ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

ՀԱՍՄԻԿ 

ՍՈՆԱ

ԱՆԱՀԻՏ — ԱՆԵԼԿԱ

ՇԱՆԹ

Տեսարան.

Սոնայի տունը: Սենյակը: Ներս է մտնում Սոնան՝ թեթև վերարկուով, կիսաճտքերով, հեռախոսով խոսելով:

ՍՈՆԱ — …քիմիայի դասին հերիք չէ, ուշացել է, դեռ մի բան էլ սրամտում է… Ինչ է անո՞ւմ… ուշանալու համար նկատողություն անող ուսուցչուհուն ասում է՝ գուցե փոշմանեք, որ ընդհանրապես դասի եմ եկել, բա որ ռեակտիվները խառնեմ ու շենքը օդը հանե՞մ… Ի՞նչ… ախ, համոզվա՜ծ ես, որ տղադ կատակել է, իսկ ընկեր Խաչատրյանը պահանջում է իրեն պաշտպանել ահաբեկչությունից… Ինձնի՛ց է պահանջում, որովհետև ես եմ Արայիկի դասղեկը: (Կողմ.) Ոչ բարով: (Դադար, լսում է:) Հայկուշ աղջիկ, կրա՛կն եմ ընկել, որ քեռուս աղջիկն ես ու քո տղան դասն է խանգարում… Ի՞նչ… (Վիրավորված:) Դե գիտես, էդ մեկը չպիտի ասեիր… Ու դեռ հարց է՝ քո բա՞խտն է բերել, որ մանկահասակ տեռորիստ ես մեծացնում, թե՞ իմ… ոնց ասացի՞ր՝ երեխա չունեմ ու երեխա եմ դաստիարակո՞ւմ… Հերիք ու բոլ եղավ, սրանից հետո հարցերդ կլուծես տնօրենի կաբինետում: 

Հեռախոսը շպրտում է սեղանին, վրդովված քայլում է սենյակում, ձեռքի հետ ինչ-որ իրեր է տեղաշարժում, մոտենում է դարակի վրայի փայտե Ռոդենի ՛՛Մտածողին՛՛ իբր ծուռ է դրված՝ ուղղում է: 

ՍՈՆԱ — (՛՛Մտածողի՛՛ հետ կիսվելու սովորություն ունի): Մնում էր՝ Հայկուշը երեսովս տար… սրանից-նրանից արտագրելով մի կերպ դպրոցն ավարտեց… (Վերցնում է քանդակը, զննում է, մտախոհ:) Բայց տղայի ուղեղն աշխատում է… (Քինոտ:) Պարզապես անդաստիարա՛կ է: (՛՛Մտածողին.) Իսկ դու էդպես մի՛ նայի, իմ տանը ինչ ուզեմ՝ կասեմ, դուրդ չի գալիս… (Այն է՝ շպրտելու է սենյակի հակառակ անկյունը՝ ներս է մտնում Անելկան:) 

Տեսարան.

ԱՆԵԼԿԱ – (տեսնելով Սոնայի վեր պարզած ձեռքը): Սոնա՞…

ՍՈՆԱ – (իրեն չկորցնելով, իբր վարժություն է անում, սկսում է ձեռքերը թափահարել): Ջանա՛…

ԱՆԵԼԿԱ – Էս ի՞նչ գործի ես:

ՍՈՆԱ – (քանդակը մյուս ձեռքն առնելով): Խատխա յոգա… 

ԱՆԵԼԿԱ – Հիմա դրան էդպե՞ս են ասում:

ՍՈՆԱ – (՛՛մարզանքը՛՛ չդադարեցնելով): Ինչի՞ն,,,

ԱՆԵԼԿԱ – Հեռախոսով խոսում էիր՝ ձենդ հասնում էր…

ՍՈՆԱ — (կտրուկ դադարեցնելով՝ առաջ է գալիս): Մինչև ո՞ւր…

ԱՆԵԼԿԱ – (ընկրկելով): Անպայման պիտի ճշտե՞ս:

ՍՈՆԱ – Բա ո՞նց… Եթե ձենս ինքը ցանկապատը կտրել-հասել է քո խոհանոցը՝ մի բան է, բայց եթե ինչ-որ մեկը ականջը սրել է իմ դռան կողմը՝ էդ արդեն…

ԱՆԵԼԿԱ – Դե լա՜վ, ամեն ինչ լրջացնում ես, պարզ բան եմ ասում՝ բարդ համադասական նախադասություն ես դարձնում, տնաշեն: Ու հերիք է էդ անտերը…

ՍՈՆԱ – Անտեր չի, ինքը Մտածողն է:

ԱՆԵԼԿԱ – Սրա պեսների խելքին ընկար, որ… (Տեսնելով Սոնայի զգուշացնող շարժումը:) Ու հերիք է էդ տերովին քթիս առաջ պտտացնես:

ՍՈՆԱ – (փուքսը իջած): Թե չէ ի՞նչ…

ԱՆԵԼԿԱ – Կոֆեն չխմած կրունկիս վրա կշջվեմ ու երեսս չես տեսնի…

ՍՈՆԱ – (հույսով): Մինչև վա՞ղը…

ԱՆԵԼԿԱ – Մինչև իրիկվա կոֆե՛ն: (Այլ տոնով:) Հայկուշի ասածին ո՞վ է բանի տեղ դնում, որ փետն առել, չգիտեմ ինչ յոգայի ետևն ես ընկել:

ՍՈՆԱ – Ուրեմն՝ լսել ես:

ԱՆԵԼԿԱ – (չկարողանալով թաքցնել գոհունակությունը): Բա չէ… Դե հիմի ասա…

ՍՈՆԱ – (զգուշացնող-սպառնալի): Չշարունակես…

ԱՆԵԼԿԱ – Բա չհարցնե՞մ…

ՍՈՆԱ – Միայն փորձիր:

ԱՆԵԼԿԱ – (իբր՝ խեղճացած): Ու չվերլուծե՞նք… 

ՍՈՆԱ – Ո՛չ:

ԱՆԵԼԿԱ – Կեսբերա՜ն… 

ՍՈՆԱ – Ոչ ու չէ՛:

ԱՆԵԼԿԱ – Լավ: (Ձեռքից վերցնում է քանդակը, դնում է տեղը, հետո՝ վրա տալով:) Քո տեղը լինեմ, նրա անդաստիարակ լակոտին երկրորդ տարին կթողնեմ…

ՍՈՆԱ – Վերջ տուր, երեխային էլ հանգիստ թող:

ԱՆԵԼԿԱ – Թողեցի: Հերթը քոնն է: (Ակնարկով նայում է Սոնային:)

ՍՈՆԱ – (հարցական նայում է՝ Սոնան ժեստով ցույց է տալիս, որ նա դեռ վերարկուով ու կիսաճիտքերով է): Հա էլի՜… (Հանում է վերարկուն, կիսակոշիկները:) Խե՞լք են թողնում որ…

ԱՆԵԼԿԱ – (տնավարի սկսում է սուրճի պատրաստությունը): Եթե օրվա 18 ժամը էդ պոտենցիալ ավազակների հետ ես կյանքդ անցկացնում՝ խելք չի մնա: Իսկ գիտե՞ս, ինչի է էդպես. որովհետև Հայկուշը, Մարգուշը, Սիրուշն ու իրանց նմանները էրեխեքին դպրոց են ուղարկում՝ ու վերջ, մնացածը դպրոցի ու հատկապես քո պրոբլեմն է:

ՍՈՆԱ – Հո չասացիր…

ԱՆԵԼԿԱ – Ինձնից էլ լավ գիտես, որ էդպես է, դրա համար էլ Հայկուշը մուննաթ է գալիս, Մարգուշը տնային թագուհի է՝ մանիկյուր-պեդիկյուրով, Սիրուշի մազերն էլ՝ տեղը տեղին ներկած-ֆենած, իսկ դո՞ւ…

ՍՈՆԱ – Առաջարկում ես Սիրուշի պես մազերս կարմի՞ր ներկեմ:

ԱՆԵԼԿԱ – Չէ, դեմ եմ կտրականապես, բայց էդ նոյի թվի սանրվածքիցդ էլ իդյոսինկրեզիա եմ ընկնում…

ՍՈՆԱ – Գուցե իդիոսիկրազի՞ա:

ԱՆԵԼԿԱ – Գուցե, բայց կարևորը՝ էդ բառի մեջ իդիոտը լավ է հնչում:

ՍՈՆԱ – Ասեմ՝ իմանաս. էդ բառը իմաստ էլ ունի՝ երբ ինչ-որ բան կտրականապես չես ընդունում:

ԱԼԵԼԿԱ – Տեսո՞ւմ ես, բնազդով ճիշտ կետին եմ խփել:

ՍՈՆԱ – Դու էդ ասա՝ որտեղի՞ց ես պեղել էդ բառը:

ԱՆԵԼԿԱ – Հիմա ամեն ինչ որտեղի՞ց են պեղում՝ ֆեյսբուքից:

ՍՈՆԱ – Շուտով ֆեյսբուքից դիպլոմ էլ կստանան:

ԱՆԵԼԿԱ – Ու ես չեմ զարմանա, ոնց նայում եմ՝ պրոցեսը էդ կողմն է գնում:

ՍՈՆԱ – Անահիտ…

ԱՆԵԼԿԱ – Անելկա՛: ՖԲ-ի պրոֆիլս է:

ՍՈՆԱ – Երբվանի՞ց:

ԱՆԵԼԿԱ – Երբ ֆոլլովերներիս թիվը հարյուրից անցավ:

ՍՈՆԱ – Ցնցող թիվ է:

ԱՆԵԼԿԱ – Սկզբի համար վատ չէ, էնպես որ, համակերպվիր: 

ՍՈՆԱ – Համակերպվեմ, ուրիշ ի՞նչ կարող եմ անել:

ԱՆԵԼԿԱ – Ու ճիշտ ժամանակին, որովհետև կոֆեն պատրաստ է:

ՍՈՆԱ – (զգուշացնող տոնով): Բայց խմում ու գնում ես:

ԱՆԵԼԿԱ – Էլի տետրեր ես ստուգելու:

ՍՈՆԱ – Հա:

ԱՆԵԼԿԱ – Բայց կնճիռ չունես:

ՍՈՆԱ – (անսպասելի շրջադարձից զարմացած): Ի՞նչ…

ԱՆԵԼԿԱ – Պրոբլեմդ տետրերը ստուգելն է:

ՍՈՆԱ – Ու դա ի՞նչ կապ ունի կնճիռների հետ:

ԱՆԵԼԿԱ – Ուրիշի հոգս վրադ չկա, առավոտ չզարթնած՝ քեզ հարցախեղդ չես անում՝ ինչ եփես, որ մի գործդ հասցնես…

ՍՈՆԱ – (իբր անտարբեր): Հա, ես եմ ու իմ չոր գլուխը՝ էդ էիր ուզում լսել, չէ՞:

ԱՆԵԼԿԱ – Չէ, ուզում եմ հույս տալ, որ դեռ ամեն ինչ կորած չէ:

ՍՈՆԱ – Իմ թեմայից ե՞րբ ես հոգնելու:

ԱՆԵԼԿԱ – (սուրճի բաժակը դնելով): Որ ճիշտն ասեմ՝ արդեն հետդ կոֆե խմել չի լինում:

ՍՈՆԱ – Այսինքն…

ԱՆԵԼԿԱ – Աշխարհը նեղացրել, մտցրել ես դպրոցիդ ու էս տան պատերիդ մեջ:

ՍՈՆԱ – Անահիտ… հա, Անելկա ջան, մարդը ունես, երեք երեխան ունես, կեսուր, կեսրարն էլ՝ վրադիր, դու քիթ սրբելու ժամանակ չպիտի ունենայիր…

ԱՆԵԼԿԱ – Այ, որ մարդ, էրէխա ու մնացածն էլ ունենում ես՝ ամեն ինչի համար ժամանակ գտնում ես, ու գիտե՞ս, ինչի…

ՍՈՆԱ – Լուսավորիր:

ԱՆԵԼԿԱ – Որովհետև ապրում ես կենդանի, մարդկային կյանքով:

ՍՈՆԱ – Էսօր բոլորդ որոշել եք ինձ հունից հանել… Մեկը երեխա չունենալն է երեսովս տալիս, մյուսը մեռած մարդ է համարում… (Կարճ դադարից հետո:) Գիտե՞ս ինչ՝ տուն գնա:

ԱՆԵԼԿԱ – Ի՞նչ:

ՍՈՆԱ — Չէ, գնա գրողի ծոցը:

ԱՆԵԼԿԱ – Էդքանն ու՝ պը՞րծ:

ՍՈՆԱ – Կարող եմ ավելացնել…

ԱՆԵԼԿԱ – Ու սա գրականության ուսուցչի բառապաշար է… (Գնում է դեպի դուռը:) Հայկուշի խելքն ասեմ, որ քեզ էրեխա է վստահել: 

Տեսարան.

Սոնան նրա բաժակը կատաղությամբ լվանում, դնում է տեղը, իր չխմած սուրճը թափում, բաժակը անլվա թողնում է, գալիս, նստում է սեղանի մոտ, տեղից բարձրանում, պայուսակից հանում է տետրերի տրցակը, բացում է առաջինն ու սկսում է կարդալ, կեսից դադար է տալիս, պայուսակից հանում է գրիչը, ուղղում է անում, մի քանի վայրկյան, և տետրերը հրում է սեղանի հակառակ կողմը, գլուխն առնում է ձեռքերի մեջ, անշարժանում է:

Դռան թակոց: Չի արձագանքում, թակոցը կրկնվում է, տեղից չի շարժվում: Ներս է գալիս Հասմիկը:

Տեսարան.

ՀԱՍՄԻԿ – (նեղ զգալով): Դուռը կրնկի վրա բաց էր… մտածեցի՝ բան պատահած չլինի, ներս մտա:

ՍՈՆԱ – (տեղից ելնելով): Չեմ լսել, տետրերն էի ստուգում… (Նայում է՝ տրցակը իրենից շատ հեռու, իբր աննկատ մոտեցնում է:) Համեցեք, տիկին Հասմիկ:

ՀԱՍՄԻԿ – (աչքի տակով հետևելով Սոնայի մանիպուլյացիային): Հա, էդպես է, գործով որ  ընկնում ես, ամեն ինչ մոռանում ես: 

ՍՈՆԱ – (տրցակը կտրուկ իրենից վանելով, դիստանցիոն-պաշտոնական): Ինչո՞ւ եք ինձ հիշել… Եթե չեմ սխալվում, դպրոցական երեխա չունեք:

ՀԱՍՄԻԿ – Չէ, չունեմ: Վերջին անգամ 16 տարի առաջ Աշոտիս վերջին զանգին եմ դպրոց մտել: Մտածում էի՝ թոռներիս հերթը կգա, էն էլ… (Լռում է, բայց հասկացնում է, որ հարցի է սպասում:)

ՍՈՆԱ – (հարցական նայում է):

ՀԱՍՄԻԿ – (տեսնելով, որ Սոնան չի հարցնում, շարունակում է): Աշոտս ուսումն ավարտեց, Երևանում մնաց, Նարինեիս էլ Լոս հարս տարան: (Էլի լռում է:)

ՍՈՆԱ – (չիմանալով անելիքը): Սուրճ կխմե՞ք:

ՀԱՍՄԻԿ – Սուրճը հետո, եթե գործը սուրճին հասնի: Հիմա՝ մի բաժակ ջուր:

ՍՈՆԱ – (աշխատելով ցույց չտալ զարմանքը, գնում, բաժակով ջուր է բերում): 

ՀԱՍՄԻԿ – Ապրի արևդ… (Ստիպված մի կում է անում, բաժակը դնում սեղանին:)

Այս ընթացքում նրանք կանգնած են խոսում:

ՍՈՆԱ – (չի կարողանում զսպել ժպիտը):

ՀԱՍՄԻԿ – (ակնարկելով ժպտալը): Ինչ ասի՞ որ…

ՍՈՆԱ – Տատիս նման ասացիք… (Զգալով անտակտությունը:) Կներեք, տարիքը նկատի չունեի, պարզապես էսօր թարս օր է:

ՀԱՍՄԻԿ – Որ թարս օր է՝ ինքդ էլ չիմացար, թե ինչ ճիշտ ասացիր: Իսկ տատիդ մասով… Քանի՞ տարեկան ես:

ՍՈՆԱ – (անսպասելի հարցից զարմացած): Բայց… (Հասմիկը անվրդով գլխով է անում:) Ասենք, քառասունին մոտիկ:

ՀԱՍՄԻԿ – Ավելի կոնկրետ:

ՍՈՆԱ – Երեսունութ… երեք ամսից կլրանա:

ՀԱՍՄԻԿ – Քառասունութ եմ, պլյուս-մինուս, մեր տարբերությունը մեծ է՝ տաս տարի:

ՍՈՆԱ – Ազիվ խոսք, նկատի չունեի…

ՀԱՍՄԻԿ – (չլսելով, իր միտքն է առաջ տանում): Վաչոն հիսուն է… 

ՍՈՆԱ — Ո՞վ…

ՀԱՍՄԻԿ — Մի երկու ամիս պակաս…

ՍՈՆԱ – Ո՞վ է պակաս…

ՀԱՍՄԻԿ – (շարունակելով իր միտքը): Տարբերությունը մեծ չէ՝ տասներկու տարի:

ՍՈՆԱ – Ոչինչ չեմ հասկանում…

ՀԱՍՄԻԿ – Վաչոն մարդս է:

ՍՈՆԱ – Եվ ի՞նչ…

ՀԱՍՄԻԿ – Դու իրեն գիտես:

ՍՈՆԱ – Էնքանով, որքանով… 

ՀԱՍՄԻԿ – Ի՞նչ կարծիքի ես:

ՍՈՆԱ – Չեմ հասկանում…

ՀԱՍՄԻԿ – Տեսքով, շնորհքով, գյուղում հարգված մարդ է, ի՞նչ կասես:

ՍՈՆԱ – Ես ի՞նչ պիտի ասեմ, դե երևի… ձեր բախտը բերել է:

ՀԱՍՄԻԿ – Իմ բախտը… հա, էն ժամանակ իմ բախտը բերեց:

ՍՈՆԱ – (համբերությունը հատած): Ներեցեք, չեմ հասկանում ձեր գալու նպատակը, և հետո՝ ես գործեր ունեմ:

ՀԱՍՄԻԿ – Գիտես, ես էլ չե՞մ հասկանում, որ ժամանակդ եմ ուտում, բայց եթե իմանաս, գուցե մտնես իմ դրության մեջ…

ՍՈՆԱ – (ավելի ուշադիր նայելով): Գուցե նստե՞ք…

ՀԱՍՄԻԿ – Վերջապես խելքը գլխին բան ասացիր: (Նստում է, դիմացի աթոռն էլ ցույց տալով:) Դու էլ նստիր:

ՍՈՆԱ – Անպայմա՞ն է:

ՀԱՍՄԻԿ – Անհրաժեշտ է:

ՍՈՆԱ – (նստում է): 

ՀԱՍՄԻԿ – Ինչ ասելու եմ՝ ասելու բան չէ: Մի ամիս առաջ ինձ ասեին՝ որ էսպես բան եմ ասելու, ասողի բերանը ասելուց առաջ կծեփեի…

ՍՈՆԱ – (գլուխը թափ է տալիս): Էդ նախադասությունը մի հատ էլ կասե՞ք:

ՀԱՍՄԻԿ – Չէ, ինչ հասկացար՝ հասկացար:

ՍՈՆԱ – Ոչինչ չհասկացա:

ՀԱՍՄԻԿ – Մենակ իմանաս՝ քանի անգամ եմ եկել, էս դուռը ծեծել, ներս մտել, ու էդ ամենը՝ մտքումս՝ եկել եմ, մտել եմ, ծեծել եմ…

ՍՈՆԱ – Ո՞ւմ եք ծեծել…

ՀԱՍՄԻԿ – Դուռն եմ ծեծել, մի ընդհատի, գիտես հե՞շտ է էս ամենը ասելը:

ՍՈՆԱ – Ես որ ոչինչ չեմ հասկանում:

ՀԱՍՄԻԿ – Ես էլ նոր հասկացա, թե Մսրա Մելիքը ինչի էր էդքան հեռու գնում ու էդ հեռվից էր գալիս…

ՍՈՆԱ – Տիկին Հասմիկ, ես ճի՞շտ եմ հասկանում՝ եկել եք շատ կարևոր բան ասելու: Հա՞:

ՀԱՍՄԻԿ – Հա՛:

ՍՈՆԱ – Ու չգիտեք՝ ոնց սկսեք: 

ՀԱՍՄԻԿ – Ապրի՛ արևդ:

ՍՈՆԱ – Մսրա Մելիքին մոռացեք: Դավիթի պես կանգնեք ու ասեք:

ՀԱՍՄԻԿ – Ասե՞մ:

ՍՈՆԱ – Ասեք վերջապես:

ՀԱՍՄԻԿ – (կանգնում է): Դու պիտի ամուսնանաս:

ՍՈՆԱ — …

ՀԱՍՄԻԿ — Վաչոյիս հետ:

ՍՈՆԱ – …

ՀԱՍՄԻԿ – Կրկնե՞մ:

ՍՈՆԱ – (թուքը կուլ տալով): Նո՞ւյնը:

ՀԱՍՄԻԿ – Հա:

ՍՈՆԱ – Պետք չէ:

ՀԱՍՄԻԿ – (նստում է): Ուրեմն՝ հասկացար

ՍՈՆԱ – Չէ, հասկանալու բան չէ:

ՀԱՍՄԻԿ – (հոգոց հանելով): Դժվար ես հասկանում:

ՍՈՆԱ – (դատապարտվածի տոնով): Կրկնեք:

ՀԱՍՄԻԿ – Պիտի ամուսնանաս Վաչոյիս հետ:

ՍՈՆԱ – Պիտի…

ՀԱՍՄԻԿ – Հա:

ՍՈՆԱ – Ես…

ՀԱՍՄԻԿ – Հա:

ՍՈՆԱ – Թողեք մտածեմ:

Դադարից հետո:

ՀԱՍՄԻԿ – Ի՞նչ ես մտածում

ՍՈՆԱ – Ո՞նց ձեզ դուրս հրավիրեմ, որ կոպիտ չլինի:

ՀԱՍՄԻԿ – Էսքան ժամանակ դա՞ էիր մտածում:

ՍՈՆԱ – Հարևաններին կանչե՞մ, թե՞ սեփական ուժերով… (Դանդաղ ոտքի է կանգնում:)

ՀԱՍՄԻԿ – (ինքն էլ տեղից բարձրանալով): Պիտի հեռվից սկսեի:

ՍՈՆԱ – Չէր օգնի: 

ՀԱՍՄԻԿ – Թույլ տուր բացատրեմ…

ՍՈՆԱ – Բացատրելու բան մնա՞ց:

ՀԱՍՄԻԿ – Որ թողնես ասեմ՝ կհասկանաս, որ ամենակարևորը մնաց:

ՍՈՆԱ – Հաշվում եմ մինչև երեքը… Մեկ…

ՀԱՍՄԻԿ – Էդպես էլ գիտեի:

ՍՈՆԱ – Երկու…

ՀԱՍՄԻԿ – Բայց ուրիշ հնար չունեմ:

ՍՈՆԱ – Երեք:

ՀԱՍՄԻԿ – Ու հազար: Ի՞նչ ես հաշվում, գիտես, իմ կամքո՞վ եմ եկել ու էս ամենը ասում եմ քեզ: Հլա ինձ հարցրու՝ սիրտս վառվում-կտրտվում է, սարի պես մարդուս առաջարկում եմ, ինքն էլ՝ բանից անտեղյակ, հերիք չէ, մի բան էլ դուռն ես ցույց տալիս ու՝ մեկ, երկու… Իսկ ես մտածում էի՝ ուսուցիչ, կրթված կին է, կհասկանա… Մի քեզ հարց տայիր՝ ինչն է ստիպել ինձ գալ ու… (Կտրուկ դուրս է գնում:)

ՍՈՆԱ – (նայում է նրա ետևից, հետո՝ ՛՛Մտածողին՛՛): Էս ի՞նչ էր…

Տեսարան.

Անելկան այգում կանաչին է ջրում: Հայտնվում է Շանթը, նա գնում է շուրջը չնայելով, բայց Անելկան գործը թողնում, ելնում է փողոց:

ԱՆԵԼԿԱ – Այ տղա, Կայծ… (Արձագանք չկա:) Էլի խառնեցի… Կայծա՛կ…

ՇԱՆԹ – (շրջվելով): Շանթ, տիկին Անահիտ, քանի՞ անգամ կրկնեմ…

ԱՆԵԼԿԱ – Իսկ ե՞ս քանի անգամ հիշեցնեմ՝ տիկին Անելկա: Իսկ որ միտքդ պահես, Անելկա38-ով մտի ՖԲ, օրվա խորհուրդ իմաստուն մտքերս կարդա… 

ՇԱՆԹ – (փորձելով կարճ կապել): Անպայման, այսօր ևեթ: Ու բարև ձեզի և…

ԱՆԵԼԿԱ – Բարև ու հազար բարին էլ հետը, ինչ էի ասո՞ւմ…

ՇԱՆԹ – Դուք՝ չգիտեմ, ես կըսեմ՝ բարով մնաք: (Փորձում է շարունակել ընթացքը:)

ԱՆԵԼԿԱ – Հլա մի սպասիր… (Շանթը շրջվում է:) Երբվանի՞ց ես ապրում էստեղ:

ՇԱՆԹ – Երկու տարին սեպտեմբերին կլրանա: 

ԱՆԵԼԿԱ – Ուրեմն արդեն պիտի իմանայիր, որ էստեղ մի բարևով չես պրծնի: Բարև տալուց հետո նախ որպիսություն են հարցնում, հետո տնեցիների մասին են հարցուփորձ անում, հետո…

ՇԱՆԹ – Իսկ եթե ուշանում եմ…

ԱՆԵԼԿԱ – Մեր գյուղում ուշանալ չկա, որովհետև ուշացող չկա: (Կասկածելի քաղցր:) Դու բիզնեսմեն ես, չէ՞:

ՇԱՆԹ – Ընդամենը համեստ ֆերմեր:

ԱՆԵԼԿԱ – Սակայն ի՞նչ տարբերություն:

ՇԱՆԹ – Սեպենք՝ տարբերությունը քիչ է:

ԱՆԵԼԿԱ – Ծաղիկ ես աճեցնում:

ՇԱՆԹ – Հոլանդական վարդեր:

ԱՆԵԼԿԱ – Էդ ձեռքինդ էլ վարդ է՞:

ՇԱՆԹ – (շփոթված ձեռքի փոշեկուլը բարձրացնում իջեցնում է, կրկին բարձրացնում է): Կայծավել է: 

ԱՆԵԼԿԱ – Դու՝ Շանթ, ձեռքինդ՝ շանթ ու կրակ, այսինքն՝ կայծ… ինչ ասի՞ր:

ՇԱՆԹ – Կայծավել… դուք իրան կըսեք… (Փորձում է հիշել:)

ԱՆԵԼԿԱ – Փոշեկուլ ենք ասում: Փոշեծծիչ ասող էլ կա, բայց ճիշտը փոշեկուլն է: (Մոտենում, ավելի ուշադիր է զննում:) Ու սա ինձ ծանոթ փոշեկուլ է: Ո՞ւմն է:

ՇԱՆԹ – (հասկանալով, որ նահանջելն անհնար է): Օրիորդ Սոնայինը:

ԱՆԵԼԿԱ – Օրիորդ Սոնայի փոշեկուլը օրը ցերեկով ինչի՞ ես էդպես գրկած տանում:

ՇԱՆԹ – Բանն այն է, որ ներծծման համակարգն ամբողջությամբ խցանվել էր, մաքրեցի, փայլեցրեցի, հիմա իդեալական աշխատում է… Եվ խնամքով վերաբերմունք կպահանջէ…

ԱՆԵԼԿԱ – Հիմա դրանք խնամքով են ասում, հա՞… (Կասկածով:) Ու վաղո՞ւց ես օրիորդ Սոնայի կուխոննի տեխնիկայի վրա շեֆություն վերցրել:

ՇԱՆԹ – Լավ չհասկացա, ինչ կ՛ակնարկեք, բառերուն կեսը հայերեն չէ, իսկ ես ընդամենը օգնության ձեռք եմ մեկնել:

ԱՆԵԼԿԱ – Սկզբում օգնության ձեռք են մեկնում, հետո օգնություն ստացածի ձեռքն են խնդրում, վերջում էլ էդ ձեռքի ձեռքը կրակն են ընկնում:

ՇԱՆԹ – (լրիվ շփոթված): Ձեր լեզվի շրջադարձերուն անսովոր եմ, կգերադասեմ գնալ իմ գործին:

ԱՆԵԼԿԱ – Զսպիր էնտուզիազմդ, ֆերմերային ասպետ, օրիորդ Սոնան տանը չէ:

ՇԱՆԹ – Ինչպես թե… Դասերը վաղուց պիտի ավարտված լինեին:

ԱՆԵԼԿԱ – Տես, է՛, աշխատանքային գրաֆիկին տեղյակ ես, բայց չգիտես, որ դասերից հետո էլ մնում, ետ մնացող երեխաների հետ է պարապում: Երբ կգա՝ աստված գիտե, էնպես որ, էդ ավելը տուր…

ՇԱՆԹ – Կայծավելը:

ԱՆԵԼԿԱ – (ձեռքերը պարզած՝ առաջ է գալիս): Առավել ևս: Ու գնա վարդերիդ տիրություն արա:

ՇԱՆԹ – (ավելի ամուր գրկելով՝ ընկրկում է): Բայց… 

ՍՈՆԱ – Ե՛ս կփոխանցեմ:

ՇԱՆԹ – Ոչ… անկարելի է:

ԱՆԵԼԿԱ – (ձեռքերով սրտիկ է ցույց տալիս, հասկացնելով): Հա՞…

ՇԱՆԹ – Ի՞նչ… (Անելկան կրկնում է ժեստը: Հասկանալով՝ անկեղծ վիրավորված:) Ինչպես կարելի է… Մեր օրերում մանկավարժների հանդեպ պետք է ուշադիր և  հարգալից լինել, իսկ օրիորդ Սոնան արժանի է ամենալավին:

ԱՆԵԼԿԱ – Դու բոլոր ուսուցիչների հանդեպ ե՞ս  ուշադիր, թե՞ մենակ Սոնայի:

ՇԱՆԹ – Բոլորին՝ անխտիր…

ԱՆԵԼԿԱ – Իսկ օրիորդ Սոնային՝ հատկապես:

ՇԱՆԹ – Եթե կպնդեք… Ուրեմն և թույլ տվեք ավարտին հասցնել իմ առաքելությունը:

ԱՆԵԼԿԱ – Մի ուրիշ անգամ ավարտին հասցրու, հա՞… Քո կայծավելը հիմա ավելի շատ ինձ է պետք:

ՇԱՆԹ – Ձեր տան մաքրությունը պիտի հոգա՞ք:

ԱՆԵԼԿԱ – Իմ փոշեկուլին ինչ է եղե՞լ, որ կայծավելիդ հույսին մնամ:

ՇԱՆԹ – Հապա՞…

ՇԱՆԹ – Հասկանո՞ւմ ես, մի երկու օր առաջ Սոնայի հետ մի թեթև վիճեցինք…

ՇԱՆԹ – Ինչպե՞ս կարելի է… 

ԱՆԵԼԿԱ – Դե հիմի… պատահեց: Կայծավելը լավ առիթ է՝ հաշտվելու համար: 

ՇԱՆԹ – Իսկ առանց առիթի հաշտվել չի լինի՞:

ԱՆԵԼԿԱ – Որ լիներ՝ ավելիդ կարիքը չէի զգա: Ու վերջապես ինձ էլ կարելի է, չէ՞, օգնության ձեռք մեկնել: (Նորից է պարզում ձեռքերը:)

ՇԱՆԹ – (չկամ նրան է տալիս փոշեկուլը): Լույսին պես կպահեք և անձամբ կհանձնեք օրիորդ Սոնային:

ԱՆԵԼԿԱ – Կպահեմ, կհանձնեմ, գովքդ էլ կանեմ: (Տեսնելով, որ տեղից չի շարժվում:) Է՞լ ինչ:

ՇԱՆԹ – Իրեն փոխանցեք, որ… Ոչինչ… (Գնում է:)

ԱՆԵԼԿԱ – (փոշեկուլը դնում է գետնին, հանում է հեռախոսը, բարձրաձայն հեգելով գրում է): ՛՛Որպեսզի կայծից կրակ կբռնկվի, պետք է այդ կայծը միշտ անթեղ պահել՛՛: (Կիսաձայն կարդում, հիանում է:) Տեսնենք էս ստատուսս քանի լայք կհավաքի: (Փոշեկուլը քարշ է տալիս, գնում տուն:) Արի, կայծավել ջան, դու ճիշտ ժամանակին հայտնվեցիր:

Տեսարան.

Սոնայի բնակարանը: Սենյակը: Սոնան տետրեր է ստուգում: Դուռը թակում են:

ՍՈՆԱ – Բաց է, մտեք: (Դադար:) Ասացի՝ բաց է: (Դադար, նորից թակոց: Տեղից կտրուկ բարձրանում, դուռը բացում է:)

ԱՆԵԼԿԱ – (շեմից ներս է հրում փոշեկուլը):

ՍՈՆԱ – (նայում է փոշեկուլին, հետո՝ Անելկային: Համր տեսարան: Վերջապես մի կողմ է քաշվում):

ԱՆԵԼԿԱ – (հասկանալով ակնարկը, ներս է մտում, փոշեկուլը հրելով հասցնում է սենյակի կենտրոն, ձեռքերը խնամքով մաքրում է՝ ժամանակ շահելու համար): Կապիտալ վերանորոգած կայծավելդ Շանթարգելն էր բերել, ինքը շտապում էր, խնդրեց, որ ես փոխանցեմ: (Գնում է դեպի դուռը:)

ՍՈՆԱ – Ո՞ւր էր շտապում:

ԱՆԵԼԿԱ – Հոլանդական վարդերի մոտ: Էնքան քթի ծակ չունի՝ սրան մի երկու հատ էլ վարդ ավելացներ: (Բացում է դուռը:)

ՍՈՆԱ – Էդ ո՞ւր:

ԱՆԵԼԿԱ – (շեմն անցնելով): Տուն, էլ ո՞ւր… (Նոր հասկանալով՝ շրջվում է:) Համոզվա՞ծ ես:

ՍՈՆԱ – Մեկ էլ ուրիշ առիթ կլինի՞…

Ծիծաղում են, Անելկան ներս է մտնում, ասես ոչինչ չի եղել, գնում է սուրճ եփելու: Սոնան փոշեկուլը տանում է մյուս սենյակ:

ՍՈՆԱ – (փոշեկուլը կողքի սենյակ/կամ խոսհանոց տանելով): Ապրի Շանթը, տունը փոշու մեջ կորել է: Ոնց էլ մաքրեմ, սրա արածին չի հասնի:

ԱՆԵԼԿԱ – Չգիտեի, որ մեր սփյուռքահայ ֆերմերը վերանորոգման արհեստանոց էլ ունի:

ՍՈՆԱ – Ոչ մի բան էլ չունի: Փոշեկուլը քարշ արել-տարել էի Սաքոյի մոտ, էն էլ՝ կնոջն առել գնացել էր հարսուտղային հյուր՝ Ռուսաստան: Կանգնել, մոլորվել էի, քո ասած ֆերմերը տեսավ, մոտեցավ… մնացածը՝ տեսնում ես:

ԱՆԵԼԿԱ – Տեսնում եմ, համ էլ գիտեմ, որ ամուսնացած չէ:

ՍՈՆԱ – (անտարբեր): Ու չսկսես… Թող գոնե մի բաժակ սուրճ հասցնենք խմել մինչև հերթական լեզվակռիվը:

ԱՆԵԼԿԱ – Աշակերտներիդ բերաններն էլ ես էդպես փակում… (Կանխելով հարձակման անցնող Սոնային:) Լավ, հասկացա, անցնենք կոֆեին:

Մի որոշ ժամանակ լուռ խմում են: Ընդ որում, Սոնան իսկապես վայելում է լռությունը, բայց Անելկան անհանգիստ է, հա ուզում է ինչ-որ բան ասել: 

ՍՈՆԱ – (որ աչքի տակով հետևում էր ընկերուհուն, վերջապես խղճահարվում է, դատապարտված հոգոցով): Սկսիր:

ԱՆԵԼԿԱ – (ասես դրան էր սպասում): Ինչի՞ց սկսեմ:

ՍՈՆԱ – Լավից:

ԱՆԵԼԿԱ – Մեր կողքի փողոցի Լուսինեի մեծ աղջիկը երկու օր է՝ չկար: Իզով-թոզով:

ՍՈՆԱ – (վախեցած): Դրա լավը ո՞րն է:

ԱՆԵԼԿԱ – Փոքր քույրը ետևից հասել, էսօր-վաղը ամուսնանալու էր, ինքը դառնար տունմնացած:

ՍՈՆԱ – Ե՞վ…

ԱՆԵԼԿԱ – Հասցրեց՝ չմնաց, հաշվապահ Քնարի տղայի հետ փախավ, ինչ անենք, որ տղան երկու անգամ բաժանված, երեք երեխայի հեր է: 

ՍՈՆԱ – Քո ասած լուրն էլ քեզ նման է:

ԱՆԵԼԿԱ – Հա, ինձ պես օբյեկտիվ է՝ ասում եմ՝ ինչ կա:

Ծիծաղում են:

ԱՆԵԼԿԱ – Հասմիկը հիվանդ է:

ՍՈՆԱ – (միանգամից գլխի չընկնելով): Ո՞վ… (Անելկայի հայացքից կենտրոնանալով:) Ի՞նչ հիվանդ:

ԱՆԵԼԿԱ – Շատ վատ հիվանդ…

ՍՈՆԱ – (հասկանալով՝ փակում է բերանը): 

ԱՆԵԼԿԱ – Հա,  էս վերջերս օրումեջ քաղաք էր գնում, դու մի ասա՝ ստուգումների: 

ՍՈՆԱ – Աստված իմ, ուրեմն հիվանդ է…

ԱՆԵԼԿԱ – Անբուժելի:

ՍՈՆԱ – Դրա համար էր իրեն կորցրած, զգացի, որ մի բան էն չէ, բայց մտքովս ի՞նչ անցներ…

ԱՆԵԼԿԱ – (գիշատիչ հետաքրքրությամբ): Ինչի՞ համար էր եկել:

ՍՈՆԱ – (խուսափուկ): Չհասկացա… անկապ էր խոսում, շփոթված էր, դե, ես էլ… մի  խոսքով, լավ չեղավ:

ԱՆԵԼԿԱ – Հա, դեռ ջահել է, հիսուն կլինի, չէ՞… Էրեխեքն էլ դրսերում, տեսնես ասե՞լ են… 

ՍՈՆԱ – (ինչ-որ բան մտածելով, իր մտքերի հետ): Չէ, լավ չստացվեց…

ԱՆԵԼԿԱ – (իր թեման է շարունակում): Էն մի մարդն է կողքին… 

ՍՈՆԱ – Սարսափելի է…

ԱՆԵԼԿԱ – Ու ոչ մեկս չգիտի, թե իրեն ինչ է սպասում: (Բջջայինը զանգում է:) Հա՞… գալիս եմ, ճաշը գազի վրան է… Գալիս եմ, գալիս… (Հեռախոսն անջատելով:) Էս իմ մարդը եզակի էկզեմպլյար է, ճաշը սեղանի վրա՝ սոված կմեռնի… (Անթաքույց հպարտությամբ:) Առանց ինձ բերանը պատառ չի դնի: (Գնում է:)

ՍՈՆԱ – (նրա ետևից դուռը փակում, մոտենում է ՛՛Մտածողին՛՛): Եվս մի քար իմ բոստանը… Հետաքրքիր է՝ Անահիտը հատո՞ւկ է ասում, որ ցավեցնի… Հա, գիտեմ, ինչ ես մտածում. ՛՛Բա ինչի՞ ես տունդ թողնում՛՛: Իսկ ի՞նչ անեմ, ինքն էլ որ չլինի, էս դուռը բացող կլինի՞… Իսկ Հասմիկի պահով՝ շատ վատ բան եղավ, շատ-վատ-բան…

Սոնան հավաքում է բաժակները, տանում խոհանոց, գալիս, նստում է տետրեր ստուգելու, մի երկու տետր ստուգելուց հետո հաջորդը մի կողմ է քշում, մի քանի վայրկյան կենտրոնացած մտածելուց հետո համար է հավաքում:

ՍՈՆԱ – (հեռախոսով): Հայկո՞ւշ, հա, ես եմ… Չէ, տղադ էսօր չի ուշացել… չարություն էլ չի արել: Բա ինչի եմ զանգո՞ւմ… Դու ամբողջ գյուղի հեռախոսահամարները գիտես: Որտեղից գիտե՞մ… Արայիկդ է ասել, հա, պարծեցել է համադասարանցիների մոտ… Դու նրա հարցերը հետո կպարզես, ինձ հիմա մի համար է պետք… Հասմիկի… որ Հասմիկի՞…   Լևոնի ու Քրիստիկի մոր… Հա, Վաչոյի կնոջ: Տեղը բերիր, ապրես, հիմա ասա… (Թղթի վրա գրում է:) Հայկուշ, էդ համարները քո ինչի՞ն են պետք… (Հեռախոսն այն կողմում անջատում են:) Ինչ ասի՞ որ… (Նայում է սևացած էկրանին, հետո՝ մոտենալով ՛՛Մտածողին՛՛:) Քո մտքով կանցնե՞ր… Չէ՞: Իսկ ե՞ս որտեղից իմանայի: Գուցե իմանալով հիվանդության մասին, իրեն կորցրած մտել է առաջին պատահած տունն ու ինքն էլ չի հասկացել՝ ինչ է ասում: Դրան ասում են շոկային վիճակ, սթրես կամ ինչ իմանամ, էլ ինչ են ասում: Իսկ ես… ամաչում եմ հիշել, թե ինչ արեցի ես: Ինձ ներել չեմ կարող, դրա համար էլ պիտի զանգեմ: Ու չնայես էդպես՝ ապուշ վերաբերմունքիս արդարացում չկա: 

Համար է հավաքում, գնալով ավելանում է հուզմունքը:

ՍՈՆԱ – Ալո… Բարև ձեզ: Սոնան է զանգում… հա, ուսուցչուհին: Ես ներողություն եմ խնդրում… ինչի համա՞ր… (Մեղավոր տոնով:) Դե… ինձ տանտիրուհու պես չպահեցի… Այո, համաձայն եմ, որ կոպիտ էի… Նյարդայի՞ն, դե, դուք էլ ոչինչ: Չէ, բան չասացի: Մի խոսքով, ինձ ներեցեք, խնդրում եմ… ու մոռանանք էդ տհաճ միջադեպը:

Անջատում է հեռախոսը, ինքնագոհ հայացք է նետում ՛՛Մտածողին՛՛, վերջապես նստում ու մի փոքր հանգստացած ստուգում է տետրերը:

Տեսարան.

Սոնան տունն է մաքրում:

Ներս է մտնում Հասմիկը: Սոնան անսպասելիությունից քարանում է: Համր տեսարան:

ՍՈՆԱ – (վախեցած): Բայց ես ներողություն խնդրեցի, չէ՞…

ՀԱՍՄԻԿ – Դրա համար էլ եկել եմ:

ՍՈՆԱ – Չհասկացա…

ՀԱՍՄԻԿ – Տնիցդ դուրս անելդ հիշե՞մ, թե՞ ներողություն խնդրելդ:

ՍՈՆԱ – Հիմա էլ ներողություն խնդրեմ, որ ներողությո՞ւն եմ խնդրել…

ՀԱՍՄԻԿ – Չէ, ճիշտ ես արել, ուշացած, բայց սխալդ հասկացել ես: Բայց ի՞նչը ստիպեց, որ զանգես ու… (Չի շարունակում, սպասում է Սոնայի պատասխանին:)

ՍՈՆԱ – (խուսանավելով): Ոչինչ էլ չի ստիպել, պարզապես… (Հարկավոր խոսքեր է փնտրում:)

ՀԱՍՄԻԿ – (՛՛օգնության՛՛ է գալիս): Իմացար հիվանդությանս մասին: 

ՍՈՆԱ – (գլխահակ): Ըհը…

ՀԱՍՄԻԿ – Ապրես: (Առաջ գալիս, նստում է:) Արդեն գիտեմ, ուշ ես գլխի ընկնում, որ աթոռ առաջարկես, բայց մի բաժակ սուրճ…

ՍՈՆԱ – Ոնց էլ սիրում եք դիմացինին ձեռ առնել: 

ՀԱՍՄԻԿ – (անկեղծորեն զարմացած): Ե՞ս ու ձեռ առնե՞լ… Ինչ որ կա՝ էն էլ ասում եմ: Գուցե անկապ է ստացվում, բայց որ մտքիդ լինի, կհասկանաս… (Մի պահ դադար:) Ինչ էի ասո՞ւմ…

ՍՈՆԱ – Մի բաժակ սուրճ…

ՀԱՍՄԻԿ – Հյուրասիրել կարող ես:

ՍՈՆԱ – (գնում է դեպի խոհանոց, շեմին շրջվում է): Բայց ինչո՞ւ եք եկել:

ՀԱՍՄԻԿ – (հոգնած): Դպրոցում չես, ես էլ աշակերտի ծնող չեմ, էդ դուք-ը մոռացիր: Հա, ծանոթ-խնամի ու բարեկամ չենք, բայց մի գյուղում ենք ապրում, լավ-վատ իրար գիտենք:

ՍՈՆԱ – Ինչո՞ւ ես եկել:

ՀԱՍՄԻԿ – Այ, սա ուրիշ բան… Լավ, արի, սուրճը ժամանակը չէ: Խոսելու բան կա:

ՍՈՆԱ – (վախեցած): Ի՞նչ… էլի՞…

ՀԱՍՄԻԿ – Էլի ու նորից: Ու քանի որ արդեն գիտես՝ էս կյանքում ժամանակավոր եմ, ասածս նորմալ պիտի ընդունես: 

ՍՈՆԱ – Մի րոպե… (Նստում է դիմացը:) Վախենում եմ ճշտել՝ որ ասածդ:

ՀԱՍՄԻԿ – Իմ ասածը մեկն է՝ պիտի ամուսնանաս Վաչոյիս հետ: 

ՍՈՆԱ – Ես եմ ու՝ սիրած ունեմ:

ՀԱՍՄԻԿ – Ոչ մի բան էլ չունես: 

ՍՈՆԱ – Ի՞նչ գիտես:

ՀԱՍՄԻԿ — Ժամանակին մեծ սեր ես ունեցել…

ՍՈՆԱ – Տես, թե ուր ես հասել…

ՀԱՍՄԻԿ — Սրիկայի մեկն է եղել…

ՍՈՆԱ – Էդ մեկը՝ հա:

ՀԱՍՄԻԿ – Էնքան խորն ես հիասթափվել…

ՍՈՆԱ – Ու՝ վերջ: Եվ էդ թեմային, և դրանց ցեղին:

ՀԱՍՄԻԿ – Չես իմանա: Մի ամիս առաջ ես էլ շատ բան չգիտեի:

ՍՈՆԱ – Օրինակ…

ՀԱՍՄԻԿ – Օրինա՞կ՝ ինչքան ուզես: Որ երբ բժիշկն էդ անտեր հիվանդության անունն է տալիս, աշխարհը քանդվում է մեջդ, բայց երբ մի քիչ ուշքի ես գալիս, զարմանքով նկատում ես, որ ավելի շատ հարազատներիդ մասին ես մտածում: Որ ծանր մտքերիդ հետ, մեկ էլ տեսար մտածում ես՝ աղջիկս, փառք աստծո, իր ընտանիքն ունի, տղաս էլ հասցրեց ամուսնանալ, մեր մեջ ասած՝ լավ աղջիկ է, սիրտս հանգիստ է՝ ամուր թիկունք ունի…

ՍՈՆԱ – Անհավատալի է…

ՀԱՍՄԻԿ – Ի՞նչը…

ՍՈՆԱ – Դե… որ փառք ես տալիս Աստծուն էդքանից հետո:

ՀԱՍՄԻԿ – Լսեցիր, բայց չհասկացար՝ երեխաներիս պահով եմ փառք տալիս: Իսկ Վաչոս անտեր ու անօգնական է:

ՍՈՆԱ – Անօգնակա՞ն… եքա մարդ է…

ՀԱՍՄԻԿ – Իմ պահած մարդն է՝ դրսում իր գործն արել, եկել, տան մեջ պառկել-հանգստացել է, շատ-շատ՝ այգում բզբզացել է: 

ՍՈՆԱ – Տիկին Հասմիկ…

ՀԱՍՄԻԿ – Սոված, անխնամ, երկու օրվա վերնաշապիկով… իրեն էդպես ո՞նց թողնեմ-գնամ:

ՍՈՆԱ – Չեմ հասկանում, քեզ կողքի դրած, նրա կեղտոտ վերնաշապիկի մասի՞ն ես մտածում:  

ՀԱՍՄԻԿ – Էս ինչքա՞ն բան չես հասկանում: Դպրոցում ի՞նչ ես սովորեցնում: 

ՍՈՆԱ – Համենայնդեպս ոչ քո ասածն ու իմացածը: (Քինոտ:) Ու մի բան էլ՝ ասում էիր՝ Վաչոն էս ամենից անտեղյակ է, թե՞ սխալվում եմ:

ՀԱՍՄԻԿ – Չես սխալվում: Հենց ժամանակը եկավ՝ կիմանա:

ՍՈՆԱ – Ու կհամաձայնվի՞: 

ՀԱՍՄԻԿ – Իհարկե, չէ, բայց մեռնողի վերջին կամքին հակառակ չի գնա: 

ՍՈՆԱ – (նայում է նրան, ասես առաջին անգամ է տեսնում): Ո՞նց թե վերջին կամք… Ախր, էդպես ո՞նց կլինի…

Այս պահը շրջադարձային է. մինչ այդ նրանք ՛՛հարաբերություն են պարզում՛՛, ու հանկարծ Սոնան զգում է դիմացինի ողբերգությունը, հասկանում նրա վիճակը, իսկ Հասմիկը ասես զգում է դիմացինի մեջ կատարվող փոփոխությունը…

ՀԱՍՄԻԿ – (նրա վարքի մեջ զգալով փոփոխությունը՝ ինքն էլ առաջին անգամ զննում է Սոնային): Փաստորեն՝ եղավ… 

ՍՈՆԱ – Ախր, էսպես սխալ է…

ՀԱՍՄԻԿ – Սխալ է, ու ոչ մեկին չես կարող մեղադրել էդ սխալի մեջ:

ՍՈՆԱ – Էրեխեքը գիտե՞ն…

ՀԱՍՄԻԿ – Դեռ չէ: Մի երկու անալիզ կա, վերջնական պատասխանին ենք սպասում: 

ՍՈՆԱ – Իսկ եթե բժիշկները սխալվե՞լ են…

ՀԱՍՄԻԿ – Հեքիաթների հավատո՞ւմ ես: Ասենք, չհավատաս էլ, պիտի պատմես աշակերտներիդ: Իսկ ես իմացածս հեքիաթները մոռացել ու անընդհատ մի հարց եմ տալիս չգիտեմ ում՝ ինչի՞ ես…

ՍՈՆԱ – (հուզվում է):

ՀԱՍՄԻԿ – Ու մեկ էլ՝ սկսել եմ ինձ խղճալ… (Ինքն էլ է հուզվում:)

Լռություն: Միաժամանակ ու աստիճանաբար ՛՛փլվում են՛՛:

Տեսարան.

Հայտնվում է Անելկան: Ձեռքին խնձորով ափսե է:

ԱՆԵԼԿԱ – (տեսարանից շշմած՝ նայում է, ափսեն ձեռքից ընկնում է): 

Սոնան ու Հասմիկը սթափվում են, համր տեսարան: Առաջինը ուշքի է գալիս Անելկան:

ԱՆԵԼԿԱ – (սկսում է թափված խնձորները հավաքել, բայց քանի որ հայացքը չի կտրում երկուսից՝ երկու խնձորից մեկը ՛՛խույս է տալիս՛՛, ընթացքում): Էս անտերների՞ն ինչ եղավ… ոնց որ մեկը ափսեն ձեռքիցս պոկեց-շպրտեց… չգիտեի, որ դուք էսպես… խանգարեցի՞…

Հասմիկը տեղից բարձրանում, գնում է դեպի դուռը, ոտքին եկած խնձորը բարձրացնում, դնում է սեղանին, դուրս է գալիս:

Սոնան նայում է, ինչպես Անելկան վերջապես խնձորները հավաքում է, ափսեն դնում սեղանին, խնձորի կողքին: Կարճ մտորումից հետո այդ խնձորն էլ է դնում ափսեի մեջ:

Դադար: 

ԱՆԵԼԿԱ – Մեռնեմ, թե հասկացա…

ՍՈՆԱ – Հասկանալու բան չկա: 

ԱՆԵԼԿԱ – Բա ինչի՞ են աչքերդ էդպես… չասես՝ սոխ ես մաքրել: Հասմիկն էլ՝ նամանավանդ:

ՍՈՆԱ – Գոնե մի անգամ կարո՞ղ ես ինչ-որ բան չտեսնելու տալ… 

ԱՆԵԼԿԱ – Որ աչքս տեսնում է, ես ի՞նչ անեմ: 

ՍՈՆԱ – Սուս մնա: 

ԱՆԵԼԿԱ – Գիտես՝ չեմ ուզո՞ւմ, բայց…

ՍՈՆԱ – (հասկացնելով՝ թեման փոխիր): Խնձորի համար շնորհակալ եմ…

ԱՆԵԼԿԱ – (ճարահատյալ գլխով է անում՝ հասկացա, շարունակում, ասես ոչինչ չի եղել): Անուշ լինի: Դե գիտես, վաղահաս խնձորի համին համ չի հասնի…

ՍՈՆԱ – …բայց հիմա գործեր ունեմ…

ԱՆԵԼԿԱ – …հենց քաղեցինք, ասի՝ քո բաժինը հասցնեմ…

ՍՈՆԱ – …համ էլ գլուխս է ցավում…

ԱՆԵԼԿԱ – Մի խոսքով՝ ցրում ես հերթական անգամ:

ՍՈՆԱ – Կա նման բան:

ԱՆԵԼԿԱ – Պարզ է: (Գնում է դեպի դուռը, շեմին շրջվում է:) Մի բուռ գյուղ ենք, վերևի թաղում մեկը փռշտա՝ ներքևից ՛՛առողջություն՛՛ կասեն:

ՍՈՆԱ – Առաջին ասողն էլ դու կլինես:

ԱՆԵԼԿԱ – Հետո չասես՝ չզգուշացրի: (Գնում է:)

Սոնան նստում է, մտքերի մեջ, ակամա խնձոր է վերցնում, մեքենայորեն ծամում է՝ մտքերը այլ տեղում են: Դուռը կամաց ծեծում են: Չի լսում: Նորից են ծեծում՝ մի քիչ ավելի ուժեղ: Չի լսում: 

Տեսարան.

ՇԱՆԹ – (դրսից): Օրիորդ Սոնա… տա՞նն եք:

ՍՈՆԱ – (սթափվում, տեղից բարձրանում, բացում է դուռը, զարմացած): Դո՞ւք…

ՇԱՆԹ – (ներս է գալիս, ձեռքին՝ մի փունջ վարդեր): Որքան էլ անակնկալ թվա ձեզի՝ ես եմ իմ համեստ անձով: (Վախեցած:) Հուսամ՝ չխանգարեցի:

ՍՈՆԱ – Չէ, նորմալ է… (Նայելով վարդերին:) Լսում եմ ձեզ:

ՇԱՆԹ — (աշխատելով ցույց չտալ շփոթությունը): Կուզեի իմանալ, ինչ վիճակում է կայծավելը…

ՍՈՆԱ – Ինչը՞…

ՇԱՆԹ – Ինծի սևերես ըրած չէ՞…

ՍՈՆԱ – Ո՞վ…

ՇԱՆԹ – Ոչ թե ով, այլ կայծավելը

ՍՈՆԱ – (վերջապես հասկանալով): Ախ, հա… շնորհակալ եմ անչափ, ժամացույցի պես է աշխատում, ինչպես տեսնում եք (ցույց է տալիս սենյակը), փոշու հետք չկա:

ՇԱՆԹ – Դե, լավ … ուրախ եմ… 

Սոնան սպասողական լռում է, որից Շանթն ավելի է շփոթվում:

ՇԱՆԹ – Ես գնամ, ներող եղեք… (Գնում է դեպի դուռը:)

ՍՈՆԱ – Իսկ… վարդե՞րը…

ՇԱՆԹ – (ասես նոր է տեսնում ձեռքի ծաղիկները): Լրիվ մոռցած էի… (Վերադառնում է, բայց ծաղկեփունջը դեռ չի տալիս:) Մտածեցի՝ առաջին այցս է… աս տեսակի սեզոնային առաջին վարդերն են…

ՍՈՆԱ – Էս ի՞նչ օր է՝ վաղահաս խնձոր… առաջին վարդեր… Հասմիկ:

ՇԱՆԹ – (չհասկանալով): Ես մասնագիտացած եմ վարդերուն մեջ, անոնք վարդազգիներու դասին կպատկանին, իսկ հասմիկը ձիթենազգիների ընտանիքէն է…

ՍՈՆԱ – Պարոն Շանթ…

ՇԱՆԹ – Բայց ես չեմ աճեցներ, կցավիմ:

ՍՈՆԱ – Իրար չհասկացանք, ես ծաղիկը նկատի չունեի…

ՇԱՆԹ – Իրո՞ք… Հապա… (Ավելի է շփոթվում:) Ուրախ եմ, որ կայծավելը ձեզի օգնական է: (Շրջվում, երկու քայլ է անում, վերջապես հիշում, վերադառնում, հանձնում է ծաղիկները:) 

ՍՈՆԱ – Իսկ ի՞նչ առիթով:

ՇԱՆԹ – (խուսափուկ): Անառիթ… (Համարյա փախչում է:)

ՍՈՆԱ – (վարդերը զննելով, դնում է ծաղկամանի մեջ, ծաղկամանը՝ ՛՛Մտածողի՛՛ մոտ): Ոնց ասաց Հասմիկը՞… հա, էնպես խորն եմ հիասթափվել, որ ոչ մի վարդ չի օգնի: Այնպես որ, վարդերը քոնն են:

Տեսարան. 

Սոնան գալիս է խոհանոցից բրդուճով ու թեյի բաժակով, դնում է բազմոցի կողքի սեղանիկին, ոտքերը ծալպատիկ նստում է բազմոցին, վերցնում է հեռախոսը՝ մի ձեռքով է պրպտում /ֆբ/, մյուսով վերցնում է բրդուճը, ախորժակով կծում՝ դուռը ծեծում են:

ՍՈՆԱ – (սպասողական քարանում է):

ՀԱՍՄԻԿ – (դրսից): Էս ինչի՞ ես դուռը փակել: (Դադար:) Քանի բի-բի-սի հարևանուհիդ չի տեսել՝ դուռը բաց:

ՍՈՆԱ – (դատապարտվածի տեսքով բրդուճը դնում է ափսեի մեջ, գնում, բացում է դուռը, ետ քաշվում՝ ճամփա տալով): Նա չորրորդ աչքով էլ է՝ կտեսնի:

ՀԱՍՄԻԿ – (ներս է մտնում՝ ձեռքին ցելոֆանե մեծ տոպրակը՝ կոստյումի համար): Երեքի մասին գիտեի, չորրորդ աչքը ո՞րտեղ է:

ՍՈՆԱ – Ծոծրակին: (Հայացքով ցույց տալով տոպրակը:) Վախենում եմ հարցնել՝ ինչ է: ՀԱՍՄԻԿ – Ճիշտ էլ անում ես: (Տոպրակը կախում է աթոռի թիկնակից:) Ուրեմն էսպես՝ ՛՛Ոնց ես քեզ զգում՛՛, ՛՛Բժիշկն ինչ ասաց՛՛ ու նմանատիպ հարցեր չես տալիս՝ օրվա որ ժամին էլ հայտնվեմ:

ՍՈՆԱ – Պիտի հայտնվե՞ս…

ՀԱՍՄԻԿ – Անպայման: Հետո՝ ինչ էլ որ ասեմ՝ հակաճառել, քննադատել, չընդունել չկա:

ՍՈՆԱ – Տանն էլ ե՞ս էսպես հրամայական:

ՀԱՍՄԻԿ – Հրամայական որ չլինեի՝ էրեխեքս մարդ չէին դառնա, մարդս էլ…

ՍՈՆԱ – (օգնության է հասնում): Էրեխա… չասի՞ր՝ անօգնական է:

ՀԱՍՄԻԿ – Վիճելու հավես չունեմ: (Շուրջը նայելով:) Ո՞ւր է:

ՍՈՆԱ – Ի՞նչը:

ՀԱՍՄԻԿ – Արդուկի տախտակը:

ՍՈՆԱ – (որ ամենաքիչը այդ պատասխանին էր սպասում՝ ինքն էլ է շուրջը նայում): 

ՀԱՍՄԻԿ – (հետևելով նրա շարժումներին): Ի՞նչ ես փնտրում:

ՍՈՆԱ – (ակամա): Տախտակը…

ՀԱՍՄԻԿ – (հոգոց հանելով գնում է խոհանոց, այնտեղից՝): Ո՞րտեղ է:

ՍՈՆԱ – (աչքերը ճպճպացնելով): Դռան… ու սառնարանի մեջտեղում:

ՀԱՍՄԻԿ – (շեմին հայտնվում է՝ տախտակը գրկած): Տեղիցդ շարժվի…

ՍՈՆԱ – (մոտենում, ձեռքից վերցնում է տախտակը, բերում է սենյակի կենտրոն ու անշարժանում):

ՀԱՍՄԻԿ — Էդպես էլ պիտի կանգնես-մնա՞ս:

ՍՈՆԱ – Ի՞նչ անեմ:

ՀԱՍՄԻԿ — Արդուկը բեր… մառլյան չմոռանաս:

Սոնան գնում է խոհանոց:

ՀԱՍՄԻԿ – (քթի տակ): Էնպես էլ զարմանում է, ասածս ի՞նչ էր որ… (Բացում է տոպրակի կայծակ-ճարմանդը, մի քանի վայրկյան զննում է միջինը, հոգոց է հանում, այդ պահին հայտնվում է Սոնան՝ արդուկով ու կտորով:) Արդուկը միացրու:

ՍՈՆԱ – (միացնում է արդուկը, դնում հատակին, սպասողական նայում Հասմիկին): Միացրի:

ՀԱՍՄԻԿ – (ասես անհասկացող աշակերտի է հուշում): Մառլյան թրջիր:

ՍՈՆԱ – (լուսնոտի նման գնում է խոհանոց):

ՀԱՍՄԻԿ – (նրա ետևից նայելով՝ հուսահատ օրորում է գլուխը): 

ՍՈՆԱ – (գալիս է, կտորը ձեռքին անշարժանում):

ՀԱՍՄԻԿ – (տոպրակի միջից զգուշորեն հանում է տղամարդու շալվար): Արդուկը տախտակին մոտեցրու: (Տեսնելով, որ Սոնան ՛՛անջատվել է՛՛, ինքն է տախտակը մոտեցնում արդուկին: Շալվարը փռում է տախտակին:) Ըհը՛: 

ՍՈՆԱ – Էս… ի՞նչ է:

ՀԱՍՄԻԿ – Շալվար տեսած չկա՞ս:

ՍՈՆԱ – Եթե լավ նայես՝ հագինս շալվար է:

ՀԱՍՄԻԿ – Տղամարդու շալվար տեսած չկա՞ս:

ՍՈՆԱ – Բայց դա ի՞նչ գործ ունի իմ տախտակի վրա:

ՀԱՍՄԻԿ – Որովհետև… (Մոտենում, ստուգում է՝ արդուկը տաքացել է, մեկնում է Սոնային:) Գործի անցի:

ՍՈՆԱ – Ի՛…

ՀԱՍՄԻԿ – Մեր գյուղում Վաչոյիս պես հագնող քիչ կա: Նրա շալվարի գիծը ուղիղ, քարի պես արդուկված է եղել: Ինձնից հետո էլ պիտի լինի:

ՍՈՆԱ – Վաչոյիդ շալվարը բերել ես, որ ես արդուկե՞մ:

ՀԱՍՄԻԿ – Բա էլ ո՞վ պիտի արդուկի: Մենք պայման ունենք, չէ՞…

ՍՈՆԱ – Ի՞նչ պայման, ե՞րբ ենք պայման կապել…

ՀԱՍՄԻԿ – Էդ որ ձեն-ձենի տված լաց եղանք:

ՍՈՆԱ – Ձեն-ձենի՞…

ՀԱՍՄԻԿ – Դե լավ, ասենք՝ անձայն, համարյա մտքներիս մեջ: Ի՞նչ պակաս պայման է:

ՍՈՆԱ – Տիկին Հասմիկ, չե՞ք կարծում, որ էս ամենը արդեն…

ՀԱՍՄԻԿ – Մոռացա՞ր՝ Հասմիկ, դու-ով, իսկ էս ամենը պետք է, որ աչքս ետևս չգնամ: Էսօր շալվար արդուկել կսովորես, վաղը…

ՍՈՆԱ – (եփ գալով): Չէ, սա արդեն վերջն է…

ՀԱՍՄԻԿ – (անվրդով): Վաղը կանցնենք ճաշերին: Իսկ վերջի հետ գործ չունես, էդ իմ բաժինն է:

ՍՈՆԱ – (պայթում է): Դե հերիք է, խղճահարությունը զենք ես դարձրել ու ճնշում ես, ոչ թողնում ես խոսեմ, ոչ լսում ես, քոնն ես քշում տանկի պես՝ ինչ է թե՝ հիվանդ ես: Հո կրակը չե՞մ ընկել…

ՀԱՍՄԻԿ – Ընկել ես, որովհետև առողջ ես ու միակ հարմար թեկնածուն ես բոլոր պարամետրերով:

ՍՈՆԱ – Դու լսո՞ւմ ես, ինչ ես ասում, դու… (Անզոր չարությամբ:) Դու հո սադիստ չե՞ս…

ՀԱՍՄԻԿ – (՛՛թափը կոտրվում է՛՛, ուժահատ նստում է): Սադիստ՝ դժվար, բայց երևի մի քիչ խախտվել եմ… Որ մտածում եմ՝ երկու ամիս առաջ ինչ պլաններ ունեի՝ ինչ եմ անելու, ուր եմ գնալու… Մի տասը տարվա կհերիքեր: Ու մեկ էլ՝ վերջ, ժամանակդ սպառվել է: Ով լինի, որ չխախտվի: (Տեղից ելնում, սկսում է արդուկել:) Տասերորդ դասարանում էի, որ տատս մահացավ: Քնի մեջ: Ամբողջ օրը իր գործն էր արել՝ ճաշ էր եփել,- շերեփը հարսին չէր տալիս,- շուկա էր գնացել, գաթա էր թխել, մինչև կեսգիշեր թոռների հետ բայեվիկ կինո էր նայել, հետո գնացել ու քնի մեջ մեռել էր: Դագաղի մոտ նստածները մի բերան ասում էին՝ երջանիկ մահով է գնացել: Ո՜նց էի ատում էդ ասողներին՝ տատս չկա, իրենք՝ երջանիկ մահ… (Այլ տոնով:) Էս վերևի մասը, տես, չճմրթվի: (Նախկին տոնով:) Ի՞նչ իմանայի, որ տարիներ հետո պիտի հասկանայի էդ երկու բառի իմաստն ու նախանձեի տատիս… Էս հիվանդությունը մի ուրիշ բան է՝ բժիշկը նայում է աչքերիդ մեջ ու ոնց որ դատարանում՝ վճիռ է կարդում՝ քեզ մնացել է էսքան օր ու շաբաթ, կամ էլ ամիս… Իսկ դու էդ ընթացքում պիտի ապրես ու… Քո չափ կրթություն չունեմ, ո՞նց են ասում, երբ մարդու գլուխը մի միտք մտնում ու դուրս չի գալիս…

ՍՈՆԱ – (Հասմիկի ասածից ցնցված՝ ստիպում է իրեն կենտրոնանալ): Դե… սևեռուն միտք:

ՀԱՍՄԻԿ – Ապրի արևդ, էդ է, որ կա: Հիմա իմ սևեռուն միտքը Վաչոյիս ապահով ձեռք տալն է, ոնց որ էրեխեքս են ապահով ձեռքերում: (Դադարում է արդուկել:) Գիշերվա էն ժամին, երբ ամեն մարդ ինքն է ու իր մենակությունը, միջիս գազանին մոռանալու համար մտածում եմ՝ ոնց նախապատրաստեմ էրեխեքիս, որ շատ չտառապեն: Իսկ Վաչոյիս պահով տասնապատիկ դժվար է, էս օրերին ինձ օգնողն ու պահողն է, ինձ հույս է տալիս, ինքը հուսահատությունից սևացել-սմքել է… Ախր, ուսուցիչ ես, իսկ ուսուցիչը ամենքին պիտի հասնի, բոլորին պիտի հասկանա, ուսուցիչը…

ՍՈՆԱ – Սովորական մարդ է: 

ՀԱՍՄԻԿ – Չէ՜, իմ էրեխեքին դաս ես տվել, Նարես քո օրինակով դասատու դարձավ: Որ կողմից նայում եմ՝ ամենահարմար թեկնածուն դու ես, ես ի՞նչ անեմ:

ՍՈՆԱ – Չգիտեմ, ազնիվ խոսք, չգիտեմ:

ՀԱՍՄԻԿ – (կարճ դադարից հետո՝ հրամայական): Իսկ ես գիտեմ: (Շարունակում է արդուկը:) Նայի, էս ոտքը դնում ես մյուսի վրա էստեղից… (Հայացքով ստիպում է, Սոնան մոտենում, նայում է:) Հետո փռում ես տախտակին ու նախ մի ոտքն ես արդուկում… գիծը ուղիղ… Հիմի՝ դու… (Արդուկը տալիս է Սոնային:)

ՍՈՆԱ – (վերցնելով արդուկը): Չեմ հավատում, որ էս ես եմ… (Սկսում է արդուկել Հասմիկի աչալուրջ հայացքի տակ ու նրա կոնկրետ ցուցումներով:)

Տեսարան.

Փողոցում: Հասմիկը մոտենում է Սոնայի տանը: Անելկան, տեսնելով, թողնում է գործն ու իրեն գցում փողոց:

ԱՆԵԼԿԱ – Հասմիկ… Հասմիկ ջան…

ՀԱՍՄԻԿ – (շրջվելով): Անահի՞տ…

ԱՆԵԼԿԱ – (դժգոհ): Հ1-ով հայտարարություն եմ տալու, որ հիմա Անելկան եմ…

ՀԱՍՄԻԿ – Հաճա՞խ ես անունդ փոխում:

ԱՆԵԼԿԱ – Առաջին ու վերջին անգամն է: Իսկ դու ո՞րերորդ անգամն է, որ Սոնայի մոտ ես գնում:

ՀԱՍՄԻԿ – Չի՞ կարելի:

ԱՆԵԼԿԱ – Ո՞վ ասաց… Ես էլ, հենց ազատ ժամանակ եմ ունենում, ինձ գցում եմ նրա մոտ՝ Սոնան էն մարդն է, ում հետ կարաս խոսես, սիրտդ բացես, համատեղ կոֆե խմելու մասին էլ՝ չեմ ասում:

ՀԱՍՄԻԿ – (ուզում է կարճ կապել): Ուրեմն՝ ինձ լավ կհասկանաս: (Շրջվում է՝ գնալու:) 

ԱՆԵԼԿԱ – Էս էն դեպքն է, որ չեմ հասկանում:

ՀԱՍՄԻԿ – Դու, ու չհասկանա՞ս:

ԱՆԵԼԿԱ – Ոչ բարեկամ եք, ոչ ծանոթ, էլ չեմ ասում՝ խնամի, շաբաթից ավել է՝ մշտական մարշրուտ ես դարձրել ձեր տնից էստեղ ու հակառակը:

ՀԱՍՄԻԿ – Էլի հարցնեմ՝ չի կարելի՞:

ԱՆԵԼԿԱ – Ո՞վ ասաց, հատկապես, որ Սոնան, ոնց հասկանում եմ, դեմ չի, իսկ նա, եթե մի բան դուրը չի գալիս, կարողանում է դուռը ցույց տալ:

ՀԱՍՄԻԿ – Ոնց հասկացա՝ քեզ ցույց է տվել:

ԱՆԵԼԿԱ – Ու շատ անգամ: Բայց մեր խռովելը շատ-շատ երկու օր է տևում:

ՀԱՍՄԻԿ – (խիստ): Անելկա, ճիշտ ասացի, չէ՞, նոր անունդ… Մտքինդ ասա:

ԱՆԵԼԿԱ – Ասեմ: Սոնային հանգիստ թող:

ՀԱՍՄԻԿ – Չհասկացա…

ԱՆԵԼԿԱ – Չգիտեմ՝ ինչ նպատակով ես գնում-գալիս, բայց տեսնում եմ, օր օրի էդ աղջիկը ետ է գնում…

ՀԱՍՄԻԿ – Ուր է գնո՞ւմ…

ԱՆԵԼԿԱ – Փոխվել է, չե՞ս նկատել, մի տեսակ… նիհարել է:

ՀԱՍՄԻԿ – Աչքիդ է երևում… չի նիհարել:

ԱՆԵԼԿԱ – Դու էլ գիտես, որ ճիշտը ես եմ: Իսկ հիմա իրեն հանգիստ թողնել է պետք, հատկապես որ հորիզոնում մեկն է հայտնվել, որ կարող է՝ նրա կյանքի ընթացքը փոխի:

ՀԱՍՄԻԿ – Ինչ ասացի՞ր… 

ԱՆԵԼԿԱ – Էն սփյուռքահայը… դե, որ Մաթևոսենց ջերմոցները գնեց, պոմիդորի փոխարեն էլ վարդեր է աճեցնում… Ընտանիք չունի, ստուգված է իմ կողմից:

ՀԱՍՄԻԿ – Լո՞ւրջ է:

ԱՆԵԼԿԱ – Դեռ չէ, բայց ինչ իմանաս, մեկ էլ տեսար…

ՀԱՍՄԻԿ – Հասկացա, կարող ես չշարունակել: (Գնում է դեպի դուռը:)

ԱՆԵԼԿԱ – (նրա ետևից՝ մտախոհ): Միայն իմանամ, թե մտքինդ ինչ է… ու էս ինչ գաղտնիք է ձեզ կապել: (Հանում է հեռախոսը, ինչ-որ բան է փնտրում, հետո գրում է՝ հեգելով:) ՛՛Գաղտնիքը ցանց  է. հերիք է մի օղակը պատռվի, ամեն ինչ դուրս կհոսի՛՛,- Անելկա38: (Իրենից գոհ՝ հեռախոսը դնելով գրպանը:) Ապրի՛ Գուգլը, ու կարևոր չէ, որ հեղինակը ոչ թե ես եմ, այլ Հյուգոն:

Տեսարան.

Հասմիկը ներս է մտնում, Սոնան տետրերն է ստուգում: 

ՀԱՍՄԻԿ – Ապրես, որ դուռը բաց ես թողել, բա չէ՝ քաղաքը, ներս չմտած՝ հինգ կողպեքով փակում-զմռսվում են:

ՍՈՆԱ – (տետրերը մի կողմ է հրում, բարձրանում է տեղից): Նորություն կա՞…

ՀԱՍՄԻԿ – Կա:

ՍՈՆԱ – Ե՞վ…

ՀԱՍՄԻԿ – Մետաստազներ չկան:

ՍՈՆԱ – (ուրախանում է):

ՀԱՍՄԻԿ — Դեռ չէ՝ համբերիր, աջ թոքիս մեջ ինչ-որ բան են տեսել:

ՍՈՆԱ – Ե՞վ…

ՀԱՍՄԻԿ – Եվ-ից բացի բառ չգիտե՞ս: Նկարները ուղարկել են Գերմանիա: (Նայում է՝ զննող:) Հաց կերե՞լ ես:

ՍՈՆԱ – Չէ… հա…

ՀԱՍՄԻԿ – Պարզ է: 

ՍՈՆԱ – Ի՞նչն է պարզ:

ՀԱՍՄԻԿ – Մի տարի, ամառն էր, էրեխեքս ճամբարում էին, Վաչոս էլ գործուղում էր գնացել: Երկու շաբաթ մենակ էի՝ իսկական հանգիստը էդ էր. գազօջախիս վրա փոշի նստեց:

ՍՈՆԱ – Ի՞նչ ես ակնարկում:

ՀԱՍՄԻԿ – Լավ էլ պարզ ասում եմ՝ մենակ կինը իր համար ոչ կեփի, ոչ էլ կուտի: Հաց-պանիր, չոր ուտելիք՝ հա, բայց տեղը տեղին տնական ճաշ, էն էլ ամեն օր եփած՝ աչքովս տեսնեմ, չեմ հավատա: Էն օրը կերածդ չոր բրդուճը չէ՞ր:

ՍՈՆԱ – Էսօրվա թեմադ, ոնց հասկացա, ուտելիքն է: (Քաղցր թույնով:) Կարո՞ղ է՝ սոված ես:

ՀԱՍՄԻԿ – Ախորժակս կորել է, բայց Վաչոյիս խաթեր ինձ ստիպելով ուտում եմ՝ չեմ ուզում, որ դրա համար էլ մտածի: Մի բան էլ ասեմ՝ մեր սեղանին ամեն օր նոր եփած ճաշ ու թարմ սալաթ է: 

ՍՈՆԱ – Ինչ էլ հավես ունես:

ՀԱՍՄԻԿ – Հավես չունեմ, Վաչոյիս կերակրելու սիրտ ունեմ: Էդ տետրերդ կողքի դիր:

ՍՈՆԱ – Ինչի՞ որ…

ՀԱՍՄԻԿ – Բորշ պիտի ուտենք:

ՍՈՆԱ – Ես բորշ չունեմ:

ՀԱՍՄԻԿ – Կզարմանայի, եթե ունենայիր: Հիմա կեփենք:

ՍՈՆԱ – Ինչո՞վ…

ՀԱՍՄԻԿ – Սրանցով: (Պայուսակից հանում է բորշի համար անհրաժեշտ բանջարեղենը:) Բայց առանց մսի:

ՍՈՆԱ – (քինոտ): Մսի փողը չկա՞ր: 

ՀԱՍՄԻԿ – Կար: Բայց Վաչոյիս կարմիր միս չի կարելի: Սպիտակ միս, էն էլ՝ շոգեխաշած, հավի կամ հնդուհավի կրծքամիս: Իսկ դրանցով բորշ չես եփի:

ՍՈՆԱ – Արդուկից անցանք Վաչոյի մենյուի՞ն:

ՀԱՍՄԻԿ – Առաջադիմում ես: (Պայուսակից հանում է տախտակը, դանակը: Ի պատասխան Սոնայի հայացքին:) Սրանց եմ սովոր: Իսկ դու թասերը բեր՝ կաղամբի, կարտոֆիլի, գազարի, բազուկի, բիբարի ու կանաչեղենի համար:

ՍՈՆԱ – Թասերը շատություն չարե՞ց:

ՀԱՍՄԻԿ – Քչություն արեց: Մեկն էլ պոմիդորի համար:

ՍՈՆԱ – (գնում, մի մեծ թաս է բերում): Բանջարապուրիդ համար սա էլ հերիք:

ՀԱՍՄԻԿ – Բանջարապո՞ւր… Վատ չէ: Իսկ իմ տանը թասերը քչություն չեն անում, ապագայի համար նկատի ունեցիր: (Սկսում է կտրել սոխը:) Նախ՝ սոխը:

ՍՈՆԱ – (քինոտ): Սոխի համար թաս չուզեցիր:

ՀԱՍՄԻԿ – Որովհետև սոխը կտրելուն պես լցնում ես կաթսան, թասի պետք չունի: 

ՍՈՆԱ – Իսկ ո՞ւր է կաթսան, չե՞ս բերել:

ՀԱՍՄԻԿ – Էդ մեկը ունես, անկյունի պահարանում է… ապակե կափարիչովը:

ՍՈՆԱ – Էդ որտեղի՞ց գիտես:

ՀԱՍՄԻԿ – Արդուկի տախտակը որ փնտրում էի, աչքս տեսավ:

Սոնան եփ գալով գնում, բերում է կաթսան: 

ՀԱՍՄԻԿ – Ձեթ համար էլ առանձին ասե՞մ:

ՍՈՆԱ – Կարագ ունեմ:

ՀԱՍՄԻԿ – Վաչոյիս կարագ չի կարելի: 

ՍՈՆԱ – Ես կարագով եմ եփում:

ՀԱՍՄԻԿ – Վարժվիր ձեթին: (Տեսնելով, որ նա տեղից չի շարժվում:) Ձե՜թը…

Սոնան բերում է ձեթն ու գդալը: 

ՀԱՍՄԻԿ – Ապրես, գդալի համար առանձին չես գնա: Իսկ ձեթը պիտի լցնես ոչ շատ ու ոչ էլ քիչ…

ՍՈՆԱ – Ո՞ր մեղքիս համար:

ՀԱՍՄԻԿ – Դու ինձնից լավ կիմանաս: Իսկ հիմա նայի… (Երեք գդալ ձեթ է կաթսայի մեջ լցնում, կաթսան տալիս է Սոնային:)

ՀԱՍՄԻԿ – Կրակին: Կրակը՝ մարմանդ:

Սոնան կաթսան տանում, գալիս, կանգնում է սեղանի մոտ, ակամա հիանալով Հասմիկի վարժ շարժումներով:

ՀԱՍՄԻԿ – Սոխը կտրում ես շատ մանր, Վաչոս սոխ չի սիրում, ատամին եկավ… կջղայնանա: Լավ նայի, որ հիշես… (Կտրածը տախտակով տալիս է Սոնային:) 

ՍՈՆԱ – (հնազանդ տանում է, վերադառնում դատարկ տախտակով): Եվ ինչքա՞ն է սա տևելու…

ՀԱՍՄԻԿ – Մի ամբողջ հավերժություն… կամ մինչև կանաչին լցնես արդեն եփված ճաշի վրա:

Տեսարան.

Բորշն են ուտում:

ՍՈՆԱ – Համով է…

ՀԱՍՄԻԿ – Իսկ դու ասում ես՝ բանջարապուր…

ՍՈՆԱ – Բան էր՝ ասացի: Մայրս էլ էր եփում… (Գդալը ցած է դնում:) Բայց ավելի համով:

ՀԱՍՄԻԿ – Էդպես էլ պիտի լինի՝ մոր եփածն է: Տղաս էլ որ գալիս է՝ ման, սպաս եփի, վաղը հարիսա դիր… Իսկ որ զարթնում ու գաթայի հոտը քիթն է ընկնում…

ՍՈՆԱ – Ես մտածել եմ, որ էսպես ապրելն է ճիշտ… (Ի պատասխան նրա հարցական հայացքի:) Ոնց որ ես եմ ապրում:

ՀԱՍՄԻԿ – Մենակ ապրելու ի՞նչն է ճիշտ:

ՍՈՆԱ – Եթե ճակատագիր է, ուրեմն ճիշտ է: Հորս շուտ եմ կորցրել՝ յոթերորդ դասարանում էի, որ վթարից մահացավ: Մայրս… իմ դարդից մաշվեց, հանգավ:

ՀԱՍՄԻԿ – Ամեն մեկի մահն իրենն է, դու քեզ ինչի՞ ես մեղավորեցնում:

ՍՈՆԱ – Չէր խոսում, բան չէր ասում, երբեմն հայացքն էի բռնում, նայում էր ինձ՝ աչքերում էնքան հարց ու հուսահատություն կար: Մի օր էլ չդիմացա, ասացի, որ ատում եմ դրանց ցեղն ու էլ երբեք չեմ հավատա որևէ մեկին: Էդպես էլ լուռ գնաց… Ինչո՞ւ սա պատմեցի… Մինչև մեր հանդիպելը մտածել եմ, որ որոշումս ճիշտ է ու զղջալու բան չունեմ: Բայց էս օրերին քո պատմածով տեսա ընտանիք, որտեղ մեկը իրեն նվիրում է մնացածներին՝ մինչև վերջ, երբեմն՝ հրամայական պարտադրելով, բայց ավելի շատ՝ սիրով ու գուրգուրանքով… Դու ճիշտ ես ապրել: Հիմա էլ շարունակում ես էդ ճիշտը, թեև սխալ ես, որ էրեխեքիդ դեռ չես ասել, ժամանակն է, եթե ուշացած չէ: Իրենք էս օրերին քո կողքին պիտի լինեն: Ու նույնիսկ ճիշտ ես, որ ինձ ճնշում ես…  

ՀԱՍՄԻԿ – Դու էլ գիտես, որ լավ օրից չեմ էստեղ… Իսկ էրեխեքի պահով՝ էս երկու օրը կզանգեմ, կասեմ: Ինչքան կարողացա՝ ձգեցի, բայց զգում եմ՝ ուժերս էն չեն: (Տեսնելով, որ Սոնան չի ուտում:) Քեզ ի՞նչ եղավ, գդալը վերցրու… Նիհարել ես: Կարո՞ղ է՝ իմ ճնշելուց է:

ՍՈՆԱ – Չէ, բայց քո էս արարքը ստիպում է մտածել:

ՀԱՍՄԻԿ – Լավ է, որ իմ պատճառով չես նիհարել, ավելի լավ է, որ սկսել ես մտածել… (Դավադիր:) Իսկ գուցե… լսել եմ՝ հորիզոնում հայտնվել է մեկը:

ՍՈՆԱ – (անտարբեր): Դու էլ գիտես, որ չեղած բան ես ասում:

ՀԱՍՄԻԿ – Ինչի՞ որ… 

ՍՈՆԱ – Հասմիկ…

ՀԱՍՄԻԿ – Դե, խոսում են…

ՍՈՆԱ – Միայն չասես՝ խոսողը Անելկան է:

ՀԱՍՄԻԿ – Ինքը: 

ՍՈՆԱ – Ե՞վ…

ՀԱՍՄԻԿ – Ոնց ես սիրում էդ և-ը: Եվ Շանթը:

ՍՈՆԱ – (ծիծաղում է): Վերջ տուր:

ՀԱՍՄԻԿ – Ինչի ո՞ր… Գլուխը կախ՝ իր գործին: Արտաքինն էլ ոչինչ, մի քիչ որ խնամես՝ մարդու տեսքի կգա: Քաղաքավարի է, հարգանքով… վատ սովորություններ էլ չունի… կամ լավ է թաքցնում…

ՍՈՆԱ – Ավելի լավ է՝ մի շերեփ էլ բորշ տուր:

ՀԱՍՄԻԿ – Երկու շերեփ կտամ: (Լցնում է:) Մի անգամ բերանդ վառվել է, չի նշանակում, որ…

ՍՈՆԱ – Նշանակում է…

ՀԱՍՄԻԿ – Չգիտեմ, ինձ որ հարցնես, մեր գյուղում նրա նման… (Նկատելով Սոնայի հեգնական հայացքը, սթափվում է:)… շատ կան: Իսկ Վաչոս միակն է: 

ՍՈՆԱ – Հասմիկ…

ՀԱՍՄԻԿ – (լրջանալով): Մինչև էրեխեքի գալը ինչ-որ պետք է՝ կասեմ, կսովորեցնեմ, հետո չենք հանդիպի մինչև… (Ի պատասխան Սոնայի հայացքի:) Քեզ կանչեմ:

ՍՈՆԱ – Էդքան սիրո՞ւմ ես մարդուդ:

ՀԱՍՄԻԿ – (անակնկալի եկած): Սիրե՞լ… Սիրելը ջահելության բաժինն է, մերը… ոնց ասեմ, որ հասկանաս, ուսուցչուհի ջան: Ծնողներիս հետ տասնութ տարի եմ ապրել, երեսուն տարի իր հետ եմ ապրում, էլ չասած, որ էրեխեքիս հայրն է…  

ՍՈՆԱ – Դրա համար էլ զբաղված ես նրա հետագա անձնական կյանքը դասավորելո՞վ:

ՀԱՍՄԻԿ – Չեմ հասկանում՝ պրովոկացիա ես անո՞ւմ, թե անսիրտ մեկն ես:

ՍՈՆԱ – Ճիշտը դուրդ չի՞ գալիս:

ՀԱՍՄԻԿ – Վաչոս շողացող առիթմիա ունի: Նրան ամենօրյա խնամք է պետք: Դիետա, հանգիստ, չներվայնացնել… դեղերը ժամանակին տալ, իրեն որ մնա, ոչ դեղ կխմի, ոչ էլ… 

ՍՈՆԱ – Գուցե իմ ստատուսը փոխե՞ս…

ՀԱՍՄԻԿ – Է՞դ որն է:

ՍՈՆԱ – Ոչ թե քեզ փոխարինող, այլ Վաչոյիդ համար՝ բուժքույր-խնամակալ լինեմ: Համ էլ էն աշխարհից չես խանդի:

ՀԱՍՄԻԿ – (հանցանքի պահին բռնվածի պես): Ի՞նչ խանդ, ի՞նչ ես խոսում…

ՍՈՆԱ – Կարծում ես, չեմ զգո՞ւմ… Մեկ էլ տեսար՝ խոսքիդ մեջտեղում կկծես, բա հայացքդ, որ զննում ես ինձ՝ չես էլ զգում, ոնց ես աչքերս կկոցում ու սենց սուր նայում ես…

ՀԱՍՄԻԿ – Վերջ տուր, հասկանում եմ, էսպես ես անում, որ մտքիցս ձեռ քաշեմ: Չի ստացվի, դու Հասմիկին չես ճանաչում, ես որ մտքիս դրի…

ՍՈՆԱ – Լավ, ո՞նց ես պատկերացնում, մտքինդ ո՞նց է իրականություն դառնալու:

ՀԱՍՄԻԿ – Կարծում ես, էդ մասին չեմ մտածե՞լ: Հենց որ վատանամ, դե, հասկանում ես… քեզ կկանչեմ ու իրան կասեմ՝ թե ինձ հարգում կամ սիրում ես… (Անսպասելի փլվում է:)

Դադար:

ՍՈՆԱ – Հասմիկ… 

ՀԱՍՄԻԿ – (ձեռքի շարժումով հասկացնում է՝ սուս):

Դադար:

ՍՈՆԱ – Ներիր… չափն անցա:

ՀԱՍՄԻԿ – (իրեն հավաքելով): Հա, համ խանդում եմ, համ նախանձում եմ, լինում է՝ ուզում եմ աչքերդ էլ հանեմ, բայց հետո որ հիշում եմ՝ դու կարող ես իրեն պահել իմ ուզածի պես՝ էդ ամենը անցնում է, ասես չի էլ եղել:

ՍՈՆԱ – Ուժեղ ես:

ՀԱՍՄԻԿ – Գրող եմ, ինչ ուժեղ… մահվան վախից խելքս կորցրած կնիկ եմ:

ՍՈՆԱ – Ես ոչինչ չեմ խոստանում, բայց…

ՀԱՍՄԻԿ – Բա՞յց…

ՍՈՆԱ – Ամեն ինչ կանեմ, որ սիրտդ հանգիստ լինի:

ՀԱՍՄԻԿ – (դադարից հետո, ասես ոչինչ չի եղել): Վաղը բաղարջ ենք թխելու: Հատուկ ռեցեպտ է՝ խոլեստերինը չբարձրանա: (Տեղից ելնում է:) Բորշդ կեր, վերջացրու…

ՍՈՆԱ – Իսկ դու համարյա չկերար…

ՀԱՍՄԻԿ – Իմ կերածին կերած չի հասնի: (Գնում է, վերցնելով պայուսակը:)

Սոնան նայում է ափսեին, քշում մի կողմ: 

Տեսարան.

Ներս է ընկնում Անելկան:

ՍՈՆԱ – Բորշ կուտե՞ս:

ԱՆԵԼԿԱ – (անտեսելով հարցը, նստում է Հասմիկի տեղը): Ի՞նչ է կատարվում էստեղ…

ՍՈՆԱ – (շուրջը նայելով): Էստե՞ղ…

ԱՆԵԼԿԱ – Ու քեզ հետ:

ՍՈՆԱ – Ի՞նչ ես ուզում իմանալ:

ԱՆԵԼԿԱ – Սիրտս լավ բան չի գուշակում, արդեն գլուխս պայթում է, որ մտածում եմ…

ՍՈՆԱ – Սիրտդ, գլուխդ… հաջորդը ո՞րն է:

ԱՆԵԼԿԱ – Համբերությունս, որ պրծնելու վրա է: Ի՞նչ է ուզում քեզնից էդ… 

ՍՈՆԱ – (կանխելով՝ խիստ): Հասմիկը:

ԱՆԵԼԿԱ – Տունդ ջրի ճամփա է սարքել, օր կա՝ երկու անգամ է հայտնվում… Սոնա, երդվում եմ, ասածդ` ըհը… (Բերանը կարելու նշան է անում:) Մարդ չի իմանա, միայն ասա…

ՍՈՆԱ – (կարճ մտորելուց հետո): Իրեն փոխարինող է պատրաստում:

ԱՆԵԼԿԱ – (դադարից հետո): Էդ ո՞րն է:

ՍՈՆԱ – Իրեն փոխարինող…

ԱՆԵԼԿԱ – Նորմալ բառերով ասա:

ՍՈՆԱ – Առաջարկություն է արել:

ԱՆԵԼԿԱ – Ի՞նչ առաջարկություն:

ՍՈՆԱ – Ամուսնության:

ԱՆԵԼԿԱ – Ո՞ւմ:

ՍՈՆԱ – Ինձ:

ԱՆԵԼԿԱ – Ո՞ւմ հետ:

ՍՈՆԱ – Վաչոյի:

ԱՆԵԼԿԱ – Ճիշտ լսեցի՞…

ՍՈՆԱ – (գլխով է անում):

ԱՆԵԼԿԱ – Իսկ դո՞ւ:

ՍՈՆԱ – Շալվար արդուկել եմ սովորում, բորշ եփել… 

ԱՆԵԼԿԱ – Քոռանամ ես… Փաստորեն ընդունել ես էդ… հատուկ առաջա՞րկը:

ՍՈՆԱ – Լավ ասիր՝ հատուկ առաջարկ: Չէ, իհարկե, դեռ չեմ գժվել:

ԱՆԵԼԿԱ – Բա ինչո՞ւ… (Ցույց է տալիս ափսեները:) 

ՍՈՆԱ – Իսկ ի՞նչ անեմ, էսօր-վաղը մեռնող մարդուն ո՞նց մերժեմ… Հա, չլինելու բան է ասածը, բայց ինքը որ էդ մտքով է ապրում, ինչ իմանամ՝ գուցե ավելի հե՞շտ է տանում իր ցավը:

ԱՆԵԼԿԱ – Հասկացա՝ մերժել չես կարողացել, բա հետո՞…

ՍՈՆԱ – Համենայնդեպս, ոչ մեկը էն աշխարհից չի հետևել ու չգիտե՝ իրենից հետո ինչ է լինում:

ԱՆԵԼԿԱ – Հիմա հասկացա: 

ՍՈՆԱ – Ի՞նչ հասկացար:

ԱՆԵԼԿԱ – Ինքը հանգիստ սրտով կմեռնի, դու էլ հանգիստ սրտով կգնաս քո գործին:

ՍՈՆԱ – Շա՞տ դաժան է…

ԱՆԵԼԿԱ – Չէ, լավ բան ես մտածել… 

ՍՈՆԱ – Շատ վատ բան եմ մտածել, բայց ուրիշ տարբերակ կա՞… Չկա:

ԱՆԵԼԿԱ – (դեռ իմացածի տպավորության տակ է): Ո՞ւմ մտքով կանցներ… Ախր Վաչոյին մեկը ժպտար՝ Հասմիկը մազերը կպոկեր, ու հիմա կամավոր տալիս է քե՞զ: (Տեղից ելնում է:) Տիկ-տոկից հետո կարծում էի՝ էլ բանի վրա զարմացող չեմ, բայց Հասմիկը չզարմացրեց՝ ցնցեց… (Գնում է՝ քթի տակ քրթմնջալով:) Էս առիթով ստատուս կգրվի՞ որ…

Տեսարան.

Սոնան մի կողմից է գալիս, մյուս կողմից՝ Շանթը:

Սոնան տեսնելով նրան՝ արագացնում է քայլերը, որ տուն մտնի, բայց Շանթը կանխում՝ հասնում է նրան: 

ՇԱՆԹ – Բարև, օրիորդ Սոնա:

ՍՈՆԱ – Բարև, ինձ ընկեր Սոնա են ասում:

ՇԱՆԹ – Համաձայն չեմ, ուսուցիչը ի՞նչ ընկեր, նա պատվանդանի վրան է, տարածություն պիտի լինի, ձեր խոսքով՝ դիստանցիա:

ՍՈՆԱ – Այսինքն՝ երբ ասում եք օրիորդ՝ շեշտելով ընտանեկան կարգավիճակս, միաժամանակ պատվանդանի՞ն եք կանգնեցնում:

ՇԱՆԹ – Չէ, իհարկե… այսինքն՝ անշուշտ… (Շփոթված:) Նկատի ունեի…

ՍՈՆԱ – Կարևոր չէ: Ուրախ էի ձեզ տեսնել: Ցտեսություն: 

ՇԱՆԹ – Սպասեք: (Սոնան սպասողական նայում է:) Ես հատուկ կսպասեի ձեզի տեսնելու համար:

ՍՈՆԱ – (կտրուկ): Հատուկ…

ՇԱՆԹ – Այո:

ՍՈՆԱ – (մի պահ լռում է, քննախույզ նայում, սադրող տոնով): Ձեզ դուր եմ գալիս:

ՇԱՆԹ — …

ՍՈՆԱ – Հիմա դուք սիրահետո՞ւմ եք:

ՇԱՆԹ – Բայց ինչո՞ւ այդպես ագրեսիվ:

ՍՈՆԱ – Այսքան ժամանակ է՝ էստեղ եք, ինչո՞ւ հիմա որոշեցիք սիրահետել: 

ՇԱՆԹ – Գուցե մեկ այլ անգամ, երբ տրամադրություն կունենաք, զրուցենք…

ՍՈՆԱ – Մյուս անգամ ավելի վատ կլինի, էնպես որ՝ հիմա:

ՇԱՆԹ – Ասիկա ճնշում է:

ՍՈՆԱ – Բա մենակ ինձ ճնշե՞ն: Հարցս հիշո՞ւմ եք:

ՇԱՆԹ – Հասկըցա… Այն օրը, երբ կանգնել էիք Սաքոյի արհեստանոցի փակ դռան առաջ:

ՍՈՆԱ – Հիշում եմ…

ՇԱՆԹ – Այնպես անպաշտպան, անօգնական էիք… կայծավելը դնում էիք գետնին, հետո բարձրացնում, նայում էիք ձեր շուրջը… նորից դնում էիք գետնին…

ՍՈՆԱ – Ե՞վ…

ՇԱՆԹ – Սիրտս մղկտաց. ձեզի պես կինը չպիտի փողոց ելնի կայծավելին հետ… առավել ևս՝ չմնանալով՝ ինչ ընել իրան հետ: Ձեզի պես արժանավայել կինը պիտի թեթևասահ անցնի փողոցով, իսկ կայծավելն ու մնացած բեռները մեկ ուրիշը պիտի բռնէ:

ՍՈՆԱ – Դուք…

ՇԱՆԹ – Կյանքումս ադ սարքը մոտիկեն տեսած չէի, բայց հանձն առա, տուն տարա, մի քանի օր համացանցէն ամեն տեսակ տեղեկատվություն հավաքեցի ու կարողացա նորոգել: Եվ ադ ընթացքում անընդհատ ձեզի հետ մտովի կզրուցեի… կուզեի հասկնալ՝ ինչու մենակ եք և ինչու մինչև այդ հիշարժան օրը ձեզի նկատած չէի…

ՍՈՆԱ – (որ սկզբում ծաղրելու մտադրություն ուներ, ընթացքում լրջանում է): Ներեցեք, որ ձեր հարցերին պատասխան չունեմ: (Շրջվում է՝ գնում:) 

ՇԱՆԹ – (նրա թիկունքին): Բայց ադիկա չի նշանակե, որ պատասխան չկա…

Տեսարան.

Սոնան տնային գործով է զբաղված: Ներս է մտնում Հասմիկը: 

ՍՈՆԱ – (չսպասելով նրա բարևին անգամ, շտապով): Ինչ լավ է՝ եկար, քեզ բան պիտի ասեմ… Երկար եմ մտածել, ու հասկացա, որ պիտի ասեմ…

ՀԱՍՄԻԿ – (չլսելով նրան): Շտապում եմ… (Տետր է տալիս:) Էստեղ ճաշերի ռեցեպտներն են… (Մի այլ թուղթ է տալիս:) Էս էլ դեղերի ցուցակը՝ որը երբ ու ինչ հերթականությամբ պիտի խմի: Դեղ կա՝ մի երկու ամիս դադար պիտի տաս, հետո պիտի շարունակի… Էս էլ բժիշկի համարն է, տասը տարի է՝ իր հիվանդն է…

ՍՈՆԱ – Հասմիկ, ինձ լսի…

ՀԱՍՄԻԿ – Դո՛ւ ինձ լսի, տղաս հարսիս ու թոռանս հետ ճանապարհին են, վաղը աղջիկս կգա… Էլ առաջվա ժամանակը չունենք, էստեղ ամեն ինչ գրել եմ…

ՍՈՆԱ – Լավ, գոնե թող հարցնեմ…

ՀԱՍՄԻԿ – (դեպի դուռը գնալով): Վաղը Գերմանիայից պատասխանը ստանալու եմ: Հեքիաթի չեմ հավատում, էնպես որ, Վաչոյիս լավ կնայես: (Դուրս է գնում:)

ՍՈՆԱ – (տետրն ու թուղթը դնում է ՛՛Մտածողի՛՛ կողքին, դիմում նրան): Էսպես որ գնա, մեկ էլ տեսար՝ համոզեց… (Սկսում է հիստերիկ ծիծաղել:)

Տեսարան.

Սոնան տետրերն է ստուգում: Հայտնվում է Անելկան՝ անսովոր լուրջ:

ՍՈՆԱ – (ուրախ): Իմացա՞ր… պատասխանը եկել է, պարզվում է՝ բարորակ ուռուցք է: 

ԱՆԵԼԿԱ – Իմացա:

ՍՈՆԱ – Զանգեց, ասում է՝ հիմա նորից պիտի սովորեմ ապրել: Ու ծիծաղում է, պարզվում է, շատ լավ ծիծաղել գիտի: Ինչ ուզում ես ասա՝ Հասմիկը սովորական կին չէ: Ճիշտ է, մի շաբաթ կյանքս էն ուտելը կերավ՝ մինչև կյանքիս վերջ մոռացողը չեմ: Բայց նաև էնքան բան սովորեցրեց… 

ԱՆԵԼԿԱ – (իրեն ոչ հատուկ զուսպ տոնով): Ե՞րբ զանգեց: 

ՍՈՆԱ – Մի ժամ կլինի… Ասաց՝ էրեխեքս ուրախությունից տրտինգ են տալիս, ես էլ քեզ եմ զանգում, գիտեմ, որ կուրախանաս մի այլ կարգի… Դե հա, ես էլ ուրախանալու իմ պատճառն ունեմ…

ԱՆԵԼԿԱ – Իսկ Վաչո՞ն…

ՍՈՆԱ – (չի նկատում Անելկայի վիճակը): Տանը չէր: Հասմիկն ասաց՝ տուն գա, նոր կասեմ: Պատկերացնում եմ, հիմա նրանց տանը ինչ է կատարվում:

ԱՆԵԼԿԱ – (բազմանշանակ): Չես պատկերացնում:

ՍՈՆԱ – (Սոնան վերջապես ուշադիր նայում է Անելկային): Ինչի՞ որ… (Ի պատասխան նրա շփոթված տեսքին:) Ի՞նչ է պատահել… Անահի՞տ, ձեն հանի…

ԱՆԵԼԿԱ – Վաչոն…

ՍՈՆԱ – Վաչոն՝ ի՞նչ:

ԱՆԵԼԿԱ – Տուն է մտել, բոլորը իրար հերթ չտալով աչքալուսանք են տվել… (Դադար:)

ՍՈՆԱ – Ե՞վ…

ԱՆԵԼԿԱ – Ինսուլտ: 

ՍՈՆԱ – Չէ… 

ԱՆԵԼԿԱ – Ուրախությունից սիրտը չի դիմացել…

Դադար: Սոնան լսածից դեռ ուշքի չեկած, շուրջն է նայում, աչքն ընկնում է ՛՛Մտածողի՛՛ կողքի տետրին ու թղթին: Մոտենում, շոշափում է դրանք, նայում է քանդակին՝ ՛՛Ի՞նչ կասես՛՛… Գնում է կողքի սենյակ, Անելկան տեղից ելնում, ստուգում է դարակի թղթերը, բացում է տետրը, այդ պահին հայտնվում է առաջին տեսարանում նույն թեթև վերարկուն հագած Սոնան, ձեռքին՝ սև գլխաշոր: Անելկան շտապով փակում է տետրը, արագ հեռանում դարակի մոտից: 

ԱՆԵԼԿԱ – Էդ… ո՞ւր:

ՍՈՆԱ – Հիմա Հասմիկի կողքին պիտի լինեմ: 

ՍՈՆԱ – Հա, ճիշտ ես մտածել…

ԱՆԵԼԿԱ – Էն օրը հարցրի՝ էդքան սիրո՞ւմ ես մարդուդ, ուղիղ պատասխան չտվեց, բայց էս օրերին ինչ որ նա արեց ու ասեց, հարցիս ամենաուղիղ պատասխանն էր:  

ԱՆԵԼԿԱ – Ես էլ գա՞մ: Մեկն էլ քո կողքին պիտի լինի, չէ՞…

ՍՈՆԱ – Արի:

ԱՆԵԼԿԱ – Մի րոպե… (Հանում է հեռախոսը, հեգելով գրում է): Սիրո ապացույցը բառերը չեն, սիրո ապացույցը արարքն է:-Անելկա38: (Հեռախոսը դնում է գրպանը:) Այ, հիմա գնացինք: Ճանապարհին վարդեր վերցնենք: (Սոնան հաստատական գլխով է անում: Իբր՝ միամիտ:) Շանթից վերցնե՞նք:

ՍՈՆԱ – (դադարից հետո՝ կամաց): Իսկ ինչո՞ւ ոչ… (Դուրս է գնում:)

Անելկան ուսերը թոթվելով հետևում է նրան:

Գաղափարը՝ Տիգրան ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Օրիգինալ տեքստը՝ Կարինե ԽՈԴԻԿՅԱՆԻ

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։