Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ / ՏԻԿԻՆ ԴՈՆ ԽՈՒԱՆ ԴԵ ՏԵՆՈՐԻՈ կամ 1004-րդը
Մոնոպիես
ՏԻԿԻՆ ԴՈՆ ԽՈՒԱՆ ԴԵ ՏԵՆՈՐԻՈ — Ոչ, ոչ, ես նրա քույրը չեմ, ոչ էլ աղջիկը, բնականաբար, նաև մայրը չեմ, չնայած… ոչ էլ մերձավոր կամ հեռավոր ազգականը…
Ես նրա կինն եմ:
Այո, օրինական, եկեղեցով, խաչով ու պատարագով օրհնված… Ահա նրանց տոհմական մատանին, որը նրա հայրը հագցրեց, հետն էլ ձեռքս այնպես շոյեց, որ քիչ էր մնում… Մի խոսքով, հայր ու որդի իրար արժեն…
Ի դեպ, դրանց տոհմական նշանը կշեռքն է, որն, իբրև թե, խորհրդանշում է արդարությունը, սակայն, իմ կարծիքով, ուրիշ բան պետք է լիներ… Անպայման ուզում եք իմանա՞լ, թե ինչ… Դե, որ շատ եք ուզում` կասեմ. ֆալլոսը:
Ինձ շատերն էին հետապնդում, երիտասարդ ազնվականներ՝ մեկը մյուսից լավ, և, մանավանդ, առաքինի ու խիզախ… Նրանք համբերատար սպասում էին բարեհաճության իմ ժպիտին, բայց, ավա՜ղ, այդ անարժանն արժանացավ…
Այսինքն՝ ես նրան չեմ ժպտացել, ընդհակառակը, առավել քան հստակ և փոքր-ինչ բարձր (որպեսզի մյուսներն էլ լսեն) ասացի. «Սինյոր, խնդրում եմ, ազատեք ինձ ձեր ներկայությունից»: Այդտեղ ազնվական ուրիշ օրիորդներ կային, ովքեր բնավ դեմ չէին լինի, որ այդ ամբարիշտը մոտենա իրենց և բացահայտ ու անպարկեշտ առաջարկներ անի: Բայց նա ինձ էր ընտրել, և իմ մերժումը լսելուն պես գլխիկոր հեռացավ:
Բոլորը զարմացած էին այդ հնազանդությունից, իսկ ես մտովի պախարակում էի ինքս ինձ, թե դաժան եղա: Բայց պիտի համոզվեի, որ նրան արտաքսելն այնքան էլ դյուրին չէ…
Ուշ երեկոյան, երկարաձգված պարահանդեսից հետո ահավոր հոգնած, աղախնիս՝ Մարիայի օգնությամբ հանվեցի, միանգամից մտա անկողին և… այնտեղ ի՜նչ տեսա… ավելի ճիշտ` ո՜ւմ տեսա… Այո, դժվար չէր կռահել. Դոն Խուանը, մորե մերկ, իմ անկողնում պառկած…
Ես չհասցրի սոսկումից ճչալ, որովհետև նա ափով փակեց բերանս և հազիվ լսելի շշնջաց. «Հանուն ձեր անբասիր հեղինակության, սինյորիտա»: Այնուհետև ձեռքը հեռացրեց և ասաց. «Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե ձեր սքանչելի բերանը չփակեի. դուք սոսկումի աղաղակ կարձակեիք, ձեր զինյալ պահակներն անմիջապես կներխուժեին այստեղ և ի՞նչ կտեսնեին… սինյորիտա Ռոզալիան՝ Դոն Խուանի գրկում»:
«Ես ձեր գրկում չեմ»,- վրդովված պատասխանեցի ես:
«Այո, իսկապես, դուք առայժմ իմ գրկում չեք, բայց ավելի վատ, մի անկողնում եք ինձ հետ, ըստ որում` ձեր անկողնում… Եվ երկուսս էլ մերկ ենք… Ձեր փոխարեն մեկ ուրիշին տեսնեիք այս վիճակում, ի՞նչ կմտածեիք…»,- ասաց նա:
«Դուք ստորաբար սողոսկել եք իմ ննջարանը»:
«Ճիշտ եք,- համաձայնեց նա:- Բայց ձեր պահապաններին և, մանավանդ, ձեր պատվարժան կոմս հայրիկին կկարողանա՞ք ապացուցել, որ ես սողոսկել եմ, ինչպես բարեհաճեցիք արտահայտվել, և ոչ թե ձեր հոժար կամքով, ձեր սիրալիր հրավերով հայտնվել այստեղ»:
«Այն, ինչ անում եք դուք, վայել չէ ազնվականին, անգամ ռամիկն այդպես չէր վարվի»:
«Հանուն ձեր սիրո ես ոչ միայն ռամիկ, այլև պատրաստ եմ ձեր ոտքի տակի հողը դառնալ… Պահանջեք` ինչ ուզում եք, ես սիրով կկատարեմ»,- ասաց նա:
«Պահանջում եմ՝ հեռացեք այստեղից, հենց հիմա, անհապաղ»:
«Կատարել այդ պահանջը, կնշանակեր մեծագույն ստորությունը գործել ձեր հանդեպ, քանի որ ձեր փառահեղ դղյակի դարպասները հիմա ամուր գոցված են, իսկ պահապաններն էլ արթուն հսկում են, մնում է, ուրեմն, ձեր նկարչագեղ պատուհանը…»:
«Ես հենց պատուհանը նկատի ունեմ»,- ասացի ես:
«Ես սիրով կկատարեմ ձեր պահանջը, սինյորիտա, կցատկեմ երրորդ հարկից ներքև, կփշրեմ իմ ոտքերը և սոսկալի ցավը զսպելով կսպասեմ՝ մինչև որ լուսաբացին ձեր սպասավորները ձեր պատուհանի տակ, կրկնում եմ՝ ձեր պատուհանի տակ հայտնագործեն թշվառ սիրահարիս, և այդ ժամանակ նրանք ի՞նչ կմտածեն… Մի՞թե դուք ձեր թշնամին եք, սինյորիտա…»:
«Դուք կատարյալ հրեշ եք…- զայրացած ասացի ես:- Անկարելի է նույնիսկ պատկերացնել. իմ սեփական տան մեջ ինձ գցել եք թակարդը, որից չեմ կարող դուրս գալ՝ առանց հեղինակությունս վնասելու»:
«Դուք շատ ճիշտ բնորոշեցիք,- համաձայնեց նա:- Այո, թակարդը, բայց՝ սիրո թակարդը… Եթե խորը մտածեք՝ սերը մի թակարդ է, որի մեջ ընկնում ենք կամովին, երազում ենք այդ մասին, անքուն գիշերներ անցկացնում… Տվյալ դեպքում, ես հոժարակամ մտա այս թակարդը…»:
«Որպեսզի ի՞նչ անեք»,- հարցրի ես:
«Ի՜նչ միամիտ հարց եք տալիս, սինյորիտա… Որպեսզի վայելեմ ձեր ներկայությունը»:
«Ընդամե՞նը…»:
«Մի՞թե դա քիչ է…»:
Այդ պատասխանն ինձ զարմացրեց: Ես սպասում էի, որ նա կատաղի գազանի պես կհարձակվի վրաս, կբռնաբարի, կանպատվի… Սակայն, ասես, մի հնազանդ գառնուկ, պառկել էր հետս մի անկողնում, և չնայած մեր միջև ողջախոհության սուրը չկար դրված, նա պատկառելի հեռավորություն էր պահապանում, գրեթե մահճակալի եզրին էր տեղավորվել:
Թիկունքս դարձրի նրան և, չնայած սոսկալի հոգնած էի, որոշեցի ամեն գնով հաղթահարել քնի անդիմադրելի պահանջը… Սակայն չզգացի, թե ինչպես փակվեցին աչքերս…
Արթնացա և ինձ տեսա նրա գրկում… Խորը քնից և, ինչո՞ւ ոչ, ցանկասիրությունից ընդարմացած` չկարողացա նույնիսկ ամենաաննշան դիմադրությունը ցուցաբերել… Եվ ինչո՞ւ ցուցաբերեի, երբ վաղո՜ւց, անհամբեր սպասում էի այդ ակնթարթին:
Իմ ընկերուհիներից մի քանիսն իրենց առաջին գիշերվանից տխուր հուշեր էին պատմում… Իսկ ես հիմա համոզված էի, որ ամբողջ կյանքում այս գիշերը երանությամբ եմ հիշելու: Նա ինձնից հագեցում չուներ, իսկ երբ մի քանի անգամ իմ մարմինը վայելելուց հետո հևասպառ պառկել էր կողքիս, մի կերպ արտաբերելով ասաց. «Ես վերջապես կին ճանաչեցի»:
«Սինյոր, դուք կատակ եք անո՞ւմ. ձեր հավատարիմ սպասյակ Լեպորելոն աշխարհով մեկ տարածել է, թե դուք 1003 կին եք նվաճել»,- զարմացած հարցրի ես:
«Դրանք կանայք չէին,- պատասխանեց նա:- Դրանք պարզապես էգեր էին, նրանք էգ էլ կմնան, իսկ Աստված ձեզ, սինյորիտա, միանգամից կին է ստեղծել»:
Բուռն սիրուց պարտասած և նման հաճոյախոսություններով շոյված ես խորը քուն մտա, որը, սակայն, երկար չտևեց, քանի որ լուսաբացին նա ինձ նորից արթնացրեց իր կատաղի համբույրներով… Նա համբուրում էր վարից վեր, ոտքից գլուխ, մարմնիս վրա տեղ չմնաց, որ նրա համբույրը չզգար… Նա նորից արթնացրեց իմ ցանկասիրությունը և մենք, մի գիշերվա ընթացքում չգիտեմ որերո՜րդ անգամ, տրվեցինք խելահեղ սիրուն…
Կեսօրն անց էր, երբ աղախինս՝ Մարիան, ուսս ցնցելով հանեց ինձ խորը քնից: Նա ցուցամատն ուղղեց իմ հյուրի կողմը և, խորամանկ ժպիտը դեմքին, ասաց. «Այս սինյորի խռմփոցը տարածվել է տնով մեկ… Բոլորը զարմացած են, իսկ ձեր հարգարժան մայրիկն ասաց` իմ դուստրը երեկ շատ հոգնեց, ահա ինչու այսօր սովորականից շատ է քնում»:
Հետո պիտի իմանայի, որ «այդ սինյորը» հավատարիմ աղախնիս դավադրության հետևանքով է հայտնվել իմ ննջարանում… Նրա սպասյակը՝ Լեպորելոն, այդ սատանի ճուտը, կաշառել էր Մարիային, վերջինս էլ Դոն Խուանին բոլորից աննկատ բերել էր իմ սենյակ: Լա՜վ նվեր արեց ինձ…
Եվ հիմա, նոր օրվա լույսի ներքո հասկացա, թե ինչպիսի պատմության մեջ եմ ընկել: Ես արթնացրի Դոն Խուանին և պահանջեցի, որ անմիջապես հեռանա: Քնաթաթախ՝ նա սկզբում չհասկացավ, թե ինչ եմ ուզում իրենից, հետո, հասկանալով, վճռականորեն ասաց. «Ոչ մի դեպքում, սիրելիս, դա ստոր փախուստ կլինի»: «Բայց ձեզ կտեսնեն այստեղ, և մենք երկուսս խայտառակ պատմության մեջ կընկնենք»: «Թող տեսնեն…»: «Դուք խելագարվե՞լ եք, սինյոր… Դուք ուզում եք արատավորե՞լ ինձ իմ հարազատների առջև»,- զայրույթով ասացի ես: «Ընդհակառակը, ուզում եմ ձեր պատիվը բարձրացնել. ես հիմա դուրս կգամ այստեղից և ամենայն հանդիսավորությամբ ձեր պատվարժան կոմս հայրիկից ձեր ձեռքը կխնդրեմ»: «Եթե ճիշտ հասկացա, դուք ուզում եք ամուսնանա՞լ ինձ հետ»: «Ճիշտ այդպես, սինյորիտա»:
Ես հազիվ կարողացա զսպել իմ քրքիջը, մինչդեռ նրա դեմքին մի զարմանալի լրջություն կար, իսպառ անհետացել էր այն լկտի կիսաժպիտը, որն անբաժան էր նրանից:
Եվ իսկապես, կես ժամ հետո ծնողներիս առջև կանգնած, Դոն Խուան դե Տենորիոն մինչև գոտկատեղը խոնարհվելով, հանդիսավորապես հայտնեց, որ եկել է իմ ձեռքը խնդրելու:
Հայրս, անշուշտ, հասկացավ, որ նա գիշեր է անցկացրել այստեղ, իմ ննջարանում, սակայն խնայելով սեփական դստեր, ինչպես և իր պատիվը, լռեց այդ մասին և պարզապես ասաց. «Մենք դեմ չենք, սինյոր, սակայն կցանկանայինք այդ խնդրանքը լսել նախևառաջ ձեր ազնվազարմ հոր բերանից»:
…Ամեն ինչ արվեց ըստ օրինաց կարգի: Լուրը տարածվել էր երկրով մեկ, այսինքն, ի՜նչ եմ ասում՝ աշխարհով մեկ: Եկել էին ամեն տեղից՝ ներկա լինելու դարի ամուսնությանը. վեհապետներ, պետական այրեր, մեծահարուստներ, աշխարհահռչակ արվեստագետներ, լրագրողներ, հետաքրքրասերներ և, վերջապես, այն 1003-ի մեծ մասը, որ հատուկ ժամանել էին տեսնելու իրենց առասպելական մրցակցուհուն, ով կարողացավ ամուսնական կապերով շղթայել ամբարիշտին:
Քաղաքի հյուրանոցներում ազատ անկյուն չկար, ռեստորաններն ու ճաշարանները չէին հասցնում սպասարկել անթիվ ու անհամար այցելուներին, քաղաքը մի քանի օրում այնքան առևտուր արեց, որ անգամ մեկ տարում չէր անում:
Եկեղեցին շտապեց Դոն Խուանի դարձը վերագրել իրեն: Քաղաքով մեկ լուր տարածվեց, որ պարահանդեսի օրը մեր տնից գլխիկոր և տրտում դուրս է եկել, գնացել եկեղեցի, մոմ վառել Տիրամոր պատկերի առջև և մեկ ժամ աղոթել է: Կանոնիկոսը, որն այդ պահին, իբրև թե պատահմամբ, այդտեղ է եղել, սեփական ականջով լսել է, թե ինչպես սինյոր Դոն Խուանը մի քանի անգամ խնդրել է Սուրբ Կույսին, որ օգնի իրեն սրբազան դաշինքով կապվելու սինյորիտա Ռոզալիայի հետ:
Հետո հայտնվեցին ականատեսներ, որոնք պատրաստ էին Ս. Գրքի վրա երդվել, թե նրան տեսել են քաղաքի տարբեր եկեղեցիներում, Տիրամոր պատկերի առջև նույն աղոթքը մրմնջալիս: Հարսանիքին նախորդած օրերի ընթացքում Դոն Խուանը դարձավ հրաշապատում զրույցների պերսոնաժ, միանգամից մոռացան նրա խայտառակ անցյալը և եկեղեցու կողմից բանադրված անձնավորությանը օժտեցին ամենաբարձր առաքինություններով: Քիչ էր մնում՝ արդեն ողջության օրոք սրբոց դասում կարգեին: Նա, իհարկե, սուրբ չդարձավ, սակայն նրա վրայից հանվեց բանադրանքը, որ դրվել էր տարիներ առաջ՝ պիղծ վարքի համար: Եվ հետաքրքիրն այն էր, որ բանադրողն ու հանողը նույն անձն էր՝ սրբակենցաղ մի եպիսկոպոս:
Ճիշտ էին այդ պատմությունները, թե ոչ, սակայն ստույգ էր, որ նա արմատապես փոխվել էր, նրա ծնողները, նրան ճանաչող մարդիկ միաբերան ասում էին, թե ուրիշ մարդ է դարձել: Ամենևին չվիճարկելով եկեղեցու դերն այս կերպարանափոխության մեջ, մարդիկ, այնուամենայնիվ, ընդունում էին, որ դա նախևառաջ իմ շնորհիվ է:
Իսկապես, նա դարձել էր աստվածավախ, բարեպաշտ մի ազնվական: Եթե նախկինում ձեռքը սուսերի վրա էր կամ, կախված հանգամանքերից, քիչ ավելի վար… Մի խոսքով, հասկանում եք՝ ինչ եմ ուզում ասել… ապա հիմա անբաժան էր Ս. Գրքից: Լեպորելոն` նրա հաշվեկալը, մտերմաբար խոստովանեց ինձ, որ այն բուռն գիշերվանից հետո նոր թիվ և նոր անուն չի գրանցել, որ նրա ցուցակը կանգ է առել 1004-րդի վրա: «Մինչդեռ տասն օր է անցել… Պարզապես անհավատալի է, այսպես որ գնաց, ես գործազուրկ կդառնամ»,- տրտնջաց նա:
Մեր հարսանեկան արարողությունը եկեղեցում, ուղիղ եթերով ցուցադրվում էր աշխարհով մեկ, և միայն դրա իրավունքի վաճառքից եկեղեցին ու մեր ընտանիքները միլիոններ վաստակեցին:
Այդ գումարներով մենք դղյակ գնեցինք և որոշեցինք ծնողներից առանձին ապրել: Ես ուզում էի, որ այնտեղ` բոլորի աչքից հեռու, տրվենք մեր սիրո խրախճանքներին: Առաջին գիշերվա քաղցր հուշն ինձ ստիպում էր շտապել, և մինչև հարսանիք ընկած շաբաթների ընթացքում ես պարզապես ցանկությունից այրվում էի: Հարսանիքին հաջորդած օրերի ընթացքում, կարելի է ասել, որ ննջարանից դուրս չէինք գալիս, իսկ եթե դուրս էինք գալիս, ապա շտապում էինք վերադառնալ այնտեղ, մի քանի անգամ էլ, ուղղակի պարտեզում, խոհանոցում կամ այլուր, անհամբերությունից դողալով, արեցինք այն, ինչն ավելի խոհեմ կլիներ անել ննջարանում, չորս պատերի մեջ:
Մեր խելահեղ կենցաղն արդեն դարձել էր բոլորի քննարկման առարկա, և եթե նախկինում միայն Դոն Խուանին էին դատապարտում, ապա հիմա՝ երկուսիս: Լուրն, անշուշտ, զարդարված զանազան պիկանտ մանրամասներով, հասել էր նաև մայրիկիս: Նա ասաց, թե, իհարկե, գովելի է, որ ամուսինդ այդպես հավատարիմ է քեզ և այլևս չի հետաքրքվում ուրիշ կանանցով, բայց չէր խանգարի, որ չափավոր լինեիք և, մանավանդ, ձեր մտերմիկ կյանքը հեռու պահեիք կողմնակի հայացքներից:
Ամուսնուս ծնողներն էլ, կարծեմ, խոհեմության և ժուժկալության կոչեր էին արել, բայց նրանց լսողն ո՞վ էր: Մենք անհագ ցանկությամբ տրվում էինք իրար, և ամեն անգամ թվում էր, թե դա մեր առաջին հանդիպումն է:
Մարմնական բուռն սերը մարդուն երբեմն զրկում է սթափ դատելու կարողությունից, սակայն գալիս է հագեցումը, և սկսում ես արդեն երևույթներին նայել ուրիշ հայացքով, և հանկարծ հարցականներ են ծնվում: Ասել չեմ ուզում, թե մենք սառեցինք իրարից, բայց ես սկսեցի լրջորեն մտածել որոշ բաների մասին:
Օրինակ՝ իմ մշտաբորբոք ցանկությունը բացատրվում էր նրանով, որ ես նոր-նոր էի ճանաչում մարմնական սերը և օգտվելով հմուտ խաղընկերոջ ներկայությունից` լիուլի վայելում էի այն: Բայց ինչո՞վ բացատրել, որ ինձնից առաջ 1003 կին ճանաչած փորձառու գայթակղիչը ամեն անգամ նույնպիսի և գուցե ավելի մեծ անհագությամբ էր մոտենում ինձ:
Ըստ որում, եթե առաջին շրջանում բավական էր իրար կողքի հայտնվեինք, որպեսզի բառացիորեն հրկիզվեինք, ապա հետագա ամիսներին ես արդեն սկսում էի հագենալ, իսկ նա, կարծես՝ ոչ: Ավելին՝ նրա գրոհներն արդեն սկսում էին ինձ հոգնեցնել. ամբողջ օրվա ընթացքում նրա ուղեղը միայն մի բանով էր զբաղված՝ պառկել ինձ հետ: Եվ եթե պառկած չէր, ասենք՝ սնվում էր, ապա յուրաքանչյուր պատառը բերանն էր տանում միայն մեկ նպատակով՝ վերականգնել անկողնում կորցրած ուժերը, որպեսզի կշտանալուն պես ինձ նորից անկողին քարշ տա…
Առաջին ամիսների հաճույքն ինձ համար դարձել էր պարտականություն, իսկ ավելի ճիշտ` ծանր պարհակ: Գոնե գիշերներն ինձ հանգիստ թողներ… Որոշ ժամանակ անց ես սկսեցի առանձին ննջարանում քնել, ըստ որում` դուռը բանալու երկու պտույտով փակելուց հետո: Սակայն դա նրան չզսպեց. մի երկու անգամ նույնիսկ փորձեց պատուհանից մտնել:
Ես արդեն խուսափում էի նրանից: Ամուսնական կյանքն ինձ համար դարձել էր տանջանք: Անգամ օտար տղամարդկանց ներկայությունն էր ինձ ճնշում, նրանց բոլորի մեջ տեսնում էի սեռագար որձեր, նրա ծերունազարդ հայրն էլ հանդիպելուն պես համառորեն բռնում էր ձեռքերս և երկիմաստ տրորում… Այդ ընտանիքում միակ կարգին մարդը մայրն էր, որն ինձ գրկում էր գորովով և ասում, թե ես իր երիտասարդությունն եմ հիշեցնում:
Մայրս տեղյակ էր այդ ամենին: Ինձ մի հասցե տվեց՝ հռչակավոր մի հոգեվերլուծող, ասաց, որ անպայման այցելեմ և պատմեմ իմ խնդիրների մասին: Ես այցելեցի, և այդ պարոնը միանգամից լավ տպավորություն թողեց. լուրջ մտավորականի արտաքին ուներ՝ խնամված բեղմորուք, թափանցող, սակայն ոչ լկտի հայացք, թավշյա հաճելի ձայն և գերմանական թեթևակի շեշտադրություն: Նա սիրով համաձայնեց ինձ լսել, սակայն խնդրեց, որ իր գրասեղանի մոտ դրված աթոռից վեր կենամ և հարմար տեղավորվեմ, իսկ ավելի ճիշտ` կիսապառկեմ բազմոցին, այլ խոսքով` դիվանին:
«Պառկել» բառը, թեկուզ «կիսա»` լսելուն պես, ասես խայթված, վեր թռա և ուզում էի դուրս գալ նրա մոտից: Սակայն նա ժպտաց, հանգըստացրեց ինձ և ասաց. «Ես արդեն հասկացա, թե ինչն է ձեզ տանջում»: Այնուհետև խնդրեց, որ պատմեմ մեր սեռական կյանքի բոլոր մանրամասները՝ օրեկան քանի անգամ, որտեղ, ինչ դիրքով, ինչպիսի տևողությամբ, գինով, թե սթափ, կերած, թե անոթի, բաղնիքից առաջ, թե հետո, թե պարզապես բաղնիքում…
Ես սկզբում քաշվում էի, բայց հետո, աստիճանաբար, խաղի մեջ մտա և նույնիսկ իր պահանջածից ավելին էի պատմում: Հատկապես ուշադրություն հրավիրեցի ամուսնուս սեռական անհագ ախորժակի վրա: Աշխարհահռչակ գիտնականը, բուրումնավետ սիգարը ծխելով, ուշադիր լսում էր ինձ և նշումներ անում:
Պատմեցի նաև նախորդ օրը կատարած իմ հայտնագործության մասին: Վարպետորդի ստահակ Լեպորելոն կերուխումի բացառիկ սիրահար է: Երեկ, երբ հերթական հարբեցողությունից հետո շնթռել էր իր խցում, իմ աչքաբաց աղախինը կարողացավ մի երկու ժամով թռցնել ամուսնուս սխրանքների նշանավոր հաշվեմատյանը: Մարիայի հետ որոշեցինք արտագրել բոլոր անունները: Հետո, երեկոյան, երբ ուշադիր զննում էի այդ ցուցակը, զարմանալի մի բան նկատեցի: Դոն Խուանն իր նվաճած կանանցից ոչ մեկի հետ երկրորդ անգամ չի պառկել: Ասես ընդամենը համտեսել է և շտապել հաջորդի մոտ: Ավելին, պատմում են նույնիսկ, որ որոշ կանանցից պարզապես փախել է:
Գիտնականը, որ կլանված լսում էր ինձ, ասաց. «Աներևակայելի է»: Հետո հարցրեց. «Ինչո՞վ կբացատրեք այդ տարօրինակ երևույթը»: Ես, անօգնական, ուսերս թոթվեցի:
Նա սիգարը փստացնելով ետ ու առաջ էր անում աշխատասենյակում, ասես իսպառ մոռացել էր իմ գոյությունը: Հետո, վերադառնալով իր տեղը, դիմեց ինձ. «Իմ աշակերտներից մեկը ժամանակին առաջ քաշեց Դոն Խուանի անզորության վարկածը, որն, անշուշտ, ծաղրի առարկա դարձավ՝ ձեր ամուսնու սեռական ասպատակությունների ֆոնին… Սակայն հիմա ես սկսում եմ լուրջ նայել այդ մեկնությանը… Ոչ, ոչ, այն, ինչ դուք պատմեցիք, ճիշտ հակառակն է ասում: Բայց, իսկապես, մի՞թե այդ 1003-ի մեջ չի եղել թեկուզ մեկը, որին նա կարոտեր, համոզված եմ, որ դրանց մի զգալի մասը գեղեցիկ և հրապուրիչ էակներ են եղել… Որոնք, կներեք, սինյորա, գեղեցկությամբ գուցե բնավ չէին զիջում ձեզ»: «Ես կասեի` նույնիսկ գերազանցում էին,- համաձայնեցի ես:- Նրանցից մի քանիսին բախտ ունեցա տեսնելու իմ հարսանիքի օրը»: «Բայց արի ու տես, որ այդ գեղեցկուհիներից ոչ մեկին չի կապվել…- շարունակեց պրոֆեսորը:- Նա խելագար վազքի մեջ փնտրում էր կանացի իր տեսակը, իր իգական կեսը… Ես ուրիշ բացատրություն չեմ գտնում… Առայժմ չեմ գտնում…»:
Նա նորից մտածմունքների մեջ ընկավ, հետո դիմեց ինձ. «Ինչպիսի՞ն են ձեր հարաբերությունները ձեր սկեսուրի հետ, նա սիրո՞ւմ է ձեզ»: «Քիչ է ասել` սիրում է,- ոգևորված պատասխանեցի ես:- Ամեն անգամ հանդիպելիս գրկում է, համբուրում… Վերջերս էլ ասաց, որ ես իր երիտասարդությունն եմ հիշեցնում»: «Իսկ կարո՞ղ է` նրա լուսանկարը հիմա ձեզ մոտ լինի»,- հետաքրքրվեց նա: «Այո, հենց նրա ջահելության լուսանկարը, ահա, խնդրեմ»:
Պրոֆեսորը մեկ նայում էր ինձ, մեկ` լուսանկարին, և այդպես ինձ ու լուսանկարը մի քանի անգամ համեմատելուց հետո հաղթական ժպտաց. «Ես այդպես էլ գիտեի. հանձինս ձեզ նա ոչ միայն գտել է կանացի իր կեսը, այլև իր թաքուն, ինչպես ասեմ՝ չգիտակցված հրապուրանքը մոր հանդեպ… Այդ երևույթը ես անվանել եմ Էդիպոսի բարդույթ»:
Անկեղծ ասած, նրա բացատրությունից ոչինչ չհասկացա՝ իգական կես, Էդիպոս, չգիտեմ` էլ ուրիշ ինչ, ուստի նրան շատ հստակ հարց տվեցի. «Պրոֆեսոր, ես ձեզ մոտ եկա այն հույսով, որ խորհուրդներ կստանամ, թե ինչպես պիտի փրկվեմ ամուսնուս սեռական հալածանքներից, հասկանո՞ւմ եք, այլևս չեմ կարող, ես արդեն զզվում եմ բոլոր տղամարդկանցից…»:
«Գիտեք ինչ,- ասաց նա, — դա հասկանալի է, սեռական այն եռանդը, որ նա ծախսում էր տարբեր կանանց վրա, այժմ կենտրոնացել է ձեր վրա… Այլ խոսքով` դուք փոխարինում եք այն 1003-ին, և հիմա, ձեր շնորհիվ կամ ձեր օգնությամբ, նա վրեժ է լուծում հազարից ավելի այն, մեղմ ասած, անհաջող հանդիպումների համար: Դա ժամանակավոր երևույթ է, նրա խոցված ինքնասիրությունն աստիճանաբար կբավարարվի, սեռական եռանդն էլ կչափավորվի»:
«Ի՜նչ ժամանակավոր,- պոռթկա-ցի ես:- Գնալով ավելի է կատա-ղում… Սկզբում գոնե ինձնից թույլտվություն էր խնդրում, իսկ հիմա, առանց մի բան ասելու, աչքերն արյուն կոխած ցլի պես հարձակվում է… Մեղք եմ ես, պրոֆեսոր, մի դեղ գրեք, մի խորհուրդ տվեք…»:
«Դեղն այս դեպքում չի օգնի, ես ուրիշ բան խորհուրդ կտայի… Դուք, հավանաբար, գեղեցիկ ընկերուհիներ ունեք: Գուցե նրանցից մեկին խնդրեիք, ինչպես ասեմ, այդ ծանր բեռը թեթևացներ, եթե, իհարկե, դեմ չեք, որ ձեր ամուսինը ուրիշ կնոջ հետ անկողին կիսի»:
«Պրոֆեսոր, ոչ թե դեմ չեմ, այլ երազում եմ այդ մասին, արդեն քանի՜ օր է աղախինս՝ Մարիան, մերկանում է նրա ներկայությամբ, իբր` շոգ է, իբր` զգեստը նեղում է… Իսկ այդ սրբապիղծը, այդ Նեռը չի էլ նկատում, որ իր առջև քսանամյա սիրունիկ աղջիկ է կանգնած՝ պատրաստ տեղնուտեղը տրվելու: Իսկ այսօր առավոտյան, երբ Մարիան իսպառ մերկ սպասարկում էր մեզ, կհավատա՞ք, Դոն Խուանը վերջապե՜ս նկատեց և երեսն ամոթխած շրջեց»:
«Դա բնական է, ձեր աղախինը ռամկական դասից է, մինչդեռ Դոն Խուանը սովոր է միայն ազնվական, նրբագեղ կանանց գայթակղել… Այնպես որ, աշխատեք ձեր խավի միջից որևէ մեկին գտնել»:
Պրոֆեսորի խորհուրդը գլուխս մտավ, մանավանդ, որ այդպիսի մտերիմ մի ընկերուհի ունեմ, Իլոնան` մի հրաշք գեղեցկուհի, հազվագյուտ էակ, ում մի անգամ խոստովանեցի. «Ես գոհ եմ Աստծուց, որ կին եմ ծնվել, բայց միայն մի դեպքում կուզեի տղամարդ ծնված լինել, որպեսզի կարողանայի քեզ սիրել… Եվ այնպե՜ս կսիրեի քեզ, որ աշխարհում ոչ մի տղամարդ չէր կարողանա»:
Իլոնան հարսանիքի ժամանակ կողքիցս չէր հեռանում, իսկ հաջորդող օրերից մեկին, երբ հանդիպեցինք և ես մանրամասներ էին պատմում իմ ամուսնական կյանքից, նա ասաց, որ և՛ նախանձում է ինձ, և՛ ուրախ է ինձ համար:
Պատմեցի նրան, թե հոգեվերլուծողն ինչ խորհուրդ տվեց ինձ և հարցրի՝ ի՞նչ է կարծում, մեր ընկերուհիներից ո՞վ ավելի հարմար կլինի այդ դժվարին առաքելության համար: Հետո անկեղծ ու առատ արցունքներով լաց եղա և ասացի, որ եթե այս դժվարին պահին ինձ չօգնեն, ստիպված կլինեմ ապահարզան պահանջել, էլ չեմ ասում ավելի անխոհեմ, գուցե նույնիսկ վտանգավոր քայլերի մասին:
Իլոնան արցունքներս սրբեց, հետո ջերմորեն գրկելով ինձ` ասաց. «Հապա ինչի՞ համար ենք մենք՝ ընկերուհիներս, իհարկե, կօգնենք, անհոգ կաց, քեզ մենակ չենք թողնի… Ես առաջինը կլինեմ, իսկ հետո կխոսեմ մյուս աղջիկների հետ, վստահ եմ, որ սիրով կհամաձայնեն թեթևացնել քո ծանր բեռը»:
Այսպիսով, ամուսնուս ասացի, թե գնում եմ ծնողներիս մոտ, բայց թաքնվեցի մեր ընդհանուր ննջարանի ծանր ու ընդարձակ վարագույրի ետևում: Ճիշտ այդ պահին հայտնվեց Իլոնան: Նա ափսոսանք հայտնեց, որ առանց ժամադրվելու է եկել և ինձ չի գտել տանը:
— Կուզեք` սպասեք նրան, սինյորիտա,- ասաց ամուսինս:- Չեմ կարծում, թե երկար կմնա այնտեղ: Իսկ մինչ այդ Մարիան կզվարճացնի ձեզ:
— Ես կգերադասեի, որ դուք ինձ զվարճացնեք, սինյոր,- ասաց Իլոնան:
Նա մի շարժումով վրայից գցեց սև մուշտակը և իսպառ մերկ, բարձրակրունկ կոշիկների վրա, կանգնեց Դոն Խուանի առջև:
— Սինյորիտա, ի՞նչ եք անում, դուք կմրսեք, հիմա դեկտեմբեր ամիսն է, այդ հարբեցող Լեպորելոն էլ, ինչպես միշտ, մոռացել է բուխարիկը վառել:
— Կարիք չկա Լեպորելոյին անհանգստացնել, իմ բուխարիկը դուք եք, դուք եք իմ կրակը, այրե՛ք ինձ:
Այդպես ասելով՝ իրեն գցեց ամուսնուս գիրկը:
— Ի՞նչ եք անում, սինյորիտա, ես կին ունեմ, ես երդում եմ տվել հավատարիմ լինել մինչ ի մահ…
— Դուք հավատարիմ էլ կմնաք, պարզապես ինձ ջերմացրեք մի քիչ…
— Անկարելի է, սինյորիտա:
— Ինչո՞ւ, մի՞թե ես գեղեցիկ չեմ, մի՞թե իմ մարմինը ցանկալի չէ:
— Դուք շատ գեղեցիկ եք, սինյորիտա, և հրաշք մարմին ունեք, բայց ես չեմ կարող խղճիս դեմ գնալ:
— Սինյոր, դուք հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ եք անում, դուք վիրավորում եք իմ արժանապատվությունը, ես՝ մարքիզուհիս, դեկտեմբերյան այս ցուրտ օրով գալիս եմ ձեր տուն, մերկանում այստեղ և մի քիչ ջերմություն եմ աղերսում ձեզնից, իսկ դուք մերժում եք ինձ:
— Սինյորիտա, համաձայն եմ, պատրաստ եմ մեղքս քավել՝ ես սիրով կհագցնեմ ձեզ այդ հոյակապ մուշտակը, վստահ եմ, որ այդ մորթին ինձնից ավելի լավ կջերմացնի ձեր մարմինը:
— Հը՛մ, ճակատագրի ինչպիսի՜ զավեշտ, Դոն Խուանը, որ մինչև հիմա մերկացնում էր կանանց, այժմ սկսել է մերկացած կանանց հագցնել… Ոչ, սինյոր, այս անարգանքը միայն արյունով կսրբվի, հիմա, հենց այստեղ:
— Ինչե՜ր եք խոսում, սինյորիտա, ես` ազնվականս, ինչպե՞ս կարող եմ կնոջ դեմ մենամարտել… Ավելի լավ է` սուսերը միանգամից իմ սիրտը խրեք…
— Եթե այդպես է, ապա բնավ պարտադիր չէ, որ սուսերով մենամարտեք իմ դեմ, սինյոր, դուք ուրիշ՝ ավելի զորավոր զենք ունեք կանանց համար:
— Սինյորիտա, իմ անսահման հավատարմությունն իմ ընտանեկան առագաստին թույլ չի տալիս այդ զենքը գործածել ձեր դեմ:
Ահա այսպես պատասխանեց այդ անզգամը, այդ ստոր արարածը, և այդ ժամանակ Իլոնան վերցրեց պատից կախված սուսերը, մոտեցրեց ամուսնուս կոկորդին և ասաց.
— Դուք ուրիշ ընտրություն չունեք, սինյոր, կամ ես հիմա կդառնամ ձեր ցուցակի 1005-րդ կինը, կամ այս սուսերը կխոցի ձեր կոկորդը, և ես ի լուր աշխարհի կհայտարարեմ, որ սպանել եմ ձեզ իմ պատիվը պաշտպանելիս, որ օգտվելով ձեր կնոջ բացակայությունից` փորձում էիք բռնաբարել ինձ… Եվ ձեզ` պատվազուրկ ազնվականին, կթաղեն որպես մի սատկած շուն… Դե, ապացուցեք, որ դուք իսկապես աշխարհի կանանց ահ ու սարսափն եք:
Իլոնան սուսերը գցեց մի կողմ և սկսեց ամոթխած Դոն Խուանին մերկացնել, հետո նրան տարավ անկողին: Ցավոք սրտի, ես չէի կարող տեսնել, թե այնտեղ ինչ գործողություններ են ծավալվում, չէի լսում նաև Դոն Խուանի հևոցներն ու տնքոցները… Այնտեղ կարծես լռություն էր և անշարժություն: Համենայնդեպս, բուռն սիրո որևէ վկայություն ինձ չէր հասնում: Եվ, իսկապես, մի քանի րոպե հետո հնչեց Իլոնայի հեգնական ձայնը.
— Սինյոր, պարզվում է` դուք ոչ մի զենք չունեք, չգիտեմ` ինչպես եք հաղթել այն 1004 կանանց, բայց իմ դեմ դուք կատարելապես անզոր եղաք: Վե՛րջ առասպելին:
Ես բարձրակրունկ կոշիկների կտկտոց լսեցի, հետո տեսա, թե ինչպես Իլոնան սև մուշտակը հագավ ու դուռը շրխկացնելով հեռացավ:
Հաջորդ օրը նրանից մի երկտող ստացա.
«Սիրելի Ռոզալիա, դու տեսար ու լսեցիր ամեն ինչ: Հիմա ես չգիտեմ, թե ձեր երկուսից ճիշտն ով է: Եթե դու ես ճիշտը, ցավում եմ, որ չկարողացա թեթևացնել քո բեռը, իսկ եթե նա է ճիշտը, ապա ի՞նչ էր անում քեզ նախորդած 1003-ի հետ… Այս առեղծվածը թող պատմությունը լուծի, իսկ մենք, սիրելիս, գործ ունենանք կենդանի մարդկանց հետ և ոչ թե առասպելների: Քեզ միշտ սիրող՝ Իլոնա»:
Ընկերուհիս, այնուամենայնիվ, թեթևացրեց իմ բեռը, ավելի շուտ… Բայց ամեն ինչ հերթով:
Նրա այցից հետո Դոն Խուանն իսպառ մոռացավ իմ գոյության մասին: Այլևս ոչ մի փորձ չեղավ ներխուժելու իմ ննջարան, բացահայտ կամ թաքնված ոչ մի ակնարկ, ցանկասեր ոչ մի հայացք… Տան մեջ այնպես էինք անցնում իրար կողքով, ասես ուրվականներ լինեինք, իսկ երբ հանդիպում էինք ճաշին կամ ընթրիքին, ապա բնավ ինձ չէր նայում, ասես ինքը մեն-մենակ էր սեղանի մոտ: Ամբողջ օրը սենյակում փակված Ս. Գիրքն էր սերտում կամ աղոթք անում: Շքեղ զգեստներն ու զարդերը փակեց պահարանում և սկսեց չափազանց համեստ հագնը-վել: Սնվում էր ճգնավորի պես, այլևս գինի չէր խմում, ընդամենը՝ աղբյուրի ջուր:
Մի օր էլ տնից դուրս եկավ և չվերադարձավ: Փնտրեցինք նրան ամբողջ քաղաքում՝ չգտանք: Հետո լուր հասավ, որ նրան տեսել են վանականի կոշտ զգեստը հագին, մաղախն ուսից կախ, գավազանը ձեռքին՝ հեռավոր ճամփաներով քայլելիս: Ասում էին, իբր, ուխտի է գնում Տիրոջ գերեզմանին: Ճիշտ էր, թե սուտ, բայց նրան այլևս չտեսա:
Երուսաղեմից վերադարձող մահտեսիները հաստատեցին, որ նրան հանդիպել են քաղաքի մատույցներում, որ նա տկար էր, ուժասպառ և հազիվ էր քայլում: Չիմացանք` արդյոք հասա՞վ Տիրոջ գերեզմանին, բայց ստույգ էր, որ Տիրոջ ճամփան էր բռնել, ուստի հույսեր ուներ գոնե իր հոգու փրկության համար:
Պարապուրդի մատնված Լեպորելոն անմխիթար վշտից իսպառ տրվեց հարբեցողության: Նա ման էր գալիս քաղաքով մեկ և շարունակ նույն բառն ասում. «Ռոճիկս, ռոճիկս…»: Կապելաներում նրան ձրի գինի էին մատուցում՝ պայմանով, որ իր տիրոջ անկողնային սխրանքները պատմի: Նա էլ անհետացավ քաղաքից, ասում էին` թափառում է երկրով մեկ և մի պատառ հացի ու մի թաս գինու դիմաց Դոն Խուանի արկածներն է պատմում ժողովրդին: Անհետացավ նաև հռչակավոր հաշվեմատյանը: Շատերն էին փնտրում, բայց ապարդյուն: Մի մեծահարուստ նույնիսկ մեկ միլիոն խոստացավ գտնողին, բայց այդ գումարն, ավա՜ղ, այդպես էլ մնաց բանկում:
Այդ օրերին էր, որ ինձ զանգեց աշխարհահռչակ հոգեվերլուծողը: Մենք հանդիպեցինք և բավական երկար զրուցեցինք: Ասաց, որ մտադիր է մի ծավալուն ուսումնասիրություն գրել Դոն Խուանի մասին և խնդրում էր, որ նոր մանրամասներ պատմեմ մեր ամուսնական կյանքից: Եվ այդ օրը մենք մի ապշեցնող գյուտ արեցինք. նրան հատկապես հետաքրքրում էր, թե հարաբերվելիս մենք պահպանակ գործածո՞ւմ էինք: Ասացի՝ ոչ, նա սիրում էր կենդանի շփումը կնոջ հետ: «Ոչ մի անգամ չհղիացա՞ք»,- հարցրեց պրոֆեսորը: «Ոչ մի անգամ»,- պատասխանեցի ես՝ զարմացած փաստելով, որ հիմա եմ նկատում այդ տարօրինակ երևույթը: «Գիտե՞ք՝ ինչու եմ հարցնում, որովհետև մանրամասն պրպտումների շնորհիվ կարողացա պարզել, որ այն 1003-ից ոչ մեկը չի հղիացել Դոն Խուանից, դուք բացատրություն ունե՞ք այս տարօրինակ երևույթի համար»:
«Հավանաբար, Աստված մեկ անգամ սխալվել էր նրան արարելիս, ուստի այլևս չէր ուզում նրան ժառանգ պարգևելով երկրորդ անգամ սխալվել»,- յուրովի բացատրեցի ես: Պրոֆեսորը, որ հայտնի էր իր աթեիստական հայացքներով, հարցրեց. «Մի՞թե Աստված այդքան մանրամասն միջնորդում է մեր կյանքին, այն էլ այդպիսի մտերմիկ հանգամանքներում»: «Ի՞նչ իմանամ, պարոն,- պատասխանեցի ես:- Նրա գործերն անքննելի են»:
Այսպիսով, Ամենաբարձրյալը նրան զրկեց նաև ժառանգից: Հետաքրքիր է, եթե ծնվեր, ինչպիսի՞ն կլիներ… Երևի իրավացի էր, քանի որ նման արարածն աշխարհում պետք է մեկ հատ լինի:
Ամենաանսպասելին, սակայն, Միջազգային Գրողների ընկերակցության նախագահի զանգն էր: Նա ինձ մեղադրում էր, որ ես սպանել եմ առասպելը, որ բացառիկ հերոսին դարձրել եմ ձեռնասուն շնիկ, կեղծ բարեպաշտ, կատարյալ փալաս: «Մեծարգո պարոն,- վրդովված պատասխանեցի ես:- Փոխանակ շնորհակալ լինեք, որ դևին կարողացա հրեշտակ դարձնել, շանթ ու որոտ եք տեղում իմ գլխին»: «Տիկին,- ասաց նախագահը,- գրական բոլոր գլուխգործոցները դևերի մասին են, իսկ հրեշտակների մասին միայն անալի գործեր կարելի է գրել»: Վերջում նա սպառնաց, որ ինձ դատի կտա հոյակապ հերոսի նախատիպը նենգափոխելու համար:
Իսկ Իլոնա՞ն… Դա եղավ նրա վերջին հանդիպումը տղամարդու հետ, եթե այն կարելի էր հանդիպում համարել և եթե այդ վիճակում գտնվող Դոն Խուանին կարելի էր տղամարդ համարել… Նա էլ հիմա ինձ նման խորշում է որձերից, և չնայած երկրի բոլոր ազապ տղամարդիկ երազում էին նրան կնության առնել, այդպես էլ չամուսնացավ: Մենք առաջ էլ մտերիմ էինք, բայց այդ դեպքից հետո մեր միջև առանձնահատուկ մի հարազատություն ծնվեց, որ գնալով ավելի խորացավ և…
Վերջերս հաճախ ենք հանդիպում, Իլոնան երբեմն գիշերում է իմ տանը, իմ կողքին, այն ընդարձակ անկողնում, որտեղից մի օր ես փախա, որպեսզի փրկվեմ ամուսնուս սեռական ահաբեկչությունից: