Վարդգես ՊԵՏՐՈՍՅԱՆ / ՎԵՐՋԻՆ ՈՒՍՈՒՑԻՉԸ

 

Բեմականացման հեղինակ՝ Դավիթ Հարությունյան

 

Գործող անձիք

ՎԱՀԱՆ ՄԱՄՅԱՆ գրականության նոր ուսուցիչ

ՍԱՀԱԿ ՎԱՆՈՒՆԻ դպրոցի տնօրեն, թվաբանության նախկին ուսուցիչ

ՍՐԲՈՒՀԻ ԴԱՆԻԵԼՅԱՆ մաթեմատիկայի ուսուցչուհի

ՍՈՆԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ քիմիայի ուսուցչուհի

ԳՈՀԱՐ ԱՆՏՈՆՅԱՆ գրականության ուսուցչուհի

10«Բ» դասարանի աշակերտներ  

ՄԱՐԻ ՄԵԼԻՔՅԱՆ

ԱՐՄԵՆ ԳԱՐԱՍԵՖԵՐՅԱՆ

ՎԱՀԱՆ ՍԱՐՈՅԱՆ

ԱՇՈՏ ՔԱՆՔԱՆՅԱՆ

ՍՄԲԱՏ ԹՈՒՄԱՆՅԱՆ

ՏԻԳՐԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԼՈՒՍԻՆԵ

ԳԱՅԱՆԵ

ԳԱԳԻԿ

 

ՌՈՒԲԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ կրթության նախարար

ԽԱՉԻԿ ՔԱՆՔԱՆՅԱՆ կրթության վարչության պետ (պատմության նախկին ուսուցիչ)

 

 

ՊԱՐ 10 «Բ»-ՈՒՄ

Չորսհինգ տղա ռիթմով ծափ են տալիս, գոռում, մագնիտոֆոնը նվագում է, Մարին պարում է սեղանին, պարելուն համընթաց, աստիճանաբար մերկանում էՆերս է մտնում Սոնա Միքայելյանը: Դասատուին տեսնելով՝ տղաները կենդանի վարագույր են դառնում, ծածկում Մարիին: Վայրկյաներ անց Մարին երևում է լրիվ հագնված:

 

ՍՈՆԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ(սաստիկ զայրացած): Անպիտաննե՛ր, անառակնե՛ր, ես իմ աչքով տեսա, որ Մարին բոլորովին մերկ էր… Անջատե՛ք:

ԱՐՄԵՆ – Լավ, լավ… նման ռիթմեր լսելիս, ձեզ պես չամուսնացած կանանց աչքին գեղեցիկ աղջիկներն անպայման մերկ են երևում:

Տղաները պայթում են ծիծաղից:

ՍՈՆԱ – Ի՞նչ… (Ջղայնացած, վիրավորված դուրս է գնում: )

 

 

ՈՒՍՈՒՑՉԱՆՈՑՈՒՄ

ՎԱՆՈՒՆԻ – Ամեն բան տեղն էր՝ մեզ միայն ստրիպտիզն էր պակասում… վարչության բերանին ծամոն ենք դառնալու: Դուք իսկապե՞ս տեսաք, թե՞ ձեր աչքին է երևացել…

ՍՈՆԱ – Ցավոք սրտի, իսկապես…

ՎԱՆՈՒՆԻ – Շատ տհաճ դեպք է, պլյուս` շուտով սկսվում են քննությունները: Վեց հոգի միանգամից… Ա՜յ քեզ սերունդ…

ՍՈՆԱ – Համարեք, որ ձեզ ոչինչ չեմ ասել: Ես կարո՞ղ եմ գնալ:

ՎԱՆՈՒՆԻ – Ինձ սխալ հասկացաք: Նախ` արդեն շատերը գիտեն, թե ինչ է եղել, չգիտեմ՝ որտեղից, և պլյուս՝ ես միշտ բարձր եմ գնահատում ձեզ, դուք քիմիայի մեր լավագույն ուսուցչուհին եք, և պլյուս` կրթության նախարարի տեղակալի հորաքրոջ աղջիկը: Պլյուս` դասարանը դասղեկ էլ չունի: Երևի դրանց դարդից էլ խեղճ Սանոյանը ինֆարկտ ստացավ: Այո, այո, ճիշտ կլինի նախարարին տեղյակ պահել… Սովորական դեպք չէ: (Վերցնում է լսափողը: )

ՍՈՆԱ – Ի՞նչ կարիք կա, դա մեր ներքին գործն է: Գուցե կանչեք այդ… անպիտաններին: Հարկավոր է պարզել, թե ով է եղել նախաձեռնողը, մի խոսքով, մանկավարժական նուրբ խնդիր է:

ՎԱՆՈՒՆԻ – Էդ լավ ասացիք, թող դա մեր մեջ մնա:

ՍՈՆԱ – Գիտե՞ք, իսկ Մարին այսօր դասի չի եկել:

ՎԱՆՈՒՆԻ – Վալիդո՛լ:

 

 

ՈՒՍՈՒՑՉԱՆՈՑ, ՄԵԾ ԴԱՍԱՆԻՋՈՑ

Ուսուցիչները շտապով ներս են մտնում այլայլված, շփոթված: Դասամատյանները ձեռքներին սուրճ են խմումՎանունին շնչահեղձ է: Հաբ է խմումու դուրս է գնում:

 

ԴԱՆԻԵԼՅԱՆ – Խե՜ղճ Վանունի: Ամեն տարի պատրաստվում են կոչման արժանացնել, միշտ մի բան խանգարում է:

ԲՈԼՈՐԸ – Սա ի՞նչ բան է… Այս ի՞նչ է կատարվում մեր դպրոցում… Օրը ցերեկով՝ ստրիպտիզ… Ա՛յ քեզ բան… Խայտառակությո՛ւն է… Ինչե՜ր են կատարվում:

ԴԱՆԻԵԼՅԱՆ(խոսում է հեռախոսով): Ալո, բարև ձեզ, Մարիին եմ խնդրում… Սա դպրոցից է: Ա՜, հիվանդ է: Լավ… Առողջություն Մարիին… (Լսափողը ցած է դնում: ) Հիվա՞նդ է: Երևի մրսել է պարելուց: Ոչ թե սերունդ է, այլ տասն անհայտով հավասարում:

ԱՆՏՈՆՅԱՆ(ոչ այնքան խիստ, որովհետև ավելի շատ զբաղված է կիսատ թողած գրքի ընթերցանությամբ): Ես քեզ հետ համաձայն չեմ, Գայանե, չորս-հինգ  հոգու օրինակով կարելի՞ է սերունդ ընդհանրացնել: (Ծիծաղի պոռթկում: Դանիելյանը ուղղում է ակնոցը: ) Թեպետ, ասածիդ մեջ ճշմարտություն, իհարկե, կա:

ԴԱՆԻԵԼՅԱՆ – Ճշմարտությունն ի՞նչ է, որ չլինի, ճշմարտությունը հիմա օդի մեջ է: Բոլո՛րը գիտեն… Գուցե մե՞նք ենք հնացել: Դուք գիտեք, ես խիստ մեթոդների կողմնակից եմ…

Դանիելյանի ակնոցն անվերջ ընկնում է: Անտոնյանը նորից է հռհռում:

ԲՈԼՈՐԸ –   Պայթուցիկ հասակ է…

Բարդ հասակ է…

Գեղեցիկ հասակ է…

Ինչե՞ր են կատարվում… Օրը ցերեկով…

ԱՆՏՈՆՅԱՆ – Լավ, ովքե՞ր են:

ԴԱՆԻԵԼՅԱՆ – Մարին, դե գիտեք, Արմեն Գարասեֆերյանը, Տիգրան Մանուկյանը, Վահան Սարոյանը, Աշոտ ճշմարախոսը՝ Քանքանյանը և Սմբատ Թումանյանը: Հինգ տղա և Մարին: Տասը րոպե հետո իմացել եմ: Չկարծեք… Բա՛:

Միանգամից սկսում են խոսել. քննարկում են, պաշտպանում կամ դատապարտում, ափսոսում:

ԲՈԼՈՐԸ – Ինչե՞ր են կատարվում: Խայտառակությո՛ւն է…

ՍՈՆԱ – Մինչև հիմա աչքերիս չեմ հավատում…

ԱՆՏՈՆՅԱՆ – Լավ, չորս–հինգ հոգին դեռ սերունդ չէ՛…

ԴԱՆԻԵԼՅԱՆ – Այդքա՛նն էլ բավարար է…

ԱՆՏՈՆՅԱՆ – Դանիելյան, պետք չէ չափազանցնել, բայց…

ՍՈՆԱ – Ամեն խաչմերուկում պահակ պետք է կանգնեցնես…

ԴԱՆԻԵԼՅԱՆ – Ամեն մեկի մեջ դանդաղ գործողության մի ռումբ կա…

ԱՆՏՈՆՅԱՆ – Պարզապես բարդ հասակ է…

ԴԱՆԻԵԼՅԱՆ – Մի օր էլ այդ բարդ հասակը կպայթի ու…

 

Ուսուցչանոց է մտնում Վահան Մամյանը:

ՄԱՄՅԱՆ – Բարև ձեզ:

ԲՈԼՈՐԸ(փսփսոցի միջից): Բարև ձեզ…

ՄԱՄՅԱՆ – Վահան Մամյան. ես երևի աշխատեմ ընկեր Սանոյանի փոխարեն…

Դադար:

ԴԱՆԻԵԼՅԱՆ – (Մամյանին): Դանթեի «Դժոխքը» կարդացել եք անշուշտ: Երբ մտնեք այդ դասարանը, իմ ասած «Դժոխքը» կթվա գունավոր մուլտիպլիկացիոն հեքիաթ:

ՄԱՄՅԱՆ – Դժվա՞ր դասարան է…

ԴԱՆԻԵԼՅԱՆ – Դժվար՞: Խենթերի և ստահակների…

ՄԱՄՅԱՆ – Խենթե՞ր: Վատ չէ: Ստահակ… չգիտեմ:

ԴԱՆԻԵԼՅԱՆ – Վախեցեք ինֆարկտից, կոլեգա: (Ակնոցն ընկնում է: )

Զանգ:

 

 

ԾԱՆՈԹԱՑԵՔ` 10 «Բ»

Դասարան: Աշակերտները տաքտաք վիճում են: Վեճի առարկան, անշուշտ, ստրիպտիզն է: Ներս են մտնում Դանիելյանը և Մամյանը: Աշակերտները, ուշադրություն չդարձնելով, շարունակում են վիճել:

 

ԴԱՆԻԵԼՅԱՆ (գոռում է): Նստե՛լ:

Գոռոցից աշակերտները հանկարծակիի են գալիս, հռհռում են: Դանիելյանի ակնոցը նորից ընկնելու վրա է: Աշակերտները նստում են և զննում Մամյանին:

ՄԱՄՅԱՆ(Դանիելյանին): Դուք ուշանում եք, մենք մի քիչ կխոսենք, դուք գնացեք:

ԴԱՆԻԵԼՅԱՆ(դուրս գալով): Ոտքի՛…

Մամյանը մի քանի րոպե անխոս ետուառաջ է անում դասարանում:

ՍՄԲԱՏ — Դուք նաև մեր դասղե՞կն եք լինելու:

ՄԱՄՅԱՆՉգիտեմ: Կուզենայի՞ք:

ՏԻԳՐԱՆ — Մեզ ամիս ու կես բան է մնում, մինչև հասցնեք մեզ ղեկավարել՝ կչվենք:

Բոլորը թևերը թափահարում են` իբր չվում են:

ԱՇՈՏ — Դուք 2 PAC լսո՞ւմ եք:

ՄԱՄՅԱՆ(ընկրկում է): Գուցե լսել եմ, բայց չեմ տարբերում, թե որը որն է:

Փսփսոցներ

ԱՐՄԵՆ(դասարանին): Լսել է, բայց չի տարբերում:

Անսպասելի դասարանում լսվում է երաժշտություն: Մամյանը հանկարծակիի է գալիս, նվագի ձայնի ուղղությունից որոշում մագնիտոֆոնի տեղը: Վերցնում է այն, դնում է իր սեղանին և բարձրացնում նվագը: Աշակերտները սկսում են ռիթմի տակ թխկթխկացնել սեղաններին: Մի քանիսը պարում են: Ուսուցիչը անջատում է մագնիտոֆոնը:

Մամյանը հասկացավ, որ գրոհ է սկսվում:

ՍՄԲԱՏԵրեկ այս երգի տակ են պարել ձեր սեղանին:

ԱՐՄԵՆՄեզ կհեռացնե՞ն, ընկեր Պապյան:

ՄԱՄՅԱՆՄամյան: Չգիտեմ: Եվ հետո` երևի ինձ չեն հարցնի, ես նոր մարդ եմ:

ՏԻԳՐԱՆ(գլուխը թաքցնելով դիմացինի թիկունքում): Ձեզ է՞լ են հեռացրել:

ՄԱՄՅԱՆ — Այո, հեռացրել են, եթե այդ բառն է քեզ հարմար:

Այս խոսքերի վրա ամբողջ դասարանը ծափահարում է:

ԼՈՒՍԻՆԵ — Դուք մեր վերջին ուսուցիչն եք…

ՄԱՄՅԱՆ — Ի՞նչ է անունդ:

ԼՈՒՍԻՆԵ — Լուսինե:

ՄԱՄՅԱՆ — Վերջին ուսուցիչ չի լինում, Լուսիկ:

ԼՈՒՍԻՆԵ — Լո՛ւ-սի՛-նե՛: (Դասարանը հռհռում է: ) Այսօր մեր թեման Նաիրի Զարյանի «Հացավանն» է, ընկեր Մամյան: Ընկեր Սանոյանը չհասցրեց պատմել «Հացավանը»: Ինֆակտ:

ԱՇՈՏ — Դու, Լուսի՛կ, ավելի լավ կլիներ՝ պարեիր սեղանին:

ԼՈՒՍԻԿԱնամո՛թ:

ԳԱԳԻԿ(ոտքի կանգնելով): Անունս Գագիկ է: Դուրս գա՞մ դասարանից:

ՄԱՄՅԱՆ – Ինչո՞ւ, լավ անուն է, մնա:

ՏԻԳՐԱՆՀաջորդ ժամին էլ ենք լռելո՞ւ:

ՄԱՄՅԱՆ — Դուք, կարծեմ, Տերյան անցել եք, այնպես չէ՞:

ԱՇԱԿԵՐՏՆԵՐ — Այո, իհարկե, անցել ենք…

ՄԱՄՅԱՆՈ՞վ ձեզանից կարտասանի:

ԱՐՄԵՆ — Գուցե… Դո՞ւք սկսեք:

ՄԱՄՅԱՆ(զարմացած): Հաճույքով: (Շրջվում է դեպի պատուհանը և սկսում է արտասանել: ) Երբ կհոգնես, կգազազես աշխարհից…

ՏԻԳՐԱՆԵս կգազազեմ, դու կգազազես, մենք կգազազենք…

ԱՐՄԵՆ — Եվ դասարանը կդառնա սոդոմ-գոմոր:

ՄԱՄՅԱՆ — Աշուն է, անձրև… Տերևներն անձև

Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ…

              Լուսինեն երանությամբ նայում է Մամյանին ու անձայն կրկնում բանաստեղծությունը: Հենց այդ պահին մյուսները, նշան տալով մեկը մյուսին, դուրս են գալիս դասարանից: Աղջիկներից մեկը փորձում է Լուսինեին իր հետ տանել, սակայն նա անէացած լսում է ուսուցչին: Մամյանը, հաճելիորեն զարմացած դասարանի լռության փաստի վրա, շրջվում ու տեսնում է միայն արտասվող Լուսինեին, որը շփոթահար դուրս է նետվում դասարանից: Մամյանը վերցնում է աշակերտների տետրերն ու այդ պահին դասարան է մտնում Սոնան:

ՍՈՆԱՉխանգարեցի՞ ձեզ:

ՄԱՄՅԱՆ — Ոչ, ոչ: Նստեք: (Թերթում է տետրերը: ) Այստեղ ո՞վ է Արմեն Գարասեֆերյանը:

ՍՈՆԱ — Հերոսներից է:

ՄԱՄՅԱՆ — Նշում է արված` «Հեռացել ես թեմայից, որովհետև «Աբու-Լալա-Մահարի» պոեմը բանաստեղծի բողոքն է, դժգոհությունը` կապիտալիստական կարգերից…»: Իսկ ի՞նչ է գրել աշակերտը:

ԱՐՄԵՆ — «Իմ կարծիքով, պոեմում նաև ազգային բողոք կա, բանաստեղծն արտահայտում է նաև հայ ժողովրդի ողբերգությունը, որի տառապանքներին աշխարհը անտարբեր եղավ…»:

ՄԱՄՅԱՆ — Ո՞վ է Մարի Միքայելյանը:

ՍՈՆԱ — Հերոսուհին:

ՄԱՄՅԱՆ — Երկու անգամ բաց է թողնված երեքական էջ: Աղջիկը գրել է ամսաթիվը, վերնագիրը, բայց շարադրությունը չի գրել… Իսկ ահա այս էջին, ի՞նչ է թեման` «Մեր ընտանիքը», նորից դատարկ… (Շարունակում է թերթել տետրերը: ) Սրանցում ոչ մի կենդանի տող, ոչ մի սխալ, բոլորը նման են իրար, կարծես շարադրությունները գրել է նույն` տառաճանաչ մեքենան:

             Սոնան զարմացած նրան է նայում:

ՄԱՄՅԱՆ — Սա էլ Վահան Սարոյանն է գրել:

ՎԱՀԱՆ — Մեր սեղանների գլխավերևը գնալով դատարկվում է: Չէ, ոչ թե մեծեր չկան… Պապս, օրինակ, ճաշում է խոհանոցում: Մենք սիրում ենք նրան, բայց երևի պապս վարժվել է իր տեղին… Հիմա ուր պատահեց՝ նստում ենք: Հայրս մեզ հետ համարյա չի ճաշում, նա միշտ ուշ է տուն գալիս, և մենք… մենք առհասարակ, վաղուց ընտանիքով սեղան չենք նստել: Դա լավ չէ:

             Մինչև Վահանն իր մտքերն է շարադրում, Մամյանն ու Սոնան տետրերն ուսումնասիրելով անհետանում են:

 

ՎԱՆՈՒՆՈՒ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՈՒՄ

                Վանունին տղաներին բացատրության է կանչել: Երևում է, որ այդ պարտականությունը տհաճ է նրա համար: Արմենը, Աշոտը, Տիգրանը, Սմբատը, Վահանը նստել են՝ ով որտեղ հասցրել է: Իրենց պահում և խոսում են առանց շփոթվելու, հանգիստ և ինքնավստահ:

 

ՎԱՆՈՒՆԻ(ծխախոտ վառելով): Դե, հերոսներ, պատմեք, տեսնեմ՝ ինչ եք տեսել… այսինքն` ինչ է եղել: Չփորձեք խաբել ինձ: Այսպես, ուրեմն` ռիթմիկ պար, պլյուս՝ «Օլե»-ներ, պլյուս` Մարիի կիսամերկ ուսերը…

ՎԱՀԱՆ — Ընկեր Վանունի, երեկ դասերից հետո, իրոք, տուն չենք գնացել, նոր սկավառակ էինք գնել ու մնացինք, որ լսենք, ոգևորվեցինք, պարեցինք ու…

ՎԱՆՈՒՆԻ — Դա ես էլ գիտեմ… Ուրի՞շ:

ՍՄԲԱՏ — Ես ասեմ, ընկեր Վանունի…

             Փութով ներս է մտնում Սոնա Միքայելյանը: Տղաները ընդգծված կարգապահությամբ շարվում են կողք կողքի: Տնօրենը վեր է թռչում տեղից, ձգվում և զեկուցելու պես դիմում Միքայելյանին:

ՎԱՆՈՒՆԻ — Ոգևորվեցին ու սկսեցին պարել… (Տղաներին՝ խիստ: ) Ուրի՞շ:

ԱՐՄԵՆ — Մարին պարում էր կենտրոնում, որովհետև մեր դպրոցի ամենալավ պարողն է…

ՎԱՆՈՒՆԻ — Դա ես էլ գիտեմ… Ուրի՞շ:

ՍՄԲԱՏ — Երբ ներս մտավ ընկեր Սոնա Միքայելյանը և դիտողություն արեց, անմիջապես գնացինք տուն: Հորս արև…

ՎԱՆՈՒՆԻ — Հորդ հետ հետո կխոսենք: Դո՞ւ ինչ կասես: Ը՛մ…

ՏԻԳՐԱՆ(շփոթված): Ես… ես… Մարիի զգեստը վերևից չորս կոճակ ունի, իսկ հետո մինչև փեշերը շղթայով է…

ՍՈՆԱ — Հը՛-մ…

ԱՐՄԵՆ — Գուցե պարելիս Մարին շա՞տ է ոգևորվել, գուցե ինչ-որ կոճակ է արձակվել. ռիթմիկ պարերի ժամանակ դա պատահում է… Հա, մոռացա ասել, որ ես նաև ծխեցի: Դե, ի՞նչ անեմ, երբեմն պատահում է այդ հիմարությունը: Դրա համար պատժեք ինձ, ընկեր Վանունի:

ՎԱՆՈՒՆԻ(շարունակելով ծխել): Ինչպե՞ս թե՝ ծխել: Դասարանո՞ւմ, պլյուս՝ 17 տարեկան հասակո՞ւմ: Ձեր ապագայի մասին չեք մտածում, գոնե թոքերի մասին մտածեք: (Մեղավոր ժպտալով, որովհետև ամբողջ զրույցի ժամանակ ծխում էր: ) Կմեծանաք, դա էլ արեք:

ԱՐՄԵՆ — Ընկեր Միքայելյան, ես ցավում եմ, որ երեկ ձեզ վիրավորեցի, ներեցեք: Ախր, դուք միշտ էլ հասկացել եք մեզ:

ՎԱՀԱՆ — Իրոք, ընկեր Միքայելյան, Արմենը ճիշտ է, կներեք երեկվա համար:

ՏԻԳՐԱՆ — Ներողություն:

ՍՄԲԱՏ — Էլ չի կրկնվի…

             Աշոտը, որ ամբողջ տեսարանում լուռ էր, ներողություն չի խնդրում Սոնա Միքայելյանից:

ՎԱՆՈՒՆԻ — Կարգին պարապեք, քննությունները քթներիդ տակ է: Դպրոցում այլևս մագնիտոֆոն, պլյուս` բան-ման չտեսնեմ: Ազատ եք:

 

Բեմը մի քանի վայրկյան դատարկ է: Արագ և հուզված անցնում է Մարին: Լսվում է Արմենի կանչը:

ԱՐՄԵՆ    Մարի՛, Մարի՛… (Վազում է դեպի աղջիկը և ուզում է ինչոր բան բացատրել: )

ՄԱՐԻ(գոռում է): Հանգի՛ստ թողեք ինձ: Հեռո՛ւ գնա:

 

             Արմենը ետետ է գնում: Այդ պահին Սոնա Միքայելյանը տեսնում է Մարիին:

ՍՈՆԱ Մարի՜: (Մարին փախչում է: ) Մարի, սպասի՛ր: (Վազում է նրա ետևից: )

            

             Արմենը անտրամադիր ետ ու առաջ է քայլում, այդ պահին Վահանը կատաղած վրա է հասնում Արմենի վրա և հարվածում: Նրանք ընկնում են գետնին, խփում իրար: Տղաները վրա են հասնում ու մի կերպ բաժանում են նրանց: Արմենը ծեծել էր Վահանին

 

 

ՈՒՍՈՒՑՉԱՆՈՑ

ԱՆՏՈՆՅԱՆ — Ինչե՜ր են կատարվում մեր դպրոցում, ինչե՜ր…

ԴԱՆԻԵԼՅԱՆ — Ես միշտ ասում էի. եթե դա այսօր չեն արել՝ վաղը կանեն, ես չեմ զարմանա:

ԱՆՏՈՆՅԱՆ — Ինչ է, դուք է՞լ եք լսել:

ԴԱՆԻԵԼՅԱՆ Ոչ… Իսկ ի՞նչ է եղել:

ԱՆՏՈՆՅԱՆ — Ծեծկռտոց: Արմենի ու Վահանի միջև:

ԴԱՆԻԵԼՅԱՆ Յա՜… Բայց նրանք մտերիմ ընկերներ են:

ԱՆՏՈՆՅԱՆ — Արմենին հարցնում եմ` ինչո՞ւ կռվեցիք, ասում է. «Հենց այնպես, մի դատարկ բանի համար, վաղը կհաշտվենք,- ասում է,- ո՞ւմ գործն է»: Ա՜յ քեզ սերունդ…

ԴԱՆԻԵԼՅԱՆ (միջամտելով): Վահանին խոսեցնեիր:

ԱՆՏՈՆՅԱՆԽոսո՞ւմ է, որ խոսեցնեմ: Ոչ մեկին ոչինչ չի բացատրում:

ՍՈՆԱ (ներս վազելով): Քիչ առաջ Մարին դպրոցում էր: Լաց լինելով վազում էր միջանցքով: Ես չհասա ետևից… Ուրեմն հիվանդ չէ, բայց դասի չի գալիս:

ԴԱՆԻԵԼՅԱՆ — Այստեղ ես եռանկյունու հոտ եմ առնում:

 

             Զանգ: Բոլորը գնում են դասի: Ներս է մտնում Վանունին:

ՎԱՆՈՒՆԻ (բացելով մի նամակ): Սա ի՞նչ բան է, պլյուս` չի ստորագրված: Հա, անոնիմկա: (Կարդում է: ) «Ձեզ խաբեցին: Մարին, իրոք, համարյա մերկ էր պարում»: Հըմ` համարյա: Մերկ, պլյուս` համարյա… «Արմենը և Սմբատը դասամիջոցին գրազ եկան, Արմենն ասաց` այնպիսի նոր երգեր ունի, որ Մարին կմերկանա, եթե լսի: Մարին  ամոթից է, որ դասի չի գալիս, որովհետև ընկեր Միքայելյանը ձեզ ասել է ճշմարտությունը…»: (Շվարած: ) Սա Արմենին ու Մարիին չսիրող մեկը գրած կլինի, ի՞նչ իմանաս: Մեկ էլ տեսար` այս ստահակը գրեց ավելի վերև: (Ուզում է պատռել նամակը, բայց հետո թուղթը ծոցագրպանն է դնում: ) Թող դասղեկը զբաղվի:

 

                Հեռախոսազանգ: Բեմի խորքում, թույլ լույսի ներքո, բազկաթոռին նստած է

             Քանքանյանը` ընկալուչը ձեռքին: Խոսում է վստահ, դանդաղ, ծանրակշիռ:

ՎԱՆՈՒՆԻ — Լսում եմ:

ՔԱՆՔԱՆՅԱՆ — Այդ ինչե՞ր են կատարվում ձեր դպրոցում, ընկեր Վանունի:

ՎԱՆՈՒՆԻ — Ի՞նչը նկատի ունեք:

ՔԱՆՔԱՆՅԱՆ — Վերջին ստրիպտիզը` օրը ցերեկով, Մովսես Խորենացու անունը կրող դպրոցում: Խեղճ Պատմահոր մորուքի մազերը կփշաքաղվեին…

ՎԱՆՈՒՆԻ — Նախ պիտի ասեմ, որ շտապում եք ստիպտիզ բառով մեզ մկրտել, իսկ գալով Պատմահորը, հույս ունեմ` հիշում եք, թե ինչով է ավարտվում նրա «Պատմությունը»:

ՔԱՆՔԱՆՅԱՆ — Ես ուրախ եմ, որ թվաբանության նախկին դասատուն այդքան տեղյակ է հայոց պատմությանը: Ամեն դեպքում արժեր, որ այդ դեպքերի մասին նախարարությունը ժամանակին իմանար: Եվ ոչ անստորագիր նամակից: Մենք այդ նամակը ձեզ կուղարկենք, թեպետ դրա կարիքը չեմ տեսնում, կարծում եմ՝  ունեք, քանի որ նամակագիրը գրում է, որ ինքն ավելի մանրամասն գրել է ձեր անունով: Ստացե՞լ եք: Ես այսօր կուղարկեմ: Թող երկու հատ լինի: Ընկեր Վանունի, հա՛… վաստակավորի կոչման ներկայացնելու գործերդ պատրաստ են, մնում է բնութագիրը…

            

             Վանունին, Քանքանյանի անհետանալուն պես, նյարդայնացած շպրտում է

             հեռախոսն ու հապճեպ ծոցագրպանից հանում ծրարն ու ջղայնացած նորից դնում է տեղը:

ՎԱՆՈՒՆԻ Գրողի՛ տարած նամակները… (Դեղահաբ է խմում ու վերցնելով պորտֆելը` դուրս գնում: )

 

 

ԵՐԵԿՈ: ԱՅԳԻ ՀԻՇԵՑՆՈՂ ՎԱՅՐ

             Վառվում է փողոցային լապտերը: Մամյանն ու Սոնան զրուցելով ներս են մտնում: Բեմի խորքում ևս մի լապտեր` կողքին նստարան:

ՄԱՄՅԱՆ — Մենք հենվում ենք միայն մեր փորձի ու մեր ապրած կյանքի վրա, ջահելների փորձը կարծես մեզ համար նշանակություն չունի:

ՍՈՆԱ — Այդ պարը` ձեր գրասեղանի վրա, նույնպե՞ս փորձ է…

ՄԱՄՅԱՆ — Որքա՜ն բան պարզեց այդ պարը և որքան դեռ կարող է պարզել… եթե… Նստում են նստարանին:

ՍՈՆԱ — Եթե փորձենք հասկանալ նրանց, այո՞…

ՄԱՄՅԱՆ — Այո, մենք հաճախ նրանց հետ վարվում ենք այնպես, ասես խնդիր ենք լուծում, որի պատասխանը նախօրոք գիտենք: Բայց չէ՞ որ նրանցից ամեն մեկը տասն անհայտով հավասարում է: Եթե կարողանանք հայտնաբերել անհայտներից գոնե մեկը, հրաշք չէ՞… Ասենք, երևի, ամեն ուսուցիչ իր ճակատամարտն է մղում:

ՍՈՆԱ Երբեմն հողմաղացների դե՞մ:

ՄԱՄՅԱՆ — Ինձ արդեն մի անգամ համեմատել են Դոն Կիխոտի հետ: Եթե հասկանալով դա արած լինեին, ես կմեռնեի հպարտությունից:

ՍՈՆԱ Կներես, ծաղրելու միտք չունեի: Ես սիրում եմ Դոն Կիխոտին, բայց ավելի… ցավակցում եմ:

ՄԱՄՅԱՆ — Բարությունն անպաշտպան է, բարությունը բռունցքներ չպիտի ունենա, եթե ինքդ բարի չես, ուրիշի բարությունը ծիծաղելի կարող է թվալ: Ես ինքս ավելի շատ եմ կեղեքվում զանազան հարցականներից և, ցավոք, ոչ մի հարցի պատասխան չունեմ: (Հանկարծ հիշելով, պայուսակից հանում է ինչոր թղթեր): Ահա` ազատ շարադրություններ են` առանց անուն- ազգանունների: Զարմանալի տողեր են` անկեղծ, տարօրինակ, սանձարձակ, նաև` խելոք:

 

             Աշակերտները հերթով անկեղծանում են լապտերի տակ:

ԼՈՒՍԻՆԵ «Մեզ ասում եք, թե վախկոտ ենք: Ի՞նչ անենք: Մեր դպրոցը երկու անգամ հրդեհվեց, երկու անգամ էլ` գիշերով, թող մի անգամ էլ ցերեկով վառվեր, տեսնեիք, թե ինչպես կհանգցնեինք…»:

ԳԱԳԻԿ «Մեր տունը լավն է և այն տունն է լավ, որտեղ լավ մարդիկ են ապրում: Եվ ամեն ընտանիք իր այլանդակն ունի: Մեր ընտանիքի այլանդակը ես եմ: Փորձեք կռահել` ո՞վ եմ ես: Իսկ իմ մյուս շարադրությունը դուք գերազանց կդնեք. ես այնպիսի բաներ կգրեմ, այնպես ճիշտ կվերլուծեմ «Հացավանը»:

ՎԱՀԱՆ — «Դուք ինչի՞ն եք թվանշան դնելու, ուսուցիչ, իմ տառասխալների՞ն, թե՞ անկեղծությանը: Գիտեմ, դուք ասացիք, որ թվանշան չեք դնելու, որովհետև անկեղծությունը չի կարելի գնահատել թվանշանով: Ուրեմն, պատասխան գտեք ինձ համար. ես ուզում եմ տխրել և չեմ կարողանում: Այո, այո, ուզում եմ երբեմն տխուր լինել, մենակ, թափառել փողոցներում, լաց լինել եմ ուզում: Բավական է դեմքիս մի ամպ նշմարվի՝ մայրս բժիշկ է կանչում, հայրս խելագարեցնում է իր հարցերով, եղբայրս ծաղրում է. «Հո՞ չես սիրահարվել…»: Իսկ ես պարզապես ուզում եմ կտրվել առօրյա բաներից, ուզում եմ տխրել…»:

ՄԱՄՅԱՆ — Եվ այդպես շարունակ…

 

             Սոնան պատահական թղթեր է վերցնում և կարդում:

ԱՇՈՏ — «Հորս ֆիննական գրասեղանը, որի վրա նա դեռ մի նամակ անգամ չի գրել, մեր ընտանիքում ավելի է խնամքի և ուշադրության արժանանում, քան, ես… Ինչ կուզեի դառնա՞լ- հենց մինիստր կամ որևէ պաշտոնյա»:

ՏԻԳՐԱՆ — «Իմ բախտը միշտ բերել է, ունեցել եմ ամեն ինչ: Հիմա էլ գիտեմ, դեռ դպրոցը չեմ ավարտել, բայց համալսարանում տեղս պատրաստ դրված է: Իսկ եթե անկեղծ եք ուզում իմանալ, զզվել եմ այդ ամենից. երազում եմ, որ գոնե այս անգամ բախտս չբերի, համալսարան չնդունվեմ և փորձեմ քայլել ինքնուրույն: Հիմա, այս պահին ուզում եմ: Գուցե այս պահն անցնի և շարունակեմ «բախտի» ճանապարհով»:

ՄԱՄՅԱՆ — «Բախտի ճանապարհով…»:

ՍՈՆԱ — Մենք, երևի, իսկապես չենք ճանաչում նրանց, ոչ նրանց իրական արատները, ոչ իրական արժանիքները…

ՄԱՄՅԱՆ Մեր գործած սխալներից նրանք կրիայի պես թաքնվում են իրենց պատյանի մեջ: Քրեական ու թվաբանական սխալները հեշտ է տեսնել և ուղղել կարմիր թանաքով: Իսկ բնավորությա՞ն սխալը` որտե՞ղ դնել վերջակետ, որտե՞ղ՝ հարցական:

 

Մի զույգ բեմի խորքում նստում է նստարանին: Ռոմանտիկ հոգեվիճակ… նայում են իրար: Տղան փորձում է համբուրել աղջկան, նա տղայի նյարդերի հետ խաղալով, ընկրկում է… ի  վերջո համբուրվում են: Երիտասարդները ոչ ոքի վրա ուշադրություն չեն դարձնում: Մամյանն ու Սոնան նայում են նրանց: Դադար: Տղան ընթացքում լուսանկարում է տարբեր դիրքեր ընդունող աղջկանՑածր միացնում են  մագնիտոֆոնը: Գայանեն ու Սմբատն են:

ՍՈՆԱ Քո աշակերտներն են, Վահան: Երեկ էլ էին այստեղ: Իսկ երբևէ, իսկապես, սիրահարվե՞լ ես…

ՄԱՄՅԱՆ — Դպրոցում սովորելիս: Հետո՞… Անհետաքրքիր մարդ եմ երևի աղջիկների համար: Իսկ երեսունհինգից հետո սկսեցի վախենալ:

ՍՈՆԱ — Կներես, կանացի անխելք հարց էր…

ՄԱՄՅԱՆ Չե՞ս նեղանա, եթե մի բան ասեմ. դու պարզապես… զրկվել ես անձնական կյանքից և դրանով աղքատացել նաև… իբրև ուսուցիչ… Երևի ճիշտ կլիներ ասել` մենք…

ՍՈՆԱ — Աղքատացե՞լ… Ոչ, ես կասեի` ստրկացել: Դպրոցը տարիների ընթացքում դառել է իմ կենցաղը, համարյա խոհանոց մտնելու պես մի բան:

ՄԱՄՅԱՆ — Դպրոց մտնելը` տաճար մտնել է, Սոնա:

ՍՈՆԱ — Ամեն օ՞ր… Ամեն օր քո այդ տաճարում ապրել հինգ-վեց ժամ և չկորցնե՞լ տաճարի զգացողությունը… Նույն դասերը, նույն երևույթները, նույն ժողովները` մտքերը, զգացումները, արարքները…

ՄԱՄՅԱՆ — Բայց մենք մարդ ենք ձևավորում, բնավորություններ, ապագա: Այս դեպքը շատ մութ անկյուններ կլուսավորի: Գոնե Մարիի բաց թողած էջերը:

ՍՈՆԱ Դու անուղղելի իդեալիստ ես:

ՏՂԱ(մոտենալով): Ընկեր Մամյան, մեզ կնկարահանե՞ք:

ՄԱՄՅԱՆ (Սոնային): Ռոմանտիկ: Ես չեմ ամաչում… Կհանդիպենք:

 

             Մամյանը գնում, նկարահանում է սիրահարներին ու նրանց հետ հեռանում:

Սոնա Միքայելյանը մնում է նստած, հայացքը սևեռած այն կետին, ուր մի քանի վայրկյան առաջ կանգնած էր Մամյանը: Հանկարծ Սոնայի թիկունքում հայտնվում է Մարին: Երևում է, որ աղջիկը ճնշված վիճակում է, բայց ջանում է ցույց չտալ:

ՄԱՐԻ — Դուք կարո՞ղ եք մի քանի րոպե չընդհատել ինձ, հարցեր չտալ:

ՍՈՆԱ — Լսում եմ, Մարի:

ՄԱՐԻ Շնորհակալ եմ: Այն օրը դուք մոտավորապես ճիշտ տեսաք. ես պարում էի համարյա կիսամերկ:

ՍՈՆԱ Բայց…

ՄԱՐԻ — Հարցեր չտաք: Ես դա արեցի իմ կամքով: Արմենը միայն ասաց` կհանվե՞ս: Դատարկ բան է, ասացի, ծովափին միլիոն աղջիկ նույն տեսքով են, ի՞նչ կա որ:

ՍՈՆԱ — Ծովափին ուրիշ է:

ՄԱՐԻ — Ես գիտեմ, որ ծովափին ուրիշ է: Դուք նույպես գեղեցիկ եք: Մեր տղաներից շատերը սիրահարված են ինձ, ես գիտեմ, դա, իհարկե, դուր է գալիս, բայց նրանք միայն իմ մարմինն են ուզում տեսնել և ես ցույց տվի: Սեր չկա: Սերը հորինել են գրողները, ձեր այդ Տերյանը, Եսենինը, Սայաթ-Նովան: Հիմա կա միայն ցանկություն` այսինչ բանն ունենալու. մեքենա, փող, մագնիտոֆոն, ջինս, այսինչ աղջկան: Նրանց մեջ կա մեկը, որ ինձ նամակներ է գրում արդեն մի տարի: Բառեր չեն, այլ տարբեր գույնի կեղծամներ:

ՍՈՆԱ Գուցե նա քեզ իսկապես սիրո՞ւմ է:

ՄԱՐԻ(ուսերն է թոթվում): Գիտեք, ես կարդացել եմ հորս նամակները: Օ՜, ինչ բառեր կան այդ թղթերի մեջ, իսկ մայրս արդեն տասը տարի է՝ կրծում է իր միայնության շղթան: Ես պիտի վրեժ լուծեմ տղաներից` մորս համար: Ես ուզեցի նաև դաս տալ փսլնքոտ Ռոմեոյին. նա էլ, չէ՞, եկել-ցցվել էր` իմ սրունքները տեսնելու համար, որովհետև Արմենը նրա ներկայությամբ ասաց` կհանվե՞ս: Սկզբում, երբ սկսեցի պարել, նա փորձեց դուրս գալ: Ինչո՞ւ…

ՍՈՆԱ Այդ ամենն իզուր ես ինձ խոստովանում, Մարի, ես ոչ ձեր դասղեկն եմ, ոչ գրականության ուսուցիչը: Երկուսն էլ ընկեր Մամյանն է, նրա հետ խոսիր:

ՄԱՐԻ(նայում է ուսուցչուհուն` փշրված հայացքով, հետո խոսում սառը, չար): Եվ դուք հավատացի՞ք իմ ասածներին: Ես ստեցի, ես խաղում էի, ես դեր էի փորձում:

ՍՈՆԱ Վատ չխաղացիր դերդ, Մարի, պատկերացնո՞ւմ ես, քիչ էր մնում հավատայի:

ՄԱՐԻ — Խաղում էի…

 

Մարին գնում է: Մթնեցում:

 

             Բեմը լուսավորվում է, Վանունին գտել է Մամյանին:

ՎԱՆՈՒՆԻ – Հը՛, ի՞նչ եղավ, զբաղվեցի՞ք այն նամակով:

ՄԱՄՅԱՆ — Կարիք կա՞ քրքրել մի պատմություն, որ արդեն մոռացել են:

ՎԱՆՈՒՆԻ — Հիշողներ կան, և բավականին ազդեցիկ հիշողներ: Վաղը խորհրդի նիստ է, երկուսի հեռացումն էլ հարկավոր է ձևակերպել…

ՄԱՄՅԱՆ — Հեռացո՞ւմ… հեռացում` ավարտական քննություններից ամիսուկես առա՞ջ: Թույլ տվեք խոսեմ Արմենի հետ:

ՎԱՆՈՒՆԻ — Ես դա թույլ եմ տվել մեկ շաբաթ առաջ, ընկեր Մամյան:

ՄԱՄՅԱՆ — Ինձ թվում է, նամակը գրել է այդ դասարանից ինչ-որ մեկը:

ՎԱՆՈՒՆԻ — Պարզ է,որ ես չեմ գրել: Ոչ էլ` դուք: Չե՞ք ծխում:

ՄԱՄՅԱՆ — Դպրոցում աշխատում եմ չծխել: Գիտե՞ք, բարձր դասարանցիները համարյա գիրք չեն կարդում:

ՎԱՆՈՒՆԻ(փորձում է ինքն էլ չծխել): Որովհետև հիմա ամեն մեկի տանը մի հանրային գրադարան կա, կամ համակարգիչ:

ՄԱՄՅԱՆ Այո, բայց գրադարանը գրքերի պահեստ չէ, այլ կարդացվող, մաշվող, ձեռքից ձեռք անցնող գրքերի տուն:

ՎԱՆՈՒՆԻ — Պլյուս` լավ ուսուցիչներ, որ սովորեցնում են՝ ի՛նչ կարդալ և ինչպե՛ս: Այդ ամենի մասին` օրը կգա, բարին հետը, կխոսենք, իսկ վաղը ուրիշ խոսք ու զրույց պետք է լինի: Փաստը մեր աչքի առաջ է, ընկեր Մամյան… փա՛ստը…

ՄԱՄՅԱՆ — Ինձ համար, անձամբ, մութ պատմություն է:

ՎԱՆՈՒՆԻ — Փորձեք լուսավորել այդ մութը, հանուն մանկավարժության: Հազիվ թե կարողանաք թափանցել նրանց հոգիները: Չեք էլ երևակայում, թե ինչ դասեր կտան ձեզ այդ դեղնակտուցները: (Վեր է կենում տեղից, նյարդային ետուառաջ անում): Մանկավարժությա՛ն աստված, ի՞նչ դարձրինք քո տաճարը, երեխաներին ինչպե՞ս նստեցրինք մեր գլխներին. օ՜, ի՛նչ զարգացած են, ի՛նչ համարձակ են մտածում, ֆլան-ֆստան: Գիտատեխնիկական հեղափոխություն, թվայնացած դար, վաղ ակսելերացիա, պլյուս` այսօրվա ուսուցիչների, իբր, անկարողությունը նրանց տիեզերական հարցասիրությանը պատասխանելու առումով: Եվ աշակերտները դա գիտեն, ամսագրերում գրում են, հեռուստացույցով ամբողջ օրը խոսում են. ինչպե՞ս չիմանան. տեսե՛ք, թե ինչ սերունդ է` խելոք, զարգացած… Մեկ-մեկ գլուխդ կորցնում ես. չի՞ լինի, որ մենք աշակերտ դառնանք և նրանք մեզ դաս տան: Ականջդ կանչի, Մովսես Խորենացի, հիշում եք, չէ՞. «Աշակերտներդ` սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան…»: Վաղվանից մեր գրքերը, տետրերը հավաքենք, դասի գանք, նստենք տեղերս: Կարծում եք, կզարմանա՞ն: Եվ գիտե՞ք, թե մեզ ինչ դասեր կտան…

ՄԱՄՅԱՆ Ես գուցե գնամ, շարադրություն եմ տվել…

ՎԱՆՈՒՆԻ — Շարադրությո՞ւն: Նրանց թելադրություն է պետք, ոչ թե շարադրություն: Թեման ի՞նչ է:

ՄԱՄՅԱՆ — Ազատ թեմա է:

ՄԱՄՅԱՆ — Ազատ, ազատ: Շատ չե՞ն այդ ազատությունները: Թելադրություն է պետք տալ նրանց, Մամյան, որ տեքստը մեր ձեռքին լինի: Թելադրությո՛ւն: Մեր ասածը պետք է գրեն և ոչ թե` ինչ ուզում են: Հոգինե՞րն ես քրքրում: Զահլաս գնում է մարդկանց տարբերություններից, այ, որ լիներ միջին աշակերտ, միջին դասատու, ի՜նչ խաղ ու պար կլիներ ղեկավարելը: Մի հնար լիներ՝ սրանց գումարեիր, բաժանեիր և քանորդում ստանայիր այդ միջինը, թե չէ… ամեն մեկի բնավորությունը մի իսկական ջունգլի է:

ՄԱՄՅԱՆ Միջին աշակերտ, միջին դասատու… Տխուր բաներ եք ասում, ընկեր Վանունի: Բայց, փառք Աստծո, մարդիկ թվեր չեն:

ՎանունիՄամյան, Մամյան… (Հեռանում  է):

 

Մթություն: Մամյանը աթոռը դնում է բեմառաջում, նայում դահլիճ և այս անգամ «դասը վարում» է հանդիսատեսի հետ:

ՄԱՄՅԱՆ — Դասամիջոց չենք անի, ես ձեզ ուզում եմ պատմել իմ դպրոցական էջերից: Գուցե ձեզ հեքիաթի նման թվա: Թող լինի այդպես:

Ուրեմն, տարիներ առաջ, երբ ես և իմ ընկերները ձեր տարիքին էինք, ընկերս` Մանուկը, սիրահարվել էր և այդ բանը հայտնի էր դարձել դասատուներն: Մանուկին որոշել էին տեղափոխել ուրիշ դպրոց: Հենց այդ օրերին մեր դասարանցի Ռուբենը ձեռք էր գցել մի գիրք` «Մանոն Լեսկոն»: Մի գիշերվա մեջ կարդացինք: Երևի գիտեք այդ գրքի հերոսների դժբախտ պատմությունը, պատանի ասպետ դե Գրիոն տեսնում է գեղեցիկ մի աղջկա` Մանոնին ու սիրահարվում: Սիրո առաջին օրերին հետևում է ծանր արկածների, հիասթափությունների երկար շղթան: Մանոնը դավաճանում է իր ասպետին, դավաճանում է շատ անգամ և, ի վերջո, նրան իբրև անառակ աղջկա` իր նման տասնմեկի հետ, տեղափոխում են Ամերիկա: Ասպետը գիտեր ամեն ինչ: Բայց չի լքում Մանոնին ու նրա հետ գնում է Ամերիկա… Հինգ ընկեր էինք, սերը, դավաճանությունը, հավատարմությունը դեռ անհայտ աշխարհ էր մեզ համար: Մեզ հատկապես ցնցեց գրքի ավարտը, երբ Մանոնը մեռնում է անապատում, և դժբախտ ասպետը իր ձեռքերով փորում է նրա գերեզմանը, հետո պառկում գերեզմանին, սպասելով իր մահին… Մանուկը… Նա ի՞նչ գիտեր սիրո մասին: Պարզապես Ալիսան նրանց հարևանն էր, նա վերցնում էր աղջկա պայուսակը, երբ դպրոց էին գալիս կամ գնում, բանաստեղծություններ ու նամակներ էր գրում Ալիսային: Այդպիսի մի նամակ Մանուկը մոռացել էր օրագրի մեջ, օրագիրը տվել էր ուսուցչուհուն և…

Մանուկին փոխադրեցին ուրիշ դպրոց, իսկ մենք` նրա չորս ընկերները, իհարկե, հետևեցինք նրան: Ինչո՞ւ Ռուբենը հենց այդ օրերին բերեց «Մանոն Լեսկոն»: Ինչո՞ւ ասաց` կարդանք գիշերով, մոմի լույսի տակ: Ինչո՞ւ հենց այդ հեղհեղուկ, թեթևաբարո աղջկա և դյուրահավատ ասպետի սիրո պատմությունը: Այս հարցերը չկային մեզ համար: Այս հարցերը հետո էլ չարթնացան իմ մեջ: Անցան տարիներ: Հետո պատերազմը… Հիշում եմ, երբ ուշ գիշերով տուն էինք վերադառնում, խոսում էինք, որ պատերազմը շուտով, շատ շուտով երևի կվերջանա… Երևի ամեն մեկս իր հոգում, մեր էության թաքուն լույսի մեջ տեսնում էր իր ապագա Մանոնին, և, հավատացեք, մոռացել էինք, թե նա դավաճանում է, խաբում: Մեր մեջ մնացել էր սերը` ամեն բան հաղթող, նույնիսկ մահը հաղթող սերը: Պատերազմի ժամանակ կռվում էինք մահի և ատելության դեմ: Եվ Մանոնը օգնում էր մեզ: Փաստորեն այդ գիշերը մնաց մեր մեջ, գուցեև մեզ պահեց պահպանեց իր փխրուն զրահներով, չգիտեմ: Հեքիաթներ ունեցեք: Ձեր հեքիաթը: Ձեր էության ինչ-որ մասով ապրեք հեքիաթի մեջ… Այսօր հարցեր չտաք: (Երևում է դասարանը): Կխոսենք վաղը, մյուս օրը:

 

             Հնչում է զանգը: Մամյանը շրջվում է և տեսնում քար լռության մեջ, տարբեր դիրքերով Մամյանի պատմությունը իր միջով անցկացրած աշակերտներին, նրանց մտախոհ ու լուրջ դեմքերը:

ՄԱՄՅԱՆ(աշակերտներին): Գնացեք: Արմեն, դու մնա: (Տղաները դուրս են գնում: Մամյանը մեկնում է թուղթը Արմենին: ) Ահա նամակը, անստորագիր, ուզո՞ւմ ես, կարդա:

ԱՐՄԵՆ — Ստորագրություն չկա՞:

ՄԱՄՅԱՆ — Գրել են նախարարություն: Մի օրինակն էլ` դպրոցի տնօրենին:

ԱՐՄԵՆ — Եվ հավատո՞ւմ եք, որ ճիշտ են գրել: Հիմա անստորագիր նամակներին ավելի են հավատում, քան մարդկանց աչքերին:

ՄԱՄՅԱՆ Անստորագիր նամակները ես կայրեի, առանց կարդալու: Բայց քո լռությունն էլ անստորագիր նամակի պես մի բան է:

ԱՐՄԵՆ — Ես պարտավո՞ր եմ ձեզ հետ անկեղծ լինել:

ՄԱՄՅԱՆ Ոչ: Անկեղծությունը պարտավորությամբ չի լինում, մանավանդ, որ դու ինձ համարյա չես ճանաչում:

ԱՐՄԵՆ(նամակը դնելով Մամյանի առջև): Մի խոսքով, ձեզ հանձնարարել են, դուք էլ կատարում եք դասղեկի ձեր պարտականությունը: Իսկ անստորագիր բառի արմատը ստորն է և ոչ ստորագրությունը:

ՄԱՄՅԱՆ — Արմեն, ես կարող էի քո տարիքի տղա ունենալ:

Արմենը գամվում է տեղում: Հետո շրջվում և երկար նայում Մամյանին: Նա   չէր սպասում նման շրջադարձի:

ԱՐՄԵՆ — Ոչինչ չեք կորցրել: Կարող եք համարել, որ նույնիսկ շահել եք. ո՞ւմ է   պետք ինձ նման տղան… (Արագ դուրս է գնում):

 

 

ՈՒՍՈՒՑՉԱՆՈՑՈՒՄ

Զանգ: Ուսուցչանոց են մտնում ուսուցիչները, Մամյանը թերթում է աշակերտների տետրերը:

 

ԴԱՆԻԵԼՅԱՆ — Հը, կոլեգա, պարզեցի՞ք, ո՛ր առարկան են սիում, ո՛րը չեն սիրում:

ՄԱՄՅԱՆ — Ամենաչսիրած առարկան համարում են գրականությունը: Ես գրականության թվանշան չէի դնի:

ԱՆՏՈՆՅԱՆ — Ուզում ես քայքայե՞լ դպրոցը, Մամյան:

ՄԱՄՅԱՆ — Ես այնքան շատ եմ սիրում դպրոցը, որ հազիվ թե կարողանամ քայքայել այն:

ԱՆՏՈՆՅԱՆ — Հասկացեք, գրականությունը առարկաներից մեկն է, ինչպես թվաբանությունը, քիմիան, ֆիզկուլտուրան, այո՛, այո՛, ֆիզկուլտուրան:

ՄԱՄՅԱՆ Գրականությունը առարկա չէ: Գրականություն անհնար է սովորեցնել: Ես դա չեմ համարում ուսուցչի խնդիրը:

ԱՆՏՈՆՅԱՆ — Ես… (Ձեռքերն անօգնական թափահարելով: ) Ես կխելագարվեմ:

ԴԱՆԻԵԼՅԱՆ — Երևի հենց դրա համար էլ քեզ տեղափոխում են դպրոցից դպրոց, կոլեգա:

ՄԱՄՅԱՆ — Ճիշտ կռահեցիք: Մենք պիտի օգնենք պատանուն, որ նա զգա բուն գրականությունը, ոչ թե սերտի գրողի կենսագրությունը, ոչ թե շարադրի, արտագրի զանազան դասագրքերից, այլ կարողանա իր սեփական աչքերով հայտնաբերել գրողին, հասկանալ: Գրականություն բոլորին էլ պետք  է: Բոլորին, ոչ թե միայն նրան, ով բուհ է ընդունվում… կներեք, խցկվում:

ԱՆՏՈՆՅԱՆ — Դու կասկածո՞ւմ ես մեր դրած թվանշաններին:

ՄԱՄՅԱՆ — Հիշեցի Իսահակյանին.

Ես ձեզ ասում եմ՝ կգա ոգու սով,

                                   Եվ դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ,

                                   Կընկնեք մուրալու հափրած որկորով,

                                   Հրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ:

Իսկ ի՞նչ ենք մենք հասցնում երեխանեին այդ հրեղեն խոսքից՝ մի սիգարետի  կրակ, մի լուցկու ծուխ… Այսինչ խոսքի գաղափարական բովանդակությունը, այսինչ պոեմի պատկերները, այսինչ պիեսի դրական և բացասական կերպարները: «Հրեղեն խոսքը» կտոր-կտոր են անում, մասնատում, տեսակավորում, որ հեշտ լինի վերլուծելը: Բանաստեղծության հեղեղը  ճգնում են ճզմել` ջրմուղի խողովակների մեջ և բաց թողնել կաթիլ-կաթիլ: Գիրք կարդալը ծով մտնելու նման է, պիտի գլուխդ պտտվի ծովի անսահմանությունից, պիտի հանկարծ քո մեջ շոշափես հավերժության ներկայությունն  ու հանձնվես տարերքին: Մենք նրանց ծովն ենք մտցնում ազդանշանով ու ստիպում, որ ետ նայեն` հո շատ չհեռացա՞ն ափից: Եվ ծովը դադարում է ծով լինելուց: Գրականությունը դառնում է թվանշան ստանալու նպատակ:

ԴԱՆԻԵԼՅԱՆ Երևի թե ձեր առարկան այնքան բարդ է, որ ոչ մի ուղղում չի օգնում: Մեր ուղղումներից ավելի շատ օգուտ կա:

ՄԱՄՅԱՆ Ի՞նչն ենք ուղղում` կետադրական նշաննե՞րը, տառասխալնե՞րը: Կամ, երբ պատանին շեղվում է սովոր սխեմայից, որոնում և գտնում է իր բառերը, գրում ենք. «Շեղվել ես թեմայից»:

ԴԱՆԻԵԼՅԱՆ — Ենթադրենք՝ համոզեցիր, կոլեգա: Բայց ուրիշ ելք գիտե՞ս…

ՎԱՆՈՒՆԻ(խուժելով ուսուցչանոց): Միակ ելքը վռնդելն է: Ձեր գալուց հետո խելագարները սկսել են ինձ հետ նամակագրական կապեր հաստատել… Այս մեկը ստորագրված է` Մարի Մելիքյան: Կարդում եմ, լսեք. «Մի քանի օր առաջ շատ կարճ, բայց հուսահատական զրույց ունեցա մեր ուսուցիչներից մեկի հետ և իմացա որոշ բաներ: Ես այլևս դպրոց  չեմ գա, եթե հարկավոր է, կարող եք ձևակերպել հեռացում»:

ԱՆՏՈՆՅԱՆ Լկտի՛ աղջիկ, դեռ անձնազոհ է ուզում երևալ` հեռացրեք…

ՄԱՄՅԱՆ — Պետք չէ, նա կարող էր նաև ձեր աղջիկը լինել կամ… իմ:

ԱՆՏՈՆՅԱՆ — Իմ աղջիկը չէ՛ր կարող լինել:

ԴԱՆԻԵԼՅԱՆ(սառը): Կարող էր, ամեն մեկիս աղջիկն էլ կարող էր լինել: Ի դեպ, նրա հայրը վաղուց լքել է մորն ու աղջկան: Երեկ ասացին, չգիտեի, թեպետ երրորդ տարին է՝ դաս եմ տալիս նրանց:

ՎԱՆՈՒՆԻ — Ես գիտեի: (Դադար: ) Գուցե պարզապես գործերը տանք, գնա, հը՞… Իսկ այդ Արմեն կոչվածին պետք է հեռացնել, նա է դրանց խմբապետը: Պլյուս` իրեն դատախազի նման է պահում:

ՄԱՄՅԱՆ — Որ ի՞նչ: Դա՞ է մեր դեղատոմսը: Ի՞նչ ենք հաստատում` մեր ո՞ւժը, մեր անկարողությո՞ւնը, ի՞նչ… Մի՞թե այդքան անօգնական ենք:

ԴԱՆԻԵԼՅԱՆ Գուցե ես էլ փորձեմ խոսել տղայի հետ:

ՎԱՆՈՒՆԻ — Գուցե սրան էլ գործերը տանք, թողնի գնա մի այլ դպրոց:

ՍՈՆԱ (որ մինչ այդ լուռ հետևում էր): Ըհը՛: Եվ այդ պատանին դպրոցից կգնա հաղթողի պես, որ այդքան մանկավարժներ միասին չկարողացան կոտրել իրեն, ստորագրեցին իրենց թուլության դատավճռի տակ և իրեն պահ տվին մի ուրի՞շ դպրոցի… (Ուզում է դուրս գալ):

ՎԱՆՈՒՆԻ Սոնա… (Սոնան կտրուկ շրջվում է, դրությունից դուրս գալու համար): Գլխացավի դեղ չունե՞ք:

ԱՆՏՈՆՅԱՆ(իր տեղից): Ես ունեմ, ֆրանսիական է, կտրում է միանգամից:

ՄԱՄՅԱՆ — Արմենի ազատման հրամանը մի ստորագրեք: Ես դա պահանջում եմ:

ՎԱՆՈՒՆԻ — Ամեն մեկս, լավ կլինի, մեր գործն անենք: Դուք իմ առաջ եք պատասխանատու, ես` նախարարի:

ՄԱՄՅԱՆ Կարելի է բացատրել նաև նախարարին:

ՎԱՆՈՒՆԻ — Նախ պիտի կարողանաս նախարարի մոտ ընկնել:

 

 

ՌՈՒԲԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԸՆԴՈՒՆԱՐԱՆԸ

Մամյանը ետուառաջ է անում: Զրույցի է բռնվում ասես անտեսանելի մեկի հետ:

ՄԱՄՅԱՆ — «Նստիր, վեր մի կենա, նստիր: Ո՞ր արձանն է ինքը մոտենում: Նրանց են մոտենում: Կարելի, չէ՞, քեզ բարևել: Հո չե՞ս նեղանում, որ քեզ բարևում են: Հո չե՞ս նեղանում, որ հետդ դու-ով եմ խոսում: Երբ էլ զանգեի, դու կամ խիստ զբաղված էիր, կամ «մյուս» հեռախոսով խոսում էիր վերևի հետ, կամ ընդունում էիր ընտրողներիդ: Իսկ մնացած ժամանակ դու «քեզ մոտ չէիր»: Լսիր, դու հիմա երևի իսկապե՞ս քիչ ես լինում «քեզ մոտ», հը՞… Կամ գուցե արդեն չես էլ ուզում  ինքդ քեզ հետ լինել, քեզ մոտ, ինքդ՝ քո դեմ դիմաց: Դեմքդ մի խոժոռիր, կատակ եմ անում: Հո չե՞ս նեղանում, որ կատակ եմ անում: Ի՞նչ հարցով եմ եկել: Ոչ մի հարցով, պարզապես եկել եմ: Իսկ հիմա, իսկականից հարցրու, թե ինչ կա-չկա, հարցրու` ամուսնացե՞լ եմ, թե՞ ոչ, հիշում ես, չէ՞, որ ես ընտանիք չունեմ, որ ոչ մի աղջիկ այդպես էլ ինձ չսիրեց: Հարցրու` էլի՞ հին տանն եմ ապրում: Երդվում եմ, ես ցանկություն չունեի քեզ մոտ գալու, մայրս հոգիս հանեց, թե՝ գնա: Հիշո՞ւմ ես, չէ՞, որ ես մայր ունեի: Մայրս, ուրեմն, մի քանի ամիս առաջ ինչ-որ խառը երազ էր տեսել քո վրա, ու այդ երազից հետո հանգիստը կորցրել է, զանգահարել է, որ ձայնդ լսի, քարտուղարուհուդ ձայնն է լսել, վերջին անգամ էլ այդ ձայնը բավական քաղաքավարի զգուշացրել է, թե` «Պարոն Սաֆարյանի մոտ  հարկավոր է նախօրոք ցուցակագրվել»: Մայրս, դե, միամիտ կին է, ասել է` ի՞նչ Սաֆարյան, ես Ռուբենին եմ ուզում: «Իմ տղայի ընկերն է Ռուբենը,- ասել է,- ձայնն եմ ուզում լսել»: Լսիր, մայրս ստիպեց, որ սերկևիլի մուրաբա բերեմ քեզ, ահա, նա դեռ հիշում է, որ դու այդ մուրաբան շատ ես սիրում, ինքն է եփել իր ձեռքով… հարկադրված  էի վերցնել: Մորս խաբել դեռ չեմ սովորել: Գործե՞րս… ի՞նչ ասեմ, ամեն ինչ կարգին է, քո օրհնությամբ աշխատում եմ Խորենացու անվան դպրոցում, գիտես, երեխաներին լեզու-գրականություն եմ սովորեցնում: Ծիծաղում են Տերյանի վրա: Պետրոս Դուրյանին «ռաբիս» են ասում, հայերի մեջ ոչ մի հիպի գրող չկա՞, ասում են:

Ժամացույցդ թող. ախր, ես ժամանակ շատ ունեմ, կարելի է ասել` ես ժամանակի միլիոնատեր եմ, կարող եմ քեզ ժամանակ պարտք տալ: Առանց տոկոսի: Ինչքան ուզում ես: Երեկ, նույն այս ժամին Նվարդ Պարոնյանը լաց էր լինում մեր հին ուսուցչանոցում: Զանգահարեց, գնացի: Երկուսով էինք: Քեզ մի քանի օր առաջ նամակ էր գրել, թե ի՞նչ հարցով, չասաց, դու էլ մակագրել էիր գործերի կառավարիչիդ, նա էր ընդունել: Սառը, ապակե աչքերով մի մարդ է, քիչ առաջ տեսա: Ինձ թվաց՝ նա իր սեղանի հեռախոսներից մեկն է: Ապակե այդ մարդն էր ընդունել մեր հին ուսուցչուհուն, քաղաքավարի ասել, որ դու շատ զբաղված ես և, ցավոք, չես կարող ինքդ ընդունել… Լսիր, ասացի, չէ՞, իմ ժամանակից վերցրու, դրա հաշվին էլ կընդունես նաև քո ուսուցչուհուն: Ընդունիր, հա՞, լսիր, տես՝ ինչ է ասում, ախր, ուսուցիչը շատ դժվարությամբ է որևէ բան խնդրում իր աշակերտից: Ասե՞մ իրեն, որ կընդունես, հը՞… Տեսնե՞նք… Հիշո՞ւմ ես ուստա Պարթևին, մի անգամ հորդ փոխարեն դպրոց եկավ, հիշո՞ւմ ես, ես ու դու ընկեր Շուշանյանի կրկնակոշիկները մեխել էինք հատակին, հագավ թե չէ` շըրը՛մփ… Ուստա Պարթևը մեռավ: Չե՞ս իմացել: Հա, երևի քեզ հետ չէր համաձայնեցրել իր մահը: Սխալ է մեռել: Ուստա Պարթևը մեր դասարանի ամենավերջին հայրն էր, ուրեմն, հիմա մենք լիակատար, ոտից գլուխ որբ ենք: Լսիր, վերջին անգամ ե՞րբ ես տխրել: Ինձ թվում է, եթե հիմա ասեմ, որ մայրս երեկ մահացավ, դու նույն այդ քո ժպիտով կնայես ինձ. դու երևի հիմա չես էլ լսում ասածներս, այնքան վարժվել ես, որ այստեղ միայն քեզ, քեզ, քեզ լսեն:

Լսիր, վեր կաց, հետաձգիր քո այդ կարևոր գործերը, դուրս գանք փողոց, մի տեղ գարեջուր խմենք, հետո գնանք, տեսնենք մեր ուսուցչուհուն, վեր կաց, գնանք, գտնենք մեր դասարանից ում կարող ենք, նստենք մի խուլ, անմարդաբնակ տեղ, շատախոսենք, ուրախանանք կամ տխրենք, մեկ է: Հին մտերիմները երևի նրա համար են նաև հարկավոր, որ մեզ վերադարձնում են անցյալի մեր պարզ վիճակներին, երբ դեռ անուն չունեինք, երբ նույնն էր մեր վիշտն էլ, ուրախությունն էլ: Չե՞ս կարող գալ, առանց այն էլ բավական ժամանակ խլեցի: Դե լավ, լավ: Լավ, ասում եմ… մորս հանկարծ չզանգահարես: Իսկ սերկևիլի մուրաբան իրոք խնդրել էր, որ քեզ բերեմ: Մահից մի քանի շաբաթ առաջ նա իրոք քո վրա երազ էր տեսել, անհանգիստ էր: Հիշո՞ւմ ես, որ մեկ ամիս առաջ Մանուկը քեզ զանգահարել էր, դու ասել էիր, որ ժամանակ չունես խոսելու, ասել էիր, որ տեղակալիդ դիմի: Իսկ նա զանգահարել էր հայտնելու, որ մայրս մեռավ…

   Մամյանը ապշահար կանգնում է տեղում, դեմքով դեպի փակ դուռը:

 

 

ԴԱՍԱՍԵՆՅԱԿՈՒՄ

          Մամյանը կանգնած է նույն դիրքով: Դասասենյակն է, աշակերտները շարադրություն են գրում: Հնչում է զանգը:

 

ՄԱՄՅԱՆ — Շարունակությունը հաջորդ դասին: (Դուրս է գալիս: )

ԱՇՈՏ(աչքը գցելով մեկ այս, մեկ այն նստարանին): Մարդ չգիտի՝ որտեղից արտագրի, դասագրքում ոչ մի տող չկա այս «Մահվան տեսիլի» մասին: Իսկապես որ մահվան տեսիլ:

ՎԱՀԱՆ — Ցնցող բանաստեղծություն է: Ես Չարենց շատ եմ սիրում, բայց դա չէի կարդացել:

 

          Աշոտը մոտենում է ուսուցչի սեղանին, որի վրա դրված է Մամյանի թղթապանակը:

ԱՇՈՏ — Մոտը ինչ-որ բան երևի լինի, վերցնեմ արտագրեմ: Ա՛յ թե կզարմանա: (Տեսնելով թղթապանակը): Օհո, նամա՞կ: Ժողովո՜ւրդ, սենսացիա, Մամյանը սիրահարված է: (Կարդում է): «Սիրելիս, մենք ամեն անգամ խոսում ենք ուրիշ բաներից, և ես չեմ կարողանում քեզ ասել գլխավորը: Իմ տարիքի մարդու համար երևի դժվար է խոստովանություն գրել»…

ՎԱՀԱՆ — Ստո՛ր, անասո՛ւն, տեղը դիր նամակը:

ԱՇՈՏ — Ինչո՞ւ, դու կարող ես կոճկել ականջներդ:  «Սիրելիս, ես այս նամակը գուցե երբեք չհամարձակվեմ քո ձեռքը տալ…»…

 

Վահանը, Սմբատը և էլի մի քանիսը մոտենում են Աշոտին: Հաջորդ վայրկյանին թղթերը Սմբատի ձեռքին են: Մի թուղթ ընկնում է հատակին: Աշոտը ծիծաղելով դուրս է գալիս դասարանից:

ՍՄԲԱՏ — Սա ուրիշ ձեռագիր է, նայիր…

ՎԱՀԱՆ (կարդում է և գունատվում): Սա Աշոտի ձեռագրիը չէ՞… (Համեմատում է նրա ձեռագրի հետ` շարադրության տետրից):

ՍՄԲԱՏ Հա, էլի՛, հորս արև:

ՎԱՀԱՆ — Տիգրան, կանչիր դրան: (Կարդում է): «Ձեզ խաբեցին: Մարին, իրոք, համարյա մերկ էր պարում»…

ԱՇՈՏ (ներս մտնելով): Հը, կարդացի՞ք մինչև վերջ:

ՎԱՀԱՆ Սա դո՞ւ ես գրել:

ԱՇՈՏ — Տեսնեմ: (Վերցնում է թուղթը, կարդում): Ըհը՛…

 

Տղաները հարձակվում են վրան: Բեմը լցվում է աղմուկով: Խավարում: Քիչ անց` բոլորը նստած են իրենց տեղերում, գոտիներով կապկպված, գլխահակ նստած է Աշոտ Քանքանյանը, դասարանը լուռ է: Ասես նրանց առջև հանգուցյալի դագաղ է: Գրատախտակին կավիճով գրված է. «Մատնիչ»: Մակագրության տակ գնդասեղով ամրացված է Սահակ Վանունու անունով գրված անստորագիր նամակը:

          Եվ այս լռության մեջ դասարան է մտնում Մամյանը, նայում է կապած Աշոտին, դասարանին, բարձրաձայն կարդում գրատախտակին գրվածը:

ՎԱՀԱՆ — Ես եմ արել, կարող եք պատժել, ինչպես ուզում եք:

 

          Սմբատը, Վահանը, Տիգրանը նույպես ոտքի են կանգնում:

ՍՄԲԱՏ — Միասին ենք արել:

ՄԱՄՅԱՆ — Դա ստոր արարք է և, իրոք, համոզվեցի, երբ համեմատեցի ձեռագրերը:

ՍՄԲԱՏ — Գիտեիք և մեզ հեքիաթնե՞ր էիք պատմում:

ՄԱՄՅԱՆ — Հեքիաթներ էլի եմ պատմելու: Նստիր տեղդ: (Դադար: ) Քանդեք գոտիները, ջնջեք, ինչ որ գրել եք: Երբեմն նաև ճշմարտությունն է հարկավոր ջնջել…

         

          Վահանը դանդաղ, տառտառ սկսում է ջնջել իր գրած նախադասությունը: Նույն դանդաղությամբ արձակում է գոտիները:

ԱՇՈՏ — Ես կբողոքե՛մ: Լինչի դատաստա՞ն եք անում: Ես ճշմարտությո՛ւնն եմ գրել…

ՄԱՄՅԱՆ Երևի խելոք տղա է ձեր Արմենը, անստորագիր բառի մեջ, ասաց նա, ստորն է արմատը: (Աշոտին.) Շարադրության մեջ դո՞ւ էիր գրել, որ նախարար ես ուզում դառնալ:

ԱՇՈՏ — Այո:

ՄԱՄՅԱՆ — Հայրդ ի՞նչ գործի է:

ԱՇՈՏ – Կրթության վարչության գործերի կառավարիչ է:

ՄԱՄՅԱՆ Երկա՞ր ժամանակ է,որ աշխատում է:

ԱՇՈՏ — Տասերկու տարի:

ՄԱՄՅԱՆ — Տասներկու տարի` կառավարիչ:

ԱՇՈՏ — Որովհետև ազնիվ մարդ է…

 

          Դասարանը աշխուժանում է:

ՄԱՄՅԱՆ — Եվ, երևի, տասներկու տարի ձեր տանը պատմում է, թե նախարարը ինչ արտոնություններ ունի:

ԱՇՈՏ — Հորս հետ գործ չունե՛ք:

ՄԱՄՅԱՆ — Իսկ նրա տառապանքի մասին չի՞ պատմում, նրա հոգսերի մասին… Չի՞ պատմում, որ ճշմարիտ մարդու ուսերին պաշտոնը բեռ է, նյարդերի գերագույն լարում: Թե՞ կարծում է, բարձր պաշտոնը ավտոմեքենա է, բարեկեցիկ կյանք, վայելք… (Մոտենալով իր սեղանին): Այստեղ ուրիշ թղթեր էլ կան, հուսով եմ, չեք կարդացել…

ՏԱՐԲԵՐ ՏԵՂԵՐԻՑ — Ոչ, չենք կարդացել…

ՄԱՄՅԱՆ(ինքն իրեն): Կարդացել են… (Աշակերտներին.) Եվս մի խնդրանք. կարողացեք մոռանալ Աշոտի արածը, թող ինքը իրեն պատժի, եթե կարող է, եթե ուժ կգտնի իր մեջ: Ֆրանսիացի սքանչելի մի տղա կար` Անտուան դը Սենտ Էքզյուպերի՝ օդաչու էր և գրող: Լավ բառեր ունի: Տաճարը քարերից է շարված, ասում էր, բայց տաճարը իրենով մի տեսակ ազնվացնում է քարերը: Քարերը դառնում են տաճարի քարեր: Այդպես է և ընկերությունը, որը պետք է գտնել մի ավելի մեծ բանի մեջ, քան դուք ինքներդ եք: Ընկեր, բարեկամ կարելի է լինել ինչ-որ մեծ, կարևոր բանում, չի կարելի հենց այնպես… (Դադար): Ես նորից հեքիաթ եմ պատմում, կներեք…

          Հնչում է դասամիջոցի զանգը: Դուրս է գալիս:

 

 

ԱՅԳՈՒՄ

Մարին ու Վահանը նստած են այգու նստարանին:

ՄԱՐԻ — Հիմար, ինչո՞ւ Արմենի հետ կռվեցիք:

ՎԱՀԱՆ — Իսկ դո՞ւ ինչպես…

ՄԱՐԻ — Ուզեցի և հանվեցի:

ՎԱՀԱՆ — Թե՞ ուրիշները ուզեցին, որ հանվես:

ՄԱՐԻ Ուզո՞ւմ ես, քեզ համար էլ հանվեմ: Հիմա հարմար չէ, հետո, մի ուրիշ անգամ:

ՎԱՀԱՆ — Չեմ ուզում… Ես սիրում եմ քեզ:

ՄԱՐԻ — Հիմար, դրանից հետո ավելի կսիրես, դուք դրանից հետո եք սիրում:

ՎԱՀԱՆ — Դու վիրավորում ես սերը:

ՄԱՐԻ(քրքջալով): Դու, ի՛նչ է, սիրո դեսպա՞նն ես:

ՎԱՀԱՆ — Հա, սիրո դեսպանն եմ: Աշխարհին հարկավոր են միայն սիրուց ծնված զավակներ:

ՄԱՐԻ — Ես չար զավակներ եմ ուզում պարգևել աշխարհին: Ուզում եմ մորս վրեժը լուծել, և դու պատճառը գիտես:

ՎԱՀԱՆ — Մայրդ սքանչելի կին է, հազիվ թե քո վրեժի կարիքը զգա:

ՄԱՐԻ(դադարից հետո): Լսիր, ինչպե՞ս ձեռք բարձրացրիր Արմենի վրա:

 

          Բեմում հայտնվում է Արմենը՝ նա փնտրում է մեկին: Նկատելով Մարիին և Վահանին, առաջանում է:

ՎԱՀԱՆ — Ես հիմա էլ ուժեղ եմ նրանից:

ՄԱՐԻ — Ճի՞շտ է, որ Տիգրանը, Արմենը և Սմբատը գրազ էին եկել:

ՎԱՀԱՆ — Արմենը՝ չէ, նա հետո իմացավ:

 

          Մոտենում է Արմենը, լսում Վահանի վերջին խոսքը:

ԱՐՄԵՆ — Այդ ցնդած միտքն իմ գլխում ծագեց: Ես ինքս ինձ հետ էի գրազ եկել, այսինքն, իմ մեջ եղած կարգին Արմենը գրազ էր եկել մյուս` ստոր Արմենի հետ: Ես վստահ էի, որ ստորը պարտվելու է: Լավ է, որ Սոնա Միքայելյանը շուտ եկավ:

ՄԱՐԻ(ջղային): Օրիորդ Սոնա՞ն, այդ ապխտած ձո՞ւկը…

         

          Մարին ուզում է հեռանալ: Վահանը վազում է և թևից քաշելով բերում, նստեցնում է: Մի փոքր տատանվելուց հետո Վահանը նրանց թողնում է մենակ:

ՄԱՐԻ — Վահանը դեռ սիրո՞ւմ է ինձ:

ԱՐՄԵՆ — Դու էիր նրա հետ խոսում:

ՄԱՐԻ Շշմելու տղա է. քոթակ է կերել քեզանից և ամբողջ հոգսը դու ես: (Արմենը լուռ նայում է Մարիին): Ծխենք, Արմեն: (Արմենը սիգարետ է առաջարկում): Վահանի հետ համարյա ամեն օր հանդիպում ենք: Չի պոկվում ինձնից: Լավ տղա է, դեմ չեմ, բայց նրա նմանի հետ չեմ ամուսնանա: Սեր չկա, ուրեմն, ամուսնությունը հաշիվ է… Կամուսնանամ, ուրեմն հաշվով, որ հետո, երբ չստացվի, ասեմ` հաշիվներս սխալ դուրս եկան, ոչ թե` սերս:

ԱՐՄԵՆ — Հոգնած ու ջղային կին ես դարձել, Մարի:

ՄԱՐԻ Մի օր պիտի դառնայի: Ատում եմ հորս, բայց ինչո՞ւ եմ գնում, ցցվում նրա աշխատավայրի մոտ: Ինչո՞ւ եմ անընդհատ կարդում նրա նամակները, չարանալո՞ւ համար, ինչքա՞ն կարելի է, ո՞րն է չարության սահմանը… (Դադար: ) Գուցե հայրս էլ է մի օր այդպես նայել մորս, գուցե ես հիմա փրկում եմ մեր ապագա երեխային, որը տասը տարի հետո կարդալու է Վահան կոչեցյալի նամակները և լաց է լինելու: Այդ հանգուցյալ Սանոյանը երկու անգամ շարադրություն տվեց հայրերի մասին, ոչ մի անգամ չգրեցի, ուսուցիչը հետաքրքվե՞ց, անհանգստացա՞վ… (Վեր կենալով տեղից), որ տետրի այդ էջերը բաց էի թողել: Գուցե իմ կյանքի ամենակարևոր ու դժվար էջերը: (Նմանակելով ուսուցչին): «Մարի, ցրված աղջիկ ես, դարձյալ էջեր ես բաց թողել, մյուս անգամ ուշադիր եղիր»: Այդպիսի անզգա մարդը ինչպե՞ս մեռավ ինֆարկտից:

 

  Հայտնվում է Վահանը՝ ձեռքին վարդեր: Նա աղջկան է տալիս ծաղիկները,  միասին հեռանում են: Անձրև: Երաժշտություն: Արմենը նրանց է նայում: Զույգը անձրևի տակ սկսում է դանդաղ պարել: Արմենը գնում, գրկում է իր ընկերներին, նրանք ուրախ վազելով հեռանում են:

Հենց այդ վայրկյանին բեմի անկյուններից մեկում մեքենայի աղմուկ է լսվում, երևում են նրա լուսարձակները: Առաջ է գալիս Խաչիկ Քանքանյանը՝ անձրևակալը ձեռքին պահած:

ՔԱՆՔԱՆՅԱՆ(լուսարձակների  դիմաց հայտնված որդուն՝ Աշոտին): Գնա, նստիր մեքենան: Գնա՛, ասացի:

Աշոտը գնում է: Մի քանի վայրկյանից ճանապարհը հատում է Մամյանը:

ՔԱՆՔԱՆՅԱՆ — Մամյա՛ն…

ՄԱՄՅԱՆ — Ներեցեք, մենք ծանո՞թ ենք:

ՔԱՆՔԱՆՅԱՆ — Դեռ կծանոթանանք, բայց նախ պարզենք, թե ինչո՞ւ չեք հակահարված տվել Լինչի դատաստանի հեղինակին: Մինչ այդ ո՞ր դպրոցում եք աշխատել:

ՄԱՄՅԱՆ — Այն  դպրոցում, որի տնօրենի հետ չստացվեց իմ աշխատանքը:

ՔԱՆՔԱՆՅԱՆ — Կհետաքրքրվենք…

ՄԱՄՅԱՆ — Խորհուրդ կտայի կաշառակերության մասին նույնպես հետաքրքրվեիք:

ՔԱՆՔԱՆՅԱՆ — Երևում է՝ ձեր նմանների հետ ուրիշ լեզվով պիտի խոսել:

ՄԱՄՅԱՆ — Ո՞ր: Գիտեմ ռուսերեն, մի քիչ էլ ֆրանսերեն:

ՔԱՆՔԱՆՅԱՆ — Վարչական լեզվով: Ես այդ լեզուն լավ գիտեմ:

ՄԱՄՅԱՆ — Ես գնամ…

ՔԱՆՔԱՆՅԱՆ — Կգնաք, երբ ձեզ կասեն:

ՄԱՄՅԱՆ— ­ ­­Գիտեք, սովորաբար ծնողները դպրոց են այցելում …

ՔԱՆՔԱՆՅԱՆ — Դեմադոգիա՞: Դրա  բուժումն էլ ունենք:

ՄԱՄՅԱՆ — Դեմագոգիան հունարեն բառ է: Նշանակում է…

ՔԱՆՔԱՆՅԱՆ — Մենք ավելի լավ գիտենք, թե ինչ է նշանակում:

ՄԱՄՅԱՆ — Ռուսական թագավորներն էին այդպես խոսում. ՛՛Մենք՝ Նիկոլայ երկրորդս՛՛… (Քանքանյանը հեգնորեն ծիծաղում է): Կներեք: (Գնում է):

ՔԱՆՔԱՆՅԱՆ(ետևից): Ի՞նչ եք կարծում, Աշոտը ծխո՞ւմ է:

ՄԱՄՅԱՆՉգիտեմ:

ՔԱՆՔԱՆՅԱՆ — Ականջնե՛րը կկտրեմ…

(Ձեռքի հեռախոսով համար է հավաքում: Նյարդայնացած է): Ականջները… Ուշադիր ինձ լսիր: Առվոտյան այդ Վանունուն ինձ մոտ կկանչես: (Գնում է մեքենայի մոտ: Լուսարձակներն անհետանում են):

 

ՈՒՍՈՒՑՉԱՆՈՑՈՒՄ

Վանունին, Դանիելյանը, Անտոնյանը:

ՎԱՆՈՒՆԻ — Ուրեմն դեռ ե՛ս եմ մեղավոր: Ես նրանից պահանջում եմ՝ գտնել Աշոտի դատաստանի հեղինակներին և պատժել, իսկ նա շատ հանգիստ պատասխանում է՝ ես գիտեմ՝ ովքեր են, բայց նրանց բռնկումը ազնիվ եմ համարում, պատկերացնո՞ւմ եք… Հետո, թե՝ Աշոտին հարկավոր է ուրիշ դպրոց փոխադրել: Դա էլ քիչ է, հիմա էլ դիմում է գրել, որ իրեն ազատեմ աշխատանքից…

ԱՆՏՈՆՅԱՆ — Մամյա՞նը:

ՎԱՆՈՒՆԻ — Բա էլ ո՞վ… Դուրս է գալիս, որ ես վախկոտ եմ, մորթապաշտ, կեղծավոր, իսկ նա՝ իսկական մանկավարժ: Պլյուս… չգիտեմ էլ՝ ինչ:

ԱՆՏՈՆՅԱՆ — Մեր լեզվով ասած՝ Մամյանը չպիտի գնա այս դպրոցից: Մենք ամենքս մի քիչ ուրիշ դարձանք, երբ նա եկավ: Պահպանենք նրան:

ԴԱՆԻԵԼՅԱՆ — Ինձ էլ է հաճախ գրգռում նա, շատ բան չեմ ընդունում արածից ու ասածից, բայց չե՞ս տեսնում, որ երեխաները սիրեցին նրան, չե՞ս տեսնում:

ՎԱՆՈՒՆԻ — Ո՞վ է նրան քշում դպրոցից: Ինքը գրեց դիմումը:

ԱՆՏՈՆՅԱՆ — Պատռիր այդ դիմումը:

ՎԱՆՈՒՆԻ — Գրանցված է, և արդեն փաստաթուղթ է: Պլյուս՝ հայտնել եմ նախարարություն:

ԴԱՆԻԵԼՅԱՆԻնչպե՞ս է եղել, որ բոլոր խենթ ու խելառները հավաքվել են 10-ի բ դասարանում:

ԱՆՏՈՆՅԱՆ — Ի՞նչ խենթ ու խելառ, երեխաներ են, էլի: Իրենց համար սովորում են: Թող մի գիրք էլ պակաս կարդան, հիմա բոլորի միտքը տնտեսագետն է, ինժեները, իրավաբանը, դարն է փոխվել, դա՛րը: Որ թողնես՝ հա՛ հարցեր կտան, ծրագիր, բան պիտի ծալես ու նստես, լսես նրանց:

ՎԱՆՈՒՆԻ — Հարցը ո՞րն է, եկել են սովորելո՞ւ, թե՞ հարցեր տալու… Ամեն բան պիտի անել, որ դեպքը մեծ աղմուկ չհանի:

ԱՆՏՈՆՅԱՆ — Ախր, հիմա ինչո՞ւ ես երկու ոտքդ դրել մի կոշիկի մեջ:

ՎԱՆՈՒՆԻ — Չէ, հրամանս չեմ փոխել, պիտի Արմեն Գարասեֆերյանին հեռացնենք:

ԱՆՏՈՆՅԱՆ — Որ հեռացնելու լինես՝ դպրոցում մարդ չի մնա: Թող մնա, երկու ամիս է, էլի, թող սովորի:

ՎԱՆՈՒՆԻ — Ես ձեզ չեմ հասկանում…

 

Աշակերտական տետրերը ձեռքին ուսուցչանոց է գալիս Մամյանը:

ԴԱՆԻԵԼՅԱՆ — Մեր դպրոցում քաոս է տիրում, քաոս…

Վանունին, գլուխն առած ափերի մեջ, մտախոհ նստած է:

ԱՆՏՈՆՅԱՆ — «Քաոս» այլևս ոչ ոք չի կարդում: Ինչ գրված է դասագրքում՝ անգիր են անում-ասում: Հետո էլ՝ կինոն են տեսել:

ԴԱՆԻԵԼՅԱՆ — «Պատերազմ և խաղաղություն» կարդացող կա՞, քսան ֆիլմ են նկարել:

Հեռախոսզանգ:

ՎԱՆՈՒՆԻ — Այո՛: (Կարկամելով): Այո… Հիմա~… Ընկեր Մամյան, ձեզ են ուզում: (Շշուկով): Նախարարն է:

 

Մամյանը վերցնում է խոսափողը: Վանունին տեսնելով, որ Մամյանը իսկապես խոսում է նախարարի հետ, գամվում է ուսուցչանոցի կենտրոնում՝ աչքերը հառած Մամյանին: Լսում են նրանց խոսակցությունը:

ՄԱՄՅԱՆ — Լսում եմ: Ռուբե՞ն… Հըմ, չէի սպասում, որ կզանգահարես: (Դադար): Երեկոյա՞ն: Լավ: Շատ բարի:

 

Խոսափողը դնում է տեղը: Նույն վայրկյանին Վանունին գալիս է Մամյանին ընդառաջ և ընդգծված հարգանքով թևանցուկ անում:

ՎԱՆՈՒՆԻ — Ուրեմն, սովորել եք, հա՞, իրար հետ: Ինչո՞ւ էիր թաքցնում:

ՄԱՄՅԱՆԸնկեր Վանունի, կարիք չկա, որ դպրոցում իմանան… Ես խնդրում եմ…

ՎԱՆՈՒՆԻՆ — Հասկանում եմ, հասկանում եմ, Վահան: Համեստ ես, համեստ: Սաֆարյանը լավ մարդ է, պլյուս՝ հարյուր տոկոսանոց մանկավարժ: Դե, ինչ պիտի անես, մարդը  զբաղված է, մի դպրոց է՝ մենք գլուխ չենք հանում… Բայց հանդիպիր նրա հետ, այ տղա, գնա-արի, ինչի՞ ես կորցնում էդ տեսակ ընկերությունը: Պի՛նդ կաց:

 

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՆՁՆԱՍԵՆՅԱԿԸ

  Ռուբեն Սաֆարյանը, նստած բազկաթոռին, ինչոր թղթեր է նայում: Ներս է մտնում Մամյանը: Սաֆարյանը բարձրանում է տեղից, մտերմաբար դիմավորում նրան:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

ՍԱՖԱՐՅԱՆԼսիր, աշակերտներդ քեզ շատ են սիրում: Գիտես, չէ՞, որ ինձ մոտ էին եկել: (Անցնում է իր տեղը):

ՄԱՄՅԱՆ (նստում է): Գիտեմ: Բայց սիրելն ինձ համար նորություն է:

ՍԱՖԱՐՅԱՆ — Մի կոտրատվիր: Այ տղա, դու ի՞նչ ես անում, որ քեզ սիրում են:

ՄԱՄՅԱՆՀեքիաթներ եմ պատմում:

ՍԱՖԱՐՅԱՆ — Ի՞նչ հեքիաթներ: Սա հեքիաթներով կերակրվող սերունդ չէ, սրանց կծու-թթու-սուր ուտելիք է հարկավոր:

ՄԱՄՅԱՆ — Ես հեքիաթներ եմ պատմում, Ռուբեն: Իմ ու քո կյանքի հեքիաթներից, որ դու վաղուց մոռացել ես կամ կմոռանաս:

ՍԱՖԱՐՅԱՆ(մեղավոր ժպտալով): Ակնարկում ես, որ չընդունեցի այն օրը: Անսապասելի վերև կանչեցին:

ՄԱՄՅԱՆ — Ինձ՝ ոչինչ: Մեր ուսուցչուհուն՝ Նվարդ Պարոնյանին չես ընդունել, դրա համար քեզ կախելը քիչ է:

ՍԱՖԱՐՅԱՆ — Ես հանձնարարել էի, որ լսեն նրան, բայց ոչինչ չէր ասել:

ՄԱՄՅԱՆ(վեր կենալով տեղից): Նա ուզում էր իր աշակերտին տեսնել:

ՍԱՖԱՐՅԱՆ(ոտքի կանգնելով): Լա՛վ, լա՛վ, ես նորից կկանչեմ:

ՄԱՄՅԱՆԿկանչեմ, հանձնարարեցի… Ի՜նչ բառեր ես սովորել: Աշակերտը հանձնարարում է, որ կանչեն իր մոտ ո՞ւմ՝ իր ուսուցչին: Սքանչելի՛ է:

ՍԱՖԱՐՅԱՆՁեզ համար հեշտ է, ազատ, ձեր գլխի տեր մարդ եք:

ՄԱՄՅԱՆ — Թող պաշտոնդ, դու էլ դարձիր ազատ, քո գլխի տեր մարդ: (Նստում է):

ՍԱՖԱՐՅԱՆ(նստում է, ուշադրությունը սեղանի թղթերի վրա է): Հետո՞…

ՄԱՄՅԱՆ — Մի ծռմռվիր: Էն գլխից՝ ուրիշներին հրամայելը քեզ դուր էր գալիս: Գիտե՞ս, դասարանում ինչ պատմեցի:

ՍԱՖԱՐՅԱՆ — Ի՞նչ:

ՄԱՄՅԱՆ — Հիշո՞ւմ ես, որ բերեցիր «Մանոն Լեսկոն», գիշերով կարդացինք…

ՍԱՖԱՐՅԱՆ — Հիշում եմ: Եվ ի՞նչ, ի՞նչ ասացին:

ՄԱՄՅԱՆ — Ոչինչ: Լռեցին: Երևի սկսեցին մտածել: Ես նրանց չեմ հարցնում, թե ինչ են մտածում: Պարզապես ուզում եմ, որ նրանք իրենց հեքիաթներն ունենան:

Լռություն: Սաֆարյանը թղթերի վրա նշումներ է անում:

ՍԱՖԱՐՅԱՆ — Դասարանիդ պատմությանը ծանոթ եմ: Ցավալի դեպք է: Հերոսին հեռացնում են, իսկ հերոսուհին…

ՄԱՄՅԱՆ Արմենը, ինձ թվում է, լավ տղա է, աղջկան չեմ տեսել:

ՍԱՖԱՐՅԱՆ — Ըհը… Հետո իրենք իրենցով պատժում են մատնիչին, իսկ գիտե՞ս ինչու, որովհետև նրանք վստահ չեն եղել, որ մենք՝ մեծերս կպատժենք: Վերցրել ու… Սա է ցավը, Վահան:

ՄԱՄՅԱՆ(մեկնում է նամակը): Ահա, տես, տասնյոթ տարեկան պատանի՝ և անստորագիր նամակ:

ՍԱՖԱՐՅԱՆ — Է՛հ, մեր դարակները լիքն են նման բաներով: (Ակնոցը դնում, սկսում է կարդալ, հետո սեղանին ևս մի քանի նման նամակներ է դնում ու մռայլվում):  Չի՛ կարող պատահել:

ՄԱՄՅԱՆ — Ի՞նչը:

ՍԱՖԱՐՅԱՆ — Մի տարի է՝ անստորագիր նամակներ են գալիս որոշ աշխատողների հասցեին: Ամեն անգամ ստուգվել են ու հերքվել: Բայց պղտոր առուն շարունակվում է: (Դադար): Մի խոսքով, այս բոլոր նամակները գրված են աշակերտիդ ձեռքով:

ՄԱՄՅԱՆ — Ինչպե՞ս թե…

ՍԱՖԱՐՅԱՆ — Հենց այդպես: Հայր Քանքանյանը թելադրել է, որդին՝ գրել: Ողբերգություն չէ: Եվ այսօր, հենց քիչ առաջ, նա սովորականի պես ներս է մտնում, հարցնում է առողջությունս, բարեկամաբար խորհուրդ տալիս… (Ծիծաղում է): Այդ քո ասած ապակե աչքերով մարդը:

ՄԱՄՅԱՆ — Տղան էլ շարադրության մեջ գրել էր, որ երազում է նախարար դառնալ:

ՍԱՖԱՐՅԱՆ — Տես, է~… Լավ, մնացածն ինձ թող… Ասում եմ՝ հանդիպենք մի օր: Հավաքվենք…

ՄԱՄՅԱՆ — Մանուկին ասա, մեզ կհավաքի…

ՍԱՖԱՐՅԱՆ — Էդ հիմարն էլ դիմում տվեց, գնաց:

ՄԱՄՅԱՆ — Շատ էլ  լա՛վ է արել:

ՍԱՖԱՐՅԱՆ — Երևա, մի կորչի:

ՄԱՄՅԱՆ — Մի բան էլ. մի վարժվիր այսօրվա իրավունքներիդ: Գոնե քո ներսում քմծիծաղ տուր պաշտոնիդ վրա: Այսօր, երբ այդ աթոռին ես, մի համարիր, որ դու ես ամենաարժանավորը: Հետո, երբ չես լինի այդ աթոռին, դժվար  կլինի… Քեզ համար  դժվար  կլինի:

ՍԱՖԱՐՅԱՆ — Բոլորը խորհուրդ տվող են:

ՄԱՄՅԱՆ — Քեզ  տալու ուրիշ բան չունեմ, Ռուբեն:

ՍԱՖԱՐՅԱՆ(հանկարծ աշխուժանալով): Ասում ես՝ պատմեցիր, թե ոնց կարդացինք «Մանոն Լեսկոն»: Չծիծաղեցի՞ն:

ՄԱՄՅԱՆՉէ, սուսուփուս վեր կացան, գնացին տուն: (Դուրս է գալիս):

ՍԱՖԱՐՅԱՆ(ետևից): Դիմումդ ետ կվերցնես, Վահան:

 

 

Երեկո: Մայր մտնող արևի կարմրավուն լույսի մեջ երևում են ծառերի ուրվագծեր: Քարերի վրա նստած են Արմենը, Սմբատը, Լուսիկը, Տիգրանը, Գագիկը, Գայանեն ու Մամյանը: Կենտրոնում փոքրիկ խարույկ է վառվում: Վահանն անտրամադիր է: Մամյանը փոքրիկ թղթեր է բաժանում պատանիներին:

ՄԱՄՅԱՆ — Նույն այս վայրում, տարիներ առաջ, ընկերներով հավաքվել ու այրել էինք մեր սիրած աղջիկների անունները: Վախենում էինք, որ կարող ենք երկուսով մի աղջկա սիրել ու կկորցնենք մեր ընկերությունը: Երեխայություն էր, իհարկե… Այդպես կորցրինք մեր աղջիներին, հետո՝ իրար, բայց երևի մի մեծ բան գտանք:

ՎԱՀԱՆ — Դարձաք տաճարի քարեր:

ՄԱՄՅԱՆ — Գրեք այս թղթերի վրա, թե ինչ դառնություն ունեք ձեր ընկերներից, ուսուցիչներից: Գրեք անկեղծ՝ չխնայելով ոչ ուրիշին, ոչ ինքներդ ձեզ:

 

Կիսախավարի մեջ համադասարանցիները գրում են, երբ բեմառաջում հայտնվում է Աշոտը՝ միայնակ, տխուր ու կոտրված: Ձեռքի նամակը բացում, կարդում է:

ԱՇՈՏ «Սիրելի Աշոտ, ես գիտեմ, որ դու  հավատում ես քո հորը: Դա այդպես էլ պիտի լինի: Հավատացել ես, որ հայրդ անարդարության զոհ է, որ կռվում է ճշմարտության համար և որովհետև ինչպես հայրդ է միշտ կրկնել, որ «Ճանապարհ չկա», ստիպված է եղել գնալ ոլոր-մոլոր կածաններով:

…Ոչ, ոչ, ես ուրիշ բան չեմ ակնարկում. կատարվածի մասին գիտի չորս մարդ: Ես արդեն մոռացել եմ: Չեք մոռանա դո՛ւ և հայրդ: Կուզենայի, որ հատկապես դու չմոռանայիր: Կյանքում ահավոր բաներ կան, բայց այդ մեկի դեմ պետք է կռվել միայն մաքուր ձեռքերով: Քեզ  ցանկանում եմ մի քանի անքուն, անողոք գիշեր, որպեսզի ինքդ քննես քո կյանքը, որովհետև ոչ ոք երկրորդ անգամ տասնյոթ տարեկան չի լինում»:

 

Աշոտը հուզված է: Ձեռքերը դողում են: Դասընկերները նկատում են նրան: Դե, իհարկե, հայտնվել է Սոնա Միքայելյանը՝ Մարիի հետ: Աղջիկը վարանում է, չի ուզում միանալ դասընկերներին: Բայց դա երկար չի տևում, որովհետև նրանք ցնծության մեջ են: Մարին արդեն ժպտում է իր ընկերներին: Նա, իհարկե, նույն չարաճճին է:

 

ՄԱՐԻ(բոլորին): Բարև ձեզ:

ԲՈԼՈՐԸ — Բարև:

ՄԱՄՅԱՆ — Դե, տվեք ձեր թղթերը: (Բոլորը հանձնում են իրենց թղթերը: Մամյանը չկարդալով նետում է կրակի մեջ): Կարողացանք մոռանալ, եթե դառնացրել եք իրար: Համարեք, որ թղթերի հետ այրվեց-վերջացավ, ինչ բաժանել է ձեզ իրարից: Եվ հիշեք այս օրը:

Աշակերտները նայում են իրար, հետո Մամյանին: Դադար:

ՎԱՀԱՆ — Մեծացանք:

Տղաներից մեկը վերցնում է կիթառն ու երգում: Ջերմ, հարազատ մթնոլորտ է: Երգելով նրանք գնում, անհետանում եմ բեմի խորքում: Խարույկի մոտ մնում են Մամյանն ու Սոնան:

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։