ՔԱՐԱՎԵԺ / Հրաչ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Կիլիկյան Հայաստան, 12-րդ դարի վերջ: Հայաստանը նորից հայտնվել է Արևելքի և Արևմուտքի հակասությունների ու շահերի մեջտեղում և փորձում է իր տեղը գտնել այդ տիրույթում: Հայկական իշխանապետությունն անկախացել է Բյուզանդիայից, զարգանում ու հզորանում է, սակայն Արևելքի ու Արևմուտքի գերտերությունները չեն կարող ու չեն ցանկանում չխառնվել Հայոց իշխանապետության գործերին: Հայոց իշխան Լևոն Մեծը այդ հակասություններից օգտվելով փորձում է իր իշխանապետությունը վերածել թագավորության և թագ ստանալ: Սակայն նրանք դրա դիմաց պահանջում են Հայ Առաքելական եկեղեցու ինքնագլխությունը թուլացնել ու Եկեղեցին ենթարկել կաթոլիկներին: Դրան համաձայն չեն Բուն Հայաստանի հայոց վարդապետների մեծ մասը և Հայոց կաթողիկոսը:

(Պատմական դրամա)

Գործող անձինք

ԼԵՎՈՆ — Իշխանաց իշխան Հայոց Կիլիկիո

ԱՆՆԱ — Իշխանուհի

ՎԱՀՐԱՄ — Իշխան, որ զբաղվում է արտաքին հարաբերություններով

ՀԵԹՈՒՄ — Սպարապետ (Գունդստաբլ)

ՓԱՐԵԼԻ — մանկամարդ կին, Հեթում սպարապետի կինը

ԳՐԻԳՈՐ ԱՊԻՐԱՏ — մոտ 70 տարեկան իշխանատենչ եպիսկոպոս

ՆԵՐՍԵՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ — մոտ 45 տարեկան եպիսկոպոս, խելացի, զգուշավոր ու հեռատես հոգևորական

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍՍԵՑԻ — 55-60 տարեկան, բռնկուն բնավորությամբ, բիրտ ուժի կողմնակից եպիսկոպոս

ՔԱՐԱՎԵԺ — Հայոց հայրապետ, 20-25 տարեկան երիտասարդ, խելացի, բայց միամիտ, անփորձ, հայրենասեր

ԱԲԵՂԱ — մոտ 20 տարեկան, երիտասարդ կուսակրոն

ՇԱՀՆՇԱՀ — անորոշ տարիքի իշխան

ԳԱԳԻԿ — անորոշ տարիքի իշխան

ՄԱՐԻԱՄ — Քարավեժի մայրը

ՍԵՆԵԿԱՊԵՏ — միջին տարիքի պալատական ծառայող

ԶԻՆՎՈՐՆԵՐ

ՄՈՒՆԵՏԻԿԻ ՁԱՅՆԸ

ՎԱՐԴԻ ՁԱՅՆԸ

ՁԱՅՆ — տարբեր դրվագներում տարբեր կերպ է հնչում՝ հաստ կամ բարակ, կնոջ կամ տղամարդու, շողոքորթ կամ հրամայող, համոզող կամ խնդրող: Ամեն անգամ հնչում է տարբեր տեղերից:

ՏԵՍԱՐԱՆ 1

Վանականի խուց՝ սև քարե պատերով, քարե հատակով: Պատին՝ աղոտ վառվող ջահ: Փայտե սեղանի մոտ նստած է Գրիգոր Ապիրատը՝ գլուխը կրծքին խոնարհած, փակ աչքերով: Սեղանին այրվող մոմ է:

ԱՊԻՐԱՏ — (քաշում է աղոթնոցի հատիկները, նախ դանդաղ, ապա ավելի արագ, հետո ընդոստ վեր է կենում տեղից: Վախեցած ու տագնապած): Ետևս գնա, սատանա:

ՁԱՅՆ — (բարակ, մի քիչ ճղճղան տղամարդու ձայն: Հնչում է վերևից: Խրատելով): Դու ասում ես՝ ետևս գնա, սակայն լավ գիտես, որ ես ապրում եմ մարդկանց կրքերի մեջ:

ԱՊԻՐԱՏ — (ձեռքերը շարժում է՝ ասես սատանային հեռացնելու համար ու դարձյալ տագնապած): Չար ժամ, չար ուժ, հարձակում չարի, Տեր, ողորմիր, օգնի՛ր, Տիրամայր: Օգնիր, Մայր Լուսոյ:

ՁԱՅՆ — (նույն հանգով: Այս անգամ՝ ներքևի կողմից է հնչում) Ես փառքի ու փառասիրության հետ կբազմեմ քո սրտի գահին: Դու կաթողիկոսի գահն ես փափագում, իսկ ես՝ քո սիրտը: Դու գանձ ու հարստություն ես տենչում, ես այդ բոլորը կտամ քեզ և քեզ կշրջապատեմ արծաթասիրության կրքով, կշրջապատեմ բոլոր կողմերից: Քեզ կտամ արծաթ, ոսկի կտամ, քո սիրածներն են, չէ՞:

ԱՊԻՐԱՏ — (աղոթնոցի հատիկներն արագ քաշելով ծնկի է իջնում): Ետևս գնա, սատանա: Ես ինքս գանձ կտամ նրան, ով ինձ կտա կաթողիկոսի գահը:

ՁԱՅՆ — (ծաղրելով: Տղամարդու բարակ ձայնով): Ախր ձեզ՝ կուսակրոններիդ, պատվիրված է անարծաթ լինել: Ախր դու ձեռնադրվելիս հրաժարվել ես աշխարհից ու անընչության երդում տվել:

ԱՊԻՐԱՏ — Ասա՝ աշխարհում կա՞ որևէ մարդ, որ փառք չի սիրում, չի սիրում արծաթ: (Խաչակնքվում է, նայում պատին ընկած իր ստվերին, հետո ոտքի է կանգնում:) Ետևս գնա, սատանա… (Ինքն իրեն համոզելով:) Չէ, ջահի շողքն է սև պատի վրա: Այս քանի օրը այնքան եմ մտածել, որ աղոթքի ժամանակ չարը հարձակվում է վրաս: Ա՜խ, մանուկ կաթողիկոս, ա՜խ, հայրապետ մանուկ ու անհանճար: Ա՜խ, հայոց իշխանապետ  անհեռատես: Ո՞վ է տեսել, որ իմաստնությունն ու փորձը թողած (ձեռքով իրեն է ցույց տալիս)՝ մանուկ ու անփորձ տղային բազմեցնեն հայոց հայրապետական Աթոռին: (Մոտենում, երկու մատով  ուղղում է սեզանին այրվող մոմի մոմի պատրույգը: Բոցը դաղում է մատները: Թափ է տալիս ձեռքը: Ինքն իրեն խրատելով:) Նույնիսկ մոմն է իր թույլ բոցով այրում, եթե մերկ մատներով հպվում ես նրան: Դու պայքարի մեջ ես մտել, ուրեմն պիտի տոկաս ու տանես բոլոր փորձությունները: Հայրապետի աթոռը բաղձանքդ է եղել քո ողջ կյանքում: Ձեռնադրվելուցդ ի վեր երազել ես Հայոց հայրապետ դառնալ, հաճախ թվացել է՝ մոտ ես երազանքիդ, բայց այն փախել է քեզանից, ինչպես հրաշք թռչունը՝ երազանքիդ:

ՁԱՅՆ — (հաստատուն, մի քիչ անտարբեր ասես աղոթք կարդացող հոգևորականի հանգով, աջ կողմից): Կուսակրոններին և բոլոր քրիստոնյաներին պատվիրված է արհամարհել աշխարհական փառքը, հեռու մնալ գովասանքից ու պատիվներից:

ԱՊԻՐԱՏ — (ընդդիմանալով): Դաս մի տա: Մի՞թե Աստված չգիտի, թե որքան քաղցր է աշխարհական փառքը: Այդ փառքն Աստված կտա, թե սատանան, մեղա Աստծո, (խաչակնքվում է, աղոթնոցը փաթաթում բազուկին), մեկ է, քաղցր է: (Սրտնեղած:) Ինչ եղան, է՜… (Դաղած մատը տանում է բերանը, հետո հայացքն ուղղում է խցի դռանը:) Աստված չգիտի՞, թե որքան բաղձալի է աթոռը, լինի արքայական գահ, թե հայրապետական աթոռ: Իսկ Աթոռին բազմած Վահրամ Գրիգորը տակավին տղա է: Տղան ի՞նչ է հասկանում աշխարհի վերուդիրից: Փառք, իշխանություն, պատիվ  միանգամից լցվել են գլխին ու ինքն այդ ամենն իրեն է վերագրում: Չի հասկանում, որ Իշխանն է իրեն տվել այդ պաշտոնը: Տվել է, որպեսզի իրեն ծառայի:  Հայրենիք… երկիր… ժողովուրդ… հավատավոր հո՜տ… Աստվա՜ծ… (Խաչակնքվում  է արագ:) Մեղա Աստուծոյ…

ՁԱՅՆ — (Մարիամի ձայնով, աղոթքի հանգով): Տեր, պահպանիր իմ երեխային: Կաթողիկոս, հայոց հայրապետ, նրա մանուկ ուսերին այդքան ծանրություն են դրել: Ես գիտեմ նրա փափուկ սիրտը, ես գիտեմ, թե որքան է սիրում նա Քեզ, Տեր, ես գիտեմ, թե նա որքան է սիրում Հայրենիքն ու եկեղեցին Առաքելական: Գիտեմ նաև, թե որքան են նախանձում նրան: Սուրբ Տիրամայր, Որդուդ առաջ բարեխոսիր որդուս համար:

ԱՊԻՐԱՏ — (լսում է աղոթքը, նյարդային թափահարում է ձեռքերը): Է՜, էլի այս ձայնը: Ինչեր է խաղում գլխիս: Գտել է թույլ տեղս ու հարվածում է անընդհատ: Ետևս գնա:

ՁԱՅՆ — (անպատկառ քրքիջ):

ԱՊԻՐԱՏ — Գոնե պատկառանք ունեցիր և մորը մի ծաղրիր: Մայր է ախր:

ՁԱՅՆԸ — Պատկառա՞նք: Պատկառանք ումի՞ց, մարդկանցից, թե՞ Աստծուց: (Քրքջում է:)

ԱՊԻՐԱՏ — (կասկածանքով): Կարո՞ղ է՝ կորցնում եմ բանականությունս: Տեր, ողորմիր:

Դուռը բախում են

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍՍԵՑԻ — (դռան ետևից): Մեր սուրբ հայրերի աղոթքներով ողորմիր մեզ:

ԱՊԻՐԱՏ — Ամեն:

Ներս է մտնում Հովհաննեսը, առաջ է գալիս, խոնարհվում Ապիրատի առաջ:

ԱՊԻՐԱՏ — (ինքն է խոնարհվում ու գրկախառնվում Հովհաննեսի հետ):

Նստում են, լռում: Ամեն մեկն իր թևին փաթաթած աղոթնոցի հատիկներն է շարժում:

ԱՊԻՐԱՏ — (վեր է կենում, պատին մի նոր ջահ է ավելացնում: Սենյակն ավելի է լուսավորվում):

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Տագնապալի լուր Հռոմկլայից:

ԱՊԻՐԱՏ — Իրա՞վ, ի՞նչ տագնապ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Երկրիս համար վատ, իսկ մեզ համար՝ լավ: (Փորձող հայացքով նայում է Ապիրատին:)

ԱՊԻՐԱՏ — (հետաքրքրված): Երկրիս համար վա՞տ: Թշնամական բանակնե՞ր են գալիս Կիլիկիո վրա: Ասենք ի՞նչ եմ ասում, թշնամական բանակները բոլորի համար են վատ՝ լինեն աշխարհական, թե հոգևոր, թշնամական հարձակումը միշտ վատ է բոլորի համար:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Չէ, Հռոմի պապը և լատինները թուղթ են առաքել առ իշխանը հայոց:

ԱՊԻՐԱՏ — (հետաքրքրված): Եվ ի՞նչ են ուզում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Ուզում են մեր սուրբ եկեղեցին իրենց ենթարկել: Ենթարկել խաղաղ, հնազանդեցնել ժպիտով, այնպես, իբր մենք ենք այդ ուզում:

ԱՊԻՐԱՏ — Է, դա չի՞ ուզում Հայոց իշխանը: (Քմծիծաղով:) Իբր ես ու դու դա չե՞նք ուզում: Միանանք, պրծնենք:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Պրծնենք՝ ինչի՞ց:

ԱՊԻՐԱՏ — Պայքարից, ինչի՞ց: Մենք ամեն բան թողած կռվում ենք, պայքարում, որ հայ մնանք, որ մեր եկեղեցին չխառնվի հունական կամ լատինական եկեղեցուն: Կռվում ենք, որ հավատի տունը ամուր պահենք, որ լատինը, բյուզանդացին, մահմեդականը… չգան, մեր ունացածը ոտնատակ անեն: Կմիանանք, Պապի թևի տակ ապահով կլինենք, կիմանանք՝ ոչ ոք մեզ վրա սուր չի քաշի: Հո չե՞նք դադարի հայ լինելուց, հո չե՞նք դադարի քրիստոնյա լինելուց: Քրիստոս ամեն տեղ նույնն է, երեկ և այսօր նույն և հավիտյան: (Խաչակնքվում է:) Թե չէ, ամբողջ աշխարհը մի կողմ մենք՝ մի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Չգիտեմ, չգիտեմ, կարծես իշխանն էլ է դա ուզում, բայց եկեղեցուն հանդարտություն բերելու համար նախ տղային պիտի հեռացնենք ճամփից, առաջ կաթողիկոսական աթոռը պիտի մաքրենք: Հետո… Հետո մի բան կմտածենք:

ԱՊԻՐԱՏ — (մտածում է): Թո՞ւղթ է եկել, ասում ես, նամա՞կ՝ ասում ես: Լուրը ստո՞ւյգ է, ուսկի՞ց իմացար:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — (նեղացած): Ե՞րբ եմ անստույգ լուրեր հայտնել քեզ: Ինչպե՞ս իմացա: Հը՛մ, դա ե՛ս գիտեմ: Հովհաննես սրբազանն ամեն տեղ իր մարդիկն ունի: Ի՞նչ ես մտածում մանուկի մասին:

ԱՊԻՐԱՏ — Թող Ներսես սրբազանն էլ գա…

Լռում են: Ամեն մեկն իր աղոթնոցով աղոթում է մտքում: Հանկարծ պատին ամրացրած ջահերից մեկը ուժեղ ճթթոց է հանում: Երկուսն էլ վեր են թռչում վախեցած:

ԱՊԻՐԱՏ — Ետևս գնա:

ՁԱՅՆ — (կնոջ ձայնով քրքջում է բարձր ու անպատկառ):

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Այ քեզ չար ժամ…

Երկուսն էլ ծիծաղում են նյարդային: Դուռը բախում են զգույշ:

ՆԵՐՍԵՍ — (դրսից, վախվորած): Մեր սուրբ հայրերի աղոթքներով ողորմիր մեզ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — (Ապիրատից առաջ ընկնելով ու մի քայլ դեպի դուռն անելով): Ամեն:

ԱՊԻՐԱՏ — (ավելի ցածր ձայնով): Ամեն:

ՆԵՐՍԵՍ — (ներս է գալիս, խոնարհություն է անում ու վարանած կանգնում է մուտքի մոտ):

ԱՊԻՐԱՏ — Ի՞նչ եղար, օրհնած, սպասեցինք շատ: (Ձեռքով ցույց է տալիս սեղանի մոտ դրած իշոտնուկը:)

ՆԵՐՍԵՍ — (նայում է շուրջբոլորը, զգուշորեն նստում իշոտնուկի ծայրին): Մարդաշատ են փողոցները, տեր, սպասեցի՝ ոտքը կտրվեց, ստվերների միջով եկա, աննկատ լինելու համար:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Ինչո՞ւ ես վախենում, դավադի՜ր ես, ի՞նչ ես: (Նստում է Ներսեսի կողքին:)

ԱՊԻՐԱՏ — (պատին վառվող երկու ջահերի կողքին մեկն էլ է ավելացնում, գալիս, նստում է նրանց դիմաց, հոգոց է հանում): Ի՞նչ անենք հիմա:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Նամակ գրենք իշխանապետին, բացատրենք, համոզենք:

ՆԵՐՍԵՍ — Նամա՞կ: Ախր արդեն երեք նամակ ենք գրել ու Սսից մեզ ոչինչ չեն պատասխանել: Այս անգամ ի՞նչ գրենք: Ասել ենք՝ հպարտ է կաթողիկոսի գահին նստածը, ինքնասածի է` ասել ենք, տաքարյուն է, հաշվի չի առնում հոգևոր հայրերին և Հայոց երկրի շահերը հաշվի չի առնում: Ոչ միայն աշխարհիկ իշխանը, այլև հոգևոր իշխանը պիտի դիվանագետ լինի, փոխզիջման գնա: Գրել ենք ախր, ուրիշ ի՞նչ գրենք:

ԱՊԻՐԱՏ — (խրատող տոնով): Մեխը մի զարկով չի մտնում տախտակի մեջ, սրբազան, նույն տեղին էլի պիտի զարկես: Զարկես այնքան, մինչև տախտակը ծակվի:

ՆԵՐՍԵՍ — Իսկ եթե մեխը ծռվի՞:

ԱՊԻՐԱՏ — Դա արդեն Աստծո կամքն է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — (կարճ մտորումից հետո): Կնամոլ է՝ գրենք:

ՆԵՐՍԵՍ — (թույլ ընդդիմանալով): Չէ՜, ճիշտ չէ, ախր:

ԱՊԻՐԱՏ — Իբր մնացած ամեն բան ճի՞շտ է: Երբ գրում ես, մուր ես քսում թղթի վրա, մուր ես քսում ամբաստանվողի դեմքին: Իզուր տե՞ղն ես քսում, այդ երեսը շա՞տ է սպիտակ: Ի՜նչ կարևոր է, քո գործը սևացնելն է: Մինչև օճառ գտնի, մինչև լվա, մինչև… Եթե մուրն էլ մաքրվի, մրի հիշողությունը միշտ մնալու է մարդկանց մեջ: Եվ մրոտվածն այլ բան չի մտածելու՝ իրեն մաքրելուց բացի: Մտածելու ժամանակ էլ չի ունենալու:

ՆԵՐՍԵՍ — Սակայն…

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Էլ ի՞նչ սակայն:

ՆԵՐՍԵՍ — Չի կարելի այդ մեղադրանքը գրել:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — (նեղսրտած): Ինչո՞ւ, ի՞նչ տարբերություն, սուտը սուտ է, ստի մեծն ու փոքրը չկա: Աստվա՞ծ՝ ասում ես… (Խաչակնքվում է:) Հենց մեր գործը հաջողենք՝ մանուկ կաթողիկոսին գահընկեց անենք, ապաշխարության քառասունք կանցնենք:

ՆԵՐՍԵՍ — Չէ, չէ, դա իր հերթին: Ուղղակի պետք չէ Հայոց հայրապետին ու նրա պաշտոնն այդքան սևացնել: Այսօր աթոռին մանուկ է նստած, վաղը ծերունի կլինի, եթե մարդու դեմքից դժվար է մաքրել մուրը, աթոռի մուրը՝ առավել ևս:

ԱՊԻՐԱՏ — Ուրեմն ուրիշ ի՞նչ անենք:

ՆԵՐՍԵՍ — Գրենք, որ կաթողիկոսի նստավայրում կին է բնակվում:

ԱՊԻՐԱՏ — Իրա՞վ է:

ՆԵՐՍԵՍ — Կաթողիկոսի մայրը: Արդեն երեք ամիս նրա մոտ է:

ԱՊԻՐԱՏ — Բայց նրա մայրն է: Երևի խնամող չունի:

ՆԵՐՍԵՍ — Կին չէ՞: Կինը կին է, հայոց հայրապետանոցում ի՞նչ գործ ունի կինը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Լևոն իշխանը վաղուց զղջացել է այդ երեխային այդքան վստահելու համար: Ուղղակի չի ուզում Արևելյան կողմանց եպիսկոպոսների համակրանքը կորցնել:

ՆԵՐՍԵՍ — Արևելյանք… Նրանց ի՞նչ կա: Նրանք և՛ իշխանապետից են հեռու, և՛ մանուկ կաթողիկոսի քմահաճությունից, և՛ լատինների նենգությունից ու դավերից:

ԱՊԻՐԱՏ — Ասում են՝ լատիններն ու ուղղափառները նրանց էլ հանգիստ չեն տալիս: Ամեն բան անում են, որ Հայոց եկեղեցու ինքնագլխությունը վերանա և մենք միանանք իրենց:

ՆԵՐՍԵՍ — Իրենց՝ ո՞ւմ:

ԱՊԻՐԱՏ — Նրանցից ամեն մեկն իրեն է ճշմարիտ քրիստոնյա համարում և ուզում է, որ մենք մոռանանք առաքյալներից ստացած պատվերն ու դառնանք իրենցից մեկի կցորդը: Բայց դա հետագայի հարց է, հիմա պիտի հայոց կաթողիկոսի գահն ազատել այդ անհանճար երեխայից ու տալ արժանավոր մեկին:

Լռում են: Միայն վառվող ջահերի ճթճթոցն է լսվում և նրանց տեր ողորմյաների հատիկների չխկչխկոցը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — (Ապիրատին): Դու ես երիցագույնը մեր մեջ, իսկ ի՞նչ կլինի, եթե անձամբ գնաս իշխանապետի մոտ: Գնաս, շարադրես մանրամասն, շահագրգռես Լևոն իշխանաց իշխանին: Ասես, որ մի փոքր զիջումը լատիններին մեր իշխանապետությունը կարող է թագավորության վերածել: Ասես՝ Հայոց եկեղեցուն անարժան ու անկարող, ինքնասածի ու անհեռատես հայրապետ պետք չէ: Այն, ինչ չի կարողանում և չի ուզում  անել այդ անհանճար մանուկը, կանի հաջորդ գահակալը: Մեզ վճռական հովվապետ է հարկավոր: (Ասում է՝ ակնհայտորեն իրեն ի նկատի ունենալով:)

ՆԵՐՍԵՍ — (չի հակադարձում, բայց իրեն նկատի ունենալով): Եկեղեցին, մանավանդ այս դժվար ժամանակ, իմաստուն, զգուշավոր սառն ու անկիրք մարդ պիտի ղեկավարի:

ԱՊԻՐԱՏ — Իսկ եթե իշխանը հարցնի, թե ո՛վ է այդ մեկը:

Լռում են: Պատին ամրացրած ջահերից մեկը հանգչում է: Ապիրատը վեր է կենում, նորից վառում է այն ու նստում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Սառն ու հաշվենկատ մարդ է հարկավոր: Հարկ եղած դեպքում՝ վճռական նաև:

ՆԵՐՍԵՍ — Իսկ իմ կարծիքով՝ զգուշավոր, տասն անգամ չափող ու մեկ անգամ կտրող:

ԱՊԻՐԱՏ — (ձայնի գրգիռը հազիվ զսպելով և երկուսին էլ հակառակվելով): Փորձ է անհրաժեշտ: Հայրերն իզուր հո չե՞ն ասել. եթե փորձության չես ենթարկվել, փորձված չես ուրեմն:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Նախ քարը հորը գցենք, հետո կմտածենք հանելու մասին: Հիմա մանուկ կաթողիկոսին աթոռից պոկելն է կարևոր:

ԱՊԻՐԱՏ — Ես վաղն իսկ կգնամ իշխանապետի մոտ: Իսկ հիմա աղոթենք մեր գործի հաջողության համար:

Կանգնում են աղոթքի: Աղոթում են մտքում, հետո բարձրաձայն՝ երեքը միասին «Տերունական աղոթքն» են ասում: 

ԱՊԻՐԱՏ — Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա, ի մեզ, Տէր, եւ զգործս ձեռաց մերոց աջողեա մեզ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — (պատից վերցնում է ջահերից մեկն ու իր ճանապարհը լուսավորելով գնում է):

ՆԵՐՍԵՍ — (ձեռքը մեկնում է ջահին, ասես որոշում է հետևել Հովհաննեսի օրինակին, բայց միտքը փոխում է, հանգցնում  է ջահն ու դուրս է գնում մթան քողով ծածկված):

ԱՊԻՐԱՏ — (նայում է չորս կողմը, խաչակնքվում): Ետևս գնա, սատանա: 

ՁԱՅՆ — (քրքջում է, անպատկառ): Հաշվի գործի կեսը արել ես: Կարևորը վճիռ կայացնելն է: Եթե վճռես, կգործես:

ՏԵՍԱՐԱՆ  2

Լևոն իշխանի պալատը: Իշխանը կանգնած է սեղանի առջև, որի վրա շախմատ է դրած: Ուշադիր նայում է շախմատի տախտակին, քայլ է անում, հետո սկսում է քայլել սենյակում:

ԼԵՎՈՆ — Վենետիկցի վաճառական Անտոնիոն բերեց: Ասաց՝ Հնդստանից  է բերել: Սովորեցրեց՝ ինչպես խաղալ: Հետաքրքիր է ճատրակ խաղը, արքաների խաղ է, բայց սա հորինողը մի բան սխալ է արել: Ո՞վ է տեսել արքան այսքան քիչ իրավունքներ ունենա: Այս խաղի հերոսը թագուհին է, իսկ արքան… Չէ, սխալ բան է արել: Կյանքում այդպես չպիտի լինի: Ինչքան էլ սիրող թագուհի լինի, հենց այդքան մեծ իրավունքներ ունեցավ, գահը կառնի արքայի ձեռքից: Գահը խանդոտ բան է, հարազատ ու բարեկամ չի ճանաչում: Իսկ իմ գահը… Իմ գահը դեռևս իշխանական է, բայց քիչ թագավորներ չէին երազի, որ ինձ նման երկիր ունենային: Եվ այդ երկիրը ամեն օր նվաճված, պահված-պահպանված, փարփայված երկիր է: 

Ներս է գալիս թագուհին, ձեռքին սկուտեղ է, վրան՝ գավաթ:

ԼԵՎՈՆ – Աննա…

ԱՆՆԱ — Ես եմ, տեր իմ:

ԼԵՎՈՆ — Ինչո՞ւ այս տարաժամին, մանավանդ, որ քեզ չեմ կանչել:

ԱՆՆԱ — Քո շարաբն եմ բերել:

ԼԵՎՈՆ — (ժպտալով): Իսկ ինչո՞ւ դու: Ո՞ւր է դեղպետը:

ԱՆՆԱ — Դեղպետն ինքն է պատրաստել իմ ներկայությամբ, բայց ես բերեցի, քանի որ ցանկացած դեղ ու դարման մարդուն ավելի շատ է օգնում, երբ մատուցվում է սիրով: (Բաժակը մեկնում է արքային:)

ԼԵՎՈՆ — (վերցնում, մեկ՝ բաժակին է նայում, մեկ՝ թագուհուն, հետո խմում է մի ումպով): Փո՜ւհ, միշտ զզվել եմ սրանից:

ԱՆՆԱ — Բայց սա «Արքայական բալասան» է և ամեն մարդու չի տրվում: Հնուց ի վեր միայն մեր թագավորներն են խմել սրանից: Տրվում է արքաներին միայն՝ նրանց առույգ ու երիտասարդ պահելու համար:

ԼԵՎՈՆ — (փնչացնում է դժգոհ): Արքայակա՜ն… դեռ արքա չեմ և գահաժառանգ չունեմ:

ԱՆՆԱ — (քնքուշ փարվում է նրան): Աստված մեզ դուստր է տվել: Դուստր տվողը նաև ուստր կտա իմ արքային: Իսկ արքայական գահ կստանաս անպայման:

ԼԵՎՈՆ — (կամակոր երեխայի պես): Ասացի՝ դեռևս արքա չեմ:

ԱՆՆԱ — Նայած ում համար: Ինձ համար և՛ արքա ես, և՛ կեսար, և… ամեն ինչ: Ասենք, եթե ուզենաս, և՛ թագավոր կարող ես դառնալ, և՛ նույնիսկ կեսար:

ԼԵՎՈՆ — (քնքշորեն շոյում է նրան): Հիմա գնա, բայց մի մոռացիր, որ հարստությունն ու աղքատությունը, առողջությունն ու հիվանդությունը, իշխանությունն ու փառքը Աստծո ձեռքին են: Եթե որևէ մեկին տալիս է, ուրեմն…

ԱՆՆԱ — (սեթևեթ): Սպասե՞մ…

ԼԵՎՈՆ — Գործերը շատ են:

ԱՆՆԱ — Այս տարաժամի՞ն… Իմ իշխան, գիշերն ստեղծված է անմեղ մեղքերի համար:

ԼԵՎՈՆ — (նույն տոնով): Պետության գործերը շատ են: Իսկ պետությունն ինձնից ու քեզնից շատ ավելի կարևոր է:

ԱՆՆԱ — (գնում է):

ԼԵՎՈՆ — Աննա՜…

ԱՆՆԱ — (կանգնում է): Այո, տեր իմ:

ԼԵՎՈՆ — (խորամանկորեն): Դու խմե՞լ ես շարաբից:

ԱՆՆԱ — Ը՜… Հա, ասացի փորձեմ, որ իմ արքային հանկարծ բան չպատահի: (Արդարանալով:) Ընդամենը մի կում եմ խմել, զզվո՞ւմ ես, որ քո բաժակից եմ խմել, իմ շուրթերից զզվո՞ւմ ես:

ԼԵՎՈՆ — Հետո էլ ասում ես՝ շարաբն արքաների համար է: Այն արքայից առաջ և՛ դեղպետն է խմում, և՛ իշխանուհին: Վստահ եղիր, եթե դեղպետի կամ քո փոխարեն ծառան բերեր, նա էլ պիտի փորձեր անպայման: (Ձեռքերով հենվում է սեղանին,  ուշադիր նայում տախտակին:)

ԱՆՆԱ — Ես ընդամենը մի կում եմ խմել: Սպասե՞մ…

 ԼԵՎՈՆ — (ձեռքի շարժումով գնալու նշան է անում):

ԱՆՆԱ — (գնում է):

ԼԵՎՈՆ — Կին, կին, ես այդպես էլ չեմ հասկանա քեզ մինչև վերջ: Ո՜նց է խոսքը շուռ տալիս… (Նրան կրկնօրինակելով:) Իմ շուրթերից զզվո՞ւմ ես: Գիտի՝ չեմ զզվում, սիրում եմ ու ասում է՝ իմ շուրթերից զզվո՞ւմ ես: (Կիսաձայն:) Սիրում եմ, սիրում եմ նրան, բայց… Գահը խանդոտ է, գահը չի հանդուրժում, որ իրենից ավելի ուրիշ որևէ մեկին սիրեմ: Լատիններն ինձ հետ առևտուր են անում: Քաղաքականությունն առևտուր է: Ասում են, եթե ուզում ես ճանաչենք քո թագավոր լինելը, եթե ուզում ես քեզ թագ տանք, դավանանքով մոտեցիր մեզ: Իշխանուհին ուրախանում է: Նրան ի՞նչ կա, իշխանուհու գահը կփոխի թագուհու գահով: Դրանից երկիրն ի՞նչ կշահի: Կշահի շատ բան, իսկ ի՞նչ կկորցնի: (Քայլում է ետ ու առաջ: Գնում, կանգնում է շախմատի տախտակի մոտ, մտածում և քայլ է անում:) Գրեթե ոչինչ չի կորցնում: Սևագլուխ հոգևորականներն են իրար խառնվել: Վա՜յ, մեր եկեղեցին, վա՜յ, մեր ինքնագլխությունը:

Ներս է մտնում սենեկեպետը:

ՍԵՆԵԿԱՊԵՏ — Իշխան Վահրամը, տեր իմ, կանչել էիր:

ԼԵՎՈՆ — (անխոս ձեռքով նշան է անում, որ ներս գա):

ՍԵՆԵԿԱՊԵՏ — (դուրս է գնում):

Ներս է մտնում Վահրամ իշխանը:

ՎԱՀՐԱՄ — (կանգնում է մի քայլ հեռու և նայում է իշխանին):

ԼԵՎՈՆ — (համակ ուշադրությամբ նայում է խաղատախտակին, նոր քայլ է անում,  առանց գլուխը բարձրացնելու): Ճատրակ խաղալ գիտե՞ս:

ՎԱՀՐԱՄ — Ե՞ս: Չէ, իշխանն ապրած կենա: Ես ուր՝ ճատրակն՝ ուր: Լսել եմ, ասում են ճատրակն արքայական խաղ է:

ԼԵՎՈՆ — Ամեն դիվանագետ պիտի ճատրակ խաղալ իմանա, ճատրակ խաղալ պիտի իմանա ամեն զինվորական և ամեն իշխան: Զորավոր խաղ է: Դու պիտի մի քանի քայլ առաջ տեսնես, մտածես թշնամուդ ու հարևանիդ փոխարեն, պիտի… (Կտրուկ փոխում է խոսքը:) Ի՞նչ կարծիք ունես լատինների առաջարկի մասին: Անգլիո թագավորի և Գորմանիո թագավորի, Հռոմի պապի… Ի՞նչ ես կարծում:

ՎԱՀՐԱՄ — (լռում է երկար): Իշխանն ապրած կենա, եկեղեցին լատիններին ենթարկեցնելը երկբերան սուր է: Կարող են դրան դեմ լինել կղերականները, Հայոց արևելյան կողմի վարդապետները հատկապես և ժողովուրդը նաև:

ԼԵՎՈՆ — (հայացքը տախտակից չկտրելով): Լատիններն ուզում են, որ հայոց իշխանը արքայական թագ ստանալու փոխարեն դառնա լատինադավան կամ կաթոլի՞կ:

ՎԱՀՐԱՄ — Ը՜… Հա…

ԼԵՎՈՆ — Իշխանը կդառնա կաթոլիկ:

ՎԱՀՐԱՄ — Իրա՞վ:

ԼԵՎՈՆ — Իրավ: Ո՞վ գիտե Աստծո բնույթը Աստծուց բացի: Ի՜նչ կարևոր է, թե Աստծուն ինչպես կպաշտես, կարևորը՝ որ պաշտես: Կարևորը Քրիստոսն է, իսկ Ինքը ամեն բան գիտե: Մնացածը մարդկային խաղեր են:

ՎԱՀՐԱՄ — Տեր իմ, հոգևորականներն ու ժողովուրդն այդպես չեն մտածում:

ԼԵՎՈՆ — Հոգևորականները… Ժողովուրդը: Ժողովրդին ինչպես համոզես, այնպես կանի: Իշխանությունները միշտ ժողովրդին օգտագործում են իրենց նպատակների համար, նրան համոզում են, թե ամեն բան անում են նրա օգուտի համար: Բայց ով-ով, դու հո լա՞վ գիտես, որ այդպես չէ: Ժողովուրդը խաղաղություն է սիրում, ժողովուրդը աշխատանք է սիրում… (կրքոտ ու զայրացած) ժողովուրդը իշխան չի սիրում: Ժողովուրդն ուզում է, որ իշխանը իր բոլոր հոգսերը հոգա, բայց նույնիսկ ամենալավ թագավորի ետևից հայհոյում է նրան: 

ՎԱՀՐԱՄ — Մեր երկրի ժողովուրդն ուրիշ է, իշխան: Մեր երկիրը իշխանների ու թագավորների երկիր է: Ամեն ռամիկ իրեն իշխան է կարծում և սովորեցնում է, թե երկիրն ինչպես կառավարեն: Եվ հայհոյում ու անիծում է իր իշխաններին: Դա այդպես է, բայց…

ԼԵՎՈՆ — Ոչ մի բայց, ես կաթոլիկական դավանանք կընդունեմ, իսկ երկիրն ու ժողովուրդը կմնան իրենց դավանանքին, Հայ Առաքելական եկեղեցին անսասան կմնա: Եկեղեցին որոշ զիջումներ կանի:

ՎԱՀՐԱՄ — Բայց կաթողիկոսը դեմ է:

ԼԵՎՈՆ — (քմծիծաղով): Կաթողիկոսը… Կաթողիկոսին ես եմ դրել այդ աթոռի վրա, որպեսզի կառավարեմ այնպես, ինչպես երկրին ու պետությանն է հարմար: Ամեն բան պիտի ծառայի պետության շահին: Կարևորը ես չեմ, դու չես, կաթողիկոսը չէ: Կարևորը երկիրն է ու պետությունը: Կաթողիկոսը երիտասարդ է, ճիշտ է, բայց գիտակ է սուրբ Գրոց և լավ գիտի, որ Հայ Առաքելական եկեղեցին միշտ ենթարկվել է պետությանը, գիտի, որ մեր կաթողիկոսները միշտ պետության շահը գերադասել են եկեղեցու շահից: Իրենց ի՞նչ է պետք. աղոթե՞լ: Է՛, իրենց ո՞վ է խանգարում, թող աղոթեն գիշեր ու զօր:

ՎԱՀՐԱՄ — Բայց կաթողիկոսը մենակ չէ:

ԼԵՎՈՆ — Մենակ չէ… Հետո ի՞նչ: Դուք բոլորդ միայն ձեր մասն եք տեսնում, իսկ ես՝ ամբողջը: Դու քո մասն ես տեսնում՝ երկրի արտաքին կողմը, սպարապետը՝ զինվորական մասը, կաթողիկոսը՝ հոգևոր, իսկ ես ամբողջն եմ տեսնում և ե՛ս եմ պատասխանատու իմ երկրի համար: Պատասխանատու եմ Աստծո առաջ, ժողովրդի ու պատմության: Դուք ամեն մեկդ կրակի վրա բաղարջ եփող ճանապարհորդ եք:

ՎԱՀՐԱՄ — (զարմացած): Իմ իշխանն ի՞նչ է ուզում ասել:

ԼԵՎՈՆ — Ամեն մեկդ կրակը քաշում է իր բաղարջի տակ: Իսկ ես պարտավոր եմ և՛ կրակի մասին մտածել, և՛ բոլորիդ բաղարջների մասին: Ես գիտեմ, որ հայոց իշխանությունը թագավորության վերածել է հարկավոր: Հիմա է իսկական ժամանակը, իսկ ժամանակը սպասելու ժամանակ չունի: Ամեն բան վճռված է: Գրիր Հռոմի պապին, Գերմանիո և Ֆրանկների թագավորներին, հայտնիր իմ վճռի մասին, քո դիվանագիտական ճարտարությամբ օժանդակիր, որ գործը գլուխ գա: Հարկավոր է քիչը զիջել՝ շատն ստանալու համար: Գրիր, որ Հայոց Կիլիկիո իշխան Լևոն երկրորդը համաձայն է կաթոլիկների դավանանքին դառնալ:

ՎԱՀՐԱՄ — (գլուխ է տալիս): Հրամանքդ:

Ուժեղ ցնցվում է գետինը:

ԼԵՎՈՆ — (ամուր բռնում է ճատրակի սեղանից: Շախմատի քարերն իրար են խառնվում): Ի՞նչ էր…

ՎԱՀՐԱՄ — Գետնաշարժ: Վատ նախանշան է:

ԼԵՎՈՆ — (վայրկենական շփոթվածությունը հաղթահարելով): Ոչ մի նախանշան էլ չէ: Ամպը գոռում է՝ վախենում եք, ծովն ալեկոծ է՝ վախենում եք, երկիրն է շարժվում՝ վախենում եք: Հետո էլ ասում եք՝ Աստված: Կարդացե՞լ ես Աստծու գիրքը:

ՎԱՀՐԱՄ – Հա, բա ինչպե՞ս:

ԼԵՎՈՆ — Հաշվե՞լ ես՝ նրա մեջ քանի՞ անգամ է ասում՝ մի երկնչեք: Հարցում արա, տե՛ս, հո շարժը երկրին վնաս չի՞ պատճառել, հո մայրաքաղաքում ավերածություններ չկա՞ն: ՎԱՀՐԱՄ — (գլուխ է տալիս, գնում է):

ԼԵՎՈՆ — (շարում է շախմատի խախտված քարերը, նորից քայլ է անում): Ասում է՝ ժողովուրդը դժգոհ կմնա: Ամեն համբակ ու ամեն ռամիկ իրավունք չունի պետության գործերին խառնվելու, իրավունք չունի պետության անունից խոսելու, իրավունք չունի Հայոց աշխարհ ներկայացնելու: Ե՛ս եմ ծնյալ իշխանն այս երկրի և ե՛ս պիտի մտածեմ հայոց երկրի ու իմ իշխանության մասին: Հա, ի՛մ իշխանության: Աստված ինձնից է պահանջելու Հայոց երկիրը: Այդ երկրի ինչ լինելու համար ե՛ս պիտի պատասխան տամ Աստծո առաջ և ոչ թե ամեն պատահական հայ: Ամեն մարդ աշխարհ է գալիս իր գործն անելու համար: Իմ գործը երկիր կառավարելն է: (Ծափ է զարկում:)

Ներս է մտնում սենեկապետը: 

ԼԵՎՈՆ — Զգացի՞ր երկրաշարժը: Վախեցա՞ր:

ՍԵՆԵԿԱՊԵՏ — Ոչ այնքան:

ԼԵՎՈՆ — (ծիծաղելով): Տեսնում եմ քո «ոչ այնքանը»: Հո ավերածություններ չե՞ն եղել: 

ՍԵՆԵԿԱՊԵՏ — Առայժմ վատ ու տագնապեցնող լուրեր չկան:

ԼԵՎՈՆ — Սուրհանդակ ուղարկիր Հռոմկլա, կաթողիկոսի մոտ: (Նրան է մեկնում մագաղաթի գալարը: Սենեկապետը գլուխ տալով վերցնում է փաթեթը, ուզում է գնալ:) Կանչիր սպարապետին:

ՍԵՆԵԿԱՊԵՏ — Հիմա՞…

ԼԵՎՈՆ — (զայրացած): Իհարկե հիմա, հետո ի՞նչ, թե գիշեր է տակավին:

ՍԵՆԵԿԱՊԵՏ – (գլուխ է տալիս ու դուրս է գալիս):

ՁԱՅՆ — (փսփսալով): Գետնաշարժից չվախեցավ, բայց ժողովրդի ձայնից կերկնչի: Ցանկացած իշխան վախենում է ժողովրդից: Տեսնենք իրեն ինչպե՞ս կպահի:

Դրսից լսվում են մարդկանց զայրացած ձայներ.

(Ծերունու ձայն): Հետո ի՞նչ, որ իշխան է, իրեն ո՞վ է թույլ տվել մեր պապերի հավատը պղծել:

(Կնոջ ճղճղան ձայն): Մեր աշխարհում Քրիստոսի հավատը միշտ անսասան է եղել ու…

(Տղամարդու բամբ ձայն): Իրեն իր գահը քիչ է թվում, ուզում է հիմի էլ թագավորի թագ կրել: Մոռանում է, որ ամեն մի գահ ժողովրդի ոսկորների վրա է հիմնված:

ԼԵՎՈՆ — (շուրջն է նայում զարմացած): Այս տարաժամին ի՞նչ ձայներ են: Չի կարող պատահել… (Մերսում է գլուխը:) Շատ հոգնեցի, Աննան ճիշտ է ասում, պիտի ինձ խնայեմ: (Ինքն իրեն հակադարձելով:) Բայց եթե ինձ խնայեմ, երկիրն ու Աստված չեն ների ինձ: Երկիր կառավարելը բարդ բան է: Հեռվից կարծում են՝ իշխանն ուրիշ գործ չունի ուտել-խմելուց ու զվարճանալուց բացի: Բայց այս ժամին մարդիկ քնած են ու պալատի մոտ ոչ ոք չկա: (Նստում է գահին:) Չէ, խաբկանք է, անշուշտ: Ետևս գնա:

ՁԱՅՆԸ ուժեղ քրքջում է:

ՏԵՍԱՐԱՆ 3

Հռոմկլա: Հայրապետանոցը: 

ՔԱՐԱՎԵԺ – (նստած է, գլուխը ձեռքերին հենած): Իշխանն ասում է՝ հայրենիքի շահն է այդպես պահանջում: Ի՞նչ է պահանջում այդ շահը: Պահանջում է, որ Առաքելական եկեղեցին գայլերի ո՞րջ դարձնենք: Իշխան… Իշխան, դու ուզո՞ւմ ես Հայոց պետությունն ամրացնել, ուզո՞ւմ ես իշխանությունը թագավորության վերածել, սակայն չգիտես, որ այս աշխարհում ձրի բան չկա: Հասկանո՞ւմ ես արդյոք, որ հայրենիքի սյուներից մեկը եկեղեցին է: Ուզում ես թեթև զիջումներ անել, բայց չգիտես, որ ժամանակի ընթացքում կքանդվի ամենաամուր պատնեշն անգամ, եթե նրանից փոքրիկ քարեր հանես: Կհանես մի քար, հետո կպահանջեն մյուսը հանել, հետո՝ երրորդը: Երբ պատնեշը քանդվի, զուլալ առուն հեղեղի կվերածվի ու կքշի ամեն բան:

Ներս է գալիս Մարիամը: 

ՔԱՐԱՎԵԺ — (մորը տեսնելով վեր է կենում տեղից, մոտենում է նրան, խոնարհվում ու համբուրում է ձեռքը):

ՄԱՐԻԱՄ — (ձեռքը ետ է քաշում): Դու ես հայոց կաթողիկոսը, ես պիտի համբուրեմ քո Աջը: Ի՞նչ ես անում:

ՔԱՐԱՎԵԺ — (ժպտում է): Կաթողիկոսները նույնպես մայր են ունենում: Մայրերը ծնում, սնում, մեծացնում, Քրիստոսի սիրով դաստիարակում են նրանց ու վերադարձնում են Քրիստոսին: Ի՞նչն է քեզ անհանգստացրել, մայր:

ՄԱՐԻԱՄ — (հոգոց հանելով): Զավակս, երեխաս, նրա առողջությունը:

ՔԱՐԱՎԵԺ — Զավակդ ազգիս հայրապետն է, մայր:

ՄԱՐԻԱՄ — Հա, բայց իմ զավակն է, որ աղոթում է զօր ու գիշեր, որ մշտապես պահքի ու ծոմի մեջ է, որ իր առողջությանը չի հետևում: Եկել եմ հարցնեմ՝ այսօր ճաշակե՞լ ես գոնե:

ՔԱՐԱՎԵԺ — Ոչ տակավին, ժամանակ չեմ գտել, մայր: 

ՄԱՐԻԱՄ — Սիբեխ եմ տապակել: Բերե՞մ: Քո սիրածն է: Նոր ելած սիբեխ եմ հավաքել, սարքել եմ քո ուզածի պես, բերե՞մ:

ՔԱՐԱՎԵԺ — (կամուկացի մեջ): Կուտեմ, կուտեմ, բայց մի քիչ ուշ: Հիմա գնա, խնդրում եմ, գնա, ես կգամ քեզ մոտ:

ՄԱՐԻԱՄ — (դուրս է գնում անխոս):

ՔԱՐԱՎԵԺ — (կիսաձայն): Սխալ արեցի, հա՞, որ մորս բերեցի ինձ մոտ: Ամեն անգամ տեսնում եմ նրա ցավն ու սիրտս ցավում է: Ժամանակին չեմ կերել՝ վշտանում է, գիշերն ի լույս հսկել եմ ու աղոթել՝ էլի վշտանում է, քիչ եմ քնել ու աշխատել եմ շատ՝ վշտանում է: Ոչինչ, որ ինքն է աղոթում  գիշեր ու զօր, ոչինչ, որ պահքի ու ծոմի մեջ է տարին բոլոր, ոչինչ, որ անհանգստանում է ինձ հետ պատահած ամեն չնչին բանի համար: Բայց ի՞նչ անեի, որ չբերեի Հռոմկլա, ախր մեր գյուղում, մեր տանը մենակ էր օր  ծերության: Մեր Փրկիչն ախր նույնիսկ խաչի վրայից հոգ էր տանում մոր համար և Իր աշակերտ Հովհաննեսին հանձնարերեց հոգ տանել նրան: 

Վեր է կենում տեղից, քայլում է սենյակում, գնում, հասնում է պատին, երկու ձեռքով հենվում է պատին, ասես ուզում է ետ հրել, ասես այն բանտում ու նեղում է իրեն:

ՔԱՐԱՎԵԺ — Տե՛ր, մի ճանապարհ ցույց տուր, ախր անգիտության մեջ եմ, չգիտեմ ի՞նչ անեմ: Ես անփորձ ու անթիկունք եմ, իսկ այս գործը գլուխ բերելու համար ուժ է հարկավոր: Եթե դու ուժ չտաս, ոչ միայն ես կոչնչանամ, այլև եկեղեցին հայոց: Իմ դեմ են ելել և՛ օտարները, և՛ իմոնք: Օտարները դեռ ոչինչ, իմոնց հասցրած հարվածներն են անտանելի:

Ներս է գալիս Աբեղան, բարևի բռնած կանգնում է մուտքի մոտ, չհամարձակվելով խանգարել:

ՔԱՐԱՎԵԺ — (ձեռքով առաջ գալու նշան է անում): Նորությո՞ւն կա:

ԱԲԵՂԱ — Հայոց իշխանապետը գիր է ուղարկել:

ՔԱՐԱՎԵԺ — (ձեռքն առաջ մեկնելով, անհամբեր): Տեսնեմ…

ԱԲԵՂԱ — Հիմա կբերեմ: (Դուրս է գնում:)

ՔԱՐԱՎԵԺ — Հավաքվել են երեքով… Գրիգոր Ապիրատը, Հովհաննես Սսեցին ու Ներսես Լամբրոնացին ի՞նչ ընդհանուր շահ ունեն: Նրանք չեն սիրում իրար, քանի որ նրանցից ամեն մեկն ինքն է իրեն արժանի համարում կաթողիկոս դառնալու: Ուրե՞մն… Ինչո՞ւ են հավաքվել՝ հայրենիքը փրկելո՞ւ, Առաքելական եկեղեցու հիմքն ամրացնելո՞ւ համար: Ոչ, իհարկե, հավաքվել են դավ հյուսելու համար, հավաքվել են իմ դեմ: Եվ Ապիրատը անձամբ է գնացել իշխանաց իշխանի մոտ ու հիմա՝ նամակ Սսից:

ԱԲԵՂԱ — (ներս է մտնում, մագաղաթի կնքված գալարը դնում է սեղանին ու մի քայլ ետ դնելով կանգնում է խոնարհ):

ՔԱՐԱՎԵԺ — (ձեռքով նշան է անում): Գնա՛: (Աբեղան դուրս է գնում: Քանդում է գալարը, նստում, սկսում է կարդալ, ոտքի է կանգնում բարկացած:) Իշխան, ա՜խ, իշխան, այսօրվա համար գրավ չեն դնում երկրի ապագան: Ի՞նչ է պահանջում, պահանջում է, որ կաթողիկոսական կնիքով հաստատեմ լատինների պահանջը: Հայոց եկեղեցին միացնեմ նրանց, որ ինքը իշխանի թագը փոխարինի արքայական թագով: Լավ է, որ երկիրս բարգավաճի, լավ է, որ երկիրս թագավորություն դառնա, բաց ամեն բանից առաջ պիտի Աստված լինի ու Նրա եկեղեցին: (Քայլում  է սենյակում, հասնում է պատին, էլի զույգ ձեռքերը հենում է պատին, ասես ուզում է խորտակել այն: Ետ  է գալիս, կանգնում սենյակի կենտրոնում:) Չէ, ես չեմ անի: Արևելյաններն ի՞նչ կասեն հապա, ի՞նչ պատասխան տամ Գրիգոր Տղային, որ հիմա ինձ է նայում երկնքից: Քանի կաթողիկոս եմ, հայրերի ժառանգությունից օտարներին չեմ զիջի ոչինչ: Իշխանն ուզում է, որ Աստծո տեղակ իրեն ծառայեմ, նրա կարծիքով հայրենիքն ինքն է և անսխալական է Աստծո նման: Չէ, ես չեմ անի: Ինչքան ուզում են սեղմեն չորս կողմից, որքան ուզում են համոզեն, Տիրոջ օգնությամբ ես պայքարելու եմ: (Հուսահատ:) Ախր զիջելու էլ հնար չկա: Մեր հսկա հայրենիքից մի փոքրիկ մաս է մնացել, այն էլ՝ Կիլիկիայում ու զիջելու տեղ չկա: Օտարից վերցնենք պիտի, ոչ թե զիջենք: (Մոտենում է սեղանին, երկու ձեռքով հենվում ու ակնապիշ նայում է մագաղաթին, հետո զայրացած այն նետում հատակին:) Դա՜վ, դավ ամենուր: Եթե իշխանը պահանջում է, իր կարծիքով ազնիվ նպատակներով՝ երկրի շահերի համար, եպիսկոպոսներից ամեն մեկն ինքն է ցանկանում աթոռին նստել: Ասում են՝ մանուկ, անհանճար, անխելք… Թող այդպես ասեն, թող դավեն անձիս, բայց ոչ Կիլիկիո իմ Հայաստանին: Եվ ո՞վ կօգնի ինձ, երբ իմ դեմ են ելել բոլորը: Իշխանը հայոց, եպիսկոպոսունք, իշխաններ նաև… Եվ ո՞վ կօգնի ինձ: Արևելյաննե՞րը, սակայն նրանք հեռու են: (Հուսահատ:) Եվ ինձ ո՞վ կօգնի: Իհարկե, Աստված: (Կանգնում է աղոթական դիրքով, ձեռքերն իրար միացրած ու նախ՝ ցածրաձայն, ապա՝ ավելի ու ավելի բարձր:) Մեղայ մեծիդ բարերարութեան, անարգս մեղայ, մեղայ ծագմանդ ճառագայթից, խաւարս մեղայ, մեղայ, շնորհացդ անբավ երախտեաց, արդարեւ մեղայ, մեղայ սիրոյդ վերնում գթութեան, յայտնապէս մեղայ, մեղայ ստացողիդ յոչէութենէ, ստուգապէս մեղայ, մեղայ, գերունակ գոգոյդ գրկանաց, անբաւս մեղայ… (Նարեկ, բան ԻԷ): (Գալիս է բեմառաջ, սկսում է ուսումնասիրել սեփական ձեռքերը, կարծես ուզում է ափերի մեջ հանցանքի հետքեր գտնել:) Հանցանքս մեկն է՝ ես ծառայում եմ Աստծուն, Հայ Առաքելական եկեղեցուն և նրանց միջոցով ծառայում եմ Հայրենիքիս և ոչ օտարասեր իշխանապետին ու դավադիր հայրապետներին:

ՁԱՅՆ — (Վարդի ձայնն է): Վահրամ, դեղձ կուզե՞ս: Կուզե՞ս մեր ծառի հասած դեղձից մի հատ տամ: Մեր դեղձենին մեր թաղի ամենաքաղցր դեղձն է տալիս: Կուզե՞ս:

ՔԱՐԱՎԵԺ — (գլուխը վեր է բարձրացնում, նայում է շուրջը): Վա՞րդ… Դե՞ղձ… Ախր ես քեզ սիրում էի ու հիմա էլ եմ սիրում, բայց Քրիստոսին ավելի շատ սիրեցի և աշխարհն ու քեզ թողնելով գնացի Նրա հետևից: Հիմա ինչ-որ մեկը եկել, հիշողությանս մեջ արձագանքում է քո ձայնով:

ՁԱՅՆ — (փաղաքուշ): Վահրամ, ես կին եմ ուրիշի, բայց էլի սրտիս մեջ դու ես: Ինչո՞ւ թողեցիր, վանք մտար, ես պակա՞ս վանք կարող էի լինել քեզ համար: Քեզ զավակներ կտայի, շատ-շատ զավակներ: Դու Աստծուն ու հայրենիքը սիրեցիր, իսկ ընտանիքը պակա՞ս եկեղեցի է, Վահրամ, հայրենասիրությունը մենակ աղոթքո՞վ է լինում, երիտասարդ կյանքը վանքի կամարների տակ մեռցնելո՞վ: Հայրենիքին զինվոր ու հողվոր տալը հայրենասիրություն չէ՞, Վահրամ:

ՔԱՐԱՎԵԺ — (խաչակնքվում է): Ետևս գնա, սատանա, գիտի, որ Վարդին ու նրա սերը դեռևս մտահան չեմ արել ու խաղում է հետս: Խոսում է Վարդի ձայնով… (Զայրացած:) Ետևս գնա: Ես ինձ վաղուց Աստծուն եմ տվել ու ինձ համար չկա այլ սեր Հիսուսի սիրուց բացի:

ՁԱՅՆ — Հիսուսն ասում է՝ սիրիր մերձավորիդ: Ո՞վ էի ես, եթե ոչ քո մերձավորը: Կա՞ր ինձնից ավելի մոտ մեկը քեզ համար:

ՔԱՐԱՎԵԺ — Իմ կյանքը երեք սյուների վրա է հենվում՝ Աստված, հայրենիք և ընտանիք: Հիմա իմ ընտանիքն իմ հոտն է, իմ ժողովուրդը: (Ինքն իրեն, հանդիմանությամբ:) Ախր գիտես, որ չի կարելի խոսել ու վեճի բռնվել Աստծո թշնամու հետ, բայց խոսում ու բանավիճում ես: Նրան պիտի արհամարհես: Եթե բանի տեղ չդնես, կփախչի: Կփախչի քո աղոթքից, կփախչի չլսված, արհամարհված լինելուց: Ախր նա հպարտ է և տանել չի կարողանում, երբ իրեն արհամարհում են: (Մնում է մի քիչ, հետո երկու ձեռքով փակում է դեմքը և շշնջում է:) Վարդ, Վարդ, տեսնես ինչպե՞ս ես: Տեսնես հիշո՞ւմ ես ինձ:  Մարդը կարող է հեռանալ աշխարհից, բայց սեփական հիշողությունից հեռանալ չի կարող: Իսկ չարը միշտ օգտագործում է այդ: Գտնում է թույլ տեղն ու հարվածում է: Հարվածում է մեկ դաժան բռնությամբ, մեկ փաղաքուշ ու մեղմ, մեկ հիշողությանդ մեջ մեկի բույրը, ձայնը կամ շարժումն արթնացնելով: (Ձեռքերը շարժում է այնպես, ասես ուզում է հիշողությունը հեռացնել իրենից: Հանում է աղոթնոցն  ու սկսում է աղոթել).

  • Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծոյ, ողորմիր մեղավորիս…

Նախ բարձրաձայն է աղոթում, հետո՝ անձայն:

ՏԵՍԱՐԱՆ 4

Լևոնի պալատը: Իշխանը նստած է գահին: Ներս է տնում սպարապետը:

ՍՊԱՐԱՊԵՏ — (գլուխ է տալիս):

ԼԵՎՈՆ — Եկա՞ր, Հեթում:

ՍՊԱՐԱՊԵՏ – Հրամանքդ: (Նորից գլուխ է տալիս:)

ԼԵՎՈՆ — Նստիր:

ՍՊԱՐԱՊԵՏ — (նստում է, երևում է, որ հոգնած է):

ԼԵՎՈՆ — Ավարտեցի՞ր ամրացման աշխատանքները:

ՍՊԱՐԱՊԵՏ — Այո, իշխան: Բայց արժե՞ այսքան աճապարել, իշխան, չէ՞ որ երկիրը խաղաղ է:

ԼԵՎՈՆ — Ճիշտ է, երկիրը խաղաղ է, բայց դու միշտ սուրը մեջքիդ պահիր և սուր պահիր նիզակդ: Նետդ միշտ աղեղիդ լարին թող լինի: Իմացած եղիր, մեր երկրի գոյատևության  գրավականը մեր ամուր պետությունն է: Հզորանալն է, տնտեսապես ամրանալը, հզոր բանակ ունենալը: Հայն այնքան ապահով պիտի լինի իր երկրում, որ չմտածի այն լքելու մասին: Այնքան լավ պիտի ապրի հայը իր երկրում, որ չուզենա ուրիշ որևէ տեղ գնալ: Հասկացա՞ր:

ՍՊԱՐԱՊԵՏ — Հասկացա, իմ իշխան:

ԼԵՎՈՆ — Գիտե՞ս ինչու եմ կանչել քեզ:

ՍՊԱՐԱՊԵՏ — Կամքն իշխանինն է:

ԼԵՎՈՆ — Կամքն Աստծունն է: Ուզում եմ, որ ընդհանուր զորահավաք անես ու զորավարժություններ: Կասես՝ երկիրը խաղաղ է, բայց բանակը միշտ պատրաստ պիտի լինի: Լինեն թշնամի, թե բարեկամ, պիտի իմանան, որ հայերը հզոր բանակ ունեն:

ՍՊԱՐԱՊԵՏ — Շատ լավ: Կփորձենք Գերմանիո զորքից սովորած մարտավարությունը:

ԼԵՎՈՆ — Վատ չէ, որ սովորել ենք, վատ չէ, որ նրանց լավը յուրացրել ենք, բայց այնպես պիտի անես զորավարժությունդ, որ երկրում տագնապ չառաջանա: Առանց այն էլ գետնաշարժ եղավ: Մարդը, հասարակ մարդը սովոր է ամեն ինչի մեջ վատը տեսնել: Առաջին իսկ քամուց առաջինը հայ շինականի ու ռամիկի թիկունքն է մրսում, գունդստաբլ:

ՍՊԱՐԱՊԵՏ — Պիտի խնդրեմ, որ իմ իշխանն ամեն բան անի, որ ֆրանկների երկրից շուտ գան արհեստավորները: Օգնեն մերոնց, որ նոր տեսակի աղեղներ սարքեն և նոր տեսակի նետեր կռեն:

ԼԵՎՈՆ — Արդեն հրամայել եմ Վահրամ իշխանին ու կարծում եմ՝ կաճապարի: (Խոսքը կտրուկ փոխելով:) Իսկ դու ճատրակ խաղալ գիտե՞ս, գունդստաբլ:

ՍՊԱՐԱՐԱՊԵՏ — Ճատրա՞կ: Այո, բայց քիչ ու միչ:

ԼԵՎՈՆ — Լավ սովորիր, Հեթում, ճատրակը զորավարի համար շատ անհրաժեշտ խաղ է: Հիմա գնա, լույսը բացվում է: Գիտեմ, այս գիշեր չես քնել: Գիտեմ, ջահել կին ունես: Գնա, հանգստացիր, մարդն այնպես է արարված, որ առանց հանգստի ապրել չի կարող: Գնա, հանգստացիր մի քիչ:

ՍՊԱՐԱՊԵՏ — (գլուխ է տալիս, գնում է դեպի դուռը):

ԼԵՎՈՆ — (մոտենում է շախմատին, քայլ է անում, գլուխը կախ, ասես իմիջիայլոց նետում է սպարապետի ետևից): Գունդստաբլ, մի հիսնյակ զինվոր կտաս Հովհաննես եպիսկոպոսին:

ՎԱՀՐԱՄ — (կանգ է առնում, տարակուսած): Եպիսկոպոսի՞ն:

ԼԵՎՈՆ — Ճիշտ լսեցիր, եպիսկոպոսին:

ՎԱՀՐԱՄ – Հրամանքդ: (Գնում է:)

ԼԵՎՈՆ — Լավ խաղ է ճատրակը, բայց սխալ է: Թագավորը այս խաղի մեջ վախկոտ է ու անվճռական: Կյանքում այդպես չպիտի լինի: Թագավորը որքան էլ սիրի թագուհուն, այդքան իշխանություն չպիտի տա նրան: Իշխանը կամ թագավորն իր իշխանությունը ուրիշ ոչ ոքի հետ չպիտի կիսի: Դա առաջին հերթին պետության համար է վնաս:

ՁԱՅՆ — (Աննայի ձայնով): Գիշերներն անմեղ մեղքերի համար են, իշխան:

ԼԵՎՈՆ — (նայում է շուրջը): Հավախոս է արդեն: Լավ կլինի, որ մի քանի ժամ իշխանուհու տաք գրկում անցկացնեմ: (Գնում է:)

ՏԵՍԱՐԱՆ 5

Փարելիի ննջասենյակը: Կինը, նստած մահճի վրա, տխուր նայում է մի կետի:

ՓԱՐԵԼԻ — Չեկավ: Այս գիշեր էլ չեկավ:  Սպասում եմ ու սպասումն այնքան դժվար բան է: Սպասում ես, սպասում, հետո պատուհանից նայում ես ու տեսնում, որ Կշեռքը մի փոքր է տեղաշարժվել երկնքում:

Ներս է մտնում Հեթումը:

ՓԱՐԵԼԻ — Հեթում, եկա՞ր: Ի՜նչ երկար սպասեցի: Ինչո՞ւ են սպասման գիշերներն այսքան երկար ու սիրո գիշերներն այդքան կարճ: Ո՞ւր մնացիր:

ՀԵԹՈՒՄ — Նախ զորքերի մոտ էի, հետո՝ իշխանի:

ՓԱՐԵԼԻ — (նեղսրտած): Իշխանն ինքը չի քնում գիշերները, իր գործն է, քեզ ինչո՞ւ չի թողնում, որ տուն գաս: Ախր աչքս ջուր կտրեց: (Փարվում է Հեթումին:) Ի՞նչ է ասում իշխանը: Չէ՞ որ հիմա խաղաղ է, չէ՞ որ հիմա երկրի վրա հարձակվող չկա:

ՀԵԹՈՒՄ — Ինչքան էլ որ խաղաղ լինի, բանակը անգործ չպիտի մնա: Եթե բանակը անհոգության է մատնվում, ճարպակալում է: Իսկ ճարպակալած բանակով աշխարհի և ոչ մի թշնամու հաղթել չես կարող: Նման դեպքում բարեկամներն էլ են վերածվում թշնամու: Բայց դա քո ի՞նչ հոգսն է:

ՓԱՐԵԼԻ — Ինչ որ քեզ անհանգստացնում է, ինձ չի կարող անտարբեր թողնել:

ՀԵԹՈՒՄ — Ասում ես՝ իշխանն ի՞նչ է ասում: Ասում է՝ քո Փարելիին էլի որոշ ժամանակով մենակ պիտի թողնես, որ զորավարժանք անես: Ասում է՝ եթե զինվորն զբաղմունք չի ունենում, իր համար զբաղմունք է հորինում և այդ զբաղմունքը միշտ չէ, որ բարի է լինում:

ՓԱՐԵԼԻ — (նեղսրտած): Օ՜յ, չգիտեմ չգիտեմ: Երկիրը կռվի մեջ եղավ, դու տուն չեկար, երկիրը խաղաղ եղավ, ես էլի կարոտ մնացի քեզ:

ՀԵԹՈՒՄ — Իմացիր, սեր իմ, ով իրեն զինվորության է տվել, նա իրեն տվել է հայրենիքին: Եվ աչքի առաջ միշտ պիտի ունենա վիրավորվելու ու զոհվելու հեռանկարը:

ՓԱՐԵԼԻ — (ձեռքով փակում է Հեթումի բերանը): Էլ չասես, լսո՞ւմ ես, չասես…

ՀԵԹՈՒՄ — (համբուրում է կնոջ մատները և շարունակում): Իսկ ով ամուսնացել է զինվորականի հետ, նա միշտ պիտի մտածի, որ զինվորի անկողինն ավելի շատ պատնեշն է, բերդի աշտարակը կամ խրամատը: Դու գիտես, որ իմ երկրի մի բուռ հողը չեմ փոխի օտարի մի բեռ ոսկու հետ:

ՓԱՐԵԼԻ — (նստում է ամուսնու ծնկին): Դրա համար էլ այդքան սիրում եմ քեզ:

 ՀԵԹՈՒՄ — (գրկում է կնոջ մեջքը):  Աստղերն արդեն դժգունում են, գիշերն անցավ, իսկ գիշերը քեզ սիրելու համար է:

ՁԱՅՆ — (նեղսրտած ու դժգոհ): Որտեղ սերն է, ես այնտեղ գործ չունեմ: Սերն ինձ այրում է:

ՏԵՍԱՐԱՆ 6

Եկեղեցու բակը: Խորքում տաճարի դուռն է ու պատի մի մասը: Բակում կանգնած է Հովհաննես Սսեցին: Հնչում են եկեղեցու զանգերը: Հովհաննեսը խաչակնքվում է, նայում է շուրջը, քայլում անհանգիստ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Ուշանում են: Ինչքա՞ն սպասեմ: Ծերուկը գնաց իշխանի մոտ, ի՞նչ խոսեցին տեսնես: Ուրիշ ժամանակ կտնքա՝ հիվանդ եմ, ծեր եմ: Տե՛ս, հայրապետի աթոռն ինչ կարող է անել, տե՛ս, փառասիրությունն ինչ շարժիչ ուժ ունի: Մտածում է մեր միջոցով կաթողիկոսին աթոռազուրկ անել ու ինքը կաթողիկոս դառնալ: Տեսնենք… Թող երկուսով մաքրեն ճանապարհը, հետո ես գիտեմ:

Գալիս է Ներսես Լամբրոնացին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Բա էս մյո՞ւսը: Հանգիստ, փափուկ, նայես՝ կասես կենդանի սուրբ է, երկնքից իջած, մարդկանց մեջ ապրող, կենդանի հրեշտակ: Բայց նախանձի օձը սրտում գալարվոում է օրնիբուն: Սիրում է ստվերում մնալ և գործն ուրիշի միջոցով անել: Իսկ ուրիշն ո՞վ է: Հովհաննես Սսեցին իհարկե: Միամիտ… Չգիտե, որ կրակից շագանակ հանողի ձեռքերը կոփվում են ակամա: (Նայում է իր ձեռքերին:)

ՆԵՐՍԵՍ — (մոտենում է ժպտալով: Խոնարհվում է Հովհաննեսին: Գրկախառնվում են): 

Աստված օգնական, սրբազան:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Եվ Աստված օգնական: Ի՞նչ նորություն ունես:

ՆԵՐՍԵՍ — (ուսերը վեր քաշելով): Գրիգոր սրբազանն է տեսել Լևոն իշխանին: Դու ես հանդիպել Գրիգոր սրբազանին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Երկար չեմ խոսել հետը, բաց Լևոն իշխանը…

ՆԵՐՍԵՍ — Ի՞նչ…

ՀՈՎՀԱՆՆԵՍ — «Ես եմ նստեցրել աթոռին, ես էլ կհեռացնեմ,- ասել է նրան,- պահը հասունացել է, որ իմ իշխանությունը եվրոպացիների օգնությամբ թագավորություն դառնա և ես ոչնչի առաջ կանգ չեմ առնի: Հայրենիքի ու պետության շահը բարձր է բոլորից ու ամեն ինչից»:

ՆԵՐՍԵՍ — (ժպտում է, խոր շունչ քաշում): Փառք Աստծո: (Դեմքով շուռ է գալիս դեպի եկեղեցին ու խաչակնքվում խոնարհվելով:)

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Հազար փառք Տիրոջը, որ մեր սխալներն ուղղում է Իր հոգատար ձեռքով: Ծուռը կոտրում, կպցնում է ուղիղ, սխալը սրբագրում, անհաստատը դարձնում է հաստատուն:

ՆԵՐՍԵՍ — Եվ բյուր անգամ փառք: Իսկ ո՞ւր է Գրիգոր սրբազանը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Եկեղեցում: Առավոտնից ծնկաչոք աղոթում է Սուրբ Խորանի առաջ: Այսօր ինքն է պատարագելու: Ուշ է, ներս գնանք: (Առաջ է անցնում, մտնում եկեղեցի:)

ՆԵՐՍԵՍ — (ինքն իրեն խոսելով հետևում է նրան): Դու ու Գրիգորը ճանապարհը մաքրեք… Երբ պատերազմ է լինում, ովքե՞ր են զոհվում: Առաջինը մարտի նետվողները: Ապիրատը ծեր է, թուլացած ծնկներով, կորովը շիջած: Այս պայքարի մեջ ծեր առաջնորդը ի՞նչ պիտի անի: Հովհաննեսը… Սա նուբր պայքար է, իսկ ինքն անհամբեր է: Կնետվի առաջ, սխալ թույլ կտա ու կօգտվեմ ես: Ես սպասել գիտեմ, ես իշխանի ամենամոտ խորհրդականն եմ: Նա ինձ լավ գիտի, բայց առաջն Աստված: (Մտնում է եկեղեցի, որտեղից լսվում է Պատարագի երգեցողությունը:)

ՏԵՍԱՐԱՆ 7

Հռոմկլա: Կաթողիկոսարան: Դրսից հնչում են եկեղեցու զանգերը: Ներս է մտնում Քարավեժը, մի պահ լսում է զանգերի ձայնը, խաչակնքվում, հետո մոտենում է սեղանին, բացում է մագաղաթի գալարը և խորասուզվում ընթերցանության մեջ: Նշումներ է անում, գրում է, ջնջում:

Ներս է մտնում աբեղան:

ԱԲԵՂԱ — Աստված օգնական, վեհափառ:

ՔԱՐԱՎԵԺ — (ժպտում է): Ասա, բարելուր աբեղա:

ԱԲԵՂԱ — Հովհաննես Սսեցի սրբազանն է եկել Հռոմկլա:

ՔԱՐԱՎԵԺ — (զարմացած): Այ քեզ բա՜ն: Բարի՞ է գալը:

ԱԲԵՂԱ — (ուսերը թոթվելով): Չգիտեմ, վեհափառ տեր:

ՔԱՐԱՎԵԺ — (ոտքի է կանգնում): Որտե՞ղ է հապա:

ԱԲԵՂԱ — Նոր է մտել ամրոց և գալիս է մեզ մոտ:

ՔԱՐԱՎԵԺ — Ինչ տալիս է Տերը, բարի է հաստատ: Դիմավորիր նրան և երբ որ հասնի, ինձ իմաց տուր:

ԱԲԵՂԱ — (գլուխ է տալիս ու դուրս է ելնում):

Դուրս է գալիս նաև Քարավեժը: Որոշ ժամանակ բեմը մնում է դատարկ: Ուժեղանում են զանգի ղողանջները:

Ներս են գալիս Հովհաննեսն ու աբեղան:

ԱԲԵՂԱ — (խոնարհում անելով): Գնամ, զեկուցեմ վեհափառին: (Դուրս է ելնում:)

ՀՈՎՀԱՆՆԵՍ — (ուսումնասիրում է սենյակը): Վեհափառի՜ն… Վեհափառի՜ս տեսեք: Հապա ասում են, թե ճո՞խ է ապրում: Այսքան աղքատի՞կ: Դրսից եկածներն ի՞նչ կմտածեն Հայոց եկեղեցու և նրա հայրապետի մասին: Անգետ երեխա: Դրսից շքեղ պիտի լինի ամեն բան, իսկ եթե ուզում ես ճգնավոր լինել, քուրձ հագիր ուրեմն:

(Չարախինդ:) Դեռ չգիտի իր գլխին գալիքը: Իմ մարդիկ արդեն Հռոմկլայում են: (Գրպանից հանում է կարմիր թաշկինակը:) Հենց որ նշան անեմ… (Թաշկինակը թափահարում է, հետո նորից ծալում է խնամքով ու դնում գրպանը:) Դու դեռ մնա գրպանիս մեջ:

Ներս է գալիս Քարավեժը:

ՔԱՐԱՎԵԺ — (ժպտալով): Օ՜, ի՜նչ մեծ պատիվ ու ինչ բախտավորություն ինձ համար: Հովհաննես սրբազանն է եկել մեզ այցի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — (վեր է կենում տեղից, մոտենում է նրան, ուզում է համբուրել աջը):

ՔԱՐԱՎԵԺ — Չէ, չէ, անարժան եմ ես: (Ետ է քաշում աջը:)

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Ես Հայոց Հայրապետի աջն եմ ուզում համբուրել:

ՔԱՐԱՎԵԺ — (ձեռքերը թաքցնում է թիկունքում):

Նստում են:

ՔԱՐԱՎԵԺ — Է, ի՞նչ կա Սսում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Լուտող բերաններ, որոնց տերերը ոչինչ չեն ասում, բայց խոսում են շատ: Եվ դատարկապորտներ՝ որքան ուզում ես:

ՔԱՐԱՎԵԺ — Եթե գործ անեն, խոսելու ժամանակ չեն ունենա: Իսկ ի՞նչ են խոսում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Քննադատում են Հայոց հայրապետին: Իբր՝ մանուկ է, իբր՝ ոչ թե իր խելքով է շարժվում, այլ Հայոց Արևելյան կողմի վարդապետների, իբր՝ չի մտածում իշխանի ու իշխանության մասին: Իբր…

ՔԱՐԱՎԵԺ — Տեր Հովհաննես, մի բան գիտեմ. ես ապրում եմ Հայոց իշխանության, հայ եկեղեցու և հայ ժողովրդի համար: Բայց ավելի լավ է այդ մասին չխոսենք: Ճամփից ես եկել, հոգնած կլինես: Հանգստացիր մի քիչ, հետո կզրուցենք:

ՏԵՍԱՐԱՆ 8

Սեղանի մոտ նստած են Քարավեժը, Հովհաննես Սսեցին, Աբեղան, ևս երկու հոգի: Սեղանն առատ է, խորտիկներով լի:

ՔԱՐԱՎԵԺ — Օրհնիր սեղանը, սրբազան հայր:

Ոտքի են կանգնում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Ճաշակեսցուք խաղաղությամբ զկերակուրս, որ պարգեւեալ է մեզ ի Տեառնէ, օրհնեալ է Տեր ի պարգեւս յուր: Ամէն:

Նստում են:

ՔԱՐԱՎԵԺ — (ոտքի կանգնելով, բարձրացնում է գինու գավը): Բարով ես եկել, սրբազան:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — (երկդիմի): Իհարկե, բարով, մեր Տերը պատվիրել է, որ միշտ բարուն հետևենք, չարին ոտնատակ տանք:

ՁԱՅՆ — (խրատելով): Ճիշտ է պատվիրել, բայց պատվիրել է նրա համար, որ դուք այդ պատվերն անտեսեք: Պատվիրել է նրա համար, որ ոտնահարեք: Հո ամեն պատվիրած բան հալած յուղի տեղ չեն ընդունում: Որ ամեն պատվիրան կատարի մարդ, էս չար աշխարհում ո՞նց կապրի:

Սեղանակիցներն անտարբեր են: Միայն Հովհաննեսն է լսել ձայնը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — (անակնկալի գալով նայում է չորս կողմը, հետո ձեռքով ասես ձայնը հեռացնելու, լռեցնելու շարժումներ է անում):

ՔԱՐԱՎԵԺ — Խմենք հայոց ազգի համար, մեր երկրի, մեր իշխանաց իշխանի, մեր սուրբ երեղեցու համար, որը դժվար ու դաժան օրեր է ապրում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Եվ մաղթենք, որ մեր աշխարհիկ ու հոգևոր իշխանները իմաստուն ու հեռատես գտնվեն, եկեղեցին չծառայեցնեն իրենց քմահաճույքին:

ՔԱՐԱՎԵԺ — (մի կում անելով, գինու գավը դնում է սեղանին): Այսի՞նքն: Ասելդ ի՞նչ է, ո՞վ է այդ անողը: Ո՞վ է եկեղեցին իր քմահաճույքին ծառայեցնում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — (ուղիղ պատասխանից խուսափելով): Նրանք, ում ո՛չ աշխարհիկ իշխաններն են ուզում, ո՛չ հոգևոր: Նրանք, ովքեր չեն հասկանում, որ չպիտի համառեն իրենց կարծիքի մեջ և պիտի ենթարկվեն Հայոց իշխանի հրամաններին:

ՔԱՐԱՎԵԺ — Դու ի՞նձ ես ասում… Հետո էլ ասում ես՝ բարի է գալդ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — (քինոտ): Գալս բարի է:

ՔԱՐԱՎԵԺ — Հապա ինչո՞ւ չես ճաշակում: Բարեկամներն իրար հետ հաց են կիսում: Դու սեղանն օրհնում ես, բայց իմ սեղանից չես ճաշակում: Գոնե այս տապակած սիբեխից կեր մի բրդուճ, մայրս է հավաքել ու պատրաստել:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — (զարմացած, իբր նոր իմացավ): Մա՞յրդ: Նա ի՞նչ գործ ունի կաթողիկոսարանում:

ՔԱՐԱՎԵԺ — Կաթողիկոսարանում չէ, ինքն առանձին է ապրում, քիչ այն կողմ: Ստիպված եմ բերել: Մենակ էր, ծեր, խնամող չուներ: Ավելի լավ է ճաշակես մի քիչ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Ես ուտելու համար չեմ եկել, այլ եկել եմ, որ քեզ հայտնեմ որոշումը:

ՔԱՐԱՎԵԺ — Ո՞ւմ որոշումը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Իշխանի և եպիսկոպոսների:

ՔԱՐԱՎԵԺ — Եվ ի՞նչ է ասում այդ որոշումը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Ուզում ենք, որ հրաժարվես աթոռից:

ՔԱՐԱՎԵԺ — Ա՞յդ է ուզածներդ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Այո, ասում ենք, թող ու հեռացիր և Հայոց հայրապետների աթոռին կնստի արժանավոր մեկը:

ՔԱՐԱՎԵԺ — Եվ ի՞նչ կանի այդ արժանավոր մեկը: Արագ ու անխոս կքանդի՞ եկեղեցու դարերով սարքած կառույցը: Այդպե՞ս եք մտածում: Գոնե դու, Հայոց եկեղեցու եպիսկոպոսդ, գիտես, որ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է ու այն խախտել չի լինի: Կթուլացնեք ինչ-որ ժամանակ, ձեր այսօրվա շահի համար վնաս կտաք ազգին ու պետությանը, հետո…

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Ի՞նչ հետո:

ՔԱՐԱՎԵԺ — Հետո ես էլ կգնամ, դու էլ, մյուսներն էլ, իսկ երկիրն ու ազգը երկար ժամանակ կտառապեն մեր անմիաբան ու անհեռատես վարքի պատճառով:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Մի թեթև զիջումն ի՞նչ է: Ի՞նչ կարևոր է՝ Պատարագի ժամանակ սև սքեմ կհագնես, թե ծաղկավոր հագուստ, ի՞նչ կարևոր է՝ Պատարագի գինուն ջուր կխառնես, թե չէ: Քրիստոսի համար մեկ չէ՞:

ՔԱՐԱՎԵԺ — Իմ կարծիքով՝ մեկ չէ, բայց հիմա չեմ ուզում դավանաբանության մեջ խորանալ: Ինձ ազգն ու եպիսկոպոսաց ժողովն է տվել կաթողիկոսի աթոռը, նրանք են նստեցրել աթոռին, նրանց պահանջով էլ կհրաժարվեմ: Ես իմ մասին չեմ մտածում: Ես ինձ վաղուց հանձնել եմ Աստծուն: Կգնամ հեռու սարերի մեջ գտնվող մի անհայտ, աննշան վանք ու կաղոթեմ իմ մեղավոր հոգու փրկության համար: Նաև ձեր հոգիների համար կաղոթեմ: Հավատա, ինձ համար այդպես ավելի հեշտ ու հանգիստ կլինի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Եվ շատ ճիշտ կանես: 

ՔԱՐԱՎԵԺ — Բայց այդ ժամանակ ես ի՞նչ պատասխան պիտի տամ Տիրոջը: Ահեղ դատաստանի ժամանակ չի՞ հարցնի. «Քո հավատավոր հոտը ո՞ւմ թողեցիր, քեզ Անարատ մի պարտեզ էի տվել, ինչո՞ւ արժանի պարտիզպան չեղար: Ինչո՞ւ երդմնազանց եղար»:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — (դժգոհ): Է՜…

ՔԱՐԱՎԵԺ — Ի՞նչ… Ճիշտ չէ՞ ասածս:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Իմացիր, եթե չգնաս քո կամքով…

ՔԱՐԱՎԵԺ — Այդ ժամանակ ի՞նչ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — (ոտքի է կանգնում, գրպանից հանում է կարմիր թաշկինակն ու թափահարում է):

ՁԱՅՆ — (խրախուսելով): Ապրե՜ս:

Սեղանի մոտ նստած երկու անծանոթները դուրս են վազում: Դրսից աղմուկ է լսվում, ներս են մտնում մի քանի զինված մարդիկ:

ՔԱՐԱՎԵԺ — (զարմացած):  Այս ի՞նչ բան է, սրբազան:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — (չարախինդ): Դու բռնված ես: (Ձեռքով նշան է անում:)

Նրա կողմնակիցները հարձակվում են Քարավեժի վրա, ձեռքերը ոլորում:

ԱԲԵՂԱ — (ներս վազելով): Այդ ի՞նչ եք անում, չգիտե՞ք, որ Հայոց կաթողիկոսն է ձեր առջև կանգնած: Ախր ո՞ւմ վրա եք ձեռք բարձրացնում: (Փորձում է կաթողիկոսին ազատել նրանց ձեռքից:)

Նրան հրում են, աբեղան ընկնում է գետնին:

ԱԲԵՂԱ — (ընկած տեղից վեր կենալով): Ես սուրհանդակ կուղարկեմ Սիս, Հայոց իշխանին լուր կտամ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — (ծաղրով): Հայոց իշխանը չգիտե՞, որ դու լուր ուղարկես նրան: Նրա հրամանով եմ գործում ես և Հռոմկլայի բերդի աշտարակներն իմ մարդկանց ձեռքին են: Նա է հրամայել, նա է ինձ զինվորներ տվել:

ԱԲԵՂԱ — Բերդի ու քաղաքի բնակիչները ոտքի կկանգնեն: Ժողովուրդը…

ՀՈՎՀԱՆՆԵՍ — (արհամարհական): Ժողովո՜ւրդ… Զինված մարդկանց դեմ անզեն ժողովուրդն ի՞նչ պիտի անի:

ՔԱՐԱՎԵԺ — Մեր Տերը Պիղատոսին ասաց. «Դու ինձ չէիր ձերբակալի, եթե Հայրս դա չկամենար»: (Աբեղային.) Հանդարտվիր, լռիր, աղոթիր մտքում: (Հովհաննեսին.) Ես չէի կարծում, թե դու եկել ես դավով, եկել ես բարեկամի քղամիդ հագած և իմ հացին լեղի ու թույն ես խառնելու: Գիտեմ, ուզածդ կաթողիկոսություն է, քո հպարտ հոգին չի կարող հանգստանալ, որ քո փոխարեն ուրիշ մեկն է այդ աթոռին նստել: Իմացիր, սակայն, որ քեզ չի հասնելու:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Հը՛մ…

ՁԱՅՆ — Չհավատաս: Քո ճանապարհից չշեղվես, նախ այս մեկին հեռացրու, հետո մյուսներին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — (գլուխը բարձրացնում է վերև, ասես փնտրում է, թե որտեղից  է գալիս ձայնը՝ միայն նա է լսում ձայնը):

ՔԱՐԱՎԵԺ — Ինչո՞ւ ես ինձ վրա բռնանում: Հանցագո՞րծ եմ, ինչ է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — (չքմեղանալով): Ծառայում եմ Աստծուն:

ՔԱՐԱՎԵԺ — Մի ասա՝ Աստծուն: Ասա՝ սեփական փառքին ու մախանքին նաև: Բայց քեզ մի խնդրանք ունեմ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Խնդրա՞նք: Ասա:

ՔԱՐԱՎԵԺ — Գիտես, որ մայրս այստեղ է: Խնդրում եմ, նրա ներկայությամբ ինձ բանտարկյալի նման մի տարեք: Ձեռքերս ոլորած մի տարեք, ես ինքս կգամ: Մորս խնայեք:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — (Քարավեժին բռնած մարդկանց): Բաց թողեք ձեռքերը, թող կաթողիկոսարանի շենքից հանգիստ դուրս գա, հետո նոր… Հետո… (Չարանալով:) Զնդան նետեցեք և պահպանեցեք զգուշորեն: (Ծաղրով:) Ինչքան չլինի՝ Հայոց հայրապետ է դեռ: Պահեք, մինչև որ լուրը Սիս հասնի:

Տանում են Քարավեժին ու Աբեղային: Բեմում միայն Հովհաննեսն է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Ես իմ ճանապարհից հեռացնում եմ բոլոր քարերը: Ես եմ իշխանապետի ամենավստահելի մարդը: Ապիրատը ծեր է, իսկ Ներսեսը որքան որ նենգ է, վախկոտ է նույնքան: Հայոց հայրապետների գահին իմաստուն, հեռատես ու քաջ մարդ պիտի նստի… Հարկ է տեղեկացնել մեր կողմնակից իշխաններին նաև: Մեզ հետ են շատերը և, հատկապես, Հեթում ու Շահնշահ Սասունցի իշխանները:

ՁԱՅՆ — (խրախուսելով): Ապրե՜ս:

ՏԵՍԱՐԱՆ 9

Նույն եկեղեցու բակը: Խավար է: Լսվում է Գրիգոր Ապիրատի ձայնը:

ԱՊԻՐԱՏ — (ձայնը): Մի սպանաներ… (Արձագանքում է:) ներ…ներ…ներ.. Իսկ ի՞նչ անել, եթե խանգարում է, իսկ ի՞նչ անել, եթե խոտոր ճանապարհով է գնում, իսկ ի՞նչ անել, եթե նրա մնալը վնաս է ազգիս ու երկրիս համար:

ՆԵՐՍԵՍ — (ձայնը): Սիրիր մերձավորիդ: Ո՞վ է մերձավորս: Գրիգոր Ապիրատ եպիսկոպո՞սը, Հովհաննես Սսեցի՞ն, թե՞ Վահրամիկը, որին փակել են Կոպիտառ բերդում: Չէ, եթե Աստված արդարադատ է, ուրեմն ես եմ լինելու հաջորդ հայրապետը: Զիջումնե՞ր են պետք, զիջումներ կանեմ: Ի՞նչ կարևոր է՝ ծեսը լատինակա՞ն ձևով կանես, թե՞ հայկական, Քրիստոսի համար ի՜նչ կարևոր է՝ հագուստդ ծաղկյա՞լ կլինի, թե՞ սև կամ անգույն: Ի՞նչ կարևոր է Նրա համար, թե ինչպես կպաշտես Իրեն: Կարևորը՝ որ պաշտես:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — (ձայնը): Մի ցանկացիր ուրիշի ունեցածը: Իմ ցանկացածը հայոց հայրապետների գահն է, իսկ դա որևէ մեկին չի պատկանում: Ո՞ւմն է հայոց հայրապետների աթոռը՝ հայոց ազգինը, ուրեմն՝ ոչ մեկինը: Ես եմ ձերբակալել մանուկին կաթողիկոսին, ես եմ բանտարկել նրան Կոպիտառում, ուրեմն ես եմ արժանավորը, ոչ թե զառամած Գրիգորը կամ խորամանկ ու մորթապաշտ Ներսեսը:

Բեմը աստիճանաբար լուսավորվում է: Բակում իրար կողք կանգնած են Գրիգոր Ապիրատը, Ներսես Լամբրոնացին և Հովհաննես Սսեցին:

ԱՊԻՐԱՏ — Աստված պատվիրում է՝ մի սպանիր: Ախր թեկուզ Կոպիտառի բանտում, բայց Վահրամը դարձյալ կաթողիկոս է: Իսկ նա քանի կա, փակ է աթոռի ճանապարհը: Իսկ Աստված ասում է՝ մի սպանիր:

ՆԵՐՍԵՍ — Իսկ քեզ ո՞վ է ասում՝ սպանես: Հոգևորականի աջը օծված է և օրհնելու ու խաչակնքելու համար է, ոչ թե սպանելու:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Հոգևորականը սուր չունի ձեռքին, բայց հազար ու մի միջոց ունի:

ԱՊԻՐԱՏ — (ընկճված): Ուրեմն իզո՞ւր էին մեր ջանքերը:

ՆԵՐՍԵՍ — Ինչ չունի հոգևոր իշխանը, ունի աշխարհիկ իշխանը:

ԱՊԻՐԱՏ — Իսկ ի՞նչ կլինի, եթե հայտարարենք, թե հայոց հայրապետը ցնորվել է: Խելագար կաթողիկոսն ինչպե՞ս կկառավարի եկեղեցին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Դու չգիտե՞ս, որ մարդիկ հետաքրքրասեր են ու ինչքան էլ թաքցնենք, կիմանան: Կգնան տեսության, կխոսեն հետը: Շատ արագ կպարզվի: Այս հարցն արմատական լուծում է ուզում:

ԱՊԻՐԱՏ — (անհամբեր): Ո՞վ է ուրեմն նա, որ մեր ձեռնարկած գործը մինչև վերջ կհասցնի:

ՆԵՐՍԵՍ — (կիսաձայն, Ապիրատի ականջին թեքվելով): Գագիկ և Շահնշահ Սասունցի իշխանները: Նրանց համամիտ ու միաբան է նաև իշխանն Անտիոքի և էլի շատեր:

ԱՊԻՐԱՏ — Իսկ կանե՞ն այնպես, որ չիմացվի, թե սպանություն է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ — Թող գործը գլուխ գա, թող մարդիկ ասեն՝ ինչ ցանկանան: Կարևորը գործն է, ոչ թե ամբոխի խոսակցությունները: Կխոսեն մի քիչ, կբամբասեն, հետո մի ուրիշ ավելի հետաքրքիր բան կլինի ու դա կմոռանան: Աշխարհում, մանավանդ Հայոց աշխարհում, գրեթե ամեն օր հետաքրքիր ու զարմանալի բաներ են կատարվում: Այնպես որ, այս մասին կխոսեն որոշ ժամանակ ու կմոռանան: Մարդիկ թե լավը, թե վատը շուտ են մոռանում:

ՆԵՐՍԵՍ — Ամեն բան որոշված է, ամեն բան՝ կարգադրված: (Թեքվում է Ապիրատի ականջին ու դավադիր շշնջում:)

ՏԵՍԱՐԱՆ 10

Հռոմկլա: Փոքրիկ սենյակ՝ համեստ կահավորանքով: Աչքի է զարնում սրբապատկերներով զարդարված անկյունը: Կենտրոնում Տիրամոր պատկերն է՝ Մանուկը գրկին, որի առաջ մոմ կամ ղամպար է վառվում:

Սրբապատկերի առաջ՝ ծնկաչոք Մարիամը: Աղոթում է նախ մտքում, հետո բարձրաձայն:

ՄԱՐԻԱՄ — Սուրբ Տիրամայր, բարեխոս եղիր: Որդուս համար աղերսիր քո Որդուն ու իմ Տիրոջը: Ամենալավը դու կհասկանաս ինձ: Դու կհասկանաս, թե ինչու է այս աշխարհում անմեղ մարդն այդքան շատ թշնամիներ ունենում: Դու գիտես, որ իմ որդին ոչ մի չար բան չի արել, բայց չարի ուժերը ելել են նրա դեմ: Ելել են բարու անունով ու իբր բարի գործ կատարելու համար: Բռնեցին, տարան ու լուր չունեմ: Երանի ես լինեի նրա փոխարեն տառապողը, երանի ես լինեի: Գիտեմ, որ դու էլ էիր այդպես ասում, երբ քո Որդուն տանում էին խաչելու: Տանում էին՝ իբր չարը խափանելու համար, իբր…

ՁԱՅՆ — (լուրջ ու հանդիսավոր): Հետո էլ ասում են՝ ամեն բանի մեջ խառնվում եմ: Իրենք են տալիս իմ անունը և ուզում են, որ չխառնվեմ: Ի տարբերություն ձեր աստծու, որ ձեր հազար կանչին իսկի մեկով էլ չի պատասխանում, ես հայտնվում եմ՝ հենց անունս տալիս եք: Այսինքն՝ հայտնվում եմ նաև այն ժամանակ, երբ նույնիսկ ինձ չեք կանչում:

ՄԱՐԻԱՄ — (ոչ այն է՝ զարմացած, ոչ այն է՝ զայրացած): Իբր իմ ցավն ու վիշտը քիչ են ինձ, սա էլ իր աստերեսությամբ…

ՁԱՅՆ — (համոզելով): Տեսնում ես՝ ձայնդ չի լսում, հեռացիր նրանից, ինձ դիմիր, իմ առաջ խոնարհվիր և ես կփրկեմ որդուդ: Այնպես կանեմ, որ նա իր բոլոր թշնամիներին կհաղթի, նրանց կտապալի ու նորից կվերադառնա գահին: Եվ եթե նույնիսկ Հայոց աշխարհն ու Լևոնի գահը կործանվեն, քո զավակի գահն անսասան կմնա: Չե՞ս հավատում, չե՞ս վստահում ինձ: Խոնահրվիր ինձ ու կտեսնես:

ՄԱՐԻԱՄ — (տարակուսանքով): Հը՞: (Սպասում է մի քիչ, նայում է Տիրամոր սրբապատկերին: Նրա առաջ կախված ղամպարն սկսում է շարժվել:) Չէ, չէ, դու չես կարող մարդկանց լավություն անել: Դու խաբեբա ես: Ավելի լավ է Տիրոջ ձեռքն ընկնի մարդ, քան քո: Դավիթ մարգարեն ասում էր՝ որքան որ հզոր է Աստված, այնքան էլ մեծ է Նրա ողորմությունը: Չէ, ետևս գնա:

ՁԱՅՆ — (զայրույթով ու չարությամբ): Չէ, Ադամի ցեղը երախտամոռ եղել է, այդպես էլ կա: Երախտամոտ են նաև աշխարհի բոլոր Եվաները:

ՄԱՐԻԱՄ — Վահրամս ասում է՝ նման դեպքերում բանի տեղ մի դնի, լինի ձայն, թե պատկեր, լինի շարժում, թե լույս, բանի տեղ մի դնի, դու քո Տիրոջը դիմիր: (Վեր է կենում տեղից ու սկսում է խոնարհություններ անել:) Տեր ողորմիր, ինձ՝ մեղավորիս, սուրբ Տիրամայր բարեխոս: Տեր, Քո աջը թող միշտ հովանի լինի իմ զավակին, պահպանիր նրան և ինչ որ Քո կամքն է, թող այն լինի: Սուրբ Տիրամայր, դու իմ Վահրամին գիտես բարուրից: Հիշո՞ւմ ես, հինգ ամսական էր, երբ հիվանդացավ անհույս: Այնքան անհույս, որ մտածում էի՝ Տերը կտանի և բերեցի, դրեցի քո առջև: Դրեցի ու աղոթեցի. «Բարեխոսիր, մայր,- ասացի,- եթե իմ Վահրամը այս հասակում Տիրոջն ավելի պետք է, քան ինձ, թող տանի»: Հիշո՞ւմ ես: Իհարկե, հիշում ես: Հիշում ես, որ առողջացավ: Հիմա էլ եմ նույնն  ասում, չնայած սրտիցս արյուն է հոսում, Մայր, ողորմիր:

Դռան թակոց: Մարիամը ոտքի է կանգնում, նայում է դռանը:

ՄԱՐԻԱՄ — Ներս արի:

Դուռը բացվում է անհամարձակ, ներս է մտնում Աբեղան: Գլուխը վիրակապված է: Անխոս մոտենում է Մարիամին, ծնկում նրա առաջ:

ՄԱՐԻԱՄ — (զարմացած և ուրախացած): Աբեղա՞: (Խոնարհվում, բարձրացնում է նրան ու գրկում:)

ԱԲԵՂԱ — Ես եմ:

ՄԱՐԻԱՄ — (բռնում է նրա ձեռքն ու նստեցնում աթոռակին): Խոսիր: Ի՞նչ գիտես, մի լռիր, խոսիր:

ԱԲԵՂԱ — Վեհափառին ու ինձ տարան մինչ ի Կոպիտառ: Հետո, չնայած ես ուզում էի մնալ Վեհափառի մոտ, բանտում էլ ծառայել նրան, չթողեցին: Ասացին՝ գնա: Շատ խնդրեցի, բայց… (Ձեռքը տանում է գլխին, հասկացնելով, որ ծեծել են, վերքեր հասցրել:) Ինձ բաց թողեցին, իսկ Վեհափառին… Վեհափառին բանտարկեցին Կոպիտառի բերդում: Ես էլ եկա: Վեհափառը ինձ հանձնարարեց, որ մինչ իր գալը հոգ տանեմ քեզ:

ՄԱՐԻԱՄ — (տագնապով): Ծեծեցի՞ն, վնասեցի՞ն, ի՞նչ արեցին…

ԱԲԵՂԱ — Չէ, չէ, մայր, ինձ խփեցին, բայց իրեն՝ չէ: Տարան բերդ:

ՄԱՐԻԱՄ — Հետո՞…

ԱԲԵՂԱ — (մեղավոր): Հետո չգիտեմ:

ՄԱՐԻԱՄ — Արի, քաղցած կլինես, արի հաց տամ:

ԱԲԵՂԱ — (կանգ է առնում վարանած, կարծես չի ուզում նեղություն տալ, բայց քաղցած է): Ը՛-ը՜, չէ, ես… ես…

ՄԱՐԻԱՄ — Ի՞նչ չէ, ես գիտեմ, որ երկու օր և ավելի՝ չես ճաշակել: Արի՛: Աստված մեծ է ու ողորմած, ինչ էլ որ անի մեզ հետ, անում է մեր օգուտի և մեր հոգիների փրկության համար: Դու ես Առաքելական եկեղեցու կուսակրոնը և ե՞ս պիտի ասեմ քեզ: Արի, Աստված ողորմած է:

ԱԲԵՂԱ — (կիսաձայն): Պիտի գնամ Սիս, լուր պիտի տամ Վեհափառի կողմնակիցներին: Պիտի զգուշացնեմ, որ ամեն միջոց գործ դնեն նրան ազատելու համար:

ՄԱՐԻԱՄ — Առավել ևս: Կսնվես, որ ուժ ունենաս, արի, որդի: 

Գնում են:

ՏԵՍԱՐԱՆ 11

Կոպիտառ: Կաթողիկոսի բանտախուցը:

ՔԱՐԱՎԵԺ — (կանգնած է լուսամուտի մոտ, գլուխը դեպի ներս ընկնող արևի շողերը: Արևի շողերն ասես լուսապսակ լինեն նրա գլխին: Աղոթում է): Շնորհակալ եմ, Տեր, Քո տված ամեն բանի համար փառք Քեզ: Այս փորձությունը մեղավորիս հասավ, որպեսզի խոնարհեցնի իմ խստերախ բնավորությունը, որպեսզի սովորեցնի դյուրահավատ չլինել: Այս փորձությունը հասավ ինձ, որպեսզի սովորեցնի ճկուն ու դյուրաթեք լինել, դիվանագետ լինել, եթե հարկավոր է՝ զիջել ինչ-որ բան, բայց գլխավորը փրկել ու պահպանել: Աբեղան լուրը հասցրել է՝ ում պետք է: Մտերիմներս լուր են ուղարկել և հորդորել են համբերել մի քիչ: Ինձ ոչ ոք գահից չի կարող հեռացնել, բացի Ազգային եկեղեցական ժողովից, այն էլ, եթե դավանանքի հարցերում մեծ սխալ գտնի, կամ դավաճանություն: Համբերեմ… Ինչքա՞ն: Այնքան, մինչև հավաքվեն եպիսկոպոսներն ու իշխանները բոլոր: Բայց մինչև ժողովը հավաքվի, գուցե թե ամիսներ անցնեն: Ինչ էլ լինի՝ քեզ հանձնիր Աստծուն: Աստված մի ելք կգտնի: Ինչ ելք էլ որ գտնի, բարին դա է:

(Քայլում է նեղլիկ խցում, հասնում է դռանը, կանգ է առնում, ականջը հպում է դռանը: Ինչ-որ ձայն է լսում ու արագ հեռանում է, հենվում է պատին սպասումով: Խաչակնքվում է:)

Ճռռոցով բացվում է դուռը, ներս են մտնում Գագիկն ու Շահնշահը՝ դեմքերը ծածկած:

ՔԱՐԱՎԵԺ — Ովքե՞ր եք… Բարեկա՞մ, թե՞ թշնամի…

ՀԵԹՈՒՄ — (լուռ մոտենում է նրան, դաշույնի ծայրը հպում պարանոցի փոսիկին):

ՔԱՐԱՎԵԺ — (հանգիստ): Ետ տար դաշույնդ, ես մահից չեմ վախենում, բայց մի սպանիր: Մի սպանիր, մեղք ես:

ՇԱՀՆՇԱՀ — Ի՞նքն է մեղք, ինչո՞ւ:

ՔԱՐԱՎԵԺ — Մեր Տերն ասում է՝ մի սպանանէր: Թե սպանեք ինձ, ես մարտիրոս կհամարվեմ Աստծո համար, իսկ դուք՝ սպանող, Աստծո պատվիրանը խախտող:

ԳԱԳԻԿ — (խորամանկ): Ես չեմ սպանի, բայց դու կմեռնես:

ՔԱՐԱՎԵԺ — Ինչո՞ւ: 

ԳԱԳԻԿ — Այդպիսին է կամքն իշխանապետի, եպիսկոպոսաց և իշխանների: Դու խանգարում ես քո համառությամբ, չես ուզում, որ մեր երկիրը բարգավաճ լինի:

ՔԱՐԱՎԵԺ — Ե՞ս եմ խանգարում:

ՇԱՀՆՇԱՀ — Հայոց եկեղեցին եթե միանա լատիններին, մեզ քաղցր աչքով կնայեն նրանք, չեն նայի որպես թշնամու, այլ կընդունեն որպես յուրային և կպաշտպանեն, իսկ մեր Իշխանաց իշխանին կօժտեն արքայական թագով:

ՔԱՐԱՎԵԺ — Միամիտնե՜ր… Դուք չե՞ք հասկանում, որ օտարը որքան էլ ցույց տա, թե յուրային է, օտար է մնում: Լատինները կօգտագործեն ձեզ ու դեն կնետեն որպես անպետք լաթ:

ԳԱԳԻԿ — Երկար մի խոսիր, առ այս կտավը: (Նրան է մեկնում մոտ մեկուկես մետրանոց  կտավի կտոր:)

ՔԱՐԱՎԵԺ — (վերցնում է տարակուսած, չհասկանալով նայում է նրան):

ՇԱՀՆՇԱՀ — Ի՜նչ ես զարմացել, փաթաթիր մեջքիդ:

ՔԱՐԱՎԵԺ — (համակերպված փաթաթում է մեջքին): Հիմա հասկացա, բայց մահից առաջ թույլ տվեք աղոթել:

ԳԱԳԻԿ — (անհամբեր): Միայն թե արագ, լույսը բացվում է:

ՔԱՐԱՎԵԺ — (ծնկի է իջնում): Մեղայ ես մեծիդ բարերարութեանն, անարգս մեղայ, մեղայ, լոյսիդ վայելման, խավարս մեղայ…

ՇԱՀՆՇԱՀ — (ծնկով հրում է): Վեր կաց, բավական է, քեզանով լինի՝ երեք օր կաղոթես անընդմեջ:

ՔԱՐԱՎԵԺ — (վեր կենալով): Տե՛ր, ներիր նրանց, քանզի չգիտեն, թե ինչ են անում:

Երկուսով բռնում են թևատակերից, մոտեցնում լուսամուտին:

ՔԱՐԱՎԵԺ — (խաչակնքվում է, շարունակում աղոթքը): Ողորմեա ինձ Աստուած, ըստ մեծ ողորմութեան Քում, ըստ բազում գթութեան Քում քավեա զանօրենութիւնս իմ… (Աղոթքն ընդհատում է, դիմում Գագիկին:) Դու կարծում ես՝ բարձրությունից վախենո՞ւմ եմ, թե՞ վախենում եմ ընկնելուց: Չեմ վախենում: Ես արդեն մի անգամ ընկել եմ: Կլինեի երևի յոթ տարեկան: Բարձրացել էի մեր տան առաջի բարդու վրա ու երգում էի: Գիտե՞ս ինչ էի երգում:

ԳԱԳԻԿ — Ի՞նչ:

ՔԱՐԱՎԵԺ — Սուրբ Մաշտոց հայրապետի շարականներից մեկը՝ «Ծով կենցաղոյս»: Լսե՞լ ես: Լսած կլինես, բայց հազիվ թե մտապահած լինես: Ծառը ճոճում էի ու երգում: Չիմացա՝ ինչպես ձեռքերս պոկվեցին ու ընկա: Ընկնում էի երկար ժամանակ: Ընկնում էի դանդաղ, ընկնում ու գետնին չէի հասնում: Ես իմ կյանքի այդ պահին տեսա, որ վայրկյանը այդքան երկար կարող է ձգվել: Վերջապես ընկա գետնին ու… Նույնիսկ մի քերծվածք չառաջացավ վրաս: Այդ ժամանակ չհասկացա, բայց հետո հասկացա, որ Աստված պահպանեց ինձ ու իմ Պահապան հրեշտակն ինձ գրկեց: Գիտե՞ս իննսուներորդ սաղմսոն ինչ է ասում:

ՇԱՀՆՇԱՀ — Ի՞նչ:

ՔԱՐԱՎԵԺ — Իրենց բազուկների վրա պիտի վերցնեն քեզ, որ երբեք ոտքդ քարի չխփես:

ԳԱԳԻԿ — (ասես սթափվելով, զայրացած): Դե հերիք է: Հերիք է մեզ մոլորեցնես: Հրեշտակները քեզ կպաշտպանեն… Աստվա՞ծ ես, թե՞ սուրբ: Մենք մերը կանենք, եթե ուզում են, թող պաշտպանեն: (Դաշույնի կոթով հարվածում է Քարավեժի գլխին:)

ՔԱՐԱՎԵԺ — (ուշագնաց ծնկում է):

Գագիկն ու Շահնշահը վերցնում են անզգա մարմինը և լուսամուտից նետում են ներքև:

ԳԱԳԻԿ — Ի՜նչ ծանր էր, շնչահեղձ եղա:

ՇԱՀՆՇԱՀ — Ասում են՝ Աստված… Եթե Աստված սիրում էր նրան, թող պաշտպաներ մահից: Ո՞վ գիտե, ի՜նչ մեղքեր է գործել: Մեղք չգործեր, այս մեղքի աշխարհում այդքան ջահել հասակում կաթողիկոս չէր դառնա:

Դուրս են գնում: 

Բեմից դուրս լսվում է մունետիկի ձայնը.

  • Հայոց հայրապետ Գրիգորի մահացած մարմինը գտել են Կոպիտառի պարիսպների տակ՝ ժայռերի վրա ջախջախված:

ՁԱՅՆ — Ասում են՝ Աստված սիրում է մարդկանց: Այս մարդն իր ողջ կյանքը նվիրել էր Աստծուն ու ծառայում էր նրան, եթե սիրում էր, հապա ինչո՞ւ չփրկեց մահից:

ՄԱՐԻԱՄԻ ՁԱՅՆԸ — Տեր, պահպանիր զավակիս, ես մի ողջ կյանքում աղոթել եմ քեզ, իմ որդին իր կյանքը նվիրել է Քեզ ծառայելուն: Տեր, մայրերի աղոթքներով պահպանիր բոլոր զավակներին և իմ զավակին, որ աշխարհի համար կաթողիկոս է, իսկ ինձ համար երիտասարդ ու ազնիվ զավակ՝ Վահրամ անունով: Պահպանիր, Տեր:

ՏԵՍԱՐԱՆ 12

Ապիրատի խուցը: Ապիրատը կանգնած է դեմքը դեպի արևելք ու նայում է լուսամուտից դուրս:

Ներս է գալիս սուրհանդակը:

ԱՊԻՐԱՏ — (շրջվում է դեպի սուրհանդակը):

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ — (մոտենում է, խոնարհվում նրա աջին):

ԱՊԻՐԱՏ — (անհամբեր): Ասա՛:

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ — Հայոց իշխանը հրամայել է հաղորդել, որ Հայոց հայրապետի անշնչացած մարմինը գտել են Կոպիտառի պարսպի ներքո՝ ժայռերի վրա:

ԱՊԻՐԱՏ — Ի՜նչ մեծ ողբերգություն, կաթողիկոսական աթոռը թափուր ու անտեր է: (Խաչակնքվում է:) Աստված հոգին լուսավորի: (Ձեռքով սուրհանդակին նշան է անում հեռանալու:)

ՁԱՅՆ — (քրքջում է):

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ — Իշխանը հրամայեց հայտնել, որ ոչ ոք Գրիգորին չի հրաժարեցրել կաթողիկոսությունից: Ուրեմն պիտի թաղվի կաթողիկոսական պատիվներով, Դրազարկի վանքում՝ իր մորեղբայր Գրիգոր Տղայի կողքին: (Գնում է:)

ԱՊԻՐԱՏ — (շունչ է քաշում թեթևացած): Մանուկ կաթողիկոսի հոգին երկինք ճամփեցինք: Մնացին Ներսես Լամբրոնացին և Հովհաննես Սսեցին: (Նեղսրտած:) Այս երկրի ամեն բնակիչ իրեն թագավոր է համարում, իսկ ամեն հոգևորական՝ կաթողիկոսացու: Այս ի՜նչ ժողովուրդ են: Այսքան մեծամիտ, հավակնոտ ու պատվախնդիր մարդիկ աշխարհի և ոչ մի երկրում չես գտնի: Ներսեսը, Հովհաննեսը, մյուսները… բայց Հայոց իշխանապետն ինձ մոտ է սուրհանդակ ուղարկել և ոչ թե նրանց: (Սկսում է քայլել սենյակում:) Նախ և առաջ պիտի Աթոռը սև շղարշով պատել: Սգի մեջ ենք, չէ՞: Հետո հարկ է շուքով թաղել Հայոց դժբախտ հայրապետին:

ՏԵՍԱՐԱՆ 13

Մանկական երգչախումբը բեմից դուրս երգում է «Փառք ի բարձունս Աստուծոյ»: Դա աստիճանաբար վերածվում է կաթողիկոսի օծման թափորի, որը եզրափակում է դեմքը քողով ծածկած նոր կաթողիկոսը, որ խաչակնքում է և ասում Ապիրատի ձայնով.

  • Խաղաղություն ամենեցուն:

ՄԱՐԻԱՄԻ ՁԱՅՆԸ — Տեր, ինչո՞ւ Արդարն ու նրա հետևորդները միշտ տառապած  ու անիրավված են այս աշխարհում: Ինչո՞ւ:

Հարցը մնում է անպատասխան:

15-ը հունվարի 2024 թ.

25-ը ապրիլի 2025 թ.

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։