Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ / ԱՐՄԱԳԵԴՈՆ

Տրագիկոմեդիա երկու արարով

Գործող անձինք
ՎԱՐԱԶԴԱՏ կամ ՎԱՐՈ — մեծահարուստ օլիգարխ
ՄՈՎՍԵՍ կամ ՄՈՍՈ — Վարոյի դպրոցական ընկերն է,
գործարար
ՄԻՀՐԱՆ — Վարոյի դպրոցական ընկերն է, չինովնիկ
ՀՌԻՓՍԻՄԵ — Վարոյի կինը
ՍԱՐԻԲԵԿ կամ ՍԱՐԻԿ — նրանց որդին
ՆԱՆԵ — Սարիկի նշանածը
ԱՐԱՄ — Նանեի հայրը, Մատենադարանի գիտաշխատող
ՆԱԶԻԿ — Նանեի մայրը
ՏԵՐ ՀԱՅՐ
ՀՈՒՍԻԿ
ՆՈՐՈ — Վարոյի թիկնապահը
ԲԺԻՇԿ — շտապօգնության բժիշկ
ԲՈՒԺՔՈՒՅՐ — շտապօգնության բուժքույր
ՄԱՏՈՒՑՈՂ — միասեռականության հակումով
ՏԻՐԱՆ — Մատենադարանի կրտսեր գիտաշխատող
ՑՆՑՈՏԻԱՎՈՐ
Հյուրեր — նշանդրեքի արարողությանը հրավիրվածներ,
որոնք վատ լուրն իմանալուն պես փախչում են:

Արար 1
Ռեստորանի դահլիճ, պսակադրության արարողություն, սեղաններ, նրանց շուրջը՝ ներկաները՝ ոտքի վրա:
ՄԻՀՐԱՆ ¬ Հարգելի մասնակիցներ… Մի րոպե՛, ուշադրությո՛ւն, խնդրում եմ: Այսօր, այս շքեղ սրահում, մեր սիրելի Վարազդատ Փարսադանի Փարսադանյանը մեզ հավաքել է մի շատ երջանիկ առիթով: Սակայն մինչև առիթին անցնելը, մի պոետիկ շեղում, եթե թույլ կտաք: Իսկական տղամարդը, հավանաբար լսել եք, ի թիվս այլևայլ գործերի, պիտի երեք կարևոր բան անի, այն է՝ պիտի տուն կառուցի, ծառ տնկի և որդի մեծացնի: Մեր Վարազդատը, մեր սիրելի Վարոն, ում բարի համբավը վաղուց դուրս է եկել հանրապետության սահմաններից, անհամար ծառեր է տնկել դեռևս այն ժամանակներից սկսյալ՝ երբ աշխատում էր անտառտնտեսությունում, հովք ու զովք պարգևելով իր համաքաղաքացիներին: Նա կառուցել է տուն, և՝ ոչ մեկը, ինչպես գիտեք՝ երկար տարիներ ազգիս համար կարևոր բազում շինարարությունների պետ է եղել մեր սիրելի Վարազդատը, վերջապես՝ որդի է ունեցել, մեծացրել, հրաշալի դաստիարակություն տվել, ահա նա՝ մեր սիրելի Սարիբեկը:
ՍԱՐԻԿ — (հեռացնելով ականջակալը): Ի՞նչ ասիր…
ՄԻՀՐԱՆ — Մեր սիրելի Սարիբեկը…
ՍԱՐԻԿ — Սարիբեկը պապդ ա, էղա՞վ, Միհրան:
ՎԱՐՈ — Ձա՛յնդ, այ տղա, ականջակալները նորից մտցրու ականջներդ ու էլ չխառնվես: (Միհրանին.) Շարունակիր, մի քիչ կարճ խոսիր, ժողովուրդը հոգնեց, տեմպով, տեմպով:
ՄԻՀՐԱՆ — Մեր Սարիկին՝ ինչպես նրան սիրով անվանում ենք, Վարազդատն այսօր ամուսնացնում է մի իսկական հայ օջախի զավակ, համեստ ու խելացի և պարզապես գեղեցկուհի Նանեի հետ: Ասում են, մեր հասարակությունը շերտավորված է, մեծահարուստները խուսափում են աղքատներից, սակայն ահա այս դեպքը գալիս է ցրելու այդ մտայնությունը…
ՎԱՐՈ — Ի՛… Հասկանում ե՞ս, ինչ ես խոսում, այ տղա:
ՄԻՀՐԱՆ — Ի՞նչ ասացի որ… (Վարոն ինչ¬որ բան է հուշում նրա ականջին: Դառնալով ներկաներին:) Չէ, ինձ սխալ չհասկանաք, ես չեմ ասում, թե մեր սիրասուն Նանեի ընտանիքը չքավոր է, քավ լիցի, մենք գործ ունենք սակավապետ, համեստ ու հարգարժան ընտանիքի հետ, հանձինս… հանձինս Արամի, ով մեր Մատենադարանի ավագ գիտաշխատողն է, մշակույթի անխոնջ մշակ, և նրա հրաշալի կնոջ՝ Նազիկի, որ իր փխրուն ուսերին է առել մատաղ սերնդի կրթության պատասխանատու գործը, նա, ինչպես հասկացաք, ուսուցչուհի է դպրոցում: Ահա: Հիմա խնդրում եմ լցնել բաժակները և բարձրացնել… (Վարոն նրա ականջը մոտ է բերում, շշնջում է:) Այո, այո, իհարկե, նախ՝ տերունական աղոթքը…
Կոտրատվելով գալիս է Մատուցողը, ինչ¬որ բան է դնում սեղանին, ինչ¬որ բան է տեղափոխում:
ՄԻՀՐԱՆ — Արագացրու, խանգարում ես:
ՄԱՏՈՒՑՈՂ — Գնում եմ, գնում, անհամբեր տղամարդ: (Հեռանում է:)
ՄԻՀՐԱՆ — Տեր հայր, շնորհ արեք:
ՏԵՐ ՀԱՅՐ — Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն քո: Եկեսցէ արքայություն քո, եղիցին կամք քո որպես յերկինս և յերկրի: Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր: Եվ թող մեզ զպարտիս մեր, որպէս և մեք թողումք մերոնց պարտապանաց: Եվ մի տանիր զմեզ ի փորձություն, այլ փրկեա զմեզ ի չարէ: Զի քո է արքայություն և զօրություն և փառք հավիտյանս. ամէն:
ՄԻՀՐԱՆ — Դեհ, բարձրացրեք բաժակները, խմենք մեր չքնաղ ծաղիկների կենացը:
Երաժշտություն: Պարում են, Սարիկը պարելիս էլ է ականջակալներով, խոսում է հեռախոսով՝ «Հա, ախպերս, դե պետք ա, էլի, մինչև երբ ազապ մնանք… Էղավ, ընգեր, կապի մեջ, կապի մեջ»…
ՎԱՐՈ — Գոնե պարելուց հեռախոսն անջատի, այ քո… ցավը տանեմ: (Սեփական հեռախոսն է ձայնում, խոսում է:) Ալո: Ես եմ, հա, ինչ կա… Ո՞վ ա, է՜… Կարապե՞տ, հարբած ե՞ս, արա, քեզ օֆիսում հերթապահ եմ թողել, որ դնես՝ հարբե՞ս, այ քո էն… ցավը տանեմ: Ի՞նչը սպասեմ… Ի՞նչ… Մի հատ ուշքի արի, արա, էդ ի՞նչ ախմախ կատակներ են, կարող ա՞ տեղը չես բերում, այ տղա… Վիզդ պոկելու եմ, լուրջ եմ ասում:
ՀՌԻՓՍԻՄԵ — Ի՞նչ եղավ, Վարազդատ:
ՎԱՐՈ — Ոչինչ, օֆիսից էր, Կարապետը:
ՀՌԻՓՍԻՄԵ — Եվ ի՞նչ…
ՎԱՐՈ — Ի՞նչ ես դու էլ հարցախեղդ անում:
ՀՌԻՓՍԻՄԵ — Ախր, գույնդ գցեցիր մի տեսակ:
ՎԱՐՈ — Ջղայնացրեց: Ասում ա՝ աշխարի վերջը մոտ ա: Ուրախությունս հարամում ա անասունը: Լավ աշխատող ա, բայց այ սենց ախմախ կատակներ ա անում մեկ¬մեկ, վայ թե հանեմ գործից: (Սարիկին.) Ասինք՝ էդ ականջակալները հանի:
ՍԱՐԻԿ — (հանելով ականջակալները): Իմ ականջակալները խանգարում ե՞ն, չեմ հասկանում, քսանմեկերորդ դարն ա, չէ՞… սուպեր ռաբիս եմ լսում, չլսե՞մ… Ասա:
ՎԱՐՈ — Ի՞նչ ասեմ, այ քո… ցավը տանեմ, էս տեսակ գեղեցկուհու հետ ես պարում, խոսի հետը, իրան լսի… Վայելի, էլի, ուրիշները կերազեին…
ՍԱՐԻԿ — Աղջիկ ա, էլի, այ հեր, երես չտանք, կնստի գլխներիս:
ՎԱՐՈ — Դդում: (Հեռախոսն է ձայնում, միացնում է:) Ալո: Էլի դո՞ւ, այ… Լավ, լսում եմ, ասա… Ոնց թե՝ երդվես… Ո՞ւմ արև… (Անջատելով:) Ասում ա՝ մորս արև, աշխարի վերջն ա, ասում ա՝ հեռուստացույցով ա լսել:
ՄԻՀՐԱՆ — Մատուցո՛ղ, հեռուստացույց բեր, շուտ:
Հյուրերը անհանգստանում են, ոմանք հեռախոսով ինտերնետ են մտնում կամ զանգում ծանոթներին:
ՎԱՐՈ — Հանգիստ, հանգիստ, ժողովուրդ, սադրանք է, ուզում են ուրախությունս հարամեն, հազար ուզող ունեմ, բայց հազար էլ՝ չուզող:
ՄՈՍՈ — Այ մարդ, ի՞նչ եք խառնվել իրար, ի՞նչ պրոբլեմ կա, ասեք՝ լուծեմ, ձեռս քարի տակ չի: Ի՛մ ախպեր, գիտես, չէ՞, քու համար՝ ոնց ասես…
ՎԱՐՈ — Չեմ կասկածում, Մոսո ջան, մեռնեմ սրտիդ:
Մատուցողը սայլակի վրա գլորելով բերում է հեռուստացույցը:
ՄԱՏՈՒՑՈՂ — Շուտ բերեցի, չէ՞… Մեր օբյեկտի սերվիսն ա, է՛, կայծակնային:
ՄԻՀՐԱՆ — Քիչ խոսիր, միացրու:
Մատուցողը միացնում է հեռուստացույցը, պատկեր չկա, խաթարումներ են բոլոր ալիքներով:
ԱՐԱՄ — Սա լավ նշան չէ:
ՄՈՍՈ — Այ մարդ, վռազ դուխներդ գցում եք… Անտենան թռած կլնի, մի հատ բզեք:
ՄԻՀՐԱՆ — (ստուգելով): Ալեհավաքը տեղում է:
Հյուրերը շարունակում են զանգեր ստանալ, անհանգստությունն աճում է:
ՄՈՍՈ — (հեռախոսով): Լսում եմ, կնի՛կ… Ցնդել ե՞ս, ո՞ւր գամ, ասեցի՝ հետս արի, լավ հաց են տալու, չուզիր, ասիր՝ սիրտս լավ չի, վատ բան ա վկայում… Ի՞նչը… Ոնց թե… Չէ, հա… Խելքիդ զոռ մի տու, էտի լինելիք բան չի… (Անջատելով հեռախոսը:) Ասում ա՝ շուտ տուն արի…
ՎԱՐՈ — Էդքա՞նը:
ՄՈՍՈ — Չէ, ասում ա՝ մինչև առավոտ, Վարո ջան…
ՀՌԻՓՍԻՄԵ — Ի՞նչը:
ՄՈՍՈ — Կյանքը, էդքան ա մնացել, բա՛, տելեյով ա լսել, ասել են՝ արմագեդոն: Ինչ էլ գեշ անուն ա… Էտի ո՞րն ա որ:
ՏԵՐ ՀԱՅՐ — Արմագեդոն, ասել է, թե՝ աշխարհի կործանում:
ՎԱՐՈ — Բայց ինչի՞ ես ուրախացել, տեր հայր, ոնց որ հարուր տարի սպասած լինես էս օրվանը:
ՏԵՐ ՀԱՅՐ — Չեմ ուրախանում, զավակս, դեմքիս արտահայտությունն է խաբուսիկ, աստծո լույսը կա վրան:
ՄԻՀՐԱՆ — Բա որ այդքան լուսավոր ես, ինչո՞ւ կանխավ չես իմացել ու մեզ էլ հայտնել:
ՏԵՐ ՀԱՅՐ — Իմացել ենք, եկեղեցին վաղուց գիտեր, ի վերուստ էինք տեղեկացված, դեռևս երկու հազար տարի առաջ, սակայն ինչո՞ւ խուճապի մեջ գցել մարդոց: Ասված է՝ մինչև վերջին ակնթարթը պետք է ապրել հավերժության զգացումով, և ապաշխարել, և աղոթել, քանզի չկա մահ, և կա փրկություն հավատավորաց համար՝ երկինքներում պատրաստված:
ՄՈՍՈ — Սուտ ա ասում, աչքերին նայեք, մորս արև, ինքն էլ նոր իմացավ:
ՎԱՐՈ — Տեր հորը հանգիստ թողեք, իմացել ա-չի իմացել… Ինքներդ մի հատ կարգին ստուգեք էդ ինֆորմացիան, աչքիս՝ իմ գլխին օյին են խաղում, կանկուրենտներս են, ուզում են սիրտս կայնի, օբյեկտներիս տիրանան:
ՄԻՀՐԱՆ — Այո, ստուգել է պետք, շատ էլ ինչ¬որ կանայք ինչ¬որ բան ասացին:
ՄՈՍՈ — Ինչ¬որ չի, իմ կնիկն ա, արա, քեզ հավքած պահի:
ՎԱՐՈ — Սուս եք, մի հատ զանգեմ վերադասիս, կարող ա մի բան ասի: (Զանգում է, քծնանքով է խոսում:) Բարև ձեզ… Չեկաք, էլի, հրավերքն ուղարկել էի, ստոպ տված՝ սպասում էինք… Ի՞նչ… Չէ, ո՞նց կհամարձակվեմ, ուղարկել եմ, առավոտյան, ձեր վարորդի հետ, եկավ՝ տարավ, բա ո՞նց… Ասում եմ՝ էս ի՞նչ շուխուր են գցել ազգիս մեջ… Անջատեց…
ՀՌԻՓՍԻՄԵ — Կարող ա՝ միամիտ անջատվեց, մեկ էլ փորձի, Վարո:
ՎԱՐՈ — (զանգում է): Չէ, չի վերցնում: Էսի լավ նշան չի…
ՍԱՐԻԿ — (հեռախոսով խոսելուց հետո): Տղերքը զանգեցին, ասում են՝ բան չմնաց, ասում են՝ էսի վերջն ա:
ՎԱՐՈ — Սպասի դու էլ քու տղերքով: Միհրան, էդ հեռուստացույցը մի հատ կարգին թափ տվեք:
Միհրանն ու Մոսոն հեռուստացույցի ալիքներն են փոխում, փնտրում են, թուրքական ալիք են գտնում:
ՄԻՀՐԱՆ — Միայն թուրքական ալիքն է, մնացածները անջատած են… Մեջներս թուրքերեն իմացող կա՞:
ԱՐԱՄ — Ես գիտեմ:
ՄՈՍՈ — Վարո, էս քու խնամին շատ շուստրի ա էրևում, հա: Մատենադարանի աշխատողն է՞լ թուրքերեն իմանա, լրիվ ազգային դավաճանություն ա, հորս արև:
ԱՐԱՄ — Լռեք՝ լսեմ, հա՞:
ՆԱԶԻԿ — Իմ ամուսինը յոթ կենդանի լեզու գիտի և երեք՝ մեռած:
ՄՈՍՈ — Ի՛…
ԱՐԱՄ — (թարգմանում է լսելուց հետո): Այո, լուրը կարծես թե հավաստի է: Օրեր առաջ ասում էին, թե այդ չարաբաստիկ գիսաստղը անվտանգ հեռավորությամբ է անցնելու, սակայն այսօր առավոտյան դիտարկումներից հանկարծ պարզ է դարձել, որ ինչ¬որ անհայտ ուժի ազդեցության տակ գիսաստղի ուղեգիծը փոխվել է, և միլիարդավոր տոննաներ կշռող այդ հսկայական զանգվածը գալիս է ուղիղ մեզ վրա:
ՆԱԶԻԿ — Հայաստանին է խփելո՞ւ, մեր այս բազմաչարչար երկրի՞ն:
ՀՌԻՓՍԻՄԵ — Կարկուտը ծեծած տեղն ա ծեծում:
ԱՐԱՄ — Չասվեց՝ կոնկրետ որտեղ է խփելու, բայց դա կարևոր չի, որտեղ էլ խփի՝ ամբողջի կործանումն անխուսափելի է:
ՄՈՍՈ — Թուրքերի ասածն իմ համար ասնավանի չի:
ԱՐԱՄ — Լուրը Համաշխարհային Տիեզերական Կենտրոնն է տարածել: Կարող էին, իհարկե, չհայտնել, թաքցնել, սակայն կարծում եմ՝ ճիշտ են վարվել, մարդիկ իրավունք ունեն իմանալու, թե իրենց ինչ է սպասվում, վերջին ցանկություններ կան, վերջին անելիքներ…
ՎԱՐՈ — Իսկ հնար չկա՞ մի կերպ պլստալու, դե, խոսքի, պադվալներում թաքնվենք, բան…
ԱՐԱՄ — Դրանից տասն անգամ փոքր գիսաստղը միլիոնավոր տարիներ առաջ երկրի երեսից վերացրեց բոլոր դինոզավրերին:
ՄՈՍՈ — Վարո, չնեղանաս, բայց էս խնամիդ լրիվ բայղուշ ա, ախպեր, ասի՝ արի մեր Մխոյի աղջկան ուզենք, չուզիր:
ՎԱՐՈ — Սպասի դու էլ քու Մխոյով: Մխոյի աղջիկը շիլ չի՞, արա:
ՄՈՍՈ — Հա դե, մի քիչ կա, բայց էտի ի՞նչ արգումենտ ա Մխոյի փողերի դեմ, էնի պապական փողատեր ա, հասկանում ե՞ս, պապական:
ՎԱՐՈ — Ձեռ քաշի: (Արամին.) Ինչքա՞ն ժամանակ ունենք:
ԱՐԱՄ — Մինչև առավոտյան յոթն անց երեսունյոթը:
ՏԵՐ ՀԱՅՐ — Ասված է՝ «Եվ առաջին հրեշտակը հնչեցրեց փողը, և եղավ որոտ և ձայներ և փայլատակում և մեծ՝ երկրի վրա, և երկրի մեկ երրորդ մասը այրեց, այրեց և ծառերի մեկ երրորդ մասը, այրեց և ամբողջ դալար խոտը»:
Հյուրերը խուճապահար սկսում են հեռանալ:
ՄԻՀՐԱՆ — (նստելով սեղանի մոտ): Դե ինչ, ուտենք վերջին անգամ: Նստեք, ոտի վրա քաղցած մնալուց ի՞նչ օգուտ:
ՆԱԶԻԿ — Դուք երևի ճիշտ չհասկացաք, թե ինչ է կատարվում, պարոն:
ՄԻՀՐԱՆ — Հասկացանք, տիկին, բայց ի՞նչ կարող ենք անել, դուք գիտե՞ք՝ ինչ անել, ասեք՝ անենք:
ՄՈՍՈ — (նստելով): Ահ, էլ գնում եմ տուն՝ ի՞նչ անեմ: Նստի, Վարո ախպեր, արժանապատիվ դիմավորենք փորձանքը:
Վարազդատը նստում է:
ՎԱՐՈ — Ժողովուրդը գնաց:
ՄՈՍՈ — Գնաց՝ գնաց, մենք¬մերոնքով կնստենք, չվախես:
ՎԱՐՈ — Սա վերջն ա, ամեն ինչի վերջն ա, Մոսո, հասկանո՞ւմ ես, էլ ոչ փող, ոչ կայֆ, ոչ… ոչ մի բան…
ՄՈՍՈ — Հասկանում եմ, Վարո ջան, բայց իմ ձեռն ի՞նչ կա: Համ էլ մտածում եմ՝ կարող ա փափուկ մատերիալից ըլնի էդ անտերը, էդքան էլ վնաս չտա:
ԱՐԱՄ — Միամիտ մարդ:
ՑՆՑՈՏԻԱՎՈՐ — (ներխուժելով): Ապաշխարեք, ապաշխարեք, գալիս է աստծո պատիժը մեղսավորներիդ գլխին…
ՄԻՀՐԱՆ — Իբր ինքը փրկվելու է:
ՎԱՐՈ — (ցնցոտիավորին, որ իրեն է նայում): Ի՞նչ ես տենց նայում, արա: Էս քրջոտին ո՞վ թողեց ներս, տարեք, տարեք՝ էլ չերևա: Նորո՛:
ՆՈՐՈ — Ստեղ եմ, մեռնեմ քեզ:
ՎԱՐՈ — Սրան հանի ըստից:
ՆՈՐՈ — Հանեմ, ցավդ տանեմ: Արի ստե, արա, այ բոմժ…
Նորոն ցնցոտիավորին տանում է:
ՀՌԻՓՍԻՄԵ — Չեմ հավատում, չեմ հավատում…
ՏԵՐ ՀԱՅՐ — Ասված է՝ կլինի լաց ու կոծ և ատամների կրճտոց:
ՄԻՀՐԱՆ — (ծամելով): Դու իմ ատամների կրճտոցը մի հաշվի, հա՞, արի մի կտոր բան կեր, աստծո առջև ես ելնելու, չասի՝ սոված ենք պահել իր դրածոյին: Մատուցո՛ղ, բաժակները լցրու:
Մատուցողը լցնում է բաժակները, ընթացքում քսմսվելով Մոսոյին:
ՄՈՍՈ — Ուշքդ բաժակների վրա պահի, չթափես շալվարիս, կպատժեմ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Վայ, թափվեց… Հիմա պատժելու ե՞ք…
ՄՈՍՈ — Թու, քու մարդ ասողի… Գնա ըստից:
ՄԱՏՈՒՑՈՂ — Բա չեք պատժելո՞ւ: Լավ, սպասեք, գոնե մաքրեմ… (Փորձում է մաքրել Մոսոյի տաբատը:)
ՄՈՍՈ — Էս տեղը չես բերո՞ւմ, այ տղա, թե՞ իմացար աշխարի վերջն ա՝ էրես առար, կգյուլլեմ, մորս արև:
ՄԱՏՈՒՑՈՂ — (հեռանալով): Գազան:
ԱՐԱՄ — Ներող եղեք, մենք գնանք:
ՎԱՐՈ — Ո՞ւր, խնամի, էլ ո՞ւր, նստեք՝ իրար հետ դիմավորենք…
ՆԱԶԻԿ — Չէ, տուն գնանք, տունը տուն է մնում ամեն դեպքում: Ես ուզում եմ իմ տանն անցկացնել վերջին ժամերը:
ՎԱՐՈ — Է՜, տան գերին ենք, էլի, սաղ կյանք կառուցեցինք, դրինք, լցրինք… Հիմա ի՞նչ, լրիվ գել ու գազանի փայ ա դառնալու:
ՀՈՒՍԻԿ — Գել ու գազանի չէ, առնետի, միայն առնետներն են մնալու երկրի վրա, առնետի իշխանության դարաշրջանն է գալիս:
ՄՈՍՈ — Ես չեմ մնալու՝ կռիսներն են մնալո՞ւ… Տե՛ր, բա ո՞ւր մնաց քու արդարությունը, Մոսոյի պես տղեն վարի գնա, կռիսներն ուտեն¬խմեն, սեքս անե՞ն:
ՏԵՐ ՀԱՅՐ — «Եվ փող հնչեցրեց նաև երկրորդ հրեշտակը, և մի բան, ինչպես մի մեծ հրդեհված լեռ, ընկավ ծովը, և ծովի մեկ երրորդ մասը արյուն դարձավ, և ծովային կենդանիների մեկ երրորդ մասը կոտորվեց, և կենդանի ինչ շունչ որ կար, ոչնչացավ»:
ՎԱՐՈ — Սրտներիս հետ գնա դու էլ…
ՄԻՀՐԱՆ — Տեր հայր, կեր, այս ազնվացեղ իշխան ձուկը շատ համեղ է, վերցրու, հո ծոմ չե՞ս պահում:
ՏԵՐ ՀԱՅՐ — Չէ, էլ ի՞նչ ծոմ: (Ուտում է: Արամին և Նազիկին.) Դուք էլ նստեք, զավակներս, աճապարության կարիք այլևս չիք:
ԱՐԱՄ — Չէ, շնորհակալ եմ, մենք գնանք:
ՎԱՐՈ — Որ գնացիք՝ փրկվելո՞ւ եք, նստեք, էլի:
ԱՐԱՄ — Մատենադարանից զանգեցին, խորհուրդ են հավաքում, պիտի փորձենք գրքերը փրկելու ուղիներ գտնել:
ՄՈՍՈ — Մենք կորելու ենք, գնանք, դուք նստելու եք՝ ձեր մեռած գրքերի մասին մտածե՞ք… Ճիշտ են ասում, էլի՛, մեր մտավորականները ժողովրդի հետ չեն. չեն, էլի՛, ախպեր:
ԱՐԱՄ — Եթե ժողովրդին դուք եք ներկայացնում՝ վայ այդ ժողովրդին:
ՆԱԶԻԿ — Մի բորբոքվիր, Արամ:
ՄՈՍՈ — Ի՛… Ուրեմն ես ժողովուրդ չե՞մ, ես մարդ չե՞մ: Տեսա՞ր, ինչ ա ասում խնամիդ, Վարո ախպեր: Արա, այ գիտնական, քեզ խելոք պահի, կկրակեմ, մեկ ա՝ էլ ոչ դատ կա, ոչ դատաստան:
ԱՐԱՄ — Ափսոս, ժամանակ չունեմ…
ՄՈՍՈ — Թե չէ ի՞նչ…
ՆԱԶԻԿ — Երբ ամուսինս կռվում էր սահմանի վրա, դուք երևի այստեղ թալանով էիք զբաղված, պարոն, հիմա նստել, ոտքը ոտքին գցել՝ հոխորտում եք:
ՄՈՍՈ — Խի՞, կարող ա՞ մենք չենք կռվել, քուր ջան, շռամներս ցուց տա՞մ (քանդելով շապիկի կոճակները), ցույց տա՞մ…
ՎԱՐՈ — Լավ, վերջ տվեք: Կռվել ենք, չենք կռվել… Սպանիք ձեր կռվով, գլուխ գովալու բան եք գտել. չե՞ք լսել, որ պատերազմը չարիք ա, չարիք:
ՄԻՀՐԱՆ — (ծամելով): Ավելի քան ճշմարիտ է Վարազդատը:
ՆԱԶԻԿ — Նանե՛, ո՞ւր ես, գնում ենք, աղջիկս, Նանե՛:
ՎԱՐՈ — Չէ, չէ, էդ մեկը չեղավ, մեր աղջկան ո՞ւր եք տանում, տիկին Նազիկ, թող մնա, հիմա մենք ենք նրա պաշտպանը:
ՀՌԻՓՍԻՄԵ — Նա արդեն մեր տան անդամ է, թող մնա երեխան, մեղք է:
ՄԻՀՐԱՆ — Այո, սիրուց չզրկենք երեխաներին, ինչպես ասում է մեր իմաստուն ժողովուրդը՝ աշխարհը մեռնել կա:
ՏԵՐ ՀԱՅՐ — Եվ ասված է՝ թող ոչ ոք չբաժանի նրանց, այր ու կին՝ մեկ մարմին:
ՎԱՐՈ — Ըհը, էդքան էլ ճիշտ:
ՆԱԶԻԿ — Ես առանց իմ աղջկա չեմ գնա:
ՀՌԻՓՍԻՄԵ — Դուք էլ մնացեք, խնամի, գնաք տուն՝ մենակ ի՞նչ եք անելու, ընկերով մահը հարսանիք է՝ չե՞ք լսել:
ԱՐԱՄ — Գուցե իսկապես մնա՞ս, Նազիկ, կողքներդ գոնե մարդ կլինի…
ՆԱԶԻԿ — Գործերդ ավարտես, կգա՞ս մեր ետևից:
ԱՐԱՄ — Իհարկե: Դե, իմոնց լավ կնայեք, հարգարժան Վարազդատ, ես գնացի:
ՎԱՐՈ — Արխային: Դու գնա՝ մեր հոգևոր հարստությունը փրկի, խնամի ջան, աշխարհիկը թող ինձ:
Մոսոն փռթկացնում է, Վարոն աչքունքով սաստում է: Արամը համբուրում է կնոջն ու դուրս է գալիս:
ՆԱԶԻԿ — Բայց ի՞նչ եղավ իմ աղջիկը, ձեր տղան ո՞ւր տարավ նրան:
ՎԱՐՈ — Երևի տուալետ գնացին, տիկին Նազիկ, մի անհանգստացեք, կգան: Նորո՛:
ՆՈՐՈ — Էստեղ եմ, ցավդ տանեմ, ասա:
ՎԱՐՈ — Մի հատ նայի՝ ինչ եղան էրեխեքը, բան ասող չլնի:
ՆՈՐՈ — Աչքիս վրա: (Դուրս է գալիս:)
ՄԻՀՐԱՆ — Վախենամ՝ էլ չգա:
ՎԱՐՈ — Ինչի՞:
ՄԻՀՐԱՆ — Խելքին վերջապես կհասնի, որ աշխարհի վերջն է:
ՎԱՐՈ — Դու Նորոյիս չես ճանաչում, նա էն աշխարհում էլ ա ինձ ծառայելու: Դե լցրեք, լցրեք խմենք: (Միհրանին, որ լցնում է:) Ապրես: (Վերցնում է բաժակը:) Էհ, ողորմի:
ՄՈՍՈ — Ո՞ւմ:
ՎԱՐՈ — Մեզ, էլ ո՞ւմ:
ՄՈՍՈ — Վախ, էդ չպիտի ասեիր: (Աչքերն է սրբում:)
ՏԵՐ ՀԱՅՐ — «Փող հնչեցրեց նաև երրորդ հրեշտակը, և երկնքից ընկավ մի մեծ աստղ, հրաբորբոք, ինչպես ջահ, և ընկավ գետերի ու աղբյուրների մեկ երրորդ մասի վրա: Եվ աստղի անունն էր՝ Դառնություն, և ջրի դառնությունից շատերը մեռան»:
ՄՈՍՈ — Էս էլ որ իրա բայղուշ ձենը չի գցում… Հլա շատ կա՞ էդ փողերից՝ հնչացնես գլխներիս, տեր հեր:
ՏԵՐ ՀԱՅՐ — Եվս երեքը, համբերող եղիր, որդյակս, մի քանի ժամից Տիրոջ դուռն ես գնալու:
ՄՈՍՈ — Կգնանք, հարց չի, մեռնեմ իրա զորությանը:
ՄԻՀՐԱՆ — Սիրաշահում ե՞ս Տիրոջը:
ՄՈՍՈ — Ի՛, էնքան փող, որ ես մոմի եմ տվել, դու սկի ընտանիքիդ վրա չես ծախսել, այ ախպեր:
Խմում են բոլորը, բացի կանանցից և հեռվում կծկված Հուսիկից:
ՄԻՀՐԱՆ — Անուշ եղավ:
ՎԱՐՈ — (Հուսիկին): Ընգեր, չգիտեմ դու որ կողմից ես բարեկամ, բայց էտի կարևոր չի, արի դու էլ մի բաժակ խմի, հաց կեր:
ՀՈՒՍԻԿ — (վախեցած): Չէ, չէ, շնորհակալ եմ, ես չէ, ես… Չէ:
ՎԱՐՈ — Ոնց կուզես: Տիկին Նազի՞կ, դո՞ւք ինչի չեք խմում… Խմեք, կերեք, ես խոստացա մեր խնամուն, որ ձեզ լավ եմ նայելու: Դե, մի նեղացեք մեր ընկերոջից, ներենք իրար, բորբոքվեցիք՝ անցավ¬ գնաց, ի՞նչ ենք տանելու էս մեղսավոր աշխարից: Մոսո ջան, մի հատ համբուրի մեր խնամու ձեռքը:
ՄՈՍՈ — Համբուրեմ, խի՞ չհամբուրեմ, սիրուն էլ ձեռ ա: (Համբուրում է:)
ՏԵՐ ՀԱՅՐ — Կեցցես, որդյակս: Այո, ներենք միմյանց և մաքրենք մեր հոգիները մաղձից, սիրելիներս: Միհրան, մեկ գավաթ էլ լեցրու:
ՀՌԻՓՍԻՄԵ — Էլ չես նեղանում, չէ՞, Նազիկ ջան… Դե վերցրու, վերցրու՝ ես ու դու էլ խմենք. առաջ լյարդիս համար վախենում էի, մաշկիս գույնի համար վախենում էի, չաղանալու համար վախենում էի… հիմա՝ է՛հ, էլ ի՞նչ… (Հանկարծակի հիստերիկ լաց է սկսում:)
ՆԱԶԻԿ — (գրկում է Հռիփսիմեին): Տիկին Հռիփսիմե, սիրելիս, մի լացիր, խնդրում եմ, թե չէ ես էլ կլացեմ: Դե, հանգստացիր… Արի խմենք, հա՞:
ՀՌԻՓՍԻՄԵ — Ազիզս… (Համբուրում է Նազիկին:) Ախր, ախր… Առավոտյան յոթ անց կեսին բոլորս ճզմվելու ենք… Չէ, դուք հասկանո՞ւմ եք… (Լալիս է:)
ՄՈՍՈ — (կոնյակ մոտեցնելով Հռիփսիմեի բերանին): Խմի, խմի՝ հանգստացի, տիկին Հռիփսիկ ջան:
ՎԱՐՈ — Ի՛…
ՄՈՍՈ — Հա, ի՞նչ, վատ ա մարդը:
ՀՌԻՓՍԻՄԵ — Հա, վատ եմ, շատ վատ եմ, տուր, Մովսես ջան:
ՄՈՍՈ — (խմեցնելով): Խմի¬խմի¬ խմի… Ապրես: Թեթևացար, չէ՞:
ՀՌԻՓՍԻՄԵ — Մի քիչ:
ՄՈՍՈ — Դե, մի քիչ էլ խմի… Խմի¬խմի¬խմի…
ՎԱՐՈ — Ինչ էլ հավես ունի…
ՆՈՐՈ — (գալով): Գտա էրեխեքին, շեֆ, բարում էին, գալիս են:
ՎԱՐՈ — Ապրես: (Հեռավոր սեղանը ցույց տալով:) Գնա, էնտեղ նստի, քու համար կեր¬խմի, Նորո ջան, ամեն բան կա:
ՆՈՐՈ — Հա, մեռնեմ սրտիդ: Հանկարծ պետք էղա՝ ձեն տուր, ստեղեք եմ:
Հռիփսիմեն ու Նազիկը հանկարծ գրկախառնվում են:
ՀՌԻՓՍԻՄԵ — Վայ, Նազիկ ջան, կներես, էլի, ներող եղիր:
ՆԱԶԻԿ — Ինչի՞ համար, քույրս, սիրելիս, բոլորիս հետ էլ պատահում է, ներենք միմյանց, աշխարհի վերջն է վերջապես:
ՀՌԻՓՍԻՄԵ — Հա, միշտ չի, որ աշխարհի վերջ է լինում: Չխմե՞նք մի¬մի հատ էլ:
ՆԱԶԻԿ¬ Իհարկե, էլ ի՞նչ ունենք անելու:
Գալիս են Սարիկն ու Նանեն:
ՆՈՐՈ — (հեռվից, գոռալով): Շեֆ, հեն ա, էկան:
ՎԱՐՈ — Տեսնում եմ, քոռ չեմ:
ՆԱԶԻԿ — Աղջիկս, եկար… Ինչ սիրուն ես, զգեստն ինչքան է սազում քեզ:
ՎԱՐՈ — (Սարիկին): Էս ո՞ւր էիր տարել էս էրեխուն, այ… քու ցավը տանեմ:
ՍԱՐԻԿ — Էս կողմերում էինք, հեր ջան: Մի րոպե… (Հեռախոսով:) Հա, լսում եմ, հա ցավդ տանեմ… հա մեռնեմ քեզ… Բա ո՞նց, էլ ի՞նչ, էկա: (Անջատելով հեռախոսը:) Տղերքն են, ասում են՝ արի, սաունա¬բան, ախպերովի վարի գնալը հեշտ կըլնի:
ՎԱՐՈ — Հա, գնա, բա ո՞նց, մնում ես՝ որ ի՞նչ:
ՍԱՐԻԿ — Չէ լուրջ, ես գնամ:
ՎԱՐՈ — Գնա:
ՀՌԻՓՍԻՄԵ — Չէ, չեմ թողնի, մնա մեզ հետ, մնա, տղաս:
ՎԱՐՈ — Գնում ա՝ թող գնա, էս օրով ով ում կարա բան արգելի:
ՀՌԻՓՍԻՄԵ — Վայ չէ, ո՞ւր գնա, չէ:
ՎԱՐՈ — Թող գնա, մեզ հետ նահատակ լինելն իրան հետաքրքիր չի:
ՍԱՐԻԿ — Հա, էլի, պապան ինձ հասկանում ա: Դե, հաջող ձեզ, մենք գնացինք: (Նանեի ձեռքը քաշելով:)
ՎԱՐՈ — Էս էրեխո՞ւն ուր ես տանում, այ քու… ցավը տանեմ:
ՍԱՐԻԿ — Չտանե՞մ:
ՎԱՐՈ — Ի՛, նա քու ախպերության հետ ի՞նչ գործ ունի, էս մատղաշ, համեստ, հրեշտակի պես աղջիկը:
ՍԱՐԻԿ — Ոնց ասես:
ՀՌԻՓՍԻՄԵ — Փոխանակ ընտրյալիդ հետ մնաս, տղա ջան, մորդ հետ մնաս էս վերջին ժամերին… (Փղձկում է:)
ՍԱՐԻԿ — Չէ, տղերքը սպասում են: Էկեք մի հատ պաչեմ… (Համբուրում է մորը, հորը, Նանեին մի քիչ երկար է համբուրում:)
ՎԱՐՈ — Լավ, հերիք ա, թատրոն մի սարքի:
ՍԱՐԻԿ — Դե, պինդ մնացեք: (Գնում է:)
ՀՌԻՓՍԻՄԵ — Տղաս, տղաս, ախր էլ չենք տեսնվի, սպասիր… (Գրկում է:)
ՍԱՐԻԿ — Թող, մեր ջան, գնամ՝ ուռեմ, ծակվեմ, լակեմ՝ սատկեմ:
ՆԱՆԵ — Սարիկ, ինձ մի թող:
ՍԱՐԻԿ — Թողում եմ, չեմ կարա, կյա՛նքս:
ՎԱՐՈ — Դե գնա արդեն, հասկացանք:
ՍԱՐԻԿ — Մնաք բարով:
ՎԱՐՈ — Գնաս բարով:
ՍԱՐԻԿ — Մի բան խնդրեմ, էլի, հեր ջան, էն Իքս 6-իդ բալնիքը տուր, դրանով գնամ, խաթրս մի կոտրի, էլի, կարող ա վերջի ցանկությունս ա:
ՀՌԻՓՍԻՄԵ — Տուր, Վարո ջան, տղայիս սիրտը մի կոտրի:
ՎԱՐՈ — Առ, քշի, բալես: (Տալիս է մեքենայի բանալին:)
ՍԱՐԻԿ — Մեռնեմ ձեր սրտին: (Գնում է:)
ՆԱՆԵ — Սարիկ…
ՎԱՐՈ — Թող գնա, մի վախի, ես կողքիդ եմ:
ՆԱՆԵ — Հայրիկ… (Գլուխը դնում է Վարոյի ուսին, լաց է լինում:)
ՆԱԶԻԿ — Լաց եղիր, աղջիկս, լաց եղիր, թող սրտիկդ թեթևանա:
ՀՈՒՍԻԿ — (մոտ գալով): Մարդիկ, մարդիկ, մարդիկ… Այնպիսի իդիլիկ զրույցներ եք անում, կարծես ոչինչ չի եղել, չեք հասկանո՞ւմ՝ ինչ է կատարվում, տեղ չի հասե՞լ դեռ:
ՄԻՀՐԱՆ — Սա՞ որ ծակից ելավ:
ՄՈՍՈ — Ձենդ գլուխդ մի գցի, այ տղա, թող սթրվենք:
ՀՈՒՍԻԿ — Բայց չէ, մի րոպե, դուք հասկանո՞ւմ եք, որ ամեն ինչի վերջն է, ամեն ինչի, մի հատ խորացեք. ամեն ինչի՝ լսո՞ւմ եք. հույսերի, սիրո, ապագայի, կյանքի…
ՎԱՐՈ — Ի՞նչ անեմ, թռնեմ գիսաստղ բռնե՞մ:
ՀՈՒՍԻԿ — Զանգեք, զանգեք…
ՎԱՐՈ — Աստծո՞ւն:
ՏԵՐ ՀԱՅՐ — Լավ կատակ չէր, զավակս:
ՎԱՐՈ — Կներես:
ՀՈՒՍԻԿ — Ինչո՞ւ աստծուն, դուք հանրապետությունում հեղինակություն ունեցող մարդ եք, վերևներին զանգեք, ամենավերևներին, գուցե կա՞ն ինչ¬որ թաքնված հնարավորություններ, ինչ¬որ ծածուկ ինֆորմացիաներ:
ՄԻՀՐԱՆ — Բայց ճիշտ է ասում, գիտե՞ս, Վարազդատ, հնարավոր է, որ սահմանափակ քանակով մարդկանց համար փրկվելու ինչ¬որ միջոց կա, Նոյան տապանի պես մի բան, զանգիր:
ՏԵՐ ՀԱՅՐ — Աստված ինքը կփրկի՝ ում հարկն է, Աստծուց առաջ մի ընկեք:
ՄՈՍՈ — Սպասի դու էլ… Զանգի, Վարո, բալքի մի¬մի փչովի նավ էլ մեզ հասնի:
ՎԱՐՈ — Լավ, փորձեմ, հետո չասեք՝ չարեց: (Զանգում է:) Հարգանքներիս հավաստիքը, բարև ձեզ… Վարազդատն եմ, Վարազդատ Փարսադանիչը… Իհարկե, իհարկե… Գիտե՞ք՝ ինչ էի ասում, ասում էի՝ կարող ա՞ մեզ համար ինչ¬որ ձև կա փրկվելու, էլիտայի համար, էլի: Ի՞նչ… (Իջեցնելով հեռախոսը:) Ասում ա՝ եղունգ ունես՝ գլուխդ քորի:
ՏԵՐ ՀԱՅՐ — «Փող հնչեցրեց նաև չորրորդ հրեշտակը, և զարկվեց արեգակի մեկ երրորդ մասը, լուսնի մեկ երրորդ մասը և աստղերի մեկ երրորդ մասը, և խավարեց նրանց մեկ երրորդ մասը, նույնպես և՝ գիշերվա մեկ երրորդ մասը»:
ՄՈՍՈ — (Վարոյին): Ուրեմն իրանք էլ են մեռնելո՞ւ:
ՎԱՐՈ — Բա չէ, անմահ են:
ՏԵՐ ՀԱՅՐ — Եվ տեսա ու լսեցի երկնքի մեջ թռչող հրեշտակի ձայնը, որ ասում էր բարձր ձայնով. «Վայ, վայ, վայ երկրի վրա բնակվողներին, երբ կհնչի նաև մյուս երեք փողերի ձայնը, որը պիտի հնչեցնեն հրեշտակները»:
Հուսիկը հիստերիկ գոռոցով վազում, պատուհանից դուրս է նետվում:
ՎԱՐՈ — (տեր հորը): Հասցրիր մարդուն քու հրեշտակներով, էլի:
ՏԵՐ ՀԱՅՐ — Ճակատագիր է, Վարազդատս, լինելիքը լինելու էր:
ՆԱԶԻԿ — Խեղճ մարդ:
ՄՈՍՈ — (բաժակը վերցնելով): Էհ, ողորմի:
ՄԻՀՐԱՆ — Չեմ կարծում:
ՄՈՍՈ — Ինչի՞ որ:
ՄԻՀՐԱՆ — Երկրորդ հարկում ենք ընդամենը:
ՄՈՍՈ — Նուրբ տղա էր, էնի էրկու հարկին էլ չի դիմանա: Գրազ գա՞նք:
ՄԻՀՐԱՆ — Ինչի՞ վրա:
ՄՈՍՈ — Հազար դոլարի:
ՄԻՀՐԱՆ — Համաձայն եմ, բայց երկու օրից կտամ, կլինի՞:
ՄՈՍՈ — Խի չէ, կլնի… (Կռահելով:) Այ քու ավանտյուրիստ… Ուզում էիր խաբե՞ս Մոսոյին, էս տղի՞ն… Քու գիշերվա ման էկածը ես ցերեկով եմ ման գալի, այ տղա:
ՀՌԻՓՍԻՄԵ — (Նազիկին գրկած): Մենք գնացինք:
ՎԱՐՈ — Ո՞ւր:
ՀՌԻՓՍԻՄԵ — Չենք ասի, պարկեշտ կանայք դա բարձրաձայն չեն ասում:
Հռիփսիմեն և Նազիկը գնում են:
ՎԱՐՈ — (Նանեին, որ ուզում է հետևել մորը): Դու էլ ես ուզո՞ւմ, սիրունս, ես կտանեմ:
ՆԱՆԵ — Չէ, ուզում եմ մամայի հետ գնամ, մաման խմելուց վատանում է, բան չպատահի:
ՎԱՐՈ — Չի պատահի: Դու իմ կողքին մնա, էս դաժան ժամին քեզ ուժեղ ձեռք ա պետք, ուժեղ թիկունք: Գիտե՞ս ինչ, դու էլ խմի մի բաժակ, խմի՝ թեթևանաս:
ՆԱՆԵ — Չեմ ուզում, ես էլ եմ խմիչքից վատանում, գլուխս սկսում է պտտվել:
ՎԱՐՈ — Թող մի քիչ էլ պտտվի, վնաս չունի, խմի, անարատ կոնյակ է: (Նանեն խմում է:) Ապրես… Դե, էս համով կտորն էլ կեր… Ըհը…
ՄՈՍՈ — Հարս ես պահում, էլի, օր վերջալուսի:
ՎԱՐՈ — Չպահե՞մ:
ՄՈՍՈ — Խի՞, կայֆ ա տալի՞:
ՎԱՐՈ — Աշխարի վերջը գեշ ա ազդել վրեդ, Մովսես:
ՄՈՍՈ — Քիչ բան չի, դու տաք ես, չես զգում:
ՎԱՐՈ — Ուզած դեպքում մենք պիտի հոգատար լինենք մատաղ սերնդի նկատմամբ, պարոն Մովսես: (Նանեին.) Կեր, աղջիկ ջան, կեր, բալես:
ՏԵՐ ՀԱՅՐ — Կեցցես, Վարազդատս:
ՄԻՀՐԱՆ — Միայն թե նոր փող չհնչեցնես, տեր հայր, տեսար՝ էն խեղճը ոնց կործանվեց:
ՏԵՐ ՀԱՅՐ — Փրկվեց, փրկվեց, քանզի ասված է…
ՄՈՍՈ — Ստոպ, խմում ենք, մի հարամի:
ՏԵՐ ՀԱՅՐ — Խմեք, կսպասեմ:
ՄՈՍՈ — Մի սպասի, դու էլ խմի:
ՏԵՐ ՀԱՅՐ — Լավ, կխմեմ, բայց կարմիր գինի, կա՞ կարմիր գինի:
ՎԱՐՈ — Վարազդատի հարսանիքի սեղանին կարմիր գինի պակասի՞:
ՄԻՀՐԱՆ — Վարազդատ, շփոթում ես, քո հարսանիքը չի, որդուդ հարսանիքն է:
ՎԱՐՈ — Ինչի, ես ի՞նչ ասեցի:
ՆԱՆԵ — Գլուխս պտտվեց:
Հայտնվում է Հուսիկը՝ ախուվախով, կաղալով:
ՄՈՍՈ¬ Լուսը քեզ տեսնողին: Ես էլ էս եզի վրա քիչ էր մնում գռազ գայի:
ՄԻՀՐԱՆ — Մարդ աստծո, չգիտեի՞ր, որ երկրորդ հարկում ենք:
ՀՈՒՍԻԿ — Չէ: Գոնե զգուշացնեիք:
ՄԻՀՐԱՆ — Ի՞նչ իմանայինք՝ քեզ գցելու ես, որ զգուշացնեինք:
ՄՈՍՈ — Քեզ ընենց թափով գցիր, ոնց որ աշխարհի վերջն ըլներ:
ՎԱՐՈ — Որ էկար էստեղ, չջոգեցի՞ր հարկը:
ՀՈՒՍԻԿ — Չէ, մտքերի մեջ էի, ուշադրություն չդարձրի:
ՄՈՍՈ — Դու, կա¬չկա, հարսի կողմի բարեկամն ես, ապեր:
ՄԻՀՐԱՆ — Ոչ մեկի բարեկամն էլ չի, մտքերի մեջ խորասուզված եկել՝ պատահաբար մտել է: Այդպես չէ՞:
ՀՈՒՍԻԿ — Գուցե… Հիմա դա ի՞նչ կարևոր է, մի բան արեք, մեռա:
ՄԻՀՐԱՆ — Անեմ: Բարձրանում ես տանիք ու այնտեղից ես գցում քեզ, հաստատ կստացվի, տասնվեց հարկ է:
ՀՈՒՍԻԿ — Չեմ կարող, ոտքս կոտրված է:
ՄՈՍՈ — Հա, ինչ ես առաջարկում՝ գիպս դնե՞նք:
ՀՈՒՍԻԿ — (կաղալով գնում է սրահի խորքը, պառկում բազմոցին, գոռում է ցավից): Վայ, մամա ջան, մեռա:
ՄԻՀՐԱՆ — Մայրիկ էլ ունի մարդը:
ՀՈՒՍԻԿ — Ունեմ, բա չունե՞մ… Գյուղում է ապրում խեղճը, հիմա մենակ, անտեր…
ՎԱՐՈ — Փոխանակ մորդ մոտ գնայիր՝ հարսանիք ես էկել:
ՄԻՀՐԱՆ — Փոխանակ մորդ մոտ գնաս՝ քեզ պատուհանից գցում ես:
ՀՈՒՍԻԿ — Շոկի մեջ էի, էլ չեմ անի, երդվում եմ:
ՄՈՍՈ — Լուրջ ես ասո՞ւմ… Ապրես, մի բաժակ կխմե՞ս:
ՀՈՒՍԻԿ — Չէ, ի՞նչ խմել, մեռնում եմ, օգնեք, հայ քրիստոնյա չե՞ք:
ՏԵՐ ՀԱՅՐ — Օգնեք մարդուն, տառապում է:
ՎԱՐՈ — Բայց ի՞նչ անենք, քրիստոնյա ենք, հո բժի՞շկ չենք:
ՀՈՒՍԻԿ — Բժիշկ կանչեք, շտապօգնություն:
ՄԻՀՐԱՆ — Հեռախոս չունե՞ս:
ՀՈՒՍԻԿ — Ճիշտ որ, մուննաթ չանեմ: (Հանում է հեռախոսը:)
ՄՈՍՈ — Իզուր ա, բժիշկները հիմա փախած են:
ՀՈՒՍԻԿ — Շտապօգնությո՞ւնն է… Հասեք, մեռնում եմ: Ոտքս եմ կոտրել, գլուխս եմ ջարդել, կողերս, լյարդս… Քանի տարեկան ե՞մ… Երեսուներեք, բայց դա ի՞նչ կարևոր է, մեռնում եմ, հասեք… Հասցե՞ն… (Ներկաներին.) Հասցեն:
ՄՈՍՈ — Բայց դու էս ինչքան ես մեզ զբաղացնում, ընգեր:
ՆԱՆԵ — Մեղք է, ասեք:
ՎԱՐՈ — Սևանի խճուղի, ռեստորանային կոպլեքս «Դրախտ»…
ՄԻՀՐԱՆ — Այո, այստեղից ուղիղ դրախտ ենք թռչելու:
ՎԱՐՈ — …երկնագույն դահլիճ:
ՄՈՍՈ — Ի՛, ուրիշ կարգին գույնի զալ չկա՞ր, Վարո ախպեր:
ՀՈՒՍԻԿ — (հեռախոսով): Ռեստորան «Դրախտ», երկնագույն դահլիճ, այո, Սևանի խճուղի:
ՏԵՐ ՀԱՅՐ — Է, կգա՞ն, զավակս, ի՞նչ ասացին:
ՀՈՒՍԻԿ — Ասացին՝ գալիս ենք: Վայ, մեռա…
ՄՈՍՈ — Արա, դե սուսուփուս մեռի, էլի, մեր դարդը մեզ հերիք ա:
ՏԵՐ ՀԱՅՐ — Սիրենք զմիմյանց, զավակս, մոտեցիր, ցավակցիր, շոյիր մերձավորիդ:
ՄՈՍՈ — Ձեռ ես առնո՞ւմ, տեր հեր, դուրդ գալիս ա՝ ինքդ շոյի:
ՏԵՐ ՀԱՅՐ — Փող հնչեցրեց նաև հինգերորդ հրեշտակը…
ՄՈՍՈ — (Հուսիկին): Էս էիր ուզո՞ւմ, արա:
ՀՈՒՍԻԿ — Մեռա…
ՏԵՐ ՀԱՅՐ — …Եվ տեսա, որ մի աստղ ընկավ երկնքից… (Հեռախոսն է ձայնում:) Այո, տեր եմ, տեր եմ, զավակս: Անհապաղ, անհապաղ գալիս եմ: (Ներկաներին.) Կանչում են, եկեղեցին կանչում է, պիտի գնամ, պիտի գնամ Աստծո տաճարը, պիտի աղոթեմ ձեզ համար, համայն աշխարհի փրկության համար: Խաղաղությամբ մնաք, չվախեք, Տերը ձեզ հետ է: (Ելնում է, հեռախոսով:) Տղա, մեքենան պատրաստիր:
ՄԻՀՐԱՆ — Հինգերորդ փողը կիսատ թողիր, տեր հայր:
ՏԵՐ ՀԱՅՐ — (հեռանալով): Հաջորդիվ, հաջորդիվ, զավակս:
ՄՈՍՈ — Թող գնա, հազիվ գնում ա:
ՆԱՆԵ — (հարբել է): Հիմա ի՞նչ, ես մեռնելու ե՞մ, ձեզ եմ հարցնում, ես, այսպես գեղեցիկ, ջահել, չմայրացած, ու մեռնելո՞ւ եմ, ո՞ւր է արդարությունը, ո՞ւր է աստված…
ՎԱՐՈ — Չկա, ո՛չ արդարություն, ո՛չ աստված, ես կամ, քեզ ե՛ս կփրկեմ, սիրունս:
ՆԱՆԵ — Խնդրում եմ, հայրիկ, փրկիր, փրկիր…
ՎԱՐՈ — Իմ մարմնով կծածկեմ, մեռնեմ քեզ, թող իմ գլխին խփի:
Գալիս են բժիշկը և բուժքույրը:
ՄՈՍՈ — Իյա՜, էկան…
ԲԺԻՇԿ — Եկանք, այո, չգայի՞նք:
ՎԱՐՈ — Կարծում էինք՝ չեք գա:
ԲԺԻՇԿ — Հարգելիներս, մենք բժիշկ ենք, մենք Հիպոկրատի երդում ենք տվել:
ԲՈՒԺՔՈՒՅՐ — Տվել ենք, հա:
ՄԻՀՐԱՆ — Դե լավ է, լավ է, մեր հիվանդի բախտը բերեց:
ԲԺԻՇԿ — Ի դեպ, ո՞ւր է հիվանդը: (Վարոյին.) Դո՞ւք եք:
ՎԱՐՈ — Բերանդ խերով բացի: (Ցուցանելով:) Հրեն, ոռնում ա, չեք լսո՞ւմ:
ԲԺԻՇԿ — Բայց ձեր տեսքն էլ առողջ չի:
ՎԱՐՈ — Մի հնարի, գործիդ նայի:
ԲԺԻՇԿ — (մոտենալով Հուսիկին): Ի՞նչ է եղել, սիրելիս, ինչո՞ւ եք բղավում, ցավո՞ւմ է:
ՀՈՒՍԻԿ — Ցավում է, բժիշկ, մի բան արեք, շուտ:
ԲԺԻՇԿ — Որտե՞ղ է ցավում:
ՀՈՒՍԻԿ — Ամեն տեղ:
ՄԻՀՐԱՆ — Երկրորդ հարկից իրեն գցել է:
ԲԺԻՇԿ — Սուիցիդի փո՞րձ:
ՄՈՍՈ — Հենց իմացավ՝ աշխարհի վերջն ա՝ իրան գցեց:
ԲՈՒԺՔՈՒՅՐ — Աշխարհի վե՞րջ:
ԲԺԻՇԿ — Ի՞նչ մանկական զրույցներ են, ինչ ինձ հիշում եմ, ասում են՝ աշխարհի վերջ: (Տնտղում է Հուսիկին:) Ձեր հիվանդին պետք է հիվանդանոց տեղափոխել:
ՎԱՐՈ — Մերը չի:
ԲԺԻՇԿ — Բա ո՞ւմն է:
ՄԻՀՐԱՆ — Հենց այնպես հիվանդ է, անտեր:
ՄՈՍՈ — Է՛, հիմա սաղս էլ անտեր ենք:
ԲԺԻՇԿ — Չեմ հասկանում, ի՞նչ անկումնային տրամադրություններ են, այն էլ՝ այս շքեղ ռեստորանում:
ՄԻՀՐԱՆ — Բժիշկը երևի տեղյակ չի, քնած է մնացել:
ԲԺԻՇԿ — (բուժքրոջը): Ճնշումը չափիր: (Մյուսներին.) Այո, հերթապահությունից առաջ քնել¬ հանգստացել ենք: Ի՞նչ է եղել որ…
ՄՈՍՈ — Երանի ձեզ: Բժիշկ ախպեր, մի տասը ժամվա կյանք ա մնացել, հլա ավելի քիչ:
ԲԺԻՇԿ — Թողեք այդ կատակները, ձեր ընկերը ջարդուխուրդ է եղել, դուք կատակում եք, սիրուն չի, չէ՞:
ՄՈՍՈ — Բերանդ խերով բացի, էտի մեզ ի՞նչ ընկեր:
ՎԱՐՈ — Չի հավատում բժիշկը:
ՀՈՒՍԻԿ — Մեռա, հասեք:
ԲԺԻՇԿ — Սպասիր, սպասիր… (Մյուսներին.) Կարգին ասեք՝ հասկանանք, ի՞նչ եք անդադար ակնարկներով խոսում:
ՄԻՀՐԱՆ — Ահռելի գիսաստղը գալիս է երկրագնդի վրա, ուղիղ կենտրոնին է խփելու, բժիշկ, վերանալու ենք, ինչպես դինոզավրերը վերացան հիսուն միլիոն տարի առաջ:
ԲՈՒԺՔՈՒՅՐ — (ավարտելով Հուսիկի ճնշումը չափելը): Չունի ճնշում:
ԲԺԻՇԿ — Առհասարա՞կ:
ԲՈՒԺՔՈՒՅՐ — Չէ, մի քիչ կա, վաթսունը քառասունի:
ԲԺԻՇԿ — (ականջին դնելով զանգող հեռախոսը): Լսում եմ: Այո, Ստեպան Գեորգիչ: Անմիջապե՞ս… Բայց հիվանդի մոտ ենք… Թքա՞ծ… Ինչո՞ւ… Նոր այստեղ էլ ասին՝ չհավատացի: Լո՞ւրջ է… Եկանք, այո, իհարկե: (Բուժքրոջը.) Փաստորեն՝ աշխարհի վերջի մասին լուրերը չափազանցված չէին, գնացինք, գլխավորը շտապ կանչում է, անհապաղ, հավաքվիր:
ՄԻՀՐԱՆ — Ո՞ւր, բա այն խե՞ղճը…
ԲԺԻՇԿ — Խեղճը ի՞նչ, աշխարհն է կործանվում, աշխարհի կործանման հետ խաղ եք անո՞ւմ, եղբայր:
ՀՈՒՍԻԿ — Մեռա:
ՄՈՍՈ — Ձեռի հետ գոնե հիվանդանոց տարեք, գլուխներս ուռեց սրա ճվճվոցից:
ԲԺԻՇԿ — Ո՞ր հիվանդանոցը կընդունի հիմա, վերցնենք՝ կրա՞կն ընկնենք:
ՎԱՐՈ — Բա Հիպոկրատի երդո՞ւմը:
ԲԺԻՇԿ — Դե… Գիտե՞ք ինչ կա, երդվելիս ֆորս մաժորային դեպքերը նախատեսված չէին:
ԲՈՒԺՔՈՒՅՐ — Հիպոկրատ, միպոկրատ… Չէ¬չէ մի՝ Ամիրդովլաթ Ամասիացի… (Բժշկին.) Գնացինք:
ՑՆՑՈՏԻԱՎՈՐ — (անցնելով): Ապաշխարեք, ապաշխարեք, քանի ուշ չէ:
ՄՈՍՈ — Ուշ ա արդեն, ռադ էղի:
ՎԱՐՈ — Սպասի, Մոսո, երևի սոված ա մարդը, չասի՝ քծիպ ենք: (Ցնցոտիավորին.) Արի, մի կտոր բան կեր, ընգեր, կաշի¬ոսկոր ես մնացել, արի:
ՑՆՑՈՏԻԱՎՈՐ — Մոտ է ժամը հատուցման, ապաշխարեք: (Հեռանում է:)
ՀՈՒՍԻԿ — Վայ, մեռա… Ինձ հանեք վերի հարկերը, էնտեղից գցեք՝ սատկեմ¬պրծնեմ:
ՎԱՐՈ — Էլ բան ու գործ չունենք:
ՄԻՀՐԱՆ — Բժիշկ, գոնե մի ցավազրկող սրսկեք, հանգստանա մարդը:
ԲԺԻՇԿ — Ցավազրկո՞ղ: (Բուժքրոջը.) Ունե՞նք:
ԲՈՒԺՔՈՒՅՐ — Կա ոնց որ:
ԲԺԻՇԿ — Դե, սրսկիր, արագ:
ԲՈՒԺՔՈՒՅՐ — (լցնելով սրսկիչը): Շրջեք փորի վրա:
ՄՈՍՈ — Ինքներդ շրջեք:
ԲԺԻՇԿ — Ե՛ս կշրջեմ: (Շրջում է:) Ահա:
ԲՈՒԺՔՈՒՅՐ — Շալվարն իջացրեք:
ԲԺԻՇԿ — Շատ չեղա՞վ… Շալվարի վրայից սրսկիր, արդեն կարևոր չի:
ԲՈՒԺՔՈՒՅՐ — (սրսկելով): Ըհը, սրսկեցինք: Չցավաց, չէ՞:
ՀՈՒՍԻԿ — Ցավաց:
ԲՈՒԺՔՈՒՅՐ — Սուտ ա ասում, չհավատաք, իմ պես սրսկող Հայաստան աշխարհը չունի:
ՄՈՍՈ — Դրան նորից հետ ֆռցրեք, հո տենց չի՞ մնալու:
ԲԺԻՇԿ — Օֆֆ, ինչ նազուտուզով հիվանդներ են: (Շրջում է:)
ՎԱՐՈ — Հիվանդն ինքդ ես: Արի, մի թաս բան կխմի, դու էլ արի, քուրո:
ԲՈՒԺՔՈՒՅՐ — Լցրեք: (Վերցնելով բաժակը:) Աշխարին խաղաղություն: Էհ: (Խմում է:)
Բժիշկը նույնպես խմում է:
ՎԱՐՈ — Ըհը, հիմա կարաք գնաք:
ԲԺԻՇԿ — Մնաք բարով:
ՄԻՀՐԱՆ — Բարո՞վ… Ոնց որ ձեռ առնեք, բժիշկ:
ՄՈՍՈ — Հլա տաք ա, չի զգում:
ԲՈՒԺՔՈՒՅՐ — Սրսկեցինք:
ՎԱՐՈ — Լավ արիք, մեռսի:
ԲԺԻՇԿ — Ու վե՞րջ… Էս ծանր օրով հասել ենք այստեղ…
ՎԱՐՈ — Հասկացա: (Փող է տալիս:) Առ, վերցրու:
ՄՈՍՈ — Էս էլ վերցրու, հերիք ա՞:
ԲԺԻՇԿ — Հերիք է, ապրեք:
ՄԻՀՐԱՆ — Բայց ինչների՞դ է, չեմ կարծում, թե այն աշխարհում դրամը փոխարկելի լինի:
ԲՈՒԺՔՈՒՅՐ — Ի՞նչ իմանաս:
ԲԺԻՇԿ — Այո, ամեն դեպքում՝ չի խանգարի: Գնացինք:
ՎԱՐՈ — Գնաք բարով:
Բժիշկն ու բուժքույրը դուրս են գալիս:
ՄԻՀՐԱՆ — Քնեց խեղճը:
ՄՈՍՈ — Դրա խռռոցն ա՞, ես էլ իմացա՝ էն անտերն արդեն մոտեցել ա:
Գալիս են Հռիփսիմեն ու Նազիկը:
ՎԱՐՈ — Լույսը ձեզ տեսնողին, էս ի՞նչ երկար եք չիշիկ անում:
ՀՌԻՓՍԻՄԵ — Մի գռեհկացիր, Վարազդատ, ի՞նչ անենք՝ աշխարհի վերջն է, տղամարդը ուզած դեպքում պիտի ջենտլմեն մնա: Բարում նստեցինք, վիսկի խմեցինք, նարինջ կերանք… Չլինի՞ կարոտել եք:
ՄՈՍՈ — Հարբած են, ախպեր:
ՀՌԻՓՍԻՄԵ — Հա, ի՞նչ անենք, ես հարբած ավելի հմայիչ տեսք ունեմ, ասել են… Այնպես չի՞, Մովսես:
ՄՈՍՈ — Ըտենց ա, քուրս, ցավդ տանեմ:
ՎԱՐՈ — Ավել¬պակաս քիչ խոսեք: Էս խնամու հա՞լն ինչ ա:
ՀՌԻՓՍԻՄԵ — Հարբած է կինը, յոլա տարեք, մենք ձեզ ո՞նց ենք յոլա տանում ամեն օր:
ՎԱՐՈ — Լավ ա, էլի:
ՆԱՆԵ — (թմբիրից սթափվելով): Մա՞մ, դու ե՞ս:
ՆԱԶԻԿ — Ես եմ աղջիկս, բայց վատ եմ, գլուխս պտտվում է… Հիմա ետ կտամ:
ՄԻՀՐԱՆ — Միայն՝ ոչ այստեղ, տիկին, խնդրում եմ, հաց ենք ուտում:
ՆԱԶԻԿ — Ճիշտ է, տուն գնամ, գնամ պառկեմ:
Լույսերը հանգում են:
ՄՈՍՈ — Սկսավ, ախպեր:
ՎԱՐՈ — Ինչի՞ սենց շուտ, ժամ¬պատարագ չկա՞, չեմ հասկանում:
ՄՈՍՈ — Ինչ իմանամ, մեռնեմ քեզ, դրա շոֆերը երևի հայ ա:
ՆԱԶԻԿ — Նանե, առաջ ընկիր, աղջիկ ջան, գնում ենք:
ՎԱՐՈ — Ոչ մի Նանե, ձեզ ո՞վ Նանե կվստահի էս վիճակում:
ՆԱՆԵ — Ես մորս հետ կգնամ:
ՎԱՐՈ — Ոչ մի տեղ էլ չես գնա:
ՆԱՆԵ — (Վարոյին, որ գրկել է): Թողեք ինձ, պարոն Վարազդատ… Ի՞նչ եք անում…
Ցնցոտիավորն է անցնում:
ՑՆՑՈՏԻԱՎՈՐ — Ապաշխարեք, աղոթեք, հուդաներ, վերջներդ եկավ, ձեզ եմ ասում, խլացե՞լ եք, ապաշխարեք…
ՎԱՐՈ — Նորո՛, քեզ չասի՞՝ դրա ձենը կտրցրու, ո՞ւր ես:
ՄՈՍՈ — Ստեղ եմ, շեֆ ջան, մատաղ սրտիդ, հեսա կտրցնեմ: Արի ստե, արա, այ քրջոտ, արի… Ի՛, փախավ բեսը:
ՆԱՆԵ — Թողեք ինձ…
ՎԱՐՈ — Ոչ մի տեղ չես գնա՝ ասեցի, ես եմ որոշում:
ՆԱԶԻԿ — Թողեք աղջկաս…
ՀՌԻՓՍԻՄԵ — Թող երեխային, Վարազդատ, գժվել ե՞ս:
ՎԱՐՈ — Դու սուս, ձենդ չլսեմ: (Թիկնապահին.) Նորո՛, ո՞ւր ես:
ՆՈՐՈ — Ստեղ եմ, մեռնեմ կյանքիդ, ասա:
ՎԱՐՈ — Էս մեր խնամուն տար, տուն հասցրու, լավ կհասցնես, հավեսով, էղա՞վ, դե տար:
ՆՈՐՈ — Դու ասես՝ Նորոն չտանի՞, ընենց տանեմ, որ ասի՝ մի հատ էլ տար… (Նազիկին.) Արի տենամ, քուր ջան:
Նորոն գրկում է Նազիկին, նա ճչում է, ճչում է նաև Նանեն, ում ամուր գրկել է Վարոն:
ՀՌԻՓՍԻՄԵ — Այս ի՞նչ է կատարվում, Աստված իմ… Թո՛ղ կնոջը, Նորայր:
ՆՈՐՈ — Չեմ կարա, տիկին Հռիփսիմե ջան, քեզ ինչքան էլ հարգեմ, շեֆի հրամանն ա, պտի տանեմ: (Տանում է Նազիկին:)
ՀՌԻՓՍԻՄԵ — Ուշքի արի, Վարազդատ:
ՎԱՐՈ — Դու չխառնվես, քու խելքի բանը չի, լավ կանես՝ դու էլ գնաս ստեղից, դավայ:
ՄՈՍՈ — (բռնելով Հռիփսիմեի ձեռքը): Գործ չունես, ցավդ տանեմ, Վարոն կատաղած ա, աստված հեռու պահի, գիտես խասյաթը, էլի:
ՎԱՐՈ — Մոսո, դրան տուն տար:
ՄՈՍՈ — Տանեմ, Վարո ջան, ոնց ասես:
ՎԱՐՈ — (Նանեին, գրկած): Դու կարծում ես՝ իմ դարդը էն ախմախ լակոտն ա՞… Նա քեզնից ի՞նչ ա հասկանում: Չէ, կյանքս, ես ուզում էի, որ միշտ իմ աչքիս առաջ լինես, որտև խելքս գնում ա քու համար, հրեշտակս, բոմբս…
ՆԱՆԵ — Բայց ես չեմ ուզում… Թողեք… Թող, տականք, զզվանք…
ՎԱՐՈ — (տանելով Նանեին): Խփի, չանգռի, մեռնեմ ջանիդ…
ՀՌԻՓՍԻՄԵ — Այս ի՞նչ հրեշի հետ եմ ապրել կյանքս, աստված իմ: (Լալիս է:)
ՄՈՍՈ — Դե, մի լացի, մի լացի, սիրունս: Նա ի՞նչ ա հասկանում՝ իսկական կնիկն ինչ ա… Էշն ի՞նչ գիտի, նուշն ինչ ա:
ՀՌԻՓՍԻՄԵ — Էշ, այո, էշ, ավանակ:
ՄՈՍՈ — Վախ, մեռնեմ քեզ, ինչ համով ես ջղայնանում… Դե, մի լացի… Այսինքն՝ լացի, քեզ սազում ա, կյանքս…
ՀՌԻՓՍԻՄԵ — Խղճում ես ինձ, չէ՞, Մոսո:
ՄՈՍՈ — Մոսոն տանի ցավերդ… Խղճում եմ, էն էլ ոնց եմ խղճում:
ՀՌԻՓՍԻՄԵ — Ինչ լավն ես, ես չգիտեի, որ էսքան լավն ես:
ՄՈՍՈ — Լավն եմ, ցավդ տանեմ: Բա դո՛ւ ինչ լավն ես… Գնանք, գնանք՝ արցունքներդ լվամ՝ ջուրը խմեմ, մեռնեմ կյանքիդ:
ՀՌԻՓՍԻՄԵ — Տար ինձ, Մովսես, ես այստեղ մնալ այլևս չեմ կարող, տար:
ՄՈՍՈ — Տարա:
Մոսոն Հռիփսիմեին գրկած տանում է:
ՄԻՀՐԱՆ — Հարբեցին տղերք¬աղջկերքը… Հազար ասել եմ՝ խմելու հետ լավ ուտել է պետք: (Ուտելիք է վերցնում, ետ է դնում:) Սառել է: Մատուցող, ո՞ւր ես:
ՄԱՏՈՒՑՈՂ — Եկա, ահավասիկ: (Քսմսվելով Միհրանին:) Ի՞նչ է ձեր ուզածը, այ տղամարդ:
ՄԻՀՐԱՆ — Կերակուրը սառել է, տաք խորտիկներից ի՞նչ ունեք:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ինչ էլ ուզեք՝ ձերն է, կմատուցեմ սիրով:
ՄԻՀՐԱՆ — Խոզի խորոված, գառան խաշլամա, ստերլյադ, կարմրախայտ…
ՄԱՏՈՒՑՈՂ — Ձեզ համար՝ ամեն ինչ: Ասում են՝ եթե տղամարդը լավ է ուտում, ուրեմն ուժը տեղն է:
ՄԻՀՐԱՆ — Տեղն է, երևի…
ՄԱՏՈՒՑՈՂ — Դե, ուրեմն գնանք ինձ հետ, ինքներդ կընտրեք ձեր ուզած խորտիկը, գնանք… Դե, գնանք:
ՄԻՀՐԱՆ — Գնա՞նք որ…
ՄԱՏՈՒՑՈՂ — Իհարկե, աշխարհի վերջն է, ո՞ւմ եք սպասում: Ձեզ կմատուցվի մի այնպիսի խորտիկ, որի նմանը երբեք չեք համտեսել: Խոճկորիկ, հա՞, սիրում եք, չէ՞, էսպես կարմրաթշիկ, թմբլիկ… Դե եկեք, ի՛մ ետևից:
Միհրանը և Մատուցողը դուրս են գալիս:
Արար 2
Նույն տեղում, մոմերի լույսի ներքո: Հուսիկն արթնացել է, տնքում է: Գալիս է Վարոն՝ կիսախավարի մեջ իրերին խփվելով:
ՀՈՒՍԻԿ — Մեռա, օգնեք, էլ չեմ դիմանում…
ՎԱՐՈ — Մութ ա, ամեն տեղ մութ ա… Է՛յ, ո՞վ կա, մի քանի մոմ էլ վառեք, մութ ա: (Հուսիկին.) Էլի մեռնում ե՞ս, այ տղա:
ՀՈՒՍԻԿ — Մեռնում եմ, ինձ հիվանդանոց տարեք:
ՎԱՐՈ — Քիչ մնաց, հիվանդանոցն իրա խոդով կգա՝ կտանի, համբերի: Տղե՞րքն ուր են: Միհրա՛ն, Մոսո՛:
ՄԱՏՈՒՑՈՂ — (գալով): Ի՞նչ է եղել, պարոն Վարազդատ, ինչի՞ կարիք ունեք, սուրճ բերե՞մ:
ՎԱՐՈ — Հա, սուրճը կդզի, բեր: Էս լույսե՞րն ինչի անջատեցին, է՜:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ասում են՝ ատոմակայանն է կանգ առել, ՀԷԿ¬երն էլ, մարդիկ լքել են գործը: Ճիշտ էլ արել են, վերջին ժամին աշխատեն, որ ի՞նչ:
ՎԱՐՈ — Բա դու ինչի՞ ես աշխատում:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ռեստորանը ատոմակայան չի, մարդ իր վերջին ժամերը պիտի ռեստորանում անցկացնի: Միհրանն էլ է այս կարծիքին:
ՎԱՐՈ — Միհրանն ո՞վ ա:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ձեր ընկերը, մոռացա՞ք:
ՎԱՐՈ — Էնի քու համար երբվանի՞ց Միհրան դառավ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Խանդում ե՞ք:
ՎԱՐՈ — Ապուշ¬ապուշ դուս մի տու: Ինքն ո՞ւր ա:
ՄԱՏՈՒՑՈՂ — Մոտերքում, ուր որ է կգա:
ՎԱՐՈ — Էս մութն անտանելի ա, մոմ բեր, փողը կտամ, շատ բեր:
ՄԱՏՈՒՑՈՂ — Կբերեմ, թռա:
ՎԱՐՈ — Թռի… Սպասի, Մոսո՞ն ինչ եղավ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Դուք ինչ¬որ տեղ ուղարկեցիք, չեք հիշո՞ւմ:
ՎԱՐՈ — Չէ, չեմ հիշում: Լավ, գնա:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ուրիշ բան պետք չի՞:
ՎԱՐՈ — Չէ: Նայի՝ կոֆեն լավ քաղցր ըլնի ու թուլ, թունդը սրտիս լավ չի, ռիթմից գցում ա:
ՄԱՏՈՒՑՈՂ — Վայ, պարոն Վարազդատ, վայ, սիրտն էլ ինչների՞դ ա:
ՎԱՐՈ — Ճիշտ որ: Լսի, մոտիկ արի, բան եմ ասում… էդքան չէ…
ՄԱՏՈՒՑՈՂ — Էսքան լա՞վ է:
ՎԱՐՈ — Հա: Դու… դու չես վախո՞ւմ, մի տեսակ շատ ես զվարթ ու ակտիվ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Դե, ոնց ասեմ… Ես փիլիսոփայորեն եմ մոտենում խնդրին:
ՎԱՐՈ — Էդ ո՞րն ա, հետևա՞նց:
ՄԱՏՈՒՑՈՂ — (ծիծաղելով): Վայ, պարոն Վարազդատ, դու էս ինչ հումորով տղամարդ ես, էնքան եմ սիրում, որ տղամարդը հումորով է լինում, էնքան եմ սիրում: Անկեղծ ասեմ՝ վախենում եմ, աշխատում եմ ինձ ցրել, բայց հենց հիշում եմ՝ մարմինս վախից սկսում է դողալ:
ՎԱՐՈ — Բա՛: Ես էլ էդպես:
ՄԱՏՈՒՑՈՂ — Դողո՞ւմ է:
ՎԱՐՈ — Էն էլ ոնց… Բայց՝ մեր մեջ մնա:
ՄԱՏՈՒՑՈՂ — Իհարկե, իհարկե, մեր մեջ մնա, պարոն Վարազդատ ջան: Մեր մեջ…
ՎԱՐՈ — Հեռու կանգնի՝ ասինք:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ահա, սկսվեց վախի նոպան… Նայեք, ձեռքս ինչպես է դողում, բռնեք, բռնեք, չեմ կծի… Ի՜նչ գեղեցիկ ձեռք է, չէ՞, կանայք կնախանձեն, բայց դողում է, ոնց է դողում…
ՎԱՐՈ — Թո՛ւ քո… Ինչ էլ գտա՝ ում առաջ սիրտս բացեմ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Բացեք, սիրելիս, մի քաշվեք, ես վստահելի մարդ եմ: Կարող եմ խորհուրդ էլ տալ:
ՎԱՐՈ — Ա դե, քու տված խորհուրդն ինչ պիտի լինի, է՛:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ասեմ. վախից խմելն է փրկում:
ՎԱՐՈ — Խմում ենք, էլի, բայց կարգին չի էլ ազդում անտերը: Կարող ա՞ ջուր եք խառնում:
ՄԱՏՈՒՑՈՂ — Չե, ինչ եք ասում, բա մեր պրեստիժը… Համ էլ հիմա էլ ի՞նչ իմաստ: Պարզապես քիչ եք խմում, խնայում եք ձեզ, պարոն Վարազդատ: Ես, օրինակ, տաս րոպեն մեկ մեծ բաժակով գցում եմ: Բա ո՞նց: Հարբում եմ՝ ու ծովը ծնկներովս է:
ՎԱՐՈ — Փիլիսոփայորենն էդ ա՞:
ՄԱՏՈՒՑՈՂ — Իհարկե: Օմար Խայամին հիշեք:
ՎԱՐՈ — Հես ա, վռազ հիշեմ:
ՄԱՏՈՒՑՈՂ — «Խմենք, եղբայր, մինչ մեր փոշուց թաս կսարքեն գինու համար»: Գուցե մի քիչ սխալվեցի, բայց միտքը հիմնականում այս է:
ՎԱՐՈ — Լավ ա ասել, իմ արև: Դու ունե՞ս էդ գիրքը… Ժամանակ ըլներ՝ դնեի կարդայի, բայց էլ ո՞ւր ա մեզ ժամանակ… Սուրճ պետք չի, արաղ լից:
Մատուցողը լցնում է, խմում են:
ՄԱՏՈՒՑՈՂ — Անուշ:
ՎԱՐՈ — Մեռսի: Դե գնա, տղերքը չգան՝ տեսնեն:
ՄԱՏՈՒՑՈՂ — Տեսնելու ի՞նչ կա որ:
ՎԱՐՈ — Որ քու հետ խմում եմ. կներես, բայց էտի իմ նման տղուն սազական չի:
ՄԱՏՈՒՑՈՂ — Չէ, ձեզ նույնիսկ արմագեդոնը չի փրկի: Զզվա՛նք, զզվո՛ւմ եմ: Քյառթո՛ւ: (Գնում է:)
ՎԱՐՈ — Աա, շառդ քաշի գնա, է՜: Միհրա՛ն, Մոսո՛… Ի՛, էս նեղ օրով մարդու մենակ են թողո՞ւմ: Ո՞ւր եք, արա:
ՄԻՀՐԱՆ — (գալով): Գալիս եմ, գալիս եմ, Փարսադանիչ ջան: Եկել ես ու ձայն չես հանո՞ւմ:
ՎԱՐՈ — Էս մի ժամ ա կանչում եմ, չկաք, ախպեր:
ՄՈՍՈ ¬ Բարիրիգուն: Ինչ լավ հավքվել եք, բլոտ չխաղա՞նք:
ՎԱՐՈ — Ո՞ւր էիր, մեր ախպեր:
ՄՈՍՈ — Տիկին Հռիփսիմեին տարա տուն, դու չասի՞ր:
ՎԱՐՈ — Ասել ե՞մ:
ՄՈՍՈ — Ի՛, մոռացա՞ր… Միհրա՛ն, չասե՞ց:
ՄԻՀՐԱՆ — Ասել է, այո:
ՎԱՐՈ — Հա, ճիշտ ա, հիշեցի: Տարա՞ր:
ՄՈՍՈ — Տարա, առոք¬փառոք տեղ հասցրի, բա ո՞նց: Քուչեքը լրիվ դատարկ են, մի քանի ախմախ ջահել լակած, ուռած, ուղեղներն անջատած՝ ավտոներով գանյատներ են անում, գալիս են ուղիղ վրեդ, ախպեր, քիչ մնաց խփեի, հազիվ փախցրի: Հարսդ ո՞ւր ա, Վարո:
ՎԱՐՈ — Էնտեղ, սենյակում, քնել ուզեց էրեխեն:
ՄՈՍՈ — Հա, թող քնի, քնելը լավ ա:
ՎԱՐՈ — Լավ ա, հա… Բայց ինչի՞ ես ըտենց նայում որ…
ՄՈՍՈ — Ե՞րբ նայեցի… Քեզ ինչ էղավ, այ ախպեր, լավ չե՞ս:
ՎԱՐՈ — Հոյակապ եմ, հես ա, մի քանի ժամ մնաց, սատկելու եմ՝ գնամ, էլի լավ չլնե՞մ:
ՄԻՀՐԱՆ — Կարծես մենք մնալու ենք:
ՄՈՍՈ — Վայ, մորս արև, մտիցս թռել էր, իզուր հիշացրիք: Ինձ որ հարցնեին՝ վաբշե չպիտի ասած ըլնեին: Իզուր ժողովրդին դիվադադար արին: Միամիտ մեր համար քնեինք, ախպեր, գար էլ, գնար էլ…
ՎԱՐՈ — Մոսո, սաղ կյանքս ճանաչում եմ քեզ, մի անգամ մի խելոք բան չլսեցի:
ՄՈՍՈ — Լավ դե, դու էլ Էյնշտեյնը չես, ախպեր:
ՎԱՐՈ — Էդ ո՞վ ա:
ՄՈՍՈ — Մեծ մարդ ա, էն եքա Նյուտոնին լրիվ սխալ հանեց:
ՎԱՐՈ — Ի՛…
ՄՈՍՈ — Բա դու գիդաս Մոսոն ախմախ ա՞, խաչբառը դնում՝ կես ժամում լուծում եմ, ախպեր:
ՄԻՀՐԱՆ — Կնոջդ հարցնելով, չէ՞:
ՄՈՍՈ — Դե, այր ու կին՝ մի մարմին: Վարո, բայց որ մտածես՝ շատ էլ ճիշտ եմ ասում, մի հատ պատկերացրու՝ հիմա միամիտ մեր համար խմած¬քնած ըլնեինք, իսկի չէինք էլ իմանա՝ խփեց, չխփեց, ոնց խփեց, ճխլեց, չճխլեց, ոնց ճխլեց, վառեց, չվառեց…
ՎԱՐՈ — Դե, վերջ տուր, ոնց որ սադիստ ըլնես, արա:
ՀՈՒՍԻԿ — Մեռա, վայ…
ՎԱՐՈ — Դու էլ վերջ տուր:
ՄԻՀՐԱՆ — (մոտեցել է պատուհանին): Լույսը բացվում է, մեր վերջին լուսաբացը: Ինչ սիրուն է Երևանը, տղերք, երբեք էսքան սիրուն չէի տեսել… Մեր Երևանի վերջին լուսաբացը… Հավատս չի գալիս…
ՄՈՍՈ — Բա ի՞նչ ենք անելու, Վարո ախպեր:
ՎԱՐՈ — Ինչքան դժվար հարց կա՝ ինձ եք տալի:
ՄՈՍՈ — Բա ո՞ւմ տանք, դու մեր մեծն ես:
ՎԱՐՈ — Ի՛, այ տղա, մի դասարանում չենք սովորե՞լ, ո՞նց եմ մեծ:
ՄՈՍՈ — Չէ, տարիքով չէ, աֆտարիտետով:
ՎԱՐՈ — Հա՜… Մոսո ջան, ես էլ՝ ձեր պես, ի՞նչ իմանամ: Օմար Խայամն ասում ա՝ խմեք մինչև վերջի խազը:
ՄՈՍՈ — Է՞դ ով ա:
ՎԱՐՈ — Հեչ, թեթև գլուխդ մի ծանդրացրու, ընգեր:
ՄԻՀՐԱՆ — Ես գիտեմ՝ ինչ անենք:
ՄՈՍՈ — Չէ հա…
ՄԻՀՐԱՆ — Հա: Եկեք խաշ ուտենք, իսկը խաշի ժամն է, մեր վերջին խաշը:
ՄՈՍՈ — Ճիշտ ա ասում ախպերը: Լավաշով, սխտորով, բողկով, ծիծակով…
ՎԱՐՈ — Արժի, արժի:
ՄՈՍՈ — Օֆիցյա՛նտ, ստե արի, շուտ, արա՛, է՛… Օֆիցյա՛նտ: Դո՛ւ կանչի, Միրո, քեզ կլսի:
ՄԻՀՐԱՆ — Ալբե՛րտ:
ՄՈՍՈ — Պա՛հ:
ՄԻՀՐԱՆ — Է հա, որ մարդու անունը Ալբերտ է, չասե՞մ՝ Ալբերտ:
ՄՈՍՈ — Կուզե՞ս Էլբըրթ ասա, մենակ թե խաշ բերի:
ՄԱՏՈՒՑՈՂ — Եկա, ահավասիկ: (Միհրանին.) Լսում եմ և ենթարկվում:
ՄՈՍՈ — Բա ես որ կանչում եմ, ինչի՞ չես լսում ու ենթարկվում:
ՄԱՏՈՒՑՈՂ — Որովհետև դուք կոպիտ մարդ եք, վերաբերմունք չունեք, ի՞նչ է նշանակում՝ ստե արի, արա, է, շուտ: Ես մատուցող եմ, ոչ՝ ստրուկ:
ՄՈՍՈ — Էս արմագեդոնը աչքիս հեչ լավ բան չի, օֆիցյանտները հաբրգում են: Թռի՝ խաշ բեր մեզ, արա, վռազ, ես եմ ասում, էս տղեն:
ՄԱՏՈՒՑՈՂ — Չկա խաշ:
ՄՈՍՈ — Հիմա կըլնի: (Հանում է ատրճանակը:)
ՄԱՏՈՒՑՈՂ — Ինչ պուպուշ զենք է, խաղալիք է, չէ՞:
ՄՈՍՈ — Հես ա գլուխդ կծակի, կիմանաս՝ ինչ խաղալիք ա:
ՄԱՏՈՒՑՈՂ — Յյյա՜… (Կարատեի կեցվածք է ընդունում:)
ՄԻՀՐԱՆ — Լավ, Ալբերտ, խաղաղվիր: Մի կարգին խաշ բեր՝ ուտենք, աշխարհը մեռնել կա:
ՄԱՏՈՒՑՈՂ — Լսում եմ և ենթարկվում: Կարգին տղամարդուն ո՞նց չտաս, խաշ:
ՀՈՒՍԻԿ — Վայ, մեռա:
ՄՈՍՈ — Քեզ չասի՞նք՝ սուս մնա:
ՀՈՒՍԻԿ — Գոնե մի բաժակ օղի տվեք, որպես ցավազրկող, անգութներ:
ՎԱՐՈ — (մատուցողին): Ի դեպ, մեզ արաղ բեր, պրծել ա, էն ամենալավերից: (Սեղանից շիշը վերցնելով:) Սա տուր էն ախմախին, թող խմի:
Մատուցողը օղին տալիս է Հուսիկին, դուրս է գալիս: Հուսիկն ագահորեն խմում է:
ՄՈՍՈ — Հոպ, արա, չհարբես:
ՆՈՐՈ — (գալով): Էն կնգան տարա, շեֆ ջան:
ՎԱՐՈ — Ի՞նչ կնիկ, այ տղա:
ՆՈՐՈ — Խնամին, էլի, մոռացա՞ր:
ՎԱՐՈ — Հա, խնամին… Կարգին տարա՞ր գոնե…
ՆՈՐՈ — Հա, ոնց ասիր՝ հավեսով, կարգին, ապահով տարա:
ՎԱՐՈ — Ապրես:
ՆՈՐՈ — Ու համ էլ էկա:
ՎԱՐՈ — Դե, մի բաժակ խմի, թարմացի:
ՆՈՐՈ — Դու ասես՝ ես չխմե՞մ: Բայց ի՞նչ խմեմ:
ՎԱՐՈ — Հես ա կբերեն:
ՀՈՒՍԻԿ — (երգում է): «Ախ իմ սև բախտ, քեզ ինչ արի»…
ՄՈՍՈ — Հարբեց, ախպեր:
ՄԻՀՐԱՆ — Բառաչը քիչ էր, հիմա էլ երգում է:
ՀՈՒՍԻԿ — Մեռնում եմ անմխիթար, այս աշխարհում դաժան, ու չհանդիպեց այդպես էլ, գեթ մեկ գթասիրտ մարդ: «Վախ, իմ սև բախտ…»:
ՎԱՐՈ — Նորո, մի բան արա, սրա ձենը էլ չլսեմ:
ՆՈՐՈ — Ի՞նչ անեմ, մեռնեմ կյանքիդ:
ՎԱՐՈ — Էդ էլ ես ասե՞մ, թիկնապահ ե՞ս, թե՞ մեխի գլուխ:
ՆՈՐՈ — Մեխի գլուխ, ցավդ տանեմ… Վայ չէ, ուզեցի ասեմ՝ թիկնապահ:
ՎԱՐՈ — Դե, մի բան արա:
ՆՈՐՈ — Հաշվի՝ արած: (Մոտենում է՝ գնդակահարում Հուսիկին:) Ըհը, էլ ձեն չի հանի, միանշանակ, պրծ:
ՄՈՍՈ — Էս ի՞նչ արիր:
ՆՈՐՈ — Սենց լավ ա, Մոսո ձաձա, դու չգիտես, մի էրկու ժամից մեկ ա՝ վարի էր էթալու, մուֆթա տանջվում էր խեղճը:
ՄԻՀՐԱՆ — Պարզվում է՝ բարեգործ է մեր Նորայրը:
ՆՈՐՈ — Կարմիր խաչի պես, չէ՞:
ՄՈՍՈ — (ծիծաղելով): Էս ի՞նչ տիպ ա էս Նորոն, ախպեր, սրան որդո՞ւց ես ճարել, մի հատ էլ սրանից ինձ ճարի, էլի, Վարո՛:
ՆՈՐՈ — Բայց խի՞, թողեի՝ Փարսադանիչիս վերջի օրը հարամե՞ր բեսը:
ՎԱՐՈ — Դե լավ, գնա, Նորիկ ջան, ապրես, գնա:
ՆՈՐՈ — Գնամ, հարց չի: Բայց…
ՎԱՐՈ — Ասա:
ՆՈՐՈ — Ախր, ոնց ասեմ, է…
ՎԱՐՈ — Դե, մի ասա:
ՆՈՐՈ — Չէ բայց ասեմ, էլի:
ՎԱՐՈ — Դե պրծի, ձևեր մի թափի, չեմ սիրում:
ՆՈՐՈ — Լավ, ասում եմ: Ես մի մեծ երազանք ունեմ, շեֆ ջան:
ՎԱՐՈ — Չէ հա:
ՆՈՐՈ — Հա: Իմ մանկության երազանքն ա, մանկուց եմ տեսնում, էլի: Ու դու, շեֆ ջան, մատաղ քեզ, մեռնեմ սրտիդ ու ջիգյարիդ, պլոճիկ¬մլոճիկիդ, խուճուճ¬մուճուճիդ, էն սիրուն…
ՎԱՐՈ — Ստո՛պ:
ՆՈՐՈ — Դու էսօր կարաս իմ երազանքը ռեալիզացնես՝ դնես դեմս:
ՎԱՐՈ — Կարա՞մ որ…
ՆՈՐՈ — Կարաս, ցավդ տանեմ: (Ծնկի է իջնում Վարոյի առաջ:) Կարաս:
ՄՈՍՈ — Պրծի, Նորո, էդքան ժամանակ չունենք, էն անտերը խրած գալիս ա:
ՆՈՐՈ — Լավ, ասում եմ: Փարսադանիչ ջան, մի միլիոն կանաչով՝ իմ կյանքի երազանքն ա, սաղ չոտկի հաշվել եմ, մի հատ Ռենջ, Այգեձորում մի հատ առանձնատուն, Ձորաղբյուրում մի հատ դաչա…
ՄՈՍՈ — Միլիոնդ պրծավ, ախպեր:
ՆՈՐՈ — Հա՞… Չէ, Փարսադանիչ ջան, երևի՝ միլիոն ու կես… հա, հաշվեմ՝ նայի, ուրեմս…
ՎԱՐՈ — Էէէ, կյանքդ մի պատմի, մեկ ու կես ասի՞ր:
ՆՈՐՈ — Հա, էլի, մեկ ու կես, էրկու… Դե, դու շատ ունես, հիմա էլ ինչի՞դ ա:
ՎԱՐՈ — Բայց քո՞ւ ինչիդ ա, այ դմբո:
ՆՈՐՈ — Ըտենց մի ասա, շեֆ, իմ վարդագույն երազանքը մի փչացրա, մեծություն:
ՎԱՐՈ — Չեմ փչացնում, բայց ինչի՞դ ա:
ՆՈՐՈ — Դու տուր, ես գիտեմ:
ՎԱՐՈ — Տամ, բան չեմ ասում, բայց հիմա բաց բանկ չկա, ո՞նց եմ տալի:
ՆՈՐՈ — Վայ քու, արա, էտի մտքովս չէր անցել… Տանը չունե՞ս, վռազ թռնենք՝ վերցենք:
ՎԱՐՈ — Հիմա ո՞վ ա տանը փող պահում, այ տղա, ո՞ր դարն ա:
ՄԻՀՐԱՆ — Վերջին:
ՆՈՐՈ — Վախ, մորս արև… Բա ի՞նչ անենք:
ՎԱՐՈ — Կարամ չեկ գրեմ, բայց կմնա թղթի վրա, ոչ ոք քեզ փող չի տա դրա դիմաց:
ՆՈՐՈ — Դու գրի, ցավդ տանեմ, գրի, կարող ա համոզեմ, տան:
ՄՈՍՈ — Լրիվ բութ ա էս տղեն:
ՎԱՐՈ — Այ դդում, չորս կողմդ նայի, ո՞ւմ համոզես, որտե՞ղ:
ՆՈՐՈ — Լավ, չհամոզեմ՝ չհամոզեմ, բայց հո՞ կիմանամ՝ որպես միլիոնատեր եմ գնում էս փուչ աշխարհից: Էտի քիչ չի: Կասեն՝ ողորմի միլիոնատեր Նորոյին:
ՎԱՐՈ — Ո՞վ ասի:
ՆՈՐՈ — Դե, ո՞վ՝ ով…
ՄԻՀՐԱՆ — Լավ, Վարազդատ, տուր, թող կատարվի տղայի երազանքը, ինչպես ասում են՝ բարին արա՝ ջուրը գցիր, մի տեղ կգա դեմդ:
ՎԱՐՈ — Էն աշխարում, չէ՞… Դու էլ ես սրա խելքին, հորս արև: Լավ, տամ, ինչի չտա՞մ որ: Ասիր՝ մեկ ու կե՞ս…
ՆՈՐՈ — Դե, որ էրկու գրես՝ լավ կլնի, էլի, մեծություն:
ՎԱՐՈ — Գրեմ՝ էրկու:
ՆՈՐՈ — Հա, էլի, գրի, էլի: Դոլարային հաշիվ ունես, չէ՞, մեռնեմ ձեռիդ:
ՎԱՐՈ — Ձեռ ա առնում:
ՆՈՐՈ — Չէ, ցավդ տանեմ, բա ես ինձ թույլ կտա՞մ, պրոստը ուզում եմ սաղ չոտկի ըլնի, էլի: Մի քիչ շուտ գրի, հոգուդ մեռնեմ, շուտ գրի, որ երկար վայելեմ:
ՎԱՐՈ — (հանում է չեկի գրքույկը, գրում): Ըհը, էրկու… (Կնիքը գրպանից հանում՝ կնքում է:) Առ, բարով վայելես:
ՆՈՐՈ — Սաղ չոտկի ա, չէ՞, շեֆ ջան, ստորագրություն, պեչատ…
ՎԱՐՈ — Բա չէ, կեղծ ա:
ՆՈՐՈ — (վերցնելով): Աստված քեզ երկար կյանք տա:
ՎԱՐՈ — Էշ¬էշ դուս մի տու, վերց՝ գնա:
ՄՈՍՈ — Աստված… Ի՞նչ աստված, աստծու էն…
ՄԻՀՐԱՆ — Չհայհոյես:
ՄՈՍՈ — Ինչի՞ որ, է՞լ ինչից ես վախում:
ՄԻՀՐԱՆ — Համենայնդեպս:
ՄՈՍՈ — Այ քու շոպլիկ… Էն դպրոցական հասակից ըտենց էիր, մեռար մեզ դասատուներին ծախելով:
ՄԻՀՐԱՆ — Անհարկի զրույցներ ես վարում, Մովսես, մի հատ էլ մանկապարտեզը հիշիր:
ՄՈՍՈ — Պետք էղավ՝ կհիշեմ: Հիշե՞մ…
ՎԱՐՈ — Վերջ տվեք, Նորոյիս երջանկությունը չհարամեք, կատարվեց իրա երկնագույն երազանքը:
ՆՈՐՈ — Վարդագույն, շեֆ, ի՛:
ՄԻՀՐԱՆ — Եկեք խմենք մեր նորընծա միլիոնատիրոջ համար:
ՄՈՍՈ — Սաղ ըլնես, ջոջգլուխ: Էս ո՞ւր, արա:
ՆՈՐՈ — (գնալով): Բանկ, էլ ո՞ւր:
ՎԱՐՈ — Ի՞նչ բանկ, այ տղա, ուշքի արի:
ՆՈՐՈ — Պահակ¬մահակ կլնի, միլիցա¬բան, զաստավիտով փողս կառնեմ: Շուտ կգամ, շեֆ ջան, չվախես, բան ասող էղավ, ասա՝ հես ա Նորոն կգա՝ սաղիդ ականջները կկտրա: (Դուրս է գալիս:)
ՎԱՐՈ — Հայվան գյադա: Էս խա՞շն ինչ էղավ:
ՄՈՍՈ — Արա Ալբե՛րթ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Եկա, եկա: (Խաշը բերելով:) Պահ¬պահ¬պահ… Այսպիսի խաշ կերած չեք լինի:
ՎԱՐՈ — Մարդուս մահը իրան խաշ ուտելուց պիտի բռնացնի, որ նախանձից սատկի:
ՄԻՀՐԱՆ — Հայավարի ապրել ենք, հայավարի կմեռնենք:
ՄՈՍՈ — Մտքովս գիդա՞ք ինչ անցավ, տղերք:
ՎԱՐՈ — Հը՞:
ՄՈՍՈ — Մի հատ չպարե՞նք էն մեր պարը, պարենք, ու թող մեր չուզողի աչքը դուս գա:
ՎԱՐՈ — Պարում ենք, գնաց, մուզիկա՛:
Երաժշտություն: Պարում են, յուրաքանչյուրի բնույթն իր շարժումներում դրսևորվում է: Մատուցողն է միանում պարին:
ՄՈՍՈ — Թու քու, արա, սաղ հարամեց: (Դադարեցնում է պարը:)
ՄԻՀՐԱՆ — Լավ դե, թող տղան ուրախանա վերջին անգամ, մարդ է, էլի, ի՞նչ է եղել:
ՎԱՐՈ — Էրկուսով պարեք, լավ էլ սազում եք իրար: (Նստում է:)
ՄԱՏՈՒՑՈՂ — Չէ, սա Եվրոպան չի… Թողնելու եմ՝ գնամ Հոլանդիա, սա երկիր չի, այս երկիրն ինձ արժանի չի: (Գնում է:)
ՄՈՍՈ — Բերեք, բերեք խմենք մեր կենացը, մեր անցած¬գնացած օրերի կենացը, մեր ապրած¬չապրածի, մեր բոբիկ մանկության… (Լաց է լինում:)
ՎԱՐՈ — Քեզ ձգի, ախպեր, ամոթ ա, Մոսո՛, Մոսո ջան… Այ Մոսո ջան, ախր սենց ո՞նց կլնի, է’, էսի ըլնելու բան ա՞, որ ըլնում ա մեր գլխին… (Լաց է լինում:)
ՄԻՀՐԱՆ — Էհ, տղաներ… ո՞ւմ մտքով կանցներ: (Հեծկլտում է:) Բա իմ ապագան, իմ ծրագրերը… Գարնանն ուզում էի Դուբայ գնալ, ամռանն ուզում էի սեփական նոտարական օֆիս բացել, աշնանն ուզում էի ամուսնանալ… Էհ… (Լաց է լինում:)
Երեքով, իրար գրկած, լաց են լինում:
ՎԱՐՈ — (սթափվելով): Լավ, տղերք, դուխներդ տեղը պահեք, հազար աչք կա վրներս, թշնամի չուրախացնենք: Խաշ ենք ուտում, դավայ: Լավաշները գցեք գլխներիդ:
Լավաշներով գլուխները ծածկում են՝ ուտում:
ՑՆՑՈՏԻԱՎՈՐ — (անցնելով): Գիշատիչների ընթրիք: Խժռեք, շնագայլեր, խժռեք, բան չմնաց, շուտով ձե՛զ կխժռեն գեհենում…
ՎԱՐՈ — Նորո՛:
ՄԻՀՐԱՆ — Նորոն բանկերի դռներն է մաշում:
ՑՆՑՈՏԻԱՎՈՐ — Քիչ խժռեիք, գուցե աստված չպատժեր…
ՄՈՍՈ — Արի, դու էլ կեր, գոնե վերջի անգամ կուշտփոր կեր, արի, բիձա, մի փնթփնթա, փնթփնթալու համար էլ ա պատիժ հասնում:
ՑՆՑՈՏԻԱՎՈՐ — Այդ էր պակաս՝ ես ձեր հացն ուտեմ: Ապաշխարեք, գիշատիչներ, ապաշխարեք, մեղսավորներ, քանզի մոտ է ժամը հատուցման:
ՄԻՀՐԱՆ — Բայց չէ՞ որ ասված է՝ եթե քաղաքում գոնե մեկ իսկական հավատավոր կա՝ Տերը կփրկի այդ քաղաքը:
ՑՆՑՈՏԻԱՎՈՐ — Հավատավորներն այլևս ի զորու չեն հավասարակշռելու ձեր մեղքերը, իժեր:
ՄԻՀՐԱՆ — Գուցե դո՞ւ էլ մեղքեր ունես, խոստովանիր, ասված է՝ ով անմեղ է, թող նա՛ առաջինը գցի իր քարը: Դու պատրա՞ստ ես քար գցելու:
ՑՆՑՈՏԻԱՎՈՐ — Այստեղ քար չկա, բայց կարող եմ շշով խփել:
ՎԱՐՈ — Քեզ հավքի՝ ստից ռադ էղի, այ բոմժ, արագացրու, չկրկնեմ:
ՑՆՑՈՏԻԱՎՈՐ — Այ, այդպես կվախենաք: (Հեռանում է:) Ապաշխարեք, ապաշխարեք, իժի ծնունդներ…
ՄՈՍՈ — Վերջի օրով հարամ պիտի անեն, էս ինչ չուզող են, արա: Էս խաշն էլ ջրիկ ա ոնց որ: Ասա՝ հիմա էլ ե՞ք քծիպություն անում, կարգին խաշ տվեք, հո հետներդ չե՞ք տանելու:
ՄԻՀՐԱՆ — Պրոֆեսիոնալներ են, Մովսես, ձեռքի չափ ունեն, հո հանուն աշխարհի ավարտի չե՞ն խախտելու իրենց կարգը:
ՄՈՍՈ — Կարգ ասիր՝ հիշեցի, բերեք խմենք ծնողների կենացը:
ՎԱՐՈ — Ապրես, Մոսո ջան: Վերջը՝ վերջ, բայց հարգանքը՝ հարգանք, մենք ծնողի հարգը իմացող տղերք ենք: Ծնողների կենացը:
ՄԻՀՐԱՆ — Այո, ծնողաց համար: Ով ողջ է՝ երկար կյանք…
ՄՈՍՈ — Չստացվավ: Դու էլ բան մի ասա, Միհրան, պրոստը խմի: (Խմում են:) Մի հատ զանգեմ հորս, տենամ՝ ինչ հալի ա հալիվորը: (Զանգում է:) Անջատել են հեռախոսը: Ձերն է՞լ:
ՎԱՐՈ — (փորձելով): Հա, անջատած ա:
ՄԻՀՐԱՆ — (իր հեռախոսը փորձելով): Կապ չկա այլևս, վերջ:
Գալիս է Սարիկը:
ՎԱՐՈ — Սարիբե՞կ, լուսը քեզ տեսնողին… Ինչի՞ էկար, այ տղա, ախպերությանդ հետ բաղնիք էիր գնացել՝ մնայիր, էլի:
ՍԱՐԻԿ — Լուսերն անջատին, կապն անջատին, տղերքը ցրվան տներով, ես էլ, ինչ մեղքս թաքցնեմ, նշանածիս կարոտեցի, ասի՝ մի հատ տենամ վերջի անգամ, էն էլ…
ՎԱՐՈ — Էն էլ՝ ի՞նչ:
ՍԱՐԻԿ — Ի՞նչ պտի: Բարում ասին՝ էն կողքի սենյակում ա, մտա, տենամ՝ երակները լրիվ փրթած, արունի մեջ պառկած ա Նանես:
ՎԱՐՈ — Քո աչքով տեսա՞ր:
ՍԱՐԻԿ — Հա, ձեռ էլ տվի՝ սառած էր արդեն: Բայց խի՞ ա մտել էդ սենյակը, այ հեր, խի՞ նշանածիս լավ չես նայել:
ՎԱՐՈ — Քամակից կպած ման գայի՞… Մնայիր՝ ինքդ նայեիր: Ասում ես՝ սառած է՞ր:
ՍԱՐԻԿ — Հա: Մեռած ա նշանածս, ըտենց էլ չհասցրի ընտանիք կազմեմ:
ՎԱՐՈ — Վրեն սավան գցեցի՞ր գոնե:
ՍԱՐԻԿ — Հա, գցել եմ: (Դեպի երկինք:) Բա էս արդարացի ա՞, բիձեքին փակում ես՝ փակի, ջահելների՞ն խի ես փակում:
ՄՈՍՈ — Բիձեքն էլ մենք ենք, հա՞:
ՍԱՐԻԿ — Դե, տենց ա ստացվում, էլի:
ՎԱՐՈ — Դու գնա, Սարիբեկ:
ՍԱՐԻԿ — Ո՞ւր գնամ:
ՎԱՐՈ — Գնա… Տուն գնա:
ՍԱՐԻԿ — Տունը ի՞նչ ունեմ անելու, է’:
ՎԱՐՈ — Մորդ մոտ գնա… Մերդ մենակ ա, մոտն էղի:
ՍԱՐԻԿ — Բա դո՞ւ:
ՎԱՐՈ — Ես կգամ, հետո: Դե գնա՝ ասեցի: Սպասի, էն էրեխու վրա սավան գցի մի հատ:
ՍԱՐԻԿ — Դե ասինք՝ գցել եմ, էլի: (Գնալով:) Իջնում եմ բար, տուն գնացող չկա:
Սարիկը հեռանում է:
ՄՈՍՈ — Ի՞նչ ես սառել, Վարո, լինելիքը էղավ, դու ի՞նչ մեղք ունես:
ՄԻՀՐԱՆ — Այո, փաստորեն ինքն իրեն փրկեց աղջիկը:
ՎԱՐՈ — Չդիմացավ արմագեդոնի սարսափին: Պիտի մնայի մոտը… Բայց քնեց ոնց որ, ես էլ ասի՝ չխանգարեմ…
ՄԻՀՐԱՆ — Քեզ իզուր մի տանջի, Վարազդատ, հեշտ չէր, նուրբ աղջիկ էր, մատաղ հոգի, չդիմացավ արհավիրքի սպասումին: Էհ, ողորմի: (Խմում է:)
Ցնցոտիավորը ետ է գալիս:
ՄՈՍՈ — Էլի էկա՞ր, այ բոմժ:
ՑՆՑՈՏԻԱՎՈՐ — Ձեր հոգու փրկության համար եմ գալիս, անաստվածներ, այլասերվածներ, ապաշխարեք, կատարվում է Հովնանի հայտնությունը, ոչ ոք չի փրկվելու:
ՄԻՀՐԱՆ — Եթե ոչ ոք չի փրկվելու, էլ ի՞նչ իմաստ ապաշխարելուց:
ՑՆՑՈՏԻԱՎՈՐ — Կարճ է միտքդ, մարդ, ճարպակալած է, քանզի ուտել¬խմելուն ես տվել քեզ, այստեղ ոչ ոք չի փրկվի, դուք այնտեղի փրկության մասին հոգացեք, ձեր մարմինը կմնա այս մեղսավոր աշխարհում, իսկ հոգին կգնա Տիրոջ դատաստանին:
ՄՈՍՈ — Էդ ո՞վ ա քեզ ըտենց տոչնի¬տոչնի զեկուցում, այ բոմժ, կարող ա՞ մեզնից լավ տղա ես, ինձ, օրինակ, ոչ ոք ոչինչ չի ասում:
ՑՆՑՈՏԻԱՎՈՐ — Որովհետև դու քեզ փակել ես երկինքների առաջ:
ՄՈՍՈ — Էդ ո՞նց եմ փակել, է՛:
ՑՆՑՈՏԻԱՎՈՐ — (Վարոյին): Ագահությամբ, ընչաքաղցությամբ, շահամոլությամբ, անխղճությամբ, գոռոզությամբ…
ՎԱՐՈ — Մի բառ էլ ասես՝ կսպանեմ:
ՑՆՑՈՏԻԱՎՈՐ — Այլասերվածությամբ…
ՎԱՐՈ — Վերջ, համբերությունս հատավ:
ՑՆՑՈՏԻԱՎՈՐ — Ապաշխարիր, մեղքերի մեջ թաղված մարդ, մոտ է հատուցումը:
ՎԱՐՈ — (բռնելով նրա կոկորդը): Ձենդ կկտրե՞ս, արա, թե՞ ես կտրեմ:
ՑՆՑՈՏԻԱՎՈՐ — (խեղդվելով): Աստծո պատիժը ուր որ է՝ թափվելու է գլխիդ, իժ:
ՄԻՀՐԱՆ — Թող, Վարազդատ, կխեղդես:
ՎԱՐՈ — Հա, հենց էլ խեղդում եմ, բա կարծում ես՝ հանաք եմ անո՞ւմ հետը:
ՄՈՍՈ — Տո, դե ճիշտ էլ անում ես, խեղդի՝ պրծնենք, կուզե՞ս օգնեմ:
ՎԱՐՈ — Ուշ ա: (Թողնում է Ցնցոտիավորին:)
Ցնցոտիավորը փլվում է հատակին:
ՎԱՐՈ — Նորո՛: Չկա Նորոն, թռած ա: Մոսո՛, օգնի:
Քարշ են տալիս դիակը, պառկեցնում Հուսիկի կողքը:
ՎԱՐՈ — Նայում են: Սրանց աչքերը փակի, ապեր:
ՄՈՍՈ — Ես մեռելից վախում եմ, Վարո, դու փակի:
ՎԱՐՈ — Ամեն ինչ ես եմ անելո՞ւ: Միհրան, մի հատ քեզ նեղություն տուր:
ՄԻՀՐԱՆ — Ե՞ս…
ՎԱՐՈ — Հա, դու, թե՞ մենակ նոտարական թղթեր կարաս պեչատես, կարող ա՞ պատիվդ չի ներում:
ՄԻՀՐԱՆ — Ներում է, լիովին: (Պոկում է վարագույրը, ծածկում դիակները:) Խնդրեմ: Ինչ էլ սիրուն մեկնվել են միմյանց մերձ:
ՄՈՍՈ — Ողորմի ջխտին: (Խմում է:)
ՄԻՀՐԱՆ — Փրկվեցին: (Խմում է:)
ՎԱՐՈ — (լուռ խմում է): Արաղը պրծավ, արաղ բերեք, է՜:
ՄՈՍՈ — Ճիշտ որ, պրծցրինք: Օֆիցյա՛նտ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Բերում եմ, բերում եմ: (Օղին դնում է սեղանին:) Անուշ արեք:
ՄՈՍՈ — Ապրես: Մանրից դուրըս գալիս ես, գիտե՞ս:
ՄԱՏՈՒՑՈՂ — Լուրջ եք ասո՞ւմ, Մովսես:
ՄՈՍՈ — Չդնե՞նք, սրան իրեքով բռնաբարենք, լավություն ա, էլի, անենք, գցենք ջուրը, կարող ա վերևում հաշվի առնեն: (Հռհռում է:)
ՎԱՐՈ — Հարբեցիր, արա:
ՄՈՍՈ — Վարո, բայց մեջդ հեչ մարդասիրություն չկա, էն քրջոտը դուզ էր ասում:
ՎԱՐՈ — Դու էլ մի խմի, հա՞, Մոսո:
ՄՈՍՈ — Լավ, հանաք արի, ախպեր, լուրջ մի ընդունի:
ՄԱՏՈՒՑՈՂ — Հիմա ի՞նչ եք ասում:
ՎԱՐՈ — Գնա, գնա, դավայ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ուֆ… (Գնում է:)
ՄՈՍՈ — Հո չխանդեցի՞ր, Միհրան ախպեր:
ՄԻՀՐԱՆ — Գռեհկանում ես, Մովսես:
ՄՈՍՈ — Ի՛… Հաբրգում ե՞ս, այ տղա, աշխարհի վերջը դուխ ա տալի՞: Կպատժեմ, հա՛, նայի տես:
ՎԱՐՈ — Մի հատ սուս: (Ուշադիր լսում է:) Լսեցի՞ք:
ՄԻՀՐԱՆ — Ի՞նչը:
ՎԱՐՈ — Էն ի՞նչ ձեն ա… Հուսիկն ա տնքում ոնց որ, հը՞… Միհրան, մի հատ նայի, աչքիս Նորոն փուստ ա տվել:
ՄՈՍՈ — Այ Վարո ջան, Նորոն փուստ տվող չի, ականջդ ձեն ա տալի:
ՎԱՐՈ — Ինձ գժի տեղ ես դնո՞ւմ, ասում եմ՝ տնքում ա… Ըհը, չլսա՞ք… Գնացեք տեսեք մի հատ:
ՄՈՍՈ — Դավայ, Միրո:
ՄԻՀՐԱՆ — Բայց ինչո՞ւ նորից ես:
ՄՈՍՈ — Իմ ոտը ցավում ա, դու գնա:
ՄԻՀՐԱՆ — (ստուգում է): Խաղաղ քնած են հավերժական քնով:
ՄՈՍՈ — Էն բոմժը հիմա ընդեղ ա, ստուկաչություն ա անում մեր վրով:
ՎԱՐՈ — Միհրան, լավ նայեցի՞ր, հաստա՞տ մեռած են:
ՄԻՀՐԱՆ — Առավել մեռած լինել հնարավոր չի: Փարսադանիչ, սիրելիս, իմաստնությամբ մոտեցիր խնդրին, դու փաստորեն լավություն ես արել, փրկել ես նրանց, դու փրկիչ ես:
ՄՈՍՈ — Հա, փրկիչ ես, ախպեր, էտի հաստատ ա:
ՄԻՀՐԱՆ — Ահա, Մովսեսն էլ նույն կարծիքին է: Քեզ ամենևին մեղավոր մի զգա, Վարազդատ:
ՎԱՐՈ — Չեմ էլ զգում:
ՄԻՀՐԱՆ — Իհարկե, նրանք արդեն այնտեղ են, իսկ մենք, ո՞վ գիտի, դեռ ինչ կտտանքների ու լլկանքների ենք ենթարկվելու:
ՄՈՍՈ — Արա, դե հայերեն խոսա, հասկնանք, էլի:
ՄԻՀՐԱՆ — Եկեք խաշ ուտենք վերջապես, սառեց:
Երեքով սևեռված ուտում են:
ՄՈՍՈ — Ընենց ենք վրա տվել, ոնց որ աշխարհի վերջն ըլի, ախպեր: (Ծիծաղ:)
ՄԻՀՐԱՆ — (բաժակը վերցնելով): Խմենք: Եվ մի վհատվեք, բարեկամներս, ասենք՝ մի քսան տարի հետո լիներ, ի՞նչ էր փոխվելու, քսան տարի հետո, թե այսօր՝ մեծ տարբերություն չկա:
ՄՈՍՈ — Կա: Հլա հաշվի՝ քանի՞ սենց խաշ¬խորոված կուտեինք քսան տարում, բա էտի հաշիվ չի՞:
ՄԻՀՐԱՆ — Այդ մեկը՝ հա, համաձայն եմ:
ՄՈՍՈ — Բա քանի նանար կսիրեի՞նք:
ՄԻՀՐԱՆ — Այո, բայց դե, աշխարհի ամբողջ խաշը չես ուտի և բոլոր կանանց էլ չես սիրի, մեկ է:
ՄՈՍՈ — Կուզե՞ս էս մեկն էլ չուտենք, ըհը: (Հրում է ափսեն:) Դո՞ւ ինչ կասես, Վարո ախպեր:
ՎԱՐՈ — Եսիմ: Մի կողմից մտածում եմ՝ պիտի բիձայանայինք, ընկնեինք տեղաշոր, տակներս, ամոթ ա ասել… լավ չի՞ էսպես առողջ, առույգ…
ՄՈՍՈ — Լավ չի:
ՄԻՀՐԱՆ — Լավ չի:
ՎԱՐՈ — Հա, լավ չի: Ողորմի սաղիս: (Խմում է:)
ՄՈՍՈ — Օֆ¬օֆ¬օֆ, տեր, չկարցար կարգին տեր կայնես, էլի, դուխդ չհերիքեց, ընգեր:
Խմում են: Գալիս է Տիրանը:
ՏԻՐԱՆ — Բարև ձեզ:
ՄՈՍՈ — Էս ո՞վ էր էս նեղ մաջալին… Հլա լուսի տակ արի՝ տենանք, ախպերացու:
ՄԻՀՐԱՆ — Բարև ձեզ:
ՎԱՐՈ — Ի՞նչ կա, բան ա՞ պետք:
ՏԻՐԱՆ — Պետք է: Բարի ախորժակ:
ՄՈՍՈ — Մերսի: Ո՞վ ես:
ՏԻՐԱՆ — Տիրանն եմ:
ՎԱՐՈ — Հետո՞:
ՏԻՐԱՆ — Պարոն Արամ Մատինյանի տեղակալն եմ:
ՎԱՐՈ — Որ տեղակալ ես, էդ լավ ա, բայց էդ պարոն Մատինյան Արամն ո՞վ ա:
ՏԻՐԱՆ — Ձեր խնամին, Վարազդատ Փարսադանիչը դուք եք երևի, չէ՞…
ՎԱՐՈ — Էրևում ա՞:
ՏԻՐԱՆ — Այո: Պարոն Վարազդատ, ինձ ձեր խնամի Արամն է ուղարկել:
ՎԱՐՈ — Հա, բայց էդ խնամի ասվածն էրեգ էր, էսօր էլ ի՞նչ խնամի, սկեսուր¬սկեսար, տալ¬բաջանաղ¬ բան… պրծավ, հիմա բոլորը պոտենցիալ դիակ են, աշխարի վերջն ա, արմագեդոն, չես լսե՞լ:
ՏԻՐԱՆ — Հենց այդ առիթով եմ եկել:
ՄԻՀՐԱՆ — Հրաշալի առիթ է, բան չունեմ ասելու:
ՏԻՐԱՆ — Պարոն Արամը շատ էր զբաղված, ի՛նձ ուղարկեց: Փորձում ենք Մատենադարանի գրքերը փրկել, վճռված է՝ տանել խոր հանքահորերը, այնտեղ պահել:
ՄՈՍՈ — Չհասկացա, մենք գանք՝ գիրք կրե՞նք էս ազիզ օրով:
ՏԻՐԱՆ — Չէ, շնորհակալ ենք…
ՄՈՍՈ — Չարժի:
ՏԻՐԱՆ — Կրող կա, ահագին կամավոր է հավաքվել Մատենադարանի մոտ:
ՎԱՐՈ — Ինչքան խելառ կա էս երկրում, հորս արև, հետո ասում են՝ երկիրն առաջընթաց չունի, օլիգարխներն են մեղավոր, էսքան խելառ վրեն՝ ո՞նց առաջնթաց կունենա, խեղճ օլիգարխն ի՞նչ անի…
ՄՈՍՈ — Էդ ասա:
ՄԻՀՐԱՆ — Լավ, իսկ մեզնից ի՞նչ եք ուզում, պարոն Տիրան:
ՄՈՍՈ — Փող տա՞նք, սպոնսոր կանգնե՞նք:
ՏԻՐԱՆ — Ոչ, ի՞նչ փող, փողն այլևս անուժ է:
ՄՈՍՈ — Ո՞վ կմտածեր, հը՞, Վարո, ո՞ւմ մտքով կանցներ, որ մի օր փողը էլ ոչ ոքու պետք չի ըլնի: Վայ, մորս արև, իսկականից որ՝ վերջն ա:
ՎԱՐՈ — Սպասի, տեսնենք՝ մեր խնամին ինչ ա ուզում մեզնից: (Տիրանին.) Շուտ¬շուտ խոսի, ժամանակ չկա:
ՄԻՀՐԱՆ — Այո, ժամանակը, ցավոք, ավարտին է մոտենում, ժամանակի աստված Քրոնոսը փակում է մեր մոլորակի իր օֆիսը:
ՏԻՐԱՆ — Մեքենաներ են պետք, բեռնատար, գրքերը տեղափոխելու համար, արդեն հավաքել ենք, եթե արագ բարձենք¬տեղափոխենք, գուցե հասցնենք: Արամն ասաց, դուք շինկազմակերպություն ունեք, բեռնատար մեքենաների պարկ:
ՎԱՐՈ — Ունեմ, ամեն ինչ էլ ունեմ:
ՄՈՍՈ — Ես էլ ունեմ, հա, հետո ի՞նչ:
ՄԻՀՐԱՆ — Ենթադրենք հասցրիք, տարաք, հորեցիք, բայց վստա՞հ եք, որ կփրկվեն:
ՏԻՐԱՆ — Վստահ չենք, իհարկե, ո՞նց վստահ կլինենք, բայց եթե մեկ տոկոսի հույս էլ կա, պետք է փորձել, մեկ էլ տեսար՝ պահպանվեցին:
ՄԻՀՐԱՆ — Մեկ էլ տեսար:
ՏԻՐԱՆ — Այո: Եվ երբ այս մոլորակի վրա նորից կյանք ստեղծվի, քաղաքակրթություն սկզբնավորվի, մարդիկ հանկարծ կգտնեն մեր գրքերը, պատկերացնո՞ւմ եք… Պատկերացնո՞ւմ եք՝ որքան օգնած կլինենք նոր կյանքին, մեր պատմությունը, մեր փորձը գրքերի միջոցով կփոխանցվի իրենց…
ՄՈՍՈ — Վայ, մորս արև, մենք ստե վարի ենք էթում, դուք մտածում եք՝ էգուց¬էլօր թազա մարդ ա գալու, նստի՝ գիրք կարդա… Տո գա էլ, գնա էլ, մեզ էտի քորում ա՞… Խնդալու բաներ ես ասում, ընգեր:
ՎԱՐՈ — Ոնց գցում¬բռնում եմ՝ լինելիք բան չի, ախպերս, ինքդ ես ասում՝ փողն անուժ է, հիմա ես ո՞ւմ համոզեմ, ասեմ՝ մուֆթա նստի ռուլին, քշի՝ գիրք տար¬բեր էս վերջի օրով, մարդիկ տուն¬տեղ ունեն, ծնող¬էրեխա ունեն…
ՏԻՐԱՆ — Դե, գուցե մեկը¬երկուսը գիտակցեն, համաձայնվեն:
ՄՈՍՈ — Դուք խփնված եք, ընգեր, հորս արև: Ինձ լսի՝ թարգի էդ գրքի գործը:
ՄԻՀՐԱՆ — Չէ, մենք, իհարկե, գիտակցում ենք գրքերի կարևորությունը, անշուշտ, սակայն իրատես լինենք, հարգելիս, մանկական խաղ է ձեր այդ ձեռնարկը: Ձեզ թվում է՝ աշխարհը կործանող գիսաստղը գրքերը կխնայի՞… Այրվելու է ամեն բան, քարերը նույնիսկ, և ամեն բան մոխիր է դառնալու:
ՄՈՍՈ — Էն ո՞նց էր, էն հրեշտակը, բանը…
ՄԻՀՐԱՆ — Փող հնչեցրեց նաև հինգերորդ հրեշտակը՝ կասեր տեր հայրը…
ՄՈՍՈ — Տենաս ինչ բանի ա հիմա մեր տերտերը, ում գլխին ա քարոզ կարդում:
ՎԱՐՈ — Հիմա երևի իրա գլխին են քարոզ կարդում:
ՄՈՍՈ — Կամ էլ թռել ա տուն, կնգա փեշի տակ:
ՎԱՐՈ — Էնի կնիկ չունի, սուրբ ա:
ՄՈՍՈ — Կունենա, ախպեր, միամիտ չլնես:
ՏԻՐԱՆ — Մի շեղվեք, խնդրում եմ:
ՄՈՍՈ — Չէ, անհույս ա էս մեր ախպերը: Արի, արի մեր հետ խաշ կեր, արաղ խմի, էդ սուտի բաները թարգի, արի:
ՏԻՐԱՆ — Ի՞նչ խաշ՝ այս օրհասական ժամին:
ՄՈՍՈ — Պահ, ոնց կլներ… Դե, գնա, գիրք կրի այս օրհասական ժամին:
ՏԻՐԱՆ — Լավ, վարորդները չկան, բայց դուք կարո՞ղ եք բեռնատարները ավտոպարկից հանել:
ՄՈՍՈ — Ոնց… Ես ու Վարոն քշե՞նք… Դու հասկանում ե՞ս՝ ում հետ ես խոսում, ընգեր, թե՞ գիդաս մենք էլ ձեր խելքին ենք:
ՏԻՐԱՆ — Գնամ, պարոն Արամին ասեմ՝ հրաժարվեցի՞ք:
ՎԱՐՈ — Գնա էլ, ասա էլ, վախեցրիր քու Արամով. էնի քու համար ա աֆտարիտետ, մեր համար՝ հեչ, էղած¬չեղած:
ՏԻՐԱՆ — Բայց ինձ թվում է՝ դուք լավ չպատկերացրիք իրավիճակը, գուցե ես լավ չբացատրեցի…
ՄՈՍՈ — Նորից չսկսես:
ՄԻՀՐԱՆ — Հասկացել ենք, երիտասարդ, ամեն բան լավ հասկացել ենք:
ՏԻՐԱՆ — Պարզ է: Դե, ձեզ բարի ախորժակ, կուշտ զխկտվեք վերջից առաջ, հանկարծ սոված չգնաք վերին ատյան, չեն ընդունի: (Գնում է:)
ՄՈՍՈ — Ի՛, հլա ստոպ, արա, էդ ո՞ւմ ասիր… (Ուզում է գնալ ետևից:)
ՎԱՐՈ — Սպասի, Մոսո, թող, ամեն ախմախի համար քեզ մի կոտորի, ժամանակ չկա:
ՄՈՍՈ — Բայց լսեցի՞ր ինչ ասեց:
ՎԱՐՈ — Ոչինչ, լավ, մոռացի: Դրան էլ թող աստված պատժի, հո ամեն բան մենք չե՞նք անելու: Միհրան, լից:
ՄԻՀՐԱՆ — Միշտ պատրաստ:
Գալիս է Նորոն:
ՎԱՐՈ — Էս ո՞ւմ միլիոնատեր ախպերն ա:
ՄՈՍՈ — Փողերդ առա՞ր բանկից:
ՆՈՐՈ — Չէ, բանկերը լրիվ փակ են, դռներին էլ ավտոմատավոր պահակներ կան, ոնց խնդրեցի, աղաչեցի՝ չտվին: Բայց դե ոչինչ, չեկը մոտս ա, դե¬յուրե՝ միլիոնատեր եմ, չէ՞, շեֆ:
ՎԱՐՈ — Բա ոնց, պարոն Նորայր: Հանգիստ կմեռնես, չէ՞:
ՆՈՐՈ — Հարց չի, փողատեր մեռնելը ավելի լավ ա, քան թե քյասիբ, էտի՝ հարուրից-հարուր, չէ, միլիոնից-միլիոն:
ՄՈՍՈ — Ասում ես, բանկերի դեմը ավտոմատավոր պահակներ կա՞ն:
ՆՈՐՈ — Հա, էդպես ա:
ՄՈՍՈ — Էտի հետաքրքիր ա:
ՆՈՐՈ — Բայց դրա ի՞նչն ա հետաքրքիր, իսկի մոտիկ չթողին:
ՄՈՍՈ — Եթե փողը պահպանվում ա, ուրեմն ամեն ինչ կորած չի, ուրեմն ինչ¬որ հույս կա, տղերք, հը՞:
ՄԻՀՐԱՆ — Չեմ կարծում… Թեև տրամաբանություն կա ասածիդ մեջ:
ՎԱՐՈ — Փողը աստված ա, Մոսո, ինչ էլ լինի՝ փողը պիտի պահպանվի, ջոկում ե՞ս, այ, ոնց որ հոգևորականությունը՝ Էջմիածնի տաճարը հո չի՞ թողի անտեր…
ՄԻՀՐԱՆ — Հստակ ձևակերպեց մեր եղբայրը:
ՆՈՐՈ — (տեսնում է դիակները): Էս իմ բացակայությամբ դիակ ա ավելացե՞լ, սպասեիք՝ գայի, էլի:
ՎԱՐՈ — Չէ դե, ոնց կլնի, դու միլիոնատեր մարդ ես, քեզ ամեն մի պուճուր հարցով հո չե՞նք անհանգստացնի:
ՆՈՐՈ — Ձեռ ա առնում Փարսադանիչը, միլիոնատեր էլ դառանք՝ էլի ձեռ ա առնում:
ՎԱՐՈ — Քեզ խելոք պահի, արա, կարող ա՞ մտքովդ հավասարություն անցավ:
ՄԻՀՐԱՆ — Հիմա դա արդեն կարևոր չի, Վարազդատ:
ՎԱՐՈ — Չէ, Միհրան, սա պրինցիպ ա, մի ժամ էլ մնա՝ չեմ թողնի խախտվի:
ՆՈՐՈ — Այ շեֆ ջան, ի՞նչ հավասարություն, դու՝ ուր, ես՝ ուր… Գիտես, էլի, քեզ ոնց եմ հարգում¬սիրում… Մի հատ պաչեմ, էլի, աշխարհը մեռնել կա, ցավդ տանեմ:
ՎԱՐՈ — Պաչի:
ՆՈՐՈ — Վախ, մեռնեմ սրտիդ: (Համբուրում է:)
Գալիս է Նազիկը:
ՎԱՐՈ — Մենակ սա էր պակաս: (Նորոյին.) Աչքիս՝ սրան լավ չես տուն հասցրել:
ՆՈՐՈ — Չէ, ցավդ տանեմ, լավ էլ հասցրել եմ, բայց որ պետք էղավ՝ մի հատ էլ կհասցնեմ, չմտածես:
ՎԱՐՈ — Բարի երեկո, տիկին Նազիկ, ի՞նչ կա¬չկա, ինչի՞ ես ծանր տեղդ թեթև արել:
ՆԱԶԻԿ — Աղջիկս ո՞ւր է, ո՞ւր է իմ Նանեն:
ՎԱՐՈ — Աղջի՞կդ… Նոր էստեղ էր ոնց որ… Սարիկի հետ կըլնեն:
ՆԱԶԻԿ — Աղջկաս տվեք, տուն տանեմ, ո՞ւր է Նանեն:
ՎԱՐՈ — Հա, հիշեցի, ասեց՝ մամային կարոտեցի, գնամ տուն, մենք էլ ասինք՝ գնա, աղջիկ ջան: Էդպես չէ՞ր, Մոսո:
ՄՈՍՈ — Հա, ըտենց էր, ավտոյով ճամփեցինք, գնաց: Չհանդիպեցի՞ք:
ՄԻՀՐԱՆ — Տիկինը երևի տանից չի գալիս:
ՆԱԶԻԿ — Տանից եմ գալիս, ո՞ւր է աղջիկս:
ՎԱՐՈ — Դժվար ես հասկանո՞ւմ, տիկին Նազիկ, ասինք՝ տուն գնաց: Դու էլ գնա:
ՄԻՀՐԱՆ — Երևի արդեն հասած լինի:
ՄՈՍՈ — Հա, հաստատ հասած կըլնի:
ՆԱԶԻԿ — Սուտ եք խոսում… Ի՞նչ եք արել աղջկաս… Տուր աղջկաս, հրեշ: (Հարձակվում է Վարոյի վրա:)
ՎԱՐՈ — Դե, քեզ կարգին պահի, մտավորականի կնիկ ես…
ՄՈՍՈ — Էս ա մեր մտավորականությունը, էլի:
ՎԱՐՈ — (պոկելով իրենից Նազիկին): Նորո՛, ինչ ես նայում, վերց սրան… Տար, ու էս անգամ հանկարծ ետ չգա, թե չէ փողի չեկը ձեռիցդ կառնեմ:
ՆՈՐՈ — Ի՛, ընենց տանեմ, Փարսադանիչ ջան, որ մեկ էլ չերևա էս կողմերը… (Գրկում է Նազիկին:) Առաջ ընգի տենամ… (Տանում է ճչացող Նազիկին:)
ՄԻՀՐԱՆ — Հարամ արին խաշը, սառեց: Ասեմ՝ թարմացնեն:
ՎԱՐՈ — Էլ ի՞նչ խաշ, Միհրան: (Ժամացույցին նայելով:) Բան չմնաց: (Մոտենալով պատուհանին:) Լույսը բացվեց: Վերջի առավոտը: Մարդ չկա քաղաքում, ամեն մեկը մի ծակ գտել, մտել ա մեջը: Ի՛, էս իմ ավտո՞ն ուր ա… Թռե՞լ ա վարորդս: Դրա երազանքն էլ կատարվեց, աչքը ավտոյիս վրա էր, միշտ ասում էր՝ տենաս կգա՞ էն օրը, որ ես սենց ավտո ունենամ:
ՄՈՍՈ — Ոչինչ, ախպեր, ձեռդ քարի տակ չի, թազեն կառնես…
ՎԱՐՈ — Էս ինչ ես խոսում, այ ախմախ, ես ասում եմ՝ վերջի առավոտն ա, դու ասում ես՝ ավտո առ: Մոսո, խելքդ գցում ես արդեն:
ՄՈՍՈ — Մի մոմենտ մոռացա, ախպեր: Համ էլ խի՞ չես թողում մոռանանք, է՛:
ՎԱՐՈ — (երկնքին նայելով): Ո՞ր կողմից ես գալու, արա, է՞…
Գալիս է Տեր հայրը:
ՏԵՐ ՀԱՅՐ — Փող հնչեցրեց նաև հինգերորդ հրեշտակը, և տեսա, որ մի աստղ ընկավ երկնքից…
ՎԱՐՈ — Կամաց, հեր օրհնած, վախեցանք:
ՄԻՀՐԱՆ — Աստծու սիրուն, չշարունակես, տեր հայր, տրամադրված չենք:
ՄՈՍՈ — Հա, պետք չի… Համ էլ խի՞ էկար որ, հազիվ գնացել էիր:
ՏԵՐ ՀԱՅՐ — Եկա, որ ձեր կողքին լինեմ, որդյակս: Հոգևորական խորհուրդն ապսպրեց՝ գնացեք, ձեր հոտի հետ եղեք օրհասի պահին: Գլխավոր տաճարում օծված մոմեր եմ բերել, ահա, վառենք և աղոթենք առ Աստված, որ փրկի մեզ:
ՎԱՐՈ — Էդ քու աստվածը փրկող չի, ոնց հասկացա՝ կործանող ա, էնպես որ իզուր ես բերել էդ մոմերը:
ՏԵՐ ՀԱՅՐ — Այդպես մի ասա, որդյակ իմ, աստված բարի է, աղոթես՝ կփրկի:
ՄԻՀՐԱՆ — Բեր վառենք, օգուտ չլինի՝ վնաս էլ չի լինի:
ՄՈՍՈ — Հա դե, վառենք նավսյակի:
ՏԵՐ ՀԱՅՐ — Նավսյակի չի լինի, ամբողջ հոգով է պետք աղոթել:
ՄՈՍՈ — Ատդուշի՞:
ՏԵՐ ՀԱՅՐ — Այո, ատդուշի, ամբողջ հոգով, և՝ հաստատակամ, իմիջիայլոց աղոթքն Աստծուն չի հասնի: (Վարոյին.) Դու էլ արի, որդի աստծո, մի կողմ դիր գոռոզությունդ:
ՄՈՍՈ — Վերց նավսյակի, Վարո ախպեր:
Վարոն էլ է մոմ վերցնում, յուրաքանչյուրը վառում է իր մոմը:
ՏԵՐ ՀԱՅՐ — Գալիս է պահը, ահա, արդեն լսում եմ ձայնը բարձրյալի: Աղոթեք ինձ հետ, զավակներս: Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն քո: Եկեսցէ արքայություն քո, եղիցին կամք քո որպես յերկինս և յերկրի: Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր: Եվ թող մեզ զպարտիս մեր, որպէս և մեք թողումք մերոնց պարտապանաց: Եվ մի տանիր զմեզ ի փորձություն, այլ փրկեա զմեզ ի չարէ: Զի քո է արքայություն և զօրություն և փառք հավիտյանս. ամէն:
Վարոն, Միհրանը, Մոսոն գրկում են միմյանց, վախեցած սպասում են: Տեր հայրն աղոթք է մրմնջում:
ՎԱՐՈ — Ի՞նչ էղար, արա, դե խփի, ինչքան սպասենք…
ՄԻՀՐԱՆ — (նայելով ժամացույցին): Իմով երկու րոպե անցավ:
ՄՈՍՈ — Իմով՝ իրեք:
ՎԱՐՈ — Ուշանում ա անտերը:
ՄՈՍՈ — Հո մարշրուտկա չի՞, ախպեր:
Լույսերը վառվում են:
ՎԱՐՈ — Չհասկացա…
ՄԻՀՐԱՆ — (հեռախոսը դնելով ականջին): Կապը վերականգնվել է:
ՄՈՍՈ — Մի հատ վռազ մտի ինտերնետ, տես ինչ են ասում:
ՄԻՀՐԱՆ — (փնտրելով հեռախոսում): Ահա… Համաշխարհային տիեզերական կենտրոնը լուր է տարածել, որ չարաբաստիկ Իքս վեց գիսաստղը, որ գալիս էր ուղիղ երկրագնդի վրա, վերջին պահին, ինչ¬որ անհայտ կողմնակի ուժի ազդեցությամբ, շեղել է իր ուղեգիծը… Կողքներովս է անցել, տղերք:
ՄՈՍՈ — Չեմ ջոգում… Պրծա՞նք:
ՏԵՐ ՀԱՅՐ — Բարձրյալն այս անգամ էլ գթասիրտ գտնվեց մեղավորներիս նկատմամբ: Փառքդ մեծ, Տեր: Ընդունենք այս որպես ընծա և որպես նախազգուշացում, գուցե՝ վերջինը:
ՄՈՍՈ — Հիմա ի՞նչ, փաստորեն, ապրում ե՞նք…
ՄԻՀՐԱՆ — Այո, Մովսես, ապրում ենք, զվարթացիր: Վարազդա՞տ, ինչո՞ւ ես մտահոգ, չես հավատո՞ւմ:
ՎԱՐՈ — (անորոշ): Ըհը…
ՄԻՀՐԱՆ — Այսօր, փաստորեն, վերածնվել ենք, տղերք, մեր երկրորդ ծննդյան օրն է, ամբողջ մարդկության ծննդյան օրը:
ՄՈՍՈ — Վախ, մորս արև, էս ինչ ուրախություն էր:
ՄԻՀՐԱՆ — Ինչ եմ ասում՝ սեղանը չթարմացնե՞նք այս երջանիկ առիթով:
ՄՈՍՈ — Հա, բա ո՞նց, էտի նշել ա պետք, թե չէ Տերը կասի՝ ես ձեզ փրկություն տվի, դուք սուսուփուս ցվրվո՞ւմ եք, ապերախտներ: Կասի, չէ՞, տեր հայր:
ՏԵՐ ՀԱՅՐ — Ոնց որ մանուկ լինես, տղա, չարաճճի մանուկ: Դեհ, ես աճապարեմ Աստծո տաճար:
ՄՈՍՈ — Բա մեր հետ չես նշի՞ էս ուրախությունը:
ՏԵՐ ՀԱՅՐ — Չեմ կարող, զավակս, գնամ պիտի, կանչված եմ:
ՄՈՍՈ — Դե, բարով գնաս:
ՄԻՀՐԱՆ — Մինչ տեսություն, տեր հայր:
ՏԵՐ ՀԱՅՐ — Բարին ընդ ձեզ: (Գնում է:)
ՄԻՀՐԱՆ — Մատուցո՛ղ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Եկա, ցավդ տանեմ:
ՄԻՀՐԱՆ — Քեզ հավաք պահի, Ալբերտ, աշխարհի վերջը պրծավ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ամեն օր էլ աշխարհի վերջ ա, դուք եք, որ չեք նկատում:
ՄԻՀՐԱՆ — Մի փիլիսոփայիր, ինձ լսիր, թարմացրու սեղանը և օղի, չէ, շամպայն բեր, ծնունդ ենք նշում:
ՄՈՍՈ — (հանկարծ հիշելով): Վարո՛, վռազ զանգի բանկի կառավարիչին:
ՎԱՐՈ — Ինչի՞ զանգեմ որ:
ՄՈՍՈ — Ո՞նց, ախպեր, մոռացա՞ր, Նորոյին էրկու միլիոնի չեկ ես տվել: Զանգի՝ կասեցրու, շուտ, քանի չի վերցրել:
ՎԱՐՈ — Մոռացի, մանրունք ա, Մոսո:
ՄՈՍՈ — Ո՞նց… Էրկու միլիոնը մանրունք ա՞:
ՎԱՐՈ — Մանրունք ա:
ՄՈՍՈ — Գժվավ մեր ախպերը:
ՎԱՐՈ — Լավ չեղավ, տղերք:
ՄԻՀՐԱՆ — Ինչը՞:
ՎԱՐՈ — Էն, որ աստղը փուստ տվեց: Հիմա ո՞նց ենք ապրելու…
Վերջ (ոչ՝ աշխարհի)

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։