ՎԱՐՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԵՐԵՎՈՒՅԹԸ. ԱՐՎԵՍՏՈՎ ՀՄԱՅՎԱԾ ՀՈԳԻ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Պատուհանի բաց փեղկից ներխուժում են ձայները, բույրերը, փշատենու շարժումը զեփյուռից: Իսկ փակ փեղկի հարուցած արգելքը չի նկատվում դեռ, քանի որ ապակիները թափանցիկ են, մաքուր լվացած և պաշտպանական թաղանթ լինելու են կոչված: Բարձրանում է քամին, շռնդում է անձրևը… Մյուս փեղկն էլ է փակվում…
Այսպես էլ թատրոնը, բեմը, հարդարանքը, դերասանը, լույսերը… պաշտպանելով մեզ կյանքից, ցույց են տալիս կյանքը: Դեկորների մեջ շարժվում է մարդկային հոգին: Ուրախանում, տխրում, իր մարդասեր կամ սրիկա լինելն է ցուցադրում մարդը…
Այս ամենով շա՜տ վաղուց հմայվածների մեջ կա մեկը՝ Վարսիկ Գրիգորյան պարզ անուն ազգանունով, որ երբեք չի հագենում իր հմայված լինելուց: Նա իր երազներում շարունակում է ամեն գիշեր հանդիպել, հաղորդակցվել թատրոնի հին ու նոր մեծամեծների հետ: Երկարակյաց է…Նրա քույրերն էլ երկարակյացներ են եղել: Մեկը 97 տարեկանում է հեռացել կյանքից, մյուսը՝ 99:
Եվ, ո՜վ զարմանք, այս կյանքի ամբողջ տրամաբանականն ու աբսուրդայնությունը իր զարմանալի հիշողության մեջ՝ ինչպե՞ս է հաջողում ոչ միայն կորզել կյանքի ձայներն ու գույները, այլև իր եռանդով ու կորովով սրանցից ոսկի ձուլել իր մտքի լաբորատորիայում:
Վարսիկ Գրիգորյանին բախտ ունեցա ճանաչելու, երբ առաջացած տարիքը նրանից խլել էր արագ տեղաշարժվելու կարողությունը: Բայց երբ սկսում է խոսել, ու դու կպչում ես նրա մտքերի նավին, վստահությամբ կարող ես լող տալ կյանքի օվկիանոսում, որը նրա համար ոչ անցյալ է, ոչ ներկա, ոչ էլ ապագա, քանի որ հարահոս է:
Պատկանում է այն սերնդին, որն ամեն մի բաղձանքի հասնելու ճանապարհը անդադար աշխատանքն էր համարում:
Նա կյանք մտավ Սիրանույշի հանգույն Համլետ խաղալու որոշումով… Այդ մեկը չստացվեց, բայց բեմի փոխարեն նրան գրկաբաց սպասում էին թատրոնի դահլիճը, նրա օթյակներն ու կուլիսները՝ իրենց կախարդական բույրերով ու գույներով:
Եվ ճիշտ արեց՝ վերլուծելու հետ մեկտեղ ողջ կյանքում նաև նկարագրեց իր դիտումները: Գիտեր, թե ի՜նչ որոգայթներ ունի թատրոնի բեմը, ի՜նչ հանճարեղ դերակատարումներ ու ներկայացումներ են եղել, որոնցից, բարեբախտության դեպքում, միայն նկարագրություննէ մնացել: Եվ ուշադրություն էլ չէր դարձնում դիտողություններին. շարունակում էր հմայվել, նկարագրել ու վերլուծել: Այսպես նա կարողանում էր առաջին իսկ դերով կռահել դերասան-դերասանուհիներից շատերի ապագան, մոռացության, հաճախ նաև կորստյան գրկից փրկեց դերակատարումներ, ներկայացումներ, որոնք նրա քննախույզ գրչի տակ գուրգուրվում, նոր կյանք էին ստանում…
Իր կյանքի ամենավերջին զեկույցն ավարտելուց հետո, որ կարդաց Զարեհ Տեր-Կարապետյանի ծննդյան 75-ամյակի առթիվ, Լևոն Հախվերդյանն ասաց.«…մենք բոլորս դավաճանեցինք թատրոնին, և պատնեշին մնաց միայն Վարսիկը: Ես գրական-թումանյանական մտածողության սերնդից եմ և ոչ մի կերպ չեմ ընդունում ու չեմ էլ հասկանում աբսուրդի թատերգությունն ու թատրոնը: Բայց տեսե՛ք, թե Վարսիկն ինչպես է գրում աբսուրդիստների, Իոնեսկոյի («Ռնգեղջյուր» ու «Արքա է մեռնում») մասին: Ազնիվ խոսք, ես նախանձով էի կարդում»:
Վերոնշյալ երկու գրախոսություններում և, առհասարակ, Վարսիկ Գրիգորյանի բոլոր էսսեներում ու խորհրդածություններում, երևում է ոչ միայն թատրոնի տեսաբանը, այլև բնագրերին քաջատեղյակ, նաև գրական տեքստին ու հեղինակի այլ ստեղծագործություններին լիարժեք տիրապետող արվեստագետը: (Լա՜վ կլիներ մեկ անգամ էլ վերակենդանացնել այս բեմադրությունները, հատկապես «Արքա է մեռնում»-ը, որ իր գրոտեսկայնությամբ կարծես մերօրյա «արքայի» նախատիպը լինի):
Ոչ միայն ներկայացումներ: Նրա հուշագրությունները թրթռում են արվեստի շնչից…Նրա պատկերած վայրերը, մարդիկ, դեպքերը, երևույթները այնքան նույնական են տեսանողի, հմայվածի կերպարի հետ, որ ակամա հետևում ես նրան որպես ուղեցույցի, բայց՝ ոչ սովորական, ոչ թե միայն դիմացը, այլև շուրջբոլորը, ոչ միայն ներկան, այլև անցյալը միանգամից ընդգրկելու կարողություն ունեցող վարակիչ հմայվածի ու հմայողի: Շատերն են անցել նրա տեսած վայրերով, բայց դժվար թե եղել է մեկը, որ իր տեսածը, զգացածը, դիտարկածը, լսածը, երևակայածը կարողացել է թղթին հանձնել այսքան մեծ գրավչությամբ ու այսքան գեղագիտորեն: Համոզված եմ՝ ոչ ոք այնպես չի նկարագրել 1948 թվականի երևանյան ջրհեղեղը, ինչպես նա:
Անգլիա կատարած նրա այցելությունը եղել է 1980 թ.-ին, երբ ոչ մեկի ձեռքին չկար բջջային հեռախոս ու տեսախցիկ: Վարսիկ Գրիգորյանը ոչ միայն նկարագրել ու փաստագրել է իր տեսածը, այլ նաև լուսանկարել: Մինչև հիմա էլ ցավով, բայց ժպիտով է հիշում, որ ժապավեններին ոչինչ չի պահպանվել:
Ցավելու պատճառ չունեք, տիկի՛ն Վարսիկ, քանի որ հենց այդ նկարներից շատ ավելին եք փոխանցել մեզ՝ տեսարաններ իրենց մանրամասներով, պատմական տվյալներ՝ նույնպես մանրակրկիտ, նաև՝գեղագետի վերաբերմունք մարդ արարածի ստեղծագործ ոգու հանդեպ: Եվ էլ ո՞ւմ մտքով կանցներ Երևանից Լոուրենս Օլիվյեյի համար ընկույզի ու ծիրանի մուրաբա տանել նվեր:
Տիկին Վարսիկի կյանքում այնքան շատ են եղել նշանավորները, որ որևէ առանձնահատուկ շնորհք չունեցող մարդիկ են մնացել որպես եզակիություն, ինչպես այն որբուկը՝ МХАТ-ի հնչյունային ռեժիսոր Տամարան, որի հետ պատահական հանդիպումը միանգամից փոխեց կյանքի նկատմամբ հույսը կորցրած աղջկա ճակատագիրը: Գրեթե անծանոթ հայ կնոջ խորհրդով նա երեխա ունեցավ իրեն դուր եկող, բայց արդենընտանիք ունեցող մի տղամարդուց, որին մի ժամանակ մերժել էր: Մեր հանդիպման օրը տիկին Վարսիկը հիշել էր իր այս «որդեգրուոհուն»: «Արդեն մի ռուս ծոռ ունեմ»,- ուրախանում էր նա: Նրա տարեկիցները դեռ հիշում են, թե ինչ նամակ է գրել Տերեշկովային և լուծվել է Տամարայի տան հարցը: Նրա նշանավոր նամակներից է նաև տեր և տիկին Գորբաչովներին գրած նամակը՝ Սումգայիթի դեպքերից հետո:
Տիկին Վարսիկի ֆենոմենալ հիշողությունից կարծես ոչինչ չի ջնջվում: Իսկ եթե հազարից մեկ ինչ-որ բան մոռանում է, դիմում է օրագրերի օգնությանը, որոնք, ինչպես և նրա հոդվածները, հատորներ են կազմում: Մեր հանդիպման օրը նա հիշեց նաև հորը՝ Կուպերնատենց Գևորգին: Նրան այսպես էին մականվանել քաղաքից բերած շքեղ վերարկուի պատճառով, որի նմանը միայն կուպերնատի (նահանգապետի) հագին էին տեսել: Հիշեց ամայի, քարքարոտ դաշտում հոր գցած այգին, սև ու սպիտակ խաղողն ու ծիրանը, սերկևիլը, նաև ձմերուկի դաշտը, որ աճեցրել էր միայն իրեն հայտնի հնարքով՝ ուղտափշի տերևի մեջ սերմը տեղադրելով ու ցանելով: Նրանց տուն հաճախ այցելող Աղասի Խանջյանը հողագործների համար օրինակ էր բերում «Արարատյան դաշտի Միչուրինին»: Քանի որ զավակ չուներ (ապրում էր քույրերի հետ), ուզում էր որդեգրել Վարսիկի քույրերից՝ Արփիկին, բայց Կուպերնատենց Գևորգի համար թանկ էին ոչ միայն հարզատ զավակները, այլև որդեգիրները, որոնց փրկել էր քաղցից ու թափառականի կյանքից: Եվ ահա՝ Արփիկն է նրա պատումի մեջ դառնում հյութեղ կերպար: Աշխարհաբեկ Քալանթարի ղեկավարածլեռնագնացների արշավախմբում, Արագածի 4-րդ գագաթը նվաճելիս, միակ աղջիկը Արփիկն էր: Արփիկին Խանջյանների ընտանիքը այն ժամանակների համար շատ թանկարժեք մի զույգ գուլպա էր նվիրել, բայց նա գերադասում էր երևանյան ճքճքան սառնամանիքին կարճ սպիտակ գուլպաներով ման գալ: «Որ չեմ մրսում ի՞նչ անեմ»,- ասում էր: Նրա մինուճար որդին բոլորի սիրելի Ֆարիդն էր, 1993 թ. օգոստոսին զոհվեց Հադրութ-Ֆիզուլի մարտերում՝ որպես հերոս մարտիկ-հետախույզ հրամանատար… Այսպիսով Կուպերնատենց շառավիղը կյանքի գնով մասնակիցը դարձավ մեր մեծ հաղթանակի:
«Հետո դարձյալ մեր հոգսերն ու վշտերը վերջ չէին ունենալու, ու մենք վերստին ու վերստին դառնալու և սևեռվելու էինք մեր սրբազան, ապրեցնող ակունքներին, հոգևոր խարիսխներին… Եվ նրանց շնորհիվ ենք ապրելու հիմա և Հավիտյանս Հավիտենից»… Թերևս այս խոսքերով կարելի էր ավարտել Վարսիկ Գրիգորյան մեծ երևույթի համեմատ շատ չնչին այս պատումը, բայց նա շարունակում է ապրել, արարել, պատմել… Ամեն լուսաբաց նրա համար խիզախումի նոր օր է:
Արթնանում է հերթական գունագեղ երազից, որտեղ նա միշտ վառվռուն աղջիկ է… Հերթական անգամ Փափազի հետ նստել-վեր կենալուցհետո… Այդ օրը երազում Փափազյանի հետ Կորդելիա էր խաղացել, նախորդ օրերից մեկում Վաղարշ Վաղարշյանի համար ինչ-որ հանդիսություն էր կազմակերպում:
Օրը լցվում է նաև ամուսնու՝ Զարեհ Տեր-Կարապետյանի, դստեր՝ Հասմիկի կյանքից, մեր ժամանակների թատրոնի պատմության համար, մեկը մեկից արժեքավոր դիպվածներ մտաբերելով ու դարսդարսելով: Դժգոհ է, որ չկարողացավ նրանց համար ապրել այնպես, ինչպես ապրում էր թատրոնի համար: Այդ օրը մտաբերել էր Զարեհի զարմանալի աշխատունակությունը: Օրեր էին լինում, երբ նույն ներկայացումը խաղում էր երեք անգամ: Հիշեց նրա հրաշալի երգեցողությունը:
Վարսիկ Գրիգորյանի հսկայածավալ գործունեությունը թե՛ ժողովրդական թատրոնի, թե՛ հեռուստաթատրոնի կազմակերպման, զարգացման գործում անգնահատելի է: Նրա ստուգատեսները միութենական ծրագրերում մշտապես առաջնակարգ էին: Հարյուրավոր խմբերից հայկական ներկայացումներն էին վաստակում դափնիները: Մարզային թատրոններն առանձնահատուկ հաջողությունների էին հասել: Վարսիկ Գրիգորյանը ծայրից ծայր ուսումնասիրում էր թատերգություններով բեռնված բազում թղթապանակները, գտնում էր լավերը, խմբագրում էր, հետևում էր ներկայացումներին՝ընթերցումից մինչև բեմ բարձրանալը: Զարմանալի կարող է թվալ, բայց նա Գեղարվեստաթատերական ինստիտուտից հետո ավարտել էր Մարքսիզմ-Լենինիզմի երկամյա դասընթացները և դասավանդում էր: Հարցիս, թե ինչո՞ւ չի դասավանդել թատերագիտություն կամ թատրոնի պատմություն, պատասխանեց.«Միշտ հրաժարվել եմ: Եթե դասավանդեի, չէի կարողանա գրել: Այդպես մենք կորցրինք հիանալի թատերագետների,այդ թվում՝ Լուիզա Սամվելյանի գրավոր խոսքն ունենալու հնարավորությունը»:
Եվ գրում էր, և ոգևորվում ու ոգևորում: Ոչ մի ներկայացում անուշադրության չի մատնվել նրա կողմից: Իսկ մեր գեղարվեստի պատմության մեջ իր բացառիկ տեղն ունեցող հեռուստաթատրոնը ստեղծվել ու առաջ էր գնում նրա մեծ հոգածության, բացառիկ ընկալունակության և ժամանակի զարկերակը զգացող սրտի շնորհիվ:
Հիմա նա օր ու գիշեր աշխատում է դերասանական զույգ կազմած հայ դերասանուհիների մասին հերթական էսսեի վրա: Հիշեց բոլոր դերասանական զույգերին՝ հներից մինչև նորերը, մեկ անգամ էլ զարմացավ նրանց մարտնչող ոգով: Հիշեց, որ 1993 դժվարինտարում միայն Երևանի Ճարտարագիտական համալսարանի տպարանը հանձն առավ ու 2000 տպաքանակով լույս ընծայեց «Առաջին հայ դերասանուհիները»գիրքը:Բարի խոսքով հիշեց Այդին Մորիկյանին ու նրա գնահատանքը.«Ի՜նչ հրաշալի գիրք եք գրել: Յուրաքանչյուր հայ աղջիկ իր օժիտի մեջ պետք է ունենա այս գիրքը»: Գրքի բազմաթիվ օրինակներ դեռ հանգչում են տիկին Վարսիկի տան պահոցներում, բայց նա մեծ ցանկություն ունի դրանք նվիրաբերել այն աղջիկներին, ում հետաքրքիր է, թե ի՜նչ զոհաբերությունների գնով է հայ կինը հաջողության հասել հայ թատրոնի հիմնադրման ակունքներից սկսած:(Այս դերասանուհիներից երեքին՝ Մարի Նվարդին, Արուսյակ Փափազյանին ու Սիրանույշին կերպավորեց Վարսիկ Գրիգորյանի ու Զարեհ Տեր-Կարապետյանի դուստրը՝ Հասմիկ Տեր-Կկարապետյանը): Աղջկական ծիծաղով բացատրեց, թե ինչո՞ւ և ինչպե՛ս էին կազմավորվում այս զույգերը: Քույրերից մեկը սիրեկանի, մյուսը՝ սիրուհու դեր էր կատարում: Համիդի ժամանակներում և դեռ հետո էլ շատ երկար ժամանակ կին դերասանուհիները միայն այս ձևով իրավունք ունեին բեմ բարձրանալ: Երբեմն քույր ու եղբայր էին բեմ ելնում՝ աղջկա ու տղայի դերերով: Այդ օրը տիկին Վարսիկը երկար պատմեց նաև անզուգական ձայնի ու գեղեցկության տեր մի արտիստուհու՝ Շազիկ Քյոյլոյանի մասին, որի կյանքը, սիրո պատմությունը Քամելիազարդ տիկնոջ ողբերգականությանը չի զիջում: Նրան հայտնաբերել է Տիգրան Չուխաջյանը: Շազիկը երգել է նրա օպերետներում ու զարմացրել ժամանակակիցներին:
Եվ ինչպե՜ս է աշխատում: Իհարկե, նրա աշխատանքի ամենակարևոր գործիքը, պայծառ, երբեք չխափանվող գեներատորը միտքն է… Եվ հին, սիրելի գրամեքենան.միայն աջ ձեռքի ցուցամատով է տպագրում իր հոդվածները՝ մի քանի տարբերակներով: Այս ցուցամատի հանդեպ յուրատեսակ վերաբերմունք ունի՝ քնելուց առաջ մերսում է, շոյում, խնամում, քանի որ բնությունից տրված տաս մատներից միայն սա է դեռ սիրով ծառայում իրեն:Այդ օրը պարզեցինք, որ նա կարողանում է նաև համակարգչով աշխատել, բայց չունի: Եթե ունենար, որքա՜ն կթեթևանար թանկագին ցուցամատի աշխատանքը:
Նրա հազվագյուտ հիշողությանը խիստ երբեմնակի օգնության են գալիս օրագրերը: Հենակի օգնությամբ ուղղվում է դեպի իր աշխատանքային գրասեղանը, որիդարակներումիր հիշողության մասնաճյուղ-օրագրերն են: Կողքի սեղանին հին կարի մեքենան է: Գրամեքենան ու կարի մեքենան իրենց տիրուհու նման ժամանակի հետ քայլելու զարմանալի հատկություն ունեն: Տիկին Վարսիկը իր հագուստը ինքն է կարում, նույնիսկ ամուսնու համար կոստյում էր կարել: Ճաշեր է պատրաստում, լվացք է անում, չի հավանում ուրիշի կամ մեքենայի լվացածը: Այդ օրը հատակը ինքն էր մաքրել: Խնայել էր իրեն խնամող Կարինեին՝ իր «հրեշտակին»:
Մանրազնին հետևում է մշակույթի ու կյանքի բոլոր երևույթներին, կարդում է ու գիտի ժամանակակից գրականության նորույթները: Ոչ միայն հետևում ու ոգևորվում է մեր այս օրերի հեղափոխական ֆանտաստիկ երևույթներով, այլև իր դիտարկումներնունի Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի և օրավուր նոր սրընթացություն ձեռք բերող իրադարձությունների մասին: «Ոնց որ ծանր, կոշմարային քնից արթնանայի,- ասում է: — Ժողովրդի էդ ծանր շունչը ոնց որ ինձ վրա էր: Էս օրերին ավելի թեթև եմ շնչում, ավելի հանգիստ եմ ապրում: Նույնիսկ ինքս ինձ ասում եմ.«Էս ինչի՞ եմ էսքան հանգիստ, ոնց որ ոչ մի դարդ ու ցավ չունենամ: Ազատվել եմ ինչ-որ մեծ հոգսերից»:
Վերջերս լույս տեսած «Թատրոնի սիրուց ու տագնապներից» շքեղ երկհատորյակի խմբագիրը՝Թամար Գևորգյանը, ում աչքի առաջ են ընթացել Վարսիկ Գրիգորյանի զարմանալի կյանքի դրվագներից շատերը, ըստ արժանվույն անդրադարձել է նրա անընդգրկելի թվացող գործունեության տարբեր փուլերին ու բնագավառներին:
Միայն մի բան կա ավելացնելու այս ամենին: Վարսիկ Գրիգորյանի բազում հոդվածներն ու էսսեները չեն կորցնում ու չեն կորցնելու հուզավառ ապրումներով այլոց վարակելու գեղագիտական անզուգական ուժը: Եվ նրա լեզուն ու ոճը, նրա պատկերավորման հնարները…
Ամբողջ ոսկին ու թանկագին քարերը, որ նա պեղել ու ստացել է թատրոնից ու կյանքից, երբեք չեն մնացել որպես հանքանյութ, այլ տեղնուտեղը մշակվել ու ընդելուզված, գեղեցկացած, փայլեցված վերածվել են արվեստի:
Արվեստից արվեստ ստանալը քչերին է հաջողվում: Դրա համար պետք է գերզգայնությունից թրթռացող սիրտ, կյանքի ու արվեստի նրբագույն շարժերին հետևող աչք ունենալ, լինել մարդասեր,մի խոսքով՝ լինելհմայված հոգի… Արվեստով հմայված…