ՊԱՏԵՐԱԶՄԻ ԽԱՂԱԼԻՔՆԵՐԸ ԿԱՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԵՆԵԶԻՍ / Սառա ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Վավերագրական պիես` հիմնված բեմադրիչ Նարինե Գրիգորյանի, դերակատարներ Արման Նավասարդյանի, Վարշամ Գևորգյանի հուշերի վրա

«Պատերազմի խաղալիքները կամ Հաղթանակի գենեզիս» պիեսի երեք հերոսների պատմությունները ծավալվում են 1990-ականներին, երեք տարբեր վայրերում` Արցախի ամենաթեժ կետերից մեկում, սահմանամերձ մի գյուղում և մութ ու ցուրտ Երևանում` կազմելով երեք միահյուսվող սյուժետային գիծ: Միմյանցից ֆիզիկապես հեռու գտնվող երեխաները, կարծես, երկխոսության մեջ են մտնում, արձագանքում մեկմեկու, կիսում իրենց հոգսերն ու ուրախությունները: Նրանց յուրաքանչյուր պատմություն մի փոքրիկ հաղթանակի արձանագրություն է՝ հաղթանակ թշնամու, ծանր պայմանների և սեփական վախերի հանդեպ: Մանկական այդ մաքուր ու միամիտ հերոսությունները, կարծես, ազգի գենետիկ կոդի մասն են դարձել՝ արձանագրելով նրանում հաղթողի հոգեբանության ծնունդը:

Սառա ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Վավերագրական դրամա

1. ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՅՐԻԿԸ

ՆԱՐԻՆԿԱ — Իմ հեծանիվը ամենալավն ա։

ԱՐՄԱՆ — Իմը քոնից լավն է, իմը Десна 2 ա:

ՎԱՐՇԱՄ — Իմը ամենալավն է, իմը Орленок ա:

ՆԱՐԻՆԿԱ — Зато մենք դաշնամուր ունենք:

ՎԱՐՇԱՄ — Մեր դաշնամուրը աշխարհի ամենալավն ա:

ԱՐՄԱՆ — Իսկ իմ պապան էնքան ուժեղ ա, որ կարա մի խփելով ձեր դաշնամուրը ջարդի:

ՆԱՐԻՆԿԱ — Իսկ իմ պապան քո պապայից ուժեղ ա:

ՎԱՐՇԱՄ — Իմ պապան Բրյուս Լիից էլ ա ուժեղ:

ԱՐՄԱՆ — Իմ պապան էնքան ուժեղ ա, որ կարա մի խփելով Բրյուս Լիին ջարդի:

ՆԱՐԻՆԿԱ — Իմ պապան էլ կարա:

ՎԱՐՇԱՄ — Իմն էլ:

ՆԱՐԻՆԿԱ — Դե մենք՝ հայերս, ամենաուժեղն ենք:

ՎԱՐՇԱՄ – Պապ, պապ, ճի՞շտ ա, որ հայերը ամենաուժեղն են:

ԱՐՄԱՆ — Չէ, ավելի ուժեղն էլ կա:

ՎԱՐՇԱՄ — Բա ո՞նց ա, որ իմ պապան ամենաուժեղն ա, Արմանի պապան ամենաուժեղն ա, Նարինկայի պապան ամենաուժեղն ա, բայց հայերը ուժեղ չե՞ն:

2. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՆԱՐԻՆԿԱ — 1988 թվականը մեր կյանքը բաժանեց երկու մասի՝ առաջ ու հետո: Ես երկրորդ դասարանում էի, բայց… զգում էի, չէ՜, բոլորս էինք զգում, որ պատմական փուլում ենք ապրում, որ պատմությունը մեր աչքի առջև է ստեղծվում, որ պատմությունը մենք ենք: Մեր ուսուցչուհին մեզ պատմել էր բլոկադային Լենինգրադում ապրող մի աղջկա օրագրի մասին, որով բազմաթիվ փաստեր էին վերականգնել այդ ժամանակներից: Ու երբ Հայաստանը հայտնվեց նման իրավիճակում, ես ուրախացել էի, որ ես էլ կարող էի նման օրագիր պահել, որ հետո իմ դնեվնիկով էլ կարողանային փաստեր վերականգնել: Մի տասերկու էջանոց տետր վերցրեցի ու սկսեցի գրել հայ ժողովրդի նորագույն պատմությունը:

3. ԱՆՈՆՍ

ՎԱՐՇԱՄ — Գնում էի ՛՛Թիթեռնիկ՛՛ մանկապարտեզ…

ԱՐՄԱՆ — Ծիծաղեցեք, երեխաներ, ծիծաղը լավ է մարդուն:

ԱՐՄԱՆ — Будь готов!

ՆԱՐԻՆԿԱ — Всегда готов!

ԱՐՄԱՆ — Մեկ էլ՝ շըրըխկ, Լենինի նկարը պատից ընկավ…

ՆԱՐԻՆԿԱ – Андраник Озанян – великий герой.

ՎԱՐՇԱՄ — Եվ ամբողջ հրապարակը լցվեց ժողովրդով։

ՆԱՐԻՆԿԱ ու ԱՐՄԱՆ — Ղարաբաղը մերն ա, բայց թուրքերի ձեռն ա:

ՎԱՐՇԱՄ — Երբ փախստականներն եկան, պապաս նրանց բերեց մեր տուն ու…

ՆԱՐԻՆԿԱ, ԱՐՄԱՆ — Մի- ա-ցո՛ւմ, մի-ա- ցո՛ւմ:

ԱՐՄԱՆ — Փլվեց էն դպրոցը, որտեղ ես պիտի գնայի առաջին դասարան…

ՆԱՐԻՆԿԱ — Կարմիր վզկապների վրա ավելացրեցինք կապույտն ու նարնջագույնը…

ԱՐՄԱՆ — Ու էդ դրոշով պապան ծածկեց իր ընկերոջ դիակը:

ՆԱՐԻՆԿԱ – Պապայիս թուրքերը գերի տարան:

ԱՐՄԱՆ – Պապաս դիրքեր բարձրացավ։

ՎԱՐՇԱՄ – Բա որ պապայիս տանեն պատերա՞զմ։

ԵՐԵՔՈՎ – Պապա-պապա-պատերազմ։

4. ՍՈՎԵՏՆԵՐԸ

(Թմբուկ)

ՆԱՐԻՆԿԱ — Солнечный круг,

Небо вокруг,

Это рисунок мальчишки,

Нарисовал

Он на листке

И подписал в уголке:

Пусть всегда будет солнце, Թող լինի միշտ արևը, — ԱՐՄԱՆ

Пусть всегда будет небо, Թող լինի միշտ երկինքը,

Пусть всегда будет мама, Թող լինի միշտ մայրիկը,

Пусть всегда буду я Ու թող միշտ լինեմ ես:

ՆԱՐԻՆԿԱ — Будь готов!

ԱՐՄԱՆ — Всегда готов!

ՆԱՐԻՆԿԱ — Ես՝ Նարինե Գրիգորյանս, ծնվել եմ Սովետական Միությունում, գիտեի, որ հայ եմ, և գիտեի մեկ հայկական բանաստեղծություն. ՛՛Սիռում եմ քեզ, հայոց լյեզու, մայռիկիս պես անուշ ես դու: Քեզնով եմ ես հպառտանում, կառդում, գռում, առտասանում՛՛: Բայց խոսում էի միայն ռուսերեն: Будь готов!

ԱՐՄԱՆ — Всегда готов!

ԱՐՄԱՆ — Ես՝ Արման Նավասարդյանս, ծնվել եմ ՀԽՍՀ Շամշադինի շրջանի Բերդ ավանում: Գնացել եմ մանկապարտեզ, այնուհետև դպրոց:

ՎԱՐՇԱՄ — Ես ծնվել եմ Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Գնացել եմ ՛՛Թիթեռնիկ՛՛ մանկապարտեզ:

ՆԱՐԻՆԿԱ — Ամեն օր մանկապարտեզից վերադառնալիս ես Լենինի մասին պատմում էի նոր բանաստեղծություններ, նոր պատմություններ և պարտադրում էի, որ ինձ համար գնեն գրքեր Վլադիմիր Իլյիչի մասին: “Ленин и дети”, “В синем месяце апреле’’, “Праздник сегодня”, “Секрет”, “Детский школьный”… Բայց երբեք իմ գրադարանը չէր կարող մրցակցել մեծերի հաստափոր լենինյան գրադարանների հետ:

ԱՐՄԱՆ — Մեր մանկապարտեզի դահլիճում կախված էր Լենին պապիկի մեծ նկարը: Ես կանգնում էի նկարի տակ ու արտասանում.

Առավոտյան Կրեմլի բակում

Մի խումբ տղա ու աղջիկ

Ծիծաղում են ու կատակում՝

Սպասելով Իլյիչին:

Դուրս է նայում պահակը խիստ.

՛՛Ի՞նչ եք այդպես քրքջում,

Չգիտե՞ք, որ այստեղ Վլադիմիր

Իլյիչ Լենինն է ննջում՛՛:

Հենց այդ պահին մեծ աղմուկով

Բացվում է դուռը հանդարտ,

Դուրս է նայում ուրախ դեմքով

Լենին պապիկը զվարթ:

՛՛Մի խանգարիր նրանց, ընկեր,

Ես շատ վաղուց եմ արթուն,

Ծիծաղեցեք, երեխաներ,

Ծիծաղը լավ է մարդուն՛՛:

Ասում էի, նայում նկարին ու… լացում:

ՎԱՐՇԱՄ — Աստծո փոխանորդն էր Լենինը մարդկանց համար…

ՆԱՐԻՆԿԱ — Էն ժամանակ Աստծո մասին չգիտեինք: Երբ առաջին անգամ նանս պատմեց Քրիստոսի տասներկու աշակերտների մասին, ես դեռ հոկտեմբերիկ էի ու երազում էի պիոներ ընդունվելու մասին: Ու պատկերացրեցի, որ Քրիստոսի տասներկու աշակերտները Խորհրդավոր ընթրիքի սեղանի շուրջ անպայման պիոներական կարմիր վզկապներով էին նստած:

ԱՐՄԱՆ — Իսկ երբ ինձ քաչալացնում էին փոքր ժամանակ, ես խնդրում էի, որ սկզբից քաչալացնեն էսքան մասը, հետո թափված մազերը հավաքում էի, դնում մռութիս վրա ու ասում էի՝ ես նմա՞ն եմ Լենին պապիկին: Նմա՞ն եմ, չէ՞:

ՎԱՐՇԱՄԸ և ՆԱՐԻՆԿԱՆ բացասաբար տատանում են գլուխները:

ՎԱՐՇԱՄ — Ձեր էդ Լենինին ես մենակ նալերից եմ իմացել, հա՜, պապաս էր տալիս մառոժնի առնելուց: Մեր մանկապարտեզում էլ մենք նորմալ բանաստեղծություններ էինք սովորում՝ փիսոների, հաֆոների, արջուկների մասին:

ԱՐՄԱՆ — Իսկ մեր մանկապարտեզում մի աղջիկ կար, ով չէր կարողանում ասել՝ Լե-նին: Ասում էր՝ Լե-լին: Դասատուն ականջը քաշում էր՝ասա Լե-նի՛ն: Լե-լին: Լե-նին: Լե-լի՜ն: Լե՛-նին: Լե-լիիին, լաց էր լինում էդ աղջիկը: Մի անգամ ես շատ լացելուց հետո կուկլա նվիրեցի էդ աղջկան, որ էլ չլացի:

ՆԱՐԻՆԿԱ — Մամաս մի կուկլա էր առել, գերմանական կուկլա էր, էդտենց կուկլա չէինք տեսել ու չէինք էլ տեսնում, որովհետև մամաս թաքցնում էր: Հետո որ շատ խելոք էինք պահում, ասում էինք՝ մամ, կտա՞ս մի հատ էդ կուկլայով խաղանք: Մամաս ասում էր՝ սպասեք էստեղ, ինքը գնում էր, թաքուն մի տեղից բերում էր, որ չիմանանք, էլի, որտեղ ա թաքցրել, հետո բերում էր էդ տիկնիկը, մենք հերթ էինք կանգնում, մի հատ ես էի վերցնում, ասում էի՝ մա՜-մա՜, էդ ժամանակ լացում էր, հետո քուրիկս էր ասում՝ մա՜-մա՜, ու տենց մամաս տանում էր:

ԱՐՄԱՆ — Բայց ինչի՞ էր թաքցնում:

ՆԱՐԻՆԿԱ — Տակից էր առել, ափսոս էր:

ՎԱՐՇԱՄ — Էդ սովետական շրջանից միակ բանը, որ տպավորվել ա, դա մայիսի իննի հրավառությունն էր: Էն ժամանակ հիմիկվա պես չէր, որ ամեն առիթով սալյուտ խփեին: Մենակ մայիսի իննին: Ու ես ինձ դժբախտ էի համարում, որ ծնվել եմ մի ընտանիքում, որն ապրում է առաջին հարկում: Եվ ամեն մայիսի իննին պետք է ամենաբարձր հարկում ապրող հարևաններին խնդրեինք, որ թողնեին իրենց լուսամուտից սալյուտ նայեինք:

(Թմբուկ)

ՆԱՐԻՆԿԱ — Հրապարակ են մտնում Կլարա Ցետկինի անվան հաստոցաշինական գործարանի վեցերորդ բրիգադի բանվոռնե՜րը:

ԱՐՄԱՆ — Կուսակցությունը ձեռք է միլիոն մատնանի: Կուսակցությունը ողնաշառն է բանվոռ դասակարգի: Ուռա, ընկերներ:

ԲՈԼՈՐԸ — Ո՜ւռա, ո՜ւռա, ո՜ւռա:

5. ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ

(Շեփոր)

ՆԱՐԻՆԿԱ — Իմ միակ հայկական բանաստեղծությանը գումարվեց երկրորդ հայկական բանաստեղծությունը, որ մեր բակի բոլոր երեխաներն էին ասում:

ԲՈԼՈՐԸ  — Ղարաբաղը մերն ա,

Բայց թուրքերի ձեռն ա:

Կանգնեմ սարի գագաթին

Թքեմ թուրքի ճակատին

ԱՐՄԱՆ — Որ աղջիկ չէր լինում, ասում էինք՝ Կանգնեմ սարի գագաթին, քաքեմ թուրքի ճակատին:

ՎԱՐՇԱՄ — Ու սկսվեցին ցույցերը: Ես շատ չէի հասկանում՝ ի՜նչ են ուզում, բայց բոլորը միասնական էին, բոլորը գնում էին ցույցերի:

ՆԱՐԻՆԿԱ — 1988 год, 20-ое февраля. Сегодня папа с мамой пришли домой поздно, очень восторженные. Сказали, что были на каком-то митинге, что там было много народу и что Карабах наш.

ՎԱՐՇԱՄ — Մի օր պապան ինձ էլ տարավ ցույցի:

ՆԱՐԻՆԿԱ — Մի օր պապան ինձ էլ տարավ ցույցի, ու մի մեծ գորգի վրա ասեղնագործած մի բեղավոր ձյաձյայի նկար տեսա: Ասեցի՝ Папа, кто это? Ասեց՝ Андраник Озанян – великий герой. Ու ես հասկացա, որ Լենինից բացի էլի՛ հերոս կա:

ԱՐՄԱՆ — Նանս՝ պապայիս տատը, հին բոլշևիկ էր… Մի անգամ ասեցի՝ նան, գիտե՞ս, որ Լենինը քաք ա: Ի՞նչ, ինչ ասեցի՞ր: Ընկավ ետևիցս: Ես վազում եմ, ինքը վազում ա, բռնեց: Լեզուս բնից հանեց, ասեց՝ թերթդ կկտրեմ, թերթդ, ուրիշ անգամ չասես, պատերը կլսեն:

ՎԱՐՇԱՄ – Պապս միշտ ասում էր․ առանց Սովետ ո՞նց կլինի… Սրանք վերջը համը հանելու են, համը հանելու են…

ՆԱՐԻՆԿԱ — Լսեցինք, որ Սումգայիթում ու Բաքվում հայերին ջարդում են:

ՎԱՐՇԱՄ — Հայերին ջարդում էին: Փախստականներ եկան: Պապաս նրանց մեր տուն բերեց ու կանչեց բոլոր հարևաններին…

ՆԱՐԻՆԿԱ — Մեր Բաքվի բարեկամները եկան մեր տուն…

ՎԱՐՇԱՄ — Հարևաններից ամեն մեկը հետը մի բան բերեց. մեկը՝ շոր, մեկը՝ կոշիկ, մեկը՝ ուտելիք: Սեղանի վրա, հիշում եմ, լիքը լցրած ուտելիք էր: Ես էլ մեծերի օրինակով երեխեքին տարա իմ սենյակ, ինչքան խաղալիք ունեի, սենց լցրեցի, ասեցի՝ դե խաղացեք: Երեխեքից մեկը, Դավիթ էր անունը, վերցրեց լարովի մեքենաս, սենց մինչև վերջ լարեց՝ ճըկ, ճըկ, ու բաց թողեց, գնաց դհոլս ծակեց: Դրա համար էդ Դավիթին չէի սիրում, բայց մամաս չէր թողնում, ասում էր՝ պետք է բոլորս իրար սիրենք, չէ՞ որ բոլորս հայ ենք:

ՆԱՐԻՆԿԱ — 1988 год, 21-ое марта. Папа и мама принесли какие-то книжки, но не разрешают нам читать. Мама их спрятала. Я не стерпела, нашла книжки и начала читать. На каждой странице картинка человека, а внизу написано, как его убили в Сумгаите. Там картина одной девушки. Ее грудь отрезали и игрались в мячик. Всю ночь не смогла уснуть. Лицо этой девушки перед глазами.

6. ԱՂԵՏ

(Շեփոր)

ԲՈԼՈՐԸ — Մի-ա-ցո՛ւմ, մի-ա-ցո՛ւմ:

ՎԱՐՇԱՄ — Մամաս ասեց՝ բոլորս պիտի իրար սիրենք, բոլորս հայ ենք:

ԱՐՄԱՆ — Մանկապարտեզում էինք, ճաշի ժամ էր, մեկ էլ հանկարծ Լենինի նկարը՝ շըրը՛խկ, պատից ընկավ գետնին: Ու սկսեց էս շենքը ցնցվել: Մենք մտանք սեղանների տակ, դասատուները չթողեցին, ասին՝ նստեք, ձեռքերը ետևը նստեք: Ասում ենք՝ ամբողջ շենքը ցնցվում է, տեսնում եք, ինչպես են մյուսները դուրս գալիս: Մի խոսքով, մեզ էլ հանեցին դուրս…

ՆԱՐԻՆԿԱ – Մեզ էլ հանեցին դուրս…

ՎԱՐՇԱՄ — Մեզ էլ հանեցին դուրս ու ասեցին․ հանկարծ երկինք չնայենք: Տենց գետնին նայելով ման էինք գալիս, մինչև ծնողները եկան, բոլորիս տարան տուն:

ՆԱՐԻՆԿԱ — 7 декабря. Учительница сказала: “Быстро выходите из школы”. У главного входа все кричат. Я вернулась домой. Мама с сестрой в домашниках стоят во дворе, с большой сумкой в руках. Потом пришел папа. Целый день сидим в нашем Запорожеце. Соседи греются во дворе у костра. Все боятся подняться домой. Все очень грустные. Говорят, было землитре… землятре… землетресение.

*Спросить у учительницы, как пишется это слово.

ԱՐՄԱՆ – Ու ասեցին․ հանկարծ երկինք չնայեք: Ձեռքներս ետ պահած՝ գետնին էինք նայում։ Բայց ես չդիմացա, աչքի պոչով նայեցի երկինք, տեսա, որ ամպերը շարժվում էին։ Ամենը շարժվում էր։ Ուրեմն հենց սա՛ է երկրաշարժը:

ՎԱՐՇԱՄ — Էդ օրը պապաս տուն չեկավ: Գնացել էր Լենինական՝ փրկարարական աշխատանքներին մասնակցելու…

ԱՐՄԱՆ — Ու փլվեց էն դպրոցը, ուր ես պիտի գնայի իմ առաջին դասարանը: Հետո, իհարկե, դպրոցը սարքեցին, բայց արդեն ապաստարաններով: Կռիվ էր։

ՎԱՐՇԱՄ — Մոտ մի շաբաթ տուն չեկավ: Իսկ պապս՝ նստած հեռուստացույցի առաջ, անընդհատ էդ կադրերն էր նայում։ Փլատակներ, փլատակներ, փլատակներ… Էնքան նայեց, մինչև ինֆարկտ ստացավ: Մամայիս հարցրեցի․ մենք Լինինական բարեկամներ ունե՞նք: Ասեց՝ չէ:

7. ԸՆՏԱՆԻՔՈՎ ԴԵՊԻ ՂԱՐԱԲԱՂ

ՆԱՐԻՆԿԱ – Ղարաբաղում բախումները թեժանում էին։ Եղավ Սոս Սարգսյանի ուղերձը, որով կոչ էր անում հայերին տեր կանգնել հողին: Դա եղավ վերջին կաթիլը… Հայրս որոշեց․ ընտանիքով տեղափոխվում ենք Ղարաբաղ, մեր պապական գյուղը: Ու էդ գյուղում ես հայկական դպրոց գնացի: Էդ գյուղում տուն շինեցինք։ Էդ տան կողքին այգի տնկեցինք։ Ու այնտեղ ծնվեց փոքր եղբայրս` Հայկը, այդ տարի շա՜տ Հայկեր ծնվեցին: Բայց Հայկը վեց ամսական էլ չկար, երբ պապային թուրքերը գերի տարան: Կռիվը դեռ չէր սկսվել, բայց արդեն վտանգավոր էր: Մեր գյուղի կողքին մերոնք նոր գյուղ էին հիմնում։ Պապաս մասնակցում էր աշխատանքների կազմակերպմանը: Մեկ էլ եկավ ՕՄՈՆ-ը, երեք հոգու, այդ թվում նաև պապայիս, դրեցին ավտոբուսի մեջ ու տարան… Տարան Շուշիի բանտ:

8. ՄԻՏԻՆԳԽԱՂ

(Շեփոր)

ԱՐՄԱՆ — Պայքա՜ր, պայքա՜ր, մինչև՜ վե՜րջ: Պայքա՜ր, պայքա՜ր, մինչև՜ վե՜րջ:

ՎԱՐՇԱՄ — Համաձա՜յն եք, որ Ղարաբաղը, ինչ գնով էլ լինի, մերն է լինելու:

ՆԱՐԻՆԿԱ և ԱՐՄԱՆ — Հա՜:

ՎԱՐՇԱՄ — Համաձա՜յն եք, որ եթե մի տեղ հայ են սպանում, այլևս պետք է գնալ և ազգովի փրկել նրանց:

ՆԱՐԻՆԿԱ և ԱՐՄԱՆ — Հա՜:

ՎԱՐՇԱՄ — Համաձա՜յն եք, որ մենք ՛՛Ջերմուկով՛՛ էլ կարող ենք երկիրը պահել:

ՆԱՐԻՆԿԱ և ԱՐՄԱՆ — Հա՜:

ՎԱՐՇԱՄ — Համաձա՜յն եք, որ ատոմակայանը փակե՜նք:

ՆԱՐԻՆԿԱ և ԱՐՄԱՆ — Հա՜:

ՎԱՐՇԱՄ — Համաձա՜յն եք, որ ատոմակայանը բացենք:

ՆԱՐԻՆԿԱ և ԱՐՄԱՆ — Հա՜:

ՎԱՐՇԱՄ — Համաձա՜յն եք հա-ի փոխարեն այո ասել:

ՆԱՐԻՆԿԱ և ԱՐՄԱՆ – Այո՜:

ՎԱՐՇԱՄ — Համաձա՜յն եք, որ դառնանք ազատ-անկախ Հայաստանի Հանրապետություն:

ՆԱՐԻՆԿԱ և ԱՐՄԱՆ — Այո՜:

9. ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ

ՕՐԱԳԻՐ – 1991 год, 21 сентября: После распада СССР մենք դարձանք ազատ-անկախ Հայաստան։ Ուռա-ա-ա՜, բոլորը շատ ուրախ են… Իսկ պապաս Շուշիի բանտում է, երևի վաղը կազատեն…

ՎԱՐՇԱՄ — Եվ ամբողջ հրապարակը լցվեց ժողովրդով: Հայաստանի Հանրապետության եռագույնը տվեցին մի երեխայի, նա բարձրացավ հրապարակի վրայի ժամացույցով շենքի գլխին ու տարավ, դրեց էնտեղ: Ես էդ տղային շատ էի նախանձում, ուզում էի ես լինեի իրա տեղը, որ ինձ էլ տելեվիզրով ցույց տային:

ՆԱՐԻՆԿԱ — Իսկ հետո ՛՛Կանչ՛՛ թերթից կտրտում էի ֆիդայինների նկարները՝ Գևորգ Չավուշ, Գուրգեն, Վահան…

ԱՐՄԱՆ — Ես էլ էի կտրտում՝ Աղբյուր Սերոբ, Գարեգին Նժդեհ, Օզանյան, իհարկե, սոսնձում էի, կենսագրականներն էի կողքը գրում…

ՆԱՐԻՆԿԱ — Իսկ կողքը հետո անպայման երգերը, կենսագրությունները…

ՎԱՐՇԱՄ — Ես էդ նկարները որ նայում էի, մտածում էի, որ ում բեղերը ավելի երկար են, նա ավելի ուժեղ ֆիդային ա եղել:

ՆԱՐԻՆԿԱ – Դպրոցում կարմիր վզկապների վրա կարեցինք կապույտն ու նարնջագույնը և դարձանք փոքրիկ ֆիդայիններ: Բացվեց հայրենասիրական երգերի խմբակ: Ես գնում էի այդ խմբակ ու երգում էի.

Վերադարձիր, մայրիկ, իմ հայրենի,

Լսիր իմ ձայնը, կարոտ եմ քեզի,

Ես սպասում եմ քեզ արդեն շատ տարի

Վերադարձիր, իմ սիրելի մայրիկ:

ԱՐՄԱՆ – Իսկ ես քեռուս հարսանիքին նվագողներին խնդրեցի, որ նվագեն ՛՛Արյունոտ դրոշը՛՛, ճղճղան ձենով միկրաֆոնով սկսեցի երգել.

ԲՈԼՈՐԸ — Արյունոտ դրոշ

Մեր ազատության,

Ծածանվեց ընդդեմ

Բռնակալության…                                              

— Արդյոք ովքե՞ր են, հե՜յ,

Ի՞նչ կտրիճներ են…

-Գուրգեն, Վահան, Հրայր-Դժոխք,

Քաջ Անդրանիկ զորավար…

— Այբ, բեն, գիմ, դա, եչ, զա

Դա, եչ, զա,

— Է, ըթ, թո

Է, ըթ, թո…

— Մենք պետք է կռվենք,

Եվ ոչ լաց լինենք,

Մենք պետք է կռվենք,

Եվ ոչ լաց լինենք…

— Ուս ուսի տված առյուծի նման,

Ետ բերենք հողը՝ փառքը հայության:

Հայե՜ր միացե՛ք, միացե՛ք հայեր,

Արցախն է մեզ կանչում, օգնության հասեք…

(Դհոլ)

10. ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԿԻԶԲԸՊԱՊԱՆԵՐ

ՆԱՐԻՆԵ – Պատերա՛զմ…

ՎԱՐՇԱՄ – Պատերա՛զմ…

ԱՐՄԱՆ – Պատերազմ…

ԱՐՄԱՆ, ՎԱՐՇԱՄ – Պատերազմ-պապա՜

ՆԱՐԻՆԵ – Պատերազմ…

ԱՐՄԱՆ – Պապաս ոչինչ չի պատմում…

ՆԱՐԻՆԵ – Պատերազմ…

ՎԱՐՇԱՄ – Պապայիս համար վախենում էի…

ԱՐՄԱՆ – Պատերազմ, մտանք ԱՊԱՍՏԱՐԱՆՆԵՐ

ՆԱՐԻՆԵ – Պապայիս գերի տարան…

ՄԻԱՍԻՆ – Պաաա-պաաաաա…

11. ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ

ՕՐԱԳԻՐ — 1991թ. սեպտեմբերի 23։ Պապայիս դեռ բաց չեն թողել։ Ասում էին՝ ընդամենը երկու օրով են տարել: Հայերին վախեցնում են, որ թողնեն, գնան Ղարաբաղից: Արդեն 6 օր է անցել, պապայից լուր չկա։

*Տեսնես՝ ինչպես են վախեցնում

ՎԱՐՇԱՄ — Պապս ասեց. “Հայերը միասնական չեն, երբեք չեն հաղթի: Գոնե մի հատ թիմային խաղ հիշո՞ւմ եք, որ մերոնք հաջողության հասած լինեն”…

ՆԱՐԻՆԵ – ՕՄՕՆ-ը՝ թուրքերը, ռուսները իրար հետ, օդում կրակեցին, բոլորին պատի տակ շարեցին, ոտքերը ուսերի երկարությամբ, ձեռքերը՝ վեր, ստուգեցին, թե ում մոտ զենք կա, և երեք հոգու, այդ թվում նաև պապայիս, տարան Շուշիի բանտ։ Ճանապարհին պապայենց հետաքրքիր էր… Հետաքրքիր էր, թե ինչ ա լինելու… Լսել էին, որ հայերին ծեծում-ջարդում են, հետաքրքիր էր, դա ճի՞շտ ա: Հետաքրքիր էր, որ առաջին անգամ Շուշին էին տեսնելու, Շուշիի բանտը… ներսից:

ԱՐՄԱՆ — Հետաքրքիր էր, որ պատերազմը հրավառություն էր թվում: Սկզբում դուրս էինք գալիս, նայում էինք՝ այստեղ խփեց, այնտեղ վառվե՜ց, հոպ, ինչ սիրուն եկա՜վ, վառվում էր: Ու… հրավառության պես բոցավառվում էր: Շատ հետաքրքիր էր: Մինչև չեղան առաջին զոհերը, ու հասկացանք, որ ոչ թե դա հետաքրքիր ա, այլ վտանգավոր: Ու թաքնվեցինք պադվալներում, մինչև ապաստարաններ կկառուցեինք:

ՎԱՐՇԱՄ — Պատերազմը հրավառություն էր թվում: Մի օր գիշերը մեզ արթնացրին: Տարօրինակ էր ու հետաքրքիր, որովհետև սովորաբար ժամը իննից քնում էինք: Պարզվեց՝ Բալահովիտում զենքերի պահեստ էր պայթել: Լրաբերով պայթյունի կադրերն էին ցույց տալիս: Ես ասեցի՝ էս ինչ ա, սալյուտ ա՞… Պապիկս կիսաջղային ասեց՝ հա, սալյուտ ա, նայեք, վերջին սալյուտն ա, որ տեսնում եք… Հաջորդող մայիսի 9-ին, իրոք, հրավառություն չեղավ…

ՆԱՐԻՆԿԱ – Լսել էինք, որ Շուշիի բանտում դրվածքն էնպես էր, որ հետաքննում էին ու ռեժիմով ծեծում… մետաղական ցեպերով ու ռետինե դուբինկաներով: Բայց դեռ սովետի վախը կար: Դրա համար ամեն անգամ ծեծելուց հետո պարտադրում էին, որ մարդիկ անպայման իրենց կարգի բերեն՝ շորերը լվանան, եթե ինչ-որ բան արյունոտ է, կեղտոտ է, մաքրեն: Ամեն բանտախցում ջրով թաս էր դրված, շորերը դրա մեջ էին լվանում ու էդպես թաց-թաց էլ հագնում էին:

ՎԱՐՇԱՄ – Երևանում 18 տարին լրացած բոլոր տղամարդկանց հավաքագրում էին, նույնիսկ փողոցներից էին բռնում տանում։ Շատերն էլ կամավոր էին գրվում: Մենք երեք երեխա էինք և համարվում էինք բազմազավակ ընտանիք, դրա համար պապային դեռ չէին կանչում: Կամավոր չէր գրվում, բայց, կարծես, մտքին կար:

ԱՐՄԱՆ – Մերոնք պատերազմ չգնացին, պատերազմը եկավ մեզ մոտ (մեր տունը սահմանից 10 կմ հեռավորության վրա ա)։ Մեր տնից երկու հոգի՝ պապան ու հորեղբայրս՝ Վարդանը, որսորդական հրացաններով ու ինքնաշեն ատրճանակներով գնացին սահման:

12. ՄԵԾ ԽԱՂԱԼԻՔՆԵՐ

ՎԱՐՇԱՄ – Լսել էի, որ որսորդական հրացաններով են գնում տանկերի ու ավտոմատների դեմ, բայց մի օր… դռռռռռռ… դղրդյուն լսվեց ամբողջ փողոցով: Վազեցինք պատուհանի մոտ ու տեսնենք՝ մի մեծ ԲՏՌ ա գնում, ու ետևից կապված ա երկար ստվոլով թնդանոթ: Էդ օրը թեթևություն զգացի՝ արդեն որսորդական հրացաններից բացի ունեինք նաև մեկ թնդանոթ: Ու հետո ինչքան հաջողություններ էին լինում, մտածում էի՝ հենց, հենց էդ թնդանոթն ա կրակել:

ՆԱՐԻՆԿԱ – Պապային տանելուց մի քանի օր անց դարպասից դուրս եկա ու տեսա տա՜նկ, մեծ տանկ, հենց փողոցի ծայրից դռռռալով գալիս էր: Մինչև էդ տեսել էի մենակ ՛՛Մուռզիլկա՛՛ ժուռնալում, մեկ էլ որ պապայի համար նկարում էի на 23-е февраля ատկռիտկայի վրա։ Իսկ էս իրական տանկ էր, իսկական: Գալիս էր հենց ինձ վրա: Մտածեցի՝ կարող ա պապային ա բերում: Էդ տանկը էսպես եկավ ու՝ թռռռռռռռռռռռ, անցավ…

ԱՐՄԱՆ – Մի օր պապան եկավ, ու ես տեսա, որ ուսին ուրիշ բան ա, ոչ իրա որսորդական հրացանը… Պապ, էդ ի՞նչ զենք ա։ Ասեց՝ կառաբին ա: Ի՞նչ, կառաբի՞ն: Պապ, կթողե՞ս կրակեմ: Չէ, պատռոն չկա, քիչ ա: Պապ, մի հատ տուր կրակեմ, շատ եմ խնդրում, մի՜ հատ: Լավ, որ շատ ես խնդրում, մի հատ: Եկավ, մեջքից պահեց, որ հանկարծ թափ չտա ինձ, դրեցի բարձր՝ դը՜մփ… շատ տպավորիչ էր:

ՆԱՐԻՆԿԱ – Իսկ որ մեզ վրա էին կրակում, այնքան էլ տպավորիչ չէր, ուղղակի կարևոր էր՝ պատուհանի առաջ չկանգնեինք: Պատուհանի տակ կռացած էինք ման գալիս: КВН-ի ֆինալն էր, երբ հայերը Մոսկվայում ադրբեջանցիների դեմ էին խաղում։ Էդ օրը առավոտվանից էին կրակում։ Մեր հեռուստացույցն էլ հենց պատուհանի կողքն էր, ու պպզած սենց նայում ենք КВН-ը… Հիմա թուրքերը էնտեղից կրակում են, մենք էստեղ ծիծաղում ենք, էնտեղից՝ դռռռռռռռ, մենք ստեղ…

ՎԱՐՇԱՄ – А я говорю сносили… сносили, сносили. (Ծիծաղում են:) И не надо расслаблять! Պապի՞, փաստորեն մեր թիմը հաղթեց…

ԱՐՄԱՆ – Հենց կրակում էին, դպրոցում մեզ իջացնում էին ապաստարանները: Մի ուսմասվար ունեինք, գալիս էր, դուռը բացում էր, ասում էր՝ երեխաներ, չեք վախենում, չէ՞, չվախենա՛ք, ամբողջ ուսուցչական կոլեկտիվը ձեզ հետ է: Դ-դխկ։ Ու դուռը փակում էր։

ՎԱՐՇԱՄ — Իսկ ուրեմն ես…

ՆԱՐԻՆԿԱ – Ուրեմն, մեզ մոտ էլ մի ագամ՝ ուփֆֆֆ՝ կրակեց։ Հետո պարզվեց, ՛՛Ալազանն՛՛ էր:

ՎԱՐՇԱՄ – Ուրեմն ես…

ԱՐՄԱՆ – Հետո սկսեցինք դպրոց չգնալ: Բայց մի օր մենք որոշեցինք թաղի երեխեքով՝ չորս հոգի, չորսս էլ մի դասարանում էինք սովորում, գնացինք մեր թաղի դպրոց։ Մտանք դասարան։ Տնտեսվարն էր մենակ դպրոցում, եկավ, ասեց՝ ի՞նչ եք անում էստեղ, դուրս եկեք, դո՛ւրս եկեք, էստեղ չի՛ կարելի, ասինք՝ լավ, Ռոբերտ ձաձա, մի քիչ մնանք, հեսա։ Ո՛չ մի Ռոբերտ ձաձա, հենց հիմա դուրս եկեք: Մեզ հանեց դպրոցից: Հանեց, մի 150-200 մետր էլ չէինք գնացել, մեկ էլ՝ դըդըխկ… ՛՛Գռադ՛՛-ը խփեց: Ու մենք շպրտվեցինք առաջ: Ու մեր վրայով շիֆեր, հող, քար, ինչ ասես չի գնում: Մենք շուռ եկանք, տեսանք, որ մեր դպրոցի տանիքը վարդի պես բացվել ա: Ռմբակոծությունից հետո գնացինք դպրոց, պարզվեց, հենց մեր դասարանին էր խփել։ Առաստաղից երկինքը երևում էր:

13. ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՎԱՐՇԱՄ – Ես…

ՆԱՐԻՆԿԱ – Իմ…

ԱՐՄԱՆ – Անուշ…

ՆԱՐԻՆԿԱ — Հայաստանի…

ԱՐՄԱՆ – Արևահամ…

ՆԱՐԻՆԿԱ և ԱՐՄԱՆ – Բառն եմ սիրում…

ՎԱՐՇԱՄ – Մեր հին սազի…

ՆԱՐԻՆԿԱ – Ողբանվագ…

ԱՐՄԱՆ – Լացակումած լարն եմ սիրում…

ՎԱՐՇԱՄ – Սիրում եմ…

ՆԱՐԻՆԿԱ – Արնանման ծաղիկների…

ԱՐՄԱՆ – Ու վարդերի բույրը վառման…

ՎԱՐՇԱՄ – Ու նաիրյան աղջիկների…

ՆԱՐԻՆԿԱ – Հեզաճկո՜ւն…

ԱՐՄԱՆ – Պարն եմ սիրում…

ՆԱՐԻՆԿԱ – Սիրում եմ մեր երկինքը…

ԱՐՄԱՆ – Մուգ…

ՆԱՐԻՆԿԱ – Ջրերը…

ԱՐՄԱՆ – Ջինջ…

ՆԱՐԻՆԿԱ – Լիճը…

ՎԱՐՇԱՄ – Լուսե…

ԱՐՄԱՆ – Արևն ամռան…

ՎԱՐՇԱՄ – Ու ձմեռվա…

ԲՈԼՈՐԸ – Վիշապաձայն բուքը վսեմ…

Մթում կորած խրճիթների…

ՆԱՐԻՆԿԱ – Մթություն:

ՎԱՐՇԱՄ – Մթում կորած խրճիթների…

14. ՊՈԴՎԱԼՆԵՐԱՊԱՍՏԱՐԱՆՆԵՐ

ՆԱՐԻՆԿԱ – Թաքնվում էինք պադվալներում, մինչև ապաստարաններ կկառուցեինք: Երբ կրակում էին, ես ու քույրիկս փաթաթվում էինք իրար, դողում։ Մամաս մեզ դեղ էր տալիս, ասում էր՝ խմեք, հենց էս դեղը խմեք, էլ չեք վախենա: Ու իսկապես, որ խմում էինք, էլ չէինք վախենում: Տարիներ հետո պարզվեց, որ էդ վիտամին A ա ընդամենը:

ԱՐՄԱՆ – Հոպարս մեքենայի յամը փորել էր ու ապաստարան էր սարքել, շա՜տ պուճուր տեղ էր, խոնավ-մոնավ, բայց երեք ընտանիք տեղավորվում էր: Պատերին գառդոններ էինք կպցրել ու վրեն դաս էինք սովորում:

ՆԱՐԻՆԿԱ – (A+B)2: Հավասա՞ր է:

ԱՐՄԱՆ — A2 + 2AB.

ՆԱՐԻՆԿԱ – Ապրե՜ս:

ԱՐՄԱՆ – Գումարած B2:

ՆԱՐԻՆԿԱ – Երկուսը սիրուն գրի: Ապրես: Հիմա էս խորանարդը՝ A+B-ի խորանարդը:

ԱՐՄԱՆ – Ես խորանարդը չգիտեմ:

ՆԱՐԻՆԿԱ – Ինչպես թե:

ԱՐՄԱՆ – Չէ՞ որ երեկ չէ առաջին օրը բամբառդիրովկայի վախտ չհասցրի ապաստարան գալ, քարայրում էի թաքնվել:

ՆԱՐԻՆԿԱ – Հա՜: Նստիր, երեք։ Լավ, չորս։

ՎԱՐՇԱՄ – Երևանը չէին ռմբակոծում, բայց մեր տներն էլ էին ապաստարան դարձել, որովհետև պատուհաններին աձյալներ էինք փռում։ Շատ հարմար էր՝ համ ցուրտ չէր գալիս, համ էլ լևի լույսը չէր երևում:

15. ԿՌԻՎԿՌԻՎ

ԱՐՄԱՆ – Հենց կրակոց չէր լինում, դուրս էինք գալիս ապաստարաններից ու սկսում էինք կռիվ-կռիվ խաղալ։ Ուրեմն, մեր թաղի երեխեքին շարում էի, իհարկե, ես հրամանատարն էի, շարում էի ու ասում էի՝ հավսար, զգաստ:

Թողնել: Հավսար, զգաստ: Պատրա՞ստ եք մարտի:

ՆԱՐԻՆԿԱ – Այո:

ԱՐՄԱՆ – Ուրեմն հենց հիմա պատրաստվում ենք օպերացիայի, մենք պիտի գրավենք մի շարք կարևոր նշանակություն ունեցող տեղերը, որտեղից հարձակվում են թշնամիները և վախացնում մեր բնակչությանը, պատրաստվում ենք և գնում ենք պատերա՛զմ, գնում ենք գրոհի՛: Պատրաստվեք, ես գնում եմ Երևան, Վազգենը ինձ կանչել ա, վերտալոտ ա ուղարկել իմ ետևից, ես գնում եմ Երևան, գործով, հետո կգամ, կմասնակցենք միասին օպերացիայի: Ասում էի, նստում էի հեծանիվն ու գնում ճագարներին խոտ տալու։

16. ՎԱԽ

ՕՐԱԳԻՐ – Այսօր լսեցինք, որ պապայիս հորեղբոր որդուն՝ Մյաճաճին, սպանել են։ Նա ֆերմայում պահակ էր։ Թուրքերը գիշերով մտել են ֆերմա ու սպանել են նրան։ Մյաճաճը մեզ համար միշտ կաթ էր բերում։ Երեկ էլ մեր տանն էր։

Փաստորեն, պատերազմ է սկսվել: Կարո՞ղ է պապայիս բաց չթողնե՞ն…

ՎԱՐՇԱՄ – Ամառը ինձ որպես բազմազավակ ընտանիքի երեխա տարան ճամբար։ Մեզանից բացի էնտեղ ազատամարտիկների երեխաներն էին: Ամեն շաբաթ ֆիդայինները գալիս էին իրանց երեխեքին տեսնելու։ Նայում էի իրանց ու… ես էլ էի ուզում՝ պապաս ֆիդայի լիներ։

ԱՐՄԱՆ — Մեր տանը մի մեծ դրոշ կար՝ եռագույն դրոշ, ծածանվում էր մեր պատշգամբից: Մի օր պապան եկավ, ասեց՝ դրոշը պիտի տանեմ: 

ՎԱՐՇԱՄ — Մի տղայի հետ էի ընկերացել, Արամ էր անունը։ Գիշերները քնի մեջ գոռում էր, պապային էր կանչում, քնից վեր էր թռնում ու լացում։ Իմացանք, որ հորը Ղարաբաղում սպանել են։ Էդ օրվանից մեջս վախ մտավ․ հանկարծ պապաս էլ կռիվ չգնա, հանկարծ պապաս էլ կռիվ չգնա…

ԱՐՄԱՆ – Պապան եկավ, ասեց՝ դրոշը պիտի տանեմ: Պապ, ո՞ւր ես տանում: Հանի, ասեց, պոչից, տանում եմ: Պապ, չէ՜, մեր դրոշն ա սա, ախր ինչի՞ ես տանում: Տո՛ւր, ասում եմ: Լավ, ասի, կտամ, միայն մի պայմանով. տուր մի հատ քո ավտոմատից կրակեմ: Լավ, կրակի, բայց զգույշ: Մի հատ կրակեցի, դրոշը հանեցի, տվեցի իրեն, վերցրեց, որ տանի: Պապ, բայց ո՞ւր ես տանում: Ասեց՝ գիտես, Գրիշիկն ա զոհվել (Գրիշիկը իր մտերիմն ընկերն էր), Գրիշիկն ա զոհվել, տանում ենք դիակը ծածկենք:

ՆԱՐԻՆԵ – Մեր գյուղի վրա ավելի ու ավելի հաճախ են կրակում։ Գիշերները վերմակը երեսիս քաշած փորձում էի պատկերացնել, թե պապայիս բանտում ոնց են վախեցնում: Բայց դե հո պապաս վախեցողը չի՛: (Ստվերներով խաղ:)

ԱՐՄԱՆ — Մեր թաղի երեխեքը ինձ հարցնում էին. ճի՞շտ ա, որ պապադ թուրք ա սպանել: Ասում էի. չգիտեմ: Մի օր պապան էկավ, հարցրեցի. “Պապ, էդ ճի՞շտ ա, որ դու թուրք ես սպանել”: Ասեց. ե՞ս, չէ:

17. ՊԱՊԱ ԱՌԱՋԻՆ ԽԱՂ

ՎԱՐՇԱՄ — Աշնանը ճամբարից տուն եկա։ Մենք մի խաղ ունեինք․ պապաս որ տուն էր մտնում, վազում էինք պաչելու․ պապա առաջին, պապա երկրորդ, պապա երրորդ։ Ու ով հասցնում էր առաջինը պաչել, էդ օրվա հաղթողն էր: Մի օր ես դարձա պապա առաջինը, վազեցի մոտիկ ու հանկարծ քարացա: Պապան թրաշով էր… Սիրտս քցեց, չլինի՞ ուզում ա ֆիդային դառնա։

18. ՍՊԱՍՈՂՈՒԹՅՈՒՆ

ՕՐԱԳԻՐ – 14-րդ օրն է։ Պապային դեռ բաց չեն թողել: Տատիկս նոր երգ է սովորեցրել, որոշեցի բառերն այստեղ գրել. պապայի երգն է իր որդուն:

ՀՈՐՈՎԵԼ

ՆԱՐԻՆԿԱ — Մաման անընդհատ լռում էր։ Պապայի բացակայությունն ամեն տեղ երևում էր՝ подвал-ի лампочка-ն պայթել էր, раковина-ն засорения էր…

19. ԱՄԵՆՕՐՅԱ ԽԱՂԵՐ

ՎԱՐՇԱՄ – Փողկապ ունե՞ս, տուր: Ես իբր ԺԷկ-ի պետն եմ, դուք էլ հերթով գալիս եք, դուռը ծեծում: (Թակոց:) Մտե՜ք: Ի՞նչ ա պետք, աղջի:

ՆԱՐԻՆԿԱ – Կարագի տալոններ, չորս երեխա ունեմ:

ՎԱՐՇԱՄ – Հա, ո՞վ չունի, հասկացանք, չորս երեխա ունեմ: Գնա, մյուս ամիս կգաս: Հաջորդը: (Թակոց:)

ԱՐՄԱՆ – Տղա ջան, էն նավթի տալոնի համար ո՞նց պիտի անենք:

ՎԱՐՇԱՄ – Հա՛յրիկ, նավթ տալիս են միայն զոհված ազատամարտիկի ընտանիքներին:

ԱՐՄԱՆ – Տղա ջան, ես ի՞նչ պակաս զոհված ազատամարտիկ եմ:

ՎԱՐՇԱՄ – Արա՛, դու զոհված ես, բայց ազատամարտիկ չես, գնա: Հաջորդը: (Թակոց:) Հա՜, ի՞նչ կա:

ՆԱՐԻՆԿԱ – Մեր լույսերը…

ՎԱՐՇԱՄ – Վսյո՛, պեռերիվի ժամն ա, դուք հերթը պահեք, ես գնացի պեռերիվ: Ասում էի ու գնում հացի հերթի: Մեր շենքի բո-լոր բնակիչների տալոնները հավաքում, տալիս էին ինձ ու Կարենին, որ հաց առնեինք։ Կանգնում էինք էսպես խմբով ու սպասում հացի ավտոյին: Հացի ավտոն մեկ էլ՝ եկա՜վ:

ԲՈԼՈՐԸ – Մի հատ, մի րոպե, էս հացը…

ԱՐՄԱՆ – Հերիք ա՛: Հացը կտամ գլխիդ:

ՆԱՐԻՆԿԱ – Տուր…

ԱՐՄԱՆ – Հորաքույրս աշխատում էր Երևանի հացի գործարաններից մեկում, մեզ մեկ-մեկ ճեփ-ճերմակ հաց էր ուղարկում: Շամշադինի հացը սև՜, դառը, հե՜չ չէր ուտվում, ու ես մեր հացը ուտում էի Երևանի սպիտակ հացով:

ՎԱՐՇԱՄ – Հացը բերելուց հետո Կարենի հետ գնում էինք ցախ բերելու: Դե պապաս արգելել էր ծառ կտրել, ասել էր, եթե մեկը ծառ է կտրել, հաստատ էդտեղ ճյուղեր կլինի: Էդ ճյուղերը հավաքեք, բերեք: Իսկ ես, իսկ ես երազում էի մեծ քոթուկի մասին: Այ, երեխեքը որ ծառը տեսնում են, ի՞նչ են մտածում։ Մտածում են՝ էս ծառը տեսնես մրգատո՞ւ ա, թե չէ: Եթե մրգատու ա, ուրեմն ինչ ա՝ խնձորենի՞ ա, թե տանձենի: Մենք որ նայում էինք ծառին, ասում էինք՝ երեք ամի՜ս…

ԲՈԼՈՐԸ – Երե՜ք ամի՜ս:

ՎԱՐՇԱՄ — …էս ծառը կվառեի, եթե իմը լիներ: Ու մի օր երազանքս իրականացավ՝ Կարենի հետ պուրակում մանր-մունր ճյուղեր էինք հավաքում, մեկ էլ՝ մի մե՜ծ քոթուկ, անտեր-անտիրական քցած: Էս քոթուկը ես ու Կարենը կիսեցինք երկու հավասար մասի և ամբողջ փայտը տարանք մեր տուն, որովհետև մեկ ա, բոլոր հարևանները մեր տանն էին հավաքվում: Այդ օրը մտածեցի, կարո՞ղ ա մյուս երազանքս էլ կատարվի ու մենք պատերազմն էլ հաղթենք:

ՆԱՐԻՆԿԱ – Բա ջուր բերելը ինչ մեծ գործ էր:

ՎԱՐՇԱՄ – Հա՜:

ՆԱՐԻՆԿԱ – Սկզբից փոքր վեդրոներով էինք ծանր-ծանր ջուր կրում, հետո թաղի երեխեքով հեծանիվը ջրի կաչկա սարքեցինք: Շկոլնիկիս ակերի վրա տախտակ ամրացրեցինք ու արդեն մեծ բիդոնով էինք հեշտ ու հանգիստ ջուր բերում:

ՎԱՐՇԱՄ – Այ էդ մի գործից ես ազատված էի։ Ու էդ ժամանակ հասկացա, որ ես երջանիկ եմ, որ ծնվել եմ մի ընտանիքում, որն ապրում է առաջին հարկում:

ԱՐՄԱՆ – Մոմ չէի՞ք սարքում:

ՎԱՐՇԱՄ – Ոնց չէ:

ԱՐՄԱՆ – Ինչի՞ց:

ՎԱՐՇԱՄ – Հալած մոմի մնացորդները հավաքում էինք, հալում ու լցնում էինք լեժանկայի տռուբաների մեջ…

Երբ մամաս ասում էր՝ դաս սովորի, որ մարդ դառնաս, ասում էի՝ ինչի՞ս ա պետք, եթե մոմ սարքել գիտեմ։ Էն ա կսարքեմ, կծախեմ, էլի:

20. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ

(Թակոց)

ՆԱՐԻՆԿԱ – Ուշադրություն, երեխաներ: 1555 թվականին Հայաստանը այս անգամ էլ բաժանվեց Սեֆիյան Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև: Վարշա՛մ…

ՎԱՐՇԱՄ – Հը՞:

ՆԱՐԻՆԿԱ – Ինչո՞ւ չես լսում:

ՎԱՐՇԱՄ – Լսում եմ, լսում:

ՆԱՐԻՆԿԱ – Կրկնի, ո՞ր երկրների տիրապետության տակ էր Հայաստանը 1555 թվականին:

ՎԱՐՇԱՄ – Ի՞նչ տարբերություն:

ՆԱՐԻՆԿԱ – Չե՞ս կարդացել դասը:

ՎԱՐՇԱՄ – Կարդացել եմ, բայց չեմ սովորել:

ՆԱՐԻՆԿԱ – Ինչո՞ւ:

ՎԱՐՇԱՄ – Դե, հոգնել եմ, էլի՛: Մեկ Պարսկաստանի ու Բյուզանդիայի միջև, մեկ Պարսկաստանի ու Թուրքիայի, մեկ Թուրքիայի ու Ռուսաստանի, մեկ թուրք-սելջուկներն են վրաներով անցնում, մեկ մոնղոլ-թաթարները: Այ, երբ հասնենք էն դասին, որ մերոնք են հաղթել, կսովորեմ:

21. ԱՌԱՋԻՆ ԶՈՀԸ

ՆԱՐԻՆԿԱ – Դպրոցում ուսուցիչներն ամեն հանդիպելուց հարցնում էին, թե պապայից ինչ կա, իսկ դեմքներին գրված էր. “Խեղճ երեխա’”: Բայց ես վստահ էի, պապաս գալու ա: Պատերազմն արդեն էնպիսի թափ էր առել, որ ինձ չէր թուլատրվում տանից հեռանալ, միայն դպրոց ու տուն: Հատկապես արգելված էր գյուղի տակ գնալ` ամենավտանգավոր տեղն էր: Իսկ էնտեղ նենց մոշ էր աճում ու ճանապարհն էլ նենց պարզ էր երևում, որ եթե պապաս գար… Մի օր քրոջս հետ որոշեցինք դասերից հետո գնանք գյուղի տակ, որ պապան գար, առաջինը մենք դիմավորեինք: Սպասում էինք ու մոշ հավաքում: Պապան չեկավ: Լիքը մոշ հավաքած եկանք տուն, բաբոն էլ վախից բռնեց ու ծեծեց: Հետո նստել լացում էր:

22. ԳՈՐՈԴԿԻ

ԱՐՄԱՆ — Մեզ էլ արդեն տանից հեռու չէին թողնում:

ՎԱՐՇԱՄ – Մի օր Կարենը եկավ մեր տուն, ասեց՝ գնում ենք Հայաստանից: Ո՞նց։ Բա ես ո՞ւմ հետ եմ ցախ բերելու, սալյարկա բերելու, հացի հերթում կանգնելու… Կարենն ասեց․ ՛՛Չէ՜, ընդմիշտ չենք գնում։ Երբ լավանա, ետ կգանք՛՛։ Ես էլ պապային հարցրեցի՝ պապ, բա մենք ե՞րբ ենք գնալու: Ասեց՝ երբեք:

ՆԱՐԻՆԿԱ – Իսկ ո՞ւր գնացին Կարենենք:

ՎԱՐՇԱՄ – Մոսկվա:

ՆԱՐԻՆԿԱ – Ա… Աստռախան:

ԱՐՄԱՆ – Ն… Նավասիբիռսկ:

ՎԱՐՇԱՄ – Կ… Կրասնադառ:

ՆԱՐԻՆԿԱ – Ռ… Ռիգա:

ԱՐՄԱՆ – Ա… Արխանգելսկ:

ՎԱՐՇԱՄ – Կ… էլի՞… Կրիվոյ ռոգ:

ՆԱՐԻՆԿԱ – Գ, գ, գ.. Գորիս:

ԱՐՄԱՆ – Ս՞… Ստեփանակերտ:

ՎԱՐՇԱՄ – Տ… Տաշիր:

ՆԱՐԻՆԿԱ – Ր… րոպե, Րաբունի: Ռ-ով ասեմ… Բայց ռ-ով Հայաստանում քաղաք չկա:

ԱՐՄԱՆ – Մեղրի, Ղափան, Գորիս, Սիսիան…

ՆԱՐԻՆԿԱ – Շուշի, Ստեփանակերտ, Հադրութ, Մարտունի, Ասկերան, Մարտակերտ…

ԱՐՄԱՆ – Վարդենիս, Մարտունի, Սևան…

ՆԱՐԻՆԿԱ և ԱՐՄԱՆ — Հրազդան, Դիլիջան…

ԱՐՄԱՆ — Իջևան, Նոյեմբերյան…

ՆԱՐԻՆԿԱ – Ապարան, Կիրովական, Լենինական…

ԱՐՄԱՆ – Անի:

ՆԱՐԻՆԿԱ – Ի՞նչ Անի: Անին թուրքերի ձեռն ա:

ԱՐՄԱՆ – Հա, ճիշտ ա…

ՆԱՐԻՆԿԱ և ԱՐՄԱՆ – Կանգնեմ սարի գագաթին, թքե՛մ թուրքի ճակատին:

ՎԱՐՇԱՄ – Ճակատին: Ն-ը՞… Նանտ:

ՆԱՐԻՆԿԱ – Տ… Տոկիո:

ԱՐՄԱՆ – Օ… Օտտավա:

ՎԱՐՇԱՄ – Ա… Ամստերդամ:

ՆԱՐԻՆԿԱ – Մելբուրն:

ԱՐՄԱՆ – Նյու Յորք:

ՎԱՐՇԱՄ – Ք… Քաբուլ:

ՆԱՐԻՆԿԱ – Լ… Լաոս:

ԱՐՄԱՆ – Ս՞… Սան-Խոսե:

ՆԱՐԻՆԿԱ – Ե:

ՎԱՐՇԱՄ և ՆԱՐԻՆԿԱ – Երևան:

ՎԱՐՇԱՄ – Երևան: Հա՜, Երևանն էլ էր ապաստարան դարձել: Ամբողջ մուտքի ժողովուրդը մեր տանն էին հավաքվում: Ընդհանրապես էդ արտահայտությունը շատ եմ լսել՝ բոլոր հարևանները մեր տանն էին հավաքվում, ու ինձ միշտ մի բան ա հետաքրքրել՝ բա ովքե՞ր էին ուրիշի տուն գնում:

ՕՐԱԳԻՐ – 15-րդ օր, պապան դեռ չկա: Մեր գյուղում կարատեի խմբակ են բացել։ Ես էլ գրվեցի, որ թուրքերը հարձակվեն՝ տամ քիթը ջարդեմ։

23. ԵՐԵՎԱՆՇԱՄՇԱԴԻՆՄՈՒԹ ՏԱՐԻՆԵՐ

ՎԱՐՇԱՄ – Մուտքի ժողովուրդը մեր տանն էին հավաքվում: Էս մեր սենյակն ա, էստեղ նստած ա Անո ծյոծյան։ Ավո պապին՝ մեր վերևի հարևանը, գալի նստում ա փեջի կողքը, շատ մրսկան մարդ ա, նստում ա փեջի կողքն ու ամեն վառելիք բերելուց մի քոմենթ անում՝ էս փեդը թաց ա, չի վառի, էս տար, հետո կբերես, էս ի՞նչ եք վառում, էս կոշիկ ա, էս գիտես ինչ ծուխ կանի… Մի օր մեր հարևաններից մեկը բերել էր Լենինի հատորները վառելու՝ 100 հատոր: Էս Ավո պապին խառնվել ա իրար՝ ի՞նչ եք անում, բա որ կոմունիստները ետ գա՞ն։ Մեր մյուս հարևանն էլ ասեց՝վառեք, վառեք, ինչքա՜ն ենք քննություններից կտրվել սրանց պատճառով:

ՕՐԱԳԻՐ – Ես արդեն կարատեի երկու պրիյոմ եմ սովորել (խաչի դաչի, կիտ պադաչի, վերևի բլոկեր, ներքևի բլոկեր)։ Պապայից դեռ լուր չկա։

ՎԱՐՇԱՄ — Էստեղ նստած ա Օսիկ տատին՝ սենց ռուսալկայի պես ոտքերը բարձրացրած, ադյալը ծածկած, ու իրա սերիալն ա նայում: Հա, մենք տարբեր տեղերից բերած լևի լույս ունեինք, եթե ոչ մի բան էլ չըլներ, ակումուլյատոր կար։ Բայց ակումուլյատորը պետք է խնայողաբար օգտագործեինք, որ հանկարծ Օսիկ տատին սերիալը բաց չթողներ: Մի օր Նինթենդո էի խաղում, ակումուլյատորի զարյադկան նստեց, էդ ի՛նչ շուխուռ դրեց գլխիս: Պապաս էկավ, լացելով պատմեցի, պապան հաջորդ օրը Կամազի ակումուլյատոր բերեց, որ համ Օսիկ տատիի սերիալին հերիքի, համ էլ իմ Նինթենդոյին:

ԱՐՄԱՆ – Նինթենդոն ո՞րն ա, է՜:

ՎԱՐՇԱՄ – Յա, չե՞ս խաղացել:

ՎԱՐՇԱՄ և ՆԱՐԻՆԿԱ – Հընդա-հընդա, հընդա:

ԱՐՄԱՆ – Էն սև խա՞ղն ա, սենց:

ՎԱՐՇԱՄ և ՆԱՐԻՆԿԱ – Հընդա-հընդա-հընդա:

ԱՐՄԱՆ – Դեղին կոճակներով:

ՎԱՐՇԱՄ և ՆԱՐԻՆԿԱ – Տիրի-տը-տը-տը-տը-տը:

ԱՐՄԱՆ – Մենք էլ ասկոլկա-ասկոլկա էինք խաղում: Թաղի երեխեքով ասկոլկա էինք հավաքում, մրցում էինք, թե որ թաղինն ա ավելի շատ: Ստացվում էր՝ որ թաղին ավելի շատ էին խփել, դա էլ հաղթող էր դուրս գալիս: Բայց ուրեմն ի՞նչն էր հետաքրքիր: Ես գիտեի, նրանք իրանց ասկոլկեքը որտեղ են պահում, գողանում էի, բերում էի՝ մերի վրա շարում, բայց իրանք իրանցը ճանաչում էին, առավոտը գալիս, ասում էին՝ յա՜, էս մեր ասկոլկեքն են։ Էս խինջ եք անում, հա՞:

ՆԱՐԻՆԿԱ – Ի՞նչ։ Խի՞նջ:

ԱՐՄԱՆ – Խինջ, էլի:

ՆԱՐԻՆԿԱ – Մենք ասում էինք խնջի:

ՎԱՐՇԱՄ – Խինջը ո՞րն ա:

ԱՐՄԱՆ և ՆԱՐԻՆԿԱ – Հընդա-հընդա-հընդա:

ՆԱՐԻՆԿԱ – Բա պատրոններից խաչեր սարքե՞լ եք:

ԱՐՄԱՆ – Բա ինչ ասես չենք սարքել:

ՆԱՐԻՆԿԱ – Բա կուլո՜ն…

ԱՐՄԱՆ – Թզբե՜խ:

ՆԱՐԻՆԿԱ — Թզբե՜խ: Էն ժամանակ մոդա էր:

ԱՐՄԱՆ – Պատրոններից, ասկոլկեքից գիտեինք, թե ինչով են խփել։ Մի տուն կար Շամշադինում, երեք անգամ ՛՛Գռադը՛՛ խփել էր։ Երևանից մի ժուռնալիստ գալիս ա, որ ինտեռվյու վերցնի, բայց էդ տանը մարդ չկա, բոլորը մեռել են։ Գալիս ա, ավտոկայանում մեկին հարցնում ա՝ վարպետ, ո՞նց գնամ էն տունը, որ իրեք անգամ խփել ա, էլի, էն որ վրա-վրա, հա, ասում ա՝ սենց ուղիղ գնա, ձախ թեքվի, աջով գնա, էնտեղ կալցեվոյն ա: Չհասկացա, նորից բացատրի: Սենց ուղիղ գնա, սենց կածանով մտի, տենց կարճ ա ճամփեն… Լավ, ասում ա, երկար եմ բացատրելու, չես հասկանա, արի ստեղ սպասի, առաջին եկած ՛՛Գռադը՛՛ նստի, ուղիղ էդտեղ ա գնալու:

ՆԱՐԻՆԿԱ – Ձայնով էլ էինք ՛՛Գռադը՛՛ ՛՛Ալազանից՛՛ տարբերում։ Ալազանը հեչ, մի հատ խփում էր ու վերջ։ Գռադը իրար ետևից քառասուն հատ խփում էր։ Բայց ամենահզորը՝ շարիկովի բոմբաներն էին, որ սամոլյոտներից էին քցում․ մեջներն արդեն ասկոլկեք կային, դեսուդեն էին թռնում ու անպայման մեկին կպնում, սպանում։ Երբ Գռադը կրակում էր, գիտեինք, որ քառասուներորդը խփելուց հետո կես ժամ ընդմիջում կա, որ գռադալցակայանը վերալիցքավորվի: Ուրեմն հաշվում էինք՝ երեսունի՜նը, փուֆֆֆֆ, քառասուն, ու շուտ դուրս էինք գալիս՝ երեխեքը վազում էին խաղալու, մամաները՝ լվացքի, ճաշի, պապաները ցախ ու ջուր էին կրում… Իսկ քսանհինգ րոպեից հետո բոլորը նորից վերադառնում էին պադվալ ու սպասում հաջորդ կրակահերթին:

ՎԱՐՇԱՄ – Մենք էլ կառտոշկա ծախողներին էինք ռմբակոծում։ Մեր բախտը բերել էր՝ մեր բակը և Կոմիտասի շուկան բաժանում էր մի պատ, բարձրանում էինք էդ պատի վրա, մանր քարերով կառտոշկա ծախողներին խփում էինք, իրանք էլ մեզ կառտոշկայով պատասխանում էին, հետո հավաքում էինք, խորովում ու ուտում:

ԱՐՄԱՆ – Իսկ երբ կրակոց չէր լինում, մենք դասացուցակով դաս էինք անում դպրոցում։ Իսկ մենք սովոր չէինք, կեսից սկսում էինք խանգարել։ Մի նավթի ցիստեռն կար դրած մեր դպրոցի հայաթում, գալիս էինք, կանգնում էինք էդ ցիստեռնի մոտ ու ոտքով՝ դո՜մփ, խփում էինք: Ձայնը շատ էր Գռադին նման։ Դասատուները խառնվում էին․ էդ ի՞նչ էր, կրակո՞ց էր, կրակո՞ւմ են: Դը՜մփ, մի հատ էլ էինք խփում ու վազում պախկվում էինք: Հումանիտար օգնություն էր էդ նավթը։

24. ԱՅԴ ՏԱՐԻՆԵՐԻ ԲՐԵՆԴԵՐԸ

ՆԱՐԻՆԿԱ – Բա օգնություններից կաթի փոշին հիշո՞ւմ եք:

ԱՐՄԱՆ – Հա՜: Էդ փոշիները լցնում էինք բերաններս ու ասում էինք այբուբենը:

ԱՐՄԱՆ և ՆԱՐԻՆԿԱ – ԱԲԳԴԵԶԷԸԹԺԻԼԽԾԿՀՁՂՃՄՅՆՇՈՉՊՋՌՍՎՏՐՑՈՒՓ (փչում են)… ՔևՕՖ (բերանը մաքրելով):

ՆԱՐԻՆԿԱ – Կոկոսի փոշի էլ կար, ձվի փոշի, սոկի — Ինվայթ։

ՎԱՐՇԱՄ – 32 գույնանի ֆլոմաստերներ առաջին անգամ տեսանք։ Ես սաղ կյանքս սովոր էի, որ գոյություն ունի ընդամենը 6 գույնի ֆլոմաստեր, իսկ հիմա… Այ քեզ բան… Հիմա ես որո՞վ եմ գրելու, որո՞վ նկարեմ։

ԱՐՄԱՆ – Հա՜: ՛՛Ռադուգա՛՛ պեչենիներ կային՝ կար քաղցր, կար աղի:

ՆԱՐԻՆԿԱ – Դեռբի շոկոլադը հիշո՞ւմ եք։

ԱՐՄԱՆ – Մարս, Սնիկեռս…

ՆԱՐԻՆԿԱ – Հա՜, սնիկեռսները:

ԱՐՄԱՆ – Մեր ընտանիքում Սնիկեռսը կտրտում էինք հավասար մասերի, բաժանում էինք հավասար՝ ընտանիքի անդամների միջև: Մի մեծ գերան կար մեր հայաթում, ու ես որոշեցի, որ ես պիտի ջարդեմ, դե պապան տանը չէր… Առավոտ վեր կացա, սկսեցի՝ դըխկ-դըխկ-դըխկ… ճիշտ ա, հետո մի ամիս էլ չէի կարողանում քայլել… Վերջը: Մաման եկավ, տեսավ, որ փետը ջարդել եմ, ասեց՝ դու վաստակել ես մի ամբողջ սնիկեռս: Ու մի ամբողջ սնիկեռս տվեց ինձ մենակ: Ես ասի՝ չէ, մամ, բաժանի չորս մասի, թող բոլորս էլ ուտենք:

ՆԱՐԻՆԿԱ – Բա ծամոնները՝ Դոնալդ, Տուռբո…

(Խաղում են)

ԲՈԼՈՐԸ – Չին-գա-չունգ: Չին-գա-չունգ: Չին-գա-չունգ: Ղա-րա-բաղ, Ղա-րա-բաղ։

25. ԱՌԱՋԻՆ ԼՈՒՐԸ ԲԱՆՏԻՑ

ՕՐԱԳԻՐ – Պապայից վերջապես լուր ստացանք։ Ասում են՝ քսիվ է ուղարկել: Չգիտեմ, քսիվն ինչ է, բայց շատ ուրախ եմ:

26. ԱՅԳԵՊԱՆԽԱՂ

ՆԱՐԻՆԿԱ — (անջատում է լապտերիկը): Էկեք այգեպան խաղացե՞լ եք:

ՎԱՐՇԱՄ – Հա, ո՜նց չէ: Այգեպանը հավաքեց բոլոր մրգերին, բացի խնձորից:

ՆԱՐԻՆԿԱ – Օյ:

ՎԱՐՇԱՄ – Ի՞նչ պատահեց:

ՆԱՐԻՆԿԱ – Սիրահարվեցի:

ՎԱՐՇԱՄ – Ո՞ւմ վրա:

ՆԱՐԻՆԿԱ – Տանձի:

ԱՐՄԱՆ – Օ՜յ:

ՆԱՐԻՆԿԱ – Ի՞նչ պատահեց:

ԱՐՄԱՆ – Սիրահարվեցի:

ՆԱՐԻՆԿԱ – Ո՞ւմ վրա:

ԱՐՄԱՆ – Ըըըը:

ՆԱՐԻՆԿԱ – Էէէ, կոշիկդ: Կոշիկդ հանի:

ՎԱՐՇԱՄ – Կոշիկդ հանի: (Հանում է կոշիկը:)

ՎԱՐՇԱՄ – Այգեպանը հավաքեց բոլոր մրգերին, բացի… խնձորից:

ՆԱՐԻՆԿԱ – Օյ: Արեցիր, կոշիկդ հանի:

ՎԱՐՇԱՄ – Ինչի՞:

ՆԱՐԻՆԿԱ – Ըըըը արեցիր:

ՎԱՐՇԱՄ – Որոշում էի:

ՆԱՐԻՆԿԱ – Չէ, էս խաղը տենց խաղ ա, շուշուտ պիտի մտածես:

ԱՐՄԱՆ – Չէ, չէ, հա:

ՆԱՐԻՆԿԱ – Հա, չէ, չէ, հանի: (Հանում է կոշիկը:) Ըհը:

ՎԱՐՇԱՄ – Այգեպանը հավաքեց բոլոր մրգերին, բացի տանձից:

ԱՐՄԱՆ – Օյ:

ՎԱՐՇԱՄ – Ի՞նչ պատահեց:

ԱՐՄԱՆ – Սիրահարվեցի:

ՎԱՐՇԱՄ – Ո՞ւմ վրա:

ԱՐՄԱՆ – Խնձորի:

ՆԱՐԻՆԿԱ – Օյ:

ԱՐՄԱՆ – Ի՞նչ պատահեց:

ՆԱՐԻՆԿԱ – Սիրահարվեցի:

ԱՐՄԱՆ – Ո՞ւմ վրա:

ՆԱՐԻՆԿԱ – Այգեպանի:

ՎԱՐՇԱՄ – Օյ:

ՆԱՐԻՆԿԱ – Ի՞նչ պատահեց:

ՎԱՐՇԱՄ – Դպրոցից տուն ուղարկեցին:

ՆԱՐԻՆԿԱ – Ինչո՞ւ:

ՎԱՐՇԱՄ – Ցուրտ էր:

ՆԱՐԻՆԿԱ – Օյ:

ՎԱՐՇԱՄ – Ի՞նչ պատահեց:

ՆԱՐԻՆԿԱ – Գռադը գցեցին:

ՎԱՐՇԱՄ – Ո՞րտեղ:

ՆԱՐԻՆԿԱ – Շամշադին:

ԱՐՄԱՆ – Օյ:

ՎԱՐՇԱՄ – Ի՞նչ պատահեց:

ԱՐՄԱՆ – Հերս տուն չի գալիս դիրքերից:

ՎԱՐՇԱՄ – Ինչքա՞ն ժամանակ:

ԱՐՄԱՆ – Երկու ամիս:

ՎԱՐՇԱՄ – Օյ:

ԱՐՄԱՆ – Ի՞նչ պատահեց:

ՎԱՐՇԱՄ – Փախստականները եկան:

ԱՐՄԱՆ – Ո՞րտեղից:

ՎԱՐՇԱՄ – Ղարաբաղից:

ՆԱՐԻՆԿԱ – Օյ:

ՎԱՐՇԱՄ – Ի՞նչ պատահեց:

ՆԱՐԻՆԿԱ – Եկել:

ՎԱՐՇԱՄ – Ինչե՞րը:

ՆԱՐԻՆԿԱ – Կրակադիլները:

ԱՐՄԱՆ – Օյ:

ՆԱՐԻՆԿԱ – Ի՞նչ պտահից:

ԱՐՄԱՆ – Վա՜յ, տալոնը կորցրի:

ՆԱՐԻՆԿԱ – Ինչի՞:

ԱՐՄԱՆ – Հացի:

ՎԱՐՇԱՄ և ՆԱՐԻՆԿԱ – Էէէէէ:

ԱՐՄԱՆ – Օ՜յ:

ՎԱՐՇԱՄ և ՆԱՐԻՆԿԱ – Ի՞նչ պատահեց:

ԱՐՄԱՆ – Լույսերը տվի՜ն:

ԲՈԼՈՐԸ – Արա լույսը տվին, շուշուտ… Հեռուստացույցը միացրու… Էս ճաշը դիր կրակին…

ՆԱՐԻՆԿԱ – Բեր… Էէէէէէ:

ԱՐՄԱՆ – Մի լույս վառած թողեք, որ տան, իմանանք:

ՎԱՐՇԱՄ – Է՜հ: Այգեպանը հավաքեց բոլոր մրգերին, բացի տանձից:

ԱՐՄԱՆ – Էէէէ:

ՎԱՐՇԱՄ – Ի՞նչ պատահեց:

ԱՐՄԱՆ – Զահլես գնաց:

ՎԱՐՇԱՄ – Օյ:

ՆԱՐԻՆԿԱ – Ի՞նչ պատահեց:

ՎԱՐՇԱՄ – Դագաղը բերեցին:

ԱՐՄԱՆ – Ո՞ւմ:

ՎԱՐՇԱՄ – Ազատամարտիկի:

ՆԱՐԻՆԿԱ – Էս կոշիկի տերը ի՞նչ անի:

ԱՐՄԱՆ – Արտասանի:

ՎԱՐՇԱՄ – Արտասանի:

ԲՈԼՈՐԸ – Ղարաբաղը մերն ա,

Բայց թուրքերի ձեռն ա:

Կանգնեմ սարի գագաթին,

Թքեմ թուրքի ճակատին:

ԱՐՄԱՆ – Էս կոշիկի տերն ի՞նչ անի: Երգի:

ԲՈԼՈՐԸ — Ղարաբաղը մերն ա,

Բայց թուրքերի ձեռն ա:

Կանգնեմ սարի գագաթին,

Թքեմ թուրքի ճակատին:

ԱՐՄԱՆ – Էս կոշիկի տերը ի՞նչ անի:

ՆԱՐԻՆԿԱ – Վաղը հացի հերթը ինքը կանգնի:

ԲՈԼՈՐԸ — Ղարաբաղը մերն ա,

Բայց թուրքերի ձեռն ա:

Կանգնեմ սարի գագաթին,

Թքեմ թուրքի ճակատին:

27. ԿՈՇԻԿՆԵՐ

ՎԱՐՇԱՄ – Կռիվները գնալով լրջանում էին: Ամբողջ քաղաքը ողողվել էր սև պաստառներով՝ Արամ 18, Տիգրան 20, Աշոտ 29:

ԱՐՄԱՆ – Վարդանն ու պապան դիրքերում էին:

ՎԱՐՇԱՄ – Ամեն նոր պաստառ տեսնելիս մտածում էի՝ կարո՞ղ ա արդեն պապայիս էլ տանեն:

ԱՐՄԱՆ – Ես ու տատս գնացել էինք հյուր, մաման զանգեց, ասեց՝ շատ շուտ եկեք տուն:

ՎԱՐՇԱՄ – Ու, իրոք, շուտով օրենք դուրս եկավ, որ արդեն միայն չորս երեխա ունեցողներն են բազմազավակ համարվում։ Այսինքն, պապայիս պիտի զինակոչեին։

ԱՐՄԱՆ – Մաման ասեց՝ շուտ եկեք: Ցեխոտ օր էր: Տատս ինձ սապոգներս էր հագցնում, ձեռքերը դողում էին, չէր կարողանում էդ սապոգները ոտքս մտցնել:

ՎԱՐՇԱՄ – Մի օր լսեցի մեր հարևանների խոսակցությունը՝ բա որ Վաչոյին տանեն, մենք ի՞նչ ենք անելու: Պապաս սապոգներ ուներ, պինդ, գերմանական սապոգներ էին: Էդ սապոգները վերցրեցի ու պահեցի, մտածում էի, եթե կռիվ գնա, սրանցով ա գնալու:

ԱՐՄԱՆ – Տատս սապոգներս հագցրեց, ու դուրս եկանք: Ճանապարհին տատուս դունչը անընդհատ դողում էր։ Եկանք, հասանք մեր տան մոտ, տեսանք երկու մեքենա ա զինվորական կանգնած: Տատս սկսեց բարձր լացել:

ՎԱՐՇԱՄ – Հաջորդ օրը գնացի թաքստոցս՝ պապայի սապոգները չկային: Էդ օրը մինչև պապան տուն եկավ, կես մարդ դարձա:

ԱՐՄԱՆ – Երբ մտանք տուն, Վարդանը վիրավոր էր: Պառկած էր փորի վրա ու մեզ էր նայում: Տատիկս լացի միջից սկսեց ծիծաղել արդեն ու ասեց՝ շատ լա՛վ ա եղել քեզ, աչքդ էլ դուրս ա էկել։

28. ՖԻՆԱԼԼԱՐՈՒՄ

ՕՐԱԳԻՐ — 19-րդ օր։ Պարզվում է, քսիվը “բանտից վատ լուր” է նշանակում: Նամակը մեզ չեն տալիս, մտածում են, արդեն անիմաստ է:

ՆԱՐԻՆԿԱ – Անիմա՞ստ… Ես դպրոցից վազեցի ուղիղ գյուղի տակ: Թող մերոնք ծեծեն, բայց ես ամեն օր գալու եմ էստեղ ու սպասեմ, մինչև պապաս գա: 

ՎԱՐՇԱՄ — Եղավ Վազգեն Սարգսյանի կոչը. “Վաղը չէ մյուս օրը, եթե ամեն շրջանից ընդամենը 10-15 տղա գա, մենք կունենանք 500 հոգանոց մահապարտների զորագունդ”:

ԱՐՄԱՆ – Ներքին կարգով լուրեր տարածվեցին, որ Շամշադինի վրա մեծ օպերացիա է սպասվում ու ճիշտ կլինի, եթե բնակչությունը հեռանա տարածքից: Հերս դիրքերից իջավ, որ մեզ տեղափոխի Վրաստան: Վարդանը վիրավոր պառկած էր, տատս մնաց Վարդանին խնամելու: Պապան նորից գնաց դիրքեր:

ՎԱՐՇԱՄ — Զորագունդ, որ կկռվեր ամենաթեժ տեղերում, ուր ապրել ու մեռնելու շանսերը 50-ը 50-ի էին:

ԱՐՄԱՆ – Մեզ ավտոյով էին տեղափոխելու, պապան ադրբեջանական համարներ էր ճարել, որ դնեինք մեր ավտոյի վրա, որ թուրքերը չհարձակվեին:

ՆԱՐԻՆԿԱ – Ճանապարհով համարյա մեքենա չի անցնում: Վտանգավոր էր… Բայց միևնույնն ա, պապաս պիտի գա:

ԱՐՄԱՆ — Սահմանին շատ ադրբեջանցիներ կային: Մամայիս հետ ոտով էինք անցնելու սահմանը: Ամբողջ ընթացքում մերս եղունգները ձեռքիս մեջ խրած, էս մի ձեռքն էլ պայուսակի մեջ դրած… Հետո իմացա, որ հերս սումկայի մեջ գռանատ ա դրել, որ եթե թուրքերը բռնեն, մերս բաց թողնի:

ՎԱՐՇԱՄ — Հաջորդ օրն իմացանք, որ 500-ի փոխարեն 1000-ից ավել մարդ է գրվել մահապարտների գունդը:

ԱՐՄԱՆ – Երկու շաբաթից Վրաստանից ետ եկանք, բայց վիճակն ավելի էր լարվել:

ՆԱՐԻՆԿԱ – 20-րդ օր։ Նորից լուր չկա։

ՎԱՐՇԱՄ – Մի օր մաման, օգտվելով առիթից, որ մեր տանը հարևան չկա, մեզ հավաքեց, որ կարևոր նորություն հայտնի:

ՆԱՐԻՆԿԱ – 21-րդ օր: Մաման մեզ հավաքեց ու ասաց. “Եկեք աղոթենք”։ Նախկին Սովետի նախկին անհավատներս սկսեցինք ճանաչել Աստծուն:

ՎԱՐՇԱՄ — Ասեց, որ մենք սպասում ենք մեր չորրորդ երեխային:

ՆԱՐԻՆԿԱ – 22-րդ օր։ Պապաս, մեկ ա, կգա:

ԱՐՄԱՆ – Պապաս դեռ դիրքերում ա։

ՎԱՐՇԱՄ – 8 ամիս մնաց, որ էրեխեն ծնվի:

ՆԱՐԻՆԿԱ – 23-րդ օր, պապաս դեռ չկա:

ՎԱՐՇԱՄ – Չորս ամիս մնաց, որ ախպերս ծնվի:

ԱՐՄԱՆ – Մեր կողքի տունը Գռադը փլեց։

ՎԱՐՇԱՄ – Մերոնք Մարտակերտն ազատագրեցին:

ԱՐՄԱՆ – Ներքին Կարմիրում Մուշեղին խփեցին:

ՆԱՐԻՆԿԱ – 24-րդ օր:

ՎԱՐՇԱՄ – Թուրքերը Մարտակերտը նորից գրավեցին:

ԱՐՄԱՆ – Հրաչիկին խփեցին:

ՎԱՐՇԱՄ – Մերոնք Մարտակերտը էլի ետ վերցրեցին:

ՆԱՐԻՆԿԱ – 25-րդ օր:

ԱՐՄԱՆ – Անդրոյին խփեցին:

ՆԱՐԻՆԿԱ – 26:

ԱՐՄԱՆ – Վարդանը սկսեց քայլել:

ՆԱՐԻՆԿԱ – 27, 28, 29:

ՎԱՐՇԱՄ – Շուշին ազատագրեցին:

ԱՐՄԱՆ — Շուշին ազատագրեցի՞ն։

ՆԱՐԻՆԿԱ — Շուշին ազատագրեցի՜ն։

Հրավառության ձայներ:

ԱՐՄԱՆ — Էս հիմա գրա՞դ էր թե՞ հրավառություն:

ՎԱՐՇԱՄ — Տեսա՞ր, պապի՛, բա ասում էիր՝ չենք հաղթի…

ՕՐԱԳԻՐ — Այսօր իմացանք, որ պապաս գալիս է: Սեղան ենք գցում: Տատիկս բուլյոն է եփել: Մամաս մտել է սենյակ ու լաց է լինում: Այսքան ժամանակ չէր լացել, իսկ հիմա լացում է:

ՎԱՐՇԱՄ – Երեկոյան պապան գործից տուն եկավ, ու առաջինը ես վազեցի նրան գրկելու։ Էդ օրը ես էի պապա առաջինը։ Էդ օրը ես հաղթեցի։

ԱՐՄԱՆ – Պապան վերջապես դիրքերից իջավ։ Ես վազեցի, որ գրկեմ, բայց կաշկանդվում էի՝ ինքն ինձ երբեք չէր գրկել: Հանկարծ ինքը առաջինը ձեռքերը բացեց ու ես փաթաթվեցի նրան՝ անծանոթ էր գիրկը։

ՆԱՐԻՆԿԱ – Ճանապարհին կանգնած պապային եմ սպասում: Մեկ էլ տեսա՝ մի մեքենա եկավ, միջից անծանոթ ձյաձյա ա դուրս գալիս։ Ետևից, տեսնեմ, պապային են իջացնում։ Վազեցի, որ գրկեմ, բայց կողքի մարդը բրդեց, ասեց՝ ի՞նչս անում: Վախեցած նայեցի պապային, պապան ինձ աչքով տվեց ու ժպտաց: Ատամները թափված էին։

ՎԱՐՇԱՄ – Շուշիի ազատագրումից հետո մեր ընտանիքում ծնվեց չորրորդ երեխան` Հարությունը, իսկ դպրոցում պատմությունը դարձավ իմ ամենասիրելի առարկան:

29. ԷՊԻԼՈԳ

ՆԱՐԻՆԿԱ – Պապայիս վերադառնալուց հետո այլևս օրագրում ոչ մի գրառում չարեցի։ Միայն 1992 թվականի մայիսի 9-ին, Շուշիի գրավման օրը, հանկարծ հիշեցի օրագրիս մասին, գտա այն ու… էնքան շատ էին զգացմունքներս, որ չէի կարողանում դրանք արտահայտել: Երկար մտածելուց հետո գրեցի միայն մեկ բառ՝ ՛՛ՀԱՂԹԱՆԱԿ՛՛ Հետո փակեցի օրագիրն ու մի ապահով տեղում պահեցի ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։