Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ / ՄԵԾ ԼԵՌԸ
Ժամանակն առաջ է շարժվում: Ամեն դարաշրջան թելադրում է իր գրականությունը: 21-րդ դարն ունի իր պահանջները՝ հենվել հնի վրա և ստեղծել նորը: Այն պետք է ունենա իր դրամատուրգներն ու բեմադրիչները, ովքեր «նոր աչքերով» կնայեն թատերական աշխարհին: Թատրոնը ոչ թե զվարճության, այլ արարման վայր է: 21-րդ դարի թատրոնը պետք է նոր ձևով և բովանդակությամբ արտահայտի ժամանակը: Եթե մենք չկարողանանք թատրոններում բեմադրել պարադոքսալ կամ պոստմոդեռնիստական ներկայացումներ, կկորցնենք աշխարհի հետ հարաբերվելու հնարավորությունը:
Գործող անձինք
ՄԱՅՐ
ՀԱՅՐ
II ՔՆՆԻՉ
ԱՆԻ
ՀԱՄԲՈ
ԿԻՆ
I ՔՆՆԻՉ
1-ԻՆ ՊԱՏԿԵՐ
Բեմը մութ է, միայն թույլ լուսավորվում է հոր և մոր ուրվագծերը: Հայրը քայլում է, մայրը՝ խոսում…
ՄԱՅՐ — Անի, գիտեմ, որ գյուղ ես գնացել, գիտեմ՝ ինչու ես գնացել, դու մեզանից էիր փախչում, ուզում էիր ինքնուրույն կյանքով ապրել:
ՀԱՅՐ — Թե այլ բան կա, մտածի՛ր, նոր պատասխանիր:
ՄԱՅՐ — Ների՛ր, մենք քեզ չհասկացանք: Մենք չկարողացանք քեզ ոտքի կանգնեցնել:
ՀԱՅՐ — Մանկական երազանքները փշուր-փշուր են լինում: Վախենում եմ՝ փլատակների տակ մնաս: Եթե ցանկանաս… միայն թե ցանկանաս…
ՄԱՅՐ — Հայրդ զայրացել է, տեղը չի գտնում, չի կարողանում համակերպվել: Քաղաքի աղջիկը՝ գյուղում… պատկերացնելն իսկ սարսափելի է, ով է եղունգներդ մշակում, ով է մազերդ հարդարում, ի՞նչ տեսք ունես, աղջի՛կս:
Ներս է մտնում Անին:
ԱՆԻ — Նրանց հետաքրքրում է իմ տեսքը: Տե՛ր Աստված, նրանք ոչինչ չգիտեն:
ՄԱՅՐ — Աղջի՛կս, այն, ինչ արեցիր, ոչ մեկի ուղեղում չի տեղավորվում: Արամն էլ իմացավ՝ գյուղ ես գնացել, այնպես հռհռաց, քիչ մնաց՝ վիրավորեի նրան:
ԱՆԻ — Արամը մեր հարևանի տղան է, փոքր տղա էր, մենք տուն-տունիկ էինք խաղում, հիմա երևի մեծացել է:
ՄԱՅՐ — Հետաքրքիր է, կով ունե՞ք, հավ, խոզ, բադ, ձի, էշ… եղջերու ունե՞ք, դո՞ւ ես թրիքը հավաքում, գա՞զ եք վառում, թե՞ աթար: Հորդ հետ խոսել եմ, եթե վերադառնաս, մենք աչքներս կփակենք, կասենք՝ ոչինչ չի եղել, ասա, որտե՞ղ ես, կգանք քո ետևից: Եթե շարունակես լռել՝ կմոռացվես, մենք կասենք, որ աղջիկ չենք ունեցել: Այստեղ կյանքը եռում է…
Դադար:
ԱՆԻ — Գոմում երկու կով է որոճում ու տասը ոչխար: Ձի կամ էշ չունենք: Քսան հավ, մեկ հորթ ու մեկ երինջ: Եղջերու չունենք, որովհետև այստեղ եղջերու չի լինում: Կողքի ննջասենյակում քնած են կեսուրս ու կեսրայրս, նրանք այնպես են ֆռնչացնում, որ տունը կորցնում է իր դեմքը: Էլ ի՞նչ եք ուզում իմանալ…
Լսվում է աքաղաղի կանչը, երևում է գյուղի տունը, խորքում՝ մեծ լեռը: Շուտով լույսը կբացվի: Համբոն քնած է մահճակալին:
ԱՆԻ — Շուտով լույսը կբացվի, պիտի կովերին կեր տամ, հավերին՝ կուտ, աղբյուրից ջուր բերեմ, լվացքը դնեմ տաշտի մեջ, կրակ անեմ՝ ջուրը տաքանա… Չեն թողնում՝ գազից օգտվեմ: (Դադար:) Իսկ ես ուզում եմ քնել, երազներ տեսնել, որտեղ չկան կեսուր, կեսրայր, ունես տուն, ամուսին: Վախ չունես՝ հանկարծակի ներս մտնեն ու նայեն՝ ինչ ենք անում: Նրանք հետևում են մեր ամեն քայլին: (Նստում է մահճակալին:) Բոլոր երազանքներն արթնանալուց հետո չքանում են, ոչ մի երազանք իրականություն չի դառնում, նույնիսկ ես եմ անիրական: (Լսվում է աքլորի կանչը:) Ես պիտի ոտքի վրա լինեմ, թևերս քշտած գործ անեմ: (Պառկում է:) Չեմ ուզում արթնանալ, չեմ ուզում… մի քանի վայրկյան էլ լինեմ երազի մեջ, այնտեղ տաք է ու փափուկ:
Լսվում է կեսրայրի հազի ձայնը: Անին ու Համբոն վեր են թռնում սարսափած:
ՀԱՄԲՈ — Հայրս հազաց:
ԱՆԻ — Լսեցի:
ՀԱՄԲՈ — Մենք պիտի ոտքի վրա լինենք, հագնված ու պատրաստ:
ԱՆԻ — Չեմ ուզում:
ՀԱՄԲՈ — Երկար քնելը ամոթ է: Ի՞նչ կմտածեն մեր մասին:
ԱՆԻ — Թող մտածեն ամեն ինչ:
ՀԱՄԲՈ — Ուզում ես խայտառակ անել ինձ:
ԱՆԻ — Գրկիր ինձ:
ՀԱՄԲՈ — Թող, կտեսնեն:
ԱՆԻ — Թող տեսնեն՝ ինչպես ենք գրկախառնված, չէ՞ որ նրանց երեխաներն ենք:
ՀԱՄԲՈ — Դու կին ես, ոչ թե երեխա:
ԱՆԻ — Ես ջահել աղջիկ եմ, կամակոր աղջիկ, թող մեզանով ուրախանան:
ՀԱՄԲՈ — Դու չե՞ս հասկանում, որ հարս ես:
ԱՆԻ — Չեմ ուզում հասկանալ:
ՀԱՄԲՈ — Բավական է երազներով ապրես: Ապրիր այն կյանքով, որը թույլատրելի է, ընդունված է գյուղում:
ԱՆԻ — Դու ենթարկվիր, իսկ ես չեմ ուզում:
ՀԱՄԲՈ — Դու ինձ զայրացնում ես:
ԱՆԻ — Հենց առաջին օրվանից հասկացա, որ իմ տեղում չեմ: Կարծես փշերի վրա լինեմ: Մենք ե՞րբ ենք սեփական անկյուն ունենալու:
ՀԱՄԲՈ — Էս լեն ու բոլ սենյակները քեզ չե՞ն բավարարում:
ԱՆԻ — Ո՛չ:
ՀԱՄԲՈ — Երբ նրանց ժամանակը գա, երբ Մեծ լեռը ընդունի նրանց մարմինները: Այն ժամանակ դու կդառնաս այս տան տիրուհին:
ԱՆԻ — Մենք նրանցից շուտ կմեռնենք:
ՀԱՄԲՈ — Կարծում ես, նրանք մեր թշնամինե՞րն են… չէ՛: Մեծացել են, ծանրացել են, մենք էլ նրանց սրտով պիտի գնանք: Գլխիցդ հանիր հիմար մտքերդ ու սկսիր աշխատել: Նրանք սպասում են, որ առաջինը մենք ոտքի կանգնենք: Գնա, վառիր վառարանը, ձու դիր եփելու, միակ բանը, որ ձեռքիցդ գալիս է:
ԱՆԻ — Երեկ իմ եփած ապուրը լցրեցին շան առաջ:
ՀԱՄԲՈ — Շունը չկերավ:
ԱՆԻ — Ինչ էլ որ անում եմ, ասում են՝ վատ է:
ՀԱՄԲՈ — Մորիցս սովորի՛ր:
ԱՆԻ — Քո մորից… Ախր, նա այնպես է ինձ նայում, կարծում է՝ իր ստրուկն եմ: Հրաբխի վրա եմ, էլ չեմ դիմանում: Դու չես կարող փրկել ընտանիքդ: Կզոհես ինձ, ասա, կզոհե՞ս ինձ: Ես վախենում եմ:
ՀԱՄԲՈ — Մնա ինքդ քո մեջ ու ցույց մի տուր, որ վախենում ես:
ԱՆԻ — Նրանք գիտեն, որ վախենում եմ, զգում են՝ չեմ կարողանում քայլել առանց վախի:
ՀԱՄԲՈ — Չգիտեմ՝ ինչպես քեզ օգնեմ:
ԱՆԻ — Կանգնիր կողքիս:
ՀԱՄԲՈ — Կանգնեցի, հետո՞:
ԱՆԻ — Պաշտպանիր ինձ նրանցից:
ՀԱՄԲՈ — Ես իմ հոր տղան եմ, գերդաստանի միակ շառավիղը: Պապս յոթ որդով էր սեղան նստում: Պատերազմը վեցին տարավ, ողջ մնաց միայն հայրս: Իսկ դու երեխա չես ունենում: Դա մեզ համար ցավ է, եթե երեխա չունենաս՝ գերդաստանը կմեռնի:
ԱՆԻ — Բաց թող՝ գնամ:
ՀԱՄԲՈ — Դեռ երեխա ունենալու ժամանակ ունես: Մտածիր միայն այդ մասին:
ԱՆԻ — Դու ինձ հավանում ես:
ՀԱՄԲՈ — Հենց առաջին օրվանից, դու մեր գյուղի ամենասիրուն հարսն ես: Քո պատճառով շատերի հետ եմ կռիվ տվել: Զգուշացի՛ր, նրանց հայացքից ոչինչ չի վրիպում, փեշդ կարճ է, ուրիշ շոր հագիր: Ես գնամ, փարախի դուռը բացեմ: (Գնում է:)
ԱՆԻ — Ուզում եմ աղոթել… Մեծ սարը թիկունք կանգնի մեզ, մենք սիրում ենք իրար: Անկողնում այնպես ջերմ է ինձ գուրգուրում, որ երջանկությունից նռան նման ճաք եմ տալիս: Ասա՛ նրանց, թող մեզ հանգիստ թողնեն:
Ներս է մտնում Համբոն:
ՀԱՄԲՈ — Դեռ չես հագնվել, ո՞ւմ ես սպասում, որ քեզ հագցնի: Լուսամուտի վարագույրն էլ քաշիր, հարևանի լակոտը թաքուն նայում է: Հայրս, մայրս քեզ են սպասում, սկսել են փնթփնթալ: Ինձ էլ երեսի տեղ թող: (Դուրս է գնում:)
ԱՆԻ — Լեզուս կծում եմ, որ չճչամ, չասեմ՝ թող այսօր նրանց վերջին օրը լինի, լսո՞ւմ ես ինձ, Մեծ սար, պատժի՛ր նրանց: Երբ փոքր էի, մայրս կողքիս էր, հայրս կողքիս էր: Հիմա նրանք չկան: Ես մենակ եմ: Արևը ներս է ընկել, լեզուս հանում եմ, որ զգամ արևի ջերմությունը: (Հանում է լեզուն:) Քաղցր է ինչպես ծիրանը ու հյութեղ: Ջերմությունը շուրթերիս տակից ծորում է կրծքիս, կրծքերս հասուն են ու պիրկ: Ես երեխա եմ ուզում ունենալ:
Մթություն:
II ՊԱՏԿԵՐ
Առավոտ է: Սեղանի շուրջ նստած են հայրը, մայրը, Համբոն: Ուտում են, աչքի տակով իրար են նայում:
ՀԱՅՐ — Կինդ տանը չէ: Ես նրան չեմ տեսնում: Հարսի՛կ, որտե՞ղ ես թաքնվել: Ծի՛կ…
ՀԱՄԲՈ — Հիմա կգա:
ՀԱՅՐ — Օրը ճաշ դառավ:
ՀԱՄԲՈ — Լույսը նոր է բացվել:
ՀԱՅՐ — Իսկապես: Ինչո՞ւ սեղանի մոտ չի: Չի ուզում մեզ հետ հաց ուտել՝ իր գործն է, բայց կանգնելու է սեղանի մոտ: Հիմա ո՞վ է ինձ ջուր տալու: Մայրդ էլ, տեսնում ես, տնքում է, ամբողջ գիշեր քրտինքի մեջ էր, մի կերպ է ողջ մնացել… Ես նրանցից ջուր ո՞նց ուզեմ:
ՀԱՄԲՈ — Ես ջուր կտամ:
ՀԱՅՐ — Դո՞ւ: Դու հարսի տե՞ղն ես կանգնելու, դու հարսի գո՞րծն ես անելու, պարանին լվա՞ցք ես փռելու: Դու իմ տղան ես, գերդաստանի հույսն ու ապավենը: (Դադար:) Քեզ եմ հարցնում, ինչո՞ւ հարսին չեմ տեսնում սեղանի մոտ կանգնած:
ՄԱՅՐ — Տեսնելու բան էլ լինի՞, թևերը ճիպոտի հաստության են: Ոտքերն էլ մակարոն, վախենում եմ՝ մի օր ջարդվի:
ՀԱՅՐ — Ձա՛յնդ, երևում է, քամակդ քոր է գալիս: (Դադար: Ուտում են:) Մի բաժակ օղի: Ո՞վ պիտի օղին բերի: (Դադար:) Տեսնո՞ւմ ես, ինչ է նշանակում՝ հարսը տեղում չի: Թո՛ւ, նրան դեսը ղրկողի… Թույլ մարդ ես, դրա համար էլ կինդ այստեղ կանգնած չի: (Համբոն կանգնում է:) Նստի: Գնա: (Մայրը վազքով գնում է օղի բերելու:) Դու այնքան ես խեղճացել, որ կինդ նստել է ուսերիդ, հեծած ման է գալիս, մնացել է՝ կրունկներիդ տակ պայտ խփի:
ՀԱՄԲՈ — Դու խփիր, հայր:
ՀԱՅՐ — Ամբողջ աշխարհի վրա ես էի ծիծաղում, հիմա իմ վրա են ծիծաղում: Երեկ մեյդանում Խաչոն պարծենում էր իր հարսով ու ծիծաղում: Վաղոն էլ էն կողմից էր գովաբանում: Մի՛ թույլ տուր՝ գյուղի ծիծաղի առարկա դառնանք: Քեզ ժամանակ եմ տալիս մեկ օր: (Ներս է մտնում մայրը, մի բաժակ օղի դնում սեղանին, հայրը խմում է:) Լավ էր, սիրտս հովացավ: Ինչ էի ասո՞ւմ, հա… եթե չկարողացար կնոջդ սանձերը քաշել, ստիպված կլինեմ ինքս միջամտել:
ՄԱՅՐ — Ուզում ես հարսիդ ծեծե՞լ, չլսված բան է: Հարևաններն իմացան՝ գեղով մեկ կտարածեն:
ՀԱՅՐ — Գերդաստանի պատվի հարց է: Ճիպոտը կիջեցնեմ, տասը հարվածը բավական է, որ նա հասկանա՝ ուր է ընկել:
ՀԱՄԲՈ — Ես թույլ չեմ տա:
ՀԱՅՐ — Ինչո՞ւ կինդ կանգնած չի իր տեղում, նա պիտի շունչը պահած սպասեր, թե մենք ինչ ենք ուզում: Ո՞ւր է, քեզ եմ հարցնում:
ՀԱՄԲՈ — Գնացել է կովերին խոտ տա:
ՄԱՅՐ — Կովերին ես եմ կեր տվել, հավերին էլ եմ կուտ տվել: Տան գործը վրաս է: Մեծ եմ, հոգնում եմ, ոտքերս ցավում են, էլ մեջս ուժ չի մնացել:
ՀԱՅՐ — Այսքան ժամանակ չէի ուզում խառնվել, մտածում էի՝ իրենց գործն է, բայց դուրս եկավ՝ ըտենց չի, էդ անտեր աղջկան ինչո՞ւ բերեցիր մեր տուն:
ՄԱՅՐ — Հարսը որ հեր, մեր չունենա, դժբախտություն է բերում:
ՀԱՅՐ — Մեր գյուղում աղջիկներ չկայի՞ն՝ անող-դնող, կովից էլ են հասկանում, էշից էլ:
ՄԱՅՐ — Իսկ քո քաղաքացին թրիքից զզվում է, կովից վախենում, աքլորը ընկնում է ետևից՝ փախչում է: Բա նա մեր գյուղին արժանի՞ հարս է:
ՀԱՅՐ — Դո՛ւ նրան պիտի ասեիր՝ թրիք է շուռ տալու, որ աթար դառնա, կովերին խոտ է տալու, որ կաթ խմի, հավերին կուտ է տալու, որ ձու ուտի, շանը լափ է տալու, որ գիշերները հաչի:
ՄԱՅՐ — Արհամարհանքով է նայում մեր գյուղին:
ՀԱՅՐ — Մեծ սարը վկա, այդպիսի անպատվություն չէինք տեսել՝ տեսանք: Այսօր սար չենք գնա, կմնաս տանը, ճիպոտը գոմի պատին եմ կախել, դրանով հերս եզներն էր քշում, ես էլ մորդ էի ծեծում: Կիջեցնես, դեմքին չխփես, դրա համար կանայք փափուկ քամակ ունեն, էնքան կխփես, մինչև կաշին պլոկվի: Իրիկունը կգամ, կստուգեմ, թե իմ տղան ես, էդ գործը պատվով կանես, հակառակ դեպքում աչքիս չերևաս:
Ծանր լռություն:
ՄԱՅՐ — Հիշում եմ, երբ առաջին օրը մտա էս տուն…
ՀԱՅՐ — Տեսա՝ կատուն համարձակվել էր նստել մորս գոգին, բռնեցի ու երկու կես արեցի: Դրա համար է մինչև օրս չորս կողմս պտտվում, որ մեջքը շոյեմ: Կնիկ, շոյում եմ, չէ՞, հո դժգոհ չե՞ս:
ՄԱՅՐ — Երբ կեսուրս մեծացավ, սկսեց տակը լցնել… Ես էի տակը լվանում ու մաքրում, ոչ ոք չիմացավ մեր ամոթը: Իսկ ի՞նչ կլինի, եթե ես հիվանդանամ:
ՀԱՅՐ — Պարտադիր չէ տակդ լցնես, հեչ պարտադիր չէ: Թե չէ կմտցնեմ շատ բունը՝ Բողարի հետ կապրես: Գլուխդ կհանես բնից, որ քեզ կեր տանք, մեկ-մեկ էլ կհաչաս: (Ծիծաղում է:)
ՄԱՅՐ — Կինդ ո՞ւր է, որտե՞ղ է ման գալիս, այգու ծայրին ի՞նչ է անում:
ՀԱՅՐ — Տղա, խելքդ գլուխդ հավաքի, սաղ գեղի աչքը նրա վրա է, ձեռքիցդ կփախցնեն՝ կմնաս առանց կնիկ: Վեր կաց, գնա նրա մոտ: (Համբոն գնում է:) Աչքերդ չորս կանես, էս հարսը մեր գլխին օյին չխաղա: Թե բան տեսար, իմաց տուր, ես գիտեմ իմ անելիքը:
Մթություն:
III ՊԱՏԿԵՐ
Անին այգում լվացք է փռում: Գալիս է Համբոն:
ԱՆԻ — Եկել ես տեսնես՝ ո՞նց եմ լվացք անում:
ՀԱՄԲՈ — Դու քաղաքացի ես, սովոր չես լվացք անել:
ԱՆԻ — Մանկատանն եմ մեծացել, ես էի լվանում իմ շորերը:
ՀԱՄԲՈ — Դու ամուսնացած կին ես և պիտի լվանաս բոլորի շորերը:
ԱՆԻ — Ես ամուսնացել եմ քե՛զ հետ:
ՀԱՄԲՈ — Դու պիտի համակերպվես մեր կյանքին:
ԱՆԻ — Ձեռքինդ ի՞նչ է:
ՀԱՄԲՈ — Ճիպոտ:
ԱՆԻ — Գոմում կախված ճիպո՞տն է:
ՀԱՄԲՈ — Հա՛:
ԱՆԻ — Հռչակավոր ճիպոտը, որ հայրդ պահում է մորդ համար…
ՀԱՄԲՈ — Հա՛:
ԱՆԻ — Դու ինձ սիրո՞ւմ ես:
ՀԱՄԲՈ — Գիշերը ի՞նչ ենք անում:
ԱՆԻ — Սեքս: Բայց դա քիչ է:
ՀԱՄԲՈ — Էլ ի՞նչ ես ուզում:
ԱՆԻ — Ասես՝ ինձ սիրում ես:
ՀԱՄԲՈ — Գիշերը կասեմ:
ԱՆԻ — Չէ, հիմա, ու բարձր, որ բոլորը լսեն:
ՀԱՄԲՈ — Գյուղում ընդունված չի, կծիծաղեն:
ԱՆԻ — Ես ուզում եմ, որ ինձ ասես ու թող նրանք ծիծաղեն:
ՀԱՄԲՈ — Կծիծաղեն, գեղամեջ չեմ կարող դուրս գալ:
ԱՆԻ — Ավելի լավ, կմնաս մոտս, միշտ միասին կլինենք:
ՀԱՄԲՈ — Չեմ կարող, նրանք չեն թույլ տա:
ԱՆԻ — Իսկ դու նրանց մի՛ լսիր, կանգնի՛ր մեջքիս, միասին գոռանք:
ՀԱՄԲՈ — Դու քաղաքի աղջիկ ես, շատ բան չգիտես:
ԱՆԻ — Իսկ ես կգոռամ: (Գոռում է:) Ես սիրում եմ իմ ամուսնուն, ես սիրում եմ Համբոյին:
ՀԱՄԲՈ — Խելքդ թռցրի՞ր: Սաղ գեղը քեզ է նայում: (Ներս է մտնում մայրը, չանչ է անում ու գնում:) Մերս տեսավ, հիմա ի՞նչ են մտածում:
ԱՆԻ — Հերթը քոնն է, գոռա, որ ինձ սիրում ես:
ՀԱՄԲՈ — Չես հասկանում՝ ինչ վիճակի մեջ գցեցիր, իրիկունը հերս կսկսի, իսկ հարևանները հիմա ծիծաղում են, ախր, ստիպված կլինեմ կռիվ տալ… Լսո՞ւմ ես ինձ:
ԱՆԻ — Ես քեզ լսում եմ, բայց չեմ հասկանում: Դու ո՞վ ես:
ՀԱՄԲՈ — Այ, էդ լեզվիդ համար քեզ կծեծեմ:
ԱՆԻ — Հայրդ ուղարկել է, որ ինձ ծեծես: (Դադար:) Պիտի ծեծե՞ս:
ՀԱՄԲՈ — Հա՛:
ԱՆԻ — Դեմքի՛ս:
ՀԱՄԲՈ — Չէ, քամակիդ:
ԱՆԻ — Եթե չթողնե՞մ:
ՀԱՄԲՈ — Չես կարող: Թեթև կխփեմ, ցավոտ չի լինի:
ԱՆԻ — Նրանց կասես, որ ծեծել ես:
ՀԱՄԲՈ — Չեմ կարող:
ԱՆԻ — Ինչո՞ւ:
ՀԱՄԲՈ — Ասաց՝ կստուգեմ:
ԱՆԻ — Դե, ուրեմն խփիր, ուժեղ խփիր, երեսիս, ձեռքերիս, որ տեսնեն՝ ծեծել ես:
ՀԱՄԲՈ — (խփում է շատ թեթև): Տեսնո՞ւմ ես, ցավ չեմ պատճառում:
ԱՆԻ — Իսկ ես ցավ եմ զգում: Զգում եմ, ինչքան անպաշտպան եմ: (Լալիս է, Համբոն քարանում է:) Բաց թող, ես գնամ:
ՀԱՄԲՈ — Ո՞ւր, որբանո՞ց:
ԱՆԻ — Ես տուն ունեմ, հայրս, մայրս ինձ են սպսում:
ՀԱՄԲՈ — Ոչ ոք քեզ չի սպասում, քեզ մանկատնից եմ բերել:
ԱՆԻ — Ես հիշում եմ նրանց… մենք հարուստ էինք, չգիտեմ՝ ինչպես հայտնվեցի որբանոցում: Տնօրենը ասում էր, որ ազգանունս փոխել են, չգիտեմ՝ հարազատներ ունե՞մ… կեղտոտ խաղ են խաղացել ինձ հետ: (Դադար:) Ի՞նչ եմ արել նրանց, որ այդպես ինձ ատում են:
ՀԱՄԲՈ — Ոչինչ չես անում, ամբողջ օր նայում ես երկինք:
ԱՆԻ — Նայում եմ մեծ սարին, կարծես հենց մեր տան վրա է ծառս եղել, ուր որ է՝ կփլվի, տակով կանի:
ՀԱՄԲՈ — Մենք այստեղ դարերով ենք ապրել, նա բարի աչքով է մեզ նայում, չեմ հիշում, որ ժաժք անի: Ամեն տարի մատաղ ենք անում, իր բաժինն էլ դնում ենք քարայրի մեջ: Վաղը կամ մյուս օրը գնալու ենք խոտ հնձելու, վեց օր տանը չեմ լինելու:
ԱՆԻ — Մորդ հետ ինձ մենակ ես թողնում, նա ինձ կսպանի:
ՀԱՄԲՈ — Իսկ դու դիմադրիր, ցույց տուր քեզ:
ԱՆԻ — Ինչպե՞ս:
ՀԱՄԲՈ — Բացատրիր, որ իրավունք ունես տան վրա, լավ որ բացատրես՝ կհասկանա:
ԱՆԻ — Առանձին ապրենք, տունը բաժանիր երկու մասի…
ՀԱՄԲՈ — Քանի նրանք ողջ են, էս ամենը նրանցն է: Դու ուտում ես նրանց հացը:
ԱՆԻ — Կարծում էի՝ ամուսինս է ինձ պահում, հող է մշակում, հունձ է անում, վաստակում է մեր օրվա ապրուստը:
ՀԱՄԲՈ — Չէի կարծում, որ քաղաքի աղջիկները այդքան բութ են:
ԱՆԻ — (լարը փռում է գետնին): Արի լարի վրայով քայլենք, դժվարությամբ, բայց կարող ենք քայլել:
ՀԱՄԲՈ — Տեսնո՞ւմ ես այն սպիտակ կածանը: Միայն այդ կածանով կարող ես բարձրանալ մեծ լեռը: Եթե փորձես ուրիշ ճանապարհով գնալ, կսայթաքես, կընկնես, գլուխդ կջարդես: Նույնիսկ ոչխարներն են դա հասկանում:
ԱՆԻ — Մենք կարող ենք մեր կածանը բացել:
ՀԱՄԲՈ — Մի՞թե ոչխարից անխելք ենք: Մայրս ճիշտ է ասում, ցուցամոլ ես, գոռոզ, գյուղի կանանց արհամարհում ես, ընկերուհիներ չունես: (Դադար:) Առավոտյան մեզ հետ հացի չնստեցիր: Քեզ համար եմ բերել, կեր:
ԱՆԻ — Շնորհակալ եմ: (Ուտում է:)
ՀԱՄԲՈ — Ամեն ցանկություն չէ, որ կարող է իրականանալ:
ԱՆԻ — Երեկ հոգնած պառկել էի թախտին, հայրդ եկավ, նստեց կողքիս:
ՀԱՄԲՈ — Դու շարունակում ես ստել, շարունակում ես չհասկանալ: Գնամ, կովերին կեր տամ, Ծաղիկ կովը ծանրացել է:
IV ՊԱՏԿԵՐ
Ներս է մտնում հարևանուհին:
ԿԻՆ — Մեր հողն ու ձեր հողը իրար կպած են: Ապրում ենք կողք-կողքի: Մեր գերդաստանները իրար թշնամի չեն, աղջիկ ենք տվել, աղջիկ առել: Ամուսնուդ տատը մեր գերդաստանից էր: Ողորմի: Ասում են՝ գալիս է ձեր տուն, նստում հացի տաշտի կողքին, տեսե՞լ ես:
ԱՆԻ — Լսել եմ, ոնց է հացը ծամծմում, բայց վախենում եմ մոտենալ:
ԿԻՆ — Այդպես էլ տնից չկշտացավ: Հիմար պառավ, տեղում չի մնում, էն օրն էլ մտել էր մեր մարագը, երկու ձու ջարդված գտա: Կովերիս էլ վախեցնում է, բայց ուշադրություն չեմ դարձնում, մեղք է, մեռավ աչքը ձեր տան վրա, կարոտում է: Որ տեսնես՝ մի կտոր հաց տուր, արաղ էլ տուր ու գնա պառկի: Կուտի, կխմի ու կսկսի պար գալ: Էնքան մազալու բաներ կանի, որ ծիծաղից կթուլանաս:
ԱՆԻ — Մարդկանց վնաս չի՞ տալիս:
ԿԻՆ — Չէ: Կռվարար կնիկ էր, բայց հոգին բարի էր: Մարդդ չի՞ պատմել:
ԱՆԻ — Ի՞նչ պիտի պատմեր:
ԿԻՆ — Թե ոնց է մեռել:
ԱՆԻ — Ոչինչ չի ասել:
ԿԻՆ — Մի օր արաղ տուր՝ խմի, ու հարցրու՝ տատիդ ո՞վ սպանեց:
ԱՆԻ — Նրան սպանե՞լ են:
ԿԻՆ — Ես քեզ ոչինչ չեմ ասել, դու ոչինչ չես լսել: (Դադար:) Անցնում էի, տեսա քեզ, ասեցի՝ ինչի՞ չբարևեմ, բարև:
ԱՆԻ — Բարև:
ԿԻՆ — Դժվար չի, չէ՞:
ԱՆԻ — Ի՞նչը:
ԿԻՆ — Բարև տալը: Դու ես ջահելը, ինչո՞ւ չես գալիս մեր տուն: Քեզ համար ձվածեղ կանեմ, օղի էլ ունեմ, կխոսենք, մոտիկից կծանոթանանք, տղայիս հետ կծանոթանաս:
ԱՆԻ — Ես քեզ տեսել եմ, բայց ծանոթանալու առիթ չի եղել:
ԿԻՆ — Տեսնո՞ւմ ես, իմ լվացքը ոնց է փայլում: Լվացքի մեքենա ունեմ, փոշին լցնում եմ մեջը, մնացածը ինքն է անում: Ամուսնուդ ասա, քեզ համար գնի, կեսուր-կեսրայրիդ շորերը ձեռքով ես լվանում:
ԱՆԻ — Հրաժարվեցի լվանալ:
ԿԻՆ — Ճիշտ էլ արել ես, թող կովը ծախեն, քեզ համար լվացքի մեքենա գնեն: Օժիտ չե՞ս բերել:
ԱՆԻ — Չէ: Ես փող չունեմ:
ԿԻՆ — Մտածում էի, կասես՝ ամեն ինչ բերել եմ: Ազնիվ հարս ես, բայց դա ոչ մեկին օգուտ չի: Ասա՝ փող եմ բերել, բայց ինչ-որ մեկը գողացել է: Դարդ մի արա, էդ գործը ինձ վրա: Սաղ գեղը կխոսի՝ ոնց են փողը գողացել:
ԱՆԻ — Ո՞վ է գողացել:
ԿԻՆ — Էլ ո՞վ պիտի գողանա, գողը որ տնից չլինի, հավը երդիկից չեն հանի:
ԱՆԻ — Շնորհակալ եմ, բայց այդպիսի բան չասես, կկպնեն ինձ, պոկ չեն գա:
ԿԻՆ — Դե, դու գիտես, միևնույն է, ամբողջ գյուղը էդ մասին է խոսում:
ԱՆԻ — Բայց ես ոչինչ չեմ ասել:
ԿԻՆ — Կարևոր չի: Գեղ է, մի բան պիտի խոսա: Մի վախեցիր, գցիր վրաս, ես նրանց պորտը տեղը կդնեմ: Քաղաքի աղջիկ են տեսել, վախեցնում են… Կեսուրիդ ու կեսրայրիդ տեսա, ճամփուտակի հողն էին մշակում, մտքում ասացի՝ մենակ կլինես, չանես բաց թողնեմ, մի քիչ խոսանք:
ԱՆԻ — Ամուսինս կողքիս էր, գնաց կովին կեր տա:
ԿԻՆ — Տեսա, սպասեցի, որ խոսեք վերջացնեք, նոր մոտենամ: Կռիվ էիք անում:
ԱՆԻ — Ես ոչ մեկի հետ կռիվ չեմ անում:
ԿԻՆ — Քաղցր խոսքը ավելի զորավոր է: Կեսուրդ թողնում է այսպես անբան նստե՞ս:
ԱՆԻ — Ոչ ոք իրավունք չունի ինձ վրա:
ԿԻՆ — Իսկական քաղաքացու նման ես խոսում, ի՞նչ կա քաղաքում:
ԱՆԻ — Ամեն ինչ ու ոչինչ:
ԿԻՆ — Ասում են՝ տկլոր աղջիկները ձողի վրա պտտվում են: Չասես, որ չես տեսել:
ԱՆԻ — Տեսել եմ:
ԿԻՆ — Մենա՞կ էիր, թե՞ տղու հետ:
ԱՆԻ — Հեռուստացույցով եմ տեսել:
ԿԻՆ — Վերջ տուր, մենք քաղաքացիներին լավ գիտենք: Լրիվ մերկ են պտտվում:
ԱՆԻ — Չէ, հագին վարտիք կար:
ԿԻՆ — Կուրծքը փակա՞ծ էր:
ԱՆԻ — Չէ, բաց էր:
ԿԻՆ — Գիտե՞ս, ինչ եմ մտածում, մի օր թաքուն մտնեմ էդ տեղը, մի պտույտ ֆռռամ, տղամարդիկ թող մեզ էլ տեսնեն, մենք նրանցից ինչո՞վ ենք պակաս: Ամեն ինչ էլ ունենք:
ԱՆԻ — Նրանք երկար ոտքեր ունեն ու բարակ իրան:
ԿԻՆ — Ինչ է, իմ մարմինը վա՞տն է, ուզո՞ւմ ես՝ տկլորվեմ, նայես: (Դադար:) Դու գտնում ես, որ մենք տգեղ ենք, իսկ դուք սիրուն եք: Մեծ սարը վկա, բոլորիդ կտանեմ աղբյուր, ծարավ ետ կբերեմ:
ԱՆԻ — Կներես, այդպիսի բան չեմ մտածել:
ԿԻՆ — Լավ, ձեզ էլ գիտենք: Լավ ես նրանց տեղը դրել, որ թողնում են՝ քեզ համար ֆռֆռաս: Ո՞վ կարա քեզ բան ասի, բայց զգույշ եղիր կեսուրիցդ, թիով խփեց, պառավին սպանեց: Դու ուշադիր եղիր, թիկունք չդարձնես, կխփի:
ԱՆԻ — Սպանեց իր կեսուրի՞ն… սարսափելի է:
ԿԻՆ — Ի՞նչն է սարսափելի, մի օր կարող էր քարափից ընկնել ու մեռնել:
ԱՆԻ — Ոստիկաններն իմացա՞ն:
ԿԻՆ — Ի՞նչ ոստիկան, մեր գյուղը էսքան ժամանակ ոստիկան ոտք չի դրել: Ճիշտ է, ամեն օր կռիվ է լինում, իրար մեր են լացացնում, բայց հարցը լուծում են գյուղի ջոջերը: Մի երկու թթու խոսք են ասում, մի երկուսին ճիպոտում, ու վերջ, ամեն մարդ իրա գործին:
ԱՆԻ — Բայց մարդ է մեռել:
ԿԻՆ — Պառավը մեռավ՝ թաղեցինք, կեսուրդ արջառը մորթեց, մի տակառ քաշած արաղ դրեց սեղանին: Սաղ գեղը կերավ, ողորմի տվեց:
ԱՆԻ — Կարծես աշխարհից կտրված լինեք, քաղաքակրթությունը ձեր կողքով է անցել:
ԿԻՆ — Ինչ ասի՞ր, քաղաքա…
ԱՆԻ — Քաղաքակրթություն:
ԿԻՆ — Լսիր, մադա՛մ, էդ բառն ով որ սովորեցրել է, չի եղել մեր գյուղում: Ձմռանը չորս ամիս տնից դուրս չենք գալիս, լավ է՝ տելևիզոր կա, նայում ենք: Նայում ենք ու նախանձում, նայում ենք ու ասում՝ կովը էս տարի կաթ չտվեց, մորթենք ուտենք: Գյուղում անտեղի ոչ մեկին չենք պահում, մենակ դու ես, սպիտակ ձեռքերդ թրիքին չեն դիպչում:
ԱՆԻ — Կթողնեմ կգնամ:
ԿԻՆ — Մոր մահից հետո կեսրայրդ երեք ամիս ամեն օր կնգան ծեծում էր, բայց դուրս չարեց: Ո՞ւմ թողնի կնգան, գեղի ծիծաղի առարկա կդառնա: Չէ, շատ հարգված մարդ է կեսրայրդ, մեծ մարդ է: Մեր սարի նման գիտի իր անելիքը:
ԱՆԻ — Մեկ տարի է՝ այստեղ եմ, երկու բառ չենք փոխանակել:
ԿԻՆ — Մինչև երեխա չունենաս, խոսելու իրավունքից զրկված ես: Երեխա ունեցիր՝ լեզուդ կբացվի, կշիռ կունենաս, քեզ էլ կհարգեն: Երեխա ունենալը կարևոր է, իսկ դու չունես: Կեսրայրդ չի՞ մտել ծոցդ:
ԱՆԻ — Չեմ հասկանում:
ԿԻՆ — Կհասկանաս, երբ կմտնի ծոցդ:
ԱՆԻ — Մարդս միշտ իմ ծոցում է լինում:
ԿԻՆ — Մարդ: (Ծիծաղում է:) Էդ տհասին մա՞րդ ես համարում, նրանից երեխա էլ չի ծնվում: Մի կարգին տղամարդ ընտրիր մեր գեղի տղաներից: Երեխա ունեցիր:
ԱՆԻ — Վե՛րջ տվեք:
ԿԻՆ — Քեզ համար եմ ասում, սիրուն կնիկ ես, սպիտակ մարմին ունես, կարճ ես հագնում, ազդրերդ ես ցուցադրում: (Դադար:) Տղես քեզ տեսել է, խելքը թռցրել, գլուխը խփում է պատերին, տասնութ տարեկան երեխա է, մտցրու ծոցդ, սովորեցրու, ոնց են էդ բանը անում: Անմեղ երեխու հաճույքը կստանաս:
ԱՆԻ — Անհնար է:
ԿԻՆ — Քեզ համար ծաղկավոր շորեր կառնեմ, լաքած կոշիկ, տղուս սիրտը մի կոտրիր, երեխաս չի դիմանում:
ԱՆԻ — Նա՞ է թաքուն ծիկրակում:
ԿԻՆ — Մեջը կրակ է մտել, չի կարողանում հանգցնել: Երեխա է, բայց չի թողնի քնես ամբողջ գիշեր:
ԱՆԻ — Որտեղի՞ց գիտես:
ԿԻՆ — Մեր տղամարդիկ իրար նման են… մի խուսափիր կյանք անելուց, ձանձրույթից կսատկես: Հասկացիր, գյուղ է:
ԱՆԻ — Չեմ կարող, ես ամուսին ունեմ:
ԿԻՆ — Բոլորս էլ ունենք, հետո՞ ինչ:
ԱՆԻ — Ամուսինս ինձ չի դավաճանում:
ԿԻՆ — Ախր, նա թույլ մարդ է, ո՞վ է նրա վրա նայում: Այ, իմ ողորմածիկ ամուսինը գյուղում կին չթողեց՝ մտավ ծոցը: Ուրիշն էլ եկավ իմ ծոցը, հասկացա՞ր:
ԱՆԻ — Չէ, ես չեմ կարող համատեղել:
ԿԻՆ — Ամուսինս կենդանի լիներ, չէր թողնի քեզ այսպես օրոր-շորորալով ման գաս:
ԱՆԻ — Ինչի՞ց է մահացել:
ԿԻՆ — Մի օր բռնեցրին կնգա ծոցում ու սպանեցին: Մարդը շատ խանդոտ էր, դե, նրան էլ սարից գլորեցին, արյան վրեժն էլ փակվեց: Կնիկն էլ մի օր անհետացավ, ասում են՝ քաղաքում պոռնկություն է անում: Հիմա ի՞նչ ես ասում…
ԱՆԻ — Բոզ չեմ դառնա:
ԿԻՆ — Ոչ ոք քեզ բոզի տեղ չի դնում: Դու մերն ես, մեր ջուրն ես խմում, մեր հացն ես ուտում, մեր օդն ես շնչում: Ամուսինդ ջահել տղա էր, գաթա էի տալիս, մտցնում ծոցս:
ԱՆԻ — Նա քեզ հետ քնե՞լ է:
ԿԻՆ — Չէ, մածուն էր ուտում… Ձևեր մի թափիր, ասե՞մ, տղաս գա մոտդ:
ԱՆԻ — Կասես՝ չփորձի ինձ մոտենալ:
ԿԻՆ — Ասում էին՝ շաշ ես, չէի հավատում: Մարդդ գնալու է սար, մի բան չպատահի:
ԱՆԻ — Եթե նրան ձեռք տաք, ձեզ կսպանեմ:
ԿԻՆ — Էդ սպիտակ ձեռքերո՞վ: Լավ մտածիր, գեղի տղերքը չեն թողնի՝ կույս մնաս: (Ծիծաղում է:) Մեզ դժվար է հասկանալ, բայց էդ ենք, փախչել չենք կարող: Ձերոնք են գալիս, ես գնամ (Գնում է):
V ՊԱՏԿԵՐ
Ներս է մտնում Համբոն:
ՀԱՄԲՈ — Զգույշ նրանից, ամբողջ գյուղը մատների վրա է խաղացնում, գիտե՞ս, թե ինչ է դա…
ԱՆԻ — Նա ասում էր, որ դու…
ՀԱՄԲՈ — Ես տասնյոթ տարեկան էի, իսկ նա երկու երեխա ուներ, շարունակե՞մ պատմել:
ԱՆԻ — Չէ:
ՀԱՄԲՈ — Չդառնաս նրա խաղալիքը, կպատժվես:
ԱՆԻ — Բոլորն ուզում են ինձ պատժել:
ՀԱՄԲՈ — Խորամանկ եղիր, որ չպատժվես:
ԱՆԻ — Ես չեմ ուզում խորամանկ լինել, ես չեմ ուզում քեզ խաբել:
ՀԱՄԲՈ — Նա՞ էր ասում:
ԱՆԻ — Ես չեմ կարող ապրել խաբեության մեջ, ինձ սովորեցրել են ազնիվ լինել, ես քեզ հետ կլինեմ ազնիվ: Իսկ դու խոստացիր, որ նրա մոտ չես գնա:
ՀԱՄԲՈ — Խոստանում եմ:
ԱՆԻ — Դա լավ է, մենք միշտ իրար աչքերի մեջ կնայենք առանց վախենալու:
ՀԱՄԲՈ — Ես քեզ չեմ խաբի:
ԱՆԻ — Իսկ հորդ, մորդ մասին մի՛ մտածիր, ես յոլա կգնամ:
ՀԱՄԲՈ — Նրանք ծեր են, մեծանանք՝ նրանց նման կդառնանք:
ԱՆԻ — Մենք նրանց նման չենք դառնա, խոստանում եմ:
ՀԱՄԲՈ — Կնմանվենք քո ծնողներին: Գոնե հիշո՞ւմ ես նրանց:
ԱՆԻ — Ես ուզում եմ գնալ քաղաք:
ՀԱՄԲՈ — Քաղա՞ք:
ԱՆԻ — Ուզում եմ տեսնել մանկատան տնօրենին: Նա իմ հանդեպ շատ ուշադիր էր:
ՀԱՄԲՈ — Հիշում եմ, նույնիսկ ոսկյա մատանի նվիրեց:
ԱՆԻ — Ես ուզում եմ իմանալ՝ ինչ է կատարվել ծնողներիս հետ:
ՀԱՄԲՈ — Ինչո՞ւ ես կարծում, որ ճանաչում էր ծնողներիդ:
ԱՆԻ — Չգիտեմ… Բայց համոզված եմ: Նա շատ ուրախ էր, որ գնում եմ գյուղ: Հիշո՞ւմ ես, ինչ ասաց՝ գնա, թող ինձ մոռանան ընդմիշտ:
ՀԱՄԲՈ — Էլ ի՞նչ ես հիշում:
ԱՆԻ — Ասում էր, որ հորս հետ ընկերներ են: Ես զգում եմ, ինձ թաքցրել են մանկատանը:
ՀԱՄԲՈ — Իսկ ծնողներիդ հետ ի՞նչ է կատարվել:
ԱՆԻ — Նրանք գիշերն ինձ բերեցին մանկատուն, խոստացան, որ կգան իմ ետևից: Ես լալիս էի, իսկ նրանք շտապում էին:
ՀԱՄԲՈ — Այդ պատմությունը քո սրտովն է:
ԱՆԻ — Ծնողներս ինձ չէին թողնի… Հիշում եմ, ասացին՝ ընտրություններից հետո կգան:
ՀԱՄԲՈ — Ծնողներդ մինչև հիմա որ չկան, ուրեմն սպանել են:
ԱՆԻ — Սպանել են… բայց ինչո՞ւ:
ՀԱՄԲՈ — Քաղաքը գյուղ չի, որ ամեն ինչ իմանամ: Գյուղում իրար գիտենք ծնված օրից, կռվում ենք, բայց չենք սպանում: Իսկ քաղաքում շունը տիրոջը չի ճանաչում:
ԱՆԻ — Ծնողներս ազնիվ մարդիկ էին, ինչո՞ւ պիտի սպանեին:
ՀԱՄԲՈ — Անցյալ անգամ քաղաքից մարդ էր եկել, բագաժնիկը բացել, փող էր բաժանում: Ով էլ չէր վերցնում… Պատմության ուսուցիչ ունեինք, անհետ կորավ: Էլ չտեսանք նրան: Իսկ մենք վերցրինք փողն ու մեր «ձայները» տվեցինք: Հիշում եմ դեմքը` աչքերը դուրս պրծած, փորն իրենից հեռու… Սոված էր, մի լոշի մեջ փաթաթեց պանիր, կանաչի, հավի միս ու միանգամից կուլ տվեց: Նա կսպաներ, նրա դեմ խաղ չկա:
ԱՆԻ — Ուզում ես ասել, որ նա՞ է սպանել ծնողներիս:
ՀԱՄԲՈ — Այդպիսի բան չասացի: Քաղաքում մարդասպաններ շատ կան: (Դադար:)
ԱՆԻ — Ես պիտի քաղաք գնամ:
ՀԱՄԲՈ — Մերոնց ի՞նչ ասեմ:
ԱՆԻ — Չեն իմանա, երեկոյան կվերադառնամ:
ՀԱՄԲՈ — Ասում ես, էլի… Գնա, ես քեզ չեմ տեսել:
ԱՆԻ — Տասը րոպեից ավտոբուսը գալիս է… Կգա՞ս ինձ դիմավորելու:
ՀԱՄԲՈ — Չգիտեմ, նայած իրավիճակի… երբ վերադառնաս, կլռես, թող հերսոտեն, հետո կհանգստանան:
ԱՆԻ — Գալիս են:
ՀԱՄԲՈ — Գնանք գոմ, կովի ծննդաբերելու օրերն են, պիտի կողքին լինեմ:
Անին ու Համբոն դուրս են վազում:
VI ՊԱՏԿԵՐ
ՄԱՅՐ — Տեսա՞ր, ոնց փախավ, չուզեց երկու խոսք լսել, իսկ ես ուզում էի շշպռել ոտից գլուխ, էն քո հինգ հարկանիներից… Այնպես է սիրտս լցվել, էլ չեմ դիմանում, մեր տղան չլիներ… ախր, նրան շատ եմ սիրում, բռանս մեջ եմ ձվածեղ արել, կերցրել: Ապերախտ, կպել է կնգա պոչից, մեզ բանի տեղ չի դնում, ծվիկ-ծվիկ կանեմ, տեսա՞ր, ոնց էր վազում:
ՀԱՅՐ — Ճիշտ է անում, թող մեզ տեսնի՝ փախչի, թող գիտենա, որ մենք ենք այստեղ տերը, իսկ ինքը օտար է: Այս տունը կառուցեցի, երբ քսան տարեկան էի, համայնքը հող տվեց, գիտեին, որ չտային՝ շատ արյուն կթափվեր, ջուրն էլ սարի տակից քաշեցի ուղիղ մեր այգի, թող փորձեր, մեկը ձեն հաներ, ամենաուժեղ փետակռիվ անողը ես էի, օր չէր լինում, որ մեկի ճակատը պատռված չլիներ:
ՄԱՅՐ — Իսկ հիմա անտեր աղջիկը տան տեր է դարձել, մենք էլ նրա քթով չենք, եկավ, առոք-փառոք նստեց, մեր քրտինքն է վայելում, հետն էլ դժգոհում է, խեղճ տղայիս հոգին կերել է: Թող էդ սատկածի մազերը քաշեմ, վերցնեմ ուսիս ծայրը ու գետնովը տամ:
ՀԱՅՐ — Քաղաքի աղջկան կսպանես, ես քեզ լավ գիտեմ:
ՄԱՅՐ — Լավ էլ կանեմ:
ՀԱՅՐ — Ձեռքդ սովորել է… Ձեռք չտաս, նրան թող մարդը ծեծի:
ՄԱՅՐ — Մարդն ասում է՝ սիրում եմ:
ՀԱՅՐ — Թող գիշերները սիրի, իսկ ցերեկները քոթակի:
ՄԱՅՐ — Երեխա էլ չեն ունենում:
ՀԱՅՐ — Իսկ ո՞ւմ ենք թողնելու տարիներով վաստակած ունեցվածքը, թշնամիները հենց դրան են սպասում` մեր ճյուղը չորանա, իրենք տեր կանգնեն: Չէ, դա լինելու բան չէ:
ՄԱՅՐ — Էս կողմերով անցնում էի, լսեցի՝ մարդ ու կին փսփսում էին, ասում էր՝ գնում եմ քաղաք, մարդն էլ, թե՝ գնա:
ՀԱՅՐ — Առանց հարցնելո՞ւ… Ուրեմն մեզ չի հարգում: Թո՛ւ քո նամուսին, Համբո:
ՄԱՅՐ — Գուցե ընդմիշտ է գնացել:
ՀԱՅՐ — Գնա տե՛ս, հո բան ման չի՞ տարել:
ՄԱՅՐ — Չէ, մաքուր ձեռք ունի, մի երկու անգամ փողը դրել եմ կամոդին՝ ձեռք չի տվել:
ՀԱՅՐ — Էսքան ժամանակ մեր գեղից ո՞ւմ հարսն է փախել:
ՄԱՅՐ — Մեռնող եղել է, փախչող չի եղել:
ՀԱՅՐ — Հենց մեր հարսը պիտի փախչի: Մատով են ցույց տալու, ծիծաղելու են:
ՄԱՅՐ — Համենայնդեպս, գնամ նայեմ: (Դուրս է գնում:)
ՀԱՅՐ — Քեզ դեսը ուղարկողի մերը… Աշխանց անվան հետ է խաղում:
ՄԱՅՐ — (գալիս է): Չէ, ամեն ինչ տեղում է:
ՀԱՅՐ — Ուրեմն, երբ կգա, իմ անունից կասես, թող բահը վերցնի, թրիքի վրա սալոմ լցնի ու շուռ տա:
ՄԱՅՐ — Չի անի, քաղաքացի է:
ՀԱՅՐ — Բա ձմեռը ո՞նց է տաքանալու:
ՄԱՅՐ — Հույս ունի, որ էս տարվա պես գազ կվառի:
ՀԱՅՐ — Թող փողը դնի սեղանին ու վառի:
ՄԱՅՐ — Նրան որտեղի՞ց փող:
ՀԱՅՐ — Ուրեմն թող բրդից գուլպաներ գործի, որ դիմանա ցրտին:
ՄԱՅՐ — Նա գործել գիտի՞:
ՀԱՅՐ — Լավ, էդ կնիկ արարածը որևէ բանի ընդունա՞կ է:
ՄԱՅՐ — Տղայիս քանի անգամ ասացի՝ քաղաքից աղջիկ մի բեր, չի դիմանա մեր կյանքին, չլսեց:
ՀԱՅՐ — Մորը չլսողի ոտքը քարին է դիպչում:
ՄԱՅՐ — Սկսել է լուսամուտից դուրս նայել: Աչքը դուրսն է, գեղի տղերքը ատամները ժնժնգացնում են:
ՀԱՅՐ — Ուզում են մեր պատվի հետ խաղալ, կսպանեմ, արյունը շաղ կտամ: (Գոռում է:) Լսո՞ւմ եք, կենդանի չեմ թողնի: Չեմ խնայի ոչ մեկիդ:
ՄԱՅՐ — Հանգստացի՛ր, ինֆարկտ կստանաս:
ՀԱՅՐ — Աչքդ վրան պահիր, հենց մի բան նկատես՝ ինձ ասա:
ՄԱՅՐ — Գիշերը դռան առջև ալյուր եմ շաղ տվել, առավոտյան տեսա՝ տղամարդու կոշիկների հետքեր էին երևում:
ՀԱՅՐ — Գիշերը ես եմ դուրս գնացել:
ՄԱՅՐ — Քեզնից հետո էր:
ՀԱՅՐ — Տղադ ի՞նչ էր անում:
ՄԱՅՐ — Խորը քնած էր, կնիկն էլ ձևացնում էր, թե քնած է, բայց ես հո գիտեմ…
ՀԱՅՐ — Թույլ մարդ է, կմտնեն կնգա ծոցը՝ չի իմանա:
ՄԱՅՐ — Փոքրուց էդ էր, որտեղ թողնում էի, այնտեղ քնում էր:
ՀԱՅՐ — Էս գիշեր ալյուր չցանես, ես կհերթապահեմ:
ՄԱՅՐ — Կմրսես, կհիվանդանաս, ո՞վ է քո տերը:
ՀԱՅՐ — Բա դո՞ւ ինչ ես, կտաքացնես՝ կանցնի: Ծիծաղում եմ, բայց վտանգի հոտ եմ առնում:
ՄԱՅՐ — Գիշերը կգամ, կողքիդ կկանգնեմ, ով էլ որ գա, թիով գլխին կխփեմ:
ՀԱՅՐ — Ուրեմն այնքան եմ թուլացել, որ դո՞ւ պիտի ինձ պաշտպանես: Ես վախ չունեմ, թիկունքիս մեծ սարն է կանգնած:
ՄԱՅՐ — Սուս, գալիս է, դեմքը քերծված է, երևի կնիկն է ծեծել:
Ներս է մտնում Համբոն, հորը տեսնում, ուզում է թաքնվել:
ՀԱՅՐ — Արի մոտիկ, ի՞նչ է պատահել:
ՀԱՄԲՈ — Ոչինչ:
ՀԱՅՐ — Ծեծե՞լ են:
ՀԱՄԲՈ — Գյուղամիջում փետակռիվ խաղացինք:
ՀԱՅՐ — Ու դու թույլ տվեցիր, որ քեզ ծեծե՞ն:
ՀԱՄԲՈ — Ինձ չեն ծեծել, պտտելիս փայտը կպավ դեմքիս:
ՀԱՅՐ — Վրադ շա՞տ ծիծաղեցին:
ՀԱՄԲՈ — Ոչ ոք չի ծիծաղել:
ՀԱՅՐ — Ո՞ւր է կինդ:
ՀԱՄԲՈ — Գնացել է քաղաք:
ՀԱՅՐ — Առանց հարցնելո՞ւ է գնացել:
ՀԱՄԲՈ — Ես թույլ տվեցի;
ՀԱՅՐ — Դո՜ւ թույլ տվեցիր: (Կնոջը.) Ինքն է թույլ տվել:
ՄԱՅՐ — Իրա կինն է:
ՀԱՅՐ — Ծեծեցի՞ր ճիպոտով:
ՀԱՄԲՈ — Ծեծեցի:
ՀԱՅՐ — Իմ ուզածո՞վ ես ծեծել:
ՀԱՄԲՈ — Ինչպես ուզել եմ, այնպես էլ ծեծել եմ:
ՄԱՅՐ — Ես ասում էի, չէ՞, կնգան շատ է սիրում:
ՀԱՄԲՈ — Հա, հենց այդպես է, կնգաս շատ եմ սիրում:
ՀԱՅՐ — Գիշերը սիրի, իսկ ցերեկը գործ անի, ամբողջ օրն այգում թրև է գալիս, ձրի հաց է ուտում: (Դադար:) Վաղը գնալու ենք հնձի, շուտով անձրևները կսկսվեն, չենք հասցնի խոտը հնձել, անասունները սովից կսատկեն:
ՀԱՄԲՈ — Կգամ:
ՀԱՅՐ — Թե շատ ես քոթակ կերել, մենակ կգնամ:
ՀԱՄԲՈ- Ասացի՝ կգամ:
ՀԱՅՐ — Արևածագին պատրաստ լինես: Շուտով ավտոբուսը կգա, գնա կնգադ գլխին տեր կանգնիր: Շատ ես երես տվել:
Համբոն դուրս է գնում:
ՄԱՅՐ — Ուշ հասունացող պտուղի նման չորացել է: Մեղքս գալիս է, բայց ճար չունեմ:
ՀԱՅՐ — Երեխա չի ունենում, էդ մասին պիտի շատ լուրջ մտածենք:
Ներս է մտնում մի տղա:
ՏՂԱ — Հոպա՛ր, «ձայների» տերը եկել է, գյուղապետն ասում է՝ հինգ հազար է տալիս:
ՀԱՅՐ — Գյուղապետին ասա՝ ես իմ ձայնը փողով չեմ ծախի, էդ մարդը չեմ:
Տղան գնում է:
ՄԱՅՐ — Էդ ընտրություններից չպրծանք:
ՀԱՅՐ — Թող ընտրություն լինի, թող մարդիկ ընտրեն, մի խանգարի:
Ներս է մտնում տղան:
ՏՂԱ — Հոպա՛ր, գյուղապետն ասում է՝ ինչքա՞ն ես ուզում:
ՀԱՅՐ — Տասը հազար, մեկ էլ պատիվ ու հարգանք:
Տղան գնում է:
ՄԱՅՐ — Քիչ ուզեցիր:
ՀԱՅՐ — Էս տարի էդքանով բավարարվենք:
ՄԱՅՐ — Քսան հազար էլ ասեիր՝ կտային:
ՀԱՅՐ — Կուշտ կլինեի՞ր:
Ներս է մտնում տղան:
ՏՂԱ — Գյուղապետն ասում է՝ լավ: (Դուրս է գնում:)
ՄԱՅՐ — Ասացի՝ քիչ ուզեցիր:
ՀԱՅՐ — Տղայիդ կասես՝ վաղը հնձի չենք գնում:
VII ՊԱՏԿԵՐ
Անին ու Համբոն այգում փսփսում են:
ՀԱՄԲՈ — Պատմիր, ի՞նչ իմացար, քեզ պատվով ընդունեցի՞ն:
ԱՆԻ — Մանկատանն ասացին` տնօրենին հանել են, ընդդիմադիր է եղել: Նոր տնօրենը ոչինչ չգիտեր իմ մասին:
ՀԱՄԲՈ — Հիմա հանգստացա՞ր:
ԱՆԻ — Չէ, ես պիտի նրանց գերեզմանը գտնեմ:
ՀԱՄԲՈ — Իսկ ո՞վ ասաց, որ նրանց սպանել են:
ԱՆԻ — Եթե ողջ լինեին, ինձ կգտնեին:
ՀԱՄԲՈ — Ծնողներդ հիմա Ամերիկայում ֆռֆռում են: Թքած ունեն քեզ վրա: Մոռացի՛ր նրանց ու ապրիր ինձ հետ:
ԱՆԻ — Չէ, դու իմ ծնողներին չես ճանաչում, նրանք այնքան էին ինձ սիրում:
ՀԱՄԲՈ — Վերջ տուր, ես եմ քեզ սիրում:
Ներս է մտնում մայրը:
ՄԱՅՐ — Հայրդ ասում է՝ այս թղթերի վրա ստորագրեք:
ՀԱՄԲՈ — Ի՞նչ թուղթ է:
ՄԱՅՐ — Ընտրություններ են, էն մարդը եկել է:
ՀԱՄԲՈ — Փո՞ղ է տալիս:
ՄԱՅՐ — Հա: Հայրդ ասաց՝ վաղը հնձի չեք գնում:
ՀԱՄԲՈ — (ստորագրում է, Անիին): Ի՞նչ ես նայում, ստորագրի:
ԱՆԻ — Ես իմ ձայնը չեմ ծախում:
ՀԱՄԲՈ- Պարտավոր ես ստորագրել, հորս կամքն է:
ԱՆԻ — Ես չեմ ճանաչում նրանց:
ՀԱՄԲՈ — Ավելի լավ, ոչինչ չես կորցնի:
ԱՆԻ — Չգիտենք՝ ում ենք վստահում:
ՀԱՄԲՈ — Ստորագրի՛ր, պրծնենք:
ԱՆԻ — Չէ:
ՄԱՅՐ — (չանչ է անում): Սա չի՞ քո կնիկը:
ՀԱՄԲՈ — Հասկանո՞ւմ ես, ինչ ես անում:
ԱՆԻ — Հա, իմ ստորագրությունը արժեք ունի, արժեքը չեն ծախում:
ՄԱՅՐ — Հորդ ի՞նչ ասեմ:
ԱՆԻ — Ասա, որ ես չեմ ստորագրում:
Մայրը դուրս է գնում:
ՀԱՄԲՈ — Երևում է՝ հորդ ես քաշել: Մի օր էլ դու կկորչես, ման կգանք, չենք գտնի:
Անին լաց է լինում:
VIII ՊԱՏԿԵՐ
Անին կանգնած է այգում, աչքերը կիսախուփ, արևին է նայում:
ԱՆԻ — Ես կանգնած եմ, ես լսում եմ, ինչպես է գյուղը փնթփնթում: Ինձ հետևում են բոլոր կողմերից, հարևանի տղան պատի ետևից ինձ է նայում, կտուրին կանգնած հարևանները բամբասում են, բայց ես նրանց ոչինչ չեմ արել: Այս արևի տակ բոլորս իրավունք ունենք ապրելու: Գյուղը կամաց-կամաց իր դեմքն է ցույց տալիս, այստեղ շնչելն իսկ վտանգավոր է: Մայրիկ, օգնիր, խնդրում եմ:
Ներս է մտնում Համբոն:
ՀԱՄԲՈ — Ես քեզ լսում եմ:
ԱՆԻ — Ես սպասում եմ պատասխանի:
ՀԱՄԲՈ — Պատասխանը գրպանումս չէ, պատասխանը կյանքն է, որն ապրում ենք:
ԱՆԻ — Մենք չենք ապրում, մենք շնչում ենք:
ՀԱՄԲՈ — Մի օր քաղաքում էի, մի հաստ կնիկ կպել էր ինձ, թե՝ արի մոտս, 10000 դրամով կտամ: Ես էլ ասացի՝ մեր գեղում քեզնից լավերը կան, կտան առանց փողի: Չէ, քաղաքը իմ բանը չի, քաղաքում կկորչեմ: Որ ճիշտն ասեմ, ես վախենում եմ քաղաքից: Ցույցեր, իրար ծեծել, իրար վրա կրակել, հարևան գյուղից մեկի աչքը հանեցին, թե քեզ ո՞վ էր ասում՝ գլուխդ մտցնես նրանց արանքը: (Դադար:) Ես սիրում եմ հանգիստ կյանքով ապրել:
ԱՆԻ — Կապրենք բնակարանում:
ՀԱՄԲՈ — Իսկ կովերը որտե՞ղ պահենք:
ԱՆԻ — Կմորթենք, միսը կծախենք, կգնանք ռեստորան, ամենաշքեղ ռեստորանը: Կհագնենք ամենալավ շորերը, աստիճաններով կբարձրանանք թևանցուկ, իսկ մատուցողները մեր չորս կողմը կվազվզեն:
ՀԱՄԲՈ — Մի կովը կերանք, հետո ի՞նչ ենք ուտելու:
ԱՆԻ — Կաշխատենք:
ՀԱՄԲՈ — Ես ի՞նչ եմ աշխատելու:
ԱՆԻ — Բանվոր, քար կկրես:
ՀԱՄԲՈ — Իսկ դու դպրոցում հավաքարար կլինես:
ԱՆԻ — Ես լավ եի սովորում, կփորձեմ համալսարան ընդունվել:
ՀԱՄԲՈ — Շատ ուրախ կյանք ես առաջարկում, ես ամբողջ օր քար եմ կրում, դու համալսարանում դաս ես սերտում: Ես կովերին չեմ մորթի:
ԱՆԻ — Ինձ մորթի, ծնողներդ կուրախանան:
ՀԱՄԲՈ — Թաղմանդ հիսուն լիտր օղի կխմեն, արջառն էլ կուտեն: Չէ, հեչ ձեռնտու գործ չի: Մի խնդրիր, չեմ կարող:
ԱՆԻ — Թող ինձ, ես գնամ:
ՀԱՄԲՈ — Երեկ քաղաքում էիր, մնայիր:
ԱՆԻ — Ինձ փող կտա՞ս, ճանապարհածախս:
ՀԱՄԲՈ — Ոտքերդ ինչի՞ համար են:
ԱՆԻ — Լավ, կգնամ ոտքով, կփախչեմ վազելով: Գալի՞ս ես ինձ հետ, չէ՞ որ մենք ընտանիք ենք:
ՀԱՄԲՈ — Ծնողներիս մենակ չեմ կարող թողնել:
ԱՆԻ — Ուրիշ պատճառ է՞լ կա:
ՀԱՄԲՈ — Դու երեխա չես ունենում:
ԱՆԻ — Գուցե քեզնից է:
ՀԱՄԲՈ — Ես ուժեղ տղամարդ եմ:
ԱՆԻ — Ուրեմն իրար չենք համապատասխանում: Գիտե՞ս, դա ինչ է նշանակում:
ՀԱՄԲՈ — Չեմ էլ ուզում իմանալ: Իմ կինը պիտի հարգի ծնողներիս ու երեխա բերի: Սա է մեր գեղի գործը: Դու ամեն ինչ հակառակն ես անում:
ԱՆԻ — Նրանք միայն իրենց են սիրում:
ՀԱՄԲՈ — Դու էլ սիրում ես միայն քեզ: (Դադար:) Ի՞նչ ես մտածում:
ԱՆԻ — Ինձ ասում էին՝ աշխարհը մեծ է, բայց ես ապրելու տեղ չունեմ:
ՀԱՄԲՈ — Գիտես, որ առանց քեզ չեմ ապրի: Դու Աստծո կողմից ինձ տված պարգև ես: Դիմացիր, նրանք ծեր են, երկար չեն ապրի, կմեռնեն, ու մենք կլինենք տան տերը:
ԱՆԻ — Փառք Աստծո, որ ծերերը մի օր մեռնում են, բայց դա չի վերաբերում քո ծնողներին:
ՀԱՄԲՈ — Չէ, մի օր կմեռնեն: Բոլորն էլ մեռնում են: Էն արջառը նրանց համար եմ պահել, տակառում էլ հիսուն լիտր օղի ունեմ: Ճոխ թաղում կանեմ: Գեղացիք գոհ կմնան:
ԱՆԻ — Ես եմ թաղելու նրանց, ես եմ լողացնելու նրանց սառած մարմինները… անհավատալի է:
ՀԱՄԲՈ — Կամաց, կլսեն: Հերս որ իմացավ, ամբողջ օրը կծաղրի ինձ, գուցե տնից դուրս անի: Գիտեմ, որ սոված ես, քեզ համար ուտելիք բերեմ:
ԱՆԻ — Մի գնա, նստիր կողքիս: Սա մեր անկյունն է: Քեզնից շնորհակալ եմ, անհեր, անմեր, առանց օժիտի եկա քեզ մոտ ու դու ընդունեցիր: Ես քո գրկում հասկացա, որ սիրված կին եմ: Սկսեցի երազել մեր մասին, մենք ունենալու ենք երեխաներ ու մեր տունը ամենատաքն է լինելու… Ինձ մի վանիր, կանգնիր թիկունքիս, որ պաշտպանես:
ՀԱՄԲՈ — Ինքդ քեզ պաշտպանիր:
ԱՆԻ — Եթե ես մեռնեմ, նա էլ կմեռնի:
ՀԱՄԲՈ — Ո՞վ:
ԱՆԻ — Մեր երազանքը:
ՀԱՄԲՈ — Չգիտեմ՝ ինչպես օգնեմ քեզ: Իսկ դու գիտես:
ԱՆԻ — Ես մտածում եմ… ես քո փոխարեն էլ եմ մտածում:
ՀԱՄԲՈ — Դեմ չեմ, մտածի: Տատս եկավ:
Պառավ կինը նստում է հացի տաշտի մոտ: Համբոն մի կտոր հաց է տալիս: Պառավը սկսում է ուտել:
ՀԱՄԲՈ — Ողորմածիկ տատս է, մի վախեցիր նրանից:
ԱՆԻ — Երեկ գիշեր ուզում էր ջուր խմել, տեսա՝ տաշտից հաց է գողանում: Ինչո՞ւ է գալիս տուն:
ՀԱՄԲՈ — Տան կարոտը չի թողնում՝ գերեզմանում հանգիստ քնի: Կարևորը, որ վնաս չի տալիս:
ԱՆԻ — Նրան սպանե՞լ են:
ՀԱՄԲՈ — Մերս թիով գլխին է խփել:
ԱՆԻ — Մա՞յրդ է սպանել:
ՀԱՄԲՈ — Չէ: Գյուղի կինը պետք է դիմացկուն լինի: Իսկ նա գլխից թույլ էր, դրա համար մեռավ: Պատմում են, որ հորաքույրս մի պարկ ցորենը դնում էր ուսին, ջրաղաց էր տանում: Է՜, մեր գեղի կնանիք պինդ են, մի թիի հարվածով չես սպանի: Արի գնանք գերեզմանոց, շիրմաքարի վրա հաց դնենք, մի ամիս չի գա:
ԱՆԻ — Չէ, վախենում եմ:
ՀԱՄԲՈ — Երեք հարյուր տարի առաջ Ալեքսան մեծ պապս հիմնադրեց գյուղը, երբ մեռավ, թաղեցինք մեծ սարի ամենաբարձր փեշին: Ամեն տարի այցելում ենք, հիշում ենք նրա քաջագործություններն ու ուրախանում: Մեն-մենակ դուրս է եկել յոթ ավազակների դեմ ու չի նահանջել: Ախր, ես ո՞նց թողնեմ իմ նախնիների գերեզմաններն ու հեռանամ: Անհնար է:
Մթություն:
IX ՊԱՏԿԵՐ
Հայր և մայր:
ՀԱՅՐ — Ասում են՝ հարսդ ընդդիմադիր է դարձել, ուզում է աշխարհը փոխել:
ՄԱՅՐ — Մենք էլ ենք էդ աշխարհից, մեզ էլ է ուզում փոխել:
ՀԱՅՐ — 70 տարի չփոխվեցինք, հիմա հարսդ էն բարակ մատներով ուզում է փոխել: Վատ չի՜, վատ չի՜… Կփոխվենք, կասի՝ պապիրոս եմ ուզում ծխել, կոֆե չե՞ս ուզում, կասի՝ հա, ոտը ոտին կգցի, պապիրոս կծխի ու կնայի մեզ, մենք էլ կդառնանք նրա նոքարը: Հը՜մ:
ՄԱՅՐ — Ինչ չէինք տեսել՝ տեսանք;
ՀԱՅՐ — Գիշերն էլ է ընդդիմադիր, որ երեխա չի ունենում: Քեզ եմ հարցնում՝ ամբողջ գիշերն ի՞նչ են անում:
ՄԱՅՐ — Ի՞նչ իմանամ, նրանց մահճակալի տակ չեմ քնում:
ՀԱՅՐ — Ինձ հետ չես քնում, գոնե նրանց մահճակալի տակ քնի: Դու ես տան աչքն ու ականջը, դրա համար եմ քեզ պահում, իսկ դու տունը ձեռքիցդ բաց ես թողել, ով ինչ ուզում՝ անում է:
ՄԱՅՐ — Ձեռքերս կապել ես՝ չես թողնում:
ՀԱՅՐ — 10 000 դրամ, օդից ընկած փող, ասացինք՝ չենք ուզում, ընդդիմադիր ենք: Մի մեշոկ ալյուր կառնեինք, մեկ ամիս յոլա կգնայինք: Որոշեցի. հացի տաշտը կտանես մարագ, դուռը կփակես, կողպեքը կդնես վրան: Եթե չօգնի, շանը կկապես կողպեքից: Մարդուն էլ հաց չտաս, այս ամենի մեղավորն ինքն է, ընդդիմադիր են խաղում, ուրեմն սկսենք խաղալ, տեսնենք՝ ով է հաղթելու: Իմ թիկունքին կուսակցություն ունեմ՝ աշխարհը չունի, դու ո՞վ ես, ինչի՞դ վրա ես հույս դրել, անտեր-անտիրական շան որդի, մեզ հավասար ոտք է գցում: Կսպասենք, տեսնենք՝ մինչև ուր կհասնես: Ես քո ընդդիմադիր մաման…
ՄԱՅՐ — Առավոտը հաց չկերար, սեղան գցեմ:
ՀԱՅՐ — Չէ, թեկնածուն մեզ համար երեք գառ մորթեց, մի տակառ էլ քաշած արաղ դրեց, ասում էր՝ կերեք-խմեք, հաղթանակը մերն է:
ՄԱՅՐ — Ա՜յ, բան է:
ՀԱՅՐ — Շատ հարգված տղա դուրս եկավ, մարդը բացեց ավտոյի բագաժնիկը, լիքը փող էր, աջ ու ձախ բաժանում էր ու ասում, որ մենք հաղթենք՝ մեզ համար լավ կլինի:
ՄԱՅՐ — Բա մե՞նք:
ՀԱՅՐ — Մենք կսպասենք ևս մի չորս-հինգ տարի: Բայց ասեմ քեզ, քիչ ուզեցինք:
ՄԱՅՐ — Որ քեզ ասում էի՞…
ՀԱՅՐ — Մյուս անգամ հնգապատիկը չստանամ՝ ընտրողը չեմ: Թող գնան, ինձ նման ընտրող գտնեն:
ՄԱՅՐ — Ուզում ես ընդդիմադի՞ր դառալ:
ՀԱՅՐ — Շա՞շ ես: Ոտս դեմ կտամ ժայռին ու կսպասեմ, ով շատ փող տա, նրան էլ կընտրեմ:
ՄԱՅՐ — Երնեկ ամեն օր ընտրություն լիներ:
ՀԱՅՐ — Վատ չէր լինի… (Դադար:) Տղայիդ կասես՝ առավոտյան գնում ենք հնձի, մի օր էլ ուշանանք՝ արևը խոտը կվառի:
ՄԱՅՐ — Էդ մարդը գնա՞ց:
ՀԱՅՐ — Գործը վերջացրեց, գնաց:
ՄԱՅՐ — Բա մեր հարսի փողը չի՞ տալու:
ՀԱՅՐ — Դու իմ ջգրու ես ծվել, որ ինձ ջղայնացնես: Հարսդ ընդդիմադիր է խաղում, չէ՜, իմ դեմ է խաղում, իմ պատվի դեմ, գյուղապետը ամոթանք տվեց, թե՝ հարսիդ հախից չես կարողանում գալ: Ինձ է ասում, ի՜նձ: Գնա տես՝ ինչ են ասում: (Մայրը գնում է:) Հիմա ո՞նց դուրս գամ գյուղամեջ: Ո՜նց են թշնամիներս ուրախացել…
Ներս է մտնում մայրը:
ՄԱՅՐ — Որ ասում էի՝ ձեռքերս բաց թո՞ղ… Ուզում են կովերը մորթեն, միսը ծախեն ու փախչեն քաղաք:
ՀԱՅՐ — Մեր կովերը ծախեն, զրկեն մեզ կաթից ու կարագի՞ց… Տղադ ի՞նչ է ասում:
ՄԱՅՐ — Ականջները կախ լսում է:
ՀԱՅՐ — Երևում է՝ մեր հարսը ինձ չի ճանաչում… Վաղը գնում ենք սար, ձեռքերիդ ազատություն եմ տալիս, միայն չսպանես: Կհամբերենք, մինչև ինքն իր գլուխն ուտի: (Ներս է մտնում Պառավը:) Մերս եկավ, մի կտոր հաց տուր, թող ուտի:
ՄԱՅՐ — (հաց է տալիս): Կեր, աչքերդ կշտացրու:
ՀԱՅՐ — Մորս լավ նայիր, սիրտը չկոտրես:
ՄԱՅՐ — Ինչ մեռել է՝ ավելի շատ է ուտում:
ՀԱՅՐ — Քե՞զ ինչ: Ես եմ տան տերը, իմ վաստակն է ուտում: Չլինի՞ մորս նեղացնում ես:
ՄԱՅՐ — Չէ, վաղը գաթա կտամ, թող ուտի՝ սիրտը փափկի:
ՀԱՅՐ — Հա, դու նրա համար լավ հարս ես եղել: Օրը ճաշ դարձավ, մի քիչ ննջեմ, իսկ դու գործ արա, հարսիցդ օրինակ մի վերցրու: Թե՞ դու էլ ես ընդդիմադիր: Էնքան կճիպոտեմ, որ մի տարի չկարողանաս նստել:
ՄԱՅՐ — Քո հավեսը չունեմ, գնամ, կովերին խոտ տամ:
Մթություն:
X ՊԱՏԿԵՐ
Արև է, արևոտ օր է, շատ լուսավոր արև: Անին կիսախուփ աչքերով նայում է արևին: Համբոն նայում է ինչ-որ կետի:
ԱՆԻ — (կարդում է): Արևը ընկավ շուրթերիս վրա ու ես լիզեցի:
ՀԱՄԲՈ — Մայրս թաքնվել է ծառի ետևում, տեսնես ինչ են մոգոնել:
ԱՆԻ — (կարդում է): Տանջված օրերի բեռից կարկատված, շնչեցի օդը քամուց ծածանվող:
ՀԱՄԲՈ — Ա՛յ մեր, գնա տուն, հանգիստ թող մեզ:
ԱՆԻ — Օրը մթնում է, ինձ քարշ են տալիս, տաղտուկ վերջալույս:
ՀԱՄԲՈ — Տեսա՞ր, ոնց փախավ:
ԱՆԻ — Կրծքերիս մեջ արցունք թափեցի մռայլ երազի: Չգտա ոչինչ այս երկրի վրա:
ՀԱՄԲՈ — Ի՞նչ ես մրմնջում:
ԱՆԻ — Ոտանավոր:
ՀԱՄԲՈ — Քո՞նն է:
ԱՆԻ — Շուրթերիս եկավ՝ արտասանեցի:
ՀԱՄԲՈ — Խելքդ գլուխդ հավաքիր, գնա, թրիքը շուռ տուր: Քեզ հետ եմ, մի կանգնիր հիվանդ հավի պես ու գլուխդ թափահարի:
ԱՆԻ — Ինձ ձեռք մի տուր, ես չեմ ուզում էս կյանքը, հոգնել եմ, էլ չեմ դիմանում:
ՀԱՄԲՈ — Ի՞նչ ես արել, որ հոգնել ես: Ամբողջ օրը ի՞նչ ես արել: Կարծում ես, միայն ե՞ս եմ տեսնում, սաղ գեղն է քեզ նայում ու գնահատում: Աչքներին փուշ ես դարձել:
ԱՆԻ — Խոնջացած մարմինս քեզ եմ նվիրում ու լուռ հեկեկում:
ՀԱՄԲՈ — Կրակն եմ ընկել քո ձեռքը: Ի՞նչ անեմ, ասա, ի՞նչ անեմ:
ԱՆԻ — Մանկատանը պարում էի ու արտասանում, գրքեր շատ էի կարդում, ինձ համար հարցերի պատասխաններն էի փնտրում: Եվ սպասում էի ամբողջ օրը, սպասում, որ դարպասի դուռը կբացվի, ներս կմտնեն ծնողներս: Ես նրանց մահացած չեմ պատկերացնում, նրանք ողջ են, նրանք փնտրում են ինձ:
ՀԱՄԲՈ — Էլի՛ գնացիր քաղաք, ուշքդ ու միտքդ այնտեղ է:
ԱՆԻ — Նրանց փոխարեն դու եկար: Դու ինձ դուր եկար պարզությամբ, անմիջականությամբ, բայց չէի մտածում, որ դա սարսափելի է:
ՀԱՄԲՈ — Ես սարսափելի՞ եմ:
ԱՆԻ — Պարզունակությունը սարսափելի է:
ՀԱՄԲՈ — Լսի՛ր, դու պիտի երջանիկ լինես, որ քեզ բերեցի մեր տուն, գյուղում շատ աղջիկներ կային, բայց ընտրեցի քեզ: Ես մեղավոր չեմ, որ չես հասկանում:
ԱՆԻ — Արդյո՞ք ես եմ մեղավոր, որ չեմ հասկանում ձեզ:
ՀԱՄԲՈ- Բա էլ ո՞վ:
Դադար:
ԱՆԻ — Շոգ է, ուզում եմ լողանալ, ուզում եմ արևի լոգանք ընդունել:
ՀԱՄԲՈ — Կեսօրին ո՞վ է լողանում, կեսօրին աշխատում են:
ԱՆԻ — Քրտնել եմ, շորերս կպել են մարմնիս:
ՀԱՄԲՈ — Դիմացիր, մինչև մութը ընկնի:
ԱՆԻ — Մթնշաղին ցուրտ է, արևի լոգանք չես ընդունի:
ՀԱՄԲՈ — Գյուղացիք ի՞նչ կասեն՝ հարսը օրը ցերեկով լողանում է:
ԱՆԻ — Ես ձեր գյուղից չեմ:
ՀԱՄԲՈ — Չեմ թողնի:
ԱՆԻ — Ես ընդամենը ուզում եմ լողանալ, մաքրվել քրտինքից:
ՀԱՄԲՈ — Երեկ փետակռվի ժամանակ ոտք գցեցին, ընկա, սկսեցին ծեծել հանաքով, ամբողջ մարմինս կապտուկներ են, հասկացա՞ր:
ԱՆԻ — Ոչ:
ՀԱՄԲՈ — Քո պատճառով ինձ ծեծում են:
ԱՆԻ — Նրանց ի՞նչ եմ արել, ոչ մեկին չեմ ճանաչում:
ՀԱՄԲՈ — Հերս ճիշտ էր ասում. կնոջդ պետք է բռանդ մեջ պահես:
Ներս է մտնում մայրը:
ՄԱՅՐ — Հայրդ ասաց՝ վաղը գնում եք մեծ սարը հնձի:
ՀԱՄԲՈ — Կասես՝ պատրաստ եմ:
ՄԱՅՐ — Շատ չքնես:
ՀԱՄԲՈ — Առավոտ կանուխ ոտքի վրա կլինեմ:
ՄԱՅՐ — Կնկանդ էլ ասա, թող գնա, հավերին կուտ տա:
ՀԱՄԲՈ — Կգնա:
ԱՆԻ — Կարող ես ինձ ասել:
ՄԱՅՐ — Շունչդ չենք զգում, քաղաքի տիկին: Չենք զգում:
ԱՆԻ — Ի՞նչ անեմ, որ զգաք:
ՄԱՅՐ — Բահը վերցրու, թրիքը շուռ տուր:
ԱՆԻ — Ես թույլ չեմ տա, որ ինձ մտցնես թրիքի մեջ:
ՄԱՅՐ — Քո փոխարեն ոչ ոք չի աշխատելու: (Գնում է:)
ՀԱՄԲՈ — Գնում եմ գոմ: Մտածիր, թե ինչ ես անում:
ԱՆԻ — Ինձ մենա՞կ ես թողնում:
ՀԱՄԲՈ — Խոսքս քեզ համար արժեք չունի, ուրեմն ինքդ էլ քո ճարը տես: (Դուրս է գնում:)
XI ՊԱՏԿԵՐ
Ցելոֆանով փակված խցում Անին լողանում է: Ներս է մտնում կինը: Մի պահ կանգնում, նայում է, հետո ցելոֆանը քաշում է մի կողմ: Անին սարսափած ծածկվում է սրբիչով:
ԿԻՆ — Գեղեցիկ ես, մարմինդ այնքան սպիտակ է, կարծես արև չի տեսել, դրա համար գյուղի ջահելներն իրենց կորցրել են:
ԱՆԻ — Փակիր, խնդրում եմ:
ԿԻՆ — Գյուղի տղաներն ուզում են մարմինդ տեսնեն: (Բռնում է Անիի թևից, դուրս բերում խցից:) Թող նայեն, կշտանան: Հիմա տղաս խելքը կթռցնի: Լսի՛ր, ինչ եմ ասում, եթե տղայիս հետ մի բան պատահի, ձեռքիցս չես պրծնի:
ԱՆԻ — Թո՛ղ ինձ, խնդրում եմ:
ԿԻՆ — Ինչո՞ւ ես օրը ցերեկով լողանում: Ուզում ես տղամարդկանց խելքահա՞ն անես:
ԱՆԻ — Մեր այգում լողանալու իրավունք ունեմ:
ԿԻՆ — Այսպիսի ստրիպտիզ քաղաքում են անում: Գերան տնկե՞մ՝ վրան պտտվես:
ԱՆԻ — Ինձ ո՞ւմ տեղն եք դնում:
ԿԻՆ — Ինչքա՞ն ես ուզում, կվճարեմ:
ԱՆԻ — Ծախու կին չեմ:
ԿԻՆ — Թոնրի մեջ խորոված երկու հավ, մի շիշ էլ նռան գինի սեղանին կդնեմ: Տղայիս տուր, թող հանգստանա:
ԱՆԻ — Խնդրում եմ, հեռացե՛ք:
ԿԻՆ — Համոյի հարսը մի հավով էլ է պատրաստ, բայց տղաս քեզ է ուզում, նույնիսկ պատրաստ է քեզ հետ ամուսնանալ:
ԱՆԻ — Ես ամուսին ունեմ:
ԿԻՆ — Ամուսին ունենայիր, օրը ցերեկով չէիր լողանա: Գյուղի տղաները տանիքներից թամաշա են անում: Դե, քեզ կույսի տեղ մի՛ դիր: (Սրբիչը պոկում է, Անին մնում է մերկ:) Մեծ բան չի, թող նայեն:
ԱՆԻ — Տե՛ր Աստված, այս մարդիկ մերկ կին չեն տեսել:
ԿԻՆ — Քեզ չեն տեսել, մենք փռի հացի պես կարմիր ենք, իսկ դու սպիտակ ես: Ինչ տեսան՝ տեսան, ծածկվիր:
ԱՆԻ — Ինչո՞ւ, թող լավ տեսնեն:
ԿԻՆ — Այնպես մի արա, որ քեզ գողանան: Կդարձնեն ամբողջ գեղի սեփականությունը:
ԱՆԻ — Ոչինչ չեմ արել, որ արժանացել եմ նրանց ատելությանը:
ԿԻՆ — Քեզ միայն թվում է… ընկնես գեղի կանանց ձեռքը՝ ծվիկ-ծվիկ կանեն, աչքերդ կհանեն, լույսի կարոտ կմնաս, ես եմ նրանց զսպում, ասում եմ՝ քաղաքի աղջիկ է, համբերեք, նա էլ կդառնա մեզ նման:
ԱՆԻ — Ձեր նման չեմ դառնա:
ԿԻՆ — Կդառնաս, ո՞ւր պիտի փախչես: Մի տարի է՝ այստեղ ես, գեղի տղամարդիկ մեյդանում միայն քո մասին են խոսում: Ամեն մեկը պատմում է, թե ոնց է քեզ հաճույք պատճառելու: Ես էլ տղամարդ լինեի, քեզ ձեռքիցս բաց չէի թողնի, ամբողջ օրը սեր կանեի:
ԱՆԻ — Սերը մարդկային վեհ զգացմունք է:
ԿԻՆ — Մենք էլ ենք զգացել, հաճույքից տնքացել ենք՝ գեղում լսվել է: Ինչ եկել ես, նրանք փոխվել են, դարձել են ջղային, իրենց կանանց ծեծում են, ամբողջ օրը հարբում են:
ԱՆԻ — Ե՞ս եմ մեղավոր:
ԿԻՆ — Բա էլ ո՞վ, չհասկացա, դու ո՞վ դարձար, որ մեր գեղին էդ օրը գցես:
ԱՆԻ — Ամուսինս կգա, ամեն ինչ կպատմեմ:
ԿԻՆ — Կարծում ես, ամուսնուցդ վախենո՞ւմ եմ, ախր, նրան իմ ծոցում եմ մեծացրել: Մի անգամ էլ մարդս բռնացրեց, քիչ էր մնում՝ սատկացնի, չթողեցի: Հիմա ինձ լսիր, մարդդ ու կեսրայրդ գնում են մեծ սար: Չորս օր կմնան այնտեղ, մենակ ես մնալու:
ԱՆԻ — Մենակ չեմ, կեսուրս տանն է:
ԿԻՆ — Նրան կտանեմ իմ տուն, թթի օղի կտամ, կխմի ու կքնի: Առաջինը իմ տղան…
ԱՆԻ — Չէ՛:
ԿԻՆ — Գիշերը տղաները արաղ են խմում ու թուղթ խաղում, կատարները տաքացավ՝ ձեռքներից չես պրծնի: Ո՞վ պիտի քեզ պաշտպանի: Տղայիս կուղարկեմ քեզ մոտ: Դուք քեֆ կանեք, ես դրսում կլինեմ, չեմ թողնի՝ մոտենան: Համաձա՞յն ես:
ԱՆԻ — Ամուսնուս չեմ դավաճանի: Ինձ Աստված կպաշտպանի:
ԿԻՆ — Իսկ ես ճանաչում եմ մեր հաստագլուխներին: (Դադար:) Տղաս խելքը թռցրել է, ծառի տակից տուն չի գալիս:
ԱՆԻ — Մտցրու ծոցդ, դու էլ սովորեցրու..
ԿԻՆ — Զգուշացի՛ր, մադամ, խոսքերդ շատ դառն են, մի կիլո մեղրով էլ չեն քաղցրանա:
ԱՆԻ — Մնաս բարով:
ԿԻՆ — Ինձ դո՞ւրս ես անում:
ԱՆԻ — Վերջապես գլխի ընկար:
ԿԻՆ — Դու շատ փոքր մարդ ես, որ կարողանաս ինձ այս տնից հանել:
Ներս են մտնում հայրը և մայրը: Անին փախչում է:
ՀԱՅՐ — Բարև, հարևանուհի՛, բարով ես եկել մեր տուն: Մեզ համար սուրճ դիր: (Մայրը դուրս է գնում:) Էդ ինչի՞ էիք իրար կպել:
ԿԻՆ — Ջահել է, շատ բան չի հասկանում, կարծես մեր գեղից չլինի:
ՀԱՅՐ — Հըմ… հետո՞:
ԿԻՆ — Ո՞վ է տեսել՝ օրը ցերեկով այգում լողանան:
ՀԱՅՐ — Լողանո՞ւմ էր:
ԿԻՆ — Չե՞ս տեսնում, գեղի տղաները բարձրացել են տանիք, նայում են:
ՀԱՅՐ — Գեղի լակոտներին կասես, քանի դեռ ողջ եմ, էդ բանը չի լինի:
ԿԻՆ — Դու գիտես մեր տղաներին… չես վախեցնի:
ՀԱՅՐ — Իմ մեջքը գետնին տվողը չի ծնվել:
ԿԻՆ — Ես գնամ, հարիսան դրել եմ կրակին, թե սիրտդ ուզի, արի միասին ուտենք, համ էլ կխոսենք:
ՀԱՅՐ — Գնա, իմ ասածները հասցրու ականջներին, չմոռանաս:
ԿԻՆ — Չեմ մոռանա, բայց դու էլ մտածիր:
Կինը գնում է, ներս է մտնում մայրը:
ՄԱՅՐ — Սուրճը պատրաստ է: Թողեցի՞ր, որ գնա:
ՀԱՅՐ — Տղաները մեր տունը շրջապատել են, հարսին ուզում են ձեռքներիցս խլեն: Ո՞ւր է տղադ:
ՄԱՅՐ — Ո՞ւր պիտի լինի, կնգա կողքին նստած քչփչում է:
ՀԱՅՐ — Կնգան ո՞նց է թողել, որ օրը ցերեկով լողանա:
ՄԱՅՐ — Մեր հարսն է լողացել:
ՀԱՅՐ — Ընտանիքը պիտի տեր ունենա:
ՄԱՅՐ — Հա՛, ես էդ գիտեմ:
ՀԱՅՐ — Ընտանիքի տերը տղամարդն է: Նրա հրամանը պիտի կատարվի, առանց առարկելու պիտի ենթարկվեն, հակառակ դեպքում ընտանիքը կկործանվի: Տղեդ ուժ չունի, գեղի ջահելները էդ գիտեն: Սար որ բարձրանանք, ի՞նչ կլինի ձեր վիճակը: Հրացանիս տեղը գիտե՞ս:
ՄԱՅՐ — Հա՛:
ՀԱՅՐ — Ամեն իրիկուն կկրակես, թող մտածեն՝ տանն եմ: Իմ ահը նրանց կզսպի: Թե չլսեն… նրանց կասես՝ պատիվս գետնին տվողը կենդանի չի մնա: Կսպանեմ: Ես եմ այս տան տերը, հանկարծ չշփոթեն:
Մթություն:
II ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
I ՊԱՏԿԵՐ
Սեղանի գլխին նստած է հայրը, մայրը ուտելիք է հրամցնում, Անին կանգնած է: Անկյունում՝ հացի տաշտի մոտ, Համբոն ու տատը լավաշ են ծամում:
ՀԱՅՐ — (օղու բաժակը բարձրացնում է): Ողորմի: Մեծ պապս 96 տարեկանում լեռից ցած ընկավ: Թաղեցինք առանց արցունք թափելու, որովհետև նա իր կյանքն ապրել էր: (Դադար:) Իսկ իմ որդին ջահել գնաց: Գլխին սպիտակ մազ չկար: Մուրազը մնաց փորում: Երեխա չտեսավ: (Դադար:) Ինչպես ես եմ տան տերը, այնպես էլ մեծ լեռն է գյուղի տերը: Գլուխը հպարտ ձգում է երկինք, արևը նրա թիկունքից է ծագում ու մայր մտնում, ամպերը նրան են դիպչում ու լաց լինում: (Դադար:) Ամեն մարդ չէ, որ կարող է լեռ բարձրանալ, բայց մենք բարձրանում ենք ու ասում. «Մեծ լեռ, մենք քո որդիներն ենք, դարերով կողք-կողքի ենք ապրում, թույլ տուր քո լանջրից խոտ քաղենք, որովհետև… որովհետև քո լանջերի խոտը հյութեղ է, կովերի կաթնատվությունը մեծանում է երկու անգամ, կարագ ու պանիր ենք սարքում ու ապրում»: (Դադար:) Նա լռում է, չի ասում, որ իր լանջերը կարող են բարձրանալ միայն ուժեղ ու առնական տղամարդիկ: (Դադար:) Քո մարդը թույլ էր, իրավունք չուներ լեռը բարձրանալու: Նրան ասացի՝ տղա՛ս, մնա տանը, կնոջդ կողքին: Նա քեզ շատ է սիրում: Իսկ նա ասաց՝ կինս երբեք ինձ չի սիրել, նրա կողքին վատ եմ զգում: Ի՞նչ մեղքս թաքցնեմ, ասածի վրա ուշադրություն չդարձրի:
ՄԱՅՐ — Խեղճ տղաս կարգին կին չտեսավ:
ՀԱՅՐ — Քսան տարի առաջ գեղի ջահելները վրա տվեցին մեր տանը, կնիկս կանգնեց թիկունքիս, ու տղամարդու նման կռվեցինք: Փախան շան լակոտները: Հիշում ես, չէ՞, ոնց էին փախչում: (Ծիծաղում է:) Լավ կին ունենալը շնորհ է, Աստծո կամեցողություն, տունը մաքուր է լինում, մառանը` լիքը: Տղաս դարդով մեռավ: Ողորմի:
ԱՆԻ — Դու սպանեցիր նրան:
ՄԱՅՐ — Լի՛րբ, ինչպե՞ս ես համարձակվում կեսրայրիդ խոսքը կտրել:
ՀԱՅՐ — Մեծ լեռը չի հանդուրժում, որ թույլ մարդիկ բարձրացան իր լանջերը: Նա պատժում է:
ԱՆԻ — Ես գիտեմ՝ ինչու սպանեցիր նրան:
ՄԱՅՐ — Ներիր, հա՛յր, դարդից խելքը թռցրել է: (Դադար:)
ՀԱՅՐ — Թաղումը ճոխ էր, ուտելիքը` առատ, արաղը` ծով: Հեշտ բան չէ գեղացու բերանը փակել: Սառը օդը, զուլալ ջուրը չեն թողնում, որ կշտանան: Նրանք մինչև կյանքի վերջը սոված են մնում: Նույնիսկ Աստված նրանց ստամոքսը չի կարող լցնել, իսկ ես կարողացա: Այնքան էին կերել ու խմել, որ սկսեցին պատմել՝ ընտրություններում ով ինչպես է փող աշխատել: Մեզնից երկու անգամ ավել են ստացել: Մեր ընդդիմադիր հարսի պատճառով մեր կորուստը մեծ էր, հարգանքն էլ կորցրինք:
ԱՆԻ — Դու գիտեիր, որ նա խմիչքին չի դիմանում:
ՀԱՅՐ — Արաղը ուժեղ տղամարդու համար է: Արաղը չի սիրում թուլամորթներին, բայց պատճառը դա չէր: Մեր որդին ամբողջ օրը կնգա մասին էր մտածում, հացը կուլ չէր գնում: Արաղ խմեց երկու բաժակ իրար վրա: Ասացի՝ դու քնի, իսկ ես քո փոխարեն կաշխատեմ: Ես հնձում էի, իսկ նա տեղը չէր գտնում սարի վրա: Մեկ էլ վեր կացավ ու ասաց՝ գնում եմ կնգաս մոտ, մենակ է, տղերքը նրա վրա աչք ունեն: Ասացի՝ սպասի, միասին իջնենք, ինձ չլսեց: Մեծին չլսողը անիմաստ մեռնում է:
ԱՆԻ — Դու նրան հարբեցրիր, որ սարից վար ընկնի:
ՄԱՅՐ — Լի՛րբ, հասկանո՞ւմ ես, ինչ ես ասում:
ՀԱՅՐ — Թող ասի, կորուստը մեծ է, սիրտը կհովանա: (Դադար:)
ՄԱՅՐ — Որբացավ, մնաց անմարդ: Կինը առանց մարդու անտեր քած է, որձ տղամարդիկ վրա կտան:
ՀԱՅՐ — Թող փորձեն, վաղուց դագանակիս համը չեն կերել:
ՄԱՅՐ — Ինքն էլ ջահել, մարմինն էլ պարում է:
ՀԱՅՐ — Հըմ… կարծես կրակ լինի, ոնց է վառվռում:
ՄԱՅՐ — Յոթ տարի սև կհագնես, երեսդ էլ կփակես, որ աչքներս չտեսնի:
ՀԱՅՐ — Չէ, նա հենց այնպես իրեն սարից գցողը չէր:
ՄԱՅՐ — Քո դարդից մարդդ չդիմացավ:
ԱՆԻ — Ստո՛ւմ եք:
ՄԱՅՐ — Ո՛վ նրան նայի ու ասի, որ սգում է:
ԱՆԻ — Թողեք ինձ հանգիստ:
ՀԱՅՐ — Հանգստացիր… ոստիկանն էլ հարցրեց, ասացի՝ ոտքը սոթ է տվել, գլորվել, մեծ լեռան փայ է դարձել:
ՄԱՅՐ — Խեղճ որդիս հանգիստ չուներ: Ամբողջ օրը կռվում էիր, թե ուզում ես քաղաք գնալ: Գնացի՞ր: Մեր կովերն էլ մորթում էիր, որ ռեստորանում պար գաս, դե պարի, տեսնենք:
ԱՆԻ — Դուք խելագար եք:
ՄԱՅՐ — Տղուս հասցրիր նրան, որ համաձայնվեց մեզ սպանել:
ԱՆԻ — Ստո՛ւմ ես: Այդպիսի բան չենք ասել:
ՄԱՅՐ — Ականջովս եմ լսել:
ՀԱՅՐ — Ասա՝ մատաղ անենք, որ կենդանի ենք մնացել:
ՄԱՅՐ — Առաջին օրն ասացի՝ մեզ դժբախտություն է բերելու:
ՀԱՅՐ — Չկարողացար դեմն առնել:
ՄԱՅՐ — Գելի ճրագու վառեցի, օգուտ չտվեց: Նայիր, ոնց է ուրախանում…
ԱՆԻ — Դուք, դուք…
ՄԱՅՐ — Մեռելները իրիկունը կհավաքվեն տաշտի մոտ, ի՞նչ ես մարդուդ ասելու:
ԱՆԻ — Կասեմ՝ ցավում եմ, շատ եմ ցավում:
ՄԱՅՐ — Նա էլ քեզ կհավատա:
ՀԱՅՐ — Մինչև հիմա հավատացել է, էլի կհավատա: (Ջուր է խմում, կեսից թափում է:) Ինչո՞ւ է ջուրը տաք, գնա, ջուր բեր, մեր սարի ջուրը, երկու քայլ է:
ՄԱՅՐ — Մութ է, կվախենա:
ՀԱՅՐ — Հարսիդ շատ ես պաշտպանում, վերջը լավ լինի:
ՄԱՅՐ — Մի օր չտեսա՝ կեսրայրիդ ու մարդուդ ոտքերը լվաս:
ԱՆԻ — Ուրիշի ոտքեր չեմ լվանում:
ՀԱՅՐ — Մենք ուրի՞շ ենք…
ՄԱՅՐ — Չտեսանք՝ ոնց ես սիրում մարդուդ, ոնց ես ցավից ճչում:
ԱՆԻ — Ուզում էիք տեսնե՞լ:
ՄԱՅՐ — Կտեսնեինք՝ ոնց էիք ուրախանում, մենք էլ կուրախանայինք:
ԱՆԻ — Տեր Աստված…
ՄԱՅՐ — Որպես կին եմ հարցնում, նա քեզ բավարարո՞ւմ էր… բա ինչո՞ւ էիր օրը ցերեկով լողանում:
ԱՆԻ — Ընդամենը մեկ անգամ եմ լողացել:
ՄԱՅՐ — Երևում է՝ տղամարդ չես տեսել:
ՀԱՅՐ — Հըմ…
ՄԱՅՐ — Երբ հարս եկա, կեսրայրդ եկավ ծոցս, գիշերն այնպես գոռացի, որ գեղը երեք օր խոսում ու ծիծաղում էր:
ԱՆԻ — Ես վախենում եմ, դուք սրբություն չունեք… առավոտյան կհեռանամ, էլ իմ մասին չեք լսի:
ՀԱՅՐ — Կգնա՞ս, ո՞ւր կգնաս:
ՄԱՅՐ — Ի՞նչ կասի իմ որդին:
ԱՆԻ — Ես ոչ մեկի սեփականությունը չեմ:
ՀԱՅՐ — Տեսա՞ր, ուր հասանք: Մեր գեղից ոչ մի հարս չի փախել:
ՄԱՅՐ — Դու ոչ մի տեղ չես գնա:
ԱՆԻ — Խնդրում եմ, հանուն ձեր Աստծո, թույլ տվեք հեռանամ:
ՀԱՅՐ — Դու կապրես մեզ հետ, ես քեզ տեր կկանգնեմ:
ԱՆԻ — Ես առավոտյան կգնամ:
ՀԱՅՐ — Մինչև առավոտ գիշեր կա:
Անին ընդվզելով հեռանում է:
ՄԱՅՐ — Կփախչի, չի մնա: Քո ինչի՞ն է պետք:
Մթություն:
II ՊԱՏԿԵՐ
Անին քնած է, երևում են հայրն ու մայրը` ձեռքին մոմ: Դանդաղ մոտենում են:
ՄԱՅՐ — Դու նրան չես համոզի:
ՀԱՅՐ — Տունը իմն է, խոսքը իմն է, ես եմ տերը, այնպիսի առաջարկներ կանեմ, որ չի մերժի: Իհարկե, եթե հիմար չէ:
ՄԱՅՐ — Ինչ էլ ասես՝ չի համաձայնի:
ՀԱՅՐ — Կտեսնենք:
ՄԱՅՐ — Ի՞նչ կասեն գյուղացիք, եթե գործը բարդանա:
ՀԱՅՐ — Գյուղացիք կասեն՝ ինչ ես կասեմ նրանց:
ՄԱՅՐ — Սիրտս կախ է:
ՀԱՅՐ — Դե՞մ ես:
ՄԱՅՐ — Ես չեմ տվողը:
ՀԱՅՐ — Ուրեմն կանգնիր կողքիս:
ՄԱՅՐ — Իսկ իմ մասին մտածե՞լ ես:
ՀԱՅՐ — Պառա՛վ, վրադ հալ չկա, կարող եմ ուղարկել հորդ տուն, բայց անշնորհակալ մարդ չեմ, քառասուն տարի շորերս ես լվացել, հաց տվել:
ՄԱՅՐ — Ես ո՞վ եմ լինելու այս տանը:
ՀԱՅՐ — Ինչպես որ միշտ եղել ես, քո իրավունքները քեզնից վերցնող չի լինի, թույլ չեմ տա:
ՄԱՅՐ — Սո՛ւս, արթնանում է:
Անին քնի մեջ շուռ է գալիս:
ՀԱՅՐ — Ունեցվածքս ո՞ւմ եմ թողնելու, քրտինք եմ թափել, որ շնե՞րը լափեն: Նա ինձ ժառանգ պիտի թողնի:
Կանգնում են Անիի գլխավերևը:
ՄԱՅՐ — Հիմա ի՞նչ ենք անելու:
ՀԱՅՐ — Կբռնես ոտքերը, մնացածը իմ գործն է:
ՄԱՅՐ — Ինչ հանգիստ է քնած, մեղք է, վաղը կխոսենք:
ՀԱՅՐ — Ձա՛յնդ, ինձ մի ջղայնացրու:
ԱՆԻ — (արթնանում է): Ի՞նչ եք ուզում, ինչո՞ւ եք իմ սենյակում:
ՀԱՅՐ — Բռնիր ոտքերը: (Մայրն ու Անին կռվի են բռնվում:) Քեզ հանգիստ պահիր, ճակատագիրն է քեզ բերել իմ տուն:
ԱՆԻ — (բարձի տակից դանակ է հանում): Կսպանեմ: (Հայրը խլում է դանակը):
ՀԱՅՐ — (խլում է դանակը): Ուզում ես մեզ սպանել, որ ունեցվածքի տե՞ր դառնաս: Կարող եմ գյուղապետին վկա կանչել, էս դանակը քեզ որտեղի՞ց… սրա համար օրենք կա, դատ կա, քեզ բանտ կնստացնեն: Բայց ես իմ տան եղածը դուրս չեմ հանում: Հանգստացիր ու լսիր ինձ: Ինձ համար ծանր է, բայց պիտի խոսեմ, ու դու պիտի ինձ հասկանաս: Մարդդ մահացավ, ժառանգ չթողեց, դու էլ ուզում ես գնալ, բա մեր ունեցվածքը, մեր հողը ո՞ւմ եմ թողնելու: Իմ գերդաստանը իրավունք չունի կորչելու աշխարհի երեսից: Դու ինձ համար երեխա կունենաս, ունեցվածքս քոնը կլինի, էլ մեզ սպանելու կարիք չես ունենա:
ԱՆԻ — Չէ, ես գնում եմ…
ՀԱՅՐ — Որբ, անտեր աղջիկ, կընկնես քաղաքի տղերքի ձեռքը, քեզ էնքան կշինեն, հետո էլ կգցեն աղբանոց, կսատկես կատվի նման:
ԱՆԻ — Կաշխատեմ ու կապրեմ, հետո կամուսնանամ ու իմ սիրած ամուսնու համար երեխաներ կունենամ:
ՀԱՅՐ — Դու ինձնից կունենաս, քեզ ձեռքերիս վրա կպահեմ:
ԱՆԻ — Ինձ ձեռք չտաս:
ՀԱՅՐ — Ոտքերը ուժեղ բռնիր:
ԱՆԻ — Ավելի լավ է սպանեք ինձ:
ՀԱՅՐ — Ինձ երեխա պարգևի, հետո քո գործն է:
ԱՆԻ — Խնդրում եմ, աղաչում եմ, մի արեք… անասո՛ւն, ձեռքերդ հեռու տար…
ՀԱՅՐ — Լռելո՞ւ ես, թե՞ ոչ: (Խփում է: Անին ուշաթափվում է:)
ՄԱՅՐ — Սպանեցիր:
ՀԱՅՐ — Չէ շնչում է: Դու գնա, մնացածը ես կանեմ… (Մայրը գնում է: Հայր մերկացնում է ու հիացած նայում:) Դու իմն ես, ես եմ քո տերը…
III ՊԱՏԿԵՐ
Դատարկ սենյակ: Անին նստած է, անհանգիստ նայում է շուրջը: Ներս են մտնում I և II քննիչները:
I ՔՆՆԻՉ — Բարև, օրիորդ:
II ՔՆՆԻՉ — Բարև, տիկին:
ԱՆԻ — Բարև ձեզ: Ես ծարավ եմ:
I ՔՆՆԻՉ — Հիմա քեզ ջուր կտանք, իսկ մենք անցնենք քննության:
II ՔՆՆԻՉ — Գուցե սկզբից ջուր տա՞նք:
ԱՆԻ — Ես պատրաստ եմ:
I ՔՆՆԻՉ — Գիտե՞ք, որտեղ եք գտնվում:
ԱՆԻ — Ինձ ասացին… հիվանդանոցից բերեցին այստեղ:
I ՔՆՆԻՉ — Մենք քննում ենք ձեր գործը:
II ՔՆՆԻՉ — Գուցե ջո՞ւր տանք՝ խմի:
I ՔՆՆԻՉ — Ես պարտավոր եմ արագ վերջացնել գործը:
II ՔՆՆԻՉ — Որ ջուր խմի, ճիշտ պատասխաններ կտա:
I ՔՆՆԻՉ — Վստա՞հ ես, ուրեմն ջուր տուր, թող խմի:
II քննիչը ջուր է տալիս Անիին:
ԱՆԻ — Շնորհակալություն:
II ՔՆՆԻՉ — Գուցե քաղցա՞ծ ես:
I ՔՆՆԻՉ — Մենք ռեստորանում չենք:
II ՔՆՆԻՉ — Ընդմիջման համար գաթա եմ բերել, կարող եմ կիսել տիկնոջ հետ:
ԱՆԻ — Շնորհակալություն, ես քաղցած չեմ:
Դադար:
I ՔՆՆԻՉ — Եվ այսպես… Այստեղ գրված է, որ դուք ի ծնե կույր եք եղել:
ԱՆԻ — Ոչ, ես կույր չեմ եղել:
I ՔՆՆԻՉ — Գյուղապետը և գյուղացիները հաստատում են, որ կույր եք եղել:
ԱՆԻ — Ես կո՞ւյր եմ եկել գյուղ:
I և II ՔՆՆԻՉՆԵՐ — (միասին): Այո:
ԱՆԻ — Կարող եք դիմել մանկատուն:
I ՔՆՆԻՉ — Դիմել ենք:
ԱՆԻ — Եվ ի՞նչ…
I ՔՆՆԻՉ — Դուք կույր եք եղել: (Դադար:) Ասում էի, որ չի կարելի ջուր տալ:
Դադար:
II ՔՆՆԻՉ — Կարդացե՞լ եք ձեր իրավունքները: Կարող եք չպատասխանել մեր հարցերին:
ԱՆԻ — Ես կարող եմ պատասխանել հարցերին:
I ՔՆՆԻՉ — Եվ այսպես, դուք կո՞ւյր եք ծնվել:
ԱՆԻ — Ոչ: Ես ամուսնացել եմ ու գյուղ գնացել, տեսողական խնդիրներ չեմ ունեցել: Ամուսնուս հետ քայլել ենք փողոցով, ես տեսել եմ գյուղը, տները, կովերը, հարևանուհուն:
I ՔՆՆԻՉ — Ու միանգամից կուրացա՞ր:
ԱՆԻ — Ո՛չ, ինձ բռնաբարել է կեսրայրս, հետո հարվածել է գլխիս:
I ՔՆՆԻՉ — Գլխի հարված ստացար ու կուրացա՞ր:
ԱՆԻ — Այո՛:
I ՔՆՆԻՉ — Ձեր կեսուր-կեսրայրը գյուղացիների կողմից սիրված ու հարգված անձինք են: Ինչո՞ւ եք զրպարտում նրանց:
II ՔՆՆԻՉ — Ի՞նչ շահ ունեք:
ԱՆԻ — Ես ոչ մի շահ չունեմ:
Դադար:
I ՔՆՆԻՉ — Ուզում եք նրանց բանտ նստեցնել, որ ունեցվածքի տե՞ր դառնաք:
ԱՆԻ — Ինձ նրանց ունեցվածքը պետք չէ:
I ՔՆՆԻՉ — Դժվար գործ է:
II ՔՆՆԻՉ — Գնանք, սուրճ խմենք: Տիկին, մենք վաղը կգանք:
Մթություն:
Քիչ անց լույսը վառվում է: Ներս են մտնում քննիչները:
I ՔՆՆԻՉ — Բարև, օրիո՛րդ:
II ՔՆՆԻՉ — Բարև, տիկի՛ն:
I ՔՆՆԻՉ — Արդեն երկու օր է՝ լաց եք լինում:
II ՔՆՆԻՉ — Ձեզ ծեծո՞ւմ էին:
ԱՆԻ — Ո՛չ:
I ՔՆՆԻՉ — Գուցե մեկը վիրավորե՞լ է:
ԱՆԻ — Ո՛չ:
II ՔՆՆԻՉ — Ուրեմն՝ ամեն ինչ կարգի՞ն է:
ԱՆԻ — Այո՛:
I ՔՆՆԻՉ — Սկսեցինք: Դուք կո՞ւյր եք ծնվել: Կրկնում եմ, դուք կո՞ւյր եք ծնվել:
II ՔՆՆԻՉ — Ես ուրիշ հարց եմ ուզում տալ: Դուք սիրո՞ւմ էիք ամուսնուդ:
ԱՆԻ — Մենք համերաշխ էինք:
II ՔՆՆԻՉ — Բայց չէիք սիրում նրան:
ԱՆԻ — Ոչ, մենք սիրում էինք իրար:
II ՔՆՆԻՉ — Ապա ինչո՞ւ էիք մերկացել այգում:
I ՔՆՆԻՉ — Ի՞նչ էիր ուզում ցուցադրել:
II ՔՆՆԻՉ — Դուք կույր եք, կարծում եք, մյուսներն է՞լ են կույր:
I ՔՆՆԻՉ — Կույրերի հոգեբանությունն է:
II ՔՆՆԻՉ — Սիրող կինը իրեն այդպես չի պահում:
ԱՆԻ — Ես ուզում եմ մանկատուն գնալ:
I ՔՆՆԻՉ — Մանկատանը քեզ չեն ընդունում:
ԱՆԻ — Կարող եմ գնալ կույրերի տուն:
II ՔՆՆԻՉ — Այնտեղ քեզ համար տեղ չկա:
Դադար:
I ՔՆՆԻՉ — Եվ այսպես, դուք կո՞ւյր եք ծնվել:
ԱՆԻ — Ոչ:
I ՔՆՆԻՉ — Կարող ենք քեզ գցել հոգեբուժարան;
II ՔՆՆԻՉ — Եթե ընդդիմանաք… ի դեպ, ընդդիմադիր եք եղել, ծաղրել եք գյուղացիներին:
I ՔՆՆԻՉ — Հոգեբուժարանում մի խուց կա, որտեղ թաքցնում ենք քեզ նմաններին…
II ՔՆՆԻՉ — Իսկ գիշերները կզվարճացնեք սանիտարներին:
Դադար:
I ՔՆՆԻՉ — Եվ այսպես, դուք կո՞ւյր եք ծնվել:
ԱՆԻ — Այո՛:
II ՔՆՆԻՉ — Կեսուրդ ու կեսրայրդ պատրաստ են քեզ տուն տանել:
ԱՆԻ — Դուք նրանց պիտի բանտ նստեցնեք:
I ՔՆՆԻՉ — Մտածիր՝ ինչ ես ասում:
II ՔՆՆԻՉ — Գնանք ընթրելու:
Մթություն:
IV ՊԱՏԿԵՐ
Անին կանգնած է բեմի կենտրոնում, մի փոքր արև նրան լուսավորում է:
ԱՆԻ — Արևը ընկել է շուրթերիս վրա, ես լիզում եմ տաքությունը: Չորս կողմս լռություն է: Ես լսում եմ լռության արձագանքը, ինչ-որ մի կին եկավ, ձեռքս բռնեց, ես տեսա նրա դեմքն ու ժպտացի… մայրս էր: (Դադար:) Խավարում միայն նրան եմ տեսնում: Փոքր ժամանակ սիրում էի պարել, ես սիրում եմ պարել, ես պարում էի ինքս իմ մեջ, որ ինձ չխանգարեն, ես շատ էի սիրում պարել, ես պարում էի ամեն օր:
Սկսում է պարել: Ներս են մտնում հայրը և մայրը:
ՄԱՅՐ — Ինչ նա արեց, թշնամուս չէի ցանկանա:
ՀԱՅՐ — Նա մեզ գերեզման կհասցնի:
ՄԱՅՐ — Իզուր չթողեցինք՝ իր ճանապարհով գնար:
ՀԱՅՐ — Քեզ քանի՞ անգամ ծեծած կլինեմ:
ՄԱՅՐ — Ինչ հարս եմ եկել էս տուն:
ՀԱՅՐ — Ուրեմն իմ ասածը ճիշտ է: Աստված նրան պատժեց:
ՄԱՅՐ — Ինչին որ արժանի է:
ՀԱՅՐ — Ի՞նչ է անում այնտեղ:
ՄԱՅՐ — Ամբողջ օրը կանգնած արևին է նայում:
ՀԱՅՐ — Լա՞ց է լինում:
ՄԱՅՐ — Չեմ տեսել, որ լաց լինի:
ՀԱՅՐ — Ես կստիպեմ, որ ինձ հարգի, նա պիտի հարգի գյուղի օրենքները, մենք դարերով լեռան ստորոտին այդպես ենք ապրել: Հարսը մտավ մեր գյուղ՝ գյուղի հասարակությանն է պատկանում: Իսկ նա ապրեց մեր կողքին, այդպես էլ չհասկացավ, երեխա էլ չի ունենում:
ՄԱՅՐ — Եթե կինը չցանկացավ երեխա ունենալ, չի ունենա:
ՀԱՅՐ — Այդպես հնարավո՞ր է:
ՄԱՅՐ — Նրա արգանդը չորացել է, մեջը եղած ատելությունից պտուղը չի աճում:
ՀԱՅՐ — Ուրեմն՝ ձրի հաց է ուտում, իմ հացը: Նա իմ տված հացը չի մարսի:
Ներս է մտնում հարևանուհին:
ԿԻՆ — Բարև, իմ լավ հարևաններ: Նայում եմ ձեզ, նայում եմ ձեր հարսին, մեղքս ի՛նչ թաքցնեմ, սիրտս նեղվում է:
ՄԱՅՐ — Շնորհակալ ենք:
ՀԱՅՐ — Եկել ես կրակի վրա յուղ լցնե՞ս:
ԿԻՆ — Չէ, լսեցի՝ հերսոտել ես, ասացի՝ գնամ, հանգստացնեմ, մեծ մարդ է, դժբախտությանը չի դիմանում:
ՄԱՅՐ — Ընկել ենք կրակը, չգիտենք՝ ինչ անենք:
ԿԻՆ — Առավոտից նայում եմ, նրա ձայնը չեմ լսում:
ՄԱՅՐ — Վախենում եմ՝ խելքը ետ է տվել:
ԿԻՆ — Չէ հա, մեծամիտ է, բարևս էլ չառավ, իրեն դեռ քաղաքացի է համարում: Բայց մենք էլ արժանապատվություն ունենք:
ՀԱՅՐ — Կարճ կապիր:
ԿԻՆ — Արդեն տարին անցել է, երեխա չի ունենում… Ասում եմ, ժամանակը չի՞, որ կյանք մտնի:
ՀԱՅՐ — Ասածիցդ բան չեմ հասկանում:
ԿԻՆ — Ձրի հաց է ուտում, կդարձնի սովորություն: Ամբողջ տարին դուք կբանեք, իսկ նա կուտի:
ՄԱՅՐ — Ամուսնու մահից հետո հիվանդացել է:
ԿԻՆ — Հիմա ո՞վ չի հիվանդ, սիրտս ցավում է, շնչել չեմ կարողանում:
ՀԱՅՐ — Ասացի՝ կարճ կապիր, ասելիք ունե՞ս՝ ասա, մի ընկնի սար ու չոլ:
ԿԻՆ — Ճիշտ է, ցավ կա մեջը, բայց մարմինը լիքն է, ափսոս չի՞: Տղաս աչք ունի վրան:
ՀԱՅՐ — Տղադ ուզում է պատվիս հետ խաղալ: Նրան կնստացնեմ շիկացած ածուխի վրա:
ԿԻՆ — Հանգիստ մնա, առանց քո համաձայնության չի մոտենա: Ասելիքս այն է, որ ձրի չեմ ուզում, գին ասա՝ համաձայնության գանք:
ՄԱՅՐ — Նա մեր հարսն է, մեր որդու այրին, մենք պարտավոր ենք նրան կերակրել ու պահել: Նա մեզ համար անգին է:
ԿԻՆ — Նույնիսկ ադամանդը իր գինն ունի:
ՀԱՅՐ — Բա մեր պատի՞վը:
ԿԻՆ — Ճիշտ ես ասում, պատիվը մեծ գին ունի, բայց ջահել կին է, աչքը՝ դուրս, արևն էլ էնենց է նրան շողշողացնում: Դուք չեք կարող գեղի տղաների դեմը առնել:
ՀԱՅՐ — Գնա, հրացանս բեր՝ ինձ հիշեն:
ԿԻՆ — Մեծ կյանք ապրած մարդ ես, կինը որ ցանկանա՝ երդիկից կփախչի, սաղ գիշեր քեֆ կանի, չեք էլ իմանա:
Դադար:
ՀԱՅՐ — Երկու ոչխար:
ԿԻՆ — Հանուն հարևանության մեկը կտամ, քաղաքում էլ է նույն գինը, ինձ չես խաբի:
ՀԱՅՐ — Ես գնում եմ հանդ:
ՄԱՅՐ — Ես էլ եմ գալիս:
ՀԱՅՐ — Կվերադառնանք օրվա վերջում, տավարի հետ, հարսս տեղում լինի, իսկ տղադ աչքիս չերևա: Չենք տեսել, ուրեմն չի եղել, հասկացա՞ր: Բերանդ էլ փակ կպահես: Գնա, պատրաստվիր: (Կինը գնում է:) Օրը մի ոչխար՝ տարվա վերջում 300 ոչխար կունենանք:
Մթություն:
V ՊԱՏԿԵՐ
Անին մենակ է, կիսամութ սենյակում պարում է: Լսվում է ոչխարների մայոց:
ԱՆԻ — Օրը մի ոչխար, լինում էր՝ երկու, երեք: Ես մերկացրի գյուղի բոլոր տղամարդկանց, նրանք ինձ չէին դիմանում, փախչում էին ամոթից: (Ծիծաղում է:) Գոմում տեղ չմնաց, ոչխարներին տեղավորեցին իմ սենյակում: Նրանք որոճում են ու մայում: Նրանք իմն են, իմ սեքսուալ պոռթկումներից են առաջացել: Ես եմ նրանց մայրը: (Ծիծաղում է ու պարում:) Աշնանը խոպանից վերադարձած տղամարդիկ ինձ վարակեցին անբուժելի հիվանդությամբ, իսկ ես՝ ամբողջ գյուղին: (Ծիծաղում է:) Տղամարդիկ բառաչում էին, կանայք ծղրտում էին հուսահատությունից, նրանց բառաչն ու ծղրտոցը երկինքն էր բռնել: Լռությունը տիրեց գյուղում, էլ չէին հավաքվում մեյդանում ու չափում առնանդամների երկարությունը: Գյուղը խռնչում էր հոգեվարքի մեջ, նրանք խոսում էին մեծ լեռան ստորոտում: (Ներս են մտնում բոլոր հերոսները:) Եկեք, եկեք, իմ սիրելի մեռելներ, ձեզ համար գաթա եմ թխել: Դժվար էր կույրի համար, բայց ես կարողացա… Ալյուրը խառնեցի ջրի հետ, երկու ձու ավելացրի ու սկսեցի հունցել, հետո թողեցի՝ հանգստանա, վերջում ավելացրեցի շաքարավազ ու դրեցի կրակին: Այդ շփոթը պիտի որ համով լինի: Կերեք, սիրելիներս: (Գաթան բաժանում է հերոսներին:) Դե, ծամեք: (Հերոսները ուտում են:) Մի ժամանակ գել ու գազան էիք կտրել, գյուղում օրենքներ էիք նկարում՝ առանց աշխարհին նայելու: Հիմա գառնուկի պես խելոք եք, կերեք, ես շատ եմ քաղցել, դուք կուշտ եղեք: (Պտտվում է նրանց շուրջը:) Ա՜, լեյտենանտ, այստե՞ղ ես, կույր աղջկան մեկ օր թողեցիր սենյակում… զվարճացար: Հիմա դու մեռած, դու թողություն չունես, էլ չես կարողանա գնալ ռեստորան՝ խորոված կուլ տալու… Դուք կապեցիք իմ ձեռքերը, դուք փակեցիք իմ բերանը, կուրացրիք, բայց չկարողացաք ինձ կոտրել: Հայրս ու մայրս հենց այնպես չեն զոհել իրենց կյանքը: Նրանք իմ մեջ են, ես կամ, ես հաղթեցի: Երեկ, երբ կանգնած էի արևի առջև, լիզում էի ջերմությունը, հանկարծ զգացի, որ լույսը թափանցեց կոպերիս մեջ, տեսա թռչող կապույտ ամպերը, նրանք թաքնվեցին մեծ լեռան ետևում: Հետո քաղց զգացի, առաջին անգամ ախորժակով լավաշ կերա: Հացը համով էր:
Բոլոր հերոսները ծամում են, լսվում է գառան մայոց: