Օլեգ ՄԻԽԱՅԼՈՎ / ԵՐԱԶՆԵՐ ԱՆԿՇՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Կարճ պիես բարեկամության մասին
Գործող անձինք
ԳԵՆԱ
ԼՅՈՒԲԱ
ԺԱՆՆԱ
ԼԱՐԻՍԱ
ՎԱԴԻՄ
Գործողությունը տեղի է ունենում սևծովյան ափի ավանում:
1. Էլինգի մոտ:
Ժաննան ու Լյուբան կանգնել են այրող արևի տակ: Նրանց կողքին հսկայական անիվավոր ճամպրուկ է:
ԺԱՆՆԱ — Դե, ո՞ւր չքվեց: Էլ չեմ դիմանում… հիմա տակս կանեմ:
ԼՅՈՒԲԱ — Մամ, ես չգիտեմ: (Խորասուզվում է պլանշետի մեջ:) Ասաց, որ այստեղ կբերի կառավարիչին:
ԺԱՆՆԱ — Դա լսել եմ: Անձնագիրս է նրա մոտ: Անհանգստանում եմ:
ԼՅՈՒԲԱ — Կարծում ես, վազեց քո անունով վարկ ձևակերպելո՞ւ:
ԺԱՆՆԱ — Լյուբա, վատ ես կատակում: Զուգարան եմ ուզում: Հոգնեցի արևի տակ կանգնելուց:
ԼՅՈՒԲԱ — Մտիր ծածկի տակ: Այնտեղ, ոնց որ, իրենց ամառային խոհանոցն է:
ԺԱՆՆԱ — Ծովափ չեմ եկել, որ ստվերում թաքնվեմ: Ուշադրություն դարձրի՞ր ազգանվան վրա:
ԼՅՈՒԲԱ — Չէ: Ծիծաղելի՞ է:
ԺԱՆՆԱ — Ազգանունը Նեդավնի է: Վադիմ Նեդավնի: Մի տեսակ ինտրիգ կա: Այդպես չէ՞:
Լյուբան թոթվում է ուսերը:
ԺԱՆՆԱ — Իսկ նա իսկապես մեզ քույրերի տեղ դրեց: Մինչև որ դու ամեն ինչ փչացրիր քո «մամայով»: Ո՞վ է այդպես վարվում:
ԼՅՈՒԲԱ — Անձնագիրդ նրա մոտ է:
ԺԱՆՆԱ — Հետո՞ ինչ: Անձնագրի մեջ էլ են սխալներ լինում: Ու հետո ամենևին էլ պարտադիր չէ, որ ուշադրություն դարձնի տարիքիս վրա:
ԼՅՈՒԲԱ — Նա պետք է արտագրի տվյալները:
ԺԱՆՆԱ — Դա ոչինչ չի նշանակում: Գուցե դպրոցում մաթեմատիկայից թույլ է եղել:
ԼՅՈՒԲԱ — Ինչի՞դ է պետք ծույլիկը:
ԺԱՆՆԱ — Արի պայմանավորվենք. այս երեք շաբաթը մենք պարզապես Ժաննա ու Լյուբա ենք:
ԼՅՈՒԲԱ — Մեզնից ո՞վ կլինի Ժաննան, իսկ ո՞վ` Լյուբան:
ԺԱՆՆԱ — Շա՛տ ծիծաղելի է:
Լռություն:
ԺԱՆՆԱ — Այստեղ բոռ կա: (Քշում է բոռին:)
ԼՅՈՒԲԱ — Հը՞…
ԺԱՆՆԱ — Բոռ կա, ասում եմ: Եվ շատ:
ԼՅՈՒԲԱ — Ըհը, լսում եմ, անընդհատ մեկը բզզում է:
ԺԱՆՆԱ — Ոչ մի բան էլ չես լսում, մտել ես պլանշետի մեջ: Խոսիր հետս, ամբողջ ճանապարհին լռել ես:
ԼՅՈՒԲԱ — Փոխարենը դու խոսել ես երկուսիս փոխարեն:
ԺԱՆՆԱ — Գիտես, լռելը անքաղաքավարություն կլիներ: Առավել ևս, որ համակրելի է: Ու ծեր չէ: Երեսունհինգ, ոչ ավելի: Նույնիսկ ավելի ջահել:
ԼՅՈՒԲԱ — Ուշադրություն չեմ դարձրել: (Կտրվում է պլանշետից:) Այստեղ գրում են, որ սա պրոլետարական կուրորտ է:
ԺԱՆՆԱ — Քիչ կարդա, ինչ են գրում ինտերնետում: Ցանկապատի վրա էլ շատ բան է գրված: (Դադար:) Ի՞նչ իմաստով պրոլետարական:
ԼՅՈՒԲԱ — Դե… բանող անասունների համար:
ԺԱՆՆԱ — Իհարկե: Ճիշտ է: Ես անասուն եմ: Իսկ դու` անասունի աղջիկ: Անասնադուստր: Իսկ հայրդ, չէ, նա անասուն չէ: Քո հայրիկը լավն է: Նա քեզ Վենետիկն էր առաջարկում: Դու չհամաձայվեցիր:
ԼՅՈՒԲԱ — Այդ դու չհամաձայնվեցիր:
ԺԱՆՆԱ — Ես արտասահմանյան անձնագիր չունեմ:
ԼՅՈՒԲԱ — Եվ ո՞վ է մեղավոր:
ԺԱՆՆԱ — Չգիտեմ: Իտալիայի կառավարությունը: Ինչո՞ւ մեզ հենց այնպես չեն թողնում, առանց ապուշ անձնագրի:
ԼՅՈՒԲԱ — Մե՞զ…
ԺԱՆՆԱ — Հա: Ինձ, քեզ… Հորդ:
ԼՅՈՒԲԱ — Հայրիկը միայն ինձ էր հրավիրել:
ԺԱՆՆԱ — Չարասիրտ չլինես: Մի՞թե մտածում ես, որ երկուսիդ միասին կթողնեի: Դու տասներկու տարեկան ես, իսկ հայրդ` դրանից էլ փոքր է:
ԼՅՈՒԲԱ — Մեզ հետ գալու էր նրա ընկերուհին: Նա քսաներեք տարեկան է:
ԺԱՆՆԱ — Ո՞ր մեկը, Նաստյա՞ն:
ԼՅՈՒԲԱ — Նրա անունը Դաշա է:
ԺԱՆՆԱ — Պարտավոր չեմ նման մանրուքներ հիշել:
Հայտնվում է Վադիմը, նրան հետևում է Լարիսան:
ՎԱԴԻՄ — Ահա, ծանոթացեք, Լարիսան է: Ինքն է այստեղ ամեն ինչ կառավարում իմ բացակայության ժամանակ: Այստեղ ու հարևան երկու տներում:
ԺԱՆՆԱ — Դրանք է՞լ ձերն են:
Վադիմը հաստատական գլխով է անում:
ԺԱՆՆԱ — (Լարիսային): Ժաննա:
ԼՅՈՒԲԱ — Լյուբա:
ԼԱՐԻՍԱ — Ողջույն:
ՎԱԴԻՄ — Չէ, Լարիսա, չեղավ: Ոնց սովորել էինք:
ԼԱՐԻՍԱ — Բարով եք եկել «Անկշռություն» քոթեջ: Մենք միշտ ուրախությամբ ենք հյուրեր ընդունում:
ԺԱՆՆԱ — Անկշռությո՞ւն….
ՎԱԴԻՄ — Փոքր ժամանակ ուզում էի տիեզերագնաց դառնալ:
ԺԱՆՆԱ — Դա… շատ հուզիչ է:
ՎԱԴԻՄ — Բայց չդարձա:
Լռություն:
ԺԱՆՆԱ — Վադիմ, գուցե ես ու Լյուբան գնա՞նք: Շատ շոգ է:
ՎԱԴԻՄ — Հա, իհարկե: Ահա ձեր անձնագիրը: (Վերադարձնում է անձնագիրը:)
ԺԱՆՆԱ — Մի քիչ հոգնել ենք ճանապարհից, ինքներդ եք հասկանում: Քնել է պետք:
ՎԱԴԻՄ — Հասկանում եմ: Լարիսա, ճամպրուկը:
Լարիսան հսկայական ճամպրուկը քարշ է տալիս դեպի էլինգը:
ԼՅՈՒԲԱ — Ես ձեզ կօգնեմ: (Նետվում է Լարիսայի ետևից:) Ո՞ւր գնանք:
ԼԱՐԻՍԱ — Վերև: Սենյակներն էնտեղ են: Ներքևում նավակների սարայն է, էնտեղ պետք չէ գնալ:
Լարիսան ու Լյուբան գնում են:
ԺԱՆՆԱ — Այստեղ շատ բոռ կա:
ՎԱԴԻՄ — Հա, Լարիսան ինձ ասել է: Ժամանակ չկա թունավորելու: Կանեմ:
ԺԱՆՆԱ — Իսկ դուք դաժան եք: Դա ինձ դուր է գալիս:
ՎԱԴԻՄ — Ես կգամ իննի կողմերը, կարելի՞ է: Կզբոսնենք, կընթրենք:
ԺԱՆՆԱ — Դե, եթե արդեն իմ փոխարեն որոշել եք…
ՎԱԴԻՄ — Ուրեմն գալի՞ս եմ:
ԺԱՆՆԱ — Ինն անց կեսին: Ինձ պետք է կարգի բերեմ:
ՎԱԴԻՄ — Ինձ որ մնա` հրաշալի վիճակում եք:
ԺԱՆՆԱ — Վադիմ, առանց կարիքի պետք չէ շողոքորթել: Կտեսնվենք երեկոյան: (Գնում է:)
Խավար:
2. Ժաննայի երազը:
Ժաննան երազում տեսնում է, որ նստած է շքեղ հյուրանոցի ծածկով պատշգամբում: Բյուրեղապակի, ոսկեջրած սպասք… Կողքին Վադիմն է սպիտակ կոստյումով: Երաժշտություն: Նրանք պարում են:
— Սովածացա՞ր, սիրելիս,- հարցնում է Վադիմը:
— Հա, մի թեթև: Ճանապարհի համար հավ էի վերցրել, բայց մենք քնով մնացինք, իսկ ուղեկցորդուհին չարթնացրեց: Արթնացանք, իսկ զուգարաններն արդեն փակել են: Էլ ի՞նչ ուտել…
— Հա՛վը մատուցել,- հրամայում է Վադիմը:
Հայտնվում է հավը, բարձրանում է սեղանին, պառկում է:
— Բարև ձեզ: Սարսափելի ներողություն եմ խնդրում, բայց երեկվանն եմ,- շփոթված ասում է հավը:- Ամբողջ օրը շոգի մեջ, այնպես որ ինքներդ եք հասկանում… Հետևանքների համար պատասխանատու չեմ:
— Չէ, ես չեմ ուտի, չեմ ուզում,- կոտրատվում է Ժաննան:
— Չքվի՛ր էստեղից,- հրամայում է Վադիմը:
— Մեկ անգամ ևս ներողություն եմ խնդրում,- ասում է հավը:- Եվ բարով եք եկել անկշռություն:
Հավն իջնում է սեղանից, գլխահակ գնում դեպի դուռը:
— Սպասեք,- ձայն է տալիս Ժաննան:- Ձեր անունը Լարիսա չէ՞:
— Ճանաչեցի՞ք ինձ: Այնտեղ ձեր աղջիկը փնտրում է ձեզ,- ասում է Լարիսան:
— Չէ, չէ, էստեղ երեխաների հետ չի կարելի,- ասում է Վադիմը:- Էստեղ միայն մեծերի համար է:
— Բայց նա իմ աղջի՛կն է:
— Արքայադուստրը չի կարող երեխաներ ունենալ,- պատասխանում է Վադիմը:
Հավը շփոթված թափահարում է թևերը, ասես հաստատելով, որ Վադիմն իրավացի է:
Ու Ժաննան արթնանում է:
3. Ժաննայի ու Լյուբայի սենյակը:
ԺԱՆՆԱ — Ինչ ես կարծում, ի՞նչ տիպ է:
ԼՅՈՒԲԱ — Ի՞նչ իմանամ:
ԺԱՆՆԱ — Ասա, դե՞… Չե՞ս կարծում, որ տարօրինակ է մի տեսակ:
ՎԱԴԻՄ — Չգիտեմ:
ԺԱՆՆԱ — Կապրիզներդ թող… Լյուբասիկ, լավ աչոնիկ եղիր: Դու իմ ընկերուհի՞ն ես, թե՞ չէ:
ԼՅՈՒԲԱ — Ես քո աղջիկն եմ:
ԺԱՆՆԱ — Ըհը՛, տեսնո՞ւմ ես, երեխաների բնազդը այնպես է զարգացած, դուք ամեն ինչ զգում եք: Դե, շուտ ասա, երդվում եմ, որ կլսեմ խորհուրդդ:
ԼՅՈՒԲԱ — Ես երեխա չեմ, ոչ մի բնազդ չունեմ:
ԺԱՆՆԱ — Ափսոս… Միայն իմանամ` քեզնից ի՞նչ կստացվի:
ԼՅՈՒԲԱ — Տիեզերագնաց:
ԺԱՆՆԱ — Երևում է: Միայն անկշռություն է գլխիդ մեջ: (Ծիծաղում է:) Բայց ոնց էլ են մտածել` քոթեջ «Անկշռություն»: Բարով եք եկել անկշռություն: Ի՞նչ ես անում:
Լյուբան միացնում է պլանշետի տեսախցիկը, նկարում է Ժաննային:
ԼՅՈՒԲԱ — Ֆիլմ եմ նկարում պապայի համար: Մեր հանգստի մասին:
ԺԱՆՆԱ — Վերջացրո՛ւ:
ԼՅՈՒԲԱ — Նա ուզում է իմանալ, ինչպես ենք անցկացնում մեր ժամանակը:
ԺԱՆՆԱ — Միայն դա էր պակաս: Ինչպիսի՛ լկտիություն:
ԼՅՈՒԲԱ — Կատակում եմ: Սա բժիշկ Կարցևայի հանձնարարությունն է:
ԺԱՆՆԱ — Նկարել ինձ ներքնազգեստո՞վ:
ԼՅՈՒԲԱ — Նկարել ամենը, ինչն իմ կարծիքով մանկական է թվում:
ԺԱՆՆԱ — Այսի՞նքն:
ԼՅՈՒԲԱ — Դե… Ոչ մեծական վարքի դրսևորում: Այն, ինչ ես երբեք չէի անի: Հոլովակը դնելու եմ Յութուբում: Հետո դա կքննարկենք սեանսների ժամանակ:
ԺԱՆՆԱ — Այդ մեկը` չէ՛, դուք ինձ չեք քննարկի: Անջատի՛ր: Կամ կկռվենք:
Լյուբան անջատում է տեսագրությունը:
ԼՅՈՒԲԱ — Բժիշկ Կարցևան հուսախաբ կլինի:
ԺԱՆՆԱ — Ոչինչ, կդիմանա: Ընդհանրապես դա՞ ինչ մեթոդ է: Այդ կնոջը խնդրել եմ ինձ վերադարձնել աղջկաս, ոչ թե սովորեցնել լրտեսել մորը:
ԼՅՈՒԲԱ — Ուրեմն մի խոսիր հետս, իբր ընկերուհիդ եմ:
ԺԱՆՆԱ — Իսկ ինչպե՞ս: Ինչպես դո՞ւ ես ուզում: Սյու-սյու-սու, իմ պստլիկ… Թո՛ւհ, սիրտս խառնեց: Զզվո՛ւմ եմ թխսկան մայրիկներից:
ԼՅՈՒԲԱ — Բա ո՞րն է պրոբլեմը:
ԺԱՆՆԱ — Ես ուզում եմ, որ մանկություն ունենաս: Իմը բանի նման չէր: Միայն պրոբլեմներ: Մի շտապիր մեծանալ, կհասցնես:
ԼՅՈՒԲԱ — Դու գնում ես, իսկ ես մնում եմ: Երբեք կողքիս չես: Այսպիսին է իմ մանկությունը: Ու ես շատ եմ ուզում, որ այն շուտ ավարտվի:
Լռություն:
ԺԱՆՆԱ — Լավ, ոչ մի տեղ էլ չեմ գնա: Հիմա կընթրենք: Երկուսով: Մոր ու աղջկա պես: Հավից հոտ քաշիր:
ԼՅՈՒԲԱ — Ֆո՜ւհ…
ԺԱՆՆԱ — Հա, բանի պետք չէ: Ուրիշ ոչինչ չկա: Ես վատ մայր եմ:
ԼՅՈՒԲԱ — Ես խաղող ու շոկոլադ ունեմ:
ԺԱՆՆԱ — Հրաշալի է, դրանցից գիրանում են:
Զանգում է Ժաննայի հեռախոսը:
ԼՅՈՒԲԱ — Պատասխանիր:
ԺԱՆՆԱ — Վադիմն է, ի՞նչ ասեմ:
ԼՅՈՒԲԱ — Չգիտեմ:
ԺԱՆՆԱ — Խաբեմ, որ հիվանդացե՞լ ես:
ԼՅՈՒԲԱ — Ոչ մի դեպքում: Ասա ճշմարտությունը:
ԺԱՆՆԱ — Ու հիմարի դերո՞ւմ հանդես գամ:
ԼՅՈՒԲԱ — Ուրեմն գնա ընթրելու: Միևնույն է, շոկոլադը երկուսիս չի հերիքում:
ԺԱՆՆԱ — Զարմանալի խելացի երեխա ես: Ու շռայլ, նաև…
ԼՅՈՒԲԱ — Մի քծնիր: Կարող եմ միտքս փոխել:
ԺԱՆՆԱ — (լսափողի մեջ): Այո, Վադիմ: Արդեն իջնում եմ: (Լյուբային.) Զգույշ, բոռերը խաղողի վրա են գալիս: (Գնում է:)
Խավար:
4. Տեսապատկեր:
ԼՅՈՒԲԱ — …Խարկովի մեր բնակարանը երկրորդ հարկում է: Ես անընդհատ լսում եմ, ինչպես է նա բարձրանում աստիճաններով: Ես կարող եմ գուշակել, ինչպես է անցել ժամադրությունը: Դա շատ հեշտ է: Բարձրակրունկները, հասկանո՞ւմ եք: Եթե բարձրակրունկները ուրախ են, ուրեմն ամեն ինչ լավ է անցել, իսկ եթե տխուր են… Այդ դեպքում նա բզբզում է մինչև բանալին կողպեքի մեջ մտցնելը, հետո բացում է դուռը: Ներս է մտնում: Նախասրահում վառում է լույսը: Հետո լռություն, ոչինչ չի լսվում: Բայց ես գիտեմ, որ այդ պահին նա իրեն է նայում հայելու մեջ: Երկար է նայում: Ու նորից քայլեր, արդեն առանց բարձրակրունկների, պարզապես կամաց ճռճռում է հատակը` այդ նա է գալիս միջանցքով իմ սենյակ: Ես հասցնում եմ ծածկվել վերմակով: Նա ներս է նայում, անվճռական կանգնում, հետո որոշում է ներս մտնել: Կամացուկ նստում է անկողնուս վրա: Վերմակը չի ուղղում, գլուխս չի շոյում: Պարզապես նստում է: Հետո գնում է: Դրանից հետո ես քնում եմ: Հա, ինչ էի ուզում ասել… Ես ատում եմ նրա այդ ուրախ բարձրակրունկները: Ես միշտ, միշտ ուզում եմ լսել տխուրները: (Դադար:) Այս տեսագրությունը ինտերնետ չեմ դնի: Ներեցեք:
5. Էլինգում:
Լյուբան մենակ է մութ էլինգում: Միայն պլանշետի լապտերիկն է լուսավորում:
ԼՅՈՒԲԱ — (նայելով էկրանին): Պոլինա Արկադևնա, մեր սեանսներին խոսել ենք, որ վախը էմոցիոնալ գործընթաց է, բազային էմոցիա և նման բաներ: Բայց կարևորը, որ մարդ պետք է նայի իր վախերի դեմքին: Երբ մայրիկը գնաց, ես պառկեցի ու մարեցի լույսը: Այդ ժամանակ լսեցի այդ ձայները: Դրանք լսվում էին ներքևից, նավակների սարայից: Չգիտեմ, դա ինչ կարող է լինել: Գուցե ինչ-որ կենդանի է: Այս վայրերում գիշատիչներ չկան, ինտերնետում եմ ստուգել: Այնպես որ իմ կյանքին ոչինչ չի սպառնում: Բայց միևնույն է, այդ ձայները ինձ վախեցնում են: Ու ես այստեղ եմ: Որ նայեմ իմ վախի դեմքին: Այստեղ մութ ու բավական կեղտոտ է: Ու ոչ ոք չկա: Միայն հին ցանցեր են: Կարծում եմ, որ պետք է գնամ սարայի խորքը: (Գնում է:) Այստեղ դուռ է: (Ձեռքը տանում է բռնակին:) Բաց է… Այնտեղ ինչ-որ մեկը շնչում է…
Լյուբան բացում է դուռը, լուսավորում պլանշետով: Զննում է սենյակը: Հետո ճչում է, վազում դուրս: Խավար:
6. Սենյակ վերևում:
Ժաննան հանում է երեկոյան զգեստը: Լյուբան աչքը չի կտրում պլանշետից:
ԺԱՆՆԱ — Վադիմն ասաց, որ այստեղ ծովափի ամենահամեղ բորշչն են եփում: Այսինքն, եկել-հասել եմ այստեղ, որ հոտած պանդոկում բո՞րշչ գդալեմ: Բո՛րշչ առաջին ժամադրությանը: Պատկերացնո՞ւմ ես:
ԼՅՈՒԲԱ — Իսկ դու ի՞նչ արեցիր:
ԺԱՆՆԱ — Պատվիրեցի սոլյանկա:
ԼՅՈՒԲԱ — Օրիգինալ է:
ԺԱՆՆԱ — Դու ինձ չես լսում: Դու ընդհանրապես ինձ չես լսում: Ինչո՞ւ քնած չես:
ԼՅՈՒԲԱ — Ես փորձում եմ հասկանալ… (Շրջում է պլանշետի էկրանը:)
ԺԱՆՆԱ — Իսկ ես փորձում եմ հասկանալ, թե նա ինչու այդպես վարվեց: Դա ի՞նչ է, սովորական ժլատությո՞ւն: Թե՞ այդպես ուզում էր օրիգինալ երևալ: Իբր, մնացած բոլոր տղամարդիկ հրավիրում են առափնյա ռեստորան, իսկ ես դամային կտանեմ ճաշարան: Երեկոյան զգեստով` ճաշարա՛ն: Ընդհանրապես ի՞նչ է մտածել:
ԼՅՈՒԲԱ — Ճաշարա՞ն ես գնացել:
ԺԱՆՆԱ — Դու ինձ լսո՞ւմ ես: Ո՞ւմ համար եմ պատմում: Ինչո՞ւ մինչև հիմա անկողնում չես:
Լյուբան, աչքը չկտրելով պլանշետից, պառկում է:
ԼՅՈՒԲԱ — Ըհը: Ես անկողնում եմ: Հիմա գո՞հ ես:
ԺԱՆՆԱ — Իսկ գուցե այդպես ինձ ստուգո՞ւմ էր: Նայում էր, թե ի՛նչ վերաբերմունք ցույց կտամ:
ԼՅՈՒԲԱ — Ինչի՞ն:
ԺԱՆՆԱ — Բորշչին:
ԼՅՈՒԲԱ — Ի՞նչ բորշչ: Դու սոլյանկա ես կերել:
ԺԱՆՆԱ — Լյուբա՛, ի՞նչ ես անում… ինչո՛վ ես զբաղված: Ա-ո՜ւ…
Լյուբան Ժաննային է ցույց տալիս տեսագրության ստոպ-կադրը:
ԼՅՈՒԲԱ — Ասա, սա կարո՞ղ է ինչ-որ կենդանի լինել:
ԺԱՆՆԱ — (նայելով էկրանին): Չգիտեմ: Այստեղ ոչինչ չի երևում, աղոտ է:
ԼՅՈՒԲԱ — Բայց սա կարո՞ղ է կենդանի լինել:
ԺԱՆՆԱ — Միանգամայն հնարավոր է:
ԼՅՈՒԲԱ — Իսկ ի՞նչ կենդանի:
ԺԱՆՆԱ — Ի՞նչ իմանամ, ի՞նչ ես կպել… Ինչ-որ խոշոր կենդանի է: Եվ ընդհանրապես, սա ի՞նչ է, թե՞ստ: Դու է՞լ ես ինձ ստուգում: Որտեղի՞ց ես սա վերցրել:
ԼՅՈՒԲԱ — Ոչ մի տեղից:
ԺԱՆՆԱ — Ինչո՞ւ ես ստում:
ԼՅՈՒԲԱ — Ինտերնետից:
ԺԱՆՆԱ — Չափից ավելի ժամանակ ես այդտեղ անցկացնում:
ԼՅՈՒԲԱ — Դե, մա՛մ…
ԺԱՆՆԱ — Պառկիր, արա՛գ:
ԼՅՈՒԲԱ — Արդեն պառկել եմ:
ԺԱՆՆԱ — Ուրեմն` քնի՛ր: Լույսը հանգցնում եմ: Մե՛կ… երկո՛ւ…
Դուռը թակում են:
ԺԱՆՆԱ — Ո՞վ է:
ՎԱԴԻՄ — (ձայնը): Վադիմն է:
ԺԱՆՆԱ — Մենք արդեն պառկել ենք:
ՎԱԴԻՄ — Ես մի րոպեով…
ԺԱՆՆԱ — Սպասեք, հիմա դուրս կգամ:
Ժաննան խալաթը գցում է վրան, դուրս է գնում:
ԼՅՈՒԲԱ — Չէ, սա հաստատ կենդանի չէ:
Վերադառնում է Ժաննան, ձեռքին` հսկայական ծաղկեփունջ:
ԺԱՆՆԱ — Շշմեցրեց: Սա էլ քեզ ժլատը:
ԼՅՈՒԲԱ — Շրթներկդ քսմսվել է, այտդ լրիվ կարմիր է:
ԺԱՆՆԱ — Չի կարող պատահել: Պարզապես անհնար է:
Խավար:
7. Ամառային խոհանոց:
Գազօջախին ինչ-որ բան է եփվում, տապակվում: Լարիսային է մոտենում Լյուբան:
ԼՅՈՒԲԱ — Բարի լույս:
ԼԱՐԻՍԱ — Ողջույն:
ԼՅՈՒԲԱ — Ասացեք, խնդրում եմ, առաջին հարկում ապրող կա՞:
ԼԱՐԻՍԱ — Սարայ է: Երեկ արդեն ասել եմ, հնոտիք ենք պահում էնտեղ:
ԼՅՈՒԲԱ — Տարօրինակ է: Ինձ թվաց, ինչ-որ բան եմ լսել: Գիշերը:
ԼԱՐԻՍԱ — Դե հա, մկներն են: Վախենո՞ւմ ես մկներից:
ԼՅՈՒԲԱ — Չէ, դրանք շատ դուրեկան են:
ԼԱՐԻՍԱ — Նույնիսկ չղջիկնե՞րը: Ես դրանց մասին էի ասում:
Լյուբան թոթվում է ուսերը:
ԼԱՐԻՍԱ — Էնտեղ առնետներ էլ կան: Մեծ, ոնց որ քո շունը:
ԼՅՈՒԲԱ — Ես շուն չունեմ:
ԼԱՐԻՍԱ — Շան մասին էնպես, խոսքի օրինակ ասացի: Էնտեղ չգնաս: Մի բան գլխիդ կընկնի` նոր կիմանաս:
Լռություն:
ԼԱՐԻՍԱ — Լողափ գնալուդ ժամանակը չէ՞:
ԼՅՈՒԲԱ — Արևահարվել չեմ սիրում: Հիմարություն է:
ԼԱՐԻՍԱ — Բա ինչո՞ւ ես եկել:
ԼՅՈՒԲԱ — Հանգստանալու:
ԼԱՐԻՍԱ — Դե գնա հանգստացիր:
ԼՅՈՒԲԱ — Ես էլ հանգստանում եմ:
ԼԱՐԻՍԱ — Էնպես պիտի հանգստանաս, որ ուրիշներին չխանգարես:
ԼՅՈՒԲԱ — Ինչո՞վ եմ ձեզ խանգարում:
Լռություն:
ԼՅՈՒԲԱ — Ձեզ մոտ տո՞ն է:
ԼԱՐԻՍԱ — Ի՞նչ տոն… ինչի՞:
ԼՅՈՒԲԱ — Դե… չգիտեմ: Այնքան եք պատրաստում: Ոնց որ դպրոցական ճաշարանում:
ԼԱՐԻՍԱ — Որովհետև… շատ են հյուրերը: Ես էլ պատրաստում եմ: Նախաճաշելո՞ւ ես:
ԼՅՈՒԲԱ — Շնորհակալություն, յոգուրտ եմ կերել:
ԼԱՐԻՍԱ — Բա դա ուտելի՞ք է: Ուտելիքը պիտի արածի: Կամ բանջարանոցում աճի:
ԼՅՈՒԲԱ — Արածի՞… ոնց որ այն սագե՞րը:
ԼԱՐԻՍԱ — Ո՞ր սագերը:
ԼՅՈՒԲԱ — Որոնք ցանկապատի այն կողմում են: (Ցույց է տալիս:)
ԼԱՐԻՍԱ — Ախ, էդ խոլերանե՜րը… (Լյուբային.) Դու կրակին աչքդ պահի, խառնի, որ տակը չվառվի: Ես արագ… (Սագերին.) Ես հիմի ձեզ, անպիտաններ… (Վազում է:)
Տեսնելով, որ Լարիսան տեսադաշտից կորավ, Լյուբան շտապ գնում, մտնում է էլինգ:
Խավար:
8. Գենայի սենյակը:
Մութ է: Միայն հեռուստացույցի լուսավորված էկրանն է: Ներս է մտնում Լյուբան:
ԼՅՈՒԲԱ — Էյ, այստեղ ո՞վ կա:
ՁԱՅՆ — Իսկ քեզ ո՞վ է պետք:
ԼՅՈՒԲԱ — Չգիտեմ:
ՁԱՅՆ — Էդպես չի լինում: Ինչ-որ մեկին ես փնտրում, չէ՞:
ԼՅՈՒԲԱ — Նրան, ով այստեղ է ապրում:
ՁԱՅՆ — Ուրեմն ինձ ես փնտրում: Սա իմ սենյակն է, ես եմ ապրում էստեղ:
ԼՅՈՒԲԱ — Իսկ դու ո՞վ ես:
ՁԱՅՆ — Գենան:
ԼՅՈՒԲԱ — Իսկ ես Լյուբան եմ:
Լռություն:
ԼՅՈՒԲԱ — Խանգարո՞ւմ եմ քեզ… ես գնա՞մ:
ՁԱՅՆ — Միանգամից գնալը անքաղաքավարություն է:
ԼՅՈՒԲԱ — Ուրեմն մի քիչ կմնամ:
ՁԱՅՆ — Միայն դուռը փակիր, թե չէ բոռերը վրա կտան: Գիտե՞ս, մի աղջկա բոռը կծեց ու նա մեռավ: Բայց սկզբում դեմքը փքվեց ու կապտեց: Բա՛: Ճիշտ-ճիշտ եմ ասում:
ԼՅՈՒԲԱ — Գիտեմ: Մի անգամ ինձ կծել է, բայց ես չմեռա: Միայն հիվանդանոցում պառկեցի: (Փակում է դուռը:)
Լռություն: Սենյակի մութ անկյունում հոգոց է հանում ու քրթմնջում Լյուբայի անտեսանելի զրուցակիցը:
ԼՅՈՒԲԱ — Ուրեմն երեկ դո՞ւ էիր… Դե, այնպիսի տարօրինակ ձայներ էին…
ՁԱՅՆ — Ես լալիս էի: Բոլոր մարդիկ էլ երբեմն լալիս են, երբ տխրում են:
ԼՅՈՒԲԱ — Իսկ հիմա տխուր չե՞ս:
ՁԱՅՆ — Չէ: Ես միայն գիշերն եմ լալիս: Նստիր, խոսենք:
ԼՅՈՒԲԱ — Այստեղ լրի՞վ մենակ ես:
ՁԱՅՆ — Ես միշտ մենակ եմ: Ով ինձ տեսնում է, էլ երբեք չի գալիս: Այ, դու էլ չես գա: Ու քանի որ էլ չենք տեսնելու իրար, կարող եմ քեզ հետ խոսել ամեն ինչ մասին:
ԼՅՈՒԲԱ — Իսկ եթե գա՞մ:
ՁԱՅՆ — Ուրեմն ավելի լավ է լռեմ:
ԼՅՈՒԲԱ — Չեղավ, եթե դու լռելու ես, ես կձանձրանամ մթության մեջ: Ու կգնամ: Ու քանի որ ձանձրանալու եմ, էլ ինչո՞ւ պիտի էլի գամ:
ՁԱՅՆ — Բա ի՞նչ անեմ:
ԼՅՈՒԲԱ — Գուցե քեզ ցո՞ւյց տաս:
ՁԱՅՆ — Միայն եթե չես գոռա:
ԼՅՈՒԲԱ — Խոստանում եմ: Ես գոռացողներից չեմ:
Չխկում է անջատիչը, վառվում է փոքրիկ լամպը: Ու Լյուբան տեսնում է Գենային: Չգոռալու համար ափով փակում է բերանը: Գենան վիթխարի է: Հնարավոր է, որ նա աշխարհի ամենագեր մարդն է: Նա պառկած է ցածրիկ փայտամածի վրա, մարմինը ծածկված է բրեզենտանման փալասով, որը հեռավոր կերպով հիշեցնում է մեքենայի ծածկոց: Բայց նույնիսկ դրա տակից է երևում, ինչպես է ծփում, ալիքվում նրա մարմինը: Լռություն:
ԳԵՆԱ — Դե՞… ինչո՞ւ լռեցիր: Խոսիր:
ԼՅՈՒԲԱ — Ի՞նչ պիտի ասեմ:
ԳԵՆԱ — Որ գեր եմ: Բոլորն են էդպես ասում:
ԼՅՈՒԲԱ — Եթե բոլորն ասում են, ինչո՞ւ կրկնվեմ:
ԳԵՆԱ — Որովհետև ես գեր եմ: Գեր եմ: Շատ գեր եմ:
ԼՅՈՒԲԱ — Ի՛նչ ես կրկնում: Կարծես խոսելու ուրիշ բան չկա:
ԳԵՆԱ — Էսօր նախաճաշե՞լ ես:
ԼՅՈՒԲԱ — Դեռ ոչ: Միայն յոգուրտ եմ կերել:
ԳԵՆԱ — Դա ուտելիք չէ: Իսկ ես ուտել եմ ուզում: Արի խոսենք ուտելիքի մասին:
ԼՅՈՒԲԱ — Արի:
ԳԵՆԱ — Գերազանց է: Ի՞նչ ես սիրում ուտել:
ԼՅՈՒԲԱ — Խաղող եմ սիրում:
ԳԵՆԱ — Իսկ ես սիրում եմ պելմեն, բլիթներ, շուրպա, բորշչ, զրազներ, եփուկներ, կոտլետներ, պյուրե, հնդկաձավարի շիլա, խորոված, ճարպ, թթու կաղամբ, սունկի մարինադ, շնիցել, տոլմա, գուլյաշ, ելակի մուրաբա…
ԼՅՈՒԲԱ — Սպասիր, սպասիր: Շունչ քաշիր: Մի տեսակ ձանձրալի խոսակցություն է ստացվում: Դու ընդամենը թվարկում ես ուտելիքները: Ու վերջ:
ԳԵՆԱ — Իսկ ո՞նց է պետք:
ԼՅՈՒԲԱ — Պետք է ասել, թե ուտելիքի ի՛նչն է քեզ դուր գալիս: Դրան ասում են կարծիքների փոխանակում: Մեծերն են այդպես անում:
ԳԵՆԱ — Ուտելիքի մեջ ինձ դուր է գալիս էն, որ դրանից հետո սով չեմ զգում: Ճիշտ է, շատ կարճ ժամանակ: Հետո նորից ուտել եմ ուզում:
ԼՅՈՒԲԱ — Ուրեմն ուտելիքի մասին չենք խոսի:
ԳԵՆԱ — Երբեք-երբե՞ք:
ԼՅՈՒԲԱ — Դե… հետո… գուցե: Բայց ոչ հիմա:
ԳԵՆԱ — Էդ դեպքում ինքդ առաջարկիր:
ԼՅՈՒԲԱ — Լավ: (Մտածում է:) Ներիր, իսկ կարելի՞ է… Չէ, լավ, մոռացիր:
ԳԵՆԱ — Ի՞նչ: Ասա, եթե սկսել ես: Չեմ սիրում, երբ խոսքը կիսատ են թողնում:
ԼՅՈՒԲԱ — Կարելի՞ է, որ ես… դե, քեզ ձեռք տամ:
ԳԵՆԱ — Չես հավատո՞ւմ, որ իսկական եմ: Ձեռք տուր:
Լյուբան մոտենում է Գենային, ցուցամատը հպում է նրա մարմնին, որը ծփում է դոնդողի պես: Գենան ճչում է: Լուբան կտրուկ ընկրկում է:
ԳԵՆԱ — Խուտո՛ւտ ես տալիս:
ԼՅՈՒԲԱ — Ներիր:
Լյուբան մի քայլ էլ ետ է գնում ու գցում է տաբուրետը, որի վրա տեսակասետներ են կիտված:
ԼՅՈՒԲԱ — Ներիր, ներիր… Ես հիմա կհավաքեմ: (Հավաքում է կասետները:) Ի՞նչ ֆիլմեր են քեզ դուր գալիս:
ԳԵՆԱ — Էս մեկը: (Բարձրացնում է հեռուստացույցի ձայնը: Հնչում է առույգ «պիոներական» երաժշտություն:)
Գենան ու Լյուբան որոշ ժամանակ նայում են էկրանին:
ԳԵՆԱ — Նայիր… Կարծում ես, էդ նա՞ է: Նա չէ, նրա կրկնակն է, տղա-ռոբոտը: Նրանք փոխվել են տեղերով:
ԼՅՈՒԲԱ — Ինչո՞ւ ես պատմում, էլ հետաքրքիր չէ նայելը:
ԳԵՆԱ — Դու չե՞ս նայել էս ֆիլմը:
ԼՅՈՒԲԱ — Տղա-ռոբոտի մասի՞ն: Դժվար թե… Այսպիսի հին ֆիլմեր չեմ սիրում:
ԳԵՆԱ — Ես Կոլյա Գորոշկինի բոլոր ֆիլմերն ունեմ: Միայն դրանք եմ նայում: Նա ամենալավ դերասանն է: (Հանում է ճմրթված թղթի կտոր:) Ըհը…
ԼՅՈՒԲԱ — Ի՞նչ է դա:
ԳԵՆԱ — Ես նրան նամակներ եմ գրում: Ու նա շուտով անպայման ինձ կպատասխանի: Ճիշտ-ճիշտ եմ ասում: Բայց հաճախ գրել չի կարելի, թե չէ դա շատ թանկ է: Լարիսան է էդպես ասում:
ԼՅՈՒԲԱ — Իսկ ինտերնե՞տը… Ինտերնետով էլ կարելի է նամակ ուղարկել:
ԳԵՆԱ — Փո՛ւհ, զզվանք… Լարիսան ասում է, որ էնտեղ միայն տկլոր ծիտեր են:
ԼՅՈՒԲԱ — Ստում է քո Լարիսան:
ԳԵՆԱ — Էդ ո՞նց…
ԼՅՈՒԲԱ — Էդպե՛ս:
ԳԵՆԱ — Մեծերը չեն ստում:
ԼՅՈՒԲԱ — Ստում են: Այն էլ ինչպե՛ս են ստում:
ԳԵՆԱ — Էդ դու ես ստում: Դու վա՛տն ես:
ԼՅՈՒԲԱ — Ի՞նչ… Դե նստիր այստեղ մենակ: Իսկ ես գնում եմ: Ու էլ չեմ գա: Այ, կտեսնես:
Լյուբան գնում է դեպի դուռը:
ԳԵՆԱ — Սպասիր… մի գնա: Ես կատակեցի:
ԼՅՈՒԲԱ — Դու վատ ես կատակում: Այդպես մայրիկս է ասում:
ԳԵՆԱ — Իսկ իմ մայրը մեռել է: Նրան դագաղի մեջ են դրել: Շատ մարդ եկավ, ու բոլորը լալիս էին: Հետո նրան դագաղի հետ վառեցին: Ճիշտ-ճիշտ եմ ասում:
ԼՅՈՒԲԱ — Օ՛յ…
ԳԵՆԱ — Ի՞նչ, մո՞ւկ տեսար: Էստեղ շատ կան:
ԼՅՈՒԲԱ — Չէ: Ես ոնց որ մի բան եմ մոռացել:
ԳԵՆԱ — Ի՞նչ…
ԼՅՈՒԲԱ — Մի շատ կարևոր բան: Ես պիտի գնամ:
ԳԵՆԱ — Ըհը, բոլորն են ասում, որ մի բան են մոռացել ու գնում են: Ու էլ չեն գալիս:
ԼՅՈՒԲԱ — Չէ, ճիշտ…
ԳԵՆԱ — Ճիշտ-ճի՞շտ…
ԼՅՈՒԲԱ — Ես կգամ: Խոստանում եմ:
ԳԵՆԱ — Բոլորն են խոստանում: Ու չեն գալիս:
ԼՅՈՒԲԱ — Արի այսպես անենք, ես մի րոպեով կգնամ ու միանգամից ետ կգամ:
ԳԵՆԱ — Ազնիվ-ազնի՞վ:
ԼՅՈՒԲԱ — Ազնիվ-ամենաազնիվ:
ԳԵՆԱ — Միայն դու արի: Անպայման արի: Կգա՞ս, չե՞ս խաբի:
Այդ պահին ներս է մտնում Լարիսան:
ԼԱՐԻՍԱ — Ահա՛ թե որտեղ ես: Իսկ ես նայում եմ` սարայի դուռը կրնկի վրա բաց է: Ի՞նչ ես էստեղ անում, անպիտանի մեկը: Ես քեզ թողեցի գազօջախին հետևելու, իսկ դո՞ւ… Իսկ դու` ահա՛ թե ինչ: Էնտեղ ամեն ինչ վառվել է: Լավ է, խոհանոցը չի վառվել, թե չէ անտանիք կմնայինք:
ԳԵՆԱ — Նրան բան չասես, նա իմ ընկերն է:
ԼԱՐԻՍԱ — Նա քո ուտելիքը վառի, իսկ դու նրան պաշտպանե՞ս… Ի՞նչ ես լափելու:
ԳԵՆԱ — Կսկսեմ նիհարել:
ԼԱՐԻՍԱ — Ըհը, նիհարել… Խոզը խոստացավ կեղտի մեջ չթավալվել:
ԳԵՆԱ — Ես խոզ չե՛մ:
ԼՅՈՒԲԱ — Չի կարելի մարդու մասին այդպես ասել:
ԼԱՐԻՍԱ — Մի սրան նայեք, ինձ է սովորեցնում: Փոքր ես դրա համար: Կորի՛ էստեղից:
Լյուբան դուրս է վազում:
ԳԵՆԱ — Արի, անպայման արի ինձ մոտ: Ես քեզ կսպասեմ:
ԼԱՐԻՍԱ — Նա չի գա, երեխան էստեղ անելիք չունի:
ԳԵՆԱ — Չա՛ր ես: Դու չա՛ր ես, Լարիսա: Առնետ ես, այ թե ինչ ես դու: Առնետ Լարիսա՛:
Խավար:
9. Գենայի նամակը:
Բարև, թանկագի՛ն Կոլյա Գորոշկին: Շնորհավորում եմ քեզ Ձկնորսի օրվա առիթով: Ցանկանում եմ քեզ, Կոլյա, երջանկություն ու ամենանվիրական երազանքների իրականացում: Իմ ամենանվիրական երազանքը ձեզնից նամակ ստանալն է: Հավատում եմ, որ անպայման ցանկությունս կկատարվի: Մոռացա ձեզ պատմել: Վերջերս երազ տեսա: Իբր լավ ժամանակներ են, ես փոքր եմ: Մայրիկիս հետ գնում եմ էն փողոցով, որտեղ դուք պատերազմի մասին ֆիլմում եք նկարահանվել: Ու էդտեղ հին տներ են, իսկ որոշների կողքից երկաթե աստիճաններ են: Ու մենք մոտենում ենք տներից մեկին ու բարձրանում սանդուղքով: Իսկ սանդուղքը բազիիքներ ունի: Փոքր ժամանակ բարձրությունից շատ էի վախենում: Վախենում էի բարձրանալ: Բայց գնում եմ մայրիկի ետևից: Նայում եմ ներքև` սարսափ է: Իսկ մենք հա՛ բարձրանում ենք: Տունը երեք հարկ է, իսկ մենք ավելի ու ավելի ենք բարձրանում: Նայում եմ ներքև` շատ եմ սարսափում: Շատ բարձր է: Բարձրից երևում է քաղաքի կենտրոնը, որտեղ մեր գիշերօթիկն է: Իսկ մենք էս սանդուղքով բարձրանում ենք ամպերից վեր: Եվ ահա մեր դեմ սև երկինքն է ու փայլում են աստղերը: Իսկ հետո ես արթնացա: Հուսով եմ, որ դա լավ երազ է:
Դրանից հետո ինձ լավ էի զգում: Լարիսան ժամանակին հասցրեց սրսկել ուղիղ սրտիս մեջ, թե չէ մեռնելու էի: Իսկ հիմա ինձ մեռնել չի կարելի, ինձ ընկեր է հայտնվել: Աղջիկ է, բայց շատ լավ ընկեր է: Նրան դուր են գալիս ձեր ֆիլմերը, դրանք ցույց եմ տալիս նրան ու ասում, թե որ դերերն եք դուք խաղում: Թող Աստված բոլորիս պահապան լինի: Տա Աստված բոլորիս երջանկություն, առողջություն ու հաջողություն: Ձեր հանդիսական Գենա Նեդավնի:
10. Ամառային խոհանոց:
Լարիսան ու Լյուբան կարտոֆիլ են մաքրում:
ԼԱՐԻՍԱ — Էդ լավ է, որ նրա մոտ ես գնում: Դու գնա նրա մոտ: Երեք տարի է` մեկը չի գնացել: Նույնիսկ սոցաշխատողները քթները ցույց չեն տալիս: Իսկ նրանք պարտավոր են:
ԼՅՈՒԲԱ — Ես գնում եմ:
ԼԱՐԻՍԱ — Ու շատ լավ է: Գնա: Միայն մորդ չասես: Չի հասկանա:
ԼՅՈՒԲԱ — Ինչո՞ւ չի հասկանա:
ԼԱՐԻՍԱ — Քանի՞ տարեկան ես:
ԼՅՈՒԲԱ — Տասներկու:
ԼԱՐԻՍԱ — Էդ է որ կա: Երեխա ես: Իսկ նա մեծ է:
ԼՅՈՒԲԱ — Իսկ քանի՞ տարեկան է:
ԼԱՐԻՍԱ — Հասակակիցներ ենք մենք: Դպրոցում նույն նստարանին ենք նստել: Չես հավատո՞ւմ:
ԼՅՈՒԲԱ — Հավատում եմ, միայն թե ինչպես եք երկուսով տեղավորվել:
ԼԱՐԻՍԱ — Բայց ինքը լղարիկ էր, բարակ-բարալիկ: Իսկ ո՜նց էր պարում…
ԼՅՈՒԲԱ — Հավատս չի գալիս:
ԼԱՐԻՍԱ — Իսկ հետո նրան բանակ տարան: Ու վերջ, ոնց որ գետնի տակն անցներ: Ոչ նամակ, ոչ մի բան: Այ էնտեղ էլ նրա հետ էդ վատ բանը պատահեց:
ԼՅՈՒԲԱ — Ի՞նչ պատահեց:
ԼԱՐԻՍԱ — Փոքր ես դեռ: Հաշմանդամ վերադարձավ: Ոչ ընտանիք կկազմես էդ հաշմությամբ, ոչ երեխա կունենաս: Երկիրն էլ ուրիշ էր դարձել: Վերադարձավ` չճանաչեց:
ԼՅՈՒԲԱ — Այդ ինչպե՞ս…
ԼԱՐԻՍԱ — Սովորականի պես: Գնաց` մի երկիր էր, եկավ` ուրիշ: Հայրս էլ չէր համակերպվում: Մինչև մահը ինքն իրեն կերավ: Զինվորական էր, իսկ թոշակից հետո էստեղ բնավորվեց: Նրա հետ ամբողջ երկիրն ենք ոտքի տակ տվել, կայազորներում ենք ապրել: Բայց նա էս վայրերին սիրահարվեց, էս ծովին: Ձգում էր էստեղ: Ու բերեց-հասցրեց: Դե, ինձ էլ հետը: Իսկ հետո` մի հարվածով ասես էլ ռուս չէ: Ամբողջ կյանքը Դիմա էր, Դմիտրի, ու դարձավ Դմիտրո: Դե, ո՞նց էս ամենի հետ ապրես: Առողջն էլ խելքը կթռցնի:
ԼՅՈՒԲԱ — Իսկ Գենա՞ն…
ԼԱՐԻՍԱ — Գենան` ի՞նչ: Սկզբում փորձեց աշխատել, սեզոնին տաքսի էր քշում: Իսկ հետո մայրը մեռավ: Ես էդ բոլորը չեմ տեսել, ամուսնացած էի քաղաքում: Իսկ երբ մարդս մեռավ, նրա բնակարանը աղջիկը` առաջին ամուսնությունից, դատարանով ձեռքիցս առավ: Իսկ ո՞ւր գնայի… Ես էլ էստեղ տեղափոխվեցի: Սկզբում բուժկետում տեղավորվեցի, աշխատում էի: Իսկ հետո կանչի գնացի… Գալիս եմ, իսկ էնտեղ Գենան է: Էն ժամանակ նա մի ցենտներ պակաս քաշ ուներ, էնպես որ ճանաչեցի: Հիմա չէի ճանաչի, շատ է փոխվել: Ինքն իր նման չէ: Սիրտը թույլ է: Խնամք է պետք: Վադիկն էլ ինձ նրա համար է վարձել: Որ եղբորը հետևեմ: Որպես հիվանդապահուհի: Ձեռի հետ էլ մնացած տներին եմ հետևում: Գործը հերիքում է: Իսկ Գենկան ախր խոսել է ուզում կենդանի մարդու հետ: Ես ոչ ժամանակ ունեմ, ոչ ուժ: Ինչի՞ մասին եք խոսում:
ԼՅՈՒԲԱ — Տարբեր բաների: Նա ֆիլմեր է սիրում: Ինչ-որ մի հին դերասանի նամակներ է գրում:
ԼԱՐԻՍԱ — Ահա թե ինչ… երբ քեզ կխնդրի ուղարկել նամակը, դու ինձ տուր, լա՞վ:
ԼՅՈՒԲԱ — Ինչո՞ւ: Ես փոստատուն կտանեմ, ինձ դժվար չէ:
ԼԱՐԻՍԱ — Չտանես, պետք չէ: Էնտեղ ոչ ոք չկա:
ԼՅՈՒԲԱ — Ո՞վ չկա: Որտե՞ղ:
ԼԱՐԻՍԱ — Էդ հասցեով դերասան չկա: Կոլյա Գորոշկինը չկա, մեռել է:
ԼՅՈՒԲԱ — Ու Գենան չգիտե՞:
ԼԱՐԻՍԱ — Դե նա հեռուստացույց չի նայում: Միայն իր ֆիլմերը: Իսկ ես երբեմն նայում եմ: Մի երկու տարի առաջ հաղորդում էր: Կինոաստղ երեխաների մասին էին պատմում: Կոլյայի մասին էլ: Էդ Կոլյան շուտ է ամուսնացել, իսկ երբ մանչուկը ծնվեց, ծնողները բաժանվեցին: Կոլյան այցելում էր նրանց, խաղում երեխայի հետ: Մի անգամ կինը ինչ-որ տեղ է գնում, վերադառնում է, իսկ նա արդեն պատշգամբում է: Գրկել է տղային ու գոռում է. «Ներիր, սիրելիս, մենք թռչում ենք աստղերի մոտ»: Ու տասներկուերորդ հարկից էլ թռավ: Ուղիղ ասֆալտին: Իսկ երեխան փրկվեց, ինչ-որ ճյուղերից էր կախվել: Մի խոսքով, ապրեց: Իսկ Կոլյան… (Լռություն:) Գենկայի սիրտը թույլ է: Նրան չեմ ասում: Դու էլ չասես:
ԼՅՈՒԲԱ — Չեմ ասի: (Լռություն:) Իսկ նամակնե՞րը…
ԼԱՐԻՍԱ — Նամակները` ի՞նչ: Վառարանն եմ դրանցով վառում: Տես, ջուրը եռա՞ց:
Լյուբան մոտենում է գազօջախին, բացում է դույլերի կափարիչները:
ԼՅՈՒԲԱ — Եռում է: Սրանց մեջ կարտոֆի՞լն ենք եփելու:
ԼԱՐԻՍԱ — Չէ, դրանք կեղտոտ են, դրանցով Գենկային եմ լվանում: Հաճախ պիտի լվանաս, որ պառկելախոց չլինի: Գլխացավանք է: Բա կողքից-կողք շրջելը ի՛նչ դժվար է:
ԼՅՈՒԲԱ — Ես ձեզ կօգնեմ:
ԼԱՐԻՍԱ — Միայն էդ էր պակաս: Տես, ինչ է մտածել: Ինքս գլուխ կհանեմ:
ԼՅՈՒԲԱ — Չէ, չէ, ես կօգնեմ:
ԼԱՐԻՍԱ — Մայրդ որ իմացավ, ինձ կսպանի:
ԼՅՈՒԲԱ — Իսկ մենք նրան չենք ասի: Սպասեք, միայն պլանշետս բերեմ:
ԼԱՐԻՍԱ — Ինչի՞ համար:
ԼՅՈՒԲԱ — Դե… (Դադար:) Ինձ պետք է: Ուզում եմ Գենային իմ լուսանկարները ցույց տալ:
ԼԱՐԻՍԱ — Սրտովս չէ էս ամենը:
ԼՅՈՒԲԱ — Ես հիմա… (Վազում է:)
ԼԱՐԻՍԱ — Սրտովս չէ:
Խավար:
11. Լյուբայի երազը:
Լյուբան երազում տեսնում է, որ կենդանաբանական այգում է: Ճաղաշարից այն կողմ կանգնած է փիղը` հսկայական ծաղկավոր վարտիքով: Հայտնվում է լղարիկ պատանին, ձեռքին` դույլով ջուր ու խոզանակ:
— Ի՞նչ ես շշմել, գործի անցիր,- ասում է պատանին:
— Իսկ դուք ո՞վ եք:
— Ես հայտնի դերասան Կոլյա Գորոշկինն եմ: Այս ֆիլմում խաղում եմ Գենայի դերը:
— Ո՞ր Գենայի:
— Կարո՞ղ է` կոկորդիլոսի: Ալե՛: Գոնե սցենարը կարդացե՞լ ես:
— Չեմ հիշում:
— Իսկ ո՞վ պիտի հիշի: Պուշկի՞նը:
Հայտնվում է Պուշկինը:
— Ես հիշում եմ ակնթարթը հիասքանչ,- երգում է Պուշկինը:- Այս տեսարանում դուք պետք է լվանաք փղին: Արագ լվացեք, թե չէ արևը գնում է:
Արևն իսկապես պատրաստվում է գնալ, նյարդային նայում է ժամացույցին: Պուշկինը հանում է այտամորուսները: Պարզվում է` գրիմավորված Լարիսան է: Նա հանում է «խլապուշկան» ու ասում.
— Կամերա՛: Մոտո՛ր: Սկսեցի՛նք:
— Սպասեք,- գոռում է Լյուբան:- Ես խոզանակ չունեմ:
— Իսկ ի՞նչ է ձեռքիդ մեջ,- զարմանում է պատանին,- դա խոզանակ չէ՞:
Լյուբայի ձեռքում իրոք խոզանակ է:
— Վերջապես լվացեք ինձ,- խնդրում է փիղը,- թե չէ հիմա արևը կգնա ու պաղպաղակ ուտելու համար ցուրտ կլինի:
— Իսկ ես հիմա իսկականից կգնամ,- սպառնում է արևը,- ես ուրիշ գործեր ունեմ:
— Կամերա՛: Մոտո՛ր: Սկսեցի՛նք,- հրամայում է Լարիսան:
Լյուբան ու Գենան (որին խաղում է Կոլյա Գորոշկինը) լվանում են փղին, միասին տրորում եմ նրան խոզանակներով: Փիղը խտուտներից հռհռում է: Բոլորին ուրախացնում է նրա ծիծաղը: Եվ շատ փրփուրը: Շատ-շատ փրփուրը, որ կայծկլտում ու փայլփլում է Արեգակից: Արեգակը դժգոհ իրեն թափ է տալիս: Փոխարենը փիղն է շատ գոհ` նա ժպտում է, ուրախ ճոճելով կնճիթը:
Ահա այսպիսի երազ:
12. Ռեստորանում:
Վադիմը շամպայն է լցնում Ժաննայի բաժակը:
ԺԱՆՆԱ — Իսկ քե՞զ…
ՎԱԴԻՄ — Ես չեմ խմում: Արդեն երեք տարի է:
ԺԱՆՆԱ — Ի՞նչ: Ոչ մի կաթի՞լ: Նույնիսկ շամպա՞յն:
ՎԱԴԻՄ — Ու նույնիսկ գարեջուր:
ԺԱՆՆԱ — Դու չես խմում, իսկ ինձ հարբեցնո՞ւմ ես:
Վադիմը պատասխան չի գտնում:
ԺԱՆՆԱ — Ներիր, ես պիտի ուրախանամ: Հազվադեպ կհանդիպես չխմողի:
ՎԱԴԻՄ — Առաջ խմում էի: Ուժեղ: Հիմա` վերջ: Էստեղ բոլորը գիտեն: Մատուցողը նույնիսկ բաժակ չի բերել:
ԺԱՆՆԱ — Վաղո՞ւց ես այստեղ ապրում:
ՎԱԴԻՄ — Ես էստեղ եմ ծնվել, մայրս ամբողջ կյանքն աշխատել է սովխոզում` ձկան գործով: Եղբորս ու ինձ քաղաք ուղարկեց սովորելու, գիշերօթիկում էինք ապրում: Միայն ամառներն էինք էստեղ գալիս:
ԺԱՆՆԱ — Դժվա՞ր էր:
ՎԱԴԻՄ — Երբ կռվել սովորեցի` հեշտացավ:
ԺԱՆՆԱ — Իսկ եղբա՞յրդ…
ՎԱԴԻՄ — Չէ, նա երբեք չի կարողացել պաշտպանել իրեն: Արի չխոսենք նրա մասին:
ԺԱՆՆԱ — Ոնց ասես:
ՎԱԴԻՄ — Ավելի լավ է քո մասին պատմիր:
ԺԱՆՆԱ — Ինձ թվում է, միայն դրանով եմ զբաղված: Իսկ դու լռում ես: Միայն հիմա լեզուդ բացվեց: Ի՞նչ ես ուզում իմանալ:
ՎԱԴԻՄ — Դե… Ինչ կա:
ԺԱՆՆԱ — Ի՜նչ հրաշալիք: Ամե՛ն ինչ: Նույնիսկ չգիտեմ… Ես էկզոտիկ պարերի ստուդիա ունեմ: Խարկովի տնային տնտեսուհիներին սովորեցնում եմ գայթակղել տղամարդկանց:
ՎԱԴԻՄ — Այսի՞նքն…
ԺԱՆՆԱ — Պորտապար: Տեսած կա՞ս:
ՎԱԴԻՄ — Ծիծաղո՞ւմ ես վրաս:
ԺԱՆՆԱ — Մտքովս չի անցնում: Ուզո՞ւմ ես` պարեմ: Հենց հիմա:
ՎԱԴԻՄ — Պետք չէ:
ԺԱՆՆԱ — Տարօրինակ ես: Ուրիշները միշտ խնդրում են, որ պարեմ:
ՎԱԴԻՄ — Ներիր, չէի ուզում քեզ վիրավորել:
ԺԱՆՆԱ — Հաճելի չէ՞, որ քեզ տեսնում են գեղեցիկ կնոջ հետ:
ՎԱԴԻՄ — Չեմ մտածել էդ մասին: Երևի…
ԺԱՆՆԱ — Իսկ եթե պարե՞մ: Կնայե՞ս:
Վադիմը լռում է:
ԺԱՆՆԱ — Մի վախենա, չեմ պարի: Կնստեմ ու կխմեմ:
ՎԱԴԻՄ — Ուզում էի հարցնել… Աղջիկդ ինչպե՞ս է:
ԺԱՆՆԱ — Լյուբա՞ն… Ինչ է՞ որ…
ՎԱԴԻՄ — Պարզապես: Այդպիսի տարիք է:
ԺԱՆՆԱ — Ուզում ես իմանալ, ինչպես է վերաբերվում մեր հանդիպումների՞ն:
Վադիմը հաստատական գլխով է անում:
ԺԱՆՆԱ — Լյուբայի մոտ ամեն ինչ կարգին է, նա առողջ երեխա է: Երբ վերադառնում եմ, նա միշտ քնած է: Նայիր, իսկ այն ճաղատ գնդլիկը միայն ուրախ է, որ իր դաման պարում է: Աստված իմ, սարսափելի է նա շարժվում: Իսկ այդ ապուշ Թվինկս շապիկը… Հետաքրքիր է, ի՞նքն է իրեն գնել, թե՞ աղջկա ձեռքից է խլել: Դժբախտ Բլումի դեմքը ինչպե՜ս է ձգվել:
ՎԱԴԻՄ — Ստելլան է:
ԺԱՆՆԱ — Հը՞…
ՎԱԴԻՄ — Ստելլան է, ոչ թե Բլումը: Տարբեր պերսոնաժներ են: Տարօրինակ է, որ շատերը շփոթում են:
ԺԱՆՆԱ — Իսկ դո՞ւ որտեղից գիտես:
ՎԱԴԻՄ — Ես աղջիկ ունեմ:
ԺԱՆՆԱ — Գուցե կին է՞լ ունես:
Վադիմը գլխով է անում:
ԺԱՆՆԱ — Եվ որտե՞ղ են նրանք հիմա:
ՎԱԴԻՄ — Էնտեղ: (Ձեռքով ցույց է տալիս:)
ԺԱՆՆԱ — Այնտեղ ծովն է:
Վադիմը գլխով է անում:
ԺԱՆՆԱ — Թուրքիայո՞ւմ են:
ՎԱԴԻՄ — Չէ, չհասկացար: Նրանք էնտեղ են: Ծովում:
Դադար:
ԺԱՆՆԱ — Նրանք…
ՎԱԴԻՄ — Խեղդվել են: Փոթորիկ էր: Նավակը շրջվեց: Միայն ես դուրս լողացի:
ԺԱՆՆԱ — Ներիր: Ինչ սարսափելի է:
ՎԱԴԻՄ — Ոչինչ: Ծովը գիտե, ինչ է անում: Կեղտը միշտ ափ է հանում:
ԺԱՆՆԱ — Ե՞րբ է դա եղել:
ՎԱԴԻՄ — Երեք տարի առաջ:
Լռություն:
ԺԱՆՆԱ — Չգիտեմ, ինչ ասեմ: Իսկ ես արդեն երեք տարի է, որ ապրում եմ մաքուր խղճով: Դրանից առաջ ինը տարի ամուսնացած էի: Նա հրաշալի մարդ է, բայց բնավորությամբ չհամապատասխանեցինք: Աղետալի չափով: Հատկապես Լյուբայի ծնվելուց հետո: Նա ինձ չէր ցանկանում: Առաջին երկու տարին տառապում էի, մի կերպ դիմանում, իսկ հետո ձեռքից ձեռք անցա: Ասես խելքս թռցրել էի: Անասուն էի ինձ զգում, վերջին փալաս: Ստում էի, անընդհատ արդարացումներ էի հորինում: Իհարկե, նա ամեն ինչ հասկանում էր: Խանդում էր, հետևում, մտնում էր հեռախոսիս մեջ, կարդում էր գրություններս: Բայց ես չէի կարողանում կանգ առնել: Եվ ինչ-որ պահի ամուսնուս այդ ամենը մահու չափ զզվեցրեց, ու նա ասաց, որ կգնա ու իր հետ կտանի Լյուբային: Այ, այդտեղ ես ուրախացա: Դա այնպիսի ամոթալի ուրախություն էր, որ վախեցա: Մենք հետո, միևնույն է, բաժանվեցինք: Լյուբան մնաց ինձ հետ: Բայց այդ վախը… երբեմն վերադառնում է: Ահա, հիմա ամեն ինչ գիտես իմ մասին: Իսկ հիմա ես գնում եմ պարելու:
Ժաննան պարում է: Վադիմը նստած նրան է նայում:
Խավար:
13. Գենայի սենյակը:
Գենան ու Լարիսան:
ԼԱՐԻՍԱ — Եփուկը շատ տաք է: Նախ ապուրը կեր:
Գենան ուտում է` ագահ ու տգեղ:
ԳԵՆԱ — Սոված մեռնում եմ: Պաղեցրու ու տուր: Էսքա՞նն է:
ԼԱՐԻՍԱ — Քի՞չ է: Ամբողջ կաթսան դեմդ եմ դրել:
ԳԵՆԱ — Էլի կա՞:
ԼԱՐԻՍԱ — Կաթսայի տակը մի գդալ մնացել է:
ԳԵՆԱ — Տուր: Սովով ինձ մեռցնել ես ուզում: (Կաթսայից է ուտում:)
ԼԱՐԻՍԱ — Լրիվ մխտռվել ես: Իսկ ես պիտի լվանամ:
ԳԵՆԱ — Իսկ ո՞ւր է Լյուբան:
ԼԱՐԻՍԱ — Չկա Լյուբան: Վադիմը նրանց լեռներն է տարել: Զբոսանքի:
ԳԵՆԱ — Եթե Վադիկն ու Լյուբայի մայրը ամուսնանան, Լյուբան ինձ քույրիկ կլինի:
ԼԱՐԻՍԱ — Զարմուհի՛:
ԳԵՆԱ — Հը՞…
ԼԱՐԻՍԱ — Էդ դեպքում` զարմուհի, Վադիմը հայրդ չէ:
ՎԱԴԻՄ — Հորս չեմ հիշում: Միայն մորս: Ու Վադիկին: Ու Լյուբային:
ԼԱՐԻՍԱ — Իսկ ի՞նձ: Հիշո՞ւմ ես, ավարտական երեկոյին պարի հրավիրեցիր: Իսկ հետո տուն ուղեկցեցիր: Դեռ հայրս էլ գոռգոռաց, որ մենք համբուրվել ենք: Հիշո՞ւմ ես:
ԳԵՆԱ — Իսկ ե՞րբ կվերադառնա Լյուբան:
ԼԱՐԻՍԱ — Չգիտեմ: Նրանք ինձ չեն զեկուցում:
ԳԵՆԱ — Երեկոյա՞ն:
ԼԱՐԻՍԱ — Զզվեցրիր քո Լյուբայով: Ու Լյուբադ է զզվեցրել: Հա՛ փսփսում եք, ծիծաղում եք իմ թիկունքին: Ինչո՞ւ ինձ հետ երբեք չես ծիծաղում: Միայն նրա հետ: Ինչո՞ւ:
ԳԵՆԱ — (մտածում է): Դու միշտ նոթոտ ես, Լարիսա: Կռվշտում ես: Իսկ Լյուբան ուրախ է, ինձ սիրում է: Ես էլ նրան եմ սիրում:
ԼԱՐԻՍԱ — Ուրեմն Լյուբան քեզ սիրում է, ես` չէ՞:
ԳԵՆԱ — Լյուբան սիրում է: Լյուբան սիրում է: Հա՛:
ԼԱՐԻՍԱ — Ես քո կերն եմ եփում:
ԳԵՆԱ — Իսկ Լյուբան սիրո՛ւմ է:
ԼԱՐԻՍԱ — Քո կեղտերն եմ մաքրում:
ԳԵՆԱ — Իսկ Լյուբան սիրո՛ւմ է:
ԼԱՐԻՍԱ — Գետնի տակն անցի քո Լյուբայի հետ: (Նրանից խլում է կաթսան:)
ԳԵՆԱ — Որ էդպես է, ես էլ կքնեմ:
ԼԱՐԻՍԱ — Է քնի:
ԳԵՆԱ — Ու կքնեմ:
Լռություն:
ԳԵՆԱ — Չեմ կարող շնչել: Ես ան- ընդհատ ուզում եմ քնել: Ու մի անգամ չեմ զարթնի:
ԼԱՐԻՍԱ — Ես քո կողքին եմ: Ես ոչ մի տեղ չեմ գնա:
ԳԵՆԱ — Միայն թե Լյուբան շուտ գա:
Լռություն:
ԼԱՐԻՍԱ — Գիտե՞ս, եթե նրանք ամուսնանան, դու Վադիկի վեջը չես լինի:
ԳԵՆԱ — Էդ ո՞նց:
ԼԱՐԻՍԱ — Լյուբայի մոր հետ իր ընտանիքը կունենա: Իսկ դու մենակ կմնաս:
ԳԵՆԱ — Բայց Վադիկը իմ ընտանիքն է: Լյուբան էլ կդառնա իմ ընտանիքը: Ու նրա մայրն էլ:
ԼԱՐԻՍԱ — Չէ, էդպես չի լինում: Ընտանիքը կինն ու երեխան են: Կամ շատ երեխաները: Իսկ դու ավելորդ ես: Քո մասին բոլորը կմոռանան: Նույնիսկ Լյուբան:
ԳԵՆԱ — Ստո՛ւմ ես, Լյուբան չի մոռանա: Նա իմ ընկերն է:
ԼԱՐԻՍԱ — Քեզ քո ընտանիքն է պետք:
ԳԵՆԱ — Էդ ո՞նց:
ԼԱՐԻՍԱ — Եթե ամուսնանանք, ես միշտ քո կողքին կլինեմ: Քո մասին կհոգամ: Ու երբեք չեմ լքի: Մենք ընտանիք կլինենք:
ԳԵՆԱ — Առանց դրան էլ իմ մասին հոգ ես տանում:
ԼԱՐԻՍԱ — Վադիկը դրա համար ինձ հիմա վճարում է: Դա իմ գործն է: Իսկ եթե ինձ վռնդի՞: Ո՞ւմ հետ կմնաս դու:
ԳԵՆԱ — Նա քեզ չի վռնդի: Ես չեմ թողնի, որ քեզ նեղացնի:
ԼԱՐԻՍԱ — Իսկ եթե վռնդի՞: Էդ դեպքում ի՞նչ…
ԳԵՆԱ — Չգիտեմ:
ԼԱՐԻՍԱ — Այ, դրա մասին եմ ասում: Մենք պիտի ամուսնանանք:
Լռություն:
ԳԵՆԱ — Չէ, Լարիսա, դու մի բան էն չես ասում: Հարսնացուները սիրուն են, սպիտակ շորով:
ԼԱՐԻՍԱ — Ես էլ կսիրունանամ:
Գենան կամացուկ ծիծաղում է:
ԼԱՐԻՍԱ — Ի՞նչ, սիրուն չե՞մ:
ԳԵՆԱ — Պարզապես հիմար բաներ ես ասում: Մեզ ոչ ոք չի ամուսնացնի:
ԼԱՐԻՍԱ — Բայց ինչո՞ւ:
ԳԵՆԱ — Երեխաներին չի կարելի ամուսնանալ:
Լարիսան դեմքը փակում է ձեռքերով:
Խավար:
14. Լարիսայի երազը:
Լարիսան երազում տեսնում է, որ տախտամածը, որի վրա մշտապես պառկած է Գենան, դատարկ է: Իսկ Գենան սավառնում է իր սենյակի առաստաղի տակ:
— Ի՞նչ ես անում, ցած իջիր, քեզ ուտելիք եմ բերել,- ասում է Լարիսան:
— Անկշռության մեջ ուտելիք պետք չէ,- պատասխանում է Գենան:
— Մի հորինի, էդ ո՞ր անկշռության մեջ:
— Էս,- Գենան ցույց է տալիս առաստաղի մեծ ճեղքը, որտեղից երևում է աստղազարդ երկինքը:- Ես հիմա կթռչեմ-կգնամ:
— Իսկ ե՞ս… Ե՛ս ինչ անեմ, ախր ես սիրում եմ քեզ:
— Անկշռության մեջ սեր չկա,- ասում է Գենան:
— Իսկ ի՞նչ կա էնտեղ:
— Ոչինչ չկա: Միայն ամայություն է ու աստղեր:
— Էլ ինչո՞ւ ես թռչում, եթե ոչինչ չկա,- չի հասկանում Լարիսան:
— Էնտեղ ինձ սպասում են:
Լարիսան ցած է գցում ուտելիքով կաթսան, որ բերել է Գենայի համար: Կաթսայում ոչինչ չկա: Գենան էլ չկա: Ու Լարիսան արթնանում է: Դա կարճ երազ էր: Բայց ամեն անգամ հիշելիս նա լալիս է:
15. Վերևի սենյակը:
Ժաննան խորասուզված է նոթբուքի մեջ, Լյուբան` պլանշետի:
ԼՅՈՒԲԱ — Մա, գիտեի՞ր, որ աշխարհի ամենագեր մարդու քաշը 635 կիլոգրամ է եղել:
ԺԱՆՆԱ — Հիմա արդեն կուրսի եմ: Իսկ դու գիտեի՞ր, որ եթե վաճառենք մեր Խարկովի բնակարանը, այդ փողերով այստեղ ոչինչ չենք գնի:
ԼՅՈՒԲԱ — Այստեղ` որտե՞ղ: Այս ավանո՞ւմ:
ԺԱՆՆԱ — Ինչո՞ւ անպայման այստեղ: Ընդհանրապես: Հարավում:
ԼՅՈՒԲԱ — Իսկ ի՞նչ է ասում այդ առնչությամբ քո Վադիկը:
ԺԱՆՆԱ — Այդ ինչո՞ւ է նա իմը:
ԼՅՈՒԲԱ — Ե՛ս չեմ պատրաստվում տեղափոխվել նրա մոտ:
ԺԱՆՆԱ — Իսկ ո՞վ է խոսում տեղափոխվելու մասին: Ո՞վ: Հենց այնպես գուգլ եմ անում, հետաքրքրությունից:
ԼՅՈՒԲԱ — Պարզ է: Ուրեմն Վադիկը կուրսի մեջ չէ:
ԺԱՆՆԱ — Ինչի՞ մասին ես խոսում:
ԼՅՈՒԲԱ — Դե… որ դու ինչ-որ բան ես պլանավորում:
ԺԱՆՆԱ — Հիմարությո՛ւն: Ոչ մի պլան էլ չկա:
ԼՅՈՒԲԱ — Ոնց ասես: Պարզապես կուրորտային պստլիկ ինտրիգ:
ԺԱՆՆԱ — Լյուբա՛, այդ ի՞նչ տոն է:
ԼՅՈՒԲԱ — Ես սխալ բա՞ն ասացի:
ԺԱՆՆԱ — Հարցը դա չէ:
ԼՅՈՒԲԱ — Մամ, բա ի՞նչն է:
ԺԱՆՆԱ — Դու քեզ խայտառակ ես պահում: Թոկերդ բաց ես թողել: Օրերով քարշ ես գալիս, անհայտ է, թե որտեղ: Կոպտում ես:
ԼՅՈՒԲԱ — Ու նո՞ր միայն դա նկատեցիր:
ԺԱՆՆԱ — Ըհը, նորից: Ինչպե՞ս ես խոսում ինձ հետ:
ԼՅՈՒԲԱ — Նորմալ եմ խոսում:
ԺԱՆՆԱ — Չէ, դու կոպտում ես:
ԼՅՈՒԲԱ — Լավ, ուրեմն լռում եմ: (Մտնում է պլանշետի մեջ:)
ԺԱՆՆԱ — Տուր այստեղ:
ԼՅՈՒԲԱ — Ի՞նչը:
ԺԱՆՆԱ — Ինձ տուր պլանշետը:
ԼՅՈՒԲԱ — Ինչի՞: Դու նոթբուք ունես:
Ժաննան Լյուբայի ձեռքից խլում է պլանշետը:
ԼՅՈՒԲԱ — Ի՞նչ ես անում: Ձեռք չտաս, չխառնես…
ԺԱՆՆԱ — Պարզապես ուզում եմ անջատել: (Սեղմում է սենսորային էկրանին:)
ԼՅՈՒԲԱ — Տո՛ւր, կջարդե՛ս:
ԺԱՆՆԱ — Ես կջարդեմ, ես էլ կսարքեմ: Ահա: Անջատեցի: (Նայում է էկրանին:) Չէ, ոնց որ վիդեո բեռնեցի: Իսկ սա ի՞նչ հոլովակ է` «Փղի լվացումը»:
ԼՅՈՒԲԱ — Ի՞նչ… ի՞նչ արեցիր:
ԺԱՆՆԱ — Մի՛ գոռա: Սարսափելի ոչինչ չեմ արել: Պարզապես Յութուբ գցեցի հոլովակը, որ դու էիր նայում:
Լյուբան քարացել է:
ԺԱՆՆԱ — Վերջ, անջատեցի: Պլանշետդ վաղը կստանաս:
ԼՅՈՒԲԱ — (խնամքով ընտրելով բառերը): Մամ, պետք է հեռացնել այդ հոլովակը:
ԺԱՆՆԱ — Վաղը: Վաղը կհեռացնես:
ԼՅՈՒԲԱ — Ինձ այսօր է պետք: Դա կարևոր է:
ԺԱՆՆԱ — Մինչև վաղը սարսափելի ոչինչ չի պատահի:
ԼՅՈՒԲԱ — Դու չես հասկանում, դու… Դու պարզապես չես հասկանում: Այդպես չի՛ կարելի:
ԺԱՆՆԱ — Այդպե՜ս… Վե՛րջ: Լյուբա, դու պատժված ես: Վաղը ոչ մի պլանշետ:
ԼՅՈՒԲԱ — Ես քեզ ատում եմ:
ԺԱՆՆԱ — Ի՞նչ…
ԼՅՈՒԲԱ — Ատում եմ: Ամաչում եմ, որ քեզ պես մայր ունեմ:
ԺԱՆՆԱ — Անմիջապես ներողություն խնդրիր:
ԼՅՈՒԲԱ — Չեմ խնդրի: Ես ճշմարտությունն եմ ասել: Ճշմարտության համար ներողություն չեն խնդրում:
ԺԱՆՆԱ — Ներողություն խնդրիր: Կամ էլ երբեք չես ստանա գրողի տարած պլանշետը:
ԼՅՈՒԲԱ — Ախ, ինչ մեծավարի է…
Ժաննան ապտակում է Լյուբային:
ԺԱՆՆԱ — Մեծավարի՞ ես ուզում: Այ, սա մեծավարի ապտակ է: Մեծ լինելը սեփական բառերի ու արարքների համար պատասխանատվություն կրելն է: Ահա թե ինչ է նշանակում մեծավարի:
Խավար:
16. Գենայի նամակը:
Բարև, Կոլյա: Նորից եմ գրում, որպեսզի շնորհավորեմ ձեզ պարաշյուտիստի օրվա առիթով: (Ներիր, որ այդ բառը միշտ սխալ եմ գրում): Ցանկանում եմ քեզ ամուր առողջություն, երջանկություն ու հաջողություն անձնական կյանքում: Երբ իմ ընկեր Լյուբայի հետ նայում ենք ձեր ֆիլմերը, նա երբեմն ասում է ինձ, որ բոլոր հերոսները վաղուց մեծացել, մեծահասակներ են դարձել: Ու մենք նույնիսկ էդ պատճառով վիճում ենք: Նա ասում է. «Գենա, դու անցյալով ես ապրում»: «Դու չես ապրում այսօրվա կյանքով»,- ասում է ինձ: «Չի կարելի անընդհատ ապրել միայն հիշողություններով»: Ես ապրում եմ ձեր ֆիլմերում: Միայն նրանց մեջ եմ ես ապրում: Միայն նրանց մեջ է իմ մայրիկը ողջ: Ես վեց տարեկան եմ: Ու մենք բոլորս միասին ենք` նա, փոքրիկ Վադիկն ու ես: Հենց դա է իմ այսօրվա կյանքը: Ուրիշը չունեմ: Շնորհակալություն ձեզ, Կոլյա, որ դուք կաք: Աստված բոլորիս պահապան: Ձեր ամենամշտական հանդիսական Գենա Նեդավնի:
17. Գենայի սենյակը:
ԼՅՈՒԲԱ — Խաղող ուզո՞ւմ ես: Բերել եմ: Ուսապայուսակիս մեջ է:
ԳԵՆԱ — Չեմ ուզում: Էնտեղ… գլյուկոզա է: Դրանից գիրանում են: Թերթում եմ կարդացել: Ես հիմա նաև թերթեր եմ կարդում: Էդպես: Պատուհանից եմ նայում: Էնտեղ էլ երբեմն հետաքրքիր բաներ են ցույց տալիս:
Լյուբան մոտենում, պատուհանից դուրս է նայում: Հետո մոտենում է տեսակասետների կույտին:
ԼՅՈՒԲԱ — Գուցե ֆի՞լմ նայենք: (Ընտրում է:) Այ սա չեմ տեսել:
ԳԵՆԱ — Թող հետո… Խոսիր ինձ հետ:
ԼՅՈՒԲԱ — Ինչի՞ մասին:
ԳԵՆԱ — Դե… Ինչո՞վ ես զբաղվում, երբ գնում ես իմ մոտից:
ԼՅՈՒԲԱ — Ոչնչով չեմ զբաղվում: Զբոսնում եմ:
ԳԵՆԱ — Իսկ որտե՞ղ ես զբոսնում:
ԼՅՈՒԲԱ — Ամեն տեղ: Ուր ոտքերս կտանեն:
ԳԵՆԱ — Ես էլ եմ ուզում զբոսնել: Երբևէ…
Լյուբան լռում է, կասետը դնում է տեսամագնիտոֆոնի մեջ, միացնում է հեռուստացույցը: Էկրանին ինչ-որ ֆիլմ է:
ԼՅՈՒԲԱ — Կեսից է… ժապավենը պետք է ետ տալ:
ԳԵՆԱ — Թող: Սա իմ սիրած պահն է: Նայիր, նա հիմա սառցի տակը կանցնի: Տեսնո՞ւմ ես: Իսկ նա փրկում է աղջկան, որովհետև նրանք ընկերներ են: Ոնց որ ես ու դու: Ես էլ քեզ կփրկեմ, եթե դժբախտություն պատահի:
Լյուբան լուռ է: Գենան նայում է ֆիլմը, հուզվում հերոսների ճակատագրով:
ԼՅՈՒԲԱ — Քեզ մի բան պիտի ասեմ:
ԳԵՆԱ — Ասա: Ի՞նչ…
ԼՅՈՒԲԱ — Հիշո՞ւմ ես, Լարիսային օգնեցի, որ քեզ լվանա:
ԳԵՆԱ — Հա, ուրախ էր:
ԼՅՈՒԲԱ — Հա: Ինձ էլ այդպես թվաց: Դրա համար էլ պլանշետովս նկարեցի: Այնտեղ տեսախցիկ կա:
ԳԵՆԱ — Հիշատակի համա՞ր: Որ իմ մասին չմոռանա՞ս:
ԼՅՈՒԲԱ — Դե հա: Ինձ թվաց, թե դա զիլ է:
ԳԵՆԱ — Ես ուրախ եմ:
ԼՅՈՒԲԱ — Սպասիր: Սա ամբողջը չէ: Այդպես ստացվեց: Դե: Ես չէի ուզում: Այդ տեսագրությունը ուրիշ մարդիկ են տեսել: Լրիվ օտար մարդիկ: Անծանոթ:
ԳԵՆԱ — Չեմ հասկանում:
ԼՅՈՒԲԱ — Ես սխալմամբ դա գցեցի ինտերնետ: Իսկ երբ մայրս վերադարձրեց պլանշետը, արդեն ուշ էր: Հասկանո՞ւմ ես:
ԳԵՆԱ — Չեմ հասկանում: Ի՞նչն է ուշ: Ինչո՞ւ է ուշ:
ԼՅՈՒԲԱ — Շատ մարդ է դա տեսել:
ԳԵՆԱ — Դա վա՞տ է:
ԼՅՈՒԲԱ — Դե: Հա: Նրանց դուր չի եկել:
ԳԵՆԱ — Ի՞նչ… Ե՞ս նրանց դուր չեմ եկել:
ԼՅՈՒԲԱ — Նրանց դուր չի եկել, որ մենք… Դե: Որ շփվում ենք:
ԳԵՆԱ — Նրանց դուր չի եկել մեր ընկերությո՞ւնը:
ԼՅՈՒԲԱ — Հա: Նրանք դեմ են:
ԳԵՆԱ — Ո՞նց կարող է դուր չգալ ընկերությունը:
ԼՅՈՒԲԱ — Չգիտեմ: Դրանք օտար մարդիկ են: Ես նրանց չեմ ճանաչում:
ԳԵՆԱ — Էդ դեպքում ի՞նչ տարբերություն, թե ինչ են ասում նրանք:
ԼՅՈՒԲԱ — Դու չես հասկանում: Նրանք շատ են: Շատ-շատ են: Ու նրանք չարացել են:
ԳԵՆԱ — Իրե՞նք են քեզ ասել:
ԼՅՈՒԲԱ — Հա: Դե: Չէ: Նրանք գրել են:
ԳԵՆԱ — Քե՞զ:
ԼՅՈՒԲԱ — Նրանք պարզապես գրել են: Դա կոչվում է քոմենթ: Ամեն մեկը կարող է գրել իր քոմենթը: Ու բոլորը կարող են դա կարդալ:
ԳԵՆԱ — Նույնիսկ ե՞ս:
Լյուբան լռում է:
ԳԵՆԱ — Էդ բանը մո՞տդ է:
ԼՅՈՒԲԱ — Պլանշե՞տը:
Գենան գլխով է անում:
ԳԵՆԱ — Ուզում եմ կարդալ, ինչ են գրել: Ինքս:
ԼՅՈՒԲԱ — Պետք չէ, տրամադրությունդ կընկնի:
ԳԵՆԱ — Չէ, չէ, տուր: Ինձ պետք է:
Լյուբան անվճռական մոտենում, ձեռքը մտցնում է ուսապայուսակի մեջ: Ճչում է: Ետ է քաշում ձեռքը, զննում է ցուցամատը:
ԳԵՆԱ — Ի՞նչ եղավ:
ԼՅՈՒԲԱ — Մատս ծակեցի: (Մատը մտցնում է բերանը:)
ԳԵՆԱ — Լյուբա՛: Տուր պլանշետը: Դու խոստացար:
ԼՅՈՒԲԱ — Հիմա: (Ուսապայուսակից հանում է խաղողի փաթեթն ու պլանշետը:)
Ինչ-որ տեղ կամաց բզզում է բոռը:
ԳԵՆԱ — Ո՞նց է սա աշխատում:
ԼՅՈՒԲԱ — Այսպես, մատով` ներքև: (Ցույց է տալիս:)
ԳԵՆԱ — Մատդ ուռեց:
ԼՅՈՒԲԱ — Հեչ բան է: Հիմա կանցնի:
Գենան կարդում է մեկնաբանությունները:
ԳԵՆԱ — «Փղի լվացո՞ւմը»: Նրանք ինձ փի՞ղ են ասում:
ԼՅՈՒԲԱ — Դե: Փղերը շատ ազնիվ կենդանի են: Ու խելացի: Նրանք շատ խելացի են:
ԳԵՆԱ — Դինոզավրերն էլ:
ԼՅՈՒԲԱ — Դինոզավրերը նույնպես: Որոշները անգամ երկու ուղեղ են ունեցել:
ԳԵՆԱ — Ճիշտ-ճի՞շտ:
ԼՅՈՒԲԱ — Հա: Իսկ այս մարդիկ մեկն էլ չունեն: Հերիք է: Ինձ տուր պլանշետը:
ԳԵՆԱ — Չէ, սպասիր… Ի՞նչ է նշանակում «այլասերություն»: Իսկ ինչո՞ւ չի կարելի սա ցույց տալ երեխաներին:
ԼՅՈՒԲԱ — Չգիտեմ, էլ մի կարդա:
ԳԵՆԱ — Լյուբա, նրանք քֆուր են տալիս: Ինչո՞ւ են քրֆում: Ես նրանց ոչ մի վատ բան չեմ արել:
ԼՅՈՒԲԱ — Դրանք շատ վատ մարդիկ են, դու չպիտի ուշադրություն դարձնես:
ԳԵՆԱ — Բայց… ո՞նց չդարձնեմ… Ախր իրենք շատ են:
ԼՅՈՒԲԱ — Աշխարհում վատ մարդիկ շատ են:
ԳԵՆԱ — Ասա ինձ, Լյուբա: Էս ամենը գրել են… մարդի՞կ: Իսկակա՞ն մարդիկ: Նրանք բոլորը ինչ-որ տե՞ղ են ապրում: Նախաճաշո՞ւմ են, ճաշո՞ւմ, երեխաներին հեքիա՞թ են պատմում, քնելուց առաջ նրանց համբուրո՞ւմ են:
Լյուբան լուռ է:
ԳԵՆԱ — Ինչո՞ւ են էդպես չարացել վրաս: Մարդիկ չպիտի էդպես չարանան:
ԼՅՈՒԲԱ — Երբեմն մեծ լինելը մշտապես վատ մտածելն է: Միայն նրա համար, որ այդպես մտածում են ուրիշները: Չեմ ուզում մեծանալ: Երբե՛ք: Գլխիս մեջ աղմուկ է…
ԳԵՆԱ — Իմն էլ: Գլխիս մեջ լիքը մտքեր են: Վատ մտքեր:
ԼՅՈՒԲԱ — Չէ, իմը իսկականից աղմուկ է: Ու կուրծքս մի տեսակ ճնշում է: Ինձ օդ է պետք:
Լյուբան մի քանի քայլ է անում դեպի լուսամուտը: Կանգնում, ծանր է շնչում:
ԳԵՆԱ — Քեզ ի՞նչ եղավ:
ԼՅՈՒԲԱ — Վատ եմ… Մամա՛… (Փլվում է հատակին:)
ԳԵՆԱ — Լյուբա՛: Լյուբոչկա՛: Քեզ ի՞նչ եղավ: Ես հիմա, հիմա…
Մեծ դժվարությամբ Գենան գլորվում է հատակին:
ԳԵՆԱ — Սպասիր: Ես արագ, արդեն գալիս եմ, ես քեզ կփրկեմ, դու միայն դիմացիր…
Գենան սողում է, բայց ուժերը լքում են: Բարձր ճչում է, ձեռքերը խփում հատակին: Հետո, ուժերը հավաքելով, նորից սողում է դեպի Լյուբան: Համարյա հասել է նրան… Այդ պահին բացվում է դուռը, ներս է խուժում Վադիմը: Նրան հետևում է վախեցած Ժաննան: Տեսնելով Լյուբայի վրա կռացած Գենային` հիստերիկ ճիչով փորձում է նրան մի կողմ քաշել: Երբ դա նրան հաջողվում է, սկսում է քացիներ տեղալ ուժասպառ Գենային: Գենան չի պաշտպանվում:
ԺԱՆՆԱ — Չդիպչե՛ս աղջկաս: Հեռո՛ւ նրանից: Այլանդա՛կ: Այլանդա՛կ: Զզվելի՛ անասուն:
Հայտնվում է Լարիսան:
ԼԱՐԻՍԱ — (Վադիմին): Զանգիր շտապօգնություն: Արա՛գ:
ՎԱԴԻՄ — (Ժաննային քաշելով դեպի դուռը): Ի՞նչ ասեմ:
ԳԵՆԱ — (խռպոտ): Բոռը: Նրան բոռ է կծել…
ԼԱՐԻՍԱ — Ասա` աղջիկը… անաֆիլակտիկ շոկ է:
Լարիսան տախտամածի տակից հանում է կարմիր խաչով տուփը: Հանում է սրսկիչը: Այն արդեն լցված է, մնում է միայն սրսկել: Լարիսան կռանում է Լյուբայի վրա, արձակում է հագուստը, շոշափում է` որտեղ է խփում սիրտը: Բարձրից, ասես դաշույնի հարված, իջեցնում է սրսկիչով ձեռքը:
Խավար:
18. Լյուբայի երազը:
Լյուբան երազում վազում է սառույցի վրայով: Նրա ետևում մութ ժայռեր են: Ձնաքամին խփում է աղջկա դեմքին: Նա վազում է, վազում է, վազում է…
Ափի մոտից առաջացած նեղ, ոլործուն ճեղքվածքը հասնում է Լյուբային:
Ու նա սուզվում է սառույցի տակ:
— Օգնե՛ք: Օգնե՛ք ինձ,- խեղդվելով խռխռացնում է Լյուբան:
Բայց ոչ ոք չի գալիս օգնության:
Այդ երազը կրկնվում է, կրկնվում է, կրկնվում է…
19. Վերևի սենյակը:
Ժաննան իրերը դասավորում է ճամպրուկում: Ներս է մտնում Վադիմը:
ՎԱԴԻՄ — Ինչպե՞ս է Լյուբան:
ԺԱՆՆԱ — Շնորհակալություն, արդեն լավ է:
ՎԱԴԻՄ — Փողն եմ բերել: (Մեկնում է ծրարը:) Ժամանակից շուտ եք գնում:
ԺԱՆՆԱ — Պետք չէ: Քեզ պահիր:
ՎԱԴԻՄ — Աղջկան պետք կգա: (Ծրարը դնում է սեղանին:)
ԺԱՆՆԱ — Ոնց ասես:
Լռություն:
ՎԱԴԻՄ — Գուցե խոսե՞նք:
ԺԱՆՆԱ — Ինչի՞ մասին:
ՎԱԴԻՄ — Դե, օրինակ, ինչու ես փախչում:
ԺԱՆՆԱ — Աղջիկս հիվանդանոցում է: Ես պետք է նրա կողքին լինեմ: Դա փախո՞ւստ է:
ՎԱԴԻՄ — Փախուստ է, որ կա: Ու բավական վախկոտ:
ԺԱՆՆԱ — Դու ինձ մեղադրում ես վախկոտության մե՞ջ: Դո՞ւ: Ի՞նձ: Իսկ դո՞ւ: Ինչո՞ւ չզգուշացրիր: Ինչո՞ւ չասացիր: Վախեցա՞ր:
ՎԱԴԻՄ — Իսկ ի՞նչ պիտի ասեի: «Գիտե՞ս, թանկագինս, ես ավագ եղբայր էլ ունեմ վեց տարեկան երեխայի խելքով ու երեք հարյուր կիլո քաշով»: Հա՞, էդպե՞ս:
ԺԱՆՆԱ — Թեկուզ: Այդպես ազնիվ կլիներ:
ՎԱԴԻՄ — Դա ի՞նչ կապ ունի մեզ հետ:
ԺԱՆՆԱ — Իսկ ես քեզ ցույց կտամ: (Ճամպրուկից հանում, բացում է նոթբուքը:) Հոլովակը կոչվում է «Փղի լվացումը»: Հաշվի առ, Լյուբան է այդպես անվանել: Եվ ի՞նչ ունենք: Երկու հարյուր հազար դիտում, հազարավոր քոմենթներ:
ՎԱԴԻՄ — Տեսել եմ: Լարիսան ասում է…
ԺԱՆՆԱ — Լսե՛լ չեմ ուզում, ինչ է ասում այդ ստոր կինը:
ՎԱԴԻՄ — Նա աղջկադ է փրկել:
ԺԱՆՆԱ — Երկու հարյուր հազար մա՛րդ: Դա մի ամբողջ քաղաք է: Մի ամբողջ քաղաք նայել ու քննարկել է, թե ինչպես է աղջիկս լվանում փղին:
ՎԱԴԻՄ — Հետո՞ ինչ:
ԺԱՆՆԱ — Իհարկե: Հեշտ ես ասում: Իսկ եթե նա քո աղջիկը լինե՞ր:
Վադիմը լուռ է:
ԺԱՆՆԱ — Ներիր: Չպետք է այդպես ասեի: Ներիր, խնդրում եմ:
ՎԱԴԻՄ — Չէ: Իրավացի ես: Իմ ընտանիքը Գենայի մասին չի իմացել: Ես չեմ ասել:
ԺԱՆՆԱ — Տեսնո՞ւմ ես: Դա նորմալ ռեակցիա է: Այդպես կվարվեր ցանկացած ծնող:
ՎԱԴԻՄ — Ցանկացա՞ծ:
ԺԱՆՆԱ — Հա:
ՎԱԴԻՄ — Ինչ ապուշ բառ է: (Գնում է:)
Խավար:
20. Գենայի սենյակը:
Գենան ու Վադիմը հեռուստացույց են նայում: Վադիմը շշից գինի է խմում:
ԳԵՆԱ — Նա չարացե՞լ է: Նեղացե՞լ է ինձնից:
ՎԱԴԻՄ — Ո՞վ:
ԳԵՆԱ — Լյուբայի մայրը: Ինչի՞ համար է չարացել:
ՎԱԴԻՄ — Մենք չենք խոսել քո մասին:
ԳԵՆԱ — Ինձ թվաց, որ նա չի սիրում ինձ:
ՎԱԴԻՄ — Լո՞ւրջ:
ԳԵՆԱ — Հա: Նա ծեծում էր ինձ: Հայհոյում էր: Քացով էր խփում: Կապտուկները դեռ ցավում են:
ՎԱԴԻՄ — Եվ ի՞նչ ես առաջարկում: Վրան դիմո՞ւմ գրենք: Որ նստեցնե՞ն:
ԳԵՆԱ — Չէ: Ի՞նչ ես ասում: Չէ՛: Էդ ժամանակ Լյուբային գիշերօթիկ կտանեն: Իսկ էնտեղ վատ է: Հիշիր, ինչքան վատ էր: Հիշո՞ւմ ես:
ՎԱԴԻՄ — Վերջ տուր: Թող կինոն նայենք:
Լռում են: Ֆիլմն են նայում:
ԳԵՆԱ — Նայի, նայի, հիմա նա կհասկանա, որ տիեզերանավը իսկական չէ: Նրանք Երկրի վրա են: Ամբողջ ժամանակ նրանց ընդամենը ստուգել են:
ՎԱԴԻՄ — Անջատիր:
ԳԵՆԱ — Ինչի՞:
ՎԱԴԻՄ — Քեզ ասացի` անջատի՛ր: (Տեղից ցատկում, անջատում է:)
ԳԵՆԱ — Չեմ հասկանում: Քեզ միշտ դուր է եկել էս ֆիլմը: Դու նույնիսկ ուզում էիր տիեզերագնաց դառնալ:
ՎԱԴԻՄ — Ուզում էի:
ԳԵՆԱ — Բայց չդարձար:
ՎԱԴԻՄ — Չդարձա: Ու գիտե՞ս` ինչու:
ԳԵՆԱ — Իսկ ինտերնետում տղաները քեզ ասում են. «Վադիկ, ուզո՞ւմ ես տեսնել տիեզերքը»: Իսկ դու քո ձևով. «Իհա՛րկե»: Ու նրանք քո ականջներից բռնած վեր բարձրացրին: Հիշո՞ւմ ես:
ՎԱԴԻՄ — Ես տիեզերագնաց չդարձա: Նույնիսկ օդաչու չդարձա, թեև շատ էի ուզում: Օդաչուական ուսումնարանի փոխարեն գնացի փող աշխատելու: Որ քեզ ու մորս պահեմ: Որ դուք սոված չմնաք: Ավելի ճիշտ` որ դո՛ւ սոված չմնաս: Փողերը, որ ուղարկում է ձեզ, բոլորը մայրս տալիս էր քեզ: Ու դու դրանք ուտում էիր: Երբ մայրս հիվանդացավ, դու նրա դեղերը չէիր գնում: Դրանց փողը ուտում էիր: Խոզի պես էիր լափում: Հիվանդանոց էլ չէիր գնում, որովհետև լափելով էիր զբաղված: Գոնե ասե՞լ ես «ներիր» նրա մեռնելուց առաջ: Չե՛ս ասել: Համոզված եմ, որ չես ասել: Քո կեղտոտ բերանը էդ րոպեին հաստատ լիքն էր կերով: Դու նույնիսկ նրա թաղումին էիր ուտում, ուտում, ուտում… Դու լափել ես տունը, որը քեզ էր ժառանգել: Որը մեր պապն էր շինել: Իսկ դու վաճառեցիր ու լափեցիր էդ փողերը:
ԳԵՆԱ — Իսկ հիշո՞ւմ ես…
ՎԱԴԻՄ — Ես ոչինչ չեմ ուզում հիշել: Չե՛մ ուզում:
ԳԵՆԱ — Բայց ինչո՞ւ: Ինչո՞ւ…
ՎԱԴԻՄ — Որովհետև էդ բոլոր հիշողությունները կապված են քեզ հետ:
ԳԵՆԱ — Չեմ հասկանում: Ինչո՞ւ էդպես չարացար:
ՎԱԴԻՄ — Ես մեծացել եմ: Հասունացել եմ: Ուզում եմ, որ իմ կյանքում դու չլինես: Կարո՞ղ ես դա հասկանալ: Թե՞ էդ գրողի տարած ֆիլմերը լրիվ են ուղեղդ կերել: Կեղտ է: Էդ բոլորը կե՛ղտ է:
Վադիմը հատակին է շպրտում կասետները, ոտքերով ճխլում է:
ԳԵՆԱ — Երբ մաման մեռավ, բուժքույրերը գնացին ու մոռացան հանել կաթիլային սարքը: Ասեղը ես հանեցի: Շատ զգույշ, որ չցավեցնեմ: Էդպես:
ՎԱԴԻՄ — (կամաց): Ես ատում եմ քեզ:
ԳԵՆԱ — Ի՞նչ:
ՎԱԴԻՄ — Ես գործից ազատել եմ Լարիսային:
ԳԵՆԱ — Նրան չի կարելի ազատել, նա գնալու տեղ չունի: Դու չես կարող էդպես վարվել:
ՎԱԴԻՄ — Էդ տները շահույթ չեն բերում: Դրանք վաճառում եմ:
ԳԵՆԱ — Իսկ ե՞ս: Ես ո՞ւր գնամ:
ՎԱԴԻՄ — Լավ տեղ կա: Սոճիներով, օդն էլ լավն է: Նրանք համաձայնվեցին քեզ վերցնել:
ԳԵՆԱ — Էդ ի՞նչ տեղ է: Գիշերօթի՞կ: Ես գիշերօթիկ չեմ ուզում: Հիշիր, ինչ վատ էր էնտեղ մեզ համար: Ես չեմ ուզում տուն գալ միայն ամռանը: Խնդրում եմ, մի՛ ստիպիր ինձ:
ՎԱԴԻՄ — Չկա՛, ոչ մի տուն էլ չկա՛: Դու վերադառնալու տեղ չունես:
ԳԵՆԱ — Իսկ դո՞ւ: Ես կարող եմ քեզ մոտ գալ:
ՎԱԴԻՄ — Ես գնալու եմ էստեղից: Շատ հեռու: Ու էլ երբեք չեմ վերադառնա:
ԳԵՆԱ — Ես չե՞մ կարող քեզ հետ գնալ:
ՎԱԴԻՄ — Քեզ հետ խոսել չի լինում: Անօգուտ է: Դու գիշերօթիկ կգնաս: Վե՛րջ: Որոշվա՛ծ է:
ԳԵՆԱ — Բայց եթե գնամ, Լյուբան ո՞նց է իմանալու իմ հասցեն:
ՎԱԴԻՄ — Նրան պետք չէ քո հասցեն: Ու դու նրան պետք չես:
ԳԵՆԱ — Էն էլ ոնց եմ պետք: Մենք ընկերներ ենք:
ՎԱԴԻՄ — Նա քեզ փիղ է ասել:
ԳԵՆԱ — Փղերը շատ խելացի կենդանի են:
ՎԱԴԻՄ — Փղերը բութ կենդանի են: Աշխարհի ամենաբութ կենդանիներն են: Ոնց որ դու:
ԳԵՆԱ — Ստո՛ւմ ես: Լյուբան ասում էր, որ մեծերը շատ են ստում:
ՎԱԴԻՄ — Դու էլ մեծ ես: Դու հսկայական, մեծ տղամարդ ես: Քառասուն տարեկան ես: Ու չես կարող ընկերություն անել փոքրիկ աղջկա հետ: Պա՞րզ է: Դա արգելվա՛ծ է:
ԳԵՆԱ — Ո՞վ է արգելել:
Լռություն:
Խավար:
21. Գենայի նամակը
Գենան մենակ է: Շուրջը խավար է:
ԳԵՆԱ — …Ամանորյա տոներն էին: Նոր տարուն մեզ մոտ ձյուն հազվադեպ է գալիս, իսկ այդ օրը եկավ, արդեն երեկոյան կողմ: Մոտենում էր գիշերը, իսկ ձյունը գալիս էր ու գալիս էր, շատ լուսավոր էր… Ու ձեր մասնակցությամբ ֆիլմի ավարտից հետո, Կոլյա, դուրս եկա զբոսնելու: Կրկնակի տոն էր: Դե, որ ձյուն էր: Ու դուրսը մարդաշատ էր: Ով չմուշկների վրա, մյուսները սահնակների, կամ ոնց ասես… Իսկ ես գնում ու գնում էի, չգիտեի` ուր, ու չէի ուզում կանգնել, չէի ուզում տեղ հասնել, ինձ դուր էր գալիս քայլելը, առաջ ու առաջ, ես դուրս եկա տափաստան, ամեն ինձ ձյունով է ծածկված` հողն ու թփերը, այնպես սիրուն էր, իսկ տափաստանից էն կողմ փոքրիկ անտառ էր, բնությունը շատ նման է ձեր ֆիլմի բնությանը, հիշո՞ւմ եք, երբ ձեր մայրը ձեզ էր փնտրում, ու նրանք գնում էին տափաստանով գնչուների հետ սայլին նստած, ու երբ ես էի քայլում, ֆիլմի բոլոր երգերն էի հիշում, ձեզ էի հիշում, լալիս էի, ամեն անգամ, երբ նայում եմ էդ ֆիլմը, արդեն քանի տարի է անցել, մինչև հիմա լալիս եմ, որովհետև էնտեղ ամեն ինչ լավ է ավարտվում, լալիս եմ երջանկությունից, որ աշխարհում լավ մարդիկ կան, որ նրանք միշտ կլինեն, որ ապրելը լավ բան է:
Դուք լավ մարդ եք, Կոլյա: Ես գիտեմ, որ վաղուց չկաք: Մի անգամ Լարիսան հարբեց ու պատմեց, ինչ է ձեզ պատահել: Ինքը չի հիշում, դրա համար էլ շարունակում եմ ձեզ գրել, որ նրան չդառնացնեմ: Որ նա իրեն պետքական զգա: Էս նամակը ինքը չի կարդա, որովհետև ուրիշ տեղից կուղարկեմ: Էնտեղ լավ է, մաքուր օդ, սոճիներ: Մի բան եմ ձեզ խնդրում, Կոլյա: Եթե հիմա թռչում եք աստղերի միջով, գտեք, խնդրում եմ, մորս: Նա պետք է էնտեղ լինի, ինքը խոստացել է ինձ: Եթե հանդիպեք մորս, ասեք իրեն…
(Նայում է խավարի մեջ:) Մամա՞: Մամա՛: Սպասի՛ր: Քեզ բան պիտի ասեմ…
Ինչ-որ մեկի ետևից գնում է խավարի մեջ:
22. Էլինգի մոտ:
Լարիսան ու Լյուբան նստած են նստարանին:
ԼԱՐԻՍԱ — (նամակն է կարդում): «Եթե հանդիպեք մորս, ասեք իրեն…» (Մտածում է:) Ասեք իրեն: Ի՞նչ էր ուզում նա ասել:
ԼՅՈՒԲԱ — Չգիտեմ: Երևի, որ սիրում է:
ԼԱՐԻՍԱ — Ինչպե՞ս վարվենք: Շարունակությունը գրե՞նք, թե՞ էդպես էլ ուղարկենք, անավարտ:
Լյուբան լուռ է, մտածում է: Մտածում է նաև Լարիսան: Ամառային խոհանոցի ծածկով պատշգամբից դուրս է գալիս Ժաննան:
ԼԱՐԻՍԱ — Լսեք, ընկերներ, այսպես չի կարելի: Ինձ թողել եք գազօջախի մոտ: Պայմանավորվեցինք, որ բոլորս միասին ենք եփելու:
ԼՅՈՒԲԱ — (կամաց): Նա եփել չգիտի:
ԺԱՆՆԱ — Լյուբա, ես ամեն ինչ լսեցի:
Էլինգից դուրս է գալիս Վադիմը:
ՎԱԴԻՄ — Նույնիսկ ես ամեն ինչ լսեցի: Ընթրիքն ի՞նչ եղավ:
ԺԱՆՆԱ — Կարծում եմ, ավելի հեշտ է պատվիրել ռեստորանում:
ԼՅՈՒԲԱ — Հեչ էլ հեշտ չէ:
ԺԱՆՆԱ — Ուրեմն եկեք համտեսեք: Բայց հետևանքների համար պատասխանատու չեմ:
ՎԱԴԻՄ — Ես` հիմա: Միայն ձեռքերս լվանամ:
Վադիմն ու Ժաննան գնում են:
ԼԱՐԻՍԱ — Գնամ սեղանը դնեմ:
ԼՅՈՒԲԱ — Իսկ նամա՞կը:
ԼԱՐԻՍԱ — Հետո մի բան կմտածենք: Ո՞ւր ենք շտապում: Ժամանակ կա:
Դանդաղ մարում է լույսը:
Խավար:
Վարագույր:
Վերջ:
Ռուսերենից թարգմանեց Կարինե ՄԱՐԳԱՐՅԱՆԸ