Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ / ՀԱՌՆԵՍ ՄԱՔՐԱՄԱՔՈՒՐ՝ ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ ԵՍ
Ես մեկ այլ հրատարակություն չգիտեմ, որն իր հեղինակների հետ այսքան հարազատ լինի, ինչպիսին մեր
կայք ու հանդես «Դրամատուրգիան» է, որին, չգիտես՝ հայրական տո՞ւն անվանես, թե՞ դրամատուրգների
«Մայր Աթոռ»:
Այսպես, թե այնպես, այս հոգատար հարկի տակ, որը մերն է ու մենք ու մերոնքով ենք, որտեղ
հնարավորություն ունենք ինքնարտահայտվելու, կայանալու, հանրահռչակվելու, չխախտելով մեր
տանտիրուհու՝ Կարինե Խոդիկյանի ստեղծած ավանդույթը՝ հիմնական նյութը հեղինակի նախախոսքով
ներկայացնելը, որպես այդպիսին, նախ. Շնորհավոր բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
Տարին բոլորվեց, բայց մեր ապրածն ու քաշածը ինձ տեղ չի թողնում առաջվա պես ինքնագոհ արձանագրել, թե անցնող տարում գրեցի, հրապարակեցի, բեմադրվեց, ներկայացվեց…
Իմ գործն էր, լավ-վատ, արել եմ ու անըդհատ մտատանջվել, թե կարողանո՞ւմ եմ գոնե ինչ-որ չափով
օգտակար լինել Աստծո և հայրական տուն-տաճարս ՛՛շոփի՛՛ վերածածներին դուրս հանելու,
պղնձադրամները ցիրուցան անելու գործին: Բայց նայում եմ շուրջս՝ ոչ մի գործ էլ չկա: Ամեն մեկն ինքն
իր համար գրած, իր անձնական Ավետարանն է կարդում, որոնցում մեկ ընդհանուր մարգարեություն կա
միայն՝ 46 տարում կառուցած տաճարը հնարավոր չի քանդել ու երեք օրում վերակառուցել:
Իսկ 46 դարում անընդհատ կառուցվող, բայց ճաքեր ունեցող տաճարը հնարավոր չէ՞ր երեք տասնյակ
տարում գոնե վերանորոգել: Չարեցինք: Մի մասը մեղավորներ են փնտրում-գտնում, մի մասը հաշտվել է
իրավիճակի հետ, մի մասն էլ ծամում է, ծամում է, ծամում… Չուկոտկայից մինչև Իռլանդիա, այդտեղից
մինչև Ալյասկա երկրագունդը տարուբերվում է նոր ցնցումներից, իսկ այստեղ դեռ ծամում են: Թողնենք:
Ամանոր է, շնորհավորել է պետք:
Իմ ծաղկուն, իմ ծաղկած մագաղաթ երկիր, շնորհավոր Ամանորդ ու Սուրբ ծնունդը:
Աղոթելով մաղթում եմ, որ Աստծո կամոք ու օրհնությամբ, քո մտքի թռիչքով ու ազնիվ աշխատանքով
այնքա՜ն զորանաս, որ ուրախություններդ ոչ թե գերեվարված զավակներիդ տունդարձով լինի, այլ
զորախմբերիդ հաղթական շքերթով, քո արևահամ պտուղը այգեպանդ վայելի, քո ակունքների զուլալ ջրերը օտար ափեր չողողեն և դե՜ն նետես, դե՜ն նետես զրպարտված կույսի կպչուն քղամիդը, հառնես
մաքրամաքուր՝ ինչպես եղել ես, ինչպիսին կաս ու կլինես: