ԹԱՏԵՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՈՒՐԴ. Արթուր Կարապետյան
Սաթիկ Հախնազարյանից հետո Արթուր Կարապետյանին «հարցազննելը» ամենևին նրանց՝ Արտիստական ընտանիք լինելով չի պայմանավորված, թեև համաձայնեք, մեր թատերական աշխարհում այս գեղեցիկ ու տաղանդավոր զույգը սպասված ու սիրելի է հանդիսատեսի կողմից: Բայց աներկբա է, որ Արթուր Կարապետյանը մեր օրերի թատրոն արարողներից է՝ իր ուրույն ու անշփոթելի «ձեռագրով»: (Չվախենամ խոստովանել՝ առ այսօր իմ «Տրակտատ թաշկինակի մասին» պիեսի՝ Արթուրի կերտած Յագոն անկրկնելի՛ է):
Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ — Թատերական ի՞նչ իրավիճակի հետ կհամեմատեք այս օրերը:
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ — Նոր պիեսի առաջին ընթերցանության, որի վերնագրից արդեն սրտխառնոց է առաջանում, սակայն «ի պաշտոնե» պարտավոր ես լսել մինչև վերջ:
Կ. Խ. — Եթե հնարավորություն լիներ, այսօր ի՞նչ կերպար կմարմնավորեիք:
Ա. Կ. — Անսպասելի վրա հասած իրականությունը շատ բան վերարժևորեց: Ամեն դեպքում, նախընտրում եմ երկու ոտքի վրա ամուր կանգնած մարդուն, որի համար «հոգեպես ավելի ազնիվ» է «լինե՛լը», քան «չլինելը»:
Կ. Խ. — Եթե գաղտնիք չէ, գոնե հպանցիկ կբացահայտե՞ք Ձեր օրվա ժամանակացույցը:
Ա. Կ. — Մեկ ամիս առաջ երազում էի մի քանի օր հանգստի մասին: Հիմա րոպեներն եմ հաշվում, թե երբ է ավարտվելու այս մղձավանջը…
Կ. Խ. — Ինչո՞վ եք լցնում այս օրերի պարապուրդը:
Ա. Կ. — 10-15 րոպե թունավորում եմ ինձ օրվա լուրերով, մնացած ամբողջ ժամանակը` ինքնամաքրվում. կարդում, ծխում, կամ գրում… ու նորից ծխում: