Սամվել ԿՈՍՅԱՆ / ԿԱ ԵՎ ՉԿԱ

Կիսակատակերգություն

Գործող անձինք

ԱՐՏԱԿ
ԱՐԹՈՒՐ
ՄԱՆԵ
ԱՇՈՏ
ԱՆԾԱՆՈԹ

Պատկեր առաջին
Չբնակեցված, դատարկ բնակարան: Բնակարանի կենտրոնում` անտաշ տախտակներից շինված ինքնագործ սեղան ու իշոտնուկ: Պատուհանից երևում է Արարատը: Երաժշտություն: Պարային շարժումներով
հայտնվում է Արտակը:
ԱՐՏԱԿ — (հասնելով պատուհանին, անսպասելի ոգևորվում է, ձեռքը առաջ է պարզում ու երգում է): Դիմացն Արարատ… (Կտրուկ շրջվում է:) Իսկ հետևում այս անճաշակ ներկած պատն է: Պատին երևի խոսել սովորեցնեմ, ինչպես Ռոբինզոնը` ուրբաթին: (Արագ մոտենում, ձեռքով հարվածում է պատին:) Գոնե տնքա, մի կերպ արձագանքիր… Հիմա երևի այնքան կհիմարանամ ու կջրիկանամ, որ շաղ կգամ հատակին ու մանրատախտախտակն էլ կփչացնեմ: Դրսում ուրիշ է, պիտի ավելորդ ոչինչ չանես, բայց սեփական տանդ մեջ ամեն ինչ կարող ես քեզ թույլ տալ: Հասկացանք, ամեն ինչը խելքին մոտ չէր, բայց շատ բան կարող ես թույլ տալ: Քո սեփական բնակարանում` ինչպես սեփական մարմնի մեջ: (Նորից է խփում պատին:) Գաղտնիք պահել գիտես, չէ՞… Լուռ, անշարժ կանգնելը հերիք չէ: Իսկական պատ` ոչ միմիկա, ոչ արտահայտություն: Շարունակում եմ հիմարանալ: Պարզվում է` վկա չլինի, հիմարությունն էլ է լիցքավորում, թուլացնում է նյարդերի լարվածությունը: Սա իմ տունն է: Այստեղ կարելի է պարել: (Հեռախոսով երաժշտություն է միացնում, պարում է:) Կարելի է չպարել: (Չի պարում:) Կարելի է նստել հատակին, կարելի է հատակին պառկել: (Նստում է հատակին, հետո պառկում է:) Կարելի է բղավել: (Բղավում է:) Կարելի է աղոթել: (Ձեռքերը միացնում է իրար, աչքերը փակում է և հայացքը վերև, անձայն, միայն շրթունքները շարժելով աղոթում է: Հետո կտրուկ ձեռքերն իջեցնում է:) Չեղավ, էս աղոթքը Տիրոջը չի հասնի: Սա չորրորդ հարկն է, վերևում էլի տասը հարկ կա… Ովքե՞ր են վերևի ապրողները, ի՞նչ դավանանքի են: Շենքը նոր է, հնարավոր է` ապրողներ էլ չլինեն: Մի հոգի էլ լինի, չի թողնի` աղոթքս Տիրոջը հասնի: Ամեն ինչ փախցնում են, միայն ձրի լինի… Կարող է` պարսիկներ էլ լինեն, հիմա պարսիկներից շատերն են բնակարան գնում Երևանում: Իրանի համար խառը ժամանակներ են… Բայց կարևորը, որ ես էլ վերջապես բնակարան ունեցա: Պիտի մտածել կահավորելու մասին, բայց մտածելը երևի ամուսնանալուց հետո: Թե չէ դու մտածում ես, հայտ­նըվում է իգական սեռի մեկը, և պարզվում, որ մինչև հիմա հակառակ ես մտածել, չնայած չգիտեմ` մտածելու հակառակը որն է: (Նորից է խփում պատին:) Դու էլ չգիտե՞ս… Ոնց որ մեր ջուրը մի առվով չի գնալու: Երևի գույնից է, երեխայի կղկղանքից չի տարբերվում: Հոտն էլ տհաճ է: Երբեք չէի մտածի, որ իմ պատն այսքան տհաճ հոտ կունենա, այն պատը, որի դիմացի պատուհանից երե­վում է Արարատը: Բողոքում եմ: Հացադուլ եմ հայտարարում, ու մինչև պատը կղկղանքի գույնը չփոխի` այս տանը հաց չեմ ուտելու: (Նորից է խփում պատին:) Լսեցի՞ր… Ամբողջ խնայողություններս, բանկից վերցրած վարկը նրա համար չեմ տվել, որ կղկղանքի ու դրա հոտի մեջ ապրեմ: Թուհ, այնքան կրկնեցի, մինչև իսկապես սենյակը գարշահոտով լցվեց…
ԱՐԹՈՒՐ — (ներս է մտնում և Արտակին տեսնելով` զարմացած նրան է նայում, հայացքով ոտքից գլուխ չափում): Ուրիշի բնակարանում ի՞նչ ես անում:
ԱՐՏԱԿ — Դու ո՞վ ես:
ԱՐԹՈՒՐ — Դու չէ, դուք… Այս հաղթանդամ մարմնի մեջ չի կարող մի հոգի լինել: Այս մարմնի մեջ առնվազն մի չորս-հինգ հոգի կապրի: Երբեք չեմ ասում` ես կամ, ես գնում եմ, ես հզոր եմ… Այլ` մենք ասում ենք, մենք կանք, մենք գնում ենք, մենք հզոր ենք:
ԱՐՏԱԿ — Առաջինը դու դու-ով դիմեցիր:
ԱՐԹՈՒՐ — Ոնց որ դպրոցում լավ չես սովորել, ուշ ես գլխի ընկնում: Ոչ թե դիմեցիր, այլ` դիմեցիք:
ԱՐՏԱԿ — Հիմա ձեր հարցին պատասխանե՞մ, թե ինչ եմ անում ուրիշի բնակարանում:
ԱՐԹՈՒՐ — Հա, ի՞նչ ես անում:
ԱՐՏԱԿ — Նախ` ուրիշի չէ, իմ բնակարանում: Հետո, պարտավոր չեմ ամեն պատահածի հաշվետվություն տալ, թեկուզ այդ պատահածի մեջ բանակ տեղա­վորված լինի:
ԱՐԹՈՒՐ — Լռիր:
ԱՐՏԱԿ — Իմ բնակարանում ոչ մեկը չի կարղ ինձ հրամայել:
ԱՐԹՈՒՐ — Աղմկում ու խորհրդակցությանը խանգարում ես:
ԱՐՏԱԿ — Ի՞նչ խորհրդակցություն…
ԱՐԹՈՒՐ — Մերոնք խորհրդակցում են, թե քեզ որտեղից դուրս գցեն` դռնի՞ց, թե՞ պատուհանից:
ԱՐՏԱԿ — Հարգալից չե՞ք կարող…
ԱՐԹՈՒՐ — Հատկապես ո՞ւմ ես խնդրում:
ԱՐՏԱԿ — Լսիր… Էլի խառնեցի: Լսեք… Տրամադրություն չունեմ որևէ ուղղությամբ թռչելու: Հետո էլ` թռչուն չեմ, ոչ էլ թիթեռ ու թռչել չգիտեմ:
ԱՐԹՈՒՐ — Ուրեմն` պատուհանը բացառվում է… մենք մարդասպան չենք: Հիմա ասա` բնակարանը ե՞րբ քոնը դարձավ:
ԱՐՏԱԿ — Երբ մի ամբողջ կապիտալ մուծեցի:
ԱՐԹՈՒՐ — Ո՞ւմ…
ԱՐՏԱԿ — Ում պետք է:
ԱՐԹՈՒՐ — Հավատալու չէ:
ԱՐՏԱԿ — Նոտարի կողմից հաստատված առքուվաճառքի պայմանագիրը ցույց տա՞մ:
ԱՐԹՈՒՐ — (գրպանից ինչ-որ թուղթ է հանում, մեկնում է Արտակին): Սրանի՞ց…
ԱՐՏԱԿ — (համարյա ձեռքից թըռ- ցընում է թուղթը, կլանված կարդում է: Իր գրպանից է նմանատիպ թուղթ հանում և երկու թղթերի բովանդակությունը համեմատում է): Ըհը… նույնն է… նույն հասցեն, նույն բնակարանը… էլի նույնն է… Նոտարի կնիքն էլ նույնն է, ստորագրությունն էլ: Նույն ազգանունը… գումարի չափն էլ: Այս մի ազգանունը տարբեր է… (Արթուրին.) Ձեր ազգանունը կասե՞ք:
ԱՐԹՈՒՐ — Հալաբյան:
ԱՐՏԱԿ — Այս պայմանագրերում միայն մեր ազգանուններն են տարբեր:
ԱՐԹՈՒՐ — Եղբայրս չես, որ նույնը լիներ:
ԱՐՏԱԿ — (դեռ իր մտքերի հետ է): Մնացածը նույնն է: Նշանակում է` մեկը կեղծ է: Կեղծը ձերը կլինի: Ես գումարի մուծման կտրոնն էլ ունեմ:
ԱՐԹՈՒՐ — (գրպանից փոքրիկ թղթի կտոր հանելով): Սրա հե՞տ ես…
ԱՐՏԱԿ — (մտահոգ): Հա: Բնակարանը փոքրանում է… (Արագ մոտենում, ոտքով խփում է նույն պատին:) Չհամարձակվես առաջ գալ, մտքովդ էլ չանցնի: (Նորից է խփում:) Չեմ հասկանում… Դուք ինչ-որ բան հասկանո՞ւմ եք:
ԱՐԹՈՒՐ — Դպրոցում լավ եմ սովորել:
ԱՐՏԱԿ — Ճիշտ էիք, ձեր մեջ մի քանի հոգի կա: Բոլորին տեսնում եմ` մեկ, երկուս, երեք, չորս… Չորսն են… Կարող է` հինգերորդն էլ կա, բայց չի երևում:
ԱՐԹՈՒՐ — Դուռը երևո՞ւմ է: Դուռը տեսնո՞ւմ ես:
ԱՐՏԱԿ — Ոնց որ…
ԱՐԹՈՒՐ — Ինքնուրույն դուրս կգա՞ս, թե՞ ասեմ` օգնեն:
ԱՐՏԱԿ — Չե՞ք հասկանում, մեզ խաբել են…
ԱՐԹՈՒՐ — Մեզ չէ` քեզ: Ու պատի հետ կռվելու փոխարեն փողոց դուրս արի, կառավարության շենքի առաջ գոռգոռա: Ասենք` դատախազության շենքի առաջ ավելի արդյունավետ կլինի:
ԱՐՏԱԿ — Բա ինչո՞ւ չեք գնում, ո՞ւմ եք սպասում… Մի քանի հոգու ձայնն ուժեղ կհնչի:
ԱՐԹՈՒՐ — Մենք մեր անելիքը գիտենք: Միայն թե հեղափոխություններից զզվում ենք, միտինգներից էլ` գժվում… Խառնել չենք սիրում: Խառնելիս կեղտը միշտ էլ ջրի երես է բարձրանում: Խաղաղությունը լավ բան է:
ԱՐՏԱԿ — Ի՞նչ հեղափոխություն, ի՞նչ խառնել, բնակարանը երկու սեփականատեր չի կարող ունենալ:
ԱՐԹՈՒՐ — Բա մեր ասածն ի՞նչ է… Վեճի առիթ էլ չկա: Ինչո՞ւ վիճենք, եթե բնակարանը մերն է:
ԱՐՏԱԿ — Բա ե՞ս, ինձ անընդհատ մոռանում եք:
ԱՐԹՈՒՐ — Թողնո՞ւմ ես` մոռանանք… ոչ գնում ես, ոչ լռում:
ԱՐՏԱԿ — Հարբա՞ծ եք, թե՞ թմրամոլ… մեզ խաբել են: Խա-բել-են: Ձեր մեջ մի սթափը չկա՞, որ մյուսներին հասկացնի կատարվածը:
ԱՐԹՈՒՐ — Չոգևորվես, թե չէ պատին քսի կտամ վրադ:
ՄԱՆԵ — (նախ երգի ձայնն է լսվում, ապա թևերը թափահարելով և ասես թռչելով հայտնվում է նաև ինքը: Նկատելով տղամարդկանց` մի պահ ընկրկում է, ապա արագ գնահատելով իրավիճակը` ուղղում է փեշը, արագ հարդարում է մազերը, բնակարանում խունջիկ-մունջիկ պտտվում է): Ե՞րբ եք հասցրել: Խելագարվելու ժամանակներ են… Չես հասցնում էջումդ գրառել, որ բնակարան ունես և ուզում ես ամուսնանալ, խնդրեմ, փեսացուները դիմավորում են: Հրաշք է, չէ՞: Ծանոթանա՞նք: Երևի իմ անունն արդեն գիտեք:
ԱՐԹՈՒՐ — Աղջիկ ջան, ո՞նց իմացար, որ փեսացուներ ենք: Երկուսիս հետ էլ հո չե՞ս ամուսնանալու: Ի՞նչ իմացար` մեզնից ո՞րն է քո փեսացուն:
ՄԱՆԵ — Հնարավոր է` ոչ մեկիդ հետ էլ չամուսնանամ… Բախտս ամեն պատահածի հետ չեմ կապելու: Եթե փեսացու չեք, ո՞վ եք:
ԱՐԹՈՒՐ — Էն իշոտնուկի բարեկամները:
ՄԱՆԵ — Իշոտնուկը գիտի՞, որ բարեկամներ եք: Ոնց որ այնքան էլ ոգևորված չէ:
ԱՐԹՈՒՐ — Իրեն հարցրու` նրա ինչն ենք:
ՄԱՆԵ — Սեղանն ո՞ւմ բարեկամն է:
ԱՐԹՈՒՐ — (ցույց է տալիս Արտակին): Կարող է` նրա, կամ էլ տիրոջն է սպասում:
ՄԱՆԵ — Հա, ուրախ շրջապատ է… բայց, ջենտլմեններ… Թե՞ ջենտլմեն էլ չեք…
ԱՐԹՈՒՐ — Ջենտլմեն էլ ենք, պարոն էլ ենք, կոմս էլ, գոսպոդին էլ…
ԱՐՏԱԿ — Չէ մի` կոմս, գոսպոդին… Քիչ առաջ պատին էր քսի տալիս վրաս:
ԱՐԹՈՒՐ — Այս երիտասարդը մի քիչ հիստերիկ է, բայց ստախոս չէ: Ափսոս, պատը նրան մոտիկ չգնաց… Պատերն էլ են զարգացել, ամեն ինչին վրա չեն պրծնում:
ԱՐՏԱԿ — Ձեզ էլ չէր խանգարի զարգանալ, որ անծանոթին հիստերիկ չանվանեք: Առաջին անգամ ներում եմ` զգուշացնելու նպատակով…
ԱՐԹՈՒՐ — Դժվարն առաջինն է:
ՄԱՆԵ — Այնուամենայնիվ, ջենտլմեններ, չնայած ջենտլմենները անծանոթ կնոջ ներկայությամբ չեն վիճում, կարծում եմ` ձեր հեռանալու ժամանակն է:
ԱՐԹՈՒՐ — Առաջինը նրան եմ ասել, որ հեռանա: Պատուհանն եմ ցույց տվել, դուռն եմ մատնացույց արել… Կարծում ես, հեռացել է ու սա նրա պատճե՞նն է: Չէ, էլի ինքն է ու մինչև վերջ ինքն է լինելու:
ՄԱՆԵ — Դեռ ուշ չէ, դեռ կարող ես նրա հետ ինքդ էլ գնալ: Ինչ մտել եմ` էներգիաս պակասում ու պակասում է:
ԱՐԹՈՒՐ — Նախ, ոչ թե` ես, այլ` եք, ոչ թե` ինքդ, այլ` դուք:
ԱՐՏԱԿ — Չզարմանաս, ինքն էլ է իր հետ հոգնակիով խոսում… Մեջը միայն ինքը չէ, չորսին անձամբ եմ տեսել:
ՄԱՆԵ — Այսպես էներգիաս լրիվ կպրծնի… Վերջ, ամուսնությունը հետաձգվում է: (Հանում է հեռախոսը, ռիթմիկ երաժշտություն է միացնում:) Նյարդայնանալիս պիտի պարեմ, թե չէ… (Պարային շարժումներ է անում:) Չե՞ք պարում, օգնում է…
ԱՐԹՈՒՐ — Բոլոր խաղերը խաղացել էինք, մնացել էր պարելը…
ՄԱՆԵ — Տխուր է, որ հայ տղամարդիկ հետ են վարժվել իրենց կողքին ուրախ կին տեսնելուց: (Մոտենում է իշոտնուկին ու սեղանին ձեռքով խփում է:) Սրանց ինչի՞ն է ուրախությունը… սրանց սարքել են ծառայելու համար, սրանք էլ ծառայում են, չկոտրես` հազար տարի կծառայեն: Միայն ծառայելու համար սարքվածները… (Դադար:) Ուրախությունից կամ տխրությունից փտում են… (Անջատում է երաժշտությունը:) Պարահանդեսն ավարտվեց, խըն- դ­րում եմ լքեք պարասրահը: Ձեր բարեկամներին էլ չմոռանաք: (Ցույց է տալիս իշոտնուկն ու սեղանը:) Ծառայողների համար միևնույն է` ում ծառայել:
ԱՐԹՈՒՐ — Պարահանդեսը չէ, ներկայացումը, ներկայացումն է ավարտվել: Վերջ, ֆինի, կոնեց… Էլ պետք չէ խաղալ: Խաղացինք, որ էս օրն ընկանք…
ՄԱՆԵ — Ուրեմն` իրավունքներս պաշտպանելու համար ստիպված եմ ոստիկանություն զանգել: (Նորից է հանում հեռախոսը:)
ԱՐՏԱԿ — Պետք չէ վիճակն ավելի ծանրացնել: Այս բնակարանը, որտեղից մեզ ուզում ես հանել, մեր բնակարանն է: Բայց այն միաժամանակ վաճառել են և ինձ, և նրան: Հիմար վիճակ է, չէ՞: Կուզենայինք գնալ, բայց ո՞ւր… Առայժմ չենք որոշել:
ԱՐԹՈՒՐ — Թե չէ` ուրախությո՜ւն, ջենտլմեններ, անհասկանալի օյիննե՜ր… Ոնց որ մեռելատանը քոչարի պարես…
ՄԱՆԵ — Ում են վաճառե՞լ… իմ բնակարանը ձե՞զ են վաճառել:
ԱՐԹՈՒՐ — Մենք քիչ էինք` արջն էլ ջիպով եկավ: (Կապկելով ու ծամածռվելով:) Որ մեզ են վաճառել, քոնը ո՞նց եղավ:
ՄԱՆԵ — Իմն է, որ այստեղ եմ:
ԱՐՏԱԿ — Կարո՞ղ ես ապացուցել:
ՄԱՆԵ — (պայուսակից թուղթ է հանում, մեկնում է Արտակին): Նոտարի կողմից հաստատված պայմանագիրը:
ԱՐՏԱԿ — (վերցնում է պայմանագիրը, նայում է և անսպասելի բղավում է): Թյուրիմացություն չէ, խաբել են, նրան էլ են խաբել, երեքիս էլ խաբել են… Նույնն է, նոտարի ստորագրությունն էլ է նույնը: (Այդ բառերը մի քանի անգամ կրկնելով պտտվում է սենյակում, վերջապես կանգնում է պատուհանի դիմացի պատի մոտ և սկսում է ոտքով հարվածել:) Խաբել են, խաբել են, խաբել են… Զգում էի, որ լռությանդ մեջ դավադրություն կա: Ամոթի՞ց էիր լռում, թե՞ ստորությանը վկա լինելուց էիր ամաչում:
ՄԱՆԵ — Սրան ի՞նչ եղավ:
ԱՐԹՈՒՐ — Քո գժվելու հերթն էլ կգա… երրորդը դու ես: Այսինքն` ավելորդը:
ՄԱՆԵ — Ավելո՞րդը…
ԱՐԹՈՒՐ — Քանի դեռ չգիտենք` գլխներիս ինչ փլավ են եփել…
ԱՐՏԱԿ — Համենայնդեպս, երրորդ խաբվածը բացառում է թյուրիմացությունը:
ՄԱՆԵ — (զարմացած ու անորոշ մեկ Արտակին է նայում, մեկ` Արթուրին): Ի՞նչ ես ուզում ասել:
ԱՐՏԱԿ — Նույն պայամանգիրն է, նույն ստորագրությունը…
ՄԱՆԵ — (բորբոքված): Մտքներովդ չանցնի, որ կարող եք խաբել: Մինչև ՄԱԿ կբողոքեմ…
ԱՐԹՈՒՐ — Ասում էի, չէ՞, կգժվես…
ԱՐՏԱԿ — Գրագետ ես երևում… (Գրպանից հանում է իր պայմանագիրն ու երկուսը մեկնում է Մանեին:) Համեմատիր…
ՄԱՆԵ — (համարյա թռցնում է թղթերը, արագ աչքի է անցկացնում): Նույնն է, նույնն է, նույնը… Ինչի՞ համար, ո՞ր մեղքիս… Մայրիկը զգուշացնում էր իրադարձություններից առաջ չընկնել: Ժամանակից շուտ ոգևորվեցի: Պարզվում է` բնակարանը ունեմ և չունեմ: Երևի աշխարհում ամեն ինչն է, որ և՛ ունես, և՛ չունես: Կյանքն է՞լ… (Դիմում է երկուսին:) Կզիջեք, չէ՞… բնակարանը կթողնեք ինձ: Էլ այդքան գումար ինձ չեն տա: Ամերիկայի քեռուս հազիվ էի համոզել: Գյուղ էլ չեմ ուզում վերադառնալ: Գյուղում օրգաններս էներգիա չեն արտադրում, միայն սպառում են, մի քանի օրից ավելի չեմ դիմանում: Մերոնց ի՞նչ եմ ասելու… Կզիջեք, չէ՞, դուք ուժեղ եք, դուք ձեր հարցերը կլուծեք: Մտածում էի` բնակարանից հետո տասը կյանք եմ ապրելու… (Պայմանագրերը գցում է հատակին, դանդաղ մոտենում է պատուհանին, պայուսակը դնում է պատուհանագոգին և հայացքը հառում է Արարատին:) Արարատը ինձ կների, նա էլ է շատ կորցրել: (Խաչակնքում է, փորձում է բարձրանալ պատուհանագոգին:)
ԱՐԹՈՒՐ — Իսկապես գժվե՞ց… շառ հո չե՞ս… (Արագ մոտենում է Մանեին, գրկում, հեռացնում է պատուհանից:)
ԱՐՏԱԿ — Էլի իրադարձություններից առաջ ես ընկնում:
ՄԱՆԵ — (փորձում է ազատվել Արթուրի ձեռքերից): Թող, իրավունք չունես արգելել:
ԱՐԹՈՒՐ — Չունեք, ոչ թե` չունես… Մտքովս էլ չի անցնում արգելել: Բայց ուրիշ պատուհանից քեզ գցիր: Էս շենքում լիքը ավելի բարձր պատուհաններ կան: Թե չէ օրերով չես ապացուցի, որ մենք չէ, ինքն է իրեն գցել:
ՄԱՆԵ — Բաց թող, էլ չեմ ուզում մեռնել… Երբեք էլ չեմ ուզել…
ԱՐԹՈՒՐ — Բա պատուհանագո՞գը…
ՄԱՆԵ — Փորձում էի այդպես ազդել, որպեսզի բնակարանը ինձ զիջեք:
ԱՐԹՈՒՐ — Բայց ոնց որ այնքան էլ չազդվեցինք:
ՄԱՆԵ — Մոռացել էի` ում բարեկամներն եք: (Մոտենում, ձեռքով խփում է սեղանին ու իշոտնուկին:) Ոնց էլ գտել եք իրար…
ԱՐՏԱԿ — Միայն չորրորդն ու հինգերորդը չհայտնվեն… Իրադարձություններն անկանխատեսելի են դառնում:
ՄԱՆԵ — Լռիր: Օրգաններս էլի դադարեցին էներգիա արտադրել: Էս բնակարանն էլ չեմ ուզում, ուրախություն չկա սրա պատերի մեջ:
ԱՐԹՈՒՐ — Որ էդ սրիկային գտնենք` փողը ոսկորների մեջ էլ պահած լինի` կհանեմ:
ՄԱՆԵ — Պիտի փնտրենք, հո ինքը չի՞ մեզ գտնելու:
ԱՐՏԱԿ — Փոխարենը ջուր ենք ծեծում: Պատճառն էլ գիտեմ: (Նորից է մոտենում, խփում է պատին:) Սրա գույնն է հիպնոսացնում ու զոմբիի վերածում: Սրա ներկայությունը ում ասես կարող է հիմարացնել:
ՄԱՆԵ — (հեգնանքով): Իշոտնուկն ու սեղանն ավելի կասկածելի են:
ԱՐԹՈՒՐ — Չեղավ, պետք չէ թացը չորին խառնել: Մեր կռիվն ուրիշ տեղ է ու ճիշտը հիմա այդ տեղում լինելն է:
ԱՐՏԱԿ — Էլ ո՞ւմ ենք սպասում… Անորոշությունը վամպիրներից դաժան է կլանում մեր ուժերը: (Շարժվում է դեպի դուռը:)
ԱՐԹՈՒՐ — Մենակ ո՞ւր… Ձայնդ էլ չեն լսի: (Հետևում է Արտակին:)
ՄԱՆԵ — (հատակից վերցնում է պայմանագրերը): Թղթերը մոռացաք, թղթերը… (Վազում է նրանց հետևից:)

Պատկեր երկրորդ
Նույն բնակարանը: Ամեն ինչ` ինչպես նախորդ պատկերում, նույնիսկ իշոտնուկի ու սեղանի դիրքն է նույնը:
Ներս են մտնում Մանեն, Արթուրն ու Արտակը:
ՄԱՆԵ — (մոտենում է իշոտնուկին, այսուայնկողմ է շարժում): Իսկը իշոտնուկների երկիր… Սրա մեջ ավելի ջերմություն կա: Թքած, որ մարդը կորցրել է… Թքած, որ մարդն ինքն է կորել…
ԱՐՏԱԿ — (մոտենում է պատին, ոտքով խփում է): Էս պատի պես… Ուր գնում ես, էս պատն է` սառը, անտարբեր, կղկղանքի գույնի… Չկա, չքվել է, գետնի վրա չէ, հողի տակ չէ, երկնքում չէ, ջրում չէ: Ջրի կաթիլ էր ու գոլորշիացավ: Թռավ, թը՜ռ…
ՄԱՆԵ — Ասում են` հետախուզում են հայտարարել: Եթե փողերը ծախսել է, ի՞նչ տարբերություն` խաբեբան կա՞, թե՞ չկա, բանտո՞ւմ է, թե՞ առողջարանում, գետնի վրա՞ է, երկնքո՞ւմ, թե՞ ջրի տակ… Ոչ մեկը տեղը չգիտի: Ասում են` սպասեք: Մինչև ե՞րբ… Ասում են` մինչև կգտնվի: Կարո՞ղ է` ծերանանք, ու չգտնվի…
ԱՐՏԱԿ — Շուտ գտնեն` բոլորը ծախսած չի լինի… Չի հասցնի…
ՄԱՆԵ — Գոնե իմ փողերը ծախսած չլինի:
ԱՐԹՈՒՐ — Փողերի վրա քո նկա՞րն է… Որ չէ` չի տարբերելու, որը ում փողն է:
ՄԱՆԵ — Խաբելը գիտի, տարբերելն էլ թող իմանա… Իրավունք չունե՞մ…
ԱՐՏԱԿ — Ի՞նչ իրավունք:
ՄԱՆԵ — Երկիր չէ՞, պետություն չէ՞… Խաբված չլինելու իրավունքը: Տանիք ունենալու իրավունքը: Առավոտից խոսքի ազատությունից են խոսում… Հիմա որ ինչ ուզեմ` ասեմ, գոռամ, հայտարարեմ, բողոքեմ, ազատ խոսեմ, էլ չե՞ն խաբի: Որ ասացի` իշխանությունները լավը չեն, խարդախները եկեղեցի էլ են լցվել, երկիրը քանդվում է, կոռուպցիան սկսել է ասֆալտը ուտել, սառնարանս կլցվի՞, անբարոյականությունը կվերանա՞: Էլի չե՞ն ասելու` սպասիր ու համբերիր: Ասենք, ինչ ուզեցի` ասացի ու համբերեցի, ասացի ու համբերեցի, հետո՞… Ես սպասեցի, ես համբերեցի, բա կյա՞նքը… Չի սպասի, կգնա, չէ՞: Մենք կսպասենք, ինքը կգնա: Գլխի էլ չենք ընկնի` մեր ապրելու ժամանակը երբ պրծավ: Կստացվի, որ քո բաժին կյանքը ոչ թե ապրել, այլ սպասել ես:
ԱՐՏԱԿ — Երևի մեր նմանների գործը համբերելն ու սպասելն է:
ՄԱՆԵ — Մեր նմաններն այլմոլորակայի՞ն են, թե՞ մեր իրավունքները կավից են, մյուսներինը` ոսկուց: Երեսունս կլրանա, ու դեռ չեմ էլ հասցրել սիրահարվել: Շուտ հասկացա, որ սերն անտերություն չի սիրում, որ թշվառության մեջ ծնված սերը` ոնց որ ջրի մեջ վառվող լուցկին…
ԱՐԹՈՒՐ — Եթե ձեր ծնողներին չլքեիք, էս տունը ձեզ պետք չէր գա, ու խաբված չէիք լինի: Հանգիստ խղճով վարունգ կհավաքեիք կամ կով կկթեիք: Պիտի ձեր կյանքով ապրեք, թե չէ ուրիշի միջավայրում վաղն էլ փողոցի ցեխն են հարիսայի տեղ մատուցելու:
Արտակը իշոտնուկի օգնությամբ բարձրանում է սեղանի վրա, հայացքը` դեպի պատուհանը, որտեղից Արարատն է երևում:
ՄԱՆԵ — Նրա հետ ինչ-որ բան է կատարվում:
ԱՐՏԱԿ — Ուզում եմ ելույթ ունենալ:
ԱՐԹՈՒՐ — Մինչև հիմա լավ էլ խոսում էիր:
ԱՐՏԱԿ — Ոչ մեկն իր կողքինի ասածները լուրջ չի ընդունում: Չեն հավատում, որ իրենց հետ հավասար կանգնածը կարող է իրենցից ավելին իմանալ: Պիտի բարձրից ասես, որ լսեն ու հավատան: (Փորձում է ավելի հարմար կանգնել:) Այս պատուհանից սուրբ լեռան` Արարատի պատկերն է: Հայը նրան նայելով պիտի ամաչի իր չար արարքների համար: Բայց հիմա շատերի գլուխն է կախ…
ԱՐԹՈՒՐ — (ծափահարում է): Բրավո… Հիմա իջիր, որ չընկնես ու գլուխդ թևիդ տակ չհայտնվի:
ԱՐՏԱԿ — Արարատը մեղավոր չէ: Լեռն ասում է` գոնե հայը հայի դեմ չար չպիտի լինի: Չեն լսում: Ո՞ւմ են լսում որ… Սարը մեղավոր չէ: Հիսուսն ասում է` մի շնացեք, միևնույն է` շնանում են: Ասում է` սիրեք մերձավորին, չեն սիրում ու խաբում են: Որովհետև անհավատ են, էնքան են գլուխները կախ քայլել, որ մոռացել են Տիրոջ տեղը: Երբ այստեղ չէիք, ուզեցի աղոթել, բայց հիշեցի, որ վերևում էլի հարկեր կան ու չաղոթեցի: Աղոթքն էլ են գողանում… Ուրիշի աղոթքը, ուզում են, իրենց անունով երկինք հասնի: Օրենքները չպիտի թղթից լինեն, որ ով ուզի` ճմրթի ու աղբարկղը նետի:
ԱՇՈՏ — (աննկատ ներս է մտել, ուշադիր լսում է): Չեղա՜վ… Ուրիշի բնակարանը Ազատության հրապարակ ես սարքել, միտինգ ես անում: Չեղա՜վ… Միտինգը պիտի ազատ մարդը անի: Մյուս կողմից էլ` ազատ մարդու ինչի՞ն է պետք միտինգը: Ասիացին չպիտի եվրոպացի ձևանա: Բոլորը եվրոպացի են ձևանում, մտածելով` ազատություն շռայլողն է եվրոպացին, մինչդեռ հենց մտածեցիր, որ ազատությունն ավելին է, քան պետք է, նշանակում է` հասել է ազատությունից թաքնվելու ժամանակը:
ՄԱՆԵ — Թաքնվելու տեղ էլ չի մնացել… տներն էլ ոնց որ պատեր չունենան…
ԱՇՈՏ — (ուշադիր ու երկար նայում է Մանեին): Պատերը` չգիտեմ, բայց տարածքը շատ ես զարդարում:
ՄԱՆԵ — (փոքր-ինչ կոկետ): Ինչո՞ւ որ…
ԱՇՈՏ — Ո՞վ գիտի, հազարավոր աստղերից ինչու է միայն արևը տաքացնում:
ՄԱՆԵ — Արևի նմա՞ն եմ:
ԱՇՈՏ — Ավելի սիրուն ես: (Շրջվում է սեղանի վրա կանգնած Արտակի կողմը:) Իջիր, իջիր… (Ցույց է տալիս Մանեին:) Այսպիսի գեղեցկությունը ներքևում թողած` տղամարդը վերևում միտինգ չի անի:
ԱՐՏԱԿ — (իջնում է սեղանի վրայից, Մանեին): Ամեն ինչ տեղներս էր, արջն էլ երթուղայինով եկավ: Ու ոչ այս, ոչ այն` սկսեց քեզ սիրահետել, ինձ էլ վիրավորել:
ԱՇՈՏ — Սիրահետելը իմը չէ… Իրոք գեղեցիկ է:
ՄԱՆԵ — Հաճելի, իսկապես հաճելի է… Ոչ մեկն այսքան հաճոյախոսություն չէր արել:
ԱՇՈՏ — Ժամանակ ունե՞ն որ… Հիմա տղամարդկանց մեծ մասի սերը կամ պաշտոնն է, կամ քաղաքականությունը, դրանց են հաճոյանում, քծնում, անքուն գիշերներ են լուսացնում: Խնդրեմ… (Ցույց է տալիս Արտակին:) Քեզ գրավելու փոխարեն ուրիշի տանը միտինգ է անում:
ԱՐՏԱԿ — Ինչո՞ւ ուրիշի…
ԱՇՈՏ — Որովհետև տունը իմն է ու չեմ հասկանում, այստեղ ի՞նչ ես անում:
ԱՐՏԱԿ — Հիմա ականջներս կպոկվեն… խելագարություն չէ, ի՞նչ է… (Մոտենում է պատին, հիստերիկ հարվածում:) Էլի՞ ես լռելու, էլի՞, էլի՞, էլի՞… Մի փոքրիկ բնակարանը քանիսի՞ն կարող է տեղավորել: Տասի՞ն, քսանի՞ն, հազարի՞ն… Թե՞ հաշվել չգիտես: Քանիսի՞ն կարող է տեղավորել…
ԱՇՈՏ — Սա էլ ապացույցը, որ բնակարանն իմն է: (Գրպանից հանում է նախորդ պայմանագրերից ոչնչով չտարբերվող պայմանագիրը, մեկնում է Արտակին:) Նայիր, որ ուրիշի պատերը ոտքով չծակես:
ՄԱՆԵ — Մեզ խաբել են: Այս բնակարանը վաճառել են և ինձ, և նրան, և երրորդին… Հիմա էլ դու հայտ­նըվեցիր:
ԱՐՏԱԿ — (Աշոտի ձեռքից թռցնում է պայմանագիրը, արագ աչքի է անցկացնում, հուսահատ վերադարձնում է): Նույնն է, փոփոխություն չկա… Էլի քանի՞սը կհայտնվեն` տա՞սը, քսա՞նը… Իրար գիրկ պիտի նստենք, որ տեղավորվենք:
ԱՇՈՏ — Ի՞նչն է նույնը… (Զարմացած նայում է պայմանագրին:) Չի կարող նույնը լինել:
ԱՐԹՈՒՐ — Մի կասկածիր, նույնն է… Մենք քեզնից շատ ենք զարմացել:
ԱՇՈՏ — Երեքդ միանգամի՞ց եք զարմացել:
ՄԱՆԵ — Մենք-ը ինքն է: Իրեն «ես» չի ասում, այլ` «մենք»: Ասում է` հնարավոր չէ, որ իր հաղթանդամ մարմնի մեջ մեկը լինի: Չորսին նա է տեսել: (Արտակին.) Տեսել ես, չէ՞…
ԱՐՏԱԿ — Նրա զարմանքի պահին երևացին…
ԱՇՈՏ — Միտինգը դրա համա՞ր էր… Հետաքրքիր է, շատ հետաքրքիր է: Ասում եք` խաբե՞լ են: Կամ չեմ հավատում, կամ ինչ-որ անհասկանալի բան է կատարվում, որ չեմ ցնցվում: Վրայիցս ծեփ էլ չթափվեց: (Մանեին.) Կարծում եմ, քո ներկայությունը թույլ չտվեց ցնցվել: Վերադառնանք խաբելուն… Այստեղի միտինգը ինչո՞վ է օգնելու: Ինչքան ուզում ես գոռա, լսողն ո՞վ է: Ուրիշ գործողություններ են պետք:
ԱՐԹՈՒՐ — Գիտենք, որ պետք են, բայց պայմանագիր կնքողը քաղաքում չէ, բացակայում է: Մյուսներն էլ երեսներն են շրջում, իբր, առանց նրան ոչինչ հնարավոր չէ: Հիմա բոլորով նրան են փնտրում: Համահայկական պահմտոցի է: Փախածը թաքնվում է, ազգը նրան է փնտրում: Հնարավոր է, որ փախածը ձևացնի, իբր` թաքնվում է, ազգն էլ ձևացնի, իբր` փնտրում է: Երևի մտածում են` թաշկինակ ենք կորցրել ու խորհուրդ են տալիս սպասել: Մենք էլ սպասում ենք:
ԱՇՈՏ — Լրագրողներին չպիտի մոռանայիք: Աղմուկ չեղավ, կսվաղեն` կգնա: Բայց դեռ ուշ չէ… Սրա աղմուկը պիտի բարձր լինի: Մի երկու կուսակցություն էլ կուզենան առիթն օգտագործել: Թող օգտագործեն: Կարևորը մերը մեզ վերադարձնելն է: (Մոտենում է սեղանին ու իշոտնուկին:) Էս կահույքն ո՞վ է բերել… Բերողը սեղանը դատարկ չպիտի թողներ, դատարկ սեղանը լավ նշան չէ: (Անսպասելի դուրս է գնում:)
ՄԱՆԵ — Գնա՞ց… Առանց նրան սենյակը ոնց որ փոքրացավ:
ԱՐՏԱԿ — Ասա` հինգերորդին հետը չբերի:
ԱՐԹՈՒՐ — Եթե լրագրողների հե­տևից է գնացել, վաղը սերիալի հերոս ենք դառնալու:
ՄԱՆԵ — Լրագրողների հետևից գնա՞ց:
ԱՐՏԱԿ — Իզուր էլ անհանգստանում ես, ինչքան քիչ, այնքան լավ: Բայց չլինի՞…
ԱՐԹՈՒՐ — Կլինի, կլինի… Ուր որ է` կերևա: Խաբվածներն իրենց խաբված տեղից հեռու չեն գնում: Մենք էլ ենք լռվել-մնացել:
ԱՇՈՏ — (հայտնվում է ինչ-որ փաթեթներով, որոնք տեղավորում է իշոտնուկի վրա, թերթ է փռում սեղանին, միանգամյա օգտագործման ափսեներ ու բաժակներ է հանում, օղու շիշ, հանքային ջուր, ուտելիք: Բացում է օղու շիշը, լցնում է բաժակները, առաջինն ինքն է բաժակը վերցնում): Այ, հիմա կյանքի հոտ եկավ սենյակից, թե չէ խաբեության հոտը սպանում էր: Մոտեցեք, մոտեցեք, կյանքը շարունակվում է: Մեզանից յուրաքանչյուրը մտածում է, որ իր տանն է, իր նոր տանը… Շնորհավորենք բոլորիս բնակարանամուտը: Այստեղ գալիս չգիտեինք, որ մեզ խաբել են: (Խմում է:)
ԱՐՏԱԿ — Չեմ խմի, հացադուլ եմ հայտարարել: (Խփում է պատին:) Մինչև սա գույնը չփոխի, չեմ ուտելու ու չեմ խմելու… Այս սենյակում…
ԱՐԹՈՒՐ — Կարելի՞ է նրա բաժակն էլ… մեկը քիչ կլինի մեզ:
ՄԱՆԵ — Իմն էլ վերցրու, մեջներդ կռիվ չընկնի: (Հեռախոսով երաժշտություն է միացնում):
ԱՐԹՈՒՐ — Կպարեի, բայց մեկս մյուսիս խանգարում ենք: Բնակարանամուտը ես էլ եմ շնորհավորում: (Խմում է առաջին բաժակը:) Երկրորդը, որ դուրս եկողը հետը չարություն չտանի ու մնացողի բարին ցանկանա: Մեր ճակատագրերը նույնացել են: Հաճախ է պատահում, որ նույն ճակատագրի մարդիկ մի տեղ հավաքվեն, ասենք` ինքնաթիռի մեջ: Մեջները կարող է բացառություն լինել, ու էդ մեկը փրկվում է: Ճակատագիրը մեզ նույն տեղում հավաքելով գիտի` ինչ է լինելու: Մեր ուզածը, որ արդար լինի: (Երկրորդ բաժակն է դատարկում:) Երրորդը…
ԱՐՏԱԿ — Գժվեցի՞ք… ձեր գումարները չե՞ն տարել, ձեզ չե՞ն թալանել:
ԱՐԹՈՒՐ — Որ սեըը չմեռնի մեր մեջ ու չգժվենք: (Խմում է:)
ԱՇՈՏ — Սպասելն ավելի սարսափելի է: Թունելի պես է, որի երկարությունը չգիտես: Երևի դրա համար է հաջողությունը խուսափում սպասողներից, շահում են, ովքեր սպասելու փոխարեն ընդառաջ են գնում:
ՄԱՆԵ — Նույնը չէ՞, եթե չգիտես` ում ու ինչին ընդառաջ գնալ: Այդուհանդերձ, ընդունում եմ, որ սպասելն ավելի զզվելի է: Ինչքա՞ն եմ սպասելու, հո ամբողջ կյանքս ձեզ հետ չե՞մ անցկացնելու: (Անջատում է երաժշտությունը:) Պայմանագրերն են նույնը, մենք էլ հո նույնը չե՞նք:
ԱՇՈՏ — Դժվարը տարբերությունն ապացուցելն է: (Հայացքով ինչ-որ բան է փնտրում:) Կավճի կտոր էլ չկա…
ՄԱՆԵ — (դուրս է գնում, վերադառնում է, կավիճը տալիս է Աշոտին): Ի՞նչ ես անելու:
ԱՇՈՏ — Կտեսնես: (Կավիճով սենյակը չորս մասի է բաժանում:) Յուրաքանչյուրիս` մեր բաժինը: Ավելի հեշտ կլինի պարզել` ով ով է:
ԱՐԹՈՒՐ — Համաձայն եմ, ավելի լավ է մի կտոր մերը, քան ընդհանուր ոչ մեկինը:
ԱՐՏԱԿ — Ինչո՞ւ, եթե ամբողջ բնակարանի համար եմ վճարել:
ԱՇՈՏ — Մենք էլ… Չե՞ս ուզում, կարող ես քո բաժինը մեկնումեկիս վարձով տալ: Եթե ուրիշը համաձայնի, նրան էլ կարող ես վարձով տալ: Հասկանալի է, որ այս ամենը ժամանակավոր է…
ԱՐՏԱԿ — Վիճակահանությամբ ավելի արդար կլինի:
ԱՇՈՏ — (բաժանված չորս հատվածները թվակալում է`1, 2, 3, 4): Մի թղթի կտոր ու գրիչ տվեք: (Սեղանին փռած թերթից պատռում է, չորս մասի է բաժանում:) Գրիչ ո՞վ ունի:
Մանեն պայուսյակից գրիչը հանում, տալիս է Աշոտին:
ԱՇՈՏ — (թղթի կտորների վրա թվեր է գրում, ծալում, լցնում է պատուհանագոգի վրա, խառնում է): Մոտեցեք…
ԱՐԹՈՒՐ — Առաջինը միշտ էլ շահում է: (Վերցնում է թղթերից մեկը, նայում է:) Մեկ: (Գնում, կանգնում է մեկ թվով հատվածի մեջ:)
ԱՐՏԱԿ — (չափազանց լարված վերց­նում է թուղթը, բացում է): Չորրորդը… (Գնում է իր հատվածը:)
ՄԱՆԵ — Եթե երրորդը ինձ ընկնի…
ԱՐԹՈՒՐ — Ապա ի՞նչ… Ասա, մեջդ մի պահիր, շոգ է` կփչանա:
ՄԱՆԵ — Նայելուց հետո, միայն նայելուց հետո: (Վերցնում է թղթերից մեկը, նայում է, վեր է թռչում:) Երրորդը… (Պարելով գնում է իր հատվածը:)
ԱՇՈՏ — Մնաց երկրորդը: Սեղանն ու իշոտնուկն ի՞նչ ենք անելու: Առաջարկում եմ այնպես տեղավորել, որ բոլորից հավասար տարածք խլի:
ԱՐԹՈՒՐ — Գոնե մի ընդհանուր բան կլինի… Թե չէ իրարից լրիվ անջատվելն էլ մի բան չէ: Էս հատվածները ճիշտ ու ճիշտ գերեզմանատեղերի չափ են` երկուսը երեքի վրա:
ԱՐՏԱԿ — Սիրտս նեղվում է… մարդավարի քնել էլ չի լինի: Պիտի զգուշանաս, որ ոտքդ կամ ձեռքդ ուրիշի բաժնում չհայտնվի: Որ մտածում եմ` չեմ կարող դուրս գալ, չի կարելի, քիչ է մնում…
ԱՐԹՈՒՐ — Մեզ համար այդ քիչն էլ քիչ է: Այսքանով երկուսը երեքի վրա… Վախենում ենք, որ քնած ժամանակ ոչ թե ոտքը, այլ մեզանից մեկը ուրիշի հատվածում հայտնվի:
ԱՐՏԱԿ — Ոնց որ բանտարկված… էս պատն էլ… (Ոտքով խփում է պատին:) Ուզում է առաջ գալ: Չեմ գժվել, մտքովս էլ չի անցնում գժվել: Պատերն առաջին հայացքից են անշարժ… Ինքնուրույն էլ չշարժվեն, մարդկանց են ստիպում, որ մարդիկ իրենց այս ու այն կողմ շարժեն ու իրենց ուզած տեղը տանեն: (Արթուրին.) Համեմատիր… իմ բաժինն ավելի նեղ է ու դեռ էլի է նեղանալու:
ԱՐԹՈՒՐ — Սիրտդ չնեղվի… Տարածքը կծախես, սրտիդ հետ ի՞նչ ես անելու:
ՄԱՆԵ — Չե՞ք լռելու, այդքան եսասեր չի կարելի… Հարևաններին խանգարում եք:
ԱՐԹՈՒՐ — Բնակարանը փոխիր:
ԱՇՈՏ — Շենքը պիտի փոխես: Վատ հարևանը մի քանի պատի հետևից էլ վատ է ազդում:
ԱՐՏԱԿ — Դղրդոց չե՞ք լսում… պատն է առաջ գալիս: Չեմ թողնի… Չեմ թողնի, որ որևէ մեկն իմ ճակատագիրը տնօրինի: Դուք էլ մի բարի պտուղ չեք: Ձեզ ուժեղ եք երևակայում, ավելի խելոք, ուզում եք շեղել ուշադրությունս: Ձեր անտարբերության պատճառով է, որ պատերը ենթադրում են, իբր, իրենց թուլատրված է շարժվել… Անիմաստ անտարբերություն… Վտանգավոր ներողամտություն… Միամիտներ… Դեռ գալու են ժամանակները, որ պատերն էլ են դատարաններում պաշտպանելու իրենց իրավունքներն ու ներկայանալու են որպես ճնշված փոքրամասնություն: Որովհետև դարերով դատապարտվել են անշարժության, երբ իրականում միշտ էլ շարժվել են… (Ոտքով խփում է պատին:) Սրա դղրդոցը ականջներիս մեջ է:
ԱՐԹՈՒՐ — Իմ ականջների մեջ էլ միայն քո ձայնն է: Ու քո ձայնը խանգարում է սպասելուն: Մերը` սպասելն է: Ինը ամիս սպասում ենք, մինչև ծնվենք, մի քանի տարի` մինչև խոսել սովորենք, տասը տարի` մինչև թույլ տան խոսենք: Հետո էլ ուշադրություններս դռան կողմն է, որ մահվան ոտնաձայները բաց չթողենք:
ԱՇՈՏ — Քսան տարի, երեսուն տարի… Ով չի ուզում սպասել` յոթ ամսական է ծնվում, բայց շուտ ծնվելը արտոնություններ չի տալիս: Աստծո դրած կարգը չի լինի փոխել: Ճիշտը` մտքիդ մեջ մեկը լինի ու վստահ լինես, որ այդ մեկն էլ քեզ է սպասում և ուզենաս, որ հենց այդ մեկը քեզ սպասի: Թե չէ պատերի հետ կռիվ տալը ապագա չէ:
ԱՐՏԱԿ — Ըստ քեզ, ապագան քաշածդ կավճե գծե՞րն են: Քիչ է մնում շնչառությունդ էլ պահես, որ կողքինիդ տարածքում չարտաշնչես: Էս տարածքի մեջ հոգիդ էլ կնեղանա, կփոքրանա ու մեկ էլ տեսար` թռավ մեջիցդ ու գնաց ավելի լայն տարածքներ գտնելու… Թը՜ռ: Պատերի մասին ասածներս էլ ճշմարտություն են: Մի օր էլ Արարատն է շարժվելու: Մտնելու է քաղաք: Եվ այս անպատժելիությունը վերանալու է:
ԱՐԹՈՒՐ — Չի մտնի, քաղաքում չի տեղավորվի:
ԱՐՏԱԿ — Մեծը չտեղավորվեց` փոքրը կգա: (Ձեռքերով բռնում է գլուխը:) Ինձ լավ չեմ զգում, հատակի գծերը ոնց որ միջովս անցնեն… Դրանք վերջը պարանոցիս են փաթաթվելու ու խեղդելու են: Բայց այդքան թույլ չեմ, որ ով ինչպես ուզի` հետս վարվի: Ես ինձ կարող եմ պաշտպանել: Երբեք չէի մտածի, որ կամավոր կհամաձայնվեմ վանդակ մտնել: Բոլոր խնայողություններս տվեցի այս տունն առնելու, որպեսզի հեշտ լինի վանդակներից խուսափելը: Հիմա կամավոր շնչահեղձ եմ լինում: Ինչո՞ւ… (Բղավում է:) Ինչո՞ւ… Ինքս իմ սխալը կուղղեմ, ինքս…
Գրպանից հանում է թաշկինակը, ծնկում է ու թաշկինակով հատակից ջնջում է գծերը: Ջնջում է ու ինչ-որ ձայներ է հանում: Վերջապես ջնջում է վերջին գիծն ու «ազատություն» գոռալով վազում է դուրս:
ԱՐԹՈՒՐ — Պետք չէ նրան մենակ թողնել: (Սենյակից դուրս է գնում:)
ԱՇՈՏ — Չգժվի՞… (Ինքն էլ է սենյակից գնում:)
ՄԱՆԵ — Խեղճին մի բան չլինի՞… (Պատուհանից դուրս է նայում:) Սարը չի երևում… Կամ ինքն է թաքնվել ամպերի հետևում, կամ էլ ամպերն են ծածկել, որ մեր ի՞նչը չտեսնի: (Պատն է շոշափում:) Սովորական պատ է… (Ականջը հպում է պատին:) Ձայն էլ չկա, միայն գույնը մի քիչ…
ԱՇՈՏ — (ներս է մտնում, լսում է Մանեի վերջին խոսքերը): Գույնը չես հավանում` փոխել տամ:
ՄԱՆԵ — Տան տերը դեռ հայտնի չէ, չգիտեմ` ինչ գույն կուզի: Արտակն ո՞ւր գնաց:
ԱՇՈՏ — Մենք-ի հետ բակում են… Ավելի հանգիստ էր:
ՄԱՆԵ — Ճիշտ էր ասում, որ այստեղ երկար չի կարելի մնալ: Գծերից ես էլ էի նեղվում;
ԱՇՈՏ — Հետաքրքիր է, շատ հետաքրքիր է… Վախենում եմ: Նրանց հետ չէի վախենում: Հիմա, երբ ուրիշը չկա, քո ներկայությունից վախենում եմ:
ՄԱՆԵ — Առաջին անգա՞մ ես աղջկա հետ մենակ մնում:
ԱՇՈՏ — Առաջին անգամ է, որ աղջիկն ինձ իսկապես դուր է գալիս:
ՄԱՆԵ — Սիրահարվե՞լ ես:
ԱՇՈՏ — Ուզում եմ ճշտել ու չգիտեմ` ոնց… Գուցե լրագրողները հուշեն: Առաջարկում եմ մամուլի ակումբ գնալ:
ՄԱՆԵ — Ես էլ գա՞մ…
ԱՇՈՏ — Վստահ եմ, որ քո ներկայությունը հաջողություն կբերի:
ՄԱՆԵ — Ուրեմն, գնացինք հաջողության հետևից:
ԱՇՈՏ — Քեզ հետ` թեկուզ դժոխք:
Դուրս են գնում:
Պատկեր երրորդ
Նույն սենյակը: Պատուհանի դիմացի պատի վերևում ամրացված թղթի վրա մեծ տառերով գրված է` «հացադուլ»: Նույն պատի վրա ինչ-որ մեկի կավճե ուրվագիծն է: Սեղանն ու իշոտնուկը տեղափոխված են պատուհանից դեպի աջ պատը: Արթուրը պատուհանից նայում է դուրս: Մանեն ու Աշոտը չկան: Թերթերով ծածկված սեղանին պառկած
Արտակը անսպասելի նստում է:

ԱՐՏԱԿ — Դրսում ի՞նչ եք փնտրում:
ԱՐԹՈՒՐ — Մեր ներսում ոնց որ բացականեր կան… Կարող է` դրսում լինեն:
ԱՐՏԱԿ — Սենյակից դուրս եկող չի եղել:
ԱՐԹՈՒՐ — Նրանց չէիր տեսնի, կարողանում են աննկատելի լինել: Ներսի դատարկությունը չլիներ` մենք էլ գլխի չէինք ընկնի:
ԱՐՏԱԿ — Բայց դրսից չի երևում, որ ներսում դատարկություն է: Եղե՞լ է, որ միայն դուք լինեք:
ԱՐԹՈՒՐ — Մորս մահվան օրը: Լիքը ժողովուրդ կար, բայց մեր մեջ դատարկություն էր: Կարծես նույնն է կրկնվում, կամ, հնարավոր է, նույնը կրկնվի: Երբ լքում են, դատարկությունն ընդարձակվում է:
ԱՐՏԱԿ — Մտածեք, որ ձեզ հետ եմ:
ԱՐԹՈՒՐ — Արդեն մտածում եմ: Բայց սկզբում, երբ իմացանք, որ բնակարանը նաև քեզ են վաճառել, շատ բարկացանք ու չարացանք, այնքան, որ առաջին զգա- ցումը քեզ լուսամուտից կամ դռնից դուրս գցելու ցանկությունն էր: Այս քանի օրը ինչ-որ թելերով կապվեցինք, մտերմացանք, հիմա ինչ-որ ջերմություն մեզնից քեզ, քեզնից մեզ է շրջանառվում: Դրա համար էլ անհանգստացած ենք, որ կարող է` սովին չդիմանաս:
ԱՐՏԱԿ — Կդիմանամ, սոված երեկոներ շատ եմ անցկացրել: Այս բնակարանի գումարը ստամոքսիս հաշվին եմ հավաքել: Ափսոս, գումարը չհերիքեց, ստիպված էի բանկից վարկ վերցնել:
ԱՐԹՈՒՐ — Առողջության հաշվին երջանկություն չի լինում:
ԱՐՏԱԿ — Միևնույն է, պարտքերս առողջությանս հաշվին եմ փակելու: Գոնե տան վարձից ազատվեի: Հույսս այս բնակարանն էր: Ինքս էլ չհասկացա` ինչպես անդունդի եզրին հայտնվեցի: Ու ոչ մեկի պետքը չէ: Ոնց որ այլմոլորակայինի են խաբել: Նրանց խորհուրդն ինչի՞ս է պետք` սպասել: Ինչքա՞ն… Մի ամիս, երկու, մի տարի, երկու…
ԱՐԹՈՒՐ — Իսկական սպասասրահ` երկիր-սպասասրահ… Որտեղից հեռանում են տարբեր ուղղություններով… Սպասելու պարտականությունից ազատվելու հա­- մար…
Արտակը իջնում է սեղանից, մոտենում է դիմացի պատին, փորձում է մարմինը տեղավորել կավճե ուրվագծի մեջ:
ԱՐԹՈՒՐ — Ի՞նչ ես անում:
ԱՐՏԱԿ — Խնդրելու եմ` ուրվապատկերս նորից գծես:
ԱՐԹՈՒՐ — Հինը ջնջիր:
ԱՐՏԱԿ — Չէ, սրա մեջ եմ ուզում գծես: Հետաքրքիր է, ինչքա՞ն եմ նիհարել:
ԱՐԹՈՒՐ — Հացադուլը թողնելո՞ւ ես:
ԱՐՏԱԿ — Երեք օր է… գոնե շաբաթը լրանա:
ԱՐԹՈՒՐ — Միայն առաջին օրը մի քանի լրագրող եկավ: Վերջ: Սերիալի հերոս էլ չդարձանք: Ավելի շուտ մոռացան, քան հասցրինք ասել` ինչ ենք ուզում: Երևի սովորական է խաբելն ու խաբվելը:
ԱՐՏԱԿ — Եթե չինովնիկի կամ օլիգարխի չեն խաբել… Այն ժամանակ սրա գոռոցն էլ կլսվի… (Ոտքով խփում է պատին:)
ԱՐԹՈՒՐ — Խոստացել էիր պատը հանգիստ թողնել:
ԱՐՏԱԿ — Սրա նմաններին հիշելիս ակամայից կատաղում եմ: Աշխարհն էլ քանդվի` սրա նմանները ծպտուն չեն հանի, մինչև աշխարհն իրենց մեջ չքանդվի:
ԱՐԹՈՒՐ — (վերցնում է պատի տակ ընկած կավիճը): Ավելի լավ է պարզենք` ինչքան ես պակասել:
ԱՐՏԱԿ — (կրկին այնպես է կանգնում, որպեսզի մարմինը տեղավորվի պատի ուրվագծի մեջ): Ինքս իմ մեջ շատ հարմար է…
ԱՐԹՈՒՐ — Ոնց որ կորիզը պտղի մեջ… (Կավիճով փորձում է Արտակի նոր ուրվապատկերը գծել: Սկսում է գլխից, իջնում է մինչև պարանոցը, ուսի վրայով պատկերում է թևը, իրանը, հասնում է ոտքերին: Նոր ուրվապատկերը հնից փոքր է ստացվում:) Երեք օրվա համար շատ չէ, էլի պակասելու տեղ ունես:
ԱՐՏԱԿ — (դուրս է գալիս գծապատկերի միջից): Երեք օր, պլյուս ողջ կյանքս: (Ուշադիր զննում է իր գծապատկերը:) Իմանայի, թե էլի ինչքան եմ փոքրանալու:
ԱՐԹՈՒՐ — Մինչև փչակում տեղավորվես:
ԱՐՏԱԿ — Եթե ազատ փչակ գտնեմ: Ամեն ինչ սեփականաշնորհված է: Անգամ ապրելու իրավունքը:
ԱՐԹՈՒՐ — Մանեն ու Աշոտն ի՞նչ եղան:
ԱՐՏԱԿ — Սիրահարվածների համար ծովը ծնկներից է: Մեզ էլ են մոռացել, տունն էլ:
ԱՐԹՈՒՐ — Չորսով ուժ էինք: Այսպես ավելի լքվածի ենք նման: Չլինեին` մոտդ մի լրագրող էլ չէր գա…
ԱՐՏԱԿ — Ասում են` սերը ամպերի մեջ է: Հիմա երևի ամպերի մեջ են, ու այդքան վերևից հազիվ երևանք:
ԱՐԹՈՒՐ — Չթռած հոպ մի ասա: Բա որ մի լավ լուր բերե՞ն:
ԱՐՏԱԿ — Ավելի հավանական է, որ իրենց գլխի ճարը տեսել են: Եթե հաջողացրել են փողերը հետ վերցնել, էլ չեն երևա:
ԱՐԹՈՒՐ — Ամպերի մե՞ջ:
ԱՐՏԱԿ — Փողը ամպերի մեջ էլ փող է: Փողս տան` ամպերից էլ վեր կթռչեմ: Միայն չփիլիսոփայեք, որ թռչելու կարիք չունեք:
ԱՐԹՈՒՐ — Ձորը նետվելն էլ թռիչք է… բայց էդ չէինք ուզում ասել: Տունը տուն է դառնում, երբ նրա մեջ ապրում են: Տուն սարքողը եթե չպատկերացնի, որ նրա մեջ ապրելու են, տունը չի կարողանա կառուցել: Այս տունը կառուցողն էլ է պատկերացրել, որ այստեղ ապրելու են: Ինչ էի ուզում… ուզում էի ասել, եթե բոլորդ հրաժարվեք, այդ ապրողը երևի մենք լինենք:
ԱՐՏԱԿ — Որ նայում եմ… (Նորից խփում է պատին:) Ոնց էլ ներկես, կղկղանքի գույնը տակից դուրս է տալու:
ԱՐԹՈՒՐ — Կարծում ես, Աշոտն ու Մանեն կզիջե՞ն:
ԱՐՏԱԿ — Չեն երևում: Արդարությանն էինք սպասում, հիմա հետն էլ նրանց ենք սպասելու: Հասկանալով, որ հնարավոր է` այլևս չերևան: Ո՞ւմ բացատրես, որ սպասելը շատ բաներից ավելի վտանգավոր է: Անտեսանելի օրգանիզմ է ու սնվել է ուզում: Սնունդը չհասցրիր` սպասողին է խժռելու: Մեզ կրկնակի է խժռելու… Դրանից եմ անընդհատ փոքրանում: Եթե մի անգամ էլ ուրվապատկերս գծես… վերջին անգամ…
ԱՐԹՈՒՐ — Խելքիդ տիրություն արա:
ԱՐՏԱԿ — Խնդրում եմ…
ԱՐԹՈՒՐ — Քո երեսից նկարիչ էլ կդառնամ: (Վերցնում է կավիճը:) Ոչ թե սպասելուց ես փոքրանում, որովհետև ամեն գծելիս քեզնից պատին ահագին բան է մնում:
ԱՐՏԱԿ — (տեղավորվում է նախորդ ուրվապատկերների մեջ:) Պատրաստ եմ:
ԱՐԹՈՒՐ — (նախորդ անգամների պես սկսում է գլխից և ավարտում է նույն հերթականությամբ): Երրորդը երկրորդից մեծ ստացվեց:
ԱՐՏԱԿ — Որովհետև… որովհետև… (Հարվածում է պատին:) Սա էլ իմ ուրվագծերն է խժռում… աննկատելի, անաղմուկ: Անզեն աչքով էլ է նկատելի, որ երկրորդը փոքրացել է: Իսկ երրորդը երկրորդից մեծ է: Պարզվում է` հացադուլից գիրանում են: Հավատո՞ւմ եք, կասկածելի չէ՞… Բայց եթե սպասելուց գիրանային կամ նիհարեին, դուք էլ կգիրանայիք կամ կնիհարեիք: Մնում է` այս այլանդակին հարցնել` ի՞նչ է անում: (Խփում է պատին:) Ասում եք` հետը չկռվեմ… Սա ու սրա նման պատերը… (Երաժշտություն է հնչում` կլարնետ-դհոլով: Աշխույժ ռիթմը հուշում է, որ ուրախության խնջույք է: Արտակը զարմացած շուրջն է նայում, արագ ականջը հպում է պատին:) Սրա միջից է, ուրախանում է…
ԱՐԹՈՒՐ — Պետք չէ: (Դուրս է գալիս, քիչ անց վերադառնում է:) Կողքը բնակարանամուտ են նշում:
ԱՐՏԱԿ — Բնակարանամո՞ւտ… քանի՞ հոգով են:
ԱՐԹՈՒՐ — Ազգ-բարեկամ, ընկերներով…
ԱՐՏԱԿ — Բնակարանը քանի՞ տեր ունի:
ԱՐԹՈՒՐ — Մեկն է, որ ուրախանում են, թե չէ մեզ նման կսպասեին:
ԱՐՏԱԿ — Ուրեմն` արդարությունը դեռ չի վերջացել, ափսոս, տեղը չգիտենք: Երևի նրանք գիտեն, մենք` չէ: Կամ նրանից է, որ պարում-ուրախանում են, կամ գտել են, դրա համար էլ պարում-ուրախանում են: Փորձել է պետք… Կարելի է ուրախանալ, նաև պարել… (Երաժշտության ռիթմով անճոռնի շարժումներ է անում, իբր` պարում է:) Դուք ինչո՞ւ չեք պարում, պարեք, ձեր ներսում հիմա քչով եք, իրար ոտք չեք տրորի: Սպասելուց լավ է… Ուրախությունը հույսը մեծացնում է: Բայց մենք ե՞րբ ենք տխուր եղել: Մերը` հուսահատությունն է: Հուսահատությունը տխրության հետ չես շփոթի: (Շարունակում է անճոռնի շարժումները:) Պարեք, պարեք, իսկապես թարմացնում է…
ԱՐԹՈՒՐ — Պարենք, եթե գործին օգուտ է… (Դանդաղ շարժումներով պարում է:) Քանի օր է` չես կերել, ոտքերդ պլաստիլինի պես փափուկ կլինեն, տես, ուրախությանդ ծանրությունից չծալվեն:
ԱՐՏԱԿ — Մթնե՞ց… (Նայում է ժամացույցին:) Արևի խավարո՞ւմ է:
ԱՐԹՈՒՐ — Ուղեղի խավարմանն ավելի նման է: Սոված ստամոքսով երազում են, ոչ թե պարում:
ԱՐՏԱԿ — Իմ երազները չեն կատարվում:
ԱՐԹՈՒՐ — Երազելիս գոնե ուտելիքի անունները չես մոռանա:
ԱՐՏԱԿ — (երաժշտությունը դադարում է, Արտակը ևս դադարեցնում է պարը): Չտեսա՞ք` ինչ էին ուտում:
ԱՐԹՈՒՐ — Ներս չմտանք:
ԱՐՏԱԿ — (իշոտնուկի վրայով բարձրանում է սեղանին, պառկում է): Քնած սովը չեմ զգում:
ԱՐԹՈՒՐ — Ուտելուց հետո ընդհանրապես սով չես զգա:
ԱՐՏԱԿ — Չեն էլ զանգե՞լ:
ԱՐԹՈՒՐ — Ովքե՞ր…
ԱՐՏԱԿ — (ձեռքի շարժումով հասկացնում է` Աշոտն ու Մանեն): Նրանք, էլի…
ԱՐԹՈՒՐ — Մենք ի՞նչ ենք անում, որ նրանք ինչ անեն:
ԱՐՏԱԿ — Սպասելը քի՞չ է: Սպասում ենք: Ու սպասելով օգնում ենք արդարադատությանը:
ԱՐԹՈՒՐ — Եթե արդարադատությունը ցանկանում է մեր օգնությունը…
ԱՐՏԱԿ — Ոնց որ ավելի եմ փոքրանում: Չամաչեի, կխնդրեի, որ մի անգամ էլ մարմնիս չափերը վերցնեիր: (Նստում, նայում է պատուհանից դուրս, կտրուկ կանգնում է, տագնապած:) Սարն անհետացել է, Արարատը չի երևում:
ԱՐԹՈՒՐ — Երեկվանից է անհետացել:
ԱՐՏԱԿ — Ո՞նց է` չեմ նկատել, ինչո՞ւ չեմ նկատել… Չլինի՞ փոքրերը շատ մեծերին չեն նկատում, չեն կարողանում նկատել: Իսկ չէիր հավատում, որ փոքրացել եմ…
ԱՐԹՈՒՐ — Եղանակն է փչացել, ամպերը չեն թողնում` երևա:
ԱՐՏԱԿ — Մի հավատա, ամպերը ո՞նց կարող են Արարատը ծածկել: Խարդախների, խաբեբաների ու կաշառակերների հնարածն է, որ իրենց մութ գործերին խանգարող չլինի: (Իջնում է սեղանից:) Միամիտներ… Կարծում են, եթե իրենք չեն տեսնում` սարն էլ իրենց չի տեսնում: Փոքրերը մեծերին չեն տեսնում, բայց մեծերն ամեն ինչ տեսնում են: (Մոտենում է պատին:) Դու է՞լ չես հավատում, որ Արարատը գալու է, և դատաստանի օրը հեռու չէ: Բոլորը պատասխան են տալու, բոլորը…
ԱՐԹՈՒՐ — Ոնց որ դուռը ծեծում են:
ԱՐՏԱԿ — Ասում էի, չէ՞, գալու է…
ԱՐԹՈՒՐ — Շտապ օգնությո՞ւնը… ինչ էլ իմացել են: (Գնում, քիչ անց վերադառնում է:)
ԱՐՏԱԿ — Ո՞վ էր:
ԱՐԹՈՒՐ — Մեղր էին ծախում:
ԱՐՏԱԿ — Նրանք չէի՞ն:
ԱՐԹՈՒՐ — Չէ:
ԱՐՏԱԿ — Ուրեմն` լքել են: Այս իշոտնուկն ու սեղանը չեն լքի, պատը կլքի: Առայժմ չի լքում, որովհետև հսկում է: Ի՞նչն ես հսկում… Ուզում ես իմանալ` ինչքա՞ն եմ փոքրանալու: Հնարավոր է, որ քո կղկղանքի գույնից լինի: Հնարավոր է` այդ գույնը մարդկային էներգիայի հաշվին չի խունանում: Հնարավո՞ր է… Նրանք ինչո՞ւ չեն գալիս: Ինչո՞ւ, եթե գիտեն, որ իրենց սպասող կա: Սպասում ենք, չէ՞… Չե՞նք սպասում: Եթե այլևս չերևան, նշանակում է… փրկվել են սպասելուց: Չսպասելու տարբերակները երկուսն են` կամ մեռել են, կամ հասել են ուզածներին: Մեռնելու համար առողջ էին: Երկրորդ տարբերակը չէր կարող խանգարել, որ երևային… Ինչո՞ւ չկան: Մրսում եմ… Այս տան պատերից սառնություն է փչում: Ավելի լավ է` դրսում սպասեմ: Ավելի լավ է… (Դուրս է վազում:)
ԱՐԹՈՒՐ — Պատմությունը կրկնվում է: (Վազում է նրա հետևից:)
Չորրորդ պատկեր
Նույն բնակարանը: Արթուրը մտնում, զարմացած շուրջն է նայում:
ԱՐԹՈՒՐ — Էլի չեն եկել: Մեկը հիվանդանոցում է, երկուսը քանի օր է` համբարձվել, չքվել են: Չլինի՞ որոշել են բնակարանն ինձ թողնել: Որոշած էլ լինեն` օրենքը թույլ չի տա, օրենքը կդիմադրի: Օրենքը նրա համար է, որ անհատի որոշումներին դեմ լինի: Եթե խոսքը նույնիսկ մարդու իրավունքներին է վերաբերում: (Մոտենում է պատուհանի դիմացի պատին:) Հետաքրքիր է, էս պատը մյուս պատերից ինչո՞վ է տարբերվում, նույն գույնն ունի, ինչ մյուսները… Սրա տեսքից ինչո՞ւ էր կատաղում: (Շոյում է պատը, մյուս պատերը:) Ոչ մի տարբերություն: Մարդկանց պես տարբերությունը դրսից չի երևում: Դժվար է տարբերել` ով է էներգիա տալիս, ով է վերցնում: Տվողների հետ հեշտ է, վերցնողների կողքին թվում է` պակասում ես… (Նորից է պատուհանի դիմացի պատին մոտենում:) Ինքն էլ էր փոքրանում… Կարո՞ղ է պատը… (Կրկին շոշափում է:) Սովորական պատ է… (Շրջվում է պատուհանի կողմը:) Արարատը այսօր էլ չի երևում: Հետո՞ ինչ, ձմեռները հազվադեպ է երևում: Բայց ոչ մեկը չի գժվում: Նա Արարատի բացակայությունից էլ էր թևաթափ: Ամեն հայ էլ Մասիսի հետ իրեն ավելի վստահ է զգում: Բոլորն էլ գիտեն, որ եթե սարը չի երևում, միևնույն է, այնտեղ է: Ինքն էլ պիտի հասկանա, որ ոչ մեկը սարը չի կարող տեղաշարժել, եղանակի պարզվելու հետ նորից կերևա: Հետաքրքիր է, հարևան բնակարանում ինչպե՞ս է… Բնակարանամուտը տոնել, հեռացե՞լ են, թե՞ տեղավորվել, ապրում են: Վատ չէր լինի հետները ծանոթանալ: Երբեմն հարևանները հարևանների մասին ավելին են իմանում: Մեր պատմության մասին լսած կլինեն: (Պատրաստվում է դուրս գալ, բայց տեսնելով ներս մտնող Մանեին` զարմացած ընկրկում է:)
ՄԱՆԵ — Ոնց որ ուրվական տեսնեիք, ինչո՞ւ վախեցաք:
ԱՐԹՈՒՐ — Կարող ես դու-ով դիմել… Ներսս դատարկ է… հիմա բոլորի փոխարեն եմ սպասում:
ՄԱՆԵ — Ո՞ւմ…
ԱՐԹՈՒՐ — Խառը պատմություն է: Էլ խարդախին, էլ լուր դատախազությունից, էլ պատվիրատու կազմակերպության ներկայացուցչին, էլ մարդու իրավունքների պաշտպանին, էլ արդարությանը, էլ լրագրողներին… Ծերությանը, մահվանը… Վերջին օրերին էլ` ձեզ:
ՄԱՆԵ — Աշոտը քաղաքում չէ, Ռուսաստանից կանչեցին:
ԱՐԹՈՒՐ- Կարծում էի` առանց քեզ չի գնա:
ՄԱՆԵ — Պատկերս հետն է տարել:
ԱՐԹՈՒՐ — Բա որ կորցնի՞:
ՄԱՆԵ — Խոստացել է զգույշ լինել:
ԱՐԹՈՒՐ — Միևնույն է, մենակ չպիտի թողնեիր:
ՄԱՆԵ — Շուտով ես էլ եմ գնալու: Քեռուս մասին ասել եմ: Էս պատմությունից բարկացել ու չի ուզում, որ մի օր ավելի այստեղ մնամ: Հրավիրում է Ամերիկա` մշտական բնակության:
ԱՐԹՈՒՐ — Առանց Աշոտի՞:
ՄԱՆԵ — Կարիքս զգա` կգտնի:
ԱՐԹՈՒՐ — Ամերիկան մեծ երկիր է:
ՄԱՆԵ — Ռուսաստանն էլ կղզի չէ: Պետք լինեմ` երկնքում էլ կգտնի: (Ուշադիր շուրջն է նայում:) Ամեն ինչ նույնն է… իշոտնուկն ու սեղանն էլ չեն փոխվել: Չնայած Աշոտն ասում էր, որ դատարկ սեղանը շուտ է մաշվում: (Աչքն ընկնում է «հացադուլ» գրված պաստառին:) Հացադո՞ւլ… ինչի՞ համար: Կարծես ուտելու բան եք գտել, հիմա էլ հրաժարվում եք:
ԱՐԹՈՒՐ — Ես չէ, նա է…
ՄԱՆԵ — Որ ինքն է` ո՞ւր է: Թե՞ քեզ համար է հայտարարել, որ չուտես:
ԱՐԹՈՒՐ — Ուտելը` ուտում եմ: Լինի` էլի կուտեմ: Նրա նյարդերը չդիմացան, հիվանդանոց ընկավ: Արդեն երկու օր է:
ՄԱՆԵ — Հիվանդանո՞ց… լավ լուր չէր: (Ցույց է տալիս պատի գծապատկերները:) Էս խզբզոցներն ո՞ւմն են:
ԱՐԹՈՒՐ — Էլի նրանը: Կարծում էր` փոքրանում է, դրանցով էր ստուգում` ինչքան է պակասել:
ՄԱՆԵ — Ամեն օր գալի՞ս էիք:
ԱՐԹՈՒՐ — Ուրիշ ո՞ւր գնայինք, դրսում կարծես գիտեին, որ խաբված ենք: Կարծես ուզում էին հասկացնել, որ իրենց գրպաններն էլ են դատարկ: Էս օրերին դժվար է… այստեղ գոնե մուրացկանի տեղ չեն դնում:
ՄԱՆԵ — Զուր տեղը ձեզ ներշնչել եք:
ԱՐԹՈՒՐ — Չեմ վիճում: Հնարավոր է` ներշնչվել ենք, հնարավոր է` իսկապես էլ չեն կարող օգնել…
ՄԱՆԵ — Շուտով քննիչը բոլորիս կկանչի:
ԱՐԹՈՒՐ — Գտե՞լ են:
ՄԱՆԵ — Դեռ չէ: Պարզվում է, այդ սրիկան իսկապես լիազորված է եղել առքուվաճառքի պայմանա­գրեր կնքել: Բայց հիմա մեր բողոքը լիազորող կազմակերպության դեմ է, նա պիտի մեր վնասը հատուցի: Աշոտը նոտարի դեմ էլ է հայց ներկայացրել:
ԱՐԹՈՒՐ — Վրա մի տուր… Ասում ես` նրա ներկայությունը պարտադիր չէ՞… Չգտնեն, էլի դատավարություն լինելո՞ւ է: Էլ ո՞ւմ էինք սպասում: Որ որոշել են դատ ու դատաստան սկսել, նշանակում է` առանց նրան էլ հնարավոր էր: Չէր կարելի՞ էդ դատն ավելի շուտ սկսել: Էլ ինչո՞ւ էինք սպասում, տառապում, թե նրան երբ են գտնելու: Թե՞ աշխարհի բանն է, որ խաբվածներին լուրջ չընդունեն: Կլինի` կլինի, չի լինի` թող սպասեն: Մեկն արդեն խելագարության շեմին է… Այս հսկա մարմնի մեջ մնացել ենք ես ու քամին: Երրորդը, չգիտես, Ռուսաստանից կվերադառնա՞, թե՞ կմնա սպիտակ արջերին տաքացնելու: Չորրորդն այստեղ արդեն Ամերիկայի կյանքով է ապրում: Բոլորը լքում են, ինչո՞ւ… Երևի, որ այս տանն անարդարությունն է եղել:
ՄԱՆԵ — Գույները մի խտացրու: Ո՞վ ասաց` ապրում եմ: Ոչ մի կյանքով էլ չեմ ապրում, մանավանդ, որ Աշոտն էլ այստեղ չէ: Սպասում եմ` փողերս վերադարձնեն: Այն ժամանակ կորոշեմ որտեղ, ինչպես և ում հետ ապրել:
ԱՐԹՈՒՐ — Կարծում ես` կստացվի՞:
ՄԱՆԵ — Ի՞նչը:
ԱՐԹՈՒՐ — Փողերը հետ բերել:
ՄԱՆԵ — Բա Ամերիկա ո՞նց եմ գնալու:
ԱՐԹՈՒՐ — Սիրտս վկայում է, մինչև նրան չգտնեն, ոչ մեկը մեր փողերը չի տա:
ՄԱՆԵ — Լավատեսությունը լավ բան է: Նախկին հիմարները չենք, ո՞ւմ ենք սպասելու: Գուցե խեղդվել է, սպանել են` չկա: Մեռածի՞ն ենք սպասելու… Անձամբ ինձ հետաքրքիր չէ նրա անձը: Նրա անձով թող լիազորող կազմակերպությունը զբաղվի: Ինձ իմ փողերն են պետք: (Հեռախոսազանգ: Գրպանից հանում է հեռա­­խոսը:) Ալո… էս անիծված տանը… Արթուրի հետ: Հիվանդանոցում է, նյարդերը չեն դիմացել: Ի՞նչ փաստաբան… նո՞ր եք ընկերացել: Ասում ես` ո՞ւր էր… Չեմ լսում, բարձր ասա, նորից չեմ լսում: Նորությո՞ւն… ի՞նչ նո- րություն… Չեմ մոռանա: Կարծո՞ւմ ես… Ես էլ եմ Արթուրին ասում` լավատես լինի: Անպայման, անպայման, կսպասեմ, առայժմ: (Հեռախոսը պահում է:) Աշոտն էր:
ԱՐԹՈՒՐ — Գլխի ընկա: Նորություն չունե՞ր:
ՄԱՆԵ — Ասում էր` մեր դատը երկրի ամենալավ փաստաբաններից մեկն է պաշտպանելու: Ընկերն է:
ԱՐԹՈՒՐ — Առաջին անգամ եմ ուզում, որ շաբաթը ուրբաթից շուտ գա:
ՄԱՆԵ — Գործներս հաջող գնաց, հնարավոր է` կիրակին ավելի շուտ գա: Էլի եղե՞լ է, որ ներսդ մենակ լինես:
ԱՐԹՈՒՐ — (ցույց է տալիս պատի գծանկարը): Նույն հարցը նա տվեց:
ՄԱՆԵ — Ի՞նչ ես պատասխանել:
ԱՐԹՈՒՐ — Եղել է, մորս մահվան օրը: Ժամերով լուռ էի, ինքս ինձ հետ էլ չէի խոսում:
ՄԱՆԵ — Հիմա այդքան երկար չես կարող լռել:
ԱՐԹՈՒՐ — Զգում եմ, որ չի ստացվում: Երևի իմ լռելու մեխանիզմն էլ է փչացել:
ՄԱՆԵ — Այստեղ ի՞նչ ես անելու:
ԱՐԹՈՒՐ — Շարունակելու եմ ժամանակ սպանել, այսինքն` իմ կյանքի ժամանակը:
ՄԱՆԵ — Ասում եմ, չայցելե՞նք:…(Ցույց է տալիս գծապատկերը:) Քննիչը հավանաբար վաղը նրան էլ կկանչի: Այդ լուրը հաստատ կուրախացնի նրան: Կարող է նաև ոգևորվել, որ վերջապես ուզում են սայլը տեղից շարժել:
ԱՐԹՈՒՐ — Վատ միտք չէ… Ինքս էի ուզում առաջարկել, վախեցա` չհամաձայնես:
ՄԱՆԵ — Աշոտն էլ մտահոգվեց, երբ իմացավ, որ հիվանդանոցում է:
ԱՐԹՈՒՐ — Հա, շատ կարևոր է, որ գոնե այս պահին չլքենք իրար:
Անսպասելի հայտնված անծանոթը ուշադիր ուսումնասիրում է տունը, Արթուրին և Մանեին: Նրանք արդեն նկատել են, սպասում են, թե անծանոթն ինչ է ասելու կամ անելու: Վերջապես Արթուրը հազում է, հասկացնելով, որ ինչ-որ բան պիտի անել: Արթուրի միջամտությունից անծանոթը զգաստանում է:
ԱՆԾԱՆՈԹ — Այստեղ ի՞նչ եք անում:
ԱՐԹՈՒՐ — Կասենք, երբ ասես, թե դո՞ւ ինչ ես անում:
ԱՆԾԱՆՈԹ — Իմ տունն է, ինչ ուզեմ` կանեմ:
ԱՐԹՈՒՐ, ՄԱՆԵ — (միասին): Ի՞նչ…
ԱՆԾԱՆՈԹ — Իմ տանն ի՞նչ եք անում:
ԱՐԹՈՒՐ — (ասես ուշքի գալով): Առքուվաճառքի պայմանագիրը մո՞տդ է:
ԱՆԾԱՆՈԹ — Պայմանագիրն էլ, կտրոնն էլ:
ԱՐԹՈՒՐ — Ցույց տուր:
ԱՆԾԱՆՈԹ — Ի՞նչ իմանամ` ով եք:
ՄԱՆԵ — Հեռվից ցույց տուր:
ԱՆԾԱՆՈԹ — (գրպանից հանում է պայմանագիրն ու հեռվից ցույց է տալիս): Երևո՞ւմ է:
Արթուրն ուշադիր նայում է պայմանագրին, ապա սկսում է հիստերիկ ծիծաղել:
ԱՆԾԱՆՈԹ — Ծիծաղելու պատճառը չեմ հասկանում:
ԱՐԹՈՒՐ — Ծիծաղողը ես չեմ: Իշոտնուկն ու սեղանը տեսնո՞ւմ ես… Երկուսի ուշքն էլ գնում է ծիծաղելու համար: Ամեն ստից առիթով ծիծաղում են: (Ավելի հախուռն է ծիծաղում:)
ԱՆԾԱՆՈԹ — (Մանեին): Ձեր ընկերը հիվա՞նդ է:
ՄԱՆԵ — Այստեղ մտնողը հիվանդանում է:
Մանեն էլ է սկսում ծիծաղել: Երկուսով ցույց են տալիս պայմանագիրը և ծիծաղում են ավելի բարձր ու հիստերիկ: Անծանոթը զարմացած մերթ Արթուրին է նայում, մերթ Մանեին, չկարողանալով հասկանալ, թե ինչ է կատարվում:
ԱՐԹՈՒՐ — Ասում է` իմ տունն է… Ասում է` իմ տունն է… Չգիտի, որ կա ու չկա, կա ու չկա, կա ու չկա…
ՄԱՆԵ — Կա ու չկա, կա ու չկա… Հիվանդ է… ասում է` իմ տունն է… (Ծիծաղում է` ամբողջ մարմնով ցնցվելով:)
Անսպասելի հայտնվում է Արտակը, մոտենում է Արթուրին ու Մանեին ու նրանց պես մատը անծանոթին պարզած ծիծաղում է, կրկնելով` կա ու չկա, կա ու չկա: Երեքով հռհռում են: Թվում է` աշխարհն է ծիծաղում: Հախուռն, բարձր, հոմերական քրքիջ ու հռհռոց… Քրքիջի, հռհռոցի ուղեկցությամբ բեմն աստիճանաբար մթնում է:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։