Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ / ՎԵՐ ԿԱՑ ՈՒ ԳՆԱ

Երբեմն թատրոնը նման է քրքրջացող ծաղրածուի, դե ես էլ ասացի` ժամանակն է` ես էլ քրքջամ:

Գործող անձինք

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — մեծ էներգիայի տեր անձնավորություն

ՀԱՍՄԻԿ — մինչև 30տարեկան

ԳԵՎՈՐԳ — Հասմիկի ամուսինը

ՎԱՂՈ — հարևան

ԶՈՔԱՆՉ

ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Պատկեր առաջին

Բեմը շրջապատված է կիսաքանդ պարիսպով: Կան անցքեր, որտեղով մարդը կարող է մտնել բեմ: Սենյակի աջ դուռը տանում է խոհանոց, ձախը` լոգարան: Աթոռներ, բազմոց, ջրի ծորակից ջուր է կաթում: Բազմոցին պառկած է Հասմիկը: Գևորգը խնամում է նրան: Ներս է մտնում Կարպ Կարպիչը:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — (Գևորգին): Ահա թե որտեղ եք թաքնվել. ամբողջ քաղաքը պտտվեցի, վերջապեսգտա քեզ, չէ` ձեզ: Նկատի ունեմ նաև կնոջդ: Բարև ձեզ:

ԳԵՎՈՐԳ — Այսքան վաղ հյուր չեմ ընդունում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ես հյուրի նմա՞ն եմ:

ԳԵՎՈՐԳ — (հորանջում է): Պարո՛ն, ժամը վեցն է: Դուք մտել եք իմ տուն:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Սա ձե՞ր տունն է:

ԳԵՎՈՐԳ — Իսկ ո՞ւմն է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Պատահում է` ապրում են, բայց տունն իրենցը չէ:

ԳԵՎՈՐԳ — Կարող եմ ցույց տալ սեփականաշնորհման վկայականը:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Դուք կարծում եք, որ դա կարող է ապացո՞ւյց լինել:

ԳԵՎՈՐԳ — Համատիրությունից տեղեկա՞նք եք ուզում: (Դադար):

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ո՛չ: Ինչո՞ւ պիտի ինձ խաբեք: Ես ձեզ հավատում եմ:

ԳԵՎՈՐԳ — Շնորհակալություն: Ներեցեք, դուք ո՞վ եք, ծանոթնե՞ր ենք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ծանոթներ…

ԳԵՎՈՐԳ — Որտե՞ղ ենք ծանոթացել, հաճախ եմ գնում թատրոն:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ես դերասան չեմ:

ԳԵՎՈՐԳ — Գուցե դրամատո՞ւրգ եք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ոչ էլ դրամատուրգ եմ:

ԳԵՎՈՐԳ — Հանդիպել ենք սրճարանո՞ւմ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ո՛չ, մենք ծանոթներ չենք, ոչ էլ բարեկամական կապ ունենք: Կարևորը, որ տեղ եմ հասել:

ԳԵՎՈՐԳ — Գուցե ջրմուղի՞ց եք, մեկ շաբաթ է սպասում եմ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Այո՞, ես կարող եմ ջրմուղից լինել: (Պայուսակից հանում է թուղթ ու գրիչ): Հիմա ես կգրեմ ցուցիչի թվերը: Դրանք շատ կարևոր թվեր են: Ես կարող եմ իմանալ, ինչքան ջուր եք խմել ամսվա ընթացքում:

ԳԵՎՈՐԳ — Այնտեղ է, լվացարանի տակ, տուփի մեջ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — (մոտենում է լվացարանին): Դուք էլ կարող եք մոտենալ, խնդրում եմ: (Գևորգը մոտենում է): Ծնկի՛… Ես ասում եմ` ծնկի իջեք և ասեք ցուցիչի թվերը:

ԳԵՎՈՐԳ — Բայց դա ձեր պարտականությունն է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ես պիտի ծնկի գա՞մ, ձե՞ր առջև… Դու, ինչ է, տերտե՞ր ես: Ես միայն նրանց առջև եմ ծնկի գալիս: Նա բարեկամաբար բամփում է գլխիս ու ասում,- ստացար քո բաժին օրհնանքը: Սա քո տունն է, բնականաբար,ցուցիչն էլ է քոնը: Ախր, ես կարող եմ այնպիսի թվեր գրել, որ տունդ վաճառես, տակից դուրս չգաս: Ծնկի իջի՛ր ու ասա թվերը:

ԳԵՎՈՐԳ — (ծնկի է գալիս): 1,7,8,4,5,4, գրեցի՞ր:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Կրկնի՛ր, մահկանացո՛ւ: Ես սովոր չեմ արագ տիրապետել մտքերին:

ԳԵՎՈՐԳ — 1,7,8,4,5,5:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ինչո՞ւ վերջին թիվը փոխվեց:

ԳԵՎՈՐԳ — Որովհետև ջուրը հոսում է: Մեկ շաբաթ է, սպասում եմ` ջրմուղից մարդ գա: Չգիտեմ ինչու, ծորակից ջուր է կաթում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ուզում եք, որ օղի՞ կաթա: Դա բացառվում է:

ԳԵՎՈՐԳ — Պարո՛ն, ուզում եմ, որ կաթոցը կտրվի:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ի՞նչ պիտի անեմ:

ԳԵՎՈՐԳ — Կտրե՛ք կաթոցը, նյարդերիս վրա ազդում է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Մի կողմ քաշվիր: Ես հիմա նրա կաթոցն այնպես կտրեմ, որ խռխռոցը գա: (Փորձում է կաթոցը կտրել. չի ստացվում): Կաշառակե՛ր սրիկա, մինչև կոկորդը մի բան չխցկեմ, բերանը չի փակի: (Դրամը մտցնում է ծորակի անցքը, կաթոցն ուժեղանում է): Սրիկայի ախորժակը մեծացավ: Ի՞նչ ես ինձ նայում, 20 հազարանոց տուր:

ԳԵՎՈՐԳ — Չգիտեմ` ինչ մտածեմ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Իսկ դու մի՛ մտածիր, փողը տուր: (Գևորգը փող է տալիս): Երկու քայլ ետ գնա ու չփորձես թաքուն նայել: Ծորակը շփոթմունքի մեջ կընկնի:

ԳԵՎՈՐԳ — Ես չգիտեի, որ ծորակն այդքան նրբազգաց է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Իհարկե, չես իմանա, բայց ես հո գիտեմ: (Փորձում է կաթոցը կտրել, չի ստացվում: Պայուսակից հանում է խոշորացույցը, զննում է): Սրանից հանցագործության հոտ է գալիս… Ահա՜ թե ինչ… Ո՞վ է մուրճով խփել ծորակի գլխին: Խոստովանի՛ր, քանի դեռ ուշ չէ:

ԳԵՎՈՐԳ — Ես տանը չեմ լինում, հավանաբար կինս է զայրացել:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Կարո՞ղ եմ նրա մատնահետքերը վերցնել:

ԳԵՎՈՐԳ — Ո՛չ, նա քնած է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Իսկ ինչպե՞ս բացահայտեմ հանցագործությունը:

ԳԵՎՈՐԳ — Լսեք, վերադարձրե՛ք իմ դրամը:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ի՜նչ, քո կինը մուրճով անշնչացրել է ծորակը, իսկ դու ինձնից փո՞ղ ես ուզում: Լավ, խոստանում եմ արձանագրություն չկազմել… և վերջ: Գնա՛, նոր ծորակ գնիր: Ես քեզ համար փականագործ չեմ:

ԳԵՎՈՐԳ — Շատ լավ: Այսօր ևեթ կգնեմ ու ինքս էլ կտեղադրեմ: Հիմա կարող եք գնալ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Այսինքն` ինչպե՞ս… պայուսակս վերցնեմ ու գնա՞մ:

ԳԵՎՈՐԳ — Այո՛:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Լսի՛ր, ինչո՞ւ ես միամիտ ձևանում: Քո խաղը մեզ փակուղի կտանի:

ԳԵՎՈՐԳ — Ձեզ չեմ հասկանում: Ներխուժեցիք բնակարանս, չկարողացաք վերանորոգել ծորակը, հիմա էլ ինչ-որ խաղի մասին եք ակնարկում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Իմ գալստյան մասին քեզ չե՞ն տեղեկացրել:

ԳԵՎՈՐԳ — Ինձ ոչ ոք չի նախազգուշացրել:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ի՞նչ է ասում էս մարդը: Կարծում ես, Կարպ Կարպիչը հենց այնպես կգա ձեր տո՞ւն: Կներեք, ես այնքան զբաղված մարդ եմ, որ շնչել ու արտաշնչել չեմ հասցնում:

ԳԵՎՈՐԳ — Կներեք, ովքե՞ր էին ինձ զգուշացնելու:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Նրանք:

ԳԵՎՈՐԳ — Նրա՞նք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Նրանք գիտեն` ինչ են անում… Այնպես եմ զայրացած, որ տեղս չեմ գտնում:

ԳԵՎՈՐԳ — Դուք իմ տանն եք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Բնական է, որ պիտի քո տանը լինեի: Էլ որտե՞ղ, զարմանալի մարդ ես:

ԳԵՎՈՐԳ — Ես էլ եմ զայրացած, բայց եկեք հանգիստ վերլուծենք առկա վիճակը: Օղի կխմե՞ք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Վատ չէր լինի: Սթափ մարդուն օղին օգնում է:

ԳԵՎՈՐԳ — Տնական օղի ունեմ, 70 աստիճան, կդիմանա՞ք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ես 100 աստիճանի էլ կդիմանամ: Դա իմ բնավորության դրական գծերից մեկն է: (Գևորգն օղի է լցնում): Է՜հ, թող քո մառանում օղին շատ լինի: (Խմում են):

ԳԵՎՈՐԳ — Հը՞, ո՞նց էր, էլի կխմե՞ք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ես աշխատանքի ժամանակ չեմ խմում:

ԳԵՎՈՐԳ — Ուտել ուզո՞ւմ եք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ո՛չ: Ինձ հետ միշտ մի բան է պատահում… Գիշերը չէի կարողանում քնել, գլուխս անտանելի ցավում էր: Երկու բաժակ օղի խմեցի, որ քնեմ: Նոր էին աչքերս փակվել, հանկարծ արթնացրին, ասացին` վեր կաց ու գնա: Ես էլ հագնվեցի, վերցրի պայուսակս ու դուրս եկա: Ժամը չորսն էր, անձրև էր գալիս: Պատկերացնո՞ւմ ես, ես անձրևի տակ քայլում էի գլխաբաց: Հիմա ժամը քանի՞սն է:

ԳԵՎՈՐԳ — Ութը:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ուղիղ չորս ժամ է քայլում եմ:

ԳԵՎՈՐԳ — Առավոտյան քայլելն օգտակար է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ամեն օգտակար բան չէ, որ գեղեցիկ է: Լրիվ ցեխոտվել եմ… Մի՞թե ամոթալի չէ այս տեսքով ներկայանալը: (Դադար, իրար են նայում): Այն ճանապարհը, որով գալիս էի, ոչ մի կենդանի շունչ չկար, միայն ուրվականներ էին թափառում: Եվ երբ գնացքի ռելսերը տեսա, ուրախացա` որտեղ գնացք, այնտեղ էլ մարդիկ:

ԳԵՎՈՐԳ — Մեր կողմերում գնացքի գծեր չկան:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Վե՛րջ տուր, աչքովս եմ տեսել:

ԳԵՎՈՐԳ — Ես այս տանն եմ ծնվել, կարող եմ հաստատել, որ գնացքի գծեր չկան:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Չեմ սիրում, երբ ինձ հակաճառում են: Ամայի վայր էր: Քայլում էի ռելսի վրայով ու մտածում` այստեղ կարող են թաքնվել բոլոր հանցագործները:

ԳԵՎՈՐԳ — Դուք ոստիկա՞ն եք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ես ոստիկան եմ… Մի՞թե իմ դեմքից չի երևում: (Սարսափելի դեմք է ընդունում): Ձեռքերդ վե՛ր, հանցագո՛րծ:

ԳԵՎՈՐԳ — (ձեռքերը բարձրացնում է): Պարո՛ն լեյտենանտ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Չէ մի չէ, լեյտենանտ, ես գնդապետ եմ: Ո՞վ չգիտի գնդապետ Կարպ Կարպիչին:

ԳԵՎՈՐԳ — Պարո՛ն գնդապետ, երդվում եմ, ես հանցանք չեմ գործել:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Քո տեսքն իսկական հանցագործի է: Մեկ-մեկ քեզ հայելու մեջ նայի՛ր: Եվ այսպես, ի՞նչ հանցանք ես գործել: Եթե ինձ ուղարկել են այստեղ, ամենաքիչը մեկ մարդ ես սպանել:

ԳԵՎՈՐԳ — Դուք չեք կարող ինձ մարդասպանի տեղ դնել:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ե՞ս, եթե ես չկարողանամ, ապա ոչ ոք չի կարող… Որտե՞ղ ես թաքցրել դիակը:

ԳԵՎՈՐԳ — Ես չեմ կարող դիակ թաքցնել, որովհետև դիակ չկա: Ուշքի եկեք, պարո՛ն, դա արդեն ծիծաղելի չէ: (Օղի է լցնում): Խմե՛ք, դա ձեզ կօգնի: (Խմում է):

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ափսոս, ես էլ մտածեցի, գուցե ոստիկան եմ:

ԳԵՎՈՐԳ — Չգիտեմ, դուք ոստիկան եք, թե ոչ, բայց ես մարդասպան չեմ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ախր, հենց այնպես չէի կարող հայտնվել այստեղ… Ինձ նման մարդը, խելացի ու հավասարակշռված անձնավորությունը չէր հայտնվի հիմար վիճակում: Ուրեմն, մարդ չեք սպանել, բայց թաքնվել եք այս ծուղակում: Այստեղ հարկային տեսուչն էլ չի համարձակվի գալ: (Ծանր լռություն):

ԳԵՎՈՐԳ — Ահա թե ինչ, ես կանխագուշակում էի, որ գալու եք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ուրեմն դու ինձ սպասում էիր… Ասա՛, որ այդպես է:

ԳԵՎՈՐԳ — Հարկայինից ո՞ւր կարող ես փախչել: (Զայրացած): Ձեր պետը հիմարի մեկն է, համարձակվել է ձեզ առավոտ վաղ ուղարկել իմ տուն:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Իմ պետը գիշեր-ցերեկ քուն չունի: Մարդն աշխատանքով է ապրում:

ԳԵՎՈՐԳ — Ապո՛ւշ, հիմա՛ր:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Կներեք, բայց իմ պետը բարձրագույն կրթություն ունի: Ճիշտ է, տարօրինակություններ էլ ունի, բայց ապուշ չէ: Նրանից բոլորն են վախենում: Նույնիսկ ես եմ վախենում:

ԳԵՎՈՐԳ — Դուք գիտե՞ք, ինձ ինչում են մեղադրում. փող լվանալու մեջ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Երջանի՛կ մարդ, շատ եք փող լվանում:

ԳԵՎՈՐԳ — Ես ազնիվ բիզնեսմեն եմ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ես լավ գիտեմ ձեր նմաններին: Փողերը որտե՞ղ ես չորացնում: (Դադար):

ԳԵՎՈՐԳ — Ձեր փաստաթղթե՞րը…

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Կարծում ես, առանց գրքույկի՞ եմ եկել: (Փորփրում է գրպանները): Պետիս հրամանը կատարելը ինձ համար մեծ պատիվ է: (Բացում է պայուսակը, ոչինչ չի գտնում): Դատարկ չեմ գնալու պետիս մոտ: Բայց ոնց որ հարկայինից չեմ:

ԳԵՎՈՐԳ — Փառք Աստծո, ամեն ոք, բայց ոչ նրանք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Կարծում եք, նրանք չարյաց մեծագո՞ւյնն են:

ԳԵՎՈՐԳ — Մինչև կոկորդս կուշտ եմ: Չեն թողնում` մի կտոր հաց վաստակեմ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Նրանք ընդամենը ժողովրդի փողերով սնվող մարդիկ են:

ԳԵՎՈՐԳ — Նրանք մեր արյունն են ծծում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ձեր ասածները գրի կառնեմ ու կներկայացնեմ` ուր որ պետք է:

ԳԵՎՈՐԳ — Խնդրեմ: Ուզո՞ւմ ես, մի երկու արտահայտություն էլավելացնեմ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Սա էլ բավական է: (Դադար): Բայց ես լրտես չեմ:

ԳԵՎՈՐԳ — Եվ այսպես` դու ջրմուղից չես: (Կարպ Կարպիչն օրորում է գլուխը): Ոստիկան չես, հարկայինից չես: Գրողը քեզ տանի, ո՞վ ես, ինչո՞ւ ես եկել իմ տուն:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ես հեռվից եմ գալիս, հոգնած եմ և ուժասպառ: Չհասցրի սուրճ խմել, իսկ տեսքս անտանելի է: Ինձ ժամանակ տուր, մինչև խելքի գամ:

ԳԵՎՈՐԳ — Հինգ րոպե քեզ ժամանակ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ի դեպ, ես էլ կվրդովվեի, եթե առավոտ վաղ ինչ-որ մեկը մտներ իմ բնակարան: Նրա վզակոթից կբռնեի ու ծեծելով դուրս կանեի:

ԳԵՎՈՐԳ — Ես համբերող մարդ եմ, կդիմանամ քո ներկայությանը հինգ րոպե:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Կծեծե՞ս:

ԳԵՎՈՐԳ — Կխնդրեմ, որ սուսիկ-փուսիկ ռադդ քաշես: (Փլուզման ձայն: Կարպ Կարպիչը ոտքի է թռչում, նայում է Գևորգին): Իմ մառանն է: Մրջյունները կերան հենասյուները:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ինչպե՞ս թե` կերան. և դու ոչինչ չե՞ս ձեռնարկում:

ԳԵՎՈՐԳ — Ստիպված եմ համակերպվել: (Բեմով սպիտակ խոզի բուդ է շարժվում: Կարպ Կարպիչը հետևում է շարժմանը): Տեսնո՞ւմ եք, ինչպես են մրջյուններն ավարը տանում:

Բուդն անհետանում է պատի ետևում: Կարպ Կարպիչը գլուխը մտցնում է անցքից ներս և տեսնում է, որ հարևանը, բուդը դրած ուսին, տանում է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ախ դու հաստավիզ մրջյուն, ես քո գլուխը կջարդեմ:

ԳԵՎՈՐԳ — Տեղական բարձր որակի մսից էր պատրաստված: Ամեն առավոտ մի կտոր ուտում էի ու գնում աշխատանքի:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Մրջյունները հենց այնպես չեն հայտնվում:

ԳԵՎՈՐԳ — Ի՞նչ եք ուզում ասել:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Այդ հաստավիզ մրջյունները սուր հոտառություն ունեն: Ոչնչի առջև կանգ չեն առնում, բեղիկները մտցնում են ամեն տեղ, նույնիսկ ննջասենյակ, սավանի տակ, նայում են ու կրծոտում: Դրանց դեմն առնելու միակ ճանապարհը ծծմբաթթուն է` բռնում ես մրջյունների գլխից ու բերանի մեջ կաթեցնում, վայրկենապես սատկում են:

ԳԵՎՈՐԳ — Լավ է, որ կինս քեզ չի լսում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ես քեզ կօգնեմ: Այդ հաստավիզ մրջյունների գլխին այնպիսի օյիններ խաղամ, այնպես թրխկացնեմ քամակներին, որ ձեր տան ճանապարհը մոռանան:

Հասմիկը զառանցում է ու ոտքի թռչում: Գևորգն ու Կարպ Կարպիչը մոտենում են նրան:

ՀԱՍՄԻԿ — Գևորգ, գնացքը գալիս է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ես ասում էի, որ գնացքը ձեր տուն է գալիս:

ՀԱՍՄԻԿ — Նրանք ուզում են մեզ բաժանել:

ԳԵՎՈՐԳ — Հանգստացի՛ր, սիրելի՛ս, մեզ մոտ գնացք չկա:

ՀԱՍՄԻԿ — Ես լսում եմ: Գնացքը սուլելով ու փնչացնելով գալիս է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Կուզե՞ս դուռը փակեմ:

ԳԵՎՈՐԳ — Վերջ տուր: Չե՞ս տեսնում, զառանցում է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Կարծում ես, ե՞ս եմ զառանցում: Մի՞թե չես լսում գնացքի սուլոցը` այու-չուքու-չուքու, այու-չուքու-չուքու ֆշշալով գալիս է:

ՀԱՍՄԻԿ — Բռնի՛ր ինձ, ես չեմ ուզում գնալ: Մրջյունները, մրջյունները…

ԳԵՎՈՐԳ — (ձեռքը դնում է նրա ճակատին): Կարծես ջերմություն ունի: Խնդրում եմ, ջերմաչափը բերես:

Կարպ Կարպիչը վստահ մոտենում է պահարանին, դարակից հանում է ջերմաչափը: Գևորգը զարմացած հետևում է նրան:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — (թափ տալով ջերմաչափը): Խնդրեմ:

ԳԵՎՈՐԳ — Դու առաջին անգամ ես մեր տանը:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Իմ կարծիքով, այո՛: Թեև… ո՞վ գիտի:

ԳԵՎՈՐԳ — Իսկ փողերիս տեղը գիտե՞ս:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Դժվար չէ կռահել: Մարդիկ փողը պահում են դոշակի տակ:

ԳԵՎՈՐԳ — Սխալվեցիր: (Ուզում է ջերմաչափը դնել կնոջ թևի տակ, նա դիմադրում է): Ի՞նչ ես կանգնել, բռնի՛ր ձեռքերը:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Փոքրի՛կս, հանգստացի՛ր:

ԳԵՎՈՐԳ — Միայն ես եմ նրան «փոքրիկ» ասում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ես էլ եմ կանանց փոքրիկ ասում, բայց այս մեկը դիմադրում է:

ԳԵՎՈՐԳ — Կին ունե՞ք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ուզում եք իմանալ` ամուսնացա՞ծ եմ: Չդիմացավ ինձ, ամուսնացավ հարևանի հետ: Ես արքայավայել տարա իմ անպատվությունը: Օ՜, այդ կինը տարօրինակ հայացքներ ուներ կյանքի վերաբերյալ: Նա չընդունեց, որ տղամարդու ասածն ասած է և ենթակա չէ բացատրության: Ես չէի կարողանում ինձ զսպել:

ԳԵՎՈՐԳ — Դուք սիրո՞ւմ եք նայել ամպերին:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Հազվադեպ, երբ խմած եմ լինում:

ԳԵՎՈՐԳ — Ինչո՞ւ եք նայում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Նայում եմ նայելու համար:

ԳԵՎՈՐԳ — Բայց ես չեմ կարող աշխատանքս թողնել, նստել կնոջս կողքին ու նայել, թե ինչ գեղեցիկ ամպեր են:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Պարտադրո՞ւմ է:

ԳԵՎՈՐԳ — Ամեն օր վիճաբանության մեջ եմ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Իսկ փող ստանալիս շնորհակալություն չի՞ հայտնում:

ԳԵՎՈՐԳ — Փողը ձեռքի կեղտ է, լսե՞լ ես: Վերցնում է, դա է ասում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Չափն անցել է: Կնոջը հնազանդեցնելու միակ ձևը ծեծն է:

ԳԵՎՈՐԳ — Հիմա ո՞վ կհամարձակվի կնոջ վրա ձեռք բարձրացնել: Քարշ կտան դատարան:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Այո՛, ողբալի վիճակում եք: Չէ՛, ստրկական դարաշրջանում ենք ապրում: Տղամարդիկ խաշ ուտող ստրուկներ են, երբևէ հասկանալո՞ւ են, որ իրենք նույնպես իրավունքներ ունեն:

ԳԵՎՈՐԳ — (հանում է ջերմաչափը): Փա՛ռք Աստծո, ջերմությունն իջել է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Նա գեղեցիկ է քնած ժամանակ, բայց լավ կանես` փաստաբան վարձես: Այդպիսի կնոջ հետ ապրելն առանց փաստաբանի անհնար է: (Դադար: Իրար են նայում):

ԳԵՎՈՐԳ — Անխոհեմ քայլ է կատարել: Դիմումը ձեզ մո՞տ է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Դիմո՞ւմը… հնարավոր է:

ԳԵՎՈՐԳ — Ինչո՞ւմ է ինձ մեղադրում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Դե, դժվար չէ գուշակել… Ինքդ լավ գիտես…

ԳԵՎՈՐԳ — Ամեն օր սպառնում էր ապահարզանով: Ձեր գրասենյակը քաղաքի կենտրոնո՞ւմ է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Բնական է: Այնպիսի տարօրինակ հարցեր ես տալիս:

ԳԵՎՈՐԳ — Ուրեմն փաստաբան է վարձել…

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Այն էլ ի՛նչ փաստաբան… Տեսնում եմ, որ ճիշտ ժամանակին եմ եկել:

ԳԵՎՈՐԳ — Պարո՛ն, ես ուզում եմ ծանոթանալ նրա մեղադրանքներին:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Այդ մասին կխոսենք, երբ տիկինն արթնանա: Ի՞նչ ես արել նրան, որ մինչև հիմա քնած է:

ԳԵՎՈՐԳ — Նա հիվանդ է, գիշերը մրսեց:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ինչո՞ւ չէիր տաքացնում նրան: Որտե՞ղ էիր, թափառակա՛ն կնամոլ… Ո՞ւմ փեշի պոչն էիր բռնել: (Դադար):

ԳԵՎՈՐԳ — Հինգ րոպեն լրացավ, հեռացե՛ք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Իմ փաստաբանական կենսագրությունում չի եղել դեպք, որ ինձ կարողանան տնից դուրս հանել:

ԳԵՎՈՐԳ — Իսկ իմ կենսագրությունում չի եղել դեպք, որ օտար մարդը մտնի իմ տուն, ու ես չկարողանամ նրան դուրս վռնդել:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Լսե՛ք, ես չեմ գնա: Մասնագիտական հոտառությունս ինձ հուշում է, որ ես անհրաժեշտ եմ այս տանը:

ԳԵՎՈՐԳ — Ես այդ կարծիքին չեմ:

Սկսում են կռվել, հետո հոգնած ընկնում են աթոռներին:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Առավոտյան այնքան էի շտապում, որ չհասցրի սուրճ խմել… Գլուխս պայթում է: Խնդրում եմ, սիրի՛ր թշնամուդ ու ինձ սուրճ տուր:

ԳԵՎՈՐԳ — Ոչ մի դեպքում:

ՀԱՍՄԻԿ — Ես սուրճ կդնեմ: (Մտնում է խոհանոց: Մթություն):

Պատկեր երկրորդ

Գևորգը և Կարպ Կարպիչը նստած են դեմ դիմաց:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Տաք կին է:

ԳԵՎՈՐԳ — Կարծես վառարան լինի: Վառում է ու մոխրացնում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ես պարտավոր եմ նրա հետ առանձին խոսել: Դե, հասկանում եք, փաստաբաններն այդ իրավունքն ունեն:

ԳԵՎՈՐԳ — Չվիճեք: Ինչ էլ որ ասի, ասացեք, որ ինքը ճիշտ է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ինչպե՞ս թե` ինքն է ճիշտը: Ես տղամարդու արժանապատվություն ունեմ:

ԳԵՎՈՐԳ — Իսկ երբ կատաղած հարձակվի, փախե՛ք զուգարան և դուռն ամուր փակե՛ք: Ինչքան էլ սպառնա կամ աղաչի, չբացե՛ք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Լսի՛ր, դու կնոջդ հրեշ ես ներկայացնում:

ԳԵՎՈՐԳ — Բայց և այնպես, ես նրան սիրում եմ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Այդքանից հետո՞:

ԳԵՎՈՐԳ — Սերը աթարին էլ կարող է կպնել:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Բայց նա շատ գեղեցիկ կին է:

ԳԵՎՈՐԳ — Կարծում ես, գեղեցիկ աթար չի՞ լինում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Շատ բարդ գործ է սա: Կքրտնենք մինչև վերջին շապիկը:

ԳԵՎՈՐԳ — Երեկ թունդ վիճեցինք, ասացինք իրար, ինչ որ սրտներումս կար: Առիթը չնչին բան էր, նույնիսկ չեմ հիշում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Այդ չնչին բանը, ինչպես ներկայացնում եք, մեծ վիհ է, թռչել նրա վրայով հեշտ չէ:

ԳԵՎՈՐԳ — Ինձ զայրացնում է նրա տարօրինակ սերը մրջյունների նկատմամբ: Ամբողջ օրը նստում է դռան շեմին ու նայում մրջնանոցից ներս ու դուրս անող մրջյուններին:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Սերը կենդանիների նկատմամբ այնքան էլ վատ չէ:

ԳԵՎՈՐԳ — Երեկոյան գալիս եմ տուն, տեսնում եմ, ընթրիքը պատրաստ չէ, իսկ նա մրջյունի հետ խոսում է: Ասում եմ, սիրելի՛ս, ինչո՞ւ ընթրիքը պատրաստ չէ, ինչո՞ւ օղին սեղանի վրա չէ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Տղամարդկանց ուղեղի աշխատանքն անմիջական կապ ունի ստամոքսի հետ: Դա նրան պիտի բացատրեիր:

ԳԵՎՈՐԳ — (սեղանի վրայից վերցնում է մի մրջյուն): Այս միջատի պատճառով ընտանիքս քայքայվում է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ցած դիր մրջյունին:

ԳԵՎՈՐԳ — Ինչ ասացի՞ք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Նրան ցավ ես պատճառում:

ԳԵՎՈՐԳ — Այս հաստագլուխ միջատը ցա՞վ է զգում: Դու է՞լ ես լսում նրա ոռնոցը:

Ներս է մտնում Հասմիկը:

ՀԱՍՄԻԿ — Անմիջապես բաց թող մրջյունին:

ԳԵՎՈՐԳ — Խնդրեմ, խնդրեմ… (Դնում է սեղանին): Փոքրի՛կս, գնա մամայի մոտ:

ՀԱՍՄԻԿ — Դու նրա ոտքը ջարդել ես:

ԳԵՎՈՐԳ — Կտանեմ հիվանդանոց, ոտքը գիպս կդնեն:

ՀԱՍՄԻԿ — Ամբողջ օրը ցավից կմռմռա:

ԳԵՎՈՐԳ — Եկեք շտապ օգնություն զանգահարենք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Զանգահարելու կարիք չկա: Նա փախավ:

ԳԵՎՈՐԳ — Փառք Աստծո, ծախսի տակ էի ընկնելու: (Դադար): Տիկի՛ն, սուրճը պատրա՞ստ է:

ՀԱՍՄԻԿ — Ո՛չ, ես քեզ համար խոհարար չեմ:

ԳԵՎՈՐԳ — Պարզ է, ես սուրճ կդնեմ: Դա՞ռը, թե՞ քաղցր եք խմում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Սև շոկոլադով, պոպոք-պնդուկով և կոնյակով:

Գևորգը մտնում է խոհանոց:

Պատկեր երրորդ

Հասմիկը և Կարպ Կարպիչը:

ՀԱՍՄԻԿ — Գիտե՞ք, նա իմ ամուսինն է: Հինգ տարի է, միասին ենք ապրում: Հենց առաջին օրը նա ինձ ծուղակը գցեց, ասաց, որ ինձ սիրում է: Ոչ մի կին չէր դիմանա նրա հմայքին: Դժբախտաբար, ես էլ հավատացի: Իսկ հիմա չեմ հավատում, երբ ասում է` ուշ եմ տուն գալու… Աչքերիս առջև հայտնվում է շիկահեր քարտուղարուհին… Ասացեք, ինձ նման կնոջը կարելի՞ է դավաճանել:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Եթե ես լինեի ձեր ամուսինը… Եթե միայն կարողանայի ամուսին լինել:

ՀԱՍՄԻԿ — Իսկ ինչո՞ւ պիտի լինեիք: Խոսքն իմ ամուսնու մասին է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Օ՜, նա… Ամեն տղամարդ ունի իր ճաշակը:

ՀԱՍՄԻԿ — Նրա ճաշակը փոխվել է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Հնարավոր է, տիկի՛ն: Նրա նման տղամարդուն չես կարող փակի տակ պահել:

ՀԱՍՄԻԿ — Ավա՜ղ… Ես չգիտեմ` ինչ անել: Բոլոր տղամարդիկ ստախոսներ են: Ես հպարտ եմ, որ կին եմ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ես էլ հպարտ եմ, որ կին չեմ: Բայց դա` մեր մեջ ասած: (Դադար):

ՀԱՍՄԻԿ — Ձեր դեմքն ինձ ոչինչ չի ասում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ուզում եք, որ նա երգի՞:

ՀԱՍՄԻԿ — Ուզում եմ իմանալ` մենք ծանոթնե՞ր ենք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Առիթ չի եղել, որ հանդիպենք:

ՀԱՍՄԻԿ — Իսկ ի՞նչ գործ ունեք մեր տանը:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ինչպե՞ս թե` ինչ գործ ունեմ… Իսկ ինչո՞ւ պիտի գործ չունենամ: Տիկի՛ն, ես ձեր պահապան հրեշտակն եմ, եկել եմ կանխելու հանցագործությունը: Տիկի՛ն, հաշվի առնելով վերլուծելու իմ ընդունակությունը, ձեր կյանքին վտանգ է սպառնում:

ՀԱՍՄԻԿ — Մեր տանը… և ո՞ւմ կողմից:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Գրողը տանի, իհարկե, ամուսնուդ: Նա քեզ չի՞ սիրում: Ասացեք,նա ո՞ւշ է տուն գալիս:

ՀԱՍՄԻԿ — Այո՛, ես նրան ատում եմ, այնպես եմ ատում, որ կորցնում եմ բանականությունս:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ահա՜ թե ինչ… Սարսափելի է հայտնվել բանականությունը կորցրած կնոջ փափուկ թևերի մեջ:

ՀԱՍՄԻԿ — Մի՞թե դա անբնական է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ո՛չ, տիկի՛ն, դա չափից շատ բնական է, այնքա՛ն բնական… Բայց չեք նկատում, ձեր ոտքերի տակ հողը շարժվում է:

ՀԱՍՄԻԿ — Երկրաշարժ է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ավելի վատ բան. ձեր ընտանիքն է քայքայվում: Ասացեք, գիշերն ի՞նչ էր անում այդ ողորմելի ամուսինը:

ՀԱՍՄԻԿ — Ընկել էր իմ ետևից… Մի կերպ ազատվեցի նրա ճանկերից ու թաքնվեցի մրջնանոցի ետևում: Պառկել էի խոնավ գետնին, ցրտից դողում էի, իսկ նա ընկավ բազմոցին ու քնեց:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Գուցե հոգնած էր:

ՀԱՍՄԻԿ — Ինչի՞ց էր հոգնել:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Աշխատանքից, տիկի՛ն, հոգնած գալիս է տուն, որ քնի, հանգստանա, իվերջո, սեքս անի: Հո դեմ չե՞ք:

ՀԱՍՄԻԿ — Ես կողմ եմ, բայց նա մեկ շաբաթ է` ինձ չի մոտենում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Հրաժարվում է ձեզ նման գեղեցկուհո՞ւց: Անհնարին է:

ՀԱՍՄԻԿ — Դուք կարծում եք, որ ես գեղեցկուհի՞ եմ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Նյարդային համակարգս սկսեց լարվել, բայց անցնենք առաջ: Հետո ի՞նչ եղավ:

ՀԱՍՄԻԿ — Մի՞թե մրջյունները կենդանի արարածներ չեն, ինչպես ես ուդուք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Տիկի՛ն, Աստված մրջյուններին հենց այնպես չի ստեղծել: Նրանք երկրագնդի լիիրավ բնակիչներ են:

ՀԱՍՄԻԿ — Իսկ նա ուզում էր քանդել մրջնանոցը: Եթե չեք հավատում, հարցրեք Վաղոյին:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Վաղոն ո՞վ է:

ՀԱՍՄԻԿ — Մեր հարևանը: Ճանաչո՞ւմ եք:

Պատի կողմից լսվում է հազի ձայն:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ա՜խ, հա՛, ո՞նց չեմ ճանաչում այդ սրիկային:

ՀԱՍՄԻԿ — Ուզո՞ւմ եք, պատը ծեծեմ, ներս մտնի:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ո՛չ, մեկ ուրիշ անգամ: Ես ինքս նրա հարցերը կլուծեմ: Եվ այսպես, ի՞նչ էր մտքինը:

ՀԱՍՄԻԿ — Նա ասում էր, որ մրջյունները խանգարում են մեր երջանկությանը: Ինչպե՞ս են այդ փոքրիկ մրջյունները խանգարելու:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Նույնիսկ մի փոքրիկ, աննշան արարած կարող է պատճառ դառնալ ապահարզանի:

ՀԱՍՄԻԿ — Բայց մեր երջանկության համար չենք զոհաբերելու ամբողջ մրջնանոցը: Գիշերն ուզում էր ծծմբաթթու լցնել մրջնանոցը: Միայն լսեիք, ինչպես էին ոռնում մրջյունները, մարդու նման լաց էին լինում: Այսքանից հետո ես նրա հետ ինչպե՞ս ապրեմ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ուրեմն ճիշտ ժամանակին եմ եկել: (Պայուսակից հանում է թուղթ ու գրիչ): Եվ այսպես, ինչի՞ց սկսենք:

ՀԱՍՄԻԿ — Մի ժամանակ մենք այնպես էինք իրար սիրում: Անկողինը կարծես դրախտավայր լիներ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Տիկի՛ն, տղամարդկանց ձեր պատճառով դրախտից արտաքսեցին: Մոռանանք եդեմական աշխարհն ու անցնենք երկրային գործերին: Դուք նրան չե՞ք սիրում:

ՀԱՍՄԻԿ — Անգամ դեմքն եմ ուզում մոռանալ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Դուք ճիշտ ուղու վրա եք: Բնական է, նա էլ ձեզ չի սիրում:

ՀԱՍՄԻԿ — Ինչո՞ւ: Պատճառն իր քարտուղարուհի՞ն է: Տեսե՞լ եք նրանց միասին:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ես նրանց ամեն օր եմ տեսել: Նույն կաբինետում են սուրճ խմում:

ՀԱՍՄԻԿ — Ինչքան տգեղ է ու հակահիգիենիկ սեքս անել բազմոցի վրա: Պարո՛ն, դուք նրանց թույլ չպիտի տայիք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ -Կարծում եք, իմ աչքերի առա՞ջ էին այդ բանն անում: Կներեք: Ես` Կարպ Կարպիչս, թույլ չէի տա: Ես կողմ եմ բարոյականությանը:

ՀԱՍՄԻԿ — Նա գեղեցի՞կ է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ո՞վ:

ՀԱՍՄԻԿ — Հիմար պատասխան: Սիրուհին ինձնից գեղեցի՞կ է: Իսկ մարմինը գե՞ր է, թե՞ նիհար: Ես շաբաթը երեք անգամ գնում եմ շեյփինգի: Տեսնո՞ւմ եք, ինչքան պիրկ են կրծքերս: Կարող եք ձեռք տալ: Մի՛ ամաչեք, դուք առաջինը չեք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Տիկի՛ն, համոզված եմ, որ չեք ստում: Ձեր ամբողջ մարմինն է պիրկ:

ՀԱՍՄԻԿ — Առանց ձեռք տալու ինչպե՞ս իմացաք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — (ձեռք է տալիս): Ձեր կրծքերն իսկական զսպանակներ են:

ՀԱՍՄԻԿ — Իսկ նա չի նկատում: Խղճուկ, ողորմելի, կնամոլ… Ուրեմն, ասում եք, որ նա սիրուհի ունի:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ես այդպիսի բան չասացի: Ես ասացի` նրանք նույն կաբինետում են սուրճ խմում:

ՀԱՍՄԻԿ — Պարո՛ն, դուք ստախոս եք: Ա՜, նա ձեզ կաշառե՞լ է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Դուք ինձ վիրավորում եք: Ես անկաշառ փաստաբան եմ: Ինձ հետաքրքրում են միայն փաստերը: Եվ այսպես, նրա հետ չե՞ք ուզում ապրել:

ՀԱՍՄԻԿ — Այսքանից հետո… երբե՛ք: Նա ինձ արժանի չէ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — (գրում է): Կարո՞ղ եք ասել, երբվանի՞ց են սրվել ձեր հարաբերությունները:

ՀԱՍՄԻԿ — Երբ նոր քարտուղարուհին ոտք դրեց օֆիս: Ուշ է տուն գալիս, միանգամից մտնում է անկողին ու քնում: Նույնիսկ «բարի գիշեր» չի ասում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Նրան չե՞ք վստահում:

ՀԱՍՄԻԿ — Իսկ տղամարդիկ արժանի՞ են վստահության… Բավական է փեշ տեսնեք, ամեն սրբություն մոռանում եք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Անձամբ ես իմ մասին այլ կարծիքի եմ:

ՀԱՍՄԻԿ — Քիչ առաջ ի՞նչ էիք անում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Փորձում էի տեսնել «զսպանակի» պրկությունը: Դա աշխատանք է, տիկի՛ն: Աշխատանքն է մարդուն մարդ դարձնում:

ՀԱՍՄԻԿ — Համենայնդեպս, ոչ ձեզ:

Դադար: Կատաղած իրար են նայում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ձեր ամուսինը ուշ է տուն գալիս, որովհետև աշխատում է:

ՀԱՍՄԻԿ — Նա ուշ է տուն գալիս, որովհետև սիրուհու հետ է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ո՛չ, աշխատում է:

ՀԱՍՄԻԿ — Սիրուհու հետ է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Համառությունը ձեզ չի սազում:

ՀԱՍՄԻԿ — Լավ էլ սազում է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Հետո ասում են` նորից ամուսնացիր… Երկու օրում ինֆարկտ կստանամ:

ՀԱՍՄԻԿ — Ա՜, դուք նույնիսկ ամուսնացած չեք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Եվ մտադրություն չունեմ: Խելացի տղամարդը չի ամուսնանա:

ՀԱՍՄԻԿ — Ո՛չ, խելացի կինը չպիտի ամուսնանա:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Խելացի կինը պիտի զիջի ամուսնուն:

ՀԱՍՄԻԿ — Խելացի տղամարդը պիտի հարգի կնոջ իրավունքները:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ճիշտ են անում մահմեդականները, որ կնոջը չադրա են հագցնում:

ՀԱՍՄԻԿ — Կեցցե՛ն ազատասեր ամազոնուհիները:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ձեզ հետ անհնար է ապրել: Ամուսինդ ճիշտ է անում, որ բաժանվում է:

ՀԱՍՄԻԿ — Իսկ… իսկ դուք չեք ամուսնանում, որովհետև անզոր եք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Տիկի՛ն, ինձ հունից մի՛ հանեք, հակառակ դեպքում ինձ չեմ տիրապետի:

ՀԱՍՄԻԿ — Անզոր, անզոր…

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Նորից կրկնվեց… Այն անառակը գլխիս նույն բանն էր անում: (Ձեռքը տանում է գրպանը): Ձեռքերդ վե՛ր, թե չէ կկրակեմ:

ՀԱՍՄԻԿ — (ձեռքերը բարձրացնում է): Ո՞ւմ եք սպասում, կրակե՛ք: Հանուն կանանց ազատության պատրաստ եմ ինձ զոհաբերել:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ափսոս, ատրճանակս չեմ բերել: Բայց դա քո վիճակը չի թեթևացնի: Կխեղդեմ այս մատներով:

ՀԱՍՄԻԿ — Եթե մոտենաք, կճչամ… Ամուսինս քեզ չի ների: Անմիջապես ներողություն խնդրեք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ներեցեք, տիկի՛ն, խոստանում եմ, որ ձեզ չեմ սպանի:

ՀԱՍՄԻԿ — Դա բավական չէ, դուք ինձ այնպե՜ս վախեցրիք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Կարող եմ ձեր վախը չափել:

ՀԱՍՄԻԿ — Ո՛չ, դուք պրոֆեսիոնալ վախեցնող եք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Նորից չսկսենք… Դուք ամեն ինչում ճիշտ եք: Եվ այսպես, համաձայն եք ապահարզան տալ քաղաքացի Գևորգին, այսինքն` ձեր ամուսնուն:

ՀԱՍՄԻԿ — Ես ասում եմ… ո՛չ, ո՛չ, ո՛չ: Նա ապահարզան չի ստանա: Ես կբաժանվեմ բոլոր տղամարդկանցից, բայց ոչ նրանից: Նա պիտի տառապի: Համենայնդեպս, ես կստիպեմ, որ զգա տառապանքի գինը:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Քմահաճ տիկինը վերջնական խոսքն ասաց:

ՀԱՍՄԻԿ — Այո՛:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Դե որ այդպես է, ես այստեղ անելիք չունեմ: Ցտեսություն, տիկի՛ն: (Վերցնում է պայուսակը, ուզում է գնալ):

ՀԱՍՄԻԿ — Սպասե՛ք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Այո՞:

ՀԱՍՄԻԿ — Գուցե տրամադրությունս փոխվի: Ես իմ տրամադրության գերին եմ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ի դեպ, ձեր ամուսինն ասում էր, որ խանդում եք իրեն, չափից շատ եք խանդում:

ՀԱՍՄԻԿ — Այդ ե՞ս եմ խանդում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Նա ասում էր, որ դուք թեթևամիտ եք, ինքնահավան, տրամաբանությունից զուրկ, միահեծան տնային տնտեսուհի եք:

ՀԱՍՄԻԿ — Ի՞նչ, ես թեթևամիտ եմ, միահեծան… Հայտնե՛ք նրան, որ ինքը դաժան ինկվիզիտոր է: Նա էլ ինձ չի սիրում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Երազելն իսկ ավելորդ է:

ՀԱՍՄԻԿ — Զգում եմ, որ արյուն է հեղվելու: Կսպանեմ…

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Բայց ինչո՞ւ, տիկի՛ն, կբաժանվեք, ամեն մեկդ նոր կյանք կսկսեք:

ՀԱՍՄԻԿ — Արյան գետեր են հոսելու, կառաջանա արյան լճակ, ու ես լող եմ տալու, որ հոգիս հանգստանա:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Զգո՛ւյշ, չխեղդվեք:

ՀԱՍՄԻԿ — Փրկագոտի կհագնեմ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Բաժանումն անխուսափելի է:

ՀԱՍՄԻԿ — Անդառնալի:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ձեզ ի՞նչ պատահեց:

ՀԱՍՄԻԿ- Լսո՞ւմ եք, գնացքը սուլում է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Իսկ նա ասում էր, այստեղ ռելսեր չկան:

ՀԱՍՄԻԿ — Այդ գնացքով եմ հեռանալու: Կգնամ, կկորչեմ: Նա կարող է հազար սիրուհի պահել:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Իմ կարծիքով, նրան մեկն էլ բավական է: (Թղթեր է լրացնում):

ՀԱՍՄԻԿ — Ես ձեզ եմ հարցնում, այսքան ժամանակ խոհանոցում ի՞նչ է անում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, սուրճ է եփում:

ՀԱՍՄԻԿ — Եվ դուք հավատո՞ւմ եք: (Դադար): Մեր բոլոր դանակներն այնտեղ են:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Հետո՞ ինչ:

ՀԱՍՄԻԿ — Նա ինձ ատում է, հետևաբար, կուզենա ինձնից ազատվել: Քեզ էլ կսպանի որպես վկայի:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Չեմ հավատում:

ՀԱՍՄԻԿ — Նրա ատելությունը սահմաններ չի ճանաչում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ինձ թվում է, նա խելացի մարդ է, հումանիստ:

ՀԱՍՄԻԿ — Նա՞ է հումանիստ… Իսկ որ ուզում էր մրջնանոցը ծծմբաթթու լցնել, սիրո արտահայտության ձև՞ է: Ես իմ մարմնով փակեցի ճանապարհը: Տե՛ր Աստված, նա ատելությունից կորցրել է մարդկային դեմքը: Ես նրան չեմ ճանաչում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ամեն ինչ չափազանցնում եք: Ընդհակառակը, նրա դեմքը համակրելի է, պահվածքը` բարեկիրթ, թեև նրա մոտ տարօրինակություններ նկատեցի, բայց դա գործին չի առնչվում:

ՀԱՍՄԻԿ — (մոտենում է խոհանոցի դռանը): Չե՞ք լսում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ես չեմ լսում: Ինչպե՞ս կարող եմ չլսել… Բայց ի՞նչ պիտի լսեմ:

ՀԱՍՄԻԿ- Նա դանակ է սրում: Չե՞ք լսում խզզոցը:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Այո՛, խզզում է կամ էլ` բզզում:

ՀԱՍՄԻԿ — Խնդրում եմ, կողքիցս չհեռանաք: Դուք պարտավոր եք ինձ պաշտպանել, խոստացեք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Խոստանում եմ: Ես այնպես եմ խոստանում, ինչպես ոչ մի արարած չի կարող ինձ պես խոստանալ:

ՀԱՍՄԻԿ — Դե, պատրաստվե՛ք վատթարին:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ժամանակին ֆուտբոլ եմ խաղացել, քացով քամակին` և գոլ:

ՀԱՍՄԻԿ — Պատրաստվի՛ր, գալիս է… Հիմա դանակը ձեռքին ներս կմտնի ու մեզ կսպանի: Գրկի՛ր ինձ:

Գրկախառնվում են: Ներս է մտնում Գևորգը` դանակը ձեռքին, տեսնում է կնոջը Կարպ Կարպիչի գրկում:

ԳԵՎՈՐԳ — Չխանգարեցի՞:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Չմտածե՛ք այն, ինչ տեսնում եք:

ԳԵՎՈՐԳ — Ես ոչինչ չեմ տեսնում: (Մատը քսում է դանակի սայրին): Ես կույր եմ, իրավունք չունեմ աչքիս տեսածին հավատալու: Տիկի՛ն, դու պարոնի գրկում չե՞ս: Ասա` ո՛չ: (Մոտենում է: Նրանք սեղանի շուրջը պտտվում են): Դուք մոռացել եք, որ ես տանն եմ, որ դու դեռ իմ կինն ես:

ՀԱՍՄԻԿ — Չմոտենա՛ս, մարդասպա՛ն:

ԳԵՎՈՐԳ — Ձեր արարքը, մեղմ ասած, անպարկեշտ է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ցած դիր դանակը:

ԳԵՎՈՐԳ — Մեկ ժամ է` սրում եմ, մեկ ժամ է` մտածում եմ մեր անցած կյանքի մասին: Հինգ երկար տարիներ իրար հետ ենք ապրել… Սա վերջն է…

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Լսե՛ք, պարո՛ն, մենք գիտակից մարդիկ ենք:

ԳԵՎՈՐԳ — Դու մրջյուն ես, հայտնվում ես ամենաանցանկալի տեղում: Բա՛ց թող կնոջս:

ՀԱՍՄԻԿ — Չթողնե՛ս, խոստացել ես:(Պտտվում են):

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ես կկատարեմ իմ խոստումը… Լսե՛ք, պարո՛ն, ի տարբերություն մրջյունների, մենք կարող ենք նստել սեղանի շուրջ և վերլուծել իրավիճակը: Ես համաձայն եմ, ողբերգություն է, բայց ո՛չ անդառնալի: Ես ձեր կնոջը կվերադարձնեմ, եթե դանակը դնեք ցած:

ԳԵՎՈՐԳ — (երևում է, ինչպես է ապխտած ձուկ գնում): Ասետրինա է, 100 000 դրամ եմ ծախսել:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ձեր հարևանի անունն ի՞նչ է:

ԳԵՎՈՐԳ — Վաղո:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — (մոտենում է պատին): Վաղո անունը կրող միջա՛տ, ապա դուրս եկ պատի արանքից: (Պատի միջից երևում է Վաղոյի դեմքը: Կարպ Կարպիչը բռնում է նրա քթից): Շպիո՛ն, համարձակվում ես գողանա՞լ ուրիշի ունեցվածքը:

ԳԵՎՈՐԳ — Նա՞ է գողանում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Էլ ո՞վ: Անհեռատե՛ս կապիկ, գող, սրիկա, հաստավիզ մրջյուն:

ՎԱՂՈ — Չհամարձակվես ինձ վիրավորել:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Դու գիտե՞ս, ես ով եմ:

ՎԱՂՈ — Չէ՛:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Հիմա կիմանաս… Քիթը նրա համար է, որ գտնվի դեմքի վրա, ճակատից ներքև, շուրթերից վերև, երկու թշերի արանքում: Դու ինձ մի՛ ստիպիր, որ քիթդ տեղադրեմ ներքևի թշերի արանքը, հասկացա՞ր, հարևա՛ն: Գլուխդ ետ տար, վաղը ոստիկանությունը քեզնով կզբաղվի:

ՎԱՂՈ — Վաղոյին վախեցնողը չի ծնվել:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Դե՛, փախի՛ր, փրկվի՛ր, հաստավի՛զ մրջյուն: Ինչպե՛ս ինձ զայրացրեց… (Գևորգին.) Դե բավակա՛ն է դանակը թափահարես, մարդ սպանելն այդքան հեշտ բան չէ, նստի՛ր:

ԳԵՎՈՐԳ — Ես պատրաստ եմ ծայրահեղ քայլի դիմել:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ուզում ես մնացած կյանքդ բանտո՞ւմ անցկացնել: Կինդ դուրդ չի գալիս, գնա՛ սիրուհուդ մոտ: Պարտադիր չէ, որ նրան սպանես:

ԳԵՎՈՐԳ — Ես սիրուհի չունեմ:

ՀԱՍՄԻԿ — Իսկ քարտուղարուհի՞դ:

ԳԵՎՈՐԳ — Նա ինձ մոտ աշխատում է, սուրճ է եփում:

ՀԱՍՄԻԿ — Ներքնաշորերդ չի՞ լվանում:

ԳԵՎՈՐԳ — Չհամարձակվես ինձ ծաղրել:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Պարո՛ն, նստի՛ր: (Գևորգը նստում է): Դուք էլ նստեք, տիկի՛ն: Դե բավակա՛ն է ինձ գրկեք, բա՛ց թողեք:

ՀԱՍՄԻԿ — Նա ինձ կսպանի:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Տիկի՛ն, էլ ինչո՞ւ եմ ես այստեղ: Ես թույլ չեմ տա, որ նա ձեզ մատով դիպչի:

ԳԵՎՈՐԳ — Նա իմ կինն է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ո՛չ, հարգելի՛ս, այս պահից սկսած դուք օտարներ եք: Ես ձեզ բաժանել եմ օրենքի ամբողջ խստությամբ:

ԳԵՎՈՐԳ — Դու նրան չես ստանա: (Ոտքի է կանգնում, նրանք էլ են կանգնում):

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Պարո՛ն, ինձ տուր դանակը: Քրեական օրենսգրքով կնոջը սպանելը դատապարտելի է:

ԳԵՎՈՐԳ — Չեմ տա, իմ սեփականությունն է: (Մտնում է խոհանոց: Կարպ Կարպիչն ու Հասմիկն իրար են նայում):

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Տանն ատրճանակ ունե՞ք:

ՀԱՍՄԻԿ — Չգիտեմ, ավելի լավ է փախչենք: Նա մեզ կսպանի:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ինձ վրա սթափ մարդու տպավորություն էր թողնում, բայց, ափսոս, սխալվեցի: Մենք իրավունք չունենք հանձնվելու: Միջին դարերում եռացած ջրով էին պաշտպանվում:

ՀԱՍՄԻԿ — Վառարանը խոհանոցում է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Բա լավ, էս տանը մի զենք չկա՞: Ախր, նրա ձեռքով զոհվելը վիրավորական է:

Ներս է մտնում Գևորգը:

ԳԵՎՈՐԳ — Եկա ասելու` վերցրե՛ք դանակը:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Դրեք սեղանին: (Գևորգը դնում է): Մեկ քայլ ետ գնացեք: (Գևորգը ետ է գնում: Կարպ Կարպիչը վերցնում է դանակը): Սա իսկական մարդասպանի դանակ է: Նստե՛ք: Եկեք քննարկենք ձեզ հուզող բոլոր հարցերը: Դուք այսպես չեք կարող ապրել, մի օր իրար կսպանեք: Որպեսզի կանխեմ ողբերգությունը, ձեզ և ձեր ունեցվածքը կբաժանեմ հավասար մասերի: (Դանակով փորձեր անելով քայլում է, Հասմիկն ու Գևորգը վախեցած նրան են նայում): Եվ այսպես, այս տունն ո՞ւմ է պատկանում:

ԳԵՎՈՐԳ — Սա իմ հայրական տունն է:

ՀԱՍՄԻԿ — Ես այստեղ եմ գրանցված, ես այստեղ եմ ապրում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Այն կբաժանենք երկու մասի: (Հանում է կավիճը և գծում բաժանման գիծը): Աջ մասում կապրի տիկինը, ձախում` պարոնը:

ՀԱՍՄԻԿ — Ո՛չ, ես ուզում եմ ձախ մասում ապրել:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Պարո՛ն, դեմ չե՞ք:

ԳԵՎՈՐԳ — Ինձ համար միևնույն է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Տիկինը կապրի ձախ մասում:

ՀԱՍՄԻԿ — Բայց ես ուզում եմ ապրել աջ մասում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Տիկինը ապրում է աջ մասում:

ՀԱՍՄԻԿ — Տիկինն ուզում է ապրել ձախ մասում: Ո՞վ է ջրելու իմ ծաղիկները:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Հանգստացե՛ք, տիկի՛ն, մենք այն կիսելու ենք: Պարո՛ն, ծաղկամանը դիր բաժանման գծի վրա: (Գևորգը դնում է): Այս կողմից կարող եք ջրել:

ՀԱՍՄԻԿ — Շնորհակալություն, իսկ որտե՞ղ ենք քնելու: Մենք մի մահճակալ ունենք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Պարոնը կքնի բազմոցին:

ԳԵՎՈՐԳ — Ոչ մի դեպքում, ես մահճակալը չեմ զիջի:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Դուք տղամարդ եք:

ԳԵՎՈՐԳ — Հետո՞ ինչ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Պիտի զիջող լինեք փափկասուն կնոջը:

ԳԵՎՈՐԳ — Ո՛չ, այս մահճակալին քնել են հայրս ու մայրս, հիմա ես եմ քնելու:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Տիկի՛ն, գուցե դուք քնեք բազմոցին:

ՀԱՍՄԻԿ — Ա՛յդ էր պակաս: Մահճակալը ես եմ օժիտ բերել: Ուրիշ բացատրություն չի կարող լինել: Մայրս կարող է հաստատել:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Այդ ժամ մենք այն կկիսենք: Կացին ունե՞ք:

ԳԵՎՈՐԳ — Ո՛չ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Օգնի՛ր, մահճակալը դնեմ բաժանարար գծի վրա: (Մահճակալը տեղափոխում են): Էլ ի՞նչ արժեքավոր բան ունեք: Ա՜, մատանիները… (Վերցնում է մատանիները):

ՀԱՍՄԻԿ — Այս մատանին այնքան էր սազում իմ մատին: Ես թանկ հիշողություններ ունեմ դրա հետ կապված:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ձեզ ոչ ոք չի խանգարում, որ ապրեք թանկ հիշողություններով: Ես, որպես իրավաբան, ձեզ հայտարարում եմ ամուսնալուծված: Տիկի՛ն, պարո՛ն, կյանքը շարունակվում է: Դուք ստացաք ձեր ուզած ազատությունը: Ձեր առջև նոր դռներ են բացվում, նոր հորիզոններ: Մտածե՛ք նոր կյանք սկսելու մասին: Օ՜ֆ, գլուխս այնպես է ցավում, մի բաժակ սուրճ էլ չտվեցիք:

ՀԱՍՄԻԿ — Գնա՞մ, սուրճ պատրաստեմ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ո՛չ, շնորհակալ եմ:

ԳԵՎՈՐԳ — Կարո՞ղ եմ ես դնել:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Կանգնեք ամեն մեկդ ձեր տարածքում: Ես ինձ համար սուրճ կեփեմ: (Վերցնում է դանակը): Իդեպ, դանակը խորությամբ չեք սրել: (Մտնում է խոհանոց):

Պատկեր չորրորդ

Հասմիկն ու Գևորգը կանգնած են բաժանարար գծի տարբեր կողմերում:

ԳԵՎՈՐԳ — Մի բաժակ ջուր տուր, խնդրում եմ:

ՀԱՍՄԻԿ — Ո՛չ:

ԳԵՎՈՐԳ — Դու բարի սիրտ ունես:

ՀԱՍՄԻԿ — Մի՛ շողոքորթիր, ջուր չեմ տա:

ԳԵՎՈՐԳ — Խնդրում եմ, մի՛ կործանիր մեր ընտանիքը:

ՀԱՍՄԻԿ — Բաժանումից հետո հիշեցի՞ր, որ ընտանիք ունես:

ԳԵՎՈՐԳ — Ես չգիտեմ, որն է իմ մեղքը: Անիմաստ կասկածանքների պատճառով դու ուզում ես բաժանվե՞լ:

ՀԱՍՄԻԿ — Վե՛րջ տուր:

ԳԵՎՈՐԳ — Բայց չէ՞ որ ինձ ճանաչում ես:

ՀԱՍՄԻԿ — Այո՛, ճանաչում էի, կարծում էի` ինձ սիրում ես, բայց սխալվեցի:

ԳԵՎՈՐԳ — Ես կփորձեմ հասկանալ քեզ: (Անցնում է գիծը): Մենք կնստենք դեմ դիմաց, առանց վկայի ու կքննարկենք: Մենք հաշտվելու հնարավորություն ունենք, սիրելի՛ս:

Ներս է մտնում Կարպ Կարպիչը:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ձեռքերդ հեռու տար օտար մարմնից: Դու չես պատկերացնում գործի լրջությունը: Ես քեզ դատի կտամ ոտնձգության համար: Սա սահման է` արյունով գծված, միջազգային օրենքով հաստատված:

ԳԵՎՈՐԳ — Ես ուզում եմ խոսել կնոջս հետ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Նախկին, նախկի՛ն կնոջ հետ: Իսկ դա կախված է իմ բարի ցանկությունից, բայց ես ասում եմ` ո՛չ: Տիկի՛ն, ինձ հետ համաձա՞յն եք: Լռությունը համաձայնության նշան է:

ԳԵՎՈՐԳ — Մինչև ձեր հայտնվելը մենք ապրում էինք խաղաղ ու երջանիկ: Ո՞ւմ ընտանիքում թյուրիմացություն չի լինում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Պարո՛ն, սա կոչվում է թյուրիմացությո՞ւն: Դանակով հարձակվել եք թույլ ու անպաշտպան կնոջ վրա: Եթե ես չլինեի, նրան կսպանեիք:

ԳԵՎՈՐԳ — Ես պատահաբար բարձրացրի դանակը: Փոքրի՛կս, դու հավատո՞ւմ ես, որ ես կարող եմ քեզ սպանել:

ՀԱՍՄԻԿ — Իսկ ինչո՞ւ էի փախչում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Նա սարսափահար էր, նա հասկացավ, որ թույլ արարած է ու փախավ քեզանից, ընկավ ուղիղ իմ գիրկը: Բնական է, ես, որպես տղամարդ, պարտավոր էի պաշտպանել նրան: Պարո՛ն, հասկացեք, այս գիծը ես չեմ գծել, օրենքն է գծել: Խնդրում եմ պահպանել գծված սահմանը: Մի՛ ստիպեք փշալարեր անցկացնեմ ու միացնեմ հոսանքին: Տիկի՛ն, խոստանում եմ անշարժ գույքի գործակալ ուղարկել, որ գնի ձեր մասնաբաժինը, հակառակ դեպքում կհայտնվեք նախկին ամուսնուդ որոգայթում: Ես գնամ, տեսնեմ սուրճը եփե՞լ է: (Մտնում է խոհանոց):

Հասմիկը հավի միս է ուտում:

ԳԵՎՈՐԳ — Ես էլ եմ քաղցած: Լավ կանեիր, տաքացնեիր, նոր ուտեիր: Բուդը դո՞ւ ես ուտում, դաիմ սիրած կտորն է:

ՀԱՍՄԻԿ — Ժամանակին տուն գայիր: Երեկ ամբողջ օրը սպասում էի, որ ամուսինս գար, միասին ուտեինք ու սպիտակ գինի խմեինք: Ո՞ւր էիր: Իմ կենացը: (Խմում է):

ԳԵՎՈՐԳ — Հանուն մեր երջանիկ տարիների` մի փոքր հացի վրա հավի թեկուզ մեջք դիր, մի բաժակ էլ գինի:

ՀԱՍՄԻԿ — Չհամարձակվե՛ս գիծն անցնել: Այդ տարիներին ես միայն տառապել եմ:

ԳԵՎՈՐԳ — Ստում ես, ինքդ էլ չես հասկանում` ինչ ես ասում: Այս մարդը քեզ կախարդել է: Ուշքի արի, քանի դեռ հնարավորություն կա ուղղելու: Հիշո՞ւմ ես, գնացել էինք գազանանոց: Միայն մենք էինք ու կապիկները: Երբ սկսեցինք համբուրվել, նրանք էլ սկսեցին մեզ ընդօրինակել: Մենք երջանիկ էինք:

ՀԱՍՄԻԿ — Ոչինչ չեմ հիշում: Իմ ուղեղը լցված է միայն վատ հիշողություններով: Քարտուղարուհիդ քեզ ձեռք է տվել: Դու նրան համբուրել ես: Զզվելի է, էլ չմոտենաս ինձ:

ԳԵՎՈՐԳ — Երդվում եմ, ես նրան ձեռք չեմ տվել:

ՀԱՍՄԻԿ — Գիշերը ցրտից սառչում էի, իսկ դու սենյակում խռմփացնում էիր:

ԳԵՎՈՐԳ — Ես չեմ խռմփացնում:

ՀԱՍՄԻԿ — Ո՛չ, խռմփացնում ես:

ԳԵՎՈՐԳ — Դու ճիշտ ես, սիրելի՛ս, մյուս բուդը չուտես: Հիշի՛ր, մենք քրիստոնյաներ ենք, իսկ այնտեղ ասվում է` սիրիր թշնամուդ, հավի բուդը տուր ամուսնուդ:

ՀԱՍՄԻԿ — Քարտուղարուհիդ քեզ ինչո՞վ է կերակրում:

ԳԵՎՈՐԳ — Միայն սուրճ է պատրաստում:

ՀԱՍՄԻԿ — Ամբողջ օրը սո՞ւրճ եք խմում:

ԳԵՎՈՐԳ — Ճաշին պիցցա ենք պատվիրում:

ՀԱՍՄԻԿ — Գնա, սիրուհուդ հետ պիցցա կեր: Ինչո՞ւ ես ժամանակ վատնում, գնա՛ նրա մոտ: Նա քեզ է սպասում: (Դադար):

ԳԵՎՈՐԳ — Հիշո՞ւմ ես, ուզում էինք գնալ Աֆրիկա` գետաձի տեսնելու:

ՀԱՍՄԻԿ — Իմ մեջ ոչ մի հիշողություն չի մնացել:

ԳԵՎՈՐԳ — Ուրեմն այդպես, ինչպես նա է ասում, մենք օտարներ ենք: Լավ, ես հեռուստացույց կնայեմ:

ՀԱՍՄԻԿ — Իմ գլուխը ցավում է, անջատիր:

ԳԵՎՈՐԳ — Հեռուստացույցը իմն է, ես եմ գնել:

ՀԱՍՄԻԿ — Միայն կեսն է քոնը, եթե զայրացնես, իմ բաժինը կջարդեմ:

ԳԵՎՈՐԳ — Եթե չեմ նայելու, իմ ինչի՞ն է պետք հեռուստացույցը, ջարդի՛ր:

ՀԱՍՄԻԿ — Իսկապես: (Վերցնում են): Գցեցինք` մեկ, երկու, երեք:

ԳԵՎՈՐԳ — Էլ ի՞նչ ունենք ընդհանուր… ծաղկամանը:

ՀԱՍՄԻԿ — Ձեռք չտա՛ս:

ԳԵՎՈՐԳ — Կակտուս, աֆրիկյան բույս է, փշոտ, առանց ջրի էլ կարող է դիմանալ, իսկ մենք չենք սիրում Աֆրիկան: Գցեցինք: Արի այնպես անենք, որ ոչ մի հիշողություն չմնա մեր երազանքներից: (Գցում են):

ՀԱՍՄԻԿ — Հերթը հասավ մահճակալին: Ես չեմ քնի քեզ հետ նույն մահճակալին:

ԳԵՎՈՐԳ — Սղոցենք երկու մասի, չե՞ս ափսոսում:

ՀԱՍՄԻԿ — Ո՛չ:

ԳԵՎՈՐԳ — Ասում էիր` քո օժիտն է, մայրդ շատ էր հավանում: Իդեպ, մորդ զանգե՞լ ես:

ՀԱՍՄԻԿ — Չէ՛, նա քնում է մինչև տասնմեկը:

ԳԵՎՈՐԳ — Նա էլ որ գա, իսկական գժանոց կդառնա:

ՀԱՍՄԻԿ — Չվիրավորե՛ս իմ մորը:

ԳԵՎՈՐԳ — Կացին չունենք, բայց սղոց ունենք, որտե՞ղ է:

ՀԱՍՄԻԿ — Խորդանոցում:

ԳԵՎՈՐԳ — Ա՜խ, ոնց եմ սղոցելու: Բարակ-բարակ շերտերի եմ բաժանելու:

ՀԱՍՄԻԿ — Իսկ որտե՞ղ ենք քնելու:

ԳԵՎՈՐԳ — Չգիտեմ, իմ մեջ ոչնչացնելու մարմաջ է մտել: Ոչինչ չեմ ուզում թողնել… տրա-լյա-լյա: Ջարդել, փշրել, ոչնչացնել, հո՛պ-լյա: (Պարում է: Դադար):

ՀԱՍՄԻԿ — Ես ուզում եմ մտնել լվացարան:

ԳԵՎՈՐԳ — Չհամարձակվես սահմանն անցնել:

ՀԱՍՄԻԿ — Դա բռնություն է:

ԳԵՎՈՐԳ — Մաքսատան աշխատակիցը քաղցած է: Կերակրիր նրան, հակառակ դեպքում թույլ չեմ տա սահմանն անցնել:

ՀԱՍՄԻԿ — Դու կմնաս քաղցած այնքան ժամանակ, մինչև ծնկի գաս:

ԳԵՎՈՐԳ — Ուրեմն տակդ արա:

ՀԱՍՄԻԿ — Եվ կանեմ: Ես քեզնից չեմ ամաչում:

ԳԵՎՈՐԳ — Բարձրացի՛ր սեղանի վրա: Դրանից հարմար տեղ չկա:

ՀԱՍՄԻԿ — Եվ կբարձրանամ, որովհետև չեմ դիմանում:

ԳԵՎՈՐԳ — Չմոռանաս, որ տանն օտար մարմին կա: Մի կտոր միս, հաց և գինի:

ՀԱՍՄԻԿ — Վերցրու, զխտկվի՛ր, և թող քո բոլոր սիրուհիները փորլուծ կպնեն:

ԳԵՎՈՐԳ — Շնորհակալություն, քաղցրիկս: (Հասմիկը մտնում է լվացարան, իսկ Գևորգն ուտում է): Երկար չմնաս, ամեն վայրկյանը փող է: Ես բիզնեսմեն եմ, փողը իմ կյանքն է: (Մոտենում է խոհանոցին, նայում է դռան անցքից): Իսկ այդ սրիկան կարծես ճողոպրել է: Տիկի՛ն, կեցցե ազատությունը:

Հասմիկը վերադառնում է իր տարածքը, Գևորգը փորձում է նրան գրկել:

ՀԱՍՄԻԿ — Վերադարձիր քո տարածքը, նրա լինել թե չլինելը ոչ մի կապ չունի: Մենք բաժանված ենք:

ԳԵՎՈՐԳ — Նրա արածը մի չար կատակ էր:

ՀԱՍՄԻԿ — Ես նախկին ամուսնուս հետ չեմ սիրում կատակել: Գնա՛ սիրուհուդ մոտ:

ԳԵՎՈՐԳ — Այնքան ասացիր, որ մտածում եմ` շատ էլ սիրուն աղջիկ է:

ՀԱՍՄԻԿ — Ա՜, կնամո՛լ, կանանց փեշի ստրուկ:

ԳԵՎՈՐԳ — Սահմանը չանցնես, նախկի՛ն տիկին: Եվ այսպես` ինչ եմ անելու. քաղցած չեմ, քունս է տանում: Ես կքնեմ մահճակալին, իսկ դու բավարարվիր բազմոցով: (Պառկում է):

ՀԱՍՄԻԿ — Մահճակալի կեսը ինձ է պատկանում: (Պառկում է):

ԳԵՎՈՐԳ — Հանկարծ սահմանը չանցնես:

ՀԱՍՄԻԿ — Միայն քո խնդրելու դեպքում: (Ծիծաղում են):

ԳԵՎՈՐԳ — Ես այդպես էլ չհասկացա, ի՞նչ գործ ունի նա մեր տանը: Դո՞ւ ես հրավիրել նրան մեր տուն: (Դադար):

ՀԱՍՄԻԿ — Ո՛չ, գրկի՛ր ինձ:

ԳԵՎՈՐԳ — Թո՞ւյլ ես տալիս:

ՀԱՍՄԻԿ — Մրսում եմ: Ուժեղ գրկիր և ծածկիր ծածկոցով:

ԳԵՎՈՐԳ — (գրկում է): Ի՜նչ հիմար ենք: Ինչո՞ւ ենք թույլ տալիս` օտար մարդ մտնի մեր ընտանիքը: Ախր, մենք իրար սիրում ենք:

ՀԱՍՄԻԿ — Միաո՜ւ:

ԳԵՎՈՐԳ — Իմ փոքրի՛կ փիսիկ, երբ մտածում էի մեր բաժանման մասին, սիրտս կտոր-կտոր էր լինում: Ես առանց քեզ մի վայրկյան չեմ դիմանա:

ՀԱՍՄԻԿ — Փակիր վարագույրները, թող ոչ ոք մեզ չնայի:

Մթություն:

Պատկեր հինգերորդ

Խավար է: Գևորգն ու Հասմիկը կիսամերկ պառկած են մահճակալին: Կարպ Կարպիչը կանգնում է նրանց գլխավերևում: Մկան մեծ թակարդ է դնում Հասմիկի վրա: Երբ Գևորգը գրկում է Հասմիկին, մատներն ընկնում են թակարդը: Գևորգը զարհուրած ընկնում է ցած: Կարպ Կարպիչը լույսը վառում է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Դուք խախտել եք իմ գծած սահմանն ու իրար հետ եք պառկել:

ԳԵՎՈՐԳ — Լավ ենք արել:

ՀԱՍՄԻԿ — Մենք հաշտվել ենք: Նայիր, ինչպես ենք համբուրվում: (Համբուրվում են):

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ինչպիսի՜ անպատկառություն… Ինձ հարցրե՞լ եք, ես իմ թույլտվությունը տվե՞լ եմ… Սա ոտնձգություն է իմ պարտականություններին:

ՀԱՍՄԻԿ — Մենք կվճարենք ձեզ նեղություն տալու համար:

ԳԵՎՈՐԳ — (դրամը դնում է սեղանին): Վերցրեք և հեռացե՛ք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Իհարկե, կվճարեք: Հիմա ո՞վ է ձրի աշխատում: (Հաշվում է գումարը): Այնքան էլ բարձր չեք գնահատել իմ աշխատանքը, բայց ես ագահ չեմ: (Փողը դնում է գրպանը): Ի դեպ, մինչ դուք այստեղ, այս սենյակում, այս մահճակալի վրա, այս վերմակի տակ ինչ-որ բաներ էիք անում, ես գնացի քաղաք, հետախուզեցի և որոշակի իրեղեն ապացույցներ գտա: Տիկի՛ն, համաձա՞յն եք ապրել այս պարոնի հետ ստորացուցիչ պայմաններում: Մտածեք, նոր ասեք:

ՀԱՍՄԻԿ — Ապացույցներ ունե՞ք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Այն էլ ինչքան` մեկը մյուսից սահմռկեցուցիչ… Գնացի քաղաք, գտա նախկին ամուսնուդ աշխատավայրը, բարձրացա երկրորդ հարկ… Քարտուղարուհին իր տեղում էր: (Դադար, իրար են նայում): Ներկայացա որպես իրավաբան: Նա սիրալիր ժպտաց, ցույց տվեց ոսկյա ատամը: Կարող եմ ասել, որ արտակարգ գեղեցիկ էր, ամեն ինչ տեղը տեղին` մեծ կրծքեր ու մինի շրջազգեստ… Երբ ոտքը ոտքին գցեց ու հաստ շուրթերը ժպտացին… Քիչ էր մնում` կատաղած ցլի նման վրան գնայի…

ԳԵՎՈՐԳ — Ստում ես: Իմ քարտուղարուհին համեստ կին է, նույնիսկ չի շպարվում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Երկու կերպար… Տիկի՛ն, ո՞րն եք հավաստի համարում:

ՀԱՍՄԻԿ — Աստվա՜ծ իմ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ես նրանից սուրճ ուզեցի: Նա գնաց խոհանոց սուրճ պատրաստելու, իսկ ես գաղտագողի մտա կաբինետ:

ԳԵՎՈՐԳ — Ձեզ ո՞վ է թույլ տվել ներս մտնեք, մի՞թե դուռը փակ չէր:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ինձ համար բոլոր դռները բաց են: Ներս մտա, տեսա`բազմոցը բացվում է, դառնում մահճակալ: Պահարանը բացեցի և գտա սավաններ, սփռոց և այլ պարագաներ, իսկ երբ բազմոցը մի կողմ տարա, ի՞նչ գտա… դրանք այստեղ են, պայուսակիս մեջ: Դե ինչ, ես գնում եմ, շատ գործեր ունեմ, հաճախորդներս ինձ են սպասում:

ՀԱՍՄԻԿ — Ո՞ւր եք գնում, սպասե՛ք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Դուք ասացիք, որ ձեզ հարկավոր չեմ: Ես չեմ կարող մնալ այն տանը, որտեղ ավելորդ եմ: Ցտեսություն:

ՀԱՍՄԻԿ — Սպասե՛ք, ուզում եմ տեսնել` ինչ կա պայուսակում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Այնտեղ անհավատալի բաներ կան, որ մարդու մազերը բիզ-բիզ են կանգնում:

ՀԱՍՄԻԿ — Ես պահանջում եմ, որ ցույց տաք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Կդիմանա՞ք: Ավելի լավ է համբուրվեք ու մոռանաք ինձ` մի մարդու, որը կարող է բացահայտել ցանկացած ստորություն:

ԳԵՎՈՐԳ — Ես հասկացա, ձեզ ուղարկել են, որ մեզ բաժանեք:

ՀԱՍՄԻԿ — Անմիջապես ցույց տվեք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Դուք ցանկանում եք տեսնե՞լ, բայց դա կարող է ողբերգության պատճառ դառնալ:

ՀԱՍՄԻԿ — Խնդրում եմ…

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Լավ, խնդրանքն ընդունված է: (Բացում է պայուսակը, ցույց է տալիս): Սա կանացի վարտիք է` ընկած էր բազմոցի տակ, չափերից կարելի է եզրակացնել…

ՀԱՍՄԻԿ — Շարունակե՛ք…

ԳԵՎՈՐԳ — Սյուզին փոքր-մոքր կին է, դժվար դա հագներ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Կրծկալ` չափսը հինգ: Իմ պրակտիկայից գիտեմ: Շրթներկ համար հինգ, կարմիր գույնի: Պահպանակների չափսերը կարևոր չեն: Սա բավական է, որ պատկերացում կազմենք նրա վարքագծի մասին:

ՀԱՍՄԻԿ — Ուրեմն դա ճի՞շտ է: Այսքան տարի խաբե՞լ ես ինձ:

ԳԵՎՈՐԳ — Սիրելի՛ս, նրա ասածները ծայրից ծայր սուտ են:

ՀԱՍՄԻԿ — Ինձ մի՛ դիպչիր, ես հեռանում եմ: Դու էլ ինձ չես տեսնի:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Տիկի՛ն, պատրաստվիր ուղևորության, գնացքը սուլում է` պո՜ւ, չուքու-չուքու, պո՜ւ, չուքու-չուքու:

Հասմիկը հեռանում է:

ԳԵՎՈՐԳ — Հասկանո՞ւմ եք` ինչ եք անում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Հիշիր ու ականջիդ օղ արա`Կարպ Կարպիչն անսխալական է:

ԳԵՎՈՐԳ — Նա իրեն կվնասի:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Հանգստացի՛ր, սառը օդից ուշքի կգա ու կվերադառնա: Նա քեզ բաց չի թողնի:

ԳԵՎՈՐԳ — Չէ՛, գնամ ետևից, կարող է զոքանչս էլ գա: Խնդրում եմ, մարդ եղիր, նրան իմ դեմ չլարես:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Վստահեցնում եմ, որ Կարպ Կարպիչը ոչ մեկին մյուսի դեմ չի լարում: Ես հաշտեցնող բնավորություն ունեմ: Գիտե՞ս, ինչեր են ասում իմ մասին: Կարպ Կարպիչն աշխարհի միակ մարդն է… Ո՞ւր կորար: Սրիկան չուզեց ինձ լսել:

Մթություն:

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Պատկեր առաջին

Կարպ Կարպիչը բազմոցին նստած թերթ է կարդում: Պատի անցքից ներս է մտնում Վաղոն: Մոտենում է, մի պահ կանգնում ու կեղծ հազում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Դու ո՞վ ես, ի՞նչ գործ ունես այս տանը:

ՎԱՂՈ — Ես Վաղոն եմ` հարևանը:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Քաղաքացի Վաղո, քո պատճառով ստիպված եմ օղի խմել, որ վախս անցնի:

ՎԱՂՈ — Ես էլ դեմ չեմ լինի:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Տես, սառնարանում ինչ կա:

ՎԱՂՈ — Նա բարձր որակի օղի է խմում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Բեր համտեսենք: (Վաղոն սառնարանից օղի և երկու բաժակ է բերում): Բաժակները մեծ չե՞ն:

ՎԱՂՈ — Փոքր բաժակը կոկորդս չի թրջում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Քո կոկորդը թրջե՞լ կլինի, անտակ հոր է: Մեր կենացը: (Խմում են): Քաղաքացի՛ Վաղո, դեմքդ նկատել եմ, բայց ուղեղումս չի դրոշմվել: Որտե՞ղ եմ քեզ տեսել:

ՎԱՂՈ — Հարևանն եմ, այս պատից այն կողմ իմ տունն է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ա՛յ դու հաստավիզ Վաղո, դեռ համարձակվում ես այս տո՞ւն մտնել: Սրիկա՛, մառանում բան չես թողել, գողացել ես:

ՎԱՂՈ — Լավ եմ արել:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ի՞նչ ասացիր, ձեռքինդ ի՞նչ է:

ՎԱՂՈ — Դանակ: Եթե հենց հիմա չհեռանաս…

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Այ դու քիմիական միացություն, ուզում ես ինձ վախեցնե՞լ:

ՎԱՂՈ — Բա ի՞նչ անեմ, հացս կտրել ես, ո՞վ է ինձ կերակրելու:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Լսի՛ր, քաղաքացի, դժբախտ թոշակառու, ես քեզ հասկանում եմ, բայց թույլ չեմ տա կողոպտես իմ հաճախորդին: Նույնիսկ ինձ թույլ չեմ տալիս: Հասկացիր, ազնիվ լինելը բարձրագույն հաճույք է:

ՎԱՂՈ — Դրսից մարդ եմ կանչել, որ քո հարցերը լուծի:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Կուսակցակա՞ն է:

ՎԱՂՈ — Օրենքով գող է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Եկել ես, վախս չափե՞ս: Սրիկա՛, ինձնից ամբողջ աշխարհն է վախենում: Ես մեծ կապեր ունեմ Ռուսաստանում, Ամերիկայում: Կարող եմ քեզ դարձնել Ռուսաստանի թոշակառու, կրկնակի թոշակ կստանաս:

ՎԱՂՈ — Ամերիկայում ավելին են ստանում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ախորժակդ մեծ է: Լա՛վ, հիմա կզանգեմ պրեզիդենտին: (Զանգում է):

ՎԱՂՈ — Թող մի հատ էլ ավտո նվիրի, երրորդ կարգի հաշմանդամ եմ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Չի երևում, որ հաշմանդամ ես:

ՎԱՂՈ — Ո՞նց երևա, որ գլխիս մեջ է բեկորը:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ալո՛, պարո՛ն պրեզիդենտ, ես եմ` Կարպ Կարպիչը… Այո՛, պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ, ոչ մի լազերային ռումբ չեմ օգտագործի: Լսի՛ր, ախպերս, էս երկրում մի Վաղո կա, դե, մեր Վաղինակը, դժբախտ թոշակառու է, ուզում է ձեր թոշակառուն դառնալ… Հարցնում է` ի՞նչ է արել մեզ համար:

ՎԱՂՈ — Ի՞նչ եմ արել, մարլբորո եմ ծխել, երեկ հյուրասիրեցին:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Չէ՛, նա նույնիսկ մեզ համար ոչ մի բան չի արել, ուր մնաց` ձեր… Բայց խնդրում է, չէ՞… նաև սպառնում է… դանակը ձեռքին է: Դե, ես չեմ կարող լազերով նրան այլանդակել… դեմոկրատիա, հումանիզմ… Նա չուզեց քո անունն իսկ լսել:

ՎԱՂՈ — Դու լազերային ռումբ ունե՞ս:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ինչպե՞ս կարող եմ չունենալ: Այսքան տղա էի, ռումբը գրպանումս էր:

ՎԱՂՈ — Դե ցույցտուր:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ուզում ես տեսնե՞լ:

ՎԱՂՈ — Հա՛:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Իմ ու պրեզիդենտի ասածը քեզ համար ոչ մի արժեք չունի՞:

ՎԱՂՈ — Չէ՛:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Սրիկա՛, հիմա ես ցույց կտամ, ու դու ծնկի կգաս: (Ձեռքը տանում է գրպանը): Պատրաստվի՛ր: (Գրպանից հանում է լապտերը): Հենց միացնեմ, ճառագայթները կներթափանցեն քո դատարկ ուղեղն, ու դու կդառնաս իմպոտենտ:

ՎԱՂՈ — Չեմ հավատում: Վաղոյին այդքան հեշտ չի վախեցնել:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Կարծում ես, ես հավատո՞ւմ եմ, բայց միջազգային փորձը ցույց է տվել, որ ամեն ինչ հնարավոր է: Ուրեմն, ուզո՞ւմ ես, որ քեզ ճառագայթահարեմ: Լավ, մեղքը քո վիզը: (Միացնում է կարմիր լույսը, պահում է Վաղոյի վրա: Վաղոն փախչում է): Մի՛ փախչիր, լազերից ո՞ւր կարող ես փախչել: Կռվի ժամանակ սա իմ միակ զենքն էր: Լազե՛ր, վազի՛ր,սպանի՛ր նրան: Քսան վայրկյանից կդառնաս իմպոտենտ, կնիկդ չի թողնի տուն:

ՎԱՂՈ — Հանձնվում եմ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Չէ՛, պիտի քեզ ճառագայթահարեմ: Բազկաթոռն էլ քեզ չի օգնի:

ՎԱՂՈ — Խնդրում եմ, ուզում եմ ամուսնանալ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ախ, դու է՞լ ամուսնացած չես:

ՎԱՂՈ — Չէ՛:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ձեռքերդ վեր պարզած դուրս արի, դանակը գցիր ցած, մոտ արի: (Վաղոն ձեռքերը վեր պարզած մոտենում է): Դե ինչ, համոզվեցի՞ր լազերի հզորությանը:

ՎԱՂՈ — Արի հաշտվենք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Քեզ նման մարդու հետ` ոչ մի դեպքում: Ի՞նչ կմտածեն վերևներում: Բա չե՞ն ասի` ինչո՞ւ այդ մրջյունին չգցեցիր ոտքի տակ:

ՎԱՂՈ — Ասա նրանց, որ ինքնակամ գերի եմ հանձնվել:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ճիշտ է, միջազգային կոնվենցիայով գերիներին չեն ծեծում: Լավ, համոզեցիր, ձեռքերդ իջեցրու, մեծ մարդ ես: Բաժակները լցրու, խմենք, հետո կտեսնենք` ինչն է բարին: (Խմում են): Ի՞նչ է ուզածդ:

ՎԱՂՈ — Հենց քեզ տեսա այս տանը, հասկացա, որ գործերս վատ են լինելու: Գիշերը երազ տեսա` կարծես մեկը վրաս գոռար` «սոված սատկելու ես»:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ուր ես հայտնվում եմ, այնտեղ տիրում է արդարությունը: Սրիկա՛, մի՛ մտիր պաշտպանյալիս մառանը:

ՎԱՂՈ — Աղքատ մարդը նույնպես ստամոքս ունի:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Աղքատ մարդը ուրիշ բան էլ ունի, պիտի մտնե՞ս կնկա ծոցը:

ՎԱՂՈ — Ամեն օր նրանց մառանից մի կտոր միս եմ վերցնում: Նրանց համար դա մեծ բան չի:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Դու մի ամբողջ բուդ էիր գողանում, ամոթ չի՞:

ՎԱՂՈ — Ամոթ է, բայց գնա ստամոքսիս հարցրու` ամո՞թ է, կասի` սոված մարդու ամոթը ո՞րն է: Կուշտ մարդը կարող է ամոթ ունենալ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Էն խեղճ մրջյուններին զրպարտել ես, թե նրանք են գողանում, զրպարտի՛չ:

ՎԱՂՈ — Ես ընդունում եմ իմ մեղքը, բայց կարող եմ սխալս ուղղել: Արի քեզ փող տամ, որ ինձ քաղցր աչքով նայես:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Կաշառո՞ւմ ես:

ՎԱՂՈ — Չէ՛, չէ՛, ես փողը կդնեմ սեղանին, ով որ ուզենա, նա էլ կվերցնի: (Փողը դնում է սեղանին):

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Փողը չի կարելի սեղանին թողնել, անվայելուչ տեսք ունի: Այս ազնվասիրտ մարդուն ինչո՞ւ են փողի վրա նկարել: Փողը ձեռքի կեղտ է, լսե՞լ ես: Դե, դու ո՞նց կարող ես լսած լինել: Ամեն մարդ հո չի՞ լսում, միայն սիրում է, էն էլ ո՜նց է սիրում, գրկախառնվում են, կարծես մեկ մարմին լինեն:

ՎԱՂՈ — Վերցրեք, պարո՛ն, սրտանց եմ տալիս:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Լսի՛ր, մարդ արարած, մի՛ գողացիր, Աստվածաշունչ կարդա:

ՎԱՂՈ — Ես չեմ գողանում, վերցնում եմ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Իսկ ի՞նչ կմտածեն Կարպ Կարպիչի մասին, արժանապատվության հարց է: (Փողի հետ խաղում է):

ՎԱՂՈ — Ոչ ոք չի տեսնի:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Իսկ դու, սրիկա՛, անընդհատ նայում ես փողին:

ՎԱՂՈ — Որ ուրիշները չգողանան:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — (փողը դնում է գրպանը): Լավ, այս անգամ ներում եմ, բայց հաջորդ անգամ զգուշացիր, կմտածեմ, որ գողություն ես անում: Իսկ հիմա գնա, սառնարանից վերցրու` ինչ ուզում ես ու կորիր աչքիցս: Ո՛նց չեմ սիրում ընչաքաղցներին: Փառք Աստծո, Կարպ Կարպիչն ազնվագույն մարդ է: Դե՛, բավական է որբերին կողոպտես… Դե՛, փախի՛ր, փրկության նոխազ, ես քեզ վայրկյան եմ տալիս, չմոռանաս աղոթք անել օրը երեք անգամ:

ՎԱՂՈ — (նայում է լուսամուտից): Աստված իմ, Գևորգի զոքանչն է գալիս:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Մե՜ծ բան, ինչ-որ զոքանչ…

ՎԱՂՈ — Դու նրան չես ճանաչում: Նա աստվածուհի է, փողոցում ընկած գոհար:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ներս կմտնի, կտեսնեմ` աստվածուհի՞ է, թե՞ կռվամարտիկ: Կփորձի հոշոտել, ես էլ նրան կգցեմ լվացքի մեքենայի մեջ: (Նայում է լուսամուտից): Ինչ պինդ կնիկ է… հնարավորություն ունեմ սարսափելու… Բայց նա չգիտի, որ իմ գարշապարն անխոցելի է:

Պատկեր երկրորդ

Հևասպառ ներս է մտնում զոքանչը:

ԶՈՔԱՆՉ — Ջո՜ւր, մի կում ջուր, ուշքս գնում է…

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Զոքանչին ջո՜ւր… (Տեսնում է` Վաղոն չկա, ինքն է ջուր տալիս): Խմեք, հարգարժա՛ն տիկին, այստեղի ջուրը սառն է ու համեղ: Կարծես մեղրաջուր թափվի ծորակից: (Զոքանչը ջուր է խմում, նայում Կարպ Կարպիչին): Դուք ամենաքիչը զոքանչ կլինեք: Ես հարգում եմ բոլոր զոքանչներին: Բարև ձեզ, տիկին զոքանչուհի, ես ձեզ ողջունում եմ:

ԶՈՔԱՆՉ — Ես վազում էի ամբողջ ուժով, մարմինս այնպես էր թեթևացել, կարծես թռչում էի, հավանաբար զայրույթից է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ո՞վ է համարձակվել զայրացնել տիկին զոքանչուհուն:

ԶՈՔԱՆՉ — Իհարկե, Գևորգ փեսաս: Գիշերը երազում լսում էի աղջկաս աղիողորմ լացը, իսկ փեսաս քահ-քահ ծիծաղում էր: Գիտե՞ս, ես ինչ կանեմ: (Ցույց է տալիս, ինչպես է գլուխը պոկում ու դրանով ֆուտբոլ խաղում):

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ուզում եք ֆուտբո՞լ խաղալ: Ես կարող եմ դարպասապահ կանգնել:

ԶՈՔԱՆՉ — Ո՞ւր է աղջիկս, ի՞նչ ես արել նրան:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ես չեմ մեղավորը:

ԶՈՔԱՆՉ — Նա տառապել է, լացել է… Գևորգը սպանե՞լ է նրան: Ես ուզում եմ տեսնել աղջկաս արնաշաղախ մարմինը: Տե՛ր Աստված, ինչպե՞ս եմ ապրելու լույս աշխարհում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Հանգստացեք, տիկի՛ն, ո՞վ կհամարձակվի ձեր աղջկա մազին դիպչել: Չէ՞ որ ես այստեղ եմ:

ԶՈՔԱՆՉ — Նա ո՞ղջ է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Իհարկե, տիկի՛ն: Նա ոչ միայն ողջ է, այլև ուրախ է ու երջանիկ: Գնացել է զբոսնելու, շուտով կգա:

ԶՈՔԱՆՉ — Ուրեմն իմ տառապանքն անիմաստ էր, և փառք Աստծո: Պատմե՛ք ողջ եղելությունը:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Գիշերը վիճել են, աղջիկդ թաքնվել է մրջնանոցի ետնամասում, իսկ փեսադ քնած էր ու խռմփացրել է: Երբ ես եկա, լարվածությունը հասել էր գագաթնակետին: Երկար ժամանակ Գևորգի հետ մենամարտում էի` փոխադարձ հարվածներ, փոխադարձ մեղադրանքներ… Դա տիտանական ճակատամարտ էր: Իմ հաղթանակը կատարյալ էր: Ես ամեն ինչ արեցի, որ աղջիկդ զգա` ինչպիսի հզոր բազուկներում է հայտնվել:

ԶՈՔԱՆՉ — Շնորհակալ եմ, պարո՛ն, դուք քաջ ասպետ եք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Տիկի՛ն, ես իմ պարտքն եմ կատարել:

ԶՈՔԱՆՉ — Իսկ ինչպե՞ս հայտնվեցիք այստեղ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Օ՜, դուք չպիտի դա ասեիք, պարտականությունն էր ստիպում ինձ գալ այստեղ: Ի դեպ, ձեզ ձեր աղջի՞կն է զանգել:

ԶՈՔԱՆՉ — Ո՛չ, ես քնած էի, հանկարծ մեկն ականջիս ասաց` վեր կաց ու գնա, փրկիր աղջկադ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ինչպիսի՜ զուգադիպություն: Նախախնամությունն է մեզ ստիպել գալ այստեղ, որ փրկենք ընտանիքը:

ԶՈՔԱՆՉ — Իսկ ո՞ւր է կորել այդ փեսա կոչեցյալը:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Նրան դուրս հրավիրեցի տնից:

ԶՈՔԱՆՉ — Իզուր: Ես նրա հետ դաստիարակչական աշխատանք կտանեի:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Նրա բախտը բերել է:

ԶՈՔԱՆՉ — Աղջկաս ասում էի` թույլ տուր քնեմ այս տանը: Եթե այստեղ ապրեի, աղջիկս ընտանեկան բռնության զոհ չէր դառնա:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ես թույլ չտվեցի, որ գործը դրան հասնի: Ընտանեկան փոքր վեճ էր, որը սովորական է մեր հասարակության համար:

ԶՈՔԱՆՉ — Մենք պիտի պայքարենք, պայքարենք ու միայն պայքարենք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Պայքար, պայքար մինչև վերջ, մասնակցել եմ: Չգիտեմ, ուրիշներն ինչպես, բայց ես մինչև հիմա պայքարում եմ: Պայքար հանուն պայքարի, մոտավորապես նման է ուղեղի բռնաբարությանը:

ԶՈՔԱՆՉ — Դա խայտառակություն է: Այս լուսավոր աշխարհում ո՞վ է տեսել այդպիսի բան: Ես կստիպեմ, որ նա ինձնից ներողություն խնդրի:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Բայց ինչո՞ւ ձեզանից, տիկի՛ն:

ԶՈՔԱՆՉ — Որովհետև Հասմիկն իմ աղջիկն է: Բռնաբարելով նրան` վիրավորում է ինձ` զոքանչ մայրիկիս: Այդ տղան ինձ լավ չի ճանաչում: Ես նրան բզիկ-բզիկ կանեմ: Ես նրան կմտցնեմ եռացող ջրի մեջ ու փետուրները հատ-հատ կհանեմ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Դա վտանգավոր է առողջությանը:

ԶՈՔԱՆՉ — Միանգամայն բավական է, որ խելքի գա, իսկ եթե համառի, կդիմեմ համապատասխան բռունցքների:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Հնագույն, բայց արդարացված ձև է, փեսային արժանի պատիժ: Բայց դա հարցի լուծում չէ:

ԶՈՔԱՆՉ — Նախազգուշացնում եմ, շատ եմ զայրացած:(Դադար):

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Նստե՛ք, այնպես նստեք, որ տեսնեմ ձեր աչքերը:

ԶՈՔԱՆՉ — Ես նստած եմ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Լա՞վ եք տեղավորվել:

ԶՈՔԱՆՉ — Չեմ բողոքում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Չէ՛, բարձերը պակասում են: (Բարձեր է բերում): Դնեմ թիկունքիդ տակ, որ խղճմտոք մոտենաք ընտանեկան հարցին:

ԶՈՔԱՆՉ — Ես կաշխատեմ խղճին մոտ, նրան կհանձնեմ ոստիկանությանը:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Չէ՛, ինչ-որ բան պակասում է: Ա՜, ոտքերը… (Աթոռ է բերում): Տիկի՛ն, խնդրեմ, ոտքերդ դրեք աթոռին: Ի՜նչ գեղեցիկ ոտքեր ունեք:

ԶՈՔԱՆՉ — Ավելի լավ է խոսենք գործից:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Տիկի՛ն, որպես հասուն մարդ, քննենք Հասմիկի և Գևորգի գործը բոլոր ուղղություններով: Արդեն հինգ տարի է` միասին ապրում են, ճի՞շտ է:

ԶՈՔԱՆՉ — Ճիշտ է, միամիտ աղջկաս կպավ ու պոկ չեկավ: Ես նրան քանի անգամ զգուշացրի` աղջի՛կս, մի՛ հավատա նրան, մի՛ կործանիր քեզ: Նա ինձ չլսեց:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ով չի լսում ծնողին, երկու ոտքով է թակարդն ընկնում:

ԶՈՔԱՆՉ — Ճիշտ է: Ինձ հասկանում եք կես խոսքից, հավանաբար շատ մեծ փորձ ունեք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Այնքան էլ մեծ չէ` մեկ ամուսնություն վեց ամիս տևողությամբ: Բայց անցնենք փեսա կոչեցյալին: Ենթադրենք, այդ անձնավորությունը աչք է դրել քարտուղարուհու վրա: Դա ի՞նչ մեծ բան է, ո՞վ չի արել իր ժամանակին: Այ ես` կին չէր մնում, որ աչքերիս առջևով չքայլեր: Դուք էլ փորձված կին եք: Ասացեք, չկայի՞ն տղամարդիկ, որ ցանկանային ձեզ, այսպես ասած, դարպասել:

ԶՈՔԱՆՉ — Ի՞նձ… (Ծիծաղում է): Պարո՛ն, ես պարուհի էի: Ինձ տեսնելու համար հավաքվում էին քաղաքի ողջ տղամարդիկ: Իսկ ի՜նչ աչքեր ունեին, սև, մազութի նման կպչում էին ու պոկ չէին գալիս: Ես այն ժամանակ փխրուն տեսք ունեի: Հիմա էլ առանձնապես չեմ փոխվել, այնպես չէ՞:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Իհարկե, տիկի՛ն, դուք այնքան փխրուն եք, կարծես նոր թխված փախլավա լինեք, բայց անցնենք բուն գործին` արժե՞ նրանց բաժանել:

ԶՈՔԱՆՉ — Դուք ասում էիք, որ բաժանել եք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Իհարկե, բաժանել եմ, բայց երբ տեսա ձեզ, փոշմանեցի: Նրանց հարկավոր է ձեր հզոր աջակցությունը: Այո՛, Գևորգին հարկավոր է հենց ձեզ նման զոքանչ ունենալ… Ուրիշ զոքանչներ նվնվում են, հիվանդանում են, հենց տեսնում են փեսային, հառաչում են`ա՜խ, ե՞րբ եմ մեռնելու: Իսկ ձեր ռազմական ոգին նրանց ուժ կտա, ընդդիմադիր կեցվածք կընդունեն:

ԶՈՔԱՆՉ — Չգիտեմ` ինչ ասել: Գևորգն այնքան էլ վատ տղա չէ: Մեր մեջ ասած, շատ լավ տղա է, բայց չի կարելի նրան երես տալ: Հենց թուլացնում ես բռունցքդ, սկսում է իրեն երևակայել: Ուզում եք ասել, որ նրանք կարող են միանա՞լ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Մոր ցանկությունից է կախված:

ԶՈՔԱՆՉ — Լավ, ես համաձայն եմ: Թող այդպես լինի: Իսկ աղջիկս համաձա՞յն է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Նրանք կհամարձակվե՞ն ձեր որոշմանը դեմ կանգնել:

ԶՈՔԱՆՉ — Էդ էր պակաս, որ ինձ հակառակվեն: Երբ պարում էի, բեմադրիչը կամաց մոտենում էր ու ականջիս փսփսում` Մարիա Աթաբեկովնա, ձախ ոտքով ուժեղ մի՛ դոփեք, ավելի մեղմ, ավելի քնքուշ, իսկ ես շարունակում էի դոփել, որովհետև հանդիսականներին դա էր դուր գալիս:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Իսկ որտե՞ղ էիք պարում, տիկի՛ն:

ԶՈՔԱՆՉ — Պարի պետականում մենապարուհի էի, տղամարդիկ ծնկի էին գալիս, իսկ մենք բարձրանում էինք նրանց ուսերին: Բերդ պարն էինք պարում: Ա՜խ, ոնց կուզեի կրկնել անցյալը: Պարել գիտե՞ք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Հո չե՞ք ուզում կանգնել իմ ուսերին:

ԶՈՔԱՆՉ — Իսկ ինչո՞ւ ոչ, դուք առյուծ տղամարդ եք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Գուցե առյուծ եմ, բայց պարել չգիտեմ: Բժիշկները խորհուրդ չէին տալիս, ասում էին` ուսերիդ վրա բեռ ավելացնես, սապատ կառաջանա:

ԶՈՔԱՆՉ — Ես չեմ կարող շփվել մի մարդու հետ, որը պարել չի սիրում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ինչպե՞ս թե` չեմ սիրում: Այնպես եմ սիրում, ինչպես առյուծը եղնիկին: Ես նրան խժռում եմ:

ԶՈՔԱՆՉ — Ես այնպես ինքնամոռաց էի պարում, որ տղամարդիկ ոտքի էին կանգնում ու ծափահարում: Ես երջանկությունից լաց էի լինում: Այն ժամանակ ջահել էի:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Դուք հիմա էլ եք ջահել:

ԶՈՔԱՆՉ — Տղամարդկանց ուշադրության կենտրոնում էի:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Դուք հիմա իմ կենտրոնում եք:

ԶՈՔԱՆՉ — Նրանք ամեն ինչ անում էին, որ արժանանան իմ ժպիտին:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Իսկ ես ամեն ինչ կանեմ, որ արժանանամ ձեր սրտին:

ԶՈՔԱՆՉ — Պարո՛ն, իմ սիրտը փակ դարբնոց է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ես կդառնամ դարբին, որ բացեմ սրտիդ կլապանները, հորդառատ արյունը հոսի առանց խափանման:

ԶՈՔԱՆՉ — Շուտ գլուխս կորցրեցի:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Զոքանչն առանց գլխի՞… Սարսափելի է պատկերացնել: Զոքանչն իրավունք չունի կորցնելու գլուխը:

ԶՈՔԱՆՉ — Ախր, այն ժամանակ երիտասարդ էի, անփորձ: Երբ լսում էի նրա հուսահատված ձայնը` ես քեզ սիրում եմ, ես քեզ պաշտում եմ, ես կմեռնեմ առանց քեզ, ինքնասպան կլինեմ… Դուք լինեիք իմ փոխարեն, ի՞նչ կանեիք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ձեր փոխարե՞ն… Այդ այլասերված լակոտը ինձ գայթակղե՞ր: Տո, ես նրա հերը կանիծեի:

ԶՈՔԱՆՉ — Իսկ ես չդիմացա, ասացի` այո՛: Բայց նա փախավ ընկերուհուս հետ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Սրիկա՛: Շողոքորթ ոչխարը միանգամից երկու կնոջ է գայթակղել: Չէ՛, ես այդպիսին չեմ, ձեզ ավելորդ բառեր չեմ ասի, ոչ էլ ինքնասպան կլինեմ, ո՛չ էլ ծոմ կպահեմ, այլ կասեմ` տիկի՛ն, իմ սիրտն ազատ է, հոգիս` ծարավ, մտքումս էլ միայն դու ես, տեսքդ աչքերիս մեջ է, արի մեր սրտերը միացնենք…

ԶՈՔԱՆՉ — …Պարե՞նք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Դուք ուզում եք ինձ հետ պարե՞լ:

ԶՈՔԱՆՉ — Այո՛:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Բայց ո՛չ Բերդ պարը:

ԶՈՔԱՆՉ — Մենք կպարենք հայկական տանգո:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Այդպիսի պար ունե՞նք:

ԶՈՔԱՆՉ — Ինչպե՞ս կարող ենք չունենալ: Գրկի՛ր ինձ, ուժեղ սեղմիր: Մի՛ վախեցիր, չեմ ջարդվի: Մեկ, երկու, երեք, գնացինք: (Երաժշտություն, պարում են, Կարպ Կարպիչը տրորում է նրա ոտքը): Արջի նման եք պարում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ավելի լավ է անցնենք ազգայինի` շալախոյի: (Երաժշտություն):

ԶՈՔԱՆՉ — Ես այդ պարը գիտում չեմ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ա՛խ դու, զոքանչ, նաև ղարաբաղցի եք: Ձեր համառության մասին ամբողջ աշխարհը գիտի: Ներեցեք, հիմա ինչո՞վ եք ապրում:

ԶՈՔԱՆՉ — Ես ազնվականների խորհրդի անդամ եմ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Պարտադի՞ր է լինել ազնվական:

ԶՈՔԱՆՉ — Գնա, ցանկացած պաշտոնյայի հարցրու` դու ազնվակա՞ն ես…

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Եվ նրանք կպատասխանեն` այո՛, մենք ղարաբաղցի ենք:

ԶՈՔԱՆՉ — Իմ պապերը նախնադարում քրմական դասին են պատկանել:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Էլ ի՞նչ ղարաբաղցի, որ նախնադարում քուրմ չլիներ: Թույլ տվեք համբուրեմ ձեր փափլիկ մատները: (Զոքանչը մեկնում է ձեռքը, նա համբուրում է): Ընդամենը հինգն են, ես կուզեի, որ հարյուրը լինեին: Բայց պատրաստ եմ ձեզ ընդունել, ինչպես որ կաք: Պարի՛ր, իմ սիրելի՛ քրմուհի:

ԶՈՔԱՆՉ — (երաժշտություն, երգում է ու պարում): Ինձ ասում են նախշուն բաջի…

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ոտքերս իրենք իրենց պարում են, ձեռքերս էլ վեր են բարձրանում: Էլ ի՞նչ Կարպ Կարպիչ, որ ցույց չտա իր անհատականությունը: (Միանում է պարին, երաժշտությունը դադարում է, հոգնած ընկնում են բազմոցին): Դուք անզուգական եք:

ԶՈՔԱՆՉ — Նույնը չէի ասի ձեր մասին: Այդ ինչպե՞ս եք շարժվում, դա պարե՞լ եք համարում: Իմ ժամանակ տղամարդիկ կանոններով էին պարում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Այո՛, դուք ճիշտ եք, իմ պարն ակադեմիական չէ, որովհետև հոգուս խորքում ես անարխիստ եմ` ոչ մի համաչափ շարժում, արա այն, ինչ կարողանում ես անել:

ԶՈՔԱՆՉ — Կուսակցակա՞ն եք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ուզում էի թաքցնել կուսակցական լինելս, բայց չստացվեց: Այո՛, ես կուսակցական եմ:

ԶՈՔԱՆՉ — Եվ կատարում եք նրանց հրահանգները:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Իհարկե: Բավական է կուսակցական ժողովում ինձ առաջադրանք տան, կատարում եմ անբեկանորեն:

ԶՈՔԱՆՉ — Ո՞ր կուսակցությաննեք պատկանում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Բոլոր: Իմ անունը փորագրված է բոլոր կուսակցությունների ցուցակում:

ԶՈՔԱՆՉ — Դրա համա՞ր եք այդպես պարում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Իմ գաղափարախոսությունները, իսկ դրանք շա՜տ-շատ են, ազդում են ոտքերիս շարժումներին: Պիտի նկատած լինեիք,երբ ձախ էի թեքվում,դա ընդդիմադիր կեցվածք էր, իսկ երբ շուրջդ էի պտտվում, կեղծ կուսակցությունների ազդեցությունն էր: Բայց իմ կեցվածքով ամփոփում եմ իմ ժողովրդի իղձերը:

ԶՈՔԱՆՉ — Ձեր քաղաքական կողմնորոշումը կասկածելի է և ոչ ըմբռնելի:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Միևնույն է, ես սիրում եմ իմ կուսակցությունները: Ա՜խ, նրանք այնքան շատ են: Ինձ զգում եմ, ինչպես ձուկն ակվարիումում` բոլորն ուզում են ինձ կերակրել:

ԶՈՔԱՆՉ — Դուք այնքան տարվեցիք կուսակցական խաղերով, որ մոռացաք ինձ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Մի՞թե կարող եմ մոռանալ ձեզ: Ոչ մի կուսակցություն ձեր արժանիքները չունի: Դուք սեքսուալ եք, գեղեցիկ ու պարկեշտ, կես խոսքից հասկանում եք դիմացինին: Դարձե՛ք իմ քրմուհին:

ԶՈՔԱՆՉ — Դա անհնար է: Ես չեմ սիրում կուսակցականներին:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Բոլոր կուսակցությունները նետում եմ ձեր ոտքերի առջև: Կարող եք տրորել, գցել լվացքի մեքենան, նույնիսկ դնել սառնարանը: Ես կլինեմ ձեր հավատարիմ ընկերը:

ԶՈՔԱՆՉ — Մենք չե՞նք հանդիպել:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ինչպե՞ս չենք հանդիպել, երբ կանգնած եք իմ դիմաց:

ԶՈՔԱՆՉ — Չէ՛, անցյալում, երբ ջահել էինք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ես հիմա էլ եմ ջահել: Իսկ դուք, տիկի՛ն, այնքան ջահել եք, որ ձեր վրայից կրակ է թափվում, բոց… Եթե անկողնում, մեր մեջ ասած, կարողանանք կեսի կեսը թափել, ուրախությունից աքլորի նման ծուղրուղու կկանչեմ: Տիկի՛ն, իմ սիրտը ձեր ձեռքերում է: (Ուզում է համբուրել):

ԶՈՔԱՆՉ — Պարո՛ն, հանդարտվե՛ք: Ասում եմ, մի՛ փորձեք ինձ հունից հանել, դե, բավակա՛ն է… (Հրում է, Կարպ Կարպիչն ընկնում է):

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Նույնն անում է ձեր աղջիկը փեսայիդ գլխին:

ԶՈՔԱՆՉ — Եվ լավ է անում, ուրեմն արժանի է: Վե՛ր կացեք, անփորձ պատանու եք նմանվել:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ամբողջ կյանքում երազել եմ ձեզ նման կին ունենալ:

ԶՈՔԱՆՉ — Իսկապե՞ս… տեսնում եմ, չեք կարողանում բարձրանալ: Տվեք ձեր ձեռքը:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Տիկի՛ն, դուք ինձ խենթացնում եք:

ԶՈՔԱՆՉ — Դուք հրշե՞ջ եք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Հրշե՞ջ… Ինձնից ամեն բան սպասելի է, բայց ինձ թվում է` ես փաստաբան եմ: (Սկսում է հազալ):

ԶՈՔԱՆՉ — Փաաստաբա՞ն, հավատս չի գալիս:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Տիկի՛ն, Կարպ Կարպիչը վաստակավոր փաստաբան է: Տվեք ինձ մի սրիկա մարդասպան, ու ես նրան մարդ կդարձնեմ: Դա է փաստաբանի առաքելությունը:

ԶՈՔԱՆՉ — Իսկ քեզ ո՞վ պիտի մարդ դարձնի: Ինչպե՞ս ես հայտնվել այս տանը:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Քնած էի, մեկը բոթեց կողս ու ասաց` վեր կաց ու գնա: Ես եկա այս տուն ճիշտ ժամանակին… (Հազում է):

ԶՈՔԱՆՉ — Դու հազացիր, ինչպես այն ժամանակ: Քո հազը ես հիշում եմ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Մանկությունից է մնացել: (Ցույց է տալիս թոքերը): Այստեղ ինչ-որ բան կա: Թույլ չի տալիս` կարգին հազամ: Բժիշկներն ասում են` աղերի կուտակում է: Պատկերացրեք, օլիգարխները հանկարծ իմանան տեղս, իսկույն տրակտոր կմտցնեն կոկորդս ու կսկսեն քանդել:

ԶՈՔԱՆՉ — Նույն ժեստերը, նույն հիմարությունները, որ ասում էիր այն ժամանակ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Մենք անցյալում հանդիպե՞լ ենք:

ԶՈՔԱՆՉ — Այն էլ ինչպե՜ս… Իսկապե՞ս ինձ չես հիշում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Սիրային կա՞պ ենք ունեցել:

ԶՈՔԱՆՉ — Դա կոչվում է սիրային կա՞պ: Վեց ամիս ամուսիններ ենք եղել:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Մենք եկեղեցում երդվե՞լ ենք:

ԶՈՔԱՆՉ — Նաև զագսում` ստորագրել: Սրիկա՛, երեխային թողեցիր վրաս ու փախար:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Փախա՞, ինչո՞ւ: Ձեզ նման կնոջը թողեցի… անհավանական է:

ԶՈՔԱՆՉ — Ոչինչ չե՞ս հիշում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ո՛չ, վթարի եմ ենթարկվել: Գլուխս մնացել էր ցեխի ու անվադողի արանքում: Ուշքի եմ եկել հիվանդանոցում, երբ բժշկուհին մեծ ասեղով սրսկեց: Այ, նրան չեմ մոռանում:

ԶՈՔԱՆՉ — Տո՛ւր ձեռքդ: (Կարպ Կարպիչը մեկնում է ձեռքը): Այս սպին իմ ձեռքի գործն է: Այդ օրվանից քեզ չտեսա:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ուրեմն այս սպին դո՞ւ ես արել:

ԶՈՔԱՆՉ — Չե՞ս հիշում: Մենք թունդ վիճեցինք, վիրավորեցիր ինձ մինչև սրտիս խորքը: Դա վերջին օրն էր: Լավ, մոռանանք: Ամեն բան չէ, որ ուզում եմ հիշել:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Այնպես շփոթված եմ, ուշքի չեմ գալիս: Մի բաժակ ջուր: (Զոքանչը ջուր է տալիս): Այնքան անսպասելի էր: Վերջապես անցյալիս հետ հանդիպեցի: Դու իմ կինն ես եղել, և աղջիկը ինձնից է:

ԶՈՔԱՆՉ — Այո՛, Կարպ Կարպիչ: Ո՞վ կմտածեր, որ ինքնակամ կընկնես ձեռքս:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ի՞նչ ես մտադիր ինձ անել:

ԶՈՔԱՆՉ — Բացատրություն պահանջել: Քսանհինգ տարի չուզեցիր տեսնել ինձ ու իմ աղջկան…

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Սպասիր, ես քեզ սիրում էի:

ԶՈՔԱՆՉ — Այո՛, մենք անզուգական զույգ էինք: Երբ դուրս էինք գալիս փողոց, բոլորը մեզ էին նայում ու նախանձում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Եվ այս տուն եկա այն պահին, երբ աղջկաս վիճակը ծանր էր…Ես այնպես էի վազում: Առջևս ոչինչ չէր երևում, բայց գալիս էի, որովհետև արյունը կանչում էր: Ի՞նչ ես ասել Հասմիկին:

ԶՈՔԱՆՉ — Հասմիկին ասել եմ, որ ընկել ես գնացքի տակ, մարմինդ երկու կեսի է բաժանվել, ու քեզ գցել են առյուծներին կեր:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ավելի մարդկային մահ չէի՞ր կարող մոգոնել:

ԶՈՔԱՆՉ — Ինձ համար այն ժամանակ հասարակ մարդ չէիր, բայց հիմա, երբ իմ ձեռքում ես, պիտի պատասխան տաս բոլոր չարագործությունների համար:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ես չարագո՞րծ եմ եղել:

ԶՈՔԱՆՉ — Աշխարհի մեծագույն չարագործը: Դու կոտրեցիր իմ սիրտը, քիչ էր մնացել` ինքնասպան լինեի: Երեխաս փրկեց ինձ… Փաստաբա՛ն, կարո՞ղ ես ինքդ քեզ պաշտպանել:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ո՛չ, ես դժբախտ մարդ եմ, ոչինչ չեմ հիշում: Դա է իմ արդարացումը:

ԶՈՔԱՆՉ — Եթե ոչինչ չես հիշում, ուրեմն արդարացված ես:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Եթե չեմ հիշում` ինչ եմ արել, ինչպե՞ս զղջամ: Ես նոր ծնված երեխայի նման եմ, միայն թե կյանքն իմ վրայով անցել է ու գարշելի խոցեր թողել: Նորածին երեխային չեն դատում:

ԶՈՔԱՆՉ — Միայն հիշեիր` ինչեր ես արել, ինչ ստորություն ու խաբեություն: Այնպես հետքդ կորցրիր, որ մասնավոր խուզարկուն էլ չգտավ: Իսկ ես ուզում էի աղջկաս ցույց տալ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ես զղջում եմ և խնդրում եմ քո ներողամտությունը: (Դադար): Ինձ Հասմիկին կներկայացնե՞ս:

ԶՈՔԱՆՉ — Նա հղի է, սթրեսից կարող է երեխային կորցնել:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Լավ, դեռ ինքս չեմ գիտակցում, որ հայր եմ: Երբ երեխան ծնվի ու ես պապիկ դառնամ, այն ժամանակ էլ կասեմ: Ինչո՞ւ ես ժպտում, ծաղրո՞ւմ ես ինձ: Նայիր աչքերիս, ու ո՛չ մի շարժում: Սիրելի և հարգելի տիկին, իսկապե՞ս Հասմիկի հայրն եմ ու քո ամուսինը, խոստովանիր: Եթե ստես, այս ձեռքերով քեզ կխեղդեմ:

ԶՈՔԱՆՉ — Խեղդիր, Կարպ Կարպիչ, խեղդիր, սիրելի՛ս, ամբողջ կյանքում ինձ վառել ես… թեև ես էլ վստահ չեմ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ի՞նչ է նշանակում` վստահ չես:

ԶՈՔԱՆՉ — Շատ ես տարբերվում իմ նախկին ամուսնուց:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Իսկ ձեռքիս վրայի հետքե՞րը…

ԶՈՔԱՆՉ — Զուգադիպություն է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Արի ամուսնանանք, կզգաս, որ ես ես եմ եղել:

ԶՈՔԱՆՉ — Մենք երբեք չենք ամուսնանա:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Երբեք մի՛ ասա երբեք, որովհետև այդ բառն ինձ դուր չի գալիս: Ես ուզում եմ ամուսնացած լինել, կին, երեխա ունենալ, ինձ պիտի սիրեն, կերակրեն, փայփայեն: Եվ, վերջապես, այս տարիքում էլ աղջիկ չեմ կարող ունենալ:

ԶՈՔԱՆՉ — Այդ մասին պիտի ժամանակին մտածեիր, ուշացել ես:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Խնդրում եմ, ասա, որ քո ամուսինն եմ:

ԶՈՔԱՆՉ — Ես քեզ լավ գիտեմ, այսօր փաստաբան ես, վաղը կասես` էլեկտրիկ եմ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Այն ժամանակ է՞լ եմ այսպիսին եղել:

ԶՈՔԱՆՉ — Չգիտեմ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Երդվում եմ, էլ երբեք քեզ չեմ ստի, որովհետև վերջապես հասկացա, որ առանց քեզ կյանք չունեմ:

ՎԱՂՈ — (պատի ետևից): Տիկի՛ն, նրան չհավատաք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ո՞վ խոսեց, ո՞վ համարձակվեց այս նեղ պահին կրակի վրա յուղ լցնել: (Մոտենում է պատին): Գլուխդ ներս մտցրո՛ւ, միջա՛տ:

ՎԱՂՈ — (ներս է մտնում): Բարև ձեզ, սիրելի հարևանուհի:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Գործից խոսիր, մրջյո՛ւն: Ինչո՞ւ ես երևացել մեր աչքերին:

ՎԱՂՈ — Ուզում եմ խոստովանել:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Գնա՛ եկեղեցի, տերտերը քեզ դրախտ կուղարկի: Այս ի՞նչ է, ծաղիկնե՞ր… շիրիմիդ համա՞ր ես բերել:

ՎԱՂՈ — Տիկի՛ն, իմ բակից եմ քաղել ձեզ համար:

ԶՈՔԱՆՉ — Շնորհակալություն, պարո՛ն, գեղեցիկ փունջ է:

ՎԱՂՈ — Ինձ մի՛ մերժեք:

ԶՈՔԱՆՉ — Պարո՛ն, ՞ինչը պետք է մերժեմ:

ՎԱՂՈ — Ես տառապում եմ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Շարունակիր, միջա՛տ, միայն չասես, թե սիրահարված ես:

ՎԱՂՈ — Արդեն հինգ տարի է: Ողորմածիկ կինս ասում էր` կմեռնեմ, էլ լույս ու արև չես տեսնի: Հենց քեզ տեսա, հասկացա, որ դու ես իմ լույսն ու արևը: Մինչև հիմա ուշքի չեմ գալիս:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Սա կարծես սիրահարվել է:

ԶՈՔԱՆՉ — Պարոն Վաղինակ, ես համեստ կին եմ:

ՎԱՂՈ — Պատրաստ եմ քեզ համար ամեն զոհողության:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Դրա համա՞ր ես նրա բդերը գողանում:

ՎԱՂՈ — (սիրառատ): Որ հոտոտեմ, կարոտս առնեմ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ա՛խ դու, սեքսուալ մոլագար, համարձակվում ես աչք տնկել իմ քրմուհու վրա և միաժամանակ գողանալ նրա ապխտած բդերը: Մենամա՞րտ, թե՞ քոթակ, ընտրի՛ր:

ՎԱՂՈ — Մենամարտ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Իսկ ես կողմ եմ քոթակին: Այնպես կքոթակեմ, որ մոռանաս, թե որ անցքից ես ներս մտել:

ԶՈՔԱՆՉ — Հանգստացեք, պարոննե՛ր, ես չեմ ուզում, որ ինձ համար մենամարտեք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Տիկի՛ն, մենամարտը տղամարդկության երաշխիքն է: Ի զեն, ի՞նչ զենք ես նախընտրում:

ԶՈՔԱՆՉ — Հանգստացեք, պարոննե՛ր, ինքս կորոշեմ, ով է ինձ հարմար:

ՎԱՂՈ — Տունս կվաճառեմ, փողը քեզ կտամ, տիրուհի՛ս:

ԶՈՔԱՆՉ — Բռավո, դա անձնազոհություն է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Քաղաքի կենտրոնում երկու տուն ունեմ, չեմ ափսոսում, կվաճառեմ:

ՎԱՂՈ — Նիկոլայի հինգ ոսկի ունեմ, կվաճառեմ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ախ դու, սրիկա՛, ոսկի՞ ես շաղ տալիս: Որ այդպես է, ես էլ կվաճառեմ օպերայի շենքը:

ՎԱՂՈ — Օպերան քոնը չէ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Եթե իմը չէ, ապա ո՞ւմն է: Չի կարելի մասնավոր գաղտնիքը քեզ նման արարածին վստահել: Ես սեփականաշնորհել եմ դեռ այն ժամանակ, երբ տիկինն այնտեղ պարում էր, և լսիր, միջա՛տ, մենք ոսկյա շղթայով ենք շաղկապված:

ԶՈՔԱՆՉ — Ստում ես: Պարո՛ն, առայժմ ամուսնանալու մտադրություն չունեմ: Ո՞ւր է աղջիկս, ինչո՞ւ է ուշանում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — (Վաղոյին): Ո՞ւր է աղջիկը, ինչո՞ւ է ուշանում:

ՎԱՂՈ — Ի՞նձ ես հարցնում: Ես ի՞նչ իմանամ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Անմիջապես գնա, գտիր նրան ու բե՛ր: Առանց նրա չմտնես այս տուն: Ի՞նչ ես ցցվել: Չե՞ս տեսնում, տիկինը տառապում է, իսկ դու տեղիցդ չես շարժվում: Ուզո՞ւմ ես, հանեմ լազերային ատրճանակս: Փախի՛ր, քանի ունեցածդ չեմ կտրել ու գցել շներին:

Վաղոն փախչում է:

ԶՈՔԱՆՉ — Դուք էլ գնացեք, ես ուզում եմ հանգստանալ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Երբեք, ես ձեզ կպաշտպանեմ ամեն տեսակ թափթփուկներից:

ԶՈՔԱՆՉ — Հենց աղջիկս վերադառնա, ինձ կարթնացնեք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Լսում եմ, իմ քրմուհի:

Զոքանչը աչքերը փակում է: Կարպ Կարպիչը քայլում է զինվորի պես:

Պատկեր երրորդ

Զոքանչը քնած է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — (պտտվում է զոքանչի չորս կողմն ու քրթմնջում): Մեկ, երկու, երեք, տեղում պտույտ, չորս, հինգ, վեց… (Ներս է մտնում Հասմիկը): Չփորձես աղմկել, նա քնած է, հիմա երազներ է տեսնում:(Ուշադիր նայում է): Հասմիկ, լավ լուր ունեմ քեզ հայտնելու: Քո աչքերի գույնը սև է, ինչպես իմը, քիթդ նույնպես թեթև կոր է, և ամենից կարևորը` մենք այնքան իրար նման ենք:

ՀԱՍՄԻԿ — Դա՞ է ուրախ լուրը:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Մայրդ ասաց` հղի ես… Գևորգը գիտի՞ այդ մասին:

ՀԱՍՄԻԿ — Ո՛չ, երեխան միայն իմն է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Այնքան նման ես մորդ, իսկ հայրդ… Դու նրան գիտե՞ս:

ՀԱՍՄԻԿ — Մայրս ասում էր` ընկել է գնացքի տակ, իսկ մարմինն առյուծներն են կերել:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Մայրդ չափազանցրել է, ո՞վ է տեսել` առյուծը մարդու միս ուտի, ալերգիա կստանա:

ՀԱՍՄԻԿ — Ո՞ւր է Գևորգը:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Նա քո ետևից եկավ:

ՀԱՍՄԻԿ — Ամեն ինչում մեղավորը դու ես:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ե՞ս: Մեղադրելուց առաջ մտածիր` ինչ ես ասում: Ես մորդ հետ ձեր ապագան էի գծագրում, իսկ դու, անշնորհակալ աղջիկ, ինձ զրպարտում ես:

ՀԱՍՄԻԿ — Իսկ ինչո՞ւ ես մեր տանը, ինչո՞ւ չես հեռանում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Հասմի՛կ, հարցը զուտ անձնական է: Ես կարծես կախարդված լինեմ: Ես չեմ կարող քեզ այս վիճակում թողնել: Երբ Գևորգն ասաց, որ տուն չի ուզում գալ, մտածեցի, որ դա քո օգտին է:

ՀԱՍՄԻԿ — Ի՞նչն է իմ օգտին` առանց ամուսնու երեխա մեծացնե՞լը, ինչպես իմ մայրը: Ամբողջ կյանքում երազում էի հայր ունենալ, որ ձեռքս բռնի, տանի զբոսնելու…

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ես քեզ հասկանում եմ:

ՀԱՍՄԻԿ — Դու է՞լ հայր չես ունեցել:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ունեցել եմ, բայց նա շատ խիստ մարդ էր, դրա համար էլ ինֆարկտ ստացավ:

ՀԱՍՄԻԿ — Ի՞նչ էր անունը:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Չեմ հիշում, ոչինչ չեմ հիշում: (Դադար):

ՀԱՍՄԻԿ — Վստահ եմ, Գևորգն ինձ չի լքի:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Այդպես մտածում են բոլոր հղի կանայք, նույնիսկ մայրդ: Սպասիր, մայրդ արթնանում է: Նա բացեց մի աչքը, նաև երկրորդը: Բարի լույս, տիկի՛ն, ինչպե՞ս հանգստացաք:

ԶՈՔԱՆՉ — Ինչո՞ւ է այդքան տխուր:

ՀԱՍՄԻԿ — Մայրի՛կ, ես դժբախտ կին եմ: (Ընկնում է մոր գիրկը):

ԶՈՔԱՆՉ — Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես դժբախտ, ո՞վ է քեզ դժբախտացրել: Պարո՛ն, բացատրիր, ի՞նչ է կատարվում աղջկաս հետ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ձեր փեսան… Մենք նրա մասին բավական երկար խոսել ենք, հեռացել է տնից: Գիշեր է, իսկ նա չկա: Ինչպես երևում է, չի ուզում տուն գալ:

ԶՈՔԱՆՉ — Ինչո՞ւ չի ուզում տուն գալ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Այդ ո՞ր հիմարն իր ազատությունը կփոխարինի ընտանեկան լուծով:

ԶՈՔԱՆՉ — Դուք է՞լ եք այդ կարծիքին:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Տիկի՛ն, ես բացառություն եմ: (Զոքանչը նրան է նայում): Թեև ի՞նչ իմանամ, իմ կյանքում ինչե՞ր են պատահել, բայց հոգով ես ընտանիքասեր եմ: Եթե շատ եք ուզում, նրան կարող եմ գտնել: Բայց արժե՞ այդ տղայի համար լաց լինել:

ԶՈՔԱՆՉ — Մի՛ լացիր, եթե ձեռքս ընկնի, եթե միայն փորձի ձեռքս ընկնել, եթե կարողանամ նրան բռնել… Կարպ Կարպիչ, մոռացեք, ինչ խոսել ենք նրա մասին: Ես պահանջում եմ ապահարզան:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Մենք պահանջում ենք ապահարզան:

ՀԱՍՄԻԿ — Մայրի՛կ, ես նրան սիրում եմ:

ԶՈՔԱՆՉ — Այդ տղան արժանի չէ քո սիրուն: Հավաքի՛ր իրերդ, գնում ենք:

ՀԱՍՄԻԿ — Թողնեմ իմ տունը, թողնեմ Գևորգին… Ի՞նչ ենք անելու երկուսով քո տանը:

ԶՈՔԱՆՉ — Քեզ համար նոր փեսացու կճարեմ: Հիշո՞ւմ ես այն տնտեսագետին: Հիմա նախարարության աչքն է: Մի անգամ տեսա, հարազատ տղայի պես ընկել էր գիրկս, քո մասին էր հարցնում: Զգացվում էր, որ քեզ չի մոռացել: Գնանք, սիրելի՛ս:

ՀԱՍՄԻԿ — Ես չեմ լքի Գևորգին:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Գևորգի մասին կարող ես չանհանգստանալ: Նա հիմա ընկեր է ճարել:

ՀԱՍՄԻԿ — Ի՞նչ է դա նշանակում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Եթե ընկերուհի չունի, իր հարազատ կնոջը չի սիրում, հետևաբար տրամաբանությունը ինձ հուշում է, որ ընկեր ունի:

ՀԱՍՄԻԿ — Ստում եք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — 21-րդ դար, ինչ ասես չի լինում:

ՀԱՍՄԻԿ — Մայրի՛կ, կործանվեց ընտանիքս:

ԶՈՔԱՆՉ — Նա քեզ դավաճանե՞լ է:

ՀԱՍՄԻԿ — Ավելի վատ բան է արել:

ԶՈՔԱՆՉ — Ճիշտ ես արել, որ փաստաբան ես վարձել:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Կներեք, նա ինձ չի վարձել: Ես ինքնակամ եմ եկել: Եկա փրկելու այս գեղեցիկ աղջկան, ով ունի ձեզ նման հիասքանչ մայրիկ:

ԶՈՔԱՆՉ — Իսկ հրեշն ունի՞ փաստաբան:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Իհարկե, ուներ: Նրա հետ բացատրական աշխատանք տարա, ու նա ճողոպրել է:

ԶՈՔԱՆՉ — Շնորհակալ եմ, որ աղջկաս ազատել ես այդ հրեշի ճիրաններից: Աղջի՛կս, էլ չտեսնեմ` լաց լինես, և ո՞ւմ համար:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Մի միասեռականի:

ԶՈՔԱՆՉ — Ի՞նչ, նա միասեռակա՞ն է: Դա մահ է, ողբերգություն, դա միասեռություն է: Օգնի՛ր, շունչս կտրվում է: Եվ այսքան ժամանակ դու նրա հե՞տ ես ապրել: Աղջի՛կս, նվագիր Մենդելսոն և սև հագիր:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Գուցե մինչև մահվան ծեսը մի կտոր հաց ուտենք:

ԶՈՔԱՆՉ — Թողեք, չե՞ք տեսնում, մենք ողբում ենք: Նվագի՛ր, աղջիկս:

Հասմիկը նվագում է: Լսվում է դռան թակոց:

ԶՈՔԱՆՉ — Նա է, համարձակվել է վերադառնալ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Եկեք թաքնվենք, պետք է հասկանանք նրա մտադրությունը: Հասմիկ, լույսը հանգցրու:

Լույսը հանգցնում, թաքնվում են: Ներս է մտնում Գևորգը` ծաղիկները ձեռքին:

ԳԵՎՈՐԳ — Սիրելի՛ս, ես տանն եմ: Քեզ համար ծաղիկներ եմ բերել: Ռեստորանում սեղան եմ պատվիրել: Կլինենք երկուսով, ինչպես հինգ տարի առաջ: Կարպ Կարպիչը գնացել է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Այո՜:

ԳԵՎՈՐԳ — Ինչ լավ է: Վերջապես պրծանք այդ մարդուց: (Կարպ Կարպիչը համր շարժումներ է անում): Եթե ուզում ես, կարող ենք տանը մնալ: (Փնտրում է): Տեսա, ինչպես մտար տուն: Աո՜ւ, որտե՞ղ ես, սիրելի՛ս:

ԶՈՔԱՆՉ — Այստեղ եմ, սիրելի՛ս: Կարպ Կարպիչ, լույսը վառի՛ր, տեսնենք այդ մարդու անամոթ դեմքը: (Լույսը վառվում է): Ինչո՞ւ չես կարմրում:

ԳԵՎՈՐԳ — Ես ի՞նչ եմ արել:

ԶՈՔԱՆՉ — Քո արածը նույնիսկ Աստվածաշնչում չի գրված:

ՀԱՍՄԻԿ — Ես համաձայն եմ, սիրի՛ր Սյուզիին:

ԳԵՎՈՐԳ — Բայց ես Սյուզիին չեմ սիրում:

ԶՈՔԱՆՉ — Իսկ ո՞ւմ ես սիրում: Քո արածը ուղեղիս մեջ չի տեղավորվում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Պարո՛ն, մի՞թե կանայք այնքան արժանիքներ չունեն, որ արժանանան քո ուշադրությանը:

ԳԵՎՈՐԳ — Ես հարգում եմ նրանց:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Կարևորը հարգելը չէ, կարևորը սիրելն է: Կենակցիր պահպանակով, հասկացա՞ր:

ԳԵՎՈՐԳ — Ո՞ւմ հետ եմ կենակցելու, չեմ հասկանում:

ԶՈՔԱՆՉ — Զզվանքից բերանս չի բացվում: Տղա՛, խելքդ գլուխդ հավաքիր, քեզ կործանում ես: Ի՞նչ կմտածի աշխարհն իմ մասին, սարսափելի է… Ո՞վ եմ հիմա ես… Անզգամ, վերականգնի՛ր մեր պատիվը:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Եթե Սյուզիին չես սիրում, Կառա անունով պոռնիկ գիտեմ: Կհամաձայնվի միայն փողով:

ՀԱՍՄԻԿ — Ես համաձայն եմ, գնա Կառայի մոտ, սա էլ` քեզ փող: Գնա ցանկացած կնոջ մոտ, բայց մեզ մի՛ խայտառակիր:

Դադար, իրար են նայում:

ԳԵՎՈՐԳ — Վերջապես բացատրելո՞ւ եք, ինչ է կատարվում իմ տանը:

ՀԱՍՄԻԿ — Կարպ Կարպիչն ասաց, որ դու ոչ մի կնոջ չես սիրում:

ԳԵՎՈՐԳ — Այո՛, չեմ սիրում, ես միայն քեզ եմ սիրում:

ԶՈՔԱՆՉ — Ձեռք չտաս իմ աղջկան: Հասմի՛կ, մենք գնում ենք:

ՀԱՍՄԻԿ — Նա ասաց, որ դու միասեռական ես:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Տրամաբանությունը դրան է մոտեցնում, խոստովանիր, դու միասեռակա՞ն ես, թե՞ ոչ:

ԳԵՎՈՐԳ — Ո՛չ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Բա ինչո՞ւ Սյուզիին չես սիրում:

ԳԵՎՈՐԳ — Որովհետև չեմ սիրում: Ես միայն իմ կնոջն եմ սիրում: Դո՛ւրս իմ տնից: Ես ձեզ չեմ ուզում տեսնել:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Լավ, կհեռանամ, ես արժանապատվություն ունեմ: Զոքանչը մնալու է:

ԳԵՎՈՐԳ — Ո՛չ: Զոքանչին էլ վերցրու ու հեռացիր:

ԶՈՔԱՆՉ — Դու համարձակվում ես ինձ տնից դո՞ւրս անել:

ԳԵՎՈՐԳ — Հա՛, ու եթե չհեռանաք… Դուք եթե չհեռանաք…

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Հանգստացի՛ր: Տիկի՛ն զոքանչուհի, մենք պետք է հեռանանք:

ԶՈՔԱՆՉ — Ո՛չ, պիտի մնամ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Հանուն ձեր երեխայի պարտավոր եք հեռանալ: Թող տուն-տունիկ խաղան:

ԶՈՔԱՆՉ — Ես նրանց խանգարո՞ւմ եմ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Զոքանչը տան պահապան հրեշտակն է, բայց ո՛չ տվյալ պահին:

ԶՈՔԱՆՉ — Աղջի՛կս, ուզո՞ւմ ես` մնամ:

ՀԱՍՄԻԿ — Ո՛չ, մայրի՛կ, վաղը քեզ կզանգեմ:

ԶՈՔԱՆՉ — Դու կփոշմանես, բայց ուշ կլինի: Կզանգե՛ս 09.30-ին: Գնացինք, Կարպ Կարպիչ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Այո՛, ժամանակն է:

Մթություն:

ԵՐՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Պատկեր առաջին

Գևորգը նստած դռան շեմին, նայում է ամպերին: Հասմիկը նախաճաշ է պատրաստում:

ԳԵՎՈՐԳ — Սիրելի՛ս, նստիր կողքիս, ամպերին նայենք:

ՀԱՍՄԻԿ — Նախաճաշ եմ պատրաստում:

ԳԵՎՈՐԳ — Նախաճաշը կսպասի: Նայիր, ամպերը նմանվեցին ուղտերի, իսկ հիմա դարձան աղավնիներ: Ի՜նչ գեղեցիկ են:

ՀԱՍՄԻԿ — Չե՞ս գնում աշխատանքի:

ԳԵՎՈՐԳ — Այ կին, ի՞նչ ես նստել շնչիս, թող ամպերով հիանամ: Նայի՛ր, քամին քշեց ամպերը: Պարզվում է` գեղեցկությունը փխրուն է, հավերժություն չկա: Ոզում եմ լաց լինել, բայց ավելի լավ է` ոտքերս մեկնեմ ու քնեմ: Հենց ամպերը երևացին, ինձ կարթնացնես:

ՀԱՍՄԻԿ — Գևո՛րգ, կոոպերատիվը քեզ է սպասում:

ԳԵՎՈՐԳ — Ի՛նչ կին ես, չես թողնում` քնեմ:

ՀԱՍՄԻԿ — Աշխատանքդ մնաց:

ԳԵՎՈՐԳ — Թող կորչեն աշխատանքն էլ, կոոպերատիվն էլ: Չեմ ուզում աշխատել, ուզում եմ ամպերին նայել:

ՀԱՍՄԻԿ — Ախր, կկորցնես ամեն ինչ:

ԳԵՎՈՐԳ — Հնարավոր է, շատերն են սպասում, որ դուրս գամ շուկայից:

ՀԱՍՄԻԿ — Հինգ տարվա աշխատանքդ ջուրը կընկնի:

ԳԵՎՈՐԳ — Վերջապես աչքերս բացվել են: Ես պիտի շփվեմ բնության հետ: Պիտի բնության մի մասնիկը դառնամ: Ես ի՞նչ գործ ունեմ մխոցի հետ, նրանց հերն եմ անիծել, մերն էլ` վրան: Լսո՞ւմ ես, մրջյունները խոսում են:

ՀԱՍՄԻԿ — Մրջյունները չեն խոսում:

ԳԵՎՈՐԳ — Այս մեկը կամաց լաց է լինում: Փոքրիկս, ինչո՞ւ ես լաց լինում: Ասում է` փորը ցավում է: Հավանաբար շատ է կերել մեր ապխտած ձկներից: Հանգստացի՛ր, հիմա շտապօգնություն կկանչեմ, որ քեզ հոգնա անի: Փորկապության դեմ դեղ չունե՞ս:

ՀԱՍՄԻԿ — Վե՛րջ տուր, նախաճաշդ կեր ու գնա գործի: Քեզ համար սուրճ էլ եմ եփել:

ԳԵՎՈՐԳ — Այն ո՞ր հիմարն է ասել` աշխատանքը մարդուն մարդ է դարձրել, իսկ ես ասում եմ, կարող ես գրի առնել, աշխատանքը մարդուն ռոբոտ է դարձնում: Երբևէ ամպերին նայած կա՞մ:

ՀԱՍՄԻԿ — Ո՛չ:

ԳԵՎՈՐԳ — Այն ժամանակ ռոբոտ էի, հիմա կամաց-կամաց մարդ եմ դառնում:

ՀԱՍՄԻԿ — Գնա աշխատանքի, մարդիկ քեզ են սպասում:

ԳԵՎՈՐԳ — Այո՛, գնամ, կես գնով վաճառեմ ունեցած ապրանքներս, հետո կգամ տուն, ու միասին կնայենք` ինչպես են մրջյունները ելումուտ անում: (Խորը շունչ է քաշում): Ի՜նչ հաճելի է, երբ չես աշխատում: Հոգիդ մաքրվում է, քեզ ազատ մարդ ես զգում, մարդ` մեծատառով:

ՀԱՍՄԻԿ — Իսկ ինչպե՞ս ենք ապրելու, ո՞վ է մեզ կերակրելու:

ԳԵՎՈՐԳ — Դու երազում էիր Աֆրիկա գնալ: Կվերցնենք գումարն ու դեպի Աֆրիկա` գետաձիեր ու փղեր տեսնելու: Վստահ կարող եմ ասել, մեր փողը կբավականացնի շուրջերկրյա ճամփորդության համար:

ՀԱՍՄԻԿ — Ի՞նչ ենք անելու, երբ փողը վերջանա:

ԳԵՎՈՐԳ — Այդ մասին չեմ մտածում և չեմ ուզում մտածել:

ՀԱՍՄԻԿ — Բայց դա աննորմալ ծրագիր է:

ԳԵՎՈՐԳ — Չե՞ս ուզում գետաձի տեսնել, առյուծներ կորսանք:

ՀԱՍՄԻԿ — Ինչքան ծիծաղեցինք` բավական է:

ԳԵՎՈՐԳ — Ծիծաղեցի՞նք: Կարծում ես, կատա՞կ եմ անում: Գնում եմ, վաճառեմ ունեցածս, իսկ դու պատրաստվիր ճանապարհորդության: Ասում էիր` գնացքի ռելսերը հասնում են մեր տուն: Տոմս գնիր, առանձին կուպե երկու հոգու համար:

ՀԱՍՄԻԿ — Մեր տան մոտ ռելսեր չկան ու երբեք չեն եղել:

ԳԵՎՈՐԳ — Իսկ Կարպ Կարպիչն ասում էր` ռելսերը մտել են մեր խոհանոց:

ՀԱՍՄԻԿ — Կարպ Կարպիչն էլ չի եղել:

ԳԵՎՈՐԳ — Ի՞նչ: Կարպ Կարպիչը փուչիկ էր ու պայթե՞ց: Մենք հարբե՞լ ենք:

ՀԱՍՄԻԿ — Հա՛: Իսկ հիմա հաց կեր ու գնա աշխատանքի:

ԳԵՎՈՐԳ — Իսկ ես նրան սովորել էի, կարծում էի` նրանից պրծում չենք ունենալու: (Ծիծաղում է): Որ իմանայի` նա երևակայության արդյունք է, մի լավ կծիծաղեի: Ես այնքան լուրջ ընդունեցի… Իսկ զոքանչ մայրիկը նույնպես փուչի՞կ էր: (Ծիծաղում է): Հիմա կխելագարվեմ: Ո՞ւր է իմ սիրելի զոքանչ մայրիկը: Ես չեմ ուզում մնալ առանց զոքանչի:

ՀԱՍՄԻԿ — Նա իր տանն է:

ԳԵՎՈՐԳ — Վստա՞հ ես:

ՀԱՍՄԻԿ — Առավոտյան եմ հետը խոսել: Ուշանում ես աշխատանքից:

ԳԵՎՈՐԳ — Քեզ չեմ հասկանում: Ամբողջ տարին հետս կռվում էիր, որ նստեմ կողքիդ, ու միասին նայենք ամպերին, իսկ հիմա դուրս ես անում, թե` գնա աշխատանքի:

ՀԱՍՄԻԿ — Ես ուզում էի, որ կիրակի օրերը միասին լինենք:

ԳԵՎՈՐԳ — Լավ կլիներ, բայց իմ առևտուրը շաբաթ ու կիրակի օրերին է:

ՀԱՍՄԻԿ — Ուրեմն` երկուշաբթի:

ԳԵՎՈՐԳ — Երկուշաբթի և մնացած օրերը պատրաստվում եմ կիրակի օրվա տոնավաճառին:

ՀԱՍՄԻԿ — Չե՞ս կարող հանգստյան օր ունենալ:

ԳԵՎՈՐԳ — Այսօրվանից կարող եմ: (Թուղթ ու գրիչ է վերցնում): Հրաման համար 101. «Ազատել աշխատանքից Գևորգ Խաչատրյանին»: Հրաման համար 102. «Պարտականությունը դնել Սյուզիի վրա…»: Ի՞նչ էր նրա ազգանունը:

ՀԱՍՄԻԿ — Քո գործը վստահո՞ւմ ես այդ կնոջը:

ԳԵՎՈՐԳ — Նրան նշանակում եմ կոոպերատիվի նախագահ: (Կնիքով կնքում է): Վերջ: Այսօրվանից նախագահ չեմ, ես ազատ մարդ եմ:

ՀԱՍՄԻԿ — (պատռում է թուղթը): Միայն իմ դիակի վրայով:

ԳԵՎՈՐԳ — Ուզո՞ւմ ես, քեզ նշանակեմ նախագահ:

ՀԱՍՄԻԿ — Իսկ դու տան գործերը կարո՞ղ ես անել:

ԳԵՎՈՐԳ — Քո արած գործը կանեմ հինգ րոպեում, հետո կնստեմ դռան շեմին ու կնայեմ մրջյուններին` ինչ խելացի կենդանիներ են:

ՀԱՍՄԻԿ — Շատ լավ, ինձ նշանակիր կոոպերատիվի նախագահ:

ԳԵՎՈՐԳ — Հրաման համար 102. «Նշանակել Հասմիկ Շատվորյանին կոոպերատիվի նախագահ»: Խնդրեմ, հրամանը կտաս Սյուզիին, քեզ կծանոթացնի գործի հետ:

ՀԱՍՄԻԿ — Չմոռանաս ճաշ եփել:

ԳԵՎՈՐԳ — Ի՞նչ ճաշ ես ուզում, սիրելի՛ս:

ՀԱՍՄԻԿ — Դոլմա կաղամբով, միսը սառնարանում է: Կարո՞ղ ես եփել, սիրելի՛ս:

ԳԵՎՈՐԳ — Տղամարդիկ աշխարհի լավագույն խոհարարներն են:

ՀԱՍՄԻԿ — Ես հարցնում եմ` դու եփել գիտե՞ս: Եթե չստացվի, կզանգես ինձ:

ԳԵՎՈՐԳ — Այնպիսի տոլմա կեփեմ, որ մատներդ հետը ուտես:

ՀԱՍՄԻԿ — Պայմանավորվեցինք, տո՛ւր կնիքը:

ԳԵՎՈՐԳ — Եթե հարցեր առաջանան, դիմիր Սյուզիին: Նա գործը լավ գիտի:

ՀԱՍՄԻԿ — Եղավ:

ԳԵՎՈՐԳ — Վերցրու կնիքը, շե՛ֆ: Սա էլ հրամանը: Ինձ հարցեր ունե՞ս:

ՀԱՍՄԻԿ — Ո՛չ:

ԳԵՎՈՐԳ — Ուզում եմ խորհուրդներ տալ:

ՀԱՍՄԻԿ — Շնորհակալություն, ես կանեմ այն, ինչ սիրտս թելադրի: Ավելի լավ է, տաքսի պատվիրիր:

ԳԵՎՈՐԳ — Լսի՛ր, հանկարծ աշխատանքս ջուրը չգցես:

ՀԱՍՄԻԿ — Նստիր շեմին ու ամպերին նայիր:

ԳԵՎՈՐԳ — Կնայեմ: Երեկոյան կգաս, կպատմես` ինչ ես արել:

ՀԱՍՄԻԿ — Այդ էր պակաս: Ես կոոպերատիվի նախագահն եմ և պարտավոր չեմ զեկուցելու ոչ ոքի: (Մտնում է ննջարան):

ԳԵՎՈՐԳ — (զանգում է): Տաքսի ծառայությո՞ւնն է: Մեզ տաքսի է պետք: Հինգ րոպեի՞ց, լավ: (Ձայն է տալիս): Տիկի՛ն, տաքսին կլինի հինգ րոպեից: (Քայլում է ու մտորում): Ինչո՞ւ համաձայնեցի: Գործերս վարի է տալու: Ի՞նչ է հասկանում մխոցից, կարդանից… Թող կորչեն մխոցն էլ, կարդանն էլ, կեցցեն ամպերն ու մրջյունները: Տիկի՛ն նախագահ, գործից ուշանում ես: (Գալիս է Հասմիկը` գեղեցիկ հագնված): Օպերա ես գնո՞ւմ, թե՞ աշխատանքի:

ՀԱՍՄԻԿ — Հատակը կավլես, ամանները կլվանաս, լվացքն էլ կանես: Չմոռանաս նստել շեմին ու նայել ամպերին:

ԳԵՎՈՐԳ — Լսում եմ, տիկի՛ն նախագահուհի:

Մթություն:

Պատկեր երկրորդ

Երեկո է, ամպեր չեն երևում: Գևորգը զայրացած քայլում է տան մեջ, անընդհատ նայում է ժամացույցին:

ԳԵՎՈՐԳ — Ուշանում է: Դոլման էլ սառեց: (Նայում է կաթսայի մեջ): Ամեն ինչ լցրեցի: (Փորձում է, դեմքը ծամածռում): Փորձերս վրաս թանկ են նստելու: Սոված եմ… Բա որ թունավորվե՞մ: (Պատի անցքից ներս է մտնում Վաղոն):

ՎԱՂՈ — Բարև, հարևան: Ֆո՛ւ, էս ինչ հոտ ես գցել: Դո՞ւ ես եփել:

ԳԵՎՈՐԳ — Հա՛, կուտե՞ս:

ՎԱՂՈ — Չէ, շնորհակալ եմ, գլխիցս ձեռք չեմ քաշել: (Սիգարետ է վառում): Նայում եմ, ամբողջ օրն առաջ ու ետ ես քայլում: Լավ չի, չէ՞, պարապ-սարապ քայլելը: Բա ես ի՞նչ ասեմ, քառասուն տարի աշխատանք չեմ ունեցել, քայլել եմ ու քայլել: Դժվար է պարապ մնալը, չգիտես` ինչ անես:

ԳԵՎՈՐԳ — Դրա համա՞ր ես մառանիցս գողություն անում:

ՎԱՂՈ — Ըստ կանոնադրության:

ԳԵՎՈՐԳ — Դա ի՞նչ կանո նադրություն է:

ՎԱՂՈ — Իմ սեփական կանոնադրությունն է: Այնտեղ ասվում է. եթե հարևանդ ունի ուտելիքի պաշար, կարող ես վերցնել: Դա օրենքով պախարակելի չէ:

ԳԵՎՈՐԳ — Մառանում բան չես թողել: Դու խիղճ ունե՞ս:

ՎԱՂՈ — Ձեր մառանում այնքան ուտելիք կար, որ կարող ես մի ամբողջ բանակ պահել: Դեռևս հին իմաստուններն ասել են` վերցրու հարևանիդ ունեցվածքի կեսը, բայց հեղափոխություն մի՛ արա: Յոթանասուն տարի պահեցինք, պահպանեցինք սովետը: Ղարաբաղցիները երկու օրում քանդեցին: Բա՛, եղբայր, հարգի՛ր ղարաբաղցիներին, դու նրանց լավ չես ճանաչում:

ԳԵՎՈՐԳ — Էն էլ ոնց եմ ճանաչում, զոքանչս այն կողմերից է:

ՎԱՂՈ — Զոքանչդ սիրուն կնիկ է:

ԳԵՎՈՐԳ — Նվիրում եմ քեզ:

ՎԱՂՈ — Կարծում ես, զոքանչ պահելը հե՞շտ է: Ամբողջ գիշեր էդ մասին եմ մտածել: Չէ՛, նա ինձ կստիպի, որ աշխատեմ: Գլուխս փորձանքից հեռու: Հալալ է մեր իշխանությանը` աշխատանքի փոխարեն թոշակ է տալիս: Կե՛ր, խմի՛ր մի ժամում ու հետո սոված զկրտա: Էն օղին ինչի՞ ես սառնարանում պահում, կփչանա:

ԳԵՎՈՐԳ — Մենք օղի ունե՞նք:

ՎԱՂՈ — Ամենաորակյալը Ռուսաստանից:

ԳԵՎՈՐԳ — Խմել ես ուզո՞ւմ:

ՎԱՂՈ — Ե՞ս… դեմ չեմ: Մի բաժակ էլ քեզ կտամ:

ԳԵՎՈՐԳ — Գնա՛ բեր, ես էլ կխմեմ:

ՎԱՂՈ — Ուտելիք էլ բերե՞մ:

ԳԵՎՈՐԳ — Ինչ մտքովդ կանցնի:

ՎԱՂՈ — (սառնարանն է քչփորում): Երշիկ կիևյան, սկումբրիա, վատ չի, թթու վարունգ: (Ամբողջը դնում է սեղանին):

ԳԵՎՈՐԳ — Կինս ուշանում է:

ՎԱՂՈ — Պարապ ես, դրա համար էլ հիշեցիր կնոջդ… Հիմա մի երկու բաժակ կխմենք ու ամեն ինչ կմոռանանք: (Լցնում է): Առաջինը խմենք մեր հարևանության կենացը: Քսան տարի հորդ հետ ընկերություն եմ արել: Հերդ ասում էր` Վաղո՛, քո կանոնադրությունից չես ուզում դուրս գալ, անբանությունից մինչև գողություն մեկ քայլ է: Ես էլ ասում էի` հարգարժա՛ն հարևան, հենց կանոնադրությունս թույլ չի տալիս գողություն անեմ, ես ազնիվ մարդ եմ: Դե, խմի՛ր: (Խմում են): Առաջին բաժակի վրա հաց չեն ուտում: Էդ էլ ռուսներից մնաց: Նրանք օղի խմելու ձևը գիտեն: Ոչ մեզ նման` միանգամից սկսում ենք խորոված հուպ տալ: Էս մի բաժակն էլ… դու ասա, ես խմեմ:

ԳԵՎՈՐԳ — Ես կենաց ասել չգիտեմ, քիչ եմ խմում:

ՎԱՂՈ — Բա մարդ էլ արաղը երեք ամիս սառնարանում թողնի՞, վերցրո՛ւ, մեկ, երկու` խմեցինք: (Խմում են): Հիմա թթու կեր ու շորիցդ հոտ քաշիր:

ԳԵՎՈՐԳ — Կնոջս նշանակեցի կոոպերատիվի նախագահ: Գնացել է, ետ չի գալիս:

ՎԱՂՈ — Էլի կնոջդ հիշեցի՞ր: Դրա ժամանա՞կն է: Կենտրոնացիր բաժակաճառի վրա, տղամարդ ենք, չէ՞:

ԳԵՎՈՐԳ — Հա՛, տղամարդ ենք:

ՎԱՂՈ — Ջահել էի, բերանիցս կրակ ու շանթ էի արձակում: Կարա՞ր մեկն ինձ ասեր` գլխիդ վրա մազ կա: Իմ ահից նախկին կինս երեք անգամ ուշաթափվեց, հետո շորերը վերցրեց ու գնաց, չդիմացավ: Խմենք ուժեղ տղամարդկանց կենացը: (Խմում են):

ԳԵՎՈՐԳ — Նա ինձ տանը թողեց, իսկ ինքը գնաց իմ գործն անելու:

ՎԱՂՈ — Թո՛ղ անի, թո՛ղ իմանա քո գինը:

ԳԵՎՈՐԳ — Ախր, նա ոչինչ չի հասկանում իմ գործից:

ՎԱՂՈ — Կինդ քո չափ խելք ունի՞, որ հասկանա:

ԳԵՎՈՐԳ — Ճիշտ ես, մի գրամ խելք չունի: Հիմա Սյուզիի հետ կռվում են, իրար մազ են պոկում: Էդ Սյուզին ճարպիկ, գործունյա կին է, իմ աջ ձեռքը, հրեշտակ պահապանը:

ՎԱՂՈ — Քո սիրուհի՞ն է:

ԳԵՎՈՐԳ — Հիմա էլ սա: Մենք սիրեկաններ չենք, հասկացա՞ր:

ՎԱՂՈ — Շուտ ես բարկանում, նյարդերդ պահպանիր, աշխարհում ինչն է շատ` կնիկը: Սա չլինի, նա կլինի: Քեզ համար ի՞նչ տարբերություն:

ԳԵՎՈՐԳ — Ինչպե՞ս թե` տարբերություն չկա: Նա իմ կինն է, իսկ մյուսներն իմ կանայք չեն: Թեև կանայք նույնն են` բոլորն էլ քեզնից փող են ուզում:

ՎԱՂՈ — Էն էլ ինչքա՜ն, կարող էի միլիոնատեր լինել, նրանց պատճառով էս օրն ընկա: Լացս գալիս է:

ԳԵՎՈՐԳ — Մի՛ լացիր, թե չէ ես էլ կլացեմ:

ՎԱՂՈ — Բայց ես ուզում եմ լացել:

ԳԵՎՈՐԳ — Ուրեմն ես էլ կլացեմ:

ՎԱՂՈ — Բայց մենք տղամարդ ենք, չէ՞:

ԳԵՎՈՐԳ — Լավ հիշեցրիր, ուրեմն քի՞չ ենք խմել: Լցրու, խմենք եղբայրության կենացը:

ՎԱՂՈ — Լավ հարևանը լավ եղբորից էլ է լավ, լավ զոքանչից էլ է լավ, մնացած մարդկանցից էլ: Քո կենացը:

ԳԵՎՈՐԳ — Չէ՛, քո կենացը:

ՎԱՂՈ — Լավ, մեր կենացը: (Խմում են): Էլ չե՞ս նեղանա, որ մտնեմ քո մառանը:

ԳԵՎՈՐԳ — Քեզ նշանակում եմ մեր մառանի նախագահ: Ով էլ հարցնի, կասես` ես եմ թույլ տվել:

ՎԱՂՈ — Քեզ նման առատաձեռն հարևան աշխարհում չկա: Ինչ լավ է, որ քեզ նման մարդիկ գոյություն ունեն ամբողջ աշխարհի կտրվածքով: Ի՞նչ պիտի անեինք մենք` կանոնակարգված մարդիկս:

Դռան զանգ:

ԳԵՎՈՐԳ — Նա է: Խմածությունս չի՞ երևում:

ՎԱՂՈ — Վախենո՞ւմ ես:

ԳԵՎՈՐԳ — Ե՞ս, ես վախենամ իմ սեփական կնոջի՞ց, ա՛յդ էր պակաս:

ՎԱՂՈ — Դու նստիր, ես կբացեմ դուռը:

ԳԵՎՈՐԳ — Հա՛, դու բացիր, իսկ ես կնայեմ ամպերին: Ի՜նչ շքեղ ամպ է, կարծես էշ լինի: Միայն թե վրայից օղու հոտ է գալիս: Ֆո՛ւ, շատ եմ խմել:

Ներս է մտնում Հասմիկը, նա էլ է գինովցած:

ՀԱՍՄԻԿ — Դու ո՞վ ես:

ՎԱՂՈ — Ձեր սիրելի հարևանն եմ:

ՀԱՍՄԻԿ — Քեզ նման հարևան ունե՞նք: (Պայուսակը գցում է մի կողմ): Այս ո՜ւմ եմ տեսնում, իմ սիրելի ամուսնյակին: Ճաշը եփել է, հատակը` մաքրել: Սա ի՞նչ է, սեղանի վրա կեղտոտ ափսեներ կան… ջարդուփշուր կանեմ:

ՎԱՂՈ — Մի վայրկյան, ես ափսեները կլվանամ:

ՀԱՍՄԻԿ — Դու ո՞վ ես, ինչո՞ւ ես հայտնվել մեր տանը, ինչո՞ւ ես խառնվում մեր գործերին:

ՎԱՂՈ — Ամուսնուդ մենակ ես թողել, հետո ասում ես` ինչու եմ հայտնվել:

ՀԱՍՄԻԿ — Անմիջապես հեռացիր:

ԳԵՎՈՐԳ — Նա կմնա այնքան ժամանակ, ինչքան որ ես ուզենամ:

ՀԱՍՄԻԿ — Ա՜, բաժակի ընկեր ես գտել: Պարո՛ն, այս տան կեսը իմն է, հեռացի՛ր իմ տնից:

ԳԵՎՈՐԳ — Այս տունը հայրական ժառանգություն է: Ես պարտավոր չեմ կիսել պատահական կնոջ հետ:

ՀԱՍՄԻԿ — Այսինքն` այս տանը պատահական կին եմ: (Վաղոյին.) Դուրս կորիր իմ սահմանից:

Վաղոն փախչում է, դեմ է առնում Գևորգին:

ԳԵՎՈՐԳ — Կանգնի՛ր տեղդ, չշարժվե՛ս, միայն փորձիր իմ կողմն անցնել, կզրկեմ բոլոր իրավունքներից: (Հրում է Վաղոյին, մյուս կողմից հրում է Հասմիկը):

ՀԱՍՄԻԿ — Ֆո՛ւ, քեզանից զզվելի հոտ է գալիս:

ԳԵՎՈՐԳ — Քեզանից էլ է հոտ գալիս, խմե՞լ ես:

ՀԱՍՄԻԿ — Այո՛, խմել եմ ինձ գայթակղող տղամարդկանց հետ:

ԳԵՎՈՐԳ — Ահա թե ինչ, գլխիս կոտոշներ ես տնկե՞լ:

ՀԱՍՄԻԿ — Ո՛չ, ծառ, չհաշված թփերը, կարող ես ջրել:

ՎԱՂՈ — Օգնեցե՛ք, մեռնում եմ, սիրտս թուլացավ, վալերիանկա ունե՞ք:

ԳԵՎՈՐԳ և ՀԱՍՄԻԿ — Ո՛չ:

ՎԱՂՈ — Մեռնում եմ, ինձ կթաղեք հորս կողքին: (Օրորվելով ընկնում է բազմոցին ու քնում, նրանք մոտենում են նրան):

ՀԱՍՄԻԿ — Մեռա՞վ:

ԳԵՎՈՐԳ — (ստուգում է): Չէ, շնչում է: Լավ պրծանք: Երկուսիս էլ ազատազրկում էր սպասվում:

ՀԱՍՄԻԿ — Դու կվերցնեի՞ր քեզ վրա:

ԳԵՎՈՐԳ — Իհարկե, սիրելի՛ս:

ՀԱՍՄԻԿ — Ես շտապում էի, ուզում էի քեզ ուրախացնել, իսկ դու…

ԳԵՎՈՐԳ — Երեխա՞ ես ունենալու:

ՀԱՍՄԻԿ — Չէ՛, տասը հազար հատ մխոց եմ գնել, շատ էժան:

ԳԵՎՈՐԳ — Սյուզին թողե՞ց:

ՀԱՍՄԻԿ — Ես ազատման հրաման գրեցի, վաղվանից չի աշխատելու:

ԳԵՎՈՐԳ — Կանխիկ գումարո՞վ ես գնել:

ՀԱՍՄԻԿ — Չէ՛, Սյուզին բանկից պիտի փոխանցի:

ԳԵՎՈՐԳ — Գիտե՞ս, ինչ բան է մխոցը, 5-6 տարին մեկ է փչանում:

ՀԱՍՄԻԿ — Մի քանի արկղ էլ ավել տվեց:

ԳԵՎՈՐԳ — Մաքրեց իր պահեստը աղբից, լցրեց իմ պահեստը, սրիկա՛: Միայն ձեռքս ընկնի: Քո արած գործարքը կոչվում է քցվել:

ՀԱՍՄԻԿ — Նա օրինավոր մարդու տպավորություն էր թողնում: Զանգի՛ր և ասա`թյուրիմացություն է տեղի ունեցել:

ԳԵՎՈՐԳ — Ի՛նքդ զանգիր:

ՀԱՍՄԻԿ — (զանգում է): Չի պատասխանում:

ԳԵՎՈՐԳ — Դա նրա ձեռագիրն է` իրացնում է անորակ ապրանքն ու որոշ ժամանակ անհետանում: Հետո երևում է, ասում ես` սխալմունք է եղել, նա էլ պատասխանում է` չսխալվեիր: Ինչո՞ւ ինձ չզանգեցիր:

ՀԱՍՄԻԿ — Լավ արեցի: Ես եմ կոոպերատիվի նախագահը:

ԳԵՎՈՐԳ — Հրաման համար 104` քեզ ազատում եմ կոոպերատիվի նախագահի պարտականությունից: Վերադարձրու կնիքը:

ՀԱՍՄԻԿ — Ո՛չ:

ԳԵՎՈՐԳ — Ուզում ես ոչնչացնե՞լ իմ կոոպերատիվը:

ՀԱՍՄԻԿ — Ընդհակառակը:

ԳԵՎՈՐԳ — Ընդհակառակը ի՞նչ:

ՀԱՍՄԻԿ — Այն, որ քո Սյուզին այնքան էլ տգեղ չէ, ինչպես ներկայացնում էիր: Դու ինձ դավաճանում էիր ամեն օր:

ԳԵՎՈՐԳ — Տո՛, լավ էի անում: Կարող ես գնալ մորդ տուն: Դու չլինես, մեկ ուրիշը կլինի:

ՀԱՍՄԻԿ — Ախ այդպե՜ս… Քանի որ բաժանված ենք, ես էլ իմ իրավունքները կպաշտպանեմ` տղամարդիկ շատ կան:

ԳԵՎՈՐԳ — Ես քեզ կսպանեմ: (Վերցնում է դանակը):

ՀԱՍՄԻԿ — Ես էլ քեզ կսպանեմ: (Վերցնում է գրտնակը): Էլ էն խեղճ Հասմիկը չեմ: Ես կոոպերատիվի նախագահ եմ:

Հոգնած և ուժասպառ ներս է մտնում Կարպ Կարպիչը:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Առավոտյան ինձ ասացին` վեր կաց ու գնա: Ես քայլեցի դար ու փոսի վրայով, քայլեցի հոգնած և ուժասպառ: Չէի կարողանում կանգնել, մի ուժ ինձ ստիպում էր քայլել: Ճանապարհին մի մրջյուն տեսա` բարձրացել էր ռելսի վրա ու չէր կարողանում իջնել: Մոտիկից լսվում էր գնացքի փռնչոցը: Օգնեցի նրան ռելսից ցած իջնել: Նա նայեց ուղիղ աչքերիս և ասաց. «Շնորհակալություն, բարի՛ մարդ, բայց շտապիր, քեզ սպասողներ կան»:

ԳԵՎՈՐԳ — Մրջյո՞ւնը ասաց:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ես լսեցի նրան, սկսեցի քայլել: Շրջանցեցի երեք բարձրահարկ շենքերը, երևաց փշատերև անտառը: Հանկարծ անտառի եզրին կրակ տեսա: Մոտեցա: Երկու մարդ կրակ էին արել, սունկ էին խորովում: Նրանց ասացի. «Պարոննե՛ր, ձեր արած խարույկից կարող է անտառը բռնկվել»: Նրանք ինձ հարցրին. «Հրշե՞ջ ես»: Ես նրանց շշպռեցի. «Ինչ է, չե՞ք տեսնում»,- ու ջուրը լցրեցի կրակի վրա: Վերջապես հասկացա, թե ով եմ ես: Հրշեջ եմ և հպարտ եմ, որ հրշեջ եմ:

ԳԵՎՈՐԳ — Մեր տունը չի այրվում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Դա ձեզ միայն թվում է: Իդեպ` ճանապարհին տեսա զոքանչիդ` վազում էր ձեռքերը թափահարելով: (Նայում է նրանց): Արդեն իրար վրա զե՞նք եք բարձրացնում: Ցած դրեք զենքերը:

ՀԱՍՄԻԿ — Իմը գրտնակ է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — (վերցնում է): Սա ավելի վտանգավոր է, քան դանակը: (Փորձում է գլխի վրա): Սրանով կարող ես մարդու գլուխը ջարդել: Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ եք ուզում իրար սպանել:

ԳԵՎՈՐԳ — Մենք ընտանեկան հարցեր էինք քննարկում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ձեր ընտանեկան քննարկումը շատ նման է ընտանեկան բռնության: Ձեզնից ո՞վ է ում բռնանում, խոստովանեք:

ՀԱՍՄԻԿ — Մենք չենք վիճում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Իսկ գրտնա՞կը:

ՀԱՍՄԻԿ — Որոշել եմ գաթա թխել:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Դու գաթա՞ ես թխում:

ՀԱՍՄԻԿ — Հա՛, գաթա:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Գաթա ամուսնուդ համա՞ր:

ՀԱՍՄԻԿ — Այո՛, մենք իրար սիրում ենք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Քաղաքակիրթ մարդիկ իրար սիրելով երեխա են ունենում, իսկ այս գրտնակից շերեփ էլ դուրս չի գա: Լսե՛ք ինձ, քանի դեռ զոքանչ մայրիկը չի եկել, զենքերը թաքցրեք: (Թաքցնում են): Եվ նայեք իրար սիրահարների պես: Հիմա գրկախառնվեք ու շատ երկար համբուրվեք: Կարող եք ներս մտնել, հարգարժա՛ն տիկին:

Թափով դուռը բացվում է, ներս է մտնում զոքանչը` ձեռքի պայուսակը բարձրացրած: Տեսնում է նրանց համբուրվելիս, թևաթափ ընկնում է աթոռին:

ԶՈՔԱՆՉ — Դուք թողնելո՞ւ եք, որ հանգիստ քնեմ: Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ են ինձ արթնացնում առավոտ շուտ, երբ մտադիր էի մինչև կեսօր քնել: Նրանք համբուրվո՞ւմ են:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Նրանք այնքան են իրար սիրում, որ չեն կշտանում: Բավական է, Գևորգ, բաց թող Հասմիկին, ամոթ է:

ՀԱՍՄԻԿ — Հանգստացիր, մայրիկ, ամեն ինչ կարգին է:

ԶՈՔԱՆՉ — Առավոտյան արթնացրին ու ասացին` վեր կաց ու գնա: Ես հագա առաջին պատահած հագուստս ու տանից դուրս եկա: (Գևորգին.) Դու համարձակվել ես աղջկաս ծեծե՞լ:

ԳԵՎՈՐԳ — Լսե՛ք, ամբողջ կյանքում կնոջ վրա ձեռք չեմ բարձրացրել: Ես դեմ եմ ծեծին:

ԶՈՔԱՆՉ — Լռի՛ր, դու այսօրվանից զրկվում ես խոսելու իրավունքից:

ԳԵՎՈՐԳ — Կինս նախագահ դարձավ, մայրն էլ փակեց բերանս: Ես այս տան լիարժեք քաղաքացին եմ, ես էլ իրավունքներ ունեմ:

ԶՈՔԱՆՉ — Երբ ես այստեղ եմ, դու զրկվում ես բոլոր իրավունքներից: Կարպ Կարպիչ, կարգի հրավիրիր այս անձնավորությանը:

ԳԵՎՈՐԳ — Ես ձեր սիրելի փեսան էի, այդպես էիք մի ժամանակ ասում:

ԶՈՔԱՆՉ — Մի՞թե սիրելի փեսա լինում է: Գազա՛ն, չհամարձակվես դիպչել աղջկաս:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Գևո՛րգ, հարգի՛ր զոքանչ մայրիկին, նա հուզված է:

ԳԵՎՈՐԳ — Իսկ ես կատաղած գազանի՞ եմ նմանվել:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Զգուշացիր, ժանիքներդ չհանի: Հասկացիր, նա զոքանչ է, պարտավորություններ ունի: Նրան պիտի սիրես ու հարգես:

ԶՈՔԱՆՉ — Ի՜նչ նրբանկատ անձնավորություն եք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Գևո՛րգ, անմիջապես ներողություն խնդրիր նրանից:

ԳԵՎՈՐԳ — Երբե՛ք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Զոքանչ ունենալը բախտավորություն է, շահած վիճակախաղի տոմս:

ԳԵՎՈՐԳ — Նվիրում եմ քեզ:

ԶՈՔԱՆՉ — Ի՞նչ ես ակնարկում:

ՀԱՍՄԻԿ — Մայրի՛կ, հանգստացի՛ր:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ինչպե՞ս համարձակվեցիր այդպիսի բան ասել: Դուք, պարոն, եթե Հասմիկի ամուսինը չլինեիք… Ես ձեզանից պատիվ կպահանջեի:

ԳԵՎՈՐԳ — Ի՞նչ ասացի, որ…

ԶՈՔԱՆՉ — Սիրելինե՛րս, մեզ մենակ թողեք:

ՀԱՍՄԻԿ — Գնանք խոհանոց: Ժամանակն է, որ թեյ խմենք: (Գևորգն ու Հասմիկը գնում են խոհանոց):

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — (հուզված): Տիկին, մենք բախտավորություն ենք ունեցել հանդիպել կյանքում երկու անգամ: Ինձ համար դժվար է հավատալ, որ կարող եք ինձ ներել: Իմ արարքն աններելի է: Ինչպե՞ս կարող էի ձեզ նման կնոջը թողնել ու անհետանալ: Դուք իրավունք ունեք ինձ ատելու, արհամարհելու, ասելու վերջին բառերը… Բայց ինձ պիտի ներեք, որովհետև ես ձեզ սիրում եմ և առաջարկում եմ իմ սիրտը:

ԶՈՔԱՆՉ — Դուք հասկանո՞ւմ եք, ինչքան դժվար է այս տարիքում ընկնել նոր փորձության մեջ: Ես հանգիստ կյանք եմ ապրում:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ո՛չ, էլ ձեզ հանգիստ չեմ թողնի, եթե նույնիսկ ինձ մերժեք:

ԶՈՔԱՆՉ — Ինձնից էլ չե՞ս փախչի:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Երդվում եմ, Կարպ Կարպիչի խոսքը խոսք է…

ԶՈՔԱՆՉ — Եթե փորձես կողքիցս մեկ մետր հեռանալ…

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ես համաձայն եմ, էլ երբեք չենք բաժանվի:

Ներս են մտնում Հասմիկն ու Գևորգը:

ՀԱՍՄԻԿ — Թեյը պատրաստ է, կարող ենք խմել:

ԶՈՔԱՆՉ — Ախ, այս երեխաները արթնանում են անպատեհ ժամին:

Վաղոն արթնանում է:

ՎԱՂՈ — Իսկ սեղանին օղի չեք դրել:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Այս աներես մրջյունն ի՞նչ գործ ունի մեր տանը:

ՎԱՂՈ — Ես նրանց սիրելի հարևանն եմ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Այսօրվանից դու նրանց ատելի հարևանն ես: Եթե մեկ անգամ էլ քեզ տեսնեմ այս տանը, գործ կունենաս անձամբ ինձ հետ:

ՎԱՂՈ — Գևորգն ինձ թույլատրել է:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Իսկ ես չեմ թույլատրում, սրիկա՛, մառանի մո՛ւկ:

ՎԱՂՈ — Ես քեզ դատի կտամ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ինձ դատի՞ ես տալիս: Ո՞ւր է իմ լազերային ատրճանակը: Յոթ լազեր քո դատարկ գլխի մեջ: (Վաղոն փախչում է): Փախավ սրիկան: Իսկ դու լավ կանես, փակես բոլոր անցքերը, որպեսզի ազատվես ձրիակեր միջատներից:

Կարպ Կարպիչն ու Գևորգը սկսում են փակել պատի անցքերը:

ԶՈՔԱՆՉ — Աղջի՛կս, նա քո հայրն է:

ՀԱՍՄԻԿ — Բայց իմ հայրը զոհվել էր:

ԶՈՔԱՆՉ — Նա զոհվել էր, բայց հիմա վերադարձել է: Նա իմ միակ սերն է:

ԳԵՎՈՐԳ — Նա ո՞ւմ է սիրահարվել:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Գրողը տանի, մի՞թե ես չեմ երևում: Փեսա, ինձ նայիր, ես է՞լ եմ կարմրել:

ԳԵՎՈՐԳ — Կարպ Կարպիչ, ի՞նչ է կատարվում քեզ հետ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Սիրելինե՛րս, ի՞նչ կարծիքի եք մեր ամուսնության մասին:

ՀԱՍՄԻԿ — Դուք ամուսնանո՞ւմ եք:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Ո՛չ, մենք գնում ենք ամուսնական ճամփորդության:

ԳԵՎՈՐԳ — Իսկ մե՞նք…

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Իսկ դուք` պարո՛ն փեսա և դուք` աղջի՛կս, շատ լուրջ մտածեք ձեր համատեղ կյանքի մասին: Հույս չունենաք, որ Փարիզից կգանք ձեզ օգնության: (Գնացքի սուլոց): Ահա և մեր գնացքը… Գնանք, սիրելի՛ս:

ԶՈՔԱՆՉ — Այս տեսքով` Փարի՞զ…

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Դու ճիշտ նրանց նման ես հագնվել:

ԶՈՔԱՆՉ — Սիրելինե՛րս, մենք այնտեղ երկար չենք մնա:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Երբ վերադառնանք, երեխան ծնված լինի, հասկացա՞ք:

ՀԱՍՄԻԿ — Ցտեսություն, հայրի՛կ:

ԳԵՎՈՐԳ — Ցտեսություն, մայրի՛կ:

ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — Վերջապես հայր դարձա:

ԶՈՔԱՆՉ — Իսկ ես ամուսին ունեցա:

Կարպ Կարպիչն ու զոքանչը գնում են: Հասմիկն ու Գևորգը զարմացած իրար են նայում:

ԳԵՎՈՐԳ — Ա՛յ թե շրջադարձ էր, ո՞վ կսպասեր զոքանչ մայրիկից:

ՀԱՍՄԻԿ — Իսկ դու գիտե՞ս, որ Կարպ Կարպիչն իմ հայրն է:

ԳԵՎՈՐԳ — Աներ էլ ունեցա, շահած խաղատոմսերն ավելացան:

ՀԱՍՄԻԿ — Նրանք երջանիկ տեսք ունեին:

ԳԵՎՈՐԳ — Իսկ իմ սրտից արյուն է կաթում:

ՀԱՍՄԻԿ — Ի՞նչ է պատահել, սիրելի՛ս:

ԳԵՎՈՐԳ — Սնանկացել ենք, հարգելիս: Հիմա մենք ինչպե՞ս ենք ապրելու:

ՀԱՍՄԻԿ — Կսկսենք նորից:

ԳԵՎՈՐԳ — Հինգ տարվա աշխատանքս ջուրն ընկավ:

Հեռախոսազանգ:

ՀԱՍՄԻԿ- Զանգում են:

ԳԵՎՈՐԳ — (վերցնում է բջջային հեռախոսը): Ալո, Սյուզի… Ի՞նչ, փոխանցում չե՞ս արել: Ես քեզ սիրում եմ: (Նայում է կնոջը): Միայն կնոջիցս հետո: Չէ՛, դու աշխատում ես, այդ ես եմ ասում: (Հեռախոսն անջատելով): Փողը չի փոխանցել, մենք փրկված ենք:

ՀԱՍՄԻԿ — Ես մնալու եմ տա՞նը:

ԳԵՎՈՐԳ — Մենք միասին կգնանք աշխատանքի: Տասը հազար մխոցը կհանենք պահեստից, կվերադարձնենք տիրոջը: Իսկ երբ վերադառնանք տուն, այնքան հոգնած կլինենք, որ կմոռանանք նայել ամպերին:

ՀԱՍՄԻԿ — Կարծում ես, ընդունա՞կ եմ այդ տանջանքին:

ԳԵՎՈՐԳ — Սիրելի՛ս, դու ես կոոպերատիվի նախագահը:

ՀԱՍՄԻԿ — Հենց դա եմ ասում: Ես նախագա՞հ եմ:

ԳԵՎՈՐԳ — Գնանք քնենք, առավոտյան վաղ ենք արթնանալու:

ՀԱՍՄԻԿ — Առավոտյան 11-ից շուտ ինձ չարթնացնես:

ԳԵՎՈՐԳ — Լսում եմ, ի՛մ նախա­-գահուհի: (Հասմիկը գնում է ննջարան): Սա է երջանկությունը: Ես հայր եմ դառնալու:

Մթություն:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։