Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ /«ՍԻՐԱՅԻՆ ՔԱՌԱՆԿՅՈՒՆԻ»

«ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ» ՀԱՆԴԵՍԻ ԱՐԽԻՎ/ ՊԻԵՍՆԵՐ

 

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆԻ «ՍԻՐԱՅԻՆ ՔԱՌԱՆԿՅՈՒՆԻ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2007 թ., թիվ 12-13-ում:

 

 

 

Ի՞նչ է լինում, երբ երեք կնոջ համբերության բաժակները լցվում են միաժամանակ, կամ երեք կին միաժամանակ որոշում են սպանել… նույն տղամարդուն: Եվ ինչպե՞ս են իրականացնելու իրենց որոշումը, եթե սիրում են… կամ սիրել են… կամ դեռ սիրելու են այդ նույն տղամարդուն: Եվ այդ ի՞նչ տղամարդ է, եթե երեք կին, թեկուզ ժամանակավոր, թեկուզ թատերական մեկ ու կես ժամ (մի քիչ ավել կամ պակաս) միայն մտածում, խոսում են նրա մասին, սիրում, ատում, ներում ու սպանելու են նրան…     

 

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

 

 

ՍԻՐԱՅԻՆ ՔԱՌԱՆԿՅՈՒՆԻ 

Պիեսն անհավանական, բայց նաև հնարավոր պատմություն է: Ինչու չէ` նաև սարքովի, գործող անձանցվզին փաթաթվածիրավիճակ: Սահմանային իրավիճակ: Էությամբ պայմանական թատրոնը թող լինի ավելի պայմանական: Ու եթե ոմանք հակված են չհավատալ իմ հերոսների վարքին ու խաղին, է՛լ ավելի պայմանական կդարձնեմ խաղը: Խաղ ոչ միայն խոսքով, այլև` պարով: Եւ նրանցից յուրաքանչյուրը կունենա իր երաժշտականթեման”: Ու երբ խաչաձևվեն նրանց ճակատագրերը, երբ նրանց մենամարտը, երկխոսություն կամ եռախոսություն ընկալվող բառային առն ու տուրը հասնի լարման այն աստիճանի (ոչ` արտաքին դրսևորմամբ, այլ ներքին խաղով, ժեստով ու դիմախաղով), երբ շարունակությունն այլևս անիմաստ կդառնա` նրանք կպարեն: Ամեն մեկը` ի՛ր ասելիքով: Այդ պարը ոչ թե մյուզիքլային տարրի ներբերում է, այլ պայմանական դադար, հնարավորություն` շունչը ետ բերելու, հերթական` սպասելի կամ անսպասելի շրջադարձին անցում կատարելու համար:         

 

Գործող անձինք

ՏՂԱՄԱՐԴ

1-ին ԿԻՆնրա կինը

2-րդ ԿԻՆնրա պաշտոնական սիրուհին

3-րդ ԿԻՆնրա համարյա թե վերջին սիրուհին           

Գործողությունները կատարվում են Նրաւ պաշտոնական սիրուհու բնակարանում, Նրա սեփական տանը, Նրա վարձած բնակարանում:

 

Տեսարան. Նրա պաշտոնական սիրուհու բնակարանը:

Մթնում լսվում է` ինչպես է բանալին պտտվում փականի մեջ, բացվում է դուռը: Ներս մտնողը վառում է ջահը և… երգեհոնային երաժշտությունը լրացնում է տեսարանը: Հյուրասենյակ է` սգո կահավորանքով. հայելիները ծածկված են սև շղարշով, պատերը` սև ժապավեններով: Կենտրոնում երկու անձի համար սպասքադրած սեղանն է, վրան մոմակալ` սև մոմերով: Ներս մտնողը, որ 2-րդ Կինն է, հենվում է պատին, սարսափած շուրջն է նայում: Ուսից սահում է ճամփորդական պայուսակը, ձեռքից` ճամպրուկը, նրանց չափազանցված բարձր աղմուկը խլացնում է խորալի ձայնը: Լռություն: Կարճ դադար: Ու նորից սգո երաժշտությունը: (Իրավիճակը. Կինը վերադարձել է, բայց կասկածում է` արդյո՞ք սա իր բնակարանն է:) Դիմացի դռնից ներս է մտնում Տղամարդը` ձեռքին սև ժապավենով կապված գինու շիշ: Ասես Կնոջը չի նկատում, շիշը դնում է սեղանին, մոտենում է, հպանցիկ համբուրում է նրան, վերցնում է հատակին ընկած իրերն ու տանում է մյուս դռնով: Կինը հայացքով հետևում է նրան: Տղամարդը վերադառնում է, անջատում նվագարկիչը, նստում է սեղանի մոտ (նրա վարքում շինծու-հանդիսավորություն կա, պիտի զգացվի, որ հուզվում է): Գինի է լցնում, վերցնում է բաժակն ու ասես նոր է նկատում, որ Կինը դեռ հենված է պատին: Ցուցադրական-հոգածու Կնոջը բերում-նստեցնում է սեղանի մոտ, բաժակը տալիս նրան, պահելով նրա ձեռքը` իր բաժակը խփում է նրա բաժակին: Ապակու զրնգոցից Կինն սթափվում է:

2-րդ ԿԻՆ — Ո՞վ է մահացել:

ՏՂԱՄԱՐԴ — Դու:

2-րդ ԿԻՆ — ՞…

ՏՂԱՄԱՐԴ — Սա քո բնակարանն է, ուրիշ մեկը չկա:

2-րդ ԿԻՆ(բաժակը դնում է սեղանին, համենայնդեպս շոշափում է իրեն: Հայացքով ցույց տալւվ սենյակը): Սա ի՞նչ է:

ՏՂԱՄԱՐԴ — Հոգեհանգիստ:

2-րդ ԿԻՆ — Իմ… հոգեհանգի՞ստն է:

ՏՂԱՄԱՐԴ — Մեր սիրո հոգեհանգիստն է, թաղումն ու ինքնահողն էլ հետը:

2-րդ ԿԻՆ — Օդանավակայան չեկար… զանգերիս չէիր պատասխանում… մինչև տուն հասա` մտքովս ինչ ասես չանցավ, բայց սա… Սա ի՞նչ թատրոն է:

ՏՂԱՄԱՐԴ — Եթե թաղման բյուրոյում ասեի, որ թատրոնի համար եմ այս ամենը պատվիրում, դժվար թե ինձ ճիշտ հասկանային: (Բարձրացնելով բաժակը:) Բարի վերադարձ: Այս մի գործուղումդ շատ երկարեց:

2-րդ ԿԻՆ — Ի՞նչ է կատարվում այստեղ…

ՏՂԱՄԱՐԴ — Արդեն ասացի:

2-րդ ԿԻՆ — Քեզ հե՞տ ինչ է կատարվում:

ՏՂԱՄԱՐԴ — Կարծում ես` ինչ-որ բա՞ն է կատարվում, ու եթե կատարվում է, հիմա՞ է կատարվում, այս պահի՞ն…

2-րդ ԿԻՆ — Ինչո՞ւ հարցս այդպես զայրացրեց:

ՏՂԱՄԱՐԴ — Որովհետև հարցդ գոնե մի քանի ամիս առաջ պիտի տայիր: Բայց… դու ե՞րբ ես ինձ լուրջ ընդունել կամ ե՞րբ ես իմ մասին մտածել…

2-րդ ԿԻՆ — Պարզվում է` տղամարդու հիստերիկայից ավելի ահավորը կա:

ՏՂԱՄԱՐԴ — Եվ ո՞րն է…

2-րդ ԿԻՆ — Քո սարքած այս ապուշ տեսարանը:

ՏՂԱՄԱՐԴ — Իսկ ես հույս ունեի, որ գոնե կես ժամ ուշքի չես գա ու ստիպված ինձ կլսես:

2-րդ ԿԻՆ — Այս թատրոնը սարքել ես, որ կես ժամ խոսե՞ս…

ՏՂԱՄԱՐԴ — Նաև:

2-րդ ԿԻՆ — Խոսիր:

ՏՂԱՄԱՐԴ — Ու կխոսեմ…

2-րդ ԿԻՆ — Սպասիր… սկսում եմ գլխի ընկնել… աչքերիս նայիր:

ՏՂԱՄԱՐԴ — Ինչի՞:

2-րդ ԿԻՆ — Նայիր աչքերիս:

ՏՂԱՄԱՐԴ — (մարտահրավերով): Նայեցի:

Կարճ դադար: Նայում են իրար: (Առաջին պարային, բայց կարճ պահը:)

2-րդ ԿԻՆ — Գործուղումս կարծես շատ երկարեց… Դու շա՞տ մենակ էիր:

ՏՂԱՄԱՐԴ — Միայն չասես, որ մենակությունից եմ… (Դժվարանում է շարունակել:)

2-րդ ԿԻՆ — Դավաճանել ես ի՞նձ:

ՏՂԱՄԱՐԴ — Ինչի՞ց հասկացար:

2-րդ ԿԻՆ — Ինձ թաղելուց… (Խնձոր է վերցնում, երկիմաստ շուռումուռ տալիս ձեռքում:) Տատս ասում էր` տղամարդուն մենակ չպիտի թողնես:

ՏՂԱՄԱՐԴ — (վերցնում է խնձորը, աղմուկով կծում): Իսկ իմ տատն ասում էր` տղամարդուն պիտի քո գրկում պահես: Անուշադրության մատնված տղամարդը դարպասները բաց, անտեր ամրոց է: Սա էլ ես եմ ասում:

2-րդ ԿԻՆ — Չլինի՞ պաշարվել ես:

ՏՂԱՄԱՐԴ — (խնձորը խեղդ է գնում, հազում է): Դեռ ծաղրո՞ւմ ես…

2-րդ ԿԻՆ — Չեմ կարող քեզ պատկերացնել անտեր ամրոցի դերում:

ՏՂԱՄԱՐԴ — Ինչքան դժվար է քեզ հետ խոսելը…

2-րդ ԿԻՆ — Այդ երբվանի՞ց…

ՏՂԱՄԱՐԴ — Վերջին ամիսներին մենք ինչի՞ մասին ենք խոսել:

2-րդ ԿԻՆ — Այսինքն…

ՏՂԱՄԱՐԴ — Այվազովսկու:  Նրա կյանքի, կտավների, արած ու չարածների…

2-րդ ԿԻՆ — Բնական է… դիսերտացիայիս թեման է, չէ՞:

ՏՂԱՄԱՐԴ — Մեր հազվադեպ հանդիպումների ժամանակ դու պիտի խոսես նրա մասի՞ն:

2-րդ ԿԻՆ — Դու… Այվազովսկո՞ւն ես խանդում:

ՏՂԱՄԱՐԴ — Ըհը, վաղը ընկերուհիներիդ կպատմես, նրանք էլ կասեն, որ ցնդել եմ: Բայց եթե իմ կողքին նրան չես մոռանում, ուրեմն նա է կարևորը:

2-րդ ԿԻՆ(ծիծաղով): Համբերիր, երկու ամսից կպաշտպանեմ ու…

ՏՂԱՄԱՐԴ — Ինչ-որ բան կփոխվի՞… իսկ գործուղումնե՞րդ:

2-րդ ԿԻՆ — Դա իմ աշխատանքն է:

ՏՂԱՄԱՐԴ — Քո դիսերտացիան, քո աշխատանքը… իսկ ե՞ս: Ասում են, բաժանումը բորբոքում է սիրային կրակը, բայց երբ երկար ժամանակ կրակը չես խառնում, հանգչում է:

2-րդ ԿԻՆ — Կրա՞կը… Տատս ասում էր. “Անկրակ ծուխ չի լինի”: (Խորը շունչ քաշելով:) Հիմա ասա, թե ինչ ես արել:

ՏՂԱՄԱՐԴ — Արդեն ասացիր. դավաճանել եմ:

2-րդ ԿԻՆ — Ի՞նչ…

ՏՂԱՄԱՐԴ — Չե՞ս հասկանում:

2-րդ ԿԻՆ — Սպասիր… (Կում է անում բաժակից:) Դու համոզվա՞ծ ես:

ՏՂԱՄԱՐԴ — Դրա համոզվա՞ծը որն է:

2-րդ ԿԻՆ(բարձրանում է, սեղանի շուրջն է պտտվում, հայելու մեջ ինքն իրեն զննելուց հետո նստում է տեղը:) Պարզվում է` կարելի է սիրուհուն դավաճանել սեփական կնոջ հետ: (Թեթև, բայց խոցված ժպիտով:) Ոչինչ, կնոջդ չեմ խանդի:

ՏՂԱՄԱՐԴ — Գռեհկանում ես:

2-րդ ԿԻՆ — Փորձում եմ հասկանալ…

ՏՂԱՄԱՐԴ — Հասկանալու ժամանակն անցել է, դու ասա, թե ինչ ենք անելու:

2-րդ ԿԻՆ — Ի՞նձ ես հարցնում:

ՏՂԱՄԱՐԴ — Էլ ո՞ւմ հարցնեմ:

2-րդ ԿԻՆ(սևեռուն նայում է Տղամարդուն, ինչ-որ բան որոշելով` բարձրացնում է բաժակը): Ինձ` բարի վերադարձ: Քեզ` բարի ճանապարհ:

ՏՂԱՄԱՐԴ — Խմիր: Գուցե խմիչքը քեզ կին դարձնի:

2-րդ ԿԻՆ(խմիչքը խեղդ է գնում): Դու… (Ճիգով անվրդով տեսք է ընդունում:) Ես լաց չեմ լինի:

ՏՂԱՄԱՐԴ — (վիրավորված է): Գիտեմ: (Հայացքով ցույց տալով սենյակի հարդարանքը:) Դրա համար էլ այս ապուշությունն արեցի:

2-րդ ԿԻՆ(զննում է սենյակը, մոտենում սև ժապավեններից մեկին, ուղղում հանգույցը): Հիշո՞ւմ ես մեր առաջին ընթրիքը… Նոր էինք նստել, դու… հիշո՞ւմ ես, ինչ ասացիր:

ՏՂԱՄԱՐԴ — Հուշ երեկոյի ճիշտ ժամանակն է:

2-րդ ԿԻՆ(ասես չլսեց նրա խայթոցը): Դու ասացիր. “Մեր առաջին ընթրիքը ուրիշ պիտի լինի”: Ու գնացիր: Մնացի մենակ, ապուշ կտրած… Նայում էի մատուցողին, նա էլ ինձնից պակաս զարմացած չէր: (Մոմի վրայից քանդում է սև ժապավենը և կապում իր բաժակին գեղեցիկ հանգույցով:) Հայտնվեցիր վարդերի մի մեծ փնջով: Վարդերը փռեցիր սեղանին, աթոռներին, հատակին` ոտքերիս տակ… Անգամ մատուցողն էր հուզվել: Բայց ես այդ օրը պիտի հասկանայի, որ նման ցնցող սկիզբը նույնքան ցնցող ավարտ պիտի ունենար: Դա քեզ հաջողվեց. սկզբում` կարմիր վարդ, վերջում` սև ժապավեն: Կենացդ: (Խմում է, դատարկ բաժակը ցուցադրաբար խաղացնելով ձեռքում` նայում Տղամարդու աչքերին:)

ՏՂԱՄԱՐԴ — Այ, հիմա քեզ ատում եմ:

2-րդ ԿԻՆ — Դու հիմա ամեն ինչի ընդունակ ես:

ՏՂԱՄԱՐԴ — Բաժակը տեղը դիր:

2-րդ ԿԻՆ — Խանգարո՞ւմ է:

ՏՂԱՄԱՐԴ — Ներվայնացնում է:

2-րդ ԿԻՆ — Որովհետև համոզված ես, որ հիմա ճիշտ ժամանակն է… (Բաժակը Տղամարդու ուղղությամբ շպրտելու շարժում է անում, վերջինս բնազդաբար խուսափուկ շարժում է անում, բայց անմիջապես ցուցադաբար ուղղվում է` “փորձիր”:) Ուրեմն օրինական կնոջդ հե՞տ չես դավաճանել:

ՏՂԱՄԱՐԴ — Վերջապես հասկացար:

2-րդ ԿԻՆ(բաժակը դնում է սեղանին): Մենակ էիր մնացել, քեզ գուրգուրող չկար, հա՞… ու դու գայթակղվեցիր… չէ, սատանան գայթակղեց: Համարենք, որ սատանան… Ասա, որ զղջում ես… Չէ, ասա, որ ոչինչ չի եղել:

ՏՂԱՄԱՐԴ — Աբսուրդն այն է, որ միայն քեզ կարող եմ ասել… (Կնոջ հայացքին ի պատասխան:) Մի խոսքով… ոնց որ թե սիրահարվել եմ:

Կնոջ վարքի մեջ բեկում է` դեռ լսածը չգիտակցած` ստիպված է որոշում ընդունել:

2-րդ ԿԻՆ(արցունքները թաքցնելու համար հարևան սենյակից բերում է ուղեպայուսակը, ծնկում, ճամպրուկից դուրս է թափում հագուստները, ընթացքում աննկատ սրբում է աչքերը, այնքան է փնտրում, մինչև աչքերը չորանում են: Բարձրանում է` ձեռքում փողկապ:) Սա` քեզ: Իսկ հիմա գնա:

ՏՂԱՄԱՐԴ — (ձեռքերում շուռումուռ է տալիս փողկապը): Սա… ի՞նչ անեմ:

2-րդ ԿԻՆ — Մոռացա, որ կապել չգիտես: (Վերցնում է փողկապը, դանդաղ կապում է` հընթացս խոսելով:) Դու ազատ ես, գնա ուր ուզում ես, բայց… (Վերջին հանգույցից առաջ դադար է տալիս, հետո հանգույցը սեղմում է այնքան, մինչև Տղամարդը կաս-կարմրում է:) Ես քեզ կսպանեմ: Իսկ հիմա գնա:

ՏՂԱՄԱՐԴ — (խեղդուկ ձայնով): Վերջ տուր…

2-րդ ԿԻՆ — Զգուշացնում եմ: Դու կմեռնես:  (Արագ մտնում է կողքի սենյակը, այնտեղից:) Հենց հիմա չքվիր այստեղից:

Տղամարդը թուլացնում է հանգույցը, մոտենում է դռանը, բայց ձեռքը բռնակին չմոտեցրած շրջվում է, սեղանից վերցնում է բաժակը, շպրտում է դռանն ու դուրս գնում:

Դուռը բացվում է, համոզվելով, որ նա գնացել է, Կինը դուրս է գալիս: Իրավիճակին համապատասխան խաղ և պար: Ավարտին մոտենում է հեռախոսին:

2-րդ ԿԻՆ — Ալո… ձեզ հետ խոսելու բան ունեմ: Ե՞ս… ես… ձեր ամուսնու… սիրուհին եմ… Զանգել եմ, որովհետև չէի կարող չզանգել… Գիտեմ, բայց… այս տարիների ընթացքում ձեզ չեմ անհանգստացրել… Դե, թեկուզ զանգով, ու եթե հիմա… Այո, շատ կարևոր է… Համոզված եմ: Լավ, կես ժամից կլինեմ: (Խաղ` իրավիճակի թելադրանքով, որից հետո հագնում է անձրևանոցն ու դուրս գնում:)  

 

Տեսարան. 1-ին Կինր դռան զանգը լսելով գնում է դեպի դուռր: Փորձում է անթափանց արտահայտություն տալ դեմքին, հետո բացում է դուռը: Զանգը տվողը գտնվողը չի երևում: Դռան երկու կողմում լուռ նայում են: Դադար:

1-ին ԿԻՆ — Եկաք…

2-րդ ԿԻՆ — Չէիք սպասում:

1-ին ԿԻՆ — Դուք ուրիշի կարծիքը հաշվի առնող չեք:

2-րդ ԿԻՆ — Պարզ է` կռվելու ենք… Այդ դեպքում ներս թողեք: Ձեր հարևանի դռան ետևում աղմուկ եմ լսում, ոնց որ թե մեզ հետևում են:

1-ին ԿԻՆ — (միանգամից): Ներս եկեք: (2-րդ Կնոջ ներս մտնելուն պես արագ, բայց զգույշ փակում է դուռը:)  Ա՞ջ, թե՞ ձախ կողմի հարևանը:

2-րդ ԿԻՆ — Հանգստացեք, հարևանները չիմացան: Ասացի, որ ներս թողնեք:

1-ին ԿԻՆ — Ասացեք, խնդրեմ… հոգեբանական ճնշո՞ւմ…

2-րդ ԿԻՆ — Հոգեբանական հաշվարկ` ուրիշների կարծիքը ձեզ համար ամեն ինչ է:

1-ին ԿԻՆ — Մեկով զրո:

2-րդ ԿԻՆ — Հօգո՞ւտ…

1-ին ԿԻՆ — Պարզ չէ, հաշիվը նոր բացվեց:

2-րդ ԿԻՆ — Պարզ է: (Նայում է շուրջը:) Այսպես էլ պատկերացնում էի ձեր բնակարանը:

1-ին ԿԻՆ — Մտքովս չի անցել պատկերացնել ձեր բնակարանը:

2-րդ ԿԻՆ — Մեկով մեկ: Թույլ կտա՞ք վերարկուս հանեմ:

1-ին ԿԻՆ — Ավելորդ է:

2-րդ ԿԻՆ — Իսկ ես կհանեմ: (Վերարկուն գցում է բազմոցին:)

1-ին ԿԻՆ — Ասեք` ինչի համար եք եկել ու…

2-րդ ԿԻՆ — … ու գնամ գրողի ծո՞ցը… Չը-կա: Գրողի ծոց չկա:

1-ին ԿԻՆ — Դուք կգտնեք: Վաղուց եք գտել:

2-րդ ԿԻՆ — Նկատի ունեք ձեր ամուսնո՞ւն:

1-ին ԿԻՆ — Ես միայն նրա անունից կարող եմ խոսել:

2-րդ ԿԻՆ — Երկուսով մեկ:

1-ին ԿԻՆ — Հօգուտ ի՞նձ:

2-րդ ԿԻՆ — Այս միավորը ձեր ամուսնունն է:

1-ին ԿԻՆ — Կամ էլ ձեր սիրեկանինը: (Դադար:)

2-րդ ԿԻՆ — Լավ, հերիք խաղանք: Նախ` անցնենք “դու”-ի:

1-ին ԿԻՆ — (տագնապով): Ի՞նչ է պատահել:

2-րդ ԿԻՆ — Մի վախենա, նրան բան չի պատահել:

1-ին ԿԻՆ — Գիտեմ: Քո զանգից հետո ես զանգեցի նրան:

2-րդ ԿԻՆ — Միայն օրինական կինը կարող է այդպես վարվել: Երեքով մեկ:

1-ին ԿԻՆ — Նա իմ տղայի հայրն է:

2-րդ ԿԻՆ — Լավ, մեկ միավոր էլ տանք տղայիդ ու հաշիվը փակենք:

1-ին ԿԻՆ — Չլինի՞ ընտանիք է վերադառնում:

2-րդ ԿԻՆ — Դու վաղուց պիտի հասկացած լինեիր, որ նա ընտանիք վերադարձող չէ:

1-ին ԿԻՆ — Քանի դեռ նրա շուրջը քեզպեսներն են պտտվում…

2-րդ ԿԻՆ — Աչքդ վրան պահիր:

1-ին ԿԻՆ — Աստված էր մեզ միացրել: Պարզվեց սատանան ուժեղ է:

2-րդ ԿԻՆ — Աստված այստեղ ի՞նչ գործ ունի, առավել ևս` սատանան: Տղամարդուն կողքիդ պահել իմանայիր:

1-ին ԿԻՆ — Ինչի՞ ես եկել… ինքնասիրությունս տրորելո՞ւ… Քի՞չ ես տրորել: Քիչ է, հա՞, էլի՞ ես ուզում… Հերիք չէ՞, որ գալիս էր քո մոտից ու ես լավ գիտեի, որ վաղը նորից է գալու քո մոտից, ու ամեն օր նույն նվաստացումը… Ասում ես` կողքիս պահեի… քանի՞ տարի է` կողքիդ է:

2-րդ ԿԻՆ — Չեմ հաշվել:

1-ին ԿԻՆ — Վեց տարի կյանքս թունավորել ես: Նրա հետ օձի պես սողալով քո շունչն է մտել իմ տունը, նրա դեմքին տեսել եմ քո համբույրները, նրանից քո հոտն եմ առել, նրա խոսքերի մեջ քո բառերն եմ լսել… Հերիք չէ` կյանքս դժոխք ես դարձրել, հիմա էլ տանս մե՞ջ ես ուզում ինձ նվաստսցնել… Ասենք, ի՞նչ եմ խոսում… հիմա… (Կողքի սենյակից բերում է ավելն ու աղբի բահիկը:) Օձին սատկացնում են, կտորներն էլ աղբանոց են շպրտում… (Հարձակվում է Կնոջ վրա: Նա փորձում է “տեսքը չկորցնել”, ընկրկում է: Պտտվում են սեղանի շուրջ:)

2-րդ ԿԻՆ — Լսեք… լո՞ւրջ ուզում եք… ավելով… տիկին…

1-ին ԿԻՆ — Հիմա քեզ տիկին ցույց կտամ… կողերդ կջարդեմ… տեսնեմ ում մարդուն ես տանում…

2-րդ ԿԻՆ — Ծիծաղելի մի դառնա… ես ուրիշ հարցով եմ եկել:

1-ին ԿԻՆ — Մեր մեջ ի՞նչ հարց կարող է լինել: Գողացել ես` վայելիր, ինչո՞ւ ես եկել, հը՞… ինչո՞ւ… Թե՞ եկել ես ասելու, որ վերջնականապես ես տարել… (Այս մտքից հոգեվիճակը փոխվում է:) Հա~… վերջը հասար ուզածիդ, ոտով-գլխով ես տանում… Ամուսնացած կնոջ ես ուզում նմանվել, հա՞: Չգիտե՞ս, որ քեզպեսը տասը ամուսին էլ ունենա, միևնույն է, ճակատին գրված է պոռնիկ… պոռ-նիկ…

2-րդ ԿԻՆ — Ձենդ… մի բառ էլ ասիր… (Հայացքով փնտրում, սեղանի վրայից վերցնում է ձեռագործի մկրատը, պարզում առաջ:) Աչքերդ կհանեմ…

1-ին ԿԻՆ — Ինչ կանե՞ս…

2-րդ ԿԻՆ — Կսատկացնեմ:

1-ին ԿԻՆ — Անունդ տվեցի, կատաղեցի՞ր: Չգիտե՞ս, քեզպեսին ինչ են ասում` պո…

Հարձակվում են իրար վրա:

2-րդ ԿԻՆ(ափով փակում է նրա  բերանը): Ասի` ձենդ կտրի:

1-ին ԿԻՆ — (նրա ձեռքը ետ հրելով): Հեռու… Բայց դու էլ չես վայելի… Եթե քեզ հետ է եղել, կարծում ես քո՞նն է: Քեզնից լավին կգտնի ու կգնա:

2-րդ ԿԻՆ — Արդեն…

1-ին ԿԻՆ — Ի՞նչ` արդեն:

2-րդ ԿԻՆ — Գնացել է:

1-ին ԿԻՆ — Ո՞նց:

2-րդ ԿԻՆ — Գտել ու գնացել է:

1-ին ԿԻՆ — Ե՞րբ:

2-րդ ԿԻՆ — Ժամ ու կես կլինի:

1-ին ԿԻՆ — (թափը կոտրվում է): Ոնց թե` գնացել է… ո՞ւր… ո՞ւմ մոտ:

2-րդ ԿԻՆ — Ի՞նչ կարևոր է:

1-ին ԿԻՆ — Ո՞նց թե… Ինչքան էլ ուշանար, գիտեի` որտեղ է… (Նոր ըմբռնելով լսածը:) Ա~խ,  ուրիշի՞ն է գտել… Թողել է քեզ… Ուրեմն հասա՞ էս օրվան, որ քեզ թողեց…

2-րդ ԿԻՆ — Այնպես ես ուրախանում, կարծես գիրկդ է գալիս:

1-ին ԿԻՆ — Մի խանգարիր, թող ուրախանամ: Ինչքա~ն եմ սպասել էս օրվան… (Հիստերիկ ծիծաղով է բռնվում:)

2-րդ ԿԻՆ — Ի՞նչ ես հորթի պես խրխնջում:

1-ին ԿԻՆ — Հորթը չի խրխնջում, էդ դու ես խաբված իշուկը:

2-րդ ԿԻՆ — Ձենդ կտրի…

1-ին ԿԻՆ — Թե չէ աչքերս կհանե՞ս… Շատ պետքս է… Էլ աշխարհից պարտք ու պահանջ չունեմ` քո ոտքով եկար, լուրը բերեցիր… Ապրի ամուսինս, գոնե էս իղձս կատարեց: (Մի պահ զննում է դիմացինին, նորից ծիծաղում, արդեն` արհեստական ծիծաղով:) 

2-րդ ԿԻՆ(մոտենում, ապտակում է):

1-ին ԿԻՆ — (միանգամից լռում է, հետո ինքն է ապտակում):

Դադար: Սևեռուն նայում են իրար:

1-ին ԿԻՆ — Ո՞վ է:

2-րդ ԿԻՆ — Չգիտեմ:

1-ին ԿԻՆ — Անհնար է… դո՞ւ չիմանաս:

2-րդ ԿԻՆ — Գործուղումից եկա ու…

1-ին ԿԻՆ — Մենա՞կ էիր թողել… Իսկ մենակ տղամարդը դարպասները բաց…

2-րդ ԿԻՆ — … անտեր ամրոց է:

Սկսում են մանր ծիծաղել:

1-ին ԿԻՆ — Ինչո՞ւ ես եկել:

2-րդ ԿԻՆ — Երբ առաջին անգամ իմացար, որ քեզ դավաճանում է, ի՞նչ արեցիր:

1-ին ԿԻՆ — Քե՞զ ինչ:

2-րդ ԿԻՆ — Ճի՞շտ է, որ ինքնասպանության փորձ ես արել:

1-ին ԿԻՆ — Քե՞զ ինչ:

2-րդ ԿԻՆ — Ես նրան սպանելու եմ:

1-ին ԿԻՆ — Էդ ո՞ւմ…

2-րդ ԿԻՆ — Հանգիստ… Նոր չպարզեցի՞նք` նա ոչ իմն է, ոչ էլ քոնը: Դա մեր նմանությունն է: Իսկ տարբերությունն այն է, որ քեզ պես ինքնասպան չեմ լինի: Ես նրան խոստացել եմ, որ սպանելու եմ: Ու կսպանեմ:

1-ին ԿԻՆ — Շառդ քաշի գնա: Ոչ առաջինն ես, ոչ վերջինը: Դա մեր նմանությունն է: Իսկ տարբերությունը… գիտե՞ս` որն է:

2-րդ ԿԻՆ — Ասա` լսեմ:

1-ին ԿԻՆ — 27 տարվա մեջ ինչքան որ գնացել է, գիշերը վերադարձել է: Քո մոտից էլ այստեղ է եկել: Հիմա ուրիշի՞ն է գտել… Նորից սովորականի պես գիշերը կվերադառնա: Իսկ տանդ ճամփան կմոռանա:

2-րդ ԿԻՆ — Ու դու նրան կընդունես:

1-ին ԿԻՆ — Ու կընդունեմ: Իսկ դու գնա: Ու եթե նրա գլխից մի մազ պակասի, քեզ բանտում կփտեցնեմ:

2-րդ ԿԻՆ — Ասում էիր` նվաստացրել եմ քեզ… ի՞նչ է իմ արածը քոնի համեմատ… Դու ճիճվի հպարտություն անգամ չունես:

1-ին ԿԻՆ — Ինչ ասի՞ր:

2-րդ ԿԻՆ — Կընդունես նրան… հերթական սիրուհու գրկից: Հույս ունես, որ մի օր էլ չի՞ գնա… կմնա կողքի՞դ… Չէ, դու անհույս ես, իզուր էլ եկա:

1-ին ԿԻՆ — Դա ասելու համա՞ր ես եկել:

2-րդ ԿԻՆ — Ոչ միայն: Կարծում էի` կօգնես:

1-ին ԿԻՆ — Քե՞զ…

2-րդ ԿԻՆ — Որ նրան սպանեմ:

1-ին ԿԻՆ — Չէ, հաստատ ցնդել ես:

2-րդ ԿԻՆ — Հա, ցնդել եմ, իսկ դու ճաշ եփիր, նրա շորերը լվա-արդուկիր, որ գոնե գիշերները տուն վերադառնա: Տուն, բայց ոչ` ընտանիք: Ասենք, դու դրանց տարբերությունը չես հասկանում:

1-ին ԿԻՆ — (ավելը ձեռքն է առնում):

2-րդ ԿԻՆ — Գնում եմ, նորից չսկսես: Իսկ ես իմ խոսքի տերն եմ:

1-ին ԿԻՆ — Պոռնիկ:

2-րդ ԿԻՆ — Ճիճու: (Դուրս է նետվում` մոռանալով վերարկուն:)

Կատաղության նոպա 1-ին Կնոջ մոտ: Նրա պարը: Ի վերջո հանդարտվում է  ու փլվում հատակին: Դուռը բացվում է, 2-րդ Կինը ուզում է աննկատ վերցնել վերարկուն, բայց անզգույշ շարժումով “բացահայտվում է”:

2-րդ ԿԻՆ(վերցնելով վերարկուն): Մոռացել էի…

1-ին ԿԻՆ — Սպասիր:

2-րդ ԿԻՆ(սպասողական նայում է):

1-ին ԿԻՆ — Որոշել ես սպանե՞լ:

2-րդ ԿԻՆ — Խոստացել եմ: Իրեն:

1-ին ԿԻՆ — Կկարողանա՞ս:

2-րդ ԿԻՆ(հանկարծակիի եկած): Դժվարը սկիզբն է:

1-ին ԿԻՆ — Նախանձեցի քեզ:

2-րդ ԿԻՆ(վերարկուն դնում է բազմոցին): Ուշացել ես:

1-ին ԿԻՆ — (ասես չլսելով նրան, ավելի հարմար է տեղավորվում հատակին: Նրա մեջ ինչ-որ բան է փոխվել, ասես քիչ առաջվա կինը չլինի): Վեց տարի ինձնից տարել ես… չգիտեմ էլ` ում` ամուսնո՞ւս, իմ տղամարդո՞ւն… Բայց տարել ես: Գողը դու ես, ես եմ ամաչել: Որովհետև տանողն է իրավացի: Ես դա ուշ հասկացա… քիչ առաջ հասկացա: (Դժվարությամբ է գտնում բառերը:) Հա, ես ատել եմ քեզ, անիծել, արհամարհել, բայց երբեք չեմ նախանձել: Իսկ քիչ առաջ նախանձեցի:

2-րդ ԿԻՆ — Ինչի՞ս…

1-ին ԿԻՆ — Ներել չես կարող:

2-րդ ԿԻՆԸ անսպասելի փլվում է հատակին, համարյա նույն դիրքով, ինչ 1-ին ԿԻՆԸ, ու ողբաձայն լալիս է: 1-ին ԿԻՆԸ անսպասելիությունից նախ կարկամում է, հետո… ինքն էլ է սկսում ողբալ: Համարյա միանման են ողբում: Իրավիճակ` հնարավոր է ամեն ինչ…

2-րդ ԿԻՆ — Ես առանց նրան ապրել չեմ կարող: Մինչև վերջին րոպեն չէի հավատում… Գիտե՞ս, ինչ ասաց գնալուց առաջ:

1-ին ԿԻՆ — Ի՞նչ իմանամ…

2-րդ ԿԻՆ — Սիրահարվել եմ: Հետն էլ մխիթարեց. “Միայն քեզ կարող եմ ասել…”:

1-ին ԿԻՆ — Քանի՞ տարեկան ես: Ես հիսուն եմ:

2-րդ ԿԻՆ — Երեսունհինգ:

1-ին ԿԻՆ — Իսկ նա՞:

2-րդ ԿԻՆ — Ինչի՞դ է պետք:

1-ին ԿԻՆ — Չես հասկանա… Ո՞նց ես որոշել սպանել:

2-րդ ԿԻՆ — Ի՞նչ ես կպել… Խանդից խելքս կորցրել եմ…

1-ին ԿԻՆ — Չհասկացա… Քիչ առաջ ի՞նչ էիր ասում:

2-րդ ԿԻՆ — Շատ բան էի ասում… ամեն ասածս որ անեմ…

1-ին ԿԻՆ — Դու խոստացել ես:

2-րդ ԿԻՆ — Հետո՞ ինչ…

1-ին ԿԻՆ — Չեղավ… Որոշել ես սպանել: Ես քեզ կօգնեմ:

2-րդ ԿԻՆ — Օրինական ամուսնո՞ւդ…

1-ին ԿԻՆ — Հա:

2-րդ ԿԻՆ — Տղայիդ հո՞րը…

1-ին ԿԻՆ — Այո:

2-րդ ԿԻՆ(չորեքթաթ մոտենում է, ափը դնում ճակատին): Ոչինի, կանցնի… մի քիչ կխոսենք, կանցնի:

1-ին ԿԻՆ — Չի անցնի: Մինչև նրան չսպանենք:

Միջնարար: Նրանց պարը:

 

Տեսարան.Նույն սենյակն է, հաջորդ օրը: Սեղանի երկու կողմում նստած են 1-ին և 2-րդ Կինը: Ներքուստ լարված` աշխատում են ցույց չտալ իրենց զգացմունքները:

2-րդ ԿԻՆ — Ե՞րբ տուն եկավ:

1-ին ԿԻՆ — Սովորականի պես:

2-րդ ԿԻՆ — Տեսքը… ոնց էր:

1-ին ԿԻՆ — Քե՞զ ինչ: Ինչո՞ւ մի քանի օր առաջ չէիր հարցնում, երբ քո մոտից էր գալիս:

2-րդ ԿԻՆ — Համբերությունս սահման ունի:

1-ին ԿԻՆ — Իմն էլ: Ապուշ հարցեր չտաս: Քանի՞ օր չես տեսել:

2-րդ ԿԻՆ — Ինձնից լավ գիտես… երեք օր: (Դադար:)

1-ին ԿԻՆ — Հուսով եմ` ամուսնուս չես սպասում:

2-րդ ԿԻՆ — Ուրիշի տղամարդուն սպասելու սովորություն չունեմ: (Սևեռուն նայում են իրար:)

1-ին ԿԻՆ — Սատանան ասում է` թևիցդ բռնեմ, դուրս շպրտեմ:

2-րդ ԿԻՆ — Սկանդալ կսարքեմ: Հարևաններդ վրա կտան… Լսիր, ինչո՞ւ ես դրանցից սարսափում:

1-ին ԿԻՆ — Որովհետև մենակ ես, դու ու չոր գլուխդ: Իսկ ես չափահաս տղա ունեմ… բակում մեկը մի խոսք ասի` տաքգլուխ է… հետո՞…

2-րդ ԿԻՆ — Տես, է, ուր հասավ… (Դռան զանգ:) Եկավ: (Գնում է նախասրահ: 1-ին Կինը լարված սպասում է, գուցե ամուսնո՞ւն: Նա վերադառնում է 3-րդ Կնոջ հետ:) Եկեք… նստեք:

3-րդ ԿԻՆ — Գուցե նախ բնակարա՞նը նայեմ:

1-ին ԿԻՆ — Ի՞նչ…

2-րդ ԿԻՆ(ընդհատելով,աթոռ է հրամցնում 3-ին): Կհասցնեք: Բնակարանը ձեզ դուր կգա: Նստեք:

3-րդ ԿԻՆ — (նստում է, դիմում ապշահար 1-ին Կնոջը): Բարև ձեզ:

1-ին ԿԻՆ — Բարև:

3-րդ ԿԻՆ — Ո՞վ է տանտերը:

2-րդ ԿԻՆ(ցույց տալով 1-ին): Նա է:

3-րդ ԿԻՆ — Իսկ դուք Աննայի ընկերուհին եք:

2-րդ ԿԻՆ — Այո:

1-ին ԿԻՆ — (համբերությունը հատած): Գուցե բացատրե՞ք, թե ինչ է կատարվում:

2-րդ ԿԻՆ (կանխելով 3րդ Կնոջը): Այս օրիորդը… ես չե՞մ սխալվում… օրիո՞րդը…

3-րդ ԿԻՆ — Ես ամուսնացած չեմ:

2-րդ ԿԻՆ — Օրիորդը վարձով բնակարան է փնտրում: Աննայից իմացա և հասցեն տվեցի…

1-ին ԿԻՆ — Ո՞ւմ հասցեն տվեցիր:

2-րդ ԿԻՆ — Դե, իհարկե, քոնը, սիրելիս:

1-ին ԿԻՆ — Ոչինչ չեմ հասկանում:

3-րդ ԿԻՆ — Չհասկանալու ի՞նչ կա… վարձով բնակարան եմ փնտրում: Ձեր հասցեն են տվել:

1-ին ԿԻՆ — Ի՞նչ օյիններ են… (Հանկարծ գլխի է ընկնում, սևեռուն նայում 2-ին, թունոտ:) Նա՞ է…

2-րդ ԿԻՆ — Հարգեցի: Կանացի բնազդդ վերջնականապես չի բթացել:

1-ին ԿԻՆ — Համա թե օձն ես…

2-րդ ԿԻՆ — Ի՞նչ օձ առանց թույնի:

3-րդ ԿԻՆ — Լսեք… ես ոչինչ չեմ հասկանում…

1-ին ԿԻՆ — Դու դեռ սուս… (2-րդ Կնոջը.) Ինչո՞ւ ես սրան քաշել-բերել այստեղ:

2-րդ ԿԻՆ — Չե՞ս հասկանում:

3-րդ ԿԻՆ — Ո՞նց թե… ի՞մ մասին է խոսքը…

2-րդ ԿԻՆ — Դու սուս մնա: (1-ին Կնոջը.) Տեսա՞ր ոնց գտա:

1-ին ԿԻՆ — Դրան վերցրու, ու չքվեք այստեղից:

3-րդ ԿԻՆ — Լսեք… լսեք… (Տեսնելով, որ ուշադրություն չեն դարձնում, ձեռքն ուժեղ խփում է սեղանին:) Ձեզ հետ եմ…

Երկուսը նայում են 3-րդ Կնոջը: Զարմանքը փոխվում է կանացի հետաքրքրասիրությանսկսում են զննել` անթաքույց, գնահատող: 3-րդ Կինը համարյա վախեցած է:

3-րդ ԿԻՆ — Էս… ո՞ւր եմ ընկել:

1-ին ԿԻՆ — Հարեմ:

2-րդ ԿԻՆ — Ապրես: Գտար: (Լրջանալով🙂 Լավ, անցնենք գործի: Օրիորդը…  Երկու շաբաթ առաջ սրճարանում ծանոթացել է մի տղամարդու հետ: Ու մի քանի օր անց դարձել նրա սիրուհին: Ժամանակի գինը լավ գիտե… Ու բնակարան է ուզում վարձել…

3-րդ ԿԻՆ — Ես եկել եմ բնակարան տեսնելու, ոչ թե խոստովանվելու… երկու ցնդած պառավի մոտ:

1-ին և 2-րդ ԿԻՆ(միասին): Ի՞~նչ…

3-րդ ԿԻՆ — Ոչինչ: (Ուզում է տեղից բարձրանալ🙂

2-րդ ԿԻՆ(ուժով նստեցնում է): Նստիր… մենք դեռ չենք ավարտել:

3-րդ ԿԻՆ — Դո՞ւք… ո՞վ եք դուք:

2-րդ ԿԻՆ — Ես այդ տղամարդու սիրուհին եմ, նա` կինը:

Լռություն: 3-րդ Կինը ապշահար նայում է նրանց:

3-րդ ԿԻՆ — Ես գնամ, հա՞…

1-ին ԿԻՆ — Ո՞ւր… սա նրա բնակարանն է:

2-րդ ԿԻՆ — Սրանից լա՞վը պիտի գտնես:

3-րդ Կինը զննում է շուրջը` ասես հոգեբուժարանում լինի:

1-ին ԿԻՆ — (2-րդ Կնոջը): Վերջ տուր: Չե՞ս տեսնում, մեզ աննորմալի տեղ է դնում:

3-րդ ԿԻՆ — Իսկ դուք նորմա՞լ եք:

2-րդ ԿԻՆ — Իրեն չի էլ կորցնում:

3-րդ ԿԻՆ — Երկուսդ էլ աննորմալ եք:

1-ին ԿԻՆ — Դե, դե…

3-րդ ԿԻՆ — Շատ էլ ճիշտ էի` ցնդած պառավներ:

2-րդ ԿԻՆ(սպառնալի քաղցրությամբ): Փոքրիկ… լեզվիդ չափը իմացիր:

3-րդ ԿԻՆ — Ինչի՞… Եթե նորմալ լինեիք, էդպես համերաշխ վրա կտայի՞ք: (Իբր վախեցած🙂 Լսեք, կարո՞ղ է` այստեղ իսկական հարեմ է… (Վեր է թռչում, կես` լպիրշ, կես` ինքնապաշտպանական🙂 Է~յ, էլ ո՞վ կա… դուրս եկեք, տեսնեմ: (Հերթով բացում է դռները, հետո գալիսկանգնում երկուսի դիմաց🙂 Չէ, երկուսդ եք… դուք էլ խաղից դուրս եք, ավելորդ եք, չկաք, գոյություն չունեք…

1-ին ԿԻՆ — Ցնդեցի՞ր:

3-րդ ԿԻՆ — Կարծեցիք թակարդն եք գցում, դատավո՞ր եք գլխիս: Չի ստացվի: Ասացե~ք, խնդրեմ, կի~նը, սիրուհի~ն… Ե՞ս ով եմ:

1-ին և 2-րդ Կանայք նայում են իրար:

1-ին ԿԻՆ — Մե՞զ ես հարցնում:

3-րդ ԿԻՆ — Նա ինձ է սիրում: Ես եմ նրա կինն ու սիրուհին:

2-րդ ԿԻՆ — Այսքան ջահել ու այսքան անպատկառ:

3-րդ ԿԻՆ — Նա ինձ ամուսնության առաջարկ է արել: (Սպասում է արձագանքի, բայց նրանք լռում են:Նստում է, լարված սպասում🙂

Լռությունը երկարում է, վերածվում է պարի: Ավարտից հետո  նստում են նախկին դիրքով:  3-րդ Կնոջ նյարդերը տեղի են տալիս:

3-րդ ԿԻՆ — Ինչո՞ւ եք լռում: Խոսեք: Ինչ-որ բանի համար ինձ կանչել եք, չէ՞… (1-ին Կնոջը.) Թույլ եմ տալիս, դուք սկսեք:

1-ին ԿԻՆ — (2-րդին):  Քո բերածն է… դու էլ սկսիր:

2-րդ ԿԻՆ(ընդարմացումից դուրս գալով, իր մտքերի հետ): Ինձ այդպես էլ չառաջարկեց…

1-ին ԿԻՆ — Քեզ մի կոտորի, օր ծերության խելքը թռցրել է:

3-րդ ԿԻՆ — Ի՞նչ ծերություն… ընդամենը 54 տարեկան է:

2-րդ ԿԻՆ — Իսկ դու դեռ 25:

3-րդ ԿԻՆ — (անտեսելով նրա ասածը): Վերջապես խոսելո՞ւ եք:

2-րդ ԿԻՆ — Դու պիտի ամուսնանաս նրա հետ:

1-ին ԿԻՆ — Ի՞նչ…

2-րդ ԿԻՆ — Դու սուս: Հետո կհասկանաս: (3-ին.) Մենք ուզում ենք, որ դու դառնաս նրա կինը:

1-ին ԿԻՆ — Մե՞նք…

2-րդ ԿԻՆ(1-ի ասածին ուշադրություն չդարձնելով): Մենք: Նախկիններս… որ խաղից դուրս ենք, ավելորդ ենք… էլ ի՞նչ ասացիր… հա, գոյություն չունենք…

3-րդ ԿԻՆ — Վայ, մամ ջան… Էսքան տարի խեղճը ո՞նց է դիմացել էս երկու գժին:

2-րդ ԿԻՆ — Դրա համար էլ փախավ: Ու դու կընդունես նրա առաջարկը:

1-ին ԿԻՆ — Իմ անունից չխոսես:

3-րդ ԿԻՆ — (կարճ մտորելուց հետո): Մինչև իմ գալն էիք որոշել ինձ ամուսնացնել:

2-րդ ԿԻՆ(կանխելով 1-ին🙂 Հա:

3-րդ ԿԻՆ — Կինը…

2-րդ ԿԻՆ — Հա…

3-րդ ԿԻՆ — Սիրուհին…

2-րդ ԿԻՆ — Հա…

3-րդ ԿԻՆ — Որոշել եք ինձ ամուսնացնե՞լ…

2-րդ ԿԻՆ — Ասացի` հա:

3-րդ ԿԻՆ — Ինչո՞ւ:

2-րդ ԿԻՆ — Որ նա երջանիկ լինի:

1-ին ԿԻՆ — (պայթում է): Վերջ: Երկուսդ էլ դուրս անցեք. շուտ… քանի ավելը չեմ բերել: (Գնում է դեպի դուռը🙂 Դուրս…

2-րդ ԿԻՆ — Կամաց… Հարևաններիդ մոռացա՞ր: Ի~նչ թեմա է` երեք կնիկ իրար մազ են փետում…

3-րդ ԿԻՆ — Երկու կին, հարգելիս, ես կապ չունեմ: (Գնում է դեպի դուռը🙂 Ուզում եք իրար ծեծեք, կերեք, ինչ ուզում եք` արեք… Ինձ սպասող կա: (1-ին Կնոջը.) Իրեն հարգող կինը այս սանրվածքով փողոց դուրս չի գա:

2-րդ ԿԻՆ — Չափդ ճանաչիր:

3-րդ ԿԻՆ — Իսկ դուք գիրանում եք: Այդ բլուզը չի թաքցնում ձեր ավելորդ քաշը:

1-ին ԿԻՆ — Այս տարիքում այսքան լկտիությո՞ւն:

3-րդ ԿԻՆ — (հազիվ է զսպում լացը: Հարձակումը նրա ինքնապաշտպանությունն է🙂 Եվ փոխեք ձեր անճաշակ վարագույրները: Հիմա տաֆտան է մոդա: (Դուրս է գնում` դուռն աղմուկով փակելով🙂

1-ին ԿԻՆ — Արածդ դուրդ եկա՞վ:

2-րդ ԿԻՆ — Գոնե տեսանք` ով է:

1-ին ԿԻՆ — Հիմա կպատմի նրան…

2-րդ ԿԻՆ — Թող պատմի: Չե՞ս հասկանում. որ նրան վերջնականապես կորցրել ես:

1-ին ԿԻՆ — Դու էլ:

Իրար են նայում: Համր խաղ:

1-ին ԿԻՆ — Կողքից իսկապես գժի տեսք ունենք: Էլ չեմ ուզում շարունակել… Գնա, ինչ ուզում ես` արա: Ինձ հանգիստ թող:

2-րդ ԿԻՆ — Ինչ հանգիստ ես խոսում:

1-ին ԿԻՆ — Ես սպասել եմ այս օրվան… Երբ իմացա նրա առաջին դավաճանության մասին, այն ժամանակ պիտի հեռանայի: Չկարողացա… Սիրում էի… վախենում էի մենակությունից… Այդ օրվանից ամեն ինչ դարձավ սովորական… Քեզ հետ ոչ առնելիք ունեմ, ոչ` տալիք: Ինչ արեցիր ինձ, նույնը ստացար: Մեջս ուժ չի մնացել… ինքդ գլուխ հանիր այս ամենից: Էլ աչքիս չերևաս:

2-րդ Կինը բարձրանում է տեղից, այդ պահին ներս է խուժում 3-րդ Կինը:

3-րդ ԿԻՆ — Բայց ի~նչ դեմք եք… Պատմեմ` չեն հավատա, որ նախկին կինն ու նախկին սիրուհին նոր սիրուհուն ստիպում են ամուսնանալ իրենց ընդհանուր օգտագործման տղամարդու հետ:

1-ին ԿԻՆ — Վատ բա՞ն ենք առաջարկում:

3-րդ ԿԻՆ — Հիմա ես շրջապատված եմ շատերի ուշադրությամբ, եթե ամուսնանամ, կդառնամ խաղալիք, ոնց ուզի` այնպես կվարվի հետս:

2-րդ ԿԻՆ — Սիրած մարդուն ամեն ինչ ներելի է:

3-րդ ԿԻՆ — Որ մի օր էլ ինձ դավաճանի՞:

1-ին ԿԻՆ — Ավելի քան հնարավոր է:

3-րդ ԿԻՆ — Ես ձեզ պես չեմ, չեմ ների:

1-ին ԿԻՆ — Դեռ չծանոթացած` պիտի պատրաստ լինես ներել:

3-րդ ԿԻՆ — Ձեր մարդասիրական ներողամտությունը որքա՞ն է տևել:

1-ին ԿԻՆ — Քանի դեռ իմ կողքին էր:

3-րդ ԿԻՆ — Ու նա չի՞ գնահատել ձեր մեծահոգությունը:

2-րդ ԿԻՆ — Քեզ չի վերաբերվում:

1-ին ԿԻՆ — Ոչ էլ քեզ:

3-րդ ԿԻՆ — Չի գնահատել: Դա նրա թերությունն է…

2-րդ ԿԻՆ(ընդհատելով): Մի ամիս չկա, ե՞րբ հասցրիր իմանալ:

3-րդ ԿԻՆ — Այդ դու ես ինքնամոռաց նետվել նրա գիրկը: Իսկ իմ խելքը տեղն է: Այո նա հետաքրքիր տղամարդ է, նա կարողանում է շշմեցնել…

2-րդ ԿԻՆ — Այդ մեկը` հա:

3-րդ ԿԻՆ — Գերել, հիացնել…

1-ին ԿԻՆ — Ինչ կա` կա:

3-րդ ԿԻՆ — Բայց… (1-ին Կնոջը.) Նա պիտի պաշտեր քեզ` տնարար, ընտանիքին նվիրված… իսկ նա՞` դավաճանել է ու խաբել, խաբել է ու դավաճանել: (2-րդ Կնոջը.) Նրա պատճառով թողեցիր ամուսնուդ, իսկ նա թողեց քեզ: Եվ այսքանը իմանալով ամուսնանա՞մ նրա հետ:

2-րդ ԿԻՆ — Բայց սիրում եք իրար:

3-րդ ԿԻՆ — Հետո՞ ինչ: (Կարճ դադար: Այլ տոնով🙂 Հասկանում եմ, ուզում եք վրեժխնդիր լինել: Եղեք: Բայց ոչ իմ ձեռքով:

1-ին ԿԻՆ — Ինչո՞ւ:

3-րդ ԿԻՆ — Որովհետև սիրում եմ նրան: Առայժմ սիրում եմ: Իսկ ձեզ խորհուրդ կտամ համակերպվել: Նա հիմա թունդ սիրահարված է: Տղամարդկանց հետ դա պատահում է` տարիքային ճգնաժամ է կոչվում: Ես դրան “վերջին թռիչքի սինդրոմ” եմ ասում: Կանցնի:

1-ինը և 2-րդը նայում են իրար:

3-րդ ԿԻՆ — Հիմա մտածում եք` երեկվա կաթնակերը կյանք է սովորեցնում…

1-ին ԿԻՆ — … երկու ցնդած պառավի:

3-րդ ԿԻՆ — Դուք ստիպեցիք, որ ասեմ: Կարծում եք, հե՞շտ է կռիվ տալ նախկինների հետ, այն էլ` թշնամու դաշտում:

2-րդ ԿԻՆ — Նախկինը այնքան էլ վատ բառ չէ, նշանակում է` նախ կինը, հետո` մնացյալը:

Լարվածությունը թուլանում է:

3-րդ ԿԻՆ — Իսկ վարագույրներն լավն են, ճաշակով…

1-ին ԿԻՆ — Լսեք, դուք հասկանո՞ւմ եք, թե այստեղ ինչ է կատարվում:

 

Սկսում են ծիծաղել` անբնական վիճակը մեղմելու նպատակով: Ներս է մտնում Տղամարդը: Տեսնելով կարծես թե խաղաղորեն իրար ժպտացող երեք կանանց` քարանում է:

 

ՏՂԱՄԱՐԴ — Էս… ինչի՞ եք հավաքվել:

1-ին ԿԻՆ — Որ ասեմ` սուրճ խմելու, կհավատա՞ս:

ՏՂԱՄԱՐԴ — Վատ միտք չէ` ես կխմեի: (Նստում է🙂

Երեքը, ասես խոսքները մեկ արած, կանգնում են կողք կողքի:

ՏՂԱՄԱՐԴ — Երկա՞ր եք լռելու:

2-րդ ԿԻՆ — Խոսե՞նք:

1-ին ԿԻՆ — Եթե պնդում ես…

3-րդ ԿԻՆ — Դու նրանց մի լսիր…

ՏՂԱՄԱՐԴ — Այսպիսի հնարավորությունը ինչպե՞ս բաց թողնեմ: Ո՞վ կսկսի:

1-ին ԿԻՆ — Ես: Ես բաժանվում եմ քեզնից: (Կարծես կողքից է լսում իրեն🙂 Ես բաժանվում եմ քեզնից: (Զարմացած🙂 Ինչպես եմ վախեցել այս բառերից, պարզվում է` այնքան հեշտ է ասելը:

2-րդ ԿԻՆ — Դու ազատ ես: Ամեն ինչ անցած է, ես քեզ չեմ սպանի, ինչպես խոստացել էի:

Երկուսը նայում են 3-ին, նա լռում է:

ՏՂԱՄԱՐԴ — (3-ին): Դո՞ւ ինչ կասես:

3-րդ ԿԻՆ — Նրանք ուզում են, որ ամուսնանամ քեզ հետ:

ՏՂԱՄԱՐԴ — Նրանք ուզում են, իսկ դո՞ւ:

3-րդ ԿԻՆ — Ես չեմ ուզում:

ՏՂԱՄԱՐԴ — Ուրեմն ես ազատ եմ… (Բարձրանում է տեղից, նրան հաջողվում է պահպանել ինքնատիրապետումը: 2-րդ Կնոջը.) Սա քո արածն է, միայն դու կարող էիր գալ այստեղ, նրան էլ (3-րդ Կնոջը նկատի ունի) հետդ բերել և այնպես անել, որ իրար հետ կռվելու փոխարեն դավադրություն կազմակերպեք իմ դեմ: Դա քեզ հաջողվեց: Իմ սարքած թատրոնն ի՞նչ է քոնի համեմատ: (1-ին Կնոջը.) Բայց դո՞ւ… ինչպես ընկար նրա թակարդը: Գոնե հասկանո՞ւմ ես` ինչ արեցիր: (3-րդ Կնոջը.) Իսկ դու կարծում ես, նրանք իսկապե՞ս ուզում են, որ իմ կինը դառնաս: Միամիտ աղջիկ… (Հերթով նայում է երեքին🙂 Ինչքան նման եք իրար, գոնե գիտե՞ք, թե ինչքան նման եք իրար: (Գնում է դեպի դուռը🙂

3 Կանայք` միասին Ո՞ւր:

ՏՂԱՄԱՐԴ — (արագ դուրս է գնում🙂

Երեք կին հայացքով ուղեկցում են նրան:

 

3-ՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Այս գործողությունը կատարվելու է միաժամանակ երեք տարածքներում: Տրամարդը զանգելու է երեք կանանցից յուրաքանչյուրին և ամեն մեկի հետ պիտի խոսի իրավիճակին համապատասխանող տեսարանում:

1-ին ԿԻՆ — Ալո: (Տղամարդը լռում է🙂 Լսում եմ… (Այլ տոնով🙂 Դո՞ւ ես… Գիտեմ, որ դու ես: Դու ես, չէ՞:

ՏՂԱՄԱՐԴ — Էլ ով կարող էր լինել:

1-ին ԿԻՆ — Ո՞ւր ես կորել:

ՏՂԱՄԱՐԴ — Ինչպես տեսնում ես, չեմ կորել:

1-ին ԿԻՆ — Չեմ տեսնում, լսում եմ: Հետո՞:

ՏՂԱՄԱՐԴ — Այսինքն…

1-ին ԿԻՆ — Իրերդ հավաքեցիր ու գնացիր: Իսկ շարունակությո՞ւնը:

ՏՂԱՄԱՐԴ — Այդքանից հետո ի՞նչ շարունակություն:

1-ին ԿԻՆ — Այնքան եմ մտածել` եթե հանկարծ բաժանվենք… ինչպե՞ս պիտի բաժանվենք: Ինչ-որ տեսարաններ էի պատկերացնում, խոսքեր, բացատրություններ, բայց այսպիսի՞ բաժանում:

ՏՂԱՄԱՐԴ — Ուզածդ ի՞նչ է:

1-ին ԿԻՆ — Ասում են` կինը երկու անգամ կարող է երջանկացնել տղամարդուն. ամուսնանալու և բաժանվելու պահերին: Ուզում էի քեզ երջանկացնել հանդիսավոր պայմաններում…

ՏՂԱՄԱՐԴ — Դրանից է՞լ հանդիսավոր:

1-ին ԿԻՆ — Բայց առանց վկաների… հատկապես` առանց այդ վկաների: Գոնե երջանկացրի՞ քեզ:

ՏՂԱՄԱՐԴ — Երջանկացրիր:

1-ին ԿԻՆ — Ինձ զարմացնում է, որ ոգևորված չես:

ՏՂԱՄԱՐԴ — Ինձ էլ զարմացնում է, որ այդքան հանգիստ ես խոսում:

1-ին ԿԻՆ — Պաշտոնական սիրուհիդ էլ զարմացավ հանգստությանս վրա: Ուրախ եմ, որ կողքից այդպես է երևում:

ՏՂԱՄԱՐԴ — Քո ուրախության մեջ էլ ոգևորություն չկա:

1-ին ԿԻՆ — Մեր համատեղ կյանքը շատ երկարեց` դու ինձ նայում ու չէիր տեսնում, ես էլ առանց քեզ նայելու տեսնում էի մտքերդ, արարքներդ… քեզ: Դա շատ հոգնեցուցիչ է, եթե չասեմ` վիրավորական է:

ՏՂԱՄԱՐԴ — Հիմա, երբ ամեն ինչ վերջացած է, ուզում եմ հարցնել. ինչո՞ւ էիր այդքան ներողամիտ:

1-ին ԿԻՆ — Ո՞վ ասաց, որ ներողամիտ էի:

ՏՂԱՄԱՐԴ — Ներելը ո՞նց է լինում:

1-ին ԿԻՆ — Հիշո՞ւմ ես, ամենասկզբում…

ՏՂԱՄԱՐԴ — Հա, մի ժամ աշխատանքից ուշանայի` արցունքներ, տեսարան… Ու մի օր հանկարծ այդ ամենը կտրվեց:

1-ին ԿԻՆ — Հանկա՞րծ:

ՏՂԱՄԱՐԴ — Դե… մանրամասները չեմ հիշում, մի օր գլխի ընկա, որ այդ ամենը չկա, վերջացել է:

1-ին ԿԻՆ — Ամռանը գնացիր հանգստանալու: Իբր` մենակ: Բայց իմացա, որ մենակ չէիր գնալու… Խնդրեցի` միասին գնանք: Մեր ամուսնության երրորդ տարին էր:

ՏՂԱՄԱՐԴ — Երեխան փոքր էր… Ոչ տանել կլիներ, ոչ էլ թողնել: Բացատրեցի, դու համաձայնվեցիր:

1-ին ԿԻՆ — Լուռ լսեցի, ճամպրուկդ հավաքեցի: Գնացիք: Ես էլ մի տուփ դեղ խմեցի ու…

ՏՂԱՄԱՐԴ — Ի~՞նչ…

1-ին ԿԻՆ — Հա: Բայց հիմարությունս կարճ տևեց: Երեխաս լացեց: Մի կերպ զանգեցի շտապօգնություն: Երբ ուշքի եկա, հասկացա, որ սերը մեռավ:

ՏՂԱՄԱՐԴ — Ոչինչ չեմ իմացել…

1-ին ԿԻՆ — Դա իմ փոքրիկ վրեժն էր: Ես էլ ամենավերջինն եմ իմացել քո սիրային կապերի մասին:

ՏՂԱՄԱՐԴ — Ուրեմն այսքան տարի դու ոչ թե ներել, այլ թքա՞ծ ես ունեցել ինձ վրա:

1-ին ԿԻՆ — Վերջապես հասկացար:

ՏՂԱՄԱՐԴ — Դաժան ես:

1-ին ԿԻՆ — Ավելի դաժանը կա… Դու չբաժանված ամուսնանում ես, իսկ ինձ սպանելու ահով անգամ չեն ստիպի մեկ անգամ էլ ամուսնության մասին մտածել: Հարցրու` ինչո՞ւ:

ՏՂԱՄԱՐԴ — Հետաքրքիր է:

1-ին ԿԻՆ — Որովհետև ես իդեալական կին եմ եղել քեզ համար, ու դու մտածում ես, որ հաջորդն էլ ինձ նման կլինի: Գուցե` ավելի լավը: Իսկ քեզնից հետո ես մենաստան կգնամ: Ստացվում է` իդեալական լինելով քեզ ստիպում եմ դավաճանել ինձ: Դու քո սրիկայությամբ ստիպում ես, որ հավատարիմ մնամ քեզ: Այստեղ էլ բախտդ բերեց:

ՏՂԱՄԱՐԴ — Դա քո սովորությունն է` երբ ուզում ես լաց լինել, կատակում ես:

1-ին ԿԻՆ — Չե՞ս մոռացել:

ՏՂԱՄԱՐԴ — Մոռացել էի… հիմա հիշեցի: Այս երկու օրում շատ բան հիշեցի, մտածեցի… Կարծես աչքերս փակ էին ու բացվեցին: Ինչո՞ւ կյանքս այսպես դասավորվեց` անընդհատ ինչ-որ բան էի փնտրում, կարծես հոսանքին հանձնված լողում էի…

1-ին ԿԻՆ — Մի գրկից մյուսը:

ՏՂԱՄԱՐԴ — Ես համոզված էի, որ այն բոլոր կանանց երջանկացնում եմ, նրանց համար ցանկալի եմ, անփոխարինելի… Որտեղի՞ց էր այդ վստահությունը, որ նրանց պետք եմ, որ առանց ինձ նրանցից որ մեկը լիակատար կին չի դառնա, որ ես նրանց կյանք եմ տալիս: Բայց հիմա հասկացա, որ նրանցից ոչ մեկը ինձ հետ երջանիկ չի եղել, որովհետև բոլորն էլ համոզված էին, որ ես ժամանակավոր եմ: Ես նրանց տառապանք եմ տվել:

1-ին ԿԻՆ — Դու քեզ նման չես…

ՏՂԱՄԱՐԴ — Ինչ-որ բան փոխվեց:

1-ին ԿԻՆ — Երբ ներս մտար ու տեսար երեքի՞ս… միասի՞ն…

ՏՂԱՄԱՐԴ — Ես հասկացա, որ երեքիդ միավորել է ատելությունը ու մեղավորը ես եմ…

1-ին ԿԻՆ — 27 տարի ապրել ենք մի հարկի տակ, բայց հիմա քեզ չեմ ճանաչում:

ՏՂԱՄԱՐԴ — Ես էլ ինձ չեմ ճանաչում: Բայց մի բան գիտեմ` սա վերջն է:

1-ին ԿԻՆ — (զգուշավոր): Ինչո՞ւ` վերջ:

ՏՂԱՄԱՐԴ — Այդ բառը բացատրություն չունի: (Դադարից հետո🙂 Տղաս ի՞նչ ասաց:

1-ին ԿԻՆ — Ասացի` բաժանվեցինք: Լուռ լսեց, գնաց իր սենյակը: Իսկ առավոտյան, ասես ոչինչ չէր եղել, հարցրեց. “Պապան չի՞ եկել”:

ՏՂԱՄԱՐԴ — Դու ի՞նչ ասացիր:

1-ին ԿԻՆ — Սովորականի պես:

ՏՂԱՄԱՐԴ — Պարզ է, խոսել չես ուզում: Իսկ հարևաննե՞րը…

1-ին ԿԻՆ — Կյանքս խորտակվել է, պիտի մտածեմ նրանց մասի՞ն:

ՏՂԱՄԱՐԴ — Աչքիս առաջ դու ես` 26 տարի առաջ: Հիշո՞ւմ ես, ծննդատնից դուրս եկար` բարուրը գրկած: Նիհարել էիր, աչքերդ ավելի էին մեծացել ու նրանցում խորություն էր հայտնվել: Ես նայեցի քո փխրուն ուսերին, սիրտս կծկվեց, ինքս ինձ ասացի` այս աշխարհում ես պիտի լինեմ քո պաշտպանը: Քո և իմ զավակի: (Դադար🙂 Ե՞րբ կորցրի քեզ:

1-ին ԿԻՆ — Երբ քեզ թվաց, թե ուզում ես գտնել քեզ:

ՏՂԱՄԱՐԴ — Սիրուն բառեր են, բայց` սխալ: 27 տարին բառերով չես բացատրի: Մեզ թվում է` խաղում ենք կյանքի հետ: Բայց կյանքն է խաղում մեզ հետ: Ում բախտը ժպտաց` խաղից դուրս կգա գոնե հաշմանդամ չդարձած

1-ին ԿԻՆ — (տագնապած):  Չգիտեմ` ինչ ես ուզում ասել, բայց ձայնդ դուրս չի գալիս:  Խնդրում եմ…

ՏՂԱՄԱՐԴ — (ընդհատում է, համարյա կոպիտ): Միայն չխղճաս: Գիտե՞ս ինչու ես այսքան տարի ապրել ինձ հետ: Ոչ միայն այն պատճառով, որ սիրում էիր: Դու կարող էիր սիրել միայն ուժեղ, խելացի, սիրո համն իմացող տղամարդու: Եվ այնքան խելացի  էիր, որ հասկանում էիր` այդպիսի տղամարդը միայն քոնը լինել չի կարող: Դրա համար էլ ներում էիր, լսո՞ւմ ես, Քիչ առաջ ասացի` “վերջը” բացատրություն չունի: Բայց վերջից առաջ քեզ պիտի ասեմ ամենակարևորը: (Դադար🙂 Դու ինձ համար երջանկություն ես եղել: Մեր հանդիպման առաջին օրից մինչև… հիմա: Գիտեմ, տղաս վստահելի ձեռքերում է, դրա համար էլ հանգիստ եմ “մնաս բարով” ասում:

 

Կապն անջատվում է: Խավար: Երբ լուսավորվում է, Տղամարդը հավաքում է 3-րդ Կնոջ հեռախոսահամարը:

 

3-րդ ԿԻՆ — Ալո, լսում եմ:

ՏՂԱՄԱՐԴ — Ես եմ:

3-րդ ԿԻՆ — Վերջապե~ս… ո՞ւր ես կորել:

ՏՂԱՄԱՐԴ — Ես կորչող պտուղ չեմ:

3-րդ ԿԻՆ — Երրորդ օրն է` չես զանգում ես, չես երևում, տուն անգամ չես գնում:

ՏՂԱՄԱՐԴ — Որտեղի՞ց գիտես:

3-րդ ԿԻՆ — Զանգել եմ…

ՏՂԱՄԱՐԴ — Մշտական կապի մե՞ջ եք…

3-րդ ԿԻՆ — Որտեղ ասես` փնտրել ենք, ծանոթ-անծանոթ չմնաց, անգամ դիարան ենք զանգել:

ՏՂԱՄԱՐԴ — Եվ ո՞վ գտավ իմ հետքը:

3-րդ ԿԻՆ — Նախկին սիրուհիդ: Եթե ինձ գտավ, դու պրոբլեմ չես: Սպասում եմ քեզ:

ՏՂԱՄԱՐԴ — Ինչո՞ւ ես սպասում:

3-րդ ԿԻՆ — Որովհետև կարոտել եմ:

ՏՂԱՄԱՐԴ — Երեք օրում ո՞նց հասցրիր:

3-րդ ԿԻՆ — Ես քեզ միշտ եմ կարոտում, եթե անգամ կողքիս ես:

ՏՂԱՄԱՐԴ — Այսպիսի բառեր լսելու համար ինչե~ր չի անի տղամարդը:

3-րդ ԿԻՆ — Ձայնդ դուրս չի գալիս:

ՏՂԱՄԱՐԴ — Քիչ առաջ նույն բանն ասաց նախկին կինս:

3-րդ ԿԻՆ — Ոչինչ չեմ ուզում լսել, հենց հիմա վեր կաց ու արի:

ՏՂԱՄԱՐԴ — Ինչքան հեշտ է` վեր կենալ ու գնալ: Բայց ո՞ւր:

3-րդ ԿԻՆ — Վիրավորվել ես, որ չուզեցի՞ ամուսնանալ քեզ հետ:

ՏՂԱՄԱՐԴ — Ինչո՞ւ չես ուզում ամուսնանալ:

3-րդ ԿԻՆ — Երջանիկ լինելու համար կնի՞ք է պետք:

ՏՂԱՄԱՐԴ — Ի~նչ դաժան կատակներ է անում կյանքը: Այդ կնիքը քեզ պետք չէ, իսկ մեկ ուրիշը համոզված էր, որ երջանկության միակ պայմանը կնիքն է:

3-րդ ԿԻՆ — Ինձ ուրիշ կանայք և նրանց կարծիքները չեն հետաքրքրում:

ՏՂԱՄԱՐԴ — Քեզ քո կյանքն է հետաքրքրում, դա հասկացել եմ: Մի ամիս չկա, ինչ քեզ գիտեմ, բայց օր չի եղել, որ ինձ չհարցնեմ` որտեղի՞ց եկար:

3-րդ ԿԻՆ — Ես նստած էի սրճարանում, դու եկար դրսից:

ՏՂԱՄԱՐԴ — Եկար, խառնեցիր կյանքս, ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, ես…

3-րդ ԿԻՆ — Դա մեղադրա՞նք է:

ՏՂԱՄԱՐԴ — Մեղադրա՞նք… քե՞զ մեղադրեմ: Իմ լավ աղջիկ, մինչև հիմա ուշքի չեմ եկել քո հայացքից: Մոտեցա, մոխրամանը խնդրեցի, դու նայեցիր, ու շունչս բռնվեց: Վախեցա, որ կարող եմ խեղդվել աչքերիդ մեջ: Ու նաև վախեցա, որ հանկարծ կարող է չխեղդվեմ աչքերիդ մեջ: (Խորը շունչ է քաշում🙂 Դու իմ տղայից փոքր ես:

3-րդ ԿԻՆ — Հետո՞ ինչ:

ՏՂԱՄԱՐԴ — Քո կյանքը դեռ չի սկսվել…

3-րդ ԿԻՆ — … իսկ քո կյանքը մոտենում է ավարտի՞ն… Էշություն: Ես քեզ կարոտել եմ:

ՏՂԱՄԱՐԴ — Արդեն ասացի, որ այս բառերը լսելու համար տղամարդը հոգին սատանային կծախի:

3-րդ ԿԻՆ — Եվ ճիշտ կանի:

ՏՂԱՄԱՐԴ — Ապրես, դու շատ խելացի ես, որ միանգամից մերժեցիր ինձ: Գիտե՞ս` ինչու: Որովհետև սա վերջն է: Իսկ վերջում միշտ այսպես է լինում: Մի անգամ ասացիր` տարիքային…

3-րդ ԿԻՆ — Վերջին թռիչքի սինդրոմ:

ՏՂԱՄԱՐԴ — Ապրես: Երևի վերջին անգամ սիրուց խենթացա, որպեսզի գիտակցեմ` հասել եմ վերջին:

3-րդ ԿԻՆ — Ինձ դուր չի գալիս այս խոսակցությունը:

ՏՂԱՄԱՐԴ — Գիտե՞ս ինչ սարսափ է, երբ զգում ես, որ սիրո թովչանքը հեռանում է քեզնից: Քո առողջ, զորեղ մարմինը սկսում է խեղճանալ տարիների բեռի տակ, քո մատները, որ խենթի պես կարող էին համբուրել սիրելի կնոջ դեմքը, օտարանում են քեզնից… Տղամարդիկ մահվան առաջ լաց չեն լինում, բայց երբ այդ կպչուն միտքը սղոցում է ուղեղդ, իսկական տղամարդը լալիս է անարցունք, ատամները կրճտացնելով, բռունցքները սեղմած, որ ծերացող գայլի ոռնոցից քնած քաղաքը չարթնանա: Ու հանկարծ` դու: Քո աչքերը, որոնք ասացին` դեռ կարող ես խենթություն անել, իսկ  մատներդ դեռ համբուրելու են սիրելի կնոջ դեմքը:

Երկար դադար:

3-րդ ԿԻՆ — Պարզվում է` քեզ չեմ ճանաչել: Ոչինչ, դեռ ամեն ինչ առջևում է:

ՏՂԱՄԱՐԴ — Իսկ ես չեմ հասցնի: Երբեք վերջի գիտակցումը այսքան հստակ չի եղել: Դրա համար էլ չեմ վախենում ասել` դու ինձ համար երջանկություն ես եղել: Մեր առաջին հանդիպումից մինչև… հիմա: Մի տեղ կարդացել եմ, որ վերջին անգամ սիրող տղամարդուց ավելի տխուր բան չկա: Դա այդպես է, բայց` կիսով չափ: Վերջին անգամ սիրող տրամարդը Աստծո ընտրյալն է: Ու դրա համար շնորհակալ եմ քեզ: Իսկ հիմա, իմ լավ աղջիկ, փակիր աչքերդ… (Նա փակում է աչքերը🙂 Թող ձեռքերս վերջին անգամ համբուրեն դեմքդ: Մնաս բարով:

 

Կապն անջատվում է:  Խավար: Երբ բեմը լուսավորվում է, Տղամարդը հավաքում է 2-րդ Կնոջ հեռախոսահամարը:

ՏՂԱՄԱՐԴ — Ես եմ:

2-րդ ԿԻՆ — Գիտեմ:

ՏՂԱՄԱՐԴ — Միայն դա՞:

2-րդ ԿԻՆ — Նաև` որտեղ ես հիմա, հեռախոսիդ համարը:

ՏՂԱՄԱՐԴ — Այդպես էլ չկարողացա քեզ անակնկալի բերել:

2-րդ ԿԻՆ — Ինչո՞ւ… ծանոթության ո՞րերորդ օրը նրան ամուսնության առաջարկ արեցիր:

ՏՂԱՄԱՐԴ — Ու չեմ զղջում:

2-րդ ԿԻՆ — Առաջարկեցիր, որովհետև համոզված էիր, որ մերժում կստանաս:

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նձ ես մխիթարում, թե՞…

2-րդ ԿԻՆ — Երկուսիս: Դու ասա, ումի՞ց ես խռովել:

ՏՂԱՄԱՐԴ — Պատասխանը ինձնից լավ գիտես:

2-րդ ԿԻՆ — Քեզնից ես խռովել: Բայց դա պատճառ չէ, որ նյարդային ցնցումի հասցնես բոլորին:

ՏՂԱՄԱՐԴ — Բոլորին, այսինքն` ոչ մեկին:

2-րդ ԿԻՆ — Կնոջդ, տղայիդ, սիրուհուդ, ինձ…

ՏՂԱՄԱՐԴ — Հասկացա, որոշել ես ինձ սպանել:

2-րդ ԿԻՆ — Իսկ ես որոշումս չեմ փոխել:

ՏՂԱՄԱՐԴ — Երբ առաջին անգամ քեզ տեսա, մտածեցի` հնարավո՞ր բան է, որ այս կինը իմը լինի: Դու այնքան անհասանելի էիր թվում: Բայց խոսքի բռնվեցինք, ու հանկարծ բացվեցիր իմ դեմ, ես տեսա կյանքով լի ու սիրո սպասող անպաշտպան մի կնոջ: Այդ ուրիշների համար դու ինքնավստահ, շփացած կին էիր, բայց ես գիտեմ, չէ՞, տեսել եմ քեզ այնպիսին, ինչպիսին ես իրականում… Հիշո՞ւմ ես, առաջին անգամ համբուրեցի… դու դողում էիր  աղջնակի պես… Ես երբեք այդքան խելացի, սրամիտ, ուժեղ չեմ եղել, ինչպես քո կողքին: Ու երբեք այդքան անլիարժեք չեմ զգացել ինձ, ինչպես քեզ հետ եղած ժամանակ:

2-րդ ԿԻՆ — Ե՞րբ սխալվեցինք… Որտե՞ղ կորցրինք իրար…

ՏՂԱՄԱՐԴ — Այդպիսի խելացի բառեր ասելու փոխարեն երեխա պիտի ունենայիր: Ուրիշ սխալ չկա: Սիրող կինը իր տրամարդուն պիտի գողանա` նրա զավակով: Դու` այդքան խելացի, այդքան հասկացող, այդ մի բանը չհասկացար:

2-րդ ԿԻՆ — Դու միշտ ծաղրում էիր իմ խոսքերը… հիշո՞ւմ ես:

ՏՂԱՄԱՐԴ — Երջանկության միակ պայմանը զագսի կնիքն է:

2-րդ ԿԻՆ — Ինձ կնիքը պետք չէր: Բայց երեխաս անհայր չպիտի մեծանար:

ՏՂԱՄԱՐԴ — Ուշ է, բացատրություն չկա:

2-րդ ԿԻՆ — Հա, դա էր մեր կյանքը: Ու եղավ այն, ինչ պիտի լիներ:

ՏՂԱՄԱՐԴ — Ինչ հարազատ ես ինձ: Գիտես, դա ամենօրյա կենցաղի, անգամ անկողնու հարազատությունը չէ… Երբ խոսքս դու ես շարունակում, երբ հայացքով ավելի ենք իրար հասկանում, քան բառերով, երբ դու հեռու ես, իսկ ես զգում եմ, որ հոգնած ես, տխուր ես, մենակ ես…

2-րդ ԿԻՆ — Եվ այդքանից հետո Այվազովսկին մեզ բաժանեց:

ՏՂԱՄԱՐԴ — Հա, իր 9-րդ ալիքով եկավ ու…

2-րդ ԿԻՆ — Հիմա ինձ լսիր… Որ ներս մտար ու տեսար երեքիս միասին… մենք, իբր, հաշտ ու խաղաղ ծիծաղում էինք… Իրականում…

ՏՂԱՄԱՐԴ — (կոպիտ ընդհատում է): Իրականում երեքդ էլ հիմար վիճակում էիք հայտնվել իմ պատճառով: Ես ձեզ ստիպել էի վերածվել ինչ-որ չարացած, ահավոր արարածների: Իմ նախկին կինը… հպարտ, զուսպ, ցավը թաքցնող կինը դարձավ անճանաչելի… Այն ջահել, համարյա երեխան… ում միակ մեղավորությունը ինձնով հրապուրվելն էր… այս ամենից հետո գուցե դառնա մեկն այն վհուկներից, որ աջ ու ձախ վրեժ են լուծում տղամարդկանց ցեղից…

2-րդ ԿԻՆ — Սպասիր, ինքնակերությունդ աղետալի չափերի է հասնում, այսպես որ շարունակես…

ՏՂԱՄԱՐԴ — Իսկ դո՞ւ… թողեցիր ամուսնուդ, հարազատներդ քեզ չներեցին, իսկ վաղը` միայնակ ծերություն…

2-րդ ԿԻՆ — Դե, իմ պրոբլեմները ինձ թող… Արածիս համար երբեք չեմ զղջա: Ու չհամարձակվես մտածել ինչ-որ վերջի մասին: Վերջ չկա, քանի դեռ կյանքը այդ  վերջակետը չի դրել:

ՏՂԱՄԱՐԴ — Ո՞վ կարգելի, որ այդ վերջակետը ես դնեմ:

2-րդ ԿԻՆ — Արգելողի պակաս չի լինի: Իսկ մինչ այդ… խնդրում եմ, հիմարություն չանես:

ՏՂԱՄԱՐԴ — Իսկ մինչ այդ դու ինձ կներես:

2-րդ ԿԻՆ — Այդ մեկը` երբեք: Երբ քեզ խոստացա, որ կսպանեմ քեզ, այդ պահին էլ  խոստումս կատարեցի: Ես սպանեցի իմ սերը:

ՏՂԱՄԱՐԴ — Դու կանես, դու ուժեղ ես: Դրա համար էլ կարող եմ աշխարհով մեկ գոռալ` ո՞վ ունի այսպիսի կին: Այսպիսի հրաշք կին, ով հանուն սիրո զոհում է ամեն ինչ և… կարող է սպանել սերը հանուն այդ նույն սիրո: Դու իմ հրաշքն ես: Ամեն մի տղամարդ` թագավոր թե ստրուկ, երազում է քեզ պեսի ունենալ, բայց դա հաջողվում է ընտրյալներին: Դու ինձ հետ եղել ես միշտ, կլինես նաև ամենավերջում: Մնաս բարով:

Հեռախոսն անջատում է: Խավար: Լուսավորվում է բեմը: Տղամարդը կանգնած նայում է դահլիճին:

ՏՂԱՄԱՐԴ — Ահա… Այսպիսի ավարտ, երբ երեք կին սիրում ու ատում են ինձ խենթության աստիճան: Ու ես, որ երեքին սիրում ու ատում եմ խենթության աստիճան: Իրոք “վերջ” ասելու ճիշտ ժամանակն է:

 

ՎԵՐՋԻՆ ՏԵՍԱՐԱՆ

Տարբերակ 1.

Բեմը մթնում, քիչ անց նորից լուսավորվում է: Տղամարդը կանգնած է իր տեղում, հայացքով ինչոր մեկին է փնտրում դահլիճում: Նրա հետագա խաղը դահլիճի հետ է: Նա ինչոր որոշում է ընդունում: Այդ պահին հնչում է մինչ այդ չհնչած, նոր մեղեդի, որն աստիճանաբար բարձրանում է: Տղամարդն իջնում է դահլիճ, փնտրում է ինչոր մեկինԱհա, գտավ: Մեղեդին թնդում է դահլիճով մեկ: Բռնելով 4-րդ կնոջ ձեռքը, բարձրանում է բեմ: Սկսվում է նոր պար: Նոր կնոջ հետ: Դանդաղ իջնում է վարագույրը:

 

Տարբերակ 2.

Ձեռքը տանում է ծոցագրպանը: Մինչ այնտեղից հավանական ատրճանակը դուրս բերելը, բեմի երեք անկյուններից միաժամանակ ներս են խուժում երեք կանայք:

Եկել են փրկելու

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։