ՊԵՐ ԼԱԳԵՐՔՎԻՍՏ / ԵՐԿՆՔԻ ԳԱՂՏՆԻՔԸ
Pär Lagerkvist
Հսկայական սևակապտավուն գունդը բարձրանում է բեմահարթակի վերնամասում գտնվող տարածության մեջ, որը բաժանում է այն միջինից մի փոքր բարձրում: Գունդը թվում է, թե ծավալվում-ձգվում է դեպի ներքև՝ խավարի մեջ: Վերևից ու ձախից, անկյունագծով, լույսի կոնաձև ճառագայթը, կանաչավուն գույնի, լուսափայլում է խավարի միջով և կտրուկ լուսավորում է գնդի տեսանելի հատվածը՝ ստվերում թողնելով միայն նրա աջակողմյան մի մասը:
Գնդի կամարի լանջին կանգնած է ԾԵՐՈՒՆԻՆ և փայտ է սղոցում։ Նա երբեք գլուխը չի բարձրացնում և չի նայում շուրջը, այլ պարզապես համակված է նրանով, ինչ անում է: Իշոտնուկի աջ կողմում գտնվող կույտից փայտի կտորտանք է վերցնում և պատրաստի կտորները դնում ձախ կողմում:
Զառիվեր լանջով, դժվարությամբ, միայնակ քայլում է ՀԵՆԱԿՆԵՐՈՎ ՄԱՐԴԸ, իսկ նրա կողքին կարճ ոտքերով ԹԶՈՒԿՆ է ոստոստելով գայթում: Թզուկն ունի լայն վարտիք, մի փոքրիկ ձեռնափայտ, որը նա ճոճում է, և մեծ, փայլփլուն կարմիր բաճկոնակ, որը չափազանց մեծ է նրա համար:
Ուղիղ առջևում ու ներքևում՝ լույսի ու խավարի միջև ընկած սուրուլիկ ուրվագծի մոտ կուչ եկած, խորշոմած ու մեծ ապակիներով ակնոցով մի փոքրամարմին ԹԱՍԱԿՈՎ ԾԵՐՈՒԿ է կքանստած՝ քթի տակ ինչ-որ բան մրմնջալով և գլուխը ձեռքերի մեջ առած: Նրանից ձախ՝ լայնակի, շարունակական ու անատամ քմծիծաղով մի ՊԱՌԱՎ ԿԻՆ է։ Նրա ծնկները վեր են ցցված: Նա ունի կեղտոտ ոտնաթաթեր և մեծ տատրակի մատներ, որոնք նա քչփորում է: Նրա աջ կողմում մի ԱՂՋԻԿ է՝ աչքերում տարակուսանք, շիկակարմիր գզգզված մազերով ու ծնկներին կիթառ:
Հեռավոր ձախ կողմում՝ կիսադեմով նստած է մի խոշորամարմին ու հաղթանդամ, ՄԱՐՄՆԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱՇԱՊԻԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ, որի մեջքին սև գոտի է կապված: Իր աջակողմյան կույտից նա ձեռքն է առնում միջին չափի տիկնիկներ, տարատեսակ մարդկանց մանրակերտերը՝ տղամարդիկ ու կանայք, ծեր ու երիտասարդ: Մեկ առ մեկ վերցնում է, նայում, դնում է ծնկին, նրանց ստիպելով մեկ գլուխ խոնարհել, մեկ կքանստել: Մատով կտրում է սրա-նրա գլուխը, որպեսզի նրանք սուզվեն մթության մեջ: Հետո անշնչացած մարմինները դնում է ձախակողմյան կույտի մեջ։ Երբեմն գլուխը շատ պինդ է ամրացված լինում, և այդժամ նա պտտում է այն, և այդ անելիս՝ դեմքը ծամածռում է և այն անմիջապես նետում է մթության մեջ: Նա երբեք վերև չի նայում, ամբողջովին կլանված է իր առաջադրանքով։
ԹԱՍԱԿՈՎ ԾԵՐՈՒԿ – (քթի տակ քրթմնջում է, այդ ընթացքում մատները սեղմելով ճակատին): Ես վստահ եմ, որ շուտով այդ ամենին հասու կլինեմ, ես շատ շուտով կհասկանամ ամբողջը… քիչ մնաց…
ՀԵՆԱԿՆԵՐՈՎ ՄԱՐԴ – Հը՞, այդ ի՞նչն է, որ դու հասկանում ես:
ԾԵՐՈՒԿԸ շփոթված նայում է նրան, ուղղում ակնոցը։ Կրկին կռանալով, շարունակում է քթի տակ քրթմնջալ։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋԻԿԸ կիթառի լարն է պրկում — անբարեհունչ նոտա – մինչ ինքը միապաղաղ երգում է՝ պլինգ-պլինգելի-պլինգ: Պլինգ-պլինգ-պլինգ։ Նա ձեռքով դիպչում է իր այտին, անզոր ու անօգ քաշքշում է իր մազերն ու հառաչում, կիթառը սահում-ընկնում է նրա ծնկներից։
ՓԱՅՏԱՀԱՏԸ սղոցում է:
ԹԶՈՒԿ – (ոստոստելով գայթում է՝ ձեռնափայտը ճոճելով։ Հաշմանդամին դիմելով՝ գոռոզ, ճվճվան ձայնով): Հաճելի եղանակ է, այնպես չէ՞: Ճիշտ և ճիշտ առավոտյան զբոսանքի համար, հի-հի:
ՀԵՆԱԿՆԵՐՈՎ ՄԱՐԴԸ հոտոտելով, մեջքով շրջվում է նրան, դժվարությամբ կաղեկաղ քայլում է։
ԹԶՈՒԿԸ բութ մատները խոթում է անութների տակ, փքված կանգնում է իր կարմիր բաճկոնակի մեջ, նայում է լույսին, թույլ է տալիս, որ այն լուսափայլի իր վրա:
ԾԵՐՈՒԿ — Ամբողջի իմաստը, իրական նշանակությունը դա է… սա է… այն է… Որ մենք պետք է պտտվենք, այո, դա այդպես է: Ամեն ինչ պետք է պտտվի, սա է բոլորը: — Դա է իմաստը, սա է այդ ամենի իրական նշանակությունը…
ՊԱՌԱՎ ԿԻՆ — Հահա…
ԾԵՐՈՒԿ — Մինչև այս պահը այստեղ որևէ խորամանկություն չկա:
ՓԱՅՏԱՀԱՏԸ սղոցում է:
ՄԱՐՄՆԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱՇԱՊԻԿՈՎ ՏՂԱՄԱՐԴԸ հերթական գլուխն է կտրում:
ԱՂՋԻԿԸ ձեռքն է առնում իր կիթառը։ Նորից աններդաշնակ հնչյուններ են՝ պլինգ-պլինգելի-պլինգ: Պլինգ-պլինգ-պլինգ։ Ձեռքը դնում է գլխին, նայում է իր առջև, ծանր հառաչում:
ԹԶՈՒԿ – (ցատկում է դեպի նա, գլուխ գովալու պես հոխորտում է): Հաճելի եղանակ է, միսս Ջուդիթ, լավ եղանակ է, այնպես չէ՞:
ԱՂՋԻԿ – (վախեցած, վեր է ցատկում, նայում է նրան տարակուսած. Բայց հետո դեմքը պայծառանում է, ժպտում է և իր նրբիկ ձեռքը մեկնում է դեպի նա): Օ՜, այդ դո՞ւ ես, իմ սիրելի գազանիկ: Դո՞ւ ես: (Նորից իր մեջ է սուզվում: Հոգնած, մտազբաղ:) Ի՞նչ ես ուզում ինձանից:
ԹԶՈՒԿ – Ավաղ, դուք այնքա՜ն գեղեցիկ նվագեցիք, միսս Ջուդիթ: Այնքա՜ն զարմանահրաշ։
ԱՂՋԻԿ – Ոչ, ոչ, ես չեմ կարող…
ԹԶՈՒԿ – (ձեռքը սրտին դրած): Այնքա՜ն զարմանահրաշ:
ԱՂՋԻԿ – Օ՜, ոչ, սիրելիս, օ՜ ոչ: Ես միայն փորձում եմ մի լար գտնել, միայն մեկը…
ԹԶՈՒԿ – Եվ ի՞նչ։
ԱՂՋԻԿ – Միայն մեկը… Կարծես թե չի հաջողվում… (Նայում է լարերին:)
ԹԶՈՒԿ – (անտարբեր): Ո՞ր մեկն է դա:
ԱՂՋԻԿ – Օ՜, այն նման չէ մյուսներին։ Այն այնքան բարձր է հնչում, այնքան բարձր: Որ քիչ է մնում լարը կտրվի… Իսկ երբ մեկը դիպչում է նրան, թվում է, թե այն ոսկուց է… (Դիպչում է լարերին:) Կարծես թե նման լար չկա, այդպիսի լար չկա… (Առաջարկում է նրան կիթառը։)
ԹԶՈՒԿ – (նայում է լարերին, վերադարձնում է նրան): Ո՛չ, այդպիսին չկա: (Աղջիկը լաց է լինում։) Բայց միսս Ջուդիթ, եթե այն գոյություն չունի… Ինչու՞ փորձել գտնել այն: (Բզում է նրան ձեռնափայտով:) Այն գոյություն չունի, օրիորդ:
ԱՂՋԻԿ – (տարակուսած նայում է նրան): Ինչ ասացի՞ր։
ԹԶՈՒԿ – Այն չկա, փոքրիկ օրիորդ:
ԱՂՋԻԿ – (մի ակնթարթ հետո՝ շփոթված ու անօգնական): Բայց ինչո՞ւ… Ինչո՞ւ եմ ես փորձում…
ԹԶՈՒԿ – Ճիշտ որ։
ԱՂՋԻԿ – Ինչո՞ւ եմ փորձում գտնել այն… Եթե այն գոյություն չունի…
ԹԶՈՒԿ – Այո՛, ես էլ հենց դա եմ ասում: Ինչո՞ւ…
ԱՂՋԻԿ — երկար, հիստերիկ քրքիջ է հնչեցնում։ Ձեռքն է առնում կիթառը, պոկում է լարերը, ճռինչ, ճռճռռոց, դղրդյուն, մինչ ինքը ճիչ-վայնասուն է կապում): Այն չկա, այդպիսին չկա:
ՊԱՌԱՎԸ ներս է խուժում քրքջալից ծիծաղով, որը ցնցում է նրա շուրջ եղած օդը:
ԹԶՈՒԿ – (սկսում է համընթաց ցատկոտել թխկթխկացնող երաժշտության ներքո, այս ընթացքում երգելով): Նման բան չկա, նման բան չկա…Չկա-չկա-չէ: Չկա-չկա-չէ: Նման բան չկա… Չկա նման բան… Չկա-ու-չի-լինի, չկա-ու-չի-լինի:
ՀԵՆԱԿՆԵՐՈՎ ՏՂԱՄԱՐԴԸ թքում է, մեջքով շրջվում:
ԱՂՋԻԿԸ հանկարծ լռում է։ Մյուսները ևս, պարզապես՝ հանկարծակի։ — Նա հանգիստ նստած է: Տարուբերում է իր մատները լարերի վրայով՝ զգուշորեն, տագնապահար։ Լսում է: Նա ցած է կախվում:
ՓԱՅՏԱՀԱՏԸ սղոցում է:
ՄԱՐԶԱՇԱՊԻԿՈՎ ՏՂԱՄԱՐԴԸ հերթական գլուխն է կտրում:
ԹԱՍԱԿՈՎ ԾԵՐՈՒԿ — Շուտով ես կհասկանամ, շուտով կհասկանամ ամեն ինչ…
Գնդի մյուս կողմից բարձրանում է մի ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՐԴ, երկչոտ ու անհանգիստ կանգ է առնում այնտեղ։ Նայում է իր շուրջը զարմացած: Նրան նկատում են միայն ԹԶՈՒԿՆ ու ՀԵՆԱԿՆԵՐՈՎ ՄԱՐԴԸ։
ՀԵՆԱԿՆԵՐՈՎ ՄԱՐԴ – (խեթ նայում է նրան, այնուհետև, մի լավ նայելուց հետո): Ո՞վ ես դու:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – (վախեցած): Չգիտեմ:
ՀԵՆԱԿՆԵՐՈՎ ՄԱՐԴ – (շրջվելով): Իսկ գուցե դու դա պետք է իմանայիր:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – (շփոթված, բայց բավական համարձակ՝ մի քայլ է գցում դեպի նա): Այո… ես գիտեմ: Դրա համար էլ ես քայլ առաջ արեցի, որպեսզի փորձեմ պարզել:
ՀԵՆԱԿՆԵՐՈՎ ՏՂԱՄԱՐԴ – Դե ուրեմն… հմմ, դե ուրեմն մոտ արի:
ՊԱՌԱՎ – Հա՜։
ԵՐԻՏԱՍԱՐԴԸ շարունակում է կանգնած մնալ այնտեղ՝ ամոթխած նայելով նրան։
ԹԶՈՒԿ – (ցատկում է դեպի նա, պտտվում, փքվում է իր մեջ): Հմմ: Հմմ:
ԵՐԻՏԱՍԱՐԴԸ զարմացած նայում է նրան: Զգուշորեն մի քանի քայլաչափ իջնում է լանջով: Տեսնում է մեծահսկա, ՄԱՐԶԱՇԱՊԻԿՈՎ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ: Հետաքրքրությունից դրդված՝ ընթանում է նրա թիկունքի ետևից՝ տեսնելու, թե ինչ է նա անում։ ՏՂԱՄԱՐԴԸ նայում է մի փոքրիկ տիկնիկի, շրջում է այն: Թույլ է տալիս մի քանի հնարքներ բանեցնել: Այնուհետև ոլորում է նրա գլուխը և նետում հեռավոր խավարի մեջ, անգլուխ մարմինը դնում է ձախակողմյան կույտի մեջ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – (ահաբեկված ընկրկում է, դեմքը թաքցնում է ձեռքերի մեջ, գոռում): Օ՜ Աստված իմ, Աստված իմ…
ՊԱՌԱՎ – Հա՜հահա, հա՜հահա։
ԹԶՈՒԿԸ քրքջում է:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Օ՜, Աստված իմ, Աստված իմ… (Գայթում է, սխալ քայլ է անում, գլխիվայր ցած է ընկնում։)
ԹԶՈՒԿ – (բռնկվում է վայրենի, հաչաղկոտ ծիծաղով): Զգույշ եղիր… հեյ-հեյ… իմ կողմը նայիր, որպեսզի չընկնես: Հեյ-հեյ-հեյ:
ԵՐԻՏԱՍԱՐԴԸ վեր է կենում, տարակուսած նայում է մեկից մյուսին։
ԹԶՈՒԿԸ հաղթականորեն ետ ու առաջ է աչքը գցում՝ չափելով նրան զվարճալի ու ներողամիտ հայացքով։
ՄԻ ԹԽԱՄՈՐԹ ՄԱՐԴ է խավարի միջից զառիվերով սողալով սպրդում: Նա սողում է ծնկների վրա՝ ծածկված կաշվե բարձիկներով: Նրա տաբատը ձգվում է ետևից՝ դափ-դատարկ։ Ձեռքի փոխարեն երկաթե կեռիկ ունի, դրանով անընդհատ քչփորում է հողը, քչփորում և ինչ-որ բան է փնտրում։
ՏՂԱՄԱՐԴ – (տեսնելով երիտասարդին, երկաթե կեռիկը երկարում է դեպի նա): Աղքատին մի գրոշ տուր: Բայց վրան մի անցք: Այն պետք է անցք ունենա:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – (նահանջում է։ Հանում է դրամապանակը ու նայում ներսը): Ես ոչինչ չունեմ:
ՏՂԱՄԱՐԴ – Ոչ, ոչ ոք չունի: Բնավ մեկը չկա, ով դրանից ունենա:
ԵՐԻՏԱՍԱՐԴ.– Իսկ չե՞ս ուզում սովորական, առանց անցքի: (Առաջարկում է նրան:)
ՏՂԱՄԱՐԴ – (թշնամական հայացքով): Դա քեզ պահիր, պոռնկորդի։ (Մրթմրթում է: Նորից սկսում է չանգռոտել հողը:)
ԵՐԻՏԱՍԱՐԴԸ մի կողմ է քաշվում նրա ճանապարհից:
ԹԶՈՒԿԸ՝ վիրավորված, հետ է քաշվում, երբ ՏՂԱՄԱՐԴԸ սողեսող տալով հասնում է իր ոտքերի մոտ:
ՀԵՆԱԿՆԵՐՈՎ ՄԱՐԴ – (նրան միառժամանակ ուշիուշով նայելուց հետո): Ի՞նչ ես այդտեղ շարունակ փորփրում:
ԵՐԿԱԹԵ ԿԵՌԻԿՈՎ ՄԱՐԴԸ նայում է վերև, նորից սկսում է փորփրել, քթի տակ մրթմրթալով:
ՀԵՆԱԿՆԵՐՈՎ ՏՂԱՄԱՐԴԸ – Ինչո՞ւ դու ոտքեր չունես:
ԵՐԿԱԹԵ ԿԵՌԻԿՈՎ ՄԱՐԴԸ նայում է վեր։ Մրթմրթում է: Նորից փորում է:
ՀԵՆԱԿՆԵՐՈՎ ՄԱՐԴ – (ինքն իրեն): Նա ձեռքեր էլ չունի: Հո-հո՜
ԹԶՈՒԿ — Օհո՜, աշխարհում առողջ մարդիկ չեն մնացել:
ՀԵՆԱԿՆԵՐՈՎ ՄԱՐԴ – (շշնջում է նրան՝ իր հենակով ցույց տալով ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ): Այն մեկը: Ո՞վ է նա:
ԹԶՈՒԿ – Ինքն է որ կա։ (Փնչացնում է արգահատանքով:)
ՀԵՆԱԿՆԵՐՈՎ ՄԱՐԴ – (ուշիուշով զննում է ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ: Մի պահ հետո): Ո՞վ ես դու:
ԵՐԻՏԱՍԱՐԴԸ՝ շփոթված:
ՀԵՆԱԿՆԵՐՈՎ ՏՂԱՄԱՐԴ – Դուք առանձնահատո՞ւկ մարդ եք:
ԹԶՈՒԿ — Գրողը տանի, տես թե ինչպես է նա նայում:
ԵՐԻՏԱՍԱՐԴԸ մի կողմ է քաշվում:
ԱՂՋԻԿ – Պլին-պլին… պլին։
ՀԵՆԱԿՆԵՐՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Այս աղջիկն այսպիսի՞ն էր, երբ եկավ:
ԹԶՈՒԿ – Այո, նա այդպիսին էր, երբ եկավ: Դա նշանակություն չունի:
ԱՂՋԻԿԸ կիթառը դնում է գետնին, կատաղությամբ պոկում է լարերը՝ վայրագ, ճռնչաձայն գոռգոռալով: Ուժասպառ վայր է ընկնում, կիթառի վրա, բերանքսիվայր, ձեռքերը մազերի մեջ:
Մյուսները կանգնած են այնտեղ՝ անտարբեր, ուշադիր դիտելով նրան:
Մյուս կողմից բարձրանում է մի ԽՈՇՈՐ ՏՂԱՄԱՐԴ, ծեր, սպիտակ մազերով, երկար սպիտակ մորուքով։ Նրա կրծքավանդակին կա մի ցուցանակ, վրան գրված է ԿՈՒՅՐ:
ԿՈՒՅՐ – (տնտղում է ձեռքերով, կանչելով): Օգնիր ինձ՝ տուն, օգնիր ինձ՝ տուն: Ես չեմ կարող գտնել ճանապարհը…
ՀԵՆԱԿՆԵՐՈՎ ՄԱՐԴ – (սայթաքում է): Գրողը նրան տանի:
ԹԶՈՒԿԸ ձեռնափայտն ուսին ոտքի է կանգնում, նայում նրան՝ դեպի վեր։
ԿՈՒՅՐ ՄԱՐԴ – (հառաչում է): Օգնիր ինձ՝ տուն, օգնիր ինձ՝ տուն…
ՀԵՆԱԿՆԵՐՈՎ ՄԱՐԴ – (դադարից հետո): Որտե՞ղ ես դու բնակվում:
ԿՈՒՅՐ — Յոթանասունութ աստիճան վերև, ամենահեռու վերևում, ընդհուպ երկնքի մոտ…
ՀԵՆԱԿՆԵՐՈՎ ՄԱՐԴ.- Այսպե՜ս, այսպես. — Բայց որտե՞ղ:
ԿՈՒՅՐ – (շփոթված): Չգիտեմ…
ԹԶՈՒԿ – Տա՞նը, եթե կարող եմ հարցնել։
ԿՈՒՅՐ — Չգիտեմ… Յոթանասունութ աստիճան, յոթանասունութ… ամենահեռու վերևում, ընդհուպ երկնքի մոտ: …Եթե միայն կարողանամ հասնել բազրիքին, մնացածը ես կիմանամ, ես ինքս կգտնեմ այն: Ես ինքս կգտնեմ:
Ծիծաղում են նրա վրա:
ԿՈՒՅՐ – (շարունակում է հուսահատ տնտղել): Ես ապրում եմ երկնքում, ես ապրում եմ երկնքում: Օգնիր ինձ՝ տուն, ես չեմ կարող գտնել իմ տան ճանապարհը… (Գետնին պառկած ՄԱՐԴՈՒՆ բախվելով՝ ցած է տապալվում, ընկնում է նրա վրա:)
ՏՂԱՄԱՐԴ – Գրողի տարած, ի՞նչ ես դու ուզում։ (Մի կողմ է հրում է ԿՈՒՅՐԻՆ, իրենից հեռու վանում:)
ԿՈՒՅՐ — Որտե՞ղ եմ ես… Որտե՞ղ եմ ես: (Շոշափում է տղամարդուն:) Ո՞վ ես դու:
ՏՂԱՄԱՐԴԸ նայում է նրան: Նորից չխկող-թխկոց:
ԿՈՒՅՐ – (դիպչում է նրա ձեռքին): Դու ի՞նչ ես անում։
ՏՂԱՄԱՐԴ – (ջղագրգռված): Ե՞ս: Որդեր եմ փնտրում:
ԿՈՒՅՐ – Ճիճունե՞ր: Որդեր ես փնտրում: Ինչո՞ւ ես դա անում:
ՏՂԱՄԱՐԴ – Դա ինձ սազական է:
ԿՈՒՅՐ ՄԱՐԴ – (զարմացած փորձում է վեր կենալ, չի կարողանում): Չե՞ս օգնի ինձ…
ՏՂԱՄԱՐԴ – Չեմ կարող:
ԿՈՒՅՐ – Չե՞ս կարող:
ՏՂԱՄԱՐԴ – Ոչ:
ԿՈՒՅՐ – Ինչո՞ւ։
ՏՂԱՄԱՐԴ – Որովհետև ես ինքս չեմ կարող վեր կենալ:
ԿՈՒՅՐ.– Ախ այդպե՜ս… Դու ինքդ չես կարող վեր կենա՞լ: Ինչո՞ւ։
ՏՂԱՄԱՐԴ – Որովհետև ոտքեր չունեմ:
ԿՈՒՅՐ – Ախ ոտքեր չունե՞ք… Ոտքեր չունե՞ք… Հեհեհե: (Քրքջում է, փորձում է նորից բարձրանալ, չի կարողանում: Ձեռքը մեկնում է, աղաչում): Իմ սիրելի բարեկամ, տո՛ւր ինձ քո ձեռքը…
ՏՂԱՄԱՐԴՆ առաջարկում է իր կեռիկը։
ԿՈՒՅՐ – (զարմացած բաց է թողնում այն: Այնուհետև): Հեհե-հեհե-Հեհեհե… (Կարողանում է մեծ դժվարությամբ ոտքի կանգնել։ Օրորվում է:) Ես ապրում եմ երկնքում, ես ապրում եմ երկնքում… (Գոռում է): Օգնիր ինձ՝ տուն, օգնիր ինձ՝ տուն… Ես չեմ կարող գտնել տան ճանապարհը… (Անցնում է գնդի մյուս կողմը։)
ԵՐԻՏԱՍԱՐԴԸ՝ անորոշ կանգնած է այնտեղ։
ԹԱՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Վստահ եմ, որ շուտով կհասկանամ ամեն ինչ, շուտով կհասկանամ ամբողջը…
ՊԱՌԱՎ – Հահա։
ՓԱՅՏԱՀԱՏԸ սղոցում է:
ՄԱՐԶԱՇԱՊԻԿՈՎ ՏՂԱՄԱՐԴԸ մի գլուխ է թռցնում:
ԹԱՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴԸ — Իմաստը, տեսնում եք, այդ ամենի իրական նշանակությունը սա է… սա է… այն… այն…
ԵՐԻՏԱՍԱՐԴ – (ծունկի է չոքում նրա կողքին, աղերսագին բռնում է նրա ձեռքերը): Իմաստը։ Դուք հասկանո՞ւմ եք իմաստը։
ԹԱՍԱԿՈՎ ՄԱՐԴ – (ապշած, կտրուկ): Իհարկե, ես հասկանում եմ իմաստը: (Ուղղում է ակնոցը, նայում է նրան:) Ես ամեն ինչ հասկանում եմ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Ամեն ի՞նչ:
ԹԱՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Այո՛, ամեն ինչ: Բացի նրանից: (Բութ մատով ցույց է տալիս ուսի վրայով՝ դեպի ետ:)
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Ո՞վ Է նա:
ԾԵՐՈՒԿ – (խոժոռ ասում է նրան): Նա, ով փայտ է սղոցում:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – (զարմացած նայում է իշոտնուկի մոտ կանգնած ԾԵՐՈՒՆՈՒՆ): Նա՞…Ինչո՞ւ չես հասկանում նրան: (Նարդայնացած, ձեռքերը ետ է քաշում, նորից հանգիստ է առնում։)
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Բայց մնացած ամեն ինչը։ Այս բոլոր սարսափելի բաները: Ա՜խ, ասա, ի՞նչ է այս ամենի իմաստը։ Իսկապե՞ս ինչ-որ իմաստ կա այս ամենի մեջ:
ԾԵՐՈՒԿ – Այս ամենի մեջ, միասնաբար, իմաստ կա, դժվար չէ սա հասկանալ: Բայց եթե վերցնում եք յուրաքանչյուր բան ինքն իրենով՝ առանձին-առանձին, ապա ոչ մի բանի մեջ որևէ իմաստ չկա:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Ուրեմն ո՞րն է այդ ամենի իմաստը։
ԾԵՐՈՒԿ – (ուղղում է ակնոցը, մտածկոտ): Իմաստը, ամենախորը նշանակությունը, իմ երիտասարդ բարեկամ, հետևյալն է. այնտեղ՝ վերևում, մենք ունենք այն, ինչը մենք անվանում ենք արև: Դու հասկանո՞ւմ ես:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Այո…
ԾԵՐՈՒԿ – Եվ ահա, ահա մենք այստեղ ենք: Եվ արևը պտտվում է շուրջբոլորը: Եվ մենք, մենք պտտվում ենք շուրջբոլորը: Դու հասկանո՞ւմ ես:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Այո…
ԾԵՐՈՒԿ – Ամեն ինչ պտտվում է: Ամեն ինչ: Եվ դրանում է ողջ իմաստը, իմ երիտասարդ բարեկամ: Դրանում է հենց իսկական իմաստը: Դա այն է, ինչը ես հայտնաբերեցի:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – (հուսահատ): Եվ ոչինչ ավելին…
ԾԵՐՈՒԿ – (վիրավորված): Ինչպե՞ս թե ոչինչ ավելին: Դա այն ամենն է, ինչ կա: Հմմ՜…
ԵՐԻՏԱՍԱՐԴ – (ոտքի է կանգնում, տխրամած ձեռքերը սեղմում է կրծքին, անխռով շտապում է լանջն ի վեր դեպի ՀԵՆԱԿՆԵՐՈՎ ՄԱՐԴԸ և բռնում նրա ձեռքից): Օ՜, օգնեցե՛ք ինձ, օգնեցե՛ք ինձ:
ՀԵՆԱԿՆԵՐՈՎ ՄԱՐԴԸ փնչացնելով, շրջվում է:
ԵՐԻՏԱՍԱՐԴԸ հուսահատ գնում է ԹԶՈՒԿԻ մոտ։ ԹԶՈՒԿԸ կտրուկ, հապճեպ շրջվում է: Մի փոքր հեռվում է կանգնում, ոտքից գլուխ, հովանավորչաբար, չափում է նրան։ Ուղղում է իրեն և սկսում պտտվել շուրջը՝ ճոճելով ձեռնափայտը:
ԹԱՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Հեհե, նրանք չգիտեն:
ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԵՐԿԱԹԵ ԿԵՌԻԿՈՎ ՄԱՐԴՈՒ ուղղությամբ ցած է նետվում՝ իջևանում նրա կողքին, բռնում է նրան։
ՏՂԱՄԱՐԴ – (մի կողմ է հրում նրան): Օ՜, գնա գրողի ծոցը։ (Շարունակում է փորփրել հողը:)
ԵՐԻՏԱՍԱՐԴԸ տագնապահար շուռումուռ է գալիս՝ նեղսրտած ու գրգռված: Վերջապես հանգրվանում է գետնին: Պառկում է դեմքը ձեռքերում թաքցրած:
ԱՂՋԻԿԸ նորից սկսում է նվագել։ Դանդաղ, կամացուկ: Լսում է յուրաքանչյուր նոտան: ԵՐԻՏԱՍԱՐԴԸ բարձրացնում է գլուխը։ Սկսում է լսել: Լսում է յուրաքանչյուր նոտան, վեր է կենում, կանգնում է նրան շատ մոտ, բայց նա չի տեսնում իրեն:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Այդ ի՞նչ ես նվագում:
ԱՂՋԻԿ – (սարսափած, նայում է վերև)։ Օ՜, ոչինչ: Ոչ մի բան, ընդհանրապես ոչինչ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Դու կարծես ինչ-որ բա՞ն ես փնտրում:
ԱՂՋԻԿ – Այո…
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Ի՞նչ ես փնտրում:
ԱՂՋԻԿ – Օ՜, ես փորձում եմ լարը գտնել: Ընդամենը մեկը…
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Ի՞նչ լար։
ԱՂՋԻԿ – Օ՜, դա այնքան տարօրինակ է: Դա նման չէ մյուսներին… այնքան բարձր է հնչում, այնքան բարձր: Կարծես ուր որ է կկտրվի… Իսկ երբ դիպչում ես, թվում է, թե ոսկուց է…
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Հը՞մմմ… Այնքա՜ն տարօրինակ է…
ԱՂՋԻԿ – Այո, տարօրինակ է: Երբ նվագում եմ, ամեն ինչ այնքան գեղեցիկ է: Ամբողջ աշխարհը գեղեցիկ է:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Ի՞նչ ես ասում։ Ամբողջ աշխա՜րհը…
ԱՂՋԻԿ – Այո, այո: Հետո ծառերը ծաղկում են։ Ամբողջ երկիրը ծաղկում է: Եվ այդժամ աշխարհը քաղցր է, օ՜, այնքան քաղցր: Եվ փոքրիկ թռչունները գալիս են ու երգում ինձ համար, ծառերը լիքն են նրանցով: Այո, քեզ համար էլ են նրանք երգելու: Եթե դու լավն ես: (ԵՐԻՏԱՍԱՐԴԸ հմայված լսում է։) Նրանք երգում են այդ լարի պես, նույնքան բարձր ու երջանիկ։ Նրանք գալիս են, երբ լսում են դրա ձայնը։ Օ՜, ամբողջ աշխարհը լցված է ամենաքաղցր երաժշտությամբ: Իսկ մարդիկ կանգնում են ու լսում, բոլորը պետք է լսեն։ (Շշնջում է նրան:) Որովհետև դա գալիս է երկնքից: Իմացա՞ր, դա գալիս է երկնքից…
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Օ՜, նվագիր, նվագիր կիթառիդ վրա։
ԱՂՋԻԿ – (նստում է լուռ, բացակա, կարծես երազում է): Եվ գլուխս պարզ է։ Եվ ամեն ինչ այնքան լավ եմ հասկանում, ամեն ինչ… այնքան լավ: Որովհետև այն գալիս է երկնքից, երկնքից…
ԵՐԻՏԱՍԱՐԴ – (ծնկի է իջնում նրա կողքին): Դու այնտեղ ունե՞ս այդ լարը: Դու ինքդ…
ԱՂՋԻԿ – (տարուբերում է գլուխը, շոշափում է լարերը): Դրա նմանը չկա…
ԵՐԻՏԱՍԱՐԴ – (նայում է լարերին, զգում է դրանք: Կիթառը նորից դնում է աղջկա գիրկը, դեմքը թաքցնում է ձեռքերի մեջ): Այնտեղ դա չկա:
ԱՂՋԻԿԸ նայում է իր առջև։
ՊԱՌԱՎ – Հահա։
ՓԱՅՏԱՀԱՏԸ սղոցում է:
ՄԱՐԶԱՇԱՊԻԿՈՎ ՏՂԱՄԱՐԴԸ մի գլուխ էլ կտրեց:
ԱՂՋԻԿԸ, լսելով, թե ինչպես է նա ֆսսացնում քիթը, դանդաղ, բայց բացակա, շոյում է երիտասարդի մազերը, առանց նրան նայելու:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – (նայում է նրան): Դու այնքան լավիկն ես:
ԱՂՋԻԿԸ չի լսում, նայում է իր առջև:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Դու… դու լավիկն ես: Մնացած բոլորն այնքան չար են ու այլանդակ: Բայց դու, դու գեղեցիկ ես ու լավիկն ես:
ԱՂՋԻԿԸ չի լսում:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Դու տարօրինակ աչքեր ունես: Ի՞նչ ես փնտրում: (Նա չի լսում նրան:) Ասա, ինչի՞ն ես նայում: (Նա չի պատասխանում:) Ասա՛ ինձ։ Ի՞նչ ես այդքան ջանադրաբար փնտրում: (Բռնում է աղջկա ձեռքը՝ ամուր սեղմելով:)
ԱՂՋԻԿԸ վեր է թռչում: Ձեռքը դնում է իր ճակատին:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Դու ինչ-որ բա՞ն ես տեսել: (ԱՂՋԿԱ հայացքն անօգնական թափառում է։)
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Դու ինչ-որ բան տեսա՞ր:
ԱՂՋԻԿ – Ոչ…
ԵՐԻՏԱՍԱՐԴ – (մի պահ հետո բռնում է նրա ձեռքը): Դու չե՞ս ուզում խոսել ինձ հետ:
ԱՂՋԻԿ – Այո… Ո՞վ ես դու։
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Ոչ, այդպես մի՛ ասա: Մի խոսիր այնպես, ինչպես մյուսները, դու այնքան լավն ես:
ԱՂՋԻԿ – Ես լա՞վն եմ։
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Այո՛, դու լավն ես։ Ես դա տեսնում եմ քո աչքերում:
ԱՂՋԻԿ — Ոչ, ոչ, դու չպետք է այդքան տարօրինակ բաներ ասես:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Այո՛, դու լավն ես։ Դրա համար էլ ես հասկանում եմ քեզ: Մյուսները հանելուկ են՝ գլուխկոտրուկ։ Բայց դու, դու այնքան գեղեցիկ ես: Օ՜, քո մեջ, քո շուրջը ամեն ինչ սիրելի է… (Շոյում է նրա ձեռքը։) Երբ նստած եմ այստեղ ու նայում եմ քեզ, հանկարծ ինձ այնքան երջանիկ ու լավ եմ զգում: Ներսում ինձ այնքան խաղաղ եմ զգում, ոչ մի անհանգստություն, ինչպես նախկինում էր: Եվ ես կասեմ քեզ… (Շշուկով:) Ես այնքան վախեցած եմ այս ամենից: Ես կարծում եմ, որ դա սարսափելի է… այնպես չէ՞:
ԱՂՋԻԿ – Այո։
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Եվ դրանից ոչինչ չեմ հասկանում… Իսկ դո՞ւ: (ԱՂՋԻԿԸ տարուբերում է գլուխը։) Ես դա չեմ հասկանում, դրա համար էլ ինձ թվում է, որ դա այնքան սարսափելի է… Օ՜, ես այնքան հուսահատ էի, որ ուզում էի լաց լինել: Եվ զգացի, որ ինչ-որ բան սեղմում է կուրծքս, ամեն րոպե ավելի ու ավելի դժվար էր շնչել, և վերջապես այլևս անկարող էի, դա այնքան ծանր էր ու այնքան սարսափելի… Բայց երբ դու թույլ ես տալիս նստել այստեղ և բռնել ձեռքդ, ես ինձ հանգիստ եմ զգում: Ամեն ինչ փոխվում է, երբ բռնում եմ քո ձեռքը: Կարելի՞ է:
ԱՂՋԻԿ – Այո։
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Բայց չէ՞ որ դու ևս պե՛տք է ուզենաս ինձ հետ խոսել: Օ՜, ես չգիտեմ, թե դա ինչ է: Ես այնքան տարօրինակ նոր բաներ եմ զգում, որ չեմ զգացել առաջ: Ի՞նչ է դա։ Չգիտեմ… Սա այնքան տարօրինակ է: Ես շատ ուրախ եմ: Դու պետք է խոսես ինձ հետ:
ԱՂՋԻԿ – Ի՞նչ խոսեմ։
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Չգիտեմ… Ինչ ուզում ես:
ԱՂՋԻԿ – Ես չեմ կարող։
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Չե՞ս կարող։ Բայց ոչինչ, ամեն ինչ կարգին է, դա նշանակություն չունի: Եթե պարզապես նստեմ ու ձեռքդ բռնեմ, ես երջանիկ կլինեմ: Ախ, քո ձեռքն այնքան փափուկ է ու ջերմ: Այն շատ նման է աղավնու սրտին, այնքան ջերմ ու քնքուշ:
ԱՂՋԻԿ – Ոչ, ոչ…
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Այո… Մի անգամ մի աղավնի տեսա, պառկած էր գետնին ու պատրաստվում էր մահանալ։ Հետո ես նրա սիրտը հանեցի, որպեսզի այն ևս չմահանա։ Եվ դա քո փոքրիկ ձեռքի պես այնքան տաք էր, այնքան…
ԱՂՋԻԿ – (ձեռքը հպում է ճակատին): Չէ, այդքան տարօրինակ մի խոսիր:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Ես տարօրինակ բանե՞ր եմ խոսում: Բայց այլ ճանապարհ չգիտեմ։ Ես ոչինչ չգիտեմ։ Ես ոչ մի ճիշտ բան չեմ կարող ասել։ Դու կուզեի՞ր, որ հիմա որևէ բան ասեմ:
ԱՂՋԻԿ – Այո…
ԵՐԻՏԱՍԱՐԴ – (լուռ նայում է նրան։ Վերջապես): Օ՜, դու այնքան գեղեցիկ ես: Համայն աշխարհը գեղեցիկ է: (Անհանգստացած՝ բռնում է նրա ձեռքերը:) Բայց դա այնքան շատ է, իսկ ես ոչինչ չեմ հասկանում: Ես չգիտեմ, թե ինչ է դա: Ի՞նչ է, ի՞նչ է դա։ Դու պետք է օգնես ինձ: Դու պետք է օգնես ինձ:
Գրկում է նրան, կառչում է նրանից, թաքցնում է դեմքը: Ծանր է շնչում, հառաչում է: Հետո նա հանգաստանում է: Երջանկացած հանգստանում է նրա կրծքին: Շոյում է նրա ձեռքերն ու մազերը։ Նորից թաքնվում է, նրան շատ մոտ, երկար ժամանակ, կարծես քնով էր ընկել ու երազ էր տեսնում։ Վերջապես բարձրացնում է գլուխը, նայում շուրջը և լարված ականջ է դնում
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ջուդի՛թ: Ի՞նչ է դա: Լսի՛ր… (ԱՂՋԻԿԸ չի պատասխանում:) Դո՞ւ ես։ Դու նվագո՞ւմ ես… (ԱՂՋԻԿԸ տարուբերում է գլուխը։) Բայց մի՞թե չես լսում, դու չե՞ս լսում… Օ՜, դա այնքան քաղցր է հնչում: Եվ մի՞թե չես տեսնում ծաղիկները: Ծառերը ծաղկում են, իսկ երկիրը կանաչ է, դու ի՞նչ է, չե՞ս տեսնում, չե՞ս տեսնում… Օ՜, դու նվագում ես, դու նվագում ես ինձ համար: (ԱՂՋԻԿԸ շփոթի է մատնվում:) Օ՜, սիրելիս, դու ինձ համար ես նվագում… դրա համար էլ ամեն ինչ այնքան գեղեցիկ է, ամբողջ աշխարհը… Եվ տե՛ս, մարդիկ կանգել ու լսում են։ Տես, թե որքան նուրբ են նրանց դեմքերը, երբ լսում են… Նրանք մոռացել են ամենայն վատն ու չարը և տեսնում են միայն լավն ու բարին… Հիմա ես ամեն ինչ այնքան լավ եմ հասկանում, ամեն ինչ: Դա գալիս է երկնքից, դա գալիս է երկնքից…
ԱՂՋԻԿ – (տարակուսած): Ոչ, ոչ….
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Դու դա գտել ես, և նվագում ես դրա վրա, այն լարը, որը միայն դու կարող էիր գտնել…
ԱՂՋԻԿ – Ի՞նչ լար։
ԵՐԻՏԱՍԱՐԴ – (զարմացած նայում է նրան): Այն լարը, որ փնտրում էիր, որ կարծես ոսկի լիներ… Օ՜, դու գտել ես, դրա համար էլ աշխարհն այդքան գեղեցիկ է ու նոր: Նայի՛ր, տե՛ս։ Լսիր թռչունների երգը: Նայիր, տե՛ս ծաղիկները, ինչպես են նրանք փթթում: Օ՜, դա այնքան գեղեցիկ է ու սիրուն… Եվ դու ինձ տվեցիր այդ ամենը: Դո՛ւ… Դո՛ւ… (Կրքոտ համբուրում է նրան:) Ես սիրում եմ քեզ… Սիրում եմ քեզ…
ԱՂՋԻԿ – (ուզում է նրանից ազատվել): Չէ, չէ, դու այնքան տարօրինակ ես…
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Ես սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ: Եվ դու էլ ինձ ես սիրում, այնպես չէ՞, ասա ինձ, այո՞:
ԱՂՋԻԿ – (ձեռքը ճակատին դնելով): Չէ…չէ…
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Ես քո դուրը չե՞մ գալիս: Դու չե՞ս կարող սիրել ինձ: (ԱՂՋԻԿԸ տարուբերում է գլուխը։) Դու ինձ չե՞ս սիրում:
ԱՂՋԻԿ – Ես ոչինչ չեմ հասկանում, ես ոչինչ չեմ հասկանում…
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Դու չե՞ս ուզում ինձ փաղաքշել, սիրել ինձ:
ԱՂՋԻԿ – Այո, այո, բայց ես չեմ կարող:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Չե՞ս կարող:
ԱՂՋԻԿ – Ոչ, որովհետև ոչինչ չգիտեմ, չգիտեմ, թե ինչ է սա նշանակում և ոչինչ չեմ հասկանում քո ասածներից:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Դու ոչինչ չես հասկանում, թե ինչ եմ ես ասո՞ւմ:
ԱՂՋԻԿ – Ոչ, ոչ, ո՛չ մի բառ: Ես այնքան էլ ճիշտ չեմ, գիտես, այստեղ, իմ գլխի ետևում: Օ՜, դա այնքան ցավալի է: (ԵՐԻՏԱՍԱՐԴԸ մխիթարում է նրան, կամացուկ շոյում է։) Ես այնքան շատ եմ ուզում քեզ հասկանալ, բայց երբեք չեմ կարող… երբե՛ք: Ես երբեք այս աշխարհից ոչինչ չեմ հասկանա…
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Բայց մի՞թե դու չես լսում թռչուններին: Չե՞ս լսում երաժշտությունը օդում: Եվ մի՞թե չես տեսնում, թե որքան գեղեցիկ է ամեն ինչ: Նայիր ծաղիկներին… Եվ արևը: (Ամուր սեղմում է նրան իր գրկում:) Օ, սիրելիս, մենք կապրենք այստեղ՝ երկրի վրա, դու և ես: Դու և ես:
ԱՂՋԻԿ – Ոչ, ոչ…
ԵՐԻՏԱՍԱՐԴ – Լսիր ինձ, մենք այստեղ երջանիկ կապրենք, այնքան ուրախ: Սերը մեզ կերջանկացնի։ Սիրելի՛ս…
ԱՂՋԻԿ – Ոչ, ոչ։ Ես խելացնորվել եմ, խելքս թռցրել եմ… Թույլ տուր գնամ… Բաց թող ինձ, թող գնամ…
ԵՐԻՏԱՍԱՐԴ – (հուսահատ՝ կառչում է նրանից): Չե՞ս լսում, մենք ապրելու ենք այստեղ՝ երկրի վրա: Դու և ես… Արևի տակ։ Ես սիրում եմ քեզ, այնպես որ դու լսում ես ինձ, ես սիրում եմ քեզ: Եվ դու նույնպես կսիրես ինձ: Լսի՛ր ինձ, լսի՛ր ինձ։ Սիրի՛ր ինձ, սիրի՛ր ինձ…
ԱՂՋԻԿ – (տարակուսանքից իրեն կորցրած՝ մի կերպ պոկվում է նրանից): Չէ, չէ։ Ես խելքս թռցրել եմ, ես խելագարվել եմ… Բաց թող գնամ, թող գնամ։
ԹԶՈՒԿ – (որ ուշադիր հետևում էր այս ամենին, ձեռնափայտով բզում է երիտասարդին): Լսի՛ր ինձ, տղաս, հանգստացի՛ր, մի քիչ հանգստացի՛ր:
ԱՂՋԻԿ – (ձեռքերը գլխի շուրջը պահած): Հեռացի՛ր ինձանից։ Գնա՛: Գնա՛:
ԵՐԻՏԱՍԱՐԴԸ հուսահատ վեր է կենում։ Փորձում է աղջկա ձեռքը պահել իր ձեռքի մեջ, աղջիկն քաշում է ձեռքը, գնում է: ԱՂՋԻԿԸ տարակուսած ու վախեցած նայում է իր շուրջը։
ԱՂՋԻԿ – (բղավում է): Օգնե՛ք ինձ, օգնե՛ք ինձ, ես խելագարվել եմ:
ԹԶՈՒԿԸ ծառայակամ մոտենում է, պտտվում շուրջը։
ԱՂՋԻԿ — (սկզբում չտեսնելով նրան կամ չճանաչելով)։ Ոչ, այդ դո՞ւ ես, փոքրիկ գազանիկս, իսկապե՞ս դու ես: (ԹԶՈՒԿԸ ինքնագոհ ցնծում է:) Օ՜, ես քեզ հասկանում եմ։ Դու այնքան լավն ես: Ես հասկանում եմ քեզ… (ԹԶՈՒԿը հպարտ-հպարտ պտտվում է:) Դու այնքան զվարճալի ես, գազանիկս: Ոտքերդ այնքան կարճ են: Ես կարող եմ քեզ հասկանալ… (ԹԶՈՒԿԸ հպարտ պտտվում է:) Եվ ինչպիսի՜ նուրբ բաճկոնակ դու ունես, այնքան նուրբ:
ԹԶՈՒԿ – Դուք այդպե՞ս եք կարծում, օրիորդ:
ԱՂՋԻԿ – Այո, գեղեցիկ է: (Խեթ հայացք նետելով դեպի ԵՐԻՏԱՍԱՐԴԸ:) Դու տեսնում ես նրան այնտեղ, վերևում, նա… (Շշնջում է ԹԶՈՒԿԻ ականջին:)
ԹԶՈՒԿԸ ձեռքով ծածկում է բերանը, քրքջում։ Խեթ-խոթ նայում է ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ:
ԱՂՋԻԿԸ նորից շշնջում է:
ԹԶՈՒԿԸ քահ-քահ քրքջում է, կոպիտ և անպարկեշտ:
ԱՂՋԻԿ – (ծիծաղում է նրա հետ միասին, խելացնորվածի պես և անբնական): Այո, սիրելիս, դու գեղեցիկ ես: Իսկ ես խենթ եմ, ինչպես հիմարը: Հեհե՜հե… (Ձեռքն է առնում կիթառը:) Հիմա ես կնվագեմ, իսկ դու կպարես: Պարի՛ր, փոքրիկ գազանիկ։ Պարի՛ր, դու այստեղ ե՞ս:
Նա նվագում է վայրենի կտղանքով և աններդաշն:
ԹԶՈՒԿԸ պար է գալիս, ուրախ ու ինքնագոհ, գետնին հարվածելով իր կրունկներով, անհեթեթ օրորվելով:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – (հուսահատ, անհանգստացած նետվում է դեպի աղջիկը, ծնկի է իջնում, վշտից բղավում): Փրկի՛ր ինձ: Փրկի՛ր ինձ…
ԱՂՋԻԿԸ քահ-քահ ծիծաղում է, այդ ընթացքում նվագելով ավելի կատաղի, քան նախկինում:
ԹԶՈՒԿԸ ձեռքի շարժումով նրան մի կողմ է հրում, իսկ ինքը պտտվում է նրա շուրջը ու պտտվում։
ԵՐԻՏԱՍԱՐԴ – (նորից վեր է թռչում, ԹԱՍԱԿՈՎ ՄԱՐԴՈՒՆ դիմելով): Ի՞նչ է սրա իմաստը, ի՞նչ է սա նշանակում…
ԹԱՍԱԿՈՎ ՄԱՐԴԸ — Իմ երիտասարդ բարեկամ, սրա իմաստն այն է, որ ամեն ինչ պետք է պտտվի, պետք է պտտվի…
ԵՐԻՏԱՍԱՐԴ – (մոտենում է ՀԵՆԱԿՆԵՐՈՎ ՄԱՐԴՈՒՆ): Օգնի՛ր ինձ: Օգնի՛ր ինձ…
ՀԵՆԱԿՆԵՐՈՎ ՄԱՐԴԸ ոտից գլուխ կամաց չափչփում է նրան, շրջվում է:
ԵՐԻՏԱՍԱՐԴ – (մոտենում է ԵՐԿԱԹԵ ԿԵՌԻԿՈՎ ՄԱՐԴՈՒՆ, բռնում է նրա թևքից): Ի՞նչ է դրա իմաստը, ի՞նչ է սա նշանակում։
ԵՐԿԱԹԵ ԿԵՌԻԿՈՎ ՄԱՐԴ – (կոպտորեն նրան մի կողմ է հրում): Օ՜, գնա գրողի ծոցը:
Երաժշտությունն ու պարը շարունակվում են ավելի վայրենի ու խելացնոր։
ԵՐԻՏԱՍԱՐԴ – (գոռում է): Փրկի՛ր ինձ: Փրկի՛ր ինձ…
Նետվում է առաջ ու ետ: Վերջապես, աջից՝ շատ ներքևում՝ գնդի վրա: Կանգնում է տատանվելով: Այնուհետև իրեն դուրս է նետում մթության մեջ: Այնտեղից ծակող մի ճիչ է լսվում։ Պարն ու նվագը կտրուկ դադարում են։
Զարմանք և գեր-գերագույն հուզախռովմունք: Լռություն։
ԹԶՈՒԿ – (ցած է իջնում՝ դեպի աջ։ Նայում է ներքև): Հիսո՜ւս Քրիստոս, նա ցատկեց:
ՀԵՆԱԿՆԵՐՈՎ ՄԱՐԴ – Ցատկե՜ց, Աստված իմ…
ԹԶՈՒԿ – Օրհնիր իմ հոգին, նա երևի հատակն է անցել:
ԹԱՍԱԿՈՎ ՄԱՐԴ – (ինքն իրեն՝ գոհ): Հեհե, նրանք կարծում են, որ հատակ գոյություն ունի… Հեհեհե, նրանք կարծում են, որ հատակ գոյություն ունի…
ՀԵՆԱԿՆԵՐՈՎ ՄԱՐԴ – (մտախոհ): Ցատկե՜ց…
ԹԶՈՒԿ – Այո, անիծվեր նա, եթե դա չաներ: Ինչու դա երբեք չէր մտնում իմ գլուխը:
ՀԵՆԱԿՆԵՐՈՎ ՄԱՐԴ — Հմմ, միգուցե նա այստեղ իրեն տեղ չէր գտնում:
ԹԶՈՒԿ — Իր տեղը չէր գտնում: — Պատկերացնո՜ւմ եք…
Նրանք վերադառնում են իրենց խնդիրներին։
ՓԱՅՏԱՀԱՏԸ սղոցում է:
ՄԱՐԶԱՇԱՊԻԿՈՎ ՏՂԱՄԱՐԴԸ մի գլուխ է կտրում:
ԹԱՍԱԿՈՎ ՄԱՐԴԸ — Հատա՜կ, հեհե... Հատա՜կ: Օ՜, այդ դո՞ւ ես, գազանիկս: Դո՞ւ ես:
ԱՂՋԻԿ – (հոգնած, մտահոգ): Ի՞նչ ես ուզում ինձնից:
ԹԶՈՒԿ – Ավաղ: Դուք այնքա՜ն գեղեցիկ էիր նվագում, միսս Ջուդիթ: Այնքա՜ն զարմանահրաշ:
ԱՂՋԻԿ – Ոչ, ոչ: Ես չեմ կարող …
ԹԶՈՒԿ – (ձեռքը սրտին դնելով): Այնքա՜ն զարմանահրաշ…
ԱՂՋԻԿ – Օ՜ ոչ: Օ՜, սիրելիս, ոչ: Ես փորձում եմ միայն մի լար գտնել, միայն մեկը...
ԹԶՈՒԿ — Եվ ի՞նչ:
ԱՂՋԻԿ — Ընդամենը մեկը: Կարծես թե այն չկա… (Նայում է լարերին:)
ԹԶՈՒԿ – (անտարբեր): Եվ ո՞րն է դա:
ԱՂՋԻԿ – Օ՜։ Դա նման չէ մյուսներին: Այնքան բարձր է հնչում, այնքան բարձր: Որ ասես լարը ուր որ է կկտրվի… Իսկ երբ դիպչում ես, թվում է, թե այն ոսկուց է: (Պնդացնում-պրկում է լարերը:) Կարծես թե նման լար չկա: Այդպիսի ոչ մի լար չկա… (Առաջարկում է նրան կիթառը)
ԹԶՈՒԿ – (նայում է լարերին, վերադարձնում է նրան): Ոչ, այդպիսին չկա:
ԱՂՋԻԿԸ լաց է լինում։
ԹԶՈՒԿ – (մխիթարում է նրան): Օ՜, միսս Ջուդիթ, դուք այնքան գեղեցիկ եք նվագում մյուսների վրա: Նվագեք բոլոր մյուսների վրա:
(ԱՂՋԻԿԸ լաց է լինում:) Բայց միսս Ջուդիթ, եթե այն չկա… Ինչո՞ւ փորձել գտնել այն: (Բզում է նրան ձեռնափայտով:) Այն գոյություն չունի, փոքրիկ օրիորդ:
ԱՂՋԻԿ – (տարակուսած նայում է նրան): Ի՞նչ ասացիր:
ԹԶՈՒԿ — Այն գոյություն չունի, փոքրիկ տիկին:
ԱՂՋԻԿ – (շփոթված ու անօգնական): Բայց ինչո՞ւ… Ինչո՞ւ եմ փորձում… գտնել…
ԹԶՈՒԿ – Ճիշտ որ…
ԱՂՋԻԿ – Ինչո՞ւ եմ այդ դեպքում փորձում գտնել այն… Եթե գոյություն չունի…
ԹԶՈՒԿ — Այո՛, ես էլ հենց դա եմ ասում: Ինչո՞ւ…
Թարգմանությունը անգլերենից՝ շվեդերեն բնագրի հետ համեմատությամբ՝
Աշոտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ