ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ.ԱՆՕՐԻՆԱԿ, ԲԱՑԱՌԻԿ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՎ ՄԻՖԱԿԱՆ / Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ
— Դու ո՞րտեղացի ես:
— Ի՞նչ ասեմ, հայրս մշեցի է, մայրս՝ վանեցի, ես ծնվել եմ Լենինականում, ապրում եմ Երևանում:
Չսիրել Մհեր Մկրտչյանին, նույնն է թե՝ հարազատի չսիրել. այդ մեծ սիրո մեջ նույնական են բոլոր հայերն ամենուր: Նրա հումորը սիրում են այնպես, ինչպես սիրում են Հրաչյայի պարգևած խորն ու անուշ տխրությունը: Արտիստի հանդեպ հարազատության այդ զգացումն ունեին իր ժամանակակիցները, կունենան նաև ապագայում: Սիրված լինելու գաղտնիքի բանաձևումն արել է ինքը՝ Մհերը. «Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են: Կարծում եմ, դա նրանից է, որ ես էլ եմ նրանց բոլորին շատ սիրում: Բոլորին ու յուրաքանչյուրին՝ առանձին-առանձին»:
2020 թվականին 1930 թվականի հուլիսի 4-ին ծնված Մհեր Մկրտչյանը կդառնար 90 տարեկան:
Վիլյամ Սարոյանը Չարենցի ծննդյան 90-ամյակի առիթով հուշը (26-ամյա Սարոյանը առաջին ու միակ անգամ հայ հանճարեղ պոետին հանդիպել էր Մոսկվայում) սկսում է այն մտքով, թե երբ գրում է այս տողերը, Ֆրեզնոյի արևի տակ դանդաղ տաքանում են իննսունամյա ծերունիներ: Եվ որ ինքն այն ժամանակ էր հասկացել, որ Չարենցն այդքան երկար չէր կարող ապրել, «ան անչափ արագ կընթանար»:
Դժվար է պատկերացնել նաև 90-ամյա Մհեր Մկրտչյանին: Թեև արտիստի կյանքն է անցել ասես բոլորի աչքի առաջ, նկատի ունենալով նաև նրա «բարի սիրտը, պարզ, ներողամիտ, մատչելի բնավորությունը» (Լևոն Հախվերդյան), բայց միաժամանակ գաղտնախորհուրդ, ֆանտաստիկ, անմեկնաբանելի, անիրական մի բան կար Մհեր Մկրտչյանի հախուռն կյանքի, ճակատագրի, կենսագրության մեջ: Հանճարեղ, ամենասիրված, ամենաժողովրդական Մհեր Մկրտչյանի արտիստական կենսագրությունը պարուրված է լեգենդներով, սակայն մակերեսի վրա գերակշռողը շաբլոնն է, նրա դժբախտ կերպարի (ամենաողբերգական կատակերգակի կարգի) շեշտադրումը:
17 տարեկանից` թատրոնում, չորս տասնամյակ` Սունդուկյանի բեմում, մի քանի տասնյակ դերեր` կինոյում, և այս ահռելի վաստակով անգամ Մհեր Մկրտչյանի արտիստական ամբողջական նկարագրի մասին լուրջ գրքեր քիչ կան: Մասնագիտական միտքը պարտք է Մհեր Մկրտչյանին, համեմատության մեջ նրա սերնդակիցներ Խորեն Աբրահամյանի, Սոս Սարգսյանի արտիստական կենսագրություններն առավել ամբողջական են: Մհեր Մկրտչյանի պարագայում դեռ պետք է նրա կենսագրությունը մաքրել հավելյալ դժբախտացումից, որի առաջամարտիկը Ֆրունզի մասին ռուսական աղմկահարույց հեռուստաֆիլմն է: Սխալ պնդումը, թե կյանքի այդքան դժվարությունների բախված արտիստի դուստրը հոր կենդանության օրոք Արգենտինայում ավտովթարի զոհ է դարձել, այսօր էլ է շրջանառվում, թեև Նունե Մկրտչյանը մահացել է հայրիկի մահից հինգ տարի հետո, 1998 թվականին, վիրահատության բարդությունների հետևանքով: Մհեր Մկրտչյանի թոռնուհին՝ Արգենտինայում ապրող Իրինա Տերտերյանը, տարիներ առաջ Գյումրու թանգարանին փոխանցեց հանճարեղ պապիկի հուշերը: Կյանքի վերջին տարիներին հայրիկի բանավոր պատմությունները Երևանում մեքենագրել էր դուստրը:
Մհեր Մկրտչյանը երբեք և ոչինչ չի գրել: Իր կենսագրության ատաղձը սակավաթիվ հարցազրույցներն են, բանավոր ելույթները, մտերիմների հուշերը:
Անհեծանիվ մանկություն և արտիստական շռնդալից վերելք
Մհեր Մկրտչյանի արտիստական շռայլ ճակատագիրը երևի աննախադեպ է հայ իրականության մեջ: Նրա խաղը սիրվում և արժանանում է քննադատների ուշադրությանը 17 տարեկանից սկսյալ, երբ Լենինականի թատրոնում «Թշնամիներ» պիեսում բեմ էր բարձրացել 70 տարեկանի դերով: Մհեր Մկտչյանն է պատմել, որ երբ «Ռևիզորում» խաղում էր Խլեստակով, Ռուբեն Զարյանը գրել էր. «Մհեր Մկրտչյանը Խլեստակովի դերը լավ է խաղում, բայց լենինգրադցի չէ, այլ լենինականցի»:
Լենինականի թատրոնի արդեն հանրաճանաչ երիտասարդ արտիստին, ասես սկուտեղի վրա, հրավիրում են հայ թատերական կյանքի էպիկենտրոն և կաճառ Գ. Սունդուկյանի անվան թատրոն, բեմ բարձրանալու լեգենդ ու կուռք Փափազյանի, Հրաչյայի, մյուս մեծերի կողքին: Առանց ընդունելության քննությունների, առանձնահատուկ կարգով, միանգամից նստում է Գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական երկրորդ կուրս, միաժամանակ կուրսղեկ Վաղարշ Վաղարշյանի հետ հանդես գալով սունդուկյանական ներկայացման մեջ («Եզոպոս»): Ինչպես հետագայում ասել է Սոս Սարգսյանը. «Ֆրունզը չէր ընտրել իր կյանքի ուղին։ Նա ի վերուստ նշանակված էր այդ գործին և տաղանդի հզորությունը գիտակցելով՝ խիզախ մարտիկի նման նետվում էր առաջ»։
Մհեր Մկրտչյանը գնահատել է իր տաղանդի հանդեպ այդ վերաբերմունքը. «Իմ բախտը բերեց. ես մեծերի կողքին եղա»:
Հետադարձ հայացքով, սակայն, արդեն իբրև հանրաճանաչ արտիստ, խոսել է դժվար մանկության, իր խոսքով՝ մանկություն չունենալու մասին. «Ես նիհար երեխա եմ եղել, կռիվ չեմ արել, չեմ սիրել կռվել: Ու էս խելոքությանս համար տուժել եմ… Տեքստիլում եմ աշխատել, կոշկակարի աշակերտ եմ եղել, ակումբի թատերական խմբի ներկայացումներին եմ մասնակցել… Հա, բանաստեղծություններ եմ գրել. «Երբ իմ սրտի խորքը մութ է,//Ո՞ւմ համար ես վառվում, լույս»: («Ազգ» օրաթերթ)
Մանկական տարիքում տարրական բաներ՝ խաղալիք, հեծանիվ չունենալն, իհարկե, նաև հետպատերազմյան սերնդին էր հատուկ և յուրաքանչյուրի ուղեկիցն էր ողջ կյանքում: Նրանց՝ սերնդակիցների անունից խոսելը, խոսելով հաղթահարելը տրվեց Մհեր Մկրտչյանին. «Ամեն անգամ, երբ հիշում եմ իմ մանկությունը, չգիտեմ ինչու, այն ինձ ներկայանում է հեծանիվ քշող փոքրիկ տղայի տեսքով: Գուցե նրանից է, որ մանկության տարիների միակ երազանքս հեծանիվ ունենալն էր, որն այդպես էլ չունեցա»: Երբ վերջապես ընտանիքը, Լենինականին բնորոշ հանդիսավոր երթով, գնում է ավագ որդու երազանքի հեծանիվը գնելու, խանութի ցուցանակը գուժում է՝ «Փակ է պատերազմի պատճառով»:
Տարիներ շարունակ գործուղումներից վերադարձող Մհեր Մկրտչյանը որդու՝ Վահագի համար բերել է կարմիր, կանաչ, երկնագույն հեծանիվներ, քանզի, իր խոսքով՝ «մարդ ամեն ինչ պիտի ստանա ժամանակին` և օրորոցայինը, և առաջին հեծանիվը»: (Հ. Պապիկյան, Շ. Սահակյան «Ո՞ւմ համար ես վառվում, լույս» գրքից)
Պատմելիս արտիստն իր դժվար մանկությունը ներկայացնում էր հոգնատանջ մոր («Մերս՝ Սանամը, «Սանամ» էր գրում ստորագրության փոխարեն, «մ» տառն էլ ծռվա՜ծ-հոգնա՜ծ, գրելիս հոգնել էր մերս») և խստաբարո հոր («Հերդ քեզի համար պերաշկի բերե, օր դու էրթաս բեմի վրա կապիկություններ էնե՞ս») գունեղ, կոլորիտային կերպարներով:
Սանամն իր որդուն բոլոր տեսակի փորձանքներից ապահավագրող, Սվաճյան ռեժիսորից անգամ պաշտպանող մայր էր. «Ինչի՞ չես թողնի իր ուզած միզանսցենով խաղա, սխալ միզանսցեն կուդաս»:
Մհերը մի քանի անգամ խոսել է հոր հետ կատարված «շատ տխուր պատմության» մասին: Ընտանիքի հոր՝ տեքստիլ ֆաբրիկայից մի քանի մետր քաթանի զանցանքը որակավորվեց որպես սոցիալիստական սեփականության հափշտակության ահեղագոչ մեղադրանք, և դժվար 1941 թվականին, մեռնել-ապրելու տարում, տան կերակրողը 10 տարով դատապարտվեց: Ընտանիքի համար ճակատագրական այս դեպքը Մհեր ու Ալբերտ Մկրտչյան եղբայրների համար ինքնակենսագրական տարրերով «Մեր մանկության տանգոն» ֆիլմում դարձել է անհավաստի, անշառ և անհասկանալի, բայցև սյուր մի դրվագ՝ երկու կանանց, երկու տների միջև. կռվախնձոր կոմոդ-զգեստապահարանն ի վերջո հանգրվանում է գնացքի ռելսերի վրա, դառնալով բանտարկվելու պատճառ:
Մուշեղ Մկրտչյանը հավանաբար այլևս ու երբեք բեմի վրա չտեսավ հրաշքներ գործող (կապիկություններ անող) նախաստեղծ հանճար ավագ որդուն: Մհեր Մկրտչյանը առաջին անգամ բեմ է բարձրացել հենց 1941 թվականին՝ Քաջ Նազարի դերով:
«Դա ի՜նչ կրթություն էր, ի՜նչ ազնվականություն էր»
Գ. Սունդուկյանի թատրոնում Մհեր Մկրտչյանի մարմնավորած առաջին դերերից էր Ժորա Հարությունյանի «Սրտի արատ»-ում Գվիդոնի բացասական, դերասանի մեկնաբանությամբ՝ զավեշտալի, կոմիկական կերպարը (1958 թ.): Մեկ տասնամյակ անց նույն թատերագրի «Ղազարը գնում է պատերազմ» (1967 թ.) ներկայացման մեջ Մհերի գլխավոր դերը սիրվել է այնքան, որ տասնամյակներով անցել է լեփ-լեցուն դահլիճներում, տոմսերի հերթերի, թատրոնի պատերը ցնցող հոմերական քրքիջի ուղեկցությամբ:
Սոս Սարգսյանը հիշում է. «Մհերը հայտնվում էր, դահլիճը դղրդում էր ծափերի որոտից… Մի ծով հմայք էր գալիս։ Խենթանում էր դահլիճը, մենք՝ նրա խաղընկերները, որ մասնակցում էինք այդ ներկայացմանը, մեր տեսարանն ավարտում էինք ու կախվում կուլիսներից, որ ոչ մի նոր երանգ, ոչ մի նոր գույն բաց չթողնենք։ Կլանվում էինք նրա խաղով, հմայվում, հաղորդվում… Խաղում էր Մհերը, խաղացնում էր հանդիսատեսին իր հետ, ստիպում, որ ստեղծագործի իրեն հավասար: Հումորի հեղեղը թափվում էր բեմից, լցվում դահլիճ, բարձրանում մինչև առաստաղ, կլանում ողջ թատրոնը»:
2000 թվականին, արտիստի մահից յոթը տարի անց, ծննդյան 70-ամյակին նվիրված հոդվածում ակադեմիկոս, թատերագետ Լևոն Հախվերդյանը՝ ժամանակակիցը, տարեկիցն ու քննադատը, փորձում է գտնել Մհեր Մկրտչյանի անօրինակ ժողովրդականության գաղտնիքը բացելու բանալին, նրա ստեղծագործության գլխավոր հատկանիշը, «իբրև նրա մեծ տաղանդի ու վաստակի հանդեպ ընկերական և մասնագիտական պարտքը կատարելու մի ուշացած փորձ»:
Թատերագետի տեսակետով, ինչպես մեծ կատակերգակ Չապլինն էր խոնարհ դասի մարդկանց գաղափարախոսն ու երգիչը, նույնը կարելի էր ասել Մհեր Մկրտչյանի մարմնավորած հավաքական կերպարի մասին. «Մհերն իր ողջ դերասանական կյանքում անձնավորել է բացառապես ժողովրդի մարդկանց և այնպիսի անդիմադրելիորեն վարակիչ տաղանդով, արվեստով և վարպետությամբ, որ մատչելի ու սիրելի էին ժողովրդին: …Մհերինը սիրո, կարեկցանքի, բարության ծիծաղն էր՝ իբրև կենսափիլիսոփայություն, աշխարհայացք, վերաբերմունք կյանքի ու մարդկանց հանդեպ: Ճշմարիտ քրիստոնեական մորալ: Մհերն այս ժողովրդական, քրիստոնեական կենսափիլիսոփայության մարմնացումն էր իր մեծ արվեստով և անփույթ կյանքով: Ավելի քան բախտավոր էր այն համաժողովրդական սիրով, որ իր ուղեկիցը եղավ կյանքի սկզբից մինչև վերջ: Խանգարող հանգամանքներ էլ եղան նրա ճանապարհին, իր անփույթ, անխնամ կյանքն ու կենցաղը. մի խոսքով՝ հայոց անկարգ կյանք լավով էլ, վատով էլ»: («Ազգ» 23. 11. 2000թ.)
Ավելին, քան խաղընկեր Սոս Սարգսյանի տեսակետն է. «Բեմի վրա իրեն զգում էր անսահման երջանիկ։ Դա ի՜նչ կրթություն էր, ի՜նչ ազնվականություն էր»: Մի քիչ ավելին, քան խաղընկեր Խորեն Աբրահամյանն ասել էր. «Ընդհանրապես Ֆրունզիկը զարմանալի մարդ էր, օրը սկսում էր երգով և երջանիկ էր։ Մյուս կողմից, նրա մեջ միշտ ապրում էր ինչ-որ ողբերգության զգացում»:
Լավ պատմող Սոս Սարգսյանի այս հուշը կյանքի դժվարություններն արժանապատիվ հաղթահարելու գեղեցիկ օրինակ է. «Մի օր երկուսով ունեինք ընդամենը մեկ ոուբլի։ Քաղցած էինք, որոշեցինք մի բաժակ արևածաղիկ առնել, որ ուտելու պատրանք լինի։ Թատրոնի այգում նստեցինք նստարանին, թղթե փոքրիկ տոպրակը դրեցինք մեջտեղը և սկսեցինք զրուցել։ Տարիներ անցան, նկարահանվում էինք «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում, գնում էինք Իջևանի սարերը՝ մեր կիսատ գործին»։ Ճանապարհի խորտկարանում Մհեր Մկրտչյանը առատ սեղան է պատվիրում, արածը հիմնավորելով. «Քու բանը չի, դու սուս… էն օրվա սեմուշկի աչքն ենք հանում… Մուռը հանենք, ես սրանց հերն եմ անիծել»։ (Սոս Սարգսյան «Կանչ» ժողովածու)
Հուշ անձնական
Մհեր Մկրտչյանին բեմում տեսել եմ ընդամենը երկու անգամ՝ 1985 թվականին Գ. Սունդուկյանի բեմում՝ Պաղտասար աղբար, և խաղացած վերջին ներկայացումը 1992 թվականի հոկտեմբերին, գուցեև ամենավերջին:
Հանդիպել եմ մեկ անգամ, 1982 թվականի աշնանը, երբ Թատերական գործիչների միության (այժմ՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն) դահլիճում հանդիպում էր Մհեր Մկրտչյանի հետ: Դահլիճը երկրորդ հարկում էր, և երկրպագուներով լեցուն էին շենքի բակը, առաջին հարկի ճեմասրահը, աստիճանները, խցանված էր նաև դահլիճի նեղ միջանցքը: Այդ տարիներին թատերասեր չլինելն էր անսովոր, դերասաններն ամենահայտնի աստղերն էին: Մի քիչ պարտության էր նման Մհեր Մկրտչյանի երկրպագու թատերասերի համար մարզից երեկոյան Երևան գալ՝ սիրելի արտիստի հանդիպմանը, և ուղղակի շեմից ներս չմտնել, մնալ փողոցում կանգնած, ուր ոչինչ լսելի չէր` խուլ աղմուկից բացի: Բնազդորեն խնդրեցի ներս թողնել, իբրև խոսք ունեի ասելու: Մարդկային հոսքն ակամա ինձ հրեց ներս, բարձրացրեց երկրորդ հարկ, դժվարությամբ անցկացրեց միջանցքով, և ինձ համար անսպասելի հայտնվեցի ամենասկզբում, և արդեն պարտադրված էի զարմացած արտիստի աչքի առաջ բեմահարթակ բարձրանալ: Չեմ հիշում, թե հուզված երկրպագուն ինչ կասեր, հավանաբար ոչ մի կարևոր բան ու միաժամանակ ամեն ինչ՝ առանց խոսքի: Բեմում կոստյումով, սպիտակ վերնաշապիկով ու թիթեռնիկով, արտաքուստ պաշտոնական, անսովոր արտաքինով Մհեր Մկրտչյանն էր և թատերագետ Լուիզա Սամվելյանը: Շքեղ արտաքինով թատերագետը ներկայացնում էր Մհերի ժողովրդականությունը, համեմատելով Հրաչյա Ներսիսյանի հետ, ձեռքի լայն շարժումներով շեշտելով՝ ա՜յս մարդը, ա՜յս մարդը: Դիմելաձևը համարձակ ու մի քիչ զարմանալի էր. ո՛նց է իրեն թույլ տալիս այդպես հավասարը հավասարի, մի բան էլ՝ վերևից արտահայտվել: Հիմա եմ հասկանում, ինչու իմ խոսքից շա՜տ հուզվեց (ովքեր ներկա են եղել, կարող են հիշել), խոսելով տարրական մաքրության, ազնիվ երկրպագելու, չեմ հիշում ինչերի մասին, հիշատակեց իր մայրիկին, ով թեև իր կրթության մասին մասին միշտ գրում էր տարրական, բայց այդ տարրականի մեջ այնքան մաքրություն կար:
Այսպիսի հանդիպում, որին մասնակցեցի առաջին շարքում նստած, անգամ կողքս ազատ աթոռ կար: Այն ժամանակ ինձ պատկերացնում էի բանասիրականի հեռակայի ապագա ուսանող, ավարտածս Սովետական առևտրի Երևանի տեխնիկումի դիպլոմը երեք տարի իրավունք չէր տալիս դիմելու հումանիտար բուհի ստացիոնար, պետք էր պետության պարտքը տալ՝ աշխատելով սոցիալիստական շինարարության մեջ: Այդ ժամանակ չգիտեի, որ Երևանում կա Գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտական գրավիչ բաժին: Թատերասերի մաքուր և ազնիվ սիրո վերաբերմունք էր, ինչը զգաց ու գնահատեց հայտնի արտիստը:
Հետագայում, արդեն ուսանող, որևէ հիշեցումով չուզեցի կոտրել տարրականի գեղեցիկ միֆը:
Ֆրո՞ւնզ, թե՞ Մհեր, դիպլոմ ունենալ-չունենալու միֆերը
Սիրելի Ֆրունզիկի, մեր Ֆրունզի անունի մասին հիմնականում մտածվում է, թե արտիստի իրական անունը Ֆրունզիկ է եղել, հետագայում փոխել է, դարձրել հայահունչ Մհեր: Մինչդեռ իրականում անձնագրով արտիստը Մհեր Մկրտչյան է, Ֆրունզիկը ընտանիքի, մտերմիկ, ոչ պաշտոնական, ժամանակին շատ տարածված երևույթ էր, իբրև երկրորդ անուն: Զարմանալիորեն այսօր էլ այդ անուններն ընկալվում են ճիշտ նույն կոնտեքստով, ինչպես մտածել են հարազատները. նա Մհեր Մկրտչյանն է, կամ՝ մեր Ֆրունզիկը: «Ինչո՞ւ հենց Ֆրունզ» հարցն անցյալ դարակեսին չի էլ հնչել, տարածված էին բոլշևիկների, այդ թվում՝ երկաթե Ֆրունզեի անունը:
Մհեր Մկրտչյանը սիրել է պատմել իր անունի լեգենդի պսակազերծումը, թե ինչպես Սունդուկյանի թատրոնի ճեմասրահում առաջին անգամ տեսել է մի քիչ գինովցած Հրաչյա Ներսիսյանին, անունդ ի՞նչ է՝ հարցին խրոխտ ասել՝ Ֆրունզե: Ու երբ քիչ անց նա ձայնել է՝ «Լսիր, դու, Կոտովսկի», Մհերը հասկացել է, որ իր անունն իրականում ազգանուն է:
Ժամանակին, իբրև շատ սրամիտ ու անհավանական, համարյա աբսուրդ մի պատմություն էր շրջանառվում, թե Մհեր Մկրտչյանն ինստիտուտն ավարտելիս երկուս է ստացել, կտրվել է դերասանի վարպետություն առարկայից և դիպլոմ չունի: Մինչև այսօր ծավալվող արտիստիկ պատմության այս մեկնաբանությունը դարձյալ վերջնական չէ, հիմքը թատերականի դասախոսների բանավոր զրույցն է: Ինստիտուտն ավարտելիս հայտնաբերում են, որ Մհերը միջնակարգ կրթության վկայական չունի, արդեն հայտնի արտիստ՝ կրթությունը սկսել էր երկրորդ կուրսից, սակայն առանց այդ փաստաթղթի հնարավոր չէր դիպլոմ տալ: Անդիպլոմ դերասանին 1978 թվականին ներկայացնում են ԽՍՀՄ ժողովրդական արտիստի բարձրագույն կոչման, և միայն այդ ժամանակ է նա ստանում վաստակած, թեև արդեն անէական փաստաթուղթը: Բայց դե, շատ խորհրդավոր ու գեղեցիկ էր հնչում, գուցեև Մհերը կամ կոլեգաներն են հորինել՝ կտրվել է դերասանի վարպետությունից թատերականի տաղանդավորն ու անզուգական ուսանողը, բոլոր միջոցառումների զարդը, հրաշալի երգողը, ուսանողական ներկայացման հայտնի Խլեստակովը:
Գասպարալողի լեգենդը
Մեր ծնողները, ծնված նույն թվականներին, անցած կյանքի նույն ճանապարհներով՝ մեկ սերունդ առաջ գաղթած, փախեփախ եղած, հետո պատերազմում ծնող ու հարազատ կորցրած, հետպատերազմյան դժվար ու աղքատ մանկության մեր ծնողները ամենից շատ էին սիրում Ֆրունզիկի խաղը նայել: Ամեն անգամ՝ առաջին անգամի պես, անհոգ ծիծաղով էին դիտում Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ ֆիլմերը, Ֆրունզիկը տոն օրերի ուրախությունն էր՝ անկախ ֆիլմի թեմայից ու գաղափարից: Նա իրենցից մեկն էր, որը զվարճալի էր և գեղեցիկ անհոգություն էր պարգևում, անխառն հաճույք. սա է մաքուր կոմեդիայի, լավ կատակերգակի առավելությունը: Սոս Սարգսյանի դիտարկումով. «Մհեր Մկրտչյանն իր ժողովրդին սովորեցրեց ժպտալ, ծիծաղել, սովորեցրեց կյանքի ծանրությունը թեթևացնել հումորով»:
1959 թ. սովետական միլիցիայի պատվերով նկարահանված քարոզչական «01-99» կարճամետրաժը (ռեժ.` Ամասի Մարտիրոսյան, սցենարիստ՝ Զ. Տեր-Կարապետյան) նպատակն ուներ ցույց տալ ալկոհոլը չարաշահելու վնասները /frunzik.com կայք/ օբյեկտիվ բովանդակության մեջ երիտասարդ արտիստի հյութեղ կերպավորումով դարձավ ֆիլմ անմեղ, անշառ մարդու փոքր ու զվարճալի թուլության մասին: Վեց տասնամյակ էկրանին ահա նա՝ վատ ճանապարհից թափահարվող սայլի մեջ աշխարհից ու ինքն իրենից թաքուն տակառիկից մի քանի ումպ անմահական սիրտ հովացնող, աշխարհքի զորությանը մեռնելով «ուխա՜՜յ» գինի խմելիս: Աշխատավոր ու ինքն իրեն պարգևատրող Գարսևան-Մհեր Մկրտչյանը, սակայն, անշեղորեն գնում է հանձնարարվածը կատարելու. տակառիկը պետք է հասցնի վաստակավոր գինեգործին:
Մհեր Մկրտչյանի կինոկենսագրության մեջ մի առանձնահատուկ հմայք ու գաղտնիք ունի «Եռանկյունի» ֆիլմը: Հաճախ են նրա կյանքի անսպասելի ու անժամանակ ավարտը համեմատում այս ֆիլմի բազմախորհուրդ, անվերծանելի վերջաբանի հետ. «Նա բարձրացավ վե՜ր, վե՜ր, ամպերից էլ վեր ու այլևս չվերադարձավ»: Մինչև ճակատագրական թռիչքը նրա Մկրտիչը մի քիչ շփոթված ու հանդիսավոր բարձրանում է գիտության գյուտ ուղղաթիռ, թևաբախումի աղմուկի մեջ բացում պատուհանիկն ու գոռում խորհրդավոր ու իմպրովիզ ընկալվող վերջին բառերը. «Ուստա՜, Համոն փողը չի տվել»:
Ահա նա, օրորվելով ու երգով իջնում է ասես երկնքի մի կետից, ամպերի միջից, իր հետ և իր պես ճոճվող ոլորապտույտ աստիճաններով. «Դարդս պա՛տմեմ, սարեր կու՛լան… Հովիկ ջան… Պոկի՛ն տա՜րա՜ն, ի՛մ ջիգյա՜րը, իմ ջիգյա՛րը արին խոց»:
Նա՝ մշեցի Մհեր Մկրտչյան-Մկրտիչը, անանուն կամ նույնանուն գաղթականներից մեկը, ճարահատ, լեգենդը կործանելու գնով, խոստովանում է մեծ ողբերգությունը, որի ֆոնին աննշան ու չնչին է գասպարալողի չափազանցումը: Գեղեցկացրել- հերոսականացրել էր ողբերգականը, չփոխանցելու համար իր շրջապատին, տղեկին, մեզ՝ դիտողներիս: Ինչո՞ւ էր ծով կտրելով փախել Գյումրի քաղաքում դարբնություն անող հայը և դառն ու անփոխանցելի եղելությունը այլաբանորեն ասելու լեգենդ հորինել. «Փախել ենք, ազնիվ խոսք, Տաճկաստանից ծովով ենք փախել, շատ տանջանքով ենք փախել, իսկ լողը քիչ մը սիրուն բան կմտցներ մեր էդ փախուստի մեջ»:
Եվ այդ լեգենդի ենթատեքստը երգով ու Մհերի խաղի միջոցով փոխանցում են Աղասի Այվազյանն ու Հենրիկ Մալյանը:
Կյանքում էլ, ինչպես ֆիլմում, Մհերի հայրենասիրությունը խորքային ու անձևակերպելի էր. «Հայրենիքի զգացողությունը պահեք ձեր մեջ, ինչպես սերն եք պահում ձեր սրտում, հոգով ու սրտով կապված մնացեք հող ու ջրին, հոգևոր հարստությանը, ծննդավայրին »:
Մհեր Մկրտչյանի անվերծանելի արվեստը
Ինչպիսի՞ն էր Մհեր Մկրտչյանի արվեստը, ստեղծագործական ներքին աշխատանքը, որն առաջին հայացքից երևում է իբրև ինքնաբուխ, հանկարծաստեղծ, դերասանական բնազդի և բնածին արտակարգ տաղանդի արգասիք: Դերասանի ահռելի աշխատանքը, հավաստի կերպար ստեղծելու ճիգ ու ջանքը չի երևում ու պիտի չերևար, և Մհերը բեմ է բարձրացել կամ կինոխցիկի առաջ է կանգնել այդ ամենը ետևում թողած, կերպարին ձուլված, օրգանական, նախաստեղծ-իմպրովիզացիոն այնպես ու այնքան, ասես բեմի վրա է հորինում, ասես խցիկը իրեն պատահականորեն է գտել կյանքի այդ գործողության պահին:
Սա նույնպես սիրելի արտիստի անձի շուրջ ծավալվող գեղեցիկ ու ցանկալի միֆ է: Մհեր Մկրտչյանի ստեղծագործական տվայտանքների գաղտնիքն առաջինը բարձրաձայնել է արտիստի կյանքում առանցքային դեր ունեցած ռեժիսոր Վարդան Աճեմյանը. «Երբ Ֆրունզիկին դերը տալիս ես, առաջին հերթին կատվի նման նայում է, որ բերանը չվառի: Հետո սկսում է երկար տնտղել: Միանգամից չի ուտում: Սկսում է կռիվները հեղինակի հետ, հետո կռվում է դերի հետ, դերից հետո կռվում ինքն իր հետ: Կռվում է այնքան, որ հեղինակին էլ սիրի, մյուսին էլ սիրի, իրեն էլ սիրեն»:
Մհեր Մկրտչյանը հետագայում յուրովի հաստատել է աճեմյանական տեսակետը. «Դերն ինձ համար մուկ է: Ես պիտի այնքան կատվի նման պտտվեմ շուրջը, այնքան պիտի ուսումնասիրեմ, պիտի արդեն դարձնեմ իմը, որ կարողանամ խաղալ»:
Դերակերտման ծանր ու մանրակրկիտ մկրտչյանական աշխատանքի մասին հետաքրքիր հուշեր ունի սցենարիստ և ընտանիքի մտերիմ Անահիտ Աղասարյանը. «Այդ խունացած թերթիկների վրա՝ լուսանցքներում, ես տեսա նրա գրառումները և նշումները, որոնք վերաբերում էին կերպարին։ Դրանք իր իսկ սեփական որոնումներն էին, դիտողությունները։ Դա ստեղծագործական որոնումների իր քարտեզն էր։ Եվ ամենաապշեցուցիչը այն էր, որ նա տեքստի էջի ետևի մասում նկարել էր այն կերպարները, որոնք պետք է խաղար։ Նկարել էր կենդանիների կերպարանքով, ընդ որում, դեմքն իրենն էր՝ մարդկային, մարմինը՝ կենդանու. փիղ էր, ձի, կապիկ։ Հենց այնպես բան չէր, դա դերասանի ներքին խոհանոցն էր, դերասանի ներսի արվեստանոցը։ Պարզ երևաց, թե Մհեր Մկրտչյանը ինչքան է աշխատում, ինչքան է մտածում դերի վրա։ Նա չէր սիրում ցույց տալ իր քրտինքը: Նա ձերբազատված էր նաև պայմանականություններից, կարծես դուրս էր նյութական աշխարհի այս համակարգից, լավից ու վատից, բարուց ու չարից»։
Թատրոնում ու կինոյում խաղընկեր Սոս Սարգսյանի գնահատականով՝ «փորփրում էր մարդու հոգեբանությունը, անսպասելի գյուտեր էր անում, կարևոր պահերին շատ լուրջ էր»։ Ի հավելումն լուրջ աշխատանքի, իմպրովիզացիոն-հանկարծաստեղծ խաղը Մհերի բոլոր դերակատարումներին էր հատուկ: «Եռանկյունի» ֆիլմում դարբնի շիկացած երկաթով ալյումինե բաժակի մեջ թշշացնելով թեյ եռացնելը նկարահանման ընթացքում ստեղծված գյուտ էր, սակայն դիտվում է իբրև ամենօրյա կենցաղային գործ:
Դերասանների նկատմամբ զուսպ Հրանտ Մաթևոսյանը գովեստներ է շռայլել մկրտչյանական տաղանդին. «Եվ Աստծու այս բեմում Մհերը թերևս ավելի մեծ լիներ, քան եղավ թատրոնի բեմում: Ինքը Աստծու մի մեծ ստեղծվածք՝ իրեն դժվար էր տեղավորում մարդու մեր գործերում ու ստեղծագործություններում — կերպարների կաղապարները փշուր-փշուր էին լինում, կերպարի հանդերձը ճռռալով պատռվում էր նրա վրա, կառույցը նրա մուտքով քանդուքարափ էր լինում և վերաշինվում ու գմբեթավորվում ոչ այն տեսքով, ինչ տեսքով ենթադրելի էր»: http: //hrantmatevossian.org//
Հրանտ Մաթևոսյանն իր ստեղծած գրական կերպարները բեմում ու էկրանին ցանկանում էր անխաթար ու կատարյալ տեսնել իբրև Գոշի խաչքար, որին ոչինչ չպիտի ավելացնել ու պակասեցնել: Անկախ գրական տեքստից, «Մենք ենք, մեր սարերի» Իշխանը գերազանցապես մկրտչյանական կերպար է, հյութեղ, ամբողջական, սիրելի, սովետական ու մարդկային միաժամանակ: Ահա Իշխան-Մհեր Մկրտչյանը՝ ծանր հևոցով Խնձոր եզը շուռ տալիս, դանդաղորեն ու համոզկեր-ասես իմիջիայլոց խոսքով օրվա խորովածի հիմքը գցելիս, Ավագ քեռուն հարազատի-երեխայի պես լողացնելիս, վերնաշապիկը պատռելով կուրծքը բացելով՝ արջի ժանիքի հավաստի սպին ցույց տալիս: Մի կատարյալ սիմֆոնիա՝ ամբողջական մկրտչյանական կերտվածք՝ իր ուրույն հանդերձով ու շարժուձևով, ասես այդ սարերում ծնված ու ամբողջ կյանքում գառների ոտքերից բռնելով ու հոսող ջրի մեջ նետելով: Նա՝ Մհեր Մկրտչյանը, սիրելի Ֆրունզիկը, երկար տեքստի փոխարեն ընդամենը բազմախոս «Հեյ-հե՜յ» է ասում սովետական միլիցային խորհրդավոր, արդար, հումորով, ապասովետական: Սովետական եմ ու չեմ, սովետականը որն է, մարդ ենք, Հորացիո…
Իսկ Սոս Սարգսյանը ժամանակին Մալյանին համոզում էր Իշխանի դերն իրեն տալ, քանի որ Ֆրունզը քաղաքի տղա է:
Մհեր Մկրտչյանը դուրս էր այդ և ցանկացած պայմանականությունից. «Մեր աշխատանքը գործ ունի բնության հետ, մարդկանց հույզերի հետ, և այն մի կախարդական աշխարհ է, աննասկանալի, տիեզերքի պես անվերծանելի»: