Սամվել ԿՈՍՅԱՆ / «ԱՌԱՆՑ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»

«ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ» ՀԱՆԴԵՍԻ ԱՐԽԻՎ/ ՊԻԵՍՆԵՐ

Սամվել ԿՈՍՅԱՆԻ «ԱՌԱՆՑ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2009 թ., թիվ 16-17-ում

Պիեսը անիմաստության մասին է, նրա, որ դատարկությունից գալիս ու դատարկություն ենք գնում… Եվ ողբերգությունն այն է, որ այս երթուղին մեր հորինածը չէ և, ուրեմն, մեր ուղղելու բանը չէ… Բայց հրաժարվել էլ չեն կարող, որովհետև սա է կյանքը… Գոնե ինձ թվում է, թե դա է…

Սամվել ԿՈՍՅԱՆ

ԱՌԱՆՑ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Դրամա չորս պատկերով

ՆԱՐԵ

ԳՈՌ

ՏԱՐԵՑ — հոգեբույժ

ՔՆՆԻՉ — հոգեբույժ

ԲՈՒԺՔՈՒՅՐ

Հիվանդանոցի միջանցք, ձգվում է բեմի ողջ երկարությամբ: Միջանցքի պատերին՝ բժշկական թեմաներով պաստառներ: Կենտրոնում՝ պատուհանից մի քանի մետր հեռու, սեղանին հեռուստացույց է: Հեռուստացույցով երաժշտական տեսահոլովակ է: Հիվանդասայլակի մեջ

Գոռը երաժշտության ռիթմով ետ ու առաջ է անում: Հայտնվում է Նարեն՝ նույնպես հիվանդասայլակով, ոտքը գիպսի մեջ: Արագ մոտենում է Գոռին, նրան մի կողմ է հրում և վերցնելով հեռակառավարման վահանակը՝ փոխում է ալիքը:

ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ

ՆԱՐԵ — Ինձ են ցույց տալու…

Էկրանին լրագրողը՝ միկրոֆոնը ձեռքին, մոտենում է Նարեին:

ԼՐԱԳՐՈՂ — Սատանայի գոյությանը հավատո՞ւմ եք:

ՆԱՐԵ — Ինչպես ասեմ…

ԼՐԱԳՐՈՂ — Եղե՞լ է, որ հանդիպած լինեք: 

ՆԱՐԵ — Բոլորին էլ թվում է՝ առնչվել են, բայց չեմ կարող հաստատել, թե դա հենց սատանան է եղեյ…

ԼՐԱԳՐՈՂ — Նրան կարելի՞ է ուրիշի հետ շփոթել:

ՆԱՐԵ — Հաճախ շփոթում են… 

ԼՐԱԳՐՈՂ — Մարդկանց հե՞տ…

ՆԱՐԵ — Հնարավոր է…

ԼՐԱԳՐՈՂ — Ինչպե՞ս պայքարել:

ՆԱՐԵ — Պայքարե՞լ… (Հանկարծակի մի երկու քայլ առաջ է գալիս և հազիվ է հավասարակշռությունը պահում, որ չընկնի:) 

ԼՐԱԳՐՈՂ — Ի՞նչ եղավ: 

ՆԱՐԵ — Ինչ որ մեկը հրեց… 

ԼՐԱԳՐՈՂ — Չլինի՞…

ՆԱՐԵ — Կներեք, էլ չեմ կարող շարունակել…

Հեռանում է:

ԼՐԱԳՐՈՂ — Մի հարց էլ…

ՆԱՐԵ — (փոխում է ալիքը, և կրկին երաժշտական տեսահոլովակ է): Հիմարություն… 

Երաժշտության ռիթմին համահունչ Նարեն սկսում է սայլակով պտույտներ գործել: Գոռը, որ սկզբում գլխի չէ, թե Նարեն ինչ է անում, երկչոտ, բայց աստիճանաբար առավել համարձակորեն միանում է նրան: Սայլակներով անկանոն պտույտները վերաճում են իսկական պարի, որը երկուսին էլ ոգևորում է: Առաջինը Նարեն է ընդհատում պարը:

ՆԱՐԵ — (փոքր-ինչ շունչ քաշելուց հետո): Ո՞վ ես:

ԳՈՌ — Գոռը:

ՆԱՐԵ — Արամը չե՞ս:

ԳՈՌ — Արամն ո՞վ է:

ՆԱՐԵ — Բա Գո՞ռն ով է:

ԳՈՌ — Գոռը ես եմ:

ՆԱՐԵ — Ի՞նչ գիտես:

ԳՈՌ — Մինչև հիմա Գոռը ես եմ եղել:

ՆԱՐԵ — Բայց հնարավոր է՝ հիմա Գոռը չլինես:

ԳՈՌ — Փոխվե՞լ եմ:

ՆԱՐԵ — Արամին ես նմանվել:

ԳՈՌ — Արամը քո ի՞նչն է:

ՆԱՐԵ — Տանձի պոչը… 

Երկուսն էլ ծիծաղում են:

ԳՈՌ — Գեղեցիկն ես… Ոնց որ ձեր տան ամբողջ գեղեցկությունը քեզ բաժին ընկած լինի: 

ՆԱՐԵ — Սիրահարվեցի՞ր…

ԳՈՌ — Դրա համար շատ գեղեցիկ ես… Միշտ էլ վախեցել եմ գեղեցիկ աղջիկներից…

ՆԱՐԵ — Վախի՞ց ես սայլակի մեջ…

ԳՈՌ — Ընկա, հետո վախեցա…

ՆԱՐԵ — Որտեղի՞ց ընկար:

ԳՈՌ — Ուզում էի ամենաբարձր ծիրանը քաղել:

ՆԱՐԵ — Շատ չպիտի բարձրանայիր, շատ բարձրացողը միշտ էլ ընկնում է:

ԳՈՌ — Ժամը տասը կլիներ:

ՆԱՐԵ – Ի՞նչ իմացար՝ ժամը քանիսն էր:

ԳՈՌ — Ժամացույցին նայեցի:

ՆԱՐԵ — Օդի մե՞ջ:

ԳՈՌ — Չեմ հիշում…

ՆԱՐԵ — Խելքդ գլխիդ չի եղել…

ԳՈՌ — Ծառի տակ էլ չկար…

ՆԱՐԵ — Հնարավոր է՝ չես էլ ունեցել: 

ԳՈՌ — Երևի, թե չէ չէի ընկնի…

ՆԱՐԵ — (մոտենում է պատուհանին, ուշադիր նայում է դուրս):

ԳՈՌ – Ի՞նչ տեսար:

ՆԱՐԵ — Հիվանդանոցի մուտքը… Անծանոթ մարդիկ մտնում-դուրս են գալիս… Այդքան մարդ, այդքան բնավորություն… Ու սատանաները հասցնում են բոլորի մեջ հայտնվել… Շատերն առանց իմանալու՝ սատանային օդի պես շնչում ու արտաշնչում են…

ԳՈՌ — Սատանայից վախենո՞ւմ ես: 

ՆԱՐԵ — Չեմ ճանաչում, դրանից է: 

ԳՈՌ — Ո՞նց ես իմանում…

ՆԱՐԵ – Ի՞նչը…

ԳՈՌ — Սատանա է, թե սատանա չէ…

ՆԱՐԵ — Չեմ տեսնում, ուրեմն՝ չեմ ճանաչում…

ԳՈՌ — Լինում է, չէ՞, որ մարդն իր մտքերից էլ է վախենում:

ՆԱՐԵ — (պատուհանի մոտից վերադառնում է Գոռի մոտ): Հա, այդպիսի մտքեր էլ կան, որ Տիրոջը տեսանելի չեն:

ԳՈՌ — Ոտքիդ ի՞նչ է եղել:

ՆԱՐԵ — Իրեն հարցրու:

ԳՈՌ — Գիպսը խանգարում է՝ ձայնը լսեմ:

ՆԱՐԵ — Ավտովթար էր…

ԳՈՌ — Աչքիդ պատկերներ երևացի՞ն…

ՆԱՐԵ – Ի՞նչ պիտի երևար:

ԳՈՌ — Ուժեղ ցավից զարմանալի պատկերներ են հայտնվում:

ՆԱՐԵ — Քեզ որ չեմ տեսել:

ԳՈՌ — Ընկնելիս մահը տեսա:

ՆԱՐԵ — Նկարագրիր:

ԳՈՌ — Գույն էր, հողի գույնը… Ընկնելիս կյանքը մի ակնթարթ շրջվեց, ու մահը կյանքի հակառակ երեսին էր:

ՆԱՐԵ — Իրոք խելքդ թռցրել ես…

ԳՈՌ — Ափսոս, ուշաթափվեցի ու մանրամասները չտեսա…

ՆԱՐԵ – Ինչի՞դ էր պետք…

ԳՈՌ — Գիրք կգրեի… Մարդիկ միշտ էլ ցանկանում են մահվան մասին ինչ-որ բան իմանալ…

ՆԱՐԵ – Իմացան՝ ի՞նչ է փոխվելու:

ԳՈՌ – Իմացան՝ քիչ կվախենան…

ՆԱՐԵ — Կամ էլ սարսափից ինքնասպան կլինեն:

ԳՈՌ — Գիշերները քնո՞ւմ ես:

ՆԱՐԵ — Էն էլ ոնց:

ԳՈՌ — Ծառը չի թողնում՝ քնեմ… Ամեն գիշեր ասում է՝ բարձրացիր, բարձրացիր… Ու չգիտեմ՝ ինչպես եմ ծառի վրա հայտնվում ու նորից ընկնում:

ՆԱՐԵ — Բարձիդ տակ կացին դիր…

ԳՈՌ – Կօգնի՞…

ՆԱՐԵ — Ծառը որ կտրես, էլ չես բարձրանա

ԳՈՌ — Մեկ էլ որ ընկնեմ, փախչելու եմ:

ՆԱՐԵ — Ո՞ւր:

ԳՈՌ — Այնտեղ, որտեղ ընդունված է ընկնելը..

ՆԱՐԵ — Էդ տեղը գլխիդ մեջ է երևի…

ԳՈՌ — Հա, հեռու չի լինի…

ՆԱՐԵ — (բջջային հեռախոսի զանգ: Գրպանից հանում է հեռախոսը և մի քիչ հեռանալով՝ խոսում): Ալո… Լսում եմ: Նորի՞ց… Հո չե՞ք ասել… Պետք չէ, ինքս կլուծեմ… Դեռ շատ կգան ու կգնան, կարևորը դիմանալն է… Ի՞նչ իմանամ՝ դեռ ինչքան կտևի… Գուցե քանի ապրում ենք՝ ձգվի… Լավ եմ, դեռ լավ եմ… Հետո, հետո… Հիմա հարմար չէ… Հա… Առայժմ… (Անջատում է հեռախոսը, գրպանն է դնում: Մոտենում է Գոռին:) Ձանձրալի է… Գոնե դու սիրահետեիր…

ԳՈՌ – Չասացի՞, որ շատ գեղեցիկ ես: 

ՆԱՐԵ — Երկրորդ թերությունս ո՞րն է: 

ԳՈՌ — Սիրահետելը շարունակություն է ուզում:

ՆԱՐԵ — Դու էլ շարունակիր…

ԳՈՌ — Ոտքերս դավաճանում են, ոտքերս չեն ենթարկվում:

ՆԱՐԵ  Ոտքերո՞վ ես շարունակելու:

ԳՈՌ — Սերը տարածություն է, որը պիտի անցնել:

ՆԱՐԵ — Սայլակով անցիր:

ԳՈՌ — Սայլակով չես անցնի, սայլակի համար նեղ է…

ՆԱՐԵ — Չնեղանաս, բայց այս հիվանդանոցի պես ձանձրալի ես: Ումի՞ց ես ուզում թաքնվել, ո՞ւմ խղճահարության մեջ… (Հեգնանքով:) Նեղ է, չես անցնի… Սիրել չիմացողի համար բոլոր մուտքերն էլ նեղ են… Սիրողը տանկով էլ կանցնի…

ԳՈՌ — Դու էլ չնեղանաս, բայց քո չարությունն էլ է սիրուն:

ՆԱՐԵ — Էլ ի՞նչս է սիրուն… (Վիրավոր ոտքը առաջ է պարզում:) Ոտքս հավանո՞ւմ ես: 

ԳՈՌ — Միայն թե թևը կոտրած թռչունի է նման…

ՆԱՐԵ – Թե՞ վիրավոր գազանի: 

ԳՈՌ — Վիրավորը վիրավոր է…

ՆԱՐԵ — Դու ի՞նչ ես՝ թռչո՞ւն, թե՞ գազան…

ԳՈՌ — Ընկնելուց հետո դժվար է կողմնորոշվել:

ՆԱՐԵ – Չլինի՞ ընկնելուց առաջ էլ մարդ չէիր… Մարդն ինչո՞ւ պիտի ծառը բարձրանար… Ծառը ուրիշ էակների բնակատեղի է: 

ԳՈՌ — Հիմա էլ կապիկ չեմ ու երբեք էլ չեմ եղել…

ՆԱՐԵ — Բա գեղեցիկից ինչո՞ւ ես վախենում… 

ԳՈՌ — Որովհետև չեմ հավատում, որ գեղեցիկը կարող է մեկինը լինել…

ՆԱՐԵ — Ուրեմն բոլորովին վախենալու չէ… 

ԳՈՌ — Վախենալու է, եթե ոչ մեկի հետ չես ուզում կիսել…

Ձեռքը գիպսի մեջ տարեց մարդը, շուրջը նայելով, մոտենում է Գոռին ու Նարեին:

ՏԱՐԵՑ — Չորրորդ հա՞րկն է:

ԳՈՌ — Երրորդը:

ՏԱՐԵՑ — Գոնե չորրորդը լիներ…

ԳՈՌ — Մի հարկ հետո չորրորդը կլինի…

ՏԱՐԵՑ – Մյուսը՝ հինգերորդը… Բայց նույնն է… Մեր օրերում ընտրությունը լավի ու վատի միջև չէ, այլ վատի ու չարյաց փոքրագույնի… Լավը հեռացել է, չկա… Եթե լավը չկա, մնացածը նույնն է…

ԳՈՌ — Իմ ընտրությունը վատի ու ավելի վատի միջև է…

ՏԱՐԵՑ — Որովհետև դեռ չես սովորել լավը գնահատել:

ԳՈՌ — Չտեսածը ո՞նց գնահատես:

ՏԱՐԵՑ — Լավը շարժվում է, տեղում չի մնում, լավը տեսնելու համար ուժեղ պիտի լինել:

ԳՈՌ — Փոխարենը ժամանակն է քարացել: 

ՏԱՐԵՑ — Ժամանակը չի կարող քարանալ, ժամանակը միշտ էլ անշարժ է… Բայց բոլոր շարժումները նրա միջով են… Որովհետև ժամանակը տիեզերքն է… Ծափահարությունների ձայնը չի լսվում… Երբ հանճարեղ միտք է հնչում, պիտի ծափահարել… (Նարեն ու Գոռը ծափահարում են, Տարեցը խոնարհվում է նրանց առջև:) Շնորհակալություն… (Նարեին.) Չի՞ ասել:

ՆԱՐԵ — Ի՞նձ…

ՏԱՐԵՑ — (Գոռին): Չե՞ս ասել…

ՆԱՐԵ — Ասել է… Ասել է, որ գեղեցիկ եմ: 

ՏԱՐԵՑ — Առանց ասելու էլ գեղեցիկ ես: 

ՆԱՐԵ — Ոտքս էլ է հավանել:

ՏԱՐԵՑ — (մոտենում, ուշադիր նայում է Գոռի դեմքին): Չի՞ ասել՝ բժիշկներն ինչու են հավաքվելու…

ԳՈՌ — (անհանգիստ): Ո՞նց եք իմացել: 

ՏԱՐԵՑ — Ներքևում խոսում էին, լսեցի… Աչքերիցդ գուշակեցի, որ դու կլինես… Ափսոս, գուշակելու կարողությունս նվազել է, բայց այս տեսակ բաները դժվար չէ գուշակել… Հոգսերը չհալածեին, գուցե ավելին կարողանայի…

ՆԱՐԵ — Նրա աչքերում ինչ կա՞ր որ… Սովորական աչքեր են…

ՏԱՐԵՑ — Մի ասա… Սովորաբար ցավը միշտ փոքր է լինում կյանքից, նրա աչքերում կյանքն ավելի փոքր է…

ՆԱՐԵ – Չէ՝ մի…

ՏԱՐԵՑ — Երբ փոքր էի…

ՆԱՐԵ – Դո՞ւք…

ՏԱՐԵՑ — Մի ընդհատիր… Ուրեմն՝ երբ փոքր էի, մի անգամ մատս դռան արանքը թողեցի… Ոնց էր ցավում, ոնց էր ցավում, ու գոռում էի. մա՜մ, մա՜մ, արի, ինձ ցավի միջից հանիր… (Դադար:) Սիրել եմ երկնքին նայել… Աստղերն էի հաշվում, բայց… Շարժվում էին, և ամեն ինչ խառնվում էր… Փորձում էի նորից ու նորից… Միևնույն է, չէր ստացվում… Լուսավոր էին ու լույսը հնարավոր չէ հաշվել… Հիմա աչքերիս առջև երկնքի փոխարեն բետոնե սև առաստաղներ են, և աստղերը չէ, այլ սև միջատներն են շարժվում… (Դադար:) Հուշերի գիրկն ընկա…

ՆԱՐԵ — Միջատներից սիրտս խառնում է… 

ՏԱՐԵՑ — Կվարժվես… Բայց չարժե նրանց վստահել… Խոսք տանող-բերող են… Աստված չանի՝ նեղն ընկնես, ավելի վտանգավոր են դառնում…

ՆԱՐԵ — (հեգնելով): Վտանգավո՞ր… Զզվելի են, ոչ թե վտանգավոր…

ՏԱՐԵՑ — Ջահել եք, շատ ջահել եք… Ջահելությունը չի թողնում, թե չէ կտեսնեիք, որ դրանք ամենուր են, համարյա ամեն քայլափոխի… Վտանգը կզգաք, երբ կփորձեն ձեր ներսում ձեր մտքերը լափել…

ՆԱՐԵ — Միայն աչքիս չերևան: 

ՏԱՐԵՑ — (Գոռին): Քո փոխարեն… 

ԳՈՌ – Ինչո՞ւ իմ փոխարեն…

ՏԱՐԵՑ – Ուրեմն՝ քո փոխարեն… Մայրս ասում էր՝ նույն հիվանդությունը մտերմացնում է: Իսկ մտերիմների հետ պիտի կիսվել…

ՆԱՐԵ — Եթե ցավն է կիսելու, չեմ ուզում… 

ՏԱՐԵՑ — Սովորաբար հիվանդները սիրահարվում են իրենց հիվանդությանն ու, առիթով թե անառիթ, միայն իրենց հիվանդությունից են խոսում… Ո՞նց էլ համբերել ու չի պատմել բժիշկների հավաքվելու մասին…

ՆԱՐԵ — Հավաքվելու են՝ ի՞նչ անեն… 

ՏԱՐԵՑ — Խելք-խելքի տան ու որոշեն…

ՆԱՐԵ – Ի՞նչ են որոշելու:

ՏԱՐԵՑ — Սրա ճակատագիրը… Որոշելու են՝ առաջվա պես կկարողանա՞ քայլել…

ՆԱՐԵ — Տեսքից վիճակն այնքան էլ ծանր չէ…

ՏԱՐԵՑ — Նստած չի երևում:

ՆԱՐԵ — Այդ մասին չի ասել: 

ԳՈՌ – Ի՞նչ էի ասելու…

ՆԱՐԵ – Ասեիր՝ ավելի հարգալից կլինեի: 

ԳՈՌ — Պետք չի…

ՆԱՐԵ – Ինչո՞ւ, երկրորդ ոտքս էլ ցույց կտայի:

ՏԱՐԵՑ — (Գոռին): Հույսին շատ մի հենվիր, ամեն հույս չէ, որ դիմանում է ցավի ծանրությանը… Հույսը չի օգնում, ընդամենը անզգայացնում է: (Ուշադիր նայում է Նարեին:) Իրոք որ գեղեցիկ ես… Սկսում եմ արդարացնել նրա լռությունը: Ո՞ր տղամարդը քո նման գեղեցկուհուն կխոստովանի, որ չի կարող քայլել: 

ՆԱՐԵ — Փոխարենը ամեն ինչ փչացրիք…

ՏԱՐԵՑ — Ուրեմն ծերացել եմ, բայց ներողություն չեմ խնդրի… Երբ փոքր էի, մայրս չարության համար անկյուն էր կանգնեցնում… Ներողություն խնդրեի՝ կարող էի պատժից ազատվել, բայց չէի խնդրում… Այդ համառությունը ամբողջ կյանքում հալածել ու հալածում է… Դրանից էլ ինձ մենակ եմ գզում… Հիմա էլ երևի ճիշտ չէի… Միևնույն է… Նրա երջանկությունը դեռ ծիլ է… Ուզում էի պարզել՝ ծիլը կաճի՞, թե՞ կչորանա… Բայց անծանոթին կարեկցելը մոդայիկ չէ այլևս… Դրա համար էլ իմ ներկայությունը շուտ է հոգնեցնում… Սկսում են բարկանալ… Ձեզ էլ հոգնեցրի… Բայց, ինչ արած, մարդ տեսնելիս չեմ կարողանում ինձ զսպել ու չմոտենալ… Ուզում եմ իմ ընկերությունն առաջարկել, իմ օգնությունը… Սակայն մենակության հոտը խրտնեցնում է բոլորին… Այդուհանդերձ, ինձ նմաններն էլ ծափահարություններ են երազում… Ծափահարեք, խնդրում եմ… Չնայած դերասան չեմ եղել, բայց ծափահարություններ սիրում եմ… (Գոռն ու Նարեն ծափահարում են:) Մայրս միշտ կրկնում էր, որ մենակ մարդն ու անտեր շունը մի սանրից են…

ՆԱՐԵ — Ձեր մայրը…

ՏԱՐԵՑ — Փոքր էի, որ մահացավ: 

ԳՈՌ — Կներեք…

ՏԱՐԵՑ — Պետք չէ… Թող անմահները ներողություն խնդրեն… Թե չէ բոլորս էլ մահկանացու ենք… Ավելի լավ է, ձեզանից մեկն ասի, թե ինչու այստեղ հայտնվեցի…

ՆԱՐԵ — Ոնց էլ գնայիք, մի տեղ հայտնվելու էիք…

ՏԱՐԵՑ — Ջահելի տրամաբանություն էր… Միայնակները չեն գնում, որովհետև միայնակներին չեն սպասում, միայնակները փախչում են…

ԳՈՌ — Ոչ մեկը ձեզ չի հետապնդում…

ՏԱՐԵՑ — Հետապնդողները շատ են… Ոնց էլ թաքնվեմ, գտնում են… Ըհը՛… Ասելս ու լինելը մեկ եղավ… (Փորձում է թաքնվել Գոռի սայլակի ետևում:)

Ձեռնաշղթաները ձեռքերի մեջ պտտեցնելռվ՝ հայտնվում է Քննիչը:

ՔՆՆԻՉ — (բարկացած): Չփորձես թաքնվել… Արի ու սրա նմաններին լավություն արա… Բանտի ղասաբի ձեռը պիտի գցեի, որ թևդ կախված էլ մնար.. Առոք-փառոք հիվանդանոց եմ բերել, շնորհակալության փոխարեն փախչում է…

ՏԱՐԵՑ — (սայլակի ետևից դուրս գալով): Կոշիկիս կապն էր քանդվել…

ՔՆՆԻՉ – Թե՞ լեզվիդ կապը… (Տեսնելով Նարեին:) Կարծում էի՝ տանը կլինես… Հնարավոր է, երկու ժամից քո ետևից էլ գամ… Ճիշտ որ, չկա չարիք առանց բարիքի… Տանը պիտի փնտրեի, այստեղ գտա…

ՆԱՐԵ — Իզույւ էլ փնտրել ես:

ՔՆՆԻՉ — Չէի փնտրի, բայց… Միշտ չէ, որ քո ուզելով է…

ԳՈՌ — (զարմացած նայում է մերթ Քննիչին, մերթ Նարեին, մերթ Տարեցին ու փորձում է գլխի ընկնել, թե ինչ է կատարվում):

ՏԱՐԵՑ – Մտածեցի՝ զուգարանն այս հարկում կլինի:

ՔՆՆԻՉ – Գտա՞ր:

ՏԱՐԵՑ — Չհասցրի:

ՔՆՆԻՉ — Սակայն հասցրել ես, չէ՞, սրանց գլուխն արդուկել… Պարզ է, չես ասել, թե ով ես… Որպես ի՞նչ ևս ներկայացել՝ փիլիսոփա՞, աստվածաբա՞ն, թե՞ պայծառատես… Հիմա ձեռքերդ պարզիր, որ իմանան՝ ով ես… (Փորձում է ձեռնաշղթան Տարեցի ձեռքերին հագցնել:) 

ՏԱՐԵՑ — Զգույշ, ցավեցնում ես…

ՔՆՆԻՉ — Ցավի հեքիաթը տատիկիդ կպատմես… Հասցրե՞լ ես ասել, որ միջատներն են զրպարտել… (Կոպտորեն բռնում է Տարեցի ձեռքերը, առաջ է բերում ու հագցնում ձեռնաշղթան:)

ՏԱՐԵՑ — (ցավից կուչուձիգ է անում): Ավելի նուրբ չի՞ լինի…

ՆԱՐԵ — (տեսարանից ազդված): Ճիշտ որ… 

ՔՆՆԻՉ — Մի խղճա… Ո՞ւմ ես խղճում, էս խարդախի՞ն… Հաշվել չի լինի, թե քանիսին է դժբախտացրել…

ՆԱՐԵ – Խարդա՞խ է…

ՔՆՆԻՉ — Էն էլ ինչպիսի…

ՆԱՐԵ — Կարծում էինք՝ գրող է կամ դերասան…

ՔՆՆԻՉ — Հա, էնպես է խոսում, չես տարբերի… Խարդախների առաջին գործը վստահելի լինելն է…

ՏԱՐԵՑ — Քիչ հոխորտա, դեռ հայտնի չէ՝ ով է արժանի դատվելու… Մեկ դրամ գողացողին բանտարկում են, մի քանի միլիոն գողացողը իշխանության մեջ է հայտնվում…

ՔՆՆԻՉ — Լեզվիդ զոռ չտաս…

ՏԱՐԵՑ — Թե չէ ի՞նչ ես անելու…

ՔՆՆԻՉ — Կապելու եմ շների պոչից…

ՏԱՐԵՑ — (Գոռին): Ուշադրություն մի դարձրու… Եթե խոստանալն ու չանելը խարդախություն է, ապա մեծ խոստացողները դրսում են… Ամեն ինչ հարաբերական է… Բախտիդ ետևից գնա… Հավատալով գնա… Բախտը սիրում է, որ իր ետևից գնում են…

ՔՆՆԻՉ — (Տարեցին հրելով): Շարժվիր, սավսալակ… 

Գնում են:

ՆԱՐԵ — (հեռախոսազանգ: Գրպանից հանում է հեռախոսը, մոտենում է պատուհանին): Ի՞նչ է եղել… Ի՞նչ են ապացուցելու… Հանգիստ եմ… Թքած… Հետո, հետո… Իմ փոխարե՞ն… Դեռ մեռած չեմ, որ փոխարինեն: Թող փորեն, իրենց համար են փորում… Մոռացա ասել… Կարմիր շրջազգեստը Աննայի մոտ է… Վերջացնում եմ… (Անջատում է հեռախոսը, շարունակում է պատուհանից դուրս նայել, ապա ձեռքով ինչ-որ մեկին ողջունում է: Մոտենում է հեռուստացույցին, հեռակառավարման վահանակով փոխում է ալիքները: Երաժշտական տեսահոլովակ: Մի քանի վայրկյան լսելուց հետո անջատում է:) Լսելդ որ չի գալիս, բոլոր երգերը միանման ձանձրալի են… (Գոռին.) Մազերդ ինչո՞ւ ցցվեցին:

ԳՈՌ – Հա՞… (Փորձում է հարդարել մազերը:) Ցից չեն:

ՆԱՐԵ — Ուրեմն ականջներդ են երկարել: 

ԳՈՌ — Ծերուկը լավ մարդ էր, նման չէր խարդախի: Մեղքս եկավ…

ՆԱՐԵ — Կոշտը նստել, քարի դարդն է լացում…

ԳՈՌ — Միևնույն է, հետաքրքիր էր…

ՆԱՐԵ – Ինչո՞ւ չէիր ասում, որ վիճակախաղի ես մասնակցելու… Քո այդ բժիշկների հավաքը վիճակախաղի պես է… Ցավոք, քչերն են շահում:

ԳՈՌ — Ասելու բան չկա… Հույսի ձեռքը բռնած՝ գնում եմ… Կամ հույսը ձեռքս բաց կթողնի, կամ լույս կդառնա, որ կարողանամ ճանապարհս շարունակել…

ՆԱՐԵ — Աչքերիդ առջև նայիր, որ մի նոր ծառի չհանդիպես… Հիսուսն է ասել. «Իմացիր ճշմարտությունը, և ճշմարտությունը քեզ ազատություն կբերի»…

ԳՈՌ — Ազատությունը ոտքերին չի փոխարինի:

ՆԱՐԵ — Ազատության մեջ թևերն ավելի կարևոր են…

ԳՈՌ — Երբ ոտքերդ ամուր են:

ՆԱՐԵ — Հո շատ չե՞ս չարացել… Չգիտե՞ս, որ մարդն առողջ է այնքանով, որքանով բարին նրա մեջ գերակշռում է…

ԳՈՌ — Միայն թե չարն ավելի ուշ է մեռնում… 

ՆԱՐԵ – Ինչի՞ց ես նեղվում:

ԳՈՌ — Խղճահարությունից… Դրանից հույսի ոտքերն էլ են թուլանում, ինձ է հենվում, որ չընկնի… Չնայած քեզ հետ ուրիշ է:

ՆԱՐԵ — Աչքս չթարթած՝ արդեն ուրիշ դարձա… Իսկապես էլ ուրիշ եմ…

ԳՈՌ — Ծերուկին տանողը քեզ որտեղի՞ց գիտեր…

ՆԱՐԵ – Քննի՞չը…

ԳՈՌ – Ասաց՝ քո ետևից էլ է գալու: 

ՆԱՐԵ — Դատարանում եմ տեսել… 

ԳՈՌ — Վարորդին դատեցի՞ն…

ՆԱՐԵ — Վարորդին ինչո՞ւ պիտի դատեին… 

ԳՈՌ — Վթարի դեպքում բոլորին էլ դատում են…

ՆԱՐԵ – Ի՞նչ վթար… Ոչ մի վթար էլ չի եղել, ոտքս էլ ավտովթարի ժամանակ չի կոտրվել… Եվ աչքերդ էլ մի չռիր…

ԳՈՌ — (տրորում է աչքերը): Չռված չեն…

ՆԱՐԵ – Ուրեմն, քննիչին դատարանից եմ ճանաչում… Ոչ մի վթար էլ չի եղել… Գժանոցից էի ուզում փախչել… Գժանոցի պատուհանից թռա ու ոտքս կոտրեցի… Շարունակե՞մ…

ԳՈՌ — Ոնց կուզես…

ՆԱՐԵ – Ուրեմն, քեզ տղամարդավարի պահիր, աչքերդ էլ բռնիր, որ զարմանքից դուրս չթռչեն… Հարևանի աղջկան էի ուզում սպանել… Չեմ պատմի, երկար պատմություն է… Գժվել էի և ուզում էի սպանել… Դու էլ զգուշացիր, գժերն անկանխատեսելի են… Չե՞ս հավատում… (Գզգզում է մազերը, ձեռքերն անկանոն թափահարում է օդում:) Հիմա ավելի կգժվեմ… (Ձեռքերն անկանոն շարժելով և վայրի ձայներ հանելով՝ պտտվում է Գոռի շուրջը: Վերջապես կանգ է առնում:) Համոզվեցի՞ր… Ապշած ես, չէ՞… Դատարանում որոշեցին հոգեբուժական փորձաքննության ուղարկել… Գժանոցից առաջին օրն էլ փորձեցի փախչել… Հիմա ինչ, էլ գեղեցիկ չե՞մ… Աչքիդ դոդո՞շ եմ երևում…

ԳՈՌ — Ավելի գեղեցիկ ես…

ՆԱՐԵ — Դու էլ՝ ավելի գիժ…

ԳՈՌ — Իմ գժվելու համար դեռ շուտ է… 

ՆԱՐԵ — Իմ գժությունը քի՞չ էր:

ԳՈՌ — Հավատացողի համար հերիք էր: 

ՆԱՐԵ — Բա ինչո՞ւ չվախեցար:

ԳՈՌ — Չհավատացի…

ՆԱՐԵ — Գժերը շատացել են, չես հավատա… (Մոտենում է պատուհանին, ապակու մեջ հարդարում է մազերը, նայում է դուրս, ապա ասես ինքն իր համար): Դրսում արև է, թռչունները երգում են, ծաղիկները՝ պարում… Եվ ինչո՞ւ են ուզում բնության մեջ ինչ-որ բան փոխել… Ճիշտը ինքներս մեզ փոխելն է… (Վերադառնում Լ Գոռի մոտ:) Ձանձրալի է… Անձրև գար, առաստաղից թափվեր ու քշեր էս ձանձրույթը… Ոտնաձայն լսո՞ւմ ես…

ԳՈՌ — Հիվանդներից կլինի կամ բուժքույրերից մեկը… Գույնդ փոխվեց:

ՆԱՐԵ — Քո ներսի պատի ստվերն է ընկել վրաս…

ԳՈՌ — (նայում է ժամացույցին): Ոչ մի պատ էլ չկա…

ՆԱՐԵ — Կա, որ ինձ չես տեսնում: 

ԳՈՌ — Շատ լավ էլ տեսնում եմ:

ՆԱՐԵ – Տեսնեիր՝ անունս էլ կիմանայիր… Պատը չի թողնումէ տեսնես…

Հայտնվում է բուժքույրը, արագ մոտենում է նրանց:

ԳՈՌ — Էլի մի բան եղել է: 

ԲՈԻԺՔՈԻՅՐ — (Գոռին): Տեղումդ չե՞ս կարող մնալ… Ծնողներդ հիվանդանոցով մեկ քեզ են փնտրում…

ԳՈՌ — Խնդրել էի՝ չգան, խնդրել էի, որ ուշ գան:

ԲՈԻԺՔՈԻՅՐ — Ինձ ձեր հարցերը չեն հետաքրքրում…

ԳՈՌ — Հոգնել եմ… (Նորից է ժամացույցին նայում, մի պահ մտածելուց հետո՝ Նարեին:) Կուղեկցե՞ս…

ԲՈԻԺՔՈԻՅՐ — Ես գնացի, դու էլ ականջի ետև մի գցիր… Մեղք են, շատ չփնտրեն: (Հեռանում է:)

ՆԱՐԵ – Ի՞նչ ասացիր:

ԳՈՌ — Խնդրեցի հետս գալ:

ՆԱՐԵ — Բա որ ծնողներդ չհավանե՞ն…

ԳՈՌ — Միայն թե նրանց լռության հետ մենակ չմնամ:

ՆԱՐԵ — Լեզուդ էլ հո վիրավոր չի՞… Խոսիր, ձևացրու՝ իբր ամեն ինչ հրաշալի է…

ԳՈՌ — Փորձել եմ…

ՆԱՐԵ — Էլի փորձիր:

ԳՈՌ — (անսպասելի): Եթե սայլակի մեջ չլինեի, հետս ընկերություն կանեի՞ր…

ՆԱՐԵ — Արդեն անում եմ…

ԳՈՌ – Ճի՞շտ:

ՆԱՐԵ – Չե՞ս գնում… Ջրի պես գնում ես, ավազի պես մնում…

ԳՈՌ — Մտքով գնացել եմ, մարմինս է դանդաղում: (Արագ հեռանում է:)

ՆԱՐԵ — (հեռուստացույցով երաժշտական հոլովակ է փնտրում: Գտնելով՝ փորձում է ինքն էլ երգել, ապա՝ ինքնիրեն): Հիմա մտքով այստեղ է, իսկ մարմինը, Աստված գիտի, երբ կհայտնվի:

Բեմն աստիճանաբար մթնում է:

ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ

Նույն տեսարանը: Հեռուստացույցով տեսահոլովակ է: Նարեն սայլակով պտույտներ գործելով ձայնակցում է, ապա երաժշտության ուղեկցությամբ արտասանում է.

Հեռացիր, գնա 

և տուր ձեռքերս, 

որ մոռացել եմ ուսերիդ վրա, 

հոգնած ձեռքերս, 

որ էլ ձիեր չեն օրերի համար, 

այլ թաշկինակներ, 

որոնք ճոճվում են՝ հրաժեշտ տալիս…

Զրուցելով Նարեին են մոտենում Քննիչն ու Տարեցը:

ՔՆՆԻՉ — (ցույց է տալիս հեռուստացույցը): Դրա ձայնը իջեցրու, զբոսայգում չենք:

ՆԱՐԵ — (հեռակառավարման վահանակով իջեցնում է ձայնը): Նորից հիվանդանոցում ենք… 

ՏԱՐԵՑ — Գործերը ո՞նց են…

ՆԱՐԵ — Ոնց որ ցեխոտ կոշիկներով ուրիշի տուն մտած լինեմ… Տհաճ է ուրիշի հոգին քրքրելը…

ՏԱՐԵՑ – Ի՞նչ արած, ևթե ցեխն ընկնելն անհրաժեշտություն է…

ՔՆՆԻՉ — Միայն թե ամեն ինչ ցեխի մեջ էլ չավարտվի…

ՏԱՐԵՑ — Մեզանից է կախված՝ կմնանք ցեխի մե՞ջ, թե՞ դուրս կգանք:

ՔՆՆԻՉ — Ինձանով լիներ՝ չէի մտնի, որ հետո չմտածեի՝ ոնց եմ դուրս գալու…

ՏԱՐԵՑ — Ափսոս, ջրասույզներ չենք… Հոգեբաններ ենք, հո-գե-բան-ներ…

ՔՆՆԻՉ — Մենք էլ քաղաքականությունից չենք խոսում…

Ն Ա Ր Ե — Չնայած քաղաքականությանն ավելի պետք կլինեինք…

ՏԱՐԵՑ — Քաղաքականությունը մարդու հետ գործ չունի, քաղաքականության գործը մարդկությունն է…

ՔՆՆԻՉ — Էդ երկրում էլ ենք ապրել. ամեն ինչ մարդկության համար… Անհատի հե՛րն էլ անիծած…

ՏԱՐԵՑ — Որովհետև անհատի խնդիրները մարդկության խնդիրներից շատ են ու ավելի անլուծելի…

ՆԱՐԵ — Ես էլ մասնագիտություն եմ ընտրել… Ամբիոնն ավելի հաճելի է… Խոսիր՝ ինչ սիրտդ կուզի, որքան կուզի… Միևնույն է, ոչ մեկը մյուսին չի լսում…

ՔՆՆԻՉ – Թեև լավ կլիներ, որ քաղաքականության մեջ իրար լսեին…

ՆԱՐԵ — Ընդհանրապես իրար լսեին…

ՏԱՐԵՑ — Չեղավ, շեղվեցինք, ուրիշ երգ ենք երգում:

ՔՆՆԻՉ — Անորոշությունից է…

ՏԱՐԵՑ – Ինչ-որ բան գիտենք… Նարեին համարյա հաջողվել է նրա համակրանքը շահել… Հնարավոր է՝ մի քիչ էլ սիրահարված լինի…

Ն Ա Ր Ե — Չի սիրահարվի: Ջրահարսին էլ չի սիրահարվի… Ցավը նրա մեջ այնքան տարածք է զբաղեցրել, որ սիրո համար համարյա տեղ չի մնացել… (Բարձրանում է ձեռնասայլակից, ետուառաջ է քայլում, միաժամանակ ձեռքերով շփում է ոտքերը:) Ընդարմացել են, կապարով լցվել…

ՏԱՐԵՑ — Լավ է, լավ է… Այդպես նրա ցավն ավելի հասկանալի կլինի:

ՆԱՐԵ — Իմ ոտքերն են թմրել…

ՏԱՐԵՑ — Պարզ է, որ մերը չէ… Ժամանակավոր է, կանցնի… Փոխարենը նրա վիճակն ու քոնը չեն տարբերվի…

ՆԱՐԵ — Պարզվում է, եթե ոտք չունենար, իմն էլ պիտի կտրեի…

ՏԱՐԵՑ — Դրա կարիքը չկա… Մերը հոգու տարածքն է…

ՆԱՐԵ — Եթե հոգի ասածը տարածք է… 

ՏԱՐԵՑ – Չգիտեմ՝ ինչ է, բայց աթոռ էլ չի… Այս ու այն կողմ չես տեղափոխի, դուրս չես տանի ու ներս չես բերի…

ՆԱՐԵ — Ուրեմն պիտի սպասել, որ առաջին քայլը դեպի քեզ ինքը անի…

ՔՆՆԻՉ — Կանի, երբ լրիվ վստահի: Հիվանդներն առողջներին այնքան էլ չեն վստահում…

ՆԱՐԵ — Իզուր, քիչ է մնում սինիի վրա ինձ մատուցեմ…

ՔՆՆԻՉ — Նրա մոտ անձի նահանջը անզեն աչքով էլ նկատելի է, հետն էլ՝ ընկճվածության ագրեսիան…

ՏԱՐԵՑ — Որը պիտի կանխել…

ՆԱՐԵ – Ինչո՞ւ, եթե չեմ ուզում կանխել, հավատս չի գալիս, որ կկարողանամ կանխել ու ինձ համար չինարեն է ուրիշի ցավը… Լարվածությանը չեմ դիմանում, փշուր-փշուր եմ լինում… Սկզբում թևերս կպոկվեն, հետո գլուխս, հետո ոտքերս… (Փորձում է ցույց տալ՝ ինչպես:)

ՏԱՐԵՑ — Դժվարությունները հենց նրա համար են, որ փորձես հաղթահարել…

ՆԱՐԵ — Հաղթահարողի ցանկությունը կարևոր չէ՞…

ՏԱՐԵՑ — Կարևոր է, բայց… Կյանքը ցանկությունների պարտեզ չէ… Ավելին… Կամքին հակառակ գործողությունները երբեմն ավելի շատ են…

ՆԱՐԵ — Իսկ կարևոր չէ՞, որ դրանց մեծ մասը պարտությամբ են ավարտվում, անձի պարտությամբ… Ու չեմ ուզում պարտվել, չեմ սիրում պարտվել…

ՔՆՆԻՉ – Ի՞նչ արած, եթե մեր գործում ռիսկի գործոնը մեծ է:

ՏԱՐԵՑ — Որը նահանջելով չես փոքրացնի…

ՔՆՆԻՉ — Ամեն հարձակում էլ հաղթանակ չէ… Հնարավոր է, դրանից նրա վիճակն ավելի վատանա…

ՏԱՐԵՑ — Եթե բժիշկները ախտորոշեն, որ չի կարողանալու քայլել ու սայլակի մեջ է մնալու, այսպես թե այնպես, վիճակը վատանալու է… Մեզ խնդրել են օգնել, և պարտավոր ենք մեր բոլոր ուժերը ներդնել: Կօգնենք՝ հրաշալի է, չստացվեց՝ կիմանանք, որ մեր ուժերից վեր էր Աստծո գործերին միջամտելը…

ՆԱՐԵ — Գոնե ավազակի մեկը լիներ: 

ՏԱՐԵՑ — Բոլորի անատոմիան էլ նույնն է: 

ՆԱՐԵ — Չէի մտածի, որ խաբում եմ…

ՏԱՐԵՑ — Մոռանում ես, որ սուտը երջանկության մեջ շուտ է լուծվում:

ՔՆՆԻՉ — Սուտը լուծվում է… Հարցականից փրկվելու ելքը չենք գտնում, անիծյալն անընդհատ հետապնդում է՝ կլինի-չի լինի, կստացվի-չի ստացվի… Ջուրն ես մտնում, համոզված, որ տաք է լինելու, բայց պարզվում է՝ սառն է… Դուռը բացում ես, վստահ, որ դիմավորելու են, իսկ ընդառաջ եկողը դատարկությունն է… 

ՆԱՐԵ – Հոգնեցինք՝ կլինի՞, չի՞ լինի… Լինող բանը կլինի, անհավանականը կպայթի փուչիկի պես… (Սկսում է տեղում թռչկոտել, ետուառաջ վազել:)

ՏԱՐԵՑ — Ի՞նչ եղավ:

ՆԱՐԵ — Դուք էլ թռչկոտեք, ետ ու առաջ վազեք…

ՏԱՐԵՑ — Որ ի՞նչ…

ՆԱՐԵ — Վազեք, թռչկոտեք՝ կիմանաք…

ՏԱՐԵՑ — Վազեցինք, թռչկոտեցինք, հետո՞… 

ՆԱՐԵ — Երջանկություն է, որ առողջ ոտքեր ունես:

ՔՆՆԻՉ — Դրա համա՞ր ես ճագարի պես ցատկոտում…

ՆԱՐԵ — Չէ, որովհետև ուրիշի դժբախտությունը վարակիչ է, աննկատ թափանցում է մաշկիցդ ներս, հոսում է բջիջներիդ միջով… Ուզում եմ համոզվել, որ չեմ վարակվել և ուզում եմ փախչել, որ չվարակվեմ…

ՔՆՆԻՉ — Եթե փախչելու որդն արթնացել է, մնաս էլ՝ բացակա ես:

ՏԱՐԵՑ — Կիսատ թողնելը լավ նշան չէ, կիսատ թողնել չի կարելի… Կյանքը ավարտուն էջեր է սիրում… Անընդհատ կիսատը կյանքն էլ կիսատ է դարձնում, ավելի կիսատ, քան սայլակի մեջ է…

ՔՆՆԻՉ — Իմ հեքիաթաթերապիան մոռացաք…

ՆԱՐԵ — (հեգանքով): Հեքիաթաթերապիա… Եղածը սատանայի մասին զրույցը չէ՞ր…

ՔՆՆԻՉ — Ինչն, իմիջիայլոց, քմահաճությանդ պատճառով կիսատ մնաց…

ՆԱՐԵ — Քիչ էր մնում՝ ընկնեի ու քիթ-բերանս ջարդեի:

ՔՆՆԻՉ — Որովհետև սատանան այնտեղ է, ուր կիսատ բան կա:

ՏԱՐԵՑ — Էլի մեր խնդիրը մոռացաք…

ՔՆՆԻՉ — Չենք մոռացել… Սրանք մտքի ընդմիջումներ են… Դժվար է միանգամից պատկերացնել, թե նա ինչպես է կարողանալու կենտրոնացնել ուժերն ու սեփական թուլությունը հաղթահարել…

ՆԱՐԵ — Տխուր ներկայացում է՝ առանց հանդիսատեսի, առանց ծափահարությունների ու առանց ծաղիկների… Դերակատարներն էլ շփոթված են… Ոչ մեկը չգիտի՝ ներկայացումը երբ է ավարտվելու… Գուցե դեռ չսկսված արդեն ավարտվել է…

ՏԱՐԵՑ — Միանշանակ է, որ օգնողն ինքը պիտի ուժեղ լինի… Իսկ փախչելով թուլությունը չես թաքցնի…

ՔՆՆԻՉ — Անկեղծ ասած, չէի ուզենա որևէ դժբախտության ականատեսը լինել, թեկուզ վստահ եմ՝ ծրագիրը ձախողելու դեպքում էլ մեզ չեն մեղադրելու: Բայց ինձ ինձանից ո՞վ է պաշտպանելու…

ՏԱՐԵՑ — Խիղճը:

ՆԱՐԵ — Ասում էր՝ հույսի ձեռքն է բռնել… Այնպես չստացվի, որ հույսն էլ ձեռքից խլենք…

ՔՆՆԻՉ — Որը ամենահավանական տարբերակներից է…

ՏԱՐԵՑ — Ձեզ լսելով անծանոթը պիտի կարծի՝ խոսքը առողջին հերձելու մասին է, այլ ոչ թե հոգեբանական երկխոսության…

ՆԱՐԵ — Երկխոսությունը պատասխաններ է ակնկալում… Մինչդեռ նրա ցավը տանկի պես զրահավորված է և պատի պես անհաղորդ է դրսի ազդակներին…

ՏԱՐԵՑ — Կատեգորիկ մի եղիր, ուզում էր, չէ՞, քեզ դուր գալ…

ՆԱՐԵ — Միայն Աստված կիմանա՝ ինչ է ուզում…

ՏԱՐԵՑ — Քայլել, ուզում է քայլել… Այ, այսպես: (Քայլում է:) Դուք էլ քայլեք… Հպարտ ու երջանիկ եք, չէ՞… Նա էլ է ուզում հպարտ ու երջանիկ լինել և նրա սառնությունը շատ ուզելուց է: Սուտ է, իբր հասարակության մեջ հաշմանդամները լիիրավ են… Ենթադրենք, առվի հանդիպեցին, շփոթվելու են, չիմանալով՝ առուն ինչպես հաղթահարել, երբ առողջներն առանց մտածելու թռչում ու անցնում են… Շատերը գուցե ասեն՝ առու է, էլի, թռչել չես կարող՝ շրջանցիր… Կասեն չենթադրելով, որ գուցե նրանց երջանկությունը հենց նույն տեղում, առվի մյուս ափին է: Երբ փոքր էի…

ՆԱՐԵ — Էլի՞…

ՏԱՐԵՑ — Նորից մորս հիշեցի… Մայրս ասում էր՝ էշ նստելը մի արատ է, էշից իջնելը՝ երկու…

ՆԱՐԵ — Բայց անընդհատ էշի վրա մնալով՝ դրանից էշը ձի չի դառնա:

ՏԱՐԵՑ — Խոսքս մինչև վերջ գնալու մասին է… 

ՆԱՐԵ — Եթե վերջի տեղը գիտենք…

ՏԱՐԵՑ — Իմացանք, անիմաստ է գնալը, որովհետև գնում են իմանալու համար…

ՆԱՐԵ — Ասենք գնացինք-գնացինք ու վերջը չերևաց…. Վերջ է ու՝ չկա…

ՏԱՐԵՑ — Եթե չլինի, նշանակում է սկիզբը ճիշտ չենք ընտրել…

ՆԱՐԵ — Բա ի՞նչ ենք անելու…

ՏԱՐԵՑ — Երևի ընկճվածության պատը քանդելու ուրիշ բան մտածենք…

ՆԱՐԵ — Միայն ուշ չլինի… Նրա կյանքը ոչ թե ներսում, այլ մաշկի վրա է… Իսկ մաշկի վրայից միջանցահովիկն էլ կարող է քշել…

Մոտենում է բուժքույրը:

ԲՈԻԺՔՈՒՅՐ — Չեք վերջացնում, ուր որ է՝ վերև կբարձրանա, ծնողները հազիվ են պահում…

ՏԱՐԵՑ — Մի քանի տարաձայնություններ են առաջացել…

ԲՈՒԺՔՈՒՅՐ — Տարաձայնությունները հետո, տարաձայնությունները հետաձգեք ուրիշ օրվա… Ուր որ է՝ հիվանդը կհայտնվի, իսկ սրանք դեռ իրար չեն հասկացել… (Նարեին.) Դու էլ սայլակը մտիր, թե չէ ոնց որ զբոսայգում լինես… Գնամ, միամիտ չհայտնվի… Հայտնըվեց՝ ձեն կտամ: (Գնում է:)

ՏԱՐԵՑ — Հիմա ի՞նչ, լքո՞ւմ ենք աղետյալ նավը…

ՆԱՐԵ — (կոշիկները ամուր քսում է գետնին): 

ՏԱՐԵՑ – Ի՞նչ ես անում …

ՆԱՐԵ — Կոշիկներս եմ մաքրում… Գոնե կոշիկներս մաքուր լինեն… (Տեղավորվում է սայլակի մեջ:) Ազատ թռչունը նորից բանտում հայտնվեց… Բանտ է, բա ի՞նչ է… Ու սրա մեջ ցմահ բանտարկվածներ էլ կան:

ՏԱՐԵՑ — Ամենադաժան բանտը մարմինն է: 

ՔՆՆԻՉ — Ստացվում է՝ մարդասպաններն ազատարարներ են:

ՏԱՐԵՑ — Այնքան էլ չէ… Նրանք բանտն այնպես են քանդում, որ ներսում գտնվողները մնում են փլատակների տակ… Բոլորը, առանց բացառության…

ՆԱՐԵ — Ասում եմ՝ ծրագիրն էլ պետք է բախտ ունենա… Ում այսքան դեմ լինեին՝ հիմա չքվել էր…

ՏԱՐԵՑ — Կարևորը միասնական լինելն է: 

ՔՆՆԻՉ — Պարտված չհեռանալն ավելի կարևոր է…

ՏԱՐԵՑ — Հիմա գնանք… Տեսար՝ բուժքույրը չհասցրեց զգուշացնել: (Նարեին:) Հիշիր, որ քեզանից շատ բան է կախված…

ՆԱՐԵ — (ցույց տալով քննիչին): Նրանից էլ… 

ՏԱՐԵՑ — Նրա հետ կհասցնենք մանրամասները քննարկել… Վստահիր ինքդ քեզ ու ամեն ինչ լավ կլինի…

Հայտնվում է բուժքույրը:

ԲՈՒԺՔՈՒՅՐ — Հեռացեք, արագ հեռացեք, գալիս է…

Բուժքույրը արագ ետ է գնում: Նարեն իրեն կարգի է բերում: Տարեցն ու Քննիչը նույնպես հեռանում են: Նարեն վերցնում է հեռակառավարման վահանակը, մոտենում է հեռուստացույցին: Խավար:

ՊԱՏԿԵՐ ԵՐՐՈՐԴ

Նույն տեսարանը: Հեռուստացույցով կին է խոսում: Հայտնվում է Գոռը, Նարեին տեսնելով՝ ժպտալով մոտենում է, ինչ-որ բան է ուզում ասել, սակայն Նարեն ցուցամատը պահելով շրթունքների վրա՝ հասկացնում է, որ լռի, ու միաժամանակ բարձրացնում է հեռուստացույցի ձայնը:

ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑՈՎ ԽՈՍՈՂ ԿԻՆ — Իհարկե, անհաջողություններ եղել են, բայց չէ՞ որ հաջողություններ էլ են եղել, որոնք փոխել են իմ կյանքը: Իսկ անհաջողությունները սովորեցրել են՝ ինչպես ճիշտ առաջնորդվել… Իմ ապագան իմ ձեռքերում է: Բարդ իրավիճակները այն դասերն են, որոնցով կազմակերպել եմ իմ կյանքը… Սովորելով հասկանալ ու ընդունել ինձ’ ես սովորում եմ հասկանալ ու ներել ուրիշներին: Ես իմ մեջ ուժեր եմ գտնում կյանքն այնպես փոխել, ինչպես հարմար է ինձ…

ՆԱՐԵ — (հեռուստացույցի ձայնն իջեցնելով, հեռակառավարման վահանակը միկրոֆոնի պես մոտեցնում է Գոռին): Սատանայի գոյությանը հավատո՞ւմ ես:

ԳՈՌ — Անպայման:

ՆԱՐԵ — Ի՞նչ է, ո՞վ է:

ԳՈՌ — Գայթակղություն: Եվան գիտեր, որ խնձորը ուտելով՝ մեռնելու է, բայց գայթակղությանը չդիմացավ ու կերավ:

ՆԱՐԵ – Չգիտեր՝ մահն ինչ է, դրա համար էլ կերավ… Նրանից առաջ ոչ մեկը չէր մեռել…

ԳՈՌ – Չիմանալով՝ ավելի պիտի վախենար…

ՆԱՐԵ – Գիտեի՞ր, որ ընկնելու ես:

ԳՈՌ — Վստահ էի, որ ձեռքս ծիրանին չի հասնելու:

ՆԱՐԵ – Կարո՞ղ է՝ չես ընկել, ծառն ընկել է, իսկ դու մնացել ես օդում և նոր ես ընկնելու…

ԳՈՌ — Դժվարը առաջին ընկնելն է, հետո անկումը շարունակվում է…

ՆԱՐԵ — Մինչև ե՞րբ…

ԳՈՌ — Մինչև դադարի ձևը գտնեմ:

ՆԱՐԵ — Ինքնասպանության ձևը գտե՞լ ես… 

ԳՈՌ — Ինքնասպանությունը ապրողների համար է…

ՆԱՐԵ — Դու էլ մեռած չես:

ԳՈՌ — Չապրելու համար պարտադիր չի մեռած լինես:

ՆԱՐԵ — Հիմա մեջդ կյանք չկա՞… Ինչո՞ւ չես ուզում ապրել…

ԳՈՌ — Կա, իմը չի, իմն ուրիշ էր…

ՆԱՐԵ — Մինչև ե՞րբ ես մեռած ձևանալու: 

ԳՈՌ — Մինչև իմը վերադառնա…

ՆԱՐԵ — Ասենք վերադարձավ ու չճանաչեց քեզ… Պիտի Գոռին փնտրի, իսկ նախկին Գոռը փոխվել է, չկա… Երևի միայն մաշկդ է նույնը մնացել…

ԳՈՌ — Հենց մաշկով էլ կգտնի…

ՆԱՐԵ — Բա որ մաշկդ սևանա կամ սպիտակի…

ԳՈՌ — Մի բան կմնա, որ հուշի, թե ես եմ… 

ՆԱՐԵ – Չե՞ս զգում, որ կյանքը շուրջդ պտտվում ու չի կարողանում ներս մտնել, որովհետև ներսդ լիքն է. լիքը ցավ, լիքը հուսահատություն, լիքը զիբիլ… Պիտի դատարկվես, որ կարողանա ներս մտնել:

ԳՈՌ — Ճիշտ է, ներսս լիքն է, մինչև կոկորդս լիքն է…

ՆԱՐԵ — Այստեղ գալու փոխարեն մտածեիր՝ զիբիլից ոնց ազատվես…

ԳՈՌ — Մտածել եմ…

ՆԱՐԵ — Բա ինչո՞ւ եկար…

ԳՈՌ — Չգիտեմ… Մտածում էի, եթե մի անգամ էլ քեզ չտեսնեմ, ինչ-որ բան այնպես չի լինի: Ու եկա…

ՆԱՐԵ — Քո ի՞նչն եմ, որ ուզում էիր տեսնել… Թալիսմա՞նը, թե՞ պահապան հրեշտակը…

ԳՈՌ — Չգիտեմ, բայց քեզ հետ ոնց որ տանը լինեմ:

ՆԱՐԵ – Տա՞նը, թե՞ սաունայում…

ԳՈՌ — Տան ջերմությունն ավելի հաճելի է…

ՆԱՐԵ – Ջերմությո՞ւնը, թե՞ ես… Հո չե՞ս սիրահարվել… Խոստովանիր, որ սիրահարվել ես… 

ԳՈՌ — Ներսս ուրիշ բան է կատարվում, անընդհատ մրսում եմ…

ՆԱՐԵ — Հիմա կտաքանաս… Մտքումդ մի բան պահիր…

ԳՈՌ — Ի՞նչ բան:

ՆԱՐԵ — Ինչ ուզում ես…

ԳՈՌ — Պահեցի:

ՆԱՐԵ — Ես էլ… (Սայլակը շրջում է միջանցքի աջ կողմին դիմահայաց:)

ԳՈՌ — (մոտենում է): Հետո՞…

ՆԱՐԵ — Հիմա մրցելու ենք… Ով առաջինը հասնի դիմացի դռանը, նա էլ կհաղթի…

Բեմը մթնում է, լույսը միայն Գոռի վրա է:

ԳՈՌ — (մենախոսում է): Մտքումս պահածը միշտ էլ գլխիս մեջ է եղել… Հաղթե՞մ, թե՞ չհաղթեմ… Հաղթեմ՝ գուցե վիրավորվի… Աղջիկներին չես հասկանա… Պարտվել էլ չեմ ուզում… Առանց դրան էլ միայն պարտվում եմ…

ՆԱՐԵ — (հիմա լույսը նրա վրա է): Չլինի՞ հիմարություն եմ անում… Մրցույթն ինչի՞ս էր պետք… Ի՞նչ իմանամ՝ հետո ինչ կլինի… Այսպես թե այնպես, պարտվելը վտանգավոր է… Նրա պարտվելը… Գուցե ասեմ, որ կատակեցի՞…

Բեմը լուսավորվում է:

ԳՈՌ — Ասենք պարտվեցի…

ՆԱՐԵ — Կխոստանաս, որ այլևս ձանձրալի չես լինի…

ԳՈՌ — Իսկ որ հաղթե՞մ…

ՆԱՐԵ — Երբեք չեմ ասի, որ ձանձրալի ես, եթե նույնիսկ շատ ձանձրալի լինես:

ԳՈՌ — Համաձայն եմ: (Սայլակը հարմարեցնում է Նարեի սայլակի կողքին, հասկացնելով, որ պատրաստ է մրցույթին:) 

ՆԱՐԵ — Սկսե՞նք…

ԳՈՌ — Գնացինք: (Սայլակներով շարժվում են աջ ուղղությամբ: Մի պահ անհետանում են, ապա նորից հայտնվում: Վերադարձն ավելի հանգիստ է:) Ոչ-ոքիի մասին մոռացել էինք…

ՆԱՐԵ — Ես չեմ մոռացել… Հիմա էլ քո ցավի հետ ես մրցելու…

ԳՈՌ — Չի լինի… Դժվար է ցավի հետ լեզու գտնել, ականջներ չունի, չի լսում…

ՆԱՐԵ — Կլինի, այն էլ ինչպե՜ս կլինի… Ու չփորձես պարտվել…

ԳՈՌ — Եթե հրաժարվե՞մ:

ՆԱՐԵ — Քո գործն է… Կարող ես ընդհանրապես գնալ:

ԳՈՌ — Եթե չեմ ուզում գնա՞լ…

ՆԱՐԵ — Ուրեմն պիտի համաձայնես ցավիդ հետ մրցել:

ԳՈՌ — Ենթադրենք մրցեցի, ու ոչ-ոքի եղավ…

ՆԱՐԵ – Ոչ-ոքի չի կարող լինել…

ԳՈՌ — Եթե եղավ:

ՆԱՐԵ — Այնքան կմրցես, մինչև հաղթես…

ԳՈՌ — Պրծում չկա… (Սայլակով ելման դիրք է ընդունում:)

ՆԱՐԵ — Մեկ, երկուս, երեք… Գնացի՛ր… (Ու մինչ Գոռը սայլակով առաջ է մղվում, անընդհատ կրկնում է:) Հաղթիր, հաղթիր, հաղթիր… 

ԳՈՌ — (վերադառնալով, մի տեսակ խեղճացած): Ոչ-ոքի…

ՆԱՐԵ – Ի՞նչ իմացար:

ԳՈՌ — Միասին տեղ հասանք:

ՆԱՐԵ — Նորից փորձիր:

ԳՈՌ — (չկամությամբ նորից ելման դիրք է ընդունում): Գնացի… (Այս անգամ ավելի ջերմեռանդորեն է վարում սայլակը:)

ՆԱՐԵ — Հաղթիր, հաղթիր, հաղթիր…

ԳՈՌ — (վերադառնում է ոգևորված): Հաղթեցի:

ՆԱՐԵ – Հիմա՞ ոնց իմացար:

ԳՈՌ — Երբ դռանը հասա, ցավը հետս չէր, ցավը հետո եկավ…

ՆԱՐԵ — Բայց այնքան էլ ուրախ չես… Հաղթեցի՞ր, թե՞ ցավը պարտվեց, որպեսզի զգոնությունդ կորցնես…

ԳՈՌ — Ներսս էլի լիքն է:

ՆԱՐԵ — (մոտենում է պատուհանին, նայում է դուրս): Այս պատուհանն էլ չլինի, լրիվ կմոռանաս, որ դու էլ աշխարհի մասնիկն ես…

ԳՈՌ — Քո աշխարհի՞:

ՆԱՐԵ — Նույն աշխարհն է, որին ցավի միջից ես նայում, կարծելով, թե ցավն է աշխարհը…

ԳՈՌ — Աշխարհն էլ, ցավից բացի, իմ մեջ այլ բան չի տեսնում…

ՆԱՐԵ — Ինքդ չես տեսնում և դեռ ուզում ես, որ ուրիշը տեսնի… Էդ ցավը մի օր քեզ ինքնասպանության է տանելու… Չես էլ իմանա՝ ինչպես այստեղ կկանչի, այս պատուհանի մոտ ու կասի՝ թռիր… Կթռնես, չէ՞… Նրա գերին ևս, նրա ստրուկը, նրա կամակատարը… Կթռնես, չէ՞, չնայած թռչուն չես, թիթեռ չես, ոչ էլ մոծակ… (Մոտենում է Գոռին, պտտվում է շուրջը, հանկարծակի:) Իմիջիայլոց… Ես այնքան էլ գիժ չեմ:

ԳՈՌ — Գիտեմ:

ՆԱՐԵ – Ի՞նչ գիտես: 

ԳՈՌ — Որ գիժ չես… 

ՆԱՐԵ — Գժանոցում էլ չեմ եղել: 

ԳՈՌ — Հո գի՞ժ չես…

ՆԱՐԵ — Ոտքս էլ այնտեղ չեմ կոտրել…

ԳՈՌ — Պարզ է:

ՆԱՐԵ — Քեզ համար միևնո՞ւյն է՝ գիժ եմ, ապուշ, թե՞ մի ուրիշ բան:

ԳՈՌ — Կարևորը դու ես ու կարևորը, որ ծառի նման չես…

ՆԱՐԵ — Լավ չես տեսնում կամ տեսնում՝ չես ընկալում… Իսկական տանձենի եմ…

ԳՈՌ — Չէ, ծառի նման չես:

ՆԱՐԵՓակիր աչքերդ:

ԳՈՌ — Փակեցի:

ՆԱՐԵ – Ի՞նչ ես տեսնում:

ԳՈՌ — Խավար է…

ՆԱՐԵԻնձ տեսնո՞ւմ ես:

ԳՈՌ — Աղոտ:

ՆԱՐԵԾա՞ռ եմ, թե՞ չէ:

ԳՈՌ — Լավ չի երևում, ինչ-որ բան խանգարում է:

ՆԱՐԵԱչքերդ բաց արա… էլի նման չե՞մ… Նման չե՞մ…

ԳՈՌ – Ի՞նչ իմանամ՝ ինչ ևս… Կողքիդ եմ, որովհետև չես կարեկցում ու չես խղճում…

ՆԱՐԵՀոնքերդ կիտեցիր, խռովեցիր… Փիսիկը նստել մի մութ անկյունում, հոնքերը կիտել ու լաց է լինում…

ԳՈՌ — Պետք չի:

ՆԱՐԵԱչքերդ բաց, որ աշխարհի քո տեղը տեսնես: (Նորից մոտենում է պատուհանին և ուշադիր դուրս է նայում:)

ԳՈՌԳտա՞ր:

ՆԱՐԵ – Ի՞նչը:

ԳՈՌԱշխարհի քո տեղը:

ՆԱՐԵ Դու էլ փնտրիր… Անգործ նստել ես…

ԳՈՌ — Կարողանայի կանգնել:

ՆԱՐԵ — Փնտրողը պառկած էլ կգտնի…

ԳՈՌ — Պատը չի թողնում:

ՆԱՐԵ Ի՞նչ պատ:

ԳՈՌՈրի ստվերը քո վրա էր ընկել: 

ՆԱՐԵ — Էդ անհամ ստվե՞րը…

ԳՈՌ — Ստվերը համ ունի՞…

ՆԱՐԵ — Ստվերն էլ, վտանգն էլ, անհանգստությունն էլ… Սիրտս վկայում է, որ կվերադառնա…

ԳՈՌ — Ո՞վ:

ՆԱՐԵ — Քննիչը… Եթե դատը լինի, անպայման կգա իմ ետևից…

ԳՈՌ — ԻնչոՇւ պիտի գա, եթե չես սպանել ու չես գողացել…

ՆԱՐԵԲայց տեսել եմ, թե ուրիշները ինչ են անում…

ԳՈՌ – Տեսե՞լ ես…

ՆԱՐԵԱյս աչքերով: Մեր բակում մեծ պատուհաններով մի մասնավոր տուն կա: Պատշգամբից երևում է, թե ներսում ինչ է կատարվում: Այդ օրը երկու տղամարդ ծեծում էին տանտիրուհուն: Չփախա, ոստիկանություն էլ չհայտնեցի, կանգնել նայում էի: Հետո կինն ընկավ ու այլևս չէր դիմադրում: Երբ տղամարդիկ դուրս եկան, նրանցից մեկը նկատեց ինձ: Թաքնվելու փոխարեն, հիմարի պես, նրանց էի նայում: Այդպես էլ կանգնած մնացի, մինչև գնացին: Հաջորդ օրը ինչ-որ տղամարդիկ, ծեծողները չէ, ուրիշ էին, փողոցում կանգնեցրին ու սպառնացին, որ եթե բերանս բացեմ՝ ականջներս ու քիթս կկտրեն: Լռում էի, ոչ մեկին չպատմեցի, բայց մի քանի օր անց քննիչը հայտնվեց:

ԳՈՌ — Ո՞նց էր իմացել:

ՆԱՐԵ — Երևի ինձ սպառնացողներն էին մատնել: Քննիչն ասաց, որ հանցագործներին ձերբակալել են…

ԳՈՌ – Հետո՞ ինչ… Հիմա՞ր էին, որ քո մասին ասեին…

ՆԱՐԵ — Երևի կասկածել են, թե ինչ-որ տեղ բերանս բացել կամ կարող եմ բացել… Ու մտածել են առաջն առնել…

ԳՈՌ — Մի բան այնպես չես ասում…

ՆԱՐԵ — Ինչպես կա, այնպես էլ ասում եմ…

ԳՈՌ — Քննիչ, հանցագործ… Դրանց կապն է անհասկանալի…

ՆԱՐԵ — Անհասկանալի ի՞նչ կա… Իրար հետ կապված են: Ասում են՝ հանցագործներն էլ քննիչներ են և կնոջը ցուցմունքներ կորզելու համար են ծեծել… Երևի խորհրղակցել են, որոշել. ավելի լավ է դատարանում որպես վկա ներկայանամ ու ասեմ, իբր հանցագործներն ուրիշ էին:

ԳՈՌ – Ասելո՞ւ ես:

ՆԱՐԵ — Եվ չեմ ուզում ստել, և վախենում եմ: 

ԳՈՌ — Մինչև հիմա լավ էլ ստում էիր…

ՆԱՐԵ — Չէի ստում, մինչև հիմա հորինում էի… Սիրում եմ հորինել.

Խոստացիր, որ ևս քեզ բնավ էլ չեմ կորցնելու, 

Խոստացիր ներել իմ հոգնությունը, 

Ինձ ոչ ոք չի ների, որ ես այսքան շատ եմ հոգնած, 

Ինձ ոչ ոք չի ների, երբ քեզ կկորցնեմ…

Ահա այսպիսի բաներ եմ հորինում… Թե չէ՝ ստել իրոք չեմ սիրում…

ԳՈՌ — Ընկեր ունե՞ս…

ՆԱՐԵ — Ոչ մի բան էլ չունեմ: 

ԳՈՌ — Ես քեզ կներեի…

ՆԱՐԵ — (հեռախոսը զանգում է): Այսօ՞ր… Սիրտս վկայում էր… Ո՞վ… Տո՞ւն էր եկել… Կերևա՞… Ի՞նչը ինչ եմ անելու… Ո՞ւր եմ փախչելու… Ցո՞ղ եմ, որ գոլորշիանամ… Չգիտեմ, ոչինչ չգիտեմ… (Գոռին.) Դատն այսօր է… Ուր որ է՝ ետևիցս կգա…

ԳՈՌ – Ձեռնասայլակո՞վ ես գնալու:

ՆԱՐԵ — Հո պարահանդես չե՞մ գնում… (Դադար): Մի անգամ արդեն դատարանից փախել եմ… Դատավորին ասացի, որ վատ եմ զգում ու դուրս փախա… Աստիճանների վրա էլ ընկա ու ոտքս կոտրեցի…

ԳՈՌ — Փորձանքն էլ ճաշակ ունի, կողքիցդ չի հեռանում…

ՆԱՐԵ — Փորձանքից էլ եմ հոգնել, խաղաղությունից էլ, սկսում եմ քեզանից էլ հոգնել… Հնար չկա՝ մի քիչ ինքդ քեզ հետ մնաս…

ԳՈՌ — Ուշացել ես…

ՆԱՐԵ – Ինչի՞ց եմ ուշացել;

ԳՈՌ — Քննիչն արդեն այստեղ է…

ՔՆՆԻՉ — (հայտնվում է Նարեի թիկունքից): Հոյակապ է…

ՆԱՐԵ — (շրջվում է): Հոյակապ բան չկա: 

ՔՆՆԻՉ — Իզուր… Չեմ սիրում փնտրել… Որ գտա, հոյակապ է…

ՆԱՐԵ — Ում համար հոյակապ է, ում համար՝ զզվելի…

ՔՆՆԻՉ — Անորոշությունն ավելի զզվելի է: 

ՆԱՐԵ — Ինձ համար ամեն ինչ պարզ է: 

ՔՆՆԻՉ — Քեզ համար գուցե, բայց մարդիկ վճռի են սպասում:

ՆԱՐԵ — Առանց ինձ էլ կվճռեն:

ՔՆՆԻՉ — Պարզվում է՝ առանց քո նման գեղեցկուհու ոչինչ չի լինում…

ՆԱՐԵ — Մի հարսնախոս էլ ավելացավ:

ՔՆՆԻՉ — Հարսանիքը հետո, հիմա գնալու ժամանակն է:

ԳՈՌ — Այդ ոտքով չի կարող գալ:

ՔՆՆԻՉ — Ոտքն ի՞նչ եմ անում, լեզուն տեղը լինի:

ՆԱՐԵ — Իմիջիայլոց, ոչ մեկը, նույնիսկ օձերը, լեզվով չեն շարժվում:

ՔՆՆԻՉ — Քո նման գեղեցկուհուն գրկած էլ կտանեմ:

ԳՈՌ — Անհավատալի է:

ՔՆՆԻՉ – Ի՞նչը:

ԳՈՌ — Որ ինչ-որ մեկին կարող ես գրկել:

ՔՆՆԻՉ – Օհօ՜… Թիկնապահի մասին չէի մտածել: Պիտի գլխի ընկնեի, որ նման գեղեցկուհու կողքին կամավոր թիկնապահներ շատ կհայտնվեն…

ՆԱՐԵ — Ինքս էլ կարող եմ պաշտպանվել…

ՔՆՆԻՉ — Մեր ժամանակներում միայնակ դժվար է…

ՆԱՐԵ — Ուզում ես ասել…

ՔՆՆԻՉ — Երկար պատմության է… Գուցե հետո պատմեմ, բայց գնալ է պետք, հարգարժան մարդկանց չի կարելի սպասեցնել…

ՆԱՐԵ — Չեմ գալիս…

ՔՆՆԻՉ — Չեղավ, գեղեցկուհի, դատարանը դիսկոտեկա չի, ոչ էլ գրադարան: Չուզես՝ զոռով կտանեն, դիմադրեցիր՝ կպատժեն… Արդարությանը պաշտպանել է պետք, թև չէ անարդարությունը մեզ կուտի…

ՆԱՐԵ — Ուտի էլ՝ կթունավորվի, չի մարսի… 

ՔՆՆԻՉ — Ծլվլում ես, գեղեցկուհի, անուշ ես ծլվլում, միայն թե այն ճյուղին չես թառել…

ԳՈՌ — Հա, բարձր ճյուղ է, այդ ճյուղին ձեռքդ չի հասնի…

ՔՆՆԻՉ — Խոսակցությունն անհամանում է… Ժամանակն իզուր անցնում է… Պետք չէ ձգել… Մի բանի բառ, և նորից այստեղ կբերեմ… Ով ինչ անում է, իր համար է անում… Լավություն անողն էլ լավությունը իր համար է անում… Տերն իզուր չի ասում. առաջինը քո ծառը ջրիր… Տիրոջը լսել է պետք…

ՆԱՐԵ — Լսողը նախ պիտի իր ծառը տնկի… թե չէ ուրիշինը չես ջրի, սովորաբար ուրիշի ծառը կտրում են…

ԳՈՌ — Ինչպես հիմա է…

ՔՆՆԻՉ — (Գոռին): Չե՞ս կարծում, որ չքվելուդ ժամանակն անցել է, որ վաղուց չքված պիտի լինեիր… Հիմա կչքվես ու այլևս չես վերադառնա… (Բռնում է Գոռի սայլակից, շրջում է աջ և պատրաստվում է հրել:)

ԳՈՌ — (փորձում է դիմադրևլ): Չհամարձակվես…

ՔՆՆԻՉ — (ուժեղ հրում է): Քըըշշշ… (Նարեին.) Հիմա գնացինք: 

ՆԱՐԵ — Չմոտենաս…

ՔՆՆԻՉ — Չէի մոտենա, եթե հնար լիներ հեռակառավարման վահանակով շարժել:

ՆԱՐԵ — Ինքդ քեզ շարժիր ու գնա՝ ուր գնալու ես…

ԳՈՌ — (մոտենում է քննիչին): Չհամարձակվես հրել ինձ…

ՔՆՆԻՉ — Պատիժ հո չե՞ս… (Ավելի ուժեղ է հրում: Ապա մոտենում է Նարեին:) Գնացինք, թե չէ էդ խելագարից պրծում չկա… Զուր տեղը մեղքի տակ եմ ընկնելու…

ԳՈՌ — (նորից է մոտենում): Չի կարելի… Չի կարելի…

ՔՆՆԻՉ — (Գոռին չլսելով՝ նրա սայլակն ավելի ուժեղ է հրում: Ապա կտրուկ մոտենում է Նարեին): Վերջ, համբերությունս լցվեց… (Բռնում է Նարեի ձեռքերից, փորձում է սայլակը առաջ հրել:)

ՆԱՐԵ — Բաց թող, ցավեցնում ես: 

ՔՆՆԻՉ — Պետք եղավ՝ կպոկեմ…

Քննիչը շարունակում է հաղթահարել Նարեի դիմադրությունը: Գործողություններն ավելի կոպիտ են դառնում: Նարեն հուսահատ փորձում է դիմադրել: Անսպասելի սայլակը շրջվում է, Նարեն սայլակից դուրս է ընկնում: Հուսահատ ձայներ հանելով՝ սկսում է հեկեկալ:

Գոռը տեսնելով Նարեին ընկած, լսելով նրա հեկեկոցը, կանգ է առնում: Ամբողջ մարմնով լարվում է, զգացվում է, որ զայրացած ինչ-որ որոշում է ընդունում: Երբ քննիչը փորձում է Նարեին բարձրացնել, արագ մոտենում և բարձր բղավելով. «Չի կարելի…», թիկունքից ձեռքերով ամուր գրկում է Քննիչին: Քննիչը հանկարծակիի եկած ուղղվում է, փորձում է ազատվել նրանից: Գոռն ավելի ու ավելի ամուր է սեղմում ձեռքերը: Քննիչը կտրուկ շարժումներով կրկին ազատվելու փորձ է անում: Գոռը Քննիչին բաց չթողնելով, ինքն էլ է բարձրանում ու նրան գրկած՝ կանգնում է:

ՆԱՐԵ — (Գոռի կանգնելը նկատելով՝ արագ բարձրանում, մոտենում է, թեթևակի շոյում է ուսը): Լավ է, ամեն ինչ լավ է… (Բղավում է:) Պրոֆեսոր, պրոֆեսոր…

Գոռը ապշած, բորբոքված աչքերով նայում է Նարեին, չհասկանալով՝ ինչ է կատարվում: 

ՏԱՐԵՑ — (վազելով ներս է մտնում: Նկատելով Գոռին կանգնած՝ արագ մոտենում է, բռնում է Գոռի թևերից): Հիմա ինձ ես լսում… Առանց խուճապի, առանց տագնապի… Ձեռքերդ զգույշ թուլացրու… Մի լարվիր ու թուլացրու… (Նարեին.) Սայլակը մոտեցրու… (Գոռին.) Մի շտապիր, ձեռքերդ բաց թող ու առանց ոտքերիդ ուժ տալու փորձիր սայլակի մեջ տեղավորվել: 

Գոռը զարմացած աջ ու ձախ է նայում, փորձում է հասկանալ, թե իրենից ինչ են ուզում: 

ՏԱՐԵՑ — Լսիր ինձ, ամեն ինչ լավ կլինի: (Նարեին ու Քննիչին.) Դուք էլ օգնեք…

Գոռը Նարեի ու Քննիչի օգնությամբ զգույշ, վախվորած ենթարկվում է և դանդաղ հայտնվում սայլակի մեջ:

ՏԱՐԵՑ — Ապրես, հրաշալի է, շնորհավորում եմ…

ԳՈՌ – Ի՞նչ է եղել:

ՏԱՐԵՑ — Կարողացար, աննախադեպ է, կարողացար ցավդ հաղթահարել:

ՔՆՆԻՉ — Դեռ չեմ հավատում…

ԳՈՌ — (Նարեին): Նրանք…

ՆԱՐԵ — Բժիշկներ են, հոգեբաններ… Պրոֆեսոր Դարբինյան… Սա էլ բժիշկ Հարունցն է: 

ԳՈՌ — Բա ե՞ս ով եմ:

ՆԱՐԵ — Գոռը:

ԳՈՌ — Բա ինչո՞ւ եմ ինձ Արամ զգում:

ՆԱՐԵ — Որովհետև այս Գոռը նախկին Գոռը չէ…

ԳՈՌ – Ե՞րբ փոխվեց…

ՆԱՐԵ — Ներկայացման ընդմիջումներում… Երբեմն, հիվանդի շահերից ելնելով, հոգեբանները սադրանքի են դիմում… Դու քեզ հիանալի պահեցիր…

ԳՈՌ — Հիմա ճագա՞ր եմ…

ՆԱՐԵ — Ճագար չես, Գոռն ես…

ՏԱՐԵՑ — Եվ արդեն ոչ թե հիվանդ, այլ լիարժեք Գոռը… Որը չի պատկերացնում և դեռ երկար չի կարողանալու պատկերացնել, որ քիչ առաջ հրաշք է կատարվել…

ՔՆՆԻՉ — Ու հույսն ու իրականությունը հայտնվել են իրար կողքի…

ԳՈՌ — Բայց… բայց…

ՏԱՐԵՑ — Հետո, հետո ամեն ինչ կհասկանա… Հիմա շտապել է պետք, բժիշկները սպասում են… Լուրը նրանց էլ կոգևորի…

ԳՈՌ — Ես… ես…

ՔՆՆԻՉ — Հա, դու մեզ շատ օգնեցիր: 

ՏԱՐԵՑ — Այժմ լավ բաների մասին մտածիր, միայն լավ բաների…

ՔՆՆԻՉ — Զարմանալի օր է… Քիչ առաջ նրան էի ուզում տանել, հիմա էլ սրան եմ տանելու: (Բռնում է Գոռի սայլակից, առաջ է տանում:)

ՏԱՐԵՑ — (Նարեին): Առանց մեզ չգնաս… (Միանում է Քննիչին:)

ԳՈՌ — (շրջվում է Նարեի կողմը): Անունդ, անունդ չիմացա…

ՆԱՐԵ — Նարե:

ԳՈՌ — Հասմիկ չի՞…

ՆԱՐԵ — Չէ, Նարե է:

ԳՈՌ – Ամենավերջո՞ւմ էլ…

ՆԱՐԵ — Սկզբից էլ, ամենավերջում էլ…

ԳՈՌ — Իմ ճանաչած ամենալավ Նարեն: 

ՆԱՐԵ — Դու էլ վատ տղա չես… Միայն հոնքերդ քիչ կիտիր… Մեկ էլ, որ դռան թակոց լսես, դուռը շուտ բաց արա:

ԳՈՌ – Ի՞նչ դուռ:

ՆԱՐԵ — Թակոցի ուղղությամբ շրջվես՝ կտեսնես: Թակողը կյանքն է լինելու, ուրիշինը չէ՝ քոնը:

ԳՈՌ — Լսում եմ… (Շրջվում է, երեքով դուրս են գնում:)

ՆԱՐԵ — Հոգնեցի… Չլինի՞ իսկապես Նարեն չեմ… Այսքան ստելուց չես էլ իմանա՝ ով ես… (Այդ պահին ասես մեկը հրում է, մի քանի քայլ առաջ գալով՝ հազիվ է իրեն պահում, որ չընկնի:) Էլի՞… 

Վերցնում է հեռակառավարման վահանակը, ինչ-որ երաժշտական տեսահոլովակ է միացնում: Երաժշտության ուղեկցությամբ բեմն աստիճանաբար մթնում է:

ՊԱՏԿԵՐ ՉՈՐՐՈՐԴ

Նույն տեսարանը: Հնչում է տեսահոլովակի երաժշտությունը: Նարեն պտտվում է ձեռնասայլակի շուրջն ու ասես խոսում է սայլակի հետ:

ՆԱՐԵ — Փոքրիկ բանտ՝ առանց ճաղերի… Բանտում կարելի է քայլել, նեղ քառակուսու մեջ՝ բայց քայլել, հույս ունենալով, որ տարածքը մի օր կմեծանա, ու տարածքի մեծությունը ոտքերին չի վախեցնի… Փոքրիկ բանտ, որը հույսի ոչ մի լուսամուտ չունի… Ակվարիումն ունի, վանդակն էլ ունի, սա չունի… Գուցե պետք չէ օգնել նրանց, ովքեր սրա մեջ են… Որովհետև ինչո՞վ ես օգնելու… Եթե ցմահ է, օգնությունն ինքը հենակների կարիքն ունի… Լրիվ հիմարացել եմ… Խելոք մտքերն էլ, եթե անտեղի են, նույնքան հիմար են հնչում… Ուշացան… Սպասելիս ուղեղդ ավելի է հիմարանում… Կյանքը շարժվում է, իսկ դու սպասում ես, ինչի՞… Մեկը որոշի ու մարդու կյանքից հանի սպասելու ժամանակը… Ի՞նչ կմնա… Մարդիկ կլինեն, որ ծնվել ու ամբողջ կյանքը սպասել են… Չեն ապրել՝ սպասել են… Տեսնես մահը նրանց ո՞նց է գտնում, եթե չեն ապրել… (Հայտնվում է Քննիչը:) Վերջապես…

ՔՆՆԻՉ — (մոտենալով ու ինքնիրեն խոսելով): Ապշած եմ, ցնցված եմ…

ՆԱՐԵ — Էլի ի՞նչ է եղել…

ՔՆՆԻՉ — Հավատալու չէ…

ՆԱՐԵ — Կարծես ամեն ինչ արեցինք ու վատ էլ չարեցինք:

ՔՆՆԻՉ — Ոչինչ էլ չենք արել…

ՆԱՐԵ – Թերացե՞լ ենք…

ՔՆՆԻՉ — Չափից ավելի ենք ջանացել…

ՆԱՐԵ — Չափից ավելի՞… Ի՞նչ չափ… Ասել էին՝ մարդուն ցնցելու համար հարկավոր է երկու բաժակ սուտ վերցնել, հինգ ճաշի գդալ դաժանություն, երեք կապոց խառը զգացմունք, վստահություն ըստ ցանկության…

ՔՆՆԻՉ — Հնարավոր է, չափաբաժինները խառնած լինես… Թքա՛ծ, եթե քեզ խեղկատակի, խամաճիկի տեղ են դրել…

ՆԱՐԵ – Ի՞նչ խեղկատակ, ի՞նչ խամաճիկ…

ՔՆՆԻՉ — Ասածս երևակայությանդ մեջ չի տեղավորվի…

ՆԱՐԵ — Երևակայությունս մեծ է, կտեղավորվի…

ՔՆՆԻՉ — Երեք անգամ էլ մեծ լինի, փոքր կգա…

ՆԱՐԵ — Միևնույն է, միայն թե այս ամենից մաշկս քոր է գալիս…

ՔՆՆԻՉ — Քիչ հետո աչքերդ էլ քոր կգան… 

ՆԱՐԵ – Ի՞նչ կա, որ տեսել ու լսել ես, բայց ասում-ասում ու չես ասում…

ՔՆՆԻՉ – Տեսար՝ դու էլ կկարկամես…

ՆԱՐԵ — Էլի սատանա՞ է երևացել…

ՔՆՆԻՉ — Նման է, բայց ավելի սարսափելի…

ՆԱՐԵ – Ի՞նչ է, որ աչքիդ մութ է լցրել…

ՔՆՆԻՉ — Կուզենայի հիմա փակեիր աչքերդ: Փակիր… Փակիր, փակիր… Չբացես, մինչև չզգուշացնեմ…

Հայտնվում են Տարեցն ու Գոռը: Գոռը քայլում է վստահ ու առույգ:

ՔՆՆԻՉ — Հիմա բաց: 

ՏԱՐԵՑ — Ուշացանք…

Նարեն բացում է աչքերն ու Գոռին ոտքի վրա տեսնելով՝ զարմանքից տրորում է աչքերը: 

ՔՆՆԻՉ – Հը՞, աչքերդ քոր եկա՞ն… Ձայնդ էլ չի լսվում… Հիմա երևակայությանդ պատերն էլ կճաքեն…

ՏԱՐԵՑ — (Նարեին): Տեսիլք չի, ինքն է: 

ՆԱՐԵ — Տեսնում եմ, Նապոլեոնը չի… Երկվորյա՞կ են…

ԳՈՌ — Եղբայր չունեմ:

ՆԱՐԵ – Ե՞րբ բուժվեցիր… Թե՞ կոտրված բաժակի պես կտորներդ սոսնձեցին: 

ԳՈՌ — Հիվանդ չեմ եղել…

ՆԱՐԵ — Ծառից էլ չես ընկել ու մահն էլ չես տեսել…

ԳՈՌ — Որ ընկնեի՝ կտեսնեի…

ՆԱՐԵ — Չես ընկել, բայց Գո՞ռն ես…

ԳՈՌ — Նույն ինքը:

ՆԱՐԵ — Հնարավոր չէ…

ԳՈՌ – Ինչո՞ւ որ…

ՆԱՐԵ — Իսկական Գոռը մի տեղից ընկած պիտի լինի:

ՏԱՐԵՑ — Բանն այն է…

ՔՆՆԻՉ — Խայտառակություն է…

ՏԱՐԵՑ — Այնքան էլ չէ… Հուզվելու, բարկանալու էլ առիթ չկա… Արտառոց ոչինչ չի եղել ու բացատրելուց հետո ամեն ինչ տեղը կընկնի… 

ՔՆՆԻՉ — Գոնե ինձ պիտի ասած լինեիք… 

ՏԱՐԵՑ — Երկուսիցդ որն էլ իմանար՝ ավարտն այսպիսին չէր լինի… Իսկ ավարտը հոյակապ էր, թերևս, անկրկնելի…

ՔՆՆԻՉ — Ում համար հոյակապ էր, ում համար՝ վիրավորական…

ՏԱՐԵՑ — Չեմ կարծում, եթե նա էլ ձեզ պես մասնակից էր… Ոչ մեկի մտքով չի անցել խաբել… Մեր արածը, որ շատերին խաղ պիտի թվա, անհրաժեշտ փորձ էր, և փորձի կանոնները պահանջում էին, որ ամեն ինչ բնական ու հնարավորինս անմիջական լիներ…

ՆԱՐԵ — Նա գիտե՞ր, որ հիվանդ չեմ: 

ՏԱՐԵՑ — Իհարկե, գիտեր…

ՆԱՐԵ — Արդեն արդար չէ:

ՏԱՐԵՑ — Քո խնդիրը տարբերվում էր: 

ՆԱՐԵ – Ինչո՞վ…

ՏԱՐԵՑ — Կարևորությամբ…

ՆԱՐԵ — Պարզվում է, ընդամենը խաղացել ենք…

ՏԱՐԵՑ — Քո դերն, իրոք, ամենապատասխանատուն էր ու այդպիսին էլ շարունակում է մնալ… Ասում եմ՝ մնալ, որովհետև փորձը դեռ չի ավարտվել…

ՆԱՐԵ — Եթե մեկն ինձ խաբի, կիմանամ՝ ինչպես վարվել… Քիչ առաջ ինքս ինձ էի խաբում… Ինձ հետ ի՞նչ եմ անելու:

ՏԱՐԵՑ — Դրա կարիքը չի լինի… Փորձն իսկապես շարունակվում է… Իսկական հիվանդը կա, սպասում է մեզ և մեր օգնության կարիքն ունի… Ես զրուցել եմ հետը… Հոգեկան աղետալի վիճակում է և, առանց նախնական ճշտումների, հաջողությունը կասկածելի էր… Մարդը մեքենա չէ, և ամենափոքր սխալն իսկ, հնարավոր է, չստացվի վերականգնել: Չափազանց ծանր դեպք է, մեր պրակտիկայում համարյա հազվադեպ… Չեմ թաքցնում, Նարեին մեծ փորձություն է սպասվում… Բայց քիչ առաջվա հաջողությունը հույս է տալիս, որ այս անգամ էլ կկարողանա գլուխ հանել… Գոռին ես էի խնդրել, որ փորձին մասնակցի… Երկար համոզեցի, մինչև համաձայնեց…

ԳՈՌ — Համաձայնեցի, որովհետև հիվանդը ընկերս է… Մանկության ընկերներ ենք… Ով պատմեր՝ չէի հավատա, որ մարդն այդքան կարող է փոխվել… Ինձ համար էլ անճանաչելի է դարձել: Այդքան ընկճված ու այդքան հուսահատ…. Ամենատխուրը նրա մեկուսանալու ձգտումն է՝ ամեն ինչից ու ամեն մեկից… Նույնիսկ ինձնից…

ՆԱՐԵ — Ընկերոջդ անունն է՞լ է Գոռ: 

ԳՈՌ — Գոռը ես եմ:

ՆԱՐԵ — Ուրեմն նա էլ Արամն է: 

ԳՈՌ – Ինչո՞ւ Արամ:

ՆԱՐԵ — Ուրիշ անուն չեմ հիշում…

ՏԱՐԵՑ — Երբ փոքր էի…

ՔՆՆԻՉ – Սկսվե՜ց…

ՏԱՐԵՑ — Խոստովանում եմ, անցյալն ավելի շատ տեղ է գրավում իմ կյանքում: Երբ փոքր էի, մայրս ասում էր, որ դժվարությունից պետք չէ վախենալ, որովհետև դժվարությունը միշտ թույլերին է փնտրում: Այս անգամ Նարեն միայնակ է գործելու… Մյուսների մասնակցությունը բացառվում է: Հիվանդի ընկճվածությունը չափազանց է, որպեսզի այլ բաների մասին մտածենք… Փորձելու ենք կյանքի նկատմամբ նրա հետաքրքրությունը վերականգնել, ամեն ինչ անել, որ հույսը նրա ձեռքը բռնի… Այս անգամ այսքանը… Հեշտ չի լինելու, ոչ թե դժվար, շատ դժվար է լինելու… Հիվանդն իսկապես նվեր չէ… 

ՆԱՐԵ – Չե՞ք լսել, որ նույն գետը երկու անգամ մտնել չի լինի…

ՏԱՐԵՑ — Նույնն է և նույնը չէ… Դու էլ նախկինը չես, այլևս նախկինը չես…

ԳՈՌ — Խնդրում եմ՝ համաձայնես:

ՆԱՐԵ — Այս քնքուշ ուսերը… Նրանք այդ ծանրությունը չեն կարող կրել…

ԳՈՌ — Քիչ առաջ երբեմն մոռանում էի, որ հիվանդ չեմ… Քեզ հաջողվում է դիմացինին համոզել, որ իրեն այնպես զգա, ինչպես դու ես ուզում… Ու վստահ եմ, այս անգամ էլ կհաջողվի…

ՆԱՐԵ — Դու էլ վատ դերասան չես… Ու ընկերոջդ մասին կարող ես ինքդ հոգալ:

ԳՈՌ — Եթե վստահեր, պահ իսկ չէի կասկածի ու կանեի… Քոնն ուրիշ է, նա քեզ չի ճանաչում ու որպես հիվանդ է քեզ ընդունելու, որպես նույն ճակատագրի երկրորդ ափը…

ՆԱՐԵ – Չասացիր՝ սայլակի մե՞ջ էիր Գոռ ու հիմա Արամն ես, թե՞ սայլակի մեջ Արամն էիր ու հիմա ես Գոռը…

ԳՈՌ — Սայլակի մեջ էլ, հիմա էլ Գոռն եմ…

ՆԱՐԵ — Երկու Գոռ չի կարող լինել… Նրանցից մեկը ստում է…

Անսպասելի հայտնվում է բուժքույրը և ձեռքով հասկացնում է Տարեցին, որ մոտենա:

ՏԱՐԵՑ — Շարունակեք, ես հիմա կգամ 

Տարեցը մոտենում է բուժքրոջը: Նրանց դեմքի արտահայտությունից զգացվում է, որ անսովոր բան է կատարվել: Բուժքույրը հեռանում է; Տարեցը գլխահակ վերադառնում է խմբի մոտ:

ՆԱՐԵ – Ի՞նչ եղավ, գունատվեցիք…

ՏԱՐԵՑ — Ներկայացումն ավարտվեց… Ծափահարություններ, իհարկե, չեն լինի, կարիքը չկա… Հիվանդը, ում համար վիճում էիք, քիչ առաջ ինքնասպան է եղել…

ՆԱՐԵ և ԳՈՌ — (բարձր): Ի՞նչ…

Բեմը մթնում է: Լույսի շողն ընկնում է քարի վրա: Մեկը բեմի մի ծայրից մյուսը գլորում է քարը: Լույսի մեջ քարը երևում է, իսկ գլորողը՝ ոչ: Շշուկներ են լսվում՝ Սիզիփոսը, Սիզիփոսը, Սիզիփոսը…

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։