Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / ԷՍՄԵՐԱԼԴԱՅԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԸ
Գործող անձինք
ԷՍՄԵՐԱԼԴԱ/ԷՍՄԻԿ — ըստ ապրած տարիների` 50-ն անց կենսասեր կին է, բայց ճշգրիտ տարիքը գուշակել համարյա անհնար է
ՁԱՅՆԵՐ — տարբեր տեսակի ու երկսեռ, երբեմն անուն են ստանում, բայց դա չէ էականը: Նրանց ձայները պետք են Էսմիկին` սա է էականը:
Սենյակ, որը դեռ պահպանել է նախկին բարեկեցության հետքերը: Բեմեզրին մոտիկ` կեղծ լյուդովիկյան ոճի սեղանիկ, վրան` հեռախոս, մատուցարանի վրա` չինական ճենապակյա թեյի սպասք:
Դուռը բացվում է, ներս է գալիս Էսմիկը` վերարկուի գայլամորթե օձիքը շքեղ, բայց արդեն խամրած է, սև ֆետրե տղամարդու բերետով է, որի վրա կարված սև վուալը չի ներդաշնակվում բերետին: Ձեռքին սև լաքե պայուսակ է և սուպերմարկետի` կիսով չափ լիքը տոպրակ: Գնում է դիմացի կուլիսները, վերադառնում է առանց տոպրակի, վառում է ջահը, հանում է կոշիկները, ձեռքին բռնած գնում է կուլիսներ: Այնտեղից լսվում-զգացվում է` ինչպես է զգեստափոխվում` երգելով: Պիտի երգի սրտապարար սիրո մի երգ, այն ընդմիջելով հանվել-հագնելուն բնորոշ դադարներով կամ ձայնարկումներով: Հայտնվում է` երկար բալախոնով, ոտքերին` փափլիկ հողաթափեր (Միկի Մաուսի կամ նապաստակի մռութով): Նայում է պատի ժամացույցին` կանգ է առել: Սովոր կերպով (ամեն օր` նույնը) բազմոցի կողքին հենած ձեռնափայտն առած մոտենում, բռնակի կողմով ճարպկորեն բացում է դռնակն ու նույն հմտությամբ, բայց այս անգամ արդեն ձեռնափայտի մյուս կողմով սլաքներն է ուղղում` նայելով ձեռքի ժամացույցին ու շարժում է ճոճանակը: Փակում է դռնակը, ձեռնափայտը վերադարձնում է տեղն ու շրջվում-նայում է` ճոճանակն անշարժ է: Մոտենում ու անսպասելի, բռունքով խփում է ժամացույցի դռնակին: Ճոճանակը կենդանանում է: Արդյունքից գոհ` շուրջն է նայում, ասես սպասում է ծափահարության, բայց ծափեր չկան: Ուսերն է թոթվում ու գնում խոհանոց: Այնտեղից նորից լսվում է` ինչպես է երգում, այս անգամ` որևէ հանրածանոթ օպերայից արիայի հատված: Քիչ անց հայտնվում է` չինական թեյնիկը ձեռքին: Թեյնիկը դնում է մատուցարանին: Զանգում է: Առաջին իսկ զանգից այն կողմում պատասխանում են:
ԿԱՆԱՑԻ ձայն — «Օգնության ձեռքը» լսում է ձեզ:
ԷՍՄԻԿ — Հազար եմ ասել` անունը փոխեք… Գոնե «Փրկօղակ»: Հենց լսում եմ` շտապ օգնության մեքենան եմ պատկերացնում ու շչակի ձայնը ականջիս մեջ զնգում է:
ԿԱՆԱՑԻ ձայն — Էսմի՞կ, դո՞ւ ես…
ԷՍՄԻԿ — Պատկերացրու…
ԿԱՆԱՑԻ ձայն — Փորձեցի, բայց չստացվեց:
ԷՍՄԻԿ — Ի՞նչ էիր ուզում, որ ստացվեր:
ԿԱՆԱՑԻ ձայն — Փորձեցի պատկերացնել Էսմերալդային` գնչուհու շորերով Նոտր Դամի հրապարակում կայֆոտ շորորացող, բայց ստացվեց Էսմիկ` հեռախոսի կողքին շուլուլված:
ԷՍՄԻԿ — Քեզ հույս տուր, որ ասածդ սրամիտ էր:
ԿԱՆԱՑԻ ձայն — Հույսն ի՞նչ է, որ չունենամ… Բայց ինչո՞ւ ես մեզ հիշել, այսօր չես աշխատում, չէ՞…
ԷՍՄԻԿ — Քեթրինի ամուսինը արտագնա աշխատանքից մի շաբաթով տուն է եկել գործուղում` պիտի փոխարինեմ:
ԿԱՆԱՑԻ ձայն — Ճիշտ որ` օգնության ձեռք: Հետո էլ ասում ես` անունը փոխենք: Բայց դեռ շուտ է, ինչի՞ ես զանգել…
ԷՍՄԻԿ — Պարզապես զանգեցի…
ԿԱՆԱՑԻ ձայն — (ընդհատելով): Երանի քեզ, ինչքան պարապ ես, որ պարզապես զանգում ես:
ԷՍՄԻԿ — (փորձելով ցույց չտալ, որ խոցվեց, բառերը շեշտելով): Պարզապես զանգեցի, որովհետև Քեթրինը միշտ ուշանում է, իսկ դու ջղայնանում ես: Բայց որ ես եմ փոխարինելու, իսկ ուշանալու սովորություն չունեմ, նախապես զանգեցի, որ նյարդերդ չքայքայես:
ԿԱՆԱՑԻ ձայն — Շեֆն իզուր չի ասում, որ վերացող տեսակ ես:
ԷՍՄԻԿ — Ինչ ե՞մ…
ԿԱՆԱՑԻ ձայն — Ինտելիգենտության վերացող տեսակ:
ԷՍՄԻԿ — Էլ ի՞նչ է ասում շեֆը:
ԿԱՆԱՑԻ ձայն — Ինչ էլ ասի` լավ բան չի ասի: Լավ, զանգում են ոնց որ… Չաո:
ԷՍՄԻԿ — Օգնության ձեռքդ մեկնիր, Նազենիկ աղջիկ: Առիվեդեռչի: (Լսափողը դնում է: Կարճ դադար: Հետո նմանակում է Նազենիկին` ֆարսի երանգով:) Դուք արել եք միակ ճիշտ քայլը` զանգել եք մեզ: Համակ ուշադրությամբ լսում եմ ու կօգնեմ ձեզ: Դե, խոսեք, թեև գիտեմ, որ դժվարը սկսելն է…
Այստեղ` մնջախաղ-ինտերմեդիա: Աջ ձեռքը Նազենիկն է, ձախը` օգնություն հայցողը: Պիտի ցույց տա, թե ինչպես հուսահատ «ձախ ձեռքին» մխիթարում ու հույս է տալիս «աջ ձեռքը», իսկ երբ այդ ամենը չի օգնում` մի շրխկան ապտակ է հասցնում «ձախին»` այդպես սթափեցնելով նրան: Այս ընթացքում աստիճանաբար ոգևորվում է, ինչ-որ պահից հնչող երաժշտությունն էլ լրացնում է պատկերը: Մնջախաղի կուլմինացիային սթափվում է, ձեռքերը իբր քսելով հագուստին` խոթում է բալախոնի գրպաններն ու նստում է բազմոցին:
ԷՍՄԻԿ — (կարճ դադարից հետո): Չեմ խոսելու: Հանդիսավոր լռության մի քանի րոպեներ, հետո կնստեմ հեռախոսի մոտ ու… աշխատանքային օրս սկսված է: Հետո՞ ինչ, որ յոթն անց է… (Նայում է պատի ժամացույցին:) 19-ն անց է 46 րոպե: Աշխատանքային օրը չի՞ կարող սկսվել ժամը ութին: Կարող է: Հատկապես, որ մարդիկ գիշերն են զանգում օտարին՝ օգնություն ստանալու հույսով: Ախր «Վստահության գիծն» ինչով է վատը: Թե չէ՝ օգնության ձեռք… Լավ. լռում եմ: (Անտեսանելի մեկին:) Լավ, լավ, էլ չեմ շարունակի: Լռեցի: (Հարմար տեղավորվում է բազմոցին ու փակում է աչքերը:)
Լսելի է դառնում ու աստիճանաբար ուժգնանում է ճոճանակի ձայնը: Երբ այն հասնում է բարձրակետին.
ԷՍՄԻԿ — (գոռում է): Ձայնդ… (Բացում է աչքերը` ձայնը կտրվում է:) Ապրես:
Փակում է աչքերը: Տեսարանը կրկնվում է:
ԷՍՄԻԿ — Ձայնդ… Այսինքն` ի՞նչ, պիտի խոսեմ, որ ձայնդ չլսե՞մ… (Կարճ մտորումից հետո:) Արդեն չորս տարի է` Փասադենայում ապրող ընկերուհիս` անզուգական Մարիշը կասեր… (Նմանակում է:) «Էսմիկ ջան, դու նյեռվերի կծիկ ես, չի կարելի, չէ՞, ինչի՞ համար է պսիխոթերապևտը… Ապրես, որ հոգիդ վերլուծի ու դու քեզ չուտես: Հենց վաղը, լսո՞ւմ ես, վաղն իսկ կգնաս քո հոգեվերլուծողի մոտ»: (Իր ձայնով ու տոնով, հեգնախառն:) Իհարկե, Մարիշ ջան, հենց վաղը, նախաճաշից անմիջապես հետո, հատկապես եթե անձրև չգա: Ասում ես` անձրևն ինչ կապ ունի՞: Ունի, այն էլ` շատ ուղիղ կապ: Դու իմ տեղում ինչ կանեի՞ր… ճիշտ է, կնստեիր մեքենադ ու` թռար… (Անսպասելի մտահոգվելով:) Բայց դու շատ արագ ես վարում, որ հիշում եմ` ֆրիվեյով ոնց էիր սլանում` ոտքերս դողում են: Շեղվեցի, կներես, բայց գժի պես ես քշում… Լավ, որտե՞ղ լռվեցի-մնացի… Հիշեցի` թռար պսիխիդ… ներիր, թերապևտիդ գիրկը… էլի ներիր, տեղավորվեցիր նրա կաշվե բազմոցի վրա: Պառկեցիր, աչքերդ փակեցիր ու սկսեցիր դուրս տալ` ինչ մտքովդ անցնի: Քեզ կարող ես նման բան թույլ տալ` չէ՞ որ սեանսի վերջում չեկ ես ստորագրելու: Իսկ հիմա ես` նախ մեքենա չունեմ… (կարճ մտորումից հետո) ու էլ չեմ ունենա: Ուրեմն` անձրևը ցանկալի չէ: Երկրորդ` պսիխ… ներիր, թերապևտ չունեմ, որովհետև չեկ չունեմ, ուրեմն և` կաշվե բազմոցին պառկել ու մտքովս անցածը դուրս տալ չեմ կարող: Ուրեմն ի՞նչ, Մարիշ ջան: Նյեռվերի կծիկ էլ մնա՞մ… Հույս չունենաս: Ես եմ իմ պսիխն ու թերապևտը ու կանցնեմ ինքնաբուժության: Հենց հիմա, ու ոչ թե` վաղը: (Տեղից բարձրանում, պահարանից հանում է կոնֆետների տուփը, նստում է իր տեղն ու բացելով` հաճույքով զննում-ընտրում ամենագայթակղիչները, այդ ընթացքում չդադարելով խոսել:) Նորմալ բժշկություն չունենք, ունենք էլ` վճարը չունենք, փոխարենը հնարը գտնում ենք, մեր գտած հնարն էլ… կոնֆետն է: (Ընտրած կոնֆետները նախ գուրմանի հաճույքով զննում է, հետո ուտում` հնարավորիս երկարաձգելով հաճույքը:) Դրական լիցքեր… շոկոլադ… պնդուկ… վաֆլի… բալը կոնյակով թրմած… Վերջ, սենասն ավարտված է: Կես ժամ պսիխի բազմոցին պառկելը հավասար է երկու կոնֆետ ուտելուն: (Տուփը փակում է, մտախոհ դադարից հետո:) Առավոտ շաքարս ստուգեմ… հաստատ բարձրացած կլինի: (Տուփը դնում է ծնկներին, փակում է աչքերը:) Ասում են` դատարկ բնակարանում բարձր խոսելը լավ նշան չէ… բայց եթե տանը ինձնից բացի ուրիշը մեկը չկա, ո՞ւմ հետ խոսեմ: Չխոսե՞մ: Ախր, հիմա աղջիկներս ու թոռներս… լավ, նաև փեսաներս, այստեղ մի աղմուկ-աղաղակ պիտի բարձրացրած լինեին, որ երազեի լռության մասին: Որ խնդրեի նրանց` ի՞նչ 10 րոպե, գոնե մի վայրկյան սուս մնան… (Կոնֆետի տուփը դնում է հատակին, «մտնում է» դերի մեջ:) Վարսինե… (Դահլիճին.) Փոքր աղջիկս է, փոքր որ ասում եմ` երեսունն անց է… Վարսինե ջան, քանի՞ անգամ ասեմ, որ մազերդ բարձրացրու ու պոչ կապիր` և աչքերիդ շուրջ կնճիռները կհարթվեն, և սիրունիկ դնչիկդ կընդգծվի… Մազերդ աչքերիդ ես թափել, որ ի՞նչ… (Այլ տոնով:) Հա, աչքերիդ ես թափել, որ չտեսնես, թե տղադ ինչպես է սղոցում սեղանի ոտքը… Այ Դոդո ջան… (Դահլիճին.) Թոռնիկս է, անունը Դէնիել են դրել, ես էլ Դոդո եմ ասում, որ գոնե մտածեն` Դավիթ է: (Երևակայական թոռնիկին.) Բալիկ ջան, հայրական կողմից վերցնելու ուրիշ բան չկա՞ր, որ տոհմական սղոցն ես ժառանգական կոդիդ մեջ տեղավորել, հետո՞ ինչ, որ պապդ հյուսն էր… Ոչ, դա սղոց չէ, դա վիրաբուժական դանակ է, որը տատդ, այսինքն ես, որ այն ժամանակ տատ չէի, նվեր է ստացել հարևան անասնաբույժ Արամայիսից… Աստված հոգին լուսավորի, լավ հարևան էր, բայց վատ անասնաբույժ, անասունների լեզուն չէր հասկանում: Ի՞նչ է, Դոդո ջան… հարցնում ես` ինչի համա՞ր է… Որպեսզի դրանով միսը մասնատեմ ու ոսկորի փշրանքները ատամիդ տակ չգան: Իսկ դու դանակն ես բթացնում ու սեղանի ոտքն էլ… (Լրիվ դերի մեջ` ճչում է:) Ո՞ւմ հետ եմ, հանգիստ թող սեղանը, պրոսպեկտի կոմիսիոնից եմ գնել: (Այլ տոնով:) Վարսինե ջան, գիտեմ, որ անտիկվար չէ, բայց տալս նախանձից պայթում է, այնքան որ անտիկվար տեսք ունի: (Հակառակ կողմ շրջվելով:) Արմինե՞… (Դահլիճին.) Սա էլ մեծ աղջիկս է, տարիքն արդեն ասելու չէ… (Քաղցր հեգնանքով:) Արմիկ ջան, այդ ո՞ւր… Սրճարա՞ն, ախ, այսօր հիգշաբթի՜ է, էլի ընկերուհիներով հավաքվելու եք… Սուրճ կխմեք, խոլեստերինոտ թխվածք կուտեք ու ձեր տղամարդկանց կբամբասեք… Իհարկե, գնա, իսկ որ աղջիկներդ, ամեն մեկն իր հեռախոսը գրկած, մինչև կեսգիշեր SMS-ներ են գրելու, ոչինչ… Միայն ինձ բացատրիր, թե նրանք երբևէ դասախոսի ասածները գրո՞ւմ են… (Անսպասելի բարձր:) Դոդո, պապիկի ձեռնափայտը տեղը դիր ու քեզնից ոչ պակաս գժի ցեղ ապերիկիդ ձեռից մկրատը վերցրու, թե չէ տեղիցս որ ելել եմ…
Դադար: Կարծես արթնանում է քնից, շուրջն է նայում: Ձեռքը տանում է ձեռնափայտին, շոյում է: Նայում է սև շրջանակված լուսանկարին:
ԷՍՄԻԿ — Երբ ուշ էիր տուն գալիս, երբ աչքերդ մի ուրիշ տեսակ էին փայլում, մտածում էի, չէ, ի՞նչ մտածել, հավատացած էի, որ ինձ դավաճանում ես: Ի՞նչ իմանայի, որ քո ամենամեծ դավաճանությունը առջևում է: Երբ առավոտյան կգնաս աշխատանքի ու… (Փորձում է հուզմունքը զսպել:) 24 օրից երկու տարին կլրանա, որ ինձ մենակ թողեցիր… Քո ձեռնափայտի հետ… (Այլ տոնով:) Ախր, շատ էլեգանտ էիր, ջահել օրերիդ` սպիտակ շալվար-կոստյում, ամենավերջին մոդայի փողկապներ… Հետո, երբ սկսեցիր ճաղատանալ` սև բերետ, իսկ որ ավելի էլեգանտ երևաս` ձեռնափայտ: Այնքան լավն էիր, որ հպարտանում էի քեզնով… մտքումս: Ձեռնափայտդ, տեսնում ես, միշտ ձեռքիս տակ է, բերետդ էլ վուալով գլխարկ եմ սարքել: Իսկ կոստյում-փողկապներդ բաժանեցի սրան-նրան…
Ժամացույցի զանգը խփում է ութ անգամ:
ԷՍՄԻԿ — Սենտիմենտին վերջ: Հիմա կտեսնես, թե քո Էսմիկը ինչպես է վերածվում օգնության ձեռքի:
Գնում-նստում է սեղանիկի մոտ, հեռախոսահամար է հավաքում:
ԷՍՄԻԿ — (գործնական): Բարի երեկո… տիկին տնօրեն: Այո, ես եմ: Ինչպես պայմանավորվել էինք: Այո, Քեթրինի փոխարեն կաշխատեմ: Դժվար չէ, ես անքնություն ունեմ: Ի՞նչ… շատ բարի եք, ցտեսություն: (Լսափողը դնում է:) Չհավատաց, որ անքնություն ունեմ, մտածեց, որ ինտելիգենտությունս եմ ցույց տալիս: Դե, թող այդ մոլորության մեջ էլ մնա, ես ոչինչ չեմ կարող ու չեմ ուզում անել` նրա կարծիքը փոխելու համար: Ասենք` չէ, կարող եմ, եթե ուզենամ…
Կերպափոխվում է, շեշտված գռեհիկ տոնով:
Շեֆ ջան, կյանքիդ մեռնեմ, դուխդ տեղը` հեռախոսի գծին արդեն նստած եմ: Ինչ տուֆտա հարց ունենան, մենք պատասխանը ունենք: Բա ո՞նց, պադխոդ կա, վերաբերմունքն էլ` իր հերթին… Չէ, էն անգամվանը չի կրկնվի, չնայած, ճշտով որ նայենք` ի՞նչ էր եղել, որ շուխուռ գցեց: Ասում է` կյանքի իմաստը կորցրել եմ, ի՞նչ խորհուրդ կտաք: Ես էլ ասի` դու կորցրել ես, մեկ ուրիշը գտել է, դրանով մխիթարվի… Հի-հի-հի…
Դադարից հետո, իր տոնով:
Իզուր ժամանակին թատերական չգնացի: Հիմա ոչ թե տանը կլինեի, այլ բեմի վրա` լույսերի ու հանդիսատեսի հայացքից ջերմացած: (Թեյ է լցնում, համար հավաքում:) Էլի ինձ նման մեկը կա՞, որ չինական թեյը սառը խմի… (Այլ տոնով:) Նազենիկ աղջիկ, կապը դարձրու ինձ վրա, հերթափոխս սկսվեց: Քոնը ինչպե՞ս անցավ…
ՆԱԶԵՆԻԿ — Հանգիստ, ինչպես միշտ:
ԷՍՄԻԿ — Բախտդ բերում է, քո ժամերին ոչ մի լուրջ բան չի պատահում:
ՆԱԶԵՆԻԿ — Բախտի բան չէ:
ԷՍՄԻԿ — Հապա ի՞նչ է…
ՆԱԶԵՆԻԿ — Կարճ ես կապում, ու` վերջ:
ԷՍՄԻԿ — Այսինքն…
ՆԱԶԵՆԻԿ — Փորձանքի մեջ ընկած հաճախորդին միանգամից ուղղում եմ մասնագետին, ես հասարակ դիսպետչեր եմ: Դու էլ: Բայց դու հոգեփրկիչ զրույցներ ես անցկացնում ու ամեն մեկի հետ տվայտվում ես:
ԷՍՄԻԿ — Ինչքան հասկացա, դա էլ քննարկման առարկա է դարձել:
ՆԱԶԵՆԻԿ — Բա ո՞նց… շեֆն ասում է…
ԷՍՄԻԿ — Կռահում եմ ասելիքը, շարունակել պետք չէ:
ՆԱԶԵՆԻԿ — Ճիշտ որ դժվար է քեզ հետ:
ԷՍՄԻԿ — Փոխարենը քեզ հետ պրոբլեմ չկա:
ՆԱԶԵՆԻԿ — Ինձ հետ ընդհանրապես պրոբլեմ չկա:
ԷՍՄԻԿ — Որ այդպես է` քեզ անպրոբլեմ երեկո:
ՆԱԶԵՆԻԿ — Էդ մեկը` դժվար:
ԷՍՄԻԿ — Ինչո՞ւ…
ՆԱԶԵՆԻԿ — Սարի չափ հարթուկ է հավաքվել:
ԷՍՄԻԿ — Մի լավ ֆիլմ միացրու ու… չես էլ նկատի` ինչպես կհարթուկես:
ՆԱԶԵՆԻԿ — Հասկացա, սարսափ ֆիլմ եմ նայելու: Առիվեդեռչի:
ԷՍՄԻԿ — Չաո: (Լսափողը դնում է, փակում աչքերը:) Ուրեմն` մեզ զանգողները հաճախորդներ են: Իսկ ես կարծում էի` օգնության կարիք ունեցող մարդիկ…
Դադար: Հեռախոսազանգ:
ԷՍՄԻԿ — «Օգնության ձեռքը» լսում է ձեզ:
ՄԵԿԸ — (լուռ է):
ԷՍՄԻԿ — Ալո… խոսեք…
ՄԵԿԸ — Մի հատ էլ ասեք:
ԷՍՄԻԿ — Ի՞նչ ասեմ…
ՄԵԿԸ — Էն որ ձեռք է…
ԷՍՄԻԿ — (ուսերը թոթվելով): «Օգնության ձեռքը» լսում է ձեզ:
ՄԵԿԸ — Ձեռքը լսել կարո՞ղ է…
ԷՍՄԻԿ — Ես ձեզ լսում եմ, չէ՞… Ի՞նչ է պատահել:
ՄԵԿԸ — (լուռ է):
ԷՍՄԻԿ — Գուցե կարող եմ ձեզ օգնել: Խոսեք, խնդրում եմ…
ՄԵԿԸ — Չկա:
ԷՍՄԻԿ — Ի՞նչ չկա:
ՄԵԿԸ — Լույս չկա:
ԷՍՄԻԿ — Անջատե՞լ են:
ՄԵԿԸ — Ի՞նչը:
ԷՍՄԻԿ — Լույսը:
ՄԵԿԸ — Լույսն անջատո՞ւմ են:
ԷՍՄԻԿ — Երևի ճիշտ չձևակերպեցի միտքս… հոսանքազրկո՞ւմ է:
ՄԵԿԸ — Ի՞նչ կապ ունի հոսանքազրկումը:
ԷՍՄԻԿ — (թեթևակի հունից դուրս գալով): Չասի՞ք` լույս չկա:
ՄԵԿԸ — Ուրիշ լույս նկատի ունեի:
ԷՍՄԻԿ — Ախ, ուրիշ… ուրեմն, այդ ուրիշ լո՞ւյսը չկա:
ՄԵԿԸ — Չկա:
ԷՍՄԻԿ — Երբվանի՞ց…
ՄԵԿԸ — Չգիտեմ… չեմ հիշում…
ԷՍՄԻԿ — Դուք… որտե՞ղ եք:
ՄԵԿԸ — Առայժմ` երկիր մոլորակի վրա:
ԷՍՄԻԿ — Հարցնում եմ` որտեղի՞ց եք զանգում:
ՄԵԿԸ — Կատակոմբից:
ԷՍՄԻԿ — Ներեցեք, չհասկացա…
ՄԵԿԸ — Ավելին ասեմ` կատակոմբի զուգարանից:
ԷՍՄԻԿ — (ձայնը խստանում է): Պարա՞պ եք մնացել:
ՄԵԿԸ — Զուգարանի պատին ռեկլամներ են կպցրած, մեկի վրա կարդացի` «Օգնության ձեռք», ասի` չբռնե՞մ ու զանգեմ էդ ձեռքին…
ԷՍՄԻԿ — Զանգեցիք, և ի՞նչ… (Անմիջական:) Այդ ի՞նչ կատակոմբ է, այն էլ` մեր քաղաքում:
ՄԵԿԸ — Գիշերային ակումբ է, փարիզյան կատակոմբների տխմար նմանակում, բայց խմիչքը վատը չէ, ջուր քիչ են խառնում… ես էլ խմում եմ…
ԷՍՄԻԿ — Դուք խմեք, հեռախոսն անջատում եմ, գուցե հիմա մեկ ուրիշն իրոք օգնության կարիք ունի:
ՁԱՅՆ — Իսկ ե՞ս…
ԷՍՄԻԿ — Արդեն ասացի` պարապ եք:
ՄԵԿԸ — Շա’տ պարապ եմ, հինգ ուժասպառ ջորու պես:
ԷՍՄԻԿ — Հինգ ուժասպառ ջորիների լույսը միաժամանա՞կ անջատվեց:
ՄԵԿԸ — Չի անջատվել… երևի չի էլ եղել… Կորել է:
ԷՍՄԻԿ — Թե՞ դուք եք կորցրել:
ՄԵԿԸ — Զանգել եմ ոչ թե մեղադրանք, այլ խորհուրդ լսելու…
ԷՍՄԻԿ — Ես մեղադրեցի՞…
ՄԵԿԸ — Կասեք` չէ՞…
ԷՍՄԻԿ — Ի՞նչ գիտեմ ձեր մասին, որ մեղադրեմ:
ՄԵԿԸ — Մեծ բան չէ, ես էլ իմ մասին ոչինչ չգիտեմ:
ԷՍՄԻԿ — (համակերպված): Ինչո՞վ կարող եմ ձեզ օգնել:
ՄԵԿԸ — Ինչո՞վ կարող եք ինձ օգնել:
ԷՍՄԻԿ — Դե… եթե զուգարանի պատին կպցրած ռեկլամը կարդացել եք` գիտեք, թե ինչ օգնություն կարող ենք ցույց տալ:
ՄԵԿԸ — Չէ, մենակ վերնագիրն եմ կարդացել… կասե՞ք:
ԷՍՄԻԿ — Հիմա ձեր ձեռքի բաժակը ո՞րերորդն է… թեև զուգարանում եք գտնվում:
ՄԵԿԸ — Կռահեցիք, զուգարանում էլ վատ չի խմվում:
ԷՍՄԻԿ — Տուն գնացեք:
ՄԵԿԸ — Դա՞ էր ձեր օգնությունը:
ԷՍՄԻԿ — Տնից լավ տե՞ղ… ձեր ձայնից դատելով` ջահել եք:
ՄԵԿԸ — Իսկ դուք` ոչ այնքան:
ԷՍՄԻԿ — Գուշակեցիք:
ՄԵԿԸ — Վիրավորվեցի՞ք:
ԷՍՄԻԿ — Ես աշխատանքի մեջ եմ, վիրավորվելու իրավունք չունեմ: Տանը սպասող կա՞:
ՄԵԿԸ — (դադարից հետո): Այդ հարցը չպիտի տայիր: (Կապն անջատվում է:)
Էսմիկը ծխախոտ է վառում, ակնդետ մի կետի նայելով, մի երկու անգամ ծուխը ներս է քաշում ու մոռանում է ծխել: Սիգարետը մոխրանում է ձեռքերի մեջ: Ինչ-որ բան որոշելով` ետ է զանգում:
ՄԵԿԸ — Ո՞վ է:
ԷՍՄԻԿ — Օգնության ձեռքը:
ՄԵԿԸ — Ինչո՞վ կարող եմ օգնել:
ԷՍՄԻԿ — (ժպտում է): Սրամտում եք, լավ է: (Հոգատար շեշտով:) Քսան տարեկան կա՞ս:
ՄԵԿԸ — Համարյա:
ԷՍՄԻԿ — Ախր, քո ի՞նչ խմելու ժամանակն է:
ՄԵԿԸ — Խմելու հատուկ ժամանա՞կ կա:
ԷՍՄԻԿ — Կա: Երբ անհուսությունից բացի ոչինչ չկա, երբ մահ ու կորուստ կա…
ՄԵԿԸ — Գուցե դրանցից մեկն ունեմ… կամ բոլորը` բիրիք:
ԷՍՄԻԿ — Չէ: Դեռ ոչինչ չես տեսել ու չգիտես…
ՄԵԿԸ — Է՞լ ինչ գիտես:
ԷՍՄԻԿ — Պապան ամեն ինչով ապահովել է…
ՄԵԿԸ — Ասենք…
ԷՍՄԻԿ — Մեքենա, աղջիկներ…
ՄԵԿԸ — Մեքենա` հա: Աղջիկներ… չէ:
ԷՍՄԻԿ — Այսի՞նքն…
ՄԵԿԸ — Հիմա աղջիկ չկա: Ձեր ժամանակ ոնց որ եղել է: Մեկը` մայրս, հորս սիրել ու 15 տարի մի բնում ապրել է:
ԷՍՄԻԿ — Գիշերային ակումբներում այդպիսի աղջիկ չես գտնի:
ՄԵԿԸ — Ուրիշ տեղ էլ չեմ գտնի:
ԷՍՄԻԿ — Դրա համա՞ր ես խմում:
ՄԵԿԸ — Դրա համա՞ր խմեմ… (Դադարից հետո:) Ընկերս է դավաճանել:
ԷՍՄԻԿ — Համաձայն եմ, դա լուրջ պատճառ է:
ՄԵԿԸ — Չես էլ պատկերացնում` ինչքան լուրջ է: Լավ էլ պահում էի` մեքենա, ռեստորաններ, հագցնում էի բուտիկներից… Հոլանդացու հետ գնաց:
ԷՍՄԻԿ — (դեռ չհասկանալով): Ո՞ւր գնաց:
ՄԵԿԸ — Հոլանդիա: Պսակվելու…
ԷՍՄԻԿ — (լսափողը շպրտում է, բարձրանում է, քայլում է սենյակում, փորձում է վերագտնել հոգեկան հավասարակշռությունը: Նստում է, նայում հեռախոսին, ինքն իրեն համոզելով): Գուցե ձե՞ռ էր առնում… մտածեց` տարիքով կին է, շոկային թերապիայի ենթարկեմ… Լավ էլ ձեռ առավ, քիչ մնաց` հավատայի… (Կարճ դադարից հետո պայթում է:) Մեկն ասի` քեզնից ի՞նչ խորհուրդ տվող, վաղը դիմում գրի, դուրս արի: Իմ խելքով էլ Նազենիկին եմ ձեռ առնում: Վերջ, վաղը դիմում եմ գրում…
Մթնում է:
Երբ լուսավորվում է, ժամացույցի սլաքները ժամը 10-ն անց 28 րոպե են ցույց տալիս: Էսմիկը քնել է` գլուխը հենած արմունկին:
Հեռախոսազանգ:
ԷՍՄԻԿ — (վեր է թռչում, գործնական:) «Օգնության ձեռքը» լսում է ձեզ:
ՁԱՅՆ — Էլ չեմ կարող…
ԷՍՄԻԿ — (դեռ լրիվ չարթնացած): Ի՞նչ…
ՁԱՅՆ — Ի՞նչ անեմ, ասեք…
ԷՍՄԻԿ — Կասեմ, եթե իմանամ… դե՞…
ՁԱՅՆ — Ծեծեց:
ԷՍՄԻԿ — Ամուսի՞ն, թե՞ սիրեկան…
ՁԱՅՆ — Ի՞նչ սիրեկան, մնում էր` սիրեկանն էլ ծեծեր…
ԷՍՄԻԿ — Ուրեմն` ամուսինը:
ՁԱՅՆ — Միայն: Ես սիրեկան չունեմ:
ԷՍՄԻԿ — Ինչո՞ւ ծեծեց:
ՁԱՅՆ — Չգիտեմ:
ԷՍՄԻԿ — Այդպես չի լինում…
ՁԱՅՆ — Լինում է:
ԷՍՄԻԿ — Վաղո՞ւց եք ամուսնացած:
ՁԱՅՆ — Վեց ամիս է:
ԷՍՄԻԿ — Ամի՞ս…
ՁԱՅՆ — Ինչ է՞ որ…
ԷՍՄԻԿ — Ասում եք` վեց ամի՞ս, այսինքն` կես տարի՞:
ՁԱՅՆ — Վեցը դեռ չի լրացել, ու կես տարվա մասին խոսելը շուտ է:
ԷՍՄԻԿ — Լավ, խոսենք մեղրամիսի մասին:
ՁԱՅՆ — Մեղրամիսն ի՞նչ կապ ունի…
ԷՍՄԻԿ — Ամենաուղղակի: Մեղամիսի ժամանակ է՞լ… այսպես ասած…
ՁԱՅՆ — Մեղրամիսը հանգիստ թողեք: Երեք ամիս առաջ է սկսվել…
ԷՍՄԻԿ — Ինչի՞ց է սկսվել:
ՁԱՅՆ — Չգիտեմ:
ԷՍՄԻԿ — Լավ մտածեք:
ՁԱՅՆ — Չեմ հիշում…
ԷՍՄԻԿ — Առաջին անգամը ինչպե՞ս եղավ:
ՁԱՅՆ — Թեթև խփեց… մտածեցի` սխալմունք է…
ԷՍՄԻԿ — Հետո՞…
ՁԱՅՆ — Ի՞նչ` հետո:
ԷՍՄԻԿ — Երկրորդ անգա՞մ…
ՁԱՅՆ — Ապտակեց:
ԷՍՄԻԿ — Հետո՞…
ՁԱՅՆ — Հետո դոզան ավելացրեց: Մինչև… (Լալիս է:)
ԷՍՄԻԿ — Մինչև այսօ՞ր…
ՁԱՅՆ — Հա…
ԷՍՄԻԿ — Սիրո՞ւմ է:
ՁԱՅՆ — Գժի նման:
ԷՍՄԻԿ — Ուրեմն խանդում է:
ՁԱՅՆ — Ի՞նչ իմանամ…
ԷՍՄԻԿ — Առիթ տվե՞լ ես:
ՁԱՅՆ — Ի՞նչ իմանամ…
ԷՍՄԻԿ — Եթե խանդում է` բախտդ չի բերել:
ՁԱՅՆ — Ինչո՞ւ…
ԷՍՄԻԿ — Դեռ հարցնում ես… Լավ, պատասխանեմ: Սիրել չգիտե:
ՁԱՅՆ — Ո՞նց թե` չի սիրում… բա Օթելլո՞ն:
ԷՍՄԻԿ — Կլիմաքսի զոհ էր:
ՁԱՅՆ — Իսկ Արբենինը…
ԷՍՄԻԿ — Կոմպլեքսավորված սնոբ:
ՁԱՅՆ — Բա Սեյրա՞նը…
ԷՍՄԻԿ — Ո՞վ…
ՁԱՅՆ — «Նամուսի» Սեյրանը:
ԷՍՄԻԿ — Բանասե՞ր ես:
ՁԱՅՆ — Հա:
ԷՍՄԻԿ — Ուրեմն` գրականությունդ դնում ես մի կողմ ու ինձ ես լսում: Լսո՞ւմ ես:
ՁԱՅՆ — Լսում եմ:
ԷՍՄԻԿ — Հենց հիմա զանգում ես ոստիկա… (Կարճ մտորումից հետո:) Սեյրանդ ո՞ւր է:
ՁԱՅՆ — Գնաց… բակում ծխում է:
ԷՍՄԻԿ — Դու էլ սպասում ես` մինչև գա՞:
ՁԱՅՆ — Բա ի՞նչ անեմ:
ԷՍՄԻԿ — Ծնողներդ գիտե՞ն:
ՁԱՅՆ — Չէ, իզուր պիտի տառապեն:
ԷՍՄԻԿ — Հա, իրենց տեղն էլ ես տառապում: Լսիր, մազոխի՞ստ ես: Չեմ հավատում, բանասերները մազոխիստ չեն լինում, ամենաշատը` պաթեիստ… պաթոս բառից է: Բայց հիմա դրա ժամանակը չէ: Հիմա ինձ լսիր` թե ինչ ես անում: Լսո՞ւմ ես:
ՁԱՅՆ — Լսում եմ:
ԷՍՄԻԿ — Ապրես: Զանգում ես ոստիկանություն, կգան, կակտավորեն… Ու դրանից հետո անմիջապես իրերդ հավաքիր ու` հորանց տուն:
ՁԱՅՆ — Այսինքն… բաժանվե՞մ:
ԷՍՄԻԿ — Աղջիկ ջան, անունդ ի՞նչ է:
ՁԱՅՆ — Լուսինե:
ԷՍՄԻԿ — Լուսինե, կնոջ վրա ձեռք բարձրացնողը տղամարդ չէ: Իսկ եթե սիրում է, ինչպես դու ես ասում ու ծեծում է` ավելի վատ…
ՁԱՅՆ — Ես… չեմ կարող… (Հեծկլտում է:) Սիրում եմ…
ԷՍՄԻԿ — Ղալաթ ես անում: (Մտածում է:) Հիմա չե՞ս զանգելու:
ՁԱՅՆ — Չէ… (Անսպասելի վճռական:) Ոչ:
ԷՍՄԻԿ — Ուրիշ բան կմտածենք: Ասում ես` հիմա ո՞ւր է…
ՁԱՅՆ — Պատուհանից տեսնում եմ` բեսեդկայում նստած ծխում է:
ԷՍՄԻԿ — Ծխելուց հետո ի՞նչ կանի:
ՁԱՅՆ — Տուն կբարձրանա… ու կփակվի խոհանոցում:
ԷՍՄԻԿ — Մինչև նոր ծեծը… (Մտահոգ:) Ամուսինդ ոչ Օթելլո է, ոչ էլ մեր հարևան Նիկոլը, որ գինեդևից էր կնոջը ծեծում… Դու լացդ կտրիր, մենք հիմա մի բան կմտածենք… (Լսափողի միջից խուլ լացի ձայն է լսվում:) Ասացի` վերջ լացին: Մենք հիմա նրա գլխին էն խաղը խաղանք, որ ծնված օրը մոռանա…
ՁԱՅՆ — (միանգամից լացը կտրվում է): Ինչպե՞ս…
ԷՍՄԻԿ — Տանը գրտնակ ունե՞ս:
ՁԱՅՆ — Ի՞նչ…
ԷՍՄԻԿ — Գրտնակ:
ՁԱՅՆ — Գրտնակ` չէ, լանգետ ծեծելու թակիչ ունեմ:
ԷՍՄԻԿ — Էլի վատ չէ: Հենց ներս կգա, էդ թակիչով դեմը կելնես ու կասես. «Մյուս անգամ որ ձեռք ես բարձրացրել վրա, սա գլխիդ կջարդեմ»: Լսեցի՞ր…
ՁԱՅՆ — (սարսափած): Այդպես էլ ասե՞մ…
ԷՍՄԻԿ — Ոչ միայն կասես, այլև կշարունակես. «Ու դրանից հետո էլ ինձ չես տեսնի»: Լսեցի՞ր…
ՁԱՅՆ — (անվստահ): Լսեցի, բայց…
ԷՍՄԻԿ — Ոչ մի բայց, հենց հիմա գնա ու բեր թակիչը…
ՁԱՅՆ — (դադարից հետո): Բերեցի:
ԷՍՄԻԿ — Իսկ հիմա ասածս կկրկնես այնքան, մինչև անգիր անես, հենց ներս մտնի` վրա կտաս, չկմկմաս… Այնպես կասես, որ հավատա:
ՁԱՅՆ — Կարծում եք` կօգնի՞…
ԷՍՄԻԿ — Ի՞նչ իմանամ, դու ասածս արա: Հետո կզանգեմ` կիմանամ:
ՁԱՅՆ — (քրթմնջոցով): Չգիտեմ… չգիտեմ… (Կապն անջատվում է:)
Էսմիկը սիգարետ է վառում, ծուխը ներս է քաշում ու բռունցքը ուժեղ խփում է գլխին:
Մթնում է:
Երբ լուսավորվում է, ժամացուցյի սլաքները 11-ի վրա են: Էսմիկը մի քանի անգամ ձեռքը տանում է հեռախոսին, ետ է քաշում ու վերջապես համար է հավաքում:
ԷՍՄԻԿ — (այն կողմում հենց վերցնում են լսափողը, առանց սպասելու): Լուսինե, ավելի լավ է` ոստիկանություն կանչեմ:
ՁԱՅՆ — Ի՞նչ… ի՞նչ ոստիկանություն:
ԷՍՄԻԿ — (շփոթված): Ո՞վ է…
ՁԱՅՆ — Լուսինեի մարդը:
ԷՍՄԻԿ — (սարսափահար): Լուսինեն… ո՞ւր է:
ՁԱՅՆ — Ի՞նչ ոստիկանություն ես կանչում:
ԷՍՄԻԿ — (ինքն էլ անցնելով «դու»-ի ու նրա տոնով): Մինչև չասես` ուր է Լուսինեն` հարցդ անպատասխան կմնա:
ՁԱՅՆ — Սենյակի մեջտեղում կանգնած է, համ էլ` զինված է:
ԷՍՄԻԿ — Փառք Աստծո…
ՁԱՅՆ — Էդ հետո կերևա, ասում ես, ինչ ոստիկանությո՞ւն…
ԷՍՄԻԿ — (տենդագին պատճառաբանություն է փնտրում ու… գտնում է, դեմքը պայծառանում է): Տունս ջրի մեջ կորցրել եք, ես էլ ոստիկանություն եմ կանչելու: Ու շատ էլ լավ կանեմ:
ՁԱՅՆ — Ի՞նչ ջուր…
ԷՍՄԻԿ — Չգիտեմ, ինչ ջուր, բայց խոհանոցիս առաստաղը ջրի մեջ կորած է: Քանի՞ անգամ եմ ասել, զգուշացրել` տռապը փոխեք:
ՁԱՅՆ — Ո՞ւմ ես ասել:
ԷՍՄԻԿ — Լուսինեին եմ ասել:
ՁԱՅՆ — Էլի՞ ենք ջրել…
ԷՍՄԻԿ — Հա էլ ջրում եք: Զզվեցրիք, որ ձեն չենք հանում, կարծում եք` ինչ ուզենաք-կանե՞ք… Կգան, արձանագրություն կկազմեն, վերանորոգման փողը խելոք կտաք: Իսկ ես սովորական վերանորոգում չեմ անի, հոլանդական սալիկներով ու իտալական մետլախով… Ամենաքիչը: Դրանից հետո տեսնեմ էլի կջրե՞ք…
ՁԱՅՆ — (կարճ դադարից հետո): Մեր խոհանոցը չորից չոր է:
ԷՍՄԻԿ — Քեզ է թվում, տռապը չի աշխատում, քանի՞ անգամ ասեմ…
ՁԱՅՆ — Հիմա կիջնեմ ներքև, տեսնեմ` ինչ ջուր է կաթում քո առաստաղից:
ԷՍՄԻԿ — (տենդագին մտածում է): Սպասեք… սպասիր… ու չհամարձակվե՛ս աչքիս երևալ: (Կողմ.) Ի՞նչ անեմ, տեր Աստված, այս ի՞նչ արեցի…
Լսափողի մեջ խուլ աղմուկ է լսվում, հետո`
ԼՈՒՍԻՆԵ — Ամեն ինչ նորմալ է, միք անհանգստանա: Էլ ջուր չի կաթի: (Հեռախոսն անջատում է:)
ԷՍՄԻԿ — Միայն իմանամ, թե այնտեղ ինչ է կատարվում… Էլի պրոբլեմ սարքեցի: (Արդարանալով:) Բա ի՞նչ անեի, թողնեի, որ ծեծվե՞ր… (Սիգարետ է վառում, ծխելով քայլում է սենյակում:) Շեֆին զանգե՞մ… Կասի, որ քիթս խոթում եմ, ուր պետք չէ, որ մոռանում եմ, որ ընդամենը դիսպետչեր եմ ու հոգեբանի հաստիքով չաշխատեմ… Չէ, վաղը դիմումը գրած տանում եմ, դնում եմ տիկին տնօրենի սեղանին ու… հեռու այս ամենից…
Հեռախոսազանգ:
ԷՍՄԻԿ — (արագ վերցնում է): Ալո՞…
ՁԱՅՆ — Օգնության ձե՞ռքն է:
ԷՍՄԻԿ — (սթափվելով): Այո, լսում եմ ձեզ:
ՁԱՅՆ — Խոսեք ինձ հետ:
ԷՍՄԻԿ — (ձայնի տոնից ինչ-որ բան կռահելով): Խոսեմ: Ավելի ճիշտ` ինչի՞ մասին խոսենք:
ՁԱՅՆ — Չէ, դուք խոսեք: Ինչի մասին որ սիրում եք խոսել:
ԷՍՄԻԿ — Սիրում եմ խոսել… Եղանակի մասին չեմ սիրում խոսել:
ՁԱՅՆ — Ինչո՞ւ:
ԷՍՄԻԿ — Չգիտեմ:
ՁԱՅՆ — Շարունակեք:
ԷՍՄԻԿ — Ձեր սիրած եղանակը…
ՁԱՅՆ — Արդեն չգիտեմ:
ԷՍՄԻԿ — Ինչո՞ւ արդեն…
ՁԱՅՆ — Քաղցկեղ… Վերջին օրը կլինի ամենասիրածս եղանակը: (Դադար:) Ինչո՞ւ եք լռում:
ԷՍՄԻԿ — Մտածում էի, որ հակառակն եք ասելու:
ՁԱՅՆ — Ապրողի պես եք մտածում:
ԷՍՄԻԿ — Իսկ դուք…
ՁԱՅՆ — Արդեն մեռնողի պես եմ մտածում ու գիտեմ, որ ինչքան մոտենա մահվան օրս, այնքան սիրելու եմ տարվա այդ եղանակը` ձյուն լինի թե շոգ… Լսեք, չեղավ, ձեր փոխարեն ես եմ խոսում:
ԷՍՄԻԿ — (չլսելու տալով): Այսօ՞ր եք իմացել:
ՁԱՅՆ — Մի ամիս կլինի…
ԷՍՄԻԿ — Տնեցինե՞րը…
ՁԱՅՆ — Չեմ ասել:
ԷՍՄԻԿ — Ինչո՞ւ…
ՁԱՅՆ — Չեմ ուզում… եղբայրս երեք տարի առաջ մահացավ… էլի քաղցկեղ… Չորս ամիս դերասանություն էինք անում` ինքն էլ, մենք էլ… Էնքան դերասանություն արեցինք, մինչև զզվեցինք: Ինքը` մեզնից, մենք… (Դադար:)
ԷՍՄԻԿ — Դաժան եք…
ՁԱՅՆ — Հա, նման բաների մասին ընդունված չէ անկեղծ խոսել, ամեն ինչ ավարտվելուց հետո էլ շարունակում ենք կեղծ խաղը: Բայց ես արդեն կարող եմ չխաղալ:
ԷՍՄԻԿ — Կարող եք չխաղալ, իսկ ինչքա՞ն կարող եք թաքցնել…
ՁԱՅՆ — Բան չմնաց: Կիսատ գործերս կավարտեմ ու… մի վայրկյան է:
ԷՍՄԻԿ — (սահմռկած): Ինչպե՞ս թե…
ՁԱՅՆ — Պահեստի սպա եմ, կրակել գիտեմ: Լռո՞ւմ եք… Բա ո՞ւր մնաց ձեր օգնության ձեռքը:
ԷՍՄԻԿ — (ակամա հարգանքով): Դուք դրա կարիքը չունեք:
ՁԱՅՆ — Կեցցես, հասկացաք… Հարցիս կպատասխանե՞ք:
ԷՍՄԻԿ — Եթե կարողանամ:
ՁԱՅՆ — Պիտի կարողանաք: (Դժվարությամբ է բառերը գտնում:) Ինքնասպաններին երկրի վրա առանձնացնում են, գոնե երկնքում նրանց համար տեղ կա՞:
ԷՍՄԻԿ — (դադարից հետո): Գիտե՞ք, ինչու է երկինքը կապույտ:
ՁԱՅՆ — Անսպասելի շրջադարձ էր: Շարունակեք:
ԷՍՄԻԿ — Մեր բոլորի տեղը երկնքում է, առանց խտրության:
ՁԱՅՆ — Որտեղի՞ց գիտեք:
ԷՍՄԻԿ — Ամուսնուս մահից հետո հասկացա:
ՁԱՅՆ — Նա է՞լ ինքն իրեն…
ԷՍՄԻԿ — Չէ, ինֆարկտ, ակնթարթային մահ… Բայց երբ հողը ծածկեց նրան, չգիտեմ ինչու, նայեցի վեր ու տեսա, որ երկինքը սովորականից ավելի կապույտ էր: Մեզնից ամեն մեկը ընդամենը ավելացնում է երկնքի կապույտը:
ՁԱՅՆ — Ուրեմն` իզուր չզանգեցի: (Անջատում է:)
ԷՍՄԻԿ — (դադարից հետո): Նույնիսկ անունդ չիմացա: (Հեռախոսի էկրանի վրայի համարը գրանցելով:) Բայց հեռախոսիդ համար գրանցեմ…
Մթնում է:
Հեռախոսազանգ` մթան մեջ: Լուսավորում է` Էսմիկը նստած է նույն դիրքում:
ԷՍՄԻԿ — «Օգնության ձեռքը»…
ՁԱՅՆ — Մամ, էլ մի շարունակիր…
ԷՍՄԻԿ — Վարսինե ջա՞ն, էս ուշ ժամին ինչո՞ւ ես զանգել:
ՁԱՅՆ — Մամ, մեզ մոտ այդքան էլ ուշ չէ… Տոմսդ պատվիրել եմ, ծննդյան տոներին մեզ հետ կլինես:
ԷՍՄԻԿ — Հազար ու մի պրոբլեմ ունեք, ինչի՞ եք ավելորդ ծախսի մեջ…
ՁԱՅՆ — (ընդհատում է): Մա՜մ, կարոտից մեռնում եմ, դու ասում ես` ծախս… Մի խոսքով, պատրաստվիր: (Ու երեխայի անմիջական ճվճվոցով:) Մամ ջան, ոնց եմ քեզ կարոտել… (Կապն անջատվում է:)
Էսմիկը գլուխն առնում է ձեռքերի մեջ ու անձայն լացից ուսերը ցնցվում են:
Հեռախոսազանգ:
ԷՍՄԻԿ — (մի կերպ իրեն զսպելով): «Օգնության ձեռքը» լսում է ձեզ:
ՁԱՅՆ — (գռեհիկ): Էգ եմ ուզում, օգնության հասի, ծիտ ջան…
Էսմիկը խայթվածի պես լսափողը գցում է ցած: Հեռախոսազանգ: Վերցնում, լռում է:
ՁԱՅՆ — Չես լսո՞ւմ, այ քած, կարծում ես` չգիտե՞նք, էդ ինչ օգնություն է…
Էսմիկը լսափողը ավելի հանգիստ դնում է ցած, բայց արդեն սպասում է զանգին: Զանգը չի ուշանում: Վերցնում, նորից լռում է:
ՁԱՅՆ — Հիմի ինձ լսի, ինչ եմ քեզ ասում…
ԷՍՄԻԿ — Հիմա դու կլսես, թե ե՛ս ինչ եմ քեզ ասում: Եթե այդքան անճար ես, որ մի էգն ինչ է` չես կարող ճարել, գլուխդ խփի պատերին ու մարմնիդ մնացած մասերն էլ` հետը: Իսկ եթե մեկ էլ զանգես` համապատասխան տեղից կգան ու համապատասխան տեղիդ օգնություն ցույց կտան: Սա նախարարության համակարգում աշխատող ծառայություն է, հասկացա՞ր, անասուն: (Սպասում է` լռություն, հետո անորոշ քրթմնջոցով կապն անջատվում է: Գոհ:) Հետաքրքիր է, սույն անասունը ի՞նչ տեսք ունի… բռռ… (Զզվանքով դեմքը ծամածռում է, ինքն իրեն համոզելով:) Հենց հիմա մոռացիր այդ անասունի մասին: Լավ տեղը դրեցիր` ու վերջ: Մնում է, վիրավորվես, կարո՞ղ է` լաց էլ լինես… Դա ո՞վ է, որ կարողանա նյեռվերդ քայքայել… (Այլ տոնով:) Մարիշ ջան, ոնց եմ պակասդ զգում… Ամառը խոստացել ես գալ: (Մտքում հաշվարկ անելով:) Բան չմնաց, կես տարի, բայց խոսելու ինչքան բան ունենք, արձակուրդդ չի հերիքի… (Կեղծ ծիծաղով, որ լաց չլինի:) Ըհը, հիշեցի քեզ ու արդեն մոռացա անասունին: Իսկ հիմա լրիվ կմոռանամ: (Դեմքը լուսավորվում է` երազանքով:) Ծննդյան տոները` Պրագայում… աղջկաս, թոռներիս հետ: (Հատուկ շեշտով:) Նաև փեսայիս: Նվերներն արդեն կարելի է առնել… Արմինեիս ծանրոցն էլ պիտի պատրաստեմ, որ Մոսկվա ժամանակին հասնի: Վաղը մեր հոգեբանի հետ խոսեմ, գուցե պետք է պահեստի սպայի ընտանիքին տեղյա՞կ պահել… Չգիտեմ, չգիտեմ… (Նայում է` պատի ժամացույցը կանգնել է:) Էլի՞… (Ուզում է վերցնել ձեռնափայտը, բայց միտքը փոխում է, նայում է ձեռքի ժամացույցին:) Ժամը երեքն է… Քեթրինը ամուսնու գրկում է… գոնե էս անգամ մի բան ստացվի, մաշվեց աղջիկը, երեք տարի ամուսնացած են, երեք ամիս իրար հետ քնած չկան: Երեխա որ լինի, գուցե այդքան ծանր չտանի, մինչև մարդը մի քիչ փող հավաքի, գա, մի գործ դնի, ապրեն…
Հեռախոսազանգ: Վերցնում է:
ԷՍՄԻԿ — «Օգնության ձեռքը» լսում է ձեզ: Ալո… լսում եմ, խոսեք…
Կապն անջատվում է: Ուսերը թոթվելով, սառը թեյից կում է անում: Նորից զանգ:
ԷՍՄԻԿ — «Օգնության ձեռքը» լսում է ձեզ:
ՁԱՅՆ — Գտա:
ԷՍՄԻԿ — Ի՞նչ…
ՁԱՅՆ — Ասում եմ` գտա:
ԷՍՄԻԿ — Չեմ հասկանում…
ՁԱՅՆ — Շուտով կհասկանաք:
ԷՍՄԻԿ — Ո՞վ է… (Գլխի ընկնելով` գունատվում է ու հեռախոսն անջատում է:) Լուսինեի ամուսինն էր… ասինքն` նրա ձայնն էր: Քեթրին աղջիկ, քո պատճառով էս ի՞նչ կրակն ընկա: Ո՞ւմ զանգեմ… Աղջիկներս` հեռու, հարևաններին այս ժամին ինչպե՞ս անհանգստացնեմ… (Հիստերիկ ծիծաղ:) Մնում է զանգել «Օգնության ձեռքին»… (Ծիծաղն աստիճանաբար մարում է: Ձեռքը տանում է սրտին, հետո` ծոծրակին:) Ճնշումս բարձրացավ… (Հեռախոսազանգ: Երկմտում է` զանգե՞լ… Երրորդ զանգից հետո հեռախոսը լռում է:)
Դռան զանգ: Էսմիկը նայում է շուրջը` օգնության հույս չկա: Սպասում է: Անընդմեջ զանգեր: Ի վերջո, ինչ-որ բան վճռելով, վերցնում է ձեռնափայտն ու գնում կուլիսները:
ԷՍՄԻԿ — Կասեն` զոհվեց ծառայողական պարտականությունը կատարելիս… Կամ այրվեց աշխատանքի մեջ…
Մթնում է:
Լուսավորվում է: Էսմիկը նստած է բազմոցին, Տղամարդը նստած է նրա դիմացի աթոռին, զննում է ձեռնափայտը:
ԷՍՄԻԿ — (փորձելով չկորցնել ինքնատիրապետումը): Հենց հիմա տունս ազատիր քո ներկայությունից:
ՏՂԱՄԱՐԴ — Անցանկանալի ներկայությունից:
ԷՍՄԻԿ — Հենց այդպես, թե չէ…
ՏՂԱՄԱՐԴ — Թե չէ` ի՞նչ…
ԷՍՄԻԿ — Տուր ձեռնափայտը:
ՏՂԱՄԱՐԴ — (ձեռնափայտը շուռումուռ տալով): Սրանո՞վ ես մարդուդ դիմավորում: (Էսմիկը ցուցադրաբար դեմքը շրջում է:) Պատկերացնում եմ` ինչ տեսարան է` խեղճ մարդը միամիտ ներս է մտնում ու… (Օդում ճոճում է ձեռնափայտը:) Ուղիղ` կարկաճին: Բա ինքն ո՞ւր է:
ԷՍՄԻԿ — (ակամա սեղմվում է բազմոցի մեջ, որ խուսափի հարվածից, հայացքն ուղղում է ամուսնու սև շրջանակված լուսանկարին): Նրա հետ գործ չունես:
ՏՂԱՄԱՐԴ — (Էսմիկի հայացքը բռնելով` այլ տոնով, ակնարկելով ձեռնափայտը): Հույս ունեմ` սա չի եղել պատճառը:
ԷՍՄԻԿ — Անդաստիարակ:
ՏՂԱՄԱՐԴ — Լավ չլսեցի…
ԷՍՄԻԿ — Բիրտ արարած:
ՏՂԱՄԱՐԴ — Ե՞ս…
ԷՍՄԻԿ — Սադիստ:
ՏՂԱՄԱՐԴ — Ու վե՞րջ…
ԷՍՄԻԿ — Կնոջ վրա ձեռք բարձրացնողը ամեն ինչ է, սադիստ ու մեկ անգամ էլ` սադիստ: Ասում եմ` թող էդ սադիստին, բաժանվի, ասում է… (Լռում է` շուրթերն ամուր սեղմելով:)
ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ է ասում:
ԷՍՄԻԿ — Նույնիսկ դա իմանալու արժանի չես, բայց քեզ թույլ ես տալիս ծեծել…
ՏՂԱՄԱՐԴ — Փորձում եմ ծեծել:
ԷՍՄԻԿ — Որ ասում եմ` սադի՞ստ…
ՏՂԱՄԱՐԴ — Ինքն է ստիպում:
ԷՍՄԻԿ — Իսկ գուցե խնդրո՞ւմ է:
ՏՂԱՄԱՐԴ — Չէ, ստիպում է, բայց` չհասկանալով:
ԷՍՄԻԿ — Չեմ հասկանում: Ասենք` Լուսինեին էլ չեմ հասկանում, հավատացած է, որ սիրում ես:
ՏՂԱՄԱՐԴ — Սիրում եմ:
ԷՍՄԻԿ — Գուցե բժշկի կարի՞ք ունես:
ՏՂԱՄԱՐԴ — (անսպասելի անկեղծությամբ): Չեմ ուզում կորցնել նրան:
ԷՍՄԻԿ — (կողմ): Հաստատ գիժ է:
ՏՂԱՄԱՐԴ — Երբ ծանոթացանք… (Անմիջական:) Գիտե՞ս, ինչով ինձ գրավեց:
ԷՍՄԻԿ — Միևնույն է` չեմ գուշակի, ասա:
ՏՂԱՄԱՐԴ — Իրասածի, նույնիսկ… երեսառածի մեկն էր, ոնց որ կրակ…
ԷՍՄԻԿ — (հոնքերը վեր բարձրացնելով, կասկածով): Իսկապե՞ս…
ՏՂԱՄԱՐԴ — Երկար, գանգուր մազերը` պղնձագույն… մի բան սրտովը չլիներ` գլուխը թափ էր տալիս, ու կարմիր մազերը առյուծի բաշի նման… Մի խոսքով, գժվում էի:
ԷՍՄԻԿ — (խոսակցության անսպասելի ընթացքից հետաքրքրված` հարմար տեղավորվում է բազմոցին, ծեռքերը ծալում կրծքին): Ոչինչ չեմ հասկանում, բայց դու շարունակիր:
ՏՂԱՄԱՐԴ — Ամուսնությունից հետո փոխվեց:
ԷՍՄԻԿ — Այսի՞նքն…
ՏՂԱՄԱՐԴ — Մի օր տեսնեմ` մազերը հավաքել, կապել է, դուրըս չեկավ, բայց որ ասաց` գործ անելիս խանգարում է` բան չասի, թեև…
ԷՍՄԻԿ — Ասեիր:
ՏՂԱՄԱՐԴ — (չլսելու տալով): Հետո… դրսում ջղայնացել էի, ուրիշի վրա, բայց վրան գոռացի: Գոռացի ու մտքիս մեջ ասում եմ` «Էս ի՞նչ արեցիր, բա որ վիրավորվի՞»… Ու սպասում եմ` հիմա ոնց է կատաղելու…
ԷՍՄԻԿ — Չկատաղե՞ց:
ՏՂԱՄԱՐԴ — Կուչ եկավ, հերիք չէ, հետն էլ սկսեց սիրաշահել` սոված չե՞ս… սուրճ եփե՞մ…
ԷՍՄԻԿ — Հոգատար կին է, աստծուց կրա՞կ ես ուզում…
ՏՂԱՄԱՐԴ — Էլի չհասկացար…
ԷՍՄԻԿ — Ի՞նչ ես ուզում, որ հասկանամ:
ՏՂԱՄԱՐԴ — Հյուր էինք գնալու, կարճ շոր էր հագել: Գեղեցիկ ոտքեր ունի…
ԷՍՄԻԿ — (հանդիմանանքով): Ասացիր` շորդ փոխիր:
ՏՂԱՄԱՐԴ — Չգիտեմ ինչու` ասացի… ախր, նայում, հիանում էի, այնքան լավն էր, մազերն էլի թափել էր ուսերին: (Դադարից հետո:) Չէ, շատ լավ էլ գիտեմ` ինչու ասացի… որ կատաղի, ու էն գոռոցիս մուռն էլ հանի:
ԷՍՄԻԿ — Ե՞վ…
ՏՂԱՄԱՐԴ — Խելոք գնաց, շորը փոխեց, մի ապուշ բան հագավ ու եկավ, կանգնեց սենյակի մեջտեղում:
ԷՍՄԻԿ — Ու դու…
ՏՂԱՄԱՐԴ — Ապտակեցի:
ԷՍՄԻԿ — Կարծես սկսում եմ հասկանալ…
ՏՂԱՄԱՐԴ — Աչքերը լցվել են, բայց չի լալիս, ձայն չի հանում: Կատաղությունից ինձ ուտում եմ… ասացի` ոչ մի տեղ էլ չենք գնում: Էլի խելոք գնաց, էդ ապուշ բանը հանեց, մազերը կապեց ու նորից ցցվեց սենյակի մեջտեղում:
ԷՍՄԻԿ — Հիմա’ր աղջիկ:
ՏՂԱՄԱՐԴ — Տնից դուրս թռա, որ ավելորդ բաներ չանեմ: Գնացի, լավ խմեցի…
ԷՍՄԻԿ — (արդեն` տղամարդուն համախոհ): Ուրիշ ի՞նչ կարող էիր անել…
ՏՂԱՄԱՐԴ — Դրանից հետո սկսեցի անտեղի նեղել, ձեռքերիս ազատություն տալ…
ԷՍՄԻԿ — Իսկ նա ավելի էր խեղճանում…
ՏՂԱՄԱՐԴ — Ինչո՞ւ, կարո՞ղ եք ասել, ինչո՞ւ…
ԷՍՄԻԿ — Մեկ ուրիշը երջանկությունից կուշաթափվեր, որ այդքան հեզ աղջկա է հանդիպել:
ՏՂԱՄԱՐԴ — (պայթում է): Ինձ հեզ աղջիկ պետք չէ, իմ կողքին, ինձ հետ ապրողը պիտի հպարտ լինի, իր արժեքը գիտակցի…
ԷՍՄԻԿ — Հասկացա: Դոզան ավելացնելով` բռնանում էիր, որ ապստամբեր:
ՏՂԱՄԱՐԴ — Արդեն հույսս կտրել էի, բայց այս գիշեր…
ԷՍՄԻԿ — (հաճույքից ձեռքերը շփելով): Այստեղից` մանրամասն պատմիր, ոչինչ բաց չթողնես:
ՏՂԱՄԱՐԴ — (ինքն էլ ակամա վարակվելով Էսմիկի ոգևորությամբ): Տուն բարձրացա, մտածում եմ` էլի կուչ եկած ինձ է սպասում… Ներս մտա` միջանցքում կանգնած է, ձեռքին` ինչ-որ բան…
ԷՍՄԻԿ — (գիտակի շեշտով): Ինչ-որ բան չէ, լանգետ ծեծելու թակիչ է:
ՏՂԱՄԱՐԴ — Ավելի թեթև բան չէի՞ր կարող առաջարկել:
ԷՍՄԻԿ — Փայտից չէ՞ր…
ՏՂԱՄԱՐԴ — Փայտը ծանր չի՞ լինում:
ԷՍՄԻԿ — Հարվածի հետքեր չեմ տեսնում:
ՏՂԱՄԱՐԴ — Իմ Լուսինեին ճանաչեիր` դա չէիր ասի… Բայց որ կարողացել էլ էդ փայտի կտորը ձեռքին դեմս կանգնել` հրաշքի պես բան էր…
ԷՍՄԻԿ — Բայց հո բախտդ չի՜ բերել, կին եմ ասել, հա… (Սթափվելով:) Մի շեղվիր, հետո՞…
ՏՂԱՄԱՐԴ — Սկզբում անվստահ, կմկմալով, բայց հետո վրա տվե՜ց…
ԷՍՄԻԿ — (նրա ասելիքը շարունակելով): «Մյուս անգամ որ ձեռք ես բարձրացրել վրաս, սա գլխիդ կջարդեմ»…
ՏՂԱՄԱՐԴ — (նրա հանգով շարունակելով): «Ու դրանից հետո էլ ինձ չես տեսնի»: Այնպես ասաց, որ հավատացի…
ԷՍՄԻԿ — Ապրի, լավ աշակերտ է:
ՏՂԱՄԱՐԴ — Բա ուսուցի՞չը…
ԷՍՄԻԿ — (համենայնդեպս` զգուշավոր): Թեմայից մի շեղվիր: Իսկ աչքերը փայլո՞ւմ էին…
ՏՂԱՄԱՐԴ — Առաջվա պես… մազերն էլ…
ԷՍՄԻԿ — Առյուծի բաշի նման ծածանվում էին
ՏՂԱՄԱՐԴ — «Ծածանվելը» իմ բառը չէ, բայց նման է:
ԷՍՄԻԿ — Ու դո՞ւ…
ՏՂԱՄԱՐԴ — Իսկ ես մի բան էի ուզում` մոտենամ ու գրկեմ…
ԷՍՄԻԿ — (ինքն իրենից դժգոհ): Ու հենց այդ պահին ես զանգում եմ:
ՏՂԱՄԱՐԴ — Հենց այդ պահին պիտի զանգեիր… ժամանակ շահեի, մինչև խելքի կգայի:
ԷՍՄԻԿ — Իսկ ես յուղ եմ լցնում կրակին` ոստիկանությո՜ւն եմ կանչելու…
ՏՂԱՄԱՐԴ — Սկզբում բան չհասկացա… բայց երբ Լուսինեն լսափողը ձեռքիցս խլեց ու…
ԷՍՄԻԿ — Մի շարունակիր, մնացածը գիտեմ` «Էլ ջուր չի կաթի»:
ՄԻԱՍԻՆ — Yes! (Սկսում են ծիծաղել:)
ԷՍՄԻԿ — (ծիծաղի միջից): Հեռախոսիս համարով գտար…
ՏՂԱՄԱՐԴ — Հիմա անհնար բան չկա: Բայց վատ չեք անում ձեր գործը:
ԷՍՄԻԿ — Կարծո՞ւմ եք… Իմ տնօրենին հարցրեք` նա կասի:
ՏՂԱՄԱՐԴ — Ես չգիտե՞մ, որ նրան հարցնեմ…
Հեռախոսազանգ: Էսմիկն ուզում է վերցնել լսափողը:
ՏՂԱՄԱՐԴ — Թողեք, ես փորձեմ:
ԷՍՄԻԿ — Ի՞նչ եք ասում… ես իրավունք չունեմ:
ՏՂԱՄԱՐԴ — Ես էլ կարո՞ղ եմ ձեզ նման… (Վանելով Էսմիկի ձեռքը` վերցնում է լսափողը:)
ԷՍՄԻԿ — (հուսահատ հաստատակամությամբ): Վաղը հաստատ դիմումս գրեցի… այսինքն` ինչո՞ւ` վաղը: Հենց հիմա:
ՏՂԱՄԱՐԴ — «Օգնության ձեռքը» լսում է:
ՁԱՅՆ — Դուք աշխատակից ունեք… անունը Էսմիկ է:
ՏՂԱՄԱՐԴ — Ունենք:
ՁԱՅՆ — Նրան տեղյակ պահեք… բայց զգուշորեն, միանգամից չասեք…
ՏՂԱՄԱՐԴ — (զգալով, որ ինչ-որ բան այնպես չէ, լսափողը փակում է, Էսմիկին): Ջուր կտա՞ք:
ԷՍՄԻԿ — (կասկածով նայում, բայց գնում է խոհանոց):
ՏՂԱՄԱՐԴ — (լսափողի մեջ): Արագ ասեք, ինչ է պատահել:
ՁԱՅՆ — Ընկերուհին` Մարիշը մահացել է… ավտովթարից:
ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ:
ՁԱՅՆ — Վաղը հոգեհանգիստն է: Աղջիկը խնդրեց, որ տեղյակ պահեմ:
ՏՂԱՄԱՐԴ — Կպահեմ:
ՁԱՅՆ — Միայն թե զգուշորեն, նրանք շատ մտերիմ էին… նրբանկատ…
ՏՂԱՄԱՐԴ — Այո, այո, մենք դա կարողանում ենք… (Լսափողը դնում է, շրջվում է` Էսմիկը կողքին քարացել է` բաժակը ձեռքին:)
ԷՍՄԻԿ — (խուլ ձայնով): Բան է պատահել… զգում եմ…
ՏՂԱՄԱՐԴ — Ոչինչ էլ չեք զգում… Հիմա Լուսինեին կզանգեմ` կգա, կնստենք, թեյ կխմենք… (Տեսնելով կոնֆետի տուփը` հատակին:) Կոնֆետով թեյ կխմենք: (Հոգատար նստեցնում է բազմոցին:) Ես իսկական թեյ եմ եփում… Լուսինեին կասեմ` տնից կբերի, չինական թեյ է, «Կայսեր հարճ» է կոչվում… Չգիտեմ` ինչու այդպես է կոչվում, բայց մեկ անգամ որ խմեք, էլ չեք մոռանա: Թեյ կխմենք, կխոսենք, մինչև… մինչև նոր օրը կսկսվի: Իսկ նոր օրվա հետ մարդ նոր ուժ է ստանում… Ի՞նչ եմ իզուր ասում, ինձնից լավ գիտեք այս ամենը… Չգիտեմ ինչու` համոզված եմ, որ ջահել օրերին գնչուհու շոր եք ունեցել… Հիմա էլ նման եք Էսմերալդային: Նման եք այնքան, ինչքան ես` Քվազիմոդոյին… Բայց կարևորն այն է, որ մենակ չեք: Նստեք, իսկ ես զանգեմ Լուսինեին…
Էսմիկը հիպնոսացված նստում, լսում է նրան,
ասես հակառակվելու ուժ չունի:
Նրանց խոսքը խլանում է հեռախոսազանգերով: