ՎԱՐՁԱԿԱԼՎԱԾ ԾՆՆԴԱՏՈՒՆ / Արշակ ՍԵՄԻՐՋՅԱՆ
Կատակերգություն 2 գործողությամբ
Գործող անձինք
ԱՂԱՍԻ – բժիշկ գինեկոլոգ
ԺԻՐԱՅՐ – գերեզմանափոր
ԿԻԿԻ – կրկեսի ծաղրածու
ՄԱԴԼԵՆԱ – հղի պացիենտ
ԷԼՎԻՐԱ – տան տիրուհի
ՍԼԱՎԻԿ – ոստիկան
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Աղասիի հարսնացուն
ՊԱՏՎԱԿԱՆ – Մադլենայի ամուսինը
ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Էլվիրայի բնակարանը: Առավոտ է: Կենտրոնում՝ ելքի դռան մոտ, ճամպրուկ է դրված: Ձախ կողմում՝ խոհանոցի դուռը, կողքին՝ պատուհան, որտեղից երևում է այգին: Աջ կողմում՝ երկու ննջասենյակի դռներ, ձախում՝ ննջասենյակի դուռը: Աջ կողմի ննջասենյակից դուրս է գալիս Էլվիրան՝ ճամպրուկով, այն դնում է մյուս ճամպրուկի կողքին: Ձախ ննջասենյակից դուրս է գալիս Աղասին:
ԷԼՎԻՐԱ – Վարձավճարը կարող եք տալ յուրաքանչյուր ամսվա վերջում:
ԱՂԱՍԻ – Մի անհանգստացեք, տիկին Էլվիրա: Մենք այդ հարցում պարտաճանաչ ենք:
ԷԼՎԻՐԱ – Վերջին բնակիչներից հետո այս տունը երկար ժամանակ դատարկ է եղել: Խեղճ պատերը կարոտ էին հարգալից բնակիչների:
ԱՂԱՍԻ – Պատկերացնում եմ:
ԷԼՎԻՐԱ – Պատկերացնել հնարավոր չէ: Բնակարանս դարձրել էին հյուրանոց:
ԱՂԱՍԻ – Եվ ի՞նչ հրաշքով հյուրանոցը նորից դարձավ բնակարան:
ԷԼՎԻՐԱ – Մեղմ ասած՝ դուրս շպրտեցի էդ մոլագարներին:
ԱՂԱՍԻ – Դարձյալ պատկերացնում եմ:
ԷԼՎԻՐԱ – Դարձյալ հնարավոր չէ պատկերացնել էդ գերագույն հաճույքը: Նմանների հետ նման կերպ պետք է վերաբերվես:
ԱՂԱՍԻ – Հավատացնում եմ, մեր պատճառով նման խնդիրներ չեն լինի:
ԷԼՎԻՐԱ – Տան դիմացի այգին ու ընդարձակ բակն էլ ձեր տրամադրության տակ են: Իսկ ես ապրում եմ մեկ փողոց ներքև: Ցանկացած հարցով կարող եք դիմել:
ԱՂԱՍԻ – Շնորհակալ եմ հյուրընկալ վերաբերմունքի համար: Եթե իմ ծառայությունները պետք լինեն՝ անպայման դիմեք:
ԷԼՎԻՐԱ – Դժվար էս տարիքում գինեկոլոգի անհրաժեշտություն լինի:
ԱՂԱՍԻ – Կյանքը լի է անակնկալներով:
ԷԼՎԻՐԱ – Եկեք ցույց տամ խոհանոցը, որ համոզված լինեք՝ բնակարանն անթերի վիճակում է:
ԱՂԱՍԻ – Արդեն տեսնում եմ, որ պայմանները հիանալի են:
ԷԼՎԻՐԱ – Դա իմ պարտքն է:
ԱՂԱՍԻ – Դե, եթե պնդում եք…
Աղասին և Էլվիրան մտնում են խոհանոց:
Ներս է մտնում Մադլենան՝ 9 ամսական հղի, ձեռքին՝ տիկնիկ:
ՄԱԴԼԵՆԱ – Բժի՜շկ, մենք եկանք… Բժի՜շկ, մենք լավ չենք… Բժի՜շկ, մենք անհանգստանում ենք… (Մտնում է Աղասիի սենյակը:)
Խոհանոցից լսվում է բջջային հեռախոսի ձայն:
ԱՂԱՍԻ — (ներսից): Ներեցեք, տիկին Էլվիրա: (Խոսելով դուրս է գալիս
խոհանոցից:) Ժիրայր, դու պիտի տեսնե՜ս էս հրաշք պայմանները: Այն է, ինչ փնտրել ենք այսքան ժամանակ: Վերջին երկու բնակարանների համեմատ էս տունն արքայական պալատ է հիշեցնում:
ՄԱԴԼԵՆԱ — (ներսից): Մե՜նք եկանք… Մե՜նք լավ չենք…
ԱՂԱՍԻ – Սպասիր: Քիչ հետո կզանգեմ: (Անջատում է հեռախոսը, զարմացած նայում սենյակի դռանը:)
Սենյակից դուրս է գալիս Մադլենան:
ՄԱԴԼԵՆԱ — (Աղասիին տեսնելով): Մենք այլևս չենք անհանգստանում:
ԱՂԱՍԻ – Տիկին Մադլենա՞:
ՄԱԴԼԵՆԱ — (տիկնիկին): Մենք փրկված ենք:
ԱՂԱՍԻ – Ի՞նչ եք անում էստեղ:
ԷԼՎԻՐԱ — (ներսից): Պարո՜ն Աղասի…
ԱՂԱՍԻ – Տիկի՜ն Էլվիրա, հիմա կգամ: Ընկերներիս ձեր բնակարանի պայմաններով եմ
ապշեցնում:
ՄԱԴԼԵՆԱ – Մենք էլ ենք ապշած:
ԱՂԱՍԻ – Տիկին Մադլենա, չասացիք, թե ինչ եք անում էստեղ:
ՄԱԴԼԵՆԱ – Եկել ենք ձեզ մոտ, բժիշկ:
ԱՂԱՍԻ – Սա իմ աշխատասենյակը չէ: Սա վարձակալած մեր նոր բնակարանն է:
ՄԱԴԼԵՆԱ – Մեզ դուք եք պետք, ոչ թե ձեր բնակարանը:
ԱՂԱՍԻ – Խնդրում եմ, գնացեք: Վաղն առավոտյան ինձ սպասեք հիվանդանոցում:
ՄԱԴԼԵՆԱ – Մենք չենք կարող այդքան սպասել: Մենք վատ ենք: Էլիզչկան արդեն երկու անգամ ոտքով հարվածել է փորիկիս: (Տիկինիկին.) Չէ՞, Էլիզչկա: (Շարժելով տիկնիկի գլուխը:) Այո:
ԱՂԱՍԻ – Վե՛րջ տվեք էս թատերական ներկայացմանը: Խնդրում եմ, հեռացեք: Ես հիմա ուրիշ գործով եմ զբաղված եմ:
Խոհանոցից գալիս է Էլվիրան:
ԷԼՎԻՐԱ — (Մադլենային տեսնելով): Օ՜յ… Մայրիկը և փոքրիկը: Շնորհավորում եմ:
ՄԱԴԼԵՆԱ – Շնորհակալ եմ: Էլիզչկան էլ է շնորհակալություն հայտնում: (Տիկնիկին): Չէ՞, դստրիկս: (Շարժելով տիկնիկի գլուխը:) Այո:
ԷԼՎԻՐԱ – Ներեցեք, ես պետք է գնամ: Պարոն Աղասի, ցանկացած հարցով ձեր հույսը կարող եք դնել ինձ վրա: (Գնում է:)
ՄԱԴԼԵՆԱ – Ամուսինս քիչ առաջ զանգեց ու ասաց, որ վերադառնում է Երևան: Նա ցանկանում է ներկա լինել Էլիզչկայի ծնվելուն, իսկ մենք արդեն անհանգստանում ենք:
ԱՂԱՍԻ – Անհանգստանալու կարիք չկա: Ամեն ինչ բնականոն հունով է ընթանում: Ինչպես ասել էի՝ դեռ մի քանի օր էլ պետք է սպասեք ձեր սիրելի Էլիզչկային, իսկ դուք ամեն օր գալիս եք և արագացնում բնականոն ընթացքը:
ՄԱԴԼԵՆԱ – Մենք շատ անհամբեր ենք: Առավոտյան եկանք հիվանդանոց և մեզ ասացին, որ այսօր աշխատանքի չեք գալու, քանի որ զբաղված եք լինելու նոր բնակարանի հարցերով:
ԱՂԱՍԻ – Եվ ճիշտ ասացին:
ՄԱԴԼԵՆԱ – Իսկ ձեր գործընկերներից մեկը տվեց ձեր նոր հասցեն, և ինչպես տեսնում եք՝ արդեն այստեղ ենք: Չէ՞, Էլիզչկա: (Շարժելով տիկնիկի գլուխը:) Այո:
ԱՂԱՍԻ – Տիկի՛ն Մադլենա, մի՛ փորձեք ժամանակից առաջ ընկնել:
ՄԱԴԼԵՆԱ – Էլիզչկան արդեն երկու անգամ հարվածել է փորիկիս: Իսկ դա վատ նշան է:
ԱՂԱՍԻ – Շատ լավ նշան է: Դա նշանակում է, որ ձեր Էլիզչկան առողջ փոքրիկ է ծնվելու:
ՄԱԴԼԵՆԱ – Բայց մենք անհանգիստ ենք:
ԱՂԱՍԻ – Աստվա՜ծ իմ… Ի՞նչն է ձեզ անհանգստացնում:
ՄԱԴԼԵՆԱ – Առողջ փոքրիկը ոչ թե երկու, այլ երեք անգամ պետք է հարվածի մայրիկի փորիկին: Հեռուստասերիալներում այդպես եմ տեսել:
ԱՂԱՍԻ – Տիկին Մադլենա, խնդրում եմ, գնացեք տուն: Վաղն առավոտյան կգաք հիվանդանոց, ձեզ արտահերթ կընդունեմ:
ՄԱԴԼԵՆԱ – Խոստանո՞ւմ եք:
ԱՂԱՍԻ – Երդվում եմ:
ՄԱԴԼԵՆԱ — (տիկնիկին): Էլիզչկա, դու հավատո՞ւմ ես: (Շարժելով տիկնիկի գլուխը:) Այո: Դե, եթե իմ Էլիզչկան հավատում է, ես էլ առարկություն չունեմ: (Ուզում է գնալ, գլուխը պտտվում է:) Օ՜յ, գլո՜ւխս…
ԱՂԱՍԻ – Ի՞նչ պատահեց, տիկին Մադլենա:
ՄԱԴԼԵՆԱ – Ասում էի, չէ՞… Իսկ դուք չէիք հավատում, որ մենք անհանգստանում ենք: (Տիկնիկը դնում է բազմոցին:)
ԱՂԱՍԻ – Նստեք, հիմա ջուր կբերեմ: (Գնում է խոհանոց:)
ՄԱԴԼԵՆԱ — (նստելով): Էլիզչկա, մենք պետք է խորը շունչ քաշենք: (Խորը շունչ է քաշում:) Ա՛յ, այսպես…
Խոհանոցից գալիս է Աղասին՝ ջրի բաժակով:
ԱՂԱՍԻ – Խնդրեմ, տիկին Մադլենա:
ՄԱԴԼԵՆԱ — (ջուրը խմելով): Էլիզչկան երեք անգամ հարվածեց փորիկիս: Սա լավ նշան է:
ԱՂԱՍԻ – Չգիտեմ՝ լավ նշան է, թե չէ, բայց էս վիճակում ձեզ փողոց դուրս գալ չի կարելի:
ՄԱԴԼԵՆԱ – Ես ինձ երջանիկ եմ զգում: (Ջրի բաժակը դնում է սեղանին: Ուզում է կանգնել, գլուխը պտտվում է:) Օ՜յ… Գլուխս նորից պտտվեց:
ԱՂԱՍԻ – Փորձեք չշարժվել, մի քիչ պառկեք, հանգստացեք: Էդպես կարող եք բարկացնել Էլիզչկային:
ՄԱԴԼԵՆԱ – Էլիզչկան շատ բարի է: Նա չի կարող իր սիրելի մայրիկին բարկացնել: (Փորը բռնելով:) Օ՜յ… Էլիզչկան կարծես բարկանում է:
ԱՂԱՍԻ – Խնդրում եմ, անցեք սենյակ, պառկեք: Ոչ թե վաղը, այսօր կգնանք հիվանդանոց:
Աղասին և Մադլենան մտնում են աջ սենյակը: Աղասին ետ է գալիս, անհանգիստ քայլում է: Դուռը թակում են: Բացում է դուռը: Ներս է մտնում Կիկին՝ ծաղրածուի հագուստով, սուլիչով և ճամպրուկով:
ԿԻԿԻ – Ողջո՜ւյն, պրոֆեսոր:
ԱՂԱՍԻ – Ներս արի: Կատակի ժամանակ չէ:
ԿԻԿԻ – Հրաշալի՜ բնակարան է: Վերջին երկուսի համեմատ այս բնակարանը արքայական պալատ է հիշեցնում:
ԱՂԱՍԻ – Էդ մասին Ժիրայրին արդեն ասել եմ:
ԿԻԿԻ – Իսկ որտե՞ղ է նա:
ԱՂԱՍԻ – Իր հանգուցյալներին բնակարաններով է ապահովում:
ԿԻԿԻ – Զարմանում եմ, ինչպես է կարողանում հանգիստ խղճով քնել:
ԱՂԱՍԻ – Եթե մարդիկ չմահանան՝ նա սովից կմեռնի:
ԿԻԿԻ – Եթե նոր մարդիկ չծնվեն՝ դու էլ սովից կմահանաս:
ԱՂԱՍԻ – Քո պարագան իմ պարագայի շարունակությունն է:
ԿԻԿԻ – Երեխաները մեր ապագան են: Նրանց մանկությունը պետք է գույներով լցնեմ:
ԱՂԱՍԻ – Աշխատանքի՞ց ես գալիս:
ԿԻԿԻ – Չի՞ երևում:
ԱՂԱՍԻ – Դժվար է գուշակել՝ երբ ես աշխատանքի լինում: Ծաղրածուի կերպարը քեզ համար դարձել է ապրելակերպ:
ԿԻԿԻ – Դու պիտի տեսնեի՜ր երեխաների անհոգ ծիծաղը: Ծաղրածու Կիկին նրանց ամենասիրելի կերպարն է:
ԱՂԱՍԻ – Երանի քեզ, որ կյանքին էդքան անհոգ ու գունավոր ես նայում: Մանկուց էիր էդպիսին: Վարդագույն ակնոցը աչքերիցդ չհանեցիր:
ԿԻԿԻ – Իսկ Ժիրայրն ու դու մանկուց չվայելեցիք կյանքի գույները: Ձեզ համար ամեն ինչ սև ու սպիտակ էր: Դու խավարից մարդկանց լույս աշխարհ ես բերում, իսկ Ժիրայրը լույս աշխարհից մարդկանց ուղարկում է խավարի թագավորություն:
ԱՂԱՍԻ – Ա՜խ, Կիկի՜… Դու երբեք էլ չես փոխվի:
ԿԻԿԻ – Իմ կյանքի գույները ինձ երջանկություն են տալիս: (Ճամպրուկը դնում է բազմոցին: Նկատում է տիկնիկը:) Սա՞ ինչ է:
ԱՂԱՍԻ – Ոչ թե ինչ է, այլ ով է:
ԿԻԿԻ – Եվ ո՞վ է:
ԱՂԱՍԻ – Էլիչզկան:
ԿԻԿԻ – Չլինի՞ նոր ծնված մանուկներիցդ է և միանգամից այսքան տգեղ:
ԱՂԱՍԻ – Այ թե մայրը լսեր, քեզ ցույց կտար՝ ով է տգեղը:
ԿԻԿԻ – Աղասի, սա ինչո՞ւ ես բերել էստեղ:
ԱՂԱՍԻ – Ես չեմ բերել: Մայրն է բերել իր Էլիզչկային:
ԿԻԿԻ – Ինձ ծաղրո՞ւմ ես:
ՄԱԴԼԵՆԱ — (ներսից): Մե՜նք անհանգիստ ենք…
ԱՂԱՍԻ – Համոզվեցի՞ր:
ԿԻԿԻ – Ո՞վ է:
ԱՂԱՍԻ – Էլիզչկայի մայրը:
ԿԻԿԻ – Սիրուհի՞ ես բերել առաջին օրով: Մոռացա՞ր, անցած անգամ ինչ եղավ մեզ հետ Ժիրայրի անթիվ-անհամար սիրուհիների այցելությունների պատճառով:
ԱՂԱՍԻ – Նա իմ սիրուհին չէ:
ԿԻԿԻ – Արդեն պարզ է: Ժիրայրը չի դադարում նորից անակնկալներ մատուցել:
ԱՂԱՍԻ – Ժիրայրի սիրուհին էլ չէ: Տիկին Մադլենան ինձ մոտ է եկել:
ԿԻԿԻ – Էլիզչկային էլ նվե՞ր է բերել:
ԱՂԱՍԻ – Իրական Էլիզչկան այս տիկնիկը չէ:
ԿԻԿԻ – Քանի՞ Էլիզչկա կա այստեղ:
ԱՂԱՍԻ – Երկու: Իրականը՝ քո ասած խավարի թագավորությունում է:
ԿԻԿԻ – Անիմաստ է քեզ հետ խոսելը: Ո՞վ է այդ կինը:
ԱՂԱՍԻ – Իմ պացիենտը:
ԿԻԿԻ – Եթե չեմ սխալվում՝ պացիենտներիին ընդունում են հիվանդանոցում՝ բժշկի սպիտակ խալաթով, ոչ թե նոր վարձած բնակարանի սենյակում՝ անկողնում պառկած:
ԱՂԱՍԻ – Նման համառ պացիենտների համար վայրը նշանակություն չունի: (Դռան մոտ դրված ճամպրուկից հանում է սպիտակ խալաթը և հագնում:) Հիմա՞ ինչ կասես:
ԿԻԿԻ – Կասեմ, որ նորից փողոցում ենք հայտնվելու: Էլիզչկայի մայրիկին հենց հիմա դուրս հանիր այստեղից:
ԱՂԱՍԻ – Եթե Էլիզչկայի մայրիկին այդ վիճակում դուրս հանեմ, ոչ թե փողոցում, հնարավոր է՝ բանտում հայտնվեմ:
ԿԻԿԻ – Ոստիկա՞ն է:
ԱՂԱՍԻ – Ոչ: Հղի:
ԿԻԿԻ – Հղի՞ ոստիկան:
ԱՂԱՍԻ – Ոչ: Ապագա երջանիկ: Չես թողնում՝ բացատրեմ: Նա ոչ իմ սիրուհին է, ոչ էլ՝ Ժիրայրի: Ոչ էլ ոստիկան է: Իմ հիվանդներից է: Պատրաստվում էր գնալ, գլխապտույտ ունեցավ, նրան հանգիստ նշանակեցի: Եթե այդ վիճակով հեռանար և երեխայի կյանքը վտանգեր, ես, որպես բժիշկ, ոստիկաններին հյուր կգնայի: Հասկանալի՞ եմ բացատրում:
ԿԻԿԻ – Մի քիչ բարդ ու խճճված, բայց համոզիչ:
ՄԱԴԼԵՆԱ — (ներսից): Մե՜նք լավ չենք:
ԿԻԿԻ – Մենք էլ:
ԱՂԱՍԻ – Էս կինը գլխիս փորձանք է դառնալու: Գալի՜ս եմ, տիկին Մադլենա: (Կիկիին.) Քո սենյակը սա է: (Ցույց է տալիս ձախ սենյակը:) Կարող ես իրերդ տեղավորել: (Մտնում է իր սենյակը:)
ԿԻԿԻ – Խելագարվել կարելի է: (Վերցնում է ճամպրուկը, մտնում է ձախ սենյակը:)
Գալիս է Ժիրայրը՝ բանվորական հագուստով, ճամպրուկով ու տոպրակով:
ԺԻՐԱՅՐ – Տղանե՜ր, դուք չեք էլ պատկերացնում… (Նայելով շուրջը:) Աղասի՜… Կիկի՜… (Ճամպրուկն ու տոպրակը դնում է բազմոցին: Նկատում է տիկնիկը:) Սա՞ ինչ է:
ՄԱԴԼԵՆԱ — (ներսից): Որտե՞ղ է իմ Էլիզչկան:
ԱՂԱՍԻ — (ներսից): Ձեր աղջիկը բազմոցին հանգիստ քնած է:
Ժիրայրը զարմացած նայում է սենյակի ուղղությամբ, վերցնում, զննում է տիկնիկը:
ՄԱԴԼԵՆԱ – Էլիզչկան արդեն երեք անգամ հարվածել է փորիկիս:
ԱՂԱՍԻ – Նա ձեզ բարևում է:
Կիկիի սենյակից լսվում է սուլիչի ձայն և ծափահարություններ:
ԿԻԿԻ — (ներսից): Իսկ հիմա բոլորի թաթիկները վերև… (Ժիրայրը զարմացած նայում է Կիկիի սենյակի դռանը: Հայտնվում է Կիկին:) Ողջո՜ւյն, Ժիրայր: Խոստովանիր, որ հարմարավետ բնակարան է:
ԺԻՐԱՅՐ – Հարմարավետը հարմարավետ է, բայց ի՞նչ է կատարվում էստեղ:
ԿԻԿԻ – Երեք մանկության ընկերների անհամատեղելի գործընթաց:
ԺԻՐԱՅՐ – Գուցե ավելի պա՞րզ բացատրես:
ԿԻԿԻ — (Ժիրայրի ձեռքի տիկնիկը նկատելով): Էլիզչկային դի՛ր բազմոցին: Փոքրիկը հանգիստ քնած էր: Նորածիններին չի՛ կարելի խանգարել:
ԺԻՐԱՅՐ – Ես ճիշտ հասցեո՞վ եմ եկել:
ԿԻԿԻ – Երբ տիկին Մադլենան տեսնի, որ Էլիզչկային անհանգստացնում ես, քեզ կուղարկի քո անհասցե հանգուցյալների մոտ:
ԺԻՐԱՅՐ – Խելագարվե՞լ ես: Սա տիկնիկ է:
ԿԻԿԻ – Սա կեղծ Էլիզչկան է:
ԺԻՐԱՅՐ – Իմ թաղած հանգուցյալներին գերեզմանից փորել եք ու դո՞ւրս բերել:
ԿԻԿԻ – Քո հանգուցյալները հավերժի հանգուցյալներն են:
ԺԻՐԱՅՐ – Կիկի, ուղեղդ էլ է գունավորվել հագուստիդ նման: Նորից երևակայո՞ւմ ես:
ԿԻԿԻ – Աղասիի ասած փաստերն եմ արձանագրում:
ԺԻՐԱՅՐ – Նա է՞լ է ընկել երևակայությունների գիրկը:
Գալիս է Աղասին:
ԱՂԱՍԻ – Տիկին Մադլենան ինձ գերեզման կիջեցնի:
ԿԻԿԻ – Ոչ միայն քեզ: Նայիր, Էլիզչկայի հանգիստը խանգարում է:
ԱՂԱՍԻ – Տե՛ղը դիր: (Տիկնիկը դնում է բազմոցին:)
ԺԻՐԱՅՐ – Վերջապես կբացատրե՞ք, ինչ է կատարվում էստեղ:
ԱՂԱՍԻ – Նոր բնակարանի բացումն ենք նշում:
ԺԻՐԱՅՐ – Էլիզչկայի բարձր հովանու նորքո՞:
ՄԱԴԼԵՆԱ — (ներսից): Մե՜նք անհանգստանում ենք…
ԿԻԿԻ – Համոզվեցի՞ր:
ԺԻՐԱՅՐ – Ո՞վ է…
ԿԻԿԻ – Ո՛չ ոստիկան է, ո՛չ էլ Աղասիի սիրուհին:
ԺԻՐԱՅՐ – Իսկ ո՞վ է:
ԿԻԿԻ – Էլիզչկայի մայրը:
ԺԻՐԱՅՐ – Ինձ ծաղրո՞ւմ եք:
ԱՂԱՍԻ – Իրերդ տեղավորիր, հետո կխոսենք: Երկար պատմություն է: Սա է քո սենյակը: (Ցույց է տալիս աջ կողմում գտնվող երկրորդ սենյակը:)
Ժիրայրը վերցնում է ճամպրուկը և գնում իր սենյակը:
ԿԻԿԻ – Հավանաբար մտածում է, թե խելագարվել ենք:
ԱՂԱՍԻ – Եթե տիկին Մադլենայի գլխապտույտները շարունակվեն՝ իսկապես կխելագարվեմ: Մինչև ծննդաբերի՝ հոգիս էլ կծննդաբերվի:
ԿԻԿԻ – Կարծում ես, կանանց հետ լեզու գտնելն այդքան հե՞շտ է:
ԱՂԱՍԻ – Արդեն համոզված չեմ:
ԿԻԿԻ – Եթե այդքան հեշտ լիներ՝ մեզանից գոնե մեկն ամուսնացած կլիներ: Ոչ գյուղում կարողացանք հասկանալ կանանց լեզուն, ոչ էլ՝ քաղաքում:
ԱՂԱՍԻՆ – Դու և Ժիրայրը ձեր մասին մտածեք: Ես արդեն ճանապարհին եմ:
Կիկին ուզում է նստել բազմոցին: Նկատում է բազմոցին դրված տոպրակը:
ԿԻԿԻ – Ժիրայրը, ինչպես միշտ, իրերն աջ ու ձախ թափելով ման է գալիս: (Բացում է տոպրակը, վախից ետ է նստում:) Աստվա՜ծ իմ…
ԱՂԱՍԻ – Ի ՞նչ պատահեց:
ԿԻԿԻ – Նրա հանգուցյալները մեզ հանգիստ չեն թողնում:
ԱՂԱՍԻ – Նորից մի՛ սկսիր…
ԿԻԿԻ – Ես վախենում եմ, Աղասի: (Փակում է տոպրակը՞)
ԱՂԱՍԻ – Հանգուցյա՞լ ես գտել: (Բացում է տոպրակը և վախեցած փակում:) Սա ի՞նչ էր:
ԿԻԿԻ – Գազազած հոգի:
Սենյակից դուրս է գալիս Ժիրայրը:
ԺԻՐԱՅՐ – Չփորձե՛ք ձեռք տալ:
ԱՂԱՍԻ – Չէինք էլ պատրաստվում:
ԿԻԿԻ – Դու հոգիների առևտրո՞վ ես զբաղվում:
ԺԻՐԱՅՐ – Կիկի, խելագարվեցի՞ր:
ԿԻԿԻ – Ինչ տեսնում եմ, այն էլ՝ ասում…
ԺԻՐԱՅՐ – Եվ ի՞նչ ես տեսել:
ԿԻԿԻ – Վերածնվող հոգի:
ԱՂԱՍԻ – Ես չհասցրի տեսնել՝ վերածնվո՞ւմ է, թե՞ չէ:
ԺԻՐԱՅՐ – Աղասի՛, նրան մի՛ լսիր… Նա, ինչպես միշտ, իր երևակայական աշխարհում է:
ԱՂԱՍԻ – Իսկ ինչպե՞ս կբացատրես:
ԺԻՐԱՅՐ – Երջանիկ:
ԿԻԿԻ – Մենք այստեղ սրտի կաթված ստացանք, իսկ դու երջանկանո՞ւմ ես:
ԺԻՐԱՅՐ – Տղաներ, շուտով մենք դառնալու ենք միլիոնատեր:
ԿԻԿԻ – Դժոխքի հետ պայմանագի՞ր ես կնքել:
ԺԻՐԱՅՐ – Ոչ: Հայոց պատմության:
ԿԻԿԻ – Աղասի, դու հասկանո՞ւմ ես, որ մեր ընկերը հոգիների առևտրով է զբաղվում:
Ժիրայրը տոպրակի պարունակությունը լցնում է սեղանին՝ մարդկային ոսկորներ են:
ԺԻՐԱՅՐ – Էստեղ հոգի՞ եք տեսնում:
ԿԻԿԻ – Տե՜ր Աստված… (Փակում է աչքերը:)
ԱՂԱՍԻ – Աստվա՜ծ, մեզ օգնական եղիր: (Փակում է աչքերը:)
ԿԻԿԻ – Սրանք ինչե՞ր են:
ԺԻՐԱՅՐ – Ոսկորներ:
ԿԻԿԻ – Բայց հոգիները ոսկորներ չեն ունենում:
ԺԻՐԱՅՐ – Սրանք ոսկորներով հոգիներ են:
ԱՂԱՍԻ – Ժիրա՛յր, բավակա՛ն է ծաղրես: Ավելի լավ է բացատրիր, եթե իհարկե բացատրություն կա:
ԺԻՐԱՅՐ – Ե՛վ բացատրություն կա, և՛ միլիոններ:
ՄԱԴԼԵՆԱ — (ներսից): Մե՜նք անհանգիստ ենք…
ԿԻԿԻ – Արդեն մենք էլ:
ԱՂԱՍԻ – Տիկի՜ն Մադլենա, Էլիզչկան բազմոցին հանգիստ քնած է:
ԺԻՐԱՅՐ – Այդ տիկին Մադլենային ուղարկիր տուն, թող էնտեղ անհանգստանա:
ԱՂԱՍԻ – Եթե նրան էս վիճակում տնից դուրս հանեմ՝ ստիպված կլինենք արդեն երեքով հյուրընկալվել ոստիկաններին, ոչ միայն փոքրիկի կյանքը վտանգելու, այլ նաև անհայտ ոսկորների ապօրինի առք ու վաճառքի համար:
ԿԻԿԻ – Չլինի՞ հանգուցյալին մաշկազերծ ես արել:
ԺԻՐԱՅՐ – Ես դիահերձող չեմ: Ընդամենը նոր հանգուցյալների բնակարանների դիզայներն եմ:
ԱՂԱՍԻ – Եկեք անցնենք ոսկորների պարզաբանմանը:
ԿԻԿԻ – Եվ միլիոնների:
ԺԻՐԱՅՐ – Տղաներ, չեք էլ պատկերացնում, թե սրանք ինչեր են:
ԱՂԱՍԻ – Դժվար չէ գուշակել:
ԺԻՐԱՅՐ – Դժվար է գուշակել, թե ումն են:
ԿԻԿԻ – Դա էլ դժվար չէ:
ԱՂԱՍԻ ԵՎ ԿԻԿԻ – Հայաստանի Հանրապետության անկախ քաղաքացու:
ԺԻՐԱՅՐ – Ո՛չ անկախ, ո՛չ էլ քաղաքացի:
ԿԻԿԻ – Առյուծի՞ ես մորթազերծ արել:
ԺԻՐԱՅՐ – Առյուծ էր, բայց ոչ կենդանական աշխարհից:
ԱՂԱՍԻ – Տիեզերակա՞ն:
ԺԻՐԱՅՐ – Ոչ: Աշխարհիկ: Նա բոլոր ազգերի սարսափն էր:
ԿԻԿԻ – Զգում էի, որ էս պատմության հիմքում տարօրինակ բացահայտումներ պիտի լինեն:
ԱՂԱՍԻ – Ոչ երանի այն հանգուցյալներին, ովքեր քեզ հետ գործ են ունենում:
ԺԻՐԱՅՐ – Տղաներ, սա Տիգրանի ոսկորներն են:
ԱՂԱՍԻ – Մեր հիվանդանոցի նախկին պահակի՞:
ԿԻԿԻ – Խե՜ղճ Տիգրան պապիկ… Ժիրայրը քեզ էլ հոգեխանգարման ենթարկեց:
ԺԻՐԱՅՐ – Հիվանդանոցի պահակը՝ ուր, արքան՝ ուր…
ԱՂԱՍԻ – Նա հոգով էր արքա:
ԺԻՐԱՅՐ – Իսկ նա՝ էությամբ:
ԱՂԱՍԻ ԵՎ ԿԻԿԻ – Ո՞վ:
ԺԻՐԱՅՐ – Հայոց արքա Տիգրան Մեծը: Սրանք Տիգրան Մեծի ոսկորներն են: Հեռուստատեսությամբ հաղորդում եմ նայել, որտեղ ասում էին, որ այն վայրում, ուր այսօր փորում էի հերթական հանգուցյալի հավերժական բնակարանը, պատմամշակութային հողատարածք է և հնարավոր է, որ հայոց Մեծն արքան էլ է այդ տարածքում թաղվել:
ԱՂԱՍԻ ԵՎ ԿԻԿԻ – Ի՞նչ:
ՄԱԴԼԵՆԱ — (ներսից): Ի՜մ արքան վերադառնում է Երևան:
ԱՂԱՍԻ – Փաստորեն չէի սխալվում, երբ ասում էի, որ էս բնակարանը արքայական պալատ է: (Գնում, սենյակից բերում է ջերմաչափը:) Հիմա կստուգենք քո ջերմությունը:
ԺԻՐԱՅՐ – Դուք կխելագարվեք էն ժամանակ, երբ տեսնեք իրական միլիոնները: Սրանք կհանձնեմ թանգարանին և կպարգևատրվեմ:
ԿԻԿԻ – Իսկ գուցե սրանք Սողոմոն Իմաստունի ոսկորնե՞րն են:
ԱՂԱՍԻ – Կամ էլ՝ Մովսես Խորենացու:
ԺԻՐԱՅՐ – Ծաղրե՜ք… Ծաղրե՜ք…
Դռան թակոց:
ԷԼՎԻՐԱ — (դրսից): Պարո՜ն Աղասի…
ԱՂԱՍԻ – Էս ոսկեզօծ ոսկորները պահեք: Սա տուն է, ոչ թե դիահերձարան:
ԿԻԿԻ – Ես վախենում եմ:
ԺԻՐԱՅՐ – Սրանք մեր փրկությունն են: (Ոսկորները լցնում է տոպրակի մեջ, դնում բազմոցին՝ տիկնիկի կողքին:)
Աղասին բացում է դուռը: Ներս է մտնում Էլվիրան:
ԱՂԱՍԻ – Տիկին Էլվիրա, ձե՞զ էլ է ինչ-որ բան անհանգստացնում:
ԷԼՎԻՐԱ – Հիշողության կորուստը:
ԱՂԱՍԻ – Ես գինեկոլոգ եմ: Էդ հարցում ձեզ չեմ կարող օգնել:
ԷԼՎԻՐԱ – Ճամպրուկս եմ մոռացել: (Ժիրայրին և Կիկիին տեսնելով:) Ողջո՜ւյն, տղաներ…
ԺԻՐԱՅՐ ԵՎ ԿԻԿԻ – Բարև ձեզ:
ԱՂԱՍԻ – Տիկին Էլվիրա, իմ ընկերներն են:
ԷԼՎԻՐԱ – Շատ ուրախ եմ: Հուսով եմ՝ բնակարանը հավանեցիք:
ԿԻԿԻ – Կարծես կախարդական ամրոց լինի, որտեղ ծնվում են նոր հրաշք էակներ և վերածնվում են աշխարհահռչակներ:
ԱՂԱՍԻ – Լռի՛ր, Կիկի՛…
ԷԼՎԻՐԱ – Պարոն Աղասի, ձեր ընկերը իր նոր խոհափիլիսոփայական կերպա՞րն է կերտում:
ԱՂԱՍԻ – Այո: Նա միշտ ստեղծագործական ընթացքի մեջ է:
ԷԼՎԻՐԱ – Խնդրում եմ, չմոռանանք հրավիրել ձեր ներկայացմանը:
ԿԻԿԻ – Սիրով: Դուք կլինեք պատվավոր հյուրերի շարքում, որպես կախարդական ամրոցի տիրուհի:
ԷԼՎԻՐԱ – Սա հասարակ բնակարան է: Ի՞նչ կախարդական ամրոցի մասին եք խոսում:
ԱՂԱՍԻ – Ուշադրություն մի դարձրեք, տիկին Էլվիրա: Կիկին է՝ մարդկային շփումների ժամանակ էլ է ստեղծագործում:
ԷԼՎԻՐԱ – Արվեստը փրկում է աշխարհը:
ԺԻՐԱՅՐ – Գունավոր արվեստը:
ԱՂԱՍԻ – Տիկին Էլվիրա, ահա ձեր ճամպրուկը:
ԷԼՎԻՐԱ – Շնորհակալ եմ, պարոն Աղասի: (Վերցնում է ճամպրուկը:) Տիկինն ինչպե՞ս է իրեն զգում:
Կիկին և Ժիրայրն նայում են Աղասիին:
ԱՂԱՍԻ – Նպատակահարմար:
ԷԼՎԻՐԱ – Իսկ Էլիզչկա՞ն:
ԿԻԿԻ – Բազմոցին հանգիստ քնած է:
ԿԻԿԻ – Մի անհանգստացնեք, մենք չենք թողնի, որ Էլիզչկան անհանգստանա:
ԱՂԱՍԻ – Տիկին Էլվիրա, շնորհակալ ենք: (Ժպիտով ցույց է տալիս դուռը:)
ԷԼՎԻՐԱ – Եթե իմ օգնության կարիքը զգաք՝ մեկ փողոց ներքև եմ ապրում:
ԱՂԱՍԻ – Արդեն ասել եք:
ԷԼՄԻՐԱ – Խնդրում եմ, ուշադիր կլինեք նաև Ռեքսին: Նա մարդկային հոգատարության կարիք շատ ունի:
ԿԻԿԻ ԵՎ ԺԻՐԱՅՐ – Դա՞ ով է:
ԷԼՎԻՐԱ – Այգու պահապանը:
ԿԻԿԻ – Այստեղ շո՞ւն էլ կա:
ԷԼՎԻՐԱ – Այս տան այցելուներին միշտ ընդունել է ինչպես ամենամտերիմ մերձավորներին:
ԿԻԿԻ – Ես վախենում եմ շներից:
ԱՂԱՍԻ — (Էլվիրային): Մենք չենք մոռանա և վարձավճարը կտանք ճիշտ ժամանակին:
ԷԼՎԻՐԱ – Սիրում եմ պարտաճանաչ մարդկանց:
ԱՂԱՍԻ – Ձեզ շատ երախտապարտ ենք: (Դեպի դուռը:) Խնդրեմ…
Էլվիրան ուզում է հեռանալ:
ՄԱԴԼԵՆԱ — (ներսից): Օգնեցե՜ք…
ԷԼՎԻՐԱ – Աստվա՜ծ իմ… Ի՞նչ է պատահել:
ԱՂԱՍԻ – Գալի՜ս եմ… (Վազում է սենյակ:) Տղանե՜ր…
ԿԻԿԻ, ԺԻՐԱՅՐ – Գալի՜ս ենք…
ԷԼՎԻՐԱ – Իմ օգնության կարիքն ունե՞ք:
ԿԻԿԻ – Տիկինն անհանգստանում է, երբ տանն օտար մարդ է լինում:
Կիկին և Ժիրայրը վազում են սենյակ:
ԷԼՎԻՐԱ – Ես ցանկանամ օգնել, իրենք էլ դժգոհում են: Խե՜ղճ Էլիզչկա… Քեզ մենակ են թողել: (Շոյում է տիկնիկի գլուխը: Տեսնելով ոսկորներով տոպրակը՝ բացում է:) Խե՜ղճ Ռեքս… Քեզ էլ սոված են թողել: Եթե էսպես շարունակվի՝ քեզ սովի կմատնեն: (Վերցնում է տոպրակն ու ճամպրուկը, դուրս է գնում:)
ՄԱԴԼԵՆԱ — (ներսից): Ովքե՞ր են այս բանվորն ու ծաղրածուն:
ԱՂԱՍԻ – Նա մեր հանգուցյալների պահակն է, իսկ նա՝ երեխաների գունավոր երազը:
ՄԱԴԼԵՆԱ – Ասեք՝ թող հեռանան: Ես ամաչում եմ:
Սենյակից դուրս է վազում Կիկին:
ԿԻԿԻ – Ես չեմ կարող սա տեսնել…
Սենյակից դուրս է վազում Ժիրայրը:
ԺԻՐԱՅՐ – Բայց սա ծննդատուն չէ…
ԱՂԱՍԻ — (ներսից): Տիկի՜ն Մադլենա, խորը շունչ քաշեք:
ԿԻԿԻ – Միայն սա էր մեզ պակաս:
ՄԱԴԼԵՆԱ – Պարո՜ն Աղասի, ի՜մ Էլիզչկան…
ԱՂԱՍԻ – Տե՜ր Աստված… Մի քանի օր շուտ է ծնվում:
ՄԱԴԼԵՆԱ – Ես զգում էի, իսկ դուք չէիք հավատում:
ԿԻԿԻ – Կյանքում ինչ չէի տեսել, տեսա: (Ձեռքերով փակում է երեսը:)
ԺԻՐԱՅՐ – Հանգստացի՛ր, Կիկի՛…
ԿԻԿԻ – Ես չէի սխալվում, երբ ասում էի, որ այս տունը կարծես կախարդական ամրոց լինի:
ԱՂԱՍԻ – Տղանե՜ր, ջո՜ւր բերեք…
ԿԻԿԻ – Ես վախենում եմ:
ԺԻՐԱՅՐ – Կա՞ մի բան, որից դու չես վախենում:
ԱՂԱՍԻ – Տղանե՜ր, արագացրե՜ք…
ԺԻՐԱՅՐ – Գալի՜ս եմ… (Կիկիին.) Շներից վախենում ես, ոսկորներից վախենում ես, ծննդաբերող կանանցից վախենում ես, ջուր տանելուց վախենում ես… (Վազում է խոհանոց, ջրի բաժակով մտնում է Աղասիի սենյակը, գլուխը բռնած, դուրս է գալիս:)
ԿԻԿԻ – Ի՞նչ վիճակ է այնտեղ:
ԺԻՐԱՅՐ – Իրավիճակ: Տեսնես էդքան երկար ի՞նչ է անում Աղասին:
ԿԻԿԻ – Գինեկոլոգի պրակտիկան է բարձրհարստացնում մեր ճակատագրի հաշվին:
ԺԻՐԱՅՐ – Իսկ ինչո՞ւ մեր ճակատագրի հաշվին:
Սենյակից լսվում է Մադլենայի բղավոցը և մանկան ճիչ:
ԱՂԱՍԻ — (ներսից): Իրական Էլիզչկան ծնվեց…
ԿԻԿԻ – Մեզ պետք է վաստակավորի կոչում տան, որ դիմացանք ծննդաբերող կնոջ տվայտանքներին:
ԺԻՐԱՅՐ – Կատակի ժամանակ չէ, Կիկի:
Սենյակից դուրս է գալիս Աղասին՝ նորածնի բարուրը ձեռքին:
ԱՂԱՍԻ – Վերջապե՜ս…
ԿԻԿԻ – Աղասի, հայրիկի կերպարը քեզ շատ է սազում:
ԺԻՐԱՅՐ – Ասացի՝ կատակի ժամանակ չէ:
ԱՂԱՍԻ – Տղաներ, ծանոթացեք… Իրական Էլիզչկան է:
ԺԻՐԱՅՐ – Ի՜նչ գեղեցիկ է: Կարծես հրեշտակ լինի:
ԱՂԱՍԻ – Խնդրում եմ, փոքրիկին ուշադիր կլինեք, մինչև վերադառնամ:
ԿԻԿԻ ԵՎ ԺԻՐԱՅՐ – Ո՞ւր ես գնում:
ԱՂԱՍԻ – Առաջին անհրաժեշտության պարագաներն առնելու: Իմ պրակտիկայում սա բացառիկ դեպք է:
ԿԻԿԻ – Ասում էի, չէ՞… Աղասին իր պրակտիկան կատարելագործում է մեր հաշվին:
ԱՂԱՍԻ – Ինչե՞ր եք խոսում:
ԿԻԿԻ – Վախենում եմ նրան գրկել:
ԺԻՐԱՅՐ – Նորածիններից է՞լ ես վախենում: Աղասի, փոքրիկին ինձ տուր: (Գրկում է նորածնին:)
ԱՂԱՍԻ – Ժիրայր, տիկին Մադլենային ուշադիր կլինես, էս վիճակում չպետք է անկողնուց վեր կենա: (Դուրս է վազում:)
ՄԹՆԵՑՈՒՄ
Բեմը լուսավորվում է: Նորածինը բազմոցի վրա է: Ժիրայրն ու Կիկին պարային շարժումներ են անում: Ժիրայրը տիկնիկը խաղացնում է օդում, իսկ Կիկին՝ ծաղրածուի սուլիչով սուլում է: Սենյակից դուրս է գալիս Աղասին:
ԱՂԱՍԻ – Տղաներ, ի՞նչ եք անում:
ԺԻՐԱՅՐ – Էլիզչկայի ժամանցն ենք ապահովում:
ԿԻԿԻ – Քանի որ մայրը հրաժարվել է նրանից, իսկ մենք ակամա դարձել ենք նրա կնքահայրերը, մեր սիրելի սանուհու կյանքը փորձում ենք գույներով լցնել:
ԱՂԱՍԻ – Նրա մայրը քնած է, էս վիճակում խնամք է պետք: Երբ ուշքի գա՝ կտեղափոխենք հիվանդանոց:
ԿԻԿԻ – Վերջապես ծննդատանը վերջ կդնենք: (Զանգում է բջջայինը:) Ալո՜… Ալո՜… Լսում եմ… Ներկայացման ժամը փոխվե՞լ է: Այսօր ամենաշատ տոմսե՞րն են վաճառվել: Հիանալի՜ է… Իհարկե… Սիրով պատրաստ եմ մանուկների գունավոր ժամանցն ապահովել:
ԱՂԱՍԻ, ԺԻՐԱՅՐ – Պատրաստ չես:
ԿԻԿԻ – Լռե՛ք… (Բջջայինով:) Ոչ… Ձեզ հետ չեմ…
ԱՂԱՍԻ – Ծաղրածու Կիկին իր ժամանակավոր սանուհու ժամանցն է գույներով ապահովում:
ԿԻԿԻ – Ձեզ քիչ հետո կզանգեմ: (Անջատում է բջջայինը:) Տղաներ, խելագարվե՞լ եք:
ԺԻՐԱՅՐ – Ո՞վ ակամա դառնա կնքահայր ու չխելագարվի:
ԿԻԿԻ – Հասկանո՞ւմ եք, որ բոլորը տոմսերը վաճառված են: Բոլորն անհամբեր սպասում են ծաղրածու Կիկիին:
ԱՂԱՍԻ – Ծաղրածու Կիկիի մեծարման երեկոն այսօր այստեղ է:
ԺԻՐԱՅՐ – Քո հավատարիմ հանդիսատեսն իրական Էլիզչկան է, կեղծ Էլիզչկան, սենյակում քնած իրական Էլիզչկայի մայրը, նորածիններին կյանք տվող գինեկոլոգ Աղասին, և հանգուցյալների համար տուն ապահովող, նորից ակամա իրական Էլիզչկայի ժամանակավոր կնքահայրը դարձած Ժիրայրը:
ԿԻԿԻ – Ուզում ես իմ կարիերան կործանե՞մ: Կործանելուց հետո դարդից մեռնեմ ու դառնամ քո կարիերան ապահովող հանգուցյալներից հերթական մե՞կը:
ԱՂԱՍԻ – Տղանե՛ր, մի՛ վիճեք… Դուք խանգարում եք տիկին Մադլենայի հանգիստը:
Զանգում է Ժիրայրի բջջայինը:
ԺԻՐԱՅՐ – Ալո՜… Լսում եմ… Հանգուցյալների բնակարանների դիզայներն է: Ե՞րբ է մահացել: Յուրահատուկ գերեզման ասելով ի՞նչ նկատի ունեք: Պատգամավո՞ր է: Ոչ մի խնդիր: Ես հանգուցյալների բնակարանը ձևավորում եմ ըստ նրանց ով լինելու աստիճանի: Քանի որ մեր նորաթուխ հանգուցյալը պատվարժան հանգուցյալ է, փոսը կփորեմ կրկնակի խորը, որ հանկարծ չմրսի: Ինչքան շատ գումար, այնքան՝ խորը փոս: Ես սիրով պատրաստ եմ…
ԱՂԱՍԻ ԵՎ ԿԻԿԻ – Պատրաստ չես:
ԺԻՐԱՅՐ – Լռե՛ք… (Բջջայինով:) Ոչ… Ձեզ հետ չեմ… Անպայման կգամ: (Անջատում է բջջայինը:) Տղաներ, իմ հաջողությունն իմ ձեռքերում է:
ԿԻԿԻ – Փաստորեն միայն ես ակամա կնքահայր դառնալով չեմ խելագարվել:
ԱՂԱՍԻ – Մենք չենք կարող նորածնի հետ այդպես վարվել: Նրան խնամք է պետք:
ԺԻՐԱՅՐ – Ես չեմ կարող մեռած պատգամավորի յուղալի փողերից հրաժարվել:
ԿԻԿԻ – Ես էլ չեմ կարող բոլոր տոմսերը վաճառված արենայի առաջ ելույթ չունենալ: Ե՛վ ֆինանսական կորուստ է, և՛ կարիերայի:
ԱՂԱՍԻ – Եվ ի՞նչ եք առաջարկում:
ԺԻՐԱՅՐ ԵՎ ԿԻԿԻ – Դայակ վարձել:
Դուռը թակում են:
ԷԼՎԻՐԱ — (դրսից): Պարո՜ն Աղասի… Շնորհավորո՜ւմ եմ…
ԱՂԱՍԻ – Սրանից պրծում չունենք:
ԿԻԿԻ – Քո ընտրած բնակարանն է: Ինչո՞ւ ես բողոքում:
ԷԼՎԻՐԱ ժ (դրսից): Պարո՜ն Աղասի… Կրկի՜ն շնորհավորում եմ…
ԱՂԱՍԻ – Հիմա նրան կսպանեմ: (Բացում է դուռը:)
Ներս է մտնում Էլվիրան՝ մանկան օրորոցով, որը դնում է բազմոցի կողքին:
ԷԼՎԻՐԱ – Սա Էլիզչկայի համար է:
ԱՂԱՍԻ – Շնորհակալ ենք, բայց դրա կարիքը չկա:
ԷԼՎԻՐԱ – Ինչպե՞ս թե՝ չկա… Ես ուզում եմ, որպեսզի Էլիզչկան գունավոր մանկություն ունենա:
ԿԻԿԻ – Նրան արդեն ապահովել ենք գունավոր մանկությամբ:
ԱՂԱՍԻ – Ինչպե՞ս իմացաք իրական Էլիզչկայի մասին:
ԷԼՎԻՐԱ – Այգում Ռեքսին էի կերակում, պատահաբար երեխայի լացը լսեցի: Ռեքսից ներողություն խնդրեցի, որ կերակրման փուլը ստիպված եմ կիսատ թողնել ու վազեցի տուն: (Օրորոցը ցույց տալով:) Խնդրեմ: Ինչպես տեսնում եք… Օրորոցն իմ թոռնիկինն է եղել: Ձեզ եմ նվիրում: Կարող եք չշտապել… Երբ գումար կունենաք, այն ժամանակ էլ կվճարեք օրորոցի համար:
ԱՂԱՍԻ – Դուք շատ առատաձեռն եք, տիկին Էլվիրա:
ԷԼՎԻՐԱ – Ես միշտ փորձում եմ օգնության ձեռք մեկնել:
ԺԻՐԱՅՐ ԵՎ ԿԻԿԻ – Օգնության ձե՞ռք:
ԷԼՎԻՐԱ – Իհարկե: Պետք է օգնել, ով դրա կարիքն ունի:
ԿԻԿԻ – Ձեզ Աստված է ուղարկել:
ԺԻՐԱՅՐ – Կարծես Աստծո 13-րդ առաքյալը լինեք:
ԱՂԱՍԻ – Տղաներ, ի՞նչ եք մտածել:
ԺԻՐԱՅՐ – Տիկին Էլվիրա, դայակի աշխատանք անո՞ւմ եք:
ԿԻԿԻ – Ձեզ համար դժվար չի լինի: Ընդամենը օրորոցը պետք է մե՛կ աջ օրորեք, մե՛կ ձախ:
ԷԼՎԻՐԱ – Դայակի՞… ոչ, բայց եթե պետք է՝ կարող եմ օգնել չնչին փոխհատուցման դիմաց:
ԺԻՐԱՅՐ – Եթե կարող եք օրորոցային էլ երգել, հանճարեղ կլինի:
ԿԻԿԻ – Օրորոցային երգելու համար առանձին գումար կավելացնենք:
ԺԻՐԱՅՐ – Դուք պարզապես սուրբ կին եք: (Գումար է տալիս:)
ԿԻԿԻ – Ձեզ նմանները դարը մեկ են ծնվում: (Գումար է տալիս:)
ԱՂԱՍԻ – Սա էլ թեյավճար: (Գումար է տալիս:)
ԿԻԿԻ – Աղասի, մի ժամից կվերադառնամ: (Դուրս է վազում:)
ԺԻՐԱՅՐ – Ես ավելի շուտ կգամ, քանի որ պատգամավորների համար նախատեսված հողը փափուկ է, փորելիս ջանք չի պահանջվում: (Դուրս է վազում:)
ԷԼՎԻՐԱ – Պարոն Աղասի, ինչպե՞ս է ձեր կինը:
ԱՂԱՍԻ Ո՞վ:
ԷԼՎԻՐԱ – Ձեր կինը՝ տիկին Մադլենան:
ԱՂԱՍԻ – Տիկին Էլվիրա, ամեն ինչ շփոթել եք:
ԷԼՎԻՐԱ – Ինչպե՞ս թե շփոթել եմ:
ԱՂԱՍԻ — Նա իմ կինը չէ:
ԷԼՎԻՐԱ – Ուզում եք ասե՞լ…
ԱՂԱՍԻ – Հիմա շտապում եմ, վերադառնամ՝ ամեն ինչ կբացատրեմ: Երկար պատմություն է: Շատ չեմ ուշանա: Պետք է հաշվետվություն գրեմ հիվանդանոցում: (Դուրս է վազում:)
ԷԼՎԻՐԱ – Խե՜ղճ Էլիզչկա… Ապօրինի երեխաներն այնքան էլ երջանիկ չեն լինում:
Օրորում է օրորոցը և օրորոցային երգում:
ՄԹՆԵՑՈՒՄ
Բեմը լուսավորվում է: Էլվիրան, գլուխը օրորոցին դրած, քնած է: Դռան թակոց, որը կրկնվում է մի քանի անգամ: Ներս է մտնում Աննա Մարին:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Սիրելի՜ս… (Առաջ է գալիս, նայում շուրջը:) Սիրելի՜ս, այստե՞ղ ես: (Մոտենում է քնած Էլվիրային:) Ներեցեք, տիկին…
Էլվիրան վեր է թռչում:
ԷԼՎԻՐԱ – Չմոտենա՛ք… Ոստիկանություն կկանչեմ:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Հանգստացեք, խնդրում եմ:
ԷԼՎԻՐԱ – Դուք Էլիզչկայի մայրը չեք:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Ի՞նչ Էլիզչկա:
ԷԼՎԻՐԱ – Իրական:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Ես ամուսնացած չեմ:
ԷԼՄԻՐԱ – Դո՞ւք էլ եք ուզում ապօրինաբար ամուսնանալ:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Ինչե՞ր եք խոսում:
ԷԼՎԻՐԱ – Վերջին տեղեկություններից հետո էդ եռյակ սրիկաներին վստահել չի կարելի:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Նրանց ճանաչո՞ւմ եք:
ԷԼՎԻՐԱ – Արտաքնապես՝ այո, հոգեպես՝ ոչ… Նրանք անդադար անակնկալներ են մատուցում:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Դուք ո՞վ եք:
ԷԼՎԻՐԱ – Այս տան տիրուհին:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Փաստորեն տղաները ձեզ մո՞տ են հանգրվանել:
ԷԼՎԻՐԱ – Դժբախտաբար՝ այո…
Մանկան լաց:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Ի՜նչ անուշիկ բալիկ է: Ձեր թոռնի՞կ է:
ԷԼՎԻՐԱ – Բարեբախտաբար՝ ոչ…
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Փոքրիկին լքե՞լ են:
ԷԼՎԻՐԱ – Էլիզչկան ճակատագրորեն է լքված:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Որտե՞ղ են ծնողները:
ԷԼՎԻՐԱ – Նրա սրիկա հայրը գնացել է հիվանդանոց՝ հաշվետվություն գրելու, իսկ մայրը սենյակում պառկած՝ տնքում է:
ՄԱԴԼԵՆԱ — (ներսից): Օ՜յ, գլո՜ւխս…
ԷԼՎԻՐԱ – Խնդրե՜մ…
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Դուք նորածնի խնամակա՞լն եք:
ԷԼՎԻՐԱ – Ոչ: Ժամանակավոր դայակը:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Խե՜ղճ փոքրիկ… Նա ի՞նչ մեղավոր է, որ հայրը սրիկա է:
ԷԼՎԻՐԱ – Չպետք է վստահեի էդ եռյակին:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Բայց նրանք մանկության ընկերներ են:
ԷԼՎԻՐԱ – Դուք նրանց ճանաչո՞ւմ եք:
Սենյակից դուրս է գալիս Մադլենան:
ՄԱԴԼԵՆԱ – Մենք լավ չենք…
ԷԼՎԻՐԱ – Տիկին Մադլենա, ինչո՞ւ եք վեր կացել: Ձեզ քայլել չի կարելի:
ՄԱԴԼԵՆԱ – Որտե՞ղ է իմ Էլիզչկան:
ԷԼՎԻՐԱ – Ձեր փոքրիկը օրորոցում երջանիկ քնած է:
ՄԱԴԼԵՆԱ – Ի՞նչ օրորոց:
ԷԼՎԻՐԱ — Իմ նվիրած:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Խե՜ղճ կին… Գնացեք և պառկեք: Ես հասկանում եմ, որ կյանքն անարդար է, բայց փորձեք դժվարությունները հաղթահարել: Համոզված եմ, որ Էլիզչկան ձեզ ուժ կտա պայքարելու:
ՄԱԴԼԵՆԱ – Դո՞ւք ով եք:
ԱՆՆԱ ՄԱՐԻ — Ապագա հարսնացուն:
ԷԼՎԻՐԱ – Ո՞ւմ հարսնացուն:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Իմ սիրելիի:
ԷԼՎԻՐԱ – Ի՜նչ լավ է, որ գոնե դուք երջանիկ կլինեք: Ինչը չեմ կարող ասել խեղճ տիկին Մադլենայի մասին:
ՄԱԴԼԵՆԱ – Բայց ես երջանիկ եմ:
ԷԼՎԻՐԱ – Ինչպե՞ս կարող եք երջանիկ լինել էդ սրիկայի կողքին:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Դուք ճանաչո՞ւմ եք նրան:
ԷԼՎԻՐԱ – Այո: Նա բժիշկ է:
ՄԱԴԵԼՆԱ – Նա բժիշկ չէ:
ԷԼՎԻՐԱ – Չկայացած բժիշկ է: Ձեզ բերեց էստեղ, որ թաքուն ծննդաբերեք: Սա բնակարան է, ոչ թե ծննդատուն:
ՄԱԴԼԵՆԱ – Նա դեռ չգիտի, որ այստեղ եմ:
ԷԼՎԻՐԱ – Ինչպե՞ս թե չգիտի…
ՄԱԴԼԵՆԱ – Հիմա նրան կզանգեմ և կտեղեկացնեմ, որ իր Էլիզչկան արդեն ծնվել է:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Տիկին, պառկեք և հանգստացեք, ձեզ այս վիճակում քայլել չի կարելի: Ես էլ եմ սկսել բժշկությունից հասկանալ ապագա բժիշկ ամուսին ունենալու շնորհիվ:
ԷԼՎԻՐԱ – Ձեր փեսացուն է՞լ է բժիշկ:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Հիանալի՜ մասնագետ…
ՄԱԴԼԵՆԱ — (բջջայինով): Սիրելիս, շնորհավորում եմ երկուսիս: Ժամանակավոր Էլիզչկան դարձել է իրական: Չէ… Հիվանդանոցում չեմ… Հասցեն գրիր… (Մտնում է սենյակ:)
ԷԼՎԻՐԱ – Տիկի՜ն Մադլենա, ձեզ շատ մի տանջեք: Չարժե այդ սրիկա Աղասիին այդքան վստահել:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Աղասի՞:
ԷԼՎԻՐԱ – Սրիկա Աղասի: Խեղճ կնոջը դժբախտացեց:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Այս կինն ի՞նչ կապ ունի Աղասիի հետ:
ԷԼՎԻՐԱ – Սկզբում կարծեցի՝ կինն է, հետո պարզվեց՝ սիրուհին է, բերել է էստեղ ծննդաբերելու խայտառակությունից խուսափելու համար:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Փաստորեն այս կինը…
ԷԼՎԻՐԱ – Հավերժ դժբախտ է:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Փաստորեն Էլիզչկան…
ԷԼՎԻՐԱ – Ճակատագրորեն լքված է:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Նա ինչպե՞ս կարող էր…
ԷԼՎԻՐԱ – Իսկ նրա ընկերները՝ փոշոտ բանվորն ու գունավոր խաղալիքը, էդ սպիտակ խալաթին հովանավորում էին: Չեմ թողնի, որ մի րոպե ավել էստեղ մնան: Իսկ էդ սրիկա Աղասին ինձ հավատացնում էր, որ օրինակելի քաղաքացիներ են:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Ինձ վատ եմ զգում:
ԷԼՎԻՐԱ – Ձե՞զ ինչ պատահեց: Հանգստացեք: Չարժե, որ ձեզ նման հարսնացուն, ով պետք է ամուսնանա առաքինի բժշկի հետ, գլուխը կորցնի ինչ-որ անպատկառ բժշկի պատճառով:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Ասացիք, որ այդ անպատկառ բժիշկը գնացել է հիվանդանո՞ց:
ԷԼՎԻՐԱ – Այո: Ինչ-որ հաշվետվություն պետք է ներկայացներ: Հավանաբար Էլիզչկան նրա հերթական ապօրինի երեխան է և նա խճճվել է իր հաշվարկներում:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Խնդրում եմ, մի բաժակ ջուր բերեք:
ԷԼՎԻՐԱ – Միայն թե շատ մի հուզվեք: Ես հիմա կգամ: (Գնում է խոհանոց:)
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Սրիկա՛ Աղասի… Ես հիմար եմ, կատարյալ ապուշ: (Օրորոցից վերցնում է Էլիզչկային, դնում բազմոցի վրա: Օրորոցի սավանով փաթաթում է տիկնիկին, դնում օրորոցի մեջ:) Հիմա տեսնենք, թե ինչ կասի քո հայրիկը, երբ ինձ տեսնի քեզ հետ: Իսկ կեղծ Էլիզչկան ժամանակավոր կլրացնի քո բացակայությունը: (Վերցնում է նորածնին, դուրս է գնում:)
Խոհանոցից գալիս Էլվիրան՝ ջրի բաժակով:
ԷԼՎԻՐԱ – Խնդրեմ… Ջուրը խմեք և փորձեք հանգստանալ: (Նայելով շուրջը:) Ո՞ւր գնաց: Ապագա հարսնացու, որտե՞ղ եք: (Բաժակը դնում է սեղանին:) Խե՜ղճ Էլիզչկա… Ինչքա՜ն շատ են քեզ անհանգստացնում անհայտ այցելուները: Քեզ համար նոր օրորոցային կերգեմ: Դու միայն հանգիստ քնիր, անուշիկս: (Օրորում է, օրորոցային երգում:)
Դրսից լսվում են շտապ օգնության մեքենայի ձայնը:
ՄԱԴԼԵՆԱ — (ներսից): Սիրելի՜ս, մեր Էլիզչկան օրորոցի մեջ հանգիստ քնած է:
Ներս է մտնում Աղասին:
ԱՂԱՍԻ — Բոլոր հարցերը լուծված են: Տիկին Մադլենային կարելի է տեղափոխել հիվանդանոց: Շտապ օգնության մեքենան մեզ է սպասում: Տիկին Էլվիրա, հուսով եմ, Էլիզչկան ձեզ շատ չի բարկացրել:
ԷԼՎԻՐԱ – Նա ինձ չի բարկացել, դո՛ւք եք բարկացրել:
ԱՂԱՍԻ – Ներեցեք, եթե ձեզ անհանգստություն եմ պատճառել:
ԷԼՎԻՐԱ – Սա նորմալ բնակարան է, պարոն Աղասի:
ԱՂԱՍԻ – Մենք շնորհակալ ենք նորմալ ընդունելության համար:
ԷԼՎԻՐԱ – Սա սիրուհիներին աննկատ բերելու և ապօրինաբար ծննդաբերելու թաքստոց չէ:
ԱՂԱՍԻ – Ի՞նչ սիրուհի… Ի՞նչ ծննդատուն… Ի՞նչ թաքստոց…
Ներս է մտնում Ժիրայրը՝ փողերը հաշվելով:
ԺԻՐԱՅՐ – Ի՜նչ հաճելի էր պատգամավոր թաղելը: (Փողերը դնում է գրպանը:)
ԷԼՎԻՐԱ – Դուք երջանիկ եք մարդկանց թաղելով, իսկ ձեր սրիկա ընկերն իրեն հերոս է զգում՝ կանանց դժբախտացնելով:
ԺԻՐԱՅՐ — Շտապ օգնության մեքենան ինչո՞ւ է տան դիմաց: Ինչ-որ մեկը վա՞տ է:
ԷԼՎԻՐԱ – Այստեղ բոլորն են վատ:
ԱՂԱՍԻ – Վտանգն արդեն անցել է:
ԷԼՎԻՐԱ – Անցած վտանգին հաջորդում է նոր վտանգ:
ԺԻՐԱՅՐ – Ինչպե՞ս է տիկին Մադլենան:
ԷԼՎԻՐԱ – Հույսով սպասում է:
ԱՂԱՍԻ, ԺԻՐԱՅՐ – Ինչի՞ն:
ԷԼՎԻՐԱ – Որ ազատվի խայտառակությունից:
ԺԻՐԱՅՐ – Ի՞նչ խայտառակություն:
ԷԼՎԻՐԱ – Սրիկա բժշկի:
ԱՂԱՍԻ — Նրան փորձել են վարկաբեկե՞լ:
ԷԼՎԻՐԱ – Այն էլ ինչպե՜ս… Խեղճ կինը կատարվածից հետո ուշքի չի գալիս:
ԱՂԱՍԻ – Դեռ անհանգի՞ստ է:
ԷԼՎԻՐԱ – Այն էլ ինչպե՜ս… Գլուխը կորցրած երեխայի նման դուրս էր եկել սենյակից և հայտարարում էր, որ երջանիկ է, քանի որ ունի հրաշալի ամուսին: Ես պարզապես ապշած եմ:
ԺԻՐԱՅՐ – Վա՞տ է, երբ կինը երջանիկ է:
ԷԼՎԻՐԱ – Նա ինչպե՞ս կարող է երջանիկ լինել, երբ խայտառակված է:
ԱՂԱՍԻ – Տիկին Էլվիրա, ձեզ վա՞տ եք զգում:
ԷԼՎԻՐԱ – Մինչև ձեր հայտնվելը լավ էի: Եթե կարծում եք՝ կարող եք բնակարանս գլխիվայր շուռ տալ, սխալվում եք: Սա պատվարժան տուն է:
ԱՂԱՍԻ – Մենք ամենայն հարգանքով ենք եկել ձեզ մոտ:
ԷԼՎԻՐԱ – Ամենայն հարգանքով էլ կլքեք բնակարանս:
Ներս է մտնում Կիկին՝ ծաղրածուի սուլիչով:
ԿԻԿԻ – Հրաշալի՜ բնակարան է: Կախարդական ամրոց է հիշեցնում: Տիկին Մադլենան ինչպե՞ս է:
ԷԼՎԻՐԱ – Երջանիկ:
ԿԻԿԻ – Իսկ Էլիզչկա՞ն:
ԷԼՎԻՐԱ – Քնած:
ԿԻԿԻ – Դո՞ւք ինչպես եք, տիկին Էլվիրա:
ԷԼՎԻՐԱ – Բարկացած:
ԿԻԿԻ – Իսկ դո՞ւք, տղաներ:
ԱՂԱՍԻ – Անորոշ:
ԺԻՐԱՅՐ – Հարուստ:
ԱՂԱՍԻ – Իսկ դո՞ւ…
ԿԻԿԻ – Հաղթանակած:
ԷԼՎԻՐԱ – Մեկ ժամ ժամանակ, որպեսզի անորոշ, հարուստ ու հաղթանակած ազատեք բնակարանս: Ռեքսը ապօրինի մանկան լաց լսելու սովոր չէ: (Դուրս է գնում:)
ԱՂԱՍԻ – Ի՞նչ ապօրինի, եթե Էլիզչկան հայր ունի:
ԿԻԿԻ – Չլինի՞ տիկին Էլվիրան նոր կերպար է կերտում:
ԿԻԿԻ – Որ ասում էի, չէիք հավատում: Այս տունը կախարդական է: Այստեղ ինչ-որ մոգական ուժեր են թափառում և սենյակից սենյակ անցնելով՝ նոր դավադրություններ նյութում:
ԺԻՐԱՅՐ – Իսկ գուցե տիկին Էլվիրան սիրահա՞ր է հանելուկային խաղերի:
ԱՂԱՍԻ – Իսկ գուցե տիկին Մադլենան բարկացրե՞լ է նրան: (Լսվում է շտապ օգնության ազդականչը:) Մեքենան մեզ է սպասում: Տիկի՜ն Մադլենա, մենք պետք է գնանք հիվանդանոց: (Մտնում է սենյակ:)
ՄԱԴԼԵՆԱ ժ (ներսից): Որտե՞ղ է իմ Էլիզչկան:
ԱՂԱՍԻ — Օրորոցում ձեզ է սպասում:
ԺԻՐԱՅՐ – Կօգնեմ իրերը հավաքել: (Մտնում է Աղասիի սենյակը:)
ՄԱԴԼԵՆԱ – Իմ սիրելի ամուսինը կերջանկանա՝ Էլիզչկային տեսնելով:
ԱՂԱՍԻ — (ներսից): Շուտով նրան կպարգևենք այդ երջանկությունը:
ԺԻՐԱՅՐ — (ներսից): Նա ձեզ ու Էլիզչկային կտեսնի հիվանդանոցային հարմարավետ պայմաններում՝ մասնագետ բժիշկներով շրջապատված:
ՄԱԴԼԵՆԱ – Ինչո՞ւ իմ Էլիչզկայի լացը չի լսվում:
ԱՂԱՍԻ – Նա հանգիստ քնած է օրորոցում:
Կիկին կասկածանքով նայում է օրորոցին:
ԿԻԿԻ – Հետաքրքիր փոքրիկ է: Տեսնես բոլո՞ր նորածիններն են այսպես անշարժ պառկում և ձայն չեն հանում: (Մոտենում, շոյում է տիկնիկի գլուխը, գոռալով հետ ընկնում:) Տղանե՜ր…
Սենյակից դուրս են վազում Աղասին և Ժիրայրը:
ԱՂԱՍԻ – Ի՞նչ պատահեց,Կիկի:
ԺԻՐԱՅՐ – Նորից կախարդական երևակայությո՞ւնդ սկսվեց:
ԿԻԿԻ – Երևակայություն չէ: Իրական է:
ԺԻՐԱՅՐ – Ի՞նչն է իրական:
ԿԻԿԻ – Էլիզչկայի հոգին համբարձվել է:
ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Էլվիրայի բնակարանը: Աղասին, Ժիրայրը և Կիկին օրորոցի կողքին անշարժ կանգնած են:
ԺԻՐԱՅՐ – Տղաներ, սա ի՞նչ է:
ԿԻԿԻ – Կեղծ Էլիզչկան:
ԱՂԱՍԻ – Ինչպե՞ս է տիկնիկը հայտնվել օրորոցում՝ իրական Էլիզչկայի փոխարեն:
ԿԻԿԻ – Այս տան հոգիները հրաշալի են գործում:
ԱՂԱՍԻ – Ես ի՞նչ պատասխան պիտի տամ տիկին Մադլենային: Նա կատարյալ առողջ եկավ էս տուն, հանգամանքների բերումով ծննդաբերեց դարձյալ կատարյալ առողջ, որից հետո անհասկանալի հանգամանքներում անհետացավ նորածինը:
ԿԻԿԻ – Անհետացավ կախարդական ամրոցում:
ԺԻՐԱՅՐ – Բայց ո՞վ է փոքրիկին գողացել:
ԱՂԱՍԻ – Ես կկանգնեմ օրենքի առաջ: Ինձ մեղադրանք կառաջադրվի:
ՄԱԴԼԵՆԱ — (ներսից): Տղանե՜ր, ես պատրաստ եմ…
ԱՂԱՍԻ – Տիկի՜ն Մադլենա, խնդրում եմ, սպասեք… Շտապ օգնության մեքենան փչացել է:
ՄԱԴԼԵՆԱ — (ներսից): Մե՜նք չենք կարող այդքան սպասել: Մե՜նք անհանգիստ ենք…
ԿԻԿԻ – Այս կինը պատիժ է մեր գլխին: Նա մեզ դատի կտա:
ՄԱԴԼԵՆԱ — (ներսից): Մեքենան փչացել է, տաքսի կանչեք, տղաներ:
ԱՂԱՍԻ – Էլիզչկան հանգիստ քնած է: Մենք չենք կարող նորածնի քունը խանգարել: Բժշկությունը դեմ է դրան:
ԿԻԿԻ – Երանի՜ հանգիստ քնած լիներ…
ՄԱԴԼԵՆԱ — (ներսից): Ի՜մ Էլիզչկային կարոտել եմ…
ԺԻՐԱՅՐ – Աստվա՜ծ իմ… Գալիս է…
Աղասին վերցնում է բարուրով տիկնիկը և օրորում:
ԱՂԱՍԻ – Տղանե՛ր, օրորոցային երգե՛ք…
Կիկին և Ժիրայրը օրորոցային են երգում: Ներս է մտնում Մադլենան:
ՄԱԴԼԵՆԱ – Իմ փոքրիկն ինչպե՞ս է:
ԱՂԱՍԻ – Երջանիկ:
ԺԻՐԱՅՐ – Նա օրորոցային երգի սիրահար է:
ԿԻԿԻ – Էլիզչկան ապագայում կդառնա մեծ երգչուհի:
ՄԱԴԼԵՆԱ – Ուզում եմ գրկել Էլիզչկային:
ՏՂԱՆԵՐ – Ո՛չ…
ՄԱԴԼԵՆԱ – Ձեզ ի՞նչ պատահեց:
ԱՂԱՍԻ – Բժշկության նոր հայտնագործության համաձայն՝ մայրն իրավունք չունի գրկել նորածնին:
ՄԱԴԼԵՆԱ – Այդ ի՞նչ տարօրինակ հայտնագործություն է:
ԱՂԱՍԻ – Նոր ծննդաբերած մայրիկի բջիջները մահացած են, իսկ նորածնի բջիջները՝ առողջ: Եթե մայրը գրկի նորածնին…
ԿԻԿԻ, ԺԻՐԱՅՐ – Հետո՞, հետո՞…
ԱՂԱՍԻ — (կամաց): Տղաներ, չգիտեմ՝ ինչ ասեմ:
ԿԻԿԻ, ԺԻՐԱՅՐ — (կամաց): Ինչ էլ ասես, կհավատա:
ԱՂԱՍԻ – Եթե մայրը նորածնին գրկի, ապա… նրա մահացած բջիջները կվարակեն փոքրիկի առողջ բջիջներին:
Կիկին և Ժիրայրը խորը շունչ են քաշում:
ՄԱԴԼԵՆԱ – Ի՜նչ սարսափելի է:
ԿԻԿԻ, ԺԻՐԱՅՐ – Տեսնո՞ւմ եք…
ՄԱԴԼԵՆԱ – Ես չեմ ուզում, որ Էլիզչկայի նորածին բջիջները վարակվեն իմ մահացած անիծյալ բջիջների պատճառով:
ԱՂԱՍԻ – Ուրեմն գնացեք և պառկեք: Ինչքան շատ պառկեք, այնքան ձեր մահացած բջիջները շուտ կվերակենդանանան:
ՄԱԴԼԵՆԱ – Պարոն Աղասի, ինչքան պետք է, այդքան կպառկեմ: (Մտնում է սենյակ:)
ԿԻԿԻ – Ինչպե՞ս հորինեցիր բժշկության քո նոր հայտնագործությունը:
ԱՂԱՍԻ – Ինքս էլ չգիտեմ: (Տիկնիկը դնում է օրորոցի մեջ:)
ԺԻՐԱՅՐ – Դու հանճար ես:
ԱՂԱՍԻ – Երբեք չէի մտածի, որ տիկնիկ կօրորեմ՝ իրական նորածնի փոխարեն:
ԿԻԿԻ – Երբեք չէի մտածի, որ օրորոցային կերգեմ անորոշ պայմաններում անհետացած նորածնին փոխարինող տիկնիկի համար:
ԺԻՐԱՅՐ – Երբեք չէի մտածի, որ օտար կինը մեր նոր վարձակալած բնակարանում կծննդաբերեր:
ԱՂԱՍԻ – Ես պիտի նախապատրաստվեմ:
ԿԻԿԻ, ԺԻՐԱՅՐ – Ինչի՞ն:
ԱՂԱՍԻ – Բանտ տանող ճանապարհով քայլելուն: Իմ սիրելի Աննա Մարին ի՞նչ պետք է անի առանց ինձ:
ԺԻՐԱՅՐ – Տիկին Մադլենայից ժամանակավոր մի կերպ ազատվեցիք, բայց չենք կարող էս իրավիճակը երկար թաքցնել:
ԿԻԿԻ – Իհարկե չենք կարող: Բայց չենք էլ կարող թույլ տալ, որ Աղասիի երիտասարդ կյանքը կործանվի:
ԱՂԱՍԻ – Լուսավոր ապագա չեմ տեսնում:
ԿԻԿԻ – Գողացված նորածինը, նրան փոխարինող կեղծ Էլիզչկան, երևակայությունների գիրկն ընկած նրա տարօրինակ մայրը և տիկին Էլվիրան փորձանք են դառնալու մեր գլխին:
ԱՂԱՍԻ – Այդպես չէր լինի, եթե տիկին Մադլենան ինքնագլուխ չգար այստեղ՝ հիվանդանոց գնալու փոխարեն:
ԺԻՐԱՅՐ – Այդպես չէր լինի, եթե նրան ժամանակին տնից դուրս հանեիր:
ԱՂԱՍԻ – Գլխապտույտով ինչպե՞ս դուրս հանեի, կարող էր երեխային կորցնել ու մեղադրել ինձ:
ԺԻՐԱՅՐ – Ի՞նչ տարբերություն՝ մի քանի ժամ է՞ս կողմ, թե՞ էն կողմ: Տարբերությունն այն է, որ էն ժամանակ միայն քեզ կմեղադրեին, իսկ հիմա հնարավոր է, որ երեք մանկության ընկերներով, ձեռք-ձեռքի բռնած, հյուրընկալվենք ոստիկաններին:
ԱՂԱՍԻ – Ես գուշակ չեմ, որ գուշակեի գործողության աղետալի զարգացումը:
ԿԻԿԻ – Տղանե՛ր մի՛ վիճեք… Միևնույն է, ոչինչ չենք կարող հետ բերել:
ԱՂԱՍԻ – Սրանից հետո իմ հիվանդները ստիպված պիտի լինեն ուրիշ մասնագետի դիմել:
ԺԻՐԱՅՐ – Իմ հանգուցյալները ստիպված պիտի թաղվեն ուրիշի կողմից:
ԿԻԿԻ – Իմ սիրելի փոքրիկներին ուրիշ ծաղրածուներ պիտի ուրախացնեն:
ԱՂԱՍԻ — Էլիզչկային գտնելու դեռ հույս կա: Ամեն բան կորած չէ:
ՄԱԴԼԵՆԱ — (ներսից): Պարո՜ն Աղասի, ինչքա՞ն պետք է պառկած մնամ, որ բջիջները վերակենդանանան:
ԱՂԱՍԻ – Տիկի՜ն Մադլենա, մահացած բջիջները ուշ են վերակենդանանում: Վերակենդանանալուն պես՝ նախ պետք է կազդուրվեն, որից հետո այդ բջիջների ուղեղի բջիջները պետք է սնուցեն ձեր թույլ օրգանիզմը:
ԺԻՐԱՅՐ – Հիանալի՜ գինեկոլոգիական նոր բացահայտում:
ԿԻԿԻ – Նոր խոսք բժշկության ասպարեզում:
ԱՂԱՍԻ – Էս տիկնոջ հետ ուրիշ կերպ խոսելն անիմաստ է: Տիկի՜ն Մադլենա, հանգիստ քնեք:
ԿԻԿԻ, ԺԻՐԱՅՐ – Մինչև ե՞րբ…
ԱՂԱՍԻ — (ցածր): Մինչև իմ ուղեղի բջիջները կմտածեն, թե ինչ պետք է մտածել:
ԿԻԿԻ – Տիկին Էլվիրայի մատը հաստա՛տ խառն է էս գործում:
ԺԻՐԱՅՐ – Բայց նա լավ վարձատրվեց իր ծառայությունների համար:
ԱՂԱՍԻ – Դեռ թեյավճար էլ ստացավ:
ԿԻԿԻ – Գուցե նա մոլագա՞ր է:
ԺԻՐԱՅՐ – Հիմարություններ դուրս մի՛ տուր:
Զանգում է Աղասիի բջջայինը:
ԱՂԱՍԻ – Ալո՜… Սիրելի՞ս… Ներիր, որ առավոտից չէի կարողանում զանգել: Գինելոլոգիական իրադարձությունները թույլ չէին տալիս: Սրիկա՞… Ի՞նչ սրիկա, թանկագինս: Ինչպե՞ս թե թանկագինս չասեմ: Բայց ինչո՞ւ… Չէ, ես հիվանդանոցում չեմ: Մեր նոր բնակարանում եմ: Ի՞նչ դավաճան… Ալո՜… Ալո՜… (Անջատում է բջջայինը:) Մեր խնդիրները քիչ էին, հիմա էլ՝ Աննա Մարին:
ԿԻԿԻ – Ի՞նչ էր ասում:
ԱՂԱՍԻ – Մեղադրական ճառով հանդես եկավ:
ԺԻՐԱՅՐ – Նրա՞ն ինչ է պատահել:
ԱՂԱՍԻ – Ես նմա՞ն եմ սրիկայի:
ԿԻԿԻ – Ոչ:
ԱՂԱՍԻ – Իսկ դավաճանի՞:
ԺԻՐԱՅՐ – Ոչ:
ԱՂԱՍԻ – Ուրեմն ճառը տեղին չէր:
ԿԻԿԻ – Աննա Մարին էս պահին մեծ խնդիր չէ: Հիմա խնդիրը կեղծ Էլիզչկան է, որը քիչ առաջ բազմոցի վրա էր, իսկ հիմա՝ օրորոցում:
ԺԻՐԱՅՐ — (նայելով բազմոցին): Ոսկորնե՜րը…
ԿԻԿԻ – Տիկնիկն առանց ոսկորների է լինում:
ԺԻՐԱՅՐ – Աստվա՜ծ իմ… Ես զրկվեցի միլիոններից:
ԿԻԿԻ – Շուտով ազատությունից ենք զրկվելու:
ԺԻՐԱՅՐ – Ո՞ւր է:
ԱՂԱՍԻ, ԿԻԿԻ – Ի՞նչը:
ԺԻՐԱՅՐ – Ո՞վ է վերցրել:
ԱՂԱՍԻ – Միայն դու էիր պակաս, որ մեղադրանք ներկայացնեիր:
ԺԻՐԱՅՐ – Ո՞ւր են Տիգրան Մեծի ոսկորները: Բազմոցի վրա էր դրված՝ տոպրակի մեջ:
ԱՂԱՍԻ, ԿԻԿԻ – Ճիշտ է:
ԿԻԿԻ – Այս տունը չար հոգիներն են ղեկավարում: Ավելի լավ է՝ պատուհանը բացենք և նրանց դուրս քշենք: (Մոտենում է պատուհանին և գոռալով ետ է գալիս:) Տղանե՜ր… Մենք կորած ենք:
ԺԻՐԱՅՐ – Չլինի՞ Ռեքսն էլ սատկեց:
ԿԻԿԻ – Մնաս բարով ազատություն:
ԱՂԱՍԻ – Ամեն բան իր տեղում էր, միայն խելագար Կիկին էր պակաս:
ԿԻԿԻ – Ոստիկանը:
ԱՂԱՍԻ, ԺԻՐԱՅՐ – Ի՞նչ:
Դռան զանգ:
ԿԻԿԻ – Վե՛րջ ամեն ինչին:
ՍԼԱՎԻԿ — (դրսից): Տանը մարդ կա՞:
ԿԻԿԻ – Ես վախենում եմ:
ԺԻՐԱՅՐ – Ա՛յ, նրանից կարելի է վախենալ:
ԱՂԱՍԻ – Մի րոպե, պարոն ոստիկան:
ԿԻԿԻ – Բայց ոստիկանն ինչպե՞ս իմացավ:
ԱՂԱՍԻ – Արդեն կարևոր չէ: Կարևորը իմացել է: Կիկի՛, տիկնիկին օրորի՛ր ու օրորոցային երգի՛ր:
ԺԻՐԱՅՐ – Իսկ տիկին Մադլենայի՞ն ինչ անենք:
ԱՂԱՍԻ – Ոչինչ: Նա իր բջիջներին է վերակենդանացում:
ՍԼԱՎԻԿ – Դուռը բացե՛ք… Արագացրե՛ք…
Կիկին վերցնում է բարուրով տիկնիկը և երգում:
ԱՂԱՍԻ, ԺԻՐԱՅՐ – Բացո՜ւմ ենք…
Աղասին բացում է դուռը:
Ներս է մտնում Սլավիկը՝ ոստիկանական համազգեստով, ձեռքին՝ թղթեր: Զննում է Կիկիին:
ՍԼԱՎԻԿ – Ոստիկանության կապիտան՝ Սլավիկ Կոտոշյան:
ՏՂԱՆԵՐ – Շատ հաճելի է:
ՍԼԱՎԻԿ – Ի՞նչ է կատարվում էստեղ:
ԱՂԱՍԻ – Էլիզչկային ենք քնեցնում:
ԺԻՐԱՅՐ – Երեխան անհանգիստ է:
Կիկին, օրորոցայինը ավելի բարձր երգելով, մտնում է Ժիրայրի սենյակը:
ՍԼԱՎԻԿ – Իսկ որտե՞ղ է նրա մայրը:
ԱՂԱՍԻ – Վատառողջ է:
Կիկին դուրս է գալիս Ժիրայրի սենյակից և մտնում իր սենյակը:
ԺԻՐԱՅՐ – Բայց մենք չենք զլանում Էլիզչկային խնամել:
ՍԼԱՎԻԿ – Դա ձեր իրավունքն է:
ՏՂԱՆԵՐ – Շնորհակալություն:
ՍԼԱՎԻԿ – Ժիրայրն ո՞վ է:
ԺԻՐԱՅՐ – Ես եմ:
ՍԼԱՎԻԿ – Պարոն Ժիրայր, ձեզ մեղադրանք է առաջադրվել:
ԺԻՐԱՅՐ – Ինչի՞ համար:
Կիկին զարմացած դուրս է գալիս իր սենյակից՝ տիկնիկին օրորելով:
ՍԼԱՎԻԿ – Ապօրինի գործողությունների: (Թղթերը տալով:) Խնդրեմ… Ծանոթացեք և հետևեք ինձ: Առավոտյան ոստիկանությունում ահազանգ ստացվեց հնէաբանների ասոցացիայի կողմից: Նրանք ասացին, որ դուք, հերթական անգամ, երբ գերեզման էիք փորում, աշխատել եք այն պատմամշակութային տարածքում և փորելու ժամանակ գտել եք Արգիշտի արքայի ոսկորները:
ԺԻՐԱՅՐ – Արգիշտի՞, թե՞ Տիգրան մեծ:
ՍԼԱՎԻԿ – Փաստորեն չե՞ք ժխտում:
ԺԻՐԱՅՐ – Իհարկե ժխտում եմ: Գերեզմանոցի պահակն էր էդպես ենթադրում:
ՍԼԱՎԻԿ – Հենց նա էլ տվել է ձեր նոր հասցեն և հնէաբաններին ասել, որ դուք ոսկորները լցրել եք տոպրակի մեջ ու գողացել: Դա լուրջ հանցագործություն է: Դուք ոտնահարել եք հայոց պատմության հիշատակը: Արագացրե՛ք… Հետևե՛ք ինձ…
ԱՂԱՍԻ – Պարոն կապիտան, անհիմն մեղադրել պետք չէ:
ՍԼԱՎԻԿ – Դուք է՞լ եք գերեզմանափոր:
ԱՂԱՍԻ – Ես մարդկանց ոչ թե թաղում, նրանց կյանք եմ տալիս:
ՍԼԱՎԻԿ – Պարո՛ն Ժիրայր, արագացրե՛ք… Հետևե՛ք ինձ…
ԿԻԿԻ – Հիսո՜ւս Քրիստոս… (Տիկնիկը գցում է ձեռքից:)
ՍԼԱՎԻԿ — (տիկնիկը գրկելով): Դուք սպանեցիք նորածնին: Դուք մեղադրվում եք նաև մարդասպանության մեջ: (Նկատելով կեղծիքը:) Բայց սա տիկնիկ է…
ԱՂԱՍԻ – Իհարկե տիկնիկ է: Մեզ անհիմն մեղադրում եք նորածնի սպանության մեջ:
ՄԱԴԼԵՆԱ — (ներսից): Պարո՜ն Աղասի, ուղեղիս բջիջները ե՞րբ կվերակենդանանան:
ԱՂԱՍԻ – Քնելուց հետո:
ՍԼԱՎԻԿ – Նա՞ ով է:
ԱՂԱՍԻ – Աներևակայելի կին:
ԿԻԿԻ – Ֆանտաստիկայի սիրահար:
ՍԼԱՎԻԿ – Ինձ ո՞վ կբացատրի, թե այս ինչ տարօրինակությունների շղթա է:
ԺԻՐԱՅՐ – Տարօրինակ ոչինչ չկա… Պարզապես Կիկին իր նոր ներկայացմանն է պատրաստվում:
ԿԻԿԻ – Ճիշտ է: Այս ներկայացումից հետո փոքրիկները ուրախության գագաթնակետին կհասնեն: (Վերցնում է տիկնիկը, օրորոցային է երգում ու օրորում:) Ես կերտում եմ լքված հայր-ծաղրածուի նոր կերպարը:
ՄԱԴԼԵՆԱ — (ներսից): Ի՜մ Էլիզչկան հայրիկին կարոտել է:
ՍԼԱՎԻԿ – Այս կինն ինչո՞ւ է տվայտվում:
ԱՂԱՍԻ – Նրանք իրենց դերերն են փորձում:
ՍԼԱՎԻԿ – Դերասանուհի՞ է:
ԺԻՐԱՅՐ – Ոչ: Կրկեսում է աշխատում:
ՍԼԱՎԻԿ – Այս տանը կա՞ մեկը, որը դուրս է ֆանտաստիկայի ժանրից:
Այգուց լսվում է Ռեքսի հաչոցը:
ՏՂԱՆԵՐ – Այգու պահապանը:
ՍԼԱՎԻԿ – Այստեղ շո՞ւն էլ կա:
ԱՂԱՍԻ – Այն էլ՝ գազազած…
Սլավիկը դուրս է նայում պատուհանից:
ՍԼԱՎԻԿ – Աստվա՜ծ իմ… Նա գլխավոր հանցագործն է:
ՏՂԱՆԵՐ – Ո՞վ:
ՍԼԱՎԻԿ – Այդ անիծյալ շունը: (Դուրս է վազում:)
ԱՂԱՍԻ – Տղաներ, ի՞նչ է կատարվում:
ԺԻՐԱՅՐ – Ես գերեզմանոցի բամբասկոտ պահակին սպանելու եմ:
ԱՂԱՍԻ – Հիմա դրա ժամանակը չէ:
ԿԻԿԻ – Իսկ ինչի՞ ժամանակն է:
ԱՂԱՍԻ – Բանտի ճանապարհով քայլելուց խուսափելու:
ԿԻԿԻ – Այս ֆանտաստիկան դեռ նոր է սկսվում:
ԱՂԱՍԻ – Փաստորեն ոստիկանը տեղյակ չէ իրական Էլիզչկայի անհետացման մասին:
ԿԻԿԻ – Նա այս տուն ուրիշ «առաքելությամբ» է եկել:
ԱՂԱՍԻ – Լավ է, գոնե էդ մի խնդրից ազատվեցինք:
ԺԻՐԱՅՐ – Միայն քո մասին ես մտածում, չէ՞:
Լսվում է Ռեքսի հաչոցը:
ՍԼԱՎԻԿ — (դրսից): Բա՜ց թող… Սրիկա՛…
ԱՂԱՍԻ – Ի՞նչ է կատարվում:
ԿԻԿԻ — (պատուհանից նայելով): Կապիտանը մենամարտի է հրավիրել Ռեքսին:
ԺԻՐԱՅՐ – Թող մի քիչ իրեն գլադիատոր պատկերացնի, մինչև հասկանանք, թե ինչ պիտի անենք:
ՄԱԴԼԵՆԱ ժ (ներսից): Պարո՜ն Աղասի, չե՞ք կարող այդ մահացած բջիջների փոխարեն նոր բջիջներ տեղադրել: Նրանք չեն ուզում վերակենդանանալ:
ԱՂԱՍԻ – Տիկի՜ն Մադլենա, քիչ մնաց: Մի քիչ էլ սպասեք: Հանկարծ չքայլեք, այլապես ակտիվ մնացած բջիջներն էլ կմահանան:
ՄԱԴԼԵՆԱ – Ե՞րբ կարող եմ տեսնել իմ Էլիզչկային:
ԱՂԱՍԻ – Երբ բջիջների վերականդանացման փուլն ավարտվի: Այլապես Էլիզչկան ձեզ որպես մայր չի ճանաչի:
ՄԱԴԼԵՆԱ – Ի՜նչ անտանելի է:
ԱՂԱՍԻ – Տեսնո՞ւմ եք…
ՄԱԴԼԵՆԱ – Ինչպես ասեք, այնպես էլ կանեմ, պարոն Աղասի:
ԺԻՐԱՅՐ – Միայն դու կարող էիր այդպիսի պացիենտ ունենալ:
Շտապ օգնության մեքենայի ազդականչը:
ԱՂԱՍԻ – Միայն վարորդն էր պակաս: (Պատուհանից ձայնելով:) Խնդրում եմ, մի քիչ սպասեք: Մեր հիվանդը քնած է:
ԺԻՐԱՅՐ – Երանի քնած լիներ ու մեզ հարցախեղդ չաներ:
ԿԻԿԻ – Կապիտան Կոտոշյանն ի՞նչ է անում:
ԱՂԱՍԻ – Ռեքսի կողքին խելոք-խելոք նստած է:
ԿԻԿԻ – Չլինի՞ ընկերացել են:
ԺԻՐԱՅՐ – Լավ է, գոնե Ռեքսն է շեղում նրա ուշադրությունը:
ԿԻԿԻ – Գոնե մի լավ բան արեց էդ անիծյալ շունը:
ԱՂԱՍԻ – Շունը հիմա մեզ ամենաքիչն է հետաքրքրում: Ավելի լավ կանենք, միասին փորձենք իրական Էլիզչկայի գողությունը բացահայտենք:
ԺԻՐԱՅՐ – Եվ մեր միլիոնները փրկենք:
Ներս է մտնում Աննա Մարին՝ նորածնի բարուրով:
ԱՂԱՍԻ – Սիրելիս, դո՞ւ էլ ծննդաբերեցիր:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Ոչ: Սիրուհուդ հաջողություններով եմ հիանում: Սրիկա՛… (Ապտակում է Աղասիին:)
ԱՂԱՍԻ – Ի՞նչ սիրուհի:
ԿԻԿԻ – Դու սիրուհի՞ ունես:
ԺԻՐԱՅՐ – Քեզանից չէինք սպասում:
ԱՂԱՍԻ – Տղաներ, խելագարվե՞լ եք:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Ես էի խելագարը, որ հավատում էի քեզ նման դավաճան գինեկոլոգին:
ԱՂԱՍԻ – Աննա Մարի, չլինի՞ այս փոքրիկին ծննդատնից ես գողացել:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Ոչ: Էլիզչկային բերել եմ հայրիկի հետ ծանոթացնելու:
ԱՂԱՍԻ – Սա իրական Էլիզչկա՞ն է:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Այո:
ԱՂԱՍԻ – Ինչպե՞ս է հայտնվել քեզ մոտ:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Հրաշքով:
ԱՂԱՍԻ – Շնորհակալ եմ, տե՜ր Աստված… (Գրկում է բարուրը:)
ԿԻԿԻ – Մեր աղոթքները տեղ հասան:
ԱՂԱՍԻ – Շնորհակալ եմ, որ Էլիզչկային առողջ հասցրիր մեզ:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Վերջապես խոստովանեցի՞ր: Դավաճա՛ն: (Նորից է ապտակում:)
ԱՂԱՍԻ – Իհարկե ո՛չ…
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Իհարկե այո՛… Ժամանակավոր դայակն ինձ ամեն բան պատմել է:
ԱՂԱՍԻ – Ի՞նչ ժամանակավոր դայակ:
ԿԻԿԻ – Երևի տիկին Էլվիրային նկատի ունի:
ԱՂԱՍԻ – Դու ե՞րբ ես եկել, ե՞րբ ես հասցրել տիկին Էլվիրայի հետ ծանոթանալ:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Երբ գլուխը օրորոցին դրած, քնած էր:
ԺԻՐԱՅՐ – Դա էլ մեր սիրելի տիկին Էլվիրայի օգնության ձեռքը:
ԱՂԱՍԻ – Դուք ընտրեցիք նրան:
ԺԻՐԱՅՐ – Իսկ ո՞վ վարձակալեց նրա բնակարանը:
ԿԻԿԻ – Ես կասեի՝ կախարդական ամրոցը:
ԺԻՐԱՅՐ – Իսկ ո՞վ մեզ գցեց խայտառակ պատմության մեջ:
ԿԻԿԻ – Իսկ ո՞վ ընդունեց ուղեղի բջիջները մահացած տիկին Մադլենային:
ԺԻՐԱՅՐ – Իսկ ո՞վ շտապ օգնության մեքենա կանչեց և ստիպեց, որ դեռ սպասի, Աստված գիտի, թե ինչքան ժամանակ:
ԿԻԿԻ – Իսկ ո՞ւմ սխալ հաշվարկների պատճառով տիկին Մադլենան այս տանը ծննդաբերեց:
ԱՂԱՍԻ – Ձեր կարծիքով ես ուզո՞ւմ էի, որ այսպե՞ս լիներ: Իհարկե ո՛չ…
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Իհարկե այո՛… Դու փորձել ես ամեն բան խառնել իրար, որ սիրուհուդ և ապօրինի զավակիդ թաքցնես ու խուսափես խայտառակությունից:
ԱՂԱՍԻ – Սիրելիս, Էլիզչկան հայր ունի:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Իհարկե, ունի: Քեզ նման սրիկա հայր:
ԿԻԿԻ – Աննա Մարի, այդ հարցում Աղասին իրավացի է:
ԺԻՐԱՅՐ – Նա տիկին Մադլենային անգամ մատով չի կպել:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Մի՛ փորձեք պաշտպանել նրան:
ԱՂԱՍԻ – Սիրելիս, դու չես էլ կարող պատկերացնել, թե ինչերի միջով ենք անցել:
Այգուց լսվում է Ռեքսի հաչոցը, և Սլավիկի գոռոցը:
ԺԻՐԱՅՐ – Խնդրե՜մ… Ռեքսն ու Կոտոշյանն այգում մենամարտում են:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Այս ի՞նչ հեքիաթ է:
ԿԻԿԻ – Հեքիաթ չէ: Ֆանտաստիկայի ժանրից է:
ԱՂԱՍԻ – Ում էլ պատմենք, հաստատ չի հավատա:
ԱՆՆԱ ՄԱՐԻ — (օրորոցի մեջ նայելով): Սա ի՞նչ նորածին է:
ԿԻԿԻ – Նորածին չէ:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Այստեղ քանի՞ երեխա է ծնվել:
ԺԻՐԱՅՐ – Ընդամենը մեկը:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Իսկ մյո՞ւսը:
ԱՂԱՍԻ – Մյուսը կեղծ է:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Ինչպես թե կեղծ է: Դուք այստեղ անօրինական գործունեությամբ է՞լ
եք զբաղվում:
ԱՂԱՍԻ – Նա երեխա չէ:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Ռոբո՞տ եք ստեղծում:
ԺԻՐԱՅՐ ԵՎ ԿԻԿԻ – Նա տիկնիկ է:
ԱՂԱՍԻ – Կեղծ Էլիզչկան է: Ոստիկան Կոտոշյանը գիտի, իբր տիկնիկը Կիկիի նոր ներկայացման աքսեսուարն է: Այնինչ տիկին Մադլենան կեղծ Էլիզչկայի հետ էր եկել այստեղ՝ երևակայության գիրկն ընկած:
ԿԻԿԻ – Եվ հենց այստեղ նրա երևակայությունը իրականություն դարձավ:
ԺԻՐԱՅՐ – Աղասիի սխալ հաշվարկի պատճառով:
ԱՂԱՍԻ – Այո, իմ սխալ հաշվարկի պատճառով: Իսկ տիկին Էլվիրան կարծում է, տիկին Մալդենան իմ սիրուհին է, ես՝ Էլիզչկայի հայրը:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Իսկ ոստիկա՞նն ինչու է մենամարտում շան հետ:
ԿԻԿԻ – Հանցագործության մեջ է կասկածում:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Ի՞նչ հանցագործություն:
ԺԻՐԱՅՐ – Երբ գա, պարզ կլինի:
ԱՂԱՍԻ – Սիրելիս, ավելի լավ է, հեռացիր, քանի քեզ չի տեսել:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Ինձ արդեն տեսել է՝ Էլիզչկայի հետ տուն մտնելիս: Ձեր բակն ու այգին իրար են միացած: Բայց եթե պետք է, կարող եմ գնալ: (Ուզում է գնալ:)
ՏՂԱՆԵՐ – Ո՛չ…
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Ի՞նչ պատահեց:
ԱՂԱՍԻ — Դա նոր կասկածներ կառաջացնի: Նա քեզ արդեն տեսել է բարուրով:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Եվ ի՞նչ եք առաջարկում:
ԱՂԱՍԻ – Պառկի՛ր բազմոցին:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Ինչի՞ համար:
ԱՂԱՍԻ – Պառկիր, հետո կիմանաս:
ԿԻԿԻ – Աղասի, հիմա՞ ինչ ես մտածել:
ԱՂԱՍԻ – Որտեղ մեկ ծննդաբերած կին, այնտեղ՝ երկու: Այս տունը արդեն վերածվել է ծննդատան: Կիկի, սավան բեր:
Կիկին իր սենյակից բերում է սպիտակ սավան:
Սենյակից դուրս է գալիս Մադլենան:
ՄԱԴԼԵՆԱ – Իմ ուղեղի բջիջներն արդեն վերակենդանանում են, ինձ լավ եմ զգում: (Բոլորին.) Այս ի՞նչ ժողով է:
ԱՂԱՍԻ – Նոր պացիենտ ունենք, տիկին Մադլենա:
ՄԱԴԼԵՆԱ – Պարոն Աղասի, դուք հանճարե՜ղ մասնագետ եք:
ԱՂԱՍԻ – Շնորհակալ եմ: (Էլիզչկային տալիս է Մադլենային:) Քանի որ ձեր ուղեղի բջիջները կամաց-կամաց վերակենդանանում են՝ Էլիզչկային հանձնում եմ ձեզ:
ՄԱԴԼԵՆԱ – Ի՜մ Էլիզչկան… Ի՜մ անուշիկը…
ԱՂԱՍԻ – Անցեք սենյակ և պառկեք: Դուրս չգաք, դեռ լիարժեք կազդուրված չեք:
ՄԱԴԼԵՆԱ – Իմ ամուսինը պարզապես կխելագարվի: (Մտնում է սենյակը:)
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Բայց ես քո հղի պացիենտը չեմ:
ԱՂԱՍԻ – Արդեն ծննդաբերած պացիենտ ես:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Ուզում ես ասել, որ ծննդաբերած կի՞ն եմ խաղալու:
ԱՂԱՍԻ – Ստիպված:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Բայց ինչո՞ւ:
ԱՂԱՍԻ – Որպեսզի կապիտանը չիմանա, որ դու իրական Էլիզչկային ժամանակավոր գողացել էիր: Դա լուրջ հանցագործություն է, քեզ ոստիկանության բաժին կտանի:
ԺԻՐԱՅՐ – Ինչպես ինձ է տանելու:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Քե՞զ ինչու է ոստիկանություն տանում:
ԱՂԱՍԻ – Երկար պատմություն է, սիրելիս:
ԿԻԿԻ – Դարձյալ ֆանտաստիկայի ժանրից:
ԱՂԱՍԻ – Պառկիր ու փորձիր ծննդաբերած կին խաղալ:
ԿԻԿԻ – Էլիզչկային հանձնեցիր տիկին Մադլենային: Կոտոշյանի համար տարօրինակ կթվա ծննդաբերած մայրը՝ առանց նորածնի:
ԱՂԱՍԻ – Ո՜նց էի մոռացել… Կիկի, կեղծ Էլիզչկային բեր էստեղ: (Կիկին տիկնիկը տալիս է Աղասիին, նա տիկնիկը դնում է բազմոցին:) Օրորոցային երգել գիտե՞ս:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Ոչ:
ԱՂԱՍԻ – Ոչինչ, Կիկին կերգի:
ԿԻԿԻ – Ձայնս կտրվեց:
ԱՂԱՍԻ – Ոչինչ, հիմա կոնյակ կխմես: (Սենյակից կոնյակ է բերում: Կիկին խմում է:) Հիմա փորձիր: (Կիկին փորձում է:) Շատ լավ է: Ձայնդ բացվեց:
ԺԻՐԱՅՐ – Կարծես օպերային երգիչ լինես:
ԱՂԱՍԻ — Սիրելիս, պառկիր և օրորոցը օրորիր: Սա քեզ համար հիանալի փորձ է, անուշիկս: Ապագայում քո երևակայությունն էլ իրականություն կդառնա: Ոստիկանին կճանապարհենք և կանցնենք մեր բնականոն կյանքին:
ՍԼԱՎԻԿ — (դրսից): Անիծյա՛լ շուն…
ԱՂԱՍԻ – Արագացրե՛ք… Գալիս է… (Աննա Մարին պառկում է բազմոցին, սավանով ծածկվում): Երգի՛ր, Կիկի՛… (Կիկին երգում է:) Ժիրայր, դու հովհարով հով արա: (Աննա Մարին պայուսակից հանում է հովհարը: Ժիրայրը հով է անում:)
Ներս է մտնում Սլավիկը՝ պատռված շորերով, ոսկորների տոպրակով, ձեռքը՝ վիրավոր:
ՍԼԱՎԻԿ – Այդ շունը ոչ թե այգու պահակն է, այլ մարդակեր:
ԱՂԱՍԻ – Պարոն Կոտոշյան, այս ի՞նչ վիճակում եք:
ՍԼԱՎԻԿ – Մարտից հաղթանակած:
ԺԻՐԱՅՐ – Ձեզ լա՞վ եք զգում:
ՍԼԱՎԻԿ – Երջանիկ: Պատկերացնո՞ւմ եք, այդ գազազած Ռեքսը ուզում էր Արգիշտի թագավորի ոսկորները կրծել:
ՏՂԱՆԵՐ – Ի՞նչ:
ՍԼԱՎԻԿ – Ոսկորները թափված էին այգում: (Ժիրայրին.) Դուք պետք է պատժվեք օրենքի ողջ խստությամբ: Փաստորեն, մեր հայ ժողովրդի պարծանք՝ Արգիշտի թագավորի ամրակուռ ոսկորներո՞վ էիք ուզում կերակրել անհայտ ծագում ունեցող փողոցային շանը:
ԺԻՐԱՅՐ – Երդվում եմ… տեղյակ չէի…
ՍԼԱՎԻԿ — (Աննա Մարիին նկատելով): Այն կինը չէ՞, որը քիչ առաջ տուն մտավ բարուրով:
ԿԻԿԻ – Այո: Այդ երջանիկ կինն է:
ԱՂԱՍԻ – Իմ պացիենտներից է:
ԺԻՐԱՅՐ – Մեր ազգը շատացել է ևս մեկով:
ԱՂԱՍԻ – Փոքրիկին բերել է, որ ստուգեմ՝ ամեն ինչ կարգի՞ն է:
ԿԻԿԻ — (կամաց): Հավանաբար:
ԱՂԱՍԻ – Կիկի, օրորոցայինն ավելի բարձր երգիր:
Կիկին երգում է ավելի բարձր:
ՍԼԱՎԻԿ – Այս ծաղրածուին ասեք՝ ձայնը գլուխը չգցի: Տիկնոջը կարող է անհանգստացնել:
ԱՂԱՍԻ – Կիկի, ցածր երգիր:
Կիկին ցածր է երգում:
ՍԼԱՎԻԿ – Ի՜նչ լավ է, որ մեր ազգն օր-օրի բազմանում է: (Մոտենում է օրորոցին:) Սա ծաղրածուի տիկնիկը չէ՞:
ԱՂԱՍԻ – Ճիշտ այդպես:
ՍԼԱՎԻԿ – Ո՞վ է այս կինը:
ԱՂԱՍԻ – Տառապյալ կին:
ՍԼԱՎԻԿ – Քիչ առաջ երջանիկ էր:
ԱՂԱՍԻ – Այո, երջանիկ էր:
ՍԼԱՎԻԿ – Ինչպե՞ս կարող էր տիկնիկ ծննդաբերել:
ԱՂԱՍԻ – Նրա երևակայության արդյունքն է: Խեղճ կինը կորցրել է երեխային և այս տիկնիկին տեսնելով փորձում է մխիթարվել՝ իբր երջանիկ է: Բայց իրականում տառապյալ կին է:
ՍԼԱՎԻԿ – Տիկին, ինչպե՞ս եք:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Երջանիկ մայր եմ:
ՍԼԱՎԻԿ – Խե՜ղճ կին… Խելագարվել է:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Ես հայոց ազգը պետք է բազմացնեմ:
ՍԼԱՎԻԿ — (Աղասիին ցույց տալով): Բժիշկը ձեզ նեղացրե՞լ է:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Նա հիանալի մասնագետ է:
ՍԼԱՎԻԿ — (Կիկիին ցույց տալով): Իսկ ծաղրածո՞ւն:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Նա հիանալի օրորոցային է երգում, իսկ փոքրիկս քաղցր երազներ է տեսնում:
ՍԼԱՎԻԿ — (Ժիրայրին ցույց տալով): Իսկ այս հանցագո՞րծը:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Նա հիանալի հով է անում:
ՍԼԱՎԻԿ – Անհույս է:
ՏՂԱՆԵՐ – Այ, տեսնո՞ւմ եք…
Սլավիկի գլուխը պտտվում է:
ՍԼԱՎԻԿ – Անիծյալ շունը վնասել է թևս:
ԱՂԱՍԻ – Հուսանք՝ լուրջ բան չի պատահել:
ՍԼԱՎԻԿ – Ոչինչ, կանցնի: (Ժիրայրին.) Իսկ ձեզ առաջադրված մեղադրանքը նոր պիտի սկսվի: Դուք հենց հիմա գալիս եք ոստիկանություն: (Գլուխը նորից է պտտվում:)
ԺԻՐԱՅՐ – Ավելի լավ է՝ պառկեք:
ՍԼԱՎԻԿ – Այս տարօրինակ ծննդատանը հանգստանալ հնարավոր չէ: (Գլուխը նորից
պտտվում, նստում է աթոռին:)
ԿԻԿԻ – Պարոն Կոտոշյան, գնացեք սենյակ: Ժիրայր, երգիր օրորոցայինը, մինչև ես պարոն Կոտոշյանին հանգստացնեմ սենյակում:
ԺԻՐԱՅՐ – Ես լավ չեմ երգում:
ԱՂԱՍԻ – Ես կերգեմ: (Երգում է օրորոցային:)
Կիկին և Սլավիկը գնում են Կիկիի սենյակը:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Խելագարվել կարելի է:
ԱՂԱՍԻ – Ամեն ինչ այնքան էլ վատ չէ:
ԺԻՐԱՅՐ – Շատ վատ է: Այս Կոտոշյանն ինձ ոստիկանություն կտանի:
ԱՂԱՍԻ – Հանցանքի իրեղեն ախացույցը՝ ոսկորները, արդեն տեսել է, իսկ գլխավոր կասկածյալը անիծյալ Ռեքսն է, ոչ թե դու:
Սենյակից դուրս է գալիս Կիկին:
ԺԻՐԱՅՐ – Ինչպե՞ս է մեր վիրավոր կապիտանը:
ԿԻԿԻ – Ռեքսը Կոտոշյանին մի լավ մշակել է: Վիճակը լուրջ է:
ԱՂԱՍԻ – Բայց սա ծննդատուն է, ոչ թե հիվանդանոց:
Ներս է մտնում Էլվիրան: Աննա Մարին պառկում ու օրորոցն է օրորում: Կիկին օրորոցային է երգում, Ժիրայրը հովհարն է թափահարում:
ԷԼՎԻՐԱ – Սա ո՛չ հիվանդանոց է, ո՛չ էլ ծննդատուն:
ԱՂԱՍԻ – Ինչպե՞ս եք, տիկին Էլվիրա:
ԷԼՎԻՐԱ – Դեռ այստե՞ղ եք: Ձեզ շատ հստակ տեղեկացրի, որ ազատեք բնակարանս: (Աննա Մարիին նկատելով:) Սա՞ ով է:
ԱՂԱՍԻ – Հերթական ծննդաբերած մայր:
ԷԼՎԻՐԱ – Հավանաբար ձեր հերթական սիրուհիներից է: (Աննա Մարիին մոտենալով:) Դուք այն կինը չե՞ք, որը եկավ, հետո խելագարի նման փախավ:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Այո, ես եմ:
ԷԼՎԻՐԱ – Իսկ ինչո՞ւ եք եկել իմ տուն ծննդաբերելու:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Երեխայիս պատահական լույս աշխարհ բերեցի: Բոլորովին անսպասելի:
ԷԼՎԻՐԱ – Հավանաբար մեր հիանալի մասնագետ բժիշկը ձեր հաշվարկի հարցում էլ էր սխալվել:
ԿԻԿԻ – Տիկին Էլվիրա, ձեր բնակարանը դրախտավայր է: Ով մտնում է՝ միանգամից ծննդաբերում է:
ԷԼՎԻՐԱ – Մտածում էի, պարկեշտ մարդիկ եք: (Սենյակից դուրս է գալիս Մադլենան՝ բարուրով:) Այնինչ՝ բնակարանս դարձրիք ծննդատուն: Հետո բնակարանս դարձավ հիվանդանոց, քանի որ տան դիմաց շտապ օգնության մեքենան է կանգնած: (Սենյակից դուրս է գալիս Սլավիկը:) Հետո, տունս դարձավ ոստիկանական բաժին, քանի որ շտապ օգնության մեքենայի կողքին հայտնվեց ոստիկանության մեքենան: (Սլավիկին ցույց տալով:) Սա՞ ով է:
ԱՂԱՍԻ – Ռեքսի զոհը:
ԷԼՎԻՐԱ – Խե՜ղճ Ռեքս… Երևի այգում արդեն դիվահար է եղել:
ԿԻԿԻ – Օրենքի պաշտպանին է դիվահար արել:
ԱՂԱՍԻ – Ծանոթացեք, տիկին Էլվիրա: Կապիտան Կոտոշյան:
ԷԼՎԻՐԱ – Դուք է՞լ եք ծննդաբերել:
ԿԻԿԻ – Պարոն Կոտոշյանը վերածնվել է:
ՍԼԱՎԻԿ – Դո՞ւք ով եք:
ԷԼՎԻՐԱ – Ես Էլվիրան եմ: Այստեղ ինչ տեսնում եք՝ իմն է: Իսկ դուք ի՞նչ եք անում իմ տանը:
ՍԼԱՎԻԿ — (Ժիրայրին ցույց տալով): Հետաքրքրվում եմ հանգուցյալների առևտրով զբաղվող այս երիտասարդով: Նա հանցագործ է և պետք է պատժվի:
ԷԼՎԻՐԱ – Փաստորեն իմ բնակարանը ծննդատնից, հիվանդանոցից և ոստիկանական բաժանմունքից բացի նաև հանցագործների ո՞րջ է:
ԿԻԿԻ – Հրաշալի կախարդական ամրոց է: Հրաշքներ՝ մեկը մյուսի հետևից:
ՄԱԴԼԵՆԱ – Պարոն Աղասի, բջիջների վերակենդանացման վերջնական փուլը ե՞րբ կավարտվի:
ԺԻՐԱՅՐ – Նաև՝ հոգեբուժարան:
Այգուց լսվում է Ռեքսի հաչոցը:
ԿԻԿԻ – Նաև՝ կենդանաբանական այգի:
ԺԻՐԱՅՐ – Ձեր Ռեքսը քիչ էր մնում նրան հոշոտեր այդ ոսկորների պատճառով:
ՍԼԱՎԻԿ – Հարգե՛ք հայոց պատմության լուսավոր էջերը և արքայի հիշատակը:
ԷԼՎԻՐԱ – Ի՞նչ ոսկորներ… Ի՞նչ արքա…
ՍԼԱՎԻԿ – Այս պարոնը Արգիշտի թագավորի ոսկորներով ցանկանում էր կերակրել ծագումը դեռ չպարզած շանը:
ԷԼՎԻՐԱ – Հարգե՛ք Ռեքսին և չփորձե՛ք նրան վիրավորել:
ՍԼԱՎԻԿ – Այդ նա՛ էր ուզում հավիտյան ջնջել արքայի հիշատակը: Խնդրե՛մ, նայե՛ք… Մինչև ոսկորները հավաքեցի Ռեքսի դիմացից՝ երրորդ կարգի հաշմանդամ դարձա:
ԷԼՎԻՐԱ – Ինչպե՞ս եք համարձակվել Ռեքսի ոսկորները գողանալ: Տվե՛ք տոպրակը…
ՍԼԱՎԻԿ – Սա իմն է:
ԷԼՎԻՐԱ – Իմ Ռեքսինն է: Ես էի քիչ առաջ լցրել նրա առաջ, որ սոված չմնար:
ԺԻՐԱՅՐ – Փաստորեն դո՞ւք եք արքայի ոսկորներով հյուրասիրել այգու պահապանին:
ԷԼՎԻՐԱ – Դուք բերեցիք, որ տաք շանը: Ես ձեզ ազատեցի այդ պարտականությունից: Եթե Ռեքսը մնար ձեր հույսին՝ սովից կսատկեր:
ԺԻՐԱՅՐ – Ես բերել էի, որ հանձնեի հնէաբանների ասոցացիային:
ԱՂԱՍԻ – Տեսնո՞ւմ եք, պարոն կապիտան… Ընկերս բարի մտադրությամբ է հողը փորել ու ոսկորները դուրս հանել:
Այգուց լսվում է շան հաչոցը:
ԷԼՎԻՐԱ – Խեղճ Ռեքսը ցնցումների մեջ է: Դուք բոլորդ պատասխա՛ն պիտի տաք: (Դուրս է վազում:)
ԿԻԿԻ — (Սլավիկին): Այս կինն է հանցագործը, ոչ թե մենք:
ԱՂԱՍԻ – Տիկին Մադլենա, դեռ թույլ եք խնդրում եմ, պառկեք:
ՍԼԱՎԻԿ – Չասացիք՝ այս կինն ով է:
ԺԻՐԱՅՐ – Կիկիի խաղընկերուհին է:
ՍԼԱՎԻԿ – Դո՞ւք էլ եք ծննդաբերել:
ՄԱԴԼԵՆԱ – Հիանալի՜ Էլիզչկա… Խնդրեմ, նայեք…
ՍԼԱՎԻԿ – Ի՜նչ լավ է, որ այս մեկն իրական է: Շատ անուշիկ բալիկ է:
ԱՂԱՍԻ – Տիկին Մադլենա, եթե ձեզ բան պատահի՝ հիմա էլ պարոն Կոտոշյանը ինձ պիտի տանի ոստիկանություն: Ձեզ կուղեկցեմ:
Աղասին և Մադլենան մտնում են սենյակ:
ՍԼԱՎԻԿ – Ինձ թույլ եմ զգում: Այդ շանն էլ ոստիկանություն պիտի տանեմ:
ԿԻԿԻ – Դուք էլ հանգստացեք: Ձեզ կուղեկցեմ:
Սլավիկը և Կիկին մտնում են Կիկիի սենյակը:
Այգուց լսվում է Ռեքսի հաչոցը:
ԺԻՐԱՅՐ – Ա՜խ, այդ անիծյալ հանցակից շունն ու հանցագործ տիրուհին: Ես հիմա այդ շանը կսպանեմ: (Դուրս է վազում:)
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Վերջացավ բազմասերիանոց ֆիլմը: Մի բաժակ դառը սուրճը չի խանգարի: Էլիզչկա, դու հանգիստ քնիր, իմ ապօրինի տիկնիկ: (Մտնում է խոհանոց:)
Ներս է մտնում Պատվականը:
ՊԱՏՎԱԿԱՆ – Սիրելի՜ս… Թանկագինս, որտե՞ղ ես: (Նայում է օրորոցի մեջ:) Ի՜մ անուշիկ Էլիզչկա… Ի՜մ սիրելի… (Օրորոցային է երգում: Խոհանոցից ներս է մտնում Աննա Մարին՝ սուրճի բաժակով:)
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Ուզում եք գողանա՞լ Էլիզչկային:
ՊԱՏՎԱԿԱՆ – Ես գող չեմ: Ես երջանիկ եմ:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Դուք ո՞վ եք:
ՊԱՏՎԱԿԱՆ — Անակնկալի եկած հայր:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Ձեր հայրությունը ուրիշ տեղ ճանաչեք:
ՊԱՏՎԱԿԱՆ – Դուք ի՞նչ իրավունքով…
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Ստիպված ծննդաբերած մոր:
ՊԱՏՎԱԿԱՆ – Դուք այս երեխայի մայրը չեք: Ուրիշի փոքրիկին ապօրինաբար որդեգրելը հանցագործություն է:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Չեմ հասկանում, դուք ո՞վ եք:
ՊԱՏՎԱԿԱՆ – Արդեն ասացի… Անակնկալի եկած երջանիկ հայր: Ի՜մ Էլիզչկա…
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Դուք Էլիզչկայի հա՞յրն եք:
ՊԱՏՎԱԿԱՆ – Միակ և հարազատ:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Ներեցեք, չգիտեի…
ՊԱՏՎԱԿԱՆ – Իսկ դո՞ւք ով եք:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Նրա ժամանակավոր մայրը:
ՊԱՏՎԱԿԱՆ – Ինչպե՞ս թե՝ ժամանակավոր… Նա մայր ունի: (Ձայնելով:) Սիրելի՜ս…
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Մի՛ բղավեք… Մարդիկ հանգստանում են:
Սենյակից դուրս են գալիս Սլավիկն ու Կիկին:
ԿԻԿԻ – Պարոն Կոտոշյան, դեռ վատառողջ եք:
ՊԱՏՎԱԿԱՆ – Սա կրկե՞ս է, թե՞ ոստիկանություն:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Ոչ մեկը, ոչ էլ մյուսը…
ՊԱՏՎԱԿԱՆ – Իսկ ի՞նչ են անում այստեղ գզգզված ոստիկանն ու ծաղրածուն:
ԿԻԿԻ – Ես այստեղ ապրում եմ:
ՍԼԱՎԻԿ – Ինձ էլ փորձում էին բուժել, բայց ես հրաժարվում եմ:
ՊԱՏՎԱԿԱՆ – Վերջացրե՛ք այս թատրոնը: Դուք խանգարում եք իմ Էլիզչկայի հանգիստը:
ԿԻԿԻ – Դուք Էլիզչկայի հա՞յրն եք:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Այո: Անակնկալի եկած հայրը:
ԿԻԿԻ – Վերջապե՜ս…
ՍԼԱՎԻԿ – Ցավակցում եմ, պարոն…
ՊԱՏՎԱԿԱՆ – Ինչի՞ համար:
ՍԼԱՎԻԿ – Ձեր Էլիզչկային փոխարինում է տիկնիկը, որպես հոգու սփոփանք:
ՊԱՏՎԱԿԱՆ – Ի՞նչ տիկնիկ: (Գրկում է բարուրը:)
ՍԼԱՎԻԿ – Ձեր ձեռքի:
Պատվականը նայում է, գոռալով բարուրը գցում է օրորոցի մեջ:
ՊԱՏՎԱԿԱՆ – Ո՞ւր է իմ Էլիզչկան:
ՍԼԱՎԻԿ — (Աննա Մարիին): Տիկին, հանգստացրեք ձեր ամուսնուն, հասկանում եմ, որ ցավը խորն է, բայց թույլ մի տվեք, որ նա էլ տառապի:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Ի՞նչ ամուսին:
ՍԼԱՎԻԿ – Դժբախտ:
Ներս է մտնում Էլվիրան:
ԷԼՎԻՐԱ – Ռեքսը վերջապես հանգստացավ: (Պատվականին.) Ի՞նչ նոր մասնակիցներ են հայտնվում մեր տարօրինակ ժողովում:
ՊԱՏՎԱԿԱՆ – Դո՞ւք ով եք:
ԷԼՎԻՐԱ – Ծննդատան տնօրենը:
ՊԱՏՎԱԿԱՆ – Ո՞ւր է իմ Էլիզչկան:
ԷԼՎԻՐԱ – Եթե այստեղ մի քիչ էլ մնաք՝ կկորցնեք ոչ միայն Էլիզչկային, այլև ձեր կնոջը: Որքան հնարավոր է՝ շուտ ազատվեք այդ բժշկի ճանկերից: Թույլ չտաք, որ սպիտակ խալաթը վարկաբեկի ձեր ընտանիքի պատիվը և ձեր կնոջը, որպես սիրուհի բերի այստեղ ծննդաբերելու:
ՊԱՏՎԱԿԱՆ – Ինչպե՞ս թե սիրուհի…
ԷԼՎԻՐԱ – Այդ բժիշկը փորձել է գայթակղել ձեր կնոջը:
ԿԻԿԻ – Սո՛ւտ է:
ԷԼՎԻՐԱ – Դու լռի՛ր, գունավոր խաղալիք: (Աննա Մարիին.) Դուք հիանալի ամուսին ունեք: Ի՞նչ եք գտել էդ սպիտակ խալաթի մեջ:
ՍԼԱՎԻԿ – Ես էլ եմ այդ կարծիքին:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Ի՞նձ ինչու եք ասում…
ԷԼՎԻՐԱ – Նրա կինը դուք եք, ձեզ եմ ասում:
ՊԱՏՎԱԿԱՆ – Բայց նա իմ կինը չէ:
ՍԼԱՎԻԿ, ԷԼՎԻՐԱ – Ինչպե՞ս թե…
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Նա էլ իմ ամուսինը չէ:
ՍԼԱՎԻԿ, ԷԼՎԻՐԱ – Ինչպե՞ս թե…
ՊԱՏՎԱԿԱՆ – Նորածինն իմն է, իսկ կինը՝ ոչ…
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Սո՛ւտ է… Նորածինն իմն է, իսկ ամուսինը՝ ոչ…
ՊԱՏԱՀԱԿԱՆ – Կինս զանգեց և ասաց, որ փոքրիկը անսպասելի է ծնվել: Ասաց հասցեն: Ես էլ եկա: Ո՞ւր է իմ Էլիզչկան: Ո՞ւր է իմ դավաճան կինը:
Ներս է մտնում Ժիրայրը:
ԺԻՐԱՅՐ – Ռեքսն սկսում է ինձ հետ ընկերանալ:
ՊԱՏՎԱԿԱՆ — Կնոջս անունը Ռեքս չէ:
ԿԻԿԻ – Նա շանը նկատի ունի:
ՊԱՏՎԱԿԱՆ – Շո՞ւնն ինչ է անում էստեղ:
ԷԼՎԻՐԱ – Կրկեսն է հսկում:
ՊԱՏՎԱԿԱՆ — (Ժիրայրին): Դուք է՞լ եք դժբախտացած հայր:
ՍԼԱՎԻԿ – Ոչ: Նա հանցագործ ամուրի է:
ԺԻՐԱՅՐ – Ես հանցագործ չեմ: Հանցագործը Ռեքսն է ու նրա հովանավորը:
ԷԼՎԻՐԱ – Պարոն ոստիկան, էս եռյակին պետք է մի լավ դաս տալ:
ՊԱՏՎԱԿԱՆ – Ես կսպանեմ իմ անառակ կնոջն էլ, այդ բժշկին էլ: Իմ Էլիզչկային, որին փոխարինել են այս անճոռնի տիկնիկով, կգտնեմ, կվերցնեմ ու կհեռանամ երկրից:
ՍԼԱՎԻԿ – Իբր այստեղ հանցագործները քիչ են, դուք է՞լ եք ուզում նրանց միանալ: Ձեզ էլ ոստիկանություն կտանեմ որպես ապագա հանցագործի:
ՊԱՏՎԱԿԱՆ – Եթե այդպես է, միայն կբաժանվեմ այդ դավաճանից և օրենքով նրան կզրկեմ մայրական իրավունքից:
Սենյակից դուրս է գալիս Աղասին:
ԱՂԱՍԻ – Վերջապես բջիջները վերակենդանացան:
ՊԱՏՎԱԿԱՆ – Սրիկա՛… (Մոտենում է Աղասիին: Կիկին և Ժիրայրը նրանց բաժանում են:)
ԺԻՐԱՅՐ – Հանգստացե՛ք, պարո՛ն…
ԿԻԿԻ – Հարգե՛ք մեր հիվանդներին:
ԱՂԱՍԻ – Ի՞նչ է կատարվում այստեղ:
ԷԼՎԻՐԱ – Ձեր մասնագիտական աշխատանքի զոհերը նոր բացահայտումներ են կատարել:
ԱՂԱՍԻ — (Պատվականին): Դուք ո՞վ եք:
ՊԱՏՎԱԿԱՆ – Ձեզ հավատացող դավաճանված հայր:
ԷԼՎԻՐԱ – Ձեր դավաճանված հարաբերությունները դրսում կպարզեք: Պարո՛ն, վերցրե՛ք ձեր տիկնոջն ու կեղծ Էլիզչկային և հեռացե՛ք իմ տնից:
ԱՂԱՍԻ – Բայց այս կինը նրա կինը չէ:
ՊԱՏՎԱԿԱՆ – Իհարկե, իմ կինը չէ:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Իհարկե, նրա կինը չեմ:
ՊԱՏՎԱԿԱՆ – Իսկ նորածինն իմն է, որին գողացան:
Սենյակից դուրս է գալիս Մադլենան՝ բարուրով:
ՄԱԴԼԵՆԱ – Հարգարժան գինեկոլոգ, մենք արդեն պատրաստ ենք տեղափոխվել հիվանդանոց:
ՊԱՏՎԱԿԱՆ – Նախ՝ կգնանք զագս, կբաժանվենք, Էլիզչկային կվերցնեմ ինձ, հետո քո հարգարժան գինեկոլոգի հետ ուր ուզում ես կարող ես գնալ:
ՄԱԴԼԵՆԱ – Պատվակա՜ն… Ի՜մ պատվարժան ամուսին…
ՊԱՏՎԱԿԱՆ – Մենք այլևս ամուսիններ չենք:
ՄԱԴԼԵՆԱ – Սիրելիս, խելագարվե՞լ ես:
ՊԱՏՎԱԿԱՆ – Այդ նորածինն ո՞վ է:
ՄԱԴԼԵՆԱ – Ինչպե՞ս թե ով է… Մեր Էլիզչկան է:
ՊԱՏՎԱԿԱՆ – Սո՛ւտ է… Իմ Էլիզչկային գողացել են:
ՄԱԴԼԵՆԱ – Սո՛ւտ է… Նա մեր իրական Էլիզչկան է:
ՊԱՏՎԱԿԱՆ – Այստեղ քանի՞ Էլիզչկա կա:
ՍԼԱՎԻԿ – Մեկ:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Ո՛չ… Երկու:
ՄԱԴԼԵՆԱ — (Աննա Մարիին): Դո՞ւք էլ եք Էլիզչկայի մայր:
ԱՂԱՍԻ – Նա իմ կինն է: (Փաթաթվում է Աննա Մարիին:) Սիրելի՜ս…
ԷԼՎԻՐԱ – Ոչ թե կինը, այլ հերթական ապօրինի ծննդաբերած սիրուհիներից մեկը:
ԱՂԱՍԻ – Լռե՛ք, տիկի՛ն Էլվիրա:
ԿԻԿԻ – Եթե չգիտեք, մի՛ խոսեք:
ԺԻՐԱՅՐ – Ձեր երևակայությամբ ընտանիք եք քանդում:
ՍԼԱՎԻԿ – Չեմ կարողանում հասկանալ՝ ով ում կինն է, ով ում՝ ամուսինը, ո՞ր փոքրիկը ումի՞ց է ծնված: Եվ վերջապես… Քանի՞ ապօրինի ծննդաբերած կին կա այս տարօրինակ ծննդատուն-բնակարանում:
ԱՂԱՍԻ – Պարոն կապիտան, ոչինչ էլ ապօրինի չէ: Նա իմ կինն է: Մենք սպասում ենք մեր ապագա Էլիզչկային: Պարոն Պատվական, տիկին Մադլենան իմ պացիենտն է, եկավ այստեղ, քանի որ հիվանդանոցում չէի: Նա ուզում էր ձեզ անակնկալ մատուցել:
ՊԱՏՎԱԿԱՆ — Եվ մատուցեց:
ԱՂԱՍԻ – Իհարկե մատուցեց՝ ձեզ երջանիկ հայր դարձնելով:
ԷԼՎԻՐԱ – Երբ գնում էիք հիվանդանոց, ասացիք, որ տիկին Մադլենան ձեր կինը չէ:
ԱՂԱՍԻ – Իհարկե իմ կինը չէ:
ԷԼՎԻՐԱ — Ես էլ կարծեցի՝ սիրուհի եք բերել իմ տուն:
ԿԻԿԻ – Համոզվեք, նոր կարծեք:
ՊԱՏՎԱԿԱՆ — (Աննա Մարիին): Տիկին, ներեցեք ինձ: (Փաթաթվում է Մադլենային:) Սիրելի՜ս… (Գրկում է նորածնին): Ի՜մ Էլիզչկան… Իմ փոքրիկ Մադլենա, դու էլ ներիր ինձ:
ԷԼՎԻՐԱ – Դո՛ւրս եկեք իմ տնից: Բնակարանս վերածել եք չգիտեմ՝ ինչի…
ԱՂԱՍԻ – Այստեղից կգնաք ուղիղ հիվանդանոց: Շտապ օգնության մեքենան ձեզ է սպասում:
ՊԱՏՎԱԿԱՆ – Ինչպես կասեք, բժիշկ:
ՄԱԴԼԵՆԱ – Ոչինչ, որ նորմալ պայմաններում չծնվեց իմ Էլիզչկան: Կարևորը մենք երջանիկ ենք: Մենք էլ անհանգիստ չենք:
Պատվականը և Մադլենան դուրս են գնում:
ՍԼԱՎԻԿ — (Ժիրայրին նայելով): Իսկ ոմանք դեռ պետք է անհանգստանան:
ԿԻԿԻ – Պարոն կապիտան, դեռ վատառողջ եք, ձեզ հանգստանալ է պետք:
ՍԼԱՎԻԿ – Այստեղ հանգստանալու համար չեմ եկել: (Սենյակից բերում է տոպրակով ոսկորները:) Չեմ ուզում փչացնել ձեր տարօրինակ ընտանեկան երջանկությունը, բայց եթե հնէաբանները պարզեն, որ այս ոսկորներն իսկապես Արգիշտի թագավորինն են և անիծյալ Ռեքսն է վնասել ձեր պատճառով, պատասխան կտաք օրենքի առաջ:
ԷԼՎԻՐԱ – Չփորձե՛ք վիրավորել իմ շանը:
ՍԼԱՎԻԿ — (Աղասիին): Տա Աստված, որ ձեր ապագա փոքրիկը ծնվի նորմալ միջավայրում:
ԷԼՎԻՐԱ — Եթե Էլիզչկային ծնողները տարան, ո՞վ է երկրորդ նորածինը: (Մոտենում է օրորոցին:) Սա տիկնիկ է:
ԱՆՆԱ ԵՎ ԱՂԱՍԻ – Իհարկե:
ԱՂԱՍԻ – Մենք փորձ էինք անում:
ՍԼԱՎԻԿ – Ի՞նչ փորձ:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Ուզում էինք պատկերացնել, թե մեր ապագա փոքրիկն ինչպիսին կլինի:
ՍԼԱՎԻԿ — (Աղասիին): Դուք ինչո՞ւ ձեր կնոջը ներկայացրիք որպես տառապյալ կին:
ԱՂԱՍԻ – Դա էլ էր փորձ:
ՍԼԱՎԻԿ – Ռե՞քսն էլ էր փորձի մասնակից:
ԷԼՎԻՐԱ – Ռեքսն իրական է:
ՍԼԱՎԻԿ — (Կիկիին): Տիկնիկը ձեր նոր ներկայացման աքսեսուա՞րը չէր:
ԿԻԿԻ – Այո: Բոլորս այս տիկնիկով փորձեր ենք անում:
ՍԼԱՎԻԿ – Ավելի լավ է՝ հեռանամ այս ծննդատուն-փորձասենյակից: Հնէաբանների պարզաբանումներից հետո ոմանք հեքիաթներ կտեսնեն բանտախցում, քանի որ վերջին պահին կասկածյալը փոխվել է: (Դուրս է գնում:)
ԺԻՐԱՅՐ – Ձեզ նկատի ուներ, տիկին Էլվիրա:
ԷԼՎԻՐԱ – Ինչպե՞ս թե՝ ինձ…
ԿԻԿԻ – Դուք էիք հայոց մեծ արքայի ոսկորները լցրել գազազած գամփռի առաջ:
ԷԼՎԻՐԱ – Եթե դուք չբերեիք՝ չէի կերակրի Ռեքսին:
ԱՂԱՍԻ – Տիկին Էլվիրա, հանգստացեք, խնդրում եմ: Պարոն Կոտոշյանը հանցագործության ապացույցը տարել է հանցանքի վայրից:
ԺԻՐԱՅՐ – Եվ հետո՝ դրանք Արգիշտի թագավորի ոսկորները չէին, այլ Տիգրան Մեծի:
ԿԻԿԻ – Վե՛րջ տուր: Քո երևակայության պատճառով քիչ էր մնում հայտնվեիք բանտում:
ԺԻՐԱՅՐ – Միլիոնները ջուրն ընկան:
ԷԼՎԻՐԱ – Միլիոնները՝ չգիտեմ ինչ եղան, բայց դուք պարտավոր եք բնակարանի մեկ ամսվա վարձը վճարել, երկու Էլիզչկաների օրորոցի գումարը՝ նույնպես, որովհետև մեկ օրում այնքան իրադարձություններ եղան, որ մեկ ամսում անգամ հնարավոր չէր պատկերացնել:
ՏՂԱՆԵՐ – Կվճարենք:
ԷԼՎԻՐԱ – Որից հետո կազատեք բնակարանս:
ՏՂԱՆԵՐ – Կազատենք:
ԷԼՎԻՐԱ – Խեղճ Ռեքսը ինչերի ասես որ չդիմացավ: (Դուրս է գնում:)
ԱՂԱՍԻ – Սիրելիս, ներիր, որ քեզ էլ էս ամենի միջով անցկացրի:
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Հաճելի է զգալ մայր լինելու բերկրանքը, թեկուզ ժամանակավոր: (Փաթաթվում է Աղասիին:) Ես քեզ շատ եմ սիրում:
ԱՂԱՍԻ – Յուրաքանչյուր երազանք օրերից մի օր դառնում է իրականություն:
ԿԻԿԻ – Ի՜նչ հաճելի է:
ԺԻՐԱՅՐ – Իսկական երջանիկ ընտանիք:
Աղասին տիկնիկը տալիս է Աննա Մարիին: Ժիրայրն ու Կիկին ծափահարում են: Կիկին
սուլում է ծաղրածուի սուլիչով: Զանգում է Կիկիի բջջայինը):
ԿԻԿԻ – Ալո՜… Լսում եմ… Տոմսերը նորից վաճառվե՞լ են: Հրաշալի՜ է… Ծաղրածու Կիկին ինչպես միշտ իր բարձունքում է: (Անջատում է բջջայինը:)
ԺԻՐԱՅՐ – Մեծարմանդ երեկոն շարունակվո՞ւմ է:
ԿԻԿԻ – Ափսոս, որ քո հանգուցյալները չեն կարող տեսնել:
ԱՂԱՍԻ – Կիկի, չմոռանաս… Իրերն ինչպես բերեցինք, այնպես էլ պետք է հավաքենք:
ԿԻԿԻ – Ես շատ չեմ ուշանա: (Սուլելով դուրս է գնում:)
ԺԻՐԱՅՐ – Իմ հանգուցյալները որ նրա ներկայացումներին ներկա լինեին, ես ինչո՞վ պիտի փող աշխատեի: (Զանգում է Ժիրայրի բջջայինը:) Ալո՜… Լսում եմ… Հիմա գալիս եմ:
ԱՂԱՍԻ – Հանգուցյալնե՞րն էին զանգել:
ԺԻՐԱՅՐ – Ոչ: Թաղման բյուրոյից է պահանջարկս մեծացել: Դա նշանակում է, որ Կիկիի հանդիսատեսը մեկով պակասեց: Ես շատ չեմ ուշանա:
ԱՂԱՍԻ – Չմոռանաս… Իրերն ինչպես բերեցինք…
ԺԻՐԱՅՐ — …այնպես էլ պետք է հավաքենք: (Գրպանից հանում է փողերը և հաշվում:) Երանի՜ հանգուցյալը պատգամավոր լինի: (Դուրս է գնում:)
ԱՆՆԱ ՄԱՐԻ – Ես քեզ կօգնեմ:
ԱՂԱՍԻ – Դու աշխարհի ամենահմայիչ հարսնացուն ես: (Տիկնիկը դնում են օրորոցի մեջ և մտնում են սենյակ:)
Ներս է մտնում Անծանոթուհին՝ 9 ամսական հղի: Նայում է շուրջբոլորը: Մոտենում է օրորոցին, տեսնում տիկնիկը:)
ԱՆԾԱՆՈԹՈՒՀԻ – Ի՜մ Անժելչկա… (Գրկում է տիկնիկը, օրորոցային է երգում:)
ԱՂԱՍԻ — (ներսից): Կիկի՜, ինչո՞ւ վերադարձար: Անհաջող ներկայացումն ավարտվեց:
Անծանոթուհին շարունակում է երգել: Սենյակից դուրս է գալիս Աղասին:
Վախեցած նայում է Անծանոթուհուն:
ԱՆԾԱՆՈԹՈՒՀԻ – Բժիշկ, մենք անհանգիստ ենք…
ՎԵՐՋ