Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ  / ԱՆԿՐԿՆԵԼԻ ՏԻԳՐԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ

Սկիզբը՝ ԲՆԱԿԱՆ ԻՆՏՈՆԱՑԻԱՅԻ ԵՎ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԺԱՄԱՆԱԿԸ

 

«Ես ոչ մի կերպ չեմ կարող տաղանդը շփոթել

պարտականությունների փութաջան կատարման հետ«» :

                                                           Ֆ. Դոստոևսկի

 

Տիգրան Ոսկանյանն անվանի, սիրված  դերասան Թաթիկ Սարյանի թոռն  է: Մանկուց  արդեն թատերական միջավայրում է եղել,  Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ «Մարդու ճակատագիրը»  պիեսում, Վանկա է խաղացել, Դրամատիկական թատրոնի «Տիկնայք ու պարոնայք» ներկայացման մեջ՝ Գուժ Մանուկյանի ու Վիոլետա Գևորգյանի որդու: Հետագայում ավարտել է Գեղարվեստա-թատերական ինստիտուտը և աշխատել Գ. Սունդուկյանի անվան թատրոնում, խաղացել է նաև Համազգային  և Արտիստական թատրոններում:

2002 թվականին Մոսկվայում իր մահկանացուն կնքած դերասան  Տիգրան Ոսկանյանն իր արտիստական կարճ կենսագրության մեջ երկու ուշագրավ հիշատակում է թողել. թատրոնում՝ «Փրկենք մեր հոգիների» Արմենը և «Կտոր մը երկինք» ֆիլմի Թորիկը: Միջին տարիքի Թորիկի դերակատարը, որին ուզում և չէր կարողանում փալանչիություն սովորեցնել Գրիգոր աղա — Մհեր Մկրտչյանը:

Թատրոնի դերակատարումն ասուպի նման անցած է, եթե, իհարկե, ներկայացումից հատվածները կարող են փոխանցել արտիստական այն հմայքը, որով օժտված էր երիտասարդ դերասանը:  Կինոդերակատարումը  մոռանալ չի լինի, քանի որ 1980 թվականին Վահան Թոթովենցի  «Բաց  կապույտ ծաղիկներ»   պատմվածքի հիման վրա Հենրիկ Մալյանի նկարահանած ֆիլմը սովետը վերապրած  և հաճախ ցուցադրվող հայկական ֆիլմերի տասնյակում է:

Գյուղաքաղաքի նեղլիկ փողոցով քայլում է բաց գույնի ալիքված մազերով, նուրբ ու գունատ դեմքով, նիհարակազմ, երազկոտ տղեկը՝ անփույթ թափահարելով տոպրակը, որի մեջ Գրիգոր աղայի գնած միսն էր: Հայրացուն, ի ցույց համայնքի, թանկ գնում էր արել աշխատանքից հետո ընտանիքի հետ վայելելու համար: Փոքրիկ տղան քայլում ու չի նայում ոտքերի տակ կամ շուրջը,  երկնքում սավառնող աղավնիների՝ իր մշտական տեսիլքի հետ է, որը հանկարծ ընդհատում է արտաքուստ  խեղճուկրակ, իրականում՝ հաշվենկատ ծեր կինը, ագահ աչքերով նայելով նրա ձեռքին. «Շատո՛նց միս չեմ կերած» (Մելինե Համամջյան): Եվ Թորիկը ձեռքին եղածը լուռ մեկնում է իրենից կարիքավորին: Նույն տղան, որը դպրոցում  այբուբենը չէր կարողանում հեգել. «Այբ, բեն, գիմ, բեն, գիմ, բեն, գիմ…» և դասընկերների ծիծաղի տակ հարվածներ էր ստանում մատներին:

Գրիգոր աղայի և Տիգրան Ոսկանյան — Թորիկի բոլոր տեսարաններն էլ տպավորիչ են ու հաճույքով են նայվում, երկխոսություններն էլ՝   չմոռացվող: Ահա քայլում են հայր ու որդի՝ վախվորած հայացքով «ծո Թորիկը» և Գրիգոր աղան՝ համաքաղաքացիներին ի ցույց գլուխը հպարտ պահած. «Կողես քայլե, ըսի, աշխարհքեն մի՛ վախնար, տղաս»:

Համետագործի աշկերտության առաջին օրը հանճարեղ արտիստի  և նրա շնորհալի պատանի խաղընկերոջ  լավագույն տեսարանն  է:

  • Փալանչությունն էլ արհեստ է, հըլը հարցուր թե ինչու:
  • Ինչո՞ւ, Գրիգոր աղա… Կսորվի՜մ, բան մը չէ:
  • Դո՛ւն բան մը չես… Կտրա՜վ, թելը կտրավ…

Համակրելի ու զվարճալի կերպար էր Տիգրան Ոսկանյանի Թորիկը, սարսափը հայացքում և դողը՝ մարմնով մեկ, անրջային, տրագիկ, մերժված, երազկոտ ու գորովագութ- սրտառուչ, միամիտ ու կարեկից հոգի:

Տիգրանը Ոսկանյանը թատրոնում մեկ անգամ ևս, գուցե իր համար ևս վերջին անգամ, փոքր դերով բեմ է բարձրացել Մհեր Մկրտչյանի կողքին, Մարսել Պանյոլի «Հացթուխին կինը»  ներկայացման մեջ:

 

Կերպարները դարձան հեղինակ՝ պիեսի մայրը և որդին

Նիկոլայ Ծատուրյանի «Փրկենք մեր հոգիները» ներկայացման մեջ Տիգրան Ոսկանյանը խաղում էր թունավոր ախտով հիվանդի, որն անսպասելի լվանում է մոր ոտքերը:  Սա հրաժեշտ էր կյանքին, իսկ մայրն՝ անտեղյակ, շտապում  էր հարևանին սրսկելու, ով իր օգնության կարիքն ուներ: Հետագան ցույց տվեց, որ  դերակատարումը մարգարեական էր, առանց հրաժեշտի հեռանալը՝ կանխագուշակում:

Նիկոլայ Ծատուրյանը սկզբնապես Արմենի դերի համար նկատի էր ունեցել այլ դերասանի, Տիգրան Ոսկանյանի հարափոփոխ, անկայուն բնավորությունը նրան վստահություն չէր ներշնչել: Ն. Ծատուրյանը հիշում է. «Տիգրանը որ սկզբում լսեց պիեսը, ասաց՝ «սուտ ա, սարքած ա»: «Փրկենք մեր հոգիների» մեջ մի պահանջ ուներ՝ բնակա՛ն: Ես էլ դեմ չէի, փորձերի ժամանակ ասում էի՝ ինչ ուզում եք, խոսեք, ուշունցներով-բանով: Ուսանողներս գրի էին առնում, էսպես գրեցին-գրեցին երկար, ընտրեցինք տեքստերն իրենց հետ, թեմայի մեջ, իհարկե:  Փորձերի ժամանակ ձգտում էինք կինոյի ճշմարտության, ո՛չ մի թատրոն, շատ օրգանական, ինչպես կինոյում, հանդիսականը պիտի մոռանար, որ թատրոնում է»:

Հեղինակը՝ դրամատուրգ Անահիտ Աղասարյանը հետաքրքիր դրվագներ է պատմում լավ դերասան Տիգրան Ոսկանյանի և իր պիեսում նրա լավագույն դերակատարման մասին. «Տիգրանի մեծագույն արժանիքն այն էր, որ ոչ միայն անչափ տաղանդավոր էր, այլև խելոք ու կարդացած էր, հասկանում էր տեքստը: Բոլորս Տիգրանի էմոցիոնալ ազդեցության տակ էինք, տիկին Լյուսյան՝ ավելի շատ. «…ոնց որ իմ տղան լինի»:  Լյուսյա  Հովհաննիսյանը մի փորձի ժամանակ ասաց. «Մարդ ո՞նց կարա էսքան տաղանդավոր լինի, անաստվա՛ծ», ասաց ու դուրս եկավ բեմից: Իսկ ներկայացման վերջաբանը ստեղծվեց բեմի վրա, կերպարներն իրենք դարձան հեղինակ՝ պիեսի մայրը և որդին: Ինձ ասում են՝ ինչո՞ւ ես դա պատմում, բայց ճշմարտություն է: Ֆինալում մոնոլոգ էի գրել, փորձերի ժամանակ Լյուսյան դրեց-պատռեց. «Անահիտ, էս ի՛նչ ախմախ տեքստ ես գրել, չեմ ուզում ասել», ես համաձայն էի. «Մի՛ ասեք, տիկին Լյուսյա»: Ծատուրյանը վրդովվեց. «Դե ի՛նչ ուզում ես, արա՛»: Տիկին Լյուսյան ասաց. «Արմեն, մի հատ էդ թասով ջուրը բեր»: Տեսարանը ծնվել է բեմում, Լյուսյան դա արեց առանց բառերի, նրա հետ խաղի մեջ մտավ նաև Տիգրանը, եկավ, չոքեց, սկսեց ոտքերը լվանալ, ինքնաբուխ արվեց: Լավ, հզոր դերասանի առավելությունն էր,  ինքնիրեն ստացվեց, որսաց էդ պահը»:

Այս ներկայացման մեջ, խորհրդային երկրում, առաջին անգամ հնչեց «Հայր մերը»՝  անսովոր հնչերանգով, հնչեց հանցագործի ու տառապյալի շուրթերից: Արմենի դերակատարումը Տիգրան Ոսկանյանի աստեղային ժամն էր, ներկայացումն ընդամենը 12 անգամ է բեմ բարձրացել, երեք տասնամյակ անց չի մոռացվում դերակատարումը, և դերասանին չենք մոռանում: Պետք էր բեմում տեսնել Տիգրան Ոսկանյանին, երբ լռում էր, երբ գլուխը հակած և երկար թևերը կախ գցած փլվել էր տան շեմին: Սա դիֆերամբ է դերասանի հասցեին. այն ժամանակ մեր մտապատկերում այս տաղանդով, դրամատիզմի այս որակով մահկանացուն խանդի առարկա այնպիսի դերերի կատարող էր, ինչպես Քրիստոս ու Համլետ:

Դերակատարումը մարգարեական էր, առանց հրաժեշտի հեռանալը՝ կանխագուշակում:

 

«Ամեն ինչ այնքա՜ն կիսատ մնաց»

Համազգային թատրոնի հետ 1994 թվականին Տիգրան Ոսկանյանը մեկնել է հյուրախաղերի Սիրիա և Լիբանան, հետդարձին մնացել է Մոսկվայում և այլևս Հայաստան չի վերադարձել: Հարազատ մոր, ազգականների ու ընկերների հետ շփումներ չի ունեցել մինչև իր կյանքի վերջը:

Նիկոլայ Ծատուրյանը հիշում է. «Շատ տաղանդավոր դերասան էր, իր սերնդակիցների մեջ ամենից օժտվածը և շատ  բացասական բնավորություն ուներ:  Պայման դրեց՝ բեմի վրա պիտի սրսկվեմ, էս էր… Ամենահետաքրքիրն այն էր, որ չէր տեսել ներկայացումը, մի օր ասաց՝ վիդեոն դիր, նայեմ… Գիտե՞ս ոնց էր նայում, ոչ թե հիացած, այլ մռթոտ՝ իր վրա, վերջում ասաց՝ շատ զզվելին եմ: Հետոն արդեն գիտեք: Մոսկվայում ապրող իմ նախկին ուսանողներից մեկը մետրոյում տեսել էր Տիգրանին, ռուսների ընկերակցությամբ: Հարցրել էր, թե՝ ի՞նչ կա Երևան: Ու լսել էր, թե իրեն հիշում են, սպասում են, ձեռքը թափ էր տվել՝ ես արդեն վերջացած եմ: Հետո արդեն իմացանք, որ մահացել էր»:

«Փրկենք մեր հոգիներ» ներկայացման նրա խաղընկեր Լալա Մնացականյանը Տիգրանին հիշում է իբրև անկրկնելի դերասան, վստահ, որ եթե Տիգրանը շարունակեր խաղալ թատրոնում և կինոյում, շատ հայտնի դերասան կդառնար:

Դերասանի մտերիմ ընկեր Տիգրան Ներսիսյանի խոսքում ևս խորը ափսոսանք կար. «Երիտասարդ էինք շատ, թատրոնում ընդամենը «Սիրելի Ելենա Սերգեևնա» ներկայացման մեջ իրար հետ խաղացինք, ինքը Վիտյա էր խաղում:   Երիտասարդ էինք, նոր սկսվում էր, նոր-նոր իր առաջին քայլերն էր անում: Այնքա՜ն կիսատ մնաց, ընկերություն էինք անում, ընթացքը պիտի գնար, ցավոք…  2002 թվականին կինն ինձ զանգեց ու ասաց, որ մահացել է, իմ հեռախոսահամարն էր եղել մոտը: Հետո նամակ ու նկարներ էր ուղարկել»:

Տիգրան Ոսկանյանի ազգական ռեժիսոր, «Գոյ» թատրոնի ղեկավար Արթուր Սահակյանը սակավախոս գտնվեց. «Իմ եղբայրը Մոսկվայում ամուսնացել էր ռուս կնոջ հետ, մահից հետո կինն ինձ նամակ ու նկարներ ուղարկեց Երևան: Տիգրանի  մոր արխիվն է ինձ մոտ է, չէ, շատ բան չկա՝ զաչոտնիկ, ավարտական վկայական, քիչ նկարներ»:

Գ. Սունդուկյանի թատրոնի դերասանուհի Գայանե Մկրտչյանի վերհուշն ամենաջերմն էր. «Ես շատ-շատ լավ ճանաչում էի և՛ իրեն, և՛ մորը՝ տիկին Լուսինեին, և միշտ հավանել եմ իրեն, իր տեսակը՝ միշտ զգայուն, խելացի: Տիգրանի տատիկը՝ Մանյա Նազարովնան, Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի էր, ինտելիգենտ, ազնվական: Գենետիկայով ու տեսակով շատ ինտելիգետ, կարդացած, զուսպ՝ երկչոտ էր Տիգրանը, հասկանում էր իր շնորհքի չափը, բայց մյուսների պես համառ ու ակտիվ չէր»:

 

Ախր մայրը ե՛ս եմ. Լուսինե Սարյան

«Սենյակը, ուր ապրում է Լուսինե Սարյանը, հիշեցնում է մեկ սենյականոց բնակարան՝ չորացած ծաղկեփունջ մահճակալի սնարի մոտ և ջեռուցման փոքրիկ սալիկ՝ անկյունում». սա հատված է «Հպարտ եմ ծնողներիս ու տղայիս համար» հոդվածից («Փակագիծ» թերթ, 2003 թ.), երբ այցելել եմ Նորքի տուն-ինտերնատ՝ Տիգրան Ոսկանյանի մայրիկին:

Թաթիկ Սարյանի դուստրը չի ցանկացել դերասան դառնալ և չի ցանկացել ամուսնանալ թատրոնի մարդու հետ: Տիկին Լուսինեն պատմում է, որ ուրախ են ապրել, տան մշտական հյուրերը Հրաչյա Ներսիսյանը, Մուրադ Կոստանյանը, Կարպը, Մետաքսյան են եղել, «…բայց հայրս համեստ էր, շատ համեստ, որդիս էլ էր արդպիսին»:

Տիգրան Ոսկանյանը Լուսինե Սարյանի միակ որդին էր, որը յոթ տարեկանից արդեն  խաղում էր թատրոնում, ռադիոյում, կինոյում… Տիկին Լուսինեն հիշում է. «Եվ շատ լուրջ էր, ներկայացումից առաջ գրիմանոցում մենակ էր մնում, ինչպես մեծը կաներ.  «…Մամ, հասկացիր, բեմի հոտն ինձ խենթացնում է»:

Լուսինե Սարյանի ցելոֆանե տոպրակով աղքատ արխիվում լուսանկարներ ու հին ամսագրեր են (այն ամենը, ինչ մնացել է տնից, որը վաճառվել էր և միայնակ կինն, իր կամքից անկախ, հանգրվանել էր այստեղ) և բացակայում էին Տիգրանի լավագույն դերի լուսանկարները:

«Տիգրանս չէր ուզում, որ նայեի այդ ներկայացումը, ես հեռուստատեսությամբ նայեցի ու շատ ազդվեցի, շատ: Ախր, մայրը ես եմ, չէ՞: Ես ամբողջ կյանքում հպարտացել եմ ծնողներիս ու տղայիս համար: Բոլորը նրան մեծ ապագա էին գուշակում: Սոս Սարգսյանի թատրոնի հետ հյուրախաղերի մեկնեցին Սիրիա, հետո տղաս վերադարձել է Մոսկվա, մի երեք ամիս ապրել Ջիգարխանյանի տանը, բայց չի ցանկացել թատրոնում աշխատել, սկսել է բիզնեսով զբաղվել… Ես հիմա այստեղ եմ ապրում (Նորքի տուն-ինտերնատ) և զարմանում եմ, որ շուրջս կան մայրեր՝ անտարբե՜ր իրենց զավակների հանդեպ, երգում են, պարում, ուրախանում: Ես վատ եմ, շատ վատ, բայց մեկ է, շրթներկը, շպարը, մանիկյուրը, ականջօղերս տեղը-տեղին պիտի լինեն, այդպես եմ սովորել: Հիմա էլ վատ եմ, նյարդերս վատ վիճակում են, քանի տարի է չեմ տեսել տղայիս: Երեք տեսակի դեղ կխմեմ ու կպառկեմ: Քա՜նի տարի է՝ չեմ տեսել տղայիս, լուր չունեմ, ինձ ոչ ոք չի օգնում գտնել որդուս, գալիս են, նկարահանում, գրում են, բայց չեն օգնում ,- անհույս պատմում է տիկին Լուսինեն »:

Տուն-ինտերնատի տնօրենը հրաժեշտ տալիս պատմեց, որ տարիներ առաջ Լուսինեին այցելած Արմեն Ջիգարխանյանը հեռանալիս հասկացրել է, թե չի կարող մորն ասել, որ որդին չկա:

Լուսինե Սարյանը կարճ ժամանակ անց մահացել է: Խոստացել էի փնտրել ու փոխանցել լուսանկարներ ներկայացումից: Հնարավոր չէ մխիթարել մորը: Գրում եմ որդու՝ անկրկնելի տաղանդի դերասանի մասին:

 

թատերագետ

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։