ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԴԵՐԸ / Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

Մարսել Պանյոլի «Հացագործին կինը» պիեսը Ֆրանսիայում դերասանին էր տվել ռեժիսոր Անրի Վերնոյը՝ Աշոտ Մալաքյանը. «Սա դու պիտի բեմադրես ու ինքդ էլ պիտի հացթուխի դերում խաղաս: Սա քո պիեսն է»: Կյանքն ապացուցեց ֆրանսահայ տաղանդավոր ռեժիսորի ընտրությունը. դա թատրոնում Մհեր Մկրտչյանի լավագույն դերն էր և միակը՝ կյանքի վերջին տարիներին: Իր հիմնադրած Արտիստական թատրոնում խաղացած առաջին ու միակ դերը:


Մինչ շատերն էին երազում հայ թատրոնի եռաստվածությանը (Մհեր Մկրտչյան, Սոս Սարգսյան, Խորեն Աբրահամյան) միասին տեսնել սունդուկյանական բեմում որևէ ներկայացման մեջ, 1986 թվականին առաջինն ինքը հեռացավ՝ ստեղծելու իր թատրոնը:
Մհեր Մկրտչյանի հիմնադրած՝ Վարդան Աճեմյանի անվան Արտիստական նոր թատրոնի շենքի ընտրությունը պատահական չէր և այսօր երևում է նաև այլ երանգավորումով: Երևանի կենտրոնի թաքուն, արտիստիկ, գաղտնի-գողտրիկ մի կառույց, Գյումրու հին փողոցի սև տուֆե շենք հիշեցնող, համեստ ու միաժամանակ հին խորհուրդ կրող, թաքնված-անսպասելի, միջավայրից առանձնացող, ասես քայլում ես աննպատակ՝ ու գտար օազիս-թատրոն:

Նոր թատրոնի առաջին ներկայացումը Մարսել Պանյոլի «Հացագործին կինն» էր, և 1992 թվականին, տարիների երկար ընդմիջումից հետո, Մհեր Մկրտչյան արտիստը բեմ էր բարձրացել այլ բեմահարթակում, ասես մի այլ երկրում, նույնն էր մի բան՝ իրեն շատ են սիրում: Մեր սիրելի Ֆրունզիկը, ում կարոտ էինք տեսնել բեմում, մի քիչ հոգնած դիմագծերով էր, նիհարած, խաղի հետ միաժամանակ ասես հարմարվում էր նոր իրավիճակին, նոր թատրոնի հանդիսականին, հանդիսատեսն էլ՝ Մհերի նոր կերպարին:
Թեև ներկայացումը պիտի ընկալվեր իբրև նոր թատրոնի պրեմիերա ու նոր թատրոնի սկիզբ, բայց արտիստի ու հանդիսականի միջև այդ նորի ու սկզբի ցնծագին կապը չկար, ինչպես համարյա միաժամանակ բացված Համազգային նոր թատրոնում՝ Սոս Սարգսյանի մուտքով:

Անսովոր էր մեծ դերասանի ներկայությունը՝ ակադեմիական Սունդուկյանի պատերից դուրս: Ապշեցուցիչ էր Մհեր Մկրտչյանի դերակատարման ծայրահեղ անկեղծությունը, ասես անհարմարության աստիճանի մերկացած, հանդիսականի առաջ պարտք ու պահանջը փակած, խաղում էր ինքն իր համար, այնպես, ինչպես վերջին դերը կխաղան: Նույն զգացողությունն էր, ինչպես տարիներ առաջ հայ հանդիսականն ընկալում էր Հրաչյայի, ապա Փափազի՝ բեմում հանգչող «շեքսպիրյան վերջին հանճարեղ դերասան» Ջասպեր Մեք-Գրեգորի խաղը Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման մեջ: Դերակատարումը Մհերի ողբերգակատակերգական որակված կինոդերերի («Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը») շարունակությունը չէր, շարքից չէր, ինչպես ընդունված է ասել:
Սա միանգամայն այլ Մհեր Մկրտչյան էր, իր մարմնավորած Պաղտասար աղբարի և չխաղացած Օթելլոյի միախառնումը, շարունակությունը՝ մեզ ավելի ժամանակակից կերպարով։ Ամենասովորական, մարդկային հացթուխ, ոչ թե առասպելական մավրիտանացի զորավար կամ հին բարքերի Պաղտասար աղբար:


Մհեր Մկրտչյանը Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, տարբեր ժամանակահատվածներում, երկու անգամ է Հ. Պարոնյանի հերոսին մարմնավորել։ Մասնագետների դիտարկումով՝ ծայրահեղ կեպավորումով։ Առաջին դեպքում՝ զուտ կատակերգական, մյուս անգամ հակառակը՝ շեշտադրելով գլխավոր հերոսի ողբերգությունը։ 1985 թ. դիտել եմ Պաղտասարի ծայրահեղ կերպավորմամբ ներկայացումը: Ի տարբերություն Հրաչյա Ներսիսյանի Պաղտասարի, Մհերը կերպարի ողբերգական անելանելիությունն էր շեշտադրում, ու դա անսովոր էր դիտվում, եթե գնում ես կատակերգակ Մհերին բեմում տեսնելու, Պարոնյանի թեթև կատակերգությունը վայելելու:
1992 թվականին ֆրանսիական պիեսի հանդիսականը տրագիկոմեդիա չէր նայում, այլ՝ ողբերգակին, Օթելլոյի մակարդակի ողբերգություն, այն Օթելլոյի, որը երբեք չխաղաց Մհերը: Մհեր Մկրտչյանը շատ է պատմել, թե ինչպես է Օթելլոյի կերպարով ներկայացել Վահրամ Փափազյանին իր դերասանական կյանքի արշալույսին, Լենինականի թատրոնում. «Օթելլոյի մենախոսություններից մեկը լավ սերտեցի, ամբողջ երեսիս մուր քսեցի, գնացի, կանգնեցի դեմն ու սկսեցի ոգևորված արտասանել: Ասաց. «Ամեն սև բան չէ, որ Օթելլո է, մանչս…»: Դրանից հետո երբեք չփորձեցի Օթելլո խաղալ»:
Դժվար է պատկերացնել, որ հանճարեղ դերասանը չերազեր շեքսպիրյան կերպար մարմնավորելու մասին, որքան էլ սրամիտ լիներ Փափազյանի դիտարկումը: Քննադատ Հենրիկ Հովհաննիսյանի գրավոր վկայությամբ, Մհեր Մկրտչյանը մտածում էր Օթելլո խաղալու մասին և համոզում էր թատրոնի գլխավոր ռեժիսոր Խորեն Աբրահամյանին:
Հացագործի կերպարը ճիշտ և ճիշտ իր երազած Օթելլոն էր՝ ողբերգական ու փակուղային, ճակատագրական էր ամեն ինչ, ու այս միջավայրում իր կորցրած հավատն էր ողբում սովորական մարդը: Նոր Մհեր Մկրտչյանի վրայից ասես թափվել էր կատակերգակի շաղախը, որով տասնամյակներ ուրախացրել էր ժողովրդին, պահելով միայն սատիրիկ հեգնանքը, ու այդպես էլ խաղում էր վերջին դերն այս կյանքում։
Ներկայացման անսովորությունը հուզել էր բոլորին. անբացատրելին մեկնաբանել է հանդիսականներից լավագույն մասնագետ Հենրիկ Հովհաննիսյանը. «Սուր բնութագրական կերպագծումների, տիպականության ու հոգեբանական բարդ անցումների այնպիսի պատկեր է նա դնում մեր աոջև, որ շատ քիչ ենք տեսել ոչ միայն մեր բեմում: Նա շատ է ամբողջական, հարուստ, ավարտուն, գունեղ: Այնպիսի թեթևությամբ ու անճիգ է վերարտադրում մարդուն իր կենսագրությամբ, վիճակով, բնավորությամբ, գգացումների ու զգացմունքների կոնկրետությամբ, որ մոռացվում են ներկայացման հակադիր պայմանական հանգամանքները, որ մոռացվում է թատրոնն առհասարակ: ․․․Ժպտում է, ծիծաղում է, վանում է իրենից բոլոր տարակուսանքները, ներքուստ համոզում ինքն իրեն, ստեղծում իր համար ներքին պատրանք և դանդաղորեն, թաքցված դիմադրությամբ սահում ցած, հասնում վերջապես օթելլոյական վիճակի և հարբում, ինչպես օղուն անսովոր մի անտեր ու անպաշտպան գլուխ» (Հովհաննիսյան Հենրիկ «Թատրոն և թատերախոսություն» ժողովածու, Երևան, 2004 թ.):

Այսպես էր խաղում հանճարեղ դերասանը՝ կյանքն ու պիեսն իրար խառնած, մեծությունը՝ անտեղավորելի այս փոքր դահլիճում, հաղթված ավելի, քան հաղթահարած, ու նույն հոգեվիճակում էր նաև դահլիճը: Հանդիսատես Սոս Սարգսյանը հետագայում գրել է. «Դերասանի կյանքում պատահում են դերեր, որոնք կենսագրական են դառնում։ Չնայած որ Ֆրունզիկն ուներ բազմաթիվ գաղափարներ, նոր երազանքներ, այնուամենայնիվ, ինքն էլ հասկանում էր, որ սա իր վերջին դերն է, ինչպես ասում են, կարապի երգը, ու խաղում էր մի տեսակ մոլեգին՝ տրվելով մինչև վերջ»:
Մհեր Մկրտչյանը դարձյալ հավատարիմ էր իր կերտած հավաքական կերպարին. պարզ մարդու ողբերգությունը՝ անունը Պաղտիկ կամ Հացագործ: Ընդվզումն ու մեղադրանքն էլ կոնկրետ ու հասցեական չէին, այլ ճակատագրի դառնահամի դեմ ընդվզում՝ մեր բոլորի հավաքական բողոքը:
Նա դարձյալ մեկն է մեզանից, ամենից տաղանդավորը, անտարակույսը…

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։