ԿԱԼԱՆՔ / Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ

Դրամա մեկ գործողությամբ

Գործող անձինք

ՏԱՎՐՈՍ — քառասունին մոտ տղամարդ

ՄԱՐԴՈ — հիսունին մոտ տղամարդ

ՆԱԶՈ — Մարդոյի կինը

ԹԻՆԱ — նրանց աղջիկը, երեսունին մոտ

ՏԱՏ — Մարդոյի մայրը

ԿՈՒԿՈՒ – հարևանուհի

ԲԺԻՇԿ

Մասնակցում են նաև երկու—երեք ծաղրածու, մեկ մոնստր

Ամբողջ գործողությունն ընթանում է Մարդոյի տանը` սեփական տուն քաղաքի արվարձանում, ոչ մեծ, ոչ շքեղ, քաղքենիական կահավորանքով:

Գիշերվան մոտ ժամ է, դրսում բուք է, տանը Մարդոն է, Նազոն և Թինան:

ՄԱՐԴՈ – (պատուհանից նայելով): Էս բուքը ճամփեքը լցնում ա, հա:

ՆԱԶՈ — Ճամփեն ինչի՞դ ա, տանը չե՞ս: Աչքը դուրսն ա, է:

ՄԱՐԴՈ — Վայ, վայ, վայ… (Դուրս նայելով🙂

ՆԱԶՈ — Հը՞:

ՄԱՐԴՈ — Քիչ էլ զոռի` հոսանքի սյունը շուռ կտա, էս ի՞նչ բուք ա, այ մարդ:

ՆԱԶՈ — Բուք ա, էլի, Աստծու ուղարկած բուքն ա, սիրով ընդունի. անցյալ տարի էլ էս չէ՞ր:

ՄԱՐԴՈ — Չէ, սենց բուք ես չեմ հիշում:

ՆԱԶՈ — Իբր դու ինչ ես հիշում որ… Մեղայ ասծու: (Խաչակնքում է:)

ԹԻՆԱ — Ի՞նչ է կատարվում մեր մոլորակի հետ… ճիշտ որ՝ վերջը մոտեցել է: Առաջ այսպիսի բաներ չկային` ձմեռը ձմեռ էր, ձյուն էր գալիս` սպիտակ, փափուկ… ձնագնդի էինք խաղում (Երգում է, ձմռան հետ կապված մի երգ:) Էն Նիկոլը ձնագնդիի մեջ քար էր դնում, շատ անաստվածն էր. չա՛ր, չա՛ր…

ՄԱՐԴՈ — Ճամփեն փակվեց, վերջ:

ՆԱԶՈ — Բա մերդ ոնց ա գալո՞ւ… Էսօր հեռախոսով սպառնաց, թե գալու եմ:

ՄԱՐԴՈ — Ո՞նց կգա, արի տես` ինչ ա կատարվում:

ԹԻՆԱ — Ասում էի` Նիկոլ, այ տղա, ախր մեջդ հեչ խիղճ չկա՞:

ՄԱՐԴՈ — Վախենամ կարտոլն ու սոխը ցուրտը տանի:

ԹԻՆԱ — Ասեց` ինչի՞ չկա, խիղճ էլ կա, սեր էլ:

ՆԱԶՈ — Չէ, լավ էլ տաք տեղ պահել ենք. համ էլ բուք ա, հո սառնամանիք չի՞, ուր որ ա կանցնի, կգնա:

ԹԻՆԱ — Ասեցի` բա որ գլխիս կպներ, Նիկոլ տղա, ախր քարի մեջ արուն կա:

ՄԱՐԴՈ — Էս ո՞վ ա: (Դուրս նայելով:)

ԹԻՆԱ — Ասեց` մտքովս չի անցել, Թինա ջան, դե դմբո եմ, էլի, հո զոռով չի, ներիր ինձ: Ու թուշս պաչեց, այ էստեղ, բերանն էլ` տաք-տաք:

ՄԱՐԴՈ – (շարունակ դուրս նայելով պատուհանից): Էս ո՞վ ա էս բքին, այ մարդ: Սրա պլաշը… ոնց որ պարաշուտ, հիմա քամին կտանի… Ըհը, ընկավ…

ՆԱԶՈ — Արի, արի սկամբիլ խաղանք:

ՄԱՐԴՈ – Ի՞նչ սկամբիլ, նայի ի՞նչ ա կատարվում:

ՆԱԶՈ — Որ սկամբիլ չխաղացիր ու պատուհանի մոտ ախուվախ արիր, մի բան փոխվելու ա՞:

ՄԱՐԴՈ — Չայ չխմե՞նք:

ԹԻՆԱ — Ըհը, ես էլ եմ ուզում, դդումի մուրաբայով:

ՆԱԶՈ — Ուզում եք` դրեք, երեխա չեք, ես հոգնած եմ, ինձնից ձեռ քաշեք հեր ու աղջիկ. չայ կուզեք` չայ խմեք, հաց կուզեք` հաց կերեք:

ՄԱՐԴՈ — Արաղ կուզեք` արաղ խմեք:

ՆԱԶՈ — Ոչ մի արաղ:

ՄԱՐԴՈ — Իսկի չկա էլ, որտեղի՞ց:

ԹԻՆԱ – (մոտենալով դաշնամուրին): Ես պիտի հայտնի երաժիշտ դառնայի…

ՆԱԶՈ — Ո՞վ խանգարեց, դառնայիր:

ԹԻՆԱ — Իսկ ո՞վ էր կպել` ամուսնացի հա ամուսնացի, տարիքդ անցնում ա, մաշկդ թառամում ա, ոտքերդ ծռվում են, մազերդ թափում են: (Հիստերիկ:) Ամուսնացի, ամուսնացի, կարծես կյանքի միակ նպատակը ամուսնությունն ա:

ՄԱՐԴՈ — Ամուսնանայիր` վատ կլինե՞ր, աղջիկ ջան… Ներվերդ էլ հիմա էսպես խախտված չէին լինի:

ԹԻՆԱ — Չտարան, չուզեցին:

ՆԱԶՈ — Ինչի՞, բա էն մեր Սամոյենց բարեկա՞մը… Տղեն լուրջ ուզում էր:

ԹԻՆԱ — Դա էլ տղա է՞ր. իսկի բանակ չէին տարել:

ՆԱԶՈ — Տղա էր, էլի: Ճիշտ ա, մի աչքը մի քիչ բան էր, բայց մնացածը հո տե՞ղն էր:

ԹԻՆԱ­ Ի՞նչ իմացար՝ տեղն էր:

ՄԱՐԴՈ — Ոչինչ, հիմա էլ դեռ ուշ չի, կտանեն, չվախեք:

ՆԱԶՈ — Որ իրեն համեստ պահի, կամակորությունները մեջտեղ չհանի` իբր վերի արտի ցորենն ա, որ հենց սկզբից դաշնամուր չնվագի մարդկանց գլխին, կտանեն: Քո հերը Մարդոն չի՞, այ ախջի, ինչի՞դ վրա էս էդպես հպարտ:

ՄԱՐԴՈ – Ի՛… Քո մերը Նազոն չի՞…

ԹԻՆԱ — Չսկսեք, հա՞: (Նստում է դաշնամուրի մոտ, նվագում է դասական ինչ—որ ստանդարտ մեղեդի, ասենք` Լուսնի սոնատը🙂

ՆԱԶՈ — Չայ դնեմ, դուք դնող չեք:

ՄԱՐԴՈ — Հա:

ԹԻՆԱ — Ինչո՞ւ հենց ես սկսում եմ նվագել, ձեր չայն ու սկամբիլը բռնում է, ինչո՞ւ չեք լսում, ինչո՞ւ արվեստ չկա ձեր մեջ:

ՆԱԶՈ — Դե հա էլ լսել ենք, էլի, աղջիկ ջան:

ՄԱՐԴՈ – (դուրս նայելով): Էս մարդը ետ էկավ. ձյան մեջ կորել ա, ոնց որ ձմեռ պապ: Ո՞վ ա, էս կողմերում տեսած չկամ:

ՆԱԶՈ — Դդումի մուրաբա չկա, պրծել ա դդումը, լրիվ կերել եք, դեղձ ա:

ՄԱՐԴՈ — Դեղձ ա, դեղձ տուր: Մի կտոր էլ հաց դիր, հենց մենակ մուրաբայով չի: Ուտելու ժամ ա:

ՆԱԶՈ — Քու համար ե՞րբ ուտելու ժամ չի, նոր չկերա՞ր:

ՄԱՐԴՈ — Ե՞րբ կերա…

ԹԻՆԱ — Ուտել, ուտել, ուտել, խմել, խմել, խմել, ուտել-խմել, ուտել-խմել…

ՆԱԶՈ — Չես ուզում` մի կեր, մի էլ խմի: (Ամուսնուն նայելով և սիրո ակնարկներ անելով:) Թինա, աղջիկ ջան, եթե ոչ ուտել ես ուզում, ոչ խմել, գնա Կուկույենց երեխուն մի քիչ դաշնամուրի դաս տուր, երեկ խնդրեցին, ասում են շնորհքով լակոտ ա, գնա տես, աղջիկ ջան:

ՄԱՐԴՈ – (վախեցած): Չէ, ո՞ւր գնա էս ժամին, էս բքին, մեղք չի՞:

ՆԱԶՈ — Քեզ էլ հասկացանք: Թե ինչի եմ սրան հաց տալի որ, լրիվ կորած տեղ ա:

ԹԻՆԱ — Չեմ գնա, տրամադրություն չունեմ: Մի բան էլ նվագե՞մ:

ՆԱԶՈ – Էէէ… Սրտովս գնա:

Դռան թակոց

ՄԱՐԴՈ — Ի… Էս բքի՞ն…

ՆԱԶՈ — Տեսնես ո՞վ ա, տղամա՞րդ, թե կնիկ:

ԹԻՆԱ — Աղջի՞կ, թե տղա:

ՄԱՐԴՈ — Չլինի՞ մերս ա…

ՆԱԶՈ — Վայ, աստված չանի, մեռնեմ աստծուս, էս բուքը հերիք չի, մերդ էլ վրեն, ես դիմացողը չեմ:

ՄԱՐԴՈ — Չկպնես, սիրուն չի, աստված ասել ա` սիրի քու հորն ու մորը:

ՆԱԶՈ — Աստված քու մորը չի ճանաչել: Մեղայ ասծու:

Թակոց:

ԹԻՆԱ — Դե բացեք, էլի:

Թինան բացում է դուռը: Ներս է գալիս Տավրոսը:

ՏԱՎՐՈՍ — Ողջույն, բարի մարդիկ: Չհասկացա… Բարի չե՞ք:

ՆԱԶՈ — Դե, հայ քրիստոնյա ենք ոնց էլ լինի…

ՄԱՐԴՈ — Ո՞վ ես:

ՏԱՎՐՈՍ — Մարդ եմ: (Մարդոյին.) Այդպես սովորական մի նայի, ամեն մարդ չի, որ մարդ է, մարդը բացառիկ բան է մեր օրերում, այնպես չէ՞, տիկին:

ՆԱԶՈ — Ի՞նչ իմանամ:

ՏԱՎՐՈՍ — Ես մարդ եմ, մի մարդ, որին ծուղակը գցեց այս ամենափրկիչ բուքը. բուքը նման է ճակատագրին, նա ասաց` ես սկսվում եմ, ինչ անելու ես` արա, հետո ուշ կլինի, ասաց` շուտ թակիր այս դուռը, այո, հենց այս, այստեղ լավ մարդիկ են ապրում, թակիր և կբացեն, խնդրիր և կընդունեն: Ի դեպ, ձեր դռան վրա վատ բառ են գրել կավիճով:

ՄԱՐԴՈ — Էլի՞… Ես դրանց հոր հոգին…

ՏԱՎՐՈՍ — Ուզում էի մաքրել, բայց ձեռքերս սառած էին, չենթար­կվեցին:

ՆԱԶՈ – (տեսնելով, որ ամուսինը գնում է): Ո՞ւր…

ՄԱՐԴՈ — Չմաքրե՞մ:

ՆԱԶՈ — Հա, մաքրի:

ՏԱՎՐՈՍ — Հիմա ո՞վ է կարդալու, առավոտյան կմաքրեք:

ԹԻՆԱ — Չէ, թող մաքրի:

ՆԱԶՈ — Հա, մեզ չի սազում:

Մարդոն դուրս է գալիս:

ՆԱԶՈ — Հանվեք:

ԹԻՆԱ — Տաքացեք:

ՆԱԶՈ — Հյուրն ասծունն է:

ՏԱՎՐՈՍ — Շնորհակալ եմ, բայց… մինչև տանտերը չասի…

ՆԱԶՈ — Իհ, բանի վրա ես, ես պակաս տանտեր ե՞մ:

ՏԱՎՐՈՍ — Հա՞: (Հանում է վերարկուն: Նստում է բազ­կա­թոռին🙂

ԹԻՆԱ — Ձեզ համար նվագե՞մ:

ՆԱԶՈ — Սպասի դու էլ, այ ախջի, մարդը թող շունչ քաշի:

ՏԱՎՐՈՍ — Ես կարող եմ և՛ շունչ քաշել, և՛ լսել, սակայն…

ԹԻՆԱ — Ի՞նչ:

ՏԱՎՐՈՍ — Թեյ խմելիս շնչել դժվարանում եմ, բայց էլի խմում եմ:

ՆԱԶՈ — Թեյնիկը դիր գազին, Թինա:

Թինան թեյնիկը դնում է գազօջախին: Գալիս է Մարդոն:

ՄԱՐԴՈ – (զարմացած): Էս էն մարդն ա՞, թե՞ նա գնաց, ուրիշն ա եկել:

ՏԱՎՐՈՍ — Ես եմ, բայց առանց թիկնոցի և գլխարկի, և մի քիչ էլ արդեն տաքացած:

Համեցեք, մի ամաչեք, ներս եկեք:

ՄԱՐԴՈ — Շնորհակալ եմ: Մինչև ջնջեցի, հոգիս բերանս եկավ. ահավոր ցուրտ ա:

Լսի, դարպասի կեսը ձնով ծեփել ա, դու ո՞նց մտար, իսկի ոտնահետք էլ չես թողել:

ՏԱՎՐՈՍ — Դեհ… Ոնց-ոնց… Ցանկապատի վրայով: Էդպես մի նայի, հո չէի՞ սառելու:

ՆԱԶՈ – (ամուսնուն): «Ոնց մտար»: Բա դա տալու հարց ա՞:

ԹԻՆԱ — Ճիշտ որ, հայրս ինչպես միշտ աննրբանկատ է, ներող եղեք:

ՄԱՐԴՈ — Չափդ ճանաչի: «Ինչպես միշտ»: Չափներդ ճանաչեք:

ՆԱԶՈ — Ասա դու քո չափը ճանաչես, մեղայ ասծու:

ՏԱՎՐՈՍ — Ժողովուրդ, մարդիկ, սիրելիներս, ես չեկա բաժանում բերելու, այլ` միաբանություն ու սեր: Եկեք ծանոթանանք վերջապես: Ես Տավրիկն եմ:

ՄԱՐԴՈ — Տավրի՞կ… Հի-հի-հի… Կներես, իհարկե, բայց` Տավրիկ…

ՏԱՎՐՈՍ — Անունս ինչո՞ւ ձեզ այդպես զվարթացրեց:

ՄԱՐԴՈ — Ախր տավրիկը… տավրիկը բան ա, էրկաթ, հատուկ ձևի էրկաթ ա:

ՏԱՎՐՈՍ – Լավ, որպեսզի ամեն անգամ չծիծաղեք, ձեզ համար` Տավրոս. Տավրոս

Խաչատուրի, չծիծաղեք նորից, Պողպատյան:

ՄԱՐԴՈ — Լրիվ ա էրկաթ էս մարդը: Մեր տունը սենց հյուր չէր տեսել: (Ձեռքը մեկնելով:) Մարդո:

ՏԱՎՐՈՍ — Մարդո՞… Ինչո՞ւ…

ՄԱՐԴՈ — Դե եսիմ… ծնողներս էդպես են դրել, չգիտեմ` թագավոր ա էղել, թե փարավոն…

ՏԱՎՐՈՍ — Մարդուկ. Բաբելոնյան աստվածներից է:

ՄԱՐԴՈ — Հա, էլի, Մարդուկ, հայերենով` Մարդո. մերս ա դրել:

ՆԱԶՈ — Դուք նրա մորը չեք ճանաչում, նրա արած վատություններից դա ամենափոքրն ա, մեղայ ասծու, նալլաթ քեզ չար սատանա:

ՄԱՐԴՈ — Չկպնես, ծնողը սուրբ բան ա: (Տավրոսին.) Էս իմ տիկինն ա, Նազոն:

ՏԱՎՐՈՍ — Ուրախ եմ, նույնիսկ` երջանիկ, տիկին Նազելի, դուք իսկապես շատ նազելի եք: (Համբուրում է Նազոյի ձեռքը, ինչով զարմացնում է բոլորին:)

ՆԱԶՈ – (խիստ հուզված): Սս… սա իմ… մեր աղջիկն է:

ԹԻՆԱ – (ձեռքը մեկնելով): Թինա:

ՏԱՎՐՈՍ — Ողջույն, Թինա: Հեքիաթային աղջիկ ես, աչքերդ հեքիաթներով են լցված:

ԹԻՆԱ — Դա լա՞վ է:

ՏԱՎՐՈՍ — Նայած որ հեքիաթներն են պտտվում գլխիկիդ մեջ: Մարդի՛կ… (Մարդոյին.) Մարդուկ չէ, մի ցնցվիր, մարդիկ: Մարդի՛կ, ինչ լավ է, որ հատկապես ձեր դուռը թակեցի:

ՄԱՐԴՈ — Ի՞նչ լավ բան կա որ. էն քեֆչի Գևոյի դուռը թակեիր, հիմա արաղն արդեն դրել էին դեմդ:

ՏԱՎՐՈՍ — Միայն արաղով չէ մարդս:

ՆԱԶՈ ­ Ապրես:

ՄԱՐԴՈ — Մյուս կողմից` թե Միհրանի դուռը թակեիր, շանը քսի կտային վրեդ:

ՏԱՎՐՈՍ — Ոսկյա միջինն եմ ընտրել, որ անցնում է շան և օղու միջև: Ի դեպ, դուք հավանաբար արդեն ընթրել եք… Չէ, չկարծեք, ես առանձնակի հավակնություններ չունեմ, մի կտոր չոր հացը կհերիքեր… պարզապես սովոր եմ այս ժամին` մակարոն, ձկան կոնսերվ, ջրիկ թեյ…

ՄԱՐԴՈ — Թեյը ջրիկ կլինի՞:

ՏԱՎՐՈՍ — Էն էլ ոնց:

ՆԱԶՈ — Ներող եղեք, Տավրոս եղբայր, ոչ մակարոն ունենք, ոչ ձկան կոնսերվ… բայց ուտելու բան կճարվի: Լվացվեք:

ՏԱՎՐՈՍ — Էս բքին ի՞նչ լվացվել, մաքուր ենք: Տերն ասել է` մարդու կեղտը դրսից չի լինի, այլ ներսից:

ՆԱԶՈ — Ավետարան եք կարդո՞ւմ:

ՏԱՎՐՈՍ – Իհարկե, օրը երեք անգամ` նախաճաշից, ճաշից և ընթրիքից հետո, որպես դեսերտ: Մարդս առանց Ավետարան կապրի՞:

ՆԱԶՈ – (Մարդոյին): Ըհը, սովորի:

ՄԱՐԴՈ — Այ կին, չես զգո՞ւմ, որ ձեռ ա առնում:

ՏԱՎՐՈՍ — Ի՞նչ եք ասում, ոնց կհամարձակվեմ:

ՄԱՐԴՈ — Անձամբ ես Ավետարանի ո՛չ ժամանակն ունեմ, ո՛չ հավեսը, ես տուն եմ պահում, գործ եմ անում:

ՏԱՎՐՈՍ — Ի՞նչ գործ, եթե գաղտնիք չէ:

ՄԱՐԴՈ — Ինչի՞ պիտի գաղտնիք լինի:

ՏԱՎՐՈՍ — Դեհ… գուցե անվտանգության գործակալ եք, ի՞նչ իմանամ: Նման եք, գիտե՞ք:

ՆԱԶՈ — Ինքը չգիտեմ, բայց մերը հաստատ նման ա:

ՄԱՐԴՈ — Նազո, կրակի հետ ես խաղում:

ՆԱԶՈ — Շինարար է իմ ամուսինը, բրիգադիր:

ՄԱՐԴՈ — Այո:

ՏԱՎՐՈՍ — Գո՞հ եք: Գործակալ լինեիք` ավելի լավ չէ՞ր:

ՄԱՐԴՈ — Ինչ ասեմ… Հացի փող հանում եմ, (տունը ցույց տալով) հրես, ամեն բան տեղը տեղին: Յոլա ենք գնում:

ՆԱԶՈ – (սեղանը գցած): Դե նստեք:

ՄԱՐԴՈ — Ապրի մեր Նազոն, մի կես շիշ էլ արաղ ունի պահած, գիտե՞ս, Տավրոս ախպեր:

ՆԱԶՈ — Օֆ, պրծում չկա:

Նազոն օղին էլ է դնում սեղանին: Նստում են:

ՏԱՎՐՈՍ — Ողջ լինեք, ձեր սուրբ օջախի կենացը, ընդունեցիք մոլորյալիս:

ՄԱՐԴՈ — Համ էլ մոլորվել էի՞ր:

ՏԱՎՐՈՍ — Ախր շատ խառը փողոցներ են ձեր կողմերում, ես էլ վաղուց քաղաք չեմ իջել, խամացել եմ` այսպես ասած:

ԹԻՆԱ — Սարերո՞ւմ եք ապրում:

ՏԱՎՐՈՍ — Ոչ, օրիորդ, ուրիշ տեղ… էնտեղ… կարևոր չի:

ՆԱԶՈ — Ինչ էլ իմացավ, որ օրիորդ ենք:

ԹԻՆԱ — Մամ…

ՄԱՐԴՈ — Խմեցինք:

Խմում են: Ընթրում են:

ՄԱՐԴՈ – (դատարկված շիշը պտտելով): Հենց էսքանն է՞ր:

ՆԱԶՈ — Հա, էսքանն էր, մերդ վրից խմել ա անցյալ անգամ:

Լռություն:

ԹԻՆԱ — Մի բան չնվագե՞մ:

ՆԱԶՈ — Հա, դու նվագի, ես թեյ լցնեմ:

Նազոն թեյ է լցնում, Թինան նվագում է: Մարդոն հորանջում է:

ՏԱՎՐՈՍ — Այո՜:

ԹԻՆԱ — Չհավանեցի՞ք:

ՏԱՎՐՈՍ — Չէ, ինչո՞ւ… Բայց անհույզ էր մի տեսակ, անկիրք:

ԹԻՆԱ — Այդպես է գրված, ահա նոտաները, ոնց գրված է, այնպես էլ նվագում եմ, հո ինձնից չե՞մ հորինելու, ահա, նոտա կարդո՞ւմ եք:

ՏԱՎՐՈՍ — Թո՛ղ նոտաները. դու նվագիր այն, ինչը քեզ հուզում է. քե՛զ, այլ ոչ Չայկովսկուն կամ Բեթհովենին. թող պարզ լինի, նույնիսկ` պարզունակ, բայց` հոգուդ խորքից:

ԹԻՆԱ — Այդպիսի բան չեն սովորեցրել:

ՏԱՎՐՈՍ — Ո՞վ պիտի սովորեցներ: Ես առհասարակ չեմ սովորել, բայց հիմա նվագեմ` լսիր: Սխալներ չբռնես, կապ չունի, կարևորը` ի սրտե լինի:

Մի աբստրակտ մեղեդի է նվագում:

ՏԱՎՐՈՍ — Ո՞նց էր… Հրճվանք չեմ տեսնում: Պարզ է:

ՄԱՐԴՈ — Էսպես մազալու բաներ:

ՆԱԶՈ — Ես չհասկացա, ճիշտն ասած:

ԹԻՆԱ — Ես էլ:

ՏԱՎՐՈՍ — Հասկանալ պետք չէ, զգալ է պետք: (Նորից է նվագում, սակայն տեսնելով, որ չի ընկալվում, կիսատ է թողնում և նստում տեղը:) Չծխե՞նք: Ծխել կարելի՞ է:

ՆԱԶՈ — Էհ, ես էլ ծխեմ: (Ամուսնու զարմանքին ի պատասխան:) Հա, աշխարհ մեռնել կա:

Ծխում են:

ԹԻՆԱ – (հեռախոսը վերցնելով): Հեռախոսն անջատվել է: (Հեռուստացույցը միացնելով:)  Ցույց չի տալիս:

ՄԱՐԴՈ — Անտենան պառկել է երևի, անջատի:

ՆԱԶՈ — Իբր ինչ են ցույց տալիս որ` իրար գրկում են, տնքտնքում, չփչփացնում, հետո կրակում, ավտո քշում, էլի տնքում… Չեն էլ ամաչում, վայ, մեղայ ասծու, մեղա, մեղա: Բա մեր ժամանակ էսպես է՞ր:

ՏԱՎՐՈՍ — Ձեր ժամանակը ո՞րն է:

ՆԱԶՈ — Ո՞նց… Սովետի ժամանակ: Ինչ բարոյական ֆիլմեր էին, բա մուլտերը…

ՏԱՎՐՈՍ — Ուրեմն կոմունիստներն էդքան բարոյական էին, հա՞:

ՄԱՐԴՈ — Բա ի՞նչ էին, ազնվություն կար, եղբայր, արդարություն, ամեն մարդ իրա տեղում էր… Հիմա ի՞նչ ա կատարվում, մարդը ցեմենտի մարկաներն իրարից չի տարբերում, բայց դրել են շինարարության նախարար:

ՏԱՎՐՈՍ — Չգիտի՞ որ:

ՄԱՐԴՈ — Չէ, որտեղի՞ց, նա իսկի երկու անգամ երկուսը հաստատ չգիտի: Տեխնիկումն իրար հետ ենք ավարտել, զուգահեռ կուրսից էր, դդումից դդում: Իսկ ես, որ պրարաբ եմ եղել, էն էլ ինչ պրարաբ, հիմա դարձա ընդամենը բրիգադիր, ասա` ինչի՞: Ասա, ինչի՞:

ՏԱՎՐՈՍ — Ինչի՞:

ՄԱՐԴՈ – Ոնց թե ինչի՞… Էս ինչ ա ասում էս միամիտ մարդը. մեջք չունեի, մեջք:

ՏԱՎՐՈՍ — Աաա՜, պարզ է: Իսկ տիկին Նազելին այն ժամանակ ո՞վ էր:

ՆԱԶՈ — Դարդերս իրար մի տուր:

ՏԱՎՐՈՍ — Գուշակե՞մ… ԳՈՒՄ-ում՝ հագուստի բաժնի վարիչ:

ՆԱԶՈ — Չէ: Ես մատուցող էի Դվին ռեստորանի մեծ դահլիճում: Քառասուն-քառասուն` մեկ ու քառասուն, էլի քառասուն, երկուս ու քառասուն… Մեղայ քեզ աստված, ապաշխարել եմ, ապաշխարել եմ: (Խաչակնքում է:) Բայց դե էն ժամանակ ընդունված էր, չգրված օրենք էր, հիշում եք երևի:

ՏԱՎՐՈՍ — Ըհը, և դեռ ասում եք` բարոյական:

ՆԱԶՈ — Չհասկացա, կարող ա՞ անբարոյական ենք եղել:

ՏԱՎՐՈՍ — Չէ, ես էդպիսի բան չասացի: Լավ, հիմա ավելի շատ ռեստորաններ կան…

ՆԱԶՈ — Հիմա, հիմա… Հիմա պետք են մենակ բարետես արտաքինով աղջիկներ, մինչև քսանհինգ տարեկան, մենք արդեն հաշվից դուրս ենք: Բարոյական ա, չէ՞: Իսկ դո՞ւ ինչ գործի ես, Տավրոս եղբայր, գործդ բարոյակա՞ն է:

ՏԱՎՐՈՍ — Այո, ես անում եմ բոլոր ժամանակների ամենաբարոյական գործը, արել եմ, անում եմ և անելու եմ:

ՄԱՐԴՈ — Էդ ո՞րն ա:

ՏԱՎՐՈՍ — Ոչինչ չանելը: Ամենաբարոյական գործն է: Ոչ ոքի չես խանգարում, ոտի տակ չես ընկնում, նախանձող չունես:

ՆԱԶՈ — Բայց ապրել պետք ա, չէ՞:

ՏԱՎՐՈՍ — Դեհ… ձեռի հետ ինչ-որ բաներ անում եմ, ոչ կոնկրետ, այնպես, ինչ-որ կյանքն առաջարկի…

ՄԱՐԴՈ — Հա՞…

Ամուսիները կասկածով նայում են միմյանց:

ՏԱՎՐՈՍ — Դե չէ, չէ, կատակեցի, ես բան եմ… էն… Կենսաբան, այո, կենդանիների վրա փորձեր ենք դնում, որ հետո մարդկանց վրա դնենք:

ՄԱՐԴՈ — Դրած ունեք, էլի:

ՏԱՎՐՈՍ — Մոտավորապես այդպես:

ԹԻՆԱ — Մեղք չե՞ն խեղճ կենդանիները:

ՏԱՎՐՈՍ — Ոչ, հանուն մարդկության է արվում. էսպես բռնում ենք, հանուն մարդկության, էսպես փորները հանում ենք, երակները բացում, գանգոսկրը կիսում, էլեկտրոդները միացնում, ատամները մեկ-մեկ քաշում… Հանուն մարդկության, որ դուք լավ ու առողջ ապրեք:

ԹԻՆԱ — Չեմ ուզում, ուրիշի հաշվին չեմ ուզում:

ՏԱՎՐՈՍ – Ուրիշ չեն, մեր կրտսեր բարեկամներն են:

ՄԱՐԴՈ – (մտահոգ): Էհ:

ՏԱՎՐՈՍ — Ուզո՞ւմ ես ասեմ` ինչ ես մտածում հիմա. մտածում ես` գարունը բացվի, շինարարությունից ցեմենտ-ավազ-արմա­տուրա բերեմ, էս պատշգամբը մի երկու, չէ, երեք մետր առաջ տամ, տարածքը մեծանա:

ՄԱՐԴՈ — Ի…

ՏԱՎՐՈՍ – (Նազոյին): Ուզո՞ւմ եք ասեմ, թե դու՛ք ինչ եք մտածում հիմա:

ՄԱՐԴՈ­ Հա, ասա էլի…

ՆԱԶՈ — Չէ, չեմ ուզում:

ՏԱՎՐՈՍ — Լավ, չեմ ասի:

ՄԱՐԴՈ — Պատուհանի տակ էլ գարաժ կդնեմ:

ՏԱՎՐՈՍ — Մեքենա ունե՞ք:

ՄԱՐԴՈ — Չէ: Բայց դե ամեն տուն գարաժ պիտի ունենա:

ՏԱՎՐՈՍ — Անտարակույս, իհարկե, առանց գարաժ ո՞նց կլինի (Քրքջում է:) Ձանձրալի է, ժողովուրդ, ձանձրալի. պատշգամբ, գարաժ, խանութ…

ՄԱՐԴՈ — Ճիշտ ա, խանութ էլ եմ ուզում սարքեմ, մի պստիկ, մի քսանհիգ-երեսուն քառակուսի, հայաթի հաշվին… Իսկ դու ինչ ա, էկել ես մեզ ապրել սովորեցնե՞ս:

ՏԱՎՐՈՍ — Ինչո՞ւ ոչ… Ախր ոնց որ… Լավ, չեմ ասի:

ՆԱԶՈ — Ասա:

ԹԻՆԱ — Ասեք, խնդրում եմ:

ՏԱՎՐՈՍ­ Չէ, չեմ ասի:

ՄԱՐԴՈ — Ասա, ասա:

ՏԱՎՐՈՍ­ Բայց ասե՞մ որ…

ՄԱՐԴՈ­ Դե ասա, էլի, իբր ինչ ես ասելու, Եփրեմվերդին ես գլխներիս:

ՏԱՎՐՈՍ – Լավ, ասեմ, քանի որ պնդում եք, բայց չնեղանաք, ինքներդ խնդրեցիք: Ժողովո՛ւրդ, ոնց որ մեռած լինեք: Հո չնեղացա՞ք:

ՄԱՐԴՈ — Հիմա մի հատ կքոթակեմ, կիմանաս մեռածն ով ա:

ՏԱՎՐՈՍ — Արա այդ բանը, արա տեսնեմ, չէ լուրջ, արի մի հատ տղամարդավարի կռվենք, հը՞:

ՄԱՐԴՈ – Հիմա, հիմա…

Մարտական կեցվածքով կանգնում են իրար դեմ:

ՆԱԶՈ — Դե վերջ տվեք, աքլորացան, էղած-չեղածը ուզում եք ջարդուխուրդ անե՞ք: Իբր շատ բան կա էս տանը… Հլա մի ստո՛պ:

ՏԱՎՐՈՍ — Մարդը հազիվ կենդանացավ, նորից մեռցնում ե՞ք:

ՆԱԶՈ — Նստեք, ամեն մեկն իր տեղը, շուտ, ում եմ ասում:

ՄԱՐԴՈ – (նստելով): Տավրիկ, թող մենք մեր իմացածով ապրենք, հա՞, էլ մեզ խելք չսովորացնես, թե չէ` խնդրեմ, ճամփեն բաց ա:

ԹԻՆԱ – Հայրիկ…

ՄԱՐԴՈ — Ոչ մի հայրիկ, սենց հյուր ա լինո՞ւմ… Բաց ա ճամփեն:

ՏԱՎՐՈՍ – Փակ ա:

ՄԱՐԴՈ ­ Բաց ա:

Լույսերն անջատվում են:

ՏԱՎՐՈՍ — Ահա, իսկ դուք ասում եք` բաց ա:

ԹԻՆԱ — Ինչ սարսափելի գիշեր է. չգնաք Տավրոս, խնդրում եմ:

ՏԱՎՐՈՍ — Չեմ էլ պատրաստվում:

ՄԱՐԴՈ — Նազո, մոմ վառի, լուսն էսօր չեն միացնի, բուքն ա արել:

ՆԱԶՈ — Բա որ առած չլինեի, հիմա ո՞նց էինք անելու… Հեռատես կին եմ, է՜, տեղս իմացող չկա: (Մոմ է վառում:) Տավրոս եղբայր, այ, կարդացած մարդ ես երևում, մի հարց տամ քեզ, փիլիսոփայական:

ՄԱՐԴՈ ­ Պահ, էլ ոնց կլիներ, փիլիսոփայական

ՏԱՎՐՈՍ ­ Հարցրեք, տիկին Նազելի: Համարձակ:

ՆԱԶՈ ­ Մարդուս սեր ա պետք, սեր, երջանկություն, չէ՞, էդպես ա մարդը, անխտիր:

ՏԱՎՐՈՍ ­ Այդպես է, համաձայն եմ:

ՆԱԶՈ ­ Բա ո՞նց ա, որ էդ սերը լինում ու անցնում ա, ու էլ պրծ, չկա, կուզես՝ գլուխդ պատերով տուր: Բա էլ ո՞նց ապրի էդ մարդը:

ՏԱՎՐՈՍ ­ Ո՞նց… Նորից թող սիրի, հո մի անգամով չի՞:

ՆԱԶՈ ­ Նորի՞ց… Է, չեղավ, դրա անունն արդեն ուրիշ բան ա:

ՄԱՐԴՈ ­ Հա, հաստատ ուրիշ ա:

ՏԱՎՐՈՍ ­ Ձեզ անունն ա՞ վախեցնում, անունն ա կարևո՞ր, թե սերը:

ՆԱԶՈ ­ Չէ, բայց ասված ա, չէ՞…

ՏԱՎՐՈՍ ­ Շատ բան ա ասված: «Ասված ա, ասված ա…»: Դե որ ասված ա՝ ասվածով շարժվեք, ինձ ինչի՞ եք հարցնում:

ՄԱՐԴՈ ­ Նազո, դու սրան էլ հարցեր չտաս, եղա՞վ:

ՆԱԶՈ ­ Եղավ:

Նստած են, Մարդոն հորանջում է, Նազոն էլ է հո­րան­ջում, Թինան էլ:

ՄԱՐԴՈ ­ Սենց մազալու բաներ:

ՏԱՎՐՈՍ — Լսեք, բարեկամներս, կյանքի մեզ նվիրած գիշերներն այդքան շա՞տ են, որ էսպես նստենք, իրար երեսի նայենք ու հորանջենք:

ԹԻՆԱ — Բայց ի՞նչ անենք, հոսանքն էլ անջատեցին. ո՛չ երաժշտություն կա, ո՛չ հեռուստացույց:

ՏԱՎՐՈՍ — Հեռուստացույցն ու երաժշտությունը ձեր մեջ պիտի լինեն, եթե ձեր մեջ չեղավ` դրսինը չի փրկի. ձեր միջինը հանեք, հա­հա, լրիվ հնարավոր բան է, ես կօգնեմ: (Սենյակի մեջտեղում կանգնելով:) Հոպլյա:

ՄԱՐԴՈ — Մի խելոք մարդ չհանդիպեց, էլի:

ՏԱՎՐՈՍ — Չփնթփնթալ, սկսում ենք:

Բեմը լուսավորվում է գունավոր, խաղացող լույ­սերով, ուրախ երաժշտություն է հնչում, հայտնվում են ծաղրածուները, նվագում են, երգում, աճպա­րարու­թյուն անում, գլուխկոնծի տալիս: Տավրոսը դիրիժորի պես ղեկավարում է ներկայացումը: Մարդոն ու Նազոն անտարբեր նայում են Տավրոսին, ուրիշ բան չեն տեսնում կամ լսում, Թինան միայն դեպքից դեպք է ար­ձա­գան­քում: Տավրոսն ավարտում է ներկայացումը, ծաղրա­ծուները, լույսը, երաժշտությունը չքվում են:

ՏԱՎՐՈՍ — Դե՞…

ՄԱՐԴՈ — Ի՞նչ` դե: Մեծ մարդ ես, թռչկոտում ես գիժ էծի պես, չի սազում:

ՏԱՎՐՈՍ — Ուրիշ ոչինչ չտեսա՞ք, չզգացի՞ք…

ՆԱԶՈ — Իիի՜, լրջացի, հո ղզիկ չե՞ս:

Տավրոսը նայում է Թինային:

ԹԻՆԱ — Ես ինչ-որ գույներ տեսա կարծես, ծիածանի նման, երգի ձայներ էլ լսեցի, բայց շատ հեռվից, շատ:

ՏԱՎՐՈՍ – Ուրեմն, դու դեռ կորած չես:

ՄԱՐԴՈ — Լսիր, Տավրիկ, մեր քնելու ժամն ա արդեն. տես, Նազոյի աչքերը փակվում են:

ՆԱԶՈ — Քո անունից խոսի:

ՄԱՐԴՈ — Հա, մենք ռեժիմով ընտանիք ենք:

ԹԻՆԱ — Ի՞նչ քնել, ախր էսպիսի բուք հազարից մեկ է լինում, գուցե աշխարհի վերջն է եկել…

ՆԱԶՈ — Դու էլ շաշացա՞ր:

ՏԱՎՐՈՍ — Ռեժիմ: Ծիծաղելի է: Ռեժիմ: Հո բանակում չե՞ք:

ՄԱՐԴՈ — Հա հենց, ռեժիմ, մեռնեմ ռեժիմին, ռեժիմը չլիներ` տուն-տեղ չէի դնի, ընտանիք չէի կազմի, քու նման գիշերային թափառական կլինեի:

ՏԱՎՐՈՍ — Տուն-տեղ, օօօ՜, կահ-կարասի, չուլուփալաս…

ՆԱԶՈ — Բա ինչ, տկլոր ման գա՞նք:

ՏԱՎՐՈՍ — Տկլո՞ր… Ես ասացի` տկլո՞ր… (Նազոյին նայելով:)

ՆԱԶՈ — Ինչի՞ ես էդպես նայում:

ՄԱՐԴՈ — Քեզ կարգին պահի, այ տղա: Սա տուն թողնելու բան չէր, չէ:

ՆԱԶՈ — Հա, չափն անցար ոնց որ, պարոն Տավրոս:

ՏԱՎՐՈՍ – (Մարդոյին): Հաճելի չի՞, որ ձեր կնոջը ցանկությամբ են նայում…

ՄԱՐԴՈ — Քեզ ձգի, է…

ՆԱԶՈ — Հա:

ՏԱՎՐՈՍ — Զարմանալի է. զզվանքով նայեմ` լավ կլինի՞:

ՆԱԶՈ — Չէ, զզվանքով համաձայն չեմ:

ՄԱՐԴՈ — Իսկ որ առհասարակ չնայես` ի՞նչ կլինի:

ՆԱԶՈ — Էդ էլ չեղավ, Մարդո, մարդը մի բանի պիտի՞ նայի, հո քեզ չի՞ նայելու:

ՄԱՐԴՈ — Մի խոսքով, մեր տանը տեղ չկա, Տավրոս, մնացիր-տաքացար, դաշնամուր նվագեցիր, հիմա բան արա, հա… Կներես, բայց մեր քնելու ժամն ա:

ՏԱՎՐՈՍ — Էհ, Մարդո եղբայր, տուն-տեղ եմ դրել, հա, տուն-տեղ եմ դրել… Բայց մի հյուրի տեղ էլ չկա տանդ մեջ:

ՄԱՐԴՈ — Հյուր էլ կա, հյուր էլ…

ԹԻՆԱ — Բուքն ուժեղացել է, ձայնը չեք լսո՞ւմ… Լսեք… Հիմա կարելի է մար­դուն դուրս հանե՞լ… Դեռ ձեզ հայ քրիստոնյա եք երև­ա­կայում: (Նազոյին կապկելով:) Մեղայ ասծու, մեղայ ասծու…

ՆԱԶՈ — Նալլաթ քեզ, չար սատանա:

ԹԻՆԱ — Ես չեմ քնելու: Դուք քնեք, եթե ուզում եք: Իսկ մենք Տավրոսի հետ կզրուցենք:

ՏԱՎՐՈՍ — Կզրուցենք, հրեշտակս, ես քեզ այնպիսի պատմություններ կպատմեմ, որ չես լսել երբեք:

ՄԱՐԴՈ — Հոպ, չեղավ:

ՆԱԶՈ — Էդ էր պակաս, աղջիկ մեծացնենք, որ գիշերով օտար տղամարդու հետ զրուց անի:

ԹԻՆԱ — Ես վաղուց արդեն չափահաս եմ, այս տանն էլ իմ մասն ունեմ, խնդրում եմ հարգել իմ իրավունքները:

ՄԱՐԴՈ — Ասեցի, չէ՞, որ սա տուն թողնելու բան չէր, աղջկաս միտքը պղտորեց:

ՏԱՎՐՈՍ — Ժողովուրդ, մարդիկ, սիրելիներս, կռիվ չանենք: Դե մի թթվեք, թեթև նայեք կյանքին, չի կարելի միշտ լուրջ լինել, կպայթեք, քաղքենիական վախերը մի կողմ թողեք, հողը չի փախչի ձեր ոտքի տակից, հավատացնում եմ, տիկին Նազելի:

ՆԱԶՈ — Սպասի… Վայ, վայ, վայ…

ԹԻՆԱ — Ի՞նչ եղավ, մա:

ՆԱԶՈ — Սիրտս վատ բան վկայեց: Հա, էլի, հրեն…

Դուռը թափով բացվում է, ներս է մտնում տատը:

ՄԱՐԴՈ — Այ մե՞ր… Էս բքին ո՞նց հասար, խեղճ կնիկ:

ՆԱԶՈ – (մեկուսի): Շատ խեղճ ա, շատ. վայ, վառվել եմ սրա ձեռին, վառվել:

ՏԱՏ — Ես ձեր վայ-վույի կարիքը չունեմ, ուզեմ` կհասնեմ, չուզեմ` չեմ հասնի, բուքն ինձ ի՞նչ, ես այսպիսի՞ բուքուբորաններ եմ տեսել իմ բազմաչարչար կյանքում… Եվ ուղիղ և ես կասեի՝ փոխաբերական իմաստով, Նազո աղջիկ: Ւնձ մի բաժակ օղի տվեք, շուտ:

Նազոն ֆշշացնելով պահարանն է քրքրում:

ԹԻՆԱ – (Տավրոսին): Տատիկս է:

ՏԱՎՐՈՍ — Կռահեցի:

ԹԻՆԱ — Դասատու է եղել, դրա համար էլ էսպես բարձր է խոսում:

ՆԱԶՈ – (Մարդոյին): Պահած ունեի էստեղ, չես տեսե՞լ:

ՏԱՏ — Տեսած կլինի:

ՄԱՐԴՈ — Մի րոպե, հիշեմ:

ՏԱՏ — Լարիր հիշողությունդ, երախտամոռ զավակ: Արագացրու:

ԹԻՆԱ – (Տավրոսին): Տատը մի քիչ գժոտ է, նյարդայինը խախտված է, նույնիսկ բուժվել է, բայց առանձնապես օգուտ չեղավ, որ մի բան իր ասածով չլինի` Աստված հեռու տանի:

ՏԱՎՐՈՍ — Հետաքրքիր է, հետաքրքիր:

ՏԱՏ — Դե ի՞նչ եղավ, չհիշեցի՞ր: Մարդուս տանն է՞լ օղի չլինի… (Նազոյին.) Աղջի Նազո, երկար եմ սպասելո՞ւ:

ՆԱԶՈ — Բայց ես ի՞նչ անեմ, ես ունեի, խմել ա տղեդ:

ՄԱՐԴՈ — Մա, հանգիստ, չկատաղես, թռնեմ-բերեմ, գետնի տակից էլ լինի` կճարեմ:

ՆԱԶՈ — Թե էս բքին որտեղից ես ճարելու: Ինձ համար սրտի դեղ պետք լինի՝ չի բերի:

ՏԱՏ ­ Քեզ սրտի դեղ պետք չի, դու սիրտ չունես:

ՄԱՐԴՈ — Ճար չկա, պիտի ճարեմ:

ՏԱՏ — Ճարի:

ՆԱԶՈ – (մեկուսի): Մեր ու տղա ոնց որ սատանա լինեն, բքի մեջով գնում են, գալիս են…

ԹԻՆԱ – (Տավրոսին): Մի քիչ էլ սկլերոզ ունի, պերիոդիկ. մեկ էլ իր տանից դուրս կգա ու ետ գնալու ճամփեն կմոռանա, քանի անգամ ոստիկանությունն է գտել, կամ էլ զանգում է մեր տուն ու ասում` «Իմ տան տեղը հիշեցրեք ինձ»:

ՏԱՎՐՈՍ — Ինչ հրաշալի կին է: (Մարդոյին, որ արդեն դռան մոտ է:) Հարգելի Մարդո, հիմա դուք ոչ միայն օղի չեք ճարի, այլև ինքներդ կկորչեք ձների մեջ:

ՏԱՏ — Իսկ ես ո՞նց է, որ չեմ կորչում:

ՏԱՎՐՈՍ — Դե դուք ուրիշ եք, տիկին, ձեր անցած ուղին, ձեր փորձը…

ՏԱՏ — Ո՞վ է այս տղամարդը:

ՄԱՐԴՈ — Հյուր: (Տավրոսին.) Պիտի ճարեմ, ճար չունեմ:

ՏԱՏ – (ծխելով): Դե թռի, տղա, շատ խոսեցիր:

ՄԱՐԴՈ — Հանգիստ, մա, գնում եմ:

ՏԱՎՐՈՍ — Մի րոպե: Ես երևի թե լուծեմ այս խնդիրը` եթե տիկնոջը հար­յուր գրամը բավարարի իհարկե… (Հանելով գրպանից տա­փա­շիշը:) Այս տափաշշում հարյուր գրամ մաքրամաքուր թթի օղի է մնացել:

ՏԱՏ — Այս մարդը լավ մարդ է, աչքերից եմ տեսնում. հո չե՞ք նեղացրել:

ՄԱՐԴՈ — Չէ, ի՞նչ ես ասում, մեր ազիզ հյուրն ա:

ՏԱՎՐՈՍ — Բաժակ տվեք, լցնեմ:

ՏԱՏ — Հա, անկասկած, այս մարդը լավ մարդ է: (Ուշադիր նայելով Տավրոսին:) Մենք ոնց որ ծանոթներ լինենք… Չէ՞…

ՏԱՎՐՈՍ – Ցավոք՝ ոչ: Պարզապես` հարազատ հոգիներ:

ՏԱՏ — Հնարավոր է… Դե լավ, ինչ-որ է, ձեր կենացը: (Խմում է` ծամածռելով դեմքը:) Մի կտոր…

ՄԱՐԴՈ — Նազո, պանիր-զեյթուն-բան…

ՏԱՏ — Ուշ է, անցավ: Թունդ էր: Հո՛ւ: Զզվում եմ այս տնից:

ՆԱԶՈ — Զզվում ես` մի արի:

ՏԱՏ — Կծեց, չդիմացավ, կծեց:

ՆԱԶՈ — Բա կարծում եք լրիվ անատամ ե՞մ:

ՄԱՐԴՈ — Նազո:

ՆԱԶՈ — Ի՞նչ Նազո, կյանքս կերաք մեր ու տղա, հերիք էղավ-բոլ էղավ…

ՏԱՎՐՈՍ – (հուշում է): Մեղայ ասծու:

ՆԱԶՈ — Մեղայ ասծու: (Տավրոսին.) Դո՞ւ ինչ ես մեջ ընկնում, ձեռ ես առնո՞ւմ, հյուր ես` քեզ հյուրի պես պահի, չէ հո` ճամփեն բաց ա:

ՏԱՏ — Հյուրին ձեռք չտալ: (Մարդոյին.) Կնոջդ սանձերը լրիվ բաց ես թողել:

ՄԱՐԴՈ — Չսկսես, մամ, հավես չունեմ:

ՏԱՏ — Քեզ այդպե՞ս ենք դաստիարակել, հայրդ կարգին տղամարդ էր, ո՞ւմ քաշեցիր այսպես փալաս:

ՄԱՐԴՈ — Դե վերջ, դե թողեք ապրեմ, թողեք կերակրեմ ձեզ, էլի, այ մարդ, կերակրողին է՞լ խփեն:

ՏԱՏ — Կերակրողիս նայեք. ինձ գցել ես էն խրճիթի մեջ… Թե՞ էս տանը տեղ չունեմ, թե՞ ամուսնուս տունը չի սա:

ՆԱԶՈ — Ամուսինդ երկու պատ էր թողել, էս ինչ կա մենք ենք սարքել:

ՄԱՐԴՈ — Նազո, սուս, մաման միշտ էլ գլխիս վրա տեղ ունի:

ՆԱԶՈ — Ուրեմն ինձնից ձեռ քաշի, ես գլուխս կառնեմ-կգնամ, էս գժի հետ ապրողը չեմ:

ՏԱՏ — Գիժը դու ես, կապը կտրած:

ՆԱԶՈ — Հերիք եղավ, էլ չեմ դիմանում…

Նազոն ու տատը կպնում են իրար:

ԹԻՆԱ – (հիստերիկ): Սկսվեց, սկսվեց… Վերջ տվեք…

ՆԱԶՈ — Լիրբ պառավ, քյաֆթառ…

ՏԱՏ – Օֆիցյանտկա, պուտանկա:

ՄԱՐԴՈ – (ճգնում է բաժանել): Ուշքի էկեք, Նազո, մամա…

Վերջապես բաժանվում են:

ՏԱՏ — Այս ձեր հյուրին շնորհակալ եղեք, թե չէ` գիտեք ինչ կանեի:

ՄԱՐԴՈ — Գիտենք, գիտենք:

ՆԱԶՈ — Ի՞նչ կանեիր, է, ինչ պիտի անես, ո՞ւմ ես վախացնում:

ԹԻՆԱ — Ես կխելագարվեմ:

ՆԱԶՈ – (Տատին): Այ ջադու, տունն ինչի՞դ ա, այ սկլերոտիկ թափառական:

ՏԱՏ — Քո պատճառով եմ թափառական դարձել, լիրբ:

Նազոն և Տատը դարձյալ կպնում են իրար, Մարդոն ու Թինան փորձում են բաժանել. ծղրտոց, քաշքշոց: Տավ­րոսը ոստիկանական սիրենի ձայն է հանում: Հակառակորդները թողնում են միմյանց:

ՏԱՏ — Կշտացա ձեզնից. ես գնացի:

ՆԱԶՈ — Գնալդ լինի, գալդ` ոչ:

ՄԱՐԴՈ — Սուս, մի բան էլ կուլ տուր, էլի:

ՆԱԶՈ — Մի բան դու կուլ տուր. ուժդ մենակ ինձ ա՞ պատում:

ՏԱՏ — Ես գնում եմ, բայց էլի գալու եմ, չկասկածեք:

ՆԱԶՈ — Մի անգամ էնպես կլինի՞, որ էս տան ճամփեն կորցնես, հիշողությունդ լրիվ կորի` պրծնենք քեզնից:

ՏԱՏ — Լիրբ, էս անգամ գլխիդ մազ չեմ թողնի, զգույշ:

ԹԻՆԱ — Տատ, խնդրում եմ…

ՏԱՏ — Միայն քո խաթր, մեկ էլ` այս ազնիվ մարդու: Ցտեսություն: (Դուրս է գալիս:)

ՆԱԶՈ — Ախ, մեռնեմ իմ ասծուն, մեղա, մեղա… Էրկու օր մոմ չվառեցի` փորձանք փորձանքի վրա եկավ գլխիս: Վաղը` ուղիղ Սուրբ Սարգիս: (Խաչակնքում է:)

ՄԱՐԴՈ — Ասա, որ էսքան վառել ես, ի՞նչդ ա ավելացել:

ՆԱԶՈ — Թե ես ոնց ընկա էս անհավատների ձեռը, վայ… մեր ու տղա` անհավատ, աթեիստ, վայ-վայ-վայ:

ՄԱՐԴՈ — Մի տիրացու առնեիր, էլի, օֆիցյանտ ու տիրացու` իսկը կսազեիք իրար:

ՆԱԶՈ — Ախ, խաբվեցի, խաբվեցի, կարծեցի կարգին մարդ ա, ոնց խաբվեցի, խեղճ, միամիտ Նազո, էշ Նազո:

ԹԻՆԱ — Լավ, էլի, մամ:

ՆԱԶՈ — Դու սուս, դու էլ ես սրանց սորտից:

ՄԱՐԴՈ — Կարծել էր փող ունեմ, հա-հա, ասել էին` ԺԵԿ-ի պետի տղայա, տակը լիքն ա, սա էլ հավատացել էր: Բայց հերս ազնիվ մարդ էր, աշխատավարձով ապրող:

ՆԱԶՈ — Ի՞նքդ ինչի ազնիվ չես, շինարարությունից ցեմենտ-ավազն ինչի՞ ես գողանում-ծախում:

ՄԱՐԴՈ — Վայ: Այ նախկին «քառասուն-քառասուն` մեկ ու քառասուն», գոնե դու մի խոսի, էդ ցեմենտից դու էլ ես ուտում: Լրիվ գժվել ա էս կնիկը, իրա օգուտի դեմ էլ ա խոսում: (Տավրոսին.) Ավելացած մատերիալ ա լինում. պատահում ա` ավել են գրում, մնում ա, հասկանում ես, էլի, հետո պրարաբի հետ կիսվում ենք: Ես էլ մարդ եմ, դրանց տված ռոճիկով ո՞նց յոլա գնամ:

ԹԻՆԱ — Գոնե հյուրին մի խառնեք ձեր մութ գործերին, իրար ուտում եք` հերիք է:

ՆԱԶՈ­ Մութ, էլ ո՞նց կլիներ, ուրիշները օրը ցերեկով աշխարհը կերան, էս խեղճի մի երկու կիլո ցեմնտն աչքիդ մութ երևա՞ց:

ՄԱՐԴՈ — Ապրես, կնիկ: (Թինային.) Ծնողներիդ հետ էդպես չխոսես:

ՆԱԶՈ — Հա, քեզ համեստ պահի, մարդի տալու աղջիկ ես:

ԹԻՆԱ — Ուր է, գնամ` ձեզնից պրծնեմ, հենց մենակ դրա համար արժե գնալ:

ՄԱՐԴՈ – Կգնաս, աղջիկ ջան, էսպես չի մնա, մի բան կճարենք:

ԹԻՆԱ — Ինձ մի բան պետք չի, ինձ կարգին տղամարդ է պետք:

ՆԱԶՈ — Պահ: Ինձնից լավը չես: «Կարգին տղամարդ»: Կարգին տղամարդ հիմա  ո՞ւր ա, լիներ, էնա…

ՄԱՐԴՈ­ Չհասկացա:

ՏԱՎՐՈՍ — Մարդիկ, մարդիկ… էս ի՞նչ եք խոսում, մի հատ թափ տվեք ձեզ…

ՆԱԶՈ — Թե էս քարոզիչը գիշերվա կեսին որտեղից իջավ գլխներիս, է: Հոգնեցի ձեզնից, վերջ, ես քնում եմ, ձեր ճարը տեսեք: (Վերցնում է վերմակը և կծկվում բազմոցին:)

ՄԱՐԴՈ – (մտազբաղ): Էսպես մազալու բաներ: (Լռություն: Տավրոսին, կիսաձայն, դավադրորեն:) Տավրոս ախպեր, էյ, Տավրիկ… մոտ արի, արի էստեղ:

ՏԱՎՐՈՍ — Ե՞ս:

ՄԱՐԴՈ — Դու, դու: Արի, բան եմ ասում:

ԹԻՆԱ — Գնա, ձեռ չի քաշի:

ՏԱՎՐՈՍ — Հա՞:

ԹԻՆԱ — Դա իր համար շատ կարևոր է:

Տավրոսը մոտենում է Մարդոյին, որը գրապա­հա­րանից հանում է իր հաստ ալբոմը:

ՄԱՐԴՈ — Խելացի մարդ ես երևում:

ՏԱՎՐՈՍ — Հա՞ որ:

ՄԱՐԴՈ — Արի, նայի, սա իմ երկար տարիների աշխատանքի պտուղն է. հայկական լեռնաշխարհի բոլոր, անխտիր բոլոր բույսերի հերբարիում: Ըհը, դե տես ինչ գործ ա, թե չէ կարծում ես մենակ ցեմենտ-ավազն ա՞:

ՏԱՎՐՈՍ — Կանեփ էլ կա՞:

ՄԱՐԴՈ — Բա ոնց: Ասում եմ` բոլոր, չես հավատո՞ւմ:

ՏԱՎՐՈՍ — Իսկ սրա՞նք:

ՄԱՐԴՈ — Լատիներեն անվանումներն են:

ՏԱՎՐՈՍ — Ապշեցուցիչ է:

ՄԱՐԴՈ — Ապշեցուցիչ է, չէ՞:

ՏԱՎՐՈՍ — Այո: Մարդ արարածը չի սպառում իրեն, թվում է` վերջ, ճանաչել ես, մեկ էլ հանկարծ` խնդրեմ… (Կարդում է:) «Կուկուրբիտա Պեպո»: Սա ի՞նչ է, Պեպոյի բո՞ւյս:

ՄԱՐԴՈ — Ոչ, դդում:

ՏԱՎՐՈՍ — Նոր ասում էիր` խելացի ես, հիմա` դդո՞ւմ:

ՄԱՐԴՈ — Դե չէ, այ մարդ, հո քեզ չե՞մ ասում. դա դդումի լատիներեն անունն ա:

ՏԱՎՐՈՍ — Աաա՜: Հետաքրքիր է: Բայց ինչի՞դ է պետք, Մարդո եղբայր… Ախր դու այնքան պրակտիկ մարդ ես, և հանկարծ` Կուկուրբիտա Պեպո. կատարյալ ռոմանտիզմ:

ՄԱՐԴՈ — Չգիտեմ… Մեջս սեր կա բույսերի նկատմամբ: Ասում եմ` Նազո (ձայնը վախեցած իջեցնելով), ասում եմ` Նազո, գոնե մի երկու կակտուս դնենք պատշգամբում, շատ սիրուն ծաղկում են, կամ էլ` էն փոքր նուռերից, բայց դե… Ասում ա` բույսերն ինձ վրա վատ են ազդում, դրանց մեջ սատա­նայական էներգիա կա, գլխապտույտներ եմ ունենում: Նայի, էստեղ նույնիսկ Արևմտյան Հայաստանից բույսեր կան, խնդրել եմ` բերել են ընկերներս: Մի օր պետք կգա հայրենիքիս, կդնեն բնության թանգարանում, անունս էլ երևի գրեն տակը:

ՏԱՎՐՈՍ — Անշուշտ: Սա շատ կարևոր գործ է:

ՄԱՐԴՈ — Կարող ա՞ ձեռ ես առնում:

ՏԱՎՐՈՍ – Ամենևին: Նայիր, մենք մեր բնությունն իսպառ ավերում ենք, անտառ ու դաշտ չի մնում, խժռում ենք ուղղակի, բույսերի տեսակներ են անվերադարձ կորչում, իսկ այս հերբարիումում, խնդրեմ, նրանք կան, այստեղ են, ավելի ճիշտ` կան նրանց հուշերը: Բայց այս հուշերը վաղը գուցե կյանք առնեն` գենետիկան մեծ թափով զարգանում է, և քո հերբարիումով հնարավոր է, որ վերակենդանանա մեր կորած բնությունը:

ՄԱՐԴՈ — Հնարավոր է, չէ՞:

ՏԱՎՐՈՍ — Իհարկե: Զարմանալի է:

ՄԱՐԴՈ — Ի՞նչը:

ՏԱՎՐՈՍ — Ախր դու բնության մարդ ես:

ՄԱՐԴՈ — Հա: Իմ սիրտը, ինչպես ասում են, լեռներում է, Տավրոս եղբայր, բայց ես էստեղ եմ, ասֆալտի վրա, ի՞նչ անեմ:

ՏԱՎՐՈՍ – Թքիր ասֆալտի, ցեմենտ-ավազի վրա, տունդ էլ ծախիր, ու հայդա` լեռները, ալպիական մարգագետիննե՜ր… Մի քանի հեկտար հող կառնես, նոր տուն կսարքես, ոչխար, կով, շուն կպահես, այգի կտնկես…

ՆԱԶՈ — Հոպ, էդ ո՞ւմ տունն եք ձեզուձեզ ծախծխում:

ՏԱՎՐՈՍ — Մարդոյի…

ՄԱՐԴՈ — Ինչի՞, սխալ ա ասում մարդը՞, ծախենք, գնանք մի սիրուն գյուղում մի սիրուն տուն առնենք ու ազատ, առողջ ապրենք` մաքուր օդին, ծառ ու ծաղկի մեջ… Թինային էլ մի ազնիվ, սարեցի տղա կգտնենք…

ԹԻՆԱ — Թինային հանգիստ թողեք:

ՆԱԶՈ — Դառնամ գեղացի, էլի:

ՄԱՐԴՈ — Այ մարդ, ի վերջո բոլորս էլ գեղացի ենք, քաղաքացին ո՞րն ա, պապդ գյուղից չի եկե՞լ քաղաք:

ՆԱԶՈ — Հո չասեցիր… Մեր հեռավոր նախնիներն էլ ծառերի վրա են ապրել, հիմա մենք էլ բարձրանանք ծառերը՞:

ՄԱՐԴՈ — Չես լսե՞լ, ասում են` գյուղը աստծուց ա, քաղաքը` սատանից:

ՆԱԶՈ — Դու աստծու հետ գործ չունես, այ աթեիստ բուսաբան: Կուզե՞ս, գնա, ընկի չոլերը, իսկ ինձ ու իմ աղջկան ու իմ տունը հանգիստ թող:

ՄԱՐԴՈ — Ի… Ուրեմն տունը քոնն ա՞:

ՆԱԶՈ — Բա չէ, քոնն ա ու քո մորը:

ՄԱՐԴՈ — Մի րոպե, մի րոպե…

ԹԻՆԱ – (Տավրոսին): Սրա վերջը լավ չի:

ՏԱՎՐՈՍ — Մարդիկ, հեյ, ժողովուրդ… Շատ լավ հերբարիում էր, նայեցինք, հաճույք ստացանք, երազեցինք… Հիմա ուրիշ բանից խոսենք… Միգուցե Թինան նվագի՞ մեզ համար:

ՄԱՐԴՈ — Վերջ, վաղը մի հատ էսքան ֆիկուս եմ բերում, դնեմ էս սենյակում, այ էստեղ:

ՆԱԶՈ — Ինչի՞ ֆիկուս, միանգամից պոպոքի ծառ բեր, համ էլ պոպոք կուտես, քեզ պետք ա:

ՄԱՐԴՈ — Ի՞նչ, էդ ինչ ասի՞ր…

ՆԱԶՈ — Ինչ որ լսեցիր: «Ֆիկուս», չէ մի՝ պալմա:

ՄԱՐԴՈ — Թու, ես քու տիրոջ…

ՆԱԶՈ — Ինչի՞ իմ տիրոջ, էնա քու տիրոջ: Ասենք` քեզ ուր ա տեր. մի հատ մեր ունես` էն էլ խելքը գցած, ասծուն էլ չես հավատում,:

ՄԱՐԴՈ — Որ դու հավատում ես, գիտես շատ պետք ա՞ աստծուն, բա աստված մեղք չի՞ , որ քու նմանն իրան հավատա, քու հավատը քֆուրի պես ա:

ՆԱԶՈ — Հավատքիս չկպնես, աթոռը գլխովդ կտամ:

ՄԱՐԴՈ — Տո հերիք էղավ… (Հերբարիումով խփում է կնոջը:)

ՆԱԶՈ — Վայ ես քո սադիստ…

Քաշքշոց է սկսվում: Թինան նյարդային ճչում է, բաժանում ծնողներին, մերթ էլ խփում դաշնամուրի ստեղներին, երգում: Տավրոսը փորձում է բաժանել կռվողներին, հանկարծ գրպանից հանում է ատրճա­նակը և գոռում:

ՏԱՎՐՈՍ — Թողեք իրար, կկրակեմ:

Կռվողները սթափվում են:

ՄԱՐԴՈ — Ի… զենքով ես մտե՞լ տունս:

ՆԱԶՈ — Էս վայ թե կիլլեր ա:

ՏԱՎՐՈՍ – Չէ, չէ, ժողովուրդ, խաղալիք է: (Դնում է գրպանը:)

ՄԱՐԴՈ — Խաղալիք ա, ինչ ա, էլ ջեբիցդ չհանես, էղա՞վ:

ՏԱՎՐՈՍ — Էղավ:

ՆԱԶՈ — Վայ ինձ, վայ, ԺԵԿ-ի պետի տղեն բա քեզ արժանի՞ էր, բա չգիտեի՞ր, որ դրանք անհավատ են, ինքդ` համեստ վաճառողի ընտանիքից, դրանց հետ ի՞նչ գործ ունեիր, տեղն ա քեզ, մեղավոր ես, անաստվածների հետ կապեցիր կյանքդ, դրանից էլ դժբախտություններդ` Աստված էրես ա թեքել,  անձնական երջանկություն չկա, սեր չկա, աղջկադ ուզող չկա…

ՄԱՐԴՈ – (հերբարիումը հավաքելով): Երկար տարիների աշխատանքս… Լրիվ քանդվեց, սա էլ կվերականգնվի՞…

ՏԱՎՐՈՍ — Կվերականգնվի, Մարդո եղբայր, առանձնապես բան չի եղել, կհավաքես, կկպցնես…

ԹԻՆԱ — Հա, պապ ջան, կկպցնես, կդառնա ոնց որ նոր, ես կօգնեմ:

ՄԱՐԴՈ — Մեռնեմ սրտիդ, լավ ա մորդ չես քաշել, թե չէ լրիվ կկորեի:

ՆԱԶՈ — Բա չէ, գիժ մորդ ա քաշել, կամ էլ էն տատիդ, որ ժավելը խմեց` ինքնասպան եղավ:

ՄԱՐԴՈ — Ասա, էդ էլ ասա, լրիվ ասա` հանգստացի, բան չթողնես, անխիղճ, և դեռ ամբողջ օրը աստծուց ա խոսում, դու ուր, աստված ուր:

Հանկարծ նկատում են, որ Թինան, բազկաթոռում կծկված, ցնցվում է ու անկապ բարբաջում:

ՏԱՎՐՈՍ — Թինա, Թինա, ի՞նչ եղավ:

ՆԱԶՈ — Խեղճ երեխես, ըսենց հոր ձեռին… (Տավրոսին.) Մի հատ թեթև սիլլա տուր, ուշքի կգա, էդպես պատահում ա, դու սիլլեն տուր, ես հիմա դեղը բերեմ:

Տավրոսը փորձում է ուշքի բերել Թինային, Նազոն դեղ է հանում պահարանից, այդ ընթացքում Մարդոն, սենյակի անկյունում, այրում է հերբարիումը:

ՆԱԶՈ – (Թինային, որ արդեն ուշքի է եկել): Առ, խմի, աղջիկ ջան:

Թինան խմում է:

ՆԱԶՈ — Վառածի հոտ ա, էս ի՞նչ ա վառվում: (Մարդոյին նայելով:) Վայ, տունս ուզում ա վառի, վայ, հասեք:

Տավրոսը մոտ է վազում Մարդոյին:

ՄԱՐԴՈ — Ձեռ չտաս, թող վառվի, էլ ինձ պետք չի:

ՏԱՎՐՈՍ — Ո՞նց պետք չի, ո՞նց պետք չի…

ՄԱՐԴՈ — Պետք չի, խանգարում ա. վերջ, չկա:

ԹԻՆԱ — Իզուր արիր, պապ:

ՆԱԶՈ — Իմ ինադու արեց, որ սրանից հետո միշտ էրեսով տա:

ՄԱՐԴՈ — Վերջ, չկա, ֆիկուս-միկուս, տերև-խոտ, չկա, պրծանք. ես էս ի՞նչ միամիտ մարդ եմ եղել, լսի, ինչ ախմախ մարդ եմ եղել…

Դռան թակոց:

ՆԱԶՈ — Էլի էն գիժն ա. ֆռֆռաց-ֆռֆռաց, ետ էկավ: Ես էլ դիմացողը չեմ սրանց, փրկեք ինձ, վայ…

ԹԻՆԱ — Տատը չի, տատը չէր թակի, կհրեր:

ՆԱԶՈ — Ճիշտ որ, դուռը բաց արա, Թինա:

Թինան բացում է դուռը: Հարևանուհին է` Կուկուն:

ՆԱԶՈ — Վայ, Կուկու ջա՞ն, խեր լինի…

ԿՈՒԿՈՒ – Բարև ձեզ:

ՄԱՐԴՈ – Բարև, սիրուն հարևան ջան. արի, արի, նստի:

ԿՈՒԿՈՒ – (նստելով): Չէ, շնորհակալ եմ, Մարդո եղբայր: Էս ի՞նչ եք վառում, ի՞նչ հոտ ա… Հաց եք թխո՞ւմ:

ՆԱԶՈ — Չէ, թուղթուգիր էին արել, գտանք-վառեցինք:

ԿՈՒԿՈՒ — Վայ քոռանամ ես:

ՄԱՐԴՈ – (կիսաձայն): Ցավդ տանեմ: (Բարձրաձայն:) Էս ի՞նչ սիրուն շոր ես հագել, Կուկու ջան:

ԿՈՒԿՈՒ — Բա էս շոր ա՞… Տան խալաթ ա:

ՆԱԶՈ – (տեսնելով, որ Կուկուն Տավրոսին է նայում): Մեր հյուրն ա, բուքը չթողեց, որ խեղճը տուն գնա, ծանոթացեք:

ԿՈՒԿՈՒ — Կուկու:

ՏԱՎՐՈՍ – (Կուկուի ձեռքը համբուրելով): Տավրոս:

ԿՈՒԿՈՒ — Իմ ձեռքը մի պաչի, էլի, ախպեր ջան, ջանս մի տեսակ ա լինում:

ՄԱՐԴՈ — Վախ:

ՏԱՎՐՈՍ — Իսկապե՞ս: Ապա մյուս ձեռքդ տուր, նորից փորձենք:

ԿՈՒԿՈՒ — Վայ չէ, էս ի՞նչ ես անում, լրիվ վատացա, պարոն:

ՄԱՐԴՈ — Տավրիկ, մեր հարևանին մի նեղի:

ՆԱԶՈ — Դե լավ, թող մի հատ էլ պաչի, լավ ա պաչում:

ԿՈՒԿՈՒ — Լավ, էլի, Նազո: (Թինային.) Թինա, ո՞նց ես, աղջիկ ջան, լավ չե՞ս, ինչի՞:

ԹԻՆԱ — Հակառակը, լավ եմ, տիկին Կուկու:

ԿՈՒԿՈՒ — Հա՞ որ… Դե լավ ա, լավ ա: Մի տեսակ նեղված էիր, գույնդ գցած, աչքերդ արուն լցված… Լաց ես եղե՞լ:

ԹԻՆԱ — Ասացի` չէ, լավ եմ:

ԿՈՒԿՈՒ — Էհ, ոչինչ, բոլորիս հետ էլ պատահում ա, շան տեղ մի դիր: Էս բուքը շատ անսպասելի էր, հերս ասում ա` վերջին հիսուն տարում Հայաստանում էսպես բուք չեմ հիշում:

ՆԱԶՈ — Որտեղի՞ց հիշի, տարին տասներկու ամիս Ռուսաստաններում խոպանչիություն ա անում:

ՏԱՎՐՈՍ — Բնությունից միշտ պիտի սպասել, բնությունը վրեժխնդիր է, մենք իրեն ենք ուզում կործանել, ինքն էլ, բնականաբար, մեզ:

ԿՈՒԿՈՒ — Իմացա՞ք, Նիկոլը ամնիստի տակ ա ընկնում, փողը տված ա, շուտով դուրս կգա:

ՏԱՎՐՈՍ — Գողության համար էր ձերբակալվե՞լ:

ԿՈՒԿՈՒ — Ավազակային հարձակում: Էն խեղճ տուժվածը հաշմանդամ դառավ, իսկ սա պիտի ամնիստով դուրս գա. թո՛ւ, տերդ մեռնի, արդարություն: Թաղը նորից իրար կխառնի:

ԹԻՆԱ — Գուցե խելքի էկած լինի:

ԿՈՒԿՈՒ — Էէ՜, կարմիր կովն իր կաշին չի փոխի, չէ: Լսեք, ես, ախր, գործով եմ եկել, լրիվ մոռացա:

ՄԱՐԴՈ — Որ եկել ես, մի քիչ մնա, էլի, մի վռազի:

ԿՈՒԿՈՒ — Կմնայի, բայց մերոնք մթան մեջ են:

ՆԱԶՈ — Հա, որ մթան մեջ են, գնա, Կուկու ջան:

ՄԱՐԴՈ — Գնա, պիտի փրկի՞ մթից, թող գոնե ինքը լույսի մեջ մնա:

ՆԱԶՈ — Ոնց ինքդ էգոիստ ես, ուրիշներին էլ նույնն ես քարոզում:

ՄԱՐԴՈ — Ով էգոիզմից խոսի, դու սարից-ձորից խոսի, որովհետև քեզնից էգոիստ մարդու չեմ հանդիպել էս կյանքում:

ՆԱԶՈ — Էդ լավ ես մտածե՞լ, չես փոշմանի՞:

ԹԻՆԱ — Մի սկսեք:

ՏԱՎՐՈՍ — Հարգենք մեր հարևանուհուն: (Կուկույին.) Եթե ձերոնք մթան մեջ են, ուրեմն դուք եկել եք մոմ ուզելու:

ԿՈՒԿՈՒ — Իմացար: Ոնց որ քննիչ լինի:

ՄԱՐԴՈ – (Նազոյին): Մոմերդ ո՞ւր են, տիկին:

ՆԱԶՈ — Երկուսն են մնացել, մեկը ձեզ, մեկը մեզ. էդպես արդար կլինի, չէ՞, Կուկու:

ԿՈՒԿՈՒ — Հա, մեկը հերիք ա, մինչև մի կտոր հաց կուտեն ու կպառկեն շընթռե… քնելու:

ՄԱՐԴՈ – (երկու մոմ տալով): Երկուսը վերցրու, պետք կգա, գիշերը վեր կենալ կա, բան կա:

ԿՈՒԿՈՒ — Վայ չէ, ձեզ չի մնա:

ՆԱԶՈ — Վերցրու: Մարդոն քեզ համար վերջին շալվարն էլ կհանի-կտա, շատ հարևանասեր ա, վերցրու:

ԿՈՒԿՈՒ — Տարօրինակ բաներ ես ասում, Նազո, շալվարն ինչի՞ պիտի հանի: (Մոմերից մեկը թողնելով:) Մեկը հերիք ա, շնոր­հա­կալ եմ: Բարի գիշեր: (Ձեռքը տալիս է Տավրոսին, երբ վեր­ջինս համբուրում է, կչկչալով դուրս է գալիս:)

ՆԱԶՈ – (Մարդոյին): Բերանդ փակի:

ՄԱՐԴՈ — Ի՞նչ:

ՆԱԶՈ — Բերանդ փակի: Վերջի մոմն ինչի՞ էիր տալիս, այ կնամոլ:

ՄԱՐԴՈ — Էստեղ չորս հատ մոմ կա:

ՆԱԶՈ — Ասենք կա, բայց եթե կինդ ասում ա` երկու, ուրեմն` երկու. կնոջդ պիտի հարգե՞ս, թե՞ հարևանին: Հարցնող լինի` էդ կկվի մեջ ի՞նչ ես գտել, անճաշակ:

ՄԱՐԴՈ — Էդ ճիշտ ա, որ ճաշակ ունենայի, քեզ կուզեի՞:

Թինան զգալով, որ կռիվ է թեժանում, երգելով մեջտեղ է գալիս, կանգնում հոր և մոր միջև:

ՄԱՐԴՈ — Գոնե աղջկադ խղճա, չգիտի ինչ անի, որ ձենդ չլսի, կյանքը կերար էրեխու:

ՆԱԶՈ — Դու ես կերել, դու, մարդկանց մի ապակողմնորոշի:

ՄԱՐԴՈ — Վահ:

ՆԱԶՈ — Հա հենց: Դու չէի՞ր, որ երկու ոտդ դրիր մի կոշիկի մեջ ու ասացիր` ես Նիկոլին աղջիկ տվողը չեմ: Հայրական խանդդ բռնել էր:

ՄԱՐԴՈ — Նիկոլը խուժան ա, հիմա էլ բանտում ա:

ՆԱԶՈ — Ի՞նչ անենք: Տես, ինչ տներ սարքեց, ինչ ունևոր ա, բերդից դուրս կգա` կվայելի, բան չմնաց, շուտով դուրս կգա, փողը տված ա:

ՄԱՐԴՈ — Գնա բանտի դռանը կանգնի, հենց դուրս էկավ` աղջկադ տուր իրան:

ԹԻՆԱ – (հիստերիկ): Ինձ կարո՞ղ եք հանգիստ թողնել, ինձ ձեր Նիկոլը պետք չի, ինձ իսկի դուք էլ պետք չեք, թողեք հանգիստ, մենակ ձեր ձայնը չլսեմ` ինձ հերիք է, չլսեմ, չլսեմ…

ՄԱՐԴՈ — Տեսա՞ր, ինչ օրի հասցրիր մինուճար էրեխուդ:

ՆԱԶՈ — Ինչի՞ ե՛ս, դո՛ւ հասցրիր:

ՏԱՎՐՈՍ — Մարդիկ, հյուրին հարգեք:

ՄԱՐԴՈ — Դու ինքնակոչ հյուր ես, քեզ ինքնակոչի պես պահի` համեստ:

ՆԱԶՈ — Վայ ինձ, վայ, ինչ սիրուն աղջիկ էի, ինչքան ուզող ունեի, նույնիսկ` մի ինժեներ-ֆիզիկոս, բայց խաբվեցի… Չէ, ես վանք կգնամ, մենաստան, փակ կդնեմ վրես, մեկա` էլի փակի պես ա, ես էստեղ էլ անելիք չունեմ, կգնամ ասծու մոտ, ասծու նոքյարը կդառնամ, ինձ էլ ուրիշ սեր պետք չի, մենակ ասծուս սերն ա պետք: (Խաչակնքում է, աղոթք մրմնջում:)

ՏԱՎՐՈՍ — Ճիշտ է, ող­բի պա­հե­րին զար­մա­նա­լիո­րեն ճիշտ եք մտա­ծում… Գնա­ցեք, դու` մե­նաս­տան` աս­տծու մոտ, դու էլ` սա­րե­րը, բույ­սեր հա­վա­քի` կա­նե­փից-անթա­ռա­մից-բա­նից, Թի­նան էլ վեր­ջա­պես կա­զատ­վի ձեր ճն­շու­մից, կկողմ­նո­րոշ­վի, կհաս­կա­նա, թե ինքն ով է և ինչ է ու­զում: Ախր դուք մեկդ մյու­սի կա­լանքն եք, փախեք ի­րա­րից, դա է ձեր փր­կու­թյու­նը, փա­խեք:

ՆԱԶՈ — Մի րոպե, մի րոպե… Էս մարդն ինչի՞ ա էսպես կպած բաժանում մեզ, հը՞, հլա մի ասեք` տեսնեմ:

ՄԱՐԴՈ — Ճիշտ որ, ես էլ եմ մտածում: Մտքինդ ասա, Տավրոս ախպեր: Գիշերով էկար ու իբր էնպես` պատահաբար, հենց մեր դուռը թակեցիր: Չլինի՞ կնոջս վրա աչք ունես… Ձեռն էլ պաչեցիր…

ՆԱԶՈ — Էէ, ես էլ մտածեցի` լուրջ բան ես ասելու:

ՄԱՐԴՈ — Ինչի՞, պակաս կնիկ ունե՞մ, եփող, թափող, սիրուն…

ՆԱԶՈ – Սպասի, Մարդո, սրա մտքինը վայ թե ուրիշ բան ա:

ՏԱՎՐՈՍ — Հետաքրքիր է, հիմա էլ ձեր վարկածը լսենք, տիկին:

ՆԱԶՈ — Սա մեր տուն ու տեղի վրայա աչք տնկել:

ՏԱՎՐՈՍ — Այ թե ինչ… Հետաքրքիր է, ապա, ապա…

ՆԱԶՈ — Հա, քեզ գցի չոլերը, ինձ` վանք, ինքը մեր աղջկա խելքն ուտի ու մեր տանը տեր կանգնի. ի՞նչ վատ ա, տուն չունի… չի երևո՞ւմ, որ չունի, տուն ունեցողը գիշերվա կեսին, բուք ու բորանին քուչեքում ի՞նչ ա անում:

ՄԱՐԴՈ — Մտքովս չէր անցել. վայ թե ճիշտ նշանին խփեցիր, Նազո:

ԹԻՆԱ — Ուշքի եկեք:

ՆԱԶՈ — Ըհը, սրա խելքն արդեն կերել ա: Հենց սկզբից մի տեսակ էր նայում. ես էլ մտածում էի` տեսնես ի՞նչ հաշիվ ա:

ԹԻՆԱ — Ախր…

ՆԱԶՈ — Բայց ես էս տնից գնացողը չեմ, հույս չդնես:

ՄԱՐԴՈ — Ես էլ: Էդ էր պակաս: Ամեն մարդ էլ մի երազանք ունի, բայց հո ամեն բան չե՞ս թողնելու ու գնաս երազանքիդ հետևից, հո ախմախ չե՞մ:

ՏԱՎՐՈՍ — Կներես, Մարդո, բայց ախմախ ես:

ՄԱՐԴՈ — Ի՞նչ… Վայ ես քո ապերախտ… Վերջ, գլուխը ջարդելու եմ, էլ չասեք՝ չէ, էդ խոսքի համար ախպերն ախպորը չի խնայի:

ՆԱԶՈ — Սպասի, Մարդո, ջարդել միշտ էլ կհասցնես, հարցեր կան:

ՄԱՐԴՈ — Հա՞:

ՏԱՎՐՈՍ — Ի՞նչ հարցեր:

ՆԱԶՈ – Նստիր: Ուրեմն էսպես: Եթե մեր աղջկան լրջորեն հավանել ես` կարգին, մարդավարի ուզի, կարող ա` տանք, բայց տան վրա հույս չդնես: Կգնաք, տուն կվարձեք, հետո գուցե մի բան մտածենք… Էս կողմերում հող կա, Մարդոն կօգնի, տուն կդնեք…

ՄԱՐԴՈ — Հա-հայ, էլի Մարդոյի գլխին ջարդվեց:

ԹԻՆԱ — Էս ինչե՞ր եք խոսում, էս ի՞նչ խայտառակ առևտուր է:

ՄԱՐԴՈ — Դու սպասի, աղջիկ ջան: Տավրոս ախպեր, մի հարց էլ ես տամ` ի՞նչ փեշակ ունես, լուրջ:

ՏԱՎՐՈՍ — Դեհ… էդպես կոնկրետ փեշակ չունեմ… Ազա­տու­թյուն սիրող մարդը կոնկրետ ինչ-որ բանի չի կապվի…

ՄԱՐԴՈ — Լավ չի: Բայց ոչինչ, ճիլ մարդ ես, բանվորություն կանես: Հա, ի՞նչ է եղել որ, մի բան պիտի անես, չէ՞, ընտանիք ես պահելու. լավ կվճարենք:

ՏԱՎՐՈՍ — Ե՞ս… (Հռհռում է:) Տիկնայք և պարոնայք, Թինան, իհարկե, հրաշալի աղջիկ է, բայց դա լինելու բան չի, ես չկամ, ես եկել եմ ու գնալու եմ, չկամ: Գուցե չեմ էլ եկել, համոզվա՞ծ եք, լավ նայեք, կա՞մ…

ՆԱԶՈ — Էէ, էշի մեկն ա, լուրջ մարդ չի:

ԹԻՆԱ — Ձեզ տեսնողն ինձ հետ կամուսնանա՞:

ՄԱՐԴՈ — Վայ:

ՆԱԶՈ — Ուրեմն մենք բանի պետք չենք, հա՞: Ապրես, աղջիկ ջան, շնորհակալ ենք: Դե գնա, դու` քո Տավրոսը, մեզ հետ էլ գործ չունես: Մարդո՞… Ուշ ա, արի քնենք:

ՄԱՐԴՈ — Հա, վաղը գործի եմ:

ՆԱԶՈ – (հարմարվելով բազմոցին): Արի ոտերիս մոտ:

ՄԱՐԴՈ — Էկա:

ՆԱԶՈ – (Թինային): Դու էլ պառկի: (Տավրոսին.) Իսկ դուք, պարոն, մի կերպ հարմարվեք մի տեղ…

ՏԱՎՐՈՍ — Ինձ համար մի անհանգստացեք, ես անքնություն ունեմ, էստեղ կզբաղվեմ, մինչեւ լուսանա:

ՄԱՐԴՈ — Ինչո՞վ ես զբաղվելու, ամոթ չլինի հարցնելը:

ՏԱՎՐՈՍ — Դե, հեռուստացույց կնայեմ:

ՄԱՐԴՈ — Անտենան պառկել ա, այ ընկեր, ցուց չի տալիս:

ՏԱՎՐՈՍ — Ճիշտ որ… Ուրեմն` պարզապես կմտածեմ:

ՆԱԶՈ — Հա, մտածի, ճիշտը մտածելն ա, բայց լավ մտածի: Բարի գիշեր:

ՏԱՎՐՈՍ — Բարի գիշեր:

Մարդոն կծկվում է կնոջ ոտքերի մոտ. քնում են: Թինան հագուստով      տեղավորվում է մահճակալին: Տավրոսը տեղավորվում է բազկաթոռին:

ԹԻՆԱ – (հանկարծ սկսում է կամացուկ երգել): «Հեպի բյորզ դեյ թու յու, հեպի բյորզ դեյ թու յու, հեպի բյորզ դեյ, հեպի բյորզ դեյ, հեպի բյորզ դեյ, Թինա…»:

ՏԱՎՐՈՍ — Չլինի՞…

ԹԻՆԱ — Այո:

ՏԱՎՐՈՍ — Ինչո՞ւ չէիր ասում:

ԹԻՆԱ — Կամաց, չարթնացնես: Ուզում էի տեսնեմ` կհիշե՞ն… Չհիշեցին:

ՏԱՎՐՈՍ – (գրպանները քրքրելով` մի խաղալիք է հանում): Ուրիշ բան չունեմ, սա է, վերցրու, ծնունդդ շնորհավոր:

ԹԻՆԱ — Ինչ ծիծաղելին է: Որտեղի՞ց:

ՏԱՎՐՈՍ ­ Տղայիս խաղալիքն է: Վերցրու: Էլ չեմ տեսնում տղայիս, թույլ չեն տալիս:

ԹԻՆԱ — Թույլ չեն տալի՞ս… Ո՞վ, ինչու՞…

ՏԱՎՐՈՍ­ Դեհ, էդպես ստացվեց, մի հարցրու:

ԹԻՆԱ­ Չեմ վերցնի, սա քեզ համար հուշ է:

ՏԱՎՐՈՍ­ Վերցրու, ինձ ցավ է պատճառում, թող քեզ մոտ մնա:

ԹԻՆԱ­ Լավ, շնորհակալ եմ£ Միշտ ինձ հետ կլինի, խոստանում եմ:

ՏԱՎՐՈՍ — Թինա, ուզում եմ ասել, որ դու լավ աղջիկ ես, եւ ես շատ եմ ուզում, որ երջանիկ լինես:

ԹԻՆԱ — Բայց հանկարծ չհարցնես, թե այս աղջիկն արդեն քանի տարեկան է:

ՏԱՎՐՈՍ — Չեմ էլ պատրաստվում. բարեկիրթ տղամարդը աղջկա տարիքը չի հարցնի: Վերջապես տարիքն ի՞նչ է, տարիք չկա, մարդ իրեն քանի տարեկան զգում է` այնքան է. ես, օրինակ, ինձ տասնյոթ տարեկան եմ զգում, տղա եմ, տղա:

ԹԻՆԱ — Դե մի գժություն արա, տղա ջան:

ՏԱՎՐՈՍ — Հոպլյա:

Հայտնվում են ծաղրածուները, լույսեր: Ծաղ­րա­ծուները պարում են, գլուխկոնծի տալիս` Տավրոսի ղեկավարությամբ:

ՏԱՎՐՈՍ — Դու տեսնո՞ւմ ես, Թինա:

ԹԻՆԱ — Տեսնում եմ:

ՏԱՎՐՈՍ — Դե, արի մեզ մոտ:

Թինան վեր է կենում և պարում ծաղրածուների հետ:

ԹԻՆԱ — Ինչ լավ է… Իսկական տոն է: Շնորհակալ եմ, Տավրոս:

ՏԱՎՐՈՍ — Ծնունդդ շնորհավոր, Թինա, երջանիկ եղիր:

ԹԻՆԱ — Միայն թե նրանք չարթնանան, ամեն բան կփչացնեն:

ՏԱՎՐՈՍ — Չեն արթնանա, նրանք ոչ տեսնում են, ոչ լսում:

Պարը շարունակվում է որոշ ժամանակ: Մարդոն և Նազոն քնի մեջ շուռումուռ են գալիս: Ծաղրածուները վախեցած անշարժանում են, ապա` փախչում:

ԹԻՆԱ — Կիսատ մնաց: Ափսոս: Բայց իսկական տոն էր, իսկական:

ՏԱՎՐՈՍ — Ախր դու ոնց որ պատուհանագոգի թաղարում մեծացող բույս լինես, Թինա, ծանոթ չես կյանքին, ամենևին, նա էլ քեզ ծանոթ չէ, դուք դեռ կարգին չեք հանդիպել` դու եւ կյանքը. այն, ինչ կանչում է քո հոգին` այստեղ չի, դրսում է, պիտի փնտրես. պարզիր ձեռքերդ, համարձակ նայիր կյանքի աչքերին, լիաթոք շնչիր, ազատիր քեզ քեզնից:

ԹԻՆԱ — Ես չգիտեմ դա ինչ է, երբեք չեմ փորձել, ես վախենում եմ:

ՏԱՎՐՈՍ — Բայց դա է հենց կյանքը. քամու պես կխփի դեմքիդ, կխառնի մազերդ, կշոյի, կցավացնի, կծիծաղեցնի, կլացացնի… Բայց դու մի վախենա, որովհետեւ կյանքը այլընտրանք չունի: Փնտրիր և գտիր քեզ՝ իսկական Թինային:

ԹԻՆԱ — Նրանց ո՞նց թողնեմ:

ՏԱՎՐՈՍ — Նրանց ի՞նչ է եղել: Նրանք երբեք ոչինչ չեն փոխելու այլեւս, էսպես էլ մնալու են, և նրանց հետ քո մնալը նման է դանդաղ ինքնասպանության, դու ամեն օր թույն ես ընդունում, Թինա, ձեր կապվածությունը հիվանդագին է, սոսկալի թակարդ է, ուր յուրաքանչյուրդ ունի սուտ արդարացում` չանելու համար այն, ինչ պետք է անել:

ՆԱԶՈ — Ինչ, ինչ էր, ինչ էր…

ՄԱՐԴՈ — Ինչ էր, ինչ էր, ինչ…

Դարձյալ քնում են:

ԹԻՆԱ — Ես կփորձեմ:

ՏԱՎՐՈՍ — Իհարկե, գնա ընդառաջ կյանքին, մի վախենա:

ԹԻՆԱ — Այո, ես չեմ վախենում, ես չեմ վախենում, բոլորովին… Բայց….

ՏԱՎՐՈՍ — Ի՞նչ:

ԹԻՆԱ — Ժամանակ է պետք:

ՏԱՎՐՈՍ — Ինչի՞ համար:

ԹԻՆԱ — Հայրիկը…

ՏԱՎՐՈՍ — Հայրիկն ի՞նչ:

ԹԻՆԱ — Հայրիկը լավ չի, հազում է… Թոքաբորբի պես է:

ՏԱՎՐՈՍ — Ամբողջ երեկոյի ընթացքում ոչ մի անգամ չհազաց:

ԹԻՆԱ — Հնարավոր է, բայց առհասարակ հազում է, թաց, անպետք հազ է, աչքերն էլ արյուն է լցվում:

ՏԱՎՐՈՍ — Հնարում ես, Թինա:

ԹԻՆԱ — Մեր մի բարեկամը էդպես թոքաբորբ ուներ, փոխվեց չարորակի, չկարողացան փրկել: Թու-թու-թու:

ՏԱՎՐՈՍ — Հնարում ես, Թինա:

ԹԻՆԱ — Չեմ հնարում: Երբ գնա-ստուգվի, երբ բուժեն, այ այն ժամանակ, խիղճս հանգիստ, կկարողանամ հեռանալ:

ՏԱՎՐՈՍ — Թինա, Թինա, Թինա, հնարեցիր ամբողջը, աչքերիցդ եմ տեսնում:

ԹԻՆԱ — Ես քեզ չէի նայում:

ՏԱՎՐՈՍ — Հենց դրանից: Չե՞ս զգում, որ սա արդեն հիվանդություն է, դո՛ւ ես հիվանդ, ոչ թե հայրդ:

ԹԻՆԱ — Չէ, նա իսկապես հազում է, երեկ հազում էր, անցյալ օրն էլ…

ՏԱՎՐՈՍ — Գուցե մրսել է, ո՞ւմ հետ չի լինում, կամ ցեմենտ է մտել թոքերը:

ԹԻՆԱ — Ցեմե՞նտ… Դա վտանգավոր է, չէ՞:

ՏԱՎՐՈՍ — Սթափվիր:

ԹԻՆԱ — Լավ հազ չի, մի տեսակ` թաց, խզխզոցով, աչքերն էլ կարմրում են, մեր մի ազգական էդպես էր, գնաց բժշկի, ասեցին` թոքաբորբ, հետո պարզվեց… Օգնիր ինձ, Տավրոս, օգնիր:

Դուռն աղմուկով թակում են, նաև գոռոցներ` «Բա­ցեք, բացեք»: Մինչ ներսինները կկողմնորոշվեն, դու­ռը հրում և ներս է արշավում բժիշկը:

ԲԺԻՇԿ — Նա է, ահա, բռնե՛ք:

ՏԱՎՐՈՍ — Հանգիստ, Արշակիչ, հանգիստ:

ԲԺԻՇԿ­ Չփորձես փախչել, ոստիկանը դրսում է:

ՏԱՎՐՈՍ­ Քեզ մի կոտորի, չեմ փախչում:

ԲԺԻՇԿ — Նա ինձ ասում է` հանգիստ, պատկերացնու՞մ եք, նա, որ երեք օր է՝ փախել է հիվանդանոցից:

ՏԱՎՐՈՍ — Ձեզնից փախչել կլինի՞: Բայց երեք օր ազատություն վայելեցի, ամբողջ երեք օր: Ընդամենը երեք օր:

ԲԺԻՇԿ – (Թինային): Հո ձեզ վնաս-մնաս չի՞ տվել:

ՏԱՎՐՈՍ — Վնաս` չէ, բայց մնաս տվել եմ:

ԲԺԻՇԿ — Դու սուս, քեզ չեն հարցնում:

ԹԻՆԱ — Ոչ, չի տվել:

ՄԱՐԴՈ — Նազո, Նազո, Նազո, Նազո…

ՆԱԶՈ — Մարդո, Մարդո, Մարդո, Մարդո…

ԹԻՆԱ – Արթնացան:

ՏԱՎՐՈՍ — Բայց չեմ կարծում, թե մի լավ բան են ասելու:

ՄԱՐԴՈ — Նազո, Նազո, Նազո…

ՆԱԶՈ — Գոռու՞մ էին:

ՄԱՐԴՈ — Հա՞…

ԹԻՆԱ — Երազում եք տեսել:

ՆԱԶՈ — Իբր քնե՞լ եմ, որ երազ էլ տեսնեմ, էս մարդը քնի մեջ ֆուտբոլ ա խաղում, էնքան քացով խփեց…

ՄԱՐԴՈ — Ինչի՞, լավ էլ խռմփացնում էիր, կնի՞կն էլ սենց խռմփացնի:

ՆԱԶՈ — Դու քո սխտորի ու սոխի հոտերից խոսի, չհաշված` նասկու հոտը:

ՄԱՐԴՈ — Նասկին որ լվաս, չի հոտի:

ՆԱԶՈ — Ոտերդ էլ չլվա՞մ, ջուրը խմեմ:

ՄԱՐԴՈ — Հենց հա:

ՆԱԶՈ — Մորդ ոտերն էլ լվա՞մ:

ԹԻՆԱ — Մա…

ՆԱԶՈ — Դու մի խառնվի:

ՏԱՎՐՈՍ — Նոր եք արթնացել, սկզբում գոնե մի կարգին բարեւ-բարլուս ասեք իրար…

ՆԱԶՈ — Էս մարդը դեռ էստեղ ա՞:

ՄԱՐԴՈ — Ի… Էս մարդուն գոնե գիտենք, բա էն մե՞կն ով ա:

ՆԱԶՈ — Ճիշտ որ… Թինա՞, էս ի՞նչ հաշիվ ա:

ՏԱՎՐՈՍ — Արշակիչն է, ծանոթացեք:

ԲԺԻՇԿ­ Բժիշկ Արշակիչ, հոգեբուժարանից:

ՄԱՐԴՈ­ Էս մեր կողմի՞:

ԲԺԻՇԿ­ Այո: Ինձ մի բաժակ ջուր տվեք, ծարավեցի:

Նազոն գնում է ջուր բերելու:

ՄԱՐԴՈ — Էս գիշերով ինչի՞ ես եկել մեր տուն:

ՏԱՎՐՈՍ­ Իմ ետեւից է եկել:

ՄԱՐԴՈ — Հո դու էրեխա չե՞ս, որ քո ետեւից եկել են:

ԲԺԻՇԿ — Նա երեք օր է` փախել է հիվանդանոցից:

ՄԱՐԴՈ­ Հոգեբուժարանի՞ց:

ԲԺԻՇԿ­ Այո: (Նազոյի կողմից իրեն առաջարկած ջուրը մերժելով:) Շնորհակալ եմ, ծարավ չեմ:

ՆԱՅՈ – Ի…

ԲԺԻՇԿ- Պահակի ատրճանակը գողացել է ու փախել:

ՄԱՐԴՈ — Հա, մոտը ատրճանակ կար, բայց ասեց` խաղալիք է:

ԲԺԻՇԿ — Հատուկ ատրճանակ է, կատաղած հիվանդներին անջատում-քնեցնում է, ամերիկյան կարմիր խաչի նվերն է մեր հոգեբու­ժարանին:

ՆԱԶՈ – (Բժշկին): Վտանգավո՞ր է:

ԲԺԻՇԿ — Ատրճանա՞կը… Չէ, քնեցնում է միայն:

ՆԱԶՈ — Ատրճանակը չէ, ինքը:

ԲԺԻՇԿ — Դժվար է ասել, սովորաբար այնքան էլ վտանգավոր չի, բայց ո՞վ գիտի, տեսա՞ք՝ փախել է:

ՄԱՐԴՈ — Լավ, իսկ դրա գժությունն ի՞նչ ա:

ԲԺԻՇԿ — Խոր դեպրեսիաներ է ունենում, ինքն իր մեջ է մտնում, մռայլվում… Նման օրերին հետը խոսել չի լինում:

ՏԱՎՐՈՍ — Չի լինում` թող չխոսեն, ի՞նչ պարտադիր է խցկվել հոգուս մեջ: Մարդի՛կ, էհե՜յ, իմ հոգին ձեր խաղալիքը չէ, հասկացեք վերջապես:

ԲԺԻՇԿ – Մի ապակողմնորոշիր, սիրելիս, դու հիվանդ ես, եւ հիվանդությունդ հստակ ախտորոշում ունի:

ՏԱՎՐՈՍ — Բոլորին ուզում եք ախտորոշեք, բոլորին շարեք ծանոթ դարակների վրա, որ ոչ ոք չպլստա հանկարծ, որ բոլորն այստեղ լինեն, բռի մեջ, հասարակության հսկող հայացքի ոլորտում:

ԲԺԻՇԿ — Ոչ, սիրելիս, այդպես չի, չափազանցնում ես:

ՏԱՎՐՈՍ — Այո, հարգելիս, հենց այդպես է:

ԲԺԻՇԿ — Ոչ, սիրելիս, ուրիշ բաներ ես խոսում, ձեռքդ դիր խղճիդ ու ասա` առո՞ղջ ես… ասա…

ՏԱՎՐՈՍ — Բժիշկ, դու ինձ կարո՞ղ ես ցույց տալ գոնե մեկ լիովին առողջ մարդու:

ԲԺԻՇԿ – Այո: Իհարկե, ինչո՞ւ ոչ: Հեռու չգնանք, հենց մեկը՝ ես… Ի՞նչ ես ծիծաղում, այ տղա:

ՏԱՎՐՈՍ — Դո՞ւ:

ԲԺԻՇԿ — Այո, ես:

ՏԱՎՐՈՍ — Տո լավ, է:

ԲԺԻՇԿ — Ես, այո, ես:

ՏԱՎՐՈՍ — Լուրջ ես ասո՞ւմ:

ԲԺԻՇԿ — Լրիվ:

ՏԱՎՐՈՍ — Առողջ ես, հա՞… Աչքերիս նայի, ուղիղ նայի:

ԲԺԻՇԿ — Դե քեզ հավաքի, հիվանդ: (Մյուսներին.) Նա լուրջ հիվանդ է…

ՏԱՎՐՈՍ — Սկսեց… «Նրա դեպրեսիաներին հաջորդում են…»

ԲԺԻՇԿ — Նրա դեպրեսիաներին հաջորդում են մանիակալ գերակ­տի­վության հոգեվի­ճակ­ները, նա հեռանում է տնից եւ օրերով կարող է ետ չգնալ, շփվում է պատահական մարդկանց հետ…

ՏԱՎՐՈՍ — Մարդը պատահական չի լինում, կամ էլ բոլորս ենք պատահական: Վերջապես ո՞ւմ ինչ գործն է. կուզեմ` կգամ, կուզեմ` չեմ գա, ում հետ կուզեմ` կշփվեմ, չեմ ուզի` չեմ շփվի… Իմ կյանքն իմ կյանքն է, տրամաբանական է, չէ՞, տիկին Նազելի:

ՆԱԶՈ­ Ես ի՞նչ իմանամ:

ԲԺԻՇԿ — Հեշտ ես խոսում, հեշտ ես խոսում, թաքնվում ես սիրուն խոսքերի ետևում: Ասա, ինչո՞ւ փախար, հո երեխա չե՞ս:

ՏԱՎՐՈՍ — Երեխա եմ: Այո: Բոլորն էլ ինչ-որ չափով երեխա են, իսկ դու որ` իսկական երեխա ես, Արշակիչ. հա-հա, դա է փրկում քեզ, թե չէ անտանելի կլինեիր:

ԲԺԻՇԿ­ Լսիր, դու իմ հարցին պատասխանիր, մենք քեզ պրոֆեսիոնալ բուժում ենք նշանակել, իսկ դու թողել­փախել ես, ինչո՞ւ:

ՏԱՎՐՈՍ — Սիրտս ազատություն ուզեց: Իմ վիճակն ազատության պակասից է վատանում: Բժիշկ, դուք ինձ սխալ եք բուժում, ինձ պատերի ու ճաղերի ետեւում բուժել հնարավոր չէ, ինձ համար նույնիսկ տիեզերքն է նեղվածք, հասկանո՞ւմ եք, իմ մեծ դեպրեսիան նրանից է այդքան մեծ, որ տիեզերքը նեղվածք է հոգուս համար:

ԲԺԻՇԿ — Վերամբարձ բաներ մի խոսիր՝ տիեզերք, նեղվածք… Իսկ ատրճանակն ինչու՞ գողացար, դա՞ էլ ազատության հետ կապ ուներ: (Նազոյին.) Ես կարծեմ ջուր խնդրեցի:

Նազոն գնում է խոհանոց ջուրը բերելու:

ՏԱՎՐՈՍ — Ատրճանա՞կը… Ինքս էլ չգիտեմ: Հենց էնպես: Մտածեցի` թող մի քիչ իրար անցնեն, տագնապեն… Պատկերացրի պահակ Կարապետի վախեցած դեմքը, երբ արթնանա ու տեսնի, որ իր ատրճանակը չկա…

ԲԺԻՇԿ — Խեղճ մարդն իրեն տեղ չի գտնում, բա որ սիրտը պայթե՞ր:

ՏԱՎՐՈՍ — Հիվանդներին ծեծելիս ինչի՞ չի պայթում նրա նուրբ սրտիկը:

ԲԺԻՇԿ — Այդ մասին հետո կխսենք, հոգնեցրինք այս հարգարժան մարդ­կանց: (Նազոյի բերած ջուրը մերժելով:) Ի՞նչ եք ինձ անընդհատ ջուր առաջարկում, ես ծարավ չեմ:

ՆԱԶՈ- Մի խելառ էլ էս ա:

ՏԱՎՐՈՍ — Բա որ ասում եմ:

ԲԺԻՇԿ — Դե մենք գնանք, տիկնայք և պարոնայք: Հա, հո բողոք­-մողոք չունե՞ք։

ՄԱՐԴՈ – Չունենք։

ՆԱԶՈ — Գժերից ի՞նչ բողոք:

ԲԺԻՇԿ­ Ուրեմն, մնաք բարով։

ԹԻՆԱ — Ցտեսություն, Տավրոս:

ՏԱՎՐՈՍ — Ցտեսություն, Թինա։ Քթիկդ բարձր պահիր, չընկճվես, ամեն բան լավ է լինելու։

(Տավրոսը եւ բժիշկը դուրս են գալիս)               

                                                           ՎԵՐՋ

You may also like...

Թողնել պատասխան