք ներս գնանք,
Թիկնեք բարձերին, քիչ հանգստացեք,
Համեստ սեղանից իմ հացը կիսեք:
ԱՆԱՀԻՏ — Այստեղ չեմ եկել բարձին թիկնելու,
Առավել ևս քո պիղծ սեղանի հացը կիսելու:
ՔՐՄԱՊԵՏ — Պատիվս վկա, անպատվում եք ինձ:
Վիրավորանքի արժանի չեմ ես:
Ասեք ուրեմն պատճառն ու նպատակը
Մեզ այցելելու:
ԱՆԱՀԻՏ — Եկել եմ, տականք,
Սրբապիղծ որջդ ավեր անելու:
ՔՐՄԱՊԵՏ — Ոչ դես ու ոչ դեն, ավեր անելո՞ւ:
ԱՆԱՀԻՏ — Թագավորական իմ իրավունքով և իշխանությամբ,
Ցրում եմ աղանդը քո արյունածոր:
Քեզ ու քրմերիդ ոտք ու ձեռքերին շղթաներ դրած
Տանում եմ ոստան:
Ի ցույց ամենքի ձեզ պետք է դատեն:
Իմացիր, հրեշ,
Արքունի զորքը պարիսպների մոտ
Սպասում է իմ հրամանին:
Պերոժցիներ, դրանց կալանեք իսկույն:
ՔՐՄԱՊԵՏ — Պերոժցիներ դուք իմ հարազատ,
Ուստրեր ու դուստրեր, քույրեր, եղբայրներ,
Հանդուգն այս կինը համարձակվում է
Լուտանքներ թափել ալեզարդ գլխիս,
Եվ սպառնալ ինձ:
Ինձ՝ ձեր պահապանին ու բարերարին,
Ինձ, որ ձեր կյանքը դարձրել եմ ծաղկուն մի դրախտ,
Ինձ, որի սիրտը մեծ ցավ է զգում
Ձեր մատը մտած մեկ փշի համար,
Ինձ, որ օրնիբուն, քնած թե արթուն,
Ձեռքերս երկինք կարկառած
Աղոթք եմ անում մեր աստվածներին
Ձեր կյանքի հանդեպ լինի բարեհաճ:
Ձեզ հեռու պահի ցավ ու զրկանքից,
Ինձ, որ վերջին պատառ հացս անգամ
Կիսում եմ ձեզ հետ:
Ի՞նչ եք կարկամել, քարացել տեղում,
Օգնության եկեք.
Արդար ցասումով անաստվածներին մատնեցեք սրի,
Ձեր երջանիկ կյանքին եղեռն ստեղծող ելուզակներին
Քարածեծ արեք և նետեք անդունդ:
1-ԻՆ ՊԵՐՈԺՑԻ — Անահիտը մեր թագուհին է, մեր Աստվածուհին:
2-ՐԴ ՊԵՐՈԺՑԻ — Մարդակեր հրեշ,
Եռացող ջրում դու պիտի խաշվես:
3-ՐԴ ՊԵՐՈԺՑԻ — 7Քո այլանդակ, բորոտված լեշը կնետենք անդունդ:
ՔՐՄԱՊԵՏ — Օ, երախտամոռ, դավաճան ամբոխ,
Ես ամենուրեք բարիք ցանեցի,
Բայց փոխարենը անհնազանդության լեղին եմ ըմպում:
ԱՆԱՀԻՏ — Դե բավական է կեղծ արցունք թափես,
Սուրբ ձևանաս ու ճամարտակես:
Որքան էլ ճգնես, քեզ չի հաջողվի
Արյունռուշտ սիրտդ ճերմակով պատես:
Պերոժցիներ, արեք ձեր գործը, ինչ պիտի անեք:
ՔՐՄԱՊԵՏ – Հեյ, քրմեր, եղբայրներ իմ հավատարիմ,
Սոսկալի աղետ է մեր գլխին կախված
Օգնության եկեք:
Մարդակերպ ճիվաղներ, դևեր՝ տձև, այլանդակ
Հագած ու կապած արյունռուշտ զենքեր,
Եկել, ուզում են մեր փայլող աստղը
Սևով պարուրել:
Պղծագործները քանդել են ուզում
Մեր աստվածների սրբազան տունը:
Սրբավայր դարձած մեր համեստ բույնը
Ուզում ես պղծել,
Կեղտոտ ոտներով ոտնակոխ անել,
Դարձնել աղբանոց:
Մեր սուրբ բագինի անշեջ կրակը
Անպատիժ մարել:
Աստվածապարգև մեր նախնիների սրբազան փոշին
Քամու բերան տալ ու անհետ կորցնել:
Էլ մի հապաղեք, ահազանգ կոչիս
Առանց վարանման զորավիգ դարձեք:
1-ԻՆ ՊԱՏՄՈՂ — Ու դուրս սողացին իրենց որջերից
Քրմերը զինված՝
Վհուկների մի հսկա բանակ:
Իսկ Անահիտը հրաման տվավ
Զորքը սրընթաց հասավ մարտադաշտ:
Կռիվ սկսվեց, սոսկալի կռիվ:
2-ՐԴ ՊԱՏՄՈՂ — Կանգնեց Անահիտը զորքի գլխին
Ու դյուցազնի պես արշավեց առաջ
1-ԻՆ ՊԱՏՄՈՂ — Երբ մարտի պահին սաղավարտն ընկավ,
Մազերը ջրվեժ թափվեց ուսերին…
Տեսավ թշնամյանց ամբոխը գազան,
Թվաց՝ Աստված է իջել երկնքից:
2-ՐԴ ՊԱՏՄՈՂ — Մի ահավոր վախ համակեց մարդկանց,
Չգիտեին՝ ինչպես փրկվեին,
Ու մկների պես դես ու դեն փախան… .
Անահիտը կայծակի նման սլացավ առաջ…
1-ԻՆ ՊԱՏՄՈՂ — Խորտակեց ամեն դարպաս ու դռներ,
Պատնեշ ու գմբեթ արեց քարուքանդ:
Երբ մեհյան մտավ, օ, տեր իմ Աստված,
Ինչ-որ նա տեսավ, դժոխք չէր դա՝ ոչ,
Այլ դժոխքից էլ վեր, ինչ-որ մի գեհեն…
2-ՐԴ ՊԱՏՄՈՂ — Չորս կողմը լեցուն դիակներ մարդկանց,
Կտրած գլուխներ ու քթոցներով մարդկային լեշեր:
Կաթսաների մեջ ջուր էր բլբլթում,
Իսկ ջրերի մեջ ոտքեր ու ձեռքեր:
I-ԻՆ ՊԱՏՄՈՂ — Ովքեր ողջ էին՝
Մարդիկ չէին, ոչ, այլ ուրվականներ,
Լոկ ոսկորներ էին պարկի մեջ լցված
Եվ սարսափով լի տանջահար աչքեր,
Որ շարժվում էին պարկերի վրա:
2-ՐԴ ՊԱՏՄՈՂ — Գտավ Անահիտը արքա ամուսնուն
Եվ Վաղինակին՝ կաթնեղբորը նրա:
Այդ ժայռ աղջկա սիրտը նվաղեց ու կընկներ գետնին
Թե Վաչագանը չգրկեր նրան:
1-ԻՆ ՊԱՏՄՈՂ — Եվ գերիները դժնի զնդանից լույս աշխարհ ելան…
Անահիտը թախծոտ աչքերով այդ թշվառներին երկար, լուռ նայեց,
Աչքի արցունքը աննկատ սրբեց, հրաման տվեց իսկույն, անհապաղ,
Խնամել նրանց, հագուստներ տալ, նրանց կերակրել:
2-ՐԴ ՊԱՏՄՈՂ — Երբ մարդիկ նորից՝ Վաչագանն ու Վաղինակն էլ,
Ուրվականներից մարդու տեսք առան…
Վաչացան արքան քաղաքի մեծ հրապարակում,
Պերոժցիներին շուրջը հավաքեց, որ արքայական իր խոսքը լսեն:
ՎԱՉԱԳԱՆ – Դուք, Պերոժ քաղաքի ազնիվ քաղաքացիք,
Բազմաչարչար իմ բարեկամներ,
Լսեք խոսքերը ձեր թագավորի:
Ես էլ ձեզ նման, կաթնեղբորս հետ,
Անցա գեհենի տանջարաններով:
Այն, ինչ որ տեսանք, ինչ որ ապրեցինք,
Թշնամուս անգամ չգա երազում:
Թե մեզ նետեին տարտարոսի անհատակ խորքեր,
Տարտարոսը դրախտ կթվար:
Սակայն ապրեցինք,
Փրկության հույսը երբեք չմարեց:
Գիտեի, վստահ էի ես,
Ամեն տառապանք ունի նաև վերջ:
Այդպես էլ եղավ…
Սիրելի կինս, չքնաղ թագուհիս օգնության եկավ,
Փրկեց բոլորիս:
Մոգերի ստեղծած դժոխքը այլևս չկա:
Պիտի կործանվեր և այն կործանվեց:
Երկնի կապույտը ժպտաց մեզ նորից
Արևի շողը ուրախ ավետեց՝
«Ապրեցեք խաղաղ, տառապանքին վերջ»:
Լսեք խնդրանքը և պատգամը ձեր թագավորի՝
Դաժան օրերի ցավը մոռացեք,
Ամուր կանգնեցեք հարազատ հողին,
Տանջանք, տառապանք թող չկոտրի ձեզ,
Բարի հայացքով նայեք գալիքին:
ՊԵՐՈԺՑԻՆԵՐ — Փառք մեր արքային, փառք մեր թագուհուն:
Ազատ ենք հիմա,
Կապրենք առանց ցավ ու մարդավայել:
1-ԻՆ ՊԵՐՈԺՑԻ — Սակայն չգիտենք՝ ի՞նչ պիտի անենք:
Կորցրածը ինչպե՞ս նորից ետ բերենք:
ԱՌԱՆ — Անտեր լքված են հողերը բերրի,
Հողը մշակեք, վարեք ու ցանեք,
Սուրբ հացն արարեք:
Արհեստ սովորեք, դարձեք վարպետներ:
Մտքի ու ձեռքի ձեր կերտվածքներով
Հայտնեք աշխարհին, թե ովքեր ենք մենք,
Որտեղից եկել և ուր ենք գնում:
ԱՇԽԵՆ — Անշեղ հավատով
Աղոթեք Աստծուն, որ մեր աշխարհին
Պահապան լինի:
Հույս, հավատ, սիրո մոմեր ու կերոն
Անմար պահեցեք ձեր հոգիներում:
ԱՐԲԱԿ — Հայոց աշխարհին ռազմիկներ են պետք…
Ռազմիկներ անհաղթ, քաջ ու կորովի,
Սուր ու վահան, նետ-աղեղ, նիզակ,
Ձեզ ընկեր դարձրեք, անբաժան ընկեր:
Նենգ թշնամիներին զարկեք անխնա,
Ու մեր երկիրը անառակ պահեք:
ՎԱՉԱԳԱՆ — Պերոժ քաղաքի հավատարիմ մեր բարեկամներ,
Երդվում եմ ահա, բոլորիդ առջև….
Մի նոր Պերոժ պիտի կառուցենք,
Հույս, հավատ, սիրո մի չքնաղ քաղաք:
Մեր գլխավերև դարձած լույս փարոս,
Դարձած ուղեկից,
Արդարությունը, հավասարությունն ու
Միասնությունը միշտ կթևածի:
Ուրեմն՝ Աստված պահապան
Ու զորավիգ մեզ:
ԲՈԼՈՐԸ — Աստված պահապան և զորավիգ մեզ:
ԱՆԱՀԻՏ — Այսօր և հավետ թող եղիցի լույս: