Ալեքսանդր ՀՈՎՍԵՓՅԱՆ / «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԽԱՂ»

Ալեքսանդր ՀՈՎՍԵՓՅԱՆԻ «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԽԱՂ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2004 թ., թիվ 6-7-ում

 

 

ԱՐԱՄ — Հայտնվելով այն աշխարհում՝ ես տեսա, որ սկիզբն ու վերջը մի տեղում են, մի Բանում են և այդ Բանը Աստված է։ Աստված, որը մեր կարիքն ունի։ Ինչպես այս աշխարհն Աստծո կարիքն ունի, այնպես էլ Աստված այս աշխարհի պահանջն ունի։ Մեր աշ­խարհը չի կարող գոյություն ունենալ առանց Աստծո։ Աստված նույնպես չի կարող գոյու­թյուն ունենալ առանց այս աշխարհի։ Ինչքան ես Տիրոջ կարիքն ունեմ, այնքան էլ նա իմ կարիքն ունի։ Նա ինձ է պետք, ես՝ նրան։ Առանց ինձ՝ Արամ Արմենյանի, առանց իմ աղոթքների Տերը կտխրի։ Իսկ եթե չենք ուզում տխրեցնել Տիրոջը, մեր Գերագույն հեղի­նակին, եկեք բնական լինենք, այսինքն՝ լինենք այն, ինչ կանք իրականում։ Եկեք ձևեր չթափենք, ինչ-որ բան անելիս պարզապես դրա հետ լինենք։ Երբ ուտում ենք, պարզա­պես ուտենք, երբ խմում ենք, պարզապես խմենք, զբոսնելիս պարզապես զբոսնենք, լի­նենք այնտեղ, այդ տեղում։ Առաջ ու ետ չգնանք, մեզ այս ու այն կողմ չգցենք, խելքներիս զոռ չտանք։ Խելքը կամ առաջ է ընկնում, կամ ետ է քաշում… Եկեք պարզապես լինենք ակնթարթի հետ։

Վերոհիշյալ տեքստը մի քանի այլ տեքստերի հետ պիեսի հանդեսային այս տարբերակից դուրս է մնացել, սակայն գաղափարը դրանից չի տուժել։ Այնպես որ ես ձեզնից միայն մի բան եմ խնդրում. կարդալիս մի՛ շեղվեք, բուն նյութի հետ եղեք։ Ու եթե հավանեք այն, եթե ձեզ մի փոքր էլ հուզի, ինձ բավարարված կզգամ, բարեկամներ…

Մեջբերեմ դուրս մնացած ևս մի միտք.

ԱՐԱՄ — Ինչ էլ որ լինի՝ տխրություն թե ուրախություն, զայրույթ թե հրճվանք, դժբախտու­թյուն թե երջանկություն, եղեք նրա հետ, ընդունեք այն այնպես, ինչպես որ կա։ Ու զար­մանքով կնկատեք, որ եթե տխրության հետ եք, այն հետզհետե վերածվում է բարձրա­գույն մի բանի, թախիծը խորության է վերածվում։ Ու եթե ջղայնության հետ չես, չես մտա­ծում նրա մասին, այլ պարզապես լինում ես նրա հետ, ջղայնությունը ձևափոխվում ու դառնում է ներում…

Այնպես որ, եկեք փորձենք ներողամիտ լինել։ Ու երբեք չդժգոհենք։ Իսկ եթե դժգոհում ենք, ինքներս մեզնից դժգոհենք։ Սա արդեն ես եմ ասում՝ «Ընտանեկան խաղի» հեղինակը:

 

Ալեքսանդր ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԽԱՂ

Թատերգություն 2 գործողությամբ

 

Գործող անձինք

ԱՐԱՄ ԱՐՄԵՆՅԱՆ

ԳԱՅԱՆԵ — նրա կինը

ԴԱՎԻԹ — նրանց որդին

ՆԱՆԵ — նրանց դուստրը

ԳՐԻԳՈՐ ՍՐԲԱԶԱՆ

 

ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈԻԹՅՈԻՆ

Արամ Արմենյանի հյուրասենյակը։ Արամը մեքենագրում է։ Մտնում է Գայանեն։

ԱՐԱՄ —  (դադարում է մեքենագրել)։ Չի ստացվում… Պատվեր, այն էլ քրիստոնեությանը նվիրված։ Չէ, ոչինչ չի ստացվում։ Մուսաս լքել է ինձ։

ԳԱՅԱՆԵ – Ի՜նչ մուսա, ի՛նչ բան… Գրիգոր սրբազանը զանգեց, գալիս է։ Շուտով այստեղ կլինի։ Սենյակը կարգի բերեմ… (Սկսում է հավաքել սենյակը։)

ԱՐԱՄ – (նյարդային)։ Այ քեզ բան… (Անհանգիստ քայլում է:) Ուրեմն վերադարձել է Շվեյցարիայից… Ուշացնում եմ… Սրբազանին էլ անհարմար վիճակի մեջ եմ դնում… Պիտի մերժեի նրա միջնորդությունը…

ԳԱՅԱՆԵ — Եթե նա չլիներ, եկեղեցական խորհուրդը քեզ կանխավճար չէր տա։ Հիշիր՝ ինչ վիճակում էինք:

ԱՐԱՄ – Նորից նույն վիճակում ենք: Գոնե սուրճ ունե՞նք:

ԳԱՅԱՆԵ – Ունենք: Գինի էլ կա…

Ա Ր Ա Մ — Էլ ի՞նչ ես ուզում…

ԳԱՅԱՆԵ – Ոչինչ: Վարձերը մուծեցի… Մի շաբաթվա փող է մնացել…

ԱՐԱՄ – Պտտվիր, պտտվիր, կարուսել, ես այդ երգը վաղուց եմ լսել…

ԳԱՅԱՆԵ — Ես էլ… Հոգնել եմ այդ երգից, ամուսին։

ԱՐԱՄ– Լավ կլինի, մի բողոքիր։

ԳԱՅԱՆԵ — Բողոքիս էներգիան քեզ եմ նվի­րում։ Միացրու քոնին ու մի լավ պիես ստեղ­ծիր: Դու ասում ես՝ բողոքի էներգիան ամենահզորն է…

ԱՐԱՄ – Այո: Մեկ ավերող, մեկ արարող…

ԳԱՅԱՆԵ — Ոչ մի ավեր… Արարում է պետք, Արամ ջան, ուրիշ ելք չունենք:

ԱՐԱՄ – Փորձում եմ: Չես պատկերացնում՝ մտքումս ինչ խորհրդավոր, ահազդու տեսա­րաններ են. Հիսուսի խաչելությունը, հարու­թյունը, համբառնումը… Չեն տեղավորվում նույ­նիսկ տիեզերքի բեմում, ես ո՞նց տեղավորեմ թատրոնում: Գայուշ ջան, հո չեմ կարող խալ­տուրա անել…

ԳԱՅԱՆԵ — Արամ, պարզապես անկեղծ ներ­կայացրու մեր իրավիճակը, հավատա, աստ­վածահաճո պիես կստացվի։

ԱՐԱՄ – Դե արի ու Նարեկից հետո պիես գրի, որ բավարարի և՛ հոգևորականների, և՛ պաշտոնյաների ճաշակը, համ էլ ժողովրդի սրտով լինի։

ԳԱՅԱՆԵ — Պաշտոնյաներն ի՞նչ կապ ունեն…

ԱՐԱՄ — Ով վճարում է, նա էլ իր ճաշակն է թելադրում:

ԳԱՅԱՆԵ — Իսկ նրա՞նց ով է վճարում… Եկե­ղեցին ու կառավարությունը ժողովուրդը չի՞ պահում:

ԱՐԱՄ – Իրոք… (Գրամեքենայից հանում է թուղթը, պատռում է։) Իսկ ես հիմարի նման մտովի դահլիճը հոգևորական և աշխարհիկ անդեմ չինովնիկներով եմ լցրել…

ԳԱՅԱՆԵ — Հենց դրա համար էլ կերպար­ները կեղծ ու անկենդան են ստացվել… (Դռան զանգ։) Դուռը բացեմ։ (Դուրս է գնում։)

Մտնում են Գրիգոր սրբազանը և Գայանեն՝ ձեռքին ծաղկեփունջ։

ՍՐԲԱԶԱՆ – Ողջո՛ւյն, Արամ:

ԱՐԱՄ – Ողջո՛ւյն, սրբազան։ (Ողջագուրվում են։)

ԳԱՅԱՆԵ – Տե՛ս, ինչ ծաղիկներ եմ ստացել սրբազանից։ Սո՞ւրճ, սրբազան…

ՍՐԲԱԶԱՆ — Կարելի է։

ԱՐԱՄ – Եվ գինի։

ԳԱՅԱՆԵ — Հինգ րոպեից պատրաստ կլինի: (Դուրս է գնում։)

ԱՐԱՄ – Դե, պատմիր, սրբազան, ո՞նց է քա­ղաքակիրթ կուշտ Եվրոպան: Այնտեղ հոգու սով կա՞։

ՍՐԲԱԶԱՆ — Այո… Կա…

ԱՐԱՄ – Մեզ մոտ էլ թող չքավորությունը վե­րանար ու հոգու սով սկսվեր։ Այնժամ քո և իմ դերն էլ կմեծանար։ Քաղցած մարդու մարմինը խռոված է հոգուց ու արվեստից, սրբազան:

ՍՐԲԱԶԱՆ — Ասածդ հողին գամող մարմնին է վերաբերում, հոգու խոսքը մեզ Աստծու հետ է կապում։ Բայց երբ մարդու մարմինը առաջ է ընկնում և հոգին կործանելով ուզում է փրկվել, դատապարտվում է ոչնչացման:

ԱՐԱՄ – Ուրեմն մարդկությունը ինքնաոչնչացման ռումբը գործի է դրել։

ՍՐԲԱԶԱՆ — Այո, տեսնում ենք դրա հե­տևանքները. քաղցկեղ, սպիդ, հոգեկան խանգարումներ, խրոնիկ հիվանդություններ…

Ծաղիկներով ծաղկամանը ձեռ­քին մտնում է Գայանեն։

ԳԱՅԱՆԵ — Հիմա սուրճը կբերեմ։ (Ծաղկա­մանը տեղավորում է ու գնում։)

ԱՐԱՄ – (նայում է ծաղիկներին)։ Ծաղիկների միջոցով է երկինքն իջնում երկրի վրա…

ՍՐԲԱԶԱՆ — Իրոք որ… Հա, իսկ քո ծաղիկ­ներն ինչպե՞ս են՝ Դավիթը, Նանեն։

ԱՐԱՄ – Փառք Աստծո… Դավիթը դիպլոմի վրա է աշխատում, Նանեն էլ երկրորդ կուրսում է։ Տղաս՝ բեմադրիչ, աղջիկս՝ դերասանուհի։ Էլ ի՞նչ դարդ ունենք…

ՍՐԲԱԶԱՆ — Կարող եք ընտանեկան թատ­րոն բացել։

ԱՐԱՄ – Կարելի է, բայց Դավիթը որոշել է արվեստաբուժությամբ զբաղվել: Մարդկանց թատրոնով պիտի բուժի։

ՍՐԲԱԶԱՆ — Հետաքրքիր է… Ուրախ եմ, ու­րախ… Պիեսն ի՞նչ վիճակում է։

ԱՐԱՄ – Դժվար է առաջ գնում… Դիմադրում է։ Քանի գնում, համոզվում եմ, որ արվեստի հիմքում կրոնն է։

ՍՐԲԱԶԱՆ — Իհարկե։ Ի՞նչ է արվեստը, եթե ոչ գեղեցիկի արտահայտություն։ Առանց գեղեցիկի չկա սեր: Մի՞թե Աստծուն կսիրեինք, եթե գեղեցիկը չմարմնավորեր…

ԱՐԱՄ – Այսօր արդեն գիտականորեն ապացուցելի է հնուց եկող այդ պատկերացումը։

Սկուտեղին՝ սուրճ, գինի, մրգեր, մտնում է Գայանեն։

ԳԱՅԱՆԵ — Գեղեցիկի մասի՞ն եք զրուցում։

ՍՐԲԱԶԱՆ — Եվ Աստծո։

ԳԱՅԱՆԵ – Ի՜նչ թատերական ստացվեց։

ԱՐԱՄ – Ցավոք, մեր թշվառ իրականության մեջ մարդկային երկխոսությունն անգամ ար­հեստական է թվում։

ՍՐԲԱԶԱՆ — Այո։ Մենք Հայաստան կոչվող մի նավում ենք, որ այսօր, դարեր անց, ինքնու­րույն նավարկության է դուրս եկել Համաշխար­հային օվկիանոս: Եվ հենց սկզբում բախվել է պատերազմի, շրջափակման, տնտեսական և քաղաքական ճգնաժամերի խութերին ու տար­բեր ճեղքվածքներ է ստացել…

ԳԱՅԱՆԵ — Կնշանակի՝ խորտակվելո՞ւ է…

ՍՐԲԱԶԱՆ — Կարող է… Սակայն առաջ է լողում։ Վտանգավորը խուճապն է։ Դե, եկեք խուճապի չմատնվենք, խմենք այս համեղ սուր­ճը և շարունակենք մեր զրույցը։

ԱՐԱՄ – (գինին լցնում է բաժակները)։ Սրբա­զան, մեր նավի վրա խուճապը վաղուց է սկսվել: Հայերը շփոթությունից, տագնապից գլուխները կորցրած փախչում են, որ իրենց կա­շին փրկեն: Իսկ մնացողներս էլ նույն շփոթից մի օր կկործանենք ինքներս մեզ։

ԳԱՅԱՆԵ – Մի՞թե վերջը կործանումն է…

ՍՐԲԱԶԱՆ — Վերջը տեսնելու համար պետք է մեկ-մեկ ետ նայել։ Կործանումը բարքերի անկման, բարոյական նորմերի ուրացման հետևանք է։

ԱՐԱՄ – Բոլշևիզմն ստիպեց մոռանալ այդ օրենքները։

ՍՐԲԱԶԱՆ — Հայերիս համար գլխավորը դարձի գալն է, նյութապաշտությունից ձերբա­զատվելը…

ԱՐԱՄ- Դարձի գա՛նք, ազատվե՛նք… (Բարձ­րացնում է բաժակը։) Հավատ, հույս, սեր։ Երեքը, որոնցից մեծը սերն է… Խմենք սիրո կենացը։

Խմում են։

ԳԱՅԱՆԵ — Լավ էր… (Բաժակները հավա­քում, դուրս է գնում։)

Մտնում է Դավիթը, ձեռքին՝ մեծ ծրար։

ԴԱՎԻԹ – Ողջո՛ւյն, սրբազան։

ՍՐԲԱԶԱՆ – Ողջո՛ւյն, Դավիթ ջան։ (Համ­բուրվում են։)

ԴԱՎԻԹ — (ծրարը Արամին է տալիս)։ Մուտ­քի մոտ փոստատարը հանձնեց։

ԱՐԱՄ – Որտեղի՞ց է:

ԴԱՎԻԹ — Ամերիկայից… Լիլիթ Բերբերյանից։

ԱՐԱՄ – (զարմացած է, շփոթված)։ Ի՞նչ… Այ քեզ բան… (Բացում է ծրարը։)

ՍՐԲԱԶԱՆ — Բեմադրիչ-հոգեբո՞ւյժ ես դառ­նալու։

ԴԱՎԻԹ — Արտթերապևտ, արվեստաբույժ։

ՍՐԲԱԶԱՆ — Այդպիսի մասնագիտություն գոյություն ունի։

ԴԱՎԻԹ — Դեռ ոչ… Փորձում ենք ստեղծել, և այն մեծ ապագա է ունենալու։

ՍՐԲԱԶԱՆ — Աստված տա… Իսկ ի՞նչ է ըն­կած դրա հիմքում։

ԴԱՎԻԹ — Արվեստ, գիտություն, կրոն։

ՍՐԲԱԶԱՆ – Կարո՞ղ ես բացատրել՝ ինչ է դա։

ԴԱՎԻԹ — Իհարկե։

ԱՐԱՄ – (կարդում է թղթերը։ Շփոթված է, հուզված)։ Ներիր, սրբազան, հինգ րոպեով առանձնանամ, տեսնեմ՝ ինչ թղթեր են… (Դուրս է գնում։)

ՍՐԲԱԶԱՆ — Կարծես շփոթվեց այդ թղթերից:

ԴԱՎԻԹ — Ոնց որ…

ՍՐԲԱԶԱՆ — Լավ, անցնենք մեր նյութին։

ԴԱՎԻԹ — Անցնենք։ Թատրոնում վարա­գույրի իջնելը չի նշանակում ընդհանրապես վերջ… Պարզապես ազդարարվում է ներկա­յացման ավարտը, և նորից բացվում է վարագույրը։ Այդպես, վարագույրից վարագույր ներ­կայացումներն անվերջ իրար են հաջորդում։ Հիշո՞ւմ եք՝ ի սկզբանե Բանն էր և Բանը Աստ­ծու մոտ էր… Աշխարհի արարումով սկիզբ է դր­վել հավերժ թատրոնին, ուր մարդու հոգին ան­փոփոխ դերակատար է, իսկ մարմինը՝ փոփոխ­վող կերպար։ Հենց այստեղ էլ գալիս է կրոնը, սրբազան։

ՍՐԲԱԶԱՆ — Ուրեմն՝ արտթերապիան այն ժամանակ է գործում, եթե հավատում ենք հավերժ հոգու գոյությանը։

ԴԱՎԻԹ — Ճիշտ այդպես։ Եթե մարդը չի հավատում հոգու անմահությանը, կյանքն անի­մաստ է դառնում։ Իմ, ձեր, բոլորիս գործունեու­թյունը, մեր այս խոսակցությունը նույնպես իմաստազրկվում է։

ՍՐԲԱԶԱՆ – Ինչո՞ւ… Անհավատ մահկանացուի կյանքի իմաստը կարող է դառնալ մարմ­նական հաճույքների ձգտումը։

ԴԱՎԻԹ — Այո, հանուն որի նա ամեն ինչի ընդունակ է։ Եթե մի կյանք է տրված, ծնունդը՝ սկիզբ, մահը՝ վերջ, էլ ո՞ւմ է պետք կարգ ու կա­նոն, օրենք, խիղճ։

ՍՐԲԱԶԱՆ — (ծիծաղում է)։ Կեր, խմիր, քեֆ արա շարունակ, աշխարհը խալի է ոտքիդ տակ։ Այդպե՞ս է…

ԴԱՎԻԹ — Այո։ Ու մարդու բոլոր արարքնե­րը, մեղքերն ու հանցանքները մի տրամաբա­նության են ենթարկվում՝ ամեն ինչ կարելի է։ Հերն անիծած ամեն ինչի, աշխարհում մեռնել կա։ Եվ աշխարհը փչանում, հիվանդանում է։

ՍՐԲԱԶԱՆ — Իսկ դու սկսում ես բուժել։ (Ծի­ծաղում է։) Հասկացա, Դավիթ ջան, արտթերապիայի գլխավոր պայմանը հոգու անմահությունն է։

ԴԱՎԻԹ — Որը հիմքն է բոլոր կրոնների։

ՍՐԲԱԶԱՆ — Պողոս առաքյալն ասում է. «Եթե Քրիստոսը հարություն չի առել, իզուր է մեր քարոզչությունը, իզուր է նաև մեր հավատը»։

ԴԱՎԻԹ — Իհարկե։ Աստվածային հավերժ բեմում գործող անձը մեր հողեղեն կյանքն է երկրի վրա, դերակատարը մեր հոգին է, գլխա­վոր էությունը, որը դուրս է մի կյանքի սահման­ներից։

ՍՐԲԱԶԱՆ — Ով կյանքից կյանք, ներկայա­ցումից ներկայացում խաղալով իր դերը, մնում է անմահ… Այսինքն, երկնայինը կարևոր է երկ­րայինից։

ԴԱՎԻԹ — Այո, երկրային դերը պիտի կարո­ղանանք ճշմարիտ խաղալ և ոչ մի ակնթարթ չպետք է մոռանանք, որ դա ընդամենը դեր է… Եթե մարդը մոռանում է իր մեջ եղած դերասա­նին, այսինքն՝ անմահ հոգուն և լիովին տրվում է կերպարի ապրումներին, հիվանդանում, մա­հանում է, չհասկանալով իր հետ կատարվա­ծը:

ՍՐԲԱԶԱՆ — Հին Հունաստանում եթե դե­րակատարը բեմում արտասվում էր, հանդիսա­տեսը նրա վրա հոտած ձվեր էր շպրտում։

ԴԱՎԻԹ — Այո։ Կատարսիսի ձգտող անտիկ թատրոնում կերպարը կարող էր լաց լինել, բայց դերասանը չպիտի տխրեր։ Նա պիտի մտածեր հանդիսատեսի մասին, կերպարը՝ բեմում կատարվող իրադարձությունների…

Ներս է մտնում Նանեն։

ՆԱՆԵ – Ողջո՛ւյն, Գրիգոր սրբազան։

ՍՐԲԱԶԱՆ – Ողջո՛ւյն, Նանե ջան։ (Ողջա­գուրվում են։)

ՆԱՆԵ — Տեսնում եմ՝ Դավթի արտթերապիայի հերթական զոհն եք դարձել: ՍՐԲԱԶԱՆ — Հերթական հիվանդը։ (Ծիծա­ղում են։)

ՆԱՆԵ – Ամեն տեղ իր մեթոդն է փորձարկում։ Բայց գիտե՞ք, սրբազան, այդ արտթերապիան ինձ օգնում է: Ուզած պահի, օտարելով ինձ իմ կերպարից, ինքս՝ ինձնից, շատ ազատ ու ան­կաշկանդ եմ դառնում…

ԴԱՎԻԹ — Բայց այս պահին լարված ես, լրիվ կերպարիդ մեջ ես: Խաղա, դուրս արի կերպարից… Դե՛…

Ներս է մտնում Գայանեն։

ՆԱՆԵ – Մամ ջան, Դավիթը մեզ արտթերապիայի է ենթարկել։

ԳԱՅԱՆԵ – Թե՞ արտտեռորի։

ՍՐԲԱԶԱՆ — Ոչ, ոչ, շատ հետաքրքիր գա­ղափար է, ինձ դուր է գալիս։

ԳԱՅԱՆԵ — Իսկ Արամն ո՞ւր է։

ԴԱՎԻԹ — Իմ սենյակում… Լիլիթ Բերբերյանից նամակ է ստացել։

ԳԱՅԱՆԵ — (զարմացած)։ Ի՞նչ…

ՆԱՆԵ — Լիլիթ Բերբերյանն ո՞վ է։

ԳԱՅԱՆԵ — Հորդ հին ծանոթը… Արամին կանչեմ, նստենք ճաշի։ (Դուրս է գնում։)

ԴԱՎԻԹ — Մայրիկին էլ շփոթեցրեց Լիլիթ Բերբերյանի անունը։

ՆԱՆԵ – Միայն քեզ ոչ ոք և ոչինչ չի շփոթեց­նում։ Պատկերացնո՞ւմ եք, սրբազան, Դավիթի սիրած աղջիկը ընդմիշտ Ամերիկա է մեկնում, իսկ նրա պետքն էլ չէ, էքսպերիմենտներով է զբաղված։

ԴԱՎԻԹ – Ի՞նչ անեմ… Լա՞ց լինեմ։

ՆԱՆԵ – Բայց չէ՞ որ սիրում էիք իրար։

ՍՐԲԱԶԱՆ — Հիմա չե՞ն սիրում։

ԴԱՎԻԹ — Եթե սիրեր, չէր գնա։

ՆԱՆԵ — Գուցե Անահիտը մտածում է, որ դու էլ իր ետևից կգնաս։

ԴԱՎԻԹ — Ես գաղթական չեմ դառնա։

ՆԱՆԵ — Չեմ հասկանում՝ ինչու են Անահիտենք մեկնում, մեզնից հարյուր անգամ լավ են ապրում։

ԴԱՎԻԹ — Ուզում են ավելի լավ ապրել։

ՆԱՆԵ – Հիշո՞ւմ ես, անցյալ տարի, Անահիտի ծննդյան օրը, նրա հայրը ոնց էր հայհոյում գնացողներին։

ԴԱՎԻԹ — Հիշում եմ։

ՆԱՆԵ – Անահիտի հայրը ազատամարտիկ է, այս հողի համար արյուն է թափել, հաղթել… Գործերն էլ վատ չէին… Ո՞ւր է գնում, անհաս­կանալի է։

ԴԱՎԻԹ — Ասում է՝ փախչում ենք այստեղի թունավոր մթնոլորտից։

ՆԱՆԵ – Մեկը օդից է փախչում, մեկը՝ հողից, մյուսն էլ՝ ջրից… Փախչո՜ւմ են, փախչո՜ւմ։ Օտար ափերում արտասուք թափելով «Հայ եմ ես, հայ ես դու» երգելով։

ԴԱՎԻԹ — Շեղված հոգիներին թվում է, թե ուրիշ տեղ լավ է։ Չեն գիտակցում, որ իրենք իրենցից են փախչում։

ՆԱՆԵ – Հայն ինքն իրենից է փախչում։

ԴԱՎԻԹ — Հոգեպես խանգարված հայը՝ այո։

ՆԱՆԵ — Մնացողներս առո՞ղջ ենք։ Ի՞նչ կա­սեք, սրբազան։

ՍՐԲԱԶԱՆ — Հայն ավելի դաժան փորձու­թյունների է ենթարկվել: Այս մեկն էլ կհաղթա­հարի Աստծո օգնությամբ։

ԱՐԱՄ — (ներս է մտնում)։ Սրբազան, խորհրդի կարիք ունենք։

ՍՐԲԱԶԱՆ — Խնդրեմ։

ՆԱՆԵ — Բարև, հայրիկ։

ԱՐԱՄ — (շփոթված)։ Բարև, աղջիկս։

Դավիթն ու Նանեն զարմացած իրար են նայում։ Սրբազանն ու Արամը դուրս են գնում։

ԴԱՎԻԹ – Գիտե՞ս ով է Լիլիթ Բերբերյանը

ՆԱՆԵ — Հայրիկի աոաջին սերը։ Հայրիկի հետ ծովափում նկարված գեղեցկուհին։

ԴԱՎԻԹ — Այո, շատ գեղեցիկ էր։

ՆԱՆԵ — Մայրիկից է՞լ։

ԴԱՎԻԹ — Մայրիկից գեղեցիկ կին չկա։

ՆԱՆԵ – Ապրես, խելոք տղա ես… Տեսնես ի՛նչ է պատահել։

ԴԱՎԻԹ – Ո՞վ գիտի… Մեծ ծրար էր, մեջը՝ զանազան թղթեր։

ՆԱՆԵ — Լուսանկարվելիս երևի համոզված են եղել, որ մինչև մահ ու գերեզման միասին են լինելու։

ԴԱՎԻԹ – Հավանաբար…

ՆԱՆԵ — Հաստատ։ Դու և Անահիտը նույն­պես հավերժ սիրո երդում եք տվել։

ԴԱՎԻԹ — Ես իմ երդումը չեմ խախտել։

ՆԱՆԵ — Խեղճ աղջիկն ի՞նչ կարող է անել, ընտրություն չունի։

ԴԱՎԻԹ — Ունի… Կարող է մնալ իր հայրե­նիքում։

ՆԱՆԵ — Իսկ ծնողնե՞րը… Նրանց միակ աղ­ջիկն է:

ԴԱՎԻԹ — Կսթափվեն ու ոչ մի տեղ չեն գնա։

ՆԱՆԵ — Գուցե այդպես էլ կլինի։

ԴԱՎԻԹ — Չի լինի։ Ամեն ինչ վաճառել են, տոմսերն արդեն պատվիրել են…

ՆԱՆԵ — Դավիթ, Անահիտի նման աղջիկ աշ­խարհում չկա՛… Հավատա՛։

ԴԱՎԻԹ — Հավատում եմ։

ՆԱՆԵ – Լարվեցի… Քո արտթերապիայի սե­անսում եթե խոսքը չի բավարարում, պետք է անցնել երգի, չէ՞։

ԴԱՎԻԹ — Այո… (Նանեն երգում է. «Սիրեցի, յարս տարան»։) Բռավո, Նանե ջան… (Հուզված է։)

ՆԱՆԵ — Եթե երգն էլ չի բավարարում, անց­նում են պարի… Ճի՞շտ է։

ԴԱՎԻԹ — Ճիշտ է։

Նանեն «ռոք» երաժշտություն է միաց­նում, սկսում է պարել, քիչ անց հրավի­րում է Դավիթին։ Մտնում են Արամն ու Գայանեն՝ լարված են, մտահոգ։ Դավիթն ու Նանեն ընդհատում են պարը, անջատում են երաժշտությունը։

ՆԱՆԵ – Ի՞նչ է պատահել։

Արամն ու Գայանեն շփոթված իրար են նայում։ Ձեռքում բռնած թղթերն ուսումնասիրելով՝ մտնում է Գրիգոր սրբազանը։

ԳԱՅԱՆԵ — Արամ, խոսի՛ր… Թե չէ երեխանե­րը կմտածեն, որ մոտիկ մարդ է մահացել։

ԱՐԱՄ — Ոչ ոք չի մահացել… Պարզապես Լիլիթ Բերբերյանը մենակ է մնացել: Պողոս Չիլիկյանն է մահացել։

ԳԱՅԱՆԵ — Բայց ոչ այսօր։ Նա մի տարի առաջ է մահացել։

ՆԱՆԵ – Չիլիկյանն ո՞վ է։

ԳԱՅԱՆԵ — Լիլիթ Բերբերյանի ամուսինը։

ԴԱՎԻԹ — Ողորմի Պողոս Չիլիկյանին։ Հե­տո՞…

ԳԱՅԱՆԵ — Հետո… Պողոսը կարողության կեսը ժառանգություն է թողել առաջին կնոջից ծնված իր երկու զավակներին, իսկ մնացածը՝ Լիլիթին, որից երեխա չունի։

ՍՐԲԱԶԱՆ — Պողոս Չիլիկյանն ամերիկա­հայ հարուստներից էր։ Կալիֆոռնիայի աղբի մշակման բիզնեսը նրանն էր։ Ճանաչում էի, շատ բարեհամբույր մարդ էր։

ՆԱՆԵ — Կեցցես, Պողոս… Տեսնո՞ւմ ես, Դա­վիթ, մարդը զիբիլից փող է սարքել։ Սովորիր…

ԴԱՎԻԹ — Հարուստ երկրներում աղբի մշա­կումը շատ եկամտաբեր գործ է։ Բայց… մենք ի՞նչ կապ ունենք նրանց աղբի հետ:

ԱՐԱՄ – Պարզվում է՝ ունենք… Լիլիթ Բերբեր­յանը կապում է… Գիտե՞ք՝ ով է Լիլիթ Բերբերյանը։

ՆԱՆԵ – Քո հին ծանոթներից է։

ԳԱՅԱՆԵ — Քո հոր առաջին սերն է։

ԴԱՎԻԹ — Գիտենք։

ԱՐԱՄ – Գիտե՞ք… Որտեղի՞ց։ (Նայում է Գայանեին։)

ՆԱՆԵ – Հին լուսանկարներից։ Սիրունիկն է… Մայրիկ, ասացիր, որ նա Պողոս Չիլինգարյանից

ԳԱՅԱՆԵ — Չիլիկյանից…

ՆԱՆԵ – Չիլիկյանից ժառանգ չի ունեցել։ Իսկ դրանից առա՞ջ։

ԳԱՅԱՆԵ — Երեխա չունի։ Տարիներ առաջ անհաջող վիրահատությունից հետո դարձել է չբեր։

ՆԱՆԵ — Այնպես տխուր ես ասում, կարծես այդ կինն ուզում է ինձ ու Դավիթին որդեգրել։

ԴԱՎԻԹ — Վատ չէր լինի… Նայած թե ինչ­քան է Չիլիկյանի ժառանգության կեսը։ Ասում եք, այդ Պողոսը շա՞տ փող ուներ, սրբազան։

ՍՐԲԱԶԱՆ — Այո։

ԳԱՅԱՆԵ — Բավական է ծամծմենք… Պարզ ասեմ. Լիլիթ Բերբերյանն արդեն մի տարի է՝ ինչ այրի է, հիմա որոշել է ամուսնանալ… ու ձեր հայրիկին առաջարկություն է անում։

ԴԱՎԻԹ — Ի՞նչ։

ՆԱՆԵ — Նա չգիտի՞, որ հայրիկը վաղուց ամուսնացած է։

ԳԱՅԱՆԵ — Գիտի։ Եթե Արամն առաջարկն ընդունի, պիտի բաժանվի ինձնից…

ՆԱՆԵ – Ի՞նչ… Բաժանվի քեզնից, ամուսնա­նա նրա հե՞տ։

ԳԱՅԱՆԵ — Այո։

ԴԱՎԻԹ — Բայց հայրիկն ինչո՞ւ պիտի ընդու­նի այդ խելագար կնոջ առաջարկը։

ԳԱՅԱՆԵ — Դրա համար Լիլիթը վճարում է։

ՆԱՆԵ – Վճարո՞ւմ է… Հայրիկ, նա ուզում է քեզ գնե՞լ։

ԱՐԱՄ – Այո… Առնել ձեզնից։

ԴԱՎԻԹ – Մեզնի՞ց։

ԱՐԱՄ – Մորիցդ, քեզնից, Նանեից։

ՆԱՆԵ – Այդ կինը երևի հոգեկան է։

ԱՐԱՄ – Երևի… Եթե հաշվի առնենք, թե ինչ գումար է առաջարկում ինձ համար…

ՆԱՆԵ – Որքա՞ն։

ԱՐԱՄ – Նստեք, որ չընկնեք։ (Նանեն ու Դավիթը նստում են։) Երեք միլիոն…

ՆԱՆԵ — Երեք միլիո՞ն…

ԴԱՎԻԹ – Դոլա՞ր….

ԱՐԱՄ– Այո… Ամուսնական պայմանագիր է ուղարկել, կետ առ կետ նշված են բոլոր պայ­մանները։ Կարող եք ծանոթանալ։ (Թղթերը դնում է սեղանին։)

ՍՐԲԱԶԱՆ — Որպես վստահված միջնորդ հոգևորական, սփյուռքում այսպիսի թղթերի հետ շատ եմ առնչվել։ Եթե Արամը բաժանվի կնոջից ու ամուսնանա Լիլիթ Չիլիկյանի հետ, դուք կստանաք երեք միլիոն դոլար։ Յուրա­քանչյուրիդ հատկացնում է մեկ միլիոն։

ՆԱՆԵ — Իսկ հայրիկի՞ն։

ՍՐԲԱԶԱՆ — Եթե Արամն ամուսնանա, նոր կնոջ հետ հավասար իրավունքներ է ունենալու նրա մնացած կարողության վրա։

ԴԱՎԻԹ — Եվ որքա՞ն է այդ մնացածը։

ՍՐԲԱԶԱՆ — Երեսուն միլիոն դոլար։

ՆԱՆԵ – Ի՞նչ… երեսուն միլիո՞ն…

ԴԱՎԻԹ – Ա՜յ քեզ բան…

ՆԱՆԵ — Իսկ եթե ամուսնանալուց հետո հայ­րիկը փոշմանի և ուզենա բաժանվել, որքա՞ն կստանա։

ՍՐԲԱԶԱՆ — Ոչ մի ցենտ։ Այդ գումարը նրան կհասնի միայն Լիլիթի մահից հետո։ Ամուսնական պայմանագիրն այդպես է կազմված։

ԴԱՎԻԹ — Մի խոսքով, այդ կինը ցմահ գնում է իր առաջին սերը։

ՍՐԲԱԶԱՆ — Այո։

ԳԱՅԱՆԵ — Գլխավորը չասացիք…

ԴԱՎԻԹ — Գլխավոր բան է՞լ կա։

ՆԱՆԵ — Նստեմ, որ չընկնեմ։

ԳԱՅԱՆԵ — Լիլիթն ուզում է Արամից երե­խա ունենալ։

ՆԱՆԵ – Ի՞նչ… Բա չասացի՞ր, որ չբեր է… Մի՞­թե դա հնարավոր է։

ՍՐԲԱԶԱՆ — Հնարավոր է։ Ինկուբատոր մոր միջոցով: Լիլիթր կարող է իր ԴՆԹ-ով Ադամից երեխա ունենալ։ Պայմանագրում այդ կետն էլ կա։

ԴԱՎԻԹ – Հիշո՞ւմ ես այն ֆիլմը, Նանե, որ­տեղ վարձու «թուխս» մայրը խելագարվում է։

ՆԱՆԵ — Հիշում եմ… Բայց ինչո՞ւ նույն ճանա­պարհով Պողոսից երեխա չի ունեցել:

ԳԱՅԱՆԵ — Չի ցանկացել։

ՆԱՆԵ – Պողոսից չի ուզել, Արամից ուզում է։ Հասկանալի է։

ԴԱՎԻԹ — Հետաքրքիր է, է՞լ ինչ կա։ (Մոտենում է սեղանին, վերցնում է թղթերը։) Սրա՞նք են բոլորը։

ՍՐԲԱԶԱՆ — Սա էլ…

Նանեն Սրբազանից վերցնում է թղթերը, մոտենում է Դավիթին. միասին սկսում են ուսումնասիրել։

ԴԱՎԻԹ — Գուցե սա երա՞զ է։

ՆԱՆԵ – Եթե երազ է՝ զարթնիր։

ԳԱՅԱՆԵ — Ընտանիքով բարդ խնդրի առաջ ենք կանգնել։

ԱՐԱՄ — Կասեի՝ բարդագայն… Ես եմ որոշում կայացնելու։ Բայց յուրաքանչյուրիդ որոշումը ինձ համար շատ կարևոր է։ Լավ մտածեք։ Լիլիթ Բերբերյանը յոթ օրից զանգահարելու է։ Ժամը քանիսի՞ն էր գրված, Գրիգոր սրբազան։

ՍՐԲԱԶԱՆ — Մյուս շաբաթ այս օրը, մեր ժամանակով երեկոյան ուղիղ յոթին տիկին Լիլիթը զանգահարելու է։

ՆԱՆԵ – Տե՛ս, է, մեռածը ժամկետ է դրել։

ԱՐԱՄ — Գրիգոր սրբազան, խնդրում եմ այդ օրը մեր կողքին լինես։ Այսօր քո ներկայությու­նը բոլորովին էլ պատահական չէր…

ՍՐԲԱԶԱՆ — (ժպտում է)։ Ով հավատում է պատահականությանը, չի հավատում Աստ­ծուն։

ՆԱՆԵ — Ուրեմն, այստեղ Աստված իր դերն ունի։

ԴԱՎԻԹ — Ու սատանան։

Բեմը մթնում է։

 

 

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Բեմում նույն հյուրասենյակն է։ Նանեն սեղանին սպիտակ սփռոց է փռում։ Ուտելի­քով, սպասքով ծանրաբեռնված սայլակը հրելով՝ մտնում է Դավիթը։

ԴԱՎԻԹ — Խորհրդավոր ընթրիքը մոտենում է։

ՆԱՆԵ — Իրոք… Սիրտս անհանգիստ է։ Սրբազանն ուշացավ։

ԴԱՎԻԹ — Չի ուշացել, մինչև յոթը դեռ ահա­գին ժամանակ կա։ Շարե՞նք էս ամեն ինչը։

ՆԱՆԵ — Իհարկե, մաման ձուկը դրեց կրա­կին, շուտով պատրաստ կլինի։

ԴԱՎԻԹ — Էս յոթ օրը ոնց որ յոթ դար լի­ներ… Ինչ ասես՝ մեր մտքով չանցավ:

ՆԱՆԵ — Անընդհատ մտածում եմ՝ միլիոնս ոնց եմ ծախսելու։ Իսկ եթե հայրիկը փոշմանի՞..

ԴԱՎԻԹ – Գժվեցի՞ր… Նա արդեն իր պիես­ների համար թարգմանիչներ է փնտրում։ Անգ­լերեն, իսպաներեն… նույնիսկ չինարենի շուրջ է բանակցում։

ՆԱՆԵ — Վստահ եմ՝ հայրիկի գործերը սրա­նից հետո աշխարհով մեկ կբեմադրվեն, ֆիլմեր կնկարահանվեն։ Հայաստանում է, որ դրանք ոչ մեկի պետք չեն։

ԴԱՎԻԹ — Մարգարեներն իրենց հայրենի­քում տեղ չունեն։

ՆԱՆԵ — Այդպես է։ Իսկ եթե Լիլիթ Բերբերյանը չզանգի՞։

ԴԱՎԻԹ — Կզանգի։ Այս գործարքը նրան ավելի է պետք, քան թե մեզ։

ՆԱՆԵ – Կարծո՞ւմ ես։

ԴԱՎԻԹ — Իհարկե։ Լիլիթն իր առաջին սերն է վերադարձնում ու նրանից էլ զավակ է ու­նենում։ Միայնակ կնոջ կյանքն իմաստավոր­վում է։

ՆԱՆԵ — Ես ահագին տեղեկություն եմ հավա­քել… ինկուբատոր եղանակով երեխա ունենա­լու համար նա մեծ գումար պիտի ծախսի։

ԴԱՎԻԹ — Եթե ամեն ինչ հաջող անցնի, մենք եղբայր կամ քույր կունենանք։ Եվ փոքրիկը ժառանգելու է մնացած 30 միլիոնը։

ՆԱՆԵ — Սրբազանը պարզել է, որ գումարից բացի, Լիլիթն անշարժ գույք էլ ունի… Առանձ­նատներ՝ Հոոմում, Փարիզում, Կանարյան կղզիներում… Մայրիկը պատմել է։

ԴԱՎԻԹ — Այո, Լիլիթը Լոսում արդեն հայտա­րարել է, որ ամուսնանում է, ուրեմն, ամեն ինչ օ’քեյ է։

ՆԱՆԵ – Այս ամբողջ շաբաթ մի տեսարան էր անընդհատ աչքիս երևում. պսակադրությունից հետո հայրիկն ու Լիլիթը դուրս են գալիս եկեղեցուց, ու նորահարսը մահացու ինֆարկտ է ստանում…

ԴԱՎԻԹ — Ու մենք ավելի հարուստ ենք դառնում:

ՆԱՆԵ – Այո։

ԴԱՎԻԹ — Բայց իմ մտքում այդ կինը մեղ­րամսից հետո է մահանում: Մեքենայով Գառնիի ձորն է ընկնում։

ՆԱՆԵ – Հա՞… (Ծիծաղում է։) Դու ինձնից բա­րի ես գտնվել… Բայց գիտես, Դավիթ, այսօր միլիոն դոլարն այնքան էլ մեծ բան չէ: Առանձ­նատունը Երևանի կենտրոնում կես միլիոն ար­ժե:

ԴԱՎԻԹ — Արդեն միլիոն դոլարն աչքիդ չի երևում, հա՞…

ՆԱՆԵ – Բա՞։ (Ծիծաղում է։) Լսիր, չեմ հաս­կանում, թե մեր ծնողներն ինչու անցյալից ոչ մի բան չեն ուզում պատմել։

ԴԱՎԻԹ — Ահա և մայրիկը…

ԳԱՅԱՆԵ — Լսեցի, լսեցի… (Հացը դնում է սեղանին։) Նանե ջան, պարզապես հայրդ չի ուզում այդ մասին խոսել… Բայց… Բայց…

Գինու շշերը ձեռքին մտնում է Արամը։

ԱՐԱՄ — (շշերը դնում է սեղանին)։ Սրբազանը չկա… Ուշանում է։ Այդ ի՞նչ «բայց»-եր են, տի­կի՛ն:

ԳԱՅԱՆԵ — Զավակներիդ հետաքրքրում է, թե դու և Լիլիթը ինչո՛ւ եք բաժանվել։

ԱՐԱՄ — Ժամանակին ես ու Լիլիթ Բերբերյանը խելագարի պես սիրում էինք իրար: Նա պարուհի էր…

ՆԱՆԵ – Գիտենք: Բալետի պարուհի: Նրան մեծ ապագա էր սպասում…

ԱՐԱՄ — Նրան հրավիրել էին Մոսկվա՝ Մեծ թատրոն։ Այդ ժամանակ Լիլիթը հղիացավ։ Որոշեցինք ամուսնանալ: Հարսանիքից առաջ Լիլիթը գաղտնի ազատվեց մեր սիրո պտուղից… Չերկարացնեմ: Ես էլ նրանից հրաժար­վեցի: Դեպրեսիայի մեջ ընկա, սկսեցի խմել… Հարբեցող էի դարձել… Ձեր մորը չհանդիպեի՝ կորած էի։

ԳԱՅԱՆԵ — Մեր ամուսնությունից հետո Լիլիթը ամեն կերպ փորձում էր վերադարձնել Արամին։ Երբ հասկացավ, որ նոր սեր է գտել, թողեց բալետը, ամուսնացավ ու մեկնեց Ամերիկա:

ՆԱՆԵ — Ահա թե ինչու է քեզնից երեխա ու­զում…

ԳԱՅԱՆԵ — Ինձ համար շատ դժվար է, բայց երևի Աստծո կամքն է… Բոլորիս համար էլ լավ կլինի։

ԱՐԱՄ — Իհարկե, մենք միայն փաստաթղթով ենք բաժանվում։

Դռան զանգ։

ՆԱՆԵ — Գրիգոր սրբազանն է։

ԱՐԱՄ — Ես կբացեմ։ (Դուրս է գնում։)

ԴԱՎԻԹ — Այս ամենի մեջ ինչ-որ բան ինձ դուր չի գալիս…

ՆԱՆԵ — Ինձ էլ։

Մտնում են Գրիգոր սրբազանն ու Արամը՝ ձեռքին գինու շիշ։

ԱՐԱՄ – Տեսեք, սրբազանն ինչ է բերել։

ՍՐԲԱԶԱՆ — Բարի երեկո…

ԱՐԱՄ — Սուրբ էջմիածնի հին տակառների գինին է։

ՍՐԲԱԶԱՆ — Այսօրվա առթիվ, այս խորհրդավոր ընթրիքին արժանի խմիչքը դա է:

ԳԱՅԱՆԵ — Շնորհակալություն, սրբազան։ Նստեք, հիմա ձուկը կբերեմ։

ՍՐԲԱԶԱՆ — Մինչև ընթրիքն ուզում եմ մի երկու բան ասել։ Հենց նոր Արամից իմացա, որ ընտանիքով որոշել եք ընդունել Լիլիթ Բերբերյանի առաջարկը:

ԳԱՅԱՆԵ — Ճիշտ է։

ՍՐԲԱԶԱՆ — Եթե սերն առ Աստված կարող է անսահման լինել, ապա այն առ երկրայինը սահմանափակ է։ Մարդու հոգին առաջին հեր­թին պիտի ուղղված լինի առ Աստված, այլ ոչ դեպի երկրային արժեքները։ Ձեր ընտանիքը պետք է գիտակցի, որ չունևորությունը պատա­հականության չէր։ Արդյո՞ք դուք ընդունել եք այն որպես Աստծու կամք, չե՞ք ատել, չե՞ք նա­խանձել հարուստներին, չե՞ք չարացել… Իմա­ցեք, ով հոգևոր հարստությանը բացարձակ առաջնություն է տալիս, կարող է միշտ հա­րուստ լինել: Հիշեք, հաղթանակը պարտու­թյան ճիշտ գնահատումն է:

ԳԱՅԱՆԵ — Ուզում եք ասել՝ մեր ընտանիքը բարոյական պարտություն է կրել:

ՍՐԲԱԶԱՆ — Ես այդպիսի բան չասացի… Վե՛րջ, կարող ենք անցնել մեր ընթրիքին։

ԳԱՅԱՆԵ — Ձուկը բերեմ։ (Դուրս է գնում։ Բոլորը նստում են սեղանի երկարությամբ, դեմ­քով դեպի հանդիսատեսը։ Դավիթը բացում է գինին։)

ԴԱՎԻԹ — Գրիգոր սրբազան, գինին գուցե ձեր արդար ձեռքով լցնեք…

ԱՐԱՄ — Դավիթը ճիշտ է ասում։

ՍՐԲԱԶԱՆ — Լցնեմ, ինչքան չլինի՝ խորհրդավոր ընթրիք է… (Լցնում է բաժակները։)

Ն Ա Ն Ե — Բայց այդ խորհուրդն աչքիս ինչ-որ չի երևում, սրբազան։

ՍՐԲԱԶԱՆ — Լավ չես նայում, Նանե ջան…

Ձկով ամանը ձեռքին մտնում է Գայանեն, տեղավորում սեղանին։

ԳԱՅԱՆԵ — Սրբազան, սկսե՛նք…

ՍՐԲԱԶԱՆ — «Հայր մեր, որ երկնքում ես»…

ՄՅՈՒՍՆԵՐԸ — «Հայր մեր, որ երկնքում ես»…

ՍՐԲԱԶԱՆ — «Սուրբ թող լինի քո անունը»…

ՄՅՈՒՍՆԵՐԸ — «Սուրբ թող լինի քո անու­նը»…

ՍՐԲԱԶԱՆ — «Քո թագավորությունը թող գա, քո կամքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է»։

Լույսերն անջատվում են։

ԴԱՎԻԹ – Ա՜յ քեզ բան…

ՍՐԲԱԶԱՆ — Այս ի՞նչ էր։

ԴԱՎԻԹ — Ապահովիչը գցեց։

ԱՐԱՄ — Դավիթ, Նանե, մոմերը վառեք։

ԴԱՎԻԹ — Հիմա, հայրիկ…

Նանեն ու Դա­վիթը մոմեր են վառում։

ԱՐԱՄ — (մոմ է վերցնում)։ Գնամ, լույսը միաց­նեմ։

ՆԱՆԵ – Զգույշ կլինես, հայրիկ…

ԱՐԱՄ – Զգույշ կլինեմ։ Իսկ դու մոմերի լույսի տակ մի լավ երգ ասա…

ՆԱՆԵ — Ասեմ… (Երգում է «Սուրբ– սուրբը»։)

Գայանեն ու Արամը դուրս են գա­լիս տարբեր ուղղություններով։ Քիչ անց մոմը ձեռքին վերադառ­նում է Գայանեն, կանգնում, լսում է Նանեի երգը։ Անսպասելի միա­նում է լույսը, միաժամանակ լսվում է Արամի բարձր, անսովոր ծիծա­ղը։ Նանեն լռում է, բոլորը զարմա­ցած իրար են նայոյմ։ Ծիծաղելով մտնում է Արամը։

ԱՐԱՄ — (զսպում է ծիծաղը)։ Եղիցի լույս…

ԳԱՅԱՆԵ – Ի՞նչ պատահեց, Արամ…

ԱՐԱՄ – Բան չկա… Հոսանքը մի լավ խփեց, ու մարմինս, ողջ էությունս ցնցվեց և… և… (Սկսում է ծիծաղել։ Գնալով ծիծաղն ուժեղանում է ու անսպասելի լռում։)

ՆԱՆԵ – Ի՞նչ եղավ, հայրիկ, ինչո՞ւ ես այդպես ծիծաղում։

ԱՐԱՄ – (նստում է իր տեղը)։ Ոչինչ, ամեն ինչ կարգին է, պարզապես ուրախ եմ, որ ողջ մնա­ցի… (Արամը մեկ կարծես հարբած է, մեկ՝ շատ լուրջ։ Իրեն տարօրինակ է պահում։) Մի բան ասա՝ խմենք, Դավիթ:

ԴԱՎԻԹ – Հիմա՛, հիմա՛։ Ինչ ասեմ, հեր ջան. շառից, փորձանքից հեռու լինեք…

ՍՐԲԱԶԱՆ — Ամեն… (Բոլորը կրկնում են «Ամեն», խմում են: Արամից բացի բոլորն ուտում են։)

ԱՐԱՄ — Մոռացել եք մեր խորհրդավոր ընթ­րիքի գլխավոր առական։

ԴԱՎԻԹ — Եվ ի՞նչն է դա…

ԱՐԱՄ – Հեռախոսը…

ԳԱՅԱՆԵ — Իրոք, մոռացել ենք հեռախոսը խոհանոցից բերել։

ՆԱՆԵ – Չէ՞ որ Ամերիկայից կարևոր զանգի ենք սպասում։

ԱՐԱՄ – Իսկ եթե ավելի կարևոր զանգ գա՞։

ՆԱՆԵ – Ավելի կարևո՞ր, որտեղի՞ց…

ԱՐԱՄ – Այնտեղից… (Վերև է մատնացույց անում։)

ԴԱՎԻԹ — Գնամ, հեռախոսը բերեմ։

ԱՐԱՄ – Մտածիր, թե ինչ ենք պատասխանե­լու Աստծուն, եթե հանկարծ զանգի…

ԴԱՎԻԹ — Կմտածեմ, պապ ջան… (Դուրս է գնում։)

ԱՐԱՄ – Դու էլ մտածիր, Նանե։ Դու էլ, Գայանե, դու էլ, սրբազան։

ՍՐԲԱԶԱՆ — Ես ամեն վայրկյան մտածում եմ այդ մասին…

Հեռախոսը ձեոքին մտնում է Դավիթը։

ԱՐԱՄ – Դե ինչ, եկեք մեր խաղն սկսենք։ (Ծի­ծաղում է։)

ԳԱՅԱՆԵ – Ի՞նչ խաղ… Ի՞նչ է պատահել, Արամ, քեզ հարբածի նման ես պահում։ Հո վատ չե՞ս զգում։

ԱՐԱՄ – Վա՞տ… Երբեք ինձ այսքան լավ չեմ զգացել։ Մայր տաճարի գինին եմ խմել ու հար­բել եմ։ (Ծիծաղում է հարբածի նման։)

ԳԱՅԱՆԵ – Հարբե՞լ ես… Սառը թրջոց բե­րեմ…

ԱՐԱՄ– (լրջանում է)։ Ներկայացումն սկսե՛ք։

ԴԱՎԻԹ — Դու միայն ասա, թե ինչ ներկա­յացում է, ինչի մասին է…

ԱՐԱՄ – Նույն ներկայացումն է, նույն բանի մասին: Արտթերապիայի բուժիչ ազդեցություն ունի, որովհետև նյութը սրտի արյունով է գրված…

ԴԱՎԻԹ — Ո՞ւմ սրտի արյանով, ո՞վ է հեղի­նակը։

ԱՐԱՄ – Հիսուսի արյունով է գրված, հեղի­նակն ինքն է՝ Աստված… (Տիրում է լռություն։) Սրբազա՛ն, ասում ես՝ Հիսուսն իր լռությամբ ի՞նչ արեց, քավեց արդարացումները մեղսավոր Ադամի: Այդ տեսարանից բազմաթիվ հարցեր են ծնվում, որոնք ուզում եմ ձեզ ուղղել… (Դա­դար։) Գայանե, առաջինը քեզ եմ դիմում…

ԳԱՅԱՆԵ – Ի՞նձ… Լսում եմ, Արամ…

ԱՐԱՄ – Սիրո՞ւմ ես դու քո ամուսնուն։

ԳԱՅԱՆԵ — Այո։

ԱՐԱՄ – (դիմում է զավակներին)։ Իսկ դուք սիրո՞ւմ եք ձեր հորը։

ԴԱՎԻԹ — Իհարկե…

ՆԱՆԵ — Ես քեզ շատ եմ սիրում, հայրիկ։

ԱՐԱՄ — Ես էլ ձեզ եմ շատ-շատ սիրում։ Մենք չե՞նք ստում, մենք չե՞նք կեղծում, սրբազան…

ՍՐԲԱԶԱՆ – Ո՛չ:

ԱՐԱՄ — Սակայն մի՞թե սերը կարող է դավա­ճանել:

ՍՐԲԱԶԱՆ – Չի կարող։

ԱՐԱՄ – Բայց դավաճանություն է տեղի ունե­ցել: Դուք դավաճանեցիք ինձ, ես դավաճանե­ցի ձեզ… Դուք ինձ վաճառեցիք երեք միլիոնով, ես ինձ վաճառեցի երեսուներեք միլիոնով: Քանի՞ արծաթով Հուդան վաճառեց Հիսուսին…

ՍՐԲԱԶԱՆ — Երեսուն…

ԱՐԱՄ – Երեք միլիոն դոլարի, երեսուն միլիո­նի և երեսուն արծաթի միջև տարբերություն չկա… Ես դա պարզեցի նոր, երբ մահացա, և հազար տարվա մեռելներին հասնելով հարցրի, նրանք բոլորն էլ պատասխանեցին՝ չկա… Հու­դային էլ տեսա… Նա էլ նույնն ասաց։ Հարցրի. «Հուդա, դու սիրո՞ւմ էիր Հիսուսին», պատաս­խանեց. «Այո, անսահման սիրով»։ Ես հավա­տում եմ նրան։ Իսկ դու, սրբազան, հավատո՞ւմ ես Հուդայի խոսքին:

ՍՐԲԱԶԱՆ — Այո, Հուդան իրոք սիրում էր Հիսուսին, բայց…

ԱՐԱՄ – Ստո՛պ, «բայց»-երը հետո…

ԴԱՎԻԹ — Տեր Աստված, արտթերապիայի այս ի՜նչ հետաքրքիր սեանս է սկսվել։ Մի վայրկյան, թուղթ ու գրիչ վերցնեմ, նշումներ անեմ։ (Թուղթ ու գրիչ է վերցնում։) Շարունա­կիր, հայրիկ։

ԱՐԱՄ – Ասացի՝ Հուդա, եթե սիրում էիր Հիսուսին, ինչո՞ւ դավաճանեցիր… Նա հանգիստ պատասխանեց երկու բառով. «Այդպես ստացվեց»։

ԴԱՎԻԹ – Ի՞նչ… Հետաքրքիր է… (Գրում է։)

ԱՐԱՄ – Հուդան սիրում էր ու դավաճանեց… Գայանեն սիրում էր ու դավաճանեց… Դավիթը սիրում էր ու դավաճանեց… Նանեն սիրում էր ու դավաճանեց… Ես սիրում էի ու դավաճանեցի… Բայց չէ՞ որ սերը չի դավաճանում…

ԳԱՅԱՆԵ — Ես քեզ չեմ դավաճանել, Արամ։

ԱՐԱՄ – Դու ինձ դավաճանեցիր 30 արծա­թով։ Դավաճանեցիր՝ Հուդայի նման։

ՆԱՆԵ – Հայրի՛կ…

ԱՐԱՄ – Լռի՛ր:

ԴԱՎԻԹ — Արտթերապևտին սեանսի ժամա­նակ ընդհատել չի կարելի, մոռացե՞լ ես, Նանե։ Ներիր, հայրի՛կ։

ԱՐԱՄ – Գայանե, դու դավաճանեցիր ամուս­նուդ, դավաճանեցիր երեխաներիդ, դավաճա­նեցիր ինքդ քեզ ու խաչին գամեցիր քո Աստ­ծուն: Դուք նույնպես դավաճանեցիք ու խաչին բարձրացրիք ձեր Աստծուն…

ՆԱՆԵ — Իսկ դո՞ւ, հայրի՛կ…

ԱՐԱՄ — Ես էլ նույն մեղքն եմ գործել… Մեղա, Տեր, մեղա…

ԴԱՎԻԹ — Պապ ջան, տեսնում եմ՝ շատ ես հուզված, նույնիսկ տառապում ես։ Հո չե՞ս ու­զում ինֆարկտ կամ ինսուլտ ստանալ։ Թեթև, որքան կարող ես՝ թեթև… Մարմնավորիր տա­ռապանք, բայց մի տառապիր, ներկայացրու հուզմունք, բայց մի հուզվիր։ Մի մոռացիր, որ քո այս կերպարը երկրորդական է, գլխավորը՝ քո ներսի դերասանի հոգու մասին մտածիր… Թեթև, թեթև… Մեկ-մեկ էլ դիմիր հանդիսատե­սին, օտարվիր դերից…

ԱՐԱՄ – Եղավ… (Դիմում է հանդիսատեսին։) Տիկնայք և պարոնայք, հասկացեք վերջապես, երբ սիրում եք, մտքում ստեղծում եք ձեր ուզած պատկերը։ Եվ այդ պատկերը սիրում եք ոչ նրա համար, որ տաք, այլ՝ որ վերցնեք։ Դուք սիրում եք, որպեսզի ձեր սերը մարմնավորեք համապատասխան ձեր գաղափարների։ Ամեն ամուսին, ամեն տղամարդ անում է այդ բանը, ամեն կին անում է այդ բանը, ամեն ընկեր անում է այդ բանը։ Դուք շարունակ աշխատում եք փոխել ձեր սիրած մարդու էությունը։ Բայց այն չի կարող փոխվել։ Դուք միայն հիասթա­փություն կապրեք։ Այդպես չէ՞, սրբազան…

ՍՐԲԱԶԱՆ — Իրականը անհնար է փոխել: Դրանից միայն ձեր երազանքը կփշրվի, ու դուք ցավ կզգաք։ Սրտով լսեք ու կհասկանաք, որ աշխարհում չկա մեկը, որը կարողանա հագուրդ տալ ձեր պատկերացմանը, ձեր երազին։ Այն­պես որ, մի՛ փորձեք փոխել ուրիշին ու հարմա­րեցնել ձեր պատկերածին։ Նա, ով սիրում է իս­կական սիրով, պարզապես սիրում է այն, ինչ որ կա…

ԴԱՎԻԹ — Բայց այսօր ո՞վ կարող է այդպես սիրել…

ԱՐԱՄ — Ո՜վ գիտի…

ՍՐԲԱԶԱՆ — Նա, ով շատ, շատ սեր ունի։ Այնքան, որ պռունկներից թափվում է։ Նա չի ստեղծում երազանք մեկի շուրջը։ Ու հավասար բաժին է հանում ամեն ինչ իր ճանապարհին։ Նրա հատուցումը ոչնչով պայմանավորված չէ։ Նա ուրիշից ոչինչ չի սպասում։ Եթե սերը սպա­սում է, ուրեմն կլինի հիասթափություն։ Եթե սե­րը սպասում ունի, ուրեմն բավարարվածություն չի լինի։ Եթե սերը սպասում ունի, ուրեմն կհետևի դժբախտությունն ու խելագարությու­նը…

ԱՐԱՄ — Եվ դավաճանությունը։ Մենք բոլորս էլ իրարից սպասումներ ունեինք, դրա համար էլ մեր սիրուց դավաճանություն ծնվեց: Հուդան նույնպես սպասումներ ուներ իր ուսուցչից, դրա համար դավաճանություն ծնվեց։ Հասկացա՞ր, Գայանե…

ԳԱՅԱՆԵ — Հասկացա, Արամ։ Ճշմարիտ սի­րել, նշանակում է սթափ նայել ուրիշի իրակա­նությանը։ Ճշմարիտ սերն իր սիրածին տեսնում է՝ ինչպես որ նա կա: (Դիմում է հանդիսատե­սին։) Եթե իրոք սիրում եք, տեսեք իրականը, երևակայական կերպար մի ստեղծեք և մի փոր­ձեք սիրած էակին հարմարեցնել ձեր ստեղ­ծածին:

ԱՐԱՄ – Դու այդպե՞ս ես սիրում քո ամուսնուն։

ԳԱՅԱՆԵ — Այս խաղում՝ այո։

ԱՐԱՄ – Իսկ կյանքո՞ւմ…

ԳԱՅԱՆԵ — Չգիտեմ, չեմ կարող ասել։

ԱՐԱՄ – Ամերիկայի զանգին ի՞նչ պատասխա­նեմ՝ այո՞, թե՞ ոչ…

ԳԱՅԱՆԵ — Այո… Որովհետև ես սպասելիք­ներ եմ ունեցել մեր սիրուց։ Փափագել եմ, որ մեր ընտանիքն ապրի մարդավայել կյանքով։ Հոգնել եմ, ամուսին, հոգնել…

ԱՐԱՄ – Իսկ դուք՝ Դավի՛թ, Նանե՛…

ԴԱՎԻԹ — Մենք՝ ի՞նչ… Ես էլ իրական կյան­քում ողջունում եմ քո և Լիլիթ Չիլիկյանի ամուսնությունը, իսկ այստեղ, այս խաղում կա­րող եմ և ոչ ասել…

ՆԱՆԵ — Ես էլ, հայրիկ… իսկ դո՞ւ… Դու կյանքում կարո՞ղ ես հրաժարվել երեսուներեք միլիոն դոլարից… (Դադար։)

ԱՐԱՄ – Լինել, թե չլինել, այս է խնդիրը. ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ…

ԴԱՎԻԹ — Պետք չէ, հայրիկ, տառապանք­ների մեջ ընկնել։ Թեթև, թեթև վերաբերվիր կերպարիդ…

ԱՐԱՄ – Թեթև վերաբերվեմ իմ կերպարին, իմ երկրային կյանքին, հա՞… Բայց, Դավիթ, իրա­կանում ամեն ինչ հակառակն է։ Մեր ժամանա­կավոր կերպարը, այսինքն՝ մարմինը, հանուն նյութականի, երկրայինի վաճառում է իր ան­մահ հոգին: Ահա, երեսուներեք միլիոն դոլա­րով ես երեսուներեք մտրակի հարված եմ հասցնում իմ միջի Աստծուն, հավերժ երեսուներեքամյա Հիսուսին: Մեղա, Տեր, մեղա։ Նորից նա լուռ նայում է իր դատավորներին։ Եվ նրան­ցից միայն մեկն ասաց, որ Հիսուսը մեղավոր չէ… Ո՛չ, ո՛չ, նա հոգևորական չէ և նրանց եկեղե­ցու հետ կապ չունի… Գիտե՞ս ով է նա, սրբազան…

ՍՐԲԱԶԱՆ – Պիղատոսը:

ԱՐԱՄ – Այո, այդ այլասերված հարբեցողը, հեթանոս հռոմեացին: Հիշո՞ւմ ես, թե նա ինչ հարցրեց Հիսուսին…

ՍՐԲԱԶԱՆ – Դո՞ւ ես հրեաների թագավորը։

ԱՐԱՄ – «Դու ես ասում»,- պատասխանեց Հիսուսը և լռեց…

Դադար։

ԴԱՎԻԹ – Շարունակե՛ք, շարունակե՛ք… «Ու Պիղատոսը զարմացած հարցրեց Հիսուսին…»։

ՍՐԲԱԶԱՆ — «Հիսուս, ոչ մի պատասխան չես տալիս, տես, ինչքան են քեզ ամբաստանում»։

ԱՐԱՄ – Լռություն… Իսկ ովքե՞ր էին ամբաս­տանում Հիսուսին, սրբազան…

ՍՐԲԱԶԱՆ — Քահանայապետերը…

ԱՐԱՄ — Այսինքն՝ եկեղեցականները, հոգևո­րականները…

ՍՐԲԱԶԱՆ – Այո:

ՆԱՆԵ — (դիմում է հանդիսատեսին)։ Հրեա­ների տոնի առթիվ Պիղատոսը պետք է մեն մի կալանավոր արձակեր՝ ժողովրդի ընտրու­թյամբ։ Ու այդ հռոմեացի պաշտոնյան Հիսուսի կողքին դրեց մարդասպան Բարաբբային՝ հու­սալով, որ ժողովուրդը կազատի անմեղ Հիսուսին։ Ճի՞շտ եմ, հայրիկ…

ԱՐԱՄ – Ճիշտ ես… «Ու Պիղատոսը դիմեց ժո­ղովրդին»… Խնդրեմ, սրբազան։

ՍՐԲԱԶԱՆ — (հանդիսատեսին)։ «Այս երկու­սից որի՞ն եք ուզում, որ ձեզ համար արձակեմ»։

ԳԱՅԱՆԵ – Ու ժողովուրդը բղավեց. «Ազա­տիր Բարաբբային»։

ՍՐԲԱԶԱՆ — «Իսկ ի՞նչ անեմ Հիսուսին՝ Քրիստոս կոչվածին»։

ԳԱՅԱՆԵ — «Խաչ հանիր նրան»։ (Խաչա­կնքում է։)

ԴԱՎԻԹ — Գոռաց ժողովուրդը…

ՍՐԲԱԶԱՆ — «Ի՞նչ չար բան արեց Հիսուսը, որ…»։

ԳԱՅԱՆԵ — «Խա՛չ հանիր նրան»… (Զսպում է լացը։)

ԴԱՎԻԹ — Աղաղակեց ժողովուրդը… (Գայանեն լալիս է։) Հանգիստ, մայրի՛կ, հան­գիստ։ Արտթերապիայով զբաղվում են առող­ջանալու համար, ոչ թե հիվանդանալու։

ՆԱՆԵ — Հանգստացիր, մայրի՛կ, ամեն ինչ անցավ։ Պիղատոսը լվաց իր ձեռքերն ու դրա­նով հասկացրեց, որ ինքը Հիսուսի արյունից անմասն է: Ու խաչ բարձրացրին Հիսուսին։ Բայց մեր Փրկիչը հարություն առավ ու համ­բարձվեց… Այնպես որ ամեն ինչ լավ վերջա­ցավ։ Նա մեր բոլոր մեղքերն իր վրա վերցրեց։

ԱՐԱՄ — Հիսուսը որ համբարձվեց, երկիրը դատարկվեց… Ու բանսարկու սատանան, ազատվելով բանտից, երկրի տիրակալի գահին բազմեց՞

ՆԱՆԵ – Մի՞թե այդպես է եղել, սրբազան:

ԴԱՎԻԹ — Այդպես է եղել, Նանե։ Նայիր շուրջդ, սուրբ Արարատ լեռան փեշերին փռված մեր երկրին։ Ո՞ւր են Հիսուսի պատվիրանները, որոնք 1700 տարի առաջ հայերիս պետականո­րեն ընդունած քրիստոնեության հիմնաքարերն են։ Նայեք այսօրվան, ուրացել ենք ամեն բա­րոյական ու պատվիրան։

ԳԱՅԱՆԵ — Ուրիշի աչքի փուշը տեսնում ենք, մեր աչքի գերանը՝ ոչ…

ՆԱՆԵ — Սպանում, շնանում, գողանում, թա­լանում ենք…

ԱՐԱՄ — Դավաճանում ենք իրար, ծնողներին, կանանց, երեխաներին…

ԴԱՎԻԹ — «Որտեղ հաց, այնտեղ կաց»։ Կռապաշտի նման կանաչ դոլար անունով կուռքին ենք երկրպագում…

ԳԱՅԱՆԵ — Լքում ենք մեր երկիրը՝ իբր հա­նուն մեր երեխաների ապագայի, նրանց կտրում ենք հայրենի հողից, լեզվից ու արմատնե­րից, դժբախտացնում…

ՆԱՆԵ – Նայում ենք քարուքանդ Հայաստա­նին ու մեզ շինարար ժողովուրդ ենք կոչում։

ԱՐԱՄ – Մեր պարտությունները հաղթանակ ենք համարում, իսկ հաղթանակներին չենք դի­մանում…

ԳԱՅԱՆԵ — Մեր խելոքներին արհամարհում ենք, հիմարներին՝ մեծարում…

ՍՐԲԱԶԱՆ — Ամեն հայ իր ներսում պիտի հոգևոր ու բարոյական վերածնունդ ապրի։

ԱՐԱՄ — Բայց այսօր ու ամեն օր խաչ ենք բարձրացնում մեր միջի Աստծուն, և հոգիները մեր դատարկ սատանան է զավթում։ Ու երկնքից տագնապալի հնչում են զանգերն Աստծո… Լսո՞ւմ եք… Զանգերը հնչո՜ւմ են, հնչո՜ւմ են, հնչո՜ւմ… Լսո՞ւմ եք… Լսո՞ւմ եք…

Հնչում են զանգերը:

ՆԱՆԵ — Լսում ենք, լսում ենք, հայրի՛կ…

ԳԱՅԱՆԵ — Լսում եմ… Ո՜նց են ղողանջում…

ԴԱՎԻԹ — Իրոք…

ԱՐԱՄ — Դե, պատասխանեք Աստծու զանգե­րին…

ԴԱՎԻԹ – Ի՞նչ ասենք… Բառե՛ր, բառե՛ր, բառե՛ր…

ԳԱՅԱՆԵ – Ի՞նչ պատասխանենք… Այս պա­հին բոլոր խոսքերն իզուր են…

ԴԱՎԻԹ – Մոռացա՞ք… Արտթերապիայի սե­անսի ժամանակ, երբ խոսքը չի բավարարում, անցնում են երգի:

ՆԱՆԵ – Ի՞նչ երգենք… Այս աստվածային զանգերի ղողանջների տակ ոչ մի երգ չի հնչի…

ԴԱՎԻԹ — Երբ երգը չի բավարարում, անց­նում են պարի…

ԳԱՅԱՆԵ – Պարե՞նք… Այս զանգերի ռիթմի տա՞կ…

ՆԱՆԵ – Ի՞նչ պարենք…

ԱՐԱՄ — «Քոչարի»… Չարի դեմ ուղղված հայ ժողովրդի հաղթական պարը:

ՆԱՆԵ – Պարենք… Դառնանք մի մարմին, մի ամբողջություն, որ հաղթենք աշխարհի չարն ու խավարը:

ԳԱՅԱՆԵ — Պարենք կրակոտ, հզոր, մեր խրոխտ շուրջպարը:

ԴԱՎԻԹ — Թող պարն այդ լինի պատաս­խան՝ երկնքից հնչող Աստծո զանգերին:

ՆԱՆԵ — Զանգերը հնչում են, օ՜հ, ոնց են հնչում… Դե, պարե՛նք, հայրի՛կ, պարե՛նք, սրբազա՛ն:

ՍՐԲԱԶԱՆ — Պարենք, Նանե ջան…

Հնչում է «Քոչարին»։ Բոլորը խրոխտ, հպարտ պարում են։ Քիչ անց հնչում է հեռախոսի զանգը։ Պարն ընդհատվում է։ 

ԴԱՎԻԹ — Ժամը ուղիղ յոթն է: Սա արդեն Աստծո զանգը չէ…

ԱՐԱՄ — Այո… Սա գայթակղիչ զանգն է Ամե­րիկայից: Տեր իմ, օգնիր ինձ… (Լարված մոտենում է հեռախոսին։) Այո… Ողջույն, Լիլիթ… Լավ եմ, լավ եմ, լավ… Ի՞նչ էի անում… «Քոչա­րի» էի պարում… Ո՞ւմ հետ… Ընտանիքիս, հայ ժողովրդի, ողջ աշխարհի հետ… չեմ կատա­կում: Պարզապես պիես եմ գրում ու հիմա էլ նրա մեջ եմ… Դու, կաս, իհարկե… Բա հեռախո­սով ո՞ւմ հետ եմ խոսում: Հիշում եմ, Լիլիթ, ամեն ինչ հիշում եմ… Մեր սիրուն առնչվող ողջ գեղեցիկը ես իմ մեջ եմ պահում: Վատն ու տգեղը փորձում եմ ջնջել, մոռանալ: Հաջող­վում է որոշ չափով… Մարդու բնույթն է այդպիսին… Ի՞նչ, ինչու այդպես ստացվե՞ց… Սիրում էի քեզ, սիրում էիր դու ինձ… Մտածել եմ, շատ եմ մտածել ու մի բան եմ հասկացել. Աստծուց շատ ինչ էլ սիրես, կորցնում ես՝ կին, երեխա, հայր, մայր, հայրենիք, մասնագիտություն… Իհար­կե… Ինչպե՞ս կարելի է Աստծուց շատ ինչ-որ բան սիրել, չէ՞ որ այդ ամենը նա է մեզ պարգևել: Այո, հավատում եմ… Խնդրեմ, անց­նենք բուն նյութին… Լիլիթ, այս պահին պա­տասխան չունեմ: Ոչ «այո» կարող եմ ասել, ոչ էլ՝ «ոչ»։ Որովհետև քրիստոնեությանը նվիրված պիես եմ գրում։ Եթե ասեմ «այո», բաժանվում եմ Գայանեից, թողնում եմ ընտա­նիքս, վաճառվում եմ քեզ. իմ պիեսը կքանդվի, անպետք բան կդառնա: Եթե ասեմ «ոչ», հրա­ժարվում եմ քո առաջարկած երկրային բարիք­ներից, պիեսը կեղծ կլինի… Այնպես որ, եթե կարող ես, մի քիչ էլ սպասիր… Ինչքա՞ն: Մինչև պիեսն ավարտեմ, ճիշտ ֆինալ գտնեմ… Չգի­տեմ: Այո, այո, պիեսում դու կաս, բայց բեմում չես երևում: Միայն դու չէ, որ չես երևում… Իմ պիեսում Աստված էլ կա, սատանա էլ, մուսա էլ, բայց նրանք էլ քեզ պես բեմում չեն… Մուսաս ո՞ւմ է նման… Ջոկոնդային: Այո, ժպտում է… Նա ինձ միշտ ժպտում է… Հիմա էլ… ժպտում ու հուշում է այն ամենը, ինչ այս պահին կա­տարվում է բեմում: Իհարկե, ես տեսնում եմ բեմը, դահլիճը, հանդիսատեսին: Հանդիսա­տե՞սը… Լուռ լսում է, սպասում է ֆինալին: Շնորհակալություն… Ցտեսություն… Հաջողու­թյուն, Լիլիթ… (Դնում է լսափողը։ Դադար։) ՍՐԲԱԶԱՆ — (զարմացած)։ Ա՜յ քեզ բան…

ԳԱՅԱՆԵ — Սրբազան, որ մենք ուրիշ իրա­կանության մեջ, ուրիշ ժամանակում ենք գտնվում, այն պարզապես բեմական է կոչվում։ Սիրտս վկայում էր։

ՍՐԲԱԶԱՆ — Բոլոր ժամանակներն ու իրա­կանությունները Տիրոջ ձեռքում են, Գայանե… Այս մեր բեմականը՝ նույնպես։

ՆԱՆԵ – Ի՞նչ… Հայրիկ, նշանակում է մենք քո պիեսի կերպարներն ենք ու այս ամենը իրական կյանքի հետ կապ չունի՞:

ԱՐԱՄ — Ճշմարիտ թատրոնն ավելին է, քան կյանքն ու նրա պատճենը:

ԴԱՎԻԹ — Ուրեմն աշխարհը բեմ է, մարդիկ՝ դերասան, կյանքը պատկեր է, մահը՝ վարա­գույր, հեղինակը՝ Աստված…

ԱՐԱՄ — Այո…

Հեռախոսազանգ։

ՆԱՆԵ — Լիլիթն է… Երևի փոշմանել է…

ԴԱՎԻԹ — (վերցնում է հեռախոսը)։ Բարև, Անահիտ… Նորմալ… Ինչ եմ անո՞ւմ… Հորս գրած պիեսից քեզ հետ եմ խոսում: Այո, կա­տակ է, կատակախաղ… Լսում եմ, Անահիտ, ուշադիր լսում եմ: Ի՞նչ… Ի՞նչ… Հաստա՞տ.. Քանի՞ րոպեից… Տասնհի՞նգ… Այո, կդիմավորեմ… Այո, այո, այո։ (Դնում է լսափողը, ուրա­խությունից այս ու այն կողմ է նետվում։) Շնոր­հակալ եմ, Տեր Աստված։ Անահիտն ինձ հավա­տարիմ մնաց…

ՆԱՆԵ — Նա մնո՞ւմ է…

ԴԱՎԻԹ — Այո, չի մեկնում Ամերիկա: Մնում է Հայաստանում… Նա հիմա այստեղ է գալիս, ու մենք ամուսնանում ենք…

ՆԱՆԵ – Ուռռա՜… Չարը խափանվեց, ու բա­րին հաղթեց։

ԳԱՅԱՆԵ – Փա՜ռք քեզ, Տեր Աստված…

ՍՐԲԱԶԱՆ — Սրանից էլ լավ ֆինա՞լ, Արամ…

ԴԱՎԻԹ — Ես աշխարհի ամենաերջանիկ, ամենահարուստ մարդն եմ… Շնորհակալ եմ, Տեր… Ես ամեն ինչ ունեմ. Հո՛ւյս, Հավա՛տ, Սե՛ր։

ԳԱՅԱՆԵ – Փա՜ռք քեզ, Տեր…

ՍՐԲԱԶԱՆ — Դե, ի՞նչ է ասում Ջոկոնդայի դեմքով մուսադ, դրամատուրգ…

ԱՐԱՄ – Նա ժպտում է։

ՆԱՆԵ — Իր խորհրդավոր ժպիտո՞վ։

ԱՐԱՄ – Այո, Նանե ջան։

ՆԱՆԵ – Ինչի՞ վրա է ժպտում, հայրիկ։

ԱՐԱՄ – Մեր անցյալի, ներկայի ու ապագայի։

ՆԱՆԵ — Իսկ դա ի՞նչ է նշանակում։

ԴԱՎԻԹ — Դա նշանակում է՝ վերջ, Նան ջան… Մեր ներկայացումն ավարտվեց…

ԱՐԱՄ – Այո, մեր այս խաղը վերջացավ, բայց կյանքը շարունակվում է:

ԴԱՎԻԹ — Իսկ հետո ի՞նչ է լինելու։

ՍՐԲԱԶԱՆ — Աստված գիտի…

ԳԱՅԱՆԵ — Ու սատանան…

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։